11.9.12

N 8 (41) (2012)


ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1. 
ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ







ԱՅՍ «ՀԱՂԹԱԹՈՒՂԹՆ» ԷԼ ՀԵՉ

Հայոց քաղաքական բուրգը, ցավոք, մի անգամ ևս վերահաստատեց, որ «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում»-ը մնացել է անցյալում, իսկ ազգային արժանապատվությունը, հպարտությունը քշվել են Հայոց լեռներից այնկողմ։ Ճիշտն ասած, մեր, այսպես կոչված, դիվանագետների բախտը բերել է, որ մեր արտաքին թշնամին ազերի-թուրքն է։ Վերջին 20 տարում մեր քաղաքական վերնախավին նրանք բազմիցս առիթ ու հնարավորություն են տվել համարձակ ու ճիշտ քայլեր ձեռնարկելու Արցախի հարցում, սակայն մեր վայ-քաղաքագետները վիզները ծուռ, հանգիստ նստել, սպասում են, թե ռուսիա-ամերիկա-եվրոպաներից ինչ հրահանգներ են տրվելու։

Ազերիները հերթական առիթը տվեցին՝ կապված ոճրագործ Ռ. Սաֆարովին ներում շնորհելու, նրան 8 տարվա աշխատավարձ, բնակարան ու մայորի կոչում շնորհելու հետ։ Փոխանակ Հունգարիայի հետ պետական հարաբերությունները խզելու կամ հունգարական դրոշ այրելու, անհրաժեշտ էր վերջապես գետնից բարձրացնել ոտնատակ ընկած ազգային արժանապատվությունը և կոնկրետ որոշումներ կայացնել։

1. Ամենահարմար պահն էր, որ ՀՀ վերնախավը հայտարարեր, որ դուրս է գալիս բանակցային գործընթացից, քանզի այլևս չի կարող բանակցել մի երկրի հետ, որը պետականորեն խրախուսում է հայերի սպանությունը, հրապարակավ հերոսացնում հայասպան մարդասպանին, ոճրագործին։

2. Ճանաչեր Արցախի անկախությունը (իհարկե, ցանկալի է, որ տեր կանգներ 1989 թ. միացման որոշմանը, բայց դրա համար ՀՀ քաղաքական վերնախավի քաջությունը հազիվ թե հերիքեր)։

Բայց, ցավոք, ստիպված եղանք փաստել, որ ազերի-թուրքերի բախտը ևս բերել է, որ նրանց հակառակորդը գետնաքարշ հայ դիվանագիտությունն է... Իշխանության ներկայացուցիչ Էդ. Նալբանդյանը շտապեց անմիջապես հայտնել, որ «Պաշտոնական Երևանը բանակցությունները դադարեցնելու մտադրություն չունի»։ Իսկ ԼՏՊ-ՀԱԿ-ական Լ. Զուրաբյանը ՀՀ ԱԺ ամբիոնից հայտնեց, որ Արցախի ճանաչումն «այս պահին այն քայլերից է, որն անմիջապես կպայթեցնի բանակցային գործընթացը, որովհետև, եթե Հայաստանը ճանաչում է ԼՂՀ անկախությունը, ուրեմն այլևս բանակցելու որևէ խնդիր չի մնում... Դա կնշանակի, որ Հայաստանն իր ձեռքով կտապալի բանակցային գործընթացը»։

Նա և նրա կուսակիցներն, իհարկե, շատ լավ գիտեն, թե ինչ կա բանակցասեղանին։ Նրանք լավ գիտեն, որ բոլոր այդ փաստաթղթերը վերաբերում են հայկական կողմից միակողմանի զիջումներին ու նշանակում են Արցախի վերջ։ Ու հենց դրա համար էլ նա և նրա նմանները գտնում են, որ պետք է շարունակել բանակցությունները... Հետո դա կօգտագործեն ներկա իշխանություններից ազատվելու համար, ապա երբ իշխանության գան իրենք, այլևս «Արցախյան գլխացավանք» չի լինի...

Եվ ՀՀ ԱԺ-ն ընդունեց հայտարարություն, որտեղ 3-րդ կետում ասվում է. «Ադրբեջանում պետական մակարդակով հայերի հանդեպ արմատավորված ատելության մթնոլորտը վերահաստատում է այն իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում»։

Այսինքն՝ եթե Սաֆարովին չհանձնեին Ադրբեջանին ու չհերոսացնեին, Արցախը կարող էր լինել Ադրբեջանի կազմո՞ւմ։ Այսպե՞ս ենք օգտագործում Ադրբեջանի հիմար քայլով մեր ձեռքը տրված «հաղթաթուղթը», որի մասին հայկական մամուլը օրեր շարունակ շեփորում էր։
Խե՜ղճ Արցախ։ Ե՛վ ձախից, և՛ աջից, և՛ վերևից ու ներքևից են խփում, դրան հավելած՝ մի լավ էլ թիկունքից... Ու դեռ ապրում է...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՇԱԽՄԱՏԻ ԵՌԱԿԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆ

Ստամբուլում ավարտվեցին Շախմատի Համաշխարհային օլիմպիադայի խաղերը։ Հայաստանի հավաքականի փառահեղ հաղթանակով: Հայկական թիմն արդեն երրորդ անգամ նվաճեց ոսկե մեդալն ու դարձավ Օլիմպիական չեմպիոն: Վերջին տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը իր ուժերն էր չափում Հունգարիայի հավաքականի հետ, որն ավարտվեց 2.5 ։ 1.5 հաշվով։Մեր հավաքականի կազմում հաղթական միավորը բերեց Սերգեյ Մովսիսյանը, թիմի մեր մյուս երեք մասնակիցները՝ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը իրենց խաղն ավարտեցին ոչ-ոքիով:
 Զուգահեռաբար ընթացող հանդիպումներում ռուսները 3։1 հաշվով հաղթեցին գերմանացիներին, իսկ ուկրաինայի հավաքականը 3։1 հաշվով հաղթեց չինացիներին եւ հայտնվեցին երրորդ տեղում:

Հիշեցնենք, որ այս տուրից առաջ Հայաստանը Չինաստանի և Ռուսաստանի հավաքականների հետ ուներ 17 միավոր: Լրացուցիչ միավորներով մեր հավաքականը երկրորդ տեղում էր, իսկ առաջատարը Չինաստանն էր:
Այս խաղի արդյունքում Ռուսաստանի և Հայաստանի ընդհանուր միավորները կրկին հավասար էին՝ 19, և միայն լրացուցիչ միավորներով մեր հավաքականը նվաճեց վերջնական հաղթանակ:
Հետաքրքիրն այն է, որ մրցաշարն անցկացվում էր Թուրքիայում, և վերջին վճռորոշ տուրում Հայաստանը հաղթեց Հունգարիային ու դարձավ չեմպիոն...




ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԱՌԱՋԻՆԸ ՃԱՆԱՉԻ ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ»

Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմադոս) սեպտեմբերի 4-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է, որ Հայաստանը պետք է առաջինը ճանաչի ԼՂՀ անկախությունը: Ըստ Կոմանդոսի՝ խաղաղությունը մեզ համար ավելի ձեռնտու է, սակայն եթե պատերազմ եղավ՝ հաղթանակը մերը կլինի: Խոսելով մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Ալիևի կողմից ներում շնորհվելու մասին, Արկադի Տեր-Թադևոսյանը ասաց, որ դա նախապես ծրագրավորված քայլ է եղել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Կոմանդոսի կարծիքով այս ամենն արվում է Ալիևի վարկը ադրբեջանական հասարակության մեջ բարձրացնելու համար: Նրա համոզմամբ՝ Սաֆարովի էքստրադիցիան և դրանից հետո ստեղծված իրավիճակը մեծացնում են արցախյան պատերազմի վերսկսման հնարավորությունը:
«Ես արդեն զգում եմ վառոդի հոտը։ Միակ ելքն այս իրավիճակից այն է, որ Հայաստանը կարողանա մի քանի քայլ առաջ հաշվարկել Ադրբեջանի քայլերը, որ այլևս թույլ չտանք նրանց նման գործողություններ»,- նշել է նա։

Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը մտավախություն ունի, որ Ադրբեջանը կվերացնի Սաֆարովին, քանի որ նա Ադրբեջանին այլևս պետք չէ և կեղտը Հայաստանի գլխին կկապի. «Մենք պետք է բոլոր տարաձայնությունները մի կողմ դնենք, միանանք և ճիշտ քայլ անենք, չթողնենք, որ թշնամին պրովոկացիաներ անի։ Ադրբեջանը և Թուրքիան մտածում են երկրորդ քայլն անել: Նրանք արդեն ծրագիր ունեն: Իրենք նայում են, թե ինչ է կատարվում Հայաստանում, իսկ այն, ինչ կատարվում է՝ իրենց շատ ձեռնտու է, ինչպես շախմատում իրենք հիմա մտածում են ապագա քայլերի մասին: Առաջին քայլով հենց Ադրբեջանը մի քանի հարցեր է լուծում: Իմ կարծիքով՝ Ադրբեջանի մյուս քայլը Սաֆարովին վերացնելը կլինի: Մի հայ կգտնեն ու կասեն, որ մեր հերոսին հայը վերացրել է: Ադրբեջանին Սաֆարովն այլևս պետք չէ, նա իր գործն արդեն արել է, իսկ հիմա գլխացավանք է Ադրբեջանի համար: Ես վախենում եմ, որ միջազգային հանրությանը կհամոզեն, որ Սաֆարովին սպանել է հայը»,- նշել է Տեր-Թադևոսյանը:
times.am





Հայաստանյան և արտասահմանյան մամուլի էջերից..

Սեպտեմբերի 7-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի հատուկ նիստ՝ նվիրված Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնամուտին: Երդման արարողությունից հետո Նախագահ Սահակյանը հանդես է եկել ելույթով:
17-րդ դարի Ավետարանի և ԼՂՀ Սահմանադրության վրա երդում տալով ժողովրդին, նախագահ Բակո Սահակյանը նշել է. «Երդվում եմ՝ անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ի բարօրություն մեր ժողովրդի»:

Միջոցառմանը ներկա էին նաև ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ կառավարական պատվիրակությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ, Ռուսաստանում հայրապետական պատվիրակ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի հանրապետությունների պատվիրակությունները, հյուրեր ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Մերձավոր արևելքից։
Երդման արարողությունից հետո Բակո Սահակյանը Վերածննդի հրապարակում ընդունել է հանրապետության զինված ուժերի զորահանդեսը։



ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատում կառավարության վերջին հինգ տարվա գործունեությունը:
Սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով իր պաշտոնավարման տարիների ցուցանիշները, վարչապետը նշեց, որ կառավարությանը վերջին հինգ տարիներին հաջողվել է պահպանել համախառն ներքին արդյունքի տարեկան աճը և նույնիսկ այն հասցնել երկնիշ թվի։ Վարչապետի խոսքով, Ղարաբաղը փորձեր է կատարել ինքնաբավ դառնալ պարենային անվտանգության և էներգետիկ առումներով, բոլոր ուղղություններում մակրոցուցանիշների մասով պահպանվել է կայուն տնտեսական աճ։ Հաշվի առնելով այս ամենը՝ Արա Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել աշխատել վերընտրված նախագահի հետ ցանկացած պաշտոնում։

Հաջորդ հինգ տարիներին, վարչապետի կանխատեսումներով, ԼՂՀ տնտեսության աճը հիմնականում ապահովվելու է հանքարդյունաբերության շնորհիվ:
«Առաջիկա տարիների նոր կառավարության համար հիմնական մուտքերի ապահովող ուղղությունը պետք է լինի հանքարդյունաբերությունը։ Այդ առումով ստեղծված են բոլոր նախադրյալները հանքարդյունաբերության զարգացման համար՝ Ծաղկաշեն, Կովսական, Շահումյանի շրջան, աշխատանքներ ենք տանում Զարդարաշեն գյուղի տարածքում և որոնողական հետազոտական աշխատանքներ ենք կատարում»։
Վարչապետը, ով չնայած գոհ է կառավարության գործունեությունից, միևնույն ժամանակ տեղեկացրեց, որ կադրային փոփոխություններ կառավարությունում սպասվում են՝ «Ու այդքան էլ քիչ չի լինելու ինչքան ես գիտեմ նախագահի տեսակետները իմանալով»։



Միջազգային Խաղաղության Կարնեգի Հիմնադրամի ավագ մասնագետ, Արցախյան պատերազմի մասին «Սև պարտեզ» գրքի հեղինակ Թոմաս դե Վաալը BBC-ի կայքում հրապարակած նյութում նշում է, որ Ադրբեջանը վերջին տարիներին միլիոնավոր նավթադոլլարներ է ծախսել՝ ներկայացնելու սեփական երկիրը որպես ժամանակից քաղաքակիրթ պետություն, Ադրբեջանը դարձել է ՄԱԿ Անվտանգության Խորհրդի անդամ, իսկ Բաքվում անցկացվել է Եվրատեսիլ հեղինակավոր երգի մրցույթը: Սակայն Ադրբեջանի վերջին քայլը բերեց նրան, որ երկրի հեղինակությանը հասցվել է հսկայական վնաս:

Անդրադառնալով Ռ. Սաֆարովի կատարած սպանության նախապատմությանը՝ դե Վաալը նշում է, որ ժամանակին ոմանք Սաֆարովին հռչակեցին հերոս, ոմանք հակառակը քննադատում էին: Սակայն այժմ վերադառնալով Ադրբեջան ու Ալիևի կողմից ներում ստանալով՝ Սաֆարովը դարձավ համայն Ադրբեջանի հերոս: Իրավիճակը ծայրահեղ կերպով փոխվել է, ու դրա հետևանքները կանխագուշակել այժմ չափազանց բարդ է:
Դե Վաալը նշում է, որ անձամբ ճանաչում է բազմաթիվ ադրբեջանցիների, ովքեր իրենց պետությունից անկախ փորձեր էին ձեռնարկում հայերի հետ հարաբերություններ հաստատելու, ու այժմ այդ բոլոր փորձերը ձախողված կարելի է համարել:
Ըստ նրա՝ Սաֆարովի ընդունելությունը Բաքվում հուշում է, որ իրավիճակը ավելի շուտ գնում է դեպի պատերազմ, քան խաղաղության:
emedia.am



«Կիպրոսը հունական է, Ղարաբաղը՝ հայկական»։ Ահա այսպիսի պաստառ է բարձրացվել Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի շրջանակներում կայացած Կիպրոսի ԱՊՕԷԼ-ի և Ադրբեջանի Նեֆթչի հանդիպման ժամանակ: Հանդիպխման ժամանակ տրիբունաներում բարձրացվել է պաստառ, որի վրա անգլերենով գրված է եղել «Կիպրոսը հունական է, Ղարաբաղը՝ հայկական»:
slaq.am



Ողբերգություն է տեղի ունեցել ֆուտբոլի Շվեդիայի առաջնության երկրորդ դիվիզիոնի «Պիտեո»-«Ումեդալենս» հանդիպման ժամանակ: Հանդիպման սկզբնամասում «Պիտեո»-ի խաղացող 29-ամյա Վիկտոր Բրանստրոմը, դառնալով գոլի հեղինակ, վայրկյաններ անց մահացել է: Նա նախ նստել է խոտածածկին, այնուհետ վայր ընկել և կորցրել գիտակցությունը: Հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Բրանստրոմը մինչ այս հանդես է եկել Շվեդիայի հեղինակավոր «Հելսինկբորգ»՝ թիմում, խաղացել բարձրագույն դիվիզիոնում:
mamul.am



Ստեփանակերտի Տեղեկատվական կենտրոնում տեղի է ունեցել վերլուծաբան Արտակ Բեգլարյանի մամուլի ասուլիսը: Ըստ Բեգլարյանի, նպատակը Հայաստանի հասարակության և իշխանությունների վրա ճնշումներ գործադարելն է, հասարակության հոգեբանության վրա ազդելը. «Ալիևը ատամ է ցույց տալիս և՛ Հայաստանին, և՛ միջազգային հանրությանը, թե՝ ձեր խոսքը ընդհանրապես ինձ համար կարևոր չէ, ես կարող եմ ձեր ասածի հակառակը կատարել: Այսինքն՝ իրենց ավանդական հռետորիկայի տրաբանության սահմաններում է այս քայլը»:
Վերլուծաբանը գտնում է, որ չնայած նրան, որ հրեշավոր քայլ է կատարվել, Հայաստանը պիտի հնարավորինս օգտագործի այս քաղաքական «պարգևը»:

Հայաստանի հիմնական անելիքները Բեգլարյանը երեք կետով է առանձնացնում. «Առաջին՝ բանակցություններում հայկական կողմի դիրքորոշման խստացում: Երկրորդ՝ միջազգային արենայում Ադրբեջանի ինտենսիվ սպառազինությունների ձեռքբերման վրա սահմանափակումների ու պատժամիջոցների սահմանման ուղղությամբ աշխատանքներ: Երրորդ՝ քարոզչական դաշտում Ադրբեջանի իշխանությունների և հետևաբար՝ հասարակության մեջ տիրող հակահայկական տրամադրությունների վերհանում, ցույց տալու համար Ադրբեջանի բուն էությունը Ղարաբաղի կոնֆլիկտի նկատմամբ»:
Բանակցությունների խստացման տեսանկյունից, Բեգլարյանը մի քանի քայլ է առանձնացնում, որոնք Հայաստանը կարող է կատարել. «Դա Արցախի հանրապետության անկախության ճանաչումն է, որ բավականին հավանական տարբերակ է: Նաև բանակցություններից բոյկոտումը ինչ-որ նախապայմաններով, և նախապայմանը ապահովելուց հետո, կարող են նորից վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»:
Սեփ. լրատ.




ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲՈԺԿՈ. «ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ ԱՆՀԱՄՈԶԻՉ ԵՆ»

Նախքան Սաֆարովին հանձնելու մասին որոշում կայացնելը, հունգարական կառավարությունը պետք է Հունգարիայի և Հայաստանի ԱԳՆ-ների միջև պաշտոնական կամ ոչ պաշտոնական խորհրդակցություններ նախաձեռներ: Analitika վերլուծական գործակալության հետ հարցազրույցում այս մասին հայտնել է Հայաստանում Ուկրաինայի առաջին դեսպան Ալեքսանդր Բոժկոն:
«Դժվար չէր գուշակել, թե նման քայլն ինչ արձագանք կառաջացնի Հայաստանում, եթե անգամ Ալիևը ներում չշնորհեր մարդասպանին: Առավել ևս որ, դատելով ամեն ինչից, այդ հարցը մշտապես առկա է եղել հայ-հունգարական հարաբերություններում»,- նշել է նա:

«Նման խորհրդակցությունների ժամանակ, դիտավորյալ, հասցեագրված տեղեկատվության արտահոսքը դիվանագիտական համընդհանուր կանոն է, որին հաճախ են դիմում իրենց բարեկամ անվանող և լավ հարաբերությունները պահպանել ձգտող երկրները:
Այդ պատճառով հունգարական ԱԳՆ-ի կողմից ներկայացված փաստարկները՝ ադրբեջանական կողմից միջազգային կոնվենցիայի իրագործման պատրաստակամության մասին հավաստիացումներ ստանալու վերաբերյալ, որոնք իբր Հունգարիային դրդեցին մարդասպանին փոխանցել, անհամոզիչ են թվում, եթե ոչ՝ տարօրինակ»,- ասել է Ալեքսանդր Բոժկոն:
Lratvakan.am

«ՆՈՐ ԷՋԻ» ԿՈՂՄԻՑ. Սեպտեմբերի 2-ին՝ ԼՂՀ անկախության օրվա կապակցությամբ, Վարդգես Օվյանի «Ֆեյսբուքի» էջում Ալեքսանդր Բոժկոն գրել է.
 «Շնորհավորում եմ, Վարդգես ջան, թող ծաղկի ազատ Արցախը»:




ՍՏԵՂԾՎԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ՝ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ»

Սեպտեմբերի 9-ին Շուշիում տեղի է ունեցել «Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի ժողովը: Ժողովում քննարկվել են մի շարք կազմակերպչական հարցեր, մասնավորապես տարածքային կառույցների ստեղծման վերաբերյալ: Նոր քաղաքացիական շարժման նախաձեռնողների թվում են ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը, Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Գրիգորի Հայրապետյանը: Նախաձեռնող խումբն ընդունել է հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է.

«Արցախյան շարժումը ոչ միայն Հայաստանի հետ վերամիավորվելու շարժում էր, այլև արժանապատիվ կյանք ունենալու և հայրենի հողում սեփական իրավունքների իրացման գործընթաց:
1988թ.-ից առ այսօր կան խնդիրներ, հատկապես արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ, որոնց լուծման համար հարկավոր է նոր համախմբում և քաղաքացիական մեծ պատասխանատվություն:
Այսօր մեր հասարակությունը բախվել է լրջագույն ներքին մարտահրավերի՝ պետական կյանքից քաղաքացիների համընդհանուր օտարվածությանը և սահմանադրական օրինականության ոտնահարմանը... Հանրության կողմից իշխանության անվերահսկելիությունը հանգեցրել է պետական միջոցների յուրացմանն ու փոշիացմանը, մեծ չափերի հասնող կոռուպցիային, կամայականություններին և ազգային հարստության անարդար տնօրինմանը...

Քաղաքացիական այս շարժումը նպատակադրված է ամենայն վճռականությամբ ձեռնամուխ լինել արցախյան հանրության հոգևոր և քաղաքական կյանքի առողջացմանը և ժողովրդի գլխավոր քաղաքական գործառույթի՝ օրինական ընտրությունների միջոցով պետական իշխանությունը ձևավորելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը...
«Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժումը համերաշխության, միասնության և համագործակցության կոչ է հղում Արցախի բոլոր գիտակից ու պատրաստակամ քաղաքացիներին՝ միասնաբար և վճռականորեն գործելու հանուն ժողովրդի սահմանադրական իրավունքի հաստատման և ի նպաստ հիմնարար ազգային խնդրի՝ ազատ, իրավական և պաշտպանունակ պետության զարգացման:

«Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժումը համագործակցելու պատրաստակամություն է հայտնում Արցախում, ՀՀ-ում և Սփյուռքում մեր մոտեցումներին և սկզբունքներին համախոհ բոլոր հայրենակիցների հետ, որոնց կոչ է անում առավել լայն և նախանձախնդիր կերպով մասնակցել արցախյան պետականաշինությանը և Մայր Հայրենիքում Հայոց պետականության պաշտպանության և հզորացման համազգային առաքելությանը: Էլ.փոստ: sahmanadrakan.artsakh@gmail.com




ՈՂՈՐՄԵԼԻՈՒԹՅԱՆ «ՇՔԱՀԱՆԴԵՍ»

Որ «ազերպրոպ»-ը ռամիլսաֆարովյան «տոնախմբությունները» ներկայացնելու է իբրեւ «հերթական հաղթանակ», կասկածից դուրս էր: Դա բնական է մի երկրի վարչախմբի համար, որը իրական պարտություններից տասնամյակներ անց էլ ուշքի չի գալու: Հին իմաստնությունը ամենաողբերգական է գնահատում այն մարդուն, որը «չգիտի, որ չգիտի»: Ասված է իլհամալիեւների համար: Ռամիլսաֆարին ներում շնորհելու եւ «պանծացնելու» նրա որոշումը միանշանակորեն բնութագրում է ցածրակարգ «վրիժառուի» նրա բուն էությունը:

Ամեն ինչ արված է ոչ թե հանուն «ադրբեջանցի սպայի», այլ՝ ի հեճուկս հայ ժողովրդի: Եվ այդ մարտահրավերը պետք է ընդունել արժանապատվորեն: Խոսքը պետական կառույցների մասին չէ: Դա արվել, արվում եւ արվելու է: Կարեւոր է ձերբազատվել «պարտության» բարդույթից: Մենք ոչինչ չենք կորցրել: Կորցրել է ադրբեջանական ժողովուրդը, որի գլխին իշխող վարչախումբը հերթական անգամ նրան աշխարհին ներկայացնում է «բերանն արնոտ անբան մարդակերի» կերպարով:

Մենք հանգիստ ենք. Երեւանում եւ Ստեփանակերտում «կացնով մարդ» չի շրջում: Մեր երեխաներին չի պարտադրվում խոնարհումի տուրք մատուցել մի վախկոտ «մսագործի»: Մեր հասարակությանը կանիբալիզմ չի քարոզվում: Այս ամենը, ողորմելիության այդ «շքահանդեսը» տեղի է ունենում Բաքվում: Ադրբեջանում է, որ կառավարող վարչախումբը հպատակների լուռ բազմությանը ներշնչում է մարդատյացություն:

«Երկրորդ հանրապետության վախճանը» գրքում Զարդուշտ Ալիզադեն 1990 թ. հունվարյան օրերի Բաքուն համեմատել է 1930-ականների Բեռլինի հետ: Միանգամայն ճիշտ գնահատական, որի արդարացիությունը փաստում է 2012-ի Բաքուն էլ. այդ քաղաքում շրջում է կացնավոր մարդու «ուրվականը»: Այդ «ուրվականն» իր քարանձավային «մշակույթն» է պարտադրում մի ամբողջ ժողովրդի: Ճիշտ այնպես, ինչպես սումգայիթների տականքները՝ 90-ականների սկզբին:

Ի՞նչ եղավ դրանից հետո՝ հայտնի է: Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտի կենտրոնական փողոցներով քայլերթեցին ԼՂՀ պաշտպանության բանակի զինվորական շարասյուները: Դա արժանապատիվ բանակի երթ էր, պատերազմի դաշտում հաղթանակներ կռած ժողովրդի բաց զորահանդես: Նույն օրը Բաքվում «մեծարեցին» ո՞ւմ: Մեկին, որ արատավորել է սպայի պատիվը: Մեկին, որ քաղաքակրթությունից հեռու է այնքան, ինչքան իր քարանձավաբնակ նախնին: Դա ադրբեջանական ժողովրդի ողբերգությունն է:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ալբեր Քամյուն փայլուն հրապարակախոսություն է գրել՝ «Նամակներ գերմանացի բարեկամիս»: Պատմելով ֆրանսիական դիմադրական շարժման մարտիկներին գնդակահարության տանելու միջադեպի մասին, երբ գերմանացի հոգեւորականը բեռնամեքենայի խցիկը ծեծում, կանգնեցնում եւ ֆաշիստներին է մատնում փրկվելու փորձ արած մի պատանու, Քամյուն արդարացիորեն բացականչում է. «Դուք զորակոչել եք անգամ Աստծուն, դուք պարտված եք»:

Այսօր ադրբեջանական ժողովրդին մենք մի ասելիք ունենք. «Քեզ պարտադրում են գլուխ խոնարհել ոչնչության առաջ, երկրպագել նրան, քեզ տանում են դեպի հերթական պարտություն»: Քանի որ ամեն ինչից վեր՝ մարդու, ժողովրդի, ազգի բարոյականությունն է: Նրա նպատակի տեսլականը: Իշխող վարչախումբն իր հպատակներին ստիպում է երկրպագել բռնությունը, մարդատյացությունը, խարդախությունը, գաղտնի գործարքները: Նման «արժեքներ» դավանող հասարակությունը պարտված է: Նրան չեն օգնի ոչ փողը, ոչ ժամանակակից զինատեսակները... Ոչինչ չի օգնի: Քանի որ դա բռնաբարված եւ փողոց նետված- պոռնկացված մարդկանց զանգված է՝ վերից՝ վար, աջից՝ ձախ:

Ողորմելիության այդ «շքահանդես»-ը նողկալիորեն մեջք ծռած՝ ադրբեջանական հասարակությանը միակ արժանի «տոնն» է, ինչի առթիվ պատմության քմահաճույքով մեզ «հարեւան» եկածների բազմությանը հարկ է ասել. «Քո անկման համար մենք մեղավոր չենք»: Եվ շարունակել մեր ճանապարը, որովհետեւ այն տանում է ՏԱՃԱՐ: Իսկ ԿԱՌԱՓՆԱՐԱՆԸ, որ կառուցում են Բաքվում, դեռ շա՜տ արյուն է տեսնելու: Այսօր ողորմելիության «շքահանդես»-ում պոռնկացողների արյուն...

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ




ՈՂՈՐՄԵԼԻ ՄԱՐԴԿԱՆՑ ԵՐԿԻՐԸ

Ազգային միասնության ակտը վերջապես կայացավ: Վերջին օրերի համազգային հարայհրոցի ֆոնին, Հայաստանի ազգային ժողովը երկնեց մի հայտարարություն, որն այլ կերպ չես բնութագրի, քան հայկական պետականության դատավճիռ: Մինչ այժմ այդ հարցում մի քիչ աղջկական ամոթխածություն կար, մի քիչ սեթևեթանք, բայց դա անցավ: Ժամանակներն են այդպիսին:

Այդ հայտարարության մեջ Ազգային ժողովն ասում է, թե Ղարաբաղը չի կարող որևէ կարգավիճակով մտնել Ադրբեջանի կազմ: Հայաստանի արտաքին գործերի նախարարը Ազգային ժողովում հայտարարում է, թե Ադրբեջանը խոչընդոտում է բանակցություններին, իսկ ահա հայկական կողմը ամեն ինչ անում է դրանք շարունակելու համար: Հանրապետական կուսակցության պատգամավորներն էլ ասում են, թե ԼՂՀ ճանաչումը ժամանակավրեպ է, և վտանգում է տարածաշրջանի կայունությունը: Կոնգրեսի խմբակցության ղեկավարն էլ կոչ է անում արկածախնդրություն թույլ չտալ:

Ինքնիշխան, արժանապատիվ պետության իշխանությունը, Ազգային ժողովը, որը համարվում է ներկայացուցչական մարմին, իր համար վաղուց պիտի պարզած լիներ, որ Ղարաբաղը չի կարող մնալ Ադրբեջանի կազմում, և դրա համար բանակցություններ պետք չեն, և կհայտարարեր բանակցություններից դուրս գալու, Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին: Սակայն աղջկական ամոթխածությունը, աշխարհին «քաղաքակիրթ» երևալու մարմաջն ու պարզապես ոգու ու արժանապատվության բացակայությունը թույլ չտվեցին դա անել:

Մյուս կողմից, ինչ սպասես մի քաղաքական դասից, որն իրենից ներկայացնում է մորթապաշտների, քաղաքական առևտրականների, հանցագործների, պատեհապաշտների կոնգլոմերատ, որն այս բոլոր տարիներին զբաղված էր Հայաստանի ու Ղարաբաղի ողջ մարդկային ու նյութական ռեսուրսը և ապագան մսխելով, որը հանուն անձնական շահի պատրաստ է հանձնել ամեն ինչ: Պատկերացնել կարելի է, թե այս պահին աշխարհում ինչպիսի զարմանքով, կամ ավելի ճիշտ սարսափով են հետևում Հայաստանի «քաղաքակիրթ ու ոչ արկածախնդիր» քաղաքական դասի ու այսպես ասած հանրության պահվածքին. իսկապես, մեծագույն իմաստություն է պետք եթե ոչ ընկալելու, ապա գոնե պատկերացնելու, թե ինչպես կարելի է այդ աստիճան զուրկ լինել մարդկային տարրական արժանապատվությունից և կամքից:

Դա նոր չէ, այդպես եղել է միշտ: Շատ հեռու պետք չէ գնալ, ընդամենը կարելի է հիշել Շուշիի հաղթանակը և տարածքների ազատագրումը. այդ ժամանակ հայ ողջ «առաջադեմ հանրությունը» գլուխը բռնած ողբում էր՝ ոնց ենք սրա տակից դուրս գալու: Եվ մինչ ինչ-որ հրաշքով այս հանրության մեջ դեռ մնացած կյանքին այլ կերպ նայող մարդիկ սերունդների համար արժանապատվություն, հեղինակություն ու ապագա էին հարթում Ադրբեջանի դեմ պատերազմում, թիկունքում բոլորը ձգտում էին խելոք ու քաղաքակիրթ երևալ և բանակցություններ էին վարում «փոխզիջումների» հիման վրա, զրոյացնելով հերոսների կռած հաղթանակը:

