25.12.19

Երեք տասնամյակ է, երկրում ոչ ոք չի զբաղվում իր գործով


Շուշին ազատագրված էր։ Լաչինի միջանցքն ու մերձակա շրջանները՝ նույնպես։ Արցախը վերջապես դուրս էր եկել շրջափակումից և միացել Հայաստանի Հանրապետությանը, բայց պատերազմը դեռ չէր ավարտվել...

Այն տարիներին Արցախի Մայր թատրոնի տնօրեն, ժողովրդական արտիստ Զինավոր Գևորգյանն ու Քաջիկ Հարությունյանը մի օր ինձ փողոցում հանդիպելով, ուրախ բացականչեցին՝ ի՞նչ լավ է, որ հանդիպեցինք քեզ, կարևոր զրույց ունենք հետդ։ Կարևոր զրույցն այն էր, որ ինձ առաջարկում էին թատրոնի 60-ամյակի կապակցությամբ
պիես գրել։ Ասացի՝ ախր ես երբևէ պիես գրած չկամ, պատասխանեցին՝ «Թատրոնի 50-ամյակին հայրիկդ «Թատրոն՝ թատրոնում» վերնագրով հրաշալի մի պիես էր գրել, որով փառահեղ նշեցինք կեսդարյա հոբելյանը... Համոզված ենք, որ այդ նույն ոգով դու էլ ժամանակակից, թեթև հումորով մի պիես կգրես, որովհետև Վազգեն Օվյանի որդին ես...»։

Մի խոսքով, ինձ այնպես երկինք հանեցին, որ ստիպված եղա ասել՝ կմտածեմ...
1993-ի ապրիլ-մայիսին, երկու ամսում, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի պատվերով, նույն թատրոնի 60-ամյա հոբելյանի առթիվ գրեցի պիեսը (թատրոնի 60-ամյակը մի տարի առաջ էր, բայց քանի որ ծանր ժամանակներ էին, որոշեցին հոբելյանը 1993-ին տոնել): Պիեսում հանդես են գալիս վերոհիշյալ թատրոնի դերասանները՝ իրենց խաղացած, իրենց սիրած կամ չսիրած դերերում։ Հանդես են գալիս ոչ միայն գրական հերոսներ՝ տարբեր պիեսներից, այլև շարքային արցախցիներից մինչև իրական անձնավորություններ՝ քաղաքական տարբեր տրամաչափի գործիչներ, ինչպիսիք են ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Գորբաչովը, նրանից ոչ պակաս սրիկա, գեներալ Սաֆոնովը և այլք։

Պիեսն արժանացավ թատրոնի կոլեկտիվի հավանությանը: Մնում էր ամենահեշտը՝ պիեսն ընդունել, և ամենադժվարը՝ այն բեմադրել: Սակայն այլ տարբերակ ընտրվեց. վերևից հրավիրված գեղխորհրդի անդամ մի տիկնոջ ջանքերով որոշվեց «ավելի արժանիորեն» տոնել թատրոնի հոբելյանը: Դերասաններին քաղցր խորհուրդներ տվեցին... իսկ հոբելյանն այդպես էլ չտոնեցին:
10 տարի հետո լրացավ թատրոնի 70-ամյակը: Կրկին հիշեցին սույն պիեսը, սակայն, այս անգամ էլ պարզվեց, որ «թատրոնում դերասան չի մնացել»...

Արցախյան շարժման օրերից, պատերազմական տարիներից սկսած հրապարակախոսական բազմաթիվ հոդվածներ եմ գրել, առավելապես՝ քաղաքական թեմաներով։ Մտածում էի՝ այս ծանր ժամանակներում, երկիրը վտանգված, մեր երկրի ու ժողովրդի լինել-չլինելության ժամանակաշրջանում ի՞նչ պատմվածք ու նովելի ժամանակ է, երբ այն, ինչ պիտի ասեմ գեղարվեստական լեզվով, կարող եմ ասել պարզ ու կոնկրետ հոդվածներով՝ առանց այլաբանություն-փոխաբերության։ Նաև հայտնի խոսք կա, չէ՞. «Երբ որոտում են հրանոթները, մուսաները լռում են»։ Հետո էլ հայտնվեցի ՖԲ-ում և առավել շատ քաղաքական գրառումներ էի անում՝ երբեմն լուրջ, հաճախ կատակով, բայց միշտ ցավով և երազելով այնպիսի ժամանակներ, երբ յուրաքանչյուրը կզբաղվի իր սիրած գործով...

Այսօր Արցախի հեռուստատեսությամբ լսեցի, որ քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը Արցախի բարբառով կատակերգություն է գրել, որն արդեն արցախյան թատրոնի բեմ է բարձրացել։ Եթե ես քաղաքական ճահիճ եմ խրվել, քաղաքական հոդվածներ եմ գրում և քաղաքական գրառումներ անում, ինչո՞ւ քաղաքագետն էլ պիես չպիտի գրի։

Գրողը տանի, բայց այնուամենայնիվ, ինչպես մեծն Սարոյանի հերոսը կասեր՝ «Ինչ-որ տեղ, ինչ-որ բան սխալ է»... Եվ ես կրկին երազում եմ այն օրը, երբ յուրաքանչյուրը կզբաղվի իր սիրած գործով։ Մինչդեռ արդեն երեք տասնամյակ է, երկրում ոչ ոք չի զբաղվում իր գործով։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
15.10.2019

Հեղինակի ֆեյսբուքյան էջից