19.6.11

N 12 (25) (2010)

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ԷՐՆԵԿ ԹԵ ԱՅՍ ՆՈՐ ՏԱՐԻՆ...

«Էրնեկ թե այս Նոր տարին վերջ տար հայի ցավերին,
Չարը կորչեր ու բարին բուն դներ մեր սրտերին»...


Ասվում է հանրահայտ երգում, որի խոսքերը շուրջ մեկևկես դար առաջ գրել է նշանավոր բանաստեղծ Ռափայել Պատկանյանը: Այսօր Հայաստանը, Արցախը պետականություն ունեն, ճանաչված թե չճանաչված անկախ երկիր են, սակայն դարձյալ Ամանորի նախօրյակին երազում ենք՝ «Էրնեկ թե այս Նոր տարին ազատ շնչեր Հայաստան...»: Ժամանակները փոխվել են, բայց մեր իղձերն ու սպասելիքները նույնն են մնացել:

Մի տարի էլ կանցնի պատմության գիրկը, և մենք մի տարով էլ կմեծանանք, ծերանանք, սակայն մշտապես մնալով սեփական սխալներից երբեք դասեր չառնող նույն մանկամիտը: Անկատար մնացած մեր երազներն հիմա էլ կբարդենք գալիք 2011-ի ուսերին:

Ի՞նչ տվեց մեզ 2010-ը: Այս հարցին դժվար է միանշանակ պատասխանել, քանզի «մեզ»-ը շատ լայն հասկացություն է, որի մեջ մտնում ենք թե՛ շարքային քաղաքացիներս, որ ժողովուրդ է կոչվում և դե-յուրե համարվում է այս երկրի տերը, թե՛ իշխանություններն ու սրանց հովանու ներքո բարգավաճող գործարարները, որ Հայոց երկրի տերն են և՛ դե-յուրե, և՛ դե-ֆակտո:

Ժողովրդի վիճակը, մեծ հաշվով, էականորեն չի փոխվել՝ ոմանց բարեկեցությունն աննշան լավացել է, ոմանցը՝ որոշ չափով վատացել: Որոշ չինովնիկներ նոր պաշտոններ են ստացել, ոմանց «ռակիրովկա» են արել այլ պաշտոնյաների հետ, բայց թվաբանական հայտնի կանոնի համաձայն՝ գումարելիների տեղափոխությունից գումարը մնացել է անփոփոխ...

Արտաքին քաղաքական կյանքում կարծես լուրջ փոփոխություններ չեղան, բայց, միևնույն ժամանակ, հատկապես ղարաբաղյան խնդրում տեղի ունեցած շարժերն առավելապես ի վնաս մեզ են: Ազերիների պահանջով, բնականաբար, հայկական կողմի համաձայնությամբ՝ ԵԱՀԿ-ն «հումանիտար ուսումնասիրություններ» կատարեց մեր այն տարածքներում, որ ազերիները, միջազգային հանրությունն ու մեր քաղաքական վերնախավն անվանում են օկուպացված տարածքներ: Հակառակ հայ վերնախավի խոստման, նրանք նույն «սումնասիրությունը» չկատարեցին ազերիների կողմից օկուպացված հայկական տարածքներում, և չեն էլ կատարելու...

Ներքաղաքական կյանքում. Հայաստանի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու առաջարկը մի կերպ մտավ Հայոց խորհրդարան, սակայն ղեկավարող կուսակցության կտրիճները մի մարդու պես լքել են նիստերի դահլիճը, գտնելով, որ դա ժամանակավրեպ է և խանգարում է ԵԱՀԿ ՄԽ գործընթացին, որից հայտնի չէ, թե ինչ սպասելիքներ ունենք: Այդ կտրիճներից պետք էլ չէր այլ բան սպասել, որովհետև մինչ այդ նույն կուսակցության թիմակից ՀՀ նախագահն ի լուր աշխարհի հայտարարել էր, որ եթե Ադրբեջանը պատերզմ սկսի Ղարաբաղի դեմ, Հայաստանը ճանաչելու է ԼՂ անկախությունը: Ասել է թե՝ քանի դեռ Ադրբեջանը չի հարձակվել Արցախի վրա, ՀՀ-ն երբեք չի ճանաչի Ղարաբաղը:

Սակայն հանգիստ թողնենք նաև բազմաչարչար Ղարաբաղյան խնդիրն ու մտածենք գալիք Ամանորի մասին: Ի վերջո, այնքան էլ հաճախ չենք հանդիպում նրան: Ընդամենը տարին մի անգամ:

Ամանորն արդեն ծեծում է մեր դռները: Ի՞նչ սպասելիքներ ու ակնկալիքներ ունենք Նոր տարուց՝ 2011 թվականից: Անձամբ ես ընդամենը մի ցանկություն ունեմ: Գիտեմ, որ դա երբեք չի իրականանալու, բայց եթե դա մի հրաշքով կատարվի, կիրականանան իմ և հազարավոր, տասնյակ հազարավոր, գուցեև հարյուր հազարավոր իմ հայրենակիցների երազանքներից շատերը...

Ես կցանկանայի, որ հասարակ մահկանացուներս Նոր տարվա առաջին արևածագին աչքներս բացենք ու տեսնենք, ո՜վ հրաշք, Հայոց աշխարհի բոլոր մեծ ու փոքր, ամենատարբեր տրամաչափի ապաշնորհ ու տհաս ղեկավարները թռել են Մարս կամ դեռևս չբնակեցված մի այլ մոլորակ: Դեկտեմբերի 31-ի վերջին ժամերին նստել են գերժամանակակից մի աերոբուս կամ բազմատեղանոց մի տիեզերանավ ու թռել մի մոլորակ, որտեղ ծառերի վրա դոլարներ են աճում, իսկ գետնին քարերի փոխարեն ոսկիներ են թափված... Եվ թող նրանք սրտի ուզածի չափ հարստանան, 2-ի փոխարեն 30 կամ 40 դղյակ սարքեն իրենց համար, միլիոնավոր հեկտարներ սեփականաշնորհեն...

Բայց այս ամենը միայն ցանկություն է, որ երբեք չի կատարվելու: Գուցե ճիշտ կլինի շատ ավելի հավանական մի այլ բան ցանկանանք այս Ամանորից առաջ: Ասենք, ցանկանանք, որ այս Նոր տարում Աստված մեզ տալիքից մի ստվար բաժին կտրի և տա բոլոր ապաշնորհ ու տգետ պաշտոնյաներին: Գուցե թե դրանից կշտացած այդ պարոններն այլևս կաշառք չվերցնեն և զանազան զարտուղի ճանապարհով հարստություն կուտակելու մասին մտմտալու փոխարեն ժամանակ ունենան մտածելու մի Բարի գործ կատարելու մասին...

Էրնեկ թե այս Նոր տարին... Դարեր ի վեր այսպես երազում ենք: Մի բան, որ չեն կարող մեզնից խլել, դրանք մեր երազանքներն են, որոնց համար չեն կարող հարկ գանձել կամ պահանջել պարտադիր ապահովագրել դրանք:

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



ԼՈՒՐԵՐ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆԴԵՊ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՑԵԼ Է


ԼՂՀ արտգործնախարարությունից ստացած տեղեկատվության համաձայն, 2010 թ. առաջին 9 ամսիների ընթացքում Արցախ են այցելել 7 հազարից ավելի օտարերկրյա քաղաքացիներ, զգալիորեն ավելի շատ, քան 2009 թվականին, որը վկայում է աշխարհում Արցախի նկատմամբ հետաքրքրության աճի մասին: Չնայած Ադրբեջանի իշխանություններն ամեն կերպ ձգտում են խոչընդոտել օտարերկրյա քաղաքացիների, հատկապես քաղաքական գործիչների այցելությանը Արցախ, անգամ նրանց վախեցնում են «պերսոնա նոն գրատա»-ով, աշխարհի տարբեր երկրաների քաղաքացիների գրավում են Արցախի հնագույն պատմական հուշարձանները, գեղեցիկ բնությունը, տեղի բարյացակամ ու հյուրասեր բնակիչները:

Արցախ այցելողների մեջ հատկապես շատ են եվրոպական երկրների, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Վրաստանի և Թուրքմենստանի քաղաքացիները, որոնց մի մասն այստեղ են գալիս երկրորդ կամ երրորդ անգամ: Արտգործնախարարության վկայությամբ՝ շարունակվում է ընդլայնվել այն երկրների աշխարհագրությունը, որտեղից զբոսաշրջիկներ են այցելում Արցախ: Այս տարի, օրինակ, առաջին անգամ Արցախ են այցելել Գաբոնի և Կոտ Դիվուարի քաղաքացիներ, իսկ վերջին երկու տարում ավելի է մեծացել զբոսաշրջիկների հոսքը հարևան Պարսկաստանից:
Մեր ստացած տեղեկությունների համաձայն, Արցախ այցելած զբոսաշրջիկներն առավելապես այցելում են Ամարաս, Գանձասար, Դադիվանքի վանական համալիր, Ազոխի քարանձավ, որը նախամարդու բնակության հնագույն վայրերից մեկն է, ինչպես նաև վերջերս հայտնաբերված Տիգրանակերտ քաղաքի պեղումների գոտի և այլն:



ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ ՄԱՅԻՍԻՑ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ ԿԸՆԴՈՒՆԻ

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 7-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արտյոմ Մովսիսյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի մայրաքաղաքի օդանավակայանի վերագործարկման հետ կապված հարցեր:

Ստեփանակերտի օդանավակայանում իրականացվող աշխատանքների ընթացքի մասին տեղեկություններ է հաղորդել Արցախի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ատբաշյանը: Նրա ասելով, Ղարաբաղի չճանաչված լինելը խոչընդոտներ է հարուցում անհրաժեշտ տեխնիկա ձեռքբերելու խնդրում, բայց, ամեն դեպքում այդ տեխնիկան հասնում է Ստեփանակերտ:

Տեղական հեռուստատեսությամբ հեռարձակված հաղորդման ժամանակ քաղավիացիայի վարչության ղեկավարը հայտնել է, որ օդանավակայանում արդեն զգալի աշխատանքներ են կատարվել. ձեռքբերված ձայնալուսային սարքավորումները հնարավորություն կտան ինքնաթիռներ ընդունել թե՛ ցերեկային և թե՛ գիշերային ժամերին, իսկ արբանյակային ռադիոնովիգացիան թույլ կտա ինքնաթիռներին վայրէջք կատարել նաև զրոյական տեսանելիության պայմաններում: Օդանավակայանի թռիչքային հատվածի երկարությունը 2.3 կմ է, իսկ թռիչքային աշտարակում տեղադրված տեխնիկան հնարավորություն կտա ինքնաթիռների թռիչքին հետևել մինչև 150 կմ-ից:

Եկող տարվա մայիսից, Ատբաշյանի ասելով, օդանավակայանը կարող է ինքնաթիռներ ընդունել, չնայաց դեռևս կան մի շարք խնդիրներ, այդ թվում՝ փոխհարաբերության հետ կապված որոշ հարցեր պիտի լուծվեն ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի հետ: «Թռիչքների անվտանգության առումով, կասկած չունեմ, թե խնդիրներ կլինեն: Թռիչքների անվտանգությունն ամեն դեպքում ապահովված կլինի»,- ասել է նա և հավելել, որ Ստեփանակերտի օդանավակայանի համար շատ հարմար կլինեն Canadian Regional Jet ընկերության 50 տեղանոց ինքնաթիռները, որոնք ժամում զարգացնում են 800-900 կմ արագություն, իսկ թռիչքի հեռավորությունը մոտ 4 հազար կիլոմետր է:



Հայաստանյան և արտասահմանյան մամուլի էջերից

Կասկած չկա, որ ԵԱՀԿ անդամ երկրների մեծ մասը հետաքրքրված է ղարաբաղյան բանակցային գործընթացի շարունակմամբ և մտահոգված է տարածաշրջանում լարվածության աճով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերով և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը: Նրա խոսքով, գագաթաժողովը կողմերից ոչ մեկին չի աջակցի, սակայն կարտահայտվի բանակցությունների շարունակման օգտին:

«Զգալի առաջընթաց կլիներ, եթե գագաթաժողովում ԵԱՀԿ անդամ-երկրները, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հստակ նշեն, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Կողմերի դիրքորոշումները շատ տարբեր են, և այս փուլում բանակցությունների բեկում սպասել պետք չէ, սակայն քանի որ Ադրբեջանը հայտարարում է, որ, ընդունելով սկզբունքները, իրավունք է վերապահում ղարաբաղյան խնդիրը լուծել այլ ճանապարհով, ապա այդպիսի հստակեցումը քայլ առաջ կլիներ,- նշել է Զատուլինը:- Ստեղծված իրավիճակում այդպիսի հայտարարութունն ինքնին շատ կարևոր կլինի: Կարգավորումը պետք է համապատասխանի միջազգային իրավունքի սկզբունքներին: Խաղաղ գործընթացին այլընտրանք չկա: Այն խափանելու բոլոր փորձերը պետք է կասեցվեն: Ադրբեջանն ամեն անգամ պնդում է, որ մեղավոր չէ շփման գծում տեղի ունեցող միջադեպերի փաստով, սակայն չի ընդունում այդպիսի դրույթ»:

Անդրադառնալով ադրբեջանական իշխանությունների ռազմաշունչ հայտարարություններին, Զատուլինը նշել է, որ Ադրբեջանը պատրաստ չէ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը սկզբունքորեն, այդ պատճառով էլ ավելի հաճախ է դիմում միլիտարիստական հռետորությանը և սադրանքներին: Այդ կերպ Ադրբեջանը փորձում է ուշադրություն գրավել խնդրի չլուծված լինելու վրա և դրդել համանախագահներին՝ ճնշում գործադրել Հայաստանի վրա և ապահովել Ադրբեջանին ձեռնտու վերջնարդյունք:
Զատուլինի կարծիքով, այդպիսի դիրքորոշումը իրականությունից հեռու է և հուզական ընկալման ոլորտում է. «Ադրբեջանը ռազմաշունչ հռետորությամբ արհեստականորեն հայրենասիրություն է գրգռում: Այդ գաղափարախոսության ստեղծողները չեն կարողանա ամբողջությամբ վերահսկել իրավիճակը, ինչը կբերի լայն ռազմական գործողությունների»,- նշել է ռուսաստանցի պատգամավորը: Նրա խոսքով, այդ վտանգը միշտ գիտակցվել է Հայաստանում և Ադրբեջանում:

«Ադրբեջանը պետք է հիշի, որ Հայաստանի հետ պատերազմի ժամանակ հենց Ադրբեջանի ներսում տեղի էին ունենում բազմաթիվ բացասական իրադարձություններ, դավադրություններ, հեղաշրջումներ, սակայն այդ ամենը տեսած մարդիկ գնացել են, իսկ նորերի համար պատերազմը անցյալից եկող ձայն է, որը ծանրացած չէ հիշողություններով», կարծում է Զատուլինը:
Ամփոփելով՝ Զատուլինը նշեց, որ այս պայմաններում բոլոր մարտավարական պայմանավորվածությունները կարևոր են. «Ես ցանակնում են ղարաբաղյան հակամարտության կարգավորում: Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, հետ ստանա իր շրջանները և Հայաստանի հետ պայմանավորվի միջանցքի մասին: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մասին նա խոսում է, ԽՍՀՄ փլուզման պահին արդեն չկար: Ադրբեջանի ճանաչման պահին այդ տարածքն արդեն իր վերահսկողության տակ չէր», - եզրափակել է Կոնստանտին Զատուլինը:



Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ուժի չկիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների, նաև Աքվիլայում ու Մուսկոկում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հռչակած 6 սկզբունքների հիման վրա: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ ԵԱՀԿ գագաթաժողովի ամբիոնից:
Նրա խոսքով, այդ սկզբունքները մեկ ընդհանրություն են, և դրանցից մեկը որպես գերակա ներկայացնելու ցանկացած փորձ կառուցողական չէ և չի նպաստի կարգավորման գործընթացին: Նա ընդգծել է բոլոր երեք սկզբունքների համատեղ կիրառման անհրաժեշտությունը՝ թույլ չտալով դրանց տարանջատումը:
Քլինթոնը նշել է նաև, որ հակամարտությունների չլուծված լինելը խանգարում է կայունությանը ԵԱՀԿ տարածաշրջանում, ուստի կոչ է արել ԵԱՀԿ-ին ակտիվացնել ջանքերը տարածքային կայունության հաստատման ուղղությամբ:



Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ներկայացրել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում ԼՂ խնդրում արձանագրված ձախողումներն ու նահանջները: Հայտարարության համաձայն՝

1. Հայաստանը շարունակել է Լեռնային Ղարաբաղը որպես բանակցությունների լիիրավ կողմ ճանաչելու ԵԱՀԿ 1994 թվականի որոշումն անտեսելու՝ Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքական գիծը, ինչի հետևանքով ԵԱՀԿ-ի և համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարություններից վերացել է Լեռնային Ղարաբաղի հիշատակումը որպես հակամարտության կողմ և բանակցությունների իրավահավասար մասնակից:


2. Համաձայնելով տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների միաժամանակ կիրառմանը (ինչի վրա 1996-ին վետո էր դրել Լևոն Տեր-Պետրոսյանը Լիսաբոնի գագաթնաժողովում)՝ Հայաստանը պաշտոնապես համաձայնություն է տվել, որ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումը իրականացվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

3. Օրակարգից դուրս է հանվել հանրաքվեի դրույթը. այն փոխարինվել է «կամարտահայտում» անհստակ ձևակերպմամբ:
4. Անհստակ և անբավարար լուծում է տրվում Հայաստան - Լեռնային Ղարաբաղ ցամաքային կապի՝ Լաչինի միջանցքի կարգավիճակի սահմանման հարցին:
5. Եթե նախկինում խոսվում էր վերադարձվող տարածքների դեմիլիտարիզացիայի մասին, ապա այսօր խոսքը գնում է այդ տարածքները Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու մասին:

6. Եթե նախկինում խոսվում էր վերադարձվող տարածքներ փախստականների վերադարձի մասին, այժմ արդեն խոսվում է նաև նրանց վերադարձի մասին բուն Լեռնային Ղարաբաղ:
7. Կարգավորման հրապարակված սկզբունքներում ոչ մի խոսք չկա շրջափակումների վերացման մասին:

8. Ստորագրելով Աստանայի հայտարարությունը, Սերժ Սարգսյանը համաձայնել է Մուսկոկայի հայտարարության մեջ օգտագործվող «օկուպացված տարածքներ» տերմինաբանությանը, որն մինչ այսօր երբևէ չի օգտագործվել ոչ ԵԱՀԿ-ի փաստաթղթերում, ոչ էլ եռանախագահության հայտարարություններում:

Անգամ այս նահանջների գնով Սերժ Սարգսյանին չի հաջողվել Ադրբեջանին ավելի կառուցողական դարձնել: Ընդհակառակը, Ալիևի նկրտումներն ավելացել են, և Ադրբեջանի կեցվածքը վկայում է այն մասին, որ օգտագործելով Սերժ Սարգսյանի ռեժիմի թուլությունը և երկրի զարգացումն ապահովելու անընդունակությունը, Ալիևը որդեգրել է Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու մարտավարությունը:
Ըստ ՀԱԿ-ի Աստանան արձանագրել է Հայաստանի նահանջները և դուռ բացել նորանոր պարտությունների համար:



Wikileaks-ի հրապարակած գաղտնի փաստաթղթերի առաջացրած փոթորիկը կարծես հանդարտվում է և արդեն նշմարվում են նոր քաղաքական զարգացումներ: Մասնավորապես, Թուրքիայի հետ կապված փաստաթղթերը լրջորեն կանդրադառնան Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ հռչակած «զրո խնդիր» սկզբունքին: Այս մասին գրում է թուրքական Hurriyet-ի վերլուծաբան Զեյնեփ Գյուրջանլըն:
Թուրք վերլուծաբանը մեկնաբանել է Wiklileaks-ի փաստաթղթերի ազդեցությունը Թուրքիա-Իրան, Թուրքիա-Իսրայել, Թուրքիա-Բալկանյան երկրներ, Թուրքիա-Արևելյան երկրներ հարաբերություններին: Նա անդադարձել է հրապարակած փաստաթղթերին՝ կարևորելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զրույցները ամերիկացի պաշտոնյաների հետ, որտեղ Ալիևը թուրքական կառավարության հասցեին բավականին խիստ արտահայտություններ է թույլ տվել:

«Անկասկած, դրանք Անկարայում շատ ուշադիր ուսումնասիրելու են: Արդեն տեղի ունեցած քննարկումները ցույց են տալիս, որ թուրքական իշխանությունները Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խնդրում այլևս նախկինի պես խիստ չեն կարող լինել»,-նշել է Գյուրջանլըն՝ ընդծելով, որ Հայաստանի հետ հաշտեցումը արդեն ավելի հեշտ կլինի:
Նշենք, որ Wikileaks-ի հրապարակած գաղտնի փաստաթղթերի մեջ հայտնված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բըրնսի միջև 2010-ի փետրվարի 25-ին տեղի ունեցած հարցազրույցը մեծ իրարանցում է առաջացրել թուրքական հասարակությունում: Մասնավորապես, թուրքական մամուլում Ադրբեջանի նախագահի խոսքերը բնորոշվել են, որպես թիկունքից հարված Թուրքիային:

Wikileaks-ի փաստաթղթերում ներկայացվում է, որ Ալիևը, Բըրնսի հետ զրույցի ընթացքում նշել է, թե Ռուսաստանի հետ գազային պայմանագրեր է կնքել, որպեսզի թույլ չտա Թուրքիային դառնալ էներգետիկ կենտրոն:
NEWS.am



Մոսկվայում սկսվել են «Ընդհատված երգը» ֆիլմի նկարահանումները: Գործողության կենտրոնում հանգամանքների բերումով միևնույն հորի մեջ հայտնված հայի և ադրբեջանցու փոխհարաբերություններն են: Հերոսների կերպարների միջոցով ֆիլմում վեր են հանվելու թշնամական ժողովուրդների խճճված հարաբերությունները: 21-30 տարեկան հայ երիտասարդների ֆինանսական միջոցներով նկարահանվող կինոնկարը արդեն հասցրել է մոսկվայաբնակ հայերի և ադրբեջանցիների քննարկման նյութ դառնալ: Ըստ մտահղացման, ֆիլմը պետք է ներկայացնի այն պատմական իրողությունները, որոնք, ղարաբաղյան խնդրից զատ, խոչընդոտում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը:

Ռեժիսոր Արիկ Մանուկյանը գտնում է, որ կինոնկարը հերոսներից որևէ մեկին արդարացնելու նպատակ չի հետապնդում, ինչպես նաև գնահատականներ չի տալու հայ և ադրբեջանցի ժողովուրդների թշնամական փոխհարաբերություններին, ինչը նկատվում է նույնիսկ երկու երկրների նախագահների շփման մեջ:
Ըստ պրոդյուսեր Աշոտ Պողոսյանի, կինոնկարում գեղարվեստական միջոցներով ցուցադրվելու է իրականությունը. հայերն ու ադրբեջանցիները էթնիկապես անհամատեղելի են: «Քաղաքականության մեջ այդ մասին, հնարավոր է, արժե լռել, բայց թաքցնել իրականությունը արվեստում չի կարելի: Պետք է նշել նաև, որ ցանկացած իրավիճակում փոփոխություններ տեսնելու համար նախ պետք է անվանել իրերն իրենց անուններով: Հենց դա ենք մենք փորձում անել «Ընդհատված երգում»: Ճշմարտությունը մեկն է, որքան էլ որոշ մարդիկ անվանեն այն «ատելության սերմանում» կամ «պատերազմի հրահրում»,- ասում է Պողոսյանը: «Ընդհատված երգը» հոգեբանական դրամայի պրեմիերան տեղի կունենա Մոսկվայում 2011թ. գարնանը:



ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանի (որ նաև ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է) և Վիկտոր Դալլաքյանի հետ Արցախում գտնվող ՀՀ ֆուտբոլի երիտասարդական հավաքականի թիմի ավագ և Դոնեցկի «Շախտյորի» խաղացող ճանաչված ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը արցախյան պատերազմի վետերանների միությունում կայացած հանդիպման ժամանակ թանկարժեք տեխնիկա է նվիրել զոհված ազատամարտիկների և հաշմանդամների 10 ընտանիքների: Նա հայտնել է, որ շարունակելու է օջակցել Արցախի կարիքավոր այլ ընտանիքների, իսկ 2011 թվականից մտադիր է օգնել նաև տեղի մանկական հաստատություններին:

Երիտասարդ ֆուտբոլիստին պատերազմի վետերանների միությունը պարգևատրել է «Հայրենիքի պաշտպանի» մեդալով և թանկարժեք նվերներով: Վիկտոր Դալլաքյանը արցախյան շարժման տարեկից ֆուտբոլիստի այդ արարքը խորհրդանշական է համարել և հայտնել, թե այդ քայլը օրինակ կծառայի նաև այլ մարզիկների համար:

Հայաստանյան այս պատվիրակության այցի ժամանակ պարզվել է, որ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան մտադիր է արհեստական ծածկույթով ֆուտբոլային խաղադաշտներ կառուցել Արցախում: Ռուբեն Հայրապետյանը խոստացել է 2012 թվականից ավելի մեծ ֆինանսական աջակցություն ցույց տալ Ղարաբաղում ֆուտբոլի զարգացմեն համար, նշելով, որ Արցախի միջազգայնորեն չճանաչված լինելը խոչնդոտում է Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտում պաշտոնական խաղեր անցկացնելու համար, որն Արցախի երիտասարդներին զրկում է կաշվե գնդակի վարպետների խաղը «բնօրինակով» դիտելու և նրանց հետ հաղորդակցվելու հնարավորությունից: Ռուբեն Հայրապետյանը խոստացել է պարբերաբար ֆուտբոլային խաղեր կազմակերպել Ղարաբաղում:

Արցախում նոր մարզադաշտեր կառուցելը թե որքան կնպաստի ֆուտբոլի զարգացմանը, ցույց կտա ժամանակը: Արցախի մայրաքաղաքի կենտրոնում վաղուց այդպիսի մի մարզադաշտ կա, որը 3 տարի առաջ հիմնովին վերանորոգվել է միայն նրա համար, որ այնտեղ «Արցախյան մեծ հարսանիք» կատարվի: Այն առայսօր չի ծառայում իր հիմնական նպատակին: Խաղադաշտում մեկ-մեկ երեխաները գնդակ են գլորում, իսկ նոր նստատեղերով տրիբունաները մշտապես դատարկ են...
hraparak.am



ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ՝ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Դեկտեմբերի 10-ը Արցախի Սահմանադրության օրն էր: Չորս տարի առաջ՝ 2006 թ. այդ օրը ղարաբաղցիները «այո» ասացին նորանկախ իրենց երկրի հիմնական օրենքին: Միաժամանակ, 1991 թվականին, իր պատմության ամենադրամատիկ ժամանակահատվածում համաժողովրդական հանրաքվեով Արցախը վավերացրեց ազատ ու անկախ ապրելու իր իրավունքը: Սահմանադրության ու համաժողովրդական առաջին հանրաքվեի օրվա նախօրյակին փորձեցինք պարզել՝ արդյո՞ք 19 տարի առաջ անկախությանը կողմ քվեարկած արցախցիներն այսօր էլ նախապատվությունը տալիս են անկախությանը, քանզի 1988 թ. ազգային զարթոնքը սկսվել է Հայաստանին միանալու պահանջով: Փորձեցինք պարզել նաև, թե մարդիկ ինչ կարծիքի են ԼՂՀ հիմնական օրենքի մասին՝ արդյո՞ք կատարյալ են համարում այն: Եվ ճի՞շտ են համարում ազատագրված տարածքներին վերաբերող ձևակերպումը:


ԱՐԹՈՒՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ (ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ) - Դարձյալ կքվեարկեի անկախության օգտին: Ինչ վերաբերում է մեր սահմանադրության կատարելության հարցին, ապա ինչպես աշխարհի երևի թե բոլոր երկրների առաջին Սահմանադրության ընդունումից մի քանի տարի հետո երևան են գալիս թերություններն ու որոշ հոդվածների փոփոխման պահանջ է առաջանում, նույնն էլ վերաբերում է մեր երկրի հիմնական օրենքին: Ազատագրված տարածքների մասին հոդվածը հստակ է գրված: Չպիտի մոռանանք, որ մենք Շահումյան ու Գետաշեն ունենք, որ դեռևս մնում են հակառակորդի վերահսկողության տակ: Եթե մենք գծեինք ներկայիս փաստացի սահմանները, ապա կստացվի, որ հրաժարվում ենք վերոհիշյալ շրջաններից, Մարտակերտի և Մարտունու շրջանների այն տարածքներից, որոնք այսօր գտնվում են սահմանի հակառակ կողմում:

ՆԵՐՍԵՍ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ (ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին և երկրորդ գումարման պատգամավոր) - Ես միշտ էլ եղել եմ Հայաստանի հետ միացման կողմնակից և այսօր էլ այդ առումով այլ կարծիք չունեմ: Ինչ վերաբերում է Սահմանադրությանը, չնայած ես անկախության կողմնակից չեմ, գտնում եմ եմ, որ մենք այնպիսի սահմանադրություն պիտի ընդունեինք, որտեղ ավելի հստակ ձևակերպված լինեին մեր ազգային արժեհամակարգի պահպանմանը, ազգային անվտանգությանը վերաբերող հոդվածները: Միջազգային, ավելի կոնկրետ՝ եվրոպական նորմերով ու չափանիշներով առաջնորդվող Հայաստանի ընդունած սահմանադրությունը այդ առումով խոցելի է դարձնում Հայաստանին, ուստի մենք ոչ թե պիտի նմանակեինք նրա հիմնական օրենքը, այլև ընդունեինք այնպիսի սահմանադրություն, որ ազգային արժեհամակարգի պահպանման խնդրում Հայաստանին հետագայում մեզ հետևելու հնարավորություն տար... Մեր սամանադրության մեջ հատկապես շատ մշուշոտ է ազատագրված տարածքների վերաբերյալ հոդվածը:

ՆԱՐԻՆԵ ՆԱՐԻՄԱՆՅԱՆ (ԼՂՀ արդարադատության նախարար) - Անկախության կողմնակից եմ և, եթե հարկ լինի, կրկին կքվեարկեմ անկախ պետականության օգտին: Աշխարհում կատարյալ ոչինչ չի լինում: Այդ թվում՝ սահմանադրությունը: Կարծում եմ, ժամանակի ընթացքում երևան եկած թերությունները, ժամանակի, կյանքի փորձությանը չդիմացած ձևակերպումները, հոդվածները որոշ ժամանակ հետո ավելի հստակ տեսք կստանան մեր պետության հիմնական օրենքում:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ (ճարտարապետ) - Երևի թե դարձյալ կողմ կքվեարկեի անկախությանը: Սահմանադրությունը կատարյալ լինել չի կարող, որովհետև կյանքը փոփոխվում է, նոր հարցեր ու խնդիրներ են առաջանում, որոնք օրենքով վավերացվելու կարիք ունեն: Սահմանադրությունը խոցելի է հատկապես ազատագրված տարածքների ամրագրման առումով: Ես կողմ եմ ավելի հստակ ձևակերպման:

ՄԱՐԻԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ (Մուրացանի անվան գրադարանի տնօրեն) - Նորից անկախության կողմ կքվեարկեի: Ըստ իս, մեր սահմանադրությունն, ընդհանուր առմամբ, լավ է, կատարյալ է, բայց հարցը միայն հոդվածների լավ կամ կատարյալ լինելու մեջ չէ: Խնդիրն այն է, որ դրանք իրագործվեն կյանքում, օրենքը լինի իր բարձրության վրա: Մինչդեռ, ցավոք, սահմանադրության բոլոր հոդվածները չեն, որ իրագործվում են կյանքում: Հատկապես մարդու իրավունքների հարցում...

ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ (լրագրող) - 1988 թվականին այլ իրավիճակ էր, և բնական է, որ մենք ցույցի և պայքարի դուրս եկանք Հայաստանի հետ վերամիավորվելու պահանջով: Բայց հետո, երբ Ադրբեջանը պատերազմ պարտադրեց մեզ, երբ մենք արդեն անկախ պետություն ենք հռչակել և ունենք մեր սահմանները, այսօր հնարավոր չէ կրկին օրակարգ մտցնել «միացման» խնդիրը: Ինչ կա որ՝ թող հարավկովկասյան տարածաշրջանում երկու հայկական պետություն լինի: Թուրքերը Ադրբեջան և Թուրքիա առանձին պետություններ ունեն, չէ՞: Սահմանադրությունը երբեք կատարյալ չի լինում նույնիսկ, այսպես ասած, կատարյալ, գերզարգացած և հզոր երկրներում: ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան կամ Ֆրանսիան շարունակ փոփոխություններ են կատարում իրենց սահմանադրության մեջ: Այսօր արդեն էական տարբերություններ կան գործող օրենքների և հիմնական օրենքների միջև: Ինչ վերաբերում է ազատագրված տարածքներին, ապա պատերազմի արդյունքում այդ տարածքներն արդեն մեր փաստացի տարածքներն են դարձել և ամրագրված են մեր սահմանադրությամբ:

ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ (գործազուրկ) - Երբ աշխատատեղ չկա, աշխատանք չկա, որ տունդ, ընտանիքդ պահես, ի՞նչ տարբերություն՝ անկախ պետությո՞ւն ենք, թե՞ միացել ենք Հայաստանին: Չնայած, ամեն դեպքում, ես միացման կողմնակից եմ: Սահմանադրությունը, ճիշտն ասած, չեմ կարդացել և կարդալու միտք չունեմ: Մի բան ասեմ՝ սահմանադրությունը կամ մնացած էդ օրենքները սաղ գեղեցիկ ուպակովկա արած դեկորացիաներ են, որ համարյա չեն օգտագործվում կյանքում:

ԿԱՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (շինարար) - Ես կարծում եմ, որ ամենաճիշտը Հայաստանի հետ միանալն է: Սահմանադրության մասին ի՞նչ կարող եմ ասել: Ոչ ես եմ նրան պետք գալիս, ոչ սահմանադրությունն է ինձ պետք գալիս: Ազատագրված տարածքները սահմանադրության մեջ ամրագրելը ամենակարևոր բանը չէ, պետք է դրանք պահելու կոնկրետ ցանկություն լինի: Բայց երբ մենք ասում ենք, թե դրանք հայկական տարածքներ են, մեր հողերն են, ամրագրված են մեր սահմանադրությամբ, իսկ Հայաստանի նախագահը գնում, Ալիևի հետ «բազար է անում» էդ հողերի շուրջ, դա արդեն ես չեմ հասկանում: Այ ախպեր, ասում են՝ երկրի տերը ժողովուրդն է: Հիմա ե՞ս եմ էս հողի տերը, թե՞ Երևանում գտնվող Հայաստանի նախագահը:

ՍԵՐԳԵՅ ԱՎԱՆԵՍՅԱՆ (կենսաթոշակառու) - Միացո՛ւմ: Մենք մի երկիր պիտի լինենք, որ ուժեղ լինենք: Էսպես ասես քանդած ցախավելի ծղոտ լինենք: Հեշտությամբ մեզ կարելի է կոտրել: Սահմանադրությունը կարող է շատ լավն է, բայց եթե էդ հոդվածները մեր մնացած օրենքների պես կամ կիսատ-պռատ են գործում, կամ շրջանցելով, խախտելով, էլ ո՞ւմ է պետք:

ԱՐԹՈՒՐ ԶԱՔԱՐՅԱՆ (Արցախյան ազատամարտի մասնակից) - Մի բան ասեմ՝ անկախությունը նրա համար են հնարել, որ մի խումբ մարդիկ բարձր պաշտոններ ստանան: Մնացած պատճառաբանություններին չեմ հավատում: Սահմանադրության հոդվածները մեկ-մեկ չեմ կարդացել, բայց կարդացել եմ ազատագրված տարածքներին վերաբերող հոդվածը: Մինչև հիմա չեմ հասկանում, թե դա պատերազմում հաղթած երկրի հոդվա՞ծ է, թե՞ պարտված: Տնաշենները էնքան վախեցած են բառերը գրել, ասես... Բայց նույնիսկ կարևորը դա չէ: Ազատագրված այդ հողերը իսկապես մերը կլինեն, եթե բնակեցնենք:

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ (քաղծառայող) - Միացում և միայն միացում: Մենք Հայաստանի հետ միացման պահանջով ենք պայքարի դուրս եկել, որովհետև մեր ուժը իրոք մեր միասնության, այլ ոչ թե տարանջատման մեջ է: Չպիտի համեմատվենք արաբական, մահմեդական աշխարհի հարուստ երկրների հետ, ովքեր ինքնուրույն գոյատևելու հնարավորություն ունեն: Հիշենք, որ մինչևիսկ հսկա գերմանիաներն են միացել, մի ամբողջություն կազմել: Սահմանադրության մեջ թեկուզ ազատագրված տարածքների վերաբերյալ հոդվածը ցույց է տալիս, որ մենք դեռ հեռու ենք կատարյալ սահմանադրություն ունենալուց:

«ՆԷ»



ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԽՆԴՐԵՆՔ ՀԱՐՁԱԿՎԻ՞ ՄԵԶ ՎՐԱ,
ՈՐՊԵՍԶԻ ՀՀ-Ն ՃԱՆԱՉԻ ՄԵԶ


Ինչպես տարբեր առիթներով նշել ենք, Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը միտված միջազգային գագաթնաժողովներին, պաշտոնական հանդիպումներին ու բանակցություններին, որտեղ տասնամյակ շարունակ ԼՂՀ-ի անունից բանակցում են ՀՀ իշխանությունները՝ նախագահի և արտգործնախարարի մակարդակով, այնքան էլ լուրջ չեն վերաբերվում մեզ մոտ: Դեկտեմբերի սկզբին Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովը ևս բացառություն չեղավ: Մեզ հանդիպած պաշտոնյաների մի որոշ մասն անտեղյակ էր ոչ միայն այդ գագաթնաժողովից, այլև այնտեղ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ընդունված հայտարարությունից: Հետաքրքիրն այն է, որ նույնիսկ չեն էլ փորձում իմանալ, այլ քամահրանքով ձեռքներն են թափ տալիս:

Այդուհանդերձ «Նոր էջը» փորձեց իմանալ այն արցախցիների կարծիքը, ովքեր տեղյակ են Ղարաբաղյան խնդրի մասով Աստանայում կայացած գագաթնաժողովի մասին: Ի դեպ, նրանք, ովքեր փորձել են ավելի անկեղծ կարծիք հայտնել, խնդրել են լրիվությամբ չնշել իրենց անունը...

Կարեն Սարգսյան - Միակ դրական քայլ համարում եմ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ելույթը, որտեղ նա խոսել է երեք հիմնական սկզբունքների հավասարազոր լինելու մասին: Այսինքն՝ պարզ հայտարարել է, որ առավելություն չի տալիս տարածքային ամբողջականության սկզբունքին: Իսկ ոչ դրական եմ համարում այն, որ Սերժ Սարգսյանը հայտարարել, թե Ադրբեջանի կողմից Ղարաբաղի դեմ ագրեսիայի, պատերազմի դեպքում Հայաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը: Ի՞նչ է, Ադրբեջանը պիտի պատերազմ սկսի՞, որպեսզի Հայաստանը ճանաչի Արցախի հանրապետությունը: Ստացվում է, որ մենք պիտի խնդրենք թշնամուն, որ հարձակվի մեզ վրա, որպեսզի ՀՀ-ն ճանաչի մեզ: Եթե թշնամին հարձակվի Արցախի վրա, Հայաստանը ոչ թե պիտի ճանաչի ԼՂՀ-ն, այլ Արցախի միացումը Հայաստանին...

Ա. Հայրապետյան - Ես միանշանակ դեմ եմ նման կարգի բոլոր այն հանդիպումներին, որտեղ Ղարաբաղի փոխարեն բանակցում է ՀՀ նախագահը: Էլ ինչո՞ւ ենք մենք նախագահական ընտրություններ անցկացրել, մեզ համար պրեզիդենտ ընտրել, երբ մեր հարցը, մեր երկրի ճակատագիրը ոչ ղարաբաղաբնակը պիտի որոշի: Ես չեմ հասկանում, թե ինչու մեր իշխանությունները Հայաստանից չեն պահանջում դադարեցնել Ղարաբաղի անունից բանակցություններ կոչվող ֆարսը և զբաղվել սեփական երկրի խնդիրներով: Հայաստանը, նրա նախագահները, թեկուզ ծագումով ղարաբաղցի լինեն, իրավունք չունեն մեր փոխարեն որոշելու մեր ճակատագիրը: Վաղը եթե նրանք մեզ համար աննպաստ փաստաթուղթ ստորագրեն, մենք պիտի ուղևորվենք Երևան և այնտե՞ղ բողոքի ակցիա անենք...

Ն. Բեգլարյան - Ինչպես սպասվում էր, այդ գագաթնաժողովում բեկումնային ոչ մի փաստաթուղթ չընդունվեց, որովհետև դրա համար անհրաժեշտ պայմաններ, նախադրյալներ չկան: Դրան պատրաստ չեն թե՛ հակամարտող կողմերը, թե՛ միջնորդները, ովքեր իրենց մեջ այդպես էլ ուժ չեն գտնում կտրուկ գնահատական տալ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հոխորտանքներին: Որպես ձեռքբերում եմ համարում այն, որ կրկին հայտարարվել է հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձի անհեռանկարայնությունը և, բերելով Վրաստանի օրինակը, Ռուսաստանի նախագահը երկիմաստ ակնարկ է արել Ադրբեջանին: Ադրբեջանը կհասկանա՞ դա, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը:

Անահիտ Հարությունյան - Ես կոնկրետ չգիտեմ՝ այդ գագաթնաժողովում ընդունված հայտարարությունը մեզ համար լա՞վ է, թե՞ վատ, բայց, որ այն ստորագրել է ոչ թե մեր երկրի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը, այլ Հայաստանի նախագահը, դա շատ վատ է: Դա նշանակում է, որ մենք շարունակում ենք մեր ճակատագրի հարցում դիտորդի կարգավիճակում մնալ և սպասել, թե ինչպես են վարվելու մեզ հետ, մեր երեխեների ճակատագրի հետ:

Գ. Հովսեփյան - Հայաստանը շարունակ փաստաթղթեր է ստորագրում, որտեղ, խոսվում է ազատագրված հողերը հանձնելու, ադրբեջանցի փախստականների վերադարձի և այլ մեզ համար անընդունելի կետերի մասին: Ոչ մի ազերի Ղարաբաղ չպիտի գա, ազատագրված հողերը որ հանձնենք, հակառակորդը մի նպաստավոր պահ է գտնելու և հարձակվի կրկին իր աքցանի մեջ հայտնված Ղարաբաղի վրա:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԵԿՈՒՑՈՂԸ ԳՏՆՎՈՒՄ ԷՐ ԱՐՑԱԽՈՒՄ

Դեկտեմբերի 18-ից Արցախում էր գտնվում Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, եվրոպական պահպանողականների ու ռեֆորմիստների խմբի ներկայացուցիչ, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբան: Նույն օրը նա Ստեփանակերտում հանդիպել ԼՂՀ փախստականների միության նախագահ Սարասար Սարյանի և այդ կազմակերպության մի խումբ անդամների հետ: Զեկուցողը նշել է, որ Լեռնային Ղարաբաղ իր այցը ճանաչողական է և Հայաստանի վերաբերյալ իր կողմից պատրաստվող զեկույցում մտադիր է արծարծել նաև Ադրբեջանից գաղթած հայ փախստականների հիմնախնդիրները:

Հայ փախստականները Եվրախորհրդարանի անդամին պատմել են 1988-90 թթ. Ադրբեջանում պետականորեն կազմակերպված զանգվածային ջարդերի ու բռնատեղահանությունների մասին, որի արդյունքում շուրջ կես միլիոն ադրբեջանահայեր լքել են իրենց բնակարանները, ունեցվածքը, դրամական միջոցները՝ մի կարպ փրկելով կյանքը, իսկ հարյուրավորները՝ զոհ են գնացել գազազած ամբոխի վայրագություններին: Նրանք հայտնեցին նաև, որ ԼՂՀ-ում ապաստանած ադրբեջանահայերն առայսօր չունեն միջազգային նորմերով սահմանված փախստականի կարգավիճակ և զրկված են մարդասիրական օգնությունից:

Դեկտեմբերի 18-ին Եվրոպական խորհրդարանի պատգամավորին և նրան ուղեկցող պաշտոնյաներին ընդունել է Արցախի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը: Տոմաշ Պորեբան հայտնել է, որ իր նպատակն է անմիջականորեն տեղում ուսումնասիրել Ղարաբաղի իշխանությունների և հասարակության տեսակետները՝ հիմնախնդրի լուծման ընթացքի ու հեռանկարների վերաբերյալ: Աշոտ Ղուլյանն ասաց, որ եվրոպական այդ հեղինակավոր կառույցը կարծես թե սկսել է առավել լուրջ հետաքրքրություն ցուցաբերել ղարաբաղյան կարգավորման նկատմամբ: Ապա նշեց, որ Արցախի ժողովուրդն իր անկախ, ինքնիշխան պետությունը կառուցում է միջազգային նորմերին համապատասխան՝ ուղեցույց ունենալով պետականաշինության եվրոպական ստանդարտները, մինչդեռ, ցավոք, միջազգային հանրությունը համարժեք հետաքրքրություն չի ցուցաբերում ԼՂՀ հանրային-պետական կառավարման ասպարեզում արդեն ձևավորված ու կայացած ժողովրդավարական արժեքների առկայության նկատմամբ:

Արցախի խորհրդարանի նախագահը զրույցի վերջում նշեց, որ բանակցային գործընթացում պարբերաբար նկատվող տեղապտույտները հիմնականում բացատրվում են նրանով, Լեռնային Ղարաբաղը, որպես հակամարտության հիմնական կողմերից մեկը, չի մասնակցում այդ բանակցություններին:
Հաջորժ օրը եվրոպացի պաշտոնյային ընդունել է Արցախի ղեկավարը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: ԼՂՀ նախագահի լրատվական ծառայության վկայությամբ, նրանք կարևորել են Եվրոպայի դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման գործում՝ միաժամանակ ընդգծելով, որ անհրաժեշտ է որակապես նոր լիցք հաղորդել եվրոպական տարբեր կառույցների և Արցախի միջև կապերին: Նրանք նշել են, որ նման այցելությունները թույլ կտան ավելի հստակ պատկերացում կազմել Ղարաբաղում և ամբողջ տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին:



«ԵՀՈՎԱԿԱՆՆԵՐԻՆ» ԿՐԿԻՆ ՄԵՐԺԵՑԻՆ

«Եհովայի վկաներ» կազմակերպությունը, որ մի տարի առաջ հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ բողոքարկելով որպես կրոնական կազմակերպություն պետական գրանցման մերժումը, և ԼՂՀ առաջին ատյանի դատարանը 2009 թ. հոկտեմբերին մերժել էր վերջիններիս հայցը, կրկին դիմել է դատարան: Դեկտեմբերի 3-ին ԼՂՀ ընդհանուր իրավուսության առաջին ատյանի դատարանը դռնբաց նիստում քննելով «ԼՂՀ Եհովայի վկաներ քրիստոնեական կազմակերպության» հայցն ընդդեմ ԼՂՀ կառավարության աշխատակազմի՝ փորձագիտական եզրակացություն տալուն պարտավորեցնելու պահանջի մասին, որոշում է կայացրել՝ մերժել:

Հետաքրքրական է, որ հայցադիմումի մեջ «Եհովայի վկաները» ԼՂՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի վարիչ Աշոտ Սարգսյանին բացարկ են հայտնել, դա պատճառաբանելով նրանով, որ վերջինս «ունի կանխակալ վերաբերմունք Եհովայի վկաների նկատմամբ»: Մեկնաբանելով «եհովականների» այդ քայլը, Ա. Սարգսյանն ասաց. «Ցավալի է, որ Հայաստանից և արտասահմանից հրավիրված իրավապաշտպանները միտումնավոր իմ անձին են վերագրում փորձագիտական եզրակացություն տալու բացառիկ իրավունքը, մոռանալով, որ ես միայն փորձագիտական խմբի երեք անդամներից մեկն եմ: Եթե բացարկ հայտարարելը ԼՂՀ դատարանները ընդունեն, փաստորեն փորձագիտական եզրակացություն տալն անհնար կլինի, քանի որ սահմանված կարգի համաձայն, փորձագիտական խումբը պետք է բաղկացած լինի երեք անդամներից»:

Ի պատասխան այն հարցի, որ որոշ կրոնական համայնքներ Ա. Սարգսյանին մեղադրում են կրոնական կազմակերպությունների մեջ խտրականություն դնելում, վերջինս ասաց, թե կրոնական կազմակերպությունը պետականորեն գրանցված կրոնական համայնքը կամ միավորումն է, և այդ կազմակերպությունների բնականոն գործունեության համար պետք է ապահովվեն նորմալ պայմաններ: Նա ասաց, որ միևնույն ժամանակ, ԼՂՀ, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով բացառիկ դեր է հատկացված Հայ Առաքելական եկեղեցուն, այսինքն՝ էն գլխից «խտրականություն է» դրված կրոնական կազմակերպությունների միջև:

«Ինչ վերաբերում է մյուս կրոնական համայնքներին, որոնք չունեն պետական գրանցում և որոնք հիմնականում աղանդներ են, բնականաբար, ունեն նվազ իրավունքներ, մասնավորապես իրավունք չունեն կրոնական հավաքներ կազմակերպելու, քարոզչություն իրականացնելու, և նրանք հաճախ խախտում են երկրում գործող օրենքները, որպեսզի արդարացնեն այն ֆինանսական ու նյութական միջոցների վատնումը, որ առատորեն տրամադրում են արտերկրի հովանավոր շեֆերը»,- ասաց Ա. Սարգսյանը:

Մեր դիտողությանը, որ հայաստանյան լրատվամիջոցներից մեկը «Եհովայի վկաների» գրանցման մերժումը բացատրել է նրանով, որ խղճի և կրոնական համոզմունքների ազատությունը դեռ Ղարաբաղ չի հասել, Ա. Սարգսյանը պատասխանեց. «Ցավով խոստովանեմ, որ մենք՝ հայերս, սիրում ենք մեր ազգային արժեքները ստորադասել եվրոպական ինչ-որ, այսպես կոչված, վեհ ստանդարտների, որոնց, ի դեպ, այդ նույն Եվրոպայում քամահրանքով են վերաբերում: Օրինակ, Բելգիայում պաշտոնապես ճանաչված են քրիստոնեական 4 ուղղություններ (կաթոլիկությունը, բողոքականությունը, անգլիկանությունը և ուղղափառությունը), իսլամը և հուդայականությունը: Մյուս բոլորը կոչվում են աղանդներ, իրավաբանական ոչ մի կարգավիճակ չունեն և պետությունից նպաստ չեն ստանում: Դրանք, այդ թվում «Եհովայի վկաները», մտցված են «քայքայիչ աղանդավորական կազմակերպության» ցուցակի մեջ: Իսկ «գիտակցության մանիպուլացումը», որով առաջնորդվում են «Եհովայի վկաները» և աղանդավորական այլ կազմակերպություններ, Ֆրանսիայում 2000 թվականից համարվում է քրեական հանցագործություն, որի համար խիստ պատիժներ են սահմանված»:

Ի՞նչ պետք է անել: Ո՞րն է ելքը՝ հարցրինք: «Այս պահին, եթե Արցախին մի բան է անհրաժաշտ, ապա դա համայն հայության հոգևոր և նյութական միասնությունն է: Ներկայումս ազգը տարբեր կրոնական համայնքների բաժանելը ինքնակործանում է»,- պատասխանեց Ա. Սարգսյանը:
«ՆԷ»



ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՉԻ ՓՐԿԻ

Ինձ այս ամեն ինչում հետաքրքրեց մի հանգամանք, փաստորեն, կարիք եղավ, որ Հայաստան հասնի Պլասիդո Դոմինգոն, որպեսզի մենք ազատվենք այս քաղաքապետից (Գագիկ Բեգլարյանից - ՆԷ): Ընդհանրապես արվեստի հետ բախումը շատ ծանր է նստում մեր իշխանության վրա, դա նորություն չէ: Նախորդ նախարարը Ազնավուրի այցի ընթացքում այնքան հուզվեց, որ իր հրամանով անմեղ մարդուն սրճարանի զուգարանում սպանեցին իր թիկնապահները: Էլի թիկնապահներ, էլի խոշոր արվեստագետ… Ուղղակի փորձել կռահել՝ ով պիտի գա հաջորդ անգամ Հայաստան, որ մենք կադրային փոփոխություններ տեսնենք մեր երկրում:

Այդ անձնավորության մականունն ու նրա խառնվածքը բոլորին հայտնի էր, արքունիքի որոշ պնակալեզները արդարանալով և նրան արդարացնելով ասում են, որ այդ մարդու հոգում թատրոն կա: Իսկապես կա թատրոն, բայց դա երևի աբսուրդի թատրոն է, և մենք նման թատրոնի հերթական ներկայացումը տեսանք ու դեռ կտեսնենք: Այս կադրային փոփոխությունները որակական չեն, այդ ամենը որևէ առնչություն չունի աշխատավոր ժողովրդի իրական կյանքի հետ: Այդ մարդիկ չեն ներկայացնում աշխատավոր ժողովուրդը, այն քաղաքացիներին, որոնց վճարված հարկերի շնորհիվ գոյատևում է կառավարությունը, խորհրդարանը, բազմաթիվ այլ պարազիտային հաստատություններ՝ հարկային, մաքսային և այլն:

Չեմ հավատում այդ փոփոխություններին, չեմ հավատում այդ ընտրություններին, չեմ հավատում բարեփոխություններին, որովհետև մենք ունենք անցյալի դառը փորձ, որևէ փոփոխություն հնարավոր է միմիայն ժողովրդի կամքով կատարված, ոչ թե իշխանափոխության, այլ համակարգափոխության դեպքում: Իշխանափոխությունն այլևս Հայաստանը չի փրկի: Մարդիկ, ովքեր իշխանափոխություն են պահանջում, պահանջում են ընտրություններ՝ արտահերթ կամ հերթական, կամ սխալվում են, կամ գիտակցաբար թյուրիմացության մեջ են գցում ժողովրդին:

Հայաստանի փրկության համար համակարգային փոփոխություն է պետք, այն համակարգի, որի խորհրդանիշն են այս մականունով գործիչները, ովքեր չգիտես ինչու համարում են, որ դիվանագիտությունը, խորհրդարանական աշխատանքը դա բիզնես է, իսկ իրենք կարող են ստանալ հսկայական շահույթ ի հաշիվ ժողովրդի: Նախագահի հրամանով նշանակվեց, իր հրամանով էլ ազատվեց: Երևի զբաղված էր, դրա համար էլ ազատվեց: Ի դեպ, նույն օրը, նույն ժամին խորհրդարանում տեղի էր ունենում Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը:

Խորհրդարանի իշխող մեծամասնությունը իր ղեկավարի՝ երևի ՀՀ նախագահի հրահանգով դուրս եկավ դահլիճից, և Արցախի ճանաչման ճակատագրական հարցը մնաց չորոշված: Նշանակում է, որ մեր խորհրդարանը և քաղաքական ղեկավարությունը համարում են, որ Հայաստանի խորհրդարանն ի վիճակի և ի զորու չէ և իրավունք չունի որոշել ազգի համար կարևորագույն հարցեր: Ուրեմն այդ հարցը որոշվում է այլ տեղերում, խորհրդարաններում՝ այլ երկրների հատուկ ծառայությունների խորհրդով: Դա ամենավառ օրինակն է մեր այսօրվա իրավիճակի:

ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆ
կինոռեժիսոր



ԻՆՍՏԻՏՈՒՏՆ Է ԱՓՍՈՍ ԿԱՄ՝ «ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԿԻՐ ԴՐԱԽՏԱՎԱՅՐ»

Վերջին տարիներին մեզանում մի արատավոր ավանդույթ ձևավորվեց. նախարարական պորտֆելները սկսեցին բաժանվել որպես մրցանակ, որպես դրամաշնորհ, որպես մխիթարանք, որպես սնման աղբյուրներ: Նախարարացուներին օրեցօր ավելի ու ավելի նվազ պահանջներ սկսեցին ներկայացվել:
Այնպես որ, հանկարծ պարզվեց, որ տարբեր խեղկատակներ ու աչքածակներ կարող են հայտնվել նախարարական բարձր աթոռներին և նրանց կարող է թվալ, թե այդ աթոռը առատության եղջյուր է, միայն բերք ու բարիք է բերում, արտոնություններ ու մեծարանք, հարգանք ու պատիվ: Իսկ պարտականություննե՞րը: Պարտականությունները ստորադասները կկատարեն, որոնք սովոր են կոնվեյերի նման հոսող, տգետ ու ապաշնորհ նախարարներին ընդունել-ճանապարհելուն:

Արդյունքում՝ մի ողջ ինստիտուտ վարկաբեկվեց՝ նախարարական ինստիտուտը: Պարզվեց, որ ով ասես կարող է նախարար դառնալ՝ չկա ոչ չափանիշ, ոչ արգելք, ոչ կրթական ցենզ, ոչ պաշտոնավարման դպրոց, որով անցնելը մի ժամանակ պարտադիր էր:
Նախարարի աթոռը նաև դարձավ փոխանցիկ դրոշ, որ հարկավոր է հանձնել կուսակցական ընկերոջը, այլ ոչ թե գիտակ մեկին: Թե այդ դրոշը ստանձնելու մի քանի ամսվա կամ մի քանի տարվա ընթացքում այդ վայ-նախարարն ինչ ավերածություններ կգործի և ինչ ժառանգություն կթողնի իր հաջորդին, ոչ մեկին այլևս չի հետաքրքրում: Ինչպես չի հետաքրքրում, թե նոր եկողն ինչ որակներ ունի և որքանով է ծանոթ ոլորտին: Միևնույն է՝ նա չի էլ հասցնի ծանոթանալ, մի քանի ամսից կտանեն մեկ ուրիշ աշխատանքի: Այնպես, ինչպես Տիգրան Դավթյանին ֆինանսների նախարարի պաշտոնից նշանակեցին էկոնոմիկայի նախարար: Մի բան պարզ է, որ կարևորն այս դեպքում որևէ նախարարական պորտֆել տնօրինելն է, և Դավթյանի համար լրիվ մեկ է, թե դա ինչ կլինի: Թեկուզ՝ սպորտի նախարարի:

ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ
«Հրապարակ», Երևան



«ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄԻ» ՆՈՐ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԸ

«Ղարաբաղ Տելեկոմ»-ի ղեկավարի հետ հերթական հանդիպումը հույսեր ներշնչեց, որ այս անգամ «Տելեկոմը» տեղի է տալու արցախցի բաժանորդների դժգոհություններին և վերացնելու է բջջային հեռախոսակապի համար րոպեավճարից բացի ամեն ամիս չգիտես ինչի համար գանձվող 1200 դրամ բաժանորդավճարը: Առանձնապես երբ մինչ այդ «ՂՏ»-ի գործադիր տնօրենը հայտնել էր, որ կապի ոլորտում որակի և սակագների խնդրում «շոշափելի դրական փոփոխություններ կարձանագրվեն»:

Սակայն այս փոփոխությունները բաժանորդներին ձեռ առնելու տպավորություն թողեցին: Բջջային հեռախոսակապի 40 դրամ րոպեավճարն ընդամենը իջեցվել է 2 դրամով: Դրա փոխարեն 17-50 տոկոսով իջեցվել են դեպի Հայաստան և արտերկիր կատարվող հեռազանգերի սակագները: Քաղաքային հեռախոսից Հայաստանի բջջային հեռախոսներին կատարված զանգերի 75 դրամ սակագինը դեկտեմբերի 13-ից դարձել է 45 դրամ, իսկ 2011 թվականից կդառնա 39,39 դրամ, դեպի Ռուսաստան կատարվող զանգերն 80-ի փոխարեն կարժենան 39 դրամ: Ի դեպ, այդ 38 դրամը, 39,39 կամ 39 դրամն ուղղակի շշմելիորեն ազդեցիկ են և ցույց են տալիս, թե «ՂՏ»-ն որքան պատկառանքով է վերաբերում արցախցի բաժանորդների յուրաքանչյուր 1 կամ 0.39 դրամին: Ուղղակի անհասկանալի է, թե ինչու 1200 դրամ բաժանորդավճարն այդպես էլ մնաց անփոփոխ ու կլորիկ, երբ դա էլ, ասենք, կարելի էր դարձնել 1198 դրամ, 1199 կամ 1199,39 դրամ: Միևնույն է, հեռախոսավարձ մուծելիս ոչ մի բաժանորդ չի պահանջելու վերադարձնել 1 կամ 2 դրամը, թեկուզ այն պատճառով, որ շրջանառության մեջ այդպիսի դրամներ չկան...

Մոտավորապես այսպիսին են դրական փոփոխությունները (ՂՏ-ի լեզվով ասած՝ «նոր անակնկալները»), չնայած Ռ. Յիրիկյանը չմոռացավ լրագրողներին հայտնել, որ կապի ոլորտում կատարվող սակագների իջեցումը 2011 թվականին ևս շարունակվելու է: Մնում է հուսալ, որ Արցախի 50 հազար բաժանորդներն այսուհետ կսկսեն եռանդով զանգեր հղել դեպ Հայաստան ու Ռուսաստան, որպեսզի իրենց գրպանում «շոշափելորեն» զգան «Ղարաբաղ Տելեկոմի» դրական փոփոխություները:
hraparak.am



ՆՐԱՆՔ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՄԱՂԹՈՒՄ ԱՐՑԱԽԻՆ

Վերջերս Ստեփանակերտում տեղի ունեցած լրագրողների համահայկական 5-րդ համագումարին մասնակցում էին աշխարհի 26 երկրների խմբագիրներ ու լրագրողներ: Օգտվելով առիթից, զրուցեցի Եգիտոսից և Վրաստանից ժամանած լրագրողների հետ:

Սուրեն Բայրամյանը Կահիրեից է (Եգիպտոս): Արհեստով ատամնաբույժ է, միաժամանակ տեղի «Հուսաբեր» օրաթերթի խմբագիրն է: Թերթը հիմնվել է 1913 թ. և առայսօր լույս է տեսնում չորս էջերով՝ ամբողջովին հայերեն: Հիմնականում տպագրում են հայաստանյան, եգիպտական և սփյուռքահայ կյանքի մասին: Անդրադառնում են նաև մարզական նորություններին, տպագրում գրական ստեղծագործություններ:

Էդուարդ Այվազյանը (Վրաստան) տասնվեց տարեկանից երիտասարդական միության ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում: Հետո ընկերներով հիմնադրել են Ախալցխայի հայկական երիտասարդական կենտրոնը, որտեղ զբաղվում են կրթամշակութային գործունեությամբ և քաղաքականությամբ, հատկապես Ջավախքի հայերի իրավունքների պաշտպանությամբ: Էդուարդը 2007 թ. հիմնել է Akhaltskha.net կայքէջը:
Ավետիս Մովսեսյանը (Եգիպտոս) «Ջահակիր» երկշաբաթաթերթի խմբագիրն է: Թերթը հիմնադրվել է 1948 թվականին: Այն սկզբում ղեկավարում էին հնչակյանները:
- Ինչո՞վ է շնչում հայկական համայնքը:

Ս. ԲԱՅՐԱՄՅԱՆ - Ունենք ազգային երկու վարժարան, որոնցից Նուբարյան ազգային վարժարանը կառուցվել է 1924 թվականին: Կահիրեում կան նաև մարզական միություններ, մշակութային կազմակերպություններ: Լույս են տեսնում «Հուսաբեր» և «Արև» օրաթերթերը, «Ջահակիր» շաբաթաթերթը: Գործում են մանկապատանեկան «Սարդարապատ» պարախումբը, ինչպես նաև «Ծաղկաստան» և սուրբ Գրիգոր եկեղեցուն պատկանող մանկապատանեկան երգչախմբերը: 1950 թվականից գործում է հայկական ռադիոժամ, որն իմ տիկինն է ներկայացնում: Սկզբնական շրջանում 15 րոպե, հետո կես ժամ, իսկ 1977 թվից օրական մեկ ժամ տևողությամբ հայկական հաղորդում է հեռարձակվում:

Է. ԱՅՎԱԶՅԱՆ - Ասօր Ախալքալաք և Բոգդանովկա քաղաքներում վրացիների հազվադեպ կհանդիպեք: Եթե լինեք այդ քաղաքներում, ձեզ կթվա, թե գտվում եք Հայաստանում: Բոլորը խոսում են հայերեն, շատերն անգամ վրացերենին չեն տիրապետում: Հայկական դպրոցները շատ են, հայկական եկեղեցի էլ ունենք: Սակյան, հարկ է նշել, որ անվտանգությունը շատ ուժեղ հետևում է, գրեթե ամենքին հետևում են: Ու եթե մենք մի սուղ հայտարարություն անենք, ապա միանգամից կարող են ձերբակալել կամ մի բան սարքել մեր գլխին:

Մեր հիմնադրած Ախալցխայի հայկական երիտասարդական կենտրոնը 2008 թվականին Վրաստանի ազգային անվտանգությունը շրջափակման մեջ է վերցրել, իսկ ակտիվիստներին ձերբակալել: Ջավախքից այժմ լրատվություն դուրս չի գալիս: Բոլորը վախենում են, ճնշված են, իսկ հայ լրագրողների համաժողովին մասնակցելու մեր նպատակն է, որ ավելի շատ ծանոթներ ձեռք բերենք, որպեսզի մեր անվտանգությունը ինչ-որ չափով պաշտպանեն: Դե, մի քիչ ուրիշ է, երբ լրագրողի են ձերբակալում, ոչ թե հասարակական գործչի: Այսինքն՝ հասարակական գործիչ ենք, բայց նույն ժամանակ նաև լրագրողներ, որը խիստ անհրաժեշտություն է:
- Ասիմիլիացիայի վտանգ ունի համայնքը:

Ա. ՄՈՎՍԵՍՅԱՆ - Ձուլման պարտավորված պիտի ենթարկվինք, որովհետև վերջին տասը տարիներու ընթացքում հատուկենտ սկսած են խառը ամուսնությունները, որոնք մտահոգիչ են գաղութի համար: Մեծամասամբ ամուսնանում են ղպտիներու (արաբ քրիստոնյաների) հետ:
- Հայ երիտասարդությունն ինչո՞վ է զբաղվում: Արտագաղթ նկատվո՞ւմ է ձեզ մոտ:
Ս. ԲԱՅՐԱՄՅԱՆ - Արտագաղթը վերջին տարիներին դադարել է: 1950 թվականի 45 հազար հայերից գաղութում մնացել են ընդամենը հինգ հազար հոգի: Երիտասարդությունը մեծամասամբ խոսում է հայերեն, ազատ ժամերին էլ հավաքվում են հայկական ակումբներում:

Է. ԱՅՎԱԶՅԱՆ - Հայ երիտասարդության մի մասը մեկնում է Երևան՝ սովորելու, և շատ քչերն են վերադառնում: Մյուսները փորձում են գործ գտնել, որ ինչ-որ չափով ապրեն ու գոյատևեն: Հայերից մեծ պաշտոններ գրեթե ոչ ոք չի զբաղեցնում:
- Առաջին անգա՞մ եք Արցախում: Եթե ոչ, ապա ի՞նչ փոփոխություններ եք նկատել:
Ս. ԲԱՅՐԱՄՅԱՆ - Ես առաջին անգամ եմ Արցախում: Մեծ ուրախություն և հոգեկան հուզումնախառն ապրումներով եմ լցված:

Է. ԱՅՎԱԶՅԱՆ - Վերջին անգամ Արցախում եղել եմ 2004-ին: Փոփոխությունները շատ-շատ են: Անգամ ժողովրդի հոգեբանության մեջ էլ են տեղի ունեցել փոփոխություններ: Շատ հատկանիշներով օրինակելի է... Անգամ Հայաստանի Հանրապետությունում նման անկախ օդ, կարելի է ասել, չէի շնչել: Ժողովրդի մտածելակերպը շատ ազգային է, ավելի ուժեղ, պինդ եք կանգնած հայրենի հողի վրա:
Ա. ՄՈՎՍԵՍՅԱՆ - Ես առաջին անգամ եմ Արցախում: Շատ լավ տպավորություններ ունեմ: Ասես Հայաստան եկած ես, ոչ մի տարբերություն:
- Ի՞նչ կմաղթեք արցախցիներին և Արցախին:

Է. ԱՅՎԱԶՅԱՆ - Մնան ինչպես որ կան և ավելի ու ավելի ամրանան, քանի որ միշտ պետք է կատարելագործվել: Ինչպես նաև Ձեր գլխավերևում միշտ խաղաղության աղավնիներ թող թևածեն:
Ա. ՄՈՎՍԵՍՅԱՆ - Ես էլ կցանկանամ, որ Արցախը, որպես հիմնական հակամարտող կողմերից մեկը, մասնակցի Ադրբեջանի հետ բանակցություններուն:
Ս. ԲԱՅՐԱՄՅԱՆ - Ի՞նչ մաղթեմ… Կարծում եմ, բառերս չեն հերիքի… Մեր մաղթանքն է, որ առաջին հերթին Արցախում խաղաղություն տիրի, Արցախը ճանաչվի անկախ և լիիրավ հանրապետություն: Իսկ ժողովրդի կյանքը բոլոր «բանաձևերում» բարգավաճի:

ԱՆԻ ՍԱՎԱԴՅԱՆ
ԱրՊՀ, լրագր. 4-րդ կուրս




ԻՆՉՈ՞Ի ԵՆ ՍՏՈՒՄ ՄԱՐԴԻԿ

Ի՞նչ է սուտը և ինչպե՞ս
խուսափել ստից: Կարո՞ղ է, արդյոք, սուտը փրկել: Այս հարցերի պատասխանը կարող ենք
փնտրել Աստվածաշնչում. «Ամեն վկայություն, որ հակասում է
ճշմարտությանը - սուտ է»:

Ինչո՞ւ են ստում մարդիկ: Բոլորիս կյանքում եղել են դեպքեր, երբ մենք ստել ենք: Պատահական չէ, որ նման դեպքերից հետո, մարդն իրեն վատ է զգում: Եթե մեզ խաբում են, ապա դա մեզ առիթ չի տալիս մտածելու, որ նա վատ դաստիրակություն է ստացել կամ մեզ վատ է վերաբերվում: Իսկ երբ լինում են պահեր, որ մարդ իսկույն պետք է լուծում ընդունի այս կամ այն հարցի շուրջ, ապա մարդ անմիջապես վերանայում է այն բոլոր տարբերակները, որոնք գալիս են նրա գլուխը: Իսկ հետո արդեն մտածում է իր արարքի լավ ու վատ կողմերի մասին:

Շատ հաճախ լինում եմ պահեր, որ մարդ պետք է իր ընկերոջ աչքերին նայելով ասի կամ դառը ճշմարտությունը կամ քաղցր սուտը: Եվ այդ պահին նա մտածում է, թե արդյո՞ք պետք է ասել նրան դառը ճշմարտությունը: Իսկ եթե նա վիրավորվի՞: Իսկ եթե նա մի քաղցր սուտ ասի, ընկերը չի վիրավորվի, և ամեն ինչ լավ կլինի...
Հաճախ մարդիկ չեն մտածում այն մասին, թե ինչ են անում և ինչ են խոսում: Բայց դա վտանգավոր է, քանի որ նման դեպքերում մենք չենք էլ նկատում, թե ինչպես դարձանք ստախոսներ: Չէ՞ որ ստախոսությունը մեղք է: Բոլորն էլ ստում են, նույնիսկ ամենաչնչին դեպքերում: Հաճախ, երբ մեզ զանգում են, իսկ մենք չենք ուզում խոսել, խնդրում ենք ասել, որ տանը չենք: Բայց չէ՞ որ դա էլ է սուտ:

Իսկ որո՞նք են ստախոսությանը բնորոշ նշանները: Երևի մարմնի անհանգիստ շարժումները, հույզերը, աչքերի շարժումները:
Եթե պատմելու ընթացքում մարդ հետ է գնում և նորից մի բան ավելացնում ասածին, ապա նշանակում է, որ նա ճիշտ է խոսում: Քանի որ դժվար է հորինված պատմությունը վերահիշել: Իսկ սուտն իմանալու համար, կարող ենք խոսելիս փոխել թեման: Եթե նա հաճույքով համաձայնվի, ապա նշանակում է, որ նա ստում է:
Ճիշտ է ասված, որ աչքերը հոգու հայելին են: Նայելով մարդու աչքերի մեջ, կարող ենք իմանալ, թե արդյոք նա ստո՞ւմ է, խաբո՞ւմ է մեզ, թե՞ ոչ:
Սակայն մարդը շատ բարդ մեխանիզմ է: Այդ իսկ պատճառով, կարող ես մեկին ճիշտ բացահայտել, իսկ մյուսի հարցում՝ սխալվել: Ուստի ստի բացահայտումը նաև անհատական մոտեցում է պահանջում:

ԵՎԳԵՆՅԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱրՊՀ, լրագր. 4-րդ կուրս



ՄԵՍՐՈՊԱՏԱՌ ՄԵՐ ՈՍԿԵ ԲԱՆԱԼԻՆ

Մեսրոպ Մաշտոց: Այս անունը սուրբ է բոլոր հայերի համար: Նա է մեր հայոց տառերի ստեղծողը: Քանի որ առանց լեզվի չկա ազգ, ուրեմն՝ նա է մեր ազգի հիմնադիրը, նրա պահապանը՝ բոլոր դարերում:
Այսոր ամբողջ հայությունը խոսում է Մաշտոցի այբուբենով: Օտար բռնակալները մեր ազգից շատ բան խլեցին, բայց մեր լեզուն չկարողացան խլել: Մեր ժողովուրդն աչքի լույսի պես պահպանեց Մաշտոցի ստեղծած այբուբենը, մեր հայոց քաղցրաբառ լեզուն:
Այսօր մենք սովորում ենք, աշխարհ ենք ճանաչում հայոց լեզվով: Քիչ սրբություններ չունի մարդ արարածը, բայց, անկասկած, նրա սրբություն սրբոցն իր մայրենի լեզուն է, այդ պատճառով էլ ամենանվիրական բառերը առնչվում են լեզվի, մոր ու հայրենիքի հետ:

Կասկած չկա, որ Մաշտոցից առաջ էլ հայերը կային, որոնք ունեցել են իրենց պատմությունը, արվեստը, կոթողներ են կառուցել, ձուլել արձաններ: Բայց շատ բաներ չհիշվեց, մոռացվեց նախամաշտոցյան դարաշրջանում: Մաշտոցը եկավ, որ դառնա մեր հիշողությունը, մեր գոյության հիշողությունը: Նա մեր մեծագույն քաղաքագետն էր, միաժամանակ հանճարեղ լեզվաբան էր, անմրցակից հետախույզ՝ հնչյունական այն բարդ համակարգի մեջ, որ ունի մեր հայոց լեզուն: Ավարայրի ճակատամարտում Վարդանի հետ էր, և բոլոր դարերում մեր պատմության մշտարթուն ուղեկիցն էր:

Մեր ժողովուրդը շատ դարեր առաջ կորցրեց պետականությունը, իշխանությունը, բանակը, կորցրեց իր բերդաքաղաքները, դարձավ գերի, բայց պահեց իր մեսրոպատառ հայոց լեզուն, պահեց ամեն բանից բարձր, որովհետև լեզուն պետականությունը կորցրած, ստրկացած ժողովրդի համար ամեն ինչ է: Ժողովուրդների պատմական փորձը ապացուցեց, որ երբ ոտնահարված, ստրկացած ժողովուրդը պահում է իր լեզուն, նա ունի իր ազատության բանալին իր ձեռքում: Դարերով հայը արյուն թափեց, բայց իր այդ ոսկե բանալին միշտ պահեց իր հետ: Եվ իր երգի, իր բանաստեղծության, իր էպոսի մեջ լիուլի շռայլեց, հեղեղեց իր բովանդակ հոգին, իր վիշտն ու հույսերը, զայրույթն ու բողոքը, սերն ու կարոտը, տենչանքներն ու իդեալները:

Այսօր, երբ գլոբալիզացիայի անվան տակ օտար քաղաքակրթությունը թափանցում է մեր կյանք, փորձում մեզնից օտարել մեր ազգայինը, մեր արժեքները, մենք պարտավոր ենք ավելի մեծ սիրով ու հարգանքով վերաբերվել մեր մայրենի լեզվին՝ մեսրոպատառ հայոց լեզվին:

ԱՐՄԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ
ԱրՊՀ, լրագր. 4-րդ կուրս



«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏՂԱՆԵՐԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ»... ԱՐՑԱԽԻՑ

Որ իրոք Արցախից մեկնում են, այն էլ, առավել հաճախ, լավագույն կադրերը, ոչ միայն փաստ է, այլև՝ տխուր փաստ է: Վերջին մի քանի տարում Արցախը լքել են տեղի շնորհալի լրագրողները՝ Կարինե Օհանյան, Նաիրա Հայրումյան, Գեղամ Բաղդասարյան... Երևան են մեկնել տարբեր պատճառներով՝ մեկն ամուսնացել է ՀՀ քաղաքացու հետ, մյուսին գործ են առաջարկել, երրորդը մեկնել է մի այլ պատճառով...

Պատճառները թերևս շատ են, իսկ փաստը մեկն է՝ լավագույն կադրերի մի մասը հեռանում է հայրենի երկրից...

Արցախից հեռացածների մի ստվար մասը Երևան է մեկնել տեղի քաղաքական վերնախավի առաջարկով՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում ծառայելու: Նրանցից շատերն այստեղ վաճառել են իրենց տունուտեղը, Երևանում բնակարաններ ձեռք բերել: Հայաստանի մայրաքաղաք մեկնածների մեջ զգալի թիվ են կազմում բարձրագույն չինովնիկների բարեկամները, ընկերները, սրանց ծանոթները: Աստված նրանց հետ: Նրանց լինել-չլինելուց Արցախում ոչինչ չի փոխվում: Ցավը բարձրակարգ մասնագետների, ստեղծագործական մեծ պոտենցիալ ունեցող մարդկանց Արցախից հեռանալու մեջ է: Մարդիկ, ովքեր պատերազմական ծանր տարիներին երբեք չեն լքել մեր երկիրը՝ իրենց ներդրումն ունենալով Արցախի ազատագրական պայքարում:

Ցավոք, Արցախից հեռանում են նաև տաղանդավոր արվեստագետները, որոնց կարիքը պետք է որ շատ ունենա մեր երկիրը, մեր մշակույթը, մեր արվեստը:
Վերջին երկտասնամյակում Արցախում ամենատաղանդավոր երգիչն անկասկած Տիգրան Մկրտչյանն էր: Ծննդով Արթիկից է: Սովորել էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1989-ից տեղափոխվել է Ղարաբաղ: Եկավ, սիրեց Արցախը և մնաց: Մասնակցել է Արցախյան գոյամարտին: Աշխատել է ԼՂՀ երգի-պարի պետական համույթում՝ որպես մեներգիչ, ղեկավարել «Մենք ենք, մեր սարերը» ազգագրական համույթը:

Բազմիցս հանդիպել, զրուցել ենք: Ձգտում էր ազատ ու ինքնուրույն լինել, ազատ հնարավորություն ունենալ ստեղծելու իր համույթը՝ ազգագրական կատարման իր դպրոցը: Եվ 2002-ին ստեղծեց «Վերնատուն» փոփ-ֆոլկ քառյակը, որն աչքի էր ընկնում հայկական երգերի բարձրաճաշակ ընտրությամբ, ինքնատիպ երաժշտամտածողությամբ ու կատարողական վարպետությամբ: Երաժշտասերների շրջանում «Վերնատունը» դարձել էր սիրված երաժտական համույթը: «Վերնատունը» հայկական ազգային երգարվեստ էր քարոզում և տարածում մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանում ու Արցախում մեծ տարածում է գտել ռաբիսը, արևելյան, արաբական-թուրքական ելևեջներով շաղախված թեթև ու էժանագին երաժշտությունը: Տիգրանի ասելով՝ «Վերնատունը» դպրոց է, որի առաքելության նպատակն է դաստիարակել սերունդներին, ուսուցանել նրանց իրենց պապերի ու ապուպապերի երգարվեստը. երգեր, որոնք մեր ազգային հպարտությունն են ու մեր խիղճը, մեր պատիվը, մեր սրբություն-սրբոցը:

Ցավն այն է, որ զրկված լինելով պետական աջակցությունից, քառյակը հիմնականում գոյատևում էր ինքնաֆինանսավորմամբ և որոշ չափով էլ գործարարների հովանավորությամբ: Տիգրան Մկրտչյանը համերգներ է ունեցել Ֆրանսիայում, Ավստրալիայում, Ռուսաստանի, Ուկրաինայի տարբեր քաղաքներում, Մերձբալթյան և նախկին ԽՍՀՄ գրեթե բոլոր հանրապետություններում:
Տիգրանի հետ վերջին հանդիպումներին զգացվում էր, որ մարդու մեջ մեծացել է դժգոհությունը: Մշակույթի նախարարությունում այդպես էլ լիովին չընկալեցին այդ արվեստագետի արժեքը: «Ուզում եմ գնալ: Այլևս անիմաստ եմ համարում այստեղ իմ մնալը,- մի օր ասաց նա:- Արդեն հոգնել եմ իշխանություն ունեցող այդ մարդկանց բացատրել, թե ինչ ասել է Արվեստ, ազգային երաժշտություն...»:

2002 թ. Արցախի իշխանությունները նրան «Վաչագան Բարեպաշտ» մեդալ են տվել, ապա, տևական քաշքշուկից հետո հանրապետության վաստակավոր արտիստի կոչում շնորհել: Բայց արդյո՞ք դա ամենակարևորն է արվեստագետի համար:
Մոտ մի տարի առաջ մի օր էլ թողեց ու մեկնեց Երևան: Նրա մեկնումից չգիտեմ ինչ կորցրեց ինքը, բայց Արցախը կորցրեց մի բարձրակարգ ու անկրկնելի երգիչ ու արվեստագետ, որ կոչվում է Տիգրան Մկրտչյան:
Ընդամենը մի ճակատագիր: Մի մարդու ճակատագիր՝ մի քանի տասնյակներից... Ցավոք, կարծես նույն ճակատագիրն է սպասում նաև մի այլ արվեստագետի՝ պարուսույց Գենադի Բադալյանին, մասնագետ, որի նմաններին Երևանում մի ձեռքի մատների վրա կարելի է հաշվել...

