17.6.11

N 2 (15) (2010)

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. 1988-Ի ՓԵՏՐՎԱՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Փետրվարը հայերիս համար անմոռաց իրադարձություններով հարուստ ամիս է։ Վերջին երկտասնամյակում այդ ամսում տեղի ունեցան ոչ միայն հերոսական, այլև ողբերգական դեպքեր։ Փետրվարի ամենանշանակալից հերոսական իրադարձությունն անկասկած 1988-ի փետրվարի 13-ի առաջին ցույցն էր՝ Ստեփանակերտում, երբ ղարաբաղցի ուսանողներից կազմված փոքրիկ մի խումբ Ստեփան Շահումյանի արձանով փոքրիկ կլոր պուրակից ցուցապաստառներով շարժվել է դեպի կենտրոնական հրապարակ և սկսել վանկարկել՝ «Միացո՛ւմ», «Հայաստա՛ն»...

Փետրվարի 13-ի սովորական այդ օրը ազդարարել է Արցախի ազատագրական պայքարի սկիզբը։ Մնացած բոլոր իրադարձություններն այդ օրվա տրամաբանական շարունակությունն են։ Արցախում այդ շարունակությունը փետրվարի 20-ի ԼՂ մարզխորհրդի նստաշրջանն էր, որտեղ որոշում ընդունվեց՝ դիմել Ադր. ԽՍՀ, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու մասին։

Իսկ Ադրբեջանում փետրվարի 13-ին սկիզբ առած ազգային ոգու արթնացման արձագանք-շարունակությունը սումգայիթն էր, որը կանխորոշեց իրադարձությունների հետագա ընթացքը։ Մենք հաստատ մնացինք խաղաղ ճանապարհով մեր նպատակին հասնելու մարտավարությանը՝ խաղաղ ցույցեր ու հանրահավաքներ, բաց ու փակ նամակներ՝ Ռուսաց թագավորին։ Ազերիները նույնպես հաստատ մնացին իրենց ազգային բնույթին՝ 1915 թվականի եղեռնագործ յաթաղանով և 1988-ի սումգայիթի ոճրագործ թաթերով արյան մեջ խեղդել հայերի ազատատենչ ոգին...

Վերջին 22 տարում ոչինչ չի փոխվել։ Ազերի թուրքը երազում է Արցախը հայաթափելու մասին, հայերս պատրաստ ենք հարկ եղած դեպքում կրկին արժանի հակահարված տալու թշնամուն։ Սակայն այս ամենին վերջին տասնամյակում ավելացել են միջազգային միջնորդական առաքելությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գլխավորությամբ, ովքեր բոլորիս հավատացնում են, թե լծված են հակամարտության խաղաղ ճանապարհով լուծման վեհ գործին։ Հայ և ազերի ղեկավարների մասնակցությամբ հանդիպումներ են կազմակերպվում, բանակցություններ տարվում...

Մյուս ճամբարում թուրքն իր բնույթին հավատարիմ, առավելագույնը կորզելու համար պահանջում է ամեն ինչ, իսկ հայկական կողմում, ահա, որոշ փոփոխություններ են կատարվել՝ պատերազմի դաշտում երկրին հաղթանակ ու ազատություն բերած հերոսական ոգին փոխարինվել է պարտվողական, գետնաքարշ ու դիլետանտ դիվանագիտությամբ, որ բանակցասեղանին աստիճանաբար տանուլ է տալիս այն ամենը, ինչ հազարավոր հայորդիների արյան ու կյանքի գնով ձեռք է բերվել։ Մի քանի տարի առաջ մեր, այսպես կոչված, խոշոր քաղաքագետ-դիվանագետներից մեկը հայտարարել է, թե մենք պիտի ընդունենք միջնորդների ներկայացրած բոլոր այն փաստաթղթերը, որն Ադրբեջանը հրաժարվում է ընդունել։ Եվ մենք ընդունել ենք դրանք, այդ թվում՝ «մադրիդյան սկզբունքներ» կոչվածը, չհասկանալով, որ երբ վաղը Բաքուն ևս ընդունի դրանք, մենք մնալու ենք ձեռնունայն, կոտրած տաշտակի առջև...

Եվ այսօր մենք քաղում ենք հայ դիվանագիտության ցանածի դառը պտուղները։ Մի կողմում ազերի-թուրքն է, մյուս կողմում՝ հայ ողորմելի դիվանագիտությունը, մեջտեղն ԱՐՑԱԽԸ՝ մենք և մեր լեռները։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



Մեր գյուղն էն է, որ հպարտ,
Լեռների մեջ միգապատ,
Խոր ձորերի քարափին՝
Ձեռը տված ճակատին՝
Միտք է անում տխրադեմ
Ի՞նչ է ուզում՝ չգիտեմ...

Թումանյանի այս տողերն ասես արցախյան գյուղերի մասին են գրվել։
Որտեղի՞ց է սկսվում Հայրենիքը... Հայրենիքը սկսվում է մեր ծննդավայրից, այն տնից, որտեղ ծնվել ու առաջին բառերն ենք թոթովել, այն բնակավայրից, որտեղ անցել է մեր մանկությունը, պատանեկությունը...

Մեր շատ գյուղեր այսօր, ցավոք, կործանման եզրին են։ Չկարողանալով դիմանալ սոցիալական ու բազում այլ խնդիրների ծանրությանը, շատ երիտասարդներ բռնում են մայրաքաղաքի ճանապարհը՝ աշխատանք ու ապրուստի միջոցներ գտնելու հույսով։ Իսկ ոմանք այստեղ ևս չգտնելով փնտրածը, մեկնում են օտար ափեր՝ ռուսաստաններ և այլուր...
Ղարաբաղյան խնդիր, այսպես կոչված՝ բանակցություններ, ԵԱՀԿ Մինսկի խումբ, միջնորդ կոչված պարոններ, որ տուրիստների պես ֆռֆռում են մեր շուրջ, փորձում ինչ-որ սկզբունքներ համաձայնեցնել, պարապ հայտարարություններ անում հակամարտության լուծման ժամկետների մասին։ Իսկ մենք հանգիստ սպասում ենք, թե հետո ինչ է լինելու։

Հետո եթե դիտորդների պես պարապ նստենք ու սպասենք, մեզ համար ոչ մի լավ բան էլ չի լինելու։ Ուզում ես տերը լինել քո տան, քո հողի և քո երկրի՝ շենացրո՛ւ, հզորացրո՛ւ երկիրդ, վերաբնակեցրո՛ւ լքված ու անտերության մատնված հողերդ։ Դա է միայն հարցի լուծումը։ Իսկ հակառակորդը, թշնամին թող ոռնա, որքան ուզում է։ Եթե հասկանա, որ ուժեղ ես և քո տանն ապրում ես տանտիրոջ հաստատակամությամբ, մի օր կհոգնի և վերջ կտա հոխորտանքին։

Մերազգի ղեկավարը միջնորդ կոչեցյալներին տարել, ցույց է տվել ազատագրված անտեր տարածքներն ու հպարտորեն հայտնել, թե՝ հակառակորդը ստում է, այդ հողերը մենք չենք վերաբնակեցնում... Մինչդեռ նա պիտի ամաչեր դրանից, որովհետև դա անգործության, անհեռատեսության արդյունք է։ Իսկ մեր թշնամին մի քանի ամսում անմիջապես կվերաբնակեցներ անգամ զավթած յուրաքանչյուր հողակտոր։
Տարածաշրջանում, մեր հայրենիքում խաղաղության պահպանման միակ իրական գրավականը մեր ՈՒԺՆ է։ Միայն ու միայն մեր ուժը՝ սոցիալ-տնտեսական, քաղաքական, հոգևոր, բոլո՛ր ոլորտներում։



Հայաստանյան և արտասահմանյան մամուլի էջերից...

Կիևում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չի ընդունել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից: Ի թիվս այլ հրավիրյալների, Ահմեդ Դավութօղլուն նույնպես մասնակցել է Վիկտոր Յանուկովիչի պատվին տրվող ընդունելությանը, որտեղ մոտեցել է ՀՀ նախագահին և կարծիքներ փոխանակել նրա հետ:

Նախագահ Սարգսյանը շեշտել է, որ առաջ շարժվելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք, և Հայաստանը համարում է, որ առկա գործընթացը պետք է տրամաբանական ավարտին հասցվի ամենկարճ ժամանակահատվածում, այլապես ինչպես հայտարարվել էր նախապես, Հայաստանի Հանրապետությունը ետ կկանչի իր ստորագրությունը արձանագրություններից: ՀՀ նախագահը կրկնել է, որ ԼՂ խնդրի կարգավորման հարցում՝ Թուրքիայի ներգրավածությունը անհնար է, քանի որ դա մի երկիր է, որը միակողմանի ռազմական աջակցություն է ցուցաբերում հակամարտող կողմերից մեկին՝ Ադրբեջանին և մշտապես կողմնակալ հայտարարություններ է անում հակամարտության կարգավորման վերաբերյալ:

«Առանց սահմանների տարածաշրջանի մասին երազող երկիրը, պետք է առաջինը քայլը սկսի իրենից և վերացնի Հայաստանի սահմանի շրջափակումը, ինչը հնարավորություն կընձեռի բացել տարածաշրջանում առկա կոմունիկացիոն և տրասնպորտային ենթակառուցվածքները: Եթե ադրբեջանական ճնշումը թույլ չի տալիս Թուրքիայի խորհրդարանին վավերացնել արձանագրութունները, ապա որևէ բան չի խանգարում Թուրքիայի գործադիր իշխանությանը, անգամ մինչև արձանագրությունների վավերացումը, բացել իր կողմից փակած սահմանը երկու պետությունների միջև»,- իր զրուցակցին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Կիև էր մեկնել մասնակցելու համար Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության արարողությանը:
news.am


ՀՀ Ազգային ժողովի փետրվարի 24-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում լրացում նախատեսող օրինագիծը, որով սահմանվում է մինչև ուժի մեջ մտնելը ստորագրված պայմանագրերի դադարեցման ընթացակարգը, և որը, մասնավորապես, առնչվում է հայ-թուրքական արձանագրությունների դադարեցման հնարավորությանը։
Կառավարության ներկայացրած օրինագծին դեմ քվեարկեց միայն ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունը։ Մինչև քվեարկությունը խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հայտարարեց. «Մենք գտնում ենք, որ օրենքը ունի բազմաթիվ լրամշակումների կարիք, և քանի որ սա ընդամենը կիսաքայլ է, իսկ մենք կողմ ենք իսկապես համարձակ, խիզախ և ազգային շահերից բխող թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության, և չենք ընդունում կիսաքայլերը»։

Կառավարությունը «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ հանդես եկավ այն բանից հետո, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, անցյալ տարվա դեկտեմբերին արձագանքելով հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը Լեռնային Ղարաբաղի խնդրին շաղկապելու՝ Թուրքիայի փորձերին, հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է վավերացման գործընթացը, սակայն նախապատրաստվում է նաև արձանագրությունները չեղյալ հայտարարելու հնարավորությանը։



Իրանը իր տեսակետն ունի ղարաբաղյան հակամարտության գոտում տեղակայվելիք խաղաղապահ ուժերի կազմի վերաբերյալ։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը Ղարաբաղի հետ ունի ընդհանուր սահման, ուստի մենք, վստահաբար, մեր նկատառումներն ու տեսակետն ունենք ղարաբաղյան հակամարտության գոտում տեղակայվելիք խաղաղապահ ուժերի կազմի վերաբերյալ»,- լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սայեդ Ալի Սաղիղիանը։
Դեսպանը չհստակեցրեց, թե խաղաղապահ ուժերում հատկապես որ երկրի մասնակցությունն է Իրանի համար անընդունելի։ Նա նաև չպարզաբանեց, թե ինչ նկատի ունի Ղարաբաղի հետ ընդհանուր սահման ասելով, քանի որ, ինչպես հայտնի է, Իրանը սահմանակցում է ոչ թե բուն Լեռնային Ղարաբաղի տարածքին, այլ ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ գտնվող Ջեբրայիլի, Ֆիզուլու և Զանգելանի շրջաններին։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկայիս ընթացքին, դեսպանը նշեց, թե Իրանը կարևորում է տարածաշրջանում առկա լարվածության բոլոր օջախներում իրավիճակի մեղմացումն ու խնդիրների կարգավորումը, ինչը բխում է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերից։ Իրանցի դիվանագետի խոսքերով, Իրանը դեռևս ղարաբաղյան հակամարտության սկզբից է ջանքեր ներդրել խաղաղություն հաստատելու համար։
«Ղարաբաղյան պատերազմում առաջին երկու հրադադարները հաստատվել են նաև Իրանի շնորհիվ, երբ մեր երկրի նախագահն էր Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին, իսկ Հայաստանի նախագահն էր Լևոն Տեր-Պետրոսյանը»,- ասաց դեսպան Սաղիղիանը։

Դեսպանը նշեց նաև, որ Իրանը ողջունում է այս խնդրի կարգավորմանը միտված ցանկացած միջազգային նախաձեռնություն, այդ թվում՝ Մինսկի խմբի ձևաչափով ընթացող բանակցային գործընթացը։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, Թեհրանն ամբողջությամբ կողմ է երկու երկրների միջև սահմանի բացմանը։
Անդրադառնալով իրանում տեղի ունեցած հետընտրական զարգացումներին՝ դեսպան Սաղիղիանը դրանք որակեց իբրև Արևմուտքի, մասնավորապես, Միացյալ Նահագների և Մեծ Բրիտանիայի կողմից կազմակերպված սադրանքի հետևանք։



ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը նոր նշանակում է ստացել: Այսուհետև նա չի ներկայացնելու Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմում: Երեկ այդ մասին Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: Նեստերենոկն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի դիրքորոշումը որոշվում է ոչ թե այդ խմբում ներկայացուցչի կողմից, այլ Ռուսաստանի նախագահի:

«Ազգը» տեղեկացրել էր այն լուրերի մասին, թե ռուսաստանցի համանախագահի պաշտոնում նոր դիվանագետ է նշանակվելու: Որ Յուրի Մերզլյակովը դադարելու է Ռուսաստանը ներկայացանելուց Մինսկի խմբում, հայտարարել էր հենց ինքը՝ համանախագահը: Այդուհանդերձ, փաստացի իրականություն չի կարող լինել այն տեղեկությունը, թե նոր համանախագահը կնշանակվի ամռանը: Սակայն նախապես նշվող թեկնածությունը՝ ի դեմս Մոզամբիկում Ռուսաստանի դեսպան Իգոր Պոպովի, դեռևս չի հաստատվում, ինչպես նաև չի տեղեկացվում, թե հատկապես ինչ նշանակում է ստացել Յուրի Մերզլյակովը: «Ազգ»


Հայաստանում գազի սակագինը ապրիլի մեկից կթանկանա:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փետրվարի 26-ին քննարկման էր դրել գազի սակագնի բարձրացման «Հայռուսգազարդ»-ի հայտը: Ընկերությունն առաջարկում էր ապրիլի 1-ից 1 խմ գազի դիմաց սահմանել 136 դրամ սակագին: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը միաձայն որոշեց, որ ապրիլի 1-ից բնակչության կողմից սպառվող գազի 1 խորանարդ մետրը կարժենա 132 դրամ՝ ներկայիս 96-ի փոխարեն, իսկ խոշոր սպառողները 1000 խորանարդ մետրի դիմաց կվճարեն 243 դոլար՝ 215-ի փոխարեն։ Նրանց համար գազի սակագինը թանկացել է ընդամենը 13 տոկոսով:

«...Մեր իշխանությունը գնաց համարձակ քայլի՝ միանգամից 37.5 տոկոսով բարձրացրեց գազի սակագինը: Այս օրերին, երբ Հանրապետության հրապարակը չի դատարկվում, երբ մարդկանց դժգոհ բազմությունները հերթագայում են իրար, առնվազն պետք է քեզ Սասունցի Դավիթ զգաս, որ ժողովրդական դժգոհության նոր օջախ ստեղծես ու չվախենաս դրա հետևանքներից: Իսկ առջևում մարտի 1-ն է՝ օր, որի մասին հիշողությունը հասարակության մեջ չի մարել, և ընդդիմությունը չի էլ թողնելու, որ մարի: Թանկացումներ, մարտիմեկյան անմեղ զոհեր, հարկային սխալ քաղաքականություն, քաղբանտարկյալներ՝ վտանգավոր շարք է, որը կարող է երկրում հեղափոխական իրավիճակի ստեղծման հիմք հանդիսանալ: Պատրա՞ստ է, արդյոք, իշխանությունը նման զարգացման, և ի՞նչ քայլեր է նախատեսել: Մի՞թե կարծում են, որ վախի և հարկադրանքի միջոցները հավերժ գործող են, և հնարավո՞ր է դրանցով զսպել մարդկանց դժգհությունը»:
«Հրապարակ»


Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն, ռուսաստանյան ժողովրդավարական «Սոլիդարնոստ» շարժման առաջնորդներից Գարի Կասպարովը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում խոսել է Հարավային Կովկասում ժողովրդավարության իրավիճակի, և, մասնավորապես, Հայաստանի մասին։
«Ակնհայտ է, որ ղարաբաղյան խնդիրը ազդում է և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի քաղաքական մթնոլորտի վրա»,- նշել է շախմատի աշխարհի նախկին չեմպիոնը՝ հավելելով. «Եվ ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները կարող են անվերջ շահարկել այդ թեման, որպեսզի պահպանեն իրենց իշխանության լեգիտիմության մակարդակը նույնիսկ բոլոր ժողովրդավարական ինստիտուտները երկրում վերացնելու պայմաններում»։

Անդրադառնալով Հայաստանին, Կասպարովը նշել է. «Հայաստանում իշխանությունը դե ֆակտո պատկանում է նրանց, ովքեր հենվում էին Ղարաբաղում ռազմական ուժի վրա։ Դա ռազմականացված դիկտատուրայի մի այնպիսի տեսակ է, որը օգտագործում է ինչ-ինչ ժողովրդավարական ընթացակարգեր։ Ընդ որում, նաև ակնհայտ է, որ քանի դեռ իշխանական այս կլանը, որը ձևավորվել է ղարաբաղյան այս պատմության արդյունքում, պատրաստ չլինի հեռանալ, իրական փոփոխություններ տեղի չեն ունենա»։
«Վրաստանում իրավիճակը մեծապես պայմանավորված է Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրներով,- կովկասյան երրորդ պետության մասին իր կարծիքն է հայտնել ռուսաստանյան ընդդիմադիր գործիչը։- Թեև հարկ է արժանին մատուցել Միխեիլ Սահակաշվիլիի իրականացրած բարեփոխումներին, որոնց արդյունքում վրացական պետության կոռումպացվածության և ավտորիտարիզմի մակարդակը կտրուկ կերպով նվազեց, այդուհանդերձ, նման պայմաններում իշխանությունը պետք է ամուր երևա»։

Կասպարովի կարծիքով, ընդհանուր առմամբ դժվար է պատկերացնել, որ հարավկովկասյան երկրներում հնարավոր է ներքաղաքական իրավիճակի փոփոխություն, քանի դեռ տարածաշրջանի ընդհանուր զարգացմանը խոչընդոտող խնդիրները [հակամարտությունները] լուծում չեն ստացել։
«Ազատություն»



ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑ.
ՊԵՏՔ ՉԷ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՄԲ ՔՈՂԱՐԿԵԼ


«Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը հայտարարություն է տարածել կապված Սումգայիթի եղեռնագործության 22-րդ տարելիցի հետ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Այսօր, Հայաստանի ավանդական և ոչ ավանդական քաղաքական ուժերը կես միլիոն ադրբեջանահայության հանդեպ 1988-1991 թթ. իրագործված եղեռնագործությունը սկսել են օգտագործել քարոզչական նպատակներով: Փորձում են այդ կերպ համոզել միջազգային հանրությանը, թե հայաբնակ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, քանի որ այդ պարագայում ցեղասպանության կենթարկվի արցախահայությունը: Այս համատեքստում նաև սգո միջոցառումներ են կազմակերպվում, երթեր, ճառեր են ասվում:
Վե՛րջ տվեք լալկանությանը՝ հայ փախստականների կրած վնասների փոխհատուցումն ու նրանց իրավունքների և շահերի գործուն պաշտպանությունն է միակ պատասխանը հակահայկական գործողություններին ու քարոզչությանը: Ուզում ենք հիշեցնել մեր հայրենասեր, հայրենաբաղձ քաղաքական ուժերին ու գործիչներին, պետական այրերին, որ Արցախն անկախության ճանապարհն է ընտրել իր ժողովրդի որոշմամբ, և այդ որոշումը մենք կարողացանք պաշտպանել մեր ողջ ազգի հավաքական ջանքերով: Պետք չէ անգործությունը քարոզչությամբ քողարկել, պետք չէ զոհերի անունը հիշատակելով արցունք թափել, միաժամանակ, հալածելով և ոտնահարելով, անտեսելով և արհամարհելով ողջ մնացած ու փախստական դարձած ադրբեջանահայերի իրավունքներն ու արժանապատվությունը: Բավական է:

Ադրբեջանահայությունը սպասում է կոնկրետ գործողությունների՝ դատարկ խոսքերը հավատ չեն ներշնչում և ձանձրացրել են բոլորին: Ի գործ»: news.am


1988 թ-ի Սումգայիթյան ջարդերից հետո ավելի քան կես մլն տեղահանված հայերից 360 հազարն ապաստանել է Հայաստանում: Սակայն 22 տարի անց 1200 կարիքավոր փախստական ընտանիքներ, որից 900-ը Երևանում, դեռ սպասում են իրենց բնակարանների վկայագրերին: Նրանց բնակարաններով ապահովելու համար անհրաժեշտ է ավելի քան 40 մլն ԱՄՆ դոլար: Մինչդեռ եթե մինչ 2009 թ-ը պետական միջոցներ էին տրամադրվում նրանց բնակարաններով ապահովելու համար, ապա 2010 թ-ի բյուջեից գումար չի հատկացվել (մինչդեռ 2009 թ-ին 815 մլն դրամ էր նախատեսվել, նույնչափ էլ 2008-ին)։
Hetq. am



ՓԱԼՈՈՒՆԸ ԽՈՍԵԼ Է ՋԱՐԴԵՐԻ ՄԱՍԻՆ

Փետրվարի 26-ին ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը, ով Կոնգրեսի հայկական խմբի համանախագահն է, ելույթ է ունեցել Սումգայիթի ջարդերի 18-ամյա տարելիցի կապակցությամբ:
«Այս շաբաթ նշվում է Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում 1988 թ. տեղի ունեցած Ադրբեջանի հայազգի քաղաքացիների ջարդերի տարելիցը: Ադրբեջանի քաղաքացիների իրականացրած երեքօրյա բռնություններին զոհ գնացին տասնյակ հայեր, մեծամանությունը կենդանի հրկիզվեցին ծեծի և կտտանքների ենթարկվելուց հետո: Հարյուրավոր անմեղ մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան և հաշմանդամ դարձան: Բռնաբարվեցին կանայք, այդ թվում մանկահասակ աղջիկներ: Ավելի քան 200 բնակարան թալանվեց, տասնյակ մեքենաներ ջարդուխուրդ արվեցին և այրվեցին, տասնյակ արվեստանոցներ և արհեստանոցներ, խանութներ և կրպակներ գետնին հավասարվեցին, և հազարավոր մարդիկ փախստական դարձան»,- ասել է Ֆրենկ Փալոունը:

Նա հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարությունը երբևէ այս հանցագործությունները պատշաճ կերպով չի հետաքննել, իսկ կազմակերպիչներից և իրականացնողներից շատերը պարզապես բաց են թողնվել, որոնցից ոմանք այսօր Ադրբեջանի պառլամենտի անդամ են: Չնայած այս հանցագործությունները կոծկելու Ադրբեջանի կառավարության ջանքերին, այնուամենայնիվ, գտնվեցին համարձակ վկաներ, ովքեր ներկայացրեցին այս հանցանքների ճշգրիտ պատկերը:
«Սումգայիթի ջարդերը պարզապես մի դրվագ է հայերի դեմ Ադրբեջանի ագրեսիայի երկար շարանում: Սումգայիթյան իրադարձություններին հետևեց հակահայկակական միջոցառումների ալիք, որոնք ցնցեցին քաղաքը 1988 թ. փետրվարին: Քաղաքի ողջ տարածքը ասպարեզ դարձավ դրա հայազգի բնակչության դեմ զանգվածային բռնությունների համար»,- արձանագրել է ԱՄՆ կոնգրեսականը:

Հարձակումները դարձան հայերի էթնիկ զտումների ավելի մեծ արշավի սկիզբը, որի գագաթնակետը դարձավ Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ սանձազերծած պատերազմը: Պատերազմը շուրջ 30 հազար կյանք խլեց, և թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում ավելի քան մեկ միլիոն մարդ փախստական դարձավ: Ադրբեջանում շարունակված թշնամական գործողությունների և Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ 1992-1994 թթ. տևած ռազմական ագրեսիայի արդյունքում ընդամենը մի քանի տարում վերացավ Ադրբեջանի թվով 450 հազար հայ համայնքը: Ինչպես այս տարվա ապրիլին նշվելու է հայերի ցեղապանության 95-ամյակը, մենք մի պահ կանգ ենք առնում, որպեսզի հիշենք Սումգայիթի հանցագործությունները և ջարդերը, որ իրականացվեցին Ադրբեջանի հայազգի բնակիչների դեմ, ասել է կոնգրեսականը:

Ֆրենկ Փալոունը նշել է, որ այս տարելիցը մեզ կրկին անգամ հիշեցնում է հայ ժողովրդի կրած պատմական անարդարությունը իրենց ողջ պատմության ընթացքում: Շարունակելով իր խոսքը, նա կոչ է արել Ադրբեջանին և Թուրքիային դադարեցնել շրջափակումը, հրաժարվել հայերի հանդեպ իրենց ագրեսիվ դիրքորոշումից, և աշխատել երկարատև խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Ժամանակն է, որ ԱՄՆ-ն անի ամեն հնարավորը և օգտագործի իր գեոքաղաքական ազդեցությունն ու ուղերձ հղի, հայտարարելով, որ էթնիկ ցեղասպանությունները, ինքնիշխան երկրների անօրինական շրջափակումները և հայ ժողովրդի դեմ անդադար բռնությունները չեն հանդուրժելու:
Lragir.am



ՕԲԱՄԱՅԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՉԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ՀԱՐՑՈՎ

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման բարդ կացության մեջ է հայտնվել, մինչ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը պատրաստվում է հաջորդ շաբաթ քվեարկության դնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, հաղորդում է «Ասոշիեյթեդ փրեսե գործակալությունը։
Հիշեցնելով, որ նախագահական քարոզարշավի ընթացքում թեկնածու Բարաք Օբաման խոստացել է 1915 թվականի իրադարձությունները ճանաչել որպես ցեղասպանություն, «Ասոշիեյթեդ փրես»-ը միաժամանակ նկատում է, որ Կոնգրեսի այդ բանաձևը կարող է բացասական ազդեցություն ունենալ թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա։
«Միացյալ Նահանգների նախկին վարչակազմերը մինչ օրս հաջողել են խափանել նմանօրինակ բանաձևերի ընդունումը՝ հրապարակային և կուլիսային բանակցություններում որպես պատճառ բերելով Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերը։ Նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը, սակայն, մինչ այս պահը հրապարակային դիրքորոշում չի արտահայտել շրջանառության մեջ դրված բանաձևի առնչությամբ»,- հաղորդում է «Ասոշիեյթեդ փրես»-ը։

Բանաձևը առաջիկա հինգշաբթի քվեարկության է դրվելու Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որի ներկայացուցիչները՝ դեմոկրատ և հանրապետական օրենսդիրներ, պնդում են, որ Սպիտակ տունը քվեարկությանն ընդառաջ իրենց վրա որևէ ճնշում չի գործադրում։ Այս հանձնաժողովում հավանության արժանանալու դեպքում բանաձևը քվեարկության կդրվի Պալատի լիագումար նիստում։
Անդրադառնալով բանաձևի նախագծին՝ Սպիտակ տան խոսնակ Մայք Համերը «Ասոշիեյթեդ փրես»-ին ասել է. «Միացյալ Նահանգները շարունակում է հետաքրքված մնալ փաստերի ամբողջական, բաց և արդար ճանաչմամբ։ Մենք շարունակում ենք հավատալ, որ այդ նպատակին հասնելու համար հայ և թուրք ժողովուրդները պետք է անդրադառնան անցյալի փաստերին՝ ներկայումս հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի համատեքստում»։

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, բուն բանաձևի վերաբերյալ Սպիտակ տան դիրքորոշման շուրջ խոսնակը մանրամասներ չի հաղորդել։
Ամերիկյան վարչակարգի և, մասնավորապես՝ նախագահ Բարաք Օբամայի լռությունը մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգ մտնող Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի կապակցությամբ թուրք հասարակությանը անհանգստանալու առիթ է տվել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ մինչ այժմ Օբամայի վարչակարգից այդ օրինագծի կապակցությամբ որևէ հայտարարություն չի եղել։ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները ևս փաստում են, որ Սպիտակ տնից հայկական բանաձևը չընդունելու ուղղությամբ ոչ մի ճնշում չկա։

ԱՄՆ-ում Թուրքիայի նորանշանակ դեսպան Նամըք Թանը, ով օրեր առաջ հանձնեց հավատարմագրերը ԱՄՆ նախագահ Օբամային, ևս կլծվի հիշյալ բանաձևը օրակարգ մտցնելու դեմ իրականացվող աշխատանքներին: Թուրքական Za-man-ը գտնում է, որ այս բանաձևի դեմ տարվող աշխատանքը Նամըք Թանի համար կլինի քննության պես մի բան:
Իր հերթին Նամըք Թանը Սպիտակ տան լռությունը կապել է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացում Թուրքիայի վրա ճնշում գործադրելու հետ։



ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ ԿԱՐԾԵՍ ԽԱԽՏՎԵԼ Է

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հինգշաբթի օրը Կոնգրեսում կայացած լսումների ժամանակ դեմ չի արտահայտվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագծին՝ դրանով իսկ խախտելով Պետդեպարտամենտում հաստատված երկարամյա ավանդույթը:
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն, Ներկայացուցիչների պալատի հատկացումների ենթահանձնաժողովում հարցուպատասխանի ժամանակ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Մարկ Քըրքը հիշեցրել է Հիլարի Քլինթոնի աջակցությունը Սենատում շրջանառված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծերին: Անդրադառնալով ներկայիս թիվ 252 բանաձևին, որը շուտով քվեարկվելու է Պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, Քըրքը հայտարարել է. «Հուսով եմ, մենք դա կանենք, և հուսով եմ, Ներկայացուցիչների պալատը կանի դա, և դուք թույլ կտաք, որ դա տեղի ունենա»:

Ի պատասխան՝ պետքարտուղարը նշել է հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված գործընթացը և դրանց վավերացմանը նպաստելու՝ Միացյալ Նահանգների ջանքերը, սակայն չի խոսել բանաձևի նախագծի մասին:
Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի համահեղինակ Ադամ Շիֆը, իր հերթին, հայտարարել է. «Ես չեմ կարծում, թե [հայ-թուրքական] հաշտեցման հեռանկարը, որքան էլ որ ես կցանկանայի դրա իրականացումը, օգտագործվի որպես Հայոց ցեղասպանության անհերքելի փաստը չճանաչելու պատճառ»: Նա վարչակազմին կոչ է արել սատարել օրինագծի ընդունումը և չընդդիմանալ դրան:

Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումներում նույնպես Հիլարի Քլինթոնը իր աջակցությունն էր հայտնել հայ-թուրքական գործընթացին, սակայն չէր ընդդիմացել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:
Հայ դատի գրասենյակը հիշեցնում է, որ վերջին տարիներին նախորդ վարչակազմերը՝ ինչպես դեմոկրատները, այնպես էլ հանրապետականները, ցանկացած առիթ օգտագործել են նման բանաձևի ընդունմանը խոչընդոտելու համար:
Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձևի նախագծի քվեարկության օր է նշանակված մարտի 4-ը: «Ազատություն»



ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՈՐՊԵՍ ԶՈՀ

ՄԱԿ-ում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները նամակներ են հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Անվտանգության խորհրդին՝ ներկայացնելով հայ-ադրբեջանական հակամարտության որոշ դրվագներ, ու փոխադարձաբար ծանր մեղադրանքներ են ներկայացրել մյուս կողմին: Ընդ որում, երկուսն էլ որպես ապացույցներ ներկայացել են նաև ժամանակին մյուս կողմից հաղորդված որոշ լուրեր կամ հատվածներ հարցազրույցներից:
Ադրբեջանի ներկայացուցիչ Ագշին Մեհթիևը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հղած նամակում նշել է, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմի հետևանքով Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը օկուպացվել է, բնակչության մեկ ութերորդ մասը փախստական կամ հարկադրաբար տեղահանված է դարձել, պատերազմի ընթացքում կատարվել են ծանր հանցագործություններ:

Դեսպանը գրել է Խոջալուի դեպքերի մասին՝ ասելով, թե 1992 թվականի փետրվարին Խոջալուի ադրբեջանական բնակչության դեմ իրականացվել է արյունալի հանցագործություն: Նրա բերած տվյալներով՝ 600-ից ավելի մարդ է սպանվել, 400-ից ավելին հաշմանդամ է դարձել, 1200-ը գերի է ընկել: Մեհթիևի պնդմամբ՝ Հայաստանը պատասխանատվություն է կրում այդ հանցագործության համար, և «հանցագործին պատժելը անհրաժեշտ է խաղաղություն ապահովելու, արդարությունը վերականգնելու համարե:
ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Նազարյանը Բան Կի-մունին նամակ է հղել Սումգայիթի և Բաքվի հայազգի բնակիչների դեմ իրականացված ջարդերի տարելիցի կապակցությամբ:

Նա նախ նշում է, որ Ադրբեջանը շարունակում է իրեն ներկայացնել որպես զոհ, աղավաղել փաստերը, այդ թվում՝ հենց ադրբեջանական աղբյուրների վկայակոչումները:
Նազարյանը մեջբերում է անում Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցից, որտեղ նա ասել էր, թե Ադրբեջանի ընդդիմությունն ու միլիցիան խոչընդոտել են Խոջալուի բնակչության դուրսբերմանը: The Helsinki Watch կազմակերպության 1992 թվականի զեկույցում էլ վկայակոչումներ կան, որ Ադրբեջանի միլիցիան կրակել է խաղաղ բնակչության վրա:

Ապա Հայաստանի ներկայացուցիչը անդրադառնում է 1988 թվականի փետրվարի վերջին Սումգայիթում տեղի ունեցած դեպքերին, դրանց հաջորդած՝ ադրբեջանական մյուս քաղաքներում հայազգի բնակչության ջարդերին, որոնց հետևանքով, նշում է նա, կես միլիոն հայեր ենթարկվեցին էթնիկ բնաջնջման ու տեղահանման:
«Պետք է վերջնականապես ու մեկընդմիշտ պարզ դառնա, որ Ադրբեջանն է սկսել զինված ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի: Հայաստանը համոզված է, որ այս իրավիճակում լավագույն լուծումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի օրինական պահանջի վերականգնումն է՝ իրագործելու համար ազգերի ինքնորոշման անքակտելի իրավունքըե,- ասված է նամակում:
«Ազատություն»



ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՎՆԱՍ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ


Հայաստանում և մեզ մոտ՝ Արցախում վերջին տարում մեր Կառավարության վարած ճիշտ քաղաքականության շնորհիվ ավելացել են երեխաների ծնունդը, ամուսնությունները, կտրուկ քչացել են ամուսնալուծությունները, վիճակագրական ծառայության հավաստմամբ՝ մեծացել է եկողների թիվը, միաժամանակ՝ նվազել Արցախից արտագաղթողների թիվը։
Այս հաջողություններին շատ ենք ձգտել և շատ էլ սպասել ենք, նրանք մեզ անհրաժեշտ են, ինչպես ասում են՝ օդ ու ջրի պես... Բայց այդ հաջողությունները մեզ բոլորիս լրիվ չեն հանգստացնում, ոչ պակաս կարևոր անելիքներ ունենք, որոնց վրա հրավիրում եմ ընթերցողների ուշադրությունը:

Բոլորիս քաջ հայտնի է, թե որքան երիտասարդներ (և ոչ միայն երիտասարդներ) են հայրենիքից հեռանում ու բարեկեցիկ կյանքի ակնկալիքով օտար երկրների քաղաքացիներ դառնում։ Նրանց մի զգալի մասը փաստորեն կորցնում են իրենց ազգությունը, իսկ ամուսնանալու դեպքում՝ հայեր չեն նաև նրանց երեխաները (նույնիսկ եթե հայի ազգանուն ունեն): Իսկ եթե ամուսնացած տղամարդիկ են արտագնա աշխատանքի մեկնում, նրանց մի մասն օտար երկրներում նորից է ամուսնանում, իսկ այդ ընտանիքներում ծնված երեխաները կարող են լուծվել օտարների հետ և կորցնել ազգությունը:

Եվ ահա, մեր ազգային դաստիարակության թուլության պատճառով որքա՜ն երեխաներ են որբանում, որքա՜ն երիտասարդ կանայք են այրիանում, և որքա՜ն ընտանիքներ են խարխլվում ու քայքայվում: Եթե նման դեպքեր քիչ լինեն, այլ ազգերի պես կարելի է ուշադրություն չդարձնել, բայց երևույթը մեզ մոտ շատ է տարածվել, դրա համար էլ այն մտահղություն է առաջացնում:
Կյանքն արդեն ցույց է տվել, որ օտար երկրում հայ տղամարդու՝ այլազգի աղջկա հետ ամուսնությունից ծնված զավակը մեր ազգին որևէ ծառայություն չի մատուցում՝ ինչքան շատ շնորհներ էլ ունենա: Օտարության մեջ խառնազգի ամուսնությունից առաջին վնասն այն է, որ ազգի համար արժանավոր սերունդներ չեն ծնվում:

Բայց խառնազգի ամուսնություններից ծնված սերունդն ինչո՞ւ է մեր ազգի համար անարժան դառնում, մինչև անգամ՝ վնասակար: Խառնազգի ընտանիքի սերնդի և հայրենիքի միջև սառնությունն ամենից առաջ ստեղծում է օտարի տիրապետությունը, պանդխտությունը, աշխարհաքաղաքացիական քարոզչությունը, այլադավանությունը:
Որոշ մասնագետների կարծիքով, օտարից ծնվածների՝ մեր ազգի համար վնասակար լինելուն նպաստում են նաև գեները: Համոզվենք փաստով: Մինչև Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության սկսվելը Մարտակերտ քաղաքում խառն ամուսնությամբ ընտանիք էին ստեղծել Լենան և Վահիդը:
Ընտանիքում ծնվել են երկու արու զավակներ՝ Ռաֆիկը և Ռաշիդը:

Պատերազմի նախօրյակին Ռաշիդը հոր հետ փախել է, իսկ Ռաֆիկը մնացել է մոր մոտ: Ստույգ աղբյուրներից հայտնի է, որ Ռաֆիկը հիմա մեր բանակում բարձրաստիճան սպա է և ծառայում է գերազանց: Ռաշիդն էլ է բարձրաստիճան սպա, բայց ծառայում է Ադրբեջանի բանակում:
Կյանքը նաև ցույց է տվել, որ օտար երկրներում հայ տղամարդու և հայ աղջկա ամուսնությունից ստեղծված ընտանիքը հիմնականում իր բոլոր հատկանիշներով չի տարբերվում Հայաստանի և Արցախի հայ ընտանիքներից: Դրա վառ ապացույցը լեգենդար հերոս Մոնթե Մելքոնյանի կյանքն է: Մենք պետք է լուրջ մտածենք միայն այն դեպքում, երբ մեր զավակներն օտարության մեջ ամուսնանում են օտարազգիների հետ: Այս դեպքում մենք շատ ենք տուժվում, քանի որ խառնազգի այդ ամուսնություններից ծնված սերունդն իրականում կտրվում է հայությունը:

Հիշում եմ, մի քանի լրագրողներ աշխարհի շախմատի նախկին չեմպիոն Գարի Կասպարովին հարցրել են նրաազգության մասին: Վերջինս պատասխանել է. «ԹՏ ՉրяՍՏՎ րսցփՈպ я - վպ ՈՐՎяվՌվ»: Հայերիս դա շատ է հիասթափեցրել։ Որքա՜ն էինք ուրախացել, երբ նա աշխարհի չեմպիոն է դարձել: Ո՞վ չի իմանում, որ նրա ձեռքից բռնած շախմատի ակումբ տանողը նրա հայ պապիկն էր, իսկ հադրութցի մայրն էլ իր հրեա ամուսնու անժամանակ մահից հետո Գարիի համար և հայր էր և մայր...
Ես ուսումնասիրել եմ բազմաթիվ խառնազգի ամուսնություններով կազմված ընտանիքներում ծնված զավակների: Համարյա թե բոլորն էլ վատ են տրամադրված դեպի մեր ազգը, նվիրվածությամբ և օգտակարությամբ աչքի չի ընկնում... Երբեք չեմ մոռանում մեր ազգային-ազատագրական պատերազմի տարիներին ադրբեջանցի բանասեղծ Բախտիյար Վահաբզադեյի ելույթն իրենց ազգայի ժողովի նիստում: Ինչպիսի՜ խոր ատելությամբ էր լցված նա հայերիս հանդեպ, և ո՞վ կարող էր կարծել, որ նա հայ մոր կաթ է ծծել...

Հիշենք Տիգրան Մեծին. նրա պոնտացի կնոջից ծնված զավակները չարիք էին հայկական կայսրության համար: Հայասպան սուլթան Համիդի մայրը, ասում են, ևս հայուհի էր... Այսպիսի օրինակներ կարելի է շատ բերել: Վրաստանում Մ. Սահակաշվիլին նախագահ ընտրվելիս Ադրբեջանում բողոքի ալիք բարձրացավ. «Սահակաշվիլիի արմատները հայկական են, նա չպետք է նախագահ ընտրվի»: Ո՞վ կարող էր կարծել, որ հենց նրա օրորք պիտի դաժանություններ կիրառվեն վիրահայերի նկատմամբ և նա պարբերաբար պիտի հայտարարություններ անի Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին...

Որքա՜ն ճիշտ է վարվել ազգային մեծ բարերար Ալ. Մանթաշյանցը, երբ իր հարստությունը որդիներին կտակելիս, ընդգծել է մի կարևոր նախապայման. որդիները կզրկվեն ժառանգության իրավունքից, եթե չամուսնանան հայադավան օրիորդների հետ:
Մեր կառավարությունը մի կողմից ամեն ինչ անում է ժողովրդագրական վիճակը բարելավելու համար, բայց մյուս կողմից խառնազգի ամուսնությունների, արտագաղթի և այլ պատճառներով ազգաբնակչության թիվը գրեթե չի աճում: Ամենամեծ ցավը մեր ազգի համար համարում եմայն, երբ մեր որդիներն օտարների հետ ամուսնանում են և ազգի համար անբարյացակամ սերունդ ստեղծում:

Այդպես են իրենց գենոֆոնդը բարելավել-հարստացրել ադրբեջանցիները՝ խառնազգի ամուսնություններով ընտանիքներ ստեղծելով ռուսների, հայերի, հրեաների և այլ ազգերի աղջիկների հետ:
Իմ կարծիքով, ազգային շահը պետք է ամենից բարձր գնահատվի: Կարծում եմ, պետք է օրենքով սահմանափակել հայի ամուսնությունները օտարների հետ, որոնք հաճախ արվում են հաշվենկատորեն: Համոզված են, որ նման օրենքի առկայության դեպքում մեր ազգը կարող է շահել: Այդ օրենքն անհրաժեշտ մանավանդ հիմա, որովհետև սահմանները Թուրքիայի հետ բացվելուց հետո նոր թափ կստանան ամուսնություններն օտարների հետ: Ժամանակին Հայ եկեղեցին, արգելելով «լուսավորչական» հայերի ամուսնությունն այլադավանների հետ, այդպիսով, փաստորեն, անուղղակիորեն մերժել է խառնազգի ամուսնությունները:

Հուսով եմ՝ հոդվածիս կարձագանքեն մեր մանկավարժները, հասարակական-քաղաքական գործիչներն ու շարքային քաղաքացիները։

ԺՈՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
մանկավարժ, կենսաբան

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ։ Մենք ձեռնպահ ենք մնում հոդվածագրի որոշ վիճահարույց տեսակետներ մեկնաբանելուց։ Համոզված ենք, որ ընթերցողներն իրենք կարձագանքեն հոդվածին։



ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆ. Ո՞ՒՄ Է ՊԵՏՔ ՏԱՐԱԾՔ, ՈՒՐ ՀԱՅ ՉԻ ԱՊՐԵԼՈՒ

«Վիճակագրությունը դառնում է քաղաքականության մաս, այն դառնում է ինչ-որ բան քողար-կելու միջոց»,- հայտարարում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Ըստ նրա՝ Հայաստանի բնակչությունը շատ ավելի քիչ է, քան պաշտոնական տվյալներով ներկայացվում է:
Երևանում 4 ամուսնության դեպքում լինում է 1 ապահարզան, իսկ գյուղերում այդ հարաբերակցությունը 10/1 է:

«Գյուղերի ընտանիքներն ավելի ամուր են: Քաղաքը ավելի մեծ հնարավորություն է տալիս բաժանվելու, առանձին ապրելու, իսկ գյուղում տունը, կովը, խոզը, հավերը դժվար է թողնել և գնալ: Գյուղում տղամարդը տունը թողնում է և գնում կամ խոպան, կամ հարևանի տուն»,- մեկնաբանում է Ահարոն Ադիբեկյանը:
Եթե նախկինում գյուղի հարսնացուն ցանկանում էր ունենալ 3-4 երեխա, քաղաքինը՝ 2-3, ապա այսօր երկուսն էլ ցանկանում են ունենալ 1-2 երեխա: Ըստ սոցիոլոգի՝ քիչ երեխա ունենալու դեպքում ապահարզանների թիվն աճում է. «Այնպես որ, եթե ուզում եք՝ Ձեր ամուսինը տանը մնա ընդմիշտ, ունեցեք 4 երեխա»,- կանանց խորհուրդ է տալիս Ահարոն Ադիբեկյանը:

«Մեր հարսներն ու փեսաները ծերացել են 2-3 տարով»,- արձանագրում է սոցիոլոգը: Եթե նախկինում աղջիկներն ամենից շատ ամուսնանում էին 20-22 տարեկանում, իսկ տղամարդիկ՝ 22-24, ապա այսօր հարսնացուն 24 տարեկան է, իսկ փեսացուն՝ 25-ից բարձր:
«Եթե հնարավորություն կա, ապա ցանկացած կերպ ամուսնացեք, եթե տարբերակ կա, օգտագործեք այն»,- խորհուրդ է տալիս Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքերով՝ հայ տղամարդը «ռամիկի նման» սիրում է իրենից ցածրահասակ կնոջ հետ ամուսնանալ, իսկ «արիստոկրատը»՝ իրենից 2 գլուխ բարձր: Ըստ սոցիոլոգի՝ մեծ թիվ են կազմում 24 տարեկան և ավելի տարիք ունեցող աղջիկները, ովքեր բարձրահասակ են և իրենց համար այդպես էլ փեսացու չեն գտնում, որովհետև ունեն բարձր ինքնագնահատական և սպասում են սպիտակ ձիով ասպետին, իսկ նա էլ «մերսեդեսով Եվրոպայում է վազվզում և չի էլ նայում իրեն»:

Ադիբեկյանի խոսքերով՝ հայ աղջիկները բավականին բարձր են գնահատվում հարսնացուների միջազգային շուկայում: Դրանով է պայմանավորված միջազգային ամուսնությունների «զարգացումը»: Իսկ հայ տղաներն ամենից շատ նախընտրում են ռուս կանանց հետ ամուսնանալ: Ահարոն Ադիբեկյանի խոսքերով՝ երբ տղաները գնում են արտերկիր, ամուսնությունը դառնում է ինտեգրվելու միջոց:
Ըստ սոցիոլոգի՝ ապահարզանի ամենից շատ դիմում են բարեկեցիկ կյանքով ապրող ընտանիքները, իսկ աղքատ ընտանիքները ծայրահեղ դեպքում են դիմում ամուսնալուծությունների: Ամուսնալուծությունները ավելի շատ լինում են, երբ ամուսնանում են իրար վատ ճանաչող մարդիկ, իսկ ծնողների ամուսնալուծվելու համար ռիսկային տարիքը այն է, երբ երեխան գնում է մանկապարտեզ, գնում է դպրոց կամ ավարտում է դպրոցը:

Ամենից շատ ամուսնալուծվում են 20 տարվա ամուսինները:
Ամուսնալուծությունների պատճառ է լինում երրորդ անձը՝ սկեսուրը կամ զոքանչը, այնուհետև՝ ամուսնական կուլտուրայի պակասը, իրար վատ ճանաչելը և առանձին բնակարանում ապրելու խնդիրը:
«Մեզ ծնելիությունն է պետք զարգացնել: Մենք պետք է մեր ֆիզիկական գոյությունը պահպանենք երկրագնդում, սա է մեր գերխնդիրը, մնացածը երրորդական է: Ո՞ւմ է պետք տարածք, ուր հայ չի ապրելու»,- ասում է Ահարոն Ադիբեկյանը:
Hetq.am



ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ

Քննադատության առաքելությունը կայանում է նրանում, որ մատնացույց անի, վեր հանի ճշմարտությունը, ցույց տա կատարված սխալները, որպեսզի դրանք այլևս չկրկնվեն։ Քննադատությունը հենվում է որոշակի սկզբունքների վրա։ Դրանցից կարևորներն են բարոյականությունը, անանհանդուրժողականությունը թերությունների, սխալների նկատմամբ, եթե այդ սխալները կատարողը նույնիսկ բարեկամդ կամ մերձավոր ընկերդ լինի։

Եթե քննադատական խոսքի հետևում թաքնված է խանդը, նախանձը, դեմագոգիան և քննադատողը նպատակ ունի անձնական հաշվեհարդար տեսնել, հրապարակայնորեն վարկաբեկել դիմացինին, ապա դա այլևս առողջ քննադատություն չէ, կորցնում է իր ազդեցությունը և չ թե նպաստում, այլ խանգարում է գործին։ Այդպիսի քննադատությունը վերածվում է ասեկոսության, բամբասանքի, վրեժ լուծելու մոլուցքի, որի արդյունքում՝ քննադատվողի վիրավորված ինքնասիրությունից, կոխկրտված արժանապատվությունից վերջինիս մեջ ծնվում է հուսահատություն, ատելություն, կոպտություն շրջապատի նկատմամբ, հաճախ էլ՝ իրեն վիրավորողից, անպատվողից, զրպարտողից պատասխան վրեժ լուծելու ցանկություն։

Այդ դեպքում ճշմարտության ոտնահարումից սկիզբ են առնում բազմաթիվ անցանկալի երևույթներ, որ խանգարում ու խաթարում են մարդկանց հանգիստը, թունավորում նրանց գործունեության ոլորտի մթնոլորտը։
Առողջ քննադատությունը չի սահմանափակվում մարդկային փոխհարաբերությունների շրջանակով, այն ունի հասարակական նշանակություն, օգնում է նաև պետական այրերին, իշխանական ղեկի մոտ կանգնած մարդկանց վերանայելու, վերլուծելու իրենց այս կամ այն գործողությունները, ուղղելու սխալները։
Քննադատությունից չպետք է վախենալ, չի կարելի անսխալականի դիմակ հագնել, աչք փակել սեփական թերացումների վրա, կարծելով, թե դրանով «չեզոքացնում են» նաև մյուսների՝ այն տեսնելու հնարավորությունները։ Քննադատվելուց սխալներն ուղղելն ամոթ չէ, ամոթալի ու անբարոյական է հին թերացումները կրկնելը, հների վրա նոր սխալներ գործելը։

Քննադատության մեջ քծնանքը, սուտը, անձնապաշտությունը, սնապարծությունը, պատեհապաշտությունը ոչնչացնում են շատ վեհ զգացմունքներ, քայքայում մարդկանց հոգին, ծնելով ատելություն, ցինիզմ, երկերեսանիություն։ Քննդատաությունը պետք է վեր հանի հասարակական անարդարությունը և այն անձանց, ովքեր կարիերիստական հակումներով և երեսպաշտությամբ հասել են բարձր պաշտոնի, շարունակ ավերածություններ անելով իրենց շրջապատում և ամենուր՝ դառնում հերոսներ։
Հասարակական կյանքում արդարությունը և ճշմարտությունը երևան հանողները մեծ ծառայություն են մատուցում հասարակությանը, պետությանը։ Չի կարող լինել ճշմարտություն այնտեղ, որտեղ մի կողմում կուտակված են կյանքի բարիքները (շքեղ դղյակներ, ջիպեր-մերսեդեսներ, ամառանոցներ, բարձր աշխատավարձ, արտասահմանյան ուղևորություններ, խրախճանքներ և այլն), մինչդեռ մյուս կողմում հազարավորները հազիվ են օրվա հաց վաստակում։

Դժվար է արդարություն պահանջել այն միջավայրից, որտեղ արմատներ են ձգել կաշառակերությունն ու կոռուպցիան։ Այդ դեպքում կորչում է վստահությունը ղեկավարների հանդեպ, այլևս չեն հավատում նրանց խոսքերին։ Իշխանավորներից ոմանք առերես ընդունում են քննադատությունը, սակայն իրականում թշնամաբար են տրամադրվում քննադատողի նկատմամբ, հաճախ նրանց ենթարկում հետապնդումների, ազատում աշխատանքից։
Ղեկավար աշխատողների գործունեության մեջ եղած սխալներն ու թերությունները սովորաբար քննադատում են միայն այն ժամանակ, երբ պատրաստվում են վերջիններիս ազատել զբաղեցրած պաշտոնից։
Ոչ մի պետություն չի կարող զարգանալ առանց կարծիքների ազատ փոխանակման, առանց խոսքի ազատության, առանց քննադատության և ինքնաքննադատության։ Առանց քննադատության չի կարող լինել ժողովրդավարություն։ Վերևից մեխանիկորեն իջեցված դեկրետանման հրահանգներով չի կարող առաջընթաց լինել։ Թույլ, անսկզբունքային պաշտոնյան մշտապես իրեն շրջապատում է խոր գիտելիքներ չունեցող, կամազուրկ և ստորաքարշ մարդկանցով։

Կողքից նայելով մեր իրականությանը, հետադարձ հայացք ձգելով անցած երկտասնամյակին, զարմանում ես, թե ինչպես կարող է մարդ երկար տարիներ լինել պետական բուրգի գագաթին, տարիներով քանդելուց բացի ոչինչ չանել և հանկարծ հռչակվել հերոս։ Երևի թե հասկացաք խոսքն ում մասին է։ Երբ այդ «հերոսի» կատարած ավերածություններն առայսօր դժվարությամբ են վերականգնում, այժմ էլ նա հպարտ կանգնած է ՀՀ նախագահի կողքին, յուղալի բարձր մի պաշտոն է ձեռք բերել ու շարունակում է մտածել միայն սեփական բարեկեցության մասին։
«Վերակառուցող» Գորբաչովին ևս «հերոս» դարձրին, նրան Նոբելյան մրցանակ շնորհեցին՝ պարզ է, թե որ ծառայությունների համար։ Բայց այսօր Ռուսաստանում և ողջ ԱՊՀ-ում ո՞վ է հարգում նրան։ Այսօր, արդյո՞ք, մեզ պետք են նման կարգի «հերոսներ»։

ԱՆԱՀԻՏ ՀՈՎԵՆՑ



ՆԱՄԱԿ «ՆՈՐ ԷՋ»-Ի ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ

Ես՝ Ասկերանի շրջանի Սառնաղբյուր (Աղբուլաղ) գյուղի բնակիչ, զոհված ազատամարտիկի ծնող Յուրի Առուստամյանս, դիմում եմ Ձեզ՝ օգնության ակնկալիքով։ Ես վիրավորված եմ զգում, որ մեր գյուղապետ Էդիկ Գաբրիելյանի կողմից կոխկրտվում ու ոտնահարվում են իմ շահերը։
Նա հաճախակի է կատարում անօրեն գործողություններ՝ վնասելով համայնքին և առանձին մարդկանց։ Նախիջևանի բնակիչ Սամվել Գաբրիելյանի հետ միասին 2007 թվականի մայիսի 5-ին, այնուհետև սեպտեմբերի 7-ին անձամբ ինձանից նա գողացել է 2 ցուլիկ։ Ես սա հայտնում եմ ամենայն պատասխանատվությամբ և 100 տոկոսով համոզված եմ դրանում։

1999 թվականին ավագանու նիստում նա որոշում է հանել Արցախյան պատերազմում նահատակված սառնաղբյուրցի ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշաղբյուրը քանդելու մասին՝ միայն այն պատճառով, որ աղբյուրը կառուցողների շարքում նշված էր նաև իմ անունը։
Կան բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են գյուղապետի կատարած անօրեն, անպատիժ գործողությունների մասին։ Բերեմ միայն մի օրինակ. առանց համայնքի իմացության, Դահրազ գյուղի տարածքում նրա կողմից վերջերս հատվել են 18 պտղատու ծառեր (խնձորենի, տանձենի)։ Անհրաժեշտության դեպքում կարող եմ թվարկել այլ փաստեր։ Գյուղապետի կողմից կատարված նշածս անօրեն գործողությունները թվարկելու համար ես լրիվ պատասխանատու եմ զգում ինձ։

Գյուղապետը չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին։ Խմբագրությանը խնդրում եմ տպագրել նամակս՝ հուսով, որ դա կօգնի վերականգնելու օրինականությունը։

Հարգանքներով՝ ՅՈՒՐԻ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ



ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼ
«ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄԻՆ»


«Նոր էջի» ս.թ. հունվարի 30-ի համարում կարդալով արցախցի մի խումբ կենսաթոշակառուների նամակը՝ «Ղարաբաղ Տելեկոմի» գործադիր տնօրենին, որոշեցի ես ևս արձագանքել իմ հայրենակիցների նամակին։
Նամակագիրները միանգամայն ճիշտ են նկատել, որ աշխարհի ոչ մի երկրում րոպեավճարից բացի ինչ-որ «ամսավճար» չեն մուծում կապի ծառայություններին։ Միայն խեղճ ու աղքատ Ղարաբաղում է, որ չարաշահելով բնակչության հանդուրժողականությունն ու մեծահոգությունը, ամեն ամիս 1200 դրամ ամսավճար են կորզում բաժանորդներից։

Վերջին երկու ամսում իմ բջջայինի րոպեավճարը կազմել է 180 և 200 դրամ, բայց այդ 380 դրամ րոպեավճարից բացի, «ՂՏ»-ի հազարավոր բաժանորդների պես, 2 ամսում 2400 դրամ եմ հենց այնպես նվիրաբերել «Տելեկոմին»։ Միայն մեր ընտանիքում 3 հոգի օգտվում է բջջային ծառայությունից, որի համար րոպեավճարից բացի մեկ տարում «ՂՏ»-ին նվիրաբերում ենք 43200 դրամ։

Հետաքրքիրն այն է, որ այս ամենի համար փոխանակ «Տելեկոմը» շնորհակալություն հայտնի արցախցի բաժանորդներին, պաշտոնական մամուլում պարբերաբար «ՂՏ»-ի ղեկավարությանն են ներկայացնում որպես բարեգործ։ Շրջեք Ստեփանակերտի փողոցներով, հարցրեք մարդկանց. եթե 10 քաղաքացուց առնվազն 9-ը դժգոհ չլինեն, այսպես կոչված, ամսավճարից, և «ՂՏ»-ին համարեն բարեգործ, ես պատրաստ եմ ներողություն խնդրելու «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի ղեկավարությունից։

Բարեգործը ոչ թե «Ղարաբաղ Տելեկոմն» է, այլ մենք՝ արցախցիներս, որ ամեն ամիս մեզնից յուրաքանչյուրը խոնարհաբար 1200 դրամ (իսկ մինչ այդ՝ 2000 դրամ) ենք նվիրաբերում «ՂՏ»-ին (մեկ տարում՝ 14400 դրամ)։
Եթե Ղարաբաղում կապի մի այլ օպերատոր գործեր, առանց վայրկյան անգամ հապաղելու, ես անմիջապես կհրաժարվեի «Ղարաբաղ Տելեկոմի» ծառայությունից։

ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ։ Մեր տեղեկություններով, մի խումբ կենսաթոշակառուների՝ «ՂՏ»-ի ղեկավարությանն ուղղված նամակն ուղարկելուց մեկ ամսից ավելի է անցել, սակայն առայսօր նամակագիրները չեն ստացել իրենց դիմում-նամակի պատասխանը։ Դա ԼՂՀ օրենքի խախտում է, քանզի «Տեղեկատվության ազատության մասին» ԼՂՀ օրենքի համաձայն՝ մինչև 15 օրը (առավելագույնը՝ 30 օր) «ՂՏ»-ի ղեկավարությունը պարտավոր էր պատասխանել նամակին։
Առանց մեկնաբանության որոշ կրճատումներով ստորև ներկայացնում ենք Hetq.am կայքում զետեղված կարծիքներից՝ «Ղարաբաղ Տելեկոմի» մասին։
ԷԴԳԱՐ (Ստեփանակերտ) - Ո՞ւմ են պետք անճաշակ-երկաթե, սովետական ոճի խաղահրապարակները, որ «ՂՏ»-ն կառուցում է Ստեփանակերտի շենքերի բակերում: Դրա տեղ թող բջջային կապը նորմալացնի և ընդհանուր օգուտ տա մարդկանց...

Զարմանալին այն է, որ Հայաստանում իրար վրայով թռնում են օպերատորները, իսկ «ՂՏ»-ն օգտվում է Ղարաբաղի շռայլությունից…

ՌՈԲԻԿ - Ինչ վերաբերում է Ինտերնետին, ապա այստեղ վիճակն իրոք ԽԱՅՏԱՌԱԿ Է: Որտե՞ղ եք տեսել սովորական լրատվական կայքը բացվի 5-6 րոպեում։ Օրինակ. Hatq.am բացելը խլեց ինձանից 5 րոպե և այսպես ամեն մի հղում բացելիս: Հատուկ փորձել եմ, նույն վիճակը «ՂՏ»-ի ինտերնետ-սրահներում է…

ՀՈՎԻԿ - «Ղարաբաղ Տելեկոմը» իրեն ներկայացնում է բարեգործ, ինչ է թե՝ խեղճ ժողովրդից պլոկած միլիոններից մի քանի հազար դրամ է «նվիրաբերում»... Աստված մեզ փրկի այսպիսի բարեգործներից։ Գոնե մարդավարի կատարեր իր անմիջական պարտականությունները։ Ինտերնետային կապն աշխատում է կրիայի արագությամբ, իսկ հեռախոսակապը չի տարբերվում 60-70-ականների խորհրդային հեռախոսակապից։

Խմբագրության կողմից դարձյալ առանց մեկնաբանության ընդամենը հիշեցնենք, որ Թուրքիայում 4 Gb ծավալով և 1 մեգաբիթ/վրկ արագությամբ ինտերնետային ծառայության դիմաց ամսական վճարում են 3 ԱՄՆ դոլար, իսկ գերարագ, 8 մեգաբիթ/վրկ արագությամբ ծառայության համար՝ 4 դոլար։



ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ

«Թույլ տվեք ասելու, որ դուք էշ եք...»


(Սկիզբը նախորդ համարում)

Ցարական կառավարությունն այլևս ավելորդ էր համարում թզենու տերևով ծածկել իր լպիրշ մերկությունը: Մինչ այդ նա սուլթանին ծածուկ խրախուսել էր դիմադրել Անգլիայի պահանջներին Հայկական հարցի մեջ, իսկ այժմ խրախուսում էր նրան կոտորել հայերին... Նույնիսկ եթե հերքեին էլ, դարձյալ կմնային բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են ցարի և սուլթանի գործակցությունը 1895-1896 թվերի կոտորածների մեջ, որոնց զոհ գնացին մոտ 300 հազար հայեր: Գլադստոնն իր հրապարակային ճառերի մեջ Աբդուլ-Համիդին անվանեց մարդասպան, բայց ավելացրեց, թե նրանից պակաս չէ ռուսաց ցարը, որ իր երիտասարդության հասակն արատավորեց հայ ժողովրդի արյան գետերով: 1895-ին, մինչ Թուրքահայաստանն արյունողող էր լինում, Կովկասի ռուսական բանտերը լցվում էին հայ մտավորականությամբ. խուզարկվում էին տները, կալանավորվում էին դաշնակցականներն էլ, հնչակյաններն էլ: Բայց դաշնակցականներին համեմատաբար մեղմ էին վերաբերվում, որովհետև նրանք դեռ խոշոր հեղափոխական գործեր չէին կատարել և բացի դրանից՝ հնչակյանների նման սոցիալիստներ չէին համարվում: Խիստ պատիժների ենթարկվեցին մասնավորապես հնչակյանները: Նրանց մեղադրում էին, թե նրանք ապստամբություն են տարածում Ռուսաստանին բարեկամ պետության մեջ: Այսպիսով, Թիֆլիսից Ռուսաստան աքսորվեցին այնպիսի «վտանգավոր հեղափոխական սոցիալիստներ», ինչպիսիք էին Շիրվանզադեն, Ղազարոս Աղայանը, Սև Սանդրոն և ուրիշները:

Ռուսական ցարիզմի հալածանքն այդ տխուր ու արյունոտ ժամանակներում այն աստիճանի հիմարության հասավ, որ երբ հայոց կաթողիկոսը կարգադրեց եկեղեցիներում հոգեհանգիստներ կատարել Թուրքիայում խողքաղված հայերի համար և աղոթքներ կարդալ, որ երկինքը փրկե կորչող հայ ժողովրդին, կովկասյան բարձր իշխանությունը, հանձին ռուսական «քրիստոսասեր» բանակի զորավար Շերեմետևի, արգելեց դժբախտների ձեռքին մնացած այդ միակ, թշվառ ցույցերն էլ: Բացի այդ, ավելի ևս բնորոշ փաստ: Խրիմյան կաթողիկոսը մի ստրկական աղերսագրով դիմեց «առ սրբազան տերն» Նիկոլայ Երկրորդին և աղաչեց-պաղատեց նրան հանուն Քրիստոսի, հանուն Աստծո, ի սեր եկեղեցու և բոլոր սրբերի ու սրբազանների՝ ազատել իր դժբախտ ժողովրդի վերջին մնացորդները բնաջնջումից: Բայց ի՞նչ ստացավ «աստծո օծյալը»: Լոբանով-Ռոստովսկին հայոց ծերունի կղերապետին պատասխանեց, թե Թուրքիայում հայերն են, որ ապստամբում են սուլթանի դեմ և հարձակումներ գործում թուրք ժողովրդի վրա, որ և ստիպված է ինքն իրեն պաշտպանել: Եվ ցարի անարգ ծառան խորհուրդ էր տալիս, որ կաթողիկոսն իբրև հոգևոր պետ՝ թղթեր ուղարկի Թուրքիայի հայերին, խրատի, որ նրանք խելոք կենան, հնազանդվեն թուրքական իշխանությանը: Որպեսզի շեշտված լինի ցարա-սուլթանական սրտակցությունն այն ահռելի ոճիրների մեջ, որոնք այդ իսկ րոպեին ցնցում էին ամբողջ քաղաքակիրթ մարդկությունը, ես պիտի ասեմ, որ միաժամանակ ճիշտ միևնույն բովանդակությամբ պահանջ ստանում էր Կ.Պոլսի հայոց պատրիարքը թուրքական կառավարությունից:

Այսպիսին էր Ռուսաստանը՝ մի արյունռուշտ բռնակալություն, որ երբեք հաշիվ ու համար չի տվել իր արած գազանությունների վերաբերմամբ: Նրա դաշնակիցն էր հանրապետական Ֆրանսիան, որ այդ ժամանակ կամավորապես ինքն իրեն լակեյ էր գրել ցարական սպասին և հոգով-մտքով տարված ցարականությունը շոյելու, իր սրտին կպցնելու, իր միլիարդներով, իր պերճանքներով հմայելու ու այդ կերպով դաշնակցությունը ամուր պահելու մտքով՝ ենթարկվում էր Լոբանով-Ռոստովսկու կամքին ու ցուցմունքներին, մանավանդ որ ինքն էլ շատ հաշիվներ ուներ Թուրքիայի մեջ և մանավանդ Եգիպտոսում, ուր նրա առջև մրցակցի դերում ժայռացած էր Անգլիան...

