19.6.11

N 8 (21) (2010)

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ԱՅՍ ԵՆՔ ՄԵՆՔ

Օրերս Yerevaklur-ում, այսպես կոչված, հոդվածաշար կարդացի «Ադրբեջանը վերսկսեց պատերազմը» խորագրով, որտեղ, իրենց ասելով, զետեղվել են մտածածին իրավիճակներ, որը «կօգնի ավելի լավ պատկերացնել ՀՀ անելիքները պատերազմի հնարավոր վերսկսման դեպքում»։ Հեղինակ Զոհրապ Եգանյանի պատմելով, ս.թ. ապրիլի 24-ի գիշերը «Ադրբեջանն, առանց պատերազմ հայտարարելու, անցել է մասշտաբային հարձակման... Ստեփանակերտը կրել է հսկայական կորուստներ, մարդիկ պատսպարվել են նկուղներում, անջատվել է էլեկտրամատակարարումը... Չճշտված տվյալներով հիմնահատակ ավերվել է ԼՂՀ նախագահի նստավայրը, ԱԺ-ի շենքը և ՊՆ-ն...»։ Բայց սա բոլորը չէ։ «Ադրբեջանական ռազմական ինքնաթիռներն անցել են նաև ՀՀ օդային սահմանները... ռմբակոծել Երևանի տարածքում գտնվող մի շարք ռազմավարական օբյեկտներ, այդ թվում՝ հեռուստատեսային աշտարակը... Հայաստանում խուճապ է, երկրի ներսում և արտաքին աշխարհի հետ կապ գրեթե չկա։ Հայ օլիգարխներից շատերը իրենց ընտանիքների հետ միասին անցել են Վրաստան կամ Իրան...»։

Արցախյան շարժման սկզբնական տարիներին Անար անունով ադրբեջանցի նշանավոր մի շանորդի ասել է, թե հայերը մազոխիստ են։ Բազմիցս համոզվել եմ, որ նա իրավացի է։ Ցավոք, իրավացի է։ Ուրիշ էլ ո՞վ կարող է այսպիսի քստմնելի իրավիճակ երկնել և դնել ինտերնետային կայքում, մոգոնելով թե այն «կօգնի ավելի լավ պատկերացնել ՀՀ անելիքները պատերազմի հնարավոր վերսկսման դեպքում»։ Եթե վերոհիշյալ զառանցանքի մեջ կա մի դրվագ, որ կասկած չի հարուցում, դա օլիգարխների մասին հատվածն է...

Շատ հնարավոր է՝ պատերազմական գործողությունների ժամանակ, հատկապես սկզբում, մեծ կորուստներ ունենանք՝ թե՛ մարդկային, թե՛ տարածքային, բայց դեռ պատերազմ չսկսված, մազոխիստական երևակայությամբ «Կիկոսի մահը» նկարագրես, դա չի տեղավորվում առողջ բանականության սահմաններում։ Հակառակորդները մարտից առաջ սովորաբար միանգամայն այլ կերպ են վարվում։ Օրինակ՝ բռնցքամարտիկների մեծ մասը մամուլում աջ ու ձախ հոխորտում է հակառակորդին ոչնչացնելու, «բմբուլները քամուն տալու» մասին, այսպես ասած, հոգեբանական գրոհով փորձելով նախապես ահ ներշնչել ախոյանին։ Եվ հաճախ դա հաջողվում է նրանց...

Բայց, որ մարտից առաջ մեկը վերցնի ու իր սեփական ջախջախումը նկարագրի, իբր թե՝ դրանից դասեր քաղելու միտումով, իմ երկրային կյանքում առաջին անգամ եմ նման «ռազմավարական քայլ» տեսնում։ Ակամայից հիշեցի ահաբեկիչների կողմից ամերիկյան հանրանայտ առևտրատնտեսական երկու երկնաքերների պայթեցման մասին սեպտեմբերի 11-ից առաջ նկարահանված կինոնկարներից մեկը... Կոպիտ է հնչում՝ Ամերիկան հնձեց այն, ինչ ցանել էր...

Անկասկած, մեծ է պատերազմի վերսկսման հավանականությունը, բայց այդ մեծ հավանականության համար ես բացարձակապես չեմ մեղադրում հակառակորդին։ Բոլոր ուղղություններով՝ դիվանագիտական, քարոզչական և այլն, նա հնարավոր ու անհնարին ամեն ինչ անում է կորցրածը, խորհրդային կայսրության շնորհիվ զավթածը կրկին ետ վերադարձնելու համար։ Դա այդ ազգի բնույթն է՝ զավթել, գողանալ, խաբել, կոտորել ոչ հավատակիցներին, հատկապես հայերիս, որ դարեր ի վեր սիրով ու մի առանձին հպարտությամբ մեզ տեղավորել ենք զոհի կարգավիճակում... Արցախյան ազատամարտն այդ «կարգավիճակից» դուրս գալու առաջին մեծ պոռթկումը եղավ, սակայն բնածին ապաշնորհ ու ողորմելի հայ դիվանագիտությունն ամեն ինչ անում է մեզ «ի շրջանս յուր» վերադարձնելու համար... Ու ցավն այն է, որ հասարակությունը կարծես դեմ չէ դրան, գենետիկորեն հարմարվել է դրան։ Վերոհիշյալ այս հոդվածաշար կոչվածում չկա ազգ, պետություն, կա միայն ԶՈՀ և այդ զոհը դարձյալ մենք ենք, ինչպես 20-րդ դարավերջին Սումգայիթում, Բաքվում, 1915-ին և դարեր առաջ, դարեր շարունակ...

Ասել է թե՝ պատերազմի վերսկսման հնարավորության մեծ տոկոսի և Ղարաբաղյան խնդրի հետ կապված ողջ շիլաշփոթի ամենամեծ մեղավորը հայերս ենք՝ մեր գետնաքարշ դիվանագիտությամբ, տհաս ղեկավարությամբ ու ստրկամիտ, մազոխիստ հասարակությամբ, հանուն մի կտոր հացի ու սեփական շահի ներսից ինքներս մեզ խժռելու, ոչնչացնելու դարավոր սովորույթով։

21-րդ դարն էլ եկավ, ոչ մի դաս չքաղեցինք բազմադարյա մեր պատմության դառը փորձից։ Շարունակում ենք ճակատագրական, ազգակործան նույն սխալները, դրանց գումարելով նորերը, որի արդյունքում՝ շարունակ ընտրություն ենք կատարում ոչ թե լավի և վատի միջև, այլ՝ վատի և վատթարագույնի միջև, ու մշտապես ընտրում վատթարագույնը...

Իսկ հերոսներ՝ որքան ուզեք, այդ առումով մրցակից չունենք։ Այլևս ես ոչ մեկին «հիմար» կամ «ապուշ» չեմ անվանում, թեկուզ 120 տոկոսով հիմար ու ապուշ լինեն։ Աստված նրանց հետ։ Մի օր նրանք էլ մեդալ ու շքանշան կստանան, և միայն ես, ղարաբաղցու ասած, կմնամ վատամարդի...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



Սուրհանդակ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ 1 ՕՐՈՎ ՀԱՑԸ ԹԱՆԿԱՑՐԵԼ ԵՆ, ԷԺԱՆԱՑՐԵԼ ԵՎ ՆՈՐԻՑ ԹԱՆԿԱՑՐԵԼ

Ստեփանակերտում օգոստոսի 10-ին հացը վաճառվել է 20 տոկոսով թանկ գնով. 100 դրամանոց հացը մայրաքաղաքի խանութներում վաճառվել է 120 դրամ։ Մեզ հետ զրուցած 10 գնորդներից հինգը հայտնել են, որ նման բաներից ամենևին չեն զարմանում, որովհետև «այս երկրում ամեն ինչ հնարավոր է»։ Հաճախորդներից երեքի կարծիքով՝ Արցախում հացի գինը բարձրացնելու անհրաժեշտություն չկար, որովհետև բավարար քանակությամբ ցորեն կա։ Գնորդ մի տատիկ հերթով «նախշել է» հացը թանկացնողներին, և միայն մի հոգի է հայտնել, որ դա այնքան էլ անսպասելի չէ, որովհետև «Ռուսաստանն այլևս ցորեն չի վաճառելու»...

ԼՂՀ կառավարության պաշտոնական կայքի վկայությամբ, փոխվարչապետ Ս. Թևոսյանը «թանկացում» օպերացիայի հեղինակներին հրավիրել է իր մոտ և նրանց հասկացրել, որ դրա անհրաժեշտությունը չկա։ Օգոստոսի 11-ից հացը վաճառվում էր նախկին գնով։

Սակայն, պարզվում է, «թանկացում» օպերացիայի հեղինակներն ամենևին մտադրություն չեն ունեցել փոխվարչապետի հավաստումներն իրենց «ականջին օղ անելու»։ Եվ օգոստոսի 21-ից նրանք հացի գինը կրկին բարձրացրել են, բայց ոչ թե 20, այլ 10 տոկոսով։ Այս անգամ բարձրացվել են ոչ միայն հացի գները, այլև առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների, այդ թվում՝ ձեթի գները։ Ըստ երևույթին, մեզ մոտ ձեթ ներկրողները գտնում են, որ ձեթն ու հացը նույն «հումքից» են պատրաստում։ Ասել է թե՝ ցորենից։ Դե, եթե աշխարհում ցորենի պակասի խնդիր կա, ապա ինչո՞ւ չբարձրացնել նաև ձեթի և առաջին անհրաժեշտության մյուս ապրանքների գները։

Այնպես որ, Ստեփանակերտում ձեթը ևս վաճառում են նախկինից 10 տոկոս բարձր գնով։
Կրկին վերադառնանք «հացի խնդրին»։ Ստացվում է, որ Արցախի բարձրագույն պաշտոնյայի՝ փոխվարչապետի հավաստումները գրոշի արժեք չունեցան «գործարար տղաների» համար։ Չէ, ավելի ճիշտ գրոշից կիսով չափ բարձր արժեք ունեցան, որովհետև հացի գինը ոչ թե 20, այլ 10 տոկոսով բարձրացրին։ Կարծում ենք, սովորական քաղաքի մի թաղամասի բնակչություն՝ ընդամենը 140 հազար բնակիչ ունեցող մի փոքրիկ երկրի իշխանությունների համար մեծ դժվարություն չէր ներկայացնում ժամանակին ցորենի առնվազն մեկ տարվա պաշար կուտակելը, որպեսզի այսօր գոնե այդ հարցով կարողանային օգտակար լինել սեփական ժողովրդին։



ՀԻՎԱՆԴԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է

Ստեփանակերտում լուրեր են պտտվում, թե մանկական հիվանդանոցը լի է աղիքային-վիրուսային հիվանդությամբ երեխաներով։ Առողջապահության ոլորտի աշխատողներից շատերը խորհուրդ են տալիս ձեռնպահ մնալ ձմերուկ օգտագործելուց կամ օգտագործել չափավոր և հնարավորինս ստուգելով դրանց պիտանիությունը։ Հանրապետության մանկական հիվանդանոցի վիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար դիմեցինք նույն հիվանդանոցի գործադիր տնօրենի տեղակալ, մանկաբույժ Կարինե Թարխանյանին։

Մանկաբույժը հավաստեց, որ նման բան չկա։ «Հիվանդանոցի մահճակալների կեսից ավելին դատարկ է,- ասաց նա։- Այս պահին հիվանդանոցում ընդամենը 24 երեխա կա»։ Մեր այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված քաղաքացիների մեջ տարածված նման լուրերի առկայությունը, բժկուհին պատասխանեց, որ շոգ ամառ է, երեխաները շատ են միրգ օգտագործում, այդ թվում՝ անլվա կամ փչացած, որի պատճառով թունավորման դեպքերը համեմատաբար շատ են, սակայն ամեն ինչ նորմայի սահմաններում է, արտառոց ոչինչ չկա։

Բժշկուհուն չհավատալու հիմքեր չունենք։ Իրոք, կան ոչ պիտանի մրգերից, հատկապես ձմերուկից թունավորման դեպքեր և, տարվա եղանակով պայմանավորված, նման դեպքերն ավելի շատ են։ Սակայն մի այլ հիվանդություն էլ կա մեզանում, որ թերևս անբուժելի է։ Դա այն է, որ հայերս խուճապաստեղծ ժողովուրդ ենք, ինչպես ասում են՝ լուն ուղտ դարձնող։ Դա երևի թե ավելի մտահոգիչ է։ Չհաշված, որ այսօր ողջ հասարակությունն է հիվանդ և վաղուց կոմայի մեջ է։



ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ
ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՅՑԸ՝ ԸՆԴԴԵՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ


Թուրքական «Հաբերլեր» (Haberler) լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հրանտ Դինքի ընտանիքի ներկայացրած հայցն ընդդեմ թուրքական պետության:
Աղբյուրի հաղորդմամբ՝ դատարանը մեղավոր է ճանաչել Թուրքիային բազում սպառնալիքներից հետո Հրանտ Դինքի անվտանգությունը հավուր պատշաճի չապահովելու և Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով նրան մեղադրելու համար: Դատարանը Թուրքիային դատապարտել է նաև Դինքի սպանության գործով դատավարությունն անարդյունավետ անցկացնելու համար:

Հիշեցնենք, որ կենդանության օրոք Դինքի դեմ հանիրավի մեղադրանք էր առաջադրվել Թուրքիայի քրեական օրենսգրքի թուրքական ինքնությունը վիրավորելու մասին 301-րդ հոդվածի հատկանիշներով:
Վկայակոչելով կուլիսային խոսակցությունները՝ թուրքական լրատվամիջոցը տեղեկացնում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Դինքի հայցի վերաբերյալ իր ամբողջական վճիռը հրապարակելու է սեպտեմբերի սկզբին:
Panorama.am



ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԸ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ
ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՍՏԱՑԱՎ


Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտեն տարածել է հաղորդագրություն, որում տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը մերժել է Արցախյան պատերազմի մասնակից, Շուշիի առնաձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի՝ ՀՀ-ում մեկ տարով կացության ժամանակավոր կարգավիճակ ստանալու վերաբերյալ դիմումը:

«Հայաստանի Հանրապետության վարչակազմի կամակատարները կատարել են իրենց գործելաոճին հոգեհարազատ հերթական ապօրինի քայլը... ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը իր կայացրած հանիրավի ապօրինի որոշումները փորձում է օրինականացնել՝ որդեգրելով արհեստական խոչընդոտներ ստեղծելու մարտավարությունը։

Ժիրայր Սեֆիլյանի ՀՀ քաղաքացիության դիմումը այսուհետ չի ընդունվելու ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների կողմից, քանի որ, ըստ վարչության ղեկավարության բանավոր պատճառաբանության, Ժիրայր Սեֆիլյանը չունի ՀՀ-ում կացության ժամանակավոր կարգավիճակ, իսկ ՀՀ-ում կացության ժամանակավոր կարգավիճակ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը առանց որևէ պատճառաբանության որոշել է չտրամադրել Ժիրայր Սեֆիլյանին»,- ասվում է հաղորդագրությունում։
Tert.am


Ադրբեջանի այսօրվա դերն իրանական հարցում անհասկանալի կլիներ, եթե հաշվի չառնեինք ևս մեկ գործոն՝ հայկականը: Դա զգալիորեն նվազեցնում է Պաշտոնական Բաքվի հնարավորությունները: Նման կարիք է հայտնել Ազգաբանության և մարդաբանության մոսկովյան ինստիտուտի Կովկասի բաժնի պետ Սերգեյ Հարությունովը:
«Համաձայն իրանական կայսերական ավանդույթի՝ Ադրբեջանը պարզապես Իրանի մի մասն է,- հայտարարել է փորձագետը:- Գոյություն ունի ևս մեկ բան. Իրանը լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ: Հայաստանը Իրանի միակ հարևանն է, որի հետ նա իսկապես լավ հարաբերություններ է պահպանում: Հայաստանին էլ պետք է Իրանը»,։

