Շնորհակալություն եմ հայտնում
Պահպանողական կուսակցության նախագահ
ՄԻՔԱՅԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ՝
Լեոյի «Անցյալից»-ի շարվածքը
խմբագրությանը տրամադրելու համար։
ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
--------------------------------------------------------------------------
ԱՌԱՋԱԲԱՆ
Լեոն հիրավի մեծ մտավորական է:
Նրա անունով քաղաքամայր Երեւանում փողոց կա, որտեղ 2008թ. գարնան առաջին օրը սպանվեց առնվազն 10 Մարդ:
Արցախյան պատերազմի տասնյակ մասնակիցներ նետվեցին բանտեր, շատերը տարագրվեցին, ոմանք անցան ընդհատակ:
Նշանավոր արցախցու այս գործը հրատարակության է պատրաստվել ընդհատակում:
100 տարի հետո էլ ընթերցվելու է «Անցյալից»-ը, եւ ամեն անգամ այն բացելիս՝ 100 տարի հետո էլ, հիշելու եւ ողորմի են տալու զոհերին ու նզովելու են արյան մեղքի տակ մտածին:
Իր քաջարի եւ իմաստուն հայրենակիցներով արժանիորեն հպարտ Լեոն չէր ուզենա մեղավոր հայրենակից ունենալ:
Եվ ուրեմն, սույն հրատարակությունը նվիրվում է
2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին:
ԱՆՑՅԱԼԻՑ ՆԵՐԿԱ
Բայց ո՞վ է նա, կամ ի՞նչ է նա - ահա ամենաէականը:
Գուցե մեծ լինի զարմանքդ, սիրելի ընթերցող,
եթե ասեմ, որ ե՛ս էլ չգիտեմ:
Գիտեմ, որ նա - կա, եղել է եւ հին է, որպես իմ արյունն է - հին:
Կա,- զգում եմ, շոշափում եմ սրտով, տեսնում եմ,-
բայց հենց որ ուզում եմ բռնեմ, տեսնեմ մարմնավոր,
կանգնեցնեմ հաստատ,-
կորչում է, դառնում է աներեւույթ, ցնդում է,
որպես ծուխ, կամ կրակ:
Չարենց
ԱՅԴ ԱՆԻԾՅԱԼ ԵԼԱԿԵՏԸ
Գուցե ճիշտ է, որ պատմությունը ոչինչ չի սովորեցնում: Սակայն ճիշտ է նաեւ, որ ներկա սերունդը փորձում է դիմակայել գրեթե նույնպիսի մարտահրավերների, ինչպիսիք արդեն եղել են: Ելքեր ենք փնտրում ու, դրանք գտնելու ճամփին դժվարանալիս, չարանում ենք միմյանց դեմ՝ յուրաքանչյուրս մեր առաջարկածը համարելով վերին ատյանի ճշմարտություն, անճառելի ու միակ ելք: Ու երբ քննարկվում կամ քննադատվում է, թվում է՝ այնքան պարզ ու հասկանալի մե՛ր կարծիքը, նեղանում ենք ինքներս մեզնից, իրե՛նց միակ ճշմարիտ ու պարզ ելքն առաջարկող ընդդիմախոսներից, ազգից, հայրենիքից, երկրից: Բայց երբ ընդամենը մեկ պահ կանգ ենք առնում այդ հավերժական դիմակայության հարահոսի եզրին, տեսնում ենք, որ սա մի տեղապտույտ է, որ եղել է էլի ու էլի, եղել է միշտ՝ որպես մղձավանջ, որպես չար կատակ: Ետ ենք նայում ու զարմանքով նկատում, որ այն հարցերը, որ այսօր լուծում են հրամայում, մեր առջեւ ծառացած չեն միայն այսօր. դրանք ջրի երկու կաթիլի նույնությամբ եղել են երեկ, առաջին օրը… Թվում է՝ հենց հիմա ապրում ենք արդեն մեկ անգամ, հազար անգամ ապրվածը: Եվ էլի ապրում ենք նույնությամբ: Ինքներս մեզ դատապարտել ենք կրկնությունների: Ո՞րն է պատճառը: Որո՞նք են պատճառները: Չէ՞ որ խիզախության, զոհաբերությունների, մտքի պակաս չի եղել: Չէ՞ որ մեզնից պակաս խիզախություն, զոհաբերություն, միտք, ջանք ներդրած ժողովուրդներն այսօր ունեն երկրներ, որոնք իրենց համար հայրենիք են նաեւ, մինչդեռ մեզ համար կա՛մ մեր հայրենիքը երկիր չէ, կա՛մ մեր երկիրը՝ հայրենիք: Այսինքն՝ դրանց չափի մեջ չէ մեր անլուծելի թվացող խնդիրը: Գուցե որակի՞ մեջ է: Բայց առավել ինքնամոռաց խիզախում, քան մեր մեկի կռիվը հազարի դեմ, առավել անմնացորդ զոհաբերում, քան մեր միլիոնավորները, էլ ուրիշ որտե՞ղ կարելի է տեսնել: Ուրեմն՝ ինչու՞ է արդյունքը մշտապես փոքրացող երկիր, հավերժական ճիգ՝ թշվառության շղթան ճեղքելու համար, զավակի մշտնջենական օտարում երկրից եւ երկրի օտարում զավակից:
Սրանք հարցեր չեն, որ ծնվում են այսօր՝ մեր համազգային դեգերման ոլորաններին: Սրանց տրվող մեր պատասխաններն էլ տարբեր չեն նրանցից, ինչ տվել ենք 100-150 տարի առաջ: Լեոյի այս գործն ընթերցողը կտեսնի այն ապշեցուցիչ նույնությունը, ինչ ունի, ասենք, 2008 թվականը, ասենք, 1908 թվականի հետ: Եվ մի՞թե դատապարտված ենք, ասենք, 2015 թվականն էլ դիմավորել որպես 1915 թվական, 2020-ը՝ 1920: Պատմությունն իր ողբերգական դրվագներով կրկնվում է այն ժողովուրդների համար, որոնք այն չեն կերտում:
Աստվածաշնչյան ճշմարտություն է, թե բազում իմաստունների կողմից մերժված քարը դարձավ Տաճարի անկյունաքարը: Լեոն հայ պատմության ամենաբեղուն մշակներից է: Խորհրդային իշխանության տարիներին տպագրվեց նրա գործերի 10 մեծադիր հատոր: Այսօր կարող ենք վիճարկել նրա ձիրքը որպես գեղարվեստական ստեղծագործող, չհամաձայնել նրա գրականագիտական մոտեցումներին, կասկածել որոշ պատմագիտական եզրահանգումների, սակայն դատապարտված ենք գլխիկոր ընդունելու նրա առնվազն մի քանի գործերը, որոնք այսօր հնչում են որպես ցաված սրտից ու խորացած մտքից ժայթքած դատավճիռ: Տարօրինակ զուգադիպությամբ դրանք տեղ չգտան նրա վերոհիշյալ հատորներում, այսինքն՝ մերժվեցին: Մեզ հետաքրքրող գործերից զատ այդպիսիք էլի կլինեն, սակայն պատմաբանների խնդիրն է դրանք պեղելն ու, որպես չսերտած դաս, գիտական շրջանակներին եւ հասարակությանը հրամցնելը: Դրանցից մեկը «Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը» վերնագրով ուսումնասիրությունն է, որը փոքրիկ տպաքանակով ժամանակին Աշոտ Բլեյանը վերատպեց[1]: Մյուսը «Խոջայական կապիտալ» աշխատությունն է, որից մի փոքրիկ հատված միայն, «Հայ կղերական դիվանագիտությունը» վերնագրով, վերահրատարակվեց մեր քաղաքական դեգերումների ամենասուր վիճակներում. չորացած չէ հայ միտքը, այն անհրաժեշտ պահերին ճիշտ ոգեկոչումների ունակ է եւ ոգեկոչեց Լեոյին: Հաջորդ գործն այդ մերժվածների շարքից մի հրաշալի գլուխգործոց է՝ «Անցյալից» վերնագրով: Վերլուծություններն այստեղ ոչ միայն դառն են ու ցավագին, այլեւ օբյեկտիվ, որ կարող էին սոցիալիստ Դաշնակցության հետ միաժամանակ ստվերել նաեւ սոցիալիստ բոլշեւիզմը: Գուցե սրանի՞ց էին խուսափում խորհրդահայ ցենզորները, որ չէին տպագրում. ճիշտ այնպես, ինչպես խուսափեցին տպագրել հայ երգիծանքի գլուխգործոցներից մեկը՝ Օտյանի «Ընկեր Փանջունին», ինչ է թե իրենք էլ էին հեղափոխական, իրենք էլ էին որդեգրել կարմիր տեռորը, իրենք էլ էին նույն տրամաբանության մեջ:
Ինչու՞ չտպվեցին Լեոյի հատկապես այս գործերը: Սա շատ կարեւոր է, հիմնարար պատասխան է ուզում: Երկու էական հանգամանք կա, որոնց հայ իրականությունն առ այսօր փորձում է անգիտանալ, քանի որ դառն է ու ցավալի, ինչպես անցյալի սեփական սխալն ընդունելը:
Նախ՝ դրանք իրենց էության մեջ կրում են հայ ժողովրդի, ինչպես Լեոն է ասում, կղերական դիվանագիտության մտածողության հիմքերը քանդելու միտում, բերում անհաշտ պատերազմ դրանց դեմ: Պատերազմ հայ ժողովրդի՝ դարերով եկած այն մտածողության դեմ, որը ճանաչում է միայն բարեկամ եւ թշնամի, մինչդեռ Լեոն բերում է շահի գաղափարը: Եվ այդ շահն էլ ընկալում է ոչ թե ավանդաբար ընդունվածը, այլ այնպես, ինչպես առողջ ու հաղթական ազգերը կընկալեին: Բարեկամները կամ դաշնակիցները, ինչպես եւ թշնամիները կամ մրցակիցները մեզ համար ունեցել են անժամանակյա, հավերժական, դոգմատիկ երեւույթ. չնչին բացառություններն էլ կրել են նեղ, կուսակցական, կոնյուկտուրային, պատեհապաշտական բնույթ՝ աղետալի հետեւանքներով: Դա խանգարել է, որ մենք ունենանք արժեքային դաշնակիցներ ու արժեքային մրցակիցներ, որոնք մշտապես նույնի մեջ մարմնավորված չլինեն: Այս առումով, իհարկե, խորհրդային իրականությունը չէր կարող խրախուսել Լեոյի այս գործերի տարածումը, թեեւ դրանք շատ հանգամանքներում հենց իրեն՝ խորհրդային պետությանն էին պաշտպանում: Ելակետերն էին տարբեր: Այսպես. խորհրդային իրականությունը կարող էր հանդուրժել, ասենք, հույժ կրոնական անվանումը՝ Էջմիածին, բայց ոչ երբեք հայ թագավորի անունով Վաղարշապատը: Մենք կարող էինք կանգնեցնել մինչեւիսկ կաթողիկոսի եւ կրոնական աստիճան ունեցող բազում գործիչների արձաններ, բայց ոչ երբեք արքայի, ասենք, Տիգրանի, Պապի կամ Վռամշապուհի: Արտաքուստ թվում է, թե խորհրդային աթեիստական գաղափարախոսության հիմնական թշնամին եկեղեցին էր, սակայն թույլատրված էր նրան չընդունել միայն կոմունիստական դիրքերից, բայց ոչ երբեք ազգային: Եվ երբ հարցը գալիս էր եկեղեցուն եւ ազգին, կոմունիստները նախապատվությունը տալիս էին եկեղեցուն: Իշխանությանն ավելի ձեռնտու էր լոկալացված, հաճախ իր հետ համագործակցության գնացող եկեղեցին (ոչ միայն հայ), քան ազգային առողջ ինքնագիտակցումը: Առողջ ազգայինի մեջ էր ԽՍՀՄ-ը տեսնում իր թշնամուն, իր հիմնական գերեզմանափորին: Եվ չէր սխալվում:
Այս նույն տրամաբանության մեջ է նաեւ հետեւյալը: Հաշվի առնելով ցեղասպանության հետեւանքով հայերի ատելությունը Թուրքիայի եւ թուրքերի հանդեպ՝ խորհրդային գաղափարախոսությունը դա խրախուսում էր, իհարկե, կառավարելիության ծիրում պահելու աստիճան, քանի որ հակառակը (ինչը բերում էին Լեոյի վերոհիշյալ գործերը) շատ ավելի վտանգավոր կարող էր լինել հենց իր համար: Խորհրդային Ռուսաստանն առաջին վերակենդանացնողն էր մեռած թուրքական պետության, սակայն նրա տեսանկյունից՝ հայերին արգելել էր պետք վերագնահատել պատմական իրականությունը, ճանաչել այն, քանի որ հաջորդ վայրկյանին սլաքն իր դեմ կդառնար: Լեոն արտաքուստ դուրս չէ ժողովուրդների բարեկամության, ինչպես նաեւ «իմպերիալիստական երկրների դեմ ազգային պայքար մղող» Թուրքիայի եւ թուրքերի հանդեպ առնվազն լոյալության շրջանակից: Սակայն դարձյալ Ելակետն է տարբեր: Առողջ մտածողությունն ու ընկալումն այն տրամաբանական հանգրվանին են հասցնում, որ չի կարելի անկեղծ հույս դնել օտարի, այդ թվում եւ՝ Ռուսաստանի վրա: Իսկ առողջ ազգերին ոչ մի կայսրության դեռ չի հաջողվել երկարատեւ ճորտության մեջ պահել: Այս առումով, Լեոյի այս գործերը հենց «հակասովետական» էին իրենց էությա՛ն մեջ: Իսկ հայերի կառավարելի հակաթրքությունը պահպանելը եւ խորացնելը խորհրդային կայսրության տրամաբանության ծիրում էր՝ Բաժանիր, որ տիրես: Մինչդեռ Լեոն միամտաբար բերում էր առողջին հատուկ կարծեցյալ մոռացման եւ առաջ գնալու գաղափարը (տե՛ս այս գործի վերջին գլխի վերջին բաժնի սկիզբը), մի բան, որ շատ ավելի հզոր տաղանդով անում էր երիտասարդ Չարենցն իր «Երկիր Նաիրի» վեպում՝ խոսելով նույնիսկ «վիրահատական աքցանի» մասին: Իսկ սա նշանակում էր, որ չի՛ աշխատի կայսրությունների «Բաժանիր, որ տիրես»-ը: Կայսրության այդպիսի ականներ մենք տեսանք ողջ խորհրդային տարածքով մեկ. հենց դրա արդյունքն է արտաքուստ կոնսերվացված, իսկ ներսում թանձրացված հայ-ադրբեջանական անտագոնիզմը, որ իր մայրամուտին պայթեցվեց որպես Ղարաբաղի հարց. նույնն է Աբխազիայում, Օսեթիայում, Ղրիմում… Խորհրդային ժողովուրդներից միայն առողջ մշակութակիր մերձբալթիկացիներին հաջողվեց կուլ չտալ կայսրության խայծերն ու չպայթել ականների վրա: Իսկ նրանք, որոնք մինչեւ իրենց արյան գնդիկներն էին ներծծել կայսերական ռուսականությունը, պատժվում են չարաչար. ամենաողբերգականը սերբ ժողովրդի վիճակն է, որի մինչեւ իսկ մայրաքաղաքն այդ պատճառով ռմբակոծվեց 21-րդ դարում, խաղաղ Եվրոպայի կենտրոնում:
Երկրորդ՝ հայ կղերական դիվանագիտությունը, որ հազարամյա արմատներ ուներ, քաղաքական ասպարեզ էր իջեցրել Հայ հեղափոխական դաշնակցությանը, որ այդ մտածողության ծիրում արեց առավելագույնը: Անարդար կլիներ մեր աննախադեպ ողբերգության, ազգային համակործանման ամբողջ մեղքը բարդել ՀՅԴ-ի ղեկավարության վրա: Մեղքը ոչ թե այդ կուսակցությանն էր, այլ մայր մտածողությանը: Ոչ մի արեւելաեվրոպական կամ մերձբալթյան, նույնիսկ վրացական կուսակցություն չէր գործի այնպես, ինչպես գործեց մեր այն ժամանակվա հիրավի ամենահարազատ, ամենահայկական կուսակցությունը: Ամենահարազատ, քանի որ նա ոչ մի ավելի բան չարեց, քան կաներ ցանկացած հայ ուժ, եթե ասպարեզ իջած լիներ դրանից 100 կամ 500 տարի առաջ: Իհարկե, որոշիչ չդարձած եզակի բացառություններ եղել են պատմության ընթացքում, ինչպես հենց ինքը՝ Լեոն է նկատել մի առիթով ու ասել, որ դրանք մնացին եզակի ու մեկուսի: Այդպիսի տարբեր ու առողջ՝ ոչ «հայկական», այսինքն՝ ոչ կղերական մտածողության կրողներ կային նաեւ 19-20-րդ դարագլխին, բայց նրանք մնացին լուսանցքում: Սա, անշուշտ, հասկանում էր եւ խորհրդային կայսերական մեքենան, ուր մարշալներից, գիտնականներից, քաղաքագետներից ավելի կարեւորվում էին գաղափարախոսական հատվածի դեմքերը (միշտ էլ այնտեղ երկրորդը եղել են սուսլովներն ու անդրոպովները): Ուստի կայսերական մեքենան հանդես էր գալիս Եկեղեցու եւ Դաշնակցության դեմ գործողի դերում, սակայն գործում էր ոչ թե նրա էության դեմ (հակառակը՝ խորացվում էր այդ էությունը հայ ժողովրդի մեջ), այլ ձեւի, քանի որ ամբողջատիրական համակարգերը չեն հանդուրժում իրենց կառույցից դուրս գործող հատկապես նույնանման այլ կառույցներ: Դրանք, բացի կղերականության դասական խտացումներ լինելուց, նաեւ աշխարհասփյուռ կառույցներ էին, որոնց հետ պետք էր խաղալ: Դժբախտաբար, առ այսօր բացված չեն Խորհրդային Հայաստանի ԿԳԲ-ի արխիվները: Ուստի վստահաբար չենք կարող պնդել, թե այստեղ կոնկրետ ինչ հաշվարկներ էին արված, թեեւ կռահելը դժվար չէ: Լեոյի այս հուշագրական գործը թեպետ ապահովում էր Եկեղեցու եւ Դաշնակցության՝ հայ ժողովրդական զանգվածների առջեւ քննադատության չափաբաժինը, բայց նրա Ելակետն էր դարձյալ ուրիշ: Ուրիշ էր նաեւ այն, որ Լեոն անխնա քննադատում էր բոլորին՝ առանց հաշվի առնելու, թե նրանցից ոմանք կարող է եւ խորհրդային կայսրության շատ ավելի հավատարիմ եւ գաղտնի գործակիցներ էին, քան հենց Խորհրդային Հայաստանի ղեկավարներից շատերը:
Առնվազն մեկ տասնամյակ է, որ (հաճախ խորությամբ չգիտակցելով) խոսվում է երրորդ ուղու, երրորդ ուժի, երրորդ կարծիքի մասին (չշփոթել արտաքին երրորդ ուժի հետ. խոսքը ներքին երրորդի մասին է): Այդ ողբերգական երրորդը միշտ մնում է ստվերում, եթե չասենք լուսանցքում, թեեւ ինքը լուսանցքային չէ առողջ, պետականության ավանդույթներ ունեցող ժողովուրդների համար: Ասենք, 1920 թվականին կար երկու լսելի ուղի՝ դաշնակցականը եւ բոլշեւիկյանը: Բանը հասավ այնտեղ, որ սկսեցին գրել եւ գործել՝ Ռուսաստա՞ն, թե՞ Թուրքիա[2]: Լսող չկար մտահոգ այն տեսակին, որ այլ Ելակետ էր առաջարկում, ինչի պարագայում այդ ամոթալի, միայն մահամերձին հատուկ հարցադրումն ուղղակի չէր լինի անգամ ենթագիտակցականի մակարդակում: Խորհրդային 70 տարվա ընթացքում էլ կար երկու ուղի. կա՛մ ապրում ես որպես կոմունիստ՝ ոչնչացնելով ցանկացած այլակարծություն, կա՛մ ինքդ չես ոչնչացնում, սակայն համակերպվում ես՝ կեղծելով ու շողոքորթելով, «գլուխը կախ»՝ ստրուկին վայել գոյատեւմամբ: Բայց նույնիսկ խորհրդային բռնապետության ժամանակներում կար այդ երրորդ ուղին՝ մերժված եւ՛ առաջինի, եւ՛ երկրորդի կողմից: Դա այն սակավաթիվների առկայությունն էր մեր հասարակության մեջ, ովքեր երազ ունեին Ազատ Հայրենիքի. նրանք կա՛մ հավերժ բանտերում էին՝ հայրենասեր այլախոհները, կա՛մ արգելափակված էին գիտական հիմնարկների ներսում՝ հատուկենտ եւ անհայտ հայ մտավորականները: Պարզապես այն, ինչ մեզանում երրորդ է, առողջ ազգերի համար առաջին է:
Մեր պետությունն այժմ գրեթե չափահաս է. թվում է, թե այլեւս երկգույն մտածողությունը պիտի նահանջած լիներ, սակայն այսօր էլ հարցադրումն արվում է նույն կերպ՝ Ռուսաստա՞ն, թե՞ Արեւմուտք: Այս հարցադրումը ոչ մի կապ չունի առողջ բանականության հետ: Առողջ բանականության դեպքում արեւմտյան արժեքները չէինք շփոթի Արեւմուտքի հետ եւ ռուսական երեւույթները՝ Ռուսաստանի պետության հետ: Սա քաղաքակրթական ընտրանքի այն նույն հարցն է, ինչի առաջին քայլն արվեց դեռեւս 1700 տարի առաջ, սակայն վճռական ու անդարձելի քայլն այդպես էլ չի արվում՝ ժողովրդի ճակատագիրը թողնելով երկրի ու երկնքի միջեւ առկախ: Պարզունակ թվաբանությունն այդպես էլ իր տեղը դեռ չի զիջել բարձրագույն մաթեմատիկային: Լեոյի «Անցյալից»-ը գալիս է այդ լուծումը հեշտացնելու: Գալիս է հստակեցնելու մեր Ելակետի խնդիրը. ո՞րն է Ելակետը, երբ մենք ընտրություն ենք կատարում: Կամ որ ավելի ազնիվ կլիներ՝ մենք ընտրություն կամենու՞մ ենք կատարել, թե՞ այն հավերժորեն լռվել է կողմնորոշումների կորստաբեր ճիրաններում եւ կամ ճորտային հնազանդությամբ ընծայաբերվել իշխողներին: Իսկ այդ Ելակետը կարող է կառուցվել միայն Ճանաչողության հիմքի վրա. չէ՞ որ մեր տառերով գրված առաջին նախադասությունն իսկ դա՛ է պարտավորեցնում: Ճանաչելով իմաստությունը՝ արտաքին, ձեւական, թվաբանական կողմի փոխարեն խորամուխ լինել ազգերի, մարդկային հարաբերությունների, վերջապես՝ բնության օրենքների էության մեջ եւ այդ օրենքների վրա կառուցել մեր ազգային, պետական կյանքը:
Անվախորեն, բաց մտքով ու հոգով կարող ենք կարդալ Լեոյի այս՝ փոքր-ինչ խտացված գույներով, սեփական վերաբերմունքն առանց ձեւականությունների բարձրաձայնող գործը, քանի որ մեզ մոլորեցնելու, մեզ ուղղորդելու նպատակ չի հետապնդում հեղինակը, այլ միայն ճշմարտությունը՝ ցավեցնող ամբողջ մերկությամբ ներկայացնելու, ինքն էլ իր մոտեցումների համար մեր դատաստանի առջեւ խիզախորեն կանգնելու: Այս առումով՝ անկեղծության տեսանկյունից էլ առավել արդիական գործ անհանր է այսօր պատկերացնել:
ՉՍԵՐՏԱԾ ԴԱՍԵՐ
Այս գրքում մենք կգտնենք միանգամայն բաց ասված բաներ, որոնք զանազան նկատառումներով չեն արտաբերել եւ չեն արտաբերի մեր քաղաքական, ազգային, պետական գործիչները, մեր մտավորականներն ու նրանց կրթած սերունդները: Լեոն ասում է, թե մենք կտուրի ժողովուրդ ենք, այսինքն՝ զգացմունքային, հախուռն, առանց մի քանի քայլ հաշվարկի՝ հապճեպ գործող: Նա գրում է. «…պատվելով հանդերձ հերոսական անձնուրացությունն ամեն մի ազատագրական հեղափոխական շարժման մեջ՝ նայենք այն արդյունքներին, որոնք անհատական հերոսություններից ստացվում են մի ժողովրդի, մի մեծ դատի համար»: Պտղով ծառը ճանաչելու ավետարանական այս բանաձեւը, դժբախտաբար, չի գործում գրեթե անհիշելի ժամանակներից: Այսպես մենք մեր Ավարայրի պարտությունը ներկայացրինք որպես բարոյական հաղթանակ, հետո հանեցինք հաղթանակի պարագայում ինքնին անհասկանալի «բարոյական» կոչվածն էլ, իսկ արդյունքում մեծացան ստով եւ կեղծիքով սնված սնապարծների սերունդներ, ում լիովին բավարար էր երկու թուրքի կամ քրդի վնասելը, թեկուզ դրա դիմաց կոտորվեին իրենք եւ իրենց հետ՝ հազարավորներ: Սերունդներ, ում մտածողությունը խեղված էր՝ ակներեւ ճշմարտությունները չտեսնելու աստիճան, ում համար խիզախությունը նույնն էր, ինչ հերոսությունը, պարտությունը նույնն էր, ինչ հաղթանակը, գլուխ պահելը նույնն էր, ինչ ազգօգուտ գործով զբաղվելը, քծնելը նույնն էր, ինչ դիվանագիտություն անելը, ֆիզիկականը նույնն էր, ինչ բարոյականությունը, որտեղ տեղ չունեին պարզ-մարդկային առաքինությունները. ի վերջո՝ ում արժեքները դասդասված չէին եւ չունեին կշռելու միասնական չափանիշ: Այստե՛ղ պետք է որոնել համազգային փանջունիության ակունքը:
Չսերտած դասերից առաջինը, կարծում ենք, բխում է վերոնշյալ աշխարհզգացողությունից: Դա պատմական օրինաչափություններն անձնական, սուբյեկտիվ, մինչեւ իսկ պատահական հանգամանքներով բացատրելու մեր հակվածությունն է: Լեոն իր այս գործով, մի տեսակ, կամուրջ է հանդիսանում հիվանդ եւ առողջ մտածողությունների միջեւ: Ուրիշ բան, որ այդ կամուրջն անհուսորեն ձգվում է ու այդպես էլ չի հասնում ցանկալի ափին: Նա տեսնում է, որ իր նկարագրածը մի շրջան էր, երբ վերելք էր ապրում ազգայնական տենդը. Գերմանիաները միանում էին, ռուսները շրջանառում էին համասլավոնականությունը, թուրքերի մոտ դեռեւս Միդհատ-փաշայի ժամանակներից ծլարձակում էր համաթուրանականությունը, որ հետո դարձավ երիտթուրքերի պաշտոնական գաղափարախոսությունը: Նույնիսկ հայերս էինք արթնանում հազարամյա նիրհից, սակայն մեզանում այդ արթնացումը, այդ ազգայինը չէր շաղախվում մարդկությանը հայտնի դեռեւս միակ ամրագույն նյութով՝ պետականության առաջնայնությամբ, շարունակում էր մնալ զգացմունքների, բնազդների կամ, ինչպես հոգեվերլուծության մեջ է ընդունված ասել, «այն»-ի մակարդակում: Լեոն հստակ պատկերացնում է, որ պետություններից եւ ազգերից յուրաքանչյուրն ունի իր սեփական շահը եւ պարտավոր չէ այն զոհել՝ մեկ ուրիշի հանդեպ թեկուզ ամենամարդասիրական նկատառումներից ելնելով, եւ այդտեղ որեւէ անբարո բան չկա. ավելին՝ հակառակն է անբարո: Սթափորեն արձանագրում է, որ հայազգի ռուս Լոռիս-Մելիքովը խորհուրդ է տալիս մեր ազգային պատվիրակությանը՝ պահանջներն անել Կիլիկիայի տարածքում, քանի որ՝ «Այս կողմը… մե՛ր ճանապարհն է»: Ավելին ի՞նչ բացախոսություն կարելի է պահանջել՝ հասկանալու համար, որ այն, ինչ մեկի համար hայրենիք է, մյուսի համար կարող է սոսկ ճանապարհ լինել: Եվ մի՞թե այսօր էլ այդպես չէ: Եվ ինչու՞ չպետք է լինի: Լեոն գրում է. «Հայերն այս բանը չհասկացան եւ ամբողջ ժամանակ կանգնած էին ռուս կառավարության դիմադրության առաջ»: Հասկանալու դեպքում՝ մի՞թե կործանարար նվիրման փոխարեն չէինք լինի ավելի զուսպ, պակաս ռոմանտիկ, մեր շահը օտարինից գերադասող: Ցավալի է, սակայն նույն զգուշացման անհրաժեշտությունը դեռ չի վերացել, մենք չենք ուղղվել, շարունակում ենք նույն մոլորությունը: Իսկ մեկ ուրիշը՝ Միլյուկովը, տարիներ անց հակառակն էր խորհուրդ տալիս, որ էության մեջ նույն դասն է հայերին. «…ձեռք վերցնել Կիլիկիայից, որովհետեւ այնտեղ համախմբված են համաշխարհային տնտեսական շահերը, որոնք եւ կհակառակվեն հայերի տիրապետությանը Միջերկրական ծովի ափին, Ալեքսանդրեթի ծոցում, եւ այսպիսով կսկսվի մի ոչ ցանկալի ուժեղ մրցակցություն հայերի դեմ»: Լեոն հմուտ քաղաքագետի պես որսում է էությունը եւ բանաձեւի ճշգրտությամբ սահմանում հետեւությունը. «Ձրի համակրանք չկա»: Եվ սա է, թերեւս, մեծագույն դասը, որ հրատապ է գոնե այսօր յուրացնելը: Իրենց խոսքերով եւ գործերով այդպիսի դասեր հայերին տալիս են անգլիացիները, ֆրանսիացիները, գերմանացիները, մինչեւ իսկ թուրքերն ու ադրբեջանցիները: Մեր ընկալման մեջ, սակայն, դրանք այլափոխվում են, այլակերպվում, ցանկալին իրականի տեղում է դրվում, եւ հաշվարկին փոխարինում է հավատը՝ միանգամայն անտեղի: Լեոն դա հասկանում էր առնվազն «Անցյալից»-ի գրության տարիներին, երբ խորքում արդարցման փորձ պարունակող հետեւյալ տողերն է գրում. «Չհավատայի՞նք: Բայց ինչպե՞ս չհավատայինք: Այն ժամանակ էլ ինչի՞ն կարելի էր հավատալ: Եվ հավատացինք մենք»: Հավատքի Մեծ Օբյեկտը պատժում է չարաչար, երբ իր «բաժինը շներին է տրվում»… Եվ պատժվեցինք:
Այստեղ հավատքի փոխարեն հաշվել էր պետք: Մեր առաջնորդները վատ հաշվողներ եղան: Եվ սա լրջագույն դաս է. քաղաքական հարաբերություններում հավատքը տեղ չունի, անհրաժեշտ է միայն հաշվարկ, սառը եւ մանրամասն հաշվարկ: Սա՛ ի նկատի ունի Լեոն, երբ բազում տեղերում արտահայտում է այսպիսի մտքեր. «…որքան տկար էր, ինքնուրույնությունից որքան զուրկ էր հայ հեղափոխական միտքը», «Սա մի կատարյալ անգրագիտություն էր: Հայկական պրոպագանդան ապրում էր Եվրոպայի մեջ, բայց չէր հասկանում, թե ինչ էր կատարվում իր շուրջը», «Ստեղծագործ միտք նա առաջ չբերեց եւ այս անգամ, երբ նորից ու նորից հայ ժողովրդի մահվան եւ կյանքի առեղծվածն էր դրված», «…հայ երազասուն հեղափոխությունն այդ միջոցին կրկնապատկում էր իր անարժեք եռանդը»: Եվ որպես ամփոփում սրա՝ «Մակսիմովը վերջին րոպեին, հրաժեշտ տալով գնացող հեղափոխականներին, ասել է նրանց. «Այժմ ինձ թույլ տվեք, պարոննե՛ր, ասելու, որ դուք էշ եք»»:
Արդարամիտ եւ անխարդախ մտավորական է Լեոն: Նա հասկանում է, որ 100 տարի հետո էլ կարող են իրեն մեղադրել կատարված փաստերը ժամանակի հեռվից նայելու միջոցով քննադատելու համար: Նա գրում է. «Մեր գլխին եկած դժբախտությունը չափազանց ծանր էր եւ շշմեցուցիչ, որպեսզի կարելի լիներ հավասարակշռություն պահպանել եւ չհիշել բոլոր անթույլատրելի սխալները: Թե չէ՝ ես բոլորովին չէի ուզում ետին թվով խելոքացածի հովեր ցույց տալ: Մանավանդ որ, դրանից ի՞նչ օգուտ եւ դրանով ի՞նչ կարելի էր ջնջել եղածից»: Այո՛, եղածից ջնջել հնարավոր չէ, սակայն դասեր առնելը պարտադիր է, եւ հենց դա է օգուտը: Այդ դասերն է տալիս Լեոն:
Կարելի է հասկանալ արդարադատ եւ սթափ Լեոյի կտրուկությունը, հանիրավի մեղադրանքները, որ անում է նա, չնայած պատմական օրինաչափությունները ճանաչելու վերոնշյալ իր կարողությանը: Նա մեղադրում է Անգլիային, Ֆրանսիային, Ռուսաստանին, Թուրքիային, Գերմանիային, մեղադրում է եվրոպացի եւ ռուս քաղաքական, պետական, մշակութային գործիչներին: Մեջբերենք դրանցից ամենատիպականը. «…երբեք Անգլիան իր բացարձակ հակահայկական արարքներով այնքան ահավոր վնասներ չի պատճառել հայ ժողովրդին, որքան պատճառել է 1895-ի իր ջերմ հայասիրությամբ»: Նույն մեղադրանքներն են նաեւ մյուս երկրների հասցեին: Կրկնենք մեկ անգամ եւս, որ մեղավորը ոչ թե այդ երկրներն էին, այլ այդ երկրների վարքի օրինաչափությունը չհասկանալու մեր կարծրությունը, հաշվելու անկարությունը: Լեոն ինքն էլ հասկանում է դա եւ գրում. «Սա մի զարհուրելի, մղձավանջային երեւույթ է՝ այս համահայկական միջնադարյան կուրությունը, այս մոլեգնոտ եվրոպապաշտությունը»: Ավելին. ժամանակի հեռվից միայն նախանձով կարելի է հետեւել, թե ինչ ջանասիրությամբ, ինչ հետեւողականությամբ ու նվիրումով են այդ երկրները հետամուտ եղել իրե՛նց ազգային, պետական շահին, ինչի համար երբեմն զոհասեղանին են հանել այլ ժողովուրդների կենսական շահերը: Սա՛ է հենց բարոյականության բարձրագույն դրսեւորումը, որ մեզանում այլասերվելով դարձել է ֆիզիկական կոնտակտների շարքային բնորոշոիչ: Լեոն, կարծես թե, ենթագիտակցականի մակարդակում տարանջատում է այդ կատեգորիաները, երբեմն հասնելով բարոյականության մեկ այլ մակարդակի՝ պետական բարոյականությանը, որ ինչպես առաջինը՝ մարդկային բարոյականությունը, ոչ մի կապ չունի մեր ավանդական, անպտուղ, կործանարար պատկերացումների հետ: Այստեղ ինքնին դաս է դառնում հենց իր՝ Լեոյի երկվությունը. մի կողմից՝ նա սթափորեն տեսնում է իրականությունը, բնական օրենքները, մյուս կողմից՝ չի կարողանում հաշտվել տեսածի հետ, բողոքում է իր պատկերացումների եւ ռեալության պատերազմի արյունահոսությունից՝ մեկ անգամ եւս ապացուցելով վերոհիշյալ կամրջի իր առաքելությունը:
Հաջորդ առանցքային դասը, որ այդպես էլ չսերտվեց՝ երրորդ ուժի բացառման հրամայականն է (այս արտաքին երրորդ ուժը չշփոթել վերոնշյալ ներքին երրորդի հետ), ինչպես հետագայում հրաշալի ձեւակերպեց լուսահոգի պրոֆեսոր Ռաֆայել Իշխանյանը: Եթե խնդիր կա հարեւանի հետ, ապա հնարավորության դեպքում պետք է բացառել երրորդ կողմին, քանի որ երրորդները միշտ ունեն սեփական հետաքրքրություններ, որոնց արանքում ձեւախեղվում է խնդիրը, հարմարեցվում երրորդների շահերին՝ կորցնելով իր նախնական վիճակը, այն, ինչից ծնվել էր: Դա չհասկանալու արդյունքում մենք Սան Ստեֆանոյի պայմանագրից սկսեցինք եւ հասանք մինչեւ Ալեքսանդրապոլի խայտառակություն, մինչեւ այսօր, երբ Արցախի կնճիռը յուրովի՝ սեփական շահերից ելնելով լուծելու համար մարտի մեջ են մտել շատ երկրներ, իսկ դրա գինը վճարելու ենք դարձյալ մենք: Երրորդների առկայությունը մեր երկիրը դարձնում է շահերի բախման պատերազմական թատերաբեմ, իսկ մեր ժողովրդին՝ դրանց ցասման շանթարգել, դեպի անապատ արձակված մեղսակիր նոխազ: Սա կտեսնենք այս գործի ամեն էջում: Եվ քանի որ, ինչպես ասվեց, հասկանալի պատճառներով գույները թանձրացված են, փոքր-ինչ չոր, աննրբանկատ լինելու եւ ստեղծագործաբար մոտենալու անկարության հետեւանքով կարող ենք մեղադրել հեղինակին, թե ինչու է ամեն մեղք, կատարվածի ամբողջ պատասխանատվությունը վերցնում մեզ վրա: Իսկ դա, ըստ մեզ, ոչ միայն հոյակապ առավելություն է եւ մարդկային ու ազգային բարձր որակների առկայության նշան, այլեւ հրաշալի դաս բոլորիս: Այդպես միայն Ուժեղը կարող է վարվել: Այդ երրորդ կոչվածներից գլխավորը, պատմության բերմամբ, Ռուսաստանն էր մեզ համար, ով երկու պահանջ ներկայացրեց մեր քաղաքական, ազգային առաջնորդներին՝ տալ կամավորներ իր բանակին եւ ապստամբություն բարձրացնել թուրքական պետության դեմ՝ Ռուսաստանին հարմար պահին: «Ռուս կառավարությունն իսկապես իր համար էր շահավետ դիրք ստեղծումª կոնտրոլի բացառիկ իրավունք: Եվ հայերը, այդ հաջողեցնելու համար, պիտի կռվի մեջ նետվեին ամենաանմիտ, ամենահիմար կերպով»,- եզրակացնում է հեղինակը:
Մեր պատմագիտության մեջ որոշ ժամանակ վիճելի է եղել՝ ավելի շահավե՞տ եղավ կամավորականությունը, թե՞ կորստաբեր. ավելի՞ նպատակահարմար էր ապստամբություն բարձրացնելը, բացահայտ ռուսների կողմն անցնելը՝ ապավինելով «խաչապաշտ երկրների» (առաջին հերթին՝ Ռուսաստանի) հովանավորությանը, թե՞, այնուամենայնիվ, թուրքերի հետ համագործակցելով՝ չեզոքություն պահպանելը կլիներ արդյունավետ (ի դեպ, Դաշնակցությունն այդպիսի գիծ էր որդեգրել սկզբում, սակայն այն պահել չկարողացավ): Լեոյի համար սա եւս հաշվարկի դաշտից է, ոչ երբեք զգացմունքների, ինչին հիմնականում տրվեց մեր քաղաքական միտքը: «Հայ ժողովուրդը ռուսական բանակի մեջ ուներ հարյուր հազարից ավելի զինվոր[3]: Այս բավական չէր: Կազմվում էր առանձին եւ հատուկ հայկական կամավոր զինվորություն: Եվ այս նշանակում էր, թե հայ ժողովուրդն առանձին իր կողմից էր պատերազմ հայտարարում Թուրքիային»,- գրում է Լեոն: Մեկ այլ տեղում՝ «Պարզ է, զարհուրելի պարզ այդ նամակի երկրոդ մասը, որից երեւում է, որ [ռուսական] կառավարության դրած պայմաններից մեկը եղել է հայկական ապստամբություններ հարուցանելը Թուրքահայաստանում, եւ այս պայմաններն ընդունել են հայերը: Պատմությունը զարհուրանքով կարձանագրի այս փաստը եւ կասի, որ սա այլեւս հիմարություն չէ, անմտություն չէ, սա եղեռն է… Պատերազմի ժամանակ ապստամբեցնել մի ժողովուրդ՝ նշանակում է պարզապես բոլոր իրավունքները տալ պատերազմող երկրի կառավարությանը, որ նա հրով եւ սրով ոչնչացնի այդ ապստամբած ժողովրդին»: Եվ մի՞թե այսքանից հետո իրավունք ունեինք այլ բան ակնկալելու «վիրավոր գազանից»: Եվ մի՞թե հենց մենք նույն կերպ չվարվեցինք հօգուտ մեզ հետ պատերազմող Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ Հայաստանի Առաջին Հանրապետության դեմ ապստամբական դրոշ բարձրացրած հինգերորդ շարասյան՝ Արարատյան դաշտավայրի մահմեդականների հետ:
Որպես վերոշարադրյալի տրամաբանական շարունակություն է հանդես գալիս Լեոյի՝ սթափ եւ կրկնակի ստանդարտները մերժող հետեւյալ մոտեցումը. «…մեծ հարց էր, թե ինչո՞ւ հայ ժողովուրդը պիտի գերադասեր մենշեւիկյան սոցիալիզմը բոլշեւիկյան սոցիալիզմից»: Այո՛, եթե Ելակետ ես ընդունում սեփական ժողովրդիդ շահը, ապա այդպիսի գերադասման հարց դնելը դուրս է իրատեսության սահմաններից: Կարծես այսօրվա համար է ասում հուշագրողը. «Վրաց լրագրերն արդեն խոսում էին հայկական «դավաճանության» մասին, իսկ ես պատասխանում էի, թե ամեն մի ժողովրդի սրբազան իրավունքն է պահպանել իր ֆիզիկական գոյությունն այնպես, ինչպես ի՛նքն է լավ համարում, եւ թե ո՛չ ոքի իրավունք չի տրված պահանջել նրանից այն, ինչ ինքը ընդունելի չի համարում իր կենսական շահերի տեսակետից»: Եթե անդառնալի կորուստներից հետո մենք կարող էինք հասնել այսպիսի ուշացած իրատես եզրակացության, ապա ինչու՞ պիտի գանգատվենք նրանցից, ում համար դա ազգային առողջ կենսակերպ է: Այս դասի սերտումը դեռ սպառված չէ:
Լեոն բավականին կոպիտ է արտահայտվում ֆիդայականության մասին, որ կարող է թյուրըմբռնման տեղիք տալ: Սակայն դրանով հերթական դասն է տալիս՝ չխորշելով վիրավորել հայերիս կարծրացած եւ իռացիոնալ «ազգային» արժանապատվությունը: Ի դեպ, այդպիսի համարձակություն, որ սրտացավության եւ իրատեսության ցուցիչ է, պատմության ընթացքում մենք տեսնում ենք միայն մեր ամենալուսավոր դեմքերի մոտ (Խորենացի, Չարենց, Տերյան, Շահնուր…): Լեոն գրում է. «Մենք ունեինք լավ խմբապետներ, բայց չունեինք քաղաքական առաջնորդներ: Եվ այդ խմբապետները մարդիկ էին, որոնց համար մեծագույն պատվանունը սուլթանական «փաշա» անունն էր. դրա՛նք պիտի լինեին նաեւ քաղաքական առաջնորդներն ու պաշտպանեին հայ ժողովրդի շահերն այնպիսի միջավայրում, ուր խոսքը մաուզերին կամ մոսենուն չէր պատկանում, այլ քաղաքականապես կրթված, հասարակագիտական լուրջ պատրաստությամբ ամուր եւ ուժեղ մտքին: Այսպես էր մեր աղքատությունը: Եվ մենք, բնականաբար, պիտի տեղի տայինք ընդունակ վրացի առաջնորդներին, որոնց ետեւից կազմակերպված բազմություններ էին գնում: Նոր միայն զգացվում էր, թե որքան մեր կյանքը տասնյակ տարիների ընթացքում խեղաթյուրել եւ անդամալուծել է հայդուկային աշխարհավարությունը: Մեր լավագույն երիտասարդությունը թուրքական բանտերի եւ կախաղանների կերակուր էր դառնում, եւ մեր միտքը գնալով գոսանում էր, շաբլոնական միանմանության էր ստրկանում՝ գրեթե ոչինչ տեղ չթողնելով ինքնուրույն աշխատանքի, պրպտումների, որոնումների համար: Սասունի, Վասպուրականի լեռները հայ ֆիդայիների դիրք դառնալովª կուլտուրական աշխատանոցներ, մտքի մարզարաններ չէին դառնում իհարկե, այլ ավելի նեղացնում էին մտավոր հորիզոնը՝ ամեն շահ եւ մտածմունք կենտրոնացնելով հրացանի բլթակի վրա: Եվ ահա, երբ եկան նոր օրեր՝ նոր եւ մեծ պահանջներով լեցուն, դարձյալ նույն լեռներից իջած, բլթակի շահերով ապրող մարդիկ եկան մեզ առաջնորդելու նոր պայմանների մեջ: Հասկանալի է, որ մե՛նք պիտի թույլ լինեինք, պիտի պարտվեինք, եւ ոչ մեկ ուրիշը»: Այսինքն՝ խոսքը ֆիդայիների նվիրվածության մասին չէ, դա քննարկման առարկա չէ, այլ նրանց զբաղեցրած դիրքի, որին հեղաշրջման տեսքով բախվեց հայությունը նաեւ 20-րդ դարավերջին: «Այս ձրիակեր զինված ուժը ծանրանում էր հայ ժողովրդի վզին»,- դառնացած գրում է Լեոն: Եվ նայած հանգամանքի՝ ազգի ամենալուսավոր հատվածը կարող է դառնալ ամենավնասակարը: Պատասխանատուն բացառապես հանգամանքի կերտիչներն են, ովքեր մտնում են այդ ամենալուսավորներին Աստծո առջեւ որպես վնասակար կանգնեցնելու մեղքի տակ:
Կրկին շեշտենք, արդարամիտ է Լեոն. այդ ֆիդայական հախուռնության մեղավորը ոչ թե իրենք՝ ֆիդայիներն էին, այլ նրանց առաջնորդելու կոչված քաղաքական ուժերը: Սոցիալիստական ուղղվածություն ունեցող հայ հեղափոխական զույգ կուսակցությունները՝ Հնչակյանը (ՍԴՀԿ) եւ Դաշնակցությունը (ՀՅԴ), նույնիսկ իրենց անվանումներում էին օտար նմանակում, իսկ եթե դրան խառնված է նաեւ նեղմիտ գավառայնությունը, տրամաբանական էր, որ պիտի ստացվեր այն, ինչը պատմությունը որպես ապտակ շպրտեց հայության երեսին:
Լեոյի գրական ժառանգությանն անծանոթ լինելու դեպքում հնարավոր է նրան մեղադրել «հակաանկախականության» մեջ: Այս գործի գլուխներից մեկը նա նույնիսկ առել է չակերտների մեջ («Անկախություններ»)՝ ցույց տալով իր անհամաձայնությունը: Սակայն դատելուց առաջ հարկ է խորամուխ լինել խնդրի բուն էության մեջ, հաշվի առնել ստեղծված գրեթե անելանելի կացությունը եւ այդ կացության թողած հոգեբանական ազդեցությունը: Լեոն մեր այն եզակի մտավորականներից է, որ ջերմեռանդ քարոզիչն է եղել անկախության. դրա վկայությունն են նրա բազում գործերը (մանավանդ ստվարածավալ «Հայոց պատմությունը», «Մելիքի աղջիկը», «Վարդանանքը» (Դեմիրճյանը նրանից է հետագայում նույնությամբ վերցրել իր պատմավեպի վերնագիրը) եւ այլն): Սակայն երբ ուղղակիորեն դրված էր ժողովրդի ամենատարրական ֆիզիկական գոյության խնդիրը, ապա, բնականաբար, մտավորականը նախապատվությունը պիտի տար այդ գոյությանը: Պատկերացրեք, թե գրքի մարդը՝ Լեոն, ինչ հոգեկան տառապանքի միջով պիտի անցած լինի, որպեսզի առաջարկի վաճառքի հանել մեր հոգեւոր ժառանգության նյութական մասը եւ փրկել սովահար Մարդուն: Խոնարհվել է պետք նրա տառապանքի առջեւ. դա նույն ավետարանական «շաբաթ օրով պոկված հասկերի» փիլիսոփայությունն է: Այսինքն՝ ոչ թե Մարդն է անկախության համար, այլ անկախությունն է Մարդու համար, անկախությունն է Ժողովրդի համար: Սա շատ նուրբ մի սահման է, որ անզգույշ ընկալելու դեպքում կարող ենք կքել գիտակցական հազարամյա մեղքի բեռան տակ: Ավելին՝ երբ կռապաշտեցվում, ինքնինության է վերածվում թեկուզ շատ նվիրական մի որեւէ արժեք, այն աստիճանաբար դուրս է մղվում մարդկային հոգուց ու մտքից, դառնում ավելորդ ու խորթ բեռ: Երբ մարդը գոնե հեռավոր ապագայի համար առարկայորեն չի պատկերացնում, թե դեպի որ երանելի հանգրվանին հասնելու միջոց է անկախությունը, ապա այն գիտակցությունների մեջ ձեւավորվում է որպես ինքնանպատակ, երբեմն՝ իրեն շահագործելու, իր Ազատությունը, երջանկությունը խլելու ծխածածկույթ, հորինովի արժեք, «արոտավայր՝ զեխ հարուստների»: Այդպես պատմության ընթացքում մենք մշտապես անզգույշ վարվեցինք մեր անկախության հետ՝ սկսած այն ժամանակներից, երբ հայ նախարարներն իրենք հրաժարվեցին պետականությունից՝ հօգուտ պարսից մարզպանության, եւ վերջացրած մեր օրերով, երբ անկախության տարիներին ոչ թե ներգաղթ, այլ սահմռկեցուցիչ արտագաղթ է տեղի ունենում:
21-րդ դարասկզբի շատ առարկայական մարտահրավերը նկատի առնելով՝ հարկ ենք համարում եւս մեկ չսերտած դաս առանձնացնել: Խոսքն այսօր գրեթե նույնությամբ կրկնվող հայ-թաթարական (ադրբեջանական) հակամարտության մասին է: Մինչեւ օրս էլ չենք հասկացել, թե ով էր իրական հեղինակը հայ-թաթարական կոտորածների, մինչդեռ մուսուլմանները դա հրաշալի նկատել էին եւ փորձում էին պարզապես օգուտ քաղել ստեղծված վիճակից: Իհարկե, կոմունիստական շրջանում բացահայտ ասվում էր, որ «եղբայրական ժողովուրդներին» միմյանց դեմ լարողը ցարիզմն էր: Երբեմն մասամբ ասված ճշմարտությունն իր հետեւանքներով շատ ավելի աղետալի է, քան բուն կեղծիքը: Չէ՞ որ ցարիզմ չկար, երբ 1988-ից սկսվեցին նույն բախումները: Իրականությունն այն էր, որ դա կայսրության տրամաբանությունն էր, անկախ նրանից, թե ցարական էր այն, բոլշեւիկյան, անգլիական, ֆրանսիական, գերմանական, թուրքական… Քանի որ այս թեման գերժամանակակից է, հարկ ենք համարում ի մի բերել Լեոյի մոտեցումը՝ հավելելով մեր պատկերացումները: Եվ, որո՞նք էին հայ-թաթարական կռիվների հրահրման պատճառները, որոնց դասերը չենք սերտել:
Ա. Ռուսական կայսրության ծրագիրն էր՝ Հայաստանն առանց հայերի, այսինքն՝ Եփրատյան կազակություն: Առողջ լինելու դեպքում կհասկանանք, որ դա ամենեւին չէր գալիս ռուսների հայատյացությունից. այդպես կվարվեր ցանկացած կայսրություն, որն իր սահմանի վրա կունենար անկախությունից ընդամենը մեկ քայլ հեռու գտնվող կոմպակտ ժողովուրդ: Ռուսները կարող էին հայերին չտեսնված արտոնություններ տալ իրենց կայսրության ցանկացած անկյունում, ինչը երբեմն անում էին, սակայն ոչ երբեք ստրատեգիական նշանակություն ունեցող մեր պատմական հայրենիքում: Լեոն, անշուշտ, երբեմն անձնավորում է՝ հիմնական մեղավորներ համարելով Գոլիցինի, Լոբանով-Ռոստովսկու տիպի իշխողների, սակայն հենց ինքն էլ տարերայնորեն հանգում է այն ճշմարտությանը, թե «հայոց թագավոր» անվանված Վորոնցով-Դաշկովն էր նույնիսկ այդպիսին. պարզապես վերջինը նույնն անում էր ոչ բիրտ մեթոդներով: Այստեղ գործ ունենք պատմական օրինաչափության ընկալման հետ:
Բ. Արեւմտյան Հայաստանը գրավելուց հետո (իսկ դա մաս էր կազմում ռուսական գեոստրատեգիայի) հայերը մեծամասնություն կազմելու դեպքում կարող էին ստեղծել մի երկրորդ «ապերախտ» Բուլղարիա՝ անկախ Հայաստան, որ շատ ավելի վտանգավոր կլիներ Ռուսաստանի համար, քան թույլ ու նեխող Թուրքիան: Ուստի Ռուսաստանը շահագրգիռ էր հայ տարրի նվազեցմամբ:
Գ. Օսմանյան գործակալական ցանցը գործում էր անխափան. հավանաբար, պետություն չունենալու պատճառով հայերս սա չհասկացանք երբեք: Խնդիրն այն էր, որ միմյանց թշնամի համարվող երկրներն անգամ կարող են ունենալ ընդհանուր շահեր: Մենք հավերժական թշնամիների եւ հավերժական բարեկամների ճիրաններից այդպես էլ դուրս չեկանք: Թուրքերին եւս ձեռք էր տալիս Ռուսահայաստանի հայաթափությունը, քանի որ նախ՝ այդ դեպքում սրանք չէին կարող միասնական ճակատ կազմել իրենց թուրքահայ եղբայրների հետ եւ լրջորեն վնասել իր արեւելյան նահանգներից հատված պոկելուն եւ ինքնուրույն խաղացող դառնալ տարածքում, երկրորդ՝ հայերի թվի նվազումը Կովկասում ինքնաբերաբար մեծամասնություն էր դարձնելու կովկասյան մուսուլմաններին, որոնք Ռուսաստանի հետ պատերազմի ժամանակ կարող էին խաղալ նույն դերն իր համար, ինչ արեւմտահայերը՝ Ռուսաստանի: Այս տրամաբանությունից է բխում այն, որ Ռուսական կայսրությունն առավել շահագրգռված էր Օսմանյան կայսրությունում արեւմտահայեր՝ հինգերորդ շարասյուն ունենալով, քան իր սահմանում՝ ռուսահայեր: Լեոն ընդհուպ մոտեցել է սա ընկալելուն: Եվ ընդհանրապես, վերջին հարյուրամյակների հայության ամենամեծ ողբերգությունները կատարվել են այն ժամանակ, երբ թեկուզ կարճատեւ համընկել են Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերը:
Դ. Հայերն առավել հակված էին դեպի հեղափոխական կազմակերպությունները, իսկ կայսրության համար ավելի վտանգավոր էր դիտվում հեղափոխությունը, քան համաիսլամականությունը կամ, նույնիսկ, ազգայնականությունը: Այդ պատճառով Մոսկվան ոչ միայն հրահրում, այլեւ խրախուսում էր ազգամիջյան բախումները, հաճախ հայերին զինաթափում էր, երբեմն միասնաբար հանդես գալիս նահապետական թաթարների հետ:
Ե. Կովկասյան թաթարների մի զանգված արդեն բարձր կրթություն էր ստացել եւ ձեռք բերել կրոնականից տարբեր՝ ազգային ինքնագիտակցում, ինչպես երիտթուրքերը Թուրքիայում: Իսկ այդ գիտակցումն օբյեկտիվորեն պիտի մրցակցեր տարածաշրջանի հիմնական հավակնորդի՝ հայկական ինքնագիտակցման հետ՝ օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները: Ի տարբերություն մեր ազգային կուսակցությունների, թաթարական վերնախավը հեղափոխական չէր, այլ ազգայնական, եւ հետեւողականորեն առաջ էր մղում իր ազգային իդեալը՝ ի հաշիվ հայերի:
Զ. Լեոն պատճառ է համարում նաեւ հարեւանների զգացումները վիրավորելը հայերի կողմից, նրանց գրգռելը, եւ ըստ այդմ՝ մեղքը բարդում է դաշնակցականների վրա: Սա, անշուշտ, ճշմարիտ է, սակայն մասամբ, քանի որ մեկուսի գործոն չէ: Հակված ենք կարծելու, որ սա դառնացածությունից ծնված գույների խտացում է: Այդպիսի խտացումներ՝ զանազան այլ գույների, տեսնում ենք բոլոր ճամբարներում, մանավանդ կոմունիստական եւ դաշնակցական: Սրանք էլ ողբերգության պատճառ են համարում նախ՝ մեկը մյուսին, ապա՝ դաշնակցականները՝ թուրքերի էությունը, իսկ կոմունիստները՝ դրանց հասարակության դասակարգային էությունը: Անշուշտ, դրանք էլ սխալ չեն՝ չափի մեջ, սակայն դարձյալ խտացված են եւ բացարձակացված:
Է. Գաղութացնող կայսրությունները, տվյալ դեպքում՝ Ռուսաստանը, իրենց ենթակա ժողովուրդներին առավել կառավարելի դարձնելու համար կիրառում են ոչ միայն «Բաժանիր, որ տիրես»-ը՝ այդ նպատակով նրանց միմյանց դեմ հրահրելով, այլեւ փորձում են պահել քաղաքակրթական խավարի մեջ, ինչը դրսեւորման զանազան կերպեր ունի, որնցից մեկն էլ համաշխարհային, նույնիսկ՝ ներկայսերական գլոբալ խմորումներից հեռու պահելն է: Հայ-թաթարական ընդհարումներ հրահրելով՝ ռուսական կառավարությունը գոնե առժամանակ արգելակում էր հարավկովկասյան ժողովուրդների մասնակցությունը կայսրությունով մեկ ծայր առած առաջադիմական (տվյալ դեպքում՝ հեղափոխական) շարժումներին, կասեցնում առավել գլոբալ գործընթացների մեջ նրանց ինտեգրվելը: Այս պրակտիկան մենք տեսնում ենք նաեւ ետխորհրդային ամբողջ տարածքում՝ մանավանդ այն ժողովուրդների դեպքում, որոնց էլիտան առավել հակված է պորտալարը վերջնականապես կտրելու ռուսական ենթաքաղաքակրթական համակարգից եւ ընտրանքը հօգուտ արեւմտյան քաղաքակրթության կատարելու:
Եթե հաշվի առնենք, որ 20-րդ դարի 80-ականների վերջին սկսված եւ այսօր էլ չհանգուցալուծված հայ-ադրբեջանական զիված դիմակայությունը խորքում նույնն է, ինչ 100 տարվա վաղեմության հայ-թաթարականը, ապա պարզ կդառնա, որ մեր տարածաշրջանի խնդիրներն ընդամենը կոնսերվացվել էին խորհրդային ժամանակներում. եւ Խորհրդային Միության փլուզումից հետո պատմությունը շարունակվեց այն կետից, որտեղ կանգ էր առել: Դարձյալ գրեթե նույնն են Ռուսաստանի շահերը Կովկասում (այն փոքրիկ տարբերությամբ, որ ներկա Ռուսաստանը հնարավորություն չունի մասնավորապես Հարավային Կովկասն իր քաղաքականության մեջ ներառել որպես Մերձավոր արեւելք տարածվելու հենակետ): Դարձյալ գրեթե նույնն են Գերմանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի հետաքրքրությունները: Միակ առանցքային տարբերությունն այն է, որ տարածաշրջանում հայտնվել է նոր խաղացող՝ ԱՄՆ-ն: Շատ քիչ փոփոխություն կա նաեւ Թուրքիայի մոտեցումներում, դա էլ պայմանավորված է դեպի Եվրոպա իր միտվածությամբ: Այսինքն՝ այսօր գործ ունենք ընդհատված պատմության շարունակման հետ, եւ ըստ այդմ՝ ժամանակի գործոնը փոքր դեր ունի: Իսկ թե պատմությունն իբր մնացել է անցյալում եւ դրանից հետեւություններ անելն անիմաստ է, սոսկ աճպարարություն է: Ընթերցողը հեշտությամբ կնկատի Լեոյի հուզումները հատկապես իր հայրենի Ղարաբաղի հարցում, որն այդպես էլ բնական լուծում չստանալով՝ խորհրդային ինքնակալության անբնական, միայն կայսերական հեռահար նպատակներ հետապնդող քարտեզագրմամբ հիմք դարձավ հետագա բախումների՝ վերակենդանացնելով բնական լուծումների փնտրտուքը, այսօր եւս կասեցնելով 1000 տարի հետո վերագտնված մեր պետականության զարգացումը: Զարմանալիորեն նույնն են Ղարաբաղի հարցում թե՛ հայերիս, թե՛ ադրբեջանցիների, թե՛, մանավանդ, արեւմտյան երկրների մոտեցումները: Այս առումով եւս Լեոյի «Անցյալից»-ն իր տեղեկատվությամբ ունի անգնահատելի արժեք: Այն մեզ ստիպում է հասկանալ ռեալությունները, մեկ անգամ եւս չապրել արդեն իսկ ապրվածը... Կօգտվե՞նք արդյոք այդ դասից: Իսկ այդ դասը շատ պարզ է եւ հասկանալի. նախ՝ հնարավորինս խուսափել երրորդ ուժի ներգրավումից (սակայն դա այս խորացվածության պարագայում պարզապես անհնար է, քանի որ խորացնողները մենք՝ հայերս եւ ադրբեջանցիները չենք եղել, այլ օտար շահերը. մենք ընդամենը նպաստել ենք կարճամտորեն), երկրորդ՝ հնարավորինս խուսափել որեւէ օտար ուժի միակողմանիորեն հարցի լուծումը զիջելուց, որովհետեւ սա հայ-ադրբեջանական հակամարտություն, արցախահայության ինքնորոշման իրավունքի խնդիր, պատմական արդարության վերականգնման հարց լինելուց առաջ տարածաշրջանային եւ համաշխարհային շահեր է շոշափում, որտեղ առավելագույն նպաստավորին հնարավոր է հասնել բացառապես համակշռման միջոցով: Սրա օրինակները Լեոյի այս գործում կգտնենք լիուլի: Հարեւանի հետ հարցի լուծումը մեկ օտարի միակողմանի հանձնելու դեպքում, ասենք, անգլիացիները որոշ հարցեր լուծում էին բացառապես մեր, որոշներ՝ բացառապես թուրքերի եւ ադրբեջանցիների «օգտին»: Ֆրանսիացիները, գերմանացիները՝ նույնպես: Իսկ իրենց կացնային մեթոդներով հայտնի ռուսների եւ թուրքերի միակողմանի լուծումները պարզապես աղետ էին: Բայց աղետներից մեծագույնը հայերիս համար արդեն մի քանի դար եղել եւ մնում է այն, երբ ռուսական եւ թուրքական պետություններն են դառնում հարց լուծողները. վերջին վկան Կարսի պայմանագիրն է: Տա Աստված, որ իրոք վերջինը լինի...
Հատկապես մեկ դասի վրա ուշադրություն հրավիրելը խիստ անհրաժեշտ ենք համարում, քանի որ այն իր տեսակի մեջ եզակի է եւ գերայժմեական: Դա քրդերի հանդեպ քաղաքականությունն է, որ առ այսօր միակողմանի է ներկայացվել եւ ուսումնասիրվել մեզանում: Մեզ հայտնի չէ ոչ մի հետազոտություն (էլ չենք խոսում քաղաքական որեւէ կուսակցության որդեգրած ուղու մասին), ուր բացահայտված լինեն վերաքարտեզագրում հրամայող այն մարտահրավերները, որոնց առջեւ կանգնելու են Իրաքը, Թուրքիան, Իրանը, Հայաստանը, գուցե եւ՝ Սիրիան (միայն Ադրբեջանն է կարողացել խուսափել՝ խորհրդային շրջանի իր ձուլման քաղաքականության արդյունքում), քրդական հարցին բախվելիս. եւ արդյո՞ք մարտահրավերի նույնականությունը կհանգեցնի որեւէ դաշնակցության վերոհիշյալ պետությունների միջեւ: Մինչեւ այսօր գործել է «Թշնամուս թշնամին իմ բարեկամն է» մոտեցումը. իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հայերի (այս դեպքում՝ նաեւ թուրքերի) պարագայում անխախտելի է «մշտական թշնամու» վերոհիշատակյալ կարծրատիպը, ապա պարզ է դառնում, թե ինչու է սկսած 1920-ականների կեսերից մինչեւ այսօր գործել քրդերի հետ համատեղ հանդես գալու պրակտիկան: Մի բան, որ հայերին ոչ միայն որեւէ դրական բան չտվեց եւ տալ չէր կարող, այլեւ վերջնականապես թաղելու է երբեւէ Պատմական հայրենիք (կամ գոնե դրա մի հատված) վերադառնալու Հույսը: Ինչեւէ: Եվ այսպես, ըստ Լեոյի՝ «Հայաստանն առանց հայերի» կարգախոսը ծնեցին ռուսները. այն պետական քաղաքական հրապարակային կուրս դարձրին երիտթուրքերը, իսկ անմիջական իրականացնողները եղան առաջին հերթին քրդերը: Ե՛վ հնչակյանները, եւ՛ դաշնակցականները բազմիցս փորձել էին քրդերի հետ լեզու գտնել, սակայն ապարդյուն: Ցեղասպանությունից հետո բուն Հայկական լեռնաշխարհը չվերաբնակեցվեց թուրքերով, այլ հայերի տեղը բռնեցին քրդերը: Անհաշիվ են ոչ միայն դարերի ընթացքում քրդացած հայերը, այլեւ տասնյակ, գուցե հարյուր հազարներով՝ ցեղասպանությունից հետո քրդանալու ճանապարհով փրկվածները: Անշուշտ, Լեոն այս հարցին չէ, որ անդրադառնում է, քանի որ «Անցյալից»-ի գրության պահին այդ ամենը դեռեւս տեսանելի չէր: Սակայն Լեոն հրաշալի հասկանում էր, որ Թուրքիան չէր կարող եւ՛ իր ամբողջ պատմության, եւ՛, մանավանդ, Առաջին համաշխարհայինի ընթացքում իրականացնել Արեւմտյան Հայաստանի հայաթափությունը, եթե չլիներ քրդական գործոնը: Սա ներկայացնել միայն քրդերի՝ զարգացման առավել ստորին աստիճանի վրա գտնվելով՝ կլիներ առնվազն միամտություն: Քրդերը թեկուզ բնազդով ընկալում էին, որ դատարկված տարածություններում ընդարձակվելու միակ հավակնորդն իրենք էին: Լեոն ավելի է առաջ գնում՝ ցույց տալու համար հակաթրքության վրա կառուցվող քաղաքականության սնանկությունը: Հասկանալով, որ «հայերն էլ, թուրքերն էլ զոհեր էին» շատ ավելի գլոբալ քաղաքականության ժանիքների արանքում, նա ընդամենը մեկ արտահայտությամբ ամփոփում է իր մոտեցումը, թե ռուսները հիմա էլ, հայերի փոխարեն, սկսել էին օգտագործել քրդերին: Պատմաբանի ճշմարտացիությունը բացորոշ երեւաց կոմունիստական կայսրության ամբողջ ընթացքում՝ մինչեւ քրդերի համազգային առաջնորդի առեղծվածային ձերբակալությունը: Ընթերցողը, հավանաբար, կփորձի «Անցյալից»-ում որսալ այս նուրբ երանգը՝ պրոյեկտելով Իրաքում եւ Թուրքիայում ընթացող խմորումների վրա…
Քանի որ պատմությունը, դժբախտաբար, կրկնվում է, ավելորդ չենք համարում ընթերցողի ուշադրությունը հրավիրել եւս մեկ կարեւոր խնդրի վրա, որ ցայսօր չլուծված է մնացել մեր ազգային գիտակցության մեջ: Դա հարեւանների հետ դիֆերենցացված հարաբերության հարցն է: 100 տարի առաջ էլ Վրաստանում լուրջ գործընթացներ էին տեղի ունենում. Վրաստանը մե՛կ մոլի թուրքական ու գերմանական, մե՛կ անգլիական կողմնորոշում էր որդեգրում, մե՛կ ատելության ծայրագույն աստիճանով լցվում ռուսական պետության հանդեպ (անկախ վարչակարգից): Եվ քանի որ հիացմունքի արժանի այս «շրջմոլիկությունը» Վրաստանը կատարում էր ճիշտ պահին, արդյունքում մշտապես շահող էր դուրս գալիս. ռուսները չզլացան իրենց ատող Վրաստանին նվիրել գրեթե զուտ հայաբնակ տարածքներ, անգամ ռուսական Աբխազիան, Թուրքիային պնդել Վրաստանի կազմում Բաթումը ներառելու վրա (ի տարբերություն Անիի ավերակների)... Դա կրկնվեց նաեւ 21-րդ դարում, երբ ամենասուր հակառուսական դրսեւորումներով հայտնի Վրաստանին՝ Ռուսաստանի կողմից ներվեցին նրա խոշոր պարտքերը, մինչդեռ «ստրատեգիական դաշնակից», «հավերժ բարեկամ» Հայաստանի վերջին ողորմելի ունեցվածքն անգամ էկզեկուցիայի ենթարկվեց չնչին պարտքի փոխարեն՝ «Գույք պարտքի դիմաց» ամոթալի գործարքով: Կրկնենք վերն ասվածը՝ պատմությունն իր ողբերգական դրվագներով կրկնվում է նրանց համար, ովքեր այն չեն կերտում, եւ հավելենք՝ եթե դա տեղի է ունենում մինչեւ իսկ 21-րդ դարում, ապա, ինչպես Չարենցը կասեր, «... այստեղ արդեն բժիշկ է հարկավոր, անդամահատական աքցան կամ լանցետ...»[4]:
Հայաստանի հետ Վրաստանը մե՛կ գործընկեր էր, մե՛կ՝ մրցակից, մե՛կ՝ բարեկամ, մե՛կ՝ պատերազմի մեջ, սակայն երբեք չզլացավ Հայաստանի կենսական շահերի եւ տարածքների հաշվին հոգալ սեփական խնդիրները, ավելին՝ պատեհ առիթով փակել արտաքին աշխարհի հետ մեր հիմնական կապը: Իսկ այդ կապը հիմնական էր եւ է, քանի որ Հայաստանը մշտապես կիսապատերազմական վիճակի մեջ էր Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, որի շնորհիվ Վրաստանը ձեռք էր բերում անգնահատելի արժեք տարածաշրջանում: Ընթերցողը պարզապես կարող է պրոյեկտել Լեոյի նկարագրածը մեր ժամանակների վրա եւ ցնցող նույնություն կտեսնի՝ կատարելով համապատասխան հետեւությունները: Հակված ենք ընդունել Լեոյի մոտեցումներն այս կենսական հարցում:
Անվրեպ է նաեւ Լեոյի մյուս դիտարկումը, որ մեծ քարտեզագրումների ժամանակ Ռուսաստանն Արեւմուտքի՝ տարածաշրջան մուտք գործելը կանխելու նպատակով մշտապես Թուրքիային եւ Ադրբեջանին որպես իր զիջելիք է կիրառել հայության շահն ու հայկական տարածքները՝ դրանով ապահովելով վերջինների կա՛մ չեզոքությունը, կա՛մ իր ճամբար ներքաշելը: Մանավանդ Արցախի հարցում Լեոյի խուլ ընդվզումը տեսնելու համար մեծ ջանք չի պահանջվի: Դժբախտաբար, այս հատույթում եւս պատմությունը կրկնվում է, քանի որ մեկ հարյուրամյակը չբավարարեց թոթափելու համար ապրիորի ռուսահաճությունը: Իսկ եթե անգամ եղել է պահ, որ ռուսներից երես ենք թեքել, ապա դա եղել է հենց այն եզակի պահը, երբ պետք էր նրանց հետ լինել: Այստեղ մենք սովորելիք ունենք եւ՛ վրացիներից, եւ՛ ադրբեջանցիներից…
Այս գործում կա մի հատված, որ կարելի էր որպես չսերտած դաս առանձնացնել եւ տպագրել՝ ձեռնպահ մնալով եւ՛ ամբողջ հուշագրությունը հրատարակման պատրաստելուց, եւ՛ սույն առաջաբանը գրելուց: Իհարկե, հարգելի ընթերցող, Դուք կկարդաք այն գրքում, սակայն թույլ տվեք չդիմադրել գայթակղությանը եւ ամբողջությամբ ներկայացնել այստեղ:
«Դառնությամբ լցված դաշնակը շատ կծու ճշմարտություններ էր ասում, միանգամայն ուշացած, իհարկե: Ես կբերեմ մի հատված այդ ռուսերեն գրությունից, բայց նախապես կխնդրեմ ընթերցողին չմոռանալ, որ յուրաքանչյուր դաշնակցական համարում էր Դաշնակցությունը հայ ժողովրդի ամբողջությունը, եւ այդ պատճառով՝ ինչ որ անում էր Դաշնակցությունը, համարվում էր հայ ժողովրդի արած: Այսպես պետք է նկատել եւ զուտ դաշնակցական ձեռնարկությունըª 1915-ի խելագար ապստամբությունները… Ահա ինչ էր ասում այդ ընդարձակ զեկուցումը.
«Եվ իրենց անձնվիրությունը Ռուսաստանին հայերը ցուցահանել են ոչ թե բառերով կազմված զեղումների, ոչ թե ճառերի եւ դեկլարացիաների մեջ, այլ վճռական եւ չափազանց պատասխանատու գործողությունների մեջ: Ռուսաստանում նրանք կազմակերպեցին իրենց պետական կամավորական զորախմբերը, Թուրքիայում բարձրացրին ապստամբության դրոշակը:
Այս երկու գործողություններով նրանք որոշեցին իրենց դրությունը, իրենց վերաբերմունքը դեպի կռվող կողմերը:
Նրանք կանգնեցին մի ճանապարհի վրա, որով այժմ պիտի գնան մինչեւ վերջը, ուր որ էլ տանի նրանց այդ վերջը: Նրանց համար այլեւս վերադարձ չկա, եթե նույնիսկ նրանք կամենային էլ ետ դառնալ: Սրա մեջ է նրանց հավատարմության մեծագույն երաշխիքը: Իրենց ամբողջ ապագան նրանք կապել են անքակտելիորեն ռուսաց զենքի հաջողության հետ. Ռուսաստանի պարտությունը կբերեր իր ետեւից նրանց անխուսափելի կործանումը, որովհետեւ հաղթած կամ ոչ վերջնականապես ջարդված Թուրքիայից նրանք չեն կարող սպասել իրենց համար խնայում: Թուրքիան բավականաչափ հիմքեր ունի անխնա լինելու. կամավորական խմբերի կազմակերպումը, բոլորովին անկախ նրանց թվից ու պատերազմի մեջ ունեցած դերից, մի բացարձակ մարտահրավեր է, որ հայերը շպրտեցին Թուրքիայի դեմքին, եւ նա այս չի մոռանա, չի ների նրանց այս մարտահրավերը, մանավանդ որ կամավորները երեք քառորդ մասով բաղկացած են հենց իր հպատակներից:
Իրենց մոտ՝ տանը, հայերը կատարել են ամենածանրը հանցանքներից այն կրիտիկական րոպեին, երբ խաղաթղթի վրա է դրված Թուրքիայի գոյությունն անգամ, նրանք դավաճանեցին պետությանը, զենքը ձեռքին ապստամբեցին նրա դեմ եւ բացահայտ կերպով անձնատուր եղան թշնամուն: Այսպիսի գործողությունները չեն ներվում, եւ նրանց հետեւանքները ահա տեսնում ենք: Թուրքիայում հայերն այս րոպեին էլ դրված են օրենքից դուրս: Նրանց կոտորում են հազարներով կամ քշում են հեռավոր անապատները սովից մեռնելու. նրանց գույքերը հափշտակում են կամ ոչնչացնում, տները քանդում են եւ այրում: Կասկածների ոչ մի տեղ չի մնում, որ Հայաստանը հայերից մաքրելու արյունոտ խնդիրը մի անգամ էլ դրված է հերթի: Սրա մեջ մեզ համար ոչ մի անսպասելի բան չկա: Մենք գիտեինք՝ ինչ բանի էինք գնում, ինչ սարսափելի փորձության ենք ենթարկում մեզ: Բայց մենք գնում էինք, որովհետեւ հասկանում էինք, թե միմիայն մեծ զոհերի միջոցով կարող ենք լուծել մեր ազգային խնդիրը Թուրքիայում: Մի տարի սրանից առաջ, թուրքահայերը կարող էին ազատորեն ընտրություն անել Ռուսաստանի եւ Թուրքիայի վերաբերմամբ. Թուրքիայի, որ փորձում էր գայթակղեցնել նրանց ամենագրավիչ հեռանկարներով: Հայերն իհարկե գիտեին, թե ինչ գին ունեին այդ խոստումները: Բայց նրանք շատ լավ գիտեին եւ այն, որ մի պարզ օրինապահությամբ կարող էին փրկել իրենց կյանքը եւ գույքը ժողովուրդների առաջիկա վիթխարի ընդհարման միջոցին: Եվ, այնուամենայնիվ, վտանգելով ամեն ինչ, վճռականապես երես դարձրին Թուրքիայից: Նրանք հավատում էին անկեղծորեն եւ խորապես Ռուսաստանի պատմական առաքելությանը Մերձավոր արեւելքում, հավատում էին, թե իրենց անձնվիրությունը գնահատված կլինի, որ իրենց արյունով ողողված հայկական հողը կվերածնվի նոր կյանքի համար: Կարելի է, որ սրա մեջ արտահայտվում էր նրանց քաղաքական կարճատեսությունը, ռոմանտիկական ոգեւորությունը, պատմական կոնյուկտուրայի (դասավորումների) անհասկանալը, բայց ընտրությունը կատարված է, եւ վերադարձ չկա: Այսուհետեւ հայերին այլեւս անկարելի է ապրել ո՛չ Թուրքիայում, ո՛չ էլ Թուրքիայի հետ. նրանց մնում է կա՛մ բաժանվել եւ կա՛մ ոչնչանալ»:
Միով բանիվ՝ այս գիրքը մի թարմացնող պայքար է մեր ամրակայված, ինչպես Լեոն կասեր, ֆետիշների՝ ապրիորի եվրոպապաշտության, ռուսամոլության, օտարահաճության դեմ: Հուսանք, որ քրիստոնեության ընդունումից գոնե 1700 տարի անց մեզ կհաջողվի սեփականել քրիստոնեության ոչ թե ձեւը, այլ ոգին, որն է՝ կուռքեր չունենալը: Հուսանք, որ քաղաքակրթական 1700 տարի առաջ սկսված եւ չավարտվող ընտրանքը կկատարվի հօգուտ ոչ թե այս կամ այն պետության (որ ընտրանք չէ, այլ ստորացուցիչ կողմնորոշում), այլ հօգուտ արժեհամակարգի: Իսկ ցանկացած ազգի միացումը որեւէ քաղաքակրթության՝ տեղի է ունենում նրա՝ քաղաքակրթության «երկակի ստանդարտների» ընդունման, յուրացման, մարսման միջոցով, սակայն որը կիրառելի է բացառապես ստեղծագործաբար եւ օտարի ու ոչ սեփական ժողովրդի հանդեպ:
Այսպիսով, տասնյակ դասերի, զգուշացումների մի շտեմարան է Լեոյի «Անցյալից»-ը: Եվ դրանով էր ատելի խորհրդային կայսրության համար, եւ դրանով է հրատապ ու այժմեական:
ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈՒՆ՝ ԱՄԵՆԻՑ ԱՌԱՋ
Վաղուց ապացուցված է, որ հուշագրության ժանրն ամենազուլալն է իր էության մեջ, եթե իհարկե հուշագրողը ետին նպատակներ չի հետապնդում: Դրանով է պայմանավորված, որ շատ հեղինակների գլուխգործոցները նրանց հենց ինքնակենսագրական-հուշագրական գործերն են: Ընդհանրապես այս ժանրին հիմնականում դիմում են խոշոր, պատմական տեղաշարժերից հետո, երբ վերաարժեւորման հրամայական կա: 1920-30-ականներն այդպիսին էին:
Ավարտվել էր համաշխարհային պատերազմը, երկրագնդի քարտեզից միանգամից անհետացել էր մի քանի կայսրություն, հեղվել էին արյան գետեր, նոր քարտեզագրում էր կատարվել: Աշխարհի 1/6 մասի վրա էլ փորձ էր արվում ստեղծել մարդկության մինչ այդ չապրած, բոլորովին նոր կենսակերպ, համակարգ: Վտարանդության մեջ հուշեր գրեցին Ռուսաստանում որպես որակ վերացած ազնվականները, գեներալներն ու արիստոկրատ մտավորականները, Առաջին համաշխարհային պատերազմի գերմանացի, անգլիացի, ֆրանսիացի, թուրք, վրացի, ադրբեջանցի… զորավարները, քաղաքական գործիչները, պատերազմի մսաղացի մեջ հայտնված մարդիկ: Հուշագրությունը երկունքի այն ճիգն է, որով փորձ է արվում կտրվել անցյալից, շարունակել կյանքը, քանի որ հաճախ այդ անցյալը պարտադրում է ամբողջ մերկությամբ տեսնել սեփական մեղքերն ու բղավել ավետարանական խոսքը՝ ժայռերին հորդորելով ընկնել իրենց վրա՝ վասն մոռացման, վասն արդարադատությունից խուսափման, վասն ապաշխարանքի, վասն Կյանքի հետագա հույսի:
Առավել բարդ էր մեզ՝ հայերիս համար, քանի որ մենք կատարվածը հասկանալու առավել մեծ ջանք պիտի թափեինք: Իր ծննդյան օրից, հազարամյակներ շարունակ հայ ժողովուրդն ապրել էր մի տարածքում, որի մեծագույն մասն այլեւս չկար. դա հասկանալ էր պետք ու չխելագարվել: Ամենասոսկալին՝ չկար ժողովրդի կեսը. այդ անդամահատությանը դիմանալ էր պետք, այդ արյունահոսությունը կանգնեցնել էր պետք, դրան բացատրություն գտնել էր պետք, հետագա կյանքի իմաստը պատճառաբանել էր պետք: Որքան էլ տարօրինակ է, գեղարվեստի մակարդակում մեզանում դա առաջինն արեց մի հանճարեղ երիտասարդ՝ Եղիշե Չարենցը՝ գրելով «Երկիր Նաիրին»: Նրա ծննդավայր Կարսի ու իր ապրած Երեւանի միջեւ այժմ փշալար էր դրված, փշալարից այն կողմ դեռ մոխիրների մեջ այրվում էին իր հայրական տունը, մանկությունը, պատանեկան սերերը: Մարսել էր պետք կամ խենթանալ:
Հետո մեկը մյուսի ետեւից կատարվածը փորձեցին դասդասել, վերաարժեւորել Գուրգեն Մահարին, Վահան Թոթովենցը, Զապել Եսայանը, Ակսել Բակունցը, Ալեքսանդր Շիրվանզադեն… Վտարանդության մեջ հայտնվածներն էլ ունեին այդ խնդիրը, գուցե առավել ծանր ու ծանրացած. պատահական չէ, որ հուշեր գրեցին Ռուբեն Տեր-Մինասյանը, Կոմսը (Վահան Փափազյան), Սիմոն Վրացյանը, Ռուբեն Դարբինյանը, Միքայել Վարանդյանը… Ամենեւին էական չէ, որ Չարենցի հուշերը մարմին առան որպես պոեմանման վեպ, Զորյանինը՝ ինքնակենսագրական վեպ, Մահարունը՝ գեղարվեստական հուշագրություն, Շիրվանզադեինը՝ դասական մեմուար, Վրացյանինը՝ քաղաքական ժամանակագրություն, Վարանդյանինը՝ քաղաքական պատմություն… Խնդիրը մեկն էր՝ դասդասելով վերաարժեւորել: Անշուշտ, փշալարի տարբեր կողմերում հայտնվածների հուշագրություններն ունեին ներքին մի թաքնված երանգ՝ մեղադրանք եւ արդարացում: Չարենցը, ասենք, մեղադրում է մազութիհամոյականությունը, իսկ նույն երեւույթն այլ լույսի տակ ներկայացնելով, ասենք, Վրացյանը մեղադրում է բոլշեւիզմը, փորձում արդարացնել իր ու իրենց գիծը: Մեծ հաշվով, սա մի պատերազմ էր նույն ժողովրդի ընտրանու երկու հատվածների միջեւ: Իհարկե, առավել ծանր էր դաշնակցական գործիչների վիճակը, որոնք երեք տասնամյակի միահեծան տերը լինելով՝ պատասխանատուն էին երկաթյա օրենքի համաձայն՝ անկախ այն բանից, թե որքանով էր կատարվածը սուբյեկտիվ գործոնի արդյունք:
Թիվ մեկ մեղավորը չէր բավարարում. ողբերգությունը շա¯տ էր մեծ: Այդ մեղավորը թուրքն էր՝ ըստ բոլորի: Չէր բավարարում նաեւ երկրորդ մեղավորը՝ քրիստոնյա տերությունների «ապերախտությունը»: Երրորդ մեղավոր մերոնք հռչակում էին միմյանց, ինչը հոգեբանական տեսանկյունից միանգամայն հասկանալի էր: Այդ մեղադրանքների առաջին օրինակը տվեց անկախ Հայաստանի առաջին ղեկավարը՝ Հովհաննես Քաջազնունին՝ գրելով «Հ.Յ. Դաշնակցությունը անելիք չունի այլեւս»[5]: Երկրորդը Լեոյի այս հուշագրությունն է, որ հեղինակի պատմաբան եւ գրող լինելու հանգամանքով՝ նաեւ լուրջ ուսումնասիրություն է: Մինչդեռ ուշադիր լինելու դեպքում կարող ենք նկատել, որ սփյուռքյան այդ շրջանի գրեթե բոլոր հուշագրությունները խորքում պատասխան էին Լեոյի հենց այս գործին, ինչպես նաեւ «Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանությանը»: Մանավանդ այդ գործերից ամենաարժեքավորը՝ Վարանդյանի «Հ.Յ.Դաշնակցութեան պատմութիւնը»[6], կետ առ կետ պատասխանն է Լեոյի այս երկու գործերի. չկա ոչ մի ինքնուրույն հարցադրում: Չենք տիրապետում ՀՅԴ արխիվների նյութերին, սակայն համոզված ենք, որ դաշնակցական այդ գործերի բուն գրությունը կազմակերպված, ծրագրված է եղել. ինչ ժանրային տարատեսակությամբ էլ հանդես գալու լինեն դրանք, գրված են մեկ հիմնական շարժառիթով եւ նպատակով: Եվ այդ շարժառիթն ու նպատակը «պաշտպանական ճառով» հանդես գալն է Լեոյի (նաեւ՝ Քաջազնունու) «մեղադրական ճառից» հետո: Եվ պատմությունն է դատավորը:
Անհրաժեշտ է միջանկյալ արձանագրել, որ դաշնակցական հուշագրությունները կատարել եւ կատարում են մի կարեւոր գործառույթ եւս. դա անցյալի հերոսականացման միջոցով ուծացման դեմն առնելն է: Թերեւս նաեւ դրանով են պայմանավորված այդ հուշագրությունների վերամբարձ ոճը, փաստերի անաչառ քննարկման հանդեպ հերոսականության կեցվածքի գերակայությունը, ինչը չենք տեսնի ո՛չ Լեոյի կամ, այսպես կոչված, խորհրդահայ եւ նույնիսկ ո՛չ էլ սփյուռքի ոչ դաշնակցական հուշագրողների երկերում: Պարզապես վերջինների համար առնվազն 1920-30-ականներին բացակայում էր հայապահպանության խնդրի նման դրվածքը:
Հաշվի առնելով, թե ինչպիսի աղետալի իրադարձություններից անմիջապես հետո է շարադրվել այս գործը, միանգամայն կարելի է հասկանալ Լեոյի ծայր աստիճան դառնացածությունը, ամեն ինչ սեւ տեսնելու ողբերգական զգացողությունը, եւ դրանցով պայմանավորված անողոք խստությունները որոշ պատմական անձանց ու դերակատարների հանդեպ:
Բոլշեւիկյան պատմագրության եւ վտարանդի Դաշնակցության հուշագրությունները բնականաբար տենդենցիոզ են եւ դեպքերը ներկայացնում են յուրովի: Յուրովի են կատարվում նաեւ հետեւությունները: Լեոյի մոտեցումը, անկեղծությամբ հանդերձ, եւս մինչեւ վերջ զերծ չլինելով տենդենցիոզությունից՝ բացառիկ է նրանով, որ տենդենցն է այլ՝ ո՛չ նման խորհրդայինին կամ դաշնակցականին: Ելակետը եւս այլ է՝ ոչ կուսակցական: Կնշանակի՝ առավել հավաստի է, առավել անկողմնակալ:
Պատկերացնելու համար, թե ինչ ահռելի էր այդ պատմափուլի կրակը, որի այրոցքից են ծնվել վերոհիշյալ հուշագրությունները, կարելի է ընդամենը նայել հետագա հայ գրականությանը եւ քաղաքական պատմությանը, մեր ազգային աշխարհզգացողությանը՝ միով բանիվ: Տասնամյակներ անց էլ Ա.Տարոնեցին ու Ե.Շարաֆյանը վառվում են այդ կրակից եւ չեն հաշտվում կատարվածի հետ, Գ.Մահարին ու Խ.Դաշտենցն են շարունակում վառվել, Տարոնից ու Սասունից փրկվածների վերջին սերունդներն են երգեր հորինում. «Մըր հեր ընդեղ, մըր մեր ընդեղ անուշ գիլան, մրմուռ ձենով գկանչին»[7], Դրոն է արտաբերում իր վերջին խոսքերը. «Ա¯խ, մեկ էլ Երկիրը տեսնեի…»… Հետո կրկին պտտվում է այդ կրակի առանցքի շուրջ մեր գրեթե ողջ գրականությունը՝ դառնալով Կարոտի: Այնուհետեւ հաջորդ սերնդի համար այս Կարոտը մտնում է նոր որակի մեջ՝ սկիզբ տալով ցեղասպանության ճանաչման-չճանաչման, թուրքերի հետ հաշտվելու-չհաշտվելու, Ռուսաստանից կամ Արեւմուտքից կառչելու-չկառչելու տանջանքների… Իսկ Լեոյի համար այնքան խորն էր այդ ազդեցությունը, որ նրա հոգում դեռ տարիներ անց շարունակում էր մխալ. եւ նույն ժամանակաշրջանի մասին մի քանի տարի անց՝ 1928-ին, գրեց արդեն ոչ թե հուշագրություն-ուսումնասիրություն, այլ զուտ պատմագիտական հետազոտություն՝ վերոհիշատակյալ «Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը»:
Իսկ այսպիսի աննախադեպ, այլ ժողովուրդների մոտ չհանդիպող ոչ ստանդարտ վիճակի համար բնական է անկեղծության փաստը: Անկեղծ են եւ՛ ցավը, եւ՛ սերը, եւ՛ ատելությունը, եւ՛ դառնացածությունը, եւ՛ չարացածությունը, եւ՛ չափազանցությունները, ոմանց պարագայում նույնիսկ կեղծիքն է անկեղծ ու հասկանալի, որ բխում է արդարանալու անկեղծ մղումից:
Գործն առավել ճշգրիտ ըմբռնելու տեսանկյունից պակաս կարեւոր չէ դրա ժանրային պատկանելությունը[8]: Այն մի կողմից դասական հուշագրություն է (մեմուար), մյուս կողմից՝ պատմագիտական հետազոտություն, որ հայրենասերի զգացողությունների ազդեցությամբ կրում է նաեւ գեղարվեստի շեշտեր: Հեղինակն ինքն էլ «Երկու խոսքում» կռահում է, որ իր ցավի եւ ցասման այս արդյունքը հուշագրություն է: Թեկուզ ընդունված չափանիշերը մի փոքր խախտող, սակայն՝ հուշագրություն. եւ այդ «խախտումն» այս հուշագրության առավելությունն է ու հմայքը: Այս գործը շահեկանորեն տարբերվում է նույն ժամանակի քաղաքական այլ հուշագրություններից իր անմիջականությամբ ու սրված, երբեմն, եթե կարելի է ասել, հիվանդագին անկեղծությամբ: Տվյալ հանգամանքը բացատրվում է նախ՝ հեղինակի անձի անխառն մտավորական էությամբ, ապա նաեւ՝ գրական որոշակի ձիրք ունենալով: Սա մի գործ է, որտեղ բացի հեղինակային վերլուծություններից՝ կարող ենք գտնել եզակի պատմական վավերագրեր (այս մոտեցումը որդեգրեցին Վարանդյանը, Վրացյանն ու մյուսները): Շանթահարող է, ասենք, Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագրի երկու տարբերակների առկայության փաստի արձանագրումը՝ հանրությանն անհայտ որոշ ձեւակերպումների բառացի մեջբերումներով. Լեոյի հավաստիությունը կարող է ապացուցվել կամ հերքվել, եթե երբեւէ հասու լինի թուրքական արխիվը:
Մեծագույն արժանիքն այս գործի հենց անկեղծությունն է, որ դարձյալ պակասում է ներկա օրերում: Իսկ անկեղծության դեֆիցիտի արդյունքները մեր ժողովուրդը սեփական մաշկի վրա ճաշակել է դառնորեն եւ լիուլի: Սա մի գործ է, որի ավազանում կարելի է սթափվել մի պահ, մաքրվել ներկա կեղծիքից, զգուշանալ սատանայի ձին հեծնած մեր ընթացքից:
ԼԵԶՈՒՆ՝ ՀԱՅԵԼԻ
Խորհրդային իշխանությունը 1922-ին, Պողոս Մակինցյանի եւ Մանուկ Աբեղյանի ձեռամբ մի խայտառակ փորձ կատարեց մեր գրավոր լեզվի գլխին, որ չընդունեցին Հովհաննես Թումանյանից մինչեւ Հայ եկեղեցի եւ Սփյուռք: Դեկրետով մտցված այդ «ուղղագրական բարեփոխումն» անհասկանալիության աստիճանի աղավաղեց արեւելահայ գրավոր խոսքը: 1940-ին այդ չարաղետ «բարեփոխումը», որ խորքում հստակ քաղաքական նպատակ ուներ, մասնակիորեն վերաշտկվեց: Հենց այդ ժամանակ է Թիֆլիսում լույս տեսել Լեոյի այս գործը: Ստիպված ենք եղել այն դարձնել 1940-ից գործող ընկալելի ուղղագրության:
Տեքստի փոքր-ինչ ուշադիր քննումը հուշում է, որ հեղինակը ժամանակ չի ունեցել վերընթերցելու իր գրածը: Սրան գումարվել է, հավանաբար, այն, որ խմբագիրն ու սրբագրիչը լավ չեն տիրապետել բոլշեւիկյան՝ 1-2 տարի առաջ ընդունված ուղղագրությանը: Արդյունքում ստացել ենք դժվարընթեռնելի, երբեմն՝ անհասկանալիության հասնող գրելաձեւեր: Հարգելի ընթերցող, Դուք կկարդաք եւ կանցնեք բառի վրայով, իսկ եղել է, որ մեկ բառ, մեկ ազգանուն կամ տեղանուն ճշտելու վրա օրեր են կորսվել: Պարզապես ճչացող է լեզվական անփութությունը՝ ի հակադրություն փաստերի բարեխիղճ ներկայացման: Շատ են զուգաձեւությունները, որ վերընթերցելու դեպքում բծախնդիր Լեոն հաստատ կմիօրինակացներ: Հանդգնել ենք որոշ միջամտություն կատարել՝ ընթերցողին շփոթության մեջ չգցելու նպատակով: Դրանք հետեւյալն են.
Ա. Լեոն հաճախ է առարկա ցույց տալու համար կիրառում անձնական դերանուն, որ ժամանակակից ընթերցողին որոշ դեպքերում կարող է շփոթի մեջ գցել, ուստի ուղղել ենք: Սակայն, այն դեպքերում, երբ իմաստը կռահելի կարող է լինել, թողել ենք հեղինակի օգտագործածը: Առավել դյուրընկալություն ապահովելու նպատակով երբեմն «այս» ցուցական դերանունը փոխարինել ենք «սա»-ով:
Բ. Հատուկենտ դեպքերում, երբ հեղինակի նախընտրած եւ խրթին շրջուն շարադասությունը անընկալելիության աստիճանի է հասցրել խոսքը, կատարել ենք միջամտություն: Վստահ ենք, որ այդ կերպ կուղղեր ինքը՝ հեղինակը, եթե տպարան ուղարկելուց առաջ կամ հետո երկրորդ անգամ կարդալու հնարավորություն ունենար: Այդ մասնակի ուղղումները Լեոյի հսկայածավալ գրական ժառանգության ոճի տրամաբանությամբ ենք կատարել:
Գ. Ժամանակաձեւերի կիրառության մի անտանելի խառնաշփոթ է տեքստում, որ փորձել ենք կարգավորել միմիայն այն դեպքերում, երբ ժամանակակից հայերենի դիրքերից կարող էին դժվարընկալություն հարուցել. մասնավորապես նույն նախադասության ներսում մի քանի ժամանակաձեւերից (անկատար ներկա, անցյալ կատարյալ, վաղակատար ներկա եւ վաղակատար անցյալ) նախապատվությունը տվել ենք անցյալ կատարյալին՝ ելնելով հուշագրության ժամանակային եւ ոճական առանձնահատկություններից, տվյալ հատվածի շարադրանքի տրամաբանությունից: Եթե այդ խառնաշփոթը նույն պարբերության մեջ չէ, ապա միջամտություն չենք կատարել:
Դ. Բայի ժխտական խոնարհման «չէ»-ն միօրինակացրել ենք որպես «չի» (օր.՝ ոչ թե «չէ խոսում», այլ՝ «չի խոսում»):
Ե. Նույն կերպ միօրինակացրել ենք՝ ըղձական եղանակի բայերի վերջին «ե»-ն «ի» դարձնելով (օր.՝ ոչ թե «ստորագրե», «երեւակայե», այլ՝ «ստորագրի», «երեւակայի»):
Զ. «Ինքը» դերանվան հոլովաձեւերում նախապատվությունը տվել ենք ժամանակակից արեւելահայերենի ձեւերին՝ «իրեն», «իրենցից» եւ այլն, փոխանակ՝ «իրան», «իրանցից» եւ այլն:
Է. Որոշ դեպքերում միօրինակացրել ենք «դիպլոմատիական» բառը՝ դարձնելով հեղինակի կիրառած «դիվանագիտական» ձեւին, եթե նրբերանգային որեւէ տարբերություն չի ունեցել տեքստում. նրբերանգի առկայության դեպքում՝ թողել ենք նույնը: Գրեթե չենք միօրինակացրել, ասենք, «մտավորական» եւ «ինտելիգենտ» ձեւերը, քանի որ որոշ տարբերություններ ունեցող երեւույթների համար է Լեոն այն օգտագործում: Մնացյալ մեկ-երկու միօրինակացման դեպքերը նշված են ծանոթագրություններում:
Ը. Բնականաբար ժամանակակից արեւելահայերենում ընդունված ձեւերին ենք տվել նախապատվությունը, երբ հանդիպել ենք օտար զուգաձեւությունների (օր.՝ Անատնտա-Անտանտ, կոնֆերնցիա-կոնֆերանս, պրոպագանդ-պրոպագանդա եւ այլ ձեւերից ընտրվել են երկրորդները):
Թ. Մեծ ցանկություն կար հատկապես տեղանունների միօրինակացում եւ, մանավանդ, հայացում կատարելու (ցավալի է, որ Լեոյի նման հեղինակը տուրք է տալիս ռուսական եւ թուրքական ձեւերին), սակայն հիմնականում մնացել ենք ձեռնպահ: Մեկ-երկու դեպքում միջամտությունը պարտադիր է եղել. այսպես, Հարավային Կովկասը ռուսներն անվանեցին Անդրկովկաս, այսինքն՝ Կովկասից այն կողմ. այդ ձեւը վերջին երկու հարյուր տարում տիրապետող է դարձել մեր գրավոր խոսքում: Թեեւ դա վիրավորական տարր ունի մեջ, սակայն Լեոյի կիրառած «Այսրկովկաս» (այսինքն՝ Կովկասից այս կողմ) ձեւը փոխեցինք, քանի որ ա) ընդունված չէ, բ) պակաս տրամաբանական է (այսինքն՝ եթե Լեոն նույն բանի մասին գրեր Ռուսաստանում կամ Ուկրաինայում, պիտի կիրառեր «Անդրկովկա՞ս» ձեւը):
Ժ. Միօրինակացրել ենք հատկապես արեւմտյան քաղաքական գործիչների անունների գրությունը, որ տեքստում երբեմն հանդիպում են երեք-չորս ձեւով: Շփոթից խուսափելու համար միօրինակացրել ենք նաեւ որոշ հայկական անձնանուններ (օր.՝ գրքում մի քանի ձեւով հանդես եկող արեւմտահայ «Փոնափարթյան», «Պոնապարթյան» ազգանունը, որ օգտագործված է նաեւ «Բոնապարտյան» ձեւով, մենք հանդգնել ենք ընթերցողին ներկայացնել միայն «Բոնապարտյան» տեսքով, որպեսզի պարզ լինի, թե խոսքը նույն մարդու մասին է):
ԺԱ. Ստիպված միօրինակացրել ենք թուրքական անձնանունները՝ երբեմն իրենց տիտղոսներով ու պատվանուններով հանդերձ: Այս դեպքում օգտվել ենք նաեւ թուրքական բնագրային գրելաձեւի տրամաբանությունից: Բացի այդ, խուսափելու համար տարընթերցումներից՝ արեւելյան «փաշա», «բեկ», «բեյ» եւ այլ հավելումները գրել ենք անձնանվան հետ՝ գծիկով (օր.՝ Նուրի-փաշա): Իսկ այն դեպքերում, երբ դրանք անձնանվան մաս են կազմում, ընտրել ենք միասնաբար գրելաձեւը (օր.՝ Ռասուլզադե):
ԺԲ. Ոճին չենք դիպել գրեթե ոչ մի դեպքում: Սրբագրված են միայն այնպիսի ճչացող ձեւեր, որոնք մանավանդ այսօրվա հայերենի տեսանկյունից կարող են իմաստային, հեղինակի վերաբերմունքի տարընթերցման տեղիք տալ (օրինակ՝ «երկու հատ վրացիներ» արտահայտությունը դարձվել է «երկու վրացի»): Այսպիսի միջամտությունները հատուկենտ են:
ԺԳ. Կետադրությունը շտկելիս աշխատել ենք հավատարիմ մնալ հեղինակային մոտեցմանը, գտնել միջին տարբերակ, սակայն ճչացող անհամապատասխանությունները, այնուամենայնիվ, ուղղել ենք:
ԺԴ. Ներկա հրատարակության մեջ չենք պահպանել ներկայում ընդունված տողադարձի ոչ մի կանոն: Նախ՝ բնական ընտրության օրենքի համաձայն արդեն իսկ այդպես են տպագրվում հայաստանյան թերթերի մեծ մասն ու բազում գրքեր, ամսագրեր, երկրորդ՝ ինքներս էլ համարում ենք, որ տողադարձը, լինելով մեխանիկական գործողություն, ավելորդաբար է խստորեն կանոնակարգվել ժամանակակից արեւելահայերեն գրավոր խոսքում. համոզված ենք, հայերենում եւս երբեւէ կգործի տողադարձի ընդամենը մեկ-երկու օրենք, եւ դա կլինի առավել բնական:
Մեր խոսքի այս հատվածում միջանկյալ հավելենք, որ Լեոյի՝ մանավանդ անձնանունների եւ տեղանունների վայրիվերո՝ օտարահունչ կիրառման՝ մեզ համար անընդունելի եւ հետեւանքով բացասական կիրառման դեպքն իր հերթին կարող է լինել հերթական դաս: Դաս այն առումով, թե ինչպես չպետք է վարվել: Հայերս սովոր ենք մեր իսկ բնակավայրի անունը հնչեցնել օտարի արտասանությամբ, ավելի հաճախ՝ օտարի տված անվամբ, դրանով սողանցք բացելով օտարների համար, որ վերջինները վիճարկեն մեզ համար նույնիսկ քննարկման ոչ ենթակա հարցեր (օր.՝ «հայկական չէ այսինչ գյուղը, այլապես հայերը հայերեն կկոչեին այն»): Նույնն առավել նվաստացուցիչ է անձնանունների դեպքում, երբ ստիպված ես ինչ-որ մեկի հայկականությունն «ապացուցել»: Թեեւ բոլոր հայերը գիտեն, ասենք, Ջեմալ-փաշայի կամ Քեմալ-փաշայի՝ հայերի գլխին կատարածի մասին, սակայն Հայաստանում քիչ չեն Ջամալյանները, Քամալյանները, զանազան «օղլյան»-ները... Եվ արժանապատվության այդ իսպառ բացակայության «շքերթը» շարունակվում է անկախ Հայաստանում. ոչ միայն չի սրբագրվում ամոթալի անցյալը, այլեւ ի հայտ են գալիս ինքնանվաստացման նորանոր դրսեւորումներ՝ հայ մանկիկներին տրվող անունների տեսքով: Կարելի է պարզապես թերթել զանազան ընկերությունների, հասարակական կազմակերպությունների անվանացանկերը, եւ պարզ կդառնա, որ մեր պարտությունները, մեր կոտորածները իրականության մեջ լինելուց առաջ եղել են մեր գիտակցության մեջ. իսկ այն ինչ կա գիտակցության մեջ, չէր կարող եւ չի կարող օրերից մի օր չերեւակվել... Սա ի միջի այլոց:
Համոզված ենք, որ խայտառակ ուղղագրության, վերընթերցելու անհնարինության եւ հապճեպ շարադրանքի պատճառներից զատ՝ այս գործի ոչ այնքան պատշաճ լեզվի հարցում մեծ դեր ունի նաեւ հեղինակի հոգեվիճակը: Այդ վիճակը, որ պայմանավորված էր ոչ վաղ անցյալի վերքերի արյունահոսությամբ, անշուշտ, ամենաանմիջական արտացոլումն է գտել «Անցյալից»-ի լեզվի մեջ: Այդ լեզուն հաճախ կարկամում է, կապ ընկնում, ճչում, բղավում, մթագնում, խառնափնթորվում: Դա անբռնազբոս է եւ այնքան վարակիչ, որ ազդել է նույնիսկ մեր ծանոթագրումների եւ սույն ներածականի լեզվի վրա:
Այս ամենով հանդերձ, Լեոյի լեզվաոճը կրում է հուշագրության ժանրի թելադրանքները: Այդպիսիներից մեկը չնշել չենք կարող: Դա երգիծանքն է, որ հատուկ է հուշագրության բոլոր ժանրատեսակներին (հիշենք Չարենցի «Երկիր Նաիրին», Մահարու «Մանկությունը», Սյուրմելյանի «Ձեզ եմ դիմում, տիկնայք եւ պարոնայքը»…): Գրականագիտության մեջ ապացուցված է, որ անցյալին հրաժեշտի միջոց է երգիծանքը, իսկ այս գործը հենց այդ հրաժեշտի նախերգանքն է հեղինակի համար, որ այդպես էլ չավարտվեց: Լեոյի պատմողական, գիտական ոճը երբեմն հումորային է, երբեմն՝ ծաղրական, սարկազմիկ՝ այնքանով, որքանով թույլ է տալիս խորապես, մարմնի ամեն մի բջիջով ապրած ու գրության պահին ապրվող ցավը: Ընդամենը մեկ-երկու օրինակ: Նկարագրելու համար Ազգային բյուրոյի իրական երեւույթը՝ գրում է. «Մռայլ, մենավոր, մոռացված էր Օսմանյան կայսրության դեմ պատերազմող բյուրոյի սենյակը»: Կամ Դաշնակցության կտրուկ շրջադարձի մասին՝ «Այսպես են մի գիշերվա մեջ սոցիալիստ դառնում, երբ հարկավոր է»: Կամ՝ «Ներսիսյան դպրոցի ուսուցիչ, որ իր մի քանի աշակերտների հետ կամավոր էր գնացել. եւ այս բանը բավական եղավ, որ նա դառնա պատերազմական հարցերի բոլորովին լավատեղյակ մասնագետ»: Անշուշտ, գործի լեզվական եւ ոճական առանձնահատկությունները մեծապես պայմանավորված են նաեւ հեղինակի՝ արձակագիր եւ հրապարակախոս, հայ մատենագրության եւ գրաբարի գիտակ լինելու հանգամանքով:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
Լեոն, ինչպես վայել է հուշագրողին, այս գործում տողատակերի ծանոթագրումներ գրեթե չունի (միայն մեկը), սակայն ամենայն պարտաճանաչությամբ է կատարում երբեմն ծավալուն մեջբերումները՝ հենց տեքստում նշելով աղբյուրը (սա էլ թերեւս գալիս է նրա՝ բծախնդիր գիտնական լինելուց)՝ առանց հրատարակության վայրի, թվականի, էջի նշագրման:
Սրա հետ սերտորեն կապված է նաեւ հետեւյալ հանգամանքը: Ուշադիր ընթերցողը կնկատի, որ հեղինակը բավականին նրբանկատ է այն անձանց նկատմամբ, ովքեր մնացել են Խորհրդային Հայաստանում, չեն տարագրվել: Հասկանալով, որ իր ամեն բառը կարող է ցուցմունք հանդիսանալ նրանց դեմ, Լեոն իր հապճեպության մեջ անգամ՝ շատ ուշադիր է, «լեզուն կծած» է պահում, թեեւ հասկանալի է, որ քննադատել եւ դատափետել կուզենար նրանցից ոմանց եւս: Սա եւս հեղինակի մարդկային որակների մասին է հուշում:
Մենք ծանոթագրումները կատարել ենք հետեւյալ սկզբունքով: Նախ՝ նվազագույն տեղեկություններ են հաղորդվում որոշակիորեն առանցքային այն անձանց մասին, ովքեր կարող են այնքան էլ լավ ծանոթ չլինել ժամանակակից ընթերցողին: Չենք ծանոթագրել ամենանշանավոր դեմքերին (Թումանյան, Անդրանիկ, Աբեղյան եւ այլք), ինչպես նաեւ նրանց, ովքեր հուշագրության բովանդակության եւ պատմական դերակատարման տեսանկյունից առանցքային չեն: Երկրորդ՝ հաշվի ենք առել, որ ընթերցողը կարող է լինել եւ՛ սփյուռքից (ռուսերենին անտեղյակ), եւ՛ հայաստանցի (չտիրապետել մի քանի եվրոպական լեզուների եւ թուրքերենի), ծանոթագրության մեջ թարգմանաբար ներկայացրել ենք այլ լեզուներով մեջբերումները, արտահայտությունները: Երրորդ՝ որոշ իրադարձություններ քաջ հայտնի էին Լեոյի գործի գրության ժամանակներում, մինչդեռ դրանք խամրել եւ անկարեւոր են դարձել այժմ, ու որպեսզի ընթերցողը պատկերացում կազմի, թե ինչի մասին է խոսքը, նման դեպքերում կատարել ենք համապատասխան ծանոթագրումներ: Չորրորդ՝ ընթերցողի համար առավել համակողմանի դարձնելու համար որոշ կարեւոր դեպքեր՝ ծանոթագրման միջոցով ներկայացրել ենք այլ հեղինակների մոտեցումներ նույն երեւույթներին: Հինգերորդ՝ երբեմն հարկ է եղել ծանոթագրել որոշ տեղանուններ, քանի որ Լեոն օգտագործել է այժմյան ընթերցողին անհասկանալի թուրքահունչ կամ ռուսահունչ ձեւերը, որոնք տեքստում մենք հիմնականում չենք ուղղել: Երբեմն նաեւ վերոհիշյալ խայտառակ ուղղագրության պատճառով աղավաղված ձեւերին ենք անդրադարձել: Վեցերորդ՝ այն սակավ դեպքերում, երբ մեր կարծիքով՝ ընթերցողը կարող էր Լեոյի ասածից տարբեր ընկալել խոսքը, ծանոթագրությամբ փորձել ենք անհրաժեշտ տեղեկատվություն ապահովել: Յոթերորդ՝ թեեւ հնարավորինս խուսափել ենք ծանոթագրմամբ միջամտություն կատարել, սակայն միշտ չէ, որ հաջողվել է դիմադրել այդ գայթակղությանը եւ սեփական կարծիքը չհայտնել որոշ դեպքերում. դրանք շատ չեն:
Ընթերցողի գործը դյուրացնելու համար գրքին կցել ենք մի շարք Հավելվածներ, որոնց առկայությունը չի պարտադրի ընդհատել ընթերցանությունը եւ այլ գրքեր պեղել: Այսպես. առանձին Հավելվածների տեսքով ներկայացված են Հայկական հարցի դիվանագիտական փուլի ի հայտ գալու պահից մինչեւ 1924թ. ընկած ժամանակաշրջանի գլխավոր, առանցքային դերակատարների աղյուսակներ (ռուս ցարեր, Կովկասի կառավարչապետեր, Անգլիայի վարչապետեր եւ այլն): Որոշ ցուցակների դեպքում բացի պաշտոնավարման տարեթվերից հարկ ենք համարել նշել գործիչների նաեւ ծննդյան-մահվան տարեթվերը: Առանձին Հավելվածներով ներկայացված են բազմիցս հիշատակվող Սան Ստեֆանոյի եւ Բեռլինի պայմանագրերի համապատասխան կետերը, Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Մեր կազմած այլ Հավելվածներ, որոնք կարող էին նույնպես ծառայել գործի համակողմանի ընկալմանը, վերջին պահին հանել ենք՝ տպագրական ծավալունությունից խուսափելու համար (ափսոսում ենք հատկապես տեղանունների ցանկի համար, իսկ անձնանուններինը՝ կցում ենք): Այդպես ավելի քան կիսով չափ նվազեցրել ենք նաեւ ծանոթագրումների մեր նախնական ապարատը՝ թողնելով անհրաժեշտ նվազագույնը:
Ի ՀԱՎԵԼՈՒՄՆ
Ընթերցողի թույլտվությամբ՝ այս մեկ ենթավերնագրի ներքո գրելիքում անցնենք եզակի թվի: Թե ինչու. կպարզվի անմիջապես:
Եվ այսպես. ինքս էլ հուշագրությանը հատուկ ոճով կուզեի ծանոթագրել այս աշխատությունը, մանավանդ որ այն ինչ-որ կանխորոշվածությամբ ինձ համար ունեցել է ճակատագրական նշանակություն: Սակայն, ինչպես կտեսնեք, ձեռնպահ մնացի: Այդ ձեռնպահությունն արտահայտվել էր նաեւ սույն երկարաշունչ նախաբանի նախնական տարբերակում, որը գրված էր բացառապես գիտական ոճով եւ հագեցած գիտական ապարատ ուներ, սակայն այն մի կողմ դրեցի եւ որոշեցի գոնե նախաբանում պահպանել Լեոյի այս գործի աներեւույթ՝ հոգեկան կողմը, որ առնվազն ներկա օրերի համար առավել կարեւոր է:
Հիմա մի քանի խոսք ճակատագրականության մասին: Խորհրդային դպրոցում կար «ատեստատի միջին թվանշան» հասկացություն: Այն պատճառով, որ վերջնական գնահատական ստանալիս, 1982-ի մայիսին վիրավորեցի կենսաբանության ուսուցչուհուս՝ Դրոյին դավաճան եւ Ալեքսանդրապոլի դաշնագիրը դավաճանական անվանելու համար (թե նրա ի¯նչ գործն էր պատմությունից խոսելը), քիչ մնաց միջին թվանիշս «5»-ից ցածր դուրս գար: Կենսաբանությունից, իհարկե, գնահատականս իջեցվեց «4»-ի, իսկ դպրոցական ընկերներս, որ չէին էլ լսել Դրոյի անունը, սոսկ ինձ պաշտպանելու պատճառով իրենք էլ մեկական նիշով ցածր ստացան ատեստատի կենսաբանության գնահատականը: Ավելին՝ քննական հանձնաժողովի անդամ այդ ուսուցչուհիս «Դրոյի պատճառով» փորձեց իջեցնել նաեւ քիմիայի գնահատականս:
Գուցե սա մանկական զուգադիպություն էր: Հետո քաղաքականությունն ինձ ուղեկցեց ամբողջ կյանքում:
1983-ի ամռանը, երբ ուսանող չորս ընկերներիս հետ Ղարաբաղի գյուղերն ընկած՝ արտագաղթի կասեցմանը նպաստելու համար ի թիվս այլ քարոզների լսեցնում էի նշանավոր դաշնակցական Փափազյանի ձայնագրությունը՝ Լիբանանյան պատերազմի մասին, ինձ համարում էի «դաշնակ»: Մոտ մեկ տասնամյակ անց այդ ընկերներս դարձան դաշնակցական (բացի մեկից, ումից մինչեւ այժմ ամաչում եմ, քանի որ նրան Ղարաբաղի սարերում, վրանի առջեւ, գիշերային խարույկի մոտ հարվածեցի միայն այն բանի համար, որ ճակատագրի հեգնանքով կրկնել էր կենսաբանության ուսուցչուհուս ասածը դավաճանության մասին):
Երբ 1985-ին իմ Մեծ ուսուցիչ Ռաֆայել Իշխանյանի եւ ընկերներիս հետ տարվեցի ԿԳԲ, հարցաքննությունների ժամանակ թաքուն աղոթում էի, որ Աստված ինձ եւս տա «մութ բանտերում տանջված ընկերների» անկոտրում ոգուց, եւ ես կարողանամ խորամանկել, բայց չվախենալ: Ինձ էլի դաշնակցական էի համարում: «Գործի» ավարտից հետո համալսարանական մի բանասեր պաշտոնյա (այժմ հանգուցյալ), երեւի խորհրդային մարդակեր համակարգին իր հավատարմությունը ցույց տալու համար ԿԳԲ-ի բարեկիրթ քննիչի ներկայությամբ ինձ անվանեց «դաշնակ շուն»: Դրանից վիրավորված՝ ես դուրս եկա նրա կաբինետից՝ առանց ականջ կախելու՝ ետ վերադառնալու նրա ահեղ սպառնալիքներին: Հետո այդ պրոֆեսորը դարձավ դաշնակցական: Էլի շատերը՝ դասախոսներից եւ ուսանողներից, դաշնակցական դարձան, ովքեր այն ժամանակ ամենապակասը հեգնում էին զգացումներս եւ միջոցներ փնտրում «կոմունիստական կուսակցության շարքերն անցնելու համար» կամ հոդվածներիս միջից վախեցած մկրատում Արամ, Դրո եւ նման անունները:
Լեոյի «Անցյալից»-ին ծանոթանալուս համար ես շնորհակալ եմ ուսանողական ընկերոջս՝ հարգարժան Վարդան Դեւրիկյանին: Այդ նա էր, որ փորձելով հավասարակշռության բերել պատանեկան իմ անմնացորդ հիացումը Դաշնակցությամբ՝ հորդորեց կարդալ այն: Իսկ երբ տիար Դեւրիկյանի խորհրդով կարդացի նաեւ Աղան Տարոնեցու գիրքը, որոշակիորեն զուլալվեցին պատկերացումներս Ռուբեն Տեր-Մինասյանի, Կոմսի, Կարո Սասունու եւ այլոց գրածների հանդեպ (ի դեպ, այդպես էլ երկարատեւ հարցաքննությունների ընթացքում, ընկերներիս անդավաճան լինելու շնորհիվ, սովետական ԿԳԲ-ն չկարողացավ ընկնել այդ գրքերիս հետքի վրա):
Խորհրդային անազատ ժամանակներում ուսանողները չէին կարող ընտրել իրենց հարմար ավարտաճառ. այն պարտադրվում էր: Ինձ, որպես դիպլոմային ավարտաճառ, հանձնարարվեց Շիրվանզադեի «Կյանքի բովից» հուշագրությունը: Հետո նույն կերպ հանձնարարվեց թեկնածուական ատենախոսությանս թեման՝ «Գեղարվեստական հուշագրությունը 1920-30-ական թվականների խորհրդահայ արձակում»: Այսօր ոչ միայն դժգոհ չեմ, այլեւ ուրախ եմ այդպիսի պարտադրանքի համար: Ահա, թե ինչու ինձ հարազատ է Լեոյի այս գործը. օրական 18 ժամ ընդհատակի իմ մենության մեջ աշխատելով այս գործը հրատարակման պատրաստելու վրա, թեեւ մի քանի անգամ հիվանդացա՝ առանց բժշկի դիմելու կարելություն ունենալու, ոչ մի անգամ չհոգնեցի, չտրտնջացի, ավելին՝ մտքումս կատակով օրհնում էի նրանց, ում պատճառով հայտնվել եմ ընդհատակում եւ հնարավորություն ստացել օրնիբուն աշխատելու:
«Անցյալից»-ը հրատարակման նախապատրաստելն իմ օրակարգում եղել է վերջին 8 տարում, սակայն լինում էին ամիսներ, որ տարված հասարակական, քաղաքական, գիտական եւ մանկավարժական գործունեությամբ՝ պարզապես չէի հասցնում հիմնավորապես զբաղվել: Այդ տարիներին, իհարկե, աշխատել էի մի քանի գլխի վրա, դստերս հետ կատարել զուգընթերցումներ, սակայն այդ արագությամբ շարժվելու դեպքում 80 տարին էլ չէր հերիքի: Կրկին շնորհակալություն՝ ինձ ընդհատակ քշողներին եւ դասախոսական աշխատանքից ինձ հեռացնողներին: Ու թեեւ մեր ապրած ժամանակներն էլ հուշագրության անսպառ նյութ են, եւ ես էլ, երբեմն լինելով որոշ բախտորոշ իրադարձությունների կիզակետում, կուզեի օգտագործել այս բարեպատեհ «դատապարտման» ժամանակը եւ գրել հուշեր, հանդգնեցի ընթերցողին ներկայանալ ճշմարիտ մտավորական Լեոյի այս գործի խմբագրմամբ եւ սույն խոսքով: Եթե ինչ-որ բան այնպես չի ստացվել, ապա մեղավորը հեղինակը չէ, այլ նրա ու մեր ժամանակները, որ այդպես էլ պայծառություն չեն զգենում:
Իմ խնդրանքով վերջին տասնամյակում մի շարք պարբերականներ որոշ հատվածներ տպագրեցին «Անցյալից»-ից՝ առաջացնելով լուրջ հետաքրքրություն տարբեր շերտերում: Շնորհակալ եմ այդ պարբերականների խմբագիրներին: Հիմա, Աստծո կամոք, այս անկյունաքարային գործն իր մտքով ու հոգով շոշափելու հնարավորություն կունենա ցանկացած մեկը, ում դեռ չեն ճզմել նյութապաշտությունն ու զոմբիացումը:
Պարտքս եմ համարում շնորհակալությունս հայտնել բոլոր նրանց, ովքեր սկսած մեքենագրելուց մինչեւ որոշ ծանոթագրումների խորհրդատվություն, ընդհատակում ինձ գրականությամբ ապահովելուց մինչեւ կազմածս աղյուսակների ճշգրտում, տարբեր տարիների ներդրում են ունեցել այս գործի կրկին անգամ լույս աշխարհ գալուն:
2008թ., մարտ-հոկտեմբեր
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ԵՐԿՈՒ ԽՈՍՔ
Այս գործի ամենագլխավոր աղբյուրը կազմում են իմ անձնական հիշողությունները։
Ես շատ ապրեցի։ Իմ ապրածների մի մասն է, որ այժմ տալիս եմ այս գրքի մեջ։ Ամենակարեւոր մասը, որ իհարկե ըստ իմ հասկացողության պիտի պատմի ընթերցողիս, թե ինչպես էր, որ գրեթե կես դար առաջ Հայոց հարց ծնվեց եւ ինչպես էր, որ այդ հարցի հետեւանքով բնաջինջ եղավ թուրքահայ ժողովուրդը եւ իսպառ ջնջվեց Թուրքաց Հայաստան[9] աշխարհագրական անունը։
Ես, ուրեմն, պիտի պատմեմ մեծագույնն այն աղետներից, որոնք երբեւիցե վիճակվել են հայ ժողովրդին։
Հայոց հարցը, եթե ոչ ամբողջովին, գոնե իր ամենախոշոր մասով այն սերնդի գործն էր, որին պատկանում եմ եւ ես։ Վերջին տարիներիս, երբ նա խորտակվում էր այնքան ահռելիորեն, ես շատ անգամ էի լսում իմ սերնդակիցներից.
- Երանի՜ նրանց, որոնք մեռան միամտության մեջ, հավատալով, թե Հայոց հարցը պիտի լուծվի հայ ժողովրդի երջանկության համար… Ինչո՞ւ ես էլ չմեռա, որ չտեսնեի այս օրը…
- Հեր օրհնված,- մտածում էի ես,- մեր կանաչ ու ալվան սարերը հո՞ սեւ չէին հագնի, թե դու էլ, մի թշվառ միավոր, ավելանայիր այն տասնյակ միլիոն դիակների վրա, որոնցով մարդկությունը պարարտացրեց պատերազմի Մողոքի[10] որկորը 1914 թվականից սկսած։
Ինքս բոլորովին այդպես չէի մտածում։ Եթե մահն ինձ մոռացել է, այդ պատահականությանը ես ամենից առաջ այն եմ պարտական, որ տեսնում եմ այսօրվա օրը, երբ ամեն ինչ պարզված է վերջնականապես եւ անդառնալիորեն։ Իսկ այս բոլորովին անխորհուրդ մի առավելություն չէ, որ տվել է ինձ ճակատագիրը։ Ներկայումս կատարվում է եւ սերունդների փոփոխություն։ Մենք հեռացել ենք, մեջտեղ կանգնել են նորերը։ Այս միանգամայն բնական է եւ մարդկային։ Յուրաքանչյուր սերունդ իր ժամանակի տերն ու տնօրենն է. անում է այն, ինչ լավ է համարում. ստեղծագործում է այնպես, ինչպես ինքն է ըմբռնում։ Թե ինչ կասի արդեն իր դիրքերի տերը դարձած [հաջորդ] սերունդը, այդ նրա՛ գիտնալու բանն է։ Մեզ` հնացածներիս, մնում է մի պարտք՝ ճանաչել, հաշիվ տալ նոր սերնդին ու այդպե՛ս հեռանալ ասպարեզից։
Ահա՛, ես էլ, իբրեւ մի անհատ, ուզում եմ իմ պարտքը կատարել։
Կամենո՞ւմ եք դուք իմանալ մեր որպիսությունն այն ժամանակ, երբ մենք էինք տերն ու տնօրենը, երբ մենք դրություններ եւ հոսանքներ էինք ստեղծում եւ կյանքը մեր մտապատկերներին, մեր կառուցվածքներին ենթարկում։ Կամենո՞ւմ եք դուք իմանալ մեր արատներն ու առաքինությունները, մեր «Այո»-ն եւ «Ոչ»-ը, մեր սխալները, մեր ոճիրները։
Համեցե՛ք։
Ես կտամ ձեզ, բայց ոչ իբրեւ այն օրերի մարդ, որովհետեւ այն օրերը միայն պատրանքներ էին տալիս, միայն անորոշություններ էին ներկայացնում, այլ իբրեւ այսօր ապրող մարդ, որովհետեւ այսօր ամեն ինչ պարզ է, սոսկալի կերպով պարզ։
Այս պարզությունն ինքնըստինքյան, ինքնաբերաբար եւ հաղթականորեն բերել է բոլոր արժեքների վերագնահատություն, տապալել է բազմաթիվ կուռքեր, չափազանց պահանջկոտ, անխնա մի քննադատություն է նստեցրել մեր գործերի վրա, մանրացրել է մեր գործիչներին եւ քանդել ու տակնուվրա է արել մեր այն ժամանակվա գաղափարներն ու զգացմունքները, մեր մտածողությունն ու գեղարվեստն անգամ։
Այսօրվա այդ մեծ քննադատական կարողությունն էլ կլինի իմ միակ ղեկավարը։ Ես կտամ ձեզ ոչ թե անտարբեր ու անորոշ հիշողություններ, ո՛չ` դրանք այլեւս ոչ մի արժեք չունեն, այլ կտամ քննական, վերլուծական հիշողություններ[11]։
Իմ վերլուծումները խիստ են, գուցե նույնիսկ անողորմ, ես ոչ ոքի չեմ խնայել։ Այսպես է նախեւառաջ այն պատճառով, որ ես ուրիշ կերպ գրել երբեք էլ չեմ իմացել, երկրորդ՝ որովհետեւ այսպես է պահանջում մեզ վիճակված սոսկալի դժբախտությունը, այսպես է պահանջում միլիոնավոր մորթվածների հիշատակը…
Անխնա լինենք նախեւառաջ դեպի մեզ։
Խնդրում եմ ընթերցողին, որ այնպես չկարծի, իբր թե ես ինձ առանձին դիրք եմ տալիս իմ ժամանակակիցների մեջ, իբր թե` չսխալված, իբր թե` միակ խելոք եւ հեռուները, ապագան տեսնող։ Ո՛չ եւ ո՛չ։ Եթե շարժումների մեջ գործուն դեր չեմ կատարել, այդ չի նշանակում, թե ես միշտ առանձին կարծիքի եւ հայացքի եմ եղել։ Ամենեւին։ Ընդհանրապես, մտածողության եղանակը մի է եղել ամբողջ մեր սերնդի։ Հարյուրավոր գրվածքներ ունեմ, որոնք տպված են։ Հրաժարվել նրանցից չէ կարելի։ Եվ ինչ օգուտ կլինի հրաժարվելուց։ Ավելի բարեխիղճ, ավելի ազնիվ գործ չի՞ լինի, եթե մենք բաց ու անկեղծորեն ցույց տանք մեր արածները։ Այդ արածներն անհատներինը չեն, այլ ժամանակինը, սերնդինը։
Մենք միայն հաշիվ ենք տալիս։
Ազնվությամբ կատարենք մեր հաշվետվությունը։ Մնացածը մեր գործը չէ։
Մեծ ճշմարտություններ են այսօր արձանացել պատմության հրապարակի վրա։ Նրանք դատաստան են անում։ Թող գոնե այդ դատաստանը լինի շինարար ուժն այն ահռելի իլյուզիաների մեջ, որոնց փլատակների տակ թաղված է վերջին հիսնամյակի մեր համարյա ամբողջ պատմությունը։
1924 թ., մայիս
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Ա
Ես 17 տարեկան աշակերտ էի Շուշիի քաղաքային դպրոցում, երբ սկսվեց ռուս-թուրքական պատերազմը (1877)։ Այս մի ահագին հիշողության դրդիչ էր, որի ուժը ես էլ զգացի ինձ վրա։ Մինչեւ այդ մենք ուրիշ բան էինք, հիմա պետք էր լինում ուրիշ բան դառնալ։
Ի՞նչ էինք։
Իմ ծննդավայրը` Շուշի քաղաքը, մեկն էր մեր չափազանց խեղճ ու խուլ գավառական անկյուններից։ Հեծնած իր բարձրաբերձ ժայռերի կատարներին, հեռու նետված կենտրոններից ու մեծ ճանապարհներից, դրսի աշխարհի հետ հաղորդակցություն պահպանելով շաբաթը երկու անգամ ստացվող փոստի միջոցով` նա առանձնացած, լճացած էր ինքն իր մեջ, ապրում էր իր ներքին, մանր ու ողորմուկ շահերով։ Հայերն ու թուրքերն ապրում էին իրարից առանձնացած, իրար խորթ ու անհաղորդակից[12]։ Խանական ժամանակների սարսափները դեռ ապրում էին հայերի մեջ։ Ընդհանուր քաղաքային հասարակական կյանք չկար եւ չէր կարող լինել, քանի որ հասարակություն կազմող երկու ազգությունները լցված էին իրար դեմ փոխադարձ ատելությամբ։
Մնում էր «ազգային» կյանքը։ Այս նշանակում էր եկեղեցի, որ լցնում էր հայ հասարակության ամբողջ կյանքը, մինչեւ, այսպես ասած, պռունկները, ներկայանում էր իբրեւ միակ ուժը եւ շարժիչը, միակ առարկան, որ լցնում էր համայնքի բոլոր մտավոր եւ հոգեկան պահանջները։ Հիշում եմ` ամեն շաբաթ երեկոյան կրկնվում էր սովորական դարձած, բայց եւ միշտ խոշոր ու հիասքանչ նշանակություն ունեցող դեպքը՝ առաջնորդի եկեղեցի գնալը։ Բարձրահասակ, ծերունազարդ Սարգիս եպիսկոպոսի ոսկեգույն ձին հայտնի էր ամբողջ քաղաքին եւ ամբողջ թեմին։ Այդ ամեհի երիվարի վրայից նա ընդունում էր աջից ու ձախից խոնարհվող բաց գլուխների ողջույնները։ Նրա առջեւից, նույնպես գեղեցիկ ձիու վրա, գնում էր գավազանակիր տեր-Ավշար քահանան, իսկ ետեւից հետեւում էր, երրորդ ոսկեգույն ձիու վրա, առաջնորդական ձիապանը` Իշխան անունով։ Փողոցները, որոնք այդ գնացքի ճանապարհն էին դառնում, դղրդում էին։ Բազմությունը դուրս էր թափվում նայելու, արմանալու եւ իր տպավորություններն այդ օրվա եւ հետեւյալ օրերի խոսակցության նյութ դարձնելու համար։
Գլխովին եկեղեցական մի կյանք էր տիրում աղայի եւ արհեստավորի տանը։ Մի իսկապես տիրացու ժողովուրդ էր ամեն օր արեւի տակ ելնում «աստվածապահ» Շուշի քաղաքում։ Կային այդ ժողովրդի հակադրություններ եւ հակաճառություններ, անգամ կուսակցություններ, բայց այդ բոլորը` տերտերի, ժամի, շապիկի, խաչ-խաչվառի, քարոզի, տիրացուի ձայնեղության կամ բաղաձայնության շուրջ։ Գավառական ճահճի բորբոսնած մակերեւույթին կյանքի վլվլուկ, եռուզեռ, համայնական խմբումներ, հավաքական հոգեբանություն, զանգվածային պաշտամունք երեւան էին հանում միմիայն եկեղեցական թափորները, տոները, ուխտագնացությունները։ Եթե այդժամ մի Ղազանչեցոց եկեղեցի[13], շնորհիվ այն հանգամանքի, որ նրա ծխականներից շատերը հարուստ վաճառականներ էին Մոսկվայում, դուրս էր բերում հարուստ ու մեծագին զգեստներ, խաչեր, սաղավարտներ, սկիհներ, ոսկե աղավնիներ, այս արդեն միանգամայն բավական էր, որ ամեն մեկի ազգասիրությունը բավարարված լիներ, որ ամեն մեկն ինքն իրեն զգար երջանիկ հայ-քրիստոնյա։ Երեխաներն անգամ իրենց տներում շատ հաճախ զվարճանում էին` տերտերների ու տիրացուների պես զգեստավորվելով, եկեղեցական հանդեսներ ձեւացնելով եւ, մանավանդ, տերտեր-տիրացուների երգերին անճոռնիորեն նմանակելով։
Ես էլ, ինչ ասել կուզի, այդ համատարած իրականության մի հարազատ մասնիկն էի։
Եվ ահա գալիս են անսովոր դեպքեր։ Տեղական գունդը զինվորական նվագածությամբ հեռանում է քաղաքից։ Ամենքն ասում են, եւ իրենք` զինվորներն էլ գիտեն, որ պատերազմ է պատրաստվում օսմանցու դեմ։ Պատերազմ գնացողների տեղ Ռուսաստանից գալիս են պահեստի զինվորներ, որոնց մարզում են ամեն օր։ Նահանգապետից ոստիկանությունը հրաման է ստանում կամավոր զորք կամ միլիցիա կազմել տեղացիներից։ Մեր թաղեցի մի երիտասարդ արդեն գրվել է, նոր զգեստ է ստացել, ձի է գնել։ Մի խոսքով, այն պահն է, երբ, ինչպես սովորություն է ասելը, օդի մեջ վառոդի հոտ է զգացվում։
Վառոդը մեզնից շատ հեռու տեղերում պիտի պայթեր։ Բայց այսպես էլ նա բավականաչափ ուժեղ էր, որպեսզի ինձ պես դպրոցականին էլ դուրս շպրտեր հայրենի տիրացուական ճահճից։ Հետաքրքրությունը բռնում է ինձ եւ իմ մի քանի ընկերներին։ Մեր աղքատության ցնցոտիներից կարողանում ենք կոպեկներ գջլել եւ «Тифлисский вестник»[14] լրագրի մի ամսվա բաժանորդագինը լրացնել։ Փողը հանձնում ենք փոստին եւ գրում խմբագրին, թե մեր քաղաքն եկան պահեստի զինվորներ, այս ցույց է տալիս, որ պատերազմ կա, ուրեմն խնդրում ենք մեզ թերթ ուղարկել։
Եվ թերթն եկավ ու սկիզբը դրեց։ Նա մեզ կապում էր սլավոնական կոմիտեների եռանդուն պրոպագանդայով ոգեւորված Ռուսաստանի հետ։ Հասարակական մեծ շարժում էր կատարվում։ Մի պաշտամունք կար ամենքի համար՝ թուրքական գազանությունների զոհ դարձած Բուլղարիան[15]։ Եվ նա դառնում էր նաեւ մեր` Շուշիի դպրոցականներիս մի խմբի պաշտամունքը։ Իսկ ռուս զինվորը, որը գնում էր իր արյունով մեր այս պաշտամունքն անարգ ստրկությունից ազատելու, դառնում էր մեզ համար մի նվիրական հասկացողություն։
Որոտացին թնդանոթները Արփաչայի[16] եւ Դունայի[17] ափերին։ Սրանց ձայնը մեզ չի հասնում, բայց մեր ականջից չի էլ դուրս գալիս։ Օր օրի սաստկանում է հետաքրքրությունը, կլանում է հազարներին, մեզ էլ նրանց հետ։ Խոսքի ու զրույցի մեջ ավելի եւ ավելի սակավ են ուշադրության առարկա դառնում Նարեկն ու տերտերը, եւ ավելի հաճախ լսվում են «էն անօրեն Բիկոնսֆիլդը»[18], «Էն օրհնած Գլադստոնը»[19], «էն գազան սուլթանը» եւ այլ այսպիսի որակումներ, որոնք ցույց են տալիս, թե մենք էլ սովորում ենք դատել, գնահատել։ Պատերազմը մեզ էլ է տալիս սեփական արժանապատվության խոշոր մղումներ։ Օր օրի վրա հնչում են հայկական անուններ` Տեր-Ղուկասով[20], Լոռիս-Մելիքով[21], Լազարեւ[22], Շելկովնիկով[23]։ Մերոնք առանց զորքերի առաջնորդներ են, հաղթության հերոսներ, իրական, այսօրվա մարդիկ, որոնք գալիս են փոխարինելու հին Արտաշեսներին, Տրդատներին եւ այլ արխիվային հռչակավորների։ Մանավանդ հպարտ ու պարծենկոտ ենք մենք` շուշեցիական իրավունքով։ Մեր քաղաքից է այդ մեծահռչակ Վանջին (Օհանջանը)։ Հայրս պատմում է, որ իր հետ նա աշկերտ է եղել դերձակի խանութում, իսկ այժմ նա այլեւս Վանջի չէ, այլ Լազարեւ` Դաղստանի, Ալաջայի, Կարսի հերոսը։
Այս բոլորը նշանակում էր, որ եկեղեցին իր ճիրանները հետզհետե հեռացնում էր մեր կոկորդից, թույլ էր տալիս, որ մենք շնչենք համաշխարհականության մթնոլորտով։ Երեկ մենք տիրացու ժողովուրդ էինք։ Այսօր կանչվում էինք քաղաքացի լինելու, քաղաքական դաստիարակություն ստանալու։ Ես, իհարկե, չեմ ասում, թե եկեղեցին միանգամայն կորցնում էր իր նշանակությունը։ Այն էլ մեծ բան էր, որ նա միակ ու անսահմանափակ տեր չէր մնում մեր գլխին։
Այսքան խոշոր էր ռուս-թուրքական պատերազմի գործած հեղաշրջումը։ Հասարակական դաստիարակության մեջ կատարվում էր բեկում։ Եվ այնքան ուժեղ էր ժամանակի կատարած այդ փոփոխությունը, որ մենք` պատանի ժամանակակիցներս անգամ, տեսնում ու զգում էինք այն։
Բ
Վերջին դասարանում էի, երբ միմյանց հաջորդել սկսեցին ռուսական մեծադղորդ հաղթությունները։ Մուխթար-փաշան ջարդվեց` Ալաջայի վրա կորցնելով իր զորքը. վերցվեցին Կարսը, Պլեւնան[24]։ Ռուսական բանակը հասավ Ադրիանուպոլսին, եւ ջախջախված Թուրքիան հաշտություն խնդրեց։ Հրճվանք էր ամեն տեղ։ Ժողովրդական երգը փառաբանում էր ռուս գեներալներին, ամենատգեղ խոսքերով վատաբանում պարտված փաշաներին։ Սան Ստեֆանոյի[25] դաշնագիրը գրեթե աննկատ մնաց։
Բայց ահա 1878թ. մայիս ամսումն ենք։ Քննությունների ժամանակ է, ընկերներիցս մեկը բաժանորդ է գրվել «Մշակին»[26] եւ ինձ տալիս է կարդալու Րաֆֆու «Ջալալեդդինը»։ Կարդում ենք ընկերներով, հափշտակվում ենք, հուզվում։ Ի՞նչ է այս։
- Իրականությու՛ն,- պատասխանում են մեզ,- այսպիսի Թուրքահայաստան կա, այսպիսի հայ ժողովուրդ կա։ Ճար գտնված է այդ անբախտ ժողովրդի համար,- ասում են մեզ,- եւ այդ ճարը Սան Ստեֆանոն է` իր 16-րդ հոդվածով, որ դառնում է ազգային փրկության, փառք ու պարծանքի մի կոթող։
Նա թողնում է հայ իրականության վրա անջնջելի, խոր ազդեցություն, նա մի ամբողջ դարագլուխ է դառնում կյանքի մեջ։ Հայոց հարցը դրված էր պաշտոնական հողի վրա։ Թուրքահայն այլեւս անտեր չէ։
Այսօր 47 տարի է անցել այն օրից, երբ ստորագրվեց 16-րդ հոդվածը։ Մի մեծ արյունոտ պատմություն է մեզ բաժանում այդ օրից։ Եվ երբ այսօր հետ ենք դարձնում մեր հայացքը` իմանալու համար, թե իսկապես ի՞նչ էր նա` այդ 16-րդ հոդվածը, որ միանգամից սրբություն սրբոց էր դառնում մի ամբողջ ժողովրդի համար, մեր առջեւ բացվում է այսպիսի մի պատկեր։ Հայերը խնդրում են հաղթական ռուսներից, որ նրանք շնորհ անեն իրենց, կարգադրեն նաեւ իրենց քաղաքական ճակատագիրը, ինչպես կարգադրում են բուլղարների եւ այլ քրիստոնյա ազգությունների ճակատագիրը։ Ու ռուսները թեեւ հաղթել են թուրքերին, բայց սաստիկ ճնշված են եվրոպական պետությունների կողմից, որոնք չեն թողնում նրանց լայնապես օգտվել իրենց հաղթության պտուղներից։
Ռուսներին հաջողվում է միայն Կարսը, Արդահանը, Բաթումը եւ Հին Բայազետն առնել թուրքերի ձեռքից, բայց նրանց ցանկալի է ամբողջ թուրքական Հայաստանն ունենալ իրենց ձեռքի մեջ։ Եվ այս ձգտումը նրանք փորձում են իրագործել հայերի միջոցով։ Խաղը դիվանագիտական խիստ նուրբ կերպարանք ուներ։ Նրանք պարտավորեցնում են թուրքերին «տեղական պետքերի պահանջած բարենորոգումներ մտցնել հայաբնակ նահանգներում եւ պաշտպանել հայերին քրդերից եւ չերքեզներից»։ Այս պահանջը պատճառաբանվում էր այն հանգամանքով, որ ռուսաց զորքերի հեռանալն իրենց ժամանակավորապես գրաված վայրերից` կարող է անկարգություններ առաջացնել նույն այդ տեղերի հայերի եւ քրդերի, չերքեզների միջեւ։ Այսպիսով ստացվում էր, որ ռուսական զորքերը գրաված պիտի պահեն Հայաստանը մինչեւ բարենորոգումների իրագործումը։
Այս մի իրական երաշխիք էր 16-րդ հոդվածի իրագործման համար, բայց այստեղ հայերը, հազիվհազ մի փոքր իրավունք ստացած, զոհ գնացին միջազգային իմպերիալիզմի գիշատիչ հակումներին։ Ռուսաստանին թույլ չտալու համար, որ նա գրաված պահի այն երկր[մաս]ները, որոնք պիտի վերադարձվեին Թուրքիային, առաջ եկավ Անգլիան եւ հենց այդ րոպեից հանդիսացավ հայ ժողովրդի ոխերիմ թշնամի։ Նա սկսեց մարտնչել 16-րդ հոդվածի այն մասի դեմ, որ վերաբերվում էր ռուսական զորքերին. այսինքն այն հանգամանքի դեմ, որ հոդվածի իրագործման երաշխավորությունն էր ներկայանում։ Այնուհետեւ ի՞նչ էր մնում մեջտեղ. անորոշ ու շատ բացատրություններ վերցնող խոսքեր, տեղական կարիքների պահանջած բարենորոգումներ։ Ո՞վ պիտի բացահայտեր այդ կարիքների չափն ու բնույթը, ո՞վ պիտի լիներ բարենորոգումների պահանջատերը, եւ ի՞նչ միջոցներով, ի՞նչ ժամանակի մեջ պիտի գործադրվեին դրանք։ Ահա՛ թե որքան խեղճ ու աննշան բան էր 16-րդ հոդվածի տվածը։
Կ.Պոլսի հայերն այդպես էլ հասկացան դրությունը։ Ուստիեւ ջանքեր գործ դրին, որ կարողանան օգտվել նոր հանգամանքից, որ ստեղծվում էր քաղաքական մրցությունների հետեւանքով։ Անգլիան, միացած մյուս պետությունների հետ, կարողացավ հարկադրել ռուսաց ցարին, որ նա եվրոպական կոնգրեսի վերաքննությանը ենթարկի Սան Ստեֆանոյի դաշնագիրը։ Հայերն աշխատում էին, որ այս վերաքննության ժամանակ 16-րդ հոդվածը ստանա ավելի պարզորոշ եւ դրական բովանդակություն։ Նրանք պահանջում էին, որ Թուրքահայաստանին տրվի ինքնավարություն, որի ծրագիրն աղերսագրերով ներկայացրին մեծ պետություններին։ Բայց այս քայլը ոչինչ արդյունք չունեցավ։ Աղերսարկուներին բարեհաճ ժպիտներ ցույց տվին. իսկ երբ բացվեց Բեռլինի կոնգրեսը[27], հայ պատվիրակները ներս չընդունվեցին, նրանց տված թղթերը չկարդացվեցին։ Բեռլին գնացած ազգային պատվիրակներից մեկը` Ստեփան Փափազյանը, թողել է մի օրագրական հիշատակարան, որ տպվեց Փարիզի «Անահիտ» ամսագրի մեջ եւ ցույց է տալիս, թե որքան ողորմելի կացության մեջ էր գտնվում ազգային պատվիրակությունը` լքված, անօգնական։ Նա գնացել էր փշրանքներ մուրալու իմպերիալիստական գայլերի խնջույքից, ուր ամեն մեկն աշխատում էր` որքան կարելի է շատ բան խլել Թուրքիայի մարմնից` իր սեփական օգտի համար։ Հայերը կարծում էին, թե հանուն մարդասիրության աղաչանք լսեցնել կտան այդ գայլերին։
Այսքան խեղճ ու միամիտ էին առաջին անգամ քաղաքականության ասպարեզում գործել սկսած հայերը։ Նրանք գուցե եւ շատ բան գիտեին, բայց երբեք չկարողացան իմանալ ամենագլխավորը. այն, որ եվրոպական դիվանագիտությունը մարդասերների հրամանի տակ չի գտնվում, այլ բորսայի, կապիտալի, բանկերի հրամանի տակ։ Օրինակը բացարձակ եւ պարզ էր։ Բեռլինի կոնգրեսը, հեռացնելով իրենից մի ամբողջ տառապող ժողովրդի կյանքի եւ մահվան խնդիրը, իր սրտին մոտ էր առնում Թուրքիայի առաջարկությունը (որ նույնիսկ չէր բխում Սան Ստեֆանոյի դաշնագրից) եւ կարգադրում էր պարտքերի հատուցման գործը` Կ.Պոլսում մի հատուկ միջազգային ֆինանսական հիմնարկություն հաստատելով։ Իսկ հայ պատվիրակներին, ինչպես վկայում է Փափազյանը, մնում էր լոկ մի ելք՝ աղաչել Աստծուն, որ Սոլսբերիի[28], Գորչակովի[29] եւ սրանց նման մարդկանց ներշնչի` ընդունել պատվիրակության թղթերի մեջ գրածը։
Այդպիսի հրաշք, իհարկե, չկատարվեց։
Անգլիան Բեռլին էր եկել Ռուսաստանին ջախջախելու համար եւ միանգամայն հասավ իր նպատակին։ Նա գաղտնի դաշնագիր[30] էր կապել Թուրքիայի հետ եւ հափշտակեց նրանից Կիպրոս կղզին` փոխարենը խոստանալով բարենորոգումներ մտցնել ասիական Թուրքիայի բոլոր նահանգներում, անխտիր ամբողջ ազգաբնակչության համար։ Խոստում, որ պարզ խաբեբայություն էր` հայկական բարենորոգումները ռուսական հովանավորությունից խլելու համար։ Ռուսաստանի հետ այս կետում հաշտվելու միայն մի պայման էր առաջադրվում. այն, որ ռուսաց կառավարությունը Սան Ստեֆանոյի 16-րդ հոդվածից հանի ռուսական զորքերի մասին եղած խոսքերը։ Ռուսներն անձնատուր եղան այս պահանջի մեջ էլ։ Այնուհետեւ նրանց համար այլեւս ոչինչ հետաքրքրություն չէր ներկայացնում Հայոց հարցը, քանի որ այլեւս անկարելի էր այն դարձնել Թուրքահայաստանը զինվորական գրավման մեջ պահելու միջոց։
Երբ կոնգրեսի պարապմունքների մեջ հերթը հասավ այդ օրվանից արդեն չարաբախտ 16-րդ հոդվածին, նրա ամբողջ վիճակը հանձնվեց անգլիական լիազորներին, [իսկ] ռուս պատվիրակները բավականացան մի երկու խոսքով. եւ Սան Ստեֆանոյի 16-րդ հոդվածը անգլիական խմբագրությամբ դարձավ Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդված։ Սրա մեջ, իհարկե, ռուսական գրավման հնարավորություն բերող նշանախեց անգամ չմնաց։ Անփոփոխ էին թողնում «տեղական պետքերի» պահանջած ռեֆորմները, ինչպես նաեւ Թուրքիայի պարտավորությունը` պաշտպանելու հայերին քրդերից եւ չերքեզներից. այսինքն` նախկին անորոշությունը, ռեալ բովանդակություն չներկայացնող ֆրազները, ոչինչ իրական։ Ավելացվում էր այն, որ թուրք կառավարությունը պարտավոր է իր մշակած ռեֆորմների մասին պարբերաբար հաղորդել եվրոպական մեծ պետություններին, որոնք պիտի հսկեին դրանց գործադրման վրա։
Հայ պատվիրակությունը, կուշտ աղոթելուց հետո, 16-րդ հոդվածի այս կարկատանն էր իր հետ տանում Բեռլինից Կ.Պոլիս։
Գ
Սկզբում Կ.Պոլսի հայությունը զգաստ եւ խելահաս վերաբերմունք ցույց տվեց Բեռլինի դաշնագրի վերաբերմամբ։ Նա հիասթափված էր, զգում էր, որ Եվրոպան իսկապես ոչինչ չի տվել հայերին, բացի մի քանի անբովանդակ ֆրազներից։ Բայց այդ զգաստությունը չափազանց կարճատեւ եղավ։ Լրջմիտ հեռատեսության դեմ բարձրացավ անվերապահ լավատեսությունը։ Քաղաքական ծանր հարցը` մի ամբողջ ժողովրդի լինել-չլինելու հարցը, ստանում էր արկածախնդրական, ռոմանտիկ գունավորումներ։ Ներսես պատրիարքը[31] եւ նրա կողմնակիցները բացատրում էին հասարակությանը, թե նա հուսահատվելու ոչ մի պատճառ չունի, թե հայ ժողովրդի դատը պաշտպանված է եւ լավ է պաշտպանված։
Այս փաստաբանության ամենացայտուն օրինակը տալիս է «Թէ ինչ շահեցանք Պէրլինի դաշնագրէն»[32] բրոշյուրը, որ նույն այդ միջոցին Կ.Պոլսում հրատարակեց Բեռլին գնացած պատվիրակության քարտուղար Մինաս Չերազը[33]։ Ես հիշում եմ, թե որպիսի մանկական ոգեւորությամբ էինք մենք կարդում այդ փոքրիկ տետրակն այն օրերին, երբ Հայոց հարցը դեռ խանձարուրի մեջ էր, երբ այդ գրությունն օրվա ամենախոշոր նորությունն էր։ Չերազն այդտեղ ամենափառավոր կերպով ապացուցում էր, որ մինչեւ Բեռլինի կոնգրեսը Հայոց հարցը գոյություն ուներ միայն երկու պետությունների` Ռուսաստանի եւ Թուրքիայի մեջ, իսկ Բեռլինի կոնգրեսում այն դարձավ եվրոպական միջազգային հարց, եւ հայերին պաշտպանողն այսուհետեւ մի հատ Ռուսաստանը չպիտի լինի, այլ ամբողջ հավաքական Եվրոպան։ Այս պատկերացումը թեւավոր էր, գնաց նվաճելու բոլոր մտքերը, բազմելու ամեն մեկի բերանում։ Ուռճանում էր ազգային գոռոզությունը, հայ ժողովուրդը բարձրացնում էր իր գլուխը` ինչպես վայել էր ամբողջ Եվրոպայի խնամակալության եւ քնքուշ հոգսերի առարկա դարձած մի ժողովրդի։
Այսօր Մինաս Չերազի բրոշյուրը մի հուշարձան է քաղաքական անգրագիտության, համբակային միամտության եւ անուղղելի ռոմանտիզմի։ Իսկությունը, որ այն ժամանակ էլ չէր կարող անհայտ մնալ պայծառ ու հեռատես մտքերին, պիտի, ընդհակառակը, մեծ դժբախտություն համարեր, որ հայությունը գցվում է միջազգային հարաբերությունների այն խառնարանը[34], որի անունն էր Արեւելյան հարց։
Հայտնի էր շատերին, որ հենց այս ժամանակ էլ` ռուս-թուրքական պատերազմի հետ միասին, եվրոպական քաղաքականության մեջ վերջանում էր մի շրջան, որի հետ շատ խառն էր ռոմանտիզմը։ Գլադստոնն Անգլիայում եւ Գորչակովը Ռուսաստանում այդ տիպի դիվանագետների վերջին ներկայացուցիչներն էին։ Նոր սերունդն արդեն միմիայն իրական շահերն էր ճանաչում իբրեւ տեր եւ հրամանատար ազգերի փոխադարձ հարաբերությունների մեջ. բարոյական սկզբունքներ, արդարություն գոյություն չունեին նրա համար։ Եվրոպական կապիտալիզմն արդեն մտնում էր իր զարգացման այն շրջանի մեջ, որ կոչվում է իմպերիալիզմ։
Թուրքիան առաջվանից անհամեմատ ավելի մեծ չափերով էր դառնում այդ կապիտալիզմի հարստահարչական շահատակությունների ասպարեզ։ Մրցակցությունը կատաղի կերպարանք էր ստանում` կատարելապես անհնարին դարձնելով, որ մեծ կոչված պետությունների մեջ համաձայնություն կազմվի Թուրքիային վերաբերող որեւէ հարցի մեջ միաբան գործելու համար։ Այս մրցությունների մեջ հայ ժողովուրդն իր դառը տանջանքներով դառնում էր առուծախի առարկա։ Եթե մեկը հայերի պաշտպան էր հանդիսանում սուլթանին վախեցնելու եւ նրանից շահավետ ձեռնարկություններ կորզելու համար, ապա մյուսը գնում էր սուլթանին պաշտպանելու` ընդդեմ այդ հայասեր դիմակավորված ախոյանի` իր այդ պաշտպանությունը հնչուն դրամի վերածելու համար։ Սկսած Սան Ստեֆանոյի դաշնագրի գոյության առաջին իսկ օրից` թուրքահայ ճորտ գյուղացիության հեծեծանքները, արյունն ու արտասուքներն առած Հայոց հարցը կանոնավոր չափով ու կշռով, հաշվապահության բոլոր կանոններով ծախվում էր եվրոպական արտաքին գործերի փառազարդ առանձնասենյակների լռիկ անկյուններում հանդարտ ու վճռականապես, ինչպես վայել էր սառնասիրտ վաճառականին։
Այս պարզ էր ամենքի համար։ Այս պարզ չէր միայն եւ միայն վաճառվողների համար։ Ստոր «սովդաքյարական» հաշիվներով ապրող Եվրոպան հայի համար դառնում էր մի ամբողջ մոլի պաշտամունք, մի աստվածություն, որին պետք էր հավատալ անպայման կուրությամբ, դառնում էր մի ֆետիշ, որ միայն կարող էր փրկել, ազատել, պահպանել։ Այսպես մնաց Եվրոպան ուղիղ քառասուն եւ հինգ տարի շարունակ եւ անընդհատ, մինչեւ որ հայի մեջ այլեւս ո՛չ արյուն մնաց եւ ո՛չ արտասուք, որոնց կարելի լիներ ծախու հանել։ Սա մի զարհուրելի, մղձավանջային երեւույթ է` այս համահայկական միջնադարյան կուրությունը, այս մոլեգնոտ եվրոպապաշտությունը։ Եվ այս համարվում էր (Բեռլինի կոնգրեսի օրերից) մի մեծ երջանկություն, մի նոր բախտ հայության համար։
Երբ Բեռլինում աղոթողի անճարությանը մատնված հայ պատվիրակները վերադարձան Կ.Պոլիս, սկսեցին իրենց անհաջողությունը բացատրել նրանով, որ հայերն արյուն չէին թափել, չէին ապստամբել, որ ներկայացել էին միջազգային ատյանին լոկ իբրեւ խնդրարկուներ, իբրեւ թուղթ մատուցանողներ, մինչդեռ աշխարհի կարգ է` ազգերն իրենց ազատությունը գնում են իրենց արյունով։ Այս միտքն էլ թեւավոր էր եւ սկսեց տարածվել արագությամբ, ժողովրդականանալ։ Մանավանդ ռուսահայերն էին ուժգնությամբ փարում այս գաղափարին։ Եվ ահա՛, գտնվա՛ծ էր Հայոց հարցի լուծման միջոցը` Եվրոպա եւ ապստամբություն։ Միայն եւ միայն։ Մի դեղատոմս, որ ամենայն փութաջանությամբ գործադրվեց, մինչեւ որ Հայաստանում այլեւս հայ չմնաց։
Շատ հետաքրքրական է իմանալ, թե իրենք՝ հայերն ինչ տեսակ էին հասկանում իրենց պարգեւված «տեղական պետքերին համապատասխանող ռեֆորմներ» դարձվածքի իմաստը։ Եթե Աբդուլ-Համիդ[35] սուլթանը մի մարդախոշոշ գազան չլիներ, այլ կիրառեր շինարար եւ խաղաղարար մի սկզբունք, եւ եթե նա կարողանար իր վարչական մեքենան այնքան բարեկարգել ասիական նահանգներում, որ հայերը հանգիստ ու ապահով ապրելու շատ հնարավորություններ ստանային, արդյո՞ք այսքանով սպառված կլինեին «տեղական պետքերը»։ Ո՛չ։ Հայ ազգային գործիչների ցանկությունը տեղական համեստ պետքերից ավելի հեռուն էր գնում։
Ահա նույն Մինաս Չերազը 1879թ. հրատարակած իր «Հայաստան եւ Իտալիա» բրոշյուրի մեջ պատմում է, որ Հռոմում ինքը, իբրեւ հայ պատվիրակության քարտուղար, գնաց իտալական արտաքին գործերի մինիստր կոմս Կորտիին ներկայանալու, բայց ստիպված եղավ երկար սպասել նախասենյակում։ Այս սպասողական ձանձրույթը հենց այդտեղ` նախասենյակում, երիտասարդ եւ նորաթուխ հայ դիվանագետը փարատում է նրանով, թե մի օր էլ իտալական դեսպանը Հայաստանի արտաքին գործերի մինիստրի նախասենյակում այսքան երկար կնստի` սպասելով, թե երբ ինքը ներս կընդունվի։ Այս պարզապես ցույց է տալիս, թե հայերը սկզբից եւեթ` Սան Ստեֆանոյի օրերից, կարծում էին, թե իրենք այնքան շատ բան էին ստացել, որ կարող էին անկախ Հայաստան ստեղծել։
Հարցն իհարկե գաղափարը չէ, որ չի կարող մերժվել որեւէ ճկուն եւ կեղեքվող ժողովրդի։ Հանցանք չէր, եթե հայն անկախություն երազեր այնպիսի մի ժամանակ, երբ նրա աչքի առջեւ կազմվում էր մի բուլղարական կիսանկախ իշխանություն, եւ մի շարք կիսանկախ պետություններ (Ռումինիա, Սերբիա) կատարյալ անկախություն էին ստանում։ Ամբողջ հարցն այն է, որ հայերը չէին կշռադատում իրենց ձեռքին եղած միջոցները, իրենց ժողովրդի կացությունը Հայաստանի խորքերում եւ իրենց ստացած խոստումների իսկական արժեքը։ Եվ ստեղծվում էր ողբերգական հակասություն. հայերի համար «տեղական պետքերը» առնվազն վարչական ինքնավարությունն էր, որի հետեւում, անշուշտ, կանգնած էր անկախությունը, մինչդեռ թուրքերի համար այդ «պետքերն» ամենաշատը պիտի նշանակեին վարչական-ոստիկանական վերակազմություններ, որոնց անհրաժեշտությունը նրանք ընդունում էին, բայց ասում էին, թե փող չունեն այդպիսի ռեֆորմներ իրագործելու համար։
Դ
Պատերազմից հետո կյանքը Շուշի քաղաքում միանգամայն կերպարանափոխվում էր։ Մի արտասովոր կենդանություն եւ աշխուժություն էր մտնում։ Որքան էլ որ հեռու էր պատերազմական դաշտը, բայց քիչ չէր այն շուշեցիների թիվը, որոնք դրամ էին աշխատել` այս կամ այն կերպ մասնակից լինելով պատերազմի հետ կապված առեւտրին։ Բայց միայն այդ չէր շուշեցու բարօրությունն ավելացնողը։ Կար ավելի ուժեղ ու հորդառատ աղբյուր՝ արդյունագործական Բաքուն, որ օր օրի վրա հռչակվում էր իր նավթային հարստություններով եւ շարունակ իրեն էր քաշում գավառներն ու առանձնապես Շուշիին։ Արդեն անուն էին հանել շատ շուշեցի դրամատերեր, եւ այս հանգամանքն ավելի էր սաստկացնում հոսանքն այդ քաղաքից դեպի Ապշերոնի նավթահորերը։ Միայն քաղաքը չէր այդպես հեղաշրջված. գյուղը բռնել էր իր քայքայման ճամփան եւ մարդկային հորձանքներ էր ուղարկում Բաքու։ Այդ զանգվածների մեծագույն մասն, իհարկե, սեւ աշխատանքի մեջ էր խրվում, դառնում բանվորություն։ Բայց քիչ չէին եւ այնպիսի անհատները, որոնք «մարդ էին դառնում», այսինքն՝ հարստություն էին ձեռք բերում, մանր խանութպաններից բարձրանում էին մինչեւ արդյունաբերող-կապիտալիստ «ապերների» պատվավոր դիրքը։
Այս արդյունաբերական շարժումները շարժում էին եւ Շուշիի ճահիճը։ Շռայլությունը, մեծամեծ կոչունքները, անընդհատ բացօթյա քեֆերը վկայում էին, որ այս քաղաքում կուտակումներ են գոյանում։ Երգն ու նվագածությունն ամեն կողմ էր. Շուշին ասիական երաժշտության ամենանշանավոր կենտրոնն էր դառնում։ Եվ այս հռչակը ստեղծողներն էին թե՛ հայերը եւ թե՛ թուրքերը, որոնց սերտ գործակցության մեջ միացնում էր արվեստը։
Ես չեմ կարող ասել, թե այսքանով էլ սպառվում էր իմ հայրենի քաղաքի վերակենդանությունը։ Հզոր թափով առաջ սլացող արդյունաբերությունը կատարելագործված հաղորդակցություն էր բերում, եւ երկաթուղին Թիֆլիսից դեպի Բաքու էր ձգվում։ Կուլտուրական զարթնումի, հասարակական բարձրացած տրամադրության մթնոլորտ էր ծավալվում Ռուսաստանում եւ Կովկասում։ Եվ ահա, մեր գավառական խուլ անկյունն էլ նույն այդ խոշոր շարժման մեջ էր մտցվում։ Գործունյա, առաջավոր երիտասարդություն էր խմբվել Շուշիում՝ գլխավորապես թեմական դպրոցի շուրջը։ Նոր ժամանակ էր սկսվել։ Ամենից առաջ այդ ժամանակը խոսում էր տեղական մի հատիկ տպարանի միջոցով։ Շուշիում առաջ էլ կար տպարան, բայց հրատարակվում էին Սաղմոս, ժամգրքեր, Ավետարան։ Իսկ ա՞յժմ։ [Այժմ] տպվում էին [Ջոն] Դրեպերի թարգմանությունը[36], Ալֆոնս Դոդեի, [Հենրիկ] Սենկեւիչի հայրենասիրական վեպիկները։
Ինձ այդ տպարանում սրբագրողի պաշտոն տրվեց, եւ ես այդտեղ է, որ շփվեցի գործող երիտասարդության հետ։ Եվ մի օր իմ առջեւ է դրվում մի խոշոր հատորի սրբագրություն։ Դա Րաֆֆու «Խենթն» է, որ նոր է տպվել «Մշակի» մեջ եւ այժմ արտատպվում է առանձին գրքով։ Շատերն էին կարդացել «Մշակի» մեջ, չէինք կարդացել միայն շարող գրաշարը եւ ես՝ սրբագրողս։ Բայց շատ շատերը կան, որոնք մեր երկուսիս ետեւից պիտի կարդան։ Զմայլված էինք. ո՛չ, ավելի ճիշտն ասեմ, կախարդված էինք երկուսս էլ։ Քանի-քանի անգամ կարդացի, վեց թե յոթն անգամ, եւ դարձյալ չէի կշտանում։ Գիրքը դուրս թողնվեց տպարանից եւ հալվեց, սպառվեց մի քանի շաբաթվա ընթացքում։ Սա մի անսովոր հայերեն գիրք էր։ Երբեք եւ ոչ մի հայերեն գիրք այդպիսի համատարած չափերով, այդքան խոր կերպով դյութիչ ազդեցություն չէր գործել հայ մտքի վրա։ Ծնվում էր նոր շարժիչը՝ հայդուկային գրականությունը։
Այս դեռ վեպն էր։ Իսկ Գամառ-Քաթիպան[37] իր երգերո՞վ։ Շուշի եկավ Պետրոս Ադամյանը։ Ես բախտ եմ ունեցել տեսնելու նրա «Համլետը»։ Բայց կարող եմ վկայել, որ Համլետ-Ադամյանն այնպիսի տպավորություն չթողեց հանդիսականների վրա Համբարձում-աղայի թատրոնական դահլիճում, ինչպիսին թողեց մյուս օրը կլուբի դահլիճում, երբ դուրս եկավ երկար, սեւ սերթուկ հագած Ադամյանը եւ արտասանեց Գամառ-Քաթիպայի մի քանի ոտանավորները։ Մինչ այժմ էլ թվում է, թե պահել եմ ականջներիս մեջ մեծ արվեստագետի շեշտերն ու հնչյունները.
Տու՛ր, սիրական, քակեմ ձեռքիդ պալուլները, արձակեմ,
Եվ այդ թուլիկ աջիդ մեջը մի պողպատե սուր դնեմ,
Ստրուկ գնա՛ արյան դաշտը, վերադարձի՛ր ազատված…
Կամ թե՝
Հազիվ լըրացավ քսան եւ մեկ տարիս,
Աղվամազ բըսավ երես ու ծնոտիս…
Տվե՛ք ինձ սարեր՝ սարեր կործանեմ,
Ծառը արմատով գետինեն հանեմ,
Սուր ակռաներովս երկաթ կը ծամեմ,
Մեջըս այդքան ուժ, ասեք` ի՞նչ անեմ…
Հայկական սնապարծությունը կամ, ինչպես ասում են երեւանցիք, լոպպազությունը, լեռնացել էր Մասիսի չափ։ Գրիգոր Արծրունին[38]` հայ լիբերալիզմի փայլուն ներկայացուցիչը, ազգային շովինիզմը հասցրել էր կոչման աստիճանին։ Նա առաջարկում էր, որ հայերը կուլտուրապես ձուլեն իրենց հետ [տարածաշրջանի] մյուս բոլոր ազգություններին, մանավանդ թուրքերին եւ քրդերին։ Բոլոր ոչ հայ ազգություններին խորհուրդ էր տալիս դեն ձգել իրենց մայրենի լեզուն եւ ընդգրկել հայերենը, ինչպես ավելի բարձր կուլտուրական հատկություններ ունեցող մի լեզու. թուրքերին խորհուրդ էր տալիս թողնել արաբական անհարմար այբուբենը եւ գործածել հայերեն տառերը։ Թուրք լրագրերն աղմուկ էին բարձրացնում այս տեսակ հայտարարությունների դեմ` ասելով, թե հայերը բուլղարներից էլ վտանգավոր թշնամիներ են, որովհետեւ բուլղարները զենքով էին ապստամբում թուրքերի դեմ, իսկ հայերն առանց զենքի են գործում` աշխատելով զրկել թուրքերին ու քրդերին իրենց կրոնից ու լեզվից եւ այդպես կուլ տալ նրանց։
Հայդուկային գրականության հետ դեպի իրենց էին քաշում եւ այն դեպքերը, որոնք տեղի էին ունենում Թուրքահայաստանում։ 1880-ի ամռանը Վասպուրականում ընդհարում պատահեց հայ գյուղացիների եւ քրդերի միջեւ։ Հայերը քաջաբար դիմադրեցին քրդական հարձակմանը եւ կռվի մեջ 70 հոգի սպանեցին քրդերից։ Այս դեպքն անչափ ուռճացվեց «Մշակի» էջերում եւ ստացավ մի մեծ ապստամբական շարժման կերպարանք։ Հայերը որպես թե կռվում էին նեստորական ասորիների հետ միացած։ Իգդիրից ստացված մի հեռագիր հայտնում էր, թե ապստամբներն արդեն տիրացել են Վանի բերդին։ Մինչդեռ իրականության մեջ ոչ միայն այդպիսի բան չկար, այլ, ընդհակառակը, սկսվել էր չափազանց վտանգավոր մի քրդական շարժում, որ միացրել էր առանձին, նույնիսկ իրար թշնամի ցեղերին՝ միացյալ ուժերով ընդհանուր արշավանքներ վարելու համար։ Շարժումը դեռ բացորոշ հակահայկական կերպարանք չուներ, բայց թուրքաց կառավարությունն ամեն կերպ աշխատում էր, որ շարժումն ստանա այդտեսակ ուղղություն։
Այս շարժումների եւ մեծամեծ խմորումների միջոցին էր` 1880-ի ապրիլին, որ Անգլիայում պառլամենտական ընտրությունների ժամանակ հաղթություն տարավ ազատամիտների[39] կուսակցությունը, եւ Գլադստոնը կառավարության գլուխ անցավ։ Այս մի խոշոր հաղթանակ էր համարվում եւ հայերի համար։ Պահպանողական կուսակցությունը գործել էր իբրեւ հայերի ոխերիմ թշնամի՝ սկսած Սան Ստեֆանոյից, եւ հասցրել էր իր այդ վարմունքն այն աստիճանին, որ իր պաշտոնական հարաբերությունների մեջ ջնջել էր անգամ «Հայաստան» անունը եւ փոխարինել «Քուրդիստան»[40] անունով` ահագին հուզմունք եւ անբավականություն պատճառելով Կ.Պոլսի հայությանը։ Այժմ չկար այդ թուրքամոլ կուսակցությունը, այժմ Գլադստոնն էր` այդ «մարդասեր մեծ ծերունին», Անգլիայի ղեկավարը, եւ նրա գործողություններն առաջ ու առաջ Հայոց հարցի լուծմանն են նվիրվելու։
Եվ իրավ, ամռանը Գլադստոնը համաձայնություն է կայացնում մյուս մեծ պետությունների հետ, եւ Կ.Պոլսի վեց դեսպանները, ցույց տալով այն սկզբունքները, որոնց վրա հիմնված պիտի լինի այդ բարենորոգումը, հավաքական մի հուշագրով պահանջում են թուրքաց կառավարությունից անհապաղ իրագործել Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածը։ Թուրքաց կառավարությունն իր սովորական եղանակով պատասխանեց այդ պահանջին՝ ձգձգումների եղանակով։ Տեղի ունեցան դիվանագիտական գրագրություններ, եւ ի վերջո սուլթանի կառավարությունը մերժեց մեծ պետությունների հավաքական պահանջը` իր համար հիմք բռնելով այն հանգամանքը, որ հայերն ասիական Թուրքիայի ոչ մի կողմում ազգաբնակչության մեծամասնություն չեն կազմում։ Այսքանով էլ վերջացավ Գլադստոնի միջամտությունը։ Եվ երեւան եկավ դառն իրողությունը. այն, որ Անգլիան բարյացակամ, գրեթե հայասեր կուսակցության կառավարության ժամանակ էլ մնում էր նույն գիշատիչ, խորամանկ Ալբիոնը։
«Մեծ մարդասերն» իր այս կիսատ գործով ավելի մեծ վնաս էր հասցնում հայերին, քան նույնիսկ պահպանողական մինիստրությունն իր բացարձակ թուրքամոլությամբ, որովհետեւ Գլադստոնի քայլը թուրքերին սաստիկ գրգռում էր հայերի դեմ, իսկ վերջիններիս մեջ չափազանցրած ակնկալություններ արծարծում եվրոպական միջամտության նկատմամբ` այսպիսով ավելացնելով կռվելու եւ պահանջելու համառ վճռականությունը։ Այս պատճառաբանությունը, որով ամրապնդել էր թուրք կառավարությունն իր մերժողական պատասխանը, այն է՝ հայ ժողովրդի փոքրամասնություն կազմելը, դառնում էր այն մշտական եւ անխախտ կռվանը, որի վրա հենվելով՝ թուրքերը պիտի ազատություն սպասեին Հայոց հարցի պատճառած ցավից։ Պակասեցնել հայերի թիվը ոչ միայն թղթի վրա, այլեւ իրականության մեջ. սա դառնում էր մի քաղաքական սիստեմ, որ թուրք կառավարությունը ծրագրում էր իրագործել քրդերի ձեռքով։
Թուրքիան երկու ձեռքով բռնեց 1880-ին ծայր տված քրդական շարժումից։ Կ.Պոլսի թուրք մամուլը հրճվանքի մեջ էր. Եվրոպային սպառնում էր քրդական շարժումով։ Եվ բոլորովին հարկավոր չհամարելով որեւէ գաղտնապահություն` բացարձակ կերպով հայտարարում էր, թե Թուրքիան 61-րդ հոդվածը կոչնչացնի քրդերի նիզակներով, թե հայերը պիտի լռեն, իրենց համար առանձին պահանջներ չպիտի անեն, ապա թե ոչ՝ նրանց դեմ կկանգնեցվի ամբողջ միացած քրդությունը։ Հայերն, իհարկե, կարդում էին թուրք կառավարության ներշնչումներով շաղախված այս ահավոր սպառնալիքները… Ոչ միայն կարդում էին, այլեւ հայ լրագրերը վիճում էին թուրք լրագրերի հետ։ Գոյություն ստացավ մի երկարատեւ եւ կրքոտ բանավեճ, որ այսօր էլ վկայում է, թե որքան միամիտ ու անպատրաստ էին հայերն այս վերին աստիճանի լուրջ կենսական հարցի մեջ։ Հայ-թուրքական հարաբերությունների մեջ առաջնակարգ եւ վճռական դեր էր հատկացվում քրդերին։ Թուրք պաշտոնյաներն անդադար պրոպագանդա էին մղում նրանց մեջ` գրգռելով նրանց կատաղի ատելությունը հայերի դեմ։ Հայկական հարցը բացատրվում էր նրանց այն մտքով, թե հայերն ուզում են իրենց համար թագավորություն ստեղծել ու ստրկացնել քրդերին, թե այս վտանգից ազատվելու մի ճանապարհ միայն ունեն քրդերը՝ կոտորել հայերին։
Այս հանգամանքը թաքուն չէր մնում հայ ղեկավարող մտավորականությունից։ Տեսնում էին քրդության լեռնացող վտանգը` իբրեւ գործիք թուրք կառավարության ձեռքին, բայց ի՞նչ էին անում։ Երբեմն լսվում էին նրանց միջից ձայներ, թե հայերը կոպիտ, զինական կռիվ չպիտի մղեն քրդերի դեմ, այլ պիտի նրանց վրա ներգործեն կուլտուրական միջոցներով, պիտի դաստիարակեն նրանց, ուսում տարածեն նրանց մեջ։ Սա, իհարկե, ուժեղ եւ էական միջոցն էր քրդերին չեզոքացնելու համար։ Բայց ցավն այն էր, որ հայ ազգայնականները հայ-քրդական բարեկամությունն այն մտքով չէին հասկանում, թե երկու դարավոր դրացի ազգերը համահավասար անդամներ պիտի լինեն այդ մերձեցման մեջ, թե պիտի հարգվեն ազգային առանձնահատուկ արժեքները։
Ո՛չ, քրդերին ուզում էին ենթարկել հայկական կուլտուրային՝ նրանց այս միջոցով ապազգայնացնելու, հայերի հետ ձուլելու համար։ Այս խոսքերը խոսք էլ մնացին։ Ոչինչ գործ չկազմակերպվեց։ Քրդությունը թուրք կառավարությանն էր պատկանում։ Իսկ հայերն այս ահեղ օյինի դեմ հանում էին միեւնույն խղճուկ միջոցները` դիմում Եվրոպային եւ հայդուկային կռիվ։ 1880-ին Վանի առաջնորդ Խրիմյան Մկրտիչ[41] արքեպիսկոպոսն անգլիական հյուպատոսին ուղարկած իր նամակի մեջ ասում էր, թե այժմ այլեւս ոչ մի կասկած չկա, որ Հայկական հարցի հետ բարձրանում է քրդական հարցը, որ կառավարության խրախուսանքներով ձուլվում է մի քրդական ընդհանուր շարժում` ընդդեմ հայերի։
Այս թուղթը` հուսահատական մի ճիչ, արժանանում էր միայն անգլիական «Կապույտ գրքի»[42] մեջ տպվելու պատվին։ Մի հանգամանք, որն իհարկե չէր ազատում գավառական թշվառ եւ անզեն հայությանը մինչեւ ատամները զինված քրդության դեմ հանդիման կանգնած լինելու դժբախտությունից։
Հայ ղեկավարող մտավորականությունն, այսպիսով, չէր կարող արդարանալ անգիտությամբ։ Ամեն ինչ կատարվել էր օրը ցերեկով, բացահայտորեն, նրա աչքերի առջեւ։ Թուրք մամուլի սպառնալիքները հայտնվում էին իբրեւ կառավարական հաղթանակող ծրագիր։ Ոչինչ խրատ չէր վերցվում այս խոշոր հանգամանքից, որ ապագա էր ցույց տալիս, զգաստություն էր հրահանգում։
Ու բացվում էր մի այսպիսի հանդիսարան։ Քուրդիստանի եւ Հայաստանի լեռներից առաջ էին քաշվում, շարժման մեջ էին դրվում Քսենոփոնի[43] ժամանակներից իրենց քաջությամբ, կռվարարությամբ ու գիշատիչ հակումներով քաջածանոթ կիսավայրենի ցեղեր` ոգեւորված թալանելու եւ կոտորելու կատարյալ ազատությամբ։ Իսկ նրանց դեմ հանդիման հյուսիսից ու արեւելքից գնում էին հատուկտոր մարդիկ, մեծագույն մասամբ պատանիներ` հաճախ ոչ միայն առանց զենքի, այլեւ առանց մի կտոր հացի իրենց մախաղում։
Ովքեր էին դրանք։ «Խենթը» կարդացողներ, ամեն օր հանդիսավորապես «Ձեռքերս կապած, ոտքերս շղթա, Եվրոպան կասե` հե՞ր չելաք ոտքի» արտասանողները եւ երգողները։ Վեպը եւ ոտանավորը խենթացնում էին մարդկանց, սար ու ձոր գցում։ Ամենից առաջ «Խենթը» շարող գրաշարն էր, որ ինձ խոստովանաբար ասաց, թե գնում է, եւ ուրիշ գնացողներ էլ կան։ Եվ իրավ, նա գնաց։ Ձմեռվա մի շատ ցուրտ գիշեր, ժամը 2-ին ես տուն էի գնում մի կոչունքից։ Շուկայի հրապարակում մեծ խարույկ էր վառված եւ նրա առջեւ իմ լավ ծանոթ գիշերապահն էր նստած՝ ձեռքին մի գիրք։ Մոտենում եմ, բարեւում, նա հազիվ է կարողանում կտրվել գրքից եւ ինձ ասում է` ցույց տալով «Խենթը». «Ա՜յ գրիք… Երեք ժամ է` կարդում եմ, եւ այնքան հափշտակված եմ, որ չեմ կարողանում վեր կենալ, իմ շրջայցը կատարել, ո՜վ գիտե, գուցե արդեն գողերը կոտրատել են խանութների դռները»։ Վեր կացավ, քայլեց ինձ հետ։ Նա ուզում էր Վարդան դառնալ` Րաֆֆու հերոսը։ Եվ մի քանի օր անց գիշերապահի չաղ խարույկի առջեւից անհայտացել էր մեր Արությունը։ Նա էլ գնաց։
Այս, եթե կուզեք, կարելի էր անվանել շարժում։ Բայց այն կազմակերպված չէր, չուներ ղեկավարներ։ Տանողները միայն գրքերն էին, Րաֆֆին, Գամառ-Քաթիպան, մասամբ եւ Գրիգոր Արծրունին։ Ամբողջովին մի գրքային հեղափոխություն։ Հարցնեիր գնացողին, նա ո՛չ ճանապարհ գիտեր, ո՛չ ուղղություն։ Նրա ուղեղի մեջ միայն մի դրություն էր տեղավորվում. կա սահմանված մի բան` հասնել այդ բանին, անցնել նրա մյուս կողմը։ Հետո՞։ Այս հետոն արդեն շատ էր մութ։ Շատերը, ո՞վ գիտե, գուցե այն հավատին էին, թե գնում են «Խենթի» ծերունի Խաչոյի մոտ ձվածեղ ու գոմեշի մածուն ուտելու, մինչեւ որ կգա «արյունածարավ, գոված Եվրոպը» եւ Վարդանի երազը կդառնա օրվա փաստ։
Սո՜ւրբ որգեւորություն` ասում էին այն ժամանակները։ Սուրբ երեխայությու՛ն` պիտի ասեն հետագա ժամանակները։
Ես իմ փորձով վկայում եմ, որ այդ իսկապես երեխաների ոգեւորություն էր։ Ես եւ ինձ պես հարյուրավորները` հասակով էլ երեխաներ էինք։ Բայց ի՞նչ կասեք նրանց մասին, որոնց մեղք կլիներ երեխա անվանել, որոնք մազով-միրուքով մարդիկ էին եւ մեզանից երկու, գուցե եւ երեք անգամ ավելի էին մեր մոլորակի հետ պտույտներ արել արեգակի շուրջը։ Երեխայությունը հասակի խնդիր չէ. լինում են սպիտակահեր երեխաներ։ Երեխայության դրությունը միայն անհատներին չէ հատուկ։ Լինում է եւ հավաքական, զանգվածային երեխայություն։ Այս դրության մեջ հայ ժողովուրդը խարխափեց ամբողջ քառասուն եւ հինգ տարի` չկարողանալով ճանաչել աշխարհի չարն ու բարին։
1880-ական թվականների գլադստոնյան փորձը պետք է լավ խրատած լիներ հայկական երեխայությանը` պարզ ցույց տալով նրան, որ Անգլիան Անգլիա է, եւ ոչ մի նշանակություն չունի, թե ով է այսօր նրա առաջին մարդը. Գլադստոն, Սոլսբերի, Բիկոնսֆիլդ, որոնք անուններ են` փոփոխական, հեղհեղուկ, անկայուն։ Անփոփոխն անգլիական արշինն է, եւ նրան ծառա ու սպասավոր են ամենքը, անգամ «մարդասերները». մեծ լինեն նրանք, թե փոքր, միեւնույն է։ Գլադստոնը 1880-ին բոլորովին հայ ազգի գեղեցիկ աչքերի պատճառով չէր Հայկական հարցը դիվանագիտական գրագրության առարկա դարձնում։ Անգլիական իմպերիալիզմն այդ միջոցին պատրաստվում էր հափշտակել Եգիպտոսը եւ սուլթանին վախեցնելու, նրա բերանը կապելու համար էր շահագործում դժբախտ 61-րդ հոդվածը, ինչպես նաեւ մի քանի այլ հարցեր, որոնք վեճի տակ էին Բեռլինի կոնգրեսից ի վեր։ Հազիվ մի քայլ արած` Գլադստոնը ետ քաշվեց, լքեց իր ձեռնարկումը` ասելով, թե մյուս պետությունները համաձայն չեն հարկադրական միջոցներ ձեռք առնել Թուրքիայի դեմ, իսկ Անգլիան միայնակ չի կարող ոչինչ անել։ Սրանով «մեծ մարդասերը» իմաստության դասեր էր տալիս սուլթան Համիդին` հավատացնելով սրան, որ Հայկական հարցի շրջանում եվրոպական համաձայնություն չի կարող գոյանալ, եւ որ նա կարող է իրեն ազատ զգալ։
Բայց ճի՞շտ էր արդյոք, թե Անգլիան միայնակ գործել չէր կարող։ Ճիշտ չէ՛ր։ Անգլիան առանց մի րոպե տատանվելու` միայնակ գործողություններ կարող էր կատարել, եթե միայն այդպես պահանջեին անգլիական կապիտալիստների շահերը։ Եվ իրավ, Հայոց հարցի մեջ հապճեպ փախուստի մատնված Գլադստոնը քիչ անց անգլիական նավատորմը կանգնեցրեց Ալեքսանդրիայի առաջ եւ «մարդասիրաբար» ռմբակոծեց այդ մեծ ու հռչակավոր նավահանգիստը, հափշտակեց Եգիպտոսը։
Պարզ է եւ հստակ։ Հայկական հարցի մեջ Գլադստոնի վարմունքը բացարձակ թշնամական եւ աղետաբեր էր հայ ժողովրդի [համար]։ Հայ-թուրքական հարաբերությունները անհաշտ-թշնամական են դառնում հենց 1880-ի դեսպանական հավաքական հուշագրից հետո։ Այդ ժամանակ է, որ որոշվում է թուրքահայության վիճակը` բնաջնջում։ Բազմահռչակ անգլիական պետական գործիչը բնավ էլ չէր մտածում այս մասին, երբ փախուստի էր դիմում թուրք դիվանագետների առջեւ։ Իսկ հայե՞րը։ Հասկացա՞ն նրանք անգլիական «հայասիրության» իսկական արժեքը։ Հասկացա՞ն, թե ինչ է Գլադստոնը։
Չհասկացան։ Գլադստոնը նրանց համար մնաց դարձյալ «մեծ մարդ», «հայասեր»։ Ահա նա կհեռանա մինիստրական պաշտոնից, կդառնա մասնավոր մարդ եւ պառլամենտի նիստերում ու միտինգների մեջ քար ու երկաթ կաղա Թուրքիայի գլխին, անեծք կկարդա, հայ ժողովրդի պաշտպանությունը կպահանջի անպատասխանատու ճառերի մեջ. եւ այսքանը բավական կլինի հայ երեխայությանը համոզելու համար, թե հենց այս ճառերով էլ Հայկական հարցը լուծված կլինի։ Բայց ոչինչ եւ ոչ մի բան չէր լուծվում։ Լոնդոնը Լոնդոն էր մնում` համաշխարհային գիշատիչ բանկ, իսկ Մուշի դաշտը լլկանքների, լացի եւ աղետի դասական հայրենիք։
1880-ի հուշագրերից հետո հայկական հարցը եվրոպական դիվանա
գիտության կողմից մատնվեց կատարյալ մոռացության։ Ի՞նչ անեին հայ գործիչները, որ լավ լիներ։ Նրանք զբաղվեցին մի հոգսով, այն է՝ աշխատեցին չլռեցնել Հայկական հարցը, աշխատեցին հիշեցնել «արյունածարավ, գոված Եվրոպին», թե հայեր կան, Հայոց հարց կա։ Դիվանագիտական ճանապարհի վրա պարտված հայերը աշխատեցին հետզհետե ամրանալ հայդուկային հեղափոխության ճանապարհի վրա։
Այս հեղափոխությունն առաջին անգամ կազմակերպված շարժման շավիղը մտավ 1881 թվականի երկրորդ կեսից, երբ Էրզրումի մեջ գոյություն ստացավ «Պաշտպան Հայրենյաց» անունով գաղտնի ընկերությունը։ Այստեղ մենք ռուսահայերին միացած ենք տեսնում թուրքահայերի հետ։ Էրզրումում զինանոց շինվեց, տարածվեցին անդամագրման տոմսակներ։ Ռուսահայերից Էրզրում գնաց, գաղտնի ընկերության հետ սերտ հարաբերություններ սկսեց այժմ գործերից քաշված ծերունազարդ բժշկապետ Բագրատ Նավասարդյանը[44]։
Ե
Եթե կար մի նպաստավոր հանգամանք, որ հովանավորում էր Հայոց հարցի առաջին խանձարուրային 3-4 տարիները, այդ այն համեմատական ազատությունն էր, որ գոյություն ուներ ոչ միայն Ռուսաստանում, այլեւ Թուրքիայում։ Հայոց մամուլը Կ.Պոլսում եւ Զմյուռնիայում ազատ քննում էր հայ ժողովրդի անտանելի դրությունն ասիական գավառներում եւ պաշտպանում էր 61-րդ հոդվածը։ Իսկ Ռուսաստանի մասին ավելորդ է խոսքն անգամ։ Այստեղի հայության համար թուրքահայերի հարցը դարձել էր սեփական հարց, ամենաբարձր, նվիրական մտածմունքը, որ հետ էր մղել բոլոր մյուս հարցերը եւ լայն ժողովրդականություն էր ստացել բոլոր խավերի մեջ։ 1879-1880թթ. սով էր Թուրքահայաստանում։ Առաջին անգամ էր, որ այս առիթով հայ ժողովրդի մեջ երեւան եկավ հասարակական ինքնօգնության լայն կազմակերպում։ Կ.Պոլսում կազմված «Սովելոց հանձնաժողովը» դրված էր եվրոպական դեսպանների հովանավորության տակ։ Ռուսաստանի բոլոր հայաբնակ անկյուններում ժողովարարություն կատարվեց, եւ առաջին անգամ հանդես եկավ նոր ժամանակների մեծ ուժը՝ խոշոր գումարներ` կազմված ժողովրդական կոպեկներից[45]։ Սովալլուկ թուրքահայն առաջին անգամն էր իր բազմադարյան կյանքի մեջ օգնություն ստանում դրսի աշխարհից։ Սա ցույց էր տալիս, որ նա իր դատով դարձել էր համազգային գգվանքի առարկա։
Հայկական հարցի հարուցած անօրինակ հասարակական շարժումների հայտարար նշաններն էին չորս տարվա խոշոր կուլտուրական նվաճումները` դպրոցական վերակազմություն, թատրոն, ուռճացած գրականություն, մամուլ, հրատարակչական եւ բարեսիրական հիմնարկություններ։
Եվ հանկարծ այս ամբողջ կենդանությունը կանգ էր առնում, խամրում էր։ 1881-ից հետո սաստկացած ռուսական խավար ռեակցիան եղբայրացավ Թուրքիայում գլուխ բարձրացրած սուլթանական ռեակցիայի հետ։ Եվ այս եղբայրացման առաջին զոհերից մեկը դարձավ հայությունը։ Հալածանքներ, արգելքներ Թուրքիայում, նույնը` եւ Ռուսաստանում։ Հայոց հարցին հավասարապես թշնամի են թե՛ Աբդուլ-Համիդ Բ-ն եւ թե՛ Ալեքսանդր Գ-ն[46]։ Հայոց պատմությունն արգելված առարկա հայտարարվեց Ռուսաստանում, իսկ Թուրքիայում ոչ միայն դա արգելվեց, այլեւ նույնիսկ «Հայաստան» անունը։ Հեղափոխական տրամադրությունը մտավ ընդհատակ կամ տեղափոխվեց արտասահման։ Բայց մի անգամ ընդգրկած գործողության եղանակը չլքվեց։ Րաֆֆին կարողացավ լույս հանել իր երկհատոր «Կայծերը», որ նա անվանեց վեպ-ծրագիր։ Ծրագիր էր այդ վեպն այն կողմից, որ պատկերում էր մի խումբ երիտասարդների, որոնք Պարսկաստանի Սալմաստ գավառից անցնում են Վանի եւ Մուշի կողմերը ինչ-որ խորհրդավոր առաքելությամբ, որի ինչ լինելը կարելի էր մակաբերել հեշտությամբ։ Պայմաններն այլեւս այնպես չէին, որ կարելի լիներ ամենայն շիտակությամբ ծավալել հայդուկային կռվի նկարագրությունը։
Եզոպոսյան լեզուն ավելի ակնարկներով էր կռահել տալիս, թե ովքեր են այդ Ասլանները, Կարոները, Սագոները եւ այլն։ Դրանք, բացատրում էր հեղինակը, այսօրվա մարդիկ չեն, այսօր դեռ չկան, գոյություն չունեն, բայց վաղը, մյուս օրը կլինեն, դուրս կգան գործելու։ Պետք է խոստովանել, որ Րաֆֆու տաղանդի ամենախոշոր հատկությունն այն էր, որ նա ըմբռնում էր օրվա տրամադրությունները, դրանք վերարտադրում գեղարվեստական պատկերների մեջ, որոնց միջոցով դնում էր հասարակական մտքի առաջ ոչ միայն տիպեր, այլեւ ամբողջ ծրագրեր։ Այսպիսով Րաֆֆին ոչ միայն տաղանդավոր վիպագրող էր, սնված գլխավորապես Էժեն Սյուի եւ նրա նման ուրիշ բուլվարային ռոմանտիկներից, որոնք ավելի հեքիաթ էին տալիս, քան թե կյանք, այլեւ հանդիսանում էր ռազմագետ-հրամանատար, որ ծրագրում էր մի ամբողջ ժողովրդական պատերազմ. մի պատերազմ, որ տասնյակ տարիների ընթացքում պիտի մղեր փոքրիկ, թույլ, ստրկության մեջ դարերով ընդարմացած հայ ժողովուրդը օսմանյան ահեղ բռնակալության դեմ։
Այս ռազմավարության համար նրա վիպած միջոցները, տակտիկան անխախտ մնացին, եւ ոչ ոք` թե՛ անհատներ եւ թե՛ ամբողջ բազմամարդ կազմակերպություններ, չկարողացան, ընդունակություն չունեցան մի նշանակալի փոփոխություն, մի արմատական նոր շեշտ մտցնել րաֆֆիական ռազմավարական հատակագծի մեջ։ Հազիվ թե կարելի լինի հավատալ, թե Րաֆֆին ճիշտ որ այդքան անսխալական համարեր իրեն։ Իր կենդանության ժամանակ նա տեսավ միայն Էրզրումի «Պաշտպան Հայրենյաց» թույլ ու խեղճ կազմակերպությունը, որ նախքան կկարողանար մի որեւէ հեղափոխական գործ սկսել, ընկավ թուրք կառավարության ձեռքը եւ ոչնչացավ դատաստանական պատիժների միջոցով։
«Կայծերից» հետո Րաֆֆին ծրագիր-վեպեր չտվեց։ Միակ թույլատրված միջավայրը, ուր նա կարող էր ծավալել իր ազգասիրական երեւակայությունները, մնում էր պատմությունը։ Եվ նա իր «Սամվել» մեծ վեպի վրա էր աշխատում, երբ մեռավ 1888-ին։ Սակայն նա ամուր հիմք էր դրել, հիմնել էր դպրոց։ Եվ 80-ական թվականների հայդուկային գրականությունը միայն կերպարանափոխվում էր գրաքննական խարազանների ազդեցության տակ` չկորցնելով իր ներքին բովանդակությունը։ Նա տեղափոխվեց Թիֆլիսից Պետերբուրգ, ուր գրաքննական պայմանները մի քիչ ավելի նպաստավոր էին։ Պետերբուրգի հայ ուսանողական կազմակերպությունն էր, որ էժանագին փոքրիկ ժողովրդական բրոշյուրների մի երկար շարքի հրատարակություն սկսեց։ Այդ հրատարակություններն իրենց թեթեւությամբ եւ դյուրագնությամբ (2, 3, 5 կոպեկ) թափանցում էին հայ ժողովրդի խորքերը մեծ քանակությամբ։ Նրանք գրեթե բացառապես թարգմանական էին, եւ նրանց մեծագույն մասը վերաբերում էր բուլղարների հայդուկային հեղափոխությանը։ Ո՞վ չի հիշում այդ բրոշյուրները։ Ամեն մեկի շապիկը ներկայացնում էր հայ ընտանիք, ուր գիրք էր կարդացվում, եւ ընտանիքի հայրը աչքի էր ընկնում իր ահագին մոթալ փափախով։ Իսկ վերնագրե՞րը` «Սարկավագ», «Ստեփան Կարաջա», «Ուրիշի գերեզմանի վրա առանց արտասուքի են լաց լինում» եւ այլն։ Բոլոր այս պատմվածքները վերցված էին Իվանովի «Борцы и мученики за свободу Болгарии»[47] աշխատությունից, եւ նրանց մեջ հայ ընթերցողը գտնում էր մանրամասնություններ բուլղարական հեղափոխական կազմակերպությունների, կոմիտեների, հայդուկային չեթեների[48], թուրքական հալածանքների ու խստությունների մասին։ Հրատարակվեցին [Տոմաշ] Եժի[49] «Ուսկոկներ»[50] եւ «Լուսաբացին» երկու խոշոր վեպերը` դարձյալ բալկանյան հեղափոխական կյանքից։ Տրվում էին եւ ուրիշ ազգերի ազատագրական կռիվներից վերցրած պատկերներ։ Նպատակը պարզ էր։
Պետերբուրգի ուսանողական կազմակերպության անդամներից երկուսը շուշեցի էին` Եփրեմ Տեր-Հակոբյան եւ Հմայակ Նազարյան։ Ամառային արձակուրդներին, երբ նրանք գալիս էին Շուշի, ես շատ հաճախ խոսակցություն էի ունենում նրանց հետ այս հրատարակումների մասին, եւ նրանք ինձ բացատրում էին իրենց եւ իրենց ընկերների հայեցակետը։ «Պետք է,- ասում էին,- հեղափոխականացնել ժողովրդական մասսաները պատմական նմանությունների, անալոգիաների միջոցով։ Ամենացայտուն խրատական անալոգիաներ տալիս է մեզ բուլղարական հեղափոխությունը, որ թե՛ շատ մոտիկ է մեզ ժամանակով եւ թե՛ հարուստ է թուրքահայերի կյանքը հիշեցնող պատկերներով։ Մենք,- շարունակում էին երկու երիտասարդները,- թեեւ ինքներս ոչինչ չենք ասում, քարոզչություն չենք անում, բայց մեր տված գրականությամբ այն դաստիարակությունն ենք տարածում, որ թուրքահայերի ազատությունը կարող է այն կերպով լինել, ինչ կերպով եղել է բուլղարների ազատությունը»։
Այս ճիշտ էր։ Բայց այս դաստիարակության մեջ չափազանց շատ էր սպանիչ միակողմանիությունը։ Հարցն այն բանի մասին չէր, որ թուրքահայերը տանջվում են բուլղարների նման, նույնիսկ նրանցից էլ մեծ չափերով։ Հարցն այն էլ չէր, որ արյունարբու բռնակալության ճիրաններում ծվատվող մի աշխատավոր ժողովուրդ, որի 95 տոկոսը կազմում էր հողագործ գյուղացիությունը, պիտի աշխատի իրեն ազատելու համար։ Այս բաների վերաբերմամբ ի՞նչ վեճ կարող էր լինել։ Հարցը` զարհուրելի, սասանեցուցիչ հարցն այն էր, որ բուլղարների եւ հայերի ճակատագրի մեջ կար ահագին տարբերություն էլ։ Բուլղարներին ազատողն այն փոքրիկ հայդուկային խմբերը չէին, որոնք թեեւ կռվում էին զարմանալի, անօրինակ հերոսությամբ, բայց միշտ էլ, վերջիվերջո, օսմանյան կանոնավոր բանակի ծանրության տակ պիտի ճմլվեին։ Բուլղարներին ազատողն այն համասլավոնական ուժեղ բռնկումն էր[51], որ հրդեհեց Ռուսաստանը եւ ցարական բանակները Թուրքիա նետեց։
Բուլղարական հայդուկները միայն պատրվակներ էին, որոնց ստեղծողն ու կազմ եւ պատրաստ պահողը Կ.Պոլսի ռուսաց հզոր եւ եռանդուն դեսպանն էր` գեներալ Իգնատեւը։ Ռուսաստանի սլավոնական կոմիտեներն էին, որ դրամ, զենք ու զգեստ էին հայթայթում բուլղար չեթեներին։ Երկրի աշխարհագրական դիրքն էլ չափազանց բարերար էր։ Հայդուկային շարժումները տեղի էին ունենում գլխավորապես Բալկանյան լեռներում։ Հենց որ չեթեները նեղ տեղ էին ընկնում թուրք զորքերի գործողությունների հետեւանքով, նրանք փախչում էին մինչեւ Դանուբ գետը եւ ապահով ապաստան, օգնություն էին գտնում նրա մյուս ափին։ Հայ պահպանողականները, հակառակելով հեղափոխական շարժման կողմնակիցներին, ասում էին, թե թուրքերը կջարդեն հայերին, բայց դրանով միայն հեգնական ժպիտ էին պատճառում հեղափոխականներին։ Չէ՞ որ սրանք [հեղափոխականները] շատ լավ գիտեին, որ 1876թ. բուլղարական կոտորածներն ընդհանուր վրդովմունք առաջացրին Եվրոպայում, առաջ քաշեցին Գլադստոնին, որի ճառերը Բուլղարիայի ազատության հիմքը դրին։
Այս այսպես ասվում էր։ Բայց իրականությունն այն էր, որ Գլադստոնի ճառերն ու գրությունները միայն համակրական զգացմունքներ զարթնեցրին, որոնք սակայն ուժ չկազմեցին։ Այնպես որ, թուրքական գազանությունների պաշտպան Բիկոնսֆիլդի մինիստրությունը ոչ միայն չընկավ, այլ զգալով իր ուժը` շարունակեց մաքառել Ռուսաստանի դեմ՝ Թուրքիան պաշտպանելու համար, իսկ երբ ռուս-թուրքական պատերազմի հետեւանքով ստեղծվեցին պայմաններ, որոնք սպառնում էին Լոնդոն-Սիթիի[52] գրպաններին, Գլադստոնը բոլորովին լքվեց ու մենակ մնաց, իսկ այն հասարակությունը, որ մի ժամանակ ծափերով էր ծածկում Գլադստոնի անեծքները թուրքերի հասցեին, այժմ գնաց Բիկոնսֆիլդին պաշտպանելու, որպեսզի պաշտպանված լինի անգլիական բանկերի պարտապան Թուրքիան։
Բուլղարիան ազատողը Գլադստոնը չէր, այլ այն ծանր ու արյունահեղ պատերազմը, որ Ռուսաստանից միջոցներ եւ հարյուրհազարավոր մարդիկ խլեց։
Ահա ինչեր էին ծածուկ մնում հայ ընթերցողից՝ պատմական անալոգիաները դաստիարակչական ուժից չզրկելու համար։
Գոնե հաշվի առնեին այն հարաբերությունները, որոնք ստեղծվել էին ազատարար Ռուսաստանի եւ նրա ազատած Բուլղարիայի միջեւ։ Մեկը չէր գտնվում, որ լայն, բազմակողմանի լուսաբանություններով խախտեր հայ իրականության մեջ հաստատվող հիվանդոտ ու մահացնող միակողմանիությունը։ Ալեքսանդր Գ-ի կառավարությունը կատաղի թշնամի էր առհասարակ որեւէ ազգի ազատագրական շարժման, բայց մասնավորապես թշնամի էր հայկական շարժման եւ Հայոց հարցի լուծման, որովհետեւ չէր ուզում մի նոր «ապերախտ» Բուլղարիա[53] ստեղծել Ռուսաստանի ասիական սահմանի վրա։ Իսկ մեզ ասում էին` Հայկական հարցը շատ նման է բուլղարական հարցին եւ նրա նման էլ պիտի լուծում ստանա։ Ու Րաֆֆու գծագրած հայդուկային աշխարհավարությունը գնալով խորացնում էր իր արմատները հայկական ըմբռնողության մեջ` այդպիսով չինական պատերի մեջ դնելով մշակվող գիտակցությունը։
Փաստերը ոչ միայն չէինք ուսումնասիրում առարկայի ստեղծած ամբողջ լրջությամբ, այլ աշխատում էինք ազատել մեր օձիքը դրանց ձեռքից՝ փախչելով դրանցից։ Կատաղի թշնամությամբ լցված ցարական Ռուսաստանն այն անհեթեթ վիշապն էր, որ ծառացել էր մեր դեմ։ Իսկ մենք վճռում էինք Հայոց հարցը լուծել տալ ոչ միայն առանց դրան [հաշվի առնելու], այլեւ հակառակ դրան։ Սա մի աներեւակայելի անմտություն էր։ Բայց մեր քաղաքական մանկությունը մակաբերում էր, թե դա միանգամայն հնարավոր է։ Բավական էր [համարվում] միայն տեղափոխել Հայկական հարցի պրոպագանդան Եվրոպա։ Եվ ծրագրում էին հիմնել այնտեղ մի մեծ քաղաքական թերթ ու նրա խմբագրությունը հանձնել Գրիգոր Արծրունուն։
Ծրագիրը ծրագիր էլ մնաց։ Պետք է ասեմ, որ 1880-ական թվականների քաղաքական շարժման գլխավոր ղեկավար, բնականաբար, առանց ընտրության եւ կազմակերպության, համարվում էր Գրիգոր Արծրունին։ Երիտասարդ եւ առաջադեմ սերունդը նրան էր ընդունում իր հեղինակավոր առաջնորդ եւ պարագլուխ. նա էր, որ առաջին անգամ հրապարակ էր բերել թուրքահայոց հարցը, պահանջել էր, որ նա լուծվի ապստամբության ճանապարհով։ Բայց Արծրունին լոկ հրապարակախոս էր, գրչի մարդ։ Քաղաքական գործչի ջիղ նրան չէր տրված, եւ նա [ինքն] իրեն անընդունակ էր համարում մանավանդ գաղտնի հեղափոխական գործունեության համար։ Ալեքսանդր Գ-ի կառավարության հակահայկական արշավի նախընթաց նշաններից մեկն այն էր, որ խուզարկություն կատարվեց «Մշակի» խմբագրատանը։ Այս մասին Արծրունին ինձ, իբրեւ իր աշխատակցի, հայտնեց Թիֆլիսից Շուշի ճանապարհորդած մի ուսանողի միջոցով, բերանացի, որպեսզի ես իմանամ հայտնի զգուշություններով վարվել իրեն ուղարկած նամակների եւ հոդվածների մեջ։ Վերջը նա հայտնեց, որ անլեգալ գործունեություն ստանձնել նա չի կարող եւ կարծում է, որ մնալով ցենզուրայի ենթարկված մամուլի ներկայացուցիչ, կարող է ավելի մեծ օգուտ տալ հայ ժողովրդին, քան հեղափոխական անլեգալ գործունեությամբ։ Եվ նա այդպես էլ արավ։ Հետզհետե կտրեց իր առնչությունը հայդուկային հեղափոխության հետ։
Զ
Նա ետ էր մնում, եւ ուրիշներն էին դուրս գալիս ստեղծված տրամադրությունն իրենց ձեռքն առնելու եւ ղեկավարելու համար։ Այդպիսիներից մեկն էր արեւմտահայ[54] մանկավարժ ու գրող Մկրտիչ Փորթուգալյանը[55], որ «Մշակին» աշխատակցում էր Վանից։ Այստեղ Փորթուգալյանը եռուն կազմակերպչական գործունեություն ունեցավ եւ, հալածանքի ենթարկվելով թուրք կառավարության կողմից, անցավ Եվրոպա, ուր 1885թ. երկրորդ կեսից սկսեց հրատարակել «Արմենիա» անունով փոքրածավալ թերթը, շաբաթական երկու անգամ։ Փորթուգալյանն ինձ էլ դիմեց, որ աշխատակցեմ, եւ իմ անունն էլ տպում էր թերթի մեջ` իբրեւ Շուշիի գործակալ։ Այս անվանումը ինձ պատճառեց մի անախորժություն, որ բնորոշ է հայ հայդուկային հեղափոխության պատմության համար։
Մի օր ինձ ներկայացան երկու մարդ եւ մեծ գաղտնապահությամբ հաղորդեցին, թե եկել են Մկրտիչ Փորթուգալյանի մոտից, Հայաստանի ազատության համար են գործում` Խրիմյան Հայրիկի ղեկավարությամբ։ Ցույց տվին եւ Խրիմյանի մի ինքնագիր կոնդակը, որով հանձնարարվում էր ամեն կերպ աջակցել այդ երկու պարոններին։ Եվ ահա իմ այցելուները բավական աներես կերպով, ձեռքներին բռնած «Արմենիայի» այն համարները, որոնց մեջ տպված էր իմ` իբրեւ գործակալի, անունն ու ազգանունը, պահանջեցին հանուն ազգային գործի փող հավաքել իրենց համար, որպեսզի կարողանան Պարսկաստանի վրայով տանել Վան, հասցնել Խրիմյանին։ Առաջին անգամն էր, որ ես մտցվում էի «ազգային հանգանակության» գործի մեջ։ Խոստացա «մի բան անել», ինչպես սովորական է ասել այդպիսի դեպքերում, բայց հաջողություն չունեցա։ Միայն իմ մոտիկ ընկերներից մի երկուսին կարողացա համոզել, որ մի քանի ռուբլի տան։ Իսկ երկու անծանոթները գրեթե ամեն օր գալիս էին ինձ մոտ իմանալու հավաքված գումարի չափը եւ դժգոհություն էին հայտնում ինձ, որ լավ չեմ աշխատում «ազգային գործի» համար։
Ձանձրացած այդ կոպիտ մարդկանց հանդիմանություններից` ես վճռեցի ինձանից տալ պակասը։ «Ազգային գործիչները» հետզհետե պակասեցրին իրենց պահանջած գումարը, բայց եւ այնպես պակասն այնքան մեծ էր իմ միջոցների դիմաց, որ ես մնացի կատարելապես անկարող դրության մեջ։ Ես հեռագրական պաշտոնյա էի եւ ստանում էի ռոճիկ ամսական 20 ռուբլի 54 կոպեկ, իսկ շլինքիս ընկած էր հորս որբերին ապրեցնելու լուծը։ Ի՞նչ անեմ։ Ճարահատյալ սկսեցի սակարկություն անել Հայաստանի անունով ինձ վրա բեռնացածների հետ։ Համաձայնվեցինք վերջապես 20 ռուբլու վրա, եւ ես, ինչպես ասվում է, իմ մսից կտրելով՝ տվի ինձ համար բոլորովին անհնարին մի գումար՝ 10 ռուբլի, եւ օձիքս ազատեցի։ Նրանք հավատացրին ինձ, թե մյուս օրը ճանապարհվում են Թավրիզ։ Բայց ի՞նչ ճանապարհ, ի՞նչ Թավրիզ։ Մյուս օրվանից նրանք տեղափոխվեցին մի գինետուն, որ իմ ճանապարհի վրա էր գտնվում, եւ սկսեցին կամաց-կամաց անուշ անել իմ ազգասիրական տուրքը։ Իմ անցնելուս նրանք ինձ էին նայում, եւ նրանց երեսի վրա չէր շարժվում եւ ոչ մի մկան, կարծես բոլորովին անծանոթ էին ինձ։
Հասկացա, որ զոհ եմ դարձել խաչագողության։ Այնքան զզված էի, որ ավելորդ համարեցի որեւէ մեկին պատմել իմ խաբվելը։ Միայն հաստատ խոսք տվի ինձ` երբեք հանգանակություն չձեռնարկել, մանավանդ որ խնդրանքով համոզելու էլ ընդունակություն չունեի։ Մի քանի շաբաթից հետո խաչագողերից մեկն անհայտացավ, իսկ մյուսը մնաց ապրելու Շուշիում։ Ինձ համար հարց էր դառնում` ի՞նչ անեմ, որ «Արմենիայի» մեջ տպվող իմ հասցեն նոր խաբեբաներ չբերի իմ տուն։ Բայց այստեղ ինձ օգնեց ցարական գրաքննությունը։ Շատ չքաշեց` «Արմենիայի» մուտքը Ռուսաստան արգելվեց։ Գործակալների ցանկը, բնականաբար, վերացավ, եւ այնուհետեւ թերթը ստացվում էր փակ ծրարների մեջ, նամակի ձեւով։
Ի՞նչ էր արել Փորթուգալյանը, որ այդպիսի պատժի էր ենթարկվում։
Ռուսաստանի դեմ` ոչինչ։ Նա միայն պաշտպանում էր Հայոց հարցը, եւ լոկ այս պատճառով նա նույնչափ անհանդուրժելի էր ռուս ցենզորին, որքան անհանդուրժելի եղել էր թուրք ցենզորին։ Փորթուգալյանը չափավոր ազատական էր, նացիոնալիստ։ Իր թերթի պահպանության համար նա հիմնեց Հայոց հայրենասիրական միությունը, որ նպատակ էր ընտրել Հայաստանի ազատությանը ծառայելը։ Ազատությունն իրագործելու համար կիրառելի էին ընդունվում բոլոր միջոցները` ե՛ւ խաղաղ քարոզչություն, ե՛ւ դիմումներ, ե՛ւ դիվանագիտական ճանապարհ, ե՛ւ զինված ապստամբություն։ Այս մի կազմակերպված շարժում էր, որ ուներ իր սեփական ծրագիրը, որով տարբերվում էր Էրզրումի «Պաշտպան Հայրենյաց» հեղափոխական ընկերությունից եւ հայտնի դարձավ ավելի «Արմենական կուսակցություն» անվանումով։
Իր ծրագրային դավանանքները Հայոց հայրենասիրական միությունը ամփոփել է «Վարդապետարան Հայաստանի Ազատության» անունով մի փոքրիկ տետրակի մեջ, ուր շատ լավ ցոլանում է այն ժամանակվա գործիչների ամբողջ քաղաքական միամտությունը` հենված զանազան տարրերի վրա` թե՛ ազգայնամոլ տիրացուության, թե՛ անգրագետ հետադիմության եւ թե՛ առաջադեմ ըմբռնումների։ Ես ինձ թույլ կտամ մի քանի նմուշներով ծանոթացնել իմ ընթերցողներին այդ քաղաքական փաստաթղթի հետ։
Հարց - Ո՞վ պիտի ազատե Հայաստանը օտարներու ձեռքեն։
Պատասխան - Ինքը՝ հայ ազգը, պիտի ազատե Հայաստանը օտարներու ձեռքեն։
Հ. - Ի՞նչ հնարներով։
Պ. - Հնարները զանազան են, նայելով հանգամանքին` երբեմն սեփական զենքով, երբեմն փողով եւ երբեմն օտարի օգնությամբ։
Հ. - Ո՞վ է իսկական հայը։
Պ. - Իսկական հայը նա է, որ անկեղծ կըղձա եւ կնպաստե Հայաստանի անկախության. մնացյալները ոչ միայն անպիտուն[56] հայեր, այլեւ անպիտան հայեր են։
Հ. - Առանց վտանգի ի՞նչ ազգասիրական գործեր կարող է կատարել ամեն մի հայ մարդ։
Պ. - Յուր անձը վտանգի չենթարկելով` ամեն մի հայ մարդ կարող է եւ պարտավոր է այս գործերը կատարել.
1) Հայերեն լեզուն պահպանել իր ընտանիքի մեջ եւ իր ազգակիցների հետ խոսակցության մեջ։
2) Հայ ոգով դաստիարակել զավակացը։
3) Սովորեցնել նոցա զենքի գործածությունը։
4) Չամուսնանալ օտարի հետ։
5) Կարելի եղածին չափ աշխատել Հայաստանի մեջ ունենալու մեծ կամ փոքր հողային կալվածք։
6) Հայոց հայրենասիրական միության որեւէ մի օգնություն հասցնել ուղղակի կամ անուղղակի, ինչ միջոցով որ այդ հարմար կլինի իր գտնված դրության մեջ։
Հ. - Որո՞նք են հայկական առաքինությունները։
Պ. - 1) Ամենագլխավոր հայկական առաքինությունն է իր ստացվածքն ու արյունը նվիրել Հայաստանի ազատության սուրբ գործին։
2) Իր բոլոր ուժը թափել` հորդորելով իր ծանոթ հայերին, որ երթան դեպի Հայաստան։
3) Համոզել եւ օգնել հայերին` իրենց սեփական անշարժ կալվածքը եւ հողը ունենալու Հայաստանի մեջ։
4) Օգնել այն հայերին, որոնք հայ ազգի օգտի համար կաշխատեն Հայաստանի մեջ։
Հ. - Առավոտ ու գիշեր ի՞նչ աղոթք պիտի անե հայը։
Պ. - Հայը քնեն զարթնելիս կամ քուն մտնելիս՝ միայն այս աղոթքը պիտի կարդա՝ «Ով բարեգութ Աստված, օգնիր ինձ Հայաստանը ազատելու»։ Դրանից ավելի ոչ մի աղոթք հարկավոր չէ հային։
Հ. - Հայ պատանիների համալսարան մտնելը կնպաստե՞ հայկական նպատակներին։
Պ. - Այժմ հայ պատանիների համալսարան մտնելը, վերաբերմամբ հայոց նպատակներին, այն նշանակությունն ունի, ինչ նշանակություն որ կունենար ավազակի հենց վրադ հարձակված րոպեին կամենայիր սուրի եւ զենքի գործարաններ շինելու։ Այս մասին հայերը առ սակավ հարյուր տարի ուշացել են։ Մյուս կողմե` 40-50-ամյա փորձը ցույց տվավ, որ համալսարանների տված արդյունքը հայ պատանիներին դոքա էին` 1. Դյուրին միջոց` ապահով ապրուստ ճարելու եւ ասպարեզ շինելու եւ 2. անզգալի կերպով սառչելու իր ազգեն եւ հոգով օտարանալու նորա շահերեն։ Իսկ եթե կան մի քանի իսկապես արժանավոր հայ համալսարանականներ, պետք է կարծել, որ նոքա առանց համալսարան մտնելու եւս ազգի պիտանի անդամները կլինեին, ինչպես որ կան ազգի մեջ շատ նշանավոր մարդիկ, որոնք երբեք համալսարան եղած չեն։ Պետք է նկատի ունենալ եւ այն հանգամանքը, որ այժմյան համալսարանները եւ նույնիսկ գիտությունը դարձել են բռնակալների ձեռքումն ազգեր ստրկացնելու հզոր գործիք։
Հ. - Ո՞րն է հայերի նշանաբանը։
Պ. - Հայերի նշանաբանը այս երեք բառն է՝ ազատություն կամ մահ[57]։
Հ. - Հայաստանը կարժե՞ այդքան մեծամեծ զոհերի։
Պ. - Այո՛, Հայաստանը կարժե ամենամեծ զոհերի, վասնզի նրա մեջ կեցողի կյանքի տեւողությունը միջին թվով 75 տարի է։ Հայաստանի հողը մշակողին տալիս է մեկ ցանած սերմնահատիկի փոխարեն 45-50 սերմնահատ։ Հայաստանի մեջ վազած աղբյուրների կեսը հանքային բժշկարար ջրեր ունեն։ Հայաստանի դիրքը միջնաշխարհային է, այսինքն՝ Ասիայի եւ Եվրոպայի սահմանագլուխներումն։ Հայաստանի ժողովուրդը, եթե չլինի ազգերի մեջ ամենահզորը, գեթ նա կլինի ամենահարուստը եւ ամենաբախտավորը։ Հայաստանը հարուստ է ե՛ւ կենդանիներով, ե՛ւ բույսերով, ե՛ւ հանքերով։
Հ. - Ո՞վ պիտի բարձրացնե ազատության դրոշակը եւ սուրը։
Պ. - Դրոշակը պիտի բարձրացնե հայ վարդապետը. իսկ սուրը՝ բոլոր հայ պատանեկությունը, երիտասարդությունը եւ տղամարդիկ, 16 տարեկանից բռնած մինչեւ 45 տարեկանը։
Հ. - Ի՞նչ է նշանակում հաղթել եւ ի՞նչ` հաղթվել։
Պ. - Հաղթել նշանակում է թշնամիի առջեւ անվախ գնալ եւ մեռնելուց չսարսափել. հաղթվել նշանակում է պատերազմի դաշտումը սրտի մեջ երկյուղ տածել։ Անվախը (քաջը) վախկոտին միշտ կհաղթե։
Հ. - Ո՞ւր կերթան հոգիները այն մարդկանց, որոնք կմեռնին ճակատի մեջ։
Պ. - Ավետարանի խոսքերի հիմանց վրա՝ ճակատի (ազգային պատերազմի) մեջ մեռնողի հոգին, ի շարս սրբոց, անշուշտ կերթա Երկնից Արքայություն, վասնզի այդպիսին կյանքեն զրկվել է ի սեր եւ ի պաշտապանություն իր նեղյալ մերձավորներին. նրա անունը կլինի նահատակ, եւ նրա հիշատակը Ս. եկեղեցին կտոնե մինչեւ աշխարհի կատարածը։
Հ. - Հրացանի ամե՞ն գնդակը դիպչում է, եւ ամե՞ն խոցվածը մեռնում է։
Պ. - Վիճակագրական ամենաճիշտ հաշիվներեն երեւում է, որ հրացանի տասը հասած գնդակեն մինն է դիպչում մարդուս, եւ 38 խոցվածներեն մինն է միայն մեռնում։
Հ. - Պատերազմի դաշտում խոցված հոգեւարը չի՞ տանջվում։
Պ. - Ամենափորձված բժիշկները հաստատում են, որ կակուղ անկողնի մեջ մեռնելը հազարապատիկ ավելի դժվար է, քան թե պատերազմի դաշտում. իսկ զենքի պատճառած մահը ամենաթեթեւն է մահերի մեջ։
Հ. - Հնար կա՞ պատերազմի դաշտում մահից ազատվելու։
Պ. - Այո՛, կա եւ մի հատիկ հնարն է այս։ Եթե չես ուզում, որ թշնամին քեզ սպանե, դու ինքդ շտապե նրան սպանելու։ Ուր վտանգը շատ մեծ է եւ անխուսափելի, համարձակ վազե նրա առաջն եւ վստահ եղիր, որ վտանգը ինքը կփախչի քեզանից։ Այս փորձած երեւույթ է։ Թշնամիի առջեւ փախչելը երկու վատ հետեւանք ունի. մեկ որ՝ փախչողը անպատճառ կսպանվի, եւ երկրորդ՝ նա ակներեւ կորստի կմատնի իր հավատարիմ զինակից ընկերներին։
Հ. - Հայերը ե՞րբ ոտքի բարձրանան։
Պ. - Երբ որ մեծամեծ ազգերի մեջ սկսվի կենաց եւ մահվան պատերազմը։
Այս մանրամասնություններից միանգամայն պարզվում է արմենական ուղղության ազատագրական գաղափարախոսությունը։ Նրա հիմքն ու կենտրոնը ազգայնամոլությունն էր իր բոլոր հետադիմական զարդ ու պաճուճանքներով։ Բայց եւ այնպես, նա հայդուկային չէր, ազատարար կռիվը մշտական չէր հայտարարում, այլ ամենքի համար քաղցր ու հաճելի եղանակով պարտք էր դնում ամենքի վրա, որ երբ պատերազմ կբացվի մեծ պետությունների մեջ, ամենքը լավ զինված, մարզված ոտքի ելնեն եւ ազատեն Հայաստանը։ Թե ինչպես էր լռիկ-մնջիկ ամբողջ հայ ժողովուրդը փոխարկվում մի ռազմական բանակի. այս չգիտեին եւ իրենք` Մարսելի հայրենասեր սպարապետները։ Նրանք միայն ամեն ջանք թափում էին, որ չվախեցնեն հայ երեւակայական բանակը։ Ուստի խոստանում են նրան ե՛ւ երկնքի արքայություն՝ սրբերի հետ, համարյա թե Մուհամեդի դրախտ, ե՛ւ մեկին 45-50 բերող հունձ Հայաստանի արտերում, ե՛ւ մեղր ու կարագ բխեցնող աղբյուրներ։ Ամենաբնորոշն այն է, որ միությունը հավատացնում էր, թե պատերազմի դաշտում ամենքը չեն մեռնում, իսկ մեռնողներն էլ հազարապատիկ պակաս տանջանքներ են զգում, քան իրենց տանը, փափուկ անկողինների մեջ մեռնողները։ Մի կատարյալ բուրժուական դրախտ [էր] այս ազատագրությունը… Տեսնում ես մի հեղհեղուկ, թշվառ մտայնություն, որ դժվարությունների անսովոր միջավայրում է զարգացել եւ կաշառքներ տալով է մարդ ուղարկում պատերազմի դաշտ։
Եվ այս գաղափարախոսությունը գալիս հարմարվում էր այն ազգագրական խմբերին, որոնք տնտեսական եւ մշակութային հետամնացության մեջ էին ապրում։ Արմենականությունն արմատ բռնում էր գրեթե միմիայն Թուրքահայաստանում եւ առավելապես Վանում, ուր Փորթուգալյանը ժողովրդականություն էր ստացել իբրեւ ազգասեր գործիչ։ Կ.Պոլսում էլ կազմակերպվում էին շրջանակներ, ուր ղեկավարող դերը դարձյալ վանեցիներն էին կատարում եւ ուր արմենականությունը հաստատ հող էր գրավում։
Հաջողության մի շատ խոշոր պատճառն էլ այն էր, որ գավառական հայության դրությունը գնալով ավելի ու ավելի վատթարանում էր, իսկ հրապարակում չկար մի այլ կազմակերպություն, որին դիմեին անբավական տարրերը։
Է
1884թ. հոկտեմբերին վախճանվեց Ներսես պատրիարք Վարժապետյանը։ Ամենուրեք մեծ տրտմություն պատճառեց այդ մահը հայ հասարակության լայն խավերին։ Ներսեսը մի շատ վեհ, համարյա հայրական հասկացություն էր այդ ժամանակ։ Սան Ստեֆանոյի, Բեռլինի կոնգրեսի ժամանակներից էր նա վաստակել այդ բարձր համարումը։ Նա Հայոց հարցի հայրն էր, եւ նրա եռանդից ու շնորհից էին ամենքն սպասում այդ հարցի լուծումը։ Չորս տարի շարունակ (1878-1882) նա շատ ուժեղ եւ հեղինակավոր դիրք էր բռնել Կ.Պոլսի դիվանագիտական շրջաններում եւ, հենված այդ դերի վրա, հանդես էր եկել իբրեւ հայ ժողովրդի պահանջկոտ ներկայացուցիչը, որ սուլթանի կառավարությանը նայում էր իբրեւ պատասխանատու կողմի։ Այցելում էր եվրոպական դեսպաններին, այցելություններ էր ընդունում նրանցից եւ ցույց էր տալիս դիվանագիտական այնպիսի բարձր «առաքինություններ», ինչպես են՝ հանգամանքներին արագորեն հարմարվելը, գրպանում միանգամից մի քանի պատրաստ լեզուներ ման ածելը եւ այլն։ Եվ հանկարծ այդպիսի խոշոր (հայ իրականության տեսակետից) քաղաքագետը մեռավ` չտեսնելով իր ստեղծած գործի իրականացումը։ Վիշտը մեծ էր` համազոր ազգային սգի։ Թիֆլիսի «Արձագանք» շաբաթաթերթը, արհամարհելով ցենզուրական պահանջը, սեւ շրջանակի մեջ դրեց Ներսեսի մահվանը նվիրված հոդվածը եւ իբրեւ պատիժ՝ դադարեցվեց ութ ամսով։
Բայց ողբերը չէին կարող ծածկել այն ճշմարտությունը, որ Ներսեսը մեռնում էր ժամանակին։ Նա այլեւս անելիք չուներ, եւ մահն էր, որ կարծել էր տալիս, թե դեռ շատ անելիք ուներ։ Նույն` 1884-ի գարնանը Էջմիածնում կաթողիկոսական ընտրություն էր։ Շատ համառ պայքարից հետո հաղթություն տարավ «Մշակ»-ական ուղղությունը` առաջին թեկնածու ընտրել տալով Ներսես Վարժապետյանին։ Կարծում էին, որ եթե նա թողնի Բոսֆորի ափերը եւ կաթողիկոսի աստիճանով մտնի Էջմիածնի վանք, դրանով այնքան ուժ եւ նշանակություն կստանա, որ ավելի մեծ հաջողությամբ կտանի Հայոց հարցի պաշտպանությունը։ Բացի դրանից, Հայոց հարց ստեղծվում էր նաեւ Ռուսաստանում` Ալեքսանդր Գ-ի կառավարության հալածանքների պատճառով։ Եվ ահա ռուսահայերն էլ սպասում էին, թե Ներսեսը կգա եւ իրենց կազատի սանձակոտոր ցարիզմի ձեռքից։ Այսքա՜ն ակնկալություններ մի հատիկ մարդուց, այն էլ` մի հիվանդ մարդուց։
Բայց Ներսեսը գիտեր, որ այլեւս զուր է իրենից կամ առհասարակ որեւէ մի անհատից հրաշքներ սպասելը։ 1880-ի գլադստոնյան փորձը պարզ ցույց էր տալիս, թե եվրոպական դիվանագիտությունից չպետք է փրկություն սպասել, ուստիեւ իր պատրիարքության վերջին երկու տարիներում փոխել էր իր ուղղությունը։ Նրա մահից տարիներ անցած՝ տպվեց նրա քաղաքական կտակը, որի մեջ նա պատվիրում էր իր հաջորդներին, որ հայերը հաշտվեն թուրքերի հետ եւ համաձայնության մեջ ապրեն պետության հետ` հույս չդնելով օտար պետությունների վրա։ Հայ ազգասիրությունը, մանավանդ այն, որ պաշտամունք էր դարձրել 16 եւ 61 հոդվածները, կեղծ հայտարարեց այդ կտակը։ Սակայն այդպիսի մի թղթի կարիք էլ չկա հասկանալու համար, թե ինչ էր Ներսեսի քաղաքականությունը 1883 եւ 1884 թվականներին։
Խրատված եվրոպական դիվանագիտության սուտ ու խաբեբա վարվեցողությունից` նա ընդառաջ գնաց Աբդուլ-Համիդի ցանկությանը, հետ վերցրեց իր հրաժարականը եւ սկսեց բացարձակ քարոզել, թե հայերն ուրիշ անելիք չունեն, բայց միայն հաշտ ապրել Օսմանյան կայսրության հետ։ Եվ այս փոփոխությունը չհամարվեց դավաճանություն, այլ միայն քաղաքագիտական քայլ։ Դավաճանություն չհամարվեց եւ այն, որ Ներսեսն ընդունեց սուլթանի ընծայած գեղեցիկ ապարանքն Օրթաքիո արվարձանում։ Նկատենք, որ հակահայկական հալածանքները Թուրքիայում չէին դադարում, որ սուլթանն սկսել էր նույնիսկ պատրիարքական առանձնաշնորհումները կրճատել։ Ներսեսը տեսնում էր այդ բոլորը եւ բավականանում էր գրավոր բողոքներ ներկայացնելով։ Ուրիշ ճար նա չէր գտնում, բացի միայն թուրք կառավարության հետ համաձայնության գալուց։ Իսկ եթե դրսում կարծում էին, թե պակասում է մի հատ կաթողիկոսական աթոռ, որպեսզի Ներսեսը նախկին ուժեղն ու հեղինակավորը դառնա, դեռ է՛լ ավելի, այդ միայն վկայում էր, թե որ աստիճանի է հասել հանրային անճարությունը, եւ եվրոպական միջամտության ցնորքով ապրող գաղափարախոսությունն ինչ սնանկության է դատապարտվել։ Հայոց հարցը խրվել էր դիվանագիտական մի փակուղու մեջ, եւ նրան այնտեղից դուրս բերելը չափազանց արդեն դժվարացել էր։
Ներսեսի հաջորդները` Վեհապետյան եւ Աշըգյան[58], անկարող լինելով ցույց տալ այնպիսի մարտական գործունեություն, որպիսին զարգացրել էր հանգուցյալը, հետեւեցին նրա վերջին տարիների, այն է՝ հաշտ քաղաքականությանը։ Բայց այս այլեւս չթույլատրվեց նրանց։ Սուլթանական մութ ռեակցիան ճնշում էր ամենքին, բայց ավելի շատ՝ հայերին։ Գավառներում կառավարությունը սանձից արձակել էր քրդերին, իսկ հայերին դրել էր օրենքից դուրս, անտանելի դրության մեջ։ Ամեն կողմից օգնություն կանչող աղաղակներ էին լսվում։ Իսկ այդ դրությամբ վրդովվող տարրերն անճարությունից, իհարկե, մեղավոր էին համարում Վեհապետյանին, հետո եւ Աշըգյանին, գտնում էին, որ նրանք չափազանց թուրքամոլ են եւ համակերպվող ու դրանով դավաճանում են ազգային դատին։ Իսկ թե ինչ կարող էին անել այդ «դավաճանները» եւ չարեցին, այս չէին ասում։
Եվ դժգոհ տարրերի ուշադրությունը մի ծայրահեղ անճարությունից անցնում էր մյուսին՝ արմենական խղճուկ կազմակերպության, որ այսպես թե այնպես մարտական նշանաբաններ ուներ եւ խոստանում էր ազատություն բերել Հայաստանին։ Բայց Եվրոպայում ապրող հայության մեջ գրեթե միաժամանակ առաջ եկավ մի տարբեր ուղղություն։ Մի խումբ հայեր Լոնդոնում կազմակերպեցին Անգլո-հայկական մի ընկերություն, որի վարչության մեջ, բացի հայերից, մտան եւ անգլիացի քաղաքական գործիչներ։ Այսպես, քարտուղարն էր սըր Էդուարդ Գրեյը[59]` արտաքին գործերի բազմահամբավ մինիստրը 1914-ի համաշխարհային պատերազմի ժամանակ… Անգլո-հայկական ընկերությունը հիմնեց իր հատուկ թերթը՝ «Հայաստան» անունով, որ հրատարակվում էր հայերեն եւ ֆրանսերեն լեզուներով։ Նա նպատակ էր դրել հասնել Հայոց հարցի լուծման` բացառապես դիվանագիտական ճանապարհով, եւ այս միտքը հաջողեցնելու համար կազմակերպում էր Եվրոպայի զանազան երկրներում հայասիրական պրոպագանդա` գործի հրավիրելով քաղաքական, գրական, գիտական ասպարեզներում անուն հանած անձանց։
Գլխավորապես այս կազմակերպության շնորհիվ էր, որ Հայաստանի դրությունը արձագանք էր տալիս մի քանի պառլամենտների, առավելապես անգլիականի մեջ։ Արտասանվում էին ճառեր, որոնք ամենայն մանրամասնություններով տպվում էին «Հայաստանի» մեջ։ Այդտեղ էլ առանձին ուշադրությամբ եւ մեծարանքներով տեղ էին գտնում հայտնի գործիչների համակրական նամակները, եւ այսպիսով ստեղծվում էր մի տեսակ հասարակաց կարծիք։ Ամենափոքր ցույցն անգամ համարվում էր շատ կարեւոր նշանակություն ունեցող երեւույթ։ Եվ «փրկիչը»` Եվրոպան, նորից ու նորից արձանանում էր հայ հարստահարված իրականության մեջ իբրեւ առատագութ, անշահասեր մի բարերար, որ պիտի գնա մի օր եւ, քրիստոնեական սիրուց դրդված, բռնի ու բարձրացնի արտասուքի եւ արյան ծովի մեջ խեղդվող հային։
Քաղաքական ռոմանտիզմն ավելի արբեցնող ու էլի խաբուսիկ էր դառնում։ Եվ այս դրությունը հրահրում էին Հայաստանից եկող սարսափելի լուրերը։ 1880-ական թվականների երկրորդ կեսին իր չարագործություններով հռչակ ստացավ քուրդ ավազակ ցեղապետ Մուսա-բեյը։ Նրա զոհերը բացառապես հայ գյուղացիներն էին։ Եվրոպական մամուլը լույս հանեց քստմնելի եղելություններ։ Անգլիական պառլամենտում մի քանի անգամ հարցապնդումներ եղան Մուսա-բեյի առիթով, դիվանագիտական ընդարձակ գրագրություններ սկսվեցին, Կ.Պոլսի դեսպաններն ուշադրություն դարձրին։ Հետեւանքն այն եղավ, որ Մուսա-բեյին դատի ենթարկեցին, եւ, որպեսզի հայ գյուղացիներն ազատ վկայություններ տան, դատը կայացավ Կ.Պոլսում, դեսպանատներից հատուկ նշանակված պաշտոնյաների ներկայությամբ։ Այդ մի դատաստանական խեղկատակություն էր։ Դատից առաջ սուլթան Աբդուլ-Համիդը, անգլիական դեսպանի հետ ունեցած խոսակցության մեջ ասաց, թե Մուսա-բեյն անմեղ է։ Այս արդեն նշանակում էր, թե դատարանին հրամայված է արդարացնել Մուշի դաշտի ժանտախտը դարձած քուրդ բեյին։ Եվ իրավ, Մուսա-բեյի դեմ հարուցված էին քրեական ամբաստանություններ։ Դատարանը մերժեց քննության առնել դրանցից յոթ հատը. մնացին երեքը։ Կառավարության դատախազը փոխեց իր դերը եւ դարձավ ոճրագործի պաշտպանը։ Եվ զարմացած աշխարհի առջեւ համիդյան արդարադատությունը միանգամայն անմեղ հռչակեց մարդասպանին, սրտեր կրակողին, կույսեր բռնաբարողին։
Մուսա-բեյի ամբողջ դատավարությունը տպվեց անգլիական «Կապույտ գրքի» մեջ։ Եվրոպայի ընդհանուր կարծիքն էր, թե այդ դատը միանգամայն ապացուցեց, որ հայերն այլեւս ոչինչ սպասելիք չեն կարող ունենալ թուրք կառավարությունից, որ նրանք օրենքից դուրս են դրված եւ այլն։ Սուլթան Համիդը չկարողացավ անտես առնել Եվրոպայի վրա Մուսա-բեյի դատի թողած տպավորությունը եւ դատաստանով արդարացրած չարագործին աքսորեց Հիջազ[60]։ Առանց այդ էլ նա գրգռված էր հայերի դեմ՝ Եվրոպայում մղած պրոպագանդայի համար։ Այժմ նա ավելի եւս գրգռվում էր` ստիպված լինելով զիջում անել այդ պրոպագանդային։ Նույն այս պրոպագանդան առատ նյութ էր քաղում եւ այն հավաքական բողոքից, որ հայ հոգեւորականությունը գրավոր կերպով ներկայացրեց թուրք կառավարությանը՝ իր եւ ժողովրդի դեմ հարուցած հալածանքների առիթով։
Աբդուլ-Համիդը, մի կասկածամիտ եւ դաժան բռնակալ, բայց միեւնույն ժամանակ չափազանց վախկոտ, փակել էր իր անձը Ելդըզ-Քոշկ[61] պալատում, իր ձեռքն էր առել պետության բոլոր գործերը, ղեկավարում էր անձնապես մենակ ինքը` հաստատելով մի ռեժիմ, որ հավասարապես ընդունելի չէր ամենքի համար, որովհետեւ այդ մի կառավարություն էր լրտեսների, բանտերի եւ սարսափի այլ բոլոր տեսակների միջոցով։ Ամեն կերպ աշխատում էր, որ տեղի չունենան եվրոպական պետությունների միջամտություններ, եւ տեսնելով, որ հայերն են իրենց 61-րդ հոդվածով շարունակական միջամտություններ աղերսողները, անհնարին կատաղությամբ էր լցվում նրանց դեմ։ Լոնդոնի, Փարիզի, Մարսելի հրատարակությունները բազմապատկում էին այդ կատաղությունը, եւ նա դառնում էր հայերի վերաբերմամբ առանձնապես անխնա, մոլեգնոտ։ 1889 թվին, մինչ Անգլո-հայկական ընկերությունը կարծում էր, թե մեծ հայանպաստ գործ է կատարում իր «Հայաստանով», Աբդուլ-Համիդը կանչեց Աշըգյան պատրիարքին եւ, իր առաջին քարտուղարի միջոցով խոսակցություն սկսելով նրա հետ, զայրացած պահանջեց, որ նա` իբրեւ հայ ժողովրդի գլուխ, վերջ դնի այդ հրատարակություններին։ Ավելացրեց եւ այն, թե հայերին ինքը երբեք չպիտի տա նրանց երազած ինքնուրույնությունը. եւ ոչ միայն ինքը, այլեւ պիտի նզովք դնի իր հաջորդ սուլթանների վրա, որ նրանք էլ չտան ինքնուրույնություն, կռվեն նրա դեմ, մինչեւ որ աշխարհիս վրա չի մնա եւ ոչ մի իսլամ[62]։
Զարհուրած պատրիարքը շտապեց այս կատաղի սպառնալիքը հաղորդել Ամենայն հայոց կաթողիկոս Մակարին[63] եւ աղաչել, որ նա մտածի թուրքահայ ժողովրդին փրկելու մասին` դիմելով ռուսաց կայսրին եւ աղաչելով, որ նա իր պաշտպանության տակ առնի նրան։ Մակարը, սակայն, ոչինչ չարավ։ Ալեքսանդր Գ-ն չպիտի լիներ այն մարդը, որ գնար ուրիշ երկրի հայերին պաշտպանելու, երբ իր երկրի հայերին ճնշում էր ամեն կողմով։ Մակարը պաշարված էր մի շարք պահանջներով, որոնք ուղղված էին հայոց լեզվի, հայ դաստիարակության դեմ։ Համիդյան Թուրքիան բարեկամական պետություն էր ցարի համար, որ անխնայորեն հալածում էր նրա դեմ դավեր նյութող հեղափոխականներին։ Ի՞նչ հրաշք պիտի հարկադրեր նրան խլել իր բարեկամ սուլթանից նրա հայ ժողովրդին։
Եվ այսպիսով կատարելապես անճար ու անօգնական կացության մեջ էր ընկել հայ ժողովուրդը։ Ճռճռան ճառեր արտասանող «հայասերները» չգիտեին, թե ինչ տագնապ էին պատրաստում իրենց իբր թե պաշտպանած ժողովրդի համար։ Աբդուլ-Համիդը պարզ ու բացարձակ կերպով բաց էր անում իր հղացած հայաջնջումը։ Նա պատրաստվում էր իսլամության գլուխն անցած` պատերազմ անել հայերի դեմ։
Եվ ոչ ոք չեղավ, որ ուշադրություն դարձնի այս ահռելի ազդարարության վրա։ Այն արհամարհեց Եվրոպային ֆետիշ դարձրած մեր տղայական ռոմանտիզմը, մինչեւ որ համիդյան ծրագիրը ի կատար ածվեց ամբողջությամբ։