ԼԵՈ. Անցյալից. I


ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ

1888 – 1896 ԹՎԱԿԱՆՆԵՐ


Ա

Առաջին տասնամյակը, որ անցել էր Սան Ստեֆանոյի, Բեռլինի հոդվածներից հետո, խմորումների, կազմակերպչական փորձերի ժամանակամիջոցն էր։ 1888-ին վերջնականապես ձեւակերպվում է Հայոց հարցի կերպարանքը։ Այդ ձեւակերպումն է, ինչպես սկզբի տարիների որոնումներն էին արդեն գծագրել, հայդուկային կռիվ եւ Եվրոպայի պաշտամունք[64]։ Երկու թշնամի կողմեր են՝ հայերը եւ թուրքերը։ Երկու կողմերն իրար երեսի բղավում են՝ «Կռի՞վ»։ Եվ կռիվն սկսվում է` անհավասար ու տանջալից։ Հայը նետվում է այդ կռվի մեջ ամենայն թեթեւամտությամբ` նույնիսկ չմտածելով միջոցների մասին։ Այդ տրամադրությունն է, որ այնքան լավ արտահայտվել է մի ժամանակ շատ տարածված եւ շատ ոգեւորիչ մի երգի մեջ։

Հերի՛ք, ելնենք ցույց տանք, թե մենք հարազատ
Հին քաջերի արյունիցն ենք եւ ազատ,
Թեեւ չունենք ո՛չ սուր, ո՛չ թուր, ո՛չ նիզակ,
Մեր բահերն էլ կանեն նրանց շանսատակ…

Ճիշտ որ, բահերով կռիվ էր այդ հայդուկային կռիվը։ Կռիվ մաուզերի դեմ։ Այն վերջնականորեն կազմակերպողը, կանոնադրողը եւ որոշ գաղափարախոսության մեջ ամփոփողը մի խումբ էր Եվրոպայի հայ ուսանողությունից` հավաքված Ժնեւում, ուր դեռ 1887-ին հիմք էր դրվել մի հեղափոխական թերթի, որի անունը փոխ էր առնված ռուս հռչակավոր էմիգրանտ Ալեքսանդր Հերցենի «ԽՏսՏՍՏս»[65]-ից եւ հայերեն թարգմանության մեջ դարձել էր «Հնչակ»։ Թերթը կանոնավորվեց 1888-ին, եւ նրա անունով սկսեց կոչվել Հայոց հարցին նվիրված առաջին կանոնավոր հեղափոխական կուսակցությունը։

Մինչեւ այդ ժամանակները` փակ ծրարների մեջ փոստը մեզ բերում էր Մարսելի «Արմենիան» եւ Լոնդոնի «Հայաստանը», որոնք այնպես, սովորական երեւույթ էին դարձել, եւ միայն ցարական ապուշ ցենզուրան կարող էր «հիմքեր սասանեցնող» համարել արտասահմանյան այդ հրատարակությունները։ Այնուհետեւ մեծ գաղտնապահությամբ, բայց ավելի ուշ մեզ էր հասցվում այս նոր թերթը` «Հնչակը»` ամենածայրահեղ կարմիրը բոլոր հայ թերթերի մեջ, որի բովանդակությունը շատ անգամ սարսափ էր պատճառում մեզ` միամիտ, նահապետական գավառացիներիս։ Կարդում էինք շտապ, ահուդողով եւ շտապում էինք ձեռքերիցս հանել` կա՛մ պատռելով, ոչնչացնելով, կա՛մ թե ուրիշ ցանկացողների տալով։ Շուշին էլ ցարական տեսակետից հասունացած վայրերի բարձր պատվին էր արդեն հասել. այնպես որ այնտեղ հաստատուն բնակություն էին դրել երկու ահագին, թիկնեղ ժանդարմներ` երկու դատարկապորտ ցարական պահնորդ շներ, որոնք ամբողջ օրն անգործ քայլում էին փողոցներում կամ կանգնում էին գինետների մոտ ու այդպես հսկում, որ «կարգը» չխախտվի։ Գործ ունենո՞ւմ էին նրանք, թե՞ ոչ, ես չգիտեմ։ Բայց որ նրանց ներկայությունը մեր անխռով, տիրապահ քաղաքում կատարում էր պատշաճավոր ներգործություն, մանավանդ մեզ` երիտասարդ «ազգասերներիս» էր լավ հայտնի։ Քաշվում էինք շատ բանի մեջ, մտներումս պահում էինք, որ այս քաղաքում երկու զույգ ժանդարմական աչքեր կան։

