17.6.11

N 11 (2009)

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ՀԱՅՐԵՆԻՔԸ ՖՈՒՏԲՈԼԻ ԽԱՂԱԴԱՇՏ ՉԷ

«Ցավալի է, երբ մարդ սկսում է չսիրել այն հիմնարկը, որտեղ աշխատում է: Այդ դեպքում նա ստիպված է փոխել աշխատավայրը: Ավելի ցավալի է, երբ մարդ հիասթափվում է իր շրջապատից ու մտերիմներից: Իսկ նոր համախոհներ ու ընկերներ գտնելը նույնն է թե՝ ոչնչից նոր տուն կառուցես:
Ոչ միայն ցավալի, այլև սարսափելի է, երբ մարդ հիասթափվում է ինքն իրենից: Սակայն ամենացավալին ու սարսափելին այն է, երբ մարդ հիասթափվում է իր ազգից, սկսում ատել ողորմելի, մի կտոր հացի համար ամեն ինչ ծախել-վաճառելու պատրաստ, աջ ու ձախ շարունակ խաբվող, ազգային արժանապատվությունն ու ինքնասիրությունն անընդհատ կորցնող, հավերժական ստրուկ այն ժողովրդին, որը ծնել է իրեն»,- այս տողերը խորին ցավով գրել եմ 5-6 տարի առաջ, 2005 թվականին տպագրել իմ «Ձմեռային սերենադ» գրքում:

Ավելի վաղ գրել էի. «20-րդ դարի սկզբներին թուրքերի, իսկ նույն դարի վերջերից մեր հայրենակիցների ջանքերով Հայրենիք հասկացությունը հայերիս համար աստիճանաբար դառնում է վերացական ինչ-որ բան: Արցախյան պատերազմում տարած հաղթանակը դիվանագիտական դաշտում վերածել ենք պարտության, քանզի թշնամու սադիզմին շարունակ հակադրում ենք մեր մազոխիզմը»:

Այսքանն ինչո՞ւ հիշեցի: Որովհետև այսօր թե՛ Թուրքիայի և թե՛ Ադրբեջանի հետ դիվանագիտական դաշտում մենք նպատակաուղղված զոհաբերում ենք այն ամենը, որ մնացել է «Ծովից-ծով Հայաստանից», դրան հավելելով նաև մեր ազգային արժանապատվությունը, ազատ ապրելու իրավունքը:
Հայ իշխանավորները տեր չկանգնեցին հազարավոր հայորդիների արյան ու կյանքի գնով ձեռք բերված Հաղթանակին: Փոխարենը նրանք տեր կանգնեցին միայն երկրի նյութական հսկայական հարստությանը:

Երբ քաղաքական որոշ շրջանակներում փորձում են վերջին 15-ամյա պարտվողական մեր դիվանագիտությունն արդարացնել «արտաքին ճնշմամբ», ես դա չեմ կարողանում ըմբռնել, հասկանալ, ընդունել: Իմ գիտակցության մեջ չի տեղավորվում այդ ճնշումը (թեկուզ գերտերությունների կողմից): Ի՞նչ է, այդ ճնշումը կյանքի և առողջության համար ավելի՞ վտանգավոր է, միլիոնների մեջ լողացող, թանկարժեք սմոկինգներով պատենավորված, փափուկ գահավորակների մեջ ընկղմված այդ պարոններն ավելի շատ ու ավելի մեծ բա՞ն են վտանգում, քան նրանք, ովքեր իրենց ինքնաշեն հրացաններով դուրս են եկել բազմիցս ուժեղ թշնամու դեմ, նրանից ավտոմատներ ու տանկ առգրավել, ազգային բանակ ստեղծել և իրենց արյան ու կյանքի գնով Հայրենի հող պաշտպանել, գերված հող ազատագրել...

Լավ, ենթադրենք փողկապ-սմոկինգով պարոնների համար իսկապես «մահացու դժվար է» արտաքին ճնշումներին դիմագրավելը: Բայց նման դեպքերի համար կա մի շատ հասարակ ու դարեր շարունակ արդյունավետ օգտագործվող եղանակ. այն է՝ թողնում, հեռանում են: Բանալիները հանձնում, գնում են իրենց տուն: Քաղաքական տերմինաբանությամբ՝ հրաժարական են տալիս: Թող գան նրանք, ովքեր չեն վախենում այդ «ճնշումներից», և նրանց համար Հայրենիքը չի սկսում սեփական գրպանից: Այս պահին ազգին ոչ թե «ֆուտբոլային դիվանագետ», այլ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ԱՌԱՋՆՈՐԴ է պետք:

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



ԼՈՒՐԵՐ

ԹՈՒՐՔԻԱՆ ԱՐԴԵՆ ՎԵՐԱՁԵՎԵԼ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՔԱՐՏԵԶԸ


Մինչ Հայաստանի նախագահն, առանց հաշվի նստելու ժողովրդի կարծիքի հետ, աննկուն առաջ է տանում «հայ-թուրքական հարաբերությունների բարելավման» իր (ավելի ճիշտ՝ գերտերությունների) ծրագիրը, մինչ հայկական լրատվամիջոցները քննարկում են այդ «բարեկամությունն» ու դրան առնչվող հարցերը, թուրքական Ekolay կայքէջի հավաստմամբ՝ Թուրքիայում դպրոցական նոր դասագրքեր են տպագրում, որտեղ քարտեզում Հայաստանը (ինչպես նաև Հյուսիսային Իրաքը, Բուլղարիայի մի մասը, Կիպրոսի հունական մասը, Վրաստանի մի մասը՝ Բաթումով և Նախիջեւանը) ներառված է Թուրքիայի կազմում, իսկ Ղարաբաղը՝ Ադրբեջանի կազմում:
Սա երևի թե ամանալավ ու ընդգծված պատասխանն է ՀՀ իշխանությունների բարեկամաբար մեկնած ձեռքին...



ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

Բարեբախտաբար, այս անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Ղարաբաղ չխոչընդոտվեց «անբարենպաստ եղանակի պատճառով»: ճիշտ է, վերջին տասնամյակում նրանց այցելություններն առավելապես չէին արժանանում շարքային արցախցիների ուշադրությանը, հիմնականում նրանց ընդունում էին սովորական տուրիստների տեղ, բայց վերջին իրադարձությունները՝ կապված հատկապես հայ-թուրքական հարաբերությունների բարելավման եւ Արցախի ճակատագրի վերաբերյալ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունների հետ, ցույց են տալիս, որ այս պարոնների այցելություններն այնքան էլ անամպ երկինք չեն խոստանում Ղարաբաղին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը քննարկել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նա կարևորել է բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը, նշելով, որ առանց ԼՂՀ լիիրավ մասնակցության, անհնար է հասնել հակամարտության վերջնական կարգավորման:

ԼՂՀ նախագահը նշել է, որ հակամարտության կարգավորման համար չպետք է առաջնորդվել անցյալով: Սահակյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը 1988 թվականի իրողություններին վերադարձնելու ամեն փորձ՝ թե՛ կարգավիճակի, թե՛ վարչատարածքային առումով, հղի է անկանխատեսելի հետևանքներով, և գործընթացը կմտի փակուղի: Նա ընդգծել է, որ Ադրբեջանի ռազմատենչ և ագրեսիվ քաղաքականությունը կարգավորման գործըթացի ամենակարևոր խոչընդոտներից է:
ԼՂՀ նախագահն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին, նշելով, որ գործընթացը որևէ առնչություն չունի ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ:



Հայաստանյան մամուլի էջերից...

Չսխալվեցին բոլոր նրանք, ովքեր ասում էին, որ Բեյրութ այցելելով՝ Սերժ Սարգսյանը փառք է տալու Փարիզի, Նյու-Յորքի և Լոս Անջելեսի իր հանդիպումներին:
Սերժ Սարգսյանի լիբանանյան այցը, թերևս, գագաթնակետն էր: Բեյրութում հոկտեմբերի 6-ին, ըստ էության, արտակարգ դրություն է եղել: Լիբանանահայերը Սերժ Սարգսյանին օդանավակայանում դիմավորել են շատ «ջերմ»: Նրա մեքենան տեսնելուն պես սկսել են իրենց բջջային հեռախոսները նետել մեքենայի վրա, այնուհետև մեքենայի վրա սկսել են քարեր նետել, սուլել և հայհոյանքներ տեղալ նրա հասցեին:
Իսկ արդեն Բեյրութի կենտրոնում գտնվող «Մետրոպոլիտեն» հյուրանոցի մոտակա «Հաբթուր» պանդոկի մոտ, ուր տեղի էր ունենալու Սերժ Սարգսյանի դահլիճային հանդիպումը լիբանանահայերի հետ, բախում է տեղի ունենել ցուցարարների և ոստիկանության միջև:
Մինչ Սերժ Սարգսյանի ժամանելը, սույն վայրում արդեն շատ մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակված եղել: Բերվել է նաև զրահատեխնիկա, այնուհետև ոստիկաններին միացել է նաև բանակի հատուկ գունդը:
«Հայկական ժամանակ»


Այս օրերին մի խումբ քաղաքացիներ Երևանի տարբեր անկյուններում հայտարարություն են փակցրել, որտեղ ասվում է, թե վաճառվում է 29,900 քառ. կմ տարածք Հարավային Կովկասում՝ 3 մլն բնակչությամբ (նկատի ունեն Հայաստանը- խմբ.):
«Տանիքը՝ փտած, ունի կոմունալ վերանորոգման կարիք: Գնողին, որպես խրախուսանք, տրվում է Լեռնային Ղարաբաղը՝ հարակից 7 շրջաններով: Գինը՝ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ: Առանց միջնորդների, դիմել Բաղրամյան 26»:
Բոլոր նրանք, ովքեր դեմ են այս վաճառքին, հայտարարության հեղինակներն առաջարկում են նամակ գրել իրենց էլեկտրոնային փոստով՝ ashkharazor@gmail.com հասցեով:
«Հրապարակ»


Ռուսաստանի մի շարք հայկական կազմակերպություններ կոչ են արել Հայաստանի իշխանություններին՝ չստորագրել Երևանի և Անկարայի միջև օգոստոսի 31-ին նախաստորագրված արձանագարությունները: Այդ մասին տեղեկացնում է Regnum տեղեկատվական գործակալությունը:
Հայտարարությունում նշված է, որ այս արձանագրություններում տեղ են գտել Թուրքիայի նախապայմանները, այն է՝ Հայաստանի և Թուրքիայի միջև փաստացի սահմանի ճանաչումը և Հայոց ցեղասպանության փաստի քննարկման համար հանձնաժողովի ստեղծումը:
Բացի այդ, հայտարարության հեղինակները համոզված են, որ այս փաստաթղթերը կազմում են թուրքական քաղաքականության մի մասը, և գործընթացն արդեն ցույց է տվել, որ Թուրքիան արձանագրությունների վավերացումն ու սահմանի բացումը կապում է մեկ այլ նախապայմանի՝ արցախյան հակամարտության կարգավորման հարցում հայկական կողմի զիջումների հետ:
Նրանք համոզված են, որ փաստաթղթերի ստորագրությունը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ Հայաստանի և ամբողջ հայության համար: Հեղինակները կոչ են արել իշխանություններին, համաձայնելով սեփական ազգի համընդհանուր դժգոհության հետ, դադարեցնել բանակցային գործընթացը. «Խուսափելով Հայաստանի և Սփյուռքի միջև հետագա լարվածությունից և պառակտումից՝ ստեղծել համազգային հարցերի շուրջ դիրքորոշումների մշակման արդյունավետ մեխանիզմներ: Տարբերակներից մեկը կարող է լինել Սփյուռքի կազմակերպությունների մասնակցությամբ նախագահին կից Խորհուրդի ստեղծումը»,- հայտարարել են նրանք:
Հայտարարությունը ստորագրել են «Ռուս-Հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպությունը, հայկական «Արարատ» մշակութա-լուսավորչական կազմակերպությունը, «Նախիջևան» մոսկովյան հայրենակցական միությունը, «Երկրամաս» Ռուսաստանի հայերի թերթը և մի շարք էլեկտրոնային կայքեր:

«...Ժողովրդի հետ կապ չունեցող իշխանությունների ներկայացուցիչը՝ չընտրված նախագահ Ս. Սարգսյանը, իրեն իրավունք է վերապահել քաղաքական տեսակետ հայտնել Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված սահմանների վերաբերյալ, որով կասկածի տակ է դրել հայոց պետականության մաս կազմող Արցախի և մեր հաղթանակների անառարկելի փաստը:
Պարոն Սարգսյանը, չբավարարվելով «Մադրիդյան սկզբունքներ»-ին հավանություն տալու փաստին, Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության մեջ բացեց մի նոր խայտառակ էջ՝ նախաստորագրելով հայ-թուրքական արձանագրությունները, որով ապտակում է համայն հայությանը և փորձում խլել արժանապատիվ պետության քաղաքացի լինելու մեր երազանքն ու իրավունքը:
Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը վերոնշյալը կյանքի կոչելու՝ առաջիկայում արձանագրությունները ստորագրելու դեպքում, գործում է իբրև մասնավոր անձ, խախտելով Սահմանադրությամբ նախագահի վրա դրված պարտականությունները»,- Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» ծրագրով հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:

Հայ-թուրքական հարաբերություններում Սերժ Սարգսյանի քաղաքականությունը դատապարտող «Միացում» ազգային նախաձեռնության բողոքի ակցիանների շարքը Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ մեկնարկեց ոստիկանների հետ բախմամբ:
«Ամո՛թ ձեզ, դավաճանի ծառանե՛ր: Իմ որդին չի զոհվել ձեզ նման դավաճանների համար, որ այսօր հանձնեք նրա արյան գնով ազատագրած մեր տարածքները: Ես անգրագետ ղեկավար չեմ ուզում: Ձեր գործը դավաճաններին պաշտպանե՞լն է: Ես չեմ ուզում ղեկավար, որն ասում է՝ Աղդամը մերը չէ,- ասաց Արցախյան պատերազմում զոհված Էդիկ Տոռոզյանի մայրը:- Ես անգրագետ նախագահ չեմ ուզում»,- լաց լինելով՝ ասում էր զոհվածի մայրը:
Բողոքի ակցիայի անդամները մոտ 1 ժամ վանկարկեցին. «Չարչինե՛ր, հեռացե՛ք», «Հող հանձնողը՝ դավաճան», նև երգեցին ազգային ազատագրական երգեր: «Միացման» վանկարկումներին ու երգին Սերժ Սարգսյանի նստավայրից որևէ մեկը չարձագանքեց:
«Միացման» անդամները նաև թռուցիկներ էին բաժանում, որտեղ տեղ էր գտել սեպտեմբերի 22-ին «Վեստիին» տված Սերժ Սարգսյանի հարցազրույցի այն հատվածը, որը հայկական հեռուստաընկերությունները եթեր չեն հեռարձակել (այն վերաբերում է ազատագրված տարածքների վերադարձմանը Ադրբեջանին և ԼՂՀ-ի վերջնական կարգավիճակը որոշող հանրաքվեի անցկացմանը):
«Տարեգիր»


Հոկտեմբերի 6-ին «Միացում»-ը կազմակերպեց հերթական բողոքի ակցիան: Մասնակիցները ցուցապաստառներով և «Դավաճաններ, հեռացեք», «Ո՛չ թուրքական արձանագրություններինե, «Հող հանձնողը՝ դավաճան» վանկարկումներով քայլերթով հասան Ծիծեռնակաբերդ, որտեղ և տեղի ունեցավ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների խորհրդանշական այրումը:
«Ի տարբերություն մնացյալ ուժերի՝ մենք ամբողջությամբ մերժում ենք այս մատուցված արձանագրությունները և առհասարակ ողջ պրոցեսը: Մենք պատրանք չունենք, որ արձանագրություններն այրելով, կդադարի գործընթացը: Պարզապես մեր այս քայլը ժողովրդի մեծամասնության սրտից է բխում»,- ասաց «Միացում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը:
Ծիծեռնակաբերդում ակցիայի մասնակիցները ծաղիկներ դրեցին Եղեռնի զոհերի հուշարձանին, որից հետո էլ հրապարակավ վառեցին հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները:
Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ «Միացում» ազգային նախաձեռնությունը շարունակելու է պայքարը քարոզչական դաշտում: Նախատեսվում է Երևանի համայքներում արձանագրությունների խորհրդանշական այրում և ստորագրահավաք:

«Ես բազմիցս տարակուսանք եմ հայտնել տարիներ շարունակ հայաստանյան գրեթե բոլոր ԶԼՄ-ներով ցուցադրվող կամ տպագրվող Արցախի Հանրապետության քարտեզի աղավաղման կապակցությամբ: Փաստորեն որպես ԼՂՀ-ի քարտեզ՝ տարածվում է միայն նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի միասնական տարածքը պատկերող քարտեզը, ինչը հակասում է Արցախի Հանրապետության Սահմանադրության 142-րդ և «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի 2-րդ հոդվածներին,- ՀՀ Ազգային ժողովի քառօրյա նիստում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Լարիսա Ալավերդյանը:- Վերջերս «Վեստի» հեռուստածրագրին տված հարցազրույցի ժամանակ Հայաստանի գործող նախագահի կողմից հնչեցված պատասխաններից պարզ դարձավ, որ այս ամենը ոչ թե առանձին ԶԼՄ-ների սխալմունք է, այլ Հայաստանի իշխանությունների կողմից տարիներ առաջ որդեգրած և մինչ օրս շարունակվող քաղաքականություն, այն է՝ Ադրբեջանին բռնակցել Արցախի Հանրապետության օրինական տարածքները:

...Միաժամանակ իշխանությունների կողմից որդեգրած նման քաղաքականությունը իր մեջ պարունակում է բազմաթիվ վտանգներ՝ խաթարելով տարածաշրջանում կայունությունը և Հայաստանի անվտանգությունն ու ապագան:
Կոչ եմ անում ՀՀ գործող նախագահին և իրեն սատարող քաղաքական ուժերին՝
Վերջ դնել Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության և արցախահայության ինքնորոշման իրավունքի ոտնահարմանը: Խստորեն պահպանել միջազգային իրավունքի նորմերը Արցախի՝ որպես երկրորդ հայկական պետության և որպես միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտի նկատմամբ:
Արցախի իշխանություններին ու ժողովրդին կրկին կոչ ենք անում. «Անսասան կանգնեք և պաշտպանեք ազգային-ազատագրական պայքարով ձեռք բերած Ձեր նվաճումները՝ քաջ գիտակցելով, որ Ձեզ սատարում է համայն հայությունը»:
«Հետք»



ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ Է ՀՐԱՀՐՈՒՄ


«Նոր էջի» հարցազրույցը Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏ-ՅԱՆԻ հետ

- Հետաքրքիր գործընթաց է կատարվում Հայաստանում: Ինչպե՞ս եք բացատրում այն, որ ՀՀ ղեկավարությունը, առանց ժողովրդի կամքն ու ցանկությունը հարցնելու, փորձում է «հայ-թուրքական հարաբերությունները բարելավել», ժողովուրդը հիմնականում դեմ է դրան, սակայն իշխանական ճամբարի մոտերքից փորձում են հակառակն ապացուցել:

- Այստեղ զարմանալու բան չկա. ղեկավարությունն ինչ գործողություն ձեռնարկում է՝ ճիշտ թե սխալ, համակարգը պաշտպանում է նրան: Ամենասխալ գործընթացն անգամ արդարացնում ու ներկայացնում են որպես «ազգի փրկություն» կամ հերոսություն: Նույնը կատարվում է հիմա. ՀՀ ղեկավարությունը փաստորեն դավաճանություն է կատարում, բայց ժողովրդին փորձում են համոզել, որ դա հերոսություն է:

- Իսկ գո՞ւցե մարդը որոշել է հայ ժողովրդի և թուրքերի միջև գոյացած պատնեշը քանդել:

- Թող քանդի, բայց ոչ ազգային ու պետական շահի հաշվին: Եթե ողջ ազգը դա չի ընդունում, չի ցանկանում, իսկ դու վազում ես քեզնից ուժեղի մոտ, թե՝ եկել եմ հաշտվենք, այդտեղ ի՞նչ քաջության կամ հերոսության նշույլ կա: Դա բոլորովին չի տեղավորվում բանականության ու բարոյականության սահմաններում: Դա պարզապես կոչվում է դավաճանություն:
Եթե մի թուրքի վարձեինք որպես մեր դիվանագետ, ապա նա երբեք նման քայլի, նման ստորացման չէր գնա՝ թեկուզ հանուն իր հեղինակության և դիվանագետի իմիջի: Մեզ համար նա ավելի նպաստավոր, այսպես կոչված, արձանագրություններ կկազմեր...

- Իսկ սահմանի բացումն, արդյո՞ք, այն մեծ նպատակն է, որի համար կարելի է սեփական ժողովրդի կամքին դեմ գնալ, չհաշված արդեն ակնհայտորեն երևացող զոհաբերությունները:

- Սահմանի բացումը մեզ ոչ մի լավ բան չի տալիս՝ ո՛չ մշակույթում, ո՛չ բարոյա-հոգեբանական առումով, նույնիսկ տնտեսական օգուտ չկա դրանից: Թուրքը երբ ցանկանա՝ սահմանը փակելու է, բեռները թողնելու է ճանապարհին, վագոնների պարունակությունը սեփականելու է, որ մենք կատարենք իր այս կամ այն ցանկությունը: Մյուս կողմից էլ՝ իսկ ի՞նչ ունենք, որ արտաքին շուկա հանենք: Մեր քարե՞րը պիտի հանենք ու աշխարհին զարմացնենք: Շարունակ մեր խելքից ու ինտելեկտից ենք խոսում: Խելոք ենք՝ զենք արտադրենք, մեր գիտատեխնիկական պոտենցիալը զարգացնենք, մի փոքրիկ ճամպրուկի մեջ դուրս բերենք արտաքին շուկա և միլիարդներ վաստակենք...

Ողջ աշխարը, մեղմ ասած, ինչ զիբիլ ասես, բերել լցրել է մեր շուկան, իսկ մենք ոչինչ չունենք արտահանելու: Սահմանի բացումով մեր խղճուկ տնտեսությունն ավելի է քանդվելու: Առանց սահմանը բացելու թուրքական խոտանով արդեն հեղեղված են Հայաստանն ու Արցախը: Սահմանի բացումից հետո ինչքան էժան զիզիբիզիներ ունեն, բերելու, թափելու են սոցիալապես ողորմելի վիճակում գտնվող մեր ժողովրդի վրա:

- Հայաստանի ղեկավարությունն ասում է, որ իբր թուրքական կողմից ոչ մի նախապայման չկա, այդ թվում՝ Ղարաբաղի հարցում, իսկ թուրքական իշխանությունները մի բերան նախապայմաններով են խոսում, ձեր ասած՝ վնասից բացի մեզ ոչինչ չտվող սահմանի բացումը կապում Արցախի խնդրի հետ...

- Անկախ նրանից, թե ՀՀ կամ Թուրքիայի ղեկավարներն ինչպես են մեկնաբանում ստորագրվելիք փաստաթուղթը, այդ արձանագրությունների ենթատեքստում շոշափվում է թե՛ Արցախի, թե՛ Ցեղասպանության հարցը: Այն դեպքում, երբ ՄԱԿ-ի անդամ երկրների մի ստվար մասը պետություն է դարձել հենց ազգային-ազատագրական շարժման միջոցով, մեր վեհ պայքարը՝ ազգային-ազատագրական պայքարն արձանագրությունների տողատակերին ընկալվում է որպես «օրենքից դուրս» մի բան: Ադրբեջանը թուրքերի աջակցությամբ հեշտ ու հանգիստ կարող է հաշվեհարդար տեսնել մեզ հետ, քանի որ մենք «անօրեն» ենք, իսկ Հայաստանը Թուրքիայի հետ այդ համաձայնագրով պարտավորված է լինելու կանգնել ոչ թե «օրենքից դուրս» Ղարաբաղի, այլ Թուրքիայի կողքին:

- Հայաստանի իշխանությունները կգնա՞ն այդ քայլին:

- Երբ նայում եմ այս ղեկավարությանը, նրա գործելակերպին, մազաչափ կասկած չունեմ, որ նա կռվելու է մեր դեմ: Կամ զորքերն է հանելու, կամ զորքին հրամայելու է մեզ վրա կրակել: Չեչեններից-բանից բերելու են, խառնեն մեր ավազակների հետ, մի բանդա սարքեն և թիկունքից խփեն մեր մեջքին: Կասկած չունեմ, որ այդ քայլին կգնան... Այնպես որ՝ այն, ինչ կատարում է Հայաստանի ղեկավարությունը, մի բառով կոչվում է դավաճանություն:

- ՀՀ նախագահը արդեն հայտարարել է, որ ազատագրված հողերը պիտի հանձնենք, ազերի փախստականները պիտի վերադառնան...

