ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ
Մեր ժամանակներում այնքա՜ն բաներ կան, որ պիտի լինեին, բայց չկան։ Բացակայում են, դեֆիցիտ են։ Երբ ասում ենք՝ «սոցիալական», անմիջապես մտածում ենք, որ դրան հաջորդող բառը պիտի լինի՝ անարդարություն։ Ասել է թե՝ Արդարությունը բացակա է, չկա, դասի չի եկել, հիվանդ է կամ գուցե... Չէ, հուսանք, որ չի վախճանվել, այլ մնացել է կես ճանապարհին, դեռ տեղ չի հասել։ Վաղուց բացակա է նաև Հավատը (խոսքը կրոնի մասին չէ)։ Էլ չեմ խոսում մանր-մունր դեֆիցիտ բաների մասին։
Այս անգամ ուզում եմ խոսել «դեֆիցիտ» մի այլ «ապրանքի»՝ Պատասխանատվության մասին, որի բացակայությունն է թերևս հիմնական պատճառը, որ այսօր բացակայում են Հավատն ու երկրի ամրության ու հզորության գրավական շատ այլ բաներ։ Ամենապարզ ու ամենահայտնի օրինակները բերենք։ Երեկվա մեր իշխանությունները գյուղացուց, հողագործից հողը վերցրել, «սեփականաշնորհում» օպերացիա են իրականացրել, որի արդյունքում՝ հիմնական հողատեր են դարձել ո՛չ հողի մշակները... Ի դեպ, մինչ այդ հողի խայտառակ առուծախ էր կատարվել Հայաստանում, և այնտեղից մեզ խորհուրդ էին տալիս՝ հաշվի առնելով պատերազմական գոտում գտնվելու հանգամանքը, Արցախում դեռևս ձեռնպահ մնալ հողը սեփականաշնորհելուց... Բայց սեփականաշնորհեցին, և դրա համար ոչ ոք պատասխանատվություն չկրեց...
Նախորդ նախագահը նոր վարչապետ նշանակելուց առաջ խորհրդավոր հայտնեց, որ նրա անունը դեռ չի տալու, սյուրպրիզ է անելու։ Շարքային մահկանացուներս ենթադրեցինք, որ առնվազն Աբել Աղանբեկյանը կամ տեղական նշանավոր ու բազմափորձ մեկ ուրիշն է նշանակվելու կառավարության գլուխ... Եվ Ղրիմից Ստեփանակերտ բերեցին Անուշավան Դանիելյանին՝ մի մարդու, որի գոյության մասին մեզանում ոչ ոք ոչինչ չգիտեր։ Սա էլ առաջին իսկ հարցազրույցներից մեկում ի լուր աշխարհի հայտնեց, որ խոստանում է 2010 թվականին ԼՂՀ բնակչությունը դարձնել 300 հազար։ Ըստ երևույթին, նա կարծում էր, որ երրորդ «սրոկ» էլ պիտի ղեկավարի ԼՂՀ կառավարությունը, որպեսզի... կրկնապատկի Արցախի բնակչությունը։
Արցախի բնակչությունը ոչ միայն չկրկնապատկվեց, այլև վերաբնակներից շատերը բռնեցին ետդարձի ճամփան։ Եվ դրա համար դարձյալ ոչ ոք պատասխանատվություն չկրեց։ Ա. Դանիելյանը աղմուկով եկավ Արցախ, անաղմուկ գնաց։ Թե ինչու եկավ և ինչու գնաց, կամ՝ ինչու բերին և ինչու տարան՝ պարզ չէ։ Ոչ ոք պատասխան չտվեց դրա համար, անգամ՝ ներողություն չխնդրեց։ Իսկ անպատասխանատվությունից ամենաթողություն մի քայլ է։
Նախորդ իշխանությունների լուռ համաձայնությամբ Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից, դարձավ տարածքային վեճ, և դրա համար դարձյալ ոչ ոք պատասխան չտվեց։ Սարոյանի հերոսը կբացականչեր. «Էհե՜յ, ո՞վ կա այդտեղ...»։ Մենք, իհարկե, չենք բացականչում, որովհետև գիտենք, որ այնտեղ ոչ ոք չկա։
ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԻՐԵՆՑ
«Մենք պահանջում ենք, որ ադրբեջանահայ փախստականների խնդիրը համարժեք կերպով դրվի բանակցությունների սեղանին։ Ի վերջո, իշխանություններն անընդհատ հնչեցնում են, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առանց Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հասարակությունների կարծիքի՝ ոչ մի որոշում չի ընդունվելու»,- Երևանում փետրվարի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի համակարգող Էլեոնորա Ասատրյանը։
9 հասարակական կազմակերպություններ ընդգրկող ցանցի անդամները պահանջում են հստակ գնահատական և սահմանում տալ Ադր. ԽՍՀ տարածքում հայ ազգաբնակչության նկատմամբ տեղի ունեցած էթնիկ զտումներին և ցեղասպանության գործողություններին, ինչպես նաև տալ նյութական, բարոյական և տարածքային փոխհատուցում։
Է. Ասատրյանը գտնում է, որ «եթե որևիցե պետության տարածքում մարդկանց խմբի նկատմամբ իրականացվում են քրեական գործողություններ պետության գիտությամբ կամ պետության թողտվությամբ, ապա տվյալ պետությունը հանդես է գալիս որպես պատասխանող տվյալ հանցագործության համար։ Այսինքն՝ եթե մենք կարողանանք հավաքագրել ողջ ինֆորմացիան և ճիշտ մատուցել, այդ դեպքում լրիվ հնարավոր է միջազգային իրավունքի տեսանկյունից հանդես գալ և ապացուցել, որ տեղի է ունեցել ցեղասպանություն, և դրա համար պետք է Ադրբեջանը պատասխան տա»։
ԱՄՆ-ից, Ավստրալիայից և աշխարհի այլ երկրներից, որտեղ ապրում են ադրբեջանահայ փախստականներ, ցանցը ստանում է դիմումներ, որտեղ նրանք ԼՂՀ իշխանություններից պահանջում են մասնակի փոխհատուցման կարգով տրամադրել ազատագրված տարածքները՝ որպես կորսված հայրենիքի փոխհատուցում։ Այդ նամակները թվային մշակման են ենթարկվել և ուղարկվել ԼՂՀ իշխանություններին։ Է. Ասատրյանի խոսքերով, դեռ որևէ գործուն քայլ չեն նկատել, բացի ԼՂՀ իշխանությունների արած հայտարարություններից, թե նրանք դիտարկում են ազատագրված տարածքները որպես բնական փոխհատուցման ռեսուրս ադրբեջանահայ փախստականների կրած կորուստների դիմաց։
Ասատրյանը հայտնել է նաև, որ դիմել են նաև ՀՀ իշխանություններին, անգամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահներին։ Իսկ Ամերիկայի դեսպանատնից այսպիսի պատասխան են ստացել. «Ի՞նչ կարող են անել համանախագահները, թող ձեր երկիրը բարձրացնի այդ հարցը»։
ԽՈՇՈՐԱՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀ
ԿԱՄ` ՇՐՋԱԴԱՐՁ ԴԵՊԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմից հետո անցել է շուրջ 15 տարի։ Սա բավական ժամանակ է, որպեսզի ճեղքվածքի մեջ հայտնված մեր գյուղատնտեսությունում տեղի ունենային էական տեղաշարժեր։ Պատկերը, սակայն, այլ է։ Միակ մշակաբույսը, որի արտադրությամբ մենք հասել ենք նախապատերազմյան՝ 1987 թվականի մակարդակին, հացահատիկն է։ Դրան էլ հիմնականում հասել ենք ազատագրված շրջանների ցանքատարածությունները մշակելու շնորհիվ։ 1987 թ. համեմատ խոշոր եղջերավորների գլխաքանակը պակասել է գրեթե կիսով չափ, կաթի, մսի արտադրությունը՝ ևս այդքան։
Աղետալի է վիճակը խաղողագործության բնագավառում։ Այսքան տարում ստացվել է ընդամենը 13 հազար տոննա խաղող, այսինքն՝ կեսը այն քանակի, որ ստանում էր միայն Մարտակերտի խորհտնտեսությունը։ Գյուղնախարարությունում այսպիսի իրավիճակը պատճառաբանում են խաղողի արտադրության ցածր եկամտաբերությամբ։ Դրան հավատալ կարելի է, քանի որ խաղողենիներն այժմ մեքենաներով չեն մշակվում, վերացել է կարկտահարության կանխման համակարգը, այգիներն անհրաժեշտ քանակի պարարտանյութ չեն ստանում։
Մոռանալ կարելի՞ է, որ մենք անցյալ դարի 80-ականներին պետությանը տարեկան հանձնում էինք 150-170 հազար տոննա խաղող (չհաշված ներքին կարիքների համար հատկացված 15-20 հազար տոննան) և մեր տնտեսությունների դրամական հաշիվները մինչև 55-60 միլիոն ռուբլի էր մտնում։ Այսինքն՝ այնքան, որքան այսօր կազմում է մեր տարեկան բյուջեն։
Կցանկանայի ընդգծել, որ գյուղական բնակչության արտահոսքի կանխման համար չկա ավելի բարենպաստ միջոց, քան խաղողագործությունը որպես ամենաեկամտաբեր ճյուղ զարգացնելը։ Այսպես, օրինակ, Ճարտարի կոլտնտեսության 850-900 հա այգիներում 600-700 աշխատող կար, հիմնականում՝ երիտասարդներ։ Հետաքրքիր է, երբեմնի փառաբանված այդ գյուղում այժմ այդքան երիտասարդներ կա՞ն։
Այսպես թե այնպես, մեր գյուղատնտեսության բնագավառում տեղի է ունեցել մտահոգիչ հետընթաց, որի հաղթահարումը պետք է հանդիսանա մեր գերխնդիրներից մեկը։ Խոսք չկա, մեզ բաժին հասած պատուհասների պատճառով չէինք կարող իր ամբողջ կարողությամբ պահպանել գյուղատնտեսությունը, բայց որ դժվար կացությունից հնարավոր էր դուրս գալ ավելի նվազ կորուստներով, չես ժխտի։ Անտեսելով խոշոր տնտեսությունների բացարձակ առավելությունը մանրերի նկատմամբ՝ մենք ընտրեցինք մասնատվածության ճանապարհը, հուսալով, թե վաղը կունենանք ամերիկյան ֆերմերներին չզիջող հողի մշակներ։ Արհամարհվեց ոչ միայն այն, որ թե՛ Արցախը և թե՛ Հայաստանը սակավ հողատեր են (մեկ շնչի հաշվով 0,3 հա), որ շրջանառության մեջ գտնվող հողերի մեծ մասը ցածր բերքատու և անջրդի են։ Ոչ էլ հաշվի առնվեց այն, որ մենք երկար ժամանակ ի վիճակի չենք լինի ունենալ ամերիկյան ունիվերսալ տիպի գյուղատնտեսական տեխնիկա, և ոչ էլ մեր հողի մշակը տեսանելի ժամանակաշրջանում կարող է ձեռք բերել ամերիկյան ֆերմերի վիրտուոզության հասնող ձեռներեցությունը։ Խոհեմությունը չգերիշխեց նույնիկ նրանից հերո, երբ հայտնի դարձավ, որ ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Բելառուսում, ո՛չ էլ նախկին ԽՍՀՄ-ի այլ հանրապետություններում մտադիր չեն անցկացնելու հողի զանգվածային սեփականաշնորհում։
Գյուղատնտեսության ողջ ոլորտն ընդգրկող կտրուկ շրջադարձը կատարվեց կամայականորեն։ Այն փաստորեն պարտադրվեց գյուղացուն, որը բոլորովին պատրաստ չէր նոր պայմաններում աշխատելու։ Իզուր չէ, որ շրջանառության մեջ մտավ հայտնի ասացվածքը. «Ոչ թե հողը տրվեց գյուղացուն, այլ գյուղացին՝ հողին»։ Որքան էլ մեզ համար ամոթալի լինի, պետք է խոստովանել, որ միայն առանձին անհատներ գտնվեցին, ովքեր դուրս եկան գյուղատնտեսական ձևորված համակարգը քայքայողների դեմ։ Մեզանում գտնվեց մեկը, որ բողոքի իր ձայնը բարձրացրեց ալան-թալանի դեմ, բայց, որպես «կլյաուզնիկ», հայտնվեց Մոսկվայի «Բուտուրկա» բանտում։
Հարվածը կործանիչ էր, սակայն դա դարձի չբերեց մեր իշխանավորներին։ Մեկը մյուսի հետևից քարուքանդ արվեցին նաև մեր արդյունաբերական ձեռնարկությունները։ Արդարացումը մեկն էր՝ շուկան մեր ապրանքը չի ընդունում։ Բայց եղե՞լ է գոնե մեկը, որ ուսումնասիրել է այդ շուկան։ Եթե այո, թող դուրս գա ասպարեզ և մեզ իրազեկ դարձնի իր նկատառումների մասին։ Ինչպիսի՜, օրինակ, պահանջարկ ուներ մեր արդյունաբերության «պզտիկը»՝ կույրերի մարզային միության տրիկոտաժի արտադրամասը։ Պատրաստի այդ արտադրանքը արտադրամասից ուղղակի առաքվում էր պատվիրատուներին, այդ թվում՝ արտասահմանյան։
Հողի սեփականաշնորհման արդյունքում գյուղացին դարձավ սեփականատեր, բայց ինչի՞։ Նրան տրվեց մեկ, երկու, առավելագույնը՝ 3-4 հա հող, հիմնականում դրանց կեսը հարթավայրային, մնացածը՝ լեռնային մասերում։ Խաղողի և մրգատու ծառերի այգեմասերը տրվեցին տարբեր տեղերից։ Դե եկ, գյուղացի, գլուխ հանիր այս խառնիճաղանջությունից։ Ստեղծվեց մի իրավիճակ, երբ մեր շատ հողակտորներ մնացին անմշակ և պատվեցին ցաք ու մացառով...