Եվ ահա, զրոյացված հանրության հերթական անկեղծ պոռթկումը վերածվեց բալագանի, և այդ հսկայական էներգիան, որը կարելի էր ուղղել Հայաստանի վիճակը շտկելուն, անխնա մսխվում է քաղաքական տարբեր խմբավորումների անձնական նեղ նպատակների համար՝ ազգային միասնության ցուցանակի ներքո:
Աստված պահի Հայաստանը:

ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ
Lragir.am




ԺԱՄԱՆԱԿՆ Է ՀԱՍԿԱՆԱԼ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՄԱՍՏԸ

Բուդապեշտում հայ սպայի այս սպանությունը հին արմատներ ունի, այն է՝ կապված է Սումգայիթի իրադարձությունների հետ, երբ մարդասպաններից վրեժ չլուծվեց: Ոչ հայկական պետությունը, ոչ հայ հասարակությունն այդպես էլ չհետաքրքրվեցին, թե ինչ եղան այդ տականքները: Նրանք, ովքեր վրեժխնդիր եղան ռուս սպաներից, որոնք ռազմական հանցագործություններ էին իրագործել հայ ժողովրդի դեմ, ոչ մի աջակցություն չստացան ոչ հայկական պետությունից, ոչ էլ խոշոր քաղաքական կուսակցություններից:

Այդ ժամանակից ի վեր, Ադրբեջանը փրկագնում էր ոչ միայն սեփական հանցագործներին, այլեւ իր հակառակորդներին, այդ թվում լեզգիներին ու ավարներին, ովքեր պայքարում էին իրենց ժողովուրդների իրավունքների համար և գտնվում էին կամ բանտում, կամ Ռուսաստանի տարածքում: Ռուսաստանի իրավապահ մարմինների ամենաբարձրաստիճան պաշտոնյաներն այդ ծառայության դիմաց ստանում էին ահռելի կաշառքներ:
Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի անպատժելիությունը հնարավոր դարձավ Մոսկվայի դիրքորոշման և արդարության ու լավ իմիջի վերաբերյալ հայերի կեղծ պատկերացումների շնորհիվ:

Այս անգամ Ադրբեջանը կրկին ցուցադրեց, որ փողով հաջողությամբ լուծում է շատ հարցեր միջազգային ասպարեզում, և թե ինչ արժեք ունի միջազգային և ընդհանրապես իրավունքը: Պատերազմ է, և յուրաքանչյուրը պատերազմում է ինչպես կարողանում է, ժամանակն է դա հասկանալ: Հիմա բոլորը հասկացել են, որ այդ տականքը Բուդապեշտում պետք է ստանար այն, ինչին արժանի էր: Ընդ որում, արժանի պատիժ պետք է ստանան նաև հունգարական այդ ողջ սրիկաները, որոնք իրագործել են դա:

Սպանությունը ծայրահեղ բան է, սակայն աշխարհում ձևավորվել է անգաժավորված «հեղինակների» մի ողջ կոհորտա, որը տեղեկատվական հարձակումներ է գործում Հայաստանի և հայկական սփյուռքի վրա: Եվ մինչ այժմ նույնիսկ մտադրություններ չկան դրան համարժեք արձագանքելու: Բայց չէ՞ որ հակահայկական քաղաքականությունը տեղեկատվական դաշտում նույն սպանությունն է, և դրան պետք է պատասխանել նույնկերպ:

Դրա փոխարեն, միայն դատարկախոսություն է: Հայերին կլանել է հիվանդագին զառանցանք՝ «ահա կփոխվի իշխանությունը, այդժամ կլուծենք բոլոր հարցերը», և հայերին սպանողներին կդադարեն հանձնել Ադրբեջանին: Սպասեք, հիմարներ, մինչև փոխվի իշխանությունը, երբ հայկական քաղաքական դասը կշարունակի պայքարել իր «քաղաքակիրթ իմիջի» համար: Պետք չէ կասկածել՝ հայերը մի քանի օր կաղմկեն և կհանգստանան, չէ՞ որ նրանք կուլտուրական և օրինապաշտ մարդիկ են:

Ինչ անել այս իրավիճակում: Նախևառաջ, դադարեցնել որևէ բանակցությունները, ինչպես Մինսկի խմբի, այնպես այլ ցանկացած շրջանակներում: Հարցը փակված է, տեսնենք, թե ով և ինչ կարող է անել: Ամենավատը, որ կարող է տեղի ունենալ՝ մի քիչ կփչանա հայկական քաղաքական ղեկավարության իմիջը: Սակայն հեղինակությունն, ըստ ամենայնի, կաճի, այն էլ ինչքան: Դրանից չօգտվելը և ղարաբաղյան թեմայով բանակցությունները շարունակելը պարզապես հանցագործություն է, որը շատ շուտով չի ներվի, և ինչի մասին բոլոր հայերը կհիշեն երկար և մեծ ցավով:

Ինչ բանակցությունների մասին կարող է խոսք լինել գազանների հետ, այն էլ եվրոպացիների հովանու տակ: Երկրորդը, ինչ պետք է ձեռնարկել, դա բուդապեշտյան տականքի հանդեպ մահվան դատավճիռն է ու դրա իրականացումը: Գնդապետ Բուդանովին, ով ծաղրել էր չեչեն աղջնակին, նույնպես դատեցին ու ներում շնորհեցին, և ինչ: Տղաները ժամանակն ու իրենց կյանքը չխնայեցին նրան հետևելու և տապալելու համար, ինչպես շանը: Ո՞ւմ հեղինակությունը դրանից տուժեց:

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ




ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՓԱՌԱԲԱՆՈՒՄԸ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հանդես է եկել հայտարարությամբ, որում քննադատել է ինչպես Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու Հունգարիայի որոշումը, այնպես էլ Ադրբեջանում նրան ներում շնորհելու և հերոսացնելու՝ Ադրբեջանի քայլերը։

«Ռամիլ Սաֆարովը Հունգարիայում մեղավոր է ճանաչվել մարդասպանության համար և դատապարտվել է ցմահ բանտարկության։ Օգոստոսի 31-ին հանձնվել է Ադրբեջանին և անմիջապես ներում ստացել։ Ես չեմ ցանկանում մեկնաբանել դատական վարույթները, սակայն անընդունելի եմ համարում, որ մարդասպանության համար դատապարտվածին որպես հերոս են դիմավորում»,- նշել է նա։

«Ես մերժում եմ հեռանկարն այնպիսի աշխարհի, որի բարոյական վարքի նորմերը սկսվում են քայքայվել, որտեղ մարդկային արժանապատվությունն անարգվում է։ Սա այն Եվրոպան չէ, որ մենք պետք է ցանկանանք մեր ապագա սերունդներին։ Ես դատապարտում եմ հանցագործության այսպիսի փառաբանումը և կոչ եմ անում, որպեսզի մենք բոլորս սատարենք կյանքի նկատմամբ հարգանքը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի կողմից պաշտպանվող մեր արժեքները»,- ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը։
tert.am




ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍ Է

Հակամարտության սկզբին երևի բոլորս էինք համակարծիք, որ Ղարաբաղյան հարցը Ստալինյան քաղաքական կամայականությունների հետևանք է, և նոր մտածողության պայմաններում պետք է շտկվի հօգուտ մեզ՝ ուղղակի փաստերի ճնշման տակ: Լուծման կոնկրետ քաղաքական պատճառաբանությունը, ձևակերպումը մի տեսակ հետին պլան էր մղված: ԽՍՀՄ-ը փլուզվեց, բայց հարցը մնաց չլուծված:

Ժամանակը ցույց տվեց, որ նույնիսկ հաղթական պատերազմից հետո էլ, hայաստանյան քաղաքական միտքը մնած քարացած, չհասկացավ փոփոխված իրադրությունը ու չթարմացրեց հարցադրումներ՝ ըստ միջազգային քաղաքական տրամաբանության ու պահանջների:

Աստիճանաբար նաև պարզվեց, որ մեր քաղաքական կշռի չնչինության հետ մեկտեղ, «կողմնակի դիտորդի» Հայաստանի քաղաքական կեցվածքը կոպիտ սխալ ուներ իր մեջ, որը հանգեցրեց մեծ զրկանքների, ներքին այլանդակությունների և ուր որ է, ավելի մեծ ողբերգության է տանելու մոտ ապագայում:

Ղարաբաղյան քաղաքական հիմնահարցում հայկական կողմի դիրքորոշման պատմությունը զարմանալի զիջողական է ու անտրամաբանական: Սկզբից մենք հրաժարվեցինք Ղարաբաղը Հայաստանին միացնելու գաղափարից...

Ցանկացած դիվանագետ, որը զբաղվել է Ղարաբաղի հարցով, հաստատ ծանոթ է նախապատմությանը և հասկանում է իրերի իրական դրվածը: Իհարկե գերտերությունների կամքով երբեմն հնարավոր են ինչ-ինչ կամայական գեոքաղաքական վերաձևումներ, ինչպիսին օրինակ Կոսովոյի նախադեպն էր, բայց որպես օրենք, հիմնականում հարցերը լուծվում են ըստ քաղաքական իրական ուժերի վեկտորների ու տրամաբանությունների:

Եթե մենք հույսներս դրել ենք դրսից հրամցվող և հետագայում էլ սպասարկվող միջնորդական լուծումների վրա, ապա պետք է ինքներս էլ միջնորդներին մատուցեինք մեզ ձեռնտու տրամաբանական, իրական համոզիչ սխեմաներ ու հիմնավորումներ: Որպեսզի նրանք հենց այդ արգումենտացիայի ուժով հայամետ լուծումների հանգեին ու այն պաշտոնապես ներկայացնեին կողմերին: Բայց նման քայլեր մենք չենք կատարել, ու չի էլ նշմարվում, թե ապագայում կանենք:

Սկզբում մենք ունեինք ռազմական հաջողության դրական արգումենտը, որը սակայն զուգորդված էր ԼՏՊ-ի տեսական, արհեստական, թույլ, անիրական, «անկախ» Ղարաբաղի սխեմայով: Քաղաքական-դիվանագիտական այդ տարօրինակ զուգորդումը՝ հաղթանակած Հայաստան-ինքնորոշվող, անկախ Ղարաբաղ մոդելը, Սովետի նոր-նոր վերացման պայմաններում, խաբուսիկ էր միջնորդների համար. ռազմական արգումենտը մեր օգտին էր աշխատում, բայց Ղարաբաղի անկախության մեր կամազուրկ պահանջը տետանուսի մեջ էր գցել միջնորդներին: Մենք պահանջում էինք, որպեսզի պուճուրիկ Հայաստանի տգետ քաղաքական կամքով աշխարհը փոխի պետության ու պատերազմի մասին իր հիմնարար պատկերացումներն ու միկրոսկոպիկ Հայաստանի կողքին մի հատ էլ սուպերմիկրոսկոպիկ անկախ Ղարաբաղ սարքի: Նրանք զարմացած էին և շարունակում են այդպիսին մնալ հիմա էլ՝ թե ինչպես կարող է անկախ ու ինքնուրույն համարվել մի տարածք, ուր ամեն ինչ հայկական է՝ ժողովուրդը, փողը, բանակը, լեզուն, բյուջեն: Եվ պետություն կոչվածն էլ Հայաստանին կպած ընդամենը մի բուռ տարածք է, որի անկախությունը նույնիսկ հենց ինքը՝ Հայաստանը չի ընդունել: Արդյունքում, դրսում լավ էլ հասկացան, որ գործ ունեն անբարտավան, անինքնասեր, ու վախկոտ մի երկրի ու ժողովրդի հետ, որը զլանում է մատը մատին խփել և ուղեղ բանեցնել՝ իր հարցերը լուծելու համար:

Քոչարյանը զուտ բնազդային կողմնորոշիչներով հասկացել էր մեր դիրքի թուլությունները, բայց քանի որ զբաղված էր միայն անձնական հարստացման հարցերով, ժամանակ, գիտելիք և օգնողներ չունեցավ հարցերը քաղաքականապես մշակելու և որպես հայկական մոտեցում ներկայացնելու: Նա ընդամենը թուլացրեց Ղարաբաղի դերը որպես առանձին կողմի, ներառավ այն Հայաստանի դիրքորոշումներում, բայց իր նպատակը ոչ թե հարցի վերջնական լուծումն էր, այլ ժամանակ շահելը:

Ներկա նախագահն էլ խիստ տառապելով լեգիտիմության պակասով, խաղի մեջ մտավ առանց որևէ մշակված ծրագրի: Ավելին, Ղարաբաղյան պարտվողականությանն ավելացրեց հայկական Գենոցիդի «քննարկելի լինելու հնարավորությունը ևս: Մտնելով ֆուտբոլային դաշտերը, նա չոր պարտություններով դուրս եկավ խաղերից ու հայկական բոլոր հիմնահարցերը մի փաթեթով շպրտեց միջազգային քաղաքականության աղբարկղը:

Ադրբեջանն ու Թուրքիան էլ, տեսնելով մեր այս խորը ապաշնորհությունը, տգիտությունն ու անճարակությունը, խստացրին իրենց դիրքերն ու արդեն նախապատրաստել են այնպիսի քաղաքական ելակետեր, ուր պատերազմի հրահրումը թե՛ Ղարաբաղի և թե՛ Հայաստանի հանդեպ, զուտ հարմար պահի հաշվարկի հարց է:

Ցավալին այն է, որ նույնիսկ այս պահին, թե՛ իշխանությունը, թե՛ ընդիմությունը և թե՛ ողջ հայությունը գալիք պարտությունների դեմն առնելու ալտերնատիվ առաջարկներ չունեն: Ընդիմությունը հիպնոսված է ԼՏՊ-ի զիջողական տեսակետներով, իշխանությունը մտահոգված է միայն իր լեգիտիմության հարցերով, մարդիկ էլ՝ իրենց ամենօրյա ապրուստի հոգսով: Իսկը Կռիլովյան հայտնի առակի նմանակով:

Բայց այնուհանդերձ, եկեք տեսնենք, թե հիմա, 20 տարի անց, արդյո՞ք կան դրական, օբյեկտիվ արգումնետներ մեր օգտին...

1. Մենք ունենք գենոցիդի արյամբ շաղաղված անցյալ՝ թուրքերի ու իրենց սատելիտ Ադրբեջանի հետ հարաբերություններում:
Միջնորդները հաշտություն կնքելու նոր առաջարկներ անելիս, ուզած թե չուզած, պետք է հաշվի առնեն իրենց առաջարկների հետագա՝ գոնե ժամանակավոր կենսունակության խնդիրը: Այս առումով մենք ունենք հիմնավոր արգումենտներ ու պահանջներ, որոնք իրականում ուժեղ են ու դժվար մերժելի... Այս առումով կա Մեծ Եղեռնի փաստը, կա Նախիջևանում հայերի ի սպառ վերացման փաստը, կա 1918 թ. Ադրբեջանում հայերի գենոցիդի փաստը: Կա հայերի, ողջ Ադրբեջանից բռնի տեղահանման փաստը: Կա 1988-1994 թթ. հրահրած կոտորածների ու պարտադրված պատերազմի փաստը: Կա Բուդապեշտում հայ սպայի սպանության փաստը: Վերջապես առկա է ներկայիս ադրբեջանական ու արդեն թափ առնող թուրքական անհերքելի հայատյաց հռետորիկան:

Սրանք փաստեր են, որոնք իսկապես կարևոր են միջնորդների համար: Եվ հենց սրանց մասին հայկական կողմը պետք է մշտապես բարձրաձայներ և ոչ հայանպաստ բանաձևերը մերժեր, որպես նոր գենոցիդի ու ավերածությունների տանող անիրական լուծումներ:

Բայց դա ոչ միայն չի արվել, այլ՝ հակառակը, միչև այժմ նույնիսկ չի էլ դիտվում որպես հեռանկարային դիվանագիտական արգումենտացիա և հուսալի քաղաքական լծակ: Ձայներս կտրել, սուգը կապել ենք ու սպասում ենք թե մեր հեզիկությունը վերջ-շուտ կգնահատվի, ու մի օր Ադրբեջանը մեծահոգաբար մեզանից ձեռ կքաշի:

2. ԽՍՀՄ փլուզման հետևանքով առաջացած և քաղաքական լուծում պահանջող ղարաբաղյան հարցը արդեն ոչ տարածքային ամբողջականության խնդիր է, և ոչ էլ ազգերի ինքնորոշման իրավունքի հարց: Այն երկու հարևան պետությունների մեջ էթնիկ զտմամբ տարված պատերազմի հետևանք է: Պատերազմը սկսել է Ադրբեջանը, իր տարածքից կոտորածով ու ավերածություններով տեղահանելով հայությանը, հարձակվել է պաշտոնապես, միջազգայնորեն ձևակերպված Ղարաբաղի հայկական ինքնավար պետության վրա: Պատերազմը տարվել է միասնական հայկական ուժերով ու ռեսուրսներով, և այժմ էլ զինադադարը անցնում է ըստ մարտական արդյունքների գծի...