- Ինչ վերաբերում է՝ «Աղդամը մեր հայրենիքը չէ» և նման կարգի հայտարարություններին, ապա այս հողը, ներառյալ ազատագրված հայրենի հողերը, միջազգային բոլոր օրենքներով պատկանում են մեզ: Այս տարածքները երբեք «Ադրբեջան» կոչվող պետության կազմում չեն եղել: Պարզապես մեր ղեկավարների քաջությունը չի հերիքում իրերը կոչել իրենց անուններով: Մի հարցնող լինի. քեզ ո՞վ է ստիպում, ինչո՞ւ ես աշխարհով մեկ դրանք անվանում «գրավյալ տարածքներ», «անվտանգության գոտի»... Ի դեպ, հայրենի հողը, հայրենիքն ինչպե՞ս կարող է անվտանգության գոտի կոչվել: Այդտեղ մեր հայրենակիցները, նրանց պապերն են ծնվել, դարերով ապրել: Մարդկանց ծննդավայրը, հայրենիքը գոտի՞ է... Հետո էլ հայտարարում ես, որ այն պիտի վերադարձնես թշնամուն: Աշխարհը գիտե, որ այն մերն է: Դո՞ւ ես ազատագրել, որ հիմա ուզում ես տալ թշնամուն:

Չեմ կարծում, որ պատերազմում հաղթած ժողովուրդը կարող է այն աստիճանի ոչխարանալ, որ թույլ տա իր երկիրը դնեն վաճառասեղանին: Եթե այս գործընթացը չկանգնեցվի, վերջը համազգային ապստամբություն է լինելու:

- Ու այս ամենը կոչվում է «ֆուտբոլային դիվանագիտություն»: Չնայած իրոք նմանություն կա՝ մեր երկիրը, մեր արժանապատվությունը փորձում են դարձնել ֆուտբոլի գնդակ: Որքան գիտեմ, Սփյուռքում ևս վատ են ընդունում այս ազգակործան գործընթացը:

- Մարդ ինչպե՞ս կարող է մոռանալ իր պապ ու տատերի, իր ծնողների թափած արյունը: Երբ հարազատներիդ, ազգականներիդ սպանողը երբեք չի ապաշխարհում, չի զղջում գործած ոճիրի համար, դու ի՞նչ իրավունքով ես գնում նրա մոտ և ժողովրդիդ անունից բարեկամության ձեռք մեկնում: Իսկ նա ասում է՝ սպանել եմ, լավ եմ արել: Մեր ղեկավարությունը բան է հնարել՝ «ֆուտբոլային դիվանագիտություն»...
Ընդհանրապես, կան բաներ, որ հնարավոր չէ փոխել՝ անկախ գիտատեխնիկական առաջընթացից, մարդկային հարաբերությունները չեն փոփոխվում: Դավաճանությունն ինչ դիմակի տակ թաքցնես, ուզում ես «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանիր, ուզում ես՝ մի այլ բան, մնում է դավաճանություն:

- Իսկ եթե ՀՀ ղեկավարը ստորագրի այդ փաստաթուղթը, ի՞նչ է լինելու, ի՞նչ է սպասվում դրանից հետո:

- Հայաստանի ղեկավարությունն այդ փաստաթուղթը ստորագրելով՝ տարածաշրջանում փաստորեն հրահրում է պատերազմ: Այս փաստաթղթով Ղարաբաղը դառնում է «անօրեն», և Ադրբեջանը լրիվ իրավունք ունի «կորսված տարածքները» ետ վերադարձնելու անվան տակ պատերազմ սկսելու Ղարաբաղի դեմ: Հայաստանին այլ բան չի մնում՝ կամ չեզոք դիրք պիտի գրավի, կամ պիտի միանա մեր ընդհանուր թշնամուն՝ իր «բարեկամ» Թուրքիային, որի հետ համաձայնագիր է ստորագրել: Հայաստանցիները եթե փորձեն միանալ և օգնել մեզ, աշխարհը նրանց անվանելու է ագրեսոր... Կարճ ասած՝ ՀՀ նախագահն ամեն կերպ պատերազմ է հրահրում:




ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԼԻՔԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆ Է

«Նոր էջի» հարցազրույցը ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ ԴԱՎԻԹ ԻՇԽԱՆՅԱՆԻ հետ

- Հայ-թուրքական հարաբերություններում նոր զարգացումներ են երևակվում, որ առավելապես անընդունելի են հայերիս համար, ՀՅԴ Արցախյան թևն ինչպե՞ս է մոտենում խնդրին:

- Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների կողմից օգոստոսի 31-ին ստորագրված փաստաթղթից անմիջապես հետո ոչ միայն ՀՅԴ Արցախի ԿԿ-ն, այլև համայն դաշնակցությունն իր տեսակետն է ներկայացրել հայտարարությամբ, որտեղ ևս մի անգամ շեշտել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը շեղվել է ուղեգծից, որի հետևանքով ստորադասվում են մեր ազգային շահերը: Դաշնակցությունն իր գործողություններով փորձում է ստեղծել ընդհանուր մթնոլորտ, ընդհանուր ալիք այս գործընթացը որևէ ձևով կանխելու կամ արձանագրություններում համապատասխան փոփոխություններ մտցնելու համար: Չնայած Հայաստանի արտգործնախարարությունը ներկայացնում է, որ նախաստորագրված փաստաթղթերում նախապայմաններ չկան, իրականում այնտեղ առկա են հողային պահանջատեր լինելուց ու Ցեղասպանության ճանաչման գործընթացից հրաժարվելու, ինչպես նաև Ղարաբաղի հիմնահարցի հետ առնչվող խնդիրները:

- ՀՀ նախագահն, այնուամենայնիվ, ստորագրելո՞ւ է մի փաստաթուղթ, որին, ըստ իս, միանշանակ դեմ է համայն հայությունը:

- Իմ համոզմամբ, հայկական կողմը ոչ միայն ստորագրելու, այլև խորհրդարանում վավերացնելու է այդ փաստաթուղթը, որը մեզ կդնի բավականին ծանր կացության մեջ: Նախ՝ Հայաստանի Հանրապետությանը՝ Թուրքիայի հետ և միջազգային հարաբերություններում, երկրորդ՝ ՀՀ-ն, Արցախը և ողջ հայ ժողովուրդը կհայտնվեն կրկնակի ծանր կացության մեջ՝ կապված ղարաբաղյան հիմնախնդրի հետ:
Ակնհայտ երևում է, որ փաստաթղթի ստորագրումից հետո Արցախի հարցում նոր մոտեցումներ երևան կգան: Չի բացառվում, որ Թուրքիան ևս դերակատարություն ունենա այդ գործընթացում, որովհետև փաստաթղթի նախաստորագրումից հետո նա արդեն դարձել է գործոն տարածաշրջանում, իսկ հայկական կողմի համար տարածաշրջանի հիմնական հարցերից մեկը Ղարաբաղի հիմնախնդիրն է:

- Չե՞ք կարծում, որ փաստորեն Երևանն է իր «ֆուտբոլային դիվանագիտությամբ» Թուրքիային դարձրել գործոն տարածաշրջանում:

- Իհարկե, դա այդպես է: Ակնհայտ է, որ արտաքին միջամտությունն առկա է, նաև այն, թե դա որտեղից, ում կողմից էր թելադրված: Թուրքիան արդեն դարձել է ոչ միայն գործոն, այլև փորձում է դառնալ գործուն դերակատար: Այս գործընթացից հետ դառնալու համար հայկական կողմից բավականին մեծ ջանքեր են պահանջվում: Լավագույն տարբերակը համահայկական ալիքի դրսևորումն է:
Չնայած ՀՀ հանրային լրատվամիջոցները փորձում են իրականությունն այլ կերպ ներկայացնել, ակնհայտ մեծ դժգոհություն կա թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում: Չնայած ղարաբաղյան որոշ շրջանակներում ներկայացնում են իրենց վստահությունը ՀՀ ղեկավարին, Արցախում ևս կա մեծ դժգոհություն: Մեր կողմից թեկուզ լրագրողների մակարդակով արված հարցումները ցույց են տալիս, որ Արցախն ամբողջությամբ դեմ է այդ գրծընթացին: Դա չի շեշտվում, բայց այն ակնհայտ է:

- Շատերն են ահազանգում, որ Հայաստանի ղեկավարությունը եթե սկզբում Արցախի հարցն էր դրել զոհասեղանին, ապա այսօր վտանգել է նաև Հայաստանի ու հայ ժողովրդի ապագան: Ինչո՞ւ է այս ամենն արվում:

- Չեմ կարող ասել, թե ինչի համար է արվում այս ամենը, բայց կցանկանայի անդրադառնալ հետևանքներին, որը կամ չի հաշվարկվել, կամ սխալ է հաշվարկվել: Նախ՝ չպիտի մոռանանք, թե ինչու և ինչ պայմաններում է փակվել սահմանը: Այն կապված էր ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի հետ: Մեզ համար ռազմադաշտում թե դիվանագիտական դաշտում կար միայն մեկ՝ հայ-ադրբեջանական ճակատ: Սահմանի բացումը մեզ գոտեմարտի մեջ է մտցնելու նաև Թուրքիայի հետ: Հայաստանը ստիպված է լինելու պայքարելու երկու ճակատում: Իսկ երկու ճակատում միաժամանակ գործելը սխալ ռազմավարություն է:

- Անդրադառնանք ղարաբաղյան հիմնախնդրին: Արդեն երկու տասնամյակ է ունենք անկախ պետություն՝ պետական բոլոր ատրիբուտներով, ունենք մեր Սահմանադրությունը, բայց մեր ճակատագիրը որոշում է Հայաստանի ղեկավարը: Այն դեպքում, երբ Հայաստանի այսօր միջազգայնորեն ճանաչված սահմաններում դե ֆակտո Ղարաբաղը չկա, ՀՀ-ի նախագահը որոշում է ոչ միայն Հայաստանի, այլև Ղարաբաղի ճակատագիրը, իրեն իրավունք վերապահում որոշելու ազատագրված հողերը տալու-չտալու հարցը: Այստեղ որևէ տրամաբանություն կա՞:

- Կարծում եմ՝ նախ պիտի վերականգնվի Արցախի կարգավիճակը բանակցային գործընթացում: Այդ մասին այստեղ արտահայտվեցին նաև համանախագահները: Ղարաբաղը պիտի լիարժեք կողմ դառնա, որովհետև ունի իր ճակատագիրը տնօրինելու, իր ճակատագրին տեր կանգնելու բոլոր հնարավորությունները:
Մի կարևոր հանգամանք ևս. հնարավոր է Ադրբեջանը պատրաստակամություն և հնարավորություն ունենա բոլոր տարածքներում վերաբնակեցման քաղաքականություն իրականացնելու: Մի հանգամանք, որին պիտի լուրջ ուշադրություն դարձնել:

Վերաբնակեցման նպատակաուղղված քաղաքականության դեպքում մենք կարող ենք բանակցային գործընթացում մեր ձեռքում հաղթաթուղթ ունենալ:

- Իսկ մեր իշխանություններն ինչպե՞ս են մոտենում Ղարաբաղի վերաբերյալ զարգացումներին: Հարցն ուղղում եմ ձեզ, որովհետև եթե Հայաստանում ՀՅԴ-ն դուրս է եկել կոալիցիայից և գործում է ընդդիմադիր դաշտում, Արցախում դաշնակցությունը իշխանության մաս է կազմում:

- Այսօր իշխանության մեջ մենք ունենք մեր տեղը: Այն ամրագրված չէ կոալիցիոն որևէ համաձայնագրով: Հնարավոր է որոշակի տարաձայնություններ ունենք իշխանությունների հետ՝ ներքաղաքական տարբեր հարցերում, սակայն ԼՂՀ ղեկավարության գործունեությունը արտաքին քաղաքական ոլորտում լիովին համահունչ է մեր դիրքորոշմանը: Սա միանշանակ է: Այսօրվա դրությամբ Արցախի իշխանությունները, սա ասում եմ ամենայն վստահությամբ, Արցախի հիմնահարցում չեն շեղվել իրենց դիրքորոշումից:

- Ենթադրենք, ՀՀ նախագահը Թուրքիայի հետ ստորագրում է վերոհիշյալ փաստաթուղթը, այնուհետև Ալիև կրտսերի հետ նմանատիպ խայտառակ մի փաստաթուղթ ստորագրում Արցախի վերաբերյալ: Որո՞նք են Ղարաբաղի հետագա քայլերը, ի՞նչ պիտի անենք:

- Հուսով եմ, որ որևէ մեկն իրեն իրավունք չպիտի վերապահի Արցախի անունից նման փաստաթուղթ ստորագրելու: Արցախը ոչ մեկին չի լիազորել դա: Բայց եթե նման փաստաթուղթ ստորագրվի կամ նախաստորագրվի, ոչ միայն Արցախը, այլև ողջ հայ ժողովուրդը պիտի բռունցքված հանդես գա ի պաշտպանություն Արցախի և ազգային շահի...
Եթե հայ-թուրքական հարաբերությունների ոլորտում նման փաստաթղթի նախաստորագրումից հետո կա հանրության որոշակի անտարբերություն, հատկապես Հայաստանում, ապա չեմ կարծում, թե նույնը կլինի Ղարաբաղի հարցում...



