19.6.11

N 2 (27) (2011)

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ԶԱՐԳԱՑՈՒՄ՝ ԼԱՅՆՈՒԹՅԱՄԲ

ԼՂՀ կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ Կ. Պետրոսյանը վերջերս մամլո ասուլիսում հայտարարել է, որ շուտով Արցախը էներգիա ներկրողից կդառնա էներգիա արտահանող երկիր։ Նրա խոսքով՝ գործող հէկ-երին զուգահեռ կշահագործվեն 3 նոր հէկ-եր: Փոքր հէկ-եր կկառուցվեն նաև Իշխանագետի և Կարկառի վրա: Ասել է թե՝ մենք այնքան էլեկտրաէներգիա կունենանք, որ մի մասը կարող ենք վաճառել մեր հարևաններին։ Նա հայտնել է նաև, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում չի լինելու։

Նախ, կարծում եմ, դեռ շատ անելիքներ կան, որպեսզի շարքային քաղաքացին այսօր անհրաժեշտ հզորությամբ էլեկտրաէներգիա ստանա։ Վերջերս շատ են դժգոհում թույլ հոսանքից։ Վերջին ամսում, օրինակ, ցերեկայն ժամերին մեր բնակարանում հոսանքի լարումը մոտ 180 վոլտ էր, գիշերային ժամերին, գերծանրաբեռնվածության պատճառով՝ 145 վոլտ։ Դրանով ոչ միայն գրեթե ոչ մի սարքավորում չի աշխատում, այլև էլեկտրական շատ սարքավորումներ շարքից դուրս են գալիս։ Կարգավորելուց հետո գիշերային ժամերին լարումը դարձել է 180 վոլտ։ Դա, իհարկե, համեմատաբար լավ է, բայց եթե ժամանակին նախապես հաշվարկած լինեին, թե քաղաքացիները ձմռանը մոտավորապես որքան էներգիա են սպառելու, նման խնդիրներ չէին ծագի։

Երկրորդ՝ սակագնի բարձրացում չի՞ լինելու։ Փաստենք միայն, որ երրորդ տարին է Ստեփանակերտում բնակչության գերակշիռ մասը նախատեսվածից կրկնակի բարձր սակագին է վճարում սպառած էլեկտրաէներգիայի համար։ 1 կվտ հոսանքի համար բնակչության մեծ մասից 25 դրամ են վերցնում, մինչդեռ տարիներ առաջ խոստացել էին, որ ցերեկային ժամերի համար էլեկտրաէներգիայի սակագինը 25 դրամ է լինելու, գիշերային ժամերի համար՝ 15 դրամ։ Պատճառաբանությունն այն է, որ դեռևս համապատասխան հաշվիչներ չեն տեղադրել։ Առողջ տրամաբանությունը, սակայն, հուշում է՝ հաշվիչ չե՞ք տեղադրել, ինչո՞ւ սակագինը 15 կամ, առավելագույնը, 20 դրամ չեք դարձնում։ Չէ՞ որ պարզից պարզ է, որ հատկապես ձմռան ամիսներին բնակչությունը գիշերային ժամերին է մեծ չափով հոսանք օգտագործում։

Երրորդ՝ էլեկտրաէներգիա արտահանելու մասին մտածելու փոխարեն լավ կլինի մտածեն դրա սակագինն իջեցնելու և գազաֆիկացման փոխարեն ավելի մեծացնելու էլեկտրաէներգիայի օգտագործման հնարավորությունը։ Այսօր գազը մեզ համար թանկ հաճույք է դարձել, մյուս կողմից, պարբերաբար բարձրացվում է միավոր գազի գինը։ Մասնագետներից լսել եմ, որ գազօջախների և գազով աշխատող ջեռուցիչների փոխարեն ավելի նպատակահարմար է օգտագործել էլեկրական սալօջախներ և այլ համապատասխան սարքեր։ Դա բազմիցս էժան է ու դրա հնարավորություններն ավելի մեծ են։ Օրինակ, Երևանի բազմաթիվ թաղամասերում այսօր էլեկտրական սալօջախներ են օգտագործում, և դա առնվազն կրկնակի էժան է նստում...

Այնպես որ՝ միայն էլեկտրաէներգիայի խնդրի հաշվարկված ու նպատակաուղղված լուծումով այսօր բազում խնդիրների ծանրության տակ կքած արցախցիներին կարելի է ազատել մի մեծ պրոբլեմից։ Ընդհանրապես, զարգացման երկու տեսակ կա՝ լայնությամբ և խորությամբ։ Պարզ է, որ նախընտրելին խորությամբ զարգանալն է։ Ասենք, 100 տոննա բերք ստանալու համար պետք է ոչ թե ցանքատարածություններն ընդլայնել, այլև այնպես անել, որ ունեցածիցդ ավելի շատ եկամուտ ստանաս։

Իսկ այս և մյուս բազում խնդիրները լուծելու համար մասնագետներ, կադրեր են պետք, կադրային ճիշտ քաղաքականություն է պետք։ Մինչդեռ մեզանում շարունակ միևնույն «կոտրած տաշտակներն» են աջ ու ձախ տեղափոխում։ Իսկ «գումարը չի փոխվում»...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



Փետրվարի 28, 2011 թ.

Փետրվարի 28-ին հազարավոր արցախցիներ իրենց հարգանքի տուրքն են մատուցել Ստեփանակերտի Հուշահամալիրում գտնվող սումգայիթյան ջարդերի նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։ 23 տարի առաջ Խորհրդային Միության հանրապետություններից մեկում փետրվարի վերջերին երեք օր շարունակ սպանում, բռնաբարում, կենդանի այրում էին անմեղ մարդկանց՝ հայերի, որոնց «մեղքն» այն էր, որ հայ են, և նրանց հայրենակիցները Ղարաբաղում ուզում են ազատ ու անկախ ապրել։ Չդատապարտված և չպատժված այդ ոճրագործությունը շուտով ընդգրկեց Ադրբեջանի այն բնակավայրերը, որտեղ հայեր են ապրում։ Շուրջ կես միլիոն հայեր լքեցին իրենց տներն ու սփռվեցին աշխարհով մեկ... Այսօր այդ մարդկանց իրավունքների մասին գրեթե չի խոսվում։ Խոսվում է միայն ազերի փախստականների մասին։ Դա մեր դիվանագիտության անգործունեությունը վկայող բազում օրինակներից ու փաստերից մեկն է...
Իսկ Արցախյան շարժման ու պատերազմի ժամանակ նահատակված մեր հայրենակիցների հիշատակը հարգելու ամենակարևոր պայմանը մեր երկիրը հզորացնելն ու շենացնելն է, որպեսզի մի նոր «սումգայիթ» չկրկնվի։



ԿԿԱՐԳԱՎՈՐՎԻ՞ ԱՅԼ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԳՆԱՃԸ

Փետրվարի 9-ին Ստեփանակերտի խանութներում հացը կրկին վաճառվում էր նախկին 110 դրամով։ Իսկ դրա պատճառն այն է, որ Արցախի վարչապետ Արա Հարությունյանը հանդիպել է տեղի հաց և ալյուր արտադրող ընկերությունների ղեկավարներին և հրահանգել վերադառնալ հացի նախկին գներին ու թույլ չտալ գնաճ։ Նա հայտնել է, որ համապատասխան հաշվարկներից հետո առաջիկա ամիսների համար կսահմանվի ալյուրի առավելագույն գին, որն իր հերթին կարգելակի հացամթերքների արհեստական գնաճը:

Վարչապետ Արա Հարությունյանը հայտարարել է, որ մինչև այս տարվա հացահատիկի բերքահավաքը կարգելվի ցորենի արտահանումը Արցախից: ԼՂՀ կառավարության մամլո ծառայության տեղեկատվության համաձայն, Ա. Հարությունյանը գյուղնախարարին հանձնարարել է հաշվառել հանրապետությունում առկա ցորենի պաշարները, որը պետք է օգտագործվի բնակչության պահանջները բավարարելու համար:

Վարչապետը ներկաներին զգուշացրել է, որ պետությունը խիստ հսկողություն է սահմանելու հացարտադրության ոլորտում և հետամուտ է լինելու ոչ միայն գնաճի կանխման, այլև հացամթերքների քանակական ու որակական ցուցանիշների պահպանմանը։ Նրանք, ովքեր չեն առաջնորդվի առաջարկվող կանոններով, դուրս կմնան պետական ամենայն աջակցությունից,- հայտնել է նա հավելել, որ «միանշանակ հացի գինը չպետք է բարձրանա»:

Պաշտոնատար շրջանում լուրեր են պտտվում, որ հնարավոր է մոտ ժամանակներս վերահսկողական միջոցներ ձեռնարկվեն նաև սննդամթերքի այլ տեսակների գնաճը կարգավորելու համար:



ԱՐՑԱԽԸ ԽՐԱԽՈՒՍՈ՞ՒՄ Է ԱՐՏԱՀՈՍՔԸ

Վերջին 10-15 տարում եթե որևէ մեկը աչքի անցկացնի Արցախում անցկացված մարդահամարի տվյալները, կմնա տարակուսած. բնակչության թվաքանակը շարունակ տատանվում է 140-145 հազարի սահմաններում։ Մինչդեռ տասնամյակ առաջ նախկին վարչապետը խոստացել էր 10 տարում Արցախի բնակչությունը հասցնել 300 հազարի։ Այսինքն՝ այսօր Արցախում արդեն բնակվելիս պիտի լիներ 300 հազար մարդ։
Տեղի վիճակագրական ծառայության հաղորդագրության համաձայն, 2010 թվականի հունվար-սեպտեմբերին Արցախում բնակություն է հաստատել շուրջ 750 մարդ, որից 686-ը Հայաստանից են տեղափոխվել Արցախ: Եվ ամենաարտառոցը՝ Հայաստանից Արցախ բնակության եկածներից 301-ը հետ է դարձել։

Գաղտնիք չէ, որ Արցախում մեծ է բնակչության արտահոսքը։ Իսկ դրա ամենահիմնական պատճառը աշխատատեղերի բացակայությունն է։ Արցախի սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասծատրյանի վկայությամբ, «2010 թ. ինն ամսվա տվյալներով՝ հանրապետությունում գործազրկության մակարդակը կազմել է 5,6 տոկոս: Նախորդ տարվա համեմատ հանրապետությունում գործազուրկների թիվն աճել է 1,4 տոկոսով»։
Հավելենք, որ արցախցիների միայն մի փոքր մասն է համապատասխան մարմիններում գրանցվում որպես գործազուրկ։ Գերակշիռ մասն արժանապատվությունից ցածր է համարում նման քայլի դիմելը։

Տարիներ առաջ, արցախյան շարժման սկզբներին Ստեփանակերտում արդյունաբերական արտադրական անձնակազմը 21-22 հազար էր։ Այսօր արդյունաբերական արտադրության ոլորտում զբաղվածների թիվը 3,6-3,8 հազար է, ասել է թե՝ 5-6 անգամ պակաս։
Գործազուրկների թվաքանակում կանանց տեսակարար կշիռը շարունակում է մնալ բարձր՝ 93,4 տոկոս։ Մեծ է նաև գործազուրկ երիտասարդների թիվը:

Հարց է ծագում. իսկ ի՞նչ քայլեր են ձեռնարկում տեղի իշխանությունները՝ գործազուրկների թվաքանակը նվազեցնելու համար։ «Նախարարությունը պատրաստ է նաև հատուցել այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերը, գործազուրկներին և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամներին ֆինանսական աջակցություն տրամադրել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար»,- սա մեջբերել ենք նույն սոցապ նախարար Նարինե Ասծատրյանի վերջին հարցազրույցից:

Ոչ ավել, ոչ պակաս՝ իշխանությունները «պատրաստ են հատուցել այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերը»։ Հազիվ թե աշխարհում մի երկրորդ երկիր գտնվի, որ սեփական քաղաքացու նյութական ծախսերը հոգա՝ «այլ վայր աշխատանքի գործուղվելու» համար։ Ավելի լավ ձևով հնարավոր չէ խրախուսել արտահոսքը։
«Հրապարակ», Երևան



Սուրհանդակ

Հայաստանի կառավարությունը 2011 թ. հունվարին պետական բյուջեի միջոցներից ԼՂՀ-ին տրամադրել է 3,2 մլրդ դրամ (մոտ 8,7 մլն դոլար) միջպետական վարկ։ Այդ մասին հայտնում է ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվել է նաև, որ Վրաստանը միջպետական վարկի գծով վերադարձրել է 49.1 մլն դրամ (մոտ 135 հազ. դոլար), որը նախորդ տարվա պարտավորությունն է, և Վրաստանի կողմից փոխանցվել է 2010 թվականի դեկտեմբերին, սակայն գանձապետական միասնական հաշվին մուտքագրվել է ընթացիկ տարվա հունվարին:



Սումգայիթում հայերի դեմ իրականացված սպանդի 23-ամյա տարելիցին Լոս Անջելեսի հայ երիտասարդները փետրվարի 25-ին բողոքի զանգվածային միջոցառում են կազմակերպել Ուիլշեր պողոտայի վրա՝ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության շենքի առջև: «Միացյալ հայ երիտասարդներ» կազմակերպության նախաձեռնած միջոցառմանը մասնակցել է մի քանի հարյուր մարդ: Ադրբեջանի հյուպատոսության առջև ցուցարարները վանկարկել են «Ադրբեջան, դադարիր հովանավորել ահաբեկչությունը», «Ալիև, դադարիր ատելություն սփռել», «Ադրբեջան, ձեռքերդ հեռու Հայաստանից և Ղարաբաղից», «Ամերիկահայ համայնքը պատրաստակամ է պաշտպանել ՀՀ անվտանգությունը» և այլ կարգախոսներ:
Ցուցարարները նաև այդ կարգախոսների անգլերեն գրությամբ պաստառներով անցորդներին տեղեկացրել են իրենց բողոքի մանրամասների մասին:
Հայ ցուցարարներին միացել են նաև օտարազգիներ և իրենց մասնակցությունը բերելով մարդկության դեմ իրականացված հանցագործությանն արժանի գնահատական տալու՝ հայ ժողովրդի պահանջին:



Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը չի խանգարի բանակցային գործընթացին: Այս մասին փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նա չի կիսում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այն տեսակետը, որ Հայաստանը կճանաչի ԼՂՀ-ի անկախությունը, եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները:
«Դա արդեն ուշ կլինի: Պատերազմի ժամանակ մեր մոտեցումն այլ պետք է լինի: Մենք պետք է միացում հայտարարենք, վերջացնենք: ԼՂՀ-ի անկախությունը պետք է ճանաչել բանակցությունները տապալվելու դեպքում և ոչ թե սպասել պատերազմի»,- հայտարարել է Մանոյանը:

Լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում նրան, որ Հայաստանի առաջին դեմքը՝ Սերժ Սարգսյանը, «Էխո Մոսկվի» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե «այն տարածքները, որոնք այժմ գտնվում են Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի վերահսկողության տակ, դրանք պարզապես ռազմական գործողությունների արդյունք են», դաշնակցական գործիչն արձագանքեց. «Երկրի առաջին դեմք չեղած ժամանակ էլ Սերժ Սարգսյանը արել է նման հայտարարություններ, և մենք քննադատել ենք: Հիմա էլ քննադատում ենք, որ սա բանակցության ձև չի: Մենք, փաստորեն, արդեն ինչ-որ բան հանձնել ենք՝ դիմացը ոչինչ չստանալով: Եթե ես էլ լինեմ Ադրբեջանի տեղը, կասեմ՝ մի քիչ էլ սպասենք, տեսնենք սրանք գուցե էլի ինչ-որ բան կտան: Նման մոտեցում, դժբախտաբար միայն Սերժ Սարգսյանի մոտեցումը չի եղել: Նման հայտարարություն երկրորդ նախագահն առնվազն չի կատարել: Հասկացրել է, թե այդպես է պատկերացնում, բայց ուղղակի հայտարարություն չի կատարել: Մենք այդ ժամանակ էլ դեմ ենք եղել»:
Կիրո Մանոյանը կարծիք հայտնեց, թե ժամանակն է, որպեսզի թե՛ ԼՂ հարցում, և թե՛ հայ-թուրքական հարաբերութունների ուղղությամբ Հայաստանի իշխանությունները դադարեն մտածել միայն արտաքին աշխարհին դուր գալու մասին և փորձեն «հարցերը կարգավորել ըստ էության»:
NEWS.am



Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր պաշտոնական կայքէջի «Խորհուրդներ ճանապարհորդներին» բաժնում ֆրանսիացիներին խորհուրդ է տալիս խուսափել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի մերձակա գոտի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ այցելելուց: Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ սահմանային գոտում պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, Սյունիքի մարզում առկա է նաև ականների վտանգը:

«Լեռնային Ղարաբաղը և առավել ևս Ադրբեջանի օկուպացված տարածքները վտանգավոր գոտի են կազմում: Անջատողական միավորումը ճանաչված չէ որևէ պետության կողմից, և մենք չենք կարող ապահովել մեր քաղաքացիների հյուպատոսական պաշտպանությունը», - Հայաստանին վերաբերող տեղեկատվության մեջ նշում է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ հայտնելով նաև, որ հայ-թուրքական սահմանը փակ է Ղարաբաղյան հակամարտության պատճառով՝ չնայած 1994 թվականին կնքված հրադադարին:

Նույն բաժնի Ադրբեջանին վերաբերող տեղեկատվության մեջ Լեռնային Ղարաբաղը ներկայացվում է որպես «մեծամասամբ հայ բնակչությամբ տարածք Ադրբեջանի սրտում», ասված է նաև, թե «ադրբեջանական տարածքի մոտ 20 տոկոսը օկուպացված է»: Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:



«Տնտեսական համագործակցություն և զարգացում» կազմակերպությունը, որն աշխարհի 43 երկրներում գների մակարդակն է դիտարկում, Հրանտ Բագրատյանի փոխանցմամբ՝ արձանագրել է, որ մեզանում գների մակարդակը շուրջ 75%-ով բարձր է եվրոպական երկրների ցուցանիշներից:
Եվ սա այն դեպքում, երբ նույն այդ երկրների բնակչության եկամուտները հայաստանցիների եկամուտներից բարձր են ավելի քան 7 անգամ: Համարյա նույն պատկերն է ՌԴ-ի համեմատ, որտեղ սննդամթերքի գները շուրջ 12%-ով ցածր, իսկ աշխատավարձերը բարձր են ավելի քան 3 անգամ: «Այսինքն, գների այսպիսի աճը բոլորովին այլ բացատրություն ունի, և ԿԲ աշխատակիցների ու նրա նախագահի այսպիսի աշխատանքը ազգային աղետ է»,- եզրակացրել է Բագրատյանը:
www.hraparak.am



Հայաստանը պետք է համարձակվի և ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Սևծովյան-Կասպիական տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վլադիմիր Զախարովը:
«Իսկ ինչի՞ց պետք է վախենա Հայաստանը»,- հարցնում է փորձագետը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը, օրինակ ճանաչել է Հարավային Օսիան և Աբխազիան՝ չնայած միջազգային «աղմուկին»:
Նա նշել է, թե Երևանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղը՝ մինչև Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սկսումը, իսկ այդ դեպքում օրինական իրավունք կունենա ռազմական օգնություն ցուցաբերել ԼՂՀ-ին: Ընդ որում փորձագետը հավանական է համարել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը, քանի որ ԼՂՀ-ն կայացած պետություն է:



Խորհրդային զորքերը 1990 թվականի հունվարին Բաքվի անկարգությունները դադարեցրեցին, երբ այդ քաղաքում ջարդում էին հայերին: Այս մասին «Նոր շաբաթ» թերթին տված հարցազրույցում ասել է ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը:
ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահը, խոսելով Կովկասի մասին, առանձնացրել է երեք պետություն, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղը. «Ողջ Կովկասը՝ Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը»:
Գորբաչովն ասաց, որ ԼՂ հակամարտության հիմքը դրվել է Լենինի ու Ստալինի օրոք, բայց մոռացավ նշել, թե ինչն էր խանգարում իրեն ուղղելու վերջիններիս սխալը: Ընդհակառակը, իր ապաշնորհ քաղաքականությամբ նա ավելի սրեց ու խորացրեց հակամարտությունը, այն հանգեցնելով պատերազմի։



Հայազգի հայտնի գործարար և բարերար Քըրք Քըրքորյանը լուծարել է իր միջոցներով ստեղված «Լինսի» հիմնադրամը և այնտեղ գտնվող ամբողջ գումարը՝ մոտ 200 միլիոն դոլար, նվիրաբերել է Կալիֆոռնիայի համալսարանին: Այս մասին նախօրեին համապատասխան հայտարարություն է տարածել Կալիֆոռնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղը: Տեղեկատվությունը չափազանց ուշագրավ է այն առումով, որ ժամանակին Քըրքորյանը այդ նույն հիմնադրամից հսկայական միջոցներ տրամադրեց Հայաստանին՝ հիմնականում ճանապարհաշինության համար: Այդ գումարների փոշիացման մասին ժամանակին բազմաթիվ հրապարակումներ եղան: Եվ ահա Քըրքորյանի այս որոշումը ցույց է տալիս, որ ինքը՝ բարերարը, քաջատեղյակ է, թե 6-7 տարի առաջ ինչպես են մսխվել իր տրամադրած հսկայական միջոցները Հայաստանում ու այլևս որոշել է դրանք ավելի արդյունավետ օգտագործել, այսինքն, այլևս չտրամադրել Հայաստանին: Որքան էլ մեզ համար տխուր է այս իրադարձությունը, նույնքան էլ՝ մարդկայնորեն հասկանալի,- հայտնում է «Հայկական Ժամանակը»։

www.1in.am-ի տեղեկատվության համաձայն, «Հիմնադրամը 2000-ականների կեսին ավելի քան 200 միլիոն դոլար նվիրաբերեց Հայաստանին, որով պետք է կառուցվեին ճանապարհներ, նորոգվեին Երևանի փողոցները, մշակույթի օջախներ, բնակարաններ կառուցվեին աղետի գոտում: Այդ ծրագրերը ավարտվեցին, սակայն դրանք դեռ ամբողջությամբ չավարտված՝ ի հայտ էին գալիս այն թերությունները և անորակությունը, որ թույլ էր տրվել «Լինսի» փողերը ծախսելիս:
Մշակութային օջախներում ծրագրված նորոգումները կատարվեցին մասամբ՝ չգիտես ինչու սկսեց չբավականացնել փողը, իսկ Գյումրիում նախատեսված 5-հարկանի շենքերի փոխարեն կառուցվեցին չորս հարկանիներ...

Հետևանքը եղավ այն, որ Լինսիի հիմնադիր և հովանավոր Քըրք Քըրքորյանն այլևս չհամագործակցեց Հայաստանի իշխանության հետ և չշարունակեց Լինսիի ծրագրերը: Քըրքորյանը պարզապես չուզեց, որ իր փողով Հայաստանում հարստանան ինչ-որ մարդիկ, իսկ իշխանություններն էլ այդ փողը ոչ թե ծառայեցնեն երկրի համար որակյալ ենթակառուցվածքներ ապահովելու, այլ սեփական քարոզչությունն իրականացնելու համար:
Քըրք Քըրքորյանի և «Լինսի» հիմնադրամի օրինակը լավագույն վկայությունն է, թե ինչպես է Սփյուռքը Հայաստանի իշխանութան հետ գործ ձեռնարկելուց մեկ-երկու տարի անց հիասթափվում և հասկանում, որ իշխանության համար այդ գործում առաջնայինը ոչ թե պետության, այլ անձնական շահն է:



ԼՂՀ ՀԻՄՆԸ ՉԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԻ ՍԽՐԱՆՔՆԵՐԸ

Ինչպես ընդունված է, բոլոր երկրներում, պաշտոնական ձեռնարկների և միջոցառումների բացումը կատարվում է պատկան երկրի ազգային օրհներգով: Հայաստանում, ինչպես և արտերկրում նվագվում կամ երգվում է Հայաստանի Հանրապետության օրհներգը («Մեր հայրենիքը»), որը ունկնդրում է հոտնկայս, և որին հաճախ ձայնակցում են ներկաները: «Մեր հայրենիքը» ժողովրդականացված երգ է, ի մասնավորի ներկա Հայաստանի անկախությունից հետո համայն հայության սեփականությունն է դարձել: Նույնը չէ պարագան, Ղարաբաղի օրհներգի նկատմամբ: Արցախի հիմնը թեկուզ համեմատաբար նոր, բայց իր պետք եղած տարածումը և ժողովրդականությունը չի գտել (ի բացառեալ Արցախից): Սփյուռքում հաճախ է պատահում, երբ նույնիսկ Արցախին կապված հանդիսությունների ժամանակ չի հնչում Արցախի օրհներգը: Տողերիս գրողը անգամներ հարցրել է երաժիշտներից կամ միջոցառումների կազմակերպողներից, թե ինչու հանդիսության բացումը Արցախի հիմնով չկատարվեց, պատասխանը միշտ նույնն է. «Նոտաները և բառերը չունենք» կամ թե՝ «օրհներգի երաժշտությանը ծանոթ չենք»:

Միաժամանակ պետք է ընդունել, որ Արցախի օրհներգը, հոգեթով և դյուրընկալելի չէ, բաղդատելով Հայաստանի օրհներգին: Նույնպես Արցախի հիմնը, պետք եղած ոգևորիչ և խրոխտ ռիթմ չունենալով, չի արտացոլում Արծվաբույն Ղարաբաղի հերոսական սխրանքները: Այս վերջին պարագան է թերևս պատճառներից մեկը երգի շատ դանդաղ ընկալման և տարածման: Որևիցէ պարագայում Լեռնային Ղարաբաղը արժանի է «մարտունակ, առինքնող և ժողովրդականացած «օրհներգի»:
ԳՐԻԳՈՐ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Նյու Յորք, «ԱԶԳ»



ԱՐՑԱԽԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ

ԼՂՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Ա. Հարությունյանը հանձնարարել է անհրաժեշտ պետական աջակցությամբ վերականգնել Ճարտարի նախկին կոլտնտեսությանը պատկանող անասնապահական համալիրը, որը դեռևս բավական պահպանված է, ունի արտադրական լավ հնարավորություններ, սակայն պարապուրդի է մատնված՝ անորոշ կարգավիճակի պատճառով: Վարչապետի խոսքերով՝ այդ համալիրի գործարկմամբ Արցախում կտրուկ կմեծանա կաթնամթերքների արտադրությունը։
Կառավարությունը հաստատել է 2011 թ. պետբյուջեի միջոցներով իրականացվելիք մշակութային և երիտասարդական միջոցառումների ծրագիրը: Հայաստանի և արտերկրի հետ մշակութային կապերի խորացման, ԼՂՀ-ում փառատոների, ցուցահանդեսների, մրցույթների կազմակերպման, արտասահմանյան մշակութային միջոցառումներին մասնակցության և այլ ծրագրերի համար պետբյուջեից կտրամադրվի ավելի քան 50 մլն դրամ, իսկ երիտասարդական միջոցառումներին՝ 21 մլն դրամ:

2011 թ. պետբյուջեի միջոցներով հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման ծառայությունների գնման պետպատվերի համար կծախսվի 200 մլն դրամ: Պետության ֆինանսավորմամբ արցախցիների համար անվճար կհեռարձակվեն հայկական և ռուսական, այսպես ասած, առաջատար հեռուստածրագրերը: Ի դեպ, մինչ այդ արցախցիները եռակի շատ հեռուստաալիքներ էին դիտում՝ դարձյալ անվճար, բայց ի տարբերություն ներկայիս «Արցախկապի» միջոցով հեռարձակվող հեռուստաալիքների, դրանք երիցս ավելի որակով էին։
Արցախի կառավարությունը հաստատել է նաև ԼՂՀ պատմամշակութային հուշարձանների վերականգնման ու պահպանման աշխատանքների, թանգարանային գործի զարգացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը, որի համար ընդհանուր առմամբ կհատկացվի 300 մլն դրամ:
www.hraparak.am



ԵԹԵ ՎԱՂԸ ՊԱՏԵՐԱԶՄ ԼԻՆԻ...

Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ հայկական, ռուսական և արևմտյան մամուլը լեցուն է պատերազմի վերսկսման հավանականության կամ անհավանականության վերաբերյալ նյութերով։ Ոմանք փորձում են ապացուցել, թե Ադրբեջանը լրջորեն պատրաստվում է պատերազմի՝ հայերի դեմ, վկայակոչում են այդ հանրապետության օրեցօր աճող ռազմական բյուջեն և Ադրբեջանի նախագահի ու ամենատարբեր տրամաչափի չինովնիկների հայտարարությունները՝ «օկուպացված տարածքները զենքի ուժով ազատագրելու» մասին, մյուսները ճգնում են համոզել, որ Ալիևը երբեք պատերազմ չի սկսի, Արևմուտքը դա թույլ չի տա և այլն։

Վաղը պատերազմ կսկսվի, թե ոչ՝ դա հստակ չեն կարող ասել ոչ մեր կամ արևմտյան քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները, ոչ էլ աշխարհի լրատվամիջոցները։ Փաստն այն է միայն, որ Ալիև երկրորդն իր երկրում մեծ քանակությամբ զենք է կուտակում, և այդ երկրի ռազմական բյուջեն անընդհատ աճում է։ Հակառակորդն իրո՞ք պատերազմի է պատրաստվում, թե՞ պարզապես ժամանակակից զինտեխնիկայի հավաքածու է պահում ու պարապ-սարապ հոխորտում պատերազմ սկսելու մասին՝ դժվար է ասել։ Այդ հարցի պատասխանը գիտե միայն Ադրբեջանի ղեկավարը և թաքուն կամ օրը ցերեկով նրան սատարող հզոր երկրներից մեկը (կամ մի քանիսը)։ Սակայն հանրահայտ մի արտահայտություն կա՝ «Եթե պատից հրացան է կախված, ապա այն մի անգամ կրակելու է»։ Մի այլ հայտնի ճշմարտություն էլ կա՝ «Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»։

Վաղն Ադրբեջանի ֆյուրերն իրո՞ք ռազմական արշավ է ձեռնարկելու Արցախի դեմ, թե՞ ոչ, դա, հնարավոր է, անձամբ չմտահոգի շարքային արցախցուն, եթե նա հստակ իմանա, որ իր երկիրը հնարավոր ու անհնարին ամեն ինչ արել ու անում է, որպեսզի պաշտպանված լինի հակառակորդի ամեն կարգի ոտնձգությունից։ Եթե մարդ նախապես պաշտպանված է ու պատրաստ է դիմագրավել ցանկացած հարձակում, ապա հնարավոր չէ նրան հաղթել։

Ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմից 17 տարի հետո արդյո՞ք իրեն հնարավորինս պաշտպանված են զգում Արցախի շարքային քաղաքացիները, ասենք, մեր հանրապետության ամենախոշոր բնակավայրում՝ Ստեփանակերտում ապրող կանայք, երեխաներն ու ծերերը։ Տարբեր քաղաքագետներ, ռազմագետներ ու այլ մասնագետներ հաճախ են ակնարկել, որ նոր պատերազմն ամենևին նման չի լինելու նախորդին, այն ավելի կործանարար է լինելու ու բազմիցս մեծ զոհեր հենց խաղաղ բնակչության շրջանում են լինելու։

Մենք ունենք քաղաքացիական պաշտպանություն։ Մարդիկ են աշխատում այնտեղ, պարբերաբար աշխատավարձ են ստանում։ Բայց նրանք գոնե մի անգամ տեսե՞լ են, թե ինչ վիճակում են Արցախի ամենաբազմահազարանոց քաղաքի շենքերի նկուղները, որտեղ երկու տասնամյակ առաջ ազերիների օդային ու հրետանային գրոհներից պաշտպանվում էին քաղաքացիները։ Եթե վաղը հակառակորդը հանկարծ սկսի հեռահար հրանոթներից ու այլ նորագույն զինատեսակներից և օդից հրթիռակոծել ու ռմբահարել մայրաքաղաքը, որտե՞ղ են պատսպարվելու խաղաղ բնակիչները։ Իրենց շենքերի նկուղներո՞ւմ, որտեղ հակասանիտարական վիճակ է, և որոնք աղբանոց են հիշեցնում ու առնետներն են տերուտնօրինություն անում այնտեղ։

Խորհրդային տարիներին մայրաքաղաքի որոշ հատվածներում ապաստարաններ կային, անգամ հակագազերի որոշ քանակություն էր պահվում այնտեղ։ Ո՞վ գիտե, թե հիմա այդ հատուկենտ ապաստարաններն ինչ վիճակում են։

Արցախի մայրաքաղաքում մեծ թիվ են կազմում, այսպես կոչված, «խրուշչովկաները», խորհրդային նախկին առաջնորդի ժամանակներում կառուցված շենքեր, որոնք նկուղներ չունեն։ Դրան հավելենք նաև, որ շուկայական հարաբերությունների հաստատման և օրինական անօրինության վերջին մեկևկես տասնամյակում շենքերի գետնահարկերն ու նկուղային հատվածները սեփականվել են բազմաթիվ նոր տերերի կողմից, ովքեր դրանք դարձրել են բար ու ռեստորան, սրճարան ու խանութ կամ, այսպես ասած, գիշերային զվարճավայր։

Ստեփանակերտում այսօր քանի՞ ստորգետնյա ապաստարան կա և որքա՞ն մարդ կարող են պատսպարել դրանք։ Այս մասին պատասխանատու որևէ չինովնիկ մտածե՞լ է։ Այս մեկևկես «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» ժամանակահատվածում քաղաքացիական պաշտպանության կողմից գոնե մի անգամ անցկացվե՞լ է փորձնական «օդային տագնապ»։ Գոնե մի անգամ քաղաքացիներին բացատրե՞լ են, թե հակառակորդի հնարավոր օդային հարձակման ժամանակ ինչ պիտի անեն քաղաքացիները՝ կանայք, երեխաները, ծերերը...

Ենթադրենք հակառակորդը կարողանում է պայթեցնել քաղաքին խմելու ջուր մատակարարող ջրատարը։ Ստեփանակերտում քանի՞ գործող աղբյուր կա, որպեսզի բնակչությունը կարողանա հոգալ իր ջրի խնդիրը։ Տարրական ինքնապաշտպանական այս հարցերի մասին որևէ պաշտոնյա մտածե՞լ է երբևէ, որևէ խորհրդական այս մասին երբևէ հիշեցրե՞լ է իր տիրոջը։

Փոխարենը՝ արդեն ավանդույթ է դարձել շենքերին նոր մասնավոր շինություններ կցելը։ Խնդիրը միայն այն չէ, որ աղճատվում է քաղաքի ճարտարապետական դեմքը։ Միջին ուժգնության ցանկացած ստորգետնյա ցնցում կարող է «ռեզոնանսի օրենքի» համաձայն հողին հավասարեցնել ծանրության կենտրոնը փոխած այդ շինությունները։ Նման ավերածության տեղիք կարող է տալ նաև շրջակայքում պայթած ոչ շատ հզոր ռումբը, հրթիռը։

Մյուս կողմից, Ստեփանակերտում շարունակ էլիտար շենքեր են վեր խոյանում։ Կարծես Արցախի ողջ տարածքը յուրացրել-պրծել ենք, քաղաքի կենտրոնական մասերում գտնվող միանգամայն կանգուն և ամուր շենքերն են քանդում ու տեղը մի նոր «առևտրի կենտրոն» կամ նման այլ անհեթեթություն կառուցում։ Աղքատ կոչվող մեր երկրի մայրաքաղաքի կենտրոնն աջ ու ձախ պատում են մարմարե սալիկներով։ Նոր կառուցած մի շենք չկա, որ բոլոր չորս կողմերից մարմարով սալիկապատված չլինի։ Մարդիկ մինչև անգամ կատակում են՝ շուտով շենքերի տանիքներն էլ են սալիկապատելու...

Այս ամենո՞վ ենք վաղը դիմագրավելու նենգ հակառակորդի արկածախնդիր ձեռնարկումը։ Թե՞ «մեր բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է» կարգախոսը վահանի պես բռնած՝ հետ ենք անդրադարձնելու մեր ուղղությամբ արձակած բոլոր հրթիռները, ականներն ու ռումբերը... Բանակն ուժեղ և մարտունակ է, եթե ամուր է թիկունքը, եթե զինվորը համոզված է, որ լիովին պաշտպանված է իր ընտանիքը։ Սա է ճշմարտությունը, մնացյալը դատարկ խոսքեր են, ինքնահանգստացման և ցանկալին ճշմարտության տեղ ընդունելու խաղեր։

Շարունակ մեր մտապատկերում «Ծովից ծով Հայաստանն» է։ Այն արդեն քրոնիկական հիվանդություն է դարձել։ Այն աստիճան, որ այսօր էլ ձայներ են հնչում Կարսն ու Մուշը, Վանն ու Սասունն ազատագրելու մասին։ Փոխանակ եղածը պահելու մասին մտածենք և խորհենք, թե ինչպես և ինչու Մեծ եղեռն եղավ։ Արդյո՞ք միայն թուրքն է ամենամեծ մեղավորը։

«Եթե վաղը պատերազմ լինի... Չէ, չպիտի՛ լինի և չի՛ լինելու, որովհետև մենք խաղաղասե՛ր ազգ ենք ու խաղաղությո՛ւն ենք ուզում»,- մեզանում մոտավորապես այսպես են մտածում խոշորագույն չինովնիկից մինչև շարքային քաղաքացին։ 4-5 հազարամյակ շարունակ դասեր չենք քաղել մեր սխալներից։ Անցյալ դարի ականավոր հասարակական-քաղաքական գործիչ, Նժդեհի գաղափարակից Հայկ Ասատրյանը գրել է. «Հայը խաղաղության համար աշխարհի ամենաանփույթ ժողովուրդն է: Հայը չի հավատում պատերազմին, և դրա համար պատմական ամեն դեպք ընդունում է իբրև անակնկալ, իբրև «անամպ երկինքից ժայթքող կայծակ»: Նա տակավին չի հասկանում կենսաբանաբարոյական այս երկու ճշմարտությունների իմաստը՝ խաղաղության ժամանակ պետք է նախապատրաստվել միայն մեկ բանի համար՝ պատերազմի, իսկ պատերազմի ընթացքին կամենալ միայն մեկ բան՝ հաղթանակ»։

Եվ, մի վերջին հարց էլ։ Արդյո՞ք և իրո՞ք սա մեր երկիրն է, թե ընդամենը մի ցատկահարթակ է, որտեղից պիտի թռնենք ռուսաստաններ ու ամերիկաներ և այնտեղից ողբանք մեր կորուսյալ Հայրենիքի համար ու աշխարհից պահանջենք ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ 1915 թվականից մինչև Սումգայիթ ու այսօր...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՐԿՈՒ ԵՐԵՍԸ

Վերջերս ԵԽԽՎ-ում Ղարաբաղի հիմնախնդրի հարցով ենթահանձնաժողով են ստեղծել: Այն, ավելի շատ նման է Մեծն Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթի մոտիվներով ստեղծված կառույցի, բայց, այնուամենայնիվ՝ քելեխացու միակ եզը ափսոս է: Վերջը՝ թուրք Չավուշօղլուն իր սրտացավ քրիստոնյա համախոհների աջակցությամբ հասավ նպատակին, ստեղծվեց մի ենթահանձնաժողով, որտեղ ադրբեջանցիները և թուրքերը հայերի մասին «արխային» կարող են եղած-չեղած բաների մասին խոսել, վիճաբանել, հրապարակայնորեն բամբասել, չալ ստեր հորինել ու ասել, գրավոր-բանավոր հայտարարություններ անել և այլն:

ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլուն էլ հպարտորեն կարող է հայտարարել՝ «Մեր փոքր գարդաշի համար ամեն ինչ արել ենք ու անելու ենք, ի հեճուկս մեր ագրեսոր հարևանի»: Իսկ մեր հայկական դիվանագիտության ճարտարապետները, ովքեր ավելի շատ հմտացած են հոգոց հանելու և կատարվածը արձանագրելու մեջ, հերթական անգամ մեղքը բարդելու են միջազգային իմպերիալիզմին հովանավորող կառույցներից մեկի կամ մի քանիսի վրա:

Մի կողմ թողնելով հայկական դիվանագիտության առանց այն էլ տխուր վիճակը, նշենք, որ Եվրոմիության Խորհուրդն էլ մի կառույց չէ: Այլապես ինչպե՞ս բացատրել ամենաթարմ օրինակը՝ Եվրամիության Խորհրդի վերջերս ընդունած որոշումը Բելառուսի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին: Ըստ նախնական տեղեկատվության՝ Բելառուսի ղեկավարության 158 ներկայացուցիչների կարգելվի այցելել ԵՄ երկրներ, կսառեցվեն եվրոպական բանկերում նրանց հաշիվները: Սև ցուցակում են հայտնվել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նրա ավագ որդիներ Վիկտորն ու Դմիտրին, ինչպես նաև՝ երկրի բարձրաստիճան գրեթե բոլոր պաշտոնյաները: Սև ցուցակում չեն հայտնվել միայն Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինևը և վարչապետի առաջին տեղակալ Վլադիմիր Սեմաշկոն:

Նշենք, որ ԵՄ-ի հիմնական պահանջը վերաբերում է քաղբանտարկյալների ազատ արձակմանը, որոնք ձերբակալվել են 2010-ի տարեվերջին Մինսկում կայացած հանրահավաքի ժամանակ: Ցուցարարները վիճարկում էին Լուկաշենկոյի հաղթանակը նախագահական ընտրություններում: Միջանկյալ նշենք, որ լեզվակռիվ տվող մեր հարևան պետությունը ԵՄ-ից միայն «սև ցուցակներ» պահելն է սովորել, որտեղ հայտնվում են այն մարդիկ, ովքեր գալիս են Հայաստան (ներառյալ՝ Արցախ):

Անդրադառնանք Բելառուսին, որպեսզի ավելի պարզ դառնա ԵՄ-ի իրական դեմքը: Միայն միամիտները կարող են հավատալ, որ ԵՄ Խորհրդի կողմից Բելառուսի դեմ պատժամիջոցներ կիրառելը պայմանավորված է նախագահական ընտրություններով և քաղբանտարկյալների խնդրով: Մինչև նախագահական ընտրություններ կայանալն էլ ԵՄ-ը և աշխարհի գերտերությունները, մի շարք միջազգային կառույցներ աչքով-աչք չունեին տեսնելու Բելառուսին՝ ի դեմս Լուկաշենկոյի: Պատճառը պարզ է՝ Բելառուսը չի ուզում անցնել գերտերությունների և նոր աշխարհակարգ ստեղծող աշխարհակուլների «թրի տակով»:

Բելառուսը ազգային ինքնակառավարման դասական օրինակ է: 1994 թ. նախագահ ընտրված Ալեքսանդր Լուկաշենկոն ավելի քան 16 տարի հակաիմպերալիստական պայքարի փայլուն օրինակ է ծառայում: Նա հայտնի է Համաշխարհային բանկի հետ իր կոշտ քաղաքականությամբ (ընդհուպ մինչև երկրից վտարում): 1995-ին Բելառուսում սկսել էր սեփականաշնորհման գործընթացը, բայց, Լուկաշենկոն նկատելով, որ սեփականության առյուծի բաժինն ընկնում է լավ կապեր ունեցող օլիգարխներին, անմիջապես դադարեցրել է սեփականաշնորհումը և տնտեսության մեծ մասը դրել պետության վերահսկողության տակ: Այս քաղաքականության արդյունքը եղավ համախառն ներքին արտադրանքի նկատելի աճը: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, Բելառուսը նախկին խորհրդային երկրների շարքում ունի ամենաամուր ազգային տնտեսությունը: Գործազրկությունն այստեղ մոտ 2,5 տոկոս է: Արժույթի Միջազգային Հիմնադրամի վտարումից ի վեր այդ երկրի համախառն ներքին արտադրանքը հասել է մինչև 6 տոկոս, իսկ տարեկան հաշվով՝ մինչև 4 տոկոս: Արձանագրվել է աշխատավարձերի կայուն աճ, որով և պայմանավորվում է երկրի կենսամակարդակի աճը:

Բելառուսն այն բացառիկ պետություններից է, որ համարյա արտաքին պարտք չունի: Համեմատության համար նշենք, որ համաձայն Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվության, ՀՀ արտաքին պարտքը 2010 թ. հուլիսի դրությամբ հասել է 3 մլրդ դոլարի:
ՀՀ պետական պարտքից 2,5 մլրդ դոլարը (82,8 տոկոսը) բաժին է ընկնում ՀՀ կառավարությանը, իսկ 520 մլն դոլարը (17,2 տոկոսը)՝ Կենտրոնական բանկին: Հայաստանի խոշորագույն վարկատու համարվող Համաշխարհային բանկին (Զարգացման միջազգային ընկերակցություն) ՀՀ-ն պարտք է 1,1 մլրդ դոլար (ընդհանուր պարտքի 36,5 տոկոսը), իսկ Արժույթի միջազգային հիմնադրամին՝ 640 մլն դոլար (ընդհանուր պարտքի 21,2 տոկոսը):

Հայաստանը պարտք է նաև Ռուսաստանին՝ 500 մլն դոլար (ընդհանուր պարտքի 16,5 տոկոսը), Ճապոնիային՝ 331 մլն դոլար, Ասիական զարգացման բանկին՝ 131 մլն դոլար, Գերմանիային՝ 121 մլն դոլար, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամին՝ 58,5 մլն դոլար, ԱՄՆ-ին՝ 33 մլն դոլար, ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամին՝ 28 մլն դոլար:

Պատկերավոր ասած՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, սկսած նորածին երեխաներից մինչև ամենատարեցները, պարտապաններ են և մեկ շնչի հաշվով այդ պարտքի գումարը կազմում է 1000 ԱՄՆ դոլար: Իսկ, թե ինչ է տվել այդ 3 միլիարդ ԱՄՆ դոլարը Հայաստանի ազգաբնակչությանը, խոսում են անհուսալի փաստերը, վիճակագրական տվյալներն ու տարաբնույթ զեկույցները: Մասնավորապես ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) հրապարակել է իր սեփական զեկույցը 230 երկրների տնտեսական ցուցանիշների վերաբերյալ՝ վերլուծելով մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի տվյալները (մեծամասամբ՝ ըստ 2010 թ. տվյալների):

Ուկրաինան այս վարկանշային ցուցակում գտնվում է 134-րդ տեղում (6700 դոլար մեկ շնչին ընկնող հաշվարկով), նրանից առաջ են անցել Գայանան՝ 6800 դոլար և Նամիբիան 6900 դոլար: Հետաքրքիր է, որ Ռուսաստանն ունենալով գազի և նավթի մեծ պաշարներ, գտնվում է 72-րդ տեղում (15,900 դոլար), իսկ նրանից առաջ են անցել նախկին խորհրդային մերձբալթյան պետությունները՝ Լիտվան (15,900 դոլար) և Էստոնիան (19,000 դոլար):

ԱՊՀ պետություններից Բելառուսը հայտնվել է 88-րդ տեղում (13,400 դոլար), Ղազախստանը՝ 93-րդ (12,500 դոլար), Ադրբեջանը՝ 103-րդ (11,000 դոլար), Թուրքմենստանը՝ 129-րդ (7400 դոլար), Հայաստանը՝ 139-րդ (5800 դոլար), Վրաստանը՝ 153-րդ (4800 դոլար), Ուզբեկստանը՝ 167-րդ (3100 դոլար):
Վարկանիշային ցուցակում առաջին հնգյակում են գտնվում Քաթարը (145,300 դոլար), Լիխտենշտեյնը (122,100 դոլար), Լյուքսեմբուրգը (81,800 դոլար), Բերմուդան (69,900 դոլար), Սինգապուրը (62,200 դոլար): Իսկ ԱՄՆ-ն գտնվում է ընդամենը 11-րդ տեղում (47,400 դոլար):

Մեր կարծիքով՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի տվյալներով Բելառուսի 88-րդ տեղում գտնվելը համեմատաբար լավ ցուցանիշ է՝ «միջակից» բարձր է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բելառուսը օգտակար հանածոներ համարյա չունի: Եղածն ինչ է՝ քարածուխ, վառվող թերթաքարեր, տորֆ և շինանյութեր: Համեմատության համար նշենք, որ Հայաստանը մեկ շնչին ընկնող օգտակար մի շարք հանածոների պաշարով (չենք ուզում Մենդելեևի պարբերական աղյուսակի մոտ տասի հասնող մետաղների ցանկը նշել) աշխարհում գրավում է առաջին տեղը: Իսկ խմելու ջրի պաշարներով (հաշվարկված նաև Արցախի ջրային պաշարները) աշխարհում, հաստատ, մրցակից չունի:

Բելառուսի ֆենոմենը պայմանավորված է այդ երկրի պետական կառավարման ճիշտ մոդելի ընտրությամբ և ղեկավարության (անձամբ՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի) նպատակաուղված, անկոտրուն կամային աշխատանքով, ինչը, կարծում ենք, կարող է օրինակ հանդիսանալ ազգային պետություն կառուցող ցանկացած երկրի, այդ թվում՝ Հայաստանի (ներառյալ Արցախը) համար:
Անդրադառնալով վերնագրին, նշենք, որ ԵՄ Խորհուրդը կոչ է արել նաև Հայաստանի ղեկավարությանը, որ հետևեն ԵՄ երկրների օրինակին և Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոյին չընդունեն Հայաստանում: Հուսով ենք, որ ՀՀ ղեկավարությունը ի գիտություն կընդունի ԵՄ Խորհրդի առաջարկը, բայց կառաջնորդվի ազգային և պետական շահը հաշվի առնելով:

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ



«ԱՌ» ԵՎ «ՏՈՒՐ». «ՀՐԱՇՔՆԵՐ» ԵՎ ԽԵՂՈՒՄՆԵՐ

Ինչեր ասես, որ վերջին տարիներին չտեսավ մեր մոլորակը՝ փոթորկուն, մրրկաշունչ օրեր, գետերի վարարումներ, ընդերքից պոռթկուն ժայթքումներ: Բայց, երևի, այդ ամենն այնքան աղետալից չէր, որքան համաշխարհային ճգնաժամը: Տնտեսական փլուզումից փրկվելու համար միայն Հունաստանին, որ միջին երկիր էլ չէ, 110 միլիարդ դոլար է պետք:

Որոնումների մեջ են աշխարհի տերերը, փրկության ելք գտնելու մեկ առաջարկը հետևում է մյուսին: Ստիպողաբար վերհիշում են նույնիսկ Կարլ Մարքսին: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին հարցնում է, թե ճիշտ չի՞ լինի, եթե ելք փնտրելու համար ուսումնասիրեն մարքսիզմի հիմնադրի «Կապիտալ»-ը: Մերկելը միայն խնդում է, որ կնշանակե՝ տնաշեն, Մարքսը կապիտալիզմի քյոքը կտրել է առաջարկում, դու նրանից խորհո՞ւրդ ես ուզում հարցնել: Երևի ասել էր ցանկանում նաև, որ մինչ «Կապիտալ»-ի հաստափոր 4 հատորը հասցնեն ընթերցել, քարավանը կգա ու կանցնի:

Դե եկ ու մի ասիր, թե մենք շատ խելոք գտնվեցինք, որ ընտրեցինք այն ուղին, որով տասներկու միլիոնանոց Մոսկվան է ընթանում: Մի ուրիշը գլուխը կկորցներ, երբ փակվեցին նրա արդյունաբերական հսկաները: Մոսկվայում չկորցրին, հիշելով իրենց բաբուլյաներին: Արդեն տասնյակ տարի է, ինչ նրանք ամենուր են՝ մետրոյի կայարաններում, փողոցների մայթերին ու հրապարակներում: Ինչո՞վ են զբաղված: Սեփական գրպանի համար շահավետ գործով՝ տանը գործած սեփական տրիկոտաժն են վաճառում, պատրաստած պահածոները, այլազուն այլ ապրանքներ: Այս ամենն էլ եթե չեն ունենում, ծխախոտն ու լուցկին կա ու կա:

Մերը մոսկովյանին նմանատիպ է: Էությունն էլ՝ պարզից պարզ. արտերկրից ապրանք գնիր, որ «ԱՌ»-ն է, և վաճառիր սեփական բնակչությանը, որ «ԾԱԽ»-ն է:
Պարզ ու հիանալի է, չէ՞։ Ինչի՞ նման էր մեր ապրուստը նախկինում։ Մտնում էիր միութենական պետպլան ու շշմում։ Գիտուն մուժիկներ, որ շատ լավ գործերի հեղինակ կարող էին լինել, գրասեղաններին կքված, հաշիվ-հաշվարկներով էին զբաղված։ Երկիրը տնքում էր գործարանների ու ֆաբրիկաների ծանրությունից։ Երկիրն ազատել էր պետք այդ ծանր բեռից, և մենք առաջիններից մեկը եղանք: Այնպես էլ եռանդով գործի անցանք, որ հնից փոշի իսկ չմնաց: Քարն ու շաղախն էլ այնպես ամուր էին միաձուլված, որ բուլդոզերի կնճիթի հարվածը չէր օգնում, խոշոր կնճիթավորներն էինք բերում, իսկ եթե քանդողները նվազ էին, զինվորականներով էինք փոխարինում:

Կասկած չկա, մեր այդ եռանդին ու թափին, եթե հանկարծ հայտնվեին ձախ կոմունիստները, կնախանձեին: Կնախանձեն, ինչպե՞ս չէ: Չէ՞ որ Ռուսիայի երկաթուղիները, որ կապիտալիստների կառուցածն էին համարում, նրանք քանդել չկարողացան։ Իսկ մեր միակը քանդեցինք:
Գինեսի ռեկորդների գիրք կա: Գրողների, արվեստի գործիչների, մարզիկների են գրանցում: Արդարացի չէ, քանդողներն էլ պետք է գրանցվեն այնտեղ: Ուրիշներն ամրասյուներով տասնամյակից տասնամյակ պահպանում են իրենց խալխուլ կառույցները, մենք մի հարվածով հողին ենք հավասարեցնում նույնիսկ մեր ամուր կանգնածները: Հետո ի՞նչ, թե բողոքներ կան, թե իբր արդարացված չէ դա, երբ բնակարանազուրկ շատերը կան:

Կար ժամանակ Ստեփանակերտում տարեկան 500-600 ընտանիք ձրի բնակարան էր ստանում: Հիմա ձգտել դրան, կնշանակե՝ մոռացիր «առ» և «տուր»-ը՝ մեր գլխավոր նվաճումը: Տնիցդ դուրս եկ, և խանութների մի ամբողջ շարան կբացվի քո առջև: Անցյալում որևէ բան գտնելու համար 1-2 կիլոմետր ճանապարհ էիր կտրում որևէ խանութի հասնելու համար: Հիմա երանություն է. մի քանի քայլ՝ և դու կհայտնվես սուպերմարկետում: Եղե՞լ ես Սասունցի Դավիթ փողոցում: Չե՞ս եղել, ուրեմն շատ բան ես կորցրել: Այցելիր անմիջապես: Այցելությունդ սկսիր հենց նախկին «Մանկական աշխարհ» խանութից, որ հիմա սուպերմարկետ է: Շատ չէ, անցիր հարյուր մետր և աջից ու ձախից քո դեմ կելնի յոթ սուպերմարկետ: Ժամանակ ունենաս, մտիր «Սոֆիա» միավորումը: Կշահես, չես փոշմանի: Եթե մյուսներում այս ու այն անկյուններում անկոչ հյուրի պես կհանդիպես հայրենական մի քանի ապրանքատեսակի, այստեղ՝ բոլորովին: Խանութներից մեկում ապրանքը ֆրանսիական է, մյուսում՝ իսպանական, երրորդում՝ իտալական, չորրորդում՝ էմիրաթական: Հերն էլ անիծած հայրենականի, երբ կա արտերկրյանը, թող ոչ որակյալ, բայց իր արտաքին ձևավորմամբ՝ գերող, գնորդին ձգող:

Եթե շրջել ես մեր մայրաքաղաքում և գեղեցիկ հայուհու չես հանդիպել, մի՛ վհատվիր, մտիր ցանկացածդ սուպերմարկետ և կհանդիպես, այն էլ միանգամից մի քանիսին, բոլորն էլ այնքան հմայիչ, որ շփոթումից չես իմանա որին մոտենալ՝ քեզ սպասարկելու համար: Սիրալիր, քաղցր լեզվով կխոսեն հետդ, կհմայեն իրենց գեղեցկությամբ այնպես, որ կկարծես, թե գեղեցկուհիների մրցույթից են եկել... Ո՞վ չի ցանկանա աշխատել սուպերմարկետում, բայց դրանց դռները բաց են միայն ընտրյալների առջև: Սուպերմարկետ՝ և տգեղ, հասակն առած կի՞ն: Անհամատեղելի է: Միայն ու միայն գեղեցկուհի՝ այսպիսին է այստեղ ընտրությունը: Նույնիսկ սլացիկ ոտքեր են պահանջվում գնորդին մեծածավալ գնումների համար դրանց ճկմամբ շնորհակալ լինելու համար:

Նորերս «Արգումենտը ի ֆակտը» շաբաթաթերթում ուշագրավ տեղեկատվության հանդիպեցի: Պարզվում է, որ անցյալ տարվա առաջին 9 ամսում աշխարհում թանկարժեք գնումներ կատարած մեծահարուստների շարքի առաջին տեղում Ռոման Աբրամովիչն է։ Ինչպիսի՜ թափ, ինչպիսի՜ չափեր: Գնել է երկու զբոսանավ և վճարել 250 (այլ տվյալներով՝ 400) միլիոն դոլար: Այդ նավերից մեկի երկարությունը 163 մետր է, այն ունի լողավազան և երկու հրապարակ՝ ուղղաթիռային թռիչքի և վայրէջքի համար:

«ԱՌ»-ն ու «ԾԱԽ»-ը բոլորիս են հնարավորություն տալիս վարելու արժանավայել, ապահով կյանք: Կնշանակի՝ դատապարտելի է, որ մեզ մոտ ի հայտ են եկել աղբարկղներում լաթեր, սննդի մնացորդներ որոնողներ, ողորմություն մուրողներ: Մենք հանդուրժում ենք արգահատելի այդ վարմունքը, հրեաները՝ ոչ: Հրեաները գումարային հատուկ ֆոնդ ունեն իրենց աղքատներին բավարար չափով օգնելու համար: Օգնում են, բայց եթե իրենց ազգակիցը շարունակում է իր վարմունքը, մեկուսարանի դուռն են ցույց տալիս:

Սա էլ այն բաղադրիչներից է, որ Իսրայելում արտահոսք չկա, իսկ ներհոսքը մեծ չափերի է հասնում: Աշխարհի 13 միլիոն հրեաներից 8 միլիոնը ներկայումս իրենց վերածնված հայրենիքում է ապրում: Ութ միլիոն հայերից է բաղկացած մեր սփյուռքը: Սփյուռքի նախարարություն ենք ստեղծել, բայց այն ի զորո՞ւ է տեր կանգնելու աշխարհի բազում երկրներում ապահովություն գտած մեր հայրենակիցներին: Չի կարող: Վաղ թե ուշ այլերկրյա խառնարաններում նրանք կձուլվեն, կկորցնեն իրենց ինքնությունը, հա՛յ լինելը: Նախկինում որևէ մեկը Ստեփանակերտի շենքերի պատերին կարդացե՞լ է ազդագրեր «срочно продаю квартиру» վերտառությամբ: Հիմա՝ որքան կուզես: Ո՞վ նպաստեց դրան: Մենք ինքնե՛րս: Բնակարանային սեփականաշնորհումը: Ո՞վ է խանգարում, որ ի չիք հայտարարենք այդ մասին ընդունած օրինագիծը: Դարձյալ մե՛նք ինքներս: Մեր Ազգային Ժողովում անհանգստություն կա՞ այս առթիվ: Չկա։ Իսկ պետական միջոցներով կառուցված բնակարանների վաճառքը ծավալվելով, շարունակվում է, հետն էլ՝ արտահոսքը:

Գիտեմ, կգտնվեն իշխանավորներ (մանավանդ պետվիճակագրության ծառայության պետը), որ կասեն՝ ճիշտ չեք, ներհոսք մենք ունենք: Բայց որտեղի՞ց: Հայաստանի՞ց, ուր արտահոսքը մաշում է հնամենի երկիրը: Մեր Մայր-հայրենիքը, որի 3,4 միլիոն բնակչից (ըստ 1989 թ. մարդահամարի) 1 միլիոն 300 հազարն այլ եզերքներում են, ուրիշի հողն են ծաղկեցնում: ՀՀ նշանավոր գործիչ Վ. Մովսիսյանը չէ՞, որ «Նովոյե վրեմյա» թերթում նորերս տագնապով ի լուր բոլորի տեղեկացրեց, որ միայն Բերդի շրջանում 58 հազար բնակչից մնացել է 22 հազարը: Եվ դա իմանալով, անցյալ տարվա 9 ամսում ՀՀ-ից մեր ազատագրված շրջաններում բնակեցրել ենք 760 բնակիչ, իսկ կարճ ժամանակ անց նրանց կեսի հետդարձի ականատեսը դարձել: Իսկ թե քանի տասնյակ միլիոն դրամ քամուն տրվեց, գաղտնիք մնաց, վիճծառայության տեղեկատվությունում դա տեղ չգտավ:

Բնակիչներով է երկիրը երկիր: Հայաստանից արտահոսքը վերջին երկու տասնամյակում կազմում է 1 մլն 300 հազար բնակիչ: Հազիվ այդքան բնակիչ ունի Էստոնիան, բայց տեսեք, թե ինչպիսի՜ հարգանքից է օգտվում Եվրոպայում ու աշխարհում: Հիշեցնենք, որ ինչպես ռուսական երգում է ասվում՝ «если завтра война, если завтра в поход», այդպիսի թվաքանակից կարելի է բանակ զորակոչել առնվազն 130 հազար հոգու: Եվ չէ՞ որ հիմնականում չվում է երիտասարդությունը: Մինչդեռ այն մեզ պետք է Արցախի խարխուլ տնտեսությունը վերականգնելու, մեր հողը շենացնելու, վտանգի պահին այն պաշտպանելու համար:

Եվ նորից «ԱՌ» և «ՏՈՒՐ»-ի հրաշալիքների մասին: Տարածված միտում կա, որ աշխարհահռչակ «Ֆորդ»-ի նախահայրը կոշիկներ մաքրելուց սկսեց: Մյուսներն էլ՝ այլևայլ «սև» աշխատանքից: Ո՛չ, սրանով ես չեմ ուզում արդարացնել մեր այն «սևագործներին», որ աղբարկղներում լաթեր, սննդի մնացորդներ որոնելով են զբաղված: Ասում ենք՝ մերն ուրիշ է: Խորհրդային ժամանակ, եթե վարչական շենքի կառուցման պատվեր էիր ներկայացնում, ոչ միայն մերժում, այլև նախատում էին, ասում էին՝ չի՛ք, զա՛րկ բնակարանաշինությանը: Ստեփանակերտում 500-600 ընտանիք ձրի բնակարաններ էին ստանում, ասում էինք քիչ է: Հիմա ճիշտ հակառակն է, վարչական շենքերի դարը: Շիկ կառուցում են, շիկ էլ կահավորում: Երկար խնդրանքներից հետո կուրսմարզկոմի շենքում միայն մի հեռուստացույց թույլատրեցին ունենալ, այն էլ՝ ոչ գունավոր: Հիմա հեռուստացույցս ո՞րն է, ամեն մի աշխատասենյակում համակարգիչ կա, որպեսզի պաշտոնյաները... խաղան։

Մեր մեծահարուստներն էլ շատ են: Մանթաշևյան կարգի գործարար, փառք Աստծո, ունենք: Հարգանք ու պատիվ նրան՝ Լևոն Հայրապետյանին: Հարահաս է, որքան ներում են իր միջոցները։ Շատերն են գոհ մեր մյուս գործարարից՝ Էդուարդ Վերդյանից։ Իսկ մյուսնե՞րը...
Առաջարկել Ռուսիայի հետ ոտք մեկնել՝ նույնիսկ ծիծաղելի կլինի: Նրանց պահուստային հսկայական ֆոնդերի մասին աշխարհն է տեղյակ: Բայց ո՞նց հասկանալ, Մոսկվան իր մեծահարուստներին պարտավորեցնում է մասնակցել երկրի բարգավաճմանը, մենք՝ ոչ: Մեկին առաջարկում է աջակցել Սոչիում տարվող շինարարությունը, մյուսին՝ Սայանո-Շուշենսկոյեի ՀԷԿ-ի վերականգմանը, մի երրորդին՝ Տոլյատիի ավտոգործարանի վերակառուցմանը, և այսպես շարունակ...

Մեծ ծախսե՞ր էին պետք, որ բենզինի ներկրումը գոնե մնար պետության մենաշնորհը և ոչ թե վստահվեր մեկ հոգու: Կամ մեկ հոգու չէ՞ հանձնված նաև շաքարի ներկրումը: «ԱՌ» և «ՏՈՒՐ»-ը և՛ զոհաբերություն է պահանջում, և՛ նվիրվածություն: Որպես անեկդոտ են պատմում, բայց ո՞վ կարող է հաստատել, որ եղելություն չէ: Վրացի մի մանրավաճառ կայարանից հարևան փողոցը հասցնող անցուղում աթոռիկի վրա նստած՝ օրվա վաստակն է հաշվում: Մեկը մոտենում է, հայտնում, որ Լենինգրադից է ժամանել և հարցնում է ինչ-որ հասցեի մասին: Չորրորդ հարցումից հետո միայն մանրավաճառը թթված հայացքով նայում է դիմացինին ու պոռում՝ делом займись... Լենինգրադցին դեռ մի քանի քայլ չհեռացած՝ մանրավաճառի կանչով ետ է դառնում: «Լսիր,- հարցնում է նա,- երբ դեռ ձեր քաղաքը Պետերբուրգ էր կոչվում, ինչ-որ շուխր կար, որ հեղափոխություն էր կոչվում, չգիտե՞ս ինչով վերջացավ»:

Կարծում եմ հասկանալի է իմաստը: Այդպիսիները մեր օրերում էլ, թեկուզ հազվագյուտ, բայց կան: Նորերս էլ մեկը մոտեցավ ինձ «Պյատաչոկում»: Ինքը խոսքի բռնվեց, ասաց որ ընդլայնել է իր «առևտրի շրջանառությունը», հիմա շշերից ու մետաղի կտորտանքից բացի, ցելոֆանե տոպրակներ է հավաքում, և լավ օգուտ ունի դրանից: Բաժանվելիս էլ ակնարկեց, որ այլևս նախկին ծայրը ծայրին հասցնող թոշակառուն չէ, որոշակի գումար ունի կուտակած և, եթե մեր թաղամասում պղնձի, ալյումինի ջարդոն հանձնողներ կան, ուղարկեմ իր մոտ: Գնման գինն էլ հուշեց՝ կիլոգրամը 1100, հանձնումից օգուտը՝ 200 դրամ: Գիտեմ, կգտնվեն ոչ քչերը, որ սա մեր վարք ու բարքին հարիր չեն համարի, թեկուզ այն արդեն արմատավորված է:

Աշխարհում առաջին ընթերցող ազգի պատիվն ունեինք: Իսկ հիմա՞: Այցելիր հանրապետական գրադարանի ընթերցասրահը և, չնայած տասնյակ հազարավոր գրքերի գոյությանը, սպասարկման պատրաստ գրադարանավարուհիներին, ընթերցողի չես հանդիպի:

«Նովոյե վրեմյա» թերթի հեղինակներից մեկի վկայությամբ՝ գյուղատնտեսության բնագավառում ետ ենք դարձել 100 տարի և այժմ գտնվում ենք ֆեոդալիզմի դարաշրջանում, երբ ոչ ֆաբրիկա, ոչ էլ գործարան կար: Եվ դրանց կարքն էլ չկար: Մեր տատիկները թել էին մանում սանդերքի վրա, թե՛ մեծերի և թե՛ «մի տուն լիքը մանուկների» համար գործում ինչ պետք է: Հիմա էլ չդիմե՞նք դրան: Ավելի ամուր և պետքական հագուստ ու կապուստ չե՞նք ունենա, քան թուրքական խոտանը, որ գերել է մեր խանութները և հեռանալու մտադրություն էլ չունի, քանի որ մենք դա չենք պահանջում և թույլ ենք տալիս մեզնից միլիոններ կորզեն:

Գ. Մալենկովի կարճ իշխանավարության ժամանակ նրա գործունեությունը բնութագրող ասացվածք ծնվեց՝ «Երկու ոչխար, երկու կով՝ ջանեդ մատաղ, Մալենկով»: Հիմա այդ «երկու ոչխար, երկու կով»-ն է բնորոշիչը մեր գյուղատնտեսության բնագավառում և ժանտախտից ու այլ վարակներից անասունների զանգվածային կորուստների համար «վայը»: Եվ ոչ մի անհանգստություն առ այն, թե այդ ինչպե՞ս է, որ նախկինում դա համարյա չկար...

Կարծում եմ, ընթերցող, իմ խոսքի իմաստը՝ որոշ տեղերում համեմված հումորով, ճիշտ հասկացար: Այսուհետ ևս հույս դնել «ԱՌ» և «ՏՈՒՐ»-ի վրա, նշանակում է ավելի խարխլել մեր տան հիմքերը: Հարատևության համար մեզ համար այլ ճանապարհ չկա, քան օրինակելի, մրցունակ տնտեսություն և հարակից ենթակառուցվածքներ ունենալը: Ընդհանուր ջանքերով նախագծել և նրանով ընթանալ պարտավոր ենք բոլորս:

ԵՂԻՇԵ ՍԱՐԳՍՅԱՆ



ՍԵՑԵՍԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԴՐԴՈՒՄ Է ՀԻՄԱՐՈՒԹՅԱՆ

Սեցեսիան (լատ. Secessio) որևէ խմբի դուրս գալն է պետության իրավասությունից: Սեցեսիան ծագել է հին Հռոմում: Տոհմական կազմակերպությունից դուրս մնացած պլեբեյները, անիրավահավասարության դրդապատճառներով, սեցեսիաի իրավունքը որպես պայքարի յուրահատուկ միջոց կիրառել են ընդդեմ պատրիկների: Պլեբեյները կազմելով հռոմեական բանակի հիմնական զանգվածը, տեղափոխվել են Ավետինյան լեռը՝ քաղաքը թողնելով անպաշտպան։ Անիրավահավասարությունը, բուն իսկ պատրիկների մեջ առաջացած շերտավորումը, հասարակական հարաբերություններում ծնեց հատուկ ձև՝ կլիենտելա (լատ. կլիենս)։

Ըստ ավանդության, միայն Սերվիոս Տուլլիոսի ռեֆորմների հետևանքով պլեբեյները մտան հռոմեական ժողովրդի... կազմի մեջ (մ.թ.ա. 494թ.): Հետագայում հռոմեական կայսրությում սեցեսիաի իրավունքը կիրառվել է երկու ձևով՝ ժողովուրդների հարաբերական ինքնավարությամբ և կատարյալ անկախությամբ: Ընդ որում, կատարյալ անկախության իրավունք ստացել են այն ժողովուրդները, որոնք պայքարել են հռոմեական երկդիմի քաղաքականության դեմ: Որպես օրինակ նշենք 258 թ.-ին անջատված Գալիան, Իսպանիան, Բրիտանիան։

Ի տարբերություն միջազգային իրավունքով ամրագրված ժողովուրդների, ազգերի ինքնորոշման իրավունքի, որի իմաստասիրական գաղափարն առաջացել է 18-րդ դարում՝ ազատության ձգտումից ու անհատի կամքի առաջնայնության գաղափարից, սեցեսիան պատմական ավելի երկար ուղի է անցել: Ինչպես ամեն մի իրավունք, այնպես էլ սեցեսիաի իրավունքը կերտվել է ոչ թե սեփական կամայականությամբ, այլ այն ծնունդ է առել օբյեկտիվ պայմաններից և, ամենից առաջ, պատմականորեն որոշակի նյութական բարիքների արտադրության եղանակից: Սակայն որքանով նյութական բարիքների արտադրությունը մշտապես կատարելագործվում, զարգանում է ստորինից դեպի բարձրը, ապա փոփոխվում է նաև իրավունքի դերը պատմական պրոցեսում: Եթե հին Հռոմում սեցեսիան դրսևվորվել է պլեբեյների հեռացմամբ, ապա ներկայումս սեցեսիաի իրավունքը կարող է արտահայտվել որևէ խմբի տարածքային անջատմամբ:

Անհնար է առանց անհատի իրավունքի իմացության, բացահայտել խմբի, որպես սոցիալական երևույթի, սեցեսիոն իրավունքը: Այսպես, արդի ըմբռնմամբ, մարդու իրավունքների հայեցակարգը ձևավորվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և օրենսդրորեն ձևակերպվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, սակայն սկզբնաղբյուրները գալիս են մարդկության պատմության վաղ շրջանից: Մարդու հիմնական և անխախտելի իրավունքների գաղափարը խոր արմատներ է ունեցել առավելապես եվրոպական քաղաքակրթության մեջ։ Դիտարկելով նրա իրավունքի անցած ճանապարհը, համոզվում ենք, որ նրա բնական իրավունքը, որպես սկզբնաղբյուր հանդիսանում է արդարության հիմքը...

Անհատն իր կենսագոյության անբաժան և անհրաժեշտ միջոցներն ու պայմաները բնականորեն իրավազորված է հարաբերակցել ուրիշ անհատների հետ։ Այդպիսի հարաբերակցությունը կարող է արտահայտվել կենսամակարդակի բարձրացման, տնտեսական և սոցիալական բնագավառներում միջազգային խնդիրների լուծման, առողջապահության, կրթության, մշակույթի և այլ ոլորտների մեջ։ Այս գաղափարներն են միավորում անհատներին, սկզբնավորում սոցիալական խմբի ձևավորումը:

Խմբի հասկացությունը, լայն իմաստով պետք է բովանդակի բազմաթիվ անհատների միավորմամբ, որոնց պետք է կապի հոգեբանությունը, մշակույթը, բարոյական արժեքներն ու կենսական կողմնորոշումը: Հատկանշական է, որ խմբի ներքին կազմակերպվածության հատկանիշը պետք է բնութագրվի ղեկավարման մարմնի առկայությամբ: Միայն այս հատկանիշների համակցության պայմաներում է հնարավոր խմբի սեցեսիոն իրավունքը:

Սեցեսիան որպես որևէ խմբի դուրս գալը պետության իրավասությունից, ենթադրում է, որ քաղաքական համայնքի դժգոհ անդամները կարող են փորձել իրենց դժգոհության պատճառները վերացնել գոյություն ունեցող քաղաքական համակարգի միջոցով, կարող են փորձել փոխել պետության ձևը՝ պահանջելով ավելի մեծ ապակենտրոնացում ՝ իշխանության դաշնային բաշխման միջոցով: Սեցեսիան խոր դժգոհություն ունեցողների հետագա ռազմավարությունն է։ Խումբը պետության իրավասությունից դորս գալուց հետո ինքն է վերահսկում իր տարածքն ու պաշարները: Որպես օրինակ նշենք 11 նահանգները, որոնք ուզում էին դուրս գալ ԱՄՆ-ից, ինչի պատճառով քաղաքացիական պատերազմ սկսվեց, կամ Էրիթրեան, որն իր տարբեր էթնիկական միավորումներով անկախություն ստացավ Եթովպիաից:

Խմբի սեցեսիոն իրավունքը զուգահեռելով ինքնորոշման իրավունքի հետ, կնկատենք, որ նրանք զանազանվում են խմբի և պետության փոքրամասնություն կազմող, բայց պետության որևէ տարածքի էթնիկական մեծամասնություն կազմման մեջ: Ներկայումս իրավունքի տեսության մասնագետների մոտ իշխում է սեցեսիաի հակասական մեկնությունը: Մի մասը կողմնակից է մարդու բնական, որպես առաջնային իրավունքին, մյուս մասը հակված է դրա ազատականացման սահմանափակմանը: Մարդու բնական իրավունքի կողմնակիցները սեցեսիաի իրավունքը դիտում են խմբի, ժողովուրդների, ազգերի ինքնորոշման օբյեկտիվ իրավունակության մեջ: Ըստ իս, այդ տեսակետը չի կարող արտահայտել հասարակության զարգացման օրինաչափ պահանջները, քանի որ խմբի, ժողովուրդների, ազգերի սեցեսիաի դեպքում այն կարող է բախվել վերադարձականության (irredentism) իրավունքին։ Վերադարձականությունը ժողովրդի, ազգի այն տարածքն ու բնորրանն է, որն ապօրինի բռնակցվել է մեկ այլ պետության, օրինակ Արևմտյան Հայաստանը՝ Թուրքիայում, Արևելյան Հայաստանի մի մասը՝ Ադրբեջանում:

Խմբի սեցեսիաի իրավունքը համադրելով ժողովուրդների, ազգերի ինքնորոշման և վերադարձականության իրավունքի հետ և քննարկելով մեկ ամբողջության մեջ, կնկատենք, որ խմբի սեցեսիաի և ժողովրդների ու ազգերի ինքնորոշման իրավունքը կիրառելի է բացառապես տարածքը սեփականության իրավունքով պատկանելու դեպքում, երբ խմբի կամ ժողովրդի ծագումնաբանությունը ապացուցում է նրա ի սկզբանե տվյալ տարածքում, որպես էթնոս, ծագումը:

Խորամուխ չլինելով վերադարձականության իրավունքի պատմական զարգացման մեջ, փաստենք, որ սեցեսիաի իրավունքի հիմքում պետք է դիտել անհատի բնական անօտարելի իրավունքը: Այն նրա կեցության բնական և անօտարելի հատկությունն։ Ինչպես արդեն նշվել է, խմբի, ժողովրդի կամ ազգի սեցեսիոն իրավունքի առաջնային գործոն է տարածքի նկատմամբ սեփականության իրավունքը: Խմբի, ժողովրդի, ազգերի տարածքի սեփականության իրավունքը ձեռք է բերվում պատմականորեն զարգացման ընթացքում, երբ տվյալ տարածքի վրա է ի ծնե ձևավորվել ու զարգացել տնտեսական, սոցիալական մշակույթը:

Սակայն պատմությունը վկայում է, որ կան խմբեր, ժողովուրդներ, ազգեր որոնք անցել են տեղաշարժվելու միջոցով: Տվյալ դեպքում, որն է նրանց սեցեսիոն իրավունքի իրագործման ելակետը: Պատասխանը, ըստ իս, մեկն է՝ բոլոր դեպքերում տարածքը մեկ ուրիշի պատկանելիության բացառումն է վերոնշյալ հատկանիշներով: Որպես օրինակ նշենք Կոսովոն: Հանրահայտ է, որ Թուրքիաի կողմից Սերբիաի տարածքը զավթելու պատճառով, տասնյակ տարիներ անց Կոսովոյի ժողովրդագրական վիճակը փոփոխվելով, արդյունքում միջազգային դատարանի կողմից ճանաչվել է նրա ինքնորոշման՝ սեցեսիոն իրավունքը։ Դատաքննության ընթացքում Սերբիայի ներկայացուցչի այն փաստարկները, որոնք վերաբերում էին Կոսովոյի ալբանացիներին՝ տարածքը պատմականորեն նրանց չպատկանելու մասին, չքննարկվեցին և դրանով իսկ չդրվեցին դատարանի որոշման հիմքում, և ակնհայտորեն դատարանը խուսափեց հարցը ըստ էության քննելուց։

Դատարանի այսպիսի իրավունքի ճանաչումը չի կարող օբյեկտիվ ու արդարացի համարվել նախևառաջ այն պարզ պատճառով, որ այն հակասում է սեփականության և վերադարձականության իրավունքին։ Ընդունենք, որ վերադարձականության իրավունքով Արևմտյան Հայաստանն անցնում է Հայաստանի ինքնիշխանության տակ, և մեծամասնություն կազմող թուրքական ժողովուրդը պահանջում է իր ինքնորոշման սեցեսիոն իրավունքը: Որպես այդպիսին, այդ պահանջի իրավունքը չունի և չի կարող ունենալ, քանի որ տարածքը սեփականության իրավունքով չի պատկանել թուրքերին, էթնոսը չի ձևավորվել տվյալ տարածքում, թեև հարյուրավոր տարիներ այն ապօրինաբար գտնվել է նրա իրավասության ներքո:

ԼՂՀ-ի դեպքում սեցեսիաի իրավունքը հիմնավորված է: Հիմնավորված է այն պարզ պատճառով, որ հայերի տվյալ տարածքում որպես էթնոս ձևավորվելու հանգամանքը պատմականորեն ապացուցված է: Դա է պատճառը, որ այսոր Ադրբեջանը գիտակցելով ժողովուրդների և ազգերի ինքնորոշման սեցեսիաի իրավունքի առաջնայնությունը, իր մխացող «սև ոսկին» շռայլորեն օգտագործում է պատմությունը խեղաթյուրելու համար, դեռ ավելին՝ անամոթաբար պնդում է այդ հիմարության:

ՌԱՖԱՅԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Մեսրոպ Մաշտոց համալսարանի
իրավաբանական ֆակուլտետի ավագ դասախոս



ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ
ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ


Ժողովրդական դիվանագիտությունը կիռարվում և կիռարելի է ամբողջ աշխարհում: Դիվանագիտության պատմությանը հայտնի են ժողովրդական դիվանագիտության այնպիսի դրվագներ, որոնց վերջինիս շնորհիվ կանխվել են պատերազմներ, պահպանվել են մշակույթային հուշարձաներ, մարդկային նյութական և բնական արժեքներ: Ներկայումս ժողովրդական դիվանագիտությունը պետություների արտաքին քաղաքականության մեջ նշանակալի գործոն է:

Բազմիցս վկա ենք եղել արտասահմանյան մի շարք երկրների պետական թե հասարակական կազմակերպությունների իրենց իսկ նախաձեռնությամբ մեր տարածաշրջանում դիվանագիտական առաքելություններին: Անշուշտ այդ առաքելությունների ակունքում առաջնակարգն իրենց պետության շահերն են: Դրա ապացույցը, թերևս այն է, որ նրանց տարաբնույթ հանդիպումների ընթացքում նկատելի էր տվյալ պետության արտաքին քաղաքականության ռազմավարությանը բնորոշ դրսևվորումներ: Անկասկած, այդպիսի քաղաքական դիրքորոշումն արդարցված է նրանց պետության կողմից:

Ինչքանո՞վ է անհրաժեշտ ժողովրդական դիվանագիտությունը ԼՂՀ-ին, ինչպիսի՞ նպատակներ պետք է դրվեն նրա առջև: Ակնհայտ է, առաջնայինը միջազգային հանրության կողմից ԼՂՀ անկախության իրավաբանորեն ճանաչմանը նպաստելն է: Կարծել, թե ԼՂՀ ժողովրդական դիվանագիտությունը անկարող է ամրապնդել ԼՂՀ քաղաքական դիրքերը կամ նպաստել անկախության ճանաչմանը, մեղմ ասած, զավեշտալի է: Որոշ սկեպտիկներ բավականին հոռետեսորեն են վերաբերվում ժողովրդական դիվանագիտության ռեսուրսին՝ հակամարտությունների կարգավորման գործընթացում:

Նրանց հիմնավորումը, որպես կանոն, արհեստավարժ քաղաքական-պետական գործիչների արդյունավետությունն է,այդ իսկ պատճառով կասկածի տակ են դրվում ժողդիվանագետների ներուժն ու հնարավորությունը հակամարտությունների կարգավորման ու խաղաղության հաստատման գործում: Թերահավատության հաջորդ հիմնավորումը կայանում է քաղաքականության ոլորտում որոշումների ընդունման հիմնախնդիրի հետ: Կարծում եմ, որ ինչքան էլ ժողովրդական դիվանագիտության ներկայացուցիչները հանդիպեն միմիանց, ընդհանուր հայտարարի գան, մեծացնեն փոխադարձ շփումների մակարդակը, այնուամենայնիվ, քաղաքական որոշում ընդունողներին է վերապահված վերջնական համաձայնությունների կնքման բացառիկ իրավունքը:

Ժողովրդական դիվանագիտությունն արտահայտվում է ոչ թե հակամարտող կողմերի ներկայացուցիչների հանդիպումներով, այլ դրանք ունեն բազմաթիվ ձևաչափեր, որոնք մասնավորապես կարող են դրսևորվել այլ պետության ներկայացուցիչների հետ հանդիպումներով, քննարկումներով և այլն:
Պատմական իրողություները հավաստիացնում են, որ քաղաքական հաջողությունները ձեռք են բերվում քաղաքական իշխանության և հասարակական դիվանագիտության համագործակցության արդյունքում: Կարթագենի զորավար Հանիբալը պարտությունից հետո տարեգրության մեջ նշել էր, որ Հռոմը ոչ թե հաղթել է իր «փառավոր լեգեոնների, այլ դիվանագիտության միջոցով»: Նա իր մեղքը տեսնում էր նրա մեջ, որ ռազմական հաջողողությունները չամրապնդվեց քաղաքականապես:

Պատմությանը հայտնի են դիվանագիտության այնպիսի դրվագներ, որոնք իրենց ճկունությամբ կարողացել են մի ողջ ժողովրդի փրկել բնաջնջումից, կամ հաղթանակները քաղաքականապես ամրագրվել են ժողդիվանագիտության ճանապարհով: Իրավամբ արդարացի է ասված, որ «ռազմական հաջողությունն ավելի քան ողբալի է, եթե այն չի ամրագրված քաղաքականապես»:
Անվիճելի է, որ մենք գտնվում ենք պատերազմի մեջ: Չնայած նրան, որ մարտական գոտում հարաբերական անդորր է, սակայն դա բնավ չի նշանակում, թե պատերազմն ավարտված է: Ադրբեջանի սպառազինության համալրումն թերևս դրա վառ ապացույցն է: Իմ խորին համոզմամբ, մեր գերխնդիրը ոչ միայն բանակի ուժեղացումն է, այլև անհրաժեշտ է հզորացման պարամետրերն ուղղել նաև դիվանագիտության վրա՝ ոչ միայն ձեռք բերվածը ամրապնդելու միտումով, այլ հնարավոր զարգացումներում քաղաքական բարենպաստ պայմաներում գտնվելու նպատակով:

Մեր բաղձալի նպատակին հասնելու համար բավարար չէ միայն պաշտոնական դիվանագիտությունը, այն քաղաքական գավաթի մեջ, հազիվ մի գդալ ջուր է կազմում: Այստեղ ես տեսնում եմ մեր ողջ կարողությունների համալրումը, որոնք անշուշտ պետք է մարտավարորեն խելացի զուգակցվեն քաղաքական դիվանագիտության հետ: Ժողովրդական դիվանագիտությունը հզոր գործոն է քաղաքական իշխանության ձեռքին: Դրա վառ ապացույցը ԼՂՀ այցելած նշանավոր անձանց կապակցությամբ Ադրբեջանի իշխանության հիստերիկ արձագանքն է:

Սակայն առայսօր «ժողդիվանագիտություն» հասկացությունը ԼՂՀ-ում գոյություն չունի կամ եղածն առերևույթ է ու չունի մշակված ռազմավարություն: Ժողդիվանագիտությունը սոցիալական նշանակություն և անհրաժեշտություն է, իսկ դրա կենսագործումը քաղաքական իշխանության, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, կրթության, մշակույթային, սպորտի, գիտության, տնտեսավարող սուբյեկտների և այլ կազմակերպությունների պարտավորությունն է: Հատկապես մեծ է այն հասարակական կազմակերպությունների դերը, որոնց համանուն կազմակերպությունները գոյություն ունեն արտասահմանում: Որպես օրինակ նշենք ԼՂՀ սպաերի միությունը, որը բացի իր իսկ անդամների շահերի իրագործումից, կարող է նաև հանդես գալ ժողդիվանագիտության ոլորտում:

Այսօր նախկին խորհրդային տարածքում գոյություն ունեցող համանուն կազմակերպություններում ընդգրկված են մի շարք խորհրդային նշանավոր գեներալներ, որոնք իրենց իսկ պետությունների քաղաքական համակարգում ծանրակշիռ դիրք ունեն, իսկ ոմանք իրենց գիտելիքներն ու փորձն են փոխանցում մեր հակառակորդին: Այդ իսկ պատճառով հարց է առաջանում՝ ինչո՞ւ չօգտագործել նաև այդ ռեսուրսները: Մի՞թե հնարավոր չէ ժողդիվանագիտության ուղղիններով նրանց հրավիրել և դասընթացներ կազմակերպել ռազմական ուսումնական հաստատություններում: Չէ որ Ղարաբաղի հաղթանակը ոչ միայն հայ զինվորի ոգու, այլև մեր հրամանատարության մի մասի խորհրդային բանակից ժառանգած փորձի արդյունք էր:

Այսօր էլ, չնայած ոմանք անցել են կենսաթոշակի, այնուամենայնիվ նրանց կարողությունները մեր սրբազան գործում չեն նվազել: Բացի բանակային սպայական ռեսուրսներից անչափ կարևոր են նաև ազգային անվտանգության և ներքին գործերի ռեսուրսները: Նախորդ դարի առաջին քառորդում Հայաստանի առաջին հանրապետության ազգային անվտանգությունը չկարողացավ կանխատեսել և բացահայտել Թուրքիայի հարձակումը: Անուրանալի է, որ պետական անվտանգության բնագավառում մեծ է հատկապես թվարկված մարմինների դերը: Սակայն ինչքան էլ նրանք փորձեն լիարժեք կատարել իրենց առջև դրված խնդիրները, այնուամենայնիվ, այն ամբողջական չի կարող դիտվել, եթե չենօգտագործվում ժողդիվանագիտության բոլոր պաշարները:

Մի պահ պատկերացնենք, թե ԼՂՀ սպաների միությունը, այլ հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ մշակույթային օջախներ, ձեռնարկատիրական միություններ, բուհեր և այլն, ԼՂՀ տարածքում անց են կացնում տարաբնույթ գիտաժողովներ ու այլ միջոցառումներ։ Ինչպիսի՜ արձագանք կլինի հարևան երկրում: Պարզ է, որ նրանց միջոցով աշխարհին հայտնի կդարձնենք մեր ինքնիշխանության իրողությունը:

Այստեղ պետք է հիշել, որ վերոնշյալ միջոցառումները բնորոշ են միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող պետություններին: Հատկանշական է, որ միջազգային իրավունքը չի նախատեսում դիվանագիտական ծավալներ, որոնք հիմք են հանդիսանում պետություններին անկախ պետություն ճանաչելուն, սակայն, նախատեսում են այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու փաստական հնարավորություններ: Իսկ հասարակական հարաբերությունների մակարդակով ժողդիվանագիտությունը միջազգային իրավունքի սուբյեկտ պետությունների դիվանագիտության, միջպետական հարաբերությունների բաղկացուցիչ մասն է կազմում, ինչը նշանակում է, որ ԼՂՀ-ն ընդունակ է անկախ պետություն դառնալ և դրանում վճռական Է:

Ժողդիվանագիտությունը ոչ միայն լուծում է քաղաքական խնդիրներ, այլև ստեղծում է պետության և հասարակության միջև կապ, որն, վերջին հաշվով, պետության ներքին քաղաքականության պարտադիր պայմանն է ու անհրաժեշտություն է: Իր հերթին այս փոխկապվածությունն ու համագործակցությունն են ծնում լիարժեք իշխանավարություն՝ թե՛ արտաքին և թե՛ ներպետական հարաբերությունների ոլորտում: Սակայն այս ամենը հնարավոր չէ իրագործել, եթե մշակված չեն ծրագրեր և այն իրականացվում է մեկուսի՝ առանց զուգակցելու պետական իշխանության արտաքին և ներքին քաղաքականության հետ:

Գ. Գ. ՄՈՎՍԵՍՅԱՆ
ԼՂՀ սովետական սպաների
միության նախագահ



ԽՈՍՔ ԵՐԱԽՏԻՔԻ

Երկրորդ տարին է, ինչ տարեմուտին նվեր եմ ստանում: Անցյալ տարի՝ դեկտեմբերի 30-ին ստացա Մաքսիմ Հովհաննիսյանի Երկերի IV հատորը, իսկ այս տարի՝ Էդուարդ Գասպարյանի «Գյուղատնտեսության ոլորտն Արցախ-Ղարաբաղում 1965-2010 թթ» գիրքը: Այդ լավ է: Հաջողության նշան է:
Իմ աշխատանքային տարիներին ես մոտիկից չէի ճանաչում Էդուարդ Գասպարյանին: Ընդամենը մի անգամ ենք հանդիպել, այն էլ աշխատանքի վայրում, որտեղ մեր զրույցը երկար չի տևել՝ մի քանի րոպե։ Բայց դա էլ բավական էր, որ ես գիտակցեի, թե իմ զրուցակիցը խոհեմ ու բարի և գաղափարական բարձր մակարդակով մի մասնագետ է, որին կարելի է հարգել: Այնուհետև, երբ նա Մեծ Թաղեր գյուղն էր գալիս, ես ուշադրությամբ հետևում էի նրա ամեն մի քայլին և ավելի ամրապնդվում իմ համոզմունքների մեջ:

Այսօր, երբ ստացել եմ վաստակավոր անասնաբույժ, անասնաբուժական գիտությունների թեկնածու Է. Գասպարյանի նվերը, իմ երախտիքն ու շնորհակալությունն եմ հայտնում այդ թանկագին նվերի համար:
Ես համամիտ եմ գիրքի խմբագիր Եղիշե Սարգսյանի տված գնահատականին՝ գիրքը Ղարաբաղի գյուղատնտեսության մասին կարևոր իրադարձություն է… Ցավոք, այսօրվա պայմաններում մոռանում են անցյալի փորձը և հաջողություններ որոնում անհայտության մեջ: Դա էլ այն դեպքում, երբ մեր նախնիները տասնամյակներ շարունակ դատել ու փորձարկել և ձեռք են բերել լավագույն հաջողություններ:

Ինչ որ է։ Գիրքն ինձ վրա թողել է անջնջելի տպավորություն: Դա սովորական գիրք չէ, այլ մի հանրագիտարան՝ ղարաբաղյան գյուղատնտեսության մոտ անցյալի ու այսօրվա մասին: Այն գրվել է մի մասնագետի ու հմուտ ղեկավարի ձեռքով, ով անխոնջ մշակի նման տարիներ շարունակ աշխատել ու դատել և իր անփոխարինելի ներդրումն ուներ գյուղատնտեսության զարգացման բնագավառում:
Գիրքը հագեցված է փաստերով ու թվական տվյալներով, տարիներ շարունակ արծարծված տարբեր բնույթի հարցերով, մասնագիտական խորհուրդներով ու առաջարկություններով: Զարմանալին այն է, որ գյուղատնտեսության մեջ չկա մի բնագավառ, որ վրիպած լինի հեղինակի տեսադաշտից:

Առանձնապես հետաքրքիր են անասնապահության, թռչնաբուծության և մեղվաբուծության զարգացման, տոհմային աշխատանքների կազմակերպման, անասունների, խոզերի, հավերի, մեղուների կորուստների կանխման, անասնապահության մեջ թունավորման դեպքերի բացահայտման և կտրուկ միջոցառումների ձեռնարկման, կերերի վերամշակման տարբեր եղանակների մշակման, պատվաստումների արդյունքների շտկման և տարբեր հիվանդությունների բուժմանը վերաբերող հոդվածներն ու կիրառվող միջոցառումները:
Չմոռանանք, որ Գասպարյանը որպես հմուտ ու բազմակողմանի զարգացած ղեկավար, իր արտակարգ զգոնությունն է ցուցաբերել ազերիների վարած հայակուլ քաղաքականության պայմաններում: Նա բազմիցս մասնակցել է մեր և ազերիների միջև կայացած վեճերին և սրբությամբ պաշտպանել հայրենիքի շահերը:

Գրքում հեղինակն արժանի գնահատական է տվել գյուղատնտեսության հետ առնչված մի խումբ անվանի գիտնականների ու գրողների, երկարամյա աշխատանքային փորձ ունեցող մի շարք ղեկավարների, մասնագետների, նվիրյալների և գյուղնախարարի թողած ավանդին, ովքեր իրենց համեստ ներդրումով նպաստել են Ղարաբաղի գյուղատնտեսության զարգացմանը:
Ի դեպ, ինչպես հեղինակն, այնպես էլ գրքի խմբագիրը մտահոգված են գյուղատնտեսության արդի վիճակով, որի համար հանդես են եկել առանձին հոդվածներով և առաջարկություններով:

Ես, որպես մի մասնագետ, պաշտպանում եմ Է. Գասպարյանի և Ե. Սարգսյանի առաջարկությունները և միևնույն ժամանակ՝ գտնում.
1. Դպրոցի ուսումնադաստիարակչական հարցերը քննարկելիս նկատի առնել երեխաների խառնվածքը: Հո բոլորին չես կարող գիտնական դարձնել: Պետք է նաև աշխատել սովորեն։
2. Արտադրության կոոպերացման պայմաններում անհրաժեշտ է հենվել սեփական մեխանիզացիայի վրա: Դիմել մեքենատրակտորային պարկին, այդ նույնն է թե կրկնել նախկին ՄՏԿ-ի նկատմամբ բաց թողած սխալները, որոնք լուծարվել են 1958թվականին։
3. Առանց կարգ ու կանոնի գյուղատնտեսություն չկա: Անասունները մինչև ե՞րբ պիտի ոտնահարեն ցանքատարածությունները:

4. Սխալ եմ համարում, երբ հողն ուզում են վաճառքի հանել: Մի հարցնող լինի՝ հո՞ղ ես գնել, որ ուզում ես վաճառել:
5. Եթե 19-րդ դարի առաջին կիսամյակում ռուսները ազգային հենարան ստեղծելու նպատակով Կարյագինոյում բնակեցրին Ռուսաստանից գաղթած մոլոկաններին և շահագրգռման նպատակով նրանց 26 տարով ազատեցին հարկերից, ապա ի՞նչն է խանգարում մեզ, որ այդ լավագույն փորձը կիրառենք մեր ազատագրած տարածքներում:
Իմ կարծիքով գրքի 150 տպաքանակը քիչ է, այն պետք է վերահրատարակվի, և գիրքը դառնա յուրաքանչյուր մասնագետի ու գյուղացու սեղանի զարդը:

ԵՐՎԱՆԴ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
գ. Մեծ Թաղեր



ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ

Թուրքիայի հայության վիճակը որոշված էր…


(Սկիզբը՝ նախորդ համարներում)

1914թ. հուլիսի 20-ին (հին տոմարով) Դիլիջանի պետական հիմնարկությունների մեջ կախված էր հեռագիր՝ «Գերմանիան մեզ պատերազմ հայտարարեց. գեներալ-ադյուտանտ Սուխոմլինով»:
Ես ապրում էի մոլոկանների թաղում: Եվ տեսնում էի, թե քանի՜-քանի սայլեր, գերանդիներ, մանգաղներ անտեր մնացին, քանի՜-քանի բակեր փակվեցին ու խցվեցին...

Այսօր է, որ մենք հարյուր ու հազար գիտենք, թե ինչպես պատրաստվեց ու իրականացավ 1914-ի համաշխարհային ոճիրը՝ պատերազմը: Այսօր է, որ մենք հազար ու մի պատճառներ գիտենք, հարյուր ղեկավարներ ու դերակատարներ, որոնք գլորեցին մարդկությունը վայրենացման անդունդը և ահռելի, մինչև այդ երբեք չտեսնված, հունձ տվին մահին: Այն ժամանակ մենք դեռ միամիտ էինք, արքայական ոսկեզօծ պալատներում խնամքով թաքնված էին ոճրագործները, և պատերազմն ամենքիս երևում էր իբրև մի անակնկալություն: Անակնկալության մի խոշոր փաստ էր համարվում այն, որ փոխարքա Վորոնցով-Դաշկովն այդ միջոցին արձակուրդի մեջ էր և ապրում էր Ռուսաստանի իր կալվածքում: Պատերազմի հայտարարությունից անմիջապես հետո, ամառվա տապին նա վերադարձավ Թիֆլիս: Եվ իսկապես. Կովկասը թեև հեռու էր Գերմանիայից, բայց ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ Թուրքիան Գերմանիայի դաշնակիցն էր և թեև այսօր դեռ խաղաղ դրության մեջ էր, բայց ամեն րոպե կարող էր նետվել ռազմական կրակի մեջ, և այն ժամանակ Կովկասը կդառնար մի նոր ռազմաճակատ...

Պատրաստվելով թուրքական պատերազմին՝ Կովկասյան ռուս բանակի շտաբն առաջին հարցերից մեկն էր դարձրել հայերի մասնակցությունն այդ պատերազմի մեջ: Ես արդեն պատմել եմ, որ մի անգամ էլ, 1907-1908-ի ձմռանը, երբ ռուս-թուրքական պատերազմը շատ հնարավոր էր դարձել, Կովկասյան շտաբն իր սպաներից մեկի միջոցով բանակցություններ սկսեց Դաշնակցության հետ: Միևնույն տեսակ բանակցությունների անհրաժեշտություն կար և այժմ, բայց այս անգամ բանակցություններն իր վրա էր վերցրել ինքը՝ փոխարքան: Դաշնակցականներն արդեն մուտք ունեին փոխարքայական պալատ: Դաշնակցության արտաքին գործերի վարիչ բժ. Զավրիևը, որ կարողանում էր ամեն տեղ լինել և ամեն բանի հասնել, հայտնվեց Թիֆլիսում և, ներկայանալով Վորոնցով-Դաշկովին, մի շարք մեծամեծ խոստումներ արավ: Դաշնակցությունը նրա տրամադրության տակ կդնի իր ուժերը, հայ ժողովուրդը կարող է իր հաշվով կազմակերպել կամավորական խմբեր: Համաձայնությունն արդեն կիսով չափ կայացած էր, բայց Վորոնցով-Դաշկովը կամեցավ ավելի լայն ծավալ տալ այդ բանակցություններին: Նրա կողմից, բացի բժ. Զավրիևից, հրավիրվեց Թիֆլիսի պալատական շրջանը՝ Մեսրոպ եպիսկոպոս (որ արդեն Թիֆլիսի թեմակալ առաջնորդն էր), Սամսոն Հարությունյան և Ալ. Խատիսյան...

Կառավարությունն առաջարկում էր, որ Թուրքիայի հետ պատերազմ սկսվելու դեպքում չորս կամավորական խմբեր կազմվեն հայերից, յուրաքանչյուրը մոտավորապես 400 հոգուց, դաշնակցական խմբապետների հրամանատարությամբ: Այդ խմբերի անմիջական գործը պիտի լինի հետախուզողների, առաջնորդների, հարկավոր դեպքերում նաև առաջապահ պահակների դերը: Կովկասյան իշխանությունը թույլ կտա բոլոր փախստական դաշնակցականներին վերադառնալ Կովկաս, աքսորից կվերադարձնի մի քանի խմբապետների և խոստանում էր առհասարակ ընդհանուր ներում շնորհել Դաշնակցության գործով բոլոր դատվածներին և դատի ենթարկվածներին: Եվ քանի որ հայերը դժգոհում էին Թուրքահայաստանի համար մշակված և թուրք կառավարության կողմից նոր վավերացված ռեֆորմների նկատմամբ՝ ռուսաց կառավարությունը հանձնառու է լինում բոլորովին նոր կերպարանք տալ Հայոց հարցին՝ առաջարկելով, որ հայերի կողմից նոր ձևակերպված պահանջներ ներկայացվեն իրեն:

Բանակցություն վարողներն անմիջապես մշակում են մի նոր առաջարկություն. Սամսոն Հարությունյանը վերցնում է այդ թուղթը և ճանապարհվում Էջմիածին, ուր Գևորգ կաթողիկոսը շնորհում է իր ստորագրությունը: Եվ ահա Հայոց հարցի համար մի նոր կերպարանավորում: Պատմության համար այստեղ մի քանի հատված եմ դնում այդ դիմումից.
«Ներկայումս սկսված մեծ պատերազմը կրկին ենթարկում է թուրքահայերի վիճակը նորանոր փորձությունների: Այժմ, երբ յուրաքանչյուր ռուս քաղաքացու մտքերը անհանգստությամբ հետևում են դեպքերին, որոնք պահանջում են պետությունից ուժերի ու կամքի մեծ լարում, ես երջանիկ եմ հավաստիացնելու Ձերդ պայծառափայլությանը, որ հայ ժողովուրդը, մոռանալով սեփական վերքերից առաջ եկած ցավի զգացմունքը, իր բոլոր մտքերը կենտրոնացրել է մեծ հայրենիքի վրա, որի փառքի համար նա ոգևորությամբ արձագանք տվեց իր թագավորի կոչին՝ կատարել իր սուրբ պարտականությունը Նորին կայսերական մեծության և հայրենիքի առաջ…

Բայց, իբրև հովիվ իմ ժողովրդի, ես չեմ կարող առանց համոզմունքի չհայտնել Ձեզ, որ հայ ժողովուրդը Թուրքիայում ստիպված կլինի ապրել շատ ծանր օրեր, եթե միայն Ռուսաստանի ուշադրությունը դեպի հայկական խնդիրը, թեկուզ ժամանակավորապես, թուլանա…
Քանի դեռ Թուրքահայաստանը Թուրքիայի սահմաններում է, ամբողջ հայ ժողովրդի համար այդ ծանր հարցի վերջնական լուծման համար, իմ և ամբողջ հայ ժողովրդի կարծիքով, պետք է անել հետևյալը.

1. Կազմել հայկական 6 վիլայեթներից Անատոլիայում մի անբաժան նահանգ:
2. Այդ նահանգի կառավարիչ նշանակել բարձր տիտղոսով մի անձ Ռուսաստանի ընտրությամբ, անկախ Բ. Դռնից, քրիստոնյա դավանությամբ:
3. Մտցնել այդ նահանգում ներքին լայն ինքնավարություն՝ ընտրողական հիմունքներով և հավասար ներկայացուցչությամբ՝ քրիստոնյաների և մահմեդականների:
4. Որպեսզի հայ ազգաբնակչությունը հավատա նոր կազմակերպությանը և իրավակարգի կենսունակությանն ու հաստատությանը՝ ամբողջ ռեֆորմի գործադրության վերահսկողությունը հանձնել բացառապես միայն Ռուսաստանին...»։

Այս թուղթը Էջմիածնից Թիֆլիս բերվելուց հետո կարդացվում է փոխարքայի պալատի խորհրդակցական ժողովում: «Բոլոր կետերն ընդունելի են»,- հայտարարում է Վորոնցով-Դաշկովը և այդ հայտարարության, ինչպես նաև հայերի նոր դիմումին առանձին մի նշանակություն տալու համար՝ կարգադրում է կաթողիկոսի թուղթն ուղարկել Պետերբուրգ ոչ թե սովորական կարգով, այսինքն փոստով, այլ արտակարգ սուրհանդակի ձեռքով:

Հարցը վճռվում էր վերջնականապես, թեև պետք էր դեռ սպասել Պետերբուրգի կառավարության պատասխանին: Վճռվում էր չափազանց մեծ հապճեպով, տենդային արագությամբ, առանց շուրջը նայելու, առանց կշռադատելու դրությունն ու հնարավորությունները: Ասպարեզը հանձնվում էր Դաշնակցությանը, և հայ բուրժուազիան իրեն ամբողջապես դնում էր նրա տրամադրության տակ: Ազգային բյուրոն դառնում էր Դաշնակցական շտաբի համար մի վարագույր, որի ետևում նստած՝ նա կարող էր ահագին գումարներ պահանջել իր ռազմատենչ հախուռն կրքերը ծավալելու համար:

Սկսվում էր կամավորական շարժումը: Հայ ժողովուրդը ռուսական բանակի մեջ ուներ հարյուր հազարից ավելի զինվոր: Այս բավական չէր: Կազմվում էր առանձին և հատուկ հայկական կամավոր զինվորություն: Եվ այս նշանակում էր, թե հայ ժողովուրդն առանձին իր կողմից էր պատերազմ հայտարարում Թուրքիային: Այսպես էր քառորդդարյա հայդուկային դաստիարակությունը՝ միշտ հանդուգն, խիզախ, բայց և միշտ անիմաստ և երազական... Եթե 1914-ի ամառը չլիներ ՀՅ Դաշնակցությունը, կամ նրա նման մի այլ ֆիդայական հիմնարկություն, կարո՞ղ էր առաջանալ հայկական առանձին կամավորական շարժում: Երբե՛ք: Էջմիածնի վարդապետները կամ փոխարքայական պալատի հետ բանակցություններ վարող ինտելիգենտները չէին, որ խումբ կազմելու ու վարելու ընդունակությունը և մանավանդ հոժարությունն ունենային: Դրա համար կազմ ու պատրաստ կար Դաշնակցությունը՝ մի դեմքով համամարդկային-սոցիալիստական, մյուս դեմքով՝ դաժան-ազգայնական հախուռն ռազմատենչություն: Երևանի ո՞ր փողոցովն անցնեիր և չլսեիր մեծ թե փոքրի բերանից՝ Անդրանիկը քաջ, յուր ընկերներով, Կուզե պատերազմ, կսպասե գարնան…

Պատերազմ է ուզում, ահա՛ և պատերազմ… Ինչպե՞ս չգնալ, դաշնակցական մաուզերներն իրենք իրենց պայթում են:
Պատերազմի հայտարարումից մի քանի օր առաջ դաշնակցականների ընդհանուր ժողովն էր Էրզրումում: Երիտթուրքերի կուսակցության կողմից հատուկ ներկայացուցիչ է գալիս և առաջարկում Դաշնակցությանը՝ սկսվող պատերազմի ժամանակ միանալ թուրք-գերմանական դաշնությանը, Կովկասի հայության մեջ ապստամբություն հարուցել ռուսների դեմ: Փոխարենը խոստացվում էր հայկական ինքնավարություն՝ ռուսական Հայաստանի սահմաններում: Սա գերմանական ծրագիր էր, որի նպատակն էր Անդրկովկասյան բոլոր ազգությունների՝ վրացիների, հայերի և թուրքերի ընդհանուր ապստամբության միջոցով վտարել ռուսներին Կովկասյան գլխավոր շղթայի հյուսիսային կողմը, այնպես որ՝ այդ շղթան դառնար սահմանը Թուրքիայի և Ռուսաստանի միջև, իսկ երեք ապստամբած ազգությունները կկազմեին ինքնավար նահանգներ Թուրքիայի հովանավորության տակ: Վրացիների հետ բանակցությունները համարյա միաժամանակ էին սկսել, և նրանց մեջ գտնվեցին տարրեր, որոնք զույգ ձեռքով բռնեցին այդ առաջարկությունը և նույնիսկ դաշնադրություն կնքեցին Թուրքիայի հետ, որ հրատարակվեց ռուսական ցարիզմի անկումից հետո:

Էրզրումի կուսակցական ընդհանուր ժողովը երիտթուրքերի առաջարկության առիթով կայացրեց մի վճիռ, որ միակ կարելին էր սալի և կռանի մեջ տրորվող մի փոքր ազգության համար: Նա չընդունեց երիտթուրքերի առաջարկությունը՝ հայտարարելով, որ Դաշնակցությունը ծագող պատերազմի մեջ իրեն չեզոք կպահի: Բայց բարձր մարմնի այս որոշումը մնաց մեռած տառ թղթի վրա: Հարց վճռողներ հանդիսացան Կ.Պոլսի կոմիտեն և Կովկասի Արևելյան բյուրոն: Դաշնակցությունը չեզոք չմնաց, այլ միացավ ռուսներին և տվեց նրանց այն, ինչ մերժել էր թուրքերին՝ պատերազմ մղելու համար կամավորական խմբեր և ապստամբություն Թուրքահայաստանում:

Ես փաստեր շատ ունեմ պնդելու համար, որ այդ ոճրագործ որոշումը կայացել էր ոչ միայն առանց բուն երկրի գիտության, այլև հակառակ նրա ցանկության: Իր տեղում ես կպատմեմ այդ փաստերը, այստեղ միայն այն ասեմ, որ ժողովուրդը Կ.Պոլսի և Թիֆլիսի պոռոտախոսներից շատ լավ էր հասկանում իր դրությունը և միայն մի բան էր ցանկանում, որ իրեն թույլ տրվի անցկացնել պատերազմական փոթորիկը, ինչպես ինքը կարող էր: Այսպես չեղավ, դժբախտաբար: Այդ ժողովրուրդը՝ անմեղ և անլեզու մի ամբոխ, «փրկիչներ» չափազանց շատ ուներ, և դրա հետևանքով նրա համար փրկություն չէր մնում այլևս:

Հենց որ Գերմանիան և Ավստրիան մի կողմից, Ռուսաստանը, Ֆրանսիան և Անգլիան՝ մյուս կողմից մտան պատերազմի մեջ, Թուրքիան, իբրև առաջին երկուսի դաշնակից, հայտարարեց «սեֆերբերլիք», այսինքն՝ զորահավաք, և սպասում էր հարմար առիթի՝ նույնպես ռազմադաշտ իջնելու համար: Բոլոր տեղերում էլ զորահավաք նշանակում է պատերազմական վայրենությունների օրինականացման առաջին գործողություն: Թուրքիայում այն միշտ է սարսափելի եղել, առավելապես քրիստոնյաների համար, որովհետև պատերազմ գնացող ասկյարի համար ավելի ալլահահաճո բան չի եղել, քան գյավուրների գլուխները թռցնելը: Սակայն 1914-ի սեֆերբերլիքը բոլորովին բացառիկ մի բան էր հայ ժողովրդի համար: Նրա դեմ գրգռված էին ամենքը՝ կառավարությունը, ամբոխը: Մի ամբողջ տարի հայկական դժբախտ ռեֆորմները ընդհանուր դժգոհության և ագիտացիայի աղբյուր էին դարձել:

Դժվար չէր այսպիսի պայմանների մեջ, ցույց տալով երկու եվրոպական վերահսկիչներին, ներշնչել խավար ամբոխին, թե հայերն են պատերազմի պատճառը և այլն: Եվ ահա, թեև Թուրքիան դեռ պատերազմող չէ և ռուսաց դեսպանը դեռ Կ.Պոլսում է, Թուրքահայաստանի զանազան տեղերից, մանավանդ այնպիսիներից, ուր հայերը աննշան փոքրամասնություն են կազմում, բարձրանում են հուսահատական աղաղակներ: Թուրքերը բացահայտորեն պատրաստվում են կոտորելու հայերին. այս են հաղորդում լրագրական թղթակցությունները գրեթե ամեն օր: Ապագա գոռ փոթորկի այս վաղահաս աղմուկներն են ահա, որ ստիպում էին Թիֆլիսի դիպլոմատներին կաթողիկոսի անունից գրված աղերսագրի մեջ մտցնել մի կետ ևս, այն մասին, որ ռուսական դիվանագիտությունը Կ.Պոլսում հարկադրի թուրք կառավարությանը լուրջ միջոցներ ձեռք առնել հայերի պաշտպանության: Իսկ եթե թուրք կառավարությունը մերժե՞ր այդպիսի մի պահանջ, ինչպես արդեն, պատերազմի պատրաստված, մերժել էր եվրոպական պետությունների դարավոր արտոնությունները, կապիտուլյացիաները: Կարծես թե երեխաներ էին Թիֆլիսի դիպլոմատները և չէին հասկանում, որ Թուրքիայում կոտորածները միշտ կառավարական հրամաններով էին տեղի ունենում: Եվ եթե դա այսպես է, ի՞նչ ուժ կարող էր գտնվել աշխարհի վրա, որ թշնամի նկատած լինելով հանդերձ, կարողանար արգելել թուրք կառավարությանը, որ նա կոտորածի հրաման չտա…

Եվ այսչափ ողորմելի դրության մեջ էր, որ մենք ուզում էինք պատերազմող կողմ դառնալ…
Թուրքիայի հայության վիճակը որոշված էր…
Չգիտեմ ուրիշների մոտ ինչպես, մեզանում տիրում էր այն մանկական հավատը, թե պատերազմը կվերջանա շատ շուտով, մի վեց ամսվա մեջ, որ անպատճառ կջարդվի Գերմանիան՝ Թուրքիայի հզոր պաշտպանը, և այնուհետև եռյակ համաձայնության պետությունները կիրագործեն իրենց ծրագիրը, որի մեջ կենտրոնական տեղը բռնում էր փոքր ազգությունների ազատությունը: Մենք էլ փոքր ազգություն ենք, չէ՞, և մեր ազատության համար կռվում ու ահռելի զոհեր ենք տալիս 30-40 տարուց ի վեր: Ուրեմն, այս համաշխարհային պատերազմը մեզ համար էլ է: Եվ եթե այսպես է, ինչպե՞ս կարող ենք մենք անտարբեր մնալ, չշարժվել…

Եվ իրավ, մեզ վրա զարհուրելի թունոտ ներգործություն էր անում այն հրեշավոր սուտ, հրեշավոր պերճաբան պրոպագանդան, որի մեջ եվրոպական իմպերիալիզմն աշխատում էր թաքցնել գայլի իր ճիրանները՝ ազգերին խաբելով ամենալկտի ճարտասանությամբ, թե այս վերջին պատերազմն է, որ սկսվում է ոչ թե բանկիրների, մետաղագործների, զինվորական և ռազմական արդյունագործության վիշապների կոկորդը լցնելու համար, այլ աշխարհի անարդարությունները ջնջելու, ճնշվածներին և տանջվածներին երջանկություն ու հանգիստ, անդորրություն բերելու համար...
Խաբվել էլ կա, խաբվել էլ: Նայած, թե ով է խաբվողը: Երեխա՞ն, թե խելահաս մարդը: Մենք երեխայի պես խաբվեցինք և տվինք, ինչ որ ունեինք, մինչև որ կատարելապես մերկ ու անոթի մնացինք: Մինչդեռ կային խելահասներ, որոնք շատ քիչ խաբվեցին, անգամ չխաբվեցին էլ: Հրեն՝ լեհերը: Դնենք մեզ նրանց կողքին: Նիկոլայ Նիկոլաևիչի մեծախոս դիմումը նրանց մեջ ընդունվեց առանց հորթային հրճվանքների, կարելի է ասել՝ սառն անտարբերությամբ: Ո՛չ հատուկ կամավորական խմբեր կազմակերպվեցին ռուսաց բանակի հետ միասին գործելու համար, ո՛չ ապստամբություններ հարուցվեցին Գալիցիայի կամ Պոզնանի մեջ…

Իսկ մե՞նք… Անշուշտ դաշնակցական կամ հնչակյան մամուլի սատարությամբ, կազմվեց մի հրեշավոր սուտ՝ իբր թե Նիկոլայ Բ-ն կոչ է ուղղել հայերին և նրա մեջ ասել՝ «Հայեր, եկել է ձեր տանջանքների վերջը» և այլն, և այլն: Այս սուտը երկու ձեռքով բռնեց թուրքական կառավարությունը և զետեղեց մեղադրական կետերի մեջ, որոնցով ամբողջ թուրքահայությունը դատապարտվում էր բնաջնջման:
Կոնսերվատիվ սենյակի ժողովուրդ չէինք, այլ կտուրի ժողովուրդ էինք, ինչ ունեինք՝ հրապարակի մեջ էր: Նույնիսկ ինչ չունեինք էլ, դարձյալ հրապարակի մեջ էինք դնում: Այս պատճառով էլ չափազանց հեշտ էր մեզ թակարդի մեջ գցելը, մեզ լավ ջարդելը և նույնիսկ արմատահան անելը:

(շարունակելի)



Վերջին էջ

ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ


Մի՞թե վերջին պոետն եմ ես...
Վ. ՏԵՐՅԱՆ


Կկորչեն հավետ և փառք, և անուն,
Ինչպես հողմի դեմ ծաղկունքը անզոր,
Եվ կգա մի օր, որ Ղարաբաղում
Մի հայ չես գտնի հայերեն խոսող:

Ես կլինեմ քո պոետը վերջին,
Քո վերջին բողոքն ու նամականին:
Ձեռքս կդնեմ իմ անմեղ խղճին,
Ողբամ՝ օ՜, տուր ինձ ծուխն իմ ծխանի:

Քո ողբասացը կլինեմ վերջին,
Օտար ոտքի տակ տրորված ածուդ,
Կլինեմ վերջին հառաչանքը քո,
Վերջին հանդուգն ու վերջին ծաղրածուն:

Եվ ինձ կանվանեն ցնորված ու խենթ
Թոռն ու ծոռները նենգ Փեղամբարի,
Ինձ կքարկոծի ամբոխը անգետ-
Դասական ոճով քսաներորդ դարի:

Եվ ես կլինեմ մոռացված հավետ՝
Վերջին պոետը իմ լեռնաշխարհի:


* * *
Այն ո՞վ է ասում, թե Նազար չկա,
Եվ նազարական ավազակ չկա,
Իբր հեքիաթ է Նազարը եղել,
Իբր վաղուց ենք Նազարին թաղել:
Նազարին, ճիշտ է, մենք նոր չենք թաղել,
Բայց արի ու տես, որ խոր չենք թաղել.
Հին Նազարն իր մեջ նոր Նազար սնել,
Հին Նազարից՝ նոր Նազար է ծնվել:
Եվ նոր Նազարն այս իր նախորդի պես
Ոչ թե անտեղի ճանճ է փախցնում,
Այլ ճանճերին է հերոս դարձնում:
1981 թ.

* * *
Լինում է այնպես, հիմարն էլ հաճախ
Դառնում է հանճար,
Մեզ՝ խելոքներիս
Դասեր է տալիս,
Սովորեցնում, թե ինչպես անենք՝
Իր ձեռքով փոսը գլորած քարը
Այդ փոսից հանենք:

Եվ մենք, որ այնքան
Խելոք ենք կյանքում,
Հիմարին էլ ենք հաճախ ենթարկվում,
Նրա դհոլ ու զուռնի տակ պարում,
Մեծարում նրան ու ծափահարում:
Է՜հ, ես ի՞նչ ասեմ աշխարհին այս սին,
Հիմարի քարը մեր խելոք գլխին:


* * *
Պոետներին մեծարել են,
Տվել փառք ու պատիվ անծիր,
Պոետներին քարկոծել են
Նենգ ու նախանձ փարիսեցիք:

Պոետներին զրպարտել են
Հուդաները փողի գերի,
Պոետներին բանտարկել են,
Գնդակել են պոետներին:

Դափնիներ են դրել կանաչ
Պոետների սեգ ճակատին,
Ձեռքը խոթել ատրճանակ,
Հրավիրել մենամարտի:

Պոետներին խարանել են,
Վառել նրանց երգերն ընտիր,
Պոետներին դարանել են
Դանտեսները բախտախնդիր:
Պոետներին տվել թևեր
Ու մղել են խոյանքների,
Պոետներին սիրահարվել
Ու լքել են պոետներին:

Պոետներին հայհոյել են,
Հալածել են ու այպանել,
Պոետները զենքը ձեռքին
Հայրենի հողն են պաշտպանել:

Պոետները չեն նահանջել
Ու չեն եղել փառքի գերի,
Փառքը ինքն է վստահորեն
Եկել գտել պոետներին:


* * *
Բանաստեղծները ծառեր են՝ կանգնած
Մայր հողի վրա հպարտ, հաստատուն,
Նրանց ճյուղերին՝ թունոտ ու նախանձ
Անտաղանդներն են միշտ քարեր նետում...
1981 թ.

-------------------------------------------
Փետրվարի 23-ին լրացել էր
Վազգեն Օվյանի մահվան 24 տարին...




ԱՄՈԹԻ ՄԱՀԸ

Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացավ աշխարհում երբեմնի մեծ հռչակ վայելած, երկրագնդի բոլոր ազգերի ու ժողովուրդների կողմից հարգվված ու գնահատված հոմո սապիենսի տարիքը ունեցող Ամոթը։ Այո՛, ամոթը մեռավ:
Այն ամոթը, որն ամենուր էր՝ մարդու սրտում, տանը, դրսում, արվեստում, գրականությունում, կինոյում, փողոցում։ Ամոթն այնքան պատիվ ուներ, որ տրանսպորտում նրա խաթեր համար ամեն մեկն իր տեղն էր զիջում մյուսին, անգամ եթե այդ ճանապարհը պիտի 8 ժամ տևեր։

Ամոթին գիտեին բոլորը, բոլորը ուզում էին իր մի մասինիկը ունենալ իրենց մեջ։ Նույնիսկ ասում են, որ պեղումների արդյունքում հայտնաբերվել են Ամոթին նվիրված «ֆան» ակումբներ։ Եթե հանկարծ գտնվեր մարդ, ով ամոթ չունենար, կքարկոծեին, կդատապարտեին, կստիպեին, որ ունենա։ «Անամոթ» բառը համարյա թե չէր օգտագործվում, որովհետև ամոթ ունեին բոլորը՝ թե՛ մեծ, թե՛ փոքր։
Ամոթից ազդվել ու զգաստացել են թագավորներ, փարավոններ, նախարարներ, դատավորներ....

Ամոթը մեծ էր ու վսեմ, նա չափանիշ էր, կարգուկանոն էր, արդարություն ու մաքրություն էր ամեն տեղ և ամեն ժամանակ։ Այնքան դրական բան, որ արել է Ամոթը, մարդկային ուրիշ ոչ մի հատկություն չի արել, բացի սիրուց, իհարկե։ Ամոթին են նվիրված եղել բազմաթիվ գրական գործեր, բեմականացված պիեսներ և ընդօրինակման արժանի գրական աշխատանքներ։

Իսկ հիմա Ամոթը մեռել է։ Բայց, ասեմ ձեզ, Ամոթը տարիքից չէր, որ մահացավ, նա դեռ երկար կապրեր, նրան ուղղակի կամաց-կամաց, սերնդեսերունդ մոռացան։
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ նրա կարիքը սկսեցին չզգալ։ Երիտասարդությունը, արվեստը, մոդան, զվարճանքն ու խրախճանքը, ցոփ ու ցինիկ կյանքն այնպիսի «արդարացնող» փաստարկներ բերեցին, իբր թե Ամոթը տարիքն առել է, երբեմն զառանցում է, և ժամանակն է պատվավոր հանգստի գնալու։ Դրանից հետո սկսվեցին ի հայտ գալ տնազներ՝ այսօր աշխարհը ողողած արվեստագետների տնազներ, երգիչ-երգչուհիների տնազներ, մարդկանց տնազներ....

Եղան եվրոպական երկրներ, որ 24 ժամ տվեցին Ամոթին՝ լքելու իրենց տարածքը։ Արագորեն բոլոր երկրներում այն սկսվեց համարվել «persona non grata»։ Իսկ վերջին տարիներին Ամոթը սկսեց ընդհանրապես չմասնակցել որևէ միջոցառման։ Նա չկար ոչ ռեստորանում, ոչ հյուրանոցում, անգամ հնդկական ֆիլմերում:
Էս վերջերս, երբ նորաձևությունը ներկրեց կարճ շրջազգեստներ, երբ յուրաքանչյուր անտաղանդ սկսեց համարվել խորը արվեստ ստեղծող, որը ոչ բոլորը կարող են հասկանալ, Ամոթը միկրոինֆարկտ տարավ։

Ամոթը վերջին տարիներին հաճախ տարաձայնություններ էր ունենում արվեստագետների և իշխանության ներկայացուցիչների հետ։ Իրեն իրավունք էր վերապահում արգելելու մարմնավաճառությունը, մանկապղծությունը, իշխանական վերին էշելոններում միասեռականների գոյությունը։
Իշխանությունը նրան զրկեց կարծիք հայտելու իրավունքից, հանրային հեռուստատեսությամբ ելույթ ունենալուց, հասարակական վայրերում երևալուց։ Մի խոսքով, համարվեց ձայնազուրկ, ինչն էլ գլխավոր պատճառը դարձավ նրա մահվան։
Բայց օբյեկտիվ լինելու համար նշենք մի կարևոր բան։ Ամոթը կատարյալ չէր։ Նա էլ ուներ թերություններ։ Օրինակ՝ նա զիջող չէր, հարմարվող չէր, նույն ամոթն էր, ինչ հիսուն տարի առաջ՝ անկոտրուն, կողը հաստ ու իր ասածին կանգնող։

Ամոթի թաղման արարողությունը պատշաճ, կարգուկանոնով և անվերադարձ կազմակերպելու համար կառավարության կարգադրությամբ մտավորականներից ձևավորվեց մի խումբ, որը ղեկավարելու էր հարապետությունում նշանավոր դեմք, բազմաթիվ պետական և հասարակական շքանշանների ու պատվոգրերի դափնեկիր պարոն Պնդաճակատը, իսկ նրան օգնելու էր տիկին Աներեսը:
Առաջին շարքում նստած էին Գարշությունը, Նենգությունն ու Տափակությունը։ Ամբիոնին մոտեցավ պարոն Տգետն ու հայտնեց.

- Որոշվեց Ամոթին թաղել Ճապոնական ծովում։ Ճիշտ է, մեծ ցանկություն ունեինք նրան թաղել պանթեոնում, սակայն երեկ պարզվեց, որ պարոն Օլիգարխը սեփականաշնորհել է այդ տարածքը և շուտով ֆինանսավորելու է այդնեղ ամփոփված Կոմիտասի և այլ մեծ հայերի «հարությունը», որպեսզի նրանց տեղում կանգնեցնի իր մեծ նոր օբեյեկտը.... Ուստի Ամոթի համար այլևս տեղ չի մնացել այնտեղ։ Այս մասին մենք արդեն հայտնել ենք նաև մահվան մահճում գտնվող Խղճի հարազատներին։ Նաև հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ նույն վիճակում է գտնվում նաև Հույսը։

Եկան, հավաքվեցին ու Աներեսը, Հպարտն ու Լոպազը, պարոններ Միջակությունը, Թմրամոլն ու Խաղամոլը, Լկտին ու Հաստագլուխը, Բանսարկուն ու Հիմարն ու նրա հարազատ եղբայր Ապուշը... Մինչև որ դահլիճում տեղ չմնաց Խոնարհին ու Պարկեշտին, որոնք հանգուցյալ Ամոթի արյունակիցներն էին և վերջին ամիսներին նրա կողքից չէին հեռանում։
Մենք՝ սգո բոլոր հանդիսականներս, ի խորոց սրտի հայտնում ենք մեր ցավակցությունները Ամոթի հարազատներին, մտերիմներին, ազգականներին՝ Պարկեշտությանը, Շիկնանքին, Շնորհակալությանը և Ներողությանը, որոնք իրենց պատվավոր տեղն են զբաղեցրել Կարմիր գրքում։

Ամոթի մեկընդմիշտ թաղման արարողությունը կատարվեց առանց սգո երաժշտության (երաժիշտներն այդ պահին մասնակցում էին Օլիգարխի դստեր հարսանքին), առանց յոթ, քառասունք ու տարի նշելու, և նրա նկատմամբ երբեք չի կիրառվելու «գնա մեռի՛, արի սիրեմ», ավանդական սկզբունքը։
Հրավառությունը երեկոյան տեղի ունեցավ Հանրապետության հրապարակում։ Վերջապես մնում ենք մենք՝ մերոնցով.....

ԳԵՂԱՄ ՂԱՐԻԲՅԱՆ
Երևան



ԷՇԸ ՄԵԶՆԻՑ ՎԵՐՑՐԻՆ, ՓԱԼԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁՐԻՆ

Հայտնի մի առակ կա։ Մեկի բեռնած էշը գողանում են, բեռներն ու փալանը վերցնում և էշը թաքուն քշում տիրոջ տուն։ Իսկ սա ուրախանում է՝ էշը գտնվե՜լ է...
Տարիներ շարունակ Ստեփանակերտում և շրջակա այլ բնակավայրերում մոտ 30 հեռուստաալիքներ էին դիտում՝ անվճար։ Այսօր դարձյալ անվճար, բայց ընդամենը 9 հեռուստաալիք ենք դիտում։ Իսկ որակի մասին ավելի լավ է չխոսել։ Մերթ կադրերն են վազվզում, մերթ հեռուստաէկրանի վրա ինչ-որ բծեր են հայտնվում, մերթ պարզապես պատկերն է չքանում...

Եվ մենք ուրախ ու երջանիկ ենք, որ մեզ թույլ են տալիս անվճար գոնե այդ 9 հեռուստաալիքը դիտել։ Կարող էին, չէ՞, դրանից էլ զրկել շարքային քաղաքացիներիս, ովքեր հնարավորություն չունեն «Արցախկապի» բաժանորդ դառնալու համար 3500 դրամ վճարել, ապա յուրաքանչյուր ամիս վճարել նաև 2200 դրամ և 56 հեռուստաալիք դիտել...
Վերևում հիշատակված նույն պատմությունն է, բայց որոշ տարբերությամբ։ Մեզ ոչ թե էշը, այլ փալանն են միայն վերադարձրել։

ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ



Համարի ասույթը

Նշանավոր մեկն ասել է. «Վատ է այն զինվորը, որ չի ուզում գեներալ դառնալ»: Սակայն, կարծում եմ, շատ ավելի վատ է այն զինվորը, որ ամեն գնով փորձում է գեներալ դառնալ:


Ամսվա ասույթը

Յուրօրինակ երկիր ենք կառուցում. մեր երկիրը հզորացնում ենք քանդելով: Եղածը քանդում ենք և տեղը նորից կառուցում, հաջորդ օրը այդ կառուցածն էլ ենք քանդում, որպեսզի տեղը նորը կառուցենք:

Комментариев нет:

Отправить комментарий