19.6.11

N 11 (24) (2010)

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ԼՈՒԾՄԱՆ ՍՊԱՍՈՂ ՄԻ ՀԱՐՑ ԵՎՍ

Այս խմբագրականը գրելու առիթը ծանոթիս հայտնած այն միտքն է, որ հարևաններով, ընկեր-բարեկամներով պատրաստվում են նամակ գրել Արցախի իշխանություններին։ Նա ինձ հիշեցրեց, որ դեռ երկու տարի առաջ 1 կվտ-ի դիմաց ժողովրդից գանձվող էլեկտրաէներգիայի սակագինը Ղարաբաղում բարձրացնելու համար, որն իբր պայմանավորված էր Ռուսաստանից ներմուծվող գազի գնի բարձրացմամբ, հայտարարել են, թե ցերեկային ժամերին օգտագործած միավոր էլեկտրաէներգիայի համար գանձվելու է 25 դրամ, իսկ գիշերային ժամերին օգտագործածի համար՝ 15 դրամ... Եվ, իսկապես, ես էլ հիշեցի, որ խոսք է եղել նաև այն մասին, թե ցերեկային ու գիշերային ժամերին օգտագործած էլեկտրաէներգիան հաշվարկելու նպատակով տեղադրելու են հատուկ հաշվիչներ։

«Արցախէներգո» ՓԲԸ-ից տեղեկացա, որ արդեն նման հաշվիչներ են տեղադրում, բայց առայժմ՝ սեփական տներում, իսկ 2011 թվականից կսկսեն դրանք տեղադրել նաև բնակելի շենքերում։ Այս ամենը հասկանալի է։ Անհասկանալին այն է, թե այդ դեպքում ինչո՞ւ են քաղաքացիների գերակշիռ մասից ողջ օրվա կտրվածքով օգտագործած էլեկտրաէներգիայի վարձ պահանջում միայն «ցերեկային գրաֆիկի» համար նախատեսված 25 դրամով։ Մի՞թե դա տրամաբանական է։ «Քանի դեռ հաշվիչներ չենք տեղադրել, այդպես ենք վարվում»,- ասաց վերոհիշյալ ՓԲԸ-ի մի աշխատող։ Բայց այդ դեպքում մյուս կողմը՝ ժողովուրդն էլ կարող է հակառակը պահանջել՝ քանի դեռ հաշվիչներ չեք տեղադրել, միայն գիշերային ժամերի գրաֆիկի համաձայն՝ 15 դրամով հաշվարկեք...

Ավելի արդարացի չէ՞ր լինի, մինչև այդ հատուկ հաշվիչներ տեղադրելը, քաղաքացիների սպառած էլեկտրաէներգիան հաշվարկել միջին՝ 20 դրամով։ Էլ չենք խոսում այն մասին, որ այդ տարբերակը նույնպես ի վնաս քաղաքացիների է, քանզի բոլորն էլ գիտեն, որ աշնան ու ձմռան ցրտերի հետ կապված, բնակարանների ջեռուցման համար քաղաքացիներն առավել շատ էլեկտրաէներգիա օգտագործում են հենց գիշերային ժամերին, երբ 1 կվտ-ի սակագինը 15 դրամ է...
Իմ ծանոթ զրուցակիցը հայտնեց, որ այսօր դրությունը չեն փրկում նաև գազով աշխատող վառարանները, որովհետև, ինչպես հայտնի է, գազի սակագինը վերջին տարիներին զգալիորեն բարձրացվել է, և դեռ խոսակցություններ կան, թե նորից է բարձրացվելու։

Ինչ-որ է։ Ստացվում է, որ մայրաքաղաք Ստեփանակերտի բնակիչների մի մասը՝ նրանք, ովքեր սեփական տներում են ապրում, այսօր սպառած էլեկտրաէներգիայի դիմաց գրեթե կրկնակի քիչ են վճարում, քան նրանք, ովքեր ապրում են բնակելի շենքերում։
Վիճահարույց խնդիրներ ու հարցեր ծնվում են բոլոր երկրներում, և իրեն քաղաքակիրթ ու ժողովրդավարական համարող պետությունը հնարավորինս շտապ փորձում է լուծել դրանք։ Մեզանում, կարծես թե, այլ ավանդույթ է ձևավորվել ու միանգամայն այլ գործելաոճով են առաջնորդվում՝ «չեմ տեսել, չեմ լսել...»։ Արդյունքում՝ հավատի այն պակասը, որ օրեցօր մեծանում է, և ժողովրդի ու իշխանության միջև եղած այն անջրպետը, որ գնալով խորանում է։ Եվ դա երկրի անվտանգության տեսակետից շատ ու շատ ավելի կարևոր խնդիր է, քան երկրի պաշտպանության համար նորագույն զինատեսակներ ձեռքբերելը։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ


«Երգող շատրվանի» երգը...

Դեռ երեկ ինչպիսի՜ շուքով ու հանդիսավորությամբ նշեցին «երգող շատրվանով» այս պուրակի բացումը։ Ասես առնվազն համազգային իրադարձություն է այն...
Այժմ այդ ամենը մնացել է ետևում՝ դառնալով անցյալի հուշ։ Մի քանի շաբաթ է, ինչ «երգող շատրվանն» այլևս չի երգում։ Իհարկե, ոչ այն պատճառով, որ հիվանդացել է կամ ձայնը խզվել է։ Չէ, պատճառն այլ է՝ ջուր չկա։ Նորակառույց ջրավազանն այսօր շատ ավելի խեղճ ու ողորմելի տեսք ունի, քան հանգուցյալ իր նախորդը։

Անցորդներին են նայում դատարկ ջրավազանի հատակից ցցված մետաղե խողովակներն ու անկենդան լուսարձակները, որ շաբաթներ առաջ պուրակում զբոսնող մեծ ու փոքրերին զմայլում էին իրենց գույներով ու շատրվանող ջրի պարով։
Ի՞նչ է պատահել,- հարցնում են անցորդները,- ինչո՞ւ այսպես եղավ։ Եվ իրենք էլ հաճախ պատասխանում են այդ հարցին՝ «Զարմանալի ոչինչ չկա։ Շոուն ավարտվել է, ամենքն անցել են իրենց բան ու գործին, ինչպես ընտրություններից հետո են ժողովրդին թողնում իր հոգս ու ցավերի հետ և գնում իրենց գործին»։

Հարց է ծագում. այդ դեպքում ինչո՞ւ քարուքանդ արին ու ավերեցին նախկին «Պյատաչոկը»՝ ստեփանակերտցիների սիրելի պուրակը և սարքեցին անճաշակության ու ճարտարապետական անգրագիտության ցայտուն օրինակ հանդիսացող այս ամենը՝ ծայրեծայր սալահատակելով այն։ Պատասխանները բազմազան են ու ոչ միանշանակ, և այդ մասին ավելի լավ է չխոսենք։



Սուրհանդակ

«Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի անվտանգության հարցը անտարբեր չի թողել Հայաստանի մի շարք ԶԼՄ-ների ղեկավարներին, մշակույթի գործիչներին ու արվեստի աշխարհի ներկայացուցիչներին։ Վերջիններս, ինչպես լրագրողական համայնքի ներկայացուցիչները, համերաշխ են մի հարցում. Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը պետք է անձեռնմխելի լինի։ Մի շարք թերթեր առաջին էջերում զետեղել են են Նիկոլ Փաշինյանի նկարը՝ «Ազատություն Նիկոլին» գրությամբ։



ԼՂՀ-ի «Նոր էջ» անկախ թերթի խմբագիր Վարդգես Օվյանը հայտարարել է, որ միանում է հայաստանյան արդեն երկու տասնյակից ավելի խմբագիրներին, որոնք ՀՀ իշխանություններից պահանջում են վերջ տալ Նիկոլ Փաշինյանի դեմ բռնություններին և ազատ արձակել նրան։
Այս բովանդակությամբ էլեկտրոնային նամակ է ստացվել «Հայկական ժամանակ» թերթի խմբագրությունում։
«Ես միանում եմ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ձեռնարկված անօրինությունների կապակցությամբ հայաստանյան լրատվամիջոցների ղեկավարների հայտարարությանը և պահանջում ազատ արձակել «Հայկական ժամանակի» խմբագրին ու բոլոր նրանց, ովքեր իրենց քաղաքական համոզմունքների պատճառով պահվում են ՀՀ բանտերում։ Իրեն հարգող պետությունը քաղբանտարկյալներ չպիտի ունենա։ Խորապես ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները այլախոհությունը, մարդկանց քաղաքական համոզմունքները ճնշելու խնդրում ամենևին չեն տարբերվում ալիևյան Ադրբեջանի իրենց կոլեգաներից»,- նշված է գրող, հրապարակախոս, «Նոր էջ» անկախ թերթի խմբագիր Վարդգես Օվյանի ուղարկած նամակում։
NEWS.am



ԿՈՄԱՆԴՈՍԸ ԿՈՂՄ Է ԼՂ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ,
ԲԱՅՑ ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԼՂՀ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ


Մենք ուզում ենք ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, բայց գիտե՞նք, արդյոք Արցախի սահմանները։ Նոյեմբերի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսը նման հռետորական հարցով է սկսել գեներալ-գնդապետ Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)՝ միաժամանակ ավելացնելով, որ ինքն անձամբ կողմ է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը։ «Ես կողմ եմ Արցախի ճանաչմանը, քանի որ այդ դեպքում ԼՂՀ անկախությունը, հնարավոր է, կճանաչեն նաև բարեկամական մի շարք երկրներ՝ Հունաստանը, Լիբանանը, Սիրիան։ Բայց եթե մենք չենք ճանաչել, ինչո՞ւ պետք է նրանք ճանաչեն»,- նշել է Արկադի Տեր-Թադևոսյանը։

Վերադառնալով ասուլիսի սկզբում իր կողմից հնչեցված հարցին՝ գեներալ-գնդապետն ասաց. «Մենք ուզում ենք ճանաչել Արցախը, բայց այն իր սահմանները պետք է ունենա։ Հարց է, թե ո՞ր սահմանների մասին է այժմ խոսքը։ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախն անկախ հռչակվեց։ Մենք էլ Արցախը գիտենք 91-ի սահմաններով։ Հետո 1994-ի մայիսին կնքվեց հրադադարը։ Այդ համաձայնագրում մենք նկատի ունեինք, որ հրադադարը պետք է սահմանվի ազատագրված բոլոր տարածքներում։ Իսկ հիմա ի՞նչ սահմանների մասին են խոսում, ի՞նչ զիջումների են գնում»,- հարց հնչեցրեց Արկադի Տեր-Թադևոսյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ որպես զինվորական ինքը միանշանակորեն ընդունում և ճանաչում է 1994-ի սահմաններով Արցախը և այն չի պատկերացնում առանց Քելբաջարի և Լաչինի միջանցքի։



ԵՐԵՎԱՆԻ ԱՆՈՂՆԱՇԱՐ ԿԵՑՎԱԾՔԸ ՊԱՏԵՐԱԶՄ Է
ՍԱԴՐՈՒՄ ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ


Ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից նոր պատերազմի հրահրման հնարավորությունը մեծ է, և այդ իրավիճակը մեծապես հետևանք է Երևանի անողնաշար կեցվածքի։ Նոյեմբերի 4-ին կայացած կլոր սեղանի ընթացքում հայտարարել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը։
Նրա խոսքով, իրավիճակը կարող է փրկել Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը։ «Դա որոշակիություն կմտցնի Ղարաբաղի շուրջ իրավիճակում և մեծապես կնպաստի լարվածության թուլացմանը»,- հավաստիացրել է փորձագետը։

Միաժամանակ նա նշել է, որ այժմ ղարաբաղյան խնդրի շուրջ պատային իրավիճակ է ստեղծվել, քանի որ կողմերից և ոչ մեկը չի ցանկանում փոխզիջման գնալ։ Արդյունքում երկուսն էլ ջանքեր են գործադրում ստատուս-քվոյի պահպանման համար՝ այդ հարցում «դաշնակցելով իրար հետ»։
Ըստ Սարգսյանի, Ադրբեջանը ժամանակն իզուր չի կորցնում, և փորձում է խնդիրը լուծել այլ ձևաչափերով՝ որոշակի հաջողությունների հասնելով։ Ըստ փորձագետի՝ Երևանը կոնկրետ քաղաքականություն չունի և աշխատում է միայն հնարավորինս պահպանել ստեղծված իրավիճակը։ Նա նշել է, որ Հայաստանը չունի Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման հասնելու կոնկրետ ծրագիր։
NEWS.am



ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԳԻՐՔԸ

Վերջին 10-15 տարում արցախյան շարժման, ազգային-ազատագրական պայքարի առանձին դրվագների ու իրադարձությունների հասարակական-քաղաքական գործիչների ու իրենց այդպիսին ներկայացնող անձանց մասին լույս են տեսել բազմաթիվ գրքեր, պարբերական մամուլում տպագրվել են հազարավոր նյութեր։ Ցավոք, դրանց մեծ մասը փաստագրական ոչ մի արժեք չի ներկայացնում, չհաշված, որ գրվել են պատվերով՝ առանց նվազագույն տեղեկություն ունենալու նկարագրվածի հետ ոչ մի առնչություն չունեցող այս կամ այն իրական իրադարձության մասին։

Օրերս Ստեփանակերտում կայացավ հասարակական-քաղաքական գործիչ Մուրադ Պետրոսյանի «Չկա մարգարե իր հայրենիքում» գրքի շնորհանդեսը։ Արցախում «Ղարաբաղ» կոմիտեի ներկայացուցիչ, Արցախի ազգային ճակատի նախագահ, ԼՂՀ ԳԽ նախկին պատգամավոր, Արցախի ՊԲ քաղբաժնի պետ (1993-95 թթ.) Մուրադ Պետրոսյանը, բարեբախտաբար, այն սակավաթիվ մարդկանցից է, որ բացի իրադարձությունների մասնակիցը լինելուց, կարողանում է տեսածն ու զգացածը ճշմարտացի ներկայացնել, առավել հաճախ մտածածը հրապարակավ ասել՝ առանց նշանակություն տալու, որ դա դուր չի գալու այս կամ այն ամենախոշոր տրամաչափի պաշտոնյային։

Գիրքը սկսվում է 1988 թ. արցախյան շարժման սկզբից, չնայած հեղինակը գտնում է, որ իր և իր հասակակիցների համար Ղարաբաղյան շարժումը սկսվել է 1966 թվականին, երբ թուրք-ազերիները գազանաբար սպանել են 12-ամյա հայ երեխայի՝ միայն այն բանի համար, որ նա հայ է։ Ակնարկների միջոցով Մ. Պետրոսյանը ներկայացրել է արցախյան շարժումն ու պատերազմը, պետականաշինության գործընթացն ու ժամանակի մեծ ու փոքր այն գործիչներին, ովքեր դրական թե բացասական դերակատարություն են ունեցել մեր նորագույն պատմության այդ ժամանակահատվածում։ Այդ տարիներին հեղինակը շփվել է կամ մոտիկից ծանոթ է եղել ոչ միայն Արցախի նշանավոր գործիչների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Բաբայանի, Արկադի Տեր-Թադևոսյանի, Սերժ Սագսյանի և բազմաթիվ այլ անձանց հետ, այլև անձամբ հանդիպել կամ քաջատեղյակ է եղել Լևոն Տեր-Պետրոսյանի, Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի, Վանո Սիրադեղյանի, Բաբկեն Արարքցյանի ու հայաստանյան այլ խոշոր քաղաքական այրերի գործունեությանը, և նրանց ներկայացրել է այնպես, ինչպես «տեսել ու զգացել է»։

Եթե արտաքին թշնամու խնդրում ամեն ինչ պարզ է, ապա արցախցի գործչին այսօր էլ հանգիստ չի տալիս մի այլ ոչ պակաս նենգ հակառակորդի՝ ներքին թշնամու գոյությունը, «ներքին անկազմակերպվածությունն ու ներքին քայքայումը, ներքին այն որդը, որ խժռում է մեր փխրուն պետականությունը»։
Մուրադ Պետրոսյանը գտնում է, որ «չինովնիկությունն իր ողջ ծավալով, աննշան բացառությամբ, ավելի շատ վնաս է պատճառում ու, ինքնըստինքյան, թուլացնում պետությունը, քան օգուտ է տալիս, քանզի նրանց գործունեության անկյունաքարն ու գլխավոր կետը սեփական, խմբակային կամ կուսակցական շահերի պաշտպանությունն ու ամրապնդումն է... Չպետք է ժողովրդին նայել ինչպես շինանյութի...»։ Պատահական չէ, որ ժամանակին Սիլվա Կապուտիկյանը Մ. Պետրոսյանին անվանել է Արցախի Ցիցերոն, հավելելով՝ «Ես կիսում եմ Ձեր այդ բոլոր ազնիվ մտքերը»։

