17.6.11

N 5 (2009)

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ՆԱԽ ԻՆՔՆԵՐՍ ՀԱՐԳԵՆՔ ՄԵԶ

Մի քանի ամիս է մամուլում, առավելապես հայկական, շարունակվում են քննարկումները՝ ապրիլի 24-ին Բարաք Օբաման հավատարիմ կմնա՞ իր խոստմանը, կօգտագործի՞ «ցեղասպանություն» բառը, թե՞ ոչ: Կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը, թե՞ ոչ: Քանզի վաղուց սովորական է դարձել՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ ամերիկյան նախագահները խոստանում են, որ նախագահ ընտրվելուց հետո անպայման կճանաչեն անցյալ դարի առաջին մեծ ոճիրը՝ Հայոց ցեղասպանությունը: Սակայն, բազմելով նախագահական գահին, «մոռանում են» իրենց խոստումը: Տարբեր կարծիքներ, ենթադրություններ են արվում, քաղաքագետ թե պատմաբան, հասարակական գործիչ թե անգործ քաղաքացիներ ծանրութեթև են անում «այո»-ի և «ոչ»-ի նժարները, վերլուծում քաղաքական վերջին զարգացումները...

Ճիշտն ասած, չեմ կարող ասել, թե ես միանգամայն անտարբեր եմ այդ հարցի նկատմամբ, սակայն ինձ այլ, ոչ պակաս կարևոր հարց է հուզում՝ Արցախը կարժանացնե՞նք Արևմտյան Հայաստանի, Ղարսի, Արդահանի, Նախիջևանի ճակատագրին, որպեսզի հետո ողբանք Հայրենիք, Հայոց հող կորցնելու համար, թե՞ դարավոր մեր պատմության ընթացքում գոնե մի անգամ մինչև վերջ տեր կկանգնենք Հայրենի հողում ապրելու մեր իրավունքին:

Թող այս անգամ էլ ամերիկյան հերթական նախագահը տեր չկանգնի իր խոստմանը: Աստված իր հետ: Թող եվրոպական ինչ-որ պետության սենատում այս անգամ անհրաժեշտ ձայներ չհավաքվի՝ ցեղասպանության ճանաչման օգտին: Բայց թող որ այս անգամ, գոնե մի անգամ մեր ժողովուրդը տեր կանգնի իր Երկրին ու Ապրելու իրավունքին: Թող որ այսօրվա ավագ սերունդը հանգիստ խղճով, առանց ավելորդ երկյուղի ապրի իր բաժին կյանքի վերջին տարիները, օրերն ու ժամերը, համոզված, որ իր զավակները, թոռներն այլևս հայրենի օջախ չեն կորցնելու:
Իրենց նախնիների և իրենց շիրիմներն անտեր չեն մնալու...

Եկեք այսօր այդ մասին խորհենք: Մտածենք, տեսնենք ինչ պետք է անել, որպեսզի կրկին Կենաց ծառ չգլխատվի Հայոց լեռներում: Դրա համար պետք է հզոր երկիր ստեղծել, այնպես անել, որ ոչ թե երկիրը անվանվի անկախ, այլ այդ երկրի քաղաքացին իրեն զգա ազատ ու անկախ, և իրեն զգա իր հող ու ջրի Տերը՝ թե Հայաստանում, թե Արցախում: Առաջին հերթին պիտի մենք ինքներս հարգենք մեզ ու մեր երկիրը:

Այդժամ աշխարհը կհարգի մեզ: Թշնամին, հակառակորդն անգամ կհարգի մեզ: Թեկուզ դա պայմանավորված լինի վախով: Այդժամ աշխարհը կճանաչի նաև Հայոց ցեղասպանությունը:

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



ԼՈՒՐԵՐ

ՀԱՑՊԱՆՅԱՆԻՆ՝ 3,5 ՏԱՐԻ

Արցախի պատերազմի վետերան, Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանը երեկ դատապարտեց ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով: Սարգիս Հացպանյանին բանտ նետեցին «ՀԺ» թերթին տված հարցազրույցում հայտնած մտահոգության համար, թե ՍՍ-ի նկատմամբ կարող է մահափորձ իրականացվել: Քանի որ չպետք է բացառել դեպքերի նման զարգացման վարկածը, Հացպանյանը կարծիք էր հայտնել, թե հանուն Հայաստանի պետականության անհրաժեշտ է դրա դեմն առնել: Այդ մտահոգության մասին հրապարակավ արտահայտվելու համար էլ Հացպանյանին առաջադրվեց ՀՀ քրօրի 333 հոդվածով նախատեսված մեղադրանք: Դատավոր Ավետիսյանը երեկ դատավճիռը կարդացել է Հացպանյանի հետ tet atet: Ներկա չեն գտնվել ոչ մեղադրող Ամիրզադյանը, ոչ էլ Հացպանյանի փաստաբանները:
«Տարեգիր», Երևան


ՌՈԲԵՐՏ ՍԻՄՈՆՍ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ»

«Lեռնային Ղարաբաղի հակամարտությունը հիմնական խոչընդոտն է տարածաշրջանում խաղաղություն ու կայունության հաստատելու ճանապարհին»,- ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:

Նա ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը Ղարաբաղի խնդրին շատ լուրջ է վերաբերվում և կշարունակի աջակցություն ցուցաբերել հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին:
«Այնուամենայնիվ, երբ խոսք է գնում միջնորդական ջանքերի մասին, ՆԱՏՕ-ն առաջատար դեր չի խաղում: Այդ դերակատարությունը ներկայումս կատարում է ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը, որի գործունեությանը մենք ամբողջովին աջակցում ենք: Այդ գործընթացում ՆԱՏՕ-ի առանձին դերակատարության անհրաժեշտություն կամ օգտակարություն մենք չենք տեսնում»,- շեշտել է Սիմոնսը:
«Ազատություն»

ՎԵՐՋԻՆ ԺԱՄԻՆ

Ապրիլի 13-ի առավոտյան ԼՂՀ Ազգային ժողովի շենքի առջև տեղի է ունեցել ցույց: Մոտ վեց տասնյակ ցուցարարներ, ովքեր շուկայում ունեն վարձակալած տեղամասեր՝ առևտրով զբաղվելու համար, բողոքել են վարձակալության բարձր գներից: Օրենսդիր պաշտոնյաների հետ հանդիպումից հետո ցուցարարները ցրվել են:



ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՆ ԱՄԲՈՂՋ ԾԱՎԱԼՈՎ ԳՆԱՀԱՏՎԱԾ ՉԵՆ

«Շատ կազմակերպությունների կողմից վերլուծություններ կան հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական օգուտների ու կորուստների վերաբերյալ, բայց, ճիշտն ասած, հենց նույն կազմակերպությունները չեն կարող վստահ լինել, որ դրանք հենց այն հետևանքներն են, որոնք կարելի է սպասել սահմանի բացումից»,- հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգմավոր Ստյոպա Սաֆարյանը:

Նա այն կարծիքին է, որ հետևանքները դեռևս ամբողջ ծավալով գնահատված չեն. «Մեր դիվանագիտության բացթողումներից մեկն է, որ չհասկանալով կամ չունենալով նախնական գնահատականներ, թե ինչ դրական կամ բացասական հետևանքների կարող է բերել սահմանի բացումը, գնում են դրան»:

Ստյոպա Սաֆարյանը մտահոգված է, որ հայ-թուրքական երկխոսությունից քիչ է տեղեկացված հասարակությունը: Նրա համար անհասկանալի են հայկական կողմի որդեգրած՝ չարձագանքելու մոտեցումը, երբ թուրքական կողմն ասում է, որ հայ-թուրքական սահմանի բացումը երբևէ չի վտանգելու թուրք-ադրբեջանական հարաբերությունները: «Եթե միակողմանի փակված սահմանի բացումը դառնում է սակարկության առարկա և ենթադրում փոխզիջումներ նաև հայկական կողմից, սա անհասկանալի է»:

Լարիսա Ալավերդյանն էլ գտնում է, որ իրավիճակային գործընթացները հղի են անորոշ արդյունքներով. «Ողջունելով ցանկացած հարևանի հետ հարաբերությունների բարելավումը՝ մենք գտնում ենք, որ այդ բոլորը պետք է ներկայացվի ընդհանուր համապարփակ ռազմավարական փոփոխությունների ներքո: Որևէ մեկին հայտնի չեն, թե ինչ սկզբունքների հիման վրա, ինչ վերջնական կամ միջանկյալ նպատակներ ակնկալելով է, որ մենք սկսում ենք հարաբերություններ Թուրքիայի հետ»,- նշել է պատգամավորը:

«Ադրբեջանն աննախադեպ ճնշում է սկսել միջազգային կառույցների, նաև Թուրքիայի վրա՝ սպառնալով, որ գազից կզրկի, էներգետիկ նախագծերը կձախողի, եթե բացվի հայ-թուրքական սահմանը: Ո՞ր մասն է այստեղ դերասանություն, ո՞ր մասն է անկեղծ, ժամանակը ցույց կտա»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:
Պատգամավորի մոտ անկեղծության հարց են առաջացնում նաև Արևմտյան Հայաստանի տարածքում սկսված զանգվածային ցույցերը սահմանի բացման դեմ: «Իմ կարծիքով, այս հիստերիկ շարժումները Ադրբեջանի և, իբր թե, թուրքական բնակչության կողմից կարող են նաև համաձայնեցված լինել թուրքական իշխանությունների հետ: Կարծում եմ՝ այս ամենը բեմադրություն է, որը հնարավորություն կտա կամ կպարտադրի արևմտյան աշխարհին ու միջազգային կառույցներին նորից դիմել Հայաստանին՝ Թուրքիայի որոշ նախապայմաններ ընդունելու առաջարկով»,- նշեց պատգամավորը:

Վ. Հովհաննիսյանը կարծում է, որ մենք չպետք է կուլ տանք խայծը, և «շատ ճիշտ է վարվել ՀՀ ԱԳ նախարարը, երբ բացառել է որևէ նախապայմանի պարագայում այս բանակցությունների շարունակումը»:
«Հետք»



ՆՈՐԱՇԵՆ. ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նորաշեն գյուղը շրջկենտրոն Հադրութից գտնվում է 4 կմ հեռավորության վրա, հարևան Այգեստան գյուղից՝ 2 կմ: Ստեփանակերտիցից Նորաշեն 84 կմ է:
Գյուղն ունի 25 բնակեցված տուն, 10 նոր տներ գտնվում են կառուցման վերջին փուլում: Գյուղը չունի մշտական ջուր, չունի լարային հեռախոսակապ, ներքին ճանապարհները գտնվում են անբարվոք վիճակում, մանավանդ, այն ճանապարհը, որը գյուղը միացնում է գլխավոր ճանապարհին:

Մինչև Արցախյան Շարժումը գյուղի ներքևի մասը բնակեցված էր ադրբեջանցիներով, իսկ վերևի մասը՝ հայերով: Այդ ժամանակ Նորաշենում մնացած հայերը արտաքսվել են: 1992 թ. հուլիսին գյուղն ազատագրվել է: Առաջին բնակիչը եղել է Թամրազյան Ալեքսին, որը գյուղ է վերադարձել մոր, կնոջ և 2 երեխաների հետ: Նախքան գյուղը վերաբնակեցման ծրագրի մեջ ընդգրկվելը, վերադարձել են մի քանի ընտանիքներ, բնիկ նորաշենցիներ: Վերջին 3 տարվա ընթացքում 5 ընտանիք գյուղից հեռացել են՝ տուն կամ աշխատանք չունենալու պատճառով: Ներկայումս գյուղի նախկին բնակչությունից մնացել է ընդամենը 4 ընտանիք, որից 2-ն առայսօր տան խնդիր ունի:

Զինադադարից հետո Նորաշեն է տեղափոխվել բնիկ հադրութեցի Ստեփան Ղազարյանը, այնտեղ բացել է սեփական ֆերմա և այն շահագործում է մինչ այսօր:
2001 թ. կառուցվել են 10 նոր տներ, և գյուղն էլեկտրականացվել է: Նորակառույց տներում վերաբնակեցվել է 5 ընտանիք՝ ՀՀ Գավառի շրջանից: Վերաբնակները ստացել են մեկական կով և երկարաժամկետ վարկեր: 2002 թ. կառուցվել է 9 տուն՝ վերաբնակների ու փախստականների համար: Նույն թվականին բացվել է նորակառույց մանկապարտեզը: Սույն թվականին գյուղին նվիրվել է տրակտոր՝ ողջ համայնքին ծառայելու նպատակով: 2004 թ. գյուղում կառուցվել է բուժկետ-գյուղապետարանի շենք, սակայն շենքի ներքին շինարարական աշխատանքները դեռևս ավարտին չեն հասցվել:

2006 թ. սեպտեմբերին բացվել է նորակառույց 8-ամյա դպրոցի շենքը, որը ֆինանսավորվել է ՀԲԸՄ-ի կողմից: Մինչ այդ երեխաները հաճախում էին հարևան Այգեստան գյուղի դպրոցը: 2008 թ. գյուղում կառուցվել է 10 նոր տուն:
Գյուղում գրանցված է 162 բնակիչ, սակայն որպես մշտական բնակիչ ապրում է ընդամենը 105 հոգի, որից 4 ընտանիք բնիկ նորաշենցիներ են, մյուսները՝ Հադրութից, ՀՀ Գավառի շրջանից, Գյումրիից և Ադրբեջանից եկած փախստականներ:
Գյուղի 21 ընտանիքներում ապրում են 59 երեխաներ, որից 25-ը հաճախում են դպրոց: Ի դեպ, 6 ընտանիք ունեն երեքական երեխա, 4 ընտանիք՝ չորսական երեխա, մի ընտանիք՝ 5 և մի ընտանիք՝ 8 երեխա: Վերջինս պատրաստվում է տեղափոխվել Հադրութ, քանի որ կառավարության որոշմամբ այս ընտանիքը չորս սենյականոց բնակարան է ստացել:

Նորաշենի 8-ամյա դպրոցի ուսուցիչներից ոչ ոք նորաշենցի չէ: Ավելին՝ բնակիչները ստանում են աշխատավարձերի ընդամենը 13 տոկոսը, մնացած 87 տոկոսը ստանում են ոչ տեղացիները:
Բուժքույր Նունե Առուշանյանն ունի մասնագիտական փորձ: Նրա խոսքերով, գյուղի առողջապահությունը գտնվում է ուշադրության կենտրոնում, բուժկետն ապահովված է բոլոր անհրաժեշտ դեղամիջոցներով:
Ընդհանուր առմամբ, գյուղի վերակառուցումը սկսվել է 2000 թվականից՝ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Ֆրանսիայի մասնաճյուղի կողմից (ՀԲԸՄ): Սակայն բնակչության սոցիալ-տնտեսական անբարվոք վիճակը թույլ չի տալիս պատկերացնել, որ այս գյուղը գտնվում է աշխարհում ամենաուժեղ հայկական բարեգործական կազմակերպություններից մեկի հովանավորության տակ: Օգնությունները Նորաշենի բնակիչներին անհավասարաչափ են բաժանվել՝ առանց հաշվի առնելու ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը: Ընդհանրապես բարեգործական գումարները աննպատակ են ծախսվել: Արդյունքում՝ աղքատության մակարդակն ավելի է բարձրացել, որի հետևանքով որոշ ընտանիքներ հեռացել են գյուղից:

Բնակչությունն ապրում է բանջարանոցներ մշակելով, ամսական նպաստներով, թոշակով և աշխատավարձով: Ընտանիքների մեծամասնությունն ունեն 30 հազարական դրամից ավելի ամսական եկամուտ (ներառյալ՝ նպաստները): Եկամտի հնարավորության բացակայության պատճառով երիտասարդությունը զբաղվում է մետաղներ և այլ շինանյութեր հավաքելով ու դրանց դիմաց որոշակի գումար վաստակելով: 2008 թ. ապրիլին 16 տարեկան մի երեխա մահացել է նման աշխատանքի ժամանակ: Ձմռանը գյուղացիները կտրում են ծառերը և հնարավորության չափով փայտը փոխարինում սննդամթերքներով:

Նորաշենն անասնապահությամբ զբաղվելու մեծ հնարավորություններ ունի: Կովերի բաժանումն այնքան էլ մեծ հաջողությունների չի հասել, քանի որ բնակիչներից շատերը չեն կարողանում կովեր պահել: Սակայն կան նաև այնպիսիք, որոնք զբաղվելով անասնապահությամբ, մեծ արդյունքների են հասնում և դրանով կարողանում բավարարել իրենց ընտանիքների կարիքները: Ցավոք, կան բնակիչներ, ովքեր նյութական միջոցներ չունենալով, մորթեցին և վաճառեցին եղած կովերը: Այս ոլորտի զարգացումը մեծապես կախված է շուկայում մսի և կաթնամթերքի իրացումից: Եթե շուկան ապահովի նշված մթերքների վաճառքը, ապա գյուղացին ստիպված չի լինի մորթել ու վաճառել կովերը, այլ կվաճառի միայն կաթնամթերքը:

Նորաշենցիներին հատկացված հողերը շատ հեռու են գյուղից, որի պատճառով նրանք չեն կարողանում օգտագործել այն: Մինչդեռ գյուղին պատկանող հողերը մշակվում են հարևան համայնքների կողմից: Քանի որ դրանք մինչ այսօր սեփականաշնորհված չեն, կարելի է այս հարցը շուտափույթ ու հեշտությամբ լուծել, որպեսզի գալիք աշնանը նորաշենցիները կարողանան մշակել իրենց համայնքի հասանելիք հողերը:

ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ



ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐԳԵԼԻ «ՆՈՐ ԷՋ»


Երևի ինքներդ էլ ականատես եղաք հետպատերազմյան շրջանում ԼՂՀ-ում հրատարակվող մի շարք թերթերի փակվելուն: Եթե չհաշվենք ֆինանսական սղության խնդիրը, ապա տեսանելի է, առաջին հերթին, նաև այն, որ այդ թերթերը Արցախի գյուղական բնակչության ու նրա մտավորականության հետ ոչ մի կապ չունեին: Ասել է թե՝ մենք տպենք-մենք կարդանք, մեզ տպենք-մեզ պաշտպանենք: Շատ նեղ շրջանակներով: Եվ դրա արդյունքը հասկանալի է:

Այսօր գյուղական բնակչության թվակազմից (շուրջ 80 հազար մարդ) ընթերցող է հազիվ 1-2 հազարը և նույն թվակազմի մտավորական-լրագրողական կազմից ԼՂՀ մամուլին թղթակցում է մեկ տոկոսից պակասը: Նրանք էլ հիմնականում դիլետանտներ են:
Ասել է թե՝ մամուլը ձգելու փոխարեն վանում է և թղթակցին (որը նաև ընթերցող է), և ընթերցողին (որը կարող է թղթակցել): Հիմնական պատճառը կապի, փոստային ծառայության բացակայությունը չէ միայն: Գլխավորը հիասթափությունն է:
Որոշ թերթեր, չնայած տեխնիկական հոգեվարքին, գրվում-լցոնվում են մի խմբագիր կոչվածի կողմից: Արտահաստիքային թղթակից, գյուղական թղթակից հասկացությունները վաղուց դուրս են շպրտվել խմբագրական լեկսիկոնից:

Պատճառները հասկանալի են: Բայց, նորից եմ կրկնում, պատճառը գյուղում, ավանում, շրջկենտրոններում, նույնիսկ մայրաքաղաքում ապրող մտավորականի, գյուղի թղթակցի հիասթափությունն է:
Գրածդ պետք է տպագրվի (խոսքն ասելիք ունեցող գրվածքների մասին է): Անպատճառ: Թեկուզ ուշացումով: Բայց՝ ոչ, պարզվում է, որ ամենակարևոր բանն էլ կարող է խմբագրի կամ մյուսների ձեռքով, դեռ չկարդացած անգամ, մակագրվել՝ «Ուղարկել արխիվ»:
Լավ կլինի դուք ունենաք մի ընդհանուր մշտական անկյուն, ուր կարևոր եմ համարում տպագրեք այն հոդվածները, որոնք «արխիվ» են ուղարկվել: Դա կբարձրացնի նաև մյուս թերթերի զգաստությունը:
Կարծում եմ, մեկնաբանելու կարիք չկա:

ԷՌՆԵՍՏ ԵՍԱՅԱՆ



ՄԻ ԽՆԴՐԱՆՔ ՈՒՆԵՄ

Դեռևս Բակո Սահակյանի նախընտրական հանդիպման ժամանակ (օրը ստույգ չեմ հիշում, միայն այն եմ հիշում, որ Նախիջևանիկի միջնակարգ դպրոցի բակումն էր հանդիպումը) մտադիր էի ես էլ ելույթ ունենալ: Բայց քանի որ այդ օրը նախագահի թեկնածուն պիտի մի քանի տեղ ևս հանդիպումներ ունենար ընտրողների հետ, ուստի իմ խոսքն այդպես էլ չհասցրի հայտնել: Այն առաջարկությունները, որ պիտի անեի, ուզում եմ ներկայացնել հիմա.