Սերգեյ Հարությունովն անդրադարձել է նաև Ղարաբաղի հարցին, նշելով. «Աշխարհում չկա որևէ ուժ, որը կարող է փոխանակում առաջարկել: Դուք մեզ սա, մենք ձեզ՝ Ղարաբաղը: Չկա որևէ ուժ, որի գրպանում են գտնվում Ղարաբաղի բանալիները: Ես ռազմական գաղտնիք չեմ բացի: Այդ մասին մի քանի տարի առաջ ինձ շատ բաց ասել են Հայաստանի գլխավոր շտաբում: Հայկական և ղարաբաղյան մարտկոցները գտնվում են Մինգեչաուրի ջրամբարից 40 կմ հեռավորության վրա: Մեկ համազարկ, և կենտրոնական Ադրբեջանը կմնա ջրի տակ»:


Ռուսաստանի դերը, որպես տարածաշրջանում տնտեսական և ռազմական առումով ամենահզոր երկիր, խաղաղության և կայունության ապահովումն է:
Այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչպիսի՞ն կլինեն Ռուսաստանի գործողություները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյությանը սպառնացող վտանգի դեպքում: Սակայն, ըստ Մեդվեդևի, չպետք է մոռանալ նաև ՀԱՊԿ շրջանակներում դաշնակցային պարտավորության մասին, որի անդամ են Հայաստանն ու Ռուսաստանը:

«Ռուսաստանը լրջորեն է վերաբերվում ՀԱՊԿ շրջանակներում իր ստանձնած պարտավորություններին»,- ընդգծել է Դմիտրի Մեդվեդևը:
Նա նկատել է, որ ինքն ամոթ չի զգում այն աշխատանքի համար, որ Ռուսաստանը կատարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: «Ռուսաստանի համար շատ կարևոր է, որ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն լինի»,- ասել է Ռուսաստանի նախագահը՝ հավելելով, որ Մոսկվան չէր ցանկանա 90-ականների իրադարձությունների կրկնությունը ղարաբաղյան հակամարտության գոտում:


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ոչ մի կապ չունի Ղարաբաղյան հակամարտության հետ: Հայ և ռուս փորձագետների մասնակցությամբ հեռուստակամուրջի ժամանակ նման հայտարարություն է արել Սևծովյան-Կասպիական քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը:
«Ընդհանրապես, ի՞նչ կապ ունի Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության հետ: ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանը հայտարարել է, որ չի հանդիսանում Ադրբեջանական ԽՍՀ իրավահաջորդը: Բաքուն հստակ հայտարարել է, որ ինքը 1917-1918 թվականներին ստեղծված Ադրբեջանի հանրապետության իրավահաջորդն է, որը ոչ ոքի կողմից ճանաչված չի եղել: Անհասկանալի է, թե ի՞նչ կապ ունի Լեռնային Ղարաբաղը չճանաչված Ադրբեջանի հանրապետության հետ»,- ասել է փորձագետը:
Նշենք, որ 1918-20 թվականների Ադրբեջանի հանրապետությունը ճանաչվել է աշխարհի որոշ երկրների կողմից, սակայն այդ ընթացքում Ղարաբաղը չի համարվել Ադրբեջանի մաս: Այսինքն, եթե ներկա Ադրբեջանը այդ ժամանակվա Ադրբեջանի իրավահաջորդն է, ապա Ղարաբաղի նկատմամբ իրավական հավակնություններ նա չի կարող ունենալ:


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի պետական այցի հիմնական «մեսիջը» ՀԱՊԿ շրջանակներում պարտավորությունները կատարելու հայտարարությունն էր, այդ թվում Լեռնային Ղարաբաղին կամ Հայաստանին սպառնացող վտանգի դեպքում: Նման կարծիքի են հանգել հայ և ռուս փորձագետները հեռուստակամուրջի ընթացքում:
Ընդ որում, ինչպես նկատել է ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Շարիխինը, Ռուսաստանի նախագահի այցը կայունացնող գործոն է դարձել, քանի որ Մեդվեդևը մեկ անգամ ևս ընդգծել է Մոսկվայի հավատարմությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Փորձագետն անդրադարձել է նաև Հայաստանում ռուսական ռազմակայանի գործողության ժամկետի երկարաձգմանը՝ ընդգծելով, որ Երևանում ստորագրված պայմանագիրը ավելացնում է դրա աշխարհառազմավարական նշանակությունը:

Իրենց հերթին, Սևծովյան-կասպիական քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովն ընդգծել է, թե ռազմական գործողությունների դեպքում ռուսական զորքերը, այդուհանդերձ, կմիջամտեն: Իսկ դա, նրա կարծիքով, գլխավոր մարտահրավերն է Բաքվի ռազմատենչ սպառնալիքներին:
Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Հերմինե Նաղդալյանը նշել է, թե հեռուստակամուրջի ընթացքում չափից դուրս մեծ ուշադրություն է դարձվում ռազմական գործողությունների վերսկսման և ռուսական զորքերի մասնակցության հեռանկարին: «Ղարաբաղյան հակամարտության գոտում հայկական զինված ուժերը սեփական ուժերով հահահարված կտան հակառակորդին»,- ասել է նա:

Ռուսաստանը երբեք ուղիղ պատասխան չի տա ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմական գործողություների վերսկսման դեպքում իր գործողությունների մասին, հայտնել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
Նա միաժամանակ ընդգծել է, որ հենց այդ հարցն է հուզում ոչ միայն Երևանին և Ստեփանակերտին, այլ նաև Բաքվին։
«Սակայն այս առումով սպասել Մոսկվայի ուղիղ պատասխանին, չարժե, որովհետև ինչպիսին էլ այն լինի, կփչացնի Ռուսաստանի հարաբերությունները հակամարտության կողմերից մեկնումեկի հետ: Բացի այդ, Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, պարտավոր չէ պատասխանել նման ուղիղ հարցերի,- նկատել է Զատուլինը։- ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովի Երևանում անցկացնելը և Դմիտրի Մեդվեդևի պետական այցով Հայաստան ժամանելը, որի ընթացքում ստորագրվեց ռուսական ռազմաբազայի ներկայության երկարաձգման մասին պայմանագիրը, շատ բանի մասին են խոսում»։
NEWS.am


«Ծայրահեղ ցինիզմի և լկտիության դրսևորման օրինակ է Ադրբեջանին C 300 զենիթահրթիռային համալիր վաճառելու մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի բացատրությունը: Եթե առաջ Ռուսաստանը ձև էր անում, որ տվյալ մատակարարումը կապված է ինչ-որ քաղաքական նպատակահարմարության հետ, ապա այժմ ռուսները իրենք են հայտարարում, որ խոսքը տնտեսական պատճառի մասին է: Միանգամայն հասկանալի է, որ Ռուսաստանը մտադիր է Ադրբեջանին վաճառել սպառազինության տարբեր տեսակներ։
Ոչ մի պաշտպանական զենք էլ գոյություն չունի, տվյալ դեպքում Ադրբեջանը դառնում է նվազ խոցելի, ինչը դառնում է պատերազմի կարևոր գործոն: Հայկական իշխանությունն ու հայկական հասարակությունը անկարող եղան հակադրվել Ռուսաստանի այդ մտադրություններին:

Հայերը, որոնք դեռևս ունեն գիտակցություն և պատասխանատվություն Հայրենիքի ճակատագրի համար, պետք է հասկանան այդ իրավիճակը, և հիշել միշտ, հայ երեխաների արյան մեջ, որոնք կոչված են պաշտպանել իրենց Հայրենիքը, մեղավոր է Ռուսաստանը:
Ոչ մի դաշնակից մենք չունենք և չենք էլ ունեցել: Այդ պարտության պատասխանատվությունն ոչ միայն Հայաստանի իշխանության վրա է ընկած, այլ նրանց, որոնք չբերելով որևէ փաստարկ, դարձան այդ մարազմի հրապարակային «փաստաբանները»:
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ (Lragir.am)


Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի ղեկավար Կոնստանտին Սիմոնովը անհանգստության առիթ չի տեսնում. «Հայաստանում մեր ռազմակայանն այն գործոնն է, որն առայժմ զսպում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմը: Ռազմակայանի դուրսբերումը չափազանց անհեռատես քայլ կլինի, և կասկածելի է, որ մենք կգնանք դրան»:
Panorama.am



Արտերկրի արձագանքները հայ-ռուսական պայմանավորվածությունների շուրջ

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի պետական այցի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած քննարկումների ու բանակցությունների արդյունքում ստորագրված փաստաթղթերի թեման միջազգային մամուլում լայն արձագանքների առարկա է դարձել: Բնականաբար, ՌԴ նախագահի պետական այցն ինտենսիվ լուսաբանվել է հենց ռուսական մամուլում:

Ռուսական առաջատար գործակալությունները՝ РИА Нововсти, Интерфакс, ИТАР-ТАСС, ակտիվ լուսաբանել են Հայաստանում տեղի ունեցած բանակցություններն ու ձեռք բերված պայմանավորվածությունները: Հատկապես տպավորիչ է РИА Нововсти-ի անդրադարձը, որտեղ բացի ծավալուն հրապարակումից՝ մուլտիմեդիայի բազմաթիվ գործիքների կիրառմամբ մի շարք տեղեկություններ են զետեղվել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության, սպառազինությունների և հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին առնչվող այլ խնդիրների ու իրողությունների մասին:

Газета.Ru-ն դեռևս օգոստոսի 18-ի «Ռուսաստանն անցնում է Հայաստանի պաշտպանությանը» հրապարակմամբ անդրադարձել է ռուսական ռազմակայանի տեղակայման մասին պայմանագրի փոփոխություններին ու կենտրոնացել մեկ նրբության վրա. «Ներկայումս գործող 1995 թվականի մարտի 16-ի պայմանագրում նշվում է, որ «ռուսական ռազմակայանը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ընթացքում, բացի Ռուսաստանյան Դաշնության շահերի պաշտպանությունից՝ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը՝ նախկին ԽՍՀ Միության արտաքին սահմանումե: Ռուսաստանի կառավարության կողմից նախագահին ներկայացված տարբերակում արդեն խոսք չկա բացառապես սահմանների պահպանման մասին: Ձևակերպումը մնացել է նույնը, միայն թե այժմ ռուսական զորքերը պետք է ապահովեն «Հայաստանի Հանրապետության անվտանգությունըե՝ որպես այդպիսին»:

Նույն պարբերականն արդեն օգոստոսի 20-ի «Ռազմական հզորության ցուցադրություն» հրապարակմամբ տեղեկացնում է փաստաթղթի ստորագրման մասին և անդրադառնում ՀՀ և ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանի ու Դմիտրի Մեդվեդևի համատեղ մամլո ասուլիսին՝ առանձնացնելով դաշնակցային պարտավորություններին լուրջ վերաբերելու մասին ՌԴ նախագահի վստահեցումը:

Комсомольская правда-ն հուլիսի 20-ի «Երևանը Մեդվեդևին դիմավորեց ռոքով ու ջազով» հոդվածում ֆոտոռեպորտաժ է ներկայացնում ու լուսաբանում Դ. Մեդվեդևի պետական այցը: «Երևան ժամանելով Պյատիգորսկից՝ Դմիտրի Մեդվեդևը նախ այցելեց 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Մեդվեդևն այստեղ արդեն եղել էր՝ 2008 թվականին Երևան կատարած իր նախորդ այցելության ժամանակ: Այն ժամանակ նա ոչ միայն ծաղկեպսակ էր դրել հուշահամալիրում, այլև ծառուղում եղևնի էր տնկել: Իր ծառի մասին նախագահը չէր մոռացել և ջրեց այն»,- գրում է թերթը:

NewsRu կայքը ծավալուն անդրադարձ է կատարել թեմային: «Մեդվեդևը Հայաստանին պաշտպանություն խոստացավ» նյութում առանձին ենթավերնագրերով կայքը տեղեկանք է ներկայացրել Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի վերաբերյալ և անդրադարձել ասուլիսում Դմիտրի Մեդվեդևի արած հայտարարություններին:

Коммерсант-ը նշում է. «Ռուս զինվորականները Գյումրիի ռազմակայանում կմնան մինչև 2044 թվականը, կզինեն հայկական բանակը ու որևէ մեկի հետ հակամարտության դեպքում՝ կմարտնչեն Հայաստանի կողմից»: Այստեղ ևս ուշադրություն է հրավիրվում արձանագրությամբ ամրագրված փոփոխություններին. «Այս արձանագրությունն էականորեն փոխում է Գյումրիում ռուսական ռազմակայանի տեղակայման նախկին պայմանավորվածությունները: Նախ՝ պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 49 տարի, այսինքն՝ զինվորականները Գյումրին չեն լքելու 2044 թվականից շուտ: Եվ երկրորդ, ինչն առավել կարևոր է Երևանի համար, պայմանագրի 3-րդ հոդվածից հանվել է այն դրույթը, ըստ որի, բացի ՌԴ շահերից՝ ռազմակայանն ապահովում է Հայաստանի անվտանգությունը «նախկին ԽՍՀՄ արտաքին սահմաններում»: Դրանից բացի՝ թիվ 5 արձանագրությամբ՝ Գյումրիում տեղակայված զինվորականները հավանական ռազմական գործողությունների պարագայում չեն կողմնորոշվի միայն ոչ հետխորհրդային տարածքում: Նրանք կարող են գործել նաև այդ տարածքի սահմաններում, ինչը հատուկ հպարտությամբ ընդգծեց Հայաստանի առաջնորդ Սերժ Սարգսյանը»:

Росбалт-ը գրում է, թե Դմիտրի Մեդվեդևը հիշեցրել է, որ «Ռուսաստանը դաշնակցային պարտավորություններ ունի ՀԱՊԿ երկրների առջև, այդ թվում նաև՝ Հայաստանի առաջ»:

RusNews-ն անդրադառնում է ռուսական ռազմակայանի նյութական բազային և հիշեցնում, որ այն մասնակիորեն համալրվել է Վրաստանից ռուսական ռազմակայանների դուրսբերումից հետո:

FWnews-ը, անդրադառնալով ռազմակայանի տեղակայման ժամկետների երկարացմանը, հավանություն է տալիս այդ որոշմանն ու նշում. «Իսկապես, Ադրբեջանին թուրքական օգնության ծավալման ու ընդլայնման պայմաններում՝ Հայաստանը հակակշիռը՝ Կովկասում ռուսական գործոնը, ուժեղացնելու խնդիր ունի: Նույն բանն են ցանկանում նաև Կրեմլում: Ռուսաստանը պետք է շարունակի ապահովել Հայաստանին ժամանակակից սպառազինություններով ու ռազմական տեխնիկայով, ինչպես նաև՝ զսպի հնարավոր արտաքին ագրեսիան»:

Ведомости-ն, բացի ռազմակայանից, անդրադառնում է ատոմակայանի նոր էներգաբլոկի շինարարության շուրջ համաձայնությանն ու նշում. «Համաձայնագրով Հայաստանն ու Ռուսաստանը կստեղծեն համատեղ ձեռնարկություն՝ 50%-50% մասնաբաժնով: Թե որքան կարժենա նոր ԱԷԿ-ի կառուցումը, առայժմ պարզ չէ: Դա կախված կլինի այն բանից, թե շինարարության համար օտարերկրյա ի՞նչ այլ ներդրողներ կընտրվեն: Հայաստանը որոշակիացրել է, որ ռեակտորը ռուսական է լինելու, իսկ կայանի մյուս սարքավորումները ցանկանում է կառուցել այլ տեխնոլոգիաներով: Հատկապես որ՝ առայժմ որոշված չէ, դրանից էլ կախված է կայանի արժեքըե: Թերթը տվյալները ստացել է Սերգեյ Կիրիենկոյից, ով կառուցվելիք կայանը մոտավորապես գնահատել է 5 մլրդ դոլար: «Պայմանավորվածություն կա, որ Հայաստանն ու Ռուսաստանը միասին պետք է տիրապետեն բաժնետոմսերի հսկիչ փաթեթին»,- նշում է թերթը:

РосБизнессКонсалтинг-ը անդրադառնում է ռազմա-արդյունաբերության ոլորտում համագործակցության մասին հուշագրին: Ազդեցիկ լրատվամիջոցը զրուցել է Ալեքսեյ Ֆոմինի հետ, ով տեղեկացրել է, որ ստորագրված հուշագիրն ընդամենն ամրագրում է մտադրությունները, իսկ կոնկրետ քայլերը կլինեն հաջորդիվ:

Ուկրաինական ԶԼՄ-ներում հիմնականում ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ Գյումրիի ռազմակայանի տեղակայման երկարաձգումը համընկնում է Սևաստոպոլի ռազմակայանի տեղակայման ժամկետների հետ: «Գյումրիի բազան հետխորհրդային տարածքում երկրորդ ռազմական օբյեկտն է, որի տեղակայման երկարացման շուրջ Ռուսաստանը պայմանավորվածություն ձեռք բերեց այս տարի: Մոսկվան մինչ այդ Կիևի հետ պայմանավորվածության էր հասել ՌԴ Սևծովյան նավատորմը մինչև 2042 թվականը Սևաստոպոլում տեղակայելու շուրջ»,- գրում է Зеркало Недели-ն:

The Washington Times-ում պահպանողական շրջանակներին հարող փորձագետ Արիել Քոհենը զգուշացնում է Կովկասում ռուսական գործոնի ազդեցության մեծացման ու Աֆղանստանում ռազմական գործողության հնարավոր տապալման մասին:

Euronews-ն իր անդրադարձում անհանգստություն չի արտահայտում. «Ռուսական զինվորականների պաշտոնական խնդիրը ռազմավարական կայունության, Ռուսաստանի շահերի և Հայաստանի անվտանգության ապահովումն է: Ոչ պակաս կարևորություն ունի խաղաղապահ գործառույթը՝ թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության էսկալացիա»:
Panorama.am



ՄԱԿ-Ի ՀԱՆՐԱՀԱՅՏ ՀՌՉԱԿԱԳԻՐՆ ԱՅԼ ԲԱՆ Է ԱՍՈՒՄ

Հարավային Օսեթիան և Աբխազիան Ռուսաստանի կողմից որպես անկախ պետություն ճանաչվելուց հետո մեզ համար կարծես թե հնարավորություն էր ստեղծվել առաջ տանելու Արցախի անկախության ճանաչման գործընթացը։ Սակայն պարզվեց, որ Օսեթիան ու Աբխազիան «նախադեպ չեն», ինչպես մինչ այդ «նախադեպ չի եղել» Կոսովոն։

ՄԱԿ-ի բարձրագույն դատական ատյանի՝ Հաագայի միջազգային դատարանի հուլիսի 22-ին կայացրած որոշումը, որով Կոսովոյի միակողմանի անկախության հռչակումը համարվել է միջազգային օրենքներին չհակասող, հայաստանյան և արտասահմանյան վերլուծաբաններին նոր առիթ է տվել կրկին «հիշելու» Ղարաբաղը։ Քաղաքագետներն ու փորձագետները իրարամերժ կարծիքներ են հայտնում՝ հիմք ընդունելով միջազգային իրավունքի այս կամ այն նորմերը: Այս անգամ էլ հատկապես Արևմուտքը մեզ պատասխանում է, որ Կոսովոն չի կարող նախադեպ լինել Ղարաբաղի համար։ Մենք էլ հլու-հնազանդ կրկնում ենք՝ Ղարաբաղյան խնդրի լուծումը միայն, այսպես կոչված, «մադրիդյան սկզբունքների» ուղեծրում է։ Ցավոք, ոչ մի փորձ չենք ձեռնարկում այդ անիծյալ «սկզբունքների» աքցաններից ազատվելու համար, այն դեպքում, երբ դրանք ոչ մի լավ բան չեն խոստանում թե՛ Արցախին, թե՛ ընդհանրապես Հայաստանին։

Կարծում ենք, չէր խանգարի, որ փորձեինք օգտվել նաև հենց «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից», որն, ինչպես հայտնի է, հանդիսանում է միջազգային իրավունքի անկյունաքարերից մեկը: Ի դեպ, ԼՂՀ-ն իր պետականակերտման ճանապարհին, դեռ 1993 թվականի փետրվարին, միացել է Հռչակագրին, որի հոդված 2-ում նշված է.

«Ամեն ոք ունի այս Հռչակագրում բերված բոլոր իրավունքներն ու ազատությունները առանց որևէ խտրության՝ հիմնված ցեղային, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, ունեցվածքի, դասային պատկանելության կամ որևէ այլ կարգավիճակի վրա: Ավելին, ոչ մի խտրականություն չպետք է լինի հիմնված երկրի կամ տարածքի, քաղաքական, իրավական, կամ միջազգային կարգավիճակի վրա, լինի դա անկախ, խնամարկյալ, ոչինքնակառավարվող կամ ինքնիշխանության որևէ այլ սահմանափակումով պետական կազմավորում, որին պատկանում է մարդը»:

Ստացվում է, որ ՄԱԿ-ի կողմից ընդուված Հռչակագրի հոդված 2-ը ԼՂՀ բոլոր քաղաքացիներին առանձին-առանձին, անհատապես և տեսականորեն հնարավորություն է տալիս օգտվելու մարդու և քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքներից, բայց նույն այդ ՄԱԿ-ի անդամ երկրները մեզ հայտնում են, որ... «Կոսովոն չի կարող նախադեպ հանդիսանալ»: Հետաքրքիրն այն է, որ ՄԱԿ-ի անդամ 7 տասնյակ երկրներ ճանաչել են մի երկրի ու ժողովրդի անկախություն, որ «ինքնորոշվել է» ուրիշի (Սերբիայի) տարածքում, մինչդեռ Արցախն անկախություն է հռչակել հենց սեփական պատմական հայրենիքում։

Անշուշտ, մեզ համար նորություն չեն գերտերությունների կամ, այսպես կոչված, միջազգային հանրության կողմից օգտագործվող երկակի ստանդարտները, սահմանված արդարության, հավասարության և եղբայրության բանաձևերը, որոնք գիտականորեն կամ տրամաբանորեն հնարավոր չէ վերծանել և մանավանդ՝ համարժեքորեն կիրարկել:

Հակառակորդը հնարավոր և անհնարին ամեն ինչ անում է Ղարաբաղն՝ ազատագրված տարածքներով «ետ բերելու» համար։ Այդ գործին լծված է ողջ Ադրբեջանը՝ դիմադիր թե ընդդիմադիր, թե՛ պետական դիվանագիտությունը, թե՛ ոչ պաշտոնական քարոզչությունը։ Իրենց «ճշմարտությունն» աշխարհի վզին փաթաթելու համար օր ու գիշեր կրկնում են միևնույն երգը՝ Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը։ Ցավն այն է, որ սուտ ու կեղծիքը երբ շարունակ պնդում են, շատերը սկսում են հավատալ դրան։ Այս պայքարում մեր հարևանները պահանջում են առավելագույնը, որպեսզի կարողանան հնարավորինս մեծ «պատառ» ստանալ, իսկ մենք շարունակ ինչ-որ փոխզիջումներից ենք խոսում, նույնիսկ պատրաստակամորեն ներկայացնում մեր կողմից կատարվելիք զիջումների ցուցակը, որի առաջին կետում ազատագրված հողերն են։

Այնպես որ, աչքի առաջ ունենալով հակառակորդի մարտավարությունը, կարծում ենք, չէր խանգարի, որ մենք օգտագործեինք նաև «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» վերոհիշյալ հոդվածը, որովհետև, ի վերջո, այս պայքարը մեր գոյատևման համար է։
Ի դեպ, ցավալի է, որ «Միացման» գաղափարն աստիճանաբար դուրս է մղվում հասարակության գիտակցությունից: Մանավանդ նոր սերունդը, որին կարելի է որակել որպես «անկախության սերունդ», հեռացել է Արցախյան ազգային ազատագրական պայքարի բուն գաղափարից, իսկ ԼՂՀ անկախության ջատագովները համբերությամբ սպասում են «աբխազական», «հարավ-օսեթական» կամ «կոսովյան» նախադեպերի, որ... բավարարվեն մեկ-երկու անատամ հայտարարություններով:

Հատկապես հիմա, երբ հակառակորդի և հայ դիվանագիտության ջանքերով Ղարաբաղի խնդիրը միջազգային հանրությանը ներկայացվել է որպես տարածքային վեճ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, համոզված ենք, որ միակ և ճիշտ ճանապարհը Արցախի միացումն է Հայաստանին:

Դրա համար կան բոլոր իրավական հիմքերը՝ 1989 թ. դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումը և 1990 թ. օգոստոսի 23-ի «ՀՀ Անկախության հռչակագիրը»: «Միացման» առաջին քայլը կարող է լինել ՀՀ և ԼՂՀ «Քաղաքացիության մասին» օրենքներում երկքաղաքացիության մասին դրույթների հստակեցումը և չափահաս արցախահայերին ՀՀ քաղաքացիություն շնորհելը, իսկ հաջորդ քայլը՝ վերամիավորման վերաբերյալ հանրաքվեի անցկացումը Արցախի Հանրապետությունում: Մեր սպասողական, կրավորական կեցվածքը տանում է դեպի կործանում։

Մի հետաքրքիր հանգամանք ևս: ՀՀ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ հայտարարում են, թե Ադրբեջանը Արցախի դեմ պատերազմ սկսելու դեպքում Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը: Հետաքրքիր է, չէ՞։ Ստացվում է, որ ՀՀ-ի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը յուրօրինակ պատժաձև է Ադրբեջանի դեմ, միաժամանակ՝ միջազգային հանրությանն ուղղված բողոքի ակցիա: Կարծում ենք, Ադրբեջանը Արցախի դեմ պատերազմելու դեպքում ՀՀ-ի կողմից ԼՂՀ ճանաչումն արդեն ժամանակավրեպ կլինի և գրոշի արժեք չի ունենա. Հայաստանը ոչ թե պիտի ճանաչի ԼՂՀ անկախությունը, այլ վերջնականապես վավերացնի Արցախի միացումը Հայաստանի Հանրապետությանը։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
ԼՂՀ ԱԺ երկու գումարման
պատգամավոր

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
գրող, հրապարակախոս



ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԵՐԸ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է
(մտորումներ գրքի շնորհանդեսից հետո)


Արցախի պատմության նորագույն շրջանի մասին գիրք գրելը մեզանում նորություն չէ։ Վերջին 10-15 տարում բազմաթիվ գրքեր են տպագրվել, որոնց հեղինակների գերակշիռ մասը հնարավորինս խեղաթյուրել է թե՛ իր նկարագրած իրադարձությունները, թե՛ այն քաղաքական անձանց իրական կերպարը, որոնց «տեղադրել է» իր գրքում։ Որոշ քաղաքական գործիչներ էլ չբավարարվելով իրենց ու իրենց ազգականների համար հերոսի «կոստյումներ» հաջողացնելով, չբավարարվելով իրենց կենսագրությունը Արցախյան ազատամարտի տարեգրության մեջ խցկելով, ամեն կերպ փորձում են Արցախի պատմության նորագույն ժամանակահատվածը մտցնել սեփական կենսագրության մեջ, նմանվելով հանրահայտ «Շվեյկի» այն պրոֆեսորին, որ փորձում էր ապացուցել, թե Երկրագնդի ներսում գոյություն ունի մի գունդ, որ զգալիորեն մեծ է դրսի գնդից...

Հազիվ մի ձեռքի մատների վրա կարելի է հաշվել այն գրքերը, որ անաչառ տալիս են Ղարաբաղի պատերազմական շրջանի իրական պատկերը, ճշմարտացի լուսաբանում են շատերիս հիշողության մեջ դեռ թարմ իրադարձությունները։ Վերջերս Երևանում նոր գիրք է լույս տեսել Լեռնային Ղարաբաղի ազատագրական պայքարի մի փոքր ժամանակահատվածի մասին՝ «Լեռնային Ղարաբաղ. պատերազմ և քաղաքականություն (1990-93 թթ.)» վերնագրով, որի հեղինակը Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայաստանյան կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանն է։ Գիրքը լույս է տեսել ռուսերեն լեզվով:

Մանվել Սարգսյանի սույն գիրքն այն եզակիներից է, որի հեղինակը անկողմնակալ ու անաչառ ներկայացրել է մի ժամանակահատված, որն իր անմիջական ազդեցությունն է թողել Հայաստանի ներկայիս քաղաքական վիճակի վրա: Իր ասելով, նա ձգտել է վերլուծել քաղաքական համակարգի ձևավորումն ու զարգացումը Հայաստանում և ԼՂՀ-ում, թե ինչպես է պատերազմը ազդել ներքին հարաբերությունների վրա: «Այսօր քաղաքական դաշտում առկա բազմաթիվ արատավոր երևույթներ սկիզբ են առել հենց 1990-93 թվականներին»,- գտնում է Մ. Սարգսյանը:

Գրքին կից հեղինակը տվել է 1990-93 թթ. հասարակական-քաղաքական նշանակության բոլոր իրադարձությունների ժամանակագրությունը։
Ստեփանակերտի մամուլի ակումբում օգոստոսի 10-ին կայացած գրքի շնորհանդեսի ժամանակ, խոսելով գրքում նկարագրվող ժամանակահատվածի մասին, հեղինակն ասաց, որ պատերազմի ողջ ընթացքում պայքար էր ընթանում Ղարաբաղում իշխանության համար: Հակամարտությունը մի կողմից եղել է ՀՅԴ-ի, մյուս կողմից՝ հայաստանյան իշխանությունների, հանձինս՝ ՀՀՇ-ի միջև:

Խոսքն այն ժամանակահատվածի մասին է, երբ Արցախում, ի հակակշիռ ՀՅԴ-ի, Լևոն Տեր-Պետրոսյանը ստեղծեց Ռոբերտ Քոչարյանին։ Հատկապես երբ 1992 թ. հունվարին Արցախում տեղի ունեցան առաջին ընտրությունները, ՀՅԴ-ն հաղթանակ տարավ և ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը:

«Ինձ շատ են հարցրել, թե՝ ով է Ղարաբաղյան պատերազմի տերը, որին պատասխանել եմ՝ Ժողովուրդը,- ասաց Մանվել Սարգսյանը։- Մնացյալը կային, թե չկային՝ նշանակություն չունեն։ Նրանք չլինեին, ուրիշները կլինեին... Այս մեկը չլիներ, մի ուրիշը կլիներ... Այդ տարիներին իշխանությունների յուրաքանչյուր որոշում կայացվում էր ժողովրդի կամքով: Իրավիճակի տերն այն ժամանակ ժողովուրդն էր...»։

Լրագրողներից մեկի այն հարցին, թե Արցախը կարո՞ղ է հետ վերադարձնել գործոնի իր դերը, քաղաքագետը պատասխանեց, որ Ղարաբաղից Երևան գալով, Քոչարյանն իր հետևում՝ Արցախում ոչինչ չի թողել։ Ինքն էր ներկայացնում Ղարաբաղը։ Այդ ժամանակահատվածում Սամվել Բաբայանը փորձեց ստեղծել ռազմա-քաղաքական համակարգ, բայց այն վերացրին։ «Այսօր Ղարաբաղը քաղաքական ուժ չէ։ Ղարաբաղը պիտի ինչ-որ բան անի, որ քաղաքական ուժ դառնա։ Բայց դեռ այստեղ ոչինչ չկա, ասելիք չկա»,- հավելեց նա։

Արցախի՝ քաղաքական ուժ դառնալու մասին ինչպե՞ս կարող է խոսք լինել, երբ Կոսովոյի վերաբերյալ Հաագայի միջազգային դատարանի որոշման կապակցությամբ Ստեփանակերտում սպասվող սովորական մի հանրահավաքն անգամ վախեցան կայացնել, երբ Արցախի արտգործնախարարությունը վերոնշյալի կապակցությամբ հայտարարություն տարածեց, որը սկսվում է քաղաքական ուժերի հայտարարությունից վերցված նախադասությամբ...