Մի անգամ էլ գաղտնորեն, փսփսուքով լուր տարածվեց, թե Գանձակից եկել է դրանց ռոտմիստրը, եւ այդ ժամանակ արդեն կատարյալ ահաբեկումն էր մեզ բռնում։ Քանի-քանի անգամ նստել ենք ամեն մեկս առանձին մեր տներում, եւ ինքներս մեր ձեռքով ոչնչացրել մեր խղճուկ, նույնիսկ ամենաանվնաս ձեռագիր աշխատությունները, մեր հավաքած արտասահմանյան լրագրերը։ Մի ժամանակ արգելված էր նույնիսկ Կ.Պոլսի «Արեւելք» լրագիրը, եւ ես մի քանի անգամ վառել եմ նրա կապոցները՝ սպասվող խուզարկությունների մեջ «մաքուր» դուրս գալու համար։ Խե՜ղճ մեր երիտասարդական թռիչքներ ու հուզումներ. քանի՜ անգամ էիք դուք քննադատում մեզ, որ թղթի վրա գրում ենք ձեզ, որպեսզի մի ակնթարթում, կապույտ համազգեստի ահից, ոչնչանաք բոցերի մեջ, մեր՝ ձեզ ծնողներիս ձեռքով…

«Հնչակը» չափազանց վտանգավոր էր ոչ միայն այն պատճառով, որ հեղափոխական էր, այլ որովհետեւ նաեւ սոցիալիստական էր։ Եթե «Արմենիա», «Հայաստան» կարդալով՝ մենք Թուրքիայի թշնամիներն էինք դառնում, մի բան, որ մեծ մեղք էր, «Հնչակ» կարդալիս` արդեն միայն այդ մեղքի տերը չէինք դառնում, այլեւ ավելացնում էինք դրա վրա աններելին, ամենածանրն ու ամենադաժանը՝ դառնում էինք ռուսաց ցարի անձնական, անհանդուրժելի թշնամին։ Սոցիալի՜ստ… Այս մի սարսափելի խոսք էր նույնիսկ հասարակ, անգամ անգրագետ մարդու հասկացողության մեջ։ Դրանից վախենում էին` ինչպես ժանտախտից։ Եվ ոչ միայն դրանից, այլեւ ամեն բանից, որ դրա նմանությունն էր հնչեցնում։ Չեմ կարող մոռանալ հետեւյալ դեպքը։ Ես Շուշիի թեմական դպրոցի հոգաբարձու էի։ Մի օր հոգաբարձուական ժողովի մեջ կարդացվեց Գեւորգ Ղարաջյանի նամակը, որով նա իր ծառայությունն էր առաջարկում իբրեւ ուսուցիչ։ Նամակի մեջ հիշված էր եւ Ղարաջյանի ուսումնական ցենզը՝ licencie des sciens sociales[66]. Կարապետ եպիսկոպոսը` հոգաբարձության նախագահը, բացականչեց. «Սոցիա՜լ… Մերժել, որդի՛ք»։

Նրան բացատրում են՝ թե իրեն սարսափեցնող բառերը պարզապես նշանակում են, թե Ղարաջյանը սովորել է հասարակական գիտություններ։ Զուր աշխատանք։ Եպիսկոպոսը հայտարարեց, թե ինչ որ էլ նշանակեն այդ խոսքերը, այնուամենայնիվ, «սոցիալ» բառը չի կարելի թույլ տալ, դպրոցը կվնասվի դրանից։ Երկար ժամանակ նա համոզում էր` բերելով առարկություններ եւ դատողություններ։ Հոգաբարձությունը Ղարաջյանին ընդունեց ուսուցիչ, բայց «սոցիալ»-ից անչափ վախեցած եպիսկոպոսն էլ իրենն արավ, թշնամություն սկսեց ուսուցչական խմբի դեմ` գլխավոր պատճառներից մեկն էլ այդ «սոցիալը» դարձնելով։