Մնում էր Անգլիան: Նրա վրա էր ամբողջ հայությունը դրել իր հույսը: Լորդ Սոլսբերին գործում էր եռանդով, անվերապահորեն հօգուտ հայերի և ընդդեմ սուլթան Համիդի: Երևույթներն այնքան պարզ ու պերճախոս էին, որ առաջին նվագներում ներելի էր նույնիսկ հավատալն ու խաբվելը: Բոլորովին զարմանալի չէ, որ հավատում էին ամենքը և ամենից շատ, իհարկե, հայ հեղափոխական կազմակերպությունները, որոնք փառավորապես ապացուցված էին համարում իրենց ծրագրային կենտրոնական միտքը՝ հայկական հալածանքների ու կոտորածների միջոցով առաջ բերել եվրոպական միջամտություն: Թեև այդ միջամտության հետևանքով Թուրքաhայաստանը սպանդանոցի էր փոխարկվել և ամայացել. բայց և այնպես, հայ հեղափոխականները պատրաստ էին դեռ ուրիշ մնացորդներ էլ զոհել եվրոպական սկսված միջամտությունը կայուն և գործուն դրության մեջ պահելու համար:

1895-ի նոյեմբերին, այն ժամանակ, երբ հայկական կոտորածները նոր էին սկսում ընդհանրանալ վեց դժբախտ վիլայեթներում, բախտն ինձ հաջողեցնում էր ազատվել Բաքվի դժոխք մթնոլորտից, որի մեջ ես ապրել էի երկու և կես տարի՝ իբրև խորթ ու օտար մի մարդ, իբրև ակամա պանդուխտ՝ երկնքի այցելության սպասող: Ոչինչ չէի կարողանում անել այդ չար ու անհոգի երկրում, ոչինչ այնպիսի բան, որ բավարարություն տար իմ հոգեկան պահանջներին։

...Թողեցի ամեն ինչ, շտապեցի Թիֆլիս, ուր ոչ միայն գրական կյանքն էր խտացած, այլև, եթե կարելի է այսպես ասել, կերտվում էր հայոց ժամանակակից պատմությունը... Պետք է ասեմ, որ «Մշակի» խմբագրատան մեջ ես գտա բավական զգաստ և լրջմիտ վերաբերմունք դեպի կատարվող սարսափելի դեպքերը: Խմբագրության գլխավոր ղեկավարն էր Խաչատուր Մալումյանը, որ վերջը դարձավ դաշնակցական գլխավոր շեֆերից մեկը՝ Է. Ակնունի կեղծանվամբ. 1895-ին նա դեռ գունավորված դաշնակցական չէր և իր համակրանքներով ավելի դեպի հնչակականությանն էր թեքված, թեև «Մշակի» խմբագրությանն ավելի մոտ էին կանգնած Դաշնակցության գլխավորները և ամենից շատ՝ Քրիստափոր Միքայելյանը, որ այն ժամանակ «ծՏՉՏպ ՏոՏջՐպվՌպ» թերթի սրբագրիչն էր և շատ հաճախ (գրեթե ամեն օր) գալիս էր մեզ մոտ: Շատ անգամ էին մեր խմբագրատանը վիճաբանություններ սկսվում Թուրքահայաստանի դրության մասին: Մալումյանը միշտ վրդովված էր, երբ հեղափոխականներից լսում էր, թե Սասունի և այլ տեղերի կոտորածները հարկավոր էին, որպեսզի Եվրոպան ճանաչի հայ ժողովրդին, տեղեկանա նրա դատին…

- Կոտորել տալ 100, 200 և ավելի հազար մարդ՝ լոկ մեր փոքրիկ ժողովուրդը ճանաչեցնել տալու համա՞ր,- բացականչում էր Մալումյանը տաքացած,- այս ի՞նչ աշխարհայեցողություն է, ասացե՛ք՝ խնդրեմ…
Այսօր մեկիկ-մեկիկ վեր հանելով այն ծանր, մղձավանջային օրերի բոլոր անցուդարձերը, ես համակվում եմ այն խոր համոզմունքով, որ երբեք Անգլիան իր բացարձակ հակահայկական արարքներով այնքան ահավոր վնասներ չի պատճառել հայ ժողովրդին, որքան պատճառել է 1895-ի իր ջերմ հայասիրությամբ: Կատարվում էր ճիշտ այն, ինչ հանճարեղ պարզությամբ ներկայացրել է Կռիլովն իր «Կատու և խոհարար» առակի մեջ: Աբդուլ-Համիդի հրամանով ջարդվում էին հայերը հազարներով, բյուրերով, իսկ փառահեղ լորդ Սոլսբերին Բրիտանական մեծ կղզու փառահեղ առանձնությունից ճառերով, սոսկ միմիայն ճառերով էր հանդիմանում սուլթանին, սպառնալիքներ կարդում ամենախիստ դարձվածքներով, ուղղակի ասում, թե եկել հասել է Օսմանյան կայսրության վերջը: Անգլիան ոտքի էր կանգնել մի մարդու պես:

Ամենօրյա մամուլի էջերը լցվում էին հարյուրավոր հայանպաստ միտինգների մանրամասն նկարագրություններով: Իսկ Աբդուլ-Համի՞դը… «հուզվում էր և ուտում» կռիլովյան կատվի նման... Եվ կոտորածները շարունակվում էին: Սուլթանն այնպես վարպետորեն էր տանում իր մեծ դահճապետի դերը, որ նույնիսկ վախեցածի կերպարանք էր ընդունել և ինքնագիր նամակ ուղարկել Սոլսբերիին՝ այնտեղ գրելով, թե ինքը վճռել է իր վավերացրած ռեֆորմներն անպատճառ մտցնել ասիական նահանգներում: Անողորմ, արյունոտ ծաղր…

Սոլսբերին Աբդուլ-Համիդի կատաղությունն անհունորեն գրգռելուց հետո նահանջի ճամփան բռնեց՝ առանց դժվարություններ զգալու: Նա առաջարկեց հավաքական ճնշում գործ դնել սուլթանի վրա, բայց Ռուսաստանը, նրան հետևելով՝ և Ֆրանսիան ընդդիմացան այդ առաջարկին: Այն ժամանակ Սոլսբերին հայտարարեց, թե Անգլիան միայնակ ոչինչ չի կարող անել, թե բրիտանական զրահակիրները չեն կարող բարձրանալ Հայաստանի լեռները: Նրան պատասխանեցին, թե այդ բանի կարիքը չկա, քանի որ անգլիական կառավարությունը դեռ շատ միջոցներ ունի իր ձեռքում՝ մենակ գործելու համար: Գլադստոնն ասաց, թե բավական կլինի նույնիսկ դժգոհության, անբավականության մի ցույց, օրինակ, եթե անգլիական դեսպանը ետ կանչվի Կ.Պոլսից, դիվանագիտական հարաբերությունները խզվեն Անգլիայի և Թուրքիայի միջև:

Հայերը լքված էին ամենատմարդի եղանակով: Լքված էին այնպիսի ժամանակ, երբ դեռ լողում էին իրենց արյան մեջ, և երբ սովն ու հիվանդություններն էին գալիս թուրքական յաթաղանի թողած պակասը լրացնելու: Սոլսբերին շահագործել էր հայի արյան լճերը, և, այնուհետև, նրա համար գոյություն չունեին հայն ու Հայկական հարցը...
Եվ արդար լինելու համար հարցնենք՝ իսկ ո՞վ չէր շահագործում հայի արյունը: Գերմանիա՞ն արդյոք: Վիլհելմն այնքան մոտեցել էր սուլթանին, որ Գերմանիայում արդեն գրականություն էլ էր կազմում հայկական ջարդերն արդարացնելու համար: Նողկալի տեսարան ի ցույց հանեց և Եվրոպայի բուրժուական մամուլը Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում: Իր վաճառվող, պոռնիկ հոգին նա ծախում էր թուրքական ոսկիներին և չարախոսությունների կույտեր էր բարձում Հայաստանի աշխատավոր ժողովրդի վրա…

1894-1896թթ. սպանդանոցը չափազանց խրատական պիտի լիներ մի ժողովրդի համար, որ զգում է իր չարն ու բարին, այսինքն՝ հասկանում է այն հանգամանքները, որոնց մեջ ինքն ապրում է, և ուժերի այն փոխհարաբերությունները, որոնց երկաթե օրենքն է տիրում իր վրա: Սակայն խրատվեցի՞նք մենք: Ամենևին:

Եվ ահա էլի փաստ: Մի նոր, ավելի հանդուգն ցույց Կ.Պոլսում՝ պետությունների ուշադրությունը գրավելու համար: 1896-ի օգոստոսին տեղի ունեցավ դեպքը, որը կոչվեց Բանկ-Օտոմանի դեպք:
Ուշ երեկո էր, երբ ստացվեց հեռագրական գործակալության հեռագիրն այդ դեպքի մասին: Ես թարգմանեցի, տարա տպարան ու այնտեղ երկար մնացի, մինչև որ շարեցին, սրբագրեցին, մտցրին արդեն պատրաստ համարի մեջ: Լուսաբացին էր, որ հազիվ ազատվեցի գործից և գնում էի տուն՝ հանգստանալու: Հանդիպում եմ Քրիստափոր Միքայելյանին, որ նույնպես նոր էր վերջացրել «ծՏՉՏպ ՏոՏջՐպվՌպ»-ի սրբագրությունը: Քայլում ենք ամայի փողոցներում, մեր խոսքն, իհարկե, օրվա խոշոր եղելությունն էր: Ես դատողություններ եմ անում, իսկ Քրիստափորի միտքը սավառնում է ուրիշ կետի վրա: Նրա հեղափոխական խառնվածքն արդեն լավ ըմբռնել է, որ գործը հոյակապ է: Բայց այդ չէ նրան զբաղեցնողը, այլ այն հարցը, թե ո՞վ է կատարել բանկի գրավումը: Հնչակյաննե՞րն արդյոք, թե՞ դաշնակցականները: Կարծես սա միևնույն չէ հայ հեղափոխության տեսակետից...

Հեռագիրը չէր բացատրում այս հանգամանքը: Նա շարունակ գործ էր ածում «հեղափոխական հայեր» դարձվածքը՝ առանց, իհարկե, իմանալու, թե դրանով որքան է գրգռում դաշնակցական շեֆի անբավականությունը: Բանկի գրավման հետևանքով Կ.Պոլսում հայերի մեծ կոտորած էր սկսվել՝ երկրորդը մի տարվա մեջ, և այս երկրորդի զոհերն անհամեմատ շատ էին առաջինից, մոտ 6 հազար մարդ: Քրիստափոր Միքայելյանն ամեն առավոտ գալիս էր ինձ մոտ՝ «Մշակի» խմբագրատուն: Դաշնակցական կոմիտեն տեղեկություններ չուներ, և Միքայելյանը գալիս էր ինձանից իմանալու, թե չկա՞ն նամակներ «Մշակի» թղթակիցներից: Ես նայում էի նրա համակրելի, գունատ դեմքին և զարմանում ինքս իմ մեջ: Այս զարհուրելի ժողովրդական դժբախտությունը, հազարավոր դիակներ, ո՜վ գիտե վաղը քանի՜-քանի հազարները պիտի նորից պառկեն գյուղական Հայաստանում, իսկ այս ֆիզիկապես թույլ կազմված (նա կաղ էր), բնությամբ շատ բարի ու խաղաղ մարդը շարունակ և միալար այն բանով էր հետաքրքրվում, թե ովքեր են այդ արյունոտ, ողբերգական շարժման հեղինակները: Մե՞նք, թե՞ նրանք: Կարծեք՝ սպորտի հարց էր այդ և ոչ թե մի ամբողջ ժողովրդի գլխին պայթած արյունոտ փոթորկի հարց:

Եվ վերջապես, մի օր նա իմացավ ինձանից, որ Բանկ-Օտոմանի հերոսները դաշնակցականներ էին: Տրապիզոնից մեզ ուղարկել էին այն դիմումը, որ արել էր Կ.Պոլսի դաշնակցական կոմիտեն եվրոպական դեսպաններին՝ հայտնելով նրանց, թե Բանկ-Օտոմանի գրավումն իր գործն է և նպատակ ունի հարկադրելու, որ վերջ տրվի հայ ժողովրդի տանջանքներին՝ ծրագրված ռեֆորմները իրագործելու միջոցով: Հակառակ դեպքում կոմիտեն սպառնում էր ոչնչացնել բանկի բոլոր հարստությունները:
Քրիստափորս այլակերպվեց ուրախությունից, գրկեց ինձ, նրա գունատ դեմքի վրա կարմրություն երևաց, և հափշտակելով խմորատիպ դիմումը՝ դուրս գնաց կաղին տալով: Իսկ տեղեկությունները գնալով առատանում էին: «Մշակի» թղթակիցները Կ.Պոլսից ավստրիական փոստով ամեն օր մի քանի հատ մանրամասն և ընդարձակ նկարագրություններ էին ուղարկում, որոնք, սակայն, չէին տպագրվում գրաքննչական արգելքների պատճառով: Քրիստափորը գալիս էր ամեն օր, ժամերով խորասուզվում էր այդ անտիպ նյութերի ընթերցանության մեջ: Հիշում եմ՝ նրան ոգևորեց մանավանդ մի նամակ, որի մեջ թղթակիցն ասում էր, թե մի ֆրանսիացի հիացել էր հայկական այս հեղափոխության վրա և ասել, թե անգամ ֆրանսիացիները՝ հեղափոխական արվեստի մեջ վարպետները, այդպիսի գործ կատարած չունեն: Իր այս ոգևորությունը դաշնակցական շեֆն արտահայտում էր բուռն կերպով: Իմ առաջ կանգնած էր հեղափոխական ռոմանտիզմի կատարյալ մարմնացումը:

Լավ, շատ լավ: Բանկը վերցված է, ոչ ոք այդպիսի գործ չի կատարել... Հետո՞: Ի՞նչ իմաստ կա այդ արտակարգ հերոսության մեջ: Մեզ բացատրում էին իմաստը: Եվրոպական կապիտալիզմը, ասում էին, իրեն վտանգված տեսնելով իր տիրապետության ամենագլխավոր դիրքերից մեկում, այդ վտանգը իրենից հեռու պահելու համար, կհարկադրի սուլթանին բավարարություն տալ հայ ժողովրդի պահանջներին: Այստեղ ահա, հեղափոխական հերոսության միջից իր տխմար գլուխն էր դուրս բերում այն ողորմելի մտայնությունը, որ առաջին անգամ ձևակերպվել էր հնչակականության մեջ Գում-Գափուի ցույցի միջոցին... Եվ Համիդը բանկի դեպքին պատասխանեց Կ.Պոլսի ջարդով, որ այս անգամ համարյա ոչ մի ազդեցություն չարեց եվրոպական դիվանագիտության վրա: Կոտորածի մյուս օրը, երբ Կ.Պոլսի փողոցները դեռ կարմրած էին հայի արյունից, Վիլհելմ կայսրը Աբդուլ-Համիդին ընծա ուղարկեց իր պատկերը՝ զարդարված թանկագին քարերով:

Իսկ ի՞նչ շահեցին հայ հեղափոխականները -խաբված հերոսների փառքը միայն: Բանկ-Օտոմանի մեջ ամրացած դաշնակցականների հետ դեսպանների անունից բանակցություններ սկսեց ռուսական դեսպանության թարգման Մակսիմովը: Նա հավատիացրեց սրանց, թե դեսպանները խոստանում են անպատճառ ռեֆորմներն իրագործել տալ, եթե միայն իրենք համաձայնեն դուրս գալ բանկից: Խոստացան, որ նրանց բոլորին հնարավորություն կտրվի առանց որևէ վնասի հեռանալ Կ.Պոլսից: Հեղափոխականները համաձայնություն տվեցին, և Մակսիմովը նրանց տարավ նավ նստեցնելու, որ գնան Մարսել: Ամերիկայի «Հայք» թերթի մեջ էլ այն ժամանակ կարդացի անգլիական լրագրերից վերցրած տեղեկություն, թե Մակսիմովը վերջին րոպեին, հրաժեշտ տալով գնացող հեղափոխականներին, ասել է նրանց. «Այժմ ինձ թույլ տվեք, պարոննե՛ր, ասելու, որ դուք էշ եք»:

Էշացնող ռուս դիվանագետը հաղթանակով վերադարձավ իր գործին, իսկ եվրոպական կապիտալի վրա ձեռք բարձրացնող միամիտներին մնում էր փքվել «Բանկի հերոս» տիտղոսով: Ի՞նչ էր ստացել հայ ժողովուրդը Բանկ-Օտոմանի գրավումից, եթե ոչ միմիայն վեց հազար դիակներ: Օգուտը լիաբար ստացել էր Վիլհելմը՝ իր հավատարիմ հպատակ բանկիրների բերանը գցելով Բաղդադի երկաթուղու նման մի չաղ պատառ:

(Շարունակելի)



ԵՎ ՍԱՅՐ ՄԻ ԱՐՏԱՇԵՍ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ ԱՆՈՒՆ

60-70-ական թվականներին ղարաբաղցի մտավորականների մի մասը լքել է հայրենի եզերքը և հաստատվել Երևանում։ Մեկ-երկուսը թողել են Ղարաբաղը, որովհետև նրանց մեղադրում էին ազգայնականության մեջ և հալածանքներ էին սկսվել նրանց դեմ։ Մի մասն ամենա-աննշան վտանգից գլուխը կորցնելուց էր բռնել Երևան տանող ճանապարհը, մնացածը՝ կամ հանգամանքների բերումով, կամ առավելապես չէր կարողանում իր տեղը գտնել հայրենի երկրամասում։

Տարիներ անցան։ Մի քանիսը (Բագրատ Ուլուբաբյան, Սևակ Արզումանյան, Ռադիկ Մարտիրոսյան, Ալեքսանդր Մանասյան և այլք) Հայաստանի մայրաքաղաքում, հայոց գիտության և մշակույթի կենտրոնում կարողացան գտնել իրենց հաստատուն տեղը, մնացյալը համալրեցին միջակությունների շարքերը։ Ղարաբաղյան շարժումը խառնեց շատերի խաղաքարտերը։ Հատկապես նրանց, ովքեր վաղուց թևակոխել են կյանքի երկրորդ դարակեսը, բայց ո՛չ Հայաստանում են հետք կամ հետագիծ թողել իրենց «գրական» ու «գիտական» բագաժով, ո՛չ հայրենի Արցախում գիտեն նրանց գոյության մասին։ Վերջիններիս ավելի շատ նյարդայնացնում է այն, որ Արցախում ապրող նրանց տարեկիցներից շատերն ու ավելի ջահելներն ինչ-որ բան են արել իրենց երկրամասի համար, իսկ ոմանք նույնիսկ զանազան մեդալներ ու շքանշաններ են ճարպկորեն հաջողացրել իրենց համար, մինչդեռ իրենք մնացել են «խաղից դուրս»։

Ծնունդով ղարաբաղցի երևանաբնակ արդեն զառամյալ այս պարոնները հասկանալով, որ իրենց մի ոտքն արդեն այն աշխարհում է, բայց երևանյան իրենց գոյությունը ենթարկվել է կատարյալ ֆիասկոյի, որոշել են յուրօրինակ ձևով «ինտեգրվել» Արցախին։ Ոմանք 20 տարում մեկ-երկու անգամ տուրիստների պես այցելելով Ղարաբաղ, երևանյան իրենց բնակարանի չորս պատերի ներսում պատսպարված, մոգոնում են «Արցախի նորագույն հերոսական պատմությունը»՝ թացն ու չորը խառնելով իրար՝ հաճախ անարժանին, վախկոտին ու դուրսպրծուկին դարձնում հերոս։ Մյուսներն իրենց «գիտական» հոդվածներով հեղեղում են ղարաբաղյան խմբագրությունները, երջանկանում՝ դրանցից 1-2-ը տպագրված տեսնելով, ոմանք էլ դարձել են Ղարաբաղում ապրող այս կամ այն սրիկայի խոսափողը՝ պատվերով զրպարտություններ են գրում Արցախում ապրող այն մտավորականների մասին, որոնց երբեք չեն տեսել և ոչինչ չգիտեն նրանց վաստակի ու գործունեության մասին։

Նախկին ղարաբաղցի, երևանաբնակ Արտաշես Հակոբջանյանի գոյության մասին Ղարաբաղում շատ քչերը գիտեն, գուցե թե հիշում են միայն առավելապես նրա ծննդավայրի մի քանի տարեկիցները։ Բայց վերջինս արցախյան 1-2 թերթում մի քանի համեստ նյութ տպագրելուց հետո որշել է ոչ միայն գիրք գրել ու դասեր տալ նախկին իր հայրենակիցներին, այլև մի քանիսի «պորտը տեղը դնելով»՝ ապահովել սեփական տեղը քաղաքական գործիչների համար խաղաքարտ, իսկ իրենց համար խաղատախտակ դարձած Ղարաբաղում...

Եվ ահա քաջարի նախկին ղարաբաղցին անհասցե (նշված չէ ոչ հրատարակչության կամ տպագրատան անունն ու հասցեն, ոչ խմբագրի ու տպագրիչի, և ոչ էլ հովանավոր-պատվիրատուի անունը), գողական-պարտիզանական ճանապարհով բրոշյուր է լույս աշխարհ գցել, որը սկսվում է պատվիրատուի եռանդուն մասնակցությամբ (ականջները շատ ցցուն երևում են) գրված զազրախոսությամբ՝ ուղղված ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի և «նրա թիմի» դեմ։ Պատճառը միանգամայն հիմնավոր է՝ նեղ անձնական, դրան հավելած, որ Վ. Աթանեսյանը վերջերս քար է շպրտել պատվիրատուի՝ գրական մի կոմերսանտի բոստանի ուղղությամբ։

Հակոբջանյանին ափերից հանել է այն, որ Աթանեսյանը մամուլում ձեռ է առել նրա պես ամեն գնով Արցախին «ինտեգրվելու» փափագով տառապող երևանաբնակ նախկին ղարաբաղցիներին, ովքեր, Հակոբջանյանի ասելով, «անձնուրաց պայքարել են հանուն Ղարաբաղի» (անհասկանալի է, թե իրենց գիտակից կյանքի մեծ մասն անցկացնելով Երևանում, ինչպես են «անձնուրաց պայքարել հանուն Ղարաբաղի» - հեղ.)։

Ճիշտն ասած, բնավ ցանկություն չունեմ մեկնաբանելու նրա «փաստարկները»։ Իմ արժանապատվությունից ցածր եմ համարում ինքնահաստատվելու խնդիր ունեցող զառամյալ «գիտնականին» գլուխ դնելը։ Ի՞նչ ասես մի մարդու, որ թքած ունենալով տարրական էթիկայի ու բարոյականության վրա, «ազերթուրքական կողմնորոշման» մեջ մեղադրում է մի մարդու, ով մի անգամ եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր՝ Արցախից, ապա երկու անգամ ընտրվել ԼՂՀ ԱԺ պատգամավոր։ Երևի միայն Արտաշես Հակոբջանյանին է հայտնի, թե ինչպես կարող է մարդ լինել ազերթուրքամետ, բայց սեփական ժողովրդի կողմից երեք անգամ ընտրվել պատգամավոր։

Արցախաբնակ Վ. Աթանեսյանին «ոչնչացնելու» մոլուցքով տարված Հակոբջանյանին հիշեցնենք, որ ԼՂՀ ԱԺ պատգամավորը չէ շրջանառության մեջ դրել «օկուպացված տարածքները հանձնելու» մասին արտահայտությունը։ Երբ երևանյան բարձրաստիճան այրերը հայտարարել են, որ «Աղդամը մեր հայրենիքը չէ» և օկուպացված հողերը պիտի հանձնել, Երևանից արցախցիներիս աշխարհագրություն սովորեցնող Հակոբջանյանն ինչո՞ւ ծպտուն չի հանել։ Թե՞ նրա սայրը միայն Արցախի ուղղությամբ է շարժվում։ Այն Արցախի, որի փոխարեն ուզում են այդ երկրի ճակատագիրը որոշել ՀՀ բարձրաստիճան այրերը։
Մի խորհուրդ պարոն «գիտնականին» և տարիներ առաջ կարկատած վարտիքով ու տրեխներով Երևան մեկնած նմանատիպ կտրիճ ղարաբաղցիներին. բավական է երևանյան ձեր տաքուկ սենյակների պատուհաններից «սիրեք» Ղարաբաղը։ Արցախցիներիս Արցախի պատմության ու աշխարհագրության դասեր տալու և Արցախի մասին Երևանում սիրո էժանագին երգեր գեղգեղալու փոխարեն գուցե վաճառեք երևանյան ձեր բնակարաններն ու գաք շենացնեք ձեր պապական օջախները, ինչպես դա վաղուց արել է նախկին երևանաբնակ գրող Արտաշես Ղահրիյանը։

Երևանից այստեղ ջուր պղտորելու և ձեր ասած՝ «մեր պատմության արյունոտ էջերի մասին դասեր տալու» փոխարեն հասկացեք, որ այսօր Արցախում ապրող ամենասովորական պահակն ու հավաքարարն երիցս ավելին արժեն, քան իրենց խղճուկ գոյությամբ ՀՀ մայրաքաղաքը ողողած ձեզ նման հարյուրավոր «գիտնականները», ովքեր լղարիկ մի բրոշյուրի գումար հաջողացնելու կամ մի փոր հացի համար հեշտությամբ ՍԱՅՐ են դառնում ամեն դուրսպրծուկի ձեռքին։

Ինչ վերաբերում է ձեր իսկ խոսքերով ասած «ազերթուրքերի հնարավոր վերադարձին», մի՛ սարսափեք, քանի մենք ապրում ենք այս հողում, դա երբեք չի լինելու։ Թե՞ շարունակվում է Արցախից ճողոպրածների առ հայրենիք սիրո հավաստման ավանդույթը. «Որ մեռնեմ, ինձ կթաղեք հայրենի Ղարաբաղում»։
Արցախը գերեզմանոց չէ՛, պարոնայք։ Եվ ո՛չ էլ «սվալկա»։
Հուսամ, որ երբեք չեմ հանդիպի ձեզ՝ ո՛չ այս, ո՛չ այն կյանքում։
Նշանավոր գրող Յարոսլավ Հաշեկը «Քաջարի զինվոր Շվեյկի արկածներ»-ում ներկայացնելով 1-ին աշխարհամարտի ավստրիական մի գեներալի զավեշտական կերպարը, վերջում հավելում է. «Ավստրիան այսպիսի գեներալներ շատ ունի»։ Ցավոք, մենք ևս արտաշեսհակոբջանյաններ շատ ունենք։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ




ԴԱՇՈՒՇԵՆ։ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՕՐՎԱՆ

Փետրվարի 23-ին Դաշուշենի Վազգեն Օվյանի անվան դպրոցում կայացել է միջոցառում՝ նվիրված Հայրենիքի պաշտպանի օրվան։ Գյուղի 6 նահատակ քաջերի, ԼՂՀ և ՀՀ հերոսների լուսանկարներով հուշատախտակի բացման արարողությանը գյուղացիներից, ուսուցչական կոլեկտիվից և աշակերտներից բացի ներկա էին նաև ԼՂՀ ԿԳ նախարարության պատասխանատու աշխատողներ, հյուրեր՝ մայրաքաղաքից ու Ասկերանից։
«Նման միջոցառումները, նման հուշատախտակները, հուշակոթողները, ամենից առաջ մեզ՝ ապրողներիս համար են, մատաղ սերնդի համար են,- իր ելույթում ասաց ԼՂՀ ԿԳ փոխնախարար Սլավիկ Ասրյանը։- Եթե մենք մի պահ մոռանանք մեր նահատակ քաջերին, ապա որպես ազգ, որպես պետություն, կդադարենք գոյություն ունենալ...»։

Դպրոցի երիտասարդ տնօրեն, զոհված ազատամարտիկի դուստր Մայա Ծատուրյանը նշեց, որ հուշատախտակի ստեղծմանը աջակցել են ԼՂՀ արհմիության Ասկերանի շրջանային կազմակերպությունն ու ԼՂՀ ՊԲ զորամիավորումներից մեկի՝ սակրավորական գնդի ղեկավարությունը։ Հուշատախտակի առջև դաշուշենցի աշակերտների երդումից հետո միջոցառումը եզրափակվեց գրական-գեղարվեստական ցերեկույթով։



Վերջին էջ

ՀԵՌԱՏԵՍԸ


«Իսկ ինչո՞ւ իմ որդին ուրիշների դռները ծեծի, երբ կարող է ինձ մոտ էլ աշխատել»,- մտածեց համեստ մի հիմնարկության ղեկավար Գալուստ Բադամյանն ու մյուս օրը իր ղեկավարած հիմնարկության աշխատակից դարձրեց իր կիսագրագետ որդուն։
«Իսկ ինչո՞ւ հարսս դեսուդեն ընկնի։ Էլ ո՞ր օրվա ղեկավար եմ«,- և Գալուստ Բադամյանն իր մոտ բերեց նաև հարսին։

Մի քանի օր հետո Գալուստ Բադամյանը կանչեց բաժնի վարիչ իր եղբորն ու ասաց.
- Լսի՛ր, մայրիկն ախր ինչո՞ւ ուրիշ հիմնարկությունների հատակներն ավլի ու լվա, երբ կարող է մեզ մոտ մեքենագրուհի աշխատել։ Ճիշտ է, նա հարյուր տոկոսով տառերը չգիտե և վերջին տարիները տեսողությունն այնքան էլ լավ չէ, բայց, խոսքը մեր մեջ, ես ու դու էլ գրագիտությամբ փայլողներից չենք, սակայն հիմնարկություն ու մարդիկ ենք ղեկավարում...

Հետո Գալուստ Բադամյանի ղեկավարած հիմնարկությունում հայտնվեցին նրա գրեթե բոլոր հարազատներն ու բարեկամները, և նա ոտով-գլխով ձեռնամուխ եղավ իր ծանոթներին էլ տեղավորելուն։
Անցան տարիներ։ Գալուստ Բադամյանը հիմնարկությունն այլևս չէր տարբերում իրենց տնից։ Գիշերները հիմնարկության իր բազկաթոռի հաճելի փափկության մեջ ընկղմված, հեռուստացույց էր դիտում, հետո կողակցի հետ արքայաբար տարածվում իր առանձնասենյակի երկտեղանոց բազմոցին ու առավոտյան, կարծելով, թե աշխատանքի է գնում, թղթապանակը կռնատակին մեկնում տուն...

Եվ դարձյալ անցան տարիներ։ Իր տասներեքերորդ թոռան կնունքին Գալուստ Բադամյանն աշխուժորեն քորեց գլուխն ու հրճվանքով մտածեց.
«Այո՜, մե՜ծ, շա՜տ մեծ կոնկուրս է լինելու։ Ստիպված եմ լինելու զոքանչիս ու փեսայիս հորը թոշակի ուղարկել... Սերնդափոխություն է, պետք է փոքրիկների ապագայի մասին էլ մտածել...»: ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



«ՊԻՏԱԿԱՎՈՐՎԱԾ ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ»

ԿԱՄ՝ «ՄԱՆՐՈՒՔՆԵՐ», ՈՐՈՆՑԻՑԻՑ ԿԱԽՎԱԾ Է ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՊԱԳԱՆ


Կա մի սահման, որից այն կողմ զսպվածությունը դադարում է առաքինություն լինելուց... Որպեսզի ասվի ճշմարտությունը՝ պետք է խոսել, իսկ ստելու համար՝ բավական է անգամ լռել... Ցավոք, երբեմն արդարության ու բողոքի ճիչը քիչ է լսելի: Դրա համար առնվազն խրոխտ ձայն, բարձրաձայնելու կարողություն և խոսքի ազատություն է անհրաժեշտ:

Ինչպես գիտենք, յուրաքանչյուր արտադրանքի պիտանիության գրավականը որակն է։ Սնունդ կամ որևէ այլ ապրանք գնելիս նկատի են առնում պիտակում զետեղված պիտանելիության ժամկետը, որոշ որակական հատկանիշներ և հանրահայտ բրենդային պատկանելիությունը: Բայց արի ու տես, որ այս չափորոշիչներն երբեմն բավական չեն արտադրանքի լիարժեքությունը որոշելու համար: Հաճախ խոշոր վաճառատներում կամ սուպերմարկետներում կարելի է հանդիպել կրկնօրինակված կամ գողացված բրենդներով, պիտակներով ապրանքների: Որոշ առևտրական կազմակերպություններ իրենց արտադրանքը գնողունակ դարձնելու համար դրան կցում են առավել «ռեյտինգավոր» արտասահմանյան և ռուսական արտադրատեսակների հանրահայտ անվանումներ (օրինակ՝ «Հայ կոլա»):

Նաև գաղտնիք չէ, որ խանութներում արտերկրի արտադրանքի կողքին կարելի է գտնել ՀՀ մայրաքաղաքում ու շրջաններում գործող արտադրական մի շարք հիմնարկ-ձեռնարկությունների թողարկած բազմաոճ և բազմերանգ թղթերով փաթեթավորված արտադրատեսակներ (կաթնամթերք, մսամթերք, քաղցրավենիք, ոգելից խմիչքներ): Այդ մեծ տեսականին համալրում են ԼՂՀ-ի արտադրանքները: Արտադրատեսակներն այդ հասցրել են մեծ համբավ ու հեղինակություն վայելել ոչ միայն մեր երկրում, այլև՝ արտերկրում, անգամ «Լավագույն արտադրանքի տեսականի» մրցույթում արժանանալ առաջնակարգ տեղերի («Գրանդ Քենդի», «Արցախ-Ֆրութ», «Արցախ-Ալկո» և այլն):

Անշուշտ, գովելի և ցանկալի է գնել սեփական արտադրանքը: Ողջունելի է, որ ԼՂՀ-ն ևս հասցրել է ունենալ իր սեփական արտադրանքը՝ կաթնամթերք, խմիչքներ և այլն: Ինքս հաճախակի եմ այդ մասին գրել մամուլում, բայց այս անգամ ցավով պիտի բարձրաձայնեմ տարբեր արտադրանքներում առկա հայերեն լեզվի խեղաթյուրումների մասին: Տարրական գրագիտության բացակայությունը տեսանելի է անգամ սեփական արտադրանքի վրա:

Չգիտեմ՝ տեսածս պետական վերահսկողության բացակայության արդյո՞ւնք է, թե՞ պարզապես մասնավոր կառույցի աշխատակիցների անփութության արդյունք: Եթե արտադրական ձեռնարկությունը կամ անհատ ձեռներեցը չունի պետական լիազորագիր, գոնե պիտի աչալրջություն ցուցաբերի իր գործունեության ցանկացած քայլի նկատմամբ՝ սկսած պիտակներից, վերջացրած՝ արտադրանքի որակից:

Վերադառնալով բրենդային կրկնօրինակմանը, ուզում եմ նշել, որ սեփական արտադրանքը ևս կարող է օգտագործված բրենդային կնիք ունենալ իր վրա: Երևի շատերն են խանութներից գնել երևանյան «Չանախ» պանրի կրկնօրինակված կամ, պարզապես, բարբառային «Չանաղ»-ի վերածված տեղական տարբերակը: Եվ երևի թե, որպեսզի հաճախորդն այս ապրանքը հանկարծ չշփոթի երևանյանի հետ, նույն պիտակի վրա հայերեն գրերով ավելացրել են՝ ջերմաստիչան, ժամկեթ...

Ի՞նչ է սա: Անփութությո՞ւն, նորամուծությո՞ւն, սեփական լեզվի հանդեպ ծա՞ղր, թե՞ ամենասովորական անգրագիտություն։ Այսպիսի աղաղակող անգրագիտությունից հետո նույնիսկ չես ուզում մտածել այդ ապրանքի որակի մասին։ Սկսում ես արդեն կասկածել՝ ի՞նչ որակ կարող է ունենալ մի ապրանք, որի հենց «պատկերի» վրա սեփական լեզվի հանդեպ քամահրանքի և անգրագիտության այսպիսի ամոթալի դրոշմ կա։
Մի այլ խնդրի մասին. հաճակ կարելի է հանդիպել հայկական ապրանքատեսակներ, որոնց պիտակների վրա գրված է՝ «Պատրաստված է» կամ «Պիտանիության ժամկետը մինչև»... Բայց նշված չէ ո՛չ պատրաստման օրն ու ամիսը, ո՛չ էլ, թե մինչև երբ է պիտանիության ժամկետը։ Դե եկ պարզիր, ձեռքիդ ապրանքը մի օր, մի ամիս առաջ է պատրաստվե՞լ, թե՞ մի տարի առաջ։ Այսինքն՝ տեղական արտադրանքի մի որոշ մասը ոչ միայն անգրագետ գրությամբ պիտակներ է կրում, այլև ունի անժամկետ օգտագործման ու պահպանման ժամանակացույց...

Անգամ գերազանց համն ու որակը չեն կարող շրջանցել այս «մանրուքները»: Նրանց համար գուցե թե մանրուք է այս ամենը։ Բայց բանն այն է, որ սեփական լեզվի նկատմամբ ունեցած և ցուցաբերած հարգանքից, սիրուց է թեկուզ նախնական պատկերացում կազմվում մարդու մասին: Չէ՞ որ անգամ սեփական արտադրանքի վրա կարող է երևալ քո լեզուն, քո դիմագիծը, քո սեփական ձեռագիրը...
Հարգելի արտադրողներ, կազմակերպություններ և անհատ ձեռներեցներ, փորձեք ունենալ ձեր սեփական բրենդը, և արտադրանքը փաթեթավորելուց առաջ բարի եղեք ստուգել (կամ ստուգել տալ) և ճշտել գրառումների ուղղագրությունը, և փորձեք ձեր համակարգն համալրել խելացի, գրագետ աշխատակիցներով: Երբ մարդ տնից դուրս գալով, մարդաշատ մի տեղ է մեկնում, հայելու առջև մի վերջին անգամ նայում է իր արտաքին տեսքին։ Անգրագետ պիտակներով հանրությանը ներկայացած ապրանքը նման է ճմրթված ու անխնամ տեսքով մարդամեջ դուրս եկած կնոջ։ Դրանից է սկսվում մարդու թե ապրանքի հանդեպ հանրության վերաբերմունքը։

ԱՆԱՀԻՏ ՀԱԿՈԲՅԱՆ


ՏՈՂԵՐ ՕՐԱԳՐԻՑ

Երգիծանքը նրա համար է, որպեսզի մենք մենակ չծիծաղենք:
Ծիծաղը զարմանահրաշ մի ընդունակություն է, որով մարդիկ (ասում են՝ նաև որոշ կապիկներ) տարբերվում են մյուս բոլոր կենդանիներից: Ծիծաղն՝ ընդհանրապես, իսկ այսօր՝ առավել ևս, պաշտպանական յուրօրինակ զրահ է, որպեսզի լաց չլինենք:

Հինավուց ժամանակներում արքաներն իրենց մոտ ծաղրածուներ էին պահում, որոնք զվաճացնում էին իրենց տերերին: Շա՜տ տարիներ են անցել, փոխվել են ժամանակները, և այսօր որոշ արքաներ այս կամ այն բաձր պաշտոններում նշանակում են մարդկանց, ովքեր ոչ թե իրենց տերերին, այլ հանրությանն են զվարճացնում:

Վ. ՕՎՅԱՆ


Համարի ասույթը

Հպարտ ու վեհ կանգնած կաղնիների տապալումից սկսվում է նրա շուրջ տարածված գաճաճ թփերի ու մացառուտների «ոսկեդարը», միաժամանակ՝ ողջ անտառի միջնադարը:


Ամսվա ասույթը

Մերօրյա ասացվածք. «Նա իսկական հայ մտավորական է, մի փոր հացի համար սկզբունքներն էլ կծախի, հարազատ մորն էլ»։

Комментариев нет:

Отправить комментарий