ԼԵՈ. Անցյալից. VII, VIII


ԳԼՈՒԽ ՅՈԹԵՐՈՐԴ

«ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ»


Ա

Հաղթողի քմահաճույքն էր ստեղծել երեք հանրապետություններ Կովկասյան մեծ լեռնաշղթայի հարավային կողմերում։ Եվ քմահաճույքի ու խժական բռնության ամենաթշվառ վիժումն էր «անկախ» կոչված Հայաստանը… Չկար ավելի մեծ հեգնանք, ավելի անողորմ ծաղր, քան այդ «անկախ» անունը։ Անկախ չէր անդրկովկասյան հանրապետություններից եւ ոչ մեկը, բայց Հայաստանի «անկախությունը» ոչ մեկին նման չէր։ Մի մեռնող ժողովրդի պետություն էր այդ՝ մի ափ հողամասով, աղքատ, կործանված մի երկիր, որի ճակատագրի վրա ազդել կարող էր ամեն ինչ, նույնիսկ մի ապստամբ Բասարգեչար[360] գյուղ կամ գյուղերի մի խումբ։ 1918-ի թշվառագույն ամառն էր, որ Քաջազնունին Թիֆլիսում կազմած իր կառավարությունը տանում էր Երեւան՝ Հայաստանի մայրաքաղաք։ Թիֆլիսից ուղեւորումը մի կատարյալ ստորացում եւ արհամարհանք էր անկախ երկրի անկախ կառավարության համար։

Մի կերպ կարողացան ազատվել Թիֆլիսի կայարանի մենշեւիկ ծառայողների քմահաճույքներից, գնացին Աղստաֆա եւ այդտեղից ավտոմոբիլներով՝ Երեւան։ Այնտեղ նրան սպասում էր ավերակ երկիրը իր կոտորվող ժողովրդով։ Ոչինչ չկար, նույնիսկ տներ՝ կառավարությունը տեղավորելու համար։ Մինչդեռ Վրաստանը եւ Ադրբեջանը գտնվում էին անհամեմատ բախտավոր պայմանների մեջ։ Վրաստանն ստանում էր իբրեւ մայրաքաղաք՝ Թիֆլիսը, որ մինչեւ այդ եղել էր ամբողջ Կովկասի մայրաքաղաքը եւ կենտրոնացրել էր իր մեջ ահագին քանակությամբ պետական եւ հասարակական հիմնարկություններ, պահեստներ՝ իրենց մեծամեծ շինություններով, եւ այլն, եւ այլն։

Դրանց մեծագույն մասը պետք էր համարել ընդհանուր Կովկասյան ժառանգություն, բայց վրացի մենշեւիկները չտվին մյուս ժառանգորդներին եւ ոչ մի հատ, ինչպես ասում են, ոլորած թել։ Ավելացնենք այս բոլորի վրա եւ այն, որ հայ բուրժուազիան զարդարել էր Թիֆլիսը բազմաթիվ հոյակապ եւ մեծամեծ շինություններով։ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն պակաս գեղեցիկ չէր եւ բարեզարդ, նույնիսկ գերազանցում էր Թիֆլիսին՝ իբրեւ արդյունաբերական համաշխարհային կենտրոն։ Առհասարակ Ադրբեջանը տնտեսապես ամենքից ուժեղն էր, քանի որ իր ձեռքում ունի բնական հարստություններով օժտված Արեւելյան Անդրկովկասը։

Փոխհարաբերություններն այդ երեք «անկախությունների» միջեւ չէին կարող երբեք լինել փոքրիշատե տանելի, որովհետեւ երեքի մեջ էլ տիրողը գազանային նացիոնալիզմն էր։ Հայ դաշնակցականներին արդեն ճանաչում ենք, վրացի մենշեւիկներին տեսանք այն վերաբերմունքով, որ նրանք ունեցան դեպի հայ մեռնող փախստական ժողովուրդը։ Իսկ «Մուսավաթը»՝ իբրեւ երիտթուրքերի աշակերտ, լցված էր ռազմատենչ իմպերիալիզմով ամբողջ Կովկասի վերաբերմամբ եւ մասնավոր կատաղի թշնամություն ուներ մանավանդ հայերի դեմ։ Դեռ հազիվհազ խանձարուրից դուրս եկած իբրեւ պետություն, դեռ ոչինչ շինարարական շնորհք ցույց չտված, «Մուսավաթը» հայրենասիրական երգ էր դարձնում իր զինվորների համար. «Բիր, իքի՝ Կավկազ բիզիմքի» («Մեկ, երկու՝ Կովկասը մերը»)։

Իսկ երբ սպան հարցնում էր. «Դուշմանըմըզ քի՞մ դըր» («Թշնամիներս ո՞վ է»), ամենքը պատասխանում էին. «Էրմանի» («Հայը»)։ Թշնամությունների առիթներն էլ մշտապես անպակաս էին՝ սահմանային վեճերը։ Վրաստանը դեռ Բաթումի պայմանագրից առաջ որոշել էր, թե իր հարավային սահմանը պիտի կազմի Սեւանի լիճը, եւ սոցիալիստ Ծերեթելին, որ մի ժամանակ ռուսաց մեծ հեղափոխության գեղեցկությունն էր համարվում եւ այժմ դարձել էր վրացական մի ողորմելի շովինիստ, հենց այդպիսի մի առաջարկություն էր բերում հայերին, այն է՝ հանձնել վրացիներին Փամբակը, Դիլիջանը։ Հետո վրաց մենշեւիկները պինդ կպան ցարական ժամանակի Թիֆլիսի նահանգին եւ պահանջում էին, որ այդ նահանգն իր բոլոր սահմաններով մտնի Վրաստանի մեջ, որ նշանակում էր հափշտակել նաեւ այնպիսի զուտ հայաբնակ շրջան, որպիսին Լոռին էր։ Միեւնույն եղանակին հետեւում էր եւ Ադրբեջանը։

Վերցնելով Գանձակի նահանգը, նա համարում էր լեռնային Ղարաբաղը եւ Զանգեզուրը իր անկողոպտելի սեփականություն, թեեւ այդտեղի հայ ազգաբնակչությունը հասնում էր 200 հազարի։ Միեւնուն ժամանակ մուսավաթական Ադրբեջանն իրենն էր համարում Հայաստանի մեջ գտնվող թուրքաբնակ շրջանները, ինչպես են, օրինակ, Զանգիբասարը[361], Վեդիբասարը[362], Բասարգեչարը եւ այլն։ Այս տեղերում ադրբեջանական դրամն ու գործակալները պահում էին մշտական ապստամբական դրություն։ Այս սահմանավեճերը միայն Հայաստանի համար գոյություն ունեին, միայն նրա կյանքն էին դժոխային դարձնում։ Թե չէ՝ հարաբերությունները Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ վատ չէին. մենշեւիկները նույնիսկ դաշինք էին կապել մուսավաթականների հետ Ռուսաստանի դեմ։ Նրանք յուրացրել էին քաղաքական հանգամանքներն օգտագործելու արհեստը, եւ դա նրանց հաջողվում էր շնորհիվ նպաստավոր պայմանների։ Այսպես, մենշեւիկ պատերազմական մինիստր Գեորգաձեն մեծ ճաշկերույթ տվեց օսմանյան զորքերի հրամանատար Խալիլ-փաշային, որ գնում էր Բաքուն վերցնելու, եւ իր բաժակաճառի մեջ հաջողություն մաղթեց նրա սրին։ Այսպիսի քաղաքականությունը չէր կարող դուր չգալ Ադրբեջանին, որ Թուրքիայի ստեղծածն էր եւ Թուրքիայով էր ապրում։

Բաքուն վերցնելուց հետո Նուրի-փաշան օսմանյան զորքերը դարձրեց հայկական Ղարաբաղի դեմ եւ գրավեց Շուշին՝ ճանապարհին ռմբակոծելով եւ քարուքանդ անելով մի քանի գյուղ։ Հերթն այնուհետեւ պիտի գար Զանգեզուրին, իսկ դրանից հետո նաեւ, ինչպես ամենքն էին սպասում, Երեւանին։ Բայց այդ միջոցին համաշխարհային պատերազմի երկու բեմերում տեղի ունեցան խոշոր դեպքեր, որոնք եւ փրկեցին Երեւանի դժբախտ հանրապետությունը։ Նախ Բուլղարիան ջարդվեց Սալոնիկի ճակատում, եւ Թուրքիան կտրվեց Գերմանիայից, ապա գեներալ Ալեմբին Պաղեստինի ճակատում վերջնականապես ջախջախեց թուրքական բանակը, եւ արյունարբու սուլթանիզմը զինադադար եւ հաշտություն խնդրեց, որի պայմաններից մեկն էր Անդրկովկասը թուրքական զորքերից մաքրելը։ Հայերը վերջապես կարող էին փոքր-ինչ ազատ շունչ քաշել։ Ալեքսանդրապոլը, երկաթուղին նորից հայերի ձեռքն անցան, թեեւ առանց վագոնների եւ շոգեշարժերի, որոնք վրացական կառավարության սեփականությունն էին դարձել։ Գերմանական զորքերը հեռացան Վրաստանից. Արեւելքի տերն Անտանտն էր։ Էնզելիի անգլիական զորքը տեղափոխվեց Բաքու, եւ հրամանատար գեներալ Թոմսոնը իրապես դարձավ դիկտատոր Անդրկովկասի «անկախ» հանրապետությունների մեջ։ Կ.Պոլիսը գրավեցին դաշնակից զորքերը՝ մեծ հրճվանք պատճառելով հույներին եւ հայերին։ Անգլիական մի զորաբաժին էլ Բաթումի կողմից ներս մտավ եւ գրավեց Թիֆլիսը…

Մեր երկրում երեւան էր եկել մի ուրիշ եվրոպական պետություն՝ ծովերի տեր եւ համաշխարհային վաճառական Անգլիան։ Ինչպե՞ս էր վերաբերմունքը դեպի այս նոր ուժը։ Ադրբեջանցիները, շատ հասկանալի պատճառով, ատելով ատում էին անգլիացիներին։ Այսպես էին եւ վրացիները. սրանք չափազանց շատ էին սիրել իրենց գերմանացիներին եւ մեծ ափսոսանքով էին բաժանվել նրանցից։ Նացիոնալիստական մամուլի դատողություններից պարզ երեւում էր, որ անգլիացիներն ատելի էին եւ այն պատճառով, որ նրանք հայերի բարեկամներն էին համարվում։ Այսպես էր սկզբում…
Ճի՞շտ էր, որ անգլիացիները հայերի բարեկամներն էին։

Մեզանում հոռետեսներ քիչ գտնվեցին, որոնք ասում էին, թե այդ համաշխարհային չարչիներն ամենից առաջ մեզ կսկսեն ծախել։ Այդպիսին էր, օրինակ, հանգուցյալ Ստեփան Մամիկոնյանը, որ անգլիացիներին «չարչի» չէր անվանում, այլ «բուխգալտեր»[363]։ Բայց այսպիսի հոռետեսներին լռեցնում էին՝ ասելով. «Չէ՞ որ Անգլիան է՝ Գլադստոնի, Ջեյմս Բրայսի[364] եւ այլ հարյուրավոր հայասերների Անգլիան։ Չէ՞ որ անգլիական մամուլն այդ օրերին հայերին անվանում էր դաշնակիցներ, եւ այդ միեւնույնը անգլիական Համայնքների պալատում կրկնել էր Ռոբերտ Սեսիլը[365]՝ գովեստներ ձոնելով մեր ժողովրդական հերոս Անդրանիկին»։

Այսքանը, իհարկե, բավական չէր։ Հայերի մեջ խոսում էր հին հոգեբանությունը. Թուրքահայաստանը տակնուվրա անել՝ գլխավորապես Անգլիային խոսեցնելու համար, խնդիրքներ եւ աղերսանքներ՝ ուղղված Անգլիայի պետական մարդկանց, հայասիրական ճառեր պառլամենտում, հայասիրական հարյուրավոր միտինգներ եւ այլն, եւ այլն. մի խոսքով՝ ամբողջ մի անցյալ։ «Եվրոպական ազգերի մեջ ո՞վ է,- հարցնում էինք մենք ոչ առանց գոռոզության,- որ այնքան մանրամասնորեն ուսումնասիրած լինի մեր դրությունը, որ այնքան լավ իմանա մեր դատի արդարությունը, ինչպես այս արել է Անգլիան։ «Կապույտ գրքի» այն երկար շարանը, որի մեջ արձագանք է գտել թուրքահայի ամեն մի հառաչանքը, Լինչի[366] «Հայաստանը», վերջապես հենց օրվա կենդանի մարդը՝ Նոել Բեքստոնը, որ պատերազմի ժամանակ գնաց Վան, խոսեց մեզ հետ շատ ու շատ, գրեց, համոզեց»։

Եվ մենք մոռացանք հայ ժողովրդի սոսկալի դրությունը եւ դարձյալ ռոմանտիկ երազների անձնատուր եղանք։ Բայց ահա՝ ի՛նչ բան կար։ Անգլիական զորքերը դեռ Թիֆլիսում չէին երեւացել, մի օր Հովհաննես Թումանյանի տանը թեյով մեծարում էինք Վլադիկավկազի ֆրանսիական հյուպատոս Դյուռուային, որ խիստ հայասերն էր երեւում։ Նա երկարորեն մեզ պատմում էր, թե ինչպես ֆրանսիացիները հոգս ունեն հայերի համար, աշխատում են բավարարել նրանց լավագույն կերպով, թե ինչպես նույնիսկ նրանց մեծ հերոս մարշալ Ֆոշը դաշնակիցների խորհրդակցության մեջ ոտքի է կանգնել ու այնպես խոսել Հայոց հարցի մասին եւ ասել է, թե հարցը լուծելը մեր ամենքիս սրբազան պարտքն է։ «Բայց,- ավելացրեց ֆրանսիական դիպլոմատը,- ես պետք է նախազգուշացնեմ հայերին, որ անգլիացիները մի քիչ վատ են տրամադրված նրանց դեմ, եւ պետք է աշխատել հարթել այդ պակասությունը»։

Մենք բոլորս, ի՛նչ թաքցնեմ, հավատացինք այդ մարդուն. ինչպե՞ս չհավատայինք… մազով-միրքով մարդ, եվրոպացի, այն էլ՝ Ռոբեսպիեռի եւ Դանտոնի հայրենակից։ Ինչպե՜ս այդ հանդիսավոր-ուրախական օրերին, երբ Անտանտի բոլոր կողմնակիցները հրճվանքի մեջ էին, մենք մտքով անգամ անցկացնեինք, թե մեզ հետ մի կտոր հաց կտրողը, մի բաժակից խմողը մի վատ տեսակի ստախոս է, արհեստով՝ ստախոս-դիպլոմատ։ Ի՜նչ կարող էինք մակաբերել, թե Գերմանիային ոտքի տակ տված, հաղթության գինովության ամենաբարձր աստիճանին հասած րոպեին անգամ, հազիվ ոտք դրած ասիական հողի վրա՝ սկսել են մրցել իրար հետ, իրենց շահերը դրստել…

Եկան անգլիացիները։ Ժպտում էին ամենքին, ամենքի թվում՝ եւ մեզ։ Անտանտի մեծամեծ խաբեբայությունների շրջանն էր։ Գեներալ Թոմսոնը Բաքվում հայտարարեց, թե Թուրքիայից պետք է ստացվեն այն բոլոր վնասները, որ պատճառել են սեպտեմբերյան կոտորածն ու թալանը։ Առանձին հանձնաժողով կազմվեց, որ ստուգում էր վնասների չափը եւ ամեն մի վնասվածին կտրոն էր տալիս, թե նա ունի ստանալու այսքան գումար։ Այդ կտրոնները նույնիսկ փոխարկելի էին բորսայում։ Թիֆլիսում կազմակերպվեց մի ավելի խոշոր հիմնարկություն՝ պատերազմի պատճառած բոլոր վնասները հայտնաբերելու եւ հաշվելու համար։ Թուրքահայերի համար միեւնույն գործողությունը կատարում էր Կ.Պոլսի հայոց պատրիարքարանը։ Հատուցման ժամը հասած էր երեւում։ Սարսափահար Թուրքիան իր վիճակն իսպառ չփչացնելու եւ Եվրոպայի առջեւ գոնե մի թեթեւ համարում ձեռք բերելու համար աշխատում էր իր վրայից լվանալ 1915-ի հայկական կոտորածների սեւ բիծը։ Նա ամեն օր եւ ամեն կողմ հայտարարում էր, թե կոտորածների մեջ մեղք չունի թուրք ժողովուրդը, թե այդ ոճիրը կառավարող մարդկանց վրա է ընկնում, եւ նրանք էլ պիտի պատասխանատու լինեն։ Դատարան հաստատվեց, մի քանի հայտնի ջարդարարներ դատապրտվեցին մահվան[367]։

Հայերը առանձին ուշադրության առարկա դարձան մանավանդ Կիլիկիայում։ Այդտեղ էր ֆրանսիացիների կազմակերպած Արեւելյան լեգեոնը՝ բաղկացած գլխավորապես հայերից, որ շատ աչքի ընկնող բաժին էր ունեցել թուրքական բանակի ջախջախման մեջ եւ արժանացել էր գեներալ Ալեմբիի մեծ գովասանքներին։ Կիլիկիայից վտարված հայությունը նորից վերադարձել էր իր նախավայրերը։ Ֆրանսիական հրամանատար գեներալն ասում էր հայերին. «Այս ձեր երկիրն է, եւ սրա կառավարությունը ձեզ է պատկանում։ Մենք դրա համար ենք եկել այստեղ»։ Հայերի մեջ, մանավանդ Կ.Պոլսում, ընդհանուր հրճվանք էր տիրում։ 1919-ի ձմռանը անգլիական հրամանատարությունը շտապ եղանակով Փարիզ ուղարկեց Անդրկովկասի երեք հանրապետությունների պատվիրակություններ՝ հաշտության կոնֆերանսին մասնակցելու համար։ Անգլիական գլխավոր հրամանատար Միլնը, որ այդ միջոցին Թիֆլիսում էր գտնվում, ընդունելով հայկական պատվիրակության նախագահ Ավետիս Ահարոնյանին, ասաց նրան. «Գնացեք, այնտեղ դուք ստանալիք ունեք, բայց եղեք չափավոր»։ Վճռված էր, որ բոլոր հայերի [խնդիրները], մանավանդ երեք հանրապետությունների մեջ գոյություն ունեցող սահմանավեճերը պիտի վճռվեն եւ կարգավորվեն այնտեղ՝ Փարիզում։

Քանի որ խոսքս Անտանտի մեծ խաբեբայությունների մասին է, մի քանի խոսք ասեմ Անտանտի անդամների մեկի՝ Հյուսիսային Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վիլսոնի մասին։ Իմ նկարագրած ժամանակում չկար ամբողջ աշխարհում նրա պես ժողովրդական, հարգված մի մարդ։ Օրվա հերոսն էր իսկապես։ Հմայել էր ամենքին իբրեւ նոր աշխարհավարության առաքյալ, իբրեւ մարդկայնության, միջազգային արդարության մարգարե։ Նա էր, որ միջամտեց եվրոպական պատերազմին, Ամերիկայի անհուն տնտեսական եւ զինվորական միջոցներով կենդանացրեց Ֆրանսիային եւ Անգլիային, ոչնչացրեց Գերմանիային։ Նրա հռչակավոր «14 կետերը», որոնց մեջ բացատրված էր, թե ինչ հիմքերի վրա պիտի կառուցվի հաշտությունը, հիացրել են բոլոր թույլ եւ հաղթված ազգություններին։ Ահա րոպեի այդ «մեծ»[368] մարդն էլ մի հատուկ հայասիրություն էր ցույց տալիս։ Ամերիկան պիտի իր խնամակալության տակ առներ Հայաստանը, եւ հատուկ մի խոշոր պաշտոնյա՝ գեներալ Հարբորտը, գնաց Հայաստանը ծայրեծայր տեսնելու եւ իր կարծիքը հայտնելու համար։ Վիլսոնի առաջարկությամբ էր նույնպես, որ Հայաստանի պաշտպանության համար Փարիզի հաշտարար կոնֆերանսի կողմից Կովկաս եկավ ամերիկյան գնդապետ Հասկելը։

Ի՞նչ իսկություն էր թաքնված այս բոլոր երեւույթների մեջ։ Այն, որ յուրաքանչյուրն այդ հաղթող պետություններից աշխարհեաշխարհ էր ընկել ո՛չ թե ուրիշներին լավություն անելու, այլ իր սեփական օգուտները գտնելու համար։ Անգլիան՝ այդ «բուխգալտերը», ինչպես միշտ, Կովկաս գալով առաջին իսկ քայլերից հաշվի առավ, թե ումից ինչ կարող է վերցնել։ Հաշիվը շատ պարզ էր. Ադրբեջանը նավթ ուներ, իսկ Հայաստանը՝ միայն որբեր ու մեռնող ժողովուրդ։ Եվ, բնականաբար, Ադրբեջանը նրա համար Հայաստանից նույնիսկ շատ լավ էր։ Այս շատ նկատելի դարձավ՝ ի մեծ զարմանս «դաշնակից» հայերի։ Նույն «բուխգալտերի» համար այս նույն թշվառ Հայաստանից լավ էր նաեւ Վրաստանն իր մանգանով, Բաքվից Բաթում իր ճանապարհով։ Այս էլ նկատելի դարձավ հայերի համար, եւ պակաս զարմանք չպատճառեց նրանց։

Բ

Քաջազնունու կառավարությունը, հազիվհազ ազատվելով թուրքական կոշմարից, պիտի ըստ երեւույթին իր բոլոր ուժերը կենտրոնացներ մյուս՝ ավելի ահռելի կոշմարի՝ սոված ձմեռվա դեմ կռվելու համար։ Այս նպատակով նա մի քանի քայլեր արավ, եւ դրանցից մեկն էր հայկական բուրժուազիայի վրա կռթնելը։ Կառավարությունը ստացավ կոալիցիոն կերպարանք. մի քանի պորտֆելներ ստացան Ժողովրդական կուսակցության անդամները։ Սակայն, սրանք էլ միանգամայն ապիկար հանդիսացան եւ չկարողացան ստեղծագործական փոքրիշատե նշանակալի թափ արտաբերել։ Պատճառը միայն անձնական անկարողությունը չէր։ Դաշնակցական պետությունն արդեն հինգ ամսվա գոյություն ուներ, եւ արդեն շատ պարզ էր, որ նա կարող էր լինել միայն վատուժ, անպտուղ, թշվառ։ Նրա կազմակերպությունն էր այդպես։ Նույնիսկ թեւակոխելով «անկախության» բարձունքները՝ Դաշնակցությունը չէր կարողանում ազատագրվել իր հին մեղքից՝ ֆիդայականությունից։

Ընդհակառակը, հենց այս ֆիդայականությունն էլ նա բերում դնում էր իր կազմակերպած պետության գլուխ։ Հայաստանը, լավ թե վատ, բանակ ուներ, սպաներ եւ գեներալներ ուներ։ Բայց զինվորական բարձր հրամանատարությունը դաշնակցականները հանձնել էին իրենց խմբապետներին, որոնց ենթարկվում էին բանակի ողորմելի գեներալները։ Հայ-վրացական սահմանագլխում գտնվող զորքերի հրամանատարն էր խմբապետ Դրոն, որի ռազմագիտական տաղանդների հետ, դժբախտաբար, ես ծանոթություն չունեմ։ 1918-ի վերջերում շատ սուր կերպարանք ընդունեց սահմանային վեճը հայերի եւ վրացիների միջեւ Լոռիում։ Երկու կողմերն էլ մեղավոր էին. վրացիները գուցե ավելի շատ, որովհետեւ ռազմատենչ նացիոնալիզմը նրանց մեջ չափազանց առաջ էր գնացել շնորհիվ այն հանգամանքի, որ նրանք ամենքից շատ ունեին զենք, ռազմամթերք եւ պատերազմական հանդերձանքներ, որ մնացել էին ռուսներից եւ մասամբ էլ ձեռք բերվել հեռացած գերմանացիներից։ Սակայն վեճը շատ հեշտ կարելի էր լուծել բանակցություններով։

Դրոն այդպես չուզեց։ Պատերա՜զմ… Էլ ո՞ր օրվա համար էր ֆիդային։ Պատերազմ մի այնպիսի ժամանակ, երբ սովն էր աջ ու ձախ հնձում, մի կատարյալ ոճիր էր հանդեպ այդ մեռնող ժողովրդի։ Եվ նրան ոչ ոք չէր ուզում։ Չէր ուզում հենց ինքը՝ դաշնակցական կառավարությունը, որ արգելել էր Դրոյին անցնել սահմանը։ Մի քանի օրվա ձգձգումներից հետո Դրոն, պատճառ բերելով, որ վրացական զորքերը վրդովեցուցիչ բռնություններ են կատարում Լոռու մի քանի հայաբնակ գյուղերում, թույլտվություն խնդրեց պատերազմական գործողություններ սկսելու։ Այդ թույլտվությունը նրան չտրվեց։ Այն ժամանակ նա հեռագրեց՝ թեեւ չեք թույլատրում, բայց ես անցնում եմ սահմանը։ Դաշնակցական կառավարությունն ի՞նչ կարող էր անել իր ամենակարող խմբապետին, եթե ոչ հնազանդվել նրան, իսկ Ժողովրդական կուսակցության անդամներն էլ համակերպվեցին այդ հնազանդությանը՝ իրենց ողորմելի պորտֆելները պահպանելու համար…

