29.10.12

N 9-10 (42-43) (2012)





«Կույր աղիք» կամ՝ «Էս սարն իմն է, էս ծառն իմն է»...

Այս յուրօրինակ «կույր աղիքը» գտնվում է Ստեփանակերտում՝ նախկին «Մայակ» խանութի տեղում (Գրիգոր Լուսավորիչ փողոց)։ Ըստ երևույթին, մայթի այս հատվածը սեփականաշնորհել են։ Իրենց «օբյեկտի» դիմաց՝ մայթի վրա աստիճաններ են սարքել՝ թքած ունենալով, որ այդտեղով մարդիկ են անցնում՝ երեխաներ ու կանայք, ծերեր ու հաշմանդամներ... Չհաշված՝ որ նաև այլանդակել, խեղել են այս հատվածի ճարտարապետական դեմքը...

Մեզ մի այլ հարց է հետաքրքրում։ Իսկ որտե՞ղ են քաղաքի իշխանությունները, մասնավորապես ո՞ւր է նայում քաղաքի գլխավոր ճարտարապետը։

Ի դեպ, վերջերս Cicurina venii անունով սարդերի հազվագյուտ տեսակը ստիպել է ԱՄՆ Տեխասի նահանգի Սան-Անտոնիո քաղաքի իշխանություններին դադարեցնել 15 միլիոն դոլար արժողությամբ շինարարական ծրագիրը: Սարդը հայտնաբերվել է լայնացվող ճանապարհի շինհրապարակում և աշխատանքները դադարեցվել են: Ըստ մասնագետների, նման սարդ հայտաբերվել էր 32 տարի առաջ՝ 1980 թվականին: Հիմա նահանգի իշխանությունները մտածում են ճանապարհաշինական նախագիծը փոփոխելու մասին:

Իսկ հայտնագործությամբ ոգևորված գիտնականները հույս ունեն նույն տեղում նման այլ սարդ գտնել և ուսումնասիություններ կազմակերպել նրանց մասին ավելի շատ բան իմանալու համար:

Օվկիանոսից այնկողմ մտածում են անգամ սարդերի մասին։ Իսկ մեզ մոտ քաղաքացին, մարդը կարծես թե սարդի արժեք էլ չունի։ Կարելի է պարզապես փակել նրա ճանապարհը՝ «Սա իմն է, էն մի մայթով գնա...»։

ՄԱՐԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ





ՆՈՒՅՆ ՃԱՄՓԱԲԱԺՆՈՒՄ

Վերջերս մի զրույցի ժամանակ երիտասարդ լրագրողներից մեկն ինձ հարցրեց, թե Արցախյան շարժման սկզբներին ինչն է առավել շատ տպավորվել հիշողությանս մեջ։ Այդ մասին երբեք չէի մտածել։ Բազմաթիվ հետաքրքիր դեպքեր են եղել, որ առայսօր ամենայն մանրամասնությամբ հիշում եմ։ Բայց երբ մտքում փորձում եմ առանձնացնել Շարժման առաջին ամիսները, անմիջապես հիշում եմ 1988-ի փետրվարի 20-ի մարզխորհրդի նստաշրջանի հանրահայտ որոշումը։ Ավելի շուտ՝ այն փաստաթուղթը, որի վրա վավերացվել էր արցախցիների 70-ամյա երազանքը՝ հայկական մեր երկրամասի վերամիավորումը Մայր Հայաստանին...

Այդ օրերին մարզային «Սովետական Ղարաբաղ» թերթում էի աշխատում։ Թերթ, որի տպաքանակը ամիսներ հետո հասավ 80 հազարի։ Երեկոյան ժամը 7-8-ը կլիներ։ Թերթի գլխավոր խմբագիր Եղիշե Սարգսյանի առանձնասենյակում խմբագրական խորհուրդն ու մի քանի լրագրողներս սպասում էինք պատմական այդ փաստաթուղթը տպագրելու որոշմանը (Բորիս Կևորկովը դեռևս շարունակում էր մնալ Ղարաբաղի փաստացի ղեկավարը, և մարզկոմից դեռևս լուրջ ճնշում կար թերթի վրա)։

Երբ հավաքվածներս միահամուռ հայտնեցինք, որ մարզխորհրդի որոշումը պիտի անպայման տպագրվի «Սովետական Ղարաբաղի» վաղվա համարում, Եղիշե Գրիգորիչն ասաց, որ դեմ չէ, միայն պետք է ձեռքի տակ ունենանք այդ որոշումը, որը դեռևս չէինք ստացել։

Խմբագրությունից զանգեցին պատմական նիստը նախագահող Վիգեն Հայրապետյանին և ասացին, որ լրագրողներից մեկին ուղարկում են իր մոտ՝ որոշումը ստանալու։ Այդ լրագրողը ես էի։

Մարզխորհրդի շենքից ներս մտա և բարձրացա Վիգեն Հայրապետյանի մոտ։ Նա խնդրեց մի քանի րոպե սպասել... Այդ «մի քանի րոպեն» զարմանալիորեն դանդաղ էր անցնում։ Առնվազն 20-25 րոպե սպասեցի։ Հետո հասկացա, որ կնիքի բացակայության պատճառով (մարզգործկոմի նախագահ ոմն Օսիպով այն վերցրել ու անհետացել էր։ Հետո անեկդոտ էին պատմում առ այն, որ իբր Օսիպովն ասել է՝ կնիկս կտամ, բայց կնիքը չեմ տա...) մարզխորհրդի պատգամավորների մի ինչ-որ մասը պետք է ստորագրի որոշման տակ, որպեսզի այն իրավական ուժ ունենա։

Վերջապես պատմական որոշումը ձեռքիս դուրս եկա մարզխորհրդի շենքից և շարժվեցի դեպի խմբագրություն։ Այդ պահին մտածում էի, որ Արցախի համար ճակատագրական նշանակություն ունեցող ամենաթանկ փաստաթուղթն է իմ ձեռքին... Լույսը դեռ նոր բացված, այդ որոշմամբ «Սովետական Ղարաբաղի» համարները ձեռքից ձեռք էին անցնում։ Իսկ մինչ այդ, տպարանում տնօրեն Յուրի Ներսիսյանի, մարզային ռադիոյի գլխավոր խմբագիր, գրող Մաքսիմ Հովհաննիսյանի հետ 7-8 հոգով բաժակ էինք խփել՝ հանուն մեր Հաղթանակի...

Այս ամենն ինչո՞ւ հիշեցի։ Փետրվարյան այդ երջանիկ օրից ավելի քան 24 տարի է անցել։ Հետո Սումգայիթ է եղել, Կիրովաբադ, Բաքու, 1988-ի դեկտեմբերյան սարսափելի երկրաշարժ է եղել, ապա՝ պատերազմ, հազարավոր անմեղ զոհեր ու, վերջապես, Հաղթանակ է եղել... Եվ այսօր մենք շարունակում ենք մնալ նույն ճամփաբաժնում, ինչպես 24 տարի առաջ։ Մայր Հայաստանին միանալու մեր 70-ամյա երազանքը դե-ֆակտո մնացել է թղթի վրա... Ինչ-որ գերիմաստուն մարդիկ մեզ բացատրել են, որ Հայաստանին վերամիավորվելու ամենակարճ ճանապարհն Արցախի անկախության հռչակումն է։ Եվ մենք հավատացել ենք...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ




ԱՎՍՏՐԱԼԱԿԱՆ ՆԱՀԱՆԳԻ ՕՐԵՆՍԴԻՐ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՃԱՆԱՉԵԼ Է ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր խորհուրդը հոկտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև է ընդունել: Ինչպես հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը, Խորհրդի անդամ Մարի Ֆիկարոյի ներկայացրած բանաձևն ընդունվել է միաձայն:

Բանաձևն ընդունելով՝ Օրենսդիր խորհուրդը «Ավստրալիայի կառավարությանը կոչ է արել պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և խորացնել Ավստրալիայի հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի և նրա քաղաքացիների հետ»:

Փաստաթղթում ընդգծված են ազատ և ժողովրդավարական հանրություն ստեղծելու Լեռնային Ղարաբաղի ջանքերը՝ խորհրդարանական արդար ընտրությունների միջոցով, սատարվում է միջազգային հանրությունում Լեռնային Ղարաբաղի ընդգրկվածությունը: Բանաձևում նաև կոչ է արվում տարածաշրջանային խնդիրները լուծելու, խաղաղություն և կայունություն հաստատելու համար փոխգործակցել միջազգային հանրության հետ: Խորհուրդը նաև կոչ է անում շարունակել Ղարաբաղին մարդասիրական և տնտեսական աջակցություն ցուցաբերելը:
News.am




ԷԴ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՓԱՐԻԶՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱԶԵՐԻ ԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ

Հոկտեմբերի 27-ին Փարիզում տեղի է ունեցել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այնուհետև, հանդիպումը շարունակվել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ:

Համանախագահներն ընդգծել են կողմերի միջև լարվածության նվազեցման կարևորությունը: Իբրև աշխատանքային առաջարկ, նրանք ներկայացրել են իրենց գաղափարները՝ խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով: Նախարարները վերահաստատել են իրենց վճռականությունը՝ շարունակելու համանախագահների հետ համատեղ աշխատանքը՝ խաղաղ կարգավորման հասնելու նպատակով:

Նախարարները և համանախագահները պայմանավորվել են այդ գաղափարների շուրջ քննարկումները շարունակել համանախագահների՝ նոյեմբերին տարածաշրջան կատարելիք այցի ընթացքում:

Եթե հիշում եք, ոճրագործ Սաֆարովին ներում շնորհելուց հետո հայկական մամուլում շարունակ մեկնաբանություններ էին արվում առ այն, որ դրանով հայերը հզոր «խաղաթուղթ» ստացան։ Թերևս իրոք այդպես էր։ Այս հանդիպումը հերթական անգամ վկայում է, որ հայկական գետնաքարշ դիվանագիտությունն իր ընտրած պարտվողական քաղաքականությունից հրաժարվելու մտադրություն չունի...




ՏՈՆ, ՈՐ ՄԵԶ ՀԵՏ ՉԷ...

Հոկտեմբերի 13-ին, շաբաթ օրը նշվել է Ստեփանակերտի տոնը։ Տոնավաճառ են կազմակերպել։ Ճիշտ է, գյուղմթերքները վաճառվել են նույն շուկայական գներով, որ գերազանցում է նույն մթերքների երևանյան գներին, բայց դա էական չէ։ Կարևորն այն է, որ մարդիկ այդ օրը շնորհավորել են իրար՝ մայրաքաղաքի տոնի կապակցությամբ։

Հաջորդ օրը երևանցիներն են տոնել իրենց քաղաքի օրը։ Պարզվում է, 3 հազարամյա Երևանն ու Ստեփանակերտը գրեթե նույն օրն են ծնվել։ Ձեռքի տակ եղած գրքերս որքան փորփրեցի, չկարողացա հոկտեմբերի 13-ն ու Ստեփանակերտն իրար կապող ընդհանուր մի բան գտնել։ Ընդհակառակը, պարզեցի, որ նախկին Խանքենդին Ստեփանակերտ է վերանվանվել 1923-ի սեպտեմբերի 20-ին՝ ի պատիվ 26 կոմիսարների ղեկավար Ստեփան Շահումյանի, որ գաղափարակիցների հետ գնդակահարվել էր 1918-ի այդ օրը։ Եթե Ստեփանակերտի ծնունդը հաշվում ենք Ստեփանակերտ անվանվելու օրից, ապա ո՞վ և որտեղից է հայտնաբերել հոկտեմբերի 13-ը...

Մի հետաքրքիր նորություն էլ։ Վերևի լուսանկարում երևացող պաստառից պարզվում է, որ Ստեփանակերտը նաև զինանշան ունի. այն չորս մասի բաժանված մի ինչ-որ անհեթեթություն է, որտեղ չորս նկարներից ոչ մեկն առնչություն չունի Ստեփանակերտի հետ։ Նկարի վերևի ձախ մասում մի ինչ-որ ձիավոր արքա է, որ հաստատ Ստեփան Շահումյանը չէ։ Եթե ենթադրենք, որ նա Վաչագան Բարեպաշտն է, ապա հարց է ծագում. ի՞նչ գործ ունի նա մի քաղաքի «զինանշանի» վրա, որի 90-ամյակը պատրաստվում են տոնել հաջորդ տարի։ Ի դեպ, այնտեղ նկարված է նաև հանրահայտ «Մենք ենք, մեր լեռները» («Տատիկ-պապիկ»), որը ոչ թե Ստեփանակերտի, այլ Արցախի խորհրդանիշն է։ Վերոհիշյալ «զինանշանի» վրա նաև ինչ-որ բանալի էլ կա նկարված։ Երևի Ստեփանակերտի «բերդի» բանալին է։ Ուղղակի անհայտ է, թե այդ բանալին հիմա ում մոտ է գտնվում՝ քաղաքային իշխանությունների՞, թե՞ վերոհիշյալ նկարի հեղինակի...

Կարող է թվալ, թե ծիծաղում եմ այս ամենի վրա։ Իհարկե, նաև ծիծաղում եմ։ Բայց առավել շատ տխուր եմ, որ Հայոց աշխարհում ամեն ինչ սիրողական-դիլետանտիզմի մակարդակով է արվում։ Ասես մեր ողջ երկիրը մի ինչ-որ կիսակայարանում մնացած-մոռացված սովորական որբի գլուխ լինի։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ





Հայաստանյան և արտասահմանյան մամուլի էջերից... 


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ՀՆԱՐԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ ՉԷ

«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության բարձրացման առումով միակ հնարավոր գործընկերը չէ: Ուժեղ Հայաստանը կարող է ցրել մերձկասպյան թուրքերի վարչակարգի ստեղծած ատելության մթնոլորտը. «Այդ վարչակարգի ձեռքում տառապում են նաև Ադրբեջանի ժողովուրդները, այդ թվում նաև հենց մերձկասպյան թուրքերը: Մի՛ խառնեք Բաքվի վարչակարգը այդ ժողովուրդների հետ, նա նրանց հետ ոչ մի ընդհանուր բան չունի: Միանգամայն պարզ է, որ դա արհեստական նախագիծ է, և դրա գլխավոր նպատակը բոլոր հայերին ոչնչացնելն է»:

Աշոտ Մանուչարյանի մեկնաբանմամբ, «Ադրբեջանի լեզգիները, թալիշները և այլ ազգերի ներկայացուցիչները հայերից քիչ չեն հալածվում: Հայաստանը կարող է անձամբ չեզոքացնել Ադրբեջանի ժողովրդի թշնամանքը: Եվ դրա համար պետք է ուժեղ լինի: Բաքվի վարչակարգի ագրեսիվ միջավայրում պետք է իշխի վախը. Ադրբեջանը պետք է հասկանա, որ Հայաստանի հետ ուժի լեզվով խոսելն անիմաստ է, անհրաժեշտ զենքը Հայաստանն ունի, սակայն ոչ բավականաչափ քանակով: Այդ պատճառով էլ պետք է տարբերակներ որոնել համագործակցության, երկխոսության համար: Այսօր գլխավորը Ռուսաստանի հետ բանակցություններն են, բայց եթե արդյունք չտան, կարելի է հայացքն ուղղել նաև դեպի Չինաստան և ՆԱՏՕ: Վերջիվերջո, մենք ունենք հայաբնակ Ջավախքը, որտեղ մի օր կարող են տեղակայվել նաև ՆԱՏՕ-ի կայաններ»:

Ըստ նրա, Հայաստանում Ռուսաստանի ջատագովները իրականում Արևմուտքի գործակալներ են: Ինչքան շատ են այս կամ այն քաղաքական ուժերը գովաբանում Պուտինին և Ռուսաստանին, այնքան այն ձեռնտու է Արևմուտքին. «Ռուսաստանը դժգոհ է այդ իրավիճակից և նեղանում է հայերից՝ չհասկանալով, որ ինքն է ծնունդ տվել նրան: Հայաստանին, որը գտնվում է միակողմանի բռնապետության վտանգի տակ, հավասարակշռություն է հարկավոր արտաքին ուժերի ազդեցության մեջ»:

Աշոտ Մանուչարյանի կարծիքով, դերերի այդպիսի հարաբերակցությունը, Մոսկվայի հետ իրական երկխոսության հնարավորություն չի տալիս, ինչպես եղել է 1988 թ., երբ սկսվեց ղարաբաղյան շարժումը: Այն ժամանակվա երկխոսությունը ԿԿ Կենտկոմի հետ, այն օրերի իրադարձությունների ակտիվ մասնակցի ընդգծմամբ, պարզ ձևականություն չէր. «Մոսկվան այն ժամանակ խոսում էր անմիջականորեն ժողովրդի հետ: Եվ անգամ Հայաստանի ԿԿ Կենտկոմի ներկայացուցիչները, որոնք թվում է պետք է իրականացնեին Մոսկվայի կամքը, արտահայտում էին նաև իրենց ժողովրդի տեսակետը, հասկանալով, որ այն ժամանակ տիրապետող էր նրա խոսքը»:

ՀԵՂԻՆԵ ՄՈՎՍԻՍՅԱՆ
mitk.am




ՄԵՐ ԹՎԵՐՆ ՈՒ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, օրերս ելույթ ունենալով ԵՊՀ-ում Հայկական տնտեսագիտական միության տարեկան գիտաժողովի բացմանը, ասաց հետեւյալը. «Մենք պետք է կարողանանք հաղթահարել աղքատությունը ՀՀ-ում, որի տեսակարար կշիռը շուրջ 30 տոկոս է, եւ դա վտանգավոր ցուցանիշ է մեզ համար»:

Եթե վարչապետը տեղյակ լիներ պաշտոնական թվերից, կփաստեր, որ վաղուց այդ վտանգավոր ցուցանիշը հետեւում ենք թողել: Իսկ ԱՎԾ-ի հրապարակած թվերը 35,8 տոկոսի մասին են վկայում:

Վարչապետի հայտարարությունից երկու օր անց երկրիս գլխավոր սոցիոլոգը իր ուսումնասիրությունը հրապարակեց, ըստ որի` «Հայաստանում բնակչության 47 տոկոսն անցել է աղքատության շեմը: 20 տոկոսը կարողանում է հոգալ միայն սննդի հարցը, եւ միայն 3-5 տոկոսն է, որ ոչնչում իրեն չի սահմանափակում»: Ադիբեկյանը եւս իր հաշվարկներում մի փոքր սխալվեց` թերսնվածների քիչ տոկոս նշելով:

«Օքսֆամ» բրիտանական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը օրերս հետազոտություն հրապարակեց, ըստ որի` Հայաստանում մոտ մեկ միլիոն մարդ աղքատ է. մարդիկ թերսնվում են, շատերն ապրում են քաղցած: Հայաստանում գնաճը հանգեցրել է թերսնման, քանի որ մարդիկ գների աճի հետեւանքով հրաժարվել են որոշակի պարենային ապրանքներից: Իսկ թերսնման հիմնական պատճառը չնչին եկամուտն է ու ահռելի գնաճը: Պատկերացնո՞ւմ եք` այս փոքրիկ պետությունում մեկ միլիոն մարդ ամեն օր քաղցած է մտնում անկողին:

Հիմա թող վարչապետը խոսի 2 տոկոս գնաճի եւ 8 տոկոս տնտեսական աճի մասին, միեւնույն է, դրանից չի պակասում ո'չ աղքատների, ո'չ սովածների թիվը, քանի որ միայն մեր երկրում է, որ տնտեսական աճն ազդում է իշխանության բարեհաճությունը վայելող մեծահարուստների վրա. հարուստն ավելի է հարստանում, աղքատը` աղքատանում:

Խորհրդարանական ընտրություններին նախորդած հասկանալի գնանկումից հետո, ամեն ինչ դարձյալ սկսել է թանկանալ: Եվ այդպես էլ պետք է լիներ, քանի որ սպառողական ապրանքների գներն ամբողջությամբ եւ երկարաժամկետ չեն կարող զսպվել: Դա անհնար է: Ավելի շատ մեր մտահոգությունը ոչ թե գների աճն է, այլ այն, որ աշխատավարձերը եւ ընդհանրապես` եկամուտը չեն բարձրանում գնաճին համընթաց: Մոտենում են ընտրություններ, գնանկում կլինի, բայց անմիջապես հետո գները երկարաժամկետ կաճեն, աղքատների ու թերսնվածների թիվը եւս` ահավոր տեմպերով: Իսկ պաշտոնական հաշվետվություններում աղքատների պակաս թիվ կնկարեն, մանավանդ որ` 2500 դրամով բարձրացնելու են նվազագույն աշխատավարձը:

Ի դեպ, մեր երկրում աղքատության հաշվարկման ձեւերը եւս տարօրինակ են. աղքատ են համարվում այն մարդիկ, որոնց ամսական եկամուտը նվազագույն աշխատավարձի չափով է, այսինքն` 32 500 դրամ: Ինչպես հայտնի է` նվազագույն սպառողական զամբյուղը գերազանցում է 50 հազար դրամը: Այսինքն` պետությունը աշխատողին տալիս է ավելի քիչ աշխատավարձ, քան հենց պետության սահմանմամբ` անհրաժեշտ է, որ նա սովից չմեռնի: Ուրեմն աղքատ պետք է համարվեն անձինք, ովքեր ստանում են նվազագույն սոցիալական զամբյուղին հավասար եւ դրանից փոքր գումար:

Բացի այդ` պաշտոնական թվերն իրական թվերին չեն համապատասխանում մեկ պատճառով եւս. աղքատության տոկոսը հաշվվում է վիճծառայության` երկրում մշտական բնակչության տվյալներից ելնելով, ըստ որոնց` Հայաստանում հունվարի 1-ի դրությամբ բնակվում է 3 միլիոն 274 հազար 3 հարյուր մարդ: Սակայն թիվ հրապարակողներն էլ, կարծում եմ, համոզված են, որ Հայաստանում արդեն 20 տարի է` 3 միլիոն մարդ չի բնակվում:
 Հիշեցնենք, որ երբ Սերժ Սարգսյանը ընտվեց ՀՀ նախագահ, աղքատների թիվը Հայաստանում 26 տոկոս էր, 2008-ին` 27.6%, այսօր արդեն` 35,8%:

ՍԵՎԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ
yerkir.am




ԼՂՀ Ազգային ժողովի խումբ-խմբակցություններն ուղերձ են հղել Ավստրալիայի Միության Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի վերին պալատին՝ Օրենսդիր խորհրդին:
«Մենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում երախտագիտության խորը զգացողությամբ տեղեկացանք օրերս ձեր կողմից ընդունված բանաձևի մասին, որով ճանաչվում է բոլոր ժողովուրդների, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ինքնորոշման իրավունքը»,- ասված է ԼՂՀ պատգամավորների ուղերձում: Նրանք նաև նշել են, որ ավելի քան 20 տարի է, ինչ մեր ժողովուրդն իր ինքնիշխանությունն է հաստատել պատմական բնօրրանում ու ձգտում է ժողովրդավարական համընդհանուր նորմերով առաջնորդվող իր պետության միջազգային ճանաչման, ազատ և ինքնիշխան ժողովուրդների ընկերակցության մեջ իր արժանի տեղին:
ԼՂՀ ԱԺ խմբակցությունները հույս են հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ավստրալիայի Միության իշխանությունների միջև տեսանելի ապագայում կձևավորվեն միջպետական կապեր:



ԼՂՀ պաշտպանության բանակը կատարելագործվում է և համալրվում տեխնիկայով, հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:
Այս տարի մայիսի 9-ին կայացած շքերթի ձեքբերումների թվում նա նշեց նորագույն տեխնիկայի և սպառազինությունների ցուցադրությունը: Մյուս կարևոր միջացառումը, ըստ նրա, վերջերս ավարտված օպերատիվ-մարտավարական ուսումնավարժություններն են եղել: «Ուսումնավարժությունների արդյունքներով կարող ենք հաստատել, որ բանակը պատրաստ է կատարել իր առջև դրված բոլոր խնդիրները: Երկրի ղեկվարությունը բարձր գնահատկան է տվել դրանց: Մեզ հաջողվեց կատարել մեր առջև դրված բոլոր խնդիրները»,-նշեց նա՝ ավելացնելով, որ ղարաբաղցի մարտիկներն ավելի պատարստված են դարձել և սկսել են գիտակցել իրենց հզորությունը:
Հակոբյանի խոսքով, շարունակվում են բանակը տեխնիկայով համալրելու աշխատանքները: Անդրադառնալով մարտական հերթապահությունը, նախարարը նշեց, որ երբեմն դա իրականցվում է բարդ պայմաններում: «Ժամանակ առ ժամանակ զինվորները ստիպված են դիմակայել հակառակորդի ոտնձգություններին»,- նշեց նախարարը: Նա ավելացրեց, որ շարունակվում են ինժեներական աշխատանքները:
Պարենամթերով ապահովվածությունն իրականացվում է մշտապես, կադրային աշխատանքները շարունակվում են, գործում է սերժանտական դպրոցը: Զուգահեռաբար բանակը համալրվում է պայմանագրայիյն սերժանտ-ծառայողներով: Սոցիալական ոլորտում ներդրվում է անվճար բուժօգնության համակարգը: Նախարարի գնահատականով՝ զինծառայողների պատրաստվածության մակարդակը տարեց տարի բարելավվում է:



Հայաստանը վաղուց արդեն պետք է սկսեր ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացը: Այս մասին հոտեմբերի 27-ին հրավիրված ասուլիսում ասաց Լեռնային Ղարաբաղի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը:
«Սա որոշակի ճնշում է գործելու ադրբեջանական կողմի վրա: Սա ընդգրկուն ճանչում չէ: Բայց սա ահազանգ է ադրբեջանկան կողմի համար, որ գործընթացը սկսել է անկասելի կլինի, հետևաբար որոշակի վերանայումներ Ադրբեջանը պետք է կատարի քաղաքական մոտեցումներում»,- ասաց Արման Մելիքյանը:
Նա կարծում է, որ ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման հեռանկարը իրեն սպառել է, բայց Ադրբեջանը Ռուսաստանի հետ խոսելիք կունենա, և այդ առումով մենք պենք է մշտարթուն լինենք: «Ես չեմ հավատում, որ երբևե Ադրբեջանը, նետվելով Ռուսաստանի գիրկը, և ստանալով ազատագրված տարածքները կամ ԼՂ-ն «ամբողջությամբ նորից փորձ չանի կտրվել Ռուսաստանից: Սա ակնհայտ է: Ադրբեջանը շատ լուրջ կարճաժամկետ խնդիրներ ունի ռուսների հետ լուծելու և այդքանով նրա հետաքրքրությունը ռուսների հետ սպառվում է: Մեր խնդիրն է թույլ չտալ, որ ռուս-ադրբեջանական համագործակցության այդ կարճաժամկետ ծրագրերը վնասեն մեր շահերը: Հատկապես, որ հեռանկարում դրանք չեն բխում նաև Ռուսաստանի շահերից»:



Ադրբեջանական թերթերը գրում են, թե այսպես կոչված «Հայերի անհիմն պահանջների դեմ պայքարի թուրքական հասարակություն» կազմակերպությունը նախաձեռնել է շարժում, որի նպատակն է կամավորներ հավաքագրել՝ «Ադրբեջանում հայերի կողմից օկուպացված հողերը» հետ վերադարձնելու համար: «Դրանով թուրքական համայնքը ցանկանում է ցույց տալ, որ մշտապես եղբայրական Ադրբեջանի կողքին է և պատրաստ է օժանդակել նրանց Հայաստանի դեմ պայքարում»,- գրում են նույն աղբյուրները:



Մարդին քաղաքում 300 տարվա հնության հայկական պատմական առանձնատունը վերածվել է 5 աստղանի հյուրանոցի: Այս մասին հայտնում է  Sondakika կայքը։ Շենքը գնել է մարդինցի մի գործարար, ով իր իտալացի գործընկերոջ հետ  շինության վերակառուցման վրա ծախել են մոտ 22 մլն թուրքական լիրա:
Թուրքիայի Հանրապետության հիմնադրման առաջին տարիներին շինությունն օգտագործվել է որպես մանկատուն: Հյուրանոցը մինգամից գրավել է  զբոսաշրջիկների ուշադրությունը:

News.am



Ըստ հավաստի աղբյուրների՝ ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ նոր հուշագիր ստորագրվելու դեպքում ԲՀԿ-ին տրվելիք 3 նախարարական պորտֆելները չեն լինելու այն պորտֆելները, որոնք մինչ այդ տնօրինել է ԲՀԿ-ն. «Բարգավաճը» ցանկանում է, սակայն Սերժ Սարգսյանը դեմ է այդ տարբերակին: Ընդ որում, այս հարցերը Սերժ Սարգսյանն առայժմ հարկ չի համարում քննարկել ՀՀԿ Գործադիր մարմնում՝ գտնելով, որ դեռ վաղաժամ է:
Այնուհանդերձ, մենք փորձեցինք ճշտել՝ տեղյա՞կ են այդ մասին ԳՄ անդամ, այդ ոլորտներում պաշտոնավարող նախարարները և պատրա՞ստ են ԲՀԿ-ի պնդման դեպքում զիջել իրենց տեղերը նրանց: Հարցն ուղղեցինք առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին:
«Քաղաքականության մեջ երբեք չեն ասում՝ երբեք. որևէ պրոբլեմ չեմ տեսնում, քաղաքականության մեջ լինում են շատ պայմանավորվածություններ, որոնք ունենում են նաև իրենց շարունակությունը, և ես երբևիցե չեմ մտածել, որ առողջապահության պորտֆելը պետք է «իմը» լինի, և եթե չլիներ հետընտրական իրավիճակը, ապա ես այստեղ չէի լինի: Մյուս կողմից էլ չեմ կարծում, որ «եթե»-ներով պետք է առաջնորդվել: Նման հարցեր մենք ԳՄ-ում չենք քննարկում, այնուհանդերձ, մեկ բան հաստատ գիտեմ. առաջիկա նախագահական ընտրություններում մեր թեկնածուն միանշանակ հաղթելու է, և մենք չունենք խնդիր՝ ոչ պայմանավորվելու և ոչ էլ հիպոթետիկ ենթադրություններ անելու»:
«Հրապարակ»





ՆԱԵՎ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՈՎ ԼԻՆԵՆՔ ՀԱՅ

Վերջերս Թուրքիայի Բիթլիս նահանգի պաշտոնյաների կողմից հնչել է առաջարկ՝ Վանա լճի անունը կոչել Թաթվանի ծով, Ահլաթի լիճ կամ Բիթլիս-Վանի լիճ, ինչը անհանգստացրել է Վանի փոխքաղաքապետին և Վան նահանգի այլ պաշտոնյաների:

Վանի փոխքաղաքապետը հայտարարել է, որ շատ սխալ է Վանա լճի անունը դնել Թաթվանի ծով, քանի որ հնուց ի վեր այն կոչվում է Վանա լիճ, և բոլոր զբոսաշրջիկները գալիս են տեսնելու հենց Վանա լիճը: Այո, թուրքի  համար Վանա լճի անունը պահպանելու միակ պատճառը զբոսաշրջիկներին գրավիչ լինելու հանգամանքն է. ի՞նչ հազարամյակների պատմություն, ի՞նչ պատմական արդարություն...

Թուրքիայում  տեղանունների փոփոխության գործընթացը սկսվել է դեռ Էնվեր փաշայի 1914 թ. հրամանով, որով նա բոլոր նահանգապետերին կարգադրել էր փոխել, այսպես կոչված, «ոչ թուրքական հնչեղություն» ունեցող տեղանունները:  Թուրքիայի Հանրապետության ժամանակաշրջանում ստեղծվել է Տեղանունների փոփոխության հանձնաժողով, որն էլ պարբերաբար փոխել է Արևմտյան Հայաստանի տեղանունները:

Մոտեցումը հետևյալն է եղել. կամ լրիվ թուրքացրել են այդ տեղանունները կամ հայկական տեղանուններին կցել են թուրքական ածանցներ՝ դրանց տալով թուրքական երանգ:

Արևմտյան Հայաստանի կամ, առհասարակ, Թուրքիայի տարածքում գտնվող հայկական նախկին բնակավայրերի անունները շարունակական ձևով և պետական մակարդակով փոխվում են:  Հայ պատմաբանների մոտավոր հաշվարկները ցույց են տվել, որ փոխվել է մոտ 24.000 հայկական տեղանուն, և կան ընդամենը մի քանի պահպանվածներ, որոնցից ամենահայտնիներն են՝ Մուշ, Վան, Սասուն: Արևմտյան Հայաստանի գրեթե բոլոր, անգամ փոքր բնակավայրերի տեղանունները, բլուրները, ձորերը կրում են ոչ հայկական անուններ: Ինչ վերաբերում է պահպանվածներին, ապա Թուրքիայի իշխանությունների հասցեին երկրի ազգային, ազգայնամոլական շրջանակներից անընդհատ քննադատություն է հնչում, որ անհարիր է Թուրքիա պետության մեջ ոչ թուրքական տեղանունների պահպանումը:

Արևմտյան Հայաստանը հայազրկելուց հետո, հայության ու հայկականության հետքերը վերացնելու նպատակով, 1958 թ. Թուրքիայի ազգային ժողովը ընդունել է «Աշխարհագրական անունների փոփոխության մասին» որոշում, որի կիրարկմամբ  թուրքացվել են Արևմտյան Հայաստանի բոլոր աշխարհագրական անունները: Թուրքացվել  է նույնիսկ  բիբլիական Արարատ լեռան անունը: Հայոց սրբազան լեռանը տրվել է Աղրի դաղ («Սպիտակ լեռ»)  անունը:

Արևմտյան Հայաստանում բռնությամբ թուրքացվել են ոչ միայն հայ մարդիկ, այլև նրանց անուն-ազգանունները: Այս երևույթը Թուրքիայում պարտադրանքի և հարկադրանքի բնույթ է ստացել 19-րդ դարի վերջերից  ու շարունակվում է մինչ օրս:

Հայաստանի (ՀՀ և ԼՂՀ) տեղանունների հայկականացմանը նպաստել է Արցախյան ազգային-ազատագրական շարժումը: Ճիշտ է, Շարժումը  չի հասել իր բաղձալի նպատակին՝  Արցախը չի միացել Մայր Հայրենիքին, բայց պատերազմում տարած հաղթանակը համայն հայության համար նոր ազգային-հոգևոր վերազարթոնքի հնարավորություն է ընձեռել: Պատերազմից հետո ազատագրված հայրենի տարածքների բնակավայրերից շատերը ստացել են իրենց   նախկին անվանումները, մի շարք բնակավայրեր էլ՝  հայահունչ անվանումներ: Ցավալի է, որ այդ գործընթացը ներկայումս «կաղում է». դեռ կան բազմաթիվ տեղանուններ, գետեր, լեռներ, աղբյուրներ որոնք ունեն օտարահունչ անուններ: Ամենաճչացողը՝ Ասկերան քաղաքն է: Ինչպես հայտնի է՝ վերջին ասկյարներին (անկախ ազգությունից) Արցախից արտաքսել ենք կամ ոչնչացրել  1994թ. մայիսին, բայց արի ու տես նրանց անունով դեռ շարունակվում է մի քաղաք և մի ամբողջ շրջան կոչվել:

Ասկերանի շրջանում է գտնվում Ջամիլլու գյուղը, որտեղ բնակվում են մի քանի ընտանիքներ: Գյուղից որոշ հեռավորության վրա  գտնվում է Պանուր Նանե (հեթանոսական իմաստության և ողջախոհության դիցուհին) սրբատեղին:   Ջամիլլու և Փահլուր գյուղի հարակից տարածքներում պահպանվել են հեթանոսական ժամանակաշրջանի դամբարաններ և այլ կառույցների մնացորդներ: Տրակետ գետը, Տրետ,  Մռակած տեղանուններն էլ «իրեղեն ապացույցներ» են: Եվ ահա այդ հեթանոսական տարածքներում չգիտես որտեղից է հայտնվել  Ջամիլլու տեղանունը: Այդ մասին ոչ մի գրավար տեղեկություն չկա, պատմությունը լռում է:  Ի դեպ, մեր հարևան պետությունում կան երեք Ջամիլլու գյուղեր: Ինչպես երևում է, այդ Ջամիլը կամ հայտնի անասնագող է եղել կամ դարանակալ մարդասպան: Հայտնի է, որ գյուղի աղբյուրը կառուցել է Արշակ պապս (Հովսեփ պապիս հայրը), ով հայ թաթարական (թուրքական) բախումների ժամանակ Հարար գյուղից ընտանիքով գաղթել է Ջամիլլու: Բայց էլի, չգիտես ինչու, պապիս կառուցած աղբյուրը կոչում են Շաքարբուլաղ (Շաքարաղբյուր): Գյուղի տարածքում է գտնվում նաև Խանաբուլաղ աղբյուրը: Եվ քանի-քանի աղբյուրներ կան Արցախում, որ թուրքացվել են: Բնականաբար, դրանք և մյուս տեղանունները պետք է շուտափութ հայկականացվեն:

Ցավալի է նաև այն փաստը, որ որոշ տեղանուններ ստանալով հայեցի անուններ, բնակչության մի ստվար հատվածի կողմից դեռ շարունակվում են  կոչվել նախկին  անուններով: Որոշ տեղանուններ էլ, կոպիտ ասած՝ ուղղակի չեն «կպչում», քանի որ անվանափոխումները կատարվել են ոչ գիտականորեն, առանց հաշվի առնելու բնակչության կարծիքը, պատմական նախադրյալները, տեղանքը, աշխարհագրական դիրքը և այլն:

  Պատմական Հայաստանի բնակավայրերի, գետերի, լճերի, դաշտերի, սարերի ու ձորերի անվանումները   փոփոխվել են օտար նվաճողների տիրապետությունների ժամանակ: Նրանք փոխել են հայկական անվանումները և  հարմարեցրել իրենց լեզվին, հաճախ էլ թարգմանել այնպես, որ հայկական հետք չմնա:

Վերջին երկու հազարամյակի ընթացքում օտար նվաճողները՝  հռոմեացիները, բյուզանդացիները, պարսիկները, արաբները, թուրքերը, մոնղոլ-թաթարները և ռուսները իրենց հետքն են թողել հայ ժողովրդի հոգեկերտվածքի, հոգեբանության  ու մտածողության  վրա:  Օտարների տիրապետության ժամանակաշրջում միջավայրը ստիպել է, որ տիրողների անուններով  կոչվեն նաև հայ մարդիկ: Բյուզանդական տիրապետության ժամանակ հայերը կոչվել են  Բարսեղ, Սոֆյա, Վասիլի, Կոնստանտին, Ելենա և այլն:  Պարսկական տիրապետության ժամանակ՝ Շապուհ, Տրդատ, Միհրան, Զոհրապ, Թամրազ, Խոսրով և այլն: Արաբների տիրապետության ժամանակ՝ Աբաս, Ազիզ, Այվազ, Ասլան,  Հասան,  Ամիր և այլն: Թուրքերի տիրապետության ժամանակ՝ Բալա, Բաբա, Աթա, Աթաբեկ, Ալավերդի, Այդին և այլն: Ռուսական տիրապետության ժամանակ՝  Նիկոլայ, Եկատերինա, Վալենտինա, Ալեքսանդր, Պավել, Սեմյոն, Միխայիլ, Գալինա և այլն:

Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո  տարածվել են Աստվածաշնչյան անունները՝  Աբրահամը, Սառան,  Իսահակը, Ռեբեկան, Հովսեփը, Հովհաննեսը, Հակոբը, Իսրայելը և այլն:

Իսկ հիմա, 21-րդ դարում, երբ  Հայաստանը (ՀՀ և ԼՂՀ) անկախ, ինքնիշխան պետություն է, ո՞ր բռնակալն է ստիպում մեզ՝ հայերիս պահպանել հարյուրամյակների ստրկությունը հիշեցնող անուն-ազգանունները: Ախր հնարավոր չէ բոլոր գերտերություններում տարածված անունները «հայացնելը»:

Գիտականորեն ապացուցված է, որ ցանկացած անուն իր մեջ  կոդավորված լրատվություն է պարունակում: Չի կարելի նորածին երեխային ցանկացած ազգի անուն դնել: Այն ազդում է երեխայի գենետիկայի և ենթագիտակցության վրա: Բացի դրանից, երեխայի մոտ «անհարմար» անունը դեռ նամկությունից ավելորդ անախորժությունների տեղիք է տալիս: Երեխան ունենալով օտարահունչ անուն, միջավայրում՝ մանկապարտեզում կամ դպրոցում իրեն անհարմար է զգում, ինչ որ տեղ նաև՝ թերարժեք: Իսկ որոշներն էլ՝  գոռոզ ու ամբարտավան:

Որպեսզի անունների մասին երկար չգրենք ու անուններ չնշենք, ավելորդ անգամ չվիրավորելու համար «անհարմար», այսնքն՝ ոչ հայկական անուններ կրողներին, միայն նշենք՝ ինչ կզգա մարդ, երբ վերցնելով մի գեղեցիկ խնձոր, համտեսի և պարզի, որ այն ունի տանձի կամ ծիրանի համ: Պարզապես՝ խնձոր ուտելու ախորժակով մարդը  մի կողմ կնետի այդ «խաբուսիկ» պտուղը: Եթե պտղի պարագայում այդպես է, ապա առավել խիստ պետք է լինել նորածին հայի անունը դնելու պարագայում, չէ՞ որ դիմացինդ մարդ է, ով իր ամբող կյանքում կրելու է այդ անունը:

Արցախյան պատերազմից հետո շատերն իրենց նորածիններին կոչել են նահատակված հայրերի, եղբայրների կամ ընկերների անուններով, որոնք երբեմն ոչ հայկական անուններ են կրել: Ցավալի է գրելը, բայց մի՞թե պատերազմելու և հաղթելու նպատակը լիարժեք հայ մնալը չի եղել: Մի՞թե  չի կարելի նահատակի հիշատակը հարգելու համար նրա սիրած ազգային հերոսի, հայ նահապետների կամ պարզապես հայկական անուններ դնել:

Ավելի բարդ է ոչ հայեցի ազգանունների խնդիրը: Հայաստանում կան տոհմեր կամ ցեղեր որոնց արմատները   հասնում են վաղ միջնադար:  Նրանք դարեր շարունակ կրել են օտարահունչ ազգանունները: Հիմա առաջարկվում է փոխել այն: Բնականաբար շատերը հիշելով իրենց նախնիներին, ժամերով կարող են պատմել նրանց սխրագործությունների, հերոսությունների մասին ու նշել, որ իրենց Շահվերդով  կամ Ալլահվերդով ազգանունը չի վնասել դրան: Չվիճելով ու մի չնչին անգամ չնվաստացնելով  նման ազգանուններ կրող մարդկանց, պարզապես ասում ենք՝ շահի կամ Ալլահի տվածներից հեռու մնացեք հայեր:
   
Եկեք ազգային հպարտություն ունենանք և հրաժարվենք ոչ հայեցի  անուն-ազգանուններից և հայ լինենք նաև անուն-ազգանունով:

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ




ՌՈՒՍԻՈ ՎԵՐՋԻՆ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայկական մամուլում տեղեկատվություն է հրապարակվել, ըստ որի Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն այցելել է նախագահական և հանդիպել Սերժ Սարգսյանին: Հայտնի չէ, թե ինչի մասին է եղել զրույցը, ենթադրվում է, որ Մոսկվան անհանգստացած է Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական դիրքորոշմամբ և ցանկացել է պարզաբանումներ ստանալ:

Թեև, առավել տրամաբանական կլիներ, եթե դեսպանը հրավիրվեր նախագահական, կամ արտաքին գործերի նախարարություն, և նրանից բացատրություն պահանջվեր իր վերջին շրջանի հայտարարությունների վերաբերյալ: Հիշեցնենք, որ Կովալենկոյի նյարդերը վերջերս տեղի էին տվել, և նա մի քանի անպարկեշտ ու դիվանագիտական էթիկայի նորմերի մեջ չտեղավորվող հայտարարություններ էր արել: Մասնավորապես, նա հայտարարել էր, թե հայերի ինքնությունը պահպանվել է շնորհիվ Ռուսաստանի, և եթե Ռուսաստանը չլիներ, հայերն էլ չէին լինի:

Դեսպանից ոչ միայն պետք էր բացատրություն պահանջել նման հայտարարությունների համար, այլև նրան վտարել Հայաստանից, բողոքի նոտա հղելով Ռուսաստանի ԱԳՆ:

Իհարկե, դեսպանի հայտարարությունների մեջ կա ճշմարտության հատիկ, ինչպես նաև դիվանագետին ոչ բնորոշ անկեղծություն. դեսպանն ասել է այն, ինչը հայերի հարցում ռուսական քարոզչության հիմքն է: Ռուսները կարողացել են հայերի գիտակցության մեջ արմատավորել այդ թեզը, որ առանց Ռուսաստանի Հայաստան չի կարող լինել: Եվ այդ հարցում հասել են աներկբա հաջողության:

Սակայն, երևում է, դարերի այդ քարոզչությունը կորցնում է իր ուժն ու ազդեցությունը, և Մոսկվայում զգում են, որ հայ հասարակության մեջ թեև դանդաղ, սակայն վերաիմաստավորման ընթացք կա, որը սկսում է քանդել կարծրատիպերը: Փոխարենը, Մոսկվայում կարծես այլ բան չեն կարողանում մտածել: Չեն կարողանում գտնել այդ առասպելին այլընտրանք: Առասպել, որն արմատավորվել է քարոզչության, բռնությունների և շանտաժի միջոցով:

Դժվար է ասել, թե ինչու: Հնարավոր է՝ այն պատճառով, որ հայերին Ռուսաստանում միշտ վերաբերվել են անթաքույց արհամարհանքով և համարել են անհույս ստրուկներ, որոնց որքան ծեծում ես՝ այնքան հավատարիմ են դառնում, և ի վիճակի չեն երբևէ կասկածի տակ դնել իրերի առկա վիճակը: Եվ ելնելով դրանից՝ այդպես էլ նոր բան չեն մտածել:

Հնարավոր է նաև, որ նոր բան չկա էլ, ոչ քաղաքական, ոչ էլ տնտեսական իմաստով, բացի արտագաղթից ու տրանսֆերտներից, և հայերի «ինքնության» արթնացմանը զուգահեռ ռուսական կողմն ավելի դյուրագրգիռ է դառնում: Չէ՞ որ, ի վերջո, այդ արթնացած ինքնագիտակցությունը մի օր կարող է Ռուսաստանի առջև հարցեր բարձրացնել, օրինակ, Մազանդարանի մասին, 1915 թ. հայերի ցեղասպանության մասին, Ղարաբաղի դեմ ռազմական պատժիչ գործողությունների մասին, հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի մասին, և այլն: Այդ հարցերն իհարկե ներկայիս իշխանության օրոք չեն բարձրացվի, քանի որ ներկայիս իշխանական-քաղաքական-բիզնես համակարգը, կամ քրեա-օլիգարխիկ համակարգը, կերտվել է Ռուսաստանի «տեսքով և նմանությամբ»: Սակայն նույնիսկ այդ համակարգն է արդեն անզոր դիմակայել «ինքնության» արթնացմանը, որն արդեն տալիս է այդ հարցերը:

Վյաչեսլավ Կովալենկոն Ռուսաստանի վերջին դեսպանն էր Վրաստանում, և այնտեղից հետ կանչվեց 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո, ու նշանակվեց Հայաստանում: Իհարկե, Ռուսաստանը երբևէ նոր դեսպան կունենա Վրաստանում, սակայն ռուս-վրացական հարաբերությունը երբևէ այլևս չի լինի վասալային, թեև, ի տարբերություն հայերի, վրացիների հանդեպ Ռուսաստանը միշտ հարգանքով է վերաբերվել:

Կովալենկոն Ռուսաստանի վերջին դեսպանը կլինի նաև Հայաստանում, որի հետ կփակվի հայ-ռուսական «ոխերիմ բարեկամության» դարավոր շրջափուլը: Եվ արթնացած ինքնության երկրի հետ Ռուսաստանը ստիպված կլինի հաստատել իրապես գործընկերային, հավասար հարաբերություններ, որքան էլ դա նրա համար հոգեբանորեն դժվար լինի: Իհարկե, վերոհիշյալ հարցերին պատասխանելուց հետո:

Բնության մեջ միակողմանի կախվածություն չի լինում: Եվ որքան Հայաստանն է կախված Ռուսաստանից, նույնքան էլ՝ հակառակը: Բացի այդ, Հայաստանի և Ռուսաստանի շահերը տրամագծորեն հակառակ են, և երկու երկրները պետք է գիտակցեն ու սկսեն հաշվի նստել այս իրողության հետ: Եվ գտնեն իրական համագործակցության եզրեր:

ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ
Lragir.am




ԳԱԶԸ, ԲԵՆԶԻՆԸ ԵՎ ՂԱՐԱԲԱՂԸ

«200 ատմոսֆերա գազ լիցքավորելու համար 3100 դրամից շատ է բռնում, իսկ Հայաստանում՝ 2500 դրամ: Բայց Ստեփանակերտում լիցքավորված բալոնով 220 կիլոմետր եմ քշում, իսկ Հայաստանում՝ 324»,- պատմում է ստեփանակերտցի տաքսիստներից մեկը:
Սեղմված բնական գազի գնի նման տարբերություն կա Հայաստանում և Արցախում (սեղմված բնական գազը (ՍԳԲ) իրենից ներկայացնում է մինչև 200 ատմոսֆերա սեղմված պրոպան):

Ղարաբաղում սեղմված գազի գների տարբերությունը զգում են հատկապես այն վարորդները, ովքեր Հայաստանում էլ են ավտոմեքենաներ գազալիցքավորում: Ու ոչ միայն գազի սակագներից են բողոքում, այլև որակից:

Երևանցի Գագիկ Սարգսյանն ասում է, որ Արցախում սեղմված բնական գազը երկու անգամ թանկ է, քան Երևանում. «Ես Երևանում 1500 դրամով 250 մթնոլորտ ճնշում (ատմոսֆերա) գազ եմ լիցքավորում, իսկ այստեղ՝ 3000: Ու միայն Արցախում է, որ ամեն անգամ տարբեր գին է ֆիքսվում»:

Ստեփանակերտից դուրս գալուց առաջ մենք ավտոմեքենայի համար լիցքավորեցինք 250 ատմոսֆերայից պակաս գազ (բալոնում գազ կար), դա արժեցավ 3000 դրամ, իսկ արդեն Ստեփանակերտ մտնելիս 250 ատմոսֆերան նույն գազալցակայանում արժեցավ 2750 դրամ: Ահա նման անհասկանալի բաներ են տեղի ունենում:

Արցախում մյուս վառելիքը՝ բենզինը, նույնպես երևանյան գներից տարբերվում է: Եթե Երևանում «ռեգուլյար» բենզինը արժե 500-510 դրամ, ապա Ստեփանակերտում՝ 530: Երևանում «պրեմիում» տեսակն արժե 520-530, Ստեփանակերտում՝ 550: Իսկ Արցախի շրջաններում բենզինը լրիվ այլ գներով են վաճառում. Դրմբոնում (Մարտակերտի շրջան) մենք ավտոմեքենան լիցքավորեցինք լիտրը 600 դրամով («ռեգուլյար» բենզին):
Ո՞ր կառույցն է կարգավորում գազի գինը:

«Այս հարցը մեր իրավասության տակ չէ»,- ասաց ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Վիրաբյանը: Հանձնաժողովի մեկ այլ աշխատակից, ով Միքայել Վիրաբյանի հետ նույն սենյակում էր, բացատրեց հետևյալ օրինակով. «Օրինակ մեկ այլ տեղից 10 հոգի կարտոֆիլ են բերում շուկա ու դնում են իրենց ուզած գինը, հիմա մենք ինչպե՞ս կարգավորենք»:

«Ձեր բարձրացված հարցը սրանից 3,5 ամիս առաջ Ազգային ժողով-ԼՂՀ կառավարություն հարցուպատասխանի ժամանակ առաջ է քաշել ՀՅԴ խմբակցությունը: Հարց հնչեցնելը վստահվել էր Վահան Բադասյանին, ով այն ժամանակ դեռ մեր խմբակցության անդամն էր»,- ասաց ԼՂՀ ԱԺ-ի արտադրության և արտադրողական ենթակառուցվածքների մշտական հանձնաժողովի նախագահ ՀՅԴ-ական պատգամավոր Կամո Բարսեղյանն ու ավելացրեց, որ շատ են մտահոգված ոչ միայն գազի, այլև բենզինի գների նման տարբերությամբ (խմբ.-Հայաստանի համեմատությամբ):

Կ. Բարսեղյանը բացատրեց, որ Ղարաբաղը Հայաստանի հետ գտնվում է նույն տնտեսական դաշտում, ու Ղարաբաղում, լինելով պատերազմական գոտում, ընդհակառակը՝ նման էներգետիկ ռեսուրսները ավելի էժան պիտի վաճառվեն. «Սակայն հիմա շուկայական հարաբերություններ են, և բիզնեսում գործող ամեն մի սուբյեկտ իր գինն է առաջարկում: Այն իր շահույթից տալիս է շահութահարկ, եկամտահարկ և այլ հարկատեսակներ: Իսկ լրիվ ուրիշ հարց է, որ ներկայացված գները միջին գոյություն ունեցող գներից բարձր են»:

Մենք նաև դիմեցինք ՀՅԴ-ի խմբակցությունից հեռացված պատգամավոր Վահան Բադասյանին, ով 3,5 ամիս առաջ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հնչեցրել էր սեղմված բնական գազի գների վերաբերյալ հարցը:

«Արտադրական ենթակառուցվածքների նախարար Կառլեն Պետրոսյանը այն ժամանակ պատասխանեց, որ հուրախություն մեր ժողովրդի՝ արդեն կարողանում ենք գազաբալոններ տեղադրել: Երկրորդ անգամ նույն հարցը տալուց հետո նա պատասխանեց, որ այդ հարցին չի տիրապետում»,- ասում է Բադասյանը:

Բադասյանը ասաց, որ Ղարաբաղի և Հայաստանի լցակայանները նույն գինն են մուծում գազի մատակարարներին՝ «ՀայՌուսգազարդ» ընկերությանը. «Սակայն Հայաստանում այն վաճառում են ինչ-որ X թվով, իսկ Ղարաբաղում՝ 2 անգամ X թվով: Երկու անգամ և գինը, և որակը զիջում է: Ղարաբաղում չկան հաշվիչ սարքավորումներ, որոնք ինչպես հարկն է հաշվում են: Այստեղ հաշվիչը բացարձակ խաբում է, իսկ Հայաստանում նման բան չկա. ինչքան գազ լցրեցիր, այնքան էլ վճարում ես: Յուրաքանչյուր մեքենայից 500-600 դրամ այդպես գողանում են: Ցածրորակ կոմպենսատորներ են օգտագործում»:

Վահան Բադասյանը նույնն ասաց, ինչ սովորաբար ասում են արցախցի վարորդները. «Հայաստանում լիցքավորված ավտոմեքենան կքշվի 200 կիլոմետր, իսկ այստեղ՝ 150 կամ 130 կիլոմետր: Հայտարարության մեջ ես այդպես էլ ասել եմ, որ թալանում եք: Թալանվում են մի շարք օլիգարխների կողմից, երևի թե, եթե այդպես խոսենք»…

Վահան Բադասյանը, սակայն, վերոնշյալ մարդկանց շատ չի մեղադրում. «Ամեն ոք էլ կցանկանար իր ապրանքը թանկ վաճառել, բայց ինչպես հացը չեն թողնում թանկանա, այնպես էլ գազը չպիտի թողնեն, որովհետև առանց գազի մարդիկ իրենց աշխատանքը չեն կարողանա կարգավորել: Առիթից օգտվել ու թանկ վաճառել՝ հանցագործություն է: Մենք հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով ունենք, որի ղեկավարն է Ղահրամանյան Հակոբը, նրա ամբողջ վարչակազմը բարձր աշխատավարձ է ստանում, իսկ նա՝ նախարարից մի քիչ բարձր: Ինչո՞վ են զբաղված նրանք»:

Երբ ասացինք, որ հանձնաժողովը իրավասու չէ այս հարցում, պարոն Բադասյանը զարմացավ. «Չէ՞ որ դա գերշնորհ է… բա ո՞վ պիտի կարգավորի դրանց գները, բա իրենց պարտականությունն ո՞րն է: Բանջարեղե՞նը պիտի կարգավորեն՝ գնալով խեղճ գյուղացու գլխին կանգնելով…»:

Ըստ Բադասյանի՝ հանձնաժողովը «քիթը խոթում» է ալյուրի, ցորենի ու հացի գների մեջ, որտեղ չի կարելի. «Բայց հանձնաժողովը չի կարողանում «քիթը խոթել» հատուկ ստրատեգիական նշանակություն ունեցող ապրանքատեսակի մեջ: Ու դա միայն գազով չի ավարտվում. բենզինն ու սոլյարկան Երևանում ու Գորիսում նույն գինն ունեն, բայց Ստեփանակերտում՝ 30-40 դրամով թանկ են: Ինչո՞ւ Երևանից 300 կմ հեռավորության վրա 10 դրամի տարբերությամբ են վաճառում, իսկ 360 կիլոմետրի դեպքում՝ Ստեփանակերտում՝ արդեն 40 դրամի տարբերությամբ: Սա կարելի է սահմանել որպես քրեաօլիգարխիկ երևույթ, որովհետև այս ամենը մեր ժողովրդի հանդեպ քրեական հանցակազմ է պարունակում: Ինչո՞ւ գյուղատնտեսության համար կարևոր բենզինն ու սոլյարկան այս ամիս հանկարծ թանկացան, որն ամռանն այդքան էլ թանկ չէր»:

Բադասյանն ասում է՝ եթե հանձնաժողովը չի պատասխանում, թող գոնե մեկը պատասխանի՝ ինչո՞ւ է գազը այսքան թանկ:
Իրականում դժվար է ասել, թե քանի տնտեսվարող է գազ ներկրում Արցախ... Սա մենաշնորհ չէ, այլ ավելի շուտ օլիգոպոլիա, քանի որ գազ ներկրողները չեն մրցակցում իրար հետ, այլ բարձր գին պահպանելու շուրջ պայմանավորվում են:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Հետք», Երևան




ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԵՐԵՎԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Տարեդարձը նաև յուրօրինակ հաշվետվություն է՝ անցյալի, ծրագիր՝ ապագայի համար: Անկեղծ զարմանում եմ, թե ինչպես էին մեր հոգևոր և պետական այրերը գոհ դեմքերով վայելում Երևանի ծննդյան երեկոն, երբ ամեն քայլափոխի կարելի է նշել Երևանի ոչ թե ծնունդը, այլ՝ մահը: Իսկապես՝ ինչպե՞ս կարելի է հիշատակել Էրեբունու կամ Այրարատյան թագավորների անունները, երբ անտերանոցի է մատնված Էրեբունի բերդաքաղաքը, երբ Կարմիր բլուրում հնագիտական արժեքների փոխարեն կարելի է տեսնել միայն մետլախի, կոտրտված զուգարանակոնքերի, թիթեղների և այլ առարկաների կտորտանքներ. հիանալի փաստ թուրքերի համար, որոնք ձգտում են օտարել մեզնից Այրարատյան մշակույթը:

Ինչպե՞ս կարելի է ուրախանալ, երբ քաղաքի ճարտարապետական դիմագիծը վաղուց որոշում են ոչ թե ճարտարապետները, այլ՝ փողը. ինչքան շատ, այնքան շենքդ բարձր ու ծավալուն, երբ ամեն քայլափոխի հանդիպող շենքի հիմքում տեսնում ես ճարտարապետի բռնաբարված հոգին, իսկ եթե սեփական կամոք են կառուցել՝ ապա ուղղակի պետք է դիպլոմը վերցնել վերջինիս ձեռքից և շպրտել աղբանոց, իսկ վերջինիս դատել: Իբր պահպանված հին ճակատային պատի վրա ապակեպատ շինությունները նման են այն բանին, որ կարող ես մարդու վիզը կտրել, բայց որպեսզի պահպանես վերջինիս դեմքը, գանգը վզիցդ կախես ու կանգնես:

Ինչպե՞ս կարելի է ուրախանալ, երբ ամեն ազատ անկյուն, անգամ մանկական խաղահրապարակները կառուցապատվում են. այցելեք Նալբանդյան-Սայաթ-Նովա-Հանրապետության-Թումանյան փողոցներով պարփակված շենքերի բակ, այնտեղ իսկական ոճրագործություն է տեղի ունենում մեր մանուկների հանդեպ: Ինչ է՝ անհնա՞ր էր պահպանել հինը, տարա՞ծք չկար նոր քաղաքի համար: Տեսեք Թուֆենկյան հիմնադրամի կառուցապատումը Վարդանանց փողոցի վրա. մասնագետ չլինելով էլ կարելի է զգալ և՛ շքեղությունը, և՛ հին երևանյան ոճը: Նույնը կարելի է ասել ՀՀԿ շենքի շարունակության մասին՝ Մելիք-Ադամյան փողոցում:

Դուրս գանք Երևանից՝ շատ կողմերով կիսաամայի տարածքներ, կառուցենք ինչքան ուզում ենք: Բայց՝ ոչ: Պետք է անխնա բռնաբարել հինը, նորը խցկել հնի դիակի վրա: Պետք է առաջին հանրապետության կառավարության շենքը թանգարանի փոխարեն չալաղաջնոցի վերածել, քանի որ փողոտ գործ է: Մասնագետ պետք չի լինել՝ ցույց տալու համար, որ, օրինակ, մի քանի մետր լայնքով Դեղատան փողոցի վրա մի քանի տասնյակ հարկանի երկնաքերի փլուզումը երկրաշարժի ժամանակ իսկական աղետ է, քանի որ տարհանման և այլ աշխատանքների համար այդ տարածք մոտենալն անհնար կլինի առնվազն մի քանի շաբաթ: Էլ չեմ խոսում կանաչ տարածքների մասին, որոնք մի քանի տասնյակ հազար հեկտարից հասել են մի քանի հազարի:

Ինչքան հաճելի կլիներ, եթե մեր սերունդներին և օտարերկրացիներին ներկայումս ցույց տայինք. ահա սա մեր առաջին հանրապետության Խորհրդարանն է (Պարոնյան թատրոնի տեղում, քանդվել է դեռ կոմունիստների օրով), սա՝ կառավարությունը (Տաշիր – չալաղաջանոցի տեղում), սա պատմական այս փողոցն է, սա այս տանը տեղի է ունեցել այս նշանակալի իրադարձությունը: Ոչ մի բան չկա հիշելի: Ինչո՞վ ենք զանազանվում օտար վայրից կառավարվող մեր կոմունիստ նախորդներից, որոնց շատ դեպքերում քննադատում ենք ամեն ինչ քանդելու համար: Ի վերջո՝ ապակեպատ երկնաքերները ոչ մեկին հետաքրքիր չեն, զբոսաշրջիկները սեփական երկրում տասնապատիկ լավը ունեն: Վերջիններիս հետաքրքիր է մեր մշակույթը, մեր արժեքները, որոնք օրավուր անհետանում են: Մի թեթև կամք է պետք՝ այս տխուր պատկերը շտկելու համար, որը չկա: Կա փողի անհագ մոլուցք և վերջ:

Զարմանալ պետք չի, որ Վրաստան տարեկան այցելում են 3,5 մլն զբոսաշրջիկ, իսկ քաղաքակրթության կենտրոն մեր երկիր՝ 700.000: Որովհետև Սահակաշվիլին Ախալցխայի՝ իրենց համար շատ պարագաներով օտար բերդն իր եկեղեցիներով վերանորոգեց և զբոսաշրջիկներին ներկայացրեց մի հրաշալի վայր՝ և՛ պատմական, և՛ հանգստի (տես՝ վերևի լուսանկարը): Իսկ մեր բերդերում ու հնավայրերում մի զուգարան չկա, և զբոսաշրջիկները երկար տանջվելուց հետո սեփական պետքերը հոգում են եկեղեցիների ու բերդերի պատերի տակ: Իսկ թե մեր պատմության կամ Երևանի բերդի հետ ինչ կապ ունի խնդրո առարկա Երևան քաղաքի հռչակավոր բերդի տեղում կառուցված «Գլենդել հիլզը»՝ դժվարանում եմ ասել:

Օտար հյուրերի հիացմունքը պետք չի ընդունել որպես ճշմարտություն և հեռուստատեսությամբ գովազդել. ի վերջո՝ եթե մեկի տանը հյուր ես, չես կարող հրապարակավ ասել այն, ինչ զգացիր այնտեղ: Մյուս կողմից՝ մի քանի բաժակ կոնյակից հետո միկրոֆոնը ուղղի հյուրին՝ կարող ես լսել, որ, օրինակ, շատ գեղեցիկ են Երևանի այնքան հարմարավետ տրամվայները, կամ՝ ինձ շատ դուր եկավ Երևանի երթուղայինների վարորդների մաքուր և գեղեցիկ արտաքինը և այլ ֆանտաստիկ բաներ:

Մի խոսքով՝ ծնունդդ շնորհավոր Երևան. դու այլևս պատմություն չունես, դու այլև դիմագիծ չունես: Դու քո չալաղաջանոցներով արժանի ես միայն ռուսական սեքս-համերգների, ինչը և բարեխղճորեն կազմակերպվում է:

ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ
«Հետք», Երևան




Ի՞ՆՉ ԳԻՏԻ ԶԱՐԴՈՒՇՏ ԱԼԻԶԱԴԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՑ ԿԱՄ ՆԱՐԵԿԱՑՈՒՑ

Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոն կազմակերպելու փորձի օրերին ադրբեջանական մամուլում տեղեկատվություն էր տարածվել, որ քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն «աշնանը Բաքվում կկազմակերպի հայկական ֆիլմերի փառատոն»: Ալիզադեն ասել էր, որ ծայրահեղ դեպքում դա կանի իր բնակարանում: Աշունը կիսվել է, և հարևան երկրի քարոզչությունը որոշել է թեման «թարմացնել»: Այդ առթիվ vesti.az-ին հարցազրույցում Զարդուշտ Ալիզադեն ասել է. «Ոչ, ես մտադրությունս չեմ փոխել: Պարզապես սպասում եմ, որպեսզի Վանյանը (Գեորգի Վանյանը - Վ. Ա.) ինձ տրամադրի հայկական ֆիլմեր»: Ուշացումը, ըստ Ալիզադեի, պայմանավորված է «Վանյանի չափազանց զբաղվածությամբ, բայց նա խոստացել է, որ մեր հաջորդ հանդիպմանը ինձ կտրամադրի այդ ֆիլմերը»:

Կտրամադրի՞ Գերոգի Վանյանը Զարդուշտ Ալիզադեին հայկական ֆիլմեր, Ալիզադեին կհաջողվի՞ դրանք  իր ուսանողների միջոցով կրկնօրինակել, ինչպես խոստանում է, Ռուստամ Իբրահիմբեկովը նրա առջև կբացի՞ «Իբրուս» թատրոնի դահլիճի դռները, որպես հույս է հայտնում «փառատոնի կազմակերպիչը», սրանք հարցեր են, որ կարող են պատասխան ընդհանրապես չունենալ: Այս դեպքում մատնողը Զարդուշտ Ալիզադեի միտքն է, որ «ադրբեջանական հանրությունը, ի տարբերություն հայկականի, ավելի տոլերանտ է», ինչի վրա էլ, կարելի է վստահաբար ասել, կառուցված է Բաքվում «հայկական ֆիլմերի փառատոն կազմակերպելու նախաձեռնությունը»:

Ընդ որում, Ալիզադեն մտադիր է ցուցադրել նաև «Ղարաբաղի մասին հայկական ֆիլմը»: Իր գաղափարը նա այսպես է մատուցել. «Հետաքրքիր կլինի ցույց տալ, թե որ դեպքերում է նրանց (հայերիս - Վ. Ա.) մոտեցումը անհամապատասխան համաշխարհային, հումանիստական օրենքներին (?- Վ. Ա.): Չէ՞ որ հայերը բավական հաճախ են հրաժարվում նույնիսկ քննարկել իրենց ներկա էթնո-նացիոնալիստական դիրքորոշման համապատասխանությունը հումանիստական այն արժեքներին, որ քարոզել են անցյալի հայ պոետները, գրողները և մտածողները: Օրինակ, ներկայիս հայկական դիրքորոշումը լիովին հակասում է այն գաղափարներին, որ քարոզել են Հովհաննես Թումանյանը կամ Գրիգոր Նարեկացին: Այսինքն, հայերը չեն էլ գիտակցում, որ դավաճանում են իրենց իսկ մեծ մտածողներին և պոետներին»:

Դժվար է իմանալ՝ ի՞նչ գիտի Զարդուշտ Ալիզադեն Թումանյանից կամ Նարեկացուց: Այս դեպքում վերջինիս կարելի է հանգիստ թողնել. նրա ժամանակ Ալիզադեի նախնիները դեռևս հայ իրականությանն անծանոթ էին: Իսկ Թումանյանի դեպքում կարելի է հիշեցնել միայն հետևյալ տողերը.

«Բերանն արնոտ մարդակերը էն անբան
Հազար տարում հազիվ դարձավ մարդասպան», և ավելացնել, որ դրանք գրվել են Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ցեղասպանության զարհուրելի պատկերների տպավորությամբ, այն իրողության, որը համառորեն հերքվում է նաև Ալիզադեի կողմից: Այնպես որ, Թումանյանի մասին խոսելուց առաջ հարկ է, որպեսզի ադրբեջանցի քաղաքագետը հարգի նրա ազգային, մարդկային և բանաստեղծական տառապանքը:

Իսկ ինչ վերաբերում է հանդուրժողականությանը, քանի որ Ալիզադեն օգնության է կանչել հայ գրականության մեծերին՝ «ապացուցելու, որ ներկա հայ հասարակությունը դավաճանում է» նրանց, ապա կուզենայինք ադրբեջանցի քաղաքագետին հատուկ հիշեցնել Ադրբեջանում դասականի համարում ունեցող Չեմենզեմենլիի «Ալին և Նինո»-ն վեպի այն հատվածը, երբ Բաքվից Շուշի հանգստանալու եկած Ալիին տանտեր թուրքը մանրամասը պատմում է իրենց նախնիների «Ղարաբաղ գալու» մասին և ասում, որ հնում այդ «երկիրը կոչվել է Աղուանք, իսկ ավելի վաղ շրջանում՝ Արցախ»:

20 -րդ դարասկզբի, ընդ որում՝ ծնունդով շուշեցի, ադրբեջանցի գրողը գիտեր, որ Լեռնային Ղարաբաղը վաղնջական Արցախն է, և իր նախնիները՝ եկվոր: Նույն դարի վերջին ինչո՞ւ Ալիզադեի հայրենակիցները Սումգայիթ կազմակերպեցին, երբ Լեռնային Ղարաբաղի նախաբնիկ հայերն ընդամենը կրկնեցին ադրբեջանցի գրողին և ցանկություն հայտնեցին, որպեսզի վերացվի պատմական անարդարությունը: Եվ, ըստ այդմ, ո՞վ, ինչպե՞ս է դավաճանել անցյալի մտածողներին:

Այնպես որ, իմաստ չունի դիմելու գրականության օգնությանը: Հակառակ դեպքում մենք կվկայակոչենք ծագումով ադրբեջանցի ֆրանսագիր կին հեղինակի վեպը, որտեղ բառացիորեն ասված է, որ մանկության տարիներին նա Բաքվում խաղում էր «հայ սպանելու՝ շատ տարածված խաղը, իսկ ծնողները նայում և ոգևորում էին»: Գուցե առաջին օրինակը վրիպո՞ւմ է, և ադրբեջանական «հանդուրժողականությունը» հենց երկրո՞րդ է, որ արտացոլվել է գրականության մեջ: Այս դեպքում Ալիզադեն, ինչ խոսք, ճիշտ է. ադրբեջանական մենթալիտետը չի փոխվել, և այդ հասարակությունը որևէ «արժեքի» չի դավաճանել: Բայց արժե՞ այս մռայլ ֆոնի վրա տալ Թումանյանի նման լուսավոր մարդու անունը:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ




ԻԼՀԱՄԻԶՄ՝ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Ժամանակն է, որ աշխարհն իմանա Ալիևների պատկերը: Իլհամիզմը ցեղասպանների գաղափարախոսությունն է: Այն ոչ մի առնչություն չունի ժողովրդավարության, ազատության, ճշմարտության, բարոյականության հետ: Մարդ, որն օժտված է մարդկային բոլոր բացասական հատկություններով և հետապնդում է մի նպատակ՝ զավթել, սպանել, ստել, կաշառել, թրքացնել, ոխ պահել:

Այս զազրելին թիկունքին ունենալով ցեղասպան Թուրքիայի նման պետության հովանավորությունը, նորից ուզում է ոչնչացնել հայերին, որ կարողանան կառուցել թուրքական համաշխարհային պետությունը:

Իլհամիզմը շարժում է ընդդեմ քրիստոնեության, մի բռնապետություն, որը միավորում է ցեղասպաններին, պանթուրքիստներին: Իլհամն իր գոյության արմատը գտնում է ցեղասպանության, ստի, կաշառակերության, բանբասանքի մեջ: Նա հպարտանում է իր նավթադոլարներով, որ կարողանում է կաշառել տարբեր երկրների ղեկավարների, այդ թվում՝ Հունգարիայի ղեկավարներին: Փողի տենդը Իլհամի մեջ սպանել է ամեն տեսակի վեհ զգացմունք։ Նա չի հասկանում, որ փողն է հանդիսանում ամեն չարիքի արմատը: Խրված հանցանքի գարշահոտը, նա շարունակում է հոխորտալ պատերազմ վերսկսելու մասին։

Իլհամը մոռացել է, իր թե հայրն ինչ արյունոտ էջեր է թողել Ադրբեջանի պատմության մեջ: ԽՍՀՄ չեկայի աշխատող Ալիևը կարողացավ իր ցինիզմով, կաշառքով, լպրծուն բնավորությամբ գրավել զառամյալ Բրեժնևի սիրտը։ Բավական է հիշել 1982 թ. Բրեժնևի այցը Բաքու:

Օդանավակայանում Բրեժնևի վզին ժապավեն կախեցին՝ մեդալի հետ, որտեղ գրված էր՝ Բրեժնեվը Բաքվի պատվավոր քաղաքացին է: Մատին են հագցրել թանկարժեք ադամանդե մատանի, ոսկե սուր են նվիրել: Բրեժնևի համար հատուկ դղյակ են կառուցել, որ ամառները նա այնտեղ հանգստանա:

Արցախցիների խաղաղ ցույցին Ադրբեջանը հակադրեց արյունոտ ջարդերը Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի այլ հայաբնակ վայրերում:

Ադրբեջանում ամբողջ իշխանությունն Ալիև ավագի հարազատների ձեռքում էր: Այսօր նույնն է՝ ամբողջ իշխանությունը Իլհամի հարազատների ձեռքին է: Մի խոսքով՝ խմբակային բռնապետություն է, որի ղեկավարը Իլհամ Ալիևն է: Լինելով հոր զավակը, նա ևս կարողանում է կաշառել ցանկացած պետության վերնախավին՝ իր սուտը հաստատելու համար: Նավթադոլարներով հարբած Իլհամը չի ամաչում հոր արձանը տնկել տարբեր երկրներում։ Մինչևիսկ հեռավոր Մեքսիկայում։ Բայց որպես ի՞նչ:

Որպես կաշառակերության անգերազանցելի տիպար, ստախոս ու ցինիզմի թույնով վարակված պանթուրքիստ: Հեյդարի մասին Ելցինն իր «Исповедь на заданную темы» գրքում 1990 թ. գրել է. «Ես մի թղթապանակ փաստաթղթերով՝ Հ. Ալիևի մասին, որտեղ պարզված է նրա հանցագործությունները, ուղիղ մեկ ժամ խոսել եմ Գորբաչովի հետ և ասել եմ՝ դա հանցագործություն է, այդպիսի մարդուն պահելը...»:

Պատմության մեջ երբեք գոյություն չի ունեցել Ադրբեջան պետություն: Այն Արևելյան Հայաստանի Ատրպատական գավառի անվան արաբական ձևն է: Ադրբեջանի հանրապետությունը ստեղծվել է արհեստականորեն՝ Արևելյան Հայաստանի տարածքում: Արդբեջանական հանրապետության ստեղծումը նշանակում է հայկական տարածքների բռնազավթում: Այդ մասին 1998 թ. հայտնի հայ պրոֆեսոր, պետական մրցանակի դափնեկիր Սուրեն Այվազյանը դիմել է ՄԱԿ-ին՝ կոչ անելով Ադրբեջան հանրապետությունը անհապաղ հեռացնել ՄԱԿ-ից, որպես մի կազմավորում, որը ուրիշի տարածքում ստեղծվել է ագրեսիվ բռնազավթողական նպատակներով:

Որքան էլ Իլհամը ստի, կաշառի տարբեր երկրների, մի օր պատռվելու է նրա հրեշավոր դեմքը, որն արդարացնում ու զինվորական բարձր կոչում, բնակարան ու ութ տարվա աշխատավարձ է տալիս մեկին, ով կացնով քնած հայ սպա է մորթել։
Իսկ եթե ժամանակին Հ. Ալիևին օրենքի առաջ կանգնեցնեին, այսօր Իլհամն այդ աստիճանի չէր լկտիանա։ Այն աստիճանի, որ անգամ արհամարհի միջազգային օրենքները և մարդասպանին հերոս դարձնի:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎԵՆՑ




ՈՐՊԵՍ ՀԱԹԵՐՔՑԻՆԵՐԻ ԳԵՐԴԱՍՏԱՆԻ ՅՈՒՐԱՏԵՍԱԿ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ

Ընթերցողի սեղանին է Միքայել Աղաջանյանի «Հաթերք. պատմությունը՝ հնադարից մինչև մեր օրերը» ստվարածավալ գիրքը, որը երկար որոնումների և ուսումնասիրությունների համառ ու տքնաջան աշխատանքի արդյունք է: Մի քանի տարի առաջ լույս տեսած նրա «Զագլիկի անմահները» վերտառությամբ գրքույկի բնութագրականում ասվածը, իրավամբ, կարելի է ասել նաև այս նոր գրքի վերաբերյալ, քանի որ հեղինակը հավատարիմ է մնացել իր ստեղծագործական նախասիրություններին ու սկզբունքներին: Այն է՝ Միքայել Աղաջանյանն ունի ինքնուրույն ոճ, ասելիքի պատկերավորման համանվագ հնչեղություն: Ավելին՝ այդ ոճը տարիների ընթացքում առավել հստակվել է, ասելիքը՝ խորացել, խտացել: Միքայել Աղաջանյանը պահպանելով հինը, մշտապես նորի ջատագով է, իսկ դա, ինքնըստինքյան, նոր չափանիշներ, նոր մոտեցումներ, արժևորում է պահանջում:

Լինելով պատմության հրաշալի գիտակ, երկար տարիներ դասավանդելով հարազատ գյուղի՝ Հաթերքի դպրոցում, իսկ հետագայում որպես տնօրեն գլխավորելով կրթօջախը, ինչպես նաև՝ պատկառելի մի ժամանակահատված հանդիսանալով գյուղի կոլտնտեսության ղեկավարը, հասարակության հետ ակտիվ շփումները Միքայել Աղաջանյանին հնարավորություն են տվել լավ ճանաչել մարդկանց և ըմբռնել նրանց հոգեբանությունը, քաջատեղյակ լինել ժողովրդի խնդիրներին և մտահոգություններին:

Այս գրքի թեման իր ծննդավայրն է: Գիրքը ներառում է 40 բաժին, որոնցում տրվում են գյուղի ֆիզիկաաշխարհագրական բնութագիրը, աղբյուրագիտական տեղեկություններ, գյուղի անցյալի, նրա անվան ծագման, պատմաճարտարապետական հուշարձանների և քրիստոնեության տարածման, ինչպես նաև տեղեկություններ են հաղորդվում Արցախ-Խաչենի անվանումների ծագման, իշխանությունների, այդ թվում՝ Հաթերքի տեր, Խաչենի գահերեցներ, Վախթանգյանների, Արցախ-Խաչենի իշխանների և Զաքարյան զորապետների օտար նվաճողների դեմ մղած պայքարի, Արցախ-Խաչենի սոցիալ-տնտեսական վիճակի և մշակութային կյանքի մասին:

 Գրքում լուսաբանվում են նաև թուրք-պարսկական պատերազմների, մելիքականության, ազգային-ազատագրական պայքարի և ռուսահպատակության ժամանակաշրջանի, Ղարաբաղում և Հաթերքում տեղի ունեցած անցքերը, 19-րդ դարի և 20-րդ դարի առաջին քառորդում Հաթերքի սոցիալ-տնտեսական վիճակի, 1946-1988 թթ. Հաթերքի տնտեսական զարգացման, շինարարական աշխատանքների, սոցիալական վիճակի մասին, Մեծ հայրենականին հաթերքցիների մասնակցության և տեղի ունեցած բռնությունների մասին հարցերը:

Գրքում մեծ տեղ է հատկացվում Արցախյան գոյամարտին հաթերքցիների մասնակցությանը, Հաթերքում տեղի ունեցած նշանավոր իրադարձությունների, հաղթանակի աղբյուրների, պատերազմի հետևանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների, գյուղի սոցիալ-տնտեսական պրոբլեմների և նրանց լուծման հեռանկարների մասին հարցերի պարզաբանմանը: Մյուս բաժինները նվիրված են Հին և Նոր Հաթերքի բնակչության նիստ ու կացի, ընտանեկան սովորույթների, մահվան հետ կապված արարողությունների, հավատալիքների և պաշտամունքի ձևերի, հաթերքցիների կողմից գործարծվող ասացվածքների, աղոթքների լուսաբանմանը և այլ խնդիրների:

Հեղինակին հաջողվել է ստեղծել հաթերքցի երևելիների գերդաստանի յուրատեսակ հանրագիտարան՝ սիրով, տքնանքով, արժանապատիվ հպարտությամբ, կերտել Երախտագիտության հուշարձան, որը միաժամանակ ներկայացնում է հայրենասեր հայի, իր երկրի ու ժողովրդի հոգս ու հրճվանքով ապրող մտավորականի իր տեսակը:

 Միքայել Աղաջանյանը համակողմանի անդրադարձ է կատարել գյուղի նախնիներին, նշանավոր մարդկանց, ականավոր գիտնականներին, գիտությունների թեկնածուներին, բժիշկներին ու գործիչներին։ Այդ մեծ գյուղի անվանի մարդկանց ցուցակում կան դոկտոր-պրոֆեսորներ, տասնյակ գիտության թեկնածուններ, սպորտի վարպետներ, մարզիչներ, անկախության մեծ ջատագովներ:

Գրքի հեղինակն անդրադարձել է Արցախյան ազատագրական պայքարին, Հաթերքի քաջարի զավակներին, գոյամարտում զոհվածներին։ Ներկայացնելով Հաթերքի անվանի զավակներին, նրանց կենսագրություններն ու ճակատագրերը՝ միաժամանակ նրանց միջոցով պատկերել է տոհմածառի շարունակությունը:

 Միքայել Աղաջանյանի «Հաթերք. պատմությունը՝ հնադարից մինչև մեր օրերը» գիրքը տեղեկատու է հայրենիքի և Սփյուռքի հայերի համար, հայագիտությամբ զբաղվող կենտրոնների համար, քանզի այստեղ հեղինակը չափազանց հարուստ նյութ է ներկայացնում, անդրադառնում է նաև Հաթերքի բնությանը, ճարտարապետական հուշարձաններին՝ կատարելով հայրենագիտական-երկրագիտական լուրջ հետազոտություն:

Գրքի վերջաբանում Մ. Աղաջանյանը նշում է, որ հարազատ գյուղի պատմությունը վաղուց պետք է գրվեր ու դառնար սեղանի գիրք: Նշում է նաև, որ չի գրվել, որովհետև բավարար աղբյուրներ չկային, հետևապես, շատ տվյալներ ձեռք բերվեցին մեծ դժվարությամբ: Վերջում հեղինակը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, որոնց օժանդակությամբ լույս է տեսել գիրքը։

Մնում է շնորհավորել հեղինակին՝ այս հիասքանչ գրքի հրատարակման առթիվ և ցանկանալ նրան հաջողություններ:

ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ




ԼՂՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԱՐԴԻ ՓՈՒԼՈՒՄ

Օրերս լույս է տեսել ԷԴՈՒԱՐԴ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ «Պարենային 
համակարգը Արցախ-Ղարաբաղում (300 և 500 հազար բնակչի 
հաշվով)» գիրքը, որը գիտարտադրական 
վերլուծությունների տեղեկատու է։
Կարծում ենք, գիրքը հետաքրքրություն է ներկայացնում 
ինչպես գյուղատնտեսության ոլորտի, այնպես էլ մարդկային 
ռեսուրսների զարգացման դինամիկայով զբաղվող 
մասնագետների ու ընթերցողների լայն շրջանակների համար:
Ներկայացնում ենք հատված այդ գրքից։ 

Համաշխարհային տնտեսական զարգացումը արդի փուլում արագորեն թևակոխում է գիտելիքի դարաշրջան, որը թելադրում է տարածքային համահունչ մոտեցում զարգացած և զարգացող երկրների տնտեսական մակարդակների մեծ տարբերությունները համահարթելու համար, որպես 21-րդ դարաշրջանի ծնունդ ու մարտահրավեր:

Գյուղատնտեսությունը ԼՂՀ գերակա ոլորտներից մեկն է: Երկրի կառավարման տարբեր մակարդակներում բազմիցս է անդրադարձ կատարվել նրա սոցիալ-տնտեսական նշանակությանն ու դերին, երկրի պարենային անվտանգության ապահովմանը, գյուղական համայնքների ամրապնդմանը՝ աղքատության հաղթահարման գործընթացներում: Սոցիալ-տնտեսական առումով, գյուղատնտեսության դերը գնահատվում է նաև նրանով, որ ներկա պահին երկրի բնակչության մոտ կեսն ապրում է գյուղական բնակավայրերում, իսկ գյուղատնտեսության ոլորտի համախառն արտադրանքի տեսակարար կշիռը երկրի համախառն ներքին արդյունքում թեկուզ ներկա պահին գտնվում է 15-16%-ի սահմաններում, այնուամենայնիվ, մոտ ապագայում ոտքի կանգնելով, այդ ցուցանիշը կհասնի մինչև 30%-ի սահմանները:

Հանրապետության տնտեսական անվտանգության համատեքստում ագրարային ոլորտի ռազմավարական զարգացման հիմնական նպատակն է բնատնտեսական ներուժի արդյունավետ ու հավասարակշռված օգտագործման արդյունքում անհրաժեշտ նախադրյալներ ստեղծել ոլորտի կայուն գործունեության ապահովման համար: Մինչդեռ մենք այսօր գյուղատնտեսության ոլորտում չունենք մշակված, գիտականորեն հիմնավորված զարգացման համընդհանուր ծրագրեր: Հետևապես ուր ենք գնում, ինչ ենք ստեղծում, չեմ հասկանում:

Պետությունը մեծ կապիտալ ներդրումներ է կատարում գյուղական վայրերում, այնքան շատ, որ չես էլ կարող համատեղել նախկին կարգերում կատարվածների հետ: Որտեղ ներկա դրությամբ հատիկահավաք կոմբայնների քանակը հասել է 301-ի, որից միայն 10-ը ձեռք է բերվել 2012 թվականին: Վատն այն է, որ նրանցից ոչ բոլորն են մասնակցել բերքահավաքին, ձգձգվել է բերքահավաքը՝ կորստի պատճառ դարձել: Այստեղ խանգարել են նաև եղանակային պայմանները:

Այնուամենայնիվ, 2012 թ. հացահատիկի արտադրությունը առաջին անգամ 20 տարում կհասնի 100 հազար տոննայի, որին բացասաբար են անդրադառնում նաև բերքատվության, մեծ չափերի հասնող տատանումները (10-16 և 45-50 ցենտեր հեկտարից): Միանգամայն արտոնյալ պայմաններ են ստեղծված հողագործի, անասնապահի համար: Բայց և ոչ մի արտադրաճյուղում կոնկրետացված չեն մեր անելիքները, հատկապես հողերի խոշորացման, կոոպերատիվների ու ֆերմերային տնտեսությունների զարգացման գործընթացներում: Այստեղ նկատվում է անթույլատրելի դանդաղկոտություն, իսկ մեխանիզատորը այսօր բերքահավաքի ժամանակ արդեն պահանջում է հողերի, ցանքերի խոշորացում և համատեղ աշխատանքների կազմակերպում գոնե հարթավայրային գոտիներում:

Քաշաթաղում և Քարվաճառում գյուղացիական տնտեսությունները նոր են ձևավորվում: Բայց նրանք, ոչ իրենց մեղքով, իհարկե ավելի շատ են կապված դրսի շուկայի հետ, քան Արցախ-Ղարաբաղի ներքին շուկային: Չէ՞որ մեր երկրի ամեն մի գյուղացիական տնտեսություն, բացի դրսի շուկայից, պարտականություն ունի նաև ներքին շուկայի պահանջները բավարարելու համար: Օրինակ՝ մեղրի արտադրության հիմնական մասը կատարվում է նշված 2 շրջաններում: Մինչդեռ ներքին շուկայում՝ Ստեփանակերտ, Շուշի և հանրապետության այլ քաղաքներում մեղրի վաճառք չի կազմակերպվում, հատկապես մեղր արտադրողները չեն ապահովում անգամ մանկապարտեզների պահանջը: Միանգամայն ցածր գներով մեղրը հանրապետությունից դուրս է բերվում, իսկ ներքին շուկա հանելուց էլ բարձր գին է նշանակվում՝ 1 կգ-ը 2500 և ավելի դրամ:

Արցախ-Ղարաբաղի երբեմնի բարգավաճ գյուղատնտեսության ոլորտը հիմնահատակ քայքայվեց ու փոշիացավ նրա ունեցվածքը անցյալ դարի 90-ական թվականների սկզբին, երբ մի հարվածով լուծարվեցին կոլեկտիվ տնտեսություններն ու խորհտնտնտեսությունները, այնպես և դրանց սպասարկող միջտնտեսային անասնապահական համալիրները: Այժմ խոշոր հողատեր տնտեսություններին փոխարինելու եկան հազարավոր մանր գյուղացիական, մասնատված հողակտորներով տնտեսություններ: Մանր մասնատված հողատարածություններով, սեփականատեր գյուղացին անցած 20 տարվա ընթացքում նորից վկայեց, որ նա լրիվությամբ սպառել է իրեն և այլևս ի զորու չէ բավարարել երկրի բնակչության պահանջը՝ պարենամթերքների նկատմամբ, որն ավելի աչքի զարնվեց ընթացիկ տարվա բերքահավաքի ընթացքում։ Իսկ մենք լուռ ու մունջ սպասում ենք ինչ-որ հրաշքի, որը չի եղել և այժմ էլ չի կարող լինել: Ուստի, եթե ոչինչ կոնկրետ չփոխվի այս ոլորտում, ապա մեր պարենային համակարգը դեռ այսպես երկար կմնա կախված սպեկուլյանտից, որը երբ ցանկանում է, այն ժամանակ էլ սեղմում է գնագոյացման պտուտակը:

Երբեմն (թեկուզ կրկնողություն լինի) ինքս ինձ հարց եմ տալիս, բայց մինչև հիմա չեմ գտնում նրա իրական պատասխանը: Վերջապես այժմ ո՞ւմ է պատկանում հողը: Կլինեն այնպիսիները, որ կասեն՝ սեփականատեր հողագործին: Բայց եթե այժմ ամբողջ հողատարածությունների հազիվ 1/3-ն է սեփականաշնորհված, իսկ 2 անգամ ավելին մնացել է անմշակ, վերածվել խամ ու խոպանի, ապա դա ո՞ւմ է պատկանում: Եթե պետությանը կամ գյուղապետարանին, ապա ինչո՞ւ նրանք դրան տեր չեն կանգնում: Իսկ սա մինչև ե՞րբ...

Այդ այն դեպքում, երբ մենք նոր ծրագիր ենք մշակում Արցախ-Ղարաբաղում բնակչության թվաքանակը հասցնել 300 և 500 հազար մարդու, որը զուգահեռաբար կպահանջի նաև պարենային մթերքների արտադրության ավելացումը:

Բայց անհասկանալի է մնում նաև մթերատու անասնագլխաքանակի ոչ անհրաժեշտ տեմպերով զարգացման գործընթացքը, երբ դրա համար առկա են բոլոր անհրաժեշտ բնական ռեսուրսները: Նախկինի համեմատ մթերատու անասնագլխաքանակը՝ խոշոր եղջերավոր անասունների նախիրը կիսվել է, խոզերինը, այծ ու ոչխարինը՝ նվազել ավելի քան 10 անգամ: Այդ այն դեպքում, երբ այսօր մեր հողատարածությունները ավելացել են մոտ 2.5-3 անգամ: Արդյունավետ չեն օգտագործվում անծայրածիր արոտավայրերն ու խոտհարքները: Իսկ սակավ բերրիությամբ գյուղամերձ արոտավայրերի հաշվին, կիսաքաղց վիճակում պահված անասունից ի՞նչ տոհմ ու ի՞նչ մթերատվություն կարելի է պահանջել: Ճիշտ է ասված, որ «կովի կաթը գտնվում է նրա լեզվի վրա» (ընդունած կերի չափի մասին է խոսքը):

Միանգամայն դանդաղ է կարգավորվում տավարի տոհմային հատկանիշների բարելավումը։ Իսկ կովերի արհեստական սերմնավորումը դեռևս մասսայական բնույթ չի կրում: Տոհմային անասունների վաճառքի գները այնքան բարձր են, որ գյուղացին ի զորու չէ մոտենալ նրան: Հրամայական պահանջ է դարձել այդ անասունների վաճառքը կազմակերպել բանկային վարկերի կամ փոքր հասակից արդեն կազմակերպված ֆերմերներին նվիրատվությունների միջոցով՝ պետության հաշվին:

Վերջին հաշվով, մի՞թե թույլատրելի է՝ ունենալ բարձրարժեք տոհմային արտադրող ցուլիկներ, և նրանց մատնել անգործության, միանգամայն մոռանալով նրանց կենսական ծերացման ու կարողությունների նվազեցման հարցերը, իսկ նրանց պահպանման ու կերակրման համար կատարել ավելի մեծ ծախսեր, քան նրանց վաճառքի սկզբնական գներն էին: Ո՞վ է շահում նման գործողությունից, իհարկե՝ ոչ մեկը: Իսկ արտադրությունը այլ բան է հուշում՝ ինչքան հնարավոր է ավելի շուտ և ավելի շատ տոհմային ցուլիկներ ընդգրկել նախիրի տոհմային աշխատանքների բարելավման գործընթացներում: Դրա հետ միասին՝ գյուղերում չեն նկատվում էնտուզիաստ երիտասարդներ, որոնք որպես տոհմակայանի աշխատակիցներ կկարողանային տոհմային արտադրող ցուլ ձեռք բերել և կոոպերատիվ հիմունքներով կազմակերպել կովերի սերմնավորումը գոնե մեկ առանձին համայնքում:

Այնուամենայնիվ, վերջին մի քանի տարվա եկամուտների աճի տեմպերը գյուղատնտեսության ոլորտում հույս ու հավատ են ներշնչում հանրությանը, որ ոլորտն աստիճանաբար ոտքի կկանգնի և Արցախը կվերածվի մի հզոր ու բարգավաճ երկրամասի, իր զարգացած գյուղատնտեսության ոլորտով, մթերքների վերամշակման կոոպերատիվների լայն ցանցով, կաթի ընդունման և մսի մթերման կետերով ու այգետարածություններով, որտեղ կաճեցվեն խաղողի վազի ու նռենու, թզենու և այլ պտղատու ծառատեսակներ:

Մեզ մոտ՝ Արցախում հեռանկարային է նաև մեղվաբուծությունը, որը վկայում է նրա աճի բուռն տեմպերը, հատկապես Քաշաթաղի և Քարվաճառի (այժմ՝ Շահումյանի) շրջաններում, որտեղ հնարավոր է նաև էկոլոգիապես մաքուր մեղրի ստացման արտադրությունը՝ միջազգային շուկաներ առաքելու համար:

Ընթացիկ տարվա բերքի տակ նախորդ աշնանը կատարվել է ավելի քան 51 հազար հեկտար աշնանացան, իսկ ընթացիկ տարվա գարնանացանի ցանքատարածությունները անցնում են 11 հազար հեկտարից: Հաշվի առնելով նախորդ տարվա սխալները, երբ 5000 հեկտար եգիպտացորենի մի մասը հողագործը չկարողացավ ոռոգել, մի մասն էլ բերք չապահովեց, ընթացիկ տարում եգիպտացորենի ցանքատարածությունները կրճատվել են 2000-2500 հեկտարով, դժվարացնելով կերարտադրության հարցերը՝ այն փոխարինելով 580 հա հնդկացորենի ցանքերով, որի փորձարկումները տվել են դրական արդյունքներ:

ԷԴ. ԳԱՍՊԱՐՅԱՆ




ԳԵՏԵՐԸ

ԼՂ հանրապետության տարածքով են հոսում մեծ ու փոքր 2659 գետեր ու գետակներ, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 8395 կմ, նրանցից 2540-ը (95%) ունեն 10.0 կմ-ից պակաս երկարություն, որոնք միասին ունեն 5768 կմ (69%) երկարություն: Տասը և ավելի կմ երկարություն ունեցող գետերը 99-ն են, 2627 կմ ընդհանուր երկարությամբ: Ընդ որում՝ 5 գետ ունի 100 և ավելի կմ երկարություն:

Գետերի մեծ մասը սկիզբ է առնում տարածքի համեմատաբար բարձր՝ Մռավի և Ղարաբաղի լեռնաշղթաների մերձակա շրջաններից։ Բոլորն ունեն մեծ թեքություն ու մեծ անկման աստիճան և բոլորն էլ արագահոս են: Գետերի ջրահավաք ավազանների մակերեսը տատանվում է մի քանի քառ. կմ-ից մինչև 2650 քառ. կմ սահմաններում: Գետերից շատերը հասնում են Կուր և Արաքս գետերին, կազմելով նրանց ջրահավաք առանձին ավազաններ:

ԹԱՐԹԱՌ: Տարածաշրջանում Կուր գետի ավազանին պատկանող ամենաերկար (200 կմ) և ջրառատ գետն է, որի տարեկան հոսքը կազմում է մոտ 750 մլն մ3, և ունի մեծ ջրահավաք ավազան (2650 քառ. կմ), որի միայն միջին հոսանքներն են գտնվում մեր տարածքում: Գետի ակունքը գտնվում է 3120 մ բարձրության վրա: Կուր գետի մեջ է թափվում նրա գետաբերանից 523 կմ հեռավորության վրա: Նա ձախից ընդունում է Թրղի վտակը: Նրա հարթավայրային շրջանը սկսում է Մատաղիս գյուղից:

ԳԱՆՁԱԿ գետը սկիզբ է առնում Մռավի հյուսիսային լանջերից, որի ակունքը գտնվում է լեռնանցքի արևմտյան լանջերին: Գանձակը ևս թափվում է Կուր գետի մեջ՝ ակունքից 320 կմ հեռավորության վրա: Գետի երկարությունը 90 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը կազմում է 752 քառ. կմ տարածք:

ՔՅՈՒՐԱԿ գետը սկիզբ է առնում Մռավի հյուսիսային լանջերից 3100 մ բարձրության վրա, երկարությունը՝ 126 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը՝ 2080 քառ. կմ: Նրա նշանավոր վտակը Գերանն է, որն ունի 81 կմ երկարություն: Նա իր ճանապարհին ստեղծում է Գյոյ-Գյոլ, Մարալ-Գյոլ, Աղգյոլ և այլ լճեր:

ԻՆՋԱ գետը սկիզբ է առնում Մռավի արևելյան լանջերից՝ 2590 մ բարձրության վրա: Նա թափվում է Կուր գետի մեջ, երկարությունը 83 կմ է, իսկ ջրահավաք ավազանի մակերեսը՝ 255 քառ. կմ:

ԽԱՉԵՆ գետը Արցախի տարածքի համեմատաբար մեծ գետերից է, որը սկիզբ է առնում 2100 մ բարձրությունից և չի հասնում Կուր գետին: Նրա ջրահավաք մակերեսը կազմում է 657 քառ. կմ տարածք:

Նրա առավել հայտնի վտակը Քոլատակն է, որի երկարությունը 25 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը հավասար է 102.3 քառ. կմ-ի:

ԿԱՐԿԱՌ գետը սկիզբ է առնում Ղարաբաղի լեռնաշղթայի արևելյան լանջերից՝ 2080 մ բարձրության վրա, երկարությունը 109 կմ է: Նրա ջրահավաք ավազանի մակերեսը կազմում է 1490 քառ. կմ-ի:

Նրա առավել նշանավոր վտակներից են ՄԵՂՐԱԳԵՏԸ (27.6 կմ), ԲԱԴԱՐԱՆ (32.3 կմ) և ՏՐԱԿԵՏԸ, որի երկարությունը չի անցնում 25 կմ-ից:

ՀԱԳԱՐԻ գետը Թարթառից հետո տարածքի 2-րդ խոշոր և ջրատար, մեծ ջրահավաք ավազան ունեցող գետն է: Նա սկսում է Շոշավանքի և Հոչանց վտակների միախառնումից՝ 2580 մ բարձրության վրա, թափվում Որոտան գետի մեջ, երկարությունը՝ 113 կմ, ջրահավաք ավազանը՝ 2570 քառ. կմ:

ԻՇԽԱՆԱԳԵՏԸ թափվում է Արաքս գետի մեջ։ Սկիզբ է առնում 2280 մ բարձրությունից, գետի երկարությունը հավասար է 74 կմ-ի, իսկ ջրահավաք ավազանը՝ 483 քառ. կմ ։

ՎԱՐԱՆԴԱ գետը սկիզբ է առնում 1780 մ բարձրությունից և թափվում է Արաքսի մեջ, ջրահավաք ավազանն ունի 501.2 քառ. կմ մակերես: Գետի երկարությունը 81.2 կմ է, ջրահավաք ավազանն ունի 6.18 կմ լայնություն:

ԷԴՈՒԱՐԴ ԳԱՍՊԱՐՅԱՆ




ԲՈՐԶԻ

Էսօր մի դեպք հիշեցի իմ ծառայությունից: Ծառայել եմ ԼՂՀ պաշտպանական բանակում 1999-2001: Մի զինակից ունեի Բորզի մականոնով՝ շատ արկածախնդիր տիպ էր: Սիրում էր էնպիսի բաներ անել, ինչով հետո կարող էր պարծենալ: Մեկ-մեկ չափազանցնում էր պատմությունները, բայց հնարավոր էր էղածն ավելացրածից տարբերել:

Միասին էինք պոստ գնում: Ինքը «16»-ում էր, ես՝ «17»-ում: Մեկ մեկ սահմանն անցնում էինք, շպալերի նռնակներն էինք հանում, տեղերը փոխում, կարճ ասած՝ ականների ռակիրովկա անում, որ արդեն հին դիրքին սովոր անցնողը վարի գնար (մանր չարություններ էին, որոնց համար դատում են):

Մի օր միտք ծագեց մտնել ազերու խրամատ: Բայց մենք մինչև օր ու ժամ էինք որոշում, մեր վաշտի հրամանատարը վատ հոտ առնելով մեր միասին զբոսանքներից, Բորզիին տեղափոխեց ցերեկային հերթափոխ: Բայց ազերու խրամատի միտքը Բորզուն հանգիստ չէր տալիս: Մի օր մենակ գնաց առանց որևե մեկին ասելու: Օրը ցերեկով գնաց ու բարեհաջող վերադարձավ:

Հետո պատմում էր մոտավորապես էսպես՝ «Մտա խրամատ, շների հաչոցներ լսեցի, հետո ջոկեցի տեղը չի փոխվում հաչոցի, ասի կապած են ուրեմն, առաջ գնացի բլինդաժը գտա՝ մտա, ներսը 7-8 հոգի: Ասի՝ գռռցնեմ կալաշս, էն էլ քնած էին ....երը: Ձեռիս կռծած բիբարը խփեցի պատի մեխին ու հելա»:

Էդտեղ մերոնք սկսեցին խնդալ, թե էլի հորինում ես, մտար ու բան չարի՞ր: Բորզին մի քիչ վիրավորվեց, բայց սովոր էր որ իրա պատմածներին էդքան էլ չեն հավատում, իրանից գոհ դեմքով հանեց մի հատ թղթի կտոր ու դրեց դեմներս: Շախ ու մատ: Ազերների «карточка огня»-ն էր: Դա դիրքի մարտավարական քարտեզն է, որը լինում է միայն դիրքի պատասխանատու սպայի մոտ: Էլ կասկած չկար: «Գիտեի որ չեք հավատալու: Մարդու չասեք, կդատվեմ». ասեց ու գնաց պառկեց հպարտ դեմքով:

Որոշ ժամանակ անց քարտեզը շտաբ էր հասել, հարցուփորձ էին անում, թե որտեղից ու ով է ձեռք բերել: Էդպես էլ չիմացան: Բորզին էլ մենք էլ չգիտեինք՝ իմանալուց հետո կպարգևատրեի՞ն, թե՞ կդատեին սահմանը խախտելու համար: Հիմա որ հիշում էմ էդ խոսքերը «քնած էին գ....երը» ես էլ եմ հպարտություն զգում: Հասարակ շարքային էր Բորզին, շատ չէր մտածել էդ պահին: Արկած էր իրա համար էդ, հերոսական սխրանքի չէր գնացել: Գիտակցում էր, որ կարող է խփեն, ատում էր, ոնց որ կատեն թշնամուն, բայց չէր կարող քնած թշնամի սպանել: Դա, մեղմ ասած, պատիվ չէր բերի:

Եթե անգամ հրամանատարներն իմանային էլ, ամենաշատը որ կանեին իրա համար, էդ բոլոր չեպեները վրայից հանել ու արձակուրդ ուղարկելը կլիներ: Կամ միգուցե ռազմական ոստիկանություն. ի՞նչ իմանաս:

Հիմա որ Սաֆարովի մասին եմ կարդում, մտածում եմ, թե ինչ մեղկ է էն ազգը, որը կարող է հերոսի կոչում տա մեկին, ով էնքան ռիսկ է ունեցել, որ քնած թշնամուն համարձակվել է սպանել, էն էլ ոչ պատերազմական պայմաններում:

Եթե հայը քնած ազերի սպաներ Հունգարիայում, կամաչեի, որ տենց անասուն ենք ուղարկել ու խայտառակվել ու ուրախ կլինեի, որ բանտում փտեր: Իսկ թե ոնց էղավ, որ վերադարձավ ու ազատ արձակվեց, թող մտածեն մեր ու Հունգարիայի հեղինակազուրկ իշխանությունները:

Մի բան էլ. պետք չէր Հունգարիայի դրոշ վառել: Բոլորս էլ կնեղվենք, երբ ուրիշ ազգը մեր դրոշը վառի մեր կաշառակեր իշխանավորների պատճառով: Հիշեք ինչ վիրավորական էր, երբ եվրոպացիք մեր արտգործնախարարին «պոնչ» էին անում: Քաղաքացին է վիրավորվում իր երկրի դրոշի այրելուց, ծախու իշխանավորն անգամ իր հասցեին էլ դա չի ընդունում:

Հ. Գ. Երբ կռիվ սկսվի, Սաֆարովի պես «հերոսեների» բանակը մինչև սպասի քնենք, մենք արդեն իրենց տանը կլինենք:

«Ով քնած է՝  արթուն կացեք,
Ով արթուն է՝  ձիեր թամբեք,
Ով թամբել է՝  զենքեր կապեք,
Ով կապել է՝  ելեք, հեծեք,
Չասեք Դավիթ  գող-գող եկավ,
գող-գող գնաց…»։

Սասունցի Դավիթ

Մեր հերոսն էսպիսին ա, իսկ ձե՞րը:

ԲԱԲԿԵՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

September 3, 2012
groghucav.am





ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ ԼԵՈՆԻԴ ԲՐԵԺՆԵՎԻՆ

Մեծարգո Լեոնիդ Ւլյիչ
Մոտ օրերս լրանում է իմ 88 տարին և նախքան այս աշխարհից հեռանալը ցանկություն ունեմ ոտք դնել այն հողի վրա, որտեղից դուրս են եկել իմ նախնիները: Դրանք միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիի ավերակներն են, որոնք գտնվում են Թուրքիայի հետ սահման կազմող Ախուրյան գետի հանդիպակաց ափին: Դա՝ համաշխարհային նշանակության ճարտարապետական այդ հուշարձանը, իմ ժողովրդի հպարտությունն է և սեփականությունը: Հինգ քառակուսի կիլոմետր տարածքը, որը զբաղեցնում են Անի քաղաքի ավերակները, մեծ չէ, բայց այդ փոքր հողակտորը հանդիսանում է Հայաստանի սրբավայրը:

Ես ողջ ժողովրդի անունից, ողջ քաղաքակիրթ մարդկության անունից խնդրում եմ Ձեզ, վերադարձրեք Անին մայր հայրենիքի գիրկը, թույլ միք տա նրան վերջնականապես անհետանալ օտարերկրյա տիրապետության հարվածների տակ:
Փրկեցե՛ք Անին և շնորհակալ հայ ժողովուրդը ողջ աշխարհի առջև դարեդար կհատուցի Ձեզ խորին երախտագիտությամբ և հիացմունքով:

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ
Սոցիալիստական աշխատանքի հերոս,
ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ,
Լենինյան մրցանակի դափնեկիր
22.01.1968 թ.
Երևան




«ՄԵՆՔ՝ ԿԻՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐՍ, ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆՔ ԽՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՒԳՈՐԴԵԼ ՄԵՂՄ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՀԵՏ» 

Պարեկապահակետային ծառայության նորաստեղծ 
հատուկ ստորաբաժանման ոստիկանները մարտ ամսից 
ծառայություն են իրականացնում Երևանի Փոքր 
Կենտրոնում: Նպատակը՝ հասարակական վայրերում և 
զանգվածային միջոցառումների ժամանակ պահպանել կարգ ու 
կանոնը, հասարակության մոտ ձևավորել ոստիկանի նոր կերպար: 
Հատուկ ստորաբաժանումն աչքի է ընկնում նաև այն 
հանգամանքով, որ գումարտակում կան աղջիկ ոստիկաններ, 
թվով 14 հոգի: Առաջիկայում նախատեսվում է նրանց թիվն 
ավելացնել:
Մինչ ծառայության անցնելը՝ ոստիկանները վերապատրաստվել 
են: Տիրապետում են օտար լեզուների, մարտարվեստի հնարքների, 
բանակցելու, առաջին բուժօգնության հմտությունների և այլն… 
Գրեթե բոլոր ոստիկաններն ունեն բարձրագույն կրթություն: 
Տարբերվում է նրանց նաև համազգեստը՝ նրանք 
խաղաղության հրեշտակներ են:
Իրավաբան.net-ը զրուցել է Պարեկապահակետային 
ծառայություն իրականող հատուկ ստորաբաժանման ոստիկան, 
լեյտենանտ ԷԼԵՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ:

Փաստեր
2006 թվականին ավարտել է Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցը:
2006-2010 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնում:
2010-2012 թթ. սովորել է նույն ամբիոնի մագիստրատուրայում: Ավարտել է կարմիր դիպլոմով:
2012 թվականի մայիսից աշխատում է ոստիկան պարեկապահակետային ծառայության նոր ձևավորված հատուկ ստորաբաժանումում:

- Կարծում են՝ փոքր ժամանակ ռետինե մահակ, ձեռնաշղթա, սուլիչ ու առաջին բուժօգնության պարագաներ ունենալու մասին չեք երազել: Առավել ևս, որ մշակութաբանի մասնագիտացում ստանալով՝ այսօր դառնալու եք ոստիկան: Ինչպե՞ս որոշեցիք ընտրել ոստիկանի աշխատանքը:
- Իհարկե, փոքր ժամանակ ոստիկան դառնալու մասին չեմ երազել, մտքովս էլ չի անցել, սակայն մագիստրատուրայի վերջին կուրսում դասախոսի կողմից առաջարկ եղավ փորձել ուժերը նաև ոստիկանության համակարգում: Հարցազրույցով անցա աշխատանքի… Չեմ մտքափոխվել, որ այս համակարգում եմ: Սիրում եմ ոստիկանի աշխատանքը:

- Ինչպիսի՞ն էր Էլեն Բաբայանը մանկության տարիներին:
- Ավելի համարձակ եմ եղել, փորձում էի խաղերի ընթացքում անպայման հաղթել: Հաճախել եմ պարի, երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժին:

- Համոզված եմ՝ հակառակ սեռի ներկայացուցիչները մեծ հիացմունքով են նայում կին ոստիկաններիդ: Իսկ ինչպիսի՞ն է քո վերաբերմունքն աշխատանքիդ նկատմամբ:
- Քանի որ հասարակական վայրերում ծառայություն ենք իրականացում, քաղաքացիներն ու զբոսաշրջիկները մեծ հիացմունքով են նայում: Մոտենում են, հարցնում թե ինչ առաքելություն ունենք: Սկզբում մտածում էին, որ մենք բույժքույրեր ենք, սակայն արդեն սովորել են մեզ՝ որպես ոստիկանի: Հիացմունքով նայում են և՛ հակառակ սեռի ներկայացուցիչները, և՛ կանայք, և՛ երեխաները: Սկզբում մի փոքր անսովոր էր կին ոստիկան տեսնելը, սակայն գնալով ավելի վստահում են մեզ՝ տեսնելով մեր աշխատանքը, նվիրվածությունն ու հարկ եղած դեպքում օգնելու պատրաստականությունը: Իհարկե, մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերում աշխատանքիս, այլ կերպ չէր էլ կարող լինել:

- Ի՞նչ հետաքրքիր դեպքեր կամ հաճոյախոսություններ են հնչում ծառայության ժամանակ:
- Շատ են լինում… Հիմնականում ասում են, որ հավանում են մեր համազգեստը: Կանայք նշում են, որ ուրախ են կին ոստիկան տեսնելով, քանի որ կարող են դիմել այնպիսի հարցերով, որով չէին դիմի տղամարդ ոստիկաններին: Տարեցներն էլ ասում են, որ մեր հայտնվելով մթնոլորտը փոխվում է:

- Ովքե՞ր կարող են դիմել դրսում պարեկապահակետային ծառայություն իրականացնող ոստիկաններին:
- Կարող է դիմել ցանկացած ոք: Դիմում են ամենատարբեր հարցերով՝ տուրիստները կարող են որևէ վայրի տեղ հարցնել, ցանկանան խոսել կամ նկարվել մեզ հետ: Իսկ մեր քաղաքացիները հետաքրքրվում են նաև, թե ինչ գործառույթներ ունենք մենք: Շատ երեխաներ, մեզ տեսնելով, հաճախ ասում են, որ մեծանան ոստիկան են դառնալու: Մենք տիրապետում ենք մի շարք հմտությունների մարդկանց օգտակար լինելու համար:

- Բացի դրսում ծառայություն իրականացնելուց՝ նաև դասերի եք մասնակցում: Կմանրամասնե՞ք, թե ի՞նչ եք անում դասերի ժամանակ:
- Ծանոթանում ենք ոստիկանների աշխատանքին առնչվող օրենքներին, հավաքների ժամանակ ոստիկանի գործողություններին՝ օրենքով սահմանված կարգով, ուսումնասիրում ենք զենքի կիրառման և գործադրման դեպքերը: Անցնում ենք նաև հոգեբանություն, քանի որ հոգեբանությունը սերտ կապի մեջ է մեր մասնագիտության հետ: Մարմնամարզությամբ ենք զբաղվում, ձեռնամարտի հնարքներով և այլն:
Վերջացրել ենք առաջին բուժօգնության դասընթացը, ուսումնասիրել ենք քրեական, քրեադատավարական, վարչական իրավունքները, պարեկապահակետային ծառայությանն առնչվող դրույթները: Շարունակում ենք ուսումնասիրել օտար լեզուներ՝ ավելի կատարելագործելով մեր իմացությունը:
Հատուկ ստորաբաժանումում գրեթե բոլոր ոստիկանները բարձրագույն կրթություն ունեն: Նաև դրանով է պայմանավորված, որ մեր հարաբերությունները միմյանց և հրամանատարների հետ շատ դրական է:

- Ինչո՞վ եք սիրում զբաղվել աշխատանքային ժամերից դուրս:
- Քանի որ շատ ժամանակ եմ անցկացնում դրսում, ազատ ժամերին սիրում են ընտանիքի հետ լինել կամ ընկերուհիների հետ զբոսնել: Տանը եղած ժամանակ սիրում եմ ֆիլմեր դիտել և ընթերցանությամբ զբաղվել:

- Իսկ ո՞րն է Ձեր վերջին կարդացած գիրքը և ամենասիրելի գիրքը:
- Վերջին կարդացած գիրքը Թեոդոր Դրայզերի «Ամերիկյան ողբերգությունն» է եղել, իսկ ամենասիրելի գիրքը՝ Սոմերսեթ Մոյեմի «Լուսինն ու վեց պենսանոցը»:

- Ի՞նչ է սիրում պատրաստել ոստիկանը խոհանոցում։
- Շատ եմ սիրում ելակով տորթ և նաև պատրաստում եմ:

- Ոստիկան (պատմ.) պահլավերեն բառ է, նշանակում է հավատարիմ, վստահելի: Որքանո՞վ է բառի բացատրությունն այսօր համապատասխանում հասարակության մեջ ոստիկանի ունեցած հեղինակությանը:
- Վստահությունը գնալով աճում է: Մարդկանց համար արդեն խորթ չէ մոտենալ ոստիկանին, ինչ-որ բան հարցնել, զրուցել: Հեղինակությունն էլ թե’ մեր ստորաբաժանման, թե’ ամբողջ ոստկական համակարգի նկատմամբ կարող եմ ասել՝ բարձրանում է:

- Իսկ կին ոստիկանների թվի ավելացումը կարո՞ղ է ոստիկանի նկատմամբ բարձրացնել հավատն ու վստահությունը:
- Ինչպես ցանկացած այլ բնագավառում, ոստիկանության համակարգում ևս կին ոստիկաննների թվաքանակի ավելացնումը կբերի միայն դրական փոփոխությունների: Մենք՝ կին ոստիկաններս, աշխատում ենք խստությունը զուգորդել մեղմ վերաբերմունքի հետ:

ՆՈՒՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Իրավաբան.net




ԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ

Վերջերս ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով «գծագրություն» առարկան հանվել է ուսումնական ծրագրից: Հաստատ, նախարարը համոզված է, որ այդ առարկան հայկական դպրոցի աշակերտների համար ավելորդ բեռ է և խանգարում է շախմատ խաղալուն: Ավելորդ չէ նշել, որ շախմատը, ի հեճուկս մեր թշնամիների, հայկական դպրոցներում մտցված է որպես հանրակրթական առարկա: Նախարարի վերոնշյալ կարծիքը էլ ավելի է բյուրեղացել ու անփոփոխելի դարձել, երբ հայ շախմատիստները թշնամական Թուրքիայում՝ Ստամբուլի 40-րդ շախմատային օլիմպիադայում, վերջին տուրում հաղթելով վերջերս թշնամի դարձած Հունգարիայի հավաքականին, երրորդ անգամ դարձել են օլիմպիական չեմպիոն:

Լավ, ասենք նախարարը ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, այդպես է մտածում, մարդ է, էլի, հերթական անգամ օգտվում է իր սխալվելու իրավունքից (եթե հաշվի առնենք նաև օտարալեզու դպրոցների բացումը), բա մյուս պետական այրերն ի՞նչ են մտածում։ Մի՞թե ոչ մեկը չի կարդացել ՀՀ «Կրթության մասին» օրենքի «Կրթության բնագավառում պետական քաղաքականությունը» բաժնի հետևյալ դրույթը.

- Կրթության բնագավառում պետական քաղաքականության հենքն ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող և համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորումն է:

Հետաքրքիր է, ինչպե՞ս են հայկական դպրոցներում մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ապահովելու առանց «գծագրություն» առարկայի, որը բազմաթիվ մասնագիտությունների հիմքն է: Առանց գծագրության պոլիտեխնիկական, ճարտարապետա-շինարարական կրթություն ստանալն ուղղակի անհնարին է:

ՀՀ կրթության և գիտության նախարարի որոշումը պատահական չէր. դեռ մինչ այդ մի քանի նախապատրաստական «միջոցառումներ» էլ են կատարել: Սկզբում՝ խորհրդային տարիներին, առարկան երեք տարով էր դասավանդվում՝ 7-9-րդ դասարաններում, ապա ԽՍՀՄ փլուզման շրջանում հանվեց 9-րդ դասարանի ուսումնական պլանից: Հետագայում նորանկախ Հայաստանի կրթության նախարարը նաև 7-րդ դասարանի ուսումնական պլանից հանեց: Փաստորեն ստացվում է, որ նախարարի քմահաճույքից է կախված այս ակամ այն հանրակրթական առարկայի ճակատագիրը:

Հետաքրքիր մի փաստ ևս: Տարիներ առաջ կրթության նախարարը հայտարարել է, թե մեր երկրին անհրաժեշտ են իրավաբաններ և տնտեսագետներ: Ոգևորված նախարարի պատվիրանից, հայկական համալսարաններն այնքան տնտեսագետներ և իրավաբաններ են «թողարկել»« որ աշխարհում մեկ շնչին ընկնող նշված մասնագետների թվով ԼՂՀ-ն և ՀՀ-ն առաջին և երկրորդ տեղերն են զբաղեցնում:

Ինչպես հայտնի է, ԼՂՀ կրթական համակարգը սերտորեն կապված է ՀՀ կրթական համակարգին (ավելի ճիշտ՝ մի մասն է կազմում)։ Կրթական բնագավառում Հայաստանում կատարվող ցանկացած փոփոխություն (լավ, թե վատ), տեղափոխվում է Արցախ: Ուստի ցանկացած փոփոխություն կատարելուց առաջ պետք է լրջորեն քննարկումներ կատարվեն գիտական-մանկավարժական և ակադեմիական մակարդակներում, որ հնարավոր լինի մեղմելու 12-ամյա կրթահամակարգի ավերածությունները, որի մասին բազմիցս ենք անդրադարձել: Ավելորդ չենք համարում կրկին մեջբերելու Հունաստանի Սահմանադրության հոդված 16-ի 2-րդ կետը. «Կրթությունը հանդիսանում է պետության կարևորագույն խնդիրը, որի նպատակն է բարոյական, հոգևոր, մասնագիտական և ֆիզիկական դաստիարակությունը, ազգային և կրոնական գիտակցության զարգացումը, ազատ և պատասխանատու քաղաքացիների ձևավորումը»: Հունական պետությունը ոչ միայն միջամտում է կրթական համակարգի «ներքին գործերին», այլև ամբողջովին վերահսկում, ֆինանսավորում և հովանավորում է այն: Նույնը պետք է կատարվի Հայաստանում (ՀՀ և ԼՂՀ), այլ ոչ թե թողնվի մեկ կամ մի քանի մարդկանց քմահաճույքին:

Իմ խորին համոզմամբ, Արցախյան պատերազմում կրած հաղթանակի համար առաջին հերթին պետք է երախտապարտ լինել հայկական դպրոցին, որից այժմ քիչ բան է մնացել:

Արցախում պատերազմի հաղթական ավարտից հետո, սոցիալ-տնտեսական փոփոխությունները և աշխարհաքաղաքական զարգացումները մեզ՝ հայերիս, պարտադրել են փոփոխություններ կատարել բոլոր բնագավառներում, այդ թվում՝ նաև կրթական համակարգում։ Իրենց պայմաններն են թելադրել նաև Համաշխարհային բանկը, Միջազգային արժութային հիմնադրամը, եվրոպական համագործակցության մի շարք կառույցներ։ Կրթական համակարգը վերափոխելու համար մեծ քանակությամբ դրամական միջոցներ են հատկացվել ծրագրերի, մեթոդաբանության և դասագրքերի հրատարակման համար՝ առանց հաշվի առնելու մեր ազգային առանձնահատկությունները, հոգեկերտվածքը, ավանդույթներն ու սովորույթները, կրթության և դաստիարակության վերաբերյալ բազմադարյա փորձը։ Արդյունքում՝ մեր դպրոցներում ազգային արժեքները և ազգային գաղափարախոսությունը սկսեցին համարվել կեղծ հասկացություններ կամ երկրորդ պլան մղվել, իսկ դաստիարակությունը վերացավ:

Ամիսներ առաջ ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը պատասխանելով լրագրողի հարցին՝ «Ի՞նչ արժեքների վրա պետք է դաստիարակվեն աշակերտները դպրոցում: Ինչպիսի՞ն պետք է լինի ՀՀ քաղաքացին», նշել է. «Դաստիարակության հարցը որոշ իմաստով մեզ մոտ դեռ քննարկվող թեմա է: Անցած տարիներին, երբ ամեն ինչ վերանայվում էր, դպրոցից դաստիարակության հարցերն աննկատելիորեն դուրս մղվեցին: Հիմա արդեն երկար քննարկումներ ու աշխատանքներ ենք տանում, որպեսզի դաստիարակության խնդիրը դարձյալ վերադառնա դպրոց: Իհարկե, չի կարելի ասել՝ դպրոցներն այդ խնդրով չեն զբաղվում, բայց հեռանկարային կուռ համակարգ դեռ չենք ստեղծել, դաստիարակության հայեցակարգ դեռ չունենք, թեև հայրենասիրական դաստիարակության առումով բավականին շատ բան արվում է: Դպրոցները, իրենց ծրագրերով, միջոցառումներով, ուսուցիչների արժեքային համակարգի հետ պայմանավորված, որոշակի գործեր անում են»:

Փաստորեն, մեր հայկական դպրոցներում ուսում (կրթություն և դաստիարակություն) դասական իմաստով չի իրականացվում: Մենք էլ միամտորեն կարծում ենք, թե մեր երեխաները ուսում են ստանում: Բայց, արի ու տես՝ շախմատ են խաղում: Ականջդ կանչի ընկեր Նաջարյան. «Ում հետ էիր շաշկի խաղում... ասա թող մի դիմում էլ նա գրի»: Մենք դեմ չենք, որ հայ երեխանները շախմատ խաղալ սովորեն, բայց շախմատը հանրակրթական առարկա դարձնելը զավեշտ է, մանավանդ գծագրություն առարկան հանելու ֆոնի վրա:

Իմ կարծիքով, հայկական դպրոցներում պետք է մեծ ուշադրություն դարձնեն ռազմագիտություն և մարմնակրթություն առարկաներին, ավելացվեն դասաժամերը: Նպատակահարմար է, որ յուրաքանչյուր դպրոցի սպորտդահլիճին կից կառուցեն հրաձգարան: Եթե դա հնարավոր չէ, ստեղծել տարածքային հրաձգարաններ՝ 5-6 դպրոցի համար կառուցել մեկ ընդհանուր հրաձգարան: Հրաձգարաններում մեր երեխանները պետք է սովորեն դիպուկ կրակել՝ տարբեր զինատեսակներից: Ցանկալի է, որ յուրաքանչյուր տարի անցկացվեն դիպուկահարների համադպրոցական մրցույթներ:

Հայկական դպրոցներում համարյա ուշադրություն չեն դարձնում երգ-երաժշտություն առարկային: Ախր, ո՞նց կարելի է պատկերացնել ազգային դպրոցն առանց հայկական մշակույթի անբաժան մաս կազմող երգ ու երաժշտության: Եվ, ընդհանրապես, հայ մարդն առանց հայկական երգ ու պարի ինչի՞ կնմանվի:

Հայկական կրթական համակարգն ունի համազգային նշանակություն։ Այն կախված չպետք է լինի այս կամ այն պաշտոնյայի, այս կամ այն նախարարի կամային որոշումներից և քաղաքական հայացքներից։ Քանի դեռ Հայաստանը չունի ազգային գաղափարախոսություն, հնարավոր է որպես ելքից դուրս գալու միջոց ստեղծել ազգային կրթական հայեցակարգ։ Հակառակ դեպքում՝ ազգակործանումն անխուսափելի է։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ




ԱՌՈՂՋ ՍԵՐՈՒՆԴ՝ ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔ

Սեպտեմբերի 17-ը արցախցիների օրացույցում նշվում է որպես ֆիզկուլտուրնիկի օր: Տոնի առթիվ Ստեփանակերտի կենտրոնում հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել, որին ներկա էր հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ: Ցուցադրական միջոցառմանը մասնակցում էին մարզիկներ ու մարզիչներ Արցախում գործող տարբեր մարզական ֆեդերացիաներից: Միջոցառումը և՛ փորձի ու մասնագիտական որակների ցուցադրում էր, և՛ ապացույց այն բանի, որ Արցախում սպորտի ոլորտը կարող ենք կայացած համարել: Մեր մարզասեր հասարակության ծափողջույնների ու բացականչությունների ներքո միջոցառման մասնակիցները ցուցադրեցին գունագեղ ներկայացում, որում տեղ էին գտել ինչպես չինական մարտարվեստների հետաքրքրաշարժ և հմուտ վարպետությամբ ներկայացված հնարները, այնպես էլ տարրեր ճապոնական, ամերիկյան և այլ մարզաձևերից:

Ուշու մարտարվեստն Արցախում արմատավորվել է 1998 թվականից, երբ ՀՍԳՄ-ն (Հայ սև գոտիների միություն) իր գործունեությունը սկսեց Արցախում: Դրա հիմնադիրն է արևելյան մարզաձևերի զարգացման գործի ջատագով, բարերար Մեծ վարպետ Կարո Քեբաբջյանը: Հիմնադրման պահից սկսած ԼՂՀ ուշուի ֆեդերացիան ունի մեկ նպատակ՝ դաստիարակել հոգով ու մարմնով առողջ, հայրենասեր սերունդ, որը կպաշտպանի իրենց հայրերի արյան գնով ձեռք բերված անկախ երկրի ապագան: «Առողջ մարմին, արթուն միտք, ազնիվ հոգի». սա է ուշուի ֆեդերացիայի կարգախոսը, որն արդեն կենսակերպ է դարձել ֆեդերացիայի սաների համար: Այսօր հպարտությամբ ենք լսում այն մարզիկների անունները, ովքեր ցուցաբերելով հմուտ տաղանդ, լավագույնս տիրապետելով բարձր տեխնիկայի կարողացել են հաղթողի կոչմանն արժանանալ ոչ միայն Արցախում, այլեւ հանրապետությունից դուրս: «Սա ունի նաև քաղաքական նշանակություն, չէ՞ որ մենք ներկայացնում ենք Արցախն աշխարհին»,- նշում է ուշուի ֆեդերացիայի մարզիչ, ուշուի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Դավիթ Գրիգորյանը:

Հզոր հայրենիք կերտելու գործում կարևոր է առողջ սերունդ ունենալ: Այս հարցում անգնահատելի դեր ունեն ԼՂՀ գործող ֆեդերացիաները, որոնք պատվով են կատարում իրենց առջև դրված դժվարին գործը:
Հուսադրվենք և վստահենք. առողջ սերունդ՝ հզոր հայրենիք:

ՍՈՆՅԱ ԱՎԱԳՅԱՆ
ԼՂՀ ուշուի ֆեդերացիա




ՆԱԽ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՑՆԵԼ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

«Թեժ գծի»» բոլոր ահազանգերը ենթարկվելու են ստուգման»,- դպրոցների տնօրեններին հայտարարեց ԿԳՆ նախարար Ա. Աշոտյանը: Ահազանգը տեղին է, քանի որ որոշ տնօրեններ դրամահավաքի չափն անցնում են, ոմանք սահմանում են աստղաբաշխական գներ, ոմանք էլ «Օգնիր դպրոցիդ» գեղեցիկ նախաձեռնությունը, որ սահմանված է դպրոցի շրջանավարտների համար, ձևափոխում են իրենց հարմար տարբերակով, ծնողներից մեծ գումարներ շորթելով այդ նշանաբանով:

Սակայն չի կարելի դրամահավաք անվանել երեխաներին արվեստի օջախներ տանելիս դասղեկի հավաքած տոմսի կամ տրանսպորտի գումարը, միջոցառումներին անհրաժեշտ որոշ մանրուքների գնումը: Իսկ նվերներ ուսուցիչները շատ վաղուց չեն ստանում, քանի որ հենց կառավարության գնահատակաների, չնչին ԱՂՔԱՏԱՎԱՐՁԻ չնորհիվ նրանք վաղուց հայտնվել են հասարակության ամենաստորին հորիզոնականում: Դպրոցներում առկա կոռուպցիայի դեմ պայքարելուց առաջ հարկ է վերացնել նախ դրանց պատճառները, պարոնայք:

ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Երևան




Գրական էջ

Հորս արխիվում փնտրում էի նրա հուշերը, որ մի անգամ աչքովս էին ընկել։ Ու հանկարծ ձեռքս ընկավ մի բանաստեղծություն, որը ոչ մի տեղ չէր տպագրել, և ես չգիտեի դրա գոյության մասին։ Այն գրել էր երբ ես ընդամենը մեկ տարեկան էի...
ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ


            ՈՐԴՈՒՍ

Հիմա կարող ես քայլել քո ոտքով,
Կարող ես անվերջ հարցեր տալ դու ինձ,
Հիմա կարող ես սեփական խելքով
Լավը և վատը ջոկել իրարից։

Կարող ես մտնել մեր փոքրիկ այգին,
Թիթեռ տեսնելիս վազվզել թեթև,
Եվ մեղմ թշշոցը փոքրիկ թեյնիկի՝
Շոգեքարշի հետ հանկարծ շփոթել։

Կարող ես դու քո անվարժ մատներով
Խաղալ թղթերիս ու գրքերիս հետ,
Դեռ չգիտակցված քո անմեղ դերով՝
Նորից հետ բերել մանկությունս խենթ։

Կարող ես անգամ պահանջել, որ քեզ
Դնեմ ուսերիս կարոտով անհաս,
Միայն թե, բալիկ, երբ հասակ առնես,
Այլոց ուսերին նստած չմնաս։

ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ





ՁՄԵՌԱՄՈՒՏ
ԿԱՄ՝ ՀԱՅ ՕԼԻԳԱՐԽԻ ԵՐԳԸ 
(Հովհաննես Շիրազի մոտիվներով)

Մերսեդեսներ ոտքերիս ու եվրոներ ձեռքերիս,
Ու դոլարներ այտերիս, ու մի ողջ բանկ կրծքիս տակ,
«Պապլավոկը» սրտիս մեջ, սև ակնոցներ աչքերիս,
Մաուզերը կողքից կախ, կազինոները՝ գրկիս,
«Տիրումերը» լեզվիս՝ ծառից իջա ես քաղաք,-
Արշավեցի՝ կոխ տալով ու շաղ տալով մայթերին
Կյանքեր, մարդիկ ու նաև՝ երազանքներ ճմրթված...

Քաղաքացիք ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, դժոխք տեսան հնաբույր,
- Ի՜նչ տականքն է,- ասացին,- ի՜նչ շանորդին,- ու փակին
Իրենց դռներն իմ առջև, ու ես «նագանն» իմ հանել՝
Անցնում էի գազազած, թալանելով իմ ճամփին
Ունեցվացքները նրանց ու գանձերը իմ երկրի...

Ու երկիրը Հայաստան մի բուռ ստրուկ էր դարձել,
Ծնկի իջել իմ առջև՝ գրպաններն էր թափ տալիս
Ու ծափ տալիս վերացած, հիմարի պես հիացած՝
Գորգեր փռում ոտքիս տակ, պսակ դնում սեգ գլխիս...
Ու ես թալանն իմ ուսերին, օրենքները՝ ոտքիս տակ,
Արշավում եմ աջ ու ձախ... Տո՛, ձեր հերն էլ անիծա՛ծ...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ




ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Լինում է, չի լինում, մի պետություն է լինում: Ինչպես բոլոր պետություններում, այնտեղ նույնպես ժողովուրդ էր ապրում, և ինչպես բոլոր ժողովուրդները, ուներ թագավոր, որին մերթ արքա էին անվանում, մերթ պրեզիդենտ կամ նախագահ, մերթ տիրակալ կամ գերագույն իշխան:

Բոլոր արքաները, թագավոր-նախագահներն ու մյուս տիրակալները գալիս-գնում էին, սակայն ժողովուրդը մնում էր: Յուրաքանչյուր տիրակալի թեկնածու ժողովրդին սկզբում մեծամեծ խոստումներ էր տալիս ու, ժողովրդի գլուխն անցած, գրողի ծոցն ուղարկում իր նախորդին: Հետո նա մոռանում էր իր խոստումներն ու ժողովրդին հիշում էր միայն ընտրությունների ժամանակ և այն պահերին, երբ սկսում էր ճոճվել իր աթոռը:

Երբ ճոճվել սկսեց հերթական թագավորի գահը, նա ծանր գլուխը թափահարեց ու հեռուստաէկրանից գոչեց.
- Ժողովուրդ, մեզ հասած վերջին տեղեկությունների համաձայն, դուք վատ եք ապրում, դեռ ավելին՝ շատ վատ, իսկ մի խումբ արկածախնդիրներ փորձում են խարխլել փառահեղ մեր պետության հիմքերը և ձեզ կրկին տանել հետամնաց անցյալի գիրկը: Բայց ես համոզված եմ, որ դուք՝ ժողովուրդը, եղել և մնում է մեզ հետ, իսկ նրանց՝ իշխանատենչ թափթփուկներին, դուք՝ ժողովուրդը չի ների...

Մի օր էլ «արկածախնդիրների խումբը» ժողովրդի գլուխն անցած, գահընկեց արեց այդ թագավորին, և գահին բազմեց Արքա 6-րդը: Սա ևս ժողովրդին հարստության սարեր խոստացավ ու երջանկության հորիզոններ գծեց վարդագույն երկնակամարում, և երբ մի քանի օր հետո նրան զեկուցեցին, որ ժողովուրդը աղքատության եզրին է ու բողոքում է, զարմացավ.
- Ժողովո՞ւրդ, դա ո՞վ է, իմ տիրությունում էդպիսի մարդիկ էլ կա՞ն: Դրանց, այդ ժողովրդին ո՞վ է իրավունք տվել բողոքելու...

Հետո դարձյալ քամիներ ու հողմեր անցան այդ երկրի վրայով ու ժողովրդի գլուխներով։ Ճոճվել սկսեց նաև Արքա 6-րդի գահաթոռը, ու նա բարձր ամբիոնից սկսեց մատ թափահարել իր ախոյանների վրա.
- Այդ ի՞նչ եք անում, արկածախնդիրներ ու քաղաքական էժանագին ծաղրածուներ, այդ ո՞ւր եք ուզում տանել ժողովրդին...

Եվ արտահերթ ընտրություններ եղան, և գահին բազմեց հերթական տիրակալը, որ մինչ այդ իր նախորդների պես «արկածախնդիր» էր որակվել կամ «ծաղրածու»:
- Ձեր ցավը տանեմ, ժողովուրդ,- արքայական ժամանակակից իր ճոճաթոռին նստած, սիրուհուն ծնկներին նստեցրած, հավատարմության երդում տվեց Նախագահ 3-րդը,- վերջապես դուք տերը կդառնաք ձեր իրավունքների ու ձեր օջախների: Այսօրվանից ձեր առջև բաց են գիտության ու լուսավորության տաճարները, լուսավառ ու երջանիկ ներկայի և արևավառ ապագայի երկրային ու երկնային արքայության դռները...

Իսկ նրանք, այն պալատականները, ովքեր մինչ այդ հավատարմության երդում էին տվել ու ստրկամտորեն ծառայում էին նախորդ արքային, անմիջապես «վերափոխվեցին» և հիմա էլ սկսեցին ծառայել նոր արքային:

Կրկին անցան օրեր, ամիսներ ու տարիներ, իսկ ժողովուրդը դարձյալ վատ էր ապրում, դեռ ավելին՝ բուռն ծաղկում էր մուրացկանությունը, թշվառությունն աներես հյուրի պես մտել էր մարդկանց օջախներն ու այնտեղից դուրս գալու ոչ մի ցանկություն չուներ...

- Տիրակալ, ժողովուրդն էլի բողոքում է,- Նախագահ 3-րդի ականջին փսփսաց շշնջոցների գծով արքայի գլխավոր խորհրդականի երկրորդ տեղակալը:
- Ի՞նչ է ուզում:
- Հեչ, ինչ-որ հաց է ուզում և վերացական ինչ-որ բաներ:
- Ի՞նչ բաներ:
- Դեմոկրատիա, ժողովրդավարություն և այլն:

- Պահո՜, ի՜նչ աներես մարդիկ են այդ ժողովուրդ կոչվածը: Դրանց համար հզոր ու երջանիկ երկիր եմ կառուցել, իսկ իրենք, խոսքները մեկ արած, անընդհատ դժգոհում են՝ աղքատ ենք, հաց ենք ուզում, դեմոկրատիա-մեմոկրատիա ենք ուզում... Ի՞նչ է, որ մենք հաց չենք ուտում, միայն սև իկրա, լուլաքաբաբ-խորոված, վետչինա ու խաշլամա ենք ուտում, բրազիլական սուրճ ու մանգոյի կամ կոկոսի հյութ ենք խմում, պակա՞ս տղերք ենք...

Նախագահ 3-րդը արտակարգ խորհուրդ գումարեց, ճառեր ասացին, ճառեր լսեցին, և վերջում խոսքը տրվեց Նախագահ 3-րդին:

- Գիշերը անկողնում իմ տիկնոջ հետ երկար-բարակ շատ եմ մտածել այդ մասին ու միասին եկել ենք այն եզրակացության, որ ամեն ինչի մեղավորը ժողովուրդն է,- ասաց նա:- Այդ ժողովուրդը ոչ մի կերպ չի բռնում հզոր ու պայծառ մեր երկրի ֆոնին: Դրանց ներկայությամբ երկրի գիտության կաճառներն ու արվեստի կոթողները այնքան թշվառ ու անհեթեթ են երևում, որ ամաչում ենք ցույց տալ արտասահմանյան բարձրաստիճան հյուրերին: Ուրեմն...

- Ուրեմն՝ կորչի՛ ժողովուրդը,- միաձայն գոչեցին պալատականները:
Հաջորդ օրը արքայից-արքան հրամանագիր արձակեց. «Մենք՝ Նախագահ 3-րդս, գտնում ենք, որ մեր երկրի բոլոր չարիքների պատճառը ժողովուրդն է: Հաշվի առնելով նաև, որ հզոր ու պայծառ մեր պետությունն այլևս չի կարող պահել դրանց՝ այդ ձրիակերներին, որ ժողովուրդ է կոչվում.
ա) այսօրվանից ժողովուրդը ցրում եմ,
բ) սույն հրամանագիրը ստորագրվելու պահից ժողովուրդը լուծարվում է:
Ստորագրություն՝ Մենք՝ Նախագահ 3-րդ»:

         *  *  *
Լինում է, չի լինում, մի պետություն է լինում: Ինչպես բոլոր պետություններում, այդ երկրում նույնպես ժողովուրդ կար, բայց արդեն չկար...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
---------------------------------------
12 տարի առաջ տպագրվել է «10-րդ նահանգ» թերթում




ПОЭЗИЯ

Песню будто слышу я,
Ты ли это или я,
Или может быть струна
В душу мне погружена.
Ты в душе моей играй,
Струны счастья исчерпай,
И хоть долго душу голод мучал,
Сытым быть не научил...

                 *  *  *
Словно ранний листопад,
Мысли кружат невпопад,
И как листья подмести
Мысли трудно заплести.
Словно лезвием я слышу в душе скрежет,
Слова и мысли их уже не те,
Даже если ветер серый в ухо шепчет
В осень жизни вы не верьте...

                 *  *  *
Вдоль дороги по пустой
Бродит ангел молодой,
Он качая головой,
Ходит молча, сам с собой.

Здравствуй ангел, что так грустно,
Одинокий, удрученный и осеннею порой,
Ты гонясь за серой тенью бродишь словно заводной,
Не завешь меня с собой!

Друг мой ты приди ко мне,
Прошепчи на ухо мне,
Что там есть в той стороне,
В той далекой тишине.

Сделай добрый знак рукой,
Позови меня с собой,
Нам вдвоем туда с тобой
В новый кров наш неземной...

                 *  *  *
Я разгадала шифр твой,
Живу не находя покой,
Ты сердце ранил мне глубоко,
Ты пламенем спалил жестоко.

                  *  *  *
Ах сколько было счастьем полных и минут и дней,
И сколько прожитых мгновений, порою грустных,
порою полных вдохновеньем,
Ах, исчерпалось сердце, кричит мне “не болей,
Ведь жизнь, пойми, как миг, как тихое забвенье”!

Все лучшее во мне давно уже воспето кем-то, где-то,
Все сложное проигнорировано, пренебрежено, забыто,
Души лишь обрести покой и может завтра будет завтра,
Возможно мир покажется другим, там будет все отрадно!

                                     *  *  *
Видится мне взгляд твой тихий, тусклый и уже далекий,
Уже не тот что знала, крала и любила я когда-то,
И образ твой уже размытый, но еще жестокий,
Что душу мне щепал так долго, жадно.
Ты на последок не сказал мне добрых слов,
Ты не пожал мне руку и не сказал прощай,
Ты в душу поселив мне зло и нелюбовь,
Мне презирать тебя уже не запрещай!

                  *  *  *
Из-за воздушных облаков
За дальним горизонтом гор
Прокрадывается она тихо,
Робкая, бледно-желтая богиня.
Богиня чувств, богиня слез,
Богиня мук, далеких грез,
Всего того чем жизнь полна
Но что же может сделать та далекая луна,
Ведь это не ее вина.

 НАИРА МИРЗОЯН




ԱՐԴԻ ՊՈԵԶԻԱՆ. ՆՐԱՆ ՀԱՐՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Մեր օրերում ստեղծվող պոեզիան, որը սկիզբ է առել 90-ականների անկախացումից անմիջապես հետո, շրջում է ավանդական պոեզիայի ազգային կաղապարված պատկերացումները: Մեր ժամանակակից բանաստեղծների գրեթե մեծամասնությունը այսօր մերժում է անցյալի գրական կոթողների բովանդակային, տաղաչափական կողմերը: Ներկայիս բանաստեղծությունը հակվածություն ունի ընդօրինակելու արտերկրյա ազատ, անկաշկանդ պոետական խոհանոցին բնորոշ առանձնահատկությունները՝ իրենց որդեգրած բանաստեղծական նորմերով ու չափորոշիչներով: Ուսումնասիրելով համաշխարահային գրական փորձը« կարող ենք հետևություն անել, որ պոեզիան« որպես աշխարհի հնագույն ստեղծագործության ձև, տեղի է տալիս իր ավանդույթները: Այն հանդես է գալիս մերթ որպես չափածո արձակ, մերթ էլ որպես անռիթմ ու անչափ, ցաքուցրիվ բառերի կույտ: Եթե անտիկ գրական աշխարհից սկսած մինչև նոր ժամանակաշրջանը ավանդույթի համաձայն բանաստեղծին «երգիչ» էին անվանում, ապա նույն «երգիչ»-ը, մեղմ ասած, խորթ կլինի մերօրյա բանաստեղծներին կոչել: Արժե այստեղ խորությամբ ընկալել ներկայիս պոեզիայով մտահոգ երիտասարդ բանաստեղծուհի Նուշիկ Միքայելյանի ահազանգը «Ազգ» օրաթերթի էջերում.

