17.6.11

N 1 (14) (2010)

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ԻՍԿ ՁՆԱԳՈՒՆԴԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է

Որ Ադրբեջան կոչված երկրում քնած թե արթուն, երազում թե նամազի ժամանակ Ղարաբաղը «հետ բերելու» մասին են մտածում ու պետական մակարդակով զօրուգիշեր ոռնում 70 տարով զավթածը կորցնելու համար, և «Ղարաբաղյան խնդրի» հողի վրա արդեն Իլհամ Ալիևից մինչև ամենահետին չոբանը ազգային հոգեխանգարման են հասել, դա գաղտնիք չէ մեզ համար։ Շարքային ազերիները երազում անգամ սեփական իշխանություններից վախենում են Ղարաբաղի մասին պետական քարոզչության ոգուն անհարիր բան մտածել։

Բայց թե ինչու են Արևմուտքը, Հյուսիսն ու Արևելքը, ամերիկացի Յանկին, Սպիտակ արջն ու Գորշ գայլը Ղարաբաղի համար իրարով անցել, քուն ու հանգիստ կորցրել՝ դա այնքան էլ պարզ չէ։ Կարծես այդ երկրներում այլ խնդիրներ ու պրոբլեմներ չկան, կարծես համաշխարհային բոլոր հակամարտությունները լուծել են, մնացել է Արցախը։ Վեց տասնամյակից ավելի է Ճապոնիան Ռուսաստանից պահանջում է հետ վերադարձնել իր Կուրիլյան կղզիները, Մերձավոր Արևելքում, Իրաքում, Աֆղանստանում գրեթե ամեն օր ու ամեն ժամ մարդիկ են սպանվում, բայց այդ ամենն այնքան չի մտահոգում գերտերություններին, որքան երկտասնամյակից ավելի խաղաղ ղարաբաղյան երկինքը։

Գիտնականները վերջերս վարկածներ են շրջանառում, թե գլոբալ տաքացումը, որի ականատեսն է ողջ աշխարհը, կարող է հանգեցնել համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման, որի արդյունքում Նյու Յորքը, ամերիկյան բազմաթիվ այլ խոշոր քաղաքներ և աշխարհի հազարավոր բնակավայրեր կարող են հայտնվել ջրի տակ։ Բայց մոտալուտ վտանգը, սարսափելի այդ հեռանկարը կարծես այնքան չի հուզում տիկին Քլինթոնին և նրա այլազգի խոշոր տրամաչափի կոլեգաներին, որքան «Ղարաբաղի խնդիրը շուտափույթ հանգուցալուծելու» այս խաղը։

Բաքվի հարցում ամեն ինչ պարզ է, այդ երկիրը վերջին 20 տարում այնքան է «հալվա-հալվա՜», այսինքն՝ «Գարաբա՜ղ, Գարաբա՜ղ» բղավել, որ հոգեկան հիվանդի պես ամեն օր սպասում է, թե այն շուտով հայտնվելու է իր երախում։ Նույնիսկ եթե հանկարծ տիրանա այդ «համեղ պատառին», հետո էլ աչքը տնկելու է Մեղրիի և Զանգեզուրի, իսկ այնուհետև՝ Երևանի վրա...

Բայց թե Ղարաբաղն ինչու է ոսկորի պես դեմ առել ամերիկաների և, այսպես կոչված, ռազմավարական մեր դաշնակից Մոսկվայի բկին, դա անհասկանալի է։ Եթե նրանց այդքան շատ է մտահոգում մեր տարածաշրջանի խաղաղությունը, ապա պիտի հասկանան, որ տարածաշրջանի խաղաղությանը սպառնող ամենամեծ վտանգը հենց ստատուս-քվոյի խախտումն է։ Հայկական զինուժի դուրսբերումը կդառնա առաջին ազդականչը, որ Ադրբեջանը կրկին փորձի խուժել Ղարաբաղ և այն արժանացնել Նախիջևանի ճակատագրին։
Զավեշտականն այն է, որ միջնորդ կոչված պարոնները որքան շատ են ճամարտակում «մինչև այս գարուն» կամ «մինչև այն աշուն» 20 տարի սառած հակամարտությունը լուծելու մասին, այն ավելի է շիկանում, ազերիների ախորժակն ու ոգևորությունը կրկնապատկվում է, և նրանք ավելի հաճախակի են սկսում ռազմատենչ կոչեր շաղ տալ. «Շուտ արեք, թե չէ զենքով ենք լուծելու հարցը...»։ Նրանց ոգեշնչում է նաև այն, որ միջնորդ կոչված տղերքն ու նրանց երկրները աչք են փակում «օկուպացված տարածքները զենքով վերադարձնելու» հայտարարությունների վրա։

Եվ ձնագունդն օր-օրի մեծանում է։ Ու ցավն այն է, որ նախկին անմեղ այդ ձնագունդն արդեն վտանգավոր է դառնում։ Դա նաև այն պատճառով, որ հայերս չունենք հակամարտության լուծման ո՛չ հստակ ծրագիր, ո՛չ հստակ դիրքորոշում և, ի հավելումն դրա, մեր դիվանագիտությունը գետնաքարշ է...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



ԼՂՀ ԱԺ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՊԱՀԱՆՋԵԼ ԵՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Հունվարի 19-ին ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերը՝ ի դեմս «Ժողովրդավարություն», «Հայրենիք» և «ՀՅԴ-Շարժում-88» խմբակցությունների, ընդունել են հայտարարություն Բաքվի հայերի 1990թ. հունվարյան ջարդերի կապակցությամբ, որտեղ մասնավորապես ասվում է. «Քսան տարի առաջ պաշտոնապես դեռևս խորհրդային կոչվող Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պետականորեն կազմակերպվեց և սառնասրտորեն ի կատար ածվեց հայ բնակչության զանգվածային սպանդը: Առանձնակի դաժանությամբ սպանվեցին հազարավոր անմեղ մարդիկ՝ կանայք, երեխաներ ու ծերունիներ, իսկ տասնյակ հազարավորները, մարմնական ծանր վնասվածքներ ու հոգեկան ցնցումներ կրելով, հայրենազրկվեցին և բռնատեղահանվեցին։

Բաքվի հունվարյան ջարդերը, փաստորեն, Արևելյան Անդրկովկասի բնիկ և իրավամբ պետականակիր հայ ժողովրդի նկատմամբ 1905-1906, 1918-1920 և 1988-1990թթ. իրագործված բռնությունների ու տեղահանությունների վերջին ակորդը հանդիսացան։ Դա Ադրբեջանի իշխանությունների յուրօրինակ պատասխանն էր հայրենի բնօրրանում արժանապատիվ ապրելու՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ, արդարացի և օրինական իրավունքի, որն իրականացվեց ԽՍՀՄ իշխանությունների հանցավոր թողտվությամբ»։

ԼՂՀ ԱԺ քաղաքական ուժերի ներկայացուցիչները, վերստին դատապարտելով քսաներորդ դարի ողջ ընթացքում Ադրբեջանում կազմակերպված հակահայ բռնությունները, որոնց հետևանքով տեղաբնիկ հայ բնակչությունը զրկվել է պետականորեն ինքնակազմակերպվելու անօտարելի իրավունքից և, մասնավորապես, 1990թ. հունվարի 13-ից Բաքվում սկիզբ առած ջարդերը, դրանք գնահատել է որպես «մարդու իրավունքների և ազատությունների, առաջին հերթին՝ ապրելու իրավունքի զանգվածային խախտման փաստ, այլատյացության և ազգային անհանդուրժողականության, էթնիկ զտումների՝ Ադրբեջանի պետական քաղաքականության ակնհայտ դրսևորում, մարդկության դեմ պետականորեն կատարված ծանրագույն հանցագործություն՝ Ցեղասպանություն, որի համար պատասխանատվությունը, միջազգային իրավունքի համաձայն, վաղեմության ժամկետ չունի»:

Հայտարարության հեղինակները նշել են, որ ԼՂՀ-ն հետամուտ է լինելու, որպեսզի Ադրբեջանում իրագործված հակահայ բոլոր բռնությունները, տեղահանություններն ու էթնիկ զտումներն ստանան իրավական գնահատական, իսկ դրանց կազմակերպիչները ենթարկվեն պատասխանատվության՝ անկախ նրանց քաղաքական ու հասարակական ներկա դիրքից կամ կեցության վայրից»:

Քաղաքական ուժերը դիմել են ՄԱԿ-ին, ԵԽ-ին, ԵԱՀԿ-ին, Մինսկի խմբի անդամ երկրների խորհրդարաններին, առաջարկելով անցկացնել 1990թ. հունվարի 13-ից մինչև 20-ը Բաքվի հայ բնակչության դեմ իրագործված բռնությունների անաչառ հետաքննություն և իրավական գնահատական տալ ոճրագործության կազմակերպիչների ու իրականացնողների գործողություններին։
«Հետագա անցանկալի զարգացումներից խուսափելու համար պահանջում ենք դատապարտել և պատժամիջոցներ կիրառել հանցավոր պետության նկատմամբ: Դա ոչ միայն տուժողի իրավունքն է, այլև միջազգային ատյանների պարտավորությունը, քանի որ ցեղասպանությունը ոճիր է համայն մարդկության դեմ»,- ասվում է հայտարարության մեջ:




Հայաստանյան և արտասահմանյան մամուլի էջերից...

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԸ ՍՈՉԻԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Հունվարի 25-ին Սոչիում տեղի ունեցած ռուս-հայ-ադրբեջանական հանդիպումը, որի օրակարգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն էր, լայնորեն լուսաբանել են Արև-մտյան, ռուսաստանյան, ադրբեջանական և թուրքական պարբերականները։
Մեկնաբանները նշում են, որ դա այս տարի Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի անդրանիկ հանդիպումն էր։ Moscow Times-ի մեկնաբան Նիքոլաս ֆոն Թվիքելը նշում է, որ դռնփակ բանակցություններից հետո ո՛չ Ալիևը և ո՛չ էլ Սարգսյանը որևէ հայտարարություն չեն արել։
«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի մեկնաբան Ելենա Կրիվյակինան գրել է, թե Ղարաբաղյան հակամարտության մոտալուտ կարգավորումն իրական չէ, և վկայակոչել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, ով Սոչիի հանդիպման նախօրեին ասել է, թե Երևանում այս տարի Ղարաբաղի հարցում ճեղքում չեն ակնկալում։

Բաքվում լույս տեսնող «Զերկալո»-ն գտնում է, որ Սոչիում արված հայտարարությունը այն մասին, թե կա «ապագա համաձայնագրի նախաբանի շուրջ ընդհանուր ըմբռնում», ոչ այլ ինչ է, եթե ոչ Ալիևի և Սարգսյանի կողմից զիջում Մեդվեդևին, քանի որ եռակողմ ձևաչափով հինգ հանդիպումները էական արդյունք չեն տվել, «ինչը մի տեսակ անհարմար է Ռուսաստանի նախագահի համար»:
Թուրքական Hurriyet-ը Սոչիի հանդիպումը դիտում է հայ - թուրքական երկխոսության համատեքստում՝ գրելով, թե «Ղարաբաղի հակամարտությունը առանցքային նշանակություն ունի երկու երկրների կապերի բարելավման համար, Անկարան հայտնել է, որ բնականոն հարաբերություններ հաստատելու և սահմանը բացելու գործընթացին զուգահեռ պետք է իրականացվի նաև հայ - ադրբեջանական վեճի կարգավորումը»։

«Գազետա»-ի մեկնաբան Անաստասիա Նովիկովայի փոխանցմամբ՝ կարգավորման հեռանկարը մոտ չէ: «Այն պահին, երբ նախագահները հարցը քննարկում էին Սոչիում, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ չի բացառում տարածաշրջանում մարտական գործողությունների վերսկսման հնարավորությունը»,- գրում է մեկնաբանը: Ըստ թերթի՝ վերլուծաբանները համոզված են, որ ռազմական ուղին աղետալի կլինի երկու կողմի համար։ Մոսկովյան «Կարնեգի» կենտրոնի գիտխորհրդի անդամ, քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն «Գազետա»-ին ասել է, թե Մադրիդյան սկզբունքները չի կարելի համարել կարգավորման բանալի, քանի որ դրանցում կա անլուծելի մի հարց՝ դա Ղարաբաղի անկախության ճանաչումն է։ «Բայց կա մեկ այլ խնդիր, որը, կարծես թե, կլուծվի՝ դա Ադրբեջանի տարածքից Հայաստանի բանակը դուրս բերելն է. դրա շուրջ էր ամբողջ առևտուրը, վաղ թե ուշ դա տեղի կունենա», - ասել է Մալաշենկոն։

«Նեզավիսիմայա գազետա»-ն գրել է, թե ըստ բանակցություններին մոտ կանգնած մի աղբյուրի՝ Մադրիդյան սկզբունքների նախաբանում տեղ են գտել առաջիկա բանակցություններում Լեռնային Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտությունը և ազգերի ինքնորոշման իրավունքի գերակայությունը։
«Կոմերսանտ»-ի պնդմամբ, այս անգամ ռուսական կողմն առավել ակտիվ հայերի հետ է աշխատել. հունվարի 13-ին Երևան է այցելել արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նույն օրը Ռուսաստանի մայրաքաղաքում էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, որին հրավիրելը Մոսկվայի կողմից քայլ էր՝ ուղղված Սոչիի եռակողմ գագաթնաժողովի կազմակերպմանը, ապա Մոսկվա են մեկնել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, և, վերջապես, հունվարի 18-ին Դմիտրի Մեդվեդևը Սերժ Սարգսյանին է ընդունել։ Ըստ «Կոմերսանտ»-ի, Սոչիում տեղի ունեցած հանդիպման գլխավոր արդյունքն այն է, որ կողմերը համաձայնել են գրավոր ներկայացնել հակամարտության կարգավորման խնդրում իրենց համար վիճելի սկզբունքների վերաբերյալ ձևակերպումները։



ՀՀ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՍՈՉԻԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Հունվարի 25-ին Սոչիում տեղի ունեցած ռուս-հայ-ադրբեջանական հանդիպման մասին Հայաստանի ընդդիմադիր և իշխանական ուժերը հակադիր գնահատականներ են տալիս։
Հայ ազգային կոնգրեսում (ՀԱԿ) կարծում են, թե Սոչիում տեղի ունեցած հանդիպումը ցույց տվեց, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը «արագանում է և այն գնում է դեպի վերջնական հանգուցալուծում»: ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է, որ իրենք տեղեկություններ ունեն, թե քննարկվող փաստաթղթի նախաբանում, որի շուրջ կողմերը փոխըմբռնման են եկել, տեղ է գտել հայկական կողմի համար վտանգավոր ձևակերպում:

«Մենք տեղեկություններ ունենք, որ այդ նախաբանը, ըստ էության, կրկնում է այն սկզբունքների շարադրանքը, որոնք ընդունվեցին Աթենքում՝ ԵԱՀԿ-ի վերջին նախարարական ժողովի ժամանակ»,- ասաց Զուրաբյանը:- «Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը համաձայնեց, որ Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, և մենք տեղեկություններ ունենք, որ հիմա դա իրականացվում է, և նախաբանի մեջ հենց այդ սկզբունքը արտացոլված է: Այսինքն՝ սրանք բավականին տագնապալի զարգացումներ են»:

ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը (ՀՅԴ) կարծում է, որ Սոչիում տեղի ունեցած հանդիպումը «որևէ բանով չտարբերվեց նախորդ հանդիպումներից»: Իսկ ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած փաստաթղթի նախաբանին, ապա, Կարապետյանի խոսքով, Դաշնակցությունը տեղյակ չէ այդ փաստաթղթի բովանդակությանը: Նա հավելեց, որ այժմ իրենց խմբակցությունը քննարկում է արտգործնախարարություն դիմելու և փաստաթղթի վերաբերյալ տեղեկություններ ստանալու հարցը:

Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը այն կարծիքին է, որ նախագահների եռակողմ հանդիպումը ևս մեկ դրական քայլ էր դեպի առաջ: Իսկ բանակցային գործընթացը նա գնահատեց իբրև նպաստավոր և՛ Հայաստանի, և՛ Ղարաբաղի, և՛ Ադրբեջանի համար. «Որովհետև այնտեղ սկզբունքները դրված են՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունք, այսինքն՝ այդ առումով, բնականաբար, պետք է լինի դրական և՛ մեզ համար, և՛ Ադրբեջանի համար»:

Ընդդիմադիր շարժման ներկայացուցչ Վլադիմիր Կարապետյանի կարծիքով՝ Ադրբեջանը հետզհետե կոշտացնում է իր դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ, և դա առաջընթացի բացակայության հիմնական պատճառն է. «Այն բանից հետո, երբ Աթենքում Հայաստանը համաձայնեց հակամարտության կարգավորմանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, շատ տրամաբանական է, որ Ադրբեջանը պետք է ավելի կոշտացներ իր մոտեցումը և ավելի բարձրացներ պահանջների սանդղակը: Կարծում եմ, մենք այդ գործընթացի ականատեսն ենք, և այդ խայտառակ ձախողումը, որ տեղի ունեցավ Աթենքում, դեռ շարունակությունն իր ունենալու է՝ ազդեցություն թողնելով բանակցությունների վրա»:

«Առավոտ»-ի խմբագիրը, անդրադառնալով հայկական բանակի օրվան, գրում է. «Արձանագրենք այն, ինչ մեզ հաջողվել է ստեղծել՝ մարտունակ բանակ, և այն, ինչ չի հաջողվել՝ ժողովրդավարական պետություն, շուկայական տնտեսություն»:

«Հայք»-ը անդրադառնում է 2009 թվականի 300 խոշորագույն հարկատուների ցանկին, որ նախօրեին հրապարակել է Պետեկամուտների կոմիտեն. «Ցանկի առաջին եռյակում են «ՀայՌուսգազարդ»-ը՝ 18.4 միլիարդ դրամ, «Ալեքս-Գրիգ»-ը՝ 16.1 միլիարդ դրամ և «Ղ-Տելեկոմ»-ը՝ 18.9 միլիարդ դրամ: Ընկերությունների մեծ մասի մոտ նկատվում են վճարված հարկերի նվազումներ նախորդ տարվա համեմատ, ինչը պայմանավորված է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով»:

«Հետք»-ի մեկնաբանը, անդրադառնալով Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը նվիրված Մեդվեդև-Ալիև-Սարգսյան հանդիպմանը Սոչիում, գրում է. «Հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի ներգրավվելու գաղափարը երբեք չի վիճարկվել միջնորդների կողմից: Սակայն նրանք երբեք չեն հստակեցրել, թե ե՞րբ և ի՞նչ պայմաններում դա իրականություն կդառնա: Նույնը չի արվում նաև այս դեպքում»:

NEWS.AM-ը տեղեկացնում է, որ Ավստրիայի պաշտպանության և սպորտի նախարարությունն իր պաշտոնական կայքում տեղադրել է քարտեզ, որտեղ Լեռնային Ղարաբաղի տարածքը ներկայացված է որպես Հայաստանին պատկանող տարածք: Ինչպես և սպասվում էր, ադրբեջանցիները այս փաստի առնչությամբ, հերթական հիստերիան են բարձրացրել: Նշենք, որ մշտապես, նման դեպքեր են գրանցվում ինտերնետում: Մասնավորապես, վերջերս Ադրբեջանի իշխանությունների բազմաթիվ բողոքներից հետո, Euronews-ը փոփոխեց իր կայքում տեղադրված քարտեզը, որտեղ Ղարաբաղը ներկայացված էր որպես հայկական տարածք: Նույն կայքում Ադրբեջանը ներկայացված էր ոչ թե եվրոպական տարածաշրջանում, ինչպես օրինակ Հայաստանն ու Վրաստանը, այլ՝ ասիական, որը նույնպես ադրբեջանցիների զայրույթի առիթ էր դարձել:

«Հայոց Աշխարհ»-ը տպագրել է իշխանական կոալիցիայի հայտարարությունը, որով Ազգային ժողովի ղեկավարության ուշադրությունն է հրավիրվում ԵԽԽՎ-ի նորընտիր նախագահ Մովլութ Չավուշօղլուի՝ հունվարի 26-ին ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տրված հարցազրույցին, որում «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահը հանդես է եկել կանխակալ տեսակետներով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի առնչությամբ»: «Վեհաժողովի նախագահի կողմից «իրականության» որոշ մեկնաբանություններ հարցականի տակ են դնում նրա անկողմնակալությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի ընկալման հարցում: Նախագահը լրջորեն հարցականի տակ է դնում իր պաշտոնավարության հեղինակությունը տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում առհասարակ որևէ դրական դերակատարում ունենալու տեսանկյունից: Այս հարցազրույցը ևս մեկ անգամ հաստատում է, որ բանակցություններ վարելը միայն լիազորված մարմնի, այս պարագայում ԵԱՀԿ և վերջինիս Մինսկի խմբի համանախագահության իրավասությունն է, և այն, որ այս ձևաչափից դուրս ցանկացած անպատասխանատու ձեռնարկում միայն ավելի բարդացնում և վնասում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը»,- հայտարարում են կոալիցիայի անդամ կուսակցությունները՝ ՀՀ ԱԺ նախագահին հորդորելով «ԵԽԽՎ նախագահից ճշտել տարածված հարցազրույցի իսկությունը, բացատրություններ պահանջել պարոն Չավուշօղլուից, հասկանալ, արդյո՞ք նրա խոսքերը կարելի է համարել ԵԽԽՎ պաշտոնական դիրքորոշում և հարկ եղած դեպքում լրջորեն քննարկել Մովլութ Չավուշօղլուի նախագահության շրջանում ԵԽԽՎ-ի աշխատանքներին Հայաստանի մասնակցությունը սառեցնելու հարցը»:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ նորընտիր նախագահ, ազգությամբ թուրք Մովլուդ Չավուշօղլուն ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում ասել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության չլուծված հարցը տարածաշրջանում կայունության գլխավոր խոչընդոտն է։ Այնուհետև հայաստանյան մամուլում հրապարակումներ են հայտնվել, որ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռախոսով շնորհավորել է Չավուշօղլուին՝ ԵԽԽՎ նախագահ ընտրվելու կապակցությամբ և «կոչ արել նրան իր նախագահության երկու տարիների ընթացքում ցուցաբերել զգայուն, խոհեմ և հավասարակշռված դիրքորոշում տարածաշրջանին առնչվող հարցերին»: Վերջինս իր հերթին հայտնել է, որ հունվարի 26-ին ադրբեջանական APA լրատվական գործակալության կողմից տարածված տեքստում իրեն վերագրվել են մի շարք հայտարարություններ, որոնք ինքը չի կատարել: Չավուշօղլուն հավաստիացրել է, որ այդ հայտարարությունները թերի թարգմանության և ադրբեջանցի լրագրողի թյուրըմբռնման հետևանք են (խմբ.):



ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԻ ՀԱՅՐԸ

Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը, տևական հիվանդությունից Փարիզում վախճանվել է 84-ամյա Գևորգ Հացպանյանը, այդպես էլ վերջին անգամ չտեսնելով որդուն՝ Արցախյան ազատամարտի մասնակից ֆրանսահայ Սարգիս Հացպանյանին, այդպես էլ չկարողանալով որդուն տալ հայրական օրհնությունը։ Հիշեցնենք, որ Սարգիս Հացպանյանը քաղաքական հայացքների պատճառով, բնականաբար, այլ պատճառաբանությամբ դատապարտվել է 3,5 տարի ազատազրկման։

ՀՀ Ազգային ժողովի 2009 թ. հունիսի 19-ի համաներման մասին օրենքը անհասկանալի պատճառներով չի տարածվել նրա վրա, քանզի ձեռքների տակ անհրաժեշտ տեղեկանք չունեն առ այն, որ 1991 թվականի նոյեմբերից մինչև Ղարաբաղի ազատագրումը Հացպանյանը եղել է Արցախում՝ սկզբում որպես Լեոնիդ Ազգալդյանի և Վլադիմիր Բալայանի կամավորական ջոկատների զինվոր ու մարտական ընկեր, ապա, արցախյան բանակի կազմավորումից հետո, որպես ԼՂՀ պաշտպանության բանակի մարտիկ ծառայել է ԼՂՀ ՊԲ թիվ 49971 զորամասում (Մարտակերտի պաշտպանական շրջան)։

Հասարակական-քաղաքական գործիչների, ճանաչված մտավորականների, զինվորականների հարյուրավոր ստորագրություններով նամակներ են հղվել ՀՀ իշխանություններին՝ պահանջելով «ներում շնորհել Հայոց հողի կանչով ֆրանսական բարեկեցիկ կյանքը պատերազմական Արցախով փոխարինած ու մեր մեծ Հայրենիքին նվիրված հայորդուն, մտավորականին՝ Սարգիս Հացպանյանին և հնարավորություն տալ գոնե վերջին անգամ տեսնելու իր հորն ու ստանալու նրա հայրական օրհնությունը» (այս տողերը ԼՂՀ ԱԺ պատգամավորների, արցախցի մտավորականների և զինվորականների նամակից են)...
Սակայն մարդկայինի ու բարոյականի մասին ՀՀ բարձր աթոռների նստած պարոնայք միանգամայն այլ կարծիք ունեն։ Ծննդով Արևմտյան Հայաստանից Գևորգ Հացպանյանը, որ հայ ինքնության պաշտպանությանն առնչվող հարցերի պատճառով 11 տարի անցկացրել է Թուրքիայի բանտերում, ենթարկվել դաժան կտտանքների, այդ հպարտ ու ազնիվ հայն այլևս չկա։ Երևի թե արդեն անցյալ ժամանակով պիտի խոսենք նաև նրա Սարգիս որդու Հավատի մասին։

Հոր մահվան բոթը հայտնելու համար Սարգիսը բանտից զանգել է ինձ... Ոչ միայն կորստի ցավ կար նրա ձայնում, այլև վիրավորանք։ «Շատ կուզեի իմանալ, բոլոր նրանք, ովքեր այսօր ինձ պահում են այստեղ, նրանց հայրերն արդյո՞ք իմ հոր եղունգի չափ ներդրում ունեն ՀԱՅԻ անունը, պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու գործում,- ասաց նա,- իմ հանդեպ անձնական խնդիրներ ունեն, հաշվեհարդար են տեսնում՝ հասկացանք, գոնե հարգեին իր ողջ կյանքն արժանապատիվ, տղամարդու, հայ լինելու հպարտությամբ ապրած մահամերձ մարդու՝ որդուն վերջին անգամ տեսնելու իրավունքը...»։

Դե ինչ, մարդը մահացել է։ Կարծես թե այլ զոհեր չկան, բացի ՀԱՎԱՏԻՑ։ «Նոր էջը» խորապես ցավակցում է Սարգիս Հացպանյանին և նրա հարազատներին՝ սիրելի ԳԵՎՈՐԳ ՀԱՑՊԱՆՅԱՆԻ մահվան առթիվ։



ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՆՎԵՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ


Ալիևին ու Սերժ Սարգսյանին 2 շաբաթ ժամանակ է տրվել Մադրիդյան փաստաթղթի լրամշակված տարբերակի վերաբերյալ իրենց կարծիքները ներկայացնելու համար, որից հետո համանախագահները հերթական այցով կգան տարածաշրջան։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Յուրի Մերզլյակովը, սակայն զերծ է մնացել պարզաբանումներից և հստակ չի ասել՝ 2010 թվականի կողմերը կստորագրե՞ն ԼՂ հարցը կարգավորող փաստաթուղթը, թե՞ ոչ։ Մերզլյակովը միևնույն ժամանակ հայտնել է, որ 2-3 ամիս հետո Մինսկի խմբում իրեն կփոխարինի մեկ այլ դիվանագետ։

«Ռեգնումը» գրում է, որ Մերզլյակովին ամենայն հավանականությամբ կփոխարինի ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը։ Հիշեցնենք, որ հակառակ Մերզլյակովի զգուշության, Վրաստանի և ԼՂ կոնֆլիկտների՝ ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը կարծիք է հայտնել, որ գարնանը կողմերը կգան համաձայնության ԼՂ հարցի կարգավորման շուրջ։
Ռուսաստանի համանախագահների փոփոխությունն ըստ էության դժվար թե որևէ ազդեցություն ունենա բուն գործընթացի վրա։ Էականն այն է, որ Սոչիի հանդիպումից հետո ինչ-ինչ հարցեր արդեն պարզվել են՝ համաձայնեցվել են շրջանակային փաստաթղթի նախաբանը և բազային սկզբունքները, ինչի մասին հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Լավրովը՝ Ալիև-Սարգսյան-Մեդվեդև հանդիպումից հետո։

Հայաստանի իշխանությունները մինչ այդ համառորեն հերքում էին փաստաթղթի գոյության մասին լուրերը։ Այժմ էլ, երբ արդեն հայտարարվել է, որ փաստաթուղթը գոյություն ունի, ու բազային սկզբունքներն էլ համաձայնեցվել են, հակառակ Ադրբեջանից ու Ռուսաստանից հնչող այն կարծիքների, որ նշված փաստաթղթում ընդգծված է ԼՂ հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու սկզբունքը, ՀՀ իշխանությունները փորձում են խուսանավել ընդհանուր ձևակերպումներով, սահմանափակվելով դասական՝ «Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր» տեղեկատվությամբ։ Քանի որ, ինչպես փաստաթղթի համաձայնեցված նախաբանը, այնպես էլ բուն փաստաթղթի բովանդակությունը պահվում են գաղտնի, նորից հայտնվել ենք ենթադրությունների տիրույթում։

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը, օրինակ, կարծում է, որ ԼՂ հարցի շուրջ ակտիվացումները Հայաստանի ֆուտբոլային դիվանագիտության ուղղակի հետևանքն են։ «Այսօր արդեն որևէ մեկը չի խոսում հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների ու սահմանի բացման մասին, և խոսում են միայն Արցախի խնդրի մասին։ Սա՝ հակառակ այն մարդկանց պնդումների, թե այս հարցերն իրար հետ կապ չունեն։ Թե ինչ զարգացումներ կլինեն 2 շաբաթից, դժվար է ասել։ Բայց եթե Հայաստանի իշխանությունները Ղարաբաղի հարցում գնան զիջումների, իսկ այսօր մեզ փաստացի զիջումներ են պարտադրում, ընդ որում՝ միակողմանի, եթե որևէ տարածքի, որևէ շրջանի զիջման քայլ անի Հայաստանը, ապա, ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը կարժանանա մոտավորապես նույն ճակատագրին, ինչին արժանացավ Լևոն Տեր-Պետրոսյանը 98 թվականին»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Անդրանիկ Թևանյանը։

Մեր հարցին, թե՝ եթե Սերժ Սարգսյանը հրաժարական չտա, ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները, Անդրանիկ Թևանյանը պատասխանեց. «Գիտեք, 98 թվականին էլ չեմ կարծում, թե Տեր-Պետրոսյանը հաճույքով հրաժարական տվեց։ Ես «եթե-ապա»-ի մոդելով եմ ասում։ Եթե ինքը գնում է տարածքները հանձնելու ճանապարհով, ապա այլընտրանք չի մնա, քան իշխանափոխությունը»։ ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանի կարծիքով, միայն այն փաստը, որ Սոչիում կողմերը եկել են շրջանակային փաստաթղթի շուրջ ընդհանուր հասկացությունների վերաբերյալ համաձայնեցման, նշանակում է, որ գործընթացն արագացել է, ընդ որում՝ ի վնաս հայկական կողմի։ «Պատմության մեջ առաջին անգամ հայկական կողմը համաձայնել է ԼՂ հարցը լուծել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Սա շատ ճոխ նվեր է ադրբեջանական դիվանագիտությանը, և չեմ կարծում, որ ադրբեջանցիները կհապաղեն օգտվել այդ հնարավորությունից։ Զուգահեռաբար նրանք կբարձրացնեն պահանջների նշաձողը»։

Մեր հարցին, թե միթե ձեռքբերում չէ Ղարաբաղը որպես կողմ բանակցություններին ներկայացնելու մասին պայմանավորվածությունը, ինչպես նշեց ՌԴ ԱԳ նախարարը, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Այդ հայտարարությունը կուզենայի լսել Հայաստանի պաշտոնյաներից։ Բայց քանի դեռ նրանք լռում են, ես կարծում եմ, որ նմանատիպ հայտարարություններն ընդամենը խոսքեր են, առանց կոնկրետ հիմքերի»։
Վլադիմիր Կարապետյանը նույնպես այն կարծիքին է, որ ԼՂ հարցի կարգավորումն ուղիղ կապ ունի Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու գործընթացի հետ, և հայ դիվանագիտությունն այդ իմաստով կրել է խայտառակ պարտություն։

ԳԱՅԱՆԵ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ
«Հրապարակ», Երևան




ՌԵՊԼԻԿԻ ԿԱՐԳՈՎ.

ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԷԼ ՂԱՐԱԲԱՂԻ «ՀՈԳՈՒՆ ՎՐԱ ՀԱՍԱՎ»


Բարեբախտաբար թե դժբախտաբար, մենք ապրում ենք այնպիսի մի տարածաշրջանում, որտեղ խեղկատակությունն ամենաառաջին պլանում է։ Բարեբախտաբար՝ այն առումով, որ մեզ ողողած բազում հոգսերի ու գլխացավանքի մեջ հնարավորություն ենք ստանում մի պահ վերանալ մղձավանջային առօրյայից և մի թեթև ծիծաղել բարձր աթոռներ զբաղեցրած տարբեր տրամաչափի գործիչների «կարկառուն» մտքերի ու «հանճարեղ» մեկնաբանությունների վրա։ Օրինակ, ցանկացածդ, Շվեդիա կամ Շվեյցարիա ինչ ասես՝ չէր տա, ասենք, մի Գալուստ Սահակյան ունենալու համար, որի հետ հայաստանյան լրագրողների յուրաքանչյուր հանդիպում պարզապես տոն է։ Էլ չենք խոսում ավելի բարձր տրամաչափի «մտքի հսկաների» մասին։ Դժբախտաբար՝ քանզի այդ ամենը սև ամպի պես նստած է մեր հոգուն, յուրաքանչյուր քայլափոխում այդ «տոնը շարունակ մեզ հետ է», կյանքի ամեն սանտիմետրում կամ յուրաքանչյուր ոլորտում թվում է, թե վայրկյան առաջ «այստեղով թուրքն է անցել»...

Որպես տարածաշրջանի երկիր, Վրաստանը ևս բացառություն չէ։ Միխայլո Սահակաշվիլիի միայն փողկապը ծամելը պատիվ կբերի տարածաշրջանի ցանկացածդ առաջին դեմքին։ «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի պետական ինքնիշխանության հարգմամբ»,- «Էխո Մոսկվի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի առաջին տղամարդը։ Ըստ Սահակաշվիլու՝ «Կա խնդիրների լուծման միայն մեկ բաղադրատոմս՝ այդ երկրների ուղիղ բանակցություններն ու միջազգային իրավունքի հաշվի առնելը, այդ թվում մարդկանց իրավունքը՝ վերադառնալ իրենց բնակության վայրեր ու պետական ինքնիշխանության հարգումը»։

Ըստ երևույթին, կայծակնային պատերազմով Հարավային Օսիան գրավելու օպերացիայի ղեկավարը տվյալ դեպքում, ոչ այնքան ազերիների Ղարաբաղ վերադառնալու խնդրով է մտահոգ, որքան ձեռքից գնացած Աբխազիան ու Օսեթիան ետ բերելու երազանքով։ Այնուհետև նա հանճարեղորեն հանգել է այն մտքին, թե «այն բանակցությունները, որ ընթանում են Թուրքիայի և Հայաստանի միջև, պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ»։ Երևի թե մեկնաբանություններն ավելորդ են։ Իլհամ Հեյդարովիչի ականջը կանչի։ Կարդալով գյուրջի իր բախտակից եղբոր հարցազրույցը, երևի թե ուրախությունից վեր-վեր է թռել, կամ գո՞ւցե մտածել է՝ «Շան որդին այդ մտքերն իմ ծոցադավթարից է թռցրել...»։
Եվ հետո ասում են, թե մերօրյա հանրությունը գիրք չի կարդում։ Պա՜հ, էդ էր պակաս։ Գիրքն ինչի՞ն է պետք, երբ սեփական քաղաքական գործիչներից ամեն մեկը «չոփ կդնի» ցանկացածդ Քաջ Նազարի, Միկիտան Սաքոյի կամ Մազութի Համոյի ձեռին։
ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



ԻՍԿ Ի՞ՆՉ ԵՐԱՆԳ ՈՒ ԳՈՒՅՆ ՈՒՆԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունելով Հայաստանում Ալբանիայի նորանշանակ դեսպան Վիլի Մինարոլլին, որի ժամանակ, մամուլում հրապարակված լուրերի համաձայն, մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, այն միտքն է հայտնել է, թե Ղարաբաղյան հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիրն է և բացարձակապես կրոնական երանգ չունի:
Ընդհանրապես, ՀՀ նախագահը պարբերաբար այնպիսի մտքեր է հայտնում, որ մնում ես ապշած։ Հիմա նստել ու մտածում եմ՝ լա՞վ է, արդյոք, որ «Ղարաբաղյան հակամարտությունը բացարձակապես կրոնական երանգ չունի»: Մյուս կողմից՝ նախագահն ինչո՞ւ է շեշտել, որ հակամարտությունը կրոնական երանգ չունի։ Նույն հաջողությամբ նա կարող էր ասել նաև, որ հակամարտությունը նաև գյուղատնտեսական կամ, ասենք, մարզական երանգ չունի, այդ թվում՝ ոչ մի կապ չունի Նյուտոնի երկրորդ օրենքի հետ և այլն։

Լավ, ենթադրենք հակամարտությունը կրոնական երանգ չունի։ Հետո՞։ Հետո այն, որ տարբեր կրոնական դավանանքի երկու ժողովուրդներին կրկին կարելի է խցկել նույն տանիքի տակ և ասել՝ դե, հարգելիներս, իրար ջերմացրեք ձեր բարեկամությամբ։ Մենք որոշել ենք, որ խնդրի լուծման ամենաիմաստուն քայլն այն է, որ ադրբեջանցի փախստականները, որոնք առավելապես խորհրդային տարիներին էին իրենց ներկայությամբ երջանկացրել Արցախը, կրկին պիտի վերադառնան այնտեղ ու ժողովուրդների բարեկամության փայլուն օրինակ ցույց տան...
Երևի թե սա նկատի ուներ ՀՀ նախագահը՝ նշելով, որ հակամարտությունը «բացարձակապես կրոնական երանգ չունի»:

Բայց, գրողը տանի, չէ՞ որ հակամարտությունն առաջին հերթին հենց կրոնական անհամատեղելիության արդյունք է նաև։ Այդ դեպքում ինչո՞ւ է թուրք-ազերին այդպես մոլեգին ոչնչացնում հայկական խաչքարերն ու եկեղեցիները։ Տեխնիկայով, բահ ու քլունգներով Նախիջևանի հայոց գերեզմանաքարերի ջարդի թարմ օրինակն աչքներիս առաջ է։ Չէ՞ որ այնտեղ այլևս հայ չի մնացել, խաչքարերն ինչո՞ւ են ջարդում, հողին հավասարեցնում։
Կրոնական երա՜նգ չունի։ Այդ դեպքում թող պարոնը բացատրի, թե ի՞նչ երանգ ունի այն...
Բարեբախտաբար, դեսպան Մինարոլլին ասել է, որ Ալբանիան մշտապես պաշտպանում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Այլապես կարելի է կարծել, թե քաղաքական կյանքում բանականության մթագնումն արդեն ՀՀ-ի սահմաններից դուրս է եկել և միջազգային չափեր ընդունել։
Հ. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Երևան



ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ՈՐՈՇԱԿԻՈՐԵՆ ԽՄԲԱԳՐԵԼ Է ԻՐԵՆ

Լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Վլադիմիր Ժիրինովսկին համոզմունք էր հայտնել, որ եթե Լեռնային Ղարաբաղը հռչակի իր անկախությունը, Ռուսաստանը պետք է ճանաչի այն։ Նա հավելել էր նաև, որ Ռուսաստանն արդեն 16 տարի կոչ է անում ճանաչել Աբխազիան, Հարավային Օսիան, Մերձդնեստրն ու Լեռնային Ղարաբաղը։ Նրա այդ հայտարարությունից հետո Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը ՌԴ ԱԳՆ-ին բողոքի նոտա էր հղել, որտեղ նշել է, որ Ժիրինովսկու հայտարարությունները հակասում են երկու երկրների հարաբերությունների ոգուն և տառին։

Դրանից հետո Վլադիմիր Վոլֆովիչը որոշակիորեն խմբագրել է իր խոսքերն ու «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում հայտարարել այս անգամ ընդգծել, որ Ռուսաստանն ամենևին շահագրգռված չէ, որ միակողմանի առավելությունների հասնի Հայաստանի համար՝ ի վնաս Ադրբեջանի, այլ՝ որ այդ տարածաշրջանում կայունություն լինի։
«Հայ-ադրբեջանական հակասություններն այնքան խորն են, որ ես չեմ կարող պատկերացնել Ղարաբաղի խաղաղ անցումը Բաքվի իրավասության տակ, այդ պատճառով էլ անհրաժեշտ է գտնել Ղարաբաղի նոր, բոլոր կողմերի համար ընդունելի իրավական կարգավիճակ»,- հայտարարել է ռուս քաղաքական գործիչը, միաժամանակ հավելելով, որ «այստեղ մեծ դաշտ կա Վաշինգտոնի և Մոսկվայի համագործակցության համար»։



ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԼՂՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՆ՝ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ


«Նոր էջ»-ի անցյալ տարվա նոյեմբերյան և դեկտեմբերյան համարներում շարունակաբար տպագրված «Համընդհանուր ուժերով դուրս գանք ստեղծված վիճակից» վերնագրով հոդվածը, որի հեղինակը հասարակական-քաղաքական գործիչ, ընթերցողներին հանրածանոթ լրագրող Եղիշե Սարգսյանն է, լայն արձագանք է գտել մեր ընթերցողների շրջանում: Ստորև տպագրելով ստացված արձագանքներից մեկը՝ ԼՂՀ նախկին գյուղվարչության պետ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Էդ. Գասպարյանի հոդվածը, հուսով ենք, որ իշխանությունները, հատկապես ԼՂՀ գյուղնախարար Ա. Ծատրյանը ժամանակ կգտնեն պատասխանելու հոդվածագիրներին։

Եղիշե Սարգսյանը «Համընդհանուր ուժերով դուրս գանք ստեղծված իրավիճակից» հոդվածում առաջարկում է վերականգնել ղեկավարման նախկին կարգերը, քանզի ներկա իրավիճակում ոլորտի ղեկավարումը վեր է ածվել ավելորդ գերատեսչության: Այդ մասին գնալով մեծանում է դժգոհությունները թե՛ մեզ մոտ, և թե՛ Հայաստանում:
Գյուղատնտեսության ոլորտի ղեկավարման դիմազրկությունը ավելի ցայտուն ձևերով է արտահայտվում հատկապես շրջաններում, որտեղ երբեմննի ինքնուրույն գործող գյուղվարչությունները վեր են ածվել շրջվարչակազմի ոչ լիազորված իրավունքներով օժտված բաժինների։
Ե. Սարգսյանը առաջարկում է մեզ մոտ ևս կազմակերպել գյուղատնտեսության ղեկավարման այնպիսի միավորում, որն այժմ գործում է Հայաստանի Արմավիրի մարզում՝ պետական, գիտական միավորման տեսքով: Նա իր մեջ ընդգրկել է տվյալ մարզի բոլոր գյուղատնտեսական միավորումներն ու մթերող, վերամշակող ձեռնարկությունները և հողագործին կամ մթերք արտադրողին ազատել է ներքին ու արտաքին շուկա որոնելու հոգսերից:

1990 թվականին գտնվելով, «Ղարաբաղ» գիտաարտադրական միավորման գլխավոր տնօրենի պաշտոնում, զրկված ամեն մի պետական լիազորություններից, զգալով մեր մարզի գյուղատնտեսության ոլորտի նախկին ղեկավար օրգանների լուծարման մոտալուտ վտանգը, ստեղծված անարխիան ու 70 տարվա ստեղծած նյութական արժեքների ալան-թալանը ոլորտում, երբ ամեն մեկը ձգտում էր իր շրջանի հարցերը լուծել ինքնուրույն, ահա այդպիսի դժվարին ու խառնաշփոթ պայմաններում առաջարկություն էին մտցրել, քանի դեռ ուշ չէ, մարզում հիմնել գյուղատնտեսության ոլորտի ղեկավարման միանգամայն այլ, դեմոկրատական հիմունքներով աշխատող նոր համարկարգ՝ իր մասնաճյուղերով: Հարցը համաձայնեցվել էր մարզկոմի այն ժամանակվա առաջին քարտուղար Հենրիխ Պողոսյանի և դեռևս գործող ագրոարդյունաբերական համալիրի ղեկավար Լոենիդ Պոտրոսյանի հետ:

Այդ կազմակերպությունը կոչվում էր «Մարզի գյուղատնտեսության աշխատողների ասոցիացիա» (կամ միավորում): Միավորումը պետք է ունենար իր ղեկավար օրգանները: 1990 թ. դեկտեմբերի 21-ին կազմակերպվեց մարզային ու շրջանային ագրոարդյունաբերական միավորումների և գյուղատնտեսական մյուս ձեռնարկությունների ասոցիացիայի ստեղծման կազմկոմիտեի անդրանիկ նիստը: Ասոցիացիայի և նրա անհրաժեշտության մասին զեկուցումով հանդես եկա ինքս: Միավորման անդրանիկ նիստում ընդունվեց նրա կանոնադրությունը: Այդ ամբողջ փաստաթղթերը տպագրվեցին «Խորհրդային Ղարաբաղ» թերթի 1991 թ. հունվարի 17 և 18-ի համարներում: Գյուղատնտեսության աշխատողների մարզային ասոցիացիայի կանոնադրությունը կազմվել էր ԽՍՀՄ նախկին միութենական մարմինների, Արցախում գործող բոլոր գյուղատնտեսական ձեռնարկությունների, կոլտնտեսությունների ու խորհտնտեսությունների, մթերող և վերմշակող կազմակերպությունների համար նախատեսված հրահանգներով ու կանոնադրությունների համաձայն:

Միավորման մեջ կանոնավոր հիմունքներով իրավունք ունեին մտնել գյուղտնտեսական բոլոր կազմակերպությունները, անգամ անհատական գյուղացիական տնտեսությունները: Նրա բարձրադիր օրգանը համարվում էր նրա կազմի մեջ մտնող կազմակերպությունների լիազոր ներկայացուցիչների համագումարը, որը պիտի հրավիրվեր հնգամյակը 2 անգամ, իսկ միջհամագումարային ժամանակահատվածը ղեկավարում էր նրա կոնֆերանսը, որն իր նիստերը հրավիրում էր տարեկան 1 անգամ, իսկ մյուս ժամանակներում ղեկավարությունը կազմակերպում էր միավորման ընտրված նախագահության կողմից:
Ասոցիացիայի յուրաքանչյուր անդամ իրավունք ուներ մասնակցելու քննարկվող բոլոր հարցերին, հանդես գալ առաջարկություններով՝ ուղղված միավորման աշխատանքների բարելավմանը, նրա արդյունավետության բարձրացմանը:

Ասոցիացիայի ունեցվածքը համարվում էր մարզի հողային ու ջրային ռեսուրսները, նրան տրամադրված տեխնիկան ու սարքավորումները, իսկ դրամական միջոցների աղբյուր էր հանդիսանում միավորման մեջ մտնող բոլոր կազմակերպությունների կողմից հատկացվող տարեկան ստացված շահույթի 20%-ը։ Բացի այդ, սկզբնական շրջանում միավորումը պետությունից ժամանակավորապես պետք է ստանար դոտացիա՝ միավորման աշխատավարձի ֆոնդի մի մասի ստեղծման համար, որն աստիճանաբար կվերացվեր արտադրության արդյունավետության բարձրացման հետ միասին:
Կարևորն այն է, որ ասոցիացիային կից պետք է գործեին մասնագիտական տնտհաշվարկային կարգով աշխատող տարբեր հանձնաժողովներ, ընդհուպ մինչև հողաշինարարական, շինարարական հսկիչ, կադրերի պատրաստման, շուկայական հարաբերությունների զարգացման հանձնաժողովներ և այլն, կոմերցիոն բանկեր:

Միավորման անդամները պետք է հանդես գային ոչ թե դիտորդի դերում կամ խորհրդատուի իրավիճակում (ինչպես այժմ՝ գյուղնախարարության կողմից), այլ որպես արտադրության անմիջական կազմակերպիչներ, պահանջատերեր ու հսկիչներ:
Կարծում եմ՝ այսօր նորից հրամայական պահանջ է դառնում վերադառնալ անցյալ դարի 90-ական թվականների սկզբներին հիմնված հանրապետական ասոցիացիայի կամ միավորման ստեղծմանը, իր տրամադրության տակ կենտրոնացնելով ինչպես պետության կողմից, այնպես էլ բանկային արտոնյալ վարկավորման, ցածր կամ անտոկոս դրույքաչափերով վարկերն ու միավորման մեջ մտնող կազմակերպություններից հանգանակվող միջոցները, ինչպես նաև գյուղատնտեսական նպատակներով տրամադրվող բոլոր բարեգործական միջոցները:

Այդ ասոցիացիան պետք է գործեր ինքնուրույն և հաշվետու լիներ միայն հանրապետության գործադիր իշխանությանը, իսկ շրջաններում՝ շրջվարչակազմերին, համայնքներում՝ գյուղապետերին: Բայց նրանք, բացի աջակցելուց, իրավունք չպետք է ունենային միջամտել միավորումների ֆինանսական միջոցներին, որոնք հատկացվում են վերադասից՝ այս կամ այն ծրագրի իրականացման նպատակով:
Անկասկած միավորման կազմի մեջ մտնող կազմակերպություններից և այլ հնարավորություններից հանգանակված գումարների հաշվին հնարավորություն կստեղծվեր ավելի արագ ընդլայնել գյուղատնտեսական մթերքների մթերման ու վերամշակման ձեռնարկությունների ցանցը, զարգացնել Արցախի ավանդական արտադրաճյուղերը՝ անապահովությունն ու թռչնաբուծությունը, շերամապահությունն ու գորգագործությունը: Չպիտի մոռանալ նաև մեղվաբուծությունն ու ծխախոտագործությունը՝ որպես եկամտաբեր արտադրաճյուղեր կամ ձիաբուծությունն ու ձիասպորտի կազմակերպումը: Մեղվաբուծությունն ու խոզաբուծությունն անտառամերձ գյուղերի զբաղմունքի առարկաներն էին...