ՆԱՄԱԿ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

...Ինչո՞ւ եք ամբողջ ազգին դարձրել Ձեր հորինած հնարամտության՝ «Ֆուտբոլային դիվանագիտության» պատանդը: Ո՞վ է Ձեզ իրավունք տվել միանձնյա, առանց համայն հայության հավանության, առանձնապես պահանջատեր սփյուռքի համաձայնությունն ունենալու, մեր դարավոր թշնամու հետ հանուն սահմանի բացման՝ ողջ ազգին թուրքի առաջ ծնկի բերել. Դուք ապտակեցիք այն մարդկանց դեմքին, ովքեր անշահախնդիր իրենց կյանքը նվիրել են Հայոց մեծ եղեռնի միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը, որից մեկն էլ տողերիս հեղինակն է:

Ձեր թեթև ձեռքով շատ հեշտ ու հանգիստ ջուրը գցեցիք նրանց գործադրած ջանքերը, լոբբիստական աշխատանքներն ու ահռելի գումարները, որ տրամադրվել էին հաղթանակի հասնելու երազանքով...
Ազգիս այս ճակատագրական պահին մեր մտավորականներին, Հայաստանյան ռազմավարական կենտրոնների քաղաքագետներին անհասանելի է շփումը ժողովրդի հետ հեռուստացույցով. զարմանալիորեն հեռուստաալիքներով միայն շահի համար ազգին ծախող բիզնեսմեններն են էկրանը հեղեղել ու բարբաջում են, որ իրենք ավելի կհարստանան... Բայց դիվանագիտական ձախողումների գլխավոր մեղավորը վաղը Դուք եք ճանաչվելու ու Ձեր ճակատին է դաջվելու դավաճանի խարանը. սերունդները անեծքով են հիշելու Ձեր անունը. այս է դառը իրականությունը:

Առաջին հայ ղեկավարն եք, որ ծնկում է թուրքի առաջ մի փոր հացի՝ սահմանի բացման համար, որի հետևանքներն, օգուտներն ու վնասներն անգամ նժարի վրա չեք դրել, բայց խաղասեղանին եք դրել մեր հազարամյա պատմական տարածքները և արդեն խաղը տանուլ եք տվել...
Ես, որ միշտ քննադատել եմ երկիրը ցնցումների մեջ պահող ընդդիմության հանրահավաքները, քննադատական հոդվածներով հանդես եկել, բայց այսօր այս ճակատագրական պահը հաղթահարելու համար համազգային ընդվզման կոչ եմ անում. միայն այդ դեպքում կկարողանանք փրկել մեր պահանջատիրության իրավունքը, ինքնասիրությունն ու արժանապատվությունը…

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Բրյուսել, գրող-հրապարակախոս,
«Հայ դատի» պաշտպան Hetq.am
(Տպագրվում է կրճատումներով)



ՄԻԱՆՇԱՆԱԿ՝ Ո՛Չ

Ես 18 տարեկան եմ: Ծնվել եմ պատերազմի տարիներին: Ծնողներս, տատիկ-պապիկներս միշտ պատմում էին ինձ հայ-ադրբեջանական պատերազմի մասին: Քանի՜-քանի քեռի, հորեղբայր կարող էինք ունենալ մենք, բայց չունենք, որովհետև զոհվել են մեր երկիրը պաշտպանելիս, մեր հողերն ազատագրելիս: Զոհվել են թուրք-ազերիների արյունոտ ձեռքով: Նրանցից շատերն իմ տարիքին էին կամ նույնիսկ ավելի փոքր էին: Ամեն անգամ նայելով հորս վիրավոր ձեռքին, ավելի ու ավելի եմ ատում թուրքին:

Եթե մենք թշնամուն վերադարձնենք մեր ազատագրված հողերը, կրկին կհայտնվենք այն նույն ճահճում, նույն անդունդի եզրին, որտեղից հազարավոր մեր հայրենակիցների կյանքի և արյան գնով դուրս ենք եկել: Նրանք մի գիշերվա մեջ կկրկնեն 1915 թիվը:
Քանի՜-քանի մայրեր են կորցրել իրենց զավակներին, հարսեր՝ իրենց ամուսիններին, եղբայրներին: Ի՞նչ պատասխան պիտի տանք մենք այդ մարդկանց, համաձայնվելով հետ տալ նրանց զավակների, ամուսինների ու եղբայրների կյանքի գնով ազատագրված հողերը: Ինչպե՞ս թողնենք թուրքը կոխկրտի այն հողը, որը հայ ազատամարտիկների արյունով է շաղախված:

Բարեբախտաբար, ես թուրք չեմ տեսել, բայց իմ հարազատների պատմածներից ու մեր ժողովրդի պատմությունից գիտեմ, թե ինչ չարիք է դա: Թուրքը միշտ եղել է ու կմնա բարբարոս, նա չի կարող խաղաղ ճանապարհով հարց լուծել, նա միայն զենքով է ընդունակ գործել: Չմոռանանք պատմության զգաստացնող դասերը:

ԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ
ուսանողուհի



ԵՍ ԱՍՈՒՄ ԵՄ ՁԵԶ՝ ԴՈՒՔ ՈՉԻՆՉ ՉԵՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ

Ես բնակվում եմ Քարվաճառի շրջանի Վերինշեն համայնքում արդեն ութ տարի: Երբ 2001 թ. նոյեմբերին մենք փոխադրվել էինք այստեղ մշտական բնակության, մենք բախվեցինք բազում դժվարությունների: Այդ դժվարություններից շատերը կարող էին նաև չլինել, սակայն մեր ընտանիքն արժանապատվորեն հաղթահարել էր դրանք, և այսօր ես իմ կյանքն առանց Քարվաճառի պարզապես չեմ պատկերացնում:
Այս տարածքը մեզ դիմավորեց խիստ աշունով և ցրտաշունչ ձմեռով, որը մեզ անտանելի էր թվացել: Մենք պատրաստ չէինք այն ձմռանը ո՛չ հոգեբանորեն և ո՛չ էլ նյութապես: Չկար էլեկտրականություն, հեռախոսակապ, գրեթե բացակայում էր ուղևորատար հաղորդակցությունը...

Այս տարածքը մեզ դիմավորեց խիստ աշունով և ցրտաշունչ ձմեռով, որը մեզ անտանելի էր թվացել: Մենք պատրաստ չէինք այն ձմռանը ո՛չ հոգեբանորեն և ո՛չ էլ նյութապես: Չկար էլեկտրականություն, հեռախոսակապ, գրեթե բացակայում էր ուղևորատար հաղորդակցությունը... Ամենամոտիկ խանութը գտնվում էր մեր տնից 10 կմ հեռու: Թե ինչպիսի գներով էին այնտեղ ապրանք վաճառում՝ ես խոնարհաբար կլռեմ:
Բարեբախտաբար, այսօր դրանք այլևս հեռավոր և հաճախ անիրական թվացող հիշողություններն են: Անցան տարիներ: Մենք ունեցանք դպրոց, էլեկտրականություն, բջջային հեռախոսակապ: Տրանսպորտի հարցը դեռևս շատ լուրջ է, սակայն ամեն պարագայում ավելի լավ է, քան նախկինում: Այստեղ ծնվում էին երեխաներ՝ երկհարյուրամյա ընդմիջումից հետո այս հողի առաջին հայ երեխաները, որոնց ծննդյան վկայականներում որպես ծննդավայր նշվում էր Քարվաճառը:

Ամեն տարի տների ու գոմերի պատերից, փողոցների սալահատակից վերաբնակները դուրս էին հանում խաչքարեր ու տապանաքարեր՝ Հայոց միջնադարյան վիմագրերով: Դրանցից շատերը տառացիորեն ստիպված էինք հավաքել մասունք առ մասունք՝ սրբելով հարյուրամյա թրիքի պղծությունից...

Ունեցել ենք նաև կորուստներ. կենաց դառն օրենքի բերմամբ մարդիկ մահանում էին: Մահացածներից մեկը նաև իմ հայրիկն էր՝ բանասեր և բանաստեղծ, զինվորական և պարզապես ողջ կյանքով հայրենի հողին անսահմանորեն նվիրված մարդ: Նա ծնվել էր Ալավերդուն հարակից Ակոռի գյուղում, որտեղ թաղված էին նրա ծնողները: Ակոռու գերեզմանատանը հանգչում էր նրա ողջ գերդաստանը: Մեր ազգականներն այսօր էլ նախատում են մեզ, որ մենք նրան հանձնեցինք «անհայտ քաղաքական ապագայով» մի հողին, սակայն այս բառերն ինձ համար խորապես վիրավորական են:
Այս հողի վերածնունդը դարձել է իմ կյանքի իմաստը, որի զոհասեղանին ես կարողացել եմ ընծայել ընդամենը դպրոցում իմ ուսուցչությունը, իմ քրտինքն, իսկ երբեմն էլ արցունքս: Իմ քույրերն ընտանիք կազմեցին այս հողում և նվիրեցին նրան իրենց անդրանիկ զավակներին…

Մեր զինվորների արյունը և նորածին հայ մանուկների ճիչն ազատագրված եզերքում վերադարձրին մեզ ցեղասպանությամբ և հազարամյա սփռմամբ ոտնահարված պատիվն ու իրավունքը՝ քայլելու ազատարարի հպարտությամբ: Ինձ՝ որպես կնոջը, ավելի հեշտ է հասկանալ և զգալ, թե որչափ մեծ է այդ պարգևը՝ լինել քույր կամ կին անհավասար մարտում թշնամուն հաղթած հայ տղամարդու և կյանք պարգևել նրա երեխաներին:

Արդյո՞ք այսօրվա հայ կանանցից շատերը երբևէ մտածել են, թե ով է փրկել նրանց անպատվությունից բառիս փոխաբերական և ուղիղ իմաստով: Աշխարհը նույն է մնացել, թուրքերը՝ նույնպես: Խաղաղությունը և Հայաստանի վերածնունդը հնարավոր են միայն եթե մեր երկրի դարպասներն աննկունորեն կնքված լինեն հայ տղամարդկանց զենքով…
Ցավոք, վերջին շրջանում Երևանում տեղի ունեցողն ինձ, մեղմ ասած, շատ է վրդովեցնում: Այդ անհույս պարտվողականությունը՝ թշնամուն մահացու զիջումներ կատարելու միջոցով խաղաղություն և բարօրություն գնելու անհեթեթ երազանքը պարզապես նողկալի է:

Զարմանալ կարելի է, թե ինչպես հասարակության և ղեկավարության մեծ մասը կարող է այդչափ կուրացած և իրականությունից կտրված լինի: Արդյո՞ք դուք այնքան միամիտ եք, որպեսզի հավատաք միջազգային հորջորջվող երաշխիքներին: Արդյո՞ք դուք մինչև հիմա չեք գիտակցել, որ մեր տների անդորրը և ձեր պալատների ճոխությունն ուղղակիորեն կապված է Մռավի լեռնաշղթայի հավերժ սառնամանիքների և կուր-արաքսյան դաշտավայրի խեղդող ավազի մեջ մեր զինվորների պաշտպանած դիրքերից:
Դուք չգիտե՞ք, որ այն օրը, երբ մեր զինվորը կլքի այդ դիրքերը, մենք կկորցնենք տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների զրկանքների և նահատակության գնով վաստակած խաղաղությունը, և Հայստանը կրկին կգահավիժի արյան հեղեղի մեջ:

Ձեզ այնքան շա՞տ է կուրացրել աշխարհի հզորների նստավայրերի արտաքին ճոխությունը, դուք այդչափ մոլեգնաբա՞ր եք բաղձացել նոբելյան և այլ մրցանակների, ոսկու և ձեզ խոստացված հետհակամարտային ներդրումների, որ վճռել եք դավաճանել և վաճառքի հանել մեր վերջին և սրբազբնագույն ժառանգությունը՝ Հայրենիքը:
Դուք առանց այդ էլ քամել եք մեր երկրից ամեն հնարավոր բան, ապաշնորհաբար վատնել, մսխել և ծախել եք նրա ողջ հարստությունը, իսկ այժմ որոշել եք հանուն ձեր մանր առևտրական շահի պարզունակ հաշվարկով սակարկման առարկա դարձնել նաև ցեղասպանության զոհերի հիշատա՞կը:

Ես հասկանում եմ, որ գրեթե բոլորդ շատ հեռավոր պատկերացում ունեք պատվի, բարոյականության և երկրի հանդեպ պատասխանատվության մասին: Դա հավասարապես վերաբերվում է թե՛ իշխանական ճամբարին և թե՛ այսպես կոչված ընդդիմության պարագլուխներին, որոնք միևնույն տեսակի չարիք են:
Անիմաստ է դիմել ձեր խղճին և անցողիկ հարստությունների տակ թաղված արժանապատվությանը: Սակայն եթե դուք կարծում եք, որ մենք կենթարկվենք, ապա չարաչար սխալվում եք: Մենք չենք ճանաչի ո՛չ ձեր ստորագրած արձանագրությունները, ո՛չ էլ մեր տների հանձնումը, մեր սրբավայրերի, գերեզմանների և ազատարար արյունը սրբապղծող «Մադրիդյան սկզբունքները»:

Հիշե՛ք դա, երբ գնում եք խոսելու կամ անարժեք թղթիկներ ստորագրելու մեր երկրի անունից: Հիշե՛ք, որ աշխարհիս հզորների րոպեական գովասանքին և ձեր խեղկատակ «քաղաքագետների», «վերլուծաբան-թուրքագետների» և «հակամարտաբանների» ծափահարություններին հաջորդելու է սերունդների անեծքը…

Այս է ձեր դատավճիռը:
Ուստի ես Արցախի բոլոր կանանց և ազատագրված տարածքների բոլոր բնակիչների անունից, որպես կին տկար, բայց և ոգով զորեղ լինելով, ասում եմ ձեզ - դուք ոչինչ չեք հանձնելու, իսկ ձեր առևտրաբարո «արձանագրությունները» և «Մադրիդյան սկզբունքները» կմնան ձեր անզորության և ոգեղեն կուրության թղթե վկայությունը:
Հայոց Հայրենիքի միասնությունը պետք է վերականգնվի: Ոչ մի թիզ հող թշնամուն չի հանձնվելու:

ԽԱՆԴՈՒԹ ԱՎԵՏՅԱՆ
Գ. Վերինշեն, Քարվաճառ Hetq.am



ՊԵՏՔ Է ԲԱՑԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ-ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԸ

Վստահ է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը

Հայ-թուրքական հարաբերություններին առնչվող երկու արձանագրությունների դեմ տարբեր վայրերում և տարբեր մեթոդներով բողոքի ակցիաներ են անում և՛ ՀՅԴ-ն, և՛ «Միացում» նախաձեռնությունը: Այդ նախաձեռնության անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե՝ հարգում է այն մարդկանց, ովքեր անկեղծորեն նստացույց կամ հացադուլ են անում: «Ես պատրաստ եմ անհրաժեշտության դեպքում միանալ նրանց: Բայց առաջարկում եմ տարբերակել ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի կամ ՀՀԿ-ի ղեկավարությանն ու այդ կազմակերպությունների շարքային ու ազնիվ անդամներին: Բանն այն է, որ շատ կուսակցական ղեկավարներ հետապնդում են իրենց դասակարգային՝ տնտեսական շահերը, ու ինչպես մանր բուրժուազիան, նրանք էլ անհրաժեշտ պահին պատրաստ են սակարկել, վաճառել ազգային կամ պետական շահը... Ժողովուրդը շատ լավ հասկանում է, և դա է պատճառը, որ մենք չենք կարողանում համախմբվել ո՛չ ՀՅԴ-ի, ո՛չ Կոնգրեսի շուրջ»,- նկատեց Խզմալյանը:

- «Միացում» նախաձեռնությունը, որի ներկայացուցիչն եք նաև դուք, մեկն է այն կազմակերպություններից, որոնք դեմ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված և նախաստորագրված երկու արձանագրություններին: Որո՞նք են ձեր փաստարկները:

- Այդ արձանագրություններից մեկում խոսվում է հայ-թուրքական սահմանը բացելու մասին: Այդ սահմանը փակ է և շատ վաղուց, ու ոչ թե 1991թ.-ից, այլ՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներից ի վեր, նույնիսկ ավելի վաղ շրջանում: Փակ էր այն ժամանակվանից, երբ սահմանը գծվեց Արփա գետի եզրով: Վերջին 18-20 տարիների ընթացքում սահմանը փակ է եղել միակողմանի և Թուրքիայի կողմից: Հայաստանը պատրաստ է բացել այն: Հետևաբար՝ սահմանը պետք է բացի հե՛նց Թուրքիան, եթե նա և նրա հովանավորները՝ Միացյալ Նահանգները և Եվրոպան, որոնք սահմանը բացելով հսկայական աշխարհաքաղաքական խնդիր են լուծում, մտահոգված են այդ հարցով: Ինչո՞ւ ենք մե՛նք այդքան անհանգստացած: Ես ջատագովն եմ հայ-թուրքական հարաբերություններին՝ հասարակական մակարդակի վրա, և զարմանում եմ, երբ մարդիկ շփոթում են պետական և հասարակական հարաբերությունները: Հասարակությունները, քաղաքացիները և մշակույթները, բնականաբար, պետք է շփվեն միմյանց հետ: Ես ինքս բազմաթիվ անգամ եղել եմ Թուրքիայում, Արևմտյան Հայաստանի, ինչպես քրդերն են պնդում՝ ապագա Քրդստանի տարածքում, եղել եմ Արարատի գագաթին, նկարահանումներ եմ արել Ստամբուլում, Մուշում, Վանում, Իգդիրում, և կարծում եմ, որ սահմանը հիմա էլ բաց է: Բավական է 15 դոլար վճարել և սահմանն անցնել: Իհարկե, դա տեխնիկապես հիմա մի քիչ ավելի բարդ է անել՝ 50 կմ-ի փոխարեն անցնել 500 կմ տարածք, բայց կա նաև օդանավային հաղորդակցություն:

Այնպես որ, ինձ համար սահմանի փակ լինելու մասին հայտարարությունը մի փոքր կեղծ է թվում, որովհետև ամեն երկրորդ հայը եղել է Ստամբուլում, ամեն երրորդ հայը՝ Անթալիայում: Շուկան հիմա էլ է հեղեղված թուրքական էժանագին ապրանքով և էլ ավելի կհեղեղվի, եթե վիճակը փոխվի:
Ես կտրուկ դեմ եմ Թուրքիայի հետ պետական որևէ պայմանագրի ստորագրմանը և պաշտոնական հարաբերություններին, քանի դեռ չի ճանաչվել Հայոց ցեղասպանությունը: Ինձ թվում է՝ դա անբարոյականություն է: Ինչի՞ համար է այս ամբողջ քաղաքական հիստերիան: Որպեսզի մի քանի հարուստ էլի՞ հարստանա, որովհետև բաց սահմանի դեպքում նրանք կկարողանան իրենց մենաշնորհային դաշտն ընդլայնե՞լ: Բնականաբար, այդպես էլ կլինի, որովհետև իրականում խնդիրը ոչ թե սահմանն է, այլ այն, որ մի 40-50 գերհարուստ ընտանիք՝ իշխանավորներն ու նրանց շրջապատը, այլևս չկարողանալով էլի որևէ բան քամել սեփական երկրից՝ սկսել են հանուն իրենց տնտեսական շահի սակարկել ազգային շահերը և պատրաստ են դրան զոհաբերել անգամ ազգային արժանապատվությունը, հայրենի հողը:

Այդ արձանագրությունների համատեքստում խոսվում է նաև տարածքային զիջումների մասին՝ ինչպես Արևելյան Հայաստանի, խոսքը Կարսի պայմանագրի փաստացի ճանաչման մասին է, այնպես էլ Արցախի: Որքան էլ իշխանությունները փորձում են խորամանկել և թաքցնել այդ իրողությունը, բայց թուրքերը միանգամայն պարզ ասում են դրա մասին: Ես վստահ եմ, որ ոչ մի թիզ հայրենի հողից մենք իրավունք չունենք զիջելու: Ոչ մի երկրում նման բանն անգամ քննարկել չի կարելի: Ոչ մի գերտերություն կամ պետություն, որոնք այսօր խրախուսում են տարածքային փոխզիջումները, սեփական օրինակով չեն փորձում մեզ սովորեցնել, թե դա ինչպես է արվում: Ո՛չ ԱՄՆ-ն է Ալյասկան վերադարձնում Ռուսաստանին, ո՛չ Ռուսաստանն է Կուրիլյան կղզիները վերադարձնում Ճապոնիային, ո՛չ Ֆրանսիան է հրաժարվում Կորսիկայից կամ Իսպանիան՝ բասկերի երկրից: Նման բան աշխարհում չկա: Մենք մեր արյամբ ենք ազատագրել այդ տարածքները, և հիմա ոչ ոք իրավունք չունի դրանք դարձնել սակարկության առարկա:

Սկզբունքորեն սահմանը բացելուն ես դեմ չեմ, բայց դա Թուրքիայի գործն է: Թուրքիան պարտավոր է բացել սահմանները, և դա նրան ստիպում են անել: Նա, ուշ, թե շուտ, պարտավոր է լինելու դա անել: Սահմանի բացումն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատելը նույն բանը չեն, և ես դեմ եմ պետական հարաբերություններին՝ քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Ցեղասպանությունը:

- Հիմա շատ է խոսվում այդ արձանագրություններում առկա պատմական հարցեր ուսումնասիրող ենթահանձնաժողովի կամ ինչպես պնդում են դրանց ընդդիմախոսները՝ պատմաբանների հանձնաժողովի ստեղծման մասին: Արդյոք դա այդքան վտանգավո՞ր է, և մենք դրանից չե՞նք կարող օգուտներ քաղել:

- Դա ես արհեստական մտցված հարց եմ համարում և դիտում եմ որպես ծխավարագույր իրական խնդիրը կոծկելու համար: Դա արվում է առաջին հերթին հենց մեր իշխանության կողմից: Ոչ ոք չի խանգարում, ինչպես անցյալում, հիմա ու նաև ապագայում, որ պատմաբանները, գրողները, կինոռեժիսորները քննարկեն, ուսումնասիրեն, գրքեր հրատարակեն, ֆիլմեր նկարեն Ցեղասպանության կամ 1-ին համաշխարհային պատերազմի պատմության մասին: Այլ խնդիր է, որ դրանով զբաղվելու են պետության կողմից ներկայացվող պատմաբաններ, որոնք ոչ թե պատմական ճշմարտությունն են վեր հանելու, այլ կատարելու են պետության, կառավարության պատվերը: Իսկ պատվիրված պատմություն մեզ պետք չէ:

Ես մեկուկես տարի առաջ նկարեցի «Սարդարապատ. դեժավյուե ֆիլմը, որը մռայլ մարգարեություն էր այսօրվա դեպքերի մասին: Ես զգուշացնում էի, որ Սարդարապատն օրինակ է այն բանի, որ մենք հաղթեցինք պատերազմի դաշտում և պարտվեցինք դիվանագիտական միջանցքներում և առանձնասենյակներում: Ընդամենը ամիսներ անցան, և մենք տեսնում ենք, որ մեր արցախյան հաղթանակը փորձում են սակարկել և մանրել դիվանագիտական անշնորհքության և ծախվածության պատճառով: Ես գտնում եմ, որ դրա մեղավորը ոչ թե թուրքերն են, որոնք ընդամենը պաշտպանում են իրենց ազգային շահը, այլ Հայաստանում իշխող, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն է ձևակերպել՝ քրեաօլիգարխիկ համակարգը:

- Կարծում եք՝ Ս. Սարգսյանը պաշտպանում է այդ 40-50 ընտանիքների՞, թե՞ իր սեփական շահը: Կամ, գուցե, նա ուզում է մնալ պատմության մեջ որպես տասնամյակներով չհաղթահարված կնճռոտ հարցը լուծող: Նրա շարժառիթը ո՞րն է:

- Կարող է զարմանալի թվալ, թե ինչպես է պատահում, որ մարդիկ, ովքեր պատերազմի ժամանակ պայքարում, դիմադրություն էին կազմակերպում, նստելով նախագահի աթոռին՝ հանկարծ սկսում են շատ տարօրինակ բաներ անել՝ պատրաստ լինելով սակարկել անգամ ազգային շահերը: Խնդիրն այն է, որ իրենք՝ ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, առաջնորդվում են ոչ թե ազգային, այլ դասակարգային շահերով: Մարդկային պատմության շարժիչ ուժը եղել է դասակարգային պայքարը, ու նրանք դրանով էլ առաջնորդվում են՝ ստիպված լինելով կատարել իրենց դասակարգի պատվերը:

- Ասել կուզեք՝ նրա լեգիտիմությունն այստեղ դեր չի՞ խաղում, և նա նույնն անելու էր, եթե անգամ լեգիտի՞մ նախագահ լիներ:

- Միանգամայն ճիշտ եք: Եթե այսօր Ս. Սարգսյանը հրաժարվի իշխանությունից և Լ. Տեր-Պետրոսյանը ղեկավարի երկիրը, այս երկու՝ հայ-թուրքական և Ղարաբաղի կարևորագույն հարցերում ոչ մի փոփոխություն Հայաստանում տեղի չի ունենա: Ուստի՝ ես պնդում եմ, որ այսօրվա իշխանության և ընդդիմության միջև իրական տարբերություն չկա, և դա է պատճառը, որ մենք փակուղային վիճակում ենք:

- Այսինքն, ձեր կարծիքով, խնդիրը ոչ այնքան հարցերը կարգավորելուն պարտադրող «դրսի» ճնշումներն են, որքան ներքի՞ն շարժառիթները:

- Այո: Իրականում ոչ թե հայ-թուրքական սահմանն է փակ, այլ փակ է սահմանը Հայաստանի ներսում՝ իշխանության և հասարակության, և փակ է փշալարերով ու զինվորներով:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«Առավոտ»



ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐՆԻՍԱԺ

ВАРДАН АКОПЯН,
ПРЕДСЕДАТЕЛЬ СОЮЗА ПИСАТЕЛЕЙ


Целью данной статьи, написанной на основе хранящихся в архивах материалов, является рассказ о председателе Союза писателей Нагорного Карабаха Вардане АКОПЯНЕ как об общественно-политическом деятеле, пионере национально-освободительной борьбы в Арцахе. Человеке, о котором Зорий Балаян писал: "Трудно представить нашу новейшую историю и арцахское общенациональное движение без Вардана Акопяна", а Сильва Капутикян еще в 1988г. отмечала: "Вардан повсюду, кроме работы за письменным столом он - в окопах, в сельских общинах".