Այսպիսին է այսօր մեր գյուղատնտեսության վիճակը, և այն հուշում է դիմելու խորապես մտածված, ժամանակի թելադրանքով հիմնավորված բարեփոխումների, որոնց հիմնական նպատակը պետք է լինի գյուղացիական մանր տնտեսությունների խոշորացումը։ Եթե դա այսօր մենք չանենք, կանի շուկան՝ իր անսանձ ավերումներով։ Այն գյուղացիները, ովքեր այսօր աշխատում են ոչ շահութաբեր, վաղ թե ուշ իրենց հողակտորները վարձակալության կտան հաջողակ մենատնտեսներին և, ի վերջո, կզրկվեն իրենց հողից։ Սա էլ խոշորացում է, բայց մեզ համար ոչ ձեռնտու, ավելին՝ մարդկային դժբախտությունների հաշվին։ Գյուղում արդեն ընթացող սոցիալական շերտավորումը ավելի կարագացնի և կուժեղացնի գյուղական մեր բնակչության արտահոսքը։
Հենց սկզբից շեշտենք, որ խոշորացմանն անցնելը չի նշանակում վերադառնալ կոլտնտեսային կարգին, թեկուզ սխալ չի լինի, ցանկության դեպքում, ընդառաջել դա կամեցողներին։ Միանգամայն ճիշտ կլինի որոշակի ժամանակ, մինչև լիակատար ընդհանուր սեփականության գոյացումը (օրինակ՝ գնման միջոցով) միավորման անդամների վարձատրությունը կատարել ոչ միայն յուրաքանչյուրի վաստակի, այլև ներդրած միջոցների հաշվառման համեմատ։ Ոչ միայն չի խանգարի, այլև նպաստավոր կլինի, որ նոր ստեղծվող միավորումներից շատերը լինեն պետական, քանի որ իր ձեռքին տնտեսական կարևոր լծակների պահպանումը յուրաքանչյուր պետության համար ունի ռազմավարական նշանակություն։
Ներկայիս տնտեսական քաղաքականությունն աներկբա վկայում է, որ մեզ մոտ պետական սեփականության պահպանումն ու բազմապատկումը համարյա հանցագործություն է համարվում։ Աշխարհում հազիվ թե գտնվի մի այլ երկիր, որտեղ սեփականության մասնավորեցումը հասցված լինի այնպիսի աստիճանի, ինչպիսին ներկայումս Արցախում և Հայաստանում է։ Վերջին տարիներին եռապատկվել, քառապատկվել է մեր պետական բյուջեն, սակայն մեր ողջ տնտեսության, այդ թվում՝ գյուղատնտեսության վերընթացի հույսը թողնված է մասնավոր ներդրումների վրա։
Չեմ կարող չհիշեցնել, թե մենք ինչպիսի բարձր շահավետությամբ աշխատող պետական գյուղատնտեսական միավորումներ ունեինք Երևանի շրջակայքում և մեզ մոտ՝ Արցախում։ Այսպես, օրինակ, Երևանը եզակի քաղաքներից էր ողջ Միությունում, ուր բնակչությունը լիուլի ապահովված էր անհրաժեշտ և այսօրվա համեմատ բավական էժանագին սննդամթերքներով։
Ինչպիսի՞ն կարող էին լինել գյուղատնտեսական կանխատեսվելիք միավորումները։ Պարզ է, ամենից առաջ հենց միավորվողները կարող են ընտրել միավորման վարման կողմնորոշիչները։ Ահա, օրինակ, ինչպիսի միավորում է ստեղծվել և հաջողությամբ գործում է Հայաստանի Արմավիրի մարզում (այդ մասին ծավալուն հոդված է տպագրել «Գոլոս Արմենիի» թերթը)։ Այն իր մեջ ընդգրկում է 3 հազար մենատնտեսների։ Գյուղացին լրիվ ազատված է իր արտադրանքը իրացնելու ծանր հոգսից։ Ամբողջ բերքը ընդունում և վերամշակման են տեղափոխում միավորման մեքենաները։ Վերամշակումն էլ կատարվում է այդ նպատակով հիմնադրված խոշոր գործարանում։ Ընկերությունն այնքան է ամրապնդվել ֆինանսապես, որ ցածր տոկոսադրույքներով վարկեր է տրամադրում իր անդամներին։ Ընդ որում, վարկը կարող են մարել թե՛ դրամով, թե՛ մթերքներով։ Միավորումը, որ կոչվում է ՄԱՊ, մյուսների համեմատ ավելի նպաստավոր գներով պարարտանյութեր է մատակարարում իր անդամներին, ունի տեխնիկական կայան և նրանց նաև հողամշակման մեքենաներ է տրամադրում։
Մի կարևոր հարցի մասին ևս։ Ինչպես վերը նշվեց, այսօր մենք չունենք ոչ միայն արտադրական բնույթի խոշոր միավորներ (լինի պետական թե մասնավոր), այլև այդպիսիներն ունենալը որպես հեռանկարային խնդիր, չի առաջադրվում։ Անընդհատ խոսվում է միայն մանր ու միջին բիզնեսի զարգացման մասին։ Մինչդեռ, եթե նկատի ունենանք, որ նեղ են այդպիսի բիզնեսի գոյության հնարավորությունները արդյունաբերական արտադրության ոլորտներում, ապա պետք է եզրակացնել, որ հիմնականում առաջադրվում է առևտրի և կենցաղային սպասարկման ոլորտների հետագա ընդլայնման հարց։ Բայց չէ՞ որ դրանց ցանցերն այժմ այնքան գերհագեցված են, որ հասարակայնորեն արդեն պետք չեն. ավելին՝ կրճատման ենթակա են։ Ստեփանակերտի կենտրոնական շուկայում և նրա մոտակա շրջապատում իրարից 40-50 մ հեռավորության վրա կային չորս սուպերմարկետներ և բազմաթիվ խանութներ։ Սակայն վերջին երկու տարում դրանց քանակը կրկնապատկվեց։ Պիտի խոստովանենք, որ առևտրի մեր համակարգում ներկայումս ներգրավվածներից շատերը իրենց երբեմնի բարձր որակավորումը կորցրած մեր երեկվա բանվորներն ու ինժեներատեխնիկական աշխատողներն են։ Մտահոգության առիթ է տալիս և այն, որ մենք, ունենալով պտղաբուծության և բանջարաբուծության բացառիկ հնարավորություններ, երկու ոտքով կաղում ենք այս բնագավառում։
Գտնվեցին «լովկաչներ», ովքեր հանրապետության շատ վայրերում զանգվածաբար հատեցին բերքատու հարյուրավոր ընկուզենիներ, տանձենիներ, ոչ բերքատուներից՝ կաղնիներ։ Եվ համատարած կտրտումներից զերծ չմնաց նաև մեր հրաշք անկյունը՝ Սարսանգի ձորակը, որը մտադիր էինք վերածելու զբոսաշրջության գոտու։ Այստեղ տեղին է մեջբերել Պ. Սևակի «Սուտ է, նա միայն իր գրպանն է սիրում» հանդիմանությունը։ Մեր հատված ծառերից պատրաստված մանրահատակները և այլ արտադրատեսակներ հասցրին մինչև Եվրոպա և ավելի ուռճացրին իրենց գրպանները։ Այս ամենը կատարվեց մեր աչքի առաջ, սակայն բոլորս լռում ենք, այդ թվում՝ մեր դատախազությունն ու օրինապահ մյուս մարմինները։
Երկու խոսք տեխնիկայի օգտագործման մասին։ Նրա փոշիացումն ամենից մեծ հարվածն էր գյուղատնտեսությանը։ Ներկայումս իրավիճակը շտկվում է, ստեղծվում են տեխնիկական կայաններ։ Միայն այդ ուղիով ընթանալով, հնարավոր կլինի բարելավել մեքենատրակտորային պարկի սպասարկումը, այն օգտագործել բարձր արտադրողականությամբ և գյուղացու համար համեմատաբար մատչելի գներով։
Խոսք չկա, ոչ հեշտությամբ լուծելի և ոչ էլ կարճաժամկետ խնդիրներ են կանգնած մեր առջև։ Ամենից դժվարագույնը կլինի միջոցների հայթայթումը։ Կպահանջվի սահմանել խստագույն խնայողություն և վերջ տալ շռայլումներին։ Ի դեպ, չունենալով արտադրական բնույթի պետական սեփականություն, պե՞տք է, արդյոք, պահպանենք այդ բնույթի մի քանի նախարարություններ և ենթակառուցվածքներ։ Խորհրդային տարիներին ընդամենը 18 հոգի էին աշխատում մարզֆինբաժնում և կարողանում էին գերազանց կատարել իրենց պարտականությունները, իսկ այժմ համապատասխան նախարարությունում աշխատում է շուրջ 130 հոգի։ «Գոլոս Արմենի» թերթի վկայությամբ` Հայաստանում վերջին երկու տարում ծառայողական մեքենաների թիվն ավելացել է 5 անգամ։ Արդյո՞ք մեզ մոտ նույն վիճակը չէ։ Լինելով ծայրահեղ աղքատ երկիր, պե՞տք է այսօր ունենանք բուսաբանական այգի, որը նախկինում թույլատրվում էր միայն միլիոնանոց քաղաքին։ Դա քիչ էր, այդ պատրվակով վերացվեց մայրաքաղաքին ծաղիկ և տնկիներ մատակարարող ծաղկաբուծարանը (օրանժերեան)։
1987թ. տվյալներով Ստեփանակերտում արդյունաբերական արտադրական անձնակազմի թվաքանակը 21 հազար էր, իսկ այժմ ամբողջ հանրապետությունում այն հասնում է հազիվ 5 հազարի։ Սա ինքնին հուշում է, որ գործազրկությունը Արցախում չափազանց մեծ թիվ է կազմում, և նոր աշխատատեղերի ստեղծումը գերակա խնդիր է։ Միայն պետությունը չէ, որ պետք է աջակցի դրա լուծմանը։ Սակայն պետությունը պարտավոր է դրան ակտիվորեն մասնակից անելու անհատական կապիտալին։
Ես չեմ հաշվում, որ իմ բոլոր առաջարկությունները վերջնական ճշմարտություններ են։ Շատերը կունենան իրենց տեսակետները, երբեմն նույնիսկ հակակշիռ իմ ասածներին։ Լավ կլինի, որ ամենից առաջ իրենց խոսքն ասեն շահագրգիռ ատյանները, գյուղատնտեսության մասնագետները և, իհարկե, հողի անմիջական մշակները։
ԵՂԻՇԵ ՍԱՐԳՍՅԱՆ
ՋՈՒՐ ՈՒՆԵՆՔ, ԲԱՅՑ ՉՈՒՆԵՆՔ
Փոխվել են ժամանակները, փոխվել են իշխանությունները, փոխվել են քաղաքապետերը, բայց հիմնահարցը չի լուծվում։
Հայկական հեռուստաեթերից մեզ հաճախ են հիշեցնում, որ աշխարհում խմելու ջրի պաշարները կազմում են ընդհանուր ջրային պաշարների մոտ 2,5 տոկոսը։ Արցախի ջրային պաշարների վերաբերյալ չկան հստակ հաշվարկներ եւ վիճակագրություն, քանի որ նախկինում օտար բռնավորներին դրանք պետք չէին, իսկ հիմա էլ մեր աղքատիկ պետության համար նման հաշվարկներ կատարելը չնայած անհրաժեշտ է, սակայն թանկ «հաճույք է»: Բայց ոչ մասնագիտական աչքի համար էլ տեսանելի է, որ Արցախի ջրային պաշարները բազմաթիվ անգամ գերազանցում են պահանջարկին։ Մոտավոր հաշվարկներով մեր հանրապետությունում օգտագործվում է ջրային պաշարների միայն 7 տոկոսը:
Այսօր Արցախի 350 բնակավայրերի կեսից քիչն է ապահովված խմելու ջրով, իսկ շուրջօրյա ջուր մատակարարվող գյուղերի քանակը հազիվ երեք-չորս տասնյակի է հասնում: Ավելորդ չէ նշելը, որ խմելու ջուր ասածը շատ հեռու է մեր բնակարանների ծորակներից հոսող հեղուկից:
Իրական խմելու ջրի համար գոյություն ունեն հատուկ չափանիշներ, որոնց չի համապատասխանում մեր շատ բնակավայրերի բնակիչներին մատակարարվող ջուրը:
Հայտնի է, որ նախկին ադրբեջանական իշխանություններն Արցախի հայկական բնակավայրերը խմելու ջրով ապահովելու հարցով զբաղվել են թրքավայել, որի պատճառով են նաեւ բազմաթիվ հայկական գյուղեր քայքայվել, տեղահանվել ու վերացել:
Նախկինում էլ մարզկենտրոն (հիմա‘ մայրաքաղաք) Ստեփանակերտը եւ շրջկենտրոնները զրկված են եղել նորմալ ջրամատակարարումից։ Ստեփանակերտ քաղաքը հիմնադրման օրվանից ի վեր խմելու ջրի կարիք ունի: Փոխվել են ժամանակները, փոխվել են իշխանությունները, փոխվել են քաղաքապետերը, բայց հիմնահարցը չի լուծվում։
Դեռ անցյալ դարավերջին ԼՂՀ կառավարությունը խոստացել էր կարճ ժամանակամիջոցում ջրաչափեր տեղադրել եւ շուրջօրյա ջրամատակարարում իրականացնել մայրաքաղաքում։ Ցավոք, այդ ծրագիրը (ինչպես նաեւ բազմաթիվ այլ ծրագրեր) չի իրականացվել, բայց թե ինչո՞ւ, ովքե՞ր են մեղավոր-պատասխանատուները. նման միամիտ հարցերին չպատասխանելը նախորդ իշխանությունների համար սովորական երևույթ է եղել: Հուսանք, որ Ստեփանակերտի նոր քաղաքապետը կկատարի իր նախընտրական խոստումները եւ ստեփանակերտցիները կունենան շուրջօրյա ջուր: Բայց այստեղ կա մի կարեւոր հանգամանք‘ հնարավոր է, որ Ստեփանակերտի բնակիչների երազանքը 2-3 տարի անց կատարվի, բայց, արդյո՞ք դրանով կլուծվի մայրաքաղաքի բնակիչներին խմելու ջրով ապահովելու հարցը: Կարծում եմ‘ ո՛չ, քանի որ Ստեփանակերտ մտնող ջրատարները, որոնք «սնվում են» Տրակետ եւ Ղայբալու գետերից, հեռու են իրական խմելու ջուր լինելուց: Դրանք պիտանի են խմելու համար միայն եռացնելուց հետո: Իսկ, թե եռացնելուց հետո ջրի մեջ օգտակար ի՞նչ է մնում, ոչ մասնագետներին էլ է պարզ:
Մայրաքաղաքի ջրի որակի մասին կարող են վկայել նաեւ ստեփանակերտցիների թեյնիկները, որոնք այլ բնակավայրերի բնակիչների թեյնիկների հետ չես շփոթի: Իսկ, հնարավո՞ր է ստեփանակերտցիներին մատակարարել իրական խմելու ջուր: Այո՛, հնարավոր է, եւ պարտադի՛ր, քանի որ Արցախի 140 հազար բնակչությունից 50 հազարն ապրում է Ստեփանակերտում է։
Հարցին մոտենանք ազգային, ժողովրդագրական եւ գիտական տեսանկյուններից: Արցախցիների մի մասը, ովքեր մի փոքր հնարավորություն ունեն, գյուղերից տեղափոխվում են Ստեփանակերտ, արհեստականորեն ավելացնելով մայրաքաղաքաբնակների թիվը, որտեղ առանց այն էլ խմելու ջրի խնդրից բացի աշխատատեղերի եւ այլ հիմնախնդիրներ գոյություն ունեն: Դա կործանարար է նաեւ ժողովրդագրական տեսանկյունից, քանի որ սահմանային եւ մերձսահմանային գյուղերը (եթե ճիշտը խոստովանելու լինենք‘ Արցախի բոլոր գյուղերն էլ համարյա նշված կարգավիճակն ունեն) դատարկվելով, կթուլանա Արցախի պաշտպանունակությունը:
Գիտականորեն ապացուցված է, որ ջուրն ունի հիշողություն եւ այն ազդում է շրջապատի կենդանիների եւ բուսականության վրա: Մարդու վրա ջրի ազդեցության մասին հնուց ի վեր եկող լեգենդների մասին վաղուց ենք լսել: Դրանք եւս գիտականորեն ապացուցված են: Կան բազմաթիվ գիտա-հանրամատչելի ֆիլմեր, որոնք հիմք են տալիս հաստատելու, որ մեր պարագայում սխալ է Արցախի գյուղերից դեպի Ստեփանակերտ բնակչության տեղաշարժը: Նման դեպքում խախտվում է ոչ միայն ժողովրդագրությունը, այլեւ ջրի ազդեցությամբ ձեւավորված հիշողության կոդը: Արցախում տարածված մի ոչ գովելի արտահայտություն կա. «Ջուրդ կտրվի»: Այդ ասողները համոզված են, որ տվյալ բնակավայրի բոլոր բնակիչները, որոնք խմում են միեւնույն ջուրը, ունեն (համարյա‘ ունեն) միեւնույն բնավորությունը: Տվյալ հարցի շուրջ ազգագիրները ունեն ավելի հաստատուն տեսակետներ, բայց, միեւնույն է, ջուրն իր հիմնավոր ազդեցությունը թողնում է: Պատկերավոր ասած՝ երբ վաղուհասցի կամ ալյուրաշենցի երեխան ծնվում է Ստեփանակերտում եւ անընդհատ օգտագործում է տեղի «սառնորակ աղբյուրի» ջուրը, ապա նրա մոտ ձեւավորվում է ջրային հիշողության կոդ, այդտեղից բխող հետեւանքներով:
Ստեփանակերտի ջուրը եւ օդը, կարծում եմ, համեմատելի չէ Արցախի շատ բնակավայրերի օդի ու ջրի հետ: Մի՞թե մենք արցախահայության գենաֆոնդի պահպանման հիմնախնդիր չունենք:
Ստեփանակերտն օվկիանոսի մակարդակից միջին հաշվով գտնվում է 837 մ բարձրության վրա, իսկ նրան շրջապատող մի շարք գյուղեր՝ ավելի քան 900 մ։ Այսինքն՝ ցանկության դեպքում այդ գյուղերի եւ շրջակայքի տասնյակ աղբյուրների ջրերը, որոնք աննպատակ թափվում են Տրագետ եւ Կարկառ գետերը, կարելի է հասցնել Ստեփանակերտ եւ յուրաքանչյուր թաղամասում կառուցել 3-4 աղբյուր։ Ի դեպ, այդպիսի ծրագիր եղել է, բայց էլի ինչ-ինչ պատճառով չի իրագործվել: Պատերազմ տեսած ստեփանակերտցիներն ու փախստականները լավ են հիշում քաղաքի մի քանի աղբյուրների մոտ գոյացած հերթերը։ Այդ աղբյուրների շնորհիվ է նաեւ գոյատեւել Ստեփանակերտը։ Իմ համոզմամբ‘ անգամ եթե հրաշք կատարվի եւ մայրաքաղաքի ջրամատակարարումը դառնա շուրջօրյա, միեւնույն է‘ քաղաքի բոլոր թաղամասերում աղբյուրների գոյությունը պարտադիր է թե՛ առողջապահության, թե՛ ռազմավարական, թե՛ գեղագիտական տեսանկյունից: Վերջինիս վերաբերյալ, տարիներ առաջ առաջարկել ենք‘ Ստեփանակերտում կազմակերպել միջազգայի քանդակագործական սիմպոզիում (նախադեպը եղել է), թեման‘ «Աղբյուր-հուշարձան»:
Պատկերացրեք, աշխարհի տարբեր երկրներից եկած քանդակագործները ստեղծում են իրենց աղբյուրները‘ նորվեգական, շվեդական, հունական, իտալական… եւ դրանք տեղադրվում են Ստեփանակերտի տարբեր թաղամասերում: Դրան զուգահեռ, կենդանություն է տրվում մայրաքաղաքի «լալիկ» աղբյուրներին: Նման միջոցառում ձեռնարկելուց հետո, համոզված եմ, Ստեփանակերտը կդառնա աշխարհի յուրօրինակ քաղաքներից մեկը‘ աղբյուրների մայրաքաղաքը:
Թարմ աղբյուրաջրի օգտակարության մասին շա՜տ-շա՜տ են գրվել։ Կասկած չկա, որ արցախյան երկարակեցության գաղտնիքներից մեկն էլ եղել է թարմ ու զուլալ աղբյուրաջուրը։ Պատահական չէ, որ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցն «Արցախ» գրքում հայկական շատ բնակավայրերի մասին գրելիս հատուկ նշել է. «Պատվական‘ օդն, կլիման եւ ջուրն, երկար կյանքն՝ 90-100 տարեկան»։ Իսկ որոշ բնակավայրերի, այդ թվում՝ նաեւ ներկայիս Ստեփանակերտի մասին գրել է. «Ջուրն‘ ոչ պատվական, երկար կյանքն‘ 60-70 տարեկան»։
Արցախյան պատերազմից հետո Համահայկական հիմնադրամի ու անհատ հայ բարերարների միջոցների շնորհիվ հանրապետության մի շարք գյուղերում կառուցվել են աղբյուրներ, բայց, ցավոք, որոշ աղբյուրներ խցանվել ու շարքից դուրս են եկել, մյուսներն էլ նախատեսվածի չափ ջուր չեն մատակարարում։ Պատճառը, իհարկե, անփութությունն ու անբարեխիղճ աշխատանքն է։
Նախկինում հայության մեջ քարտաշի, որմնադրի ու բարերարի համար աղբյուր կառուցելը պատվի գործ է եղել։ Հուսանք, որ այդ բարի ավանդույթը կշարունակվի, ու ջրառատ Արցախում արցախցին շուրջօրյա խմելու ջուր կունենա։
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
ՑԱՎ, ՈՐ ԲՈԼՈՐԻՆՍ Է
Մինչև գրիչ վերցնելը շարունակ մտածում էի, թե ում դիմեմ, որ կազմակերպությանը կամ որ վերադաս մարմնին։ Եվ որոշեցի պարզապես գրել «Նոր էջ»-ին։ Մայրաքաղաքի Բաղրամյան փողոցով իջնում ենք Հայրենական և Արցախյան պատերազմներում նահատակվածների հուշակոթողը։ Հենց ամենասկզբում ոտք ենք դնում քարուքանդ սալահատակին, տեղ-տեղ լիովին քայքայված գետնին, իսկ քիչ ներքևում՝ դեպի Մեծ հայրենականի զոհերի հիշատակին կառուցված կոթողը մի ժամանակ տեղադրված էր գեղեցիկ շարքով 12 պատվանդան, յուրաքանչյուրի վրա ամրացված Մեծ հայրենականում հերոսացած երկու հայորդու և փառաբանված զորավարի նկարներ։ Նրանք հարգանք ու հպարտություն էին ներշնչում այցելողներիս։ Այսօր միայն 12 պատվանդաններն են մնացել՝ առանց նկարների և արդեն կիսամաշ անընթեռնելի տառերով։
Այդ պատվանդանների դիմաց ջրավազաններ են, որ այժմ լիովին քարուքանդ են արված և հսկա աղբանոց են հիշեցնում։
Շարժվում ենք քիչ ներքև. վերջերս սալահատակին տեղադրված էին գեղեցիկ լուսամփոփներ, բայց այժմ արդեն փշրված ու աղբամանների վերածված։ Մյուս կողմից, նրանց էլեկտրական հաղորդալարերը պարզապես տարածված են գետնի վրա և մահացու վտանգ են ներկայացնում։ Հասնում ենք դեպ վեր խոյացած գեղեցիկ կոթողին, հիանում ճարտարապետական յուրօրինակ այդ կառույցով, բայց նրա շուրջբոլոր դարձյալ կոտրատված, քրքրված և կիսամաշ սալիկներ են։ Տեսնելով այս ամենը, ցավից սիրտդ կսկծում է։
Մի ուրիշ պրոբլեմ ևս. տարիներ առաջ Հուշահամալիրում ջրի ծորակ էր տեղադրված, այսօր այն չկա։ Մեր մայրերը, քույրերը իրենց զավակների, եղբայրների գերեզմաններին այցելում են ծաղկեփնջերով և ջրի շշերով։ Վաղուց անհրաժեշտություն կա, նաև որ այնտեղ գործի պարեկային ծառայություն, որ լինեն պատասխանատուներ Հուշահամալիրի մաքրության և անաղարտության համար…
Եվ, վերջապես, մեծ ու փոքր շարունակ ասում ենք՝ գնում ենք Եղբայրական գերեզմանոց, չնայած այնտեղ այժմ ամփոփված են Արցախյան ազատամարտի հարյուրավոր նահատակների շիրիմներ։ Էլ ի՞նչ «Եղբայրական գերեզմանոց», երբ այսօր այնտեղ հանգչում են մեր որդիները, եղբայրները, այսօրվա դպրոցականների հայրերը։ Մի՞թե ժամանակը չէ լրջորեն խորհենք Հուշահամալիրի անվան շուրջ։ Հուշահամալիր, որ մեր բոլորի ցավն է։
ՅԱՇԱ ՂԱԶԱՐՅԱՆ
զոհված ազատամարտիկի ծնող
ԱՐՑԱԽԻ ՀՆԱԳՈՒՅՆ ԳՅՈՒՂԵՐԻՑ ՄԵԿԸ
1950-ից մինչև 1970 թվականը, 20-տարվա ընթացքում, կոլտնտեսությունների խոշորացման սխալ քաղաքականության պատճառով լրիվ դատարկվեց և երկրի երեսից որպես գյուղ վերացավ հարուստ պատմություն ունեցող Ուլուբաբ գյուղը:
Ինձ հաջողվել է լրիվ վերծանել իմ հայրենի այդ գյուղի պատմությունը՝ սկսած մ. թ. առաջին դարից մինչև մեր օրերը: Գիրքը պատրաստ է և հանձնված է տպագրության: Գյուղի նախկին բնակիչները Խաչենագետի արգավանդ հովտից մինչև վերջին բնակատեղը՝ Ուլուբաբը, գոյատևելու համար հինգ անգամ պարտադրաբար տեղից տեղ են տեղափոխվել։
Վերջին գյուղատեղում հիմա էլ կա կանգուն և հայտնի եկեղեցի՝ Պտկես Բերք վանքը, որի մասին արցախագետ Շահեն Մկրտչյանը գրել է, որ այն «զուսպ ու տպավորիչ հարդարանքով առանձնանում է հայ ճարտարապետության համանման լավագույն կառուցվածքների շարքում»։ Այն կառուցվել է 1757 թվին: Գյուղի շրջակայքում եկեղեցուց բացի կան նաև խաչքարեր, երկու հանգստարաններ՝ ընթեռնելի արձանագրություններ ունեցող տապանաքարերով: 1939 թ. Ուլուբաբում կար 64 ընտանիք՝ 365 բնակիչներով: Այս բոլորը ցույց են տալիս, որ գյուղում կյանքը տևել է մոտ 300 տարի:
Նախորդ, նախավերջին բնակավայրում՝ Մաչիշենում, այժմ էլ կա կիսավեր եկեղեցի՝ կառուցված 1345 թվին: Վարելահողերի, կացարանների և գերեզմանոցի զբաղեցրած մակերեսները ցույց են տալիս, որ Մաչիշենում կար մոտ 30 ընտանիք: Գյուղում կյանքը շարունակվել է մոտ 400 տարի: Բացի այդ, մաչիշենցիների՝ գյուղում տնկած ընկուզենիներն ոտքի վրա ծերացած մահացան 50-60 տարի առաջ, իսկ ընկուզենիները, մեզ հայտնի է, որ ապրում են 500-600 տարի:
Երրորդ գյուղատեղում՝ Երե շենում կա խաչքար, որը պատրաստվել է 1124 թվականին: Հանգստարանը պահպանվում է Ղլեն Խութ սարի վրա: Մեռյալների վրա քարեր կան՝ առանց արձանագրությունների: Բնակատեղին գոյատևել է 1124-1345 թվականները, այսինքն՝ 200 տարուց ավելի: Այսպիսով՝ իմ ապուպապերը վերջին երեք բնակավայրերում ապրել են մոտ 900 տարի:
Հաջորդ բնակավայրը Վետանց աղբյուրն է: Այս գյուղի կյանքի տևողության մասին իմանում ենք գերեզմանոցի զբաղեցրած մակերեսից, օգտագործած վարելահողերից: Հանգստարանը հայտնագործվել է պատահականորեն, երբ ուլուբաբցիները Ղաշին քերծեն տակեն նոր ճանապարհ էին կառուցում: Հողը փորելիս մոտ մեկ մետր խորությամբ երկու տեղից հանել են մարդու կմախքի ոսկորներ (այն ժամանակ տապանաքարեր չէին դնում): Ուլուբաբի նախկին բնակիչները Վետանց աղբյուրի մոտ ապրել են 200-250 տարի:
Ինձ համար ամենադժվարը մեր գյուղի նախկին բնակիչների՝ Խաչենի հովտում կյանքի պատմության վերծանելն է եղել: Այն կոչվել է Օրախաչ և գտնվում է Գանձասարի վանքից 20 կմ հյուսիս, իսկ Տիգրանակերտից՝ 15 կմ հարավ: Այստեղ ջրաղացի մոտ կա սոսի, որը մոտ 1600 տարեկան է: Օրախաչի վաղեմության վառ ապացույց են սոսենու արևմտյան կողմում՝ գետի վրա կառուցված կամրջի պատի հետքերը, որը կարոտ է մասնագիտական ուսումնասիրության: Օրախաչը մեծ բնակավայր է եղել, որն օգտագործել է 200 հա վարելահող, որից 100-ը՝ ոռոգովի: Հողային աշխատանքների ժամանակ ոչ մի անգամ մարդու ոսկորի չեն հանդիպել։ Պարզ է, որ առանց գերեզմանատան գյուղ չի լինի։ Ուրեմն՝ տեղն առայժմ անհայտ է:
Օրախաչի մասին կարևոր տեղեկություններ եմ իմացել Շամիր Պետրոսյանի պատմածից. «Օրախաչը ավելի հին բնակավայր է, քան Տիգրանակերտը, ընդհանրապես Խաչենի հովտում կյանքը դրախտային է եղել, հողը՝ արգավանդ, հովիտը՝ շրջապատված խառն անտառներով, որից սկիզբ են առնում սառնորակ աղբյուրներ: Լավ ապրելու համար Խաչենի հովտում բոլոր պայմանները կան»:
Պատահական չէ, որ մեր պապերը Տիգրանակերտը Խաչենի հովտում են կառուցել: Խաչենի հովտում շեն կյանքը շարունակվել է մոտ 1000 տարի: 10-րդ դարի վերջին Խաչենի ձորակ են ներխուժել վայրի քոչվոր ցեղերը և ամենից առաջ ավերել Տիգրանակերտը:
Ուլուբաբցի մի այլ ծերունի՝ Արսեն Ստեփանյանը, պատմել է, որ Տիգրանակերտից շատ մարդիկ են եկել Օրախաչ և այն դարձրել քաղաքատիպ բնակավայր: Շուտով քոչվորները ավերել են նաև Օրախաչը: Բնակիչների մեծ մասը փախել-հեռացել է, իսկ մի քանի ընտանիք էլ 1,5 կմ բարձրացել ու Վետանց աղբյուրի մոտ՝ անտառի թաքնված տեղում, ստորգետնյա կացարաններ են կառուցել... Սակայն Խաչենի հովտի հայկական բոլոր բնակավայրերն էլ ավերվել են, կենդանի մնացածները հովտից բարձրացել, շրջագայքի անտառներում և սարերի վրա կացարաններ են ստեղծել, որոնք հետո գյուղեր են դարձել (Ոլլուբաբ, Ղազանչի, Սարդարաշեն, Քոլատակ, Թբղլու, Շահմասուր, Ծմակահող...):
Ուլուբաբ գյուղի հյուսիսային կողմում գտնվող Գևորգ սարի վրա երկու հուժկու պատերազմ է եղել մելիքների և Շուշիի խաների միջև: Այսպիսին էր մեր դաժան ճակատագիրը. մեր հայրենիքում, մեր հողի վրա, մեր տներում հաճախ պատանդի պես ենք ապրել, մինչև 1988 թվականին ազգային-ազատագրական պատերազմում հաղթեցինք թշնամուն և դուրս շպրտեցինք մեր երկրից...
