19.6.11

N 9 (22) (2010)

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ԱՇԽԱՐՀՈՒՄ ՀԱՐԳՈՒՄ ԵՆ ՈՒԺԵՂԻՆ

Մեզ թվում է, թե որքան շատ ասենք պատերազմը վատ բան է, մենք պատերազմ չենք ուզում, խաղաղություն ենք ուզում, դրանով պատերազմի վերսկսման հավանականությունը կիջեցնենք զրոյի։ Հայկական մամուլը լեփ-լեցուն է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների և հայկական կողմի խաղաղասիրական ձգտումների մասին հրապարակումներով։ Մինչդեռ ցանկացած գիտակից մարդ թերևս բազմիցս լսած ու կարդացած կլինի՝ «Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի» կամ՝ «Խաղաղության ամենամեծ գրավականը հզոր երկիր և ուժեղ բանակ ունենալն է»։ Ժամանակին խորհրդային երկիրը եթե միջուկային զենք և ուժեղ ռազմական պոտենցիալ չունենար, նրա բմբուլները վաղուց քամուն տված կլինեին։

Միևնույն ժամանակ, որպես հակառակորդի ռազմական տեխնիկայի հակակշիռ, վկայակոչում ենք մարդկային գործոնը։ Այսինքն՝ Ադրբեջանը նախկինում էլ տեխնիկայով բազմիցս գերազանցում էր մեզ, բայց մենք մեր մարդկային գործոնով պատերազմում հաղթեցինք նրան՝ առգրավելով նրա տանկերն ու ռազմական մյուս տեխնիկան՝ դրանց փողերն ուղղելով թշնամու դեմ։ Այո, դա այդպես է եղել, և մենք դրան հասել ենք բազմաթիվ զոհերի կյանքի ու արյան գնով։ Այսօր մոռանում ենք, որ այդ տարիներին մենք մի այլ հզոր զենք ունեինք՝ մեր հավատն ու ոգին, որն այսօր սեփական իշխանությունների ջանքերով խաթարվել կամ իսպառ վերացել է։

Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը հարցազրույցներից մեկում ասում է. «Զարմանում եմ, թե ինչու, գտնվելով փաստացի պատերազմի մեջ, զենք չենք արտադրում։ Ազերիներն, օրինակ, արտադրում են, իսկ մենք, ունենալով այդ ամենի հնարավորությունը, չենք անում։ Պատերազմի ժամանակ ամեն ինչ կարողանում էինք արտադրել, նույնիսկ հրթիռ։ Ու այնպիսի զենքեր էինք արտադրում, որ նմանը չկա աշխարհում...»։

Որևէ շատ բարձր պաշտոնյա կարո՞ղ է պատասխանել այս հարցին։ Հասկանում եմ, որ մեր բարձրագույն չինովնիկության մի ստվար մասի գերնպատակը փող դիզելն ու բացառապես սեփական բարեկեցության խնդիրները լուծելն է։ Նրանցից «ամենահեռատեսները» այլ երկրներում բանկային հաշիվներ ունեն, և պատերազմի վերսկսման դեպքում իսկույն ճողոպրելու են, ինչպես դա մի քանի տարի առաջ արեցին Հարավային Օսեթիայի քաջարի այրերը։ Բայց ամենևին չեմ հասկանում բոլոր նրանց լռությունը, ովքեր այս երկրից հեռանալու ոչ հնարավորություն ու միջոցներ ունեն և, առավել ևս՝ ոչ ցանկություն, ու հենց նրանց ուսերին է ծանրանալու պատերազմի ողջ ծանր բառը։

Վերջերս Ռուսաստանի հետ կնքած ռազմական համագործակության պայմանագրով հայ առաջնորդներն այնպես են ոգևորվել, ինչպես սեփական տկարության ու անկարողության մեջ համոզվածը կարող է ուրախանալ՝ կանգնելով իրենից ուժեղի թիկունքում, հակառակորդին էլ լեզու ցույց տալով...

Թուրքիայի հետ սահմանի բացման մասին զօրուգիշեր խոսում է առավելապես հայ քաղաքական վերնախավը։ Որոշ խելոքներ էլ մի քանի անգամ հայտարարել են, թե ուր որ է՝ սահմանը բացվելու է (կարծես սահմանի «բանալիներն» իրենց գրպանում են)։ Իսկ հակառակորդը տեսնելով, թե հայ չինովնիկն ու գործարար զանգվածը որքան են փափագում ու տրտինգ տալիս սահմանի բացման համար, և որքան խեղճ ու ողորմելի են, շարունակում է նախապայմաններ առաջադրել՝ ամենից առաջ հենց Արցախի հարցում. Ղարաբաղը հանձնեք, սահմանը բացեմ...
Աշխարհում հարգում են միայն նրան, ով արժանապատվություն ունի և ուժեղ է։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



«Գետափ». Ստեփանակերտի շուրջ գտնվող բնության ամենագեղեցիկ անկյուններից մեկը։
Սովորաբար երբ մարդու ձեռքը դիպչում է մեր բնաշխարհին, խաթարում է նրա գեղեցկությունը, երբեմն էլ լիովին ավերում ամեն ինչ...
Գետի շուրջ 4 տարի առաջ ստեղծված այս անկրկնելի անկյունն այն եզակի օրինակներից է, որտեղ մարդու արարչագործ ձեռքը արցախյան բնաշխարհի սովորական անկյուններից մեկը դարձրել է գեղատեսիլ մի վայր, որտեղ ներդաշնակորեն միահյուսված են բնությունն ու «քաղաքակրթությունը»...
Չնայած ամառն արդեն մնացել է ետևում, բազմաթիվ արցախցիների համար «Գետափը»՝ իր փոքրիկ լճակով, շարունակում է մնալ լավագույն հանգստի գոտին...



ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՊԵՏՔ Է ՀԱԿԱՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԻ

Սեպտեմբերի 18-ին մամուլի ասուլիս էր հրավիրել ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը։ Քաղաքական գործիչը հիշեցրեց, որ 1994 թ. հրադադարի համաձայնագիրը ստորագրվել է ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի, այլ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև։ «Հայաստանի Հանրապետությունն այդ համաձայնագիրը ստորագրել է որպես միջնորդ, և 1994 թ. նրա վրա ոչ մի պատասխանատվություն չէր դրվել»,- ասաց նա։

Վ. Աթանեսյանը հայտնեց, որ Ադրբեջանի հանրությանն ամեն օր, ամեն ժամ ներշնչում են, թե պատերազմն այլընտրանք չունի։ «Մենք չենք կարծում, թե ռազմական գործողությունների վերսկսումն անխուսափելի է,- ասաց ԱԺ հանձնաժողովի նախագահը,- կա քաղաքական երկխոսության պատուհան։ Եթե պաշտոնական Բաքուն փակում է այդ պատուհանը, դրանով հետագա զարգացումների պատասխանատվությունը վերցնում է իր վրա»։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում առկա իրավիճակին, Վ. Աթանեսյանի կարծիքով, լարվածությունն այստեղ մշտապես կար և, կապված քաղաքական իրադրության հետ, պակասում կամ ավելանում է լարվածությունը։ Ըստ բանախոսի, իր գործողություններով Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը համոզել, թե հակամարտության կարգավորման իր համար անընդունելի տարբերակի պարտադրման դեպքում իրադրությունը տարածաշրջանում կարող է դուրս գալ վերահսկողությունից։

«Կարծում եմ, այն փաստը, որ սկսած 1994 թվականից, շփման գծում Ադրբեջանի կողմից թեկուզ 1 մետր առաջխաղացում չի արձանագրվել, ապացուցում է, որ ուժերի հարաբերակցությունը պահպանվում է, և անհրաժեշտության դեպքում, ադրբեջանական զինված ուժերը արժանի հակահարված կստանան»,- հավելել է նա, հայտնելով նաև, թե ակնհայտ է, որ Թուրքիան ու Ադրբեջանը միավորում են իրենց ուժերն՝ ընդդեմ հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի։ Ոստի հայկական երկու երկրները պետք է լրջորեն ուսումնասիրեն այդ ամենը և քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում հակաքայլերի շարք ձեռնարկեն։



ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՄԵԾ ՏՈՆ է, ՈՐԻ
ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ԳԻՏԱԿՑՎԱԾ ՉԷ


Անցած 19 տարիներին մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումը անկախությունն է։ Յուրաքանչյուր ազգի համար չկա ավելի արժեքավոր նվաճում, քան պետության անկախությունը,- news.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը։ «Նախորդ տարիների գլխավոր նվաճումներն են մեր անկախությունը, մեր հաղթանակը, և որպես անկախության և հաղթանակի արդյունք՝ մեր բանակը»,- ասել է Կարապետյանը։

Նրա կարծիքով՝ մնացածն արդեն բացթողումներ են. «Ժողովրդի սոցիալական վիճակը, երկրի տնտեսական դրությունը, ազատությունների բացակայությունը, ժողովուրդ, որը չի կարող պաշտպանել իր իրավունքները ոչ մի ոլորտում։ Մեր ժողովուրդը վախենում է պետությունից, պետությունն իր հերթին չի սիրում իր ժողովրդին։ Ստացվում է՝ ինչի համար պայքարել ենք՝ դրա դեմ ենք այժմ։ Իսկ մենք պայքարել ենք հենց ազատության համար»։ Կարապետյանի խոսքով, ստեղծված իրավիճակը, որը սոցիալական անարդարության հետևանք է, թույլ չի տա երկրին զարգանալ։

Արկադի Կարապետյանը նշել է, որ «անկախության օրը մեծ տոն է, որի նշանակությունը մինչև վերջ գիտակցված չէ։ Անկախությունը զենք է, որի օգնությամբ մենք կարող ենք ավելի լավ ապրել, սակայն չգիտակցելով դրա արժեքը՝ մենք չենք հասնի նշանակալից արդյունքների»։



ԼՈՒՐԵՐ

Եթե Ադրբեջանը միջազգային որևէ կառույցում որևէ փաստաթուղթ է ներկայացնում, և դրան Հայաստանը հակաքայլ չի անում, միջազգային հանրությունը ԼՂ կոնֆլիկտի մասին միակողմանի պատկերացում է կազմում,- սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը և ներկայացրել ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից մշակված բանաձևի նախագիծ, առաջարկելով Հայաստանի իշխանությոններին այդ բանաձևը ներկայացնել ՄԱԿ՝ որպես Ադրբեջանի կողմից ՄԱԿ ներկայացված բանաձևերին ուղղված հակաքայլ, որոնցում Հայաստանը ներկայացվում է որպես Ադրբեջանի տարածքները գրաված երկիր։ Այդ նախագծում հղումներ է կատարվում միջազգային մի շարք փաստաթղթերի, որոնցից երևում է, որ Հայաստանը չի գրավել Ադրբեջանի և ոչ մի տարածք։

ՀԱԿ ներկայացրած փաստաթղթում, մասնավորապես, հղում է կատարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների ընթացքում ստորագրված ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի 1994 թվականի դեպտեմբերի 6-ի վերջնական փաստաթղթին, Ադրբեջանի և ԼՂ-ի պաշտոնական ներկայացուցիչների կողմից 1993 թվականի սեպտեմբերի 13-ին Մոսկվայում ստորագրված համատեղ Հռչակագրին, 1994 թվականի մայիսի 5-ի Բիշքեկի արձանագրությանը, 1994 թվականի մայիսի 9-11-ին Հայաստանի, Ադրբեջանի և ԼՂ-ի կողմից ստորագրված հրադադարի համաձայնագրին։

Զուրաբյանը հավելեց, որ ՀՀ իշխանությունները պետք է որևէ հնար գտնեն՝ ներկայացված փաստաթուղթը ՄԱԿ-ում շրջանառության մեջ դնելու համար։ Իսկ մինչ այդ, ՀԱԿ առաջարկած բանաձևի նախագիծը էլեկտրոնային փոստով կուղարկվի նաև Հայաստանի ԱԳՆ-ին, քանի որ, ինչպես ՀԱԿ համակարգողն ասաց, այդ գերատսչությունում մամուլ չեն ընթերցում և լրատվական հոսքին չեն հետևում։


Հայ-ադրբեջանական սահմանի վրա բախումները կշարունակվեն։ Այդ մասին հայտարարել է Քարնեգիի հաստատության ավագ վերլուծաբան Թոմ դը Վաալը «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում։ Ըստ դը Վաալի՝ մտահոգիչ է այն հանգամանքը, որ հակադիր կողմերի դիրքերը միմյանցից տեղ-տեղ միայն 40 մետր հեռավորության վրա են գտնվում։
Վերլուծաբանը մեծ տարբերություններ է տեսել Ադրբեջանի պաշտպանության նախարարի և երկրի նախագահի ժամանակ առ ժամանակ կրկնվող հայտարարությունների միջև։ «Եթե երկրի նախագահը, հանդես է գալիս սպառնալիքներով, ապա պաշտպանության նախարարը պատերազմի հնարավորության մասին շարունակ կատակում է»,- նշել է փորձագետն ու դա բացատրել նրանց համար գոյություն ունեցող տարբեր լսարանների առկայությամբ ու Իլհամ Ալիևի սպառնալիքներին տալիս միայն քաղաքական տոկոսներ հավաքելու մասին բացատրություն։

Նա հայտնեց, թե Ադրբեջանը պիտի հասկանա, որ հնարավոր պատերազմում հաղթանակ չի կարող տանել, ինչի մասին, ըստ նրա, վկայում են հետազոտությունների արդյունքները։ Պատճառը, ըստ փորձագետի Լեռնային Ղարաբաղի աշխարհագրական դիրքն ու հայկական բանակի հզորությունն է։
«Բացի նորագույն զենքեր կրելը, պատերազմում հաղթանակ տանելու համար պետք է կարողանալ հենվել զորքերի վրա, ինչն այս պահին Ադրբեջանն անել չի կարող»,- ասել է Վաշինգտոնում գործող Քարնեգի հաստատության ավագ վերլուծաբան Թոմաս դը Վաալը և ավելացրել, որ պատերազմի դիմելու դեպքում ադրբեջանական կողմը «ադրբեջանցի հազարավոր երիտասարդների կտանի դեպի անխուսափելի մահ»։


Ղարաբաղյան բանակացային գործընթացում դրական միտումներ չեն նկատվում. այդ է պատճառը, որ կոչ ենք անում ստեփանակերտյան իշխանություններին ամեն անգամ, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբն Ադրբեջանից գալիս է Լեռնային Ղարաբաղ, չհանդիպել նրանց հետ։ Սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող Ժիրայր Սեֆիլյանը։
Նա իր այս համոզմունքը բացատրեց հետևյալով. «Ամեն անգամ Ստեփանակերտ գալով՝ Մինսկի խումբը նախ Ադրբեջանում հանդիպում է Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ, ապա Ստեփանակերտ գալիս է հանդիպելու ստեփանակերտյան իշխանությունների հետ։ Մենք կոչ ենք անում ղարաբաղյան իշխանություններին չհանդիպել նրանց հետ, արհամարհել նրանց՝ ասելով, որ նրանք իրավունք չունեն իրենց դիտել իբրև ԼՂ հայկական համայնքի ներկայացուցչություն»։