1000 տպաքանակով ռուսերեն լույս տեսած այս գիրքը, որ Մ. Պետրոսյանի հավաստմամբ, եռահատորի առաջին հատորն է, առաջիկա ամիսներին կտպագրվի նաև հայերեն։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



ՌԱԶՄԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՈՐՀՈՒՐԴ ՏՎԵՑ ՄՏԱԾԵԼ
ԵՐԿՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


Նոյեմբերի 8-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է հոբելյանական երեկո՝ նվիրված Արցախյան շարժման ակտիվիստ, 1988-90 թթ. Արցախի պաշտպանության շտաբի պետ, «Կռունկ» կոմիտեի և Ազգային խորհրդի նախագահության անդամ, ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, Արցախյան ֆուտբոլի երախտավոր Ռազմիկ Պետրոսյանի ծննդյան 70-ամյակին։

Ելույթ ունեցողները նշել են այն մեծ վաստակը, որ Ռ. Պետրոսյանն ունեցել է արցախյան ֆուտբոլի զարգացման գործում, հատկապես վերհիշելով 1977 թվականը, երբ գլխավոր մարզիչ Ռ. Պետրոսյանի ղեկավարած «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմը հաղթելով ադրբեջանական բոլոր ակումբներին, նվաճել էր Ադրբեջանի չեմպիոնի կոչումը և իրավունք ստացել մասնակցելու ԽՍՀՄ 2-րդ խմբի վարպետ թիմերի առաջնությանը։ Ապա անդրադարձել են արցախյան շարժման տարիներին ու ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմում Ռ. Պետրոսյանի ունեցած ծառայությանը, հասարակական-քաղաքական ակտիվ գործունեությանը։

Երեկոյին ներկա է եղել նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, որը հոբելյարի վաստակի մասին իր խոսքում բարձր է գնահատել Ռազմիկ Պետրոսյանի ավանդը Ղարաբաղում սպորտի և ֆիզիկական կուլտուրայի զարգացման գործում ու նրան հանձնել Արցախի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը հաստատող վկայական։

Երեկոյի վերջում Ռ. Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման մասնակիցներին և, հիշեցնելով, որ պատերազմը դեռ չի ավարտվել ու հակառակորդը օրեցօր շարունակում է հզորացնել իր ռազմական պոտենցիալը, իր խոսքն ավարտել է միջոցառմանը ներկա Արցախի իշխանություններին ուղղված խորհրդով՝ առաջարկելով մայրաքաղաքը հեղեղած շինությունների ու շինարարական աշխատանքների համար շռայլվող գումարների մի մասը ներդնել երկրի պաշտպանության ամրապնդման գործին։ Երեկոյի մասնակիցները հոբելյարի այս խոսքերն ընդունել են ոգևորությամբ և բուռն ծափողջույններով, քանզի այսօր Ստեփանակերտում շատ-շատերն են դժգոհում շինհարթակի վերածված մայրաքաղաքում կատարվող աննպատակ շինարարական եռուզեռից։
«ՆԷ»



Նոյեմբերի 19-ին ժամը 24.00-ի սահմաններում Արցախի ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող առաջնային բնագծում տեղի ունեցած ողբերգական միջադեպի ժամանակ զոհվել 4 զիծառայող, 4-ը՝ վիրավորվել։ Միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։



ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՎ՝
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՁԱԽՈՂՎԵԼՈՒ


«Նոր էջի» հարցերին պատասխանում է ԼՂՀ Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼՅԱՆԸ

1. Հայաստանի քաղաքական կոալիցիան հայտարարություն է տարածել առ այն, որ չի մասնակցելու ԱԺ-ում ԼՂՀ անկախությունը ճանաչող օրինագծի քվեարկությանը։ Միաժամանակ ՀՀ քաղաքական վերնախավը շարունակ հայտարարում է, թե ՀՀ-ի կողմից Արցախի անկախության ճանաչումը ձախողելու է բանակցային գործընթացը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում։ Արդյո՞ք դա այդպես է։ Չհաշված այն, որ հայաստանյան քաղաքական ուժերն այնպես են կառչել ԵԱՀԿ ՄԽ-ից, մասնավորապես «մադրիդյան սկզբունքներ» կոչվածից, կարծես այնտեղ կա թեկուզ մի կետ՝ հօգուտ Արցախի։

- Անկախության ճանաչումը նշանակում է այն, որ կարգավիճակի խնդիրը օրակարգից հանվում է։ Քանի որ ադրբեջանական կողմը պատրաստ չէ ճանաչել արցախցիների իրավունքները՝ ապրելու իրավունքը և ինքնորոշման իրավունքը, հայտարարում են, թե Ղարաբաղի անկախությունը չեն ճանաչելու ո՛չ հիմա, ո՛չ հարյուր տարի հետո, ցույց է տալիս, որ նրանք իրենց մոտեցումն ունեն մեր կարգավիճակի վերաբերյալ։ Ուստի հայկական կողմը պետք է իր մոտեցումն արտահայտի անկախության ճանաչման ձևով։

Դրանով բանակցային գործընթացը չի խափանվելու։ Ուղղակի առանցքային հարցերից մեկը, այն է՝ կարգավիճակի հարցը, օրակարգից կհանվի և այլևս չի լինի բանակցային քննարկման առարկա։ Բայց օրակարգում կմնան մի շարք հարցեր, որոնց շուրջ կարելի է շարունակել բանակցությունները՝ լիարժեք ձևաչափով, բայց արդեն Արցախի պաշտոնական ներկայացուցիչների մասնակցությամբ։ Դրանք են՝ սահմանների հարցը, փախստականների, շրջափակման ու անվտանգության հարցերը և այլն։

Այսինքն՝ ճանաչելով Արցախի անկախությունը, Հայաստանը մի հարց է օրակարգից հանում, միաժամանակ՝ արտահայտելով իր հստակ դիրքորոշումը ԼՂՀ կարգավիճակի վերաբերյալ։
Իսկ ինչ վերաբերում է մադրիդյան փաստաթղթին, իրոք, հրապարակված սկզբունքներն ու էլեմենտները հակասում են մեր ազգային շահերին։ Որի մասին բազմիցս առիթ եմ ունեցել մանրամասնորեն արտահայտվել։

2. Հատկապես Հայաստանի քաղաքական կուլիսներում այսպիսի մի կարծիք կա, որ իբր Արցախի անկախությունը ճանաչելով, Հայաստանն Ադրբեջանին հրահրելու է պատերազմական գործողություններ վերսկսելու։ Դուք նման վտանգ տեսնո՞ւմ եք։

- Չեմ կարծում, թե դա կարող է պատերազմի հանգեցնել։ Իմ կարծիքով, Ադրբեջանը չի նայելու նման բաների։ Ադրբեջանը երբ պատրաստ լինի և միջազգային հանրության կողմից համապատասխան պայմաններ լինեն, նրանք հնարավոր է այդ դեպքում վերսկսեն իրենց ագրեսիան՝ անկախ նրանից, Հայաստանը ճանաչա՞ծ կլինի Արցախի անկախությունը, թե՞ ոչ։ Ընդհակառակը, եթե Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը, և Հայաստանի ու Արցախի փոխհարաբերությունները ստանան իրավական տեսք, ձևակերպվի, օրինակ, որ ՀՀ-ն հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը, այսինքն՝ համապատասխան պայմանագրեր ստորագրվեն երկու հայկական պետությունների միջև՝ փոխադարձ անվտանգության մասին, դա կարող է նվազագույնի հասցնել պատերազմի վերսկսման վտանգը։

3. Ինչպե՞ս եք գնահատում ՌԴ նախագահի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների աստրախանյան հանդիպումն ու համատեղ հայտարարությունը և ի՞նչ է սպասվում Աստանայում կայանալիք նոր հանդիպումից։

- Հաշվի առնելով վերջին շրջանում ռազմաճակատային գծում նկատվող դիպուկահարների ակտիվությունն ու հրապարակային փոխադարձ մեղադրանքները, ՌԴ-ի միջնորդությամբ Աստրախանում վերջին հանդիպումը հնարավոր է որոշակիորեն նվազեցնի լարվածությունը հակամարտության գոտում։ Այդ առումով հանդիպումը դրական կարելի է համարել։ Իսկ ինչ վերաբերում է դեկտեմբերին Աստանայում հակամարտության կարգավորման ընդհանուր սկզբունքների համաձայնեցման հավանականությանը, դա, կարծում եմ, քիչ հավանական է։ Հատկապես երբ խոսքը վերաբերում է, այսպես կոչված, «մադրիդյան սկզբունքներին», որոնք Արցախի քաղաքական ու հասարակական ուժերը միանշանակ մերժել են։

Ես գտնում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, հաշվի առնելով միջազգային-իրավական նոր իրողությունները, մասնավորապես Կոսովոյի վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի նախադեպային որոշումը, պետք է հակամարտության կարգավորման նոր սկզբունքներ առաջարկի։
Աստանայում Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ որևէ ճակատագրական փաստաթուղթ չի ընդունվելու։ Դրա համար նախադրյալներ չկան։ Իմ կարծիքով, ԵԱՀԿ համանախագահող երկրների ղեկավարները հայտարարություն կընդունեն հակամարտությունը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում խաղաղ ճանապարհով լուծելու օգտին։ Ըստ իս, այսօր Արևմուտքի կողմից Կոսովոյի, Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչման նախադեպով նպաստավոր պայմաններ են ստեղծվել ԼՂՀ-ի ճանաչման համար։



ԻՆՉՈ՞Ւ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՃԱՆԱՉԵԼ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր ցավալի է մտածել, որ Արցախը Հայաստանին միավորելու վերաբերյալ 1989 թ. Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը կարող էր թղթի վրա չմնալ, եթե Հայաստանի իշխանությունը լիներ իր քայլերի մեջ օրինապահ, ազնիվ ու հետևողական և ոչ թե որդեգրեր խարդախության, իբր խորամանկելու, իբր դիվանագիտություն վարելու, իսկ իրականում՝ դիվանագիտություն խաղալու քաղաքականությունը։ Մեկը մյուսին հակասող քաղաքական որոշումներով առաջնորդվելը և խաբեությունը դարձան Հայաստանի նորանկախ հանրապետության համար աշխատելաոճ ոչ միայն արտաքին, այլև ներքին քաղաքական կյանքում։

Միավորման մեր երազանքը այդքան զոհերից և զրկանքներից հետո կարող էր իրականություն դառնալ, եթե իշխանությունը ազգային շահերի երաշխավորը լիներ և համարձակ որոշում կայացնելու ճիշտ պահը չկորցներ։ Սակայն դա չարվեց, իսկ այժմ այլևս անհնար է։ Կարծում եմ՝ դա հնարավոր էր մինչև 1994-ին, երբ Հայաստանը պատերազմի մեջ էր և հաղթող կողմ։ Բայց տեղի ունեցավ հակառակը՝ 1988 թվականին ազգային հարցի և ազգային նպատակի շուրջ համախմբված ժողովուրդն իրեն գտավ փարոսը կորցրած նավի մեջ, որը նավարկում է՝ այլևս ափ հասնելու որևէ հույս չունենալով։

Միավորման մեր երազանքն իրականություն կդառնար, եթե, ինչպես հիմա է, ազգային նպատակը չստորադասվեր այլ նպատակների և քաղաքականությունը չփոխարինվեր քաղաքական սեթևեթանքի։ Իսկ պետությունը դա քաղաքականություն վարելու կարողությունն է, և այժմ, երբ միավորման մասին խոսելն այլևս ժամանակավրեպ է և միակ առաջադեմ ու իրավիճակը փոխող քայլը կարող է լինել Արցախի անկախության ճանաչման գործընթացը, որը, բնականաբար, պետք է սկսվի Հայաստանից, դարձյալ իշխանությունները հապաղում են։

Եթե Հայաստանի իշխանություններն այսօր դա էլ չեն կարող անել, ուրեմն մենք իսկապես խնդիր ունենք ոչ թե Արցախի անկախության ճանաչման, այլ Հայաստանի անկախության առնչությամբ։ Միևնույն ժամանակ, եթե Հայաստանն այսօր այդ արժանապատիվ քայլն անի, դրան կհաջորդեն մյուս քայլերը։ Արցախի և Հայաստանի փոխհարաբերությունները կտեղափոխվեն իրավական դաշտ։ Միասնական մշակութային, կրթական, սոցիալական քաղաքականությունը փաստացիորեն կմիավորի մեզ, և երբ ժամանակը գա, իսկ այն միշտ գալիս է, երբ ճիշտ քաղաքականություն ես վարում, ինչպես եղավ Գերմանիայի պարագայում, այդ ժամանակ կիրագործվի միավորման մեր երազանքը։

Փաստորեն, Հայաստանի կողմից Արցախի ինքնորոշման ճանաչումը նաև Հայաստանի անկախ և ինքնիշխան պետություն լինելու հայտն է համաշխարհային քաղաքական վերնախավին իր անկախացումից գրեթե քսան տարի անց։ Բացարձակ անկախություն՝ իհարկե չկա, բայց Հայաստանի ներկայիս կարգավիճակը և գործողությունները չեն համապատասխանում անկախ պետություն համարվելու նվազագույն չափանիշներին։
Անշուշտ, Հայաստանի կողմից ճանաչվելով՝ Արցախի հարցը անմիջապես չի լուծվում, սակայն դուրս է գալիս փակուղուց... Տարբեր անվանումներ կարելի է տալ ներկա իշխանությունների կողմից վարվող «քաղաքականությանը», բայց ոչ՝ քաղաքականություն, որովհետև քաղաքականությունն այն է, երբ ինքդ ես որոշում քո քայլերը։

Այս գործընթացների գնահատականը ներկա իրավիճակն է Արցախում, որտեղ բնակչությունը գնալով նվազում է, և Հայաստանում, որտեղ ավելի մեծ ծավալներ է ստանում արտագաղթը։ Երկրի ոչ միայն տնտեսական, այլև բարոյական անկման ավելի մեծ ցուցանիշ, քան արտագաղթն է, չի կարող լինել. և ոչ մի աճպարարական թվերով դա հնարավոր չէ քողարկել։ Քաղաքագիտությունը ճշգրիտ գիտություն չէ, բայց, այնուամենայնիվ, գիտություն է, այսինքն՝ վերջիվերջո առաջնորդվում է տրամաբանությամբ։ Եվ քաղաքական այն գործողությունները, որոնք ծավալվում են արցախյան խնդրի արհեստական ձևակերպումների շուրջ, քաղաքագիտությունն անկարող է վերլուծել, որովհետև դրանք ընդամենը գավառական խաբեբայության շրջանակում են գտնվում։

Օրենսդրական այն նախաձեռնությունը, որով Հայաստանն առաջինը պետք է ճանաչի Արցախի անկախությունը և հետևողական քաղաքականություն վարի Արցախի հետ միասնաբար՝ քայլ առ քայլ Արցախն իրավական քաղաքական միավոր դարձնելու ուղղությամբ, եթե համընդհանուր հավանությամբ ընդունվի, այն բեկում կմտցնի ոչ միայն արցախյան գործընթացում, այլև ընդհանրապես Հայաստանի որդեգրած արտաքին և ներքին քաղաքականության մեջ։ Դա գաղափարական փոփոխության առաջարկ է, որի էությունն այն է, որ պետք է սկսել գործել իրավական և՝ այո, բարոյական դաշտում։

Մթություն և խավար սիրում է գողը, իսկ մենք գող ժողովուրդ չենք, որ անվերջ գլուխներս կախ գցած՝ դաստիարակչական հարվածներ ընդունենք «ավագ եղբայրների» կողմից։ Այս պղտոր ջուրը ձեռնտու է այն ժողովուրդներին, ովքեր գենետիկորեն սովոր են այդպիսի ջրում ապրելու։ Այն միգուցե ներդաշնակ է նրանց ազգային ինքնությանը, և նրանք ոչ միայն կգոյատևեն, այլև կհարատևեն և, հնարավոր է, բարգավաճեն այդ պայմաններում։ Այն դեպքում, երբ հայկական ինքնությունը շնշահեղձ կլինի...

Պետք է նաև զգալ Հայաստանի բնությունը և ոչ միայն նայել, այլև կարողանալ տեսնել Արարատ լեռը։ Ես հասկանում եմ, որ այս ամենը անհասկանալի է Ազգային ժողովի մի հատվածի համար, բայց այսօր այդ հատվածը չէ միայն, որ վտանգավոր է, այլ այն, ով հասկանալով է դավաճանում։ Ազգը պետք է իր գենետիկ բնույթին հավատարիմ մնա։ Դա հնարավոր է ազգային ինքնաճանաչողության պարագայում, երբ քո ինքնությունն օտարված չէ քեզնից։ Իսկ երբ պատմական հանգամանքների բերումով այն օտարված է, և ազգը, ձեռք բերելով անկախություն, չի գիտակցում անկախ պետականության առաքելությունը, այդ ազգը դատապարտված է շարունակական պարտությունների...