Իսկ թե ինչու չգործեց միավորումը, դա կատարվեց գյուղնախարարության ստեղծման պատճառով։
Ինչ որ տեղ սխալ եմ համարում նաև համահավասար, ոչ պատշաճ արդյունավետությամբ աշխատողներին գումարների տրամադրումը՝ սև ցելի կամ եգիպտացորենի ցանքատարածությունների ավելացման համար: Իմ կարծիքով, այդ գումարները պետք է տրամադրվեն նրանց, ովքեր պատշաճ ձևով են մշակում հողը և բարձր բերք ապահովում: Հողերի ճիշտ մշակման, նրանց խոշորացման մի հիանալի օրինակ էր ընթացիկ տարում Ամարասի ձորակում կատարված աշխատանքը: Գյուղատնտեսության ոլորտի ղեկավար մասնագետների պատասխանատվության տակ պետք է գտնվի բերքի պաշտպանումը բնական աղետներից, մկնանման կրծողներից և այլ վնասատուներից:

Միանգամայն սխալ եմ համարում նաև մեզ մոտ շրջանառվող այն կարծիքը, որ իբր մեր երկրամասը աղքատ է բնական պաշարներից: Ընդհակառակը, մենք հարուստ, բերրի հողատարածքներ, անտառներ, արոտավայրեր, ջրային ռեսուրսներ ունենք, որոնք արդյունավետ օգտագործելու դեպքում կարող ենք կերակրել ոչ թե 150 հազար մարդու, այլ մինչև 1 միլիոն բնակչությանի:
Արցախում բոլոր մշակաբույսերի սերմաբուծությունն ու այգետարածքների ընդլայնման համար տնկարանների (շահթթենու, խնձորենու, տանձենու, ընկուզենու, նռնենու, թզի, արքայախնձորի և այլն) հիմնումը պետք է գտնվի պետական հովանու ներքո։ Իսկ անասնապահության տոհմային հատկանիշների բարելավումը պետք է ընթանա ոչ թե իգական սեռի տոհմային անասունների ներմուծմամբ, այլ բարձր մթերատու անասունների սերմնահեղուկի ներմուծմամբ՝ կատարելագործելով արհեստական սերմնավորման տեխնոլոգիան:

Ինչպես հայտնի է, վատ օրինակն ավելի արագ է տարածվում, քան լավը: Հայաստանի «Նովոյե վրեմյա» թերթի 2009 թ. հունիսի 30-ի համարում լրագրողը տեղեկացնում է մի շարք ցավալի երևույթների մասին, երբ որոշ օլիգարխներ հանուն սեփական շահի ու գրպանի, զարգացնում են արտասահմանյան անճաշակ, անորակ մթերքների ներմուծման գործն ու խոչընդոտում տեղական արտադրության զարգացումը, արհեստականորեն մեծացնելով գործազուրկների բանակը: Մենք չպետք է թույլ տանք այն սխալները, որոնք կատարվում են Հայաստանում։

Ոչ ոք չի կարող ժխտել, որ Հայաստանի միայն Արմավիրի մարզն ամբողջությամբ նվաճել է Արցախի շուկան, այն աստիճան, որ տեղական արտադրողն անգամ կինձն ու կոտեմը ներմուծում է Մասիսից, հրաժարվում է մթերքներ արտադրելուց՝ կապված նրա իրացման դժվարությունների հետ: Օրինակ, ի՞նչ է նշանակում Մարտակերտում խաղող արտադրել, իսկ իրացման նպատակով մեկնել Մարտունու կամ Հադրութի շրջանները: Կամ ինչպե՞ս եղավ, որ թուլացնելով կանխարգելիչ միջոցառումները Աֆրիկյան ժանտախտի վիրուսի ներթափանցման համար, ոչնչացրինք մեր խոզագլխաքանակը և հիմա շարունակում ենք խոզի միս ներմուծել Բրազիլիայից..

* * *
Չգիտեմ, որի մասին գրել, որի մասին ոչ, բայց միանշանակ պարզ է, որ պետք է ուժեղացվի վերահսկողությունը մեզ մոտ գործող բոլոր ծառայությունների նկատմամբ: Ազատությունն ամենաթողություն չի նշանակում: Մեզնից ամեն մեկը պետք է բարձր պատասխանատվությամբ, խղճի զգացումով կատարի իրեն հանձնարարված պարտականությունները:

Այժմ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ԼՂՀ կառավարությունը՝ երկրի նախագահ Բ. Սահակյանի գլխավորությամբ, ամեն կերպ փորձում է աջակցել գյուղատնտեսության զարգացմանը, արտոնյալ պայմաններով անտոկոս վարկեր է տրամադրում հողագործին, խմելու ջրի խողովակաշարեր են գցվում, ընդլայնվում է ոռոգման ցանցը, գազաֆիկացվում են մեր գյուղերը: Գյուղատնտեսության զարգացումն անկասկած պետք է ընթանա տնտեսությունների խոշորացման, կոոպերատիվների, բաժնետիրական ընկերությունների, ֆերմերների, մթերման կետերի ու վերամշակման ընդլայնված ցանցի հաշվին՝ տեղական արտադրողին ազատելով ապրանքի իրացման համար շուկա որոնելու հոգսից:
Իսկապես իրավիճակը կարելի է շտկել միայն համընդհանուր ուժերի գերլարումով՝ եթե ամեն մի պատասխանատու գործ ինքներս վերցնենք մեզ վրա, չսպասելով դրսի օգնությանը:

ԷԴՈՒԱՐԴ ԳԱՍՊԱՐՅԱՆ
գ/տ գիտությունների թեկնածու
ք. Ստեփանակերտ



«ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄ» ՓԲԸ-Ի ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՌԱԼՖ ԵԻՐԻԿՅԱՆԻՆ

Հարգարժան պարոն Եիրիկյան, այն, ինչի մասին դիմում ենք Ձեզ, միայն մեզ չէ մտահոգում։ Այդ մասին խոսում ու դժգոհում են շատ-շատերը, այդ մասին տպագրվել է նաև պարբերական մամուլում։
Մենք բազմիցս լսել ենք Ձեր բարեգործական գործունեության մասին։ Դուք մարդասիրական, բարեգործական ծրագրեր եք իրագործում ոչ միայն Արցախում, այլև Հայաստանում։ Դրա համար մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Ձեզ։ Մեր օրերում, երբ ծանր, ավերիչ պատերազմ տեսած Ղարաբաղում տեղացի մեծահարուստներից ընդամենը մի քանի հոգի են բարեգործական գործունեություն իրականացնում, նյութապես աջակցում իրենց հայրենակիցներին, Ձեր բարեգործական ծրագրերը նաև բարոյական նշանակություն ունեն մեզ համար։

Մեզ մտահոգում է մի այլ հարց։ Յուրաքանչյուր ամիս արցախցի բաժանորդներս բջջային ծառայության համար, բացի րոպեավճարից, մուծում ենք նաև ամսավճար։ Նույնիսկ եթե այդ ամիսներին չենք օգտվում բջջային հեռախոսակապից, սկզբում մուծում էինք 2000 դրամ, հիմա՝ 1200 դրամ ամսավճար։ Մեր տեղեկություններով ոչ Հայաստանում, ոչ Ռուսաստանում և աշխարհի այլ երկրներում նման բան չկա, և այդ հանգամանքը «Ղարաբաղ Տելեկոմի» բաժանորդների մեջ ավելի է մեծացնում դժգոհությունը։ Դժգոհության պատճառը նաև այն է, որ Արցախը դեռ կրում է պատերազմի պատճառած նյութական, բարոյական և հատկապես մարդկային ծանր կորուստների ծանրությունը, խորհրդային կարգերի փլուզումից հետո բնակչության գերակշիռ մասը հայտնվել է ծայր աղքատության մեջ, որի համար շատերն օրվա հաց վաստակելու համար մեկնում են օտար երկրներ։

Հարգարժան պրն Եիրիկյան, հաշվի առնելով արցախցի բաժանորդների մեծ մասի անվճարունակությունը, խնդրում ենք վերանայեք բջջային հեռախոսակապի ամսավճարի հարցն ու այն լուծեք հօգուտ հազարավոր շարքային բաժանորդների, որոնց մեծ մասը ուսանողներ են և չնչին նպաստով իրենց գոյությունը պահող, նյութական կողմնակի աղբյուր չունեցող կենսաթոշակառուներ։

Հարգանքներով՝ կենսաթոշակառուներ
Ժ. ՊՈՂՈՍՅԱՆ, Յ. ՂԱԶԱՐՅԱՆ, Բ. ԱՂԱԲԵԿՅԱՆ,
Գ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Հ. ՂԱԶԱՐՅԱՆ, Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ,
Ա. ՍՈՒԼԵՅՄԱՆՅԱՆ, Օ. ՂԱԶԱՐՅԱՆ...

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ։ Ցավոք, դժգոհ են նաև ինտերնետային կապի բաժանորդները։ Այդ ծառայությունից օգտվողները կատակով ասում են, թե ավելի լավ է ավտոմեքենայով մեկնեն Երևան, տեղում ծանոթանան հայաստանյան թերթերի բովանդակությանն ու հետ վերադառնան, քան այստեղ նյարդայնորեն սպասեն, թե երբ է բացվելու այս կամ այն կայքէջը։



ԿԵՑՑԵՆ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽՆ» ՈՒ ՄԵՐ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ

Լինում է, չէ՞, որ տասնամյակներ շարունակ կայացածը փոխարինվում է նորով, չի ընդունվում, մինչև իսկ դիմադրության է հանդիպում: Մի յուրօրինակ, լրագրության պատմության մեջ դեռ չեղած նորություն էր մեր «Ազատ Արցախ» թերթի անցյալ տարվա մարտի 8-ին նվիրված համարը: Նրա բոլոր էջերից ընթերցողին իրենց լուսանկարներից քնքշորեն ժպտում էին մեր բոլոր նախարարները:

Հետաքրքրությունը մեկ էր: Ամեն մեկն էլ ուզում էր իմանալ, թե այս ինչ իմաստով է, որ կանանց տոնին նվիրված համարում ողջույնի խոսքով հանդես են եկել նախարարները: Բողոքներ եղան: Չհասկացողներն էին, իհարկե, ձեն հանողները: Հազար անգամ բացատրիր նրանց, բայց, մեկ է, նրանց ոչ մի կերպ չես կարող բացատրել, որ թերթում նախարարի հանդես գալն ուրիշ է, ինչ-որ մի շարքային կնոջը՝ ուրիշ: Հենց միայն այն, որ խմբագրություն եկած նախարարի ծառայողական փայլուն «Հոնդային» կանգնում է խմբագրության շենքի բակում, արդեն պատիվ ու պարծանք է:
Ընկճվեցին, իհարկե, «Ազատ Արցախ»-ում, որ իրենց բարի գործը բարի արձագանք չգտավ, բայց չվհատվեցին, ընտրած ուղուց չշեղվեցին: Չէ՞ որ նորը միշտ էլ դժվար է հարթում իր ճանապարհը:

Մի ամիս հետո վրա հասավ նաև ապրիլի 8-ը: Եվ դարձյալ պատկերը նույն էր՝ նախարարի լուսանկար, տակը՝ ողջույնի խոսք: Այս անգամ սակայն աղմուկ-աղաղակն անպակաս եղավ: Կանայք միաբերան նույն էին ասում՝ մեր երեխաներին ծնողը, սնողը, պահող-պահպանողները, լվացք անողը, տան օջախի կրակը բորբ պահողը մե՞նք ենք, թե՞ նախարարները:

Տղամարդիկ էլ նյութականի խնդիրն առաջ քաշեցին. կանանց տոնը նշել միայն մեկ օր՝ մարտի 8-ին, որպեսզի հնարավոր լինի աղքատ գրպանով նվերներ գնել հարազատ կանանց համար։ Միամիտներ են, իհարկե, այսպես դատողները, չգիտեն, որ անհնարինն են պահանջում. որ սոցիալիստականը կապիտալիստականին է դեմ, կապիտալիստականը՝ սոցիալիստականին։ Հիշենք միայն, թե ինչպիսին էր կոմունիստների պահանջը, երբ նրանք իշխանության եկան՝ «Հին աշխարհը կքանդենք մենք և նորը կկառուցենք»։ Եվ քիչ չքանդեցին։ Հերթը հասավ նույնիսկ երկաթուղիներին։ Քանդել, կապիտալիստական է՝ եղավ վերդիկտը։ Չքանդեցին պատահականորեն։

Նոր իշխանություններն ավելի հաստատակամ գտնվեցին։ Քանդեցին ամեն ինչ, այդ թվում՝ Արցախի միակ երկաթուղին։ Անցնելով գաղափարականին, բոլոր «հեղափոխական տոները» վերացրին, հետն էլ մարտի 8-ը։ Հետո տեղի տալով ընդհանուր դժգոհությանը, հին տոների մի մասը կրկին «ռեաբիլիտացրին»...
Բայց թեմայից չշեղվենք։ Մի բազմազավակ մոր ելույթ կազմելու համար լրագրողն իր կարևոր գործը պետք է թողնի, խորդուբորդ ճանապարհով, ո՞վ գիտե՝ որքան վառելիք ծախսելով, մեքենան վնասելով, ասենք, մեծ Թաղեր հասնի։ Էն էլ չգիտես ում կհանդիպես։ Մեր էդ բազմերեխատերերը, թաքցնելու բան չէ, երեխա բերելում՝ կեցցե՛ն, խոսելում, էն էլ գրական լեզվով, թույլ են։ Դու պետք է գլուխդ ջարդես, հուշես, թե ինչ պետք է ասի։ Նախարարներն ուրիշ են, բերանդ բացում ես թե չէ, քեզ հասկանում են իսկույն, ասում ինչ պետք է։

Խմբագրության շենքի դիմաց նորից «Հոնդայիներ» հայտնվեցին, և դարձյալ նախարարական։ Բոլորն էլ նոր ու փայլփլուն։ Աստված երկար կյանք պարգևի անասելի մեծ գումարներ խժռող այդ հրաշքը Արցախ բերողներին։ 21-րդ դարում մեր հայրենի նախարարները սովորական «Վոլգա»-«Ժիգուլիով» կամ, իրենց նախնիների նման հո ոտքով չեն գործուղման մեկնելու։

Ինչևէ, հաղթանակի օրվան նվիրված համարն էլ լույս ընծայվեց։ Եվ դարձյալ մեր նախարարների բարեմաղթանքներով։ Կարծես նոր ճակատ էին բացել Մեծ Հայրենականի վետերանները։ Այնպես էին բորբոքվում, մեջտեղ բերում իրենց ծառայությունները։ Խոսքները մեկ արած միևնույնն էին կրկնում՝ այդ ի՞նչ է, անձրևաջրով լցված, ձյան հաստ շերտով պատված խրամատներում թշնամու առաջխաղացումը կասեցնողները, Մոսկվան պաշտպանողները, Ստալինգրադում թշնամուն գերողը, Կուրսկում նրան ջարդողը, Բեռլինը գրավողը մե՞նք էինք, թե՞ մեր նախարարները:

Պակասը լրացնում էին, այսպես կոչված, թիկունքայինները։ Բոլորից շատ՝ կանայք. ճակատ մեկնած մեր ամուսիններին փոխարինողը, երեխաներին պահողը, երեկոներին ու գիշերները ճակատայինների համար տաք շորեր գործողը, «սև թուղթ» ստանացողը մե՞նք էինք, թե՞ նախարարները:
Բոլոր բողոքողներին էլ «Ազատ Արցախ»-ի լրագրողներն ունկնդրեցին, բայց գտան, որ ճիշտն իրենք են: Հենց այդ գիտակցմամբ էլ նրանք լույս աշխարհ հանեցին Նոր տարվան ու Սուրբ Ծննդին նվիրված հերթական համարը: Դե, էլ ի՞նչ է մնում, բարի երթ մաղթել մեր «Ազատ Արցախ» թերթի նորամուծությանը:

Լույս տեսավ տարվա անդրանիկ համարը, և նորից ընթերցողներն իրար անցան, քանզի նախկին մեղադրանքները մեկ-մեկ կրկնվեցին, քիչ է, երևան եկան նաև նորերը. տեքստերը միատիպ են՝ ինկուբատորից դուրս եկած ճտերի նման, լեզվական աղճատումներով լի։ Ոմանք դժգոհում են՝ նախկինում «Խորհրդային Ղարաբաղը» պլանավորվում էր շաբաթվա, ամսվա կտրվածքով, իսկ հիմա՝ ոչ։

Խելքից պատուհասնե՜ր, պլանս ո՞րն է, հրաշքներ գործող շուկայական հարաբերություններում ի՞նչ պլան։ Մրցակցություն է. շտապ նյութեր թխիր, նույն համարում թեկուզ երկու-երեքը, որ մարդավարի հոնորար ստանաս...