Առաջարկում եմ պեղումներ կատարել Վետանց աղբյուրում և Օրախաչում, ճանապարհներ կառուցել ուլուբաբցիների բոլոր բնակավայրերի միջև, որպեսզի մարդիկ, զբոսաշրջիկները գան և տեսնեն, թե ինչպես են մեր ապուպապերը ապրելու համար լավ ու հարամար տեղերից տեղափոխվել անտառները, սարերի գագաթները, որպեսզի պաշտպանվեն թշնամի քոչվոր ցեղերից: Վերականգնենք հին ու մեծ պատմություն ունեցող Ուլուբաբը՝ Արցախի ամենահին գյուղերից մեկը: Իրենց հայրենի գյուղը վերադարձնենք քաջ ուլուբաբցիների աշխարհում ցրված ժառանգներին, որպեսզի մեր ապուպապերի շիրիմները, մեր հարուստ բնությունը, մեր Պտկես Բերքը, մեր աղբյուրները անշուք-անտիրական չմանան և կորչեն անհետ:
Կարևոր եմ համարում Ուլուբաբի առաջին գյուղատեղում՝ Օրախաչում մի քանի տուն կառուցելը և Ուլուբաբի վերականգնումը՝ Խաչենի ափին: Վերադարձող ընտանիքների ցուցակը՝ 10 ընտանիք, գրված է իմ գրքի վերջին էջում: Մարտակերտի և Ասկերանի շրջանների վարչակազմերի ղեկավարությանը խնդրում եմ շահագրգռվածություն հանդես բերել՝ մեր պապենական բնակավայրերը վերականգնելու համար։
ԺՈՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՄԵՐ ՀՈԳՈՒ ԴԻՄԱԳԻԾՆ Է ՆԱԵՎ
Արցախը շատերին է հմայում իր գեղատեսիլ բնությամբ։ Իսկ մայրաքաղա՞քը…
Չնայած քաղաքի գեղեցկությամբ ու մաքրությամբ հրապուրված և քաղցր հիշողություններով հեռացող հյուրերի հաճոյախոսություններին, Ստեփանակերտը մեծ վերապահումով կարելի է գեղեցիկ ու մաքուր համարել: Այս տխուր վիճակից միակ փրկությունը ծառատունկերն ու շաբաթօրյակներն են, որոնք, ասես, «արհեստական շնչառության» են տալիս փոշու և կեղտի մեջ լողացող փողոցներին, մայթերին ու պուրակներին:
Հազիվ թե գտնվի մեկը, որ չհիանա ղարաբաղյան խորհրդանիշ «Պապ ու տատ»-ով: Արցախի ճարտարապետական հրաշք այս շքեղ կերտվածքին ավելի մոտիկից ծանոթանալու համար երբ փորձում ես դիտել այն չորս կողմից, սիրտդ կծկվում է վիրավորանքից, մեր այս հրաշքի հանդեպ բարբարոսական վերաբերմունքից…
Դիմացից հպարտորեն քեզ են նայում արցախցի շրջանավարտների հետ բազում արևածագեր դիմավորած ղարաբաղցի պապն ու տատը, հետևի կողմից... Մարդու ստորակարգ տեսակն ասես փորձել է ոչինչ չասող ողորմելի իր անունը պահ տալ պատմությանը, «անմահանալ» այս ու այնտեղ թողած իր ձեռագրով...
Ուրախալի է, որ քաղաքը հետզհետե համալրվում է բարձրահարկ ու նրբաճակ շենքերով ու շինություններով: Սակայն տպավորությունն այնպիսին է, որ մեզ մոտ շենքերը հատուկ նրա համար են կառուցվել, որ դրանց առաջին հարկում առևտրի ու սպասարկման զանազան օբյեկտներ բացեն, դրանով չբավարարվելով, շենքերի հիմքերը փորփրեն և, իրենց «օբյեկտներն» ընդարձակելու համար շենքերին նոր օժանդակ շինություններ կցեն։
Շենքեր կան, որոնց կցած մի հսկա տուն են սարքել՝ դրանով խաթարելով ոչ միայն քաղաքի ճարտարապետական տեսքը, այլ վտանգելով շենքերի սեյսմիկ դիմացկունությունը։ Ի դեպ, մի այլ ծայրահեղություն։ Երբեմն թվում է, թե մայրաքաղաքի շենքերն ընդհանրապես զուրկ են առաջին հարկից։ Շենքերի հիմնապատերը քանդում, առաջին հարկերում զանազան սրահներ են կառուցում։ Ապշում ու զարմանում ես, թե ինչպես երկու կողմնային կառույցներ, որոնց միջանցքը համարյա սնամեջ է, կարող են իրենց ուսերին անխախտ ու ամուր պահել «եվրո» վերանորոգմամբ կահավորված և զարդարված շքեղ երկու, երեք, հինգ կամ իննը հարկանի շենքերի բնակելի սենյակները:
Չէ՞ որ նախօրոք չափումները, նախագծերն ու հաշվարկներն արվել են հենց տվյալ շենքը կամ օբեկտը կանգուն ու անսասան պահելու համար: Բավական է տարերային ուժի թեթևակի առկայություն և... նախկին շատ ամուր այդ շենքերը կարող են ողբերգական վախճան ունենալ։ Իսկ այդ բնակելի շենքերում մարդիկ են ապրում, մենք ենք ապրում: Մշտապես մտածում ես, թե ապրում ես օդից կախված մի ամրոցում, որ ամեն վայրկյան կարող է փլուզվել...
Մեր փողոցները... Երբեմն մտածում ես՝ ինչի՞ համար են ամեն մի քայլափոխում տեղադրված աղբարկղերը, երբ անցորդները՝ մեծ թե փոքր, ձեռքի ծխախոտը կամ տուփը, կոնֆետների թղթերն ու հյութերի տարաները անփութորեն նետում են մայթերին կամ կանաչապատ հատվածների վրա։
Չնայած հաճախակի կազմակերպվող ծառատունկերին, մեր «կանաչ բարեկամների» հանդեպ վերաբերմունքն այնքան էլ բարեկամական չէ։ Նոր տնկված փոքրիկ ծառը նոր-նոր ծաղկել, շիվ է տալիս, բայց ահա, կողքովն անցնող դպրոցականներն իրենց պարտք են համարում բոլոր չորս վերջավորություններով իրենց «հարգանքն» արտահայտել մեր կանաչ բարեկամի նկատմամբ... Ինչո՞ւ, ո՞ւմ են խանգարում մանկան պես խնամքի կարոտ այդ տնկիները։
Յուրաքանչյուր քայլափոխում մայրաքաղաքը թողնում է «ինչուների» մի ողջ կույտ:
Ցանկալի է, որ կրթական հաստատություններում մեծ թափ տրվեր բնապահպանության մասին օրենքների կիրառմանը, տեսական և պրակտիկ դասընթացների անցկացմանը, հաճախակի կազմակերպվեն ծառատունկներ ու շաբաթօրյակներ: Քանզի սիրով ու անշահախնդրությամբ բնությունը սիրող և խնամող դպրոցականի կամ երիտասարդի ոչ մի ձեռք չի բարձրանա արմատախիլ անելու, կոտրելու, ջարդելու սեփական ձեռքով տնկած, խնամած ծառն ու տնկին:
Սիրենք ու պահպանենք մեր քաղաքը, քանզի այն յուրաքանչյուր արցախցու հոգու դիմագիծն է նաև:
ԱՆԱՀԻՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Օրերս նշվեց Մեծ լոռեցու՝ Ամենայն Հայոց հանճարի ծննդյան 140-ամյակը։ Գլուխ խոնարհելով Մեծ գրողի և Մեծ մարդու հիշատակի առաջ, ներկայացնում ենք նրա մի հոդվածը, որ կարծես այսօր է գրվել՝ մե՛զ համար, մեր ժամանակների համար։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԴԱՌՆԱՑԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴ
Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտված եք մտածելու, չեք կարող փախչել նրանցից։ Նրանք է՛ն ծանր հիվանդությունների նման են, երբ դուք գիտեք, որ ձեր մարմնի մեջ կրում եք քաղցկեղի խոցը, բարակացավի բացիլները կամ ժանտախտի թույնը։ Չեք կարող անց կենալ ու արհամարհել, կամ նրանք պետք է ձեզ հաղթահարեն ու սպանեն, կամ դուք պետք է մարդկային հանճարի տված ամեն միջոցներով վեր կենաք ցավերի դեմ ու ազատվեք, առողջանաք. իհարկե, եթե էնքան արիություն ու հասկացողություն ունիք։
Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, մեր մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում։
Էսպես են ասում նրանք և ասում են խորը ցավով, ինչ ցավով որ կարելի էր ասել, թե բարակացավի բացիլներ կան իմ կրծքում։
Բայց քիչ են էս տեսակ ազնիվ ու քաջ մարդիկը։ Մեծ մասամբ ախտի գոյությունը ընդունելով հանդերձ, իրենց առողջ են համարում ու միշտ ուրիշներին են հռչակում հիվանդ։ Ամեն մինը ինքը չար չի, կեղծավոր չի, հայհոյող չի, ստախոս չի, թայֆայական չի, էդ ամենը իրենից դուրս ուրիշներն են։
Բայց, իհարկե, սրանց չպետք է հավատալ, ոչ էլ ականջ դնել։ Ճշմարիտը էն է, որ մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդություններով։
Նայեցե՛ք։
Գյուղացի ռանճպար մարդիկ են, հարևան, միասին մեծացած, իրար հետ օխտը բեռը աղ ու հաց կերած, բայց եթե մեկի արտը լավ է գալի կամ անասունը բազմանում՝ մյուսը նախանձից հիվանդանում կամ ինչպես իրենք են ասում՝ «արնով է ընկնում»։
Վաճառականներ են, առուտուր են անում, թեկուզ մրցակիցներ էլ չեն, բայց մեկը մյուսի հաջողությունը լսելիս քունը կորցնում է ու էնքան էլ իր գործի վրա չի մտածում, որքան նրա հաջողության վրա է դարդ անում, ու տեղն ընկած տեղը ոչինչ չի խնայիլ նրա գործին վնասելու։
Հոգևորական է. ինչքան վարձ ու պատիվ կուզեք տվեք - միշտ դժգոհ է, բողոքում է, գանգատվում է անարդարությունից, և գիտե՞ք էդ անարդարությունը որն է, որ իր ընկերն էլ է նույնը ստանում կամ նա էլ է կարողանում ապրել։
Քաղաքացի թե գյուղացի՝ երկուսը վեճ ունեն իրար հետ։ Ոչ մի դատաստանում չի վերջանում նրանց վեճը, տևում է երկար տարիներ և հաճախ իրենց ամբողջ կյանքն ու կայքը դնում են էդ վեճի վրա, մինչև կարողանում է մեկը մյուսին խեղդել, գետնին հավասարել կամ հենց երկուսն էլ փչանում են։
Մամուլ կա։ Տասնյակ տարիներով ու անհամար դեպքերով փորձված է, է՛լ հայհոյանք, է՛լ զրպարտություն, է՛լ ափաշկարա սուտ, է՛լ չարախոսություն, կեղծավորություն։ Նեղ թայֆականություն հո ոչ մի գյուղում գուցե էնքան անվայել կերպարանք չի առել, որքան սրա մեջ։ Մի հայտնի հրապարակախոս պատմում էր, թե պարզ խոսում էին մեր խմբագրատանը, թե էս կամ էն գրողին, ինչքան էլ լավ գրվածք հրատարակի, միշտ պետք է զարկել, ծաղրել կամ լռել, մի խոսքով ամեն կերպ աշխատել սպանել, միայն նրա համար, որ մեզ հետ չի, մեր թայֆիցը չի։
Էդպես էլ մտեք ազգային, հասարակական, գրական գործիչների մեջ։ Մեկը մյուսի հռչակն ու հաջողությունը տանել չի կարողանում։
Հիմի եկեք ուսուցիչներին տեսեք։ Դասերից ավելի շատ է՛ն աշխատանքի վրա են, որ իրար ոտի տակ փորեն, և շարունակ մի որևէ չնչին դեպք, որ կարելի էր ընկերական շրջանում հեշտ վերջացնել, ազգային հարց դարձրած, տարիներով ձգտում են պաշտոնական ճանապարհով, դատարանով ու մամուլի էջերում մեկը մյուսին անվանարկել, հալածել ասպարեզից ու սպանել բարոյապես… ո՛չ մի մեղմություն, ո՛չ մի ներողամտություն, ո՛չ մի սահման չարությանը։
Ինչո՞ւ է էսպես։
Պարզ հասկանալու համար երևույթի վրա պետք է նայել բնության ու պատմության օրենքների բարձրությունից, էն լայն, խաղաղ ու խոր հայացքով, որ նրանք միայն կարող են տալ։ Ուրիշ ընդհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը։
Նա երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ։ Իսկ ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում ու փչանում։ Էսպես է բնության օրենքը։
Էն հասարակ վարունգի թուփն ինչ է. հայտնի է, որ եթե նա էլ ոտի տակ է ընկնում՝ էլ նրա պտուղը չի ուտվում, էնքան է դառնանում։ Նրա համար էլ ձեզ թույլ չեն տալ, որ նրա թուփը ոտի տակով անեք։ Էնպես դառնանում ու դաժանանում է և մարդը, նրա հոգին, սիրտը, միտքը, ու ներքին դառնությունը դուրս է տալի, հայտնվում է և՛ աչքերում, և՛ դեմքին, և՛ խոսքերում, և՛ գործերում, ամեն տեղ, ամեն ասպարեզում, ու ամբողջ կյանքը դարձնում է դառն ու դաժան։
Եվ էս տեսակ կյանքը կունենա, այո՛, շատ բան, և՛ «հառաջադիմություն», և՛ «կուլտուրա», և՛ «մամուլ», և՛ «գրականություն», և՛ «դպրոց», և՛ «բարեգործություն», բայց էդ բոլորը ներսից ճիճվի կերած պտուղի նման են, և տառապում են հիմնական պակասություններով, մի ընդհանուր ցավով, որի ճարը դրսից անել չի կարելի։ Էդ տեսակ կյանքը կտա և տաղանդավոր մարդիկ, սակայն նրանք էլ կլինեն դառն ու դաժան։ Բայց նա չի կարող ծնել ազնիվ մարդիկ, բարի սրտեր ու բարձր ոգիներ, հենց է՛ն, ինչը որ դարձնում է մի կյանք գեղեցիկ ու հրապուրիչ և մի ժողովուրդ թանկ ու համակրելի։
Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։ Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը։
Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած։
ԽԱՅՏԱՌԱԿ ՄԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
ԿԱՄ՝ ՆՈՐԸՆՏԻՐ ՀԱՅՈՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԱՄԱԿԸ
ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԱՀԻՃ ԷՆՎԵՐ ՓԱՇԱՅԻՆ
Հատված կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի «Սարդարապատ» վավերագրական ֆիլմի սցենարից։
1918-ի հուլիսի 17-ին՝ անկախության 40-րդ օրը, նորընտիր Հայոց իշխանությունը մոգոնում է այսպիսի մի խայտառակ փաստաթուղթ.
«Նորին գերազանցություն
Մեծարգո Օսմանեան կառավարութեան զինվորական
մինիստր՝ Էնվեր փաշային,
Կոստանդնուպոլիս.
Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատիվ ունի հայտնելու ձերդ գերազանցութեանը, հանուն մեր բարեկամութեան, իրազեկ դարձնել ձեզ այն մասին, որ Անդրանիկ փաշան խուսափել է մեր կառավարությունից, իմանալով, որ զինվորական դատի պիտի ենթարկվի մեր զինվորական մինիստրին չենթարկվելու համար: Անդրանիկ փաշան տաճկահպատակ հայերից կազմել է առանձին զորաբանակ, նպատակ ունենալով անցնիլ Ջուլֆայի կամուրջը եւ Խոյի ու Սալմաստի շրջանում միանալ Վանից նահանջող ժողովրդին: Նա մտադիր է ուժեղ բանակ կազմել, ստեղծել սեպարատ պետություն եւ հարձակվել ձեր վրա: Խնդրում ենք միջոցներ ձեռք առնել նրան վերջնականապես ջախջախելու համար:
Հայաստանի Հանրապետության
կառավարության Նախագահ
Հ. Քաջազնունի,
Հայաստանի Հանրապետության զինվորական Մինիստր
Արամ փաշա Մանուկյան,
Հայաստանի կառավարության
խորհրդի քարտուղար Սահակյան
Հուլիսի 17-ին, 1918 թ.»:
Դարերի ընթացքում դավաճանության գինն աճում է՝ 30 արծաթից երբեմն հասնելով հափշտակված երկրի խամաճիկ կառավարության պաշտոններին... Նույն ճակատագրին արժանացան ժողովրդական պատերազմի շատ այլ հերոսներ: Անկախության դարավոր երազի դառը իրականությունը նորաստեղծ երկրից ստիպեց հեռանալ «հանցագործ հրոսակախմբեր» հայտարարված պարտիզանական ջոկատների հրամանատարներ Պանդուխտին ու Սմբատին, Թռուցիկ Հովսեփին ու Մակեդոնին, սասունցի Մանուկին, մակվեցի Մեսրոպին, բուլղարացի Գրիգորին եւ շատ ուրիշներին:
Ղարաբաղցիների Մահապարտների գունդը գլխավոր շտաբի որոշմամբ շտապ կազմալուծվեց, իսկ նախկին հրամանատար Պողոսբեկ Փիրումյանը փաստորեն աքսորվեց, ուղարկվեց Նոր Բայազետի աննշան մի զորամաս: Փոխարենն ասպարեզ եկան մեծ մաուզերներով զինված եւ մարտի դաշտում առանձնապես աչքի չընկած գողական մականուններով նոր դեմքեր՝ իգդիրցի Կուկուլ, կողբեցի Կոկոլ, ֆռանգենց Ալեք եւ ուրիշներ...
Տա Աստված, որ 21-րդ դարի սկզբին մենք չմոռանանք Սարդարապատի երկրորդ դասը եւ սեփական ապաշնորհության, դավաճանության կամ պատմությունը մոռանալու հիմար սովորության պատճառով չկորցնենք արյունով նվաճած հաղթանակը:
ԱՆԿԵՂԾ ԼԻՆԵՆՔ
Ժամանակ առ ժամանակ ինքներս մեզ հետ պետք է անկեղծ լինենք. ասենք, որ արդեն վաղուց՝ մենք մեկ ազգ, մեկ մշակույթ չենք։ Իշխանությունը պետություն չէ։ Պետությունը և ազգը նույն բանը չեն։ Հայաստանը և Հայաստանի պատվիրակությունը նույն բանը չեն, որովհետև մենք զրկված ենք ընտրելու բնական իրավունքից։ Իշխանությունը պիտի իշխանություն լինի, ոչ թե՝ էշ-խանություն։ Մտավորականը, թեև վաղուց խուսափում եմ այդ բառից, պիտի դառնա մտավոր-ական։ Եվ եթե ցանկացած թագավորությունում երեխա է պետք, որ կասի՝ արքան մերկ է, մտավորականը պիտի լինի։
Ասված է՝ պատերազմը չափազանց կարևոր բան է, որպեսզի այն վստահենք գեներալներին։ Հիմա ես ասում եմ՝ մեր երեխաների ապագան չափազանց կարևոր է, որպեսզի դա վստահենք «գեներալներին»։ Մենք չենք վստահում նրանց։ Մենք մեխանիզմներ ենք փնտրում։ Եվ նրանց էլ ասում ենք դրա մասին։ Եվ նրանք այլևս իրավունք չունեն ասելու, թե իրենք չգիտեն՝ որ սխալվում են։ Որովհետև Մարտի 1-ից առաջ էլ, հետո էլ ասել ենք ու ասում ենք, որ կա սպիտակ և կա սև։
Տիգրան ԽԶՄԱԼՅԱՆ
կինոռեժիսոր
ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ
«Եվրատեսիլի» 2008-ի եզրափակիչ համերգից առաջ հայկական հանրային հեռուստատեսության տաղավարում հավաքված երիտասարդ երգիչների ներկայությամբ հաղորդավարն աշխարհասփյուռ հայ հեռուստադիտողներին խորհուրդ տվեց ձայն տալ, քվեարկել այն երգիչների օգտին, ովքեր չեն կարող Սիրուշոյի համար մրցակից լինել…
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կկատարվի, եթե բոլոր երկրներն իրենց քաղաքացիներին նույնպես կոչ անեին ձայն տալ բացառապես անարժաններին, որպեսզի սեփական թեկնածուն առաջնակարգ տեղ գրավի։ Մրցանակային տեղում կհայտնվեն ապաշնորհները։ Եվ այս ամենը հանուն այն բանի, որպեսզի միջազգային սովորական մի շոուում, որ ոչ մի կապ չունի Արվեստի հետ, մրցանակային տեղ գրավի «հայկական» մի երգ, որը նույն Եվրատեսիլի նախորդ «հայկական» երգերի պես թիթեռնիկի կյանք կունենա։
Բայց սա ամենամեծ զավեշտաողբերգությունը չէ։ Ցավն այն է, որ հեռուստաեթերից մարդկանց սովորեցնում են խաբել, կեղծել։ Եվ ընտրության այս ձևը մեզանում կարող է դառնալ ավանդույթ։ Ինչպես հարևան երկու երկրներում արդեն ավանդույթ, ազգային սովորույթ է դարձել պատմությունը կեղծելը, հարևանի հոգևոր-մշակութային արժեքները թռցնելը, անգամ ուրիշի հողն ու երկիրը սեփականացնելը։
«ՆԷ»
«ՄԱՐՏԱԴԱՇՏ»՝ ԲԱՑՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ
ԼՂՀ ԳՄ թերթերի վերջին համարներից այն տպավորությունն ես ստանում, որ Ղարաբաղի գրողների միությունը ուրիշ գործ չունի, բացի մեր համերկրացի նշանավոր գրող Վազգեն Օվյանի մասին նախանձի և տգիտության թույնով հունցած զրպարտություններ տպագրելը։ Կեղծարարների առաջին շարքում էլ Դավիթ Միքայելյանն է։ Նրա քննադատության թիրախը սիրված գրողի «Խանքենդի» վիպակն է և «Թևան-դհոլ» պոեմը։ Ըստ Միքայելյանի՝ Վ. Օվյանը իր վիպակում «թուրքին վայել հերյուրանքով», «նողկալի բառերով պարսավել, հահոյել է» (այս որակումների համար Դ. Միքայելյանը պատասխան պիտի տա ո՛չ թերթի էջերում - հեղ.), ծանակել մեր ազգի նվիրյալ Նժդեհին, Անդրանիկին, Դրոյին, Թևանին։ Բացի դրանից, ըստ «գրականագետի», Վ. Օվյանը իր վիպակը գրել է Բ. Կևորկովի պատվերով՝ 1975 թ. պլենումից հետո։
Յուրաքանչյուր ոք, ով կարդացել է Վահրամ Աթանեսյանի «"Գրականագիտական լայն հայացքի" նեղվածքը» հիանալի հոդվածը («Ազատ Արցախ», 28 հոկտեմբերի 2008 թ.), արդեն հասկացած պիտի լինի, թե ինչն ինչոց է։ Ես ևս խոսեմ փաստերով՝ թվարկելով մի քանիսը.