Այսօր ճանաչելով Արցախի անկախությունը՝ մենք հրաժարվում ենք նախկին քաղաքական գծից, որը ոչ մի տեղ չի հասցրել մինչ այսօր։ Ճանաչելով Արցախի անկախությունը՝ մենք դնում ենք մեր պետական քաղաքականությունը բարոյական հիմքի վրա, երբ մտքի, խոսքի և գործի միջև չկա հակասություն։
Պատերազմի վտանգն այն ժամանակ չէ մեծանում, երբ համարձակ քայլեր ես անում և անգամ թշնամու հետ ազնիվ ես, այլ՝ երբ թույլ ես, խեղճ և խաբեբա։ Եթե Ադրբեջանին ընդամենը պատրվակ է պետք պատերազմ սկսելու համար, նա այդ պատրվակը միշտ կարող է գտնել։ Բայց Ադրբեջանին, կարծում եմ, այժմ դա բոլորովին պետք չէ։ Իսկ Հայաստանն այս քայլով ընդամենը փոխելու է իր բարոյական կերպարը, որը փակուղուց նրան դուրս է բերելու ճանապարհ։

ԿԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ
«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար
hraparak.am



ՎԵՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՄ ԻՆՉՈ՞Ւ Է ՊԵՏՔ ԼՈՒԾԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ

Միջազգային իրավունքը, խոսելով պետությունների մասին, հաճախ է նրանց անձնավորում։ Իրավունքի տեսանկյունից պետության հիմնական հատկանիշը նրա միջազգային իրավական ինքնությունն է, այսինքն՝ միջազգային քաղաքական դաշտում անհատականացված հարաբերությունների մեջ մտնելու ունակությունը։ Ըստ այդմ, միջպետական հարաբերությունները շատ բանով նման են միջանձնական հարաբերություններին, քանզի ընդհանուր առմամբ պետության՝ կարգին պետության, շահն ածանցվում է նրա անհատ քաղաքացիների հավաքական շահից։

Անձնավորելով պետությանը՝ միջազգային իրավունքը քաղաքական և իրավական բազում երևույթներ նկարագրելիս օգտագործում է անձին վերաբերող բառապաշար։ Օրինակ, միջազգային իրավունքի մեջ կա խոցված, վերք ստացած, վիրավորված պետություն (injured state) հասկացությունը։ Եղեռնազարկ բանաստեղծ Դանիել Վարուժանն այդ երկրներին կկոչեր կարեվէր երկրներ։ Հիշո՞ւմ եք նրա «Յիսուսի պես կարեվէր, Արշալոյսի մը երկունքէն բռնուած» բառերը։ Քանի որ կարեվեր [կարեվէր] բառը բաղկացած է կարի = ուժեղ, խորը և վէր(ք) [ստացած] բառերից և միանգամայն արտահայտում է injured state-ի ընդգրկուն քաղաքական իմաստը, ուստի հայոց քաղաքական բառապաշարը հարստացնենք ևս մի դարձվածքով, և այդ խոցված երկրները բնութագրենք որպես կարեվեր պետություններ։

Միջազգային իրավունքը հստակ տալիս է կարեվեր պետության սահմանումը. «Կարեվեր պետությունն այն պետությունն է, որի իրավունքը խախտվել է մեկ այլ պետության կողմից՝ սեփական պարտավորությունների ոտնահարումից առաջացած միջազգայնորեն սխալ գործողության հետևանքով»։

Երբ նայում ենք մեր ոչ վաղ անցյալին, ապա ակնհայտ է դառնում, որ 1920-1921թթ. բոլշևիկա-քեմալական խարդավանքների հետևանքով Հայաստանի պետականության մարմնին հասցվել է խորը վերք. Թուրքիան ոտնահարելով իր ստանձնած միջազգային պարատավորությունները, բոլշևիկների աջակցությամբ և Արևմուտքի թողտվությամբ, խախտել է մեր իրավունքները և մեր պետությանը զրկել է պետականության կենսապահովման նվազագույն պաշարից։ Այսինքն, մեր պետականությանը հասցված վերքը հանգեցրել է պետության կենսունակության որակական անկման։ Պետք է հստակ տարբերակել պարզապես տարածքային կորուստը կենսունակության կորստից։ Օրինակ, Թուրքիայի կողմից Կիպրոսի հյուսիսային մասի բռնազավթումը տարածքի և հարստության կորուստ է, սակայն որակի կորուստ չէ։ Կիպրոսը, կորցնելով իր տարածքի 37%, չի կորցրել աշխարհի հետ ազատորեն հաղորդակցվելու ունակությունը, ուստի պահպանել է զարգացման հնարավորությունը։

Հայաստանի Հանրապետությունը, կորցնելով Կարսի մարզը (դեռ չեմ խոսում Վիլսոնի իրավարար վճռով Հայաստանի Հանրապետությանը հատկացված տարածքների մասին), առնվազն կորցրել է աշխարհի հետ ազատորեն հարաբերվելու ունակությունը, սեփական մայրաքաղաքի պաշտպանունակությունը և Վրաստանի վրա համարժեք ազդեցության լծակը։ Այս վիճակից ելքեր գտնելու համար պետք է սթափ նայել իրականությանը՝ ներկա սահմաններով, նման աշխարհաքաղաքական դիրքում և նման հարևանների առկայությամբ Հայաստանի Հանրապետությունն ապագա չունի։ Մեր պետականության մարմնին հասցված վերքերն անհամատեղելի են մեր պետության կյանքի հետ։ Քանի դեռ այդ վերքերը չեն ապաքինվել, առավելագույնը ուշմիջնադարյան ռոմանտիզմ է հույս փայփայել, թե կարելի կլինի կառուցել ապահով և բարգավաճ երկիր։ Եթե բանաստեղծ լինեի կգրեի. «Մեր ափերի մեջ դեռ մղկտում են մեխի տեղերը և մեր վերքերը դեռ շարունակում են արնահոսել»։

Այստեղ ուզում եմ անել մի հույժ կարևոր շեշտադրում՝ Հայաստանում ժողովրդավարության հաստատմանը և օրենքի գերակայությանն այլընտրանք չկա։ Ավելին, ժամանակային առումով ես դրանք ամենաառաջնահերթն եմ համարում։ Առանց դրանց ոչինչ հնարավոր չէ անել, ընդհանրապես ոչինչ։ Մեր պետականության ինքնին գոյության համար ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը կենսականորեն անհրաժեշտ պայմաններ են։ Սակայն բուն խնդիրն այն է, որ դրանք անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ են։ Հայաստանին պետք է կենսունակության նվազագույն պաշար, այսինքն՝ այն, ինչ դարերով միջազգային հանրությունն անվանել է Հայկական հարցի լուծում։ Ի վերջո ի՞նչ էր Հայկական հարցը. դա հայ ժողովրդի արժանապատիվ գոյության համար նվազագույն կենասապայմանների ապահովում էր։

Ներկա փուլում Հայկական հարցի լուծման դրսևորումը փոխվել է։ Ներկայումս այն միջազգային իրավունքով Հայաստանի Հանրապետությանը հատկացված կամ վերապահված տարածքային, նյութական և բարոյական իրավունքների վերականգնումն է։ Փոխվել է դրսևորումը, սակայն չի փոխվել էությունը. Հայաստանի Հանրապետության գոյության համար անհրաժեշտ է կենսապահովման նվազագույն պաշար, որին հնարավոր է հասնել միմիայն Հայկական հարցի լուծման ճանապարհով։
Մենք դա պետք է գիտակցենք, որպեսզի հստակորեն պատկերացնենք մեր անելիքը և խուսափենք հերթական սխալներն անելուց։ Ի վերջո հայ-թուրքական հայրենակործան արձանագրությունները դեռ կախված են մեր գլխին։

ԱՐԱ ՊԱՊՅԱՆ
«Մոդուս վիվենդի»
կենտրոնի ղեկավար



ՈՒՐԱԽԱՆԱ՞Լ, ԹԵ՞ ՏԽՐԵԼ

Անդրադարձ ԼՂՀ վիճակագրական ծառայության հերթական հաղորդագրությանը

Իրարամերժ զգացումներ ես ապրում, ընթերցելով ԼՂՀ վիճակագրական ծառայության հերթական հաղորդագրությունը։ Այն այս անգամ վերաբերում է ԼՂՀ-ում 2010 թ. հունվար-սեպտեմբերին տեղի ունեցած ժողովրդագրական ցուցանիշներին։ Առաջինը քեզ համակում է այն, որ վերջապես Արցախում բնակչության թվաքանակը նվազումից թևակոխել է մի այնպիսի աճ, որ կարող ենք ասել Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևին, թե զուր եք ոգեկոչումներով երազում, թե Ղարաբաղը դատարկվում է և ահա, ուր որ է, ձերն է լինելու։

2010 թ. 9 ամսում ծնվել է 2003 երեխա, որը հազար բնակչի հաշվով կազմում է 14,2 ծնված։ Նախ, ինչպես ընդունված է, ինչո՞ւ ծնելիության այս մակարդակը համեմատության մեջ չի դրվում անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշի հետ։ Կարելի է կասկածել, որ նվազում է տեղի ունեցել։ Երկրորդը. եթե ծննդաբերության մակարդակը սեպտեմբեր-դեկտեմբերին պահպանվի նույնը, տարվա կտրվածքով ծնունդների թվաքանակը կկազմի 2700։ Լա՞վ է սա, թե՞ վատ։ Մի բան պարզ է՝ գոհանալ դրանով չենք կարող։ Մեծ Հայրենականին նախորդած տարում՝ 1940 թ. ըստ նախկինում տպագրված «Ամփոփ վիճակագրական տեղեկագրության բրոշյուր»-ի, Արցախում հազար բնակչի հաշվով ծնվածների թիվը եղել է 35։ Չնայած Մեծ Հայրենականից չի վերադարձել 23 հազար արցախցի, իսկ 1951-1965 թթ. տարեկան կտրվածքով տատանվել է 34-39 թվերի արանքում։ Հետագա տարիներին էլ աճը հիմնականում պահպանվել է։

Ինչո՞վ է պայմանավորված այսպիսի իրավիճակը։ Իհարկե, սա խոր ուսումնասիրության նյութ է, սակայն թեթևակի իսկ ծանոթությունը բերում է այն համոզման, որ Արցախում անցյալ դարի 80-ական թվականների համեմատ իջել է բնակչության կենսամակարդակը։ Կործանիչ դեր է խաղացել նաև կոլտնտեսությունների և խորհտնտեսությունների վերացումը։

Այսօրվա մեր գյուղական երիտասարդը գործազուրկ է, չունի եկամտի ոչ մի աղբյուր։ Մայրաքաղաքում, շրջկենտրոններում էլ երիտասարդների նյութական վիճակը ոչնչով բարվոք չէ։ Մինչև մեր արդյունաբերության հիմնահատակ կործանումը Ստեփանակերտում արդյունաբերական արտադրական անձնակազմը 21-22 հազար էր, ներկայումս՝ 3600-3800։ Հարաբերակցություն, որ վկայում է մայրաքաղաքում գործազրկության անասելի չափերի մասին։ «Երջանիկներից», որոնք ապահովված են, մեծամասամբ աշխատելով օրական 10-12 ժամ և չօգտվելով տարեկան արձակուրդից, ամսական ստանում են 30-40 հազար դրամի չափով աշխատավարձ։ Սրանք էլ, եթե չունեն հարուստ ծնողներ, ամուսնանալ չեն ցանկանա։

Սակայն սա էլ մեր այսօրվա կենսակերպի լրիվ պատկերը չէ։ Մենք դեռ շատ բան ունենք անելու մեր երկու հայկական երկրում սոցիալական արդարություն հաստատելու համար։ Այս առթիվ ԼՂՀ վիճակագրական վարչությունը խուսափում է տեղեկություններ հաղորդելուց։ Թվարկենք այն, ինչ հայտնի է Հայաստանից։ Հաշվարկումների համաձայն, 23 օլիգարխ լրիվ վերահսկում են ՀՀ-ի ամենաեկամտաբեր ոլորտները՝ ներմուծման և շինարարական, նրանց է պատկանում ՀՆԱ-ի շուրջ 75 տոկոսը։ Հենց ՀՆԱ-ի այսպիսի բաշխումն է պատճառը, որ պետությունն ի վիճակի չէ էականորեն բարելավելու բնակչության կենսամակարդակը, գոնե իր վրա վերցնելու գազի օգտագործման սակագնի այնպիսի աճ (46 տոկոս), որպիսին մտցվեց այս տարվա սեպտեմբերից։ Արդյունքում՝ մեր բնակչության անապահով խավը ստիպողաբար անցել է անտառափայտի օգտագործմանը։ Խե՜ղճ նոր արհավիրքի առջև կանգնած մեր անտառներ։

Սոցիալապես կայուն և առողջ է այն երկիրը, որն արժևորում է իր քաղաքացուն, հանդես գալիս նրա արժանապատվության հարգմամբ, իրավունքների պաշտպանությամբ։
Այն, ինչ, օրինակ, մեկ տարի առաջ տեղի ունեցավ մեզ մոտ, չես ասի, թե արցախցին պաշտպանված է օրենքի ուժով։ Ինչպես արդեն գրել եմ այդ մասին, մայրաքաղաքի զինվորական հանդերձանքի արտադրամասի բոլոր 120 բանվոր-ծառայողները նրա տնօրենի պարտադրմամբ, մեկ տարի առաջ «սեփական» դիմումների համաձայն ազատվեցին աշխատանքից՝ հումք չլինելու պատճառով։ Նման արարքի նպատակն էլ պարզ էր՝ պարապուրդի անցնողներին չվարձատրել օրենքով նախատեսված աշխատավարձի երկու երրորդի չափով...

Խորհրդային տարիներին մայր-հայրենիքում՝ Հայաստանում բնակչության թվաքանակն աճել է 5 անգամ, իսկ Արցախում այն մնացել է նույն մակարդակի (139 հազար)։ Ասելն էլ ցավալի է, սփյուռքում ներկայումս մենք ունենք ծննդով արցախի մեկ միլիոն հայրենակից։
Ըստ հաղորդագրության, 2010 թ. հունվար-սեպտեմբերին ԼՂՀ-ում բնակություն հաստատածների թվաքանակը կազել է 747 մարդ, որից 686-ը Հայաստանից են տեղափոխվել Արցախ։ Որքա՞ն է սա հարիր մեր ազգային շահերին։ Ներհոսքը ողջունելի կլիներ, եթե ԼՂՀ բնակության եկածները լինեին այլ երկրներից, այլ ոչ թե Հայաստանից։ Մենք թեկուզև աշխարհին ներկայացված ենք երկու երկրով, մի ամբողջություն ենք, ու նման ներհոսքը ոչ այլ ինչ է, քան բնակչության տեղաշարժ միևնույն հանրությունում։

Սակայն սա էլ դեռևս լիակատար ամբողջությունը չէ։ Հայաստանից Արցախ բնակության եկածներից 301-ը ետ են դարձել։ Եվ ստացվում է հետևյալը՝ քանի որ յուրաքանչյուր եկած ընտանիքի հատկացվում է 200 հազար դրամ, մենք կրել ենք 60 միլիոն 200 հազար դրամի չափով վնաս։
Ժամանակին մենք ունեինք հայրենադարձությամբ զբաղվող ծառայություն։ Ճի՞շտ վարվեցինք, որ այն վերացրինք և ներհոսքի կազմակերպման բարդագույն աշխատանքը հանձնեցինք տարբեր հոգսերով ծանրաբեռնված սոցապահովության նախարարությանը։ Մինչդեռ հետաքրքրության արժանի և հետևություններ անելու խնդիրներ շատ կան։ Կարո՞ղ է, օրինակ, որևէ մեկն ասել, թե ինչու անչափ շատացել են Ստեփանակերտի շենքերի ճակատամասերին կպցվող այն էլ զուտ ռուսերենով գրված «срочно продаю квартиру» ազդագրերը, որոնց թիվը տեղ-տեղ հասնում է մինչև 100 - ի։ Պարզ է, դա Արցախը լքողներին է պատկանում։ Բայց ինչո՞ւ են թողնում հայրենիքը, ի՞նչն է ստիպում և, վերջապես, ո՞ւր են մտադիր մեկնելու։ Հարցեր, որոնցով մեր վիճակագրական ծառայությունն ու իրավասու այլ հաստատություններն էլ կարող են զբաղվել։

Կամ գոյություն ունի՞ որևէ հաշվառք, թե արտահոսքից մենք նյութական ինչ վնասներ ենք կրում։ Չէ՞ որ մինչև ցուպը ձեռքն առնելը, այլ երկիր տեղափոխվողը վաճառում է սեփականաշնորհված բնակարանը, որ իր ժամանակին, առանց որևէ կոպեկի ծախսման, պետությունից է ստացել։ Չէ՞ որ նա իր հետ տանում է նաև այն ծախսերը, որ նույն հայրենի պետությունը հատկացրել է նրա ձրի կրթության ու մասնագիտական որակավորման համար։
Հիմք ընդունելով մեր իրավիճակը, չարժե՞, որ մենք բեկանենք բնակարանների սեփականաշնորհման մասին ընդունված իրավական ակտը։ Հնարավոր չէ, իհարկե, կարճ ժամկետում ստեղծել և գործարկել արտադրական անհրաժեշտ կարողություններ, բայց որ մենք պետք է թե՛ պետական և թե՛ մասնավոր կապիտալի գերակշիռ մասը դրա համար նպաստավոր պայմանների ստեղծմամբ ուղղենք մեր այդ նպատակի իրականացմանը՝ դա միանշանակ է...

