17.6.11

N 8 (2009)

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ԼՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԵՎՍ ՈՍԿԻ ՉԷ

ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը մի վերջին անգամ փաստեց, որ Ղարաբաղյան հարցում ՀՀ ղեկավարության տասնամյա «աչքակապուկի» խաղը սեփական ժողովրդի հետ, ավարտված է։ Ղարաբաղյան խնդրի կարգավորման պատրվակով անցկացվող բանակցային գործընթացում հայ դիվանագետների «ձեռքբերումների» մասին հեքիաթները, ի վերջո պարզվեց, որ սեփական ժողովրդին մոլորեցնելու էժանագին շոու էին։ Այսօր բանակցասեղանին դրված են, այսպես կոչված, մադրիդյան հիմնարար սկզբունքներ, որոնք, առանց բացառության, տանում են Արցախի ստրկացում ու վերջնական հայաթափում։

Եթե մինչ այդ ղարաբաղյան խնդրում պարտվողական կեցվածքն իսկույն արժանացավ Հայաստանի քաղաքական վերնախավի ու բնակչության բողոքի ալիքին ու ավարտվեց ՀՀ առաջին նախագահի պաշտոնանկությամբ, ապա այս անգամ Արցախն հազիվ թե հույս ունենա նույն քաղաքական ուժերի և բնակչության պաշտպանության վրա, քանզի վերջին տասնամյակում մեր «ձեռքբերումը» ղարաբաղցի-հայաստանցի օրեցոր խորացող անջրպետն է՝ Արցախի հանդեպ անթաքույց ատելությամբ, լավագույն դեպքում՝ Ղարաբաղի ճակատագրի նկատմամբ անտարբերությամբ։

Փորձ արվեց հայրենասիրական ուժերի ալիք բարձրացնել Արցախից՝ համահայկական համաժողովի տեսքով։ Ճիշտն ասած, այդ համաժողովում այնքան էլ տեսանելի չէին վերջին տասնամյակում Արցախի ճակատագրով իրոք մտահոգ անձինք, փոխարենը «բոցաշունչ» ելույթներ ունեցան գործիչներ, որոնց լուռ համաձայնությամբ կյանքի էր կոչվել հակամարտության կարգավորման մադրիդյան տարբերակը։ Բանաձև ընդունեցին, Ստեփանակերտի Հուշահամալիրում ծաղկեպսակ ու մեկական մեխակներ դրեցին, մեծ գործ արածի հպարտությամբ ուրախ-զվարթ լուսանկարվեցին ու մեկնեցին իրենց 25 երկրները։ Արցախը մնաց իր կոտրած տաշտակի առջև...

Բայց, անշուշտ, քավության նոխազ է պետք։ Մեկը պիտի պատասխան տա, չէ՞, բանակցասեղանին տանուլ տված խաղի համար։ Քավության նոխազի ընտրությունը կանգ առավ ՀՀ արտգործնախարար Էդուրդ Նալբանդյանի վրա։ ՀՅԴ Հայաստանի ղեկավար ընկերները պահանջում են սույն պարոնի հրաժարականը։ Պարզվում է՝ այս խայտառակ շիլափլավի մեղավորը Էդիկն է։ Կարծես նա ինքնուրույն ու ինքնագլուխ որոշումներ է կայացրել՝ ընդդեմ Ղարաբաղի։ Կարծես ՀՀ բարձրագույն ղեկավարության անմիջական մասնակցությամբ չէ Արցախը դուրս մնացել բանակցային գործընթացից և, հակառակ ԼՂՀ-ից հնչող ձայների, ընտրվել Մադրիդյան տարբերակը, որ տանում է ԼՂՀ կործանում, իսկ ՀՀ-ն վերածում բանանային պետության։

Հայաստանը մնում է Հայաստան, Սփյուռքը՝ Սփյուռք։ Արցախի ճակատագիրը մեր՝ այս հողում ապրողներիս ճակատագիրն է։ Լռությունը՝ թե՛ իշխանությունների, թե՛ քաղաքական ուժերի ու ժողովրդի, ոչ միայն ոսկի չէ, այլև տանում է այն կուրսով, որով դար առաջ շարժվել է «Տիտանիկը»...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



Այս լուսանկարն արվել է Գոյամարտի առաջին տարիներին՝ իմ առաջարկությամբ, «Հայի աստվածը Զենքն է» հոդվածիս համար, որը տպագրվել է հանրապետական ու հայաստանյան մամուլում։ Կարծում եմ՝ վերնագրից զգացվում է, թե խոսքն ինչի մասին է։ Այն է՝ քանի մենք զինված ենք, ուժ ունենք, ոչ ոք չի կարող մեզ հաղթել։ Այդպես էլ եղավ. ազատագրեցինք մեր երկիրը՝ պատմական հողերի մի մասի հետ միասին։ Հակառակորդը ստիպված էր հրադադար խնդրել։

Պատերազմից հետո, սակայն, հայկական դիվանագիտությունը տեր չկանգնեց Զենքով նվաճված մեր Ազատությանը։ Դիվանագիտական սեղանների շուրջ մեր Ուժը փոխարինվեց դիլետանտական արկածախնդրությամբ... Այսօր էլ մեր ուժերի ամենափոքր ջլատումը, ուժերի հարաբերակցության ցանկացած խախտում նշանակում է նոր պատերազմ...
Վ. Օ.



ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ
ԱՆՈՒՂՂԵԼԻ ՎՆԱՍ ԿՀԱՍՑՆԻ ԼՂՀ ԵՎ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԻՆ


Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևի, ԱՄՆ նախագահ Բ. Օբամայի և Ֆրանսիայի նախագահ Ն. Սարկոզիի համատեղ հայտարարության տեքստը շատ քիչ է տարբերվում ի պաշտպանություն ԵԱՀԿ Մինսկի գործընթացի տարբեր մակարդակներով և տարբեր միջազգային կառույցների շրջանակներում նախկինում ընդունված հայտարարություններից: Հատկանշական է, որ ներկայումս երեք երկրների նախագահները Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին կոչ են անում ավարտին հասցնել ԵԱՀԿ պաշտոնական կայքում (http://www.osce.org/item/38731.html) հրապարակված կարգավորման կոնկրետ սկզբունքների համաձայնեցումը:
Փորձենք համառոտակի մեկնաբանել յուրաքանչյուր սկզբունք։

1. Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը
ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող որևէ տարածքի հանձնումը Ադրբեջանին առաջին հերթին նշանակելու է ԼՂՀ հիմնական օրենքի՝ Սահմանադրության խախտում, որտեղ ամրագրված են տվյալ տարածքները: Երկրորդ՝ ազատագրված տարածքների անգամ մի մասից ԼՂՀ պաշտպանության բանակի ուժերի դուրսբերումը կխախտի ԼՂՀ ռազմական և պարենային անվտանգությունը:

Հրապարակված սկզբունքներում ակնարկ անգամ չկա Ադրբեջանի կողմից զավթված ավելի քան 1000 քառ. կմ. ղարաբաղյան տարածքները ԼՂՀ վերահսկողությանը վերադարձնելու մասին:
Բանակցություններում խոսքը պետք է գնա ոչ թե տարածքների, այլ ԼՂՀ և Ադրբեջանի միջև սահմանի մասին: Ադրբեջանի կողմից ԼՂՀ պետականության ճանաչումից հետո միայն երկու կողմերի միջկառավարական հանձնաժողովը պետք է զբաղվի միջպետական սահմանազատմամբ: Այդ է վկայում սահմանային վեճերի լուծման միջազգային պրակտիկան:

2. Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակի տրամադրում՝ անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների ապահովմամբ
Այս սկզբունքն իրականում ԼՂՀ ինքնիշխանությունը սահմանափակելու՝ կասկածի տակ դնելով նրա անկախ կարգավիճակը, և պետությանը սեփական անվտանգության համակարգից զրկելու փորձ է նշանակում:
Անվտանգության իրական ապահովում կարող է լինել ԼՂՀ անկախության ճանաչումը, ինչը Արցախին նոր հնարավորություններ կընձեռեր սեփական անվտանգությունը պաշտպանելու համար, այդ թվում՝ քաղաքական-դիվանագիտական միջոցներով:

3. Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք
ԼՂՀ և Հայաստանի միջև ցամաքային կապը հաստատվել է 1992-ի մայիսին և ընդարձակվել է 1993 թ. մարտական գործողությունների ընթացքում: Ուղղակի միամտություն կլիներ ԼՂՀ և Հայաստանի միջև ներկայիս լիարժեք ցամաքային կապը սահմանափակել խոցելի «միջանցքով»: Հետաքրքիրն այն է, որ նշված սկզբունքն առաջարկվում է որպես հայերին արվող զիջում:

4. Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում՝ իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով
ԼՂՀ իրավական կարգավիճակն արդեն որոշված է իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության հիման վրա՝ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, և հաստատված մեկ այլ՝ ԼՂՀ Սահմանադրության ընդունման հանրաքվեով՝ 2006 թ. դեկտեմբերի 10-ին: Բացի այդ, ԼՂՀ ժողովուրդը 8 անգամ անուղղակիորեն արտահայտել է անկախ պետականությանն իր հավատարմությունը համապետական՝ նախագահական և խորհրդարանական ընտրություններում՝ քվեարկելով քաղաքական կուսակցությունների և առանձին թեկնածուների ծրագրերի օգտին, որոնցում նշվել է ԼՂՀ միջազգային ճանաչման և պետականության ամրապնդման անհրաժեշտությունը: Այսպիսով, վերջին 18 տարիներին ԼՂՀ քաղաքացիները 10 անգամ արտահայտվել են ԼՂՀ անկախ կարգավիճակի օգտին:

5. Բոլոր ներքին տեղահանված անձանց և փախստականների՝ իրենց նախկին մշտական բնակության վայրերը վերադառնալու իրավունքի ապահովում
Սույն սկզբունքը բոլոր երեք կողմերի միջև կարող է քննարկվել Ադրբեջանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումից հետո: Դրական հանգամանք կարելի է համարել «բոլոր» բառի օգտագործումը, այլ ոչ միայն ադրբեջանցի փախստականներին նկատի ունենալը: Չնայած անհասկանալի է, թե ով և ինչ ձևով կարող է ապահովել իրավունքներն ու երաշխավորել անվտանգությունը հարյուր հազարավոր այն մարդկանց, որոնք կարող են հայտնվել հակառակ կողմի տարածքում:

6. Անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն։
Ըստ էության, մեզ առաջարկվում է ռազմական անվտանգության սեփական համակարգը փոխարինել «կապույտ սաղավարտների» անարդյունավետ մեխանիզմով։ ԼՂՀ տարածքում օտար զինված ուժերի հնարավոր տեղաբաշխումը՝ թող որ անգամ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների դրոշի ներքո, անմիջապես կտրուկ կսահմանափակի հանրապետության ինքնիշխանությունը։ Այն հանգամանքը, որ ԼՂՀ ինքնիշխանությունը դեռևս չի ճանաչվել միջազգային հանրության կողմից և, ըստ այդմ էլ, երկիրը ներկայացված չէ վերոնշյալ կառույցներում, կարող է հանգեցնել նրան, որ Ղարաբաղը չի ունենա այդ ուժերի վրա ազդելու միջազգային իրավունքով երաշխավորված որևիցե լծակ։ Այս պայմաններում խաղաղապահ ուժերի հնարավոր տեղաբաշխումը արմատապես կհակասի մեր ազգային շահերին։ ԼՂՀ-ն չի կարող սահմանափակել իր ինքնիշխանությունը՝ չստանալով համապարփակ միջազգային իրավաբանական ճանաչում։

Անվտանգության պահպանման անմիջական պարտականությունների, իսկ դրանց հետ միասին նաև կոնկրետ տարածքների փոխանցումը երրորդ կողմին չի երաշխավորում այդ նույն անվտանգության ամրապնդում և իր մեջ նոր սպառնալիքներ է պարունակում։
Ղարաբաղցիներն ունեն խորհրդային ժամանակաշրջանի «խաղաղապահների» հետ շփման սեփական փորձ, երբ 1980-ականների վերջին բնակչության անվտանգության ապահովման նպատակով ուղարկված զորքերը պարբերաբար թերանում էին իրենց պարտականությունների կատարման մեջ և չկարողացան Ադր. ԽՍՀ հայազգի բնակչությանը պաշտպանել ջարդերից ու բռնություններից։ 1991 թ. ԽՍՀՄ ղեկավարության հրամանով, նույն այդ զորքերը հայազգի բնակչությանը բռնի տեղահանեցին Արցախի որոշ մասերից («Կոլցո» օպերացիա)։ Խաղաղապահ գործողությունների նվազ արդյունավետությունը դրսևորվել է նաև այլ հակամարտ գոտիներում։

Խաղաղապահներին հակամարտության գոտի ուղարկող կառավարությունների համար հենց իրենց՝ խաղաղապահների շահերն ու անմիջական անվտանգությունը միշտ էլ ավելի կարևոր են լինելու, քան տեղաբնիկների անվտանգությունը։
Հրապարակված հիմնարար սկզբունքների ընդունումն ու իրականացումն անուղղելի վնաս կհասցնեն ԼՂՀ-ի ու ՀՀ-ի ազգային շահերին։ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների անընդունելիությունն արձանագրվել է նաև հուլիսի 10-11-ին ԼՂՀ մայրաքաղաքում անցկացված Համահայկական համաժողովի բանաձևում։ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից համաժողովին մասնակցածները Հայաստանի Հանրապետության իշխանություններից պահանջել են չստորագրել առաջարկվող փաստաթուղթը։ Ակնհայտորեն կա այն բանի ըմբռնումը, որ հակառակորդին այն տարածքների հանձնումը, որոնց նկատմամբ հայ ժողովուրդը ունի ինչպես իրավաբանական ու քաղաքական, այնպես էլ պատմական իրավունք, բարոյական ուժեղ հարված է լինելու հայ ժողովրդին, ինչը կարող է նրան տևական ժամանակով զրկել դիմադրելու ազգային կամքից և սեփական պետականություն կառուցելու իմաստավորումից։

ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼՅԱՆ
Արտաքին քաղաքականության և անվտանգության
հանրային խորհրդի նախագահ,
ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար



Ո՞Վ ՀԱՆԳՑՐԵՑ ԱՆՄԱՐ ԿՐԱԿԸ

Օսկանյանի կարծիքով, մյուս մտահոգիչ հանգամանքը Հայաստանի ներքաղաքական իրավիճակն է՝ ժողովրդավարության բացակայությունը, վատ ընտրությունները, մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները։ «Այս ամենը բարդ իրավիճակ է ստեղծել Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Հասարակությունը բաժանված է, այսօր կա վստահության խնդիր՝ հասարակության և իշխանությունների միջև»,- հայտնել է նախկին արտգործնախարարը։

Օսկանյանն աննպատակահարմար է համարել նաև Մայնդորֆյան հռչակագիրը, որտեղ նշված է, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի միջազգային կազմակերպությունների սկզբունքների և այդ կազմակերպություններում ընդունված որոշումների հիման վրա։ Մինչդեռ այդ կազմակերպություններում ընդունած բոլոր որոշումները հօգուտ Ադրբեջանի են։ «Մենք պետք է հստակեցնենք մեր պահանջը՝ համահունչ այսօրվա իրականությանը, Արցախի 17 տարվա անկախությանը»,- ավելացրել է նա։ ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ մեր դիվանագիտության ամենամեծ ձախողումն այն է, որ այսօր մենք չունենք մի փաստաթուղթ, որտեղ արձանագրված լինեն մեր տեսակետներն ամբողջությամբ։ Նա նույնպես շեշտել է, որ բանակցությունների ներկայիս ընթացքը մեր օգտին չէ, այդ իսկ պատճառով արտաքին քաղաքականությունում բեկում պետք է լինի։ «Եթե անհրաժեշտ է՝ նաև բանակցությունների դադարեցման ճանապարհով, որովհետև այս ընթացքը լավ տեղ չի տանում մեզ»,- հավելել է նա։

Ա. Ռուստամյանի կարծիքով՝ անվտանգության հարցերը քննարկելիս պետք է շեշտը դրվի այն բանի վրա, որ անվտանգություն ասվածը չի կարող անջատված լինել կարգավիճակից։ Նա նշել է, որ «կարգավիճակը միջազգային ամենամեծ անվտանգությունը երաշխավորող հանգամանքն է։ Եթե սուբյեկտ ես՝ ոչ մեկն իրավունք չունի ոտնձգություն կատարել քո սուվերենության վրա։ Մենք չենք կարող ընդունել որևէ անվտանգության նոր ձև, որն ավելի պակաս լինի, քան այն, ինչ մենք փաստացի այսօր ունենք»։ Նա տարօրինակ է համարել այն, որ, չգիտես ինչու, մենք ընդունում ենք, որ գոյություն ունի Թուրքիա-Ադրբեջան տանդեմը, բայց չենք ուզում հրապարակ բերել Հայաստան-ԼՂՀ տանդեմը, որն այսօր աշխարհի համար գոյություն չունի։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը շեշտել է, որ Թուրքիան մինչև հիմա շարունակում է նախապայմաններ առաջ քաշել՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարում, Թուրքիայից հայկական իրավունքներից, ներառյալ տարածքային իրավունքներից հրաժարում, Արցախից հրաժարում և այլն։ Խոսելով ապրիլի 22-ի հայտարարության և դրան հաջորդած զարգացումների մասին, Կիրո Մանոյանը շեշտել է. «Մեր պաշտոնական կեցածքը պետք է փոխվի. զիջումայինից պետք է դուրս գանք և փորձենք վերստին վերականգնել գոնե այն կեցվածքը, որ պահպանվում էր 1998-ից մինչև 2008 թվականը»...
Երկու օր քննարկելով մեր ազգային-պետական կարևորագույն՝ Արցախի և հայ-թուրքական հարաբերությունների հիմնահարցերը, հուլիսի 11-ին համահայկական համաժողովի մասնակիցներն ընդունել են Բանաձև, որտեղ մասնավորապես նշվում է, որ «Հայաստանի Հանրապետությունը, Արցախը, Սփյուռքը միայն իբրև մեկ միասնական օրգանիզմ կարող են կազմակերպված ուժի վերածվել, ունենալ ընդհանրական կամքի արտահայտման ձևաչափ, բացահայտել մեր անսահման ներքին կարողականությունը և մեր հարևաններին, աշխարհի ուժային կենտրոններին ապացուցել, որ հայությունը թույլ չի տալու ոտնահարել իր արդարացի իրավունքները»։

«Հայաստանի իշխանությունը պարտավոր է վերագնահատել ու իմաստավորել մեկ տարի առաջ իր նախաձեռնած հրապարակային հարաբերությունների ընթացքը, արդեն իսկ առկա բացասական արդյունքները, միջազգային հանրության առաջ բացահայտել Թուրքիայի իրական նպատակները և դադարեցնել բանակցությունները։ Արցախյան հիմնահարցի վերջնական կարգավորման ուղին խաղաղ բանակցային գործընթացն է, որտեղ սակայն պետք է փոխվի խեղված ձևաչափը, և ԼՂՀ-ն հանդես գա իբրև լիիրավ կողմ։

Բանակցային գործընթացում հիմք պետք է ընդունել Արցախի ժողովրդի արդեն իսկ կայացած ինքնորոշման փաստը և առաջնորդվել 1991 թ. անկախության և 2006 թ. ԼՂՀ Սահմանադրության ընդունման հանրաքվեների արդյունքներով։ Բանակցությունները պետք է նպատակ ունենան առաջնահերթ լուծում տալ ԼՂՀ անկախության ճանաչման և նրա անվտանգության ապահովման հարցերին և չպետք է շրջանցեն բռնազավթված Շահումյանն ու Գետաշենը, Մարտակերտի ու Մարտունիի հատվածները և Ադրբեջանից տեղահանված հարյուր հազարավոր հայերի իրավունքները։

Լեռնային Ղարաբաղը երբեք մաս չի կազմել անկախ Ադրբեջանին, իսկ 1991թ. հռչակել է իր անկախությունը Ադրբեջանին չպատկանող տարածքներում։ Խորհրդային Միության կազմալուծմամբ ավարտվել է Խորհրդային Ադրբեջանի տիրապետությունը Արցախի վրա։ Արցախյան պատերազմի նախահարձակը և հետևանքների պատասխանատուն Ադրբեջանն է»։

Բանաձևը անդրադարձել է նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարությանը, նշելով, որ «Այս համատեքստում, այսպես կոչված, նորացված Մադրիդյան սկզբունքների հիման վրա հակամարտության կարգավորումը արագացնելուն ուղղված համանախագահող երկրների նախագահների կոչը բացարձակապես չի բխում հիմնախնդրի բնույթից և հակամարտության ծավալման պատմությունից։ Ավելին՝ այն շրջանցում և լիովին անտեսում է ԼՂՀ ժողովրդի օրինապատշաճ կերպով արդեն իսկ արտահայտած կամքը։ Համաժողովը դատապարտելի, անթույլատրելի և իրավական ուժից զուրկ է համարում միջազգային որևէ փաստաթղթի ընդունումը՝ առանց հակամարտության հիմնական կողմի՝ ԼՂՀ իշխանության անմիջական մասնակցության։

Համաժողովը հաստատում է, որ ՀՀ-ն Ղարաբաղի ժողովրդի համար այս կենսական հարցի լուծման մեջ իրավասու չէ փոխարինել ԼՂՀ-ին։ Համաժողովը ՀՀ իշխանություններից պահանջում է չստորագրել առաջարկվող փաստաթուղթը և հրատապ միջոցներ ձեռնարկել ԼՂՀ-ն բանակցություններում որպես լիիրավ կողմ վերադարձնելու համար,- նշված է բանաձևի մեջ։- Մեզ համար Արցախը Հայաստան է և մնալու է ադպիսին։ Համայն հայության զորաշարժով մենք մեկ անգամ արդեն հաղթել ենք Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում, և թող ոչ ոք չկասկածի, որ նույնն է լինելու, եթե դարձյալ ազատ ժողովրդի հետ փորձեն խոսել զենքով...»։

Համաժողովի մասնակիցները այցելել են Ստեփանակերտի Հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Մեծ հայրենական և Արցախյան պատերազմներում նահատակվածների հիշատակը խորհրդանշող հուշակոթողին։ Հետաքրքիրն այն է, որ երբ ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել երկու պատերազմների զոհերի հուշակոթողին և շարժվել դեպի Մեծ եղեռնի և 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող կոթող, հետ նայելով, շատերը նկատել են, որ «անմար կրակը», որ վառել էին համաժողովականների այցելությունից քիչ առաջ, արդեն հանգցված է։

«Տարեգիր», Երևան



Հայաստանի մեկուսարաններում ու բանտերում պահվող քաղբանտարկյալներին ՀՀ նախագահի կողմից ներում շնորհելու լուրը ստանալով, սպասում էինք, որ ֆրանսահայ մեր բարեկամ Սարգիս Հացպանյանին ևս վերջապես կտեսնենք ազատության մեջ։ Սակայն մեծ եղավ հիասթափությունը. մարդը դեռ շարունակում է պահվել վանդակաճաղերի հետևում, Արցախի ազատության համար պայքարող մարդը ազատ ու անկախ Հայաստանում դեռ անազատության մեջ է։

Պարզվում է՝ ձեռքների տակ անհրաժեշտ տեղեկանք չունեն առ այն, որ 1991 թ. նոյեմբերից մինչև Ղարաբաղի ազատագրումը Հացպանյանը եղել է Արցախում՝ սկզբում որպես Լեոնիդ Ազգալդյանի և Վլադիմիր Բալայանի կամավորական ջոկատների զինվոր ու մարտական ընկեր, արցախյան բանակի կազմավորումից հետո՝ որպես ԼՂՀ պաշտպանության բանակի մարտիկ։ Ցանկացած անհեթեթություն կարելի է երևակայել, բայց, որ մեր օրերում հնարավոր է մարդու կյանքից վերցնել եւ «լուսանցքից այկողմ» նետել կամավոր անձնուրացության 4-5 տարի, չեմ պատկերացնում։


Ս.թ. հուլիսի 14-ին Սարգիս Հացպանյանի բարեկամներից այսպիսի SMS ենք ստացել.

«Այսօր, Բաստիլի բանտի գրավումից 220 տարի հետո, իմ գտնված հայկական Նոր Բաստիլում «Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն» գաղափարների հանդեպ ունեցած անկեղծ սեր ու հարգանքս ցույց տալու, դրանց ոտնահարման, զոհի կարգավիճակում անձամբ հայտնվելուս դեմ բողոքելու նպատակով 2009 թ. հուլիսի 14-ից 3-օրյա հացադուլ եմ հայտարարում»։

«Ազատություն» ռադիոկայանի «Ինչո՞ւ եք հացադուլ հայտարարել» հարցին արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը պատասխանել է. «Մարդուն անասունից տարբերող ամենակարևոր հատկանիշներից մեկը հիշողությունն է։ Ես, օրինակ, 220 տարի հետո էլ հիշելու եմ ֆրանսական հեղափոխությունն ու «Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն» արժեքները, իսկ Արցախում և Հայաստանում իշխանություն ներկայացնող մի քանի ապերախտ իմ՝ հայրենիքին մատուցած ծառայությունները չեն հիշում։ Համաներումն ինձ վրա տարածվելով հանդերձ, հարկ եղած «սպրավկան» տալ զլացողներին ես հացադուլի ավարտի արդյունքով պետք եղած իմ «մահվան տեղեկանքը» բանտից հասցնելուն օժանդակել եմ ցանկանում։

Բայց իմ մասին իրենց մարդկային հիշողությունները պահպանածներից ազնվաբարո հայորդիներ Ռուդիկ Հյուսնունցին, Գարիկ Գրիգորյանին, Վարդգես Օվյանին, Գեղամ Բաղդասարյանին և իմ մարտական ընկերներին մեծատառով ՄԱՐԴ լինելու և այդպիսին մնալու համար իմ խորին հարգանքն ու շնորհակալությունն եմ հայտնում»։
«ՆԷ»



ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ՝ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ

Եթե մենք՝ արցախցիներս, հաշվետու լինենք ինքներս մեզ, ապա անսխալ կարելի է շեշտել, որ մեր ամենամեծ նվաճումը, որով պարծենալ, հպարտանալ կարող ենք, մեր հազարավոր զավակների արյան գնով ձեռք բերված անկախ պետությունն է՝ ԼՂՀ-ն։
Բուժել ենք մեզ հասցված շատ վերքեր և, թեկուզ մեզ ճանաչելու մեր արդար պահանջը աշխարհաքաղաքական
պղտոր խառնարանում առուծախի առարկա է դարձել, հույսով ու հավատով ենք նայում մեր ապագային։

Սակայն, չժխտենք, որ այն առագաստն է հասնում երանելի ափին, որի կողմնացույցը ճիշտ է մատնանշում անցնելիք ուղին, խոտորումներ չունի։ Հեշտ չէ միանշանակ պատասխան տալ այն հարցին, թե որն է այն ուղեգիծը, որով անցնելով՝ մեր նավը կարող է մեզ հասցնել երազած ափին։
Մեզ համար ներկայումս չկա ավելի առաջնակարգ խնդիր, քան մեր տնտեսության նախկին հզորության վերականգնումն ու հետագա զարգացումը։ Մենք այսօր անդորրի մեջ չենք։ Մեծ բեկում է ապրում շինարարությունը, աննախադեպ կապիտալ ներդրումներ են արվում այդ ճյուղում։ Կառուցել, անշուշտ, պետք է, սակայն, հարց է ծագում՝ ժամանակի թելադրանքո՞վ են պայմանավորված այն թափն ու ծավալները, որ ստացել է զվարճատների, ռեստորանների, հյուրանոցների, սուպերմարկետների շինարարությունը։ Բնական է, օրինակ, այն, որ մայրաքաղաքի Սասունցի Դավիթ փողոցի վրա երբեմնի «Մանկական աշխարհ» հանրախանութը սուպերմարկետի վերածելուց հետո, ընդամենը մի 100-120 մ հեռավորության վրա երեքն էլ են ավելացել, մի եռահարկանին էլ կառուցվում է։ Ժամանակը չէ՞, որ առաջնահերթությունը տրվի արդյունաբերական շինարարությանը և գյուղատնտեսության վերականգնմանը։