Եվ այսպես պայթեց հայ-վրացական պատերազմը։ Եթե երբեւիցե հայ պատմագրությունը պիտի հավաքի, դասավորի եւ արձանագրի այն բոլոր թշվառությունները, որոնք թափվեցին կովկասահայ ժողովրդի գլխին 1918-ի ապրիլից սկսած, ուսումնասիրողը շատ պիտի ապշի՝ տեսնելով այդ սարսափների ծովի վերջում այս ոճրագործությունը՝ մի պատերազմ, անհասկանալի, ամոթաբեր ու վայրենի բոլոր տեսակետներից, բացի հախուռն եւ սանձակտուր ֆիդայականությունից… Անգլիական հրամանատարությունն իհարկե կարող էր հենց առաջին րոպեից կանգնել կռվողների մեջտեղը եւ թույլ չտալ, որ արյունահեղություն լինի։ Բայց չարավ այս, որովհետեւ այսպիսի մի քայլ կհակասեր անգլիական ավանդական քաղաքականությանը։ Թշնամություն հայերի եւ վրացիների մեջ, այդ, ընդհակառակը, լավ էր։ Աշխարհի բոլոր կողմերում անգլիական տիրապետությունը հաստատված է «Բաժանեա զի տիրեսցես» սկզբունքի վրա։ Իրար բզկտող կողմեր, եւ ինքը մեջտեղ՝ իբրեւ իրավարար եւ հաշտեցնող. այս դերի մեջ էր նա առաջին անգամ իրեն ցույց տալիս՝ Անդրկովկասը իր զորքերով գրավելուց հետո…

Պատերազմը կարճ տեւեց։ Դրոն, ապստամբեցնելով Վրաստանի հպատակ հայությունը, առաջացավ Շուլավերից էլ դեպի հյուսիս, բայց ետ քշվեց[369] այդ տեղից մինչեւ Սադախլո։ Աննկարագրելի է այն կատաղությունը, որ պոռթկաց հայերի դեմ Վրաստանում ամենուրեք։ Հիմա էլ վրացական զորքն էր, ադրբեջանականի նման, իր երգերի մեջ թշնամի հայտարարում հայերին։ Ամեն տեղից մարտական խմբեր էին գնում կռվելու այս նոր թշնամու դեմ։ Եվ այդ այն ժամանակ, երբ Երեւանի փողոցներում հարյուրներով էին թափվում բծավոր տիֆից ջարդվող մարդկանց դիակները։ Խե՜ղճ ժողովուրդ, զոհ էր սեփական տան անկարգության…

Ես չգիտեմ եւ երբեք էլ չեմ հետաքրքրվել իմանալու, թե ինչ երեւելի քաջագործություններ էին ցույց տալիս հայերը կամ վրացիները այդ տխուր պատերազմի դաշտում։ Բայց որ մենշեւիկները անհնարին չափերի հասցրին իրենց ազգամոլական «քաջագործությունները» Թիֆլիսի փողոցներում անմեղ հայերի վրա գործադրված բռնություններով՝ այդ մի ամբողջ պատմություն է, վշտալի ու վայրենի, որ ցույց էր տալիս, թե ինչերի է ընդունակ կույր ազգային կատաղությունը։ Ինձ հարկ չկա զբաղվելու այդ մենշեւիկյան սարսափների նկարագրությամբ. վաղամեռիկ Արշակ Զոհրաբյանն արել է այդ իր հռչակավոր բաց նամակի մեջ, որ տպվեց Թիֆլիսի բոլոր լրագրերում եւ ուղղված էր Վրաստանի դեմոկրատիկ հանրապետության նախագահ մարքսիստ Նոյ Ժորդանիային։ Խե՜ղճ մարդ։ Իր համարձակ եւ արդար խոսքի զոհը դարձավ։ Նրան վռնդեցին Վրաստանից. նա գնաց Հայաստան եւ մեռավ բծավոր տիֆից։
Անգլիական հրամանատարությունը մատը մատին չխփեց մենշեւիկյան սարսափները արգելելու համար՝ հարգելով Վրաստանի «անկախությունը»։

Բայց, վերջապես, դադարեցրին այս կոշմարային պատերազմը։ Դրոն գնաց հանգչելու պարտության դափնիների վրա, Թիֆլիսում հաշտության բանակցություններ սկսվեցին՝ Անգլիայի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչների մասնակցությամբ[370]։ Վիճելի սահմանների հարցը պարզ ու որոշ կերպով չլուծվեց։ Ստեղծվեց երկու երկրների հարաբերություններն ավելի եւս դժվարացնող, ավելի եւս բարդացնող մի դրություն։ Այդ Լոռու չեզոք գոտին էր, որ դառնում էր միջազգային շանտաժի եւ սպեկուլյացիայի մի օջախ՝ ծանր պայմաններ ստեղծելով տեղացի աշխատավոր ժողովրդի համար։ Հայերն առաջարկում էին վեճը լուծել ազգագրական սկզբունքով, այսինքն՝ ազգաբնակչության ընդհանուր ձայնատվությամբ, դրեցին նաեւ Ախալքալաքի գավառի հարցը։ Բայց դաշնակիցների ներկայացուցիչները մերժեցին այդ առաջարկը եւ պաշտպանեցին վրացական ծրագիրը՝ չեզոք գոտիների եւ խառը վարչությունների մասին։

Ինչեւէ։ Եղածն էլ մեծ բան էր։ 1919-ի ձմռանը բծավոր տիֆի թագավորությունն էր, եւ առհասարակ շատ ծանր էր թե՛ Ռուսաստանի եւ թե՛ Կովկասի համար։ Բայց այն առավելապես դաժան ու անգութ էր Հայաստանում՝ հիմնավորված սովի պայմաններում։ Երեւանի փողոցները զարհուրելի տեսարաններ էին ներկայացնում։ Փախստականները թափված էին բաց երկնքի տակ եւ ջարդվում էին անխնա։ Դռների առջեւ ամեն րոպե լսվում էր օրհասական ճիչը՝ «Հա՜ց»։ Մերկ ու անոթի ամբոխը հափշտակում էր սատկած ձիերի եւ շների դիակները։ Տիֆը, վարակի օջախներ դարձնելով փողոցները, մտնում էր եւ կուշտերի տներն ու հնձում էր աջ ու ձախ։ Կարծես այդ թշվառ ժողովրդի վերջն էր եկել։ Եվ իսկապես նրանից գրեթե ոչինչ չէր ազատվի, եթե այդ ահռելի ժամանակներին օգնության չհասներ Հյուսիսային Ամերիկան[371]։ Մասնավոր բարեսիրական նախաձեռնությամբ մեծ քանակությամբ շորեր, ուտելիք եւ հաց հավաքելով՝ բերին Երեւան եւ սկսեցին կերակրել սովամահ ազգաբնակչությունը։ Դաշնակցական կառավարությունը, որ ոչինչ չէր արել եւ չէր կարող անել ժողովրդի համար, այսպիսով փրկված էր։ Ժողովուրդը թե՛ այդ հեռավոր օգնությամբ եւ թե՛ իր սեփական ջանքերով սկսեց դանդաղորեն դուրս գալ մահվան գրկից, փոքր առ փոքր կազդուրվել։


Հեղափոխության սկզբից Թիֆլիսում կազմակերպվել էին մի շարք հայրենակցական միություններ, որոնցից մի քանիսին վիճակվում էր խաղալ քաղաքական դեր։ Այդպիսիներից մեկն էր Ղարաբաղի եւ Զանգեզուրի հայերի հայրենակցական միությունը, որ կազմակերպվել էր 1918-ի սկզբին, եւ որի վարչության նախագահ ընտրվել էի ես։ Մենք աշխատում էինք կապ հաստատել այդ երկու լեռնային գավառների հետ, որոնք բոլորովին կտրված էին աշխարհից եւ իրենց ճակատագրին թողնված։ Շուշիի տեղային ռուս զորաբաժինը երբ զինված գնալիս է եղել Եվլախ կայարանը՝ Ռուսաստան վերադարձող ռուս զորքերին միանալու համար, թուրքերը ճանապարհին շրջապատել էին նրան եւ զինաթափ արել։ Այսպիսով թուրքերը զենքի կողմից գերազանցող դիրք էին բռնել հայերի վերաբերմամբ, որոնց ինքնապաշտպանական միջոցները շատ թույլ էին։ Այս դրությունը միտք էր ծնեցնում զինվորական ծառայության մեջ եղած հայերից Ղարաբաղում կազմել մի գունդ եւ նրան հանձնել հայկական Ղարաբաղի պաշտպանությունը։ Պետք էր միայն Թիֆլիսի պահեստներից զենք ու ռազմամթերք ուղարկել Շուշի։

Այսպիսի վճիռ արդեն կայացրած է եղել Անդրկովկասի կոմիսարիատը, բայց որովհետեւ Գանձակի եւ Եվլախի ճանապարհները կտրված էին, որոշումը մնացել էր անկատար։ Մեր հայրենակցական միությունը հանձն առավ կազմակերպել այդ գործն այնպես, որ զենքն ու պատերազմական ծանրոցները Շուշի փոխադրվեն Նոր Բայազետի գավառի վրայով, ուսկից հաղորդակցություն կա Խաչեն գավառի հետ. եւ այնտեղից Շուշի։ Գործը հաձնվեց զինվորականներին, բայց իրականացումն այնպես հեշտ չեղավ, ինչպես ենթադրվում էր։ Նոր Բայազետի գավառում մեր քարավանը տեղական թուրքերի հետ ընդհարում է ունենում եւ, չկարողանալով ուղեւորվել դեպի Խաչեն, ստիպված է լինում ավելի երկար ճանապարհ բռնել՝ Դարալագյազի վրայով Զանգեզուր՝ այնտեղից էլ Շուշի գնալու համար։ Սակայն հազիվ չորս ամսվա ընթացքում քարավանը դուրս է գալիս Գորիս։ Այդտեղ էլ մնում են բոլոր զենքերն ու մթերքները եւ տեղական պետքերի վրա գործածվում։ Անդրանիկն այդ նյութերով է կազմակերպում Զանգեզուրի զինվորությունը։ Եվ այսպիսով ստեղծվում է անհավասար կացություն երկու լեռնային երկրների համար։ Զանգեզուրի հայությունը լավ զինվում է եւ ուժեղանում, իսկ Ղարաբաղի հայությունը, ընդհակառակը, մնում է շատ թույլ պաշտպանված. եւ այս թուլությունը հետագայում նրան շատ է վնասում։

Հազիվ վերջացնելով այդ փոխադրական խոշոր գործը, մեր հայրենակցական միությունը 1918-ի ամռանը կանգնած էր արդեն մի շատ խոշոր քաղաքական հարցի առջեւ, որ Ղարաբաղի եւ Զանգեզուրի հայության համար մահվան եւ կյանքի նշանակություն ունեցող հարց էր։ Այդ այն էր, թե ու՛մ պիտի պատկանեն այդ երկու գավառները։ Ադրբեջանը դրանք համարում էր, հայտնի չէ ինչու՛, իր անբաժանելի սեփականությունը։ Հայաստանը վիճում էր դրա դեմ, մինչդեռ նորակազմ պետությունների համար ամենաարդար կառուցման հիմքը պիտի լիներ ազգագրական սկզբունքը։ Մեր հայրենակցական միությունը ամեն կերպ աշխատում էր, որ հարգվի այդ սկզբունքը եւ որ, համենայն դեպս, երկու երկրների բախտը որոշվի ոչ թե բռնակալորեն, իշխողների իրավունքով, այլ ժողովուրդների կամքով եւ ցանկությամբ։

Այս պատճառով մենք պահանջեցինք Ահարոնյանի Ազգային Խորհրդից, որ նա Ղարաբաղի կամ Զանգեզուրի հարցը դրված ժամանակ խորհրդակցության հրավիրի մեր հայրենակցական միության ներկայացուցիչներին՝ իբրեւ իրազեկ մարդկանց։ Մեր այս պահանջը հայոց ազգի բախտի տնօրինողը դարձած Ահարոնյանը չբարեհաճեց կատարել։ Իշխանավոր էր նրա Ազգային Խորհուրդը, իսկ իշխանավորը ժողովրդի կամք չի հարցնում, այլ իր կամքն է նրան ուտեցնում։ Եվ ահա Քաջազնունին, Խատիսյանը եւ Պապաջանյանը, մարդիկ, որոնք ոչինչ հասկացողություն չունեին ո՛չ Ղարաբաղի, ո՛չ էլ Զանգեզուրի մասին, Բաթումի չարաղետ բանակցությունների միջոցին համաձայնություն են տալիս թուրքերին, որ Ղարաբաղը պատկանի Ադրբեջանին, իսկ Զանգեզուրը՝ Հայաստանին։ Ադրբեջանցիները չեն բավարարվել այդ առաջարկով, շարունակել են պահանջել նաեւ Զանգեզուրը։

Այս մի վերին աստիճանի թեթեւսոլիկ վարմունք էր։ Ես հետո ճշտորեն տեղեկացա, թե ինչ նկատառումներով էին երեք իշխանավորներն այդպիսի վճիռ տվել։ Գոնե մեկի՝ Քաջազնունու, վերաբերմամբ գիտեմ, որ նա ունեցել է այսպիսի մի մտադրություն՝ լեռները տալ ադրբեջանցիներին, իսկ ժողովրդին, ինչպես առողջ եւ քաջ մի տարր, գաղթեցնել Հայաստանի տափարակ տեղերը, այնտեղի թույլ եւ ջլատված ժողովրդի հետ խառնելու եւ այսպիսով նրա արյունը վերակենդանացնելու համար։ Այս մասին ինձ հետ երկար խոսակցություն է ունեցել Քաջազնունու վարչապետության ժամանակ գյուղատնտես Կամսարականը, որ այն ժամանակ մի ինչ-որ խոշոր պաշտոն էր վարում հայոց կառավարության մեջ։ Ղարաբաղի հայ ժողովրդին նա նայում էր անասնաբուծական տեսակետից՝ գտնելով, որ նա շատ լավ արտադրող (производитель) կհանդիսանա Հայաստանի համար։ Ահա ինչ տեսակ պետական մարդիկ ունեինք մենք։ Քանդել մի ամբողջ երկիր, տեղահան անել մի ամբողջ ժողովուրդ՝ մի ինչ-որ հրաշքով Հայաստանի՝ ջերմախտից հյուծվող եւ այլասերվող ժողովրդին առողջացնելու եւ ուժեղացնելու համար… Չէին հասկանում այս մարդիկ միջավայրի եւ աշխարհագրական պայմանների նշանակությունը։

Մեր հայրենակցական միությունը նույն 1918-ի ամռանը մի հիշատակագիր ուղարկեց Կ.Պոլսի սպասվող կոնֆերանսին՝ պահանջելով, որ Ղարաբաղի հարցը լուծվի համաձայն նրա ժողովրդի ցանկության։ Սակայն թուրքական արշավանքը դեպի Բաքու՝ խլացրեց այդ հարցը։ Ես արդեն ասացի վերեւում, որ Բաքվից հետո Նուրի-փաշան գրավեց Շուշին, բայց այդ տիրապետությունը Ղարաբաղում երկարատեւ չէր Թուրքիայի ջախջախմամբ։ Հենց որ օսմանյան զորքերը հեռացան Ղարաբաղից, տեղային կազմակերպված ինքնապաշտպանությունը վճռեց միացնել Ղարաբաղը Զանգեզուրին։ Անդրանիկը շարժում սկսեց դեպի Շուշի՝ ժողովրդական այդ ցանկությունը [կատարելով], բայց այդ ժամանակ անգլիական «բուխգալտերը» Բաքվում «Մուսավաթի» հետ արդեն սակարկություններ էր սկսել Ղարաբաղն ու Զանգեզուրը Ադրբեջանին ծախելու մասին։

Գեներալ Թոմսոնի կողմից մի քանի անգլիական սպաներ ավտոմոբիլներով գնացին արդեն Շուշի հասած Անդրանիկի մոտ եւ անգլիական հրամանատարության անունից առաջարկեցին նրան վերադառնալ Զանգեզուր։ Անդրանիկը, իբրեւ Անգլիայի վրա կույր վստահություն ունեցող, կատարեց այդ առաջարկությունը։ Այնուհետեւ Ղարաբաղի հայությունը սարսափով տեսավ, որ մուսավաթական զորքեր են մտցվում իր սիրտը՝ Խանքենդի (այժմ Ստեփանակերտ) ավանը։ Վճռվա՜ծ էր դժբախտ լեռնագավառի ճակատագիրը, նա պիտի զոհ գնար անգլիական չարչիության։ Եվ սկսում է հայ ժողովրդի եռանդուն պայքարն այն զզվելի բռնությունների դեմ, որոնց հեղինակներն էին Բաքվում նստած եւ հոգով ու մարմնով մուսավաթականներին ծախված անգլիացիները[372]։ «Մուսավաթը» Ղարաբաղի ընդհանուր նահանգապետ նշանակեց մի քրդի[373]՝ Սուլթանովին, որ, ի դժբախտություն հումանիտար գիտությունների, բժիշկ էր՝ համալսարանական դիպլոմով։ Հայության արյունարբու թշնամի, արնախում սուլթանիզմի ամենակույր գործակալներից մեկը, նա հայտնի էր ամենքին իբրեւ մի տիպ, որին չէր կարելի վստահել այդպիսի մի պաշտոն այնպիսի մի տեղում, ուր հայեր էին ապրում։

Սակայն «Մուսավաթը» գիտեր, թե ինչ է անում, իսկ անգլիական հրամանատարությունն էլ զուր չէր նրա մտերիմ, հոգեկից բարեկամը։ Ղարաբաղի հայ ժողովուրդը ծառացավ այդ բռնությունների դեմ։ Նա համագումարներ էր կազմում, իր ընտրած Ազգային Խորհրդի միջոցով եռանդուն բողոքներ էր անում՝ պահանջելով, որ Ղարաբաղի հարցը վճռվի ո՛չ թե այստեղ՝ Կովկասում, «Մուսավաթի» ուզած եղանակով, այլ ինչպես հայտարարված է՝ Փարիզում գտնվող երեք պատվիրակությունների ձեռքով։ Սուլթանովի նահանգապետությունը մերժվում էր միանգամայն եւ պահանջվում էր, որ անգլիական հրամանատարությունն ինքը նշանակի իր կողմից մեկին հայկական Ղարաբաղը կառավարելու համար մինչեւ Փարիզի կոնֆերանսի վճիռը։

Թոմսոնին հաջորդած գեներալ Շատելվորտը համառությամբ մերժում է բոլոր այդ պահանջները, Սուլթանովի գործակատարն է հանդիսանում, անձամբ գնում է Շուշի՝ համագումարին ներկա լինելու եւ Սուլթանովի ճանաչումը պահանջելու համար։ «Նորին բրիտանական մեծության» կառավարության համար, կարծես, այսպիսի մի դիլեմա էր ստեղծվել՝ կա՛մ մի ինչ-որ բժիշկ Սուլթանով եւ կա՛մ ջրհեղեղ։ Սակայն Ղարաբաղի հայությունը իմացավ պարտ ու պատշաճ կերպով գնահատել բրիտանական լակեյությունը։ Շատելվորտը մերժում ստացավ համագումարից եւ, քիթը տրորված վերադառնալով Բաքու, այնտեղ կանչեց Ղարաբաղի Ազգային Խորհրդի անդամներին եւ արգելեց նրանց վերադառնալ իրենց պաշտոնին։

Մինչ Ղարաբաղում տեղի էին ունենում այս բռնությունները, մեր հայրենակցական միությունն ամեն ջանք գործ էր դնում, որ հայոց կառավարությունն ավելի եռանդուն կերպով պաշտպանի Ղարաբաղի հայության իրավունքները։ Բայց ոչ մի հաջողություն չէինք գտնում։ Արտաքին գործերի մինիստրն այն ժամանակ Սիրական Տիգրանյանն էր, որ որքան լավ ուսուցիչ, այնքան վատ դիվանագետ էր։

Դաշնակցական կառավարության հոգեբանությունը հասկանալու համար պետք է նկատի առնել այն հանգամանքը, որ նա այդ միջոցին տարված էր անգլիական քաղաքականության մի խարդախ խաղով։ Կտրելով Հայաստանից Ղարաբաղի եւ Զանգեզուրի նման հայաշատ գավառները՝ խորամանկ Ալբիոնը կցում էր Հայաստանին երկու գավառ, ուր հայությունը շատ աննշան փոքրամասնություն էր կազմում, այն է՝ Նախիջեւան եւ Արդահան, [ինչպես նաեւ] մի գավառ՝ Կարսի շրջանը, որի արեւելյան մասը հայաբնակ էր, իսկ արեւմտյանը՝ թուրքաբնակ։ Այսպիսով օրինականացվում էր մի անիծյալ կացություն՝ ազգայնական ճնշումներ, որոնք պիտի ոտքի կանգնեցնեին հայերին թուրքերի դեմ՝ Ղարաբաղում եւ Զանգեզուրում, եւ թուրքերին հայերի դեմ՝ Նախիջեւանում, Կարսի շրջանի մի մասում եւ Արդահանում[374]։ Եվ իսկապես, այս ազգամիջյան թշնամությունն էր, որ Ադրբեջանի եւ Հայաստանի թուլացման, ապա եւ կործանման պատճառ դարձավ[375]։

Բայց ո՞վ պիտի նկատեր այս վտանգը վաղօրոք՝ Ադրբեջա՞նը, որ զինված էր «Բիր, իքի՝ Կավկազ բիզիմքի» կանչողներով, թե՞ Հայաստանը, որ նույնպես հավատում էր, թե կարելի է սվինների վրա նստել Նախիջեւանում, Արդահանում, Օլթիում… Ստանալով անգլիացիների ձեռքից Կարսի նման հռչակավոր բերդն իր 500 թնդանոթներով՝ կարելի՞ էր սակարկություններ անել մի ինչ-որ Ղարաբաղի համար։ Եվ չէ՞ որ այսքանով չէին սահմանափակվում հայկական ձեռքբերումները։ Հապա Թուրքահայաստա՞նը։ Հրեն, հայկական պատվիրակությունը Փարիզ հասնելով՝ ներկայացրել էր կոնֆերանսին իր հողային պահանջների աշխարհագրական գծագրությունը՝ մի քարտեզ, որի վրա մի ահագին, երբեք գոյություն չունեցած Հայաստան [էր]՝ ծովից ծով։

Ավետիս Ահարոնյանը եւ Պողոս Նուբարը չէին բարեհաճել Փոքր Ասիայում օսմանյան պետությանը տալ այնքան հող, որքան հարկավոր է, որ մի ժողովուրդ մի կտոր շունչ քաշի։ Ինչու՞ ենք զարմանում, որ Հայաստանն առանց երկար ու բարակ մտածելու վերցնում էր անգլիացիներից մի թուրքաբնակ Նախիջեւան կամ Արդահան։ Վաղը նա Փարիզի կոնֆերանսից պիտի ստանար մի երկիր՝ Սալմաստից սկսած մինչեւ Կիլիկիայի արեւմտյան սահմանը։ Ինչի՞ վրա պիտի հենվեր դաշնակցական Հայաստանն այդ անհուն տարածության վրա, քանի՞ հայ էր մնացել նրա ձեռքի տակ 1915-ի առնվազն 800 հազար հոգի կորցնելուց հետո։ Ո՞վ էր հարցնում։ Միայն տվե՛ք, այդ բոլոր տարածությունները, այդ բոլոր վիլայեթները տվե՛ք մեզ։
Այս արդեն «Բիր, իքի՝ Կավկազ բիզիմքի» չէր, այլ ավելի մեծ հիմարական բանդագուշանք…

Իսկ Ղարաբաղի հարցը գնալով ավելի ու ավելի սուր կերպարանք էր ստանում։
Գեներալ Շատելվորտը մեկ էլ իր անպարագրելի մեծությունը խոնարհեցրեց ի սեր մուսավաթականների եւ գնաց այս անգամ Զանգեզուր՝ նորից անձամբ պահանջելու հայերից, որ նրանք հպատակվեն Ադրբեջանին եւ ներս թողնեն թուրք քոչվորներին։ Մինչեւ այդ, անգլիական պատվերին ականջ կախելով, գեներալ Անդրանիկը լքել էր իրեն անկեղծաբար անձնատուր եղած լեռնցի ժողովրդին եւ իր զորքի հետ հեռացել էր Զանգեզուրից դեպի Երեւան։ Շատելվորտը Գորիսում գտավ մի ընդունելություն, որ ցույց էր տալիս, թե նույնիսկ աշխարհից կտրված այս լեռնաստանում էլ հասկացել են, թե ինչ են անգլիացիները, եւ արդեն զզվում են նրանցից։ Այս զգացմունքը ծնվում էր ամեն տեղ ինքնաբերաբար, իրերի ըմբռնման շատ հասարակ միջոցով։ Անգլիացիներն Անդրկովկասում [իրենց] պահում էին այնպես, ինչպես սովոր էին պահել իրենց Աֆրիկայի կամ Պոլինեզիայի գաղութներում, տեղացի վայրենի ցեղերի մեջ։