И действительно, Вардан Акопян был не только поэтом, но и азатамартиком, политическим деятелем, интеллигентом, прошедшим весь путь страданий и героизма. Это он в начале января 1988г. вместе с поэтом Грачья Бегларяном направил в Москву письмо с требованием о воссоединении Арцаха-Карабаха с Матерью Арменией. Затем в начале февраля он возглавил отправившуюся в Москву делегацию представителей интеллигенции Арцаха. Когда они 17 февраля вернулись оттуда, их встретила площадь имени Ленина в Степанакерте, заполненная людьми. Не обращая внимания на метель и холод, люди собрались там со всех концов области и требовали ее воссоединения с Арменией.

Вардан был избран депутатом облсовета 20-го созыва 20 июня 1987г. от 50-го избирательного округа. Еще когда делегация находилась в Москве, преподаватель МГУ, известный историк, гардманец по рождению Грант Епископосян посоветовал членам делегации: "Ребята, как только приедете, проведите в Степанакерте сессию, это самое правильное". По возвращении вместе с Армо Цатуряном они составили предложение о созыве Чрезвычайной сессии, под которым поставили свои подписи 87 депутатов. Вечером 19 февраля оно уже было на столе председателя исполкома облсовета Шмавона Петросяна. С утра 20 февраля в Степанакерт начали съезжаться депутаты облсовета.

В это время по поручению инициативной группы Вардан Акопян взял на себя ответственность за организацию созыва Чрезвычайной сессии. Утром 20 февраля в Степанакерт прибыл первый секретарь ЦК КП Азербайджана К.Багиров. По его указанию чинились всяческие препятствия, с тем чтобы сорвать созыв Чрезвычайной сессии. Предпринимались попытки либо заставить Вардана изменить свою позицию, либо запугать его. Однако его ответ был четким и отрицательным. Перед началом сессии в зал заседаний вошел Багиров со своей свитой. Демонстрируя свой ораторский талант, он пытался уговорить "сбившихся с пути" арцахцев отказаться от решения о проведении сессии. Однако последнее было исключено. Десятки тысяч арцахцев, собравшихся на площади, скандировали: се-сси-я! В это время, с трудом сдерживая возмущение, Вардан подошел к микрофону.

- Даже если вы останетесь здесь до ночи, все равно ничего не добьетесь. Вы нам мешаете. Мы сейчас начинаем работу сессии, вы можете остаться, можете уйти, сами решайте, только не мешайте нам. Багиров со своей свитой вынужден был покинуть зал.
Уже был обеспечен кворум, из 150 депутатов присутствовали 111. В 20.20 сессия начала свою работу. Первым выступил Вардан Акопян. Его выступление длилось около 40 минут и было оформлено как доклад. Затем выступили 44 депутата. В конце было принято историческое решение, которое собравшиеся на площади встретили аплодисментами и криками ура.

После завершения сессии Вардан через громкоговоритель обратился с короткой речью к народу, с нетерпением ждущему на ступеньках облисполкома. Собравшаяся толпа с воодушевлением приняла весть о решении сессии. Как в штабе инициативной группы, так и на площади Вардана чуть не "задушили" в знак поддержки и одобрения. Впоследствии он с гордостью рассказывал об этом:
- Считаю этот момент самым прекрасным в моей жизни.

Через несколько дней была создана организация "Крунк". Председателем ее совета был избран Аркадий Манучаров, а заместителем - Вардан Акопян. Фактически все работы совета координировал Вардан. После того как 24 марта "Крунк" запретили, Вардан часто общался с населением области, посещал районы, выступал перед их жителями, призывал организовываться, создавать оборонительные отряды, вооружаться...
И не случайно именно в это время Католикос Всех Армян Вазген I сказал ему ".

..В вас говорит вечный армянский Арцах, и это честь для вас. Желаю вам душевного и физического здоровья... и чтобы вы в ближайшем будущем стали свидетелем победы вашего и нашего общего справедливого дела".

Арцах был упрям, неуступчив. Довольно он страдал и сгибался. Он стал непобедим. Отныне никакая сила не способна была заставить его свернуть с пути. Деятели Арцаха тайно собрались 7 августа 1989г. в селе Шош. Решили созвать съезд армян Арцаха и выбрать Национальный совет. В поддержку этой идеи в своем выступлении высказался и Вардан Акопян. А когда 16 августа в здании Государственного театра Степанакерта был созван съезд полномочных представителей населения Нагорного Карабаха, Вардан был избран членом правления и призвал население области прекратить забастовку. Через несколько месяцев Вардан вошел в состав делегации, принявшей участие в Чрезвычайной сессии Верховного Совета Армянской ССР, на которой было принято решение о воссоединении Армянской ССР и Нагорного Карабаха.

Май 1991г. был чрезвычайно тяжелым для Арцаха. В это время противник проводил операцию "Кольцо". Армянское население десятков сел было депортировано. 16 мая состоялось заседание областного актива. В это время перед областью стояла следующая дилемма: сражаться с турко-азербайджанцами, просить политического убежища для населения области или пойти на переговоры. Участники заседания выбирают третий вариант. Но для этого нужно было потребовать прекратить осуществлявшийся в отношении арцахцев вандализм.

Для выступления слово просит Вардан Акопян. И хотя его выступление, как и остальные, полностью не стенографировалось, однако и из сохранившегося текста (он хранится в Государственном архиве НКР) видна его тревога и беспокойство относительно судьбы родного края и его населения. Находящийся в блокаде Арцах трепетал в поисках спасения. В этот решающий момент Вардан заявил, что турецкий вандализм остановить возможно. Он подчеркивал, что пока у нас нет оружия и армии, нам нечем сражаться, но для того, чтобы выиграть время, ситуация заставляет пойти на переговоры.

В ответ на декларацию "О восстановлении государственной независимости Азербайджанской Республики", принятой Чрезвычайной сессией Верховного Совета Азербайджанской ССР 30 августа того же года, совместная сессия областного Совета народных депутатов Нагорного Карабаха и районного совета Шаумяна, состоявшаяся 2 сентября в Степанакерте, приняла историческое решение. Первым на сессии выступил депутат облсовета Вардан Акопян. Он предложил провозгласить область Нагорно-Карабахской суверенной республикой. На этой сессии Вардан Акопян был избран членом исполкома облсовета и сыграл важную роль в организации проведенного 10 декабря 1991г. референдума и выборов в Верховный Совет республики, состоявшихся 28 декабря. 8-9 мая 1992г. Вардан Акопян принимал активное участие в боевых действиях по освобождению Шуши.

Грант АБРАМЯН,
доктор исторических наук,
профессор
"Голос Армении" 08.09.09

Խմբագրության կողմից: Որոշել էինք սույն հոդվածի հերոսի մասին այլևս ոչինչ չտպագրել «ՆՈՐ ԷՋ»-ում, բայց երբ հիմա էլ փորձում են սրբագրել-խմբագրել մեր սրբություն-սրբոցը՝ Արցախյան ազատամարտը, մենք իրավունք չունենք բավարարվելու դիտորդի կարգավիճակով:



Открытое письмо Гранту Абрамяну,
доктору исторических наук, профессору


Прочли Вашу статью на 6-ой странице газеты " Голос Армении” (08.09.2009), и как коренные жители Карабаха хотим поделиться с Вами наболевшим.
Давайте оставим в стороне политику и депутатов и поговорим о некоторых оплошностях и не соответствующих действительности утверждениях, которые, возможно, под диктовку или по неинформированности нашли место на страницах вышеупомянутой газеты.
Итак, по порядку.

Мы не знаем, из каких соображений у Вас появилось словосочетание "собравшаяся толпа” в предложении: " Собравшаяся толпа с воодушевлением приняла весть о решении сессии”.
Как люди, непосредственно знакомые с обстановкой и имеюшие существенную и достоверную информацию об Арцахском движении, прекрасно помним по сей день, как мы боролись против того, чтобы вывести из употребления в сводках слово " толпа”. Слово, которое по сути обозначало скоп, группу людей. А мы прекрасно знаем, что на центральной площади города Степанакерта собралась не группа людей, это было население всей области – более ста тысяч человек.

Теперь о создании общественной организации " Крунк” и о координации ее работы. Если Вы – историк, то непременно должны быть осведомлены о деятельности Аркадия Манучарова с 1964-го года и до последних дней его жизни. Очень мало людей (их даже не сосчитать на пальцах одной руки) стали бы утверждать, что Манучаров, находясь на ответственном посту, переложил бы свои обязанности на кого-либо.
И встает вопрос: «А почему сафоновцы охотились именно за Манучаровым, а не за кем-то другим?..»

Нам и, наверное, многим читателям газеты, не понятно то, что Вы представляете Нагорный Карабах 1988 года беспомощным, «трепещущим». А ведь во многих источниках ( в том числе персидских) упомянуется, что Карабах среди всех ханств был единственным, которое всегда боролось за свою независимость.

По этому поводу хочется провести небольшой экскурс. В годы Арцахского освободительного движения, когда нам стало известно, что генерал И. Х. Иванян в 1941-45 г.г. воевал на Малой Земле, мы при встрече не упустили возможности задать несколько вопросов относительно боевых действий, описанных в книге о Малой Земле. Его ответы почти полностью опровергали многие факты, отмеченные в книге.Отвечая на последний вопрос, он сказал: «Ну, ребята, значит, меня там не было!”
Может, и нас, в том числе и членов ныне живущих членов КРУНКа, не было в годы Арцахского освободительного движения в Карабахе и мы припеваючи жили, как некоторые, за пределами находящейся в беде родины.

Просто стыдно писать статью на основе чужих лживых справок, да еще на страницах известной газеты…

Просим подумать на этот счет и, пообщавшись с очевидцами и непосредственными участниками роковых для Арцаха событий, опровергнуть некоторые данные, отражанные в статье…

А теперь вернемся к первому абзацу Вашей статьи. Создается впечатление, что для того, чтобы убедительнее казались читателю приведенные Вами недостоверные факты, Вы специально начали свою статью со слов известной поэтессы Сильвы Капутикян и публициста Зория Балаяна. К Вашему сведению, отметим, что в указанное в статье время и речи пока не было об окопах. Окопы появились позже, когда Азербайджан стал развывать войну.

Интересно, почему, говоря об архивных материалах, Вы не указываете ни на номера дел, ни на страницы. Ваша статья больше похожа на сказку. А не задавались ли Вы вопросом, где находились сыновья З.Балаяна и других Ваших друзей в 1992-94 г.г.? Ведь их отцы очень любили Арцах и нашу армию!

Почему именно сейчас Вы стали писать об участниках боевых действий по освобождению Шуши, в том случае, когда в Вашей объемистой книги " Сражающийся Арцах” содержались иные данные? Следует помнить, что двух правд не бывает. Народ знает правду и не нуждается в Вашей трактовке новейшей истории Карабаха.

ГРАЧИК АРУТЮНЯН (историк)
МГЕР АРУТЮНЯН (исторических наук)



ՄԻ՛ ԾՌԵՔ ՃԱՆԱՊԱՐՀԸ, ՊԱՐՈՆԱՅՔ

«Գոլոս Արմենիի» թերթի սեպտեմբերի 8-ի համարում տպագրված պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Աբրահամյանի «Վարդան Հակոբյան՝ գրողների միության նախագահ» վերնագրով հոդվածը Արցախյան շարժման ու պատերազմի շատ վետերանների, Ղարաբաղի վերջին երկտասնամյա պատմությանը շատ թե քիչ քաջածանոթ մարդկանց, մեղմ ասած, տարակուսանքի մեջ է գցել: Երևի թե այդ տարիների մասին տպագրված խեղաթյուրումների շարքում սույն հոդվածը երկար ժամանակ կմնա չգերազանցված: Տեղի սղության պատճառով անդրադառնանք կեղծումների միայն մի մասին:

Հոդվածի հեղինակը հայտնում է, թե իր հոդվածը գրել է «արխիվում պահպանվող նյութերի հիման վրա»: Հետաքրքիր է՝ դա ի՞նչ արխիվ է, որտե՞ղ է պահվում այդ արխիվը, որի հիման վրա պրոֆեսորը հայտնում է, որ "Вардан Акопян был не только поэтом, но и азатамартиком, политическим деятелем, интеллигентом, прошедшим весь путь страданий и героизма. Это он в начале января 1988г. вместе с поэтом Грачья Бегларяном направил в Москву письмо с требованием о воссоединении Арцаха-Карабаха с Матерью Арменией”.