1. Վիպակը՝ «Խանքենդուց մինչև Ստեփանակերտ» վերնագրով առաջին անգամ տպագրվել է 1971 թվականին՝ «Գրական Ադրբեջան» ամսագրում։ Դրանից հետո՝ 1973 թ.-ին տպագրվել է առանձին գրքով՝ «Խանքենդի» վերնագրով, որի վերջում նշված է վիպակը գրելու տարեթիվը՝ 1969-70։ Այդ թվերին Կևորկովը դեռ չէր էլ եկել Ղարաբաղ, բացի դրանից, Կևորկովը շատ կուզեր, որ այս հիանալի ստեղծագործությունը գրված լիներ իր պատվերով։ 1974 թվականին «Գրական Ադրբեջան»-ում տպագրվել է նաև վիպակի երկրորդ մասը՝ դարձյալ «Խանքենդուց մինչև Ստեփանակերտ» վերնագրով։ Դժվար չէ հասկանալ, որ «Ստեփանակերտ» բառը գրքի վերնագրից դուրս է մնացել Բաքվի հրատարակչության միջամտությամբ։
2. Անընդհատ շեշտելով «Խանքենդի» անունը, Դ. Միքայելյանը փորձում է ընթերցողին համոզել, որ Օվյանը մեր մայրաքաղաքը Խանքենդի է անվանում։ Եթե ինքնուս «գրականագետը» պատմություն գիտե այնքան, որքան գրականություն, հիշեցնեմ, որ Ստեփանակերտ կոչվելուց առաջ քաղաքը կոչվում էր Խանքենդի։ Դա կարող է պարզել հայկական հանրագիտարանից և բազմաթիվ այլ աղբյուրներից։
3. Գրողի մահից 16 տարի հետո վերոհիշյալ վիպակը տպագրվել է «Լեռների լեգենդը» գրքում՝ «Լեռնակերտ» վերնագրով (Երևան, «Անտարես» հրատարակչություն, 2003 թ.)։ Այդ գրքում տպագրվել են նաև բազմաթիվ գլուխներ, որոնք գրվել են 1974-ից հետո (տես՝ նույն գրքի ծանոթագրությունը)։ Մոտ կես տարի առաջ, երբ ես Վ. Օվյանի մասին հոդված էի գրում, որը «Հուշարձան՝ կերտված գրչով» վերնագրով տպագրվել է «Ազգ», «Ազատ Արցախ», «Ակունք» թերթերում, դեռևս այդ ժամանակ տեղեկացա, որ «Լեռնակերտը» հեղինակի կենդանության օրոք այլ ստեղծագործությունների հետ ուղարկվել էր Երևան՝ հրատարակչություն, սակայն ծանր հիվանդ հեղինակը ֆիզիկապես հնարավորություն չուներ հետաքրքրվելու գրքի ճակատագրով։ Օվյանի մահից մի տարի հետո սկսվեց արցախյան շարժումը... Գրքի մասին մոռացան նաև հեղինակի հարազատները։ 2002 թ. միայն հաջողվեց ԿՄՍ նախկին նախարար Կ. Աթայանի ջանքերով Երևանից բերել տալ ժողովածուն, որտեղ կա նաև Վ. Մուղնեցյանի ստորագրությամբ գրախոսականը՝ «Լեռնակերտ» վիպակի մասին։ Ես տեսել եմ այդ գրախոսականը։ Վիպակն այդպես էր անվանել հեղինակը, այլ ոչ թե մեկ ուրիշը։ Պարզապես, չծավալվելու պատճառով, ես իմ նախորդ հոդվածում տեղ չեմ հատկացրել այդ փաստին։
4. Այժմ Դ. Միքայելյանի ասած՝ «ազգի նվիրյալներին ծանակելու» մասին։ Նախ մեջբերեմ նշանավոր գրականագետ Սերգեյ Աթաբեկյանի խոսքերը. «...Այս վիպակը միանգամայն ուրույն երկ է՝ համեմված շատ հաճախ նրբին հումորով, հաճախ էլ սարկաստիկ ծիծաղով։ Ընդհանրապես, Օվյանի արձակն աչքի է ընկնում հումորի, երգիծանքի ուրույն միջոցների հարստությամբ: Առանձին դեպքերում, այս մարզում նա հասնում է ակնհայտ նվաճումների» (Վ. Օվյան,«Լեռների լեգենդը», էջ 506-507)։ Ավելացնեմ, որ այս վիպակում հումորով են ներկայացված նաև դրական հերոսները։
Իմ կարծիքով՝ Դ. Միքայելյանը կամ չի կարդացել վիպակը, կամ դիտավորությամբ ամեն ինչ խեղաթյուրում է։ Շատ հնարավոր է, որ այս երկու պատճառներն էլ առկա են։ Հակառակ դեպքում՝ կհասկանար, որ Դրոն ու Նժդեհը վիպակի հերոսները չեն, նրանց անունները գրքում հնչում են միայն փոքրիկ մի էպիզոդում։ Վիպակի հերոսներից մեկը անպատվում է նրանց, մյուսը, ընդհակառակը՝ Դրոյին և Նժդեհին անվանում է «ազգային փառապանծ հերոսներ», «ազգի համար կյանք տվող» և այլն (Վ. Օվյան, «Խանքենդի», Ադր. պետհրատարակչություն, Բաքու, 1973 թ., էջ 41-42)։ Բայց Դ. Միքայելյանը դա չի «նկատել», որովհետև դա իր պլանների մեջ չէր մտնում։ Ինչպես «չի նկատել» նաև, որ Բաքվում հրատարակված այդ գրքում այսպիսի տողեր կան. «Արցախաց աշխարհը հույսով մեզ է սպասում... Տվեք ինձ հարյուր թնդանոթ, և ես Արցախը կդարձնեմ դրախտ» և այլն (նույն տեղում, էջ 42)։ Միքայելյանն ու իր գրչեղբայրները թող ինձ ցույց տան Բաքվում տպագրված հայատառ մի այլ գիրք, որտեղ մեր լեռնաշխարհը Արցախ է անվանվում, Դրոն ու Նժդեհը՝ «ազգային փառապանծ հերոսներ»...
5. Վազգեն Օվյանի վիպակը 1973 թ. տպագրվել է 5000 տպաքանակով և անմիջապես սպառվել։ Եվ հեղինակը գրել է նաև վիպակի երկրորդ և երրորդ մասերը (տես՝ «Լեռների լեգենդը» գրքի ծանոթագրությունը)։ Հարց է ծագում. ինչո՞ւ Վ. Օվյանի վիպակի 5000 օրինակն անմիջապես սպառվել է, այսօր էլ բավականությամբ ընթերցվում, ասմունքում են նրա շատ ու շատ ստեղծագործություններ, իսկ մեր շատ գրողներ չեն կարողանում սպառել իրենց գրքերի ընդամենը 50 կամ 200 օրինակը։
6. Ինչ վերաբերում է Կևորկովի պատվերով գրելուն, եկեք չմոռանանք, որ մեր երկրամասը անծայրածիր Ռուսաստան չէ, և յուրաքանչյուր ղարաբաղցի շատ լավ գիտե, թե որ ղեկավարի շուրջ որտեղ և ովքեր էին շարունակ պտտվում ու վայելում նրա աջակցությունը։ Իսկ այդ նույն 1975 և մյուս թվականներին Վազգեն Օվյանը բազմաթիվ պամֆլետներ ու բանաստեղծություններ է գրել Կևորկովի դեմ (տես՝ «Հուդային», «Դու ծախու հոգի», «Բասարական», «Այս Ղարաբաղն է», «Իմ Ղարաբաղը տեսե՞լ ես...», Հիմա է՞լ լռենք», «Մենք», «Հին գայլ է եղել այս նենգ աղվեսը», «Ծոռն Հուդայի տունս մտավ», «Ամարաս»...)։ Որքան էլ Կևորկովի ազգական և Դ. Միքայելյանի գրչեղբայր ու գաղափարակից Նորայր Ավետիսյանի քիմքին ոչ հաճելի լինի, մեջբերեմ մի քառատող այդ բանաստեղծություններից.
Եվ դու էլ կանցնես, ինչպես որ անցան
Քո նախորդները անբարիշտ ու չար,
Ով դու հին ու նոր կրկնվող հանցանք,
Դու հայրենադավ փառամոլ լաչառ:
(Վ. Օվյան,«Լեռների լեգենդը», էջ 20)։
Կարող եմ մեջբերել նաև Օվյանի տողերից, որ վերաբերում են Կևորկովի կամակատարներին, նրան հաճոյացող «թմբուկ-պոետներին», ովքեր
Ներբողներ են անվերջ հորինել
Վասն քծնանքի ու... հոնորարի,
Եվ առանց խղճի, առանց ամոթի
Շողոքորթել այն ավանտյուրիստին,
Որ կոխկրտելով ամեն սրբություն-
Ազգայինի մեջ տեսել է միայն
Ազգամոլություն...
(Վ. Օվյան, «Լեռների լեգենդը», էջ 40)։
Մարդ որքա՞ն պիտի կորցրած լինի չափի զգացումն ու բարոյական կերպարանքը, որպեսզի նա Կևորկովի պատվերը կատարելում մեղադրի ազնվագույն մի գրողի, ով իր բազմաթիվ ստեղծագործություններում քննադատել և ձեռ է առել նույն Կևորկովին ու նրան շողոքորթող «թմբուկ-պոետներին»... Էլ չեմ խոսում Բրեժնևի, Ալիևի մասին սուր երգիծական ստեղծագործությունների մասին։ Իմ կարծիքով՝ փաստերը խեղաթյուրելը պատիվ չի բերում մտավորականին։
Իսկ այժմ խոսենք 50 տարի առաջ, Վ. Օվյանի երիտասարդ տարիներին գրված «Թևան-դհոլ» պոեմի մասին, որտեղ Դ. Միքայելյանը գրողին դարձյալ մեղադրում է նույն «հերոսներին ծանակելու» մեջ (ի դեպ, 1961-ից հետո հեղինակը այս պոեմը ոչ մի տեղ չի տպագրել։ Այն տեղ չի գտել նաև հեղինակի մահից հետո տպված 6 գրքերում)։ Իմիջիայլոց նշեմ, որ դա ժամանակի պահանջն էր, և հանրահայտ Սուրեն Քոչարյանը արցախյան հյուրախաղերի ժամանակ հատվածներ է ասմունքել այդ պոեմից։ Քանի որ Միքայելյանը հաստատ Չարենցի «Խմբապետ Շավարշը» չի կարդացել, նրա համար մեջբերեմ մեծ բանաստեղծի խոսքերը Դրոյի մասին.
Ո՞վ գիտե Դրոյին։ Այո, ո՞վ գիտե։
Կարող է սարքել հազար դավ...
...Դեռ երեկ էր
Սպանեց իր տղերքից երկուսին...
Դրոն վարվել էր անվայել, վարվել էր տմարդի.
Խաբելով կանչել էր նրանց միլիցատուն-
Այդպես չի վարվի տղամարդը։
Խաբելով կանչել էր, թե կների...
Ու կռնակից խփել...
Սուս ու փուս։ Գաղտագողի։ Անձեն։
Ո՞վ գիտե Դրոյին... Ինչքան է նա
Այդպես գաղտագողի հնձել...
(Ե. Չարենց, Երկերի ժողովածու, Երևան, 1963 թ., էջ 287-289)։
Դ. Միքայելյանը թող ինքը գտնի և կարդա Չարենցի խոսքերը դաշնակցության մասին։ Եթե չի կարդացել, գոնե դիտած պիտի լինի Ա. Բակունցի սցենարով գրված «Զանգեզուրը»։ Ինչո՞ւ նրանց չի մեղադրում։ Տղամարդ է՝ թող խոսի։ Ի՞նչ է, Վազգեն Օվյանին ինչ-որ Դ. Միքայելյանի ներկայացմա՞մբ պիտի ճանաչենք... Օվյանը իմ պաշտպանության կարիքը ևս չի զգում։ Նա իր ստեղծագործություններո՛վ է անմահացրել իր անունը, որոնցով էլ ես ճանաչել եմ նրան։ Առայսօր չեմ մոռանում Օվյանի ելույթը 1963 թ.՝ Շուշիի հայ ուսանողության առաջ։
Եթե Միքայելյանը ստանձնել է Թևան Ստեփանյանի «դատապաշտպանի» դերը, նրա դատը ոչ թե գեղարվեստական գործերի մեջ պիտի պաշտպանի, այլ խորհրդային 70 տարվա պատմագիտության մեջ, առանձնապես Երևանում լույս տեսած համապատասխան վավերագրերում (այդ թվում՝ «Սովետական կարգերի հաստատումը Լեռնային Ղարաբաղում», Երևան, 1971 թ.)։ Ես չգիտեմ, թե Թևանը որքան թուրք է սպանել, բայց այդ գրքերում կան նրա կողմից սպանված կոնկրետ հայազգիների անունները, և դրանից սիրտդ ցավում է... Թևանի անունը Նժդեհի և Դրոյի անունների մոտ դնելը նույնն է, եթե Դ. Միքայելյանի կամ իմ անունը դնենք Չարենցի անվան կողքին։
Միքայելյանի «հոդվածներում» շարունակ հոլովվում է նաև Անդրանիկի անունը, սակայն նա մեջբերում չի անում, չի նշում, թե որ ստեղծագործության մեջ է «ծանակվել» Անդրանիկը։ Դա կանխամտածված քայլ է՝ գրողի անվան վրա ստվեր ձգելու նպատակով։ Այստեղ տեղին եմ համարում մեջբերել Վարդգես Օվյանի դիպուկ խոսքը՝ այդ կապակցությամբ. «Ստի հերն անիծած, թե Վազգեն Օվյանի ստեղծագործություններում Անդրանիկի մասին նման տող կա...»։ Նույն դիտավորությամբ, երբ թվարկում է Վազգեն Օվյանի, իր կարծիքով՝ «հակա» ստեղծագործությունները, ավելացնում է՝ «Թևան-դհոլ», «Լուսաբաց», «Լուսաբացը լեռներում»։ Օվյանը «Լուսաբաց» անունով ստեղծագործություն չունի։ Թերթել եմ գրողի գրքերը. նման ստեղծագործություն չեմ գտել։ Դա գրքի անունն է, որտեղ գտնվում է նույն այդ «Թևան-դհոլ» պոեմը...
Հետաքրքիրն այն է, որ մեր հերոսներին նսեմացնելու մասին խոսում է Դ. Միքայելյանը, ով մի քանի տարի առաջ տեղական և հայաստանյան մամուլում զրպարտություններ էր տպագրել Արցախի ազգային հերոս Սամվել Բաբայանի մասին, իսկ մինչ ա՞յդ։ Մինչ այդ իրենց գլխավերևում պատից կախել էին Ս. Բաբայանի մեծադիր լուսանկարը և պաշտում էին։ Նույն թափով հիմա էլ յուրատեսակ «արշավ» է սկսվել ԼՂՀ բարձրագույն պետական շքանշանի արժանացած Վազգեն Օվյանի դեմ, բայց այդ «հոդվածներում» չի բերվում գոնե մի փաստ, որ համապատասխանի իրականությանը։ Վ. Օվյանի անվան հետ կապված վերջերս տպագրված բոլոր հոդվածները ընթերցել եմ։ Ե. Սարգսյանի և Վ. Աթանեսյանի ստորագրությամբ գրված անկողմնակալ հոդվածներից բացի, մնացած բոլոր հոդվածները հատուկ քննարկում են պահանջում, և դրանց հեղինակները պիտի պատասխան տան ինչպես գրողի մերձավորներին ու հասարակությանը, այնպես էլ գործող օրենքների առաջ։ Ես այդպես եմ հասկանում։ Կարծես յուրատեսակ «մարտադաշտ» են բացել՝ «զոհասեղանին» դնելով հանգուցյալին։ Բայց մենք իրական Մարտադաշտ արդեն ունեցել ենք 1988-1994 թթ., որն այսօր, զինադադարից հետո, տեղափոխվել է գաղափարական հարթություն, և մենք, երբ չենք մասնակցել զենքով պատերազմին, պարտավոր ենք գոնե այստե՛ղ կատարել մեր պարտքը։
Ծիծաղելին այն է, որ Դ. Միքայելյանը նույն «Եղիցի լույս»-ում, իբր «պատասխանի իրավունքով», ոտնահարելով տարրական էթիկայի ու բարոյականության նորմերը, իր վրա է վերցրել իշխանությունների դերը և պատասխանել Վարդգես Օվյանի «Բաց նամակին՝ ԼՂՀ իշխանություններին»։ Տեղին է Ե. Սարգսյանի հարցադրումը. «Գրողի տաղանդի փա՞յլն է կուրացնում նրա հակառակորդներին, գրական նախա՞նձը, թե՞…» («Դեմո», 30 հուլիսի 2008թ.)։ Չնայած հոդվածս ավարտած եմ համարում, բայցևայնպես մի հարց ինձ մտատանջում է. այսպես ո՞ւր ենք գնում՝ դեպի Տաճա՞ր, թե՞…
Հիշատակ
ՆՐԱ ԵՐԱԶԱՆՔՆ ԻՐԱԿԱՆԱՑԵԼ Է
Մի շաբաթ առաջ՝ փետրվարի 23-ին լրացավ արցախցի մեծանուն գրող Վազգեն Օվյանի մահվան 22-րդ տարին։ Վաղուց մեզ հետ չէ գրողը, սակայն նրա ստեղծագործությունները շարունակում են ապրել, նրան կարդում են, ասմունքում կամ, պարզապես, լուռ հիանում նրա հայրենաշունչ երկերով...