- Արցախը տեսնել խոշոր պետությունների կողմից ճանաչված (առանց տարածքային փոխզիջումների),
- կանխել երիտասարդների արտահոսքը,
- երիտասարդ ընտանիքներին բավարարել բնակարաններով և աշխատանքով,
- նորածինների համար տրվող նպաստը առնվազն եռակի չափով բարձրացնել: Բարձրացնել նաև կենսաթոշակառուների կենսաթոշակը.
- խճապատել կամ ասֆալտապատել Ասկերան-Դահրավ ավտոճանապարհը: Դահրավում կառուցել 3-4 բնակարան,
- կարգավորել հեռախոսային կապը, հեռուստահաղորդումները հասանելի դարձնել Ղարաբաղի ծայրամասային գյուղերին.
- լուծել ջրի պրոբլեմը (թե խմելի, թե ոռոգման).
- վերացնել կենսաթոշակների բաշխման խտրականությունը. ինչո՞ւ մեկը ստանա 10-15 հազար դրամ կենսաթոշակ, մյուսը՝ 250-300 հազար դրամ:

Ընտրությունները վաղուց ավարտվել են, Բակո Սահակյանն ընտրվել է ԼՂՀ նախագահ: Նա իր խոստումերը կատարում է գերազանց: Ես՝ որպես Արցախի մի բնակիչ, մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության միջոցով հետևում եմ մեր հանրապետությունում կատարվող բարեփոխումներին, իրականացվող ծրագրերին, գոհ եմ նոր իշխանությունների աշխատանքից:
Բայց մի խնդիր, մի պրոբլեմ ուզում եմ հասանելի դարձնել մեր կառավարությանը: Դեռևս խորհրդային ժամանակներում բազմազավակ, հինգ և ավելի երեխաների մայրը, որպես արտոնություն, կենսաթոշակի էր անցնում հիսուն տարեկանից: Նույն մայրն այսօր ապրում է առանց որևէ արտոնության, դժվարությամբ կատարում իր մայրական պարտքը: Արցախում ինչո՞ւ չի կարելի նման մայրերի կենսաթոշակին, որպես արտոնություն, հավելյալ գումար ավելացնել, ինչպես վարվեցին անհատական կենսաթոշակառուների հարցում:

ՄԻՔԱՅԵԼ ՍԻՄՈՆՅԱՆ
Թոշակառու ուսուցիչ
գ. Սառնաղբյուր



ՀՈԳԱՆՔ ԻՐԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Վերջերս որոշ շրջանակներում հաճախակի է հոլովվում Թևան Ստեփանյանի անունը, այն նույնացնելով «հերոս» վեհաշունչ բառի հետ: Պատճառաբանությունը հիմնականում այս է՝ հարևան ազերիներն իրենց Ղաչաղ Նաբուն հերոս են դարձրել, մենք նրանցից ինչո՞վ ենք պակաս: Ուրեմն նրանցի՞ց պիտի օրինակ վերցնենք: Գող ու թալանչի մի ազգից, որի հպարտության խորհրդանիշը ղաչաղ նաբիները, բաբեկներն ու Եվրոպայի կենտրոնում կացնով մարդ հոշոտող ճիվաղներն են: Մինչդեռ մենք ունենք մեկը մյուսից քաջ ու երևելի բազմաթիվ հերոսներ՝ սկսած Վարդան Մամիկոնյանից մինչև Դավիթ Բեկ ու Անդրանիկ, Հայրենական ու Արցախյան պատերազմների հարյուրավոր հերոս հայորդիներ:

Բարեբախտաբար, այսօր ես կենդանի այն վկաներից եմ, որի մեջ դեռ արթուն է այն ծանր հուշը, որ մնացել է Թևանից՝ իմ հարազատների և բարեկամների նկատմամբ կատարած քստմնելի հաշվեհարդարներից: Պատահական չէ պրոֆեսոր Գրիգոր Հովհաննիսյանը գրել, թե Թևան Ստեփանյանը պատմականորեն դատապարտված է այն դաժանությունների համար, որ կատարել է սեփական ժողովրդի հանդեպ:

1921թ. հունվար-փետրվար ամիսներին Թևանի ավանտյուրան ընդգրկեց Վարանդայի շրջանի գյուղերի մեծ մասը: Հունվարի 17-ին Թևանի բանդան ուժեր հավաքելով հարձակվեց Թաղավարդ գյուղի վրա, թալանեց մի շարք գյուղացիների բնակարաններ, դաժան ծեծի ենթարկեցին գյուղացիներին: Լուսահոգի մայրս զայրույթով էր հիշում նրա կատարած սպանությունների, թալանի մասին: Հատկապես թալանել է մեր բնակարանը Թաղավարդ գյուղում: Դաժան ծեծի է ենթարկել ու խոշտանգել պապիկիս, իսկ հայրս՝ Հովհաննես Գասպարյանը, թաքնվել էր գյուղի մի ժայռի տակ: Նույնը կատարել է հարևան գյուղերում: Գյուղացիները նրան ղաչաղ էին անվանում:

Թաղավարդի անկումից հետո թեժ կռիվներ տեղի ունեցան Սխտորաշեն, Մավաս, Սարուշեն գյուղերի բարձունքներում: Հիշյալ կռիվներում քաջի մահով ընկավ Խնուշինակ գյուղի տարրական դպրոցի ուսուցիչ Աշոտ Դանիելյանը, որի դիակը հողին է հանձնված Գիշի գյուղի գերեզմանատանը: Ես նպատակ չունեմ մեջբերելու նրա կողմից խոշտանգված, սպանված մեր հայրենակիցների ցուցակը: Նրա հայ զոհերի մասին տեղեկություններ կարող եք քաղել խորհրդային տարիներին տպագրված պատմական աղբյուրներից:

Ինչպե՞ս կարելի է հերոս անվանել մի մարդու, ով խոշտանգել, սպանել, թալանել է իր հայրենակիցներին, այդ թվում՝ իմ հարազատներին: Հերոսներ հնարելու փոխարեն ավելի լավ է մտածենք եղած իրական հերոսների, մեր ազգի նվիրյալների և լավագույն զավակների հիշատակը արժանիորեն պահելու և հարգելու մասին: Ստեփանակերտի Հուշահամալիրում Մեծ հայրենականի արցախցի հերոսների նկար-քանդակներն անհետացել են, նրանց անունները գրեթե անընթեռնելի են դարձել...

ՆԻՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ



ՄՏՈՐՈՒՄՆԵՐ «ՃԱԿԱՏԱԳՐԻ» ՇՈՒՐՋ

Հեռուստատեսությամբ իրազեկվեցի ցուցադրվելիք ֆիլմի մասին: Վերնագիրն արդեն ամեն ինչ հուշում էր՝ «Ճակատագիր», ռեժիսոր՝ Գոռ Վարդանյան: Եթե ճակատագիր, ապա այն խտացում է ապրած ու չապրած ակնթարթների, թերևս արցախցիների հերոսական սխրագործություններից մի փոքրիկ պատառիկ: Արդեն որերորդ անգամ շնորհալի բեմադրիչը սեփական դերակատարմամբ է դրսևորում արցախցու առնական կամքն ու ոգին, փորձում յուրովի զգալ ու զգացնել տալ հայի վիշտն ու բերկրանքը, կորուստներն ու հաղթանակը:

Շատերն էին զարմացած՝ ցուցապաստառին կարդալով ազատ մուտքի և մի քանի օր շարունակ ցուցադրվելիք տեղեկատվության մասին, քանզի դեռ չենք մոռացել, թե ինչպիսի բարձր գներով են իրենց «մարգարիտները» մատուցում ռաբիսի էժանագին «աստղերը»: Սակայն սա ռաբիս չէ, արվեստ է, մեծ կյանքի մի պատմություն: Սա մեր պատմությունն է:

Սպայի տան մուտքն մարդաշատ էր: Ճիշտն ասած, ավելի շատ հանդիսատես էի ակնկալում: Հերթական սեանսը համալսարանի համար էր: Հրմշտող հոսանքն ինձ տարավ սրահ, որտեղից բացվող տեսարանն առավել զավեշտական էր: Յուրաքանչյուր կարգում նստած մեկ-երկու հոգին հասցրել էին տասնյակ նստատեղ «զբաղեցնել» ընկերների ու ծանոթների համար: Շատերի պես ես էլ սկսեցի ազատ նստատեղ փնտրել: Դահլիճում համատարած իրարանցում էր: Ներկա գտնվողները ստիպված էին տեղից-տեղ տեղափոխվել, մինչև բացակաները կբարեհաճեին գալ:

Ինչ որ է: Հազիվ տեղավորվեցի: Էկրանին միմյանց հաջորդող կադրերը բավականին հուզիչ էին ու ներազդող: Կարծես մի պահ անցա պատերազմական տարիների ճանապարհներով, վերապրեցի երկրիս արյունոտ ճակատագիրը: Իսկ մյուսնե՞րը: Շատերը դեռ տարված էին «կարևոր» ինչ-որ խոսակցություններով: Բարեբախտաբար, այն երկար չտևեց: Կինոնկարում ռումբի և հրացանի կրակոցն ու ուժգին պայթյունը բավական էր սթափեցնելու որոշ անտարբեր ուսանողների: Նրանցից շատերը փորձում էին բջջային հեռախոսներով «անմահացնել» այս կամ այն տեսարանը: Դա գոնե ավելի տանելի է: Ավելի լավ է ձեռքի տակ ունենալ դրվագ՝ սեփական երկրի պատմությունից, քան այլանդակ տեսարաններ կամ թե՝ չգիտես ինչ, ինչու և ում համար երգող որոշ երգիչ-երգչուհիների ձայնագրություններ:

Որոշ ուսանողներ էլ շշուկով քննարկում էին ահասարսուռ տեսարանները, ոմանք էլ՝ անտեղի ժպտում ու ծիծաղում. այնքան անհարկի, որ արժանացան կարգուկանոն հսկող մարդկանց նկատողությանը: Չգիտես ինչ անվանում տաս նմաններին: Մի՞թե ազերիների կողմից մորթազերծ արված երեխային գրկի մեջ առնելն ու ողբալը ծիծաղելի է, կամ թե՝ գիշերով համատարած ու անխնա ջարդ կազմակերպելը ցավից բացի այլ զգացում է ծնում քո մեջ: Մակարդակի հարց է, ավելի ճիշտ՝ դաստիարակության մակարդակի:

Շատ հետաքրքիր էր թուրքերի դերերի ընտրությունը: Դերակատարներից ոմանք թատրոնի դերասաններ էին և, թվում է, այդ է պատճառը, որ էկրանից ճանաչելով ծանոթ դեմքերին, շատերը փորձում էին իրար պատմել, թե որտեղից գիտեն նրանց, մոռանալով նրանց ներկայացրած կերպարների մասին: Պարզ է, որ նրանք դիտում էին ոչ թե նրանց խաղը, այլ պարզապես վերհիշում իրենց ծանոթներին:

Հուզիչ ու սահմռկեցուցիչ տեսարաններին վերջապես հաջորդեցին հաղթական տեսարանները, Քարին տակ գյուղի ինքնապաշտպանության հերոսական մարտերը՝ ազերիներին դուրս շպրտելու հերոսական ավարտով: Դահլիճում ոգևորություն նկատվեց: Ֆիլմն ավարտվեց: Հոգեկան բավականություն ստացած բազմությունը, լքելով լուսավորված դահլիճը, շտապեց դուրս: Լսվում էին մեկնաբանություններ՝ տարբեր տեսարանների վերապրումով: Կարծես բոլորը կռահել էին կինոնկարի հիմնական գաղափարը. թուրքը պարտվեց, որովհետև կռվում էր ուրիշի հողը նվաճելու համար, հայը հաղթեց, որովհետև կռվում էր հայրենի օջախն ու երկիրը պաշտպանելու համար:
Շտապեցի տուն՝ իրազեկելու կինոնկարից ստացած տպավորություններիս մասին, նշելով այն դիտելու անհրաժեշտությունը:

ԱՆԱՀԻՏ ՀԱԿՈԲՅԱՆ



ՆՐԱՆՔ ԿՅԱՆՔԸ ԴԱՐՁՆՈՒՄ ԵՆ ՀԻԱՍՔԱՆՉ

Կանայք մշտապես ուշադրության ու հոգատարության կարիք ունեն: Նրանց ենք պարտական մեր գոյությամբ: Առանց կնոջ հնարավոր չէ պատկերացնել կյանքը: Նրանք կյանքը դարձնում են ավելի հաճելի ու հիասքանչ‘ իրենց քնքշությամբ ու բարությամբ: Աշխարհի ամենաքնքուշ ու ամենագեղեցիկ արարածն է կինը: Անհնար է լրիվությամբ բացահայտել կնոջ կերպարը, որովհետև կինն առեղծված է, ամեն անգամ և ամեն վայրկյան մի ինչ-որ նոր բան կարելի է բացահայտել նրա մեջ:

Իսկ ինչ վերաբերում է հայ կնոջ կերպարին, ապա այն բառերով նկարագրել ու բացահայտել պարզապես հնարավոր չէ: Հայ կինը բարության, գեղեցկության, առաքինության մարմնացում է:
Մա՜յր... Ինչպիսի քնքշանք ու գորովանք կա այս մի հատիկ բառի մեջ... Աշխարհում գոյուտյուն չունի մորից թանկ բան, քանզի մայրն այն միակն ու անկրկնելին է, առանց որի մարդ կկորցնի իր երջանկությունը: Երևի չկա այնպիսի մեկը, որ չսիրի ու չգնահատի իր մորը, եթե, իհարկե, մարդ է կոչվում: Մայրն այն նուրբ ու փխրուն էակն է, որ իր բարությամբ մեղմացնում է յուրաքանչյուր ցավ, ուրախություն ու լույս սփռում շուրջբոլոր:

Հայ կինը նաև մեծ հայրենասեր է: Հայ կինն անչափ հպարտ էակ է, նրա համար ընտանիք ու հայրենիք բառերը սրբություն են: Այդ փխրուն ու գեղեցիկ էակը միաժամանակ մեծ ուժ ու կորով ունի իր մեջ: Դա բազմիցս է ապացուցել, երբ վտանգ է կախվել իր ընտանիքի և հայրենիքի գլխին: Ղարաբաղյան ազատամարտում քանի՜-քանի հայ կանայք են տղամարդկանց հետ զենքը ձեռքին պաշտպանել մեր հողը, վիրավորվել ու նահատակվել Հայրենի հողի պաշտպանության համար մղվող դաժան ու ծանր մարտերում:
Սիրելի տղամարդիկ, երջանկացրեք ու միշտ սիրեք ձեր կանանց, մայրերին ու քույրերին... Մշտապես նեցուկ եղեք նրանց և ամենադաժան թշնամին անգամ չի կարող հաղթել ձեզ:

ՊԻԼԱՐԱ ԲԱԼԱՅԱՆ
ԱրՊՀ, լրագր. 4-րդ կուրս



ՄԱՅՐ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔ
Նվիրում եմ մայրիկիս

Ամեն տարի Ապրլի 7-ին մենք նշում ենք Մայրության և գեղեցկության օրը: Մայրությունը սրբություն է: Երեխան մոր գրկին պատկերը հնուց ի վեր համարվում է բարության և հոգատարության խորհրդանիշ:
Վեհաշունչ ու բանաստեղծական են նկարիչների պատկերած տիրամոր կերպարները, Աստվածամոր կերպարները: Նրանք գիտակցում են իրենց կոչումը՝ իրականացնելով մայրության վսեմ առաքելությունը՝ օջախի պահպանություն, անձնազոհություն պատրաստակամություն:

Մայր և Հայրենիք. որքա՜ն անբաժանելի են այդ հասկացությունները:
Մեր հանրապետության բոլոր մայրերին մաղթում եմ աղբյուրի ջրի պես զուլալ առողջություն, երջանկություն և խաղաղ երկինք գլխավերևում:
Թանկագին մայրեր, մենք սիրում, գնահատում ենք ձեզ և այն ամենը, ինչ դուք եք անում մեզ համար: Հպարտանում ենք, որ դուք միշտ մեր կողքին եք: Ձեր ներկայությունը օրհնում է մեզ:

ՀՐԱՅՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ



Կանգնեք, կարմիր լույս է...

ԴԱՐՁՅԱԼ ԱԼԿՈՀՈԼԻ ՄԱՍԻՆ


Մի քանի տարի առաջ ուսումնասիրություններ եմ կատարել մեզ մոտ ալկոհոլային խմիչքների օգտագործման մասին: Պարզվել է, որ մեզանում ալկոհոլային խմիչքները նորմայից շատ են օգտագործում: Յուրաքանչյուր ընտանիք մի ամսում օգտագործում է 4,3 լ խմիչք: Մեր պապերը ընդհանրապես հայտնի են եղել որպես չափավոր խմիչք օգտագործողներ: Այլ է պատկերը հիմա. ուրախության թե տխրության սեղաններին շարված խմիչքները լիովին դատարկվում են, որը չես ասի հանքային ջրերի և հյութերի մասին:

Օղին խմելուց անմիջապես հետո բերանի խոռոչում և կերակրափողում սկսում է ներծծվել արյան մեջ՝ չնայած մարսողական այդ բաժիններում նա մնում է շատ կարճ ժամանակահատվածում: Վայրկյաններ հետո ստամոքսում սկսում է գրգռել լորձաթաղանթի գեղձերը՝ ստիպելով ավելի շատ ստամոքսահյութ արտադրել: Արտադրված ստամոքսահյութը ավելի է գրգռում մեր ախորժակը, և մենք չարաչար սխալվում ենք՝ ուրախանալով դրա համար: Առատ ստամոքսահյութը ախորժակ գրգռելու համար չի արտադրվել, այլ որպեսզի նոսրացնի ստամոքսում գտնվող խմիչքի խտությունը:

Խմիչքները ստամոքսի պատի լորձաթաղանթը և հաջորդ շերտերը քայքայում են այնքան ժամանակ, որքան գտնվում են ստամոքսում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ալկոհոլային խմիչքների հանդեպ հակում ունեցողների 95 տոկոսը տառապում է գաստրիտով, որից հետո խմիչքի չարաշահման դեպքում այն վերափոխվում է ստամոքսի կամ 12-մատյա աղիքի խոցի, վերջում էլ դառնում չարորակ ուռուցք:

Ստամոքսի և ընդհանրապես մարսողական օրգանների հիվանդությունները ծանր և դժվար բուժվող հիվանդություններ են: Նման հիվանդություններով տառապողները մշտապես պետք է հոգան դիետայի մասին:
Ցանկալի է առիթից-առիթ օգտագործել ալկոհոլային թունդ խմիչքներ (օղի, կոնյակ), փոխարենն օգտագործելով տնային բնական գինի: Վերջինս առողջ ստամոքսի պատի վրա թույլ ազդեցություն է թողնում և ունի բուժիչ հատկություն (կարգավորում է աղիքների միկրոֆլորան, բարելավում արյան բաղադրությունը): Ցանկալի է օգտագործել կարմիր գինի:
Ստամոքսում խմիչքը քիչ է մնում՝ մի քանի րոպե, որից հետո մտնում է աղիքները: 12-մատյա աղիքում ալկոհոլը նույն ձևով քայքայում է աղիքի պատը, ինչպես ստամոքսում: Բարակ աղիքներում այն սկսում է ներթափանցել արյան մեջ և արյունատար անոթներով հոսում դեպի լյարդը: Լյարդը ընդունելով օրգանիզմի համար վնասակար նյութը՝ սպիրտը, դրանով իսկ իր վրա է վերցնում հիմնական հարվածը: Հիշեցնենք, որ ստամոքսում և աղիքներում էթիլ սպիրտի մոլեկուլները փոփոխության չեն ենթարկվում, այլ իրենք են մարսողության օրգանների պատերը քայքայում:

Լյարդը սկսում է քայքայել էթիլ սպիրտի մոլեկուլները՝ որպես մեր օրգանիզմի համար վնասակար մարմիններ: Լյարդի բջիջները դրանով իսկ կատարում են իրենց պաշտպանական-փրկարար առաքելությունը: Լյարդի բջիջները իրենց ֆերմենտների մասնակցությամբ սպիրտի մոլեկուլներից անջատում են ջրածնի ատոմներ, որի հետևանքով սպիրտի մոլեկուլները փոխարկվում են ուժեղ թունավոր քացախալդեհիդի մոլեկուլների, հետո էլ՝ քացախաթթվի, որոնք սկսում են լյարդի բջիջներում փոփոխություններ առաջացնել. խախտելով նյութափոխանակությունը լյարդի բջիջներում՝ նրանք լցվում են ճարպով: Ճարպակալած լյարդը աստիճանաբար կորցնում է իր ֆունկցիան: Երբ խմիչքի չարաշահումը շարունակվում է, լյարդի բջիջներն այլևս չեն կարողանում դիմանալ ալկոհոլային թունավորմանը, սկսում են մահանալ և առաջանում է լյարդի ցերրոզ ծանր հիվանդությունը:
Էթիլ սպիրտի մոլեկուլների տրոհումը կատարվում է դանդաղ, որի համար դրանք հասցնում են որոշ ժամանակ արյան հետ շրջանառություն կատարել մեր օրգանիզմում: Թունավոր նյութերը ժամերով, օրերով (կախված օգտագործված խմիչքների քանակից և թնդությունից) շրջում են մեր օրգանիզմում՝ լինելով գլխուղեղում, սրտում, երիկամներում, բոլոր հյուսվածքներում և բջիջներում, ամեն տեղ նրանք իրենց հետքն են թողնում. շատ բջիջներ մահանում են, սրտի կծկվող մկաններում պակասում են սպիտակուցները, զգալիորեն իջնում են սրտի ֆունկցիոնալ հնարավորությունները:

Ալկոհոլ օգտագործելուց ցավեր են լինում սրտի շրջանում, արագանում է սրտի աշխատանքը: Ալկոհոլային խմիչքներ օգտագործելուց ամենից շատ տուժում է մարդու գլխուղեղը:

Խմած մարդիկ չեն կարողանում վերահսկել իրենց արարքները, որովհետև վնասված-բորբոքված է գլխուղեղի կիսագնդերի կեղևը: Չեն կարողանում շարժվել, որովհետև վնասված են լինում միջին ուղեղը և ուղեղիկը, խախտված է լինում նաև արյան շրջանառությունը և շնչառությունը, քանի որ խմիչքից տուժած են լինում նաև երկարավուն ուղեղի նեյրոնները: Մշտապես ալկոհոլային խմիչքներ օգտագործելիս, ճիշտ է դանդաղ, բայց քայքայվում է կենտրոնական նյարդային համակարգը, իսկ թունդ օղու յուրաքանչյուր բաժակ կարող է ոչնչացնել հարյուրավոր-հազարավոր նյարդային բջիջներ: Խմիչքի ազդեցությամբ գլխուղեղում պաթոլոգիական (կառուցվածքային) փոփոխություններ են առաջանում, բարակում է կեղևը, լայնանում է ուղեղիկը, փոքրանում են ուղեղի մեծ կիսագնդերը: Այս փոփոխություններն իրենց հետ առաջ են բերում հոգեկան խանգարումներ:
Այսպիսով, սիրելի ընթերցող, մենք փորձեցինք ցույց տալ, թե ինչպես ալկոհոլի թիրախ են դառնում ստամոքսը, աղիքները, լյարդը, սիրտը, ուղեղը և, վերջապես, վտանգվում է մարդու կյանքը:

ԺՈՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
կենսաբան



ԵՎ ԴԱՐՁՅԱԼ ՕՐԵՆՔ Է ԽԱԽՏՎԵԼ

Անցած ամսում կարևոր և ոչ կարևոր շատ անցուդարձեր են կատարվել Արցախում և աշխարհում: Արտաքին աշխարհը թողնենք իր հոգսերի հետ, խոսենք մեր փոքրիկ երկրամասի խնդիրներից: Այս անգամ՝ թեթևակի անդրադառնանք «օրենքներին»: Անհիշելի ժամանակներից մարդիկ օրենքներ են ստեղծել իրենց իրավունքների, պարտականությունների, պարտավորությունների, իրար նկատմամբ ունեցած հարաբերությունների ու բազում այլ նմանատիպ բաների մասին և առաջնորդվել դրանցով: Ովքեր խախտել են դրանք՝ այդ օրենքները, պատասխանատվության են ենթարկվել, ամենաթեթևից ամենածանր պատիժներ կրել: Այդպես՝ հինավուրց ժամանակներից մինչ այսօր:

Իրենց «օրենքներն» ունեն թե զարգացած, թե կիսազարգացած, թե հետամնաց ու կիսահետամնաց երկրները, անգամ ռասիստական ու բռնատիրական երկրները: Այս կամ այն երկրի «Օրինաց ժողովածուով» կարելի է պատկերացում կազմել տվյալ երկրի քաղաքակրթության, բարոյական կերպի և այլ հատկանիշների մասին: Չնայած գեղեցիկ ու հոյակապ օրենքների ժողովածու ունենալը դեռևս շատ քիչ է քաղաքակիրթ երկիր կոչվելու համար, քանզի այդ օրենքները կարող են շքեղ հրատարակել և որպես գեղեցիկ ցուցանմուշ պահ տալ թանգարաններին: Ասել է թե՝ չօգտագործել կյանքում...

Մենք էլ ունենք մեր երկրի՝ ԼՂՀ կամ պարզապես Արցախ-Ղարաբաղ կոչվող մեր պետության օրենքները: Թե ոնց ենք այն ստեղծել, ինքներս ենք ստեղծե՞լ, թե՞ Հայաստանից ենք փոխառել՝ ՀՀ-ն դարձնելով ԼՂՀ, դա այլ հարց է և այս պահին այնքան էլ էական չէ: Վերջին հաշվով՝ ղազախներից, բուշմեններից կամ ազերիներից չենք փոխառել, այլ մեր հարազատ հայրենակիցներից: Չենք ուզում խոսել նաև այն մասին, որ մեզանում դեռևս հստակեցված չէ՝ օրենքները ստեղծել ենք մարդկանց ծառայեցնելու համա՞ր, թե մարդիկ ծնվում-ստեղծվում են, որպեսզի ծառայեն օրենքներին...

Նեղացնենք թեմայի շրջանակը: Խոսենք «օրենք» խախտելու մասին, ավանդույթ, որ մեզանում բարգավաճում է: Ոմանց, հատկապես բարձր աստիճանավորներին, հաճախ թվում է, թե մեր այս կամ այն օրենքը միայնումիայն նրա համար է, որ խախտեն: Ամենասովորական-առօրեական օրենքներից սկսած մինչև այնպիսիք, որոնց առնչվում ենք հազվադեպ, առիթից առիթ:

Ահավասիկ. պետավտոտեսուչը սովորական մի «Ժիգուլի» կանգնեցրել, ավտովարորդին երկար-բարակ բացատրում է, որ նա, ասենք, նախատեսվածից արագ է վարել ավտոմեքենան: Այդ պահին սև ապակիներով արտասահմանյան շքեղ սև մի «բզեզ» սուրալով անցնում է նրանց մոտով, հետևից նմանատիպ մի այլ ավտոմեքենա, իսկ ավտոտեսուչը «չի նկատում», որովհետև ղեկի մոտ նստածները խոշոր տրամաչափի ինչ-որ չինովնիկի զավակներ են, թոռը, հորեղբոր որդին, բաջանաղի աներձագը կամ հեռավոր մի ազգական, ովքեր չգրված նոր օրենքով՝ օրենքից դուրս են: Երթևեկության տվյալ օրենքը կամ մյուս այլ օրենքները նրանց համար չեն:

Անցած ամսում, սակայն, ինձ համար ամենատպավորիչը «Լեզվի մասին» ԼՂՀ օրենքի խախտումն էր: Խախտողը՝ ԼՂՀ քաղաքաշինության նախարար Անահիտ Վարդանյանը: Ինչո՞ւ է տպավորվել: Որովհետև տիկին նախարարուհին մի այնպիսի հավեսով էր խախտում այդ օրենքը, ասես, թքած ունի դրա վրա: Արցախի հանրային հեռուստատեսությունը տևականորեն ցուցադրում էր տիկին Վարդանյանի հանդիպումը ուսանողների, որքան հասկացա, ապագա քաղաքաշինարարների հետ: Հանդիպման ողջ ընթացքում նախարարուհին խոսում էր միայն ռուսերեն, անգամ հայերենով տրված ուսանողների հարցերին պատասխանում էր ռուսերեն: Հետո ի՞նչ, որ մայրաքաղաքի տարբեր շենքերի ճակատներից «Լեզվի տեսչությունը հիշեցնում է, որ ԼՂՀ-ում պետական լեզուն հայերենն է»:

Ըստ իս, տիկին Վարդանյանին և նրանց, ովքեր մինչ այդ նույն հաջողությամբ խախտել են «Լեզվի մասին» ԼՂՀ օրենքը, թվում է, թե խելոք երևալու, դիմացինին ու ընդհանրապես հանրությանը զարմացնելու ամենաարդյունավետ եղանակը օտար լեզվով խոսելն է: Տպավորությունը միանգամայն հակառակն է: Հատկապես երբ մեր չինովնիկների մի ստվար մասը շատ համեստ կենսագրություն ունի: Էլ չեմ խոսում մտավոր կարողությունների մասին: Նույն հաջողությամբ նախարարուհին կարող էր խոսել նաև օտար մի այլ լեզվով՝ չինարեն, արաբերեն կամ աֆրիկյան մգուբու ցեղի լեզվով: Ընդհանրապես տարբեր լեզուներ իմանալը ողջունելի է, բայց երբ մարդ չգիտե իր մայրենին, առավել ևս՝ այն երկրի ու պետության լեզուն, որտեղ բարձր պաշտոն է զբաղեցնում, դա, եթե շատ մեղմ ձևակերպենք՝ նաև օրենքի խախտում է:

Ի դեպ, կամա թե ակամա, նույն օրենքը խախտող մյուս կողմը Արցախի հանրային հեռուստատեսությունն է: Նա միանգամայն հանգիստ կարող էր «խոտանել» այդ ռեպորտաժը, կամ ներկայացնել միայն մեր պետական, մեր մայրենի հայոց լեզվով:
Հարգելիներս, տիկնայք և պարոնայք չինովնիկներ, խնդրում եմ, ձեռնպահ մնացեք օրենքներ խախտելուց, հատկապես «Լեզվի մասին» ԼՂՀ օրենքը ոտնատակ տալուց: Վատ օրինակ մի ծառայեք ժողովրդին: Էլ ինչի՞ համար ենք պայքարել, հազարավոր հայորդիների արյուն հեղել: Ակամայից հիշեցի պոլյանիչկո-սաֆոնովյան ռադիոն՝ «ԳԱՎԱՐԻՏ ՍԾԻՊԱՆԱԿԵՐՏ»...

