2.7.13

Հուլիս 2013


ՄԵՆՔ ԾԱՅՐԱՀԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳ ԵՆՔ

Մենք ծայրահեղությունների ազգ ենք։ Գեղարվեստական հերոսները մեզ համար կամ դրական են, կամ՝ բացասական։ Այս կամ այն երևույթը մեզ համար կամ սև է, կամ՝ սպիտակ։ Մեզ համար միջինը բացակայում է, չկա։ Ադրբեջանին մեր «ռազմավարական դաշնակցի» կողմից «Սմերչ» և զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենք վաճառելու փաստն ու ողբերգական ավտովթարի մեղավոր հայ ավտովարորդին կնոջ խալաթ հագցնելով ծաղրելը մեզանում մի այլ ծայրահեղ կարծիք է ձևավորում՝ ատելություն ամեն կարգի ռուսականի հանդեպ...

Ես եղել ու մնում եմ այն կարծիքին, որ վերջին 200 տարում մեր ժողովրդի գրեթե բոլոր ողբերգություններում Թուրքիայի հետ իր մեծ բաժինն ունի Ռուսաստանը, որ Ռուսիան, ի տարբերություն մեզ, իր բոլոր ձեռնարկումներում առաջնորդվում է բացառապես իր ազգային, պետական շահերով, որ նրա համար Հայաստանը լոկ տարածք է (ցանկալի է՝ առանց բնիկների) և այլն, բայց ինձ համար Ռուսական կայսրությունը, ՌԴ-ն ու Դոստոևսկին, Տոլստոյը, Չեխովը, Եսենինը, Շուկշինը, Ռախմանինովը նույնը չեն, ինչպես մեզանում իրար հետ ոչ մի ընդհանրություն չունեն Թումանյանը, Տերյանը, Չարենցը, Բակունցը, Շիրազը, Սևակը, Սահյանը, Մարտիրոս Սարյանը, Արամ Խաչատրյանն ու ներկայիս հայոց քաղաքական «էլիտան»...

Երեկ ես կարդում էի Վլադիմիր Պոզների սքանչելի տողերը՝ Հայաստանի ու հայերի մասին, հիշում նաև Վլադիմիր Սոլովյովի խոսքերը՝ հայերիս մասին... Նրանք ու պուտինյան Ռուսաստանն անհամատեղելի բաներ են, ինչպես անհամատեղելի են Հայաստանի շարքային քաղաքացիներն ու Հայոց քաղաքական «էլիտան»...

Ծայրահեղության մի այլ օրինակ. Ռուսաստանը երբ 1 մլրդ դոլարի զենք պիտի վաճառեր մեր թշնամուն, մինչ ռուս պալատական վերլուծաբաններն ու քաղաքագետները մտմտում էին, թե ինչպես արդարացնեն իրենց երկրի անբարո այդ քայլը, հայ քաղաքական աշուղների մի աստղաբույլ, վերլուծաբանի ու քաղաքագետի թիկնոցի մեջ ծվարած, ինչե՜ր ասես չմոգոնեցին՝ Ռուսիո «մունդիրի պատիվը» պաշտպանելու, նրան «ջրից չոր հանելու» համար...
Կարդում էի դրանց զառանցանքներն ու զարմանում մարդկային ստրկամիտության, ցինիզմի ու լպիրշության անսահմանության վրա: Կարդում էի և ամաչում, որ նրանք իմ ազգակիցն են...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՊԵՏՔ Է ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ՓԱՍՏԻ ԱՌԱՋ 

2008-ին, երբ Ռուսաստանը ճանաչեց Օսիայի ու Աբխազիայի անկախությունը, ամբողջ Ռուսաստանյան լրատվամիջոցները լծվեցին դատապարտելու Վրաստանի հարձակումն Օսիայի վրա, թերթերն ու հեռուստաալիքները հեղեղվեցին լրագրողների պատրաստած ռեպորտաժներով ու հոդվածներով, որտեղ հաստատվում էր Վրաստանի ագրեսիան, ցուցադելով սահմռկեցուցիչ կադրեր Օսետիայից, կատարվածը միաձայն որակելով ցեղաuպանություն Վրաստանի կողմից օս ու աբխազ ժողովրդի նկատմամբ և այդ օրերին Լավրովը բազմիցս բացատրություններ էր տալիս լրատվամիջոցներին, որ Աբխազիան ու Օսիան Վրաստանին բռնակցված են եղել Ստալինի ռեժիմի օրոք: Լավրովի մտքերը պետք է մերոնք շարունակեին ու Ռուսաստանին հիշեցնեին, պահանջեին, որ ոչ միայն Օսետիան ու Աբխազիան է բռնակցված եղել Ստալինի ռեժիմի օրոք, այլ եկել էր ճշմարտությունը բարձրաձայնելու ճիշտ պահը, որ Ռուսաստանը ստիպված լիներ շիրմայի տակից դուրս հաներ գլուխն ու իր ռազմավարական ընկերոջ` Հայաստանի հետ գոնե մեկ անգամ ազնիվ լիներ. Ղարաբաղի և Նախիջևանի բռնակցման մասին նույնպես բարձրաձայներ, քանի որ Ստալինի բռնակցված տարածքային զոհերի թվում ամենամեծ զոհաբաժինը Հայաստանին էր բաժին ընկել. մենք կորցրել ենք ոչ միայն Ղրաբաղն ու Նախիջևանը, Ջավախքը, այլ Ռուսաստանը Թուրքիային նվիրեց ծովից-ծով մեր Արևմտյան Հայաստանը, հիմա էլ Ռուսաստանը բերանը սրբել հեռու է քաշվել ու հեռու – հեռվից դիտում է, թե ինչպես է հայը պայքարում, որ իր կորցրած տարածքները հետ բերի: Քանի մենք չենք տրորել սպիտակ արջի թաթը, դեռ երկար ու դժվարին պայքարի ուղի պիտի անցնենք կորցրածը հետ բերելու համար : Ռազմավարական դաշնակից ասելով, ես հասկանում եմ ազնիվ հիմունքների վրա հիմնված գործընկերությունը:

Ռուսաստանը իր մի թիզ հողը կնվիրի՞ որևէ պետության, բա ի՞նչ բարոյական իրավունքով մեզ կողոպտեց, այո կողոպտեց: Օսետիայի և Աբխազիայի անկախության համար ամբողջ աշխարհի հետ ընդհարման, պատերազմելու պատրաստ Ռուսաստանը ինչու՞ այդ օրերին պահը չօգտագործեց, գոնե մի թույլ բերան Ստալինյան բռնակցման զոհերի թվում հիշատակեր Ղարաբաղի ու Նախիջևանի անունները. այդ ժամանակ արժանի կլիներ նա մեր ռազմավարական գործընկերն ու բարեկամը կոչվելու: Այսօր, ինչքանով Թուրքիան է պատասխանատու օսմանյան կայսրությունում մեր տարածքների թալանի համար (Ես 1,5միլ մեր զոհերին չեմ մոռանում. այս պահին վերլուծությանս թեման տարածքային խնդիրներն են), Ռուսաստանն էլ լինելով Սովետական միության իրավահաջորդը, պատասխանատու է մեր Արևմտյան տարածքները Թուրքիային նվիրելու, ինչպես նաև Ղարաբաղի ու Նախիջևանի բռնակցումը Ադրբեջանին:

Մեր կառավարությունը, լրատվամիջոցները այդ օրերին առիթը չպետք է բաց թողնեին, լրատվամիջոցները պետք է մեկ մարդու նման արձագանքեին, բարձրաձայնեին ինչպես Ռուսաստանյան ԶԼՄ-ները, ու մեր ազգային ժողովը պետք է Ղարաբաղի ճանաչման որոշում կայացներ անմիջապես. ինչպես ասում են երկաթը տաք-տաք են ծեծում, պահը չկորցնելով: Ցավոք ազգային ժողովն այդքան էլ ազգային չէ : Եթե մենք այդ օրերին ոտքի կանգնեինք, ինչպես 88-ի զարթոնքի ժամանակ ու հռչակեինք Ղարաբաղի վերամիավորումը Հայաստանին, Ադրբեջանն ոչինչ չէր կարող անել հարմարվելուց զատ, իսկ եթե հարձակվեր էլ այն երկար չէր տևելու, ճնշվելու էր… Հետևելով Լավրովի օրինակին, նույն բացատրությունը մեր արտգործնախարարը կարող էր տալ Ղարաբաղի բռնակցման համար, բայց չարեցին… կորցրեցին աստեղային պահը: Թուրքը նման առիթը ձեռից բաց չէր թողնի. իսկ մենք աշխարհին միշտ փորձում ենք համեստ, քաղաքակիրթ երևալ, որ չկարծեն, թե բանակցել չենք կարող: Եթե չենք հասնելու կարգավիճակի մեզ ձեռնտու տարբերակին, ուրեմն պետք է սառեցնել բանակցությունները, կտրուկ փոխել բանակցային ռազմավարությունը: Աշխարհը թող սպասի, իսկ այդ ժամանակահատվածը հայը պետք է օգտագործի զինվելու, Ղարաբաղը հզորացնելու և մարդու թվաքանակն ավելացնելու համար…

Միջազգային կառույցները ի՞նչ իրավունքով են ճնշումներ գործադրում Հայաստանի վրա, երբ մեր ազգը հենց այդ միջազգային հանրության դաժան զոհն է. բազմիցս եմ ասել ու կասեմ. ՈՒ՞ր էր աշխարհը, երբ թուրքը շուրջ 30 տարի ծրագրված բնաջնջման քաղաքականություն էր տանում ազգիս նկատմամբ. աչքները գոցած, ականջները փակակած հետևում էին, թե ինչպես է գազան թուրքը հոշոտում ազգիս:

ՈՒ՞ր էր այս աշխարհ կոչվածն Ղարաբաղյան պատերազմին. այս քաղաքակիրթ դարում շուրջ 4 տարի տևած անհավասար, արյունահեղ պատերազմին, ու՞ր էր աշխարհը, երբ ցեղասպանություն ապրած մի բուռ ազգիս վրա էր հարձակվել թուրք ազերին իր թիկունքում ունենալով սովետական բանակի զինվորին, թուրք ու աղվան մոջահեդներին, չեչեն ու արաբ, անգամ ուկրանիացի սնայպերիստների աջակցությունը, այդ նույն աշխարը ինչու՞ չփորձեց կանխել արյունահեղությունը, իսկ այսօր իրենք իրենց խաղի կանոններն են թելադրում ու տարածքի վերադարձի մասի՞ն են բարբառում ու բարբաջում , երբ մի բուռ ազգիս դեմ ողջ մուսուլմանական աշխարհն էր կռվում, իսկ միջազգային կառույցները լոկ դիտողի դերում էին: Հետաքրքիր է այդ հաշտարարներն ու՞ր էին կորել այդ պատերազմական տարիներին, թե՞ նրանք էլ սպասում էին, թե ե՞րբ է թուրքը ազգիս բնաջնջելու: Հավերժ փառք ու պատիվ ու խոնհարում մեր հերոս ազատամարտիկներին, բոլոր նվիրյալներին, թեկուզ հազարավոր զոհերի գնով, անհավասար, պարտադրված ազատագրական պատերազմում կարողացան հաղթել ու մեր Արցախ աշխարհը ազատագրել: Հիմա ի՞նչ բարոյական իրավունքով են պարտադրանքներ ներկայացնում մեզ.

ՈՒրեմն Հայաստանը պետք է հռչակի Ղարաբաղի անկախության ճանաչումը, կամ ավելի ճիշտ վերամիավորումը մայր հայրենիքին. այս դեպքում, եթե Ադրբեջանը հոխորտա Ղարաբաղը պատերազմով հետ վերցնել, արդեն գործ կունենա նաև Ռուսաստանի հետ: Ռուսաստանը, որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր և դաշնակից կկանգնի փաստի առաջ ու չի կարող տեր չկանգնել պատերազմի մեջ հայտնված Հայաստանին: Այդ ժամանակ Ադրբեջանին վաճառած զենքը կուղղվի նաև իր դեմ և Ռուսաստանի արտգործնախարարը ստիպված կլինի հիշել Ղարաբաղի ու Նախիջևանի Ստալինյան բռնակցման մասին նույնպես ու կճանաչի Ղարաբաղի անկախությունը նույնպես: Եթե Ռուսաստանը մեզ հետ ազնիվ չէ, ինչու՞ պիտի մենք համեստորեն լռենք ու հարմարվենք. մինչև ե՞րբ… Խորամակ դիվանագիտության արդյունքում մենք կունենանք մեծ ու հզոր Հայաստան: Ադրբեջանցին մեզանից տարածք է ուզում, երբ մենք Ադրբեջանից էլի տարածքներ ունենք ստանալու. Գետաշեն, Մարտունի, Շահումյան, Նախիջևան… Ինչու՞ Ադրբեջանն ուզում է, իսկ մենք մեր տարածքները ջուրն ենք գցում. լռում ու լռում ենք, լռում ու լռում ենք ամոթխած հարսի պես: Մենք պետք է ձերբազատվենք պարտվողի բարդույթից, վարենք կոշտ ու ճկուն քաղաքականություն, կուլ չգնանք համանախագահների ճնշումներին , ստիպողականությանն ու պարտադրանքներին, որը խոսում է Ադրբեջանի օգտին. արդյունքում կկորցնենք այն, ինչն արյունով ենք ձեռք բերել, իսկ աշխարհի պրակտիկայում դեռ անտիկ դարերից է գալիս, որ արյունով վերցրած հողը հետ չեն վերադարձնում:

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ 
Գրող, հրապարակախոս



«Խոր ցավ եմ զգում, երբ տեսնում եմ, որ արդեն ընտանիքներով են լքում երկիրը»

Հարցազրույց ՀՀ քաղաքացի, «Հայոց Աղավնիներ» երիտասարդկան կազմակերպության ղեկավար Գագիկ Ավետիսյանի հետ:

-Ըստ ձեզ, ի՞նչ ասել է՝ հայրենասեր:
-Սեփական անձն ու հայրենիքը նույն հարթության վրա համարողը:

-Իսկ հայրենասեր երիտասարդներ շա՞տ կան:
-Իհարկե, որքան գոյություն ունի հայրենիքը, այնքան գոյություն ունեն իրական հայրենասերներ և, ես վստահ եմ, Աստված մի արասցե, եթե վերսկսվի պատերազմը, մեր մեջ ի հայտ են գալու նոր Մոնթեներ, Վազգեններ, Դուշման Վարդաններ և գուցե նրանցից էլ ավելի արի ու քաջ հայորդիներ:

-Ի՞նչը կարող է միավորել հայրենասերներին:
-Կարծում եմ, կրկին պատերազմը: Պատերազմի դեպքում բոլորը պայքարում են հանուն մեկ նպատակի, պահպանել հայրենի հողը, հենց սա է միավորումը:

-Ի՞նչը կոտրեց միասնականությունը հայրենասերների մեջ:
-Հայ ազգի միասնականությունը կոտրեցին օր-օրի սնկի պես աճող կուսակցությունները:

-Ի՞նչն է տարանջատում հայրենասերներին:
-Կուսակցական պատկանելությունները:

-Հավատու՞մ եք, որ կգան համախմբման ժամանակները:
-Այո, ես հավատում եմ, որ մի օր վայր ենք իջեցնելու բոլոր կուսակցական դրոշները և պարզելու ենք մեկ դրոշ և այդ դրոշը լինելու է մեր եռագույնը:

-Ի՞նչ հասարակական պահանջ է դրված հայրենասեր մարդու առջև:
-Պահանջները շատ են, սակայն կան առաջնային պահանջներ. յուրաքանչյուր հայի առաքելությունը պետք է լինի՝ թույլ չտալ, որպեսզի մեռնի ազգայինը, մոռացվի պատմությունը, օտարանա սերունդը սեփականից:

-Ո՞րն է հայրենասերի տեղը մեր հասարակության մեջ:
- Եթե անկեղծ՝ մեր օրերում հայրենասերները գնահատված չեն, ավելի ճիշտ, մշտապես քարկոծվում են և որակվում որպես սեփական շահերի համար երկրի անունը շահարկող անձնավորություններ, բայց իրական հայրենասերները հայրենիքը սիրում են անկախ երկրում տիրող քաղաքական խառնաշփոթից, անկախ քարկոծումից: Հայրենասերի տեղը հայրենիքն է, հայրենիքի յուրաքանչյուր թիզ հողակտորը: Եվ, վերջապես, հայրենասերի տեղը հասարակության մեջ է, հասարկության հետ, հասարակության կողքին:

-Ի՞նչն է ձեզ ամենից առավել անհանգստացնում մեր երկրում:
-Օր օրի ահագնացող արտագաղթը: Ես խոր ցավ եմ զգում, երբ տեսնում եմ, որ արդեն ընտանիքներով են լքում երկիրը:

-Ի՞նչ երազանքներ կամ նպատակներ ունեք:
-Գուցե մի քիչ կեղծ թվա, բայց իրականում իմ երազանքը երկրումս արդարության վերականգնումն է: Անձնական երազանքներ չունեմ, ինչին արժանի եմ՝ Աստված ինձ ընձեռնում է:

-Իսկ մեր ավանդույթների հետ ինչպե՞ս վարվենք:
-Եթե ոչ ամբողջությամբ, գոնե կիսով չափ պահպանենք, մենք հրաշալի ավանդույթներ ունենք, որոնց շնորհիվ հպարտանում ենք այլ ազգերի մոտ և, ի վերջո, այդ ավանդույթները մեր ազգային դեմքն են, որով ներկայանում ենք աշխարհին:

-Եթե կարողանայիք ժամանակը հետ տալ, ի՞նչ կփոխեիք ձեր կյանքում:
-Դժվարին հարց է, գուցե ոչինչ, քանզի արածիդ համար պետք է չզղջաս և չարածիդ համար ափսոսաս:

-Կա՞ մի բան, որ չասել չեք կարող:
-Կան բաներ, որոնց մասին պետք է լռել, դրանք լռության մեջ ծնված բաներ են և չպետք է բարձրաձայնել:

-Ի՞նչ կցանկանայիք ասել մեր երիտասարդներին:
-Ցավով կարող եմ նշել, որ այսօր երիտասարդների մի մասն իր առջև մեկ նպատակ է դրել. ցանկացած գնով լքել երկիրը... Ուղղակի թող յուրաքանչյուր հայ երիտասարդ, երբ օդանավ է նստում կամ մեկ այլ տրանսպորտային միջոց, որպեսզի երկիրը լքի՝ մի պահ գիտակցի, որ տարիներ առաջ հանուն իրենց ապրելու, հազարավոր հայորդիներ նահատակվեցին, որոնց անունները ոսկե տառերով գրվեցին Հայոց ազատամարտի պատմության մեջ, թող գիտակիցի, որ իր գնալով հզորացնում է թշնամուն...
Անպարտ է այն ազգը, որի երիտասարդը գիտի հայրենիքի գինը, թող այսօրվա հայ երիտասարդը շատ ավելի խորը փորձի գիտակցել հայրենիքի գինը: Հայրենիքը սուրբ արժեք է, անհայրենիք մարդը նման է անպետք իրի, որը ոչ ոքի պետք չէ...

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ




ԵՎ ԴԱՐՁՅԱԼ՝ ԻՍԿ ԵԹԵ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՊԱՏԵՐԱԶՄ ԼԻՆԻ՞...