Անդրադառնալով մոտ ժամանակներս Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքներ ժամանելիք միսիոներական խմբի աշխատանքներին, Սեֆիլյանը համոզմունք հայտնեց, որ միսիոներական այցի հիմնական պատճառը «երևանյան իշխանության հակահայ ընթացքն է»։ «Ազատագրված տարածքների բնակիչները պետք է ընդունեն միսիոներներին, ինչպես վայել է հայերին, բայցև հուշեն, որ նրանք ընդամենը թյուրիմացության մեջ են և հասկացնեն, որ նրանց այստեղ հրավիրող երևանյան իշխանությունները ոչ մի կապ չունեն հայության հետ։ Վերաբնակները պետք է միսիոներներին հիշեցնեն, որ երբ Սերժ Սարգսյանը սիրիական «Ալ Վաթան» թերթին տված հարցազրույցում փորձում էր հավաստիացնել, որ հայկական կողմը ազատագրված տարածքների վերաբնակեցմամբ չի զբաղվում, դա իրականում այդպես չէ, սուտ է»,- նկատեց Սեֆիլյանը։


Հայաստանի կողմից ԼՂ անկախության ճանաչումը որևէ ազդեցություն չի ունենալու Ղարաբաղի շուրջ միջազգային հանրության կողմից վարվող քաղաքականության վրա և չի ուժեղացնելու Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում։ Այս մասին սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանն՝ անդրադառնալով ԼՂ անկախությունը ճանաչելու վերաբերյալ «Ժառանգության» առաջարկած օրենքի նախագծին։ «Անկախության ճանաչումը պարզապես կազդի մեր առևտրական քաղաքական համակարգի վրա՝ սահմանափակելով մեր առևտրի ունակությունները ևս մեկ քայլով»,- ասաց Մանուչարյանը։

Նա նաև նշեց, որ Ղարաբաղն իրականում անկախ էր բավական երկար տարիներ, և այդ գործընթացն սկսվել է 1988-ից և տևել մինչև 1998 թվականը։ «1998-ից սկսեց Ղարաբաղի անկախութան կորուստը, շատ սրընթաց կորուստը, երբ Ղարաբաղը սեփական որևէ դրսևորում չուներե։ Այս հարցում, ըստ Մանուչարյանի, շատ մեծ դեր խաղաց Հայաստանի քաղաքական էլիտան, «որը հարստացավ նաև Ղարաբաղից ներմուծումներով»։

«Համատեղ ուժերով ոչնչացվեց Ղարաբաղի անկախությունը, որովհետև անկախությունը դա կյանք է, դա պիտակ չի, որը կպցնում ենք և ասում՝ սա անկախ է։ Կամ նա անկախ է, կամ՝ անկախ չէ»,- նկատեց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամը՝ հավելելով, որ երբ Ղարաբաղն անկախ էր, նրա հետ բոլորը հաշվի էին նստում։ Մանուչարյանի խոսքով՝ երբ ինքը 1998 թվականին վերադառնում էր Հյուսիսային Կովկաս կատարած իր շրջագայությունից, որի ընթացքում բազմաթիվ հանդիպումներ էր ունեցել մի շարք երկրների համապատասխան պաշտոնյաների հետ, այդ երկրների կողմից ԼՂ-ի հետ համագործակցության մի մեծ փաթեթ էր բերել։ «Բոլորն այդ ժամանակ Ղարաբաղի հետ ուզում էին գործ ունենալ։ Բայց երբ որ ես վերադարձա Հայաստան, պարզեցի, որ այն Ղարաբաղը, որին հասցեագրված էին այդ առաջարկները, այլևս չկա»,- նկատեց Մանուչարյանը։
News.am-ի լրագրողի այն հարցին, թե՝ ի՞նչ էր պատահել այդ Ղարաբաղի հետ՝ ասուլիսի հյուրը կարճ արձագանքեց. «Ղարաբաղի նախագահը դարձել էր այլ երկրի (Հայաստանի) վարչապետ»։ Խոսքը ԼՂՀ նախկին նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ, իսկ այնուհետ՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին է։
News.am


Երբ Հայ ազգային կոնգրեսը առաջարկեց ՄԱԿ-ի բանաձևի իր նախագիծը, մնացած քաղաքական ուժերն այդ փաստաթուղթը քննադատեցին, թե թույլ տեքստ է, կարելի էր ավելի խիստ գրել։ Դա շատ խորաթափանց դիտողություն է՝ գրել կարելի է ամեն ինչ։ Օրինակ, ՄԱԿ-ի բանաձևի նախագծում կարելի է ներառել ցիտատներ առաջին դարի հույն պատմաբան Ստրաբոնից, որոնք վկայում են , որ Արցախը հայկական հող է։ Այդ բանաձևում պետք է անշուշտ հիշատակել նաև Կավբյուրոյի որոշումը և Սևրի պայմանագիրը։

Հատկապես ՄԱԿ-ում Տրինիդադի ու Տոբագոյի պատվիրակության համար Կավբյուրոն շատ հոգեհարազատ կհնչի։ Էլ չեմ ասում, որ այդ բանաձևում այնպայման պետք է պահանջել Արևմտյան Հայաստանի մեր պատմական հողերը։ Այ, այդ դեպքում դա կլիներ ուժեղ, տղամարդկային փաստաթուղթ։ Տղամարդկության ամբողջ գաղտնիքը պահանջելու մեջ է։ Ինչքան շատ պահանջես, այնքան խիզախ ես...
Երբ իշխանությունը մեղադրում է Տեր-Պետրոսյանին, թե նա ուզում է զիջել Ղարաբաղը Ադրբեջանին, դա, մոտավորապես, նույն սերիալից է։ Այդ մեղադրանքը որևէ արժեք կունենար, եթե ուղղված լիներ գործող նախագահին։ Բայց երբ իշխանությունն է բողոքում ընդդիմության լիդերից՝ «Ղարաբաղը ծախելու» կապակցությամբ, դա արդեն անեկդոտ է...
«Առավոտ»


ԼՂՀ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՉՊԻՏԻ «ՄԻԱՅՆԱԿ ԿՐԱԿՈՑԻ» ՊԵՍ ՀՆՉԻ...

Ղարաբաղյան խնդիրն օրերս դարձյալ ուշադրության կենտրոնում էր։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այցելեցին տարածաշրջան և հանդիպումներ ունեցան Ադրբեջանի, Արցախի ու Հայաստանի նախագահների հետ։ Իսկ մինչ այդ Ադրբեջանն ու Հայաստանը աշխատանքներ էին տանում սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի կողմից ներկայացված «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձևի կապակցությամբ։ Բանաձև, որտեղ խոսվում է ադրբեջանցի փախստականների վերադարձի, ինչպես նաև «Ադրբեջանի օկուպացված տարածքներում» մշակույթի հուշարձանների ոչնչացման անթույլատրելիության մասին։

Եվ համանախագահների այցից անմիջապես հետո Ադրբեջանն իր կողմից ներկայացված բանաձևի նախագիծը հանեց քննարկումից ու քվեարկությունից՝ խնդրելով համապատասխան օրակարգի կետը տեղափոխել Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի օրակարգ։ Զուգադիպությո՞ւն է դա, թե՞ համանախագահների այցն իրոք առնչություն ունի բանաձևը քննարկումից հանելու հետ։
ԼՂՀ Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանի կարծիքով, համանախագահների այս այցի քննարկման առարկան թերևս կապված է եղել վերոհիշյալ բանաձևի հետ, որի մասին է վկայում բանաձևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի օրակարգից հետ կանչելը։ Մյուս կողմից, նա գտնում է, որ բանաձևն օրակարգից հանելու համար որոշակի աշխատանք է կատարել նաև հայ դիվանագիտությունը։

Ադրբեջանը վերջերս շատ է խոսում իր ասած՝ «Ադրբեջանի օկուպացված տարածքների» խնդրի, ազերի փախստականների վերադարձի մասին։ Արցախցի քաղաքագետն ասաց, թե արդեն հայտնի է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հաջորդ այցը կապված կլինի ազատագրված տարածքներում հումանիտար իրավիճակի ուսումնասիրման հետ։ «Եթե այդ այցը, որը միանշանակ Ադրբեջանի պահանջով է, տեղի ունենա, հայկական կողմը պիտի հասնի նրան, որ ԵԱՀԿ ՄԽ առաքելությունը նմանատիպ ուսումնասիրություններ կատարվի նաև Ադրբեջանի կողմից բռնազավթված Շահումյանի շրջանում, ներառյալ Գետաշենի ենթաշրջանը, և Մարտակերտի հյուսիս-արևելյան ու Մարտունու արևելյան շրջաններում»,- հավելեց նա։

«Ժառանգություն» կուսակցության կողմից հերթական անգամ Արցախի ճանաչման հարցը ՀՀ ԱԺ օրակարգ մտցնելու կապակցությամբ Մասիս Մայիլյանն ասաց, թե լավ է, որ ԼՂՀ ճանաչման հարցը շարունակ ուշադրության կենտրոնում է պահվում, չնայած գտնում է, որ հնարավոր է այս անգամ ևս այն մերժվի։
«ԼՂՀ պետության ճանաչումը, ինչպես նախկինում ասվել է, չպետք է «միայնակ կրակոցի» նման հնչի, Հայաստանը ճանաչի մեզ և՝ վերջ։ Այլ Հայաստանը, Արցախը, Սփյուռքի լոբբիստական կառույցները պետք է Լեռնային Ղարաբաղի ճանաչման ուղղությամբ նպատակաուղղված մեծ աշխատանք տանեն, հող նախապատրաստեն, որպեսզի «առաջին կրակոցին» հետևի երկրորդը, երրորդը... Այսինքն, որպեսզի Հայաստանի օրինակով աշխարհի մի շարք երկրներ ևս ընդունեն ԼՂՀ անկախությունը ճանաչելու համապատասխան որոշում,- ասաց նախկին արտգործնախարարը։- Արցախի անկախության ճանաչումը ինքնանպատակ չէ։ Դա իրական միջոց է՝ ապահովելու Արցախի և տարածաշրջանի անվտանգությունը, խաղաղությունը»։

Մ. Մայիլյանը հավելեց նաև, որ այդ մեխանիզմը հստակ գործեց Կոսովոյի, Հարավային Օսիայի և Աբխազիայի պարագայում։ Հատկապես Կոսովոյի հետ կապված հստակ աշխատանք կատարեցին, և այսօր աշխարհի 7 տասնյակ երկրներ՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, ճանաչել են այդ երկրի անկախությունը։
Իսկ Հայաստանն ու Արցախը, մեկևկես տասնամյակից ավելի է, ժամանակ առ ժամանակ խոսում են Արցախի միջազգային ճանաչման գործընթաց սկսելու մասին։ Արցախի նախագահն օրերս հայտնեց, որ «ԼՂՀ իշխանությունների համար ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումը գերագույն նպատակ է, որին ուղղվելու են բոլոր ջանքերը»։ Ցավոք, առայժմ հայտնի չէ, թե երբ են փորձելու մի փոքր քայլ անել այդ «գերագույն նպատակին» հասնելու ուղղությամբ։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



ՀԵՏ ԹԵ ԱՌԱՋ, ԲԱՅՑ ԿՅԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Չնայած շոգ ամառն Արցախի պետպաշտոնյաներին ծանր ու հոգեմաշ աշխատանքից ձերբազատվելու հնարավորություն է ընձեռել. ոմանք արձակուրդ են վերցրել և այսուայնտեղ մեկնել՝ հանգստանալու, ոմանք ամառային հանգիստն անցկացրել են աշխատասենյակում ննջելու ձևով, սակայն դրանից չի կարելի ենթադրել, թե ամառվա տապից կյանքն Արցախում ժամանակավորապես դադարել է։ Թեկուզ ընդունված է հարսանքի ամիսներ համարել օգոստոս-սեպտեմբերը, այդուհանդերձ ողջ ամառվա ընթացքում Ստեփանակերտում չէին դադարում հարսանեկան ավտոշարասյան զիլ ազդականչերը։

Միայն Ստեփանակերտում հուլիսի վերջերին արդեն գրանցվել էր 260 ամուսնություն։ Բայց զգալի թիվ են կազմում նաև չգրանցված ամուսնությունները։ Մեր խնդրանքով Արցախի հանրապետական ՔԿԱԳ-ի Իսկուհի անունով աշխատակցուհին մեզ տրամադրեց ս. թ. և անցյալ տարվա օգոստոսի 1-ի դրությամբ գրանցված ամուսնությունների թիվը։
2010 թվականին առաջին 7 ամսում Ստեփանակերտում գրանցվել է 192 ամուսնություն (2009-ին՝ 122), Շրջաններում՝ Ասկերան՝ 43 (28), Մարտակերտ՝ 53 (42), Մարտունի՝ 43 (46), Հադրութ՝ 31 (24), Քաշաթաղ՝ 60 (56), Շուշի՝ 10 (5), Շահումյան՝ հունիսի դրությամբ 12 (8)։ Ընդհանուր առմամբ, հիշյալ ժամանակահատվածում Արցախում գրանցվել է 444 ամուսնություն (նախորդ տարում՝ 331 ամուսնություն)։

Հանդիսությունների տներն աշխատում են ողջ ծանրաբեռնվածությամբ։ Ասում են՝ սերը սահմաններ չի ճանաչում։ Ամառվա տապը ևս խոչընդոտ չէ սիրող զույգերի հանդիսավոր միացման արարողության համար։ Ստեփանակերտի փողոցներով իրար հաջորդելով անցնող հարսանեկան ավտոշարասյուները վկայում են, որ կյանքը շարունակվում է, արևը թեկուզ հուր թափի վերևից։

Հին բարի ժամանակների ավանդական զուռնա-դհոլին այսօր փոխարինել են էլեկտրական հոսանքով աշխատող երաժշտական նոր գործիքներ՝ մագնիտաֆոն ու բարձրախոսների պարտադիր ներկայությամբ։ Նոր սազանդարներն այնպես են կլկլացնում, որ դժվար է հասկանալ՝ հայերեն են երգո՞ւմ, թուրքերե՞ն, ռուսերե՞ն, թե՞ բուշմեներեն կամ աֆրիկյան անծանոթ մի այլ լեզվով։ Երգացանկը, այսպես ասած, երաժշտական ռեպերտուարն, առանց բացառության, ռաբիս է։ Հայկական ժողովրդական երգն անգամ այնպես են ռաբիս-կլկլոցով գեղգեղում, որ Կոմիտասն էլ չի կռահի, որ իր լսածը հայկական է։ Սեղանապետն էլ հո նախկին թամադան չէ, միկրաֆոն-խոսափողն այնպես է բռնում, որ կարծես էստրադային աստղ լինի...

Հարսանեկան ավտոշարասյունը զիլ ազդականչերով սուրում է փողոցներով և ուղղություն վերցնում դեպի «Մենք ենք, մեր լեռները», այսինքն՝ ղարաբաղցիների հանրահայտ «Պապ ու տատի» հուշակոթողը։ Նորապսակներն այստեղ լուսանկարվում են իրենց մտերիմների ու բարեկամների հետ և, հարսնաշորի պես արդեն պարտադիր դարձած տեսախցիկավոր տղայի ուղեկցությամբ, տեղավորվում ավտոմեքենաներում ու ավտոների ամեն կարգի խլացուցիչ ազդականչերով շարժվում դեպի մայրաքաղաքի հակառակ ծայրը։

«Նիվայի» հետևի վեր բարձրացված դռան տակից կամ արտասահմանյան ավտոմեքենաների վերևից գլուխը հանած ու տեսախցիկը ձեռքին օպերատորն այնպիսի ջանադրությամբ ու երևույթի կարևորությամբ է կատարում քաղաքի փողոցներով մեկ անցնող ավտոշարասյան «շքերթը» նկարելու գործը, կարծես մայրաքաղաքի փողոցներում զանազան ձայներ արձակող ավտոմեքենաների իրար հետևից երթևեկելը հարսանեկան արարողակարգի պարտադիր մասն է, առնվազն համազգային պատմական նշանակություն ունի և ավտոմեքենաների տեսքից, քանակից ու արձակած ձայներից է կախված դրանցից մեկում գտնվող նորապսակների ընտանեկան առագաստի ամրությունն ու երջանկությունը...