ԵՂԻՇԵ ՍԱՐԳՍՅԱՆ

Հ. Գ. - Երբ լույս էր տեսել «Ազատ Արցախ»-ի անցյալ տարվա տոնական համարներից մեկը, ես թերթի խմբագիր Լ. Մարտիրոսյանին հայտնեցի իմ ժխտողական վերաբերմունքը հիշատակված նորամուծության նկատմամբ, քանի որ այն լրիվ հակասում է մեր մամուլի ավանդույթներին, որի պատճառով տեսադաշտից դուրս են մնում նրանք, որոնք դրա համար ունեն իրավունք, նաև նրանք, որոնց մասին պետք է որ գրվի: Դիտողությունս ընկալվեց, սակայն թերթն իր սկսած վարվելաձևը շարունակեց, որը և դրդեց ինձ հանդես գալու մամուլում:



ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԳԻՐՔ

«Հանուն Արցախի ծաղկման ու բարգավաճման». այս վերնագիրն է կրում ԼՂՀ կոմկուսի առաջին քարտուղար Հրանտ Մելքումյանի հեղինակությամբ լույս ընծայված գիրքը, որտեղ ընդգրկված են կոմկուսի համագումարներում և պլենումներում ունեցած նրա զեկուցումները, ելույթները, պարբերական մամուլում հրապարակված հարցազրույցներն ու հոդվածները։ Այն իր մեջ ամփոփում է ԼՂՀ կոմկուսի սկզբնավորման, նրա անցած ուղու պատմությունը, գնահատականները՝ երկրում հաստատված սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին, դիրքորոշումը Արցախի արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը ճգնաժամային վիճակից դուրսբերման, բնակչության գերաշռող մասի՝ նյութական բարիքներ արտադրողների, կենսաթոշակառուների կենսամակարդակի բարձրացման, ԼՂՀ հիմնահարցի խաղաղ ու արդարացի լուծման և այլ կարևոր հարցերի վերաբերյալ։

Գիրքը կուսակցության գործունեության ծավալման, նրա շուրջը երկրի բոլոր առաջադեմ ուժերի համախմբման համար ունի տեսական և գործնական մեծ նշանակություն։ Այն մի անգամ ևս վկայում է, որ ԼՂ կոմկուսը քաղաքական այն ուժն է, որը խորապես գիտակցում է, որ միայն սոցիալիստական ուղիով ընթանալով՝ Արցախը կարող է բարգավաճել, դառնալ տնտեսապես ուժեղ, սոցիալապես արդար պետություն։ Ըստ որում, հավատարիմ մնալով կոմունիստական գաղափարախոսությանը, կոմկուսն իր գործունեությունը հիմնում է նաև այն թերացումների և սխալներից խուսափման վրա, որոնք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով յուրահատուկ էին ԽՄԿԿ-ին։

Ինչ էլ որ լինի, ԼՂ կոմկուսն արդարացիորեն գտնում է, որ մեր հայրենիքի համար խորհրդային ժամանակաշրջանը իրեն հավասարը չունեցող ոսկեդար էր նրա ողջ պատմության ընթացքում։ Բզկտված, աշխարհի հզորների կողմից մինչև իսկ արհամարհված երկիրն ապրեց տնտեսական և սոցիալական այնպիսի վերելք, որը ողջ աշխարհում եզակի օրինակներից մեկն է։ Առաջին անգամ մեր մայր հայրենիքը դարձավ աշխարհասփյուռ հայության հավաքատեղի։ 1920 թ. 650 հազարի փոխարեն 1989 թ. մարդահամարի տվյալներով Հայաստանի բնակչությունն արդեն 3,4 մլն էր։

Կոմկուսը գտնում է, որ չնայած Բաքվի խտրական քաղաքականությանը, Արցախի նվիրյալների ջանքերով էական դրական տեղաշարժեր են տեղի ունեցել նաև Ղարաբաղում։ Այդ մասին է վկայում թեկուզ այն, որ Ստեփանակերտում արդյունաբերական-արտադրական անձնակազմի թվաքանակը 21 հազար էր (այսօր ընդամենը 3,6 հազար է)։ Մինչդեռ այսօր մենք ի վիճակի չենք արտադրական գոնե միջին կարգի կարողություններ ստեղծել մայրաքաղաքում։ 80-ականներին 120-160 աշխատատեղով արտադրամասեր ունեինք մեր 20 խոշոր բնակավայրերում։ Փոքրիկ Արցախը տարեկան ստանում էր մինչև 170-200 հազար տոննա խաղող, որից ստացված եկամուտը հավասար էր այսօրվա մեր տարեկան բյուջեին։ Արցախի կոմկուսը, ինչպես նշված է գրքում, գտնում է, որ ԼՂՀ իշխանությունները հետամուտ են երկրի սոցիալ-տնտեսական վերելքին, սակայն գտնում է, որ տեղաշարժերը չափազանց դանդաղ են ընթանում։ Մեր վիճակագրությունը խուսափում է տհաճ տվյալներից, բայց մենք մեջբերենք այն, ինչ բնութագրական է նաև մեզ համար. Հայաստանում այսօր աղքատ բնակչությունը 570 հազար է, իսկ ծայրաստիճան աղքատների թիվը կազմում է 170 հազար։

ԼՂՀ կոմկուսը եղել և մնում է այն տեսակետին, որ մեր արդյունաբերական ձեռնարկությունների, հողի զանգվածային սեփականաշնորհումը կատարվել է ոչ թե ի շահ ժողովրդի, այլ ի շահ առանձին «լովկաչների»։ Աշխարհում չկա և ոչ մի երկիր, որտեղ պեկան սեփականությունը լինի այնպիսի խղճուկ չափերի սահմաններում, ինչպիսին ԼՂՀ-ում է։ Սեփականաշնորհման ընթացքում տեղի ունեցած կեղտոտ գործարքների մասին է վկայում նաև այն, որ Արցախում չկա փայատիրական ոչ մի միավորում։

Ուրախալի է, որ գրքի հեղինակ Հրանտ Մելքումյանը մեկն է այն եզակիներից, որ չնայած կոմկուսի դեմ ձեռնարկված գրոհներին, չլքեց կուսակցությունը, հավատարիմ մնաց կոմունիստական գաղափարախոսությանը, ոմանց պես ի տես բոլորի հրապարակայնորեն չվառեց կուստոմսը։ Այն քչերից է, որ մեծ ջանքեր գործադրեց ԼՂՀ կոմկուսի ստեղծման և նրա շարքերի ամրապնդման գործում, չունենալով նյութական և ոչ մի շահ, երկար տարիներ որպես կոմկուսի առաջին քարտուղար ազնվորեն կատարում է իր պարտականությունները, ակտիվորեն մասնակցում ԼՂՀ հասարակական-քաղաքական կյանքին, պաշտպանում երկրի աշխատավորների արմատական շահերը։ Իր կազմակերպչական ընդունակությունների, մտավոր բարձր պատրաստվածության, մարդկային վեհ հատկանիշների համար հարգանք ու պատիվ է վայելում ոչ միայն ԼՂՀ-ում, այլև նրա սահմաններից դուրս։ Մասնակցում, ելույթներով հանդես է գալիս Հայաստանում և նրա սահմաններից դուրս տեղի ունեցող խորհրդաժողովներում։

Առջևում ԼՂՀ խորհրդարանական ընտրություններն են։ Չնայած ամենակայուն և ձևավորված քաղաքական ուժն է, սակայն ԼՂՀ կոմկուսը զրկված է ներկայացուցչությունից ԼՂՀ Ազգային ժողովում։ Այժմ կոմկուսը եռանդուն պատրաստվում է առաջիկա ընտրություններին։
Հ. Մելքումյանի սույն գիրքը, անկասկած, կնպաստի ԼՂՀ կոմկուսի շարքերի բազմապատկմանը, երկրի հասարակական-քաղաքական կյանքում նրա դերի զգալի բարձրացմանը։

Ե. ՍԱՐԳՍՅԱՆ



ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ

Այն որակվեց «Հիմար ցույց» անունով

(Սկիզբը նախորդ համարում)

Դաշնակցությունը խոր արմատներ էր ձգել նավթային մթնոլորտի մեջ (Բաքվում - խմբ.)։ Պետք է ասեմ, որ զուտ բանվորական կուսակցություն այն ժամանակ գոյություն չուներ Ռուսաստանի և ոչ մի կողմում: Բաքվի բանվորության մեջ պրոլետարական դասակարգային գիտակցություն դեռ չկար, ուստի նրա խորքերի մեջ հեշտությամբ էին թափանցում ազգայնական գաղափարները: Գործողը, հեղինակություն ստացողը Դաշնակցությունն էր...
Հայդուկային հեղափոխության գաղափարն ամենից ավելի լավ նավթահանքերի և նավթային գործարանների բանվորության մեջ էր պատվաստվում. և այստեղից՝ այս խավերից դուրս եկան շատ ու շատ այնպիսի աշխատավորներ, որոնք իրենց արյունով ողողեցին Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստանի - խմբ.) լեռներն ու դաշտերը՝ թե՛ իբրև անվանի, թե՛ միանգամայն անհայտ մնացած հերոսներ:

1892-1893 թթ. հայդուկային-դավադրական հեղափոխության առաքյալները գործում էին Թուրքիայի ասիական նահանգների գրեթե բոլոր հայաբնակ վայրերում՝ սկսած Կիլիկիայից մինչև Ուրմիա լիճը: Այս ամբողջ տարածությունը մի լռիկ համաձայնությամբ բաժանվել էր այսպես՝ Հնչակյան կուսակցությունն իր կարգադրության տակ էր առել ամբողջ արևմտյան մասը, Փոքր Ասիայի կողմերը, իսկ արևելյան մասերում գործում էին թե՛ դաշնակցական և թե՛ տեղային անկախ հայդուկային խմբերը, որոնք մանր կռիվներ էին անում գլխավորապես քրդերի դեմ: Թե՛ բովանդակությամբ և թե՛ ընդարձակությամբ հնչակյանների գործունեությունն էր հարուստը: 1893-ին հնչակյանները, կարծեք թե, գտել էին գործողությունների ավելի ուղիղ ճանապարհ: Նրանք փորձում էին մտցնել հայկական շարժումն ընդհանուր օսմանյան պետականության հունի մեջ՝ ազատագրական գաղափարը պատվաստելով նաև մահմեդական կեղեքվող տարրերին: Սակայն այս խելացի փորձը տարվում էր վերին աստիճանի անշնորհք կերպով:

Փոխանակ մահմեդական դժգոհ տարրերին իրենց մոտեցնելու, նրանց սերտ գործակցության և համահավասար իրավունքներով կազմակերպչական ու ղեկավար դեր ստանձնելու հրավերներ կարդալու՝ հնչակյանները խաբեբայական միջոցներ էին կիրառում: Այն է՝ կազմում և տարածում էին կեղծ կոչեր՝ իբրև թե գրված մահմեդականների ձեռքով. սրանք ժողովրդին հրավիրում էին հնչակյանների հետ կռիվ հայտարարելու սուլթանական բռնակալությանը: Կեղծիքը չխաբեց ոչ ոքի և միայն թուրքաց կառավարությանն առիթ տվեց բազմաթիվ ձերբակալություններ կատարելու հնչակյանների մեջ և ստեղծելու մի խոշոր դատաստանական գործ, որ հայտնի է Անկյուրայի կամ Գաղատիայի դատավարություն անունով, որ ավարտվեց մահվան դատավճիռներով և աքսորներով:

Միաժամանակ սուլթան Աբդուլ-Համիդը ձեռք էր առնում և ավելի արմատական միջոցներ հետզհետե աճող հեղափոխական հուզումների դեմ: 1892 թ. նրա հրամանով կազմակերպվում էին քրդական գնդեր՝ ռուսաց կազակ[ական] զորքի օրինակով: Անկանոն հեծելազորային այդ գնդերը սուլթանի անունով ստանում էին Համիդիե անունը: Կառավարությունը նրանց զենք էր տալիս, թեթև կերպով զինվորական մարզումների էր ենթարկում և, ամեն մի գունդ թողնելով իր տեղում, պարտավորեցնում էր զորաժողով լինել կառավարության առաջին պահանջով: Որքան և այս ձեռնարկությունը քողարկվում էր պատերազմական ընդհանուր նկատառումներով, ոչ մեկի համար գաղտնիք չէր, թե Համիդիե գնդերի կազմակերպման ամենագլխավոր, եթե ոչ միակ, շարժառիթը նրանց միջոցով հայերին զսպելն էր: Այսպիսով, ուրեմն, ստեղծվում էր մի նոր սոսկալի վտանգ հայ ժողովրդի համար: Սա զգում էին ամենից առաջ իրենք՝ հայերը, և նրանցից շատերն այս երկյուղից դրդված՝ թողնում էին իրենց հայրենի երկիրը և գաղթում օտար երկրներ: Այս պարզ զգում էին և Թուրքահայաստանում գտնվող եվրոպական հյուպատոսները...

Այս ահեղ հանգամանքը հայ հեղափոխական կյանքի կողմից արժանավոր գնահատության չարժանացավ: Կարծեք, քրդերի կազմակերպումը կարևոր նշանակություն ունեցող երևույթ չէր և այն կարելի էր արհամարհել: Այդպես էլ արեցին: Արհամարհեցին: Աբդուլ-Համիդն ուներ իր ձեռքում հայերի համատարած ջարդերի համար պատրաստված մի շատ լավ միջոց: Սակայն նա իսկույն ջարդի հրաման չարեց: Սպասեց, որ հայերն իրենք առիթ տան...
Հնչակյան կուսակցությունն մի ապստամբություն պատրաստեց Սասունի լեռներում, ուր ամիսներ ի վեր այդ ուղղությամբ աշխատանքներ էր տանում Համբարձում Պոյաճյանը (Մուրադ): Արդեն 1893-ի ամռանը հաճախացան ընդհարումները հայերի և քրդերի միջև: Իսկ 1894-ի ամռանը հայերը, մերժելով կառավարությանը հարկեր տալ, բացարձակ ապստամբություն հարուցեցին:

Աբդուլ-Համիդի կարգադրությամբ այստեղ շտապեց Չորրորդ բանակը՝ Զեքի-փաշայի հրամանատարությամբ: Սուլթանական հրաման է՝ ոչինչ և ոչ ոքի չխնայել: Եվ Սասունի լեռներում սարսափները կուտակվեցին սարսափների վրա: 27 հայ գյուղեր կործանված են. ազգաբնակչությունը, որի թիվը ոմանք հասցնում են մինչև 10 հազարի, սրի է քաշված: Լեռնային ժողովուրդն իր այս խիզախ գործը լցրեց իր հերոսություններով և անձնազոհության սքանչելի օրինակներով:

Եվրոպայի համար, այսպիսով հարուստ նյութ էր պատրաստված միջամտելու և գործելու համար:
Սասունի կոտորածի մանրամասնությունները բավական ուշ հասան քաղաքակիրթ կոչված աշխարհին: Բայց պետք է խոստովանել, որ կոտորածի թողած տպավորությունը շատ ուժեղ էր: Բուրժուական մամուլը ծայրեծայր լիքն էր տեղեկություններով, հոդվածներով: Միտինգներ կազմել սկսեցին, զառամյալ Գլադստոնը հրապարակ իջավ՝ նորից և նորից Թուրքիային հարվածելու, անիծելու համար: Անգլիան գլուխ էր կանգնում մի շարժման, որ, թվում էր, համաեվրոպական բնույթ պիտի ստանար: Իսկ հայ ժողովրդի ղեկավար շրջանների վրա (ես այս էլ պարտավոր եմ վկայել) Սասունի արյունոտ սպանդանոցը միայն տխուր ազդեցություն չէ, որ ունեցավ: Տխրության հետ նկատելի էր և մի տեսակ զսպված գոհունակություն: Ամեն մեկը, կարծեք, կրկնում էր Գամառ-Քաթիպայի թունոտ խոսքերը՝ «Փառք Աստծո, հայի արյուն ալ ոթեցավ»: Այս անգամ արդեն թուրքահայ ժողովրդական դժբախտությունը չափազանց մեծ է, որպեսզի կարելի լինի նրան մոռանալ և արհամարհել: Սասունի ապստամբությունը դառնում էր ազգային պանծալի գործ, որ նախանձ էր պատճառում Դաշնակցությանը: Ես լսել եմ իմ ականջներով, որ դաշնակցականներն իրենց կուսակցությանն էին վերագրում Սասունի ապստամբությունը և նույնիսկ հավատացնում էին, թե Սասունի գլխավոր հերոս Մուրադը հնչակյան չէ, այլ դաշնակցական է: Այս վեճը նույնիսկ մամուլի մեջ էլ մտավ:
Դաշնակցականները չէին ուզում զրկվել Հայոց հարցի լուծման պատվից: Նրանց նախաձեռնությամբ 1895-ի ձմռանը Թիֆլիսի հայ հասարակության կողմից մի քանի ներկայացուցիչ ուղարկվեց Էջմիածին՝ խնդրելու համար Խրիմյան կաթողիկոսին, որ նա գնա Պետերբուրգ, ներկայանա Նիկոլայ ցարին և խնդրի նրան՝ միջամտել Հայոց հարցի մեջ: Մի այդպիսի պատվիրակություն էլ Բաքվից պիտի գնար, և մի ժողովում էլ ես պատվիրակ ընտրվեցի, բայց հրաժարվեցի այդպիսի մի պաշտոն ստանձնելուց...