Ի՞նչ տարբերություն՝ ազգությունդ, ինքնությունդ, արմատներդ կորցնելով՝ ռո՞ւս ես դառնում, անգլիացի՞, ուզբեկ թե՞ թուրք-ազերի: Արցախյան ազգային-ազատագրական գոյապայքարի տարիներին ոչ ոք այսպիսի խնդիր չի դրել՝ թուրքը վատն է, մենք ուզում ենք ռուս կամ իտալացի դառնալ: Մենք հայ ենք և մեր երկիրը կոչվում է Հայաստան: Ֆրանսիացին իր երկրում խոսում է ֆրանսերեն, ճապոնացին՝ ճապոներեն, հույնը՝ հունարեն: Եկեք կրկին Ամերիկա չհայտնագործենք, հատկապես, երբ այն վաղուց է հայտնագործված:

Վ. ՕՎՅԱՆ



ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ՝ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՆԵՐԻ
«ՄԱՐԶԱԿԱՆ» ՎԻՃԱԿԸ ԲԱՐՁՐ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ


Վերջերս տեղեկացանք, որ Արցախի հանրային հեռուստատեսությամբ յուրաքանչյուր կիրակի օր եթեր է հեռարձակվելու ռուսերեն «ԹպրՑվՌՍ» հաղորդումը՝ Արցախում գործող ազգային փոքրամասնությունների համար: Ինչո՞վ է պայմանավորված հաղորդման եթեր տրվելը, արդյո՞ք նախաձեռնողները եղել են ԼՂՀ-ի ռուսական համայնքի ներկայացուցիչները՝ այս և նմանատիպ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար որոշեցինք դիմել ԼՂՀ հանրային հեռուստառադիո ընկերության ղեկավարությանը, սակայն ինչ-ինչ պատճառներով չկարողացանք հանդիպել նրանց:

Դրանից հետո մենք դիմեցինք ԼՂՀ կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի վարիչ Աշոտ Սարգսյանին: Ահա թե ինչ պատասխանեց նա. «Արցախում բնակվող ազգային փոքրամասնությունները, մասնավորապես ռուսական համայնքի ներկայացուցիչները, ռուսերեն լեզվով լրատվություն ստանալու խնդիրներ հիմնականում չունեն: Ճիշտ է. ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում նման առաջարկ եղել է, բայց ստանալով սպառիչ, հիմնավորված պատասխան, ըմբռնումով են մոտեցել հարցին:

Մեր բաժինը մինչ այսօր ռուսական համայնքի ներկայացուցիչների կողմից գրավոր կամ բանավոր դիմում չի ստացել այդ կապակցությամբ: Մենք պարտավոր ենք օժանդակելու, որ ազգային փոքրամասնությունների հոգևոր-մշակութային խնդիրները լուծվեն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը միացել է «Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին» ստրասբուրգյան կոնվենցիային, Արցախի Հանրապետությունում էլ առաջնորդվում ենք դրանով և հնարավորինս աջակցում ազգային փոքրամասնություններին:

Իսկ, ինչ մնում է Արցախի հանրային հեռուստատեսության ռուսերեն լեզվով տարվող հաղորդմանը, ինչքան էլ զավեշտական թվա, մեր բաժնին այդ մասին տեղյակ չեն պահել: Այնինչ, նման հարցերը լուծելիս ԼՂՀ հանրային հեռուստառադիո ընկերության խորհուրդը պարտադիր հաշվի պիտի առներ մեր բաժնի կարծիքը: Իսկ մեր կարծիքը հետևյալն է‘ նման հաղորդումները, ավելի շատ նախատեսված են ոչ թե ԼՂՀ ռուսական համայնքի կամ մյուս ազգային փոքրամասնությունների համար, որոնք կազմում են ԼՂՀ բնակչության 1%-ից էլ պակաս մասը, այլ Արցախում ապրող ռուսախոս հայերի համար, որոնց մի մասը համառորեն, կարծես դիտավորյալ չեն ուզում սովորել իրենց մայրենի լեզուն և «ինտեգրվեն» հայ հայախոսներին: Ընդդիմախոսներից ոմանք մեջտեղ են բերում Ռուսաստանից վերջերս ներգաղթած մեր հայրենակիցների փաստը: Մինչդեռ նրանք «մոռանում են», որ հայրենադարձները առաջին հերթին մայրենի լեզվով հաղորդակցվելու և «ջերմանալու» կարիք ունեն:

Պետությունը ամեն ջանք պետք է գործադրի, որ Հայրենիք վերադարձածները դառնան իրենց ազգային արմատներին, սովորեն ոսկեղենիկ մայրենի լեզուն և ապրեն հայավայել: Թե չէ, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հայրենադարձների «մարզական» վիճակը բարձր պահելու համար պետությունը ավելորդ ծախսեր է կատարում այդ ուղղությամբ, որպեսզի նրանք հետագայում վերադառնան Ռուսաստան: Իսկ եթե հաշվի առնենք նաև բարոյահոգեբանական կողմը, մեղմ ասած, ազգանպաստ չէ, առավել ևս, ոչ հայրենասիրական քայլ:

Մյուս կողմից‘ բավարարելով ռուսախոսների, այսպես կոչված, մշակութային և լրատվություն ստանալու պահանջները, վերջին հաշվով, արցախահայությանը մեխանիկորեն բաժանում ենք երկու մասի՝ հայախոսների և ռուսախոսների, խորացնելով առանց այն էլ նախկինից ժառանգած անջրպետը:
Մի ոչ պակաս հանգամանք ևս. Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների համար Հ1 հանրային հեռուստատեսությամբ անգամ ռուսերեն հատուկ հաղորդում չեն հեռարձակում և դա չի ազդում Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների պահպանմանը:

ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆ



ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՖՈՒՏԲՈԼԸ՝ «ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ»
ԿԱՄ՝ ՎԵՐԵԼՔՆԵՐԻՑ ՍՐԸՆԹԱՑ ՎԱՅՐԷՋՔ


Այսօր նայելով Ստեփանակերտի դատարկ նստատեղերով կենտրոնական մարզադաշտին, դժվարությամբ ես պատկերացնում, որ 20-30 տարի առաջ այնտեղ վարպետ թիմեր էին խաղում, իսկ տրիբունաները լեփլեցուն էին բազմահազար մարզասերներով: Հավատդ չի գալիս, որ այսօր տարվա առնվազն 365 օրը դատարկ մարզադաշտը տասնամյակներ առաջ փոթորկվում, հուզվում, տխրում կամ ուրախանում էր հազարավոր մեր հայրենակիցների ձայներից:
Այդ ամենն այսօր հեռավոր անցյալ է թվում, մոռացված երազ: Մինչդեռ մայրաքաղաքի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտի կանաչ խոտածածկի վրա այդ տարիներին Արցախի թիմի կազմում խաղում էին կաշվե գնդակի այնպիսի վարպետներ, ինչպիսիք են ԽՍՀՄ չեմպիոն և ֆուտբոլի գավաթակիր Հովհաննես Զանազանյանը, Սուրեն Մարտիրոսյանը, սպորտի վարպետներ և ճանաչված ֆուտբոլիստներ Ռազմիկ Պետրոսյանը, Գագիկ Ծատրյանը, Կառլեն Սիմոնյանը, Բենիամին Բաբայանը, Վալերի Հայրիյանը, Էդուարդ Բաղդասարյանը, Վլադիմիր Պետրոսյանը, Սլավա Գաբրիելյանը, Լեոնիդ Հովհաննիսյանը, Վարուժան Բաբայանը, Պողոս Գալստյանը և այլք:

Այս տարի լրանում է քաղաքային մարզադաշտի ստեղծման 40 տարին: 1969 թվականին մարզադաշտի բացման արարողությանը ներկա էր մոտ 15 հազար հանդիսական, և այդ թվականից սկսած այն դարձել էր յուրօրինակ կենդանի օրգանիզմ, որ շնչում, ապրում էր հայրենի մարզիկների հաջողություններով, տխրում՝ անհաջող ելույթներից...

1977 թվականին արցախյան ֆուտբոլի նվիրյալ սպորտի վարպետ Ռազմիկ Պետրոսյանի գլխավորությամբ «Ղարաբաղ» թիմը դարձավ Ադրբեջանի չեմպիոն: Այդ առթիվ «Սովետական Ղարաբաղ» թերթի հոկտեմբերի 20-ի համարում հայրս՝ նշանավոր գրող, ֆուտբոլի և մեր թիմի մեծ բարեկամ Վազգեն Օվյանը գրել է. «Այս հոբելյանական տարում «Ղարաբաղը» իսկապես ցուցադրեց գեղեցիկ ֆուտբոլ: Մեր մարզիկները միշտ էլ խաղադաշտ մտան հաղթելու կամքով, ձգտումով, ցանկությամբ և բերկրանքի շատ հաճելի պահեր պարգևեցին իրենց երկրպագուներին: Բավական է թեկուզ այն փաստը, որ հանրապետության նոր չեմպիոնը 25 հանդիպումներից շահել է 20-ը, երկու խաղ ավարտել խաղաղ ելքով, կրել միայն երեք պարտություն: Այն, որ թիմն իր մրցակիցներին 10 անգամ հաղթել է խոշոր հաշվով, խփել 69 և սեփական դարպասով բաց թողել 11 գնդակ, շատ բան է ասում»:
Այդ թվականից «Ղարաբաղը» մասնակցում էր ԽՍՀՄ վարպետ թիմերի երկրորդ խմբի առաջնությանը: 1979 թվականին գրավել է 3-րդ, 1981-ին՝ 4-րդ տեղը:

88-ին սկսվեց Արցախյան շարժումը, մարզահրապարակներից, շինհարթակներից, գործարաններից ու գյուղական դաշտերից ժողովուրդը տեղափոխվեց Ստեփանակերտի կենտրոնական հրապարակ: Սկսվեց Արցախի ազգային-ազատագրական գոյապայքարը: Սպորտը, ֆուտբոլը մնաց երկրորդ, երրորդ պլանում ու մոռացվեց: Հասկանալի պատճառներով մեր թիմին թույլ չէին տալիս խաղեր անցկացնելու սեփական հարկի տակ:

1992-ին, պատերազմի տարիներին, ԼՂՀ պաշտպանության բանակին կից ստեղծվել է բանակի մարզական ակումբ՝ ԲՄԱ «Երազանք» անվամբ: Թիմի պետ է նշանակվել Կառլեն Սիմոնյանը, գլխավոր մարզիչ՝ Էդիկ Բաղդասարյանը: Ակումբի ստեղծմանը մեծապես օժանդակել է Սամվել Բաբայանը, ֆինանսական կարիքներն ամբողջությամբ հոգում էր ԼՂՀ պաշտպանության բանակը: Նույն թվականին մեր թիմը ընկերական հանդիպումներ է անցկացրել Հայաստանի չեմպիոններ «Շիրակի» և «Փյունիկի» հետ: 1993 թվականից Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցած «Երազանքը» երկու տարի անց վերանվանվեց ԲՄԱ «Ղարաբաղ»: 1995-ից մինչև 2003 թվականը ԲՄԱ ակումբի նախագահը Կառլեն Սիմոնյանն էր, որին 2002-ին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչի կոչում:

2001 թվականին «Ղարաբաղ» թիմը դարձել է 2-րդ Համահայկական խաղերի չեմպիոն (գլխավոր մարզիչ՝ Սլավա Գաբրիելյան): Մինչև 1999 թվականը ղարաբաղյան ֆուտբոլային ակումբները մասնակցել են ՀՀ բարձրագույն և առաջին խմբերի առաջնություններին, իսկ «Երազանք» թիմը՝ ՀՀ պատանիների խմբի առաջնությանը: Այդ թվականից ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի և հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանի հարաբերությունների սրման պատճառով բանակն այլևս չի ֆինանսավորել ակումբին: Մինչև 2002 թվականը հովանավորությունն իրենց վրա են վերցրել սկզբում Սերժ Սարգսյանը, ապա՝ Միքայել Բաղդասարովը: 2002-ին հիմնադրվել է «Հայկ» ֆուտբոլային ակումբ ՓԲԸ-ն, որի տնօրեն է նշանակվել Հայկ Ջավադյանը, իսկ հիմնադիրները շվեյցարահայ Հրաչ Կապրիելյանն ու Վարդան Սրմաքեշն էին: Թիմը վերանվանվել է «Լեռնային Արցախ»: Այդ ժամանակ Հայաստանի առաջնություններին մասնակցում էին արցախյան չորս թիմեր՝ մեկական բարձրագույն և առաջին խմբերում, երկու թիմ էլ մասնակցում էր պատանեկան խմբերի առաջնությանը:

2003 թվականից հովանավորների և ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի միջև վեճեր ու ինտրիգներ են սկսվում, որի զոհը դառնում է արցախյան թիմը: Հովանավորների պահանջով թիմը հրաժարվում է մասնակցել Հայաստանի առաջնությանը: Ակումբի նախագահ Կառլեն Սիմոնյանը, որ դեմ էր այդ որոշմանը, հովանավորների հրահանգով ազատվում է պաշտոնից: Այդ թվականից ՀՀ վաստակավոր մարզիչ Կ. Սիմոնյանը փաստորեն անգործ է: Մեր ֆուտբոլի մյուս վետերան, ՀՀ վաստակավոր մարզիչ Էդիկ Բաղդասարյանը ստիպված տեղափոխվել է Երևան և մարզում է հայաստանյան ակումբներից մեկը:

Հակասությունները հովանավորների և ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի միջև շարունակվել են մինչև 2006 թվականը: Արդյունքում՝ 2003-ին արցախյան ոչ մի թիմ չի մասնակցել ՀՀ առաջնություններին, 2004-ին մեկական թիմ մասնակցել են առաջին խմբի և պատանիների խմբի առաջնությանը: 2005-ին Ղարաբաղը ներկայացնող միակ թիմին, վերոհիշյալ կոնֆլիկտի պատճառով, առաջին խաղաշրջանից հետո արգելվել է շարունակել մրցապայքարը ՀՀ առաջին խմբում: 2007-ին ՀՀ ֆուտբոլի առաջնություններին մասնակցում էր միայն պատանեկան մի թիմ, որն էլ 4-րդ Համահայկական խաղերում դարձել է չեմպիոն (գլխավոր մարզիչ՝ Սլավա Գաբրիելյան): Այդ թվականից առայսօր Հայաստանում ղարաբաղյան ֆուտբոլը ներկայացնում է միայն պատանեկան այդ թիմը:

Սույն թվականին ստեղծվել է ԼՂՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նոր կազմ: Նախագահ է ընտրվել ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ Սամվել Կարապետյանը: Ֆեդերացիայի կազմում են արցախյան ֆուտբոլի վետերաններ ու նվիրյալներ Ռազմիկ Պետրոսյանը, Կառլեն Սիմոնյանը, Սլավա Գաբրիելյանը, Բենիամին Բաբայանը, Վալերի Հայրիյանը... Դիմում է ներկայացվել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիային՝ առաջին խմբի և պատանեկան խմբի առաջնություններին մասնակցելու համար: Թիմը մեկնել է Արարատ քաղաք՝ ուսումնամարզական հավաքի, անցկացրել նախապատրաստական խաղեր... Ետ վերադառնալուց պարզվել է, որ մեր ակումբը չի մասնակցելու ՀՀ առաջնությանը: Փոխարենը մասնակցելու է Արցախի առաջնությանը:

Այստեղ ավարտվում է ղարաբաղյան Մեծ ֆուտբոլի պատմությունը: Փաստորեն այն արդեն ավարտվել էր 2002-ին, սակայն անտարբերության և անհոգության ծովում խեղդվողի պես փորձում էր կառչել ինչ-որ բանից ու ափ դուրս գալ: Արդյունքում՝ այսօր ունենք այն, ինչ ունենք: Այսինքն՝ ոչինչ: Խոսքը ղարաբաղյան ֆուտբոլի մասին է: Եվ ոչ միայն ֆուտբոլի...

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

«Մենք ծանր ու դաժան պատերազմ ապրեցինք, ազատագրեցինք մեր երկիրն ու այսօր պետություն ենք կառուցում: Սակայն, ցավոք, շատ ու շատ հարցերում մենք ոչ թե առաջընթաց, այլ հետընթաց ենք ապրում: Այդ թվում և՝ հատկապես ֆուտբոլային կյանքում: Մտահոգիչն այն է, որ մենք տասնամյակներ առաջ հանդես ենք եկել ԽՍՀՄ ֆուտբոլի Ա խմբի առաջնություններում և հաղթել վարպետ այնպիսի թիմերի, ինչպիսիք Երևանի «Արարատն» է, Բաքվի «Նևֆտչին», «Դինամոն» և այլ թիմեր, իսկ այսօր, ունենալով պետական անկախություն, հանդես ենք գալիս ֆուտբոլի փողոցային առաջնություններում, հաղթում և ուրախանում: Դա արդեն ֆուտբոլ չէ, դա ֆուտբոլի տապալում է, որ խորը հիասթափություն է առաջացնում թե ֆուտբոլասերների և թե ֆուտբոլիստների ու ընդհանրապես՝ մարզասերների մոտ: Իմ մեջ շարունակ ապրել է այն հույսը, որ ազատագրված ու անկախ Արցախը կրկին կվերապրի անցած-գնացած, մարզասերների համար երջանիկ հուշ դառած ֆուտբոլային հաղթարշավը»,- այս տողերը վերցրել եմ Ռազմիկ Պետրոսյանի երկու տարի առաջ հրատարակված գրքից՝ նվիրված «Ղարաբաղ» թիմը Ադրբեջանի չեմպիոն դառնալու 30-ամյակին:

Ցավալի է, բայց փաստ է՝ ապրելով Ադրբեջանի բռնատիրության տակ, մենք ունեինք Ֆուտբոլ (ինչպես ունեինք Մշակույթ, Գյուղատնտեսություն, Արդյունաբերություն և այլն) և այն շարունակում էր ծաղկում ապրել: Այսօր Ադրբեջանն այլևս «խաղից դուրս է» մեզ համար: Այսօր մենք ունենք նորանկախ մեր պետությունը: Աբսուրդ է, բայց այսօր մեր անկախ երկրում «խաղից դուրս» վիճակում է հայտնվել ֆուտբոլը: 1992-ից ի վեր արցախյան ֆուտբոլային ակումբները հայաստանյան առաջնություններին մասնակցում էին «տնփեսա»-ի կարգավիճակով: Այդ թվականից Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտում այլևս վարպետ թիմերի ֆուտբոլային հանդիպումներ չեն կայանում: Արցախցի ֆուտբոլասեր հանդիսատեսը զրկված է «բնօրինակով» ֆուտբոլային խաղ դիտելու հնարավորությունից: Այս հարցում ևս նա «գործազուրկ» է:

Այս ամենին նպաստել են նաև ՀՀ իշխանությունները՝ իրենց թիմերին իրավունք չտալով հյուրընկալվելու Արցախում: «Միջազգային հանրությունն ու Ադրբեջանը շատ խիստ կնեղանան, չէ՞ որ ԼՂՀ-ն միջազգայնորեն ճանաչված չէ»,- թերևս այսկերպ են մեկնաբանում իրենց պարտվողական, ամոթալի դիրքորոշումը... անգամ ղարաբաղյան ֆոտբոլի հարցում: Մինչդեռ Աղդամ ու Ղարաբաղ չունեցող Ադրբեջանը վաղուց ֆուտբոլային ակումբ ունի՝ «Ղարաբաղ-Աղդամ» անվամբ, որը մասնակցել է ԱՊՀ երկրների չեմպիոնների առաջնությանը և ՈւԵՖԱ-ի գավաթի խաղերին:

Այս անգամ մեր թիմը զրկվել է Հայաստանի վարպետ թիմերի հետ հանդիպելու հնարավորությունից: Մասնակցել Արցախի առաջնությանը, նշանակում է առնվազն 50-60 տարով հետ գնալ և ամեն ինչ սկսել զրոյից: Հետաքրքիրն այն է, որ 40 տարի առաջ Ադրբեջանի կազմում գտնվող Արցախի ֆուտբոլային թիմը հանդիպումներ էր ունենում փաստորեն, այսօրվա իրողությամբ, արտասահմանյան պետությունների՝ Ռուսաստանի, Մերձբալթյան և այլ երկրների վարպետ թիմերի հետ, 1992-ից այդ հանդիպումների շրջանակը նեղացավ, դարձավ միայն Հայաստանի առաջնություն, իսկ այսօրվա դրությամբ մասնակցելու է միայն, այսպես կոչված, Ղարաբաղի ֆուտբոլի առաջնությանը: Ասել է թե՝ թաղային մակարդակի խաղերի: Կառլեն Սիմոնյանն ասում է, որ վերևում պատճառաբանում են, թե ֆինանսական հնարավորությունները սուղ են: «Ֆինանսական հնարավորություններ չկան, թող կրճատեն իրենց սպասարկող մերսեդեսների ու ջիպերի թիվը, կրճատեն արտասահմանյան ուղևորությունները»,- ասում է Կ. Սիմոնյանը:

Համոզված եմ՝ եթե վերջին այս 15 տարում կարողանայինք Արցախում «Ղարաբաղ» անվամբ վարպետ մի թիմ ստեղծել (ինչպես ժամանակին մեր թիմն էր՝ հայ ֆուտբոլի աստղեր Հովհ. Զանազանյանով և Սուրեն Մարտիրոսյանով) և դիվանագիտորեն ճանապարհ բացեինք դեպի ՈւԵՖԱ-ի գավաթի խաղերը, ապա այն մեր երկրի միջազգային ճանաչման համար շատ ու շատ ավելին կաներ, քան այսօր անում են աշխարհի տարբեր քաղաքներում գլուխ պահող մեր, այսպես կոչված, ներկայացուցիչներն ու բազում այլ անգործ չինովնիկները՝ միասին վերցրած: Եվ դա շատ ավելի էժան կնստեր մեր երկրի վրա:
Մնաս բարով, ղարաբաղյան ֆուտբոլ...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