Նույն այդ ազդականչերով այժմ էլ գնում են Հուշահամալիր, իրենց ասելով՝ նահատակների հիշատակը հարգելու, իսկ իրականում՝ այնտեղ ևս լուսանկարվելու և իրենց ամուսնական արարողությունը տեսագրելու համար։ Ավտոշարասյան ազդականչերով առավելապես աչքի են ընկնում խոշոր տրամաչափի չինովնիկների, փոքրիկ Արցախի մեծ փողատերերի զավակների ամուսնությունները։ Հարսանեկան արարողության այս հատվածը միանգամայն այլ կերպ են մեկնաբանում հատկապես Հուշահամալիրի հարևանությամբ փողոցի բնակիչներն ու արցախյան պատերազմում զավակ կորցրած ծնողները։ Հարսանեկան ավտոշարասյան ոռնաձայն մեկնելը դեպի Հուշահամալիր ընկալում են որպես վիրավորանք՝ նահատակների հիշատակին։ Շքեղ «ջիփ» ու «մերսեդեսների» հետևից երբեմն հայհոյանքներ ու անեծքներ են նետում, բացառություն չանելով անգամ նորապսակներին... Իմ լսած «ամենաանմեղ» խոսքը, որ շպրտեց մի տատիկ, այս էր. «Ներակ ձեզ, ոչ խելք ունեք, ոչ դարդ...»։

Հարսանիքների լավագույն ամիսներն են։ Ոմանք ընտանիք են կազմում, իրենց հայրիկների բոլ-բոլ փողերով երջանկության ապարանքներ կառուցում արցախյան հողում, իսկ ովքեր այդպիսի փողատեր հայրիկներ չունեն՝ երևակայության մեջ կամ օդում։ Ոմանք զվարճանում են, մտածում միայն վայելքների ու զվարճությունների մասին, ոմանք մի կերպ իրենց գոյությունն են պահպանում ու խորհում՝ էս առաջ ենք գնո՞ւմ, թե՞ հետ...
Իսկ կյանքը շարունակվում է՝ ժամանակ ու հավես չունենալով գլուխ կոտրել այդ հարցի վրա՝ առաջ է շարժվո՞ւմ, թե՞ հետ...

Վ. ԱԴԱՄՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ։ Ընթացիկ տարվա օգոստոսին հանրապետությունում գրանցվել է 279 ծնունդ և 108 մահ (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում համապատասխանաբար՝ 266 և 95)։ Արդյունքում՝ բնակչության բնական աճը հաշվետու ամսում, ինչպես և նախորդ տարվա նույն ամսում կազմել է 171 մարդ։
Գրանցված ամուսնությունների թիվը օգոստոսին կազմել է 148 (նախորդ տարի՝ 128), ամուսնալուծությունների թիվը՝ 10 (նախորդ տարի՝ 6)։



ՊԼԱՆԱՅԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ ԿԱՄ՝ «ԽԱՂԱՂԱՍԻՐԱԿԱՆ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

Սեպտեմբերի 22-ին հերթական տեղեկատվությունն է տարածվել առ այն, որ վերոհիշյալ օրը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մերձակայքում»։
Հայկական ԶԼՄ-ները կրկին անուն առ անուն թվարկում են դիտարկումն իրականացնող «ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ» անձանց, չմոռանալով նշել նաև վերջիններիս զինվորական կոչումները։ Պարզվում է, օրինակ, որ հունգարացի Իմրե Պալատինուսը, ոչ ավել, ոչ պակաս, փոխգնդապետ է։ Տնաշենի՜ տղա, մե՜ծ բան է։ Մեզանում քո տարիքի տղերքը վաղուց առնվազն գեներալ-լեյտենանտ են...

Բայց շտապենք հայտնել, որ այս անգամ ևս «դիտարկումն անցել է սահմանված գրաֆիկով և դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»։ Փա՜ռք աստծո։ Միջնորդ տղերանց բախտն այս անգամ էլ է բերել։ Նրանք ողջ և առողջ են...
Հարց է ծագում՝ ո՞ւմ համար են «դիտարկում» կոչվող, պարբերաբար կրկնվող այս ներկայացումները՝ Արցախի արտգործնախարարությա՞ն, ԵԱՀԿ միջնորդ անձա՞նց, միջազգային հանրությա՞ն, թե՞ Բաքվի խաղաղասեր դեմքը հաստատելուն են միտված այս շոուները։

Մի՞թե պարզ չէ, որ այնտեղ, որտեղ մի քանի րոպեով, այսպես ասած, «պլանային դիտարկումներ» են անցկացվում, այնտեղ երբեք կրակոցներ չեն հնչում։ Հակամարտ կողմերը «նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն» նախօրոք իմանում են, թե շփման գծի որ հատվածում են իրենց պլանային զբոսանքներն անցկացնելու ԵԱՀԿ առաքելության տղերքը, և նախապես խստիվ հրահանգում են «խլապուշկա» անգամ չտրաքացնել...
Եթե դիտարկումների ժամանակ շարունակ երբեք «կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվում», այսինքն կողմերը սրբորեն պահպանում են հրադադարի պայմանավորվածությունը, ապա հայկական ԶԼՄ-ներն ինչո՞ւ են աստծո յուրաքանչյուր օր տեղեկատվություններ սփռում առ այն, որ «Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, այսինչ գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման X դեպք...»։

Այսպես, վերոնշալ լուրերի համաձայն, սեպտեմբեր 21-ին, դիտարկումից 1 օր առաջ Ադրբեջանը 85 անգամ խախտել է հրադադարը՝ արձակելով 600 փամփուշտ։ Իսկ Անցած շաբաթ 229 անգամ խախտել է հրադադարը, արձակելով 2398 փամփուշտ... Թիվն էլ շատ խոսուն է ու դրանից միանգամայն արժանահավատություն է ճառագում՝ ոչ թե 2390 կամ 2400, այլ՝ ուղիղ 2398...
Եթե սեպտեմբեր 17-ին Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջաններում 200 անգամ գնդակոծվել են ղարաբաղյան հենակետերը, և նույն օրը «հակառակորդի կրակոցներից հրազենային գնդակային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Անդրանիկ Սարգսյանը», ապա ո՞ւմ աչքերին են փորձում թոզ փչել «դիտարկում» ներկայացման ղեկավարները՝ իրենց խաղաղասիրական շոուով։
Իսկ գո՞ւցե ամենևին էլ չեն գնդակոծվում հայկական դիրքերը, և ամենևին զինծառայողներ չեն վիրավորվում ու սպանվում։ Չէ՞ որ ամեն անգամ դիտարկման ժամանակ պարզվում է, որ արշալույսներն այստեղ խաղաղ են...



ԾՐԱԳՐԻ ԿԵՍԸ ՉԵՆ ՅՈՒՐԱՑՆՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարարության կոլեգիայում քննարկվել են Գիտելիքների թեստավորման կենտրոնի այս տարեսկզբին կատարած ուսումնասիրությունների արդյունքները՝ որոշ առարկաների գծով։ Ստուգումներն իրականացվել են երկու մարզում՝ Սյունիքում և Երևանի Քանաքեռ-Զեյթուն ու Ավան համայնքներում, 8-11-րդ դասարաններում՝ բնագիտական և հումանիտար առարկաներից։
Ստուգման արդյունքները, մեղմ ասած, կատաստրոֆիկ են. դրական գնահատականի շեմը չի հաղթահարել, այսինքն՝ ծրագրի նվազագույն ծավալը չի յուրացրել «Քիմիա» առարկայից՝ սովորողների 62, «Աշխարհագրությունից»՝ 35, «Հայոց լեզվից»՝ 44, «Անգլերենից»՝ 47 տոկոսը։ Սա խոսում է այն մասին, որ դպրոցական ծրագրերը խրթին են՝ մանկական ուղեղներին անհասանելի։

Նույնը և դասագրքերը։ Տարիներ շարունակ կեղծ, անմատչելի ուսումնական չափորոշիչներով գործող մեր կրթական համակարգը, փաստորեն, չի ծառայում իր նպատակին ու նշանակությանը՝ երեխաներին ոչ թե նվազագույն, անհրաժեշտ գիտելիքների ծավալ է փոխանցում, այլ 10-11 տարի դպրոցում անիմաստ ժամավաճառության մի կուռ համակարգ է ստեղծել, որը զբաղված է հասարակության աչքերին թոզ փչելով։
Ուսման համար լավագույն 10-11 տարի մեր երեխաները զբաղված են անպտուղ գործունեությամբ՝ միայն վկայական են ստանում։ Հետաքրքիր է, թե ինչ են անելու այս արդյունքների հետ կրթության պատասխանատուները։ Եթե դրանք ընդամենը հիմք են ծառայելու, որ անցանկալի տնօրեններին պատժեն կամ ստիպեն, որ սրանք կեղծեն հաջորդ ստուգումների ընթացքն ու արդյունքները, ապա մեր դպրոցները կշարունակեն առաջիկայում էլ ձև անել, թե գիտելիք են տալիս։ Հասարակությունն էլ կշարունակի ձև անել, թե դպրոց ունի, որը մատաղ սերնդին կրթում է։
hraparak.am



ԿՅԱՆՔԻՍ ԱՆԻՄԱՍՏ ՏԱՐԻՆԵՐԸ

«Հողից քաղցր կարող է միայն հողը լինել»։ Այս խոսքը Զորի Բալայանի «Հայկաշեն» գրքից է, և դժվար թե գտնվի մեկը, որ չհամաձայնվի այս մտքի հետ։ Այս խոսքի իմաստն ավելի խորն ես զգում Հայրենիքից հեռու՝ օտար ափերում, երբ հայրենի հողի կարոտը քեզ ամեն օր մաշում է։
Պատանեկան տարիներից հետաքրքրությամբ ընթերցում էի Զ. Բալայանի գրքերը։ Հային հուզող պրոբլեմ չկար, որ նա ժամանակին բարձրացրած չլիներ։ Բայց այդ մասին չէ, որ ուզում եմ իմ խոհերն ու տագնապները կիսել ընթերցողի հետ։ Ինձ խորապես հուզում է մի հարց, որի պատասխանը չեմ գտնում։ Այդ հարցի լուծումից, ինձ թվում է, կախված է մեր ապագան, մեր հզորությունը, ապագայի փորձություններին դիմագրավելու մեր պատրաստակամությունը։ Մենք համոզված էինք, որ դարավոր թշնամուն հաղթելուց հետո կշտկենք մեր մեջքը, մեր հայրենակիցները կվերադառնան իրենց օջախները։ Մի խոսքով՝ կշատանանք։

Ես ուզում եմ գրել ոչ թե մեր կյանքի լավ կողմերի մասին, որ այնքան էլ շատ չեն, այլ բացասական կողմերի մասին, որ գնալով շատանում են ու չեն վերացվում։ Զորի Բալայանը և մեր մյուս ճանաչված մտավորականները չեն ուզում տեսնել այդ բացերը։ Անցյալում տեսնում էին, հիմա՝ ոչ։ Աբել Աղանբեկյանի հետ հարցազրույցի ընթացքում մեզ մոտ արտադրվող կաթը, որը կշռով ու յուղատվությամբ բավական զիջում է ընդունված չափանիշներին, Զ. Բալայանն անթաքույց հպարտությամբ համարում է ղարաբաղյան։ Այսինքն՝ չնայած վատ է, «зато Карабахский»... Կաթի նման բնորոշում առաջին անգամ եմ լսում։ Իսկ վերջերս էլ ԼՂՀ նախագահի հետ միասին Զարդանաշենի գյուղացիների հետ հանդիպման ժամանակ նա ասաց. «Եթե տանը չի լսվում մանկան ճիչ, ապա համարեցեք, որ մեր հաղթանակը հավասար է պարտության»։ Գործազուրկ, պատահական աշխատանքով գլուխը պահող, հաճախ առանձին բնակարան չունեցող երիտասարդներն ինչպե՞ս կարող են ստեղծել բազմազավակ ընտանիքներ։ Միայն նորմալ ապրելակերպ, մշտական աշխատանք ունենալու դեպքում կարելի է շատ երեխաներ ունեցող առողջ ընտանիքներ ստեղծել։ Դրա մեջ է նաև մեր հաղթանակի ու անկախության գլխավոր գրավականը։

Տեղական հեռուստատեսությամբ աշխատավոր մի գյուղացի, ի լուր ամենքի, ոգևորությամբ ասաց. «Հայրենասերը նա է, ով աշխատում է, և ոչ թե նա, ով չի աշխատում»։ Ու զարմացած ավելացրեց՝ ինչպե՞ս կարելի է չաշխատել։ Ես նույնպես զարմանում եմ։ Տողերիս հեղինակը ևս չի աշխատում։ Ոչ թե նրա համար, որ չի ուզում, այլ, որ որոշ մեծապատիվ պաշտոնյաներ չեն ուզում։
Հանգամանքների բերումով, իմ կամքին հակառակ, ընտանիքով (երեք մանկահասակ երեխաների հետ) որոշ ժամանակ ապրել եմ Ռուսաստանում։ Միշտ երազում էի վերադառնալ։ Երեք տարի առաջ, մորս մահից հետո, վերադարձել եմ հայրենիք այն հույսով, որ կաշխատեմ իմ սիրած մասնագիտությամբ, նեցուկ կլինեմ միայնակ հորս, և ընտանիքս էլ կվերադառնա։

Բայց ինձ վիճակված չէր իրականացնելու այս մարդկային ցանկությունը։ Ամենուրեք ինձ ասում են, թե տեղ չկա, հարկավոր է սպասել։ Երեք տարի սպասում եմ։ Դարձել եմ Մեծարենցի ասած՝ «սպասման հիվանդ»։ Եղել են գռեհիկ, կոշտ ու կոպիտ պատասխաններ։
Մեր երկրամասն իր պատմության ընթացքում պաշտոնյաների այսքան գլխաքանակ չի ունեցել։ Զգալի մասը պաշտոններ են զբաղեցնում ոչ իրենց խելքին ու փորձառությանը համապատասխան։ Մեզ մոտ գործում է Թումանյանի խոսքով ասած՝ «մեկի պոչը միշտ մեկելի տակին է» սկզբունքը։

Պաշտոնյան ազգային բարձր ինքնագիտակցություն պիտի ունենա։ Համազգային շահը պիտի կարողանա վեր դասել նեղ, անձնական շահից։ Փոխանակ ազնիվ, կարող ուժերն առաջ քաշվեն, նրանց ընդունակությունները, փորձը ի սպաս դնեն մեր երկրի զարգացման գործին, նրանք հայտնվել են խաղից դուրս վիճակում, մի մասն էլ լրացրել է գործազուրկների ստվար բանակը։ Մտքովս չէր անցնում, որ ես էլ կհայտնվեմ այդ վիճակում։ Երեք տարի ապարդյուն կորցրի մի քանի ստահակ չինովնիկների անբարյացակամ վերաբերմունքի պատճառով։