Երևի թե իրավացի է Արցախի հասարակական կազմակերպություններից մեկի ղեկավարը, երբ վերջերս հայտնել է՝ թող մեր իշխանությունները զբաղվեն երկրի տնտեսական և այլ խնդիրներով, իսկ մենք՝ քաղաքական... Եվ այդպես էլ կա. առայժմ տեղական իշխանությունները զբաղվում են տնտեսական, բիզնեսի և այլ հույժ կարևոր «համազգային» խնդիրներով։
Մանվել Սարգսյանը միանգամայն իրավացի է՝ «Ղարաբաղյան պատերազմի տերը Ժողովուրդն է»։ Ցավն այն է, սակայն, որ այդ նույն պատերազմում հաղթանակ տարած ժողովրդի արյամբ կերտված պետությունը սեփականաշնորհված է։

Վ. ՕՎՅԱՆ



ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ադրբեջանի կողմից պատերազմ վերսկսելու մասին խոսում են ամենուր. թե՛ Արեւմուտքում, թե՛ Ռուսաստանում ու Հայաստանում։ Արցախում առայժմ այդ մասին բարձրաձայն չեն խոսում։ Այսինքն՝ այդ թեման դուրս է տեղի լրատվամիջոցների քննարկումից։ Բայց մարդիկ այդ մասին երբեմն կիսվում են իրար հետ, քննարկում, ծանրութեթև անում դրա հավանականության-անհավա-նականության նժարները։ «Հնարավո՞ր եք համարում պատերազմի վերսկսումը։ Պատերազմի դեպքում ինչպի-սի՞ն է լինելու, այսպես կոչված, միջազգային հանրության, հատկապես Ռուսաստանի պահվածքը, և պատերազմի ինչպիսի՞ ավարտ եք կանխատեսում»,- «Նոր էջի» այս հարցերին պատասխանում են Արցախի տասնյակ հասարակական-քաղաքական գործիչներ, ԼՂՀ ՊԲ սպայակազմի ներկայացուցիչներ ու ճանաչված մտավորականներ։

ԳԱԳԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ (ԼՂՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ) - Պատերազմի վերսկսման հարցը միշտ օրակարգում է։ Դժվար է ճշգրիտ գուշակել, թե այն երբ կսկսվի, բայց մենք միշտ պատրաստ պիտի լինենք դրան։ Հատկապես երբ Ադրբեջանի ղեկավարությունը վերջերս ամենևին չի թաքցնում այդ ձևով «խնդրի լուծումը»։
Ռուսաստանի պարագայում դժվար է ասել, թե պատերազմի դեպքում ինչպիսի պահվածք կունենա, իսկ ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, բազմաթիվ երկրներ կսկսեն ճանաչել մեր անկախությունը։ Եթե Ադրբեջանը պատերազմ սանձազերծի ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի դեմ, նկատի ունենալով, որ այսօր օրակարգում է Հայաստանի և Ռուսաստանի միջև նոր պայմանագրի ստորագրումը, հնարավոր է Ռուսաստանը ռազմական աջակցություն ցույց տա Հայաստանին։
Ինչ վերաբերում է պատերազմի վերջաբանը գուշակելուն, նկատի ունենալով, որ նախորդ պատերազմում Ադրբեջանը շատ ավելի զորեղ էր մեզնից, բայց ջախջախիչ պարտություն կրեց, միաժամանակ հաշվի առնելով մեր ռազմական ու պաշտպանական պոտենցիալը, հակառակորդը մեծ կորուստներ է կրելու, այդ թվում՝ հնարավոր է կրկին տարածքներ կորցնի։

ՀՐԱՆՏ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ (ԼՂՀ կոմկուսի ղեկավար) - Պատերազմի վերսկսման վտանգը մեծ է, ըստ իս, դրա հավանականությունը մոտավորապես 80 տոկոս է կազմում։ Պատերազմի դեպքում միջազգային հանրությունը որդեգրելու է դիտորդի կարգավիճակ, իսկ Ռուսաստանի օգնությունը բավանին ուշացումով է լինելու. երբ ամեն ինչ վերջացած լինի։ Ընդհանրապես, գտնում եմ, որ Ռուսաստանի վրա չպիտի հույս դնել։ Նա մեզ օգնում է միայն այն դեպքում, երբ իրեն պետք է լինում։
Եթե Ադրբեջանը նախահարձակ լինի, շատ է տուժելու։ Կորուստները մեծ են լինելու և երկուստեք։ Պատերազմն ավարտվելու է նրանով, որ Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչվելու է։ Դրա նախաձեռնողը լինելու է Ռուսաստանը։ Ինչ վերաբերում է Թուրքիային, նա աղմուկ է բարձրացնելու, բայց չի կարողանալու խանգարել Արցախի ճանաչման գործընթացին։ Նրա ձայնը լսելի չի լինելու, որովհետև Թուրքիան խնդիրներ ունի թե՛ Կիպրոսի հետ կապված և հատկապես թե՛ Եվրամիություն ընդունվելու հետ կապված։

ՍԵՆՈՐ ՀԱՍՐԱԹՅԱՆ (ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի պետ) - Պատերազմի վերսկսումը հնարավոր եմ համարում։ Միջազգային հանության, այդ թվում՝ Ռուսաստանի վերաբերմունքը և պահվածքը լինելու է ոչ միանշանակ։ Սակայն պատերազմը միանշանակ ավարտվելու է մեր հաղթանակով։

ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼՅԱՆ (ԼՂՀ Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար) - Եթե Ադրբեջանը ռազմական ավանտյուրա սկսի, հաշվի առնելով վերջին մեկևկես տարում տարածաշրջանում կուտակված ռազմական պոտենցիալը, կարելի է հստակ գուշակել, որ այն չի սահմանափակվելու Արցախի տարածքով։ Կարծում եմ՝ Ռուսաստանը չի միջամտելու պատերազմական գործողություններին, Հայաստանում տեղակայված ռուսական ռազմական բազաները չեն պաշտպանելու Ղարաբաղը։ Մենք հույսներս պիտի դնենք միայն մեր սեփական ուժերի, մեր բանակի և Հայաստանի օգնության վրա։ Բայց, նկատի ունենալով, որ ռուսական ռազմաբազաները պաշտպանում են Հայաստանի սահմանները, Հայաստանը հնարավորություն կունենա իր զինուժը կենտրոնացնելու արևելյան ուղղություններում...

ԿԱՐԵՆ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ (Հելսինկյան նախաձեռնություն-92 կոմիտեի ղարաբաղյան գրասենյակի համակարգող, իրավապաշտպան) - Պատերազմի վերսկսման վտանգն իրոք շատ մեծ է։ Նկատի ունենալով հարավօսեթական, բալկանյան և մյուս պատերազմների փորձը, կարելի է գուշակել, որ միջազգային հանրությունը մեկ-մեկուկես ամիս քննարկելու է այն, բայց այդպես էլ կոնկրետ ոչ մի քայլ չի ձեռնարկելու։ Ռուսաստանը չի միջամտելու, բավարարվելու է պատերազմող կողմերին ուղղված՝ պատերազմը դադարեցնելու կոչերով։
Նոր պատերազմը ոչինչ չի փոխելու. ստատուս-քվոն պահպանվելու է, բայց երկուստեք մեծ կորուստներ են լինելու։ Մեզ մոտ մեծանալու է հիասթափությունը, խորանալու է հուսահատվածությունը։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ (ԼՂՀ կառավարությանն առընթեր կրոնի և ազգային փոքրամասնությունների հարցերի բաժնի վարիչ) - Որ իրոք Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի՝ ոչ մի ողջախոհ հայ, կացծում եմ, դրանում չի կասկածում։ Բայց երբ պատերազմը սկսվի, զարմանալիորեն հայության մեծամասնությունն անակնկալի գալու: Հայության այդ «ֆենոմենալ» հատկության մասին ժամանակին ահա թե ինչ է գրել իմաստասեր Հայկ Ասատրյանը. «Կարելի է ասել, որ հայը խաղաղության համար աշխարհի ամենաանփույթ ժողովուրդն է: Հայը չի հավատում պատերազմին և դրա համար պատմական ամեն դեպք ընդունում է իբրև անակնկալ, իբրև «անամպ երկինքից ժայթքող կայծակ»: Նա տակավին չի հասկանում կենսաբանաբարոյական այս երկու ճշմարտությունների իմաստը՝ խաղաղության ժամանակ պետք է նախապատրաստվել միայն մեկ բանի համար՝ պատերազմի, իսկ պատերազմի ընթացքին կամենալ միայն մեկ բան՝ հաղթանակ»:
Ուստի, պատերազմ սկսելը կամ չսկսելը, եթե կարելի է այսպես գրել, Ադրբեջանի ժողովրդի իրավունքն է, իսկ հաղթելը՝ հայության պարտականությունը:

Ուսումնասիրելով պատերազմների ծագման դրդապատճառները (մանավանդ, նոր ժամանակաշրջանի), դժվար չէ համոզվել, որ դրանք հիմնականում գործարքների արդյունք են։ Պատերազմում շահում են գործարքի մեջ մտած կողմերը, պարտվում՝ պատերազմող կողմերը, անկախ այն բանից, թե ռազմի դաշտում ով է հաղթում։ Սա պատերազմի վերաբերյալ զուտ իմ անձնական տեսակետն է: Այս տեսանկյունից դիտարկելու դեպքում, կարծում եմ, հասկանալի պետք է լինի միջազգային հանրության (իմա՝ գերտերությունների և միջազգային որոշ կազմակերպությունների ու մասնավորապես Ռուսաստանի) դիրքորոշումը՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ պատերազմ սկսելու պարագայում:
Պատերազմի դեպքում, համոզված եմ, հայությունը տոնելու իր երկրորդ հաղթանակը թուրք-ազերիների դեմ և ազատագրվելու է պատմական Ուտիքը:

ՍԻՐՎԱՐԴ ՄԱՐԳԱՐՅԱՆ (ԼՂՀ ՊԲ սպա, զինվորական լրագրող) - Կարծում եմ՝ պատերազմի վերսկսման հավանականությունը շատ քիչ է։ Չնայած հակառակորդից, հատկապես հիվանդ երևակայություն ու հոգեկանի հետ կապված խնդիրներով ղեկավար ունեցող հակառակորդից ամեն ինչ սպասելի է։
Միջազգային հանրության հետ հույսեր չեմ կապում։ Հիշենք բոլորիս հիշողության մեջ դեռևս թարմ 1990-94 թվականները. նրանք մեզ «նկատեցին» միայն այն ժամանակ, երբ թշնամուց մաքրել էինք մեր երկիրն ու ազատագրել մեր հողերի մի մասը։ Ռուսաստանը մեծ խնդիրներ ունի իր երկրի ներսում և, եթե այստեղ սեփական շահ չունենա՝ չի միջամտելու պատերազմին։ Հանդիպելով, զրուցելով պատերազմի բազմաթիվ վետերանների ու ՊԲ զինվորների հետ, համոզված եմ, որ սա երևի թե մեր վերջին ճակատամարտն է լինելու, և մենք հաղթելու ենք։

ԳԱԳԻԿ ԲԱՂՈՒՆՑ (Արցախի մտավորականների միության նախագահ) - Պատերազմի վերսկսումը քիչ հավանական եմ համարում։ Եթե նոր պատերազմ սանձազերծվի, կարծում եմ, այն շատ կարճատև է լինելու։ Միջազգային հանրության վերաբերմունքը կախված է լինելու բազմաթիվ գործոններից, այդ թվում՝ պատերազմի ընթացքից... Քանի որ Ադրբեջանը հիմնական ռազմավարական դաշնակից է ընտրել Թուրքիային, Ռուսաստանը Հայաստանի միջոցով մեզ օգնելու է։ Ըստ իս, պատերազմն ավարտվելու է նրանով, որ գերտերությունները կանգնելու են միջանկյալ լուծման, այսպես ասած, մետաստաբիլ մի կարգավիճակի վրա...

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ (ճարտարապետ) - Պատերազմի վերսկսումը հավանական է։ Ամերիկան, Եվրոպան, Ռուսաստանը պատերազմը դադարեցնելու, խաղաղության կոչեր են անելու, իսկ Ռուսաստանը նաև զենք է վաճառելու պատերազմող կողմերին։ Այդ պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ, հնարավոր է նաև նոր տարածքներ գրավենք։ Բայց մեծ զոհեր ենք ունենալու։

ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ (ԼՂՀ ՊԲ սպա) - Այս պահին պատերազմի վերսկսման վտանգ չեմ տեսնում։ Աշխարհին, գերտերություններին այսօր ձեռնտու չէ կովկասյան տարածաշրջանում պատերազմի վերսկսումը։ Իսկ պատերազմ սկսվելու դեպքում, որքան էլ հակառակորդը հոխորտա իր հզորության ու ռազմական ոլորտին ուղղված միլիոնների մասին, մենք հաղթելու ենք։



ԵՐԵԽԱՆ ՄԵՐ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԹԻՎՆ Է

Ստեփանակերտի Մամիկոնյան փողոցի ձախ մայթին հրապուրում է բազմակողմանի միջնադարյան առանձնատուն հիշեցնող մի շինություն, որի ճակատին փորագրված են հայերեն հասարակ տառեր՝ ՖՄԴ: Առաջին երկուսը խորհրդանշում են ֆիզիկան և մաթեմատիկան: Երրորդը պարզաբանում է՝ սա դպրոց է: Միջնակարգ գիշերօթիկ դպրոց Ստեփանակերտում, որը ՀՀ ԿԳ նախարարության Երևանի պետհամալսարանին առընթեր, ակադեմիկոս Ա. Շահինյանի անունը կրող դպրոցի ստեփանակերտյան մասնաճյուղն է:

Շենքը նմանակը չունի ու անմիջապես հրապուրում է անցորդին ու ներս մտնողին, խորհել տալիս. «Ի՞նչ լավ կլինի, որ բոլոր շենքերն էլ, քարե լինելով հանդերձ, կառուցվեն իրենց բուն նպատակին ծառայելու հստակ մղումով ու դրանով հանդերձ մնային անկրկնելի, ինչպես սա է»:
Միայն մեկ կամ երկու մուտք չունի այս շենքը: Բազմակողմ է և բազում են դռները: Գլխավորով մտե՛ք, հանդիպակացով դուրս եկեք: Մարզահրապարակն է, որն ասես պարտեզ է, այգի: Հրապարակի ելքը և դպրոցի հանրակացարանի մուտքը դեմ դիմաց են: Աշակերտը բնության հետ կապված է և վերահսկելի:

Դպրոցի մյուս մուտքերը ամենատես աչքեր են հիշեցնում, որոնք «տեսագրում են» դպրոցի հետ կապված ամեն անցուդարձ: Սա դրսեկողմյան տեսանելիությունը: Իսկ ներսու՞մ. միջանցքի փոխարեն՝ դահլիճ, որի «վերնահարկը» հաջորդ հարկի բացօդյա միջանցքն է, որն ազատություն, համակողմանի տեսանելիություն է տալիս դահլիճին՝ դառնալով նրա բարձրությունը, իսկ առաստաղը շենքի տանիքն է, և այս ամենը որքան միաձույլ են և օդեղեն տեսասրահ են դառնում, նույնքան առանձին են և նպատակային օգտագործվող: 330 աշակերտ և 60 աշխատող կարող են միաժամանակյա հանդիսատեսը լինել սակավանիստ դահլիճի, իսկ անհրաժեշտ անցուդարձի ժամանակ՝ վերապրել բարձրաճաշակ հանդեսներից տպավորիչ դրվագներ, օդեղեն միջանցքում ճանաչել հայոց նահապետ-թագավորներին, ծանոթանալ ազգային ճակատագրական ճակատամարտերին, իմանալ հայոց 12 մայրաքաղաքների, ինչպես նաև՝ դպրոցի 11 դասարանների աշակերտների ու նրանց որպիսության մասին…

Բայց եկեք լսենք դպրոցի տնօրենին՝ Վիտալի ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ

- Արցախն ինքնատիպ է ամեն ինչով՝ իր չճանաչված, բայց ստեղծված պետականությամբ, իր ծերպաբնակ ժողովրդով, իր փշրվող քարերով, բայց անկոտրում կամք ունեցող մարդկային որակով: Պրն. Գաբրիելյան, մի՞թե սրանք դեր են խաղացել ֆիզմաթ դպրոցը նախագծելիս ու կառուցելիս։

- Ես խորհրդանիշեր օգտագործել սիրում եմ: Եթե դպրոց է, ուրեմն՝ մանկություն է, պատանեկություն, երիտասարդություն, իսկ այս եռերգրությունն ազատություն է սիրում և անօրինակություն: Բայց ինչպիսի՞ն են մեր դպրոցները՝ համակենտրոնացման ճամբարների պես… Շունչդ ոչ թե պետք է կտրվի, այլ անհուն ազատություն զգաս: Հատկապես երբ դա ֆիզմաթ թեքումով դպրոցի համար է: Խստորեն հաշիվ պահանջող թվերն են միայն ազատության հնարավորություն տալիս: Երեխան մեր կյանքի հենց այդ թիվն է: Նա կաշկանդում չի սիրում, բայց առանց նրա մենք կաշկանդված ենք ու չկանք:

Կյանքի ամեն մի բնագավառ իր կռիվն է մղում հանուն օրինականի ու պատշաճի: Ուսուցիչն էլ առաջնորդ է, կռվի առաջնորդ, որը սիրում է աշակերտին: Սիրելը խոսքով չէ: Սերը նվիրում է: Քեզնից պետք է պոկես, տաս երեխային: Ուսուցիչ է ոչ թե նա, ով դաս է պատմում, այլ ով կողքից է նայում՝ անհրաժեշտ թելերը ձգելու նպատակով: Ուսուցիչը նա է, ով աշակերտին առաջևից է ուղարկում, որպեսզի հեռվից տեսնի, զննի, գնահատի։ Ազատություն ստացած աշակերտը համարձակ է լինում, պատասխանատվությունը՝ բարձր:
Այսպես պետք է ուսուցիչը դպրոցի կռվում սիրի աշակերտին: Թեկուզ մեր 32 շրջանավարտներն էլ ընդունվել են բուհեր, սակայն հատկապես մենք՝ ազատություն գնահատողներս, շատ անելիք ունենք առկա թերությունները հաղթահարելու հարցում:

- Ձեզ հաջողվե՞լ է դառնալ այն ուսուցիչը, որի մասին խոսում եք:

- Ամեն ինչ կարելի է բերել չափ ու ձևի մեջ և ասել՝ լավ է, բավարար է: Մոսկվայի պետական համալսարան ընդունվող որդու ուրախությունը մեր պայծառ տնօրեններից մեկի՝ Գեորգի Առուշանյանի համար կրկնակի էր: Հարցազրույցից հետո համալսարանի պրոֆեսորադասախոսական հանձնաժողովը և կուսքարտուղարը կանչել էին նրան, շնորհավորել, տեղեկացրել, որ չնայած կուսքարտուղարի տղան էր մրցակիցը, բայց այս տղան ավելի ընդունակ է ու ավելի պատրաստ։ Իսկ իր որդին այլ ֆակուլտետում թող սովորի: Ապա խնդրել են ուսուցչին՝ Վիտալի Անդրեյիչին, այսինքն՝ ինձ, շնորհակալություն հայտնել…
Անշուշտ, նման փաստերը շոյում են ուսուցչի ինքնասիրությունը, բայց ես ուսուցչին նմանեցնում եմ մեր հանդիսասրահին, ըստ էության սահմանափակ է, բայց ազատություն է շնչում:

Ուսուցիչը նաև ուսուցիչ է հենց իր սահմանափակումներով: Ինչո՞ւ էին մեր մեծերը կարծում, որ ուսուցիչը հաց չի ուտում... Որովհետև ուսուցիչը նաև զսպվածության և չափավորության օրինակ է հանդիսանում: Շատ տարրական բան է, ուսուցչին չի կարելի և քննարկման խնդիր չէ: Ուսուցիչ ես՝ ուրեմն չի կարելի: Զսպի՛ր քեզ, այլապես դա արհամարհանք կարող է դիտվել:

- Բարձրագույն տեխնիկայի դարում չի՞ պակասել ուսուցչի դերը:

- Ուսուցչի դերը երբևէ չի կարող նվազել, քանի որ ուսուցիչն այն հենասյունն է, որի կարիքը մարդ միշտ զգում է: Մի գրողի մասին ասում են՝ լավ է գրում, մյուսի մասին՝ պատկերավոր է գրում, մի երրորդի մասին՝ սրտիցդ է գրում: Իսկ իսկական ուսուցչի մասին մի բան են ասում. «Նրա բոլոր ուսուցումները կյանքից են բխում և ուղղված են կյանքին»:

- Շատ ծնողներ երեխայի դաստիարակության հարցին այլ կերպ են նայում:

- Համաձայն եմ: Կան «դժվար» ծնողներ, որոնց հետ պետք է աշխատել, և դա ավելի դժվար է, քան երեխայի հետ աշխատանքը: Ոմանց ինքնասիրահարությունը եզր չունի, իսկ այսպիսիք չպետք է գլխի ընկնեն, որ իրենց հետ աշխատում են: Գործն ավելի են բարդացնում որոշ ծնողներ, որոնք եթե դասարանի դուռը բացել, ներս են մտել, արդեն իրենց ուսուցիչ կամ խորհրդատու են կարծում… Ցավոք, համատարած է դարձել նաև այն, որ երեխաների ներկայությամբ խոսում են ամեն ինչից՝ իրենց անզսպությունը արդարացնելով «թո՛ղ սովորի» մոլոր պատճառաբանությամբ:

Ուսուցիչն աշակերտին ազատ է մեծացնում, իսկ այսպիսի ծնողները բռունցքն են խփում կամ այպանություն շաղ տալիս: Ինչպե՞ս կմեծանա երեխան: Ընդունելության քննությունից անբավարար ստացած երեխաներից մեկը, հակառակ ծնողների կարծիքի, մտել է ինձ մոտ, ասելով, որ ինքը մեղավոր չէ, որ իրեն այդպես են սովորեցրել: Եթե ինքը ընդունվի, կսովորի՝ ինչ-որ պետք է: Ընդառաջ գնացինք: Երեխան կատարեց իր խոստումը: Մնում է այսպես ազատ մեծացողը անհատ դառնա և ոչ թե սրա կամ նրա կամքի գերին:
Անկեղծորեն ասած, ես չեմ կամենա մեր դպրոցը մասնաճյուղից վերաճի ինքնուրույն դպրոցի: Ներքին տագնապ ունեմ: Վախենում եմ պատկան օղակների անտարբերությունից կամ բազմակողմ գրոհներից դպրոցը քանդուքար լինի…

Զարմանալի չէ՞, որ այլ դպրոցի աշակերտը տեսնելով բացահայտ անտեսումը, բարձրաձայնում է, որ մրցույթում 1-ին տեղը ֆիզմաթը պետք է գրաված լիներ, հետո ի՞նչ, որ Արցախինը չէ… Իսկ իրենցը լինելուց շատ եմ վախենում, ինչպես մայրը՝ նոր ոտքը փոխող երեխայի համար:

- Քիչ է մնում մտածեմ, որ նման պարագայում պատրաստ եք թողնել Արցախը:

- Երբ այս դեպքերն սկսվեցին, ես էլ էի դիմել Ամերիկյան դեսպանատուն: Մի չորս օր անց կանչեցին: Խորհրդային ֆիզմաթի մասնագետների առջև Ամերիկայում կանաչ լույս էր վառվում: Ինձ էլ էին թույլատրել: Սիրտս ցավում է,- պատռելով թույլտվությունը՝ պատասխանեցի դեսպանատան աշխատակցի զարմացած հայացքին: Եթե չպատռեի, գո՞ւցե հետո հարազատներիս հարկադրանքին չդիմանայի: Գնալ չեմ կարող: Եթե գնամ, մեռնելու եմ: Ես եկել եմ կռվելու: Աստված ինքն է բերել, և հավատացել եմ, որ կենդանի եմ մնալու:

Կենդանի եմ և անելիք պիտի որ ունենամ: Մի բան հստակ է, ինչ կա մեջս, լրիվ իմը չէ, Աստված է տվել, հողն է տվել, բնությունն է տվել, ժողովուրդն է տվել: Որպես պատկառանք ունեցող մարդ, իրենց տվածը պետք է վերադարձնեմ իրենց: Ես գնացող եմ, իրենք մնայուն: Իրենք այլոց էլ, նորերին էլ տալու բան պիտի ունենան:

- Ձեր մանկավարժական կազմն է՞լ է այդպես մտածում:

- Նման զնման սիրե: Մեր կոլեկտիվը միաձույլ է: Դպրոցի հիմնադրման ժամանակվանից մեզ մոտ են աշխատում Գայանե Բաղդասարյանը և Հասմիկ Մկրտումյանը (պատմություն), Սուսաննա Արզումանյանը (մաթեմաթիկա), Սվետլանա Պետրոսյանը (ֆիզիկա), Նովելլա Սարգսյանը (կազմակերպիչ), և նրանց շուրջն է համախմբվում նոր կազմը: Որքան էլ նուրբ տեխնիկան ուսուցման բեռն իր վրա վերցնի, ուսուցիչն է ուսում անհնարինը. վերուվարումներ ստանդարտից դուրս՝ մտածողության ազատություն: Միայն այս պարագայում ճիշտ կմեծանա երեխան, լավ կապրի մարդը և հայ կմնա որակը:

17 համակարգիչ ունենք, ու բոլորս գիտենք, որ մարդը համակարգիչ չէ, իսկ համակարգիչը երբեք մարդ չի դառնա և, բարեբախտաբար, չի դառնա, թե չէ՝ ինչպե՞ս կարող եմ հոգի ունեցող արցախցուն սառը հաշվարկ կատարող մեքենայի հետ համեմատել…
Մեր հոգին է վտանգի պահին մեզ հաղթանակի մղում և համակարգիչներ աշխատեցնում: Սրանով ամեն ինչ ասված է…

ԱՆԱՀԻՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ



ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ԲԺԻՇԿ

Ես Մեծ հայրենականի վետերան եմ և, պարզ է, զառամյալ։ Որքան էլ փորձում ես դիմադիր լինել ժամանակի ընթացքին, միևնույն է, ժամանակն իրենն անում է։
Պատահեց այնպես, որ ես անընդունակ դարձա քայլելու։ Չցանկացա համակերպվել այդպիսի վիճակին, բուժման գնացի մեր հանրապետական հիվանդանոցը և առաջին օրից հուսացի, որ վիճակս կբարելավվի։ Հուսադրողը եղավ ինձ բուժող բժիշկ Դավիթ Խաչատրյանը։ Ուշադիր վերաբերմունքը, ճիշտ նշանակված պրոցեդուրաներն իրենց գործն արին։ Երկու շաբաթ հետո ես սկսեցի քայլել և հիմա էլ համեմատաբար լավ եմ զգում ինձ։
Հանրածանոթ «Նոր էջի» միջոցով ընդունիր իմ խորին շնորհակալությունը, հարգելի Դավիթ։

ՄԻՔԱՅԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ



ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

Շատ հետաքրքիր ժամանակաշրջան ենք ապրում: Բոլոր մակարդակներում հայկական կողմից առկա է թուրքահաճո գործունեություն: Կարծես թե մենք ենք ցեղասպանություն իրականացրել և փորձում ենք զոհի սիրտը շահել: Որպես ապացույց նշեմ մեր այն հայրենակիցների պատրաստակամությունը, որոնք մեծ ոգևորություն են ապրում Աղթամար գնալու, մեկ օրով թուրքերի մեծահոգությունից օգտվելու և այսպես ասած՝ ողբալու մեր կորուսյալ հայրենիքը: Համատեղ համերգներ են արվում, իրար հետ նվագում են, փորձում են ցույց տալ, որ մի հաց ու ջրի ժողովուրդ ենք: Մեր երաժիշտները շատ հաճույքով վերադառնում, լեգենդներ են պատմում: Անցյալ տարի մեր 80 ուսանողները գնացին, ցեղասպանության դեմ փաստաթուղթ ստորագրեցին առանց հասկանալու:

«Ոսկե ծիրանում» թուրքն է շահում: ԶԼՄ-ներում ընդհանուր տենդենց է նկատվում, որ սրանք այն թուրքերը չեն: Սա շատ վտանգավոր մի գործընթաց է, որովհետև ցանկացած ցեղասպանությունից առաջ այս կարգախոսը մտել է շրջանառության մեջ, որ սրանք ուրիշ թուրքեր են, այն թուրքերը չեն: Եվ ծիծաղելի ու զարմանալի է, որ դրա մասին նույնիսկ Ռուբեն Հախվերդյանն է խոսում, մտքեր է արտահայտում, որոնք շատերիս զարմացնում է: Թուրքական կողմը տարեսկզբին թուրքական բոլոր համաշխարհային կազմակերպություններին հայտարարեց հայկական կողմին սիրաշահելու 10 դիրեկտիվների մասին, հայկական կողմը բաժանեց երեք մասերի՝ հանդուրժողների, չեզոքների և ծայրահեղականների: Կարծես թե այս ամեն ինչը գործողության մեջ է: Այս ամենի մեջ վտանգ եմ տեսնում այն առումով, որ եթե մենք նույնիսկ տասնամյակներ հետ գնանք ԽՄ տարիներ, նույն Սևակը, Իսահակյանը, Սարյանը, Մինասը, Գալշոյանը և մեր մյուս մեծերը ընդհանուր մի պաշտպանական համակարգ էին ստեղծել:

Այսօր քանդվում է այդ պաշտպանական համակարգը: Դա հոգեբանական պաշտպանական լծակ էր: Իրենց ստեղծագործություններով նրանք նշում էին, որ թուրքը պետք է պատասխան տա իր արածի համար: Իսկ այս ամենը մոռանալը, գլոբալիզացիոն հրապուրիչ ծրագրերով ներկայացնելը իրոք ազգակործան մի գործընթաց է, որովհետև վաղվա պահանջատերերը այսօր սկսում են իրար հետ հաց կիսել, ջուր խմել՝ իբր հարևաններ ենք: Բայց ինձ համար զարմանալի է, թե ինչու է դա միակողմանի, ինչու թուրքական կողմը չի ընդունում իր հանցանքը, որը մինչ օրս շարունակվում է:

Եվ ամենազարմանալին այն է, որ մեծ գումարներ են դնում այս «մերձեցման» մեջ, գրականություն է «լույս աշխարհ» գալիս, որտեղ հենց հակահայկականություն է քարոզվում, որտեղ ասվում է, որ հայերը քոչվոր ազգ են եղել, հազիվ մի 100 տարվա պատմություն ունեն: Այսինքն, հայ ավանդական կազմակերպությունների, մտավորականության և ցանկացած մտածող հայ մարդու առջև այսօր մեծ խնդիր է դրված: Պատմությունը մեզ վերջնաժամկետ է ներկայացրել, իսկ հակառակորդ կողմը լուրջ գումարներ է ծախսում և քնած չի:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ
ՀՌԱԿ ատենապետ



ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԵԶ ՈՐՊԵՍ ՊԱՐԳԵՎ ՏՐՎԵԼ

Ցանկացած գործողություն ճիշտ հասկանալու համար անհրաժեշտ է նկատի ունենալ մի շարք գործոններ: Ամենակարևոր գործոններից մեկը տվյալ գործողության շարժառիթն է, դրդապատճառը: Երբ այդ տեսանկյունից ենք նայում Աղթամարի սբ. Խաչ եկեղեցում սեպտեմբերին նախատեսված պատարագի մատուցումը և հարակից աղմուկը, ակնհայտ է դառնում դրանց, մեղմ ասած, ոչ պատշաճ հիմնառիթը: Միանշանակ է, որ այդ պատարագը և ողջ ձեռնարկը բնավ կապ չունեն աստծո փառաբանության հետ: Այն թուրքական հատուկ ծառայությունների կողմից հղացած խաբեպատիր միջոցառում է, որի միակ նպատակը, քաղաքագիտական խրթին բառերով ասած, դրական պատկերի հեռացոլում է։

Թուրքերը լավ են անում, որ հերթական անգամ խաբում են աշխարհին: Դա նրանց բնույթն ու իրավունքն է: Սակայն ես չեմ հասկանում այս խաղին հայերի հրճվալից մասնակցության իմաստը: Իբր, աշխարհը կիմանա, որ Աղթամարը հայկական եկեղեցի է: Նախ նա, ով պիտի իմանա, արդեն գիտի: Նա, ով չի ուզում իմանալ, չի իմանա: Սակայն վստահեցնում եմ ձեզ՝ դա չի լինելու աշխարհի մեծագույն լրատվականների հիմնական ուղերձը: Հիմնական միտքը թուրքերի հանդուրժողականության գովքն է լինելու: Թույլ մի տվեք, որ թուրքերը մեզ հերթական անգամ ստորացնեն: Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների ստորացումը մեզ մի քանի տասնամյակ հերիք է: Ինչո՞ւ եք ուզում նորից աղ ցանել մեր վերքերին:

Միանգամայն անընդունելի է այն տեսակետը, որ «այդ վայրերում այդքան մարդ չունենք, ի՞նչ պիտի անենք եկեղեցիները: Տարին մեկ անգամ պատարագն էլ բավարար է»: Նախ թող պատասխանեն՝ ի՞նչ եղան այդ եկեղեցիները կառուցած հայերը: Հետո, խոսքը պատարագ մատուցելու մասին չէ, խոսքը իրավունքի՝ պատարագ մատուցելու իրավունքի մասին է: Գուցե հայերը հինգը տարին մեկ այդ եկեղեցիներում պատարագ մատուցեն, գուցե տասը, այսուհանդերձ նրանք իրավունք պիտի ունենան ցանկացած, եկեղեցիական կարգով նախատեսված պահի, պատարագ մատուցելու: Թուրքերը մեր իրավունքը մեզ որպես պարգևական են տալիս, իսկ մենք դրանով ուրախանում ենք: Մենք նման ենք այն մանուկին, որի հարազատներին կոտորել են, հայրենական ողջ կալվածքը խլել են, ապա մի փայլփլուն խաղալիք են շպրտել նրա առաջ և նա խելակորույս հրճվում է դրանով: 1912թ. թուրքական պաշտոնական տվյալներով Օսմանյան կայսրության տարածքում ավելի քան երկու հազար հայկական գործող, կրկնում եմ գործող, վանք ու եկեղեցի կար: Դրանք ապօրինի բռնագրավվել են Թուրքիայի Հանրապետության կողմից: Նախ թող օրինական տիրոջը վերադարձնեն եկեղեցապատկան, այն է՝ համայնքապատկան, այսինքն մեզ բոլորիս պատկանող, գույքը կամ հատուցեն դրա դիմաց:

Հետո, թող հավատարմորեն կատարեն իրենց իսկ ստանձնած միջազգային պարտավորությունները: Թուրքիան վերահսկող քեմալական շարժման հետ հարաբերությունների հաստատումը խարսխված է եղել որոշակի նախապայմանների վրա, որոնք ամրագրված են Լոզանի պայմանագրի (24 հուլիսի, 1923թ.) մեջ: Լոզանի պայմանագրի 38-րդ հոդվածի 2-րդ մասով Թուրքիայի բոլոր բնակիչներին, մասնավոր կամ հանրային կյանքում, տրվում է հավատքի, կրոնի կամ դավանանքի ազատություն։ Իսկ պայմանագրի 40-րդ հոդվածով նրանց տրվում է կրոնական հաստատություններ հիմնելու, գործածելու և վերահսկելու իրավունք:

Ավելին, Լոզանի պայմանագրի 42-րդ հոդվածի 3-րդ մասով «Թուրքական կառավարությունը պարտավորվում է լիակատար պահպանության տակ առնել եկեղեցիները, սինագոգները, գերեզմաններն ու նշյալ փոքրամասնությունների այլ կրոնական հաստատությունները»: Բնականաբար «լիակատար պահպանությունն» իր մեջ ներառում է ոչ միայն եկեղեցիները չքանդելն ու չավիրելը, այլև դրանց ամրացումն ու նորոգումը:

Հետևաբար, սբ. Խաչ եկեղեցու շենքի մասնակի նորոգումը և դրանում տարին մեկ անգամ պատարագ մատուցելու իրավունքը, ոչ թե «բարի կամքի դրսևորում» է, այլ Թուրքիայի կողմից հիմնական օրենքի կարգավիճակով ստանձնած միջազգային պարտավորությունների խիստ թերի և ուշացած կատարում՝ որոշակի քաղաքական շահարկման նկատառումով: Ըստ այդմ, բնավ մեր շահերից չի բխում այդ շահարկումների առջև լայն հնարավորություններ բացելը:

ԱՐԱ ՊԱՊՅԱՆ
«Մոդուս Վիվենդի»
կենտրոնի ղեկավար



ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵՐՈՒՄ Է ՄՇԱԿՈՒՅԹԸ

Հարցազրույց հայաստանցի նկարիչ ՆԻԿՈԼ ԱՂԱԲԱԲՅԱՆԻ հետ

- Այսօր մեր մշակույթի ճգնաժամի մասին շատ են խոսում, Ձեր կարծիքով ի՞նչ խնդիրներ կան այդ ոլորտում:

- Հիմա ինձ ահավոր շատ հուզում է այն հարցը, որ այսօր Հայաստանում ապամշակութային մթնոլորտ է տիրում, ապամշակութային գործունեություն է ծավալվում: Ամեն ինչ շոուի է վերածվել, այդ թվում և նկարչությունը: Ես շատ կուզենամ, որ վերջապես իշխանության գան այն իշխանավորները, որոնք որ հասկանում են, թե պետություն ասվածն ինչ է իրենից ներկայացնում: Ներկայիս իշխանավորների պատկերացմամբ՝ պետությունն իրենք են: Նրանք կարծես շուկայի հաճախորդներ են, որոնք պարզապես իրենց բիզնեսն են իրականացնում: Նույնիսկ ընտրությունների ժամանակ նրանք լկտիաբար ժողովրդին համարում են ընտրազանգված: Այսինքն՝ հասարակ ժողովուրդն իրենց համար ընդամենը մի զանգված է, որի միջոցով իրենք կարող են նախագահ, նախարար կամ պատգամավոր դառնալ: Իսկ ցանկացած երկիր, հատկապես մերը, կարող է իրական ամուր պետություն դառնալ միայն հոգևոր-մշակութային իրական արժեքների արժևորմամբ: Բայց, դժբախտաբար, քանի որ վերևներում այդպիսի արժեքներ կրողներ և այդպիսի մտածողություն ունեցող չկա, դրա համար էլ այս վիճակն է: Նրանք մտածում են միայն իրենց գրպանը լցնելու մասին և իբր թե արտաքին քաղաքականություն են վարում: Տեսնում ենք, էլի, նրանց վարած արտաքին քաղաքականության արդյունքը՝ բոլոր ոլորտներում պարտվում ենք:

- Ի՞նչն է պատճառը, որ այսօր նման մարդիկ են մեզ առաջնորդում:

- Ես կարծում եմ, որ դրա արմատները շատ խորն են: Մեր իշխանավորները մեր իշխանավորները չեն: Նրանք ինչ-որ երկրների վարած քաղաքականության արդյունքում դրված մարդիկ են: Նրանք մեր ժողովրդի կողմից չեն ընտրված և չունեն այնքան ինտելեկտուալ հնարավորություններ, որ ազգային շահերից բխող քաղաքականություն վարեն: Հազար տարի անց մենք վերջապես ինքնուրույն պետություն ունենալու հնարավորություն ստացանք, բայց գերտերություններին դա ձեռնտու չէ: Նրանք ամեն ինչ անում են խոչընդոտելու մեր զարգացմանը: Նույն Ռուսաստանը, ես կասեի՝ սպիտակ թուրքը, Ֆրանսիան, Գերմանիան թույլ չեն տալիս, նրանք իրենց քաղաքականությունն են իրականացնում, որից մենք ենք տուժում: Մենք պետք է զգոն, սթափ լինենք:

- Իսկ ի՞նչ է պետք, որ մեզ մոտ հոգևոր-մշակութային արժեքներին ավելի մեծ կարևորություն տան:

- Շատ պարզ բան. մեզ երկիր սիրող, ժողովուրդ սիրող մարդ է պետք: Եթե այդ նախնական պայմանը լինի, ապա շատ բան կփոխվի: Երկիրն էլ, մշակույթն էլ, ժողովուրդն էլ առաջընթաց կապրեն: Բայց այն, ինչ այսօր կատարվում է հատկապես մշակույթի դաշտում, դա թոզ փչել է նշանակում:

- Իսկ Ձեր կարծիքով մշակույթի նախարարությունն իրականացնո՞ւմ է իր գործառույթները:

- Մշակույթի նախարարությունն ավերելու գործառույթ է իրականացնում: Նա մի կոնկրետ ծրագիր է իրականացնում՝ ավերել մշակույթը: Դա բոլորիս է տեսանելի, մնում է, որ խոստովանենք: Մշակույթի նախարարությունն ի՞նչ արեց. ծախեց բոլոր կինոյի տները, մշակութային օջախները փակեց ու հիմա վերածվել է Երևանի մշակույթի նախարարության: Մշակույթի նախարարությունն այսօր անուժ մի բան է, բայց լիքը փող ունի: Նրա իրականացրած ծրագրերը սուտի բաներ են: Այդ կառույցը չի մտածում լավ ծրագիր իրականացնելու համար, այլ մտածում է, թե այդ ծրագրի համար իրեն ինչքան փող կտան:

- Ի՞նչ ազդեցություն են ունենում այսօր արևմտյան մշակույթը և արևմտյան արժեքները մեզ վրա:

- Դրանք ազդում և խաթարում են մեր տեսակը՝ ազգային տեսակը: Հիմա ազգային, մշակութային տեսակը ջարդելու, ոչնչացնելու խնդիր է դրված: Բոլորովին պատահական չէ, որ Քլինթոնը Հայաստան այցելության ժամանակ ամենագեղեցիկը համարեց Գաֆեսճյան մշակութային կենտրոնը, բայց դա մշակույթի, էսթետիկայի հետ ընդհանրապես կապ չունեցող բան է: Գեղեցիկ բաներ, իհարկե, կան, բայց նրանք փորձում են արևմտյան մտածողությունը խցկել այստեղ: Իսկ մենք փոքրաթիվ ազգ ենք, եթե մեզ արմատից կտրեն, մենք կոչնչանանք։

...Պետք է միասնաբար պայքարել դրա դեմ: Այսօր հեռուստատեսությունը դարձել է աղբանոց: Եթե մարդ այս իրականությունում չապրի և միայն հեռուստատեսություն նայի, նրան կթվա, թե ամեն ինչ հրաշալի է:

ՍՈՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Հրապարակ», Երևան
--------------------------------------------
Տպագրվում է կրճատումներով



ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ

Սուլթանականությունը և ցարականությունը մի
հարթակի վրա էին կանգնած...


(Սկիզբը՝ նախորդ համարներում)

Հինգ-վեց օր տևեց հրացանաձգությունը, որին հետևեցին մի շարք հրդեհներ: Եվ արյան ու կրակի այս ծովը փռվեց փոխարքայի առջև իբրև հենք, որի վրա կարելի էր շահավետ ձեռնարկումներ կառուցել:

Թիֆլիսի ընդհարումների սկզբից փոխարքան մի քայլ արեց, որ զարմացրեց ամենքին: Նա դիմեց վրաց սոցիալ-դեմոկրատների կուսակցությանը և առաջարկեց նրան խաղաղարարի դեր հանձն առնել: Բանվորական կուսակցությունն անտարբեր չէր մնացել դեպի ժողովրդական այն մեծ դժբախտությունը, որ ներկայացել էր հայ-թուրքական կռիվների կերպարանքով: Թիֆլիսում բարձրացած հրացանաձգությունը զայրույթի և ահազանգի արձագանքներ էր տալիս երկաթուղու գլխավոր արհեստանոցների շչակի երկարատև սուլոցների մեջ, որոնցով բանվորները կանչվում էին վերջ դնելու նոր սկսված եղեռնին: Կայացավ միտինգ, որ պահանջեց գործադուլ հայտարարելով դադարեցնել անմիտ արյունահեղությունը: Կազմվեց թափոր, որ սպիտակ դրոշակներով ուղևորվեց պատերազմի դաշտ դարձած թաղերով դեպի Նավթլուղ՝ հրավիրելով կռվող կողմերին գնալ այնտեղ՝ հաշտության և եղբայրության միտինգին մասնակցելու համար:

Բանվորների հետ մեն-մենակ, ոտքով գնում էր և Թիֆլիսի նահանգապետ Րաուշը: Երբ միտինգը վերջանում էր, երբ բոլոր ճառախոսներն անխնա դատապարտել, անարգանքի սյունին էին գամել կառավարությանը՝ ասելով, որ նա է հանդիսանում հայ-թուրքական պատերազմի միակ պատճառը և դրդիչը, նահանգապետը ձայն խնդրեց նախագահից և առաջ դուրս գալով ասաց, թե ահա ինքը բանվորների ձեռքին է, թող այստեղ իսկ պատառ-պատառ անեն, բայց ինքը հայտարարում է, որ իր համար ամենքը՝ հայ, թուրք, վրացի և ռուս հավասար են, ամենքն էլ կատարյալ իրավատեր քաղաքացիներ: Այս էլ հեղափոխական ժամանակի մի նոր հոյակապ տեսարան էր՝ նահանգապետը բանվորների մեջ, նրանց առջև խոնարհ գլուխ իջեցրած:

Բայց նահանգապետից ավելի փոխարքան էր խտացնում այդ նոր տեսարանի գույները: Ստանալով վրաց սոցիալ-դեմոկրատիայի համաձայնությունը հայ-թուրքական կռվի մեջ չեզոք խաղաղարար միջնորդի դեր կատարելու մասին՝ Վորոնցով-Դաշկովը կատարեց և նրա առաջարկած պայմանը. նա պետական պահեստներից բաց թողեց նրան [սոցիալ-դեմոկրատիային] 500 բերդան հրացան: Եվ զինված այդ զենքերով՝ բանվորները դուրս եկան փողոցները՝ կարգ և խաղաղություն պահպանելու համար: Նրանք կրծքի վրա կրում էին իրենց պաշտոնը երևութականացնող սպիտակ գույնի ժապավեններ և գրավեցին այն բոլոր փողոցները, որոնք պատերազմական դաշտի շրջանում էին գտնվում թե՛ հայոց և թե՛ թուրքաց թաղերի կողմից: Նրանք էին, որ թուրքերին կառքերով փոխադրում էին քաղաքի կենտրոնը և ուրիշ թաղեր, ուր նրանք գործեր ունեին:

Առաջին անգամն էր, որ բանվորական զինված և կազմակերպված ուժը հանդես էր գալիս մեր իրականության մեջ իբրև հասարակական կարգի տեր և տնօրեն: Ես ողջունեցի այդ նոր երևույթը «Մշակի» էջերից:
Այդ ուժն այնքան մեծ չէր, որ կարողանար ճնշման միջոցներով խաղաղեցնել երկու կռվող կողմերին, հաշտության բերել նրանց: Եվ սակայն Վորոնցով-Դաշկովը կարգադրություն էր արել, որով պաշտպանության համար զենք կրելու իրավունք տրվում էր միայն սոցիալ-դեմոկրատիային: Այս կարգադրության բուն միտքը շատ լավ էր ըմբռնում սոցիալ-դեմոկրատիան, որը և հայտարարեց իր թերթի մեջ, թե դրանով Կովկասի փոխարքան կամենում է խաղ պատրաստել հայերին զինաթափ անելու և հիմա էլ հայ-վրացական թշնամություն ստեղծելու համար, ինչպես արդեն ստեղծել էր հայ-թուրքական թշնամություն: Ուստի, սոցիալ-դեմոկրատիան պահանջում է ոչնչացնել այդ կարգադրությունը, հակառակ դեպքում ինքն ստիպված կլինի հրաժարվել իր ստանձնած դերից:

Խորամանկ ծրագիրը մերկացված էր և պետք էր այն թողնել: Փոխարքային օգնության հասավ նրա զինվորական շտաբը, որ ավելի ազդու ուղղություն էր տվել իր սևհարյուրակային գործունեությանը: Սպայակույտը, քննության առնելով իր հրամանատարի կարգադրությունները և մանավանդ այն, որ զինվել էր վրաց սոցիալ-դեմոկրատիան, գտավ, որ հասարակական կարգի պահպանությունը բանակի առաջին պարտականությունն է, մինչդեռ բանակը, բոլորովին բարձիթողի է արված այնպիսի մի ժամանակ, երբ անիշխանություն է ամեն տեղ, և օրն օրին բազմանում են վերին աստիճանի վտանգավոր հեղափոխական շարժումները: Այսպիսով զինվորությունը կկորցներ իր նշանակությունը, կդառնար ետ քաշված, գրեթե անպետք մի ուժ: Ուստի և ընդհանուր ժողովը պահանջեց փոխարքայից զինաթափ անել սոցիալ-դեմոկրատներին, հեռացնել ասպարեզից բոլոր գաղտնի ռազմական կազմակերպություններին և կանոնավոր կյանքի վերականգնումը հանձնել բանակին:

Եվ իր ձեռքն առնելով կարգի փրկության գործը՝ շտաբը զորաբաժիններ ուղարկեց հայ-թուրքական ընդհարումների շրջանում դիրքեր գրավելու համար, իսկ սոցիալ-դեմոկրատներից սկսեց հետզհետե խլել արքունի հրացանները: Վերջին օրերին Բորչալուից զինված թուրքական խմբեր էին մտել Թիֆլիս՝ առանց արգելքի հանդիպելու ճանապարհները պահող զորքերի կողմից: Կռիվն այս պատճառով սաստկացել էր: Համազարկերը շարունակ որոտում էին դժբախտ քաղաքամասի վրա, հրդեհված տները գիշերը տարածում էին իրենց չարագուշակ լուսավառությունը: Առանձին դիրքեր գրաված զորամասերն իրենց իսկ նախաձեռնությամբ հաճախ միանում էին հայկական դիրքերին՝ գրավված մանավանդ այն առատ ուտելեղեններով, որ թափում էին դաշնակցականների դիրքերի մեջ քաղաքացի հայերը: Լավ հյուրասիրվելով հայ զինվորների մոտ՝ կառավարական զորքերը վերջին օրերին շատ հաճախացրին իրենց կրակը թուրքերի դեմ, որոնց դրությունը կատարելապես անտանելի էր դառնում իրենց նեղ ու փոքրիկ տների մեջ: Զոհերի թիվն էլ այնքան էր մեծանում, որ նրանք, վերջապես, ըմբռնեցին կռվող կողմ դառնալու անմտությունն այդպիսի հանգամանքների մեջ և զենքերը ցած դրին: Թիֆլիսն ազատվեց մի մայրաքաղաքի համար ամոթալի և խայտառակ դրությունից:

Բայց մի՞թե բոլորովին անօգուտ էր անցնում Թիֆլիսի հայ-թուրքական պատերազմը ցարական բյուրոկրատիայի համար: Ո՛չ, ինչո՞ւ պետք է անօգուտ անցներ: Զբաղեցնելով վրաց սոցիալ-դեմոկրատներին Շեյթան-բազարում խաղաղեցնողների բավական զիզի-բիզի դերով՝ Վորոնցով-Դաշկովը պատրաստեց գեներալ Ալիխանով-Ավարսկու նվաճողական արշավանքը դեպի արևմտյան Վրաստան, որ ապստամբել և զինաթափ էր արել տեղական ռուս զորքերին՝ հաստատելով տեղական մանր հանրապետություններ: Եվ սկսվեց, ճիշտ որ, նվաճում բարբարոսության բոլոր միջոցներով՝ ջնջելով և ոչնչացնելով ամեն ինչ, որ հանդիպում էր ճանապարհին: Վրաստանը մենակ էր և մեկուսացված, նրան կարելի էր ջարդել բոլոր կողմերից: Ահա՛ հայ-թուրքական կոտորածների պատրաստած մի խոշոր արդյունքը: Վրաց ինտելիգենցիան և հատկապես սոցիալ-դեմոկրատիան նոր միայն տեսավ, թե ինչի համար էր և ինչի բերեց կովկասյան ժողովուրդների բաժանումը, որ ցարական քաղաքականության գլխավոր հիմքն էր կազմում տասնյակ տարիներից ի վեր:

Հայ-թուրքական կռիվը Թիֆլիսում, կարծեք, մի քիչ մերձեցում առաջացրեց վրաց սոցիալ-դեմոկրատների (մենշևիկների) և Դաշնակցության միջև: Նրանք համերաշխ էին գործում կռվից հետո Թիֆլիսում դեկտեմբերյան օրերին, երբ հեղափոխությունը կանոնավոր պատերազմ էր մղում կառավարության դեմ գործադուլների և տեռորիստական գործողությունների միջոցով: Բայց համաձայնությունը երկար չտևեց և չէր կարող տևել, որովհետև երկու կազմակերպություններն էլ իրենց էությամբ նացիոնալիստական էին:
1905-1906թթ. ձմեռն առհասարակ տանջալից էր հեղափոխական երկունքներով բռնված Ռուսաստանի համար: Տանջալից էր կյանքը նմանապես և Թիֆլիսում: Իսկ հայ-թուրքական կռիվների հրդեհով բռնկված գավառական վայրերի դրությունն անտանելի էր: Ամեն տեղից գալիս էին հուսահատական ճիչեր: Շուշին կատարյալ ճգնաժամ էր ապրում...

Դաշնակցությունն այնքան ուժեղացել էր, այնքան հարստացել, որ այդ ձմեռ հիմք դրեց իր լեգալ մամուլին՝ հրատարակելով «Յառաջ» անունով թերթը, որ լայն հիմքերի վրա էր դրված և այդ պատճառով դրամական առատ միջոցներ էր վատնում: «Մշակի» և նոր թերթի մեջ իսկույն սառնություն սկսվեց, որ շուտով փոխարկվեց թշնամության, թեև «Յառաջի» շուրջը խմբվածները, գրեթե առանց բացառության, «Մշակ»-ականներ էին և «Մշակի» աշխատակիցներ: Որոշվում էին նոր դիրքեր: Երկու թերթերը, մնալով բուրժուական մամուլի առաջավոր գծի վրա, իրար հանդեպ բռնեցին այդ գծի երկու ծայրերը. ձախը պատկանում էր դաշնակցական թերթին, աջը՝ «Մշակին», որի համար թե փառք ու պարծանք, եթե մնացել էր, այդ այն էր, որ նա ռուսահայերի մեջ ամենահին պարբերական թերթն էր: Ամենահինը լինելը վատ չէր, վատը՝ հնանալն էր: Իսկ որ «Մշակը» հնանում էր անողորմ կերպով, այդ բացահայտ էր դարձնում դաշնակցական թերթը, որ անկախ իր կուսակցական հանգամանքից՝ աչքի էր ընկնում և՛ գրական շնորհքով, և՛ ավելի արմատական գաղափարախոսությամբ, և՛, մանավանդ, պայքարի համարձակ թափով, որի պատճառով նա կառավարության կողմից փակման էր ենթարկվում և լույս էր տեսնում զանազան անունների տակ:

...Թիֆլիսում տեղի ունեցավ վաղուց սպասված մի հավաքույթ: Փոխարքա Վորոնցով-Դաշկովի կարգադրությամբ երկրի զանազան կողմերից հայ և թուրք ազգաբնակչության կողմից ընտրված ներկայացուցիչներ, թվով 60-62 հոգի, եկան Թիֆլիս, փոխարքայական պալատում նիստեր սկսեցին՝ խորհրդակցելու համար հայ-թուրքական կռիվների մասին: Բանալով համագումարը՝ փոխարքան հայտնեց, թե ինքը շատ է աշխատել դադարեցնել արյունահեղությունն ու ավերմունքը, բայց հաջողություն չի ունեցել, ուստի ահա կանչել է ժողովրդի ընտրյալ և գիտակ մարդկանց, որպեսզի նրանք խորհուրդ տան, թե ինչ պետք է անել...

Համագումարը կազմված էր բացառապես երկու ազգերի տիրող տարրերից: Հայերն ուղարկել էին իրենց բուրժուա ինտելիգենցիան, թուրքերը՝ իրենց կալվածատեր ինտելիգենցիան: Աշխատավոր ժողովուրդը՝ արյունահեղ կռիվների իսկական զոհն ու մարտիրոսը, ոչ մի հատիկ ներկայացուցիչ չուներ: Դաշնակցությունը չէր մասնակցում համագումարին, որին բացասաբար էր վերաբերվում: Եվ իրավ, դա մի բարձր պաշտոնական, միաժամանակ և շատ խղճուկ կատակերգություն էր: Այս տեսնում էր ամեն մեկը, որ թեկուզ հարևանցի կերպով ծանոթանում էր համագումարի մեջ տեղի ունեցած խոսակցություններին:

Ամենից բնորոշ և նշանակալից էր թուրք պատգամավորների դիրքը... Նրանք եկել էին այստեղ իբրև ռուս բյուրոկրատիայի հլու ծառաներ և նրան վերցնում էին իրենց պաշտպանության տակ: «Ոչ ոք,- ասում էին նրանք,- մեղավոր չէ այդ արյունահեղությունների համար իբրև սկզբնապատճառ: Թուրքերը ոչ մի տեղ նախահարձակ չեն եղել, այլ միայն պաշտպանվել են: Միակ պատճառը Դաշնակցությունն է, և, եթե հայերն ուզում են, որ խաղաղություն և հաշտություն լինի, նրանք պիտի ոչնչացնեն Դաշնակցությունը»: Այստեղ, ահա, պանթուրքիստ բեկերը և Նիկոլայի չինովնիկները մի սրտառուչ համաձայնությամբ իրար էին միանում… Զվարճալին այն էր միայն, որ թուրք բեկերի փորացավն ուրիշ էր, այսպես ասած՝ Օսմանյան էր, իսկ ռուս բյուրոկրատիան կարծում էր, թե ինքն է միայն նրանց ցավն ու հոգսը օր ու գիշեր: Եվ ինչպե՞ս չկարծեին խեղճ կառավարիչները, երբ կալվածատեր հռետորները պաշտպանում էին գավառական ռուս չինովնիկներին, որոնք ենթարկված էին դաշնակցականների տեռորին:

«Մի՞թե նրանք մարդիկ չեն»,- հարցնում էին այդ խեղճ գառնուկների պաշտպանները: Բայց միևնույն ժամանակ նրանք դառնապես գանգատվում էին, թե մահմեդականները զրկված են իրավունքներից, նրանց մտավոր պահանջների վրա ուշադրություն դարձնող չկա: Ոչ ոք, իհարկե, չէր ասի, թե դրա պատճառը հայերն էին, ամեն մեկը գիտեր, որ դա հենց բեկական պաշտամունքի առարկա դարձած ցարական բյուրոկրատիան է, որ խտրությունների, անհավասարության, տգիտության և այլ այսպիսի անեծքների վրա է հիմնավորում իր բարօրությունը: Բայց համալսարանական բեկերը մի վայրենի միամտությամբ հայտարարում էին, թե հենց այս պատճառով էլ թուրքերը հարձակվում էին հայերի վրա: Աղաևն իրեն հատուկ ցինիկությամբ ասում էր հայերին. «Դուք զարգացած եք, հարուստ եք, առաջադեմ, մենք ձեր անեծքն ենք՝ երկաթի պես կախված ձեր վզից. դուք պետք է մեզ էլ ձեզ հետ առաջ տանեք: Դուք կազմակերպություն ունեք, մենք չունենք. կա՛մ մեզ էլ տվեք կազմակերպություն, կա՛մ ահա մենք կսպանենք ձեզ, կքանդենք, կհրդեհենք»: Եվ ո՛չ նա, ո՛չ ուրիշ հռետորներ երբեք ցույց չտվեցին, թե իսկապես ինչ վնասներ է կրել թուրք ժողովուրդը հայ ժողովրդից, թե կոտորածի, փոխադարձ ինքնաջնջման մեջ իսկապես ինչ կենսական անխուսափելիություն կա:

Այսպիսի անմտություններ էին արտասանվում, որովհետև խելոք, համոզիչ բան չունեին ասելու: Եթե չլիներ ռուս բյուրոկրատիան, չլիներ և պանթուրքական համածավալ պրոպագանդան, նայելով այդ խղճուկ ու երեխայական բացատրություններին, պետք կլիներ ասել, թե հայերն ու թուրքերը մի ամբողջ տարի է, իրար կոտորում են առանց պատճառի, սխալմամբ, մի վատ երազի տպավորության տակ, որ այդ բոլոր սարսափները պարզ թյուրիմացություններ են:

Այսպիսի բան, սակայն, աշխարհի երեսին չի կարող լինել: Ես արդեն վերևում բացատրեցի: Սուլթանականությունը և ցարականությունը մի հարթակի վրա էին կանգնած. կոտորածների միջոցով տկարացնել հայ ժողովրդին և այսպիսով ոչնչացնել հայերի հեղափոխությունը: Եվ եթե մի րոպե էլ չմոռանանք, որ հայ հեղափոխությունը, լինելով հանդերձ մի ճնշված ժողովրդի արդար դատ, հիմնված էր բոլորովին սխալ և անիմաստ ըմբռնողության, իլյուզիայի վրա, այն է՝ Եվրոպան պաշտամունք՝ ֆետիշական հավատ դարձնելու վրա, այնժամ միանգամայն պարզ կդառնա, որ Կովկասի հայությունն էլ նույն այդ մեծ ստությանը, նույն այդ բազմամյա ցնորքին էր զոհ բերվում: Ես կարող եմ վկայել, որ հայ-թուրքական կռիվների ամենակատաղի ժամանակ քչերը չէին գտնվում, որոնք ասում էին. «Թող Վեհափառը (կաթողիկոսը) դիմում անե Եվրոպային»: Դժբախտ ժողովուրդ, դժբախտ պաշտամունք:

Թուրք պատգամավորների հայտարարություններն այն աստիճանի սպառիչ լիակատարությամբ էին պարզում ժողովրդական մեծ դժբախտության ամբողջ բովանդակությունը, որ ես ավելորդ եմ համարում հայ պատգամավորների ճառերին դիմելը: Թուրքերն իրենց տակտիկային այնքան հավատարիմ մնացին, որ երբ հայերն առաջարկեցին վնասների հատուցման սկզբունքը դնել երկու կռվող ժողովուրդների վրա, նրանք սաստիկ ընդդիմացան այդ մտքին: Մերժվում էր նաև սկզբնապատճառ եղող և, առհասարակ, հանցավոր մարդկանց պատժելու առաջարկը:

Բայց դրա փոխարեն թուրքերը նորից և նորից պահանջ էին մտցնում, որ հայերը ոչնչացնեն իրենց Դաշնակցությունը: Ի պաշտպանություն Դաշնակցության մի ճառ արտասանեց պատգամավոր Ալեքսանդր Խատիսյանը, որն այն ժամանակ այդ կուսակցության անդամ չէր, բայց երևի զգում էր, որ մի ժամանակ պիտի դառնա նրա շեֆը: Դա, ինչպես վկայում էին լրագրերը, մի շատ ազդու և տաղանդավոր ճառ էր, որ նվաճեց ամենքին, նույնիսկ և թուրք պատգամավորներին: Ասել էին, թե Դաշնակցությունը չարությամբ ու թշնամությամբ է լցված դեպի մյուս ազգությունները: Խատիսյանը հերքել էր այդ մեղադրանքը՝ բերելով մի կտոր Դաշնակցության նոր ծրագրից, որի մեջ պահանջվում էր Կովկասի համար ֆեդերատիվ կազմակերպություն՝ ռուսական սահմանադրական պետության մեջ:

(Շարունակելի)



Վերջին էջ

ՕՐԻՆԱԿԱՆ ԱՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ


Մեր բնակարանի Էլեկտրական հոսանքն անջատվել էր։ Մտածեցինք, որ թաղամասի ենթակայանում վթար է տեղի ունեցել, շուտով կսարքեն։ Անցավ 4-5 ժամ, ամառվա տապին առանց հոսանքի մնացած սառնարանում եղած մթերքները, ուտելիքն արդեն «սենյակային» ջերմաստիճան էր ձեռք բերել, շուտ փչացող որոշ մթերքներ ստիպված նետեցինք աղբարկղ...
Զանգեցինք «Արցախէներգոյի» քաղաքային բաժին, հայտնեցինք մեր հասցեն ու ասացինք, որ արդեն 6-7 ժամ է՝ մեր շենքի էլեկտրական հոսանքն անջատված է։ «Չի կարող պատահել, ձեր շենքից բողոք չենք ստացել,- պատասխանեցին,- երևի էլեկտրաէներգիայի վարձը չեք մուծել, անջատել են»։

Մնացինք տարակուսած։ Իսկ մենք նստել ու սպասում ենք։ Պատասխանեցինք, որ մի շաբաթ առաջ ենք մուծել, գրքույկը, կտրոնը՝ ստորագրած, կնիքով վավերացրած, մեզ մոտ է...
Մեր համակարգիչում ձեր ազգանվան դիմաց ոչինչ չկա, որտեղ մուծել եք, նրանցից պարզեք՝ եղավ պատասխանը։
Զանգեցինք «Արցախբանկի» մասնաճյուղ, ստուգեցին ու հայտնեցին, որ քարտի համարը թյուրիմացաբար սխալ են գրել և մեր գումարը հայտնվել է ուրիշի անվան դիմաց...
Կրկին տարակուսեցինք՝ դուք միայն քարտի համարին ե՞ք նայում, այդ դեպքում քարտում մեր անուն-ազգանունն էլ ինչո՞ւ ենք գրում...

Կրկին զանգեցինք «Արցախէներգո»-ի համապատասխան բաժին, ասացին, որ արդեն իրենց տեղյակ են պահել, «շուտով մարդ կուղարկեն՝ միացնի»։ Բայց ձեր այդ մարդը, որ եկել-հասել է մեր թաղամասը, մեր շենքն ու բնակարանը գտել ու հոսանքն անջատել, չէ՞ր կարող նեղություն կրել, 1-2 հարկ բարձրանալ ու էլեկտրաէներգիայի մեր գրքույկը ստուգեր, նոր միայն հոսանքն անջատեր։
Այդ մասին հայտնեցինք նաև քաղաքային բաժնի պետին, նա էլ արդարացավ՝ 4 հազար բաժանորդ ունենք, բոլորի գրքույկներն ինչպե՞ս ստուգենք...

Իսկ 4 հազար բաժանորդների գրքույկները ստուգելու անհրաժեշտություն չկա, որովհետև յուրաքանչյուր թաղամասում առավելագույնը 10-20 բաժանորդ կարող է էլեկտրաէներգիայի վարձը մուծած չլինել։ Ինչ-որ է, խնդրեցինք՝ որքան հնարավոր է, շուտ ուղարկեն «հոսանք միացնողին»։
Մեկ-մեկուկես ժամ էլ անցավ։ Պատշգամբից նկատեցինք, որ ինչ-որ մեկը, մի տետր ու գրիչ ձեռքին, մտավ հարևան շքամուտք և այնտեղից դուրս գալով, գնաց։ Կասկածեցինք՝ սա նրանց մասնագե՞տն է, թե՞ ուրիշ է։

Նորից զանգեցինք «Արցախէներգո»-ի քաղաքային բաժին, մասնագետի ձեռքի հեռախոսի համարը հարցրինք ու զանգեցինք։ Ձեր շենքի առաջին շքամուտքում անջատված հոսանքը մի քանի րոպե առաջ միացրի և դուրս եկա,- պատասխանեց նա,- իսկ դուք ձեր հարցերը պարզե՞լ եք, որովհետև ձեր հասցեն ինձ չեն տվել, իմ ձեռքի ցուցակում չկա...
Ահա՜ թե ինչ։ Իսկ մեզ մի քանի անգամ հայտնել են, որ մասնագետ են ուղարկել՝ հոսանքը միացնելու...
Այս ամենը մի նախադասությամբ կարելի է անվանել՝ օրինական անօրինություն։ Հարևանս ասում է՝ «Ղարաբաղ տելեկոմ»-ից բացի եթե մի այլ ընկերություն էլ լիներ, հաճույքով կփախչեի սրանցից... Նույնը կասեի նաև «Արցախէներգոյի» մասին... Նաև մեր Հայրենիքի մասին։

Ա. ԱԴԱՄՅԱՆ
Թոշակառու



Ա՜Խ, ԱՅԴ ՊԱՇՏՈՆԸ...

Պաշտոնը զարմանահրաշ հատկություն ունի։ Մարդիկ, որ կարծում էին, թե ձմերուկը ծառի վրա է բուսնում, ձուն արտադրում են արդյունաբերական ձեռնարկություններում, Թումանյանի «Շունն ու կատուն» գրել է Ալեքսանդր Պուշկինը, կամուրջը նրա համար է, որ տակով գետը հոսի և այլն, պաշտոն ստանալով, հանկարծ Աստծո շնորհ է իջնում նրանց վրա, և նրանք սկսում են հանրությանը բացատրել, թե ինչպես պիտի ձմերուկ աճեցնել, հավերին ինչպես պիտի խնամել, որ ավելի շատ ձու ածեն, սովորողներին խորհուրդ են տալիս շատ կարդալ և՝ հատկապես Հովհաննես Թումանյանի մեծարժեք ստեղծագործությունները, իսկ շինարարների համար երկար-բարակ դասախոսություն են կարդում «Կամուրջի դերը երկրի հասարակական-քաղաքական կյանքում» թեմայով...

Վ. ՕՎՅԱՆ



ՀԱՅԱՍՏԱՆԸ «ՊԱՏՎԱՎՈՐ» 3-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է՝ 3-Ի ՄԵՋ

Հայաստանում ինտերնետից (համացանց) օգտվողների թիվն ողբերգական է։ Միջազգային Internet World Stats մոնիթորինգային ընկերությունը հրապարակել է 2010 թ. հուլիսի 1 ի դրությամբ տարբեր պետություններում ինտերնետից օգտվողների թիվը։
Ըստ այդմ՝ բարձր տեխնոլոգիաները ռազմավարական ճյուղ համարող, «ահավոր խելոք» և բլոգեր վարչապետ ունեցող Հայաստանը մի քանի անգամ զիջում է իր հարևաններին։ Այսպիսով.
Ադրբեջան - 3 մլն 689 հազար (բնակչության թվի 44,4 տոկոսը)։
Վրաստան - 1.3 մլն (բնակչության թվի 28, 3 տոկոսը)։
Հայաստան - 208 հազար օգտագործող (բնակչության թվի 7 տոկոսը)։
Ընդհանուր առմամբ՝ Ասիայում հաշվվել է շուրջ 825.094 մլն յուզերներ։ Բնականաբար, առաջին տեղում Չինաստանն է՝ 420 մլն, ապա՝ Հնդկաստանը՝ 81 մլն։ Հետաքրքիր է, չէ՞։
yerevaklur.am

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ։ Իսկ հայ պաշտոնյաները, տառաճանաչ թե ոչ տառաճանաչ, առիթ թե անառիթ, բարձր տեխնոլոգիաներից են ճամարտակում, ջայլամի իրենց գլուխը խցկած ավազի մեջ՝ տեղեկատվական հաղթանակներ ակնկալում...



ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ

Աշխարհի ամենաերկար բառը կազմված է 184 տառից: Դա Արիստոֆանի ստեղծագործություններից մեկի մեջ հանդիպող հունարեն բառ է:

Երկրագնդի ամենափոքր թփերը աճում են Գրենլանդիայում. դրանք թզուկ ուռենիներն են, որնց բարձրությունը 5 սմ-ից չի անցնում:

Աշխարհի ամենաերկար ավտոմոբիլը կառուցվել է 1929 թ., հատուկ պատվերով, ԱՄՆ-ում: Դրա երկարությունը 8.99 մ. է, ունի երկու գունավոր հեռուստացույց, տեսամագնիտոֆոն, 8 բարձրախոս, բար, սառնարան, չհրկիզվող պահարան, հեռախոս:

Բարձրակրունկ կոշիկները երևացել են ուշ միջնադարում: Դրանց հայրենիքը Փարիզն է: Բայց ինչո՞ւ պետք է կինն իր կոշիկները բարձր պահի և մարմնի ծանրությունը հենի ոտքերի թաթերի վրա: Ամեն ինչ սկսվել է փողոցների կեղտոտությունից: Փարիզի փողոցների մեծ մասը սալահատակված չէր, և մարդիկ մի փողոցից մյուսն անցնելու ժամանակ երբեմն խրվում էին ցեխի մեջ ու դուրս գալիս ամբողջովին կեղտոտված: Եվ ահա մի քանի հնարագետ կոշկակարներ ոտքը գետնից բարձր դնելու համար հնարեցին բարձր կրունկները, որ հարմար միջոց էր ցեխոտ փողոցներով անցնելու համար: Բոլոր փարիզցիները՝ կին թե տղամարդ, սկսեցին բարձր կրունկներով կոշիկներ հագնել: Բարձրակրունկ կոշիկները նորաձևությունների մայրաքաղաք Փարիզից տարածվեցին աշխարհի բոլոր կողմերը: Հետագայում տղամարդիկ դեն նետեցին իրենց բարձրակրունկները և հագան սովորական կոշիկներ: Իսկ կանայք հավատարիմ մնացին բարձր կրունկներով կոշիկներին...

Մորեխը բնության ստեղծած ամենաահավոր արհավիրքներից մեկն է: Ժողովուրդներ են անհետացել երկրի երեսից՝ մնալով առանց սննդի, երբ ագահ միջատներն անցել են նրանց տարածքով: Գիտական դիտարկումները ցույց են տվել, որ դրանց երամը կարող է մեկ օրում խժռել 80 հազար տոննա հացահատիկ, այսինքն՝ այնքան, որքան անհրաժեշտ է 600 հազար բնակիչ ունեցող քաղաքին մեկ տարի կերակրելու համար:

Նոր տարվա գաղափարը Եգիպտոսում կապվել է Նեղոս գետի հետ: Նեղոսի վարարման և Սիրիուս աստղի երևալու միջև ընկած ժամանակաշրջանը կոչվել է տարի:
Ռուսները Նոր տարին նշել են սեպտեմբերի 1-ին, անգլիացիները՝ մարտի 26-ին, իսկ Ֆրանսիայում այն զուգադիպում էր Զատկի տոնին: 1582 թվականից որոշվեց Նոր տարվա սկիզբը համարել հունվարի 1-ը: Նոր կամ Գրիգորյան տոմարը մտցվել է Հռոմի պապ Գրիգորի կողմից: Հին և նոր տոմարների միջև եղած տարբերությունը կազմում է 13 օր:

Լոս Անջելոս քաղաքի հուշանվերների խանութներում վաճարվում են յուրօրինակ մոխրամաններ, որոնք տրամադրում են չծխել: Բանն այն է, որ երբ սիգարեթի մոխիրը գցում են մոխրամանի մեջ, լսվում է ծխողի հազ հիշեցնող ձայն: Ամեն անգամ մոխրամանը «հազում է» 30 վայրկյան:

Շատերը գտնում են, որ վաղածին երեխաների ֆիզիկական ու մտավոր զարգացման հավանականությունը քիչ է: Թերևս, բայց վաղածին են եղել Նյուտոնը, Դարվինը, Նապոլեոնը, Վոլտերը, Ռուսսոն, Կյուվեն, Հյուգոն, Լամարթինը և շատ ուրիշներ: Վոլտերը և Նյուտոնն ապրել են 84 տարի, Հյուգոն՝ 80 տարի:

Մարդու օրգանիզմի արյունատար անոթներն ունեն հարյուր հազար կմ երկարություն:

Ինչո՞ւ կանայք ավելի լավ վարորդներ են, քան տղամարդիկ, այսպիսին էր անգլիական հեռուստատեսության հայտարարած մրցույթի հարցերից մեկը: Առաջին մրցանակը ստացավ 54-ամյա Էվելին Վուդը, որը պատասխանել էր այսպես. «Որովհետև կինն ավտոմեքենային վերաբերվում է ինչպես իր ամուսնուն, այն դեպքում, երբ ամուսինը՝ ինչպես իր կնոջը:

Մերձավոր Արևելքում աճում են բույսեր, որոնք կոչվում են ծիծաղի ծաղիկներ: Ծաղիկների պտուղները՝ ոլոռի մեծությամբ սև հատիկները, մարդու մեջ առաջացնում են ծիծաղի բավականին երկար նոպա՝ 30-50 րոպե տևողությամբ: Տեղի բնակիչներն այդ հատիկները ծամում են ատամի ցավը հանգստացնելու համար:

ՄԻՔԱՅԵԼ ԲԱԼՅԱՆ


Համարի ասույթը

20-րդ դարի սկզբներին թուրքերի, իսկ նույն դարի վերջերից հայ ղեկավարների ջանքերով Հայրենիք հասկացությունը հայերիս համար աստիճանաբար դառնում է վերացական ինչ-որ բան:


Ամսվա ասույթը

Ոչխարացած ժողովրդին գրեթե անհնար է կրկին առյուծ դարձնել:

Комментариев нет:

Отправить комментарий