Չգիտեմ ինչ նամակի մասին է խոսքը, բայց հիշեցնեմ, որ Մոսկվային ուղղված Արցախի մտավորականների հանրահայտ նամակը գրվել է «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խմբագրությունում: Ինքս այդ նամակի կազմման և ստորագրահավաքի մասնակիցներից եմ: Վ. Հակոբյանի անունը հաստատ առաջին 20-30 հոգու մեջ չկար: Անգամ հիշում եմ, որ առաջին երկու ստորագրողները Գուրգեն Գաբրիելյանն ու Գուրգեն Այվազյանն են եղել: Սկզբում խմբագրության այդ երկու վետերաններին ենք ստորագրել տվել, որպեսզի մյուսները համարձակություն ձեռք բերեն...
Օրերս ես զրուցել եմ արցախցի մի քանի պետական, հասարակական, քաղաքական գործիչների հետ. նրանցից ոչ ոք չի գտնում, որ Վարդան Հակոբյանը ազգային-ազատագրական պայքարի պիոներ է կամ քաղաքական գործիչ:

Բավական չէ, որ պատմաբանն արցախյան պատերազմի հետ երբեք առնչություն չունեցած մարդուն անվանում է «ազատամարտիկ», այնուհետև հայտնում է, թե 1988 թ. փետրվարի 20-ի հայտնի նստաշրջանի հրավիրման առաջարկությունը ներկայացրել են Վ. Հակոբյանն ու Արմո Ծատրյանը: Հետո, ըստ պրոֆեսորի՝ «Վարդան Հակոբյանն իր վրա է վերցրել արտակարգ նստաշրջանի կազմակերպման պատասխանատվությունը»:

Իր շքախմբով Ստեփանակերտ ժամանած Ադրբեջանի ղեկավար Ք. Բագիրովը փորձել է կանխել արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Ըստ պատմաբանի՝ "Предпринимались попытки либо заставить Вардана изменить свою позицию, либо запугать его. Однако его ответ был четким и отрицательным”. Հոդվածի հեղինակը, «արխիվային նյութերի հիման վրա» պատմում է, որ Վարդանը մոտեցել է խոսափողին... Եվ նրա խոսքերից հետո Բագիրովին այլ բան չէր մնում, քան հեռանալ նիստերի դահլիճից:

Այն մարդիկ, ովքեր իրոք զբաղվում էին նստաշրջանի կազմակերպման խնդրով, բարեբախտաբար, դեռ կենդանի են, և ես զրուցել եմ նրանց հետ: Նստաշրջանի կազմակերպման խնդրով զբաղվում էր Ռազմիկ Պետրոսյանը: Նա հայտնեց, որ նստաշրջանի նախագահ Վիգեն Հայրապետյանից բացի կար նաև նախագահի «պահեստային» տարբերակ, որ հայտնի է միայն իրեն: Ռ. Պետրոսյանը հավելեց, որ քվորում ապահովելու համար պատգամավորներից երկուսին անձամբ ինքն է բերել նիստերի դահլիճ:

Ըստ Հրանտ Աբրահամյանի, չնայած «Կռունկ» կոմիտեի նախագահը Արկադի Մանուչարովն էր, «խորհրդի բոլոր աշխատանքները փաստորեն կոորդինացնում էր» նրա տեղակալ Վարդան Հակոբյանը: "После того как 24 марта "Крунк" запретили, Вардан часто общался с населением области, посещал районы, выступал перед их жителями, призывал организовываться, создавать оборонительные отряды, вооружаться...”,- գրում է հոդվածի հեղինակը:
Ռազմիկ Պետրոսյանն ու Ռոլես Աղաջանյանը, ովքեր ժամանակին եղել են ոչ միայն ինքնապաշտպանության կոմիտեի անդամներ, այլև «Կռունկ»-ի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի նախագահության անդամներ, այնուհետև նաև ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորներ՝ Արցախից, ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի վետերաններ են (պահեստի գնդապետի և փոխգնդապետի կոչումներով), հայտնեցին, որ «Կռունկի» անդամներից միայն 4-5 հոգի էին տիրապետում ողջ ինֆորմացիային, իսկ իրականում բոլոր ծրագրերը կազմում և ղեկավարում էր Ինքնապաշտպանության շտաբը, որի կազմում էին Արկադի Մանուչարովը, Ռազմիկ Պետրոսյանը, Ռոլես Աղաջանյանը, Արկադի Կարապետյանը... «Գործողությունների պլան կազմելիս մենք խորհրդակցում էինք նաև Վաչագան Գրիգորյանի, Բորիս Դադամյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ»,- ասացին նրանք:

«Շշտաբը սկզբում գտնվում էր «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խմբագրությունում, ապա ներկայիս քաղաքապետարանի դիմացի շենքում, այնուհետև՝ Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտում, որտեղ պատահական ու անվստահելի մարդիկ ելումուտ չունեին»,- ասում է Ռ. Պետրոսյանը:
Զրուցել եմ նաև այլ գործիչների ու ակտիվիստների հետ: Նրանցից ոչ ոք երբեք չի տեսել ու չի լսել, որ Վ. Հակոբյանը մեկնած լիներ Ղարաբաղի շրջանները՝ բնակչությանը «պաշտպանական խմբեր ստեղծելու կամ զինվելու» կոչ անելու: Թեկուզև այն պարզ պատճառով, որ այդ հարցով հատուկ մարդիկ էին զբաղվում և դա խիստ գաղտնի էր կատարվում, քանզի ամեն տեղ շրջում էին կագեբե-ի «ականջներ»:

«Չեմ կարծում, թե այդ հոդվածը տպագրելու նախաձեռնությունը պատկանում է Վ. Հակոբյանին: Համոզված եմ, որ նա տեղյակ էլ չէ դրան: Բայց քանի որ, իրենից անկախ, կանգնեցրել են զավեշտական փաստի առաջ, ապա, որպես ճանաչված և պատկառելի մտավորական, Վարդան Հակոբյանը, իմ համոզմամբ, անպայման հերքում կտպագրի նույն թերթում»,- ասում է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, քաղաքական գործիչ Մաքսիմ Միրզոյանը:
Մի փաստ ևս. իմ բոլոր զրուցակիցները, ովքեր այդ տարիներին կալանավորվել ու բանտարկվել են, ժպտալով հարցրին. «Եթե ամեն ինչ Վարդանն էր անում ու կազմակերպում, ապա ինչո՞ւ մի անգամ էլ նրան չեն բանտարկել...»: Նրա անունը չկա նաև ԽՍՀՄ փլուզումից հետո պետանվտանգության արխիվներում գտնված շարժման կազմակերպիչների ու ղեկավարների ցուցակներում:

Հ. Աբրահամյանը սխալ է ներկայացնում նաև Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհդին առնչվող հատվածն ու շարունակում. "Первым на сессии выступил депутат облсовета Вардан Акопян. Он предложил провозгласить область Нагорно-Карабахской суверенной республикой”.
Զրուցակիցներս հայտնեցին, որ Խորհուրդն ուներ համանախագահների կազմ, որի մեջ էին մտնում Վաչագան Գրիգորյանը, Վահան Գաբրիելյանը, Սեմյոն Բաբայանը, Արկադի Մանուչարովը (նա պատվավոր նախագահ էր համարվում), Հենրիխ Պողոսյանը (վերջինս հետո վերցրել էր իր թեկնածությունը): Հրանտ Աբրահամյանի հերոսը նախագահության քսան շարքային անդամներից մեկն էր միայն և նա, ըստ իմ զրուցակիցների, «չէր կարող այնպիսի հայտարարություններ անել, որի համար թե՛ իրավասու չէր, և թե՛ նրա ուժերից վեր էր»:

"8-9 мая 1992г. Вардан Акопян принимал активное участие в боевых действиях по освобождению Шуши”,- Հ. Աբրահամյանն այս տողերով է ավարտում իր հոդվածը:
Ճիշտն ասած, երևանաբնակ պրոֆեսորը, որ Վ. Հակոբյանի արժանիքներն ու ծառայությունները նշելու համար շարունակ վկայակոչում է երևանաբնակ մեր մեծերին (առավելապես՝ հանգուցյալ), լավ կլիներ փորձեր Երևանում բնակվող հանրահայտ «Կոմանդոսից»՝ Արկադի Տեր-Թադևոսյանից և ԼՂՀ ՊԲ նախկին զորահրամանատար ու ՊՆ նախարար Սամվել Բաբայանից ճշտել, թե Վ. Հակոբյանը ի՞նչ զորամիավորման կազմում էր «ակտիվորեն մասնակցում Շուշիի ազատագրման ռազմագործողությանը»:

Պարզապես հիշենք Իգոր Մուրադյանի խոսքերը. «Բարեբախտաբար, մենք բոլորս դեռ չենք մեռել...»: Այլապես մի օր կարող է «պարզվել», որ Կոլումբոսից առաջ, ասենք, Կիկոսը կամ Կիրակոսն արդեն հայտնաբերել էր Ամերիկան:

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



ԶԱՆԱԶԱՆ

ՄԵՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՊՏՈՒՂ ԽՆՁՈՐԻ ՄԱՍԻՆ


Խնձորը պարունակում է սախարոզա, ֆրուկտոզա, գլյուկոզա, խնձորաթթու, լիմոնաթթու, հանքային նյութեր (կալիում, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, նատրիում, երկաթ, ծծումբ, մանգան): Խնձորը պարունակում է նաև պեկտինային նյութեր, թաղանթանյութ, որոնք ունեն ախորժակաբեր հատկություններ: Բացի այդ, նրա ֆերմենտները մարդու մոտ լավացնում են ախորժակը, արագացնում մարսողությունը: Խնձորի պտղում քիչ են վիտամինները, վիտամին C-ն 1.5-50 մգ է՝ կախված տեսակից, հասունացման աստիճանից, պահելու եղանակից: Պտղում կա նաև կարոտին, B խմբի վիտամիններ: Այդուհանդերձ խնձորն օժտված է բուժիչ լայն հնարավորությամբ: Խնձորն ամենից շատ օգտագործում ենք թարմ վիճակում՝ առանց որևէ մշակման, մասամբ էլ՝ չորացրած...

Կարելի՞ է, արդյոք, տնային պայմաններում պատրաստել խնձորի քացախ: Այո՛, այն էլ՝ հեշտ ձևով: Պատրաստեք լավ հասունացած խնձորի պտուղները (պարտադիր չէ դրանք լինեն բարձր որակի պտուղներ), լվացեք առնվազն երեք անգամ, մանրացրեք, լցրեք էմալապատ ամանի մեջ, վրան ավելացրեք տաք ջուր, շաքար (1 կգ խնձորին՝ 80-90 գ հաշվով): Ջուրը պետք է խնձորից 4-5 սմ բարձր լինի: Ամանը դրեք մի տաք տեղ՝ ոչ արևի տակ: Բերանը փակեցեք փայտե կափարիչով, 2 շաբաթից հետո քամեցեք հեղուկը, լցրեք մեծ շշերի մեջ և երկու շաբաթ էլ պահեք: Դրանից հետո ստացված քացախն առանց խառնելու լցրեք շշերի մեջ և օգտագործեք:
Ցավալի է, որ այսքան կարևոր պտղի արտադրությունը Արցախում անուշադրության է մատնված...

ԺՈՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ



Վերջին էջ

ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ԿԱԴՐԵՐԸ


«Բռնեցե՜ք, փախա՜վ Սաքոն խելագար...»: Բայց դա ե՞րբ էր, է՜, Հովհաննես Թումանյանի օրերում, «մութ ու խավար» ժամանակներում: Եթե ճիշտն եք ուզում իմանալ, Սաքոն ոչ մի տեղ էլ չի փախել, թքել, դուրս է եկել էն մութ ու ձանձրալի ծմակներից, նստել առաջին պատահած ավտոբուսը և մեկնել մայրաքաղաք...