Ասված է, որ արգելված պտուղը քաղցր է լինում։ Ամիսը թե երկու ամիսը մի անգամ երեւացող «Հնչակը» մի խոշոր գրական երեւույթ էր մեր հետամնաց իրականության մեջ։ Այն առաջին օրգանն էր, որ իր համար կռվան էր ընտրել նորագույն քաղաքատնտեսական վարդապետությունը` մարքսիզմը, գիտական սոցիալիզմը։ Այս մասին պարզ ու մեկին Հնչակյան կուսակցությունը խոսում էր իր ծրագրի մեջ։ Այդ ծրագրի առաջին իսկ հոդվածն ասում էր.
«Մարդկության ահագին մեծամասնությունը կազմող աշխատավոր, արդյունաբերող դասակարգի կատարյալ ազատումն (emancipation) ամեն շահագործությունից ու սեփականազուրկ ստրկական դրությունից, որոնց նա ենթակա է կապիտալիստ, սեփականատեր ու իշխող փոքրաթիվ դասակարգի կողմից, կլինի միմիայն այն ժամանակ, երբ արդյունաբերողները կլինեն տեր արդյունաբերության բոլոր ուժերի ու միջոցների, որպիսիք են հողը, գործարանը, հանքերը, հաղորդակցության ու նյութական հարաբերության ամեն միջոցները եւ այլն»։

Եվ ապա` «Ազատումն արդյունաբերող դասակարգի` նշանակում է ազատումն ամեն մարդու, երկու սեռին էլ պատկանող, նշանակում է հասարակական-տնտեսական կատարյալ ազատություն ամբողջ մարդկության։
Ներկա քաղաքակիրթ մարդկության հասարակական, կապիտալական կոչված, կազմակերպության պայմաններն իրենց զարգացման ընթացքում իրենց արգանդից, իրենց ձեւերի միջից բնական կերպով ծնունդ են տվել ու առաջացրել սեփականատիրության մի նոր ձեւի ամեն մտավոր ու նյութական տարրեր։ Այդ նոր ձեւն է՝ արդյունաբերության բոլոր միջոցների ու արդյունքի սեփականության հավաքական (collectif)` համայնական ձեւը, որով նրանք կլինեն ընդհանուր սեփականություն արդյունաբերող հասարակության։

Իր այդ պատմական պարտքն ու գործն ի կատար ածելու համար ամեն քաղաքակիրթ երկրներում արդյունաբերող դասակարգը պետք է կազմակերպվի իբրեւ քաղաքական ինքնաճանաչ ու ինքնուրույն կուսակցություն եւ, իր տրամադրության տակ գտնված ամեն հասարակական ու քաղաքական միջոցները գործ դնելով եւ բոլոր երկրներից իրար հետ միանալով, ձգտի կատարել կոմունիստական, սոցիալական հեղափոխությունը։ Այդ հեղափոխությամբ արդյունաբերող դասակարգն իր ձեռը կգցե քաղաքական ղեկը` խլելով այն ներկայումս իշխող դասակարգից, վերջ կդնե տարբեր դասակարգերի գոյության ու նրանց մեջ եղած դասակարգային կռվին եւ կհաստատե սոցիալիստական հասարակական կազմակերպություն։

Այդ հասարակական կազմակերպությունն իրական կարողություն կտա, ուղղակի ժողովրդային օրենսդրության ձեւի տակ, ամբողջ հասարակությանը եւ յուրաքանչյուր անհատին միջամտելու, քննելու ու վճռելու բոլոր հասարակական գործերն ու դրանց կարգադրությունները. այդ կազմակերպությունը լիառատ ու անբռնաբարելի կերպով կնպաստե յուրաքանչյուր անհատի եւ ամբողջ հասարակությանը, բոլոր՝ անհատական, տնտեսական ու հասարակական ուժերի` ընդունակությունների ու կարողությունների լիակոչ մասի ու կատարյալ զարգացման եւ ներդաշնակ ու որոշ կերպով կկանոնավորե հասարակական ու տնտեսական բոլոր հարաբերությունները։
Դա՛ է արդյունաբերող դասակարգի պատմական ձգտումն ու նպատակը կապիտալական արդյունաբերության տիրապետություն ունեցող ամեն երկրում. դա՛ է այդ երկրների նաեւ սոցիալիստ-ռամկավարականների ձգտումների նպատակակետը»[67]։