Մեր «ռազմավարական դաշնակցի» կողմից Ադրբեջանին 1 մլրդ դոլարի զենք վաճառելու որոշման շուրջ հայկական մամուլում և սոցիալական ցանցերում աշխույժ քննարկումներ են գնում. մի մասը հարցին մոտենում են ռուսների դիրքերից, հնարավոր ու անհնարին բոլոր ձևերով փորձելով արդարացնել մեր հյուսիսային հարևանին, մյուս մասը փորձում է ցույց տալ, որ ռուսները հայերի նոր ցեղասպանություն են նախապատրաստում։ Այս երկու տարակարծիք ճամբարների ներսում կարծիքները նույնպես բաժանվում են։ Օրինակ, ռուսների խայտառակ գործարքի դեմ գրողների մի որոշ մասը գտնում է, որ ռուսները միշտ էլ բացասական դերակատարություն են ունեցել վերջին 200-ամյա մեր ողբերգություններում, և այս անգամ նրանց «սմերչները» ավելացնելու են մեր պատմության սև էջերի թիվը, մի այլ մասը գտնում է, որ ռուսները, ճիշտ է, հերթական սրիկայությունն են անում մեր դեմ, բայց «սմերչն» այնքան էլ մեծ վտանգ չի ներկայացնում... և այլն։

Այսօրինակ հրապարակումներ էլ կան՝ «Սմերչով» Ստեփանակերտը ռմբակոծելու դեպքում ադրբեջանցիները ստիպված կլինեն մտածել միլիոնանոց Գանձակի ու հարակից բնակավայրերի ֆիզիկական գոյության մասին...
Ինձ մտահոգում են ոչ միայն այն հրապարակումները, որտեղ ստրկահաճորեն արդարացնում են հյուսիսային հարևանի ցանկացած ձեռնարկում, ներառյալ այնպիսիք, որ միանշանակ ուղղված են մեր լինելության դեմ, այլև վերջին կարգի կարծիքները՝ եթե դուք ռմբահարեք Ստեփանակերտը, մենք էլ «միլիոնանոց Գանձակի» ու հարակից բնակավայրերի բմբուլները քամուն կտանք։ Երևի շատ հեշտ է այս կարգի «վերլուծություններ» նկարել, հատկապես երբ աշխարհին նայում ես 9-րդ հարկի լուսամուտից, դիմացդ նոութբուք է, կողքիդ՝ հաճելի բույրով սուրճի բաժակ։

Ասենք թե նրանք հարվածեցին 40-50 հազար բնակչությամբ Ստեփանակերտին, մենք էլ նրանց «միլիոնանոց Գանձակին»։ Արդյունքում՝ զոհվեցին 2-3 տասնյակ հազար ստեփանակերտցի երեխաներ, կանայք, ծերեր, մենք էլ ոչնչացրինք, ասենք, հակառակորդի հնգապատիկ ավելի շատ խաղաղ բնակչություն (100-150 հազար ազերիների)։ Հետո՞։ Ու սա մխիթարի՞չ է։ Որ դրանից հետո եռակի, քառակի անգամ մեծ թափ է ստանալու արտագաղթը՝ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում,- դա չի՞ մտահոգում մեր ուռա-վերլուծաբաններին...

Հնարավոր պատերազմի դեպքում Արցախի քաղաքացիական բնակչության անվտանգության խնդրի մասին «Եթե վաղը պատերազմ լինի» վերնագրով «Նոր էջ»-ում և հայաստանյան մամուլում ես հոդվածներ եմ տպագրել 2011, ապա 2012 թվականներին։ Եվ՝ ոչ մի արձագանք իրավասու մարմինների, հատկապես նրանց կողմից (քաղաքացիական պաշտպանություն և այլն), ովքեր թեկուզ իրենց «մունդիրի պատիվը» պաշտպանելու համար պարտավոր էին ձայն հանել, փորձել ինչ-որ կերպ արդարացնել իրենց անգործունեությունը, որի պատճառով վաղը կարող ենք անդառնալի խոշոր կուրուստներ ունենալ խաղաղ բնակչության շրջանում։

Այսօր, ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմից շուրջ երկու տասնամյակ հետո արդյո՞ք իրեն հնարավորինս պաշտպանված է զգում Արցախի շարքային քաղաքացին։ Արդյո՞ք իրենց պաշտպանված են զգում Արցախի ամենախոշոր բնակավայրում՝ մայրաքաղաք Ստեփանակերտում ապրող կանայք, երեխաներն ու ծերերը։ Հատկապես երբ քաղաքագետները, ռազմագետներն ու այլ մասնագետներ ակնարկում են, որ նոր պատերազմն ամենևին նման չի լինելու նախորդին, այն ավելի կործանարար է լինելու ու բազմիցս մեծ զոհեր հենց խաղաղ բնակչության շրջանում են լինելու։

Մենք ունենք քաղաքացիական պաշտպանություն, որտեղ մարդիկ են աշխատում, պարբերաբար աշխատավարձ են ստանում։ Հետո «վաստակած հանգստի» են անցնում և բարձր թոշակ ստանում։ Բայց նրանք գոնե մի անգամ տեսե՞լ են, թե ինչ վիճակում են Արցախի ամենախոշոր քաղաքի՝ Ստեփանակերտի շենքերի նկուղները, որտեղ երկու տասնամյակ առաջ ազերիների օդային ու հրետանային գրոհներից պաշտպանվում էին քաղաքացիները։ Եթե վաղը հակառակորդը հանկարծ սկսի հեռահար հրանոթներից ու այլ նորագույն զինատեսակներից և օդից հրթիռակոծել ու ռմբահարել մայրաքաղաքը, որտե՞ղ են պատսպարվելու խաղաղ բնակիչները։ Իրենց շենքերի նկուղներո՞ւմ, որտեղ հակասանիտարական վիճակ է, և որոնք աղբանոց են հիշեցնում ու առնետներն են տերուտնօրինություն անում այնտեղ։ Որոշ նկուղներ ամիսներով «ողողված» են լինում ջրով, անգամ՝ կոյուղու խարխուլ խողովակներից թափված։ Լրիվ զուրկ են էլեկտրական գծերից...

Խորհրդային տարիներին մայրաքաղաքի որոշ հատվածներում ապաստարաններ կային, անգամ հակագազերի որոշ քանակություն էր պահվում այնտեղ։ Ո՞վ գիտե, թե հիմա այդ հատուկենտ ապաստարաններն ինչ վիճակում են։ Ստեփանակերտում բազմաթիվ, այսպես կոչված, «խրուշչովկաներ» կան, որոնք նկուղներ չունեն։ Դրան հավելենք նաև, որ շուկայական հարաբերությունների հաստատման և օրինական անօրինության վերջին մեկևկես տասնամյակում շենքերի գետնահարկերն ու նկուղային հատվածները սեփականվել են բազմաթիվ նոր տերերի կողմից, ովքեր դրանք դարձրել են բար ու ռեստորան, սրճարան ու խանութ կամ, այսպես ասած, գիշերային զվարճավայրեր...

Հետաքրքիր է, անսպասելի օդային հարձակման ենթարկված Ստեփանակերտի բնակիչներին պետք է խնդրել՝ մի քանի ժամ սպասե՞լ, որպեսզի գետնահարկ օբյեկտի տերը «կարգավորի» այն ու տրամադրի քաղաքացիներին։ Իսկ եթե այդ պահին նա այլ թաղամասում գտնվող իրենց շենքում է և զբաղված է իր հարազատների տեղավորման խնդրո՞վ։ Այդ դեպքում ինչպե՞ս պիտի վարվել։ Թշնամուն խնդրել սպասե՞լ... այն դեպքում, երբ պատերազմի ժամանակ յուրաքանչյուր վայրկյանը կարող է տասնյակ, հարյուրավոր մարդու կյանք արժենալ...

Իսկ մնացած հազարավոր քաղաքացիները, ովքեր նկուղ չունեն, որոնց նկուղներն աղբանոց են հիշեցնում, ի՞նչ պիտի անեն։ Ստեփանակերտում այսօր քանի՞ ստորգետնյա ապաստարան կա և որքա՞ն մարդ կարող են պատսպարել դրանք։ Այս մասին պատասխանատու որևէ չինովնիկ մտածե՞լ է։ Այս մեկևկես «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» ժամանակահատվածում քաղաքացիական պաշտպանության կողմից գոնե մի անգամ անցկացվե՞լ է փորձնական «օդային տագնապ»։ Գոնե մի անգամ քաղաքացիներին բացատրե՞լ են, թե հակառակորդի հնարավոր օդային հարձակման կամ հրթիռակոծության ժամանակ ինչ պիտի անեն քաղաքացիները՝ կանայք, երեխաները, ծերերը... Դպրոցներում երբեմն «օդային տագնապ» են հայտարարում։ Աշակերտները շտապ լքում են դպրոցի շենքն ու վազում դուրս... Հնարավոր պատերազմի և օդային հարձակման դեպքում էլ պիտի՞ նրանք իրենց «անվտանգությունը» գտնեն բաց երկնքի տակ...

Հակառակորդը վաղը կարող է պայթեցնել քաղաքին խմելու ջուր մատակարարող ջրատարը։ Ստեփանակերտում քանի՞ գործող աղբյուր կա, որպեսզի բնակչությունը կարողանա հոգալ իր ջրի խնդիրը։
Ստեփանակերտում գրեթե շենք չի մնացել, որին վերջին 10-15 տարում կցված չլինի մի նոր մասնավոր շինություն։ Խնդիրն այն չէ, որ աղճատվում է քաղաքի ճարտարապետական դեմքը։ Միջին ուժգնության ցանկացած ստորգետնյա ցնցում կարող է «ռեզոնանսի օրենքի» համաձայն հողին հավասարեցնել ծանրության կենտրոնը փոխած այդ շինությունները՝ իրենց բնակիչներով։ Նման ավերածության տեղիք կարող է տալ նաև շրջակայքում պայթած ոչ շատ հզոր ռումբը, հրթիռը...
Նոր կառուցած մի շենք չկա, որ բոլոր չորս կողմերից մարմարով սալիկապատված չլինի... Արդյո՞ք դա այսօր կենսական անհրաժեշտություն է ռազմական դրության մեջ գտնվող մեր երկրի համար, որի սոցիալական խնդիրների ծայրը չի երևում։

Այս ամենո՞վ ենք վաղը դիմագրավելու նենգ հակառակորդի արկածախնդիր ձեռնարկումը։ Բանակն ուժեղ և մարտունակ է, եթե ամուր է թիկունքը, եթե զինվորը համոզված է, որ լիովին պաշտպանված է իր ընտանիքը։
Ի պատասխան «եթե վաղը պատերազմ լինի...» հարցի, շարունակ հակադարձում ենք՝ «Չէ, չպիտի՛ լինի և չի՛ լինելու, որովհետև մենք խաղաղասե՛ր ազգ ենք ու խաղաղությո՛ւն ենք ուզում...», կարծես պատերազմի լինել-չլինելու հավանականությունը պայմանավորված է միայն մեր պատերազմ չուզելու և խաղաղություն ուզելու ցանկությամբ։ Եվ ոչ թե հնարավոր պատերազմը կանխելու մեր նպատակաուղղված գործողություններով և արդեն անխուսափելի պատերազմը հնարավորինս քիչ կորուստներով դիմագրավելուն միտված կոնկրետ քայլերով։ Եթե հակառակորդն, ասենք, միջուկային զենք ունի, ապա մյուս կողմը պետք է մտածի պաշտպանական այնպիսի մեխանիզմի մասին, որ հնարավորինս նվազեցնում է սպասվելիք կորուստները։ Եթե այսօր թշնամին «Սմերչ» ունի, ապա մենք պետք է անհապաղ մտածենք համարժեք պաշտպանության մասին...

Վերջում կրկին հիշեցնենք Նժդեհի գաղափարակից Հայկ Ասատրյանի խոսքերը. «Հայը խաղաղության համար աշխարհի ամենաանփույթ ժողովուրդն է: Հայը չի հավատում պատերազմին, և դրա համար պատմական ամեն դեպք ընդունում է իբրև անակնկալ, իբրև «անամպ երկինքից ժայթքող կայծակ»: Նա տակավին չի հասկանում կենսաբանաբարոյական այս երկու ճշմարտությունների իմաստը՝  խաղաղության ժամանակ պետք է նախապատրաստվել միայն մեկ բանի համար՝ պատերազմի, իսկ պատերազմի ընթացքին կամենալ միայն մեկ բան՝ հաղթանակ»։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



Վերականգնե՛լ տրանսպորտի նախկին սակագինը, իսկ գիտնականներից, թոշակառուներից և ուսանողներից գանձել դրա կե՛ս գինը

Արդեն երկու տարի է, որ 35 000 դրամ աշխատավարձ ստացող երիտասարդ, և դրանից ո՛չ այնքան ավել ստացող միջին ու բարձր սերնդի շատ գիտնականներ միացել ու «Պահանջում են գիտության ֆինանսավորման ավելացում»: Թվում է՝ 2 տարին մի դրական արդյունք պիտի արձանագրեր, «Բայց միշտ ցավեր նորանոր, Միշտ մի աղետ, մի վնաս Գալիս են մեզ անպակաս»:

Թեև ժողովուրդն արդեն գիտի, որ իշխանություններից հնարավոր չէ բարի լուր ստանալ. բացառվո՛ւմ է ավետիսը, նրանցը միայն բոթ է ու գույժ, միևնույնն է, բայց էլի ամեն նոր բոթի հետ (գազի, հոսանքի, հացի, ջրի, բենզինի թանկացումներ) եռում է բողոքի ու վիրավորանքի ալիքը, իսկ երբ ալիքն իջնում է, դրան հաջորդում է նոր թափ՝ երկիրը լքելու:

Վերջին բոթը, կապված տրանսպորտի թանկացման հետ, ըմբոստացրել է մարդկանց և դուրս հանել՝ պաշտպանելու իրենց՝ գնալով արդեն մոռացվող իրավունքները՝ «Նըրանց արինը կարմի՞ր է մերից, Թե՞ ավել հունար դուրս կըգա ձեռից»։
Հիմա, «ի պատասխան» քաղաքացիների արդարացի բողոքների՝ «Ապրիլ չի լինիլ էսպես ամեն օր։ Մինը իր կամքին՝ ինչ ասես անի, Մյուսը խոսելու իրավունք չունի», կառավարությունը որոշում է կայացրել բարձրացնել տրանսպորտի սակագինը, և այն էլ, միանգամից 50 դրամով: Դե, մերոնք հավես չունեն ո՛չ կլոր թվեր գրպանելու, նրանց գրպանները սովոր են կլորի՛կ թվերի:

Թողնեն՝ 10 հարկանի ճառեր արտասանեք՝ սովետի (Խորհրդային միության) թերություններից, իսկ դուք մոռացե՞լ եք, «հարգելի՛» ղեկավարներ, որ սովետի ժամանակ, ինչպես որ հիմա շատ քաղաքակիրթ և զարգացած երկրներում է, ուսանողները երթևեկում էին կես գնով: Հիմա եվրոպական շատ երկրներում երիտասարդ գիտնականը տրանսպորտից օգտվում է՝ վճարելով փոքր, անգամ սիմվոլիկ գումարներ:

Գիտնականներն ու թոշակառուներն ու ուսանողները հենց այնպես չհիշատակվեցին. նրանց երթևեկությունը պետությունը պարտավո՛ր է ապահովել, եթե ոչ՝ անվճար, ապա գոնե կես գնով: Իսկ թե ինչո՞ւ աշխատող խավից հատկապե՛ս գիտնականներին և ոչ թե, ասենք՝ գրադարանավարներին, հորատողներին կամ շինարարներին, պատասխանը պարզ է՝ քանի որ, ըստ ՀՀ սահմանադրության ամենաառաջին հոդվածի՝ Հայաստանի հանրապետությունը սոցիալական պետություն  է, իսկ սոցիալական երկրում ուշադրության կենտրոնում առաջին հերթին պիտի լինի սոցիալապես ամենաանապահով խավը, որն էլ մեզ մոտ հե՛նց գիտնականն է: Փորձիր ասել այս աբսուրդը ամենահետամնաց-աղքատ երկրից մինչև ամենազարգացածում, որ կա երկիր, որում ամենաանապահով աշխատող խավը գիտնականն է, որ հե՛նց գիտնականն է, որ ստանում է և՛ գրադարանավարից, և՛ ուսուցչից, և՛ հավաքարարից ցածր աշխատավարձ, և կարող ես չկասկածել, որ քեզ հոգեկան հիվանդի տեղ կդնեն: Ոչ ոք չի հավատա, որ իշխանավորների կողմից գիտելիքահենք հորջորջվող մի երկրում, որում գիտությունն ընդունվել է՝ որպես գերակա ուղղություն, գիտնականն ամենաանապահով աշխատող խավն է:

Ես միանո՛ւմ եմ հազարավոր մարդկանց, որ պահանջում են վերականգնել տրանսպորտի նախկին սակագինը, այո՛, ամեն օրվա գնալ-վերադառնալու 2 ավել 50 դրամը մի 100 դրամանոց փոքրիկ հաց է կազմում, ինչից այսօր զրկել շատ ընտանիքների, պարզապես սրիկայություն ու հանցագործությո՛ւն է:

Ավելի՛ն՝ պետության և գծատերերի համար ոչինչ է մեր 4000 գիտնականի երթևեկությունը կես գին դարձնելը, մանավանդ, որ գիտնական տեսակը Հայաստանում անհետացող տեսակ է և արդեն անհրաժեշտ է նրան անհապաղ ներառել Կարմիր գրքում:

Սովետի տարիներին գիտնականների թիվը Հայաստանում 27 հազար էր, այսօր նրանց թիվը հասել է 4000-ի: Ուրեմն՝ 20 տարում 23 հազարով պակասել է նրանց թիվը: Այստեղ մի զուգահեռ էլ պիտի անցկացնենք… Մենք նշում ենք Ապրիլի 24-ը՝ որպես եղեռնի զոհերի հիշատակի օր, քանի որ հատկապես ա՛յդ օրը թուրքերի կողմից սպանվեցին մեծաքանակ հայ մտավորականներ, իսկ մեր երկրի այն 23 հազար գիտնականների համար ի՞նչ օր ընտրենք հիշատակի, ինչպե՞ս չասենք, որ մեր կառավարությունը փաստացի ոչնչով չի տարբերվում երիտթուրքերի կառավարությունից, նույնիսկ կարելի է ասել, որ շատ ավելի վատն է` քանի որ նրանք եղեռն են իրականացրել օտարի հանդեպ, իսկ մերոնք դա անում եք սեփակա՛ն ժողովրդի հանդեպ:

«Հարգարժա՛ն» ղեկավարություն, դուք թալանել եք և շարունակում եք թալանել ամբո՛ղջ ժողովրդին, բայց աբսուրդի հասնող, եղեռնի՛ նմանվող թալանը կատարել եք հատկապես գիտնականների՛ հանդեպ: Անբարոյական է, որ այսօր չեք փայփայում և անում անգամ անհնարինը, որպեսզի պահպանեք գոնե այդ 4 հազարին:
Ինքնագիտակցությա՛ն եկեք վերջապես. Ավերակների վրա՞ եք կառավարելու:

ՆԱԻՐԱ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆ
Երևան



ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՕՐԵՐԻՆ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՆՔՆԱՇԵՆ ՆՌՆԱԿԱՆԵՏ. ՔԹՄ

Գիտնականները խաղաղ մարդիկ են. նրանք սիրում են առանձնացած իրենց գործն անել, բայց երբ եկան ո՛չ խաղաղ ժամանակները, նրանք, կորցրած քուն ու դադար,  լծվեցին զենքի արտադրության գործին։ Թվում է՝ գիտնականները փափկասուն մարդիկ են, բայց երբ եկան պատերազմական օրերը, նրանք առաջիններից էին, որ զենք վերցրին ու նետվեցին առաջին գիծ։ Գիտնականները մահապարտներ չեն, բայց երբ եկավ նոր ստեղծած զենքերը փորձարկելու պահը, նրանք ժամանակ չունեցան՝ քննարկելու այդ հարցը... Գիտնականները հայհոյախոս մարդիկ չեն, նրանցից համարյա հնարավոր չէ հայհոյական խոսք լսել։ Պարզապես նրանք համաձայնվել են՝ զինվորների՝ զենքին հայհոյական հապավում տալու անվան հետ, միացել են զինվորների «դիրքորոշմանը», որոնք երբ շատ են բարկանում, այդ բարկությունը կարող են արտահայտել ամեն կերպ, նույնիսկ զենքի անվանումում։ Ասում են՝ այդպես է ծնվել ինքնաշեն նռնականետների անվանման՝ ՔԹՄ հապավումը, որը լավ հայտնի էր ազատամարտիկներին՝ արցախյան պատերազմի սկզբում։ Այդ նռնականետի մասին իմացա պատահաբար։ Հետաքրքրվեցի դրա ծննդյան պատմությամբ։ Հարցերիս պատասխանները փորձեցի ստանալ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկոս Արթուր Իշխանյանից.