Այստեղ, մեզանում էլ նրանք ամենքը՝ գեներալ, սպա թե հասարակ զինվոր, իրենց նկատում էին իբրեւ բարձր էակներ, իսկ տեղացիներին նայում էին իբրեւ մի ստոր մարդկային ցեղի վրա։ Թիֆլիսի փողոցներում անգլիական զինվորները՝ հղփացած, քաղցրավենիքներով եւ մուրաբաներով կերակրվողներ, պահում էին իրենց այնպես լիրբ եւ ամբարտավան, որ կանայք իրենց ապահովված չէին զգում նույնիսկ Գոլովինսկի պրոսպեկտի վրա, թատրոնների առջեւ։ Ոչ միայն այստեղ՝ Վրաստանի մայրաքաղաքում, այլեւ գյուղերում անգամ նկատելի էին, թե ինչ ահագին տարբերություն կար այս հղփացածների եւ գերմանական զինվորների միջեւ, որոնք կարգապահության մեջ օրինավոր դաստիարակված մարդիկ էին։ Ահա բարձ[ր]բարեւ[376] եւ գոռոզ անգլիացու այս արհամարհական վերաբերմունքը դեպի ամեն մի ոչ անգլիացի՝ շատ զզվելի տպավորություն էր թողնում կովկասցու վրա, որ սովոր չէր եւ ոչ իսկ ցարական ռեժիմի ժամանակ այսօրինակ վերաբերմունքի։ Շատելվորտը Զանգեզուրի գյուղացիներից լսեց մեղմ, բայց ամուր բացասություններ, այնպես որ՝ կորցնելով հույսը, թե մի բան կարող է այնտեղ հաջողեցնել, ձեռնունայն վերադարձավ՝ հանելով Զանգեզուրից անգլիական փոքրիկ զորամասը։

Այնուհետեւ նա գազանորեն իր ամբողջ մաղձը թափեց խեղճ Շուշիի վրա։ Հեռացրեց Ազգային Խորհրդի անդամներին եւ Սուլթանովին պատվիրեց զոռով տիրանալ իր նահանգապետությանը։ Շուշիի մեջ սկսվեց վերջին ժամանակները սովորական դարձած երեւույթը՝ հրացանաձգությունը թուրք եւ հայ թաղերի միջեւ։ Հայերը շտապեցին մտնել իրենց դիրքերի մեջ պաշտպանվելու համար։ Բայց եկան անգլո-հնդիկ զորքերը, հանեցին հայերին դիրքերից եւ տարան նրանց քաղաքից դուրս։ Հայերն այսպիսով մնացին անպաշտպան՝ թուրքերի կամայականությանը մատնված։ Երեկոյան թուրքերի թաղից հայերի դեմ սկսվեց սոսկալի հրացանաձգություն։ Միեւնույն ժամանակ բժիշկ Սուլթանովը, ինչպես վայել էր թուրք բեկին, իր քրդական գյուղերից հավաքած վայրենի ձիավորներին ուղարկեց Շուշիի հյուսիսային կողմում գտնվող ձորը, ուր այրեցին եւ կոտորեցին հինգ հայ գյուղեր։ Շուշիի հյուսիսակողմի ժայռերի գլխից բացվում էր սարսափելի տեսարան. հրդեհների լուսավորության մեջ Սուլթանովի «քաջերը» մորթում էին, հոշոտում, կանանց բռնաբարում, աղջիկներ փախցնում։ Սարսափահար բազմության մեջ կային եւ անգլիական սպաներ, որոնք հանգիստ մտիկ էին անում այդ սարսափներին։ Եվ երբ նրանց դիմում էին հայերը, աղաչում էին օգնել իրենց, դադարեցնել դժոխքը, նրանք անմեղ գառների նման ձեռքերը դես ու դեն էին տարածում եւ ասում. «Ի՞նչ կարող ենք անել»։ Ո՞վ է ասում, թե անգլիացիները չեն կոտորել տվել հայ ժողովրդին։ Ո՛վ այսպիսի բան ասում է, նա սուտ է ասում…

Մի կողմից կատաղի եւ անընդհատ հրացանաձգությունը թուրքական թաղից, մյուս կողմից՝ Կարկաժան, Ղայբալի[377] եւ այլ գյուղերի կոտորածն այն աստիճան մեծացրեց տագնապը եւ խուճապն անզեն ու անպաշտպան մնացած հայկական թաղում, որ կեսգիշերին հավաքվեցին մարդիկ ու գնացին Սուլթանովի ոտքը, հնազանդվեցին նրան… Մյուս օրը հնդիկ զորքերը, չորս կողմից շրջապատելով ադրբեջանական մի զորաբաժին, տարան նրան հայոց թաղի միջոցով եւ բնակեցրին քաղաքի վրա տիրող զորանոցում։ Ամեն ինչ վերջացած էր։ Շուշիի ընդհանուր կոտորածը նախորոշված էր եւ հենց այս պատճառով էլ դառնում էր անգլիական գործ։ Ճշմարտությունը չի մեռնում։ Շուշիի անգլիական զորքերի մեջ մի հատ ազնիվ եւ ճշմարտասեր սպա գտնվեց, որ պաշտոնական հայտարարությամբ պարզեց ամբողջ ճշմարտությունը բարձր հրամանատարության առջեւ։ Այդ մերկացումը տպվեց «Кавказское слово»–ի[378] մեջ, բայց սպային իսկույն հեռացրին…

Անգլիական այս արյունոտ բռնությունը սոսկումի եւ զայրույթի պոռթկումներ առաջացրեց նախ Երեւանում, բայց ուղղված ոչ թե բուն հեղինակների դեմ, այլ թուրքերի դեմ, որոնք լոկ գործիք Էին եղել նրանց ձեռքին։ Դժգոհել Անգլիայի դեմ ո՞վ կհամարձակվեր։ Ընդհակառակը, համակրական ցույցեր եղան անգլիական ներկայացուցչի տան առաջ։ Եվ այս, ի՜նչ ասել կուզի, ապացույց Էր, որ դաշնակցական Հայաստանը «անկախ» պետություն Էր։
Քանի՜ տասնյակ տարիների ընթացքում հայ ժողովրդի խոնարհ, ծնկաչոք աղերսանքներն էին ուղղված Անգլիային։ Քանի՜ սերունդներ մեռել էին հավատալով, թե կգան նրանք՝ անգլիացիները, եւ կազատեն մեզ։ Եվ ահա, եկան նրանք, իրենց ոտքով եկան այնպիսի մի ժամանակ, երբ նրանք իրենք էին մեզ իրենց դաշնակից անվանում, երբ Սիրիայի դաշտերը դեռ չէին ծծել նրանց հրամանատարության տակ կռված հայերի արյունը… Եկան նրանք, եւ մենք տեսանք նրանց, շոշափեցինք ու լցվեցինք դեպի նրանց միմիայն զզվանքի ու անեծքի զգացմունքով։ Բժիշկ Սուլթանովը, Կարկաժանի, Ղայբալիի հարյուրավոր նահատակները եւ պղծված կույսերը միայն զզվանք եւ անեծք էին դնում ղարաբաղցի հայի սրտում դեպի այդ եկվոր «բուխգալտերները»։

Ղարաբաղի կոտորածի մասին մենք հեռագիր ուղարկեցինք նաեւ Փարիզ, բայց ոչ թե Ահարոնյանի պատվիրակությանը, քանի որ գիտեինք նրա աշկարա անբայրացակամությունը Ղարաբաղի հարցի վերաբերմամբ, այլ Պողոս Նուբարի պատվիրակությանը։ Բայց որովհետեւ այս երկու պատվիրակությունները շուն ու կատվի դրության մեջ էին գտնվում իրար հանդեպ, Ահարոնյանը, որ ուզում էր «ազգային գործերի» մենաշնորհն իր ձեռքում պահել ի փառս Դաշնակցության, գրեթե բարկանում է մեզ վրա եւ գրում է Հայաստանի կառավարությանը, որ մեզ արգելվի դիմումներ անել ուրիշ որեւէ մեկին, բացի իրենից։ Ղարաբաղի հայն ի՛նչ ցավերով էր տանջվում, իսկ այնտեղ՝ Սենայի ափին մեր դիպլոմատ կոչվածներն ինչո՜վ էին զբաղված։ Ինձ, սակայն, ավելորդ է այստեղ պրպտել այդ հիվանդոտ ու թշվառ երեւույթը՝ Ահարոնյան - Պողոսնուբարյան փառամոլական գոտեմարտը, որ զզվեցնում էր նույնիսկ եվրոպական «հայասեր» դիպլոմատներին։ Այս գործն արդեն կատարել է Խորհրդային Հայաստանի կառավարությունը՝ հրատարակելով 1922-ին Ահարոնյանի նամակները՝ Ալ. Մարտունու[379] կարեւոր առաջաբանով, որի մեջ պայծառորեն պատկերացած է Անտանտի վերաբերմունքը դեպի հայերը հենց փարիզյան բանակցությունների մեղրալուսնին։

1919-ի ամռանը մեր «դաշնակիցները» թողնում էին, ստիպված զանազան հանգամանքներից, Բաքվի նավթահորերը, որոնց այնքան կարոտ էին, թողնում էին նաեւ ամբողջ Անդրկովկասը։ «Գնալդ լինի, գալդ չլինի»,- այս էր միայն կարող ասել ղարաբաղցի սեւազգեստ գեղջուկը հեռացողների ետեւից։ Հեռանում էին նրանք այն պահին, երբ նրանց մեզ ընծայած Նախիջեւանն ապստամբել էր, փախցրել դաշնակցական մի բուռ զորքերը եւ կոտորել հայ գյուղերի մնացորդները։ Գեներալ Շատելվորտը հուզիչ մտերմությամբ էր իր նամակի մեջ հրաժեշտ տալիս իր սիրելի մուսավաթականներին։ Եվ այդ միջոցին կրակ ու բոցերով էր գոտեւորվում Հայաստանը հարավից։ Ապստամբել էր Վեդիբասարը, մտել էր խրամատների մեջ եւ հաղթականորեն ետ էր մղում հայոց զորքերին։ Այս դիրքային պատերազմը մի ամբողջ տարվա տեւողությունը պիտի ստանար եւ Հայաստանի թշվառությունը դառնար։

Միեւնույն ժամանակ քրդերը Մասիսի կողմից, օսմանցիների հետ միասին, հարձակվում էին Իգդիրի, Կողբի եւ այլ գյուղերի վրա։ Առանց կռվի գրեթե օր չէր անցնում։ Եվ Շատելվորտը Բաքվի իր թուրք բարեկամների հետ խոսելիս գովում էր նրանց քաջությունը եւ հաջողություն էր ցանկանում նրանց։ Ասում էին, թե անգլիացիներն իրենք են բռնկեցրել Նախիջեւանի եւ Վեդիի ապստամբությունները, որպեսզի Պարսկաստանի առեւտուրը, ճանապարհ չգտնելով դեպի հյուսիս, ուղղվի ամբողջովին դեպի հարավ։ Իսկ տագնապի մատնված դաշնակցական կառավարությունը հավար է կանչում Ահարոնյանին. եւ սա, մշտապես հավատարիմ իր ռոմանտիկ հոգուն, գնում էր հարյուր ու մի դուռ ծեծելու, որ… հասկանու՞մ եք… անգլիական զորքերը դեռ մնան Կովկասում հայերին պաշտպանելու համար։ «Ո՜վ սուրբ միամտություն»,- կարելի կլիներ բացականչել, եթե ճիշտ որ սրբություն լիներ այդ միամտության մեջ…

Գ

Այս տագնապների մեջ էր, որ դաշնակցական կառավարությունը տոնում էր իր «անկախության» առաջին տարեդարձը։ Այս մեծ դեպքն անմահացնելու համար մի մեծ գործողություն էր կատարվում. անկախ Հայաստանի մեջ մտցվում էր նաեւ Թուրքահայաստանը, եւ այսպիսով նա դառնում էր ո՛չ միայն անկախ, այլեւ միացյալ։ Թուրքահայաստան իրապես գոյություն չուներ, բայց նրան իբրեւ գաղափար մարմնավորելու համար վերցվում էին 12 դաշնակցական թուրքահայեր եւ մտցվում էին Երեւանի Պառլամենտի մեջ։ Ինքնըստինքյան այս մի երեխայական խաղ էր՝ նստել Զանգվի ձորում, շրջապատված թուրքերի, քրդերի եւ օսմանցիների ռազմական օղակով, եւ երեւակայել իրեն տեր Հայաստանի՝ ծովից մինչեւ ծով… Բայց այս խաղն առանց գործնական նպատակի չէր խաղացվում։ Նրանով արտասահմանյան ամբողջ գաղթական հայությունը գրվում էր Դաշնակցության եւ մասնավորապես նրա ներկայացուցիչ Ահարոնյանի ծուխ։

Ո՛չ միայն Արաքսի ավազանում, այլեւ «ի սփյուռս աշխարհի», ուր որ հայություն կար, տիրող պիտի դառնար մենակ Դաշնակցությունը՝ իբրեւ անկախ եւ միացյալ Հայաստանի անձնավորում։ Ահարոնյանը գտել էր, որ իր անձը բավականաչափ բարձր չէր դրված, որպեսզի հեղինակություն եւ պատկառանք ներշնչի ներսում էլ, դրսում էլ, ուստի պահանջեց Երեւանից, որ իրեն ընտրեն Պառլամենտի նախագահ։ Այդ պահանջը կատարվեց իսկույն։ Պառլամենտը նոր էր ընտրվել եւ գրեթե ամբողջովին դաշնակցական էր, միայն չորս էսէռ էր հրաշքով մտել նրա մեջ։ Ժողովրդականները թեեւ դաշնակցականների հետ միասին ստորագրել էին անկախ եւ միացյալ Հայաստանի կառավարական հայտարարումը, բայց հետո փոշմանել եւ դուրս էին եկել կոալիցիայից՝ չմասնակցելով նաեւ ընտրություններին։ Մնում էր մի խոսք, մի հավատ, մի աստվածություն՝ Դաշնակցությունը։ Ամեն ինչ նրանով եւ նրա համար։ Այսպիսի մտայնությամբ չէր կարող լինել իսկապես ժողովրդական լայն շինարար մի կառավարություն։ Ոչինչ խնայություն՝ երբ հարցը գալիս էր ֆիդայականության, գծուծություն եւ արհամարհանք՝ կուլտուրական պահանջների վերաբերմամբ։

Ես կարող եմ հենց իմ անձնական օրինակով մի գաղափար տալ ընթերցողին։ Ամենքին հայտնի է, թե ինչ դրության մեջ էին գտնվում հայ գրողները նախահեղափոխական ժամանակներում։ Մուրացիկների, կիսաքաղց աշխատողների դրություն էր այդ։ Հայ գրականության պահպանումը բարեգործություն էր համարվում, եւ եթե հայ բուրժուազիայի մեջ գտնվում էին անհատներ, որոնք այդպիսի բարեգործությամբ էին հագուրդ տալիս իրենց փառասիրությանը, այդ համարվում էր առանձին բախտ հայ իրականության համար։ Առանց մեկենասի ոչ մի տեսակ հրատարակություն, թեկուզ եւ շատ էժանագին, չէր կարող գոյություն ունենալ։ Մենք՝ գրողներս, դժբախտության բուն պատճառը համարում էինք այն, որ, չունենալով պետություն, հայ իրականությունը զրկված է պետական միջոցներով իր կուլտուրական ստացվածքների՝ գրականության, արվեստների եւ գիտության զարգացումն ապահովելու կարողությունից։ Հրատարակչական բարեգործությունը՝ մեկենասությունը, որքան եւ մեծարվեր անճար աղքատության կողմից, մնում էր մի չարիք, անխուսափելի չարիք։

Բայց ահա, մենք էլ, վերջապես, ունենք պետություն, այն էլ՝ անկախ պետություն։ Հայ գրողներս առաջին իսկ քայլից համարում էինք մեզ բոլորովին նոր դրության մեջ, համարում էինք, որ մեր ստեղծագործական աշխատանքն ապահովված կլինի պետական հոգացողությամբ։ Այնուհետեւ, ինչպես ասում են, էլ ի՞նչ դարդ։ Մենք սպասում էինք, որ դաշնակցական կառավարությունը իր առաջին գործերից մեկը կդարձնի հայ գրականության եւ արվեստի պահպանությանը։ Չէ՞ որ դրանով պիտի նա ցույց տար, թե կուլտուրական մի ժողովրդի կառավարություն է։ Բայց մեր սպասելիքները զուր անցան մինչեւ իսկ այն ժամանակ, երբ լուսավորության մինիստր դարձավ հայ գրականության տաղանդավոր ներկայացուցիչներից մեկը՝ Նիկոլ Աղբալյանը, որ հայ գրողների ընկերության վարչության անդամ էլ էր, ուրեմն՝ եւ շատ լավ տեղյակ մեր՝ գրողներիս նյութական կացության։ 1919-ի աշնանն իմ դրությունն այնքան վատացել էր, որ ես վճռեցի ծախել իմ հարուստ ու ընտիր գրադարանը՝ ապրուստի միջոց գտնելու համար։

Ծայրահեղ հուսահատությունն էր ստիպում ինձ այս քայլն անել՝ առանց մտածելու, թե ինչ պիտի անեմ այնուհետեւ առանց իմ գրքերի, որոնք իմ կյանքի ընկերներն ու իմ միակ մխիթարությունն էին եղել 25 տարուց ի վեր։ Ծախում էի իմ հոգու կերակուրը, բայց առնող չէի գտնում։ Կովկասյան Հայոց բարեգործական ընկերության խորհուրդն էր, որ մի ժամանակ ցանկություն ունեցավ գնելու իր գրադարանի համար՝ խրախուսվելով այն հանգամանքից, որ իր պահեստում պատերազմի ժամանակից ամբարվել էին մեծ քանակությամբ ալյուրի քսակներ, որոնց մի հատն առաջ արժեր 15-20 կոպեկ, իսկ այժմ ծախվում էր 8 ռուբլով։ Փողն առատ էր ու վաշխառուական, բայց երբ հարկավոր եղավ մի հայ գրողի վերջին կարողությունն ու հույսը ձեռք բերել, գծուծությունը ծավալ առավ լայն չափերով, եւ ինձ սկսեցին խեղդել. իմ առաջարկած գնի կեսն էլ չէին տալիս։ Բայց ես չխեղդվեցի։ Տոկունություն ունեցա դիմադրելու իմ վաշխառու-բարեգործ գնորդների ախորժակին։

1920 թվականի սկզբին նյութական դրությունս հուսահատեցնելու չափ վատացավ։ Ձյուն-ձմռանը փոքրիկ աղջիկս դպրոց էր գնում գրեթե ոտաբոբիկ։ Ես ընդհատեցի «Հայոց պատմությունը», մի կողմ շպրտեցի պատմական աղբյուրները, որոնց ուսումնասիրությանն էի նվիրված՝ մոռացության տալով ամբողջ աշխարհը, եւ դուրս գնացի [աշխատանքի] մի որեւէ տեղ գտնելու համար։ Բայց տեսա, որ առանց որեւէ կուսակցության անդամ լինելու՝ չի կարելի, ինչպես ասում են, երթ ցույց տալ որեւէ տեղ։ Այդ միջոցին Հայ ժողովրդական կուսակցությունը[380] ձեռք էր բերել հինավուրց «Մշակ» լրագիրը։ Ես դարձա Ժողովրդական կուսակցության անդամ եւ դրա հետ միասին ստացա «Մշակ» լրագրի խմբագրի պաշտոնը։

Կուսակցական կյանքի բոլորովին սովոր չէի 15-20 տարիներից ի վեր։ Բայց պետք է արդար լինել. եթե ես սովոր չէի, Ժողովրդական կուսակցությունն էլ, որի մեջ մտել էի, կուսակցություն չէր, այլ պատահական, իրար հետ ոչնչով չկապված մարդկանց մի խմբակ։ Առաջին ընդհանուր ժողովը, որին ես մասնակցում էի, բաղկացած էր 40-42 հոգուց։ Եվ այս թիվը գնալով նվազեց։ Թեեւ բուրժուական կազմակերպություն էր, բայց աղքա՜տ էր, հռչակավոր աղքատ Ղազարոսից էլ աղքատ։ Մի կերպ, գրողներով խմբագրություն կազմակերպեցինք. «Մշակի» հին աշխատակիցներին հավաքեցինք եւ սկսեցինք կուսակցական հրապարակախոսություն։ Դարձյալ պիտի ներողություն խնդրեմ, որ անտեղի գործածեցի «կուսակցական» անունը։ Ժողովրդական կուսակցությունը ո՛չ դպրոց ուներ, ո՛չ անցյալ, ո՛չ կազմակերպված աշխարհայացք, ո՛չ մասսա, ո՛չ գաղափարախոսություն։

Ուներ միայն մի կանոնադրություն, որ ինտելիգենտ մարդիկ կազմել էին քաղվածորեն, ինչպես ասում են՝ շտեմարան պիտանի եւ անպիտան գիտելեաց։ Շատ բան, իհարկե, ռուսաց Կադետական կուսակցությունից էր փոխառնված, բայց կար ե՛ւ հողերի համայնացում, ե՛ւ 8 ժամյա բանվորական օր։ Միթամ թե՝ մե՛նք ինչո՞վ ենք պակաս սոցիալիստներից։ Առաջնորդում էին այդ կանոնադրությամբ կյանք ստացած կազմակերպությունը մի քանի ինտելիգենտ մարդիկ։ Հասարակության վրա նա կարող էր ազդել միայն հրապարակախոսության միջոցով։ Բացի «Մշակից» ուներ նաեւ մի թերթ Երեւանում՝ «Ժողովուրդ»։ Երկուսն էլ անապահով, ուղղակի մուրացկանությամբ ապրող թերթեր։ Ուստի նրանք քիչ տարածված էին եւ ազդել հասարակության վրա չէին կարող։

Փետրվարի կեսերն էր, երբ սկսեցինք խմբագրական աշխատանքը. եւ գրեթե մեկ ամիս անց ինձ վիճակվում էր իմ հայրենի քաղաքի՝ Շուշիի հայության կոտորածի գույժը հաղորդելու դժբախտությունը։ Անգլիացիների գնալուց հետո իր ճակատագրին թողնված Ղարաբաղի դրությունը շարունակ դեպի վատն էր գնում։ Շուշին, ինչպես տեսանք, հնազանդվեց Սուլթանովին։ Նրա օրինակին հետեւեց, վերջ ի վերջո, նաեւ գավառը։ Ժողովուրդը հոգնել էր մենակ պայքարելուց եւ, եթե շարունակեր իր դիմադրությունը, պիտի զենք վերցներ՝ պատերազմելու համար Սուլթանովի դեմ մի այնպիսի ժամանակ, երբ իր արտերը հասել էին եւ կարող էին միանգամայն փչանալ կռիվներից։

Ուստի գավառն էլ իր հնազանդությունն էր հայտնում, բայց որոշ պայմաններով, որոնք մուծվում էին մի դաշնագրի մեջ եւ ստորագրվում երկու կողմերից։ Այս պայմանագրությունը, սակայն, խաբեության մի միջոց էր մուսավաթականների ձեռքում, եւ սկսեցին խախտել հենց առաջին քայլից։ Հարաբերությունները երկու ազգերի միջեւ լարվում էին։ Այդ լարումը սաստկացավ մանավանդ այն ժամանակ, երբ Ադրբեջանը Ղարաբաղի վրայով մեծ արշավանք սկսեց Զանգեզուրը նվաճելու համար, բայց չարաչար պարտություն կրեց զանգեզուրցիներից եւ ամոթահար հետ փախավ դարձյալ Ղարաբաղի հայության միջով։ Վրեժով լցված Սուլթանովը վճռել էր չոքեցնել իր առջեւ Ղարաբաղի հայությանը։

Ձմռանը մեր հայրենակցական միությունը շատ հուզիչ լուրեր էր ստանում Ղարաբաղից։ Լարվածությունը ծայրահեղ աստիճանի էր հասել, եւ ամեն մի չնչին պատճառից կարող էր պատերազմ ծագել։ Կրակի վրա յուղ էր ածում Խատիսյանի դաշնակցական կառավարությունը։ Խրախուսվելով զանգեզուրցիների տարած հաղթությամբ՝ Դաշնակցությունը որոշել էր խլել Ադրբեջանի ձեռքից նաեւ Ղարաբաղը զուտ ֆիդայական եղանակով, այսինքն՝ տեղական ապստամբության միջոցով, առանց պատերազմ հայտարարելու։ Դաշնակցական գործակալները վխտում էին Ղարաբաղում, պատրաստում էին դիրքեր, խրամատներ։ Այս բանը գիտեր Սուլթանովը եւ, որովհետեւ իր ձեռքին պատանդ ուներ Շուշիի հայությանը, ուստի նրան սարսափեցնելով, պահանջում էր, որ Ղարաբաղի հայերը կտրեն ամեն մի հարաբերություն զանգեզուրցիների հետ։ Բայց Շուշիի մեջ էլ կային դաշնակցականներ, որոնք գրգռում էին ժողովրդին հակառակ ուղղությամբ՝ հավատացնելով, թե Դրոն Գորիսում պատրաստ է եւ իր զորքով պիտի գա Շուշին ազատելու։

Այս չարաղետ ագիտացիայի մասին մեր հայրենակցական միության հավաքած մեծ խորհրդակցության մեջ մանրամասն զեկուցում արին Ղարաբաղի էսէռական կազմակերպության ներկայացուցիչները, որոնք հատուկ այդ նպատակով եկել էին Թիֆլիս՝ բերելով իրենց հետ եւ մի հիշատակագիր, որի մեջ ապացուցում էին, թե Ղարաբաղը պիտի կցվի Ադրբեջանին։ Սակայն դեպքերն իրար հաջորդում էին մեծ արագությամբ։ Խատիսյանի կառավարությունը շտապում էր, զենքեր ու ռազմամթերք էր ուղարկում Զանգեզուր եւ զորամասեր էր կենտրոնացնում Նոր Բայազետի գավառի եւ Ղարաբաղի սահմանագլխին։ Սուլթանովն էլ, իհարկե, իր պատրաստություններն էր տեսնում։ Շուշիի հայությունը զգում էր, որ իրեն պիտի կոտորեն, եւ ամեն կերպ աշխատում էր շահել քուրդ բժշկի սիրտը։ Բայց հենց այդ միջոցին ֆիդայականությունը դուրս էր սողում իր բնից՝ մի անգամ էլ հայ ժողովրդի գլխին երկնքի պատուհաս դառնալու իր հիմար ու զզվելի տղայամտությամբ։

Կազմվում է դաշնակցական ֆիդայիների մի խումբ, կարծեմ 100 հոգուց, եւ գնում է միանգամից վերցնելու Շուշին էլ, Ասկերանն էլ։ Ասկերանի վրա գնացողների գլուխը լինում է հայտնի Դալի-Ղազարը, որ այնտեղ էլ սպանվում է կռվի մեջ։ Իսկ Շուշիի դահիճ հանդիսանում է դաշնակցական սեւանուն Արսեն Միքայելյանը։ Ոճրագործի հանդգնությամբ լցված այս մարդը 60 հոգով մտնում է Շուշի՝ նովրուզի (պարսկական նոր տարվա) օրը՝ մարտի 30-ին, երբ թուրքերն իրենց տոնով էին զբաղված։ Գիշերը մի ինչ-որ տան արբեցությամբ անցկացնելով՝ առավոտյան գնում են զորանոցը վերցնելու եւ կրակ են բաց անում նրա դեմ։ Թուրք զինվորները դուրս են վազում, կռիվ է սկսվում եւ մեր քաջերը կծիկս են դնում, իրենց անպետք գլուխներն ազատում՝ թողնելով ժողովրդին մուսավաթական ասկյարների, թուրք խուժանի եւ նրանց առաջնորդող երկու բժիշկների՝ Սուլթանովի եւ Մեհմանդարովի ձեռքին։

Այդ երկու բժիշկները, տանջվող մարդկության ծառայելու ակադեմիական ուխտ արած, հրամայում են խուժանին. «Կոտորեցե՛ք, այրեցե՛ք, կողոպտեցե՛ք, ձե՛րն են հայերի կանայք ու աղջիկները»։ Եվ դժբախտ քաղաքը լցվում է սարսափներով։ Առնվազն 7 հազար անմեղ մարդ է մորթվում։ Ոչ մի հատիկ տուն չի ազատվում բոցերից։ Հայ կանանց եւ աղջիկների լլկումն ու տանջանքներն անցնում են ամեն չափ ու սահման։ Մոտ 5 հազար հոգի կարողանում են փախչելով ազատվել։ Մոտ 2-3 հազար հոգի գերի են մնում Սուլթանով եւ Մեհմանդարով բժիշկների ձեռքը։ Գանձակի կողմից ադրբեջանական մեծ արշավանք է սկսվում, որ ճանապարհին ոչնչացնում է տասնյակներով հայ գյուղեր, եւ գալիս վերցնում է Դալի-Ղազարի ու նրա ընկերների գրաված Ասկերանը, իսկ Շուշի մտնելով՝ նոր կոտորած է սկսում գերիների մեջ։ Այդ գերիների թվում գտնվածներից մեկը՝ մի աղջիկ, ինձ պատմում էր իրենց քաշած օրերը, տանջանքները, թե ինչպես սպանեցին իր հորը, ինչպես մորթեցին ռեալական դպրոցի մի աշակերտի, եւ երբ ես սարսափած հարցրի, թե վերջն ինչպե՞ս եղավ, աղջիկը պատասխանեց. «Ռուսները եկան եւ մեզ ազատեցին»։ Ռուսները՝ այսինքն կարմիրբանակայինները։ Անգլիացինեը կոտորել տվին, ռուսները ազատեցին։ Ա՛յս էր արձանագրվում իրականության կրծքի վրա։

Իմ դժբախտ, սրտիս սիրելի ծննդավայրը խորովվեց բոցերի մեջ, բայց իր վրա քաշեց Ադրբեջանի համարյա ամբողջ բանակը՝ ստեղծելով այսպիսով մի բարեպատեհ հանգամանք, որ հեշտացնում էր անիծապարտ մուսավաթականության անկումը եւ Ադրբեջանի խորհրդայնացումը։ Այս մի կատարյալ ազատություն էր Բաքվի հայության համար, որ խեղդվում էր մուսավաթական ճանկերում եւ շատ անգամ էր լսել, թե մայիսի 1-ին ինքը պիտի սրի քաշվի։ Ես շատ լավ հիշում եմ այն անզուսպ ցնծությունը, որ արագորեն ծավալվեց Թիֆլիսի հայերի մեջ, երբ հաստատվեց, որ Կարմիր բանակը գրավել է Բաքուն, եւ մուսավաթական կառավարությունը գոյություն չունի այլեւս։ Ծիծաղ եւ ուրախություն էր նստել ամեն մեկի դեմքին։ Իրար ձեռք էին սեղմում, իրար շնորհավորում էին…

Դ

Շուշիի դժբախտության օրերին ինձ դեպք էր գալիս ընտանեկան գործերով գնալ Երեւան։ Առաջին անգամն էր, որ պիտի տեսնեի մեր անկախ Հայաստանը։ Նա սկսվում էր Թիֆլիսի կայարանատնից, ուր կանգնած էր հայկական գնացքը։ Նրա մեջ կար երկրորդ կարգի մի կես վագոն, ավել բաժին չէր ընկել անկախ Հայաստանին, եւ մենք՝ երկրորդ կարգի տոմսակներ ունեցողներս՝ մի մեծ բազմություն, խցկվեցինք այդ անձկության մեջ, որ կարծես հնարված էր տանջանքների համար։ Կուպեների մեջ իրար վրա թափված էին լեշի պես՝ այս ինքնըստինքյան, իսկ միջանցքում իրար կպած էին կանգնած, այնպես որ՝ շարժվելու ոչ մի հնարավորություն։ Ճանապարհվեցինք։ Երկու ժամի ճանապարհ հազիվ անցած՝ կանգ ենք առնում։ Վրաստանի սահմանագլուխն է, Սադախլո։ Մաքսատուն է, պետք է նայեն։ Իսկ դրա համար գնացքը պիտի կանգնած մնա… ամբողջ երկու ժամ։

Գալիս են նայելու։ Շարժվելու տեղ չկա, խեղդվում ենք, իսկ պաշտոնյան, վերեւ բարձրացած, մեկիկ-մեկիկ նայում է պայուսակները, ճանապարհորդական սնդուկները։ Վերջապես, նա գտել է, հանդիսավորությամբ դուրս է հանում գրամոֆոնի մի հատ ձայնապնակ եւ կանչում է իրենից ավագին, ցույց է տալիս։ Սա խորախորհուրդ նայում է ապրանքին եւ էլի վերադարձնում։ Կոնտրաբանդա չէ, ուրեմն… Երկու ժամը հերոսաբար անց ենք կացրել, շարժվեցինք նորից. մի կայարան անցանք՝ այսպես թե այնպես։ Երկրորդ կայարանում ենք՝ Սանահին։ Այստեղ էլ չեզոք գոտի է, հետեւաբար եւ անպատճառ մի ժամ էլ այստեղ պիտի կանգնենք։ Այս փորձանքն էլ մի կերպ տարանք։ Հետեւյալ կայարանը Քոլագերանն է՝ Հայաստանի սահմանագլուխը, մաքսատուն։ Երկու ժամ էլ այստեղ… Պիտի նայեն։ Խուլ գիշեր է, հազիվ ես դժոխային անձկության մեջ հնար գտել աչքերդ փակելու, եւ ահա վեր է կացնում հայ չինովնիկը.

- Անցաթուղթ…
Դժգոհում ես կիսաքուն.
- Անցաթուղթ …
Դժգոհում ես կիսաքուն.
- Տո, ի՞նչ եղավ ձեզ, տնաշեն, ավազակներ հո չե՞նք, գնում ենք մեր գործին, էլ հո առաջներն այստեղով չե՞նք անցել։
Չինովնիկը նայում է սպիտակ մազերիդ, խնայում է։
- Մի դժգոհա, հայրիկ, օրենք է[381]…

Ու գիշերային մթության մեջ, որոնելով այդ անիծած անցաթուղթը, մտածում ես ու կամաց-կամաց խելքի գալիս. «Ա՞յս է անկախությունը … Ի՞նչ պակաս պատրիոտն եմ ես։ Հրեն, «Մշակի» մեջ քանի առաջնորդողներ եմ գրել ի պաշտպանություն անկախ եւ միացյալ Հայաստանի… Բայց եւ այնպես սրտիս խորքում զգում եմ՝ սա անկախություն չէ, սա դժբախտություն է… Հենց միայն այս երկաթուղային կախվածությունը բավական է, որ մենք լինենք իրապես եւ ոչ կարծյոք մի ստրուկ ժողովուրդ։ Ծովափը մերը չէ, Վրաստանինն է, վագոնները մերը չեն, մերը միայն աղքատությունն է, եւ չենք կարող մենք մի կտոր լաթ բերել՝ մեր մերկությունը ծածկելու, մի երկու գրիվ այլուր բերել՝ մեր քաղցած երեխայի ձայնը կտրեցնելու, առանց որ՝ ծովեզրի, երկաթուղու, վագոնի տերն իր բաժինը չվերցնի ավել-ավել»…

Անգլիացիք կարծեցին, թե մեր շորագյալցի[382] բիձաներն այնպիսի տղամարդիկ են, որ կարող են պողպատի պատի պես կանգնել բոլշեւիկների առջեւ ու կտրել նրանց ճանապարհը դեպի Միջագետք։ Այդպես էր հավատացրել Ահարոնյանի պատվիրակությունը։ Ու բերին տվին 40 հազար զինվորի հագուստ, կարծեմ զենք էլ՝ մի ընծա, որ օձի փուշ դարձավ եւ խրվեց Հայաստանի կոկորդում։ Եվ ի՞նչ։ Վրացիները մինչեւ որ այդ քանակության համարյա կես մասը չվերցրին, ոչինչ բաց չթողին մեզ։
Ասացե՛ք, խնդրեմ, այս ի՞նչ անկախություն է։
Մենք հասել ենք Էջմիածնի կայարան։ Շարված են թնդանոթներ, զինվորները երեւում են խմբերով, այս ու այն կողմ։
- Այս ի՞նչ բան է։
- Այս,- պատասխանում են,- ռազմաճակատ է, այստեղ է սկսվում Զանգիբասարը։

Քիչ էլի առաջ ենք գնում։ Զանգվի կամուրջն է, մի կողմին հայ զինվոր է կանգնած, մյուս կողմին մի թուրք գյուղացի՝ հրացանը ձեռքին։ Մտնում ենք թշնամի երկիր՝ Զանգիբասար։ Դաշտում թուրք գյուղացիներ են աշխատում, բայց հրացաններով զինված։ Ուրեմն, ամեն րոպե սպասվում է հարձակում, պաշտպանության պետք կա։ Ուլուխանլու կայարանը՝ առաջինը Երեւանից, թշնամու հող է, եւ մեր գնացքը կանգնած է այնտեղ, եւ ամեն րոպե մեզ կարող են շրջապատել եւ գերի վերցնել, եթե ավելի վատ չասենք։ Վերջապես շարժվում ենք, վերջապես դուրս ենք գալիս թշնամու երկրից։ Եվ այս՝ բոլորովին Երեւանի տակ։
Եվ իմ մեջ նորից շարժվեց ըմբոստ միտքը, որ չնայած ոչ մի բանի՝ ասում էր. «Այս անկախություն չէ, այս դժբախտություն է»։

Հայաստանի մայրաքաղաքը դեռ հին, կեղտոտ ու կիսախարխուլ Երեւանն էր։ Էլի առաջվա նման երեկոները մարդիկ, իրարից բաժանվելով, պարտք էին համարում իրար նախազգուշացնել, որ մայթերով չգնան, որպեսզի ոտքերը չկոտրեն, այլ փողոցի միջով գնան։ Միակ նորությունը, որ ավելացել էր Երեւանի վրա, այն էր, որ կլուբի թատրոնական դահլիճն այժմ դարձել էր Պառլամենտ, ուր բեմում նախագահությունն էր տեղավորվում՝ ունենալով իր աջ եւ ձախ կողմերն տախտակից շինված օթյակներ օտարազգի դիվանագիտական ներկայացուցիչների համար։ Սակայն, այդ շինությունը բավարար չէր համարվում Պառլամենտի համար, ուստի աշխատություններ էին սկսված ռուսների ժամանակից կիսատ մնացած գիմնազիայի նոր շինության մի մասը հարմարեցնելու համար Պառլամենտի նիստերին։ Դաշնակցականները շատ պարծենում էին մանավանդ նրանով, որ համալսարան էին բացել (առանց բժշկական ֆակուլտետի) Ալեքսանդրապոլում։

Վերադարձին՝ նույն երկաթուղային հեղձամղձուկ տեսարանները։ Ղարաքիլիսայից մեր վագոնը մտան մի քանի կանայք, որոնցից երկուսը նույնիսկ վիրահպատակ էին, գնում էին Ախալցխա՝ իրենց ամուսինների մոտ։ Նրանք՝ աշխատավոր դասի մարդիկ, չէին իմացել, որ առանց հատուկ անցաթղթի չի կարելի սահման անցնել, ուստի եւ ոչինչ թուղթ չունեին իրենց հետ։ Նախազգուշացումներին նրանք ականջ չդրին՝ ասելով, որ միշտ այդպես գնացել-եկել են։ Եկանք Սադախլո։ Վագոններից այդ մի քանի կանանց եւ ուրիշ մի քանի անթուղթների դուրս բերին, ամենքին հավաքեցին կայարանի ձախ կողմին բուսած ծառերի տակ։ Քանի մեր գնացքը սահմանված երկու ժամն էր անցկացնում կանգնած դրության մեջ, խեղճ միամիտները հանդարտ էին։ Բայց ահա հնչեց երկրորդ զանգը… Անհանգստություն է ընկնում արգելքի տակ դրված խմբի մեջ։ Երրորդ զանգը… Տեսարանը փոխվում է։ Թեւատարած կանայք, բարձրաձայն ողբով, սլանում են դեպի գնացքը, բայց նրանց ետ են քշում հրացանակիր զինվորները։ Գնացքը շարժվում է, նայում եմ դեպի մեզ կարկառված ձեռքերը, հուսահատական սուգ ու շիվան։ Նրանք մնացին, մենք գնացինք։ Ինչպե՜ս էր, որ այդ խեղճերը չիմացան, որ իրենք անկախ պետության մարդիկ են եւ չմոռացան իրենց վիշտը[383]… Այսօր էլ, երբ դեպք է լինում անցնել Սադախլո կայարանով, ես, տեսնելով նրա կողքին բսած ծառերը, հիշում եմ այդ դեպքը մեր «անկախության» օրերից...

Երկրորդ անգամ ես Երեւան գնացի ճիշտ մի ամսից հետո, իբրեւ մեկը Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչներից, Մայիսի 28-ի տոնին (անկախության երկրորդ տարեդարձ) մասնակցելու համար։ Այս անգամ դաշնակցական Հայաստանի մեջ տեղի էին ունեցել մեծամեծ դեպքեր։ Մայիսի 1-ին Հայաստանի բոլշեւիկներն այնպիսի մեծ եռանդով էին ցույցեր արել, որ դաշնակները ակամա հետ էին քաշվել, առաջնությունը նրանց տվել։ Ապա տեղի էր ունեցել բոլշեւիկյան ապստամբությունը, որ մեծ դժվարությամբ էր կարողացել ճնշել դաշնակցական կառավարությունը։ Ապստամբության հետեւանքով վճռվել էր Հայաստանից հեռացնել ռուս տարրը՝ զինվորական թե ոչ զինվորական, եւ առաջին հերթին ազգայնացնել երկաթուղին։ Այս խոշոր խնդիրն իրագործելու համար հաղորդակցության ճանապարհների մինիստր էր նշանակվել Արշակ Ջամալյանը՝ Ներսիսյան դպրոցի ուսուցիչ, ապա մասնագետ զինվորա-պատերազմական գործերի, ապա դիպլոմատ եւ հայ-վրացական պատերազմի հեղինակներից մեկը։

Այժմ նա դարձել էր հաղորդակցության ճանապարհների ինժեներ եւ իր ձեռքն էր առել երկրի զարկերակի բախտը։ Եվ միանգամից հաստատվում էին այդ դժբախտ երկաթուղու վրա [նրանք], որոնք արժանի են անմահացման մի մեծ երգիծաբանի ձեռքով։ Երկրորդ կարգի կես վագոնն իհարկե չվերացավ, մարդկային մսերի իրար վրա դարսելու հեղձուցիչ անձկությունը մնաց ու մնաց, եւ դեռ ավելացան այնպիսի «գեղեցկություններ», որոնք արդեն լուրջ սպառնալիքներ էին կյանքի համար։ Մայիսյան մի ամբողջ կես գիշեր մեր գնացքը մնաց Շահալիի կամրջի վրա. մի ինչ-որ պտուտակ էր փչացել շոգեմեքենայի մեջ, եւ մենք մնացինք կախված անդունդների վրա՝ մինչեւ որ լուսացավ, ու Ղարաքիլիսայից նոր շոգեմեքենա եկավ։ Ամենքն ասում էին, թե մենք ազատվել ենք սոսկալի աղետից։ Տանջված, անքուն, ես հանեցի մատիտս ու գրեցի մի թղթի վրա. «Երանեալ է այր, որ ոչ գնաց ի ճանապարհս մինիստր Ջամալեանի եւ յաթոռս վագոնից նորա ոչ նստաւ»։ Կարելի էր հեշտ կռահել այս քաոսի պատճառը։ Երկու երկաթուղային հայ ծառայողներ նստած էին կողքիս եւ գանգատվում էին.

- Ես,- ասաց մեկը,- կայարանապետի օգնական էի, հիմա հանկարծ շինել են կայարանապետ, մինչդեռ ես շատ բան չգիտեմ, իսկ փորձված եւ հմուտ մարդուն՝ Նիկոլաեւին, հեռացրին։
Այսպես էին եւ մյուս պատասխանատու տեխնիկական պաշտոնները։ Մի հայ ինժեներ ինձ ասում էր, թե թերուսները կամ ուղղակի անուսները այնպիսի բարձր պաշտոններ են վարում, որ մասնագետները, նույնիսկ հայերը, փախչում են Հայաստանի երկաթուղուց։ Կարգեր էին ստեղծել՝ եզակի, աննման կարգեր, որոնց վրա քիչ էր հիանալը։ Այսպես. Երեւանից գնացքը դուրս չի գնում նշանակված ժամին, թեեւ ամեն ինչ պատրաստ է, մինչեւ անգամ երկրորդ զանգն էլ՝ տրված։ Ի՞նչ է պատահել։ Սպասում են իրեն՝ մինիստրին։ Անցնում է կես ժամ, վերջապես երեւում է մինիստրի ավտոմոբիլը։ Բանից դուրս է գալիս, որ ինքը՝ մինիստրը չի գնում, այլ բերել է իր ազգականներին, ճանապարհ է դնում նրանց։ Եվ գնացքը, վերջապես, շարժվում է։ Կամ մի ուրիշ դեպք։ Գնացք, նրա մեջ մի ամբողջ կուպե մաուզերիստներ։ Գնացքը մոտենում է Էջմիածնի կայարանին։ Մաուզերիստները նկատում են մի գեղեցիկ կանաչ տեղ եւ վճռում են այնտեղ մի բան ուտել։ Տանում են իրենց հետ գինու փոքրիկ տակառը, նստում են կանաչի վրա, սկսում են ուտել-խմել, իսկ գնացքը սպասում է, մինչեւ որ մարդկանց գլխի տեր մաուզերիստները կբարեհաճեն բավական համարել իրենց կերած-խմածը կանաչ դաշտում եւ վերադառնալ վագոն։

Իմ պատմածներն անեկդոտներ չեն։ Պատմել են ինձ այնպիսի մարդիկ, որոնք անձամբ տեսել էին այդ դեպքերը։ Եվ սրանք արդեն զվարճալի պատահականություններ չէին, այլ պետական անկման բարձրաբարբառ փաստեր։ Իր երկրորդ տարեդարձը դաշնակցական կառավարությունը տոնեց մեծ շքեղությամբ, բայց թե՛ այդ շքեղությունը, թե՛ այն հանգամանքը, որ բոլշեւիկյան ապստամբությունը ճնշված էր, չէին թաքցնում, որ քայքայումն սկսվել է եւ արագորեն վարակում է պետական ամբողջ կազմը։ Նույնիսկ կողմնակի չեզոք դիտողների համար էլ պարզ էր, որ մայիսյան ապստամբության մեջ խոշոր արտահայտություն էր գտել եւ ժողովրդի դժգոհությունը դաշնակցականների կառավարական ռեժիմի դեմ։ Պառլամենտարեզմը, որ բուրժուական աշխատավորության գերագույն իմաստուն ձեւն էր համարվում, Հայաստանի մեջ այլանդակված ու աղճատված էր։ Խատիսյանը հեռացվել էր, նրա տեղ վարչապետ էր նշանակվել Համո Օհանջանյանը, մի խեղճություն, որ միայն իր դաշնակցական ստաժով էր հեղինակավոր։

Պետությունը անդադար, օր ու գիշեր թալանվում էր։ Այն թալանում էին դաշնակցական մինիստրները, թալանում էին եւ Բաքվից ու այլ տեղերից դժբախտ լեշի վրա հավաքված գիշատիչները՝ զանազան տեսակի սպեկուլյանտներ եւ սրիկաներ՝ զանազան արդյունավոր հանձնարարություններ, կոմիսիոներություններ, մենաշնորհներ ստանալով մինիստրներից։ Հայ ինտելիգենցիան բոլորովին չէր ուզում անբաժին մնալ այդ թալանի մեջ։ Ադրբեջանը խորհրդայնանալուց հետո մազութ բաց չէր թողնում Վրաստանին եւ Հայաստանին, եւ ահա այդ ժամանակից սկսվեց այդ երկու «անկախությունների» իսկական տրագեդիան։ Վրաստանը քարածուխ ուներ, բայց վատ տեսակի, երկաթուղային շոգեմեքենաները մի քանի վերստ գնալուց հետո կանգ էին առնում՝ պահանջելով ածուխի նոր պաշար։ Իսկ Հայաստանում Ջամալյանի շոգեմեքենաները տաքացվում էին փայտով, մի բան, որ ուղղակի տանջանք էր։ Ամեն րոպե մեքենան կանգ էր առնում, ուղեւորները ստիպված էին լինում ցած իջնել, փայտ դարսել հնոցի մեջ 1-2 վերստ քարշ ընկնելու համար։ Կառավարությունը վճռեց նավթ գնել Ռումինիայում եւ այդ նպատակով այնտեղ ուղարկեց մի մասնագետի՝ նրա ձեռքը տալով մի խոշոր գումար, կարծեմ 50 կամ 100 հազար ֆրանկ։ Սակայն գնումը տեղի չունեցավ, իսկ մասնագետ ինտելիգենտը գրպանեց իրեն տված խոշոր գումարը եւ գնաց ապրելու Արեւմտյան Եվրոպայի խոշոր կենտրոններում։

Բոլշեւիկյան ապստամբությունից հետո Հայաստանում հաստատվեց պատերազմական մինիստր Ռուբեն-փաշայի դիկտատուրան, որի եղբայրը դրանից առաջ էլ Հայաստանի ներկայացուցիչն էր խոշոր ֆինանսական ձեռնարկությունների մեջ։ Կատարելապես անհավատալի պատմություններ էին անում այդ մարդու կատարած հափշտակությունների մասին։ Սենատորական քննություն նշանակվեց, որ շեֆերի եւ մինիստրների մեծամեծ զեղծումներն ու յուրացումներն է բաց անում։ Եվ ահա մաուզերիստները սկսեցին սպառնական նամակներ ուղարկել քննիչներին, որ նրանք չհամարձակվեն մեղադրել իրենց ընկերին…

Այսպես շարունակել չէր կարելի։ Հայաստանում գործող ոչ դաշնակցական կազմակերպությունները՝ էսէռներ, հայ սոցիալ-դեմոկրատներ, ժողովրդականներ եւ ռամկավարականներ, ժողովներ կազմեցին, խոսեցին Օհանջանյանի հետ, որ համաձայնեց ունկնդրել նրանց խորհուրդներին եւ անել, ինչ կարող է։ Այսպիսով կազմվեց միջկուսակցական խորհրդակցություն, որ մշակեց մի հանգամանալի զեկուցում՝ դնելով նրա մեջ բոլոր նկատված պակասությունները եւ առաջարկելով դրանք վերացնելու միջոցները։ Բայց դաշնակցականները չափազանց գոռոզ էին իրենց ուժով եւ դիրքով, որպեսզի դեռ շնորհ անեին ականջ կախելու ինչ-որ կողմնակի մարդկանց խորհուրդներին։ Այդ րոպեին նրանք գտնվում էին այն մոլորության մեջ, թե իրենք տեր են մի քաջամարտիկ եւ ընտիր բանակի, որի վրա հենվելով՝ կարող էին անհոգ մնալ իրենց տիրապետության նկատմամբ։