Մտահոգիչ է նաև այն, որ մենք, ինչպես այդ մասին հուշում է մամուլը, վատ ենք զբաղվում մեր արտադրատեսակների, հատկապես գյուղատնտեսական մթերքների արտահանմամբ։ Եվրախորհրդից են գալիս Երևան և հուշում, որ Հայաստանը միակ երկիրն է աշխարհում, որին իրավունք է վերապահված Եվրոպա մրգեր, կանաչեղեն, բանջարեղեն և դրանցից պատրաստված պահածոններ առաքել՝ առանց սահմանային մաքսատուրքի...
Ուղղակի զարմանալու բան է, որ մենք արդյունաբերական մշակմամբ թթի դոշաբ չենք ստանում, անտեսելով, որ թթենու այգիների պլանտացիաներ միայն մենք ունենք, շուկա դոշաբ հանող ուրիշ չի լինի, դրան հավելած նաև այն, որ այդ մածուկն իր սննդարար ու բուժիչ հատկանիշներով իրեն հավասարը չունի։

Արցախյան ընտանիքը, որ հնուց ի վեր հայտնի է ամուսինների և մյուս անդամների համերաշխությամբ, ըստ տեղեկագրության, այսօր ամորֆ ու խարխուլ է։ Մինչդեռ յուրաքանչյուր ընտանիքի ամրությունն է, որ շաղախվելով մյուսների հետ, կազմում է ամեն մի երկրի գոյության հուսալիության պատվարը։ Պատի՞վ է բերում մեզ, որ 2010 թ. հունվար-սեպտեմբերին ԼՂՀ-ում գրանցված 717 ամուսնացածից 96-ը ամուսնալուծվել են։ Տարաբախտություն, որ շատ ուրիշների պես փաթաթվել է մեր վզին, բայց աղմուկ- աղաղակ հանող չկա, անդորր է, կարծես տեղի է ունենում բնական երևույթ և տագնապ բարձրացնելու անհրաժեշտություն չկա։ Ինչպե՞ս չհիշել, որ նախկինում սիրո ու փոխադարձ հարգանքի պայմաններում էր, որ ամուսնալուծությունները հազվադեպ էին, ընտանիքում ոչ թե մեկ, երկու, այլ առնվազն վեց, յոթ երեխա էր ծնվում։

Այսպիսին են իմ մտորումները վիճծառայության տեղեկագրի առթիվ։ Միանշանակ և անվիճելի է, որ Արցախում ծնելիությունն անհամեմատ կաճի, մեր երկիրն էլ ներհոսքի համար գրավիչ կդառնա, եթե լինի տնտեսապես ուժեղ, ունենա ժամանակակից արտադրական կարողություններ, զարգացած գյուղատնտեսություն, ենթակառուցվածքային շահավետ գործող ճյուղեր։

ԵՂԻՇԵ ՍԱՐԳՍՅԱՆ
Լրագրող, Մեծ հայրենականի վետերան



ԱՐՑԱԽԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՈՉ ՄԻԱՅՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՆ

Ստեփանակերտում Արցախի հասարակական կազմակերպությունների խորհրդի նախաձեռնությամբ հրավիրված կլոր սեղանի թեման էր՝ «Կրթության հիմնախնդիրները՝ ազգային անվտանգության համատեքստում»։ Միջոցառմանը մասնակցել են Արցախի կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, բարձրագույն ուսումնական ու միջնակարգ մասնագիտական հաստատությունների, ավագ դպրոցների ղեկավարներ և կրթության ոլորտի մասնագետներ։

Կլոր սեղանը ղեկավարող Ժաննա Կրիկորովան նշեց, որ հասունացել է լուրջ բարեփոխումների անհրաժեշտությունը, և քաղաքացիական հասարակությունը չի կարող մի կողմ կանգնել երկրի ներսում գոյացած խնդիրներից։ Ցավոք, ակնարկված խնդիրների մի որոշ մասը վերաբերում հենց կրթության ոլորտին, որը վերջին տասնամյակում դարձել է յուրօրինակ փորձադաշտ։

Տեղի հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամ, Արցախի պետհամալսարանի դասախոս Գեորգի Սահակյանի ասելով՝ բոլոր նախկին խորհրդային հանրապետությունները եկել են այն համոզման, որ կրթական նախկին համակարգը սպառել է իրեն, և նոր կրթական բարեփոխումների անհրաժեշտություն է առաջացել։ Եվ որպեսզի, Գ. Սահակյանի ասելով, Արցախը դուրս չմնա հարավկովկասյան կրթական դաշտից, ԼՂՀ կառավարությունը որոշում է ընդունել միանալ, այսպես կոչված, «բոլոնյան» նախաձեռնությանը։

Ճիշտն ասած, տեղյակ չէի, որ հարավկովկասյան կրթական դաշտ գոյություն ունի, և հայաստանահայերը, ազերիներն ու վրացիները գտնվում են այդ կրթական դաշտում, իսկ արցախցիներս չենք ուզում հանկարծ հայտնվել այդ դաշտից դուրս։
Գեորգի Սահակյանը ներկայացրել է կրթական համակարգում առկա մի շարք խնդիրներ, այդ թվում նաև այն, որ ավագ դպրոցների ստեղծումով վտանգվում է մեր փոքր գյուղերի գոյությունը, քանզի աշակերտները ստիպված են սովորելու մեկնել այնտեղ, որտեղ ավագ դպրոցներ կան։

Կրթության նախարարի ելույթից այն տպավորությունը ստացա, որ նա առավել շատ ձգտում է ներկայացնել, թե կրթության համակարգում վերջին 1-2 տարիներին ինչպիսի առաջընթաց է ձեռքբերվել. վերականգնվում են պատերազմից հետո անհետացած նախադպրոցական հիմնարկները, եթե երեք տարի առաջ նախադպրոցական համակարգին հատկացվել էր 67 մլն դրամ, ապա այսօր, կառավարությանը ներկայացված նախագծի համաձայն նախատեսվում է 10 անգամ ավելի գումար՝ 607 մլն դրամ, հանրապետությունում ստեղծվել է երեք առանձնացված ավագ դպրոց, երկուսը՝ Ստեփանակերտում, մեկը՝ Շուշիում, գործում են նաև հինգ խորացված ուսուցմամբ միջնակարգ դպրոցներ և այլն։

Նախարարը «հարգելի ներկաներին» պատմեց, որ ուսուցիչներից մեկը հարցրել է իրեն, թե կարո՞ղ է անբավարար գիտելիքներով աշակերտին նշանակել «անբավարար», և նախարարը վերջինիս հավաստիացրել է, թե՝ կարող է։ Այդ օրինակով չգիտեմ, թե ինչ է ցանկացել հայտնել կրթության ու գիտության նախարարը, բայց, որ շարքային ուսուցիչը նախարարից թույլտվություն ստանալով պիտի գնահատի իր սաների գիտելիքները, դա արդեն մտահոգիչ է։ Մտահոգիչ է նաև այն, երբ կլոր սեղան վարողը հայտարարել է, որ 15-20 րոպե ընդմիջում է տրվում, իսկ նախարարը հարցրել է՝ կոնկրետ տասնհի՞նգ, թե՞ քսան րոպե, կրթության ոլորտի մասնագետներից մեկն ակնածանքով ասաց. «Նախարարը պաշտպանության բանակում է աշխատել, ճշտապահություն է սիրում»։

«Բանակային ճշտապահություն» ակնարկող մասնագետը երևի թե չգիտե, որ մի այլ ճշտապահություն էլ կա՝ «գերմանական ճշտապահություն»։ Տարբերությունը մեծ է։ Վերջինս ոչ թե պարտադրում, զոռով խցկում են մարդու գլուխը, այլ այն մոր կաթի հետ են ստանում ու ողջ կյանքում առաջնորդվում դրանով։ Կրթական համակարգում ոչ թե բանակային, այլ հենց այսպիսի ճշտապահություն պիտի լինի։ Մտահոգիչ է նաև այն, որ կրթության ոլորտում առկա խնդիրները քննարկելու ցանկությամբ հավաքված մասնագետների շրջապատում այդ ոլորտի բարձր պաշտոնյաներից մեկն ասում է՝ «իմ համար», մինչդեռ տարրական դասարանի աշակերտն անգամ գիտե (կամ՝ պետք է իմանա), որ «իմ համար» կամ «մեր համար» չի լինում, ճիշտ ձևն է՝ «ինձ համար», «մեզ համար»...

Այնպես որ, կարծում եմ՝ Արցախի կրթության ոլորտում գոյություն ունեցող տեսանելի խնդիրներից բացի, կան նաև հարցեր, որ պակաս մտահոգիչ չեն։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԱՅՔԱՐԻ ԹԻՐԱԽ

Մենք ապրում ենք բնության և մարդու արարած հսկայական զարմանահրաշ աշխարհում, որը փորձում են ճանաչել, գնահատել, պահպանել, զարգացնել։ Յուրաքանչյուր ոք կամենում է ապրել մի հասարակության մեջ, ուր ամեն մեկի բարիքը, երջանկությունը, հաջողությունը բոլորինն է. հասարակություն, որի լիիրավ անդամն է ինքը, ունի իր տեղը այդ հասարակության մեջ... Սակայն այդպիսի հասարակություն ստեղծողը մենք ենք՝ ամեն մեկս, յուրաքանչյուրս։ Մարդը դրան հասնում է ինքն իրեն ճանաչելու, ուրիշներին հասկանալու, ուրիշներին երջանկացնելով երջանկանալու ուղիով։

Այն բարոյական սկզբունքները, որոնք մենք ընտրում ենք և որոնցով ուզում ենք ապրել, շատ կարևոր են մեզանից յուրաքանչյուրի համար։ Սակայն, երբ մարդիկ անընդունակ են շինելու և ստեղծագործելու, ամենադյուրինն են համարում փչացնել ու ապականել այնպիսի նվիրականությունները, որոնք մարդկային իմաստությունը ստեղծել է դարերի ընթացքում։

Ես նկատի չունեմ միայն նրանց, ովքեր հանրային հաստատություններ են ականահարում, օդանավեր առևանգում, դրամատներ կողոպտում կամ իրենց քստմնելի ոճիրներով սուգի մեջ սուզում շատ ընտանիքներ։ Նյութական ու ֆիզիկական ավերները, որքան էլ ահազդեցիկ լինեն, ժամանակի ընթացքում նրանց թողած վերքերը սպիանում են։ Ամենամեծ ավերները, որ գործում են գազանային սառնասրտությամբ՝ հոգեկան, բարոյական ու իմացական են, և նրանց «աշխատանքի պտուղները» որոշակիորեն մենք տեսնում ենք ընկերային բարքերի բարբարոսության մեջ։

Կիսագրագետ ու գրագետ աղմկարարներն են նրանք, որոնց գանգի մեջ գաղափարական քաոսն այն աստիճան խտացած է, որ իրենց հատվածական մոլեռանդության մեջ հալածում են իրենց ուղեղիկում չտեղավորվող ամեն մի ճշմարտություն։ Եվ դժբախտությունն այն է, որ նրանցից յուրաքանչյուրը թիրախ է ընտրում ոչ թե սուտը կամ կեղծիքը, այլ արդարությունը։ Կարծես թե դա իրենց շահերի և հաշիվների ոխերիմ թշնամին լինի։ Երբ արդարորեն տրված վճիռը կամ որոշումը չի համապատասխանում նրանց կամ մինչև իսկ պետության պահանջներին, ամենքն իրենց կատաղության թույնը թափում են արդարության վրա։

Հավերժության կնիքը կրող արժանիքները չպետք է դառնան քանդիչների դյուրին ավարը։ Եվ որպեսզի արդարության զգացումը լինի խոր և շողարձակ, պետք է այն լինի մեր հոգու ամենօրյա ապրումը։ Թող լավ իմանան բոլոր տեսակի քանդիչները, որ արդարությունը չի կարող լինել ոչ մի շահաբեր պատահականության առարկան, և ոչ ոք չի կարող լռեցնել այն ամբոխավարական բացականչություններով ու սպառնալիքներով։ Արդարությունը սրբազան զգացում է, որի հիմքերն ու հենարանները գտնվում են Աստծո ձեռքում։ Ոչ գովեստներով կարելի է սնուցել արդարությունը, ոչ կաշառքով ու ստով։ Նրա դեմ ձեռնարկած ամեն ոտնձգություն կունենա իր անդրադարձը՝ ծանր կորուսներով։ Մեծագույն վնասը անհատը կրում է այն ժամանակ, երբ ձգտում է ցուցադրել իր «եսը» և երևալ հասարակության մեջ, որպես գերմարդ կամ գերկազմակերպություն։

Արդարությունը կյանքի գերագույն պարգևն է. այս ըմբռնումով ժողովուրդը կարող է երաշխավորել իր գոյատևումը։ Սա աստվածային պարգև է մարդու և մարդկության բարոյականության բարձրացման համար։ Հենց նրա բացակայությունն է պատճառը, որ աշխարհը դարձել է արյունոտ ռազմադաշտ ժողովուրդների և մարդկանց միջև։ Եվ մինչև որ այն չթափանցի մարդկային հարաբերությունների մեջ, բռնավորը պիտի տիրի և տկարը պիտի տուժվի ու տառապի։ Ուստի ամեն աղջախոհ անհատի պարտականությունն է հեռու պահել արդարությունը մարդկային կրքերից և պաշտպանել այն աչքի լույսի պես։

Գաղափարական ճակատամարտերի մեջ չես կարող ապահովել հաղթանակներ, եթե սպառազինված չես հոգևոր զենքոով։ Ցավալի է, երբ մարդ ունի իր ճշմարտությունը, բայց չի օգտագործում այն, չի պայքարում ճշմարտության հաղթանակի համար։ Հոգեկան, բարոյական և իմացական բոլոր ճակատամարտերը տանում են դեպի ճշմարտություն։ Եվ այդ սրբազան մարտի մեջ կհերոսանա այն մարդը, ով կճանաչի արդարությունը և կապրի նրա լույսի մեջ։

ԳԱՅԱՆԵ ՍԵՎՈՒՄՅԱՆ
լրագր. 4-րդ կուրս



ԼԵԶՎԻ ԱՆԱՂԱՐՏՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞...

Ժամանակակից հայոց լեզուն հարազատ ժառանգորդն է մեր հին լեզվի և արտացոլում է նրա հազարամյա զարգացման երկար ու ձիգ ուղին։ Հայ ժողովրդի բազմադարյա սոցիալ-քաղաքական կյանքում տեղի ունեցած իրադարձությունները խոր հետք են թողել մեր լեզվի վրա։ Հայոց լեզուն, ինչպես ամեն մի խոսակցական լեզու, շարունակ ենթարկվում է փոփոխման։ Այս գործընթացը տեղի է ունենում լեզվի գրեթե բոլոր համակարգերում, որոնցից ամենազգայունը բառապաշարն է, որի գերակշռող մասն են կազմում ժողովրդախոսակցական ոճին պատկանող բառերը, ժարգոնն ու բարբառները։

Չնայած ընդհանրական ասում ենք «ղարաբաղյան բարբառ», իրականում Ղարաբաղի ամեն շրջան, հաճախ ամեն մի գյուղ ունի իրեն բնորոշ բարբառը։ Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում «ղարաբաղյան բարբառ» ասվածը։ Այսօր մեր բարբառը, կարելի է ասել, գրական հայերենի, ժարգոնային բառերի ու օտար բառերի մի խառնուրդ է, որը շարունակ փոփոխվում է, և դա բնական է։ Շատ հաճախ մեծերը, լսելով երիտասարդների խոսակցությունը, որի մի մասը ռուսերեն բառեր են, տգեղ երևույթ են համարում դա...