–Պարո՛ն Իշխանյան, առաջին հերթին, չե՞ք ասի, թե ի՞նչ է նշանակում ՔԹՄ, ինչպե՞ս է բացվում այդ հապավումը։
–Դա «փաղաքշական» հապավում է՝ մի զինվորական «համեմունքային» արտահայտության։ Քաղաքակիրթ միջավայրում ընդունված չէ նման բաներ արտաբերել։ :) Նռնականետի այդ անվանումը որևէ պաշտոնական փաստաթղթում հաստատագրված չէ, դա պարզապես ընդունված է եղել զինվորների շրջանում։

–Արցախյան ազատամարտի սկզբնական շրջանում, հայտնի է, որ ստեղծվել է զենք, հայտնի է նաև, որ դրանում Դուք ունեք մասնակցություն։ Կպատմե՞ք...
–Ազատամարտի սկզբնական շրջանն էր, երբ բոլորն ինչ–որ իմաստով կորուսյալ էին, ոչ ոք չգիտեր՝ ինչ անել, երբ հակառակորդը խփում էր։ Դրությունից ելք գտնելու ճանապարհ էր պետք... Այդ ժամանակ էլ ստեղծվեց նռնականետը։ Իհարկե, թյուրիմացությունից խուսափելու համար ասեմ, որ նռնականետը՝ որպես զենք, արդեն կար, դա մենք չենք հորինել, մենք պարզապես, ունենալով դրա հայտնի օրինակները՝ որպես հիմք, նոր հաշվարկներ ենք արել, նոր սխեմաներ գծել ու ձեռքի տակ ունեցածով արտադրել ինքնաշեն նռնականետեր։

–Ինչպե՞ս եղավ դա։
–Երբեք չեմ մոռանա այդ օրը. Աշտարակի գիտավանում էի, աշխատանքից նոր էի վերադարձել, երբ եկավ Հրանտ Ազիզբեկյանն ու առաջարկեց մի քիչ զբոսնել ու զրուցել։ Մի քիչ լուռ քայլելուց հետո նա անսպասելի ասաց՝ զենք պիտի ստեղծենք։ Ես նայեցի նրան ու հասկացա, որ անսպասելի ասվածն իրականում շատ է եփվել նրա գլխում, դա համոզմո՛ւնք էր։ Ասացի՝ բայց ինչո՞վ։ Պատասխանեց՝ հենց թեկուզ այս սյուներով՝ մատնանշելով ճանապարհի երկու կողմերում հոսանքազրկված լապտերների մետաղյա խողովակ–սյուները։

Մենք անհապաղ գործի անցանք... դժվար օրեր էին, չմոռանանք ասել, որ այն ժամանակ դեռ ԽՍՀՄ–ի կազմում էինք, ռուսական զինվորները հսկում էին ամենուր, պարետային ժամ էր։ Աշխատում էինք գործից հետո ու գաղտնի։ Մեզ միացան շատերը, օրինակ, մասնակցել են նաև Ալեքսանդր Թամանյանը, Լեոնիդ Ազգալդյանը... Երկար ժամանակ օգտագործում էինք ճանապարհային լուսավորման սյուների համար պիտանի խողովակները, հետո, երբ դրանք էլ վերջացան, սկսեցինք արտադրել թղթից նռնականետեր, պատկերացնո՞մ եք՝ թղթե խողովակով պատրաստված զենք, որն ի զորու էր կրակել տաս-քսան անգամ։ Հեշտ չէր, պետական աջակցություն չկար, ավելին՝ դա գաղտնի էր արվում ու դժվարությամբ ուղարկվում կամավորներին։ Կային գործարաններ, ավելի ճիշտ՝ գործարաններում աշխատող նվիրյալ մարդիկ, ովքեր աշխատանքից հետո մնում ու արտադրում էին զենքը։

-Ալեքսանդր Թամանյան, Լեոնիդ Ազգալդյան... խորին հարգանքի արժանի անուններ են…
-Այո։ Բացառիկ անուններ… Խոնարհվելով նրանց հիշատակի առաջ,  ինչպես նաև խորապես շնորհակալ լինելով և հարգելով բոլոր մյուսներին, ովքեր աջակցել են, անհրաժեշտ է առանձնացնել այստեղ Հրանտ Ազիզբեկյանին։ Հրանտը ֆիզիկոս է, ճարտարագետ, աշխատում է Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում։ Նա է մտքի հեղինակը և նա էր գործի ոգին։ Շատերն այսօր, ավա~ղ, հեռացել են, կամ՝ երկրից, կամ՝ ընդմիշտ, իսկ մեր կողքին դեռ կան մարդիկ, ովքեր ապրում են ու շարունակում գործել։ Իհարկե, Նժդեհն ասել է, որ երկրի հողը սուրբ է նաև իր շիրիմներով։ Մենք ունենք Լեոնիդի, Ալեքսանդրի ու շատ այլ սուրբ շիրիմներ, Նժդեհի ասածի իմաստով հարուստ ենք, բայց երկիրը հարուստ է նաև նրանցով, ովքեր այսօր մեր կողքին են, մեր շարքերում, մեզ հետ, և ում անունը տալով՝ մենք կարող ենք հպարտանալ։

–Ի՞նչ մտահոգություններ կան, պարո՛ն Իշխանյան։
–Մտահոգություններ կան... Իշխանությունները մեզանից կիրառական արդյունք են պահանջում՝ չնկատելով անգամ, որ  Հայաստանի գիտնականներն ու ճարտարագետները ցույց են տվել, որ ունակ են ստեղծելու ամենաբարձր մակարդակի արդյունք։ Չնայած դրան՝ սայլը տեղից ոչ մի կերպ չի շարժվում. երկիրը գիտատեխնիկական առումով հետընթաց է ապրում։ Այ, տեսե՛ք, Հրանտ Ազիզբեկյանը ժամանակին արեց հենց այդ պահանջված «պրակտիկ»–ը։ Արդյո՞ք պետությունը նկատեց հենց այդ պրակտիկ արտադրողին՝ այն պրակտիկ արդյունքի, որը եղավ մեր դիմակայման գործոններից մեկը՝ պատերազմի առաջին փուլում։ Արդյո՞ք գիտեն նրան, ով այսօր մեր կողքին է։ Խոսում են այսօր կիրառական արդյունքի անհրաժեշտությունից՝ չնկատելով, որ դա կա ու եղել է բոլոր ժամանակներում։ Խորհրդային միության փլուզման պահին Հայաստանում կար շատ բարձր որակավորում ունեցող ճարտարագետների բազմահազարանոց կազմ։ Հրանտի մասնագիտական մակարդակն ուղղակի հիանալի է։ Այդպիսի մեխանիկոս, նյութի, մետաղի զգացողություն ունեցողներ լինում են հազվադեպ։ Այ այդպիսի մասնագետների շնորհիվ էր, որ այդ զենքերն ստեղծվեցին։ Հին կադրերը դիտելիս կարելի է գնահատել այն դերը, որ խաղաց ինքնաշեն զենքերը պատերազմի սկզբնական փուլում, իմիջիայլոց, ոչ միայն զուտ ռազմական, այլ նաև հոգեբանական, ինչն այդ պահին նույնպես կարևոր էր։ Լեոնիդ Ազգալդյանի ջոկատում գիտնականներն ու ճարտարագետները շատ էին։ Ցավոք սրտի, հետագայում, տնտեսության քայքայման արդյունքում, այդ հարստությունը՝ որակյալ ճարտարագետների զանգվածը, մեծամասամբ փոշիացվեց, այսօր բարձրակարգ ճարտարագետներ շատ քիչ են մնացել, նորեր համարյա չկան։

–Պարո՛ն Իշխանյան, վերադառնալով զենքին, իսկ ո՞րն է եղել Ձե՛ր դերը նռնականետի ստեղծման և արտադրման գործում։
–Միտքը Հրանտ Ազիզբեկյանինն էր։ Այն ժամանակ ես դեռևս անփորձ երիտասարդ էի, բայց մեծերը ոգևորվում էին, որ իրենց կողքին եմ։ Իմ գործը հաշվարկներ անելն էր, տարբեր տեխնիկական և կազմակերպական քայլերը։ Մենք մշտապես միասին ենք եղել։ Ինչ–որ առումով, կար նաև հոգեբանական կողմը. կա մի երիտասարդ, որը քայլում է իրենց հետ համընթաց։ Նանք մեծեր էին և կա՛ն որպես մեծեր։ Ես կարծում եմ, ո՛չ՝ ես համոզված եմ, ավելին՝ ես կոչ եմ անում,  որ մենք առանձնահատուկ գնահատենք նրանց պես մարդկանց, քանի որ հենց այդ մարդիկ էին, նրանց նման մարդիկ, որ ոտքի կանգնեցին ամենածանր օրերին՝ որպես արարող, որպես լավատեսության ոգի, որպես հասարակ զինվոր, ինքնաշեն զենքի փորձարկումների ժամանակ՝ նույնիսկ որպես մահապարտ։

–Կարո՞ղ եք հիշել փորձարկումների ժամանակ եղած ինչ–որ արտառոց բան։
–Եղել են։ Եղել են և շատ ցավալի դեպքեր։ Կոնկրետ մեր նռնականետի փորձարկումների ժամանակ վատ բան չի պատահել, բայց մենք երբեմն մոտ ենք եղել վատթարագույնին։ Գեներալ–գնդապետ Դալիբալթայանը՝ ապագայում մեր զինված ուժերի շտաբի հրամանատարը, մի անգամ, մեր փորձարկումների ժամանակ, շատ մոտ էր զոհվելուն։ Դա պատահածների մեջ ամենավտանգավոր դրվագն էր։

-Նռնականետների արտադրությունը հետագայում ի՞նչ զարգացում ունեցավ։ 
-Կանոնավոր բանակի ձևավորումից հետո, երբ զենքի ու զինամթերքի արտադրությունն ու մատակարարումն սկսեց կատարվել պետական մակարդակով, բնականաբար, սկսվեցին մշակվել այլ զինատեսակներ։ Ցավոք սրտի, որոշ ժամանակ անց այդ աշխատանքները դանդաղեցվեցին ու հիմնական շեշտը դրվեց արտաքին մատակարարման վրա։ Այս մոտեցումը, սակայն, դժվար է համարել լիարժեք, քանի որ սեփական արտադրության բացակայությունը հղի է ռազմավարական վտանգներով։ Սա նշում են շատերը, այդ թվում նաև՝ պաշտպանության նախարարության վերլուծաբանները։ Պարզ է, օրինակ, որ զարգացած ռազմա-արդյունաբերության համակարգը էապես կմեծացնի մեր պետության կշիռն ու ազդեցությունը միջազգային և տարածաշրջանային գործընթացներում։ Այնպես որ, խնդրի կարևորությունն այսօր գիտակցված է, և մտադրություն կա շատ ավելի լուրջ քայլեր ձեռնարկելու այդ ուղղությամբ։ Ահա այստեղ է, որ պետք է կրկին հիշել ճարտարագետներին ու ցավով փաստել, որ մենք կադրային քաղց ենք ունենալու, նոր ազիզբեկյաններ քիչ են լինելու։ Ուստի, պետք է նրանց այսօր շրջապատել ամենայն հոգածությամբ, որպեսզի նրանք ի վիճակի լինեն մասնակցել մշակումներին, փոխանցել իրենց փորձը, պատրաստել նոր, երիտասարդ կադրեր, ովքեր կստեղծեն նոր ՔԹՄ-ներ՝ նոր ժամանակներին համապատասխան։

ՄԱՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ




ՄԻ ՔԻՉ «ԼՈՒՅՍ»-ԻՑ

«Լույսից» առանձնապես չի խոսվում, այնինչ 2009-ին «սպառնում» էին, որ «Լույս» հիմնադրամը շուտով հրաշքներ է գործելու և եթերներից չի իջնելու նրա լուսատու անունը: Ի՞նչ բան է սա։ Հիշեցնենք, որ հիմնադրամը կյանքի է կոչվել 2008-ին՝ ֆինանսապես աջակցելու, որպեսզի հայ շնորհալի երիտասարդները հնարավորություն ունենան՝ սովորելու աշխարհի լավագույն բուհերում:

Այն ժամանակ խոստումներն առատ էին, այսօր՝ արված գործը՝ սակավ: 
Տեսենք, թե ինտերնետո՞ւմ ինչ կգտնենք այդ մասին… դարձյալ` առանձնապես ոչինչ, եթե չհաշվենք այստեղ-այնտեղ ծվարած որոշ կցկտուր տեղեկություններ: Ահա, մեկում, օրինակ, այն, որ «Լույսը» բարձրացրել է նշաձողը: Իսկ՝ բարձրացնել նշաձող, տվյալ դեպքում, փաստորեն, նշանակում է՝ արտասահմանյան բուհերի ցանկը կրճատել ու 25-ից հասցնել 10-ի: Ըստ ամենայնի, դա պիտի որ համարվեր հետընթաց, բայց արի ու տես, որ, ըստ հիմնադրամի կրթական ծրագրի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անահիտ Էվոյանի՝ դա առաջընթաց է, քանի որ «Լույսը» պահանջում է, որ մեր երիտասարդներն ընդունվեն աշխարհի լավագույն տա՛սը համալսարաններից մեկը և ոչ թե նախկինում որոշված քսանհինգը: Դե ի՞նչ. մեր ուսանողներին մնում է աղոթել, որ նշաձողի դիրքը գոնե այս մակարդակի վրա պահեն, քանի որ եթե մի քիչ էլ բարձրացնեն՝ զտելով աշխարհի լավագույն համալսարաններից այդ 10-ն էլ, արդյունքում կմնա 1-2 համալսարան ու, լավագույն դեպքում, այդքան էլ ուսանող:

Բանից դուրս կգա, որ «Լույսի անձնակազմը», իր ողջ ծախսերով ու աստղաբաշխական թվերի հասնող աշխատավարձերով, գնալով աջակցում է ավելի ու ավելի քիչ ուսանողների: Չորս տարում նա (կիսով չափ) ֆինանսավորել է 170 ուսանողի: Տեսնես համաձա՞յն են պարոն վարչապետը, տիկ. Կարաասլանյանն ու լուսակից պաշտոնական այլ անձինք, որ այսօր այդ թվի վերջում գոնե մի զրո ավել պիտի լիներ:

Այսօր մի հայացքից էլ պարզ է` «Լույսը» ոչ թե առատ լուսավորում, այլ թեթև առկայծում է, այն էլ…

Այսօրվա պես հիշում եմ 2009-ին ԵՊՀ-ում տեղի ունեցած՝ համալսարանականների երկար սպասած հանդիպումը «Լույս» հիմնադրամի նորընտիր տնօրեն Ժակլին Կարաասլանյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Երկար սպասված, քանի որ Ժ. Կարաասլանյանը «ընտրվել էր» ամիսներ առաջ, և դեռ այն ժամանակ ասվեց, որ նա արդեն «իրերն է կապում», որպեսզի ԱՄՆ-ից գա ու ստանձնի այդ բավական պատասխանատու գործը:
Շատ երկար սպասեցինք այդ առանձնահատուկ անձնավորության գալստյանը: Փաստորեն, չորս ամիս շարունակ իրեր կապելն արդարացուցիչ հանգամանք էր, որ հակադարձվեր ուսանողների այն հարցը, թե ինչու սայլը տեղից չի շարժվում:

Ինչևէ, սկզբում վարչապետը ներկայացրեց «Լույսը»` որպես հիմնադրամ, որն ստեղծվել է աշխարհի առաջատար բուհերում սովորող հայ ուսանողներին կրթաթոշակով ապահովելու նպատակով, իսկ հետո` հիմնադրամի բաղադրիչները` գիտություն, կրթություն և, որքան էլ զարմանալի լինի, մշակույթ: Բաղադրիչների մեջ մտցնելով մշակույթ բառը, որն ի սկզբանե չէր եղել, նա մեկ գնդակով որսաց երկու նապաստակ` մեկ՝ արդարացրեց հիմնադրամի փողերով կայացրած երկու համերգները, որոնք, ի դեպ, այդ չորս (իրեր կապելու) ամիսների ընթացքում կատարած միակ գործն էին, երկու՝ հող ստեղծեց հետագայում կայանալիք նմանատիպ միջոցառումների համար, որոնց վրա ծախսված փողերը հնարավոր չէ հաշվել:

Այնուհետև պրն. վարչապետը ներկայացրեց տիկ. Կարաասլանյանին` «օժտելով» նրան այն զարմանահրաշ գծերով, որոնցով ռոմանտիզմի շրջանի հայտնի գրողը կօժտեր իր կերտած դրական հերոսուհուն, ապա հռետորական հարց ուղղեց իրեն ու դահլիճին՝ ի՜նչ կանեինք մենք հիմա, եթե չգտնեինք տիկ. Կարաասլանյանին և ի՜նչ կլիներ հիմնադրամի վիճակը, եթե տիկինը հանկարծ հրաժարվեր գալ Հայաստան: Վարչապետը՝ իր իսկ խոսքից ազդված, ընկել էր ծայրահեղության մեջ ու մի պահ մոռացել, որ հանդիպումը ոչ թե մանկապարտեզի ավագ խմբի սաների հետ է, այլ Երևանի պետական համալսարանի ուսանողների:

Այնուհետև խոսեց տիկ. Կարաասլանյանը` անհասկանալի հայերենով ասելով նախադասություններ, որոնց ավարտից հետո ուսանողները ներողամիտ ժպիտով իրար սկսեցին նայել: Տնօրենին ներկայացնող-ընտրողները, մինչ նրա ժամանումը, գրում էին, որ նա ազատ տիրապետում է մի քանի լեզուների, և այդ լեզուների ցանկը սկսվում էր հայերենից: Շատերս զարմացանք, բայց ներքուստ հույս փայփայեցինք, որ մնացած անզուգական գիտելիքներին ու իմացություններին, որոնց շնորհիվ, ինչպես վարչապետը նշեց, նա, բացարձակ առավելություն ունենալով մյուս թեկնածուների հանդեպ,  ընտրվել էր միաձայն, ավելի լավ է տիրապետում: Տիկ. Կարաասլանյանը, ներկայացնելով իրեն, ասաց, որ ինքն աշխատել է Ֆրանսիայում` հայտնի գիտնականների հետ, այնուհետև` Բոստոնում, էլի՝ հայտնի գիտնականների հետ, և, ընդհանրապես, ինքն աշխատել է շատ հայտնի գիտնականների հետ… բայց այդպես էլ անհասկանալի մնաց էականը` որպես ի՞նչ է աշխատել նա այդ գիտնականների հետ: (Ակամա հիշեցի հայտնի ներկայացման այն հատվածը, երբ Կարպ Խաչվանքյանն ասում էր, թե բոլոր մինիստրներն իր առաջ գլխարկ են հանում, քանի որ ինքն աշխատում է հանդերձարանում):

Դե, ինչ… տիկ. Կարաասլանյանին հրավիրել էին, նա էլ եկել էր` գուցե իրո՞ք աշխատելու մեծ պատրաստակամությամբ (թեև, ինչպես ցույց տվեց կյանքը, նաև, մեղմ ասած, աշխատելու չափազանց համեստ ձիրքով), ամերիկյան ջերմ ժպիտով` հավանաբար չմտածելով անգամ այն հարցի շուրջ, թե այդ ինչ տարօրինակ արժեհամակարգ է գործում Հայաստանում, ըստ որի՝ հայտնի գիտնականի հետ աշխատած լինելն ավելի հարգի է հայտնի գիտնական լինելուց: Չմտածելով հավանաբար, թե ինչու դահլիճի այս ու այն կողմից հնչում է Արթուր Իշխանյան անունը և ինչու վարչապետը նյարդայնանում է այդ անունը լսելիս. կամ կոպտորեն ընդհատում է հարց հնչեցնողին կամ, հումորի տալով, սահուն անցում կատարում:

Այս ամենից, նաև իր գործից (և՛ այն ժամանակ, և՛ այժմ) անտեղյակ Ժակլին Կարաասլանյանն ի՞նչ իմանա, որ հայրենիքում բարոյական չափանիշները մեծ փոփոխություն են կրել այն բանից հետո, երբ Վռամշապուհն ընդունեց Մեսրոպ Մաշտոցին, ով վերադարձել էր, իր ստեղծածի շնորհիվ, հայրենիքում լույս տարածելու… և ինչպե՜ս էին արքաները մեծարում նրանց, ովքեր լույս էին տարածում: Հիմա Հայաստանում «արքաները» յուրացնում են ուրիշի մտքերը, բարձր ճակատով ներկայացնում դրանք` որպես իրենցը և սաստում արդարությունից խոսել ցանկացողներին:
Տիկ. Կարաասլանյանին շատ բան չհետաքրքրեց, բայց լրագրողները շա՜տ հետաքրքրասեր մարդիկ են…

Դե քանի որ այս պահին ազատ ենք վարչապետի հսկողությունից, անցել են տարիներ, որոնք, ցավոք, չեն ողողվել առատ լույսով, այլ գնալով տանում են դեպ խավար, փորձենք պարզել, թե ով է Արթուր Իշխանյանը: Ինտերնետ կոչվող հրաշքի շնորհիվ դժվար չէ անմիջապես պարզել, որ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզ.-մաթ. գիտ. դոկտոր Արթուր Իշխանյանն այն մարդն է, ում մտահղացումն է «Լույսը»: Ում-ում, բայց պրն. վարչապետին պիտի որ քաջ հայտնի լիներ, թե նա ինչ մեծ աշխատանք է տարել այս ուղղությամբ: Իսկ երբ ամեն ինչ արված էր, հնչեց` «նախագահի բարձր հովանու ներքո»-ն… և արգելվեց կողք-կողքի  արտասանել Արթուր Իշխանյան և «Լույս» անունները:

Մարդկանց հնարավոր է արգելել՝ ունենալ հիշողություն, իշխանավորներին հայտնի հազար ու մի ձևեր բանեցնելով՝ հնարավոր է սաստել այս կամ այն թեմայի բարձրաձայնումը, բայց, բարեբախտաբար, մենք ապրում ենք լուսավոր դարում, որտեղ կա ինտերնետ՝ շատ սուր հիշողությամբ… փորփրիր ու անցիր 2009-ից առաջ, ու շատ-շատ մութ հարցեր կլուսավորվեն:

Այժմ փորձենք պատասխանել վարչապետի հարցին, թե ինչ կլիներ, եթե «սխալ ընտրություն» կայացվեր կամ տիկ. Կարաասլանյանը, ունենալով ավելի լավ առաջարկ, հրաժարվեր գալ Հայաստան, ու հանկարծ «Լույսի» տնօրենի պաշտոնում ընտրվեր թեկնածուներից մեկ ուրիշը, օրինակ, հենց թեկուզ մտքի հեղինակը՝ Ա. Իշխանյանը.