Մեզ մոտ ընդունված կարգ է դարձել՝ հեռախոսիդ համարը վերցնում են, թե՝ մի քանի օրից հետո կզանգեմ։ Ու այդպես էլ չեն զանգում, նրանց պատիվ չի բերում դա անել։ Նրանք իրենց համարում են ազգի ընտրյալներ։ Տարիներ առաջ, սովետների ժամանակ, երբ ես աշխատում էի, այդ մարդիկ կարծես թե չկային, ստվերի մեջ էին։ Այդ ինչպե՞ս նրանց, մեղմ ասած՝ այդ ոչնչություններին հաջողվեց կարճ ժամանակում դառնալ այլոց ճակատագիրը տնօրինող «ընտրյալներ»։ Շատ հաճախ այդ մարդիկ խոսում են զոհված մեր մարտիկների անունից, մինչդեռ չգիտեն թափված արյան գինը։ Ես դա զգացել եմ, երբ զոհվել են քեռուս և հորեղբորս որդիները։ Անցած 18 տարիների ընթացքում նրանց ընտանիքը բարոյական և նյութական ոչ մի օգնություն չի ստացել։ Բազմաթիվ անգամ նրանց դիմումները, խնդրանքը մնացել են անպատասխան։

Պատերազմից հետո անցել է 16 տարի։ Մեր բնակչությունը պիտի կրկնապատկվեր բնական և մեխանիկական աճի շնորհիվ՝ ստանալով աշխարհասփյուռ մեր հայրենակիցների աջակցությունը։ Բայց աշխատատեղերի բացակայության, գործազրկության և սոցիալական բազմաթիվ խնդիրների պատճառով շատերն օտար ափեր են մեկնում։ Մի՞թե տրամաբանական է, որ Արցախի հիմնահարցը տակավին չլուծված, հասարակությունը գնում է խիստ բևեռացում։
Մեր կյանքում հանդիպում ենք արտառոց ու ճչան փաստերի։ Զինվորական և այլևայլ թոշակներ ստացող բազմաթիվ քաղաքացիներ աշխատում են տարբեր տեղերում։ Կան մարդիկ, որ հիմնական աշխատաժամանակի հաշվին զբաղվում են ուրիշ աշխատանքային գործունեությամբ և ստանում լրացուցիչ եկամուտ։ Իսկ մյուս կողմից՝ հարյուրավոր մասնագետներ սպասում են աշխատելու իրենց հերթին։

Ռուսաստանի տարբեր բարձրագույն հաստատություններում սովորում են զավակներս։ Դուստրս ոսկե մեդալով ավարտելով միջնակարգը, ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի բժշկական ինստիտուտը։ Մի տարի հետո կավարտի, և շատ է ուզում ապրել ու աշխատել իր ծննդավայրում՝ Ստեփանակերտում։ Նա նույնպես զարմանում է, որ իր հայրն արդեն քանի տարի ձեռնունայն պատեպատ է զարկվում՝ որևէ տեղ աշխատանք գտնելու հույսով։ Տղաներիցս ավագը սովորում է տնտեսագիտական ֆակուլտետում, իսկ կրտսերը՝ Տյումենի ռազմա-բժշկական ակադեմիայում։ Մի՞թե մեր երկրին հարկավոր չեն բարձրորակ կադրեր։ Աղջիկս, որ երեխաներից մեծն է, հաճախ է հիշում պատերազմի ժամանակ նկուղներում անցկացրած տարիները։ Երբեմն կատակով ասում է՝ «Ես նույնպես պատերազմի մասնակից եմ, երկու տարի ինձ պահել ես շենքի ներքնահարկում»։ Չի մոռացել, որ ամիսներով կոնֆետ և շաքարավազ չէր տեսնում։ Իսկ վերջին հեռախոսազանգի ժամանակ ինձ հիշեցրեց. «Տարիներ շարունակ ամեն օր Ղարաբաղից էիր խոսում։ Եթե մենք վերադառնանք, նույնը մեզ հետ է լինելու...»։ Եվ վերջում կրկնեց հայտնի երգի տողերը. «Տեսա՞ր ինչ եղավ…»։

Համառոտ շարադրեցի իրողությունը։ Իսկ թե ինչ ապրումներ, հիաստափություններ եմ ունեցել, ինչքան են դրանք քայքայել ջղերս, հանել ինձ հավասարակշռությունից, դա միայն ինձ է հայտնի և աստծուն։
Մեր պաշտոնյաներից հաճախ եմ լսել, թե մեկ ուսուցչի, անգամ հավաքարարուհու թափուր տեղի համար որևէ մեկին նշանակելու գործում մասնակցում է կառավարման ամբողջ համակարգը՝ նախարարից սկսած մինչև նախագահի աշխատակազմը։ Չեմ հասկանում, ինձ հանգստացնելու համա՞ր են ասում, որ ինձ վիրավորված չզգամ, թե՞ իրոք այդպես է։ Երկու դեպքում էլ ասվածն ինձ չի սփոփում։ Մի՞թե մենք դրա համար ենք պայքարել, հազարավոր զոհեր տվել, որ մեկ մարդու աշխատանքի տեղավորելը համարվի պետական կարևոր միջոցառում։

Պատմությունը դաժան է եղել մեր ժողովրդի նկատմամբ։ Շատ բռնակալներ են եկել ու գրողի ծոցը անցել։ Բայց մեր ստեղծագործ ժողովուրդը կարողացել է դիմակայել բոլոր աղետներին և ապրելու իրավունքը նվաճել արևի տակ։ Մենք ունեցել ենք նաև տհաս, անհեռատես ղեկավարներ, գաճաճ մտահորիզոն ունեցող պետական այրեր, որոնց պատճառով հայը իր սեփական հայրենիքում իրեն չի զգացել լիիրավ քաղաքացի, և լքել է իր Հայրենիքը։
Եթե մարդ չի կարողանում աշխատանք գտնել, որպեսզի ապահովի իր գոյությունը նյութապես և իրեն զգա հասարակության լիարժեք ու ազատ անդամ, ինպե՞ս պիտի քաղաքակիրթ աշխարհը ճանաչի մեր ինքնությունը։ Չէ՞ որ երկիրն իր աշխատող, տքնող, նյութական և հոգևոր բարիքներ ստեղծող բնակչությամբ է հզոր ու անպարտելի
։
Կյանքն ինձ շատ փորձություններով է տարել, շատ բան եմ սովորել, հաղթահարել բազում խոչընդոտներ։ Բայց առաջին անգամ կանգնել եմ փակուղու առաջ, չգիտեմ ո՞ւմ դիմել։ Երբեք այնպես նվաստացած չեմ զգացել ինձ, ինչպես հիմա։ Ինձ խորհուրդ են տալիս վերադառնալ եկած ճանապարհով, օտարության մեջ որոշ ժամանակ մոռանալ այս ամենը, նորից հավատալ սեփական ուժերիս ու կարողություններիս, վերականգնել տրորված արժանապատվությունս ու խաթարված հավատս մարդ արարածի նկատմամբ։ Իսկ այդ ժամանակ գուցե ինչ-որ փոփոխություններ կատարվեն սառը պատերազմի մեջ գտնվող, անկախության ուղին բռնած մեր նորաստեղծ երկրում։ Տա աստված, որ մեր այս երկրում միակ գործազուրկը ես լինեմ։

ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



ԱՌԱՋԱՐԿԻՆ՝ ՀԱՄԱՀՈՒՆՉ ՊԱՀԱՆՋԱՐԿ

Առաջա՞րկ, թե՞ պահանջարկ... Այն խնդիրը, որն այս պահին մեկնաբանման կարիք ունի, ավելի շատ պահանջարկ էր, քան առաջարկ։ Իսկ առաջարկը չուշացավ։ Խոսքը վերաբերում է մարդատար փոխադրամիջոցներին։ Հանգիստ թողնելով գովազդային խառնիճաղանջության մեջ ընկղմված տաքսի ծառայություններին, խոսենք միայն երթուղային ավտոմեքենաների՝ երթուղային տաքսիների և ասպարեզ մուտք գործած նոր ավտոբուսների մասին։ Հին փոխադրամիջոցներից առնվազն մեկ անգամ օգտվելով, կարելի է բացահայտ համոզվել սեփական անձի ապահովագրման մեջ (խոսքն առնչվում է ինչ-որ մեկի գրկում ստիպված հայտնվելուն, չընկնելու համար ինչ-որ տեղից կառչելուն, ոտքերի վրա ուրիշի պայուսակների ավելորդ ծանրության զգացողություն ունենալուն, ոտքերի կոխկրտուքից հազիվ ուշքի գալուն և այլն)։

Հաճախ կարելի է երթուղային միկրոավտոբուս տեսնել, որի առաջնամասը՝ վարորդի հարևանությամբ նստատեղը թափուր է, մինչդեռ ավտոմեքենայի հետնամասում մարդիկ իրար կպած՝ երբեմն տեղ չգտիելով մյուս ոտքի համար, քաու քրտինքի մեջ կորած, յուրաքանչյուր կանգառում իրար հրմշտելով, մի կերպ տեղ են ազատում, հնարավորություն տալով մյուսներին իջնելու... Հետո կանայք և աղջիկները կրկին իրենց նախկին կանգնած դիրքն են գրավում, չգիտես ինչու «չնկատելով», որ վարորդի կողքի նստատեղը դատարկ է։ Ասել է թե՝ գերադասում են նորից հայտնվել սրա-նրա անհարմար գրկում, քան տեղ գրավել ավտովարորդի կողքին։

Սակայն, ըստ իս, այդտեղ ոչ մի արտառոց բան չկա։ Եթե նստատեղը տրամադրված է նստելու համար, ապա ամենևին կապ չունի, թե ով է այն զբաղեցնում։ Զարմանալին ու զավեշտականն այն է, որ Երևան մեկնող ավտոմեքենաներից («ֆորդ»-եր, «գազել»-ներ, և այլն) օգտվելու համար առանձնապես իգական սեռը նախօրոք, երկու օր առաջ է տոմս պատվիրում այդ շատ նստատեղը զբաղեցնելու համար (եղել են դեպքեր, երբ գժտվել ու կռվել են այդ նստատեղին տիրանալու համար), իսկ Ստեփանակերտում կնոջ կարծես պատիվ չի բերում այդ նստատեղը զբաղեցնելը...

Պարզ է, որ հետնամասում նստատեղի առկայության դեպքում իհարկե հարիր չէ իգական սեռին նստել հենց վարորդի «կողքին»։ Բայց երբ երթուղայինը պահածոյատուփի պես այնպես է «լցոնված» ուղևորներով, որ հաճախ հնարավոր չի լինում շնչել և ժողովրդական հայտնի խոսքով՝ ասեղ գցես, գետնին չի ընկնի, կարելի է նաև օգտվել այդքան «ոչ ցանկալի» նստատեղից։ Ոմանց թվում է, թե դա կարող է բամբասանքի առիթ դառնալ (չնայած կան բամբասանքի շատ ու շատ կարևոր ու համապատասխան թեմաներ ու երևույթներ)...

Թերևս ասում են, ինչպես առաջարկն ունի պահանջարկ, այնպես էլ՝ պահանջարկն ունի առաջարկ։ Ու վերջերս Ստեփանակերտում հայտնված «Հունդայի» ֆիրմայի դեղնագույն ավտոբուսները կարծես լուծեցին միանգամից մի քանի խնդիրներ՝ միայն քո անձի դիմաց տոմս վճարելը, վարորդի կոքի նստատեղում չհայտնվելը, անպատշաճ, անհարմար իրավիճակներից խուսափելը, նստատեղերի բացակայության ժամանակ տրանսպորտում նորմալ կանգնելը և այլն։ Այսօր այդ մայրաքաղաքում շատ թե քիչ կանոնավոր երթևեկում են 13, 14, 16 համարի ավտոտբուսները։ Թերևս բացակայում են այնքա՜ն շատ պահանջարկ ունեցող 10 համարի նոր ավտոբուսները, բայց ասում են, որ շուտով երթուղային համակարգը կհամալրվի նմանատիպ ևս մի քանի ավտոբուսներով։

Առաջարկն այս որոշակիորեն լուծեց պահանջարկի «խնդիրը»։ Հուսանք, որ բոլոր պահանջարկներն էլ մի օր նման համապատասխան առաջարկներ կունենան։

ԱՆԱՀԻՏ ՀԱԿՈԲՅԱՆ



ՏՈՒՐԻԶՄԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ՝ «ՀԺ»-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթում տպագրված «Ալլահի գործակալ» վերնագրով այս նյութի հեղինակ Լեոնիդ Շադունցը գրում է, թե «ԼՂՀ վերահսկիչ պալատը վերջերս ստուգումներ է իրականացրել ԼՂՀ տուրիզմի վարչությունում և ըստ էության ինչ-որ մեկի ցուցումով չտեսնելու տվել պետական միջոցների փոշիացման մի շարք արտառոց փաստեր»։ Այնուհետև հեղինակը գրում է. «Երբ ԼՂՀ մշակույթի նախարարության կազմում գտնվող հուշարձանների պահպանության վարչությունը հանվեց նախարարության կազմից և մտցվեց ԼՂՀ կառավարությանն առընթեր տուրիզմի վարչության կազմ, պետական բյուջեով մեծ գումարներ նախատեսվեցին հուշարձանների վերականգնման և պահպանության համար (300 մլն-ից ավելի, որը ԼՂՀ պարագայում աննախադեպ է)...

...Տուրիզմի վարչության պետ Սերգեյ Շահվերդովը հուշարձանների համար նախատեսված գումարների մեծ մասը ծախսում է իր հայեցողությամբ և որպես կանոն ոչ նպատակային՝ առավել ուշադրություն դարձնելով հատկապես Արցախում գտնվող թուրքական հուշարձաններին։ Զավեշտականը նաև այն է, որ այդ ամենը կատարվում է «քաղաքականություն» խաղալով և իրանական մշակույթի անվան տակ, այն դեպքում, երբ դեռևս 1822 թ.-ից պարսից խանությունը Ղարաբաղում վերացված էր, իսկ այդ հուշարձանները ի հայտ են եկել ռուսական տիրապետության ժամանակներում՝ դարավերջին։ Այսպես, ոչ հայկական դիտվող հուշարձանների վրա շուրջ 1 տարվա ընթացքում ծախսվել է 190 մլն-ից ավելի դրամ, որը կազմում է պետբյուջեով հատկացված գումարի գրեթե 60 %-ը, այն դեպքում, երբ բազմաթիվ հայկական հուշարձաններ գտնվում են խիստ վթարային և անելանելի վիճակում, երբ անմխիթար վիճակում են նաև թանգարանները, ներառյալ մայր թանգարան համարվող Արցախի պատմության թանգարանը՝ Ստեփանակերտում, որը վթարային է։

Շուշիի թուրքական հուշարձանների վրա ծախսվել է շուրջ 17 մլն դրամ, ներառյալ մահմեդական հոգևոր առաջնորդի (մոլլայի) տան վերականգնման ու օգտագործման նախագիծը։ Աղդամում ծախսվել է 1.5 մլն-ից ավելի դրամ, իսկ Շահբուլաղում, առանց Տիգրանակերտի պեղումների, 170 մլն դրամից ավելի։
«Հուշարձանների վերականգնում և պահպանությունե ծրագրով կառավարության կողմից հատկացվող գումարներով կատարվում են հուշարձանների հետ բացարձակապես կապ չունեցող աշխատանքներ, մասնավորապես Շուշիում և Շահբուլաղում, ծախսելով տասնյակ միլիոններ։ Իրականացվում են նաև հուշարձանների մաքրման աշխատանքներ, դարձյալ որպես կանոն՝ մեծ ուշադրություն դարձնելով հատկապես մահմեդական-թուրքական հուշարձաններին։ Օրինակ, Շուշիի, Աղդամի և Շահբուլաղի հուշարձանների մաքրման աշխատանքների համար նախատեսվել են բուն աշխատանքները գերազանցող գումարներ, որոնց մի զգալի մասը չի հասել աշխատանք կատարողին։

Շուշիի մզկիթներից մեկի մաքրման աշխատանքների համար հատկացված 1 մլն-ից ավելի դրամից կատարողին վճարվել է գումարի մոտ 30 %-ը, իսկ նույն վայրում գտնվող մահմեդական հոգևորականի տան մաքրման և աղբի տեղափոխման համար, որոնք 1 տարուց ավելի է դեռևս ավարտին չեն էլ հասցվել, 500 000-ից ավելի դրամ, երբ դրանք կարելի էր ավարտին հասցնել 50-60 հազար դրամով։
Տուրիզմի վարչության 2-3 մեքենաները՝ ներառյալ 2 «Ջիպերը», որոնցից 1-ը գնվել է հուշարձանների համար նախատեսված փողերով, ծառայում են միայն 1 մարդու՝ վարչության պետ Շահվերդովին, որը տեղի-անտեղի դեսուդեն քշելով ծախսում է տոննաներով վառելանյութ։ Միայն 1 ամսում (2009 թ. դեկտեմբեր) «Ջիպերից» մեկի վառելանյութի ծախսը կազմել է 0.5 տոննայից ավելի և լրացվել են իրականության հետ կապ չունեցող շինծու փաստաթղթեր...»։
«Հայկական ժամանակ», 11.09.10

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ։ Հայաստանյան մամուլից կրճատումներով արտատպված այս նյութը մտահոգությունների տեղիք է տալիս։ Մենք այն չենք մեկնաբանում։ Մեզ առավել շատ զարմացնում է այլ հարց՝ հուշարձանների պահպանության վարչությունը մշակույթի նախարարության կազմից ինչո՞ւ է հանվել և դարձել տուրիզմի վարչության մաս։ Գանձասարը, Ամարասն ու հայ մշակույթի արցախյան մյուս կոթողները մի՞թե ընդամենը «տուրիստական» արժեքներ են։ Մեր պապերն արդյո՞ք նրա համար են կառուցել դրանք, որ գրավենք զբոսաշրջիկներին...