Կարդալով այս տողերը, կարելի է կարծել, թե հայ սոցիալիստ-ռամկավար (սոցիալ-դեմոկրատ) հնչակյանները գալիս էին նոր սկզբունք հայտարարելու հասարակական հարցի լուծման համար։ Այս արդեն արմենականների ողորմելի տիրացուական-ազգամոլական աշխարհայացքը չէր, որ չէր կարող բազմություններ ոգեւորել ու կապել իրար հետ. այս համամարդկային այն վարդապետությունն էր, որ գալիս էր դառնալու բոլոր ճնշվածների, բոլոր հարստահարվածների կրոնը։ Եվ ուրեմն, հայ աշխատավոր ժողովրդի, հայ գյուղացիության ազատագրումը հայ առաջին սոցիալ-դեմոկրատները պիտի տանեին այն ճանապարհով, որ գծել էր գիտական սոցիալիզմը, այսինքն՝ դասակարգային ուղղությամբ, միջազգայնության (ինտերնացիոնալիզմի) նշանի տակ, որ միացնում է բոլոր ազգերի հարստահարված զանգվածներին` միասին մղելու ազատարար պայքարը բռնակալների եւ շահագործողների դեմ։

Չափազանց հետաքրքրական տեսարան պիտի բաց անեին հնչակյաններն իրենց այդ գործառնությամբ։ Նրանք պիտի կազմակերպեին կեղեքվող դասակարգերը, պիտի հեղափոխականացնեին նրանց` իրենց տնտեսական շահերի գիտակցությամբ եւ ամբողջացնեին Ասիայի բազմատանջ հողի վրա շահագործվող աշխատանքի միջազգային համերաշխությունը, որ պիտի իրար մոտեցներ հայ ու քուրդ գյուղացիներին եւ սովորեցներ նրանց ոչ թե իրար ծառայել, այլ միացած` կռվել թուրք կալվածատիրոջ եւ հայ վաշխառուի դեմ։ Սա կլիներ մի շատ խոշոր, համաշխարհային նշանակություն ունեցող առաքելություն, հարյուրապատիկ դժվարին, քան հայդուկային գործունեությունը, բայց հազարապատիկ ավելի բարերար ու մեծագործ։

Կարո՞ղ էր Հնչակյան կուսակցությունն իր ուսերի վրա բարձել մի այսչափ մեծ պարտականություն՝ թեկուզ այն շատ դանդաղորեն, փոքրիկ մասնիկներով կատարելու պայմանով։ Իր ծրագրի երկրորդ հոդվածով ասում էր՝ ո՛չ, չի կարող։ Այս հոդվածը հանդիսավորապես հայտարարում էր, թե սոցիալիստական գործունեությունը, կոմունիստական հեղափոխությունը նրա համար հեռավոր նպատակներ են։ Իսկ մերձավոր նպատակը, որին նա ձեռնարկում էր իսկույն, ազգայնական շարժումն էր, հայդուկային հեղափոխությունը։ Հայտնի է, որ Կարլ Մարքսն ատելով ատում էր այդ տեսակ գործառնությունը` դավադրական, տեռորիստական իր ամբողջ բովանդակությամբ։ Բայց հայ իրականության մեջ հայտարարվում էր, որ ինտերնացիոնալիզմը եւ ազգայնամոլությունը իրար չեն խանգարում։ Ահա ինչպես էր պատճառաբանվում այդ օրինականացող կարելիությունը։

«Հայ ժողովուրդը,- ասում էր երկրորդ հոդվածը,- ներկայումս գտնվում է միապետական-քաղաքական կարգերի տակ, որոնց կառավարական, հարկային ու ֆինանսական սիստեմներն ավերիչ են նրա համար. նա գտնվում է նաեւ այնպիսի տնտեսական մի շրջանում, երբ մի կողմից սկսել են ծագել արդյունաբերության կապիտալական կարգեր եւ մյուս կողմից` շարունակ ընկնում ու քայքայվում են տնտեսական նահապետական կերպերը։ Այդ բոլոր պայմանների շնորհիվ է, որ հայ սոցիալիստ-ռամկավարականի համար սոցիալիստական հասարակական կազմակերպության իրագործումը հայության մեջ՝ հայտնվում է հեռավոր նպատակ, եւ նրա գործունեության ու ձգտումների առաջ ներկայանում է մեկ ուրիշ անմիջական պահանջ, իբրեւ մոտակա նպատակ։ Ահա հենց այդ մոտակա նպատակն է, որ գործնականապես դրված է հայ սոցիալիստ-ռամկավարականի, հայ հեղափոխականի առջեւ, Հնչակյան կուսակցության առջեւ։