1. Այն հարցերին, որոնց հանդիպման ժամանակ տրվեցին կցկտուր, անորոշ ու անհասկանալի  պատասխաններ (իսկ համարյա բոլոր հարցերն էին արժանանում նման բախտի) կտրվեին հստակ ու կոնկրետ պատասխաններ:

2. Աշխատանքին չէր տրվի կրիայի ընթացք, այլ` արագություն ու եռանդ: Այսօր մենք չէինք պարծենա, որ «Լույսի» շնորհիվ արտասահմանում սովորել են 170 ուսանողներ, այլ կխոսեինք հազարներից:

3. Վարչապետը փշերի վրա չէր լինի, քանի որ այս դեպքում կեղծիք էլ չէր լինի, և ուսանողները կհավատային արդար ու թափանցիկ  բառերին, որոնք ինչքան շատ կրկնվեցին, այնքան քիչ  հավատ ներշնչեցին:

4. Բաղադրիչներից կհանվեր «մշակույթը», որը ոչ այլ ինչ է, եթե ոչ հիմնադրամի փողերի անհայտ ուղղությամբ հոսքի միջոց:
Եվ վերջապես ամենակարևորը`

5. Այն հարցերի պատասխանները, թե արդյոք ուղեղների արտահոսք չի՞ լինի և սովորելու մեկնած ուսանողները կվերադառնա՞ն… ուսանողներն իրենց աչքով կտեսնեին, որ նա, ով ծրագիր է առաջ քաշում, տարիներով նվիրվում իր մտահղացած գործին, ուսանողների հետ միասին հիմնադրույթներ մշակում` ամենայն մանրամասնությամբ, ով ճանաչված գիտնական է, ավելի հուսալի է, քան նա, ով ներկայանում է՝ գործից անտեղյակ, իսկ տարիները ամենևին չեն նպաստում՝ կայանալու ստանձնած պատասխանատու գործի մեջ:

Հետևաբար, արտասահման մեկնող ուսանողը երկընտրանքի առաջ չէր կանգնի՝ մտածելով՝ մնալ ու աշխատել արտասահմանո՞ւմ, որտեղ գիտնականը ունի և՛ արժանի հարգանք, և՛ արժանի վաստակ, թե՞ վերադառնա՞լ հայրենիք, որտեղ հայտնի գիտնականի հետ աշխատելն ավելի հարգի է հայտնի գիտնական լինելուց, որտեղ հայտնի գիտնականի հետ աշխատած լինելը բավարար պայման է՝ վաստակելու տասնապատիկ ավելի, քան վաստակում է հայտնի գիտնականը, որտեղ «արժեհամակարգի» այնպիսի խեղում է, որ ցավով կարելի է անվանել ծաղր:

ՄԱՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ



«ԵՐԵՍ ՄԻ՛ ՏՎԵՔ ԷԴ ԲՈՄԺԵՐԻՆ...»

Նոյեմբերի սկզբի առաջին ձյան օրն էր… առավոտյան աշխատանքի էի շտապում, երբ մեր մուտքի աղբատար խողովակի տակ շարժ նկատեցի: Վախով նայեցի կիսաբաց դռնից ներս` առնետ տեսնելու սպասումով: Աղբանոցում մարդ էր պառկած` ծածկված քուրջ ու փալասով: Նա ոտնաձայնիցս գլուխը բարձրացրեց, ու ես տեսա կենդանական սարսափ նրա աչքերում: Մեր հարևան Աբգարը կասեր. «…ու՞ր ա էդ բոմժը. փետս վեկալեմ նենց քշեմ, որ մեր շենքի ճամփեն վաբշե մոռանա: Դրանց բան մի տվեք, փիս մի սովորցրեք, դրանք ձեզնից շատ փող ունեն»: Երևի սա էլ… առատ ու ցոփ կյանքից հոգնել ու որոշել է մի գիշեր էլ անցկացնել աղբանոցում:

Ես, գլուխս կախած, առաջ շարժվեցի, դժվարությամբ քարշ տալով միանգամից հարյուր կիլոյով ծանրացած ոտքերս, սրտումս` անպատմելի ամոթ: Սա մեր երկիրն է, իսկ նա` մեր երկրի քաղաքացին, որ մայր հողի վրա չունի այնքան տարածք, որտեղից նրան չքշի դեռևս «կոմունիստների վախտվա քյալամ գործից» հետ գցած եկամտով ու արտասահմանում ապրող տղաների ուղարկած դոլարներով փորը կլորացրած Աբգարը:

Երբ Լենինի ստեղծած երկիրը զարգացման ուղին բռնեց, առաջին լոզունգը «Չքավորության վերացումն» էր: Եվ դա միայն լոզունգ չէր, այլ հետևողական քաղաքականություն: Մեր` քսան տարեկան «նորանկախ» հայրենիքի ղեկավարությունը, որ ամեն կերպ արտասահմաններում գովազդում է իր զարգացման տեմպն ու, դա էլ օգտագործելով որպես անցաթուղթ, ուզում է խցկվել Եվրամիություն, բացարձակապես չի ամաչում այն բանից, որ 23 տարի անց, աղետի գոտում, մարդիկ դեռևս խարխլված տնակներում են ապրում, գիշերներն էլ հերթապահում, որ առնետը չհարձակվի նորածին երեխայի վրա: Նա չի հիշում հատակում «ապրող» մարդկանց ու ոչ մի կերպ չի նկատում փողոցներում մուրացող կամ ցուրտ տներում սովի մատնված երեխաներին:

Փառք Աստծո. դրա համար կա երկու համոզիչ արդարացում` 1. նույնիսկ զարգացած երկրներում կան մուրացկաններ, 2. մեր երկիրը, պատերազմ ու «անկախություն տարած», աղքատ բյուջեով երկիր է: Քսան տարի անցավ, բայց դեռ ամպագոռգոռ խոսքերով, որպես զարգացման թռիչք, գովազդվում է մեր անկախանալը (Կարծես եթե 91-ին «այո» ասած չլինեինք, դեռ պիտի ԽՍՀՄ-ի կազմում մնացած լինեինք: Տեսնես մնացած նախկին «եղբայրական» հանրապետություններն է՞լ են այսքան պարծենում իրենց անկախանալով, թե՞ նրանք հպարտանալու այլ արժեքներ են ընտրել, ասենք` ժողովրդի բարեկեցությունը) և որպես հետամնացության արդարացում նույնպես փաստարկվում է անկախացումը:

Տասնամյակներն անցնում են, իսկ մենք դեռ չենք ազատվում «նորանկախ» բառից: Կարծես ժողովուրդը կույր է ու չի տեսնում աղքատ բյուջեով երկրի` երկինք խոյացած հյուրանոցներն ու այլ «օբյեկտները», որոնց վրա ծախսվել են աստղաբաշխական թվեր:

Ջայլամի քաղաքականություն. կազմակերպել տոնակատարություններ, վերամբարձ խոսքերով գովաբանել ու ազդարարել արած «գործերը»: Այդ գործերից մեկն, օրինակ, թոշակների բարձրացումն էր. մի ամբողջ տարի ազդարարվում էր, որ թոշակառուները կստանան 2500 դրամ ավել թոշակ: Մյուսը գիտության ֆինանսավորման «ավելացումն» էր 7 %-ով, որը ամեն գիտնականի համար կազմում է մոտավորապես 2500-3000 դրամ. և սա այն գումարն է, որը պիտի հետ պահի երիտասարդ գիտնականին` հեռանալու երկրից: Ամոթ: Սա է մեր պետության քաղաքականությունը. աղմկել, ազդարարել, ինքնագովազդել ու այդ աղմուկի մեջ խլացնել սեփական խղճի ձայնը:

Հիշեցի հայտնի դրամայի հերոսուհու խոսքերը. «…հնարավոր չէ երջանիկ լինել, եթե աշխարհում կա թեկուզ մի անտեր ու թափառական շնիկ»:
Արի ու տես, որ կասկածելի ճանապարհներով միլիոն դիզած մեր հարուստների ու մեր ղեկավարների երջանկությունը բացարձակապես չեն խաթարում ոչ միայն անտեր շնիկներն, այլև անտեր մարդիկ, ու Ձմեռ պապիկից հաց խնդրող երեխայի պատկերը բացարձակապես չի ազդում նրանց` օբյեկտներում սրտխառնոց ստանալու աստիճան ուտել-խմելու ախորժակների վրա:

Դեռ քանի՜ տասնամյակ կամ հարյուրամյակ պիտի անցնի, որ ձեռքը պարզած` բռի մեջ «հացի փող» մուրող երեխան ու նրա սերունդը, առողջ հոգեբանությամբ ու հարուստ ներաշխարհով, հասարակության լիարժեք անդամ դառնա: Եվ ո՞վ է ավելի մեղք. այն փոքրի՞կը, ով «ի՞նչ կուզես, որ Ձմեռ պապիկը բերի քեզ համար» հարցիս տալիս է` «հաց» պատասխանը, թե՞ դուբայների բարձրակարգ հյուրանոցներում նոր տարիները դիմավորող բթացած հոգով միլիոնատերերը:

Մնում է մի վերջին հույս… Սիրելի՛ նախագահ, սիրելի՛ վարչապետ, սիրելի՛ հարուստներ, տաքուկ խորհրդարանում պարապությունից աչքը կպցնող ժողովրդի կողմից վստահված անձինք` սիրելի՛ պատգամավորներ, ձեր «ազգանվեր գործունեությունը» մի սահմանափակեք միայն ու միայն ձեր շփացած երեխաների համար մերսեդեսներ ու տոյոտաներ առնելով ու նրանց` հայտնի ֆիրմային խանութների ու կազինոների համար դոլարներ ապահովելով: Երբ պառկում եք քնելու, աղոթքի ժամին, փորձեք հիշել այն մարդուն, ով գաղտնի մտել է աղբանոց` ցրտից ու ձյունից պաշտպանվելու, այն գերազանց սովորող 8-ամյա աղջկան, ում քունը չի տանում ստամոքսի դատարկությունից, այն փոքրիկ տղային, որ Ձմեռ պապիկից հաց է խնդրում` որպես Նոր տարվա նվեր: Մի քիչ հետ գցեք սեփական հաճույքների վրա ծախսվող գումարներից ու փորձեք հաճույք ստանալ բարի գործերից. հավատացեք, որ Աստված ավելի բարեհաճ կգտնվի ձեր հանդեպ, եթե ձեր կառուցած եկեղեցիների կողքին կամ փոխարեն կառուցեք կացարաններ` հնարավորություն տալով մարդկանց գոյատևելու գոնե ծածկի տակ, ստեղծեք բարեգործական ճաշարաններ, մանկապարտեզներ, օգնեք մանկատներին ու համոզված եղեք, որ մեկ մարդուն երջանկացնելը հավասար է մի եկեղեցի կառուցելուն»:

Ալեքսանդր Մակեդոնացին մահանալիս բացեց դատարկ ափն ու ցույց տվեց շուրջը խմբվածներին. «Ահա, նայեք, ես ոչինչ չեմ տանում հետս»… տանել չեք կարող, բայց թողնել կարող եք` լավ գործեր ու բարի անուն:

ՄԱՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ
(Երևան)



ԱՐՑԱԽԻ «ՄՌԱԿԱԾ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԷՐ

2013 թ. հուլիսի 3-8-ը Արցախի «Մռակած» պետական կամերային երգչախումբը Վիլնյուսում մասնակցել է «Gratulationes» ընկերության կողմից կազմակերպված հոգևոր երաժշտության «Լաուդատե Դոմինում» 4-րդ միջազգային երգչախմբային մրցույթ-փառատոնին:

Մրցույթին մասնակցել է 10 երգչախումբ Լիտվայից (3), Ռուսաստանից (3), Լեհաստանից (3) և Արցախից (1): Մրցույթի շրջանակներում երգչախմբերը համերգներով հանդես են եկել Վիլնյուսի մի շարք մշակութային հաստատություններում և եկեղեցիներում:

Մրցութային ծրագրի համաձայն` երգչախմբերից յուրաքանչյուրը կատարեց 3 հոգևոր երգ և հանդես եկավ պարտադիր ծրագրում` կատարելով լիտվական երգ: Կանոնակարգի համաձայն, երգերը կատարվել են առանց նվագակցության (ա կապելլա):
Մրցույթ-փառատոնի արդյունքներով «Մռակած» պետական կամերային երգչախումբը արժանացել է երրորդ մրցանակի, իսկ պարտադիր ծրագրում գրավել է առաջին տեղը՝ կատարելով լիտվացի կոմպոզիտոր Յուոզաս Նաույալիսի «Tristis est anima mea» երգը:



ԱՆԿԵՂԾ ՈՒ ԱՆՄԻՋԱԿԱՆ, ՀԱՄԱՐՁԱԿ ՈՒ ԱՆՍՊԱՍԵԼԻ

Ինչպես արվեստի բոլոր ճյուղերը, նկարչությունը ևս մի նպատակ է հետապնդում՝ մարդու մեջ դաստիարակել էսթետիկա՝ աշխարհընկալում, գեղեցիկը նկատելու, տեսնելու կարողություն։ Ամեն մի արվեստի ճյուղ էլ ունի իր առանձնահատկությունները, բայց կարծես թե նրանք միաձուլված են իրար մեջ, կարծես մեկը մյուսի շարունակությունն են կազմում, ինչպես երաժշտությունը, նոտան, խոսքը, այնպես էլ գույնը, ծավալը, բոլորն իրար հետ շաղկապված են։ Ուղղակի տարբեր են գաղափարի արտահայտման լեզունները։

Վերոնշյալ ոլորտի ներկայացուցիչ Ամալյա Արմենի Ջաբիյանը ծնվել է 1994 թվականին, Ստեփանակերտում։  Միգուցե դա էլ պատճառ հանդիսացավ նախնական մասնագիտության ընտրության հարցում։ Մեր հերոսուհին միջնակարգն ավարտելուց անմիջապես հետո ընդունվել է Գյուրջյան կիրառական արվեստի ինստիտուտը։ Սկզբում սովորել է «միջավայրի դիզայն» բաժնում, այնուհետև որոշել է մասնագիտությունը փոխել, և այժմ սովորում է «հագուստի մոդելավորում» բաժնում։

Իսկ թե երբ է Ամայլան սկսել նկարչությամբ զբաղվել, կոնկրետ չմտաբերեց. «Լավ հիշում եմ, հակումը նկարչության նկատմամբ սկսել է վաղ դպրոցական հասակից։ Չեմ մոռանա իմ առաջին քայլերը. մայրս, ով նույնպես լավ է նկարում, փուչիկի վրա մի սիրուն տիկնիկ էր նկարել, որն ես անչափ հավանեցի, և իմ մոտ հակում առաջացավ դեպի նկարչությունը։ Հապճեպ փորձում էի նույնը կրկնել, ինչ որ չափով ստացվեց՝ գոհ էի։ Այնուհետև մորս խնդրում էի փուչիկ փչել, որպեսզի նկարեմ իմ բոլոր տիկնիկներին։ Ժամանակ անցավ և ես սկսեցի նույնը վերարտադրել արդեն թղթի վրա, նրան տալով հնարավորինս կենդանություն։ Հիշում եմ, որ դասի ժամանակ դասընկերներիս շորերի վրա նկարները փորձում էի իմ տեսածի չափ փոխանցել թղթին»։

Ամալյան նկարչական խմբակ գրեթե չէր հաճախում, քանի որ քաջ գիտեր ինչ նկարել և ինչպես նկարել. այդ հարցում նրան օգնում էր հորաքույրը, ով մասնագիտությամբ նկարչուհի է, այս պարագայում կարող ենք ասել, որ նկարչական ջիղը գենետիկորեն է փոխանցվել Ամալյային։ «Քայլերս դեպի լուրջ նկարչություն սկսել եմ նույնպես դպրոցական տարիքից։ Սկզբում նկարում էի տարբեր մոդելներ, հետո՝ դիմանկարներ, իսկ այժմ կենտրոնացել եմ բնության վրա. այն ինձ գրավել է իր գեղատեսիլ ու անզուգական պատկերներով։ Ցանկանում եմ այդ ոլորտում հմտանալ, ուսումնասիրել բոլոր տարրերը, իմանալ բոլոր գաղտնիքները»։

Անկեղծ ու անմիջական, համարձակ ու անսպասելի. հենց այսպես կարող ենք բնութագրել մեր հերոսուհու նկարները։ Թե նա ինչն է առավել շատ նախընտրում, թե ում է համակրում և այսպիսի նմանատիպ հարցերի սպառիչ պատասխան կարող են տալ միայն նրա նկարները, քանի որ այնտեղ արտացոլվում են նրա յուրաքանչյուր խոսքը, հայացքն ու մտորումները։ «Յուրաքանչյուր նկարիչ փորձում է իր հոգու ապրումները վրձնի միջոցով հանձնել կտավին։  Եթե զգացմունքիդ ես տուրք տալիս, երբ ի վերուստ քեզ թելադրում են, թե ինչ պետք է նկարես, և՛ թեման, և՛ բովանդակությունը, և՛ գույնը, և՛ ծավալը, ամեն ինչ մեխանիկորեն իրար են շաղկապվում, ամբողջական ձևի մեջ ի հայտ է գալիս քո մտքի ծնունդը, քո մտքի արգասիքը։ Ամենից շատ սիրում են նկարել այն մարդկանց, ում ես հավանում եմ, քանի որ երբ նկարի մեջ հոգի են դնում, ջանք չես խնայում, այն ավելի գեղեցիկ ու իրականությանը մոտ է ստացվում, իսկ երբ մարդուն այնքան էլ չես հավանում, այս պարագայում դժվար թե նրան կարողանաս գերազանց կերպով նույնացնել թղթին։ Իմ բոլոր նկարներից ես կարող եմ առանձնացնել միայն մի քանիսը. առաջինը, որ ես շատ սիրով ու ջանասիրությամբ են նկարել, դա իմ մաթեմատիկայի ուսուցչուհի Քրիստինե Մեսրոպյանի դիմանկարն է։ Երկրորդն իմ գունավոր նկարներից է, ուր պատկերված է ձիու գլուխ։ Այն իմ սիրելի կենդանիներից է։ Նկարիչը, արվեստագետը, եթե իր ընտրած մասնագիտությունը չի դարձնում որպես ապրելաձև, այն եթե չի վերածում պահանջի, ապա պտուղը, ստեղծած պատկերը չի կարող լիարժեք լինել, պետք է ապրել դրանով, ահա դա է տալիս ինձ նկարչությունը»։