ՎԵՐՋԻՆ ԷՋ

ԵՐԿՐԱՅԻՆ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ՝ ԵՐԿՆԱՅԻՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ


Ուրախ լուրը կայծակի արագությամբ տարածվեց մայրաքաղաքում ու ողջ հանրապետությունում. քաղաքացիներին աշխատանքի տեղավորելու հարցերով զբաղվելու է հենց ինքը՝ տեր Աստված, որ օդանավի հատուկ չվերթով իջել է երկիր, այսինքն՝ մայրաքաղաք, և հրեշտակների ու գլխավոր հրեշտակապետի ուղեկցությամբ բազմել կառավարական շենքի ամենավերին հարկում:

Քաղաքի ծայամասերից մարդկանց հերթը ձգվում էր դեպի Կենտրոնական հրապարակ, այնտեղից՝ դեպի կառավարական շենք: Քաղաքացիները մեկ-մեկ մտնում են Աստծո մոտ և, մի քանի րոպե հետո, համապատասխան նշանակում ստանալով, ուրախ-զվարթ դուրս գալիս այնտեղից:

- Որդյակ, ի՞նչ մասնագիտություն ունես,- փառավոր բազմած ինքնաթիռով իր հետ բերած աստվածային գահին, հրեշտակներով շրջապատված, հերթական այցելուին հարցրեց Երկնայինը:
- Սովետի տարիներին խանութում մսագործ եմ աշխատել,- պատասխանեց այցելուն:
- Նախարարություններից մեկում այսօրվանից գլխավոր խորհրդական ես աշխատելու,- ասաց Աստված:- Հաջորդը...

Ներս մտավ գեղեցիկ մի օրիորդ:
- Բալիկ ջան, դու ի՞նչ մասնագիտություն ունես:
- Մասնավոր մի համալսարանից դիպլոմ եմ գնել, բայց, ճիշտն ասած, մոռացել եմ նայել, թե մեջն ինչ է գրված:
- Մի բարձր պաշտոնյայի մոտ քարտուղարուհի կաշխատես: Պետիդ համար թեյ ու սուրճ կսարքես, ժամանակին ծաղիկները ջրես, հեռախոսազանգերին պատասխանես...

- Պարոն աստված, դա հին ժամանակներում էր, որ ինձ նմանները քարտուղարուհու պաշտոնով գոհանում էին: Կարծում եմ՝ իմ արտաքին և ներքին տվյալներով ավելի պատասխանատու պաշտոնների եմ արժանի,- բորբոքված ասած օրիորդը:
- Հը՜մ,- Երկնայինը քթի տակ ժպտաց:- Ղեկավարական նոր հաստիք է ստեղծվել, առայժմ հայտնի չէ, թե ինչով է զբաղվելու: Բայց դա կարևոր չէ: Այսօրվանից արտասահմանյան թանկարժեք սև ավտոմեքենայով ես շրջելու:

Հաջորդ այցելուն միջին տարիքի միջահասակ մի տղամարդ էր:
- Որդյակ, գիտե՞ս ինչ ասել է՝ քաղաքականություն,- հարցրեց Աստված:
- Հա, երբ պետության փողերով տարբեր քաղաքներ են ման գալիս: Ի դեպ, ասեմ, որ մի տասնհինգ տարի եղել եմ խոպանում՝ ռուսական տարբեր քաղաքներում...
- Հիանալի է: Արտգործնախարարությունում մի փափուկ պաշտոն կձևակերպենք քեզ համար:

Հաջորդ այցելուն թափանցիկ կարճ շրջազգեստով մի օրիորդ էր: Աստված ակնոցի վերևից զարմացած նայեց նրան.
- Այ աղջիկ, էդ ստրիպտիզ-բարից ես գալի՞ս:
- Կան անհատներ, որոնք վճռորոշ դերակատարություն են ունեցել Տիեզերքի ստեղծման ու կերտման առումով: Նրանք պատվարն են մեծ արարումի, առանց որի անիմաստ ու թերարժեք է Երկիր մոլորակի ճակատագիրը: Այդ վսեմ անհատը Դուք եք՝ ո՜վ Մեծ արարիչ:

Աստված ակնոցի վրա մի այլ ակնոց դրեց ու զարմացած նայեց օրիորդին:
- Հա՜, դերասանուհի ես:
- Բանաստեղծություններ եմ գրում, բայց եթե մեղմ երաժշտություն միացնեք, կարող եմ Ձեզ համար, ոտանավորներ արտասանելով, թեթևասահ պարել: Եթե գտնեք, որ վեհատես շարժումներիս շորերս խանգարում են, կարող եմ...
- Չէ, չէ,- Աստված վեր թռավ տեղից,- միայն թե չհանվես: Ի՞նչ պաշտոն ասես, էս պահին հրամանը կգրեմ,- ապա արագ-արագ ինչ-որ բան գրեց ու մեկնեց օրիորդին:

Երբ օրիորդը դուրս եկավ, Աստված վերնաշապիկի վերին կոճակները բացեց.
- Օ՜ֆֆ, լավ պրծա, թե չէ ինձ անկողին էր քարշ տալու...
Դուռը կամաց բացվեց, շեմքին երևաց ամոթխած մի պարոն: Աստված վախեցած նայեց նրան.
- Դո՞ւ էլ ես պոետ:
- Չէ, գրել-մրել չեմ սիրում, բայց ես կարող եմ մի քանի ժամ անընդմեջ ծափահարել,- ասաց տղամարդը և գլուխ տվեց:
- Հրաշալի է,- Երկնայինը աշխույժ շփեց ձեռքերը,- հենց առաջին հայացքից ինձ դուր եկար: Այսօրվանից պատգամավոր ես...

Հաջորդ այցելուն անորոշ տարիքի մի կին էր:
- Որդյակ իմ, դու ի՞նչ փեշակ ունես:
- Աստված ջան, ցավդ տանեմ, տառերը լրիվ չգիտեմ, բայց իմ անուն-ազգանունը գրելիս ընդամենը չորս սխալ եմ անում...
- Հա՜, դա լավ է,- Երկնայինը կրկին վերագտավ իրեն, ծխախոտ վառեց և բերանից ծխի օղակներ բաց թողեց,- լավ, որ ընդամենը չորս սխալ ես անում, ուրեմն ազատ կարող ես գլխավոր մասնագետ աշխատել նախարարություններից մեկում: Հաջորդը...

Նոր այցելուն շողոքորթ ժպիտը դեմքին, անգույն մի տիպ էր:
- Որդյակ, դու ո՞վ ես:
- Ձերդ աստվածային պայծառաճաճանչություն, ես գրող եմ, լրագրող եմ:
- Ինչի՞ մասին ես գրում:
Այցելուն քծնանքով ծալծլվեց.
- Ձերդ արևափայլություն, ոչ թե «մասին», այլ «դեմ» եմ գրում: Ինձ վճարում են, իսկ ես զրպարտություններ ու հայհոյանքներ եմ գրում ինձ վճարողների հակառակորդների դեմ...
- Եվ էդ հացը ուտվո՞ւմ է... Քեզ նման էլի կա՞ն,- Աստված զզվանքով դեմքը շուռ տվեց:

Այցելուն աշխուժացավ.
- Հա, շատ են, շրջաններում, գյուղերում էլ կան, բայց այս պահին երեքով էինք, երկուսը դռան մոտ սպասում են:
- Ասա, թող նրանք էլ մտնեն...
- Որտե՞ղ մտնեն, Տիեզերափայլ:
- Ախմախ, ասա, թող ներս գան:

Ներս մտան երկու հոգի: Վիզը ծուռ նրանցից մեկը հուղարկավորի տեսքով մոտեցավ, ծունկ չոքեց Աստծո առաջ, ուզում էր աջը համբուրել, Տիրակալը ձեռքը ետ քաշեց ու հարցրեց.
- Որդյակ, էդ մեռելատնից ես գալի՞ս: Ցավակցում եմ:
- Շնորհակալություն,- այցելուն հոգու խորքում ուրախացավ, որ իրեն խղճում ու ցավակցում են:- Տեր իմ, Ձեր մասին պոեմ եմ գրել, բայց հովանավորներ չեմ գտնում՝ դրանք տպագրելու համար:

Երկնայինը գրպանից մի կապ թղթադրամ հանեց ու մեկնեց նրան.
- Վերցրու, քեզ եմ տալիս մի պայմանով, որ պոեմդ չտպագրես,- ապա դիմեց մյուս երկուսին.- չէ՜, դուք շատ եք առաջ անցել ձեր նախապապ Հուդայից... Էս ո՞ւր եմ ընկել, օ՜ֆֆ... Հրեշտակապետ, ո՞ւր ես բերել ինձ, սա ի՞նչ դժոխք է: Սավառնակը գործի գցիր, թռչում ենք վեր...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ


«ՆՈՐ ԷՋ»-ԻՑ՝ ՆՈՐԻԿԻՆ
ԿԱՄ՝ ՀԱՂՈՐՏԵՑԻ ՄԻ «ԿԵՆԴԱՆԻ ՄԵՌԵԼԻ»

Գործդ լավ ես կատարում: Կենդխուրդի «սուպերմարկետներում» այլևս թանաք, ներողություն, օճառ չես թողել: Ամենաստոր ու քստմնելի հնարքներով օրվա հաց վաստակելու բնույթդ չես փոխել: Եթե մի անգամ էլ զոռ տվիր զազրախոսություններիդ ու զրպարտագրեր թխեցիր, դարձյալ քո մեծագլուխ տիրոջն եմ խփելու: Հա, չմոռանամ, ինչպես ասում են՝ հողը թեթև լինի խղճիդ, եթե, իհարկե, այդ «ապրանքից» մեջդ դեռ մի կտոր մնացել է: Սակայն խիստ կասկածում եմ: Ամեն դեպքում՝ հոգով կուզին գերեզմանն էլ չի ուղղի:


Համարի ասույթը

Հետխորհրդային երկրներում օրենքները գտնվում են գեղեցիկ ու անպաշտպան աղջկա կարգավիճակում՝ պարբերաբար բռնաբարվում են:

Ամսվա ասույթը

Կան մարդիկ, որոնց պետք է ոչ թե ներքևից՝ ոտքերից «փամփերս» կամ վարտիք հագցնել, այլ վերևից՝ գլխից, որովհետև այդ կողմից ավելի մերկ ու էկոլոգիապես վտանգավոր են...

Комментариев нет:

Отправить комментарий