Եվ իրավ, դաշնակցական գոռոզամտության թարգման էր հանդիսանում վարչապետ Օհանջանյանը՝ Մայիսի 28-ի տոնական հանդեսում հայտարարելով, թե Հայաստանին հարկավոր չէ ոչ մի պետության մանդատ, այլ հարկավոր է միայն օգնություն։ Ես հիշում եմ, որ երբ անգլիական Համայնքների պալատում Լլոյդ Ջորջը հայտնեց, թե Անգլիան պատրաստ է տալ Հայաստանին զինվորական հրահանգիչներ, Երեւանի դաշնակցական պաշտոնական օրգանը հայտնեց, թե հայկական բանակը կարոտ չէ օտար հրահանգիչների, նրա գեներալներն ու սպաները նույնպես շատ հմուտ են իրենց գործին։

Եվ 1920թ. ամառը կարծես գալիս էր այդ գոռոզությունը հաստատելու։ Դաշնակցական կառավարությունը հաղթական արշավանք սկսեց Զանգիբասարի, Բեյուկ-Վեդիի[384] դեմ, դուրս քշեց այդ կողմերի թուրք ազգաբնակչությունը Արաքսի մյուս ափը եւ գրեթե տիրեց Նախիջեւանին։ Հրճվանք էր տիրում ամեն տեղ, եւ ոչ ոք չէր նկատում, թե այդ պատերազմ չէր, այլ թալան, թե զորքը ոգեւորվել է թալանով եւ թե այս հանգամանքը պետք էր համարել պետական կարգի փտածության եւ անկման մի շատ խոշոր նշան։ Այդ թալանին պատրաստվում էին վաղուց եւ ամենից ջերմեռանդորեն՝ սպաները։ Հանրածանոթ փաստ է, որ թղթախաղի մեջ սպաները եւ զինվորները խաղում էին ի հաշիվ ապագա թալանի։ Հանրածանոթ են խաղացողների ձայնարկությունները. «Зангибасар отвечает!», «Беюк-Веди отвечает!»։ Եվ երբ սկսվեց արշավանքը, ամենքը գնացին թալանի։ Հարցնում են ձիավոր սպաներին. «Куда вы?», իսկ նրանք պատասխանում են. «На талан!!»[385]։

Խմբապետ Ռուբեն-փաշան՝ պատերազմի մինիստրը, հայդուկային ռազմագիտությանն էր հետեւում՝ խրախուսելով թալանային տրամադրությունը, եւ չէր հասկանում, թե այդպիսով սպանում է ամբողջ բանակը։ Թղթախաղն էլ, անզուսպ մի կիրք դարձած, մյուս կողմից էր ծծում պատերազմական ոգին։ Եվ ճիշտ, հաղթական Դաշնակցությունը մեծ ավար էր բերում ավերված թուրքական երկրներից[386]։ Ով ասես որ չէր գնացել խլելու եւ բերելու համար։ Մինչեւ անգամ Էջմիածնի վարդապետներն էլ էին այնտեղ։ Երեւանի շուկայում սարերի պես դարսված էին անկողիններ, պղնձե ամաններ եւ այլ տեսակ բարիքներ… Բայց երբ մի ամսից հետո հարկավոր եղավ այդ «հաղթական» զինվորներին հավաքել եւ ուղարկել դեպի Կարս, դեպի թուրքական սահմանը, սկսվեց դասալքությունը, զինվորների փախուստը։ Թալան չկար, Զանգիբասարն ու Բեյուկ-Վեդին փչացրել էին զորքը…

Բայց դեռ բանում էր Դաշնակցության բախտը։ Նույն ամառը, օգոստոսի 10-ին ստորագրվեց Սեւրի դաշնագիրը։ Ահարոնյանը նստած էր Անտանտի ամենակարող ներկայացուցիչների հետ՝ դիմացն ունենալով հաղթահարված Թուրքիայի խղճուկ ներկայացուցիչներին, որոնք միմիայն աղաչել, շնորհ խնդրել կարող էին։ Հայաստանի համար գրված էր դաշնագրի մեջ, թե նա պիտի լինի անկախ պետություն եւ նրա արեւմտյան սահմանը պիտի որոշի նախագահ Վիլսոնը։ Ահարոնյանը ստորագրեց այդ դաշնագիրը։ Ստորագրեց նաեւ Թուրքիան։ Ոսկե գրիչը, որով Ահարոնյանը ստորագրել էր Սեւրի դաշնագիրը, գնաց երկրպագության եւ հիացմունքի առարկա դառնալու Եգիպտոսում, Ամերիկայում։ Լրագրերը տպում էին այդ գրչի, նրա գծած ստորագրության եւ, վերջապես, ստորագրողի նկարները։

Հայությունը, թվում էր, վերջապես հասավ իր դարավոր իղձին։ Թվում էր, թե արդարանում էր Եվրոպայի պաշտամունքը, որ այնքան նվիրական եւ ջերմեռանդ էր եղել տասնյակ սերունդների համար։ Արհամարհված, ոչխարների պես կոտորված հայ ժողովուրդը, վերջապես, դառնում էր օսմանյան գոռոզ ցեղի համար նախանձի առարկա։ Կարդացե՛ք Կ.Պոլսի այն ժամանակվա լրագրերը։ Ազգային սուգ էր թրքության համար։ Եվ զսպելով իրենց վիշտը՝ համեստ գանգուրավորի լեզվով թուրք լրագրերը մի տեսակ շնորհ էին խնդրում բախտավոր հայերից։ Այո՛, բախտավոր էր հայը։ Բախտը բարձրացրել էր նրան այնպիսի աստիճանների վրա, ուր երբեք չէր եղել նա։ Եվ պիտի կարողանա՞ր նա պահվել այդքան բարձրում։

Ի՞նչ էր մնում Դաշնակցությանն ուզել։ Ներսում հաղթական, դրսում հաղթական։ Մնում էր փողով էլ լինել։ Եվ ահա Դաշնակցությունը հայտարարեց 25 միլիոն դոլարի փոխառություն եւ իր նախկին վարչապետ Խատիսյանին ուղարկեց Եվրոպայի եւ Եգիպտոսի հայ գաղութներում պրոպագանդա անելու։ Հաջողությունները, մանավանդ Սեւրը բավական նպաստում էին այդ պրոպագանդային. եւ հավաքում էին խոշոր գումարներ, որոնք, սակայն, Հայաստան չէին գալիս, հայ գյուղացուն չէին բարձրացնում իր ընկած դրությունից, այլ մթերվում եւ լճանում էին գլխավորապես Ահարոնյանի պատվիրակության մեջ…

Ե

Եվ հանկա՜րծ… Ի՜նչ փոթորիկ էր գալիս մի երկու-երեք հարձակումով ոչնչացնելու այդ դաշնակցական բարեբախտությունը՝ ամբողջովին, սկզբից մինչեւ վերջ, առանց մնացորդի…
Փոքր Ասիայի Անկարա[387] (Էնկյուրե) քաղաքում կազմակերպվում էր մի նոր Թուրքիա։ Նրա կորիզը կազմում էր Մուստաֆա Քեմալ-փաշայի[388] դիվիզիան, որ Կովկասում էր եղել, բայց հետո Անգլիայի հետ կնքված զինադադարի հետեւանքով քաշվել էր ասիական Թուրքիա։ Այստեղ նա իր վրա էր քաշում պատերազմի ելքով անբավական տարրերին եւ այսպիսով հետզհետե խոշորանում էր, դառնում մի շարժում։ Այդ շարժման գաղափարական առաջնորդներն իսկապես նույն երիտթուրքերն էին, բայց որովհետեւ երիտթուրքերը սաստիկ վարկաբեկված էին ներսում եւ դրսում, ուստի նրանք դեն էին դնում իրենց կուսակցական անունները եւ կոչվում պարզապես միլլի[389]։

Բայց նրանց գաղափարախոսությունը մնում էր հինը՝ սաստիկ ազգայնական։ Իր համար Մուստաֆա Քեմալի շարժումը նպատակ էր դնում վերականգնել Սեւրի դաշնագրով կործանված Թուրքիան։ Այս մի շատ խոշոր նպատակ էր, որ իրագործելու համար պետք էր պատերազմել նախեւառաջ Անգլիայի եւ Ֆրանսիայի դեմ, որոնք մի շարք անկախություններ էին կազմել իրենց հովանավորության տակ ասիական Թուրքիայում (Արաբիա, Պաղեստին, Սիրիա, Միջագետք)։ Այդքան ուժ չուներ Անկարան, ուստի կամա-ակամա ընդունում էր այդ խոշոր անդամահատությունները հարավում։ Մնում էին երկու հարեւանները՝ թույլը արեւելքում (Հայաստան) եւ ուժեղը՝ արեւմուտքում (Հունաստան), որը Սեւրի դաշնագրով ստացել էր Զմյուռնիան։ Քեմալական Թուրքիան ուխտում էր երբեք չհաշտվել այդ հանգամանքի հետ եւ կռվել մինչեւ Զմյուռնիան ետ ստանալը։ Իսկ հայերի հետ կռվելու երկու տեղ կար՝ Կիլիկիայում եւ Էրզրումում (Կարսի ուղղությամբ)։

Կիլիկիան, ինչպես գիտենք, տրված էր Ֆրանսիային, որն այդտեղ շատ քիչ զորք ուներ եւ Մուստաֆա Քեմալի զորքերի հետ, որոնք նույնպես բազմաթիվ չէին այս կողմում, ունենում էր մանր ընդհարումներ՝ օգտվելով եւ հայերի զինակցությունից։ Իսկ հայերի զինակցությունը մի կատարյալ արկածախնդրություն էր։ Հնչակյան կուսակցությունը, որին իհարկե հանգիստ չէր տալիս Դաշնակցության խոշոր հաջողությունը[390], ուզում էր իր համար պետություն ստեղծել Կիլիկիայում՝ գրավվելով իհարկե այն խոստումներով, որ խաբեբայական նպատակով արել էին ֆրանսիացիները Կիլիկիա մտած առաջին պահից։ Հնչակյանները Կիլիկիայում իրենց զինվորությունն էին դուրս բերել թուրքերի դեմ եւ կռիվներ մղեցին ֆրանսիացիների հետ կողք կողքի. թեեւ շարունակ տեսնում էին նրանց դավաճանությունը եւ խաբեբայությունը, բայց չէին խրատվում։

1920-ի ամռանը Հնչակյան կուսակցությունը հայտարարեց Կիլիկիայի հայկական մասի անկախությունը, բայց չէր կարողանում պահել իշխանությունն իր ձեռքում եւ ծանր պարտություններ էր կրում, որոնցից մեկն այն էր, որ թուրքերը կոտորեցին Հաճնի հայ ազգաբնակչությունը։ Այսպիսով Կիլիկիայի հայոց հարցը գրեթե վերջացած էր։ Միեւնույն ժամանակ պատերազմական գործողություններ էին տեղի ունենում նաեւ Անկարայի զորքերի եւ Զմյուռնիան գրաված թուրք զորքերի դեմ։ Եվ հայերը հույների հետ ջարդվում էին այդ պատերազմական բեմի վրա։ Այսպիսով հայերը կարող էին ոչ մի տարբերություն չդնել սուլթանական Թուրքիայի եւ անկարայական Թուրքիայի միջեւ։

1920-ի աշնան սկզբին շփումներն անկարայական Թուրքիայի եւ դաշնակցական Հայաստանի միջեւ սաստկացան։ Ինչպես տեսանք, Ջամալյանի երկաթուղին վառելիքի պակասության պատճառով դատապարտվել էր անգործության։ Սա մի մեծ աղետ էր եւ այն դարմանելու համար հարկավոր եղավ շահագործել Օլթիի քարածխի հանքերը։ Ուղարկվեցին մասնագետներ, աշխատանքների պաշտպանության համար ավելացվեց զինվորական ուժը, բայց սա համարվեց հայ-թուրքական սահմանի խանգարում եւ առաջ բերեց կռիվ երկու կողմերի զորքերի միջեւ։ Այս կռիվը թուրքերի կողմից, անշուշտ, ավելի Սեւրի դաշնագրի դեմ էր, քան Օլթիի հանքերից քարածուխ տանելու դեմ։ Ուստի Մուստաֆա-փաշայի կառավարությունը միաժամանակ Օհանջանյանի կառավարությանն առաջարկեց խաղաղ բանակցություններ սկսել մի քանի հարցերի առիթով, որոնցից մեկն էր նաեւ այն թուրք ժողովրդի հարցը, որ վտարված էր Հայաստանից Զանգիբասարի եւ մյուս տեղերի կռիվների հետեւանքով։

Դրվում էր նաեւ Սեւրի դաշնագրի հարցը, որ պիտի քննության ենթարկվեր՝ որոշ համաձայնության գալու համար։ Սակայն Օհանջանյանն այնքան բոբիկ քաղաքագետ էր եւ այնքան տարված դաշնակցական գոռոզությամբ, որ չուզեց նույնիսկ իմանալ, թե ի՛նչ ասելիքներ եւ պայմաններ ունի թշնամին, նույնիսկ ինքը չպատասխանեց Անկարային, այլ իր քարտուղարին հանձնարարեց պատասխանել, թե հարաբերությունները Թուրքիայի եւ Հայաստանի մեջ կորոշվեն Սեւրի դաշնագրի անթերի գործադրությամբ։ Կասկած չկա, որ եթե չլիներ այս կոպիտ վարմունքը եւ եթե հարկավոր համարվեր իմանալ, թե ինչ է առաջարկվում հակառակորդի կողմից, գուցե եւ կարելի լիներ երկուստեք զիջողությամբ ստեղծել մի կայուն կացություն։ Այդ ժամանակ անկարայական կառավարությունը հաղորդում էր Լլոյդ Ջորջին, թե ինքը պատրաստ է ճանաչել Հայաստանի անկախությունը, եթե հույները հեռացվեն Զմյուռնիայից։

Եվ այսպես թեթեւամտությամբ հարցը հանձնվում էր ուղղակի զենքին։ Թուրքերը մտան Կարսի շրջան, վերցրին Սարիղամիշը եւ Կաղզվանը։ Պատերազմը, ըստ սովորության, առաջ բերեց հայրենասիրական ցույցեր։ Այդպիսի մի ցույց տեղի ունեցավ Երեւանում՝ պատերազմական մինիստրության առաջ. Ռուբեն-փաշան դուրս գալով ասաց ժողովրդին, թե եղածը մի ոչինչ բան է եւ մի 5-6 օրվա մեջ թշնամին կվռնդվի Հայաստանի սահմաններից դուրս։ Մի ուրիշ շատ խոշոր ցույց էլ հոկտեմբերի սկզբին տեղի ունեցավ Թիֆլիսում։ Ահագին բազմություն հավաքվեց Վանքի բակում. ճռճռան հայրենասիրական ճառերը հաջորդեցին իրար։ Ապա բազմությունը սկսեց իր երթը. նախ գնաց եւ կանգնեց Հայաստանի դիվանագիտական միսիայի առաջ, ճառեր ասաց, լսեց Տիգրան Բեգզադյանի խրախուսական եւ հուսադրական խոսքերը։ Այստեղից բազմությունը գնաց կանգնեց պալատի առաջ, համակրական ցույց արեց ի պատիվ վրաց Հիմնադիր Ժողովի եւ մի շատ տաք ու համակրական ճառով ողջունվեց նույն ժողովի նախագահի կողմից, որը հայտնեց, թե վրացիները հայերի կողմն են եւ նրանց եղբայրական օգնություն ցույց կտան։

Ես բաց եմ թողնում ցույցի մյուս մանրամասնությունները, որոնք հետաքրքրական չեն, եւ կանգ եմ առնում այս մենշեւիկյան հայտարարության վրա։ Այն պատճառաբանվում էր այն մտքով, թե կռվել քեմալականների դեմ՝ նշանակում է կռվել բոլշեւիզմի դեմ, որովհետեւ պարզ է, որ [այդ] երկուսը միացած են։ Եվ ահա Հայաստանից եկավ Ռուբեն-փաշան՝ առաջարկելու, որ Հայաստանն ու Վրաստանը միացնեն իրենց ուժերը թուրքերի դեմ։ «Եթե մեզ չօգնենք,- ասել էր նա,- մենք, մենակ մնալով, ստիպված կլինենք դիմել բոլշեւիկներին, նրանց բերել մեզ մոտ, եւ այդ ժամանակ դուք կմնաք մենակ»։ Համաձայնվել էին բանակցություններ սկսելու։ Վրաստանի պատերազմական մինիստրը գնաց Երեւան, բայց այդ ժամանակ, եթե չեմ սխալվում, Տրապիզոն մեկնեց մի այլ ջոջ մենշեւիկ, որ ավելի ձեռնտու պայմաններ ընդունելով Մուստաֆա Քեմալից՝ նրա հետ դաշնագիր կապեց ընդդեմ հայերի։ Դաշնակ-մենշեւիկյան դրացիության մի հուզիչ փաստ չէ՞։ Բերեմ եւ մի ուրիշը։ Նեղը լծված դաշնակցականները հանում են իրենց զորքերը Լոռուց եւ երեք ամիս ժամանակով պայման են կնքում, որ վրացական զորքերը ժամանակավորապես գրավեն այդ տեղերը։ Բայց մենշեւիկները գրավելուն պես միացնում են այդ բոլոր տեղերը Վրաստանին…

Հայաստանը թեեւ մենակ էր, բայց ուներ մոտ 40 հազար լավ հագնված ու զինված զինվորներ։ Սակայն դրանք զինվորներ չէին, այլ թալանչիներ։ Վերին աստիճանի ապիկար, նույնիսկ հանցագործ էր հանդիսանում նաեւ հայ հրամանատարությունը, բարձրից սկսած մինչեւ ցած։ Անընդունակ մարդիկ, որոնք դիմադրություն չկարողանալով ցույց տալ Քյազիմ Կարաբեքիր-փաշայի զորքերին՝ շարունակ նահանջում էին՝ լքում մտցնելով առանց այդ էլ անկայուն թալանչիության շարքերը։ Պարզ երեւում էր, որ դաշնակցական պարտությունը կատարյալ պիտի լինի։ Այդ միջոցին Թիֆլիս եկան Լոնդոնից ուղարկված երկու անգլիացիներ, որոնցից մեկն Անգլո-հայկական ընկերության քարտուղարն էր, եւ Անգլիայի «հայասերների» անունից հայտնեցին, որ Եվրոպայի վրա ոչ մի հույս չդնենք, քանի որ նա ոչինչ չի կարող անել մեր փրկության համար, ուստի միակ փրկությունն այժմ բոլշեւիկներն են, որոնց հետ եւ պետք է միանալ, ապա թե ոչ՝ թուրքերը կկոտորեն մեզ բոլորիս։

Ես լավ հիշում եմ այդ փոքրիկ ժողովը Հայաստանի դիվանագիտական միսիայի շինության մեջ, Միքայել Թումանյանի սենյակում, ուր առաջին անգամ լսեցինք Եվրոպայից եկած այս պատգամը։ Ներկա էին եւ Դաշնակցության մի քանի ջոջեր։ Դժգոհություններ Եվրոպայի դեմ շատ լսվեցին, եւ մեր երկու բարեկամները հայտնեցին մեզ, որ իրենք նույնիսկ փորձ չեն անի նրան արդարացնելու, ոչ նույնիսկ անգլիական կառավարության վարքագիծը դատապարտությունից ազատելու համար։ Դրված էր իրական փաստն իր ամբողջ անողորմ պարզությամբ։ Տասնյակ տարիների մեր պաշտած ֆետիշը սկսում էր մեզ սպանել։ Ոչ ոք չեղավ ժողովի մեջ, որ հակառակվեր անգլիացի «հայասերների» մտքին։ Այդ միտքը շատ պարզ էր եւ առանց նրանց թելադրության։ Բացի բոլշեւիկական Ռուսաստանից ուրիշ ո՛չ մի փրկություն չկար։ Բայց էլ ինչու՞ էին դանդաղում, չէ՞ որ այդ իսկ րոպեին Երեւանում էր գտնվում այդ իսկ Ռուսաստանի ներկայացուցիչը։ Դեռ շատ ու շատ բան կարելի էր փրկել մեր բախտը նոր Ռուսաստանին հանձնելով։ Էլ ինչի՞ էինք սպասում։ Սա հարցրեք ղեկավարող կուսակցությունից։ Նա չէր ուզում ձեռքից բաց թողնել յուղալի իշխանությունը, եւ հայ ժողովուրդն այդ պատճառով պիտի նորանոր արյունոտ փոթորիկների մեջ խեղդվեր։

Մամուլի մեջ (տե՛ս «Նոր աշխարհ», թիվ 1) տպվեց մի վերին աստիճանի կարեւոր փաստաթուղթ՝ մի նամակ, որ գրել է դաշնակցական ջոջերից մեկը մի ուրիշ ջոջի։ Այդտեղից շատ պարզ երեւում է, որ հայ-թուրքական պատերազմի ժամանակ Խորհրդային Ռուսաստանն իր լիազոր ներկայացուցիչ Լեգրանի միջոցով չափազանց ձեռնտու, ուղղակի փրկարար առաջարկություններ էր անում դաշնակցական Հայաստանին, որը, սակայն, ոչ մի անկեղծություն եւ շիտակություն չէր ցույց տալիս այդ բանակցությունների մեջ եւ շարունակ խուսափողի եւ խաբողի դիրք էր բռնած։ Եվ ամենեւին չկարծեք թե այս վարքագիծն ինքնաբերաբար ծնունդ էր առել դաշնակցական ուղեղի մեջ։ Ո՛չ, հազար անգամ ո՛չ։ Երեւանում գտնվում էր անգլիական գեներալ Ստոքսը[391]։ Ահա՛ ամբողջ գաղտնիքը։ Նա՛ էր խելք սովորեցնում, նա՛ էր ներշնչումներ անում։ Ամեն ինչ բացատրող այդ նամակի հետեւյալ կտորն առանձնապես բնորոշ է.