Ամալյան ներկերի օգնությամբ նկարներին փորձում է տալ անհամեմատ գեղեցիկ ու գրավիչ տեսք, այնպես, որ այն չտարբերվի իրական պատկերից, որպեսզի այն այնքան տպավորիչ ու անզուգական լինի, որ կարծես թե թթվածնի հոտ առնես։
Շատ հետաքրքիր մի փաստ ևս արձանագրենք. Ամալյան բազմիցս փորձել է կտավին տալ իր դիմանկարը... բայց առայժմ դա լրիվությամբ չի հաջողվել։ Նրա վաղեմի երազանքներից մեկն է՝ ծաղիկների կոմպոզիցիա նկարել իր պատկերացմամբ։

ԼՈՒՍԻՆԵ ԱՂԱՋԱՆՅԱՆ



ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
ԿԱՄ՝ ՊԱՏԱՍԽԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ

Օրեր առաջ «Ասպարեզ» օրաթերթում տպագրվել է Հրաչ Հովհաննիսյանի ««Մեր սկաուտը ձեր զարթոնքին վնաս չէ՞» կամ զրպարտում են սկաուտական շարժման գործունեությունը» հոդվածը, որը եզրափակվում է այս տողերով. ««Ասպարեզ» օրաթերթը պատրաստ է լսել նաեւ մյուս կողմի պարզաբանումները»: Քանի որ արդեն 3-րդ օրն է իմ ուղարկած պատասխանն անարձագանք է մնացել, ստիպված այն ուղարկում եմ «Նոր էջ»-ին։

Ինձ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ «Նոր էջ» կայքում տպագրված «Մեր սկաուտը ձեր «Զարթոնքին» վնաս չէ՞» հոդվածին արձագանքել է «Ասպարեզ» թերթը: Համոզված եմ, որ «Նոր էջի» խմբագիրը՝ գրող, հրապարակախոս Վարդգես Օվյանը, լինելով բարեպաշտ մարդ եւ Արցախի փորձառու խմբագիրներից մեկը, անպայման կտպագրեր «հակառակ կողմի» տեսակետը: Կամ էլ՝ հոդվածը կարող էին տպագրել Արցախում հրատարակվող ցանկացած թերթում, որ հնարավորություն ընձեռվեր կողմերին իրական բանավեճ ծավալելու, այլ ոչ թե նման լուրջ թեման վերածել շոուի, ինչպես հիմա է կատարվում:

Զարմանալի է նաեւ, որ թեկուզ Հ. Հովհաննիսյանը հոդվածի մեկնաբանությունների շարքում խոստովանել է, որ «Ասպարեզ» թերթում «Նոր էջ» վեբ-կայքի հղումը ճիշտ չէ գրված, բայց առ այսօր այն ուղղված չէ: Ես հակված չեմ այն մտքին, որ դիտավորյալ է դա կատարվել, բայց փաստը մնում է փաստ, որ ընթերցողները հնարավորություն չունեն կարդալու իմ հոդվածը: Ի դեպ, հոդվածը տպագրվել է նաեւ ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնաթերթ «Ապառաժ» թերթում:

Հաջորդ զարմանքս վերաբերում է «Ասպարեզ» թերթում իմ հոդվածի վերնագրի աղավաղմանը. ոչ թե՝ «Մեր սկաուտը ձեր զարթոնքին վնաս չէ՞», ինչպես գրել եք, այլ՝ «Մեր սկաուտը ձեր «Զարթոնքին» վնաս չէ՞»: Կարծում եմ՝ սովարական «զարթոնք» բառի եւ Արցախի հանրակրթական դպրոցներում 2006 թ. սեպտեմբերի 1-ից գործող ազգային «Զարթոնք» մանկապատանեկան դպրոցական կազմակերպության միջեւ ահռելի տարբերություն կա:

Եւ, վերջապես, «Ասպարեզ» թերթում ինձ ներկայացված է որպես ԼՂՀ կառավարության Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի վարիչ: Ես աշխատում եմ ԼՂՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի վարիչ, բայց որպես հոդվածագիր հանդես եմ եկել «Աշոտ Սարգսյան» ստորագրությամբ: Անհամեստություն չլինի գրելը, Հայաստանում (ՀՀ եւ ԼՂՀ) ինձ գիտեն որպես հասարակական-քաղաքական գործիչ, այլ ոչ թե ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերով զբաղվող բաժնի վարիչ:

Հավելեմ նաեւ, որ 1991թ. դեկտեմբերի 28-ից մինչեւ 2000թ. հուլիսի 5-ը եղել եմ ԼՂՀ ԳԽ եւ ԼՂՀ ԱԺ առաջին եւ երկրորդ գումարումների պատգամավոր, ԼՂՀ ԱԺ Մարդու իրավունքների եւ ազգային փոքրամասնությունների հանձնաժողովի նախագահ, ավելի քան երեք տարի աշխատել եմ «Ազատ Հայրենիք» կուսակցության «Ակունք» թերթում, որպես խմբագրի տեղակալ:

«Ասպարեզ» թերթում գրված է.« 2013 թվականի հունիսի 1-ին ԼՂՀ կառավարության Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի վարիչ Աշոտ Սարգսյանը «Նոր էջ» թերթի վեբ-կայքի միջոցով «Մեր սկաուտը ձեր զարթոնքին վնաս չէ՞» հոդվածում, ըստ «Հայկի սերունդ» երիտասարդական հասարակական կազմակերպության փոխնախագահ Վլադիմիր Գրիգորյանի, տարածել է կեղծ տեղեկատվություն «Հայկի Սերունդ» ԵՀԿ «Հայորդիներ» սկաուտական բաժանմունքի գործունեության վերաբերյալ՝ դրանով իսկ վիրավորելով կազմակերպության ու նրա շուրջ 200 անդամների պատիվն ու արժանապատվությունը:

Փոխտնօրենը հայտնում է նաեւ, որ «Հայկի Սերունդ» ԵՀԿ «Հայորդիներ» սկաուտական բաժանմունքը հիմնվել է կազմակերպության վարչության որոշմամբ, 2010թ. օգոստոսին՝ ստանալով ԼՂՀ Նախագահի հովանավորությունը ու իր գործելաոճով ոչնչով չի տարբերվում «Հայկի Սերունդ» ԵՀԿ կանոնադրական նպատակներից ու խնդիրներից. «Դրական գնահատելով՝ «Հայորդիներ» սկաուտական բաժանմունքի 2010-2012թթ. գործունեությունը եւ արձագանքելով այն դրական տեղաշարժին, որը տեսանելի է սկաուտական դասընթացներին հաճախող երեխանների մոտ, բաժանմունքի ծնողական խորհուրդը նախաձեռնել ու նախապատրաստել է նամակ-դիմում՝ ուղղված Արցախի Հանրապետության Նախագահին (նամակի տակ ստորագրել է՝ 98 ծնող), խնդրելով նպաստել, աջակցել սկաուտական շարժումն ամբողջ հանրապետությունում տարածելու խնդրին: Դիմումին ի պատասխան՝ մենք հանդիպում ենք ունեցել ԼՂՀ կրթության ու գիտության նախարար Ս. Ասրյանի հետ, որից հետո, ուսումնասիրելով այն ուսումնական ձեռնարկը, որով առաջնորդվում են սկաուտական պատասխանատուները, գրավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպես պիլոտային ծրագիր սկաուտական դասընթացները սկսել մայրաքաղաքի դպրոցներից որեւէ մեկում, որի հաջող ընթացքի դեպքում արդեն քննարկել նրա տարածման հեռանկարները»:

Ինչպես նշում է պրն. Գեւորգյանը (պետք է լինի՝ Գրիգորյան - հեղ.), այս ամենից հետո քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Կ. Մարգարյանի գրավոր համաձայնությամբ իրենք ներկայացել են մայրաքաղաքի թիվ 7 դպրոց ու ստացել դպրոցի ղեկավարության պատրաստակամությունը՝ աջակցելու իրենց նախաձեռնությանը. «Որոշեցինք, որպես հաջորդ քայլ, հանդիպել 2-8 դասարանների ծնողական խորհուրդների ղեկավարների հետ…»:

Հիմա ներկայացնենք մեր պարզաբանումները.
Առաջին. ի՞նչ է նշանակում՝ «ստանալով ԼՂՀ նախագահի հովանավորությունը» կամ՝ «բաժանմունքի ծնողական խորհուրդը նախաձեռնել ու նախապատրաստել է նամակ-դիմում՝ ուղղված Արցախի Հանրապետության Նախագահին (նամակի տակ ստորագրել է՝ 98 ծնող), խնդրելով նպաստել, աջակցել սկաուտական շարժումն ամբողջ հանրապետությունում տարածելու խնդրին»:

«Հայկի սերունդ» ԵՀԿ փոխնախագահ Վլադիմիր Գրիգորյանին՝ որպես իրավաբան, պետք է հայտնի լինի, որ հասարակական կազմակերպությունը կամ դրա ստորաբաժանումը, այս կամ այն գործառույթ իրականացնելու համար պարտադիր չէ, որ ստանա ԼՂՀ նախագահի հովանավորությունը, այլ պետք է առաջնորդվի «Հասարակական կազմակերպությունների մասին» ԼՂՀ օրենքներով եւ իր կանոնադրությամբ: ԼՂՀ նախագահը օրենքների կատարման երաշխավորն է, ոչ թե հովանավորը:

Երկրորդ. ճշտված տեղեկության համաձայն, ԼՂՀ կրթության ու գիտության նախարար Ս. Ասրյանի հետ «Հայկի Սերունդ» ԵՀԿ «Հայորդիներ» սկաուտական բաժանմունքը գրավոր պայմանավորվածություն ձեռք չի բերել, իսկ Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Կ. Մարգարյանից ես անձամբ եմ տեղեկացել, որ այդ հարցի շուրջ եղել է միայն ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարի հեռախոսազանգը. ոչ մի գրավոր համաձայնություն չի եղել:

Փաստորեն «Հայկի սերունդ» ԵՀԿ հասարակական կազմակերպության փոխնախագահ Վլադիմիր Գրիգորյանը միտումնավոր կերպով խեղաթյուրված է ներկայացրել ԼՂՀ կրթության ու գիտության նախարար Ս. Ասրյանի եւ Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Կ. Մարգարյանի հետ «պայմանավորվածությունները»:

Հոդվածում ես նշել եմ, որ «մեզ համար մտահոգիչ է այն հանգամանքը, որ նրանք (սկաուտները) ուզում են մեր դպրոցահասակ երեխաներին եւ պատանիներին կտրել ազգային-հոգեւոր արմատներից եւ դաստիարակել աշխարհաքաղաքացիության ոգով»:
«Ասպարեզ»-ում զետեղված հոդվածի վերաբերյալ մեկնաբանությունների սյունակում Հարություն Սարոյանը գրել է ՀԱՍԿ-ի նպատակի մասին. «Աջակցել հայ երիտասարդի զարգացմանը, հասնելու համար նրա՝ որպես անհատի, քաղաքացու եւ ազգային ու միջազգային հանրությունների պատասխանատու անդամի, ֆիզիկական, մտավոր, հասարակական ու հոգեւոր ներուժի բացահայտմանը»... Ի՞նչ ասել է «միջազգային հանրությունների պատասխանատու անդամ»: Արդյո՞ք դա նույն աշխարհաքաղաքացիությունը (կոսմոպոլիտիզմը) չէ, որի մասին Գարեգին Նժդեհը գրել է. «Տգիտությունը, եսականությունը եւ աշխարհաքաղաքացիությունը - ահա երեքը հայրենասիրության անհաշտ թշնամիներից»:

Դրան ի պատասխան «Հայկի սերունդ» ԵՀԿ փոխնախագահ Վ. Գրիգորյանը արձագանքել է. «Մի հատ կարող ես ասել, թե ի՞նչ կապ ունի ՀԱՍԿ-ը, scout.am կայքը Արցախի «Հայորդիներ» Սկաուտական շարժման հետ»:
Ստացվում է՝ պարոն Գրիգորյանը համաձայն է, որ Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպությունը մատաղ սերնդին դաստիարակում է աշխարհաքաղաքացիության ոգով, այսինքն՝ ունի այլ նպատակ, իսկ Արցախի «Հայորդիներ» Սկաուտական շարժումը՝ այլ: Զավեշտական է:

Ինձ համար մտահոգիչ են նաեւ Իրանից հրավիրված, խմբապետի աստիճան ունեցող փորձառու սկաուտ՝ Ռուբիկ Սարդարյանի մեկնաբանությունները: Պարոնը գրում է. «…Կարծում եմ հոդվածը բխում է ինչ-որ անհատական ու տգիտության հիմքերից ու չունի որեւէ փաստացի բնույթ: Խորհուրդ կտայի պրն. Սարգսյանին եթե իրոք մտահոգված է այս հարցով կապնվի սփյուռքում եղած սկաուտական տարբեր կազմակերպությունների հետ ու իր գիտելիքները հայ սկաուտական շարժման մասին զարգացնի ու եթե հանկարծ էլի իր իմացածից ու դատողությունից չի հրաժարվում դիմի Հայաստանի Ազգային Անվտանգության կոմիտեին ու իր փաստերը ներկայացնի, որպեսզի «կանխվի դավադրություններ» որոնք ավելի քան 100 տարի կատարվում է եւ ըստ Պրն. Աշոտ Սարգսյանի ազգային անվտանգության մարմինները կամ քնած են կամ էլ սպասում էին պրն. Աշոտյանի պարզաբանումներին ու հայտնաբերություններին: Իսկապես ամոթ է Արցախի պաշտոնյայի համար նման անմակարդակ ու թեթեւ մոտեցումը նոր սերունդի դաստիարակության ուղղությամբ»:

Նախ՝ պարոնին խորհուրդ կտայի մինչեւ այս կամ այն մարդու մասին որեւէ բան գրելը, գոնե որոշ տեղեկություններ իմանալ նրա մասին, մի քիչ խորհել, որ կրքերն ու ցասումը չխանգարեն բանականությանը (չէ՞ որ «սկաուտը հնազանդ է, օգնում է ուրիշներին, բոլորին բարեկամ է, եւ վերջապես՝ բարեկիրթ է»), հակառակ դեպքում չէր գրի, թե՝ «հոդվածը բխում է ինչ-որ անհատական ու տգիտության հիմքերից» կամ էլ պրն. Աշոտյանին (ՀՀ ԿԳ նախարար) հանգիստ կթողներ:

Խմբապետի աստիճան ունեցող փորձառու սկաուտ՝ Ռ. Սարդարյանը ինձ դասեր տալու փոխարեն լավ կաներ, որ ժամանակին՝ Արցախյան պատերազմից առաջ, Իրանից գար եւ իր գիտելիքներով ու հմտություններով ինձ օգներ, որ Երեւանից ու Շահումյանից զենքեր եւ զինամթերքներ տեղափոխեինք (անվտանգ տեղափոխման պատասխանատուն ես էի) Արցախ, օգներ եւ մասնակցեր զինված ջոկատներ ստեղծելու հայրենանվեր աշխատանքին: Արցախյան պատերազմի ժամանակ ո՞ւր էիք, 100 տարվա փորձառությամբ հայ սկաուտներ:

Ռ. Սարդարյանին լրացուցիչ հայտնում եմ, որ քաջածանոթ եմ համաշխարհային սկաուտական շարժմանը: Գիտեմ եւ խորհել եմ, թե ինչո՞ւ է սկաուտիզմի հիմնադիր Ռոբերտ Սթիվենսոն Սմիթ Բեյդըն Փաուելը (Անգլիական բանակի գնդապետ) 1910-ին Անգլիայի թագավոր Էդուարդ VII արքայի խորհրդով անցել թոշակի եւ արքայի հովանավորությամբ ու անմիջական օգնությամբ մի քանի տարիների ընթացքում սկաուտականությունը տարածել ամբողջ աշխարհում: Հետագայում Երրորդ միջազգային սկաուտական բանակման ընթացքում Ուելսյան արքայազնը Ռոբերտ Բեյդըն Փաուելին շնորհել է Հիլվելլյան Լորդի տիտղոս:

Մի հետաքրքիր հանգամանք եւս. Աշխարհի 217 երկրներում կան սկաուտական կազմակերպություններ, անդամների թիվը 38 միլիոն է: Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում (ՀԱՍԿ) 1997 թ. անդամակցել է Սկատւոտական Շարժման Միջազգային Կազմակերպությանը: Բայց արի ու տես, որ Արցախում այդ միջազգային հզոր կազմակերպությունը ներկայանում է որպես «Հայկի Սերունդ» ԵՀԿ-ի մի փոքրիկ բաժանմունք: Մեկնաբանությունը թողնում եմ ընթերցողին:

Հայաստանում (ՀՀ եւ ԼՂՀ) օրենսդրությամբ նոր սերնդի դաստիարակությամբ չեն կարող զբաղվել միջազգային այս կամ այն կազմակերպությունները, մասնավորապես Արցախում՝ «Հայկի սերունդի» «Հայորդիներ» սկաուտական բաժանմունքը, քանի որ այն պետության պարտականությունն է իր քաղաքացիների առջեւ` ապահովելու անձի լիարժեք զարգացումն ու ինքնադրսեւորումը:

 ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ



ԵՐԲ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՄՆՈՒՄ Է ՀԱՆՁՆԵԼ ԱՐԴԵՆ ԳԼՈՒԽԸ

Ադրբեջանին մոտ մեկ միլիարդ դոլարի հարձակողական սպառազինություն վաճառելու Ռուսաստանի քայլը Հայաստանում գնահատվեց Եվրամիության հետ Ասոցացվելու պաշտոնական Երեւանի քաղաքականության դեմ պատժիչ քայլ: Դրանից հետո, Հայաստանում  կարծես թե սկիզբ է առել տեղեկատվա-քարոզչական մի արշավ, որի նպատակը Ռուսաստանի ապագայում սանձազերծելիք հավանական պատերազմի ինֆորմացիոն հովանավորությունն է, այն համատեքստում, որ «արեւմտամետ» քաղաքականությունը հանգեցնելու է նրան, որ Ռուսաստանը պատերազմ սանձազերծի Հայաստանին պատժելու համար, եւ Հայաստանը կորցնի Արցախը:

Դրա համար բերվում են նույնիսկ պատմական փաստարկներ, որոնց թվում սակայն բացակայում են այն իրադարձությունները, երբ Հայաստանը «ռուսամետ» քաղաքականության արդյունքում է կրել խոշոր, ստրատեգիական պարտություններ:

Իրականում, «արեւմտամետ» եւ «ռուսամետ» գնահատականները, որ տրվում են պաշտոնական Երեւանի ներկայիս պահվածքին, որը քաղաքականություն անվանելն էլ դժվար է, հասկացությունների նենգափոխման եւ իրավիճակի պրիմիտիվացման օրինակ են՝ կամա, թե ակամա, որոնց նպատակը քննարկումները ծայրահեղացնելն ու այդ ծայրահեղությունների հիմքով էլ քննարկումը գիտակցական վիճակից ենթագիտակցական, բնազդային վիճակի բերելն է:

Իրականում խնդիրը պարզ է, բայց ոչ «արեւմտամետության» եւ «ռուսամետության» մակարդակի պրիմիտիվ: Հայաստանի իշխանությունը որոշակի ժամանակահատվածից ի վեր հասկացել է, կամ նրան բավական հանգամանալից եւ համոզիչ կերպով հասկացրել են, որ Ռուսաստանը վաղ թե ուշ պատերազմ է սկսելու տարածաշրջանում: Եվ որքան Ռուսաստանի գերազդեցությունը Հայաստանի վրա դառնում է անբեկանելի, այդքան այդ պատերազմը ավելի է մոտենում:

Բանն այն է, որ Ռուսաստանի համար, որը գտնվում է տնտեսա-քաղաքական գլոբալ ստագնացիայի պայմաններում, կովկասյան կարեւոր տարածաշրջանում քիչ թե շատ կենսունակ մնալու միակ ելքը աստիճանաբար մնում է ռազմական բախումը արցախյան գոտում: Տեւական ժամանակաշրջան Հարավային Կովկասում քաղաքականությամբ զբաղվելու փոխարեն Հայաստանը նվաճելով զբաղված Ռուսաստանը կանգնել է իր իսկ ստեղծած վտանգավոր փաստի առաջ. Մոսկվան Հայաստանը գրեթե զրկել է միջազգային քաղաքական սուբյեկտությունից, վերածելով իր կույր գործիքի:

Այսինքն, Մոսկվան ինքն իրեն զրկել է Կովկասում կոմբինացված քաղաքականության հուսալի գործընկերոջից, որպիսին կարող էր լինել Հայաստանը: Կրեմլում ըստ ամենայնի հասկացել են այդ սխալը, սակայն մասամբ: Այսինքն, հասկացել են, որ առանց գործընկերոջ Ռուսաստանը Կովկասում չի կարող դիմակայել բոլոր հակասություններով հանդերձ զգալիորեն կոմբինացված քաղաքականություն վարող Արեւմուտքին: Բայց, չեն հասկացել, որ գործընկեր լինելու հարցում Հայաստանը Ռուսաստանի համար անփոխարինելի է, որովհետեւ թուրքերը Ռուսաստանի հետ կարող են գործընկեր լինել եւ օգնել Մոսկվային Հայաստանը կիսել ու նվաճել, բայց ոչ Կովկասը:

Զրկելով Հայաստանը սուբյեկտությունից, Մոսկվան Կովկասում մեծ քաղաքականության սուբյեկտ մնալու հարցում գործընկեր է ընտրել Թուրքիային ու Ադրբեջանին: Բնական է, որ այդ գործընկերության գինը Հայաստանն ու Արցախն են, որոնք դառնալու են Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ռազմավարը: Ստանձնելով ապագա պատերազմի գլխավոր ռազմական մատակարարի կարգավիճակը, Ռուսաստանը փորձում է իր համար ապահովել ավարի առավելագույն չափը՝ առավելագույնս վերահսկելի դարձնելով ռազմական գործողությունները, հետեւաբար կառավարելով պատերազմն ու դրա արդյունքը:

Հայաստանի ու Արեւմուտքի հարաբերությունն այստեղ ոչ միայն որեւէ կապ չունի Ռուսաստանի մտադրությունների հետ, այլ հակառակը՝ փաստացի հանդիսանում է դրանք զսպելու եզակի գործիքներից մեկը: Ռուսաստանը չի սկսի պատերազմ, որի համար վճարելու է Հայաստանը, եթե չունենա Հայաստանի վրա լիակատար ազդեցության համոզում: Այլապես, Մոսկվան չի կարող վճարել պատերազմի համար, եթե չի վճարում Հայաստանով ու Արցախով:

Այդ իրավիճակում, Արեւմուտքի հետ հարաբերության խորացումն ու տնտեսա-քաղաքական դիվերսիֆիկացիան դառնում է պատերազմի հավանականությունը նվազեցնելու հարցում Երեւանի քիչ հնարավորություններից մեկը: Կամ էլ, պատերազմի դեպքում, Երեւանն այդ դիվերսիֆիկացիայի շնորհիվ է կարող խուսափել պատերազմի ավար դառնալու հեռանկարից:

Իսկ Հայաստանի իշխանությունը հասկանում է, որ պատերազմի եւ դրա համար վճարելու դեպքում, թռնելու է հենց իր գլուխը՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ, որովհետեւ Մոսկվան պետք է Հայաստանի իշխանությանը վերագրի պատերազմի պարտությունը: Ահա թե ինչու Երեւանի համար տնտեսա-քաղաքական դիվերսիֆիկացիան դարձել է կարեւորագույն խնդիր: «Արեւմտամետությունն» ու «ռուսամետությունն» այստեղ կապ չունի, խնդիրը անվտանգությունն է՝ նախ եւ առաջ սեփական, անխուսափելի կամ շատ հավանական դիտվող պատերազմին ընդառաջ:

Հետեւաբար, Ադրբեջանի հետ Ռուսաստանի «բիզնեսն» ամենեւին պետք չէ արդարացնել Հայաստանի ու Արեւմուտքի հարաբերությամբ: Այդ բիզնեսը Ռուսաստանը սկսել է վաղուց, երբ դեռ Հայաստանը Եվրամիության հետ չէր սկսել ոչինչ: Ռուսաստանը Ադրբեջանի հետ ստրատեգիական հարաբերություն է կառուցում 2000-ականների կեսից, եւ 2000-ականների կեսից Հայաստանը ոչ միայն լռում է այդ «շինարարության» կապակցությամբ, այլ իր ռազմավարական կարողություններն է հանձնում Ռուսաստանին:

Վերջապես Հայաստանին բացատրել են, որ հանձնվելը վերջ չունի, ինչպես կասեր մեր ժամանակի մեծագույն հայ գրողներից մեկը: Եվ Հայաստանի իշխանությունը դա հասկացել է գուցե այն պատճառով, որ զգացել է, որ հանձնելու բան ավելի ու ավելի քիչ է մնում եւ հասնում է սեփական գլխի հերթը: Դա արդեն ստիպել է գլխին աշխատել, թեկուզ բնազդային վառելանյութով:

Թեեւ աշխատանքի ծավալը շատ քիչ է, որովհետեւ այդ գլուխը կարծես թե մտածում է, որ բավական է ընդամենը Ռուսաստանից բացի հանձնվել նաեւ Եվրոպային, ու գլուխը փրկված է: Իրականում գլուխը հնարավոր է փրկել միայն մարմինը կարգի բերելու եւ մարտունակ դարձնելու շնորհիվ: Իսկ մարմինը տվյալ դեպքում Հայաստանն է իր տնտեսական ու հասարակական կառուցվածքով եւ քաղաքական համակարգով: Որեւէ արտաքին սուբյեկտ կարող է լինել ընդամենը հնարավորություն, որին ոչ թե պետք է հենել մարմինը՝ փրկվելու համար, այլ որը պետք է օգտագործել սեփական շահի համար՝ գլուխն աշխատեցնելով:

Ի դեպ, քանի որ պատերազմի փաստաբանության գործընթացում մեծ տեղ է հատկացվում պատմությանը, գուցե արժե շատ հեռու չգնալ: Արցախի առաջին պատերազմի պատմությունը բավական է, հասկանալու համար, որ փրկությունն ու հաղթանակները գալիս են այն բանից հետո, երբ դրանք Ռուսաստանում կամ Արեւմուտքում որոնելու փոխարեն փնտրում ես ինքդ քո մեջ, իսկ Ռուսաստանից կամ Արեւմուտքից վերցնում միայն այն, ինչը կարող է լրացնել պակասը կամ լինել հավելյալ ուժ: Արցախում հենց այդ գիտակցության շնորհիվ հայկական ուժերը կարողացան չեզոքացնել ռուսական զորքի օգնությամբ Ադրբեջանի ձեռք բերած առավելությունը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Lragir.am



ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵԿՆԱՐԿԻՆ ՄՆԱՑԵԼ Է ՄԵԿ ՓՈՒԼ

Այն, որ Հայաստանում կարող են գտնվել մարդիկ, ովքեր կարող են հայերի հանդեպ Ադրբեջանի հետ Ռուսաստանի դաշնակցային ստորությունը արդարացնելու հարցում գերազանցել Մոսկվայի սպասելիքները, այդքան էլ զարմանալի չէ: Ի վերջո, ոչինչ նոր չէ: Բայց ահա այն, որ Հայաստանում կարող է մեկնարկել արդեն ոչ թե Ռուսաստանի զենքի վաճառքի, այլ արդեն հայերի դեմ պատերազմի նախաձեռնության «փաստաբանությունը», երեւի հաճելի անակնկալ է նույնիսկ Մոսկվայի համար:

Կամ միգուցե Մոսկվան Հայաստանն ու հնարավորություններն ավելի լավ գիտե, քան ինքներս մեզ: Չէ որ Վարդան Օսկանյանն էր օրինակ հայտարարում, թե Լավրովը գուցե Ղարաբաղի կարգավորման մասին ավելի շատ բան գիտե, քան մենք: Ընդ որում, արտգործնախարարի հայտարարությունից գրեթե ոչ ոք ըստ էության չզարմացավ, համենայն դեպս հասարակության, եւ ժամանակի փորձագիտական հանրույթի մեծ մասը: Բոլորի համար պարզ էր, որ Ռուսաստանը մեզ վերաբերող հարցին ավելի շատ է տեղյակ, քան մենք:

Այդ դեպքում զարմանալու ոչինչ իսկապես չկա, որ Հայաստանում կգտնվեն արդարացնողների եւ հիմնավորողների հոծ շարքեր, որոնք առավոտյան թերթերում կհիմնավորեն դիրքերում ռուսական տանկերի երեկոյան ներխուժումը Արցախ: Կամ գուցե երեկոյան կհիմնավորեն առավոտյան կայանալիք ներխուժումը: Այդպես ավելի լավ կլինի, որովհետեւ, քանի որ ռուսները մեզ վերաբերող գործերի մասին ավելին գիտեն, քան մենք ինքներս, լավ կլինի, եթե հարձակման մասին ինչ որ կերպ տեղեկացնեն նախապես՝ գոնե մեկ գիշեր լինի պատրաստվելու համար:

Իրականում, իհարկե, գլխավոր խնդիրը խուճապն է: Երեւի թե ոչ ոք չի կասկածում, որ Ռուսաստանը Արեւմուտքի հետ Հայաստանի խորացող հարաբերությունը կանխելու համար կդիմի նույնիսկ պատերազմի եւ կօգնի ադրբեջանցիներին վերականգնել «պատմական արդարությունը»: Ի վերջո, ռուսներն ունեն հայերի հանդեպ թուրքական հաղթանակներ ապահովելու հարուստ փորձ: Բայց Ռուսաստանը պատերազմ չի սանձազերծի, քանի դեռ չի ապահովել բավարար խուճապ Հայաստանում եւ Արցախում: Ամենայն հավանականությամբ, Մոսկվան ձեռնամուխ է եղել հենց դրան, անցնելով բոլոր անհրաժեշտ փուլերով:

Նախ ապահովվում է խուճապի սոցիալական հիմքը՝ տնտեսական ճնշումների, արտագաղթի շնորհիվ: Հետո ապահովվում է խուճապի հոգեբանական հենքը՝ արդարացնելով Հայաստանի իշխանության «արեւմտամետ» քաղաքականությունը արցախյան նոր պատերազմով պատժելու Ռուսաստանի «իրավունքը»:
Սոցիալ-հոգեբանական հիմնավորումից հետո, Մոսկվան անկասկած կտա Բաքվին պատերազմ սկսելու հրամանը: Չի բացառվում նույնիսկ, որ Ադրբեջանին վաճառված զենքը սկսի կրակել անգամ Ալիեւից անկախ: Համենայնդեպս, Ղարաբաղյան պատերազմում նման նախադեպեր եղել են բազմաթիվ անգամ:

Իրականում, Ռուսաստանին իհարկե չի հետաքրքրում Հայաստանի Եվրաինտեգրումը: Մոսկվան հրաշալի հասկանում է, որ այստեղ ոչինչ ճակատագրական չէ իր համար: Ճակատագրական է մի բան՝ ակտիվացնել ռուսական ռազմական ներկայությունը տարածաշրջանում, որովհետեւ ապակտիվ վիճակում այդ ներկայությունը ժամանակի ընթացքում կորցնելու է իր քաղաքական ՕԳԳ-ն: Իսկ այդ հարցում Հայաստանի իշխանության «արեւմտամետ» քաղաքականությունն ունի շատ փոքր նշանակություն, եւ հիմնական զարգացումները, որոնք իմաստազրկում են ռուսական զորական ներկայությունը Կովկասում՝ երբ այն ակտիվ չէ, Սիրիայի եւ Իրանի շուրջ զարգացումների խորքային միտումներն են:

Մոսկվան հրաշալի հասկանում է դա, եւ կգնա Հայաստանն Արեւմուտքի հետ հարաբերության սերտացման, թե չի գնա՝ Մոսկվայի համար պատերազմի հարցում էական նշանակություն չունի, որովհետեւ նրան ակտիվ զորք է պետք Հայաստանում եւ Արցախում: Ալ կերպ ասած, Մոսկվան իրականում դավաճանելու է Հայաստանին եւ խաբելու է Ադրբեջանին, որովհետեւ պատերազմի արդյունքում փոխվելու է ոչ թե ստատուս-քվոն, այլ ընդամենը դրա վարչարարությունը, որը սկսելու է իրականացնել Ռուսաստանը:
Այնպես որ, հավանական պատերազմի հեռանկարը պայմանավորված չէ Հայաստանի ու Եվրոպայի հարաբերության մակարդակով, եւ Մոսկվան այստեղ ընդամենը կարող է փորձել ձեռքի հետ օգտագործել այդ ամենը նաեւ տվյալ հարցի վրա ազդելու նպատակով:
Եթե անգամ Հայաստանը հիմա հայտարարի ոչ միայն Մաքսային միությանը, այլ հենց Ռուսաստանին անդամակցելու մասին, մոսկովյան «ուղեղային կենտրոնում» դա չի նվազեցնելու պատերազմի մշակումների ինտենսիվությունը, որովհետեւ Ռուսաստանի խնդիրը Հայաստանն իր ազդեցության գոտում պահելը չէ, այլ Ադրբեջանի առնվազն «20» տոկոսի վրա ազդեցություն հաստատելը, իսկ եթե ստացվի՝ նաեւ ավելիի: Այսինքն, հավանական պատերազմը նույնիսկ կարող է ավարտվել Ադրբեջանի պարտությամբ, բայց ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի հաղթանակով:

Բայց Մոսկվային դեռ հարկավոր է նախապատրաստական փուլերն ավարտել հաջողությամբ, իսկ դա այդքան էլ հեշտ խնդիր չէ: Այլապես Մոսկվան նախապատրաստությունը չէր իրականացնի այդպես աղմուկով:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ



ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՊԱՏԸ

Միանգամից ասեմ, որ սա ամենևին կապ չունի դարիս հայտնի ֆեյսբուքյան պատի հետ, ուր քննարկվում են հազար ու մի հարցեր, որտեղ մեր պետության ղեկավարները ոչ թե թիկնապահների, այլ երեխաների ու թոռնիկների հետ են, հետևաբար` բարի ու հասանելի, որտեղ մարդիկ էլ, օգտվելով մանավանդ սափրագլուխների բացակայությունից, ավելի համարձակ են` հնչեցրած հարցերում: Նրանք ազատ քննադատում են քաղաքապետին` շների սպանդի համար իսկ նախորդ նախագահին ու բանակի բարձրաստիճաններին` մարդկային սպանդի: Որտեղ քննադատվում է ԳԿ նախարարը, որը, ի հակադրություն Համբարձումյանի` հայոց լեզվի մասին հայտնի կտակի, որոշել է կտակել սերունդներին օտարալեզու դպրոցներ: Որտեղ քննադատվում են երկրի նախագահն ու վարչապետը «առաջ-առաջ պոռալու, բայց ետ-ետ երթալու» մեջ: Սա այն պատը չէ, որտեղ գիտնականները համախմբվել ու «Պահանջում են ֆինանսավորման ավելացում»:

Ավելացո՞ւմ:  Հետաքրքիր մարդիկ են մեր գիտնականները. փաստորեն օլիգարխի որդու մի անգամ «ընկեր տղերքով սրճարանում նստելու հաշիվը» նրանք ընդունում են՝ որպես ֆինանսավորում և պահանջում են ավելացում:

Ինչևէ… սա այն պատը չէ, որտեղ պահանջում են, քննադատում, պարզապես քննարկում կամ էլ երբեմն նույնիսկ գովերգում, այլ պատ` բառիս իսկական իմաստով և գտնվում է Վարդենիսի լեռնաշղթայի  Քարագլխի թափեր կոչվող հատվածի` աստեղային լույսով ողողված մի վայրում, ուր մանկության հեքիաթների «…նա գնաց-գնաց ու հասավ այնտեղ, որտեղ երկինքն ու երկիրը միանում են» խոսքերը իրական են դառնում: Վայր, որն ինքը` Համբարձումյանն էր ընտրել: Թեև հնարավոր է, որ մեծ գիտնականը մի պահ հմայվել էր աստղազարդ գիշերով կամ զեփյուռոտ լեռնաբույլերի ու ծաղկազարդ մարգագետինների խաղով, բայց գաղափարների՛ն և ոչ թե զգացմունքներին տուրք տալու համար էր նա ընտրել այդ վայրը. նա շա՛տ ավելի կարևոր նկատառումներ ուներ` առաջարկելով կառուցել հզոր աստղադիտարան, այնքան հզոր, որ մեր նախկին հայրենիք ԽՍՀՄ-ի տարածքում առաջինը պիտի լիներ:

Կար ժամանակ, երբ մենք ունեինք պետության  ղեկավարներ, որոնց համար մեծ գիտնականի խոսքը ադամանդի արժեք ուներ: Այդ ղեկավարների մտքով չէր էլ անցնում գիտնականին ֆինանսավորել սեփական արտադրանքի հաշվին, ավելին` նույնիսկ պատերազմի ժամանակ նրանք այնքան էին արժևորում գիտության, հետևաբար` գիտնականի դերը, որ նրանց համար ստեղծել էին, պատերազմից ու երկրի խնդիրներից հեռու,  աշխատելու համար հնարավորին չափ հարմար պայմաններ:  Այդ տարօրինակ ժամանակները ամենևին նման չէին մեր օրերին, երբ Ծաղկաձորում հավաքված, գիտության ֆինանսավորման հարցերը քննարկող երիտասարդ գիտնականներին, մեր և արտասահմանյան բազմաթիվ հայտնի համալսարանների պրոֆեսոր հանդիսացող գիտությունների դոկտորներին ու ակադեմիայի թղթակից անդամներին ՀՀ նախագահի թիկնապահները հրամայեցին լցվել մի սենյակ ու հանկարծ քթները պատշգամբից դուրս չհանել, քանի որ նախագահն իր շքախմբով այցելելու էր այդ տարածքը: Նրանք պետության ղեկավարներ էին, որոնց մոտ ընդունելության արժանանալու համար գիտնականը օրերով չէր սպասում, ինչպես այսօր, ընդ որում` հարմար միջնորդ չունենալու դեպքում, հաճախ` անարդյունք: Բավական էր` զեկուցվեր, ղեկավարը արտահերթ ու հոտնկայս էր դիմավորում նրան: Բավական էր՝ Համբարձումյանն ասեր` այսինչ տեղում նոր աստղադիտարանի կառուցումը գիտական մեծ արդյունքներ կտա, որ բյուջեից ներդրվեին նույնիսկ այն ժամանակվա համար անհավանական գումարներ:

Մեծ աստղագետն անձամբ մի քանի անգամ գնաց այդ տարածքը` ճշտելու և հստակեցնելու անելիքները: Հետո Բյուրականից բերվեց աստղադիտակ: Երկրի տարբեր ծայրերից հավաքվեցին աստղագետներ:  Ձեռքից ու մտքից հեռու այդ վայրի լեռները մի քանի հարյուր սյուների օգնությամբ էլեկտրականություն անցկացվեց, կառուցվեց ճանապարհ, մեքենաներ (ու մոտորասահնակներ) կցվեցին, որպեսզի համեմատաբար մոտիկ քաղաքից` Եղեգնաձորից մթերք ու այլ անհրաժեշտ պարագաներ մատակարարվեն: Փոքրիկ գիտավանն սկսեց աշխատել ու թափ առնել` վառվելով ապագայի հսկա ծրագրերի իրագործման գաղափարներով:

…Այսօր այդ ամենից մնացել է միայն մի կիսաքանդ պատ` որպես հուշարձան գլխատված ծրագրի: Նստում ես այդ պատի տակ ու մահվան սարսուռ զգում: Նման զգացում արթնանում է Աշտարակի ֆիզիկայի ինստիտուտների գիտավաններում. անցնում ես ամայի փողոցներով, երբեմնի մանկական առողջ աղմուկով լեցուն մնկապարտեզի կողքով, նախկինում ակտիվ գործող կուլտուրայի տան ու կինոթատրոնի, չորացած վարդանոցների շարքերով ու զգում, որ լռությունը սեղմում է հոգիդ. կարծես մի դաժան ձեռք իր կախարդական գավազանով մեռցրել է կյանքը, որ զարկել ու քարացրել է հատկապես այն տեղերը, ուր գիտությունն էր ծաղկում:

Հիմա բնությունը, որպես հատուցում, ավելի առատ է ծաղկեցնում Վարդենիսի լեռնաղթայում  մարգագետնի մի հատված, ուր միայն մի կիսաքանդ պատ է կանգնած: Հետաքրքիր է` ղարաբաղյան պատերազմի և նրան հաջորդող անլույս ու անհաց տարիների` սեփական երկրի ալան-թալանից ո՞նց է պոկվել այդ պատը, սեփականաշնորհում կոչվող ալան-թալան, երբ անիշխանությունը կամ ավելի ճիշտ` իշխանությունը ցինիզմի էր հասել, երբ նախագահը, վկայակոչելով պատերազմական, այնուհետև` հետպատարազմական վիճակը, եթերով խորհուրդ էր տալիս ունեցած ոսկեղենը վաճառել կամ պարտք անել հարևանից, իսկ սեփական հարսանիքն ինքնաթիռի մեջ նշող ՆԳ նախարարը եթերն օգտագործում էր` Բրազիլիայից հրավիրված  սերիալի հերոսուհի «պռոստո Մարիայի» հետ Սևանի մայրուղու վրա իր սիլի-բիլիները ներկայացնելու` «մարիա»-ներով ու «կասանդրա»-ներով սեփական անլույս ու անհույս կյանքը մոռանալ փորձող ժողովրդին: Ժամանակներ, երբ հսկա գործարանները վաճառում ու իրենք էլ առնում էին կոպեկներով: Երբ նորաթուխ գյուղապետը աճուրդի դնում ու ինքն էլ, իրեն ընտրաձայնով ապահովող ընկեր-բարեկամների հետ, առնում էր նախկին պետության շինությունները, տրակտոր-կոմբայններն ու անասունների հոտերը: Իսկ հասարակ ժողովուրդը, որ խումբ-խումբ հավաքվել էր «լեվի» (անօրինական) լույս ունեցողների տներում` «Պռոստո Մարիա» նայելու, հանկարծ արթնանալով սերիալի թմբիրից, նայում էր շուրջն ու հասկանում, որ էլ պիտանի ոչինչ չի մնացել:

Ու հանկարծ մի պայծառ միտք` ֆինանսավորման դադարեցումից հետո լքված գիտավա՛նը: Պոկոտեցին հոսանքի լարերը, հատիկ-հատիկ հանեցին էլեկտրասյուները, իսկ վերջին սյունի հետ հասան աստղադիտարան…

Տասնամյակների քամիներն ու անձրևները լրիվ կջնջեին ու մոռացության կմատնեի այդ վայրը, եթե չլիներ մի պատ, որին տեղի մարդիկ ակնածանքով են նայում: Ու երբ Քարագլուխ գյուղի ոչխարի հոտն արածալով հասնում է պատին, հովիվը, հանկարծ զգաստանալով, հետ է մղում առաջնորդող այծին, որն ուզում էր պոկել պատի ճեղքից բուսնած մանուշակը, և հովվության առաջին քայլերն անող որդուն բացատրում` Վիկտոր Համբարձումյանի պատն է:

Գիտե՞ն արդյոք մեր ղեկավարներն ու նրանց ուշադրությունը դեպի գիտությունը դարձնելու ճիգ թափող  և ֆինանսավորման ավելացում պահանջող այսօրվա գիտնականները, որ  Եղեգնաձորի հեռավոր լեռներում, Վարդենիսի լեռնաշղթայի Քարագլխի թափեր կոչվող հատվածում կա մի հուշապատ, որ պահպանվել է ո՛չ պատահականորեն:

Դա այն վայրն է, որտեղ գիշերը պարզ երևում են աստղերի տխուր ժպտացող աչքերն ու որտեղ երկինքն այնքան մոտ է երկրին, որ աստվածները բռնել են քարերն անգամ քանդող-տանողների ձեռքը, որ մնա գոնե մի պատ` որպես հիշատակ մեծ նպատակի ու որպես ամոթանք բոլոր նրանց, ովքեր ամեն տարի դնում են իրենց հզոր կնիքն ու ստորագրությունը` հաստատելու բյուջեով գիտությանը հատկացվող գրոշները, բոլոր նրանց, ովքեր երբեմնի գիտության երկիրը դարձրին գողականների ու «ավտարիտետների» երկիր, ովքեր հպարտանում են որդու հարսանիքի համար Հոլանդիայից բերած չորս տոննա վարդով, նրանց, ովքեր մարդկանց հարգում են` ելնելով ունեցած մեքենայի մակնիշից, բոլոր նրանց, ովքեր իրենց սեփական դղյակներում ունեն սեփական թիկնազոր, սեփական եկեղեցի, սեփական մեղքերին անմիջապես թողություն տվող եկեղեցու սեփական սպասավոր ու հավանաբար` սեփական Աստված: 

Հ.Գ. -  Հնարավոր է` այն հովիվը, որն իրականում այնքան էլ հովիվ չէ, այլ բարձրագույնի անգործության մատնված դիպլոմը դարակում՝ մի օր պետք գալու հավատով պինդ-պինդ պահած մի այլ մասնագետ, տղային պատմի այս պատմությունը: Հնարավոր է` տղան, որ դեռ տառաճանաչ չէ, հարցնի` ի՞նչ կա գրած պատին: Հնարավոր է` հայրը տղային հուսախափ չանելու համար ասի, որ այնտեղ աստղային լեզվով գրած է. «Աստ հանգչի գիտական մտքի մի հզոր ծրագիր»,  տղան կհարցնի` բա հետո ի՞նչ է լինելու, ու հովիվը, որ պահպանել է ռամկական մաքրությունն ու լավատեսությունը, կտեսնի տղայի անհամբեր սպասումից փայլող աչքերը, կմտածի, որ դաժան կլինի հեքիաթներից լավ վերջաբանի սովոր երեխային պատմությունն ավարտել «Աստ հանգչի»-ով ու կշարունակի. «Մի օր մեր պետության ղեկավարները կքնեն ու կարթնանան` մեծ հայրենասերներ դարձած. նրանք կհասկանան, որ երկրի զարգացումը գիտությանը զարկ տալու մեջ է, նրանց կմիանա այն հարուստի որդին, որը ժողովրդին քամելով էր դիզել միլիարդները:  Նա իր հոր պես ջիպերով որսի գնալուց ու եղեգնաձորի լեռներից Կարմիր գրքում գրված վերջին քարայծը վերացնելուց չի ստանա հաճույք, այլ հայրենանվեր գործեր անելուց: Նա կներդնի իր հոր դիզած միլիարդները ու կանի այն գործը, որ մեր ազգի պարծանքներից մեկն էր նախատեսել: Պետության նոր ռազմավարությանը կմիանան ուրիշ հզորներ… և այդ ժամանակ երկիրը կծաղկի, ինչպես ամեն գարնան ծաղկում է մեր մարգագետինը»:

ՄԱՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ




ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՊԻՏԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԻ՝ ԲԻԶՆԵՍՄԵ՞Ն Է, ԹԵ՞ ԼՈՒՐՋ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ»

Վերջերս լայն քննարկման առարկա է դարձել Ադրբեջանին Ռուսաստանի վաճառած զենքի խոշոր խմբաքանակի թեման:

Ռուսական «Վեդոմոստի» լրատվամիջոցի համաձայն՝ Ռուսաստանը մոտ 1 միլիարդ դոլարի զենք է մատակարարել Ադրբեջանին: Դրանք են՝ երեք գումարտակ Т-90С տանկ, մոտ երեք գումարտակ զրահամեքենա, մեկ դիվիզիոն «Մստա-Էս» հրետանային ինքնագնաց կայանք, մեկ դիվիզիոն «Սմերչ» ԲՄ-30 համազարկային հրթիռային համակարգ, մեկ դիվիզիոն «Վենա» ինքնագնաց հրետանային կայանք եւ մեկ ստորաբաժանում «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համակարգ:

Այս մասին է մեր զրույցը ԼՂՀ ինքնապաշպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանի հետ։

-Պարոն Կարապետյան, Ձեր կարծիքով, ի՞նչ նպատակ է հետապնդում Ռուսաստանը։

-Ես չեմ հավատում, թե Ռուսաստանը զենք վաճառելով փորձում է Անդրկովկասում հավասարակշռություն պահպանել, հակառակը՝ թեժացնում է իրադրությունը. ավելի շուտ Ռուսաստանի բազան է հավասարակշռվում, որը Հայաստանին չի պատկանում: Ինձ ամենաշատը մտահոգում է «Սմերչ» համազարկային հրթիռային համակարգի ձեռքբերումը։ Եթե Ցխինվալի ուղղությամբ տեղացած «Գրադի» համազարկերից 1600 մարդ է զոհվել, ապա ի՞նչ կլինի «Սմերչի» կիրառումը Ստեփանակերտի ուղղությամբ: Հազարավոր մարդիկ կզոհվեն, եթե ոչ ամբողջ բնակչությունը:

-Չէ՞ որ Ռուսաստանը Հայաստանին ներռուսական գնով է զենք վաճառում, իսկ Ադրբեջանին՝ միջազգային:

-«Ռուսաստանը ներռուսական գներով Հայաստանին անցած սերնդի զենք է վաճառում: Օրինակ՝ Т-72 տանկեր, որոնք ռուսները դուրս են գրում, իսկ իրենց երեք գումարտակ Т-90 է վաճառում: Ինչու՞ մեզ «Սմերչ», ինքնաթիռներ ու ուրիշ զենքեր չեն տալիս հավասարակշռության համար:

- Վերջերս ռուսական «Իսկանդեր-М» տեսակի միջին հեռահարության հարվածային հրթիռային մի քանի համալիր է բերվել Հայաստան: Հենց այս փաստը կողմերին որպես հավասարակշռելու ապացույց է դիտվում:

- Դրանք ռուսական ռազմաբազային են հանձնել, իսկ երբ որ մեզ տան ու մասնագետներ պատրաստեն՝ դա ուրիշ բան: Երկրորդն էլ՝ «Իսկանդեր-М»-ը հարվածելու է, ասենք, շտաբերի ուղղությամբ, որոնք կռվի ժամանակ հնարավոր է տեղահանված լինեն արդեն, իսկ նույն «Սմերչը» անմիջապես մեզ է սպառնում՝ բնակչությանը: Մարդիկ այդպես են ասում, որովհետև տեխնիկայից գաղափար չունեն: «Սմերչի» մեկ կայանքի համազարկը 67 հեկտար տարածք է ոչնչացնում: Դիվիզիոնում 18 կայանք է լինում, իսկ այսօր ադրբեջանցիները երկու դիվիզիոն ունեն:

-Եթե Ռուսաստանից զենք չգնի, մեկ ուրիշից է գնելու, չէ՞, ասենք, Իսրաելից:

-Թող գնի, գոնե կիմանանք, որ եղբայրական պետությունից չի գնում: Համ էլ աշխարհում «Սմերչ» միայն Ռուսաստանն է արտադրում, որը մասայական ոչնչացման զենք է:

- Ըստ ռուս քաղաքագետներից մեկի՝ Ռուսաստանը նույն է կերպ է վարվում, ինչպես ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ն, որոնք հավասարակշռություն պահպանելու համար միաժամանակ զենք են վաճառում Եգիպտոսին եւ Իսրաելին, Հունաստանին եւ Թուրքիային:

-Իսրայելը ատոմային ռումբ ունի: ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ն է՞լ ում են ատոմային ռումբ տալիս Իսրայելի տարածաշրջանում: Իսկ «Սմերչը» նույնն է մեր տարաշրջանի համար, ինչ ատոմային ռումբը: Երկու դիվիզիոն «Սմերչը» ատոմային ռումբի է հավասար:

-ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան զենքի վաճառքի վերաբերյալ այսպիսի մեկնաբանություն է արել. «Դա բիզնես է, դա շուկա է, սա ՌԴ-ի տնտեսությունն է»:

-Համաձայն եմ՝ բիզնես է, բայց չասեք, թե եղբայրներ ենք: Դե որ բիզնեսմեն եք՝ Հայաստանում տեղակայված ռազմաբազայի դիմաց ինչու՞ չեք վճարում: Եթե որպես բիզնեսմեն եք պաշտպանում, ապա ինչու՞ չեք մեզնից փող գանձում: Բիզնեսով զբաղվող պետությունը շահի համար ցանկացած ժամանակ կարող է հանել ռազմաբազան ու հեռանալ: Կամ էլ՝ վաճառել մեկ այլ պետության: Ի դեպ՝ օրերս Մարտակերտի ազատագրման օրն էր, կարող եք գրել, որ ռուսներն են գրավել Մարտակերտը՝ Կիրովաբադում տեղակայված դեսանտա-գրոհային բրիգադը: Իհարկե, փողի դիմաց, չէ՞ որ այդ ամենը բիզնես է:
Եղբայրական համարվող պետությունն այլ կերպ պիտի վարվի, եղբայրությունը բիզնես չէ:

-Իսկ Հայաստանի ճա՞րն ինչ…

-Կարծում եմ՝ եղբայրական Ռուսաստանը հայոց ցեղասպանություն է նախապատրաստում: Ես եմ ասում՝ մի մարդ, ով ապրում է Արցախում ու սպասում, թե երբ են իր ընտանիքի հանդեպ «Սմերչ» գործադրելու: Ըստ իս՝ նրանք նկատի ունեն Հայաստանի տարածքը, ոչ թե ժողովուրդը, երբ ասում են՝ պետք է ապահովենք Հայաստանի անվտանգությունը: Մանավանդ՝ պատմական փաստերը հենց դա են ապացուցում: Պետությունը բիզնես չէ, այլ շատ ավելի վեհ արժեք: Ռուսաստանը վերջապես պիտի կողմնորոշվի՝ բիզնեսմե՞ն է, թե՞ լուրջ պետություն:
Պուտինի խոսքերով՝ զինել մարդկանց, ովքեր սպանում են թշնամուն ու տեսախցիկի առջեւ ուտում ներքին օրգանները, հումանիզմի հետ ոչ մի ընդհանրություն չունի: Իսկ գիշերը մարդ կացնահարած ազգային հերոս Սաֆարովին զինելը հումանիզմի հետ կա՞պ ունի:
Հայաստանը հույսն իր վրա պիտի դնի: Քսան տարի շարունակ գոռում ենք, որ ռազմաարդյունաբերությունը ոտքի կանգնեցի, բայց ապարդյուն…

Զրուցեց Հայկ Ղազարյանը
karabakh-open.info



ՄՇԱԿՈ՞ՒՅԹ, ԹԵ՞ ՇՈՈՒ. ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ

Խորհրդային տարիներին խորհրդային սոցիալիստական համակարգի առավելությունը կապիտալիստական համակարգի նկատմամբ ընդգծելու համար, այդ թվում՝ դպրոցական դասագրքերում, թվային համեմատություններ էին բերում խորհրդային տնտեսության այս կամ այն ճյուղի և 1913 թ. ցարական Ռուսաստանի նույն ճյուղի արտադրանքի վերաբերյալ։ Այսօր ԽՍՀՄ փլուզման արդյունքում ստեղծված ինքնիշխան պետություններն իրենց զարգացման մակարդակը ցույց տալու համար հիմնականում զուգահեռներ են անցկացում խորհրդային տարիների տնտեսական ցուցանիշների հետ։

Այլ է խնդիրը, երբ գործ ունենք այնպիսի բնագավառի հետ, ինչպիսին մշակույթն է։ Թեկուզ այն պարզ պատճառով, որ այստեղ թվերը հիմնական դերակատարությունը չունեն։ Ճիշտ է, ասենք, մշակույթի օջախների թվաքանակից ևս կարելի է որոշակի պատկերացում կազմել համեմատվելիք ժամանակների մասին, բայց մշակույթի օբյեկտների ֆիզիկական գոյությունը դեռևս հիմնավոր ապացույց չէ, որ դրանց պատերի ներսում մշակույթ է ծնվում։ Այնուամենայնիվ, կան որոշակի չափորոշիչներ՝ պարզելու համար, թե հանդիսատեսին կամ ընթերցողին մատուցած «կերակուրը» մշակութային արժե՞ք է, թե՞...

Արցախյան ազգային-ազատագրական շարժման արդյունքում ստեղծված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախի Հանրապետություն) արդեն ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի տարիներին ուներ նախարարություններ ու վարչություններ, այդ թվում՝ կրթության և մշակույթի, որի առաջին ղեկավարն էր Նելլի Ոսկանյանը (մինչ այդ նա Շուշիի գործկոմի կրթության բաժնի վարիչն էր)։

Վերջին 20 տարում Արցախի մշակույթը 9 նախարար է փոխել։ Նախարարներից ամենաերկարակյացը Արմեն Սարգսյանն էր. պաշտոնավարել է 1997-2004 թվականներին։ Ի դեպ, 2002-ին մշակույթի և կրթության նախարարությունները միավորվել էին։ Ընդհանրապես, Արկադի Ղուկասյանի պաշտոնավարման տարիներից սկսած, երբ պետք էր լինում որևէ մեկին նախարարի պորտֆել տալ, մշակույթն ու կրթությունն իրարից անջատում էին, առանձին նախարարություններ ստեղծում։ Իսկ երբ անհրաժեշտ էր լինում այդ երկու առանձին նախարարություններից մեկի ղեկավարին թողնել «լուսանցքից» դուրս, դրանք միավորում էին, դարձնում մեկ ընդհանուր՝ կրթության, մշակույթի և այլնի (սպորտ, երիտասարդության հարցեր) նախարարություն։ Բայց սա այլ թեմա է։

Եթե վերոհիշյալ 20 տարիներից հանենք Արմեն Սարգսյանի պաշտոնավարման 7 տարիները, ինչպես նաև ներկայիս մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի պաշտոնավարման 4 տարին, ստացվում է, որ մնացյալ 9 տարում Արցախի մշակույթի ոլորտում 8 ղեկավար է փոխվել։ Միջին հաշվով, յուրաքանչյուր տարի՝ մեկ նախարար։

Վերջին երկու տասնամյակում իմ մեջ պարբերաբար ծառանում է մի հարց, որի վերջնական պատասխանը դժվարանում եմ գտնել՝ մեզանում, այդ թվում՝ Հայաստանում, մշակույթի նախարարությունը որքանո՞վ է կապված Մշակույթի հետ։ Այդ հարցի վերջնական պատասխանը գտնելուց հետո պիտի փորձեմ պարզել, թե նախարարությունը կոնկրետ ի՞նչ է անում հայ մշակույթը (ԼՂՀ և ՀՀ) զարգացնելու համար։ Քանի որ հոդվածս կոնկրետ Արցախի մշակույթի բնագավառի մասին է, այս կամ այն չափով ծանոթ եմ պաշտոնավարած բոլոր ղեկավարներին, հավելեմ, որ նրանք, բացառությամբ 1-2-ի, մինչ իրենց նշանակումը, ոչ մի առնչություն չեն ունեցել մշակույթի որևէ ճյուղի կամ ոլորտի հետ։

Տարիներ շարունակ ես ականատեսն եմ եղել, թե ինչպես վերոհիշյալ նախարարությունը խոչընդոտում է իր իրավական ենթակայության տակ գտնվող այս կամ այն ճյուղի, ոլորտի, արվեստի տեսակի զարգացմանը։ Նախարարությանը, ասենք, կոնկրետ երգարվեստ, պարարվեստ, զանազան համույթներ պետք են այնքանով, որ տարին երկու, երեք կամ չորս անգամ վերջիններիս հոգևոր, ոչ նյութական «արտադրանքից» շոու սարքվի՝ հանրությանը զվարճացնելու և իշխանությունների գեղագիտական պահանջմունքները բավարարելու համար։

Խորհրդային ժամանակներում, Ադրբեջանի բռնապետության տարիներին Արցախը հայեցի պահող հիմնական օջախներից մեկի՝ Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի վիճակը թերևս ավելի դրամատիկ է։ Թատրոն, որի բեմում հանդես են եկել կամ պիեսներ բեմադրել հայ մշակույթի բազմաթիվ երախտավորներ (Վահրամ Փափազյան, Արզո Արզումանյան, Գուրգեն Հարությունյան, Միքայել Կորգանյան, Հովհաննես Կարապետյան, Արտաշես Հովսեփյան, Բենիկ Օվչյան, Մարգո Բալասանյան և այլք), թատրոն, որ ինչ-որ չափով թատերական արվեստի իր սեփական դպրոցն ուներ, սեփական կադրեր և պարբերաբար հյուրախաղերի էր մեկնում նաև անդրկովկասյան հանրապետություններ ու Հյուսիսային Կովկասի հայաշատ բնակավայրեր։ Եվ այսօր այն փաստորեն ծայրամասային գյուղական ակումբի դերում է հայտնվել։ Վերջին 20 տարում մշակույթի այդ խոշոր ու կարևոր օջախն այդպես էլ չկարողացավ տեր կանգնել երբեմնի իր փառքին...