«Լավագույն տղաները հեռանում են...»՝ ասվում է Ռուբեն Հախվերդյանի հայտնի երգում: Ցավոք, հեռանում էին ոչ միայն այն դաժան ու ծանր պատերազմական տարիներին, և հեռանում էին ընդմիշտ, հեռանում են նաև այսօր՝ ազատ ու անկախ մեր երկրից: Վախենում եմ, որ մի օր երբ ինչ-որ մանչուկ հարցնի՝ «Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք», նրան այլևս պատասխանող չլինի: Կամ, լավագույն դեպքում, պատասխանեն... ռաբիսով:

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



ՖՈՒՏԲՈԼԻՍՏ, ՄԱՐԴ, ՔԱՂԱՔԱՑԻ

Հանրահայտ «Ղարաբաղ»-77 թիմի վաղեմի երկրպագուներից եմ: Ժամանակին սեփական հարկի տակ մեր թիմի մասնակցությամբ գրեթե ոչ մի խաղ բաց չեմ թողել: Ֆուտբոլիստներից բոլորին գիտեի: Իսկ երբ ֆուտբոլային իմ կուռքը՝ ԽՍՀՄ ֆուտբոլի չեմպիոն և գավաթակիր Հովհաննես Զանազանյանը Սուրեն Մարտիրոսյանի հետ հրավիրվեց Արցախ, և հայկական ֆուտբոլի երկու նշանավորները դարձան մեր թիմի առանցքային խաղացողները, ավելի կապվեցի մեր ակումբին: Հորս հետ, որ լինելով մեծ ֆուտբոլասեր, «Խորհրդային Ղարաբաղ» մարզային թերթում հաճույքով մեկնաբանում էր արցախյան թիմի խաղերը, բազմիցս հանդիպել եմ Զանազանյանի և մեր թիմի այլ խաղացողների հետ:

Կիսապաշտպան Կառլեն Սիմոնյանին բոլորը «Գալո» մտերմիկ անվամբ էին կոչում: Հիշում եմ, ֆուտբոլային մի հանդիպման ժամանակ տրիբունաների շուրջ գտնվող բարձրախոսներից ներկայացրին մեր թիմի կազմը, ես զարմացա, որ Գալոյի անունը չեն հայտնել, բայց ֆուտբոլիստները «Գալո» են վանկարկում: Հետո միայն իմացա, որ Կառլեն Սիմոնյանը հենց մեր սիրելի կիսապաշտպանն է:
Այդ տարիներին Կառլենի հետ անձամբ ծանոթանալու առիթ չի եղել: Շատ տարիներ հետո միայն մենք ծանոթացանք, երբ նրա խնդրանքով 2009 թ. «Նոր էջի»-ում հրապարակեցի «Ղարաբաղյան ֆուտբոլը՝ խաղից դուրս կամ՝ վերելքներից սրընթաց վայրէջք» հոդվածը: Գրեցի, որովհետև մեր ֆուտբոլի տխուր ներկան նաև ինձ է մտահոգում:

Այնուհետև մտերիմ հարաբերություններ ստեղծվեցին մեր միջև: Գուցեև հիմնական պատճառն այն է, որ Կառլենի մեջ ֆուտբոլիստից, մարզիկից բացի տեսա ազնիվ ու հայրենասեր մարդու, անկրնելի զրուցակցի, որն ինտելեկտով երիցս բարձր է մերօրյա շատ պաշտոնյաներից, քաջատեղյակ է մեր ժողովրդի պատմությանն ու գրականությանը, մեր ազգային արժեքներին...
Ծնվել է Ստեփանակերտում՝ 1954 թվականին: Առաջին պատանի ֆուտբոլիստներից էր, որ 1972 թ. ընդգրկվել է նորաստեղծ ղարաբաղյան թիմի կազմում:

«Մեր ֆուտբոլի պատմության մեջ Կառլենը հատուկ տեղ ունի: 1977 թվականին, երբ Ստեփանակերտի «Ղարաբաղ» թիմը դարձավ Ադրբեջանի չեմպիոն, այդ մեծ հաջողության մեջ մեծ ավանդ ունի նաև նա: Շատ համարձակ ֆուտբոլիստ էր, մինչև վերջ իրեն նվիրում էր մեր թիմի յուրաքանչյուր մրցապայքարին»,- պատմում է նախկին «Ղարաբաղ» թիմի ավագ և մեր ֆուտբոլի աստղերից մեկը՝ Բենիամին Բաբայանը, անփոխարինելի 6-րդ համարը՝ Բենոն:
Իսկ նույն թիմի մի այլ նշանավոր ֆուտբոլիստ, Մոսկվայի բարձրագույն մարզչական դպրոցն ավարտած Գագիկ Ծատրյանն այսպես է բնութագրել իր ընկերոջն ու թիմակցին. «Կառլեն Սիմոնյանը տաղանդավոր էր, որի ճակատագիրը, սակայն, ամեն կերպ փորձեցին խաթարել: Բայց նա մնաց նույն ազնիվ, ասպետական և բարեկիրթ մարդը ինչպես ֆուտբոլում, այնպես էլ կյանքում»:

Երբ «Ղարաբաղը» դարձավ Ադրբեջանի չեմպիոն, տեղական «Սպորտ» թերթում այդ մասին գրել էին սև շրջանակի մեջ: Ազերիների համար դա իրոք սգո օր էր: Նրանք հնարավոր ու անհնարին ամեն ինչ արեցին արցախյան թիմի հաղթարշավը կասեցնելու համար, սակայն նրանց բոլոր ջանքերն անհաջողությամբ պսակվեցին: Դեռ ավելին՝ մեր թիմը չեմպիոնի կոչումը նվաճել էր խաղաշրջանի ավարտից դեռևս երկու տուր առաջ: Այդ թվականից «Ղարաբաղը» մասնակցում էր ԽՍՀՄ վարպետ թիմերի երկրորդ խմբի առաջնությանը: 1979 թ. գրավել է 3-րդ, 1981-ին՝ 4-րդ տեղը:

«Այդ տարիներին քանի որ մենք խաղում էինք ադրբեջանական թիմերի հետ, անընդհատ վեճեր, կոնֆլիկտներ էին ծագում, մեր մրցակիցները շարունակ անթույլատրելի կոպիտ խաղ էին ցուցադրում մեր թիմի հետ հանդիպումների ժամանակ, և նրանց այդ ոչ մարզական վերաբերմունքից, որ երբեք անտարբեր չէր մնում, առաջին հերթին Կառլենն էր,- մեր զրույցը շարունակում է Բենիամին Բաբայանը:- Այդ, այսպես ասած, «մրցապայքարում», նրանց պատասխանն ինքն էր տալիս, որովհետև ցանկացած անարդարության հանդեպ բնավորությամբ լինելով անհանդուրժող, չէր կարողանում անտարբեր մնալ ազերիների կոպիտ արարքների նկատմամբ:
Բենոյին խնդրեցի որևէ հետաքրքրաշարժ դեպք հիշել՝ կապված Կառլենի անարդարություն չհանդուրժող բնավորության հետ:

«1977-ին երբ մենք խաղում էինք Ադրբեջանի առաջնությունում, կարծեմ Իմիշլիում կամ Սաբիրաբադում էր, երբ մրցավարը կոպիտ սխալ թույլ տվեց, նա մրցավարից խլեց սուլիչը,- ծիծաղելով պատմեց Բենիկը:- Մի դեպք էլ հիշեցի: Մի տարի հետո, երբ արդեն խաղում էինք ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնության 2-րդ խմբում, և Կառլենը մեր թիմի հիմնական խաղացողներից մեկն էր, Վրաստանում մեր մրցակիցը տեղի Սամտրեդիայի «Լոկոմոտիվ» թիմն էր: Դա այն թիմերից է, որ սեփական դաշտում գրեթե մշտապես հաղթում էր, որովհետև տեղի ղեկավարությունը մրցավարներին կաշառելով, ինչպես ասում են, «գնում էր» խաղը:

Այդ հանդիպման մրցավարը խմած էր դաշտ մտել: Խաղի վերջին վայրկյաններին մեր տուգանային հրապարակից զգալիորեն հեռու կանոնների խախտում արձանագրեց և մեր դարպասին 11 մետրանոց նշանակեց: Ես, որ մեր թիմի ավագն էի, երկուսով՝ Կառլենի հետ մոտեցանք ու ասացինք՝ էդ ի՞նչ ես անում... Կառլենն այնքան էր ջղայնացած, վրդոված... Մրցավարը փորձեց դեղին քարտ ցույց տալ նրան, իսկ նա սրա ձեռքից խլեց դեղին քարտը: Կարծեմ հետո սուլիչն էլ է խլել կաշառված այդ հիմարի ձեռքից... Կարծեմ այդ խաղն ավարտվել է ոչ-ոքի...»:

Ընկերները գտնում են, որ որպես մարդ ևս Կառլենն անփոխարինելի է, նվիրված ընկեր է, բայց ամենից շատ նա իսկական հայրենասեր է: Ողջ կյանքում մշտապես ձգտում է արդար լինել, լինի սպորտում թե կյանքում: Յուրաքանչյուր անարդար վարմունք նրա մեջ հակառակ ռեակցիա է առաջ բերում, որովհետև բնավորությամբ լինելով օբյեկտիվ, ազնիվ ու արդար, չի հանդուրժում ցանկացած անարդարություն: Նաև դա է պատճառը, որ նրան հարգում էին թե՛ թիմում, թե՛ մարզական աշխարհում:

Ցավոք, բոլորը չէ, որ կարողացան գնահատել նրա մարդկային այդ որակը: Մի անգամ անցանկալի մի միջադեպ եղավ, և նրա դեմ «գործ» ստեղծեցին ու ազատազրկեցին մի քանի տարով: Ասում են՝ այդ տարիներին, տեղյակ չլինելով Կառլենի կյանքում երևան եկած մղձավանջային ժամանակների մասին, նրանով հետաքրքրվում էին խորհրդային ֆուտբոլի շատ մասնագետներ: Այդ թվում՝ հանրահայտ մարզիչ Նիկիտա Սիմնյանը, որը 1973 թվականին Երևանի «Արարատ» թիմին հասցրել էր խորհրդային ֆուտբոլի անհասանելի բարձունքին՝ ԽՍՀՄ չեմպիոնի կոչման ու գավաթակրի: Ի դեպ, Կառլենն այսօր էլ հպարտանում է ֆուտբոլի մեծ վարպետի հետ ունեցած բարեկամական-ընկերական կապով: Եվ վերջինիս հանդեպ հարգանքն է պատճառ դարձել, որպեսզի նա 1987 թ. ծնված իր որդուն կոչի իր կուռքի և տաղանդավոր մարզիչի անունով՝ Նկիտա Սիմոնյան: Վերջինս հոր պես կիսապաշտպան է և մի ժամանակ խաղում էր «Լեռնային Արցախ» թիմում:

Դժվար է ասել, թե ինչ մասնագիտություն կընտրեր Կառլենը, եթե չլիներ անչափ նվիրվածությունը կաշվե գնդակով մարզաձևին: Ինքը երբեք չի մտածել այլ մասնագիտությունների մասին: Իր ասելով, հնարավոր է զինվորական դառնար:
«Արցախյան շարժման, պատերազմի տարիներին Կառլենն ապրում էր Ռուսաստանում: Բայց նա սակավաթիվ այն արցախցիներից է, որ թողեց իր խաղաղ կյանքն ու եկավ Ղարաբաղ՝ ակտիվորեն մասնակցելով ազատագրական մեր պայքարին,- պատմում է Բենիկը:

Բենիամին Բաբայանի հետ զրույցից իմացա, որ Կառլենը մեծ ավանդ ունի նաև պատերազմական տարիներին մեր թիմի կազմավորման գործում: Երբ դեռ մարտեր էին գնում, և ֆուտբոլիստներն էլ էին մասնակցում պատերազմական գործողություններին, նա դիմել է Սերժ Սարգսյանին ու Սամվել Բաբայանին, խնդրելով տղաներից թիմ ստեղծել և հնարավորություն տալ մասնակցելու ՀՀ ֆուտբոլի առաջնությանը: Եվ այդպես էլ եղավ. նրա առաջարկն ընդունվեց: 1992-ին ԼՂՀ պաշտպանության բանակին կից ստեղծվեց ԲՄԱ «Երազանք» թիմը: Թիմի պետ է նշանակվել Կառլեն Սիմոնյանը, գլխավոր մարզիչ՝ Էդիկ Բաղդասարյանը: 1993-ից ՀՀ բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցած «Երազանքը» երկու տարի անց վերանվանվեց ԲՄԱ «Ղարաբաղ»: 1995-ից մինչև 2003 թվականը ԲՄԱ ակումբի նախագահը Կառլեն Սիմոնյանն էր, որին 2002-ին շնորհվել է ՀՀ վաստակավոր մարզիչի կոչում:

2001 թ. «Ղարաբաղ» թիմը դարձել է 2-րդ Համահայկական խաղերի չեմպիոն: Մինչև 1999 թվականը ղարաբաղյան ֆուտբոլային ակումբները մասնակցել են ՀՀ բարձրագույն և առաջին խմբերի առաջնություններին, իսկ «Երազանք» թիմը՝ ՀՀ պատանիների խմբի առաջնությանը: 2003 թվականից հովանավորների և ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի միջև վեճեր ու ինտրիգներ են սկսվում, որի զոհը դառնում է արցախյան թիմը: Հովանավորների պահանջով թիմը հրաժարվում է մասնակցել Հայաստանի առաջնությանը: Ակումբի նախագահ Կառլեն Սիմոնյանը, որ դեմ էր այդ որոշմանը, հովանավորների հրահանգով ազատվում է պաշտոնից:

Վերջում ես ուզում եմ մեջբերել Բենոյի հետ զրույցի ժամանակ վերջինս հայտնած ցավալի մի դիտողությունը. «Առայսօր ես զարմանում եմ, որ կան մարդիկ, ովքեր ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմին, ռազմագործողություններին պարզապես չեն մասնակցել, բայց հետո մեդալ ու շքանշան են ստացել, իսկ Կառլենը, որքան գիտեմ, այդպես էլ ոչ մի պարգև չի ստացել: Եվ, ցավոք, դա արդեն երևույթ է դարձել մեր կյանքում: Խոսքը միայն պարգևների մասին չէ, այլ այն մասին, որ Կառլենի նման արժանի մարդիկ անուշադրության են մատնված, նրանց գիտելքները, կարողությունները չեն օգտագործում»:

Ցավոք, նույնը կարելի է ասել նաև Բենիամին Բաբայանի մասին: Ամիսներ առաջ նրա 60-ամյակն էր: Ականավոր ֆուտբոլիստի հոբելյանի առթիվ, որն այսօր մարզական իր առաքելությունը շարունակում է ԱրՊՀ-ում (դոցենտ է) գրել էր նաև «Նոր էջը», «Ազատ Արցախը», կարծեմ հաղորդում է եթեր արձակել նաև տեղական հեռուստատեսությունը... Իսկ ահա, մեր բարձրագույն իշխանությունները «ոչ տեսել են, ոչ՝ լսել»...
Ու ամենևին չեմ զարմանում, որ Կառլեն Սիմոնյանի նման մասնագետը, երեկվա զինվորը, մարդը, իր երկրին նվիրված քաղաքացին 2003-ից ի վեր անգործ է: Այս երկրում նրա համար «հարմար» գործ չի գտնվում:

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ

Լոբանով-Ռոստովսկին կամենում էր Հայաստանի
լեռնադաշտը, բայց նախապես մաքրված հայերից


(Սկիզբը՝ նախորդ համարներում)

Դաշնակցական–երիտթուրքական մտերմությունն, ինչպես ասացի, երկար չտևեց և չէր կարող տևել: Պատճառն այն էր, որ երկու կազմակերպություններն իրենց կազմվածքով և բովանդակությամբ կատարյալ հակառակորդներ էին: Երիտթուրք կառավարությունը միանգամայն անընդունակ հանդիսացավ բարեփոխություններ մտցնելու պետության ներքին կյանքի մեջ: Նա շարունակ տարված էր արտաքին քաղաքականությամբ և զգում էր, որ պառլամենտական ռեժիմը Թուրքիային այնքան ուժ ու հեղինակություն չտվեց, որ նա կարողանա այժմ, ավելի հաջող՝ քան առաջ, դիմադրել եվրոպական պետությունների ոտնձգություններին, ուստի և պարտություններ էր կրում պարտությունների ետևից: Նա աշխատում էր ավելացնել զինվորական ուժերը ցամաքում և ծովում. այս նպատակով զինվորագրության էր ենթարկում քրիստոնյաներին, բայց հենց դրանով մեծ դժգոհություն էր պատճառում նրանց:

Անկարող լինելով տալ ազգային հարցին նպատակահարմար և բավարար լուծում՝ երիտթրքությունը մնում էր կաշկանդված այն նախապաշարմունքի մեջ, որ ստեղծվել էր նրանց նախահայրերի նեղմտությունից: Այդ այն էր, որ հավատում էին, թե Թուրքիայի դժբախտությունը նրա մեջ ապրող տարբեր ազգություններն են, ոչ միայն այլակրոն (ուրիշ խոսքով՝ ոչ մահմեդական), այլև կրոնակից, բայց այլացեղ (օրինակ՝ քրդերը, արաբները): Այդ պատճառով կուսակցությունը որոշել էր ամեն ջանք գործ դնել պետությունը միատարր թուրքական դարձնելու համար: Եվ այս ուղղությունը դարձնում էր երիտթուրքերի կուսակցությունն ավելի ևս թունդ, անհամբերող, նացիոնալիստական:

Արտաքին քաղաքականության մեջ ուժ ձեռք բերելու համար երիտթուրքերն ընկնում էին Գերմանիայի գիրկը և այդպիսով հեռանում Թուրքիայի ավանդական բարեկամը հանդիսացող Ֆրանսիայից: Գերմանական իմպերիալիզմը, տարված համաշխարհային տիրապետության և համագերմանականության ցնորքներով, Թուրքիան ավելի լավ իրեն հպատակեցնելու համար խրախուսում էր առանց այդ էլ երիտթուրքերի վաղեմի իդեալը կազմող համաիսլամական ձգտումները. այն տարբերությամբ միայն, որ այժմ կրոնակցության հետ միաժամանակ ուժգնորեն առաջ էր քաշվում և ցեղային սկզբունքը: Համաիսլամությունից ավելի հարգված և կարևոր նշանաբան էր դարձվում համաթրքությունը՝ բոլոր թուրք տարրերի միացումը: Այս միացման վրա գերմանական աշխարհակալ ամբարտավանությունը կառուցում էր Կովկասի, Միջին Ասիայի, գուցե նույնիսկ և Հնդկաստանի նվաճումը: Երազվում էր մի այնպիսի մեծ Օսմանյան կայսրություն, որի նմանը չէր եղել:

Այսպիսի ծրագրերով, համաթուրքական լայնատարած պրոպագանդայով էին զբաղված երիտթուրքերը, մինչդեռ պետության ներքին բարեկարգության մասին ոչ մի հոգս չէր տարվում: Այսպես, նրանք ոչ միայն չկարողացան, այլև չկամեցան փոքր-ինչ կարգավորել հողային հարցը Հայաստանում: Այս մի ցավոտ, կնճռալից հարց էր, որ 50-60 տարիներից ի վեր հայ ժողովրդի տառապանքների գլխավոր աղբյուրն էր կազմել և Հայոց հարցի հիմքը: Հողային հարցի մեջ խառնված էին քուրդ ավատական տերերի շահերը: Հին ռեժիմին հարկավոր էին այդ տերերն իբրև ռազմական ուժի ներկայացուցիչներ, և այդ պատճառով հայ գյուղացիության ձայնը խեղդվում էր, և նրա հողերին բռնի տիրացած քուրդ կալվածատիրությունը խրախուսվում և փայփայվում էր ամեն կերպ: Նոր պառլամենտական ռեժիմից սպասվում էր, որ նա այլ կերպ կվերաբերվի հարցին և աշխատավոր գյուղացիության շահերի պաշտպան կհանդիսանա:

Բայց երիտթուրքերը շտապեցին ցույց տալ, որ քուրդ կալվածատերերն իրենց համար նույնքան թանկ են, որքան և հին ռեժիմի համար: 1911թ. ամռանը ամբողջ թուրքահայության մեջ մեծ հուզում տարածեց Մուշի Օսման-փաշան, որ Մուշի գյուղերից մեկում, դիմելով հավաքված քրդերին, ասաց, թե հայերը նեղում են նրանց, կողոպտում ու թալանում են, բայց կառավարությունը չի թողնի նրանց և երբեք թույլ չի տա, որ հայերը տիրանան նրանց հողերին: Սա մի պրովոկացիա էր, որ կատարվում էր կառավարության ներշնչումով և վերացնում հայ-քրդական հարաբերությունների լավացման ամեն մի հույս: Նույն ամռանը սկսեցին լուրեր տարածել, թե պատրաստվում են նոր հայկական ջարդեր Թուրքիայում: Ջարդեր չեղան, բայց հայտնի է, որ առանց կրակի ծուխ չի լինում: Գերմանական աղբյուրները հաղորդում էին, որ հենց այդ ժամանակ երիտթուրքերի կուսակցական ընդհանուր ժողովը որոշել էր իրագործել «Թուրքիան թուրքերի համար» սկզբունքը, այսինքն՝ Թուրքիայի ամբողջ իսլամ ազգաբնակչությանը թուրքացնել լեզվի միջոցով: Հայերի և ուրիշ այլակրոն ցեղերի մասին խոսք անգամ չէր կարող լինել, որոնք պիտի ջարդերի միջոցով վերացվեին մեջտեղից:

Ի՞նչ էր անում այդ ժամանակ Դաշնակցությունը: Տեղյա՞կ էր երիտթուրքերի գաղտնի ծրագրերին: Եթե տեղյակ էլ լիներ, դրանց վերաբերվում էր կատարյալ անտարբերությամբ և անհոգությամբ: Ընկած էր իր ծապլվարական սոցիալիզմի ետևից, գավառներում դպրոցական գործունեությամբ էր զբաղված, ինքնապաշտպանության համար զենքեր էր գնում և բաժանում, իսկ նրա ֆիդայիները պահում էին իրենց ինչպես նվաճողներ: Գրգռումը սաստկանում էր գավառներում, հարստահարությունները և մանավանդ հողերի բռնի հափշտակումները քրդերի և կառավարական պաշտոնյաների ձեռքով շատանում էին, և առաջվա նման Կ.Պոլսի հայոց պատրիարքարանն էր, որ այս առիթով գանգատներ էր ուղարկում թուրք կառավարությանը: Հետզհետե հիասթափություն էր մտնում հայ ազգաբնակչության մեջ: Ռուսաց զորքերը կանգնած էին Սալմաստում, Վանին այնքան մոտ և տեղական հայ ազգաբնակչությունը, միշտ անվստահ իր ապահովության համար, անհամբեր սպասում էր, թե երբ նրանք կգան իրենց երկիրը նվաճելու:

Իսկ արտաքին գործերը գնալով ավելի ու ավելի էին խճճվում: 1911թ. Թուրքիան պատերազմի է բռնվեց Իտալիայի հետ՝ Տրիպոլիի համար. մի պատերազմ, որ տևեց գրեթե մեկ տարի: Դաշնակցությունն անփոփոխ էր պահում իր բարեկամությունը երիտթուրքերի հետ: Բայց 1912-ի պառլամենտական ընտրությունները գալիս էին եթե ոչ իսպառ ավիրելու, գոնե սառնություն մտցնելու այդ հարաբերությունների մեջ: Խոստացված 20 պատգամավորների փոխարեն Դաշնակցությունն ստացավ միայն 12-ը: Սա պարզապես նշանակում էր, թե բարեկամները խաբել են բարեկամներին: Կուսակցական եսամոլությունը սաստկապես վիրավորված էր. թեև մալումյանները և թալեաթները դեռ շարունակում էին իրենց մտերմությունը, սակայն այլևս համերաշխ գործունեության, երկրի ընդհանուր շահերին նվիրվելու գաղափարներն արագ գունատվում էին, ցրտանում: Երկու կողմերն էլ մոռանում էին, որ նոր Թուրքիան հավասարության և ազատության սկզբունքներ է հայտարարել, և երկուսն էլ իրար հանդեպ ուրիշ մի բան չկարողացան անել, բացի միայն հին ռեժիմը կրկնել: Եթե երիտթուրքերը ջանում էին ընդհանուր համիդական ջարդերով ազատվել հայերից, դաշնակցականներն էլ մի նոր գործ էին սկսում՝ երիտթուրքերից Հայոց հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու միջոցով:

Նպաստավոր հանգամանք բերում էր այն, որ 1912-ի աշնանը Թուրքիային պատերազմ հայտարարեց Բալկանյան նորակազմ միությունը (Չեռնոգորիա, Սերբիա, Բուլղարիա և Հունաստան): Հազիվ էր վերջացել իտալական պատերազմը, և ջարդված ու թուլացած Թուրքիան միմյանց ետևից խիստ պարտություններ էր կրում այն փոքր ազգություններից, որոնք մի ժամանակ նրա հպատակներն էին եղել: Դաշնակիցներն իրենց հաղթական զորքերը բերել-հասցրել էին Կ.Պոլսին. և արդեն խոսվում էր այն կոնֆերանսի մասին, որ պիտի հավաքվեր հաշտության պայմաններ մշակելու համար: Եվ հասկանալի է, որ հայ դիվանագետների, ինչպես ասում են, «ջանը քոր է ընկնում»: Ինչպե՞ ս կարելի է, որ մի տեղ կոնֆերանս հավաքվի և հայն իսկույն չկտրի նրա դուռը՝ խնդրագիրը ձեռքին բռնած:

Դաշնակցությունն առանց այդ էլ ցուցադրել էր իր երկդիմությունը: Մինչ Կ.Պոլսի նրա օրգանը հայրենասիրական հոդվածներ էր տպում և պահանջում, որ ամենքը գնան հայրենիքը պաշտպանելու, նրա անվանի և փառավորված խմբապետ Անդրանիկն իր կամավորներով կռվում էր բուլղարական շարքերի մեջ և հաղթություններ էր տանում թուրքերի դեմ: Այս տեսակ մի գործ էր և այն, որ նա նախաձեռնություն հանձն առավ հարուցանելու Հայոց հարցը: Առաջին անգամ խոսք եղավ, ասում են, Կ.Պոլսի Ազգային ժողովի մեջ: Եվ իսկույն հայ դիվանագետները գործի կպան: Ամենից առաջ, իհարկե, Դաշնակցության արտաքին գործերի շրջիկ մինիստր դոկտոր [Հակոբ] Զավրիևը: Այս անգամ կարծում էին, թե Հայոց դատի պաշտպան կհանդիսանա Բուլղարիայի թագավոր Ֆերդինանդը: Նա էր հաղթողը և, բացի դրանից, նա իր մանիֆեստի մեջ ասել էր, թե Բուլղարիայի պատերազմը Թուրքիայի դեմ՝ խաչի պատերազմն է մահիկի դեմ: Եվ հավատացել էին մեր անուղղելի միամիտները և խաչի անունով մի խնդիրք էլ նրան էին տվել:

Բայց սխալ կլինի կարծել, թե նախաձեռնությունը Բոսֆորի ափերում բուսավ: Իսկական նախաձեռնողին, եթե ուզում ենք որոնել, գնանք Թիֆլիսի փոխարքայական պալատ, ուր «հայոց թագավոր» Վորոնցով-Դաշկովն էր նստած: Նիկոլայի կառավարության մեջ հասունացած էր Մերձավոր արևելքում ավելի կտրուկ քաղաքականություն վարելը՝ եվրոպական պետություններից ետ չմնալու համար: Եթե Վիլհելմ կայսրը, իբրև բարձրագույն շահ գերմանական կապիտալիզմի համար, ընտրել էր երեք տառ, երեքն էլ՝ Բ (Բրեմեն-Բեռլին-Բաղդադ երկաթուղի), ապա Նիկոլայն էլ ուներ իր երկու Պ-ն (Պետերբուրգ-Պարսից ծոց): Նա արդեն գտնվում էր այդ ճանապարհի վրա և հասել էր Սալմաստ: Բայց հին, նույնիսկ նախապատմական ժամանակներից մնացած մի ռազմագիտական այբուբեն էր՝ տիրել Հայկական բարձրավանդակին՝ Պարսից ծոցին տիրելու համար: Հարկավոր էր հարմար դիրքեր, համակրություններ ստեղծել այդ լեռների վրա:

Եվ Նիկոլայի կառավարությունը մտածում էր ձեռք վերցնել այն ապուշ քաղաքականությունից, որին կպած էր 1890-ական թվականների հայկական ճգնաժամին: Լոբանով-Ռոստովսկին կամենում էր Հայաստանի լեռնադաշտը, բայց նախապես մաքրված հայերից: Չէր կարող լինել իմպերիալիստական Ռուսաստանի և ոչ մի հատ պաշտոնյա, որ Հայաստան չկամենար: 1877-1878թթ. պատերազմը վերջանալուց հետո արդեն երեխաների համար էլ պարզ էր, որ այնուհետև Ռուսաստանի առջև մի ճանապարհ է մնում դեպի Միջերկրական ծովը՝ Հայաստան: Բեռլինի կոնգրեսի ժամանակ կոմս Լոռիս-Մելիքովը, որ Բեռլինի վրայով անցնում էր արևմտյան Եվրոպա, տեսակցություն ունեցավ հայ պատվիրակների հետ, ասաց նրանց. «Ի՛նչ պահանջելու եք՝ պահանջեցեք Կիլիկիայում: Այս կողմը (Հայաստանը) մեզ թողեք, այս մեր ճանապարհն է»: Հայերն այս բանը չհասկացան և ամբողջ ժամանակ կանգնած էին ռուս կառավարության դիմադրության առաջ: Այժմ գալիս էին այնպիսի ժամանակներ, երբ քաղաքական հանգամանքները ստիպում էին, որ ռուսաց կառավարությունն իր դիվանագիտական միջոցներից մեկը դարձներ Հայոց հարցը:

Կովկասի փոխարքային մնում էր այնպես մշակել հայերին, որ ռուսական դիվանագիտությունն իր միջամտությունը խարսխեր հայերի հատուկ դիմումների վրա: Այստեղ էլ Վորոնցով-Դաշկովի համար հլու գործիք էր դառնում հայ պալատականների շրջանը: Դեռ 1908-1909թթ., երբ Պետական դումայում քննվում էր Կովկասյան համբավավոր հարցապնդումը և աջակողմը կատաղորեն հարձակումներ էր գործում Վորոնցով-Դաշկովի վրա այն պատճառով, որ նա իբր թե հենվում է ոչ թե պետության հլու հավատարիմ թուրքերի, այլ անվստահելի, անջատական ձգտումներով ապրող հայերի վրա, նույնիսկ այս պալատականների նախաձեռնությամբ հայերը մի շարք հեռագրերով և ուղերձներով ցույցեր արեցին ի պատիվ Կովկասի զրպարտված փոխարքայի: Այժմ նրանք տեղեկանալով, որ Վորոնցով-Դաշկովն արդեն հարց է հարուցել Պետերբուրգում, որ փոխվի վերաբերմունքը դեպի Հայկական հարցը, ձեռնարկեցին մի ավելի մեծ գործի՝ ստեղծեցին համբավավոր Ազգային բյուրոն:

Բյուրոյի պաշտոնական արձանագրությունների մեջ այսպես է պատմված այդ հիմնարկության ծննդաբանությունը.
«1912 թվի աշնանը՝ Բալկանյան պատերազմը սկսվելուց հետո, թուրքահայ ժողովրդի վիճակը նորից և բուռն կերպով հայ հասարակության զանազան խավերի մտահոգության առարկա դարձավ: Մի կողմից՝ հնարավոր ջարդերի սպառնալիքը և մյուս կողմից՝ Թուրքիայի գործերը վերջնականապես կարգավորելու համար հրավիրվելիք միջազգային կոնֆերանսի վրա դրված հույսերն առիթ տվին հայ մտավորականության զգայուն մասին՝ ըստ կարելույն համախմբել իրենց ջանքերը՝ ավելի լավ կերպով օգտագործելու հարմարավոր պատմական մոմենտը, նամանավանդ որ կողմնակի կերպով հաստատապես հայտնի էր դարձել ռուս կառավարության շատ նպաստավոր տրամադրությունը դեպի թուրքահայերի դատը»: Միաժամանակ Բաքվում և Թիֆլիսում միտք ծագեց հրավիրել զանազան հայաբնակ վայրերի ներկայացուցիչներից մի համագումար՝ խորհրդակցելու համար օրվա այդ հրատապ խնդրի մասին:

Առաջին խորհրդակցական ժողովը տեղի ունեցավ Թիֆլիսում, 1912 թվի հոկտեմբերի վերջերին: Ժողովին ներկա էին պատգամավորներ Բաքվից, Երևանից, Ախալցխայից, Նոր Նախիջևանից, Արմավիրից, Բաթումից և այլ տեղերից, իսկ Թիֆլիսից՝ զանազան կուլտուրական հիմնարկությունների ներկայացուցիչներ: Ժողովն ունեցավ երկու նիստ և որոշվեց՝

1) հրավիրել մոտ ապագայում ավելի լայն կազմով մի նոր համագումար՝ ըստ կարելվույն բոլոր հայաբնակ կարևոր վայրերի ներկայացուցիչներից՝ ընտրելու համար մի լիազոր մարմին՝ Հայկական հարցի շուրջն աշխատելու համար և
2) դիմել Ամենայն հայոց կաթողիկոսին և խնդրել, որ նա հանուն հայության մի դիմում անի Նորին մեծություն ռուսաց կայսեր՝ օգնության հասնելու թուրքահայ ժողովրդին այս տագնապալից օրերում: Ժողովը մշակեց այդ մտքով մի բանաձև և հատուկ պատգամավորության ձեռքով այն ներկայացրեց Վեհափառ կաթողիկոսին:
Նույն ժողովում խնդիր եղավ նաև թուրքահայերի ինքնապաշտպանության մասին, բայց մեծամասնությունը որոշեց սահմանափակվել դիվանագիտական դիմումներով:

Ընտրվեց մի ժամանակավոր բյուրո, բաղկացած 7 հոգուց՝ Ս. Հարությունյան, Ալ. Խատիսյան, Ա. Քալանթար, Հ. Առաքելյան, Ա. Պողոսյան, Հովհ. Թումանյան և Ն. Աղբալյան: Բյուրոն պիտի զբաղվեր ընթացիկ գործերով և պատրաստություն տեսներ հրավիրելու Թիֆլիսում նոր, ավելի բազմամարդ համագումար»:

Այս պաշտոնական կոկիկ նկարագրությունը ես պետք է լուսաբանեմ իմ մի քանի հիշողություններով: Առաջին համագումարը կայացավ Թիֆլիսի առաջնորդարանում, Կոստանդին Խատիսյանի նախագահությամբ: Ժողովը սակավամարդ էր: Որ դաշնակցականներ կային, այդ ցույց է տալիս հենց այն, որ հարց էր բարձրացվում թուրքահայերի ինքնապաշտպանության մասին, այսինքն՝ զենքեր գնելու և Թուրքիա փոխադրելու մասին: Իսկ այս, ինչպես հայտնի է, Դաշնակցության մշտական գործն է եղել տարիներից ի վեր՝ փող պահանջել զենքեր առնելու համար: Փողեր ստանում էին, բայց թե դրանից ո՞ր մասն էր զենք դառնում և թուրքահայերի ձեռքն անցնում, այդ կորած է անհայտության խավարի մեջ:

Վիճաբանությունների ժամանակ բյուրո հիմնարկելու գաղափարը հակառակություն գտավ իմ կողմից միայն: Ես ավելորդ էի համարում կաթողիկոսի միջոցով դիմում անելը և դրա համար մի ամբողջ բյուրո հիմնելը, որովհետև, ասում էի, Ռուսաստանն առանց մեր կանչելու էլ կերթա Թուրքահայաստան, երբ այդ հարկավոր դատի իր շահերի համար: Եվրոպական գրականությունից վերցրած վկայություններով ես փորձեցի հասկանալի դարձնել այն հանրածանոթ իրողությունը, որ Թուրքահայաստանը ճանապարհ է Ռուսաստանի համար և վաղ թե ուշ պիտի լինի նրա ձեռքին: Մեր դիմումը կարող է պատրվակ դառնալ այդպիսի մի գրավման, բայց կարող է և չդառնալ՝ եվրոպական պետությունների խիստ մրցակցության պատճառով: Այդ ժամանակ ի՞նչ կլինի մեր դրությունը:

Իմ խոսքն իհարկե ոչ ոքի չհամոզեց: Ես հիշում եմ մի հին դաշնակցականի, որ պատասխանեց ինձ հեգնորեն՝ անվանելով իմ խոսքերը «18-րդ դարու պատմություն»...

(շարունակելի)



Վերջին էջ

ՇՆԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Դարձյալ հաչում ես մեզ վրա, Շո՛ւն: Արհամարհում ենք քեզ՝ հաչում ես, ատում ենք՝ դարձյալ հաչում ես մեզ վրա...
Ամիսներ ու տարիներ անցան, կ
արծեցինք, թե մոռացել ես մեզ, բայց դու՝ Շուն, պարզվեց, որ շարունակում ես հետևել մեզ և հաչել: Մերթ հարևան բակի ցանկապատի տակից ես փրչոտ գլուխդ երկարում ու զզվելիորեն կաղկանձում, մերթ փողոցում, որևէ աղբարկղի միջից ես դուրս պրծնում ու ոռնում մեզ վրա:

Ուշադրության չենք արժանացնում քեզ, արհամարհում ենք շնային քո ողորմելի գոյությունը, մտածում ենք՝ թող հաչի, որքան ուզում է, մի օր ինքն էլ կզզվի կաղկանձելուց և ձայնը կկտրի: Բայց դու գետնովը տալով շնային քո ինքնասիրությունն ու արժանապատվությունը, շարունակ մեր ոտնատակն ես ընկնում ու շարունակում քո վայրահաչությունը:

Հիմա ի՞նչ անենք քեզ, Շուն, ինչպե՞ս վարվենք քեզ հետ: Գոնե գնա մի անգամ էլ ուրիշների վրա հաչիր կամ գոնե մի անգամ մարդավարի հաչիր՝ հասկանանք, թե ինչ ես ուզում... Գնա մի քիչ էլ այլ ջահանդամներում հաչիր ու կաղկանձիր, գնա մեր թշնամիների վրա ոռնա կամ ռադ եղիր, թող մի քիչ էլ մեր թշնամիները մեզ վրա հաչեն...

Թե չէ, զօր ու գիշեր հաչում ես, զօր ու գիշեր կաղկանձում ես անդադար, զզվեցնում անիմաստ, անարվեստ, ապաշնորհ ու տաղտկալի քո գարշելի հաչոցներով: Մերթ աջից ես հաչում, մերթ՝ ձախից, մերթ մեր ետևից ես կաղկանձում, մերթ տնկվում մեր դիմաց ու կլանչում: Թքում ենք երեսիդ՝ հաչում ես, ուշադրության չենք արժանացնում՝ դարձյալ հաչում ես մեզ վրա:

Է՜հ, Շո՛ւն... Քո հերն էլ անիծած, եթե աշխարհում գոնե կա մեկը, որին հաճույք է պատճառում զզվելի քո ձայնը, և այդ մեկը թեկուզև դու ես միայն, հաչիր՝ որքան ուզում ես, կաղկանձիր՝ որքան ուզում ես, ոռնա արշալույսից՝ մայրամուտ, մայրամուտից՝ արշալույս... Դա է քո կոչումը: Աստված հենց դրա համար է ստեղծել քեզ:

* * *
Նա արդեն չի հաչում, այլևս չի հաչում: Չհաչելու խոստո՞ւմն է պատճառը, թե՞ պարզապես ծպտվել ու արիստոկրատ է ձևանում, փաստն այն է, որ չի հաչում: Անձամբ չի հաչում: Ինչ-որ ջահանդամներում, աղբարկղերի մերձակայքերում, ատամնաթափ եղած, քիթ-մռութը ջնջխած, քավթառ ու փրչոտ շներ է վարձում, հաչելու իր նոտաները դնում սրանց ձեռին և ուղարկում մեզ վրա: Նա քսի է տալիս, սրանք հաչում են, նա մատով, ինչպես դիրիժորական փայտիկով, նշան է անում, սրանք կանգնում են հետևի վերջավորությունների վրա ու զառամյալ իրենց ձայնալարերը պրկելով, զզվելիորեն կաղկանձում: Իր ճոխ սեղանից նա կրծած մի ոսկոր է նետում սրանց, սրանք հաճույքից գլուխկոնծի են տալիս, անցած-գնացած իրենց ջահելությունը հիշելով՝ խռպոտ կլանչում...

Նա այլևս չի հաչում: Սակայն, այնուամենայնիվ, սրանք հաչում են նրա հանգով, նրա փոխարեն, իսկ նա չի հասկանում, որ բոլորս տեսնում ենք ու գիտենք, թե վերջապես ով է իրական հաչողը...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
«Ձմեռային սերենադ» գրքից, 2005 թ.



ԴՈՒ ԷԻՐ ՊԱԿԱՍ ԿԱՄ՝ ԵՎ ԶՐՊԱՐՏԻՉ ՄԻ՝ ԽՈՐԵՆ ԱՆՈՒՆ

Ինձ հայտնեցին, որ Խորեն Բաղդասարյան անունով մեկը զրպարտություն է գրել իմ և իմ հարազատների մասին: Որքան հիշողությունս պրպտեցի, չկարողացա այդ անուն-ազգանունով մարդ հիշել:

Ցույց տվեցին այս լուսանկարն ու հայտնեցին, որ ինձ զրպարտողը սա է: Ասացին նաև՝ նախկինում էլի է զրպարտություններ գրել: Նայեցի լուսանկարին և մնացի ապշած: Ձևի ու բովանդակության ինչպիսի՜ ներդաշնակություն: Իմ ողջ կյանքում հենց այս կերպարանքով եմ պատկերացրել զրպարտիչներին ու 37 թվականի մատնիչներին:

Հարցրին՝ դրան պատասխանելո՞ւ ես: Ախր, սրան ի՞նչ կարող եմ պատասխանել, երբ Աստված ինձնից առաջ արդեն պատասխանել է՝ ստեղծելով ձևի ու բովանդակության համերաշխ միասնության այս անկրկնելի նմուշը: Հիրավի մարդու դեմքն ու արտաքինը հոգու հայելին են, և իրավացի են բոլոր նրանք, ովքեր գտնում են, որ յուրաքանչյուր մարդու դեմք ճիշտ և ճիշտ տվյալ անձնավորության ներքին աշխարհի արտացոլումն է: Աշխարհում մի բացառություն եղավ, այն էլ միայն գեղարվեստական երկում՝ Վիկտոր Հյուգոյի հանրահայտ «Փարիզի աստվածամոր տաճարը» վեպում:

Անպատեհ և անիմաստ հայտնված մարդկանց համար տատս մի պատասխան ուներ՝ «Դու էիր պակաս»...



ԿԵՆԴԱՆԻՆ՝ ՎԱՆԴԱԿԱՃԱՂԵՐԻՑ ԴՈՒՐՍ

Տասնամյակներ առաջ, երբ դեռ փոքր էի, հորս հետ կենդանաբանական այգի էի գնացել: Վանդակի մեջ տարբեր կենդանիներ կային՝ առյուծ, վագր, արջ, գայլ...
Հանկարծ նկատեցի, որ ինչ-որ մեկը քարեր է շպրտում վանդակաճաղերի հետևում գտնվող կենդանիների վրա: Հետ նայեցի՝ մի մարդուկ էր, ասես նեանդերթալյան ժամանակներից հայտնված ողորմելի, գջլոտ ու չար հայացքով մի մարդուկ:
Հորս հարցրի, թե ինչու է այդ մարդը քարեր նետում կենդանիների վրա: «Որովհետև Աստված նրա և վանդակի մեջ գտնվողների տեղը սխալմամբ շփոթել է»,- պատասխանեց հայրս:

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



ԱՆԾՐԱՐ ՄՏՔԵՐ

Ձիուն դատեցին, կապեցին գոմում,
Որ էշը հանգիստ արածի հովտում:

* * *
Հիմա նա պետ է մի մեծ հիմնարկի
Ու էլ չի ժպտում կնոջն անհարկի:

* * *
Փտած վարունգը նեղացած է խիստ,
Որ ձմերուկին գովերգում են միշտ:

* * *
Ասում են՝ երեկ պարոն Հանեսը
Զրկվել է տաքուկ, փափուկ աթոռից
Ու մի ժամ չանցած՝ հոգին ավանդել
Պստիկ ուղեղի շատ մեծ ցնցումից:

* * *
Նա շատ է սիրում օղի ու գինի,
Հենց այդ «սիրուց» էլ ընկավ անկողին:

* * *
Այն տարիներին տաքուկ անկյունում
Վախից դողում էր նապաստակի պես,
Հիմա ասում է՝ թուրքին Լաչինից
Ե՛ս եմ քշել, ե՜ս...

* * *
Աներես ճանճը նստել էր թախտին
Ու գոհ ժպտում էր, փառք տալիս բախտին:

* * *
Բարձրացրել են թոշակը նորից,
Տարբերությունը՝ չորս կիլո բրինձ:

ՄԻՔԱՅԵԼ ԲԱԼՅԱՆ
Թոշակառու ուսուցիչ
գ. Մեծ Թաղեր



ՏՂԱՄԱՐԴԻԿ ՀԻՄԱՐԱՆՈՒՄ ԵՆ՝ ՇԻԿԱՀԵՐ ՏԵՍՆԵԼԻՍ

Շիկահեր կանաց հանդիպելիս տղամարդիկ հիմարանում են, կորցնում են տրամաբանված մտածելու կարողությունը, իմացական կարողությունների կիրառումը արգելակվում է: Նման եզրահանգման են եկել ֆրանսիացի գիտնականները՝ բավականին պարզ փորձի միջոցով: Արական սեռի ներկայացուցիչներին ցույց են տվել գրավիչ շիկահեր և թխահեր կանանց լուսանկարներ, որից հետո ինտելեկտուալ թեստ են անցկացրել նրանց հետ: Պարզվել է, որ շիկահերների լուսանկարների դիտումից հետո տղամարդիկ իսկապես «խելքները կորցրել են», այսինքն՝ տրամաբանել են ավելի վատ, քան թխահերների լուսանկաները դիտելուց հետո:

Գիտնականները կարծում են, որ շիկահերներին տեսնելիս տղամարդկանց ենթագիտակցությունն անմիջապես հիշում է նրանց հիմար լինելու մասին և ակամայից փորձում է տրամադրվել նրանց հետ զրույցի, այսինքն՝ առանձնապես չի լարում ուղեղը:
hraparak.am



Համարի ասույթը

Կան մարդիկ, ովքեր նման են թվաբանական այնպիսի մեծության, որ ինչ թվով էլ բազմապատկում ես, արդյունքում միշտ զրո է ստացվում:


Ամսվա ասույթը

Ինչ էլ լինի, որտեղ էլ լինի, Բարուն միշտ պետք է պատասխանել բարությամբ, Չարին՝ չարությամբ: Հակառակ դեպքում յուրաքանչյուր թեկուզ փոքրիկ շեղում, Բարու և Չարի նժարների ամեն մի տատանում՝ հօգուտ Չարի, կարող է կործանարար ազդեցություն ունենալ մարդկության համար:

Комментариев нет:

Отправить комментарий