3. Բոլոր միջնորդներն էլ գիտեն, որ պատերազմել են Հայաստանն ու Ադրբեջանը, և որ հարցը կոնկրետ հայ-ադրբեջանական հարաբերությունների առանցքն է:

4. Հայաստանի՝ որպես կողմնակի դիտորդի դերը ինքնանվաստացուցիչ, ազգի և սեփական սուբյեկտի հանդեպ անպատասխանատու կեցվածք էր:
Հայաստանը երբևէ, որևէ հարցում նախաձեռնող չի եղել ու միշտ քարշ է եկել ադրբեջանական նախաձեռնությունների ետևից։ Բանակցային գործընթացում իրեն դրսևորել է որպես դիվանագիտորեն ապաշնորհ, դանդաղաշարժ, անօգնական ու տգետ մի պետություն, որի միակ նպատակն է եղել ժամանակ ձգելը, հույսը կապելով գերտերությունների շահերի զուգորդման վրա:

5. Մենք պետք է վաղուց հրաժարված լինեինք «Անկախ Ղարաբաղ» կոչված արհեստական, պարտվողական, անպատիվ դիրքից և բաց ճակատով ներկայացնեինք մեր դիրքորոշումն ու իրավունքներն աշխարհին: Սակայն դա չի արվել, և նույնիսկ հիմա, ակընհայտ անհաջողություններից հետո էլ, դեռ նման մոտեցման անհրաժեշտությունը գիտակցված չի:

6. Մեզ՝ որպես գոյության իրավունք մուրացողների, ոչ մեկը չի պաշտպանելու, հակառակը խուսափելու են մեզ հետ գործ ունենալուց... Դժվար է խեղճ ու հաշմանդամ ձևացող, իր քաղաքական ապագայի վրա խաչ քաշած, բայց ներսում իրար հոշոտող զանգվածին հարգելն ու տեր կանգնելը:

7. Պատերազմը հրահրվել է Ադրբեջանի կողմից, բայց զինադադարը պարտադրվել է Ադրբեջանին, հենց իր խնդրանքով:

8. Այս կետերի շարքն ու խնդրի նախապատմությունը ցույց են տալիս, որ քննարկման առարկան ի սկզբանե ոչ թե ղարաբաղյան հարցը պետք է լիներ, այլ ձեռք բերված հրադադարի հիման վրա խաղաղության պայմանագրի կնքումը Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Իսկ ի՞նչ կունենանք, եթե այսօր, գոնե ուշացած, բաց և ոչ պարտվողական մոտեցումներն ու հարցադրումները ձևակերպենք որպես հայկական նոր դիրքորոշում: Կարող է լինել 3 արձագանք:

Ա. Ադրբեջանը ամբողջովին մերժում է մեր նոր դիրքորոշումը, չի ընդունում իրերի նման դրվածքը ու անցնում է ռազմական հակահարձակման:
Բ. Ադրբեջանը հաշվի է առնում մեր դիրքի փոփոխությունները և որոշ զիջումներով համաձայնվում է վերջնական պայմանագրի կնքմանը:
Գ. Ելնելով տարվող ակտիվ, իրենց համար խիստ շահեկան քաղաքական գործընթացների դրական արդյունքներից, Ադրբեջանը և Թուրքիան անտեսում են մեր նոր դիրքորոշումները, շարունակում են իրենց քաղաքական մանևրները, մինչև ՀՀ լիարժեք քաղաքական, հասարակական կապիտուլյացիան:

Իմ կարծիքով մեր կողմից այսքան ապաշնորհություն դրսևորելուց հետո, 2-րդ տարբերակի հավանականությունը բացարձակ զրո է: Որոշակի շանս ունի 1 տարբերակը, բայց 3-րդն այս պահին ամենահավանականն է թվում ու հենց դա էլ իրագործվում է:
Իմ համոզմամբ լռելով, պրոցեսների ետևից քարշ եկող ռեակտիվ անճարակությամբ, ու քաղաքական տգիտությամբ, հենց մենք ենք ոգևորել Ադրբեջանին և թուրքերին նման անզիջողականության:

Համադրելով եղած փաստերն ու տենդենցները, ես տեսնում եմ, որ հայկական կողմը փաստորեն օրակարգից հանել է պայքարելու, արժանավայել դիմադրելու հարցը և հույսը դրել է լրիվ հանձնվելու՝ կապիտուլիացիայի վրա: Չգիտեմ, թե ինչ անուն պետք է դրվի այս կեցվածքին, բայց գիտեմ, որ ոնց էլ դա կոչենք, առաջին հեթին այն ծայրահեղ ստորացուցիչ է ու ի վերջո՝ կործանարար պետության ու ազգային պետականության համար:

9. Հայկական մամուլում սակավաթիվ քննարկումներ են եղել այն մասին, որ առաջարկներ և լուծումներ պետք է գտնվեն հայ և ադրբեջանցի փոխադարձ փախստականների տարածքային իրավունքների բավարարման կոնտեքստում:
Կան անհերքելի փաստացի ապացույցներ որ նախապատերազմական ու պատերազմական գործողությունների հետևանքով 400.000 հայ անարգվելով, թալանվելով ու փախչելով արտաքսվել է Ադրբեջանից: 140.000 ադրբեջանցի ընդամենը մեկ պատահական զոհով, կազմակերպված լքել է Հայաստանը:

Այսինքն Ղարաբաղից զատ, առկա է մեծ շեղում հայ-ադրբեջանական փախստականների ընդհանուր թվի առումով: Հետևաբար օրակարգի հարց է Ադրբեջանից արտաքսված՝ թվով 260.000-ով ավել հայ փախստականների հողային իրավունքների կոմպենսացման հարցը, որը պետք է բանակցություններում դառնա քննարկման հիմնական առարկա:

Այս արգումենտը հիմնովին փոխում է քննարկման առանցքը և հարցը շահեկան է դարձնում մեզ համար: Չգիտեմ, թե արդյոք երբևէ մեր բանակցողները քննարկման դրել են այս հարցը: Մի գուցե դա արվել է, բայց Ադրբեջանը բանի տեղ չի դրել այդ փաստարկը: Հակադարձել է իբր 1 միլիոն ադրբեջանական փախստականների միֆով և համառ աշխատանքով արժեզրկել, խեղաթյուրել է նախապես մեր օգտին գրանցված փաստարկը:

Իրականում հենց սա է բանակցություն կոչվածի էությունը՝ երբ մեկը համառորեն առաջ է տանում իրեն ձեռնտու փաստարկը՝ անկախ դիմացինի քամահրանքից, հոխորտանքից կամ այլոց խորհուրդներից: Ադրբեջանը իր բազմաթիվ կեղծիքները շարունակապես կրկնելով հասել է բանակցային մեր առանց այն էլ ի սկզբանե ծայրահեղ թույլ դիրքերի փլուզմանը: Իսկ մենք էլ չկարողանալով տարբերակել մեր ուժեղ և թույլ արգումենտները, կառչած ենք մնացել կործանարար հին դոգմաներին, ոչ մի խիստ պահանջ համառորեն չենք դրել, հետապնդել և արդյունքում հասել ենք կապիտուլյացիայի շեմին:

10. Իրականում վիճակը հիմա էլ ծանր չէ: Կա բավարար փաստաթղթային հիմնավորում փախստականների հաշվով: Եվ հենց փախստականների հարցում է, որ մենք ունենք ազդու առավելություններ:
Ըստ փախստականների հարաբերական թվերի, ստացվում է, որ Շահումյանից, Գետաշենից, պաշտոնապես հայկական տարածքներից ու ողջ Ադրբեջանից տեղահանված հայերին որպես փոխհատուցում հասնում է մոտ Քելբաջարին ու Լաչինին հավասար տարածք: Եվ հարցն էլ կոնկրետ մարդիկ չեն, որ պետք է վերադառնան իրենց բնակության վայրերը, այլ միջպետական վնասների փոխհատուցումը: Ադրբեջանի ներքին փախստականների հարցը պետք է քննարկվի փախստականների հայ-ադրբեջանական բալանսից զատ: Այն քննարկման առանձին նյութ է...

11. Որպես քննարկման հիմնական առարկա, անպայման պետք է սեղանին դրվի նաև Ադրբեջանի նախահարձակ լինելու հարցը, որպես պատերազմի հրձիգի, մեղավորի, որը պատասխան պետք է տա 17.000 փաստացի զոհերի, հարյուր հազարավոր խեղված կյանքերի ու ավերածությունների համար:

12. Քննարկման առարկա պետք է դառնա նաև Հայաստանի շրջափակման հարցը, որպես շարունակվող տնտեսական ավերածությունների ու արտագաղթի պատճառ և շարունակվող պատերազմ՝ Հայաստանի դեմ:
Փաստորեն ստացվում է, որ զինադադարի պայմանագիր կոչվածը նաև մեր դիվանագիտական անգործության շնորհիվ, դարձել է ընդամենը կեղծ ու խաբուսիկ մի թղթի կտոր, որով շղարշվում է շարունակվող լուռ, հյուծող և «անտեսանելի» պատերազմը Հայաստանի դեմ: Եվ որը հայաստանյան հասարակությունը և պետությունը այլասերելու, վերջնականապես ծնկի բերելու լծակի է վերածվել:

13. Ասվածից նաև բխում է, որ ներկայումս Հայաստանը Ադրբեջանի հետ ոչ թե Ղարաբաղի հարց պետք է քննարկի, այլ թուրք-ադրբեջանական բլոկադայի, գենոցիդի ու կեղծ զինադադարի հարցերը:
Հենց կեղծ զինադադարի էությունը բացահայտելով, հրապարակավ քննարկելով ու նրա ուժը կոտրելով է, որ մենք կկանխենք սպասվելիք ֆիզիկական պատերազմը:
Չնայած մեզ համար ակընհայտ շահեկան այս քաղաքական արգումենտների ու տրամաբանության գոյությանը, արդեն 17 տարի է, հայկական քաղաքական-դիվանագիտական միտքը չի տեսնում ելքեր, չի կարողանում գտնել ու մշակել իրեն ձեռնտու կոնցեպտուալ մոտեցումներ ու առհասարակ չի պատկերացնում Հայաստանի դերը ռեգիոնում...

Ո՞րն է պատճառը: Իհարկե, հետսովետական տնտեսական փլուզումից հետո, մասնագետների ջարդից ու արտաքսումից հետո, թալանի ու կոռուպցիայի ներկայիս կռապաշտ պայմաններում, նորմալ մասնագիտական խորաթափանց մտածելակերպը հալածելի է ու մերժելի մեզանում: Ժանտախտ համակած երկրին հատուկ մթնոլորտ է տիրում Հայաստանում: Բայց այժմ արդեն նաև մեծ ազգային աղետի շեմին ենք, վերջապես սթափվել է պետք, իրերի դրվածքը հասկանալ, ու վերակենդանանալու փորձ անել:

14. Ակընհայտ է, որ Թուրքիան բազմավեկտոր արտաքին քաղաքականություն է վարում: Մի կողմից փորձում է եվրոմիություն մտնել, մյուս կողմից իր ռեգիոնալ դերն ու ազդեցությունը մեծացնել: Հաջորդը դա անթաքույց պանթուրքիզմն է: Ներկայումս Ադրբեջանի հետ նրա «ախպերական» ալյանսը հենց այդ հեռահար քաղականության բաղադրիչն է, իսկ Հայաստանի հանդեպ դրսևորած անհամաչափ ագրեսիան՝ հետագա գործելաոճի նախանշանը:

15. Մենք պետք է վերջապես ազգովի հաշիվ տանք մեզ, որ իրականում ինքնաբավ պետական տարածք ենք ձեռք բերել: Տարածքը դա ցանկացած կայուն, վերարտադրվող պետականության հիմքն է: Եթե այն փոքր է, անռեսուրս ու շրջապատված թշնամիներով, ապա դա դեռ չի նշանակում, որ բացարձակ անպետք է ու պետք է մնա բառադիանոց...

16. Մենք չկարողացանք նորմալ իշխանություն ու ընդիմություն կերտել: Եվ դրա հիմնական պատճառը համարում եմ մեր քաղաքական մանկամտությունն ու ԼՏՊ-ի բազմամյա «այնթափցիական» քարոզը: Այս հարցը շատ ավելի խորը քննարկման է արժանի: ԼՏՊ-ն ձևավորել է հայկական քաղաքական մտածողություն և կոնկրետ դիրքորոշումներ, որոնք իմ կարծիքով կործանարար են եղել մեր պետականության համար և իներցիայի ուժով շարունակում են այդպիսին մնալ... Այդ մարդու քաղաքական մտածելակերպի գոհարը աննկատ մնացած, բայց արդեն վաղուց մեր ենթագիտակցականը թափանցած այն թեզն է, թե Հայաստանի գոյությունը ոչ իրենով, և ոչ էլ որևէ այլ մի ղեկավարով է պայմանավորված: Ինքը բառացի ասել էր, որ այսօր ինքն է, վաղը մի ուրիշը կլինի: Ղեկավարները կգան ու կգնան, բայց Հայաստանը կանգուն կմնա, անկախ ղեկավարից: Այս միտքը նա հայտնել էր դեռ 1993-94 թվերին։

Մինչև հիմա էլ մեր մտքով չի անցնում, որ հենց այս թեզը կործանարար եղավ Հայաստանի համար: Նույնիսկ այսօր էլ, այս հանգստացնող, հիպնոսացնող թեզն է առաջնորդում մեզ: Մենք մտածում ենք, որ այսօր չեղավ՝ վաղը կստացվի, վաղը չեղավ՝ մյուս օրը կլինի: Այս մեկը թալանեց, այլանդակեց, ավերեց՝ դա կարևոր չէ: Մյուսը նույնն արեց՝ ոչինչ: Չէ որ Հայաստանը հավերժ է, անհաղորդ դեմքերին, ժամանակին, թալանին ու ավերածություններին: Վերջը լավ կլինի, առանց մատը մատին խփելու հարցերը ինքնըստինքյան կլուծվեն:

Հենց այս մտածելակերպն էր, որ կամաց-կամաց դատարկեց Հայաստանը, իսկ մենք շարունակում ենք այն կանգուն համարելը: Այս թեզն է պատճառը, որ մինչև հիմա էլ մեր բռնած որևէ գործ մինչև վերջ չի հասնում, որևէ հարց սկզբունքային գնահատական չի ստանում, որևէ պետական ու ազգային հանցագործ չի պատժվում: Ցավալի է, բայց փաստ, որ մենք նույնիսկ անընդունակ եղանք այս կործանարար դոգման ըստ արժանվույն հասկանալու, գնահատելու և վերջապես հրապարակավ մերժելու:

17. Ստացվում է, որ հենց իր՝ ԼՏՊ-ի հիմնադրած ախոռը ոչ միայն դեմքերի, այլ նաև սխալ, կործանարար տեսությունների ու դոգմաների ախոռ է: Եվ որ խնդիրը ոչ թե այն մաքրելն է, այլ ամբողջովին քանդել-վերացնել-խորտակելը, մեր մտածելակերպից արտամղելը:
Թե՛ Ղարաբաղյան, թե՛ թուրքերի հադեպ եղած, և թե՛ ներքին հարցերում մենք պետք է անցնենք բացահայտ ճշմարիտ, իրական դիրքերի և մեր դիրքորոշումները ներկայացնենք դիվանագիտորեն ճիշտ շեշտադրված, բայց առանց կեղծ ու վախկոտ, հետին մտքերի:

18. ՀՀ-ն պետք է իր համաձայնությունը տա 1989 թ. Ղարաբաղի ԳԽ որոշմանը՝ Հայաստանի հետ վերամիավորվելու խնդրանքին:

19. Համաձայնության հիման վրա հռչակագիր պետք է ստորագրվի ՀՀ-ի և Ղարաբաղի միջև՝ միացյալ պետություն կազմելու մասին: Հռչակագրում պետք շեշտվի, որ Ղարաբաղը և Հայաստանը Ադրբեջանի պարտադրած պատերազմում հաղթելով, նվաճել են որպես միացյալ ազգի մեկ պետական տարածք վերամիավորվելու իրավունքը:

20. Հայաստանը պետք է ձևակերպի ռեգիոնում իր նպատակները, որպես խաղաղության կողմնակից և պահապան, ազատ տեղաշարժի և համագործակցության շահագռգիռ սուբյեկտ: Ներկայացնի հարևանների հետ փոխադարձաբար հարգվող սուվերենության իր պահանջները և դրանց ապահովման մեխանիզմները:

21. Թուրքերի կողմից գենոցիդի պաշտոնական խոստովանությունը պետք է համարվի հայկական արտաքին քաղաքական գերակայություններից մեկը:

22. Առանձին փաստաթղթով Հայաստանը նախապես պետք է հայտարարի նաև ներքին հումանիտար արտակարգ դրություն մտցնելու մասին, թուրքերի շարունակվող գենոցիդային քաղաքականությունից իր ազգային գոյությունը պաշտպանելու նպատակով:

Այս հոդվածը գրելիս մտածում եմ այն սարսափի մասին, որը կհայտնվի շատ ու շատ ընթերցողների դեմքին: Հասկանալի է, որ 22 տարվա, մինչև մեր ուղն ու ծուծը հասած դոգմա է կասկածի տակ առնվում: Հետևաբար բնական է, որ այս մոտեցումները կյանքի կոչելու հավանականությունը շատ փոքր կլինի: Դրանք խիստ մերժելի և անընդունելի կլինեն ԼՏՊ-ի և նրան կուրորեն հարողների համար, արտգործնախարարության հին, պարտվողական դրվածքները յուրացրած չինովնիկների համար: Մերժողները մի գուցե մարդկանց 90 %-ից էլ ավել լինեն, որովհետև դրանց շարքերում կլինեն նաև նրանք, ովքեր մտածում են, թե Ղարաբաղն էլ, ղարաբաղցիներին էլ ետ տանք, միայն պրծնենք ներհայաստանյան այս մղձավանջային իրականությունից: Ցավոք, այսօր մեզանից շատ մեծ զիջումներ կորզելու գայլային ախարժակ է կուտակված թուրքերի քաղաքական մտահորիզոններում, և հեշտ լուծումներ արդեն իսկապես չկան:

Ինչևէ, շարունակելով ասելիքս, նշեմ, որ այս մոտեցումները կյանքի կոչելու համար առաջին քայլով պետք է մեր ներսում իրար հետ լեզու գտնելու պայմաններ ստեղծվեն: Այսինքն՝

23. Ներքին արտակարգ հումանիտար դրություն հայտարարելու համար զուգահեռաբար պետք է թուլացվի ներքաղաքական լարվածությունը: Մի կողմից պետք է կալանավորվեն մարտի մեկի բոլոր մեղավորները, ազատ արձակվեն քաղաքական բանտարկյալները, ոստիկանությունը և բանակը պետք է հեռացվեն քաղաքական ասպարեզից: Բայց զուգահեռաբար պետք է Հայաստանից արտաքսվի նաև ԼՏՊ-ն...

Ներկայիս հայկական թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքական կյանքի համարյա բոլոր ստանդարտները դրվել են ԼՏՊ-ի կողմից: Այդ մարդը սխալ դուրս եկավ թե՛ ներքին և թե՛ արտաքին հարցերում: Չի կարելի շարունակել նրա կործանարար ուղենիշերի քարոզը: Ժողովուրդը թե՛ ներսում և թե՛ դրսում պետք է հասկանա, որ կանգնած ենք պետականություն կորցնելու ու ֆիզիկական մեծ կորուստների նախաշեմին և պահանջվում են կտրուկ քայլեր:

Ներկայումս ասպարեզում բավարար բազմակարծություն ու տեսակետներ կան մեր անելիքների շուրջը: Շատ բան մակերեսին է, ընդունելի թե՛ իշխանություններին և թե՛ հասարակությանը: Բայց ոստիկանական անիմաստ ծայրահեղությունների, մի քանի անպիտանների պնդաճակատության, ագահության, տգիտության, ինչպես նաև ԼՏՊ-ի արհեստամտության պատճառով, ազգովի դարձել ենք մտածելու, գործելու և համագործակցելու անընդունակ:

Ի տարբերություն իշխանությունների, հասարակությունը ունակ է դեռ պաշտպանվելու արտաքին վտանգից: Բայց անկարող է որևէ քայլ նախաձեռնելու, քանի որ ներքին կապանքներն ու վախն են պատել մեզ: Սա բացահայտ անտրամաբանական իրավիճակ է: Անհնար է, որը ներսում ստրկացված, անարգված ժողովուրդը միավորվի ու հաղթի արտաքին թշնամուն: Այժմ մեր առաջին խնդիրը ներքին հասարակական, աշխարհայացքային ընդհանուր համաձայնության գալու հարցն է:

Ներկա պահին մեր կորուստների դեմն առնելու հնարավություն ունեցող միակ մարդը դա պետական լծակներին տիրապետող երկրի նախագահն է: Ինքը վերջապես պետք է վեր կանգնի իր լեգիտիմության վերականգման սին հույսերից ու գործով զբաղվի՝ աշխարհին հրամցնի, պարտադրի մեր հայկական կողմի ճշմարտությունը...

Հայաստանն այժմ մեկ մարդու ցուցամատով շարժվող երկիր է, և անիմաստ է մեր ներքին ուժային դաշտերում այլ գործոններ ու բարդություններ փնտրելը: Եթե գործող նախագահը ունակ չէ հասկանալու նախագահական պաշտոնի ոչ միայն փառասիրական, այլև պատասխանատվության կողմերը, քաջություն չունի իր դիրքով պարտադրված անհրաժեշտ ներքին ու արտաքին քայլերն անելու, ապա պետք է անհապաղ հրաժարական տա:

25. Պետք է փաստվի նաև, որ պարտվողական, զիջողական մտածելակերպը, դա 95 տարի առաջվա թուրք ենիչերուց կյանք մուրացող և թուրքի խորամանկությամբ իր քսակը կամաց-կամաց դատարկող ապագա զոհի մտածելակերպն է: Պայքարելու, դիմադրելու փոխարեն մասնատվելով, փախչելով, եկեղեցում խմբով այրվող, նահատակվող զոհի մտածելակերպն է: Այն թշվառի մտածելակեպն է, որը ունակ չէ ընկալելու կյանքի իրավունքը հաղթելով ու ստիպելով նվաճելու փիլիսոփայությունը:

26. Եվ այսօր էլ, ի հեճուկս առողջ տրամաբանության ու նախորդ արյունալի փորձի, երեկվա նահատակվող, փրկություն մուրացող անհատ հային փախարինելու է եկել արդեն պետական, ազգային, հասարակական մակարդակով, թուրքից գոյության իրավունք մուրացող մի քանի միլիոնի հասնող հայությունը՝ ի դեմս Հայաստան պետության: Սրան ի՞նչ ասենք, ի՞նչ որակում տանք: Ի՞նչ չլսված, նոր, անհայտ պաթոլոգիա է սա...

27. Պետական և ազգային վերակողմնորոշման հարցում իրենց անելիքն ունեն նաև փողատեր դարձած ու ակամա քաղաքականություն մտած օլիգարխ կոչված մեր անգրագետ ու հոռի տղերքը: Սրանք էլ պարտավոր են իրենց հաշիվ տալու, կենսաբանականից գոնե մի քայլ դեպի մարդկայինը բարձրանալու, համակերպվելու հասարակական օրենքներին և կարգ ու կանոնին:

28. Իրենց հեռատես համարող շատ ու շատ հայտնի դեմքեր, հաճախ կրկնում են այն թեզը, թե իբր եթե Ադրբեջանը հնարավորություն ունենար ու համոզված լիներ իր հաղթանակի մեջ, ապա վաղուց պատերազմի գնացած կլիներ:
Սա մեր քաղաքական տկարամտության հերթական ցայտուն ապացույցն է: Քաղաքականության մեջ գոնե տարրական գիտելիքների տիրապետող պետությունը գիտի, որ տգիտություն է բացահայտ պատերազմի դուրս գալ արագորեն դատարկվող երկրի ու ինքնահոշոտվող ազգի դեմ: Շատ ավելի ռացիոնալ է հոգեբանական պատերազմը՝ մինչև ինքնահոշոտման պրոցեսն ավարտվի ու տարածքը նվաճվի առանց դիմադրության, բնակիչների ու միջազգային գլխացավանքների:

Վերջացնելով ասելիքս, կարծում եմ, որ՝
29. Ժամանակն է, որ Հայաստանում դիվանագիտությունը և մնացած բոլոր մասնագիտական ասպարեզներն էլ դիտվեն որպես համապատասխան գիտելիքների, ունակությունների, և իրավասությունների դաշտեր և դրանցով զբաղվեն իրոք մասնագետները:

30. Ժամանակն է, որ իշխանության վերին դիրքերին հասած մարդիկ իրենց դիրքին հարիր փոքր ինչ փիլիսոփայական խորություն մտցնեն իրենց աշխարհայացքի, պարտականությունների ու գործելաոճի տրամաբանության մեջ և հասկանան, որ քանդելու համեմատ շատ ավելի մեծ է արարման բերկրանքը, հոշոտելու համեմատ շատ ավելի հոգեզմայլ է օգնության վեհությունը, անիծվելու համեմատ առավել հարգալից է օրհնվելու և դրանով փառավորվելու հեռանկարը:

31. Եվ առհասարակ, ժամանակն է բոլորիս հասկանալու, որ ներկայիս ներհայկական ոհմակային վերաբերմունքը մեկս - մեկու հանդեպ անիմաստ վայրենություն է, որևէ կերպ չարդարացված և արդյունքի չբերող դաժանություն:
Շատերը կհարցնեն, իսկ ի՞նչ ենք անելու, եթե ի պատասխան մեր դիրքի կոշտացման, Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին գնա հարձակման, գրավի Ղարաբաղն էլ, Հայաստանն էլ, և գենոցիդի մի նոր գեհենի մեջ բոլորիս էլ ոչնչացնի:

Տեսականորեն սա էլ հնարավոր ելք է: Բայց իրականում շատ ավելի քիչ հավանական, քան մեր դիվանագիտական հաղթանակը կարող է լինել դիրքորոշումների փոփոխության դեպքում: Քաղաքականությունը, դիվանագիտությունը, պատերազմը միշտ էլ ռիսկային անորոշության էլեմենտ ունեն իրենց մեջ: Հարցը ոչ թե ամեն զիջմամբ պատերազմից, կործանարար ելքերից խուսափելն է, այլ նաև ճակատագրին ձեռնոց նետելը և հաղթելու շանսը օգտագործելը: Պատմությունը դա ազգերի պայքարի դաշտ է: Անհնար է այդ դաշտում գոյատևել առանց ստեղծագործելու, կռվելու, պայքարելու, դիմադրելու, հաղթելու և պարտվելու:

Հաղթանակը ապահովվում է իմաստությամբ, խելքով, կամքով, ամենակարևորը՝ հարձակմամբ: Պարտությունը դա տգիտության, անճարակության, ապաշնորհության և միայն վերջին հերթին, նաև ֆիզիկական թուլության հետևանք է:

Ոչ ես և ոչ էլ մեկ ուրիշը չենք կարող հաշվարկել կամ գուշակել որևէ տեսական հարցի կամ սցենարի ճշգրիտ պատասխանը: Հենց այդ պատճառով էլ, ես հարցերը քննարկել եմ արդեն գրանցված արդյունքների հիման վրա: Եղած փաստերն ու արդեն գծագրված հետագա տենդենցները ցույց են տալիս, որ մենք գնում ենք դեպի կապիտուլյացիա: Ես չգիտեմ, թե ինչով է տարբերվելու դա իրական ֆիզիկական պատերազմում պարտվելուց:

Ներկայումս մեր հիմնական և միակ անելիքը դա սպասվող արհավիրքները ժամ առաջ հասկանալն է և դրանցից խուսափելը (կրկնվեմ՝ խուսափելը, այլ ոչ թե զիջելը): Թե ինչ մարտավարություն և գործելակերպ կընտրվի, դա արդեն կախված է այն բանից, թե ինչ կասեն հայ քաղաքական ու իշխանական ասպետները, ժողովուրդը: Կգնանք այնթափցու խորհուրդներով, կստանանք մի արդյունք, կգնանք որպես ոչխարի հոտ, մի քիչ այլ ելք կունենանք: Կպայքարենք, կդիմադրենք, կռիվ կտանք՝ լրիվ այլ արդյունքի կհասնենք: Բայց, անկախ վաղվա օրվա դրական կամ բացասկան արդյունքներից, հիշենք, որ այսօր ոչ մեկը մեզ չի խաբում, և որ մենք՝ ինքներս ենք մեզ ինքնախաբում:

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ՄԵԾ ՑԱՎԸ  (Հատված)

Անցյալները խոսեցինք էն մասին, թե մեր հարևան ժողովուրդները մեզ չեն ճանաչում, մենք էլ նրանց, ու հաճախ ընկնում ենք ցավալի թյուրիմացությունների մեջ։
Բայց կա ցավի ավելի մեծը, ավելի ամոթալի մի դրություն: Մենք մեզ էլ չենք ճանաչում:
Երկիր ունենք՝ չենք ճանաչում, պատմություն ունենք՝ չենք ճանաչում, ժողովուրդ ունենք՝ չենք ճանաչում, գրականություն ունենք՝ չենք ճանաչում, լեզու ունենք՝ չենք իմանում:

Մտածում ենք. ի՜նչ մեծ պակասություն է դատարկ աշխարհագրական էն տգիտությունը, որ մեր երկիրը չգիտենք: Չենք հասկանում, թե էդ չգիտենալով՝ ինչքան բան չգիտենք: Չէ՞ որ երկիրն է իր առանձնահատկություններով, որ պայմանավորում է ու բացատրում և պատմություն, և գրականություն, և գեղարվեստ, և տնտեսական վիճակ, և մարդկային հայտնի տիպ ու հոգի: Նա է որոշում ազգերի ճակատագիրը. առանց նրա բնավորությունը հասկանալու ոչ կարող ես անցյալդ ըմբռնել, ոչ ներկադ հասկանալ, ոչ ապագադ տնօրինել։

Պատմություն ունենք՝ տգետ ենք... Չգիտենք մենք ինչ ենք եղել, ինչ ենք արել, ինչու և ինչպես, ինչ օրով, ինչ ճանապարհով ենք էստեղ հասել:
Եվ ինչ զարմանք, որ էս դրության մեջ գտնվող մարդը, իր անհատական խեղճությունն ու դատարկությունը հեշտ կտարածի իր ամբողջ ցեղի ու նրա անցյալի վրա, կարհամարհի իր ցեղը, իր անունից կամաչի, կուրանա, իրեն թույլ կտա իր ցեղին վերաբերյալ ամեն ստորություն, և շատ-շատ կդառնա մի միջազգային ոչնչություն, որ աշխարհքում ոչինչ չի հարգում՝ սկսած իրենից:

Կամ թե չէ կընկնի մյուս ծայրը, իր ցեղը կհամարի Աստծո ընտրյալ ժողովուրդը, «12 խաչապաշտի, եթմիշիքի միլլեթի գլուխը», և կույր ազգասիրական տենչով բռնված՝ չեղած մեծություններ ու փառքեր կզառանցի՝ հասկացողություններ, ժամանակներ ու դեպքեր իրար խառնելով...