Շատերն են մտահոգված «օտարաբանության ճահճում խեղդվող» հայոց լեզվի ապագայով։ Լավ, ի՞նչ անենք, վերացնե՞նք դրանց գործածությունը մեր լեզվից։ Բայց ինչպե՞ս. ամեն բառ թարգմանենք կամ հայերեն համարժե՞քը գտնենք։ Օրինակ՝ բոլորիս կողմից շատ կիրառվող «վափշե» կամ «ռեկլամ» բառերն աստիճանաբար դուրս են մղվում հայերեն «ընդհանրապես»-ի և «գովազդ»-ի կողմից… Բայց ի՞նչ ասենք այն բառերի մասին, որոնց գրական համարժեքները դժվարահունչ են ու ականջի համար խորթ։ Օրինակ՝ «շամպայն»-ի համարժեքն է՝ «փրփրագմփիկ», «ջենթլմենը»՝ «օրիորդապնդիչ», «դեկանը»՝ «տասնապետ»…

Ասենք, մտնում ենք խանութ ու վաճառողուհուն ասում. «Ինձ 2 կգ փրփրահացիկ (վաֆլի) տվեք»։ Ո՞վ ծիծաղի առարկա կդառնա. մե՞նք, որ կարծես հայերենին լավ ենք տիրապետում, թե՞ վաճառողուհին, որ կյանքում նման բառ լսած չկա։ Կարծում եմ՝ ավելի շատ մենք, քան նա։ Նման բառեր շատ կան, և գուցե տարիների ընթացքում դրանք էլ գործածական դառնան չնայած խիստ կասկածում եմ։ Արդյո՞ք ամեն բառ վերցնելն ու թարգմանելը ճիշտ է։ Արդյո՞ք ճիշտ է, ասենք, տանկը հրասայլ անվանելը (տանկիստին էլ «հրասայլապա՞ն» պիտի անվանենք)...

Ինչևէ… Լեզվի մասին միշտ խոսել, քննարկել ու իրենց տեսակետներն են առաջարկել տարբեր լեզվագետներ, գրողներ և այլոք, նույնիսկ շատերն էլ ընդունում են օտարաբանությունների մուտքը հայոց լեզու՝ համարելով այն լեզվի հարստացման ևս մի աղբյուր։ Ուրեմն ի՞նչ՝ սահմանափակվե՞նք եղածով, փակե՞նք մեր լեզվի «դարպասները»՝ վախենալով հեռանալ հայերենից, թե՞ չփակենք ու թողնենք օտար բառերը թափանցեն մեր լեզու՝ մտածելով, որ վաղ թե ուշ դրանք էլ կփոխարինվեն հայերեն համարժեքներով, ու հայոց լեզուն ավելի կհարստանա։

Այո, տարբեր, հակադիր կարծիքներ ու տեսակետներ կարող են լինել, բայց իրականությունը մեկն է՝ մենք հայ ենք, մեր լեզուն հայերենն է, և եթե մինչ այժմ կարողացել ենք պահել մեզ ժառանգված գանձը ու, ավելին՝ հարստացնել այն, ապա այլալեզու բառերի մուտքը չպիտի վախեցնի մեզ։ Ուրեմն մենք պարզ գիտակցում ենք, որ հայ ժողովրդի գերնպատակներից մեկը պիտի լինի լեզվի խնամքը, քանզի նրա անաղարտությունն ու պաշտպանությունը մեզ վրա է դրված։

ՄԱՐՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ
ԱրՊՀ լրագր. 4-րդ կուրս



ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՊԻ ՄԱՀ ՏԱՆՈՂ ԱՄԵՆԱԿԱՐՃ ՃԱՆԱՊԱՐՀՆ Է

Թմրամոլությունը մարմնի հիվանդություն չէ, այն պրոբլեմ է՝ մարդկային սրտի և հոգու պրոբլեմ։ Եվ եթե հնարավոր լիներ զրուցել թմրամոլների հետ, հարցնել նրանց, թե ինչու են ընտրել հենց այդ ճանապարհը, պատասխանները երևի կլինեն այսպիսիք՝ «ես ընտրել եմ այս ճանապարհը, որովհետև ոչ մեկին պետք չեմ», «որովհետև միայնակ եմ», «կյանքում չունեմ որևէ նպատակ»...

Թմրամոլների «բանակը» ամրացրել է իր դիրքերը մեր շրջապատում, և օրեցօր ավելացնում է իր «զինվորների» թիվը՝ ավելի ու ավելի շատ մարդկանց դարձնելով իր գերին, իր ստրուկն ու զոհը։ «Զինվորները» չակերտների մեջ առանք, քանզի նայելով նրանց արժանապատվությունը կորցրած դեմքներին, դատարկ, անէացած աչքերին, որոնց մեջ չկա զգացմունք, չկա սեր, հավատ ու կյանք, լսելով նրանց անտարբեր խոսքը, խղճում ես այդ անկամք ու կործանման եզրին գտնվող մարդկանց։

Թմրամոլություն... դանդաղ մահ, մահ թմրանյութից, մահ՝ առաջին հայացքից անվնաս թվացող հեղուկից, հաբից կամ ծխախոտից, մահվան հեղուկով լցված սրսկիչից, փոքրիկ գործիք, որ նախատեսված է հիվանդին փրկելու, կյանքի կոչելու, այլ ոչ մահվան համար։ Թմրամոլությո՜ւն... Այդ ցավն իր առջև փակ դռներ չի տեսնում, այն շարունակում է իր կործանիչ արշավը՝ իր գերիների կյանքը դարձնելով միապաղաղ ու անհետաքրքիր, իսկ դրան զուգահեռ, նրանց հարազատներինը՝ տառապանքներով լի։

Ի՞նչ անել. հանձնվե՞լ, հարմարվե՞լ, լքե՞լ մարդուն մեկ անգամ տրված կյանքը... Ո՛չ, դա հարցի լուծում չէ, դա փոքրոգություն է ու վախկոտություն։ Ուրեմն, մեզնից յուրաքանչյուրը թող մտածի այս աշխարհում իր անունը թողնելու մասին, տվյալ դեպքում՝ մեկի կյանքը փոխելով, օգնելով նրան զատել ճիշտը սխալից, առաջնայինը՝ երկրորդականից և, ամենակարևորը՝ գնահատի կյանքը, նրա քաղցրությունը,կարողանա սիրել ու ներել, ուրախանալ, ժպտալ, հավատալ, որ կյանքում անհնարին ոչինչ չկա, ուղղակի սրտանց կամենալ է պետք։

Սիրելի ընթերցող, եթե դու նույնպես պատկանում ես այդ «բանակին», մի՛ հուսալքվիր, քո մեջ ուժ գտիր, պայքարիր ինքդ քո դեմ և կհասկանաս, որ մահվանից վերցված այս փոքրիկ արձակուրդում շատ ու շատ գործեր ունես անելու...

ԼՈՒՍԻՆԵ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ



«ՎԱՐՔԱԳԻԾԸ ՀԱՅԵԼԻ Է…»

Գաղտնիք չէ, որ շատերը տակավին պատշաճ կարևորություն չեն տալիս վարքի էթիկային ու վարքի կանոններին։ Իսկ ի՞նչն է առանձին մարդկանց վարքի մեջ ամենից շատ հուզում ու անհանգստացնում։ Գլխավորապես՝ անտակտությունը։ Որոշ մարդիկ, այդ թվում՝ կրթվածները, քիչ նշանակություն են տալիս այն բանին, թե ինչպես, ինչ ձևով են խոսում շրջապատի մարդկանց, ծանոթների և անծանոթների հետ։ Նման մարդկանց համար դիմացինին վիրավորելը, նրա ինքնասիրությանը դիպչելը սովորական բաներ են։ Քաղաքավարի «դուք»-ի փոխարեն բոլորին ասում են՝ «դու»։ Նրանց բառապաշարում բացակայում են «շնորհակալություն», «ներեցեք», «խնդրեմ» և նման արտահայտությունները։ Ոմանք, նույնիսկ չեն ամաչում կոպիտ, անվայել խոսքեր օգտագործելուց, կարող են բղավել՝ ում վրա ուզեն։ Մինչդեռ անչափ կարևոր է խոսքի տեղին ու «խնամքով» գործածությունը։ Հիշենք բանաստեղծներից մեկի տողերը.

Խոսք կա խոցում է, խոսք կա՝ ամոքում,
Խոսք կա սպանում է, խոսք էլ կա՝ փրկում,
Խոսք կա գնդերը մարտի է տանում։

Անտակտությունը դրսևորվում է ամենատարբեր իրադրություններում։ Նույնիսկ առաջինը «Բարև ձեզ» ասել չցանկանալու մեջ։ Ճիշտ է, որոշ մարդիկ իրենք են մեղավոր այն բանում, որ նրանց չեն բարևում, քանի որ տեսնելով ծանոթին, չափից ավելի գործարար և լուրջ տեսք են ընդունում։ Մինչդեռ ողջունելը երկկողմ քաղաքավարություն է։ Հատկապես ցավալի է, երբ անտակտությունն ու կոպտությունը գալիս են մտավորականից, այսինքն՝ նրանից, ով իր կրթությամբ և հոգևոր զարգացմամբ կուլտուրական վարվելակերպի օրինակ պիտի ցույց տա մյուսներին։

Ավելի մեծ դառնություն, քան անհարգալից խոսքը, առաջացնում է վատ արարքը, նույնիսկ՝ փոքր, չնչին արարքը։ Անդասիտիարակությունը երևում ու անհաճելի է անգամ ամենափոքր արարքում։ Օրինակ բերենք թեկուզ և նրանց, ովքեր բարձր ծիծաղում կամ խոսում են ժողովներում, մշակույթի օջախում՝ խանգարելով մյուսներին։ Կամ էլ, ասենք, թղթի կտորներ նե շպրտում, ծխախոտի մնացորդ են նետում՝ ուր պատահի, և այլն։
Խոսելով վարքի կանոնների մասին, չի կարելի չխոսել, նաև ծխողների մասին։ Խոսքը վերաբերում է ո՛չ միայն ծխելու վնասին ու վնասակարությանը։ Կան ծխողներ, որոնք հաշվի չեն առնում շրջապատը, միջավայրը։ Նրանք ծխում են ամենուրեք՝ հարևանի տանը, ճաշարանում, միջանցքում, անգամ երեխաների շրջապատում։

Ոչ բարոյական արարքները երբեմն լինում են մեծամտության և ինքնահավանության հետևանք։ Մարդը, տառապելով այդ «հիվանդությամբ», դադարում է հաշվի առնել շրջապատը, սկսում է անհարգալից, երբեմն էլ կոպիտ վերաբերվել աշխատանքային ընկերներին։ Նրան թվում է, թե ինքը արտակարգ կարողությունների տեր անձնավորություն է, և իրեն ամեն ինչ կարելի է։

Սովորել և սովորեցնել լավ վարքի կանոններ, ուշ չէ երբեք։ Բայց, կարծում եմ, ուշադրությունը ամենից առաջ պետք է դարձվի երեխաների և պատանիների վրա։ Վճռական խոսքը նրանց բարոյական դաստիարակության մեջ պատկանում է ընտանիքին ու դպրոցին, որովհետև այստեղ է դրվում այն ամենի հիմքը, ինչ ստանում է հետագա զարգացում ու կատարելագործում։ Ասել է թե՝ և՛ ընտանիքում, և՛ դպրոցում պետք է վարքի կանոններին տալ ոչ պակաս նշանակություն, քան, ասենք, աշխատանքի նախապատրաստվելուն։ Երիտասարդությունը պետք է հասարակության մեջ կարողանա պահել իրեն, տակտ ու համեստություն դրսևորի ուրիշների հետ շփվելիս, իմանա քաղաքականությա նորմերը։

Մարդիկ վաղ հասակից պետք է սովորեն վարքի կուլտուրան։ Երբ փոքրիկին մեկը կոնֆետ է տալիս, նա պետք է շնորհակալություն հայտնի։ Իսկ եթե դեռ խոսել չգիտի, ապա մայրը պետք է սովորեցնի խոնարհել գլուխը՝ ի նշան շնորհակալության։
Գռեհիկ, կոպիտ մարդիկ, ինչ խոսք, շատ չեն, բայց և այնպես՝ նրանց չտեսնելուն տալ չի կարելի։ Անտակտությունը, կոպտությունը շատ հաճախ կողք-կողքի ապրում են միայն ու միայն մեր ներողամտության պատճառով։ Կեղտոտ, անպատկառ խոսքը ոչ միայն ամոթի, այլև զզվանքի զգացում է առաջացնում։ Փողոցային լեզվով խոսող մարդկանց հետ պետք է վարվել ճիշտ այնպես, ինչպես, ասենք, խոսում են փողոցային երթևեկության կանոնները խախտողների, խուլիգանների հետ՝ նրանց խիստ պատժելով և ենթարկելով դրամական տուգանքի։

Ընդունված խոսք է՝ առանց արատների, անթերի մարդ չկա։ Չեմ առարկում։ Բայց մեզանից լավը նա է, ով դրանցից քիչ ունի։ Իսկ այդպիսիք շատ կան։ Նայեք ձեր շուրջն ու կհամոզվեք, կտեսնեք, որ շատ են, բազում են այն մարդիկ, ովքեր օժտված են պատասխանատվության բարձր զգացումով։ Այս կարգի մարդիկ խորապես համոզված են, որ մեծ մտածողի՝ Գյոթեի խորիմաստ տողերը («Վարքագիծը հայելի է, որի մեջ արատցոլվում է մարդու պատկերը») այսօր էլ չեն կորցրել իրենց թարմությունն ու նշանակությունը։

ՄԻՔԱՅԵԼ ԲԱԼՅԱՆ
գ. Մեծ Թաղեր



ՄԵԿ ԱԶԳ, ԶՐՈ ՄՇԱԿՈՒՅԹ

Չնայած նրան, որ մեր երկիրը սուրբ է ու հին, Բաբելոնն է եղել մեր ախոյանը ու Ասորիքը՝ մեր թշնամին, չնայած մեզ համար նոր չեն դավ ու դառնություն և ամրակուռ է մեր հոգին՝ դարերի զավակ, չնայած աշխարհասփյուռ ենք ու նաև արդեն ունենք հայրենիք, պետական այրերին ու տիկնանց լսելիս կարող է թվալ, թե մեր ազգը կանգնած է բնաջնջման եզրին, և ազգի առջև ծառացած գլխավոր խնդիրը ազգապահպանությունն է։
Հենց այդ՝ ազգապահպանության չափանիշով ենք մենք գնահատում քաղաքական, կրոնական և մշակութային իրողությունները։ Հայ առաքելական եկեղեցին սիրելի է մեզ ոչ թե իր դավանած ուսմունքով, որ մեր կյանքի դժվարին պահերին կարող է մեզ ճշմարիտ ուղի ցուցանել, այլ ավանդով, որ ունեցել է ազգապահպանման գործում։ Նույն տեսանկյունից է մեզ համար արժեքավոր մշակույթը։ Մշակույթը մեր ընկալմամբ մի բան է, որ կոչված է միավորելու Ատոմ Էգոյանին ու Շարլ Ազնավուրին և հայ պահելու նրանց ու նրանց սերունդները։

Հայ մնալու բանաձևը տվել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը համայն հայությանն ուղղված իր կոչում։ Համաձայն այդ կոչի, եթե մարդ մեկ անգամ այցելի Գառնի և Գեղարդ, զմայլվի Արարատով և ձեռքերը լվանա Սևանի ջրում, նա այլևս հայ է։ Այդ խնդիրը դյուրացնելուն է կոչված մշակույթը։
Մշակույթի այս ընկալմամբ է ստեղծվել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնը, որը, ինչպես գրված է հիմնադրամի պաշտոնական կայքում, կոչված է կամրջելու սփյուռքն ու հայրենիքը... Շատերի մոտ կարող է նաև մեկ այլ թյուր պատկերացում լինել, թե փառատոնը փոշիացնում է պետական միջոցները, սակայն փառատոնն այդ միջոցները փոշիացրել է միայն 1999-2004-ն ընկած ժամանակահատվածում, այնուհետև Անդրանիկ Մարգարյանի՝ հիմնադրամ ստեղծելու վերոհիշյալ որոշումից սկսած, փառատոնը ծախսում է շռայլ բարերարների միջոցները։

Այն, որ փառատոնը կոչված է ավելի շատ «ազգապահպանման» խնդիրներ իրականացնելու, քան մշակութային, կարող ենք կարդալ նաև մշակույթի նախարարության կայքում. «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի նոր հայեցակարգը բխում է ՀՀ կառավարության ծրագրից և ազգային անվտանգության հայեցակարգային դրույթներից... Այն նաև միջազգային մշակութային գործունեության կարևորագույն և անբաժանելի մասն է, քանի որ սփյուռքը մի ինքնատիպ կամուրջ է Հայաստանի և միջազգային հանրության միջև»։

Եթե նույնիսկ մեծ վերապահումներով ընդունենք, որ «Մեկ ազգ, մեկ մշակույթը» ազգային կամ համազգային միջոցառում է, այն միևնույն է՝ չի կարող հավակնել մշակութային լինելուն։ Այն պարզ պատճառով, որ իր հայեցակարգով իսկ արդեն ապամշակութային է, և արվեստի պրոֆեսիոնալները փառատոնի շրջանակներում չեն կարող տեղ ունենալ, թեպետ անցյալ տարիների ծրագրերում նման վրիպակներ եղել են։