Սովորաբար ազնիվ, արդարամիտ անհատները թշնամիներ շատ են ունենում (հատկապես՝ կենդանության օրոք), քանի որ «ազատություն սիրողին այս աշխարհը խիստ նեղ է», քանի որ միջակությունները չեն կարող հանգիստ հանդուրժել իրենց կողքին գտնվող տաղանդավորներին։ Վազգեն Օվյանը ինքն իր մասին առավել դիպուկ է արտահայտվել.
Բանաստեղծները ծառեր են՝ կանգնած
Մայր հողի վրա հպարտ, հաստատուն,
Նրանց ճյուղերին՝ թունոտ ու նախանձ
Անտաղանդներն են միշտ քարեր նետում:
Վ. Օվյանի անվան և նրա ստեղծագործության դեմ սանձազերծած արշավը, քննադատության հետմահու «խանդավառ» ալիքը ակամա է՛լ ավելի բարձրացրեց ու խորացրեց հետաքրքրությունը տաղանդավոր գրողի ստեղծագործության հանդեպ։ Շատերի սեղանին այժմ ավելի հաճախակի կարելի է տեսնել Վազգեն Օվյանի ժողովածուները։ Արցախցի ընթերցողը, ասես, վերստին հայտնաբերեց իր հարազատ գրողին։ Սկսեց ավելի շատ ընթերցել, ավելի շատ սիրել և հպարտանալ, որ ունի այդպիսի մեծատաղանդ, խիզախ ու հայրենասեր հայրենակից։
Գրողի համար չկա առավել բարձր երազանք, քան՝ սիրելի լինել իր ժողովրդին, լինել անմահ՝ իր ստեղծագործություններով։ Այսօր արդարացի կլիներ ասել, որ Վազգեն Օվյանի՝ որպես գրողի երազանքը իրագործվել է։ Նա սիրելի է իր ժողովրդին ու անմահ է, գրական թշնամիներն էլ այնպես են արտահայտվում նրա մասին, ասես այսօր էլ կանգնած է իրենց դիմաց։ Ծիծաղելի կլինի հավատալ, թե մի քանի հոգու կարծիքից տաղանդավոր մարդը կարող է դառնալ անտաղանդ, հայրենասերը՝ ոչ հայրենասեր կամ՝ ընդհակառակը։ Շանդոր Պետեֆին՝ հունգարացի մեծ բանաստեղծը, իր քննադատների համար այսպիսի տողեր է գրել.
Կարող էի ամբողջ կյանքում
Լավ երգ գրել ես անընդհատ,
Բայց երբեմն էլ կարեկցանքից
Գրում եմ քիչ տափակ ու վատ։
Եթե առանց բացառության
Ես գրեի հիանալի,
Ասեք տեսնեմ, ի՞նչ կանեին
Քննադատներն իմ ողբալի։
Կատակը՝ կատակ, սակայն անժխտելի է, որ միակ ճշմարիտ քննադատը ժամանակն է և Ժողովուրդը, որի կարծիքն արժեք ունի։ Բանաստեղծի հոգին բաց է իր ժողովրդի առաջ. եթե հոգին բաց չէ, ուրեմն այն մաքուր չէ կամ չկա ոչինչ՝ բացելու համար, չկա հոգի՝ հասկանալու, զգալու, սիրելու համար։ Ընթերցում ես՝ չես հուզվում, երբեմն՝ ամաչում, երբեմն զայրանում ես կարդացածդ տափակության վրա, քանզի երբ անկեղծ զգացողություն չկա, հնարավոր չէ նկարագրել չեղած բանը։
Իսկական բանաստեղծի երգը ծնվում է հոգու խորքից։
Բանաստեղծի սրտում միայն իր ցավն ու խինդը չէ։ Ամենքինն է, և դրա համար նրա երգը բոլորին հասկանալի է ու սիրելի։ Էլ ինչո՞ւ հարցնել ինչ որ քննադատի. եթե տվյալ ստեղծագործությունը վսեմացնում է հոգին, ազնիվ, գեղեցիկ զգացմունքներ ներշնչում, ուրեմն՝ լավ է այն։
Ընթերցել Վազգեն Օվյանի հայրենաշունչ ստեղծագործությունները և չալեկոծվել, չհամակվել ազնիվ հույզերով՝ չի կարող իսկական արցախցին, իսկական հայը.
Տուն ու տեղս ինձնից խլել
Ու ասում ես՝ վայ չանես,
Ավեր Վանում, գերված Ղարսում
Քրիստոնյա հայ չունես,
Բայց ես ինչպե՞ս չըմբոստանամ,
Ասա՛, ինչպե՞ս ես լռեմ,-
Սիրտս կիսել երկու մասի
Ու ասում ես՝ վայ չանես:
Մեծանուն, հանճարեղ մեծ անհատի մասին չունենալով փաստագրական տեղեկություններ, նրա կյանքի և գործունեության վերաբերյալ, դատում են միայն նրա ստեղծագործություններից։ Բոլոր նրանք, ովքեր սիրում, գնահատում են ճշմարիտ պոեզիան, ովքեր ուզում են իմանալ ճշմարտությունը Վազգեն Օվյան Մարդ-Գրողի մասին, բավական է ուղղակի ընթերցեն նրա ստեղծագործություններից մի էջ, մի ութնյակ, թեկուզ մի քառյակ, և ամեն ինչ հասկանալի ու պարզ կդառնա միանգամից.
Հիմա է՞լ լռենք, եղբայրք, հիմա է՞լ,
Երբ թուրքը եկել, մտել տունը մեր,
Ոտնատակ տվել այգի ու պարտեզ,
Օրը ցերեկով անպատվում է մեզ,
Ասում է՝ այստեղ այգի, բաղ չունեք,
Դուք այս աշխարհում Ղարաբաղ չունեք:
Կամ՝
Ես երազներն եմ քո հազարաձև,
Ես քո իմաստուն համբերությունն եմ,
Մելիք, խան ու բեկ կգան ու կանցնեն,
Ես, սրբազան հող, քո զորությունն եմ:
Ես՝ ապացուցված քո վեհությունը
Եվ քո ոգին ու երգը քաղցրաբառ,
Դու իմ հայրենի օջախն ու տունը,
Ճիչս Ղարաբաղ, խիղճս՝ Ղարաբաղ:
ՀԱՍՄԻԿ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
բժշկուհի, գ. Ճարտար
ԱՆՏԻՊ ՆԱՄԱԿ
Այս նամակը գտնվել է Վազգեն Օվյանի նոթատետրում։ Գրողն այն գրել է մոսկովյան մի հիվանդանոցում, սակայն հնարավորություն չի ունեցել, չի կարողացել ուղարկել։ 1986 թ. գրած այս տողերից հետո գրողն այլևս գրիչ չի վերցրել ձեռքը...
Սիրելիներս,
Մոսկվան ինձ ընդունեց տխուր ու մռայլ, և դա նորություն չէր ինձ համար: Մարդիկ այստեղ կոպիտ են. մի բան ես հարցնում, իսկույն վրա են քշում. «Ի՞նչ ես զահլե տանում»:
Այսօր ավարտվեց նախնական պոլիկլինիկային անալիզներս, վաղը պիտի լինեմ բժշկի մոտ, որը պիտի հայտնի ինձ, թե հիվանդանոցում բուժվելու համար կոմիսիան ե՞րբ պիտի լինի... Ամեն ինչ այդ կոմիսիայից է կախված՝ բաց կթողնի՞ բուժվելու, թե՞ կասի՝ գնա տեղում բուժվիր:
Ամեն ինչ նման է տխուր երազի. չեմ հասկանում, որ ես՝ ես եմ և ի՞նչ եմ անում այս անհոգի մարդկանց մոտ: Օրերս չեն մթնում և, ավելի ահավորը՝ չեն լուսանում:
Հեքիաթները՝ հեշտ ընդունելու մասին, սոսկ հեքիաթներ են: Առաջներում այդպես էր... Հիմա կովկասցիները բժիշկների համար եկամտի վարար աղբյուր են՝ միայն թե փող պոկեն: Իրենք՝ կովկասցիներն են մեղավոր. նրանց այդպես են սովորեցրել:
Չգիտեմ, կդիմանա՞մ այս քաշքշուկին: Բարեկամներ ու ծանոթներ չունեմ, այստեղ ամեն ինչ որոշում է պնդաճակատությունը, նաև փողը: Սա իմ աշխարհը չէ: Բայց դե՝ հույս ունեմ:
Ուրեմն՝ ճակատագիրս կորոշվի այս վերջին երեք-չորս օրում:
Է՜հ, երեխաներիս եմ կարոտե՜լ, շա՜տ:
ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ
Մոսկվա, 1986 թ.
ԱՄԱՐԱՍԻ ՎԱՆՔՈՒՄ
Հրաշք է ասես կանգնած տիրաբար այս կանաչ հովտում։
Մի պառավ տատիկ խորանի առջև զույգ մոմ է վառել, չգիտեմ աստծո՞ն, թե՞ այս հրաշքին է նա լուռ աղոթում։
Հավատացյալի մի սուրբ երկյուղով կանգնել եմ ահա կիսամութի մեջ, շուրջս եմ նայում։
Բարձր գմբեթի քիվերին նստած աղավնիներն են կամաց ղունղունում, իսկ երես առած ճնճղուկները կռիվս են տալիս, ճռվողում անվերջ։
Ու ես փակում եմ աչքերս մի պահ։
Հիմա ուր որ է ղողանջեն պիտի զանգերը պղնձե։
Հիմա կթնդան կամարների տակ Տաղը հարության ու Վարդավառի։
Հիմա մի խելառ, մի ծուռ վարդապետ թաքուն կնայի պատի տակ կանգնած խորոտ Շողերին ու ա՜խ կքաշի։
Հիմա կգա մի թխաչ պատանի և սուրբ Մարիամի պատկերի առջև սիրտը կմաշի։
Հիմա... Եվ հանկարծ մեկը բռնում ու քաշում է թևս։
Վանքի պահակն է։ Ես սթափվում եմ։
- Դո՞ւ հավատո՞ւմ ես,- և նայում է նա իմ աչքերի մեջ, ժպտում մեղավոր։
- Ես հավատում եմ,- պատասխանում եմ։- Ես հավատում եմ Հարության տաղին, խորոտ Շողերին, այն վարդապետին, որ ա՜խ էր քաշում։ Ես հավատում եմ այս ճարտարակերտ, կանաչ հովտի մեջ տիրաբար կանգնած հրաշք տաճարին։
Ես հավատում եմ տաճարն այս կերտող իմ ժողովրդին։
1975 թ.
ՀԱՅՐԵՆԱԿԱՆ
Ոչ Լենկ-Թեմուրի աշխարհակործան բանակները ինձ ծնկի բերեցին, ոչ յաթաղանը դահիճ Կաջարի, ոչ էլ խորշակը անապատների։
Ես քարե տաճար, քարե ամրոց ու քարե բերդ էի։
Ոչ պարսից արքան կարողացավ ինձ առևանգել իր որոգայթներով պիղծ ու կեղծավոր, ոչ էլ մոգերը կարղացան ինձ հավատափոխել սուտ խոստումներով ու երդումներով նենգ ու կեղծավոր։
Ես Ամարասի վանքում դպիր ու վարդապետ էի։
Նենգամիտ մարդիկ ինձ հազար ձևով ամբաստանեցին և հազար ձևով փորձեցին նրանք բնից ինձ հատել, բայց մեր դարավոր թթենու նման ամուր կառչեցի մեր ժայռ ու քարին, ճյուղավորվեցի, խշշացի նորից...
Ես բարձր լեռան գագաթին կանգնած Կուսաբերդ էի։
Ոչ արյունառուշտ դավաճանների թունոտ տեգերը կարողացան իմ հավատը խոցել, ոչ հերետիկոս-կռապաշտները՝ հոգուս մեջ պահած երազը բոցել։
Ես աստվածային Հայկի աղեղից թռած նետ էի։
Ոչ հուդաների սուտ համբույրներն ու հորի բերանին փռած գորգերը ինձ սասանեցին, և ոչ էլ խարդախ դրածոների գոռում-գոչյուններն իմ հայրենականն ինձնից վանեցին։
Ես մեր ձորերում հավերժ շառաչող Թարթառ գետ էի։
Եվ առաջինը մեր այս լեռներից ես ձեռք մեկնեցի բարեկամության՝ լուրթ ստեպների քաջ զավակներին... Եվ առաջինը ծառս եղա հպարտ՝ ընդդեմ բռնության, և առաջինը ես ազատության դրոշ պարզեցի...
Թիկունքս՝ ամուր, հոգով հայրենի հողի հետ էի։
1975 թ.