Գերմանական իմպերիալիզմի համար միանգամայն հասունացել էր ասիական Թուրքիայի նման մի արդյունավետ ու արգասաբեր երկիրը գաղութացնելու ծրագիրը: Բաղդադի երկաթուղին արդեն այն մեծ շարժիչն էր, որ հավաքում և սպառազինում էր գերման ֆինանսական կապիտալը: Այն Աբդուլ-Համիդի հետ բարեկամություն էր պահանջում, և Վիլհելմը ստրուկի հնազանդությամբ կատարում էր ամենակատաղի այդ տիրոջ հրամանները: Եվ պարզ էր, որ իր թիկունքում ունենալով աշխարհի ամենախոշոր միլիտարիստական պետությանը՝ սուլթանը բոլորովին առիթ չէր ունենա առանձին երկյուղ զգալու Անգլիայի և նրա հետ համաձայնության եկած Ռուսաստանի ու Ֆրանսիայի առաջ...

Երեք կառավարությունները Կ.Պոլսի իրենց դեսպաններին հրամանագրում էին՝ միասին մշակել ռեֆորմների ծրագիր և առաջարկել սուլթանին, որ հաստատի այն և գործադրի հայաբնակ վեց նահանգներում: Դեսպանների մշակած ծրագիրը թուրքաց կառավարությանը հանձնվեց 1895-ի մայիսին, և այս պատճառով այն ստացավ Մայիսյան ռեֆորմներ անունը: Այդ թուղթն անհուն հրճվանքի առարկա դարձավ հայ ազգասիրության համար: Վերջապե՜ս: Վախճան էին ստանում թուրքահայ աշխատավոր ժողովրդի դարավոր տառապանքները: Մարդիկ իրար շնորհավորում էին, իրար հետ համբուրվում:
Մայիսյան ռեֆորմները բավական համեստ վարչական մի ինքնավարություն էին ներկայացնում, որի բոլոր հոդվածները վերցված էին Թուրքիայում գոյություն ունեցող օրենքներից, այնպես որ, հայերի համար իսկապես որևէ նոր, աննախընթաց դրություն, նոր իրավական կարգ չէր ստեղծվում...
Բայց և այնպես, թուրք կառավարությունը, հավատարիմ մնալով իր վաղեմի սովորությանը, գործադրում էր ձգձգումների քաղաքականությունը, մինչև որ թուլանար ու եղծվեր պետությունների համաձայնությունը: Նրա այս ակնկալությունը հետզհետե սկսում էր իրականանալ: Ռուսաստանը, արտաքին գործերի մինիստր Լոբանով-Ռոստովսկու ղեկավարությամբ, նահանջի ճանապարհներ էր որոնում: Խրիմյան կաթողիկոսին, որ ճանապարհվել էր Պետերբուրգ, հարկադրեցին երկար սպասել Նոր Նախիջևանում, մինչև որ ցարը բարեհաճեց ընդունել նրան: Այսպես էր արվում, որպեսզի թուրքաց սուլթանը համոզվի, թե այդ ճանապարհորդությունը քաղաքական նշանակություն չունի և կապված չէ հայերի կոտորածի հետ: Ցարական բյուրոկրատներին, բացի դրանից, վրդովեցնում էր այն ագիտացիան, որ թուրքահայերի օգտին Անգլիայում մղում էր Ռուսաստանի հայությունը: Թիֆլիսի հայերը ուղերձներ և ընծաներ էին ուղարկում Գլադստոնին, մինչդեռ ոչ մի դիմում չէին անում ռուս կառավարությանը...

Խրիմյան կաթողիկոսը ձեռնունայն վերադաձավ Պետերբուրգից, իսկ Լոբանով-Ռոստովսկին, որ դիվանագետի մի քանի կեղծ ժպիտներ էր նվիրել նրան, իր քաղաքականության նշանաբանը դարձրեց՝ «Հայաստանն առանց հայերի»: Մարդակեր ցարիզմին Հայաստանի հողը հարկավոր էր, շատ հարկավոր էր, բայց հայ ժողովուրդը բոլորովին հարկավոր չէր: Այսպես էր մի բռնակալի կամ նրա ստրուկ պնակալեզի քմահաճույքը, որից ամբողջ ժողովուրդներ էին ոչնչանում, անհետ կորչում...



ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ՍԻՐՈՒՄ ԵՎ ՍՊԱՍՈՒՄ ԷՐ ՆՐԱՆ
(ՄԱՄԻԿՈՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ 90-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ)


Մարդկանց ծիծաղ պարգևող այդ դերասանը ՄԱՄԻԿՈՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆՆ էր, շատերի համար՝ պարզապես Մամիկոնը։ Կրտսեր դուստրը՝ Արեգան է անգամ խոստովանում, որ հորը ոչ թե անուն-ազգանունով, այլ անվամբ էին ճանաչում ու այդպես էլ դիմում էին նրան՝ Մամիկոն։
Հորս՝ Վազգեն Օվյանի շնորհիվ իմ հասակակիցներից ու անգամ ավելի ավագ ընկերներիցս ավելի վաղ եմ ծանոթացել թատերական զարմանահրաշ աշխարհին։ 10 տարեկանից մոտիկից արդեն գիտեի Արցախի և ընդհանրապես հայ բեմի վարպետներ Գուրգեն Հարությունյանին, Միքայել Կորգանյանին, Բենիկ Օվչիյանին, տաղանդավոր ռեժիսոր Հովհաննես Կարապետյանին, արդեն անվանի կամ բեմում դեռևս նոր-նոր առաջին քայլեր կատարող շատ ու շատ դերասանների։
Հենց այդ տարիներից կամ մի քիչ ավելի վաղ ես գիտեի Մամիկոն Միքայելյանին։ Նրան հաճախակի էի տեսնում ոչ միայն ներկայացումներում, այլև հանդիպում էի հորս աշխատավայրում, որտեղ ձայնագրվում էր մոտ երեսուն տարի Արցախյան ռադիոեթերն աշխույժ պահող հանրահայտ «Մախաթը»։

«Վազգեն Օվյանը երբ ստեղծեց «Մախաթյան և Լեղունց» երգիծական հանդեսը, հենց առաջին օրվանից ինձ և Գուրգեն Հարությունյանին հրավիրեց իր մոտ... Երկար տարիներ մենք միասին աշխատում էինք։ Բայց երբ Գուրգեն Հարությունյանն այլևս չկար, Սուրեն Համզոյանը փոխարինեց։ Համզոյանից հետո նորերը եկան,- հորս 70-ամյակին նվիրված հեռուստահաղորդման ժամանակ ասել է Մամիկոն Միքայելյանը։- Ժողովուրդը հիացմունքով, մեծ հավեսով սպասում էր այդ օրվան...»։
Հետո նա ելույթ է ունեցել նաև հորս նվիրված հանդիսավոր երեկոյի ժամանակ։ Առայսօր հիշում եմ այդ երեկոն։ 2002 թվականի ամռանն էր։ Մամիկոն Միքայելյանն արդեն վատառողջ էր։ Կինը՝ բազմաթիվ ներկայացումների խաղընկերը, ԼՂՀ ժողովրդական արտիստ Նվարդ Ասատրյանը, մի քանի օր առաջ ցավով հայտնեց, որ ամուսինը շատ է ցանկանում, բայց երևի թե չկարողանա ելույթ ունենալ այդ երեկոյին։

Եվ հանկարծ, այդ օրը բեմում երևաց նա՝ արցախյան բեմի ծիծաղի վարպետը, Ղարաբաղի Կարպ Խաչվանքյանը՝ Մամիկոն Միքայելյանը... Դեմքից երևում էր, որ հիվանդ ու հոգնած է։ Անգամ կարեկցանքի ալիք անցավ դահլիճով։ Բայց երբ սկսեց խոսել, երբ իրեն հատուկ հումորով սկսեց պատմել հորս հետ իր մտերմության մասին, դահլիճը ոգևորվեց, աշխուժացավ...
«...Մենք արդեն ընկերներ էինք, ուր գնում, ինձ տանում էր, որովհետև ես երգում ու նվագում էի...»,- երեխայի անկեղծությամբ ու պարզությամբ, այդ տարիների հիշողությունից մանկան պես պայծառացած պատմում էր նա։ Եվ այդ «ուր գնում, ինձ տանում էր»-ը այնպիսի ոգևորությամբ ասաց, կարծես տարիքով ավագը հայրս էր (Մամիկոն Միքայելյանը ծնվել է 1920 թվականի հունվարի 3-ին, հայրս՝ 1932-ի հունվարի 6-ին)։

Այնուհետև ես մի քանի անգամ հանդիպել եմ նրան։ Զրուցել ենք հաճախ, առավելապես մեր Մայր թատրոնի երբեմնի փառքի և անշուք ներկայի, նրա հանդեպ համընդհանուր անտարբերության մասին էր խոսում, ցավով կիսվում ինձ հետ։ Բայց, չգիտեմ ինչու, նա իմ հիշողության մեջ մնացել է վերևում հիշատակված պարզ ու պայծառ մանկան տեսքով։ Եվ այդ նույն 2002 թվականի նոյեմբերի 20-ին երեխայի պես անկեղծ ու պարզամիտ այդ մարդը հեռացավ կյանքից։
Շատ տարիներ առաջ, հորս կենդանության ժամանակ հաճախակի էր լինում մեր տանը։ Սեղանի շուրջ զրուցում էին, այնուհետև հայրս խնդրում էր, որ մեզ համար երգի։
Մի անգամ, երբ եկավ, ձեռքին փոքրիկ մի հին «Ժամագիրք» կար՝ 1903 թ. տպագրությամբ։ Երևի մինչ այդ հորս հայտնել էր այդ գրքի մասին ու հիմա բերել էր ցույց տալու։

Հայրս վերցրեց այն, երկյուղածությամբ թերթեց էջերն ու ասաց.
- Մամիկո՛ն, այս գիրքն ինձ պիտի նվիրես։
- Չէ՛, Վազգեն, սիրելի՛ս, չեմ կարող։ Մեր տանը որքան գիրք ունեմ, քեզ կնվիրեմ, բայց դա չեմ կարող, իմ պապից է հիշատակ մնացել այդ գիրքը։
Հայրս ծիծաղեց և ոչինչ չասաց։ Հետո երկար զրուցում էին առավելապես թատերական կյանքից։ Հայրս «Մախաթի» համար նոր գրած տեքստից հատվածներ էր ընթերցում, տեղում անմիջապես նոր տողեր ավելացնում, որոշ բաներ փոխում, Միքայելյանը երեխայի պես ոգևորվում էր.
- Հա՛, այդպես ավելի լավ է, շատ լավ է...
Եկավ հրաժեշտի պահը։ Մ. Միքայելյանը վեր կացավ, քայլ արեց դեպի դուռը շարժվելու համար, բայց անսպասելիորեն կրկին նստեց ու դիմեց ինձ.
- Վարդգես ջան, այս գիրքն ինձ համար մասունք է։ Ես այն ոչ մի գնով որևէ մեկին չեմ տա։ Բայց քանի որ հիմա մի թեթև խմած եմ և գտնվում եմ իմ սիրելի Վազգեն Օվյանի հարկի տակ, հիմա կմակագրեմ և կնվիրեմ քեզ։

Եվ այդպես էլ գրեց. «Նվիրում եմ սիրելի Վարդգեսին... Քանի որ հիմա մի թեթև խմած եմ...»։
Այսքանը Մամիկոն Միքայելյան մարդու մասին, որի կյանքի 5-6 տասնամյակը կապված է հայ թատրոնի հետ։ Եվ նա ամենից առաջ դերասան էր, արվեստի մարդ։
Մասնակցել է Մեծ հայրենականին և պատերազմի ավարտից հետո դերասանական առաջին քայլերը կատարել Բաքվի Երամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում, իսկ 1949 թվականից ընդմիշտ կապվել Արցախի Մայր թատրոնի հետ։ Առաջին իսկ դերերից հանդիսատեսը սիրել է նրան։ Առավելապես հանդես էր գալիս կոմիկական դերերում, և հանդիսատեսը նրան ավելի շատ համարում էր կատակերգակ։

Հանդես է եկել բազմաթիվ ներկայացումներում՝ «Ինչպես կառավարել կնոջը» (Միլորդ), «Պատվի համար» (Սուրեն), «Պեպո» (Կակուլի), «Լալվարի որսը» (Աշուղ), «Խաթաբալա» (Իսայի), «Բաղնիքդ անուշ» (Լուկաշին), «Ստախոս կինը» (Ջիմի), «Քաղքենիներ» (Պերչիխին), «Տաքսի-տաքսի» (Կնյազ), «Աշխարհն, այո, շուռ է եկել» (Մարգար), «Գնա մեռիր, արի սիրեմ» (Տարոն) և այլն։ Հանդես է եկել բազում գլխավոր ու էպիզոդիկ դերերում, սակայն երկրորդական, ամենափոքր դերերում անգամ կարողացել է կերպարներ ստեղծել, որովհետև լրջորեն էր մոտենում անգամ ամենափոքր դերերին, տանը ժամերով փորձեր անում տիկին Նվարդի հետ։ Այդ օրն եթե տանը բարեկամներ ու այլ հյուրեր էին լինում, նրանց հետ ճաշում էր, զրուցում, կատակում, այնուհետև ներողություն խնդրում և անցնում «փորձասենյակ»։

Ժամանակին հայ բեմի վարպետ Վահրամ Փափազյանի հետ խաղացել է «Հանցագործի ընտանիքը» ներկայացման մեջ (Կորադո), այնուհետև Ավետ Ավետիսյանի հետ («Խաթաբալա»՝ Իսայի)։ Կարպ Խաչվանքյանի հետ խաղացել է «Պահանջվում է ստախոս»-ում։
Մամիկոն Միքայելյանը կերտել է բազմաթիվ կոմիկական կերպարներ։ Բայց նա կերտել է նաև միանգամայն լուրջ ու անգամ ողբերգական կերպարներ։ Արցախցի հանդիսատեսը, սակայն, նրան ավելի շատ ընկալում էր որպես կատակերգակ ու միշտ սպասում էր նրան, մշտապես ուզում էր բեմում տեսնել սիրված դերասանին։
Դուստրը՝ Արեգան, պատմում է, որ ծանոթ-անծանոթները հաճախակի էին զանգում Միքայելյանների բնակարան ու հարցնում. «Մամիկոնն այս նոր պիեսում խաղո՞ւմ է»։ Ու հիասթափվում էին, երբ պատասխանում էին «ոչ»։ Երբ մի անգամ երկրպագուները նրան հարցրել են, թե ինչու է նախընտրում կատակերգությունները, կոմիկական կերպարները, դերասանը կեսլուրջ-կեսկատակ պատասխանել է. «Բժիշկներն ասում են, որ ծիծաղը երկարացնում է մարդու կյանքը, իսկ ես ուզում եմ, որ մարդիկ շա՜տ-շա՜տ երկար ապրեն...»։