Այսօրինակ նախաձեռնությունները սովորաբար պետության կամ «բարերարների» փողերը լվանալու մեքենաներ են։ Ի վերջո, մե՞զ ինչ, թե մեր փողերը չեն լվացվում, և գուցե կարելի է ընդունել նաև նման փառատոնի գոյության իրավունքը, թեպետ ափսոս է յուրաքանչյուր լումա, որ ծախսվում է մշակույթի անվան տակ ու չի ծառայում մշակույթի ոչ պահպանմանը, ոչ ստեղծմանը։ Բայց այդ դեպքում պետք է հաշվի չառնել վնասը, որ «Մեկ ազգ, մեկ մշակույթը» հասցնում է մշակույթին։ Այն մշակութային աշխուժության տպավորություն է ստեղծում և մշակութային դաշտը լցնում նորանոր սիրողներով։

Այն դառնում է մշակութաստեղծ աշխատանքի փոխարինողը, և պետությունն ու բարերարները մշակութային մասով իրենց գործն արված են համարում։ Այն նաև ամրապնդում է սովետական ժամանակներից մնացած «մշակութային միջոցառման» և մշակույթի՝ «ազգապահպանության» չափանիշով գնահատման ավանդույթը և ստեղծում այնպիսի մի դաշտ, որում ցանկացած լուրջ փառատոն ու մշակութային իրադարձություն դատապարտված է։

ԱՐՓԻ ՈՍԿԱՆՅԱՆ
«Հրապարակ», Երևան
Տպագրվում է կրճատումներով



ՀԱՎԱՏԱՑՅԱԼ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՈՒ ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԸ

Համարյա ամեն օր բախվում ենք «Հավատացյա՞լ ենք արդյոք մենք» հարցին և ամեն անգամ հարցի պատասխանը գտնելու փոխարեն հպարտանում ենք, որ մենք ամենահին քրիստոնյա ազգն ենք, որովհետև առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը։ Եվ ընդհանրապես… մենք առաջինն ենք ամեն ինչում։ Օրինակ՝ 21-րդ դարում դուք չեք գտնի մի երկիր, որտեղ եկեղեցի է կառուցվում։ Եթե կան նման երկրներ, որտեղ դեռ եկեղեցաշինություն կա, ապա դա կամ Հայաստանն է, կամ էլ որևէ երկրում էլի մենք ենք մեր եկեղեցին կառուցում։ Եվրոպաներում վաղուց զարգացման չափանիշներն այլ են՝ ժողովրդավարություն, բարեկեցություն, զարգացող տնտեսություն, կրթված հասարակություն և այլն։ Մեզ մոտ հակառակն է։

Մեզ համար այդ բոլորը վաղուց անցած էտապ է։ Բա ոնց, թող բոլորը իմանան, թե որքան հին և հավատացյալ ազգ ենք մենք։ Ոչինչ, որ մեզ մոտ հին եկեղեցիները անտերության են մատնված և քանդվում են։ Ոչինչ, որ մեզ մոտ ավանդույթ է դարձել եկեղեցու պատերին յուղաներկով գրել, ասենք՝ «Գայուշ + Բղդո = Սեր» կամ՝ «Այստեղ եղել է Յոնջալախի Կյաժը»։ Եվ վերջապես՝ էլ որտե՞ղ, եթե ոչ մեզ մոտ, կարելի է եկեղեցու բակում մի լավ ոչխարի խաշլամա սարքել, քեֆ անել ու հետո մատաղի փորոտիքը թողնել նույն վայրում և ինքնագոհ հեռանալ։ Ու հենց մատաղի անվան տակ ուտուշ-խմուշ անողներս էլ շարունակում ենք եկեղեցի կառուցել, մոռանալով, որ ունեցածն է պետք պահպանել և չպղծել։ Բայց Աստված մի արասցե, եթե փորձեն ուրիշները պղծել մեր սուրբ «բյեկտները»՝ այնպիսի վայնասուն կբարձրացնենք, որ եվրոպացիները գլուխները կառնեն-կփախչեն։

ՀԱՐՈԻԹՅՈԻՆ ՀԱՐՈԻԹՅՈԻՆՅԱՆ
«Հրապարակ», Երևան
Տպագրվում է կրճատումներով



ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ 37 ԹԻՎ ԵՆ ՈՒԶՈՒՄ

Գրողների միությունում իր թիմի հետ միահեծան իշխանություն հաստատելուց հետո այլակարծության և ազատ խոսքի որևէ դրսևորում չհանդուրժող Լևոն Անանյանը հիմա էլ ուզում է քիչ թե շատ ազատ մամուլի բերանը փակել։ Մինչ Լևոն Անանյանը կսկսեր ինքնագովազդն ու լրագրողներին կմեղադրեր ծախված լինելու մեջ, ասուլիսը վարողը ներկայացրեց խոսակցության թեման՝ մեջբերումներ անելով ՀԳՄ հայտարարության տեքստից։

«Գրական և լրագրողական այլ մրցանակների կողքին հայտարարվելու է ևս մեկ մրցանակաբաշխություն, որը կոչվելու է «Կեղանք»։ «Կեղանք» նշանակում է խոց, քոս։ Գրական-մշակութային արժեքները խեղաթյուրելու, մշակույթի գործիչներին անվանարկելու, ստեղծագործական միություններին վարկաբեկելու, փաստերը խեղաթյուրելու ասպարեզում սահմանվում է լրատվամիջոցների և լրագրողների «Կեղանք» մրցանակաբաշխություն։ Մրցանակները կհանձնվեն ամեն տարեվերջին, ՀԳՄ քարտուղարության որոշմամբ։ Մրցանակակիրներին կտրվեն դիպլոմներ և 37 թվականին թողարկված 3 ռուբլիանոցների պատճեններ»։

Լևոն Անանյանը նախ ասաց, թե շուկայական հարաբերությունները մտել են հասարակության հոգեբանության մեջ, ապա, դա կապելով քաղաքական պայքարի հետ, շարունակեց. «Արդեն օդի մեջ զգացվում է էն սպասվելիք պառակտումները»։ Իհարկե, Լևոն Անանյանը շատ կուզենար, որ ինչպես իր նախագահած կառույցում է, այնպես էլ քաղաքական դաշտում «ուրիշ» կարծիք չլինի և ինչպես ՀԳՄ անդամ գրողների գերակշիռ մեծամասնությունն է անլեզու, հլու-հնազանդ, այնպես էլ հասարակությունը լինի, որովհետև ընդդիմությունը սուր հարցադրումներ անելու «գեշ» սովորություն ունի, և մի օր էլ իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիներից վարակվելով՝ ՀԳՄ անդամ գրողները կարող են հարցնել Լևոն Անանյանին, թե ի՞նչ եղան երկու հեռուստամարաթոնների արդյունքում հավաքված հարյուր հազարավոր դոլարները։

Պարոն Անանյանը, որի փողասիրության մասին ՀԳՄ-ում և սրճարաններում գրողները զավեշտական ու տխուր պատմություններ են պատմում, չխորշեց ինքն իր մասին խոսելիս մեջբերում անել Ավետարանից։ «Ես ուզում եմ վկայակոչել էդ՝ Հովհան… Հովհաննեսի, սուրբ Հովհաննեսի ավետարանի հետևյալ տողերը՝ ես ուզում եմ վկայել իմ մասին, բայց այդ վկայությունը ճշմարիտ է, որովհետև գիտեմ որտեղից եմ եկել և ուր եմ գնում»,- ասաց պարոն Անանյանը...

Տպագիր մամուլի վրա ցեխ շպրտելուց և նրանց ցածր տպաքանակների հաշվով իր ուրախությունը հայտնելուց հետո պարոն Անանյանն անդրադարձավ հեռուստաընկերություններին։ «Մեր հեռուստաընկերությունները, փառք Աստծու, շատ ավելի զուսպ են և ավելի պատասխանատու, բայց էդ մամուլի տեսություններով և հատկապես սկանդալները, սենսացիաները որդեգրելով՝ տիրաժավորում են։ Ի՞նչ ա նշանակում տպագրել խայտառակ փաստեր»։

Երբ ստրկամիտ, սովետից ժառանգած «մտավորական» պիտակը կրող միջակությունը սուսուփուս ծամում է իշխանության ողորմած «հանապազօրյա հացը» և միայն ընտրությունից ընտրություն իր ներկայությամբ «օգնում» իշխանությունների քարոզարշավին, դեռ կարելի է մտածել՝ մարդ ա, էլի, իր վախերով, իր ստամոքսով, բայց որ ՀԳՄ նախագահն իր ուրախությունը հայտնի տպագիր մամուլի տպաքանակի սակավության և հեռուստաընկերությունների կախյալ վիճակի առթիվ, դա արդեն խելքից-մտքից դուրս վարքագիծ է։

Լևոն Անանյանն անդրադարձավ նաև իր մասին մամուլում գրված հոդվածներին ու կարծիքներին։ «Մեկը գրեց, որ ես 1,5 միլիոն եվրո ունեմ «Անելիք» բանկում և ես թալանել եմ Գրողների միության հիմնադրամը։ Էդ խեղճ ու կրակ հիմնադրամն ընդամենը 150 հազար դոլար ուներ»,- լրագրողների աչքերի մեջ նաելով՝ ստեց Լևոն Անանյանը...
Հետո եկավ հարցուպատասխանի ժամանակը, և մենք փորձեցինք Անանյանից ճշտել, թե ինչ եղան հեռուստամարաթոնի ժամանակ թոշակառուների ու բիզնեսմենների նվիրաբերած գումարները, բայց նա չցանկացավ այդ հարցին պատասխանել և զգուշավոր ցրեց. «Դա 4-5 տարի առաջ է եղել, և բոլոր հրապարակումները «Գրական թերթում» կան։ Համբարձում, եթե քեզ որևէ բան հետաքրքրում ա, այնտեղ բոլորը կան։ Ես չեմ ուզում քո հարցին պատասխանել»...

Պարոն Անանյանը մեր մի հարցին հրաժարվեց պատասխանել, մյուսին պատասխանեց գոռգոռալով...

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
«Հրապարակ», Երևան
Տպագրվում է կրճատումներով



ԵՍ՝ «ԿԵՂԱՆՔԻ» ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՍ

Լևոն Անանյանին, մինչև «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդաշարին հյուրընկալվելը, մեկ էլ տեսել էի մեր մեծերի պանթեոնում՝ Հրանտ Մաթևոսյանի գերեզմանին ճառելիս։ Առանձնապես հատկանշական բան չասաց, ինչպես միշտ, բայց, չգիտես ինչու, հիշողությանս մեջ մնացին նրա այն խոսքերը, որ Հրանտը մինչև օրս էլ սովորեցնում է մեզ, թե ինչպիսին պետք է լինի հայ մարդը։ Ահա, ուրեմն, նույն մարդը, կես ժամ շարունակ մեզ սովորեցնում էր, թե Հրանտ Մաթևոսյանից, մեր մյուս երևելիներից և այսօրվա շնորհալի գրողներից բացի, էլի ով կարող է լինել Հայաստանի գրողների միության անդամ։

Հիշողության մեջ մնալու արժանի միտքը, որ հայտնեց մեր գրական աշխարհի առաջնորդը, հետևյալն էր՝ Գրողների միության անդամ կարող են դառնալ բոլորը։ Բավական է մարդը մի քանի բան տպագրած, մի քանի ելույթ ունեցած լինի… Պետրոսի զարմացած հարցին՝ բա տաղա՞նդը, Լևոն Անանյանը հարկ համարեց պատասխանել մի պատկերավոր համեմատությամբ, որ մոտավորապես այսպես հասկացանք. «Գրողների միությունը մի անտառ է, որտեղ կան խոտեր, թփեր, ծառեր։ Անտառում հո միայն կաղնիներ չե՞ն աճում»։

Հրաշալի է։ Երանի Պետրոսը մի ուղիղ հարց տար Լ. Անանյանին. «Բուսական աշխարհի Ձեր թվարկած տեսակներից Դուք, որպես այդ անտառի լիիրավ անդամ, որի՞ն եք պատկանում»։ Երանի տար, բայց չտվեց։ Չտվեց, որովհետև Պետրոսը լրագրող է, որովհետև, ի տարբերություն գրական անտառում աճող մոլախոտերի, տաղանդ ունի, պահի և իր հաղորդման արժեքը լավ է գիտակցում, հասկանում է, թե ինչ է հասարակությունը, ինչ է պետությունը, ինչ է իր պետության անվան հետ կապված ստեղծագործական միությունը...

Այն, ինչ չասաց Պետրոսը, բազմաթիվ անպատասխանատու հայտարարությունների ու մեծախոսությունների տեսքով գեղգեղաց ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը՝ փողոցային բանահյուսության և բառամթերքի բոլոր կանոններով։ Այս մասին մենք կխոսենք քիչ հետո, իսկ հիմա մի շատ կարևոր նորության մասին, որ, ինչպես Պանթեոնում արտասանած նրա նախադասությունը, դեռ երկար կմնա սերունդների հիշողության մեջ՝ «Ես թերթ չեմ կարդում»։ Բրավո, պարոն Անանյան...

Հիմա գանք կղկղանք հիշեցնող Ձեր մրցանակին։ Նույնիսկ այս հարցում չկարողացաք առաջինը լինել։ Վաղուց է, ինչ լրագրողները ժանգոտ կողպեքներ ու բանալիներ են նվիրում զանազան հիմնարկների այն ղեկավարներին, ովքեր ամեն կերպ փորձում են իրենց վստահված ոլորտը հեռու պահել «չար» աչքից։ Բայց, ինչպես ասում են, կրկնությունը գիտության մայրն է։ Եվ մեզ հետաքրքրողն էլ այն հարցն է, թե ինչո՞ւ հիշեցիք հատկապես 37 թվականը։ Գուցե այն պատճառով, որ 37-ին լրագրողներից շատ ավելի հենց գրողնե՞րն են տուժել…

Պարոն Անանյանն իրեն իրավունք է վերապահում եթերով «կիսագրագետ ժուռնալիստ» որակել հայ լրագրողին և, հաշվի առնելով նրա կին լինելը, սպառնալ, թե ինքն էլ կարող է բամբասանքներ տարածել նրա կասկածելի բարոյական նկարագրի մասին (այստեղ չենք կրկնում այդ թեմայով Անանյանի մտասևեռումը)...
Նախ՝ պարոն Անանյանը մարդուն անձնական վիրավորանք հասցնելու համար նոր օրենքով բոլորովին ազատված է քրեական պատասխանատվությունից, հետևաբար, մեռնեմ օրենքին, պարտավոր է լրագրողին վճարել նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը և հատուցել (կուզի՝ մեղայականով, կուզի՝ բնամթերքով) այն լրատվամիջոցի կրած բարոյական վնասը, որի անունը հոլովեց եթերում։

Եթե այսքանից հետո լրատվամիջոցին կամ լրագրողին «Յոթի գործով» դարձյալ դատարան քարշ տան Անանյանի որկորին հագուրդ տալու նպատակով, ես արդեն ստիպված կլինեմ, որպես ստեղծագործական որևէ միության չպատկանող ՀՀ քաղաքացի, որպես մարդ, որին ոչ ոք «37 թիվը հիշեցնող այս օրերին» երեք ռուբլի չի տա նման բան գրելու համար, հայտարարել, որ Անանյանն ու իր վեց ընկերները (1+6) պարզապես խմբակային հանցագործներ են։ Ջհանդամը, թե առաջին «Կեղիքը» ինձ չեն շնորհի՝ բարոյալքված հասարակության անդամիս։

ԷԴԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
«Հրապարակ», Երևան
Տպագրվում է կրճատումներով



ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ

Սրտագին-մտերմական էին հարաբերությունները
հայ և թուրք երկու կուսակցությունների մեջ


(Սկիզբը՝ նախորդ համարներում)

Չէին տեսնում կամ չտեսնելու էին դնում, որ Սալոնիկի զորաբանակի սվինների վրա հաստատված նոր ռեժիմը ծայրահեղորեն նացիոնալիստական ռեժիմ է, և որ երիտթուրքը նույնիսկ Աբդուլ-Համիդից ավելի թշնամի է ամեն մի առանձին ազգային շարժման, որ նրա մեջ ապրողը, գործողը հին միդհատյան իդեալն է՝ բոլոր ազգությունների ձուլումը մի ընդհանուր անվան՝ օսմանացիության մեջ։