Այսպիսի ընտրությունն ամենից առաջ մեզ անհրաժեշտ է մեր ժողովրդագրական աննախանձելի վիճակի շտկման, արտահոսքի վերացման համար։ Բնակչության քանակը ցանկացած երկրի պատվախնդրության կարևոր բաղադրիչներից մեկն է։ Զուր չէ, որ Իսրայելը դարեր առաջ աշխարհով մեկ սփռված իր հայրենակիցներին հավաքում է իր հարկի տակ։ Անկախություն ձեռք բերելուց հետո նրա բնակչությունն ավելացել է տասնչորս անգամ և այսօր դարձել է յոթ միլիոն։ Ընթացքի մեջ է մեկուկես միլիոն հրեաների մայր հայրենիքում տեղավորելու ծրագրի իրականացումը։

Երբեմնի «ողբի հայրենիք, որբի հայրենիք» Հայաստանը վեր էր ածվել հզոր տնտեսության և ծաղկող գիտության երկրի, այնքան հզոր, որ իր արդյունաբերական պոտենցիալով գերազանցում էր իրենից տարածքով և բնակչությամբ երեք-չորս անգամ մեծ այնպիսի եվրոպական երկրի, ինչպիսին Պորտուգալիան է։ Այստեղից էլ բնակչության աննախադեպ ավելացումը՝ բնական աճի և հայրենադարձության հաշվին։ 1920 թ. 700 հազարի փոխարեն 1989 թ. մարդահամարի տվյալներով Հայաստանի բնակչությունը կազմում էր 3,4 միլիոն։

Եթե մեր՝ Արցախի բնակչությունն աճեր այդպիսի տեմպերով, այսինքն՝ ավելանար գրեթե հինգ անգամ, ապա նրա թվաքանակն այսօր կկազմեր 850-900 հազար։ Արտահոսքը, որ միշտ էլ մեր ուղեկիցն էր, նոր թափ առավ Բաքվի կողմից մեզ պարտադրված պատերազմից հետո։ Քիչ թե շատ այն կարելի էր կանխել, եթե չկայացվեին սխալ, կամայական որոշումներ...

Գյուղում դա հողի սեփականաշնորհումն էր։ Հսկայածավալ Ռուսաստանում, որի հողատարածքները չափ ու սահման չունեն, զերծ մնացին նման քայլից, իսկ մենք դրան ձեռնամուխ եղանք հապշտապ, առանց խորհելու, թե այն ուր կհասցնի մեզ։
«Միության տասնհինգ հանրապետություններից,- ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին նվիրված իր «Հուսո առագաստներ» մենագրությունում նշում է Մ. Ամուտունին,- Հայաստանում առաջինը, համենայն դեպս, ձեռնարկվեց ու երկրում մեծածավալ թափով քայքայվեց գյուղատնտեսության ձևավորված ու աշխատող համակարգը… Վաթսուն տարիների ընթացքում ձևավորված տնտեսությունները քայքայելը, այնուամենայնիվ, հանցագործություն էր»։ Քարուքանդ անել բարվոք շենքը և հետո նրա փլատակների վրա ողբալ տեղի ունեցածը՝ առնվազն սեփական մեղքի ստվերման փորձ է։ Չէ՞ որ Արցախում հողի սեփականաշնորհման նախաձեռնողն ու իրականացնողը ոչ այլ ոք էր, քան հենց նույն Ռ. Քոչարյանը։

Ոչ ոք չի կարող ժխտել, որ մենք ի վերուստ պարտադրված ենք ունենալու այնպիսի տնտեսություն, որ կարող լինենք հարա՜յ կանչելու՝ սիրելի հայրենակիցներ, ձեզ հրավիրում ենք գործի՝ շահավետ աշխատավարձով։ Դրան հասնելու ուղին, կարծում եմ, իր «Չաստվածների խնջույք» գրքում ճիշտ է կանխանշում արձակագիր ու հրապարակախոս Մ. Հովհաննիսյանը. «Մեր խազնան, որի անունը դրել ենք բյուջե, պետք է լցվի մեր ամագի բերածով, ոչ թե հարազատ-բարեկամի բաշխածով… Այնպես լինի, որ կարողանանք ձեռքներս տանել գրպաններս ու ասել՝ էս էլ մեր կողմից»։
«Դրա համար,- լրացնում է հեղինակը,- առաջին հերթին մեր ձեռքը պիտի աշխատի և դրանից առաջ մեր միտքը պիտի աշխատի»։
Մեր միտքը չաշխատեց՝ քիչ է, անտեսվեց բանականը։ Խելք-խելքի տալու, պատերազմի և զանգվածային թալանի պատճառով վերջին շնչով հևացող գյուղատնտեսության ուշքի բերման ծրագիր մշակելու և իրականացնելու փոխարեն գործեց հրամանի ուժը, մեկի-երկուսի կամքը պարտադրվեց հողի մշակին։ Ամենաշատը նրան հուսախաբ արեց հրաման-հրահանգը՝ քանդել խաղողայգիները և փոխարենը հացահատիկ ցանել։ Իբր հացահատիկն ավելի շահութաբեր է։

Այժմ էլ, ցավոք, բոլորը չէ, որ իրենցից թոթափել են նման մոլորվածությունը։ Թեկուզ այսօր հեկտարից միջին հաշվով երեք անգամ քիչ, 40 ցենտներ խաղող է ստացվում, մեկ է, համադրելիությունից մեծ չափով շահում է խաղողը։ Անցյալ դարի 80-ականների վերջերին մենք ներկայիս 13 հազարի փոխարեն տարեկան 190-200 հազար տոննա (տնտեսությունների կարիքների համար պահվածի հետ) խաղող էինք հավաքում և ստանում այնքան եկամուտ, որ հավասար էր մեր այսօրվա պետբյուջեին։

Հարցերի հարցը, թերևս, մնում է շուկան։ Բայց շուկան նվիրատվությամբ չեն ձեռք բերում, այն նվաճում են։ Ահա արդեն քանի տարի է, ինչ Ուրալից մինչև Հեռավոր Արևելքը ներառյալ՝ խաղողի վաճառքի մենաշնորհը պատկանում է Ուզբեկստանին և Ղազախստանին։ Երկուսն էլ խաղողը տեղափոխում են երկաթուղով կամ օդային տրանսպորտով։ Մինչև լրիվ վաճառելը շահույթը կա ու կա, քանի որ գներն անհամեմատ բարձր են։
Չստացվի այն տպավորությունը, թե կարելի է հենց վաղվանից ռուսական շուկա դուրս բերել մեր խաղողը։ Դա լուծման ենթակա հեշտ խնդիր չէ, մանավանդ մեր պայմաններում։ Բայց եթե մենք կարողանայինք ռուսական որևէ տարածքում Հայաստանի հետ համատեղ ունենալ խաղողի վաճառքի մեր շուկան, անկասկած, կշահեինք։

Չմոռանանք, որ խաղողից եկամուտներ ստանալու առավել կարևոր այլ աղբյուրներ էլ կան։ Վերամշակման ենթարկելով՝ նրանից կարելի է սպիրտ, չամիչ, պահածոներ, հյութեր և, իհարկե, գինի ստանալ։ Կար ժամանակ, երբ մեր «Խնդողնի» տեսակի գինին առաքվում էր մինչև իսկ Հունգարիա, Ավստրիա, եվրոպական այլ երկրներ։ Չլիներ խաղողենու նկատմամբ թերահավատ մեր վերաբերմունքը, ունենայինք «Խնդողնի» տեսականի խաղողենու մեծ պլանտացիաներ, այսօր մեր գինով կարող էինք դուրս գալ արտերկրյա ցանկացած շուկա։
Երբ ռուսական շուկայից դուրս մղվեց վրացական գինին, կարծիք կար, թե նրան փոխարինելու է հայկականը։ Բայց ոչ Հայաստանը և ոչ էլ մենք ոչ արտադրանքի ծավալներով և ոչ էլ որակով ճեղքվածքը փակել չկարողացանք։ Պարզապես նախօրոք չէր աշխատել մեր միտքը և ոչ էլ դրան հետևել էր գործը։

Ծանր երկունքով, մաքառումներով է ստեղծվել մեր արդյունաբերությունը։ Դեռ նոր սկսել էր գործել Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանը, երբ Հ. Ալիևը Բաքվից հեռախոսազանգով կարգադրեց մեր կուսմարզկոմի առաջին քարտուղար Բ. Կևորկովին՝ թույլ չտալ, որ Հայաստանի ոտքը հայտնվի Ղարաբաղում։ Հնարամտությամբ հասանք նրան, որ Երևանը փոխարինվեց Ռյազանով։ Աճեց, հզորացավ և, շատ չանցած, բաժանմունքից վերացվեց ինքնուրույն ձեռնարկության։ Մարզի քսան գյուղական վայրերում 120-130-ական աշխատատեղով արդյունաբերական ձեռնարկություններ հիմնադրելու համար քիչ մնաց կուսմարզկոմի քարտուղարին հեռացնեին պաշտոնից։

Այն ամենը, որ ստեղծվել էր տասնամյակների ընթացքում, քարուքանդ եղավ մեր օրերում։ Ստեփանակերտում առաջիններից մեկն այդ ճակատագրին արժանացավ կահույքի ֆաբրիկան, որի համար մեր տեղական փայտանյութն էլ բավական էր թեկուզ կիսով չափ աշխատելու համար։ Հետո միայն պարզվեց, որ պետպատվերն էլ ֆաբրիկայից վերցվել է հատուկ նպատակով. նրա համար այն դուրս բերվեց շարքից, որ տեղական հումքի հայտ չներկայացնի։ Այդ հումքի տերը դարձան շտապ ձևավորված գաճաճ արտադրամասերը, որոնք զբաղվում են մանրահատակների (պարկետ) և տակառների թողարկմամբ։

Հետպատերազմյան անցած 15 տարիների ընթացքում առաջին անգամ ժամանակակից արդյունաբերական ձեռնարկություն՝ կահույքի ֆաբրիկա է կառուցվում Ստեփանակերտում։ Ուրեմն՝ հնարավոր է, որ մասնավոր կապիտալը ներդրվի նաև արդյունաբերության մեջ և կարելի է հուսալ, որ առաջնեկին կհաջորդեն նորերը։ Ժամանակին խոսք կար Ստեփանակերտում կղմինդրի գործարան, սպիտակեղենի, տրիկոտաժեղենի արտադրամասեր հիմնադրելու մասին։ Սակայն առաջարկությունները անուշադրության մատնվեցին։

Մաս առ մաս, հարկից հարկ էր գոյացել արդյունաբերության մեր հսկան՝ Ղարմետաքսկոմբինատը, որտեղ ժամանակին աշխատում էին 3 հազար արցախցիներ։ Նախկին մասնագետների կարծիքով, երբ բոժոժի հումք կար, արհեստական թել ձեռք բերելը դժվար չէր, կոմբինատի հզորությունը կարելի էր որոշ չափով պահպանել, եթե Երևանում հիմնակործան չարվեր միակ ներկման ֆաբրիկան։
Փրկության այլ ելք էլ կար. կոմբինատը հագեցված էր նոր հաստոցներով և հնարավոր էր անցնել սպիտակեղենի թողարկմանը, որն այժմ մեծ քանակությամբ և թանկ գներով ներկրում ենք արաբական երկրներից։ Այդ մասին առաջարկություն եղավ, սակայն՝ մնաց անարձագանք։ Երևի սպիտակեղեն ներկրողներն ավելի ուժեղ գտնվեցին, քան մեր արդյունաբերության առաջնեկի փրկմամբ մտահոգվածները։

Մի բան, որ մեզ լրիվ հաջողվել է՝ կահույքի գաճաճ արտադրամասերի ստեղծումն է։ Դրանց տերերից ոմանք բարձրաստիճան պաշտոնյաներ են և բավական հարստացել են մեր բնության հարստահարման միջոցով։ Այսպես՝ հանրապետության շատ վայրերում հատվել են մեծ քանակությամբ (ոմանց կարծիքով՝ հազարավոր) ընկուզենիներ, կաղնիներ և այլ թանկարժեք ծառեր, «սպանդից» զերծ չի մնացել մինչև իսկ Սարսանգի ձորակը։ Հարստացման տենչով վարակված մեր գործարարները գիտե՞ն, արդյոք, թե ինչի վրա են ձեռք բարձրացնում։ Բնության մեր այդ սքանչելի անկյունը ռուս հանրահայտ ազգագրագետ Գ. Անոխինի վկայությամբ՝ աշխարհի հրաշալիքների շարքում առաջիններից մեկն է։

Դեռ նոր էր Ռ. Քոչարյանն ընտրվել ՀՀ նախագահ, երբ առաջ քաշվեց Հայաստանում և Արցախում զբոսաշրջության զարգացման անհրաժեշտությունը։ Բավական ժամանակ է անցել, բայց լուրջ առաջխաղացում տեղի չի ունեցել, մանավանդ մեզ մոտ՝ Արցախում։ Հայաստանն այսօր տարեկան հազիվ կես միլիոն զբոսաշրջիկ է այցելում, մինչդեռ 30 անգամ քիչ բնակչություն ունեցող Աբխազիան՝ մեկ միլիոն։
Վերջապես ե՞րբ ենք մենք լինելու մեր ներքին շուկայի տերը։ Ցավալին միայն այն չէ, որ ներկրման և արտահանման մնացորդը կազմում է 3 միլիարդ դոլար՝ ի վնաս մեզ։ Մեր շուկան այսօր լիովին հեղեղված է արհեստական հումքից պատրաստված տրիկոտաժեղենով և կոշկեղենով՝ հիմնականում թուրքական արտադրության։ Հայաստանի վարչապետ Տ. Սարգսյանը վերջերս նշել է, որ վաստակելով մեծ գումարներ՝ խոշոր ներկրողները պարտավոր են հոգալ վաճառքի հանվող ապրանքատեսակների մի մասը տեղում թողարկելու մասին։