«Ահա այս պայմաններն են, որոնք մենք առաջարկեցինք Լեգրանին, միանգամայն համոզված լինելով, որ նա չի համաձայնի, եւ մենք մի կերպ դուրս կգանք այս ծանր բանակցությունների միջից։ Երբ գեներալ Ստոքսը ծանոթացավ այս պահանջներին, շատ բավական մնաց ու ասաց. «Եթե ինձ առաջարկեին այսպիսի պայմաններ, ես 24 ժամվա ընթացքում կհեռանայի ձեր սահմաններից եւ կկտրեի բանակցությունները։ Լեգրանն էլ երեւի այդպես կվարվի։ Այս պայմանները շատ լավ են, սա ապացուցանում է, որ դուք համաձայնություն չեք փնտրում սովետական իշխանության հետ. առաջարկեցեք այս պայմանները եւ վստահ եղեք, որ մենք ամեն աջակցություն ցույց կտանք ձեզ»։

Նույն Ստոքսը հավատացնում է Երեւանի երեխաներին, թե Խորհրդային Ռուսաստանն ուժ չունի, թե Ադրբեջանում պատրաստված է 20 հազար մուսավաթականների ապստամբություն, թե ինքը՝ գեներալը, կհարկադրի Վրաստանին, որ նա զինակցի Հայաստանին այս պատերազմի մեջ եւ այլն, եւ այլն։ Մի անգամ էլ իմպերիալիստական հուշկապարիկ, [որ] իր պոռնկական երգերով քնեցնում է դաշնակցական տղաներին։ Իսկ ճակատագիրը դեռ շարունակում էր խղճալ հայ ժողովրդին եւ դեռ փրկության դուռը չէր գոցում նրա առջեւ։ Հակառակ Ստոքսի բոլոր ակնկալություններին՝ Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչ Լեգրանը չի կտրում բանակցությունները, չի հեռանում հայկական սահմաններից։ Նամակագիրը շարունակում է. «Այդ միջոցին Լեգրանը ստանում է մեր պայմանները։ Նրա վերաբերմունքը մեր պայմանների վերաբերմամբ մեզ համար անսպասելի բարյացակամ դուրս եկավ»։ Եվ իրավ, կարդում եք շարունակությունը եւ տեսնում, որ Ռուսաստանի խոստումները չափազանց կարեւոր ու խոշոր էին։ Բայց հաղթող հանդիսացավ գեներալ Ստոքսը, եւ փրկության դուռը պինդ փակվեց։ Համեմատեցե՛ք այժմ Անգլիայից եկած «հայասիրական» խորհուրդը, Թիֆլիսի դաշնակցական ջոջերի համաձայնությունը եւ Երեւանի տնաբույս մաքիավելիների խաղերը…

Եվ եղավ այն, ինչը լինելու էր, ինչը չէ՛ր կարող չլինել թալանների երկրում, փտախտով բռնված պետության մեջ… Նոյեմբերի սկզբին Ռուբեն-փաշայի բանակը Շիրակի դաշտի երեսին փախչող մի հոտ էր։ Կարսը թուրքերի ձեռքն անցավ համարյա առանց մի հատ հրացան արձակելու, հանկարծորեն, ամենախայտառակ կերպով, եւ նրա հետ միասին գերի ընկան գեներալներ, մինիստրներ, վարդապետներ, զինվորներ՝ ամբողջ գնդերով… Այս աղետ էր, բայց եւ սթափում էր ինձ համար։ Ինչ էլ պարտավորված լինեի խմբագրի պաշտոնով գրել այդ մղձավանջային օրերում, ինձ համար այլեւս անհերքելի իրողություն էր, որ անկախ պետություն կազմել մենք չենք կարող, որ ապրել առանց խնամակալի, առանց հովանավորի չենք կարող[392]։ Այս խոր համոզումը տակնուվրայություններ էր մտցնում իմ աշխարհայեցողությունների մեջ, արժեքների վերագնահատումներ էր առաջացնում, ազատում էր մոլորություններից։ Այսպիսի դաստիարակիչ նշանակություն ունեցավ Կարսի անկումը եւ ուրիշ շատերի համար։

Իսկ Դաշնակցությա՞ն համար։ Մի խուճապ միայն, մեկն այն սովորական խուճապներից, երբ նա, իր կաշին փրկելու համար վաճառքի էր հանում իր բոլոր սրբությունները։ Կարսի անկման հետ ընկավ եւ Օհանջանյանի կառավարությունը։ Հանդես եկավ իբրեւ վարչապետ Սիմոն Վրացյանը՝ մի ուրիշ դաշնակցական տափակություն, որ գյուղատնտեսության մինիստր էր եւ հռչակված էր նրանով, որ կողոպտված ու թալանված Հայաստանի գրպանից չորս միլիոն էր հանել ոսկով՝ իր քենակալ ինժեներ Զավալիշինին տալու եւ ոռոգման ծրագրեր պատրաստել տալու համար, մինչդեռ ինժեներ Կիրակոսյանը գոռում-բղավում էր, թե ո՛չ մի ծրագիր հարկավոր չէ, բոլոր ծրագրերը պատրաստ կան եւ այլն։ Ի՞նչ կարող էր անել այդ խեղճությունն ստեղծված պայմանների մեջ։ Ո՛չ ոքի հայտնի չէ, թե այդ միջոցին ի՞նչ խորհուրդներ էր տալիս գեներալ Ստոքսը, բայց հայտնի է, որ թուրքերը, Կարսը վերցնելուց հետո, եռանդուն առաջխաղացությամբ իրանց ձեռքը գցեցին Ալեքսանդրապոլից մինչեւ Ղարաքիլիսա։

Ձյունառատ եւ ցուրտ ձմեռ էր, եւ նորից դժբախտ հայ ժողովուրդը փախստական էր դառնում, նորից ենթարկվում էր թուրքերի մասսայական ջարդերին։ Իսկ անգլիական նոր զգեստ հագած հայ զինվորները փախչում էին գլուխ կորցրած, ամեն տեղ խուճապ տարածելով։ Երեկ գոյություն ուներ գոռոզ եւ հոխորտացող դաշնակցական Հայաստան, այսօր նա փոշի ու մոխիր էր դարձել, եւ հայ ժողովուրդը դարձյալ կանգնած էր իսպառ ոչնչացման վիհի առաջ։ Խորտակման քաոսը մշտական մղձավանջ դարձնելու համար՝ հաղթող Կարաբեքիր-փաշան հրամայում էր իր առջեւ գետնատարած ընկած դաշնակցականներին մարդ ուղարկել Ալեքսանդրապոլ՝ հաշտություն կնքելու համար։ Ու գնացին այդ մարդիկ. Ալեքսանդր Խատիսյանը՝ իբրեւ նախագահ, ու երկու էլ ուրիշները, որոնցից մեկը՝ ոչ դաշնակցական։ Նրանց բոլորին թուրք փաշան փակեց Ալեքսանդրապոլի միջնաբերդում եւ թելադրեց ամենադաժանները այն պայմաններից, որոնք կիրառված էին Անտանտի կողմից Վերսալում Գերմանիան մորթելու համար։ Այստեղ էլ գաղափարը միեւնույնն էր, բայց արտահայտվում էր փոքր չափերով։ Հայաստանը նույնպես զինաթափ էր արվում, կողոպտվում, դրվում էր այնպիսի դրության մեջ, որ պիտի միշտ բաց ու անպաշտպան մնար՝ ամբողջովին ապավինած հաղթողի բարեսրտությանը։

Այս սարսափելի պայմանները տապալում էին Վրացյանի անփառունակ կառավարությունը։ Եվ վերջին րոպեին Դաշնակցությունն էլի իր պաշտած ֆիդայականության մեջ էր փրկություն որոնում։ Օրհասի րոպեին կանչվեց նորից Դրոն եւ նրան հանձնվեց դիկտատորական իշխանություն։ Բայց քանի՞ գրոշ արժեր այդ իշխանությունը, երբ ոչինչ չէր մնացել պարտված երկրում, որ ուժի նմանություն ունենար։ Ալեքսանդրապոլի բանակցությունների վրա անվանի ֆիդային իհարկե որեւէ ազդեցություն չարավ։ Եվ դեկտեմբերի 3-ին, գիշերվա ժամը 3-ին, Ալեքսանդրապոլի միջնաբերդում ստորագրվեց հայ-թուրքական հաշտության դաշնագիրը, որ պիտի մնա Դաշնակցության հավիտենական ամոթն ու խայտառակությունը։ Իրենք՝ դաշնակցականներն այնքան խորն էին զգում իրենց այդ գործի նողկալի տգեղությունը, որ չհամարձակվեցին հրատարակել Ալեքսանդրապոլի դաշնագիրը, եւ միայն ես էի, որ «Մշակի» մեջ ամբողջությամբ արտատպեցի այն՝ վերցնելով Կ.Պոլսի ռամկավարական «Ժողովրդի ձայն» թերթից։

Այդ դաշնագիրը 1918-ի Բաթումի էնվերյան ծրագրից տարբերվում էր միայն նրանով, որ Ալեքսանդրապոլը եւ երկաթուղին թողնում էր Հայաստանին։ Սուրմալուի ամբողջ գավառը Թուրքիային էր անցնում։ Սեւրի դաշնագիրը Հայաստանին վերաբերված մասերում ոչնչացված էր հայտարարվում։ Երկրի ներքին պաշտպանության համար Հայաստանին թույլատրվում էր պահել մի զորք՝ բաղկացած 1500 հոգուց, 8 թնդանոթներով եւ 24 գնդացիրներով։ Մնացած բոլոր զենքերն ու ռազմամթերքները հանձնվում էին Թուրքիային[393]։

Բայց այսքանը հերիք չէր։ Կար ավելի պժգալին։ Դաշնակցությունը ծախում էր իր ամենամեծ սրբությունը՝ իր մորը։ Երրորդ հոդվածն ասում էր. «Ինչպես որ թուրք, ռուս եւ բոլոր աշխարհի վիճակագրություններ եւ հաստատյալ ընկերային կացությունը ցույց կու տան, այս առթիվ ալ կը վավերացվի, թե Օսմանյան սահմանին մեջ հայ մեծամասնություն ունեցող որեւէ հողամաս չկա»։ Այս շնական (ցինիկ) հայտարարությամբ ժխտվում էր նույնիսկ այն հարցը, որ ծնող մայր էր հանդիսացել Դաշնակցության համար։ Ինքն իր մասին Դաշնակցությունն այս հոդվածով վկայում էր, որ երեսուն տարի շարունակ սուտ է ասել, խաբել է, թե կա հայ մեծամասնություն օսմանյան սահմանների մեջ։ Հազար անգամ երջանիկ կլիներ հայ ժողովուրդը, եթե այս հայտարարությունը Դաշնակցությունն աներ գեթ այն մասսայական կոտորածներից հետո, որոնց պատրաստողն ու փութացնողը հախուռն ու սպանիչ ֆիդայական մտածողությունն էր։ Այժմ ի՜նչ օգուտ։ Նա չէր վերադարձնի միլիոնավոր կորուստների եւ ո՛չ մի մասը եւ միայն փրկում էր Դաշնակցության միանգամայն անպետք կաշին…




ԳԼՈՒԽ ՈՒԹԵՐՈՐԴ

ԽՈՐՀՐԴԱՅՆԱՑՈՒՄ


Ա

Բայց կարելի՞ էր Հայաստանն ազատել այն թոկից, որ Ալեքսանդրապոլի դաշնագիրը պատրաստել էր նրա վիզը գցելու եւ նրան խեղդամահ անելու համար։ Այո՛, կարելի էր, բայց դրա համար հարկավոր էր չլինել ո՛չ Վրացյան եւ ո՛չ էլ Խատիսյան։ Ճիշտ է՝ հայ պատվիրակությունը փակված էր Ալեքսանդրապոլի միջնաբերդում, ճիշտ է՝ թուրքերի առջեւ բաց էր ճանապարհը մինչեւ Երեւան։ Բայց ճի՞շտ է եւ այն, որ հայ ժողովուրդն այդ միջոցին անօգնական էր միանգամայն։ Ո՛չ, այս ճիշտ չէր։

Դեռ Ալեքսանդրապոլի թշվառ բանակցությունները չէին սկսել, երբ նոյեմբերի 20-ին Հայաստանի հյուսիս-արեւելյան ծայրում, Երեւանի ճանապարհին եւ Երեւանից էլ ոչ հեռու, այն է՝ Դիլիջանում, հայտարարվեց Սարգիս Կասյանի նախագահությամբ՝ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։ Ահա այս հանգամանքն էր, որ ցույց էր տալիս, թե Հայաստանն անօգնական չէր։ Դիլիջանի խորհրդայնացումը մտցնում էր Հայաստանի սահմանների մեջ Ռուսաստանի զինվորական ուժը։ Դարձյալ, ուրեմն, Ռուսաստանն էր, որ գալիս էր Հայաստանի դուռը ծեծելու եւ իր ուժեղ օգնությունն առաջարկելու։ Հասկացող գլուխ էր պետք այդ խոշոր երեւույթն ըմբռնելու եւ օգտագործելու[394] համար։ Հարկավոր էր անմիջապես զարգացնել եւ համայնացնել Դիլիջանի խորհրդայնացումը, նրա ձեռքը տալ ամբողջ պետությունը՝ թուրքական պատերազմի հետ, եւ թույլ տալ, որ նոր իշխանությունն ինքը վերջացնի գործերն ու հարցերը՝ ինչպես կարող է։ Այս մի արտակարգ մտավոր կարողություն չէր պահանջում Հայաստանի կրիտիկական այդ օրերին։

Ամեն ինչ մոռանում է դաշնակցականը մի կտոր իշխանություն ձեռքում պահելու համար։ Մի 8-10 օրվա թշվառ վարչապետության համար էր, որ Վրացյանը անասելի աղետ էր բերում հայ ժողովրդի գլխին։ Իր իշխանությունը փոխանակ Կասյանին հանձնելու ու այդպես անհետանալու, նա հանձնում էր Դրոյին, որպեսզի Ալեքսանդրապոլի դաշնագրի խայտառակությունը մինչեւ վերջին ումպը միայն եւ միմիայն Դաշնակցությունը վայելի։ Եթե այդքան քառակուսի էր ինտելիգենտ դաշնակցականի գլուխը, ի՞նչ պիտի լիներ ֆիդային, որի համար գերագույն իմաստությունը մաուզեր «կայծելն» էր։ Փոխանակ Ալեքսանդրապոլի պատվիրակությանը հայտնելու, թե նրա լիազորությունները վերջացած են, քանի որ պետական ռեժիմը եւ իշխանությունը փոխված են Հայաստանում, նա վերջին րոպեին հրաման էր տալիս ստորագրել անառակ պայմանագիրը… Այսպես է եղել հայ ժողովրդի ճակատագիրը ֆիդայականության ձեռքում։

Բայց վերջապես, ահա նա ընկավ, ջարդ ու փշուր եղավ ու այլեւս չի կանգնի։ Հայ ժողովուրդն արյուն է լացում իր պաղած երկնքի տակ։ Նա լցրել է Փամբակի լեռնադաշտերը, Լոռու խորաձորերը, բարձրացել է Սեւանի բքամոլ մեջքը։ Եվ ահա հյուսիսից, ձյուները պատռելով, քաղցն ու ծարավը մոռացած ռուս զինվորն է շտապում նրան՝ այդ նորից եւ նորից տառապանքի մատնված ժողովրդի ծվենները պատսպարելու եւ պաշտպանելու համար։ Որքան թույլ էր տալիս մենշեւիկյան Վրաստանի կասկածամտությունը, որքան կարելի էր անտես անել Ժողովրդական կուսակցության ինձ շրջապատող թոնթորոցները, ես ասում էի իմ խմբագրած թերթի մեջ, թե հայ ժողովրդի փրկությունը այդ է միայն, թե ուրիշ փրկություն չկա նրա համար։ Վրաց լրագրերն արդեն խոսում էին հայկական «դավաճանության» մասին, իսկ ես պատասխանում էի, թե ամեն մի ժողովրդի սրբազան իրավունքն է պահպանել իր ֆիզիկական գոյությունն այնպես, ինչպես ի՛նքն է լավ համարում, եւ թե ո՛չ ոքի իրավունք չի տրված պահանջել նրանից այն, ինչ ինքը ընդունելի չի համարում իր կենսական շահերի տեսակետից[395]։

Խորհրդային կարգն առաջին իսկ քայլից բերում էր այն նոր հանգամանքը, որ հայ ժողովուրդն այլեւս մեկուսացած չէր՝ անտարբերության մատնված, կեղեքվող ու գիշատվող մի ազգագրական միավոր, այլ ձեռք էր բերում եւ՛ համակրանք, եւ՛ եղբայրական վերաբերմունք ուրիշ խորհրդային հանրապետությունների կողմից։ Այս արդեն այն մուրածո համակրանքը չէր, որ մենք հարյուր հազարավոր կոտորածների գնով ստանում էինք բուրժուական Եվրոպայից, երբ մեզ համակրում էին իբրեւ մի դժբախտ եւ թշվառացած ժողովրդի։ Այս համակրանքը բոլորովին ուրիշ էր՝ համակրանք դեպի աշխատող, կենսունակ մի ժողովուրդ, իրավահավասար եւ իրավատեր՝ իր բախտը դարբնելու ընդհանուր գործակցությամբ եւ փոխադարձ աջակցությամբ։ Ի՜նչ դյութական փոխակերպություն։ Խորհրդային Հայաստանը ջերմապես եւ եղբայրաբար ողջունվում էր Ադրբեջանի կողմից, այն Ադրբեջանի, որ մուսավաթական ռեժիմի տակ հայության ամենաոխերիմ, արյունարբու թշնամին էր։

Բայց խորհրդային կարգերը մենք՝ Թիֆլիսում ապրողներս, դեռ չէինք տեսել։ Նրա մասին սարսափներ էին պատմում, եւ ոչ միայն բերանացի, կեկելական ոճով, այլ մանավանդ լրագրերի մեջ՝ ռադիոհեռագրերի եւ արտասահմանյան թղթակցությունների ձեւով։ Այնպես էինք մենք իմանում, որ բոլշեւիկները ոչ միայն ուրիշներին են կոտորում, այլեւ իրար։ Քանի անգամ լրագրերը մեռցրին Լենինին։ Հիշում եմ, մի օր էլ լուր եկավ Լունաչարսկու մահվան մասին, եւ հանգուցյալ Գեորգի Թումանովը տպեց նրա մահախոսականը «Слово»-ի մեջ։ Այսօր, սակայն, ինքը՝ Թումանովն արդեն փտել է հողի տակ, մինչդեռ Լունաչարսկին ճանապարհորդում է Կովկասում։ Սուտն ու ճիշտը տուտ-տտի էին տվել, ո՜վ էր ջոկողն ու հասկացողը։ Սարսափներ էին պատմում, ինչ թաքցնեմ, նաեւ Երեւանից։ «Слово»-ն, որ բավականաչափ դաշնակցականություն անող մի լրագիր էր, երկու անգամ Երեւանից այնքան տխուր տեղեկություններ հաղորդեց բոլշեւիկների կատարած խժդժությունների մասին, որ երկու անգամն էլ կինս արտասվելով ներս մտավ, որ իմանա, թե այս ինչ բան է, եւ ինչ կլինի մեր երկու աղջիկների դրությունը Երեւանում։ Ես հազիվ-հազ հանգստացրի նրան ասելով, որ չպետք է հավատալ «Слово»–ին[396]։
Բայց ահա եկավ 1921թ. փետրվարը, եւ մի օր լսեցինք, թե, հրես, բոլշեւիկները գալիս են Թիֆլիսի վրա, եւ նրանց մի մասն էլ լոռեցիք են։ Վա՛հ, այս ինչ բան էր։ Ես արդեն պատմել եմ, որ հայ-թուրքական պատերազմի ժամանակ նեղն ընկած դաշնակցականները Լոռու հայկական մասը, սկսած Քոլագերան կայարանից, երեք ամիս ժամանակով տվել էին մենշեւիկներին, իսկ սրանք վերցրել եւ միացրել էին Վրաստանին։ Այս բանը որպես թե հենց հայ ժողովրդի ցանկությամբ էր կատարվել։ Վրաց կառավարության անդամները շրջում էին գյուղերում, հայերից համախոսական էին ստանում Սահմանադիր Ժողովի անունով, թե իրենք ուզում են եւ խնդրում են լինել Վրաստանի հպատակ։ Եվ երբ Խորհրդային Հայաստանի կառավարությունը մենշեւիկներից պահանջեց կատարել դաշնակցականների հետ կնքած պայմանագիրը, մենշեւիկները պատասխանեցին մերժումով։ Հիմա Լոռին ցույց էր տալիս, թե ինքն այնքան էլ հեշտ կլլվելի կտոր չէ։ Նա ապստամբել էր եւ դուրս վռնդել մենշեւիկյան զորքերը…

Նոր հայ-վրացական պատերազմ… ի՜նչ ոռնոց մենշեւիկյան եւ նացիոնալիստական վրաց մամուլի մեջ։ «Այս անգամ մենք հայերին չենք խնայի, պետք է լուծենք եւ Թիֆլիսի հարցը»։ Եվ նորից Թիֆլիսի հայությունը կուչ եկավ, շունչ չէր կարողանում քաշել։ Գնալով-գնալով շատանում էր այն մարդկանց թիվը, որոնք կարծում էին, թե հնարավոր է հայերի կոտորածը Թիֆլիսում։ Եվ ես անձամբ հավատում էի այդ հնարավորությանը, որովհետեւ ազգայնական կրքերի գրգռումը հասել էր անհնարին չափերի։ Սոցիալիստ մենշեւիկների եւ շովինիստ ազգամոլների մեջ այլեւս ոչ մի տարբերություն չէր մնացել հայատյացության հարցում։ Երկուսն էլ շտապում էին օր առաջ [հայերին] դատարկել Թիֆլիսից։ Ես այժմ էլ չեմ կարողանում պահել զզվանքս, երբ հիշում եմ, թե ինչպես մի օր ընկա միլիցիական կոմիսարի մի արբած օգնականի ճանկը եւ որքան հայհոյվեցի ու անարգվեցի սոսկ այն պատճառով, որ հայ էի։

Ինձ նա ձերբակալեց մի ամենաաննշան պատրվակով եւ, տանելով «ուչաստոկ», ամենքի եւ նույնիսկ կոմիսարի ներկայությամբ ամեն տեսակ անարգանք ու հայհոյանք թափեց վրաս՝ ասելով, որ բոլոր հայերս դուրս գանք կորչենք այս քաղաքից, ի՞նչ ենք նստել, ինչու չենք ձեռք վերցնում իրենցից։ Ի վերջո նա ինձ ծաղրել սկսեց իբրեւ հայ գրողի։ Զարհուրելի էր։ Ես շատ էի լսել ու կարդացել ոստիկանական վայրենությունների մասին, բայց այս արբած վայրենությունը եզակի էր[397]։ Նա ցույց էր տալիս, որ մենշեւիկների ռեժմն էլ, հիմնված համատարած կաշառակերության, վաճառվածության ու «դերժիմորդայության»[398] վրա, փտած էր, քայքայուն։ Եվ այս բոլորն ինձ բերում էր այն համոզման, որ անհնարին չէ այս տեսակ մթնոլորտի մեջ նաեւ հայկական կոտորածը։

Բայց մի օր այս ջարդարար տրամադրությունը փոխվեց արմատապես։ Պատերազմն արդեն եկել հասել էր Թիֆլիսին, ու մի օր չէ մի օր ռադիոհեռագիր կախեցին փողոցներում, թե Երեւանի մեջ հեղափոխություն է, բոլշեւիկները վռնդվել են, եւ կազմվել է նոր, խառը կառավարություն, որի գլուխն է դարձյալ Ալեքսանդրապոլի հաշտության հերոս Սիմոն Վրացյանը։ Միայն այս անունը բավարար էր, որ մենք հասկանայինք, թե այս ձեռնարկության գլխավոր դիրիժորն էլ Դաշնակցությունն էր։ Ամեն ինչ տվել էր նա հայ ժողովրդին, մնում էր չարիքների հրեշավորագույնը՝ քաղաքացիական պատերազմը, եւ նա կանգ չէր առնում նույնիսկ այս սարսափի առաջ։ Մինչեւ այժմ թուրքերն էին կոտորում հայերին, այժմ հայերը պիտի իրար կոտորեին, որպեսզի Վրացյանը նորից իր ձեռքն առնի այն թշվառ իշխանությունը։

Բոլոր հասկացող հայերը ողբում էին հայ ժողովրդի այս նոր դժբախտությունը, բայց ձայն հանել չէին կարող մենշեւիկյան Վրաստանում, որովհետեւ սա իր փրկությունը որոնում էր Վրացյանի արկածախնդրության մեջ եւ ուրախացած հեռագրում էր Երեւան. «Խփեցե՛ք թիկունքից»։ Սակայն այս ակնկալությունը միանգամայն զուր էր։ Խփել որեւիցե մեկին, թեկուզ հենց թիկունքից, Վրացյանը չէր կարող, նրա ամբողջ քաջագործությունն այն էր եղել, որ դավադրորեն խրել էր դանակը իր հարազատ մոր՝ հայ ժողովրդի կրծքի մեջ։ Եվ տեսնելով, որ Երեւանի ապստամբությունից օգուտ չկա, դառնացած Նոյ Ժորդանիան իր ամբողջ մաղձը թափեց հայ ժողովրդի վրա Հիմնադիր Ժողովում արտասանած մի ճառի մեջ, որ հավիտենական նախատինք կլինի մի սոցիալիստ պարագլխի համար։ Հայհոյելով հայերին՝ Վրաստանի դեմոկրատիկ հանրապետության նախագահը, իհարկե, ոչինչ չէր փրկում։ Բոլշեւիկյան թնդանոթներն արդեն ծեծում էին Թիֆլիսի դռները, ու թեեւ Նոյ Ժորդանիան մի այլ ճառի մեջ հավատացնում էր Հիմնադիր Ժողովին, թե Թիֆլիսն անառիկ է, թե դա Վերդենն[399] է, որի մեջ բոլշեւիզմը կգտնի իր գերեզմանը, բայց այդ խոսքերի վրայով երկու օր չանցած՝ կես գիշերին, մենշեւիկյան բանակը լքեց Վրաստանի մայրաքաղաքը։

Հիշում եմ այդ ձյունառատ փետրվարյան առավոտը։ Տիրում էր խոր լռություն, որ չարագուշակ էր թվում շատերին։ Այդ այն ժամանակամիջոցն էր, երբ քաղաքում ո՛չ մենշեւիկյան ուժ կար, ո՛չ բոլշեւիկյան. կարող էր գլուխ բարձրացնել անիշխանությունը, մատնել քաղաքը ավարի։ Ահագին մեծամասնությունը հավատացած էր (եւ հավատացրել էին մենշեւիկները), թե, միեւնույն է, անիշխանություն եթե չլինի էլ, բոլշեւիկյան զինվորները քաղաք մտնելուն պես պիտի սկսեն կոտորել ու թալանել։ Տարածվել էր անասելի երկյուղ։ Պատուհանիս առջեւ կանգնած՝ ես տեսնում էի մարդկանց շարաններ, որոնք շտապում էին ազատել իրենց ստացվածքը։ Ամեն մեկը կա՛մ ձեռքում կրում էր մեծամեծ կապոցներ, կա՛մ մշակների շալակին էր դրել ամբողջ բեռներ։ Ամենքը գնում էին դեպի վերեւ, դեպի այն աղքատ թաղը, որ տարածված է Ս.Դավիթի սարի ստորոտում։ Մի բան գիտեն ամենքը՝ բոլշեւիկները չեն ձեռք տալիս աղքատներին։ Ուստի ունեւորը շտապում էր իր ինչքը ծածկել աղքատի տանը եւ այդպիսով ազատել։ Շտապ էին, գնում էին հեւիհեւ, որպեսզի ժամանակ չկորցնեն։ Եվ այսպես՝ ամբողջ օրը…

Իսկ կեսօրից հետո Կարմիր բանակն արդեն Թիֆլիսում էր։ Եվ ի՜նչ։ Փոխանակ կոտորածի եւ կողոպուտի՝ բազմամարդ փողոցներ, միտինգներ, զվարթություն եւ ուրախություն։ Շատերը արտասվում էին խանդաղատանքից։ «Ռուս զորքը վերադարձավ»,- ասում էին նրանք՝ շրջապատելով զինվորներին, լսելով նրանց պարզ, գյուղացիական խոսակցությունը։ Այս ճիշտ էր. ռուս զորքն էր վերադարձել, ռուս գյուղացին, մուժիկը՝ դարձյալ հրացանը բռնած։ Բայց այս նախկին զորքը չէր՝ ցարականը, կոպիտ, լուռ, անհաղորդակից։ Այժմ ռուս զինվորը խոսում էր, դատողություններ էր անում այնպես, որ նրան լսում էիր մեծ հաճությամբ։ Դաստիարակվել էր ռուս մուժիկը, հոգեպես կերպարանափոխվել էր, եւ այս որքա՜ն կարճ միջոցում… Ի՜նչ ձեռք է եղել այն ձեռքը, որ այսպես վերակազմել է ժողովրդական զանգվածներին, գիտակցություն դրել նրանց մեջ։