...Իսկ հայերը, ինչպես վերևում ասացի, ազատվելով թուրքական հին ռեժիմից, չուզեցին ազատվել նաև իրենց հին ռեժիմից. էլի հայդուկային պաշտամունքը հրապարակ նետեցին, զինվել սկսեցին՝ անկախ կամ գեթ ինքնավար Հայաստան՝ որքան կարելի է շուտ ստեղծելու համար։ Կիլիկիան Հնչակյան կուսակցության գործողությունների վայրն էր։ Հնչակյաններն ամենագրգռիչ դիրք էին բռնում։ Նրանք հրատարակում էին «Ինքնավար Հայաստան» անունով թերթ, դաշնակցում էին ապակենտրոնացում ընդունող թուրք կուսակցության, ասել է՝ երիտթուրքերի կատաղի թշնամիների հետ, զինում էին կիլիկիացիներին, իսկ Ադանայի պոռոտախոս առաջնորդ Մուշեղ եպիսկոպոսը իր քարոզների մեջ խրատում էր, որ ամեն մեկը զենք գնի, պատրաստվի։ Թուրքերն էլ իրենց կողմից էին զինվում։ Եվ մի օր, իհարկե, պիտի գար, երբ այդ զենքերն իրենք իրենց պիտի պայթեին։ Այդպես էլ եղավ Աբդուլ-Համիդի սկսած պետական հեղաշրջման հետևանքով և նրա հետ կապված։ Եվ երիտթուրքերը չպիտի լինեին գլուխ պատռողները, որ թուրքական հին ռեժիմը չջարդի հայկական հին ռեժիմը։ Ընդհակառակը, նրանք իրենք էլ ընդունում էին նույն այդ մեթոդը՝ նոր ռեժիմի միատարր օսմանցիության ռեժիմի հաղթանակի համար։

Այս տեսակ վերաբերմունքը դեպի Ադանայի ջարդը, այնուամենայնիվ, մազի չափ չվնասեց այն մոտիկ բարեկամական հարաբերություններին, որոնք գոյություն ունեին Դաշնակցության և երիտթուրքերի միջև։ Ամենից առաջ հիշատակելի է այն փաստը, որ Ադանայի արյունն այլևս դաշնակցականների ձեռքը չտվեց դիվանագիտական մուրացկանի ցուպը և չուղարկեց նրանց Լոնդոնի, Փարիզի կառավարիչների դռները ծեծելու։ Գարշելի եվրոպապաշտությունից Դաշնակցությունը թվում էր բուժված։ Եթե այս ընդմիշտ էլ չէր, այլ գեթ երկար ժամանակով, չէր կարելի սա չհամարել ինքնադաստիարակության գնահատելի նվաճում։ Ոչ միայն այս։ Օսմանյան պառլամենտում նստած հայ պատգամավորները, մեծագույն մասամբ դաշնակցական, գրեթե լուռ մնացին Ադանայի դեպքերի հանդեպ, չանհանգստացրին երիտթուրքերի կառավարությանը հարցապնդումներով, բողոքներով, պահանջներով։ Եվ երբ «Բյուզանդիոն» լրագրի խմբագիր [Բյուզանդ] Քեչյանն այդ առիթով գրեց, թե հայ պատգամավորները շատ լավ գիտեին, որ եթե խոսելն արծաթ է, լռելը հո ոսկի է, որ ամեն ամիս տրվում է նրանց պետական գանձարանից իբրև ռոճիկ, դաշնակցական խուժանը հարձակվեց նրա վրա և ծեծեց։

Դժվարություններ ստեղծել երիտթուրքերի կառավարության դեմ Դաշնակցությունը չէր ուզում։ Ավելի արտոնված, ավելի տիրապետող դիրք գրավելու համար՝ նա նույնիսկ պաշտոնապես, գրավոր կերպով դաշինք կնքեց երիտթուրքերի կուսակցության հետ և առ ու ծախի առարկա դարձրեց նույնիսկ Ադանայի արյունը։ Ստանալով երիտթուրքերից խոստում, թե առաջիկա պառլամենտական ընտրություններին դաշնակցականներին կտրվի 20 տեղ, այդ հայ հեղափոխական կուսակցությունը ստորագրում է դաշնակցային պայմանագրի այն հոդվածն էլ, որ ասում էր, թե Ադանայի արյունահեղությունը պիտի մոռացության տրվի… Մնում էր, որ հին ավանդական սովորությանը հետևելով՝ Կ.Պոլսի հայոց պատրիարքը բողոք բարձրացնի Ադանայի վերաբերմամբ գործադրված անարդարությունների դեմ։ Ինչպես սովորություն էր, Դուրյան պատրիարքն այդ բողոքի հետ ներկայացրեց և իր հրաժարականը։ Այն ժամանակ նրա դեմ խիստ և երկարատև արշավանք սկսեց Դաշնակցությունը՝ պահանջելով, որ նա ետ վերցնի իր հրաժարականը և, առհասարակ, չխառնվի այնպիսի գործերի մեջ, որոնք զուտ կրոնական հանգամանք չունեն։ Մի պահանջ, որ երիտթուրքերն էլ էին առաջ քաշել։

Այսպես սրտագին-մտերմական էին հարաբերությունները հայ և թուրք երկու կուսակցությունների մեջ։ Երիտասարդ թուրքերը դեռ պատճառ չունեին իրենցից խրտնեցնելու դաշնակցականներին։ 1909-ի պետական հեղաշրջումից հետո խախուտ մի կայունություն էր ստեղծվել նրանց համար։ Հարկավոր էր մրցություն հակառակորդ պահպանողական կուսակցության դեմ, և այդ մրցության մեջ դաշնակցականների աջակցությունը կարևոր էր։ Մերձակցությունը երկու դաշնակից կուսակցությունների շեֆերի մեջ ընդունում էր անձնական-մտերմական կերպարանք։ Այսպես, Մալումյան-Ակնունիի և շատ ազդեցիկ երիտթուրք Թալեաթ-բեյի հարաբերությունները սերտ ընկերական էին։ Ապագան ցույց տվեց, թե ինչ սոսկալի կեղծիք կա այդ բարեկամության մեջ։

Եվ այսպես, Դաշնակցությունը ցույց էր տալիս, որ իր համար այժմ ամեն ինչ է կուսակցական եսամոլությունը։ Թուրքիայում այդպիսի մի արտոնված դիրք ստեղծելը նրա համար շատ կարևոր էր՝ նախևառաջ նկատի առնելով այն տագնապն ու տեռորը, որոնց ենթարկված էր կուսակցությունը Ռուսաստանում։ Հենվելով երիտթուրքերի համակրության վրա՝ Դաշնակցությունը մի ամբողջ արշավանք էր կազմակերպում ցարական բյուրոկրատիայի դեմ՝ դրանով իհարկե մեծ հաճույք պատճառելով ամբողջ օսմանցիությանը, որ շատ լավ գիտեր, թե ցարիզմն է Թուրքիայի դարավոր անհաշտ և ահարկու թշնամին։
Հատված մի թռուցիկից, որ բաց թողեց Դաշնակցությունը կովկասյան բանտարկությունների առիթով։

«Հայրենակիցնե՛ր.
Տասնյակ տարիներ շարունակ հայ հեղափոխության օրրանը հանդիսացող Կովկասն այսօր ցավագնորեն կտնքա բռնապետական բիրտ ուժի տակ... Սահմանի այս կողմը՝ Օսմանյան հողի վրա ազատություն կա այսօր, բայց սահմանի մյուս կողմը ցարիզմի խելացնոր կառավարությունն է իշխողը…»։
Միաժամանակ դաշնակցականները, երիտթուրքերի հետ ձեռք ձեռքի տված, բողոքի և ցասման միտինգներ էին կազմում Կ.Պոլսի հայոց եկեղեցիներում, ուր որոտալից ճառեր էին արտասանում ցարական բռնակալության դեմ…

Մտերմությունն, այո՛, մեծ էր և սքանչելի։ Եվ ո՞վ կարող էր մտքով անգամ անցկացնել, թե ամենաշատը մի տարուց հետո քամին ուրիշ տեղից պիտի փչի և մեր դաշնակցականներին քշի տանի բոլորովին հակառակ ուղղությամբ…
1909-ի հալածանքներն այնքան նեղ կացություն էին ստեղծել դաշնակցականների համար, որ նրանք հնարավորություն չունեին իրենց թերթի խմբագրությունը վարելու։ Խուզարկություններն ու ձերբակալություններն անպակաս էին լինում նույնիսկ խմբագրատան մեջ. այդ պատճառով աշխատակիցները վախենում էին գնալ այնտեղ։ Ամռանը փակված թերթի փոխարեն սկսեց հրատարակվել «Հորիզոն» անունով թերթը...

Աշնան վերջերում իմ դաշնակցական ծանոթներից մի քանիսը սկսեցին երթևեկել ինձ մոտ և առաջարկեցին ինձ հանձն առնել «Հորիզոնի» խմբագրի պաշտոնը։ Ես բացեիբաց մերժեցի՝ ասելով, որ երբեք կուսակցության մարդ չեմ եղել և չեմ կարող կուսակցության թերթ խմբագրել։ Սակայն ինձ հետ բանակցողներն, ինչպես ասվում է մեզանում, ձեռք չվերցրին ինձանից։ Նրանք փոխակերպեցին հարցն այսպես. «Հորիզոնը» կուսակցական թերթ չէ, կազմում է իրենց՝ այդ երեք հոգու սեփականությունը, հրատարակվում է նրանց միջոցներով. նրանք ղեկավարվում են այն ցանկությամբ, որ հրապարակում լինի մի մաքուր և ազնիվ թերթ՝ առաջադիմական ուղղությամբ։ Ինձ տրվում է կատարյալ ազատություն։ Կարող եմ նույնիսկ Դաշնակցության դեմ գրել, քննադատել նրա գործողությունները։

Բացի իմ հիշած երեք անձնավորություններից՝ երկար ժամանակ ինձ համոզում էր նաև դաշնակցական հայտնի շեֆ Խաժակը։ Նա ինձ հավատացնում էր ամենայն անկեղծությամբ, իբրև ազնիվ մարդ, որ ձեռնարկությունը ոչինչ կուսակցական հանգամանք չունի, որ նա զուտ կուլտուրական-գրական մի գործ է։ Այսպես էլ մենք խոսեցինք և պայմանավորվեցինք բանաստեղծ Ավետիք Իսահակյանի մոտ, նրա նշանադրության գիշերը, և ես վերջապես համաձայնությունս տվեցի։ Պիտի ասեմ, որ այս բանակցությունների ժամանակ ես միշտ խորհրդակցում էի իմ երկու մտերիմների՝ Ղազարոս Աղայանի և Հովհաննես Թումանյանի հետ։ Միասին որոշեցինք դարձնել «Հորիզոնը» հայ գրողների օրգան, մանր-մունր հրապարակախոսական առօրեություններից ավել մշակել գրականության հարցերը, բարձրացնել նրա նշանակությունը։ Միայն երկուսի համաձայնությունը ստանալուց հետո էր, թե կաշխատակցեն ինձ, ես վերջնական խոսք տվի, և դեկտեմբերի սկզբին լույս տեսավ «Հորիզոնի» համարը՝ իմ ստորագրությունը կրող մի առաջնորդողով, որի մեջ ես հայտարարում էի, թե «Հորիզոնը» ոչ մի կուսակցության չի պատկանում...

Միայն շատ ուշ, 1917-ի հեղափոխության օրերին, դաշնակցական շեֆ Կարճիկյանը մի վիճաբանության մեջ ինձ ասաց, թե Դաշնակցությունն իր օրգանն է համարել «Հորիզոնը» նաև իմ խմբագրության օրով, երբ նա անկուսակցական էր հայտարարված և հարձակվում էր Դաշնակցության վրա։ Բանից դուրս էր գալիս, որ դաշնակցական կոմիտեն է եղել ինձ մոտ իմ հիշած երեք անձնավորություններին և Խաժակին ուղարկողը, ինձ առաջարկություններ անողը։ Ես ուրիշ բան չգտա անելու այդ հանկարծական հայտնագործման դեմ, բայց միայն դիմեցի միևնույն սեղանի շուրջը նստած երեք անձնավորություններին և ասացի. «Դուք, ուրեմն, խաբեբաներ եք եղել»։ Պատմում եմ այս իբրև Դաշնակցությանը բնորոշող մի փաստ։ Ինքս իմ խղճի և համոզմունքի առջև խաբված չեմ համարում և վկա եմ կանչում իմ բոլոր գրությունները «Հորիզոնի» մեջ։ Սկզբից ևեթ ես քննադատողի դիրք բռնեցի Դաշնակցության դեմ։ Ես էի, որ դատապարտեցի դաշնակցականների համաձայնությունը երիտթուրքերի հետ և Ադանայի աղետը ծախու հանելը լոկ կուսակցական եսամոլության շահերի համար։ Ես էի, որ բողոքեցի Բյուզանդ Քեչյանին ծեծի ենթարկելու դեմ...

Դաշնակցականները համբերում էին, բայց ոչ երկար։ Համբերության բաժակը լցրեց Հովհաննես Թումանյանը, որ մի ուժեղ պատասխան տպեց Կ.Պոլսի այն դաշնակցականների դեմ, որոնք, ինչպես պատմեցի վերևում, բողոքի և զայրույթի միտինգ էին կազմել երիտթուրքերի հետ միասին Ռուսաստանի դեմ՝ դաշնակցականների կալանավորումների առիթով։ Տպավորությունն ուժեղ էր մանավանդ այն պատճառով, որ ինքը՝ նշանավոր բանաստեղծն էլ մեկն էր այդ կալանավորներից. արձակվել էր գրավականով և, իբրև այդպիսին, հիշեցնում էր Կ.Պոլսի դաշնակցականներին, թե նրանք ապրում են մի «ազատ» երկրում, ուր երեկ-անցյալ օրը խողխողվեցին 30 հազար հայեր։ Թիֆլիսի կոմիտեն կատաղությունից գիշերը տպարանից փախցրեց «Հորիզոնի» կլիշեն և հրատարակեց իմ դեմ մի թռուցիկ, որի մեջ ինձ անվանում էր դավաճան։

Ես հարկ եղած պատասխանը տվի «Հորիզոնի» մեջ՝ ասելով, թե չեմ ուզում գործ ունենալ այնպիսի մարդկանց հետ, որոնց համար մարդ սպանելը մի բաժակ ջուր խմելուց էլ հեշտ է։ Եվ վեց ամիս դրամական սոսկալի տագնապի մեջ խմբագրի պաշտոնը վարելուց հետո, ես թողեցի ամեն ինչ և հեռացա։ Աշնան վերջերին, վերադառնալով Թիֆլիս՝ տեսա, որ «Հորիզոնի» խմբագրի պաշտոնի մեջ է Հովհաննես Թումանյանը։ Երեք հոգով՝ նա, Ղազարոս Աղայանը և ես, լծվեցինք խմբագրական գործին։ Հրապարակում երևացել էր մի նոր տիպի մարդ՝ կապիտալիստ Համբարձում Մելիքյանը, որ ուզում էր գնել «Հորիզոնը»։

Դուք տեսաք Դաշնակցության «բանաստեղծությունն» իմ վերաբերմամբ. ես… դավաճան։ Հարցրե՛ք հիմա, թե ինչպես էին վերաբերվում Դաշնակցությանը նրա սիրելիներն ու հարազատները, նրա հացով մեծացողները։ Խաժակը դուրս եկավ բանտից երաշխավորությամբ, և ես հարցրի նրան, թե ինչպես անցավ քննությունը, նա պատասխանեց ամենայն հանգստությամբ. «Ոչինչ։ Ես ասացի, որ դաշնակցական չեմ և ոչ մի Դաշնակցություն չեմ ճանաչում, այլ պարզապես ձախ ուղղության պատկանող մի գրող եմ»... Ոչ ոք, բացի մի երկուսից, քաջություն չունեցավ խոստովանելու, թե ինքն, այո՛, Դաշնակցությանն է պատկանում։ Եվ այս խայտառակ իրողությունը մեծ շփոթություն էր պատճառել Պետերբուրգի այն փաստաբաններին, որոնք հանձն էին առել դուրս գալ Դաշնակցության գործում իբրև պաշտպաններ։ Այնպես որ, նրանցից երկուսը եկել էին Կովկաս՝ հայ հեղափոխական անվանվածներին փոքր-ինչ խրատելու համար։

Ես շատ լավ հիշում եմ այն երեկոն Տիգրան Հովհաննիսյանի մոտ, ուր մենք՝ մի խումբ հայ ինտելիգենտներ, հրավիրված էինք լսելու այդ երկու փաստաբանների (եթե չեմ սխալվում՝ Սոկոլով և Զարուդնի) զեկուցումը։ Լսեցինք։ Նրանք ասում էին, թե դաշնակցականների գործի մեջ պաշտպանների դրությունը շատ դժվարացնում է այն հանգամանքը, որ բոլոր մեղադրվողները միաբերան ժխտում են իրենց պատկանելությունը Դաշնակցություն կուսակցությանը։ Խոսքն այնպիսինների մասին չէ, որոնց պատկանելությունը ապացուցված չէ։ Ցավն այն է, որ Դաշնակցությունից հրաժարվելով հրաժարվում են և այնպիսինները, որոնց դաշնակցական լինելու մասին պարզ և անհերքելի ապացույցներ կան գործի մեջ...