Այդ մոտակա նպատակը կայանում է հետեւյալում։ Հեղափոխել ու ոչնչացնել միապետական կարգերը, փրկել հայ ժողովրդին իր ընդհանուր ստրկական դրությունից, տալ նրան քաղաքական կարելիություն` միջամտելու քաղաքական գործերում, վերացնել այն խոչընդոտները, որոնք արգելք են լինում նրա տնտեսական զարգացման, առհասարակ նրա կուլտուրական առաջադիմության, ստեղծել քաղաքական պայմաններ, որոնք աշխատավոր դասակարգին միջոց տան ազատ կերպով արտահայտելու իր ձգտումներն ու պահանջները` ավելի ու ավելի բարելավելու աշխատանքի ծանր պայմանները, դասակարգային գիտակցություն ձեռք բերելու ու կազմակերպվելու իբրեւ ինքնուրույն քաղաքական մարմին եւ դյուրացնելու նրա այն բոլոր հասարակական ջանքերը, որոնք պետք է, ամեն տրամադրելի հասարակական պայմանների միջոցով, նպաստեն նրա առաջխաղացությանը դեպի հեռավոր նպատակը»։

Վերածելով այս բոլորը սովորական, հասկանալի լեզվի, դուրս է գալիս, որ հնչակյան մարքսիստները ծրագրում էին Հայաստանը կռվով ազատել սուլթաններից ու ցարերից, դարձնել այն բուրժուական հանրապետություն, ապա մի մեծ եւ գուցե ավելի ահավոր պատերազմով ազատել բուրժուազիայի ձեռքից եւ նետել կոմունիստական հեղափոխության գիրկը։ Անհեթեթությունը չափազանց ակներեւ է։
«Այդ բոլոր նկատումների հիման վրա,- շարունակում էր ծրագիրը,- Հնչակյան կուսակցության մոտակա նպատակն է` կռիվ մղել միապետական կարգերը տապալելու համար եւ նրանց փոխարինելու հանրային ռամկավարական սահմանադրական կարգերով»։

Այդ կարգերը մեջ բերելուց հետո, ծրագիրը բաց էր անում իր երրորդ հոդվածը։
«Նկատելով, որ հայության ամենաստվար մեծամասնությունը կազմում են թուրքահայերը, եւ նրանց բնակավայրը մեր հայրենի հողի ամենամեծ տարածությունն է,
Նկատելով, որ հայության այդ մեծամասնության Դատը Բեռլինի դաշնագրության 61-րդ հոդվածի զորությամբ, որպես եւ այլ միջազգային պայմանագրերի զորությամբ, արդեն մտած է միջազգային իրավունքի դրական շրջանը եւ ճանաչված եվրոպական մեծ պետությունների կողմից,
Նկատելով մյուս կողմից, որ թուրք տերության միապետական կարգերը քաղաքական, հասարակական ու տնտեսական անտանելի ճնշման են ենթարկում հայ ժողովրդին,
Նկատելով, որ ամեն տեսակետից այդ դրությունն անպայման կերպով անհնարին է դարձնում հայ ժողովրդի հասարակական-տնտեսական ու քաղաքական որեւէ առաջադիմություն, որպես նաեւ մշտական սպառնալիք ու զենք է նրա մարդկային գոյության դեմ,