Շուրջ 7-8 տարի առաջ նախկին ղեկավար Լեոնիդ Հարությունյանին ներկայացված հիմնական մեղադրանքն այն էր, որ նա համատեղել է տնօրենի, գեղարվեստական ղեկավարի և թատերական ստուդիայի ղեկավարի պաշտոնները։ Նոր տնօրեն նշանակվեց (Կոմիտաս Դանիելյան), շուտով նշանակվեց նաև նոր գեղարվեստական ղեկավար, բայց վերջին շրջանում հիմնականում, այսպես ասած, հանդիսատես բերող պիեսներ են բեմադրում դրսից հրավիրված ռեժիսորները (Կարեն Աբրահամյան, Նարեկ Դուրյան, Վահե Շահվերդյան)։ Թատրոնն այսօր կրկին նոր տնօրեն ունի (Մարատ Դավթյան), որն այդ պաշտոնը կրկին համատեղում է գեղղեկավարի և թատերական ինստիտուտի ղեկավարի պաշտոնների հետ... Ստացվում է՝ վերադարձ ի շրջանս յուր։

Համառոտ՝ մի այլ ոլորտի մասին։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ավարտած, ծննդով արթիկցի Տիգրան Մկրտչյանը 1989-ին տեղափոխվել է Արցախ, սիրել գեղատեսիլ այս երկրամասը, ամուսնացել, ընտանիք կազմել։ Մասնակցել է Արցախյան գոյամարտին: Աշխատել է ԼՂՀ երգի-պարի պետական համույթում՝ որպես մեներգիչ, ղեկավարել «Մենք ենք, մեր սարերը» ազգագրական համույթը: 2002-ին ստեղծել է «Վերնատուն» փոփ-ֆոլկ քառյակը, որն աչքի էր ընկնում հայկական երգերի բարձրաճաշակ ընտրությամբ, ինքնատիպ երաժշտամտածողությամբ ու կատարողական վարպետությամբ։ «Վերնատունը» հայկական ազգային երգարվեստ էր քարոզում և տարածում այն ժամանակ, երբ Հայաստանի ու Արցախի եթերում ու բեմերում հնչող հիմնական երաժշտությունը ռաբիսն էր, արևելյան, թուրքա-արաբական մուղամների «կլկլոցի» ոգով ստեղծված էժանագին, այսպես կոչված, երաժշտությունը:

Տիգրանը հաճախ էր կիսվում հետս։ Այլևս չէր կարողանում թաքցնել դժգոհությունը. «Ուզում եմ գնալ։ Այլևս անիմաստ եմ համարում այստեղ իմ մնալը,- մի օր ասաց նա։- Արդեն հոգնել եմ իշխանություն ունեցող այդ մարդուկներին բացատրել, թե ինչ ասել է արվեստ, ազգային երաժշտություն…»։ Եվ 2009-ին ընտանիքով մեկնեց Երևան։

Շուրջ մեկ տարի հետո Արցախը լքեց նաև մեկ այլ տաղանդավոր մասնագետ՝ պարուսույց Գենադի (Ենոք) Բադալյանը։ Մասնագետ, ում նմաններն այսօր Երևանում էլ շատ չեն։ Արցախում երգի և պարի պետական ազգագրական համույթ ստեղծելու նրա բոլոր փորձերը ձախողվել են։ Այն, ինչ չի կարողացել ստեղծել այստեղ, կարճ ժամանակում ստեղծել է հեռավոր Սոչիում։ Նրա հետ Արցախից հեռացել է նրա լավագույն սաներից մեկը՝ Գուրգեն Ազատյանը։ Այժմ նրանք Սոչիում ազգային մշակույթի կենտրոնում պարի համույթներ են ղեկավարում՝ հայկական ազգային պարերից կազմված խաղացանկով։
Գաղտնիք չէ, որ ոչ միայն քաղաքական, այլև մշակութային և բոլոր ոլորտներում ընդօրինակման օբյեկտը Երևանն է, Հայաստանը (որտեղ այսօր մշակույթի բնագավառ է ղեկավարում Հասմիկ Պողոսյանը), որի հեռուստաեթերից առավելապես ռաբիս է ծորում, իսկ հայոց կինոարվեստը «զարգացնում են» հայկական սերիալներ կոչվող, մեղմ ասած, անհեթեթությունները։

Այսօր Արցախի մշակութային կյանքում առանձնանում է տեղի կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Գևորգ Մուրադյան)։ Բարեբախտաբար այս համույթի նկատմամբ կա որոշակի հոգածություն։ Նվագախումբն ունի իր կայուն հանդիսատեսը և անգնահատելի դեր է կատարում համաշխարհային դասական ժառանգությունը արցախցի հանդիսատեսին մատուցելու և գեղարվեստական բարձր ճաշակ դաստիարակելու գործում։ Մի տեսակ սպիտակ ագռավ է այն, որի համար մշակույթի նախարարությունը, եղած թե չեղած՝ մի հաշիվ է։

Իսկ ընդհանրապես արվեստի, առավելապես երգարվեստի ոլորտում շրջանառվող հիմնական տերմինն այսօր «շոուբիզնեսն» է, շոու և բիզնես։ Այնինչ ո՛չ շոուն, ո՛չ բիզնեսը առնչություն չունեն արվեստի, մշակույթի հետ։ Մինչդեռ մշակույթի նախարարության հիմնական գործառույթը վերջին 15-20 տարում դարձել է շոուներ կազմակերպելը։ Արդյունքում՝ այսօր ունենք այն, ինչ ունենք (այդ թվում՝ Հայաստանում)։ Վաղն այս շոուները ոչ ոք չի հիշելու։ Մոռանալու են նաև նախարարների անունները։ Մաղի երեսին մնալու է այն, ինչ մշակութային արժեք է ներկայացնում։ Վերջին 20 տարում արդյո՞ք ինչ-որ բան ստեղծել ենք՝ մաղի երեսին թողնելու համար։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
գրող, հրապարակախոս
«Անալիտիկոն», մայիս 2013 թ.
http://theanalyticon.com/?p=3255


ՆՈՐ ԷՋ։ Վերջին մեկևկես տասնամյակում տեղական ռեժիսորներից չեմ հիշում բեմադրություն, որ այսօր մնացած լիներ արվեստասեր հանդիսատեսի հիշողության մեջ։ Հետաքրքիրն այն է, որ տեղական կադրերից առանձնանում է Երևանի թատերականն ավարտած Վեներա Ավագիմյանը։ Դարձյալ հետաքրքիրն այն է, որ նա հիմնականում ընտրում է ավելի դժվարահաճ պիեսներ ու դա ներկայացնում դերասանական ստուդիայի երիտասարդ սաներով։ Նրա բեմադրություններում որոշակի պրոֆեսիոնալիզմ կա և թարմություն։ Սակայն վերջինս չունի «ռեժիսորի դիպլոմ» ու թիկունքին կանգնած այն «հզոր ուժը», որ մեր օրերում կարողանում է դիլետանտին ու ապաշնորհին նստեցնել արվեստագետի աթոռին, եթե հարմար է գտնում՝ պարգևատրել նաև շքանշաններով ու կոչումներով...


Վերջին երկտասնամյակում երևի թե անիմաստ էր մեծ սպասելիքներ ունենալ մշակույթ ղեկավարող մարդկանցից, ովքեր այդ բնագավառից մղոններով հեռու էին, մարդկանցից, որոնց համար չափանիշ են Թաթա Սիմոնյանն ու շոումեն Արթուր Գրիգորյանը։ Վերջինս իր «Հայ երգի թատրոնով» ու թողարկած «գերաստղերով» բռնաբարել է ոչ միայն հայաստանյան երգարվեստը։ Տարիներ շարունակ Ստեփանակերտում տոնական շոուները կազմակերպվում են վերջինիս սցենարով՝ նրա «աստղերի» ու «գերաստղերի» մասնակցությամբ։ Վերջին տարիներին հիմնականում նա էր որոշողը, թե տոնական համերգ-շոուների համար տեղական համարներից որն է պիտանի։ Արցախցի սիրված երգչուհի, հանրապետության ժողովրդական արտիստուհի Նաիրուհի Ալավերդյանի «Ստեփանակերտ» երգը, որ տարիներ ի վեր ստեփանակերտցիների (և ոչ միայն ստեփանակերտցիների) սիրած երգերից մեկն էր համարվում, այսօր գրեթե հազվադեպ է հնչում։ Փոխարենը աջ ու ձախ տիրաժավորում են Արթուր Գրիգորյանի «Ստեփանակերտ» կոչվող անճաշակությունը, որից արվեստասեր արցախցիները վաղուց ալերգիա ունեն։



ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ. «ԱՄԵՆ ՀԱՅԻ ՍՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՏՎԵԼ Է 500 ԴՈԼԱՐԻ ԶԵՆՔ»

Ամեն մի հայի սպանելու համար Ռուսաստանը Ադրբեջանին տվել է 500 դոլարի զենք: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ խոսելով շաբաթներ առաջ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված մեկ միլիարդ արժողությամբ զենքի մասին, գրում է 1in.am-ը: «Մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը պատերազմով սպառնացող Ադրբեջանին տալիս է լրացուցիչ մեկ միլիարդ դոլարի զենք, այնպիսի զինատեսակ, որ Ռուսաստանը դեռ ինքը չի կիրառում: Ես հաշվել եմ՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու սպանելու համար այդ պետությանը տվել է հինգ հարյուր դոլարի զենք»,- ասաց Հայրիկյանը:  ԱԻՄ առաջնորդը նշեց, որ չի առաջարկում ընկնել հակառուսական հիստերիայի մեջ, փոխարենը պետք է ընկնել հակառուսական իմպերիալիզմի հիստերիայի մեջ: Նրա խոսքով՝ անհրաժեշտ էր Ռուսաստանի հետ սառեցնել դիվանագիտական հարաբերությունները, բոլոր հնարավոր պայմանագրերը. «Դա չարեց ոչ իշխանությունը, և ոչ էլ առաջարկեց ընդդիմությունը, քանի որ այս պահին աթոռակռիվ չկա: Ո՞վ է լսել, որ գազ արտահանող հարևան պետության փոխարեն պետք է հեռավոր հյուսիսից գազ ներկրել իրենց համար ձեռնտու գնով»:



ԳՐԱԿԱՆ ՄԻՋԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՈՂՈՍԿԵԼ ԵՆ «ՎԻՔԻՊԵԴԻԱ»...

Արդեն չենք էլ զարմանում, երբ քնում, արթնանում ենք ու հանկարծ հայտնաբերում, որ սերիալի այս կամ այն «դերասանը», որին երեւի ֆայլաբազարից են գտել, դարձել է վաստակավոր արտիստ: Մեկ ուրիշը, ասենք մի անհայտ գրող` մշակույթի վաստակավոր գործիչ: Երրորդին`ձեռաց սարքել են «նշանավոր արձակագիր» եւ դոշից կախել Մեսրոպ Մաշտոց շքանշան եւ այլն: Չենք զարմանում այլեւս, քանզի մեր երկրում ոչ մի չափանիշ չի գործում:
Վերջին օրերին, սակայն, այս զավեշտալի պատմությունը հիշելով ուղղակի լիաթոք ծիծաղում եմ:

Ո՞վ է ճանաչում կամ ո՞վ է լսել Վարդան Հակոբյան «պոետի» անունը: Պարզվում է՝ այս մարդը, որ լավագույն դեպքում կարող էր լինել քելեխների ու հարսանիքների թամադա, փորձ է արել իր անունը անմահացնել wikipedia (Վիքիպեդիա) հանրահայտ հանրագիտարանում։

Սույն «պոետը» կողոպտել է Վարդան Հակոբյան կամ Հեսու վարդապետի էջը (1862, գյուղ Ահարոնք (Սասուն գավառում), 1915, Մեծ Եղեռնի զոհ) եւ դրա վրա կառուցել իր էջը:
Ուշադրություն. ստացվել է, որ «պոետ» Վարդան Հակոբյանը ծնվել է 1948-ին եւ վախճանվել …1915-ին:

Ահավասիկ.

Վարդան Հակոբյան (բանաստեղծ)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ գործածումների համար տես՝ Հակոբյան
Վարդան Հակոբյան (բանաստեղծ)

ԱԱՀ՝ Վարդան (Սլավիկ) Սարգսի Հակոբյան
Ծննդյան օր՝ մայիսի 21, 1948 (64 տարեկան)
Ծննդավայր՝ Արփագյադուկ, ԽՍՀՄ

Վախճանի օր՝ 1915 թ.
Վախճանի վայր՝ Մուշից ոչ հեռու

Ազգություն՝ Հայ
Կրոն՝ Հայ Առաքելական եկեղեցի

Վարդան (Սլավիկ) Սարգսի Հակոբյան (ծնված 21.5.1948, գյուղ Արփագյադուկ (ԼՂՀ Հադրութի շրջանում)), բանաստեղծ, դրամատուրգ, բանասիրական գիտությունների դոկտոր (1998), պրոֆեսոր։ Ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը (1969)։ 1969-83-ին աշխատել է Ստեփանակերտի «Սովետական Ղարաբաղ» օրաթերթում, 1976-83-ին՝ գլխավոր խմբագրի տեղակալ։ 1983-91-ին՝ գրողների միության Լեռնային Ղարաբաղի մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղար, 1991-ին՝ ԼՂՀ գրողների միության նախագահ, միաժամանակ՝ միության պաշտոնաթերթ «Եղիցի լույսի» գլխավոր խմբագիր։ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան հայկական դրամատիկական թատրոնը բեմադրել է Հակոբյանի «Հայելիներ» (1979) և «Քո սերը քո տունն է» (1981) պիեսները։ Հակոբյանը հիմնադրել և խմբագրել է «Արցախ» (1989) երկամսյա և «Պըլը-Պուղի» (1991) երգիծական հանդեսները։ Հակոբյանի քնարական բանաստեղծությունների («Մեղեդիներ», 1969, «Շանթահար կաղնին», 1974, «Մայրանում է լույսը», 1975, «Անմարելի-անմեկնելի», 1981, «Վաղվա աչքերով», 1987, «Արցախա ծուխ», 1989, «Ամարասի զանգերը», 1989 ևն ժողովածուներ) հիմնական թեման ժամանակակից մարդու խոհերն են, կարոտի, սիրո ապրումները։

ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ



ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏՈՒՄՆԵՐ

ՏԶԱՆԸ

     Մին արեւոտ օր ղլեչի Միշան, մին մեշուկավ կարած սումկա ծեռքին, քըշանըմա շինամաչ: Մին քանի տոն անցկացած, կուճուր խուխու բըղբըղոց ա սկանըմ, մուտանըմա, յեշում-տեսնում մին ուզուն-ախմախ ուրան տղեն թակումա: Ասումա.
- Ա դանգլա, էտ խուխեն խե տիյս անում, պուրթ ըս թակո՞ւմ, կարողա՞ քու խոխատ չի:
- Միշա դայի, հունց չի իմ խոխաս, մին լավ յեշի,- ասումա էտ մարթը:
-  Դե վար քու խոխատ ա, սկի իրավունք չոնիս թակիս՝ տեսած կաս տզանե ծառին տակին «Անտոնովկա» խնձոր ինի վեր ինգած:

                                                                                       ԱՐՏԱՇ ԽՆՁՈՐԵՍԿՑԻ


ՀՐՍԱՆԵՔ Ա

- Ադա, Սաքո, խե՞ տի շուտ-շուտ ըս  փսըկվիս, ըրվասա տեղ մին պեն կա, վեր  մունք գիդաս չընք:
- Կուքի դայի, վեչ մին պեն չկա, ամա թազա հառթնը լավ ա ինիս:

*    *    *
- Սիրգեյ, քե մատաղ, խե՞ փսըկվիս չըս:
- Է՜, Կուքի դայի, հինչ ասի՜մ՝ լավը կյաս չի, փիսն էլ ես չըմ ուզիս:

*    *    *
- Ժորա, տարիքիտ յեշած շատ ջահիլ ըս ըրվամ, երեւի կնեգըտ քեզ լավ ա պահում:
- Կուքի դայի, գյուդում չըմ, կնեգըս հունցա պահում, հանցա աճըս ա կանգնալ:

*    *    *                                                            
- Սուրեն, ա տնաշեն, հասկացինք խեյըս կնգանտ տուս քիցալ, առե շատ էլ լավ ըս ըրալ, պա խե ըշխարքես ըխճգեքը թողալըս, քեցալ  քու քենու օզալ:
- Կուքի դայի, քզանա հինչ կեղիմ՝ իմ զեմքուչու զոռավըմ սվերալ:

                                                                               ԱՐՏԱՇ ՀԱՐՍՈՒՆԻ


ԷՇԱՊԱՏՈՒՄ

- Արտեմ, քե մատաղ, էտ լավա, վեր քու հներանց հետի ջանտ յիրա քիցած տի գործ ըս անում:
- Կուքի դայի, տու չը՞ս ասալ, վեր՝ «Փեսան հանորը էշն ա»:
- Հուվա՞ հինչ ասըմ, էտ լավա, վեր քու հաներ շատ շուտվանից կավուչ, բայց տու քո իշոթունըտ շարունակումըս:

*    *    *
- Արտեմ, տու գրագետ տղա յըս, էտ Ադամին-Եվին պատմությունն էլ լավ ըս գյուդըմ, խե սադանան օխծին անավ ա Եվին կըլխհան ըրալ, օրիշ կենթանի չի՞ ճարալ, խե՞ օխծին ա ընտրալ:
- Կուքի դայի, վեր սադանան էշին ինի ընտրած, ըսելու ըն՝ մարթը էշին խելքավըն ա ընգալ:

*    *    *
- Կուքի դայի, էս Բաքվա թորքերը առավոտից-ուրուգուն ասըմ ըն, թա քինամընք Ղարաբաղը յեր օնինք, հինչ կասի՞ս:
- Արտեմ, քե մատաղ, հի՞նչ ասիմ, վեր էշը զռամ ա, ուրան տեղն ա նհաշ տամ, հինչքան օզում ըն, թող զըռզըռան:                                                                                    

                                                                                       ԱՐՏԱՇ ԱՎԱՆԱԿՈՒՆԻ 



ՀԱՄԱՐԻ ԱՆԵԿԴՈՏԸ

Էշը զզվեց էշությունից և որոշեց ուղտ դառնալ։ Մեջքին երկու սապատ կպցրեց, մռութը կախեց ուղտավարի, ծռեց ոտքերը և միացավ ուղտերին։ Ուղտատերն էլ էշի շալակը ուղտի բեռ դրեց ու բռնեց հեռավոր Մեքքայի ճանապարհը։ Էշը սկզբում քայլում էր ուղտավարի, բայց երբ հասան անապատ, կախեց ականջները, չռեց ոտքերն ու խռնչաց.
- Բայց որտե՞ղ է այդ անիծյալ Մեքքան։
Տերը քթի տակ ժպտաց ու հարցրեց.
- Իսկ Մեքքան քո ինչի՞ն է հարկավոր, ուղտ իմ։
- Ուզում եմ մեղքերս քավել։
- Բայց այդ ի՞նչ մեղք ես գործել, ուղտ իմ։
- Ուղտ դառնալով՝ ես նորից հաստատեցի իմ էշությունը։
ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ



ԱՄՍՎԱ ԱՍՈՒՅԹԸ

Բարձրաձայն գոռալը ամենևին չի նշանակում արդարացի կամ ազնիվ լինել, ինչպես՝ համեստորեն լռելը դեռևս չի նշանակում «մեղքերն» ընդունել...