Պատերազմի պաշտամունքով չեն ապրում նրանք, այլ իրենց համարում են խաղաղ ու արդյունավորող կյանքի պահապաններ, շահագործվող բազմությունների զինվորներ, որոնք բերել են իսկապես նոր կարգեր, նոր կյանք, նոր գաղափարներ։ Միանգամից հասկանալի է դառնում ամբողջ հիմքն այն ահավոր ու ահռելի տակնուվրայության, որ կատարվեց ու վերջացավ Ռուսաստանում այս երեք տարիների ընթացքում։ Նոր ռեժիմ է. այդ նոր ռեժիմի մեջ ապրել եւ լա՛վ ապրել կարելի է, բայց միայն մի անողոք պայմանով… իմանալ՝ որ հինը պետք է քանդվի մինչեւ հիմքի վերջին քարը, որ նրանից ոչինչ չպիտի մնա։ Նոր սերունդ է այս, բերել է իր աշխատանքը, իր գաղափարները, իր շինարարությունը։ Խոսքը միայն սրանցն է։ Ով չի հաշտվում այս քանդումի հետ, ով չի հաշտվում այս վերաշինումի հետ, որ պիտի կատարվի նոր հիմքերի վրա, նրա առջեւ խելոքության մի հատ ճանապարհ կա՝ գնալ, հեռանալ ու՛ր որ ուզում է, ինչպես ուզում է… Այսպես է իրականության երկաթե օրենքը, եւ ի՞նչ դուրս կգա նրան ճակատ խփելուց, եթե ոչ գլուխ պատռելը։

Զարմանալի օրեր էին։ Կենդանություն, եռուզեռ, թեթեւություն եք զգում կրծքի տակ, հեշտացել է շնչառությունը հենց միայն այն պատճառով, որ վերացել ու չքացել է այն նացիոնալիստական դժոխքը, որի մեջ տապակվում էինք մենք։ Այլեւս այլազգի մարդիկ իրար գազանի պես չէին մտիկ տալիս՝ իրար հոշոտելու պատրաստ։ Մարդկանց մեջ փոխադարձ վստահություն, հավատ են ծնվում։ Եվ միայն այսքանը ի՜նչ մեծ նվաճում էր։ Կհասկանա միայն նա, ով տոչորվել է գազանային նացիոնալիզմի դժոխքի մեջ։

Ով ինչպես, բայց մենք՝ հայ գրողներս, զգում էինք, որ իսկապես նոր օր է բացվել մեզ համար։ Երբ Վրաստանը խորհրդայնացավ, Խորհրդային Հայաստանի դիվանագիտական ժամանակավոր ներկայացուցիչ էր Թիֆլիսում Սուրեն Երզնկյանը, որը եւ այդ կարեւոր ժամանակամիջոցին շատ եռանդուն գործունեություն էր ծավալում։ Նրա լիազոր ներկայացուցիչն էր Արամայիս Երզնկյանը, ով աշխատում էր նույնպես մեծ եռանդով, անդուլ ու անդադար։ Երզնկյանների առաջին հոգսը եղավ հավաքել եւ կազմակերպել հայ գրականությունը, արվեստը, գիտությունը, պատրաստել նրանց համար տեղ ու կայան ստեղծագործող աշխատանքի համար։ Վերակենդանանում էր հայ գրողների ընկերությունը՝ մեր անմոռանալի Հովհաննես Թումանյանի նախագահությամբ։ Հիշում եմ մեր առաջին բազմամարդ եւ աշխույժ ընդհանուր ժողովն այժմյան Շահումյանի գրադարանի դահլիճում։

Եկավ Արամայիս Երզնկյանը եւ, ողջունելով մեծ հավաքումն, ասաց, որ բերել է մեզ ավետելու նոր սկզբունքներ։ Խորհրդային կարգը, որ նոր է հաստատվում Վրաստանի մեջ, իր հովանավորության տակ է առնում գրականությունը, արվեստը, գիտությունը։ Մեզանից պահանջվում է միայն աշխատանք։ Աշխատեցեք եւ ապրուստի մասին մի մտածեք, դուք կստանաք ձեր աշխատանքի վարձը պետությունից։ Հովհաննես Թումանյանը մի քանի խոսքով գրողների զգացմունքի թարգման հանդիսացավ՝ ասելով, որ՝ այո՛, ճիշտ է, որ հայ գրողներն առաջին անգամն են լսում այդպիսի սկզբունքներ։ Դրանք նոր են, բարերար եւ դուրս կբերեն հայոց գրականությունն այն աննախանձելի դրությունից, որի մեջ նա գտնվում էր մինչեւ այսօր։

Սկսվեցին եռուն, կազմակերպչական աշխատանքներ։ Մենք հաճախակի ժողովներ էինք անում, միանում էինք հայ երաժիշտների, նկարիչների եւ դերասանների հետ։ Մեզ խոստացել էին տալ հայոց ժողովարանի ամառային շինությունը, եւ մենք ճիշտ որ, կազմակերպեցինք այնտեղ առաջին երեկույթը, ուր հայ կոմունիստների կարկառուն դեմքերից մեկը՝ Պողոս Մակինցյանը[400], խոսեց գրականության մասին, ասաց, որ հայ գրողները մինչեւ այժմ եղել են հայ բուրժուաների ծաղրածուները, նրանց զվարճացնողները, այսուհետեւ պիտի դառնան անկախ եւ պատվավոր աշխատողներ, եւ նրանց կատարած գործը պետական գործ պիտի լինի։ Սակայն ժողովարանի շինության մեջ հաստատվել մեզ չհաջողվեց, եւ նույն Մակինցյանի՝ հայ գրականության այդ տաղանդավոր ներկայացուցչի անխոնջ ջանքերով էր, որ ստեղծվեց եւ կազմակերպվեց այժմյան Հայարտունը, ուր մի հարկի տակ միանում էին գրականությունը, երաժշտությունը, նկարչությունը եւ թատրոնը։ 1921 թվականը մեր Հայ գրողների ընկերության ամենաեռուն շրջաններից մեկն էր։ Մենք շարունակ ժողովներ էինք անում, կազմակերպչական հարցեր էինք ծեծում, նոր կանոնադրություն էինք մշակում եւ պատերազմական կոմունայի բոլոր արտոնություններն էինք վայելում։

Չեմ կարող չհիշատակել այստեղ մի մասնավոր, բայց շատ բնորոշ դեպք, որ ցույց է տալիս խորհրդային ռեժիմի վերաբերմունքը առհասարակ դեպի մտավոր գործունեությունը։ Դեռ նոր-նոր էր Թիֆլիսը կարմիր դարձել, իրիկնապահին մոտ ես գնում էի Հայ գրողների ընկերության ընդհանուր ժողովին, երբ բնակարանիս մուտքի մոտ հանդիպեցի երկու կարմիրբանակայինի, որոնք հայտնեցին, թե եկել են իրենց համար սենյակ վերցնելու։ Ես խնդրեցի նրանց ներս մտնել եւ տեսնել սենյակները, ու ինքս գնացի ժողովի։ Գիշերը վերադառնալիս ես համոզված էի, թե կգտնեմ երկու զինվորներին իմ բնակարանում։ Բայց եկա՝ ոչ ոք չկար։ Բանից դուրս եկավ, որ զինվորները, տեսնելով նախ իմ գրադարանը, որ գրավում է իմ փոքրիկ բնակարանի մեջ մի ամբողջ սենյակ, ապա մտնելով իմ սենյակը եւ տեսնելով սեղանիս վրա դարսված գրքերն ու թղթերը, հարցնում են փոքր աղջկանիցս, թե՝ հայրդ գրո՞ղ է, եւ ստանալով դրական պատասխան, գնում են՝ ասելով, թե չեն ուզում ինձ անհանգստացնել…

Բ

Բայց մինչ Թիֆլիսում նոր ժամանակի վաղ-վլվլուկներն էին ծավալվում, Հայաստանում բոլորված էր ազգամիջյան[401] եղբայրասպան պատերազմը։ Համառ կռիվներ էին տեղի ունենում Երեւանի հյուսիսային կողմերում. միեւնույն ժողովրդի երկու հատվածները, իրար դեմ լցված անսահման կատաղությամբ, պատրաստվում էին իրար ոչնչացնել։ Կարմիր բանակի մասերը Վրաստանից ուղղվեցին դեպի այդ ընտանեկան պատերազմի դաշտը։ Ի՞նչ էր կատարվում Երեւանի մեջ՝ հաստատապես ոչ ոք չգիտեր։ Թիֆլիսի հայկական շրջանակներում այն կարծիքն էր տիրում, թե Վրացյանն ու իր ընկերները չգիտեն, որ Վրաստանն արդեն գլխովին խորհրդայնացել է, որ մենշեւիկները փախել են արտասահման, ուստի եւ շարունակում են կռվել՝ հույսերը դրած մենշեւիկների օգնության վրա։ Այդ պատճառով որոշվեց մի պատվիրակություն ուղարկել Երեւան՝ հաստատ տեղեկություններ հաղորդելու եւ համոզելու համար, թե դիմադրությունն այլեւս ապարդյուն է։ Բայց պատվիրակության փոխարեն կարելի համարվեց ուղարկել միայն Հովհաննես Թումանյանին, որ եւ անհապաղ ճանապարհ ընկավ։ Վերադարձավ նա բավական ուշ, Վրացյանի արկածախնդրության վերջ դրվելուց հետո, եւ մի օր Հայարտան դահլիճում հանգամանորեն եւ փաստալից մի զեկուցում արավ նրա անդամների առջեւ։

Բանից դուրս եկավ, որ փետրվարյան ապստամբությունը Դաշնակցության ինքնասպանության վերջին գործողությունն էր եղել։ Դեռ նոր սարսափելի կերպով ջարդ ու փշուր եղած Քյազիմ Կարաբեքիր-փաշայից՝ դաշնակցական անխելք տղաները ձեռնարկել էին պատերազմելու արդեն Կարաբեքիրից շատ [ավելի] հզոր Ռուսաստանի դեմ։ Կապովի գժի մի գործ։ Հովհաննես Թումանյանին Վրացյանն ընդունել էր իբրեւ թշնամու եւ տնային բանտարկության էր ենթարկել՝ ասելով, թե նա վհատություն է մտցնում Հայաստանի փրկության կոմիտեի զորքերի մեջ։ «Հայաստանի փրկության կոմիտե»՝ այսպես էր իրեն հորջորջում Վրացյանի այս նոր կառավարությունը։ Ինչպե՞ս էր նա ուզում փրկել Հայաստանը։ Հովհաննես Թումանյանը բերել էր իր հետ Փրկության կոմիտեի օրգան «Անկախ Հայաստանի» մի քանի համարներ եւ երկար ընթերցումներ արավ նրանից։ Ընթերցումներ, որոնք ապշեցուցիչ տպավորություն թողին լսողների վրա։

Վատ թղթամոլի նման ամեն ինչ, նույնիսկ պատիվ տանուլ տված դաշնակցականները փոխանակ Ալեքսանդրապոլի խայտառակ դաշնագրից հետո գետինը մտնելու եւ անհայտանալու՝ հույսները հիմա դրել էին Կարաբեքիրի վրա եւ ուզում էին նրա հետ միանալ ու նրա հետ միասին կռվել Ռուսաստանի դեմ։ Ա՜յս եղանակով պիտի կատարվեր Հայաստանի ազատությունը։ Դաշնակցությունը մեղայական էր կարդում Թուրքիայի առաջ, դատապարտում ու նզովում էր իր ամբողջ անցյալը, իր պապերին ու սրբերին, իր հազարավոր նահատակներին։ «Մենք երեսուն տարի սխալված էինք՝ մեզ թշնամի համարելով օսմանցիությունը, - գրում էր «Անկախ Հայաստանը»,- մինչդեռ մեր իսկական թշնամին ռուսն է եղել, որից ազատվելու համար մենք պիտի միանայինք թուրքերի հետ»։

Հիշողությանս մեջ չի մնացել այդ հոդվածների ամբողջ բովանդակությունը։ Տալիս եմ հիմնական միտքը։ Հիշում եմ՝ մենք չէինք հավատում մեր ականջներին, այնքան զզվելի էին այդ մեղայականների լպիրշ դարձվածքները, այնքան ստոր էր այդ քծնող գետնաքարշությունը։ Երեսուն տարի ապրել իբրեւ հեղափոխական կուսակցություն եւ գալ հասնել այսքան նողկալի ցածության… Մարդու հավատը չէր գալիս, այնքան կոպիտ-շնական էր այս տեսարանը։ Եվ ի՜նչ։ Այս միայն լրագրական տեսություն չէր, այս մի թեորիա չմնաց, այլ, ինչպես իմացանք հետագա հաղորդագրություններից եւ տպված նամակներից, Վրացյանը այդպիսի մի ցնորամիտ առաջարկություն արել էր օսմանցիներին։ Բայց Կարաբեքիրը Վրացյան չէր, նա լավ գիտեր իր երկրի շահերը։ Դաշնակցական շեֆն էր, որ չէր կարողանում ըմբռնել, թե չկա այլեւս մեկը, եւ չի կարող լինել մեկը, որ հավատ ընծայի իրեն եւ իր կուսակցությանը։ Չէր ըմբռնում եւ այն մանավանդ, որ եթե Թուրքիան ազատվել էր վերջնական խորտակումից, այդ միայն շնորհիվ Խորհրդային Ռուսաստանի օգնության էր, օգնություն, որին կարոտ էր Թուրքիան ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ հետո էլ, երկար ժամանակով։ Էլ ի՞նչը պիտի հարկադրեր, որ Թուրքիան հակառակ գնար իր այդ բարերարին։ Դաշնակցության սե՞րը։ Ո՜հ, բայց այստեղ այլեւս ինչպես պահես ծիծաղդ, դառն հեգնական ծիծաղդ…

Թեեւ պատերազմն արդեն ամսից ավելի էր տիրում, բայց պարզ էր, որ Վրացյանի եւ ընկերների դրությունը հուսահատական էր, ուստի եւ հուսահատական էին նրանց ընդունած միջոցները։ Ինչպես հուսահատական էր օսմանցիներին դիմելը, հուսահատական էին եւ ժողովրդին մոլորեցնելու, խաբելու ճիգերը։ Այն ժամանակ, երբ Վրաստանում այլեւս մի հատ դիմադրող մենշեւիկ չէր մնացել, Երեւանում հեռագրեր էին թխվում, թե մենշեւիկները հաղթություններ են տանում, թե նրանց հետ բոլշեւիկների դեմ կռվում են Անտանտի նավերը՝ ռմբակոծելով Սեւ ծովի ափերը։ Միաժամանակ դժբախտ ժողովրդին հուսահատական վճռականություն հաղորդելու համար հավատացնում էին, թե ռուս զինվորներն իրենց հետ ունեն եւ կացիններ եւ այդ կացիններով կոտորում են ժողովրդին, թե Թիֆլիսում այս կերպով ջարդել են 15 հազար մարդ, եւ ամբողջ Բեհբուդյան փողոցն այլեւս գոյություն չունի։ Հովհաննես Թումանյանը պատմում էր, թե այս կացնի սարսափն այնքան մեծ է եղել, որ Աշտարակի կողմից մի քանի հարյուր ընտանիքներ փախել գնացել են, որ Արաքսն անցնեն եւ թուրքերի մոտ ապահովություն գտնեն։

Եվ հասկանալի է, որ երբ Կարմիր բանակի առաջխաղացումներն անկարելի է լինում կանգնեցնել, ամբողջ Երեւանը եւ նրա շրջակա գյուղերը պոկվում են տեղից եւ փախչում Վրացյանի եւ նրա զորքի ետեւից դեպի Զանգեզուր։ Փախչողների ընդհանուր թիվը, ինպես ասում են, հասնում էր 30-35 հազարի։ Մնացած փոքրաթիվ ժողովուրդը տեսավ Կարմիր բանակի մուտքը Երեւան. տեսավ, որ նա կացիններ[402] չունի, ոչ ոքի չի սպանում, ոչ ոքից բան չի խլում։ Եվ հանգստություն ու վստահություն տիրեց կիսով չափ ամայացած երկրում։ Հովհաննես Թումանյանը պատմում էր, թե այդ բանի մեջ մեծ դեր կատարել է Կարմիր բանակի կոմիսար Օրջոնիկիձեն։ Նա դատապարտել է հայ կոմունիստների չափազանցությունները, որոնք դժգոհություն էին պատճառել ժողովրդին, եւ բաց է արել իր մի ճառի մեջ խորհրդային ռեժիմի իսկական պատկերը, որ բոլորովին չի ձգտում խլել ժողովրդից նրա ազգային ինքնուրույնությունը, այլ, ընդհակառակը, լայն հնարավորություն է տալիս զարգացնելու իր մշակութային արժեքները։

Դաշնակցական արկածախնդրությունը հիմա էլ կառչում էր Զանգեզուրի սարերից, որպեսզի այնտեղից պատերազմական գործողություններ սկսի խորհրդային Երեւանի դեմ։ Վրացյանի հույսն այժմ Քյազիմ Կարաբեքիր-փաշայի վրայից թռել էր իրենց [կողմից] չափազանց փառաբանված, բայց վերջը հենց իր՝ Դաշնակցության կողմից դատապարտված «Սյունյաց սպարապետ» Նժդեհի վրա։ Բայց Երեւանում կազմակերպվեց խորհրդային նոր կառավարություն, որի գլուխ անցավ Մոսկվայից նոր եկած եւ կոմունիստական գործիչների շարքերում անուն հանած Ալեքսանդր Մյասնիկյանը, որ մինչեւ այդ հայտնի էր իբրեւ շատ եռանդուն գրական գործիչ՝ Ալ. Մարտունի կեղծանվան տակ։ Նոր խորհրդային կառավարությունը սկսեց մի ուժեղ եւ եռուն գործունեություն, որի նպատակն էր ազատել քարուքանդ երկիրը քաղաքացիական պատերազմի վերջին հետքերից եւ վերականգնել շինարար ու խաղաղ կյանքի ընթացքը։

Առաջին կետին հասնելու համար արշավանք սկսվեց Զանգեզուրի վրա, եւ Նժդեհի զորքերը, անդադար ետ մղվելով, սեղմվեցին Արաքս գետին եւ անցան պարսկական հողը։ Վրացյանն իր ընկերներով շարունակեց իրեն համարել «հայոց կառավարություն» եւ այդ բարձրահնչյուն, բայց միանգամայն անշքացած տիտղոսով նստել Թավրիզում. լավ որ՝ իր հետ Երեւանից փախցրել էր ժողովրդին պատկանող պետական հարստությունները։ ճիշտ միեւնույնն արել էին եւ Վրաստանի մենշեւիկները, եւ Նոյ Ժորդանիայի կառավարությունն էլ ապաստան էր գտել Փարիզի մեջ։

Զանգեզուրը միացվեց Խորհրդային Հայաստանին։ Առանց այն էլ մի լեռնային աղքատ երկիր՝ այն քարուքանդ էր եղել չորս տարիներից ի վեր՝ կտրված լինելով աշխարհից եւ շարունակական կռիվների ասպարեզ դարձած, [այն] այժմ կարող էր միայն ծանր հոգսեր պատճառել Հայաստանի կառավարությանը։ Հարկավոր էին իսկապես հսկայական ջանքեր սովի եւ ավերումների հայրենիք դարձած մի այնպիսի երկրում, ինչպիսին ամբողջ Հայաստանն էր, բնականոն կյանքի նոր ծիլեր տնկելու համար։ Եվ այդ ջանքերին էր, որ ձեռնամուխ էր լինում Ալ. Մյասնիկյանի կառավարությունը։ Նախեւառաջ նա ընդհանուր ներում հայտարարեց, եւ դրանից օգտվելով՝ Պարսկաստան փախած տասնյակ հազարներով մարդիկ հետզհետե վերադարձան խմբերով եւ իրենց աշխատանքները վերսկսեցին։ Սովի ու աղքատության դեմ պատերազմ էր սկսվում, եւ այդ բանի մեջ Հայաստանին եղբայրական օգնություն էին հասցնում հարեւան խորհրդային հանրապետությունները (Ադրբեջան եւ Վրաստան), բայց մանավանդ Ռուսաստանը, որ թեեւ ինքն էլ սաստիկ նեղված էր մեծ սովից, բայց եւ այնպես, միջոցներ էր գտնում լիաբուռն բաժիններ հանելու իր փոքրիկ եղբորը։ Հացի, շաքարի, նավթի, կտորեղենի պաշարներ էին մտնում Հայաստան։ Ամերիկական բարեգործությունն առաջվա պես ահագին օգնություն էր հասցնում որբերի եւ այրիների երկրին։

Ուտեստի ու հագուստի հոգածության հետ եւ նրանից ոչ պակաս չափերով հոգացվում էր եւ հոգեւոր մշակույթի կարիքը։ Լուսավորության կոմիսար Աշոտ Հովհաննիսյանը սկիզբ էր դնում գրքերի, դպրոցական պիտույքների այն մեծամեծ գնումներին, որոնք խոշոր գումարներ էին կլանում, բայց փոխարենը լցնում էին Երեւանը գրքերի, գործիքների, գեղարվեստական արտադրությունների անհուն հարստություններով։ Այդ գործը մեծ եռանդով շարունակում էր նրա հաջորդը՝ Պողոս Մակինցյանը, որի մեծ ջանքերի շնորհիվ Մոսկվայից Երեւան էին փոխադրվում Լազարյան ճեմարանի հարստությունները, Էջմիածնի ձեռագրերն ու թանգարանը։ Այնպես որ, Երեւանում հետզհետե իրար ետեւից հրաշքի պես բսնում էին այնպիսի խոշոր հիմնարկություններ, որոնց մասին մինչեւ այդ մտածել անգամ չէր համարձակվել այդ դժբախտ քաղաքը՝ հանրային մեծ գրադարան, մեծ պատկերասրահ, թանգարան, պետական թատրոն՝ մշտական ներկայացումներով, համալսարան՝ բժշկական ֆակուլտետով եւ այլն, եւ այլն։

Հիշատակեմ, վերջապես, եւ ամենապատվավոր հանգամանքը. Հայաստանի կառավարությունն առաջինն էր Աշոտ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ, որ կենսաթոշակ էր հատկացնում հայ վաստակավոր գրողներին, գեղարվեստի գործիչներին, դերասաններին։ Կառավարության մյուս ճյուղերն էլ իրենց ձեռնահասության շրջանում կատարում են կարեւոր աշխատանքներ՝ երկրի տնտեսական կարողությունը մեծացնելու համար։ Այս կողմից նշանավոր են մանավանդ հողագործության կոմիսարիատի (կոմիսար Արամայիս Երզնկյան) ջանքերը՝ գյուղատնտեսությունը զարգացնելու համար։ Ամենամեծ ուշադրություն գրավողը ոռոգման գործն է, որ Հայաստանի համար իսկապես կյանքի եւ մահվան հարց է։ Եվ Հայաստանի խորհրդայնացման սկզբից ծայր է առել ջրանցքաշինական մի եռանդ, որի նմանը Արարատյան նահանգը գուցե չի տեսել ուրարտական շրջանից ի վեր։

1921 թվականի օգոստոսին, ասել է՝ հազիվ չորս ամիս անցած այն օրից, երբ Դաշնակցությունը վերջին անգամ թոթափեց իր ոտքերի փոշին Երեւանում եւ գնաց իր ախ ու վաշերով օտար հորիզոնները լցնելու, ես առիթ ունեցա Երեւան գնալու։ Եվ ի՜նչ նմանություն անցյալ տարվա տեսածիս՝ հենց Թիֆլիսից սկսած։ Արդեն Կովկասյան Դաշնության (ֆեդերացիայի) հիմքերն էին դրվում. հաղորդակցության ճանապարհները միացված էին, ներքին մաքսատները՝ վերացված։ Մեր երկաթուղին առաջվանը չէ այլեւս։ Անցնում ենք Սադախլոն, անցնում ենք Սանահինը, անցնում ենք Քոլագերանը, ամենքն էլ սովորական կայարաններ են եւ ոչ թե առաջվա տանջարանները։ Սահմանագլխային մղձավանջը վերացել է, ի՜նչ բախտ մանավանդ տեղային ազգաբնակչության համար։ Փոխված է նաեւ դաշտային տեսարանը Հայաստանում։

Գյուղացին այլեւս հրազենով չի գնում դաշտ՝ իր մանգաղն ու մաճը աշխատեցնելու համար։ Էջմիածնի կայարանում այլեւս թնդանոթներ չկան։ Ուլուխանլուն այլեւս թշնամի երկիր չէ։ Ամեն տեղ խաղաղ աշխատանքի հնարավորություն է տրված լիուլի։ Հայ ու թուրք իրար հանդիպում են, իրար հետ խոսում են, աշխատանք են կատարում, բայց արդեն ո՛չ սպանություն, իրար մորթելու աշխատանք։ Երկիրը յոթ տարուց ի վեր կարոտել էր շինարար աշխատանքի եւ այժմ աշխատում էր անհագ, ագահորեն։ Բայց դեռ շատ էին անցյալի արյունոտ ժառանգության մնացորդները։ Դեռ սոված ու մերկ մարդիկ շատ կային, դեռ անխնամ մնացած որբերը թափառում էին փողոցներում։ Կնքվեց Կարսի դաշնագիրը, որ վերահաստատեց Ալեքսանդրապոլի դաշնագրի սահմանները, եւ մենք զրկվեցինք նույնիսկ Անիից։