Վերոնշյալ թերթում (սեպտեմբերի 23-ի համարը ներառյալ) այդպես էլ չհանդիպեցինք պատասխան հրապարակման։ Մեր թղթակից Անահիտ Հակոբյանի միջոցով փորձեցինք լսել ու տպագրել հակառակ, այսպես ասած, տուժող կողմի կարծիքը։ Սակայն վերջին 3 օրում նա չկարողացավ հանդիպել տուրիզմի վարչության պետին։
Արտատպելով այս նչութը, մենք պարտավորված ենք և պատրաստ ենք մեր առաջիկա համարում առանց մեկնաբանության տպագրել նաև հակառակ կողմի պատասխանը։



ՇՈՒՇԵՑԻ ՄՈՐՍ ԵՎ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Մայրս հին Շուշեցի էր, բայց նա իրեն «Ղլցե էր» կոչում։ Անծանոթ մարդկանց այն հարցին, թե՝ որտեղացի՞ ես, մայրս պատասխանում էր՝ Շուշվա Ղլան։ Երբ որևէ բանի նկատմամբ չմահավան էր, երազկոտ աչքերը արհամարհաբար թեքում էր մի կողքի՝ ասելով. «Էտեր պակաս, որ Ղլցեն հավանի դրան, երնեկ գլխիս»։ Մայրս դրանով միաժամանակ շեշտում էր իր արիստոկրատ լինելը։
Մի անգամ նրան մի զույգ հողաթափեր գնեցի, և նա լուռ, գլուխը շարժելով, մտմտաց. «Հը, Ղլցեն տես ինչ օր է ընկել, ինչ չստեր է հագնում»։
Ես այն գնել էի իմ ուսանողական թոշակով և կարծում էի մայրս կհավաներ։ Հողաթափերի տակը թաղիքից էր սարքած, երեսը՝ մուգ գույնի հաստ կտորից։ Ժամանակին դա լուրջ նվեր կարելի էր հաշվել հայրենական պատերազմից հետո։ Ես ներքուստ խոցվեցի, բայց ցույց չտվեցի։

- Հողաթափերը լավը չե՞ն, տատ,- հարցրեց աղջիկս։
- Ոտքերս հանգիստ են,- նկատեց նա, կարծես կռահելով, որ կարող է ես լավ չզգամ։
Դրանից հետո ես շատ զգույշ էի մորս ճաշակի նկատմամբ։
Երբ ավարտեցի բարձրագույնը և աշխատանքի անցա և կնոջս հետ որոշեցինք գյուղից քաղաք բերել նրան, ստացանք նրա բացասական պատասխանը. «Շուշվա Ղլից բացի, ուրիշ քաղաք չեմ ուզում տեսնել»։
Երբ Շուշիի մասին խոսք էր բացվում, մայրս տխրամած էր դառնում, տեսքը դարձնելով մի տեսակ երազկոտ, տխուր՝ քնարական արտահայտությամբ։ Չնայած պատկառելի տարիքին, նրա թորշոմած այտերը դառնում էին վարդագույն։
- Կրակ ընկնի Ղալան, ոնց որ կրակ ընկավ,- ասում էր նա՝ հոգոց հանելով, բայց դա ասում էր սրտի ցավով, մեծ ափսոսանքով, այն մեծ սիրո համար, որ նա ուներ այդ քաղաքի նկատմամբ։

Անցած գնացած դեպքերը վեր էին բարձրանում մորս անծայրածիր հուշերի ալիքների միջից. «Էդքան էլ լիքը ու բոլ, առատ քաղաք կլինե՞ր։ Առավոտյան իջնում էիր քաղաքի շուկան, մնում էիր զարմացած։ Դեզերով ապրանքներ, հազարավոր կույտեր թափված էին… Ամեն կողմից գնորդ էին կանչում… Էժա՜ն, էժա՜ն... Հերս մի շահի էր վերցնում, գնում և մի շաբաթվա պաշարը միանգամից բերում տուն»։
Այս քաղաքն այնքան ամուր էր նստած մորս հուշերում, որ մինչև իսկ երեխաներին ու թոռներին հատկացնում էր Շուշվա մարդկանց անուններ՝ հավանաբար նրանց հատկանիշների նմանությունների հիմքի վրա։ Օրինակ, մայրս ինձ անվանում էր «Սարինով Եվա» խախտելով ռուսերենի գոյականի սեռը։ Հենց որ որևէ ձախողված, ձեռից գնացած գործ էի հարթում, «դզում», մայրս իսկույն ասում էր. «Կանչեք Սարինով Եվային, կհաշտեցնի»։

Մի օր վերջապես, երբ արդեն սովորում էի համալսարանում, բացատրություն պահանջեցի մորիցս.
- Էդ ո՞վ է, էդ Սարինով Եվան, որ կպցնում ես ինձ։
Նա ժպտաց ու մի պահ լռեց։
- Հը՞, մի բան կա՞, որ դժվարանում ես ասել։
- Դե, ի՞նչ դժվար։ Եվան մեր Շուշվա քաղաքի Մուցիկուլին էր։ Առանց նրա քաղաքում ոչ մի ամուսնություն չէր լինում։ Օրինակ, մեկն ասում էր. «Եվա, էսպիսի մի աղջիկ է պետք՝ էսպիսի մի տղայի համար»։ Եվան ասում էր՝ «Երկու օր ժամանակ»։ Եվ երկու օրից ամեն ինչ պատրաստ էր լինում։

- Բա, որ կողմերից մեկը չհավաներ մյուսին,- հարցրի ես։
- Բա, էնպե՞ս էր գովում, որ չհավանեին,- ծիծաղում էր մայրս։
- Ասա զագսի վարիչ էր, էլի, տատ,- զրույցին խառնվեց մեծ թոռը՝ Մուշեղը։
- Հա՛, սաղ քաղաքը ձեռքին էր։ Քաղաքի տակովը տալիս էր, գլխովը դուրս գալիս, չմեռնի նա։
Թոռնիկներից մեկին՝ Քնարիկին, տատը «քըռ-քըռ» Մարյան էր անվանում՝ նկատի ունենալով նրա ծիծաղկոտ լինելը։ Իրոք, Քնարը երբ ընկնում էր ծիծաղի ալիքների մեջ, նրան զսպել չէր լինում։

- Վայ, ա՛ քըռ-քըռ Մարյան, բոլա ծիծաղես,- ասում էր նա՝ փաթաթվելով Քնարին։
Մորս թոռների թիվը ձգտում էր հասնել 20-ի։ Նա բոլորի համար, միշտ գրպաններում մի բան պահած ունենում էր, ասենք մի քանի հատ մոմպասի, տանձի կամ խնձորի չիր, շաքարի կտոր, չամիչ, անգամ պանրի կտոր, որոնք խառնվելով գրպանում գտնվող զանազան թելերի, կտորտանքների կամ այլ առարկաների հետ, հաճախ կորցնում էին իրենց իրական գույնը։
- Այ տղա, Համփի,- ասում է մայրս Հայկազ թոռանը։
- Մի սպասի, տեսնեմ մի բան կճարվի ջեբումս։

Մայրս խառնում էր գրպանները։ Համփին համառորեն կանգնում էր մինչ թելերի ու չթերի արանքներում մի կերպ գտնվում էր կեղտակուր շաքարի կտորը։ Համփին առնում, փախչում էր՝ կապը կտրած հորթի պես։
- Տիկրան, Տիկրան,- այս անգամ մայրս կանչում էր Համլետ անունով թոռանը, որին չգիտեմ ինչու Տիկրան էր ասում։
Տիկրանն էլ իր բաժինն էր ստանում։
Մայրս իր կպցրած անունները չէր փոխում երբեք։ Մյուս թոռանը՝ Գրիշային, Տորպոզ էր անվանում։ Բայց մենք մինչև վերջ էլ չհասկացանք այդ «տորպոզ»-ի իմաստը։
- Տորպոզը իմ ամենալավ թոռներից էր։ Մինչև հիմա նա ուլերին չի կորցրել։

Այս Տորոպոզ անունն իր տարօրինակ հնչեղությամբ, այնպես կպավ Գրիշային, որ նրա իսկական անունը մնաց միայն անձնագրի և մյուս փաստաթղթերի մեջ, իսկ կյանքում նա մնաց Տորպոզ կամ Տրպոզա։
Սլավիկ թոռանը մայրս «Բուկան» էր անվամում, որը մինչև հիմա էլ չի պոկվում նրանից, չնայած Սլավիկը մեծ մարդ է և բարձր պաշտոնյա։
Նույնիսկ մի անգամ ժողովում Սլավիկի մասին խոսել են, և ինքը չի հասկացել, որ խոսքն իր մասին է, այնքան հեռացած է եղել իր իսկական անունը՝ իրենից։

Մայրս տնային կենդանիներին նույնպես իր յուրահատուկ անուններն էր կպցնում։ Այսպես՝ Մոխրոտ տոխը, Չըխչըկատար թուխսը, Զլան աքլորը, Սարսալ ուլը, Նարինջ կովը, Մորուք հնդկահավը և այլն։ Պատահում էր իր բազմաթիվ թոռնիկներին թվարկելու ժամանակ կենդանիներին էլ էր խառնում նրանց. ասենք Տիկրանը, Համփին, Զլանը, Նարինջը, Տորպոզը, Բուկանը և այլն։
Դրանից պոռթկուն ծիծաղ էր շրխկում։ Պատահում էր, որ մայրս թոռներին խառնում էր, դիմելով կենդանիների անուններով կամ հակառակը։
Սակայն, չնայած, ընդունված է ասել, որ մայրերը բոլոր երեխաներին ու զավակներին հավասարապես են սիրում, բայց ես կարծում եմ դա բացարձակ ճշմարտություն համարել չի կարելի։ Անպայման լինում են որոշ տարբերություններ։ Այս իմաստով, արտոնյալ վիճակի մեջ Աշոտ թոռը, և մայրս այդ ջոկողությունը չէր քողարկում, այլ ուղղակի պարզորոշ ասում էր. «Արշոդն ինձ համար ջոկ է, մյուսները՝ ջոկ»։

Նա իր ամբողջ կյանքում մնաց արիստոկրատ, մաքուր, հավաք, միշտ վեհանձն, թախծոտ ժպիտը դեմքին։ Նա շատ լավ պատմող էր։ Պատմության նյութը նրա մոտ միշտ հուզական երանգ էր ձեռք բերում, և լսողը չէր կշտանում դրանք լսելուց։ Մեղմ ծորում էր զրույցը՝ ամռան օրերի խաղաղ պահերին, երբ շոքից թմրած փախչում-հավաքվում էինք ստվերներում, նա նստում էր ծալապատիկ և հուշերի թևերով տեղափոխվում Շուշի։
Անցած կյանքի դրվագները նա միշտ պատմում էր միատեսակ, առանց տարբերակների, թեկուզև կրկներ տաս անգամ։ Սակայն, չնայած դրան, կրկնվող նյութը, այնուամենայնիվ, միշտ լսվում էր անձանձրույթ։ Հետագայում իմ սուբյեկտիվ հետաքրքրության համար ես ձայնագրեցի մորս։ Այնուհետև պատմել տվեցի նույնը։ Տեքստի մեջ գրեթե փոփոխություն չէր մտցրել։ Եվ երբ մի քանի օրից հետո իր ձայնագրությունը լսեց սեփական ականջով, զարմանքից քար կտրեց.

- Էս ի՞նչ սատանի բան է։ Էլի Սարինով Եվայի գործերը կլինի,- ասաց՝ ձայնագրիչին նայելով։
Մորս զրույցի անսպառ թեման Շուշին էր։ Շուշին՝ իր անցած-գնացած երանավետ դեպքերով ու իրադարձություններով։ Թոռները լավ էին հասկացել նրա թույլ կողմը։ Բավական էր մի փոքր առիթ տային, շարժեին նրա հուշերի որևէ օղակը, որպեսզի քաղցրորեն ծորար զրույցը։
- Երեկ Զաբելի և Գավոյի հարսանիքն էր,- խորամանկորեն խոսք էր բացում Քնարիկ թոռը։- Ասում են, լավ չի անցել։
Այսքանը բավական էր, որ զրույցի տուտը բացվեր։
- Հիմիկվա հարսանիքն ի՞նչ հարսանիք պիտի լինի,- խոսքի «բոխչան» դանդաղորեն բացում էր մայրս։

Քնարն ավելի էր գրգռում զրույցի մթնոլորտը։
- Տատ, քոնը ո՞նց է եղել,- հարցնում էր նա, ձևացնելով, թե առաջին անգամ է լսում այդ զրույցը։
- Դե, էնա, որ պապիկդ եկավ իր մեծ ախպոր՝ Ակոփի հետ… Մի ձմեռային օր էր։ Նոր ձյուն էր եկել ու ձյունից հետո պայծառ արևոտ օր էր։ Մեկ էլ դարպասի դուռը թակեցին։ Ձենի վրա հայրս դուրս գնաց։ Տեսավ երկու հոգի են՝ մեկը սև, մյուսը՝ կարմիր ձիով։ Հայրս ներս հրավիրեց։ Եկան մտան մեծ սենյակ և հորս հետ սկսեցին առանձին խոսել։
- Տատ,- զրույցն ընդհատեց Քնարը,- քո տեղն էլի՞ Սարինով Եվան էր ասել։
- Հա, բա ինչ։ Դեռ հարսանքից հետո էլ մի ոսկի մատանի նվեր ստացավ Ակոփից, քանի որ նրա պատվերն էր կատարել։

Մայրս կրկին վերադառնում էր զրույցի հանգույցի կտրված տեղը և, առանց որևէ մանրամասնություն կորցնելու, կրկին շարունակում։
- Նշանդրեքի համար բերել էին երեք հատ մատանի, մի հատ կալցո, մի հատ շղթայով սիրտ, մի հատ ժամացույց՝ իր շղթայով և մի հատ բլազուկ։
- Էդ բոլորը ոսկո՞ւց, տատ։
- Էն էլ Նիկոլայի ոսկուց։
- Բա ի՞նչ եղան դրանք, տատ, ոչ մեկը հիմա չկա։