Եվ սակայն, դաշնակցական ինտելիգենցիան ցույց էր տալիս, թե առանց հեղափոխության ինքն ապրել չի կարող, թե նրան հարկավոր է հեղափոխությունը, ուր և ինչպես ուզում է լինի։ Ահա Պարսկաստանի հեղափոխությունը, որ հաջորդել է թուրքականին և երիտթուրքերի կողմից ամեն կերպ աջակցություն գտել։ Պարսկաստանում մի բուռ հայություն կա, որի գոյությունը միշտ նկատվել է իբրև մի շնորհ, որ անում են նրան շահերը, կալվածատերերը և հոգևոր պետերը։ Եվ հանկարծ, այդ փոքրիկ ու խղճուկ ժողովուրդը դառնում է աշխարհ դղրդացնող մի հեղափոխական ուժ, որ ջարդում է շահի զորքերը, շահին փախցնում է։

Ինչպե՞ս է բանն այսպես դառնում։ Կովկասյան հալածանքներից փախած դաշնակցականներ, որոնցից հռչակվում է մանավանդ մեկը՝ Եփրեմ անունով, գնում են Պարսկաստան, միացնում են իրենց հետ զանազան եկվոր տարրերի և սկսում ֆիդայական պատերազմ, որ Պարսկաստանի նման խեղճ և անկազմակերպ մի երկրում, իհարկե, անհամեմատ ավելի մեծ հաջողություն պիտի գտներ, քան Թուրքիայում։ Եվ ահա, ոգևորությունն ու ինքնագովությունը դարձյալ մեծամտության ցույցեր են հանդես բերում Ժնևից մինչև Թավրիզ։ Պարսկաստան է շտապում և գլխավոր շեֆերից մեկը՝ Ռոստոմը։ Ռուսաց կառավարությունն իր շահերին հակառակ է գտնում պարսկական հողափոխությունը, զորքեր է մտցնում Թավրիզ և Սալմաստ ու ամեն տեղ իր առջև ցցված տեսնում Դաշնակցությանը՝ իբրև հակառակորդ։ Դաշնակցականների մի մասը քաշվեց Ռոստոմի հետ դեպի հարավ և անցավ Թուրքիա։ Եփրեմը («Գարիբալդի» հորջորջված դաշնակցական գաղափարախոսներից) սպանվեց, ինչպես և պետք էր սպասել, պարսիկների ձեռքով։ Եվ վերջիվերջո դուրս եկավ, որ այս պարսկական ձեռնարկումը մի արկածախնդրություն էր՝ առանց որոշ նպատակի, հենց այնպես, հեղափոխություն կատարած լինելու համար։

Այս առիթով ես մի բանավեճ ունեցա դաշնակցական գործիչ Արշակ Ղազարյանի հետ «Հորիզոնի» մեջ։ Ես աշխատում էի ապացուցել, որ դաշնակցականներն իրենց ֆիդայական կռիվներով վտանգում են մի բուռ թշվառ ու անպաշտպան պարսակահայ ժողովրդին՝ տալով նրան՝ մահմեդական ծովի մեջ ընկած այդ մի կաթիլին վտանգավոր, քայքայիչ մի տարրի համբավ...
Այս կողմից Հովհաննես Քաջազնունին ինձանից ավելի բախտավոր էր։ Ես նոր կարդացի նրա նշանավոր գրքույկի մեջ («Հ.Յ. Դաշնակցությունն անելիք այլևս չունի»), թե նա ինքն էլ չէր հասկանում այն ժամանակ պարսկական արկածախնդրության բուն միտքը և երբ այս մասին հարցրեց Ռոստոմից, նա ասաց ժպտալով՝ Ռուսաստանից հալածված ենք, երիտթուրքերի հետ հաշտ ենք, ապա ի՞նչ անենք…

Այս, այո՛, բացատրություն է։ Այս, ճիշտ որ՝ պատճառ է… մարդիկ չեն կարող ձեռքերը ծալած նստել։ Մարդիկ չեն կարող գործազրկություն տանել։ Ի՞նչ անենք, որ նրանց գործն էլ հեղափոխությունն է։ Եվ նրանք որոնում էին այդ գործը, ստեղծում էին այն։
Եվ շուտով շատ ու շատ գործեր գտան նրանք իրենց համար։

(շարունակելի)



Վերջին էջ

ԿԱՐԵՎՈՐ ՈՒ ԱՆԿԱՐԵՎՈՐ ՄԱՐԴԻԿ


Չգիտեմ, Աստծո ստեղծած առաջին մարդը կարևո՞ր անձ էր, թե՞ անկարևոր։ Եվ, ընդհանրապես, Ադամ ու Եվայից սերված առաջին երկոտանիները կարևո՞ր անձնավորություն էին, թե՞ անկարևոր։ Սակայն հազարամյակներ հետո մարդիկ բաժանվեցին երկու խմբի՝ կարևոր անձինք և անկարևոր անձինք։ Կարևորների խմբի մեջ մտնում են, անշուշտ, փող և իշխանություն ունեցողները։ Մնացյալը, որ ժողովուրդ է անվանվում և ոչինչ չունի, կազմում է մարդկության անկարևոր կեսը։ Առաջինները շատ բարձր բազկաթոռներ ու պաշտոններ են զբաղեցնում, օգտվում են լայնածավալ իրավունքներից, օրենքներ են սարքում ու օրենքներ շրջանցում, անկարևոր մարդիկ են դատում ու դատապարտում, սպանում ու անպատիժ մնում և այլն։ Կենդանության օրոք սրանք իրենց համար արձաններ ու կիսանդրիներ են պատվիրում, նրանց մասին փաստագրական և գեղարվեստական գրքեր ու կինոնկարներ են սարքվում, ձոներգեր ու քայլերգեր են նվիրում նրանց։

Շատ կարևոր այդ մարդկանց շուրջ, նրանց աթոռ-բազկաթոռների շուրջ վխտում են շատ մարդիկ, ովքեր իրենց կարևոր անձ են ներկայացնում։ Սրանք, ճիշտ է, առաջինների համեմատ պակաս կարևոր են, բայց թեթևակի «եղանակափոխությունների» ժամանակ սրանցից ոմանք, առավել ճարպիկները, կարող են հայտնվել շատ կարևոր անձերի աթոռներին...
Այժմ անցնենք անկարևորներին։ Դա ժողովուրդն է և ընդհանրապես իրենից ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում, քանի դեռ առջևում ընտրություններ ու պատերազմ չկա, քանի դեռ Հայրենիքը վտանգի մեջ չէ և չի զգում նրա կարիքը։ Նրանք այնքան անկարևոր են, որ նույնիսկ իմաստ չունի երկար խոսել նրանց մասին...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



Ո՜Վ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ, Ո՜Վ ԲԱՐՔԵՐ

Ցմահ «երիտասարդ բանաստեղծ», բառեր նկարող, իր նեղանձնական «ես»-ը գրքից գիրք քարշ տվող մի մարդուկ մեկին վիրավորելու համար զազրախոսություն է գրել, որտեղ վերջինիս Աղդամի մոտ հակառակորդին կարևոր տեղեկություններ հաղորդող ազերական լրտես է անվանել։ Կարելի է անուշադրության մատնել հանուն մի փոր հացի ցանկացած սրբություն աղտոտող մարդուկի ախտահարված ուղեղում ծնված այդ բարբաջանքը, բայց երբ մաքրության մասին փորձում է դասեր տալ մինչև կոկորդ տիղմի մեջ խրվածը, որն այդպես էլ ազնվություն չունեցավ արածի համար ներողություն խնդրելու, չես կարող չպատասխանել։

Նախ՝ պատվերով զրպարտագրեր ստորագրող այդ սուբյեկտը լավ կլինի իջնի իր «գրական բարձունքից» և սեփական աչքերով տեսնի, որ Աղդամն արդեն մեկուկես տասնամյակ է գտնվում է սահմանի այս կողմում ու ամրագրված է մեր Սահմանադրությամբ։ Աղդամում և մերձակայքում վաղուց թուրքեր չեն ապրում և, բնականաբար, հնարավոր չէ այնտեղ որևէ ազերու տեղեկություններ հաղորդել։ Եթե մեր պոետը անձնական փորձով կարողացել է հատել ղարաբաղա-ադրբեջանական սահմանային գիծն ու հանդիպել իր նմաններին, դա այլ խնդիր է։

Բայց սա զավեշտի մի կողմն է միայն։ Ժողովրդական առածն ասում է՝ «Շտապիր գողին բռնել, թե չէ՝ գողն է քեզ բռնելու»։ Քանի որ գողին տեղը նստեցնելու փորձ չի արվել, վերջինս փորձել է ուրիշին նստեցնել իրեն՝ գողին պատկանելիք տեղը։ Խոսքը դարձյալ զրպարտչի կոկորդին մնացած Աղդամի մասին է։ Եթե այդ բնակավայրի փոխարեն Միր-Բաշիր կամ Գյանջա գրեր, գուցե նրան պատասխանի չարժանացնեինք։ Բայց նա մատնանշել է հենց Աղդամը, չնայած լավ կաներ, որ իր զրպարտությունը գրելուց առաջ խորհրդակցեր կնոջ հետ...

Սակայն նա այդպես չվարվեց, այլապես այդ քաղաքի անունը լսելով, նրա կողակցի մոտ հաստատ այլ հուշեր կարթնանային, որը նա ոչ մի գնով չէր ցանկանա հիշել։ Խոսքը վերջինիս նախաամուսնական երիտասարդ տարիների մասին է, երբ Աղդամը նրա համար դարձել էր յուրօրինակ աշխատավայր, և նա պարբերաբար այդ քաղաք էր մեկնում հաստատ ոչ կարտոֆիլ վաճառելու, տուրիստական հետաքրքրության կամ «գրական միջոցառումների» մասնակցելու համար...

Ժողովրդական հանրահայտ խոսք կա՝ «Սեփական աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի փուշն է տեսնում»։ Հատկապես երբ, ի ցավ ճիզվիտ-զրպարտչի, այդ ուրիշի աչքում փուշ չկա։ Մի խորհուրդ վերջինիս. հեծանիվ հնարելուց առաջ լավ կանեիր մի անգամ փորձարկեիր այն։ Հայտնի մի խոսք էլ կա՝ «Ծանիր զքեզ»։

Մ. ՕՀԱՆՅԱՆ



ՉԵՆ ՍԻՐՈՒՄ ՀԱՅԵՐԻՆ

«Gallup» հետազոտական կենտրոնը Վրաստանում հարցում է անցկացրել՝ պարզելու համար, թե որ երկրի նկատմամբ դրական վերաբերմունք ունեն վրացիները։ Հարցվածների ճնշող մեծամասնությունը՝ 92 տոկոսը, Վրաստանի ամենամտերիմ երկիրն է համարում Ամերիկայի Միացյալ Նահանգները։ 1500 վրացիներ դրական վերաբերմունք են հայտնել նաև Ադրբեջանի, Ուկրաինայի, Եվրամիության և Թուրքիայի նկատմամբ։

Հայաստանը Վրաստանի մտերիմ երկրների ցուցակում տեղ չի գտել։ Ամենից վատ հարաբերությունները Վրաստանն ունի Ռուսաստանի հետ՝ կարծում է հարցվածների 83 տոկոսը։ Նշենք, որ հարցումն անցկացվել է ԱՄՆ կառավարության պատվերով։ Հիշեցնենք, որ վերջերս վրացական «Կվիրիս Պալիտրաե շաբաթաթերթը հարցում էր անցկացրել 477 քաղաքացիների շրջանում և պարզել, որ վրացիներն իրենց երկրի բարեկամն են համարում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին։ Իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ըստ վրացիների, Վրաստանի բարեկամների ցուցակում վերջին հորիզոնականն էր զբաղեցրել։

Հիշեցնենք, որ օրերս կայացած մանկական «Եվրոտեսիլի» ժամանակ Վրաստանն այդ փառատոնի հաղթող արցախցի Վլադիմիր Արզումանյանին ընդամենը 3 միավոր էր տվել, այն դեպքում, երբ Հայաստանը «եղբայրական» Վրաստանի երգչին 10 միավոր էր նվիրել։



ԿՏՈ՞ ՍԿԱԶԱԼ ՄՅԱՈՒ

Վերջերս Էջմիածնում տեղի ունեցած կուլտուր-մասսայական միջոցառումներից մեկի ժամանակ, երբ հավաքված է եղել Հայաստանի քաղաքական էլիտան, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը դաժան կատակ է արել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ։ Նա մոտեցել է ԱԺ նախագահին, կանգնել նրա կողքին ու ասել՝ «մյա՜ու»։ Հովիկ Աբրահամյանը վեր է թռել, մի պահ կարկամել, հետո ստիպված ծիծաղել՝ ցույց տալու համար, թե հասկանում է, որ կատակ է։
Հիշեցնենք, որ վերջինիս մականունը «Մուկ» է։



ԵՐԿՐԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ 1000 ԱՍՏԵՐՈԻԴՆԵՐ

Հարյուր մետրից մինչև մի քանի կիլոմետր չափսերով մոտ հազար աստերոիդներ սպառնում են Երկիր մոլորակին։ Սրա մասին հայտնել է ՌԳԱ աստղագիտության ինստիտուտի տնօրեն Բորիս Շուստովը՝ հանդես գալով Ցիոլկովսկու անվան Ռուսաստանի տիեզերագնացության ակադեմիայի կոնֆերանսի ժամանակ։ «Երկրին մոտեցող մարմինների քանակը մոտ 7 հազար է, որոնցից հնարավոր վտանգ են ներկայացնում 1000-1200-ը։ Մոտ 150-ը մեկ կիլոմետր և ավել չափ ունեն, իսկ 1000-ը՝ հարյուր մետրից մինչև մեկ կիլոմետր»,- հայտարարել է Շուստովը։

Նրա խոսքերով, կիլոմետրանոց մարմինները գրեթե բոլորը հայտնաբերվել են և հսկողության տակ են գտնվում։ Գիտնականը պարզաբանել է, որ 10 կիլոմետրանոց մարմնի հետ բախման դեպքում Երկրի վրա կյանքը կոչնչանա։ Սակայն նմանատիպ աստերոիդներ Երկրի վրա են ընկնում տասնյակ միլիոնավոր տարիները մեկ։ «1-2 կիլոմետրանոց մարմնի հետ բախումը հսկայական վնաս կպատճառի մոլորակին, իսկ 300 մետրանոց աստերոիդի դեպքում վնասները տեղական մակարդակի կլինեն»,- ասել է ՌԳԱ աստղագիտության ինստիտուտի տնօրենը։ Ըստ նրա, տիեզերական մարմնի հետ բախումը հավասարազոր է միջուկային պայթյունին, միայն այն տարբերությամբ, որ ճառագայթում չի լինի։

«Ապոֆիս աստերոիդի կործանարար ուժը տրոտիլային համարժեքում գերազանցում է Երկրի ամբողջ միջուկային պաշարի հզորությունը»,- հայտնել է գիտնականը։ Միևնույն ժամանակ, նրա խոսքերով, Ապոֆիս աստերոիդի անկումը կբերի միայն տեղական մասշտաբի աղետի։ «Մենք դեռևս չենք կարող ասել, թե ուր կընկնի աստերոիդը։ Հիմա միայն կարող ենք խոսել դրա անկման հավանական տեղի մասին»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ 2036 թվականին Ապոֆիսի հետ Երկրի բախման հավանականությունը շատ փոքր է, և ըստ ամերիկացիների վերջին հաշվարկների, հավասար է 1/250000։



ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԱՍՏՂԸ ԱՐԵԳԱԿԻՑ ՄԵԾ Է 10 ՄԼՆ ԱՆԳԱՄ

Ներկայումս իր առաջատարի դիրքը նոր սուպերգիգանտի զիջած VY աստղը՝ Մեծ Շան համաստեղությունից, այնքան մեծ է, որ եթե նրա մակերևույթի վրայով ինքնաթիռը թռչեր Երկրագնդի համար սովորական՝ 900 կմ/ժ արգությամբ, ապա ամբողջական շրջապտույտն այն կկատարեր 1100 տարում։ Այս ահռելի աստղի պարագիծը կազմում է մոտ 2.8 մլրդ կիլոմետր։

*Վերջին էջի նյութերի մի մասը արտատպված է «Հրապարակ» թերթից



Համարի ասույթը

Անհամեստ, փառասեր ու ագահ մարդը երբեք չի կարող լավ արվեստագետ լինել։ Իսկ իշխանություններից ստացած բարձր պարգևներն ու շքեղ կոչումներն այնքան են դրությունը փրկում, որքան եթե հոտած կաղամբը վարդի փոխարեն դնես ոսկեզօծ ծաղկամանի մեջ։


Ամսվա ասույթը

Երբ արվեստ ու գրականություն են խցկվում մարդիկ, որոնց համար արվեստն ու գրականությունն ընդամենը առևտրի ժանրեր են, դա նշանակում է, որ մեծն Արվեստում համաճարակ է սկսվում։

Комментариев нет:

Отправить комментарий