Հետո՞: Հետո ամեն ինչ եղավ այնպես, ինչպես դասագրքերից դուրս հայտնի է բոլորիս: Ականջը կանչի Միկիտան Սաքոյի... Հա, խոսքը հենց նույն այդ Միկիտան Սաքոյի մասին է, որին էն մորուքավոր վիպասան Պռոշյան Պերճը նկարագրել է զանազան տեսակի բացասական գծերով: Ուրեմն՝ հենց այդ նույն Միկիտան Սաքոն, այսինքն՝ Սարգիս Նիկիտիչը, մայրաքաղաքում մասնավոր համալսարան բացել, դիպլոմ էր վաճառում: Լոռեցի Սաքոն, քաղաք հասնելուն պես, մեկնեց ուղիղ Սարգիս Նիկիտիչի մոտ:
- Զեմլյա՛կ, ես ել եմ եկել,- ասաց,- ինչո՞վ կարող ես օգնել ինձ:

Սարգիս Նիկիտիչն ակնոցի վերևից զարմացած նայեց նրան, աչքերը ճպճպացրեց.
- Ա՛յ տղա, Սերգո, էդ դո՞ւ ես...
- Հա, ես եմ, բայց անունս Սաքո է:
- Զավա՛կս, Սաքոյի ժամանակները անցել-գնացել են: Այսօրվանից դեն կնետես վրան «խելագարի» պիտակ կպցրած գրական այդ տիտռիկ անունդ ու կդառնաս Սերգո Ավանեսիչ...

Աչքերը զարմանքից ճպճպացնելու հերթը հիմա էլ լոռեցունն էր.
- Սերգոն հասկացանք, բայց «Ավանեսիչն» ո՞վ է:
- Ա՛յ մարդ, հիմա ո՞վ է հիշում հորդ անունը: Գոնե դու հիշո՞ւմ ես: Չէ՛: Դե՝ ջա՛ն: Ուրեմն որպես հայրանուն կվերցնենք գրական կնքահորդ՝ Թումանյան Հովհաննեսի անվան ժամանակակից ձևը, կդառնաս Սերգո Ավանեսիչ: Օ քե՞յ...

- Դա ո՞վ է:
- Ախմախ, դա ով չէ, դա ամեն ինչ է: Հետո կսովորես: Հիմա ասա, տեսնեմ, սրանցից որն ես ուզում,- Սարգիս Նիկիտիչը մատնացույց արեց իր գլխավերևում լվացաթոկից կախած տարբեր ձևի դիպլոմները:
- Էն կարմիրն ավելի սիրուն է երևում...
- Կեցցե՛ս, լավ ճաշակ ունես: Ճիշտն ասած՝ դա թանկ է, բայց ոչինչ, փողը հետո կտաս...

Հետո տարիներ անցան: Մի օր էլ նախարար Սերգո Լոռեցյանը հանկարծ հիշեց, որ դիպլոմի փողը դեռ չի վճարել: Սելեկտորի կոճակը սեղմեց, քարտուղարուհուն հանձնարարեց «շտապ միացնել» Սարգիս Նիկիտիչի հետ:
- Ա՛յ տա, Սաքո՞, էսօր իմ հաշվին ես: Եվ հետո՝ քեզ բան պիտի տամ... Հիմար, չէ-չէ չանես... Ավտոս ուղարկե՞մ, թե...

Հա, շատ ճիշտ էլ հասկացել եք: Էդ նույն Սաքոն, լոռեցի Սաքոն մեկնել է մայրաքաղաք և նախարար դարձել... Հիմա նրա ձեռի տակին հարյուրավոր մարդիկ են ֆռֆռում: Դուք էլ նստել ու ողբում եք՝ խե՜ղճ Սաքո, տատի հեքիաթները հիշեց և էնքան միամիտ ու խավարամիտ էր, որ դրանից խելագարվեց, գնաց կորավ էն մութ ծմակներում...

Կամ՝ «Բաց արին տեսան գրած զակոնում, թե չոբան Չատին Սիբիր է գնում...»: Բարև ձեզ: Չէ՜ մի, Կամչատկա է գնում: Ախր, ի՞նչ գործ ունի ինչ-որ սիբիրներում, ի՞նչ չոռ ու ցավ է կորցրել էն օտար ծմակներում: Մեր ծմակներից դուրս եկել, ռուսի վայրենի անծայրածիր անտառները պիտի գնա՞ր... Ներողություն, մի քիչ սպասեք, հեռախոսը զանգում է...

- Այո, բարև ձեզ: Լսում եմ, Չատի Մատիևիչ... Այո, ճիշտ այդպես: Այդպես էլ կգրենք... Ուրեմն՝ հեկտարից ստացել ենք մեկ ամբողջ երեք տասնորդական ցենտներ բերք: Այո, հասկացա, թվերով գրեմ՝ 1,3 ցենտներ: Գրեցի... Իհարկե, դա շատ բարձր ցուցանիշ է... Այո, այո, լսում եմ: Շտապ գրեմ և ուղարկեմ բացբերան իդիոտների՞ն... Հա՛, հա՛, Չատի Մատիևիչ, կռահեցի, որ կատակով եք ասում, բայց ճիշտ եք ասում, նկատի ունեք լրատվամիջոցներին: Ճիշտ այդպե՛ս, եղա՛վ, պարոն նախարար: Ցտեսությո՛ւն...

Օ՜ֆֆ, սպասեք քրտինքս սրբեմ: Հասկացա՞ք, խոսում էի գյուղնախարարի հետ: Հա՛, հենց նույն Չատիի հետ, որին իբր Սիբիր են ուղարկել թե քշել... Տո՜, ի՞նչ Սիբիր, ի՞նչ բան, մարդը գնացել, ագրոնոմի բարձրակարգ դիպլոմ է ձեռք բերել, բարով-խերով նախարար է աշխատում... Հասկանո՞ւմ եք, մարդիկ արդեն ուղեծիր են ընկել, իրենց քեֆին պտտվում են՝ մի օր այս պաշտոնում են ֆռռում, մյուս օրը մի ուրիշ բարձր պաշտոնում: Ասում են, չէ՞... Այո, ժողովուրդն է ասում՝ «Տաշած քարը գետնին չի մնա»: Այնպես որ՝ հիմա իսկը և իսկը քարերի ժամանակներն են... Բոլոր չորս կողմերից՝ աջից, ձախից, ներքևից, վերևից և, ամենակարևորը՝ մեջից տաշած քարերի ժամանակնե՜րը...

Կամ մեր սիրելի Պետրոս Պողոսիչը... Հա՛, հենց նույն Քավոր Պետրոսը, որի մասին Րաֆֆին վերցրել ու մի մեծ վեպ է գրել, անունն էլ դրել «Խաչագողի հիշատակարան»... Ներողություն, ձեռիս հեռախոսն է զանգում, կինս է... Իմիջիայլոց, հիշեցնեմ, որ կողակիցս նշանավոր Էլիզբարովի ավագ դուստրն է, վարչության պետ է աշխատում... Իսկ Պետրոս Պողոսիչի և մյուսների մասին հաջորդ անգամ կպատմեմ...

- Այո, լսում եմ ձեզ, Ռոզալիա Անդրեևնա... Հա՛, վռազ վազեմ խանութ, հետո Արտուրիկին տանեմ երաժշտական, Սիրուշոյի և Մանուշոյի համար շարադրություններ գրեմ... Ճիշտ այդպես, Ռոզալիա Անդրեևնա...

Վ. ՕՎՅԱՆ
«Անալիտիկոն», N 7



ԱՂՏԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՀԵՌԱԽՈՍՈՎ

Վերջերս բջջային հեռախոսովս այսպիսի SMS ստացա. «SMS անձրև» ակցիային կարելի է մասնակցել միայն մեկ անգամ և մինչև 30.09.09-ը: Ուղարկելով N կամ S տառը 1102 համարին, ստանում եք 100-ավոր հումորներ կամ սիրային SMS»: Ուղարկողն ինչ-որ Z-Mobile-ն է:

Ճիշտն ասած, սա առաջին հիմարությունը չէ, որ ես և ինձ նման հարյուրավորները ստանում ենք մեր բջջային հեռախոսներով: Արդեն սովորական է դարձել՝ հեռախոսդ «ծվծվում է», ինչ-որ կարևոր մի լուր կամ նամակ ստանալու հույսով վերցնում ես ձեռքիդ հեռախոսը, կարդում այդօրինակ հաղորդագրությունն ու զարմանում մարդ կոչվածի անսահման տխմարության վրա:

Ես չգիտեմ, թե ով կամ ովքեր են այդ «Զ-Մոբիլի» անվան տակ, բայց նրանց խորհուրդ եմ տալիս նման խաղեր անել իրենց կարգի ու մակարդակի մարդկանց հետ: Ինչ մնում է «100-ավոր հումորներին», ապա ես ինքս նրանց կարող եմ 200-ավոր անեկդոտ պատմել, իսկ ինչ մնում է «սիրային SMS»-ներին, ես՝ 5 թոռ ունեցողս, դրա կարիքը չեմ զգում: Լավ կլինի դրանք ուղարկեն իրենց տատիկներին ու մտածեն մարդավարի մի մասնագիտություն կամ զբաղմունք գտնելու մասին:

Ինձ համար հեռախոսը, այդ թվում՝ բջջային, միայն հաղորդակցվելու միջոց է:

Կ. ԱՌԱՔԵԼՅԱՆ



ԻՐԱԿԱՆԱՑԱԾ ԵՐԱԶԱ՞ՆՔ, ԹԵ՞ ԶՎԱՐՃԱՆՔՆԵՐԻ ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ

Վերջերս քաղաքին նոր փայլ ու հմայք է հաղորդել Ն. Ստեփանյանի անվան վերանորոգված զբոսայգին: Փոքրիկների առօրյան ու հանգիստը զարդարելու են եկել միանգամայն նոր ոճ ու դիզայն ունեցող կարուսելներ: Հներին փոխարինելու են եկել գունագեղ գնացքներն ու ճոճանակները, նավակներն ու ավտո-կարուսելները… Առանձնապես երեկոյան ժամերին մանուկների «զվարճանքների թագավորությունը» պարզապես ողողվում է գունագեղ փայլող ծառերով ու լապտերներով:

Թվում է, մանուկները վերջապես գտել են իրենց «խրախճանքների գանձարանը»: Բայց արի ու տես, որ, ինչպես ասում են, «երկու երնեկ մի տեղ չի լինում»: Իրականացված երազանքը՝ զվարճանքների միանգամայն թանկ հաճույք է: Մեկ թանկ հաճույքն (ասենք՝ նավակները) արժե 400, իսկ ամենից էժանը՝ 200-250 դրամ: Թե ինչու են ավտո-կարուսելներից օգտվելու ժամանակ մեկ հաճախորդին տրամադրում 2 տոմս և տոմսի վրա զետեղված 150 դրամի փոխարեն պահանջում 300, տոմսավաճառն այդպես էլ չպարզաբանեց, պատճառաբանելով, որ ձևն է այդպիսին:

Մանուկները չեն կարողանում անտարբեր անցնել հետաքրքրաշարժ և գայթակղիչ կարուսելների կողքով, բայց, ցավոք, շատ երեխաներ այսօր ստիպված են նայելով միայն վայելել թանկ կարուսելների պատճառած հաճույքը, որովհետև նրանցից շատերի ծնողների դրամապանակի պարունակությունը հիմնականում հերիքում է սննդի և փոքրիկների շոր ու հագուստների կարիքները հոգալուն: Բոլորի գրպաններին համահունչ չեն կարուսելների տոմսերի գները:

Նախկին կիսաքանդ, սակավ գունագեղությամբ, ոչ ճոխ կարուսելները չնայած անշուք ու խղճուկ են այսօրվա «զվարճանքների թագավորության» համեմատությամբ, բայց իրենց համեստ գներով մատչելի էին շատ-շատերին (արժեին ընդամենը 70-100 դրամ):
Թոշակառու պապիկ-տատիկներն իրենց թոռնիկների ձեռքից բռնած, ամոթխած երեխաների պես անցնում են կարուսելների կողքով, փոքրիկներին փորձելով հանգստացնել՝ «Մոռացե՞լ ես, անցյալ ամիս 1-2 անգամ արդեն նստել ես...»: Իսկ մտքում այլ բան են ասում. ո՞ւմ է պետք շռայլ ճոխությունը, երբ կոկորդդ անգամ չես կարող թրջել «ժայթքող շատրվանից»:

ԱՆԱՀԻՏ ՀԱԿՈԲՅԱՆ


Համարի ասույթը

Հայ իշխանավորները տեր չկանգնեցին հազարավոր հայորդիների արյան ու կյանքի գնով ձեռք բերված Հաղթանակին: Փոխարենը նրանք տեր կանգնեցին միայն երկրի նյութական հսկայական հարստությանը:


Ամսվա ասույթը

Փաստերը ցույց են տալիս, որ պատերազմի հերոս դառնալու ամենահարմար ժամանակը հետպատերազմյան շրջանն է:

Комментариев нет:

Отправить комментарий