«Եթե գրողը այն տեսակին է պատկանում, որ այս կամ այն շուկայական թելադրանքին հարմարվելով ձևափոխվում է, ապա նա իր գրականության մեջ սկսում է էժանագին ներկայացման տարրեր ներմուծել՝ պոեզիան վերածելով «շոու»-ի, հնարավոր բոլոր միջոցներով ընթերցողի հետաքրքրությունը գրավելու համար: Ոմանց բանաստեղծություններում հանդիպում ես պոռնոգրաֆիկ «հանդուգն» պատկերների, մեկ ուրիշի մոտ հայհոյանքով համեմված բառերի շարանի, շատերի մոտ էլ հայոց լեզուն ստորացնելը ու պոեզիան փողոցային էժանագին աղջկա նմանեցնելը, որին ո՛վ ասես կարող է մոտենալ, դա էլ «տարբերվելու» մի ա՛յլ ձև է դառնում, որին հիմնականում հանդիպում ենք արվեստագետ հորջորջվող այն խղճուկների մոտ, ովքեր մտքով ու ասելիքով տարբերվելու շնորհքի իսպառ բացակայության պայմաններում, փորձում են գոնե շպարով‘ երևույթով տարբերվել... Իսկ դաշտը կարծես թե ավելի քան նպաստավոր է դրա համարե («Ազգ» օրաթերթ, Մշակույթ-Հավելված, 2011, 24 սեպտեմբեր):

Շատ ստեղծագործողներ այսօր գրականության մեջ կնոջ և սիրո բարոյական նոր չափորոշիչներ են սկսել որդեգրել՝ թվացյալ նորարարական ընկալումներով: Պոեզիան ու պոռնոգրաֆիան միաձուլելու անհաջող փորձերին ականատես ենք լինում գրեթե բոլոր «նորարարների» գործերում. դրանցից նշենք բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանի «Տաղ անավարտ՝ ի վերայ կլիտորիսոյ» ստեղծագործությունը, որտեղ կանացի մարմնի գեղեցկության գովերգությունը իջնում է գեղեցկության բարձունքներից՝ դառնալով պոռնոգրաֆիկ բանաստեղծություն: Բոլորովին հակված չենք անհարիր համարել, որ մերօրյա բանաստեղծը պիտի խոսի կանանց նուրբ զգացմունքների, վայելքների և կնոջ սեքսուալականության մասին և դառնա կանանց հոգեվիճակների թարգմանը: Այստեղ հարկ ենք համարում հիշել անգլիական գրականության մեծ լսարան նվաճած բանաստեղծուհիներ Քրիստինա Ջեորջինա Ռոզեթթիի (Christina Georgina Rossetti) և Էլիզաբեթ Բարրեթթ Բրոունինգիի (Elizabeth Barrett Browning) բաց ու անկաշկանդ քնարերգությունը, որը ընթերցողին մատուցում է վերը նշված թեմաների շուրջ բարձրաճաշակ, արժեքավոր, մնայուն պոեզիա (նշում ենք միայն կին գրողներին):

Այսօր մեր կողքին՝ հայ իրականության մեջ ստեղծվում է պոեզիա և կարելի է ասել՝ մեծ թափով: Սակայն կա ինտելեկտուլ ընթերցողների մի զանգված, որի բարձրաճաշակ քիմքին հաճելի չէ այդ նորը, այդ ընթերցողը կարծում է, որ արդի բանաստեղծությունը այլևս կորցրել է իր գրավչությունը, ընթեցողին դադարել է բավարարել իր ներկա որակներով: Ասվածը վկայում է բանաստեղծ, թարգմանիչ, սերբագետ Բաբկեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի «Գրողն ու իր իրականությունը» հաղորդաշարի հեղինակ Գայանե Դանիելյանի վարած օգոստոսյան հարցազրույցի ընթացքում: Բանաստեղծը նշում է իր խոսքում. «...Իսկ այսօր մարդիկ գրում են. շատերը կան՝ գիտեմ, որ գրում են, և ո՛չ միայն Հայաստանում՝ շատ օտար գրողներ, եվրոպացի գրողներ գրում են ասենք պոեզիա, որը ես կարդում եմ: Կամ ե՛ս չեմ հասկանում պոեզիա, կամ էլ երևի իրե՛նք պոեզիա չեն գրում... Դա բոլորովին ուրիշ բան է, որը արմատ չունեցող պոեզիա է, որը ակունք չունեցող պոեզիա է, որը մեռնող պոեզիա է...»: Իսկ թե ի՞նչը այդ պեզիայի չի ընդունվում հասարակության լայն շերտերի կողմից, կարող ենք միայն հետևություններ անել մի քանի դիտարկումներից հետո: Ներկայացնենք մեր օրերում առավել հայտնի գրողների գործերից.

Տարեգիրք
Նունիկ անվերադարձ Բլբուլյան-ը փոխել է շենգենի մերժումով իր անձնագիրը:
Նունիկ անվերադարձ Բլբուլյան-ը միացել է Չտեսություն խմբին:
Նունիկ անվերադարձ Բլբուլյան-ին դուր է գալիս Տավարի Ցավ-ը։
Նունիկ անվերադարձ Բլբուլյան-ը մեկնաբանել է Հովհաննես Դրասխանակերտցի-ի վերջին գրառումները:
Նունիկ անվերադարձ Բլբուլյան-ը նշվել է սեքսուալ և քաղաքական նախապաշարումներով, մարդատյացության տարրեր պարունակող այս գրառման մեջ:

Կարեն Անտաշյան բանաստեղծի ստեղծագործություններից է սա: Ընթերցողին պարզ չէ՝ արձա՞կ է սա, թե՞ պոեզիա: Ընդունենք, որ պոեզիա է, որը մեզ հուշում է հարակրկնություն (անաֆոր) բանաստեղծական հնարանքը՝ հայտնի դեռ ժողովրդական բանահյուսությունից: Այստեղ գրողը փորձում է բանաստեղծությունը նմանեցնել ֆեյսբուքյան անիմաստ ծանուցումներին: Բացահայտում է 21-րդ դարի ձեռքբերումներից մեկի՝ Ֆեյսբուքի՝ ժամանակի առումով կործանարար կողմերը: Այսինքն՝ առկա է նյութը՝ իր սարկաստիկ դրսևորումներով, սակայն ձևը ի սպառ բացակայում է: Տողերի ոչ բնականոն ձգվածությունը խաթարում է ռիթմական ընթացքը: Դրանցից յուրաքանչյուրն իր ձևով հիշեցնում է նախադասությունների շարան, որոնք էլ իրենց հերթին ընթերցողին են հրամցնում տեղեկությունների շարք: Հարց է ծագում. ո՞րն է բանաստեղծի նորարարությունը: Եվ արդյո՞ք այն կա:
Դիտարկենք նույն հեղինակի մեկ այլ բանաստեղծություն.

Վերջերգ
Աստղերից անզգուշորեն վար կաթած խելառ ջուր.
վերադառնալուդ պարույրը՝ հետթռիչք.
թռչել սովորելու վրա լուռ մաշեցրած հավերժի կեսն անցավ այստեղ,
ուր սովորական ու միամիտ բաների կասկածելի զուգակցումից կյանք հունցեցիր
քեզնից գեղեցիկ ու ինքնագոհ...
հեռանալուց առաջ չմոռանաս
անջատել լույսը
և իմ երգով ծածկել ինձ իմ հողին,
քանի որ ես մնում եմ:

Ընթերցողին անհայտ է, թե ու՞մ է դիմում հեղինակը: «Խելառ ջրի՞ն», թե՞ խորհրդավոր կնոջը, որը հեռանում է «գեղեցիկ ու ինքնագոհ»: Անհավանական պատկերներերով լի տողերի ենթախորքում չկա տրամաբանական լուծում ու բանաստեղծի կողմից խնամքով քողարկած ենթիմաստ: Ի՞նչ է «աստղերից անզգուշորեն կաթած խելառ ջուրը»: Չկա տրամաբանական կապվածություն նաև բանաստեղծության սկզբի ու ավարտի միջև: Բանաստեղծական հնարանք թվացող թնջուկը մնում է չբացահայտված:
Դիտարկենք վերը հիշատակած բանաստեղծուհու՝ Վիոլետ Գրիգորյանի «Ինքնակոչ» բանաստեղծությունը.

- Եգիպտացորենի հատիկներ,
ես ձեզ կսովորեցնեմ ճանաչել ցավը
և ատամներս մխրճելով ձեր պիրկ կողերի մեջ‘
կապսպրեմ չտնքալ:
- Ագռավներ,
ես յուրաքանչյուրիդ մի բարդի կտամ,
միայն թե չկռռաք պոետի գլխին‘ այլևս երբեք:
- Համապատասխան հայացքով ուղեկցվող
համապատասխան ժպիտներ կանացի,
եթե չեք կարող քմծիծաղ դառնալ,
ապա կփշրվեք բախվելով օդի ցինիկ կեղևին,
և ձեր մանրոնը կսնի
սենտիմենտալ արուների բորբոսնած երևակայությունը:
- Ցող, վարդաերազների գլխավոր դերակատար,
ես քեզ ավելի հարմար պաշտոն կառաջարկեմ,
իսկ վարդերը պոկոտելով բանաստեղծությունների միջից
պարտեզներին կվերադարձնեմ:
- Քամի,
քեզ լիազորում եմ մտրակել
տառապանքով լի սայլերին լծված բանաստեղծներին:
- Հայելի,
ծածկիր քո ավելորդ ճշմարտասիրությունը,
ես անգիր գիտեի դեմքս քեզանից էլ առաջ:
- Ածելի,
արյամբ սրբագործիր քո ամենօրյա ծիսամարտը
օսլայած գրասենյակայինների դեմքին:
- Լուցկու նիհարիկ հատիկներ, մխիթարվեք,
ձեր մեջ ուժն է պարփակված հրաբուխների:
- Բառ,
շալակիր հագեցած պահը (եթե կարող ես)
ու ճամփորդիր ճերմակ թղթերի համրության վրայով:
- Բանաստեղծություն,
ավարտվիր (եթե կարող ես):

Հեղինակը կարծես հավատարիմ է մնացել բանաստեղծական ավանդներին: Այն ունի որոշակի ռիթմ ու չափ: Բանաստեղծուհին դիմում է եգիպտացորենի հատիկներին, ագռավներին, կանացի ժպիտներին, ցողին, քամուն, հայելուն, ածելուն, լուցկուն, բառին և վերջապես բանաստեղծությանը՝ տարատեսակ խոստումներով ու հրամաններով: Սա է ստեղծագործության ողջ շաղախը: Չկա ընդհանրական մի նյութ, որի շուրջ ստեղծագործությունը ունենա «կպչունություն»: Այն թափթփված է. բանաստեղծուհու մտքերը ճախրում են մի կոնցեպտից մյուսը՝ առանց որևէ ուղղվածության: Եվ հենց ի՛նքը՝ բանաստեղծուհին, շտապում է ավարտին հասցնել ստեղծագործությունը, քանզի այլևս չկա որևէ նոր բան, որի շուրջ կառուցի նյութը: Ընթերցողին այդպես էլ անհայտ է մնում, թե ո՞րն է ստեղծագործության կիզակետը: Այսինքն՝ կա սևակյան «ինչպեսը», բայց ոչ՝ «ինչը» (իմա՝ ստեղծագործության ատաղձը):

Ինչպես վերը նշեցինք, մեր կողքին շատերն են գրիչ վերցրել՝ ընթերցողի հետ կիսելու իրենց ներքին խմորումները: Հաջո՞ղ, թե՞ անհաջող՝ դատելու իրավունքը պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ ընթերցողինն է: Միգուցեև առաջին հայացքից գրավիչ բանաստեղծությունը թվում է խորքային, սակայն գրականագիտական խոր քննության ենթարկելուց հետո մասնագետ աչքը շատ հաճախ չի կարողանում հայտնաբերել գրողի կողմից խնամքով թաքցրած որևէ էական միտք, գաղափար՝ ստեղծագործության ենթատեքստի ծալքերում: Զուտ բառեր են ու բառերի զուգակցումից ստացված պատկերներ: Շատ դեպքերում թվարկածից անդին չկան առաջադրված պրոբլեմներ ու լուծումներ: Այսինքն, այլ կերպ ասած, պոետը չունի հետապնդած գաղափարներ և իր առջև որևէ նպատակադրվածություն:

Ցավալի է, բայց նշենք, որ տնավարի, ցաքուցրիվ բանաստեղծությունները ոչ միայն եկան ու գրավեցին այսօրվա չափածո գրական դաշտը, այլև իրենց հետ բերեցին ստեղծագործության մեկ այլ տեսակ, որը լի է ժարգոնային ու փողոցային բառամթերքով: Իսկ նրանց մուտքը գրական աշխարհ ապահովեց ներկայիս գրականագիտության ո՛չ քննադատական դիրքորոշումը, ինչու չէ նաև ինչ-ինչ չափով անտարբերությունը հատկապես մերօրյա մշակույթի հանդեպ: Նույնն է բանաստեղծուհի Նուշիկ Միքայելյանի մտահոգությունը այս առիթով՝ վերը նշված հոդվածում. «Գրող-ընթերցող-քննադատ կապը խզված է: Չկա՛... Իսկ կապը վերականգնելու կամ ստեղծելու համար նախ պետք է լինեն գրողը, ընթերցողն ու քննադատը»: Կամ՝ «Մինչդեռ մեզանում քննադատները շարունակում են պեղել հինը, կամ պարզապես գլուխները ջայլամի նման թաքցնել՝ ընթերցողին թողնելով գրական խայտաբղետ դաշտում կողմնորոշվելու «մենաշնորհը»: «Մի երկրում, որտեղ օրաթերթերն ու ամսագրերը տպագրում են ամեն ինչ, բացի պոեզիայից, որտեղ գրաքննադատները վախենում են առաջինը լինելու պատվին արժանանալ ու մատնանշել նրան՝ ով միգուցե մեր վաղվա մեծությունն է լինելու կամ քննադատել մյուսին, ով պոեզիայի անվան տակ գրում է ինչ խելքին փչի»:

Գրաքննադատի «հանդուրժողականությունը»՝ արդի շատ գրողների կողմից բազմիցս բարձրաձայնած գրականության սուվերեն տարածք լինելու նրանց ընկալումներին, հանգրվան է ապահովում անարժեք գրականությանը: Եկե՛ք անկեղծանանք. իսկ արդյո՞ք այս «ինչ խելքին փչող» գրողները նվաճել են մեծ լսարան, արդյո՞ք մեր օրերում ստեղծվող պոեզիան հնչում է ընթերցասեր հասարակության շուրթերին և վերջապես՝ նրանց ստեղծած գրականությունը դառնու՞մ է ընթերցողի գեղարվեստական ճաշակը զարգացնող ազդակ: Դժվա՛ր թե: Այո՛, գրող-ընթերցող-գրաքննադատ կապը խզված է: Այն չվերականգնելու դեպքում կորցնելու ենք մեր մշակույթին ծառայելու և այն հարստացնելու մեր բազմադարյան փորձը: Մեզ տրված չէ սխալվելու իրավունք, քանզի վաղ թե ուշ ենթարկվելու ենք պատմության քննությանն ու դատավճռին՝ մեր թողած մշակութային արժեքներով:

ԼՈՒՍԻՆԵ ՄՅՈՒԼԼԵՐ
Գրականագետ
ԱՄՆ, Փենսիլվանիա, Մերիլենդ




ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ

Սև ու մութ ամպեր են կուտակվում մեր գլխին...

Սկիզբը՝ NN 13-30-ում և NN39-41-ում 

Մեզ հատկացված էր Թեոֆիլակտիս հարուստ հույնի տունը, որ եվրոպական մի գեղեցիկ շինություն էր՝ հին հունական տան բաժանումներով: Առաջին հարկում սեղանատունն էր և ընդարձակ «ատրիումը», երկրորդ հարկը հատկացված էր բուն պատվիրակներին, երրորդում ապրում էինք մենք՝ հասարակներս: Հասարակ լինելը, սակայն, այս անգամ այնքան էլ մեծ մեղք չէր: Մեր բարձրության առջև փռված էր ամբողջ Տրապիզոնը: Ամեն րոպե մեզ էր նայում հայոց ամայացած եկեղեցու լուռ գմբեթը՝ հիշեցնելով, որ այստեղ մի ժամանակ հայ ազգաբնակչություն է եղել: Մենք համարվում էինք Տրապիզոն քաղաքի հյուրեր, կերակրվում էինք նրա հաշվին, և մեր այս տունը բավական խնամքով էր շրջապատված: Մուտքի մոտ միշտ կանգած էին երկու պահապան զինվորներ և պատրաստի կառքեր՝ պատվիրակների տրամադրության տակ...

Իսկ արտաքին պայմանները գնալով ավելի և ավելի աննպաստ էին դառնում մեր պատվիրակության համար: Ամենից առաջ հենց այն, որ մեր «Կարլուշկան», մնալով անփող և անպարեն, գնացել էր Բաթում իր ստանալիքը պահանջելու...

Մեզ համար հարցն իհարկե այդ դեպքերը չէին, այլ այն, որ մենք մնացինք աշխարհից կտրված, գերիներ՝ թուրքերի ձեռքին: Այս դրությունը տևեց մոտ երկու շաբաթ, որի ընթացքում մենք մեզ զգում էինք անտանելի դրության մեջ: Ճիշտ է, հաղորդակցություն մի կերպ պահպանվում էր մոտորանավակներով և հատուկենտ մարդիկ գնում էլ էին, գալիս էլ, բայց գլխավորն այն էր, որ մենք ռադիոհեռագիր չունեինք և չէինք կարողանում ո՛չ լուր ուղարկել, ո՛չ ստանալ:

Այս միջոցին էր, որ առավոտյան իմացանք, թե Ռասուլզադեն, որ գնացել էր Թիֆլիս, գիշերը նավակով ճանապարհ է ընկել Բաթումից և եկել Տրապիզոն: Առավոտյան թեյին չտեսանք նրան, գալուն պես գնացել էր Վեհիբ-փաշայի մոտ, որ նոր էր եկել Տրապիզոն: Չխենկելին մեզ հայտնեց, որ Ռասուլզադեն տեղեկություններ է բերել Բաքվում տեղի ունեցած խոշոր դեպքերի մասին և մանրամասն զեկուցում կտա մեր ընդհանուր ժողովին՝ ճաշից առաջ: Բայց մինչև այդ էլ մենք բավական բան իմացանք այն դեպքերի մասին, որոնք կատարվել էին Բաքվում, մարտի 30-ին: Մեծ կսկիծով իմացանք, որ սպանվել է Լևոն Աթաբեկյանը և այլ ցավալի մանրամասնություններ: Թուրք պատվիրակները շատ տխուր էին և դառնացած: Ռասուլզադեն թեև Բաքվում չէր եղել, բայց նրա զեկուցումը մանրամասն էր, թեև ինչպես հետո պարզվեց ամենքիս համար՝ շատ էլ միակողմանի:

Միանգամայն անտանելի էր զեկուցման ունկնդիր հայերիս դրությունը: Մինչ ամեն օր խոսք ու զրույցը համերաշխության և եղբայրության մասին էր, դարձյալ ահա, այս արյունոտ մղձավանջը: Մենք ամբողջ սրտով ցանկանում էինք, որ երկու դաշնակցական պատվիրակները հերքեին զեկուցողի խոսքերը, ապացուցեին, որ Դաշնակցությունն անմասն է կամ գոնե շատ քիչ մաս ունի այդ արյունոտ անցքերի մեջ: Բայց գրեթե լուռ մնացին նրանք, եթե չհաշվենք Քաջազնունու մի քանի թույլ նկատողությունները: Եվ ի՜նչ կարող էին ասել, երբ ոչինչ չգիտեին: Հետո ինչ հանգամանք ուզում է թող պարզվի, ինչ գույն ուզում են թող ստանան դեպքերը: Ի՞նչ օգուտ: Բանն այն է, որ արդեն տրամադրությունն ստեղծվել է, որ ամենքը գիտեն, թե Բաքվում հայերը կոտորել են թուրքերին։ Ճաշի ժամանակ մուսավաթական Հաջինսկին, որ նստած էր իմ դիմաց, ասաց դառնությամբ. «Ես վեց երեխա ունեմ Բաքվում, թող ամենքն էլ կոտորված լինեն, բայց Բաքվի մեջ մի հատ հայ էլ չի մնա»: Կարող եմ ասել, որ այստեղ՝ Տրապիզոնում էր, որ վճռվեց Բաքվի հայերի սեպտեմբերյան ահռելի կոտորածը…

«Այս ի՞նչ դժբախտություն է,- մտածում էի ես մենակ մնալով,- ի՞նչ զարհուրելի դժբախտություն է, որ հայ ժողովուրդն ունի միայն մի հատիկ ներկայացուցիչ, և այդ այն կուսակցությունն է, որ արյան քաղաքականությունից ձեռք չի վերցնում և միևնույն ժամանակ հաշտության ու բարեկամության բանակցությունների միակ ներկայացուցիչն է: Նրան չեն հավատում, նրանից խորշում են ամենքը, բայց նա անողոք է հայ ժողովրդի միակ ներկայացուցիչը մնալու մենաշնորհի մեջ: Ի՜նչ դժբախտություն: Մի՞թե չկան հայ ժողովրդի մեջ ուրիշ տարրեր, որոնք դուրս գան, բարձրաձայն հայտարարեն, թե կա այդ ժողովրդի մեջ և ուրիշ տեսակ մտածողություն, թե արյունն ու թշնամությունը պաշտամունք չեն հայ ժողովրդի համար: Չկա՞ն այդպիսի տարրեր: Երևի չկան, որ դուրս չեն գալիս»:

Վերջապես, «Կարլուշկայի» փոխարեն Տրապիզոնի նավահանգիստ եկավ հատկապես մեզ համար մի ուրիշ նավ, որ պատերազմական ոչ մի հանգամանք չուներ. գեղեցիկ ճանապարհորդական շոգենավ էր, որ իր «Նիկոլայ Բ» անունը դեն էր շպրտել և կոչվում էր «Վեչե»: Բայց նա հենց առաջին գիշերը բռնեց մի մեծ գերմանական ռադիո՝ լիքը հաղթական ինքնագովություններով: Գերմանացիներն առաջ էին խաղացել անգլիական ճակատի վրա ու ճեղքել այն, և ահա այս առաջին քայլի փառաբանություններն էր գերմանական ռադիոն տարածում ամբողջ աշխարհի վրա. «Անգլիական դիվիզիաները փախչում են մեր առջև, մեր նորագույն թնդանոթը 70 կիլոմետրի վրա ռմբակոծում է Փարիզը»: Այս հաղթությունը մեծ տոնախմբության առիթ էր դարձել Կ.Պոլսում: Տրապիզոնն էլ իրենն էր անում. փողոցով անցնող թուրք զորաբաժինների երգերի մեջ բարձրաձայն շեշտվում էր «ալեման-օսմանի» եղբայրությունը: Մեր պատվիրակությունը կուչ էր եկել. զգում էր ծանրացած մթնոլորտի ճնշումը...

Ահա այսպիսի պայմանների մեջ էին ընթանում Տրապիզոնի կոնֆերանսի աշխատանքները: Մենք՝ կովկասցիներս, անճար, թուրքերը՝ ուժեղ, հաղթական, գոռոզ: Ի՞նչ կարող էր դուրս գալ ուժերի այս տեսակ փոխհարաբերություններից, բացի ծիծաղելի և խղճուկ դրությունից: Ամենագլխավոր պահանջն էր՝ ընդունել Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը, հանձնել Թուրքիային Բաթումը, Արդահանն ու Կարսը՝ իրենց գավառներով: Մեր պատվիրակությունն «իմաստուն» մի հնար գտավ. չտալ ամբողջը, այլ միայն մի որոշ մասերը, մի խոսքով՝ սակարկության մեջ մտնել: Շատ լավ: Միջոցը գտնված է, բայց ի՞նչ տալ և ի՞նչ պահել: Սկսեցին երկար դատել, կշռել: Վրացիների համար շատ պարզ էր խնդիրը՝ պետք էր տալ Կարսը և պահել Բաթումը: Թուրքերն էլ միացան այդ առաջարկությանը: Երկար տատանումներից հետո միևնույն միտքն ընդունեց և հայ պատվիրակներից Քաջազնունին: Բայց ի՞նչ անել Կարսի շրջանի 100 հազար հայությանը, ինչպե՞ս պաշտպանել Երևանի նահանգը և մանավանդ նրա հաղորդակցության միակ ճանապարհը՝ երկաթուղին, որ բավական երկար տեղ քերում է Արփաչայի ափը և այսպիսով կընկներ թուրքերի ոչ թե թնդանոթային կամ հրացանային կրակի, այլ ատրճանակների գնդակների տակ: Այս նկատառումները, որոնց պաշտպանողը ես էի խորհրդակցական ժողովներում, բերին այն եզրակացության, որ եթե կարելի է սակարկություններ անել, պետք է ընդունվի դրա համար այն սկզբունքը, որ Թուրքիային զիջվեն միայն թուրքաբնակ երկրամասերը: Բաթումը և Կարսը որոշվում էր չզիջել: Այս ցուցումների հիման վրա հաստատուն սահմանագիծ որոշելը հանձնվեց երեք հոգուց բաղկացած մի հանձնաժողովի, որի մեջ մտնում էինք՝ ես, վրացի երիտասարդ պատմագետ Ինղորավան և շտաբի մի ռուս սպա, որ լավ տեղյակ էր տեղագրությանը: Սկսեցինք աշխատել: Բայց առաջին իսկ քայլերից դժվարություններ հարուցում էր վրացական տենդենցիան՝ որքան կարելի է շատ բան տալ Կարսի շրջանից՝ Արդահանի և Բաթումի շրջաններում զիջողություն քիչ անելու համար: Նկատեք, որ այդ բոլոր հողերը պատկանում էին ընդհանուր Անդրկովկասին: Բայց և այնպես, «իմ ու քո»-ի խիստ հարցեր էին բարձրանում: Այսպե՞ս պիտի երեք ազգերն ընդհանուր ուժերով երկիր պաշտպանեին: Ես չէի ծածկում իմ զարմանքն ու դիմադրում էի չափազանց անդեմ մանր-մունր ազգայնական սակարկություններին: Այս մասին, իհարկե, իմաց տրվեց Չխենկելիին, որն ինձանից բացատրություն պահանջեց և ստացավ սպառիչ մանրամասնություններով: Կազմվեց հողաբաժանության ծրագիրը և հանձնվեց թուրք պատվիրակությանը: Այս առիթով Կ.Պոլսից հրահանգ խնդրվեց: Մինչև գալը՝ մեր պատվիրակությունն իր ձեռքն առավ ամենաթշվառը և ամենաաղետալին բոլոր հարցերից՝ Հայոց հարցը:

Առաջ նա քննվեց մեր ընդհանուր ժողովում: Զեկուցողն էր Խատիսյանը: Նա տվեց հարցի համառոտ պատմությունը, մանրամասնություններ պատմեց 1915-ի կոտորածներից և հատկապես Տրապիզոնի մեջ պատահածներից: Պետք է ասել, որ հայ պատվիրակները շատ տեղեկություններ էին ստացել այդ սարսափների մասին հույն ականատեսներից: Եվ ահա Խատիսյանը մի առ մի պատմելով դեպքերը՝ մատով ցույց էր տալիս այն սարը, որի ետևը քշվեցին հազարավոր տղամարդիկ և կանայք և կոտորվեցին: Ցույց էր տալիս և նավահանգստի այն տեղը, ուր տարան երեխաներով լիքը մակույկներ և ամենքին ածեցին ծովը: Ի վերջո, զեկուցողը հայտնեց, թե հայերի ցանկությունն է ստանալ իրենց հայրենիքում մի անկյուն, ուր կարող կլինեն ապրել ինքնավար կյանքով, բայց թուրքաց կառավարության հովանու տակ:

Խատիսյանը տվեց և այդ անկյունի անունը: Դաշնակցությունն այժմ բոլորովին համեստացել էր, նրա ուզած Հայաստանն այլևս ծովից ծով չէր, այլ պարփակվում էր Վանա լճի շուրջը:

Այն, ինչ ես տեսա այդ զեկուցումից հետո, երբեք չի անհետանա իմ հիշողությունից: Դժբա՜խտ հայ ժողովուրդ… Ո՞ւմ առաջ էր դրված նրա կրած սարսափների դատը: Ովքե՞ր պիտի փրկության դուռ բաց անեին նրա համար: Մուսավաթականնե՞րը պիտի վրդովվեին, նրանք, ովքեր պատրաստ էին ամեն րոպե կրկնել միևնույնը հայերի գլխին: Իսկ վրացի նացիոնալիստնե՞րը: Ահա ամենից առաջ բերանը բաց է անում Գվազավան և ասում է. «Այդ բոլորը հուզիչ է, բայց մենք ի՞նչ գործ ունենք այդ բոլորի հետ: Մեզ համար մեծ բան կլինի և Բաթումի ազատելը, եթե կարողանանք: Իսկ եթե Հայոց հարց բարձրացնենք, տանուլ կտանք և Բաթումը»: Ես մի բառ անգամ չկարողացա արտասանել, և եթե մի զգացմունք կար այդ րոպեին իմ մեջ, այն էր, որ ես անիծում էի իմ ծննդյան օրը, անիծում էի ինձ որպես հայի, որ նստած էր այստեղ: Ա՛հ, որքա՛ն և որքա՛ն էր մեզ ստորացնում Դաշնակցությունը:

Այնուամենայնիվ, որոշվեց դնել Հայոց հարցը: Այսպես էր վճռել Սեյմը: Բայց երբ կոնֆերանսի պաշտոնական նիստի մեջ մեր պատվիրակության կողմից խոսք եղավ այդ հարցը քննելու մասին, թուրք պատվիրակները սաստիկ դժգոհություն հայտնեցին և արգելեցին այդ մասին որևէ խոսք ասել, քանի որ այդ իրենց ներքին գործն էր: Իմանալ կարևոր է, որ թուրքերն այլևս նահապետական ձևով չէին վարում իրենց գործերը: Մի ժամանակ նրանք լռում էին, երբ նրանց մեղադրում էին, թե այս կամ այն կոտորածն են կատարել: Այժմ նրանք չէին լռում, իրենք էլ էին մեղադրում, իրենց զոհի դրության մեջ ցույց տալիս: Սեբաստացի Մուրադն իր խմբով Երզնկայում մի քանի տասնյակ թուրք և քուրդ էր կոտորել և փոխարենը չարաչար տուժել էր՝ իր նահանջի ժամանակ կորցնելով այն ամբողջ ժողովուրդը, որ նրա հետ հեռացել էր Երզնկայից: Վեհիբ-փաշան աշխարհ էր դղրդացրել Մուրադի գազանություններով՝ ամեն տեղ հեռագրեր ուղարկելով և նկարագրելով մանրամասնություններ, որոնք ինքնըստինքյան սարսափելի էին իբրև կոտորածի մանրամասնություններ: Այսպես էր, որ թուրք ազգաբնակչությունն այնքան գրգռված էր հայերի դեմ, որ չէր ուզում անգամ լսել նրանց անունը: Եվ կգտնվե՞ր որևիցե մեկը, թեկուզ շատ բարձրաստիճան թուրք, որ համարձակվեր այսպիսի միջավայրում խոսք անել Հայոց հարցի մասին…

Այդ թշվառ հարցը վիժեց: Եվ եթե միլիոնավոր զոհեր տված հայ ժողովուրդը մի անգամ էլ անարգվեց, այս դարձյալ և դարձյալ Դաշնակցության մանկամիտ քաղաքականության պատճառով:

Բայց վիժողը միայն մեր հարցը չէր: Կ.Պոլսից մեր հողային սակարկություններին պատասխան տրվեց մի վերջնագրով, որով պահանջվում էր ճանաչել Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը: Բաթումի, Արդահանի և Կարսի մասին հարց չէր կարող լինել, քանի որ այդ տեղերը զիջել է Թուրքիային Ռուսաստանը, որի մի մասն է կազմում Կովկասն այսօր էլ: Իսկ եթե Անդրկովկասն ուզում է առհասարակ դաշնադրական պայմանավորումների մեջ մտնել Թուրքիայի հետ, այն ժամանակ նա պիտի հայտարարի իրեն անկախ պետություն և հետո միայն բանակցություններ սկսի: Ի՞նչ կարելի էր անել: Մեր թուրք ընկերակիցներն անպայման պահանջում էին ընդունել թուրքական առաջարկը: Վրացիները, սկսած Չխենկելիից, աշխատանք էին գործադրում թուրքերի հետ անջատ համաձայնություն կայացնել Բաթումը չտալու համար...

Բանից դուրս եկավ, որ Չխենկելիի ջանքերի գլխավոր կետն այն էր, որ թուրքերը չշարունակեն իրենց արշավանքներն ու պատերազմական գործողությունները Բաթումի դեմ: Պայմանները մեզ հայտնի չէին, բայց հետո պարզ հայտնի դարձավ, որ այդ մենշևիկի քաղաքականությունն էր՝ ձեռք բերել թուրքական բարեկամություն ի հաշիվ հայերի…

Երկարորեն քննելով Բրեստ-Լիտովսկի պայմանագրի այն հոդվածը, որ վերաբերվում էր Բաթումին, Արդահանին և Կարսին, ես եկա այն եզրակացության, որ այդ հոդվածով թուրքերը անվերապահորեն տեր չէին դառնում այդ շրջաններին: Դեռ պահանջվում էր տեղական ազգաբնակչության ընդհանուր ձայնատվությունը (ռեֆերենդում), որոշելու համար, թե ում է նա ուզում հպատակվել: Այս դրությունն ինքնըստինքյան նախ որոշում էր, որ Թուրքիան չպիտի իսկույն մտցնի իր զորքերն այդ շրջանների մեջ, որպեսզի ապահովված լինի ընդհանուր ձայնատվության ազատությունը: Եթե կարելի լինի այս հիմունքի վրա համաձայնություն կայացնել թուրք կառավարության հետ՝ հանել այնտեղից հայկական և վրացական զորքերը և չեզոք պահպանություն կազմել հենց իրենից՝ ազգաբնակչությունից, այն ժամանակ ընդհանուր ձայնատվությունը, կատարված ազատ պայմանների մեջ, կտա այն հետևանքները, որոնց մենք ձգտում էինք հասնել մեր հողային զիջումներով, այն է՝ թուրքաբնակ մասերը կանցնեին Թուրքիային, հայաբնակ և վրացաբնակ մասերը՝ Անդրկովկասին: Ամենագլխավոր կետն այն է, որ Թուրքիան իր ստորագրած դաշնագրով բոլորովին իրավունք չի ստացել իր զորքերով իսկույն գրավելու Կարսի, Արդահանի և Բաթումի շրջանները:

Այս իմաստով ես մի զեկուցում կարդացի մեր ընդհանուր ժողովում: Ամենքն ինձ հակառակ խոսեցին և մանավանդ մեր թուրք ընկերակիցները, որոնք փրփուրը բերաններին ապացուցում էին, թե Թուրքիան հենց այժմ իսկ իրավունք ունի գրավել իր ստացած երկրամասերը, թե չպետք է առհասարակ անհաճո բան անել նրան, այլ խոսել հաշտ ու քաղցր լեզվով: Այս, իհարկե, պատասախան չէր, այլ, ինչպես ասում են թուրքահայերը, «փոլիթիք»: Էլի բանը գալիս հանգում էր այն վախճանին, որ ուժեղը Թուրքիան է, ուրեմն և նրան են պատկանում բոլոր իրավունքները: Բայց այս դեպքում չպետք էր էլ դաշնադրող կողմի հովեր առնել, այլ պետք էր սպասել, թե ինչ կբարեհաճի տալ մեզ այդ ուժեղ Թուրքիան: Հիշատակում եմ այս մանրամասնություններն այն պատճառով, որ այս ժողովից հետո Չխենկելին դարձավ Բրեստ-Լիտովսկի դաշնագրի ընդունման համոզված կողմնակից, թեև ոչ իմ բերած հիմնավորումներով: Հեռագրով հաղորդելով թուրքական ուլտիմատումը Անդրկովկասյան կոմիսարիատին՝ Չխենկելին ստիպողաբար հանձնարարում էր նրան իր համոզումը, որ ընդունվի Բրեստի դաշնագիրը:

Բայց Սեյմի վրա նորից բռնացավ մենշևիկական կուսակցական հաշիվը: Կարո՞ղ էր մի Ծերեթելի, որ ամենակարողն էր Սեյմում, գեթ մի րոպե ընդունել, որ իր կատաղի թշնամի բոլշևիկները արժանի են այնքան ուշադրության, որ նրանց ստորագրած պայմանը ստորագրեն նաև իրենք՝ մենշևիկները: Սեյմը որոշում է մերժել Թուրքիայի ուլտիմատումը և հեռագրով հրամայում է պատվիրակությանը՝ վերառադնալ Թիֆլիս: Առավոտ էր, որ պատվիրակության քարտուղար Միքայել Թումանյանը եկավ մեզ հայտնելու, որ պատրաստվենք ճանապարհ ընկնելու: Երեխաների պես թռչկոտում էինք ուրախություննից: Մի ամսվա կոշմարը վերանում էր: Այդ կոշմարը մեզ խեղդում էր նախևառաջ իբրև հայերի...

Այս բոլոր տպավորությունները, հուշերը, ապրումները, քաղաքի հոտած փողոցներն իրենց անթիվ շներով, քաղաքակիրթ աշխարհի բացակայությունը մեզ վազեվազ տանում էին ծովափ: Շուտո՜վ այստեղից, շուտո՜վ… Զգում էի, որ սև ու մութ օրեր են հավաքվում մեր գլխին. զգում էի, որ այս անհրապույր ասիական քաղաքը և բազմաթիվ սրա նմանները հավաքվում են մեզ վրա արշավելու...

(շարունակելի)




Վերջին էջ

ԱՐԵԳԱԿԻ ՎՐԱ ՃԵՂՔՎԱԾՔ ՉԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Գուշակությունների, երազների, կանխատեսումների շարքին  ավելացավ նաև արևի վրա ճեղքվածքի հայտնվելու մասին լուրը, և բոլորը կարծես թե շտապում են հայտնել, որ ահա, աշխարհի վերջը սարերի հետևում չէ։ Հիշեցնենք, որ աստղագետներն արևի վրա մեծ «ճեղքվածք» են հայտնաբերել, որն այն բաժանում է երկու մասի։ Այս առիթով զրուցեցինք աստղագետ Արեգ Միքայելյանի հետ։

- Պարոն Միքայելյան, խոսենք թերևս Արեգակի, Արեգակնային համակարգի մասին. ի՞նչ է այն իրենից ներկայացնում։
- Արեգակը մեր աստղային համակարգի՝ մեր Գալակտիկայի, հարյուրավոր, միլիարդավոր աստղերից մեկն է (տարբեր գնահատականներով Գալակտիկայում կա 200-400 միլիարդ աստղ): Այն միայնակ աստղ է, կան նաև կրկնակի, եռակի և բազմակի աստղեր, որոնք գուցե մեծամասնություն են կազմում: Ավելի մեծ խմբավորումներ են, այսպես կոչված, բաց (կամ ցրված) և գնդաձև աստղակույտերը՝ բաղկացած հարյուրավոր, հազարավոր և նույնիսկ մինչև միլիոնի հասնող աստղերից:

Արեգակը բավական հեռու է Գալակտիկայի կենտրոնից՝ մոտ 10 կիլոպարսեկ, ինչը Գալակտիկայի շառավղի երկու երրորդն է կազմում, այսինքն մենք ավելի մոտ ենք եզրին, քան կենտրոնին: Բոլոր մյուս աստղերի նման Արեգակն էլ պտտվում է Գալակտիկայի կենտրոնի շուրջը: Այս ամենը նշանակում է, որ Արեգակը Գալակտիկայում ոչ մի առանձնահատուկ դիրք կամ նշանակություն չունի՝ բացի այն, որ նրա շուրջը պտտվող մոլորակներից մեկի վրա մենք ենք ապրում: Թերևս յուրաքանչյուր աստղ իր շուրջն ունի իր ձգողության դաշտում պահվող բազմաթիվ մանր գոյացություններ՝ մոլորակներ, աստղակերպեր, գիսավորներ, երկնաքարեր, որոնք բոլորը միասին համատեղ ծագում ունեն:

- Արեգակը պատկանում է  G2V աստղային տեսակին՝ «դեղին թզուկ»։ Ի՞նչ տեսակ է սա։
- Համաձայն սպեկտրային դասակարգման, աստղերը բաժանվում են 10 հիմնական դասերի: Այդ դասակարգման հիմքում ընկած են աստղերի մակերևութային ջերմաստիճանների տարբերությունները, որոնք հիմնականում ընկած են համապատասխանաբար 33000-500 Կելվին միջակայքում, այսինքն O դասի աստղերն ամենաջերմն են, իսկ Y դասը ներկայացնում են համարյա մոլորակների պես սառը գորշ թզուկները: Կան նաև հազվագյուտ աստղեր, որոնց մակերևույթի ջերմաստիճանը հասնում է 200000 Կելվինի...

Ամենաջերմ աստղերը մանուշակագույն են, հետո՝ ծիածանի գույների հաջորդականությամբ մինչև կարմիր, իսկ ամենասառն աստղերն արդեն գորշ են և համարյա չեն ճառագայթում: Արեգակը G2 ենթադասն ունի՝ 5800 Կելվին ջերմաստիճանով և նրա ճառագայթման մեջ գերակշռում է դեղին գույնը: Բացի այդ, աստղերը դասակարգվում են նաև ըստ իրենց բացարձակ պայծառությունների կամ լուսատվությունների: Կա 7 հիմնական դաս, ընդ որում, աստղերի մեծամասնությունը պատկանում է V դասին՝ այսպես կոչված գլխավոր հաջորդականությանը: Արեգակը նույնպես այդ դասի է և համապատասխանաբար նշանակվում է G2V:

Գլխավոր հաջորդականության ամենաջերմ աստղերն ամենապայծառներն են և ամենամեծ չափերինը, իսկ սառն աստղերը՝ ամենաթույլերը և ամենափոքրերը: Այդ պատճառով, լինելով բավական թույլ, Արեգակը հաճախ կոչվում է «դեղին թզուկ»: Կան Արեգակից մինչև միլիոն անգամ ավելի պայծառ, մի քանի տասնյակ անգամ ավելի մեծ զանգվածով և մեծ շառավղով աստղեր: Նմանապես, կան նաև մինչև միլիոն անգամ ավելի թույլ, մի քանի տասնյակ անգամ ավելի փոքր զանգվածով և փոքր շառավղով աստղեր: Կարևոր է նաև, որ Արեգակը հաստատուն կամ կայուն աստղ է՝ ի տարբերություն փոփոխականների, որոնք իրենց պայծառությունները կարող են  փոփոխել տասնյակ, հարյուրավոր և նույնիսկ հազարավոր անգամ: Այդ դեպքում նման աստղի շուրջ բնակելի մոլորակի մասին խոսք անգամ չէր կարող լինել:

- Ի վերջո, ինչի՞ հետևանք է Արեգակի վրա ճեղքվածքի հայտնվելը և ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Երկիր մոլորակի վրա։
- Ինչպես ասացի, Արեգակը կայուն աստղ է համարվում, սակայն նույնիսկ նրա մակերևույթին փոքր մասշտաբների փոփոխություններ միշտ էլ կարելի է դիտել: Հայտնի է Արեգակի ակտիվության 11-ամյա պարբերաշրջանը, որի ընթացքում նրա ակտիվ գոյացությունների (արևաբծեր, բռնկումներ, հրվիժակներ, հրասյուներ և այլն) թիվը պարբերաբար աճում, հետո նվազում է: Առավելագույն փուլում, որին հիմա մենք մոտենում ենք (այն սպասվում է 2013 թ. գարնանը), այդ գոյացությունները կարող են մի քանի անգամ ավելի բազմաթիվ և հզոր լինել, սակայն ամեն դեպքում, Արեգակի ընդհանուր ճառագայթման մեջ նրանց ներդրումը չնչին է և չի կարող գերազանցել նույնիսկ 1%-ը:

Հաշվի առնենք, որ ներկայումս համացանցի առկայության պայմաններում մարդիկ շատ ավելի են տեղեկացված և վերջերս տեղի ունեցող յուրաքանչյուր արեգակնային բռնկում կամ այլ երևույթ շատ ավելի սուր է ընկալվում: Այո, դրանց պետք է լուրջ վերաբերվել և համապատասխան միջոցներ ձեռնարկել, քանի որ արեգակնային բռնկումների հետևանք են երկրամագնիսական փոթորիկները, որոնք կարող են բերել էլէկտրակայանների և ռադիոկապի խափանման, ինչպես նաև սրտանոթային հիվանդների առողջական ծանր խնդիրների և նույնիսկ մահացության:

Ինչ վերաբերում է վերջին լուրերին, ապա Արեգակի վրա ճեղքվածք չի հայտնաբերվել, այլ մի մութ շերտ, որի երկարությունը հասնում է 800000 կմ-ի: Սա իրոք հսկա գոյացություն է. Հիշեցնենք, որ Արեգակի տրամագիծը մոտ 1.4 միլիոն կմ  է, այսինքն այդ շերտը զբաղեցնում է համարյա նրա ամբողջ դիտվող սկավառակի երկարությունը: Դա համեմատաբար ավելի ցածր ջերմաստիճան ունեցող տիրույթ է, և այդպիսի ջերմաստիճանային տատանումներ հաճախ են լինում, սակայն որպես կանոն շատ ավելի փոքր չափերի: Թե ինչն է այդ գոյացության պատճառը, դեռևս պարզ չէ, սակայն պարզ է, որ այն ժամանակավոր է և շուտով կձևափոխվի:  Հիշեցնեմ նաև, որ Արեգակնային նյութը իոնացված գազային (պլազմայի) վիճակում է, և այդ պայմաններում ճեղքվածքի մասին խոսելն անհեթեթություն է:

- Եվ, վերջում, ի՞նչ ասել է աշխարհի վերջ։ Երբևէ  կլինի՞ այն։
- Այո, 2012 թ. շուրջ ծավալվել են անհեթեթ խոսակցություններ, իբր դեկտեմբերի 21-ին ավարտվում է մայաների օրացույցը, Երկրին պետք է բախվի «Նիբիրու» մոլորակը, մոլորակների շքերթ է լինելու, Երկիրն ու Արեգակը հայտնվելու են Գալակտիկայի կենտրոնի հետ մի գծի վրա, Երկրի առանցքներն իրենց տեղերը փոխելու են, Արեգակի ակտիվության աննախադեպ մաքսիմում է լինելու, Երկրի վրա սպասվում են բազմաթիվ մագնիսական փոթորիկներ, ջրհեղեղներ, երկրաշարժեր, հրաբուխներ և այլն:

Նախ, ասեմ, որ ավարտվում է ոչ թե մայաների օրացույցը, այլ ընդամենը նրա հերթական պարբերաշրջանը, բացի այդ՝ օրացույցը մարդիկ են հորինում և այն չի կարող ազդել տիեզերական գործընթացների վրա, առավել ևս, որ մայաների օրացույցը մարդկության կողմից ստեղծված բազմաթիվ օրացույցներից մեկն է միայն: 2012-ին ոչ որևէ բախում է սպասվում, ոչ մոլորակների շքերթ և ոչ էլ Երկրի առանցքների փոփոխություն:

Ներկայումս դիտողական տեխնիկան զգալիորեն ավելի զարգացած է, և բոլոր շարժվող մարմինները հսկվում են հարյուրավոր միլիոն կիլոմետրեր հեռավորություններից սկսած: Ներկայումս մի փոքր ավելի հանգիստ կարող ենք լինել, քանի որ մարդկության կողմից ստեղծված ավերիչ միջուկային զենքը գուցե հնարավորություն տա սպասվող վտանգը կանխել կամ, գոնե մեղմացնել՝ շեղելով մոտեցող երկնաքարի ուղին կամ պայթեցնելով և մասնատելով այն:

ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ardarutyun.am

-----------------------------------------------
Տպագրվում է կրճատումներով




ԾԱՆԻ՜Ր ԶՔԵԶ

«Մի ծանոթ տեսա. այնքան էր փոխվել՝ չճանաչեցի»: Այստեղ գործածված է երկու բառ՝ ծանոթ և ճանաչել:
Արդի հայերենի բառարաններում ծանոթ նշանակում է «նախապես ճանաչված, հայտնի»: Իսկ ճանաչել նշանակում է «ծանոթ լինել, գիտենալ մեկին, որևէ բան»: Տեսնենք, թե ինչ կապ կա ծանոթ և ճանաչել բառերի միջև:

Ծանոթ և ճանաչել երկու բառերն էլ ծագում են նույն ծան արմատից: Զարմանալի է, որ ճանաչել բառի նախավոր ձևն է ծանաչել: Այստեղ ծ-ն, ազդվելով չ-ից, վերածվել է ճ-ի:
Հետաքրքիր է, որ ծան արմատի հետ է կապվում նաև ծանակ «խաղք, խայտառակություն» բառը: «Նոր հայկազյան բառարանը» բառի իմաստը ներկայացնում է հետևյալ կերպ. «Իբր բոլոր մասերը ճանաչված, ծանոթ մորե մերկ ծնածի պես»: Այսինքն՝ ում բոլոր մասերը ճանաչված են կամ ծանոթ են, նա խայտառակված է, ծանակված է:

Կարծիք կա, որ խրախճան, դավաճան, ճակաճան, տիրաճան բառերի մեջ նույնպես ճանաչել բառի ճան արմատն է: Խրախճան՝ «խրախ (ուրախություն) ճանաչող», դավաճան՝ «դավ ճանաչող, դավին ծանոթ», ճակաճան՝ «էգին ծանոթ, իգամոլ», տիրաճան՝ «տիրոջը ճանաչող, սիրող»:
Ծան-ը բնիկ հայերեն բառ է: Այլ լեզուներում ևս պահպանվել են հնդեվրոպական նախալեզվից եկող այս արմատի զանազան դրսևորումները՝ հնդկերեն ջանը, զենդերեն՝ զանը, գերմաներեն՝ քենեն...

Այս արմատով հնում ունեցել ենք հետաքրքրական նշանակություններով բառեր, որոնք հանիրավի դուրս են մղվել, բայց այսօր էլ շատ լավ կծառայեն մեզ: Օրինակ՝ դյուրածան, որ նշանակում է «դյուրին ճանաչվող, հեշտ վերծանվող»:

Ծան արմատի «հայտնի դարձնել», «ճանաչել տալ» նշանակությունները նկատի ունենալով՝ այսօր կարելի է, օրինակ, ռասկրուտկա անել անհեթեթությունը հայերենում արտահայտել ծանել բառով. որևէ երգչի, երգչուհու ձայներիզը, ձայնասկավառակը գովազդով ճանաչել տալը՝ գովածանում, նաև՝ երգչի, երգչուհու գովածանում: Այսինքն՝ գովազդելով հայտնի դարձնել, ճանաչել տալ, գովածանել:

ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ




Մեկ մեխի պատճառով՝ մի պայտ ընկավ,
Պայտի պատճառով՝ մի ձի ընկավ,
Ձիու պատճառով՝ մի հեծյալ ընկավ,
Ընկած հեծյալի պատճառով՝ մի պատերազմ անհաջող ավարտ ունեցավ,
Անհաջող պատերազմի հետևանքով՝ մի հայրենիք ոչնչացավ:
Եվ այս բոլորը այն մարդու պատճառով, ով մեխը լավ չէր ամրացրել:

Ճապոնական ասացվածք




Համարի ասույթը

Կենդանիներից ամենատհաճն ու զզվելին, կարծում եմ, օձերը, սողուններն են: Մարդկանց մեջ ամենազզվելին ու տհաճը երևի թե դարձյալ օձ ու սողուններն են...


Ամսվա ասույթը

Կան մարդիկ, որոնց զբաղմունքն այն է, որ խտացված գույներով պարբերաբար իրենց պետերին հայտնում են հիմնարկությունում կատարված անցուդարձերը: Ամենագարշելին այդ խառնակիչները չեն սակայն, այլ նրանք, ովքեր պահում են դրանց և օգտվում ծառայություններից: