ԼԵՈ. Անցյալից. Հավելվածներ և...


ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

ՀԱՎԵԼՎԱԾ Ա
ՍԱՆ ՍՏԵՖԱՆՈՅԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ[410-1]
19.02./03.03.1878թ.

Հոդված 16.
Նկատի առնելով այն, որ ռուսական զորքերի դուրսբերումը նրանց կողմից գրավված Հայաստանի՝ Թուրքիային վերադարձվելիք վայրերից կարող է այնտեղ առիթ տալ բախումների եւ բարդությունների, որոնք երկու պետությունների բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն, Բարձր Դուռը պարտավորվում է անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ եւ բարենորոգություններ, եւ զերծ պահել հայերի անվտանգությունը քրդերից եւ չերքեզներից։

Ստորագրեցին՝
Կոմս Ն. Իգնատեւ
Սաֆվետ-փաշա
Նելիդով
Սադուլլահ-բեյ



ՀԱՎԵԼՎԱԾ Բ
ԲԵՌԼԻՆԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ[410-2]
01/13.07.1878թ.

Հոդված 61.
Բարձր Դուռը պարտավորվում է առանց հետագա հապաղման իրագործել հայաբնակ մարզերում տեղական կարիքներից հարուցված բարելավումներն ու բարենորոգումները եւ ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից եւ քրդերից։ Բարձր Դուռը տերություններին պարբերաբար կհաղորդի այն միջոցների մասին, որոնք ինքը ձեռք է առել այդ նպատակի համար, իսկ տերությունները կհսկեն դրանց կիրառմանը։

Ստորագրեցին՝
Գորչակով (Ռուսաստան)
Շուվալով (Ռուսաստան)
Պ.Ուբրի (Ռուսաստան)
Ֆ.Բիսմարկ (Գերմանիա)
Բ.Բյուլով (Գերմանիա)
Հոհենլոե (Գերմանիա)
Անդրաշի (Ավստրո-Հունգարիա)
Կարոլի (Ավստրո-Հունգարիա)
Հեյմերլե (Ավստրո-Հունգարիա)
Վադդինգտոն (Ֆրանսիա)
Սեն-Վալյե (Ֆրանսիա)
Ի.Դեպրե (Ֆրանսիա)
Բիկոնսֆիլդ (Մեծ Բրիտանիա)
Սոլսբերի (Մեծ Բրիտանիա)
Օդո Ռոսսել (Մեծ Բրիտանիա)
Լ.Կորտի (Իտալիա)
Լոնեյ (Իտալիա)
Ալ.Կարաթեոդորի (Թուրքիա)
Մեհմեդ-Ալի (Թուրքիա)
Սադուլլաh (Թուրքիա)



ՀԱՎԵԼՎԱԾ Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼՈՒՄ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ[410-3]
02.12.1920թ.

1. Պատերազմը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ավարտված է։

2. Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը սկսվում է այնտեղից, որտեղ Ղարա-սուն թափվում է Արաքսի մեջ մինչեւ Տիքնիսի հյուսիս-արեւմտյան մասը, Մեծ Կեմոյից դեպի արեւմուտք, Կիզիլտայից դեպի արեւմուտք մինչեւ Մ.Աղբաբան, այնուհետեւ Շարուր-Նախիջեւանի եւ Շահթախտի շրջաններով, որոնք գտնվում են Կակի-դաղ… Կամասու լեռ… Ղուրդ-Ղուլաղ գյուղ, Սաատ լեռ… Սարայ-բուլաղ… Արարատ կայարան գծից հարավ մինչեւ Արաքս գետի այն տեղը, որտեղ Ղարա-սու գետը թափվում է Արաքսի մեջ։

Նախիջեւանի, Շարուրի եւ Շահթախտի շրջաններում, որտեղ հետագայում հանրաքվեի միջոցով կհաստատվի հատուկ ադմինիստրացիա, Հայաստանը պարտավորվում է չմիջամտել այդ ադմինիստրացիայի կարգին, անկախ այն բանից, թե ադմինիստրացիան որ կողմը կթեքվի։ Այդ շրջանները ժամանակավորապես գտնվելու են Թուրքիայի պաշտպանության տակ։

3. 2-րդ հոդվածով մատնանշված նախկին եւ ներկա սահմանների միջեւ ընկած շրջաններում, այսինքն՝ ներկա պայմանագրով Թուրքիային զիջված շրջաններում, որոնք անվիճելի, պատմական, էթնիկական եւ իրավական կապ ունեն Թուրքիայի հետ, Թուրքիայի… կառավարությունն իրավունք է վերապահում հանրաքվե կատարել այն դեպքում, եթե Հայաստանի հանրապետությունը ցանկանա այդպիսին կատարել։

4. Անկեղծորեն ձգտելով վերացնել Անտանտայի իմպերիալիստական կառավարությունների հետագա մեքենայությունները, որոնք կարող են խախտել երկրի անդորրությունը, Հայաստանի կառավարությունը համաձայնում է. բացի թեթեւ եւ երկրի կարգն ու անվտանգությունը պաշտպանելու համար բավարար քանակությամբ զենք ունեցող ժանդարմերիայից, սահմանների պահպանության համար չունենալ այլ ռազմական ուժ, բացի 1500 զինվորից բաղկացած ջոկատից՝ 8 լեռնային կամ դաշտային հրանոթով եւ 20 գնդացիրով։ Զինապարտությունը Հայաստանում պարտադիր չի լինի… Հայաստանին իրավունք է վերապահվում բերդեր (ամրություններ) կառուցել եւ այնտեղ դնել ծանր հրանոթներ… այնպիսի քանակությամբ, որը նա հարկավոր կհամարի, պայմանով, որ չդնի 15 սանտիմետրանոց տրամաչափի եւ հեռահար հրանոթներ, որոնք գործադրվում են ինչպես հայկական, այնպես էլ ուրիշ բանակներում։

5. Հայաստանի կառավարությունը սրանով համաձայնում է Թուրքիայի քաղաքական ներկայացուցիչներին կամ դեսպանորդին, որը հաշտություն կնքելուց հետո կգտնվի Երեւանում, թույլ տալ ըստ իր ցանկության տեսչություն եւ հետաքննություն կատարել վերոհիշյալ պայմաններին վերաբերող հարցերի գծով։ Իր կողմից Թուրքիայի… կառավարությունը պարտավորվում է իր զինված օգնությունը տրամադրել Հայաստանին, երբ այդ պահանջի արտաքին կամ ներքին վտանգը եւ երբ Հայաստանի հանրապետությունը դիմի իրեն մատնանշված խնդրով։

6. Պայմանավորվող կողմերը համաձայնվում են նախկին սահմանի տերիտորիայում իրենց տեղերը վերադարձնել բոլոր գաղթականներին, բացառությամբ նրանցից, ովքեր արտաքսվել են համաշխարհային պատերազմի ընթացքում եւ թշնամու շարքերում կռվել են իրենց կառավարության դեմ եւ նրանցից, ովքեր մասնակցել են ջարդերին։ Պայմանավորվող կողմերը պարտավորվում են հայրենիք վերադարձող գաղթականներին տալ այն իրավունքները, որ տրվում են փոքրամասնություններին առավել քաղաքակիրթ երկրներում։

7. Հենվելով մարդկության սկզբունքների վրա… Թուրքիայի կառավարությունը… հրաժարվում է ներկա պատերազմի հետ կապված ծախսերի հատուցումից, պատերազմ, որ նա ստիպված էր ձեռնարկել Հայաստանի դեմ։ Պայմանավորվող երկու կողմերը հրաժարվում եմ նաեւ համաշխարհային պատերազմի ժամանակ կրած վնասները հատուցելու ամեն տեսակ պահանջներից։

8. Թուրքիայի… կառավարությունը հավաստիացնում է, որ անկեղծորեն ձգտում է օգնություն եւ աջակցություն ցույց տալ Հայաստանի կառավարությանը՝ նրա հեղինակության զարգացման եւ ամրապնդման գործում։

9. Երեւանի կառավարությունը համաձայնում է Սեւրի պայմանագիրը, որը կտրականապես մերժել է Թուրքիայի կառավարությունը, համարել եւ հայտարարել անվավեր։ Հայաստանի կառավարությունը պարտավորվում է Եվրոպայից եւ Ամերիկայից ետ կանչել իր պատվիրակություններին, որոնց Անտանտայի իմպերիալիստական կառավարությունների քաղաքական կենտրոնը դարձրել է իր մեքենայությունների գործիքը։ Նրանք լիակատար անկեղծությամբ պարտավորվում են նաեւ վերացնել այն բոլոր թյուրիմացությունները, որ կարող են ծագել երկու երկրների միջեւ։ Որպես հաշտ ապրելու իր ցանկության եւ Թուրքիայի հարեւանական իրավունքները հարգելու անկեղծության ապացույց, Հայաստանի կառավարությունը պարտավորվում է պետական կառավարումից հեռացնել այն բոլոր անձանց, ովքեր հրահրում եւ հետապնդում են իմպերիալիստական խնդիրներ՝ երկու երկրների միջեւ խաղաղությունը խախտելու նպատակով։

10. Հայաստանի… կառավարությունը պարտավորվում է ապահովել մուսուլմանական բնակչության իրավունքները հանրապետության տերիտորիայում եւ մուսուլմանական բնակչության կրոնական ու կուլտուրական զարգացումն ապահովելու նպատակով պարտավորվում է նաեւ ոչնչով չարգելակել այդ հասարակությունների կազմակերպումը, մուֆտիների անմիջական ընտրությունների իրավունքը, որոնց հաստատելու է գլխավոր մուֆտին, որին ընտրում են տեղական մուֆտիները եւ Թուրքիայի շեյխուլ-իսլամը։

11. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են երկու կողմերին ինչպես սայլուղիներով, այնպես էլ մյուս ճանապարհներով մեկ երկրից մյուսը մարդկանց ու ապրանքների ազատ տեղափոխության իրավունք տալ եւ հրաժարում ինչպես ծովից, այնպես էլ ուրիշ որեւէ երկրից եկող ապրանքների վրա դրվող տրանզիտային մաքսերից։ Հայաստանի կառավարությունը պարտավորվում է տրանզիտային մաքսերի ամեն տեսակ իրավունքներից այն ապրանքների, սայլերի, վագոնների վերաբերմամբ, որ Թուրքիայից տրանզիտով գալիս են Ադրբեջան, Պարսկաստան, Վրաստան եւ ետ դառնում։ Թուրքիայի… կառավարությունը պարտավորվում է Շարուր-Նախիջեւան-Շահթախտ-Ջուլֆայի վրայով Հայաստանին ազատ տրանզիտ տրամադրել դեպի Պարսկաստան եւ Մեքքա։ Նկատի ունենալով, որ Թուրքիան հարկադրված է անհրաժեշտ միջոցներ ձեռք առնել Անտանտայի իմպերիալիստական կառավարությունների ինտրիգների եւ մեքենայությունների դեմ, որոնք կարող են ուղղված լինել Թուրքիայի կենսական գոյության դեմ, վերջինը իրավունք կունենա մինչեւ ընդհանուր հաշտություն կնքելու մոմենտը, չխախտելով ազատ երթեւեկությունը, վերահսկել Հայաստանի երկաթուղիներն ու հաղորդակցության մյուս ճանապարհները՝ 4-րդ հոդվածում մատնանշված նորման գերազանցող զենքի ներմուծումն արգելակելու համար։ Երկու կողմերը պետք է արգելակեն Անտանտայի իմպերիալիստական կառավարությունների ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական ներկայացուցիչների մուտքը։

12. Թուրքիայի… կառավարությունը, չխախտելով ներկա պայմանագրով Հայաստանին վերապահված իրավունքները, իրավունք կունենա ռազմական միջոցներ ձեռք առնել Հայաստանի… տերիտորիայում։

13. Հայաստանի կառավարությունն անվավեր է ճանաչում այն բոլոր պայմանագրերը, որ կարող են կնքվել եւ առնչություն ունենալ Թուրքիայի հետ, ճիշտ այնպես, ինչպես եւ այն բոլոր պայմանագրերը, որ կկնքվեն ի վնաս Թուրքիայի շահերի։

14. Ներկա պայմանագիրը ստորագրելու պահից պայմանավորվող կողմերի միջեւ վերականգնվում են առեւտրական հարաբերությունները, եւ երկու կողմերն իրենց դիվանագիտական ու հյուպատոսական ներկայացուցիչներին ուղարկում են երկու երկրների մայրաքաղաքներն ու այլ քաղաքները։

Լիազորված անձինք
Հայաստանից՝
ԽԱՏԻՍՅԱՆ
ԳՅՈՒԼԽԱՆԴԱՆՅԱՆ
ԿՈՐԳԱՆՅԱՆ

Թուրքիայից՝
ՔՅԱԶԻՄ ԿԱՐԱԲԵՔԻՐ-ՓԱՇԱ
ՀԱՄԻԴ-ԲԵՅ
ՍՈՒԼԵՅՄԱՆ ԲԵՋԱԴԻ-ԲԵՅ



ՀԱՎԵԼՎԱԾ Դ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐԸ

120. Հովհաննես Ը Կարբեցի (1762-1842) 1831-1842
121. Ներսես Ե Աշտարակեցի (1770-1857) 1843-1857
122. Մատթեոս Ա Չուխաճյան (1802-1865) 1858-1865, ԿՊՀՊ*՝ 1844-1848
(Մատթեոս Բ)
123. Գեւորգ Դ Քերեստեճյան (1813-1882) 1866-1882, ԿՊՀՊ*՝ 1858-1860 (Գեւորգ Բ)
124. Մակար Ա Թեղուտեցի (1813-1891) 1885-1891
125. Մկրտիչ Ա Խրիմյան (1820-1907) 1892-1907
126. Մատթեոս Բ Իզմիրլյան (1845-1910) 1908/9-1910 ԿՊՀՊ*՝ 1894-1896 եւ 1908 (Մատթեոս Գ)
127. Գեւորգ Ե Սուրենյանց (1847-1930) 1911-1930
* Կ.Պոլսի Հայոց պատրիարք՝ փակագծում նշված պատրիարքական անվամբ։


ՀԱՎԵԼՎԱԾ Ե
Կ.ՊՈԼՍԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔՆԵՐԸ

Մկրտիչ Վանեցի Խրիմյան Հայրիկ (1820-1907) 1869-1873, ԱՀԿ*՝ 1892/93-ից
Ներսես Բ Վարժապետյան (1837-1884) 1874-1884
Հարություն Վեհապետյան (1819-1910) 1885-1888
Խորեն Աշըգյան (1842-1899) 1888-1894
Մատթեոս Գ Իզմիրլյան (1845-1910) 1894-1896 ԱՀԿ*՝ 1908/9-ից
Մաղաքիա Օրմանյան (1841-1918) 1896-1908
կրկին Մատթեոս Գ Իզմիրլյան 1908, ԱՀԿ*՝ 1908/9-ից
Եղիշե Դուրյան (1860-1930) 1909-1911, ԵՀՊ**՝ 1921-1930
Հովհաննես Արշարունի 1912-1913
Զավեն Տեր-Եղիայան Պաղտատցի*** 1913-1915
Փոխանորդության շրջան 1915-1919
կրկին Զավեն Տեր-Եղիայան Պաղտատցի 1919-1922
Տեղապահության շրջան 1922-1927
* Ամենայն Հայոց Կաթողիկոս։
** Երուսաղեմի Հայոց Պատրիարք։
*** «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանում (Ե., 2002) Զավեն պատրիարքի ազգանունը նշվում է առանց «Տեր»-ի, հիմք ենք ընդունել ժամանակի աղբյուրները։ Հովհաննես Արշարունի եւ Զավեն Տեր-Եղիայան պատրիարքների ծննդյան եւ մահվան թվականները մեզ չհաջողվեց ճշտել։



ՀԱՎԵԼՎԱԾ Զ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՔԱՆԵՐԸ

Ալեքսանդր Բ Ռոմանով (1818-1881)1855-1881
Ալեքսանդր Գ Ռոմանով (1845-1894) 1881-1894
Նիկոլայ Բ Ռոմանով (1868-1918) 1894-1917



ՀԱՎԵԼՎԱԾ Է
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԸ

Սերգեյ Վիտտե – 1905-1906
Իվան Գորեմիկին – 1906
Պյոտր Ստոլիպին – 1906-1911
Վլադիմիր Կոկովցեւ – 1911-1914
Իվան Գորեմիկին – 1914-1916
Բորիս Շտյուրմեր – 1916
Ալեքսանդր Տրեպով – 1916-1917
Նիկոլայ Գոլիցին – 1917
Ալեքսանդր Կերենսկի – 1917
Վլադիմիր Լենին – 1917-1924

ՀԱՎԵԼՎԱԾ Ը
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ

Գորչակով Ալեքսանդր Միխայլովիչ (1798-1883) 1856-1882
Գիրս Նիկոլայ Կարլովիչ (1820-1895) 1882-1895
Լոբանով-Ռոստովսկի Ալեքսեյ Բորիսովիչ (1824-1896) 1895-1896
Շիշկին Նիկոլայ Պավլովիչ (1827-1902) 1896-1897
Մուրավյով Միխայիլ Նիկոլաեւիչ (1845-1900) 1897-1900
Լամսդորֆ Վլադիմիր Նիկոլաեւիչ (1844-1907) 1900-1906
Իզվոլսկի Ալեքսանդր Պետրովիչ (1856-1919) 1906-1910
Սազոնով Սերգեյ Դմիտրիեւիչ (1860-1927) 1910-1916
Շտյուրմեր Բորիս Վլադիմիրովիչ (1848-1917) 1916
Պոկրովսկի Նիկոլայ Նիկոլաեւիչ (1865-1930) 1916-1917
Միլյուկով Պավել Նիկոլաեւիչ (1859-1943) 1917
Տերեշչենկո Միխայիլ Իվանովիչ (1886-1956) 1917
Տրոցկի Լեւ Դավիդովիչ (1879-1940) 1917-1918
Չիչերին Գերոգի Վասիլեւիչ (1872-1936) 1918-1930



ՀԱՎԵԼՎԱԾ Թ
ԿՈՎԿԱՍԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԸ

I. 27.12.1844 – 01.03.1854 փոխարքա Վորոնցով Միխայիլ Սեմյոնովիչ (1782-1856)
01.03.1854 – 29.11.1854 Փոխարքայի մի շարք քաղաքացիական պաշտոնակատարներ
II. 29.11.1854 – 22.07.1856 փոխարքա Մուրավյով Նիկոլայ Նիկոլաեւիչ (1794-1866)
III. 22.07.1856 – 06.12.1862 փոխարքա Բարյատինսկի Ալեքսանդր Իվանովիչ (1815-1879)
IV. 06.12.1862 – 01.01.1882 փոխարքա Ռոմանով Միխայիլ Նիկոլաեւիչ (1832-1909)
22.11.1881թ. Փոխարքայությունը վերացվեց եւ հիմնվեց Կովկասյան ադմինիստրացիա՝ քաղաքացիական մասի կառավարչապետի ղեկավարությամբ, ով միաժամանակ նաեւ գլխավոր հրամանատարն էր եւ կազակական զորքերի նշանակովի ատամանը։
V. 01.01.1882 – 03.06.1890 կառավարչապետ Դոնդուկով-Կորսակով Ալեքսանդր Միխայլովիչ (1820-1893)
VI. 03.06.1890 – 06.12.1896 կառավարչապետ Շերեմետեւ Սերգեյ Ալեքսեեւիչ (1836-1896)
VII. 12.12.1896 – ?.02.1905 կառավարչապետ Գոլիցին Գրիգորի Սերգեեւիչ (1838-1907)
26.02.1905-ին կրկին վերականգնվեց փոխարքայությունը
VIII. 26.02.1905 – 23.08.1915 փոխարքա Վորոնցով-Դաշկով Իլարիոն Իվանովիչ (1837-1916)
IX. 23.08.1915 – 09.03.1917 փոխարքա Ռոմանով Նիկոլայ Նիկոլաեւիչ (1856-1929)

09.03.1917 – 15.11.1917 Անդրկովկասյան Հատուկ Կոմիտե
15.11.1917 – 26.03.1918 Անդրկովկասյան Կոմիսարիատ
10.02.1918 – 26.05.1918 Անդրկովկասյան Սեյմ

Ա. 26.05.1918 Վրաստանը հռչակվեց անկախ պետություն
Բ. 28.05.1918 Ադրբեջանը հռչակվեց անկախ պետություն
Գ. 28.05.1918 Հայաստանը հռչակվեց անկախ պետություն

Դ. 28.04.1920 Խորհրդայնացավ Ադրբեջանը
Ե. 29.11(02.12).1920 Խորհրդայնացավ Հայաստանը
Զ. 25.02.1921 Խորհրդայնացավ Վրաստանը

Է. 12.03.1922 – 05.12.1936 Անդրֆեդերացիա (Անդրկովկասի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Ֆեդերատիվ Միություն)



ՀԱՎԵԼՎԱԾ Ժ
ԱՆԳԼԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԸ

Պահպանողական Դիզրայելի Բենջամին լորդ Բիկոնսֆիլդ (1804-1881) 1868
Լեյբորիստ Ուիլյամ Յուարտ Գլադստոն (1809-1898) 1868-1874
Պահպանողական Դիզրայելի Բենջամին լորդ Բիկոնսֆիլդ (1804-1881) 1874-1880
Լիբերալ Ուիլյամ Յուարտ Գլադստոն (1809-1898) 1880-1885
Պահպանողական Սոլսբերի Ռոբերտ Արթուր Թոլբոտ Գասկոյն-Սեսիլ (1830-1903) 1885-1886
Լիբերալ Ուիլյամ Յուարտ Գլադստոն (1809-1898) 1886
Պահպանողական Սոլսբերի Ռոբերտ Արթուր Թոլբոտ Գասկոյն-Սեսիլ (1830-1903) 1886-1892
Լիբերալ Ուիլյամ Յուարտ Գլադստոն (1809-1898) 1892-1894
Լեյբորիստ Արչիբալդ Ֆիլիպ Պրիմռոուզ Ռոզբերի (1847-1929) 1894-1895
Պահպանողական Սոլսբերի Ռոբերտ Արթուր Թոլբոտ Գասկոյն-Սեսիլ (1830-1903) 1895-1902
Պահպանողական Բալֆուր Արթուր Ջեյմս (1848-1930) 1902-1905
Լիբերալ Հենրի Քեմպբել-Բաներման (1836-1908) 1905-1908
Լիբերալ Հերբերտ Հենրի Ասքվիթ (1852-1928) 1908-1916
Լիբերալ Դեւվիդ Լլոյդ Ջորջ (1863-1945) 1916-1922
Պահպանողական Էնդրյու Բոնար Լոու (1858-1923) 1922-1923
Պահպանողական Սթենլի Բոլդուին (1867-1947) 1923-1924
Լեյբորիստ Ջեյմս Ռամսեյ Մակդոնալդ (1866-1937) 1924
Պահպանողական Սթենլի Բոլդուին (1867-1947) 1924-1929



ՀԱՎԵԼՎԱԾ ԺԱ
ԱՆԳԼԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ

Ռոբերտ Սեսիլ, մարկիզ Սոլսբերի – 1878-1880
Գեորգ Լեւիսոն-Գոուեր, կոմս Գրանվիլ – 1880-1885
Ռոբերտ Սեսիլ, մարկիզ Սոլսբերի – 1885-1886
Արչիբալդ Պրիմռոուզ, կոմս Ռոզբերի – 1886
Սթաֆորդ Նորթքոտ, կոմս Իդեսլի – 1886-1887
Ռոբերտ Սեսիլ, մարկիզ Սոլսբերի – 1887-1892
Արչիբալդ Պրիմռոուզ, կոմս Ռոզբերի – 1892-1894
Ջոն Վոդհաուս, կոմս Քիմբերլի- 1894-1895
Ռոբերտ Սեսիլ, մարկիզ Սոլսբերի – 1895-1900
Հենրի Պեթի-Ֆիզմորիս, մարկիզ Լանսդոուն – 1900-1905
Էդուարդ Գրեյ – 1905-1916
Արթուր Բալֆուր – 1916-1919
Ջորջ Քերզոն – 1919-1924
ՀԱՎԵԼՎԱԾ ԺԲ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

Պատրիս դե Մակ-Մահոն (1808-1897) 1873-1879
Ժյուլ Գրեւի (1807-1891) 1879-1887
Սադի Կարնո (1837-1894) 1887-1894
Ժան Կազիմիր-Պերիե (1847-1907) 1894-1895
Ֆելիքս Ֆոր (1841-1899) 1895-1899
Էմիլ Լուբե (1838-1928) 1899-1906
Արման Ֆալիեր (1841-1931) 1906-1913
Ռայմոն Պուանկարե (1860-1934) 1913-1920
Պոլ Դեշանել (1855-1922) 1920
Ալեքսանդր Միլյերան (1859-1943) 1920-1924



ՀԱՎԵԼՎԱԾ ԺԳ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԸ

Ժյուլ Դյուֆոր – 1877-1879
Գիյոմ Անրի դը Վադդինգտոն – 1879
Շառլ դե Ֆրեյսինե – 1879-1880
Ժյուլ Ֆերրի – 1880-1881
Լեոն Գամբետտա – 1881-1882
Շարլ դե Ֆրեյսինե – 1882
Շառլ Դյուկլերկ – 1882-1883
Արման Ֆալիեր – 1883
Ժյուլ Ֆերրի – 1883-1885
Էժեն Անրի Բրիսսոն – 1885
Շառլ դե Ֆրեյսինե – 1886
Ռընե Գոբլե – 1886-1887
Մորիս Ռուվիե - 1887
Պիեռ Տիրար – 1887-1888
Շառլ Ֆլոկե – 1888-1889
Պիեռ Տիրար – 1889-1890
Շառլ դե Ֆրեյսինե – 1890-1892
Էմիլ Լուբե – 1892
Ալեքսանդր Ռիբո - 1892-1893
Շառլ Դյուպյուի – 1893
Ժան Կազիմիր-Պերիե – 1893-1894
Շառլ Դյուպյուի – 1894-1895
Ալեքսանդր Ռիբո - 1895
Լեոն Բուրժուա - 1895-1896
Ֆելիքս Ժյուլ Մելեն – 1896-1898
Էժեն Անրի Բրիսսոն – 1898
Շառլ Դյուպյուի – 1898-1899
Պիեռ Վալդեկ-Ռուսսո – 1899-1902
Էմիլ Կոմբ – 1902-1905
Ֆերդինանդ Սարիեն – 1906
Ժորժ Կլեմանսո – 1906-1909
Արիստիդ Բրիան – 1909-1911
Էռնեստ Մոնիս – 1911
Ժոզեֆ Կայո – 1911-1912
Ռայմոն Պուանկարե – 1912-1913
Արիստիդ Բրիան – 1913
Լուի Բարտու – 1913
Գաստոն Դումերգ – 1913-1914, 1934
Ալեքսանդր Ռիբո - 1914
Ռընե Վիվիանի – 1914-1915
Արիստիդ Բրիան – 1915-1917
Ալեքսանդր Ռիբո - 1917
Պոլ Պենլեւե – 1917, 1925
Ժորժ Կլեմանսո – 1917-1920
Ալեքսանդր Միլյերան – 1920
Ժորժ Լեյգ – 1920-1921
Արիստիդ Բրիան – 1921-1922
Ռայմոն Պուանկարե – 1922-1924
Ֆրեդերիկ Ֆրանսուա-Մարսել – 1924



ՀԱՎԵԼՎԱԾ ԺԴ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ

հերցոգ Լուի Դեկազ - 1873-1877
մարկիզ Գաստոն-Ռոբեր դե Բանվիլ - 1877
Գիյոն Հանրի դե Վադդինգտոն - 1877-1879 (վարչապետ՝ 1879)
Շառլ դե Ֆրեյսինե - 1879-1880 (վարչապետ՝ 1879-1880, 1882, 1886, 1890-1892)
Ժյուլ Բարթելեմի-Սենտ-Իլյար - 1880-1881
Լեոն Գամբետտա - 1881-1882 (վարչապետ՝ 1881-1882)
Շառլ դե Ֆրեյսինե - 1882
Շառլ Դյուկլերկ - 1882-1883 (վարչապետ՝ 1882-1883)
Արման Ֆալիեր - 1883, (վարչապետ՝ 1883, նախագահ՝ 1906-1913)
Պոլ-Արման Շալեմել-Լակուր - 1883
Ժյուլ Ֆերրի - 1883-1885 (վարչապետ՝ 1880-1881, 1883-1885)
Շառլ դե Ֆրեյսինե - 1885-1886
Էմիլ Ֆլուրան - 1886-1888
Ռընե Գոբլե - 1888-1889 (վարչապետ՝ 1886-1887)
Էժեն Շպյուլլեր - 1889-1890
Ալեքսանդր Ռիբո - 1890-1893 (վարչապետ՝ 1892-1893, 1895, 1914, 1917)
Ժյուլ Դեւել - 1893
Ժան Կազիմիր-Պերիե - 1893-1894 (վարչապետ՝ 1893-1894, նախագահ՝ 1894-1895)
Գաբրիել Հանոտո - 1894-1895
Մարսլեն Բերտլո - 1895-1896
Լեոն Բուրժուա - 1896 (վարչապետ՝ 1895-1896)
Գաբրիել Հանոտո - 1896-1898
Թեոֆիլ Դելկասե - 1898-1905 (գաղութների նախարար՝ 1894-1896, ծովային նախարար՝ 1911-1913)
Մորիս Ռուվիե - 1905-1906 (վարչապետ՝ 1887)
Լեոն Բուրժուա - 1906
Ստեֆան Պիշոն – 1906-1911
Ժան Կրյուպպի – 1911
Ժյուստեն դե Սելվ – 1911-1912
Ռայմոն Պուանկարե – 1912-1913 (վարչապետ՝ 1912-1913, 1922-1924, նախագահ՝ 1913-1920)
Շառլ Ժոննար – 1913
Ստեֆան Պիշոն – 1913
Գաստոն Դումերգ – 1913-1914 (վարչապետ՝ 1913-1914, 1934)
Լեոն Բուրժուա - 1914
Ռընե Վիվիանի – 1914 (վարչապետ՝ 1914-1915)
Գաստոն Դումերգ – 1914
Թեոֆիլ Դելկասե - 1914-1915
Ռընե Վիվիանի – 1915
Արիստիդ Բրիան – 1915-1917 (վարչապետ՝ 1909-1911, 1913 (փոխվարչապետ՝ 1914-1915), 1915-1917, 1921-1922, 1925-1926, 1929)
Ալեքսանդր Ռիբո - 1917
Լուի Բարտու - 1917 (վարչապետ՝ 1913)
Ստեֆան Պիշոն – 1917-1920
Ալեքսանդր Միլյերան – 1920 (վարչապետ՝ 1920, նախագահ՝ 1920-1924)
Ժորժ Լեյգ – 1920-1921 (վարչապետ՝ 1920-1921)
Արիստիդ Բրիան – 1921-1922
Ռայմոն Պուանկարե – 1922-1924



ՀԱՎԵԼՎԱԾ ԺԵ
ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՄԵԾ ՎԵԶԻՐՆԵՐԸ
ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԸ

Միդհատ-փաշա - 1876-1877
Իբրահիմ Էֆենդի – 1877-1878
Ահմեդ Համդի-փաշա - 1878
Ահմեդ Վեֆիք-փաշա- 1878
Մեհմեդ Սադըք-փաշա - 1878
Մյութերջի Մեհմեդ Ռյուշդի-փաշա - 1878
Մեհմեդ Էսադ Սաֆվետ-փաշա - 1878
Թունուսլու Հայրեդդին-փաշա - 1878-1879
Ահմեդ Արիֆի-փաշա - 1879
Քյուչուք Մեհմեդ Սաիդ-փաշա - 1879-1880
Ջենանի Մեհմեդ Քադրի-փաշա - 1880
Քյուչուք Մեհմեդ Սաիդ-փաշա - 1880-1882
Աբդուրահման Նուրեդդին-փաշա - 1882
Քյուչուք Մեհմեդ Սաիդ-փաշա - 1882
Ահմեդ Վեֆիք-փաշա - 1882
Քյուչուք Մեհմեդ Սաիդ-փաշա - 1882-1885
Քըբրըսլը Մեհմեդ Քյամիլ-փաշա- 1885-1891
Ահմեդ Ջեւադ Շաքիր-փաշա - 1891-1895
Քյուչուք Մեհմեդ Սաիդ-փաշա - 1895
Քըբրըսլը Մեհմեդ Քյամիլ-փաշա - 1895
Հալիլ Ռիֆաթ-փաշա - 1895-1901
Քյուչուք Մեհմեդ Սաիդ-փաշա - 1901-1903
Մեհմեդ Ֆերիդ-փաշա - 1903-1908
Քյուչուք Մեհմեդ Սաիդ-փաշա - 1908
Քըբրըսլը Մեհմեդ Քյամիլ-փաշա - 1908-1909
Ահմեդ Թեւֆիք-փաշա - 1909
Հյուսեյն Հիլմի-փաշա - 1909-1910
Իբրահիմ Հաքքը-փաշա - 1910-1911
Քյուչուք Մեհմեդ Սաիդ-փաշա - 1911-1912
Ահմեդ Մուհթար-փաշա - 1912
Քըբրըսլը Մեհմեդ Քյամիլ-փաշա- 1912-1913
Մեհմեդ Շեւքեթ-փաշա - 1913
Սաիդ Հալիմ-փաշա - 1913-1917
Մեհմեդ Թալեաթ-փաշա - 1917-1918
Ահմեդ Իզզեթ-փաշա - 1918
Ահմեդ Թեւֆիք-փաշա - 1918-1919
Դամադ Ֆերիդ-փաշա - 1919
Ալի Ռըզա-փաշա 1919-1920
Դամադ Ֆերիդ-փաշա - 1920
Ահմեդ Թեւֆիք-փաշա - 1920-1922
Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք – 1920-1921
Մուստաֆա Ֆեւզի Չաքմաք – 1921-1922
Հյուսեյն Ռաուֆ Օրբայ – 1922-1923
Ալի Ֆեթհի Օքյար – 1923
Ինյոնյու Իսմեթ-փաշա– 1923-1924



ՀԱՎԵԼՎԱԾ ԺԶ
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ

Բեքիր Սամի-բեյ 1920-1921
Ահմեդ Մուհթար-բեյ Մոլլաօղլու – 1921
Յուսուֆ Քեմալ Թենգիրշենկ – 1921-1922
Ինյոնյու Իսմեթ-փաշա– 1922-1924



ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

9. Միօրինակացման նպատակով հետայսու, բացի պաշտոնական փաստաթղթերի մեջբերումներից, Լեոյի օգտագործած ձեւերից նախապատվությունը կտանք «Թուրքահայաստան» ձեւին, նույն կերպ՝ «թուրքահայ», ինչպես նաեւ՝ «Ռուսահայաստան», «ռուսահայ»։
10. Ամմոնական կուռք, որի ձեռքերում բացվող հնոցի կրակի մեջ որպես զոհ նետվում էին կենդանի մարդիկ։
11. Լեոյի այս գործն իրոք պատկանում է հուշագրության ժանրին, որը 1920-30-ականներին ծաղկում էր ապրում հայ իրականության մեջ։


ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Ա.
12. Լեոյի տունը եղել է մահմեդական թաղի Ջհուդլար կոչվող թաղամասում, ուր մահմեդականների հետ բնակվել են հրեաներ, ռուս զինվորականների ընտանիքներ, ինչպես նաեւ հայեր (տե՛ս http։//www.journal.shoushi.am/005.html, Ս.Պետրոսյանի հրապարակումը)։
13. Շուշիից ավանդված է 6 եկեղեցի եւ 3 մզկիթ։ Ըստ կառուցման ժամանակագրության՝ եկեղեցիներն էին՝ 1. Կուսանաց անապատի Սուրբ Աստվածածին (չի պահպանվել), 2. Վերին թաղի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ), 3. Ագուլեցոց Սուրբ Աստվածածին (չի պահպանվել), 4. Մեղրեցոց Սուրբ Աստվածածին (պահպանված է մասամբ), 5. Ռուսական ուղղափառ Սուրբ Գեորգի (չի պահպանվել), 6. Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի։ Ամենայն հավանականությամբ, տեղ է գտել գրաշարական վրիպակ, տեքստում գրված է «Ասլանչեցոց». այդ բառի սկզբնային գրանիշերը բավականին մոտ են «Ղազանչեցոցին»։ Եկեղեցին այդպես է կոչվել Նախիջեւանի Ղազանչի գյուղից վերաբնակվածների անունով։
14. Ռուսերեն՝ «Թիֆլիսյան լրաբեր», ռուսալեզու թերթ։
15. Լեոյի գործում նշվող «Բոլգարիա», «բոլգար» ձեւերը դարձրել ենք «Բուլղարիա» եւ «բուլղար»։
16. Լեոն օգտագործել է թուրքերեն ձեւը, հայերեն՝ Ախուրյան։
17. Լեոն օգտագործել է ռուսերեն ձեւը, հայերեն՝ Դանուբ։
18. Դիզրայելի Բենջամին լորդ Բիկոնսֆիլդ (1804-1881) – Անգլիայի վարչապետ 1868-ին եւ 1874-1880-ին, «Մեզ համար կարեւորը Թուրքիայում հայկական վտանգի դեմ պաշտպանվելու միջոցներ գտնելն է» խոսքերի հեղինակ, Սան Ստեֆանոյի պայմանագրի՝ Բեռլինում վերանայման հեղինակակից (Բիսմարկի հետ), 1878թ. Կիպրոս կղզին Թուրքիայից խլած պահպանողական պետական-քաղաքական գործիչ եւ գաղափարախոս։
19. Ուիլյամ Յուարտ Գլադստոն (1809-1898) – Անգլիայի վարչապետ 1868-1874-ին, 1880-1885-ին, 1886-ին, 1892-1894-ին, «Ծառայել Հայաստանին՝ նշանակում է ծառայել քաղաքակրթությանը» խոսքերի հեղինակ, Անգլո-հայկական ընկերության համահիմնադիր, 1881թ. Եգիպտոսը Թուրքիայից խլած լիբերալ պետական-քաղաքական գործիչ։
20. Տեր-Ղուկասով (Տեր-Ղուկասյան) Արշակ Հարությունի (1819-1881) – Հայազգի ռուսական գեներալ-լեյտենանտ, կռվել է Կովկասի լեռնականների դեմ, իսկ ռուս-թուրքական պատերազմի ընթացքում (1877-78) գրավել Բայազետը, Ալաշկերտը եւ այլն, նահանջելիս կազմակերպել է 20 հազար հայերի գաղթն Իգդիր։
21. Լոռիս-Մելիքով Միքայել Տարիելի (1825-1888) – Հայազգի ռուսական գեներալ, կոմս, Ռուսաստանի ՆԳ նախարար եւ ժանդարմերիայի շեֆ. ըստ էության՝ երկրորդը՝ ցարից հետո, նրա կառավարման ժամանակը մամուլն անվանել է «սրտի դիկտատուրայի» շրջան, իրեն՝ «թավշյա դիկտատոր»։ Մասնակցել է Կովկասյան, Ղրիմի (Արեւմտյան Հայաստանի տարածքում) եւ 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմներին, արժանացել գրեթե բոլոր հնարավոր բարձրագույն պարգեւներին։
22. Լազարեւ (Լազարյան) Իվան (Հովհաննես) Դավթի (1820-1879) – Հայազգի ռուսական գեներալ, որին հանձնվեց Հյուսիսային Կովկասի ժողովուրդների երկարամյա ապստամբության առաջնորդ Շամիլը. 1877թ. հոկտեմբերի 3-ին թուրքերից գրավեց Կարսի մերձակա Ալաջայի բարձունքները՝ տալով 1500 զոհ, մինչդեռ թուրքական բանակը տվեց 5-6 հազար զոհ եւ 8500 գերի. նույն թվականի նոյեմբերի 6-ին գրավեց Կարսը։
23. Շելկովնիկով (Շելկովնիկյան) Բեհբուդ Մարտիրոսի (1837-1878) – Հայազգի ռուսական գեներալ, Կովկասյան ճակատում մասնակցել է ռուս-թուրքական Ղրիմի եւ 1877-1878թթ. պատերազմներին, մասնակցել է Ալաջայի ճակատամարտին, նշանակվել է Էրզրումի զինվորական օկրուգի պետ։

Բ.
24. Քաղաք Բուլղարիայի հյուսիսում. ռուսական բանակը, որ թուրքական 50 հազարանոց պաշտպանական ուժերին գերազանցում էր մի քանի անգամ, ավելի քան 30 հազար զոհ տալուց եւ 5-ամսյա անընդհատ հարձակումներից ու պաշարումից հետո կարողացավ գրավել այն, թեեւ մարտի դաշտում էին ռուսական Ալեքսանդր II կայսրը, բուլղարական Մեծ իշխանը եւ մի քանի տասնյակ գեներալներ։ Պլեւնայի գրավումից հետո Բալկաններում ռուսների առաջխաղացումն արդեն անկասելի դարձավ։
25. Սան Ստեֆանոյի նախնական պայմանագիրը կնքվել է 1878թ. մարտի 3-ին, Կ.Պոլսի մերձակա Սան Ստեֆանո (Եշիլքյոյ) ավանում. պայմանագրով Ռուսաստանին էին անցնում բալկանյան եւ հայաստանյան հսկայական տարածքներ, իսկ դրա 16-րդ կետը վերաբերվում էր հայերին, տե՛ս համապատասխան Հավելվածը։ Լեոն այս եւ այլ պայմանագրեր անվանում է մե՛րթ դաշնագիր, մե՛րթ դաշնագրություն. այս դեպքում տեքստում միօրինակացրել ենք որպես «դաշնագիր»։
26. Հայ լիբերալների թերթը (1872-1921թթ.), որ լույս է տեսել Թիֆլիսում։ Հիմնադրել է Գրիգոր Արծրունին։ Ուներ ռուսական կողմնորոշում։
27. Բեռլինի կոնգրեսում ընդունված փաստաթղթի 61-րդ կետը տե՛ս համապատասխան Հավելվածում։ «Վեհաժողով», «խորհրդաժողով», «կոնգրես» ձեւերից նախընտրել ենք «կոնգրեսը»։ Փաստաթղթի անվանումը տեքստում միօրինակացրել ենք որպես «դաշնագիր»։
28. Սոլսբերի Ռոբերտ Արթուր Թոլբոտ Գասկոյն-Սեսիլ (1830-1903) - Անգլիայի պահպանողական կուսակցության առաջնորդ, Անգլիայի վարչապետ 1885-86, 1886-1892, 1895-1902, Բեռլինի կոնգրեսում եղել է Անգլիայի երկրորդ լիազոր ներկայացուցիչը։
29. Գորչակով Ալեքսանդր Միխայլովիչ (1798-1883) – Ռուսաստանի արտգործնախարար 1856-1879-ին, ծրագրել եւ իրականացրել է Ռուսաստանի դիվանագիտական ռեֆորմը, որն ամբողջությամբ գործում է առ այսօր, կարողացել է զրոյացնել Ղրիմի պատերազմից հետո պարտադրված նվաստացումները, հաջողությամբ խաղացել է միջեւրոպական հակասությունների վրա։ Ծեր հասակում, 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ երկմտեց Կ.Պոլիսը գրավելու հարցում, որի պատճառով հեղինակազրկվեց, իսկ Բեռլինի դաշնագրի ստորագրումից հետո՝ պաշտոնաթող եղավ։ Այդ առիթով Ալեքսանդր Բ-ին գրեց. «Բեռլինյան տրակտատն իմ ծառայողական ընթացքի ամենասեւ էջն է»։
30. Տե՛ս Հայաստանը միջազգային դիվանագիտության եւ սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում, Ե., 1972, էջ 104-105։

Գ.
31. Ներսես Վարժապետյան (1837-1884) – Կ.Պոլսի հայոց պատրիարք 1874-ից. Հայոց հարցի լուծման համար հույսը դրել էր Եվրոպայի եւ Ռուսաստանի վրա, սակայն կյանքի վերջում հիասթափվեց բոլորից։
32. Պետք է լինի «վեհաժողովէն»։ Թարգմանվել եւ զետեղվել է անգլիական պաշտոնական տեղեկագրում (հիմնականում արտաքին քաղաքականությանը վերաբերող)՝ «Կապույտ գրքում»։
33. Մինաս Չերազ (1852-1929) – Մ.Խրիմյանի, Ս.Փափազյանի եւ Խ.Գալֆայանի հետ եղել է Բեռլինի կոնգրեսին մեկնած հայոց պատվիրակության կազմում։ Վարժապետյանի, Իզմիրլյանի, Նուբարի հետ տարբեր տարիների հանդիպել է Գլադստոնին, Նիկոլայ Բ-ին, Ստոլիպինին եւ այլ առաջնորդների՝ Հայոց հարցի առնչությամբ։ Արդյունավետորեն զբաղվել է նաեւ ուսուցչությամբ, հայագիտությամբ, գրականությամբ, բարեգործությամբ։ Աճյունը Կոմիտասի աճյունի հետ բերվել է Երեւան, ամփոփվել Չերազի միջոցներով կառուցված՝ Նուբարաշենի դպրոցի բակում, սակայն խորհրդահայ բոլշեւիկ ճիվաղները հետագայում անհետացրել են այն (տե՛ս «ԱրմենիաՆաու», մարտի 30, 2007, Վահան Իշխանյանի «Կորսված աճյուն. կվերականգնվի՞ Մինաս Չերազի հիշատակը» հրապարակումը)։
34. 20-րդ դարավերջին այս մտայնության լավագույն մերկացնողն ու դրան այլընտրանք առաջարկողը եղավ լուսահոգի պորֆեսոր Ռաֆայել Իշխանյանը. տե՛ս նրա «Երրորդ ուժի բացառման օրենքը» (Ե., 1991)։
35. Աբդուլ-Համիդ Բ (1842-1918) – Օսմանյան կայսրության վերջին բացարձակ միապետը (1876-1909), երկիրը հասցրեց տնտեսական, ֆինանսական, տարածքային կործանման։ Նրա ժամանակն անվանվեց «զուլում» (բռնություն), ինքը՝ «արյունոտ, կարմիր սուլթան»։ Իրականացրեց հայերի եւ հույների ջարդեր։ Իշխանությունից հեռացվեց երիտթուրքական հեղափոխության (1908) եւ մակեդոնական զինվորական ապստամբության (1909) միջոցով։ Մեռավ Կ.Պոլսում, բանտարկության մեջ, 1918թ. փետրվարի 10-ին։

Դ.
36. Ամերիկացի պատմաբան, քիմիկոս, բժիշկ, մարդաբան, լուսանկարիչ, Լուսնի առաջին լուսանկարի հեղինակ Ջոն Վիլյամ Դրեպերի (1811-1882) աշխատություններից ռուսերեն են թարգմանվել «Եվրոպայի բանական զարգացման պատմություն» եւ «Գիտության եւ կրոնի հակամարտությունները» գրքերը։
37. Ռափայել Պատկանյան (1830-1892) – Հայ նշանավոր գրող. մոսկովյան իր ուսանողական ընկերների (Գ.Քանանյան եւ Մ.Թիմուրյան) եւ իր անուն-ազգանունների կրճատմամբ 1852-ին կազմվել է «Գամառ-Քաթիպա» ընկերությունը, որը հրատարակել է հիմնականում Ռ.Պատկանյանի գործերը։
38. Գրիգոր Արծրունի (1845-1892) – 1870-1880-ականների հայ իրականության ամենաերեւելի դերակատարը, ազնվական, Թիֆլիսի առաջին քաղաքագլխի որդին, քաղաքատնտեսության եւ փիլիսոփայության դոկտոր, հայ լիբերալիզմի առաջատար գաղափարախոսը, հայկական կյանքի վրա անգերազանցելի ազդեցություն ունեցած թերթի՝ «Մշակի» (1872) հիմնադիրը։ Նրա թերթում են տպագրվել արեւելահայ գրեթե բոլոր խոշոր հեղինակները։ Լեոն եռահատոր ուսումնասիրություն է գրել նրա մասին (Թիֆլիս, 1902-1905)։ Իրենց հուշերում նրան մեծ տեղ են հատկացրել Արծրունու ժամանակին անդրադարձած բոլոր հուշագրողները։
39. Ժամանակակից քաղաքական տերմինաբանությամբ՝ «ազատամիտ» բառի փոխարեն հարկ էր կիրառել «ազատականը», թեեւ չենք ուղղել։ Լեոն այս որակումն օգտագործում է եւ՛ Անգլիայի լեյբորիստական, եւ՛ Անգլիայի լիբերալ (ազատական) կուսակցությունների համար։ Գլադստոնը նախապես ներկայացրել է լեյբորիստական, հետո՝ լիբերալ կուսակցությունները։ Լեյոբորիստ էր նաեւ Ռոզբերին, որին եւս Լեոն անվանում է ազատամիտ։
40. Արեւմտյան Հայաստանի մի հատվածին (այսօր արդեն՝ ողջ Արեւմտյան Հայաստանին) եւ Իրաքի հյուսիսին քրդերի կողմից տրվող անվանում, որ կիրառել եւ կիրառում են նաեւ ոչ քրդերը. «Քրդստան», «Քրդիստան», «Քուրդստան» ձեւերից նախընտրել ենք ներկայումս ընդունված «Քուրդիստանը»։
41. Մկրտիչ Ա Վանեցի Խրիմյան Հայրիկ (1820-1907) – Ժողովրդի կողմից ամենասիրված Ամենայն հայոց կաթողիկոսը Հայ եկեղեցու ողջ պատմության ընթացքում, մեծարվել է «Հայրիկ» պատվանվամբ։ 1868-ին օծվել է եպիսկոպոս, 1869-73թթ. եղել է Կ.Պոլսի պատրիարքը, 1892/93-ից՝ Ամենայն հայոց կաթողիկոս։ Ղեկավարել է Բեռլինի կոնգրեսին մասնակցելու մեկնած հայկական պատվիրակությունը։ Հայտնի «թղթե շերեփ» արտահայտության հեղինակն է։ Հիասթափվելով քրիստոնյա երկրների խաղերից՝ փարել է ազգային-ազատագրական շարժման գաղափարին։ Ծավալել է նաեւ ուսուցչական, հրատարակչական, քարոզչական, բարեգործական բուռն գործունեություն։
42. Արտաքին աշխարհին վերաբերող անգլիական պաշտոնական տեղեկագիր-ժողովածու։ Ֆրանսիականը՝ «Դեղին գիրք», ռուսականը՝ «Նարնջագույն գիրք»։
43. Քսենոփոն Աթենացի (Ք.ա. 430-355) – Հին հույն պատմիչ եւ մտածող, նրա «Անաբասիս» եւ «Կյուրոպեդիա» աշխատություններում հարուստ տվյալներ կան հին հայերի, ինչպես նաեւ քրդերի մասին։
44. Բագրատ Նավասարդյան (1852-1934) – Ռուս-թուրքական 1877-78թթ. պատերազմին որպես բժիշկ մասնակցած կամավորական, Կովկասի հայոց բարեգործական ընկերության հիմնադիրներից եւ պատվավոր նախագահ, «Պաշտպան Հայրենյացի» հիմնադիրներից։ Թիֆլիսում բացել է մասնավոր հիվանդանոց, ուր չքավորների սպասարկումը կատարել է անվճար, Հայ եկեղեցու գույքի բռնագրավման դեմ հակացարական ելույթների մասնակից, որի պատճառով 1903-ին ձերբակալվել եւ աքսորվել է Անդրկովկասից. Րաֆֆու «Խենթում» դարձել է գրական հերոս։

Ե.
45. Ռուսական դրամական նվազագույն միավորը։
46. Ալեքսանդր Գ Ռոմանով (1845-1894) – Ռուսական կայսր 1881-1894թթ., դադարեցրել է իր նախորդի բարեփոխումների ընթացքը, ներքին կյանքում անցել ռեակցիայի եւ վելիկոռուսական շովինիզմի, խստորեն սահամանփակել է ռուսական ուղղափառությունից զատ մյուս կրոնները, մտցրել է խիստ գրաքննություն, փակել հրատարակչություններ, դատաստան տեսել ազատախոհության ցանկացած դրսեւորման հետ, «Ռուսաստանն ունի երկու դաշնակից՝ բանակը եւ նավատորմը» արտահայտության հեղինակ։ Նրա օրոք երկիրը ոչ մի պատերազմի չի մասնակցել, որի շնորհիվ ստացել է «Խաղաղարար» պատվանունը։
47. Ռուսերեն՝ «Բուլղարիայի ազատության մարտիկներն ու նահատակները»։
48. Թուրքերեն՝ «ջոկատ», «հրոսակախումբ»։
49. Եժ Տոմաշ Թեոդոր (1824-1915) – Լեհ գրող, հրապարակախոս, ճանապարհորդ, 1848թ. հունգարական ապստամբության մասնակից, Համալեհականության շարժման հիմնադիր։
50. Օսմանյան տիրապետության տակ գտնվող հարավսլավոնական տարածքներից փախածներ (ուսկոկ - փախստական), ովքեր ապրում էին հողագործությամբ եւ տեղական բա(րին)ների զինվորական արշավանքներին մասնակցությամբ։
51. Անշուշտ, Լեոն ճիշտ է, սակայն մասամբ։ Խնդիրն այն է, որ համասլավոնականությունը ընդամենը ռուսական հատուկ ծառայությունների միջոցով հետադարձ կապի սկզբունքով նետված օժանդակ միջոց էր, որով ռուս հասարակությանը ներշնչվում էր սեփական «պատմական առաքելության» մտածում եւ հոգեվիճակ՝ լեգիտիմացնելու համար ինքնակալության ձգտումները, պատերազմի պատճառելիք հոգսերը եւ այլն։ Իսկ բուլղարների հաղթանակն ապահովվեց, քանի որ այդպիսի չորս հզոր գործոն էին համընկել եւ կուտակվել մեկ կետում՝ ա) կայսրության գեոստրատեգիան եւ աշխարհակալական նկրտումները, բ) տվյալ պահի իրերի միջազգային բարենպաստ դասավորությունը՝ պայմանավորված եվրոպական գերտերությունների շահերով, գ) բուլղար ժողովրդի պայքարը գ) ուղղափառ ռուսներին ներշնչված գաղափարախոսական պատրաստվածությամբ պայմանավորված ամեն կարգի օգնությունը։
52. Լոնդոնի պատմական միջուկը, որ համաշխարհային առանցքային ֆինանսական կենտրոններից էր եւ է։
53. Ռուսաստանը կամենում էր Բալկանները կցել կամ ծառայեցնել իրեն՝ շահարկելով համասլավոնականության գաղափարը, սակայն բուլղարները կարճ ժամանակում կարողացան դրսեւորել պետական մտածողություն եւ այն ավելի բարձր դասելով՝ երես թեքել Ռուսաստանից։

Զ.
54. Տեքստում սխալմամբ գրված է «թիֆլիսահայ»։
55. Մկրտիչ Փորթուգալյան (1848-1921) – Մարսելի «Արմենիա» պարբերականի եւ Արմենական կուսակցության հիմնադիր, հալածվել, բանտարկվել է թուրքական իշխանությունների կողմից. կարծում էր, որ հայ ժողովրդի ազատագրական պայքարը պետք է սկսել լավ նախապատրաստական աշխատանքներից, ինչպես նաեւ թուրքական լծի տակ գտնվող ժողովուրդների հետ դաշնակցելուց հետո։ Խմբագրել է «Ասիա» լրագիրը, թղթակցել է նաեւ արեւելահայ մամուլին, Վանում հիմնել է Հայկազյան կենտրոնական վարժարանը եւ «Սեւ խաչ» ազատագրական կազմակերպությունը։
56. Հավանաբար խոսքը «պիտուկ» բառի մասին է, որ նշանակում է ցածրակարգ կենդանի (սրատուտ), նաեւ՝ անարգ, թափթփուկ մարդ. այդ պարագայում էլ՝ անհասկանակլի է «ան» ժխտական նախածանցի հետ հանդես գալը։
57. Սա կարճ ժամանակ անց, շրջված շարադասությամբ դարձավ Դաշնակցության նշանաբանը։

Է.
58. Տե՛ս համապատասխան Հավելվածը։
59. Գրեյ օֆ Ֆալլոդոն Էդուարդ (1862-1933) – Աջ լիբերալ անգլիացի քաղաքական գործիչ, 1892-95թթ. փոխարտգործնախարար, 1905-1916թթ.՝ արտգործնախարար։ Ռուսների հետ Պարսկաստանը կիսեց ազդեցության երեք գոտու, Անտանտի հիմնադիրներից եւ գաղափարախոսներից։ Առաջին համաշխարհայինի սկսվելու կապակցությամբ ասաց հետեւյալ բառերը. «Այսօր ամբողջ Եվրոպայի վրա իջավ մայրամուտ»։
60. Լեոյի օգտագործած «Հեջազ» ձեւն ամենուր փոխարինել ենք հանձնարարելի «Հիջազով»։ Հիջազը երկրամաս է Արաբական թերակղզու արեւմուտքում, այնտեղ են գտնվում մուսուլմանների սրբազան քաղաքներ Մեքքան եւ Մեդինան։ Հիջազի երկաթուղին, որի մասին բազմիցս խոսվում է, կառուցվել է 1880-90-ականներին Օսմանյան կառավարության կողմից՝ Ստամբուլը եւ Դամասկոսը իսլամական սրբազան քաղաքների հետ կապելու համար։ Հետագայում՝ Առաջին աշխարհամարտի օրերին Լոուրենս Արաբիացին փայլուն ավերում էր այն ու դրանով նպաստում օսմանյան բանակի պարտությանը եւ Օսմանյան կայսրության փլուզմանը։
61. Աշխարհի ամենամեծ եւ ամենաճոխ պալատական համալիրներից (500 հազար ք/մ), բազմաթիվ շինությունների հեղինակ է Կարապետ Բալյանը։
62. Պետք է լինի ոչ թե «իսլամ», այլ՝ «հայ». կամ պետք է այսպես հասկանալ՝ քանի դեռ աշխարհիս երեսին կա մեկ իսլամ, պետք է կռվել հայերին ինքնուրույնություն տալու դեմ։
63. Մակար Ա Թեղուտեցի (1813-1891) - Ամենայն հայոց կաթողիկոս 1885-ից, նրա ջանքերով ռուսական պետությունը մասնակիորեն վերականգնել է կաթողիկոսական իրավունքները եւ թույլատրել վերաբացել հայկական դպրոցները, որ ռուսներն առաջին անգամ սահմանափակել եւ արգելել էին 1884-ին։


ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ

I Ա.
64. Այս եւ հետագա ընդգծումները հեղինակինն են։
65. Ռուսերեն՝ «զանգ», «հնչակ», «կոչնակ»։
66. Ֆրանսերեն՝ «արտոնագիր սոցիալական գիտությունների»։
67. Հաշվի առնելով այս եւ հետագա ծավալուն մեջբերումների փաստաթղթային արժեքը՝ հնարավորինս չի ուղղվել լեզվական եւ կետադրական խճողվածությունը։
68. Ի պատիվ Հնչակյան կուսակցության՝ պետք է արձանագրել, որ քաղաքական համարված հայ կուսակցություններից միայն նա էր, որ իր ծրագրային փաստաթղթում պետականության վերականգնման դրույթ ուներ, այսինքն՝ իրապես քաղաքական կազմակերպություն էր։

I Բ.
69. Զինատեսակներ են։
70. Գյուղացիության շահերն արտահայտող, համայնքային սոցիալիզմ դավանող հակամիապետական գաղափարախոսություն եւ շարժում Ռուսաստանում (ռուսերեն «ժողովուրդ» բառից), գոյատեւել է 1850-ականների վերջից մինչեւ 1890-ականների սկիզբը։ Ունեցել է տարբեր հոսանքներ եւ, ըստ այդմ, զբաղվել ե՛ւ քարոզչությամբ, ե՛ւ ահաբեկչությամբ. առավել աչքի ընկած առաջնորդներն էին անարխիստ, անհապաղ ապստամբական Բակունինը, քարոզչությամբ ժողովրդին հեղափոխության պատրաստելու կողմնակից Լավրովը եւ հեղաշրջմամբ իշխանությունը գրավելու կողմնակից Տկաչյովը։
71. Այդ օրերին Թիֆլիս էին եկել Զեյթունի 1878թ. ապստամբության ղեկավարներից զեյթունցի Հարություն Չաքրյանը, մշեցի Հակոբ սարկավագը (որին հետո խուսափողականության մեղադրանքով ընկերները սպանեցին) եւ Հարություն-աղան (Հունո), որին որոշ վավերագրերում համարում են վանեցի։ Սրանց հետ է կապի մեջ եղել Կուկունյանցը։
72. Վարդան Գոլոշյան (1867-1889) – Հայ առաջին հայդուկներից։ Անցել է Սասուն, կազմակերպել ըմբոստացման ուղին, որ իր պտուղները տվեց դեռեւս 1891-92թթ. ինքնապաշտպանական ընդհարումների ժամանակ։
73. Տարիներ անց Արամ Մանուկյանը դարձավ Վանի ինքնապաշտպանության ղեկավարներից եւ կարողացավ պաշտպանել Վանի հայությանը Խալիլ-փաշայից. իսկ 1918-ին, երբ նույն Արամ Մանուկյանը ըստ էության միայնակ Հայաստանի Հանրապետություն էր կերտում, Երեւանում ստիպված եղավ կրկին հանդիպել նրան. այս առիթով մի այսպիսի հուզիչ հուշ է պատմում Վահան Նավասարդյանը, որ ամենից առաջ ցույց է տալիս Արամի անզուգական մեծությունը. «Ինձ ամենեն շատ հուզողն այն էր, թե ինչպե՞ս պիտի հանդիպեն այս երկու ոխերիմ ախոյանները… Ամենքի համար էլ այս նշանավոր հանդիպման էական վայրկյանը այդ էր… Եվ ահա, երբ գնացքը կանգ առավ, Արամը իր հայացքը նետեց դեպի աջ ու դեպի ձախ եւ գնացքի առաջ ձգված ծայրի վագոնում նշմարեց Խալիլի դեմքը։ Վճռական շարժումով նա իր քայլվածքը դեպի այն կողմը ուղղեց։ Խալիլը, նկատելով Արամին, դյուրաշարժ երիտասարդի նման անմիջապես ցատկեց վագոնից, ընդառաջ եկավ նրան, եւ երկուսն էլ ժպտադեմ, ջերմորեն ու բարեկամաբար իրար ձեռքեր թոթվեցին եւ… համբուրվեցին։ …Նույն օրը երեկոյան հանդիպեցինք Արամին։ «Այո՛, այս ժողովրդի փրկության համար համբուրեցինք մինչեւ իսկ Խալիլին»,- հառաչանքով ասաց Արամը» (Արամը, Ե., 1991, էջ 492, ընդգծումը հուշագրողինն է)։
74. Թուրքերեն՝ «նահանգապետ»։
75. Տարօրինակ զուգադիպությամբ, Արեւմուտքի արդարացի վերաբերմունքն ակնկալող հայ ցուցարարները նույնը կրկնեցին 2008թ. մարտի 1-ին, արդեն իրենց անկախ հայրենիքի մայրաքաղաքում, երբ տարերայնորեն հավաքվեցին Երեւանում Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ռուսաստանի դեսպանատների մերձ հրապարակում՝ հավանաբար հուսալով, որ իշխանությունները չեն հանդգնի եվրոպական դեսպանական կորպուսների աչքի առջեւ ապօրինությունների դիմել, ինչպես դիմել էին նույն օրվա առավոտյան՝ լույսը չբացված, Երեւանի Ազատության հրապարակում։ Սակայն իշխանությունները ոչ միայն ապօրինությունների դիմեցին, որի հետեւանքով, ըստ պաշտոնական տվյալների, 10 մարդ զոհվեց, այլեւ հետագայում՝ 7-8 տասնյակ անմեղ քաղաքացիների եւ քաղաքական գործիչների դատավարությունների ժամանակ այդ դեսպանությունների երկրներն առնվազն փաստերի ներկայացմամբ միջամտելու առումով պահպանեցին քար լռություն, թեեւ ամեն բան կատարվել էր իրենց աչքի առջեւ, եւ բացառված է, որ տեսագրություններ կամ լուսանկարներ չունենային։ Մեկ անգամ եւս փաստվում է, որ պատմությունից դասեր չքաղողները դատապարտված են նրա ողբերգական դրվագները մշտապես վերապրելու. տվյալ դեպքում չսերտած դասն այն է, որ նույնիսկ արեւմտյան պետությունների շարժիչ ուժն առաջին հերթին սեփական պետական շահն է, որին նոր կարող է հաջորդել կամ չհաջորդել որոշակի արժեքներին նվիրվածությունը։
76. Լեոյի այս գործում հաճախ են հանդիպում բառերի երկրորդային իմաստների գործածության դեպքերը. մանավանդ տերմինների հարցում դա ընդունելի չէ։ Դիցուք, այստեղ հարկ էր օգտագործել «ավանդապահ» բառը, քանի որ «պահպանողական» տերմինը քաղաքագիտական նշանակություն ունի։
77. Լեոն, չնայած խորհրդային սկսված գաղափարական մամլիչի ժամանակաշրջանին, ճշգրիտ բնորոշում է ի սկզբանե կողմնորոշումների ճիրանում հայտնված հայ կուսակցական-քաղաքական միտքը, որ համակարգվեց ու մտածողություն դարձավ ոչ միայն խորհրդային պատմագիտության համար, այլեւ հետագայում անկյունաքարի դերի հավակնեց Ղարաբաղյան շարժման արշալույսին (1988-ի փետրվար-հուլիս)՝ շարժման նոմենկլատուրային վաղ-առաջնորդների պատճառով։
78. Իսլամական տոն, որ նշվում է Իբրահիմի (Աբրահամ) կողմից իր որդի Իսհակին (Իսահակ) լեռան վրա Աստծուն զոհաբերելու պատրաստակամության առթիվ. այդ օրը մուսուլմանները «գուրբան» (մատաղ) են անում՝ գառներ մորթելով։
79. Համբարձում Պոյաճյան (Մեծն Մուրադ) (1860-1915) - Մասնակցել է Գում-Գափուի ցույցին, ղեկավարել 1894-ի Սասունի ինքնապաշտպանությունը, ձերբակալվել, ենթարկվել կտտանքների, ցմահ աքսորվել, 1906-ին փախել է աքսորավայրից, իսկ 1908-ից դարձել օսմանյան խորհրդարանի անդամ՝ 1915-ին կիսելով հայազգի մյուս պատգամավորների ճակատագիրը։
80. Խոսքը 1860թ. ընդունված եւ 1863-ին սուլթանի կողմից փոփոխություններով հաստատված արեւմտահայերի Ազգային սահմանադրության մասին է, որ 1896-ին արգելվել է՝ կրկին գործել սկսելով 1908-ից։ Այն բավականին առաջադիմական մոտեցմամբ կարգավորում էր ներհայկական հարցերը, ինչպես նաեւ հարաբերությունները պետության հետ։ Իրականում հաստատվել է որպես «Հայ ազգի կանոնադրություն»։

I Գ.
81. Տեքստում թյուրիմացաբար գրված է «Սարգիս»։
82. Սարգիս Կուկունյան(ց) (1866-1914) – Ճեմարանական եւ համալսարանական կրթությամբ հայ ազատագրական շարժման գործիչ. նախապես գտնվել է հայ պահպանողականների ազդեցության տակ, այնուհետեւ ընկել ռուս նարոդնիկների եւ Գ.Արծրունու ազդեցության տակ։ Իր հայտնի արշավանքից հետո դատապարտվել է 20 տարվա բանտարկության եւ ուղարկվել Սախալին։ 1905-ին համաներմամբ ազատվելուց հետո Կովկասում դարձյալ շարունակել է գործունեությունը եւ կրկին ձերբակալվել 1909-ի փետրվարին (կարճ ժամանակ անց փախել է բանտից դաշնակցականների օգնությամբ), ապա՝ 1910-ի հոկտեմբերին (այդ ժամանակ՝ 1911-ին ինքն է Կամոյին օգնել փախչել Մետեխի բանտից)։ Այնուհետեւ տարվել է Օրյոլի բանտ, ուր եւ մահացել է։ Կուկունյանցի մասին կան դաշնակցական երգեր։
83. Տեքստում գրված է «Ախվարկ», այլ աղբյուրներ զանազան անուններ են նշում. թերեւս Սուրմալուի գավառի Հախվերիս կամ Հախվերին գյուղն է, ուր նաեւ հայեր են ապրել։
84. Նույնի մասին Մ.Վարանդյանի այս տողերը մեկնաբանման կարիք չունեն. «Նախ փոքրաթիվ ձիավորներ էին այդ քրդերը, եւ տղերքը քիչ մը հագեցուցին վրեժխնդրության ծարավը՝ զանոնք կոտորելով» (նշվածը, էջ 69)։
85. Դատավարության ժամանակ ռուսներն այն մեկնաբանեցին որպես «Միացյալ Հայաստան», մինչդեռ դատվողները նշում էին տարբեր կերպ՝ «Միություն Հայաստանի», «Միություն Հայրենասիրաց» եւ այլն։
86. Ռուսերեն՝ «Ռուս հեղափոխականների միություն (դաշնություն)»։
87. Ռուսերեն՝ «դրոշակ»։
88. «Մշակ» թերթի անունից։
89. «Նոր-դար» ազգային-պահպանողական թերթի (1883-1916թթ.) անունից, որի հիմնադիրը եւ խմբագիրն էր Սպանդար Սպանդարյանը՝ Սուրեն Սպանդարյանի հայրը։
90. Քրիստափոր Միքայելյան (1859-1905) – Նախկին նարոդնիկ, ՀՅԴ երեք հիմնադիրներից, գաղափարախոսը, նաեւ «Դրոշակ» թերթի հիմնադիրը, զոհվել է ռումբ փորձարկելիս։
91. Սիմոն Զավարյան (1865-1913) – ՀՅԴ երեք հիմնադիրներից, մինչեւ կյանքի վերջը ՀՅԴ բյուրոյի անդամ, մասնագիտությամբ գյուղատնտես, քաղաքականություն է մտել պատանի հասակից՝ որպես նարոդնիկ։ Լեոն օգտագործում է «Սիմեոն» ձեւը, որ ուղղել ենք՝ հետեւելով դաշնակցական գրականությամբ ավանդվածին։

I Դ.
92. Խորեն Գալֆայան (Նար-Պեյ) (1832-1892) - Բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, եպիսկոպոս, հասարակական գործիչ։ Եղել է Բեռլինի կոնգրեսի հայկական պատվիրակության կազմում։
93. Գարեգին Սրվանձտյան(ց) (1840-1892) - Հայ առաջին եւ անգերազանցելի բանահավաքը, «Սասնա ծռեր» էպոսի առաջին գրառողը։ Եպիսկոպոս, որ մասնակցել է Վանի «Միություն ի փրկություն» (1872) գաղտնի կազմակերպության ստեղծմանը, «Սեւ խաչի» աշխատանքներին. հետապնդվել է օսմանյան իշխանությունների կողմից։
94. Շերեմետեւ Սերգեյ Ալեքսեեւիչ (1836-1896) – Կովկասի կառավարչապետ (1890-1896), գեներալ-համհարզ, գեներալ-ֆելդմարշալ։
95. Դաշնակցության հոգեւոր հայրերը համարվող (Քրիստափոր Միքայելյան, Սիմոն Զավարյան եւ Ռոստոմ) անձանցից Սիմոն Զավարյանը միակն էր, որ նախնական կրթությամբ (Լոռի, գյուղ Այգեհատ) հայկական միջավայրից էր, իսկ մյուսների՝ հայ իրականությունից որոշակիորեն կտրված լինելուն իրենց հուշագրություններում անդրադարձել են ժամանակի բազմաթիվ հայ մտավորականներ։
96. Թերեւս պետք է լինի «քաղաքակրթության» (՞)։
97. Ռոստոմ (Ստեփան Զորյան) (1867-1919) – ՀՅԴ երեք հիմնադիրներից, մասնագիտությամբ գյուղատնտես, քաղաքականություն է մտել որպես նարոդնիկ, ՀՅԴ ծրագրի տեսական մասի հեղինակը, «Դրոշակ» թերթի խմբագիր։
98. Լեզվական փոքր-ինչ վերլուծությունը ցույց է տալիս, որ այս եւ հետագա տողերի հեղինակները ոչ միայն ռուսահայեր են, այլ նաեւ ռուսական կրթությամբ անձինք, եթե իհարկե Լեոն ինքը միջամտություն չի կատարել մեջբերման մեջ, ինչը գրեթե անհավանական է։

I Ե.
99. Խոսքը ցայտող նավթի շիթի, շատրվանի, այսինքն՝ հանքահորի մասին է։
100. Առաջին նավթահորն այստեղ է փորվել, կա 14-րդ դարի ամրոց, փոքրիկ ավան էր Բաքվի մերձակայքում, ուր հայ-թաթարական սոսկալի բախումներ են եղել, ներկայումս Բաքվի վարչական կազմում է եւ Ադրբեջանի խոշորագույն աղբանոցը։
101. Մեծահարուստ հայ ընտանիք Ռուսական կայսրությունում. զբաղվել է նավթարդյունահանմամբ, բանկային գործունեությամբ եւ մեծածավալ բարեգործությամբ. ծագումով պարսկահայ։
102. Բաքուն եզերող նավթարդյունահանող ավանների գոտին էր այսպես կոչվում, ներկայումս Բաքու քաղաքի վարչական տիրույթում է։
103. Արչիբալդ Ֆիլիպ Պրիմռոուզ Ռոզբերի (1847-1929) - Անգլիայի լեյբորիստ վարչապետ 1894-1895-ին։
104. Ակնհայտ տպագրական վրիպակ կա (գրքում տպված է «Տրցաճյան», իսկ հատվածը վերատպած պարբերականները նշում են «Տրդատյան»). Մուրադ անունով հայտնի են բազմաթիվ հայդուկապետեր՝ երկուսը հնչակյան (Մեծն Մուրադ եւ Սեբաստացի Մուրադ), մնացյալը՝ դաշնակցական եւ ոչ շատ նշանավոր։ Այստեղ խոսքը հնչակյան Համբարձում Պոյաճյանի՝ Մեծն Մուրադի մասին է, ով հաճնեցի էր (տե՛ս սույն գլխի Բ մասի համապատասխան ծանոթագրումը)։ Հաջորդը Սեբաստացի Մուրադն է (1874-1918)՝ իսկական անվամբ՝ Մուրադ Խրիմյան (Կյուրիկյան), Սեբաստիայի Խորոխոն գյուղից։ Հնչակյան ամենանշանավոր գործիչներից, կրթություն է ստացել Պոլսում եւ Լոնդոնում։ Սասունի 1904թ. ապստամբության հերոսներից, Անդրանիկի կամավորական ջոկատում մասնակցել է Երզնկայի, Էրզրումի, Սարիղամիշի մարտերին։ 1918-ին Բաքվի կոմունայի զորքերի հայկական մասի հրամանատարն էր եւ զոհվեց այնտեղ թուրքական բանակի դեմ մարտում։ Հետայսու գրքում հանդիպողը բացառապես վերջինն է։ Գրքում այլ Մուրադներ չեն հիշատակվում։
105. Նիկոլայ Բ Ռոմանով (1868-1918) – Ռուսների վերջին կայսրը (1894-1917), նրա օրոք տեղի ունեցան հայ-թաթարական ընդհարումները, բռնագրավվեց Հայ եկեղեցու գույքը, փակվեցին հայկական դպրոցներ եւ պարբերականներ, հալածվեցին ու սպանվեցին հայ գործիչներ. իր ընտանիքի հետ միասին գնդակահարվեց 1918-ին, Եկատերինբուրգում։
106. Այս եւ հետագա հանդիպող դեպքերում «այսինչի մինիստրություն» արտահայտությունը պետք է հասկանալ որպես վարչապետի կաբինետ՝ նախարարների խորհուրդ։
107. Բեռլին-Բաղդադ երկաթուղու շուրջ բախվում էին բոլոր խոշոր տերությունների եւ կառույցների շահերը։ Սա ոչ միայն տնտեսական եւ ռազմա-ստրատեգիական նշանակություն ուներ, այլեւ առարկայորեն շոշափում էր հայության կենսական շահերը. Թեոդոր Հերցելն առանց հաջողելու խնդրեց սուլթանին, որ հրեաներին ազգային փոքրիկ օջախ տրամադրվի իրենց պատմական հայրենիքի մի հատվածում՝ դրա դիմաց ի շարս այլոց խոստանալով հոգալ անապատի միջով անցնելիք երկաթուղու շինարարության ահռելի ծախքերը։ Սուլթանը չհամաձայնեց։ Երկաթուղին սկսեց կառուցվել 1888-ին։ Դա Գերմանիայի գաղութատիրական քաղաքականության փորձն էր, որը բրիտանացիք ու ռուսները ֆրանսիացիների հետ ընդունեցին որպես ուղղակի սպառնալիք իրենց շահերին։ Թեեւ բրիտանացիները սկզբից փորձեցին համատիրություն սահմանել գերմանացիների հետ ու հավասար ներդրումներ անել, բայց նրանք դա դադարեցրին Առաջին աշխարհամարտի նախօրեին։ Այն ավարտվեց միայն 1940-ին։
108. Խոսքը Գերմանիայի երկրորդ եւ վերջին կայսր Վիլհելմ Բ-ի (1859-1941) մասին է, որ իշխել է 1888-1918թթ.։ Թոռն էր Վիլհելմ Ա Հոհենցոլեռնի (1797-1888), որ Պրուսիայի թագավորն էր 1861-ից եւ Բիսմարկի քաղաքական տաղանդի շնորհիվ՝ գերմանական կայսրը՝ 1871-ից։
109. Տե՛ս Հայաստանը միջազգային դիվանագիտության եւ սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում, նշվածը, էջ 130-147, 767, ինչպես նաեւ դրա համապատասխան հղումները։
110. Լոբանով-Ռոստովսկի Ալեքսեյ Բորիսովիչ (1824-1896) – Ռուս դիվանագետ՝ Ռյուրիկից սերող իշխանական տոհմից. 1859-1863թթ. Ռուսաստանի բանագնացը Կ.Պոլսում, 1867-1878 ՆԳ փոխնախարար, 1878-ին՝ դեսպան Կ.Պոլսում, 1879-1895թթ.՝ դեսպան Լոնդոնում, Վիեննայում, Բեռլինում, 1895-1896թթ. արտգործնախարար։ Սուլթանին ուժեղացնելու գծի կոմնակից։ Ըստ Լեոյի՝ «Հայաստանն առանց հայերի» կարգախոսի հեղինակն է։
111. Տեքստում գրված է Խանազադյան, որ ուղղել ենք. խոսքը «Հնչակ» թերթի համահիմնադիրներից Խանազատի (Ռուբեն, Նշան Կարապետյան) (1862-1929) մասին է, ով իրոք եղել է Գում-Գափուի կազմակերպիչներից։
112. Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցի Իզմիրլյան (1845-1910) – Խրիմյան Հայրիկի անձնական քարտուղար, Եգիպտոսի թեմի առաջնորդ, 1894-96թթ. Կ.Պոլսի պատրիարք (Մատթեոս Գ անունով), 1896-ին աքսորվել է Երուսաղեմ, 1908-ին վերստին պատրիարք, նույն թվականին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս (Մատթեոս Բ անունով)։
113. Ամֆիտեատրով Ալեքսանդր Վալենտինովիչ (1862-1938) – Ռուս գրող, քննադատ, խմբագիր, անվանել են «ռուսական Էմիլ Զոլա»։ 1889-ին աշխատել է Թիֆլիսի «Նովոյե օբոզրենիե» թերթում (այստեղ է աշխատել նաեւ Քրիստափոր Միքայելյանը)։ Հրապարակումների պատճառով երկու անգամ ձերբակալվել եւ աքսորվել է։ Խորհրդային իշխանությունից ընտանիքի հետ 1921թ. նավակով փախել է Ֆինլանդիա։ Հայրն է երաժիշտներ Դանիել, Մաքսիմ, Ռոման Ամֆիտեատրովների եւ նշանավոր գրող-լրագրող Վլադիմիր Ամֆիտեատրով-Կադիշեւի։
114. Ֆրանսերեն՝ «Կոտորեցե՛ք, Ձերդ մեծություն, կոտորեցե՛ք»։
115. Գաբրիել Հանոտո (1853-1944) – Ֆրանսիայի արտգործնախարար 1894-1895-ին եւ 1896-1898, Աբդուլ-Համիդի մտերիմը, ֆրանսիական ակադեմիայի պրեզիդենտ, պատմագիտական ուսումնասիրությունների հեղինակ։

I Զ.
116. Անդրեաս Արծրունի (1847-1898) - Գրիգոր Արծրունու եղբայրը, քիմիայի դոկտոր, նշանավոր երկրաբան, բազում գյուտերի հեղինակ, եվրոպական մի շարք համալսարանների պրոֆեսոր, Պետերբուրգի, Թուրինի, Բավարիայի ակադեմիաների թղթակից անդամ, նրա անունով է կոչվում «Արծրունիտ» միներալը։ Զբաղվել է նաեւ հայագիտությամբ, ազգագրությամբ, հովանավորել է եղբոր «Մշակ» թերթը նաեւ նրա մահից հետո։
117. Բաժանմունքի վարիչ ցարական ժամանակների հիմնարկներում։
118. Ակնունի (Խաչատուր Մալումյան) (1860-1915) – Հրապարակախոս, թարգմանիչ, ծնունդով մեղրեցի։ Սպանվել է Հարություն Ճանկյուլյանի, Ռուբեն Զարդարյանի, Խաժակի եւ այլոց հետ։
119. Ռուսերեն՝ «Նոր հայեցում (տեսություն, հանդես)»։
120. Ալեքսանդր Քալանթար (1855-1913) – Հարավային Կովկասում անասնաբուծական գիտության հիմնադիրը, նաեւ՝ գրող, թարգմանիչ, գրականագետ, թատերագետ, Կադետական կուսակցության անդամ, 1893-ից մինչեւ կյանքի վերջը խմբագրել է «Մշակը», գլխավորել է Հայ հրատարակչական ընկերությունը, նշանավոր թատերական գործիչ Լեւոն Քալանթարի հայրը եւ պրոֆեսոր, աշխատանքային հերոս Ավետիս Քալանթարի եղբայրը։
121. Այսպես էր կոչվում քայքայվող Օսմանյան կայսրության տարածքներով Մերձավոր արեւելք, նաեւ Հյուսիսային Աֆրիկա եւ Հնդկական օվկիանոս դուրս գալու հարցը մեծ տերությունների համար, որի պատճառով մրցակցում էին միմյանց հետ եւ շահարկում կայսրության ժողովուրդների ազատագրական իղձերը. աշխարհագրության բերմամբ՝ Արեւելյան հարցի մաս էր կազմում Հայկական հարցը։
122. Ակնառու տառատեսակ, որով 1467թ. տպվել են Ցիցերոնի նամակները։


ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ

II Ա.
123. Աբգար Հովհաննիսյան (1849-1904) - «Փորձ» եւ «Արձագանք» հանդեսների հիմնադիր եւ խմբագիր, Թիֆլիսի հայկական թատրոնի տնօրեն, Թիֆլիսի հայերեն գրքերի հրատարակության ընկերության նախագահ, թարգմանիչ, հրապարակախոս, փիլիսոփայության դոկտոր, ավարտել է Լայպցիգի համալսարանը, 1879-1904թթ. եղել է Թիֆլիսի փոխադարձ վարկի ընկերության բանկի կառավարիչ։
124. Լունկեւիչ Վալերիան Վիկտորովիչ (1866-1941) - Էսէռական կուսակցության լիդերներից, ծնվել է Երեւանում, ռուս ազնվական բժշկի ընտանիքում։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, կենսաբանության դոկտոր։ Հետապնդվել է ցարիզմի ժամանակ, խորհրդային իշխանության օրոք։ Թիֆլիսում եւ Բաքվում կազմակերպել է էսեռների եւ Դաշնակցության համագործակցությունը, Ժնեւում եղել է Ինտերնացիոնալի եւ ՀՅԴ-ի հովանավոր-կապավորը։ Մահացել է էվակուացիայի ճամփին, ամփոփված է Եկատերինբուրգում։
125. Ավետիք Սահակյան (Հայր Աբրահամ) (1865-1923) – ՀՅԴ ղեկավար անդամ, Անդրկովկասյան Սեյմի պարենավորման նախարար, Հայաստանի Առաջին Հանրապետության Խորհրդարանի առաջին նախագահ։
126. Անշուշտ, ցանկացած ազգային-ազատագրական շարժում կարող է հենվել միայն սեփական ժողովրդի զանգվածների եւ դրամատեր խավի վրա, քանի որ առաջինն իր մղումների, իսկ երկրորդը՝ սեփական շահի պատճառով ուզում է ազգային ազատություն. բայց քանի որ Դաշնակցությունն ի սկզբանե (ծրագրից դատելով) չի հետապնդել պետականության վերականգնման խնդիր, ուստի, բնականաբար, չէր կարող գիտակցել եւ գործողություն դարձնել վերոնշյալ մոտեցումը։
127. Ավետիս Ահարոնյան (1866-1948) - Դաշնակցական գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Ուսանել է Լոզանի եւ Փարիզի համալսարաններում։ Ազգային խորհրդի նախագահ, Առաջին Հանրապետության Խորհրդարանի պատգամավոր, ապա՝ նախագահ, ստորագրել է Սեւրի հաշտության պայմանագիրը։

II Բ.

128. Բառացի նշանակում է «Հայաստանի կողմում (օգտին, հայաստանամետ)»։
129. Ժորժ Կլեմանսո (1841-1929) - Բժիշկ, ակադեմիկոս, 1906-1909թթ. եւ 1917-1920թթ. Ֆրանսիայի վարչապետ, Վերսալի հաշտության պայմանագրի համահեղինակ։
130. Ժան Ժորես (1859-1914) - Ֆրանսիացի աջ սոցիալիստ, II Ինտերնացիոնալում ռեֆորմիստների ղեկավարներից, «Յումանիտե» թերթի հիմնադիր, սպանվել է I համաշխարհայինի նախօրյակին։
131. Անատոլ Ֆրանս (1844-1924) - Ֆրանսիացի գրող, լրագրող, հրապարակախոս, ակադեմիկոս, Նոբելյան մրցանակակիր։
132. Պիեռ Քիյար (1864-1912) – Ֆրանսիացի գրող, լրագրող, բանասեր, թարգմանիչ, հասարակական գործիչ, դասավանդել է հայկական վարժարաններում, Մարդու իրավունքների պաշտպանության լիգայի անդամ։
133. Արշակ Չոպանյան (1872-1954) – Նշանավոր բանասեր, գրող, խմբագիր, թարգմանիչ, Ռամկավար կուսակցության անդամ։
134. Ֆրանսերեն՝ «տարեկան կայուն հասույթ ունեցող»։
135. Թեոֆիլ Դելկասե (1852-1923) – Ֆրանսիացի քաղաքական գործիչ, 1894-1896թթ. եղել է գաղութների, 1898-1905թթ.՝ արտաքին գործերի, 1911-1913թթ.՝ ծովային, 1914-1915թթ. դարձյալ արտաքին գործերի նախարար։
136. Երկար սերթուկ։
137. Լայնեզր, գլանաձեւ գլխարկ։

II Գ.
138. Գոլիցին Գրիգորի Սերգեեւիչ (1838-1907) – Կովկասի կառավարչապետ 1896-1905-ին, մոր կողմով լեհ՝ ռուս նացիոնալիստ միապետական, ռուսիֆիկացման բիրտ մեթոդների կողմնակից, հալածել, ձերբակալել, աքսորել է հայ մտավորականների ու ազգային գործիչների, գրաքննել եւ փակել է հայկական պարբերականներ, բարեգործականներ, դպրոցներ, կառավարության որոշմամբ թալանել է Հայ եկեղեցին, պնդել է «Ամենայն հայոց կաթողիկոս» տիտղոսի վերացման մասին։ Հովանավորվել է Մեծ իշխան Միխայիլ Նիկոլաեւիչի կողմից։
139. Այստեղ հետաքրքիրը «փութացնել» բառն է. այսինքն՝ Լեոն գիտեր, որ Ռուսաստանի վերջնական նպատակն ազգերի ձուլումն էր, ռուսացումը, եւ խնդիրը միայն արագությունների մեջ էր։ Դա պատկերացնող հայ մտավորականը չէր կարող ունենալ ռուսական կողմնորոշում, օրհնել «ռսի ոտը»։
140. Հետագայում հայերս անընդմեջ ինքներս մեզ փորձեցինք համոզել (ոչ առանց խորհրդային քողարկված խրախուսման եւ ուղղորդման), թե այս նշանաբանի հեղինակային իրավունքը պատկանում է երիտթուրքերին։
141. Ռուսերեն՝ «Կովկաս»։
142. Ռուսական դրամական միավոր։
143. Խոսքը գրաքննության մասին է, որ պահպանվեց մինչեւ Խորհրդային կայսրության փլուզումը։
144. Իլյա Ճավճավաձե (1837-1907) – Վրացի իշխան, պետական պաշտոնյա, գրող, խմբագիր, հրապարակախոս, հայացքներով հեղափոխական-դեմոկրատ, գործողություններով՝ վրաց նացիոնալիստ. սպանվել է կասկածելի հանգամանքներում։ Վրացիների պաշտամունքի առարկաներից։
145. Ակակի Ծերեթելի (1840-1915) – Վրացի իշխան, գրող, խմբագիր, հրապարակախոս, հայացքներով հեղափոխական-դեմոկրատ, գործողություններով՝ վրաց նացիոնալիստ, անկախական։ Նրա «Կորչի» բանաստեղծությունը դարձել է հակառուսական հիմն, իսկ մի շարք ոտանավորներ՝ ժողովրդական երգեր։ Դարձյալ վրացիների պաշտամունքի առարկաներից։
146. Համարվում է վրաց հրապակախոսության եւ գրականության գագաթներից, ամենաեռանդուն հասարակական գործիչներից։ Կրթություն է ստացել Պետերբուրգում եւ Ցյուրիխում։ Կովկասյան ինքնավարության ջատագով էր։
147. Ահմեդ-բեկ Աղաեւ (1868-1939) – Ծնունդով շուշեցի արեւելագետ, իսլամագետ, իսլամիստ-լիբերալ, համարվում է ադրբեջանական մամուլի հայր, ադրբեջանական առաջին քաղաքական կուսակցության («Դիֆաի») հիմնադիր։ Կրթություն է ստացել Շուշիում, Թիֆլիսում, Պետերբուրգում, Փարիզում։ Համառուսական մուսուլմանական առաջին միության հիմնադիր։ 1909-ից տեղափոխվելով Թուրքիա՝ դարձել է երիտթուրքերի խորհրդարանի պատգամավոր, 1918-ին որպես Նուրի-փաշայի խորհրդական Բաքու գալով՝ ընտրվել է նաեւ Ադրբեջանի պատգամավոր։ Նրան անգլիացիք Փարիզի հաշտության կոնֆերանսին թույլ չտվեցին մասնակցել եւ աքսորեցին Մալթա։ Վերադարձից հետո մինչեւ կյանքի վերջն ապրեց Թուրքիայում՝ հրատարակելով «Ազատ մարդկանց երկրում», «Առանց հոգու անհնար է», «Ինչ եմ ես», «Պետություն եւ անհատականություն» եւ այլ գրքեր։ «Հայության ամենեն թունոտ ու կատաղի ոսոխներեն մեկը, միանգամայն ամենեն համոզված համաթուրանականը»՝ այսպես է նրա մասին գրում Միքայել Վարանդյանը (տե՛ս նշվածը, էջ 310)։
148. Նման բան Հայ եկեղեցին չէր տեսել ոչ մի անգամ՝ ո՛չ պարսիկների, ո՛չ արաբների, ո՛չ մոնղոլների, ո՛չ իսկ թուրքերի տիրապետության դարերում։
149. Ճիշտ նմանօրինակ հարաբերություններ էին հայ առաքելականների, հայ կաթոլիկների, հայ բողոքականների միջեւ. սա մեկ անգամ եւս ապացուցում է առաջին հայ կուսակցություններին տված Լեոյի բնորոշումը՝ աղանդներ։
150. Նիկոլ Աղբալյան (1873-1947) – Դաշնակցական տաղանդավոր գրականագետ, լեզվաբան, մանկավարժ։ Եղել է Առաջին Հանրապետության Խորհրդարանի պատգամավոր, լուսավորության եւ արվեստի նախարար։ Կոմունիստ Եղիշե Չարենցի առաջին գնահատողն է։
151. Ռուսերեն՝ «հրամանագիր»։
152. Պլեւե Վյաչեսլավ Կոստանդինովիչ (1846-1904) – Ռուս շովինիստ, զբաղեցրել է տարբեր բարձրագույն պաշտոններ, ընդհուպ՝ մինչեւ կայսրության ՆԳ նախարարի (համատեղությամբ եւ վարչապետի)։ Տենդագին զբաղվել է Ֆինլանդիայի ռուսիֆիկացիայով, կազմակերպել է հրեական ջարդեր (ամենաարյունալին Քիշինեւի ջարդն էր), եղել է կովկասյան ժողովուրդներին միմյանց դեմ թշնամացնելու եւ ընդհարումների տանելու գաղափարախոսը, Հայ եկեղեցու ունեցվածքը բռնագրավելու հրամանագրի հեղինակը, ձերբակալել եւ աքսորել է մեծաթիվ հայ մտավորականների եւ գործիչների, ճնշել է ազգային դիմադրության փորձերը։ Սպանվել է էսէռ ահաբեկչի ձեռքով՝ ի հատուցում Քիշինեւի բարբարոսության։
153. Պոբեդոնոսցեւ Կոստանդին Պետրովիչ (1872-1907) – Ռուս շովինիստ, զբաղեցրել է տարբեր բարձրագույն պաշտոններ. Հայ եկեղեցին թալանելիս եղել է Սինոդի գլխավոր դատախազը. աղանդ է համարել ոչ ռուս եկեղեցիներին (այդ թվում՝ Հայ), պաշտոնապես հետապնդել է կրոնական այլ համայնքներին, եղել է Արեւմտյան քաղաքակրթության մոլի թշնամի։
154. Ռուսերեն՝ «Աստված, պահպանիր ցարին»։
155. Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունն է, որ դարձավ Հայաստանի Առաջին եւ Երրորդ Հանրապետությունների պետական օրհներգը։
156. Լեոն ինքը բազմիցս նշում է, որ եվրոպական պետություններից յուրաքանչյուրն ուներ իր գերակա շահը եւ բնականաբար առաջին հերթին հետամուտ էր դրան, սակայն, այնուամենայնիվ, դառնացած կիրառում է «դավաճանել» բառը։
157. Ուրբաթ օրերին օսմանյան սուլթանները պալատից մեկնում էին մզկիթում աղոթելու. հրապարակում ամեն անգամ զինվորական պատվո պահակախումբը ողջունում էր։ Համիդ Բ-ի դեմ մահափորձը հենց այդ Ողջույնի՝ Սելամլըքի ժամանակ տեղի ունեցավ։
158. Ի դեպ, 21-րդ դարում Լա Հեյ քաղաքում իր մահկանացուն կնքեց սերբ առաջնորդ Միլոշեւիչը. այդ քաղաքի մեկուսարանում են հայտնվում նրանք, ովքեր մեղադրվում են մարդկության դեմ գործած հանցագործությունների մեջ։

II Դ.
159. Սվյատոպոլկ-Միրսկի Պյոտր Դմիտրիեւիչ (1857-1914) – Ռուս գեներալ, նահանգապետ, 1904թ. օգոստոսից (Պլեւեի սպանությունից հետո) մինչեւ 1905թ. հունվարի 18-ը՝ ՆԳ նախարար, մեղմացրել է ռեժիմը, մասնակի համաներում է իրականացրել, ծրագրել է ռեֆորմների փաթեթ, սակայն Արյունոտ կիրակիից հետո (1905թ. հունվարի 9) հրաժարական է տվել։
160. Նկատի ունի պաշտոնական մամուլը։
161. «Ուրանալ»-ի իմաստն այստեղ անհասկանալի է, թերեւս պետք է լինի «ավելի ազատ էր դառնում», «ուրախանում էր», «ուժեղանում էր» կամ նման մի այլ բան։
162. Հայ-թաթարական ընդհարումների կազմակերպիչ եւ թաթարներին բացեիբաց աջակցող այս վրացի իշխանը 1905թ. մայիսի 11-ին դարձավ երիտասարդ Դրոյի ահաբեկման զոհը։
163. Խորհրդային կայսրությունը նույնը կրկնեց 1988-ից ի վեր, երբ կազմակերպելով Սումգայիթի, Գանձակի, Բաքվի եւ այլ վայրերի ջարդարարությունը՝ հանգիստ եւ ուշացած դիտորդի դերում հանդես եկավ։
164. Թուրքալեզու ցեղախումբ է Ֆերգանայի, Սամարղանդի եւ Սիրդարիայի մարզերում, Լեոյի նկարագրած ժամանակներում հաշվվում էին մոտ մեկ միլիոն. ըստ որոշ ազգագրագետների՝ ուզբեկների, կիրգիզների եւ ղազախների նախնիներն են՝ իրանական նստվածքային շերտով։
165. Ռուսերեն՝ «Ինչի՞ս է պետք իմանամ, թե Թուրքահայաստանում խոտն ինչ բարձրության է աճում»։
166. Նիկոլ Դուման (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան) (1867-1914) – Առանձնահատուկ զինվորական շնորհով օժտված ռազմական գործի կազմակերպիչ, դաշնակցական խմբապետ։ 1897թ. Խանասորի արշավանքի ղեկավար, 1905թ. Բաքվի եւ Երեւանի ինքնապաշտպանական կռիվների կազմակերպիչ, իրանական հեղափոխության եւ II Ինտերնացիոնալի կոնգրեսի մասնակից։ Ինքնասպան է եղել Կիսլովոդսկում, ուր գնացել էր բուժման նպատակով։
167. Կոնկրետ տարածքի կամ իրար հետ կապված համայնքների մահմեդական կրոնական առաջնորդ։
168. Սատանա, չարք։
169. Արմենականների եւ դաշնակցականների ծրագրային տեսլականը Ճիշտ նույն տրամաբանության մեջ էր, ինչ Վահան Մամիկոնյանի պահանջը պարսից արքունիքից։

II Ե.
170. Վորոնցով-Դաշկով Իլարիոն Իվանովիչ (1837-1916) – Կոմս, գեներալ, 1905-15թթ. Կովկասի փոխարքա, նրա օրոք շարունակվեցին հայ-թաթարական ընդհարումները, նրա պնդմամբ 1905թ. վերադարձվեց Հայ եկեղեցուց բռնագրաված գույքը, Ռուսաստանը 1913-14թթ. ստանձնեց Թուրքիայում Հայկական բարենորոգումների անցկացման նախաձեռնությունը, 1914-ից ստեղծվեցին հայկական կամավորական զորամիավորումները։
171. Փոքրիկ բանվորական ավան էր Բաքվի մերձակայքում. ներկայումս Բաքվի վարչական տիրույթում է, խոշորագույն երկաթուղային հանգույց է։
172. Նմանատիպ միջոց կիրառվում է ոչ միայն պետություն չունեցող, բայց դրա հավակնությունն ունեցող ժողովուրդների կողմից, այլեւ պետականությունների արշալույսին. երկու աշխարհամարտերի միջով անցած Եվրոպայում էթնիկ զտումներ եղան 20-21-րդ դարագլխին՝ Հարավսլավիայում։ Էթնիկ զտումերի բարբարոս եւ կոշտ միջոցին չդիմելու հարցում ներկայումս կարող են պարծենալ միայն այն երկրներն ու ժողովուրդները, որոնք նախապես են արել դա, բայց շրջանցել, միեւնույն է, չեն կարողացել։ Հարավային Կովկասում դրան ականատես եղանք 1990-ականներին, երբ Ադրբեջանից դուրս մղվեցին հայերը, իսկ Հայաստանից՝ ադրբեջանցիները. Վրաստանում՝ տարբեր միջոցներով վրացացման զանգվածային գործընթացը սկսվել է դեռ Վրաստանի Առաջին Հանրապետության ժամանակներից եւ խորհրդային շրջանի սկզբից։
173. Դա ռուսական պետությունն իրականացրեց մի փոքր ուշ՝ մահմեդական բնակչության ձեռքով երկու անգամ սոսկալի կոտորածներ սարքելով, որից հետո նույնիսկ վերաբնակեցման կարիք չկար։ Շուշին իր ռազմա-ստրատեգիական դիրքով մշտապես գտնվել է ուշադրության կենտրոնում, այդ մասին շատ դիպուկ է արտահայտվել Կովկաս աքսորված ռուս բարձրաստիճան իշխան, թագուհու սիրեկան Պլատոն Զուբովը՝ իր «Ղարաբաղի աստղագետը կամ Շուշիի բերդի հիմնարկությունը» (Թիֆլիս, 1882, թարգմ.՝ Րաֆֆու) գրքում՝ գրելով. «Նա, ով իշխում է Շուշիին, իշխում է Ղարաբաղին». մի ճշմարտություն, որ նորովի բացահայտվեց խորհրդային իշխանությունների հրահրած եւ վեց տարի տեւած պատերազմի ընթացքում։
174. Այս «երեք ժամ», «երեք օր» արտահայտությունները, որպես խաբուսիկ արդարացում, մի տեսակ ճակատագրական են ռուսական քաղաքականության համար. նույնը կրկնվեց ԽՍՀՄ փլուզման նախօրյակին, երբ ընդամենն այդքան իբր ուշանում էին խորհրդային զորքերը՝ Սումգայիթում, Բաքվում, Գանձակում եւ Ադրբեջանի այլ տարածքներում կոտորվող հայ բնակչության կյանքը փրկելու։
175. Հին գերեզմանատուն։
176. Այսպիսի մոտեցումն օրինաչափ էր հայ հեղափոխականների մտածողության առումով. մի ֆիդայա-դաշնակցական երգում էլ նման տողերի ենք հանդիպում, որ մինչեւ այսօր շարունակում է պատմության խեղաթյուրման արմատավորման դեր կատարել՝ արգելակելով սթափ մտածողությունը. «Դաշնակցությունը հաղթեց սուլթանին, / Նոր արեւ, նոր կյանք պարգեւեց հային». մինչդեռ հայտնի է, որ սուլթան Աբդուլ-Համիդին գահընկեց անելու գործում Դաշնակցությունը միայն կրտսերագույն գործընկերոջ դեր է տարել երիտթուրքական կուսակցության համար, ոչ ավելին։
177. Ռուսերեն՝ «Քեզ վերցրու, Աստված, այն, ինչ ինձ պիտանի չէ»։

II Զ.
178. Խոսքը Նիկոլայ Բ-ի՝ 1905թ. հոկտեմբերի 17-ի «Պետական կարգի կատարելագործման մասին» մանիֆեստին է վերաբերում, որով արտոնվում էին որոշ ազատություններ։
179. Ցարական բանակի հեծյալ զորախմբի զինվոր, որ նաեւ հետեւակային է, վիշապազորի մարտիկ։
180. Լեոյի այս գրքի գրության պահին Հայաստանի առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին ճիշտ նույնպիսի վերնագրով գործ էր գրել։
181. Այս նախագիծը շուտով հանդիսացավ այն գայթաքարը, որ միմյանց բախեց արեւմտահայ եւ արեւելահայ, մարտական խմբերի մեջ եղող եւ մտավորական դաշնակցականներին։
182. Հ.Առաքելյանը հետագայում Ազգային բյուրոյի անդամ էր։
183. Ռուսերեն՝ «ջարդ», «կոտորած»։

II Է.
184. Ռուսերեն՝ «Ռուսաց խոսք»։
185. Ռուսերեն՝ «Սա փնջային կրակահերթ է»։
186. Ռուսերեն՝ «Հարավային համարներ»։
187. Թուրքերեն՝ «տղամարդ աղջիկ». ունի բացասական վերաբերման իմաստ։
188. Քամահրաբար՝ «ուկրաինուհի»։
189. Նույնանուն փողոց Մոսկվա գետի վտակ Պրեսնյայի ափին, ուր 1905թ. հեղափոխության ժամանակ տեղի են ունեցել արյունալի իրադարձություններ. 1918-ից՝ Կարմիր Պրեսնյա։
190. Ռուսներն այսպես են արհամարհական անվանարկում հայերին, ինչպես որ հրեաներին՝ «ջհուդ», ուկրաինացիներին՝ «խոխոլ» եւ այլն։
191. Ռուսերեն է, բառացի՝ «Տիկերի ակումբ», այստեղ՝ զբաղմունքի, թեթեւության վայր։
192. Ռուսերեն՝ «խռովարարության»։
193. Ռուսերեն՝ «խմբակ»։

II Ը.
194. Այս վրացի իշխանը Բաքվի նահանգապետ Միխայիլ Նակաշիձեի զարմիկն էր. ինքն էլ իր հերթին հրահրեց Գանձակի ջարդերը եւ ենթարկվեց ահաբեկչության։
195. Մաքսուդ Ալիխանով-Ավարսկի (1846-1907) – Ռուսական բանակի ազգությամբ ավար գեներալ։ Հայտնի էր խիզախությամբ եւ ճարպկությամբ։ Նպաստել է թուրքմենական Մերվի՝ Ռուսաստանին միացմանը, մասնակցել է 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմին, 1900թ. չինական արշավանքին, բանակցել է Պարսից շահի հետ։ Եղել է Թիֆլիսի, Քութաիսի ժամանակավոր գեներալ-նահանգապետ։ Հակահայ գործողությունների պատճառով 1907թ. հուլիսի 3-ին Ալեքսանդրապոլում դարձել է Դրոյի եւ դաշնակցական Մարտիրոս Չարուխչյանի ահաբեկչության զոհ։

II Թ.
196. Նույնանուն դաշնակցական ուղղվածության օրաթերթ Հայաստանի առաջին անկախության օրերին լույս է տեսել Երեւանում, իսկ 1925-ից՝ Փարիզում։
197. Այս դեպքերի մասին նույն՝ հուշագրության ժանրի ներսում տե՛ս նաեւ Ալ. Շիրվանզադե, Կյանքի բովից, հուշեր, Ե., 1982։
198. Ալիմարդան-բեկ Թոփչիբաշեւ (1862-1934) – Իրավաբան, խմբագիր, քաղաքական գործիչ, հմուտ դիվանագետ, Ռուսական կայսրության մուսուլմանների երեք համագումարների կազմակերպիչներից եւ գաղափարախոսներից, հարել է ռուսական նարոդնիկության ձախ թեւին։ Ռուսական առաջին Պետդումայում մուսուլմանական ֆրակցիայի հիմնադիր եւ ղեկավար, Ազգային խորհրդի նախագահ, Ադրբեջանական Հանրապետության հիմնադիրներից, Օսմանյան կայսրությունում, ՀՀ-ում եւ Վրաստանում Ադրբեջանի արտակարգ ներկայացուցիչ, արտգործնախարար, Խորհրդարանի նախագահ, Փարիզի հաշտության կոնֆերանսում (1919-20) ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Լոզանի կոնֆերանսի մասնակից, 1934-ին էմիգրացիայում ստորագրված Կովկասյան Կոնֆեդերացիայի գաղափարախոս։
199. Կարաբեկ Կարաբեկով (1874-1953) - Բժիշկ, «Իթթիհադ-ի-իսլամ» կուսակցության հիմնադիր, պանիսլամիստ, Ադրբեջանական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, գործակցել է եւ՛ բոլշեւիկների, եւ՛ ցարական պահնորդականի (նրա օգտին լրտեսություն անելով Թուրքիայում), եւ՛ երիտթուրքերի, եւ՛ Դենիկինի, եւ՛ ադրբեջանցի անկախականների հետ. անվանել են «քաղաքական շրջմոլիկ»։
200. Խոսքն այստեղ հասարակական կամ քաղաքական կազմակերպության մասին չէ, այլ ընդհանրապես ինստիտուցիոնալության։
201. Այս մասին միջոցառման անմիջական մասնակից Շիրվանզադեն գրում է. «Շիրվանզադե,- շարունակեց Աղաեւը ավելի մտերմաբար,- Բաքվի հայ ինտելիգենցիան տեղի-անտեղի պարծենում է, որ հայերը կուլտուրապես շատ եւ շատ բարձր են մեզանից։ Չեմ ժխտում, որովհետեւ այդ մասամբ ճիշտ է եւ միայն մասամբ։ Բայց եթե ենթադրենք, որ մենք՝ թուրքերս, չունենք ոչ մի կուլտուրական առաջացում, ապա չպիտի մոռանալ, որ մենք միեւնույն երկրում ենք ապրում կից առ կից։ Երբ հարեւաններից մեկը տեղից շարժվում է, մյուսն եթե անզոր է շարժվելու, երկու ձեռներով ծանր քարի պես կառչում է նրա ոտներին։ Դուք պարտավոր եք մեզ էլ ձեզ հետ վեր բարձրացնելու, այլապես մենք ձեզ էլ կքաշենք վար, եւ երկուսս միասին կխեղդվենք խավարի ճահճում» (նշվածը, էջ 238)։
202. Սրանք վկայում են, որ առավել գլոբալ, առնվազն տարածաշրջանային հայացքի տեր էին ադրբեջանցի առաջնորդները, ովքեր հասկացել էին քաղաքակրթության պահի թելադրանքը։ Հայ քաղաքական առաջնորդների, մտավորականների, այդ թվում եւ Լեոյի, հայացքը սահմանափակվում էր ազգային ինքնապահպանման խնդրի շրջանակում, որի լավագույն լուծումն ամենեւին էլ ինքնամփոփումը չէ։ Հայության մեջ առավել գլոբալ հայացքների կրողներ էին այդ շրջանում հայ սոցիալ-դեմոկրատները, որոնք, սակայն, քիչ էին եւ զուրկ սեփական կազմակերպական ձեւից։
203. Քաղաքական գործունեության համոզիչ կամ խելոք լինելու միակ չափորոշիչն արդյունքն է, ինչն առավել ծանրակշիռ դուրս եկավ, ցավոք, ադրբեջանցիների պարագայում։ Այսպիսի որակումներ տալով՝ Լեոն հակասում է իր որդեգրած «Պտուղով են ճանաչում ծառը» ավետարանական սկզբունքին։
204. Այս տերմինը պետք է ընկալել Լեոյի ժամանակների պատկերացմամբ։ Ընդհանրապես «հեղափոխություն» տերմինը ցայսօր ձեռք է բերում զանազան սահմաններ՝ ընդհուպ մինչեւ 21-րդ դարի «գունավոր» կոչվածները, որոնք հեռու են հեղափոխության դասական ընկալումից։
205. Ալեքսանդր Խատիսյան (1874-1945) – Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ (1919-1920), մինչ այդ եղել է Թիֆլիսի, Գյումրիի քաղաքապետ, Ազգային բյուրոյի փոխնախագահ, Սեյմի ֆինանսների նախարար, մասնակցել է Տրապիզոնի եւ Բաթումի բանակցություններին, ստորագրել է Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը, վտարանդիության մեջ համագործակցել է նացիոնալ-սոցիալիստների եւ Վիշիի մարիոնետային կառավարության հետ, գրել է «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» վերնագրով հուշագրություն (1930)։
206. Հրատարակությունում այս անհասկանալի արտահայտությունն առնված է չակերտների մեջ. խոսքը հավանաբար դրագունների մասին է։
207. Մարմնապատիժ, գույքագրավում. ցարական Ռուսաստանում եղել է հատուկ էկզեկուտոր՝ տնտեսական մասի աստիճանավոր, ով իրավունք ուներ բռնագանձելու, գույքագրավելու, մարմնապատժելու։
208. Այս նույն մոտեցումները Ղարաբաղը ճաշակեց նաեւ 20-րդ դարավերջին Գետաշենի ենթաշրջանում (տխրահռչակ «Կոլցո» գործողություն), Շահումյանի եւ այլ շրջաններում։
209. Մծբնա Հակոբ Հայրապետը 4-րդ դարի համաքրիստոնեական սուրբ է, ազգությամբ ասորի, Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին։ Ըստ ավանդության՝ գործել է հրաշքներ, Նոյյան տապանին տեսության գնալիս երբ ննջել է, Աստծո հրեշտակը նրան մատուցել է տապանից մի փայտակտոր, որ նրա Աջի հետ այժմ պահվում է Էջմիածնի վանքում։
210. Ռուսերեն՝ «յուրային»։
211. Խոսքը 1844-1854թթ. Կովկասի առաջին փոխարքա Միխայիլ Սեմյոնովիչ Վորոնցովի (1782-1856) մասին է։
212. Մեսրոպ Տեր-Մովսեսյան (1865-1939) – հասարակական գործիչ, հայագետ, Դորպատի համալսարանի շրջանավարտ, 1893-ից աբեղա, 1905թ. կազմակերպել է Զանգեզուրի եւ Նախիջեւանի ինքնապաշտպանությունը, Շուշիի թեմական դպրոցների, ապա՝ Գեւորգյան ճեմարանի տեսուչ, 1909-ից եպիսկոպոս, Ազգային բյուրոյի պատվավոր նախագահ, տարբեր տարիների եղել է Վիրահայոց, Աստրախանի, Իրանա-Հնդկաստանի թեմերի առաջնորդ. 1938-ին հրաժարվել է հոգեւոր կարգից։ Աճյունը Երեւանից 1989-ին տեղափոխվել եւ ամփոփվել է Էջմիածնի Սուրբ Գայանե վանքի գերեզմանատանը։
213. Ղարաբաղի բարբառով՝ թրք. «դուզ» (հարթ, ուղիղ) + հյր. «խոս», այսինքն՝ ճշմարտախոս. կողքով՝ հաստակող, համառ։
214. Ռուսերեն՝ «մորաքույր»։
215. Սամսոն Հարությունյան (1869-1941) – Կադետական կուսակցության անդամ, 1917-ից՝ Հայ ժողովրդական կուսակցության անդամ, ապա՝ փոխնախագահ, Կովկասի հայոց բարեգործական ընկերության նախագահ, Ազգային բյուրոյի նախագահ, Հայոց ազգային խորհրդի անդամ. Քաջազնունու կոալիցիոն կառավարության մեջ եղել է արդարադատության նախարար, պարենավորման նախարարի պաշտոնակատար։

II Ժ.
216. Ստոլիպին Պյոտր Արկադեւիչ (1862-1911) – 1906-ից Ռուսաստանի ՆԳ նախարար եւ միաժամանակ վարչապետ, համոզված միապետական, ռուս շովինիստ. դարձել է էսէռ ահաբեկչի զոհ։
217. Խոսքը 1863-ին ընդունված Ազգային սահմանադրության մասին է, որով թուրքահայերին տրվեց կրթական, եկեղեցական եւ ներազգային հարցերի որոշ ինքնավարություն։
218. Ֆրանսերեն՝ 1) գոյության իրավունք, գոյության իմաստ, 2) տրամաբանական հիմնավորում։
219. Արտաշես Չիլինգարյան (1883-1968) – Հայտնի է Ռուբեն Դարբինյան անվամբ, սովորել է Թիֆլիսում, Մոսկվայում, Հայդելբերգում, Մյունխենում։ Առաջին Հանրապետության ընթացքում եղել է արդարադատության նախարար, խորհրդայնացումից հետո ձերբակալվել է, ազատվել փետրվարյան ապստամբության շնորհիվ։ Բոստոնում հիմնել է «Հայրենիք» ամսագիրը։ 1991թ. Երեւանում հրատարակվեց նրա «Ռուսական վտանգը» արժեքավոր գրքույկը։
220. Լեոյի այս մոտեցումը՝ իբր ՀՅԴ-ն ազգային կամ ազգայնական կուսակցություն է, գերիշխող է եղել ե՛ւ Սփյուռքում (հիմնականում դրական մոտեցմամբ), ե՛ւ Խորհրդային Հայասատնում (միայն բացասական վերաբերումով). այն գերիշխող է նաեւ ներկայում։ Լեոն ինքը նախընթացում ցույց տվեց, որ ՀՅԴ-ն հիմնողները ռուսակիրթ, ժամանակի արեւմտյան ուղղություններով տարվածներ էին, որոնց պետք եղավ նաեւ ազգային երանգ պատվաստել խառնիճաղանջ, հիմնականում սոցիալ-հեղափոխական (էսէռական) գաղափարախոսությանը։ Ազգային երանգը երբեմն խտացել, երբեմն մարել է՝ նայած հանգամանքների պարտադրմանը։ Սրա հավաստումը տե՛ս նաեւ քիչ ներքեւում։ Ավելորդ չէ մեջբերել Վարանդյանի հետեւյալ խոստովանությունը. «Կուսակցությունը կշարժեր, մի խոսքով, այն գաղափարներով ու կարգախոսներով, զոր կառաջադրեին Ռուսաստանի ու Կովկասի ամենեն զորավոր ընկերվարական կուսակցությունները» (նշվածը, էջ 398)։
221. Այս անունով երկու խմբապետ կա։ Առաջինը Միհրան Տամատյանն է (1863-1945), ով նախապես Հնչակյան կուսակցության անդամ էր, ապա՝ Սահմանադիր ռամկավար։ Մասնակցել է Գում-Գափուի ցույցին, եղել է Սասունի ինքնապաշտպանության կազմակերպման ղեկավարներից, Պողոս-փաշա Նուբարի Ազգային պատվիրակության անդամ, 1920-ին Կիլիկիայում հռչակել է անկախ հանրապետություն։ Երկրորդը բաբերդցի խմբապետ Միհրան (Գաբրիել) Քեշիշյանն է (?-1910), ով դաշնակցական էր, ղեկավարել է Մոսունի արշավանքը. հետագայում, չհամակերպվելով Դաշնակցության «Կովկասյան նախագծին», առաջ է բերել միհրանական անվանված շարժումը։ Դաշնակցությունը սպանել է միհրանականների, Միհրանը՝ դաշնակցականների։ Արդյունքում Միհրանը համագործակցել է ռուսական իշխանությունների հետ՝ մատնելով բազում հայերի։ Սպանվել է դաշնակցական ահաբեկչի ձեռքով։ Հետայսու խոսքը երկրորդի մասին է։
222. Մ.Վարանդյանը գրում է, որ թիֆլիսեցի մեծահարուստ Մելիք-Ազարյանը, ով նաեւ բանտարկվել է «Դաշնակցության գործով», «ստանձնած էր Հ.Յ.Դաշնակցության դրամներու փոխադրությունը կամ պահպանումը, թուրք-հայկական կռիվներու միջոցին» (նշվածը, էջ 524)։
223. Խոսքը սրբագրման նախնական նմուշօրինակի մասին է, ոչ տպարան ուղարկվելիք վերջնական ազդօրինակի։

II ԺԱ.
224. Գերմանացի պատմաբան եւ հրապարակախոս Վիլհելմ Բլոսսը հեղինակն է «Հեղափոխությունը Գերմանիայում (Գերմանական շարժման պատմությունը 1848-1849թթ)», «Ֆրանսիական հեղափոխության պատմություն» աշխատությունների. լինելով սոցիալիստ՝ նամակագրական կապի մեջ է եղել Մարքսի եւ Էնգելսի հետ։
225. Ժոզեֆ Էռնեստ Ռենան (1823-1892) – Ֆրանսիացի պատմաբան, հնագետ, «Քրիստոնեության ծագման պատմություն» ութհատորյակի, բազմաթիվ այլ աշխատությունների հեղինակ, որոնք ժամանակին սկանդալների առիթ են տվել ֆրանսիական հասարակության մեջ։ «Միայն գիտությունն է ունակ լուծելու բոլոր հարցերը եւ ժամանակի ընթացքում այն կփոխարինի կրոնին» մտքի հեղինակ։
226. Դավիթ Ֆրիդրիխ Շտրաուս (1808-1874) - Գերմանացի փիլիսոփա, պատմաբան, կրոնագետ, հրապարակախոս. նրա հիմնական «Հիսուսի կյանքը» եւ մյուս գործերն ու գործունեությունը հուզումների առիթ են հանդիսացել։
227. Այստեղ՝ բարձրաոճ, պոռոտախոս։
228. Ռուսերեն՝ «Ծառայությունը ծառայություն, բարեկամությունը՝ բարեկամություն»։
229. Խմբապետ Սեպուհ (Արշակ Ներսեսյան) (1872-1940) - Արեւմտահայ նշանավոր հայդուկ, մասնակցել է Խաստուրի մարտին, Գանձակի եւ Բաքվի հայերի ինքնապաշտպանական կռիվներին, հայկական կամավորական շարժմանը, բոլշեւիկների մայիսյան ապստամբության ճնշմանը։ Գրել է «Էջեր իմ յուշերէն» վերնագրով գիրք (Բոստոն, 1929)։


ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ

III Ա.
230. Շփոթության առիթ չտալու համար՝ հետայսու՝ «երիտթուրքեր»։
231. Ռումինացի։
232. Վրացի։

III Բ.
233. Գերմաներեն՝ «Մխիթարյան փողոց»։
234. ՀՅԴ-ն այդ շրջանում, դժբախտաբար, դեռ չուներ անկախ պետականության վերականգնման ծրագրային խնդիր, ինչպես նաեւ՝ Թուրքիայում հայերին զինելու հարցում Դաշնակցության խանդավառությունը կորել էր երիտթուրքերի հետ համագործակցության ընթացքում, որ կարող էր շահեկան լինել 1915-ին եւ հետագայում՝ արդյունավետ ինքնապաշտպանություն կազմակերպելիս։

III Գ.
235. Միքայել Վարանդյան (1872-1934) – ՀՅԴ բյուրոյի անդամ, II Ինտերնացիոնալի մասնակից, քաղաքական տեսաբան, «Հ.Յ.Դաշնակցութեան պատմութիւն» անավարտ աշխատության եւ այլ գործերի հեղինակ։
236. Այստեղ՝ քամահրաբար՝ որոշում, խորհուրդ։
237. Համաշխարհային սոցիալիստական շարժման առաջնորդներ. բոլշեւիկների կողմից մեղադրվել են օպորտունիզմի եւ ռենեգատության մեջ։

III Դ.
238. Անկախ պետականության դրույթը Դաշնակցության ծրագրում հայտնվեց շատ ավելի ուշ՝ անկախ Հայաստանի գոյության փաստից հետո։ Ժողովրդին զինելն այդ շրջանում բացառապես հնչակյանների մենաշնորհն էր. ցավոք, բազմաթիվ են ժամանակակիցների վկայությունները, որ Դաշնակցությունն այդ շրջանում ուղիղ հակառակն էր անում, որ հետո՝ ցեղասպանության շրջանում չարաչար անդրադարձավ հայկական դիմադրության արդյունավետության վրա։
239. Ազգային, բուրժուական-պահպանողական ուղղվածության քաղաքական, գրական, գիտական օրաթերթ, լույս է տեսել 1896-1918թթ. Կ.Պոլսում։ Աշխատակցել են արեւմտահայ մշակույթի ամենախոհեմ ներկայացուցիչները։ Բյուզանդ Քեչյանը (1859-1927) ձերբակալվել է 1915թ. ապրիլի 24-ին, Թալեաթի հատուկ թույլտվությամբ 8 մտավորականների հետ վերադարձվել է Կ.Պոլիս։ Այնուհետեւ անցել է Բուլղարիա։
240. Թալեաթ-փաշա (1874-1921) - Երիտթուրքական եռապետության անդամ, ՆԳ նախարար, Մեծ վեզիր, ցեղասպանության հիմնական կազմակերպիչը։ Գնդակահարվել է դաշնակցական Սողոմոն Թեհլերյանի կողմից, Բեռլինում։

III Ե.
241. Գարեգին Խաժակ (Չագալյան) (1867-1915) – Ուսուցիչ, խմբագիր, քաղաքական գործիչ, ծնունդով Ալեքսանդրապոլից, Մեծ եղեռնի զոհ՝ Ակնունու, Զարդարյանի եւ այլոց հետ։
242. Ռուսերեն՝ «Թիֆլիսյան թերթիկ»։
243. Խաչատուր Կարճիկյան (1882-1918)- Ազգային խորհրդի դաշնակցական անդամ, Անդրկովկասյան կոմիսարիատում, Սեյմում եւ Քաջազնունու կառավարություններում զբաղեցրել է ֆինանսների (վերջում՝ խնամատարության) նախարարի պաշտոն, անկախության հռչակման կողմնակից, սպանվեց դաշնակցական Եգոր Տեր-Մինասյանի ձեռքով։ Վրացյանը գրում է. «Կարճիկյանի մահով ոչ միայն Հայաստանն էր զրկվում իր ամենախոշոր պետական մի գործչից, այլեւ բովանդակ Կովկասը… Արամից հետո, առաջինն էր՝ կոչված կերտելու Հայաստանի պետական շենքը» (տե՛ս Ս. Վրացյան, Հայաստանի Հանրապետություն, Ե., 1993, էջ 208)։
244. Եփրեմ Դավթյան (Եփրեմ-խան) (1868-1912) – Կուկունյանցի արշավանքի մասնակից, ձերբակալվել եւ աքսորվել է Սախալին, 1896թ. փախել է աքսորից, անցել Պարսկաստան, ուր Քեռու (Արշակ Գաֆավյան) հետ դարձել է 1905-1911թթ. իրանական հեղափոխության ղեկավարներից (այդ հեղափոխության 24 նշանավոր գործիչներից 16-ը հայ էին), 1909-ին նշանակվել է Պարսկաստանի Ժամանակավոր կառավարության զինված ուժերի հրամանատար։ Զոհվել է հեղափոխական մարտերի ժամանակ։


ԳԼՈՒԽ ՉՈՐՐՈՐԴ

IV Ա.
245. Երիտթուրքերի սահմանած այս 12 հոգիանոց պատգամավորական տեղերի նշագիծը Դաշնակցությունը կարողացավ հաղթահարել միայն 2007թ. ՀՀ ԱԺ «ընտրություններում»։
246. Այսինքն՝ հարցը երիտթուրքերից խլելու, վերցնելու, հեռացնելու։

IV Բ.
247. Ժամանակի գերմանական մամուլը հենց այդպես էլ գրում էր՝ ԲԲԲ։
248. «Մեզ» ասելով՝ հայազգի ռուսական պետական գործիչն ի նկատի ունի ռուսներին եւ ոչ թե հայերին։ Արձանագրված է նույնիսկ, որ մի առիթով, սաստելով ռուսական գորշ կարդինալ Պոբեդոնոսցեւին, Լոռիս-Մելիքովն ասում է. «… որովհետեւ ես ավելի ռուս եմ»։ Սա շատ բնական է, եւ այպանելի ոչինչ չկա. պարզապես ընկալել է պետք այս տրամաբանությունը։
249. Հայաշատ քաղաք Ռուսաստանի հարավում։
250. Այժմ՝ Աստրախան, ժամանակին հայաշատ քաղաք։
251. Սազոնով Սերգեյ Դմիտրիեւիչ (1860-1927) – Վարչապետ Ստոլիպինի կնոջ քրոջ ամուսինը լինելու հանգամանքով նշանակվել է արտգործնախարար (1910-16). պատկանել է կառավարության լիբերալ թեւին, Հայկական հարցը վերարծարծվել է իր օրոք, ձգտել է համաշխարհային պատերազմից հետո կայսրության համար ելք ապահովել դեպի Միջերկրական, եղել է Դենիկինի եւ Կոլչակի կառավարությունների անդամ։
252. Պողոս-փաշա Նուբար (1851-1930) – Ղարաբաղից Կ.Պոլիս գաղթած եւ հաջող ամուսնության շնորհիվ զավակների համար նպաստավոր դիրքեր ապահոված առեւտրականի որդի Նուբար-փաշայի (Եգիպտոսի արտգործնախարար, վարչապետ) որդին է, հասարակական քաղաքական գործիչ, Եգիպտոսի երկաթուղիների վարչության ընդհանուր տնօրեն, բարեգործ, ՀԲԸՄ-ի հիմնադիր, կաթողիկոսական նշանակմամբ հայկական միջազգային պատվիրակության ղեկավար 1913-ից. նրա կտակած միջոցներով է 1932-ին հիմնվել Նուբարաշեն ավանը (այժմ համայնք Երեւանում)։
253. Այստեղ՝ համահավաք, բազմազան տարրերի մեկտեղում։

254. Համաձայնելով ռուսական իշխանություններին տված Լեոյի բնութագրին՝ պետք է արձանագրել, սակայն, որ այս պատասխանը լրացուցիչ սթափության եւ քաղաքականության այբուբենն ընկալելու շահեկան կոչ կարող էր լինել, եթե հայ վերնախավն այն ընկալելու աստիճանին հասած լիներ, ինչի մասին պատմաբանը գրում է մի քանի տող ներքեւում։

IV Գ.
255. Տեքստում գրված է «Հերս», որ ճիշտ չէ։ Խոսքը 1882-1895թթ. Ռուսաստանի արտգործնախարար Նիկոլայ Կարլովիչ Գիրսի (1820-1895) որդի Միխայիլ Նիկոլաեւիչ Գիրսի (1856-1932) մասին է, ով 1911-1914թթ. եղել է Ռուսաստանի դեսպանը Կ.Պոլսում։ Վախճանվել է էմիգրացիայում։
256. Հովսեփ Արղության (1743-1801) - Զաքարյանների իշխանական տոհմի ներկայացուցիչ, արքեպիսկոպոս։ Ռուսաստանում գաղթական հայերի համար հիմնել է Նոր Նախիջեւան եւ Գրիգորիուպոլիս քաղաքները, մի շարք այլ բնակավայրեր։ Կապերի մեջ է եղել Վրաց եւ Ռուսաց արքունիքների հետ։ Ձգտում էր ռուսների օգնությամբ ստեղծել հայկական պետություն։ Ի դեպ, Լեոն 1902թ. Թիֆլիսում առանձին աշխատություն է հրատարակել նրա մասին։
257. Խոսքը 1844-1858թթ. եւ 1861-1866թթ. արեւմտահայ Բրուսայի (Բուրսայի) թեմի հոգեւոր առաջնորդ, 1858-1860թթ. Կ.Պոլսի հայոց պատրիարք Գեւորգ Բ Քերեստեճյանի (1813-1882) մասին է, ով դարձավ Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ Դ Կոստանդնուպոլսեցի՝ 1866-1882թթ.։
258. Մաղաքիա (Պողոս) Օրմանյան (1841-1918) – Պատմաբան, բանասեր, ազգային-պահպանողական հասարակական-քաղաքական գործիչ, խոշորագույն գիտնական, ազգագրագետ, 1896-1908թթ. Կ.Պոլսի հայոց պատրիարք. պաշտոնանկ է արվել երիտթուրքերի հեղափոխության հայ գործակիցների ձեռքով։ Անզուգակական «Ազգապատումի» հեղինակ։
259. Հայ բարձր հոգեւորականներ, տե՛ս համապատասխան Հավելվածները։
260. Դ-ր Պաուլ Ռոհրբախը (1869-1956) գերմանացի փիլիսոփա, աստվածաբան, արեւելագետ, հրապարակախոս եւ «նշանավոր գեոպոլիտիկ» է եղել (վերջին բնորոշումը ԽՍՀՄ հատուկ ծառայությունների կողմից հարցաքննված Գ.Նժդեհինն է), ինչպես նաեւ եղել է Գերմանա-թուրքական եւ Գերմանա-հայկական ընկերությունների գործուն անդամ, նաեւ՝ վերջինի նախագահը՝ Լեփսիուսից հետո։ Հաշվի առնելով Ռոհրբախի դիվանագետ (նա աշխատել է կայզերական արտաքին գործերի նախարարությունում, մասնավորապես՝ Աֆրիկայում գերմանական գաղութների վերաբնակեցման հարցերի ղեկավար – տե՛ս Ա.Հայրունի, Յոհաննես Լեփսիուսի առաքելությունը, Ե., 2002թ., էջ 67) եւ գերմանական շահերին նվիրված հայրենասեր լինելու հանգամանքները, բավականին հիմնավոր է հնչում Լեոյի այս տեղեկությունը։ Մյուս կողմից՝ արեւմտահայերին տեղահանելու եւ Բեռլին-Բաղդադ երկաթուղու երկայնքով բնակեցնելու գաղափարը որոշ ժամանակ եղել է ընդհանրապես համաեվրոպական գեոստրատեգիական մոտեցումների գզրոցում (այս մասին տե՛ս Թոմաս Էդուարդ Լոուրենս Արաբիացի, Այդ անտանելի հայերը, Պահպանողական կուսակցության «Շեմ» մատենաշար, թիվ 3, Ե., 2001թ. եւ երկրորդ հրատարակություն՝ 2004թ.)։
261. Այս իրադարձությունների փաստագրությունը տե՛ս «Հայաստանը միջազգային դիվանագիտական եւ սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում», էջ 149-368։
262. Գաբրիել Նորատունկյան (1852-1936) – Հայազգի դիվանագետ, 1875-ից աշխատել է Թուրքիայի արտգործնախարարությունում, 1912-13-ին եղել է Թուրքիայի արտգործնախարարը, եղել է «հայկական օջախի» կողմնակից։
263. Վահան Փափազյան (Կոմս) (1876-1973) – ՀՅԴ ղեկավար մարմնի՝ բյուրոյի երկարամյա անդամ, օսմանյան Խորհրդարանի պատգամավոր, Սասունի եւ Մուշի ինքնապաշտպանության կորստաբեր մարտավարության համահեղինակ (Ռուբեն Տեր-Մինասյանի հետ), Հայաստանի պաշտպանության խորհրդի նախագահ, գրել է «Իմ յուշերը» վերնագրով գիրք (Բոստոն, 1950), ուր մյուսների պես փորձել է արդարանալ։
264. Իզվոլսկի Ալեքսանդր Պետրովիչ (1856-1919) – Ռուսաստանի արտգործնախարար 1906-1910թթ., ի թիվս այլ դիվանագիտական պաշտոնների՝ Լոբանով-Ռոստովսկու ղեկավարությամբ աշխատել է Բալկաններում։
265. Ռայմոն Պուանկարե (1860-1934) – Ֆրանսիայի արտգործնախարար եւ վարչապետ 1912-13-ին, նախագահ՝ 1913-20-ին, կրկին վարչապետ՝ 1922-24-ին եւ 1926-29-ին։
266. Ֆրանսերեն՝ արտգործնախարարություն։
267. Անգլերեն՝ օտարերկրյա ծառայություն, գործակալություն։
268. Այս մասին Լեոն առավել մանրամասնորեն եւ հիմնավոր գրեց «Խոջայական կապիտալում» (Ե., 1934թ.), որտեղ այս երեւույթն անվանեց «կղերական դիվանագիտություն»։ Նույնը Վահան Տերյանը 1914թ. կարդացած իր նշանավոր զեկուցման մեջ («Հայ գրականության գալիք օրը», Ե., 1989թ., էջ 288-350), անվանել է «սեմինարիզմ»։
269. Ջեմալ-փաշա Ահմեդ (1872-1922) – Երիտթուրքական եռապետության անդամ, անմիջական մասնակցություն է ունեցել Մեծ եղեռնի իրականացման գործում։ 1919-ին Կ.Պոլսի ռազմական դատարանի կողմից հեռակա դատապարտվել է մահվան։ Թիֆլիսում սպանվել է Պետրոս Տեր-Պողոսյանի եւ Արտաշես Գեւորգյանի կողմից։
270. Սա չափազանց հետաքրքիր դիտարկում է, որ ցույց է տալիս, թե նույնիսկ հայ հոգեւորական միտքն էր դուրս քրիստոնեական էությունից, որի ավետարանական Ոսկե օրենքն է. «Վարվիր ուրիշի հետ այնպես, ինչպես կուզես, որ քեզ հետ վարվեն»։
271. Դեւիդ Լլոյդ Ջորջ (1863-1945) - Անգլիայի լիբերալ վարչապետ 1916-1922-ին։ Մինչ այդ զբաղեցրել է առեւտրի, ֆինանսների, ռազմաարդյունաբերության, ռազմական նախարարի պաշտոններ։ Նրա օրոք Իռլանդիայի մի զգալի մասը ստացավ դոմինիոնի կարգավիճակ։
272. Արիստիդ Բրիան (1862-1932) – Ձախ հոսանքի ֆրանսիական քաղաքական գործիչ, որ 6 անգամ վարչապետ է դարձել։ 1906-ին եղել է կրոնի, ապա կրթության եւ մշակույթի նախարար, 1909-1911-ին՝ վարչապետ, 1913-ին՝ կրկին վարչապետ, 1914-1915-ին փոխվարչապետ, 1915-1917-ին՝ կրկին վարչապետ եւ արտգործնախարար, 1921-ին՝ վարչապետ, 1925-1927-ին՝ արտգործնախարար եւ վարչապետ, 1929-ին՝ վարչապետ։ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է (1926)։
273. Թոմաս Վուդրո Վիլսոն (1856-1924) – ԱՄՆ 38-րդ նախագահը (1913-21) դեմոկրատական կուսակցությունից։ Նա քարտեզագծեց հսկայական Արեւմտյան Հայաստան, որը, սակայն իրականություն չդարձավ դաշնակցական Հայաստանի եւ քեմալական Թուրքիայի միջեւ կնքված պայմանագրի (Հայաստանը հրաժարվեց Սեւրի դաշնագրից), Հայաստանի խորհրդայնացման եւ այլ պատճառներով։ Վիլսոնի ջանքերով Հայաստանում բացվեցին մանկատներ, ցուցաբերվեց հսկայական օժանդակություն, ինչի շնորհիվ սովամահությունից փրկվեց Արեւելյան Հայաստանը՝ իր հոծ գաղթականությամբ։ Վիլսոնի հարցում Լեոն արդարացի չէ։
274. Ջորջ Նաթանիել Քերզոն (1859-1925) - Անգլիայի պահպանողական արտգործնախարար 1919-1925-ին։ «Անգլիան չունի մշտական դաշնակիցներ եւ մշտական թշնամիներ, Անգլիան ունի մշտական շահեր» արտահայտության հեղինակ։
275. Պոլ Դեշանել (1855-1922) – Նաեւ Ֆրանսիայի նախագահ, 1920-ին։
276. Նկատի ունի Ֆրանսիայի կողմից Կիլիկիան քեմալական Թուրքիային հանձնելը։
IV Դ.
277. Միքայել Պապաջանյան (1868-1929) – Ռուսական Պետդումայի կադետ պատգամավոր, Հայ ժողովրդական կուսակցության հիմնադիրներից եւ ղեկավարը, Ազգային Խորհրդի անդամ, Բաթումի պայմանագիրը ստորագրողներից, Ահարոնյանի եւ Խատիսյանի հետ Կ.Պոլիս մեկնած պատվիրակության անդամ։
278. Թուրքերն այսպես էին անվանում իրենց կայսրության եվրոպական մասը, ինչպես որ ասիականը՝ Անատոլու։
279. Սա եւս մեկ անգամ փաստում է, որ Արեւմուտքում դրված էր Թուրքիայի աստիճանական անդամահատման խնդիրը, եւ ամեն տերություն աշխատում էր, որպեսզի հայերին պարզապես ծառայեցներ այդ նպատակին՝ յուրաքանչյուրը հօգուտ իրեն. մի բան, որ պետական-կայսերական մտածողության տեր թուրք վերնախավը չհասկանալ ու չտեսնել չէր կարող՝ դրանից բխող համապատասխան վերաբերմունքով։
280. Արեւելահայ գրության ենք տառադարձրել հետեւյալ հատուկ անունները՝ Պուանկարե, Պետերբուրգ, Բալկանյան կոմիտե, Տաֆտ, եւ «բյուրո» բառը։


ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՈՐԴ

V Ա.
281. Մեզ ծանոթ չէ Լեոյի նշած այդ բրոշյուրը, սակայն աներկբա են նախ՝ Ռոհրբախի գերմանացի անդավաճան հայրենասեր ու բարձրաստիճան դիվանագետ լինելու (նա միաժամանակ եւ՛ Գերմանա-հայկական, եւ՛ Գերմանա-թուրքական ընկերությունների անդամ էր), երկրորդ՝ հայերի հանդեպ բավականին դրական վերաբերմունք ունենալու հանգամանքները. անշուշտ, առաջին հանգամանքը կարող էր սահմանային իրավիճակներում ստվերել երկրորդը, ինչի համար մեղադրել պետք չէ, այլ երեւույթներն ընդունել այնպես, ինչպես կան. Ռոհրբախի մասին տե՛ս Ա.Հայրունի, Պաուլ Ռոհրբախը եւ Հայաստանը, «Գիտության գլոբուս», Երեւան, 2004 թ., թիվ 4, էջ 62-70, որտեղից՝ մեր մոտեցման օգտին անենք հետեւյալ մեջբերումը. «Մի հայրենիքի համար (խոսքը Գերմանիայի մասին է – Մ. Հ.)« որը նման սոսկալի ոճրագործությունը (խոսքը Առաջին համաշխարհայինի ընթացքում կատարված հայկական ցեղասպանությանն է վերաբերում, որի մասին դոկտորն այդ ընթացքում ստիպված լռություն է պահպանում ու տվայտվում՝ ի տարբերություն անկրկնելի Յոհաննես Լեփսիուսի – Մ. Հ.) հանդուրժում է« ես նաեւ հետագայում չեմ դադարի գործել« բայց աշխարհի առջեւ այլեւս չեմ կարողանա նրան պատկանել»։
282. Խոսքը գերմանական կաթոլիկական հոգեւոր-ասպետական Տեւտոնական օրդենի մասին է, որ հիմնվել էր Պաղեստինում, խաչակրաց արշավանքների ժամանակ եւ հաստատվել Հռոմի Ինոկենտիոս Երրորդ պապի կողմից։
283. Ռուսերեն՝ «գուցե վերադառնամ»։
284. Խոսքը ռուսական կանոնավոր զորամիավորումներին ուղիներ ցույց տալուն կոչված ուղեկցողների մասին է։
285. Դեռ 100 տարի էլ չէր անցել այն օրից, երբ Ռուսաստանը հայտնվեց արեւելահայ տարածքներում, մինչդեռ արեւմտահայությունն ավելի քան 700 տարի ապրում էր մեկ այլ պետության՝ Օսմանյան կայսրության կազմում։ Այժմ նորեկ ռուսներին հավատարմություն էր հայտնվում նաեւ Թուրքիայի քաղաքացի արեւմտահայության անունից. կրկնակի ստանդարտների կիրառումը մեր տիպի ժողովուրդներին երբեք չի ներվում։
286. Ամենայն հայոց կաթողիկոսի այս խայտառակ նամակն իսկ բավարար է, որ մինչեւ վերջ համաձայնենք մեկ այլ հետազոտության մեջ («Խոջայական կապիտալ») Լեոյի տված ախտորոշմանը՝ «հայ կղերական դիվանագիտություն»։
287. Հետագայում մեկ այլ առիթով Սիմոն Վրացյանը կրկնեց այս միտքը՝ իր «Հայաստանի Հանրապետություն» գրքում ընտրելով այսպիսի վերնագիր՝ «Բոլշեւիկյան մուրճի եւ թուրքական սալի միջեւ» (տե՛ս նշվածը)։
288. Ռոմանով Նիկոլայ Նիկոլաեւիչ (1856-1929) – Ցարական ընտանիքի անդամ, Առաջին աշխարհամարտի սկզբում եղել է ռուսական զորքերի գլխավոր հրամանատարը, սակայն դժգոհությունների արդյունքում հեռացվել է եւ նշանակվել Կովկասյան ընդհանուր հրամանատար եւ Կովկասի վերջին փոխարքա (23.08.1915-09.03.1917)։
289. Մուրավյով Նիկոլայ Նիկոլաեւիչ (1794-1866) – Ռուս գեներալ, մասնակցել է 1812-1814թթ. ռուսական արեւմտյան արշավանքներին, 1826-28թթ. ռուս-պարսկական, 1828-1829թթ. եւ 1853-1856թթ. ռուս-թուրքական պատերազմներին (վերջինի ընթացքում Կարսը պաշարելու եւ գրավելու համար ստացել է Կարսկի պատվանունը), մասնակցել է լեհ ժողովրդի 1831թ. ապստամբության ճնշմանը, Վարշավայում իրականացրել է սոսկալի գազանություններ։ 1854-1856թթ. եղել է Կովկասի փոխարքան։
290. Լեոյի հեգնանքն ակնհայտորեն ունի նաեւ բառախաղային երանգ. եւ՛ Մեծ իշխան Ռոմանովն է Նիկոլայ Նիկոլաեւիչ, եւ՛ Մուրավյովը։
291. Վիլհելմ Երկրորդ Հոհենցոլեռնը Գերմանիայում իշխեց մինչեւ 1918թ. նոյեմբեր, ապա փախավ Հոլանդիա, ուր եւ պաշտոնապես հրաժարվեց գահից։
292. Հայ սթափ մտավորականների հիացմունքի առարկան են եղել լեհերը, որոնց հայրենիքը եւս բաժանված էր մի քանի տերությունների միջեւ, եւ որոնք նույնպես ենթակա էին իշխող ազգերի (մասնավորապես ռուսների) գազանություններին։ Վահան Տերյանը (տե՛ս վերոնշյալը) նույնպես հայ մտավորականների ցածրակարգությունը ցույց տալու համար որպես օրինակ է բերում լեհերին, որոնք իրենց երեխաներին կրթում էին ոչ թե ռուսերեն, այլ մայրենի լեզվով՝ դրա համար չխնայելով միջոցներ, ջանքեր եւ նվիրում։

V Բ.
293. Ֆրանսերեն՝ «գոյության իմաստ», «գոյության իրավունք»։
294. Քեռի (Արշակ Գաֆավյան) (1858-1916) – Ծնվել է Կարինում, մասնակցել է Կուկունյանցի եւ Խանասորի արշավանքներին, Պարսկաստանի հեղափոխությանը, եղել է Հայկական Չորրորդ կամավորական ջոկատի հրամանատարը, Արարատյան գնդի կազմում ազատագրել է Վանը, զոհվել է Ռեւանդուզի ճակատամարտում։ Նրա մահվան շուրջ հյուսված երգը թարմ է առ այսօր։
295. Համազասպ Սրվանձտյան (1873-1921) - Գարեգին Սրվանձտյանի եղբորորդին, վանեցի, սկզբում արմենական էր, այնուհետ՝ դաշնակցական։ Հմուտ հրամանատարի համբավ է ձեռք բերել 1905-1906թթ. հայ-թաթարական ընդհարումների ժամանակ Ղարաբաղում իր կազմակերպած հաջող մարտական գործողությունների շնորհիվ։ 1908-ին ձերբակալվել է, դատապարտվել մահապատժի, սակայն այն փոխարինվել է 15 տարվա տաժանակրության Սիբիրում, որտեղից փախել է 1913-ին։ Եղել է Հայկական Երրորդ կամավորական ջոկատի հրամանատարը, աչքի է ընկել տաղանդով եւ խիզախությամբ։ 1918-ին թուրքական ներխուժումից պաշտպանել է Բաքուն՝ գլխավորելով հայկական 3 հազարանոց զորամիավորումը։ Բաքվի կոմունայի անկումից հետո անցել է Պարսկաստան, ապա՝ Հայաստան՝ մասնակցելով երկրի պաշտպանությանը։ Բոլշեւիկ ճիվաղ Ավիս Նուրիջանյանի (ծանոթ էր Բաքվից) կողմից խաբեությամբ ձերբակալվել է եւ 1921թ. փետրվարի 17-ին կացնահարվել Երեւանի բանտում։
296. Գարեգին Փաստրմաճյան (Արմեն-Գարո) (1873-1923) – Բնագիտության եւ քիմիայի դոկտոր, օսմանյան Խորհրդարանի դաշնակցական անդամ, Դրոյի վիրավորվելուց հետո ղեկավարել է Հայկական Երկրորդ կամավորական ջոկատը։ Հայոց ցեղասպանության հեղինակ երիտթուրքերի պարագլուխներին մահապատժի ենթարկելու «Նեմեսիս» վրիժառուական գործողության ղեկավարներից։
297. Գորեմիկին Իվան Լոգգինովիչ (1839-1917) – Ռուս ազնվական պետական գործիչ, աջ հետադիմական, զբաղեցրել է փոխնահանգապետի, արդարադատության փոխնախարարի, ՆԳ փոխնախարարի եւ նախարարի պաշտոններ, 1906-ին եւ 1914-1916-ին եղել է վարչապետ, փետրվարյան հեղափոխությունից հետո 13 օրով ձերբակալվել է, հարցաքննվել, ազատ արձակվել. կնոջ, դստեր եւ փեսայի հետ սպանվել է Սոչիի մոտ գտնվող իր ամառանոցի վրա ավազակային հարձակման ընթացքում։
298. Այս եւ հետագա դեպքերում խոսքը Հայկական կամավորական 7-րդ (5-րդ) ջոկատի հրամանատար, դաշնակցական Հովսեփ Արղությանի (1863-1925) մասին է, ով անվանակիցն է Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանի. ունեցել է «Իշխան» ծածկանունը, թեեւ իրականում էլ սերում է ազնվականական Արղության տոհմից։ Ուսուցչություն անելու պատրվակով 1890-ին մեկնել է Տրապիզոն, սակայն ձերբակալվել եւ հանձնվել է ռուսներին։ Խանասորի արշավանքի ժամանակ եղել է հրամանատար Վարդանի օգնականը։ 1904-ին ձերբակալվել է նաեւ ռուսների կողմից՝ Գոլիցինի դեմ մահափորձի մեղադրանքով։ 1905թ. մասնակցել է Բաքվի հայերի ինքնապաշտպանությանը։ Եղել է ՀՀ Խորհրդարանի անդամ, դեսպան՝ Թեհրանում։
299. Սա քաղաքական, ռազմավարական լրջագույն ազգային հարցադրում է, որ ուղեկցել է հայության սթափ հատվածին՝ վերջին երկու հարյուր տարվա ընթացքում, եւ այսօր էլ՝ անկախ պետականության պարագայում, դժբախտաբար, դեռ չի կորցրել իր արդիականությունը։
300. Ճիշտ նույնպիսի պոռոտախոսությամբ (գունդ, բանակ եւ այլն) ճիշտ նույնքան թվեր (40 եւ 100 հազար) էին ի լուր աշխարհի հայտարարում մի քանի տասնյակ զինյալ ունեցող որոշ ջոկատներ 1988-ից սկիզբ առած Արցախյան շարժման սկզբում։ Այս անգամ, բարեբախտաբար, Շարժման առաջնորդները կարողացան հաշվարկված գործել եւ ոչ միայն սանձել 100-ամյա վնասկար պոռոտախոսությունը, այլեւ արձանագրել հաղթանակներ, որոնցից մեծագույնը եղավ 1920-ին տանուլ տված պետականության վերականգնումը։
301. Վանի վիլայեթի քրդաբնակ գավառակներ, ուր հայերը կազմում էին խիստ փոքրամասնություն եւ կոտորվեցին քրդերի կողմից։

V Գ.
302. Ադրբեջաներեն՝ «հավասարություն»։ Պանթուրքիստական (մասամբ՝ պանիսլամիստական) կուսակցություն, ստեղծվել է 1911թ., Բաքվում, հրատարակել է «Իսթիքլալ» (անկախություն) անունով թերթ։ 1918 թ. մայիսի 28-ից ստանձնել է Ադրբեջանի իշխանությունը, որ տեւել է մինչեւ 1920թ. ապրիլի 28-ը։
303. Թեեւ Դաղստանի լեռնցիներից եւ մասամբ թուրքերից կազմված էր մի «վայրենի դիվիզիա», բայց նա գործում էր արեւմտյան ճակատում (ծանոթ.՝ հեղինակի)։
304. Նույնը տեսնում ենք նաեւ Երկրորդ համաշխարհայինի տարիներին. ի տարբերություն թվով իրենց զիջող հայերի, որոնք աներեւակայելի չափով կամավորներ եւ 300 հազար զոհ տվեցին, ադրբեջանցիները զանազան պատրվակներով հնարավորինս խուսափեցին նույնիսկ պարտադիր զորակոչից։ Երկու կարեւոր հանգամանք եւս. ա) նրանք հաճույքով մտնում էին ոստիկանական ծառայության՝ դրանով կարելվույն չափ օգտակար լինելով իրենց ցեղակիցներին, բ) ադրբեջանցի ազգաբնակչությունը շատ քիչ տուժեց նախաստալինյան եւ ստալինյան ռեպրեսիաներից։
305. Ֆրանսերեն՝ «ի սրտե, հոգեհարազատ դաշինք»։
306. Միլյուկով Պավել Նիկոլաեւիչ (1859-1943) – Ռուս պատմաբան, հրապարակախոս, քաղաքական գործիչ, Կադետական կուսակցության հիմնադիրներից, 1917թ. փետրվարից ապրիլ՝ արտգործնախարար։
307. Բնագրում գրված է «ինքնուրույնություն», որ «ավտոնոմիա» բառի հայերեն ոչ ընդունված թարգմանությունն է։
308. Կարծում ենք՝ այստեղ Լեոն կա՛մ տուրք է տվել խորհրդային հակաանկախական պաշտոնական մտայնությանը (անհավանական է), կա՛մ խոսում են խորին ցավն ու հիասթափությունը. մեզ հայտնի չէ անկախությանը ՀՅԴ-ի հավաքական, պաշտոնական կողմնակցության որեւէ դեպք, եթե այն արդեն փաստ չէ (1918-ի Մայիսի 28-ին (30-ի՞ն), ինչպես ՀՅԴ առաջնորդներն են գրավոր վկայում, ստիպված հռչակվեց անկախությունը, իսկ 1990-1991թթ. աֆորիստիկ էր դարձել՝ «կողմ ըլլալով դեմ ենք» դաշնակցական արտահայտությունը)։ Իսկ առանձին անկախական անհատներ նույնիսկ բոլշեւիկների մեջ են եղել։
309. Սա լրիվորեն նույնն է, ինչ 1988-ին հայ պատվիրակությանը տված ռուս բարձր պաշտոնյայի՝ ժամանակին մեզանում ոգեւորությամբ շրջանառվող պատասխանը. «Ղարաբաղի հարցում հայերին սպասվում է մեծ ու կարմիր ապագա»։ Այդ ապագան եղան ա) Ադրբեջանի ամբողջ տարածքից հայաթափությունը (որ չէր հաջողվել տարածաշրջան առաջին քոչվորների հազարամյա վաղեմության մուտքից ի վեր), բ) ղարաբաղյան երկարամյա պատերազմը, գ) հազարավոր զոհերը (իրոք որ՝ կարմիր), դ) Հայաստանի զարգացման կախվածությունը Ղարաբաղի հարցից, ուստի եւ՝ Ռուսաստանից։ Կնշանակի՝ խնդիրն այստեղ անձանց՝ Նիկոլայ Բ-ի կամ Մ.Գորբաչովի մեջ չէ, այլ մեծ գերտերության ռազմավարության, ինչպես նաեւ դա չհասկանալու հայկական կրկնվող անընդունակության։
310. Մորիս Պալեոլոգը 1914-1916թթ. Ֆրանսիայի դեսպանն է եղել Սանկտ-Պետերբուրգում։
311. Խոսքը հետագայում՝ 1932-ից կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյան Տփղիսեցու (1873-1938) մասին է, ում Վեհարանում խեղդամահ արեցին ԿԳԲ-ականները։
312. Յուդենիչ Նիկոլայ Նիկոլաեւիչ (1862-1933) – Ռուս ազնվական գեներալ, 1912-ից պաշտոնավարել է Կովկասում, 1915թ. հունվարից Կովկասյան բանակի հրամանատար, 1917-ի ապրիլին հրաժարվել է կատարել կառավարության հրամանը՝ ռուսական զորքերը շարժել դեպի Իրաք՝ անգլիացիներին միանալու համար, որի պատճառով պաշտոնանկ է արվել։ 1919թ. գլխավորել է սպիտակգվարդիական Հյուսիս-արեւմտյան բանակը, ճեղքել բոլշեւիկյան բանակի պաշտպանությունը եւ հայտնվել Պետրոգրադից 20 կմ հեռավորության վրա, սակայն պարտվել է, նահանջել Էստոնիա, որտեղից էլ տարագրվել է Անգլիա։

