19.6.11

N 10 (23) (2010)

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ՆԱՄԱԿ՝ ԲԱՅՑ ՈՉ ՀԱՍՑԵԱՏԵՐԵՐԻՆ

ԵԱՀԿ ՄԽ կողմից Արցախի ազատագրված տարածքներում դաշտային առաքելություն իրականացնելուց հետո, նկատի ունենալով մեր երկրի հանրային-քաղաքական կյանքում շրջանառվող կարծիքներն ու մտահոգությունները, հանրապետության քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպություններն ու միությունները նամակ են հղել ԵԱՀԿ գործող նախագահին և ՄԽ համանախագահներին:

Նամակում մասնավորապես գրված է. «Հիմնական հարցադրումը, որ հետաքրքրում է ԼՂՀ բնակչությանը՝ ԵԱՀԿ առաքելության նպատակն է: Եթե իրականում խնդիրը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում առկա հումանիտար իրավիճակի գնահատումն է, ապա առնվազն անհասկանալի է, թե ինչու է դաշտային առաքելությունն իրականացվում միայն այդ գոտու մեկ հատվածում, տվյալ դեպքում՝ ԼՂՀ տարածքում»:

Այնուհետև նամակագիրները պատմում են Կովբյուրոյի 1921 թ. արձանագրության մասին, որով «մարզային լայն ինքնավարությամբ Լեռնային Ղարաբաղի իրավաենթակայությունը Ադրբեջանական ԽՍՀ-ին է հանձնվել», Ադրբեջանի կողմից Արցախի հանդեպ խտրական վերաբերմունքի, հայաբնակ Շահումյանի շրջանում և Գետաշենի ենթաշրջանում ռազմական ուժի բիրտ կիառմամբ Էթնիկական վերջին զտումների մասին, ինչի հետևանքով ավելի քան 50 000 հայեր հայրենազրկվել են և այլն:

Վերջում նամակագիրները հայտնում են, որ «ստեղծված իրավիճակում, երբ Ղարաբաղյան կողմը զրկված է բանակցային գործընթացին լիարժեքորեն մասնակցելու հնարավորությունից, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսման դեպքում, հետևանքների համար նորից պատասխանատու է լինելու Ադրբեջանը և խաղաղ կարգավորման առաքելություն ստանձնած կառույցը: Ուստի, ակնկալում ենք, որ ձեր հետագա միջնորդական ջանքերը ոչ թե կքաջալերեն նոր արյունահեղության մոլուցքով տառապող Ադրբեջանի հիվանդ երևակայությանը, այլ կսթափեցնեն նրան և կնպաստեն քաղաքակիրթ երկխոսության միջավայրի ձևավորմանն ու խնդրի խաղաղ հանգուցալուծմանը»:

Անկասկած ողջունելի է, որ Արցախի հասարակական-քաղաքական ուժերն արձագանքում են մեր Սահմանադրությամբ ամրագրված տարածքներում, այսպես ասած, «հումանիտար վիճակի ուսումնասիրություններ» կատարելու փաստին, այն դեպքում, երբ հակառակորդի կողմից բռնազավթված արցախյան տարածքներում նմանօրինակ «դաշտային առաքելություններ» չեն կատարվում: Խորապես հարգելով նամակագիրներին, որոնցից շատերի հետ մոտ հարաբերություններ ունեմ ու անձամբ կիսում եմ նրանց մտահոգությունը, սակայն զարմանում եմ, թե ինչու նամակը հղել են ԵԱՀԿ գործող նախագահին ու Մինսկի խմբին: Չէ՞ որ ԼՂ խնդրին առնչվող քաղաքական զարգացումներին շատ թե քիչ ծանոթ յուրաքանչյուր ոք գիտե, որ առանց հայկական կողմի համաձայնության ԵԱՀԿ-ն չէր կարող նման առաքելություն անցկացնել այդ տարածքներում:

Ասել է թե՝ նամակը պիտի ուղղեին հենց հայ բարձրագույն ղեկավարությանը և պահանջեին օրենքով սահմանված ժամկետում պատասխանել: Պատասխանել նաև այն հարցին, թե ինչու հայկական մամուլում երևան եկած դժգոհություններից հետո են միայն վախվորած պահանջում նման «ուսումնասիրություններ» անցկացնել նաև Ադրբեջանի կողմից զավթված հայկական տարածքներում: Իսկ ԵԱՀԿ-ին կարող էին ուղարկել հայ բարձրագույն ղեկավարությանն ուղղված նամակի պատճենը:

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



Անկասկած, մայրաքաղաքում այս տարվա ամենակարևոր իրադարձությունը Ստեփանակերտի կենտրոնում գտնվող հանրահայտ կլոր պուրակի բացումն էր, հատկապես «երգող շատրվանի» գրավչությունը: Շատրվան, որի շուրջ նստած քաղաքացիները հոգեկան մեծ բավականություն են ստանում՝ նայելով ջրերի «պարին»...

Իրոք, մեծ գումարներ են ծախսել պուրակում կատարված աշխատանքների վրա, որի համար համաքաղաքացիներս մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր այն հայրենակիցներին, որոնց միջոցներով կատարվել է այդ ամենը: Բայց, ցավոք, շատերն են խոստովանում, որ նախկին պուրակն այդպես լիովին ձևափոխելու անհրաժեշտությունը չկար: Կիսաքանդ մեր քաղաքում այդ գումարներն օգտագործելու ավելի նպաստավոր տեղեր կան... Դրա փոխարեն ընդամենը կարող էին բավարարվել միայն ջրավազան-շատրվանի կառուցմամբ:

Ամենևին կարիք չկար նաև «ռեստավրացիայի» ենթարկել Ստեփան Շահումյանի արձանն ու քերել-մաքրել պատվանդանի վրա փորագրված «Շահումյան» գրությունը, հատկապես երբ պղնձագույն նոր գրությության համար ոչ միայն անճաշակ տառատեսակ են ընտրել, այլև կրկին մոռացել են գրել արձանի տիրոջ անունը: Խնդիրն այն չէ, որ Արցախի մայրաքաղաքը կրում է այդ մարդու անունը՝ Ստեփանակերտ (այլ հարց է՝ որ իրականում Ստ. Շահումյանը չի կերտել մեր քաղաքը: Պարզապես այն կոչել են նրա անվամբ ու նրա պատվին): Խնդիրն այն է, որ աշխարհում հազիվ թե գտնվի նշանավոր մարդու մի այլ արձան, որի վրա գրված լինի միայն նրա ազգանունը: Էլ չենք խոսում այն մասին, որ ռուսներն անգամ հայրանունն են գրում:

«Շահումյան»: Բանակում են այդպես կոչում մարդկանց, այն էլ՝ միայն «ռյադավոյներին»: Ռյադավոյ Շահումյա՛ն, հապա վազիր ինձ մոտ...



«ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄ»-Ի ՂԵԿԱՎԱՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԴԱՇՏ ՄՏՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ


Հոկտեմբերի 23-ին կայացել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և վարչապետ Արա Հարությունյանի համատեղ մամլո ասուլիսը: Արցախցի լրագրողները ՂՏ-ի ղեկավարի հետ լրագրողների նախորդ հանդիպման պատճառը եղել է Արցախի միակ օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ»-ի սակագնային քաղաքականության և որակի դեմ բողոքի ակցիան: Այդ հանդիպման ժամանակ Յիրիկյանը բավականին խոստումներ էր տվել, և այս անգամ հայտնեց, որ դրանք իրականություն են դառնում, չնայած այսօր հազիվ թե գտնվի մի արցախցի, որ հավաստի թե որակային (հատկապես ինտերնետային կապում) և սակագնային առումով ինչ-որ բան է փոխվել դեպի լավը:

Ըստ երևույթին, ՂՏ տնօրենի նախնական ելույթը որոշակի ազդեցություն ունեցավ լրագրողների վրա, քանզի այս անգամ վերջիններս իրենց հարցերում շատ ավելի զուսպ էին, քան 3 ամիս առաջ: Յիրիկյանը հայտնեց, որ ինտերնետի ծավալը հուլիս-օգոստոսին Արցախում 7 անգամ ավելացել է՝ «քանակության առումով, թողունակության առումով»: Բացի դրանից, այժմ աշխատում են օպտիկամանրաթելային ենթակառուցվածքի վրա, որը կավարտվի մինչև գալիք տարվա սկիզբ: Նա հավելեց, որ դա հնարավորություն կտա բավական էժան սակագներով ինտերնետի մեծ ծավալներ ներմուծել Արցախ:

«Նոր էջ»-ի խմբագրի այն հարցին, թե ինչպես է վերաբերվելու, եթե նախարարի կամ ավելի բարձր պաշտոնի առաջարկ ստանա (հայաստանյան մամուլում լուրեր էին շրջանառվում Յիրիկյանի՝ քաղաքականություն մտնելու մասին - հեղ.), «Ղարաբաղ Տելեկոմի» ղեկավարը հայտնեց, որ նման ցանկություն չունի, հավելելով, որ իրենց ընտանիքում քաղաքական պաշտոններ զբաղեցնելու ավանդույթ չի ձևավորվել, և իր կոչումը կապի ոլորտն է:

Հանդիպման վերջում «Ղարաբաղ Տելեկոմ»-ի ղեկավարը ԼՂՀ կառավարության հետ ստորագրեց 480 միլիոն դրամի ներդրման համաձայնագիր: Այդ գումարը գլխավորապես կուղղվի Արցախի առողջապահական ոլորտ:



ԳԻՐՔ-ՀՈՒՇԱՄԱՏՅԱՆ՝ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Հոկտեմբերի 21-ին Արցախի զոհված ազատամարտիկների թանգարանի սրահում կայացել է ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմում նահատակված հայ քաջերի հիշատակին նվիրված գիրք-հուշամատյանի շնորհանդեսը, որի նյութերը հավաքել ու կազմել է ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միության նախագահ Գալյա Առստամյանը: «ԼՂՀ ազգային ազատագրական պայքար» վերնագրով շուրջ 900 էջանոց գիրք-հուշամատյանը տպագրվել է Ստեփանակերտում՝ 5000 տպաքանակով: Գրքում լուսանկարներով զետեղվել են Արցախի ազգային ազատագրական պայքարում նահատակված ազատամարտիկների անունները՝ համառոտ կենսագրությամբ: Այնտեղ պատերազմի տարիներին Արցախում զոհված ու անհայտ կորած քաջորդիների, կամավորական ջոկատների մարտիկների անուններից բացի, տեղ են գտել նաև զոհված խաղաղ բնակիչների ու Հայաստանի սահմանամերձ շրջանների պաշտպանության ժամանակ նահատակված հայորդիների անունները:

Շնորհանդեսի ժամանակ իր խոսքում Գալյա Առստամյանն իր երախտագիտությունն է հայտնել բոլոր նրանց, ովքեր նյութապես աջակցել են գրքի տպագրությանը, լուսանկարներ ու նյութեր տրամադրել:
Գալյա Առստամյանի և նրա գլխավորած միության կողմից կատարված մեծ աշխատանքը, գործով ապացուցում է, որ, բարեբախտաբար, դեռևս կան մարդիկ, որոնց համար իրոք «ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»:
«ՆԷ»



Լուրեր

Արցախյան օրակարգով քաղաքացիական ժողովի աշխատանքներից հետո, նրա նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես, ասվում է.
«Մենք՝ արցախյան օրակարգով քաղաքացիական ժողովի նախաձեռնող խմբի անդամներս, գտնում ենք, որ ԼՂՀ-ն (Արցախ) թե՛ իր հռչակումից անմիջապես հետո և թե՛ այժմ՝ դրանից գրեթե 20 տարի անց, ունի բոլոր իրավական, քաղաքական և բարոյական հիմքերը Հայաստանի և միջազգային հանրության կողմից իր անկախության ճանաչման համար: ԼՂՀ ճանաչված չլինելը խոչընդոտում է հանրապետության զարգացմանն ու առաջընթացին, միջազգային մշակութային համագործակցությանը, Արցախի քաղաքացիների տնտեսական, սոցիալական, մշակութային, քաղաքական և քաղաքացիական իրավունքների լիարժեք իրականացմանը: Արցախի բնակչության կրկնակի կամարտահայտման արդյունքում ձևավորված անկախությունն ու ինքնիշխանությունը ինքնին արժեք են, իսկ դրա ճանաչումը չի կարող լինել ոչ սակարկման առարկա և ոչ էլ դրա արդյունք: Հայաստանը և միջազգային հանրությունը պետք է օր առաջ ճանաչեն ԼՂՀ-ն:

Մենք անընդունելի ենք համարում առանց Արցախի պաշտոնական ներկայացուցիչների մասնակցության՝ միջազգային ցանկացած ձևաչափով նրան վերաբերող խնդիրների քննարկումը, ինչպեսև բանակցային սեղանին դրված Մադրիդյան սկզբունքները, որոնք կասկածի տակ են դնում ԼՂՀ ինքնիշխանությունը և իր Սահմանադրությամբ հաստատված տարածքային ամբողջականությունը: Մինսկի խմբին առաջարկում ենք հակամարտության խաղաղ կարգավորումը քաղաքական դաշտից տեղափոխել իրավական դաշտ՝ «Միջազգային բախումների խաղաղ կարգավորման մասին» 1907թ. հոկտեմբերի 18-ի Հաագայի կոնվենցիայում ամրագրված լուծումներին և քայլերին համապատասխան:

Հայաստանի քաղաքացիական հասարակությունը պետք է իր օժանդակությունը ցուցաբերի Արցախի քաղաքացիական հասարակության հանրակարգերի և ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության գործում: Հայաստանի, Սփյուռքի և Արցախի համատեղ ներգրավմամբ պետք է մշակվի հստակ համազգային ծրագիր՝ առաջիկա տարիներին Արցախի բնակչությունը բազմապատկելու, Ադրբեջանից մազապուրծ հայ փախստականներին Արցախում բնակեցնելու, ինչպես նաև ապօրինաբար Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած հայկական ազգային օջախներին, հոգևոր և նյութական արժեքներին վերատիրանալու ուղղությամբ:
Մենք պահանջում ենք պետական մակարդակով մշակել և ընդունել Արցախի Հանրապետության՝ որպես հայկական անկախ պետականության կայացման, ամրապնդման ու միջազգային ճանաչման հայեցակարգ և Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների միջև փոխազդեցության և փոխհարաբերությունների ապագա տեսակին ու բնույթին վերաբերող ռազմավարություն»:



«Ազատամարտի եղբայրության» դաշտային հրամանատարների խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. «Հոկտեմբերի 4-14-ին չգիտենք ովքեր, ում հրահանգով կամ թույլտվությամբ որոշել են Սերժ Սարգսյանի բարձր հովանավորությամբ Ղարաբաղում վերականգնել Խորհրդային ԼՂԻՄ-ի սահմանները:
Մենք այն ազատամարտիկներն ենք, ովքեր Աստծո հրահանգով և ազգի կանչով կամավոր գնացինք ազատամարտի: Պատերազմի ամբողջ ծանրությունը վերցնելով մեր ուսերին լռել ենք մինչև այսօր դիմակայելով բոլոր զրկանքներին, որպեսզի չվնասենք Ղարաբաղին: Սակայն այսօր որոշ մարդիկ, ովքեր թալանից բացի ոչնչի մասին չեն մտածում, որոշել են դիրքն ու թալանը պահելու համար վաճառքի առարկա դարձնել մեր պապենական ու այսօրվա 7 հազար հոգիների արյունով սրբացած հայկական հողերը: Եկել է ժամանակը վերջ տալ այս անբարոյականությանը:

Կոչ ենք անում ամբողջ հայ ազգին համախմբվել և ցույց տալ դավաճաններին իրենց տեղը: Հայաստանի և Ղարաբաղի բոլոր ազատամարտիկներին հորդորում ենք ոտքի կանգնել: Խնդրում մի պահ պատկերացնել, որ իրենք են զոհվածները, զոհվածները՝ կենդանի: Ուսանողությանը խնդրում ենք մտահոգվել իրենց ապագայի համար և չթույլատրեն այն մթագնեն: Հայաստանի և Ղարաբաղի բնակչությանը խնդրում ենք մեկ անգամ ևս փշրել ներսի ստրուկը, ոտքի կանգնել, ցույց տալ ամեն մեկին իր տեղը:
Հաղթանակն ու պարտությունը ժողովրդինն է, ոչ անհատներինը:
Մենք գործելու ենք Աստծո կողմից մեզ տված իրավունքների և օրենքի սահմանում»:



Արցախի ազատագրված տարածքներն Ադրբեջանին հանձնելու դեպքում, համընդհանուր ընդվզում կլինի,- Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը՝ հավելելով, որ արցախցին երբեք նման բան չի հանդուրժի:
Անդրադառնալով նրան, որ պաշտոնական Ստեփանակերտը դեմ է տարածքների հանձնմանը, իսկ Երևանը և նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ են զիջումների գնալ, քաղաքագետն ասաց. «Բակո Սահակյանն Արցախի նախագահն է և գտնվում է խնդրահարույց բովի կիզակետում: Եթե նա լուրջ իրավիճակում չասի այն, ինչ հիմա է ասում, նույնիսկ Գորիս հասնելու խնդիր կունենա: Հետևաբար նա տեղում գտնվելով, շատ ավելի լավ է պատկերացնում, թե ինչով է հղի տարածքներ հանձնելու նվազագույն փորձը, քան Սերժ Սարգսյանի մթագնած գիտակցությունն է: Այդ նկատառումներից ելնելով, Բակո Սահակյանն ասում է, որ իրոք ոչինչ չունենք հանձնելու: Ինքն ուրիշ տարբերակ չունի, այդպես պետք է ասի: Այլ բան է, որ նա ավելի հաճախ պետք է դա կրկնի»,- նշել է քաղաքագետը՝ հավելելով, որ ԼՂՀ նախագահը պետք է ավելի գործուն քայլեր ձեռնարկի ազատագրված տարածքների վերաբնակեցմանը զարկ տալու համար:
Իսկ թե ինչո՞ւ ներկայումս դրանք չեն վերաբնակեցվում, Քանանյանը նշեց, որ իշխանությունների համար ավելի ձեռնտու և եկամտաբեր է Ստեփանակերտում բնակարաններ կառուցել կամ Երևանում Հյուսիսային պողոտա, քան ազատագրված տարածքներում տներ սարքել:
NEWS.am



ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԽԱՌՆԱՓՆԹՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԱՊԱՂՈՒԹՅՈՒՆ


Նոր շենքի երևան գալը, անշուշտ, կարևոր իրադարձություն է: Սակայն այն կարող է նաև չարիք դառնալ, եթե կառուցողը հետամուտ է սոսկ իր անձնական շահին: Վերջին տարիներին որքա՜ն բարձրահարկեր վեր խոյացան Երևանում, բայց դրանք ոչ թե ուրախացրին, այլ առաջ բերին համընդհանուր դժգոհություն: Պատճառը մեկն էր՝ Երևանի կենտրոնում այլևս ազատ տարածք չկար շինարարության համար, և նոր շենքերը խցկվում էին հների բակերը, մարդկանց զրկելով նույնիսկ արևի լույսից:
Եվ միայն երկրի նախագահի միջամտությամբ դադարեցվեց անօրեն շինարարությունը, որը, նրա խոսքերով, արդեն բավական խաթարել է մայրաքաղաքի կենտրոնի տեսքը: Շատ չանցած, մամլո ասուլիսում այլ մեկնաբանությամբ հանդես եկավ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետը՝ Երևանը ուժեղ սեյսմիկ գոտում է գտնվում, միայն չորս-հինգ հարկանի շենքեր կարելի է կառուցել:

Արտառոց է: Չես ժխտի: Բայց ինչպե՞ս է, որ այդ երկու իրավասու պաշտոնյաները հենց սկզբից չեն կանխել անօրինությունը:
Միակ բնագավառը, որ հետխորհրդային շրջանում մեզ մոտ՝ Արցախում էլ աշխուժություն է տիրում, շինարարությունն է: Գործում է շուկայականի գլխավոր օրենքներից մեկը՝ մասնավոր կապիտալը անցքեր, սողանցքներ է որոնում այնտեղ, որտեղ իրեն ձեռնտու է: Աշխատուժը 15-20 անգամ էժան է, քան, ասենք, Եվրոպայում: Շինանյութերը ևս կարելի է հայթայթել բավական էժան գներով: Գումարած՝ մեզ մոտ ուր ուզում ես մատդ դիր, մի քիչ գործիր հնարամտորեն, և քո ուզած տարածքը քոնը կլինի: Հերն էլ անիծած այլ կերպ մտածողին, բակլան իմն է՝ խաշած եմ ցանում:

Երևի թե աշխարի ոչ մի երկրում չես հանդիպի նրան, ինչին այսօր ականատես կարող ես լինել մեր մայրաքաղաքի ամենաբանուկ զարկերակում՝ Վազգեն Սարգսյան պողոտայում: Եվ խոսքս ոչ այնքան նրա մայթերի տարածքների զգալի մասի գրավմանն է վերաբերվում: Այլ նրան, որ հանուրի կողմից «ռոզովոյե» անվանվող շենքը, որ զբաղեցնում է պողոտայի ձախ կեսը և, թեկուզ կառուցված լինելով անցյալ դարի 30-ականներին, իր հմայիչ տեսքով, ճարտարապետական ճիշտ լուծումներով կերտված ճակատամասով հիացմունք էր պատճառում անց ու դարձողին:
Հիմա անցիր այդ շենքի մոտով և առաջինը, անկասկած, այն կլինի, որ կզարմանաս, թե այդ ինչ խելքի տեր են այս քաղաքի մեծամեծերը, որ թույլ են տվել փակել հիշյալ շենքի մեծ մասի շքեղությունը՝ նրան կիպ կպած նոր կառուցվող շինությամբ:

Խոշոր օբյեկտներ են կառուցվում Ստեփանակերտում, դրանց շինարարության ավարտը նշվում է պաշտոնապես, բայց ոչ մեկից չես կարող իմանալ, թե ինչ է կառուցվում:
Ութ հարկանի մի շենք է բարձրանում նույն այդ պողոտայի աջակողմյան վերնամասում: Ճարտարապետական մտքի և ոչ մի հետք չկա նրա ճակատամասին: Համանման մի շենք էլ մոտ հեռավորության վրա բարձրանում է Սասունցի Դավիթ փողոցի վրա՝ նույնպես համարյա լերկ ճակատամասով: Եվ արդեն երկուսին էլ անցնող-գնացողները բնորոշիչ անուն են տվել՝ «կորոբկա»:
Պետք չէ ճարտարապետ լինել հասկանալու համար, որ երկու շենքերն էլ ճարտարապետական համադրելության մեջ չեն շրջապատի երկհարկանի շենքերի հետ և իրենցով փակել են քաղաքի թիկունքի լեռնալանջերի անտառային համայնապատկերի ողջ հմայքը: Հետագայում էլ չափազանց դժվար կլինի դրանց հարևանությամբ ճարտարապետական անսամբլ կազմող շենքեր կառուցել:

Ահա թե ինչի են հասցնում ճարտարապետական նորմերի ոտնահարումը, մայրաքաղաքի կենտրոնում շահավետ օջախ ունենալու ավերիչ մոլուցքը:
Սակայն այս ամենը լրիվ այն օյինների պատկերը չէ, որ վիճակվել է իր վրա կրելու Վազգեն Սարգսյանի պողոտան: Նրան շուք, գեղեցկություն տվողը, բոլորն էլ գիտեն, որ «ռոզովոյե» անվամբ շենքն էր: Հիմա մնում է հայկական ճարտարապետությանը համահունչ, դեռ անցյալ դարի երեսունական թվականներին հիմնադրված այդ շենքին ասել՝ ներիր այն, ինչ տեղի է ունենում քեզ հետ, մեր՝ շարքային քաղաքացիներիս մեղքը չէ, այլ մեր իշխանավորների, որոնց համար իրենց գրպանը տռզեցնելու մարմաջով տարվածների շահերն ավելի գերադասելի են, քան մեր ողջ հանրությանը:

Ի՞նչ է կառուցվում և ինչպե՞ս: Ռեստորան է կառուցվում, ընթերցող, ո՞վ գիտե արդեն որերորդը մայրաքաղաքում: Եվ ոչ այնպես, ինչպես, օրինակ, ընդունված է, այլ շենքերին կիպ կպած:
Բայց, ցավոք, բացակայում է մեր բոլորի ընդհանուր ձայնը: Վիենայում որևէ շենք կառուցելու համար հարցում են անում շրջապատի, իսկ պետք եղած դեպքում՝ ամբողջ քաղաքի բնակչությանը, իսկ մեզ մոտ գրասենյակում է որոշվում ամեն ինչ: Եվ ոչ մի վճիռ էլ հանրությանը չի հասցվում և ոչ էլ «ներքևիններից» որևէ մեկը գիտե, թե ում է պատկանում քաղաքում վեր խոյացած և արդեն գործարկված այս կամ այն խոշոր, հաճախ մեծ քաղաքներին սազական օբյեկտը:

Եվ սա է պատճառը, որ Ստեփանակերտն այսօր վերածվել է շինարարական հարթակ-փորձադաշտի: Տեսնված բա՞ն է շենքերի միջև եղած ազատ տարածքներն էլ, դրանց կիպ կպած՝ զբաղեցվեն շենքերով: Ուրիշներն այդ տարածքների վրա ծառ, ծաղիկներ են աճեցնում, ժամանցի վայր դարձնում, իսկ մերոնք ամբողջական պարսպի են վերածում ամբողջական փողոցներ: Այսպես, Կարո Դավթյանի փողոցի ամբողջ ձախ մասի վրա մի անցք էլ չես գտնի քո բարեկամի, մտերիմի տունն անցնելու համար:
Վերջերս լուրջ վերակառուցման ենթարկվեց մայրաքաղաքի «պյատաչոկ» անվանվող պուրակը: Բայց կա՞ր դրա կարիքը: Ամեն ինչ իր տեղում էր, վերակառուցված, վերաձևավորված մի չորս տասնամյակ առաջ: Միակ պակասը շատրվանն էր, որն, իհարկե, կարելի էր տեղադրել:

Բայց ի՞նչ ստացվեց: Ժամանակակից շինտեխնիկայով մի այնպիսի հախուռն հարձակում սկսվեց պուրակի վրա, որ միայն ապշել կարելի է: Ինչո՞վ էր ամենից շատ հաճելի այս պուրակը ստեփանակերտցիների համար: Նրա ողջ շրջապատով և անցուղիների կողերին աճեցված գազոններով, Ազատամարտիկների պողոտայի ուղղությամբ գտնվող, արբունքի տարիքին հասած և ամռան տապից իր փարթամ տերևների ճյուղերի տակ պատսպարող ծառերով:
Ես մեկն էի նրանցից, որ Երևանից հրավիրված նախագծող ինժեներին խնդրեցի ձեռք չտալ ոչ այդ գազոններին, և ոչ էլ ծառերին: Բայց ո՞ւմ ես ասում: Ոչ թե արարողի, այլ կործանիչների ձեռքը հասավ թե՛ մեկին և թե՛ մյուսին: Հիմա Ազատամարտիկների պողոտայի դիմահայաց ծառերից և ոչ մեկը չկա: 16 ծառ է արմատահան արվել, ծառաշղթայում առաջացել է մի վիհ, որ տհաճության զգացմունք է միայն առաջացնում:

Նշենք ուստի, թե ինչ մտադրությամբ է պուրակի վերակառուցման նախագիծը վստահվել դրսից եկածի, երբ մենք դրա համար տեղում բարձրակարգ մասնագետներ քիչ չունենք: Մանավանդ՝ որ նախագծողը, ինչպես զգացնել է տալիս նրա կատարած աշխատանքը, ի վիճակի չի եղել գլուխ բերելու իրեն հանձնարարված գործը: Այսպես, օրինակ, պուրակի հատակը պետք է ոչ թե զգալիորեն բարձրացվեր, այլ իջեցվեր: Դա հնարավորություն կտար ամենից առաջ զերծ մնալու ճարտարապետական տարրական անգրագիտությունից՝ չփակել պուրակի անվանակիր Ստեփան Շահումյանի հուշարձանի թիկունքային մեծ մասը: Բացի այդ, չէին փակվի պուրակի ծառերի բները, հնարավոր կլիներ Ազատամարտիկների պողոտայից պուրակ մտնել առանց աստիճանների:

Եվ դա դեռ բոլորը չէ: Որտե՞ղ է տեսնված, որ զբոսայգին սկզբից մինչև վերջ լինի քարակերտ: Քարը ոչ միայն քարեղեն ճնշում է գործադրում մարդու վրա, այլև, մշակված լինելով՝ չափազանց թանկ է: Զբոսայգին ոչ թագավորական պալատ է, ոչ էլ հանդիսությունների սրահ, որ թանկարժեք քարերով պատվի նրա հատակը: Արցախցիներս հաճախ ենք լինում Հյուսիսային Կովկասում, և տեսած կլինենք նրանց անծայրածիր զբոսայգինեը, որոնք այցելուների քանակով բազմիցս գերազանցում են մերին, բայց մեկնումեկը տեսած կա՞, որ այդ զբոսավայրերի հատակները պատված լինեն թանկարժեք քարերի սալիկներով: Երբե՛ք: Ավազով են փռված և միայն թեք տեղերում՝ ասֆալտով: Էժան է և հարմարավետ:

Ցավալի է, բայց մեզանում օրենքի ուժ ստացած՝ շատ շենքեր մենք ներկայումս կառուցում ենք քանդվողների տարածքներում: Աղքատ ենք (այդ մասին մեզանում վիճակագրական տվյալներ չկան, բայց հայտնի է, որ ՀՀ-ում աղքատների թվաքանակը 470 հազար է, ծայր աղքատներինը՝ 170 հազար), բայց մեր ոտները մեկնում ենք ոչ մեր վերմակի չափին համապատասխան: Արդեն այսօրվա վրա Ստեփանակերտում 52 արտադրական և բնակելի շենք է քանդված: Եվ ոչնչով չարդարացված: Հարցրե՞լ են մեր իշխանավորները, թե ինչպես են դրան վերաբերվում բնակարան, գլխավերևը տանիք չունեցող ընտանիքները: Սովորել ենք նզովել խորհրդային կարգերը, բայց այն ժամանակ Ստեփանակերտում տարեկան 600-700 ընտանիք ձրի բնակարան էր ստանում: Իսկ հիմա՞: Մեծահարուստներին չհաշվենք, նրանք դղյակներ էլ ունեն, իմանանք միայն, թե վերջին 15-16 տարում բանվորի, շարքային ծառայողի քանի ընտանիք է ապահովվել բնակարանով: Կարո՞ղ է պատասխանել այս հարցերին մեր քաղաքապետարանը:

Մինչդեռ մենք երկյուղում ենք ասելու, որ մեզանում սոցիալական արդարությունը հետին պլան է մղված, որ հանրության շերտավորվածությունը հասցված է ծայր աստիճանի: Կարո՞ղ է մեր գերաճած ծառայողական համակարգի որևէ աշխատակից հաստատել, որ զբաղվել է նրանով, թե ինչպես Ստեփանակերտի բիզնեսային աշխատավայրերում մարդիկ չնչին, երբեմն սահմանված միջինից ցածր աշխատավարձ են ստանում, սակայն աշխատում են օրական 12 ժամ և ոչ շաբաթական ազատ օր են ունենում, ոչ էլ նրանց տարեկան արձակուրդ է տրվում: Քամահրանքը, անօրեն վերաբերմունքն աշխատանքի մարդու նկատմամբ բացառված էր: Աշխատավորին առանց արհմիութենական տեղական մարմնի համաձայնության աշխատանքից ազատելու իրավունք չկար: Ոչ էլ պաշտոնական աթոռներում հարուստներն էին նստած:

Պատահեց այնպես, որ հումք չլինելու պատճառով չորս ամսով առանց որևէ վարձատրության պարապուրդի մեջ էր Ստեփանակերտի նախկին կոշկի ֆաբրիկայում տեղակայված զինվորական հանդերձանքի արտադրամասի կոլեկտիվը: Իմ միջամտությունը ոչ մի օգուտ չբերեց, և աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված աշխատավարձի երկու երրորդը ոչ ոք չստացավ: Չնայած իմ տեղեկատվությանը, բարձրադիր ոչ մի ատյան, այդ թվում՝ հանրապետական դատախազությունը, գերադասեց չմիջամտել գործին:

Թեմային չշաղկապված թվացող այս մեջբերումը ես կատարեցի՝ մտադրություն ունենալով հաստատել իշխանության և հանրության մյուս մասի սերտ շաղկապվածության կարևորությունը: Շատ վրիպումներից, բիզնեսային շահութամոլություններից կարելի է խուսափել, եթե հաշվի նստվի հանրային կարծիքի հետ, և եթե մենք ընդունենք այն ամեն լավը, ինչ մենք չունենք, բայց ուրիշներն ունեն: Արդարացվա՞ծ է, որ մեր Ազգային ժողովում չի եղել և հիմա էլ չկա ոչ մի բանվոր ու հողվոր: Բայց չէ՞ որ մեր պետությունը եթե իրավամբ ժողովրդավարական է, մեր ԱԺ-ում բանվորի և գյուղացու ներկայությունը, ուզած թե չուզած, անհրաժեշտություն է:

Գիտեմ, կլինեն, որ կասեն՝ քո նշած անձիք իրենց թեկնածությունը չեն էլ առաջադրում: Չեն դիմում դրան, քանի որ մեզ մոտ դրա համար չի ստեղծված քաղաքական անհրաժեշտ մթնոլորտ: Մեր Ազգային Ժողովի անցած ընտրություններում փորձեց իր թեկնածությունն առաջադրել մեր նշանավոր կանանցից մեկը: Ընդառաջող չեղավ, ոչ կեսդարյա բանվորական ստաժը հաշվի առնվեց, և ոչ էլ այն, որ նա աչքի է ընկնում կյանքի խոր ճանաչողությամբ, գրագետ է, այսօր էլ հասարակական ակտիվ գործունեություն է վարում: Ընդառաջեցին ուրիշների, իսկ առանձին թեկնածուների համար արտոնյալ պայմաններ ստեղծեցին:

Փոքրիկ երկիր ենք, եվրոպական քաղաքի մի թաղամասի բնակչության թվաքանակ էլ չունենք, բայց տեսեք, թե ինչպիսի հնարավորություններ ունենք, ինչպիսի ծառայություններ, որքան խորհրդականներ ու օգնականներ: Փայլուն, շիկ, թանկարժեք են ծառայողական մեքենաները: Ծառայողական մեքենաների թվաքանակը վերջին երկու տարում ավելացել է հինգ անգամ,- վկայում է երևանյան «Նովոյե վրեմյա» թերթը: Մենք էլ նման մեքենաներ պակաս քանակությամբ չենք ներկրում:
Առաջին անգամ չէ, որ ես քննադատական խոսքով հանդես եմ գալիս մամուլում: Բայց ո՞վ է արձագանքողը: Խոսքի ազատություն է սահմանված մեր երկրում, բայց հազվագյուտ խոսողին, մամուլում հանդես եկողին այլևս լսող չկա: Գոռա որքան ուզում ես, մեկ է՝ խոսքդ գին չի ունենա: Ամեն ինչ խաղաղ է, մամուլում երկնչում են նույնիսկ կծու խոսք ասել գյուղական համայնքի վատ աշխատանքի մասին:

Ընդհանուր առմամբ, մեզ մոտ ստեղծվել է այնպիսի մթնոլորտ, երբ լռելը, հարմարվողականությունը գլուխ են բարձրացրել, դարձել վարվեցողության գերադաս ատրիբուտ: Քեզ հանդիպելիս գերադասում են խոսքի չբռնվել, միայն գլխի աննշան շարժումով ավարտել քեզ հետ հանդիպումն ու շարունակել իրենց ճանապարհը: Այսպիսիներին մեզ մոտ ճիշտ անուն են տվել՝ գլուխ պահողներ...
Մեկ տարի առաջ կյանքից հեռացած ընկերս պատմում էր, որ մի խումբ վետերաններ հավաքվել էին Ստեփանակերտի քաղաքապետի հետ հանդիպման գնալու համար: Խորհրդի նախագահ Ս. Բարսեղյանը ներկաներին խորհուրդ տվեց ուշադիր լսել քաղաքապետին, բայց հարցեր չտալ նրան: Եվ այսպիսիները քիչ չեն մեր շարքերում: Այսպիսիներն են, որ կոծկել են ուզում այն խոցերը, որոնք կան մեր միջավայրում և որոնց բուժումը հույժ անհրաժեշտություն է:

Եթե ինձ հարցնելու լինեն, թե որն է մեր այսօրվա առավել կարևոր խնդիրը, ես կասեի՝ արտահոսքի կասեցումը: Շա՜տ, շա՛տ ենք կորցրել, այժմ էլ կորցնում ենք: Միայն մի ապացույց՝ 1989 թ. մարդահամարի տվյալներով ՌԴ-ում 380 հազար հայ էր ապրում, ներկայումս՝ 2,5 միլիոն: Այլ մոլորակներից չեն իջել, մեծամասամբ Հայաստանից, Արցախից են տեղափոխվել: Ճար չունեն, ճարահատյալ են թողնում իրենց պապենական օջախները: Աշխատատեղ չկա հերիք չէ, կարգ ու կանոնն էլ չի պահպանվում: Բիզնեսական կամայականությունն է գերիշխում՝ մեծամասամբ անօրեն վաստակած միլիարդավոր դոլարի հասնող կարողությամբ: Կհասնե՞նք նրան, որ աշխատող ցանկացողը դռնեդուռ չընկնի՝ իրեն մինչև իսկ արատավորող գործով զբաղվելու համար, այլ հրավիրվի աշխատանքի՝ իր ունակություններին համեմատ:

Վերջերս Երևանում էին Եվրոմիության առևտրի գծով մի խումբ ներկայացուցիչներ: Պարզվում է ողջ աշխարհում Հայաստանը միակն է, որ առանց մաքսատուրքի կարող է Եվրոպա արտահանել ծիրան ու այլ մրգեր, այդ թվում՝ խաղող, ինչպես նաև պահածոներ: Ձեր ողջ ծիրանը,- ասացին նրանք,- ամենաբարձր գներով իրացնել կարելի է միայն Փարիզում:
Մեր օղին պակա՞ս պահանջարկ ունի արտերկրում: Հնարամիտ ղեկավար ունենայինք, մենք այսօր ոչ թե կիսով չափ արմատահանված, այլ առնվազն կրկնակի չափով ընդլայնված թթայգիներ կունենայինք: Հաշվումները վկայում են, որ միայն թթաբուծությամբ կարգին զբաղվելու դեպքում կարելի է բարվոք վիճակում պահել Արցախը: Իսկ եթե այնքան խաղող ստանանք, որքան մի երկու տասնամյակ առաջ (200 հազար տոննա), ապա մեր բերքատվությունը կլիներ ամենաբարձր մակարդակի վրա: Այսքանն իմիջիայլոց:

Մի լուրջ մտահոգության մասին ևս: Ստեփանակերտն այսօր զբոսայգի չունի: «Պյատաչոկն» ընդամենը պուրակ է, և այն էլ՝ մեքենաների աղմուկի և ծխի վայր: Բնությունն արարել և մեզ է պարգևել մի ձորակ կարծես թե հատուկ այդ նպատակով: Հիմա այն, որ մեկ կմ երկարությամբ ձգվում էր «պյատաչոկ»-ից մինչև Դավիթ Բեկ փողոցը, չունի մի մետր իսկ ազատ տարածք: Ձորակի մեծ մասը զբաղեցված է մեր բարձրաստիճան չինովնիկների, մեծահարուստների առանձնատներով, իսկ մյուս մասը՝ անհատական խանութներով, սրճարան-թեյարաններով, ռեստորաններով, մինչև իսկ՝ պահեստներով:
Սրան ի՞նչ անուն տալ: Այսպե՞ս է հոգում ժողովրդավարական պետությունն իր քաղաքացիների հանգստի և առողջության մասին:

Հախուռն հարձակում է սկսված նաև Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտի վրա: Աջից ու ձախից համարյա մի քանի մետր հեռավորությամբ շենքեր են ելել և ելնում են, ստվերի տակ թողնելով ողջ խաղադաշտը: Հիմա ալևս մեր հյուրերին չես կարող հիացնել վերջերս կապիտալ նորոգված, հիանալի անցուղի ունեցող մեր մարզադաշտով:
Օգտվելով առիթից, կուզենայի դիմել մեր նախագահին: Խոսքը հանրությունում ծայր առած այն լուրերի մասին է, թե ահա ուր որ է պետք է քանդվեն «Պյատաչոկ» պուրակի ձախ կողմը երիզող երկու շենքերը: Հավատալ էլ կարելի է, Ստեփանակերտում արդեն 57 տարբեր բնույթի շենք է քարուքանդ արվել: Այդ շենքերը 20-ական թվականների վերջերին կառուցված կոթողներ են: Կոթող, քանի որ ճարտարապետական հմուտ ձեռքերով են նախագծված և կառուցված են վարպետությամբ մշակված մեր արցախյան ամենակարծր քարից:

Ավարտեմ հոդվածս: Ի՞նչ կցանկանայի ես որպես արցախցի: Այն, ինչ բոլորն են կամենում` Արցախը տեսնել բարգավաճ, այնպիսին, որից ոչ թե հեռանում, այլ գալիս են այն ծաղկեցնելու, զորացնելու համար: Մեկ միլիոն հայրենակիցներ ունենք արտերկրում: Թող Աստված մեզ զորավիգ լինի այնքան, որ ականատեսը լինենք տուն դարձող գոնե առաջին քարավանների վերադարձին: Լցվենք այս վեհ գործին բոլորս՝ շարքայինից մինչև բարձր իշխանավորը: Բարի իրականացում:

ԵՂԻՇԵ ՍԱՐԳՍՅԱՆ
Մեծ Հայրենականի վետերան, լրագրող



ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՆ ԱՊՐՈՒՄ ՈՒ ԱՐԴԱՐ ԼՈՒԾՄԱՆ Է ՍՊԱՍՈՒՄ

Գնալով ավելի ու ավելի ցինիկ են դառնում Ադրբեջանի ագրեսիվ ձեռնարկումները Արցախի հանդեպ: Նրանց ղեկավարների մեջ մինչև հիմա չգտնվեց մի քաղաքակիրթ, ճշմարիտ ղեկավար, որը կարողանար հասկանալ ու հասկացնել տիտղոսավոր մուալիմներին, որ Արցախը հայկական հող է, և հայերն ապրում են իրենց պապական հայրենիքում՝ չորս հազարամյա պատմությամբ, մինչդեռ Ադրբեջան հորջորջվող պետությունը ստեղծվել է ուրիշի հողի վրա, որի կնքահայրն են եղել Ստալինն ու մուսավաթ Նարիմանովը, և Արցախը Ադրբեջանին հանձնվեց 200 միլիոն կաշառքի դիմաց: Այդ փաստը անառարկելիորեն ապացուցում են Նարիմանովի դրածո Ասադովի նամակները:

Հատվածներ նամակից.
«Հույժ գաղտնի
Ղարաբաղի նահանգային հեղկոմ,
1920 թ. հուլիսի 19, ք. Շուշի,
Գորիսի գավառային հեղկոմին
Ընկերներ, մենք բոլորովին էլ չենք կասկածում, որ Բաքվից բաց թողնված 100 միլիոնը անօգուտ չի կորչի: Թող ալլահն օրհնի փողի ուժը, որն ավելին է անում, քան հզոր զորքը: Զորքերի փոխարեն մեր փողերն են հրաշքներ գործում:
Նորից ու նորից կրկնում եմ իմ խորհուրդը` չխնայել ոչ մի գումար, ավելացրեք վարձատրությունը: Ղարաբաղն ու Զանգեզուրը Ադրբեջանին միացնելու համար կառավարությունը որոշել է բաց թողնել 200 միլիոն ռուբլի: Պետք է շտապել, ժամանակը չի սպասում...
Ասադ Կարաև»:

Երկրորդ նամակը.
«Հույժ գաղտնի
Ղարաբաղի նահանգային հեղկոմ,
1920 թ. հուլիսի 21, ք. Շուշի
Գորիսի գավառային հեղկոմոմին
Ընկերներ, ցավալին այն է, որ մինչև այսօր գլխատված չէ Զանգեզուրի հայությունը, նրա մտավորականությունը և ռազմական պարագլուխները: Գործեցեք, որպեսզի բոլոր նշանավոր ու պետական հայերը կալանավորված լինեն: Մեծ բան չեն աքսորն ու կողոպուտը: Այստեղի ընկերները շատ էլ գոհ չեն Գորիսի հայկական հեղկոմից, աշխատեք վերընտրել Հեղկոմը և այդ ընթացքում ընտրել միայն մուսուլմաններից, և մեզ հայտնի ռուսներից: Եթե դուք ուժ չունեք, ապա փող օրհնված միջոցը օգտագործեցեք:
Ասադ Կարաև:

P.S. Զինվորականների մոտ ու հայտնի տեղերում, հայերին թուլացնելու նպատակով մի ռուս զինվոր սպանեցեք և դրանում մեղադրեք հայերին: Զանգեզուրում մի՛ թողեք ոչ որևէ կարգին մարդու, ոչ էլ հարստություն, որպեսզի այդ անիծված ազգն այլևս չկարողանա ոտքի կանգնել»:

Նամակները սկզբից մինչև վերջ անմարդկային ու անբարոյական հայտարարություններից են կազմված և լկտիորեն բաց են անում ժամանակի քաղաքական կյանքի քողը, ապացուցում կաշառակերության, փողի ուժը, որը համարվում է թուրքի գոյության գլխավոր միջոցը:

Կաշառակերությունը ավելի ծաղկում ապրեց և ավելի մասսայական դարձավ կաշառակերության գեներալ Հեյդար Ալիևի գործունեության ժամանակ, որը Միլի մեջլիսում կուրծք ծեծելով հպարտորեն հայտարարել է, թե իր անմիջական ջանքարով 20 % թուրքեր է աճեցրել Ղարաբաղում: Ինչքան էլ աշխարհում հաղթանակեց քաղաքակրթությունը, Ադրբեջանը մնաց ֆեոդալիզմի մակարդակին, և Հ. Ալիևն իր խանական գահը սահուն կերպով հանձնեց որդուն՝ Իլհամին: Եվ հայատյաց հոր արժանի որդին այսօր էլ թիկունքին ունենալով ցեղասպան Թուրքիայի նման պետության հովանավորությունը, օր ու գիշեր բարբաջում է «եկվոր հայերի» և Երևանը գրավելու մասին:

Այսօր էլ Ադրբեջանի ղեկավարությունը, հանձինս Ալիև-կրտսերի, կարողանում են կաշառել ամբողջ աշխարհին՝ առաջ տանելով սեփական սուտն ու կեղծիքը: Կաշառակերությունը, փողի տենդը սպանում են ամեն կարգի վեհ զգացմունքներ: Փողն ապրանք է, պաշտոն, պատիվ, իշխանություն: Նրանով փոխվում են մարդկային բոլոր առաքինությունները՝ ազնվությունը, խիղճը, ճշմարտությունը, սերն ու գեղեցկությունը:
Ալիևյան կառավարությունը, ինչքան էլ ստոր ստեր տարածի հայերի մասին, ազերին նույն թուրքն է՝ բարբարոս, ցեղասպան: Ազգ, որ 6-7 դար առաջ Միջինասիական անապատներից, ճանապարհին ամեն ինչ ավերելով, հասավ Եվրոպայի դռներին՝ աշխարհի աչքի առաջ բարբարոսաբար նվաճելով քրիստոնեության մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը, որին տվեց Ստամբուլ անունը:

Յուրաքանչյուր ազգի քաղաքական կյանքի ղեկը գտնվում է դիվանագիտության ձեռքին: Մեր հանրապետությունը շուրջ յոթ տասնամյակ զրկված է եղել այդ ղեկը վարողից և նույնիսկ ղեկից: Նման պայմաններում մեծ դեր կարող էին խաղալ ազգի հեղինակավոր մտավորականները: Սակայն հայ ազգը զրկված էր այդ հնարավորությունից ևս: Եվ հայ մեծանուն մտավորականը, ցավատանջորեն մտահոգ ազգի ապագայով, դեղատոմս էր առաջարկում. «Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Եվ նրան բանտախուց նետեցին ու հոշոտեցին...
1988 թ. արցախյան շարժման տարիներին Արցախում գտնվող Ա. Վոլսկին կարճ ժամանակում տեսնելով ու հասկանալով, թե ինչն ինչոց է, մոսկովյան թերթի աշխատակցի այն հարցին, թե ո՞րն է ղարաբաղյան շարժման պատճառը, ազնվորեն նշեց. «Երկրում շրջելիս ես չեմ հանդիպել այնպիսի ավերածության, մարդկանց ճակատագրերի այնպիսի ավերածության, արհամարհանքի, ինչպես Լեռնային Ղարաբաղում...»:

Արցախյան շարժումը վերածնված հայկական հարցի առաջին հուժկու պոռթկումն էր, որին հետևեցին ազգային ինքնագիտակցության օրինական ու հզոր դրսևորումները Հայաստանում ու Սփյուռքում: Հայկական հարցն ապրում է, կա և արդար ու սպառիչ լուծում է պահանջում: «Հայոց հարցը նույնքան հին է, որքան ինքը՝ հայոց ազգը: Հայոց հարցը հայ ժողովրդի ազգային գոյության հարցն է»,- մոտ դար առաջ գրել է Լեոն:
Ցավալին այն է, որ քաղաքակիրթ աշխարհը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խումբ կոչվածը, շարունակում է աչք փակել հակառակորդի կրակ բորբոքելու բոլոր ձեռնարկումների վրա և մշտապես փորձում է հավասարության նշան դնել դահճի ու զոհի, մեղավորի ու անմեղի միջև:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎԵՆՑ



ՌԱԶՄԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ. ՄԵՆՔ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ

Արցախցի վաստակաշատ մարզիկ, հասարակական-քաղաքական գործիչ ՌԱԶՄԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 70 տարեկան է:

- Ասում են՝ յուրաքանչյուր ոք այնքան տարեկան է, որքան իրեն զգում է: Դուք 70 տարեկան զգո՞ւմ եք ձեզ:

- Ճիշտն ասած, ինձ 70 տարեկան չեմ զգում, մի քիչ ջահել եմ զգում: Չեմ էլ ուզում ինձ 70 տարեկան համարել: Վերջին այս 20 տարիներն այնպես անցան, որ չնկատեցի: Ուղղակի փախչում են մեզնից...

- Քառասուն տարուց ավելի է՝ մոտիկից գիտեմ ձեզ, ժամանակին իմ հոր ընկերներից եք եղել, իսկ մեր հարաբերությունները վաղուց, այսպես ասած, մտերիմ-ընկերական են: Անցած շաբաթ մեր ընդհանուր ընկերներից մեկին ասացի՝ Ռազմիկ Պետրոսյանի 60 ամյակն է լրանում, ծիծաղելով, ինձ ուղղեց: Անկեղծ ասած, կարծեցի, թե կատակում է, չնայած հետո հիշեցի, որ 10 տարի առաջ արդեն մասնակցել եմ ձեր 60-ամյա հոբելյանին... Դուք պրոֆեսիոնալ մարզիկ եք, ձեր կարիերան սկսել եք որպես ֆուտբոլիստ, այնուհետև երկար տարիներ մարզիչ եք աշխատել: Սպորտն ի՞նչ դեր ունի ձեր կյանքում:

- 13-14 տարեկանից ֆուտբոլ էի խաղում, ընդգրկված եմ եղել Կիրովաբադի թիմում, որի մարզիչը հայ էր: Թիմում յոթ հոգի հայ էինք, 4-5-ը՝ ադրբեջանցի: Ասեմ նաև, որ իմ առողջության համար առաջին հերթին սպորտին եմ պարտական: Հետագայում խաղացել եմ վարպետ թիմերում՝ Նովոռոսիյսկի «Ցեմենտ»-ում, ապա Երևանի «Արարատ»-ում, որը ղեկավարում էր տաղանդավոր մարզիչ Ա. Ֆալյանը: Շատ ու շատ բան նրանից եմ սովորել, որը հետագայում ինձ պետք եկավ հատկապես իմ մարզչական կյանքում: Ֆուտբոլիստ մարզելով, ֆուտբոլիստ դաստիարակելով մենք միաժամանակ հայրենասիրություն էինք դաստիարակում մեր սաների մեջ: Հիմա այդ ոգին այլևս չկա ոչ միայն մարզական ասպարեզում:

- Ձեր մարզական կյանքի ամենաերջանիկ պահը:

- «Արարատ» թիմը ընկերական հանդիպում պիտի անցկացներ Նովոռոսիյսկի մեր թիմի հետ: Մարզիչն ասաց՝ վաղն «Արարատի» հետ ենք խաղում, ի՞նչ եք կարծում այդ կապակցությամբ: Ասացի՝ պիտի հաղթենք, որովհետև «Արարատի» նման թիմն այնքան էլ հաճախ չի գալիս Նովոռոսիյսկ: Եվ մենք հաղթեցինք: Երեք գոլերից երկուսի հեղինակը ես էի: Այդ հանդիպման ժամանակ էլ Ա. Ֆալյանը նկատեց ինձ և մեր տղաներից մի քանիսին ու հրավիրեց «Արարատ»: Դրա համար մենք անչափ ուրախ ու երջանիկ էինք:

- «Արարատ»-ից հետո դուք վերջնականապես տեղափոխվեցիք Արցախ ու անգնահատելի դեր խաղացիք այդ մարզաձևը մեզանում զարգացնելու գործում: Այնուհետև խաղալով Ադրբեջանի առաջնությունում, Ստեփանակերտի «Ղարաբաղ» թիմը 1977 թ. դարձավ Ադրբեջանի չեմպիոն և իրավունք ստացավ մասնակցելու ԽՍՀՄ վարպետ թիմերի 2-րդ խմբի առաջնությանը: Եվ դա Ադրբեջանի բռնատիրության տարիներին: Իսկ այսօր, երբ ազատ ու անկախ երկիր ունենք, արցախյան ֆուտբոլը հայտնվել է «խաղից դուրս» վիճակում: Ինչո՞վ բացատրել դա:

- Ճիշտն ասած, չեմ իմանում, թե ինչով բացատրել: Միայն գիտեմ, որ այն ժամանակ ֆուտբոլը մեզանում բարձրության վրա էր, գնահատվում էր, բայց այսօր այդպես չէ: Դա սխալ է:

- Իշխանությունները մեղք ունե՞ն դրանում:

- Դրանում նրանք էլ դեր ունեն: Նրանք այդ հարցով լուրջ չեն զբաղվում: Ճիշտ կլինի, որ նրանք հրավիրեն վետերան մարզիչներին, վարպետ ֆուտբոլիստներին և քննարկեն, թե ինչպես անենք, որ ֆուտբոլը կրկին բարձրացնենք նախկին բարձրության վրա:

- Իմ կարծիքով, ֆուտբոլը ևս կարելի է օգտագործել մեր անկախության ճանաչման համար: Ազերիները, օրինակ, թիմ են ստեղծել «Աղդամ-Ղարաբաղ» անվամբ և դիվանագիտորեն հնարավորություն տվել, որ մասնակցի ԱՊՀ երկրների չեմպիոնների առաջնությանն ու ՈւԵՖԱ-ի գավաթի խաղերին: Մինչդեռ մենք պիտի արցախյան մի թիմի համար նման հնարավորություն ստեղծեինք, և դա մեր երկրի ճանաչման ճանապարհին ավելին կաներ, քան այսօր անում են հայրենի արտգործնախարարությունները:

- Այո, այդպես է, մենք բոլոր հնարավորություններն ունեինք Հայաստանում մրցանակային տեղ գրավելու և մասնակցելու ՈւԵՖԱ-ի խաղերին, բայց այդ հարցով առայսօր չենք զբաղվում: Հետաքրքիրն այն է, որ այն տարիներին, երբ ինձ նշանակեցին «Ղարաբաղ» թիմի գլխավոր մարզիչ, Կևորկովը ևս ցանկանում և ամեն ինչում աջակցում էր մեր ակումբին, որպեսզի մենք հաղթենք Ադրբեջանի բոլոր թիմերին ու գրավենք առաջին տեղը: Եվ այդպես էլ եղավ:

- 1988-ից սպորտը կարծես թե դուրս եկավ, հեռացավ մեր բոլորիս կյանքից, դուք Արցախյան շարժման ակտիվիստներից եք, ընտրվել եք ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր՝ Արցախից, «Կռունկի» անդամ եք եղել, մասնակցել եք ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմին, իսկ այսօր կարծես թե մնացել եք ստվերում: Ո՞րն է պատճառը:

- Ճիշտ հարց է, լավ հարց է: Փորձեմ կարճ պատասխանել: Երբ սկսվել է Արցախյան շարժումը, մենք հստակ գիտակցել ենք, թե ինչ ենք անում: Մենք ունեինք հակառակորդ, թշնամի, և մենք պայքարի ենք ելել նրանց դեմ ու նրանց կողմից պարտադրված պատերազմում հաղթել ենք: Հիմա պայքարի այդ ճակատը չկա: Եղած թե՛ լավը, թե՛ վատը այսօր այստեղ է, մեր երկրում: Հիմա ո՞ւմ դեմ պայքարենք, մեր իշխանությունների՞, բայց դրանով ջուր կլցնենք թշնամու ջրաղացին: Դրա համար ես և ինձ նմանները պասիվ ենք դարձել: Հակամարտությունը որ ավարտվի, մենք կարող ենք դուրս գալ և պահանջներ առաջադրել... Բայց ինչ էլ լինի, ես մնում եմ այն կարծիքին, որ մեր իշխանություններն ամեն ինչ պիտի անեն, որպեսզի ժողովուրդն այսօր ավելի լավ ապրի, քան ապրում էր 1988-ից առաջ: Սա է գլխավորը: Այլապես մեր պայքարը, թափած արյունը կիմաստազրկվի:

- Կողքից որ նայում եք, այսօր դրա համար ինչ-որ բան արվո՞ւմ է:

- Չէ՛: Ոչ լրիվ են կատարում, դեռ որոնումների մեջ են: Իմ կարծիքով, լուրջ քայլեր պիտի կատարվեն այդ ուղղությամբ, որպեսզի ժողովրդի վիճակը փոխվի դեպի լավը: Այլ տարբերակ չունենք:

- Արցախյան շարժման խնդիրը, նպատակը Հայաստանին միանալն էր, սակայն կես ճանապարհից անկախ պետություն կերտելու ուղի ենք ընտրել: Ո՞րն է Արցախի խնդրի լուծման ամենաճիշտ ուղին:

- Այն տարիներին, երբ ԽՍՀՄ-ը դեռ գոյություն ուներ, ճիշտը «միացումն» էր: Բայց երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, և միութենական հանրապետությունները սկսեցին անկախություն հռչակել, այդ թվում՝ Հայաստանը՝ Հայկական ԽՍՀ սահմաններով, մեզ այլ ելք չէր մնում անկախության ուղուց բացի:
- Հիմա անկախությունը մեզ համար վերջնական նպատա՞կ է, թե՞ քայլ է դեպի «միացում»:

- Չէ, վերջնական նպատակը Հայաստանի հետ վերամիավորվելն է: Մի ազգ՝ երկու պետություն չի լինում: Հսկա Գերմանիաները կրկին միավորվել և մի պետություն են դարձել:

- Պատերազմում մենք հաղթել ենք թշնամուն, սակայն դիվանագիտական դաշտում առայսօր միայն պարտություններ ենք գրանցում: Ո՞րն է եղել մեր առաջին մեծ սխալը: Ինչո՞ւ շարունակ պարտվողական քաղաքականություն ենք վարում:

- Ամենամեծ սխալն այն է, որ մեր պասիվության պատճառով Ադրբեջանն է կամք թելադրում, հայտարարում, որ Հայաստանը «ադրբեջանական» տարածքներ է զավթել: Մինչդեռ բոլորս գիտենք, որ Ադրբեջանն է հարձակվել Ղարաբաղի վրա, որ Շահումյան ու Գետաշեն ենք կորցրել, Խանլարի ու Դաշքեսանի շրջաններ, Կիրովաբադ ենք կորցրել, որտեղ Ադրբեջանի իրականացրած հայահալած քաղաքականության տարիներին անգամ բնակչության 30-40 տոկոսը հայեր են եղել:

- Փաստորեն դիվանագիտության մեջ ևս Ադրբեջանն է հաձակման անցել:

- Այո, նա հարձակվում է, մենք պաշտպանվում ենք, ինչ ասում է, նրա պատասխանն ենք տալիս: Բայց թող մե՛նք ասենք՝ իրենք պատասխանեն, իրենք պաշտպանվեն: Մեր դիվանագիտությունը լավ չի աշխատում, դրա համար շարունակ պարտվում ենք:

- ԵԱՀԿ ՄԽ կողմից ազատագրված տարածքներում, այսպես ասած, դաշտային առաքելություն անցկացնելը ևս մեր դիվանագիտության պարտությո՞ւնն է:

- Ես չգիտեմ, թե ով է դրանց հետ պայմանավորվածություն ստորագրել, բայց մի՞թե հենց սկզբից չէր կարելի պայմանավորվել, որ մեր ազատագրած մի շրջանում լինելուց հետո նրանք անմիջապես մեկնեն Ադրբեջանի կողմից զավթված հայկական մի շրջան: Պարբերաբար, հերթականությամբ՝ մեզ մոտ, ապա՝ նրանց մոտ: Ճիշտը դա կլիներ:

- Ազատագրված տարածքները չենք վերաբնակեցնում: Ի վերջո, այդ տարածքները մե՞րն են, թե՞ ոչ:

- Մեր ամենամեծ սխալն այն է, որ այդ տարածքները չենք վերաբնակեցրել: Այնտեղ ապրողներն էլ հաճախ չեն մնում այնտեղ: Հետո էլ՝ այդ հարկային դաշտի մասին: Ճիշտ կլինի, որ մենք, ասենք, մի 5 տարով բնակչությանն ազատեինք հարկերից, որպեսզի մարդիկ ազատ շունչ քաշեն, կարողանան ապրելու համար ինչ-որ մի հիմք ստեղծել: Այդ դեպքում շատ-շատերը կգային այստեղ ապրելու: Այդ տարածքներն, իհարկե, մերն են, մեր հայկական հողերն են, և դրանք ամրագրված են մեր Սահմանադրության մեջ: Ի դեպ, մի բան ասեմ, դեռևս 1923 թվականից ադրբեջանցիները տարբեր պատրվակներով աստիճանաբար ղարաբաղյան հողեր, գյուղեր, դաշտեր էին կցում իրենց շրջաններին: Այդ մասին մեր զրույցներում շարունակ ակնարկում էր ձեր հայրը՝ Վազգեն Օվյանը, կարծեմ այդ մասին գրել է նաև...

- Պատերազմից հետո մեծացել է արտահոսքը: Այսօր էլ այն շարունակվում է: Արցախի բնակչությունը, պաշտոնական տվյալներով, մոտ 140 հազար է: Այդքան է եղել նաև 20 տարի առաջ: Ո՞րն է պատճառը, որ մեր հայրենակիցները մեկնում են երկրից:

- Ես գիտեմ միայն, որ ամեն ինչ պիտի արվի, որպեսզի բնակչությունն այստեղ կրկնապատկվի, եռապատկվի, որ մարդիկ գան այստեղ աշխատեն, ունեցածին մի բան գումարեն, ասենք, յուրաքանչյուրին մի 5 հա հող տան, որպեսզի մնան ու շենացնեն մեր երկիրը: Այնպես պիտի անել, որ գյուղացին կապված լինի իր հողին: Ագրարային երկիր ենք, պիտի զարգացնենք գյուղատնտեսությունը, անասնապահությունը, խաղողագործությունը, որով ժամանակին հպարտանում էինք:

- Մեր իշխանություններն, արդյո՞ք, սոցիալական ճիշտ քաղաքականություն են վարում:

- Հստակ չեմ կարող ասել, բայց եթե ժողովուրդը պակասում է, թողնում, գնում են, ուրեմն՝ ճիշտ չեն վարում:

- Ինչո՞ւ Արցախի իշխանությունները չեն ուզում տեր կանգնել իրենց երկրին ու իրենք տնօրինեն այս հողի և ժողովրդի ճակատագիրը: ՀՀ նախագահը, ով էլ նա լինի, բարոյական իրավունք ունի՞ Արցախի անունից բանակցություններ վարելու:

- Ամենամեծ սխալը դա է, որ, կարծեմ, Ռոբերտ Քոչարյանի ժամանակից է... Նրանք իրավունք չունեին առանց Ղարաբաղի մասնակցելու բանակցությունների: Ղարաբաղում իշխանություն կա, թող Ղարաբաղն էլ գնա մասնակցի այդ բանակցություններին: Չէ որ հիմնականում մենք՝ արցախցիներս ենք կռվել, իսկ Հայաստանը մեզ օգնել է: Ղարաբաղի՛ իշխանությունները միայն իրավունք ունեն մեր երկրի անունից բանակցություններ վարելու:

- Իսկ ինչո՞ւ մեր իշխանությունները ոչինչ չեն անում այդ սխալն ուղղելու համար:

- Իմ կարծիքով, Հայաստանը մոտ ժամանակներս ճանաչելու է Արցախի անկախությունը, ԼՂՀ-ի հետ պայմանագիր է կնքելու և նրանց ասելու է՝ կռվող, հակամարտող կողմը Ղարաբաղն է, նրանց հետ էլ բանակցեք:

- Ընկերական շրջանում հաճախ ենք խոսում այդ մասին, իսկ վերջերս էլ մի հարցազրույցում Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը ասել է, որ զարմանում եմ, թե ինչու, գտնվելով փաստացի պատերազմի մեջ, զենք չենք արտադրում: Ազերիներն արտադրում են, իսկ մենք, ունենալով այդ ամենի հնարավորությունը, ոչինչ չենք անում այդ ուղղությամբ: Մինչդեռ պատերազմի ժամանակ անգամ հրթիռ էինք արտադրում... Դուք ինչպե՞ս եք մտածում:

- Նախ՝ ես Արկադի Կարապետյանին շատ լավ եմ ճանաչում, մեր շարժման ակտիվիստներից է: Դեռևս այն տարիներից, երբ երկրի պաշտպանության, զենք որոնելու խնդիրներով էինք զբաղված... Նա ճիշտ է ասում: Հիմա Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: Որքան էլ մեզանում ասեն, կամ ուրիշներն ասեն, թե պատերազմ չի լինելու, չի կարելի դրա հավանականությունը բացառել: Էն մարդը, որ զենք է ստեղծում, մի անգամ դա կրակելու է: Դրա համար մենք պիտի գոնե նվազագույն ձևով պատրաստ լինենք դրան:

Մենք այդ հնարավորությունը ունենք: Պետք է ավելի կատարելագործենք ու զարգացնենք մեր պաշտպանությունը, մենք էլ ռազմական իքնաթիռներ, «Սմերչ» կայանքներ և ժամանակակից այլ զինատեսակներ գնենք: Ես անձամբ լուրջ առաջարկություններ ունեմ այդ կապակցությամբ: Ղարաբաղցին ասում է՝ ես կռվող տղա եմ, ինչ ուզում ես՝ արա, բայց ինձ հնարավորություն տուր, որպեսզի կարողանամ կռվել, ինձ պաշպանել: Մենք այդ հնարավորությունը պիտի տանք: Մեզանում շատերը հույսները դնում են Ռուսաստանի վրա, բայց ռուսը երբեք մեզ չի պաշտպանելու: Հույսներս մե՛զ վրա պիտի դնենք, ինչպես դա արել ենք պատերազմի ժամանակ:

Ադրբեջանը շարունակ ավելացնում է իր ռազմական բյուջեն, բայց դա բումերանգի պես հարվածելու է նրանց: Որ պատերազմ լինի, մենք էլ ենք մեծ կորուստներ ունենալու, բայց բազմիցս ավելի մեծ կորուստներ ունենալու է Ադրբեջանը, որովհետև մենք մինչև վերջ մեր տունը, մեր հողն ենք պաշտպանելու, իսկ նրանց համար սա օտար երկիր է, իրենց հողը չէ, իրենք ընդամենը զավթիչների դերում են լինելու: Այնպես որ՝ թող խնդրի լուծման ավելի քաղաքակիրթ ուղիներ որոնեն... Ադրբեջանը վերջապես պիտի հասկանա, որ Ղարաբաղն իր համար արդեն վերջացել է, Ղարաբաղից ձեռք քաշի և իր ներքին խնդիրներով զբաղվի: Սա է իրողությունը:

- Ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի ապագան:

- Դժվար հարց է: 1988 թվականին ապագան տեսնում էի, բայց հիմա հստակ չեմ կարող ասել, թե ինչպես եմ այն պատկերացնում: Այսօր Ռուսաստանում հազարավոր համերկրացիներ ունենք, որ հազիվ հացի փող են աշխատում: Պետք է ամեն ինչ արվի, որպեսզի նրանք վերադառնան Արցախ: Միլիոնատերեր ունենք թե՛ այստեղ, թե՛ Հայաստանում ու արտերկրում: Թող գումարներ ներդնեն, շենացնեն այս երկիրը...

- Երազների աշխարհից կրկին վերադառնանք իրական կյանք: Մեր իշխանավորները տարիքով փոքր են ձեզնից: 70 տարվա բարձունքից, ավագ ընկերոջ իրավունքով, ի՞նչ խորհուրդ կտայիք իշխանություններին, և ի՞նչ խորհուրդ եք ուզում տալ ժողովրդին:

- Իշխանավորներին խորհուրդ կտայի ժողովրդի մասին շատ մտածել, այնպես անեն, որ ժողովուրդն այստեղ շատանա: Դրանից նրանց գործն էլ հեշտ կլինի, ավելի լավ կլինի, մի քանի անգամ ավելի կհարստանան: Իսկ ժողովրդին խորհուրդ եմ տալիս մի քիչ էլ դիմանալ: Ուրիշ ելք չկա: Մենք, միևնույն է, մինչև վերջ պայքարելու ենք, որ մեր նպատակին հասնենք:

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Արժանապատիվ մարդը արդարությունից չշեղվողն է: Նա, Սևակի ուսուցանածի պես, ազնիվ է ամեն ինչում, որպեսզի մարդ գա ու մարդ գնա անարատ: Այսպիսինին էր Հ. Թումանյանը երանի տալիս:
Անարատությունը արժանապատվություն ունեցողի հատկանիշն է, որը խարսխված է ազնվության ու շիտակության վրա: Առաջին իսկ մարդու արժանապատվությունը մարդ մնալու փորձաքարը հանդիսացավ, իսկ նա չդիմացավ, գայթակղվեց...

Եվ մինչև այժմ շատ դժվար է արժանապատվության պահպանումն ու անհրաժեշտության դեպքում դրա համար մաքառելը, հատկապես՝ հիմա, երբ արժեզրկվել են բարոյական արժեքները կամ նույնիսկ հակառակ իմաստը ձեռք բերել...
Ամեն դարաշրջան իր ներմուծումներն արեց այդ անգնահատելի գանձը փոքրիշատե իր բնականությամբ պահպանելու և առաջնակարգը դասելու նպատակով: Ասպետական դարաշրջանը նույնիսկ կյանքի խնդիր դարձրեց այն... Սակայն, ի սկզբանե, ինչպես չարն ու բարին, արժանապատվությունն ու ստորությունը ամեն մի մարդու հոգու խորքում հստակ են ու զանազանելի: Մարդու ծագումը, պաշտոնը կամ ինչ ուտելը արժանապատիվ լինելու հետ կապ չունեն, այստեղ որոշիչը ազնվության չափն է: Սրանով ամեն բան ասված է: Հուրախություն մեզ, մեր օրերում էլ կան անարատությունը պահպանելու ձգտում ունեցող մարդիկ...

Նրանց մենք հանդիպում ենք կյանքի տարբեր բնագավառներում և համոզվում ենք, որ արդար հոգին Աստծո շքեղությունն է կրում, և այսպիսինների շնորհիվ է, որ հարատևում են մեր ազգն ու երկիրը...
Սիրելի՛ ընթերցող, անդրադարձն այս թեմային դրդեց պատահական մի հանդիպում, որտեղ արժանապատվությունն իմ ու անծանոթուհու կողմից տարբեր կերպ էր ընկալվում, և հոդվածն ընթերցելիս կհասկանաս ինչն ինչոց է, հուսով եմ՝ նաև քո կարծիքը կհայտնես...
Սիրելի՛ ընթերցող, մի բան էլ, ոչ թե խնդիրն ինձ կամ իմ հոգսը ներկայացնելն է (չնայած վերջինս կարևոր է), այլ՝ իմ պատկերացումներն արժանապատվության վերաբերյալ:

Իմ մտերիմներից մեկի քրոջ տղան բանակից հետը բերել էր... մի խրատ: Նրա ընկերներից մեկը, ըստ իր տատի դասի, ում ձեռքին ինչ տեսնում էր՝ ուզում էր: «Դրանցից մեկը հիմար կլինի և իր ունեցածը կտա քեզ»,- սովորեցրել էր տատը: Հանճարեղ է... վշտի ծիծաղ է... Եթե տալիս ես հեշտությամբ՝ հիմար ես: Ահա կամեցողության այլասերված ընկալում:

Եվ ես անուղղելիորեն այս աշխարհի այդօրինակ հիմարներից եմ: Ամեն ինչ կարող եմ զիջել, առավել ևս՝ եթե խնդրում են, կամ զգում եմ , որ իրենց շատ է պետք. սկսած կայքից, ներառյալ՝ կյանքս: Վերամբարձ խոսքեր չեն, և իմ ամբողջ կյանքը զիջումների, հոժարակամ զիջումների ու նվիրաբերումների շարան է: Գուցե այդպես է ընկալվում, որ հիմարներն են դյուրությամբ ու առանց զղջալու բաժանվում որևէ բանից, որքան էլ դիմացինին պետք է դա: Ամեն ինչի մեջ խելոքը հաշիվ ու շահ է տեսնում, որպեսզի տվածը արժեք ունենա: «Հենց այնպես տվեցիր, արժեք չի ունենա, իսկ քո վիճակն էլ հետընթաց կապրի»,- խրատում են խելացիները:

Բայց այս կյանքում կան մարդիկ, որ տալով են հարստանում և կորուստը նույնպես առանց ցավ ու ճիգերի են տանում, որքան էլ այն ծանր լինի: Սրանում էլ են համոզվել իմ շրջապատի մարդիկ:
Բայց քա՜վ լիցի, երբ կամենում են ինձնից ինչ-որ բան խլել՝ պարտադրելով, ստելով, ես աննկուն մարտիկ եմ դառնում մինչև հաղթական ավարտը, քանի որ ոտնահարվում է արդարությունը, որն արժանապատվության բաղադրիչն է և հավետ մնում է, իսկ արդարության վերջնակետը հաղթանական է:

Խլողը, գռփողը, ապօրինի տիրողը կարծում է՝ ունենալն է արժանապատվություն: Այդ իսկ պատճառով այդպիսինները անպայման ստի, կեղծիքի կնքահայր են դառնում՝ իրենց ձեռքբերումն ապահովելու նպատակով զանազան միջոցներով իրենց ենթականերին շահագրգռելով, վախեցնելով, մոլորեցնելով: Մեղսակից-գործիք դարձած անձինք նույնիսկ դավադրության ու սուտ վկայության դերակատարմամբ հպարտ են զգում, հավատալով, որ պաշտոնյայի հաղթանակից հետո իրենք մի կարգով կբարձրանան...

Այսպես դատողներն ու վարվողներ արժանապատվությունը շփոթում են ստորածին հպարտության հետ: Հասնել ուզածին թիկնահար ու նենգ ճանապարհո՞վ, թե Սասունցի Դավթի պես պարզ ու շիտակ դեմ հանդիման գնալով ու զգուշացնելով, կարգ ու կանոնը, պատճաշությունն ու օրենքը հարգելով: Հնարավորությունների չարաշահումը կարող է ժամանակավորապես «բանը բանին ավելացնել», բայց ոչ երբեք՝ պատիվը. ամենաստոր մարդն էլ իր հոգու խորքում գիտե՝ ինչ է արժանապատվությունը:

Ժողովուրդն հիշեցնում է, որ պատիվը գցել են շանը, շունը չի կերել: Ուրեմն դա մի վսեմ սրբություն է, որ սրբություն չճանաչող շունն անգամ չի դիպչում դրան: Իսկ ի՞նչ է դա. դա բարձրագույն արժեքների հանրագումար է, որն ընդգրկում է բարոյականությունն ու առաքինությունը, արդարությունն ու ազնվությունը, չափավորությունն ու սակավապետությունը, այլոցը չվնասելը, անչարությունը, խիզախությունը, նեղյալին զորակցելը, անաչառությունն ու ճշմարտասիրությունը, պարզությունն ու համեստությունը, անկեղծ կարեկցանքն ու սերը:

Բարոյական կերպար ձևավորող այս և մյուս հատկանիշներից մեկնումեկը եթե խզվեց, բոլորն էլ այլակերպվում են: Իրար լրացնելով՝ լկտի խրախճանք են կազմակերպում, նենգությունն ու դավաճանությունը, ընչաքաղցությունը, վավաշոտությունը, զրպարտությունը... անամոթությունն ու անբարոյականությունը... հանցագործությունը:
Անուննները չեմ տալիս, ընդհանուր եմ խոսում, բայց ցանկացած դրվագի ընդհանրության մեջ հասցեատեր կա՝ իմ դեպքի հետ առնչված մարդիկ են...
Պատմում է ծանոթներիս մեկին գործիս «սերիալի» մասին, մեկ ուրիշն ակամա ունկնդիր լինելով ինձ, ասաց.
- Իմ պատմության կրկնությունն է: Միայն թե ես արագ կողմնորոշվեցի՝ գերադասեցի դիմում գրել և ազատվել:

- Ես դիմում չէի կարող գրել, քանի որ կամայականորեն պարտադրում էր, բացի այդ 5 տարեկան թոռնիկիս (եթե գործ ճարեի էլ) չէի կարող ինձ հետ ոտքով տանել-բերել: Մեր գյուղում հասարակական փոխադրամիջոց չի աշխատում,- հանգամանքներս պարզաբանեցի ես:
- Հիմա ես հրաշալի աշխատանք ունեմ, և իմ այդ կրթության բաժնի վարիչ կոչվածը որտեղ ինձ տեսնում է, գլուխ է խոնարհում...
- Այդպիսի խոնարհումները ոչ թե հարգանք են, այլ՝ քծնանք:
- Համենայն դեպս, դուք պետք է ձեր դիմումով ազատվեիք,- ընդհատեց ինձ:- Չպետք է թողնեիք՝ ձգվեր այնքան, որ ձեզ հեռացներ աշխատանքից:
- Ինձ իմ դիմումի համաձայն խոհեմության կոչ անելիս որոշ աշխատակիցներ Բալուջայի թե Բադարայի տնօրենի օրինակն են բերել: Արդյո՞ք դուք մեր շրջանի տնօրեններից եք եղել,- ուզեցի ճշտել ես:

- Ո՛չ, ո՛չ, կարևոր չէ,- ասաց նա ու գնաց:
Այս կնոջ ինքնության մասին որևէ բան չասաց ծանոթս, բայց վկայեց, որ Բադարայի նախկին տնօրենը մի հոյակապ անձնավորություն է, որին հոգեկան այնպիսի տառապանքներ են պատճառել, որ իր առողջությունն անվերադարձ չկորցնելու համար ստիպված ազատվել է... իր դիմումի համաձայն...
Նա գնաց, ու այս օրինակն էլ գումարվեց, և իմ հոգում ծանրացավ խնդիրը: Կամայականությանը դիմադրելը, անարդարությանը դիմագրավելը, օրինականության համար պայքարելը այս մտավորականը, որ նման մղձավանջով անցել է, համարում է անիմաստ, ինքնավնասող մի բան, որը հարվածում է սեփական արժանապատվությանը:

Իսկ եթե այս կինը տարիներ առաջ դիմադրած լիներ, գուցե այսօր չարածին իր ազատության մեջ այս կամ այսպիսի պաշտոնյան մի քիչ զուսպ լիներ, հաշիվ կտար իրեն ու խղճի խայթի հետ հաշվի կնստեր: Վստահ, որ իրեն սաստող չի լինի, Ամանորի նախօրյակին ապօրինի հրամանով աշխատողի իմ 40 տարվա կուտակածը՝ վարկն ու հեղինակությունը, գրչի մի հարվածով չէր սևացնի, իրեն իրավասու չէր համարի աշխատողին միանգամից զրկել աշխատավարձի 4/5-ից՝ գիտենալով, որ այդ աշխատավարձով հիվանդանոցում գոյության համար է մաքառում նրա 6-ամյա թոռը, որը տառապում է դարիս չարագույն հիվանդությամբ... Քաջ գիտեր ու հարվածեց:

Եթե նախորդները դիմադրած լինեին, այսօրինակ հաշվեհարդար չէր լինի, և չէր էլ լինի աշխատողների ու համայնքի բարոյալքում կամ ապականում: Մի նոր փաստ չէին վկայակոչի իրենց արդարացման համար, թե մեխն էլ է իրենց ձեռքին, մուրճն էլ, ինչ ուզում են, այն էլ կանեն:
Հապա որտե՞ղ է մեր մասնագիտական պատվախնդրությունը: Ներքին ստրուկից ազատագրվելու կոչ անող ուսուցիչն իրավունք ունի՞ նահանջելու, երբ «փըխկ» են անում: Այդ դեպքում աշակերտին հեշտն է ձգում. չէ՞ որ նա տեսնում է՝ սադրողներն ու ստրկամիտներն են հաղթանակ տոնում:

Ո՛չ, ուսուցիչն ամենուր է ուսուցիչ, նրա ամեն մի քայլը բարոյական պետք է լինի և ուսուցողական: «Պետության դեմ չեն կռվի»,- սրտացավ երեսպաշտությամբ կրավորականության ուղղորդողները պետք է համոզվեն, որ արդարության համար պայքարելը ուժեղ և արժանապատիվ մարդու քայլ է, և կռիվը ոչ թե պետության դեմ է, այլ պետության համար, պետության հիմքերն իրենց անօրինությամբ խարխլողների շահադիտական գործողությունը կասեցնելու և արդարություն հաստատելու համար:
Աշխարհի արդարությունը հայցող Արցախում մի՞թե արդարություն չպետք է լինի: Անօրեն ու տմարդի պաշտանյաների «ամենակարողությունը» հաստատելու նպատակով նրանց իսկ ձեռքով շաղ տված և վերինների թույլտվությամբ արմատակալած վախը, ստրկամտությունը, անճարության զգացողությունը պարարտ հող են հողի տիրոջն իր երկրից օտարացնելու կամ քշելու համար:

Իրեն պետության տեր չզգացող ժողովուրդն այլևս ժողովուրդ չէ, որի հետ «կարողներն» ինչպես ուզեն, այնպես էլ կվարվեն: Ժողովուրդն անմահ է, իսկ խառնամբոխը ենթակա է ցրման, ոչնչացման:
Մինչդեռ այստեղ ամեն մի քար ու գուղձ, խոտ ու ծաղիկ շշնջում են՝ արժանապատվությո՜ւն: Այն է՝ օրինավորություն, ամոթ մարդկանցից և վախ Աստծուց: Հետո ի՞նչ, որ դատական գործերի ելքն անգամ որոշվում է, թե վերևից ում օգտին է միջնորդվում: Ամեն մի վերադաս մի պարզ բան կարող է ըմբռնել, որ ինքը պետության ներկայացուցիչն է և պետք է առաջնորդվի օրենքով, լինի բարոյական:

Սրանից դեն լուռ համաձայնություն է կամ թողտվություն, որը հարվածում է պետության անվտանգությանը: Ահա թե ինչու իմ խնդիրը անձնականից վերաճել է օրինահաղթ տենչանքի: Այո՛, այո՛, նույնիսկ այն պայմաններում, երբ անկախ իշխանություն համարվող դատական համակարգը կարող է բացահայտ ապօրինությունը վավերացնել կամ, լավագույն դեպքում, նոր սխալով հաստատել նախորդը: Վստահ, որ իրենց որոշումը վերջնական է, քննարկման ենթակա չէ, առավել ևս՝ որ եվրոպական դատարանն անմատչելի է, և գործն էլ մի գյուղացու է, որի համար ոչ ոք իրենց խաղաքարտերը չի խառնի:

Բարեբախտաբար, դա խաղ չէ, աշխատանք է, արժանապատվության վրա խարսխված և արժանապատվություն հաստատող ու ներշնչող աշխատանք: Այստեղ մեկ ստորագրությունը կարող է կյանք կործանել, ճակատագրեր խեղել:
Արդարություն հուսացող, բայց անօրինության դառնությունը համտեսող «պարտվածը» ափսոսանքով համոզվում է, որ իր արյամբ ու քրտնիքով բերրիացող երկիրը շվայտ հարուստների արոտավայր է, անօրինությունների խաղահրապարակ: Խաղն անհավասար է: Բայց ես այս «խոհեմներից» չեմ, ուստի Հ. Պարոնյանի հարցադրումն եմ կրկնում. «Ինչու՞ կբռնաբարեք ճշմարտությունը»... Ճշմարտությունը լռեցնում եք՝ ճշմարտությունը բռնաբարում եք, «զի ան մերկ է ու գեղեցի՞կ»: Չե՞ք դիմանում հմայքին: Հո՛պ: Ամենևին այդպես չէ: Բոլորն էլ գիտեն, որ բռնաբարությունը հանցագործություն է և քրեորեն պատժելի հանցագործություն:

Դուք ուղղակի տարբերվում եք բոլորից, վստահ եք, որ ձեր ձեռքը չեն բռնի, և հանգիստ խղճով ձեր ստորագրությունը դրիք ստի ու կեղծիքի տակ, քանզի քաջ գիտեք, որ վաղուց անցել են սուտը ստորագրող ձեռքը կտրելու ժամանակները, իսկ սուտ վկայության համար էլ ոչ թե պատժում են, այլ խրախուսում...
Անշուշտ դատավորն էլ կարող է սխալվել: Հնարավոր է, նա էլ է մարդ...

Բայց եթե արդարություն չկա, մարդ էլ ինչի՞ հավատա: Մարդ իր տանը, իր երկրում արդարության կարո՞տ մնա, էլ կմնա՞ իր երկրում... Ինչպես տան բոլոր հոգսերի ու խնդիրների պատասխանատուն ընտանիքի գլխավորն է, այդպես էլ նախագահը երկրի հոգսակիրն է: Բայց նրան որևէ բան հասցնել գրեթե անհնարին է, քանի որ քաղաքացիների խնդիրներով զբաղվող նրա հանձնառուները իրավունք են վերապահում իրենց հարցն «արագ լուծելու»՝ արգելափակոց դնելով դեպի նախագահ տանող բոլոր կարգի ճանապարհներին: Առաջին հանդիպման սիրալիրությունն ու քաղաքավարությունը հույս է վառում, որ քաղաքացին ճիշտ տեղում է հայտնվել, սակայն հոսում է ժամանակը, վատթարանում է վիճակը, և մի եզրահանգում է մնում. «Քեզ համար չեն այս դռները, գնա՛ ու օտարի ոտքի տակը մաքրի՛ր՝ ավելի լավ է»...

Քոնը չէ: Իսկ որոշ լավատեսներ կամ կեղծ լավատեսներ օրինախախտումներն արդարացնելու (գուցե և չկանխելու) քաղաքականություն են վարում՝ պատճառաբանելով, որ երիտասարդ պետություն է, օրենքը դեռ չի ամրապնդվել: Այնինչ գիտենք, որ օրենքը մարդու մեջ է: Օրինավորությունը դրսևորելու հանգամանքները պետք է գործեն: Օրենքը ճիշտ քայլ կատարելն է՝ ուրիշին չվնասելը: Օրինավոր մարդը օրինակ պիտի ծառայի ամենուր, քաջ գիտակցելով, որ իրենով ինքը ներկայացնում է իր ազգը, տոհմը, ընտանիքը, կոլեկտիվը... ամենավերջում նոր՝ իրեն: Ինքը դրանցով է ամուր ու հասցեատեր, նրանք էլ իրենով՝ պարզ ու տեսանելի:

Այսպիսի երկրում վեհ գաղափարները ոչ թե հեգնանք կառաջացնեն, այլ թարմ օդի պես կառինքնեն: Դժվարության պահին մարդ չի ընկրկի՝ վստահ, որ իր շրջապատում անշահախնդրությունն է առկա, մաքրությունն ու անաչառությունը: Հակառակ դեպքում՝ նա չի նեղանա նույնիսկ իրեն լքողներից կամ զրպարտող-անվանարկողներից: Չի նեղանա, կնեղվի միայն, որ մարդն իր շառավղից դուրս է եկել: Նա հասկանում է, որ անելիք կա. այժմ ամեն մեկն իր կարողության չափով է ինքնադրսևորվում, եթե օրենքից վախ ունենան, անվայել քայլերի համար պախարակվեն, կարողության բովանդակությունը կփոխվի:
«Քարը քարին չկերավ,- կշտամբում էր տատս, երբ մեկս մյուսից դժգոհում էինք:- Կարևոր է, որ ամեն մեկդ ձեր հոգում գիտեք՝ ի՞նչ եք արել, և ով է մեղավորը: Ես չեմ հարցնում: Դե՛, հաշտվե՛ք ու գնացե՛ք»:

Եվ մենք, ամեն ինչ մոռացած, ուրախ-անհոգ հեռանում էինք: Քանի որ իրոք գիտեինք, թե երախաներից որ մեկս է մեղավորը: Այսպես հաշտ ու բնական լուծվում էր հարցը, անկեղծ ու առանց որևէ մեկիս նվաստացումը կամ պատիժը ակնկալելու, քանի որ մեղավորն արդեն քաջություն էր ձեռք բերում խոստովանելու իր սխալը, իսկ մյուսները դառնում էին ներողամիտ, մեծահոգի, անհիշաչար:
Այսպիսի պարզ վերաբերմունքը երեխաներին դարձնում էր կամային, ինքնավերլուծող, համարձակ ու անտրտունջ: Այսպես նա լուծում էր մեր խնդիրը՝ գուցե արժանապատվությա՞ն՝ ձևավորելով ու ամրապնդելով այն:

Տեսնովի, սովորովի: Եթե արժանապատվորեն ապրելը դառնում է կենսակերպ բոլորի համար, ապա որոշ անձինք անգամ չեն տատանվի բարոյի ու անբարոյի միջև:
Արժանապատիվ մարդը ստին գերի չի դառնա, սա է հարցերի հարցը, իսկ սրա համար ճեմարաններ պետք չէ ավարտել: Նա իր հոգին չի ծախի սատանային, որքան էլ առերևույթ դա շահեկան լինի կամ որքան էլ ազդեցիկ մարդիկ թելադրեն, հանձնարարեն կամ պահանջեն:
Արժանապատվությունը նեղ ճանապարհով գնացող մարդկանց գանձն է, որը վերջում լույս է արձակելու, քանի որ այն Արդարություն է: Արդարությունը Աստծո անունն է, իսկ Աստված լույս է: Սա է արժանապատվության խորհուրդը, որն իր հետևից տանում է բյուր բյուրավորների:

ԱՆԱՀԻՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ



ՇՈՒՇԵՑԻ ՄՈՐՍ ԵՎ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Սկիզբը՝ նախորդ համարում

- Լավ, լավ, տատ, բեգին կոմսոմոլ չենք անցկացնում, որ բնութագրում ես: Զրույցդ շարունակիր:
- Էնա, դրա հաջորդ օրը, երեկոյան հասանք գյուղը: Սա շատ փոքր, անսուռի օղակով պատված գյուղ էր: Տնից 10-15 մետրից սկսվում էին խոր անտառները: Գյուղն ուներ մի եկեղեցի, մի տերտեր: Դպրոց չկար: Տները հիմիկվա նման չէին, գետնափոր էին, առանց լուսամուտի՝ երդիկով, որտեղից դուրս էր գալիս տան մեջտեղը վառվող օջախի ծուխը: Տան դուռը և՛ դուռ էր, և՛ լուսամուտ: Այն տունը, ուր ինձ տարան, հանդիպեցի մի զարմանալի տեսարանի: Երբ մտա տուն, կարծես ընկա մի անծայրածիր խավարի թագավորություն: Տան մեջտեղը վառվող օջախի բոցերն էին լուսավորում տունը: Ետ նայելով, նկատեցի, որ վառվող օջախին դրված է հսկա ծառ, մյուս ծայրը դռնովը դուրս է գալիս տնից դուրս: Այս ի՞նչ աշխարհ ընկա ես: Ամեն ինչ օտարոտի ու խորթ էր ինձ համար: Երբ տեղ հասա, սաղ գյուղն իսկույն հավաքվեց: Առաջին անգամն էին տեսնում քաղաքի հարս: Այնքան հետքրքիր էին նայում, ոնց որ երեխաները նայեն գազանանոց բերած մի նոր կենդանու՝ «Աղչի, ինչքան սիրուն է, հլա շորերին... Բա երեխայի շորերին տես... Բա կոշիկները չե՞ս ասում...»: Ես լսում էի նման խոսքեր, բայց չլսելու էի դնում:

Հետո եկան մեր ազգի մեծերը, քեթխուդա մարդիկ էին՝ Աղաջան պապը, Գրիքոր ապերը, Սաքի ապերը, Աղա ամին: Ծանոթացանք: Գովեցին պապիդ ճաշակը: Չնայած գյուղը շատ էր հետամնաց, բայց մարդիկ այնքան լավն էին, մանավանդ մեծերը: Նրանք կարգադրել էին, որ իրենց տների լավ բաները բերեն ինձ: Ես շուտով մոռացա գյուղի հետամնացությունը և այն սկսեց ինձ դուր գալ: Գյուղի կանանց համար սկսեցի զառով ճակատակալներ գործել, որի դիմաց նրանք տալիս էին մթերք՝ յուղ, մեղր, պանիր, միս և այլն: Էդպես սկսեցինք կամաց-կամաց հարմարվել և ապրել: Հետո սկսեցի ամուսնացող հարսների համար հագուստներ կարել: Մի խոսքով՝ գյուղը լուսավորել:
- Ուրեմն՝ գյուղում առաջին կուլտուրական հեղափոխությունը դու ես կատարել, տատ,- հեգնեց Քնարը:

- Դե, ոնց ուզում ես հասկացիր,- ասաց մայրս՝ ավելացնելով:- Էդպես էլ էդ գյուղում մենք ամրացանք: Ունեցա օխտը ժառանգ, էնա քեզ նման էլ բազմաթիվ թոռներ-ծոռներ: Նախ ամուսնացրինք Ամալյային, նրանից ծնվեցին Մուշեղը՝ իմ առաջին քաղցր թոռը, Գրիշան, Հոգսերիան: Ապա ամուսնացավ Գոհարը, որից հետո Մուխանը և Բաբկենը, ապա հայրդ, որից ծնվեցիր դու և եղբայրդ՝ Աշոտը: Հետո ծնվեցին դրանց զավակները, որոնք դարձան իմ թոռները: Բաբկենից ծնվեցին Սվետը, Մարոն և գիտնական թոռս՝ Բուկանը, որին դուք Սլավիկ եք ասում:
- Տատ, պապիկս գյուղում ի՞նչ գործ է կատարել, որ ողջ գյուղն այդքան հարգանքով է խոսում նրա մասին,- մի օր երեկոյան զրույցի ժամանակ նրան դիմեց Աշոտը, որը քաղաքում ինժեներ էր աշխատում և հանգստանալու էր եկել տատի մոտ:

- Գործեր շատ էր կատարել, Արշոդ,- սկսեց մայրս:- Չեմ պատմում, թե մինչ նոր կարգեր ստեղծվելը գյուղի պաշտպանության մեջ ունեցած նրա ծառայությունների մասին, երբ քիչ էր մնում թուրքերը սաղ գյուղը սրի քաշեին: Չեմ էլ պատմելու նրա և նրա ընկեր Ջալալի մասին, որոնք գյուղում մեծ չարչարանքներով դպրոց բացեցին և մինչև հիմա էլ հաջողությամբ կրթվում են գյուղի երեխաները: Ես կարճ կպատմեմ, թե ինչպես գյուղը տեղափոխեցին ներքև և գյուղը ոռոգելու ջուր բերեցին:
- Բա ո՞նց եղավ, որ էդ ջրանցքը կոչեցին պապիկի անունով՝ «Դավիթի արխ»,- հարցրեց Քնարը, որը չէր ուզում պատմության որևէ օղակ բաց մնա: Քնարի այդ հետամուտումները մի նպատակ ունեին: Նա ցանկանում էր քաղաքից հյուր եկած իր ընկերուհուն զարմացնել տատի պատմելու արվեստով ու իր տոհմի հարուստ կենսագրությամբ:- Դե, պատմիր, տատ:

- Էն ժամանակ պապդ գյուղի խանութում էր աշխատում: Երբ որոշվեց ջրանցք անցկացնելու հարցը, խանութի ամբողջ ունեցած-չունեցածը տեղափոխեց հենց շինարարության տեղը: Մթերքների խիստ պակասություն կար: Ամբողջ երկրում էր պակաս: Չկար շաքար, սապոն, կտոր, հագուստեղեն, նույնիսկ նավթ: Եղած մթերքները նա ցուցակով տալիս էր միայն ջրանցքի վրա աշխատողներին: Պատահում էր նրանք փող չէին ունենում, և պապդ ապառիկ էր տալիս, որ հետո բերեն, և էդ հետոն էլ տարիներ քաշեց ու ինքն ստիպված վնասի տակ ընկավ: Եվ էսպես շահագրգռելով, բացեց ջրանցքը, որ հիմա ամբողջ գյուղով վրխկալով հոսում է:
- Դրա համար ջրանցքը նրա անունով կոչեցի՞ն,- հարցրեց Քնարը:

- Չէ, դա մի դեպքի առիթով էր: Ջրանցքը երբ եկավ, հասավ գյուղի մոտ գտնվող մի ժայռի, այդտեղից անցկացնելը մեծ դժվարություն ստեղծեց մարդկանց համար: Շատերը նույնիսկ հուսահատվեցին: Եվ ահա, պապդ շատ մեծ համառություն հանդես բերեց: Իր անձնական օրինակով ոգևորեց աշխատողներին և հանկարծ աշխատանքի էն եռուն պահին, երբ մոտ տասը հոգով մի մեծ քար էին շրջում՝ ձորը գլորելու համար, էնպես է ստացվել, որ քարի հետ մեկտեղ ձորն է գլորվում և պապդ: Քարն իրենից շուտ է հասնում ձորի հատակին: Սուգ-վայնասունն ընկնում է: Մարդիկ համարում են ամեն ինչ վերջացած: Իջնում են ձորը և տեսնում, որ դեռ շնչում է: Պադգարակի վրա բերում են գյուղ: Կողերից մի քանիսը կոտրած է լինում: Էդպես մի 10 օր բուժվում է: Այդ ընթացքում դադարում է ջրանցքի շինարարությունը: Բայց հենց կազդուրվում է, կրկին անցնում է գործի, և մեծ դժվարությամբ հաջողուցնում են ջրանցքի ավարտը: Այդ օրվանից գյուղը ջրանցքը կոչեց նրա անունով՝ Դավիթի արխ:

- Հետո պապիկի հետ ի՞նչ պատահեց, տատ,- հարցրեց Քնարը:
- Դե, հետո, գիտես, էլի, էն վատ տարիներին, 1937 թվին, շատ-շատ լավ մարդկանց հետ միասին պապիդ էլ տարան: Ճիշտ է, 1953-ին հետմահու նրան արդարացրին, բայց դա կոպեկ չարժեր:
Մայրս ամեն անգամ, երբ առիթ էր լինում հիշելու ամուսնու տարաբախտ ճակատագիրը, մռայլվում, մի տեսակ նյարդայնանում և տխրում էր:
- Ես կարծում էի, թե ինչ-որ մեղք է ունեցել, որ տարել են: Բայց երբ պարզվեց, որ անմեղ զոհ է եղել, դրան ի՞նչ ասես: Բա մարդ ամբողջ կյանքը կտա հասարակությանը և կտանեն կորցնեն, թե՝ դաշնակ է եղել: Բա, դաշնակը չփրկե՞ց գյուղը թշնամուց:
Երկարատև, լուռ տխրություն իջավ բոլորիս վրա: Մայրս ակնհայտորեն լացացրեց մեզ:

* * *
Վերջապես մի տարի համոզեցինք մայրիկին Երևան բերել: Նա ոչ մի կերպ չհարմարվեց քաղաքային կյանքին: Գարնանամուտին վիրուսային գրիպով վարակվեց և մի կերպ փրկեցինք: Հենց կազդուրվեց, խնդրեց իրեն գյուղ տանել: Այդ մի քանի ամիսներին էլ նրա ուշքն ու միտքը գյուղն էր, զրույցի թեման՝ Շուշին: Շուշվա շուկան, Շուշվա մթերքը, Շուշվա օդը, եկեղեցիները, մարդիկ, նրանց կապերն ու հարաբերությունները, հյուրասիրությունները, ծեսերը և այլն: Մեծ ակնածանքով էր խոսում Շուշին բարեկարգող մարդկանց մասին: Քաղաքի ջուրը բերող Թադևոսի, այն, որի սև մարմարե հոյակապ մահարձանը բարբարոս ջարդվածքներով հիմա էլ կանգնած է Ղազանչեցոց եկեղեցու բակում: Հիշում է փողոցները սալահատակողներին, ուսումնարան-դպրոցներ սարքողներին, հիվանդանոց կառուցողներին, որոնց մասին խոսում է այնքա՜ն ջերմ հարազատությամբ: Մեծ հաճույքով պատմում, ավելի ճիշտ նկարագրում է Խրիմյան հայրիկի այցելությունը Շուշի:

- Քաղաքի տակից մինչև Ղազանչեցոց եկեղեցի գորգեր էին փռել: Նա խաչակնքելով, ժողովրդին օրհնելով, ոտքով եկավ մինչև եկեղեցի: Է, ժողովուրդն էլ հայ, թուրք, ռուս, բոլորը ուրախացած ծաղիկներ էին գցում ոտքերի տակ: Քաղաքը ցնծության մեջ էր:
- Տատ, այդ ոնց եղավ, որ այդ բոլոր ազգերը գժտվեցին,- հարցրեց Մուշեղը:
- Վերևից խառնեցին, վերևի գործն էր: Ժողովուրդը էդպես գործ չէր անի:
Մայրս առողջամիտ էր: Միշտ լավատեսորեն էր նայում ապագային, միշտ կոչ էր անում վառ պահել հայրենի օջախը: Գյուղի հարգված ու սիրված, օրինակելի կանանցից մեկն էր: Ուներ խոհանոցային մեծ մշակույթ: Նրա պատրաստած սեղանը, եփած ճաշերը, մեծ հռչակ ունեին: Հայրենական պատերազմի տարիներին, երբ աշխատող ձեռքերի պակաս զգացվեց, մորս էլ ընդգրկեցին հնձվորների համար ճաշ պատրաստող կանանց ցուցակում: Մի քանի օրից հնձվորների բրիգադների մեջ վեճ ընկավ՝ մորս իրենց մոտ տանելու համար: «Կախարդական ձեռք ունի Շուշան տատը: Հենց ձեռքը աղ ու ջրին կպցնի, մատներդ էլ հետն ես ուզում ուտել»,- ասում էին գյուղում:

- Շոշի Ղլումը,- վերհիշում էր մայրս,- կրակ ընկնի Շուշին, որ գլուխը կերավ,- ամեն տեսակ կանաչի, միս, յուղ, ձավարեղեն, բրինձ, համեմունքներից՝ դարչին, զանջաֆիլ, վանիլ և այլ բաներ լիքն էին: Ճաշը, որ եփում էինք, հոտից մարդ կշտանում էր:
Մի օր քուֆթայի միս գնեցի, որի մասին մայրս շատ էր խոսել և կարծում էի կգոհացնեմ նրան:
- Է՜, Շուշվա կոլոլակը՝ պենջարով, Շուշվա տոլման՝ խոշոր-խոշոր, մաղաշարի թթվով կամ ծիրանի չիրով ուտես…
- Մայրիկ,- մի օր համբերությունս հատած դիմեցի մորս,- բա, էս մեր քաղաքում իսկի մի լավ բան չկա՞: Ոչ մի բան չես հավանում:
- Դե, բան չեմ ասում, որդի, վատ քաղաք չի, բայց դե, Շուշի չի, էլի: Շուշին ուրիշ բան էր: Էդպես քաղաք, էդպես լիություն դժվար թե լինի:

- Քո հարսանիքը տերտերով եք արե՞լ, տատ,- մեջ մտավ Քնարը:
- Ղազանչեցոց եկեղեցում: Գիտես ի՞նչ եկեղեցի էր, ի՞նչ զարդեր, զարդաքանդակներ, պատկերներ, հարստություն ուներ: Ոտքդ գետին դնելու տեղ չկար: Սաղ հատակը գորգ էր: Որ հարսանեկան սպիտակ, երկար քողով պապիդ հետ մտանք...
Ու մայրս երկար պատմում էր ամբողջ ծիսակատարության արարողությունը, որը մեծ ազդեցություն էր թողնում ընտանիքի բարոյական հիմքերի վրա:
- Դե հիմա,- եզրափակում է մայրս,- մի ամուսնացած ես տեսնում, մին էլ բաժանված, անունն էլ դնում, թե էդ բոլորը սիրուց է: Իսկական սերը մեր վախտն էր:

Մի անգամ մորս տարա Էջմիածին: Երկար ման եկանք, պատարագ տեսանք: Երգչախմբին լսեցինք: Երբ վերադարձանք տուն, մայրս գոհունակությամբ ասաց.
- Այ սա, ուրիշ բան է: Մենակ սրա համար արժե այստեղ գալ:
Ուրախացա, որ վերջապես կարողացա մի հարցում մորս գոհացնել:
- Դե, ես էլ քաղաք չեմ գա,- վճռական տոնով ասաց նա: Էստեղի կարևոր տեղը տեսա, պրծա: Հիմա մեր գյուղի տունը ո՞վ է իմանում ինչ վիճակում է:
Մայրս իր ողջ ունեցվածքը, կենդանական աշխարհը և տնային գույքը պահ էր տվել քույրերիս ու ամեն օր անհանգստանում էր, թե հանկարծ կերի պակասությունից չսատկեն հավերը: Այդ ամենին մայրս այնքան էր կարոտել էր, որ ես զգացի, որ քաղաքում նրան պահելը այլևս անիմաստ է:

Մորս և Աշոտին ամռան շոգերն սկսելուն պես ուղարկեցինք: Նրանք երկուսով էլ մեծ ուրախություն էին ապրում գյուղ մեկնելու համար: Երբ իրեղենները կապկպեցինք, նա ինձ վրա այն տպավորությունը թողեց, կարծես բանտից են բաց թողնում:
- Դե, մենք գնացինք,- ազատ շնչեց նա,- աշխատեք շուտ գալ:
Դրանից հետո մենք որևէ այլ ժամանակ այլևս ռիսկ չարեցինք ակնարկել անգամ նրան քաղաք հրավիրելու մասին: Մինչև իր 96-ամյա կյանքի վերջը չնայած գյուղում ապրեց, բայց մնաց նույն վեհանձն, արիստոկրատ, փոքր-ինչ չմահավան Ղլցեն:

Նա մահացավ ոտքի վրա, ինքն իր խնամքին, իր առանձնասենյակում, միշտ հյուրասեր ու մարդասեր: Անգամ կյանքի վերջին օրերին, երբ մեկը մտնում էր տուն, անմիջապես խառնվում էր իրար. «Բեր, թեյնիկը տաքացրու, բաժակները բերեք: Նստիր»: Միջանկյալ ասեմ, որ մայրս մինչև իր երկարամյա կյանքի վերջը, չնայած փոքր դոզաներով, բայց պարբերաբար խմում էր կոնյակ կամ օղի:
Կյանքի վերջին օրերին մորս տեսնելու եկավ մեր տոհմի անվանի մարդկանցից մեկը՝ մեղվաբույծ Ստեփանը:Մորս համար մեղր էր բերել: Ստեփանին տեսնելով, մայրս խառնվեց իրար.
- Չայը տաքացրեք, կոնյակը բերեք,- ապա գթասրտությամբ հարցրեց,- Ստեփա՛ն, Մանուչարը ոնցա՞:

Մանուչարը Ստեփանի հայրն էր, որը 10 տարի առաջ էր մահացել: Ստեփանը զգալով, որ մայրս կորցրել է ժամանակի զգացողությունը և հիշողությունը, սրամտորեն պատասխանեց.
- Դե՛, հենա գնում ես, էլի, իրեն կհարցնես:
Այս պատասխանը մայրս ընկալեց՝ իբրև թե «լավ է», ու գոհունակությամբ ժպտաց:
- Դե, լավա՛, լավա՛...
Ես մորս վերջին շնչին չհասա: Դա իմ կյանքի ամենատխուր դիպվածն եմ համարում: Քույրս՝ Ամալյան, հայտնեց, որ վերջին շնչում խնդրել է, որ իրեն թաղենք Սարադոշի բլրակի քիչ թեք հարթակի վրա, որտեղից երևում է Շուշի քաղաքից գյուղ եկող ճանապարհը: Նաև նրա համար, որ ինքը զգա իր զավակների գյուղ գալը: Այնուհետև խնդրել է, որ իր անունից ինձ ասեն, որ ամեն ամռան իր բոլոր թոռներ-ծոռներին քաղաքից գյուղ բերեն հանգստանալու: «Գյուղի օջախը միշտ վառ պետք է պահել»,- ասել է մայրս և հոգին ավանդել:

Մայրս ոչ մի նշանավոր գործ չի կատարել… Գյուտեր կամ գիտական հայտնագործություններ չէր կատարել և դրա համար էլ նրա մասին հստակ հիշատակություններ ու գովեստներ չեն գրվել: Նրա նվաճումը այն մեծ գերդաստանի հիմնադրման մեջ է կայանում, որ բազմապատկվել էր իր յոթ երեխաների և նրանց զավակների փաստերով:
Նա ապրեց անորոշ ու աննկատ, խաղաղ ու հանգիստ, բայց ներքին ալեկոծություններով ու խռովքով, ինչպես շատ մայրեր: Նրա մեկդարյա կյանքի բազում մեծ ու մանր, հեշտ ու դժվարին գործերը եթե գումարենք, դուրս կգա մի մեծ հերոսական կյանք, հերոսապատում, որը մնում է ստվերում, չհաշված Շուշիի անմարելի կարոտը: Նա մի մեծ արմատ էր, որի բնի վրա բազմաճյուղվեց մի մեծ գերդաստան՝ ինժեներներով, գիտնականներով, բանվոր-ծառայողներով, ուսուցիչներով...

Մենք՝ նրա բոլոր զավակներս, թոռներ-ծոռները, որոշեցինք նրա փոքրիկ սենյակը դարձնել թանգարանի նման մի բան, ուր հավաքեցինք նրա անձնական իրերը, ձայնագրված զրույցների ձայներիզները, իր հարազատների հուշերը և այլն:
Ամեն ամառ, մենք՝ նրա բոլոր ժառանգներս, հավաքվում էինք և մի պահ կենդանացնում մեր մայրիկին, ապրում անցած օրերը, տրտմում և ուրախանում, դրանով իսկ ավելի կապվում այդ հող ու ջրին: Այժմ չկա այդ դարավոր կոճղարմատը, բայց նրա բնի կողքին, ծլարձակել են բազմաթիվ մատղաշ շիվեր, որոնցից ամեն մեկը նոր արմատներ է ձգում մայր հողի վրա:

Չկա մայրս, բայց նրա շունչն եմ զգում նրա ծոռան՝ Զառայի և մյուս թոռների մոտ: Թող նրանք ևս դառնան ծառանման մի փարթամ տոհմածառ և հավերժորեն շուք տան մայր հողի վրա:
Վերջին շնչում մայրս պատվիրել է իր իսկ մասունքներ համարվող կանաչ գույնի սնդուկը բացելու իրավունքը հատկացնել ինձ: Մորս մահվան 40-ը տալուց հետո ես բացեցի այդ խորհրդավոր սնդուկը, կարծելով թե այնտեղ ինչ-որ արտառոց բան պետք է լինի: Եվ եղավ այն, ինչի մասին իր ժամանակ չէր կարելի խոսել: Մենք այնտեղ հայտնաբերեցինք շորերի մեջ փաթաթված մի դիմապատկեր: Դա Գարեգին Նժդեհի դիմապատկերն էր՝ նկարված հորս հետ՝ կողք-կողքի: Նկարում շատ նման էին միմյանց: Նույն բակերը՝ կարճ կտրած, նույն լայն ճակատը, նույն խելացի, խոսուն աչքերը…

Նկարը մորս պահ էր տվել հայրս՝ Դավիթը, ասելով. «Ղլցե, այս նկարը, որը ես պահել եմ երկար տարիներ, կտաս Գրիգոր որդուս, միայն նա կհասկանա դրա արժեքը: Բայց կզգուշացնես իրեն, որ մարդիկ իմանան, թե ով է եղել նա՝ Նժդեհը…»:
Ես լսել էի Գարեգին Նժդեհի մասին՝ մարդկանց շշուկով արված պատմություններից, բայց որ նրա նկարը գաղտնի պահվել է մեր տանը, այն էլ նկարված հորս հետ, չէի սպասում:
Այս ամենից հետո ինձ համար պարզ դարձավ, թե ինչու 1937 թվին 10 տարով աքսորեցին հորս, որն այդպես էլ չվերադարձավ՝ մեր սրտերում թողնելով կարոտի այրող մրմուռը: Եվ թե ինչպես այդ նկարը և Շուշիի մասին գրած իմ պոեմը ինձ համար գծեց դաժան ճակատագիր... Բայց այդ մասին մի այլ անգամ:

ԳՐԻԳՈՐ ԴԱՆԻԵԼՅԱՆ



ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ

Թուրքերի դեմ ոչ մի հալածանք չսկսվեց,
հալածում էին միայն հայերին


(Սկիզբը՝ նախորդ համարներում)

Առաջին իսկ հայացքից դեկտեմբերի 27-29-ի հայտարարությունը ցույց էր տալիս, որ երիտթուրքերի կուսակցությունն անշարժ կանգնած էր այն տեղում, ուր 1876-ին հաստատվել էր նրա նախահայրը՝ Միդհատ-փաշան: Ոչ մի քայլ դեպի առաջ, կարծես 30 տարվա ընթացքում կարելի չէր եղել որևէ նոր բան սովորել: Այժմ էլ, ինչպես և 1876-ին, ամենափրկիչ միջոց համարվում էր պառլամենտարիզմը: Կարծում էին, թե բավական է բաց անել Կ.Պոլսում պառլամենտ, հայտարարել բոլոր հպատակների հավասարությունն օրենքի առաջ, և Թուրքիան կփոխի իր կերպարանքը, կդառնա քաղաքակիրթ ու բարեկարգ երկիր...

Միակ խոշոր քաղաքական կազմակերպությունը երիտթուրքերի կուսակցությունն էր, որ հենց իր սկզբնավորության օրից հայտնի էր դարձել իբրև եվրոպական պառլամենտարիզմը ծածկոց դարձրած հետադեմ իսլամական միտք, որի իդեալներն են պանիսլամիզմը, խալիֆաթը, շարիաթը, համաշխարհային տիրապետությունը: Նա ներկայացնում էր նույն տիրապետող և շահագործող դասակարգերը՝ կալվածատիրությունը և առևտրական բուրժուազիան... Դուրս էր գալիս, որ երիտթուրքերի ողջ ցանկությունն էր տապալել Աբդուլ-Համիդի բռնակալությունը՝ տիրող դասակարգերի բռնակալությամբ այն փոխարինելու համար…

Տարբերությունը, ինչպես ցույց տվեց ապագան, շատ էլ մեծ չպիտի լիներ: Շատ խոշոր հարցերի մեջ (օրինակ, հայերի վերաբերմամբ) երիտթուրքերն իրենց հանդես հանեցին նույնիսկ իբրև Աբդուլ-Համիդի ջերմեռանդ աշակերտներ:
...Եվ պետք է ասել, որ երիտթուրքերն այդ միջոցին վերին աստիճանի ուշադիր էին հայ ժողովրդի վերաբերմամբ և ամեն կերպ փայփայում էին Դաշնակցությանը... Երբ Դաշնակցությունը հոգեհանգիստ նշանակեց հայ հեղափոխական զոհերի հիշատակին, այդ հանդեսին ներկա գտնվեցին դարձյալ բարձրաստիճան երիտթուրքեր, որոնք իրենց ճառերի մեջ մեծարեցին ընկած հերոսներին: Ավելի մանր, առօրյա փաստերը շատ բազմաթիվ էին:

Եվ այսպես, Դաշնակցությունը, մոտենալով երիտթուրքերին, հանդիսանալով նրանց բարեկամն ու գործակիցը, այնպիսի ազդու և կարևոր դիրք էր բռնում Թուրքիայում, որի մասին նա մտածել անգամ չէր կարող առաջներում, անգամ եթե հաջողություն գտնեին նրա հայդուկային-դիվանագիտական անհուսալի արկածները: Նոր դրություն էր ստեղծվում Թուրքիայում: Դաշնակցությանը մնում էր թողնել հին մոլությունները, ոտքից մինչև գլուխ վերանորոգվել և որդեգրել գործունեության նոր եղանակ: Երիտթուրքերի ռեժիմը, ամեն տեսակ ազատություններ տալով հայերին դաստիարակության, պրոպագանդայի շրջաններում, դժկամություն էր հայտնում միայն այն դեպքում, երբ Հայոց հարցն էր հրապարակ բերվում իր հայդուկային գրականության հետ: Հեղափոխության երրորդ օրն էր, կարծեմ, որ «Արևելք» լրագիրը սկսեց արտատպել իր թերթոնի մեջ Րաֆֆու «Խենթը»:

Այս բանը նկատվեց, դժգոհության առարկա դարձավ թուրք թերթերի մեջ, և «Արևելքը» շտապեց դադարեցնել վեպի տպագրությունը՝ ներողություն խնդրելով, որ ազատությունից արբեցած ժամերին այսպիսի մի անպատեհություն էր գործել: Բայց այս, իհարկե, չէր նշանակում, թե «Խենթը» և Րաֆֆու ուրիշ վեպերը ազատ մուտք չունեին Թուրքիա: Նշանակալից էր և մի ուրիշ փաստ: Թե՛ թուրք մամուլի և թե՛ ղեկավարող շրջանների մեջ արծարծվում էր այն միտքը, թե պետք է ոչնչացնել Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածը: Ուզում էին ասել, թե Հայոց հարց չկա, թե նա լուծում է ստանում Թուրքիայի ներքին բարեկարգությունների մեջ. բայց առավելապես անհանգստացնում էր այն, որ այդ հոդվածը կարող էր եվրոպական պետությունների միջամտության առիթ դառնալ. մի բան, որ չէր կարող տանել վերանորոգված Թուրքիան: Սակայն այս առաջարկությունն անկատար մնաց: Հայերը չուզեցին զրկվել իրենց արյունոտ ժառանգությունից:

Սա նշանակում էր, թե կողմերի մեջ կատարյալ անկեղծություն, այնուամենայնիվ, չկար: Իզուր էին մատնանշում, թե թուրքական սահմանադրության վերականգնումից հետո ավելորդ է դառնում [այն], որ Դաշնակցությունը շարունակում է կրել «հեղափոխական» անունը: Դաշնակցությունը չընդունեց այդ և ահա մի նոր առիթ, որ երիտթուրքերը ծուռ աչքով նայեն նրան: Սառնության պատճառ վերջիվերջո պիտի տար և այն հանգամանքը, որ Դաշնակցությունը Թուրքիայում սկսում էր սոցիալիստական գործունեություն, թեև նրա սոցիալիզմն այն էր, որ անմահացրել է Երվանդ Օտյանն իր «Առաքելություն մը ի Ծապլվար» կծու երգիծաբանության մեջ: Երիտթուրքերի կուսակցությունը չէր կամենա, իհարկե, որ իր աջակից և բարեկամ կուսակցությունը նույնիսկ այդքանն էլ անե, այլ կկամենար, որ նա իր պես զուտ օսմանյան-նացիոնալիստական ներշնչումներով լինի տոգորված: Դրությունն անհամության էր հասնում մանավանդ այն դեպքում, երբ դաշնակցականներին հաջողվում էր գործադուլներ կազմակերպել այս կամ այն ձեռնարկության մեջ և այսպիսով գլխացավանք պատճառել երիտթուրքերի կառավարությանը:

Եվ այսպիսով, ապագայի համար հուսատու հանգամանքներ շատ չէին երևում: Դաշնակցությունը չէր գիտակցում, թե ինչ ահագին պատասխանատվություն է վերցրել իր վրա՝ իբրև միակ խոշոր քաղաքական կազմակերպություն, որ իր ձեռքն էր առել ամբողջ հայության ճակատագիրը: Ստեղծագործ միտք նա առաջ չբերեց և այս անգամ, երբ նորից ու նորից հայ ժողովրդի մահվան և կյանքի առեղծվածն էր դրված: Նա էլի շարունակեց հինը՝ հայդուկային կազմակերպությունը և Եվրոպայի՝ արդեն հարյուր անգամ արատավորված պաշտամունքը: Դաշնակցականները (նրանցից ետ չէին մնում և հնչակյանները) զինում էին հայ ժողովրդին, շարունակ պահանջում էին, որ ամենքը զենք ունենան: Եվ այս, իհարկե, տեսնում էին թուրքերը: Ժնևից՝ «Դրոշակի» խմբագրությունից բեռներով Կ.Պոլիս էին ուղարկվում հայդուկային գրականություն և նկարներ:

Այս ապրանքը տարածվում էր մայրաքաղաքում և գավառներում, վերանորոգվում էր հինը, անջատ ազգային ինքնուրույնության գաղափարը ոչ թե չէր թուլանում, այլ ընդհակառակը՝ ավելի և ավելի ուռճանում էր: Դաշնակցությունը մտել էր ամեն տեղ, տիրացել էր բոլոր ազգային, հասարակական, կրթական հաստատություններին: Ազգային ժողովի մեջ նա էր ուղղություն տվողը: Եվ նրա ուժը առաջվա պես հենվում էր զինվորական կազմակերպության վրա: Հաջողություններից ամբարտավանության ծայրը հասած՝ նա երևակայում էր իրեն ռազմական մեծ կարողության տեր, պատրաստ՝ կռիվ սկսելու ամեն տեղ: Ես հիշում եմ այն վրդովմունքը, որ պատճառեց Մալումյանը նույնիսկ Ժնևի դաշնակցական շրջաններին, երբ նա Կ.Պոլսի Ազգային ժողովի նիստում, ողջունելով նորընտիր Իզմիրլյան կաթողիկոսին, խորհուրդ էր տալիս նրան Ռուսաստան գնալուց հետո, կռվել ռուսական բռնակալության դեմ. ասում էր, թե այդ կռվի համար նրա տրամադրության տակ կլինեն Ռուսաստանում եղած դաշնակցական բոլոր ուժերը: Ճիշտ որ, դոնքիշոտությունն ավելի հեռուն գնալու տեղ չուներ:

...Իբրև հայդուկային աշխարհավարության մի բարձր հիմնարկություն՝ «Դրոշակի» խմբագրությունն ամբողջապես իմ աչքի առջև էր: Ես տեսա անհավասար, հուսահատական կռվի շատ դրվագները՝ ոգևորություն, հերոսություն, ապարդյունություն: Եվ սա գալիս-հասնում էր այն դիվանագիտական «ռեդինգոտին», որ տանում էր այս փոքրիկ տնակից չափահաս և խելահաս համարված մարդկանց՝ իմպերիալիստական գայլերից ողորմություն մուրալու…

Դաշնակցության այս դեմքը միանգամայն լավ լուսավորված էր: Հետաքրքրական էր տեսնել մյուս դեմքը՝ սոցիալիստականը: Ես այդ էլ տեսա: Դաշնակցությունը մտել էր Երկրորդ ինտերնացիոնալի մեջ՝ ռուսական էսէռների փեշի տակ: Երաշխավոր-հսկողի հարկավորություն կար, և այդ դերը կատարում էր Ժնևում ապրող հայտնի էսէռ Վ. Լունկևիչը: Հենց որ նկատում էր, թե «տղերքը» հակասոցիալիստական շեղումներ են անում, իսկույն գնում էր «Դրոշակի» խմբագրություն և, շեմքից դեռ ներս չմտած, ասում էր երևանցու շեշտով. «Էս ի՞նչ ա»: Բացատրություններ, մեկնություններ… Լունկևիչը ծանր շարժում էր գլուխը, իր պահանջներն էր դնում և հիշեցնում, որ էսէռական կուսակցությունն է երաշխավորը Ինտերնացիոնալի առաջ: Եվ այսպես մտրակելով էր նա պահում Դաշնակցությանը սոցիալիզմի հարթոցի վրա...

Բայց ինչ էլ լիներ, սոցիալիզմը չէր բռնում դաշնակցական հողի վրա, և շուտով էլի Լունկևիչն ավելի մի ծանրակշիռ առիթ էր ունենում իր «Էս ի՞նչ ա»-յով գնալ «Դրոշակի» խմբագրատուն: Բուլղարիան օգուտ քաղելով թուրքական հեղափոխությունից՝ իրեն անկախ հռչակեց: Մի օր Ժնևի լրագրերում տեղեկություն տպվեց, թե հարաբերություններն այս առիթով այնքան լարվել են Թուրքիայի և Բուլղարիայի միջև, որ պատերազմ է սպասվում, և Դաշնակցությունը խոստացել է թուրք կառավարությանը՝ նրա տրամադրության տակ դնել իր բոլոր զինված ուժերը: Տեղեկության այս երկրորդ կեսը սաստիկ զայրույթ պատճառեց Ժնևի բուլղար ուսանողությանը: Լրագրերում սաստիկ հարձակողական հոդվածներ տպվեցին հայերի և նրանց հեղափոխական կուսակցության դեմ: Այս բավական չէր, կայացավ բողոքի միտինգ. Դաշնակցությունը դատապարտվում էր մանավանդ այն պատճառով, որ իրեն սոցիալիստական կուսակցություն է անվանում և, սակայն, պատրաստվում է կռվել մի ուրիշ ազգի ազատության դեմ:

Աղմուկը շարունակվեց՝ մինչև որ հետագա լուրերը եկան հանգստացնելու բուլղար ուսանողներին: Ո՛չ Թուրքիան պատերազմ հայտարարեց Բուլղարիային, ո՛չ էլ Դաշնակցությունը միացրեց իր զինական ուժերը թուրքական բանակին:

...Թուրքական հեղափոխությունից ամիսներ առաջ, 1907-1908-ի ձմռանը, հարաբերությունները Ռուսաստանի և Թուրքիայի մեջ այնքան էին լարվել, որ պատերազմը գրեթե անխուսափելի էր համարվում: Թուրքական զորքերը կուտակվում էին սահմանի մյուս կողմում, ռուսներն էլ մեծամեծ պատրաստություններ էին տեսնում Ալեքսանդրապոլի և Կարսի երկաթուղիների վրա: Այդ ժամանակ էլ հայտնի դարձավ, որ թեև ռուս կառավարությունը մի կողմից աշխատանք էր թափում Դաշնակցությանը ոչնչացնելու, բայց մյուս կողմից՝ կովկասյան բանակի շտաբն իր ռազմական ծրագրերի մեջ ունի որոշում՝ օգտվելու, պատերազմի դեպքում, դաշնակցական զինվորությունից՝ առաջապահ-հետախուզական ծառայության համար: Շտաբն, իհարկե, միշտ գտնվում էր միայն Թիֆլիսում պահված 7 հազար զինվորների առասպելի ազդեցության տակ: Բայց բանն այդ չէր:

Կարսից Թիֆլիս եկավ շտաբի սպաներից մեկը՝ հատկապես Դաշնակցության հետ բանակցություններ վարելու: Ինձ շատ լավ հայտնի էր, որ այդ սպան դաշնակցական շեֆերի հետ իր ունեցած առաջին տեսակցության միջոցին ասել էր. «Պարոններ, ես զինվոր եմ, քաղաքական հարցերի հետ առնչություն չունեմ և բացարձակապես հայտնում եմ, որ ձեր մարտական ուժերի աջակցությունը մեզ անհրաժեշտ է և շատ ցանկալի: Խոսենք, թե ինչ պայմաններով կարող եք դուք օգնել մեր զորքին»: Սակայն շեֆերն այս անգամ գովելի խոհեմություն էին ցույց տվել՝ ասելով, թե պատերազմի դեպքում Դաշնակցությունը չեզոք դիրք կբռնի, որովհետև Թուրքիայում ունի մի անպաշտպան ժողովուրդ, որ սրի կքաշվի, և ոչ ոք չի լինի, որ բռնի թուրքի ձեռքը, ինչպես որ չի եղել մինչև այսօր: Համաձայնություն չկայացավ: Ինձ այն ժամանակ մի իրազեկ հայ սպա պատմում էր, թե պատերազմի դեպքում ռուսական ծրագրի առաջին կետերից մեկն է՝ առատությամբ զենք մտցնել Թուրքահայաստան, անթիվ ու անհաշիվ բաժանել հայերին և ապստամբեցնել նրանց:

Այս հանգամանքները թելադրում էին հավատալ, որ Դաշնակցությունը, ինչ էլ լինի, հայտնի դեպքերում պետքական պիտի համարվի ռուսաց կառավարության համար: Այս տեսակետից էր ինձ փոքր-ինչ անբացատրելի երևում այն հալածանքը, որ հարուցվում էր Դաշնակցության դեմ... Ձերբակալվեցին Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը և ուրիշ շատերը: Դաշնակցության արգանդից դուրս եկած միհրանականությունն այժմ սպառնում էր ամբողջապես լափել նրան: Միհրանը բանտարկված էր և մեկիկ-մեկիկ մատնում էր իր նախկին կուսակցական ընկերներին: Բայց չարիքի աղբյուրը միայն նա չէր: Ստոլիպինն արդեն չափազանց հղփացած էր ռեակցիայի հաջողությամբ և վճռել էր տեռորի ենթարկել հայ ժողովրդին... Խուզարկությունները շատացան մանավանդ 1909-ի գարնանը, երբ ձերբակալվեցին Ահարոնյանը և ուրիշ շատերը:

Թվում էր, թե այդ մի ընդհանուր հալածանք է հայ ինտելիգենցիայի դեմ, որովհետև դաշնակցականների հետ ձերբակալվում էին և շատ ոչ դաշնակցականներ, նույնիսկ և Դաշնակցության հակառակորդներ: Խուճապը կատարյալ էր: Գիշերները մարդիկ հանգիստ քուն չունեին: Յուրաքանչյուր ձայն ու թխկոց կարծել էր տալիս, թե եկան խուզարկելու, տանելու: Ամեն մեկը շտապում էր իր գլխի ճարը տեսնել: Կային և այնպիսինները, որոնք դիմում էին անում «հայոց պաշտպան» Վորոնցով-Դաշկովին, որը, սակայն, պատասխանում էր, թե այդ գործի մեջ ինքը որևէ մասնակցություն չունի: Բայց ոչ ոք, իհարկե, չէր հավատում այս չքմեղությանը:

Եվ գիտե՞ք ինչ մեղադրանքով էին այնքան կալանավորություններ կատարվում: Հայ-թուրքական կռիվներին մասնակցելու համար. այն կռիվներին, որոնք ամբողջովին ռուս կառավորության գործն էին և որոնց համար, սակայն, ոչ մի չինովնիկ պատիժ չէր կրում: Թուրքերի դեմ ոչ մի հալածանք չսկսվեց, հալածում էին միայն հայերին, թե ինչու նրանք զենք են վերցրել և իրենք իրենց պաշտպանել: Այսքան ահա անառակ էր Նիկոլայ Բ-ի կառավարությունը: Ինչ խոսք, որ եթե կառավարությունն այդպիսին էր, պատճառն այն էր, որ հենց ինքը Նիկոլայն էլ այդպիսին էր...

Սարսափ և հուսահատություն էր Կովկասի հայության մեջ: Իսկ սահմանից այն կողմ՝ Թուրքիայում, հանդարտություն և ազատություն էր: Դիրքերը փոխվել էին: Մինչ այդ Թուրքիայից հալածվածները Ռուսաստան էին փախչում, այժմ Ռուսաստանից խմբերով փախչում էին Թուրքիա և այնտեղ ապահովություն և պաշտպանություն գտնում: Կ.Պոլիսը լցված էր զանազան տեղերից գնացած հեղափոխականներով, ուսանողներով և այլն: Թիֆլիսից փախած մի խումբ դաշնակցական մտավորականներ հաստատվել էին Էրզրումում և եռանդով գործում էին. բավական ազդեցիկ «Յառաջ» թերթն էին հրատարակում, իրենց ձեռքն էին առել դպրոցական գործը: Էրզրումը կուլտուրական կենտրոնի նշանակություն էր ստացել:

Բայց հանկարծ, անսպասելիորեն, այս գարնանային գեղաժպիտ օրը մթագնեց. սարսափի ձայնն է բարձրանում Կիլիկիայից: 1909-ի գարնանը Աբդուլ-Համիդը հեղաշրջում էր կատարել Կ.Պոլսում՝ ոտքի կանգնեցնելով երիտթուրքերի թշնամի պահպանողական տարրերին, որոնց միացել էին և Կ.Պոլսում գտնված թուրքական զորքերը: Այս լուրն առնելուն պես Սալոնիկի բանակն արշավանք սկսեց Կ.Պոլսի դեմ, եկավ-գրավեց մայրաքաղաքը, վերականգնեց սահմանադրությունը: Աբդուլ-Համիդն այս անգամ գահընկեց եղավ և աքսոր ուղարկվեց Սալոնիկ: Բայց մինչև այդ, քանի դեռ իր արյունոտ գահի վրա էր, այդ հրեշը կատարեց իր վերջին հրեշային ոճիրը՝ հրամանագրելով հայերի ջարդ Ադանա քաղաքում և շրջականերում. մի ջարդ, որին զոհ գնաց մոտ 30 հազար անմեղ մարդ:

Այսպիսով սաստիկ վարկաբեկվում էր Թուրքիայում հաստատված ռեժիմը: Բանից դուրս էր գալիս, որ հեղափոխական մեղրալուսինը լոկ խոսքերից և ծեսերից էր բաղկացած, որ պառլամենտական Թուրքիայում էլ հայ ժողովուրդն ապահով չի կարող համարվել ջարդերից: Երիտթուրքերի կուսակցությունն ամեն ջանք գործադրում էր ցույց տալու համար, որ Ադանան ամբողջովին հին ռեժիմի ոճիրն է: Բայց այս ջանքերը չպսակվեցին կատարյալ հաջողությամբ: Մնացին շատ կասկածներ, որոնք ապացուցում էին, թե երիտթուրքերն էլ անմեղ չեն: Այս ապացույցների շարքին էր պատկանում նախևառաջ այն, որ երիտթուրքերը, նորից իշխանության տիրանալով, ամեն կերպ աշխատում էին խեղդել Ադանայի գործը... Կար և հետզհետե աճում էր այն սոսկալի ողբերգական դրությունը, որ հայերը չէին հասկանում իրենց դիրքը նոր, վերանորոգվող, սահմանադրական Թուրքիայում: Նրանք ազատություն էին ստացել և կարծում էին, թե այդ անծայր և անսահման մի ազատություն է: Երիտթուրքերին նրանք լավ ճանաչել չէին կարողանում...

(շարունակելի)



ՍԱ՞ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

2007 թ. դեկտեմբերից աշխատանքի եմ անցել Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ որպես պահակ: Պարտքի ու պարտականության գիտակցությամբ կատարել եմ իմ գործը: Բայց, ահա մի օր, 2010-ի ապրիլի 6-ին հերթափոխ պահակն ինձ հայտնեց, որ թատրոնի տնօրեն Կոմիտաս Դանիելյանն ինձ ազատել է աշխատանքից: Առաջին հայացքից նրան չհավատացի, կարծեցի, թե կատակ է անում, որովհետև 2 տարի 5 ամսվա մեջ ոչ ոք ինձ չնչին դիտողություն չի արել իմ պարտականությունների մեջ թերանալու համար:

Իսկ աշխատանքից ազատման միակ պատճառն այն էր, որ լրացել էր իմ 63 տարին և անցել եմ տարիքային կենսաթոշակի, Սակայն, երբ նրան հասկացրել են, որ այդ տարիքը պահակի համար պատրվակ չէ՝ աշխատանքից ազատվելու համար, տնօրենը հոխորտացել ու ասել է, որ մի ուրիշ հոդվածով կազատի: Եվ ընթացիկ տարվա մայիսի 5-ին թիվ 10ա հրամանով լրացնում է ապրիլի 5-ի թիվ 8ա հրամանը, ըստ որի ինձ աշխատանքից ազատել է աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 6-րդ և 7-րդ կետերով, այն է՝ աշխատողի կողմից պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

Նա ինձ մեղադրում է, որ հերթափոխի ժամանակ ես ջուր վերցնելիս իբր թափել եմ, բայց երբ նրան հասկացրել են, որ ջուր վերցնելը պահակի պարտականությունների մեջ չի մտնում, նա մի անգամ ևս փոխում է խնդրո առարկա հրամանը: Ի դեպ, նշեմ, որ Կ. Դանիելյանի 05.05.10թ. 8ա հրամանը մշակույթի և երիտասարդության նախարարի 7/4 հրամանով ուժը կորցրած է ճանաչվել: Բայց տնօրեն Կ. Դանիելյանն իր խոսքի տերն է՝ ազատել ինձ աշխատանքից և վե՛րջ:
Այդ անօրինության կապակցությամբ ես դիմել եմ ԼՂՀ նախագահին, վարչապետին, Ազգային Ժողովին, որոնք, ինձ հասած տեղեկության համաձայն, իրենց կարծիքն են հայտնել նախարարությանը, իսկ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը չի կարողացել իրեն ենթակա տնօրենին ազդել:

Ստիպված դիմել եմ նաև ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, բայց իմ հայցադիմումը մերժել են՝ պատճառաբանելով, թե ներկայացված հայցադիմումիս մեջ իբրև չեմ նշել պատասխանողի հասցեն և իմ պահանջը: Դիմել եմ նաև ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան պրն. Յու. Հայրապետյանին:
Թատրոնի տնօրեն Կ. Դանիելյանի անօրինության զոհը դարձած և իմ բախտին արժանացած թատրոնի 10 նախկին աշխատակիցներով կոլեկտիվ դիմում ենք հղել ԼՂՀ նախագահ պրն. Բ. Սահակյանին, սակայն առայսօր Կ. Դանիելյանը շարունակում է մնալ այդ սուրբ օջախի տնօրենը: Եվ այդ կամակոր, կոշտ ու կոպիտ մարդը, որ հաճախ անսթափ վիճակում է գտնվում, աշխատանքի վայրում խմում ու հարբում, ոտնատակ տալիս ղեկավարի բարոյական կերպարը, աջ ու ձախ հպարտությամբ նետում է, որ իբրև թե իր թիկունքում այնպիսի մարդ ունի, որ ոչ ոք չի կարող իր «քեֆին կպչել»:

Այո, մենք երևի այնպիսի ժողովրդավարական երկիր ենք կառուցել, որ այսօր առատորեն վայելում ենք նրա «անուշահամ» պտուղները:
Քանի՜-քանիսն են դառնացած սրտով հեռացել թատրոնից, նրա՝ տնօրեն Կ. Դանիելյանի քմահաճույքների զոհը դառնալով:

Թ. ՄՈՒԽՐԱՆՅԱՆ



ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ԵՐՋԱՆԻԿ ԿՅԱՆՔԻ ԳՐԱՎԱԿԱՆՆ Է

«Ծխելը վնասակար է առողջությանը»,- գրված է գրեթե բոլոր ծխախոտների վրա: Բայց ոչ ոք ուշադրություն չի դարձնում գրվածին, որովհետև շատ քչերը գիտեն, որ ծխելը բացի մարդու կյանքը կրճատելուց բացի նաև առաջացնում է քաղցկեղ, որ անբուժելի հիվանդություն է: Բացի այդ, դժվարացնում է շնչառությունը: Ծխելը թողնելու համար ամենից առաջ անհրաժեշտ է մեծ կամքի ուժ, որովհետև ծխողը հիվանդի նման չի կարողանում պոկվել ծխախոտից:
Մեր օրերում շատերը սկսում են ծխել փոքր հասակից՝ ձգտելով ավելի մեծ, հասուն, ժամանակակից երևալ, կամ ծխում են պարզապես հետաքրքրությունից դրդված: Դեռահասները սկսում են ծխել առանց մտածելու իրենց առողջության մասին: Տարեցտարի ավելի ու ավելի է մեծանում ծխող երիտասարդների թիվը: Նրանց մեծամասնությունը ծխել սկսում է 14-15 տարեկանից, ոմանք՝ նույնիսկ 10-11 տարեկանից:

Իսկ թե ինչուն են ծխում դեռահասները՝ փորձեցի պարզել հենց իրենցից: Պատասխանները եղան տարբեր ու բազմազան: Ոմանք ասում են, որ ծխում են, որովհետև իրենց շրջապատում ծխում են բոլորը, ոմանք էլ ծխում են առնական եւ տպավորիչ երևալու համար...
Դեռահասները ծխում են իաեւ, որպեսզի շրջապատին ապացուցեն, որ մեծացել են, նրանք փորձում են ապացուցել, թե ինքնուրույն են, բայց մի՞թե մեծանալն ու ինքնուրույնությունը հնարաոր չէ ապացուցել այլ գործերով:
Ծխախոտը՝ չարիքներից վատթարագույնը, վերջերս համառորեն հավակնում է դառնալ դպրոցականի «անբաժան ընկերը»՝ մտահոգություն ու ցասում առաջ բերելով ծնողների մոտ:

Իսկ ի՞նչ են մտածում այս հարցի շուրջ մանկավարժները: Ոմանք գտնում են, որ դեռահասների ծխելու պատճառներից է ծնողների անվերահսկելիությունը և շրջապատի ազդեցությունը:
Ծնվում են տարբեր հարցեր, որոնց պատասխանները դժվար է տալ: Հաստատ չենք կարող ասել՝ ծնո՞ղն է մեղավոր, թե՞ չէ: Բայց, որ ծնողների մեծ մասն ամեն առավոտ դրամ է տալիս երեխաներին՝ չկասկածելով, որ այն ծախսվելու է ծխախոտի համար, միանշանակ գիտենք:

Վերջին շրջանում հաճախ ենք հանդիպում ծխող կանանց և աղջիկների: Բացի ծխախոտի վնասակար հատկանիշներից, հարկ է նշել, որ ծխելը հարիր չէ հայ կնոջն ու աղջկան: Ծխելը վտանգավոր է կանանց առողջության համար, հատկապես հասունացման շրջանում, ինչպես նաև հղի կանանց: Երեխաները կարղ են ծնվել արատներով, թուլակազմ և մտավոր հետամնաց:
Ծխող մառդկաց մոտ հոգեբանները բացահայտել են, որ ունենում են ծանր բնավորություն, այդպիսի մարդիկ հակված են դեպի հանցագործությունները, կայուն հարաբերություն չունեն ընտանիքում, բացակայում են ծնող-երեխա հարաբերությունները:

ԱՆԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



ՄԻ՛ ՍՏԵՔ, ՄԱՐԴԻԿ

Ասում են՝ ճշմարտությունը դառն է: Դեղն էլ դառն է, բայց բուժում և ամոքում է մեր ցավերը: Սակայն հաճախ ճշմարտության շողերով մթության փարատման դժվարությունը մարդուն մղում է ստին՝ ճշմարտության կորստաբեր հետևանքները չկրելու համար:
Անշուշտ, դժվար է մեր օրերում տիպարային շողարձակումով անձեր գտնել, այնքա՜ն հազվագյուտ են նրանք, չհաշված բացառիկ նրանք, ովքեր ճառագում են իրենց վեհանձնություններով՝ մարդասիրական նվիրաբերումների մեջ:

Գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տալիս, թե որքան մարդ կրթված է, այնքան ավելի շատ է ստում: Բարձրագույն կրթությունը մարդկանց տալիս է անհրաժեշտ բառապաշար և վստահություն, դրա համար էլ սուտ խոսելը դառնում է ավելի հեշտ և ասված ստերն էլ ավելի իրական են թվում: Բրիտանիայի նախկին նախարար Էդվին Կերրին գրում է, որ խորհրդարնում շատ քիչ մարդ կար, որ չէր ստում: Ապացուցված է նաև այն փաստը, որ տղամարդիկ առավել շատ են ստում, քան կանայք՝ հատկապես դատարկ բաներում:

Այն հարցին, թե նոր և լավ աշխատանքի անցնելու համար կստե՞ք, արդյոք, տղամարդկանց 68%-ը, կանանց 62%-ը պատասխանել են դրական:
Մարդկության հեռավոր երազանքներից մեկը սուտը ճշմարտությունից տարբերելն է: Սակայն, ցավոք, դժվար դա հնարավոր լինի, քանի որ մարդ հաճախ չի կարողանում նույնիսկ տարբերել սեփական հորինվածքը՝ իրականությունից: Ծնողները պետք է հենց փոքր տարիքից սովորեցնեն իրենց երեխաներին չստել:

Համենայնդեպս, որպեսզի հնարավոր լինի տարբերել իրականը հորինվածքից, հարկավոր է ուշադրություն դարձնել խոսակցության ժամանակ մի քանի նշանների, որոնք անկախ իրենց կամքից, ցուցաբերում է խոսակիցը, եթե իհարկե պրոեֆեսիոնալ ստող չէ և չի տիրապետում հոգեբանական հնարներին՝ իր սուտը թաքնելու համար: Բայց ամեն դեպքում հարկավոր է զգույշ լինել և ժամանակից շուտ ենթադրություններ չանել:
Շերլոկ Հոլմսը նույնիսկ մի անգամ կասկածեց մի աղջկա ստախոսության մեջ՝ նրա ժեստն ընդունելով ճշմարտությունը թաքցնելու փորձ, սակայն ավելի ուշ պարզվեց, որ ուղղակի աղջիկն ամաչում էր իր մեծ քթից: Դրա համար ստի բացահայտումը նաև անհատական մոտեցում է պահանջում:

ԳԱՅԱՆԵ ՍԵՎՈՒՄՅԱՆ
ժուռնալիստիկա, 4-րդ կուրս



ԱՐԵՎՄՈՒՏՔՆ ԸՆՏՐՈՒՄ Է ԲՆԱԿԱՆ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՄԲ ԿԱՆԱՆՑ

ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում հարցված 10 հազար տղամարդկանցից ամեն 10-րդն ասել է, որ ինքը նախընտրում է կոսմետիկա չօգտագործող կանանց, յուրաքանչյուր 5-րդի կարծիքով՝ ցանկալի է, որ կանայք մաշկագույն դիմափոշի օգտագործեն: Տղամարդկանց հատկապես վանում են չափազանց վառ շրթներկը, կեղծ թարթիչները և շուրթերն ուրվագծող մատիտը: Ամերիկացի և անգլիացի տղամարդկանց մեծամասնությունը սիրում և գնահատում է կնոջ բնական գեղեցկությունը:



ՆԻՍՏԵՐՆ ԷԼ Է ԶՈՒԳԱՐԱՆԻՑ ՎԱՐԵԼՈՒ

Մարտի 1-ի խորհրդարանական հաձնաժողովը ղեկավարած ու խայտառակ զեկույց պատրաստած ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը, որ դրանից հետո դարձավ ԱԺ փոխխոսնակ, երբ մեր թղթակիցը մոտեցել է և խնդրել, որ իր հարցերին պատասխանի, մի քանի պատգամավորի ներկայությամբ փորձել է «կռուտոյ» երևալ ու երիտասարդ աղջկան առաջարկել է՝ «գնամ զուգարան, արի էնտեղ հարցերդ տուր»: Այս «զուգարանային խոսնակի» մոտ թերևս ուղեղի փոխարեն ստամոքսն է աշխատում: Լափելու և մարսելու պրոցեսը ընդհանրապես ՀՀԿ-ականների կյանքում ամենակարևոր պրոցեսն է, և ԱԺ-ում նրանց գործունեությունը սահմանափակվում է բուֆետից զուգարան գնալով:
«Հրապարակ», Երևան



Համարի ասույթը

Չկա ավելի մեծ խայտառակություն, քան պատերազմի դաշտում՝ կենաց ու մահու կռվում հաղթել թշնամուն, բայց պատերազմի ավարտից հետո խաղաղ բանակցասեղանի շուրջ ամոթալի պարտություններ կրել:


Ամսվա ասույթը

Պղպջակները միշտ ջրի երեսին են լինում, որովհետև շատ թեթև են, ճշմարտությունն ավելի հաճախ այդպես էլ մնում է ջրի տակ, որովհետև շատ է ծանր:

Комментариев нет:

Отправить комментарий