Փոքր էր Հայաստանը, այո՛, բայց ամրացվում էր, ապահովագրվում դժբախտ պատահարներից։ Առաջին ապահովությունն այն է, որ նրա սահմանների վրա նորից կանգնած է ռուս զինվորը։ Հետո գալիս է կոմունիստական կուսակցության խոշոր, ուղղակի հրաշալի գործը՝ Կովկասյան Ֆեդերացիան։ Կարելի՞ էր երեւակայել մենշեւիկի, մուսավաթականի, դաշնակցականի ժամանակ մի այսպիսի բան, որ թուրքը, հայը եւ վրացին ունենան միեւնույն տնտեսական եւ արտաքին քաղաքականությունը՝ համերաշխության եւ փոխադարձության սկզբունքների վրա դրված։ Ասիական հողի վրա դրված այս մեծ, աննախադեպ հիմնարկությունը ֆեդերատիվ կենտրոն դարձրեց Թիֆլիսը, եւ Ալեքսանդր Մյասնիկյանն այնտեղ տեղափոխվեց՝ ավելի բարձր պաշտոնով, իսկ Հայաստանի կառավարության գլուխ անցավ Ս. Սրապիոնյանը (Լուկաշին), որի ղեկավարությամբ Հայաստանի վերաշինության գործը շարունակվում է նախկին եռանդով մինչեւ այսօր։

Անդրկովկասյան [այս] դաշինքով Հայաստանը պատյանավորվում էր մի անգամ եւս, եւ այս անգամ՝ վերջնականապես։ Իր ֆեդերացիայի հետ միասին նա դարձել է անդամ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության, որ բովանդակում է իր մեջ ամբողջ Ռուսաստանը։ Եվ ներկայումս նա պատիվ ունի [լինել] մեկն այն քաղաքական կազմակերպություններից, որոնք, չնայած իրենց փոքրության, անխոցելի են, քանի որ նրանց պաշտպանության համար կանգնած է 100 միլիոն ազգաբնակչություն ունեցող Ռուսաստանը։
Բայց այս արդեն այժմեություն է, չի կարող մտնել իմ հիշողությունների մեջ։

Գ

Այսպես գոյացավ Խորհրդային Հայաստանը եւ իր ձեռքն առավ հայ ժողովրդի այն հատվածի ճակատագիրը, որ նստած է իր պատմական հողի վրա։ Խորհրդային իրականությունը ժխտումն է բոլոր հին իրականությունների։ Եվ նրա սկզբունքներն իրականացնելու համար հայ ժողովուրդը պետք ունի վերադաստիարակչական մեծ գործ կատարելու։ Հին խոսք է, թե առաջադիմության համար հարկավոր է ոչ միայն շատ բան սովորել, այլեւ շատ բան մոռանալ։ Մոռանալն առհասարակ ծանր աշխատանք է։ Բայց հայ ժողովրդի վերադաստիարակության համար մի շատ խոշոր եւ վերին աստիճանի կարեւոր մոռացում պատրաստված է երեք տարիներից ի վեր տեղի ունեցող քստմնելի դեպքերով, որոնք ամենազարհուրելին են հայ ժողովրդի զարհուրելի ճակատագրի մեջ։

Այս դեպքերով խորտակվեց հայոց ազգային ֆետիշը, որ հայի բոլոր թշվառությունների պատճառն է եղել, այն է՝ կապիտալիստական Եվրոպայի պաշտամունքը։ Կոմունիստական պրոպագանդային շատ դժվարությամբ պիտի հաջողվեր սոսկ քարոզներով հայի քթից դուրս հանել այն հին Մողոքի մուխը, եթե հենց ինքը՝ Մողոքը՝ [այդ] գարշելի պաշտամունքը, իր կողմից գործադրած չլիներ ամեն ջանք ու աշխատանք։ Ահա՛ ինչպես կատարվեց այդ գործը։

Ես արդեն ասացի, որ Սեւրի դաշնագրով իմպերիալիստական Անտանտը դրել էր հայերին այնպիսի մի բարձրության վրա, ուր նրանք երբեք չէին եղել։ Բայց Սեւրի դաշնագիրը վերաբերվում էր Մերձավոր արեւելքին, իսկ այդ Արեւելքը միշտ եղել է արեւմուտքցիների շահադիտական նիմֆոմանիան[403] գրգռող։ Ամենից առաջ այս ընկնավորությամբ բռնվեց բանկիրների եւ բորսայականների Ֆրանսիան, այսինքն նրա կառավարությունը։ Սե՞ւրը, այո՛… Թուրքիան ոչնչացած է… Բայց կարելի՞ է ապրել առանց թուրքի, որ այնքան հլու եւ անհաշվագետ հարկատուն էր եղել մինչեւ այժմ… Եվ շահամոլությունը շտապեց թքել իր սեփական դեմքին, իր սեփական ստորագրության վրա։ Պետք է փոխել-փոփոխել Սեւրը։ Անգլիան հակառակ է այդ բանին, որովհետեւ մեծագույն օգուտները Սեւրի դաշնագրից ինքն էր ստանում։

Թուրքիայի մեջ մի ուժ էր մնացել՝ Մուստաֆա Քեմալ-փաշան. Անգլիան նրան ոչնչացնել է ուզում հույների ձեռքով, որոնց զինել է եւ պատերազմի հանել Զմյուռնիայի պատճառով։ Ֆրանկո-անգլիական մրցակցությունը սաստկանում է։ Ֆրանսիացիները վճռում են ուժեղացնել Մուստաֆա Քեմալին, որպեսզի նա հաղթի հույներին եւ դրանով ֆրանսիական շահերին նպաստող դրություն ստեղծի։ 1921թ. հոկտեմբերին ֆրանսիական կառավարության լիազոր Ֆրանկլեն Բույոնը[404] գնում է Անկարա եւ գաղտնի պայմանագիր կապում Քեմալի հետ, որով Ֆրանսիան Թուրքիային է վերադարձնում Կիլիկիան, սահմանների նոր որոշում կայացնում Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ, Թուրքիայից ստանում կոնցեսիաներ, Մուստաֆա Քեմալին տալիս զենք, հագուստ, ռազմամթերք եւ զինվորական այլ պատկանելիքներ…

Սեւրի դաշնագիրն արդեն պատռված էր։ Եվ հայերն ընկնում էին այն բարձունքներից, ուր նրանց դրել էին այդ դաշնագիրը ստորագրողները. ընկնում էին եւ ջախջախվում։ Կիլիկիայի անակնկալ հանձնումը Թուրքիային՝ սարսափի էր մատնում նրա ամբողջ հայությանը, եւ 120 հազար հոգի փախչում էին նավերը, ցրվում աշխարհի բոլոր կողմերը կամ մնում նավերի ու նավակների վրա։ Երբ Ահարոնյանը դիվանագետի շողոքորթ լեզվով գնում էր վարչապետ Արիստիդ Բրիանի մոտ, սա շնական վեհանձնությամբ պատասխանում է, թե ինքը կարգադրություն է արել, որ հայ փախստականներին ընդունեն…

Սիրիայում։ Հիշեցե՛ք այս իսկ Բրիանին 1915-ին՝ հայկական կոտորածների ժամանակ, թե ի՛նչ խոստումներ էր անում եւ ի՛նչ լեզվով էր խոսում։ Հիշեցե՛ք հայասիրական հանդեսները, Անատոլ Ֆրանսին… Ո՛չ ոք, ո՛չ ոք դուրս չեկավ բողոքելու այս՝ արդեն ոչ թե թուրքական, այլ ֆրանսիական բարբարոսության դեմ… Հայերը կատարելապես լքված էին։ Նրանց արյան վրա այս վերջին վաճառքն էր, որ կատարում էր Ֆրանկլեն Բույոնը… Լուռ ու անտարբեր մնաց եւ Ամերիկան, թեեւ այնտեղ գոյություն ուներ նույնիսկ Հայաստանի անկախության ընկերություն, որի ղեկավարները ամերիկյան հայտնի պետական մարդիկ էին։ Ձայն-ծպտուն չհանեց նաեւ արդեն նախագահությունից ընկած Վիլսոնը։ Եվ սակայն, որքա՜ն վնասներ տվեց նա հայերին իր անպտուղ հայասիրությամբ[405]։ Սեւրի դաշնագրով տրված իրավունքով նա գծագրեց Հայաստանի սահմանները (գցելով նրանց մեջ եւ Տրապիզոնը) եւ դրանով որքան գրգռեց[406] թուրքերին հայերի դեմ։

Ալեքսանդր Խատիսյանը ներկայացավ Ֆրանկլեն Բույոնին եւ հարցրեց, թե մի՞թե Ֆրանսիան լքում է Հայոց հարցը։ «Մենք սրիկաներ չենք,- պատասխանել էր նա, - որ լքենք հայերին, նրանց հարցը մնում է եւ կապ չունի Կիլիկիայի հետ»։ Հետագա դեպքերը ապացուցեցին, որ նրանք իսկապես սրիկաներ էին, որովհետեւ բոլորովին լքեցին հայերին։ Երբ ֆրանսիացի մի խումբ հասարակական եւ պետական գործիչներ դիմեցին Բրիանին հաջորդած Պուանկարեին եւ խնդրեցին պաշտպանել Հայոց հարցը, նա պատասխանեց աներեւակայելի շնականությամբ (ցինիզմով). «Հայերը մեզ դաշնակիցներ են եղել, նրանց հարցը մենք կհանձնենք Ազգերի լիգային»։ Վիլսոնի հղացած, բայց այլանդակ վիժմունք դարձած այս հիմնարկությանը՝ Ազգերի լիգային, որ նույն ուժեղների, նույն Անգլիայի, Ֆրանսիայի ստրուկն էր։ Եվ ի՞նչ պատասխաներ նա, որ լավ լիներ։ «Հայոց հարցը,- ասաց,- քաղաքական հարց չէ, այլ բարեգործության հարց, իսկ մենք դրամական միջոցներ չունենք»։ Ահա՛ վերջիվերջո ինչ լեզու էր բանեցնում եվրոպական բուրժուազիան՝ ի՜նչ քաղաքական պահանջ, ի՜նչ հայրենիք, ի՜նչ դես, ի՜նչ դեն, մի քանի գրոշ կհասներ ձեզ ողորմություն, այն էլ չկա գրպանումս… հայդե՜։
1878 թվականից մինչեւ այս չարչիական թուքը… Համեցե՛ք…

Իսկ ինչպե՞ս էր Անգլիան։ Անգլիան սաստիկ զայրացավ Ֆրանկլեն Բույոնի կնքած պայմանագրի առիթով, բողոքեց նրա դեմ, բայց մի՛ կարծիք, թե այդ շանթերից եւ ամպրոպներից նույնիսկ մի հյուլե որեւէ հարաբերություն ուներ Կիլիկիայի հայության հարցի հետ։ Իսկ Սեւրի դաշնագրով գոյություն առած Հայաստանն էլ արդեն Անգլիայի պետական մարդկանց համար դարձել էր մի եղջերվաքաղ (քիմեր)[407]։ Լլոյդ Ջորջը Համայնքների պալատում Հայաստանի անունը տալիս էր հեգնական ժպիտով։ Իսկ արտաքին գործերի մինիստր Քերզոնը պարզապես ասում էր, թե հայերին չի տրվի այն ամենը, ինչ նշանակված է Սեւրի դաշնագրում, այլ միայն մի «ազգային օջախ», [որի] էությունը մնում էր անորոշ։ Սա ցույց էր տալիս, որ անգլիական կառավարությունը որոշել էր քեմալական Թուրքիային բավարարություն տալ ի հաշիվ Հայաստանի։

Եվ արդյո՞ք պետք կա զարմանալու անհատների վրա, մի Քերզոնի, մի Լլոյդ Ջորջի վրա, երբ ամբողջ բուրժուական հասարակությունը ներկայացնող պառլամենտը, այն էլ այնքան գովված ու փառաբանված անգլիական պառլամենտը բարոյական ավելի մեծ արժեք չէր ներկայացնում, քան բոլոր այդ ստախոս ու խաբեբա բույոնները, բրիանները, պուանկարեները եւ բոլոր ուրիշները։ Ինձ մոտ բոլորովին պատահաբար մնացել է Կ.Պոլսի հայերեն թերթերից մեկը, ուր կա անգլիական պառլամենտի 1921թ. դեկտեմբերի 21-ի նիստի նկարագրությունը։ Խոսվում է Կիլիկիայի հայերի դրության մասին, մտցվում է առաջարկ, որ հայերը զոհ չդառնան ֆրանկո-թուրքական համաձայնության եւ պաշտպանված լինեն կոտորածից։ Տեղի ունեցած խոսակցություններից բերում եմ երկու կտոր։

«Այս առաջարկին վրա լորդ Ռոբերտ Սեսիլ ըսավ. «Պատերազմի պահուն թուրք կառավարությունը հայոց ազգին օժանդակության դիմեց՝ ըսելով, որ երբ այն բանը ընե, արժանի պիտի ըլլա ինքնավարության։ Հայերը ինքզինքնին դաշնակիցներու կողմնակից համարելով, մերժեցին այդ առաջարկը։ Ահա այս մերժումին վրա էր, որ ջարդելու ենթարկվեցան։ Պատերազմի պահուն մենք քանիցս հանձնառու եղած էինք Հայաստանի անկախությունն ընել մեր հաշտության պայմաններեն մին»։
[Այնուհետեւ] երեք տող ջնջված։

«Գաղթային նախարար մր. Չեմբերլեն[408]. «Հայոց եղած հալածանքներուն եւ վայրագությանց հանդեպ զզվանք կը զգանք եւ այդ պատճառավ իսկ կը պարսավենք թուրք վարչությունը։ Մյուս կողմե՝ հարմար չէ, որ անգլիացի նախարարի մը իբր մտադրություն ըսած մեկ խոսքը իբր հանձնառություն մեկնվի։ Վարչապետը Թուրքիո առաջարկվելիք հաշտության պայմաններուն մեջ Հայաստանի ազատության եւ ապահովության մասին խոսած ըլլալով՝ ասիկա կը նկատեն Անգլիո կողմեն հանձնառություն մը։ Լորդ Սեսիլ այս մասին խոսած պահուն ըսավ, որ հայերը ասիկա նկատած են հանձնառություն մը, եւ եթե այսպիսի հանձնառություն մը չգտնվեր, հայ ազգը այժմ իր ենթարկված վտանգին ենթարկված չպիտի ըլլար։ Ես լորդ Սեսիլի այս կարծիքը ճիշտ չեմ գտներ… Նախարարի մը բերնեն ելած ամեն խոսք չի կրնար անգլիական կառավարության համար հանձնառություն նկատվիլ»[409]։

Եվ պառլամենտը, այսինքն՝ իբր թե ամբողջ անգլիական ազգը լուռ համաձայնությամբ ընդունեց այս բացարձակ անհեթեթությունը՝ լոկ դեն շպրտելու համար իրեն [համար] զոհված մի փոքրիկ ու թշվառ ժողովրդի։
Ինչպե՜ս չկրկնել Լենինի խոսքերը՝ «բուրժուական հասարակության ծախու եւ փտած պառլամենտարիզմ»…

Այնուհետեւ բանը գնում է անգլիական պառլամենտի հավանած կարգով։ 1922-ի աշնանը Մուստաֆա Քեմալը ջարդում է դժբախտ հույներին, եւ Անգլիան շտապում է իսկույն եւեթ վաճառել իր այդ զոհերին, որոնց նա ինքն էր զինել ու կրակի մեջ նետել։ Զմյուռնիայի հույն ազգաբնակչությունը եւ հայ գաղութը ոչնչանում են։ Նորից փախստականներ՝ հարյուր հազարներով, նորից տագնապ ու թշվառություն, իսկ անգլիական եւ ֆրանսիական հոյակապ նավերը կանգնած են ծովեզրյա ջրերում եւ սարսափից խելագար դժբախտներից ո՛չ մեկին, ո՛չ մեկին օգնություն չեն անում, չեն փրկում…

Այսպիսով Ֆրանսիան հաղթություն է տանում Անգլիայի վրա Արեւելքում։ Զինադադարի պայմանները որոշվեցին, Սեւրի դաշնագիրը հայտարարվեց ոչնչացած։ Նոր դաշնագիր կնքելու համար կոնֆերանս հավաքվեց Լոնդոնում։ Ահարոնյանը գնաց այնտեղ, բայց նրան այլեւս չընդունեցին իբրեւ դաշնակցող կողմ, ինչպես Սեւրում էր։ Հայաստանի հարց [այլեւս] չկար։ Ձեւը փրկած լինելու համար լորդ Քերզոնը խոսեց «հայկական օջախի» մասին, մի քանի ծամծմած, ապուշ բաներ ասաց։ Նույնիսկ այդ թշվառ գաղափարը ո՛չ ոքի կողմից պաշտպանություն չգտավ, Պուանկարեն էլ Բրիանի նման վաճառել էր «մեր դաշնակիցներին»։ Երբ Քերզոնը «հայկական օջախի» մասին էր ճառում, թուրքական պատվիրակը վեր կացավ եւ մեծ դժգոհությամբ դուրս գնաց՝ դուռը իր ետեւից սաստիկ խփելով։ Բրիտանական առյուծը փախուստի դիմեց, եւ ամեն ինչ վերջացավ։ Հայերի մասին այլեւս ո՛չ մի խոսք…

Ասում են, 700 հազարից պակաս չէ այն հայերի թիվը, որոնք փախան Կիլիկիայից, Զմյուռնիայից ու նրա շրջակայքներից, Մարմարա ծովի եզերքներից եւ Մուստաֆա Քեմալ-փաշայի ձեռքն անցած այլ տեղերից։ Այս բազմությունը ցաքուցրիվ է ընկել բոլոր հինգ աշխարհամասերում եւ այժմ ենթարկված է սուլթանական լծից էլ ավելի դժնդակ վիճակի։ Նրան արհամարհում են, հալածում են ամեն տեղ, ամեն կերպ խանգարում են, որ չկարողանա մի կտոր հաց աշխատել։ Ֆրանսիան Աֆրիկա է քշում իր հողի վրա կանգ առնող հայերին՝ գաղութներում ստրուկների պես աշխատեցնելու համար։ Անգլիայում հայ վաճառականներին արգելվում է գործակատարներ վերցնել փախստական հայերին։ Այսպես մեռնում եւ լուծվում է այդ 700 հազարանոց բազմությունն էլ…
Այժմ Թուրքահայաստան չկա։ Նա դարձել է մի վիթխարի գերեզման, որի վրա հավիտենական արձանագրված է՝ «Եվրոպայի զոհը»…

Քեմալական Թուրքիան Լոզանից վերադարձավ հաղթականի հովերով։ Ինքը՝ Քեմալը, մի ճառի մեջ պարծենում էր, թե չկա այլեւս մեծ Հայաստան։ Այո՛, դա գաղտնիք չէ, Եվրոպան զոհեց Հայաստանը՝ թուրքերին գոհացնելու համար։ Բայց [Թուրքիայի համար] մխիթարությու՞ն է այս՝ Եգիպտոսը, Արաբիան, Պաղեստինը, Սիրիան եւ Միջագետքը կորցնելուց հետո։ Հայաստան չկա, բայց ի՜նչ է մնացել նախկին Թուրքիայից. Կ.Պոլիսն անգամ պաշտպանված սեփականություն չէ, որովհետեւ նեղուցները գտնվում են իրապես Անգլիայի եւ Ֆրանսիայի ձեռքին։ Ո՛չ, ինչու՞ պարծենալ։ Ավելի լավ չէ՞ ճշմարտությունը բաց անել, այն՝ որ Հայաստանն էլ, Թուրքիան էլ Եվրոպայի զոհերն են…




ՎԵՐՋԱԲԱՆ

Ես վերջացրի։
Վերջացրի այն մեծ աղետով, որ իր նմանը չունի մարդկային տարեգրությունների մեջ նոր ժամանակներում։ Այդ այն աղետն է, որ ոչնչացրեց հայ ժողովրդի խոշոր մի մասը, կեսը համարյա, քարտեզից քերեց նրա պատմական բնակավայրի մեծագույն մասը։ Տարերային աղետ, որ միմիայն մի անուն ունի՝ Եվրոպա։ Խորտակված է ամեն ինչ, եւ խորտակված է ամենից առաջ այն ամենը, ինչով ապրում էինք մենք մինչեւ երեկ։ Մինչեւ երեկ մեր առջեւ բացված ճանապարհները խցված ու անհետ կորած են միլիոնավոր դիակների լեռների տակ, մեր շինությունների ահռելի եւ ապաժույժ փլատակների տակ։

Բայց հայ ժողովուրդը, ինչքանը որ ազատվել է խորտակումից, պիտի նորից ապրի։ Նրա համար այլեւս վերադարձ չկա դեպի երեկվա դրությունը, երբ նա պարզապես նշանակում էր մի ժողովուրդ, որին կարելի էր կոտորել անթիվ ու անհաշիվ, ինչպես ոչխարների։ Երեկը գնաց, կորավ անդառնալիորեն, փակեց եւ կնքեց մեր պատմության մի ամբողջ շրջանը՝ անեծքի դրոշմ ճխտելով նրա վրա։

Այսօր… Նորից պետք է սկսել ապրել, եւ ապրել ոչ միայն նորից, այլեւ նորովի։ Մեր խցված ու անեծքով խափանված ճանապարհների փոխարեն պիտի բացվեն նորերը։ Ծանր աշխատանք է, երկար աշխատանք է, ժայռեր պետք է շտկել, նրանց կրծքերի վրա արահետներ գծել։ Բայց նրանք կտանեն մեզ ուրիշ հովիտներ, ուր մենք կտեսնենք մեզ ուրիշ դրության մեջ։
Մինչեւ այժմ մենք հախուռն, անզգաստ «կայծողներ» էինք, ուզում էինք մենակ մեզ համար բախտ շինել, հոխորտում էինք մեր կուլտուրայով եւ նրանից իրավունք ստացած էինք մեզ համարում մեր շրջապատից բարձր լինելու, ամենքի վրա տիրելու։ Երեկվա այս իրականությունը կորավ մեր խորտակման անդունդի մեջ։ Այսօր մենք տարվում ենք մի նոր աշխարհ, ուր մեզ ցույց են տալիս մեզ պատշաճ տեղը գործակից եւ աշխատակից ժողովուրդների շարքում՝ միասին, ընդհանուր ուժերով ընդհանուր ազատության համար։

Այսուհետեւ այս է միակ հնարավորը, միակ արդարն ու խելացին։ Այս րոպեիս մենք արդեն շատ նախապաշարմունքներից ենք ազատագրվել։ Գիտե՞ք, օրինակ, ի՛նչ ահագին բան է, որ մեր ֆետիշը վերջնականապես ջարդվել է մեր ոտքերի տակ, եւ մեզ խորին զզվանք է միայն պատճառում ոչ միայն իր ներկայով, այլեւ իր անցյալով։ Եթե կամենում եք, այս մի մեծ նվաճում է, թեեւ մենք այն ձեռք ենք բերել մեր ժողովրդի կեսը զոհ տալով։ Մենք սովորում ենք հասկանալ, որ մի Նիկոլայ ցար, մի Բրիան, մի Դեշանել, մի Պուանկարե, մի Սոլսբերի, մի Լլոյդ Ջորջ, մի Քերզոն ոչ մի բանով լավ չեն մի Աբդուլ-Համիդից, մի Մուհամմեդ Հինգերորդից, մի Թալեաթ-փաշայից, մի Էնվեր-փաշայից կամ մի Ջեմալ-փաշայից։ Շարունակենք բուժվել ուրիշ նախապաշարումներից եւս, եւ մենք շատ կհեշտացնենք ապագայի մեր աշխատանքը։

Արեւելքը մի հատ մեծ դժբախտություն ունի՝ կրոնները։ Եթե մի օր նա ազատվի այդ հազարդարյա մղձավանջից, եթե մի օր նա ջախջախի իր վզին փաթաթված այդ հին ստրկության շղթաները, այն ժամանակ նրա բոլոր ազգերն իրար գիրկ կընկնեն, վերջապես կհասկանան, թե իրենց թշնամիները մի մտացածին Յահովե չէ, մի Քրիստոս չէ, մի Ալլահ չէ, ոչ էլ մի Ահուրա-Մազդա կամ Մելեք-Թաուզ, այլ այն մակաբույծները, որոնք ապրում են իրենց արյունով եւ հյութերով։ Այն ժամանակ Արեւելքը կերթա ողջագուրելու Արեւմուտքը։ Մենք նորից կհանդիպենք Եվրոպային միջազգային լայն պողոտայի վրա։ Բայց այդ արդեն մակաբույծների Եվրոպան չի լինի, այլ աշխատանքի Եվրոպան։ Իրենց գահերից սանդարամետ ուղարկված կլինեն բրիանների, քերզոնների նման արյան սովդաքարները, եւ աշխատանքն ամեն տեղ կունենա հաղթանակող մի դեմք, մի ձայն, մի հոգի։

Ինձ քիչ կյանք է մնացել։ Բայց քանի բերանումս լեզու կա, կուզեի, որ հայ ժողովուրդն ամուր ու անսասան կանգնած լիներ այդ ճանապարհին աշխատավորների հետ, ինքն էլ աշխատավոր, աշխատանքի անպարտելի հերոս։