- Թողեցի՞ն, որ մնա,- ափսոսանքով ասաց նա, ապա կրկին վերադարձավ կիսատ զրույցին։- Էնա, որ հայրս համաձայնվեց, նշանը վերցրինք։ Բոլորը եկան, շնորհավորեցին մեզ։ Կեր ու խում սկսվեց։ Մուզիկան նվագեց, պարն սկսվեց։ Պապդ պարել չգիտեր, բայց Ակոփը լավ էր պարում։ Ես էլ էի լավ պարում։ Ակոփը մտավ և ինձ հրավիրեց։ Ես վեր կացա։ Որ վեր կացա, բոլորը ծափահարեցին, «բրավո՜, բրավո՜» ասացին։ Երկար էլ պարեցինք։ Որ պարը վերջացավ, էլի ամեն կողմից «ապրեն պարողները, բրավո» ասելով, կրկին ծափահարեցին։
Մայրս այստեղ փոքր ընդմիջեց։ Հուշերը երևի հերթի խախտում էին կատարում նրա վերարտադրման շղթայի մեջ։ Նա հոգոց հանելով շարունակեց.
- Դե, Ակոփն էլ, ի՞նչ Ակոփ էր։ Էդպես տղամարդ կլիներ։ Մի պատկեր էր։ Բարձր բոյով, աչքերը՝ սև, մեծ-մեծ, ճակատը՝ լայն, թելը՝ երկար…

Մորս աչքերը պատմության այս հանգույցում միշտ արցունքոտվում էին ու նա շեղվում, պատմում էր Ակոփի ողբերգական մահապատժի դեպքը՝ կապված Շուշվա խանի սպանության հետ։ Պատմում էր սրտահույզ հառաչներով ու արցունքներով։
- Ղարաղշլաղը օխտը գյուղից էր կազմված։ Եվ օխտը տարի Շուշվա խանեն հարկ չէր տալիս,- այսպես սկսեց շեղակի զրույցը։- Օրերից մի օր, էս խանը վեր է կենում, գնում գյուղը, որ պարզի, թե ինչու են սրանք հրաժարվում հարկ տալուց։
Մորս պատմելով գյուղը ըմբոստ գյուղ է լինում և ինչքան հարկահավաքներ են գնում, ծեծում, ետ են ուղարկում։ Այս անգամ խանը որոշում է մի լավ պատժել նրանց ըմբոստացումը և բավականին մարդկանց դաժան ծեծի է ենթարկում։

- Այս բռնությունների մասին, որ Շուշիում ապրող ղարաղշլաղցի ջահելները լսում են, հավաքվում են մի գինետան նկուղ, լավ խմում և որոշում խանին սպանել։ Էդ խորհրդում սպանության «չոփը» ընկնում է Առուշան անունով մի լավ տղայի։ Էդ գինետանը շատ են խմում, թե քիչ, մեկ էլ ձեն է գալիս, թե «խանը եկավ»։ Տղաները նկուղից դուրս են թռչում և Առուշը էնքան է հասցնում, որ օխտըտրաքանիշ մաուզերից վեց հատ կրակում է խանի թիկունքին։ Խանն ընկնում է։ Ժողովուրդը խառնվում է իրար, Առուշին բռնում են։ Խանին ծանր վիճակում տեղափոխում են հիվանդանոց։ Այս գործի մեջ Ակոփը խառն է լինում, թե չէ, չգիտեմ, մեկ էլ էն ենք լսում, որ Ակոփը, ամբոխը ճեղքելով, մտնում է հիվանդանոցի այն սենյակը, ուր դեռ վերջին շնչում է լինում խանը։ Կռանում է նրա դեմքին և հարցնում. «Ա՛, խան, քեզ ով խփեց»։ Դրանով նա գուցե հետքը կորցնել էր ուզում։ Խանը մի կերպ աչքերը բացում է, դե՛ մեռնող գազազած մարդ, էլի, թե՝ «Դո՛ւ»։ Ասում է ու հոգին տալիս։

Ակոփին անմիջապես վերցնում են։ Խառնակությունն ընկնում է ողջ քաղաքի մեջ։ Շատերը փախչում են այս ու այն կողմ։ Առուշին բռնում, տանում են բանտ։ Բայց նա հենց նույն գիշերը կոշիկի տակ թաքցրած փոքրիկ դանակով պատռում է սեփական երակը և կյանքին վերջ տալիս։ Ակոփին ընկերները բանտից փախցնում են։ Նա փախչում է դեպի Քարեն տակ գյուղն ու, ժայռից թռչելու ժամանակ, ոտքը կոտրում է։ Նա այդ վիճակում մտնում է քարայրի խորքի մութ ճեղքի մեջ։ Ղազախները երեք օր ման են գալիս ու չեն գտնում։ Վերջին օրը, երբ ետ են քաշվում, նրանցից մեկը հրացանի սվինը խրում է հենց այն մթնախորշի մեջ, ուր կծկված է լինում Ակոփը։ Երբ սվինը ծկում է նրա ոտքը, ցավից տնքում, «վայ է» ասում և դրանով էլ տեղը իմաց տալիս։
Բոլորը քարացած լսում են պատմությունը։

- Էնա,- խորը տնքաց մայրս, Ակոփին բռնում, տանում են և…
Ես զգացի, որ մորս լեզուն չի բռնում, որ «գնդակահարել» բառն արտասանի։ Նա այս պատմությունից հետո երկար լռեց՝ կարծես սուզվելով սեփական վշտերի մեջ, ապա ամփոփիչ խոսքով եզրափակեց պատմությունը։
- Աչքերն իրան կենա, Ակոփ, ասա, քեզ ո՞վ էր ստիպում, որ ամբոխը ճեղքես, մտնես ծանր վիրավորված խանի մոտ և ասես՝ «Ա՛, խան, քեզ ո՞վ էդպես արեց»։ Հենց այդտեղից էլ ծռվեց մեր կյանքի անիվը։
- Տատ, գուցե Ակոփ հորեղբայրը հետքը կորցնելու համար է էդ «ֆինտը» բանացրել,- հարցրեց Քնարը։
- Դե, ինչ որ է,- անորոշ պատասխանեց նա։
- Հետո՞, տատ,- հետամուտ եղավ Քնարը։

- Դե, դե հետո,- որոշ ընդմիջումից հետո սկսեց մայրս,- եկան մեր տունը խուզակեցին և որտեղից-որտեղ տան տանիքում, գզրոցի հնոտիների մեջ, ո՞վ գիտե երբվանից մի մաուզերի փամփուշտ ճարեցին։ Դրանով էլ որոշեցին, որ մնացած վեցը կրակվել է խանի վրա և այդ մեկն էլ թաքցվել տանիքում։ Ու չնայած ոչ մի կապ չկար ոչ այդ փամփուշտի և ոչ էլ սպանության գործի միջև, սկսեցին բանտարկությունները։ Պապդ փախավ, իսկ ինձ բանտարկեցին։ Միայն նրա հանձնվելուց հետո ինձ բաց թողեցին։ Շատ, շատ մարդ գցեցինք արանք, բան դուրս չեկավ։ Պապիդ դատեցին Թիֆլիսում՝ վայեննի սուդը։ Դատի ժամանակ, առաջին երեխան՝ Ամալյան արդեն 4 տարեկան երեխա էր, լավ վարժ ման էր գալիս։ Սուդի օրը բոլորս հավաքվեցինք Թիֆլիս։

Դատի ժամանակ Ամալյան, շատ սիրուն, թմբլիկ աղջիկ էր, մազերը բանդիկ արած, սուդի դահլիճով մեկ սկսեց ման գալ։ Քայլելով գնում էր մինչև դատավորների նստած սեղանը, որը ծածկված էր սև բարխադ կտորով, խաղում էր սփռոցի ծուպերի հետ և կրկին ետ գալիս ինձ մոտ։ Ապա արանքում ուրախության ձայներ էր արձակում, ձեռքերը բարձրացնելով դեպի մեղադրյալ հայրը։ Նորից էր գնում դեպի դատավորների սեղանը։ Չնայած դատ էր գնում, բայց բոլորի ուշադրությունից դուրս չէր նաև այդ հաճելի երեխան։ Կարծես երեխան մի տեսակ խնդրում էր դատավորներին, որ հորն ազատ արձակեն։ Ընդհանուր տպավորությունն այդպիսին էր։ Մի անգամ էլ, երբ Ամալյան մոտեցավ դատական սեղանին, դատավորներից մեկը էլ չդիմացավ, գրկեց Ամալյային, և մի շոկոլադ դրեց ձեռն ու իջեցրեց։ Երեխան իջնելով նրա գրկից, զալով մեկ «մամա» կանչեց ու վազեց ինձ մոտ։ Որից հետո շուռ եկավ և շոկոլադը տարավ, որ տա հորը։ Մոտը կանգնած հսկիչները ռիսկ չարեցին երեխային արգելել։ Նա սրտակտոր նետվեց հոր գիրկը։

Այս դեպքը՝ թե դատավորների՛ և թե՛ ներկա հասարակության վրա ուժեղ տպավորություն թողեց։ Դահլիճում լսելի եղան հեծկլտոցներ։
Դրանից հետո սուդը գնաց խորհրդակցելու և վերադարձավ պապիդ երկու տարի ազատ աքսորի վճիռ կայացրած, որը պետք է անցկացներ Ղազախ քաղաքի կալանավայրում։ Շատ մեծ ուրախություն տիրեց։ Սուդը մարդասիրական որոշում էր կայացրել։ Դրանից հետո, նրա հետ ես էլ գնացի Ղազախ։ Պապիդ սրոկը կիսեցինք։ Էն ժամանակ էդպիսի օրենք կար և մի տարուց ազատվեցինք։
- Կեցցե՛ս, կեցցե՛ս, տատ,- բացկանչեցին երեխաները։
Իսկ Քնարը հարցրեց.
- Տատ, պապիկին շա՞տ ես սիրել։
- Չէ, չէ մի,- կեղծեց տատը։

Իսկ Քնարը ավելացրեց.
- Ախր, քո արարքը դա է ցույց տալիս, տատ։
- Դե, մեկել ոնց ուզում ես հասկացիր,- կատակի տվեց մայրս։
Բայց իրականությունը խոսում էր նրանց փոխադարձ մեծ սիրո մասին։
- Դե, շարունակիր, տատ,- ասաց մեծ թոռը՝ Մուշեղը։
- Հա, դե որ բանտից ազատվեցինք, ետ եկանք Շուշի։ Բոլոր բարեկամները հավաքվեցին, քեֆ-ուրախություն արեցինք։
Եվ այսպես հատված առ հատված մայրս պատմում էր իր կյանքը, որը և դառնում է մեր ընտանիքի յուրօրինակ կենսագրությունը։

- Հետո, որ մի քանի օր անցավ,- վերսկսեց մայրս,- նորից բոլոր հարազատները հավաքվեցին խորհրդի, թե ինչպես և որտեղ պետք է մենք ապրենք, որ մեզ համար լավ լինի, շառից, փորձանքներից հեռու լինենք։ Վճռվեց, որ այլևս չարժե, որ մենք Շուշի ապրենք։ Պապդ հարմար գտավ, որ տեղափոխվենք գյուղ, էն կորած-մոլորած հեռավոր Չափար գյուղը։ Էնտեղ էին ապրում նրա բարեկամների մի մասը, որոնք գաղթել էին Ղարաղշլաղից։ Հաջորդ օրը վեր կացանք, երկու ձի բարձեցինք, մեկն էլ նստեցի ու ճամփա ընկանք։
- Տատ, բա ոսկեղենդ ի՞նչ արիր, վերցրի՞ր,- մեջ մտավ Քնարը, հենց այնպես, կարծես թե զրույցին թարմություն հաղորդելու համար։

- Մենակ ոսկեղե՞նն էր։ Մայրս էնքան զառ ու զարդեր դրեց հետս։ Մայրս ինձ սովորեցրել էր կար ու ձև ու զառից ճակատակալ գործելը։ Ու հետներս շատ զառի թել դրեց, որ դրանով զբաղվեմ գյուղում։
- Հա, դե շարունակիր,- ասաց Քնարը։
- Հետո, էդ նույն օրը երեկոյան հասանք Վանք գյուղը։ Էդ գյուղում պապդ մի լավ ծանոթ ուներ Աբրահամ անունով։ Աբրահամ բեգ էին ասում։ Հարուստ մարդ էր։ Երկհարկանի մեծ տուն ուներ։ Երբ մտանք երկրորդ հարկի մեծ տան դահլիճը, մի եղնիկ, զանգակը վզից կախ, գորգերի վրայով քայլելով մոտեցավ մեզ ու գլուխ տվեց, այսինքն՝ բարևեց.
- Բարև, բարև,- ասեցինք մենք։

Եղնիկը շուռ եկավ ու գնաց։ Ես զարմացա, թե այս սարի վայրի անասունին ո՞նց էին վարժեցրել։ Մեծ հյուրասիրություն արեց մեր պատվին Աբրահամ բեգը։ Մի ամբողջ օր կեր ու խումով հանգստացանք։ Ճաշից հետո, բեգը դիմեց պապիդ.
- Այ տղա, Դավիթ, էս ի՞նչ հաշիվ է, էս հարսին ո՞ւր ես տանում էն վայրենի գյուղը։ Բա սա էդ գյուղի սազակա՞ն հարսա, երեխան էլ հետը։
Պապդ թե՝
- Ի՞նչ իմանամ, Աբրահամ բեգ, գնում ենք, էլի, տեսնենք ի՞նչ կլինի վերջը։
- Բան չեմ ասում,- թիկունքին ձգվելով, ասաց բեգը,- ձեր գործն է, համա քաղաքի մարդու համար դժվար կլինի։

- Աբրահամ բեգ,- մեջ մտա ես,- որ հանգիստ լինենք, էլի ոչինչ, կապրենք։ Ախր, շատ փորձանքների մեջ ենք ընկել ու դուրս եկել։
- Դե, միայն թե լավ լինեք։ Գուցե և ճիշտը դուք եք անում, հիմա աշխարքը շատ է խառնվել։
Դա էն ժամանակներն էր, որ նոր բաներ էին սկսվել Ռուսաստանի կողմերից։
- Այսինքն՝ հեղափոխական խմորումնե՞ր, տատ,- ասաց Քնարը, որն արդեն համալսարանական էր։

- Հա, էլի, էդ ինչ է դրա անունը, դուք գիտեք։
- Լավ, զրույցդ շարունակիր,- հիշեցրեց մեծ թոռը։
- Հա, որտե՞ղ մնացի։
- Աբրահամ բեգի տանը, տատ,- հիշեցրեց Քնարը։
- Հա, հաջորդ առավոտյան Աբրահամ բեգը մեզ ճանապարհեց՝ բարի մաղթանքներով։ Լավ մարդ էր, նստած, խելոք, հեռատես, բարի սրտով, մարդամոտ։

ԳՐԻԳՈՐ ԴԱՆԻԵԼՅԱՆ
(վերջը հաջորդ համարում)



ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ

Դաշնակցությունը սառն էր պահում իրեն... Քրիստափոր
Միքայելյանը մեծ կարծիք չուներ երիտթուրքերի վրա...


(Սկիզբը՝ նախորդ համարներում)

Սա, սակայն, չէր փոփոխում Դաշնակցության հիմնական բնավորությունը։ Թուրքերը լավ էին հասկանում, որ իրենց համար Դաշնակցության հարցը Թուրքիայի հարցն է։ Իսկ ռուս բյուրոկրատիան տեսնում էր իր առջև բացարձակ հակապետական, ցարիզմի թշնամի մի կազմակերպություն։ Ինձ մի լավատեղյակ աղբյուրից այն ժամանակ հաղորդեցին, որ Կովկասյան զինվորական շտաբի ընդհանուր ժողովին բավական մտահոգություն էր պատճառել Դաշնակցության հանրապետական դավանանքը։ Վրացական սոցիալ-դեմոկրատիան համարվում էր թույլ և նրա հետ հեշտ կարելի էր հաշիվ տեսնել։ Մինչդեռ Դաշնակցությունն ուներ ուժեղ զինվորական կազմակերպություն։ Յոթ հազար զինվորի առասպելը դեռ ապրում էր շտաբային շրջանակներում։ Եվ այդտեղ տրամադրություն էր ստեղծվում բանակցություններ սկսելու Դաշնակցության հետ՝ որոշ համաձայնության հանգելու համար...

Հայ-թուրքական համագումարը վերջացավ 8-9 օր նիստեր գումարելուց և վիճելուց հետո... Բայց հայ-թուրքական ընդհարումները շարունակվեցին այնուհետև վեց ամսից ավել։ Իսկ ռուս բյուրոկրատիայի ձեռնարկած նոր միջոցն այն էր, որ պատժիչ արշավախումբ ուղարկվեց Ղարաբաղի Վարանդա գավառը՝ բացառապես հայերին պատժելու համար։ Թե ինչու էին միայն հայերը պատիժ կրում, իսկ մյուս թշնամի կողմը բոլորովին հանգիստ էր թողնվում, սա ցարական չինովնիկների մեկ այլ գաղտնիքն էր։ Ընդհարումները վերջանալուց հետո՝ անգամ դատաստանական գործեր սկսվեցին դարձյալ միայն հայերի դեմ, որոնցից շատերը Սիբիր աքսորվեցին, մինչդեռ թուրքերն ազատ մնացին պատիժներից։ Գաղտնիքը շատ հեշտ է բացվում։

Պատժիչ արշավախումբը մի նոր աղետ դարձավ Վարանդայի համար։ Ցարի զորքերը գազանություն չթողեցին, որ չկատարեն հայ գյուղերում։ Կողոպուտը, էկզեկուցիան, տուգանքները, ծեծերը, նույնիսկ պառավ կանանց բռնաբարումը սովորական բաներ էին այդ «քրիստոսասերների» համար։ Այս դժբախտությունները կատարվում էին հայ-թուրքական համագումարից անմիջապես հետո։ Ահա մի կտոր այն հեռագրից, որ Շուշիի կանայք ուղարկեցին Նիկոլայ Բ-ի կնոջը։

«Մի ամբողջ տարվա հայ-թուրքական կոտորածի արյունահեղ սարսափներից հետո մեզ՝ հայերիս վրա պայթեց մի նոր և ավելի ահեղ արհավիրք, որի նմանը մեր պատմությունը չի հիշում նույնիսկ մահմեդական տիրապետության ժամանակներից։ Մեր գավառն է ուղարկված կազակների թռուցիկ խումբը, իբրև թե հայերին և թուրքերին խաղաղեցնելու և նրանց մեջ կարգը և հանգստությունը վերականգնելու համար։ Այս զորախուբը, որի հրամանատարն է փոխգնդապետ Վիվերինը և որի գործողությունները ղեկավարում են գավառապետ Ֆրեյլիխը և հաշտարար միջնորդ Երմոլաևը, գավառի խաղաղ հայ ազգաբնակչության վրա այնպիսի սարսափելի բաներ է գործադրում, որոնց նկարագրելը մարդու երակների մեջ արյուն է սառեցնում։ Զինաթափ անելու պատրվակով կազակները մտնում են անպաշտպան ազգաբնակչության տները, կողոպտում են բոլոր արժեքավոր իրերը, ոչնչացնում և անպետք դարձնում ժողովրդի վերջին ստացվածքը, թափում են հացահատիկների ամբողջ պաշարը ցեխի մեջ և հենց այստեղ էլ ոտնահարում, տրորում են։

Գյուղացիներին գանակոծում են և ենթարկում ամենասոսկալի տանջանքների, որոնց պատճառով մահվան դեպքերը հազվագյուտ չեն, և կատարում են այնպիսի շատ ուրիշ բաներ, որպիսիները չեն կատարվել նույնիսկ թշնամու երկրում։ Եվ ահա դեռևս թուրքերի ձեռքով հրդեհված գյուղերի և քաղաքների մխացող ավերակների առաջ երևում են նոր ավերակներ՝ կազակների ձեռքով կատարված, և թուրքերի ձեռքից ընկած զոհերի դեռևս թարմ գերեզմաններին կից ավելանում են նորերը՝ կազակների շնորհիվ։ Եվ այդ բոլորը կատարվում է նրանց հրամանատարների ներկայությամբ։ Բայց որ ամենասարսափելին է և, որ կարող է խորապես վրդովեցնել ամեն մի կնոջ, դա այն է, որ պղծվում է ամեն մի կնոջ համար ամենանվիրական սրբությունը՝ նրա կուսությունը։ Իրենց ամուսինների, եղբայրների և հայրերի աչքի առաջ բռնաբարվում են կանայք, քույրերը և աղջիկները, սկսած 60 տարեկան պառավներից մինչև 11 տարեկան աղջիկները։ Չեն խնայում անգամ երկունքով բռնված կանանց անկողինները»...

Ղարաբաղի խժդժություններն այնքան զարմանալի չէին, որքան զարմանալի է այն հանգամանքը, որ Վորոնցով-Դաշկովը՝ այն մարդը, որի պաշտոնյաներն էին կատարում այդ վայրագությունները մարտիրոս հայ գեղջկուհիների վրա, համարվում էր հայասեր, հայերին հովանավորող.. Մինչդեռ իրողությունն ահա՝ Ղարաբաղի 60-ամյա պառավները՝ բռնաբարված կազակների ձեռքով։ Հետագայում մենք պիտի տեսնենք վորոնցովդաշկովյան այնպիսի «բարերարություններ», որոնց առաջ միանգամայն պիտի նսեմանան ու գունատվեն Վարանդայի գազանությունները։ Եվ, այնուամենայնիվ, «հայոց թագավոր» էր Վորոնցով-Դաշկովը մինչև Կովկասից հեռանալը...

Իշխան Գոլիցինը հայության անհաշտ թշնամին էր և իր այս գիծը տանում էր բացահայտ, ամենքի համար պարզ քաղաքականությամբ։ Կասկածի որևէ տեղիք չէր մնում, սխալվել կամ մոլորվել չէր կարելի։ Մարդը կանգնած էր բաց դեմքով, իր ամբողջ հասակով և հարվածներ էր տալիս։ Վորոնցով-Դաշկովի քաղաքականությունն այդպես չէր, այլ վարագուրված, մշուշապատ և հետևաբար՝ դավաճանական, գաղտնի թակարդներով լցված։ Այս երկու դիրքերի համեմատությունը հարկադրում է ասել բացարձակորեն, որ Գոլիցինն իր բաց ու պարզ թշնամական քաղաքականությամբ պակաս վնասակար եղավ հայության համար, քան Վորոնցով-Դաշկովն իր «հայասիրությամբ»։ Այս հայասիրական քաղաքականությունը կերտելու և հյուսելու մեջ մեծ դեր էր կատարում կոմսուհի Վորոնցովա-Դաշկովան՝ փոխարքայի կինը։ Սա մեկն էր այն կանացի բնավորություններից, որոնք կառավարում են աննկատելի կերպով, մատների վրա ամբողջ աշխարհներ են խաղացնում...

...1906թ. աշնանից, ամեն տեղ և միանգամից, կասես կախարդական գավազանի մի շարժումով, դադարեցին հայ-թուրքական կռիվները։ Դրանք այլևս հարկավոր չէին ամրացող ռեժիմին, և հազարավոր ավերակներ, հազարավոր գերեզմաններ երկնքի տակ անշարժանում էին իբրև հրեշ-հուշարձաններ նիկոլայյան ոճրագործ ու հրեշ կարգի։ Կյանքն այսպիսով նորից մտցվում էր լծի տակ...
Սուլթան Աբդուլ-Համիդի խելացնոր բռնակալությունից արտասահման վտարված թուրքական «Երիտասարդ Թուրքիա» կուսակցությունը, որ իրեն անվանում էր «Առաջադիմության և միության կուսակցություն» (Իթթիհատ վե թերաքե), առանձնապես ուժեղացրեց իր գործունեությունը մասնավորապես այն ժամանակից, երբ Փարիզ փախան նաև սուլթանի փեսա Դամադ-փաշան և նրա որդին՝ իշխան Սաբահեդդինը։ Երիտասարդ թուրքերը, ինչպես վայել է մի պետական հայրենասիրական կուսակցության, չէր ընդունում, որ Թուրքիայում գոյություն ունենան առանձին ազգային հարցեր, ինչպիսն են, օրինակ, Հայոց հարցը և այլն։

Հակառակ լինելով այդ հարցերին, որոնք միայն եվրոպական միջամտությունների դուռն էին բաց անում և թուլացնում Թուրքիան, երիտթուրքերը քարոզում էին, որ Թուրքիայի բոլոր անբավական տարրերը, բոլոր հեղափոխական կազմակերպությունները պիտի միանան Աբդուլ-Համիդի դեմ, որ բոլոր չարիքների պատճառն է, հեռացնեն նրան իշխանությունից և հաստատեն ազատ սահմանադրական ռեժիմ, որ կբարեկարգի երկիրն ընդհանուր իրավահավասարության սկզբունքի վրա, և այսպիսով կվերանա ամեն մի անհատական-ազգային դժգոհություն։

Իշխան Սաբահեդդինն այդ ընդհանուր խոսքերի վրա ավելացնում էր և այն, որ ազատագրված Թուրքիայի վարչական ռեժիմը պիտի հաստատված լինի ապակենտրոնացման սիստեմի վրա, որ տանում է դեպի տեղական ինքնավարությունների ցանցը։ Նա և նրա հայրը մի քանի անգամ փորձեր արեցին այս իմաստով միություն ստեղծելու Թուրքիայի բոլոր ընդդիմադիր հոսանքների միջև, բայց հաջողություն չունեցան։ Հավաքվեցին, խոսեցին, համձայնության չեկան և էլի հեռացան, անջատ գործողությունների ճանապարհն ընտրեցին։ Հատկապես Դաշնակցությունը սառն էր պահում իրեն այդ միության գաղափարի դիմաց, որովհետև Քրիստափոր Միքայելյանը մեծ կարծիք չուներ երիտթուրքերի վրա և չէր կարծում, որ այդ կուսակցությունը կարող կհանդիսանա հեղափոխություն կատարելու։

Սակայն իր շեֆի մահից հետո Դաշնակցությունը, կորցնելով դավադրական և դիվանագիտական մարզանքների նախկին թափը, կամաց-կամաց սկսեց թեքվել դեպի իշխան Սաբահեդդինի առաջարկությունը։ Սա, իհարկե, մի դրական քայլ էր, և այս ուղղությամբ գործելու անհրաժեշտությունը վաղուց հրամայողաբար թելադրում էր Եվրոպայի պաշտամունքի կատարյալ սնանկությունը։
Եվ ահա, 1907թ. վերջին օրերին Փարիզի մեջ կայացավ վաղուց սպասված միությունը։ Հայ կազմակերպություններից Փարիզի ժողովին մասնակցում էին միայն Դաշնակցությունը և Մարսելի «Արմենիայի» խմբագրությունը։ Հնչակյան կուսակցությունն իրեն հեռու պահեց միությունից։ Փարիզի ժողովը կամ կոնգրեսը հրատարակեց մի հայտարարություն, որից բերում եմ մի քանի կտոր։

«Թուրքիայում գործող կուսակցությունների կոնգրեսը՝ դեկտեմբերի 27-29-ին գումարված Եվրոպայում, հայտարարում է, որ ընդունում է թուրք կայսրության բոլոր ժողովուրդների համերաշխությունը, որոնք հավասարապես տառապում են երկրի վրա ծանրացող բռնակալ ռեժիմից, որը գարշելի է դարձել ամբողջ աշխարհի աչքին ներկա վեհապետի՝ Աբդուլ-Համիդ II-ի հրեշային ոճիրներով։

Այդ երեսուն տարվա գահակալությունն աղետաբեր է եղել, ինչպես սխալմամբ կարծում են, ոչ միայն քրիստոնյա ժողովուրդների համար, որոնց հալածում և կոտորում էր սուլթանը իր սեփական շահերից դրդված, այլև հենց մահմեդականների համար, որոնք կործանվել են, ստրկացվել, բերդարգելության դատապարտվել, մորթոտվել, վերջապես, անարդար կերպով մեղադրվել քաղաքակիրթ ժողովուրդների հասարակական կարծիքի առաջ, որ նրանց պատասխանատու է կարծել այն հակամարդկային ոճիրների համար, որոնք գործվել են վեհապետի և նրան շրջապատողների կողմից։ Կայսրության բոլոր ազգությունները հաջորդաբար զոհ էին դարձել Աբդուլ-Համիդի ոճրագործ խենթության։

Նա հաջորդաբար արձակել է նրանց իրար վրա՝ ցեղերի և կրոնների միջև արհեստական ատելություններ գրգռելով ու սնուցելով. թուրքերը, հայերը, հույները, բուլղարները, վալաքները, արաբները, հրեաները, գյուրջիները, քրդերը ենթարկվել են հալածանքի, աքսորի, բերդարգելության ու կոտորածի, և հայկական ջարդերը, պսակելով անցյալ այդ բոլոր չարագործությունները, կնքել են նրանց հեղինակին, որ շարունակում է տակավին իր ոճրագործ արարքը Արաբիայում, մեծ մարդասպան և կարմիր սուլթան անուններով»։
Թվելով այնուհետև Աբդուլ-Համիդի համեմատաբար ավելի խաղաղ չարագործությունները, հայտարարությունը շարունակում էր.