Եվ նա ինչպես պարզ ու անկեղծ էր կյանքում, նույնկերպ պարզ ու հասարակ էր բեմում։ Այնքան պարզ ու հասարակ, որ երբեմն թվում էր ոչ թե մի ուրիշի, այլ հենց իր դերն է խաղում։ Եվ նրա մարմնավորած այդ դերը նման չէր մի այլ դերասանի ներկայացրած նույն դերին։
Մի անգամ, երբ ներկայացումներով շրջագայում էին Արցախի գյուղերում, գյուղացիներից մեկը տուն էր հրավիրել նրան ու նույնպես սիրված դերասան Սուրեն Համզոյանին և մածուն հյուրասիրել։ Ներկայացման ժամանակ Համզոյանը հանկարծ մոռացել է իր ռեպլիկը, և Միքայելյանն անմիջապես «որոշակի փոփոխության է ենթարկել» իր դերն ու վրա բերել. «Ափսո՜ս այն մածուն, որ կերել ես»։
Հորս հեղինակած «Պըլը-Պուղի» պիեսում Գիժ Պետո պիտի խաղար։ Անդրանիկ ներկայացումն էր։ Բեմում երևում է Մամիկոն Միքայելյանի Պետոն՝ գզգզված մազերով, քրջոտ շորերով, գավազանը ձեռքին, երկու դդում գոտկատեղից կախ։ Հանդիսատեսն անմիջապես ոգևորվեց, դերասանը դեռ կես խոսք չասած, դահլիճն արդեն աշխույժ ծիծաղում էր։ Մի քանի րոպե հետո կարծես միանգամայն այլ հանդիսատես էր դահլիճում։ Ժպիտն ու ծիծաղն անհետ չքացել էր մարդկանց դեմքից, փոխարինվել կարեկցությամբ ու խղճահարությամբ։ Բեմում այլևս Մամիկոն Միքայելյանը չէր, այլ նրա կերտած Գիժ Պետոն՝ դժբախտ, խեղճ ու ազնիվ մի արարած։ Եվ դահլիճի անսպասելի այդ փոխակերպումը դերասան Մամիկոն Միքայելյանի հաղթանակն էր։

Նրան սիրում էին նաև երեխաները։ Նոր տարում հաճախ էր երեխաներին ներկայանում որպես Ձմեռ պապ։ Հետպատերազմական ծանր օրերն էին։ Մի անգամ Ամանորի միջոցառումից հետո նրան պատկառելի չափերով մի արջուկ նվիրեցին։ Նոր տարվա նվեր ստացած մանկան երջանկությամբ շտապեց տուն՝ ուրախացնելու Նվարդիկ թոռանը։ Այդ արջուկն այսօր էլ խնամքով պահում են...
1978-ին նրան շնորհվել է հանրապետության վաստակավոր արտիստի, հինգ տարի հետո՝ ժողովրդական արտիստի կոչում։ Սակայն մինչ այդ, մինչև այդ պատվավոր (այն տարիներին՝ պատվավոր) կոչումներին արժանանալը, նա արդեն լայն ժողովրդականություն էր վայելում։ Հանդիսատեսը սիրում էր նրան, սպասում էր նրան։ Նրա հետ հանդիսատեսի յուրաքանչյուր հանդիպում յուրօրինակ տոն էր։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ




ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՓԱԿԱԳԾԵՐԻՑ ԴՈՒՐՍ
ԿԱՄ՝ ՊԱՄՖԼԵՏ, ՈՐ «ՓՈԹՈՐԻԿ» Է ԱՌԱՋ ԲԵՐԵԼ
ԼՂՀ ԳՄ «ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆՈՒՄ»


Ի պատասխան Արցախի ճանաչված և հարգված տասնյակ մտավորականների՝ «Ազգ» թերթի «Մշակույթ» հավելվածում և արցախյան թերթերում տպագրված «Երբ ցինիզմը, իրոք, սահմաններ չի ճանաչում» նամակ-հոդվածի, ՀՀ ԳՄ մի քանի անդամներ, միության նախագահի գլխավորությամբ, «Գրական թերթ»-ում հապշտապ «հոդված» են գրել, որը ոճով, ձևակերպումներով չի տարբերվում ԼՂՀ ԳՄ-ի մամուլում տպագրված ստոր ու շինծու փաստարկներով սարքված զրպարտագրերից: Հոդվածի տակ «իրենց ստորագրությունն են դրել» նաև մարդիկ, ովքեր կամ անտեղյակ են Վազգեն Օվյանի գրական ժառանգությունից, կամ միանգամայն այլ կարծիք ունեն նրա անվան և գրական վաստակի մասին: Հ. Բեգլարյանը, որ առողջական լուրջ խնդիրներ ունի, հազվադեպ է տնից դուրս գալիս, վերջերս մեկնել է Դաշուշեն, բազմաթիվ մարդկանց ներկայությամբ, որպես մեծագույն հարգանքի տուրք, համբուրել Վ. Օվյանի հուշաքարը, հանկարծ «ստորագրել է» ԳՄ նամակը: Բեգլարյանը եղբորս մոտ երդվել է բոլոր սրբություններով (իր բառերն են - Ն. Օ.), որ ինքը չի ստորագրել այդ նամակը:

Վերջապես ո՞ւմ է պետք այս շոուն: Ակնհայտ է, որ սա «ես՝ քեզ, դու՝ ինձ» սկզբունքով սարքած ներկայացում է. Արցախի ԳՄ նախագահը տեղացի գրողների ստորագրություններով «Գրական թերթ»-ում վերջերս հրապարակավ «սատարել է» ՀՀ ԳՄ նախագահին և, ահա, վերջինս էլ նման ձևով վարձահատույց է լինում նրան՝ արտահայտելով իր աջակցությունը արցախցի կոլեգային (այս երևույթը մեզանում անվանում են «սատարախտ»), որի կազմակերպած արշավը՝ հետմահու ԼՂՀ բարձրագույն պարգևի՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի արժանացած գրող Վազգեն Օվյանի դեմ, ղարաբաղյան լուրջ և իրեն հարգող մտավորականության շրջանում այդպես էլ ոչ մի աջակցություն չի գտել, ընդհակառակը՝ «Երբ ցինիզմը, իրոք, սահմաններ չի ճանաչում» նամակ-հոդվածի տպագրությունից հետո 70-ից ավելի մտավորականներ նույնպես իրենց ստորագրությունն են դրել այդ հոդվածի տակ:

Պարոնայք ԳՄ նախագահներ, ձեր աթոռներին կառչած մնալու համար ոտնատակ մի՛ տվեք ազնիվ մարդկանց անունն ու պատիվը, նրանց մի՛ խառնեք ձեր անձնական հաշիվներին: Ամո՛թ է: Դա պատիվ չի բերում մտավորականին: Իսկ որպեսզի ընթերցողը հասկանա, թե որն է այդ արշավի նպատակը, ստիպված եմ ներկայացնել «մի կաթիլ մեղրի» պատմության իրական պատճառը:

Արցախի գրական հասարակական կազմակերպության ղեկավարը վերջերս զրպարտչական աննախադեպ արշավ է ձեռնարկել Վազգեն Օվյանի անվան ու գրական ժառանգության դեմ: Բայց Վարդան Հակոբյանին (Սլավիկ Հակոբյան) ճանաչողներն այնքան միամիտ չեն, որպեսզի կարծեն, թե այսօր վերջինս քունն ու հանգիստը կորցրել է, որովհետև 50 տարի առաջ Վազգեն Օվյանն իր անդրանիկ գրքում Թևան Ստեփանյանին ներկայացրել է բացասական ու սարկաստիկ գծերով: Նախ՝ Հակոբյանը լինելով, նշանավոր արցախագետ ու պատմաբան Շահեն Մկրտչյանի բնորոշմամբ՝ ԵՍԱԿԵՆՏՐՈՆ անձնավորություն, իրենից դուրս ոչինչ չի տեսնում և հազիվ թե հուզվի անգամ մոտիկ մարդկանց անձնական դարդուցավերից: Էլ ո՞ւր մնաց՝ այդպես պատեպատ խփվի հանուն մի մարդու, որը, մեղմ ասած, այնքան էլ բարի անուն չի թողել ղարաբաղցու հիշողության և վերջին 70 տարվա պատմագիտության մեջ: Այնպես որ, ռուսի ասած՝ «նե դա լամպոչկի»...

Եթե Վ. Հակոբյանին առայսօր հանգիստ չի տալիս, դա այն պամֆլետն է, որ Վազգեն Օվյանը գրել է նրա մասին (նրա «Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին» բանաստեղծության պարոդիան է): Վերջինս կարող է 200 պասկվիլ մոգոնել հանգուցյալ գրողի դեմ և զետեղել պետական սուղ միջոցներով ֆինանսավորված իր շքեղակազմ հատորներում: Բայց, ի ցավ Հակոբյանի, դրանցից ոչ մեկն այնպես չի «կպնելու» Վազգեն Օվյանին, ինչպես նրա գրածը՝ իրեն: Ահա այդ պամֆլետը.

Ես անկեղծորեն հավատում եմ քեզ,
Դու Ղարաբաղի մասին երգ չունես,
Եվ բանաստեղծի սիրտ չունես մաքուր,
Դու հոնորար ես բառերից սարքում:

Քոնը կեղծելն ու շողոքորթելն է,
Քոնը քծնությամբ պաշտոն շորթելն է,
Քոնը իրար դեմ մարդկանց լարելն է,
Քոնը ամբիոնից ստից ճառելն է:

Քոնը սակարկել, դռներ բախելն է,
Քոնը, ընչաքաղց, առնել-ծախելն է,
Քոնը շանտաժն ու վայրահաչելն է,
Քեզնից ուժեղի ոտքը պաչելն է:

Մատնելն է քոնը, քոնը փքվելն է,
Քոնը սրբության վրա թքելն է:
Դու երկու տիրոջ ոտք լիզող շուն ես,
Դու Ղարաբաղի մասին երգ չունես:

25-30 տարի առաջ գրված այս պամֆլետ-պարոդիայի տպագրման օրվանից՝ 1992 թվականից Հակոբյանը կորցրել է հանգիստը, որովհետև ընդամենը 4 քառատողում խտացված է նրա իրական կերպարը, որի համար վերջինս «փոթորիկ» է բարձրացրել գրականության ու լրագրության բնագավառում չկայացած, սակայն զրպարտության ու կեղծարարության ասպարեզում անգերազանցելի գրչակներից կազմված իր մերձավոր շրջապատում, որը ինքն անվանում է «ԳՄ նախագահություն»:

Հակոբյանին լրջորեն մտահոգում է նաև Վազգեն Օվյանի ժողովրդականությունը: Դե, իհարկե, խորապես մտահոգիչ է. Օվյանը վախճանվել է երկու տասնամյակ առաջ, բայց, ինչպես գրված է Արցախի ճանաչված մտավորականների ստորագրությամբ հրապարակման մեջ, «ի տարբերություն որոշ «կենդանի մեռյալների», Վազգեն Օվյանը այսօր էլ ապրող հեղինակ է, նրան կարդում են, նրա հեղինակած բանաստեղծությունները՝ արտասանում: Եվ եթե դա հարուցում է ոմանց զայրույթը, ապա գրողը մեղք չունի. «ծանիր զքեզ»՝ ասում էին հները: Նշանակում է՝ ընթերցող հանրությունը ներկա գրական գորշությունից վեր է դասում անցյալի իրական արժեքները և իմաստ չունի «սուր ճոճել». ժամանակը ամեն ինչ իր տեղն է դնում... Գրադարաններում այսօր փնտրում են Վազգեն Օվյանի գրքերը: Եվ դա այն դեպքում, երբ պետական միջոցներով տպագրված բազմաթիվ հաստափոր հատորների կողքից ուսանողությունն անցնում է հպարտ անտարբերությամբ» (տես՝ «Երբ ցինիզմը, իրոք, սահմաններ չի ճանաչում», «Ազգ», 06.12.08):

Երբ Վազգեն Օվյանը գրում էր «Ղարաբաղի արծիվը», «Ամարասը», «Այս Ղարաբաղն է»-ն և բազմաթիվ հայրենաշունչ տողեր, երգիծական-սարկաստիկ երկեր էր գրում Լ. Բրեժնևի, Հ. Ալիևի, Բ. Կևորկովի, ադրբեջանական հայատյաց քաղաքականության դեմ («Նազար-նամե», «Կրկես», «Գորշ գայլի, շնագայլի և այլոց մասին», «Սև վեզիրը»…), «շքերթներից հոգնել էր արդեն ու ձանձրացել ճառերից դատարկ», Վ. Հակոբյանը ազգի դահիճներին՝ Հ. Ալիևին և Բ. Կևորկովին հաճոյանալու համար, ոգևորությամբ գովերգում էր «դարի մեծագործությունները»՝ «Աղդամ-Ստեփանակերտ երկաթուղու շինարարությունն ու անասնապահական խոշոր համալիրի կառուցումը», երևի կարծելով, թե դեպի Պառնաս տանող ամենաուղիղ ճանապարհն անցնում է Աղդամ-Ստեփանակերտ երկաթուղով ու անասնապահական համալիրների դռներով: Երբ Վազգեն Օվյանը ի պատասխան հայատյաց Ռասուլ Ռզայի թունոտ մի զառանցանքի՝ «Սմբատ և Բաբեկ» էր գրում («Որքան ոռնաս, Ռասուլ Ռզա, Սմբատները միշտ ծնվել են ու կծնվեն...»), Վ. Հակոբյանը ազերի Վագիֆի մասին պոեմ էր երկնում...

Այդ օրերին Թևանի մերօրյա «դատապաշտպան» Վարդան Սարգիսիչի, իր իսկ բառերով ասած, ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼ միտքը Բորիս Սարգիսիչից (որից, ի դեպ կորզել է ԳՄ բաժանմունքի ղեկավարի պաշտոնը), հայրենի և թուրք իշխանիկներից կեղեքվող իր հայրենակիցների հոգսերն ու ցավերը թողած, Ղարաբաղից «թռել», հասել էր կոմկուսին հրաժեշտ տված հեռավոր Չիլի և կիսում էր տիկին Ալիենդեի վիշտը: Դեռ ավելին՝ Հակոբյանը չտեսնելուն էր տալիս, որ Թևանն արդեն քանի տասնամյակ, աչքը ջուր կտրած, սպասում է իրեն՝ յուր «փաստաբանին»...

Երկու տասնամյակ առաջ մահացած գրողին «ոչնչացնելու» մոլուցքի մեջ Վ. Հակոբյանը կորցրել է ոչ միայն մտավորականին վայել էթիկան, այլև դատելու ունակությունը՝ ինքն իրեն հակասելով և իրեն գցելով ծիծաղելի վիճակի մեջ: Օվյանին մերթ մեղադրում է նրա համար, որ իբր վերջինս իր վիպակը գրել է Կևորկովի պատվերով՝ 1975 թ.-ին (վիպակը ամսագրում տպագրվել էր 1971 թ.-ին, գրքով՝ 1973-ին, երբ Կևորկովը դեռ չէր եկել Ղարաբաղ: Իսկ 1975 թ. Վ. Օվյանը Կևորկովի դեմ գրել է «Հուդային», «Բ. Կ.-ին», «Բասարական» բանաստեղծություններն ու տասնյակ պամֆլետներ), մերթ հայտարարում է, թե Օվյանը «չափածո հայհոյել է Կևորկովին»: Անհասկանալի է, թե ինչն է այդպես տանջում ԳՄ ղեկավարին. «Կևորկովի պատվերով գրե՞լը», թե՞ «Կևորկովին չափածո հայհոյելը»: Եթե մարդ մեկին հայհոյում է, էլ ինչո՞ւ պիտի միաժամանակ գրի նրա պատվերով...

Մյուս կողմից՝ մի ասող լինի Հակոբյանին՝ ուժդ չափածո չէր պատում, դու էլ արձակ «հայհոյեիր» ազգիդ դահճին: Ինչո՞ւ ծպտուն չէիր հանում: Թե՞ հայհոյանքիդ պարկը պինդ փակել էիր, որպեսզի հետագայում Արցախյան պատերազմից հետո քեզ հռչակեիր «Արցախյան շարժման առաջին ղեկավարներից մեկը» և հայհոյեիր «Կևորկովին հայհոյողին»: Ինչո՞վ էիր զբաղված այդ տարիներին, ավելի կարևոր գործեր ունեի՞ր: Իսկ գո՞ւցե Հակոբյանն իրոք կարծում է, թե մեռել է ժողովրդի հիշողությունը, և մարդիկ մոռացել են, թե իրականում ով ինչով էր զբաղված թե՛ այդ տարիներին, թե՛ Արցախյան պատերազմի ժամանակ, թե՛ հետո... Գո՞ւցե նրան թվում է, թե ժողովրդի հիշողությունը ևս կարելի է պատվերով «գրել տալ», կամ՝ գրել ու ժողովրդի ստորագրությունը դնել տակը…
Արշավանքի մի այլ պատճառ. նախանձի թույնը այնպես է կուրացրել Վ. Հ.-ին, որ նա Վ. Օվյանի հայրենասիրական գործերում անգամ չեղած ազգադավ շտրիխներ է տեսնում: Գիտե՞ք ինչու: Որովհետեւ Վ. Հ.-ն Ղարաբաղի մասին իրոք երգ չունի («Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին») եւ չի էլ ունենալու:

Ահա ԼՂՀ «ԳՄ նախագահության» ձեռնարկած արշավի և բարձրացրած աղմուկի ողջ իրական պատճառը, որի համար ԳՄ-ում թիվ մեկ մարտական տագնապ է հայտարարվել: Իսկապես որ շա՜տ հիմնավոր և օրախնդիր պատճառ է:

ՆԱՐԻՆԵ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ




Վերջին էջ

ԱՄԱՆՈՐԻ ՆՎԵՐՆԵՐ


Ճանապարհը երկար է ու հոգնեցուցիչ։
Մարդը կանգ առավ տեղում, պարկը դրեց ճամփամիջին և շտկելով մեջքը՝ հայացքն ուղղեց հեռուները։ Հավանաբար, մի 10-15 րոպեից տեղ կհասնի։ Հիմա երևի տոնածառի շուրջը բոլորած՝ հանդիսությունների սրահում երեխաներն անհամբեր իրեն են սպասում։ Ի՜նչ լավ է, որ մարդիկ ուշադրություն չեն դարձնում իր վրա, այլ անցնում են անտարբեր՝ ամեն ոք իր գործին ու իր հոգսին։

Մարդը ճանապարհի մի հատվածում հարմար անկյուն փնտրեց, հապշտապ հագավ Ձմեռ պապի հանդերձանքն ու վերցնելով նվերներով ծանրաբեռնված պարկը, շարունակեց ճամփան։ Անցած տարի կարգին գումար էին խոստացել Ձմեռ պապ «աշխատելու» համար, սակայն՝ չնչին գումար վճարել։ Հիմնարկի ղեկավարի հավաստմամբ՝ այս Ամանորին բոլոր Ձմեռ պապիկներին հաճելի անակնկալ է մատուցվելու. դե, հո կատակ բան չէ՝ հինգերորդ տարին է՝ ինչ մարդկությունը ոտք է դրել նոր հազարամյակ։ «Ձմեռ պապի ոտքը խերով լինի»,- ճամփու դնելիս մրմնջաց կինն ու հիշեցրեց, որ տունդարձին հիվանդ Արտակի համար մի փոքրիկ նվեր բերի։ Տեսնես երեխայի ջերմությունն անցե՞լ է. արդեն քանի օր է՝ գամված է անկողնուն։ Բժիշկներն էլ ոնց են մտապահում այդքան անթիվ-անհամար դժվարամատչ դեղերի անունները։ Պատկառելի գումարով երեխայի համար ձեռք է բերել, բժշկի խոսքերով ասած, դեղերի ընտրանին։ Է՛հ, փողն ի՞նչ է, կգնա բանվորություն կանի. բայց որտե՞ղ՝ մտածեց մարդը և տրամադրությունը չփչացնելու համար շարունակեց կիսատ միտքը. կարևորը երեխայի առողջությունն է։

Մտքերի մեջ խորասուզված՝ մարդը չնկատեց, թե ինչպես կարճվեց ճամփան, և երբ բացվեց հանդիսությունների սրահի դուռը, երեխաները թռչունների նման ուրախ ճռվողյունով շրջապատեցին նրան և կարծես թե մրցույթի էին դուրս ելել նրանք. այնքան ոգևորությամբ էին երգում, պարում և արտասանում...
Կիսով չափ դատարկելով խաղալիքներով լի պարկը՝ Ձմեռ պապը հրաժեշտ տվեց մանչուկներին և քայլերն ուղղեց դեպի դիմացի բնակելի շենքը, որտեղ պիտի այցելեր մի քանի ընտանիքների փոքրիկներին ու նոր միայն տուն դառնար։

Շքեղ կահավորանքով բնակարանում, որտեղ կային անթիվ թանկարժեք մանկական խաղալիքներ և որը մանկական խաղալիքների խանութի տպավորություն էր թողնում, Ձմեռ պապը քիչ-ինչ նեղսրտվեց «Պահո՜, այս ընտանիքի մինուճար մանչին դժվար թե գայթակղի իմ համեստ նվերը»։ Եվ նվերը հանձնելով փոքրիկին ու արագ հեռանալով բնակարանից՝ հանգիստ շունչ քաշեց։
Շուտով Ձմեռ պապը սեղմեց նույն շենքի առաջին մուտքի հինգերորդ հարկի բնակարանի դռան զանգը։ Դուռը բացվելուն պես նրա դեմքին փչեց խմիչքի և սխտորի տհաճ հոտը։ Նրա դիմաց կանգնած էր ուռած ու կարմրած կոպերով, ճաղատ գլխով մի թիկնեղ, հարբած տղամարդ.

- Ես... Ես Ձմեռ պապն եմ,- ասաց մարդը։
- Տեսնում եմ, որ Ձմեռ պապն ես, հետո՞... Ի՞նչ ես բերել ինձ համար,- հարցրեց հարբածը։
Ձմեռ պապը չհասցրեց պատասխանել. ուժեղ հարվածից երերաց տեղում։ Երբ փոքրիշատե սթափվելուց հետո փորձեց ետ դառնալ, հարբածը խաղալիքներով պարկը խլեց նրանից և քամահրանքով նետեց. «Դե, հիմա գնա՛, Ձմեռ պա՜պ»։
Աստիճաններով իջնելիս Ձմեռ պապն անվերջ մտածում էր, թե հարբածի ինչին է պետք պարկը կամ էլ՝ ո՞վ գիտե, գուցե կարծում էր, թե այնտեղ ոգելից խմի՞չք կգտնի։ Երկրորդ հարկի միջանցքում երկու կին էին զրուցում։ Տեսնելով անհանգիստ դեմքով, այլայլված Ձմեռ պապին՝ դժվարությամբ ճամփա տվեցին նրան։

- Որտեղի՞ց հայտնվեց այս հարբեցողը, իբր թե Ձմեռ պապ է։ Ես սրա նմաններին լավ եմ ճանաչում,- կանանցից մեկի խոսքերը կարծես շատ հեռվից հասան Ձմեռ պապին։
- Ի՞նչ հարբեցող, չե՞ս տեսնում՝ փորձված գող է, չնկատեցի՞ր, ոնց էր աչք գցել քո ադամանդե ականջօղերին։ Շտապիր տուն և դուռն ամուր կողպիր,- խորհուրդ տվեց զրուցակիցը։
Բակում երեխաները ձնեմարդ էին պատրաստում։ Նկատելով բակի մեջտեղում կանգնած Ձմեռ պապիկին՝ հևավազ հասան նրան։
- Ա՜յ քեզ բան, իսկական Ձմեռ պապ է՝ միայն թե առանց պարկի,- ասաց երեխաներից ամենաավագն ու շարունակեց.- Իսկ ո՞ւր է քո խաղալիքներով պարկը, Ձմեռ պապ։ Չէ՛, դու Ձմեռ պապիկ չես, մեզ փորձում ես խաբել։

Այս խոսքերն այնքան ոգևորեցին բակի մնացյալ երեխաներին, որ ոմանք սկսեցին ձյունով խփել նրան, շատերն էլ՝ քաշքշել շորերից, մի քանիսն էլ Ձմեռ պապի գրպաններում փորձում էին նվերներ գտնել։
Մի կերպ ազատվելով երեխաների քաշքշուկից՝ մարդը քայլերն ուղղեց դեպի մոտակա զբոսայգին։ Այստեղ հաստատ իրեն ոչ ոք չի խանգարի։ Տեղավորվելով ձյունածածկ նստարանին՝ հանկարծ նրա մեջ մի անզուսպ ցանկություն առաջացավ. նա կամեցավ մի կուշտ լաց լինել։ Եվ փակելով հոգնած աչքերը՝ լռելյայն սկսեց արտասվել...

Ձմեռ պապն արտասվում էր իր կոխկրտված մարդկային արժանապատվության համար, իր հիվանդ որդու համար, որ անհամբեր սպասում է հոր գալստյանն ու նրա նվերին։ Նա արտասվում էր, որ չկարողացավ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների համար գործընկերոջից պարտքով փող վերցնել։ Նա արտասվում էր մարդկանց անտարբերության ու հոգսաշատ, անհրապույր կյանքի համար...
- Մայրիկ, նայիր՝ Ձմեռ պապն արտասվում է, խնդրում եմ, ասա՝ թող չարտասվի։ Ես լացող Ձմեռ պապ չեմ ուզում,- հանկարծ շատ մոտից լսեց անծանոթ մանչուկի ձայնը։
Եվ երբ բացեց աչքերը, դիմացը կանգնած էր մի երիտասարդ կին՝ երեխայի ձեռքից բռնած։
- Ձմեռ պապիկ, դե ասա՝ ինչո՞ւ ես լալիս,- դիմեց փոքրիկը վերջինիս։
- Է՛հ, մանչուկս, ինձ չես հասկանա։ Ձմեռ պապը աշխարհի ամենադժբախտ մարդն է,- պատասխանեց նա ու քայլեց դեպի անորոշ հեռուն...

ՆՎԱՐԴ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ



ԱՄԱՆՈՐԻ ԱՆՎԱԴՈՂԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ «ՎԵԴԻ ԱԼԿՈ»

Նոր տարվա ամենամեծ անակընկալը Ամանորն առանց ձյան դիմավորելն էր։ Ձյուն չտեղաց նաև առաջին երեքևկես շաբաթվա ընթացքում։ Փոխարենը, ինչպես տակը պատռված տակառից, այնքան գովազդ թափեցին արցախցիներիս վրա, որ մեկ ամսում գովազդի երկու տարվա պլան կատարեցին։
Հարևանս գովազդային այդ աղետը համեմատում է Հայիթիի տարերային աղետի հետ։ Գուցե մի փոքր չափազանցություն կա այդ համեմատության մեջ, քանզի գովազդային աղետը բարեբախտաբար չհասցրեց մարդկային ողբերգական կորուստների։ Չնայած հաստատ բազմաթիվ մարդկանց երևի թե հասցրած լիներ նախաինֆարկտային վիճակի։

Մայրաքաղաք Ստեփանակերտում և նրա շուրջ բացի հայաստանյան հեռուստաալիքներից և ռուսական OPT ու «Ռոսիա-1» հեռուստաալիքի, ինչպես ասում են, «որսում են» նաև երկու տասնյակ արբանյակային հեռուստաալիքներ, որոնցում յուրաքանչյուր 1 ժամում 4 անգամ եթեր են խուժում տեղական գովազդային հոլովակները։ Այսինքն՝ ամեն աստծո օր յուրաքանչյուր արբանյակային հեռուստաալիքով առնվազն 40 անգամ պտտում են միևնույն գովազդները։ Այդ նույն գովազդային «գոհարները» հեռուստադտողների գլխին են թափում նաև մնացած 2 տասնյակ հեռուստաալիքներից։ Ստացվում է, որ մի ամիս շարունակ օրը 800 անգամ մենք վայելել ենք տեղական միևնույն գովազդային գլուխգործոցը, որոնց մի մասը ներկայացվել է ոչ պետական հայոց լեզվով, այլ օտար ռուսաց լեզվով՝ առավելապես՝ գավառական մակարդակի տեսահոլովակով։

Ըստ երևույթին, գովազդատերերն այն կարծիքին են, որ իրենց «գոհարները» օրական 800 անգամ դիտող Արցախի մի բուռ բնակչությունը, թեկուզ զզվանքից դրդված, թափվելու է խանութ-սուպերմարկետները, գնելու գովազդվող «Վեդի-ալկոն» կամ մյուս «էժան ու ընտիր» ապրանքանին, այդ թվում՝ ավտոմեքենաների անվադողեր, որոնք, ինչպես ներկայացնում են գովազդատերերը, վաճառվում են «պապիկ-տատիկի» հուշարձանից մի քանի հարյուր մետր հարևանությամբ...

Ասես «պապ ու տատիկը» հատուկ նրա համար են տեղավորվել բլրի վրա, որպեսզի անցորդներին մատնացույց անեն, թե որտեղ են անվադողեր վաճառում կամ «նորագույն տեխնոլոգիայով» ավտոմեքենաների գազալցում կատարում։ Կարծես Ամանորի մեր համեստ սեղաններին հենց անվադողերն էին պակասում, որ առավել կատարյալ դառնար տոնական տրամադրությունը։ Էլ չենք խոսում այն մասին, որ եթե նույնիսկ թաքուն վաճառեին դրանք, ավտովարորդները, միևնույն է, անհրաժեշտության դեպքում թեկուզ գետնի տակից գտնելու, գնելու են այդ անվադողերը։

Ավելի լավ չէ՞ այդ 2 տասնյակ հեռուստաալիքներից մի քանիսը չհեռարձակվեն, փոխարենը ամբողջ օրն այդ հաճախականությամբ առավոտից կեսգիշեր պտտեն տաղտկալի այդ գովազդ կոչվածները, որովհետև հեռուստաալիքներ խուժած այդ թափոնը ժամանակին չընդհատելու պատճառով հաճախ հետաքրքիր հաղորդումներից կամ կինոնկարներից խլվում են թանկագին րոպեներ։
Մեզ որքա՜ն շատ է պակասում չափի զգացումը...

ԳԱԳԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ



«Եվ վերադարձնելով ձեր դիմանկարը» շարքից

ՌՈԲԵՐՏ ԵՍԱՅԱՆԻՆ՝
50-ԱՄՅԱ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ


Մագաղաթադեմ պոետն այս դեղնագույն
Բառեր է նկարում սմքած և անարյուն,
Փսխում է բառեր, շինում տող ու տաղեր,
Թղթեր աղտոտում, սարքում դեղնած «խաղեր»:

Գրում է, հա, գրում, սարդն այս վաչկատուն,
Թղթերն իր խտտած՝ վազում խմբագրատուն,
Գրում ու մրում է գրչակն այս դեղին,
Երկնածը վռազ տպում՝ տեղի ու անտեղի:

Տոն է, խնդություն, թե սուգ ազգային՝
Դեղնած մի ստիխ ունի պոետն այս թաղային:
Գողական կանտորի անդամն է ու հրետանին
Դեղին գրչակն այս նենգ ու ութոտանի:

Անտեր չէ սակայն պոետն այս բալագան,
Խելքից խեղճ տեր ունի՝ գող ու ինտրիգան,
Անունով է Սրա քնում կամ «դուրս գնում»,
Առավոտից իրիկուն՝ Սրա գովքն անում:

Կա, ահա, այսպիսի պոետ մի դեղներես,
Որդի պես գետնաքարշ և թունդ աներես:
Գրում ու մրում է գրչակն այս ենթակա,
Գրածից ոչ ինքն է գլուխ հանում,
Ոչ ընթերցողը՝ եթե կա:

ՄԽԻԹԱՐ ԳՈՇԵՆՑ


ԵՐԿԱՐԱՃԻՏՔ ԿՈՇԻԿՆԵՐ, ՈՐ, ԱՍԵՍ, ՎԵՐՋ ՉՈՒՆԵՆ

Նորաձեւ են ծնկից վերև երկարաճիտք կոշիկները, որոնք բնորոշվում են որպես մինչև ականջների ծայրը հասնող կամ վերջ չունեցող: Մեր հասարակությունում նմանատիպ կոշիկները նույնացվում են մարմնավաճառ կանանց հետ, քանի որ մարմնավաճառները մեծ մասամբ ուշադրություն գրավելու համար կրում են դրանք: Սակայն ժամանակն է կոտրել այդ կարծրատիպը և հետևել աշխարհի առաջատար նորաձևության տների առաջարկին: Այնպես որ, դասական կոշիկներ նախընտրողների համար նոր, ավելի համարձակ ոճ ընտրելու լավագույն ժամանակն է:
Սեզոնի գլխավոր միտումներից են նաև ուղիղ ճտքերը և քիթը վեր ցցած ձևը:
«Անկախ», Երևան



Համարի ասույթը

Երբեմն այնքան ենք տարվում գովերգությամբ, որ մոռանում ենք նկատել, որ մեր գովերգած օբյեկտը կամ սուբյեկտը սարսափելիորեն մերկ է:


Ամսվա ասույթը

Եթե բոլոր դատարկ փուչիկները պայթելու հատկություն ունենային, ապա փուչիկ-գլուխների պայթյունից ողջ մարդկությունը կխլանար:

Комментариев нет:

Отправить комментарий