Նույնը կարող ենք անել և մենք, ըստ որում՝ պահանջ ներկայացնելով ոչ միայն ներկրողներին։ Մեր տնտեսական վիճակը թելադրում է գործին մասնակից անել բոլոր նրանց, ովքեր հիմնականում աշխատելով մենաշնորհային պայմաններում, վերջին տարիներին մեծ գումարներ են վաստակել։ Ինչո՞ւ չստեղծել իրավասու մի հանձնաժողով, ասենք, կառավարության ղեկավարի տեղակալ Ս. Թևոսյանի գլխավորությամբ, և որոշել, թե մեր մեծահարուստներից ով ինչպիսի մասնակցություն կարող է ունենալ արտադրական կարողությունների ստեղծման գործում։ Կար ժամանակ, երբ մինչև իսկ կույրերի միության տրիկոտաժեղենի արտադրամասը (ի դեպ այնտեղ 170 հոգի էր աշխատում) այնպիսի բարձրորակ արտադրանք էր թողարկում, որ ստացված բոլոր պատվերները կատարելու համար հաճախ երկհերթ էին աշխատում։

Հանրահայտ է, որ մեզ մոտ՝ Ստեփանակերտում գործում է զինվորական կոշկեղենի արտադրամաս։ Արտադրանքի որակը բավականին բարձր է, սակայն պարզ չէ, թե ինչու արտադրամասը չի անցնում քաղաքացիական կոշկեղենի թողարկմանը։ Բայց չէ՞ որ մեր ներքին շուկան հիմնականում հեղեղված է արհեստական հումքից կարված կոշկեղենով։
Թող այն տպավորությունը չստեղծվի, թե ես իմ առաջարկություններն ու դիտողությունները ճշմարտության վերջին խոսք եմ համարում։ Սակայն անվիճելի է, որ մենք ունենք մեր տնտեսության զարգացման, մեծ քանակության աշխատատեղերի ստեղծման ոչ քիչ հնարավորություններ, և դա պետք է դառնա բոլորի մտահոգության առարկան։ Հատկապես ակտիվ դերում պետք է լինեն «Ազատ Արցախ» պաշտոնաթերթն ու լրատվության մյուս միջոցները։ Մեր բարձրակարգ մասնագետները, արտադրական աշխատանքի հարուստ փորձ ունեցողները, գործարարները թող ներկայացնեն իրենց կարծիքը, տեսակետը, որին էլ պիտի հետևի արդյունավետ ծրագրերի կազմումն ու գործին ձեռնամուխ լինելը։

ԵՂԻՇԵ ՍԱՐԳՍՅԱՆ



ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆ ԱՐՑԱԽՈՒՄ

Երկար տարիներ աշխատելով Արցախի գյուղատնտեսության
ոլորտում և մասնակցություն ունենալով նրա զարգացման
գործընթացներին, արտադրաճյուղի զարգացման հարցերը
մշտապես մտահոգել են ինձ։ Ինչպես հայտնի է, հասարակական
ամեն մի ֆորմացիա իր կացութաձևն է թելադրում։
Տարբեր ժամանակահատվածներում մեր գյուղատնտեսությունն
ունեցել է ժամանակին համահունչ ձևն ու բովանդակությունը։

ԱՐՑԱԽԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՀԵՌԱՎՈՐ ԱՆՑՅԱԼՈՒՄ

Ցարական կարգերի ժամանակ Արցախի գյուղացիական տնտեսությունները կալվածատիրական, բեկական-խանական, վաշխառուական, վանքապատկան համակարգերից կրելով բազում զրկանքներ, հույսով ու հավատով ընդունեցին խորհրդային կարգերը՝ Լենինի «Հողը՝ գյուղացուն» կարգախոսով։ Այդ իսկ պատճառով մեզ մոտ գյուղատնտեսության կոլեկտիվացումն ավելի արագ կատարվեց, քան ամբողջ երկրի այլ շրջաններում։ Արցախի գյուղական համայնքներում ստեղծվեցին կոլեկտիվ տնտեսություններ, որոնք ժամանակի ընթացքում ամրապնդվեցին տնտեսապես, և անցյալ դարի 50-ական թվականներին վերածվել էին մի հզոր տնտհեսական կազմակերպության։ Այդ նրանք էին, որ 2-րդ համաշխարհայինի տարիներին բանակին ու ռազմաճակատին անխափան պարենամթերք էին մատակարարում։

Սակայն ինչպես ամենուրեք, այնպես էլ մեզ մոտ, ձեռք բերվածը ոչ միայն չամրապնդվեց, այլև հետագա զարգացումն ընթացավ մեր բնակլիմայական պայմաններին ոչ համահունչ, սխալ ճանապարհով։ Սկսվեց նրանց խոշորացումը, որի պատճառով քայքայվեցին ու հայաթափվեցին ծայրամասային մեր գյուղերը։ Ավելի ծանր էր վիճակը այն կոլտնտեսություններում, որտեղ միավորվել էին հայկական և ազերական համայնքներ (Առաջաձոր-Սրխավենդ, Չափար-Իմերեթ Քերեվենդ-Չարեքտար, Կաղարծի-Ղարադաղլու և այլն)։
Այդ ամենը միանգամայն ձեռնտու էր ազերիներին։ Օգտվելով առիթից, նրանք սկսեցին քարտեզներից աստիճանաբար հանել Արցախի ծայրամասային հայկական գյուղերի անունները կամ նրանց կպցրին թուրքական պիտակներ (Դաշալթը, Կալադարասի և այլն)։

Կոլտնտեսությունների խոշորացման քաղաքականության արդյունքում մարզում գործող 203 տնտեսություններից անցյալ դարի 80-ական թվականներին մնաց ընդամենը 89-ը, որից 33-ը՝ կոլտնտեսություններ, մնացածը՝ խորհտնտեսություններ։ Հետագայում կառուցվեց նաև 10 միջտնտեսային անասնապահական համալիր։

ԱՐՑԱԽԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵԿ

Այնուամենայնիվ, թեկուզ դժվարին պայմաններում ու մեծ ջանքերի գերլարումով, ԼՂ գյուղատնտեսության ոլորտը անցյալ դարի 70-80-ական թվականներին կայացավ ու վերելք ապրեց։ Այն ժամանակ մեծ ուշադրություն էր դարձվում հացահատիկային տնտեսության զարգացմանը՝ որպես երկրամասի հարստության գլխավոր պայմաններից մեկը։ Միջին հաշվով հեկտարի բերքատվությունը հասնում էր 22-24, առանձին բրիգադներում՝ անգամ 30-40 ցենտների, հացահատիկի համախառն բերքը հասցվել էր 60-65 հազար տոննայի։

Այդ տարիներին մարզում բուռն զարգացում ապրեց նաև խաղողագործությունը։ Երկրամասը վերածվեց գինեգործության արդյունաբերական օբյեկտների լայն ցանցի։ Խաղողայգիների քանակը հասցվեց 15-18 հազար հեկտարի, հեկտարի միջին բերքատվությունը հասնում էր ավելի քան 100 ցենտների, խաղողի տարեկան համախառն արտադրությունը հասցվեց 150-160 հազար տոննայի, որը պետության կողմից ամբողջությամբ մթերվում էր, և մենք խաղողի իրացման համար շուկա չէինք փնտրում։
Մարզում բուռն զարգացում ապրեց նաև անասնապահությունը։
Տավարի գլխաքանակը հասցվել էր 98,4 հազարի, խոզերի գլխաքանակը հասցվեց 94 հազարի, մանր եղջերավոր անասուններինն ու մեծահասակ հավերինը՝ 300-ական հազարի։

Գնալով ամրապնդվում էր անասնապահության կերային բազան, որի տրամադրության տակ էր գտնվում ավելի քան 115 հազար հեկտար ամառային և ձմեռային արոտավայր և 3350 հեկտար խոտհարք։ Տարեկան կաթի արտադրությունը հասցվեց 48-54, մսինը (սպանդային քաշով) 11-12 հազար տոննայի, ձվինը՝ 11-12 միլիոն հատի և այլն։ Կովի միջին կաթնատվությունը հասել էր 2500 կգ-ի, իսկ ավելի առաջավոր տնտեսություններում՝ 3500-4400 կգ-ի։ Մարզում անասնապահության զարգացման, նրանց վարակիչ և այլ կարգի հիվանդություններից պաշտպանելու գործում պայքարում էր անասնաբուժական ծառայության հզոր մի բանակ։

Ոլորտը հագեցված էր գյուղտեխնիկայով։ Այստեղ գործում էին հարյուրավոր տրակտորներ, կոմբայններ, ավտոմեքենաներ և այլ կարգի գյուղտեխնիկա՝ իրենց գործին տիրապետող մեխանիզատորներով։
Մարզի կոլտնտեսություններից ու խորհտնտեսություններից շատ-շատերը վեր էին ածվել սոցիալիստական տիպի առաջավոր տնտեսությունների՝ աշխատավորների բարձր վարձատրությամբ։ Նրանցից շատերն արդեն իրենց վրա էին վերցնում աշխատավորների հանգստյան տների, մանկապարտեզների, պիոներական ճամբարների, հաճախակի կազմակերպվող էքսկուրսիաների բոլոր ծախսերը։ Այդպիսի կոլտնտեսությունների թվին կարելի էր դասել Ճարտարի, Գիշու, Բերդաշենի, Սոսի, Նորագյուղի, Խնապատի, Ավետարանոցի, Թալիշի կոլտնտեսություններն ու Մարտակերտի, Չայլուի, Ներքին Հոռաթաղի, Տողի, Էդիլլուի, Կարմիր Շուկայի խորհտնտեսությունները։

Այսքանով հանդերձ, իմ նպատակը չէ գովաբանել անցյալ կարգերը։ Նախկինում ևս գոյություն ունեին բազում բացասական երևույթներ ու լարված պահեր։ Մշտապես զգացնել էին տալիս ազերական պետության խտրական վերաբերմունքը մեր նկատմամբ։ Թեկուզ մեզ մոտ բնակչության մեկ շնչի հաշվով ավելի շատ պարենամթերքներ էին արտադրվում, քան նախկին Ադրբեջանական հանրապետությունում, իրենց մտածված պլանավորման արդյունքում, մեզ մոտ արտադրվող մթերքների, հատկապես կաթնամթերքների ու մսամթերքների մեծ մասը դուրս էր բերվում մարզից, այսպես կոչված, հանրապետության արդյունաբերական քաղաքներին (Եվլախ, Մինգեչաուր, Կիրովաբադ, Բաքու և այլն) մատակարարելու համար, իսկ մեզ թողնված մթերքները չէին բավարարում մեր բնակչությանը։

Ահա այն որոշ ոչ լրիվ տեղեկատվական տվյալները, որոնք առկա էին Արցախի գյուղատնտեսության ոլորտին՝ ոչ հեռու անցյալում և երեկ։

ԷԴՈՒԱՐԴ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Թոշակառու, անասնաբուժական
գիտությունների թեկնածու|



ՔԵԶ՝ ՔԵԶՆԻՑ ՀԵՏՈ
(Դավիթ Իշխանյանի հիշատակին)


Անչափ համեստ ու բարի մարդ էր Դավիթ Իշխանյանը։ Աներևակայելի համեստ ու ազնիվ։ Նրա պապը մերօրյա բարձր պաշտոնյաներից մեկի պապի հետ եղբոր պես է եղել, մտերիմ ընկերներ են եղել։ Այդ մասին նա ոչ մեկին չի ասել, դրանով հպարտանալու մեջ իմաստ չի տեսել, և դա իր նմանների համար բնական էր՝ է՜հ, հետո՞, դա ի՞նչ նշանակություն ունի. ինքն իր ճանապարհն է անցել, իր պապի բարձր պաշտոնյա թոռը՝ իր։ Իրենց ճանապարհները երբեք չեն հատվել...

Սակայն գտնվել է կարիերիստ ու խաչագող մեկը, այդ «ընկերությունը» վերագրել է իր պապին, որպեսզի մշտապես կանաչ ճանապարհ ապահովի իր անօրինությունների համար...
Լսելով այդ, Դավիթ Իշխանյանը ապշել է, զարմացել, որ մեր օրերում ոչ միայն փող ու հարստություն են գողանում, այլև «սեփականաշնորհում» ուրիշի ընկերոջն ու բարեկամին, ինչ է թե՝ մեջտեղ շահի խնդիր կա... Լսել է, ապշել, մտքում թերևս զայրացել ու լռել, որովհետև ինքն իր պապի և հոր պես էր՝ երբեք աչք չէր դնի հարամ հացի վրա...
«ՆԷ»

Դաթո, այսօր էլ ինձ թվում է, որ կգամ աշխատանքի ու քեզ կտեսնեմ գրասեղանիդ առաջ նստած՝ լուռ քո գործին: Մի քանի րոպե մտքեր կփոխանակենք, կպլանավորենք մեր հետագա անելիքները, փոստին կնայենք ու կանցնենք ամենօրյա մեր գործին: Տարիներ շարունակ սովորել ենք դրան, լրագրողի մեր ամենօրյա գործն է դա:
Ինձնից շատ շուտ էիր սկսել լրագրողի ոչ դյուրին քո գործը, Դաթո: Կարծեմ 1985 թվականին էր: Այն ժամանակ երիտասարդ լրագրողս, դեռ նոր էի տեղափոխվել «Սովետական Ղարաբաղ» թերթի արդյունաբերության, շինարարության և տրանսպորտի բաժին, որի վարիչը դու էիր, Դաթո: Ընթերցողների համար մշտապես մնացիր Դավիթ Իշխանյան, բայց քեզ ավելի շատ Դաթո մտերմիկ անվամբ էինք դիմում, ու բոլոր քեզ դիմողների մոտ անթաքույց հարգանք կար քո հանդեպ: Ես էլ այդպես սովորեցի, և դու մինչև քո կյանքի վերջն ինձ համար մնացիր «Դաթո» մտերմիկ-փաղաքուշ անվամբ:

Եթե ասեմ, որ լրագրության բնագավառում իմ ամենաառաջին ուսուցիչներից էիր դու, երևի սխալված չեմ լինի: Ըստ սահմանված կարգի, գրական աշխատողի կամ թղթակցի հոդվածներն առաջին հերթին բաժնի վարիչն էր իր «քուրայով» անցկացնում, իր գործն անում, հետո ուղարկում խմբագրի տեղակալին կամ գլխավոր խմբագրին։ Դու հոդվածներիս «քեֆին» չէիր կպնում, բայց նաև շատ հանգիստ, ուղղություն էիր ցույց տալիս: Այսպես ավելի լավ կլինի, ասում էիր դու, և իսկապես, այդպես ավելի լավ էր, ու քեզնից հետո իմ գրածները կանաչ ճանապարհ էին ունենում:

Ծանր էր մեր բաժնի աշխատանքը, բայց մենք երկուսով, առանց տրտնջալու, «կրում էինք մեր խաչը»: Այս պահին, քո մասին գրելիս, ակամայից Դոստոևսկու խոսքերն եմ հիշում. «Ես չեմ կարող պատկերացնել այնպիսի վիճակ, որ երբևէ անելու բան չլինի»։ Կարծես քո մասին է ասել:
Հետո մեր ճանապարհները բաժանվեցին: Դու մնացիր խմբագրությունում, իսկ ես գնացի բանակ. պատերազմ էր: Տարիներ անց մեր ճանապարհները նորից միացան: «Արհմիություններ» թերթին, որի խմբագիրն եմ առայսօր, թղթակից էր պետք ու ես երկար չմտածեցի, որովհետև ճանաչում էի քեզ ու համոզված էի, որ, չնայած տարիքիդ, երիտասարդից պակաս չէիր աշխատի՝ եռանդդ կարող էր բավարարել մի քանի երիտասարդի:

Մեր մտերմիկ զրույցների ժամանակ հաճախ էիր կարոտով հիշում Արշակ հորդ, Դաթո, հիշում նրա խրատները, որ բարության հորդորներ էին: Հորդ խորհուրդներն այնքան էին արմատակալել մեջդ, որ ինքդ էլ բարության մարմնացում էիր դարձել: Աստվածաշնչում երևի քեզ ու քո նմանների մասին է ասվել. «Այսպես, ամեն բարի ծառ բարի պտուղ է տալիս: Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ, ոչ էլ վատ ծառը՝ լավ պտուղ տալ…»: Դու բարի ծառի պտուղ էիր և ինքդ էլ դարձար բարի ծառ: Ծառ, որ հազվագյուտ է երևի մեր կյանքում:

1938 թ. հունվարի 6: Դաթո, հիշեցնեմ բոլորին, որ քո ծննդյան տարին է, ամիսն ու օրը, ու հիշեցնեմ նաև, որ հունվարի 6-ին քեզնից շատ-շատ առաջ Քրիստոսն է ծնվել: Իսկ միգուցե հենց դա է քո անչափ բարության պատճառը, Դաթո: Մեկ տարի առաջ, երբ դու 70 տարեկան էիր դարձել ու հանրապետության արհմիությունների ֆեդերացիայի մեծ ու փոքրին, քո ընկերներին հրավիրել էիր ձեր տուն՝ քեֆ անելու, ինձ ասում էիր՝ բնակարանս նորոգված չէ, ամաչում եմ ձեզ հրավիրել: Հրավիրեցիր, բայց ոչ մեկը չտեսավ, կամ տեսավ, բայց չնկատելուն տվեց, որովհետև բոլորը գիտեին քո և քո ընտանիքի համեստ ապրուստն ու առաքինի բարքերը:
«Արհմիությունների» հերթական համարում պատրաստվում էի շնորհավորել քո 70-ամյա հոբելյանը, բայց չարչարվում էի ու չգիտեի ինչ և ինչպիսի տողերով ներկայացնել քեզ: Ու մի օր դու աշխատանքի եկար ու ամաչ-ամաչ ինձ մեկնեցիր կնոջդ՝ վաստակաշատ ուսուցչուհի Ռեբեկա Սեինյանի քո մասին գրած ներբողը...

Այսօր քո սիրեցյալ կինը, որդիներդ՝ Նորիկն ու Սասունը, հարսներդ ու թոռներդ քո պակասը շատ ու շատ են զգում, և դեռևս շատ կզգան. դու քո օջախի սյուներից մեկն էիր ու այսօր չկաս, բայց կա ու միշտ կմնա քո բարի անունը:
Տխուր ստացվեց, չէ՞, Դաթո: Բայց որպեսզի տխուր չավարտեմ, բերեմ Մոպասանի ասացվածքներից մեկը, որ բոլորիս է վերաբերում: «Կյանքը լեռ է. բարձրանում ես դանդաղ, իջնում՝ արագ»։
Դու կյանքի այդ լեռը բարձրացար պատվով, իջնելիս էլ՝ պատվով իջար: Երկնային կյանքում էլ Աստվածահաճ մարդ կլինես, Դաթո:

ԱՐԱՄԱՅԻՍ ԳԱՐԱՔՅԱՆ



ՃԳՆԱԺԱՄԸ ԹԱԿՈՒՄ Է ԵՐԹՈՒՂԱՅԻՆԻ ԴՌՆԵՐԸ

Թվում էր՝ վերջ ճգնաժամին: Ժամանակի հրամայական էր, եկավ ու անցավ: Լողացող տարադրամն այնքան էլ երկար «ապաստան» չգտավ երկրում: Բայց դե փոքր լարվածությունն էլ բավական էր ժողովրդին անհանգստության մեջ գցելու համար: Թվում է, թե այսօր այդ տխուր երևույթն արդեն ետևում է: Պարզվում է, սակայն, որ…

Ստեփանակերտի երթուղայինները կարծես հենց այդ միջազգային ճգնաժամին էին սպասում։ Օրեցօր հետաքրքիր աճ է արձանագրվում երթուղային ավտոտրանսպորտում: Հիշեցնենք, որ սկզբում ուղեվարձը 20-30 դրամ էր, հետո դարձավ 50 դրամ: Եվ ահա, ուղեվարձի չափը կանգնեց 70-ի նշագծին։ Դե, գոնե 100 դրամ դառնար: Թե չէ՝ մերձավորներիդ, ծանոթ-բարեկամների կամ ընկերների հետ երթուղային նստելիս ստիպված ես լինում երկարատև տակնուվրա անել, քրքրել պայուսակդ՝ «արծաթե» մետաղադրամներ հայթհայթելու համար:

Գոնե լավ է, որ որոշ ավտովարորդներ մեքենայի սալոնում ցուցանակներ են կպցել՝ յուրաքանչյուրը թող վճարի միայն իր փոխարեն (թերևս բացառություն են կազմում մեկտեղ երթուղային մտնող ընտանիքի անդամները), այլապես, մի քանի ծանոթ-բարեկամների հանդիպելով միկրոավտոբուսներում, ստիպված ես լինում ավելի տևական պեղումներ կատարել պայուսակիդ մեջ։
Պատճառաբանությունը հասկանալի է՝ մեքենայի «սնունդը» (բենզին) թանկացել է: Բայց դե, մյուս կողմից, չէ՞ որ վաղուց երթուղայիններն ու տաքսի սերվիսներն առավելապես աշխատում են գազաբալոնային համակարգով, որոնք այնքան էլ թանկ չարժեն:

Սակայն եկեք մեր երթուղայինները համեմատենք Հայաստանի մայրաքաղաքի նմանատիպ տրանսպորտի հետ։ Երևանի երթուղայիններում ուղեվարձը 100 դրամ է։ Այդքան վճարելով, ուղևորը երթուղային ավտոբուսով տասնյակ (երբեմն էլ՝ մի քանի տասնյակ) կիլոմետր ճանապարհ է գնում։ Իսկ մեզ մոտ, ստացվում է՝ 2-3 կանգառ ճանապարհ կամ 500-600 մետր ճանապարհ գնալու համար համեստ կենսաթոշակով հազիվ ծայրը ծայրին հասցնող տատիկ-պապիկները 70 դրամ պիտի վճարեն։ Ստացվում է, որ մեզ մոտ երթուղային տրանսպորտը եռակի-քառակի թանկ հաճույք է, քան Երևանում։

Շատ դեպքում սրտային կամ այլ հիվանդությամբ տառապող հիվանդները գերադասում են ոտքով հատել անհրաժեշտ ճանապարհը (ասենք հիվանդանոց, դեղատուն), զերծ մնալու կրկնակի, եռակի, քառակի անգամ ուղեվարձ մուծելուց: Թոշակառու և հաշմանդամ անձինք մի քանի անգամ նման «տխուր» իրավիճակում հայտնվելու դեպքում, ստիպված են լինում ողջ ամսվա թոշակը կամ հաշմանդամության ստացականը տրամադրել երթուղայինի վարորդներին:
Ցավալին այն է, որ քաղաքապետարանը վավերացրել է սեփական քաղաքացիների գրպանները թափ տալու այս կարգը։ Դե ինչ, պարոնայք, հանուն միջազգային ճգնաժամի, գուցե փորձենք ոտք մեկնել Երևանի հետ, և ուղեվարձը դարձնել 100 դրամ։ Մեր մայրաքաղաքն ինչո՞վ է պակաս...

Ցավալի է... Հուսանք, որ գեղեցիկ մի օր շարքային մահկանացուներիս համար էլ երկնքից սև «ջիպ-հոնդաներ» կընկնեն, և մենք՝ հասարակ քաղաքացիներս, այդ թվում ծերերն ու հաշմանդամները, նույնպես կերթևեկենք ձրի, պետբյուջեի հաշվին...

ԱՆԱՀԻՏ ՀԱԿՈԲՅԱՆ



ԳՈՀ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ

Հարգելի «Նոր էջ»։ Հանրահայտ է, որ վերջին տարիներին թերահավատ վերաբերմունք է ստեղծվել մեր բուժաշխատողների նկատմամբ։ Ոչ քչերը հիմա, ծախսելով մեծ միջոցներ, գերադասում են բուժման մեկնել Երևան։

Եղավ պահ, երբ ես էլ այդպիսի մտադրություն ունեի։
Խրոնիկական ասթմայի բարդացմանը գումարվեցին ալերգիական նոպաները։ Վիճակս այնպիսին դարձավ, որ հեռու տեղ մեկնելը արդեն վտանգավոր էր։ Իսկ ինչո՞ւ չդիմել Ռայա Սիմոնյանին, որը հմուտ թերապևթ-ալերգետիկի համբավ ունի՝ հուշեց ինձ բարեկամներիցս մեկը։ Ունկնդրեցի և բուժման տեղավորվեցի հանրապետական հիվանդանոցում։ Առաջին իսկ րոպեներից զգացի, որ ինձ բուժելու է հմուտ և, որ շատ կարևոր է, ուշադիր ու հոգատար մասնագետ։ Ճիշտ ընտրված բուժական միջոցները, կազդուրվելու հույսը, որ ինձ ներարկեց Ռ. Սիմոնյանը, նպաստեցին, որ ես ոտքի կանգնեմ։ Քիչ չի պատահել, որ բժշկուհին աշխատանքից ուշ է տուն գնացել, որովհետև ցանկացել է համոզվել, թե ես ինչպես եմ տանում հերթական սրսկումներն ու մյուս բուժամիջոցները։

Հիմա ես նորից իմ ընտանիքում եմ։ Ինձ զգում եմ այնպես, ինչպես յուրաքանչյուր առողջ մարդ, որի համար և իմ երախտիքն եմ հայտնում Ռայա Սիմոնյանին։

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ



ՈՉ ԹԵ ԱՍՈՒՊ, ԱՅԼ ՓԱՅԼՈՒՆ ԱՍՏՂ

Հուլիսի 17-ին ՆՎԱՐԴ ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻ ծննդյան օրն է։ Երկրորդ տարին է, սակայն, որ նրա հարազատները, ընկերներն ու բարեկամներն այդ օրը նշելու են շնորհալի լրագրողի բացակայությամբ։ Նրա մահից հետո լույս տեսած անկրկնելի հումորով ու հայրենիքի ներկայի հանդեպ խոր ցավով գրված «Ամանորի նվերներ» համեստ գրքույկի մասին է սույն հոդվածը։
«Թող ես լինեմ փայլատակող ասուպ, քան հավերժական, բայց քնկոտ մոլորակ»։ Փթթուն հասակում կյանքից հեռացած, տաղանդի շեշտադրումով լրագրական և գրական ասպարեզ մտած Նվարդ Օհանջանյանի գրառումն է, որ նա եղբոր՝ գրող Վարդգես Օվյանի վկայությամբ թողել է իր նոթատետրում։ Փայլատակող ասուպ... Ո՛չ, Նվարդն ավելին եղավ իր կարճ կյանքով, իր թեև կարճ, բայց գնահատանքի արժանի գործունեությամբ։

Ինչի՞ն էր պետք Նվարդ Օհանջանյանին լինել փայլատակող ասուպ և ոչ թե քնկոտ մոլորակ։ Ահա հենց սրանում է, որ ես նմանության եզրեր եմ տեսնում նրա և վաղամեռիկ մեծ լիրիկ ու դասական Պետրոս Դուրյանի միջև։ Մահվան հետ անհավասար մաքառման մեջ մտած պատանուն սոսկ ապրելու տենչը չէր մղում գոտեմարտի մեջ մտնելու իր ամոքման չենթակա հիվանդության հետ, այլև «հեք մարդկության մեկ ոստը գոս» հանդիսացող հայրենիքին սատար լինելու բաղձանքը.
Չօգնած անոր՝ մեռնել աննշան,
Օ՜հ, այս է սոսկ ցավ ինձ համար։

Նվարդը ստեղծագործական ուղի մտավ, երբ մեր կյանքում, լինի քաղաքական թե սոցիալ-տնտեսական, տեղի էին ունեցել խոր վերափոխումներ ու տեղաշարժեր, որոնց անկառավարելությունը մարդկանց մեջ ծնում էր սեփական յուղում տապակվելու, անձնական շահը հանրայինից վեր դասելու, գռփելու, դոլարային արժեքներով հղփանալու, դիմացինի անզորության հանդեպ անտարբեր լինելու մղում ու գործելակերպ։ Ճիշտ ու ճիշտ վերածնունդ էին ապրում Նար-Դոսի «Մեր թաղը» պատմվածաշարի հերոսների ժամանակակից կերպարները։

Նոր, թարմ խոսք էր պետք մերժելու հոռին, մեր վեհագույն իղձերի ճանապարհին մոլախոտի պես բազմացող բարքերը։ Հեշտ խնդիր չէր, քանի որ «նորի» ի հայտ գալը շատերի կողմից ներկայացվում էր որպես բնականոն ընթացք, որը և տեսանելի հորիզոնում մեզ պետք է հասցնի երանելի ափը։
Սուր աչք, խորազնին դիտողականություն էին պետք նոր երևույթների ճիշտ գնահատման համար։ Եվ նաև խիզախություն, քանի որ «նորի» ջատագովները պատենավորված էին ժամանակի իշխանավորների պաշտպանությամբ։ Եվ քչերը, ավելի ճիշտ կլինի ասել՝ եզակիները, համարձակվեցին գնալ հոսանքին դեմ, վկայելու, որ ընտրված ուղղությունը մեզ ոչ թե դեպի բարձունք, այլ դեպի վիհ ու խորխորատ է տանում։

Այդպիսիներից մեկն էլ եղավ հենց նոր գրական ասպարեզ ոտք դրած, ետևում հասուն փորձ չունեցող Նվարդ Օհանջանյանը։ Ռիսկ կար նրա ընտրության մեջ, բայց կար և հաջողության հասնելու հավատ, քանի որ տաղանդաշատ, գրական լուրջ արժեքներ թողած հոր՝ Վազգեն Օվյանի գեների ներկայությունն էր զգում իր երակներում և յուրացրել էր ոչ քիչ նշանավոր երգիծաբանների արվեստը։ Զոշչենկոյին սերտել էր, ինչպես օրինավոր աշակերտն իր հերթական դասը։

Ուղղակի զարմացնում է Նվարդի կենսազգացողությունը, «ժամանակի շունչը» կռահելու նրա հնարամտությունը։ Հետխորհրդային շրջանում մի բնագավառ, որ բուռն, աննախադեպ աճ վերապրեց, դա խանութաշինությունն է։ Առաջադիմությո՞ւն է, եվրոպական ստանդարտի կիրառո՞ւմ։ Կան այնպիսիները, որ այդպես են դատում։ Նրանց ի՞նչ, թե մեր անհարկի ուռճացված առևտրի համակարգում մեր հազարավոր քաղաքացիներ ոչ թե հանրօգուտ աշխատանքով, այլ չարչիությամբ են զբաղված։

Այո՛, բեկումնային շրջադարձ է տեղի ունեցել մեր ամենօրյա կյանքում։ Խանութների առատությամբ չէ, որ մենք պետք է առաջ ընթանանք։ Մեր ձեռքը, թող կոշտացած, պետք է բանուկ լինի, մեր ամեն մի քաղաքացի պետք է իր աշխատանքն ունենա, հանուրով պետք է այնքան ապրանք թողարկենք, որ կարողանանք, եթե ոչ լիովին, ապա գոնե իր զգալի մասով մեր ներկրածի և դուրս բերածի տարբերությունը հասցնել այն աստիճանի, որ մեր երեք միլիարդ դոլարը, բաղկացած մեծամասամբ արտերկրներից մեզ՝ որպես օգնություն ուղարկված փոխանցումներից, չգնա ապաստանի օտար ափերում, ծառայի մեր և ոչ թե օտարի բարեկեցությանը։
Մենք հայերենի մեր բառապաշարում ունենք այսպիսի իրավիճակի գնահատման համարժեք բառ՝ հիմնահարց, որի լուծումը պետք է լինի մեր մշտական տեսադաշտում։ Բայց ոչ մեկը մյուսին հաջորդող պաշտոնական հավաքներում և ոչ էլ մեր մամուլում այդ մասին նույնիսկ չի հիշատակվում։

Նվարդ Օհանջանյանն այն հազվագյուտ լրագրողներից էր, որ չընկրկեց անդրադառնալու համարյա թաքստոցային դարձած այդ հարցին։ Հատկապես արժեքավոր է նրա «Լավ ժամանակներ» երգիծապատումը։ Ոչ մի բիծ չունեցող ստեղծագործական հրաշալի կտավ՝ հյուսված կենսական հյութով և լեզվաոճական նրբագույն երանգներով։

Արտաքինից վաճառորդի և գնորդի փոխհարաբերության հարցն է նրանում դրված դիտարկման։ Գնորդին ուղղակի հիացնում են խանութի չափերն ու մթերքների առատությունը. «Մտնում ես խանութ և մթերքների առատությունից մի պահ շվարում, մոռանալով, թե ինչու ես հայտնվել այստեղ»։ Վաճառողուհիներն էլ բոլորովին նման չեն միամիտ ու անգետ Գիքորին։ Գեղեցկուհիներ, հմայիչ աղջիկներ են և սկի էլ գիքորյան «Էստի՜ համեցեք, էստի՜ համեցեք»-ով չեն դիմավորում գնորդին, այլ իրենց հայիլ-մայիլով, իրենց բնածին և արհեստական հրապուրանքներով ու պաճուճանքներով։

Հետո պարզվում է, որ աղջիկների այս «որսը» եզակի երևույթ չէ. հարևան խանութներում էլ վաճառողուհիները պակաս վայելչակազմ, նազ ու տուզով չեն, պատրաստ հարգալից ժպիտով, կոտրակվելով, փաղաքուշով սպասարկելու քեզ։ Հեղինակը ծալք-ծալք իր միտքը հանգեցնում է գլխավորին՝ մեր շրջապատում տիրող վարքն ու բարքը ոչ թե հարստացնում, այլ սնանկացնում են մարդու հոգեկանը, սահմանափակում նրա մտավոր զարգացման հնարավորությունները։ Տվյալ պարագայում վաճառողուհիներին ներքին ձայնը չէ մղում նմանակերպվել թաքստոց-պուլտից ղեկավարվող մանեկենի, այլ ավելի շատ ապրանք իրացնելու, դրանով իսկ իր տնօրենի համակրանքին արժանանալու ձգտումը։
Քայլ առ քայլ խտանում են մարդու հոգեկան աշխարհի աղարտման, նրա ինտելեկտուալ հետաքրքրությունների ներփակվածության պատկերման գույները։ Գրախանութները, որ մի ժամանակ մեկը, երկուսը չէ, որ կային Ստեփանակերտում և ուր գրքեր ձեռք բերելու համար հերթեր էին գոյանում, հիմա չքացել, վերացել են, փոխարինվել առևտրի և ժամանակի նոր պահանջներին հարիր այլ օջախներով։

Տխուր, թախծալի իրավիճակ։ Եվ հեղինակի խոսքը դառնում է առավել սուր, մինչև իսկ՝ պամֆլետային։ Ինքը՝ հեղինակն է ըմբոստանում մեզ դեպի խավարամոլություն տանողների դեմ, բայց իր ձայնը գերադասում է տալ մերօրյա քաղքենուն, «նորամուծությանը» համակերպվածին. «Ասացեք, խնդրեմ, մեր ինչի՞ն է պետք գեղարվեստական կամ գիտական գրականությունը, երբ ընթերցանության փոխարեն կարելի է դիտել մեքսիկաբրազիլական դյուրամարս ու սրտաշարժ հեռուստասերիալներ։ Հետո էլ այդ գրողներն ու բանաստեղծները ձևի հետևից ընկնելով՝ այնպես բարդ ու դժվարամարս բառեր են գործածում, որ դյուրությամբ չես ըմբռնում գրածը»։

Ն. Օհանջանյանին խորթ է օտարամոլությունը։ Հատկապես մտահոգիչ է անգլերենի ոչ արդարացված մուտքը մեր կենցաղը։ Առևտրի, կենցաղի օջախ է՝ մի էլ մտածիր, թե հայկական անուն կունանա։ Միայն ու միայն անգլիական, իբր թե եկվոր կանչող և ոչ թե վանող։ Ինչ հայերենը դարձել է պետական լեզու,- կարդում ենք պատմվածքում,- մեր երիտասարդությունն սկսել է անգլերեն բլբլացնել։ Բայց ո՞վ է նրանց մեղադրում, համակարգչի լեզուն պիտի հասկանա՞լ, թե՞ ոչ... Հետո էլ, նկատել եմ, մեկ-մեկ մարդիկ տրտնջում են, որ մեր հայ երգիչ-երգչուհիները անգլերենով են երգում։ Այդտեղ էլ մի վատ բան չեմ տեսնում. նախ «Ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես» կարգախոսը բոլորի համար է, հետո էլ՝ այդ անգլիացիներն ու ամերիկացիները թող նախանձից պայթեն ու համոզվեն, որ անգլերենը միայն իրենց լեզուն չէ, և թե կարող են՝ թող իրենք էլ հայերեն երգեն»։

Գրքում զետեղված լավագույն հրապարակումներից մեկն էլ «Կրիտիկական պահեր հեռուստաէկրանին» հումորեսկն է։ Այն, ինչպես և հեղինակի այլ գործեր, կառուցված է այլաբանության հիման վրա։ Սյուժեն հեռուստատեսային գովազդի դերն է մեր կյանքում։ Նվարդ Օհանջանյանը «սրբացնում», «աստվածացնում» է գովազդը, օրհնում այն օրն ու ժամը, երբ այն առաջին անգամ մուտք գործեց հեռուստատեսություն։ Միամիտ ընթերցողը կարող է կարծել, թե հեղինակը համակրանքով է վերաբերվում գովազդին։ Իրականում ամբողջ տեքստը մերժողական բնույթ ունի, քանի որ կեղծիքից ու ստից կազմված գովազդի նպատակը նրա պատվիրատուի շահն է։

Շահը ստիպում է դիմել հնարամիտ միջոցների, այդ թվում և՝ ապրանքատեսակների անվանմանը, այսպես կոչված, նշանավոր մարդկանց անուններով։ Ըստ հումորեսկի՝ մեզ մոտ և Հայաստանում այդպիսի պատվի արժանանում է Աշոտ Ղազարյանը. «Աշոտ Ղազարյան» օղի, «Աշոտ Ղազարյան» լոտո, «Աշոտ Ղազարյան» կինձմինձուկ։ «Խե՜ղճ Աշոտ,- եզրակացնում է հեղինակը,- եթե այսպես շարունակվի, ապա, Աստված մի արասցե, մեկ էլ տեսար հերթը հասավ «Pampers»-ին...»։

Նոր կարգերն իրենց հետ բերել են անհամաչափություններ, սոցիալական խիստ բևեռացում։ Հազարավորները ապահովված չեն աշխատանքով, մուրացկանությունը, որի հետքերը անցյալում չկային, գլուխ է բարձրացրել։ Եվ այս ամենի պատճառը համարվում է «անցումային շրջանը»։

Ն. Օհանջանյանի «Անցումային շրջան» հումորեսկի հերոսները, ամեն մեկը յուրովի, ըստ իր ճակատագրի, այդպես էլ վարվում են։ Ծննդատան բուժքույրը նոր ծնված երեխայի հորն է փնտրում «աչքալուսանքի» համար, բայց հայտնվում է ծննդականի մայրն ու ասում, որ երեխան պատկանում է հասարակությանը, քանի որ «իր աղջիկը միանգամից չորս տղայի հետ է մտերմություն արել»։ Մի ուրիշ կին, հազիվ 25 տարեկան, ամուսնանում է 70-ին մոտ մի ալևորի հետ, քանի որ նա «վատ թեկնածու չէ», մեքենա, տուն, ամառանոց ունի, ծեր է, երկար չի ապրելու, ամեն ինչ մնալու է իրեն։

Երգիծանքը ոչ քիչ դեպքերում հասնում է զավեշտի։ Հանդես գալով խորհրդատուի դերում, հեղինակը փորձում է ուղղում մտցնել մուրացկանների «աշխատանքում»։ «Եթե խելք ունենային,- մտորում է նա,- ներքին պայմանավորվածության համաձայն, մայրաքաղաքի յուրաքանչյուր թաղամաս կարող էին բաժանել իրար մեջ, և այս կերպ նրանցից յուրաքանչյուրն ապահով կլիներ մշտական «աշխատանքով» ու մենք էլ նրանց կճանաչեինք դեմքով»։ Մնում է կատարել ընդհանրացում։ Այն լակոնիկ ու համազոր է պատմվածքին. «Բա՜, ասում եմ, չէ՞, ճոխ ենք ապրում»։

«Ճարը տեսնողների» անցուդարձին է նվիրված նաև «Մեր միակ փրկությունը լոտոյի մեջ է» պատումը։ Առանց սխալվելու կարելի է վկայել, որ Նվարդ Օհանջանյանի այս գործը կարելի է դասել մեր երգիծական գրականության լավագույն նմուշների շարքին։ Կյանքի նորմալ ընթացքից դուրս մնացածների համար նախկին բարվոք վիճակին օրինավոր ճանապարհով ետ վերադառնալն անհնար է, երազանք։ Մնում է ապավինել այլ միջոցների, որոնցից մեկն էլ լոտոն է։ Ծեր մուրացկանը, որ ամեն օր հացի փող է մուրում, լոտոյով մեծ գումար է շահում ու բավական հարստանում։ Մի ուրիշը, որ աղքատությունից ճարահատյալ Ռուսաստան տեղափոխվել էր պատրաստվում, լոտոյով այնպիսի հարստության տեր է դառնում, որ ոչ միայն հրաժարվում է իր վճռից, այլև հիշված երկրում ապաստան գտած իր տղային ու հարսին հրավեր է հղում, դատելով, թե՝ «այսքան փողն ի՞նչ պիտի անեմ, թող գան՝ մեր հայրենիքում մարդավարի ապրենք»։
Հեղինակին ի՞նչ է մնում։ Մնում է երկրապագել «գերհրաշք» լոտոյին. «Իմ Աստված, փրկիր մեր ժողովրդին, այնպես արա, որ պետբյուջեի ճեղքվածքը փակվի, որ մենք էլ մի լավ հարստանանք, բռունցքվենք և մեր թշնամու՝ թուրքերի հախիցը գանք։ Թե չէ՝ վերջին ժամանակներս սրանց լեզուն շատ է երկարել»։

Եվ, այսպես, ո՞վ էր և ի՞նչ տենչանքով էր աշխարհ եկել Նվարդ Օհանջանյանը։ Ստեղծագործելով արժեքների համահարթեցման ու ոտնահարման ժամանակներում, ռոմանտիկի հույսով ու հավատով Նվարդն, ասես, ապրում էր իր երազների ու գալիքի վարդագույն աշխարհում... Հենց այս գիտակցումով է, որ նա կամեցել է լինել ոչ թե «քնկոտ մոլորակ, այլ փայլատակող ասուպ», բայց նա եղավ ոչ թե ասուպ, այլ փայլուն աստղ, և թեկուզ կարճ, բայց ստեղծագործական ավյունով լեցուն կյանքում անմնացորդ հավատարիմ մնաց իր դերակատարությանը։

Մեծ, խոստումնալից ճանապարհի շեմին էր Նվարդը, երբ անսպասելիորեն շանթահար եղավ, լինելով կյանքով արբած, հրաժեշտ տվեց կյանքին։ Ցավոք, մենք ականատես եղանք նրա շռայլ տաղանդի բեղմնավորմանը, վայելեցինք առաջին պտուղները, սպասելով նոր, առավել հասուն ու շքեղ գործերի: Ավա՜ղ, չիրականացավ մեր սպասելիքը:

ԵՂԻՇԵ ՍԱՐԳՍՅԱՆ



ՎԱՅՐԷՋՔԻ «ՀԱՐԱԶԱՐԳԱՑՈՒԹՅՈՒՆԸ»...
ԿԱՄ՝ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԼԵԶՎԻ ՏԵՍՈՒՉՆԵՐԻՆ


«Նոր էջ» թերթի խմբագրությունը ԼՂՀ կրթության և գիտության նախարարի նամակին կցված ստացել է «Լեզվական սխալների ամփոփագիր»։ Երևի թե Արցախում տպագրվող բոլոր թերթերը նման նամակ-ամփոփագրեր են ստացել։ Դա նշանակում է, որ լեզվի տեսչությունը ձեռքերը ծալած նստած չէ, «Լեզվի մասին» ԼՂՀ օրենքի ամեն կարգի խախտումներ արժանանում են նրա արդար դատին։

Նախապես հիշեցնենք, որ «Նոր էջը» ևս, ցավոք, զերծ չի մնացել մեծ ու փոքր վրիպակներից։ Խոսենք վերջին 3 համարներից։ Այսպես, օրինակ, թերթի 5-րդ համարում Միքայել Սիմոնյանի նյութում Դահրազ տեղանվան փոխարեն թյուրիմացաբար տպագրվել է Դահրավ։ Հաջորդ համարում ևս տեղ են գտել 2-3 վրիպակներ, որոնցից աչքի զարնողը «Ջինն արդեն դուրս է եկել շշից» նյութում տեղ գտած «խոսքերն են» ավելորդությունն է։ 7-րդ համարում Սիլվա Խաչատրյանի հեղինակած երկու նյութերից մեկը, հեղինակի խնդրանքով, պիտի տպագրվեր նրա գրական ծածկանվամբ՝ Մարինե Սարգսյան, սակայն օպերատորի մեղքով այդ ստորագրությունը հայտնվել է նրա մյուս հրապարակման տակ։ Այդ և, սրբագրչի հիվանդության պատճառով, մեր նախավերջին համարում տեղ գտած մի քանի տառասխալների համար հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը։

Այժմ տեսնենք «Նոր էջ»-ի վերջին երկու համարներում ինչպիսի վրիպակներ է նկատել լեզվի տեսչությունը։ Նախապես ասենք, որ տեսչության «հայտնաբերած» 37 սխալներից 12-ը (անկախ նրանից՝ տեսչությունը իրավացի՞ է, թե՞ ոչ) կապ չունի «Նոր էջ»-ի հետ, քանզի, ինչպես լեզվատեսուչներն են իրավացիորեն մատնանշել, վերոհիշյալ նյութերը արտատպված են հայկական մամուլի էջերից։ Հայոց լեզվի մաքրության ջատագովները պետք է գոնե լսած լինեն, որ «Լեզվի մասին» ԼՂՀ օրենքից բացի մեր երկրում գործում են նաև այլ օրենքներ, այդ թվում՝ «ԶԼՄ-ների մասին» օրենքը։ Քաղաքակիրթ աշխարհում գոյություն ունի «հեղինակային իրավունք» կոչվող հասկացություն։ Մենք ոչ մի իրավունք չունենք խմբագրելու այլ թերթերից արտատպված նյութերը։

Շատ մեծ երևակայություն պիտի ունենաս, որպեսզի տեսչության մատնանշած մյուս 12 «սխալների» մի մասը դասես սխալների շարքը։ Այսպես՝ մեր օգտագործած «կազնոկրատի» փոխարեն տեսչությունը մատնացույց է անում «գանձագող» բառը։ Ցանկացած գանձագող կարող է սողոսկել որոշակի ունեցվածքի տեր որևէ մեկի բնակարանը և գողանալ այնտեղ պահված գանձը։ Մինչդեռ մենք նկատի ենք ունեցել ոչ թե սովորական գանձագողերին, այլ պետական ունեցվածքն ու գանձարանը թալանողներին, այն է՝ կազնոկրատներին։

«Նոր էջ»-ը անվերնագիր լրատվությունների շարքի յուրաքանչյուր նյութ մյուսից զանազանելու-տարանջատելու համար ընտրել է վաղուց ընդունված ձևը՝ տվյալ նյութերի առաջին տառը տպագրել է ավելի մեծ չափերով։ Արի ու տես, որ լեզվատեսուչները գտել են, որ «ՀՀ նախկին նախագահ» կապակցությամբ սկսող զույգ մեծատառերից մեկը նույնպես պետք է լիներ ճիշտ և ճիշտ մյուսի բոյին, ինչպես «Երկու քույր ենք, երկուսս էլ մի բոյի» տողերով սկսող հայկական ժողովրդական երգում։ Լեզվատեսուչների տրամաբանությամբ՝ եթե միանման մեծատառերից մեկը չափերով մեծ է, մյուս մեծատառը դառնում է... փոքրատառ (տեսուչները մեսրոպյան այբուբենի մեծատառ-փոքրատառերը երևի թե իրարից զանազանում են միայն նրանց չափերով)։

Լեզվի տեսչության մասնագետները «լեզվական սխալներ» են որակում նաև այլ թերթից մեջբերված ուրիշի ուղղակի խոսքում առկա տերմինները, այդ թվում՝ «պրոդուկտ» բառը, որ մեր թերթի հեղինակը մեջբերել է հենց նրա համար, որպեսզի քննադատի այդ խոսքերի տիրոջը՝ մայրենին աղավաղելու համար...
Հիանալի տեսուչներ ունենք, չէ՞։ Բայց սա ընդամենը զավեշտի մի փոքր մասն է։ Նրանք գտնում են, որ «յոլա գնալու» փոխարեն պիտի «դիմանալ», չիմանալով, որ «Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան»-ում «յոլա գնալը» իսկ և իսկ իր տեղում է, և արդեն քանի՜ դար է՝ իսկապես դիմանում է նորահայտ «լեզվաշինարարների» արշավանքին...

Լեզվի տեսուչները երևի թե անտեղյակ են, որ ցանկացած լեզվի բառաֆոնդ հարստանում է նաև օտարամուծություններից, ասել է թե՝ այլ լեզուներից փոխառված բառերից։ «Հրասայլ»-երով, «ինքնաձիգ»-ներով դուրս մղելով տանկն ու ավտոմատը, մեր անձնական փոքրիկ պրոբլեմները դարձնելով «հիմնահարց» կամ «հիմնախնդիր», պրոֆեսիոնալ արվեստագետին անվանելով «արհեստավարժ» (արվեստը արհեստ չէ՛, արվեստագետին չի կարելի անվանել արհեստավարժ, նույնն է թե՝ գեղանկարչին կոչես ներկարար), մենք աղքատացնում, խեղճացնում ենք թե՛ մեր լեզուն, թե՛ մեզ։

Օգտագործենք «հիմնահարցը», երբ խոսքը վերաբերում է իրոք մեծ խնդիրներին, բայց, միաժամանակ, մտածենք մեր փոքրիկ «պրոբլեմների» մասին։ «Դինամիզմի» փոխարեն «հարազարգացություն» կամ «վիրուսի» փոխարեն «վարակահարուցիչ» («անտիվիրուս-հակավիրուսն», ըստ երևույթին, պիտի լինի՝ «հակավարակահարուցիչ») անհեթեթությունները մատնացույց անելուց առաջ պիտի քաջատեղյակ լինել, որ մեր լեզվի զարգացման տարբեր փուլերում ասպարեզ են նետվել նմանատիպ զավեշտական-սարքովի «աջաբսանդալներ», բայց դրանց մեծ մասը չեն «կպել» մեր լեզվին, չեն օգտագործվել, մոռացվել, անհետացել են... «Հարազարգացություն», «հակավարակահարուցիչ»... Արտաբերել չի լինում։ Չես հասկանում, սրանք բառե՞ր են, թե՞ ծամծմած-ձգած ծամոն...

Լեզվի տեսչության ներկայացրած մյուս 7 սխալները կարելի է ընդունել կամ չընդունել։ Այսպես՝ կարելի է օգտագործել և՛ «կոնկրետացնելը», և՛ «հստակեցնելը», «պրոպագանդայի» և «քարոզչության» միջև թերևս տարբերություն կա. երկրորդի մեջ կրոնական երանգավորումը աչքի է զարնում և, օգտագործելիս պիտի հաշվի առնել դա և այլն։ Չենք գտնում, որ միջազգային գործածություն ունեցող ցանկացած բառի համար շինծու և անհեթեթ հայերեն փոխարժեքներ սարքելով, մենք ավելի հայրենասեր ենք դառնում կամ դրանից մեր լեզուն շահում է։
Կաբինետ բառը մենք վաղուց փոխարինել ենք աշխատասենյակ-ով։ Լեզվատեսուչները, սակայն, մեզ խորհուրդ են տալիս կաբինետի վարիչ-ը փոխարինել աշխատանոցի վարիչ-ով։ Երևակայեք ապա՝ ֆիզիկայի աշխատանոցի վարիչ (ավելի լավ է դռնապան կամ պահակ աշխատել, քան համաձայնել աշխատելու աշխատանոցի վարիչի պաշտոնում)...

Եվ, վերջապես, նշենք, որ լեզվի տեսչությունն իրոք «Նոր էջ»-ի 2 համարներում հայտնաբերել է 6 սխալ։ Ավելի ճիշտ՝ 6 վրիպակ (տեխնիկական կամ անփութության պատճառով տեղ գտած սխալներ), որի համար խմբագրությունը շնորհակալություն է հայտնում լեզվի տեսչությանը։ Բայց, արի ու տես, որ մեզ ուղարկած ընդամենը 2,5 էջ համեստ ծավալով այս «Ամփոփագրի» մեջ լեզվատեսուչները թույլ են տվել նույն տիպի սխալներ։ Այսպես, գրել են՝ Լ.-Տեր-Պետրոսյան (պիտի լինի՝ Լ. Տեր-Պետրոսյան), «...,-հայտարարեց»-ում գծիկից հետո պարտադիր «պրաբել» պիտի լինի, տեքստում մեծատառ Ու-ն գրել են ՈՒ սխալ ձևով, «... ... ոչինչ չի մոռացվել»-ի փոխարեն պիտի գրեին՝ «...ոչինչ չի մոռացվել» և այլն։

Իսկապես մեր երկրում «Լեզվի մասին» ԼՂՀ օրենքը պարբերաբար աջ ու ձախ ոտնահարվում է, արհամարհվում։ «Նոր էջը» այդ մասին մեկ անգամ չէ, որ ահազանգել է, մատնանշել նաև, թե որտեղ և ովքեր են խախտում այն։ Արդյո՞ք ա՛յն ուղղությամբ եք շարժվում, հարգարժան տեսուչներ։ Մեր պաշտոնյաներից շատերը ոչ միայն գրական լեզվով կանոնավոր գրել ու կարդալ չգիտեն, այլև մինչևիսկ Ղարաբաղի բարբառով (որ նույնպես համարվում է հայերեն) անգրագետ են խոսում։ Ա՛յդ մասին մտածեք, ա՛յդ մասին մտահոգվեք։ Այդ պայքարում դուք կարող եք հենվել «Նոր էջի» վրա։ Հողմաղացների դեմ մարտի նետվելու ժամանակները ոչ միայն անցել են, այլև դա անհեթեթության աստիճան ծիծաղելի է։

«ՆՈՐ ԷՋ»



ՄԱ՞ՐԴ, ԹԵ՞ ԿԱՊԻԿ

«Նոր էջի» 7-րդ համարի 7-րդ էջում տպագրված, Արցախում հայտնի գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանյա Ավանեսյանի «Մարդու առաջացման էվոլյուցիան» հոդվածը մեծ համբերությամբ կարդալուց հետո ակամայից հիշեցի անցյալ դարի 20-ական թվականներին Փահլուր գյուղում կատարված մի իրական պատմություն, որը տարիներ առաջ պատմել էր Արզուման դային (ապրել է 107 տարի):

Փահլուր գյուղում սովետական կարգեր հաստատելուց եւ իմ Անդրանիկ պապիկին կոլխոզի նախագահ ընտրելուց հետո, հաջորդ կարեւոր խնդիրը եղել է գյուղի փոքրիկ եկեղեցին եւ հավատացյալները: Այդ խնդիրը ավելի հեշտ է լուծվել, քան թվում էր. քահանային, որը գալիս էր հարեւան Խնածախ գյուղից, գյուղխորհրդի հատուկ որոշմամբ արգելվեց Փահլուր գալ եւ վերջ: Բայց վերջը չեկավ, քանի որ որոշ անգրագետ, կիսագրագետ եւ հետամնաց գյուղացիներ չհասկանալով «հատուկ որոշման» իմաստը՝ շարունակեցին եկեղեցի հաճախել, մոմ վառել ու Աստծոն աղոթել: Սովորաբար նման դեպքերում միշտ էլ օգնության են հասնում մարքսիզմ-լենինիզմի ագիտացիոն բրիգադների առաջամարտիկները: Եվ ահա, նրանցից մեկը՝ մայրաքաղաք Ստեփանակերտի մի հայտնի պրոպագանդիստ, գալիս, գյուղացիներին հավաքում է եկեղեցու բակում ու ասում. «Սիրելի գյուղացիներ, հայրենակիցներ մինչեւ հիմա ձեր գյուղի «հըրըկշվե» քահանան ձեզ միշտ խաբելիս է եղել. օրինակ, ասել է, թե մարդուն Աստված է ստեղծել: Բայց դեռ շատ տարիներ առաջ անգլիացի գիտնական Չառլզ Դարվինն ապացուցել է, որ մարդը կապիկից է առաջացել՝ այն էլ էվոլյուցիայի հետեւանքով»:

Նախավերջին շարքից անհամբերներից ու ծայրաստիճան անգրագետներից մեկը (ծխական դպրոցի գերազանցիկը) զարմացած հարցրել է. «Ախր, ընկեր պրոպագանդիստ, ո՞նց կարող է մեր քահանան՝ Աստծո մարդը, մեզ խաբի: Իրո՞ք, այդ անգլիացիք համաձայնվել են, որ իրենք կապիկից են առաջացել»:
Պրոպագանդիստն պատասխանել է. «Սիրելի գյուղացիներ, որպես գաղտնիք ձեզ ասեմ, որ ոչ միայն անգլիացին, այլև ֆրանսիացին, իտալացին ու անգամ ռուսներն էլ են համոզվել, որ իրենց նախնիները կապիկներ են եղել»:

Առաջին շարքից մեկն (էլի անգրագետ) ուղիղ նայել է պրոպագանդիստի աչքերին ու ասել. «Ով ուզում է, թող հավատա, բայց մի բան հաստատ է՝ մենք փահլուրեցիք ու մեր գյուղը եկած ալղուլեցիք, հաստատ մարդուց են առաջացել»:

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ։ Փահլուրից և Ստեփանակերտից ավելի քան երկու հազար կիլոմետր հեռավորության վրա գտնվող Աթենք կոչվող մի քաղաքում ավելի քան երկու հազար տարի առաջ Արիստոտել անունով մի փիլիսոփա ասել է. «Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»։ Իսկ այդ Ճշմարտությունն ընդամենը մեկն է, երկրորդը չկա։ Թող յուրաքանչյուրն ինքը որոնի և գտնի այն։



Վերջին էջ

ԹԱՐՄ ԵՎ ՆԱԽՈՐԴ ՕՐՎԱ ՀԱՑԻ ՄԱՍԻՆ


Պետք է իմանալ, որ թարմ հացը (մանավանդ հաճարի թարմ հացը) կտրուկ բարձրացնում է ստամոքսի և ենթաստամոքսային գեղձի հյութարտադրությունը, ուժեղացնում լեղու արտադրությունը։ Դրա համար էլ թարմ հացը օգտագործելիս բարձրանում է մեր ախորժակը։ Շատերի մոտ, մինչև անգամ առողջ մարդկանց մոտ, կարող է առաջացնել այրոց (ՌՋՏչՈ)։ Դա է պատճառը, որ տաք հացը հակացուցվում է նրանց, ովքեր տառապում են ստամոքսի, 12-մատյա աղիքի, ենթաստամոքսային գեղձի հիվանդություններով։
Թարմ հացի նշածս ազդեցության մասին առանձապես լավ պիտի հիշեն նրանք, որոնց ստամոքսի թթվայնությունը բարձր է, մարսողական օրգաններում ունեն խոցային հիվանդություններ։

Մինչդեռ նախորդ օրվա հացը օգտակար է բոլորի համար: Այն ավելի քիչ խոնավություն է պարունակում, որի համար էլ ավելի հեշտ է խառնվում ստամոքսի մարսողական հյութերի հետ ու ավելի լավ է մարսվում։ Մի՛ արհամարեք երեկվա թխած հացը, սիրելի արցախցիներ, ձգտեք ավելի շատ օգտագործել մեր օրգանիզմին շատ օգտակար երեկվա հացը։
Ստեփանակերտի հացի խանութներում օրվա բոլոր ժամերին էլ հաց է լինում։ Խորհրդային կարգերի օրոք անգամ մեզ մոտ հացը այնպես առատ և որակով չի եղել, ինչպես այսօր։ Ոչ ոք չի կարող ժխտել իմ ասածը։ Բայց եկեք ուշադիր հետևենք՝ օրվա թարմ հացից հաջորդ օրը շատ հաց է մնում։ Հացից կավելանա, բայց լավ կլինի, որ քիչ ավելանա։ Սխալ է, որ մենք այդ ավելացած հացին «մնացորդ» ենք անվանում։ Երևի դրա համար է, որ այդ «մնացորդը» մեզ մոտ չեն օգտագործում։ Ինչո՞ւ ենք մոռացել, որ տարիներ առաջ արցախցին թոնիրում թխած հացը մի շաբաթից ավելի օգտագործում էր։

Այսպիսով, ի՞նչ եմ ցանկանում առաջարկել. կարգավորել հացի արտադրությունը, որպեսզի խանութներում նախորդ օրվա հաց քիչ լինի, լինի մոտավորապես այնքան, որքան օգտագործում են...
Ճիշտ չեմ համարում, երբ նորմայից շատ ավելացած երեկվա հացը էժան գներով օգտագործում են որպես ընտանի կենդանիների կեր։ Խնդրում եմ, վերհիշեք հացի անցած ճանապարհը՝ հողի մշակում, սերմերի ցանք, պայքար մոլախոտերի, մորեխների, մկների և հիվանդությունների դեմ, հունձ, ալյուրի ստացում, հացի թխում և այլն...
Հացը սուրբ ապրանք է, նրա հետ վերաբերվեք արժանի ձևով։ 1 կգ հաց ստանալու համար ավելի շատ փող է ծախսվում, քան նրա գինն է։ Հացը հրաշք սննդամթերք է, դիետային սնունդ բոլոր տեսակի հիվանդությունների դեպքում։ Պաշտենք և խնայենք հացը, ընտելանանք նաև երեկվա հացին, որն ավելի օգտակար է, էժան և հեշտ է մարսվում։

ԺՈՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
կենսաբան



«ПОЛЕ ЧУДЕС»...

Բեղերը սղալելով, ծափերի ուղեկցությամբ տաղավար է մտնում Լեոնիդ Յակուբովիչը և սկսում ներկայացնել խաղի մասնակիցներին: Վերջապես հասնում է երրորդին.
- Մեր երրորդ հյուրը եկել է հերոսական Լեռնային Ղարաբաղից... Հետաքրքիր է, այժմ որտե՞ղ է գտնվում այդ Ղարաբաղը...
- Արցախում, քե մատաղ,- անվրդով պատասխանում է 75-80 տարեկան արցախցի տատիկը:

- Հա՜, հիմա տեսնենք, թե ինչ եք բերել մեզ համար,- Յակուբովիչն աչքը գցում է արցախցի տատիկի պայուսակներին:
- Դատարկ չեմ եկել, ցավդ տանեմ, ընկեր Ակումբովիչ, քե մատաղ,- տատիկը պայուսակները բացում և սկսում է պարունակությունները մեկ-մեկ շարել սեղանին,- էս մեկը աղ դրած խիյար է, էս մին բանկան՝ ղարաբաղյան բեդանի զկեռի կոմպոտ է... Սա ժենգալով հաց է... Ակումբովիչ ջան, էս դոշակը անձամբ քեզ համար եմ կապել, պարսկական սիպտակ ղազի փետուրներից է... Էս մին բալոնը գյուլասի բաքմազ է, սա «Արցախ-ալկոյի»...

- Օղի՞ է,- Յակուբովիչն աշխուժանում է:
- Չէ, մաքուր քացախ է...
- Բա արա՞ղը, թթի օղի՞ն...
Տատիկն առանց ուշադրություն դարձնելու, շարունակում է.
- Սա ողորմածհոգի պատրոնիս չիբուխն է: Մեռնելուց առաջ կտակել էր, որ իմ ձեռքով նվիրեմ քեզ...
Յակուբովիչը չիբուխն իսկույն խցկում է բերանը և ավելի փքված տեսք ընդունում.
- Բա թթի օղի՞ն...

- Էս մեկը կանաչ լոբի է, սա, մեր Ղարաբաղի պես պինդ ճուղուպուր է, կացնով էլ չես կոտրի...
- Թթի օղի չեք բերե՞լ,- Յակուբովիչն անհանգիստ շարժումներ է անում:
Այդ պահին տատիկը պայուսակից հանում է մի պայտ:
- Դա ի՞նչ է,- զարմանքից աչքերը ճպճպացնելով, հարցնում է Յակուբովիչը,- դա ի՞նչ է...
- Քե մատաղ, ամուսինս խնդրել է, որ անձամբ քեզ տամ... Ղարաբաղյան նատուրալնի էշի նալ է... Բայց խեղճին թույլ չեն տվել սամալյոտ նստի...

- Ինչո՞ւ... Ինչո՞ւ չեն թույլ տվել։
- Ասել են՝ պասպորտ չունի...
- 16 տարեկան չկա՞,- Յակուբովիչը փորձում է կատակել:
- Ցավդ տանեմ, ինչպե՞ս թե՝ 16 տարեկան չկա: Տոչնի քո տարիքին է... Բայց էդ զահրումար ռմբակոծությունների ժամանակ պասպորտը կորել է...

- Էշի՞...
- Ի՞նչ էշ, Ակումբովիչ ջան, քե մատաղ, խոսքը ամուսնուս մասին է, որ չեն թողել սամալյոտ նստի...
- Հա՜,- Յակուբովիչը հանգիստ շունչ է քաշում:- Բա թթի օղի չե՞ք բերել, արաղն ո՞ւր է...
- Էս էլ քեզ մաքուր թթի արաղ, մեր հայաթի շլորից ենք քաշել... 99 գրադուս է, քարի վրա ածես՝ կծակի։

- Չէ՛, չէ՛, ինչո՞ւ քարի վրա ածել,- Յակուբովիչն անմիջապես ձեռքից վերցնում է շիշն ու թափով գլխին քաշում, ապա, բերանը բաց դես ու դեն նայելով, շիշն իսկույն դնում է գրպանում,- մնացածը՝ տա՛նը... Եվ այսպես, 750 միավոր: Տառն եք ասո՞ւմ, թե՞ միանգամից բառը...
- Ի՞նչ բառ...
- Ռուսաստանի մայրաքաղաքը: Արդեն երեք տառ հայտնի է...
- Քե մատաղ, Ակումբովիչ, կարելի՞ է մերոնց բարևեմ...
- Խնդրեմ:

Տատիկն աշխուժորեն ձեռքով բարևներ է հղում.
- Բարևում եմ զավակներիս՝ Գևորգին, Տիկոյին, Վանուշին, Մանուշին, հարսներիս՝ Գյուլվարդին, Զարվարդին, Ալվարդին, իմ թանկագին ամուսին Արտուշին, թոռնիկներիս՝ Սառային, Զառային, Մարային, Արտուրիկին, Լյովիկին, Արկադիկին, Գագոյին, Հակոյին, մեր բոլոր հարևաններին, բարեկամներիս, մեր սիրելի իշխանություններին, կառավարությանը...
- Ղարաբաղում էլի մարդ մնա՞ց։

- Կեսը մնաց։ Բարևե՞մ...
- Չէ, մնացածը հաջորդ տարի: Իսկ այժմ ուզո՞ւմ եք բառն ասել...
- Հա, քե մատաղ, ավելի լավ է միանգամից բառն ասեմ: Մեր մարդն ասել է՝ որ չհաղթես, չգաս...
- Եվ այսպես, հարգելի տատիկ, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքը: Սկսվում է Մ-ով, վերջանում Ա-ով, երրորդ տառն էլ Ս է...
- Ստեփանակերտ...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



Համարի ասույթը

Ճշմարտությունը նման է յուրօրինակ բազմածայր ռետինի: Ամեն ոք նրա ծայրերից բռնում ու քաշում է իր համար ցանկալի ուղղությամբ: Յուրաքանչյուր ոք գտնում է, որ ինքը ճիշտ է: Գուցեև տեսականորեն այդպես է, բայց նրանց այդ «ճիշտը» ընդհանուր ոչ մի կապ չունի Ճշմարտության հետ:

Ամսվա ասույթը

Էս անցման շրջանը ոնց-որ կախարդական շրջան լինի. անցնում ենք, անցնում, բայց շրջանից դուրս չենք գալիս: Անցնում ենք, անցնում, բայց տեղ չենք հասնում:

Комментариев нет:

Отправить комментарий