17.6.11

N 3 (16) (2010)

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ԻՍԿ ՕՂԱԿԸ ՍԵՂՄՎՈՒՄ Է

Տարիներ առաջ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման փաստերն այդ երկրի իշխանությունները պատճառաբանել են «ղարաբաղյան խնդրի» առկայությամբ։ Այսինքն՝ Ադրբեջանում չկա խոսքի ազատություն, ոտնահարվում են այդ երկրի քաղաքացիների իրավունքները, որովհետև «Ղարաբաղի հարցը» լուծված չէ (նկատի ունեն իրենց՝ ազերիների օգտին)։
Օրեր առաջ նույն «մարգարեությունը» լսեցինք նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի շուրթերից։ Վերջինս հայտարարել է, որ ԱՄՆ-ն ամեն ջանք գործադրում է Ղարաբաղի հակամարտության լուծման համար։ «Մենք կարծում ենք, որ եթե հակամարտությունը կարգավորվի, մարդու իրավունքների ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներ նույնպես կլուծվեն»,- ասել է նա՝ նկատի ունենալով մարդու իրավունքների ոլորտում առկա իրավիճակը թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում։

Ստացվում է, որ մեղավորը Ղարաբաղի չլուծված խնդիրն է, որի պատճառով վերոհիշյալ երկրներում քաղբանտարկյալներ կան, լրագրողների կողերը պարբերաբար ջարդում են... Նույնն է թե՝ այդ երկրներում հայտարարեն. «Մեր կանայք շարունակ դավաճանում են, քանզի «ղարաբաղյան հարցը» լուծված չէ»։ Կամ՝ մկներն ու զանազան այլ վնասատուները խժռում են մեր արտերը, գողությունները, սպանության դեպքերը հաճախացել են, որովհետև «Ղարաբաղի հարցը» լուծված չէ...

Զավեշտն այն է, որ մինչ Արցախի «պատճառով» Ադրբեջանում ու Հայաստանում «մարդու իրավունքների ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներ կան», նույն այդ մարդու իրավունքների հարցում Արցախում իրավիճակը, համենայն դեպս, մի քանի անգամ ավելի բարվոք է։
Իսկ գո՞ւցե ԱՄՆ պետքարտուղարն այդ հայտարարությունը հատուկ մեր տարածաշրջանի համար է արել՝ իր աչքի առաջ ունենալով կովկասյան երկրների քաղաքական գիտակցության մակարդակը։ Հայտարարությունը՝ հայտարարություն, բայց ցավն այն է, որ նման հայտարարությունները ենթադրում են ծրագրեր, կոնկրետ գործողություններ, որոնք ամենից առաջ շոշափում են Արցախի, տեղի բնակչության կենսական շահերը։ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման» անվան տակ այսօր բանակցասեղանի վրա են «մադրիդյան նորացված սկզբունքներ» կոչվող այնպիսի փաստաթղթեր, որոնք կյանքի կոչելը նշանակում է Ղարաբաղի հայաթափում, Արցախի վերջի սկիզբ...

Եթե Արևմուտքի խաղաղարարներին այդքան շատ է մտահոգում մեր տարածաշրջանի խաղաղությունը, ապա պիտի հասկանան, որ այդ խաղաղությանը սպառնացող ամենամեծ վտանգը ադրբեջանա-ղարաբաղյան ճակատում հաստատված ուժերի հարաբերակցության խախտումն է։ Հայկական զինուժի դուրսբերումը, ազատագրված տարածքների վերադարձը կտրականապես կփոխի ուժերի հարաբերակցությունը։ Իսկ եթե դրան հավելենք նաև «մադրիդյան սկզբունքների» այն կետը, որ ենթադրում է ազերի փախստականների վերադարձ, ապա դրանից հետո այլևս պետք էլ չէ, որ Ադրբեջանը հարձակվի անպաշտպան դարձած Ղարաբաղի վրա, քանզի այդ պայմաններում Արցախում այլևս հայ չի մնալու... Եվ «խաղաղարար» միջնորդների անցկացրած նոր հանրաքվեին մասնակցելու են միայն Ղարաբաղ վերադարձած ազերիները...

Ու այս ամենի մեղավորն առաջին հերթին մենք ենք՝ մեր տհաս քաղաքագետներով, գետնաքարշ դիվանագիտությամբ, ստրկամիտ մտավորականությամբ և համաժողովրդական խորհրդավոր լռությամբ։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ


Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ

20-րդ դարի սկզբներին՝ թուրքերի, իսկ նույն դարի վերջերից հայ ղեկավարների ջանքերով Հայրենիք հասկացությունը հայերիս համար աստիճանաբար դառնում է վերացական ինչ-որ բան:

Սա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քարտեզն է՝ ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված տարածքներով։ Բոլոր նրանք, ովքեր խոսում են ազատագրված հողերը հանձնելու մասին, ոտնահարում են ոչ միայն մեր Սահմանադրությունը, այլև Արցախի ժողովրդի արժանապատվությունը։

ՀՀ նախագահի՝ սիրիական «Al Watan» թերթին տված հարցազրույցում հայտնած միտքը, թե «Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանները» որպես փոխզիջում պիտի վերադարձվեն Ադրբեջանին, դժգոհությունների տեղիք է տվել։ Կարծես ՀՀ իշխանությունները նոր-նոր են անտեսում ու արհամարհում արցախցիների կարծիքն ու իր հողում ապրելու իրավունքը։
Հայկական մամուլում հաճախ են հրճվանքով հայտնում, որ արտասահմանյան այս կամ այն նշանավոր կազմակերպություններն իրենց կայքում Ղարաբաղը ներառել են Հայաստանի կազմում, որը հիստերիա է առաջ բերել Ադրբեջանում։ Արտասահմանյան շատ կայքեր Արցախը դիտում են որպես անկախ պետություն։ Դա անկասկած ուրախալի է մեզ համար։ Բայց այսպիսի մի հարց տանք ինքներս մեզ. հայաստանյան քանի՞ հեռուստաալիք է ԼՂՀ-ն ներկայացնում Սահմանադրությամբ ամրագրված փաստացի սահմաններով։ Գրեթե բոլորը ներկայացնում են նախկին ԼՂԻՄ-ի քարտեզը՝ առանց ազատագրված հողերի։ Եթե փաստենք, որ հանրային կամ այլ անվանումներով այդ հեռուստաալիքները լիովին իշխանամետ են, մեզ համար վաղուց պարզ պիտի լիներ, որ ՀՀ թե՛ այս և թե՛ նախորդ իշխանությունները ԼՂՀ-ն պատկերացնում են միայն ԼՂ ինքնավար մարզի տարածքով։

Դրան հավելենք նաև, այն, որ «մադրիդյան սկզբունքների» վերաբերյալ հակառակ Արցախից հնչող մերժողական կարծիքին, ՀՀ իշխանությունները, այսպես կոչված, բանակցություներում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը փորձում են «կարգավորել» հենց այդ սկզբունքներով, որում ներառված բոլոր կետերն ի վնաս Արցախի են և ենթադրում են Ղարաբաղի հայաթափում։ Այդ կետերից մեկն էլ հենց վերաբերում է ազատագրված հողերը հակառակորդին հանձնելուն...

Այնպես որ՝ զարմանալի ոչինչ չկա այն բանում, որ ՀՀ նախագահը Արցախի ժողովրդի հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ ամրագրված հողերը կազմ ու պատրաստ ուզում է հանձնել ԹՇՆԱՄՈՒՆ։
Հայաստանի թե՛ հին, թե՛ նոր իշխանությունները, որ բարձր աթոռների են տիրացել հենց Արցախի շնորհիվ, այսօր ազատագրված հողերի և, ընդհանրապես, Ղարաբաղի «ձեռքին կրակն են ընկել»... Այսօր այն այլևս պետք չէ նրանց։ Իսկ մե՞զ...



ԼՈՒՐԵՐ

ԱՊՐԻԼԻ 1-ԻՑ՝ ԳԱԶԻ ՆՈՐ ՍԱԿԱԳԻՆ ԱՐՑԱԽՈՒՄ

Ստեփանակերտցիները խմելու ջրի համար արդեն կվճարեն համարյա երկու անգամ ավելի, իսկ ապրիլի 1-ից էլ կբարձրանա բնական գազի սակագինը: Վերջինն անխուսափելի է, քանի որ Ղարաբաղը գազ է ներկրում ՀՀ-ից, որտեղ մյուս ամսվա սկզբից նույնպես կբարձրանա գազի սակագինը:
Չնայած «Արցախգազ» ՓԲԸ-ն ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողով ներկայացրած հայտում սպառողներին վաճառվող բնական գազի միջին սակագինն առաջարկում էր սահմանել խորանարդ մետրի համար 145 դրամ, հանձնաժողովը չհամաձանեց ընկերության հետ:

Հանձնաժողովի վերջին նիստում ընդունված որոշմամբ՝ ամսական մինչև 10 հազար նորմալ խորանարդ մետր սպառողներին վաճառվող յուրաքանչյուր 1000 նորմալ խորանարդ մետր գազի սակագինը սահմանվեց 132 հազար դրամ՝ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) գործող 96 հազար դրամի դիմաց, իսկ 10 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառողներին վաճառվող յուրաքանչյուր 1000 նորմալ խորանարդ մետր բնական գազի սակագինը՝ 100 հազար դրամ՝ գործող 80 հազար դրամի դիմաց: Ասել է թե՝ բնակիչները կվճարեն մոտ 38 տոկոս ավելի գումար:
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ
Hetq.am




ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ԽՆԴՐԵԼ ԵՆ ՕԺԱՆԴԱԿԵԼ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻՆ

Մարտի 22-ին ԱՄՆ 28 կոնգրեսականները նամակ են հղել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների պետական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների և հարակից ծրագրերի ենթահանձնաժողովին՝ խնդրելով 2011 թվականի պետական տարեկան վարկում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի օժանդակության համար նկատի ունենալ հավելյալ գումարներ՝ անբավարար համարելով 2010 թվականին այդ երկրներին տրամադրված օժանդակության չափը:

Կոնգրեսականները Հայաստանի համար պահանջել են առնվազն 70 միլիոն դոլար, իսկ Արցախի համար՝ 10 միլիոն: Նրանք շեշտել են նաև, որ Հայաստանին և Ադրբեջանին տրամադրվող ռազմական օժանդակության հավասարակշռությունը պետք է պահպանվի, նաև անհրաժեշտ են համարել անմիջական կապը Արցախի և Միացյալ Նահանգների միջև:
Նամակը ստորագրել են Ֆրենկ Փալոնը, Մարկ Քըրքը, Գրեյս Նապոլիտանոն, Բարնի Ֆրենկը, Ջորջ Ռադանովիչը, Լորենտա Սանչեսը, Էդուարդ Մարքին, Աննա Իշուն և այլք: Այս մասին տեղեկացնում է «Ասպարեզը»:



Հայաստանյան և արտասահմանյան մամուլի էջերից...

«Ռուսաստանի նպատակը դարերով անփոփոխ է մնում՝ բաժանիր, որ տիրես, հալածիր և ստրկացրու։ Իհարկե, սա վերաբերում է նաև Ադրբեջանին»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է ռուսաստանցի ձեռնարկատեր Բորիս Բերեզովսկին։
«Կրեմլը առավելագույնս կբորբոքի Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած կրքերը, հակամարտությունը կօգտագործի իր օգտին, և անկասկած է, որ նրան բացարձակապես չեն հուզում ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի շահերը... Կասկած չկա, որ Ռուսաստանը կգնա ցանկացած ներխուժման, եթե Իլհամ Ալիևը փորձի քայլեր ձեռնարկել «գրավյալ տարածքները» ետ բերելու ուղղությամբ»,- այս մասին հայտարարել է Բերեզովսկին։

* * *
Ցմահ դատապարտված PKK-ի առաջնորդ Աբդուլահ Օջալանը զգուշացրել է քրդերին, որ մեծ հարձակման վտանգ կա և հայ և հույն ժողովրդի օրը չընկնելու համար կոչ է արել համախմբվել։
Աբդուլահ Օջալանը անդրադարձել է նաև թուրքիայի իշխող կուսակցության գործունեությանը՝ ասելով, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կանաչ թյուրքական ֆաշիզմ է իրականացնում, որը անգլիական քաղաքականությունն է և արմատները ձգվում են մինչև 1550-ականները։ Օսմանյան կայսրությունը Հայաստանում, Հունաստանում, Կիպրոսում իրագործելով իրենց քաղաքականությունը, ստեղծեցին փոքր Հայաստան, փոքր Հունաստան, որպեսզի այդ երկրների ժողովուրդներին իրենցից կախման մեջ գցեն։ Եվ այդ ամենը ներկայումս ցանկանում են քրդերի վրա փորձել…

* * *
Թուրքական Taraf-ի մարտի 22-ի համարում տպագրվել է 14 ընթերցողների համատեղ հայտարարությունը. «1915-ին օսմանյան հայերը ենթարկվել են Մեծ եղեռնի, և մեր խիղճը չի ընդունում դրա ժխտումը: Մենք հերքում ենք այդ անարդարությունը, մեր կողմից կիսում ենք մեր հայ եղբայրների ցավը: Մենք բողոքում ենք Էրդողանի կողմից հայ կարիքավորներին որպես պատանդ օգտագործելու դեմ և գտնում ենք, որ նրա հայտարարությունը անխղճություն է»:
Թուրքական Star-ի թղթակից Էրգուն Բաբահանը իր հրապարակման մեջ անդրադարձել է վերջին շրջանում Թուրքիայի իշխանությունների պահվածքին՝ կապված ԱՄՆ-ում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության նախագծերի հետ և հեգնել թուրքական հետադիմականությունն ու մերժողականությունը։
Եթե Հիտլերը թուրք լիներ՝ հրեաների հոլոքոստն էլ կհերքեինք,- ասել է նա։- Այդ ինչպե՞ս եղավ, որ իրականում մինչև 1,5 միլիոն հայերի թիվը, որոնք վաղուց ապրում էին այս հողերում, այդքան կրճատվեց...

* * *
Թուրքական Haberturk հեռուստաընկերությամբ ուղիղ եթեր հեռարձակվող «Պատմության ետևի սենյակը» հաղորդաշարի ընթացքում թուրք հայտնի դիվանագետի աղջիկ, Թուրքիայում մեծ հեղինակություն վայելող դերասան և արվեստագետ Փելին Բաթուն հերթական անգամ մասնակցելով այդ հաղորդաշարին՝ արտասվել է: Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում հայտնի հայազգի ընտանիքի ժառանգ Տիգրան Քարագյոզյանը երբ սկսել է պատմել իր ընտանիքի պատմությունը, Փելին Բաթուն սկսել է արտասվել:
«Իմ հայրը դիվանագետ է եղել։ Ես փոքր հասակից միշտ վախեցել եմ, որ հայրիկիս կսպանեն։ Իմ հոր մոտ ընկերները ԱՍԱԼԱ-ի կողմից են սպանվել, սակայն ես թշնամություն չեմ ցուցաբերելու հայերի դեմ»,- ասել է նա։

* * *
ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի խոսքով, հետաքրքրական է այն փաստը, որ ոչ ոք չի հիշում ադրբեջանահայ փախստականների մասին, մինչդեռ լուրեր են շրջանառվում այն մասին, որ մինչև ադրբեջանցիները չվերադառնան Ղարաբաղ, նրա կարգավիճակի մասին խոսելն անիմաստ է։ «Բայց եթե գա մի օր, երբ Ղարաբաղը հայտնվի բանակցային սեղանի շուրջ, չի բացառվում՝ Հայաստանը ցանկանա, որ Ղարաբաղն ինքնակամ հանձնի տարածքները։ Բանակցությունների այս տրամաբանությամբ այլ կերպ հնարավոր չէ»,- հայտարարել է նա՝ ավելացնելով, որ Հայաստանն այժմ «բավական անօգնական վիճակում է»։



ԱՀԱԶԱՆԳ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՆ

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր
ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ «Ահազանգ Եվրոպայի
խորհրդին» խորագրով նամակ է հղել Եվրոպական խորհրդի
գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ ազգային պատվիրակության
ղեկավարներին և ԵԽԽՎ անդամներին, որտեղ
մասնավորապես ասվում է.