ԿՐԿԻՆ ՄԵՐ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Փոքրիկ այս նյութը հրապարակվել է հայաստանյան blognews.am-ում և լայն քնարկման առարկա դարձել

Սկսվել է նոր ուսումնական տարին...
Հիշում եմ. երբ սովորում էի 9-րդ թե 10-րդ դասարանում, մտերիմ ընկերներով հաճախ էինք քննարկում, թե ո՞ւմ է պետք 10-ամյա ուսուցումը, երբ այդ 10 տարվա ընթացքում ստացած գիտելիքները կարելի է ձեռք բերել նաև 7-8 տարում։ Ինչո՞ւ ենք վատնում մեզ տրված թանկագին տարիները, ժամանակը...

Հիմա մեր երեխաները դպրոց են հաճախում 6 տարեկանից և 12 տարի շարունակ «գիտելիքներ են սերտում»՝ թեսթային համակարգով քննություն հանձնելու համար։ Նրանց գերակշիռ մասը Թումանյանի կամ Չարենցի մասին գիտե թեսթային հարցաշարերից, շատերը մազաչափ պատկերացում չունեն նրանց ստեղծագործությունների մասին... Այսօր նրանք դպրոցում գրեթե գիտելիք չեն ստանում, փոխարենը արտաժամյա վճարովի «դասընթացներ» են անցկացնում իրենց այդ նույն ուսուցիչների մոտ...

Նրանց կյանքից թանկագին 12 տարի ենք խլում, որպեսզի ապացուցենք, որ մենք էլ ենք «քաղաքակիրթ Եվրոպա»։ Ես չգիտեմ, թե եվրոպացի այդ ո՞ր շանորդին է հնարել 12-ամյա կրթական համակարգը։ Բայց հստակ համոզված եմ, որ նա ժամանակին անընդունակ, ապաշնորհ ու բթամիտ սան է եղել, 2-3 օրում սովորելիքը հազիվ մի շաբթում էր յուրացնում... Ու ահա, այդ ողորմելին դպրոցն ավարտելուց տասնամյակներ հետո հնարել է 12-ամյա այս անհեթեթությունը...

Հնարավոր է, որ մի քիչ այլ կերպ է եղել։ Հնարավոր է, մի քիչ գույները խտացրել եմ, բայց էականը դա չէ...
Ես ուզում եմ հարցնել, Հայոց կրթական համակարգի մեծ գլուխներին. «Բարոյական ի՞նչ իրավունքով եք խլում մեր երեխաների կյանքի թանկագին տարիները՝ փոխարենը գրեթե ոչինչ չտալով։ Այդ տխմարությունը կապկելուց առաջ դուք հարցրե՞լ եք ծնողների, մարդկանց կարծիքը»։

Սկսվել է նոր ուսումնական տարին։ Ես խորապես ցավում եմ մեր երեխաների կորսված տարիների համար։ Իսկ ավելի շատ ցավում եմ, որ հանգիստ թույլ ենք տալիս երևաններում բարձր պաշտոններ զավթած ինչ-որ տգետներ հիմարացնեն մեզ...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
blognews.am

ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ԿԱՐԾԻՔՆԵՐԻՑ


Մելանյա Պետրոսյանց (Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտ) - Առիթ եմ ունեցել, ճիշտ է՝ ոչ խորությամբ, ծանոթ լինելու մի քանի երկրների, նաև ԱՄՆ-ի դպրոցական կրթական ծրագրերին: Համոզվել եմ, լավագույնը եղել են խորհրդային դպրոցի պլաններն ու ծրագրերը: Դրանք մերժեցինք՝ ցանկություն ունենալով ստեղծել մեր ազգայինը: Չկարողացանք ստեղծել ու տեղը դատարկ մնաց:

Լիլիթ Ումրշատյան - Ինչ ցավոտ հարց եք քննարկում... Ես չեմ կարողանում պատասխանել իմ 13 տարեկան տղայիս հարցին. «Մամ, ասա, ինչի՞ պիտի սա կարդամ սովորեմ»... Գո՞ւցե ժամանակն է բարձրաձայն ահազանգել, գո՞ւցե հատուկ են բթացնում երեխաների ստեղծագործական միտքը...

Բելա Լալայան - Մերժեցինք խորհրդայինը ոչ թե ազգայինը ստեղծելու, այլ «եվրոշեղվածություն» հիվանդության պատճառով, որոշ տհասների քաղքենիության պատճառով։

Նելլի Սարգսյան (Երևան) - ՀՀ կրթության և գիտության նախարարը մասնագիտությամբ բժիշկ լինելով, եթե չի հասկանում, որ մի ամբողջ կյանքն է ապականում, ապա նա բուժեղբորից ավելի չպիտի բարձրանար։ Բավական է երեխաներին զոմբիացնեն, ծնողներին էլ անհամար խնդրի առաջ կանգնեցնեն։ Մենք, 10 տարի սովորելով, այնքան բանիմաց ենք, որ այսօր ամեն անգամ ցնցվում ենք մեր երիտասարդների անգրագիտությունից...

Նարինե Բալասբեկյան - Դեպի համատարած բթացում ու անզգայացում։ Վերևներին պետք չեն խելացի ու տրամաբանող գլուխները... Որքան խոնարհ, այնքան խաղաղ...

Լիլիթ Աբգարյան (Երևան) - էդ փոփոխությունների միակ դրական կողմը 10 բալանոցի անցումն էր հենց: Ավելի հեշտ է գնահատել: Ենթադրենք էն ժամանակ մատյանում չէիր կարող գնահատել «4-», իսկ հիմա կարող ես «6» գնահատել։

Քրիստինա Բարսեղյան - Երևի օրենք ընդունողները 10 տարի սովորած գիտելիքներից շատ դժգոհ են, դրա համար 12-ամյա կրթություն են մտցրել։ Այն դեպքում, երբ խորհրդային 10-ամյա կրթական համակարգը լավ համարում ուներ աշխարհում...

Անահիտ Մեսրոպյան - Զոմբիացման, ուղեղների բթացման համակարգ են մշակել և փաթաթել են մեր վզին: Առանց 12-ամյա կրթության ծրագրի, կրթությունը 12-ամյա են դարձրել, արհեստական ուռճացրել են: Շատ կարևոր և ցավոտ թեմա է: Իսկ ամենավատն այն է, որ ոչինչ չենք կարող անել: Ես չեմ էլ ընդունում, թե ինչ անհեթեթություններ են գրված դասագրքերում, բա դրանցից ինչպե՞ս պաշտպանենք մեր երեխաներին։ ճիշտը ասես՝ երեխան բացասական թվանշան կստանա, թույլ տաս այդ անհեթեթությունները սովորի՝ վաղն անգրագետ է դառնալու: Մարդ չգիտի, որն է չարյաց փոքրագույնը:

Վարդան Խառատյան - Գրեթե համաձայն եմ հեղինակի հետ, բայց ունենք ուսուցիչներ, որ անկախ ամեն ինչից, գիտելիք տալիս են...

Աննա Մանուկյան - Ո՞վ հորինեց այդ 12 տարին և ինչո՞ւ չեն լսում ժողովրդի բողոքները։ Թե դրա համար էլ պիտի հանրահավաք անենք ու գոռանք՝ Աշոտյան, հեռացիր...

Լուսինե Գրիգորյան - Միանգամայն ճիշտ եք։ Ավագ դպրոցներում ու բազային քոլեջներում ուղղակի զբաղված են ժամավաճառությամբ։ Իրոք, ափսոս է ժամանակը...

Հասմիկ Աբրահամյան - Ես էլ եմ դժգոհ. անիմաստ կորցրած 2 տարի, նաև դժգոհ եմ արտաժամյա դասերը երեխաների վզին փաթաթելու սովորույթից։ Կարծում եմ՝ ցանկացած գրագետ ծնող գոնե այնքան տիրապետում է տարրական դասարանի գիտելիքներին, որ ինքը կարողանա պարապել իր երեխայի հետ։ Ի վերջո էլ ինչի՞ համար ենք երեխաներին դպրոց ուղարկում, որ դեռ մի բան էլ դասերից հետո դասատուների մոտ պարապելու տանք...




ԱԴԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ «ՄՈՌԱՑՎԱԾ ԿՐԱԿ» ՎԵՊԸ

Հայ դատի արդարացիությունը ապացուցող ևս մի երկ« որը 2002 թվականին ամերիկյան ընթերցողի սեղանին դրեց Վիլյամ Սարոյանի ազգական՝ ծագումով բիթլիսցի, այժմ նյույորքաբնակ Ադամ Բաղդասարյանը։ Սա հեղինակի առաջին վեպն է, որտեղ ներկայացնում է իր մորեղբոր՝ Վահան (Վահրիդջ) Քենդերյանի պատմությունը։ Վահան Քենդերյանից հուշ մնացած ժապավենից Ադամ Բաղդասարյանը քաղում է նրա կենսագրական փաստերին վերաբերող մանրամասներ, որոնց շուրջ էլ հյուսում է սրտառոց նյութը ։

Երբեմի չտեսած հայրենիքի տեսլականը գրողի երևակայության միջոցով կենդանություն է առնում։ Վեպը Բաղդասարյանը բացում է Բիթլիսի լավաշի ու մածունի, ծիրանենու, թզենու, ձիթապտղի անզուգական «բույրով». վաճառականների «ծոցվոր» տաբատների, գլխածածկ կանանց, արևաթուխ տների ու ոլորապտույտ լեռների, ամառային մեղմանուշ գիշերների գունաշող պատկերների նկարագրությամբ։ Էջեր ձգվող գույնզգույն պատկերները աստիճանաբար մթագնում են՝ տեղի տալով արյունռուշտ բարբարոսություններին։

12-ամյա Վահանը՝ բազմազավակ ընտանիքի ամենակրտսերը, ընդամենը մեկ ամսում զրկվում է ոչ միայն տաքուկ, բարեկեցիկ կյանքից, այլ՝ կորցնում հարազատներին մեկ առ մեկ։ Նրանց հոր՝ քաղաքի հայտնի փաստաբան Սարգիս Քենդերյանի ձերբակալությունից հետո, Վահանի ավագ եղբայները՝ Դիրանն ու Տավելը, սպանվում են թուրք զինվորների գնդակից՝ հենց տնեցիների աչքի առաջ։ Քույրը՝ Արմենուհին, ինքն իր կյանքին վերջ է տալիս՝ խուսափելով թուրք զինվորների բռնություններից։ Վահանը, քույրը՝ Օսկինան, եղբայրը՝ Սիսակը, մայրը, մեծ մայրը բռնում են գաղթի ճամփան։ Մեծ մայրը սպանվում է, Սիսակն ու Վահանը հրաժեշտ տալով մորն ու քրոջը փախուստի են դիմում դեպի Բիթլիս։ Մի կարճ ընթացք Վահանն ապաստան է գտնում Ալթունյանների տանը։ Օրեր անց փողոցում գտնում է մահամերձ Սիսակին, փորձում է փրկել, սակայն՝ ապարդյուն։ Միայնակ Վահանը դիմակայում է քաղցն ու ծարավը, կյանքի հատակը նետված, անպաշտպան հայ պատանուն բաժին հասած դառը փորձությունները։

«Մոռացված կրակ» վեպում հայ պատանու դիմադրական ոգին կարծես վեր է կանգնած անհատի անձնական ապրումներից ու հույզերից։ Այդ պայքարող ու հաղթող ոգու զորության պատկերումն է կարծես հեղինակի առջև ծառացած գերխնդիրը։ Ինչպես սփյուռքահայ արձակագիր Արմեն Դարյանն է նկատում իր երկերում. «...Եվ հայու ճակատագիրը չի պատմվիր... Եթե նույնիսկ փորձես պատմել, մարդ չի հավատա», նույնն էլ Բաղդասարյանի կերտած հերոսի պարագան է։ Օտարի աչքին հայի անիրական թվացող ճակատագիրը ոչ միայն «մանկությունէն զուրկ» սերնդի ողբերգությունն էր, այլ նաև հետագա՝ երկրորդ, երրորդ, ներկայիս չորրորդ սերնդի ողբերգությունն է։ Այն փոխանցվում է սերնդից սերունդ, դառնում նոր սերնդի չսպիացած, չարչրկված վերք։

Վեպը լավ ընդունվեց թե՛ հայ և թե՛ ամերիկյան գրական շրջաններում։ Ինչպես «Ճամփորդություն դեպի Արարատ» գրքի հեղինակ Մայքլ Առլեն Կրտսերն է նկատում իր գրախոսականում՝ ««Մոռացված կրակը» տպավորիչ է մի քանի տեսանկյուններից. այս պատմությունը ամուր է, հետաքրքրություն կլանող։ Ինձ շատ հմայեց սահմանափակ խառնվածքը և համարյա թե փաստացի առկա էմոցիան, որը գրքի ընդհանուր տոնն է կազմում։ Պերճախոս և հիասքանչ գիրք»։

ԼՈՒՍԻՆԵ ՄՅՈՒԼԼԵՐ
գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու
ԱՄՆ, Մերիլանդի Մաունթ Սեյնթ Մերիս կաթոլիկ համալսարանի դասախոս




ՇՈՈՒՆԵՐԻ ԵՎ ՍԵՐԻԱԼՆԵՐԻ ՇՔԱՀԱՆԴԵՍ

Շոուն դարձել է հայ մշակութային կյանքի հիմնական, բաղկացուցիչ մասը։ Համերգները, արվեստի տարբեր կարգի միջոցառումները մեր օրերում հանդիսատեսին մատուցվում են շոուի տեսքով։ Շոուն, ընդհանուր առմամբ, նման է բազմագույն գեղեցիկ ու հսկա մի փուչիկի, որի մեջ ամեն ինչ կա, բացի արվեստից։

Ապա սերիալնե՜րը։ Եվ գտնվում են հազարավոր, միլիոնավոր մարդիկ, ովքեր իրենց կյանքից հարյուրավոր, հազարավոր թանկագին ժամեր քամուն են տալիս, որպեսզի կիսագրագետ մի սցենարիստի գրած ու ապաշնորհ ռեժիսորի ստեղծած ինչ-որ ֆիլմի 386-րդ կամ 874-րդ սերիայում ականատես լինեն, թե ինչպես ինչ-որ ապուշ ամուսնանում է իրեն արժանի մի այլ օբյեկտի հետ։
Դա ոչ թե բարու, այլ տգիտության հաղթանակ է։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ




ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ

Պատվիրակությունը մեկնում է Թիֆլիսից Տրապիզոն

Սկիզբը՝ NN 13-30-ում և NN39-40-ում

Այսպիսի անորոշության մեջ էր պատվիրակությունը մեկնում Թիֆլիսից Տրապիզոն, ես էլ նրա հետ:
Բանակցության երկու գլխավոր կետերը մնում էին անփոփոխ: Նորակազմ անդրկովկասյան պետությունը շատ խամ ու խակ էր իրեն ցույց տալիս միջազգային հարաբերությունների մեջ:

Ինչևիցե: Թիֆլիսը ես թողնում էի ծանր ու մռայլ մտածումների մեջ: Հաց չկար, հանգստություն չկար, կարծես այդ մի խաղաղ քաղաք չէր, այլ պատերազմական դաշտ, ուր օր ու գիշեր միալար հրացանաձգություն էր տեղի ունենում, որը երբեմն ընդունում էր կատաղի կերպարանք: Կայարանում կանգնած էր հատուկ գնացք պատվիրակության համար: Շքեղ սալոն-վագոն և սեղանատուն՝ սա պատվիրակների համար էր, մնացածը պիտի տեղավորվեին սովորական վագոններում: Ես տեղ գտա մի վագոնի մեջ, որի վառարանը կոտրված էր, իսկ ցուրտը զգալի էր ինձ համար...