V Դ.
313. Իսկական անվամբ Սարգիս Մեհրաբյան. եղել է Խանասորի արշավանքի հրամանատարներից, հայ-թաթարական ընդհարումների ժամանակ Շուշիի ինքնապաշտպանության ղեկավար, նրա հրամանատարությամբ միացվեցին Դրոյի 2-րդ, Համազասպի 3-րդ եւ Քեռիի 4-րդ կամավորական խմբերը՝ ստեղծելով Արարատյան ջոկատը, որն ազատագրեց Վանը։
314. Արամ Մանուկյան (1879-1919) – Վանի ինքնապաշտպանության ղեկավարներից, ըստ էության՝ Հայաստանի Հանրապետության հիմնադիրը, ով ստանձնելով դիկտատորական լիազորություններ՝ կարողացավ միայնակ իրականացնել մի կողմից՝ Հայաստանի Հանրապետության ողջ կառավարության (երկար ժամանակ Թիֆլիսից կառավարությունը չէր գալիս Երեւան) գործառույթները, մյուս կողմից՝ կազմակերպել մայիսյան հաղթական ճակատամարտերը։ Եղել է Առաջին հանրապետության ՆԳ նախարարը, վախճանվել է տիֆից, ամփոփված է Երեւանի Թոխմախի պանթեոնում, ուր խորհրդային ժամանակներում ԿԳԲ-ն դարանակալ հերթապահություն էր սահմանել։
315. Աբացիեւ Դմիտրի Կոստանդինովիչ (1859-1936) - Ազգությամբ օսեթ ռուսական գեներալ, սկսել է որպես շարքային կազակ՝ 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմում, մասնակցել է ռուս-ճապոնական պատերազմին, Առաջին համաշխարհայինի սկզբից Երեւանյան զորամիավորման եւ Կովկասյան 4-րդ, ապա 6-րդ բանակային կորպուսի հրամանատար, գրավել է Ալաշկերտի հովիտը եւ Բիթլիսը։ 1918-ի վերջից Ռուսաստանի Հարավի կամավորական բանակում եղել է լեռնային ժողովուրդների պատվավոր ներկայացուցիչը։ Էմիգրացիայում (Բելգրադ) եղել է Գեներալների խղճի եւ պատվի դատարանի անդամ, ապա՝ նախագահ։ Նրա մասին, որպես հայատյացի, գրում են այլք եւս։
316. Լեոն մի քանի տեղ օգտագործում է թուրքերի եւ ռուսների կողմից ընդունված «Մելազկերտ» ձեւը, որ ուղղել ենք։

V Ե.
317. Ռուբեն Տեր-Մինասյան (1881-1951) - Դաշնակցական պարագլուխ, Տարոնում գործել է 1906-ից, Սասունի 1915թ.՝ ռազմագիտական տեսակետից անհաջող կազմակերպած ինքնապաշտպանության ղեկավարն էր, որ հաջողեցրեց վերջում մի քանի զինյալի հետ ճեղքել թուրքական շղթան եւ փրկվել ռուսական կողմում, մինչդեռ մոտ 100 հազար հայ բնակչությունից միայն 15 հազարը ողջ մնաց։ Սեյմի ինքնալուծարման օրը՝ 1918թ. մայիսի 26-ին, որպես Ազգային խորհրդի անդամ, դեմ է եղել անկախությանը, որով եւ, ըստ Ս.Վրացյանի, այն հռչակվել է մայիսի 30-ին։ Եղել է ՀՀ պաշտպանության նախարար։ Գրել է բազմահատոր հուշեր։
318. Սա կատարյալ կեղծիք է, ոչ միայն սնապարծություն։ Նույն Ռուբեն Տեր-Մինասյանը, Կոմսը (Վահան Փափազյան) եւ առավել եւս ոչ դաշնակցական հուշագրողները չեն շրջանցում այն վեճը, որ կայացել էր ինքնապաշտպանությունը կազմակերպելու շուրջ. մշեցիներն առաջարկել էին պաշտպանել Մուշն ու դաշտավայրի բնակչությանը, սակայն հաղթել էր այն թեզը, թե թուրքերը չեն կոտորի կանանց եւ երեխաներին, ուստի պետք է նրանց թողնել տեղում, իսկ զենք վերցնելու ունակ տղամարդկանց բարձրացնել Սասունի լեռները եւ ապստամբել։ Չհամաձայնողները մնացել էին քաղաքում եւ կարողացել դիմադրել շատ կարճ ժամանակ ու զոհվել էին գլխովին։ Այս մարտավարության պատճառով է բնաջնջվել Մուշի դաշտի հայությունը։
319. Թյուրըմբռնումից խուսափելու համար ասենք, որ Լեոն ամենեւին էլ այն կարծիքին չէ, ինչպես նախընթաց եւ հետագա շարադրանքն է ցույց տալիս, թե պետք էր ապստամբությունը բարձրացնել ընտրովի տեղերում, ուր հայերը մեծամասնություն էին կամ կարող էին օգնություն ակնկալել դրսից։ Նա ընդհանրապես մերժում է Առաջին համաշխարհայինի տարիներին որդեգրված ապստամբական մոտեցումը՝ այն համարելով ռուսական խարդավանք, որ ներդրվեց հայ հեղափոխական կազմակերպությունների միջոցով։
320. Ակնհայտ տպագրական վրիպակ է. տեքստում՝ «Հիմրուտ», ուղղել ենք։
321. Ականատեսների վկայությունները եւ պատմական վավերագրերը բազմաթիվ են, որոնք ապացուցում են ռուսական այս նպատակաուղղված քայլը։ Դրանցից առավել հարուստը, թերեւս, Աղան Տարոնեցու «Տարոնապատում։ Պատասխանատուները Տարոնի եղեռնին» ուսումնասիրությունն է (Սան Ֆրանցիսկո-Բեյրութ, 1966), ուր, իհարկե, կատարվածի պատասխանատվության առյուծի բաժինը հասցվում է Ռուբեն Տեր-Մինասյանին, Կոմսին եւ ընդհանրապես Տարոն-Սասուն տարածքի դաշնակցական ղեկավարներին։

V Զ.
322. Հրատարակության մեջ տպված է «առելյերյաց ամայացած գյուղերը». ամենայն հավանականությամբ ունի՝ «դեպի եղեռնվածների ամայացած գյուղերը» իմաստը. ըստ այդմ դարձրել ենք՝ «առ եղերյաց…»։
323. Լեոն իր «Խոջայական կապիտալ» (լույս է տեսել հեղինակի մահից հետո, 1934թ.) աշխատության մեջ առանձին եզր է հատկացրել այս երեւույթին՝ կոչելով «հայ կղերական դիվանագիտություն»։ Այս վերնագրով վերոհիշյալ աշխատության մի հատվածը երկու անգամ վերատպվել է առանձին գրքույկով (առաջին անգամ՝ «Անահիտ» հայրենակցական բարեգործական ընկերություն, թվականն անհայտ է, հավանաբար 1988-1991թթ., եւ երկրորդ անգամ՝ Պահպանողական կուսակցության «Շեմ» մատենաշար, թիվ 7, Ե., 2002թ.)։

V Է.
324. Հավանաբար պետք է լինի Գաստոն Դումերգ, ով Ֆրանսիայի նշանավոր քաղաքական գործիչներից էր, վարչապետ՝ 1913-1914 եւ 1934 թվականներին։
325. Խոսքը Ֆրանսիայի կողմից Կիլիկիան Թուրքիային վերադարձնելու մասին է։
326. «Մեր» բառի փոխարեն այստեղ հարկ էր կիրառել «իրենց» բառը, այսինքն՝ ֆրանսիացիների, ֆրանսիական կառավարության։
327. Լեզվական անհարթություն կա. խոսքը ոչ թե կովկասյան արշավանքներին մասնակցած կամավորական թուրքերի մասին է, այլ Կովկաս անցած եւ ռուսական բանակի կամավորական դարձած թուրքահայերի մասին, որոնց կամավորական խմբերը լուծարվել էին ռուսական իշխանությունների կողմից։
328. Այսինքն՝ Ֆրանսիայի։
329. Սա եւս նույնն է, ինչ 1915-ին եւ 1988-ին տրված վերոծանոթագրյալ խոստումները՝ կոնկրետ ոչինչ։ Նույնն է նաեւ անորոշության հանդեպ մինչեւ վերջ հավատքը։ Տրամաբանական է, որ նույնը պետք է լիներ նաեւ հետեւանքը։
330. Եվ սա է հայ քաղաքական միտքը, որն այդպես էլ ունակ չեղավ հասկանալու (մինչեւ իսկ Մեծ եղեռնից հետո), որ երբեք եւ ոչ մի ժամանակ մարդկային պատմությանը հայտնի չէ, որ մի պետություն հանուն մեկ ուրիշ ժողովրդի հայրենիքի, ինչպես ձեւակերպված է պրոֆեսիոնալ քաղաքական գործչի որդու այս գրության մեջ, պատերազմ մղի։


ԳԼՈՒԽ ՎԵՑԵՐՈՐԴ

VI Ա.
331. Նիկոլայ Չխեիձե (1864-1926) – Ռուսական Պետդումայի պատգամավոր Թիֆլիսից (1912-1917), ռուսական մենշեւիզմի եւ քաղաքական մասոնականության ղեկավարներից, «Մեծ Արեւելքի» Գերագույն խորհրդի անդամ, փետրվարյան հեղափոխությունից հետո Պետրոգրադի սովետների ղեկավար, Անդրկովկասյան Սեյմի նախագահ, անկախ Վրաստանի Սահմանադիր ժողովի նախագահ։
332. Նոյ Ժորդանիա (1869-1953) - Ռուսական Պետդումայի պատգամավոր Թիֆլիսից, սոցիալ-դեմոկրատական ֆրակցիայի լիդեր, ազնվական, մենշեւիկ, Ստալինն իր գործունեությունը սկսել է Ժորդանիայի խմբակում, Անդրկովկասյան Սեյմի ղեկավար, անկախ Վրաստանի վարչապետ։ ճկուն, 180 աստիճանով փոփոխվելու ունակ գործիչ. դեմ լինելով Ռուսաստանից անջատվելուն, ինքն է անկախացրել Վրաստանը, նորմալ հարաբերություններ հաստատել գերմանացիների, ապա նրանց թշնամի անգլիացիների, նաեւ՝ բոլշեւիկյան Ռուսաստանի հետ, որի դեմ պայքարում էր։ Նրա հրամանով են 1920թ. հունիսին ոչնչացրել 18 հազար օսեթների։ 1924-ին կազմակերպել է վրացական ապստամբությունը։
333. Եվգենի Գեգեչկորի (1881-1954) – Ռուսական Պետդումայի պատգամավոր Քութաիսից, սոցիալ-դեմոկրատական ֆրակցիայի լիդերներից, 1917-ին Անդրկովկասյան ժամանակավոր կառավարության հատուկ կոմիտեի անդամ, Թիֆլիսի խորհրդի նախագահության անդամ, 1917-ի նոյեմբերից Անդրկովկասյան կառավարության նախագահ, անկախ Վրաստանի արտգործնախարար։
334. Այս ազգանվամբ առնվազն երկու վրացի նշանավոր ղեկավար է եղել, որոնցից երկուսին էլ կարող է խոսքը վրաբերվել։ Իսիդոր Ռամիշվիլին (1859-1937) Պետդումայի պատգամավոր էր Քութաիսից, մենշեւիկ, անկախ Վրաստանում զբաղեցրել է նախարարի պոստ, էմիգրացվել է 1921-ին։ Մյուսը՝ Նոյ Ռամիշվիլին (1881-1930), Վրաստանի անկախության հռչակումից հետո եղել է առաջին վարչապետը. նրա եւ Նոյ Ժորդանիայի անունների հետ է կապվում Շամխոր-Ելիզավետպոլում կազմակերպած նախճիրը։ Նրանք են զինել մահմեդականներին եւ զինաթափման պատրվակով գլխովին ոչնչացրել դեպի Ռուսաստան հեռացող ռուսական զորքերին։ Այդ մասին հատուկ հրապարակմամբ հանդես է եկել մինչեւ իսկ Ստալինը։
335. Ակակի Չխենկելի (1874-1959) – Ռուսական Պետդումայի պատգամավոր Կարսից, Բաթումից, Սուխումից, ռուսական մենշեւիզմի ղեկավարներից, ժամանակավոր կառավարության կոմիսար Անդրկովկասում, Անդրկովկասյան հատուկ կոմիտեի անդամ, Անդրկովկասյան ժամանակավոր կառավարության ղեկավար, Տրապիզոնի եւ Բաթումի անդրկովկասյան պատվիրակության ղեկավար, անկախ Վրաստանի արտգործնախարար, դեսպան Փարիզում։
336. Կերենսկի Ալեքսանդր Ֆեոդորովիչ (1881-1970) – Ռուս էսէռ պետական գործիչ, 1912-ին եղել է ՀՅԴ դատավարության փաստաբանը, նույն թվականից ռուսական քաղաքական մասոնականության ղեկավարներից, «Մեծ Արեւելքի» Գերագույն խորհրդի քարտուղար (1915-1917), Ժամանակավոր կառավարության արդարադատության (1917թ. մարտ-մայիս), ռազմական եւ ծովային (մայիս-սեպտեմբեր) նախարար, հուլիսից կառավարության ղեկավար, օգոստոսից՝ նաեւ գերագույն հրամանատար։ Մեռել է Նյու Յորքում. տեղի ռուսական եւ սերբական ուղղափառ եկեղեցիները հրաժարվել են նրա թաղումից. դիակը տեղափոխվել է Լոնդոն եւ ամփոփվել որեւէ հավատքի չպատկանող գերեզմանոցում։

VI Բ.
337. Ճակատագրի չար հեգնանքով՝ «երեք ճակատի» գաղափարը մտասեւեռում դարձավ ՀՅԴ-ի համար. այն գրեթե բառացի կրկնեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը՝ արդեն 21-րդ դարում։
338. «Սոցիալիստ-հեղափոխական»-ի (ռեւոլյուցիոներ) ռուսերեն հապավումն է։
339. Ստեփան Մամիկոնյան (1859-1921) – Հրապարակախոս, խմբագիր, նրա ղեկավարած Մոսկվայի Հայկական կոմիտեի առաջարկությամբ եւ պատվերով է հրատարակվել Վ. Բրյուսովի «Հայաստանի պոեզիան»։ «Հայ ամենամեծ հայրենասեր»՝ այսպիսի արտահայտություն է անում նրա մասին Ռուբեն Տեր-Մինասյանը (տե՛ս Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, հատոր 7, Թեհրան, 1982, էջ 137)։
340. Ռուսերեն՝ «ջարդերի գործերի նախարար»։

VI Գ.
341. Անշուշտ, այստեղ Լեոն ինքն է անարդար վարվում, երբ անարդար է համարում վրացիների եւ ադրբեջանցիների անկախության ձգտումը, իրենց ազգային կյանքը հեղափոխությունների կրակների մեջ վառվող ու փլուզման ընթացքում հայտնված Ռուսաստանին հանձնելուց հրաժարումը։ Ուղիղ հակառակը, դա՛ է մարդկային առաջին բնական պահանջը՝ լինել Ազատ եւ Անկախ։ Լեոյի այսպիսի մոտեցումը բացատրելի է այն բանով, որ այս գործի գրության ընթացքում նա արդեն ականատես եւ տեղյակ էր ոչ միայն ցեղասպանությանն ու Արեւմտյան Հայաստանի մինչեւ վերջ հայաթափմանը, այլեւ Ռուսահայաստանի հսկայական տարածքների կորստին, նոր կոտորածներին, ուստի ողբերգականորեն սրված էին նրա զգացողությունները եւ հոգեբանորեն հասկանալի։ Եվ մեծ հաշվով՝ սա մոտեցում է ետին թվով։

VI Դ.
342. Կարախան (Կարախանյան) Լեւոն Միքայելի (1889-1937) – Մենշեւիկ, 1917-ից՝ բոլշեւիկ. Պետրոգրադի խորհրդի անդամ, Բրեստ-Լիտովսկում ռուսական պատվիրակության անդամ-քարտուղար, 1918-1920թթ. Ռուսաստանի փոխարտգործնախարար, 1921-1927թթ. Ռուսաստանի դեսպան Լեհաստանում եւ Չինաստանում, 1927-1934թթ.՝ ԽՍՀՄ փոխարտգործնախարար, 1934-1937թթ. ԽՍՀՄ դեսպան Թուրքիայում. ետ է կանչվել եւ գնդակահարվել է։
343. Մեհմեդէմին Ռասուլզադե (1884-1955) - Ադրբեջանցի սոցիալ-դեմոկրատ, գրող, դրամատուրգ, 18 տարեկանում հիմնել է Մուսուլման երիտասարդների կազմակերպությունը, համագործակցել է Ստալինի եւ Ազիզբեկովի հետ, մասնակցել իրանական հեղափոխությանը, որի պարտությունից հետո անցել է Թուրքիա՝ հեռակա դառնալով պանիսլամիստական-պանթուրքիստական-սոցիալիստական «Մուսավաթ» կուսակցության գաղափարախոսն ու հիմնադիրը, 1913-ին վերադարձել է Բաքու։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո ձերբակալվել է, Ստալինի միջնորդությամբ ազատվել, տեղափոխվել Մոսկվա եւ ընդունվել աշխատանքի Ազգերի ժողկոմատում։ 1922-ին անցել է Ֆինլանդիա, Թուրքիա, ապա՝ Լեհաստան, Գերմանիա, Ռումինիա եւ կրկին Թուրքիա։ 1954-ին Անկարայում հրատարակել է «Հուշեր Ստալինի հետ զրույցներից» գիրքը։
344. Այսինքն՝ «այս օրը վկա»։

VI Ե.
345. Թուրքերեն՝ չըրաղա - նավթի լապտեր, այստեղ՝ հրավառություն։

VI Զ.
346. Հետագայում մուսավաթական Մեհթիբեկ Հաջինսկին անկախ Ադրբեջանի պետական վերահսկողության նախարարն էր։
347. Խոսքը կովկասյան պատվիրակության անդամ ադրբեջանական թուրքերի մասին է։
348. Վրաստանի Նացիոնալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, անկախական, հակառուս։
349. Թերեւս պետք է լինի՝ «պատկանել էին»։
350. Կովկասցիները նույնիսկ խորհրդային ժամանակներում շարունակում էին ռուսական ռուբլուն «մանեթ» ասել։

VI Է.
351. Ազգությամբ վրացի գեներալ Իլյա Օդիշելիձեն (1865-19??) Առաջին համաշխարհայինի ընթացքում միակն է եղել կովկասյան ազգերի ներկայացուցիչներից, որ բանակի գլխավոր հրամանատարի պաշտոն է զբաղեցրել, թեեւ աչքի ընկնող ռազմական գործողություններ չի իրականացրել։ 1917թ. հոկտեմբերի 2-ին նշանակվել է Կովկասյան բանակի հրամանատար։ Քաղաքական հայացքներով հարել է վրաց նացիոնալ-դեմոկրատներին, ունեցել է գերմանական կողմնորոշում։ 1920թ. աշնանից դարձել է վրացական բանակի գերագույն հրամանատար։ Նրա մի նամակում, ուղղված Վեհիբ-փաշային, որ գրվել է դեռեւս Անդրկովկասյան միասնական հանրապետության շրջանում, կարդում ենք. «…Հույս ունեմ, Ձերդ գերազանցություն, որ հանուն հաշտության առաջիկա բանակցությունների հաջողության եւ մեր երկու ժողովուրդների ապագա բարեկամության, Դուք եւս կհրամայեք….» (ընդգծումը մերն է - Մ.Հ., Ս.Վրացյան, նշվածը, էջ 113)։ Այսինքն՝ վրաց քաղաքական վերնախավը շատ ավելի լուրջ մտադրություններ ուներ կովկասյան իր հեգեմոնիայի առնչությամբ, որ գալիս էր նախ պետական մտածողություն ունենալուց, ապա եւ՝ համառուսական գլոբալ խաղերին մասնակցած լինելու արդյունքում ձեռք բերած գլոբալ հայացքից ու քաղաքական լայն պատկերացումներից, հավակնություններից եւ վերջապես՝ համոզված անկախականությունից։ Այդ վերնախավը տարածաշրջանում տեսնում էր երկու ժողովուրդ եւ երկու խաղացող՝ վրացի եւ թուրք. մի բան, որ անտեսվել է մեր պատմագիտության կողմից վերջին 100 տարվա ընթացքում։ Պատմությունը նույնությամբ կրկնվում է Վրաստանի առնվազն «Վարդերի հեղափոխությունից» ի վեր։
352. Նազարբեկով (Նազարբեկյան) Թովմաս Հովհաննեսի (1855-1928) – Թիֆլիսցի ազնվական, ռուսական բանակի գեներալ, մասնակցել է 1877-1878թթ. ռուս-թուրքական եւ 1904-1905թթ. ռուս-ճապոնական պատերազմներին, Կովկասյան ճակատում՝ Առաջին համաշխարհայինին։ 1918թ. Մայիսյան ճակատամարտերի ընդհանուր հրամանատար, 1918-1920թթ. Հայաստանի Առաջին Հանրապետության զորքերի գլխավոր հրամանատար։ Բոլշեւիկների կողմից ձերբակալվել է 1920թ., պահվել Երեւանի, Բաքվի եւ Ռյազանի բանտերում։ Պատերազմի մասին անտիպ հուշագրության հեղինակ է։ Վախճանվել է Թիֆլիսում։
353. Դարձվածք Շիրակի բարբառով, որ նշանակում է՝ ա) իսկ այդ ինչու՞, բ) ի բարեբախտություն քեզ, գ) դեռ լավ է, որ։
354. Տարօրինակ զուգադիպությամբ՝ ՀՅԴ-ն հարյուր տարի անց եւս պարբերաբար սպառնում է դուրս գալ ՀՀ զանազան կոալիցիոն կառավարություններից, եթե հանկարծ որոշվի, որ հայկական այս կամ այն տարածքը փոխանակվում է կամ փոխզիջվում, այս կամ այն հարցն իր պատկերացրածի պես չի լուծվում, այս կամ այն մակարդակի ընտրությունը սոսկալիորեն կեղծվում է, սակայն ամեն անգամ գտնում է հուսալի պատճառաբանություններ, թե ինչու պետք է մնալ իշխանության մեջ։
355. Ըստ Ս.Վրացյանի, դոկտոր Լեփսիուսը հակառակն է նկարագրում, որ իբրեւ գերմանացի գեներալ ֆոն Լոսոֆը հեռագրել է գերմանական կառավարությանը՝ բողոքելով թուրքերի կողմից առաջ քաշվող ցինիկ պահանջների դեմ (տե՛ս Ս.Վրացյան, նշվածը, էջ 119)։

VI Ը.
356. Վրացիները դիմադրություն ցույց չտվեցին, եւ միայն հանգամանքների դասավորությունը փրկեց Թիֆլիսը, ի տարբերություն Երեւանի, որ փրկվեց Մայիսյան հերոսամարտերով։
357. Ստեփան Շահումյան (1878-1918) – Հայազգի ամենաերեւելի սոցիալ-դեմոկրատը (բոլշեւիկ), ով իր քաշով անզուգական էր Կովկասում։ Այն, ինչ արեցին մենշեւիկները Թիֆլիսում, Շահումյանն արեց Բաքվում։ Նա վերցրեց իշխանությունը քաղաքում, ինչի հետ հաշվի նստելով՝ Մոսկվայի Ժողկոմխորհը դեկրետով նրան նշանակեց Կովկասի արտակարգ կոմիսար։ Հաջողությամբ կազմակերպեց Բաքվի պաշտպանությունը թուրքերից։ Մարքսիստ տեսաբան էր, փիլիսոփա, քննադատ, լրագրող, խմբագիր։
358. Թուրքերեն՝ «սեւ գլխարկ»։
359. Խոսքը միջոցների մեջ խտրություն չդնելու մասին է։


ԳԼՈՒԽ ՅՈԹԵՐՈՐԴ

VII Ա.
360. Այժմ՝ Վարդենիս։
361. Համապատասխանում է խորհրդային ժամանակի Մասիսի շրջանին։
362. Համապատասխանում է խորհրդային ժամանակի Արարատի շրջանին։
363. Հաշվապահ, հաշվետար։
364. Ջեյմս Բրայս (1838-1922) – Վիկոնտ, լիբերալ քաղաքական գործիչ, իրավագետ, պատմաբան, գրող, Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտոր, 1876թ. ճամփորդել է Կովկասում, բարձրացել Արարատ, եղել Էջմիածնում, նույն թվականին հիմնել է Անգլո-հայկական ընկերությունը, 1877-ին հրատարակել է «Անդրկովկաս եւ Արարատ» գիրքը, ի պաշտպանություն հայերի հանդես է եկել մամուլով, Լորդերի պալատում, հրատարակել հայերի վիճակին նվիրված «Կապույտ գրքի» առանձին հատոր։ Երեւանում Մեծ եղեռնի հուշահամալիրի պատի մեջ ամփոփված է նրա գերեզմանից բերված հող։
365. Սեսիլ Ռոբերտ (1864-1958) - Անգլիայի վարչապետ Սոլսբերիի անվանակից-ազգակից, պատգամավոր, Ազգերի լիգայի գաղափարի ճարտարապետ, Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր։
366. Լինչ Հենրի Ֆինիս Բլոս (1862-1913) – Ազգությամբ իռլանդացի ճանապարհորդ, պատմաբան, աշխարհագրագետ, հայագետ, քաղաքական գործիչ (Անգլիայի խորհրդարանի անդամ 1906-1910թթ.), զույգ ճամփորդությունների արդյունքում 1901թ. Լոնդոնում հրատարակել է «Հայաստան. ճամփորդություն եւ հետազոտություն» երկհատոր աշխատությունը՝ համեմված լուսանկարներով եւ քարտեզներով. առաջին հատորը նվիրված է Արեւելյան, երկրորդը՝ Արեւմտյան Հայաստանին։
367. Թուրքական իշխանության կողմից ոչ մի մահավճիռ ի կատար չածվեց, դրանք հեռակա մահապատիժներ էին։ Թուրքական դատարանի վճիռների մի մասն իրականացրին դաշնակցականները։
368. Չակերտն այստեղ կա՛մ տուրք է խորհրդային ժամանակի ոգուն, կա՛մ ավելացվել է խորհրդային գրաքննիչ-խմբագիրների կողմից, կա՛մ Լեոյին ոչ սազական անարդարացիություն է, մանավանդ որ տեսնում ենք, թե այլ տեղերում ինչպես է նա ոչ ցցուն երախտագիտությամբ խոսում Վիլսոնի մասին։

VII Բ.
369. Հավանաբար, ոչ թե «քշվեց», այլ՝ «քաշվեց». այս պատերազմի մանրամասն ժամանակագրությունը, զանազան հարաբերությունները տե՛ս Վ.Վիրաբյան, 1918թ. վրաց-հայկական պատերազմը, ՀՀ կառավարության ռազմաքաղաքական գործունեությունը եւ կուսակցությունները, Ե., 2003։
370. Դրոյի սկսած պատերազմից ցանկալի արդյունքը մինչեւ վերջ չստանալը պարտություն չէր, հակառակը՝ դրանով մասամբ սահմանափակվեցին վրաց իշխանության նկրտումները. այս տեսանկյունից՝ այն նույնիսկ հաղթանակ էր։ Քիչ անց Լեոն ինքն է արձանագրում. «Եղածն էլ մեծ բան էր»։ Ուստի հակված ենք կարծելու, որ կա՛մ գրաքննչական միջամտություն կա այս հատվածում, կա՛մ գրաշարվածքի սխալ (որ ավելի հավանական է. կարող էր «պարտություն» բառի փոխարեն «պատմություն» բառն օգտագործված լինել)։
371. Խոսքն Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին է։
372. Լեոյի պես խորաթափանց պատմաբանը, ով իր «Խոջայական կապիտալում» կարող էր տեսնել «հռոմեական լեգեոնները շարժող» կապիտալը, հռոմեական շահերը, այստեղ եւս նույն չափորոշիչով «չարչի» եւ «բուխգալտեր» անվանել անգլիացիներին՝ հանկարծ հարցը տեղափոխում է մարդկային-հոգեբանական ոլորտ, ինչը, անշուշտ, շահի գերակա տրամաբանության մեջ չէ։ Իհարկե, Անգլիան, ինչպես ցանկացած հիրավի պետություն, պետք է բռներ ոչ թե «պատմական» կամ մեկ այլ «արդարության» կողմը, այլ, որպես ելակետ ունենալով բացառապես սեփական շահը, օրինաչափորեն պիտի պաշտպաներ իր շահը տարածաշրջանում։ Այսինքն՝ խոսք լինել չի կարող «ծախվածության» եւ նմանատիպ ոչ քաղաքական կատեգորիաների մասին. խոսքը միայն Անգլիայի տարածաշրջանային ռազմավարական, ինչպես նաեւ տնտեսական շահի մասին է։ Տարօրինակ է, բայց է՛լ ավելի ոչ քաղաքական մոտեցում է ցույց տալիս հայության քաղաքական բախտի ճարտարապետման մեջ մեծ դեր ունեցած Վրացյանը՝ անգլիացիների բռնած դիրքը «երկդիմի» անվանելով (տե՛ս նշվածը, էջ 349)։
373. Ի դեպ, ներկա ադրբեջանական էթնոսի կազմավորման մեջ մեծ տեղ ունի քրդական տարրը։ Հետագայում ադրբեջանցի դարձած քրդեր էին Զանգեզուրի, Լաչինի եւ հարակից տարածքների մահմեդականները, որոնք աչքի էին ընկնում իրենց առավել վայրենությամբ։
374. Սա բավականին ուշագրավ դիտարկում է. աշխարհառազմավարական եւ աշխարհաքաղաքական իրողություններից եւ նպատակներից ելնելով, անշուշտ, անգլիական այս ջանքն առաջին հերթին միտված էր Թուրքիան եւ Ադրբեջանը աշխարհագրորեն միմյանցից կտրելուն, երկրորդ հերթին՝ տարածաշրջանը կառավարելիության ծիրում պահելու համար հարավկովկասյան երեք պետությունների միջեւ կենսատարածքային համակշռելիություն ստեղծելուն, երրորդ՝ այն բանին, ինչ նկատում է Լեոն՝ «Բաժանիր, որ տիրես»։ Այս ամենով հանդերձ, հակված ենք կարծելու, որ անգլիական քարտեզագրումը բավականին օգտակար կլիներ Հայաստանի պետության համար, թեեւ ավանդական պատկերացումներով՝ «կորսվում» էր Զանգեզուրի եւ Արցախի հայությունը։ Այսինքն հարցը հետեւյալն է՝ ի՛նչն ենք ընդունում որպես ելակետ՝ պետության դինամիկությու՞նն ենք համարում շահավետ, թե՞ միատարրությունը։ Եվ՝ որ Անգլիայի համար սա շատ ավելի լուրջ խնդիր էր, կարելի է համոզվել՝ ուսումնասիրելով նշանավոր Լոուրենս Արաբիացու 1919թ. մի հարցազրույցը (տե՛ս Թ.Է.Լոուրենս Արաբիացի, նշվածը)։
375. Այս ձեւակերպումից մեկ անգամ եւս ցցուն երեւում է, որ Լեոն դեմ չէր անկախությանը, հակառակը՝ նրա կորուստը կործանում էր համարում, սակայն Լեոյի համար առավել կենսական էր ազգի գոյապահպանությունը, ինչը վտանգված էր լրջորեն։
376. Եթե տպագրական հերթական սխալ չէ, ապա անհաջող նորակազմություն է, որ նախադասության իմաստից կարելի է բացատրել իբրեւ «մեծամիտ», «իրենից վեր ոչինչ չճանաչող»։
377. Գյուղեր Շուշիի մերձակայքում։
378. Ռուսերեն՝ «Կովկասյան խոսք»։
379. Ալեքսանդր Մյասնիկյանի գրական կեղծանունն է։

VII Գ.
380. Այս կուսակցությունը Հայ կադետների արտադրանք էր. այն պահին, երբ իրենց կուսակիցները Ռուսաստանում անցան իշխանության, փոխանակ քաղելու դրա պտուղները, 1917-ի մարտին Թիֆլիսում հիմնեցին տեղական կրկնօրինակը։ Երբեմն համագործակցել, երբեմն՝ հակադրվել է իշխող ՀՅԴ-ին։ 1921-ի հոկտեմբերից անհետացել է՝ սահմանադիր ռամկավարների եւ վերակազմյալ հնչակյանների հետ Ռամկավար-ազատական կուսակցությունը հիմնելով։

VII Դ.
381. Ճիշտ նմանատիպ մի պատմություն է անում Դ.Դեմիրճյանն իր «Հայը» էսսեում։
382. Ակնհայտորեն կրկնակի ծաղր կա այստեղ. առաջինն ուղղված է Ահարոնյանին, երկրորդը Շիրակի դաշտավայրին (Շորագյալ էր կոչվում Շիրակի մի մասը), որի բնակիչների «զինվորականության տեսակետից անպիտան» եւ դասալիք լինելու մասին երկու անգամ նշում է Լեոն այս գործում։ Սրան հակառակ՝ բազմիցս հպարտորեն արձանագրում է իր հայրենակից ղարաբաղցիների կարգապահ եւ խիզախ մարտիկներ լինելը, ինչն անուրանալի փաստ է։
383. Այս հեգնանքը մի կողմից՝ Լեոյի դառնացածության արդյունքն է, մյուս կողմից՝ նրա կուլտուրոլոգիական հենքի։ Դառն ու մթագնած է անկախությունը հեղինակի համար՝ այդ տարիներին զուգահեռ գոյած դժբախտությունների ու դժվարությունների պատճառով. սա առաջին հերթին։ Ապա նաեւ՝ Լեոն, ինչպես մեր օրերում խորհրդահայ մտավորականների մի զգալի մասը, չի կարողացել համակերպվել այլեւս մեծ կայսրության քաղաքացի չլինելու օբյեկտիվ իրողությանը, այլապես կնշեր, որ այդ «անթուղթները» սահմանից այն կողմ թողնվելու դեպքում, միեւնույն է, այլ պետության մեջ էին հայտնվելու կարգազանցի կամ օրինախախտի վիճակում ու արժանանալու գուցե եւ ավելի խիստ պատժի. եւ վերջապես՝ մի՞թե Լեոն կբողոքեր այդ միջազգային համընդհանուր կարգի դեմ, եթե Վրաստանի փոխարեն, ասենք, Հոլանդիան լիներ։ Անկախության արժեքը չգիտակցող ցանկացած ոմն շատ բնական է ընկալում նույն ստուգումները, արգելքներն ու ցանկացած օրենքի տառի կիրառումն օտար պետությունների մեջ, մինչդեռ չի հանդուրժում այն սեփական երկրում։ Այս վերջին՝ կուլտուրոլոգիական հանգամանքը հակված ենք բացատրել որպես պետականազրկության հազարամյա բացասական ավանդույթի հետեւանք, որ կվերանա մեկ-երկու սերնդի ընթացքում, եթե գործի սկզբունքներից ամենակարեւորը՝ հավասարությունը։ Եւս մեկ հանգամանք՝ Լեոն գրում է ետին թվով, երբ արդեն կատարված էին պատմական դաժան իրադարձությունները, որոնց համար ամենահարմար քավության նոխազի դերում ընդունված էր ներկայացնել միայն Դաշնակցությանը։
384. Թուրքերեն՝ «Մեծ հովիտ». այդպես են տեղի մուսուլմաններն անվանել Արարատյան դաշտավայրի այն հատվածը, որը գրեթե համընկնում է այսօրվա Արարատի մարզի Վեդիի շրջանին։ Ակնհայտ տպագրական շփոթմունք կա. նշված է «Բոյուկ-Վերդի» (ռուսերեն գրության մեջ՝ «Բեյուկ-Վերդի»)։ Հենց այստեղի գյուղախմբերն էին ՀՀ-ի դեմ բարձրացրել ապստամբական դրոշ։ Ժամանակի ադրբեջանական աղբյուրները հիշատակում են ապստամբությունը ճնշելու գնացած գնդապետ Ապրեսիմովին, շտաբի պետ Կարաքեշիշյանին եւ Դրոյին։
385. Ռուսերեն արտահայտություններ են, որ հայերեն, ըստ հերթականության, նշանակում են՝
- Զանգիբասարն է պատասխանում։
- Բեյուկ-Վեդին է պատասխանում։
- Ու՞ր եք գնում։
- Թալանի (այս վերջինն այնքան բնորոշ էր հայկական իրականությանը, որ նույնիսկ ռուսախոս հայ սպաներն են հայերեն ասում՝ ռուսական լեզվական կաղապարով – Մ.Հ.)։
386. Ի նկատի ունի՝ թուրքաբնակ տարածքներից։

VII Ե.
387. Լեոն, ինչպես նաեւ հետագայի այլ հուշագրողներ, այդ քաղաքի անունը նշում է «Անգորա» ձեւով. թյուրիմացություններից խուսափելու համար բոլոր տեղերում միօրինակացրել ենք այժմյան անվամբ՝ «Անկարա»։
388. Մուստաֆա Քեմալ (1881-1938) – Ըստ էության ոչնչացված Օսմանյան կայսրության մոխիրներից իր ազգային-ազատագրական հեղափոխության (1918-1923) շնորհիվ ստեղծել է Թուրքիայի Հանրապետությունը եւ դարձել նրա առաջին նախագահը (1923-1938), վերացրել է սուլթանությունը եւ խալիֆաթը, ընդունել է Սահմանադրություն, կրոնն անջատել է պետությունից, արաբական այբուբենը փոխարինել է լատինականով, իսլամական օրացույցը՝ գրիգորյանով, թուրքական տարազը՝ եվրոպականով, կանանց տվել է ընտրության իրավունք։ Մինչեւ 1909թ. հարել է երիտթուրքերին, անդամակցել «Հայրենիք» գաղտնի համայնքին, ղեկավարել «Հայրենիք եւ ազատություն» գաղտնի համայնքը։ 1916-ին ստացել է փաշայի տիտղոս եւ գեներալի աստիճան, 1921-ին՝ մարշալի աստիճան։ 1934-ին Խորհրդարանից ստացել է Աթաթյուրք (թուրքերի հայր) ազգանունը։ Համարվում է 20-րդ դարի Արեւելքի մեծագույն գործիչը։
389. Թուրքերեն՝ «ազգային», «ազգայնական». այդպես է կոչվել քեմալականների ազգայնական շարժումը։
390. Նկատի ունի 1918թ. Մայիսի 28-ին ստեղծված Հայաստանի Հանրապետությունը։
391. Ըստ Վրացյանի՝ գնդապետ։
392. Լեոն անվրեպ է. Ադրբեջանի խորհրդայնացումից, ապա եւ՝ Կարսի անկումից հետո Հայաստանն այլեւս անկախության ռեսուրս չուներ, եւ այդ ժամանակից սկսած՝ օր առաջ խորհրդայնացումը նշանակում էր հնարավորինս լայն սահմաններ ունենալ։ Դա հասկացել էին հայ սոցիալ-դեմոկրատները, ովքեր Ադրբեջանի խորհրդայնացումից հետո մայիսյան ապստամբական դեպքերով փորձեցին բեկում մտցնել գահավեժ իրադարձությունների մեջ։ Սա, իհարկե, չի նշանակում, թե Լեոն դեմ է անկախ պետականությանը, այլ նշանակում է, թե պետք էր հաշվի նստել նոր իրողության հետ։
393. Խուսափելու համար տարընթերցումներից՝ որպես Հավելված ներկա հատորին՝ ներկայացվում է այդ տխրահռչակ դաշնագիրն ըստ «Հայաստանը միջազգային դիվանագիտության…» ժողովածուի։


ԳԼՈՒԽ ՈՒԹԵՐՈՐԴ

VIII Ա.
394. Ընդգծումը մերն է - Մ.Հ.։
395. Սա բացարձակ ճշմարտություն է. նախընթաց շարադրանքում մենք տեսանք թուրքերի հետ սեպարատ պայմանավորվածության գնացած վրացիների գրեթե նույն խոսքերը. «Ի՞նչ արած, դուք պարտված եք, Վրաստանը մենակ է մնացել»։ Այստեղ դավաճանություն չկա, ընհակառակը՝ հակառակն է դավաճանություն, երբ ելակետ չի ընտրվում սեփական շահը, այն զոհաբերվում է հանուն քաղաքականության մեջ անգո արժեքների։
396. Երեւանում կատարվող բոլշեւիկյան դաժան հաշվեհարդարների մասին վկայությունները շատ են։ Հաշվեհարդարներից ամենաանմարդկայինը հայ սպաների աքսորն էր դեպի հյուսիս, որոնց մի զգալի մասը հենց ճանապարհին ոչնչացվեց։ Պակաս եղերական չէր նաեւ այն, որ բոլշեւիկների իշխանավարման հենց առաջին օրերից Երեւանի բանտը լցվեց հայ մտավորականներով ու ֆիդայիներով։ Նրանց մի մասին հնարավոր եղավ ազատել փետրվարյան վիճահարույց ապստամբության շնորհիվ, իսկ մյուս մասին հայ բոլշեւիկները հասցրին գնդակահարել կամ կացնահարելով սպանել հենց բանտում։
397. Հետաքրքիր է՝ ի՞նչ բառեր կօգտագործեր Լեոն, եթե ապրեր 2008թ. Երեւանում։
398. Ռուսերեն՝ «ոստիկանական վայրենություն»։
399. Լեոյի երգիծանքն ակնհայտ է. ֆրանսիական Վերդենում (հայտնի է «վերդենյան մսաղաց» արտահայտությունը), ընդամենը 15կմ տարածքով ճակատի վրա, 1916-ի փետրվարից մինչեւ դեկտեմբեր տեղի ունեցավ անձնուրաց պաշտպանություն. երկուստեք զոհերը գերազանցեցին 700 հազարը։
400. Պողոս Մակինցյան (1884-1938) - Գրաքննադատ, թարգմանիչ, խմբագիր, հրապարակախոս, դիվանագետ, ռուսական ՉէԿա-ի աշխատակից, Խորհրդային Հայաստանի ՆԳ եւ լուսավորության ժողկոմ, 1922-ի բոլշեւիկյան խայտառակ ուղղագրության գաղափարախոս եւ համահեղինակ։

VIII Բ.
401. Այս բառն ունի նաեւ «ներազգային» իմաստը, որը հանձնարարելի չէ, թեեւ Լեոն կիրառել է։
402. Կացնահարման սարսափն անհիմն չէր. ըստ վկայությունների՝ կասյանական Հայաստանում հենց կացնահարման միջոցին էին դիմել հայ բոլշեւիկները՝ ադրբեջանցի մսագործների ձեռքով մանավանդ Երեւանի բանտում արգելափակված դաշնակցական գործիչներին, մտավորականներին եւ սպաներին ոչնչացնելու համար։ Իսկ փետրվարյան ապստամբության ճնշումից հետո իրենք՝ բոլշեւիկները, դատապարտեցին Խորհրդային Հայաստանի՝ 1920թ. դեկտեմբերից մինչեւ 1921թ. փետրվար իշխած հայ բոլշեւիկների (մանավանդ Կասյանի եւ Ավիսի) վայրենի քաղաքականությունը։

VIII Գ.
403. Բժշկական տերմին, որ նշանակում է հիվանդագին եւ անսպառ սեռական ցանկություն կանանց մոտ։
404. Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ, պետնախարար Ֆրանկլեն Բույոնն է 1921թ. հոկտեմբերի 20-ին եղել Անկարայում թուրք-ֆրանսիական պայմանագիրը կնքողներից մեկը, որով Կիլիկիան հանձնվեց Թուրքիային եւ ճանաչվեց քեմալականների իշխանությունը։
405. Այստեղ հարկ է նշել, որ Լեոյի մոտեցման այս կերպն առնվազն վիճարկելի է։ Մի կողմից ճիշտ է, որ ֆրանսիացիների՝ Կիլիկիան հանձնելը մեծագույն ողբերգություն դարձավ այնտեղ հավաքված հայության համար, սակայն մյուս կողմից՝ արդյո՞ք իրավունք ունենք մեղադրելու որեւէ մեկին, ով առաջնորդվում է ոչ թե իռացիոնալ տրամաբանությամբ, այլ սեփական երկրի պետական շահի գերակայության գիտակցմամբ. ոչ թե մեր, այլ՝ իր շահերով։ Դժբախտությունը հենց այս ելակետը չհասկանալու հայկական ընդունված մոտեցման մեջ է եղել ավելի քան մեկուկես հազարամյակ, որ հենց ինքը՝ Լեոն, անվանում է կղերական դիվանագիտություն։ Բարոյականության տեսանկյունից գուցե եւ արդարացված է դաշնակցային պարտավորությունները չկատարելը մեղք համարելը. սակայն այն, ինչ մարդկային հարաբերություններում պարտավոր է գործել, պետական-քաղաքական հարաբերություններում կարող է եւ հակառակ ընթացքն ունենալ։ Խնդիրը դարձյալ ելակետի մեջ է. եթե մարդկային հարաբերություններում միակ ազնիվ, ընդունելի եւ բարոյական ելակետն է «Վարվիր ուրիշի հետ այնպես, ինչպես կուզես, որ քեզ հետ վարվեն» դրույթը, ապա պետական-քաղաքական հարաբերություններում միակ ազնիվ, ընդունելի եւ բարոյական ելակետը եղել է եւ այսօր էլ կա պետության շահը։ Պետություն չունեցող ժողովրդի զավակների համար սրա ընկալումը եթե ոչ անհնար, ապա դժվարին է։ Պետություն ունեցող, պետականություն զգացող բոլոր ժողովուրդների արժեքային համակարգում սա կարեւոր արժեք է եւ նույնն է բոլորի համար։ Պետականության ներքին պահանջ չզգացող ժողովուրդների համար էլ նույնն է այդ արժեքի բացակայությունն իրենց արժեհամակարգերում։ Այս առումով մեր հարեւան վրացիները, ինչպես Լեոն ինքն էլ նկատում է, ավելի շահեկան դիրքում էին հայտնվել 1918-1920թթ., եւ դրա պատճառը մեկն էր՝ վրացիներն ու իրենց մենշեւիկյան կուսակցությունն ի տարբերություն հայերի եւ մեր Դաշնակցության՝ ունեին սեփական պետականություն ունենալու մղում, ներքին պահանջ, եւ նրանց բոլոր գործողությունները բխում էին այդ մղումից, այդ պահանջից, ուր տեղ չունեն շահատակությունները։ Այսինքն՝ այստեղ խնդիրը ոչ թե ֆրանսիացիների, առավել եւս հայերի փշրանքներին մեր Առաջին հանրապետության ընթացքում եւ հետագայում էլ (նաեւ Երրորդ հանրապետության) անհամեմատելի օժանդակություն ցույց տված ԱՄՆ-ի գործողություններն են, այլ դրանց տրամաբանությունը ընկալելու հայկական անկարությունը։ Այսու՝ ֆրանսիացիների, ռուսների, գերմանացիների եւ մանավանդ ամերիկացիների պարագայում Լեոյի մոտեցումը բխում է զուտ մարդկային-բարոյական, բայց ոչ պետական-բարոյական մտածելակերպից։

406. Սա միանգամայն բացատրելի հոգեբանություն է, երբ պարտվածը փորձում է իր պարտության պատճառները փնտրել ամեն տեղ, որպեսզի իրենից վանի մեղավորի, ինքնասպանի գիտակցումը։ Հակառակ պարագայում՝ շատ հեշտ տեսանելի է, որ պետականության, ավելին՝ կայսերական պետականության մի քանի դարի ավանդույթ ունեցող Թուրքիայի համար ամենեւին անհրաժեշտ չէր, որ Սան Ստեֆանոյի պայմանագիր կամ Վիլսոնի քարտեզագրում լիներ, որպեսզի նրանք հասկանային իրենց պետականությանը սպառնացող վտանգը, որ բխում էր հայերից։ Հայոց ցեղասպանությունը պայմանավորված էր ոչ թե մեծ տերությունների գործողություններով, այլ այդ գործողություններում մեր՝ գործոն լինելու ցանկության, կամքի, վճռականության, ունակության բացակայությամբ եւ գործիք լինելու պատրաստակամությամբ։ Գրգռողը հենց դա՛ էր եւ միա՛յն դա էր։
407. Եռագլուխ հրեշ հունական առասպելաբանության մեջ. փոխաբերական իմաստով՝ «ցնորք, պատրանք»։
408. Խոսքն այստեղ Անգլիայի հետագա վարչապետ Արթուր Նեվիլ Չեմբերլենի (1869-1940) մասին չէ, այլ նրա ավագ եղբոր՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր Օստին Չեմբերլենի (1863-1937), ով տարբեր տարիների զբաղեցրել է նախարարական պոստեր (փոստի, ֆինանսների, Հնդկաստանի հարցերով, արտաքին գործերի)։
409. Պետականության առկայության պայմաններում հարկ է, որ մանավանդ այս վերջին նախադասությունը վերջապես կարողանանք ընկալել որպես միջազգային գործող խաղի երկաթյա կանոն՝ ավելորդ փորձության չենթարկելով մեր պետությունն ու ժողովրդին, իսկ հետո էլ որպեսզի խնդիր չունենանք այս ու այն պետությանը «սրիկայության, ապիկարության, դավաճանության» մեջ մեղադրելու համար։


ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

410-1. Սույն տեքստը նույնությամբ մեջբերված է «Հայաստանը միջազգային դիվանագիտության եւ սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում» ժողովածուից (Կազմողներ՝ Ջոն Կիրակոսյան, Ռուբեն Սահակյան, Ե., 1972, էջ 92)։
410-2. Սույն տեքստը նույնությամբ մեջբերված է «Հայաստանը միջազգային դիվանագիտության եւ սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում» ժողովածուից (Կազմողներ՝ Ջոն Կիրակոսյան, Ռուբեն Սահակյան, Ե., 1972, էջ 128)։
410-3. Սույն տեքստը նույնությամբ մեջբերված է «Հայաստանը միջազգային դիվանագիտության եւ սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում» ժողովածուից (Կազմողներ՝ Ջոն Կիրակոսյան, Ռուբեն Սահակյան, Ե., 1972, էջ 683-687)։ Լեոյի նշած ամբողջական տարբերակը մեր ձեռքի տակ չկա։