17.6.11

N 10 (2009)

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ԻՍԿ ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿԸ ԴԵՌ ՄՆՈՒՄ Է

Կադրային հարցը եղել և մնում է հայկական պետությունների աքիլեսյան գարշապարը: Այդպես է Հայաստանում, այդպես՝ նաև Արցախում: Առավելապես բարձր ու պատասխանատու պաշտոններ են ստանում մարդիկ, ովքեր իրենց մասնագիտական ու մարդկային որակներով, բարոյական և այլ հատկանիշներով բացարձակապես անհամատեղելի են այդ պաշտոններին, հակացուցված են զբաղեցրած պաշտոններին...

ԼՂՀ երկրորդ նախագահ Ա. Ղուկասյանի պաշտոնավարությունից հետո զգալի փոփոխություններ կատարվեցին կառավարական համակարգում: Գրեթե բոլոր նախարարություններում ու գերատեսչություններում կադրային փոփոխություններ են կատարվել: Նախկին նախագահի օրոք քիչ չէր խոսվում պետական-կառավարական ապարատի ուռճացվածության մասին: Այդ առումով՝ նոր նախագահից հակառակ գործողություններ են սպասում: Մինչդեռ հաճախ նախկին նախագահի «կադրերը», ազատվելով զբաղեցրած պաշտոններից, հաջողությամբ տեղավորվում են այլ «փափուկ» պաշտոններում: Այս ամենը հիշեցնում է երթուղային միկրոավտոբուսներում տարածված երևույթը. մի կերպ տեղավորված, իրար կպած ուղևորները սպասում են, որ մոտակա կանգառում մի քանիսը կիջնեն և տեղ կազատվի: Հաջորդ կանգառում ոչ միայն ոչ ոք չի իջնում, այլև մեքենա են բարձրանում մի քանի նոր ուղևորներ ևս: Թե այդքանը ոնց են տեղավորվում, անհասկանալի է:

Պետական ուռճացված ապարատի յուրաքանչյուր միջին տրամաչափի ղեկավարի որդին կամ դուստրը, խնամին կամ սիրուհին պարտադիր աշխատում է հարևան նախարարությունում: Պետական ապարատն իրենից ներկայացնում է մի մեծ տուն, որտեղ բոլորը «յուրային» են:

Հայկական կադրային քաղաքականության ամենաբնորոշ, ամենատարածված երևույթներից մեկը «ռակիրովկան» է: Երկու բարձր պաշտոնյայի վերցնում ու... գումարելիների տեղերը փոխում են: Եվ արդյունքում՝ գումարը չի փոխվում: Ըստ երևույթին՝ մերօրյա կադրերն այնքան «ունիվերսալ են», որ նրանց կարելի է նշանակել մասնագիտության և նրանց ունակությունների հետ չնչին աղերս անգամ չունեցող պաշտոններում, և նրանք մշտապես իրենց զգում են ինչպես ձուկը ջրում:

Հանդիպումներից մեկի ժամանակ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ասել է, որ որոշ պաշտոնյաներ «իրենց պաշտոնը դիտում են որպես սեփականություն, ինչը նույնպես խոչընդոտ է հանդիսանում մի շարք խնդիրների լուծման գործում»: Նա նշել է նաև, որ որոշ պաշտոնյաներ մարդկանց աշխատանքի են ընդունում միայն «ծանոթ-բարեկամի» սկզբունքով: Ըստ իս, ցավն այն է, որ «ծանոթ-բարեկամի» սկզբունքով ոչ միայն աշխատանքի են ընդունում, այլև մինչևիսկ նոր հաստիք են ստեղծում այդ «կադրերի» համար:

Մեզ մոտ սիրում են կրկնել՝ կադրային ջարդ չի լինելու: Բայց, այնուամենայնիվ, ցանկա՛լի է, որ լինի: Պե՛տք է լինի: Ու ամենից առաջ այն պիտի լինի ոչ միայն բարձր, այլև միջին օղակներում, որտեղ տարիներ շարունակ «քուջուջ են անում» կադրեր, որոնց միակ կարողությունը, բան ու գործը քուջուջ անելն է՝ ամենաուղիղ և փոխաբերական իմաստներով:
Եթե ուզում ենք կյանքը փոխել դեպի լավը, ապա առաջին հերթին պիտի դեն նետել «կոտրած տաշտակը»:

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



Սեպտեմբերի 2-իՆ Արցախում նշվեց անկախության 18-րդ տարեդարձը: Այդ տոնը բոլոր արցախցիներինս է՝ փոքրիկներից մինչև Մեծ հայրենականի մասնակից մեր պապերինը, որոնցից, ցավոք, շատ քչերն են մնացել այս աշխարհում: Անկախության տոնը առաջին հերթին նրանցն է, ովքեր իրենց ունեցած առավելագույնն են տվել, որ իրոք ազատ ու անկախ դառնա մեր երկիրը, ովքեր իրենց արյամբ ու կյանքով են կռել այդ տոնը:
Անկախության տոնը Էդուարդ Անդրյանի տոնն է, համեստ ու ազնիվ այդ երիտասարդի, իր լեռնաշխարհի պես հպարտ ու անկրկնելի այդ մարդու տոնը: 1993-ի փետրվարի 14-ին լրացել էր Էդիկի 25-ամյակը: Այդ օրը թերևս կրկին հիշել է իր երազները, ապագայի ծրագրեր կազմել: Իսկ մինչ այդ անհրաժեշտ էր իրականացնել իր, իր մարտական ընկերների և բոլոր հայրենակիցների Մեծ երազանքը՝ Արցախն ազատագրել նենգ ու չար դարավոր թշնամուց...

Ապագայի դեռ շատ ծրագրեր ուներ Էդիկը: Ճակատագիրը, սակայն, իր դաժան հարվածն էր պատրաստում երիտասարդի համար. երեք օր հետո Էդիկ Անդրյանը ծանր վիրավորվեց «Ուղտի մեջք» բարձունքի ռազմագործողության ժամանակ: Արդյունքում՝ վիրահատությունների ծանր օրեր, ամիսներ, տարիներ...
Էդիկի բազմաթիվ ծրագրեր տակնուվրա են եղել, շատ բան է փոխվել աշխարհում, փոխվել են նաև մեզնից շատերը, բայց նա մնացել է նույն ազնիվ ու անկրկնելի Մարդը:
Հենց այդպիսի մարդկանցով է գեղեցիկ այս աշխարհը...



ԼՈՒՐԵՐ

ԷԴՈՒԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՃԵՊԱԶՐՈՒՅՑ ՏԱԼ ԱՐՑԱԽՑԻ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ


Ինչպես տեղեկացրել ենք, սեպտեմբերի 3-ին Ստեփանակերտ էին ժամանել ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը և դիվանագիտական կորպուսի պատասխանատուները: Նրանք հանդիպումներ են ունեցել ԼՂՀ Ազգային ժողովում՝ պատգամավորների և ԼՂՀ արտգործնախարարության պատասխանատու աշխատողների հետ: Ապա հանդիպել են նախագահ Բակո Սահակյանի հետ:

ԼՂՀ արտգործնախարարության պատասխանատու աշխատողների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են մի շարք հարցեր՝ կապված ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման առկա վիճակի, խորհրդարանական դիվանագիտության աշխուժացման, արտաքին քաղաքական ասպարեզում տարվող աշխատանքների համակարգման և այլ խնդիրների հետ, հնչել են մի շարք գործնական առաջարկություններ,- այդ մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Պատվիրակության անդամներն այնուհետև հանդիպել են նախագահ Բ. Սահակյանին: Հանդիպումից հետո ՀՀ արտգործնախարարի մամուլի խոսնակը նախագահական նստավայր հրավիրված լրագրողներին հայտնել է, որ Է. Նալբանդյանը ճեպազրույց չի տալու:

Ուկրաինայում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը լրագրողներին տեղեկացրեց, որ այցի ընթացքում փորձում են ծանոթանալ Ղարաբաղում առկա խնդիրներին, տեղեկանալ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման տրամադրություններին: Այն հարցին, թե հանդիպումների ժամանակ ինչ-որ համաձայնություններ կամ տարաձայնություններ եղե՞լ են, թե՞ ոչ, ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտնեց. «Ի՞նչ անհամաձայնությունների մասին է խոսքը: Խոսքն այն մասին է, թե ինչպես անել, որ համատեղ աշխատանքն ավելի արդյունավետ լինի: Խոսքը նաև ղարաբաղյան կարգավորման մեխանիզմների մասին է, որ այդ ամենը լինի արդյունավետ, քանի որ մեր նպատակը ընդհանուր է»:
Դրանով ավարտվեցին հայ դիվանագետների արցախյան հանդիպումները:



ՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ

Սեպտեմբերի 2-ին Արցախը նշեց անկախության հռչակման 18-րդ տարեդարձը: Ստեփանակերտի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ասաց, որ «18 տարիների ընթացքում մենք ունեցել ենք բազում փորձություններ, զրկանքներ, կորուստներ: Դրա հետ մեկտեղ մենք ունեցել ենք նաև նվաճումներ»: Նա նշեց, որ ողջ հայ ժողովրդի մասնակցությամբ նվաճված անկախությունը բացահայտել է այն գերագույն իմաստը, որ չկա հայրենիքից բարձր արժեք:

Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման գործընթացին, Բ. Սահակյանն ասաց, որ «այդ գործընթացն ակտիվություն չի կարող ունենալ, քանի դեռ հիմնական կողմը՝ Ղարաբաղը, ներկայացված չէ բանակցություններում: Միայն բանակցային գործընթացի ձևաչափը վերականգնելուց հետո մենք կարող ենք խոսել ակտիվ ժամանակաշրջանի մասին»,- ընդգծել է նա: Ինչ վերաբերում է ազատագրված տարածքների ճակատագրին, Բ. Սահակյանն առանց մանրամասնելու հայտնեց. «Մենք ԼՂՀ անկախությունը տեսնում ենք ոչ ԼՂԻՄ-ի տարածքների շրջանակներում, և այլ կերպ չի կարող լինել»: Հասկանալի չեղավ, թե «ոչ ԼՂԻՄ-ի տարածքների շրջանակներում»-ից որն է մնալու Արցախին՝ ազատագրված բոլոր հողե՞րը, դրանց մի մա՞սը, թե Արցախը Հայաստանին կապող մի «պորտալար»՝ Լաչինի միջանցք անվամբ...

Խոսելով Հայաստանի և Թուրքիայի օրերս հրապարակված երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրությունների մասին, Բ. Սահակյանն ասաց, որ դժբախտաբար գործ ունենք մի այնպիսի երկրի հետ՝ ի դեմս Թուրքիայի, որտեղ խաբեբայությունը դեռ կազմում է նրա քաղաքականության մի մասը: «Մենք տեսնում ենք, թե արձանագրությունից հետո ինչպիսի մեկնաբանություններ են անում Թուրքիայի պետական պաշտոնյաները: Իհարկե, սա չի կարող մեզ հույս ներշնչել, որ այդ պահվածքով ու կեցվածքով կարող ենք ակնկալել ազնիվ և անկեղծ հարաբերությունների կառուցում...»,- նկատեց ԼՂՀ նախագահը: Նա հույս հայտնեց, որ Հայաստանն ու հայ ժողովուրդն այդ գործընթացից հաղթող դուրս կգա, որովհետև «Հայաստանի մտադրություններն ու տրամադրություններն ազնիվ են»:

Արցախի զինված ուժերի նախկին հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) պատասխանելով տարածքների հանձնման մասին հարցին, ասաց, որ «այս հողը, հրաշալի բնությունը մերն է, ու միշտ էլ մերը կմնա»: Կոմանդոսն ընդգծեց, որ լինելով զինվորական, ում ընկերներն այստեղ արյուն են թափել, դրական ոչինչ չի կարող ասել տարածքների հանձնման վերաբերյալ: «Ի՞նչ կարող ենք հանձնել, մենք այնքա՜ն ենք հանձնել՝ Շահումյանն ենք հանձնել, Մարտակերտը, Արծվաշենը, շատ հողեր ենք հանձնել, էլ ի՞նչ պիտի հանձնենք»: Նա հավելեց, որ չի հասկանում բոլոր նրանց, ովքեր խոսում են տարածքների հանձնման մասին:

Մատնացույց անելով արցախյան պատերազմի մասնակիցների Հուշահամալիրի տարածքում ամփոփված շիրմաքարերը, Արկադի Տեր-Թադևոսյանը հուզված ասաց. «Երբ գալիս ու նայում ես այս տղերքին, հասկանում ես, թե ինչ են արել նրանք, ինչումն է կայանում նրանց հերոսությունը»:
ԼՂՀ անկախության տարեդարձի առթիվ Արցախ էր ժամանել նաև ՀՀ նախագահը: Սերժ Սարգսյանը լրագրողներին ճեպազրույց չտվեց: Մեր կարծիքով, սովորության համաձայն, նա հարցազրույց կտա միայն հայաստանյան Հ1-ի պալատական մի թղթակցի:

Հ. ՀՈՎՍԵՓՅԱՆ



ՄԵՐ ՀԱՐՑԵՐԸ ՄԵԶ ՀԵՏ ՊԻՏԻ ՔՆՆԱՐԿԵՆ

Հարցազրույց Ղարաբաղյան շարժման առաջամարտիկ,
ԼՂՀ ԱԺ պատգամավոր ԺԱՆՆԱ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ


- Տիկին Գալստյան, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին շրջանի քննարկումներում շատ է արծարծվում նոր հանրաքվեի անցկացման թեման: Ինչպե՞ս եք վերաբերվում Ղարաբաղում կրկնակի հանրաքվեի անցկացմանը:

- Նոր հանրաքվեն ամեն տեսանկյունից և ամեն առումով ամենամեծ անհեթեթությունն է, որ գոյություն ունի այդ մադրիդյան սկզբունքների մեջ: Էլ չեմ խոսում, որ դրանցում ընդհանրապես անվտանգության որևէ երաշխիք չկա: Շատ եմ տեսել, որ քաղաքական գործիչները երջանիկ դեմքով խոսում են հանրաքվեի մասին իբրև ձեռքբերում: Եթե որևիցե մեկը կողմ է նոր հանրաքվեի, ապա պիտի հասկանա, որ դրանով իսկ ջնջում է մեր այս 18 տարվա գոյությունը: Եթե դու նոր հանրաքվե ես անում, ապա ոչ միայն մեր անկախության հանրաքվեն ես կասկածի տակ առնում, այլև դրան հաջորդած մեր բոլոր ընտրությունները՝ նախագահական, խորհրդարանական, տեղական ինքնակառավարման մարմինների և այլն, և ամենակարևորը՝ մեր Սահմանադրության հանրաքվեն: Տրամաբանությունը դա է հուշում: Այսինքն, ուզում ես ասել, որ չկա՞ Արցախի Հանրապետությունը, որը գոյություն ունի, զարգանում է, իմիջիայլոց՝ շատ ավելի լավ, քան տարածաշրջանի որևէ ճանաչված երկիր: Ուրեմն՝ այդ ամենը ջնջում ես, աչք ես փակում այդ ամենի վրա: Ես գտնում եմ, որ հանրաքվեն ինչ-որ տեղ մեզ համար ստորացուցիչ պետք է լինի, քանի որ դրանով մենք ինքներս մեր ձեռքով կջնջենք մեր պատմությունը, իրականությունը: Սա՝ բարոյական կողմի մասին:

Եթե 1991-ին այստեղ բնակվող ադրբեջանցիները, որ շատ քիչ տոկոս էին կազմում, չեն մասնակցել հանրաքվեին, ընդսմին՝ իրենց իսկ կամքով, ապա մի՞թե դրանով կասկածի տակ է առնվում մեր հանրաքվեի իրավազորությունը, լեգիտիմությունը: Ի դեպ, Ադրբեջանի անկախության հանրաքվեն ևս անց է կացվել առանց Լեռնային Ղարաբաղի բնակչության մասնակցության (Լեռնային Ղարաբաղի հայերը հրաժարվել են մասնակցել, ինչպես հրաժարվել են այստեղի հանրաքվեին մասնակցել ադրբեջանցիները), էլ չեմ ասում առանց Սումգայիթի, Բաքվի և մյուս բնակավայրերի հայ բնակիչների: Բայց որևէ մեկի մտքով անցնո՞ւմ է կասկածի տակ առնել Ադրբեջանի անկախությունը սոսկ այն պատճառով, որ հայերս չենք մասնակցել:

Հայաստանի քաղաքական էլիտայի ներկայացուցիչներից ոմանք խոսում են այն մասին, որ մեր զիջումը հենց այդ հանրաքվեին համաձայնվելն է: Բայց ես դա որպես զիջում չեմ ընկալում, այլ ընկալում եմ իբրև նահանջ, որը կասկածի տակ է դնում մեր հանրապետության գոյությունը: Սա իմ անձնական կարծիքն է, որն ինձ հետ կիսում է ժողովուրդը, որովհետև երբ ասում են հանրաքվե, ապա մարդիկ քմծիծաղով հարցնում են՝ ի՞նչ հանրաքվե... Այդ մարդիկ շատ լավ են հիշում հանրաքվեի օրը, թե ինչ պայմաններում են մասնակցել քվեարկությանը, որին, ի դեպ, ներկա էին նաև դիտորդներ աշխարհի տարբեր ծայրերից: Եւ դա եղել է երևի հետխորհրդային տարածքում ամենաժողովրդավարական հանրաքվեներից մեկը...
Եթե Ղարաբաղի անկախությունը լեգիտիմ չէ, ապա Ադրբեջանինն էլ է այդպիսին:

- Քննարկումների ժամանակ խոսվում է նաև կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորման մասին: Դուք դա հնարավոր համարո՞ւմ եք:

- Մարդիկ խոսում են հենց այնպե՞ս՝ խոսելո՞ւ համար: Չէ՞ որ գոյություն ունի իրականություն: Վստահության մթնոլորտի մասին խոսք չի կարող լինել միանգամայն հասկանալի պատճառներով. հրադադարից հետո ի՞նչ կա մեր ավագ ու երիտասարդ սերնդի հիշողության մեջ: Ես չեմ խոսում մեր սերնդի մասին, ովքեր պատերազմին մասնակցել են, այս մասին նույնիսկ ավելորդ է խոսել՝ ի՞նչ վստահություն կարող է լինել իմ և պատերազմի մասնակից ադրբեջանցու միջև: Չի կարող լինել: Բայց Ադրբեջանն ի՞նչ է արել, որպեսզի երիտասարդ սերունդն իրեն վստահի: Ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովը 21-րդ դարում իր յաթաղանային քստմնելի հոգեբանությամբ գործեց՝ կացնով սպանելով քնած հայ սպային: Սա՞ է մեր հիշողության մեջ: Կամ՝ Նոր Ջուղայի խաչքարերի ավերու՞մը: Թե՞ մարտի 3-4-ին սահմանում տեղի ունեցած դեպքերը, երբ Հայաստանում քաղաքական փոքր խառնաշփոթ էր: Այս ամենի կապակցությամբ ողջ աշխարհը լռեց: Ու հիմա էլ այդ լռող աշխարհն ուզում է անհեթեթ, անկապ ու ոչ հստակ ինչ-որ մադրիդյան սկզբունքներով մեզ ասել, որ կարող են երաշխավորել մեր անվտանգությունը:

- Իսկ ո՞րն է մեր անելիքն այդ դեպքում:

- Մեր անելիքն այն է, որ կարողանանք այս գործընթացում ներգրավված երկրների ներկայացուցիչներին, միջազգային հանրությանն ու համայն հայությանը հասանելի դարձնել, որ այս անհեթեթ վիճակը չի կարող շարունակվել: Եթե իրապես կարգավորման ու կայունության են ձգտում Հարավային Կովկասում, ապա պիտի բոլոր հարցերը քննարկեն նաև մեզ հետ: Ես ուզում եմ, որ բոլորը խոսեն մեզ հետ: Ես բոլորովին չեմ կասկածում որևէ մեկին Հայաստանում, առավել ևս նախագահին, բայց գտնում եմ, որ մեր ճակատագիրը, մեր հարցերը և բոլոր մանրամասները մեզ հետ պիտի քննարկեն: Ադրբեջանը պիտի մեզ ճանաչի ու նոր միայն գա մեզ հետ հարցեր քննարկելու:

- Տիկին Գալստյան, գաղտնիք չէ, որ մադրիդյան սկզբունքների շարքում գոյություն ունի արդեն վաղուց արծարծվող մի հարց ևս՝ տարածքների հանձնման վերաբերյալ: Ըստ Ձեզ, մենք ունե՞նք հանձնելու տարածք:

- Նայած ինչ տարածքի մասին է խոսքը:

- ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված ներկայիս տարածքի:

- Ես Արցախի Հանրապետության քաղաքացի եմ, ապրում ու գործում եմ համաձայն մեր Սահմանադրության, ու որևէ քայլ Սահմանադրությունից դուրս չեմ անի: Եթե խոսում են հանրաքվեի մասին, ապա Արցախում հենց միայն այդ հարցով կարող է լինել հանրաքվե, որովհետև Սահմանադրության ցանկացած փոփոխություն կարող է լինել միայն հանրաքվեով: Այ դա հանրաքվեի հարց է:

- Պատերազմի վերսկսման մասին խոսակցությունները երբեք էլ չեն դադարում, հատկապես դրանով անընդհատ սպառնում է Ադրբեջանը: Դուք հնարավո՞ր եք համարում ռազմական գործողությունների վերսկսումը:

- Ես ոչինչ չեմ բացառում: Եթե պատերազմ վերսկսվի, ապա դա նորից կլինի Ադրբեջանի նախաձեռնությամբ: Վերը նշված փաստերը՝ հայ սպային կացնով սպանելը, Ջուղայի խաչքարերի ավերումը և այլն, խոսում են Ադրբեջանի բանակի դիմագծի մասին: Ես Ադրբեջանի փոխարեն այդպիսի դիմագիծ ունեցող բանակով որևէ պատերազմ չէի սկսի, որովհետև դրա արդյունքն ակնհայտ է: Բանակի հզորությունը միայն տեխնիկական հագեցվածության մեջ չէ, այլ բարոյահոգեբանական վիճակի: Ադրբեջանի գործելակերպը քնած մարդուն կացնով սպանելն է, բայց մենք քնած չենք լինելու պատերազմի ժամանակ, որ գան կացնով սպանեն մեզ:

Համենայնդեպս, այդ մասին պետք է շատ լուրջ մտածեն այն պետությունները, որոնք ուզում են, որ տարածաշրջանում կայունություն լինի: Այն սկզբունքները, որ իրենք ներկայացնում են, եթե անգամ իրագործվեն էլ, նույնիսկ ընդունելի լինեն Ադրբեջանի կողմից, որևէ կերպ չեն նպաստի տարածաշրջանային կայունությանը: Դա միանշանակ է:

- Մեկ անգամ չէ, որ Ղարաբաղում հայտարարվում է այն մասին, որ մադրիդյան սկզբունքները մեզ համար անընդունելի են, սակայն Հայաստանը շարունակում է բանակցել այդ սկզբունքների շուրջ: Ի՞նչ կասեք այս մասին:

- Ինձ թվում է, որ դա էլ երկար չի տևի, որովհետև այդ սկզբունքներն իրենց սպառել են, կամ արդեն սպառման եզրին են:

- Իսկ եթե Հայաստանը համաձայնի այդ սկզբունքներին, ի՞նչ պետք է անի Ղարաբաղը:

- Դա անհնարին է: Ինչպե՞ս կարող է Հայաստանի ղեկավարությունը հակառակվի ամբողջ հայության կամքին, բա էլ ո՞ւմ ղեկավարն է: Հնարավոր չէ դա: «Անալիտիկոն», N 8



ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է

«ՆԷ»-ի ճեպազրույցը ՀՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների
մշտական հանձնաժողովի նախագահ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ հետ


- Սեպտեմբերի 2-ին ԼՂՀ անկախության 18-րդ տարեդարձն է: Երկու տասնամյակ պետականորեն նշում ենք այդ տոնը: Առանց արցախյան կողմի, սակայն, բանակցություններ են տանում, փորձում որոշել մեր ճակատագիրը: Բանակցություններում քննարկվող հարցերի վերաբերյալ եղած հրապարակումները ենթադրել են տալիս, որ մի օր մենք կորցնելու ենք մեր պետականությունը: Ձեզ չի՞ թվում, որ մեր Անկախությունն այսօր դարձել է սակարկության առարկա:

- Հնարավոր է՝ մի քիչ բանալ հնչի, բայց մեր անկախությունը մեր անկախությունն է, և ոչ ոք չի կարող այն դարձնել «սակարկության առարկա»: Երկրորդ, անկախությունը ոչ միայն իրավունք, այլև, գուցե ավելի շատ, պատասխանատվություն է: Ես տպավորություն ունեմ, որ մեզանում ավելի հաճախ ընդգծվում է իրավունքը և, ցավալիորեն, շրջանցվում պատասխանատվությունը: Ահա դրանից էլ թյուր պատկերացում է ձևավորվում, որ ինչ-որ տեղ կարող են ինչ-որ նախագծեր իրացվել: Ոչ, չեն իրացվելու, եթե, իհարկե, Արցախի ժողովուրդը մինչև վերջ մնա սեփական ընտրության, որը, նորից եմ ուզում շեշտել, ամենից առաջ պատասխանատվություն է, տերը: Կարծում եմ՝ մեր ժողովուրդն ունի այդ մեծ ներուժը:

- Ղարաբաղն, ի վերջո, ընդունո՞ւմ է Մադրիդյան սկզբունքները, թե՞ ոչ: Հատկապես ի՞նչը չի ընդունում: Եվ Հայաստանն արդյո՞ք բանակցություններում պաշտպանում է Արցախի այդ դիրքորոշումը:

- Ես, բնականաբար, այն անձը չեմ, որ ինձ պետության և ժողովրդի անունից խոսելու իրավասություն վերագրեմ: Կարող եմ ասել, որ «մադրիդյան» կոչված սկզբունքները, որպես այդպիսին, այլևս անցյալ են: Սա չի նշանակում, թե վաղը միջնորդներն առաջարկելու են մի տարբերակ, որը լիովին բավարարելու է մեր հետաքրքրությունները: Չպետք է ունենալ չափազանցված սպասումներ: Այս առումով հարկ է նկատել, որ կարգավորման այն գաղափարը, որի վրա կառուցվել են «մադրիդյան» սկզբունքները, անընդունելի է առաջին հերթին Ադրբեջանի համար: Այսինքն, Ադրբեջանը չի ընդունում, որ ԼՂ կարգավիճակի հարցը կարող է լուծվել ազատ կամարտահայտությամբ, որի արդյունքները կունենան իրավական ուժ:

Բանակցությունների հիմնական, առանցքային հարցը դա է: Եւ այստեղ կողմերն ունեն տրամագծորեն ներհակ ընկալումներ: Այն ամենը, ինչ ասում են միջնորդները, զանազան վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ և քաղաքագետներ, կարելի է համարել ցանկություն: Խոսքն այն մասին է, որ, անշուշտ, կան ուժեր, ուժային բևեռներ, որոնք ձգտում են «ոսկե միջինի» մեկնակետով հարթել լարվածությունը: Նման վերաբերմունքը խիստ ուտիլտար է, և մեզ համար՝ անընկալելի: Իմ տպավորությամբ, այո, մեր ժողովրդի մտահոգությունները և հետաքրքրությունները Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգային դրսևորումներում բավարար չափով պաշտպանվում են:

- Ամիսներ առաջ ԼՂՀ ԱԺ պատգամավորների շուրթերից կոշտ հայտարարություններ հնչեցին, այդ թվում առ այն, որ Արցախը ՀՀ-ին չի լիազորել իր կողմից բանակցություններ վարել: Ընդհանուր տպավորությունն այսօր այն է, որ ԼՂՀ իշխանությունները կրկին հաշտվել են այն մտքին, որ Արցախի ճակատագիրը որոշեն առանց ղարաբաղյան կողմի մասնակցության: Արցախն արդյո՞ք լրջորեն ցանկանում է տեղ գրավել բանակցասեղանի շուրջ:

- Չէի ցանկանա վերաբերմունք արտահայտել իմ գործընկերներից ոմանց կողմից իրոք հնչեցված տեսակետի և մոտեցման շուրջ: Այդուհանդերձ, ասեմ, որ, իմ գնահատմամբ, նման հուզականությունը իրավիճակին բացարձակապես համարժեք չէր: Բանակցություններն ունենում են, այսպես ասած, վերելքի և վայրէջքի պահեր: Կարևոր է, որպեսզի կարողանանք էականը, ուղենշայինը առանձնացնել: Բանակցություններին ԼՂՀ մասնակցությունը, հավանաբար, չպետք է ընկալել այնպես, որ դրանով մեր մոտեցումները կդառնան լիովին ընդունելի: Դա, թող թույլ տրվի ասել, չափազանցված և ոչ իրատեսական ընկալում է:

Կա մեկ անառարկելի, աքսիոմատիկ ճշմարտություն. բանակցություններում կողմերն ինչ-որ բան շահում են, ինչ-որ բան՝ կորցնում: Բանակցություններին մասնակից դառնալու համար, կարծում եմ, հարկ է, որ ԼՂՀ-ն որոշարկի այդ՝ «կորուստի» և ձեռքբերումի միջակայքը: Նույնը՝ նաև Ադրբեջանը: Սա շատ դժվար է, բայց եթե կա իրավիճակը հաղթահարելու ձգտում և կամք, ապա հակամարտության իրական կողմերը վաղ թե ուշ ստիպված են լինելու այդ ճանապարհն անցնել: Այսօր դա դեռևս տեսանելի չէ: Նույնիսկ չի էլ ուրվագծվում, ուստի, ամենայն հավանականությամբ, ամեն ինչ կվերադառնա իր շրջանը: Ներկայում ամենաիրատեսականը փաստացի իրավիճակի պահպանման հնարավորությունն է:

- ՀՀ կողմից մեզ համար անցանկալի փաստաթղթի ստորագրման դեպքում ինչպիսի՞ն կլինի ԼՂՀ պաշտոնական արձագանքը:

- Նման փաստաթուղթ Հայաստանը չի ստորագրի:



ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՄԵՐ ՁԵՌՔՈՒՄ Է

«ՆԷ»-ի ճեպազրույցը Արցախյան շարժման ակտիվիստ, «Կռունկ» կոմիտեի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի նախագահության անդամ, ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի վետերան, պահեստի գնդապետ ՌԱԶՄԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ

- Սեպտեմբերի 2-ին ԼՂՀ անկախության 18-րդ տարեդարձն է: Երկու տասնամյակ է Արցախն ապրում է Ադրբեջանի լծից դուրս, ինքնուրույն կյանքով: Վերջին տասնամյակում, սակայն, բանակցություններ են տարվում՝ առանց ղարաբաղյան կողմի մասնակցության: Դեռ ավելին, բանակցությունների վերջնական արդյունքում Արցախը զրկվելու է իր բոլոր ձեռքբերումներից, ստանալով ինչ-որ անորոշ կարգավիճակ ու վտանգված ապագա: Ձեզ չի՞ թվում, որ Անկախությունն այսօր դարձել է սակարկության առարկա:

- Մեր անկախությունը ձեռք ենք բերել շատ տարիներ առաջ՝ հազարավոր մեր տղաների արյան գնով՝ հաղթող դուրս գալով մեզ պարտադրված պատերազմում: Ղարաբաղյան շարժումից մի քանի տարի հետո ԽՍՀՄ-ը փլուզվեց: Չնայած ոչ ոք չի բեկանել միացման մասին Հայաստանի Գերագույն խորհրդի և Արցախի Ազգային խորհրդի 1989 թ. դեկտեմբերյան որոշումը, սակայն Հայաստանն անկախություն հռչակեց Հայկական ԽՍՀ տարածքում՝ առանց Արցախի: Մենք այլ ելք չունեինք, ստիպված եղանք մենք ևս անկախություն հռչակել:

Անկախության ճակատագիրը միայն մեր ձեռքում է: Պետք չէ հույսներս դնել ինչ-որ բանակցությունների վրա, սպասել, որ այնտեղ որոշեն մեր ապագան: Իսկ դրա համար անհրաժեշտ է ոչ միայն բացառել արտահոսքը, այլև ամեն կերպ նպաստել Արցախի վերաբնակեցմանը, ծայրամասային ու քայքայված գյուղերը շենացնելուն: Պետք է առնվազն հինգ տարով դադարեցնել հարկեր գանձելը, որպեսզի մարդիկ, քաղաքացիները, հատկապես գյուղացիությունը կարողանան ոտքի կանգնել, չմտածեն օտար ափեր մեկնելու մասին: Եթե այսօր Ղարաբաղի բնակչությունը կրկնապատկեինք կամ եռապատկեինք, ստիպված կլինեին մեզ հետ հաշվի նստել, հարգել ազատ ապրելու մեր իրավունքը...

- Բայց այդպես չեղավ, Ձեր թվարկածներից ոչինչ չիրագործվեց: Այսօր մենք ունենք այն, ինչ ունենք: Եթե վաղը, ասենք, ՀՀ իշխանությունները փորձեն մեզ պարտադրել, մեր վզին փաթաթել բանակցություններում ստորագրված ինչ-որ փաստաթուղթ՝ ազատագրված տարածքների հանձնում, ադրբեջանցի փախստականների վերադարձ, հայկական զինուժի դուրսբերում Ղարաբաղից և այլն, այդ դեպքում ի՞նչ պիտի անենք, կրկի՞ն փողոց դուս գանք՝ նոր հանրահավաքների:

- Կարծում եմ՝ գործը չի հասնելու դրան: Հայկական կողմից ոչ ոք չի համարձակվի նման փաստաթուղթ ստորագրել: Նման փաստաթուղթ ստորագրողը դրանով կվավերացնի սեփական դատավճիռը: Որպեսզի մեզ համար աննպաստ ցանկացած փաստաթղթի ստորագրում բացառվի, պետք է ավելի հզորացնենք մեր բանակը: Ադրբեջանն իր համար է հայտարարում, որ ժամանակակից ուժեղ բանակ ունի, մենք ու Հայաստանը գտնում ենք, որ մեր բանակն ամենաուժեղն է տարածաշրջանում: Ցանկացած բանակի ուժեղ կամ թույլ լինելը որոշվում է միայն պատերազմի դաշտում: Իսկապես մենք ուժեղ էինք և հաղթեցինք թվակազմով ու տեխնիկայով մեզ բազմիցս գերազանցող թշնամուն: Բայց այսօր ցավոք, այդ թվականների ոգին չկա ժողովրդի մեջ: Կամավոր գալիս, զենք էին խնդրում, պահանջում՝ թշնամու դեմ կռվելու համար:

- Ինչո՞ւ նախկին ոգին չկա, ո՞վ է մեղավոր դրա համար...

- Պատճառները շատ ու շատ են: Նախ և առաջ այսօր չկան այն մարդիկ, որ ղեկավարում էին Շարժումը: Անկեղծորեն նվիրված, պայքարող այդ մարդկանց 90 տոկոսը հիմա չկան: Եթե նրանք լինեին, այսօր զերծ կմնաինք բազում սխալներից:

- Իսկ ինչո՞ւ այդ մարդիկ չկան:

- Մի մասը դուրս են մնացել, մյուսներին դուրս են թողել քաղաքական գործընթացից, շատերն այսօր կենդանի չեն: Այս է իրողությունը: Այսօր մենք բազմաթիվ անելիքներ ունենք, որպեսզի կարողանանք դուրս գալ փակուղուց: Անգործությունը կամ նոր սխալները կործանարար են:



ՊԵՏՔ Է ՀՍՏԱԿԵՑՆԵԼ ԹԻՐԱԽՆԵՐԸ

Բնավ գաղտնիք չէ, որ Հայաստան-Թուրքիա բանակցությունների, ընդհուպ՝ օգոստոսի 31-ի զույգ պրոտոկոլների ստորագրման գլխավոր կնքահայրը Վաշինգտոնն է: Դեռևս 90-ականների կեսերից Մ. Նահանգները հետամուտ էր Թուրքիա-Հայաստան սահմանի բացմանը և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Մեր հին լրագրողնեը կհիշեն, որ դեռևս 1998-ին Մ. Նահանգների դեսպանը Հայաստանում, Մայքլ Լեմոնը, դրամատիկ դարձնելու համար պետքարտուղարության ցանկությունը, լրագրողների այց կազմակերպեց դեպի Ախուրյան կայարան ու «ցույց տվեց» Հայաստանից Թուրքիա ձգվող, բայց չգործող երկաթուղու անհեթեթությունը և ափսոսանք արտահայտեց:

Ասենք՝ Վաշինգտոնը երբեք բաց չի թողել ձեռքից Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման ուղղությամբ հայտարարությամբ հանդես գալու որևէ առիթ, նույնիսկ անուղղակիորեն կազմակերպելով «հաշտեցման» հանձնախմբերի հանդիպումներ:

Եվ այս պայմաններում տարօրինակ է թվում հայկական որոշ շրջանակների և նույնիսկ ամերիկյան կառույցներ ունեցող կազմակերպությունների ոգևորությունը սեփական՝ ազգային իշխանությունը քարկոծելու գործում, հայտարարված պրոտոկոլների որոշակիորեն աննպաստ կետերի կապակցությամբ: Չեմ կարծում, որ այդ վարքագիծը «ներսում առյուծ, դրսում՝ կատու» ժողովրդային ասացվածքի դրսևորումն է: Այլ՝ ինչպես մեր ժողովրդի պատմության ճակատագրական տարբեր հանգրվաններում՝ պատասխանատվությունն այլոց վրա գցելու հոռի սովորության: Մինչդեռ հարկավոր է, հատկապես նման պահերին, պատասխանատվությունը հավաքաբար ստանձնել և ուժեղացնել բանակցություններում մեր պետական ներկայացուցիչների դիրքերը թուրքական, և, այո՛, ամերիկյան ահռելի ճնշման պայմաններում:

Թիրախների հստակեցման կարիք ունենք, իսկապես: Այդ թիրախներից գլխավորը, սեփական իշխանություններից առաջ, Վաշինգտոնն է, ոչ այնքան բացասական, որքան պատասխանատվությունն ամբողջապես չստանձնելու իր ռեպուտացիայով: Գոնե վերջին 30 տարիներին ես չեմ հիշում որևէ դեպք, երբ Վաշինգտոնը լիարժեք կատարած լինի իր ստանձնած միջնորդական որևէ պատասխանատվությունն աշխարհի որևէ մասում: Ընդհակառակը, միշտ ձգձգել ու տևականացրել է տագնապները: Սակայն գոնե այս հարցում, որտեղ չունի կարևոր որևէ մրցակից (Մոսկվան ակտիվ դիտորդի կարգավիճակ է վերապահել իրեն, առայժմ), Վաշինգտոնը ստիպված է պատմական ու գործնական արդարության պաշտպանությամբ հանդես գալ:
Եվ այս առումով մեր ակնկալություններն առաջին հերթին ամերիկահայ կազմակերպություններից են...

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
«Ազգ»



«ԻՄԱՑԵ՛Ք, ԱՅՆ ՄԵՏՐԸ, ՈՐ ԶԻՋՎԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ, ՄՇԱԿՈՒԹԱԶԵՐԾ Է ԼԻՆԵԼՈՒ»

«Փոխզիջումը, օրինակ, ի վնաս հայկական կողմի, ի դեմս Հյուսիսային Արցախի կորստյան, կայացել է: Բայց մենք պատրաստ ենք ինչ-որ փոխզիջման և խոսում ենք և թմբկահարում ենք»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության ՀՀ մասնաճյուղի տնօրեն, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
Նա նշեց, որ Հյուսիսային Արցախի հայաթափ լինելու 20 տարին է լրանում, սակայն մենք որևէ տեղ չնշեցինք, չհիշեցրինք Հյուսիսային Արցախի կորուստը: «Նա, ով կորցրել է և լուր չունի՝ ինչ է կորցրել, (իսկապես ես զգում եմ էդ վտանգը), էլի կկորցնի»,- ասաց հուշարձանագետը:

«Անցած ամբողջ 8-10 տարիներին՝ երբ երկրի արտգործնախարար Վարդան Օսկանյանի ժամանակ ոչնչացվեց Ջուղայի գերեզմանոցը, և ըստ էության, նախիջևանահայությունը 2-րդ անգամ՝ ցեղասպանվեց՝ հետմահու և վերջնականապես արդեն, ի՞նչ արվեց: Մեր պետությունը, արտաքին հարաբերությունների մեջ, արտգործնախարարությունը ի՞նչ արեց առհասարակ»,- ասաց Սամվել Կարապետյանը:
Լրագրողի այն դիտարկմանը, թե գուցե Հայաստանն ամբիոն չունի, Սամվել Կարապետյանը պատասխանեց, որ Հայաստանն ունի խոսելու միջազգային ամբիոններ, քանի որ ամենատարբեր միջազգային կազմակերպություններում ներկայացված է առնվազն դիտորդի կարգավիճակով:

Նրա համոզմամբ՝ Հայաստանի դեմ հազար ու մի շահեր, մոտեցումներ, կեցվածքներ կարող են դնել, բայց մշակույթը միակ լեզուն է, որ հասկանալի է աշխարհին: Հետևաբար, փոխզիջումներից «բարբաջելու» փոխարեն պետք է աշխարհին հասկացնեինք, որ մշակույթով ներծծված տարածքը Ադրբեջանին հանձնելու դեպքում վնաս կկրի ողջ աշխարհը:
«Մենք այնքան պատկանելություն չունեինք և այնքան պատիվ, որ մեր կարուստը պատշաճ ձևով կարողանայինք ներկայացնել ու հասկացնել, որ «Իմացեք՝ այն մետրը, որ զիջվեց Ադրբեջանին, մշակութազերծ է լինելու, մշակութաթափ: Եվ, անշուշտ առաջին հարվածը մերն է, բայց նաև համաշխարհային քաղաքակրթությունն է աղքատանում»: Այս ուղու, այս լծակի վրա եթե աշխատեինք, արդեն ահագին արդյունք էինք ստացել»,- ասաց Ս. Կարապետյանը:
Նա հավելեց, որ նախորդ նախագահի ժամանակ Մեղրիի շրջանի ողջ ազգաբնակչությունը «կաթվածահար վիճակում էր, տարիներ շարունակ փշերի վրա էր», քանի որ խոսում էին Գոբլի ծրագրից, փոխանակումներից:

Ասուլիսի ժամանակ հարց եղավ Բավրա հայկական բնակավայրի սահմանագծի վերաբերյալ: Սամվել Կարապետյանն ասաց, որ 2000 թ.-ից սկսած՝ պարբերաբար այդ ճանապարհը հատել է:
«Ես մի բան էի տեսել, և դա ինձ վրդովեցրել էր: Մեր մաքսատունը, երբ Բավրա գյուղը վերջանում է, գյուղի եզրին է, գյուղի պոչին է: Վրացական մաքսատունը (վերջին գյուղը այն կողմից Ժդանով հայաբնակ գյուղն է) Ժդանով գյուղից 5-6 կմ է: Այսինքն՝ հայ-վրացական պետական սահմանի վրա էր վրացական մաքսատունը: Տարիներ շարունակ մեր մաքսատունը՝ Բավրային կպած է, որից մի 4-5 կմ դեռ կա մինչև Հայաստանի սահման, վրաց մաքսատունը՝ ճիշտ սահմանի վրա: Ակամա ստացվում է, որ 2 մաքսատների միջև եղած հատվածը կարծես «չեզոք գիտի» լինի,- ասաց հուշարձանագետը:

Նա հավելեց, որ վրացիները, փաստորեն, կարծեցյալ «չեզոք գոտու» հաշվին որոշել են առաջ գալ: Սամվել Կարապետյանը նշեց, որ նույն կերպ մենք կորցրինք նաև Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղը: Շամշադինի շրջանի Խորանաշատի վանքն այսօր նույնպես հնարավոր չէ մուտք գործել, քանի որ հայերը Չինարի, Այգեձոր գյուղերից չբարձրացան վերև: Իսկ ադրբեջանցիները, տեսնելով, որ հայերը ներքևում են, անընդհատ առաջ գնացին:
«Ես խորհրդային տարիներին երբ Արցախ կամ Բաքու էի գնում, հիշում եմ, (ասենք, եթե տոմսն էլ առել եմ Բաքվից կամ Ստեփանակերտից) նստածս տեղը թուրք, ասենք, մի կին կմոտենա. «էսքան տեղ կտա՞ս, նստեմ»: «Դե, ինչ կա որ»,- տալիս եմ, նստում է: Եվ էդ հերիք է, որ մի 10 րոպեից դու գետնին հայտնվես»,- ասաց Սամվել Կարապետյանը՝ ցույց տալով, թե թուրք ուղեկիցն ինչպես էր ավտոբուսում կամաց-կամաց իրեն հրելով՝ գետին գցում:

Հուշարձանագետը նշեց, որ Արցախի ճակատային մասի բոլոր հատվածներում թշնամին փորձում էր առաջ գնալ, և որտեղ հակադարձ պատասխան էր ստանում, վերադառնում է իր ելման դիրք: Նրա խոսքերով՝ առաջ խրամատների միջև եղած տարբերությունը մինչև 1,5 կմ էր, բայց այժմ թշնամին, տեսնելով, որ հայկական կողմը ձայն չի հանում, ամեն անգամ 100-ական մետր առաջ գնալով, զգալիորեն կրճատել է այդ տարածությունը: «Վրացիները հողի խնդրում ադրբեջանցիների պես են գործում. քանի դեռ պատ չես դնում, առաջ են գալիս»,- ասաց Սամվել Կարապետյանը:

Վրացիները Թուրքիայի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերել պատմական հայկական Տայք նահանգի (ներկայիս Թուրքիայի հյուսիս-արևելյան ծայրամաս) հայկական եկեղեցիները վերանորոգելու համար: Մի շարք հուշարձանների վերականգնումը արդեն սկսվել է: Հուշարձանագետը նշեց, որ վրացիների հավակնությունները դրսևորվել են դեռ ԽՍՀՄ-ի սկզբնական տարիներից, ընդ որում՝ ոչ միայն պաշտամունքային, այլև աշխարհիկ հուշարձանների նկատմամբ: Օրինակ՝ վրացիներին հաջողվել է հասնել նրան, որ 1953 թ. Մոսկվայում հրատարակված և ամբողջ աշխարհի կամուրջներին նվիրված աշխատության մեջ գրվի, թե «վրացական կամուրջներ են կանգուն ներկայիս Թուրքիայի Արդվին քաղաքի մոտ, Ճորոխ գետի վրա», և թվարկվեն Տայքի հայկական կամուրջները:

«Սա մասնագետների խնդիրը չէ միայն, որովհետև մասնագետները կամ թե իշխանությունները վերջապես դուրս են գալիս ժողովրդի ծոցից: Հայ իրականության մեջ մենք չենք ունեցել և այսօր էլ չունենք ազգային հասարակություն: Վրացիների մոտ միշտ հակառակն է եղել»,- ասաց նա: Վրացական տարբեր հեռուստաալիքներ բացեք, ինչքան ֆիլմեր են հանում... Օրուգիշեր ազգային հողի վրա աշխատանք է տարվում»,- ասաց նա: Նրա համոզմամբ՝ ազգային հարցերում հայերի կեցվածքը «համեմատելի չէ վրացիների կեցվածքի հետ»:

ՍՈՆԱ ԱՎԱԳՅԱՆ
«Հետք», Երևան



ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՉԵՆ ԹՈՂՆՈՒՄ ԾԱՌԵՐԸ ԿԱՆԳՆԱԾ ՄԱՀԱՆԱՆ


Վերջին տարիներին իսկական եղեռն է սկսվել Արցախի բնության դեմ, մասնավորապես ընկուզենիների, կաղնիների և այլ թանկարժեք ծառատեսակների դեմ: Ցավով պետք է նշել, որ բնության նկատմամբ այդ գիշատչական վերաբերմունքի պատճառն այն է, որ ոտնահարվում է օրենքի ու արդարության գերակայությունը և գերակայում է «վերևից» որևէ անհատի, մի մարդու կամքը:
Դա սկսվել է նախորդ նախագահի օրոք: Ասում են՝ Արցախից դուրս գալու անցակետում օրինապահները կալանել էին ավտոմեքենաները և կասեցրել արգելված ապրանքի դուրս բերումը երկրից: Սակայն նախկին նախագահը, որն այդ ժամանակ գտնվում էր Իսպանիայում, հազարավոր կիլոմետրերի հեռվից կարգադրել է թույլ տալ երկրից դուրս տանելու արգելված ապրանքը: Բա ո՞ւր մնաց օրենքը: Նման վիճակում պարզ չէ՞, որ չես կարող պայքարել «փայտագողերի», ընդհանրապես՝ ամեն տեսակի կարգազանցների, օրենքն ու արդարությունը ոտնահարողների, կոխկրտողների դեմ:

Օրերս այցելեցի ծննդավայր գյուղս‘ Ծաղկաշատ (Ղշլաղ) և շրջեցի գյուղի երբեմնի բաղերում: Հարևան նորագյուղցիների ակտիվ «օգնությամբ» շահ թթի շատ ծառեր վաղուց են չքացել, մնացել էին ընկուզենիները՝ թե դարավոր, թե մատղաշ: Բաղերի բազմադարյան արխի երկու կողմերում աստղերի հետ զրուցող ընկուզենիներ կային, հիմա հազիվ նշմարվում են բնության այդ հսկաների գետնամած բները: Հայտնի է, թե ինչքան արժեքավոր են ընկուզենիների բները և հասկանալի է, թե ինչու են հատել ծառերը: Սակայն զարմանք է պատճառում այն, որ կտրել-տարել են արխի երկու կողմերում աճած մատղաշ ընկուզենիները: Այժմ ընկուզենիների կատարներին ժամանակին սոսափող քամիները դառնադառն սուլոցով շշնջում են իրենց երբեմնի բարձրաթռիչ խոյանքների մասին:

Վիճակն ահավոր է նաև Համբարցունց բաղի ձորում. ամբողջ ձորի երկարությամբ այստեղ ու այնտեղ թափված են կացնահարված հսկաների ճյուղերը: Կտրած ծառերից մեկի ճյուղերն ընկել էին էլեկտրալարերի վրա, լույսն անջատվել էր, և տրանսպորտայինների հայտնի ամառանոցն ընկղմվել էր ականակիր խավարի մեջ: Ծառահատներն այնքան էին անտարբեր, որ ավելորդ էին համարել վերականգնել լույսը, սակայն մեծ եռանդով այդ խորախոր ձորից լիբոդկաներով Ղարաղշլաղի դաշտ են դուրս բերել եղեռնված ծառերի քանի՜-քանի տոննանոց բները: Իսկ ձորի միակ աղբյուրի մոտ տանող արահետներում թափված հսկա ճյուղերը համարյա անհնար են դարձրել աղբյուրին մոտենալը:
Հիմա հասկանալի՞ է, թե ինչու եմ այդքան հոլովում օրենք, արդարություն, կարգուկանոն բառերը: Որտե՞ղ էին բնության պահապանները՝ սկսած ամենաբարձր ատյանից՝ մինչև ստորին օղակները: Չէ՞ որ հնարավոր չէր բնության այդ հսկաներին թաքուն, գաղտագողի գետին տապալելը: Այո՛, տեսել են մարդիկ, ականատես են եղել այդ ոճրագործությանը, տեսել են, թե ինչպես են այդ հսկաներն իրենց աստղամերձ բարձունքից գահավիժում ներքև: Եւ ցավալին այն է, որ հանգիստ խղճով, օլիմպիական հանգստությամբ ունկնդրել են նրանց վերջին, ահեղամռունչ խռխռոցին… Ինչպե՞ս չնշել, որ գետնին են տապալել նաև «Պետրուսանց աղբյուրի» ձորի (Ռև գյուղ) հսկա, փառահեղ ընկուզենին:

Հանրահայտ են ընկուզենիների և կաղնիների անօրեն հատման փաստերը: Սակայն քչերին է հայտնի վայրի կեռասենիների (շնըգյուլասի) դժբախտ ճակատագիրը: Հիմա, ինչպես ասում են, ճրագով էլ ման գա,ս այդ ծառատեսակներից դժվար կգտնես: Առանց այն էլ այդ ծառատեսակը քիչ է տարածված Արցախում: Ինչ-ինչ բաների համար շնըգյուլասու փայտից անփոխարինելի մասեր են պատրաստում: Այլ վայրերի համեմատությամբ Ցեխ ձորում շատ կար այդ ծառատեսակից: Հիմա շատ խիչ շնըգյուլասիներ են մնացել կանգնած՝ բարբարոսաբար հատելու պատճառով:

Շատ տարիներ առաջ, նախկին նախագահի նախագահության տարիներին սկսված այս ծառաեղեռնը այսօր էլ շարունակվում է: Ականատեսները, նույնիսկ բնության պահպանության համար պատասխանատու ստորին օղակի աշխատողները՝ անտառապահները, իրենց տարածքում ընկուզենիներ, կաղնիներ ունեցող գյուղերի, վայրերի ղեկավարները, բնակիչները տրտնջում են, որ չեն կարողանում, իրենց ուժերից վեր է դիմակայել իբր «վերևների» դաբրոյով անօրինական ծառահատողների, բարձրաստիճան պաշտոնյաների, մեծ թե փոքր օլիգարխների ճնշմանը: Եվ, ցավոք սրտի, դա այդպես է: Փորձի՛ր որևէ գյուղում տեղի բնակիչներից իմանալու, թե ովքեր են եղեռնել ծառերը, ոչ մեկը քեզ ոչ մի տեղեկություն չի հաղորդի, չնայած բոլորն էլ գիտեն, թե ո՞ւմ հրամանով են գետին տապալվել դարավոր ընկուզենիները: Ավելին՝ շատ լավ գիտեն, թե անձամբ ով է իր «դրուժբա»-ով հատել ծառերը, տրանսպորտի ի՞նչ միջոցներով են դրանք հանել ձորերից և բարձել մեքենաները: Չի՛ք հարցիդ պատասխան, ձայն բարբառո հանապատի:

Ահա այսպիսի անտարբեր, ցավալի վերաբերմունք է արմատավորվել բնության պահպանության նկատմամբ: Նշված փաստերը եզակի չեն, այլ համատարած բնույթ են կրում: Բնության պահպանության գործում այս բարձիթողի վիճակն աններելի է, անհանդուրժելի: Ուստի հարցի էությունը ամենևին էլ միայն նշված վայրերին չի վերաբերվում, այլ անհրաժեշտ է համընդգրկուն (գլոբալ) մոտեցում, վերահսկողություն՝ անօրինական ծառահատումները կանխելու համար:

Հ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ



ՆԱՄԱԿ «ՆՈՐ ԷՋ»-Ի ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ

Հարգելի խմբագիր, խնդրում եմ նամակս տպագրեք Ձեր՝ արդեն կարճ ժամանակում մեծ հեղինակություն վաստակած թերթում:
Մի տարուց ավելի է, ինչ արհեստական ատամներս (պրոթեզ) էլ չեն ծառայում ինձ, երեսուն տարուց հետո շարքից դուրս են եկել: Դրանք փոխելու հնարավորություն չունեմ. 10-րդ տարին է, որ լրիվ զրկված եմ տեսողությունից, ոտքերից էլ եմ դժգոհում: Ինչ կարող եմ անել. արդեն 95 տարեկան եմ: Կնոջս՝ Արմիկի խնամքի շնորհիվ եմ երկարակյաց դարձել: Այս նամակը թոռնիկս է գրում՝ իմ թելադրանքով:

Չեմ իմանում, թե ատամնաբուժական պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Աիդա Երեմի Հարությունյանը որտեղից է իմացել, որ ես առանց ատամների եմ յոլա գնում: Նա մեքենա է ուղարկել, որպեսզի ինձ տանի պոլիկլինիկա: Ինձ բերել են ուղիղ գլխավոր բժշկի աշխատասենյակը, որտեղ գտնվում էին նաև ատամնաբույժ Գագիկ Հովսեփյանը, բուժքույր Արմինե Պետրոսյանը: Աչքերիցս ուրախության արցունքներ են գլորվել, երբ լսել եմ գլխավոր բժշկի խոսքերը. «Մեզ մոտ է 100-ին մոտ աշխատանքի և պատերազմի վետերան Գուրգեն Պետրոսի Հակոբյանը: Ուշադիր եղեք նրա հանդեպ, այնպես պատրաստեք ատամները, որպեսզի հետո չանհանգստացնեն նրան և նա երբեք անհարմարության զգացում չունենա»:

Այդպես էլ եղավ: Անչափ շնորհակալ եմ Աիդա Հարությունյանից, Գագիկ Հովսեփյանից, Արմինե Պետրոյանից և Լիլիա Մնացականյանից: 98 տարում ինչ արել եմ իմ հայրենի Արցախի համար, հալալ լինի նրանց: Բոլոր արցախցիներին կոչ եմ անում սիրել և աչքի լույսի պես պահել Արցախը, նրա նման հայրենիք ոչ մի տեղ չկա:

ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Աշխատանքի և պատերազմի վետերան



ՀԱԴՐՈՒԹՅԱՆ ՔԱՂՑՐ ՀՈՒՇ՝ ԳՐԵԹԵ ՆԱՄԱԿԻ ԿԱՐԳՈՎ

Կյանքում լինում են ճամփորդություններ, որոնք անմոռաց հուշեր են փորագրում մարդու ենթագիտակցության տիրույթում՝ ստիպելով նրան բարձրաձայնել այդ մասին: Այդպիսի դիպվածի հանդիպեցի, երբ աշխատանքի բերումով առաջին անգամ հայտնվեցի Հադրութում և ծանոթացա տեղի միջնակարգ դպրոցի տնօրեն Արթուր Մինասյանին: Մեր կարճատև շփումները համոզեցին ինձ, որ ես հանդիպել եմ մի արժանավոր մարդու, ու ես ցանկանում եմ խոսել այդ մասին: Երբ նա իմացավ, որ ես առաջին անգամ եմ Հադրութում, կարծես իր վրա վերցրեց այդ գովաբանված երկրամասի հյուրընկալության պատվախնդրության «հաճելի» բեռը: Եվ դա այն դեպքում, երբ ես ոչ մի պաշտոնական դիրք չեմ զբաղեցնում. ընդամենը մի հասարակ դասախոս էի՝ հոգեբան: Երեք հոգով եկել էինք Հադրութի շրջանի դպրոցների դասղեկների հետ վերապատրաստման դասընթացներ անցկացնելու:

Մարդ առաջին անգամ լինելով անծանոթ միջավայրում, սովորաբար իրեն մի տեսակ զուսպ ու քաշված է զգում: Արթուրը կարծես զգաց իմ հոգեվիճակն ու միանգամից «փշրեց» այդ զգացմունքի կապանքները, և ինձ հետ վերաբերվեց, ինչպես ասում են, որպես հարյուր տարվա մտերիմի: Երկար ժամանակ մտածում էի՝ գրե՞լ, թե չգրե՞լ այս նյութը: Բայց ներսս կուտակված տպավորությունները ինձ հանգիստ չտվին, քանի որ Արթուրի «տեսակները», ցավոք, քչանում են: Քչանալով՝ նրանք իրենց հետ մոռացության արխիվ են նետում մեր լուսահոգի պապերի պայծառ մարդասիրության որակները: Կարծում եմ, եթե չգրվի և չխոսվի մարդու այդ տեսակի մասին, նրանք մի օր կհայտնվեն «Կարմիր գրքում»:

Հենց այդ մոտիվների դրդմամբ դիմում եմ քեզ, Արթուր. այդ ի՞նչ երևույթ ես դու, որ այս նյութապաշտ, սառչող աշխարհում ջերմացնում ես մարդկանց սրտերը՝ բարձրացնելով քո հող ու ջրի տարիներով կերտված պատվասիրությունը, որ ժառանգություն ենք ստացել ձեր և մեր նախնիներից: Այս միտքը հաստատվեց նաև այն փաստով, որ մեր զրույցի ընթացքում պարզվեց, որ ձեր տոհմը սերում է պատմական Ազոխից, և այդ ավանդական սովորույթները պահպանվել և ծլարձակվել է ձեր ընտանիքում: Նկատի ունեմ քո և քո դստեր (հարևան գյուղի լեզվի դասատու) հանդիպումները, երբ մի քանի ժամվա բացակայությունից հետո աշխատանքից տուն էր վերադառնում և համբուրում քեզ... Հազվադեպ օրինակ մեր օրերում:

Այս պահին ես չեմ խոսլու, որ դուք մեր դպրոցի օրինակելի տնօրենն եք, ունեք շնորհալի մանկավարժական կոլեկտիվ, որ ձեր շրջանավարտները հաջողությամբ բուհեր են ընդունվում, հաջողությունների հասնում հանրապետական օլիմպիադաներում և մրցումներում, որ դպրոցական ձեր կոլեկտիվը ներդաշնակությամբ է աշխատում և այլն:
Այս պարագայում ինձ մոտ ծագում է մի պարադոքսալ հարց. դա այն է, որ մարդկային գործունեության գնահատականի չափորոշիչը համարում ես գերազանցապես նրանց աշխատանքային, այսպես ասած, տվյալները, որոնք շատ անգամ քողարկվում և, տոկոսակեղծ թվաբանական հաշվարկների խաղերում, անտեսում են աշխատող մարդկանց անձնական որակները, որոնց հանրագումարն է հանդիսանում «մարդ՝ մեծատառով» գնահատականը:

Ստացվում է, որ կարելի է լինել կոպիտ, չար, վարչարար, տառակեր, նեխված ու շահամոլ, բայց լավ ղեկավարի անուն «վաստակել»: Այդպիսի պաշտոնամոլ ղեկավարները իրենց աթոռի համար կարող են ամեն ինչ տալ, միայն թե մնան «գահի» վրա: Այդպիսիները սովորաբար պաշտոնի են հասնում շողոքորթելով, իսկ երբ նստում են «գահին», սկսում են բզկտել մարդկանց, ստեղծում են իրենց հավատարիմ թիմն ու նրանց հակադրում մյուս բոլորին, որի պատճառով մարդիկ բաժանվում են խմբերի. մի մասը ղեկավարի հավատարիմներն են, որոնք սովորաբար քծնում ու շողոքորթում են «անփոխարինելի» շեֆին, նրա փառքն ու չեղած արժանիքները գովազդում ամենուր, մյուս խումբը, մերժվելով ղեկավարի բարի կամեցողությունից, դառնում է ընդդիմադիր-անցանկալի:

Գաղտնիք չէ, որ մեր օրերում դեռևս կան այնպիսի ղեկավարներ, որոնք երկար տարիներ «բորբոսնում» են իրենց պաշտոնական աթոռին կառչած և քծնողների խմբի օժանդակությամբ հյուսում են իրանց անփոխարինելիության առասպելը: Այսպիսիները մեծ դժբախտություն են դառնում հասարակության համար, քանի որ նման հավերժական փթվածքից գարշահոտություն է սփռվում՝ խոչընդոտելով հասարակության զարգացումը:
Այս քնարական շեղումը նրա համար է, որպեսզի մարդիկ հասկանան՝ կարելի է մարդու անձնային հատկանիշներից գալ դեպի պաշտոնական ոլորտ: Այս իմաստով ես այն տպավորությունը ստացա, որ դուք՝ Արթուր, հենց իմ երազած անձ-ղեկավարն եք: Իմ այս կարծիքը ավելի խտացավ և հիմնավոր դարձավ մի փաստով, որի մասին ուզում եմ գրել:

Երբ վերադարձա Ստեփանակերտ, իմ մոտ ընկերներին հայտնեցի, որ Հադրութում հանդիպել եմ մի լավ մարդու, նրանցից Ռուդիկ Աղաբեկյանը, Վահրամ Հայրապետյանը, Արտո Մարտիրոսյանը միաբերան ասացին. «Քո հայտնաբերած անձը պիտի լինի Արթուր Մինասյանը»: Ես ապշահար եղա և սկսեցի խորհել լավ մարդ և լավ պաշտոնյա երևույթի շուրջը: Կարծում եմ իդեալական կարելի է համարել այն պաշտոնյային, որը ղեկավարական ոճին զուգակցում է բարձր մարդկային որակները: Բայց երբ պաշտոնամոլ է լինում ղեկավարը, ինքնասիրահարված իր չեղած որակների վրա՝ իրեն երևակայելով իբրև կուռք, սրանք ամեն կերպ կաշվից դուրս են գալիս, որպեսզի ապացուցեն իրենց ճշմարտացի լինելը: Լև Տոլստոյը շատ դիպուկ է բնութագրում նմաններին. «Ահավոր է այն մարդկանց տեսակը, ովքեր ցանկանում են միշտ ճիշտ դուրս գալ: Նրանք պատրաստ են դատապարտել անմեղներին, սրբերին, անգամ տեր Աստծոն, միայն թե իրենք ճիշտ դուրս գան»:

Դժբախտաբար մեր օրերում դեռևս շատ են նմանները թե՛ ղեկավարների և թե՛ մտավորականության շրջանում: Միջինից ցածր մակարդակի մեկը կա, ամեն կերպ կաշվից դուրս է գալիս՝ ապացուցելու, որ Շեքսպիրից հետո այդ միայն ինքն է: «5 հատոր շուտով լույս կտեսնի, մնաց 95-ը»,- հայտարարում է պարծենկոտը:
Ահա այս ֆոնի վրա է բարձրանում համեստագույն մարդու պայծառ դիմագիծը՝ ի դեմս Արթուր Մինասյանի: Մտավախություն ունեմ, որ խոսքերս կարող են ընկալվել իբրև սուբյեկտիվ մոտեցում: Ստիպված եմ կրկնել՝ բնավ ոչ: Ես այս խոսքի համար հիմք եմ ընդունում մի իմաստունի այն միտքը, որ «տեղին գովաբանությունը օգտակար է թեկուզ նրանով, որ գործնականորեն դրանք ամրապնդում են մեր մեջ եղած առաքինությունները»:
Հենց այս կարգի առաքինություններն ու որակներն են, ահա, որ ես «հայտնաբերեցի» Հադրութում՝ Արթուր Մինասյանի մեջ:

ԳՐԻԳՈՐ ԴԱՆԻԵԼՅԱՆ
ԱրՊՀ դասախոս, հոգեբան



ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻՆԵՐԸ՝ ՀՀ ԿԱԼԱՆԱՎԱՅՐՈՒՄ

«Վարդաշեն»-ը ՀՀ միակ բանտն է, ուր արտասահմանյան երկրների քաղաքացի հանդիսացող կալանավորներ կան: Իմ գտնված հատվածում Ռուսաստանի, Իրանի, Ռումինիայի քաղաքացիներից բացի կան նաև ԼՂՀ-ից եկածներ, որոնք Շուշիի բանտից են այստեղ բերվել:
Ժամանակ առ ժամանակ, երբ ցանկանում ենք բարձր տրամադրությամբ կատակներ անել, իմ խցին կից արցախցիները բարձրաձայն ինձ հարցնում են, թե բանտում քանի ազգության մարդիկ կան, որին պատասխանում եմ. «Չորս ազգության՝ հայաստանցիներ, ղարաբաղցիներ, սփյուռահայեր և այլ ազգի օտարահպատակներ», ու լսում արցախցի բախտակիցներիս ուրախ քրքիջը:

Ամիսներ շարունակ ինձ մշտապես միայնակ են զբոսանքի հանում, պատճառաբանելով, որ «քաղաքական բանտարկյալ» եմ, բացի այդ էլ՝ «մենախցային» կալանավոր: Մի անգամ արցախցիներից մեկն ինձ դիմելով, ասաց, որ ուզում է ինձ հետ նույն ժամին զբոսանքի դուրս գալ, բայց աշխատակազմը թույլ չի տալիս՝ իր արտասահմանցի չլինելու պատճառով: Խորհուրդ տվեցի այդ հարցով դիմել հիմնարկի ղեկավարությանը, քանզի ԼՂՀ-ն անկախ պետական միավոր է և այնտեղի քաղաքացիները, ինչպես Հնդկաստանի, Ռումինիայի ու այլ երկրներից եկածները, արտասահմանցի են:
Պետի տեղակալի հետ իմ զրույցում զարմանքով բացահայտեցի, որ Արցախի մասին գիտելիքներս շատ ավելին են, քան իր ունեցածը: Եվ որպեսզի ասածներս անհերքելիորեն հիմնավորեմ, ասացի, որ «մենք արտասահմանից Արցախ այցելելու համար Երևանում ԼՂՀ ներկայացուցչությունում մուտքի վիզա ենք վերցնում և այդ երկրի սահմանը հատելով ենք միայն Արցախ հասնում»:

Նա համոզվեց և, իմ փաստարկների դեմ ոչինչ չունենալով, թույլատրեց, որ ես ու արցախցի իմ բախտակիցը միասին մեկժամյա զբոսանքի դուրս գանք: Արցախցի ընկերս այնքան էր ուրախացել կատարված փաստից, որ հնարավոր չէ նկարագրել: Ինքն իրեն կրկնում, իր ասածների վրա զարմանում էր, որ «ուրեմն ես էլ քեզ նման արտասահմանցի եմ, հա՞»:
Արցախցի բախտակիցս զոհված ազատամարտիկի որբացած երեխա է. 8 տարեկանում՝ հորը, 11 տարեկանում էլ մորն է կորցրել, այսինքն՝ երկկողմանի ծնողազուրկ է: Իրենից շատ փոքր քույրը դեռ դպրոցական է, անչափահաս: Նա, չնայած իր փոքր տարիքին, վաղ է ամուսնացել և երկու երեխա ունի, որոնցից վերջինին առայսօր չի տեսել, քանի որ գտնվում էր բանտում:

Չցանկանալով նրան մեղսագրված քրեական հոդվածի առթիվ որևէ գնահատական տալ, հանուն արդարության պետք է խոստովանեմ, որ նույն մեղադրանքով եթե նա Ֆրանսիայում դատված լիներ, վստահ եմ, որ մինչև մեկ տարի բանտարգելման հազիվ թե արժանանար: Լինել երկկողմանի ծնողազուրկ, զոհված ազատամարտիկի որդի, ունենալ անչափահաս դպրոցական տարիքի քույր ու իր խնամքի տակ ունենալ նաև երկու անչափահաս երեխաներ և ինչ-որ մեկին սառը զենքով (դանակով) վախեցնելով՝ սպառնալիքի մեղադրանքով դատապարտվել է 10 տարվա բանտարկության: Անհավատալի է, բայց փաստ:

Նրան համոզել են, որ իրավունք չունի Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու, քանի որ ԼՂՀ քաղաքացի է, իսկ այն չճանաչված հանրապետություն է ու այնտեղից դիմումներ չեն ընդունվում: «Եթե չճանաչված հանրապետությունից՝ ԼՂՀ-ից ես, ապա այստեղ՝ ՄԱԿ-ի անդամ ՀՀ արդարադատության նախարարության ենթակա և ՀՀ վարչական տարածքում գտնվող «Վարդաշեն»-ում ի՞նչ գործ ունես»,- հարցրեցի նրան, որը նրան մտահոգվելու առիթ տվեց:

«Դյուզ ես ասում»,- արձագանքեց ասածներիս ու կրկին մտամոլոր շարունակեց իր քայլքը, ապա ուրախացավ իր կյանքում առաջին անգամ իրեն արտասահմանցու տեղ դրած լինելու և իմ՝ Ֆրանսիայի քաղաքացուս հետ «պրագուլկա» դուրս գալու փաստից: Չուզեցի նրան անհանգստացնել ու, նստելով մի անկյունում, սկսեցի դիտել նրա ուրախ շարժումներով թռչելուն հավասար յուրաքանչյուր քայլը: Ասես երջանկությունից երկնքում լիներ: Հետո մոտեցավ ինձ ու կամացուկ ասաց. «Բայց լավ է, չէ՞, արտասահմանցի լինելը: Տես, հիմա ինձ քեզ հետ զբոսանքի դուրս հանեցին, ու ես դրա համար շատ ուրախ եմ, հավատա»: Գիտեի, որ զարմանալու էր, բայց չկարողանալով ինձ զսպել, նրան առաջարկեցի մեր ունեցած անձնագրերը փոխել, որ ես չճանաչված հանրապետության՝ ԼՂՀ քաղաքացի դառնամ, իսկ նա իմ փոխարեն՝ Ֆրանսիայինը: Աչքերը հոնքերի վրա թռան ու ապշահար նայելով ինձ՝ «հանաք չես անում, չէ՞» հարցրեց: Հանաք չէի անում, անշուշտ, բայց տխրել էի, որ իր բնօրրանի պաշտպանության համար սեփական կյանքը զոհաբերած մի հերոս հայի որբը այսօր պատրաստ է իր հոր և մոր շիրիմները թողնելով՝ հեռանալ հայրենի եզերքից:

Հիշեցի Արցախում անցկացրած իմ լավագույն տարիները՝ թեկուզ պատերազմ էր և մեր զոհերին սգալու ժամանակն իսկ մեզ տրված չէր: Հիշեցի նաև 2008 թ. մարտի 10-ին արցախցի Ռ. Քոչարյանի ինձ ՀՀ-ից հնգօրյա ժամկետում արտաքսելու հրամանի պատճառով Արցախի նախագահից քաղաքական ապաստան խնդրելու առայսօր անպատասխան մնացած դիմումս, և տխրությունս կրկնապատկվեց: Ընկնելով հուշերիս մեջ՝ միտքս եկավ նաև վերջին երեք ամսում Արցախի ՊՆ արխիվներում «ինձ ոչ մի կերպ չհայտնաբերող» ոմանց կրած բարոյական արժեքների և իմ դավանածների միջև եղած տարբերությունը ու, ոտքի կանգնելով, արցախցի բախտակցիս ասացի. «Կարևորը ոչ թե մեր ունեցած անձնագրերն են, այլ մարդու մեր տեսակը: Ավելի լավ կանես, որ թե՛ քո և թե՛ արցախցի յուրաքանչյուր հայորդու ազատության մասին մտածես»: Ու միասնաբար քայլեցինք դեպի մեր բանտախցերը:

ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆ



ՄԱՐԴԻ՛Կ, ՄԻ՛ ԽԱԹԱՐԵՔ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՆԳԻՍՏԸ

Այս հոդվածը գրել եմ երկու տարի առաջ: Ցավոք, այն այսօր էլ այժմեական է: Որոշ փոփոխություններ կատարելով, տպագրում եմ այն: Գժի մեկը քար գլորեց ձորը, հարյուր իմաստուն չկարողացան հանել... ժող. ասացվածք
Տարիներ առաջ առաջին անգամ Արցախ այցելած սփյուռքահայ ծանոթիս հետ փողոցը հատելիս դեմ առանք ականջ խլացնող ազդականչերով անցնող մեքենաների շարասյան: Ծանոթս հանեց ամառային թեթև գլխարկն ու գլուխը հարգանքով խոնարհեց:

- Այդ ի՞նչ ես անում,- ասացի՝ ծիծաղս հազիվ զսպելով,- հարսանքավորներ են:
- Ինչպե՞ս թե,- զարմացած նայեց ինձ,- ասիկա հուղարկավորություն չէ՞...
- Չէ, նորապսակներին տանում են հուշահամալիր, եղբայրական գերեզմանոց՝ զոհվածների հիշատակը հարգելու...
- Մեքենաների այս խելահեղ ոռնոցով զոհվածների հիշատակ հարգելո՞ւ...

Ծանոթս իրավունք ուներ զարմանալու: Դեռ անցյալ դարի սկզբներից մեքենաների ազդականչերը, գործարանների շչակների ձայնը դժբախտ պատահարի նշան են: Ազդականչերով ավտովարորդները սովորաբար վերջին հրաժեշտն են տալիս վախճանված իրենց ընկերոջը:
Դժվար է ասել, թե ով է այն «խելոքը», որ ավտոմեքենայով նորապսակներին ուղեկցելիս առաջին անգամ միացրել է իր ավտոյի «սիրենան», որին հետևել է մի ուրիշը և... այս տխմարությունը մեզ մոտ դարձել է «ավանդույթ»: Դեռ ավելին՝ նորապսակներին իր ավտոմեքենայում նստեցրած մի այլ պակասամիտի գլխի փչել է պտույտներ գործել Ստեփանակերտի կենտրոնում գտնվող Ստ. Շահումյանի արձանով փոքրիկ կլոր պուրակի շուրջ, ու դարձյալ բազմաթիվ հարսանքավորներ յուրացրել են նաև այս հիմարությունը: Եվ մեկը չի հարցնում նրանց՝ ինչո՞ւ եք պտույտներ գործում, պուրակը սրբավա՞յր է, մատաղացո՞ւ եք տանում...

Հարսանքավոր ավտոմեքենաների այս ողջ շքախումբն ի վերջո պարտադիր անցնում է Արթուր Մկրտչյան և Բաղրամյան փողոցներով, ուղևորվում դեպի Հուշահամալիր: Եվ այս թաղամասում ապրող հազարավոր մարդիկ ստիպված են լինում պարբերաբար լսել զանազան մեքենաների ազդականչերի խլացուցիչ ձայնը, որ մերթ հիշեցնում է շների «հա՛վ-հա՛վ», մերթ մլավոց կամ ժանգոտ երկաթի ձայն:
Ի դեպ, վաղուց հայտնի է, որ այդ կարգի «սիրենաները» հատուկ արտադրում են հետամնաց տարածաշրջանների երկրների համար, այդ թվում՝ կովկասյան պետությունների... Արևմուտքում ամենահիմար ավտովարորդն անգամ հազիվ, թե ցանկանա որպես իր ավտմեքենայի ազդականչ օգտագործել «հա՛վ-հա՛վը», դռան խուլ ճռռոցը կամ խոզի ճղավոցը... Իսկ մեզ մոտ զզվելի այսպիսի վայնասունով հարսանքավորները գնում են պատերազմի նահատակների «հիշատակ հարգելու»:

Վերջերս ընկեր-բարեկամներից մեկի տանը, սգո սեղանի շուրջ նստած, հարգում էինք վաղաժամ կյանքից հեռացած ընկերոջ հիշատակը: Այդ պահին փողոցից լսվեց ավտոմեքենաների ոռնոցը: Ընկերների, ծանոթ-բարեկամների հետ զրույցից գիտեմ, որ շատ-շատերը բացասաբար են վերաբերվում հայկական ավանդական հարսանքի հետ կապ չունեցող այդ գռեհկությանը: Բայց որ կարեղ եմ լսել հայհոյանքներ նրանց հասցեին, չէի սպասում: Լսածս ամենամեղմ խոսքերը «զահուրմարն» ու «շան որդիներն» էին:
Երբ մի օր փողոցով անցնելիս առաջին հարկի պատշգամբից լսեցի տարիքով մի կնոջ անեծքը, հարցրի՝ ինչո՞ւ եք այդպես ասում: «Բա ի՞նչ անեմ, թոռանս մի կերպ քնեցնում ենք, այս անիծվածներն իրենց զռռոցներով գալիս արթնացնում են երեխային»,- պատասխանեց նա:

Մի օր երբ թոշակառու և միջին տարիքի մի խումբ տղամարդիկ շենքերից մեկի մոտ խաղողենու շվաքի տակ շախմատ էին խաղում, ավտոմեքենաների ամենախայտաբղետ շչակների զիլ աղմուկով դարձյալ հարսանքավորների շարասյուն անցավ: Թաղամասի հարգված մարդկանցից մեկին՝ Յաշա Ղազարյանին հարցրի.
- Ի՞նչ կարծիքի եք այս «ավանդույթի» մասին:
- Շատ վատ: Նախ՝ դա պետք է խստորեն արգելվի պետավտոտեսչության կողմից, քանի որ երթևեկության կանոնների կոպիտ խախտում է, հետո էլ՝ մի՞թե կարելի է մեքենաների այդպիսի ոռնոցով խուժել հուշահամալիր, իբր թե՝ եկել ենք հարգանքի տուրք մատուցելու պատերազմի զոհերի հիշատակին,- ասաց նա:- Հարգանքը պետք է սրտից ու հոգուց բխի: Հարյուրավոր երիտասարդներ, ովքեր իրենց կյանքն են զոհել հանուն մեր հողի ազատության, անգամ չէին հասցրել ամուսնանալ: Իսկ սրանք այսօր վայրենի աղմուկով խանգարում են զոհված մեր քաջորդիների հանգիստը: Այդտեղ հարգանքի նշույլ չկա: Նրանք հուշահամալիր են գնում լուսանկարվելու և վիդեոներով «հավերժանալու» համար… Եթե սիրտները լուսանկարվել է ուզում, ավելի լավ է հանգիստ թողնեն նահատակված մեր տղաներին ու գնան քաղաքի որևէ տեսարժան վայրում նկարվեն: Ավտոմեքենաների ոռնոցով զոհերի հիշատակ չեն հարգում: Դա անբարոյականություն է և կապ չունի հայկական ամուսնության գեղեցիկ ավանդույթների հետ…

Հետաքրքիրն այն է, որ ավտոմեքենաների այդ աղմուկ-աղաղակը գրեթե ամեն օր և մի քանի անգամ լսվում է կառավարական շենքերի մոտ: Ավտոմեքենաները ազդականչերի վայրենի աղմուկով, ասես, դիտմամբ, ձեռ առնելով, պտույտներ են գործում Կառավարության քթի տակ գտնվող կլոր պուրակի շուրջ: Ու հասարակական կարգի և երթևեկության կանոնների խախտման համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկում օրինախախտներին:
Բայց, գրողը տանի, եթե մենք իսկապես պետություն ենք և մեզանում հարգի է Օրենքը, այլանդակ այս խեղկատակությունը պետք է վերացվի: Հատկապես երբ այդ անօրինությամբ խախտում են ոչ միայն հազարավոր քաղաքացիների, այլև զոհված մեր քաջորդիների հանգիստը, պղծելով նրանց հիշատակը: Գերեզմանոցը հայերենում անվանում են նաև հանգստարան: Այսինքն՝ վայր, ուր կյանքից հեռացած մեր հայրենակիցներն իրենց հավերժական հանգիստն են անցկացնում:

Ոչ ոք իրավունք չունի ոռնոց-աղմուկով խաթարելու նահատակված մեր հայրենակիցների հանգիստը: Ավտոմեքենաների ոռնոցով նահատակների հիշատակ չեն հարգում: Քաղաքակիրթ երկրներում քաղաքակիրթ մարդիկ զոհերի հիշատակը հարգում են ոչ թե ցուցադրական ոռնոց-աղմուկով, այլ ԼՌՈՒԹՅԱՄԲ (թեկուզ՝ մեկ րոպե լռությամբ): Նորապսակներ, թույլ մի՛ տվեք, որ ձեր մեծ ուրախությունն ուղեկցվի հայհոյանքներով, ծաղրանքով ու անեծքով: Մարդիկ, մա՛րդ եղեք…

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԻ ՀԱՐՍԱՆԻՔԸ

Ազգի ինքնությունը հաստատող գործոններն են՝ լեզուն, հավատը, մշակույթը, ավանդույթներն ու սովորույթները, աշխարհիկ և հոգևոր ծեսերը, տոն և հիշատակի օրերը... Այս շարքի՝ աշխարհիկ և հոգևոր ծեսերի մեջ պսակը կամ հարսանիքը կարևորվում է նրանով, որ նորաստեղծ ընտանիքի սկիզբն է հանդիսանում:
Արցախյան պատերազմի հաղթանակից հետո (հաղթանակ, որը ձեռք է բերվել հազարավոր հայորդիների արյան գնով) հույժ կարևոր խնդիր է առաջացել համայն հայության համար՝ վերականգնել հայ էթնոսի արցախյան հատվածի գենոֆոնդը: Թե ինչքանով է դա հաջողվում, դժվար է մխիթարող բառեր գտնելը, բայց, այնուամենայնիվ, բռնագաղթածները, բռնատեղահանվածներն ու ինքնակամ հեռացածները վերադառնում են իրենց բնօրրանները, բազմազավակ ընտանիքների թիվը, թեկուզ շատ դանդաղ, բայց ավելանում է, հարսանիքներն էլ չեն պակասում: Իսկ ինչպե՞ս է կատարվում ժամանակակից հայի հարսանիքը: Սովետական ժամանակաշրջանում, ինչպես հայտնի է, ձևափոխվել են ազգային ավանդույթները, սովորույթներն ու ծեսերը: Այն իր խորը կնիքն է թողել նաև հայկական հարսանիքի վրա:

Մի կողմից՝ վաղ անցյալի ժառանգությունը, մյուս կողմից՝ հոգևորի զարթոնքը առաջացրել է երկընտրանք՝ պսա՞կ (հոգևոր իմաստով և ավանդական ձևով), թե՞ հարսանիք (աշխարհիկ իմաստով ու խառն ձևով): Վերջերս էլ ինքնաբերաբար՝ առանց որևէ հիմնավորման, ձևավորվում է պսակի և հարսանիքի միախառնման տարբերակը:
Քրիստոնեական եկեղեցում պսակի խորհրդի ժամանակ այր ու կին քահանայի աղոթքով ու օրհնությամբ ընտանիք կազմելու նպատակով միավորվում են և ստանում Սուրբ Հոգու շնորհը որով այդ միությունը որպես անխախտ դաշինք, ամրապնդվում է նրանց համատեղ կյանքի բոլոր օրերի համար. ունենալու զավակներ և նրանց դաստիարակելու քրիստոնեական ոգով:

Եկեղեցին անհրաժեշտ է համարում, որպեսզի ամուսնության թեկնածու տղամարդն ու օրիորդը լինեն մկրտված և դրոշմված: Եկեղեցին արգելում է որևէ քրիստոնյայի ամուսնությունն այլադավանի հետ, բացառությամբ, եթե վերջինս ընդունի քրիստոնեություն:
Փոխադարձ սիրո հիմքը միահավատությունն է, որովհետև հավատքով է աճում մարդկանց հոգևոր կյանքը: Տղամարդը տան գլուխն է, կինը՝ սիրտը, ուստի գլուխն ու սիրտը փոխադարձ համաձայնությամբ, սիրով ու նվիրումով պետք է կապվեն միմյանց հետ:

Պսակի խորհուրդն անհրաժեշտ է, որ կատարվի եկեղեցու մեջ, եկեղեցականի կողմից՝ խաչեղբոր և ժողովրդի ներկայությամբ: Գաղտնի կատարված պսակն անվավեր է: Պսակը կրկնելի է, երբ ամուսիններից որևէ մեկը մահանում է: Եկեղեցին երկու անգամ թույլ է տալիս կատարել Պսակի խորհուրդը. «Կանոն կույսի պսակի» և «Կանոն երկրորդ պսակի»: Երրորդ պսակն անթույլատրելի է:
Պսակի խորհուրդը եկեղեցում կատարելուց հետո հայ քրիստոնյաները, ընդունված ծիսակարգի համաձայն, հավաքվելով հարսանեկան ճոխ սեղանի շուրջ, խնջույք են կազմակերպում և շնորհավորում պսակը:

Պատմական Հայաստանի տարբեր աշխարհներում հարսանյաց ծեսը տարբեր ձևերով է կատարվել: Մեր պարագայում, ժամանակակից արցախցու սուրբ պարտականությունն է՝ պահպանել Արցախ աշխարհում դարերով ձևավորված և հաստատված հարսանյաց ծիսակարգը, այլ ոչ թե տրվելով նորաձևությանը, այն համապատասխանեցնել «եվրոպական չափանիշներին» կամ լատինամերիկյան ոճին: Ի դեպ, եվրոպական ցանկացած քաղաքակիրթ ազգ ունի հստակ արմատավորված պսակի կամ հարսանիքի ծիսակարգ, և դժվար թե իտալացու հարսանիքը շփոթեցվի հարևան հունացու կամ ֆրանսիացու հարսանիքների հետ:

Իսկ մեզ՝ հայերիս մոտ... Արցախում կատարվող հարսանիքների բացարձակ մեծամասնությունը ո՛չ հայկական է, ո՛չ եվրոպական և ո՛չ էլ՝ ասիական: Հայկական կոչվող հարսանիքի տարբեր հատվածներում կարելի է ականատես լինել տարբեր ազգերի ու ցեղերի ու ցեղախմբերի հարսանիքների տարրերի՝ սկսած արաբականից և պապուասականից, վերջացրած վրացականով:
Պատկերացնո՞ւմ եք՝ վրացական հարսանիքում հայկական երգ կամ պարեղանակ հնչի... Խոսքն այն մասին չէ, թե մեր հարևան վրացին մեզ սիրո՞ւմ է, թե՞ չի սիրում, այլ այն մասին, որ ավանդապահ վրացին հարգում է իր հարսանեկան ծիսակարգը և այն ոչ մի հանգամանքում չի խախտի:

Ի՞նչ անուն տանք այն երևույթին, որ մեր հայկական հարսանիքների ժամանակ կատարվող երգերի գերակշիռ մասը «ռաբիս» կամ ռուսական են, անպակաս չեն նաև «ԺՏսя ՉՏՐՏՉրՍՈя»-ն և նմանատիպ «գողական» երգերը: Չմոռանանք՝ «Հաբիբին»: Իսկ հարսանիքներում հանդիպվող անհեթեթություններով՝ սկսած սեղանապետի՝ «ներս ենք հրավիրում հարսնաքույրին, հարսի ծնողներին, փեսայի ծնողներին, քավորին-քավորակնոջը», վերջացրած խորովածի և հարսանյաց տորթի կենացները հատուկ խմելը, բա «հարս ու փեսայի առաջին տանգոն», կարող է անգամ այլմոլորակայինի երևակայությունը խաթարել: Իսկ ուրախությունից հասարակական կարգը խախտող, մանկահասակների ու մեծահասակների հանգիստը փչացնող, հիվանդների, տառապյալների ու սգավորների հոգեվիճակն արհամարհող հարսանեկան ավտոշարասյան շչակների արձակած անտանելի աղմուկի էլ չեմ խոսում՝ հարսանիք է, չէ՞, մարդիկ ուրախանում են...

Նորից անդրադառնանք թամադային, ավելի ճիշտ հարսանյաց հանդեսը վարողին՝ այն մարդկանց, որոնց բացարձակ մեծամասնությունը մինչև հարսանիքը սկսելը անգամ ծանոթ չեն հարս ու փեսայի հարազատներին («շպարգալկային» նայելով են նրանց անունները «հիշում») ու, նախօրոք մշակված սցենարի համաձայն, աղավաղում հայկական հարսանիքը: Հերի՛ք է, պարոնայք:
Ինչպես բանաստեղծն է ասել. «Խմենք, թամադա՛, ես բան չե՜մ ասում, ե՛ս էլ եմ լավը, դո՛ւ էլ ես լավը, նա էլ է լավը...»: Եկեք մենք էլ խմենք, բայց և պահպանենք մեր ազգային ավանդույթները, սովորույթներն ու ծեսերը:

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ



ՀԱՌՆԵՑ ԵՎՍ ՄԵԿ ՍՐԲԱՎԱՅՐ

Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի Մեծ շեն գյուղի մերձակա բարձունքին արդեն երեք հարյուր տարուց ավելի իշխում է գողտրիկ մի սրբավայր՝ Պարին պիժը: Խորհրդային տարիներին անգամ այն ուխտատեղի էր ոչ միայն տեղացիների, այլև այլաբնակ հայերի համար: Մեծշենցիները լեգենդներ են պատմում նրա աստվածային զորության մասին: Նրանք լավ են հիշում նաև 1989-ի սեպտեմբերի 1-ը, այն օրը, երբ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի վերաբացված թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ուղղաթիռով վայրէջք կատարեց սրբավայրի բարձունքում, իսկ շրջափակված և արդեն պատերազմի բովով անցնող բերդաձորցիները ուխտագնացների հավատով շարք բռնեցին սարն ի վեր՝ դեպի Պարին Պիժ, որտեղ նրանք՝ նորածնից մինչև ծերունի, մկրտվեցին՝ օծվելով որպես քրիստոնյա:

Քսան տարի անց՝ 2009 թվականի օգոստոսի 20-ին, կրկին մարդաշատ էր Պարին պիժի բարձունքը: Մոսկվաբնակ մեծշենցի եղբայրներ Յուրա, Ժորա և Սերո Հովհաննիսյանների նախաձեռնությամբ ու հովանավորությամբ վերականգնվել էր բերդաձորցիների ամենազոր սրբավայրը:
Իր ամենատես բարձունքից Մեծ շենին հսկող Պարին պիժ եկեղեցին կառուցվել է 1658 թվականին: Եկեղեցու հոգևոր հովիվ Մեսրոպ քահանա Մկրտչյանը պատմում է, որ սրբավայրը կրում է հեթանոս հոր և քրիստոնյա մոր զավակ սուրբ Պանդալեոնի անունը, որը բժշկում էր մարդկանց, ողորմում աղքատներին և դարձի բերում մեղավորներին: Նրա համբավը շարժեց երկրի մյուս բժիշկների նախանձը, որոնք չարախոսեցին կայսեր մոտ: Եվ կայսրը հրամայեց գլխատել բժշկին...

Ըստ ավանդության, հավատացյալները նահատակված սրբի մասունքները տարածել են աշխարհի տարբեր անկյուններում, որտեղ և եկեղեցիներ են հիմնվել: Այդ մասունքներից մեկն էլ Մեծ շենի նորօծյալ եկեղեցու հիմքում է գտնվում, ինչի պատճառով էլ ուխտագնացները սրբավայր էին գալիս՝ հիվանդների համար առողջություն խնդրելու: Ականատեսները վկայում են, որ սուրբը միշտ էլ ունկնդիր է եղել իրենց աղոթքներին և դրա համար եկեղեցին կոչել են Բարի բժիշկ: Սերնդեսերունդ անցնելով, բերնեբերան փոխանցվելով՝ հարյուրամյակների ընթացքում Բարի բժիշկ անվանումը ենթարկվել է հնչյունափոխության՝ դառնալով հարազատ անուն ժողովրդի համար՝ Պարին պիժ:

Սուրբ Պանդալեոնի եկեղեցին հարազատ վայր է նաև 2000 թվականից Մոսկվայում բնակվող մեծշենցի Հովհաննիսյան եղբայրների համար: Նրանք լավ են հիշում ծնողների հետ այստեղ արված զոհաբերությունները, ուխտագնացությունները, նրանց ցավ էր պատճառում սրբավայրի ավերված տեսքը, որի հեղինակը ոչ միայն ժամանակն էր, այլև թուրքի քանդող ձեռքը: Նույն այդ ձեռքը 1991-ին ավերեց հայաթափված Մեծ շենի Շշադաղ կոչվող եկեղեցին, հանեց Պարին պիժ եկեղեցու անկյունաքարերը, որպես այն գետնին հավասարեցնելու առաջին քայլ: Սակայն սրբավայրը փրկվեց հիմնահատակ ավերվելուց, երբ 1992-ի մայիսին ազատագրվեց Բերդաձորը: Մեծշենցիները, Մեծ հայրենականի և Արցախյան պատերազմի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի կառուցումից հետո, հաճախակի էին քննարկում սրբավայրի վերականգնման հարցը՝ չգտնելով լուծման ուղիներ:

- Եկեղեցին մեզ համար մեծ իմաստ է ներկայացնում: Թե՛ գյուղում, թե՛ Մոսկվայում ապրելու տարիներին մեզ մշտապես մտահոգում էր Պարին Պիժի փլուզումը: Միջոցներ չձեռնարկելու դեպքում այն տասը տարի հազիվ գոյատևեր,- պատմում է բարերար Սերո Հովհաննիսյանը:- Ի վերջո, մեր ընտանեկան խորհուրդը որոշեց նախաձեռնել և ավարտին հասցնել սրբավայրի վերականգնումը:
Հովհաննիսյան եղբայրները վերականգնողական աշխատանքները սկսել են 2007 թվականին: Եկեղեցին վերանորոգվել է հիմնովին՝ դրսից և ներսից, բարեկարգվել է տարածքը: Նվիրաբերված գումարի մասին եղբայրները համեստությամբ լռեցին: Նրանք նորաբաց եկեղեցուն նվիրեցին նաև սրբապատկերներ և քրիստոնեության խորհրդանիշը՝ մեծ խաչը՝ խաչյալ աստվածորդու պատկերով: Հովհաննիսյանները մտածում են սրբատեղի բերող ճանապարհը վերանորոգելու մասին, բայց անհարթ ռելիեֆն ու տեղումները մշտական ուշադրություն և աշխատանք են պահանջում:

ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Արարատ Դանիելյանը մայրական արմատներ ունի Մեծ շենում և շնորհակալ է բարերաներին այդպիսի մեծ գործ ձեռնարկելու համար: Նա համարում է, որ պետք է մշտապես գնահատել ժողովրդի իրական արժեքները, ինչպես արել են Հովհաննիսյան եղբայրները: «Մեր ժողովրդի մի մասնիկը Աստծո ճանապարհն է բռնում, վերադառնում ենք մեր ակունքներին, որը կնպաստի չարից ու բացասականից հեռու մնալ»,- ասում է նա: Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Գեորգի Հայրիյանը կարևորեց այն հանգամանքը, որ նման ծավալի գործը կատարվել է առանց պետական միջամտության՝ բարերարությամբ. «Ժողովուրդը ևս մեկ անգամ ականատեսը եղավ բարերարության մեծ նշանակությանը: Տարածքում գործող եկեղեցու առկայությունը, կարծում եմ, կխթանի նաև գյուղերի վերաբնակեցմանը»,- հույս հայտնեց ղեկավարը:

Այդ օրը եկեղեցում իշխողը բուրվառի զնգոցն էր, խնկաբույրը, անհաշիվ մոմերի բեկբեկուն կրակները և աղոթքն առ Աստված, որը հղում էր Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Հավատո առաջնորդը սրբալույս մեռոնով օծեց եկեղեցու բոլոր անկյունները, ապա մատուցվեց առաջին պատարագը, որին հաջորդեց բարերար եղբայրներից Յուրա Հովհաննիսյանի, նրա երկու քույրերի և ազգակցի մկրտության արարողությունը:
Սրբազանի՝ խորանի բարձրահարթակից հնչող խոսքը սրտառուչ էր՝ որպես «հավիտյանս հավիտենից»-ով հաստատվող աղոթքի շարունակություն. «Այսօր տոն է Արցախ աշխարհում. Հովհաննիսյան եղբայրների նախաձեռնությամբ և միջոցներով վերակենդանացվել է հավատի մի տաճար՝ սուրբ Պանդալեոնի անվան եկեղեցին: Ուրախ եմ, որ արցախցին վերանորոգում է ոչ միայն իր տունը, գյուղը, քաղաքը, այլև սրբավայրը, որը դառնում է միջնորդ մեր և Աստծո միջև»:

Արածի կարևորությունը գիտակցող մարդկանց համեստությամբ քչախոսում են Հովհաննիսյան եղբայրները, սակայն նրանց աչքերում առկայծող գոհունակության շողերն անթաքույց էին: «Հոգու թեթևություն եմ զգում»,- հուզմունքով խոստովանում է Սերո Հովհաննիսյանը:
…Իսկ հոգու թեթևություն զգում է նաև ութսունամյա մեծշենցի Եփրեմ պապիկը. «Տեր Աստված, գոհ եմ քեզնից, որ տեսա այս օրը»,- առ երկինք հղեց նա:
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-րդ հոբելյանական տարեդարձի նախաշեմին, Շուշիի շրջանի Մեծ շեն գյուղում վերաբացվեց Սուրբ Պանդալեոնի եկեղեցին կամ Պարին պիժը՝ դառնալով Արցախի 41-րդ օծյալ սրբավայրը: Իր աստվածամերձ դիրքից նա կշարունակի ունկնդրել ուխտագնացների աղոթքները ևս դարեր, առմիշտ, հավիտյանս հավիտենից:

ԱՐՄԻԴԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1. ԱՐՑԱԽԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՀՆՉԵՑ ԱՌԱՋԻՆ ԶԱՆԳԸ

Դպրոցական առաջին զանգը հնչեց նաև Ասկերանի շրջանի Դաշուշեն (Քարաշեն) գյուղի Վազգեն Օվյանի անվան դպրոցում:
Նոր ուսումնական տարվա առթիվ կազմակերպված միջոցառմանը ուսուցչական կոլեկտիվից ու սովորողներից բացի ներկա էին աշակերտների ծնողները, Արցախի բանակի հակաօդային պաշտպանության և սակրավորական զորամասերի սպաներ ու զինվորներ, հյուրեր՝ մայրաքաղաք Ստեփանակերտից:

Միջոցառումը բացեց և նոր ուսումնական տարվա ու գիտելիքների օրվա առթիվ ներկաներին շնորհավորեց դպրոցի տնօրեն Անահիտ Գևորգյանը: Շնորհավորանքի խոսք ասացին գյուղապետ Ռուդիկ Ասլանյանը, Պաշտպանության բանակից հրավիրված սպաներն ու զինվորները:

Ընդհանուր առմամբ այն միտքը հնչեց, որ դպրոցական նման գեղեցիկ շենք, ցավոք, Արցախի շատ քիչ գյուղերում կան: Փոքրիկ գյուղի համեստ այդ կրթօջախն ու բոլոր կողմերից բնակավայրը շրջապատող անկրկնելի բնությունը պատանի դաշուշենցիներին պարտավորեցնում են լավ սովորել և արժանի զավակը լինել հայրենի գյուղի:

Դպրոցի տնօրենը կոլեկտիվի և սովորողների անունից խորին շնորհակալություն հայտնեց արցախյան բանակի վերոհիշյալ զորամասերի սպաներին ու զինծառայողներին՝ դպրոցական շենքի վերանորոգման աշխատանքում և, ընդհանրապես, ցանկացած հարցում դպրոցին աջակցելու համար:




Վերջին էջ

ԱՐՁԱՆԸ


Երբ նա պաշտոն ստացավ, նրա բոլոր ծանոթներն, ընկերներն ու բարեկամներն ուրախացան: Նրանք բոլորը մտածեցին, որ վերջապես բախտը ժպտաց, իրենք էլ թիկունք կունենան: Իսկ ամենից շատ ուրախացավ նա. վերջապես բոլորը կիմանան, թե ով է ինքը: Աշխարհում ամենաշատը ինքն էր իրեն տեսնում, և առաջինը հենց նա հասկացավ, թե ով է ինքը: Եվ իր մեծության գիտակցությունից ու իր անգերազանցելիության բարձունքից նա կամաց-կամաց սկսեց ամաչել իր մեծությանն անհամապատասխան ընկեր-բարեկամների համար:

Գրողը տանի, մի՞թե սրանց հետ էի նստում-վերկենում,- մտածեց նա: Հետո սկսեց ամաչել իր հարազատների՝ ծնողների ու քույր-եղբայրների համար և ամեն կերպ ձգտում էր խուսափել նրանց հանդիպելուց: Եվ հարազատներին փոխարինեցին իր ստորադրյալները, իսկ ընտանիքը փոխարինվեց աշխատավայրով:
Սկզբում նա ամեն օր տեսնում էր իր աշխատակիցներին, բայց երբ սկսեց ամաչել նաև իր ստորադրյալների համար, նրա «բարի լույսի» և «բարի գիշերի» միակ արձագանքողը դարձավ քարտուղարուհին, որ ժամանակին թեյ ու սուրճ, շոկալադ ու թխվածք էր մատակարարում իրեն, պատասխանում հեռախոսազանգերին:

Նա սկսեց ավելի ու ավելի հազվադեպ տուն գնալ: Աշխատավայրում սենյակներից մեկը դարձրեց ննջարան, և շենքից դուրս էր գալիս միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ տոն օրերին, որպեսզի մարդիկ տեսնեն իրեն: Իսկ օրվա, շաբաթվա, ամիսների ու տարիների մյուս բոլոր ժամերին քարտուղարուհին աստիճանաբար սակավացող հեռախոսազանգերին պատասխանում էր. «Նա խիստ զբաղված է...»:
Նա ոչ մեկին այլևս չէր սիրում, չէր սիրում ընկերներին ու բարեկամներին, անգամ հարազատ երեխաներին ու կնոջը: Աշխարհում նա սիրում էր միայն մեկին՝ իրեն, նա հարգում էր միայն մի մեծություն. այդ մեծությունն ինքն էր:
Կամաց-կամաց նա մոռացավ բոլորին, ու բոլորն էլ աստիճանաբար մոռացան նրան:

Առավոտից երեկո նա անշարժ նստում էր իր աշխատասենյակում՝ գրասեղանի հետևում, թեյ ու սուրճ խմում, հեռուստացույց դիտում և պարտականություններն անբավարար կատարելու համար կոպտում քարտուղարուհուն:
Անցան տարիներ: Մի օր ինչ-որ մեկը հանկարծ հիշեց նրան և այդ մասին պատմեց իր ընկերոջը: Վերջինս էլ մի ուրիշին պատմեց, սրանք էլ՝ այլոց, ու մարդիկ հիշեցին նրան:
Մարդկանց ամբոխը պաշարեց այն շենքը, որի ամենավերին՝ իններորդ հարկում գտնվում էր նրա աշխատասենյակը: Երբ մարդիկ խուժեցին նրա աշխատասենյակը, զարմանքից սառեցին. գրասեղանի հետևում նստած էր մի քարե արձան: Փոքրիկ մի աղջիկ մոտեցավ և ծաղիկներ դրեց արձանի դիմաց: Հետո երկու հաղթանդամ տղամարդ արձանն աթոռով բարձրացրին և դրեցին սեղանի վրա, որ այդ պահին քարացավ և դարձավ պատվանդան:
Հաջորդ օրը հուշարձանը տեղադրվեց քաղաքի տեսարժան վայրերից մեկում: Իսկ պատվանդանի վրա ընդամենը մի բառ էր գրված՝ «Պաշտոնյան»:

* * *
Անցավ մի տարի: Մարդիկ մոռացան նաև արձանին: Անցնում էին մոտով՝ առանց նվազագույն ուշադրության արժանացնելու: Ասես այն արձան էլ չէր, այլ չորացած ու անպետք մի կոճղ կամ քարե տձև մի անհեթեթություն:
Սակայն մի օր այնպիսի բաներ սկսեցին կատարվել, որ մարդիկ երազում անգամ չէին կարող պատկերացնել:
...Արձանը սկսեց խոսել: Սկզբում կողքով անցնող թափառական շների ու փոքրիկների վրա էր մատ ճոճում և լեզու ցույց տալիս, հետո սկսեց նկատողություն անել ու բղավել մեծահասակների վրա: Այնուհետև նա հանկարծ իջավ իր աթոռից, այն գլխիվայր շուռ տվեց ու դարձրեց ամբիոն և սկսեց ճառել: Խոսում էր իր մասին, հետո անցավ քաղաքականությանը, սակայն դարձյալ խոսում էր իր մասին:

Մարդիկ սկզբում բան չհասկացան, բայց հետո կամաց-կամաց սկսեցին ըմբռնել, որ մարդ-արձանը հերոս է, իսկ իրենք տարիներ շարունակ գլխի չեն ընկել այդ հասարակ ճշմարտությունը:
Մի քանի հոգի մոտեցան ու ծաղիկներ դրեցին Արձանի պատվանդանին: Վերջինս արհամարհանքով նայեց ծաղիկներին ու ասաց, որ աշխարհում բոլորը՝ մարդիկ, ծաղիկները, ինչպես նաև աստղերն ու լուսինը իրեն են պարտական իրենց գոյությամբ:
Եվ մարդիկ բաժանվեցին մի քանի խմբերի. մարդիկ, ովքեր կարծում էին, թե բան են հասկանում Արձանի ասածներից, մարդիկ, ովքեր ոչինչ չէին հասկանում այդ ամենից և մարդիկ, ովքեր ընդհանրապես թքած ունեին Արձանի և ամեն ինչի վրա:
Ժողովուրդն աստիճանաբար մոռացավ իր հոգսերը, մոռացավ, որ թշվառ ու աղքատ է, դաժանաբար խաբված ու անարգված, և քաղաքականությունը կամաց-կամաց խուժեց մարդկանց խոսքուզրույցի մեջ, բաց ու փակ դռներից, պատուհաններից և անգամ երդիկներից ու ծխնելույզներից քաղաքականությունը մտավ մարդկանց տները...

Երկիրը հեղեղվեց կուսակցություններով ու միություններով, խմբակներով ու խմբավորումներով: Կուսակցություններ ու ընկերություններ սկսեցին ստեղծվել նաև մարդկանց բնակարաններում: Քաղաքական տարբեր բևեռներում հայտնվեցին կին ու ամուսին, մայր ու որդի, քույր ու եղբայր, պապ ու թոռ, մանուկներն անգամ մանկապարտեզներում սկսեցին «քաղաքականություն» խաղալ և բողոքի ցույցեր ու հանրահավաքներ էին կազմակերպում դաստիարակների տիրապետության դեմ, ահաբեկչական գործողություններ ու հեղաշրջման փորձեր անում...

Երկիրն, ի վերջո, բաժանվեց երկու մասի՝ քաղաքացիներ, որ սատարում են Արձանին և մարդիկ, ովքեր Արձանի մասին այնքան են մտածում, որքան, ասենք, մայթերի եզրերին շարված «բորդյուրների» մասին:
...Ու մի օր, երբ քաղաքականության բացիլներով վարակված երկրի վրա սկսեցին գորշ ամպեր կուտակվել, ոչ ոք այդպես էլ չնկատեց, որ այդ ամենի պատճառը՝ Արձանը, գիշերն իջել է իր պատվանդանից ու փախել երկրից...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



Համարի ասույթը

Ղեկավարների մեծ մասը, նստելով բարձր աթոռի, այնպես է սոսնձվում նրան, որ հաճախ հնարավոր չի լինում մարդն ու աթոռն իրարից պոկել: Նրանք այնպես են կպչում աթոռին, ինչպես ժանգը՝ երկաթին:


Ամսվա ասույթը

Ցավալի ու սարսափելի է, երբ ինչ-որ բան փլուզվում է, բայց դու ոչինչ չես կարող անել՝ փրկելու համար: Իսկ առավել ողբալին ու սարսափելին այն է, երբ փլուզվողը սեփական երկիրդ է, քո տունը, քո Հայրենիքը:

Комментариев нет:

Отправить комментарий