Սեղանատանը ծանոթացանք պատվիրակության հետ: Նա բավական ստվարաթիվ էր, որքան հիշում եմ՝ մոտ 45-50 հոգի, հաշվելով այդ թվի մեջ ամենքին, մինչև գրագիրներն ու ծառաները: Պատվիրակության գլուխն էր ներքին գործերի կոմիսար Չխենկելին: Վրացիներն ամենաբազմամարդ տարրն էին պատվիրակության մեջ: Իսկական պատվիրակները չորս հոգի էին՝ երկու սոցիալ-դեմոկրատ, մի սոցիալիստ-ֆեդերալիստ և մի նացիոնալ-դեմոկրատ: Ամեն ֆրակցիա ուներ իր խորհրդականները, բացի դրանից՝ կային հնագետներ, պատմագետներ, որոնք բերել էին իրենց հետ մեծ քանակությամբ գրքեր՝ ապացուցելու համար, որ Բաթումից մինչև Օլթի վրացական հողեր են եղել մի ժամանակ: Թուրք պատվիրակների թիվը հինգն էր՝ երկու մուսավաթական և երեք սոցիալիստ զանազան գունավորումների: Նրանք էլ ունեին իրենց խորհրդականները, և նրանց մեջ էր «Մուսավաթի» հիմնադիր և հայտնի պանթուրքիստ Ռասուլզադեն: Հայ պատվիրակները երկու հոգի էին, երկուսն էլ դաշնակցական՝ Հովհաննես Քաջազնունի և Ալեքսանդր Խատիսյան: Նրանց խորհրդականն էր Ռուբեն-փաշան, որ, սակայն, շուտ վերադարձավ Տրապիզոնից: Կար բացի ինձնից և մի այլ հայ խորհրդական, բայց ֆինանսական գործերով՝ Մենտոր Բունիաթյան: Հիշատակեմ, որ մեզ հետ էր նաև կովկասյան շտաբի պետ գեներալ Լևանդովսկին, և նրա հետ՝ մի խումբ սպաներ:

Երեկոյան Չխենկելին մեզ ամենքիս ժողովեց սեղանատանը՝ գործունեության ծրագիրը մշակելու համար: Ժողովից հետո, թեյի վրա խոսակցություն սկսվեց քաղաքական բովանդակությամբ, որ պտտվում էր Թուրքիայի շուրջը: Մեր Խատիսյանը, հավատարիմ իր համակերպվող բնավորությանը, արդեն ավանսներ էր տալիս, թե Դաշնակցությունը պիտի փոխի իր օրիենտացիան: Այլևս ո՛չ արևմտյան, ո՛չ էլ հյուսիսային պիտի լինի հայերի օրիենտացիան, այլ արևելյան: Այս հայտարարությունն արժանանում էր թուրք պատվիրակների բարձրաձայն հավանություններին: Ինձ հետաքրքրողը Խատիսյանը չէր: Բոլոր ժողովվածների մեջ մեծ հետաքրքրություն ինձ համար ներկայացնում էին մեր թուրք ընկերակիցները: Բացարձակ կերպով նրանք հայտարարում էին, որ Անդրկովկասի կենսական շահը պահանջում է, որ ռուս տիրապետողներ այլևս չլինեն այնտեղ: Բոլոր ազգերը պիտի միանան՝ կանգնեցնելու համար հյուսիսից եկող ամեն մի արշավանք:

Մեր պատվիրակությանը վիճակված էր մի ամսից ավել ապրել Տրապիզոնում: Այդ բավական ժամանակ էր, որպեսզի ես կարողանայի ավելի մոտիկից ծանոթանալ մեր թուրք ընկերակիցների հետ, մանավանդ որ նրանք հենց սկզբից սկսեցին վերաբերվել ինձ մի առանձին համակրանքով՝ իբրև մի մարդու, որ միմիայն «քիթաբ ադամի» է (գրքի մարդ) կամ «թարիխջի» (պատմաբան): Մեր մերձեցմանը նպաստում էր այն հանգամանքը, որ ես բավական լավ խոսում էի թուրքերեն և բացի դրանից՝ պատվիրակներից մեկը՝ Խալիլ-բեկ Խասմամեդովը, գանձակեցի էր, ուրեմն համարյա թե ինձ հայրենակից: Եվ մենք նստում էինք ու խոսում շատ ու շատ բաների մասին: Օրինակ, մի օր ես խնդրեցի Ռասուլզադեին, որ ինձ բացատրի պանթուրքիզմի էությունը, ձգտումները: Եվ նա ինձ ամենայն բարեխղճությամբ մի ամբողջ դասախոսություն կարդաց, թե ինչպես է տարածվել այդ շարժումը, թե ինչ միացնող դեր է կատարել օսմանյան գրականությունը լեզվով իրարից հեռացած թուրք ցեղերի մեջ: Իսկ շարժման քաղաքական նպատակն է՝ մի թուրքական կայսրություն՝ Զմյուռնիայից մինչև Միջին Ասիա: Չափազանց հետաքրքրական էին իմ խոսակցությունները նաև Խալիլ-բեկ Խասմամեդովի հետ: Նա ինքն էր որոնում հարմար ժամ «Լեո-էֆենդիի» (այսպես էին ինձ անվանում բոլոր թուրք պատվիրակները) հետ բացեիբաց, սրտանց խոսելու համար:

«Մուսավաթի» ազդեցիկ և հեղինակավոր ներկայացուցիչներից մեկն էր նա և ամենայն անկեղծությամբ պատմում էր, որ Դաշնակցության քաղաքականությունը մեզ՝ հայերիս կատարյալ կործանում պիտի բերի: Դաշնակցականները, ասում էր նա, Երևանի շրջանում 20-25 թուրք գյուղեր են քանդել: Եվ գիտե՞ք ինչ բան է մի հատ քանդված մուսուլմանական գյուղը: Այն իսկույն ցավագին արձագանք է տալիս այստեղ՝ Թուրքիայում, հուզում է ժողովրդին, որ և պահանջում է իր կառավարությունից վրեժխնդրություն, իր եղբայրակիցների ազատություն: Այսպիսով ստեղծվում է ամեն տեղ մի շատ վատ տրամադրություն հայերի նկատմամբ: Այս շատ վտանգավոր է, թող մտածեն ձեր առաջնորդները: «Սիզա կըրալլար, Լեո-էֆենդի, բախ, գեյիրամ, բու բիր գյուն դըր» (ձեզ կկոտորեն, Լեո-էֆենդի, տես, ասում եմ, այս մի օր է):

Որքա՜ն օգուտներ մենք կլինեինք շահած, եթե փոխանակ իրար դեմ մաուզերներ մեկնելու, իրար կողքի նստեինք, խոսեինք, իրար հասկանայինք: Երեսուն տարի մենք միայն մի լեզու գիտեինք՝ «կայծե՛նք» (Ակնունիի սիրած բառը): Եվ մինչ մենք կայծում էինք ու սովորում, որ կայծելուց ավել բան չէր պահանջվում, մեր թիկունքում աճել ու պտուղներ էր տվել մի ամբողջ քաղաքական շարժում՝ թուրք ցեղերի զարթնումը: Պե՞տք է ավելացնել, որ Խասմամեդովի բոլոր խոսքերը ես պատմում էի մեր դաշնակցական երկու պատվիրակներին և մանավանդ հռչակավոր Ռուբեն-փաշային: Եվ պե՞տք է արդյոք ավելացնեմ, որ ոչ փաշաները լռությամբ էին ինձ պատասխանում, իսկ փաշան՝ արհամարհական ժպիտով…

Հրաշալի արևոտ և հանդարտիկ մի օր էր, երբ մենք դուրս եկանք Բաթումից: Առավոտյան մեր գնացքի առջև շար ընկավ մի վաշտ զորք: Երիտասարդ վրացի սպաներից էր այն բաղկացած, որոնք դեն էին դրել իրենց սրերը և վերցրել էին հրացաններ՝ հասարակ զինվորների դեր կատարելու համար: Սա ցույց էր տալիս, որ վրացական զորամասերն էլ քայքայման դրության մեջ էին: Եվ սակայն միայն Բաթումը՝ Սև ծովի հարավային ափի այդ ահեղ բերդն ու հոյակապ նավահանգիստը, պաշտպանելու համար որքա՜ն զորքեր են հարկավոր: Ահա նրա ահարկու մարտկոցները սարի լանջերից իրենց թնդանոթների բերանները դեպի ծովն են ուղղել, բայց թվում են կախարդված, մեռած, ամայի… Եվ այսպիսի՜ ինքնապաշտպանողական միջոցների վրա էին դրել իրենց հույսը վրաց մենշևիկները, երբ շտապում էին ամեն գնով իրագործել Ռուսաստանից անջատվելու իրենց տենչանքը: Բաթումը մի չափազանց մեծ ամրություն էր, և այն կարող էին պաշտպանել մի մեծ պետության ուժերը: Հարկավոր էր ոչ միայն ցամաքային, այլև ծովային պաշտպանություն, մինչդեռ նրա մեծ և առաջնակարգ նավահանգստում մի հատ պատերազմական փոքրիկ նավ կար, այն էլ պիտի մեզ տաներ Տրապիզոն...

Մեր «Կարլուշկան» բոլորովին էլ պատերազմի համար չի եղել շինված: Այդ մի սովորական տախտակե ճանապարհորդական նավ էր. միայն ներկա պատերազմի ժամանակ նրա տախտակամածի վրա՝ առջևում և ետևում ամրացրել էին երկու մեծ թնդանոթ, անունը դրել էին «օժանդակ հածանավ» և մտցրել Սև ծովի ռուսական նավատորմի մեջ: Նավազների մի մասը՝ փոքրաթիվը, ռումինացի էր, մեծագույն մասը՝ ռուս, ամենքն, ինչպես ասացի, բոլշևիկներ: Հասկանալի է, թե որպիսի հետաքրքրությամբ և, ինչո՞ւ թաքցնել, երկյուղով էինք մենք նայում նրանց: Դեռ բոլորովին նոր էր այս տարրի տիրապետությունը, դեռ Ռուսաստանում անհնարին կատաղությամբ քաղաքացիական պատերազմ էր բոլորված, և մեզ միշտ այն էին պատմել լրագրերը, թե գազաններ են բոլշևիկները և ոչ թե մարդիկ: Եվ ահա այդ «գազանների» մեջ էինք մենք, նրանց կատարյալ իշխանության տակ, ինչ ուզեն՝ կարող են անել մեզ հետ, հենց վերցնել և «Կարլուշկան» տանել Սևաստոպոլ ու մեզ հանձնել հեղափոխական տրիբունալին՝ իբրև հակահեղափոխականների… Այսպիսի ակնարկներ կիսաշշուկով լսվում էին մեր մեջ: Բայց զարմանալի բան… «Գազանները» չեն հարձակվում մեզ վրա, նավային ծառայությունը տանում են օրինակելի կարգապահությամբ, մեծ թե փոքր ճանաչում են իրենց պարտավորությունները. և ոչ միայն այդ՝ այլև հիանալի խոսքընկերներ են: Ահա մեկը, շատ լավ զարգացած մի մարդ, երևի ծովային սպա հին ռեժիմի ժամանակ, ծովային կյանքից պատմություններ է անում, և ի՜նչ՝ երկրագնդի շուրջը մի քանի անգամ պտտված մարդ է… Մեկ Սինգապուրն է, մեկ՝ Մալայան արշիպելագը, մեկ՝ Մադերան, մեկ՝ Նյու Յորքը… Որտեղից որտեղ… Եվ պատմում է որքա՜ն լավ, ուղղակի տաղանդավոր կերպով: Ահա մի ուրիշը՝ հասարակներից՝ խոխոլի արտասանությամբ, նստում է իմ և Խատիսյանի միջև: Շատ երիտասարդ չէ, ծովային մի գայլ, որի կապույտ աչքերը կարող են հինգ վերստի վրա որոշել, թե այն ծուխը, որ երևում է՝ «Համիդիե» հածանավի ծուխն է և ոչ թե մի ուրիշ նավի: Խատիսյանը խոսեցնում է նրան ուրիշ բաների մասին, և ես լսում եմ լարված ուշադրությամբ...

Երեկոյան հասանք Տրապիզոն, բայց ափ չիջանք ոչ միայն այդ օրը, այլև հետևյալ մի քանի օրերը: Թուրքական պատվիրակությունը դեռ չէր եկել Կ.Պոլսից, և մենք մնացինք «Կարլուշկայի» մեջ՝ սպասելու նրան: Ծովափը ահագին տարածության վրա ներկայացնում էր մի մեծ բանակի հապճեպ, խուճապային փախուստի հետքերը: Հարյուրավոր, հազարավոր սայլեր, սայլակներ, բեռնակիր ավտոմոբիլներ և ուրիշ տեսակ-տեսակ իրեր թափթփված էին սոսկալի անկարգության մեջ: Պետք է նկատել, որ Տրապիզոնը վերցվելուց հետո Նիկոլայ Բ-ի հրամանով պաշտոնապես կցված էր Ռուսաստանին, և այդ պատճառով ռուսաց պատերազմական գանձարանը, չսպասելով պատերազմի վերջին, ահագին ձեռնարկումներ էր սկսել այդ նավահանգիստը լավացնելու, մեծացնելու, ամրացնելու, հաղորդակցության համար ճանապարհներով ճոխացնելու համար: Երկաթուղի էր շինվում Բաթումից մինչև Տրապիզոն, և այս վերջինի ծովափում դարսված էին ռելսերի ամբողջ լեռներ...

Մեր «Կարլուշկայի» գալը փրկություն էր ամենից առաջ հենց ռուս զինվորական և քաղաքացիական պաշտոնյաների համար: Նրանք շտապեցին գալ մեզ մոտ և անվերջ ու անսահման գանգատներ բերել: Գեներալ Կուլասովսկին ասում էր, թե ինքը պարզապես իրեն զգում է իբրև պատվավոր գերի թուրք զինվորականների ձեռքին, որոնց կեղծ, առերես քաղաքավարական ձևերի տակ թաքնված է արհամարհանք և ատելություն: Ինչո՞ւ զարմանալ: Մի երկիր, որ դեռ երեկ ջախջախված էր, իր մեծ մասը կորցրած, այսօր հրաշքով, առանց մի կաթիլ արյուն թափելու՝ դարձել էր հաղթող, տիրացել էր անհաշիվ հարստությունների և իր ձեռքում ուներ երեկվա հաղթողներից մի քանիսին՝ անօգնական ու անպաշտպան դրության մեջ: Ուրիշ ի՞նչ կերպ կարող էր վարվել նա…

Տրապիզոնում այսպես գերի մնացած ռուս զինվորներից մեկը թիֆլիսեցի էր և շատ լավ ճանաչում էր Խատիսյանին: Նա շատ մեծ զարմանք հայտնեց, որ մի հայ, թեկուզ նույնիսկ խաղաղարար պատվիրակության անդամի դիրքով, համարձակություն ունի մտնելու Թուրքիա: Այդ զարմանքը կատարյալ սարսափի փոխվեց, երբ նա իմացավ, որ բացի Խատիսյանից չորս ուրիշ հայեր էլ կան պատվիրակության մեջ:

- Աստված իմ,- ասում էր նա՝ ձեռքերը իրար խփելով,- բայց թուրքի մոտ հայի անուն տալ անգամ չի կարելի: Կատաղությունն անչափ է, անսահման է հայերի դեմ… Եվ դուք պիտի նրանց հետ խոսեք իբրև հայե՞ր, հայերի մասի՞ն…
Այ քեզ բան… իսկ մեզ ուղարկել են այստեղ Հայաստանի ավտոնոմիա պահանջելու համար… Կատարյալ խեղկատակներ են եղել այս անդրկովկասյան նոր պետության դիվանագետները:

Եվ Հայոց հա՞րցն է միայն, որի մասին չի կարելի խոսել: Իսկ որքա՜ն ստորացում ամբողջ պատվիրակության համար: Օրեր են անցնում, թուրք պատվիրակությունը չկա ու չկա, իսկ մեր «Կարլուշկայի» մեջ արդեն սով է սկսվում: Ո՛չ ափ ենք իջնում, ո՛չ հետ ենք գնում: Ափ իջնողները միայն մեր թուրք ընկերակիցներն են: Գնում են, ամբողջ օրը մնում, երեկոյան վերադառնում ուրախ ու գոհ, ինչպես Ավետյաց երկրից: Ավետյաց երկիր Տրապիզո՜նը, այն էլ ինտելիգենտ մարդկանց համար, այդ կեղտոտ ու հոտած արևելյան քաղաքն իր սոսկալի նեղ, ծուռումուռ փողոցներով, մանր, ցածրիկ, տգեղ տներով: Եղած մեծ ու գեղեցիկ շինություններն էլ հույներին էին պատկանում: Ի՞նչ համեմատություն նույնիսկ Բաքվի հետ, ուր թուրքերն այնքան հոյակապ տներ ունեն:

Ասացե՛ք, ծիծաղ չէ՞ր, ծաղր չէ՞ր մեր առաքելությունը… Ամեն օր թուրքական զորամասերը երաժշտությամբ անցնում էին Տրապիզոնի միջով դեպի Բաթումի կողմը՝ այն գրավելու համար: Էլ ի՞նչ էր մնում մեր բանակցությունների համար: Ոչ ոք չգիտեր: Ոչ ոք չէր հասկանում, որ ամեն բանի մեջ ուժն է վճռողը: Իսկ անդրկովկասյան մեծախոս պետությունը չուներ ոչ մի ուժ և չէր կարող վախեցնել նույնիսկ ամենավախկոտին: Բայցևայնպես, մենք գնում էինք, խոսելու էինք գնում. ինչ կբարեհաճեին անել թուրքերը, մենք էլ նայած դրան՝ թե որ կարողանայինք մի բան անել… Մեզ շատ խղճում էին «Կարլուշկայի» բոլշևիկ նավազները: Շատ անգամ նրանք նավի քթի մեծ թնդանոթի կողքին կանգնած՝ հանաքով ասում էին. «Հապա թե «Կարլուշկան» մի քանի անգամ թքի քաղաքի վրա. այդպես չեն անի»: Բայց եթե «Կարլուշկան» «թքեր»,- մենք սա հետո իմացանք,- իսկույն կրակ պիտի բաց անեին լեռան լանջերի վրա ռուսների ձեռքով դրված մեծ թնդանոթները, և այն ժամանակ մեր «Կարլուշկայից» հետք անգամ չէր մնա…

Բայց մեզ, վերջապես, խղճաց Րաուֆ-բեյը՝ օսմանյան պատվիրակության նախագահը, որ իր հետևորդներվ ժամանեց Կ.Պոլսից և իսկույն բանակցություններ սկսեց Չխենկելիի հետ. համաձայնություն կայացավ, որ մեր պատվիրակությունն անհապաղ ափ իջնի, սակայն առանց մեր զինվորական պահակի: Իրիկնապահ էր, երբ մենք հրաժեշտ տվինք մի քանի օրվա մեր բնակությամբ արդեն մեզ հարազատ դարձած «Կարլուշկային» և մանավանդ մեր երիտասարդ և սիրելի սպա-զինվորներին ու նստեցինք մակույկների մեջ: Երբ ափ ելանք, մեզ դիմավորեցին մի խումբ թուրք պաշտոնյաներ, և նրանցից մեկը ողջույնի մի քանի խոսք ասաց գերմաներեն լեզվով: Նվագեց զինվորական երաժշտությունը, փողոցի զանազան կողմերում ուղղակի հողի վրա ածած նավթն այրեցին - ահա և ասիական «չրաղվան»: Կառքերով մեզ սկսեցին ծովափից փոխադրել մեզ համար պատրաստված տունը, ուր մեզ սպասում էին թեյը, ապա և՝ ընթրիքը, որ մանավանդ շատ ի դեպ էր՝ «Կարլուշկայի» վրա մեր քաշած սովից հետո: Մենք իմացանք, որ ամբողջ այդ օրը Տրապիզոնի մեջ մունետիկները բարձր ձայնով ավետել են, թե սուլթանի զորքերը հետ են վերցրել Էրզրումը, և այդ առիթով ուրախություններ են կատարվել: Հասկանալի է, թե որքան տխրություն պիտի պատճառեր այդ լուրը մեր պատվիրակությանը: Պետք է ասեմ, որ վրացիները մեծ հույս ունեին հայ զորքերի և հայդուկային խմբերի քաջության ու դիմացկունության վրա: Նրանցից ոմանք մեզ ասում էին, թե իրենց սպասելիքը մեր զինվորներից ավելի շատ է, քան իրենց զինվորներից: Բայց Էրզրումի անկումն այն առաջին մեծ հարվածն էր, որ գալիս էր ցնցելու այդ հավատը. մի բան, որ հետո ավելի ևս զարգանալով՝ պիտի վերին աստիճանի խախուտ դարձներ հայ-վրացական զինակցության հնարավորությունները:

Էրզրումի անկում... Չափազանց մեծ բառեր գործածեցի ես. մինչդեռ դեպքը շատ փոքր է եղել, բայց ուռցվել է տասնապատիկ: Էրզրումը պատերազմով չէր վերցված: Անդրանիկը ավտոմոբիլի մեջ կանգնած՝ հանել է թուրը և ասել, որ ամենքը գնան իր ետևից, բայց ոչ ոք չի գնացել: Սկսվել է նահանջը, և թուրքերն առանց դժվարության մտել են հռչակավոր բերդի մեջ: Այսպես մեզ պատմեցին Կովկաս վերադառնալուց հետո:

(շարունակելի)





Վերջին էջ

ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ՎԱԽԸ

Ահա մի պաշտոնյա՝ անձնական օգտագործման իր ավտոմեքենայով, անձնական լրջությունը դեմքին փքված նայում է աշխարհին, ու իր անձի, կատարած գործի կարևորությունը պարուրում, նստում է նրա դեմքին, ինչպես գլուխ պանրի վրա նստում է բորբոսի խոնարհ շերտը:
Այս մարդը թույլ չի տա, որ իրեն հեգնեն, ինքն էլ չի համարձակվի իրեն հեգնել, ավելի ճիշտ, նա այդքան մարդկային կարողություն չունի, նա այնքան թունդ է որպես պաշտոնյա, որ ինքն էլ իր անձնասենյակ վախենալով է մտնում. չէ՞ որ ներսում իր պաշտոնն է, իր աթոռը, իր տերը:

Այս պաշտոնյան արդեն արձան է, բայց ինքը չգիտի դա. ինքն իր արձանն է ու կուռքը:
Ծիծաղելի է այս մարդուկը, բայց գրեթե բոլորը վախենում են նրանից ու հարգում, որովհետև գրեթե բոլորի սրտում ազատությունը ստրուկ է, և գլխին տեր ունենալու ցանկությունը ապրելու կերպ է և հնար:

Եթե ավելացնենք, որ այս պաշտոնյայի կարդացած վերջին գիրքը «Այբբենարանն» է եղել, որ սա կարդալիս դեռևս օժանդակ բայերը բառերից անջատ է արտասանում, եթե ավելացնենք, որ սա շատ փող ունի և շատ նենգ է ու շատ խարդախ, որ խիղճ բոլորովին չունի ու դիմացինի վերջին շապիկն էլ է հանում, որ ամբողջ կյանքում գողացել է, քծնել ու քցել, որ աշխարհը մեզ նայում է նրա միջով, պարզ կլինի մեր վիճակը:
Պարզ կլինի, որ հազարավոր տարիներ այդ պաշտոնյան կա, անմեռ է նրա տեսակը, և թվում է՝ պրծում չկա:

Ի՞նչ անել, պարոն Չեռնիշևսկի և Դանեմարքայի Համլետ, և Սոկրատես, և Նարեկացի:
– Մի՜ պայքարիր արդարության համար, այլ ապրի՜ր արդար,- եղավ պատասխանը:
– Հնարավոր չէ:
Ուրեմն միշտ կլինի պաշտոնյան և երգիծանք ու հումոր էլ չի հասկանա ամեն ինչից զատ:

Իսկ երգիծանքի համար հասարակականով, ազգայինով ապրող, տառապող ու չհաշտվող սիրտ է պետք, հումոր, կատակ անելու համար՝ ընդամենը անհոգ ու սուր լեզու:
– Ուրիշ ցավ ու դարդ չունե՞ս, պաշտոնյա է, էլի, կմթնի, անց կկենա:

Վ. Ա. ՍԱՐԳՍՅԱՆ




ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ. ԱՌԱԿԱՆԻ

ԴԱՏԱՍՏԱՆ

Ավանակը թռչնապահական ֆերմայի վարիչ էր։ Կատուն եկավ, թե՝ թղթակից եմ, քսան փամփլիկ ճուտիկ անուշ արեց ու գնաց։
Առնետը եկավ, թե՝ բժիշկ եմ, մի հիսուն հավի կոկորդ ծակեց, արյունը խմեց ու գնաց։
Աղվեսը եկավ, թե՝ ռևիզոր եմ, ֆերման լրիվ մաքրազարդեց ու գնաց։
Գայլը եկավ, թե՝ դատախազ եմ, տեսավ, որ ֆերմայում այլևս հավ չի մնացել, ավանակի հաշիվը մաքրեց ու գնաց։


ՄԻ ՎԱՆԴԱԿՈՒՄ

Գայլն ու նապաստակը հայտնվեցին արենայում: Վարժեցնողի հրամանով նրանք նստեցին կողք-կողքի, գայլն իր թաթով շոյեց նապաստակի մեջքը, նապաստակը գլուխը դրեց գայլի կրծքին...
- Մեր գայլն ու շլդիկը մտերիմ բարեկամներ են,- խոսեց վարժեցնողը։- Նրանք քնում են նույնիսկ մի վանդակում։
- Մի վանդակո՜ւմ,- հառաչեց գայլը։- Ա՜խ, եթե այդ անիծյալ վանդակը չլինե՜ր։


ԷՇԸ ԹԱՄԱԴԱ

Փղի հարսանքին էշը կարգվեց թամադա։ Երբ մի քիչ խմեց, բոթեց գայլի կողն ու ասաց.
- Փչեմ՝ երկինք կբարձրանաս։
Տրամադրությունը որ քիչ էլ բարձրացավ, արջի վրա մատը... ներեցեք, ոտքը թափահարեց.
- Ապուշի մեկը, աչքերդ կհանեմ։
Իսկ հետո կորցրեց չափն ու սահմանը և գոռաց վագրի վրա.
- Ավանակի մեկը, ի՞նչ իրավունքով ես նստել կողքիս։
Գայլը, արջն ու վագրը մեծահոգաբար կուլ տվեցին վիրավորանքները և նույնիսկ ծիծաղեցին։ Էշը թամադա էր։


ԿԱՏՈՒՆ ԱՆՏԱՌՈՒՄ

Կատուն ընկավ անտառ ու հայտարարեց.
- Փախե՜ք, եկա... Ես Չինգիզ խանն եմ, Չինգիզ խանը…
Չգիտես որտեղից վագրը կտրեց նրա ճանապարհն ու մռնչաց.
- Դու որ Չինգիզ խանն ես, բա ես ո՞վ եմ, հիմա՛ր։
Կատուն ակնածանքով խոնարհեց գլուխը.
- Ձերդ գերազանցություն, դուք էլ Նապոլեոն Բոնապարտն եք։


ՀԵՌԱՏԵՍԸ

Արջին նշանակեցին մթերային խանութի վարիչ։
Պահեստի դռնով ներս մտավ ու գոռաց տեղակալ գայլի վրա.
- Չե՞ս տեսնում, որ այս դուռը վրաս նեղ է գալիս։
- Բայց դուք ազատորեն ներս մտաք։
- Անհեռատես հիմա՛ր, իսկ երկու ամսից հետո ինչպե՞ս պիտի դուրս գամ։


ԻՆԿՈՒԲԱՏՈՐԱՅԻՆԸ

Վառեկը սկսեց ծաղրել բակի հավերին.
- Ապրում եք ատոմի դարում և տեխնիկայից ոչինչ չեք հասկանում։
- Իսկ դու տեխնիկայից ի՞նչ ես հասկանում,- հարցրին հավերը։
- Տգետներ, ես ինկուբատորից եմ գալիս։




ԻՆՔՆԱՃԱՆԱՉՄԱՆ 10 ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ

Հարմար տեղավորվելու համար պետք է ուղղակի անհարմար չզգաս:

* * *
Եթե բարկացած ես, հաշվիր մինչև տասը, եթե բարկացած չես, ինչքան ուզում ես հաշվիր:

* * *
Շատ սրտաբաց մի՛ եղիր. բերանբացի համբավ կստանաս:

* * *
Հիշի՛ր. մեղքդ նման է սեփական ստվերիդ. այն երևում է նույնիսկ ամենաաղոտ լույսի տակ:

* * *
Հիշի՛ր. ծոցումդ օձ տաքացնես, ծուխը քթիցդ դուրս կգա:

* * *
Ջուրը չհասած մի՛ բոբիկացիր. ոտքդ փուշ կմտնի:

* * *
Հիշի՛ր. գալիք մի օրը հազար անցած օր արժե:

* * *
Հիշի՛ր. առողջ եսասիրությունը ծնում է հիվանդագին ինքնասիրություն:

* * *
Ստրուկ լինելը շատ վատ բան է, բայց առավել վատ է, երբ ինքդ քո ստրուկն ես:

* * *
Ի վերջո, հիշի՛ր. գայլն էլ է ուզում ընկնել դրախտ. չէ՞ որ բոլոր ոչխարներն այնտեղ են:

ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ




ՀԵՏԱՔՐՔՐԱՍԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ՎԱՅՐ»

«Առեղծվածային Վայր»-ը տուրիստական զվարճանքի կենտրոն է Սանտա Կռուզում, Կալիֆորնիա, որը հայտնի է իր անհարգալից վերաբերմունքով ֆիզիկայի և ձգողականության օրեների հանդեպ: Տարօրինակ նավախուցը, կարծես գտնվում է հարթ հողի վրա, և բոլոր նրանց, ովքեր մտնում են ներս ստիպում է օրորվել ամբողջ ժամանակ: Ամենահավանական տեսությունը, որը փորձում է բացատրել, այս երևույթը, դա տեսողական պատրանքի տարբերակն է: Պատրանքը, որը տեսնում են այցելուները, արհեստական կերպով թեքված շրջակա միջավայրի, ինչպես նաեւ թեքված հատակի պատճառով է: «Առեղծվածային Վայրե-ի թեքված սենյակում օբյեկտների բարձրությունն ու օրիենտացիան խախտվում է: Նույնիսկ այն ժամանակ, երբ մարդիկ կանգնած են դրսում երկրորդ պլանում կան թեք կառուցված շենքեր և պատրանքը նրանում է, որ մենք սենյակի թեքությունը չափում ենք շենքերի տանիքներով, այլ ոչ թե հորիզոնով:



ՍՈԿՈՏՐԱ

Սոկոտրան կղզիախումբ է Աֆրիկայի և Արաբական թերակղզում, բայց հիմնական կղզու՝ Սոկոտրայի 95% – ը, ամբողջությամբ ցամաք է, իսկ մնացածը պարզապես փոքր կղզիներ են: Այս վայրը թերևս ամենից օտարածինն է թվում Երկրի վրա: Եմենի հանրապետության ամբողջ ֆլորայի և ֆաունայի մեկ երրորդ մասը գտնվում է այստեղ: Անձրևանոցի տեսք ունեցող «արյան ծառըե, վարունգի ծառը, հյութալի հսկա ծառը, տարբեր տեսակի թռչուններ, սարդեր, չղջիկիներ և կատուներ հանդիպում են միայ Սոկոտայում:




Համարի ասույթը

Ժողովրդի պատմական դերը հավասար է զրոյի, եթե նա չունի Առաջնորդ՝ այդ բառի ամենաուղիղ իմաստով:


Ամսվա ասույթը

Մեզանում շատերին թվում է, որ եթե անընդհատ ասեն, անընդհատ կրկնեն՝ «Ես պատերազմ չեմ ուզում», «Ես խաղաղություն եմ ուզում» և նման հույժ կախարդական բառակապակցություններ, պատերազմի ուրվականն իսպառ չքվելու է Հայոց լեռներից...
Երբ ջայլամը գլուխը խոթում է ավազի մեջ, երևի նույնպես խաղաղություն է ուզում՝ իր այդ քայլով պատերազմի հերն անիծելով...