«16.03.2010 թ. «BBC»-ով հեռարձակված՝ Թուրքիայում իբրև թե ապօրինի բնակվող հայերին երկրից արտաքսելու մասին Թուրքիայի վարչապետ Էրդողանի մտքերը հնչեցին հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների վավերացման գործընթացի, ԱՄՆ-ի և Շվեդիայի խորհրդարանականների կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևերի ընդունման համատեքստում:
Հայոց ցեղասպանության, Մեծ հայրենազրկման և հայկական քաղաքակրթության ոչնչացման համար թուրքական պետության քաղաքական և ռազմական էլիտան բնավ չի ապաշխարում՝ ի տարբերություն Գերմանիայի, որն ընդունեց հրեաների Հոլոքոստը և որպես իր ծանրագույն մեղքի մասնակի հատուցում՝ եվրոպական քաղաքակիրթ երկրին վայել վարքագծով հնարավորինս հարգանք է ցուցաբերում զոհերի ժառանգներին: Իսկ Թուրքիա՞ն: Վաղը, եթե հարկ լինի, իմ երկրում ապօրինի ապրող այդ 100 հազար հայերին կասեմ՝ գնացեք ձեր երկիրը, նրանք իմ քաղաքացիները չեն՝ այս հայտարարությունը ոչ միայն հարիր չէ Եվրոպայի Խորհրդի անդամ պետության ղեկավարին, ոչ միայն հալածանքներ կարող է սանձազերծել ազգային, կրոնական և այլ համայնքների հանդեպ, այլ նաև էությամբ եղեռնածին է:

Ցեղասպանության հարցը պետք է թողնել պատմաբաններին, ի՞նչ կապ ունեն այլ երկրներն այս հարցի հետ, եթե Թուրքիան և Հայաստանը հարաբերությունները կարգավորող արձանագրություններ են ստորագրում՝ ԵԽԽՎ նախագահ պարոն Չաուշօղլիի՝ օրերս արած այս հայտարարությունն էլ վկայում է, որ նա նույնպես սպասարկում է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքական պետության քաղաքականությունը, և Թուրքիայի վարչապետի հանգույն՝ հանուն անձնակենտրոն և նեղ ազգային ամբիցիաների օգտագործում է եվրոպական կառույցի անունն ու հնարավորությունները:

Թուրքիայի ներկայիս տարածքը ներառում է Հայկական բարձրավանդակի մեծ մասը, որտեղ հազարամյակներով ապրել ու արարել է բնիկ հայ ժողովուրդը: Հայերի բնօրրանը զավթած Օսմանյան կայսրության իրագործած հայերի ազգասպանությունն ու Մեծ հայրենազրկումը տեղի ունեցան 1915 թվականին, ինչի հետևանքով տարագիր դարձած հայերի սերունդներն այսօր մի մեծ Սփյուռքահայ համայնք են կազմում՝ շուրջ 7 միլիոն հայ: Հրաշքով կենդանի մնացած արևմտահայերի ժառանգներից մեկն էլ ես եմ: Անցած դարասկզբին և այժմ Թուրքիայի տարածքում ապրող բնիկ ազգերի թվաքանակի առկա վիճակագրությունը ևս փաստում է, որ մարդկության և քաղաքակրթության դեմ ուղղված Եղեռնը ունեցել է իր հանցագործ շարունակությունը:

Թուրքիայի ղեկավարները շանտաժի ու սպառնալիքների լեզվով են խոսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկրների հետ: Տարածաշրջանային ներդաշնակ համակեցության համար վտանգավոր է ազգայնամոլության սադրումը, որի զոհերից մեկն էլ ժողովրդավարության կայացման նվիրյալ Հրանտ Դինքն էր, ով բարձրաձայնում էր Թուրքիայի խարանի՝ Հայոց ցեղասպանության մասին:
Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան Թուրքիայի կազմակերպած և իրականացրած Հայոց ցեղասպանության և Մեծ հայրենազրկման 95-րդ տարելիցը: Համոզված եմ, որ օրախնդիր հրամայական է՝ Եվրոպայի Խորհրդի առջև տեղադրված հրեաների Հոլոքոստի հուշարձանի հարևանությամբ կանգնեցվեն նաև Հայոց և այլ ցեղասպանությունների զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներ:

Եվրոպայի Խորհրդին ուղղված ահազանգս ավարտում եմ կոչով՝ դատապարտեք ԵԽԽՎ անդամ որևէ երկրի ղեկավարների ազգայնամոլական հայտարարությունները և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիայից պահանջեք ուղիղ և ամբողջական առերեսվել սեփական պատմության՝ մարդկության և քաղաքակրթության դեմ մեղանչած եղեռնակիր էջերին»:



ԲԱՐՈՅԱԿԱՆ Ի՞ՆՉ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ Է Ս. ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԱՆԽՈՐՈՇՈՒՄ 2-ՐԴ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Հայ պաշտոնյաների համար կառուցողական երևալը դարձել է ինքնանպատակ։ Գուցե Սերժ Սարգսյանը առաջիկայում դեռ երկար կզղջա այն մասին, որ Սիրիայում հարցազրույց է տվել Al Watan թերթին, և այդ հարցազրույցի ժամանակ ասել է բաներ, որոնք չպետք է ասեր: Մասնավորապես խոսքը հարցազրույցի այն հատվածի մասին է, որտեղ ինքը՝ որպես Հայաստանի նախագահ, դատողություններ է անում մեկ այլ, թեկուզ և չճանաչված, բայց սուվերեն պետության ենթակայության տակ գտնվող տարածքների մասին, և որ ամենաահավորն է՝ դրանց վերադարձի հետ կապված խոստումներ է տալիս: «Ի հակառակ Ադրբեջանի պնդումներին՝ այդ գոտին մեր կողմից ոչ բնակեցվում և ոչ էլ շահագործվում է: Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը: Ես բազմիցս հայտարարել եմ այդ մասին: Բայց «փոխզիջումե հասկացության մեջ առանցքային գաղափարը փոխադարձությունն է, և պետք է գիտակցել, որ նման իրավիճակներում միակողմանի զիջումները միայն խորացնում են առկա վտանգներն ու սպառնալիքները»,- բառացիորեն ասել է Սարգսյանը: Ընդ որում՝ առաջին անգամ, Հայաստանի նախագահի մակարդակով խոստում է տրվում առ այն, որ առաջնահերթ ձևով կվերադարձվեն ոչ միայն նախկին ԼՂԻՄ-ի շուրջ եղած հինգ տարածքները, այլ նաև վեցերորդը՝ Քելբաջարը:

Սարգսյանի այս բացահայտ խոստումը բուռն արձագանք է գտել ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ղարաբաղում: Սակայն Ղարաբաղում, որքան էլ տարօրինակ է, այդ արձագանքը երկակի է. ընդ որում՝ պաշտոնական մակարդակով Սարգսյանի այս հայտարարության մեջ որևէ անհանգստանալու բան չեն տեսնում: Ավելին՝ ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում նույնիսկ բառացիորեն հայտարարեց, թե եթե Սարգսյանը ասում է, որ կարող է վերադարձնել տարածքները, դա դեռ չի նշանակում, որ կարող է վերադարձնել:

«Ընդհանրապես, նման հայտարարությունները պետք է դիտարկել բավականին մանրամասն, որովհետև կարևորությունը ոչ թե ընդհանուր այն պատկերի մեջ է, ինչը շատ մարդկանց թվում է, կամ նրանք հակում ունեն տեսնելու, այլ խնդիրը պետք է ավելի խորը դիտարկել և տեսնել տողատակերը: Նախ՝ նման հայտարարությամբ Սերժ Սարգսյանը, փաստորեն, որևէ ձևով չի նշմարել, որ հայկական կողմը պետք է վերադարձնի այդ տարածքները կամ այդ ձևով պետք է կարգավորվի հարցը: Ընդհակառակը՝ ինքն ասում է, որ կարող է դիտարկվել, բայց կարող է և չդիտարկվել: Օրինակ՝ լուսինը կարո՞ղ է իր ուղեծիրը փոխել, իհարկե կարող է, ամեն ինչ էլ այս աշխարհում կարող է լինել, բայց դա չի նշանակում, թե հենց այդպես էլ լինելու է: Այսինքն՝ մենք մեզ համար Արցախում գիտենք, որ վերադարձ 1988-ին՝ ո՛չ կարգավիճակի, ո՛չ էլ վարչատարածքային առումով չկա և չի էլ կարող լինել: Նույնը հասկանում են, և ինձ թվում է՝ նույն քայլերն են կատարում նաև Հայաստանն ու ամբողջ հայությունը»,- հայտարարեց Բաբայանը:

Ավելին, նրա խոսքով, Սերժ Սարգսյանի հայտարարությունը ամենևին պետք չէ հասկանալ հենց ուղիղ իմաստով. ըստ Բաբայանի՝ «այդ հայտարարության մեջ կան բազմաթիվ, այսպես ասած, հավանականություն պարունակող խնդիրներ, և այդ ամենն, իհարկե, ցույց է տալիս, որ սա ընդամենը հայտարարություն է, որը, իհարկե, ՀՀ նախագահը պետք է անի: Դավիթ Բաբայանի խոսքով նաև՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունից անհանգստանալու կարիք ամենևին էլ չկա: «Որևէ անհանգստանալու բան չկա, չեմ կարծում»,- ասաց Բաբայանը: Ինչպես երևում է, պաշտոնական Ստեփանակերտը սկսել է բավականին անլուրջ վերաբերվել Սերժ Սարգսյանին և նրա հայտարարություններին, հակառակ պարագայում ԼՂՀ նախագահի մամլո խոսնակն էլ ինչո՞ւ պիտի նման «իմիջիայլոց» վերաբերմունք դրսևորեր նրա խոսքերին:

ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆ
«Ժամանակ» տպագրվում է կրճատումներով



ՄԵՐ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐՆ ԱՅՍՕՐ ՀՆՁՈՒՄ ԵՆ ԱՅՆ, ԻՆՉ ՑԱՆՎԵԼ Է ԵՐԵԿ
(կամ՝ մտորումներ մի միջոցառումից հետո)


Մարտի 11-ին Ստեփանակերտում կայացավ Սիվիլիթաս հիմնադրամի «Հայաստան 2009. խոստում և իրականություն» զեկույցի շնորհանդեսը։
Միջոցառման կազմակերպիչների ասելով՝ Սիվիլիթասի այս զեկույցը նպատակ ունի «Հայաստանում և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձություններին, ի հավելումն տարբեր միջազգային կազմակերպությունների բազմաթիվ գնահատականների, գնահատական տալ ներսից»։

Քննարկմանը մասնակցելու էր եկել Սիվիլիթասի հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Անկասկած, հաձինս այդ զեկույցի, Սիվիլիթասը լուրջ գործ է կատարել, մյուս կողմից՝ ուրախալի է, որ ՀՀ նախկին արտգործնախարարն այսօր քննադատում է ներկայիս իշխանություններին՝ արտաքին քաղաքականության ոլորտում ու ներքաղաքական կյանքում, մեղմ ասած, անմտածված ու սխալ քաղաքականության համար։ Խոսենք միայն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության, այսպես կոչված, կարգավորման շուրջ ներկայիս զարգացումների վերաբերյալ Վ. Օսկանյանի մի պարզաբանման մասին, որովհետև այն ոչ միայն նախորդ և ներկա իշխանությունների կատարածի վերաբերյալ գնահատական է, այլև վերաբերմունք, նախորդ և ներկա հայ դիվանագիտության գործունեության հակադրման, տարանջատման փորձ։

Ստեփանակերտյան հանդիպման ժամանակ Վարդան Օսկանյանն ասաց, որ եթե նախկինում միջնորդների ներկայացրած փաստաթղթերն Ադրբեջանը մերժում էր, իսկ Հայաստանը՝ ընդունում, ապա այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որ Բաքուն արդեն որոշ վերապահումներով «այո» է ասել «մադրիդյան սկզբունքների» նորացված տարբերակին, իսկ Հայաստանը հայտնվել է անելանելի վիճակում...

Հետաքրքիր է, իսկ ի՞նչ էր սպասում պրն Օսկանյանը։ Մի՞թե պարզ չէ, որ «կարգավորում» կոչվող այս խաղն այսպիսի ավարտ պիտի ունենար։ Տարիներ առաջ մեր կարկառուն քաղաքագետ-դիվանագետներից մեկը հայտարարել էր, թե մենք պիտի ընդունենք միջնորդների ներկայացրած բոլոր այն փաստաթղթերը, որն Ադրբեջանը հրաժարվում է ընդունել։ Եվ Հայաստանի նախկին իշխանություններն այդպես էլ վարվել են։ Ադրբեջանը մերժել է, իրենք՝ ընդունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացրած բոլոր փաստաթղթերը։

Ադրբեջանի պահանջները բավարարելու համար միջնորդներն ավելի են բարձրացրել հայկական կողմից պահանջվող զիջումների նշաձողը, Ադրբեջանը դարձյալ մերժել է այն, մեր աննկուն իշխանություններն ընդունել են դրանք, որովհետև, իրենց երկաթե տրամաբանությամբ՝ այն, ինչ հակառակորդը մերժում է, Հայաստանը պիտի ընդունի։ Միջնորդներն ավելի են բարձրացրել նշաձողը՝ հօգուտ Ադրբեջանի, վերջիններս դա դարձյալ քիչ են համարել և դարձյալ մերժել են, իսկ Հայաստանը դարձյալ տղամարդու իր «այո»-ն է ասել։ Եվ այսպես մինչև «մադրիդյան նորացված սկզբունքներ» կոչվածը, որին Ադրբեջանը թեկուզ որոշ վերապահումներով արդեն տվել է իր համաձայնությունը։

Այսօր, ահա, «այո» ասող Հայաստանի նախկին իշխանության ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը զարմացած է, որ հիմա դերերը փոխվել են. ազերիներն «այո» են ասել միջնորդ տղաների ներկայացրած փաստաթղթերին, իսկ Հայաստանը հայտնվել է «էշը կորցրածի» կամ կոտրած տաշտակի առջև նստածի վիճակում։ Երևի միայն հայ դիվանագետ պիտի լինես, որպեսզի հասկանաս, որ մի օր Ադրբեջանն «այո» է ասելու այն փաստաթղթերին, որն արդեն գրեթե լիովին բավարարում է իրենց (այսօր այն առնվազն 95 տոկոսով բավարարում է ազերիներին)։

Այժմ ՀՀ մերօրյա իշխանությունները հնձում են այն, ինչ երեկ ցանել են իրենց եղբայրները, որոնց թվում նաև՝ պրն Օսկանյանը։ Բայց նաև խոստովանենք, որ ՀՀ նախկին արտգործնախարարն ընդամենը բարեխղճորեն կատարել է այն, ինչ իրեն հանձնարարել են։ Ինչպես ընդամենը կատարել ու կատարում են թե՛ նախկին, թե՛ ներկա նույն տրամաչափի մյուս բոլոր պաշտոնյաները... Խոստովանեմ, որ անձամբ ոչինչ չունեմ Վարդան Օսկանյանի դեմ, հատկապես երբ միջոցառումից հետո մի քանիսից լսեցի, որ տեղի ԱԳՆ-ից, թեկուզ փոխնախարարի մակարդակով, ոչ միայն չեն ցանկացել մասնակցել վերոհիշյալ շնորհանդեսին, այլև փորձել են բոյկոտել այն։ Հանդիպումից հետո արցախցի վերլուծաբաններից մեկն, այդ կապակցությամբ, այսպես հավելեց. «Բայց չէ՞ որ Վարդան Օսկանյանը, համենայն դեպս, առնվազն մի քանի անգամ ավելի տեղեկացված է Ղարաբաղյան խնդրի մասին, քան մեր բազմաթիվ պաշտոնյաները՝ միասին վերցրած...»։

Ընդհանրապես, հայ քաղաքագետ-դիվանագետների մասին երևի թե կարելի է հատորներ գրել։ Ըստ երևույթին՝ հայ դիվանագետը բնության թե մարդկության յուրօրինակ գլուխգործոց է, աշխարհի ութերորդ մի հրաշալիք։ Այն, որ այսօրվա հայ իշխանավորները նախորդ իշխանությունների տրամաբանական, կատարելագործված շարունակությունն են, տեսանելի է անգամ անզեն աչքով։ Հիշենք թեկուզ «ֆուտբոլային դիվանագիտությունը», որի դառը պտուղները դեռ որքաЇն տարիներ վայելելու է հայ ժողովուրդը։
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հենց առաջին օրվանից հակառակորդը դիվանագիտորեն փորձում էր Հայաստանին «դարձնել» հակամարտող կողմ, իսկ պատերազմից հետո՝ նաև ագրեսոր։ Եվ դա, հայ քաղաքագետ-դիվանագետների եռանդուն ջանքերով, լիովին հաջողվել է նրանց։ ՀՀ նախորդ նախագահի շնորհիվ Ղարաբաղը դուրս է շպրտվել բանակցային գործընթացից, բանակցասեղանի շուրջ դեմառդեմ մնացել են իր «տարածքային ամբողջականությունը կորցրած», «խեղճ» Ադրբեջանն ու «ագրեսոր» Հայաստանը։ Մի կողմում ազերի-թուրքն է, մյուս կողմում՝ հայ ողորմելի դիվանագիտությունը, մեջտեղն ԱՐՑԱԽԸ՝ Թումանյանի խսքերով ասած. «Դավին անտեղյակ, ցավին անտարբեր»։

Վերջերս, երբ Ալիև կրտսերն ավելի է ընդլայնել ռազմատենչ հայտարարությունների հաճախականությունը, շարունակում է հոխորտալ Ղարաբաղը զենքի ուժով «ետ բերելու» մասին, նրան արժանի հակահարված տալու մասին հայկական կողմից պատասխանում է ոչ թե Արցախի նախագահը, այլ՝ ՀՀ նախագահն ու պաշտպանության նախարարը, կարծես աշխարհին փորձելով մի անգամ ևս հասկացնել, որ ազերիներն իրավաց են՝ Հայաստանն ագրեսոր է։

Այնպես որ՝ այսօրվա հայ դիվանագիտությունը գտնվում է այն փոսում, որ երեկ փորել են իրենց եղբայրները։ Եվ որպեսզի պարապ չմնան, այսօր եռանդուն շարունակում են այդ փոսի ուղղահայաց «շինարարությունը»՝ չորս կողմից լայնացնելով այն, որպեսզի հայ ժողովուրդը կարողանա հարմար տեղավորվել այնտեղ...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ.
ԵՐԿՈՒ ՏԱՐԲԵՐ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ


…Օրինակ՝ պատկերացնենք՝ Թուրքիայի խորհրդարանը ինչ-որ մի հրաշքով վավերացնում է արձանագրությունները,- «Եվրոնյուսի» թղթակցին հայտնել է Սերժ Սարգսյանը, ըստ երևույթին, ինքն էլ չհավատալով, որ թուրքերը կարող են վավերացնել արձանագրությունները։ Ու դա նա անվանել է «ինչ-որ մի հրաշք»։ Եվ այն էլ այն արձանագրությունները, որը մերժվել է թե՛ Հայաստանում և թե՛ սփյուռքում...
«Օգտվելով առիթից՝ ուզում եմ հեռուստաեթերից դիմել Ադրբեջանին՝ կոչ անելով նրան ստորագրել ուժի չկիրառման մասին համաձայնագիր: Դա վստահության հիմք կդառնար ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում, թույլ կտար մարդկանց հասկանալ, որ Ադրբեջանը կանգնած է խաղաղ կարգավորման դիրքերում: Իսկ դրանից հետո մենք կարող ենք աշխատել մանրամասների վրա…»,- ասել է նա։

Իսկ սիրիական «Al Watan» թերթին տված հարցազրույցում ՀՀ նախագահն ասել է. «Հակառակ Ադրբեջանի պնդումներին, այդ գոտին (նկատի ունի ազատագրված հողերը, որ ամրագրված են ԼՂՀ Սահմանադրությամբ) մեր կողմից ոչ բնակեցվում և ոչ էլ շահագործվում է: Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն և ստեղծվեն անվտանգության ու զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը»։

* * *
«Այսօր մենք գտնվում են հակամարտության կարգավորման վճռորոշ փուլում։ Կարելի է ասել, որ բանակցությունների հիմնական մասն արդեն ավարտվել է։ Առաջ քաշված առաջարկները, մի քանի բացառությամբ, համապատասխանում են Ադրբեջանի շահերին, ապահովում են տարածքային ամբողջականությունը, բռնազավթված տարածքների վերադարձը Ադրբեջանին»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նրա խոսքով, Ադրբեջանը բանակցությունների ժամանակ ոչ մի քայլ չի զիջել իր սկզբունքային դիրքորոշումից։ «Մենք այսօր էլ հավատարիմ ենք մեր դիրքորոշմանը։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, «բռնազավթած ուժերին» պետք է դուրս բերել բոլոր «բռնազավթված տարածքներից», որտեղ պետք է վերադառնան Ադրբեջանի քաղաքացիները։

«Խոսք չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին Ադրբեջանի սահմաններից դուրս։ Դա չի լինի ոչ վաղը, ոչ էլ 100 տարի հետո, երբեք էլ չի լինի։ Մենք չենք կարող դա ընդունել, և դա մեր սկբունքային դիրքորոշումն է։ Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ չի լինի։ Ադրբեջանը երեբեք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- ընդգծել Ադրբեջանի նախագահը։

* * *
Ադրբեջանի այս բացահայտ ցինիզմը նորություն չէ հայերի համար։ Սակայն զարմանալին այն է, որ ո՛չ մեր պետական կամ դիվանագիտական մարմինները, ո՛չ էլ նույնիսկ լրատվամիջոցները գրեթե երբևէ հարկ եղած կոշտությամբ չեն արձագանքել նման ոտնձգություններին։ Մեր չափից դուրս «համեստությունը» ընկճում է ժողովրդի ոգին։ Հասկանալի է, որ մենք մեզ չենք կարող թույլ տալ վայրահաչոցներին վայրահաչոցով պատասխանել, սակայն եթե դիմացինդ վերջնագիր է ներկայացնում քեզ, ուրեմն պետք է գոնե նրան մատչելի լեզվով հասկացնես, որ 1994 թվականին վերջակետ է դրվել ադրբեջանական վերջնագրերին, նոր վերջնագրերը Լեռնային Ղարաբաղում անվավեր են համարվում։ Ադրբեջանի գնացքը վաղուց արդեն մեկնել է, իսկ Ղարաբաղը վաղուց անկախ պետություն է։ Եվ մեր ժողովուրդը հարկ եղած դեպքում կգտնի բավարար ուժ և կամք փակելու վայրահաչողի բերանը… Թե չէ, լռում ենք, իսկ միջազգային հանրությունն էլ, ինչպես հայտնի է, մեր համեստ լռությունը համաձայնության նշան է ընկալում,- Ալիևի խոսքերը մեկնաբանել է News.am-ը։



«ԱՅՆ 6 ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ 2009 Թ. ՀՈՒԼԻՍԻՆ, ՀԱԿԱՍՈՒՄ ԵՆ ԼՂՀ-Ի ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՄԱՏԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՆ»

ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային
խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար
ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼՅԱՆԻ հարցազրույցը՝ «Նովոստի-Արմենիա»
միջազգային լրատվության գործակալությանը


- Պրն Մայիլյան, ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի ղեկավարության հաճախակի դարձած ռազմատենչ հայտարարությունները, մասնավորապես, ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքները, եթե Հայաստան հրաժարվի զիջումների գնալ:

- Ադրբեջանական իշխանությունների ռևանշային հայտարարություններն անհրաժեշտ է հաշվի առնել և համապատասխան աշխատանք իրականացնել ինչպես ԼՂՀ-ի և Հայաստանի ներսում, այնպես էլ դիվանագիտական խողովակներով՝ մեր տարածաշրջանում իրավիճակի հնարավոր ապակայունացումը կանխարգելելու նպատակով: Ես համաձայն չեմ իմ որոշ հայ գործընկերների մոտեցման հետ, ովքեր կարծում են, որ պաշտոնական Բաքվի ռազմատենչ հայտարարություններն ուղղված են բացառապես ներքին լսարանին:

- Կգնա՞, արդյոք, Ադրբեջանը ռազմական ավանտյուրայի, և ինչպիսի՞ հետևանքների դա կարող է հագեցնել Բաքվի համար:

- Չի կարելի բացառել իրադարձությունների նման շրջադարձը: Նման ավանտյուրայի կարող է դրդել նաև Թուրքիան, որին Արևմուտքը Հայոց ցեղասպանության բանաձևերով «անկյուն է քշել»: Այս կապակցությամբ օրերս տարածաշրջանում հնարավոր ապակայունացման վերաբերյալ ակնարկներ արեցին Թուրքիայի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները: Այդ պատճառով պաշտոնական Անկարայի վրա ճնշման ուժեղացման հետ մեկտեղ շահագրգիռ կենտրոնները պետք է միջոցառումներ ձեռնարկեն ադրբեջանական ռազմական սպառնալիքը չեզոքացնելու համար: Այստեղ կարող է երկու տարբերակ լինել. առաջինը՝ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու նպատակով հայկական կողմերին ռազմական տեխնիկայի անվճար տրամադրումը, կամ՝ ԼՂՀ-ի միջազգային ճանաչումն ու «անվտանգության հովանոցներից» մեկի տակ գտնվելու մասին հրավերը: Երկրորդ տարբերակը պակաս ծախսատար է և չի հանգեցնի տարածաշրջանի հետագա ռազմականացմանը:

Ինչ վերաբերում է նոր պատերազմի հետևանքներին, ապա տարածաշրջանի համար դրանք բավականին ծանր կլինեն, սակայն Ադրբեջանը շատ ավելին կկորցնի: Անցել են այն ժամանակները, երբ կարելի էր նստել անվտանգ Բաքվում, անպատիժ որոշումներ կայացնել Ղարաբաղում ցանկացած բնակավայրերի, այդ թվում նաև ԼՂՀ-ի մայրաքաղաքի վրա օդից գնդակոծություններ իրականացնելու մասին: Հրադադարի տարիների ընթացքում հակամարտող կողմերը ձեռք բերեցին նոր հնարավորություններ, և պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանում անվտանգ վայրեր չեն լինի:

- Ինչպե՞ս եք գնահատում Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ միջազգային իրավունքը թույլ է տալիս Ադրբեջանին պատերազմ սկսել: Արդյո՞ք միջազգային իրավունքը XXI դարում թույլ է տալիս գաղութային պատերազմ վարել:

- Ադրբեջանին միայն թվում է, թե նա նման իրավունք ունի: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի վրա իրականացվող Բաքվի իշխանությունների բոլոր հղումները չեն դիմանում ոչ մի քննադատության: Գոնե այն պատճառով, որ այդ բանաձևերը վերաբերում են «politically binding documents», այսինքն՝ քաղաքականորեն պարտադիր փաստաթղթերի կատեգորիային, ըստ էության դրանք խորհրդատվություններ են, այլ ոչ թե «legally binding documents»՝ իրավաբանորեն պարտադիր փաստաթղթեր կամ իրավական ուժ ունեցող փաստաթղթեր, ինչպես դրանք փորձում է ներկայացնել Ադրբեջանը: ՄԱԿ-ի ԱԽ-ն իրավունք ունի ընդունել նաև իրավաբանորեն պարտադիր որոշումներ, օրինակ՝ Իրաքի վերաբերյալ թիվ 1441 բանաձևը (2002 թ.): ԼՂՀ-ի դեպքում ՄԱԿ-ի նման փաստաթղթեր գոյություն չունեն:

Բացի այդ ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրոպայի Խորհուրդ մտնելիս՝ Ադրբեջանը միացել է այդ միջազգային կազմակերպությունների հիմնարար փաստաթղթերին, որոնք այդ թվում նաև նախատեսում են վեճերի խաղաղ հանգուցալուծում, ուժի չկիրառում կամ ուժով սպառնում և այլն:
Բաքուն նաև իրավունք չունի օգտվել ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածից (ինքնապաշտպանության իրավունք), քանի որ հայտնի է, որ հենց Ադրբեջանն է զինված հարձակում իրագործել ԼՂՀ-ի վրա: Այդ ագրեսիայի հետևանքով 1992 թ.-ին մեր տարածքների մոտ կեսը հայտնվել է Ադրբեջանի ռազմական վերահսկողության տակ, և ԼՂՀ տարածքների 15 տոկոսը մինչ այժմ օկուպացված է: ԼՂՀ-ի և Ադրբեջանի՝ մինչ օրս գոյություն ունեցող սահմանները ծագել են տեղական հայկական ուժերի ոչ թե հարձակողական, այլ հակահարձակման գործողությունների արդյունքում (ՄԱԿ-ի ԱԽ-ի տերմինաբանություն): Այսպիսով՝ Ադրբեջանը ոչ թե պաշտպանվող, այլ հարձակվող կողմն էր: Սակայն պատերազմի հետևանքները ձեռնտու չեն Բաքվին, այդ պատճառով այնտեղ ռևանշային ծրագրեր են մշակվում: Հետաքրքրական է՝ չե՞ն մտածում, արդյոք, գերմանացիները օգտվել ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածից՝ Արևելյան Պրուսիան, Սիլեզիան և Պոմերանիան Գերմանիայի կազմ վերադարձնելու համար, որոնք կորսվել են ֆաշիստների կողմից սկսած Երկրորդ աշխարհամարտի ժամանակ...

- Հնարավո՞ր եք համարում, արդյոք, ղարաբաղյան խնդրի որևէ լուծում առանց Ստեփանակերտի մասնակցության:

- Բազմիցս նշվել է, որ բանակցությունների սեղանին հակամարտության գլխավոր կողմերից մեկի՝ ԼՂՀ-ի պաշտոնական ներկայացուցիչների բացակայությունն արգելակում է բանակցային գործընթացը: Գործընթացի անարդյունավետության այլ կարևոր պատճառներն են կողմերի փոխբացառող մոտեցումները, հակամարտության մեթոդաբանության կատարելագործումը և որպես հետևանք՝ միջնորդների անիրատեսական առաջարկները:

- Ինչպե՞ս եք գնահատում Մադրիդյան փաստաթղթի հիման վրա բանակցային գործընթացի ներկա փուլը:

- Թարմացված մադրիդյան փաստաթուղթը դեռ չի հրապարակվել: Այն վեց սկզբունքները, որոնք հրապարակվել են 2009 թ.-ի հուլիսին, հակասում են ԼՂՀ-ի և Հայաստանի արմատական շահերին: Այդ մոտեցումներով փորձ է արվում տարածաշրջանը վերադարձնել 1990-ականների սկզբի ստատուս-քվոյին: Նրանք ուղղված են ոչ թե տարածաշրջանի կայուն ապագային, այլ՝ պայթունավտանգ անցյալին:
Քանի որ Ադրբեջանը վերջերս հայտարարել էր, որ ընդունում է «մադրիդյան փաստաթուղթը», ապա կարելի է միայն կռահել նրա «թարմացված» բովանդակության մասին: Կարծում եմ, որ կողմերին և միջնորդներին չի հաջողվի Մադրիդյան սկզբունքների հիման վրա բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրել: Որոշակի ցատկի համար պետք է կիրառվեն նոր մոտեցումներ և վերացվեն պատճառները, որոնց մասին նշվել է վերևում:

- Կարո՞ղ են ամենատարբեր միջազգային կազմակերպություններում իր համար շահավետ բանաձևերը «առաջ տանելու» Ադրբեջանի փորձերը որևէ կերպ ազդել խնդրի լուծման գործընթացի վրա:

- ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում, ԵԽԽՎ-ում կամ ՄՀԿ-ում ընդունված բանաձևերը կրում են խորհրդատվական բնույթ և այս փուլում ուղղակիորեն չեն ազդում բանակցային գործընթացի վրա: Նման բանաձևերի քննարկման և ընդունման գործընթացը հետապնդում է զուտ քարոզչական նպատակներ: Սակայն ժամանակի ընթացքում ընդունված բանաձևերի քանակությունը կարող է հանգեցնել նոր որակի, այդ պատճառով անհրաժեշտ է ջանքեր գործադրել նման զարգացումներն արգելափակելու համար:

- Համընկնու՞մ են, արդյոք, գերտերությունների դիրքորոշումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, և կարո՞ղ է առանձին վերցրած երկիրը հանդես գալ սեփական միջնորդական առաքելությամբ:

- Հայտնի է, որ 1994 թ.-ի դեկտեմբերից միակ միջնորդական ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որտեղ ներկայացված են ազդեցիկ երկրների և միությունների մեծամասնության շահերը: Միջնորդ-երկրների վարքի պատճառաբանությունը կարող է տարբեր լինել, սակայն հակամարտող կողմերի հետ շփման ժամանակ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են գալիս համախմբված դիրքորոշումներով: Հատկանշական է, որ ժամանակի ընթացքում Մինսկի խումբը ձեռք բերեց լրացուցիչ գործառույթ, դարձավ ոչ պաշտոնական հարթակ՝ խմբի համանախագահ-երկրների միջև տարածաշրջանային և այլ խնդիրների քննարկման համար: Քննարկման այդ ուղին արդյունավետ գործել է նույնիսկ այն ժամանակ, երբ լուրջ դժվարություններ ծագեցին ռուս-ամերիկյան հարաբերություններում ԱՄՆ նախկին վարչակազմի օրոք: Նոր միջնորդ-երկրի հայտնվելը հնարավոր է, եթե ԼՂՀ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը՝ որպես հակամարտող կողմեր, հրաժարվեն ԵԱՀԿ-ի միջնորդական ծառայություններից և համաձայնեն աշխատել նոր միջնորդների հետ:

- Կարո՞ղ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա:

- Եթե Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման մեկնարկը որոշակի հույս էր ներշնչում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա այդ գործընթացի դրական ազդեցության վերաբերյալ, ապա արդեն Ադրբեջանի խորհրդարանում Թուրքիայի վարչապետի հայտնի ելույթից հետո պարզ դարձավ, որ Անկարայի կողմից Ղարաբաղի վերաբերյալ նախապայմանների առաջադրումը երկու գործընթացների երկարաձգման նոր պատճառ կդառնա:

Տպագրվում է որոշ կրճատումներով



ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. «ԵԿԵՔ ԱԶԳՈՎԻ ԱՅՍ ՀԱՐՑԸ ՏԱՆՔ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ»

«Սիրիական թերթին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արտահայտած մտքերի հետ «կռիվս տալուց» առաջ և դրա փոխարեն պարզապես, ըստ իս, հարկավոր է մի պարզ ու հասարակ հարց տալ նրան՝ օրինական ու բարոյական ի՞նչ իրավունքով է նա կանխորոշում Արցախի ժողովրդի ճակատագիրը, եթե ԼՂՀ բարձրագույն իշխանությունը քանիցս հրապարակավ ասել է, որ չունենք ազատագրված տարածքներ, այլ ունենք երկրի սահմաններ, որոնք ամրագրված են նրա սահմանադրության մեջ, իսկ արցախյան հանրության դիրքորոշումն էլ այս հարցում էլ ավելի կոշտ ու կտրուկ է, նաև այն, որ չկա որևէ փաստաթուղթ, որով ԼՂՀ ղեկավարությունը ՀՀ ղեկավարությանը լիազորում է ներկայացնել իր շահերը բանակցային գործընթացում»,- այս կարծիքն է Հետքին տված հարցազրույցում հայտնել ԼՂՀ ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը:

Նա գտնում է, որ սույն «ինքնագործունեության» գնահատականը նախևառաջ պիտի տալ: «Մնացյալ բոլորը ածանցյալ է այս հանգամանքից: Ուստի գոնե այս անգամ եկեք հրաժարվենք անիմաստ քննարկումներից և ազգովի այս հարցը տանք ՀՀ նախագահին: Խորապես համոզված եմ՝ սույն հարցի պատասխանը հայությանը հուշելու է իր անելիքը»,- ընդգծել է Գեղամ Բաղդասարյանը:
hetq.am



ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԾԻՔ Է ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը, որ վերջերս հայտարարել էր, թե ինքը «լիովին պաշտպանում է ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքական գիծը», օրերս ասել է, որ ազատագրված տարածքների ինչ-որ մասը պետք է հանձնենք Ադրբեջանին՝ պատերազմից խուսափելու համար: «Արդյո՞ք դուք հարցրել եք Ղարաբաղի ժողովրդի կարծիքը»,- «Հետքի» հարցին նա պատասխանել է. «Ես պոպուլիստ չեմ, քաղաքական գործիչները հաճախ ժողովրդի հետ ազնիվ զրույցի ժամանակ փորձում են համոզել՝ ինչու է այս կամ այն լուծումը պետք: Ես չեմ կարծում, որ միայն հասարակական կարծիքն է քաղաքական վարքագիծ ձևավորում, կա նաև հակառակ տրամաբանությունը, երբ քաղաքական գործիչները հստակ ասելիքով հասարակական կարծիք են ձևավորում»:

«Այդ տարածքների մասին խոսելիս ես գերադասում եմ օգտագործել «անվտանգության գոտի» արտահայտությունը: Անվիճելի է, որ դրանց մի մասը որոշակի ժամանակահատվածում բանակցությունների արդյունքում Ադրբեջանին են վերադարձվելու, որ քաղաքական գործիչը ձեզ հակառակը կասի…»։
«Իսկ ժողովուրդն ի՞նչ կասի» հարցին պատասխանել է. «Ցանկացած փոխզիջում խիստ ցավալի է, բայց կա ռեալ իրականություն: Իսկ Ադրբեջանի ժողովուրդը ի՞նչ կասի»: «Մենք պետք է Ադրբեջանի ժողովրդի մասի՞ն մտածենք»,- հարցրել են նրան: «Այդ դեպքում կարգավորում չենք անի: Եթե երկու կողմերը մնում են կարծր իրենց դիրքորոշման մեջ, կարգավորում չի լինի, կարգավորման այլընտրանքը պատերազմն...»։

Hetq.am-ի այս հրապարակման տակ զետեղված կարծիքներից.

ԱՐՄԵՆ. «Ամբողջ դժբախտությունը այն է, որ մեր ազգի 50-70 տոկոսն է այդպես մտածում՝ իրենց տեղը տաք լինի, փորները կուշտ լինի, Ղարաբաղի հերն էլ անիծած, մնացածինն էլ՝ հետը... Ինքներս մեր իսկ հանդեպ ավելի վատ և թշնամաբար ենք տրամադրված, քան թուրքերը՝ մեր հանդեպ...»։

ԱՐՑԱԽ. «Որ էդ քաղաքական գործիչը ազատագրված տարածքների համար իր գլխից թեկուզ մի մազ կորցրած լիներ, էդքան մեծ-մեծ ոչ պատերազմից կխոսեր, ոչ էլ տարածքները հետ տալուց...»։

ՀԱՅԿ. ...ՀՀԿ-ՀՀՇ երկվորյակները պետք է պետական ղեկից հեռացվեն: Ինչքան շուտ, այնքան քիչ վնասներ կունենա մեր պետությունը:

ԳԱՐԵԳԻՆ. «Մեզանում ապրում են ոչ միայն Սասունցի Դավթի շառավիղները, այլև Ցռան Վերգոյի հետնորդները։ Վերջիններից մեկը Սուրեն Սուրենյանցն է, իսկ մյուսներն ՀՀ-ում իշխանության ղեկին են։ Այ խելոք, եթե քեզ պաշտպանող, քո անվտանգությունն ապահովող տարածք պիտի տաս թշնամուն, որ իբր պատերազմ չսկսի, ապա վաղը նա նորից է պատերազմով վախեցնելու քեզ նմանին, որ մնացյալ հողերն էլ հանձնես։
Ղարաբաղից հետո հերթը հասնելու է Զանգեզուրին, ի վերջո՝ Երևանին, որտեղ այս կարգի գործիչները նստած սրճարաններում, ճամարտակում են քաղաքական հարցերի մասին»։



ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ ԵՆ ՂԱՐԱԲԱՂ


Ղարաբաղում մի շարք ապրանքատեսակների գներին զուգահեռ փոխվում են նաև կոմունալ և մի քանի այլ ծառայությունների մատուցման սակագները: Վերջերս ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի բաց նիստում քննարկվել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման նոր սակագներ սահմանելու մասին որոշման նախագիծը:
Ծառայություններ մատուցող «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն հանձնաժողով հայտ էր ներկայացրել՝ նոր սակագներ սահմանելու մասին: Ընկերության առաջարկությամբ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման համար կսահմանվի 100 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)՝ յուրաքանչյուր 1 խոր/մ դիմաց (նախկինում գործող 52 դրամի փոխարեն), իսկ ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը՝ 12 դրամ (ներառյալ՝ ԱԱՀ, նախկինում գործող 4 դրամի փոխարեն):

«Ջրմուղ-կոյուղի» ընկերության տնօրեն Վլադիմիր Արզումանյանը սակագների բարձրացումը կապում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, ինչպես նաև ընկերության ծախսերի ավելացման հետ, ինչի արդյունքում, ըստ նրա, ընկերությունը վնասով է աշխատում:
Ընկերությունը, Վ. Արզումանյանի հավաստմամբ, լուրջ ներդրումներ պետք է կատարի ջրի մաքրությունն ապահովելու համար. շուրջ 700 մլն դրամի ներդրումներ է նախատեսվում կատարել: Աշխատանքներ են կատարվում նաև Ստեփանակերտում շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու ուղղությամբ: Արդեն կան թաղամասեր, որոնք շուրջօրյա ջուր են ստանում։
Նիստում սակագների բարձրացման վերաբերյալ իր վրդովմունքը հայտնեց պետական մարմինների աշխատողների արհմիությունների հանրապետական կազմակերպության նախագահ Յուրի Ավանեսյանը՝ շեշտելով, որ հասարակության կողմից բացասաբար է ընդունվելու սակագնի բարձրացումը, քանի որ կենսաթոշակները, աշխատավարձերը չեն բարձրացվել:

«Ինչո՞ւ ծախսերի փակումը կատարել ի հաշիվ ժողովրդի, որի մի մասն առանց այն էլ չի կարողանում վճարել ջրի վարձը, իսկ թանկացումից հետո ի՞նչ կլինի: Չի կարելի չարաշահել ժողովրդի համբերատարությունը: Մի՞թե հնարավոր չէ ընդունել միջին գին»,- հարցրեց նա, սակայն պատասխանը եղավ հանձնաժողովի կողմից որոշման նախագծի միաձայն ընդունումը:
Ապրիլի 1-ից կրկնակի կվճարեն ինչպես շուրջօրյա, այնպես էլ այլ գրաֆիկով ջուր ունեցողները: Սակագների բարձրացումը հանրապետության բնակչության մի զգալի մասին դժվար կացության մեջ կդնի, քանի որ այդ ամենով չի վերջանում գների աճը. վերջերս արդեն բարձրացել է նաև մսի գինը՝ տավարի մսի 1 կգ-ն վաճառվում է 1800 դրամով՝ նախկին 1500 դրամի փոխարեն: Թանկացել են նաև որոշ դեղամիջոցներ:

«Ստացվում է, որ ոչ պետք է հիվանդանանք, ոչ մրսենք, ոչ էլ նորմալ հաց ուտենք»,- կեսկատակ-կեսլուրջ նշեց Ստեփանակերտի բնակչուհի Սվետլանա Ավագյանը, ում միակ եկամուտը թոշակն է:
«Բալա ջան, ո՞նց պետք է ապրենք, չգիտեմ, իմ ու ամուսնուս թոշակը հազիվ հերիքում էր գազի, լույսի և մի կտոր չոր հացի համար, հիմա, երբ գազն ու ջուրն էլ թանկացրել են, չգիտեմ՝ ինչ ենք անելու: Ստացվում է, որ հացից պետք է կտրենք, այդ վճարումներն անենք, թե չէ՝ կգան գազն ու լույսը կանջատեն՝ կմնանք մթում ու ցրտում նստած»,- ասաց տիկին Սվետլանան:

«Ոչ հարցնում են, ոչ՝ մտածում, թե էս մարդիկ ոնց պիտի յոլա գնան: Բարձրացնում են՝ հերիք չէ, դեռ չեն էլ ձգտում որակյալ սպասարկում իրականացնել: Ասում են՝ ջրի գինը բարձրանում է: Բա նորմալ ջուր տան, էլի: Գարնանը ջուրը խմելու չի լինում, կեղտաջուր է գալիս: Հիմա ի՞նչ է ստացվում՝ էդ կեղտաջրի համար պիտի կրկնակի վճարե՞նք: Գազի գինն էլ են բարձրացնում: Դա դրսից ենք առնում, ինչ-որ տեղ հասկանալի է, բա ջո՞ւրը, հո դա էլ չենք ներկրում, գոնե կարելի է դրա գինը չբարձրացնեն: Խեղճ ժողովրդի համար ե՞րբ են մտածել, որ հիմա մտածեն»,- ասում է 78-ամյա Գրիշա պապը:
ԱՆԱՀԻՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Hetq.am

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ։ Այնուամենայնիվ, ջրի սակագինը կրկնակի բարձրացնելու, սոցիալապես աննախանձելի վիճակում գտնվող բնակչության «կոկորդը սեղմելու» փոխարեն կարելի էր ավելի արդյունավետ միջոցներ գտնել։ Այսպես, օրինակ, ըստ մեզ, ավելի նպատակահարմար կլիներ «ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը» և չգիտես ինչի համար գոյություն ունեցող նմանատիպ մյուս հանձնաժողով-կառույցները կրճատել ու դրանք պահելու համար պետական գանձարանից վճարվող միլիոնները տրամադրել «Ջրմուղ-կոյուղի» և «Արցախգազ» ՓԲԸ-ներին։



ԱՐՁԱԳԱՆՔ

Մեր թերթի նախորդ համարներում մենք տպագրել ենք արցախցի մի խումբ թոշակառուների նամակը՝ «Ղարաբաղ տելեկոմ» ՓԲԸ-ի տնօրենին, ապա անդրադարձել այդ նամակի արձագանքներին։ Մարտի 19-ին նամակագիրները վերջապես ստացել են պատասխանը՝ «ՂՏ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի ստորագրությամբ, որտեղ մասնավորապես գրված է.

«...Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում և արտասահմանյան բոլոր երկրներում գործում է 2 տեսակի վճարային համակարգ՝ հետվճարային, որը նախատեսում է ամսավճար, և կանխավճարային, որն այն չի նախատեսում։ Մինչև 2009 թ. Լեռնային Ղարաբաղում բջջային կապի գծով գործում էր միայն հետվճարային համակարգը, և մեր կողմից շարունակաբար իջեցվում էր ամսավճարը մինչև այն նվազագույնին հասցնելը։ Բացի այդ, 2009 թ. ապրիլ ամսից սկսել են գործել նաև կանխավճարային քարտեր, որոնք ամսավճար չեն պահանջում։ Փաստորեն, բաժանորդները հնարավորություն ունեն ընտրել իրենց համար առավել հարմար տարբերակը և օգտվել կապի ծառայություններից»։

Նամակագիրներին համոզիչ չի թվում պատասխանը։ «Երբ մենք և մեզ նման տասնյակ հազարավորները դարձել ենք «Ղարաբաղ Տելեկոմի» բաժանորդը, այդ ժամանակ գործում էր միայն «հետվճարային համակարգ» կոչվածը։ Մենք դրա համար 8000 դրամ ենք մուծել, չհաշված 5000 դրամ դեպոզիտը։ Այդ ժամանակ ընտրության ոչ մի հնարավորություն չկար,- հայտնեցին նամակի հեղինակները։- Ի՞նչ է, հիմա թքենք այդ 8000 դրամի վրա և հիմա էլ «կանխավճարային բաժանորդ» դառնա՞նք»։

Նրանցից մեկն էլ ավելացրեց. «Ես հիվանդ մարդ եմ, բջջայինն օգտագործում եմ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում. եթե փողոցում հանկարծ վատ զգամ` կապվեմ հարազատներիս հետ։ Վերջին անգամ րոպեավճարս կազմել է 28 դրամ (ամսական հազիվ 50-60 դրամի եմ խոսում), բայց դրանից բացի ամեն ամիս ստիպված եմ մուծել նաև 1200 դրամ։ Խոսքն այս անարդարության մասին է։ Եթե մեզ մոտ այլ կապավոր լիներ, ես կհրաժարվեի Տելեկոմի ծառայությունից»։



ՆԱՄԱԿ «ՆՈՐ ԷՋ»-ԻՆ

Ձեր թերթի միջոցով ուզում եմ հայտնել իմ սրտի կսկիծը. երևի շատերին է մտահոգում այս հարցը, բայց թե ինչու են լռում, չգիտեմ։ Խոսքս բոլորիս հայտնի Հուշահամալիրի մասին է, ուր ջրի գոնե մի ծորակ չկա։ Ծաղիկները տանում ենք, հետն էլ ջուր պիտի տանենք։
Մի քանի տարի առաջ մոտակայքում պուլպուլակ կար, այն էլ մի որոշ ժամանակ հետո քանդեցին, անհետացրին։ Բայց չէ՞ որ տարին մի քանի անգամ մենք այնտեղ ենք հավաքվում՝ Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, Մեծ հայրենականի, երկրաշարժի, սումգայիթյան զոհերի և Շուշիի ազատագրման օրվա համար։ Մի՞թե չի կարելի ջուր անցկացնել, երբ 50 մ հեռավորության վրա ջուր է անցկացված՝ մեքենաների լվացման համար։

Բացի դրանից, գերեզմանոցի տարածքը հսկող չկա։ ԻЇնչ անօրինություններ ասես, որ չեմ նկատում այնտեղ։ Ես հաճախ եմ գնում Հուշահամալիր, տղայիս հուշաքարն այնտեղ է գտնվում։ ՔանիЇ անգամ եմ ծաղիկների տնկիներ աճեցրել, բայց հողից հանել ու տարել են։ Այսպես ու՞ր ենք գնում, չէ՞ որ այն մեր սրբավայրն է։
Հուշահամալիրում հինգ ջրավազան կար կառուցված, որից առաջինը քանդել, հողին են հավասարեցրել, հերթը հասել է երկրորդին... ճիշտ է, ջրի հարցը լուծելով մեր վերքերը չեն բուժվում, բայց ամենափոքր ուշադրությունն անգամ այսօր պետք է մեզ, ոչ միայն որդեկորույսներիս, այլև՝ բոլորիս։

Է. ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ



ԴՈՒ ՔԱՂՑՐ ԵՍ, ՀՈՂ ԻՄ ՀԱՅՐԵՆԻ

Մեզնից յուրաքանչյուրը պետք է հպարտ լինի, որ հայ է, աշխարհի ամենահին ազգերից մեկի զավակը: Ես ինքս էլ հպարտ եմ, որ հայ եմ, առավել ևս՝ արցախցի, ու ամեն տեղ, նույնիսկ թշնամու հողի վրա էլ կարող եմ առանց վախենալու հազար անգամ կրկնել՝ ես հայ եմ:
Այսօր շատ հայեր, ճակատագրի բերումով կամ իրենց իսկ ցանկությամբ, ապրում են հայրենիքից դուրս: Մենք գիտենք, որ հայ ժողովուրդը դարեր շարունակ պայքարել, մաքառել է հանուն ազատության, անկախության՝ անցնելով պատերազմների թոհ ու բոհով՝ կրելով մեծագույն կորուստներ և ապացուցելով, որ չի մեռնում երբեք այն ժողովուրդը, որը մեռնել չի ուզում: Եվ դա մեզ հաջողվել է: Արցախյան պատերազմում մեր քաջազուն հերոսները չխնայեցին ոչինչ մայր հողի համար, իրենց կյանքով ապացուցեցին, որ մեր քաղցրահնչուն հորովելը չի պղծվի, որ հայ եկեղեցիները մզկիթների չեն վերածվի:

Այսօր մենք վայելում ենք նրանց արյան գնով ձեռք բերված խաղաղությունը: Բայց, միևնույն է, պատերազմ կոչված այդ երևույթն իր հետքն է թողել մեզ վրա: Այն իր չար ձեռքով «խառնել է» մեր ժողովրդին, ցրել է նրանց ամբողջ աշխարհով մեկ:
Իսկ ի՞նչ ասել է՝ իրենց իսկ ցանկությամբ ապրում են հայրենիքից դուրս: Մի՞թե այսպիսի չքնաղագեղ լեռնաշխարհ և տառապանքներով ու մաքառումներով լի պատմություն ունեցող ժողովուրդը կարող է առանց պատճառի թողնել ու հեռանալ հայրենիքից: Ուրեմն՝ մի պատճառ կա, չէ՞: Իսկ թե որն է այդ պատճառը, ապա մեզնից յուրաքանչյուրն էլ դա գիտի, քանի որ ապրում է նույն իրականության մեջ: Խոսքն անարդարության մասին է:

Ներկայումս, 21-րդ դարում, գիտության ու տեխնիկայի աներևակայելի նվաճումների ու քաղաքակրթության գագաթնակետին մարդիկ կարող են քաղցից ընկնել ու մեռնել: Ո՞րն է դրա պատճառը: Իհարկե, դրա մեղքը բնության ժլատությունը չէ, այլ մարդկային անարդարությունը: Անարդարություն է տիրում ամենուր, հասարակությունը կիսվել է երկու մասի՝ մի բուռ հարուստների և բազմահազար աղքատների...
Ճիշտ է, այսօր հասարակ արցախցին ընկճված է սոցիալական բազում պրոբլեմների ծանրությունից, դժվար է ապրել նման պայմաններում, բայց եկեք խոստովանենք, այլ երկրներում ևս դեռ չեն ձերբազատվել նման խնդիրներից: Ուստի ամենևին պետք չէ ամեն մի դժվարության պատճառով թողնել ու հեռանալ հայրենի հողից:

Ես էլ կուզենայի ապրել տարբեր երկրներում, ոչ երկար ժամանակով, այնքան, որ քիչ թե շատ կարողանայի ծանոթանալ այլ ազգության մարդկանց առօրյային, իսկ մշտական բնակության վայրս, իմ հայրենիքը երբեք չեմ փոխի այլ երկրների հետ:
Ես ապրում եմ Արցախում և ուզում եմ այնքան լավանա մեր երկրի վիճակը, որ բոլոր հայերը վերադառնան իրենց հայրենիքը, որն ունի աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկը, հարուստ մշակույթ, պատմություն ու գեղեցիկ բնաշխարհ:

Ցավում եմ, որ սոցիալական վատ պայմաններից ելնելով, իմ հայրենակիցները լքում են իրենց օրրանը: Հայը պետք է ապրի իր հայրենիքում: Մե՛նք պետք է ծաղկեցնենք ու զարգացնենք մեր երկիրը, պայքարենք եկող սերունդների բարեկեցության համար, այլ ոչ թե գոյատևենք ուրիշ երկրներում, աշխատենք ուրիշների համար: Իմ պապերն արյուն են թափել այս հողի համար, որ ես վեր կենամ գնա՞մ այստեղից: Ո՛չ, աշխատող ու արարող մարդը այստեղ էլ կարող է ապրել, թեկուզ մի քիչ դժվար, բայց սեփական տանը, սեփական հողի վրա:

Ախր, հայրենիքը քաղցր է, մարդիկ: Հիշենք բանաստեղծի հանրահայտ տողերը.
Դու քաղցր ես, հող իմ հայրենի,
Չկա քեզնից պայծառ անուն...

ՄԱՐՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ
ժուռն. 3-րդ կուրս



ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ՉԵՆ ԳՐՈՒՄ ՄԵՐ ԹԵՐԹԵՐԸ

Մարդամոտ էր, ընկերական շրջապատում՝ աշխույժ զրուցակից, կատակի ու հումորի սիրահար: Վերափոխվում, ինքնամփոփ էր դառնում, վերանում շրջապատից, երբ առաջնորդող էր գրում: Ոմանց համար ամենահեշտ գործն էր: Թխիր մի քանի փաստարկ, գրի առ մի քանի արտահայտություն, շատը մի ժամ աշխատիր տեքստի վրա և ներկայացրու տպագրության:
Ո՛չ, այդպիսին չէր «Խորհրդային Ղարաբաղ»-ի երկարամյա խմբագիր Լազր Գասպարյանը: Չեմ հիշում դեպք, որ նա հապշտապ, առանց խորապես մշակման, մտքերի արմատական հիմնավորման քարտուղարությանը հանձներ իր գրած առաջնորդողը: Որպես կանոն նա տեքստը մշակում էր առնվազն երկու անգամ: Զուր չէ, որ Լ. Գասպարյանի հեղինակած առաջնորդողները չէին շրջանցվում, ընթերցվում էին:

Ստեղծագործական եռուզեռն էր տիրապետում կոլեկտիվում: Բոլորն էլ միաձուլված էին ընթերցողին արժեքավոր նյութ տալու ձգտմամբ, յուրաքանչյուրը դրան իր նպաստն էր բերում ըստ իր նախասիրությունների: Իսկ եթե հրապարակումը հումորային-ֆելիետոնային է, ապա առանց ստորագրության էլ դժվար չէր կռահել, թե որի հեղինակը Վազգեն Օվյանն է, որինը՝ Իսրայել Պետրոսյանը: Իրենց յուրահատուկ ձեռագրով էին ընթերցողին ներկայանում Աբգար Դանիելյանն ու Նվարդ Ավագյանը: Խորհրդակցությունների, տարաբնույթ հավաքների ընթացքի հմուտ լուսաբանմամբ էլ հանդես էր գալիս Արտաշես Գասպարյանը:

Ստացվում էր աննշան ձևափոխմամբ Վ. Մայակովսկու առաջարկը՝ "Все материалы хорошы, выбирай на вкус": Հենց ցանկացածդ թերթի այս գնահատելի հատկանիշն է, որ այսօր չի հերիքում մեր մամուլին: Ստեփանակերտում հրատարակվող թերթերում այսօր գերակշռողը տարբեր խորհրդակցությունների ծավալուն լուսաբանմամբ հրապարակումներն են և հարցազրույցները, որոնցից խորշում է ընթերցողը, քանի որ դրանց կմախքը կազմում են կարդացված զեկուցումների և ելույթների չոր ու ցամաք տեքստերը, բացակայում են հեղինակային խորհրդածություններն ու ակնարկները, անընդունելի վարմունք, որով հատկապես շատ են տարվում «Ազատ Արցախ»-ը, «Ակունք»-ը, «Լուսարար»-ը, մեր մյուս թերթերը:

Գեղեցիկ, հղկված խոսքի արժեքը որքաЇն լավ էր հասկանում Եղիշե Չարենցը: Ա. Իսահակյանի վկայությամբ «Մեծ էրուդիցիայի տեր էր, գիտեր բոլոր գրականությունները, բայց, մեկ է, ստեղծագործելը նրա համար երկունքի էր նման և հերթական հաջող գործը տրվում էր «դժվար վարժությամբ»: Առանց վարանելու կարելի է ասել, որ մեր թերթերի շատ հրապարակումներ ոչ թե տքնանքի, ստեղծագործական քուրայում թրծվածի, այլ չհասունացված խմորից հյուսված անհամ, անհոտ հացի տպավորություն են թողնում: Մեր թերթերն իրենց լեզվական աստառով իրար այնքան են նման, որքան ինկուբատորից նոր դուրս եկած ճտերը:

Մինչդեռ մեր հնարավորություններն այս բնագավառում անսպառ են: Մենք երեկ գրի ու գրականության տիրացած ազգ չենք, հնագույն ժողովուրդ ենք, երկու գրական լեզվի, գրաբարի ու միջին հայերենի, արժեքավոր բարբառների տեր: Ահա թե ինչու ամոթալի, նախատելի է, որ մեր թերթերն ընթերցողին են ներկայանում խղճուկ, հաճախ նաև խճողված լեզվով, չափազանց աղքատ բառապաշարով: Չեմ փորձել հաշվել, բայց համոզված եմ նրանում, որ մեր ցանկացածդ թերթի ցանկացածդ համարի բառապաշարը հազիվ թե անցնի հազարից և դա այն դեպքում, երբ հայերեն բառերի քանակը 120-130 հազար է, մեր նշանավոր գրողներից Պ. Սևակինը՝ 65 հազար, Ե. Չարենցինը՝ դրանից մի քիչ պակաս:

Թեկուզ այս հարցը առանձին թեմայի նյութ է, ամփոփ ասենք միայն, որ տրաֆարետը, սխալ, միատեսակ կազմված նախադասությունները, կետադրական նորմերի խախտումները մեր թերթերում ուղղակի աչք են ծակում, երևույթ, որ հաճախ կոպիտ վրիպումների տեղիք է տալիս։
Չորրորդ իշխանություն՝ պատվավոր կոչում, որ այսօր կրում է մեր մամուլը: Բայց, ինչպես ընդունված է ասել, անունը կա, ամանումը չկա: Մեզ մոտ իշխանությունը գործում է իր համար, իր ընտրած ուղիով, մամուլը՝ իր: Չկա փոխգործակցություն: Ավելին, եթե հավելենք, որ մեր մամուլը գործում է "как бы чего не вышло"-ի չեխովյան դարձվածքով, վիճակն ավելի ընկալելի կդառնա: Ո՛չ պաշտոնական «Ազատ Արցախ»-ում, ո՛չ «Ակունք»-ում, ո՛չ էլ նախարարական և համալսարանական թերթերում մեր առջև ծառացած հիմնահարցերի լուծմանը վերաբերող ոչ խորազնին քննարկումների, ոչ էլ կարծիքների փոխանակումների չես հանդիպի: Եթե մեկ-մեկ էլ քննադատական խոսք կա նրանց որևէ համարում, ապա դա սեփական լրագրային չէ, այլ իշխանական:

Այս առումով հատկապես մենք պահանջ ունենք ներկայացնելու «Ազատ Արցախ»-ին, որն իր հրատարակման հաճախականությամբ և պետական հովանավորությամբ եզակի է մեր հանրությունում: Բոլորովին էլ նորմալ չէ, որ թերթը չունի հեղինակային ակտիվ և բավարարվում է միայն սեփական լրագրողների թույլ, համարում միևնույն հեղինակի մինչև երկու, նույնիսկ երեք հրապարակումներով: Քիչ չեն դեպքերը, երբ հեղինակները մերժում են ստանում զուտ այն պատճառով, որ շոշափում են թերթի համար «խրթին», մեր սոցիալական, ճգնաժամային վիճակին վերաբերող հարցեր: Օրերս այդպիսի բախտի արժանացավ, օրինակ, մեր գյուղատնտեսության բնագավառում երկարամյա ղեկավար պաշտոններում աշխատած, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Է. Գասպարյանը:

Նրա ներկայացրած հոդվածի «խոցելին» այն էր, որ «խիզախել» էր պատկերել անցյալ դարի 80-ական թվականներին մեր գյուղատնտեսության նվաճումներն ու կայուն առաջընթացը, որին, ի դեպ, հեղինակը դիմել էր հատկապես այդ բնագավառի աշխատողներին հույս ներշնչելու համար...
Այսօր արդեն ակնհայտ է դարձել, որ հողի սեփականաշնորհումը մեզ մոտ խորազնին հաշվարկված չէր, կամայական էր: Բարի էր նպատակը՝ գյուղացուն դարձնել հողի սեփականատեր, բայց ի՞նչ ստացվեց: Տեղի ունեցավ տնտեսական այդ համակարգի փոշիացում: Արցախից տվյալներ չունենալով, մեջբերենք այն թվերը, որ Հայաստանի վիճակագրությունն է ներկայացնում: Այսօր մեր մայր հայրենիքում ցանովի հողատարծքների թիվը կազմում է մեկ միլիոն 200 հազար, մենատնտեսներինը՝ 450 հազար: Եվ սա՝ փոքր, հողազուրկ երկրում ու այն էլ այն դեպքում, երբ շուրջ 230 հազար հեկտար հող էլ դուրս է եկել շարքից:

Լիներ մեր մամուլն իր կոչման բարձրության վրա, և լսելի լիներ նրա ձայնը, հազիվ թե վիճակը լիներ այսքան ողբալի: «Գոլոս Արմենիի» մարտի 18-ի համարում ահա թե ինչ է գրում նշանավոր պետական ու հասարակական գործիչ Վ. Մովսիսյանը. «Երկրի նախագահ Սերժ Սարգսյանը լրջորեն մտահոգված է ագրարային ճյուղում գործերի իրավիճակով և կասկած չկա, որ մինչև 2020 թվականը ծրագիրն իրականացվելու է: Ընդգծում եմ, վրա է հասել բանական քաղաքականության փուլը և վերևներում գոյություն ունի ոչ միայն իրավիճակի գիտակցում, այլև այսուհետ անսխալ գործելու գիտակցում»:

Սա, անշուշտ, ուրախալի է, բայց ցավալի, որ բանականության ձայնը ժամանակին չի լսվել: Գոնե հիմա մեր մամուլը ոտքի կկանգնի՞ արագորեն իրականացնելու նախատեսվածը, հասնելու նրան, որ մեր և արտաքին շուկայում տերն ու տիրակալը, ինչպես դա ընդունված է Բելոռուսում, լինի գյուղմթերք արտադրողը, նա՛ ստանա շահույթը և ոչ թե սպեկուլյանտը, անհարկի ժուլիկ միջնորդը:
Երևի արդեն շատերին է հայտնի ռուսական հեռուստատեսությամբ ՌԴ-ի նախագահ Դ. Մեդվեդևի բացասական վերաբերմունքը երկրում էներգետիկների, կոմունալ ծախսերի առկա գների բարձրացման վերաբերյալ: Ո՞վ է շահում դրանից: Հանրությունն ընդհանրապե՞ս, թե՞ օլիգարխները, որոնք ավելի շատ հոգում են գերշահույթի ստացման, քան ծավալուն ներդրումների միջոցով ինքնարժեքի և ապրանքագների իջեցման մասին: Լուրջ քննարկումների առարկա պետք է դառնա մեր արտադրատեսակների որակի բարձրացման, ծավալների ավելացման հարցերն այն հաշվով, որ ապրանքափոխանակության մինուսային ելքի պատճառով մեր երեք միլիարդ դոլարը չապաստանի այլ երկրներում:

Ոչ քիչ կարևոր է արտագաղթի ավերիչ հետևանքների դեմ մեր մամուլում լայն արշավ ծավալելու անհրաժեշտությունը: Արդեն նույնսիկ ամոթալի է, երբ մեզանում, լինի ղեկավար անձ, թե լրագրող, ժխտում են մեր երկու երկրների բնակչության նոսրացումը: Չի՞ եղել: Ապա ինչպես է, որ միայն Ռուսաստանում 1989-ի 360 հազար հայի փոխարեն 2.5 միլիոն հայ է բնակվում: Կամ եզակի՞ երևույթ է, երբ մեր «Ապառաժ» թերթում ունեցած իր ելույթում Շահմասուրի գյուղապետը վկայում է, որ նախկին 56 ընտանիքից գյուղում այսօր մնացել է 28-ը...

Ինձ համար, որպես Մեծ Հայրենականի վետերանի, չափից դուրս վիրավորական է, որ այժմ, երբ ընդամենը հաշված օրեր են մնացել մինչև Մեծ հաղթանակը, մեր համարյա բոլոր թերթերը լուռ են: Մինչդեռ մենք ասելիք ավելի շատ ունենք, քան ուրիշները: Մեր փոքր ժողովուրդն իր 600 հազար այրերին ու դստրերին է ուղարկել ճակատ, այդ թվում Արցախն՝ իր երեք բնակչից մեկը (45 հազար): Չէ՞ որ հանրահայտ է, որ Ստալինգրադում տարած հաղթանակը կտրուկ զսպեց Արևելյան Հայաստան ներխուժելու և եղեռնից մեր ժողովրդի փրկված հատվածի հետ ևս հաշվեհարդար տեսնելու մոլուցքը:

Մեր լրագրության նահապետի իրավունքով ու թելադրանքով եմ գրում ես այս ամենը: Իմ կրտսեր գրչընկերներից ոչ մեկին վատը չեմ ցանկանում: Ավելին, կամենում եմ, որ նրանք արժանի լինեն իրենց կոչմանը, շատ աշխատեն իրենց վրա, խորազնին ծանոթանան մեր հրապարակախոսական ժառանգությանը... Բարին ընդ Ձեզ:

ԵՂԻՇԵ ՍԱՐԳՍՅԱՆ



ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼՅԱՆԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ
ԼՂՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ


Հարցազրույց ԼՂՀ արտաքին քաղաքականության և
անվտանգության հանրային խորհրդի նախագահ
ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼՅԱՆԻ հետ


- Պարոն Մայիլյան, մասնակցելո՞ւ եք առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

- Ընտրություններին մասնակցելն ինձ համար ինքնանպատակ չէր։ 2007 թվականանին կայացած ԼՂՀ նախագահական ընտրություններում մեր թիմը երկու հիմնական նպատակ է հետապնդել։ Նախ՝ ԼՂՀ դրական միջազգային իմիջի պահպանում այլընտրանքային ընտրությունների անցկացման միջոցով և ապա՝ հաղթանակի դեպքում մեր երկրում իրական բարեփոխումների ծրագրի իրականացում։ 2007-ին մենք մեր առաջին նպատակին հասանք, եղել են նաև այլ ձեռքբերումներ, որոնց մասին մենք հայտարարել ենք նույն թվականի հուլիսի 20-ին անցկացրած ամփոփիչ մամլո ասուլիսում։

Քանի որ մեր երկիրը նախագահական հանրապետություն է, ապա միայն պետության ղեկավարը բավարար լիազորություններ ունի այս կամ այն քաղաքականության իրականացման համար։ Այս առումով խորհրդարանի լիազորությունները սահմանափակ են, և, ինչպես հետխորհրդային շատ երկրներում, խորհրդարանները, անհրաժեշտ օրենքներ ընդունելով, ընդամենը աջակցում են գործադիր իշխանության աշխատանքին։ Բացի դրանից, գործադիր իշխանությունը հզոր լծակներ ունի խորհրդարանի ձևավորման գործում։

Ուստի, նույնիսկ խորհրդարանական մեծամասնության պարագայում բարեփոխումների մեր ծրագրի իրականացումը խնդրահարույց կլինի։ Էլ ավելի դժվար է բարեփոխումներ իրականացնել՝ ունենալով խորհրդարանական փոքրամասնություն, հետո էլ՝ ես երբևէ ընդդիմադիր չեմ եղել, ավելի ստույգ՝ ես եղել եմ բարեփոխումների ակտիվ կողմնակից։
Համախոհների հետ ծանրութեթև անելով բոլոր «կողմ» և «դեմ» փաստարկները, մենք որոշեցինք չմասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, բայց կարող ենք աջակցել երկրի համար օգտակար ծրագրերին, եթե, իհարկե, դրանց ետևում կանգնած լինեն իրենց չվարկաբեկած քաղաքական գործիչներ կամ քաղաքական խմբեր։ Բացի այդ, մենք մտադիր ենք նպաստել ազնիվ ընտրությունների անցկացմանը և դրանց անաչառ լուսաբանմանը լրատվամիջոցներում։

- Չե՞ք գտնում, որ նախագահական ընտրությունների ժամանակ Ձեր օգտին քվեարկած մարդկանց պետք է տեր կանգնել։

- Ես խորին հարգանքով եմ վերաբերվում բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր պաշտպանել են իմ ծրագիրը 2007-ին։ Խոսքը հազարավոր համարձակ տղամարդկանց ու կանանց մասին է, ովքեր չենթարկվեցին ամենատարբեր ճնշումների և կարողացան հստակ արտահայտել Արցախի ապագայի իրենց տեսլականը։
Հենց ղարաբաղցիների մարդկային այս տեսակի առաջատար դերի շնորհիվ ենք մենք հաջողությունների հասել ազգային-ազատագրական պայքարում, պետական շինարարությունում և հաղթել մեզ պարտադրված պատերազմում։ Հենց նրանք են Արցախի իսկական տերերը, մարդիկ, ովքեր հովանավորության կարիք չունեն։ Նրանց համախոհներ են պետք, իսկ մենք միշտ կլինենք նրանց կողքին։

- Իսկ ի՞նչ եք ակնկալում այս ընտրություններից, ինչպե՞ս կանցկացվեն դրանք։

- Եթե դրսից արտառոց ոչինչ չլինի, ապա այդ ընտրությունները կանցկացվեն կանխատեսված ձևով, ինչպես անցել է քվեարկությունների մեծ մասը նախագահական վերջին ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածում։ Նոր խորհրդարանում, ինչպես և գործող խորհրդարանում, արտահայտված չի լինի ԼՂՀ քաղաքական ողջ ներկապնակի դիրքորոշումը։
Դրա փոխարեն մեր չմասնակցությամբ մենք բարդույթավորված չինովնիկներին և տարատեսակ գործիչներին հնարավորություն չենք տա զբաղվելու իշխանամետ թեկնածուների ու կուսակցությունների օգտին Ընտրական օրենսգրքի զանգվածային խախտումներով։ Այդ գործիչներն այս անգամ պահանջված չեն լինի, և պետական գանձարանը ոչ քիչ միջոցներ կխնայի, ինչը օրախնդիր է համաշխարհային տնտեսական ու ֆինանսական ճգնաժամի պայմաններում։

Եթե իշխանությունները իմաստնություն դրսևորեն, ապա ստեղծված իրավիճակում կարելի է կազմակերպել օրինակելի քվեարկություն՝ լավագույնը հետխորհրդային տարածքում։
Հարցազրույցը՝ ԱՆԱՀԻՏ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ



ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ

Գոլիցինը հայտարարեց, թե պիտի արմատախիլ անի Հայոց հարցը


(Սկիզբը նախորդ համարներում)

1896 թվականը, այնքան հարուստ իբրև ցնցումների ու վկայությունների ժամանակամիջոց, ծանր հարվածներ էր տալիս հայ հեղափոխականությանն առհասարակ: Ներքին քայքայում էր սկսվում Հնչակյան կուսակցության մեջ... Հրապարակում մնում էր Դաշնակցությունն իբրև մի հատիկ միաձույլ կուսակցություն, որ ներքին կազմակերպչական ճգնաժամ չէր ապրում: Թեև այդպես, բայց Դաշնակցությունն էլ Բանկ-Օտոմանի ցույցով մտնում էր իր թուլության, անկման շրջանը: Ահռելի արյունահեղությունները սաստիկ ռեակցիա էին առաջացրել հասարակական տրամադրության մեջ: Ավելի ևս սաստկացած էր ռեակցիան Եվրոպայում և, մասնավորապես, Ռուսաստանում: Այս խավար հոսանքների մեջ Աբդուլ-Համիդը դրդվում էր [դեպի] կատարյալ և անսահման կարողություն՝ խեղդելու իր պետության ամբողջ ազգաբնակչությանը, բայց մասնավորապես հայերին, որոնք զրկվում էին մարդկային ամենատարրական իրավունքներից անգամ, օրինակ՝ տեղափոխության ազատությունից: Ճնշումներն ու կեղեքումները հասնում էին աներևակայելի աստիճանների, իսկ սեպացած ժայռերին դեմ տրված հեղափոխությունը չգիտեր էլ ինչ աներ:

Ճիշտ է, դեռ մնում էր հին արհեստը՝ ֆիդայական (հայդուկային) կռիվը, բայց դա էլ առանձին մեծ ազդեցություն չէր գործում, թեև երկիրն իր միջից հանում էր իսկապես քաջ, հռչակված ֆիդայիների (Սերոբ Աղբյուր, Գևորգ Չաուշ և ուրիշներ): 1897-ին Դաշնակցությունը հաջողեցրեց մի բավական աչքի ընկնող հայդուկային արշավանք. գիշերով հարձակում գործեց քրդական մի ցեղի վրա, որի գլխավորն էր Շարուֆ-բեյը, որն ապրում էր վրաններում՝ Խանասոր անվանված տեղում, թուրք-պարսկական սահմանագլխի վրա: Այս գործը շատ ուռցրին ու չափազանցրին դաշնակցականները՝ համարելով այն իրենց մեծագույն հաղթանակը: Այդ քուրդ ցեղը Շարուֆ-բեյի հետ հայտարարվեց բնաջնջված և, այսպիսով, նրա զոհը դարձած հայ ժողովրդի վրեժը հանված: Սակայն այդ մի փոքրիկ հաջողություն էր միայն: Խանասորում հանկարծակի եկած քրդերը կորուստներ ունեցան, կորցրին շատ անասուններ: Բայց մնաց Շարուֆ-բեյը, որն անցավ Մուշի կողմերը և սկսեց այնտեղի հայերին տանջել, խորովել:

Չափից դուրս փառաբանված հաղթությունն էլ անկարող եղավ կանգնեցնել այն անընդհատ թուլացումը, որ գալիս էր սաստիկ վտանգելու Դաշնակցության գոյությունը: Պետք էր գործունեության ավելի լայն շրջան ստեղծել և նորից կենդանացնել Հայոց հարցը: Այս նպատակով Քրիստափոր Միքայելյանը տեղափոխվեց ժնև՝ կուսակցության ղեկավարությունն իր ձեռքն առնելու համար: Թիֆլիսում ղեկավար մնաց Սիմոն Զավարյանը, որ երկար ժամանակ զուր ջանքեր էր անում կազմակերպության մեջ կենդանություն մտցնելու համար: 1898թ. սկզբին Ջրօրհնեքի հանդեսին, Վանքի եկեղեցու բակում, Զավարյանը մոտեցավ ինձ և այսպիսի մի տարօրինակ առաջարկություն արեց: Դաշնակցությունը գրեթե բոլորովին մոռացվել ու լքվել է ամենքից: Ինքը որոշել է կազմակերպությունը փրկելու համար՝ նրա ղեկավարությունը հանձնել հայ բուրժուազիային: Թող գան նրանք՝ Աբգար Հովհաննիսյանը և ուրիշները, բերեն իրենց հետ դրամական միջոցներ, մարդիկ:
...Քիչ անցած Զավարյանը մի քանի խորհրդակցական ժողովներ գումարեց՝ ինձ էլ հրավիրելով մասնակցել այդ ժողովներին: Սիմոնը սկսեց մի երկար և մանրամասն զեկուցում Դաշնակցության կազմալուծման մասին:

Այս հանգամանքի գլխավոր պատճառը նա համարեց կազմակերպության ծրագիրը: Գործունեության այն եղանակը, որ ընդգրկել էր այն՝ բերելով իր հետ արյունահեղություններ և խորտակում, հոգնեցրել ու խրտնեցրել է ժողովրդական խավերին, և ամենքն այժմ երես են դարձնում նրանից: Հարկավոր է, ուրեմն, վերակազմել կուսակցությունը նոր հիմքերի վրա: Այս նպատակով էլ ահա հրավիրված էր խորհրդակցությունը: Ինքը՝ զեկուցողը կարծում էր, որ կազմակերպությունը պիտի ստանա ավելի խիստ ազգային գունավորում՝ դուրս ձգելով ծրագրի և գործողության եղանակների միջից ամեն բան, որ հակառակ է ազգայնության հոգուն, որ և խրտնեցնում է հայ ժողովրդի պահպանողական բուրժուական տարրերին, որոնց վրա պիտի հենվի հայ հայրենական ազատագրության գործը:
...Իսկ կուսակցության վերակենդանացումը Թիֆլիսում չէր հիմնավորվում, այլ Ժնևում: Այնտեղ Քրիստափոր Միքայելյանը ծավալեց մի եռանդուն կազմակերպչական գործունեություն: Սա ամենից առաջ արտահայտվեց հայդուկային գրականության մեջ: «Դրոշակի» մեռած պաշտոնական բովանդակությունը նշանավոր չափով կենդանացավ:

...Միքայելյանն էլ ձեռքն էր առել հրապարակախոսի ժլատ գրիչը՝ գաղափարախոսական կառուցվածքներ հիմնավորելու համար: 1901 թվականին էր, որ նա «Դրոշակի» մեջ տպագրեց իր «Ամբոխային տրամաբանությունը» փոքրիկ աշխատությունը, որը, սակայն, ահագին դժբախտությունների աղբյուր դարձավ հայ ժողովրդի համար: Դաշնակցականների համար «Ամբոխային տրամաբանությունը» դարձավ մի սրբազան գիրք, ինչպես Ավետարանը, Ղուրանը: Նրա մեջ հայտնված մտքերն երկնառաք ճշմարտություններ էին բոլոր ուղղահավատ դաշնակների համար: Ի՞նչ էին բարբառում այդ ճշմարտությունները:

Հասարակության մեջ շատացել էին այն տարրերը, որոնք համոզվում էին հետզհետե, թե հայդուկային հեղափոխությունն է հայ ժողովրդի ջարդերի պատճառը, և եթե այն շարունակվի, հայության կատարյալ և վերջնական բնաջնջումը Թուրքիայում անխուսափելի է: Սա արդեն հակահեղափոխություն էր՝ կորուստների և դրանց հետևանքների հետ հաշվի նստելու հոսանք: Այդ հոսանքի բերանը փակելու համար էր Միքայելյանը գրում իր բրոշյուրը: Նրա մեջ պատմական փաստերով, հեղինակավոր եվրոպացիների վկայություններով [նա] պաշտպանում էր այն միտքը, թե քանի որ Թուրքիան սուլթանական Թուրքիա է, այնտեղ ապրող նացիաները պիտի կոտորվեն ու տանջվեն, միևնույն է՝ ինչ դրության մեջ էլ գտնվեն նրանք՝ խաղաղ, հլու-հպատակ դրության թե ըմբոստ-հեղափոխական դրության: Այսպիսով դաշնակցական շեֆը միանգամայն ապացուցված էր համարում, թե թուրքահայերի կոտորածները կապ չունեն թուրքահայերի հեղափոխական շարժումների հետ, և, ուրեմն, հեղափոխությունը պիտի շարունակի իր գործը՝ առանց ուշադրություն դարձնելու սուլթանի ջարդարար եռանդի վրա: Հեղափոխությունն է միակ միջոցը ջարդերի դեմ կռվելու համար: Մինչև այժմ հայ հեղափոխությունը խղճի մտոք է կատարել իր ազատարար առաքելությունը և, եթե հաջողություն չի ունեցել, այդ նրա մեղքը չէ: Պատճառը միշտ եղել է Եվրոպայի դավաճանությունը…

Այսօր կարդալով 20-րդ դարի հետ մեզանում երևան եկած ազատագրական ավետարանը, մենք պիտի զարմանանք ոչ այնքան հեղինակի մտքի սնանկության վրա, որքան այն բանի, որ այդ միտքը կարողանում էր հիպնոսացնել զանգվածներին, քշել նրանց դեպի անհավասար ու խելացնոր մի պատերազմի՝ մերկ թևերով կռվելու Կրուպպի թնդանոթների դեմ: Պետք էր, ճիշտ որ, լինել տհաս մի ամբոխ, մի խուժան՝ հավատալու համար, որ եթե 1896-ի օգոստոսին դաշնակցականները ռումբերով չխուժեին էլ Բանկ-Օտոմանի ներսը, Կ.Պոլսում, այնուամենայնիվ, կմորթվեին 6000 հայեր:
[Ճիշտ է,] Քրիստափոր Միքայելյանը վերակենդանացնում էր [կուսակցության] գործունեությունը, բայց միշտ մնալով հին նարոդնիկական ավանդներին կուրորեն հպատակվող՝ ոչինչ չսովորելով կյանքից և ոչինչ չմոռանալով հին մոլորություններից: Նա Թուրքահայաստանում պատրաստում էր նոր ապստամբություն և միջոցներ էր ձեռք առնում, որ Եվրոպան այս անգամ չդավաճանի իրեն: Իսկ Աբդուլ-Համիդից հայ ժողովրդին ազատելու համար ծրագրվում էր կտրուկ և ուղիղ միջոց՝ սպանել նրան:

Այս ձեռնարկումների համար, սակայն, հարկավոր էին դրամական ահագին միջոցներ: Եվ Քրիստափորը թողեց Ժնևն ու գնաց Բաքու՝ հայ արդյունագործական բուրժուազիային երկու ձեռքով կթելու համար: Սկզբունք է՝ ով հոժար կամքով գումար չի տալիս, այդպիսինը մահվան երկյուղի տակ է դատարկում իր հաստ գրպանը: ...Քրիստափորը փողառատ գրպաններով վերադարձավ Ժնև: Խոշոր գումարներ էին տեղափոխվում Ժնևի դաշնակցական բյուրոն:
Միջոցների տեր դառնալով՝ Միքայելյանը նախևառաջ Փարիզում հիմնեց մի փոքրիկ կիսամսյա ֆրանսերեն թերթ՝ «Pro Armenia» անունով, որի նպատակն էր Հայոց հարցի պրոպագանդան: Աշխատակիցների կոչումով թերթին իրենց անունները տվեցին մի քանի նշանավոր ֆրանսիացի: Այսպես, խմբագրական կազմը հայտարարված էր հետևյալ անձերից՝ Ժորժ Կլեմանսո, Ժան Ժորես, Անատոլ Ֆրանս, Ֆրանսիս դե Պրեսանսե, Լ. դե Ռոբերտի, խմբագրապետն էր Պիեռ Քիյարը:

Կազմակերպվեցին դասախոսություններ Եվրոպայի զանազան կողմերում՝ Հայոց հարցի էությունը քարոզելու և ժողովրդականացնելու համար: Այս նպատակով Անատոլ Ֆրանսը ճանապարհորդեց Իտալիայում: Մի խոսքով, վերակենդանացվեց նախահեղափոխական շրջանի քաղաքական պրոպագանդան, որի կազմակերպողն էր, ինչպես տեսանք, Անգլո-հայկական ընկերությունն իր «Հայաստան» թերթով: Պետք է, սակայն, այստեղ ևեթ ասել, որ պրոպագանդան լոկ Դաշնակցությանը չէր պարտական իր վերակենդանացմամբ: Համիդյան խժդժություններից Եվրոպա փախած թուրքահայ գրողները նվիրվեցին նույն գործին, և նրանցից միայն մեկը՝ Արշակ Չոպանյանը, այս ուղղությամբ աշխատելով մեծ աշխույժով և հմտությամբ՝ կատարեց իսկը որ ահագին դեր: Նրա անխոնջ ջանքերով կազմվել է գրեթե մի ամբողջ գրականություն՝ հայ պատմության, գրականության, արվեստի և մշակութային այլ հարցերի վերաբերյալ: Թարգմանելը և ժողովրդական բանահյուսության այդ գոհարները, միջնադարյան ու աշուղական երգերը տպագրելը Չոպանյանը բավարար չի համարել ու նշանավոր գրողների և գիտնականների հանձնարարականներն է խնդրել ու զետեղել այդ հրատարակությունների մեջ՝ իբրև ներածություն, կարդացել է դասախոսություններ, դիմումներ է արել և այլն, և այլն:

Ի՞նչն էր այս ընդարձակ պրոպագանդայի նպատակը: Հայ գործիչները՝ հեղափոխական և ոչ հեղափոխական, այն դժբախտ մոլորության մեջ էին մնում, որ եթե քաղաքակիրթ կոչված աշխարհը (սա ասենք էլի ու էլի)՝ Եվրոպան, սառնասրտությամբ է վերաբերվում հայ ժողովրդի կրած անհուն և անօրինակ տառապանքներին, պատճառն այն է, որ նա չի ճանաչում հայ ժողովրդին, չգիտի, որ հայը մի հին կուլտուրական ժողովուրդ է, առաջադիմության ընդունակ, դարերից ի վեր եվրոպական քաղաքակրթության առաջավոր պահակ Ասիայի խորքերում: Եվ ահա ծանոթացնում էին այդ ժողովրդին, գովում նրա խաղաղ բնավորությունը, նրա ստեղծագործող, արդյունաբերող առատությունը, նկարագրում նրա թշվառությունները, նրա կրած հալածանքները, մարդասիրություն և գթություն էին հայցում նրա համար:

...Այդ ժամանակներից էր, որ Ժնևի դաշնակցական կենտրոնը՝ «Դրոշակի» խմբագրությունը, իր պահեստների մի մշտական պատկանելիք էր դարձնում նաև մի հատ ռեդինգոտ, մի հատ էլ ցիլինդր՝ դիվանագիտական դիմումներ անող իր առաքյալներին հագցնելու համար: Գնալ, ներկայանալ մի որևէ արտաքին գործերի մինիստրի քարտուղարի օգնականին, խոսել նրա հետ «հայոց ազգային դատի» մասին, մի քանի քաղաքավարի կեղծ խոսքեր լսել ու վերադառնալ. սա «փրկության» գործ էր համարվում երկար տարիների ընթացքում՝ մինիստրների նախասենյակներում նստելը: Եվ իրավունք ուներ թուրքահայ տաղանդավոր երգիծաբան Երվանդ Օտյանը, երբ հայերին տալիս էր «նախասենյակի ազգ» անունը:
Ո՛չ պրոպագանդայի գործը Եվրոպայում, ո՛չ Թուրքահայաստանում ուժեղացող հայդուկային կռիվները դեռ բավական չէին, որ Դաշնակցությունը թևակոխեր վերակենդանության շրջանի մեջ: Հեղափոխական գործի երկու կողմերն էլ՝ հայդուկայինը և քաղաքագիտականը, վարկաբեկված էին: Բռնի միջոցներով փող կորզելը նրանից ետ էր շպրտել բուրժուազիային: Բայց այս ճգնաժամային դրության մեջ մի անակնկալ հանգամանք եկավ լայն ժողովրդականություն ստեղծելու նրա համար: Այդ հանգամանքը հյուսվեց ցարական բռնակալության ապուշ վայրագություններից:

1896-ին Կովկասի վարչապետ նշանակվեց իշխան Գոլիցինը՝ մի կրքոտ մարդ, կապ-կտրածներից մեկը, բռնի ռուսացնող բյուրոկրատի մի ամենաբնորոշ տիպ: Եկել էր փութացնելու Կովկասի ռուսացումը. այդ պատճառով նրա համար ատելի էին առհասարակ այն ազգությունները, որոնք իրենց սեփական ազգային բավականաչափ արժեքներն ունեին ռուսացմանը դիմադրելու համար, բայց մասնավորապես հայերը, որոնց վերաբերմամբ գոլիցինյան ատելությունը կատարելապես մի հիվանդագին երևույթ էր կազմում: Իր առաջին իսկ քայլերից Գոլիցինը հայտարարեց, թե պիտի արմատախիլ անի Հայոց հարցը: Հետո, հետզհետե, բանը հասավ այն աստիճանին, որ Գոլիցինն անհանդուրժելի էր համարում, որ հայ ժողովուրդ է ապրում աշխարհիս վրա: Ոչնչացնե՛լ ամենքին և միայն մի հատ թողնել մարդաբանական թանգարանի համար՝ սա՛ էր ցարական կոպիտ ու ինքնահավան սատրապի իդեալը:

Գոլիցինը, ձեռք առնելով այս ուղղությունը, [իր] առաջին գործը դարձրեց Կովկասի մայրաքաղաք Թիֆլիսում հայահալած մամուլ ստեղծելը: Մինչ այդ հայերի դեմ հալածանք մղելու պաշտոնը կատարում էր Պետերբուրգի և Մոսկվայի վաճառված հետադիմական մամուլը։ ...Վելիչկոյի հայակերական զառանցանքներին սիրով ձայնակցում էր և վրաց «կնյազական» մամուլը...
...Գոլիցինն սկսեց պաշտոնական ճանապարհով, օրենսդրական կարգով զրկել հայերին բոլոր իրավունքներից: Փակեց եղած սակավաթիվ հայ լրագրերից մեկը, փակեց հայոց դպրոցները, փակեց բարեգործական և կրթական հիմնարկությունները, գրադարանները և վերջիվերջո եկավ հասավ այն բանին, որ Նիկոլայ Բ-ից հրաման բերեց Հայոց եկեղեցական կալվածքները և գումարները խլելու մասին: 1903-ի ամռանն էր հրապարակվում այս օրենքը:

Սա արդեն չափազանցություն էր: Հայ ժողովուրդը մինչև այդ համբերությամբ տարել էր բոլոր հարվածները: Որքան սաստկանում էին գոլիցինյան հալածանքները, այնքան ամրանում և տարածվում էր ազգայնական զգացմունքը: Հայոց լեզուն, գրականությունը դառնում էին ուսումնասիրության առարկա և այնպիսի շրջանակներում, որոնք մինչև այդ չէին հետաքրքրվել դրանցով: Գաղտնի դասեր, դասախոսություններ, ընթերցանություններ՝ ահա՛ ինչ էր նկատվում ոչ միայն Թիֆլիսում և այլ քաղաքներում, այլև նույնիսկ գավառական խուլ անկյուններում: Զուր չէր խոսք դարձել, թե «Գոլիցինը հայերին հայ դարձրեց»:
Այս ազգային հողի վրա էր, որ հեղափոխական երկու կազմակերպություններն էլ՝ հնչակյանները և դաշնակցականները, մտնում էին ժողովրդի խորքերը, այնտեղ հաստատուն հող էին նվաճում իրենց համար: Գյուղերը բաժանված էին դաշնակցականների և հնչակյանների միջև: Կային գյուղեր, որոնց մի մասը դաշնակցական էր, մյուսը՝ հնչակյան: Երկու կուսակցությունների փոխադարձ ատելությունն ու թշնամությունը ծայրահեղության էր հասել: Այդպես էին հարաբերությունները և նրանց «ծուխերը» կազմող գյուղերի ու գյուղամասերի միջև: Կողմերն իրար հետ գնալ-գալ չունեին, իրար աղջիկ չէին տալիս...

Ահա այդ ժամանակ էր, որ Դաշնակցությունը հայտարարեց, թե իր վրա է վերցնում ինքնապաշտպանության և դիմադրության գործը: Ժամանակին արված մի քայլ էր այդ, որ միաժամանակ լուծում էր Դաշնակցության լինել-չլինելու հարցը:

(Շարունակելի)



Ապրիլմեկյան էջ

ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻՆ

Ժողովուրդն ասում է. նա ծնվել է փայտահատ դառնալու համար, սակայն ջութակ է նվագում. Գեդեոն Սարումյանը ծնվել էր ոչ փայտ ջարդելու, ոչ ջութակահար և ոչ էլ ուսուցիչ ու դռնապան դառնալու համար։ Նա ծնվել էր և չծնվել չէր կարող, որովհետև երբ դեռ ինքը Գեդեոն Սարումյան չէր, այդպես էին կամեցել նրա հայրը և մայրը...

Ինչպիսի կոստյում էլ որ հագներ Գեդեոն Սարումյանը, զարմանալիորեն նրա չափով է լինում, բայց չկա այնպիսի մի պաշտոն, այնպիսի մի գործ, որ Գեդեոն Սարումյանի «չափով» լինի։
Այսօր նա պատմության ուսուցիչ է կամ ֆիզկուլտուրա է դասավանդում որևէ ուսումնական հաստատությունում, վաղը կարող է նույն հաջողությամբ որպես մարզիչ աշխատել ֆուտբոլային կամ վոլեյբոլային ցանկացածդ թիմում, մյուս օրը հրահանգիչ նշանակվել կամ դռնապան կարգվել որևէ հաստատության առջև...

Եվ, այնումենայնիվ, ամենազարմանալին այն է, որ ուր էլ խարիսխ է ձգում Գեդեոն Սարումյանը, միշտ կարծում է, թե ինքը հենց այդ պաշտոնի համար է ծնվել, իսկ տվյալ պաշտոնն էլ հատկապես իր համար է, և ինքը անփոխարինելի է։ Բայց ոչ, դա զարմանալի չէ, դա սարսափելի է, որովհետև աշխարհում ոչ ոք չի կարող ապացուցել, որ զրոն բացասական թիվ է և, միաժամանակ, ոչ ոք չի կարող հաստատել, որ զրոն դրական թիվ է...

Վ. ՕՎՅԱՆ



ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ՝ ԼԻՐԻԿԱԿԱՆ ՇԵՂՈՒՄՆԵՐՈՎ

Ապրիլ ամսի 8-ին, 17-ին, 19-ին, 24-ին և 32-ին հատկապես ուշադիր եղեք ձեր առողջության նկատմամբ: Դրանք ամսվա ընթացքում էլեկտրամագնիսական դաշտի առավել հզորագույն ազդեցության օրերն են: Աստղագուշակի ներքոհիշյալ կանխատեսումները ուժի մեջ են ապրիլ ամսի բոլոր չորեքշաբթի և շաբաթ օրերին:

Խոյեր, ձեզ սպասվում են հաճելի անակնկալներ. օրվա առաջին կեսին դուք դառնալու եք քաղաքագետ, իսկ երկրորդ կեսին, քաղաքի կենտրոնական հրապարակում հեծանվով զբոսնելիս, դուք կգտնեք դրամապանակ՝ ամերիկյան դոլարներով: Այդ օրը ցանկալի է լվացվել միայն պարսկական արտադրության հայկական օճառով:

Ցուլերին խորհուրդ է տրվում տնից դուրս չգալ, քանզի հնարավոր են ավտոմեքենաների հետ ընդհարման լուրջ դեպքեր, ինչպես նաև՝ շենքերի տակով անցնելիս, կարող է նրանց գլխին ընկնեն երկնային մարմիններ: Բացի դրանից, այսօր նրանց էլեկտրականությունն անջատվելու է, իսկ ջրի ծորակից ոչ մի կաթիլ ջուր չի գալու:

Երկվորյակները, թող այնքան էլ չցնծան և իրենց շատ չերևակայեն: Այսօր նրանք հաստատ օդային աղետից չեն խուսափի: Լավագույն դեպքում՝ արաբ ահաբեկիչները պայթեցնելու են նրանց գունավոր հեռուստացույցը: Մյուս կողմից, ուզեն թե չուզեն, այսօր նրանք ֆինանսական մեծ կորուստներ են ունենալու:

Խեցգետինների համար օրը սարսափելի բարենպաստ կլինի. հնարավոր է, որ նրանք ընտրվեն ԱԺ պատգամավոր կամ այլ պաշտոն ստանան։ Օրվա երկրորդ կեսին նրանք «խոզագրիպի» բացիլներով ծրար են ստանալու: Գիշերը երազում նարդի են խաղալու Վլադիմիր Պուտինի և Սարկոզիի հետ։

Առյուծների նկուղում այսօր հրդեհ է բռնկվելու: Երբ հրշեջ ավտոմեքենան անմիջապես ուշացած ժամանի, ամեն ինչ հաճելիորեն վերջացած կլինի: Օրվա երկրորդ կեսին նրանք իսլանդական սուրճ են խմելու իրենց զոքանչի (կամ կեսրայրի) հետ: Այնուհետև նրանք մեկնելու են Երևան՝ Ղարաբաղի կողմից մասնակցելու ԵԱՀԿ համանախագահների պատվին կազմակերպած ճոխ բանկետին:

Կույսերն այսօր ամուսնանալու են: Նրանց սպասվում են ուղեգրեր Մոսկվա, Մայամի, Մեխիկո կամ Մոզամբիկ մեկնելու համար, որտեղ կանցկացնեն հաճելի և երջանիկ ժամանց, կլողանան առաջին կարգի շոգեբաղնիքում և կխմեն «Կոտայք» գարեջուր: Դուբայում նրանց սպասվում է լուրջ հանդիպում Միշա Սահակաշվիլու հետ:

Կշեռքներն հիմնականում շատ վաղ են արթնանալու, սակայն հեռախոսավարձը ուշացնելու պատճառով, հնարավոր է ընկնեն հաճելի անախորժությունների մեջ: Մյուս կողմից՝ նրանց խորհուրդ չի տրվում գնումներ կատարել փողոցի ձախ մայթերին տեղադրված խանութներում: Այսօր հատկապես զգույշ եղեք. հնարավոր է լինեն թերակշռման լուրջ դեպքեր՝ ծանր մարմնական վնասվածքներով: Օրվա չորրորդ կեսին նրանք հավի տոտիկներով խաշ են ուտելու:

Կարիճների քաշն այսօր 23 կիլոգրամով պակասելու է, բայց այդ կորուստը փոխհատուցվելու է «Ընտանեկան զառով» շահած 1500 դրամով: Օրվա վերջին նրանց ընդունելու է պաշտոնական այցով Լեռնային Ղարաբաղ ժամանած Բարաք Օբաման: Միաժամանակ, սպասվում է հաճելի ժամանց բնության կամ սիրածի գրկում:

Աղեղնավորներն ընկնելու են գլխապտույտ անհաջողությունների մեջ. նրանց զոքանչը (կամ կեսրայրը) ինքնաթիռում հանգչելու է ձախ ոտքի բթամատի վնասվածքից: Օրվա երկրորդ, չորրորդ և հինգերորդ կեսերին նրանք ընկնելու են հաճելի ինքնամոռացության մեջ և գունավոր բազմասերիանոց երազներ են տեսնելու՝ Ալլա Պուգաչովայի և Մաքսիմ Գալկինի մասնակցությամբ:

Այծեղջյուրներին խստիվ խորհուրդ է տրվում ոչ մի րոպե մենակ չթողնել իրենց կանանց: Հակառակ դեպքում, նրանց գլխավերևում կհայտնվեն փղոսկրե ոսկեզօծ եղջյուրիկներ: Ջրի վարձը ուշացնելու համար նրանց հայտարարելու են խիստ նկատողություն, իսկ կեսգիշերին նրանց բնակարանում կատարվելու է գողություն:

Ջրհոսներն այսօր վաղ առավոտյան թեյ են խմելու, հետո բաժանվելու են իրենց ամուսիններից: Օրվա երկրորդ կեսին նրանք ապխտած ձկան կարկանդակ են ուտելու և նրանց ընտանիքում տղա է ծնվելու: Օրվա երրորդ կեսին նրանք ապրելու են մինչև խոր ծերություն։ Հաջորդ օրը նշանակվելու են քաղաքաշինության նախարար:

Ձկներին սպասվում է հաճելի նավարկություն. նրանց բնակարանում ջրատար և ջեռուցման խողովակները պայթելու են, նրանք գիշերը ծովից ծով երազներ են տեսնելու, իսկ առավոտյան Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ քննարկելու են ազատագրված տարածքները հանձնելու հարցը:

Շնորհակալություն՝ ուշադրության համար, մինչև նոր հանդիպում:



ԱՄԵՆԱԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

Մարտի 31-ին «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի ղեկավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է. «Մի անգամ ևս քննարկելով ջրի սակագնի բարձրացման հարցը, մենք որոշել ենք հրաժարվել այն կրկնակի բարձրացնելու մտքից և, հաշվի առնելով ԼՂՀ բակչության գերակշիռ մասի անվճարունակությունը, երբ հազարավորները նույնիսկ հացի փող չունեն, ապրիլի 1-ից ջրի վարձը ոչ թե բարձրացնում, այլ կրկնակի իջեցնում ենք...»։

Նույն օրը ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը, որ մինչ այդ միաձայն հավանություն էր տվել սակագների բարձրացման մասին որոշման նախագծին, Artsakhpress-ի թղթակցի հաղորդման համաձայն, ոտքով մեկնել է Շուշի՝ ս. Ղազանչեցոց եկեղեցում մեղքերը քավելու։

* * *
Բոլոր այն պաշտոնյաները, ովքեր պարապությունից առավոտից մինչև աշխատանքային օրվա ավարտը զբաղվում են խաչբառներ կամ սկանվորդներ լուծելով, առաջիկա շաբաթ օրերից մեկը մեկնելու են շաբաթօրյակի՝ «Մենք ենք, մեր սարերը» («Տատիկ-պապիկ») նշանավոր հուշակոթողի մերձակայքը մաքրելու, որտեղից երկշարք կազմած, գնալու են Հուշահամալիր՝ այնտեղ ևս մերձակայքի մաքրման աշխատանքներ կատարելու։

* * *
Արցախցիներին նոր անակընկալ է մատուցել նաև «Ղարաբաղ Տելեկոմը»։ Հաշվի առնելով հազարավոր բաժանորդների դժգոհությունը, ապրիլի 1-ից վերացվելու է բջջայինի բաժանորդներից գանձվող 1200 դրամ ամսավճարը։ «ՂՏ»-ն նոր անակընկալ է պատրաստել նաև ինտերնետային ծառայությունից օգտվողների համար։ Ապրիլի 7-ից ինտերնետային կապն աշխատելու է 5 անգամ արագ և արդեն հնարավոր է լինելու ոչ թե 25, այլ 5 րոպեում կայքէջ բացել։ (Լուսանկարով)

* * *
Որոշ լուրերի համաձայն, իրենց հայրենակիցներին փորձում են հաճելի անակընկալ մատուցել նաև «Արցախգազ» ու «Արցախէներգո» ՓԲԸ-ների ղեկավարները։ Նրանք ևս որոշել են վերանայել սակագների հարցն ու այն լուծել հօգուտ անվճարունակ շարքային քաղաքացիների։

* * *
Հաշվի առնելով, որ Ստեփանակերտի պետդրամթատրոնն արդեն երկու տասնամյակ չի կարողանում հաղթահարել ներքին ու արտաքին ճգնաժամը, Artsakh-press-ի թղթակցի հավաստմամբ, այնտեղ կայացած խորհրդակցությունում որոշվել է թատերական կյանքը աշխուժացնելու համար, որպես գեղարվեստական ղեկավար Ստեփանակերտ հրավիրել ԱՄՆ նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսին։

* * *
Մայրաքաղաքի տեսարժան վայրերից մեկում ապրիլի 10-ից կայանալու է գեղեցկության մրցույթ (այն տևելու է 12 օր), որին մասնակցելու են աշխարհի 291 երկրներից ժամանած չորքոտանի մեր բարեկամները։ Միջոցառումը բոյկոտելու ադրբեջանցիների բոլոր փորձերը ձախողվել են։ (Լուսանկարով)
Artsakhpress



Համարի ասույթը

Հայ ժողովրդի դժբախտությունների հիմնական պատճառն այն է, որ դարեր ի վեր ընտրություն է կատարում վատի և վատթարագույնի միջև: Ցավն այն է, սակայն, որ հայերը մշտապես ընտրում են վատթարագույնը։


Ամսվա ասույթը

Կան տղամարդիկ, ովքեր իրենց հավատարմությունը վերադասին ցույց տալու համար գիշերներն անգամ «չեստ տված» են քնում:

Комментариев нет:

Отправить комментарий