«Մինչև այժմ, իրերի այս դրությունից ծագող հեղափոխական շարժումները վարվում էին առանձին-առանձին. այսօր մահմեդականների և քրիստոնյաների համագործակցությունը շատ տեղերում ապացուցել է, որ կայսրության բոլոր ժողովուրդները, վերջապես, հոգնել են տառապելուց և ըմբռնում են, որ իրենց վեհապետը տանում է իրենց դեպի անդունդ։
Այսօր, մտածելու ընդունակ ամեն մարդ շատ պայծառ կերպով տեսնում է, որ կայսրությունը վերջնական կործանումից և քայքայումից կարելի է ազատել՝ անմիջապես փոխելով միայն կառավարությունը։ Պետք է տապալել, որքան կարելի է շուտով և բոլոր հնարավոր միջոցներով, մի ռեժիմ, որը պատճառել է այնքան աղետներ։
Ահա ինչու մենք պահանջում ենք՝ 1) Աբդուլ-Համիդի գահընկեցությունը, 2) Ներկա ռեժիմի արմատական փոփոխությունը, 3) Մի ներկայացուցչական ռեժիմի հաստատումը (պառլամենտ)։

Ներկա բոլոր չարիքների գլխավոր հեղինակի անհետացումը առաջին պայմանն է ամեն բարելավման։ Նրա հետ կանհետանան նաև վարչական ու քաղաքական բռնակալ սիստեմը, ոստիկանական տեռորն ու դիվանագիտական չարամտությունը։ Այնուհետև կհիմնվի մի ներկայացուցչական ռեժիմ, որով կայսրության բոլոր ժողովուրդները, հավասար պարտականություններով և իրավունքերով կարտահայտեն իրենց կարիքներն ու կամքը, ռեժիմ, որ մի խաղաղ ներդաշնակության մեջ կապահովի բոլորի համար արդարությունն ու ազատությունը։
Ահա՛ այս կոնգրեսի միակ նպատակակետը, համաձայն մեր երկրի բոլոր ժողովուրդների կամքի, որոնք միևնույն երկրի զավակներ՝ մշակում են միևնույն հողը, տառապում են միևնույն տառապանքով և համերաշխ գործակցությամբ վճռել են նվաճել իրենց երջանկության և ազատության բաժինը։

Ձեռք ձեռքի ենք տալիս մի ընդհանուր կռվի համար՝ հարգելով յուրաքանչյուր կազմակերպության ինքնավարությունը, [ձեռք] ձեռքի ենք տալիս անկեղծորեն, եղբայրաբար և կռիվն սկսելուց առաջ՝ հանդիսավոր խոսք ենք տալիս՝ չդրժել մեր հանձնառությունները և հայտարարում ենք սուլթանին, որ վայր չենք դնի մեր զենքերը, մինչև չենք բաց անի Թուրքիայի համար մի նոր դարագլուխ։
Կոչ ենք անում բոլորին՝ աջակցելու մեզ այս դժնդակ և փառավոր ձեռնարկության մեջ, որը կպահանջի աննկուն կորով և ծանր զոհաբերություն։ Կոչ ենք անում բոլորին՝ գիտության և մտածումի մարդկանց, որոնց արգելված է ամեն անկախ ուսումնասիրություն, դաշտերի և քաղաքների աշխատավորներին՝ զրկված հողից ու հացից, ընկճված ապօրեն հարկերի տակ, տանջված և թալանված հարկահաններից, վաճառականներին, որոնք անկարող են գործ դնել իրենց առևտուրը կատարյալ անդորրությամբ, չվճարված, քաղցած, մերկ զինվորներին, որոնց ստիպում է իրենց տերը գնալ իրենց հայրենակիցների դեմ. մեկ խոսքով՝ կայսրության բոլոր ազգություններին, որոնք ջախջախված են մի անարգ բռնակալությունից...

Երեսուն տարվա փորձառությունը չափազանց ցավագին կերպով ապացուցել է բոլորին խաղաղ միջոցների անբավականությունը բռնության մի հսկայական ուժի դեմ։ Իր հպատակների բոլոր խնդիրներին, բոլոր պաղատանքներին սուլթանը պատասխանել է միշտ ուժով, բանտով, աքսորներով և ջարդերով։
Կոնգրեսը միաբերան հռչակում է, ուրեմն, որ ընդդիմադիր բոլոր խմբերը պետք է այսուհետև դիմեն հեղափոխական միջոցների, որոնք տվել են քաջալերական արդյունքներ, ինչպես ցույց է տալիս հեղափոխական գործունեությունն ընդհանրապես և թուրք ու հայ խառն խմբերի վերջին գործունեությունը մասնավորապես։ Ասիական նահանգների բազմաթիվ քաղաքներում հեղափոխական միջոցները դառնում են անհրաժեշտ և արդարանալի հենց իշխանության բռնությունների պատճառով։ Ներկա ռեժիմն է, որ իր ոճիրներով մղել է մեզ հեղափոխության։

Հայտարարում ենք, ուրեմն, որ պատրաստ ենք մղելու կռիվը՝ ընդունելով և հանձնարարելով հետևյալ միջոցները.
1. Զինված դիմադրություն կառավարության գործողությունների դեմ,
2. Ոչ զինված դիմադրություն քաղաքական և տնտեսական գործադուլով. գործադուլ պաշտոնյաների, ոստիկանության և այլն,
3. Հարկերի մերժում,
4. Պրոպագանդա զորքի մեջ. զինվորները պիտի հրավիրվեն չգնալ ո՛չ ժողովրդի և ո՛չ էլ հեղափոխության դեմ,
5. Ընդհանուր ապստամբություն,
6. Գործողության ուրիշ միջոցներ՝ համաձայն պայմանների և հանգամանքների»։
Սա, ընդհանրապես, հոյակապ մի երևույթ էր, որ առաջին անգամն էր հանդես գալիս օսմանյան պատմության մեջ՝ բոլոր տառապող տարրերի ընդվզում արնախում սուլթանիզմի դեմ։ Միանում էին մինչև այդ իրարից կրոնական և ազգային նախապաշարմունքներով անջատված, իրար թշնամի խավերը։ Սկսվում էր մի նոր դարագլուխ՝ համապետական հեղափոխական կյանքի շրջանը...

(Շարունակելի)



Վերջին էջ

ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Մի օր Տերը երկնքից ձայն տվեց Նոյին ու հրամայեց։
- Վեց ամիս հետո 40 օր 40 գիշեր այնքան անձրև եմ թափելու Հայաստանի վրա, որ երկիրդ հեղեղվի ու ջրով ծածկվի։ Այսպիսով՝ չար մարդիկ կկործանվեն, ու միայն արդարները ողջ կման։ Քեզ հետ կփրկվեն նաև ընտանիքիդ բոլոր անդամները։ Գնա ու ամեն տեսակի անասունից երկուական էգ ու որձը ընտրիր։ Իսկ վաղվանից սկսիր փայտից տապան կառուցել։

Ջրհեղեղից րոպեներ առաջ, ամպրոպներն սկսում են երկինքը պատռել, որոտում են կայծակները։ Նոյը՝ տանը նստած, գլխիկոր լալիս է, երբ Տիրոջ զայրացած ձայնը ամպերի միջից սկսում է որոտալ։
- Ո՞ւր է կառուցածդ տապանը Նո՛յ։

- Ներիր ինձ, Տե՛ր իմ,- աղերսում է Նոյը։- Ես ամեն ինչ փորձեցի, սակայն բազում խոչընդոտների առաջ կանգնեցի։ Տապանի կառուցումն սկսելու համար սկզբում փորձեցի քաղաքապետարանից թույլտվություն ստանալ, բայց դրա համար, բացի բարձր հարկերից, ինձնից պահանջեցին, որ առաջիկա քաղաքապետի ընտրություններում նախագահի կողմից պաշտպանված թեկնածուի նախընտրական արշավի համար ներդրումներ իրականացնեմ։ Քանի որ պահանջվող գումարը ահռելի թիվ էր կազմում, ստիպված գնացի բանկ՝ վարկ վերցնելու, սակայն, հաջողություն չունեցա՝ չնայած առաջարկածս բարձր տոկոսադրույքին (մեկ է, չէին կարողանալու ջրհեղեղից հետո ինձանից գանձել)։

Հրշեջ ծառայությունից պահանջեցին հակահրդեհային համակարգն ապահովող տեխնիկական միջոցներ ձեռքբ բերեմ ու վճարման կտրոնը ներկայացնեմ համապատախան մարմիններին, սակայն այս անգամ հաջողվեց. պաշտոնավորներից մեկին կաշառելով՝ կարողացա այդ խնդիրը շրջանցել։

Ապա, ծառահատման համար, Բնապահպանության պետական տեսչության հետ խնդիրներ սկսեցին ծագել։ Ես նրանց փորձեցի բացարտրել, որ Քո հրամանն եմ կատարում, միևնույն է, նրանք միայն ցանկանում էին իմանալ, արդյո՞ք ես «Անտառավերականգնման մշակման ծրագիր» ու «Կառավարման պլան» ունեմ։ Միաժամանակ, նույն տեսչությունից ջրհեղեղից փրկելու համար սեփական հողատարածքումս պահված կենդանիներին հայտնաբերեցին։ Բացի մեծ տուգանքից, վերահսկիչ մարմնի տեսուչն ինձ ինչ-որ առանց երաշխիքների բանտ նստացնելու մասին խոսեց, ու ես ստիպված նրան սպանեցի՝ իմանալով, որ նման հանցագործության համար օրենքն ավելի զիջող է։

Երբ վերջնականապես որոշեցի տապանի կառուցման աշխատանքներն իրականացնել, չգիտեմ որտեղից հայտնվեցին աշխատանքի պետական տեսչությունից ու տուգանեցին այն բանի համար, որ ես նավաշինության բնագավառում համապատասխան ինժեներ չեմ վարձել։ Հետո հայտնվեց արհմիության նախագահը՝ պահանջելով, որպեսզի մեկ տարվա աշխատանքի երաշխիքով ատաղձագործներ վարձեմ։

Հաջորդը հարկային տեսչությունից էր, ու մինչև հիմա զարմացած եմ. նա արձանագրություն կազմեց այն բանի համար, իրբ ես թաքնված հարստություն եմ կուտակում արտասահմանյան բանկերում և աշխատավարձիս հազարապատիկի չափով ինձ տուգանեց ու հայտնեց, որ «սև ցուցակում» եմ հայտնվել։

Վերջապես, երբ Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունից ինձանից «Շրջակա միջավայրի ազդեցության զեկույց» պահանջեցին այն մասին, թե որտեղ է տեղի ունենալու նախատեսված ջրհեղեղը, ցույց տվեցի Հայաստանի քարտեզը։ Սրանք անմիջապես ինձ ուզում էին հոգեբուժարան ուղարկել։

Նոյը, լացելով, ավարտեց զեկույցն Աստծուն, սակայն նշմարեց, որ ամպերը հեռացել են, երկինքը ջինջ է ու կապույտ։
- Տե՛ր, ուրեմն դու այլևս չե՞ս կործանելու Հայոց երկիրը։
- Ո՛չ,- երկնքից որոտաց Աստծո ձայնը։- Այն ամենը, ինչ քեզնից լսեցի... Նո՛յ, կարծում եմ, բավականին ուշացել եմ։ Ինչ-որ մեկն այն վաղուց արդեն հանձն է առել։

http://www.akumb.am/showthread.php/54297-%D4%BD%D5%A1%D5%BC%D5%A8%D5%AD%D5%B7%D5%BF%D5%AB%D5%AF-%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AF%D5%A4%D5%B8%D5%BF%D5%B6%D5%A5%D6%80/page2



ԶՎԱՐՃԱՍՐԱՀ

Աշխատանքի ընդունվելու համար երիտասարդ տղան դիմում է ձեռնարկության կադրերի բաժին։
- Մեզ մոտ ընդունում ենք միայն կանանց։
- Ես տեղեկանք կներկայացնեմ։

* * *
- Ինչո՞ւ ես ոտքդ դրել դրամապանակիդ վրա։
- Ներիր, կարծեցի քոնն է։

* * *
- Ներողություն, դուք իջնելո՞ւ եք հաջորդ կանգառում։
- Ոչ։
- Իսկ որտե՞ղ եք իջնելու։

* * *
- Ուսուցչուհին դարձյալ բողոքում է քեզնից,- ասաց մայրը։
- Ինձնի՞ց, ես այսօր նույնիսկ դպրոց չեմ գնացել։

* * *
- Չգիտեմ ինչ գնեմ կնոջս տարեդարձի առթիվ։
- Հարցրու իրեն։
- Օ՜, ի՞նչ եք ասում, ես այդքան փող չունեմ։

* * *
- Ամենից շատ ինչի՞ց եք գանգատվում,- հարցնում է բժիշկը։
- Ընդհանրապես՝ երեխաներից, բայց այս անգամ եկել եմ ռևմատիզմի համար։

* * *
- Ինչպե՞ս է ձեր տղան։ Արդեն սովորե՞լ է խոսել։
- Այո՛, հիմա մենք նրան սովորեցնում ենք լռել։

* * *
- Ի՞նչ կարծիքի եք Վիկտոր Հյուգոյի մասին։
- Հըմ... Վիկտոր... ի՞նչ...
- Մի՞թե չեք ճանաչում Վիկտոր Հյուգոյին, «Փարիզի աստվածամոր տաճարի» հեղինակին։
- Դե, ինչպե՞ս չեմ ճանաչում, լավ ճարտարապետ է։

* * *
- Ինձ շտապ հարկավոր է 1000 դոլար։ Այդ պատճառով նույնիսկ չեմ կարողանում քնել։
- Մի՛ տխրիր, ես քեզ կօգնեմ։
- Իսկապե՞ս, ինձ 1000 դոլար կտա՞ս։
- Ոչ... ես քեզ ուժեղ քնաբեր դեղ կտամ...

* * *
- Ինչո՞ւ են վիրաբույժները դիմակ կրում։
- Վիրահատությունը կարող է անհաջող անցնել, իսկ վիրաբույժը չի ցանկանա, որ իրեն ճանաչեն։

ՄԻՔԱՅԵԼ ԲԱԼՅԱՆ
Թոշակառու ուսուցիչ


Շնային պատմություններ

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԱՄԵՆԱՄԵԾ ԵՎ ԱՄԵՆԱՓՈՔՐ ՇՆԵՐԸ


Նյու Յորքում աշխարհի ամենամեծ դոգին հաջողվել է հոտոտել 10 սանտիմետրանոց չիխուախուայի։ Ռեկորդակիրների հանդիպումը Կենտրոնական զբոսայգում կազմակերպվել էր «Գինեսի ռեկորդները» նոր հավաքուծի թողարկման կապակցությամբ։ Փոքրիկ Բուբուին ահռելի Ջորջին մոտեցնելու նպատակով նրա համար գրքերից պատվանդան է կառուցվել։ Սկզբում դոգը երկար ուսումնասիրել է վախից դողացող ճստլիկին։ Ըստ ամենայնի, նա այնքան էլ չի հավատացել, որ հանդիպել է իր ցեղակցին։ Աշխարհի ամենամեծ շունը կշռում է 111 կգ և շաբաթական ուտում է մոտ 50 կիլոգրամ կեր։ Իսկ չորսամյա Բուբուն ընդամենը 600 գրամ քաշ ունի, նա ռեկորդակիր է համարվում 2007 թվականից։



ԿԱՏՈՒՆ ՇՈՒՆ Է ԾՆԵԼ

Վրաստանում գերարտառոց դեպք է տեղի ունեցել։ Հանրապետության Ահմետի շրջանում մի կատու շան թուլա է ծնել։ Կենդանու տերը պատմել է լրագրողներին, որ կենդանու երկունքը շատ ծանր է եղել և տևել է մի քանի օր։ Տեղի բնակիչների վկայությամբ, շունը բավական առողջ տեսք ունի։ Նրա պոչը, եղունգները և ականջները հիշեցնում են կատվի, իսկ մնացածը՝ շան։ Շնիկը խմում է մոր կաթը, իսկ վերջինս լիզում է նրան, ինչպես յուրաքանչյուր կատու իր ձագին։ Վրացի կենսաբանները դեռ փորձում են պարզել այս անոմալիայի պատճառները։ Նրանցից ոմանք կարծու են, որ սա կարող է ռադիացիայի հետևանք լինել, մի այլ խումբ չի բացառում, որ այս ծնունդն արդյունք է շան ու կատվի սովորական խաչասերման։ Վերջին վարկածին ի վնաս խոսում է այն փաստը, սակայն, որ դա ֆիզիկապես անհնար է, քանի որ շներն ու կատուները պատկանում են տարբեր գենոտիպերի։



Համարի ասույթը

Տարիներ շարունակ միամտորեն կարծում էինք, թե Քաջ Նազարը միայն հեքիաթի հերոս է։


Ամսվա ասույթը

«Երբ նախիրը շուռ է գալիս, կաղ ու քնձռոտները հայտնվում են առջևում». իմաստուն խոսք է, բայց ափսոս, որ այն մեզանում իրականություն է դարձել։

Комментариев нет:

Отправить комментарий