* * *
Եվ ովքեր ասես, որ քեզ չերգեցին։
Եվ ովքեր ասես, որ իրենց երգով քեզ չհերքեցին։
Եվ ովքեր ասես, որ քո հերկածը մի կրկին անգամ չեկան հերկեցին։
Եվ ովքեր ասես, որ չզուգեցին քո սեգ ճակատը էպիտետներով, չզգալով սակայն, որ գեղեցկությունը ոչ մի պերճանքի կարիք չի զգում։
Եվ ովքեր ասես, որ քո անունով չհորջորջվեցին սուրբ առաքյալներ, և քո հասցեով՝ նստած Պառնասի ստորոտներում, թթված երգեր են հիմա վաճառում։
Եվ ովքեր ասես՝ իրենց ճառերով ու կեղծ ձոներով քեզ չեն չարչարում։
Եվ ովքեր ասես՝ մեր նախնիների գերեզմանները քանդուքար չարին, որ տեսնեն ով ես դու իրականում, ինչ ազգ ու տոհմից և ինչ աշխարհից, ով է մեծ պապդ, ովքեր են եղել քո մայրն ու քեռին։
Եվ ովքեր ասես, որ քո անունով չհերոսացան, և հիմա իրենց փայտե սուսերի, տեգերի համար տեղ են որոնում թանգարաններում։
Եվ ովքեր ասես՝ քեզ որոնելով՝ քեզ չկորցրին։
Եվ ովքեր ասես, որ քեզ սիրելով հանդերձ՝ լռեցին։
Եվ ովքեր ասես՝ քեզ չծռեցին։
Բայց դու մնացիր այնպես, ինչպես կաս, հպարտ՝ լեռնցու քո հպարտությամբ և շիտա՜կ քո՝ ղարաբաղյան այդ շիտակությամբ։
ՁԱԽՈՂՎԱԾԻՆ
Ապոլլոնը քեզ չտվեց քնար, և մուսաները չտվեցին քեզ սուրբ ներշնչանք։ Եվ Պառնաս տանող ճանապարհները փակ էին քո դեմ, իսկ դու, փառատենչ, շատ էիր ուզում անունդ տեսնել հայտնիների մեջ։
Սակայն մնացիր քո ամբողջ կյանքում այդպես ձախողված և ուղղեցիր թունոտ նետերդ հայտնիների դեմ։ Գեղեցիկի մեջ տգեղը տեսար, ճերմակը սևով նշավակեցիր և կրկեսային խենթ ցուլի նման կարմիրը դարձրիր քեզ համար թիրախ։
Այնպես, ինչպես նենգ Հերոստրատը սուրբ Արտեմիսի տաճարը վառեց հայտնի դառնալու իր տենչանքով սին, դու էլ, օ՜, գիտեմ, աշխարհում մի օր կդառնաս հայտնի և քո անունը կնշվի անշուշտ... մեր քաղաքային բյուրոյի սև մատյանի մեջ։
ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ
ՎԵՐՋԻՆ ԷՋ
Լիրիկական անտրակտ
ԿԱՂԱՄԲԸ
Մեծի նրա չափանիշը ծավալն է, արտաքին չափսերն ու կշիռը: Մեծ ու ծանրակշիռ գրողը նրա կարծիքով նա է, ով առնվազն 120 կգ քաշ ունի և կարողանում է հաստափոր գրքեր տպագրել (200 էջանոց գրքերին նա «բրոշյուր» է անվանում), մեծ պաշտոնյան՝ ով մեծ ու բարձր աթոռի վրա է նստում և այլն:
Դեռ մանկությունից երազում էր «մեծ մարդ» դառնալ և հիմնովին նետվեց այդ գաղափարի մեջ: Ինչպես մեծն Օտյանը կասեր՝ ոչ թե գաղափարը մտավ նրա գլուխը, այլ նա ինքը մտավ գաղափարի մեջ։ Եվ գոմաղբի մեջ ընկած կարտոֆիլի պես սկսեց «աճել»: Արդեն 6-րդ դասարանում այդ ասպարեզում հասել էր զգալի նվաճումների. գլխի չափերով առաջին տեղն էր գրավում ոչ միայն համադասարանցիների մեջ, այլև ողջ դպրոցում, իսկ մի քանի տարի հետո՝ նաև քաղաքում:
Տարիներ անցան: Մեծացավ այն քաղաքը, որտեղ նա էր ապրում: Մեծացավ ու պարարտացավ նաև նրա գլուխը: Այլևս հնարավոր չէր տարբերել՝ որն է գլուխը, որը՝ նստուկը: Ինքն էլ էր հաճախ շփոթում, երբեմն գլխիվայր նստում՝ թյուրիմացության մեջ գցելով մարդկանց: Իսկ երջանիկ մի օր էլ հանկարծ պարզեց, որ ինքը ևս կարող է ծանրա-կշիռ գրքեր տպագրել: Ամեն տարի առնվազն 15-20 կիլոգրամ գիրք էր տպագրում: Տանն այլևս ազատ տեղ չէր մնացել:
- Այս տարի 24 կիլոգրամ գիրք եմ տպագրել,- մի անգամ հպարտությամբ հայտնեց ծանոթ-բարեկամներին,- դա 4 կիլոգրամով գերազանցում է նախորդ տարվա ռեկորդս: Եթե այսպես շարունակեմ, մի քանի տարի հետո ավելի մեծ եմ լինելու, քան Լերմոնտովն ու Մայակովսկին, Թումանյանն ու Տերյանը...
- Դու արդեն մեծ ես Բայրոնից, Պուշկինից, Իսահակյանից ու Չարենցից, դու հանճար ես,- սկսեցին ոգևորել նրա ճոխ սեղանի փշրանքներով գոյություն քարշ տվող մանկլավիկները:
- Գիտեմ,- համեստորեն խոստովանեց նա,- բայց այդ «հանճարն» արդեն ինձ վրա նեղ է գալիս։ Չեմ հասկանում, ինչո՞ւ մարդիկ մի ավելի մեծ կոչում չեն ստեղծում, ասենք՝ գերհանճար, ամենահանճար...
Իր նազիր-վեզիրներին հանձնարարեց, որ դպրոցներին հրահանգ ուղարկեն՝ գրական միջոցառումներում արտասանել միայն իր բանաստեղծությունները։ Հեռավոր մի գյուղի խարխուլ պահեստից կարտոֆիլ կշռելու հսկա մի կշեռք բերեց տուն, որով մեկ առ մեկ կշռում էր իր գրքերն ու ոգևորված ծափ զարկում. «Վերջին տասը տարում տպագրած իմ բոլոր գրքերը կշռել եմ: Ինձ հետ միասին 257 կիլո է: Ես արդեն անցել եմ հայրենի ու համաշխարհային շատ ու շատ մեծերից»...
Ամեն տարի խոշոր պլանով լուսանկարում էր խաշ գցելու ծավալներ ընդունած մեծ գլուխն ու հպարտությամբ զետեղում իր գրքերի վրա կամ, թանկագին մասունքների պես, իր մակագրությամբ, նվիրում ծանոթ-բարեկամներին:
Եվ մի օր մարդիկ նկատեցին, որ նրա գլխի տարբեր մասերից սկսել են ինչ-որ բաներ դուրս գալ: Սկզբում ոչինչ չէին հասկանում, իսկ ոմանք մինչև անգամ սկսեցին կատակներ անել՝ «Դդումի վրա պոզեր են բուսնում... Մեծ գլուխը երկունքի մեջ է...»։ Բայց կես տարի հետո նրանք զարմանքով նկատեցին, որ «մեծ մարդու» գլխի տեղը հսկա մի կաղամբ է աճել:
Զարմանահրաշ լուրը կայծակի արագությամբ սուրաց երկրով մեկ և տարածվեց ողջ աշխարհում: Մոլորակի տարբեր ծեգերից խոշոր գիտնականներ, հանրահայտ գյուղատնտեսներ եկան՝ իրենց աչքերով տեսնելու և պարզելու այդ հրաշքը: Բոլորը միաձայն խոստովանեցին, որ իրենց ողջ կյանքում այդպիսի խոշոր կաղամբ չեն տեսել: Նրանցից ոմանք այդ գլուխ-կաղամբից փոքրիկ թևիկներ կտրեցին և ուղարկեցին իրենց երկրների գիտահետազոտական ինստիտուտներին՝ լաբորատոր ստուգումների համար: Եվ երբ մի ծեր գյուղատնտես փորձում էր փոքրիկ կաղամբաթև կտրել իր երկրի համար, չգիտես որտեղից մի աղջնակ հայտնվեց ու թախանձագին ասաց.
- Քեռի Կաղամբ, մայրիկս խնդրել է, որ մի թև էլ մեզ տաս՝ տոլմա փաթաթելու համար...
Ծեր գյուղատնտեսն իր ձեռքի կաղամբաթևից մի փոքր կծեց՝ համը ստուգելու համար, բայց հանկարծ զզվանքով դեմքը ծամածռեց.
- Թո՛ւհ, ինչ զզվելի համ ունի։ Այս ճիվաղի մեջ որքան չարություն, մաղձ ու թույն կա՝ տվել է զազրելի գլխին և կաղամբ դարձրել...
Ու բոլոր հայտնի գիտնականները հիասթափված շուռ տվեցին գլուխներն ու հաջորդ օրը մեկնեցին իրենց երկրները: Սակայն այդ ամենը մարդ-կաղամբին ամենևին չանհանգստացրեց: Կարևորն ու տեսանելին ոչ թե բովանդակությունն է, այլ ձևը, արտաքինը: Թող որ անհամ ու գարշելի է, բայց իր կաղամբն ամենամեծն է աշխարհում:
Նա հասել էր իր նպատակին: Նա արդեն «մեծ» էր:
ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ՝ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Արցախի գրական անդաստանում «փչում են խորշակաբեր քամիներ», որ ամլացնում են բոլոր ծիլերը: Եւ անտրամաբանական ու հանրայնորեն դատապարտելի է հատկապես այն, որ այդ ամենը, կամա թե ակամա, արվում է նորանկախ երկրի պետական սուղ միջոցների օգտագործմամբ. ԳՄ ղեկավարն այսօր ստանում է նախարարական, վարչության քարտուղարը՝ փոխնախարարական աշխատավարձ, բյուջեն ֆինանսավորում է «Եղիցի լույս» եւ «Պըլը Պուղի» պարբերականները, որոնք իրականում, բացի նոմենկլատուրային հեղինակների «ներքին գրաքննություն անցած» ստեղծագործություններից ու «հրապարակախոսական հոդվածներից», ուրիշ ոչինչ չեն տպագրում:
Հանրությունը կարող էր հասկանալ Արցախի ԳՄ նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքի կարեւորությունը, եթե կազմակերպության նախագահությունը չանցներ «թույլատրելի բացառիկության» սահմանները...
Արցախի ԳՄ նախագահությունը սեփական ցինիզմը փորձում է պարտադրել հանրությանը, ուստի վերջինս, որպես այդ ճնշումը արժանապատվորեն դիմագրաված ընդհանրություն, լիովին իրավասու է իր ներկայացուցիչների միջոցով ԼՂՀ իշխանություններին հորդորել, որպեսզի դադարեցվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրողների միություն՝ անվանապես հասարակական, իրականում՝ նեղ կորպորատիվ կազմակերպությանը պետբյուջեից տրվող հատկացումները...
Հատված ԼՂՀ նշանավոր մտավորականների նամակ-հոդվածից,
«Ազգ», 06.12.08
ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ։ Սակայն կա նաև այլ կարծիք։ Ոմանք գտնում են, որ պետք է շարունակել ֆինանսավորել։ Ահա թե ինչու. յուրաքանչյուր կենդանի օրգանիզմում ինչ-որ ժամանակահատվածում, բժշկության լեզվով ասած, կեղտոտ արյուն է կուտակվում, որի գոյությունը մահացու վտանգ է ներկայացնում տվյալ օրգանիզմի համար։ Քանի որ մեր հասարակությունը մի մեծ կենդանի օրգանիզմ է, ապա նրա ներսում տարիներով կուտակված կեղտը, թարախը և թույնը մի նեխած տեղից պետք է դուրս գա։ Ու պետք է ամեն կերպ աջակցել, որ այն դուրս գա։
Եվ ահա այդ կեղտը, այդ աղտեղությունն ու թույնը, ինչպես կոյուղու խողովակից, դուրս է գալիս հենց ԼՂՀ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԽՈՍԱՓՈՂԻՑ...
ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Որոշ չինովնիկների. Ձեր տեղը մի քար դրեք, գնացեք տուն։ Ժողովուրդը քարի հետ ավելի մեծ հույսեր է կապում՝ «Տաշած քարը գետնին չի մնա»։
Որոշ երթուղային վարորդների. Ուղևորներ «հավաքելու» նպատակով կանգառներում քիչ ցցվեք։ Մտածեք այն ուղևորների մասին, ովքեր ձեր ավտոմեքենայում նստել, սպասում են, որ ոչ միայն տեղ հասնեն, այլև՝ շուտ տեղ հասնեն։ Այլապես ոտքով կգնային։
Բազմաթիվ ուղևորների. Վերոհիշյալ ավտովարորդներին երբեմն հիշեցրեք, որ դուք կարտոֆիլի պարկ չեք, որ դուք մարդ եք և ունեք մարդու ձեր իրավունքները։
Գրողների միության մի քանի անդամների. Հեռուստաէկրաններին և մարդկանց մեջ քիչ երևացեք։ Հանրությունն ալերգիա ունի ձեր տեսքից։ Միևնույն ժամանակ՝ որքան ձեզ քիչ տեսնեն, այնքան քիչ կհիշեն ձեզ և ավելի քիչ կատեն։
Որոշ վայ-հայրենասերների. Հայրենիքը միայն արոտավայր չէ։ Արածելուց բացի մտածեք նաև «կաթ» տալու, այսինքն՝ այս երկրին մի բան տալու մասին։
Մի շարք ղեկավարների. «Ղեկավար»՝ չի նշանակում ղեկ վարել։ Դա շոֆերի պաշտոն չէ։ Ձգտեք առավել քիչ թրևել ձեր սև «բլոճներով», փոխարենը՝ երբեմն աշխատեք։
Որոշ պչրուհիների. Ցուցադրության համար շարունակ ձեր ձեռքում բռնած բջջային հեռախոսը ցանկալի է կախել ականջներից (կարելի է նաև՝ երկուական), որպեսզի ավելի տեսանելի լինի, որ դուք թանկարժեք «մոբիլնի» ունեք։
Բազմաթիվ ուսանողների. Երբեմն նաև գիրք կարդացեք։ Եթե չգիտեք դա ինչ է, նայեք բառարանները։ Հա՜, ախր, չգիտեք, թե բառարանն ինչ է։ Դա գիրք է։
Որոշ դասախոսների. Գուցե մի այլ աշխատանք գտնեք։ Ասենք, գրող դարձեք։ Ավելի լավ չէ՞ թուղթ փչացնել, քան՝ մարդ, սերունդ...
Որոշ քաղաքական գործիչների. Թույլ մի տվեք, որ ձեզ դարձնեն քաղաքական գործիք։ Գործիչն ու գործիքը տարբեր բաներ են։
Վ. ՕՎՅԱՆ
Համարի ասույթը
Պաշտոնյան պիտի ծառայի ոչ թե նրան, ով իրեն նշանակել է տվյալ պաշտոնում, այլ այն երկրին, որտեղ ապրում է, այն ժողովրդին, որ իրեն ծնել է...
Ամսվա ասույթը
Կան գլուխներ, որ միայն չարորակ մտքեր են ծնում:

Պոետներին քարկոծել են
Նենգ ու նախանձ փարիսեցիք,
Պոետներին զրպարտել են
Հուդաները փողի գերի...

ՀՐԱՉԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Շուշի, 25.10.08

Комментариев нет:
Отправить комментарий