Նկատելով նաեւ թուրք կայսրության քաղաքական, տնտեսական, ֆինանսական ու նյութական ամենաանկարգ, անցյալ ու սնանկացած դրությունը եւ դրա ու ներքին խռովությունների ու ցնցումների պատճառով այլ հավաստի ու անխուսափելի դարձած թուրք պետության կործանումը, որին մյուս կողմից էլ նպաստում են եվրոպական տերությունների հաճախ հարվածները, ինչպես նաեւ եվրոպական Թուրքիայում եւ այդ կայսրության այլ մասերի սիստեմաբար պատառ-պատառ լինելն, ընկնելով ուրիշների ձեռքը,
Այդ բոլոր նկատումների հիման վրա պատմական առաջնակարգ անհրաժեշտություն է՝
1. Որ հայ հեղափոխական գործունեությունն այսօր բացառապես նվիրվի թուրքահայ ժողովրդի դատի պաշտպանության ու լուծման` համաձայն մոտակա նպատակի,
2. Որ, ուրեմն, հեղափոխական գործունեության ասպարեզն է Թուրքաց Հայաստանը,
3. Որ հայ ժողովրդի ու Հայաստանի ճակատագիրը միանգամից եւ ընդմիշտ պետք է զատվի թուրքական կայսրության ճակատագրից, ըստ որում, պատմական պահանջ ու անհրաժեշտություն է ներկայանում հայ ազգային անկախությունը[68], որն էլ այդպիսով կազմում է մոտակա նպատակի մի հիմնական մասն ու առաջին պայմանը»։

Այսպես ուրեմն, մինչ Հայոց հարցը թե՛ հայ ժողովրդի ստվար մեծամասնության եւ թե՛ մանավանդ Եվրոպայի պետական անձանց ըմբռնողությամբ լոկ ռեֆորմների, լոկ կյանքի, ստացվածքի եւ պատվի ապահովության հարց էր` իրագործելի տեղային համեստ ինքնավարության միջոցով, նորակազմ սոցիալիստական կուսակցությունն առաջին պահանջ էր դարձնում Հայաստանի անկախությունը, մի հանգամանք, որ իհարկե կատաղեցնում էր սուլթան Համիդին` նրա ձեռքը միջոց տալով արդարանալու Եվրոպայի առաջ, թե հայերը Բեռլինի Դաշնագրի 61-րդ հոդվածը չեն ուզում, այլ ավելին։
Իսկ այդ անկախությունն իրագործելու համար հնչակյաններն ընտրում էին այս միջոցները.

«Մոտակա նպատակին հասնելու միակ միջոցն է հեղափոխությունը, այսինքն՝ պետք է բռնի կերպով կերպարանափոխել, հեղաշրջել ներկա հասարակական կազմակերպությունը Թուրքաց Հայաստանում` կռիվ մղելով թուրք տերության դեմ՝ ժողովրդական ընդհանուր ապստամբության միջոցով։
Այդ գործունեության միջոցներն են՝
1. Պրոպագանդա եւ ագիտացիա մամուլի, գրքերի ու խոսքի միջոցով ազգի մեջ, ամեն շրջաններում եւ` գլխավորապես ու առաջնապես ժողովրդային աշխատավոր դասերի մեջ` տարածելով հնչակյան հեղափոխական գաղափարները եւ կազմակերպելով նրանց մեջ հեղափոխական կազմակերպություններ ու ապստամբական գնդեր։

2. Տեռորական գործողություն իբրեւ պատիժ թուրք բռնավորներին, որպես եւ լրտեսներին, մատնիչներին, դավաճաններին։ Տեռորը պետք է լինի հեղափոխական կազմակերպության ինքնապաշտպանության միջոց եւ հասարակությունը բռնավորների ու վատերի գործերից պաշտպանելու համար մի զենք։

3. Ասպատակային գնդերի կազմություն` իբրեւ մշտական պատրաստի մարտական ուժ կառավարական զորքերի կամ այլ վայրենի ցեղերի հարձակումներին դիմադրելու, ժողովրդին պաշտպանելու համար։ Ընդհանուր ապստամբության միջոցին այդ գնդերը կարող են կատարել առաջավոր գնդերի դեր։

4. Կազմակերպությունն ընդհանուր կուսակցության՝ պետք է բաղկացած լինի բազմաթիվ կազմակերպված խմբերից, որոնք ամենքը սերտ կերպով կապված են միմյանց հետ, իբրեւ մեկ եւ ամբողջ մարմին, մի կանոնավոր ամբողջություն, մեկ եւ ընդհանուր համատիպ ուղղությամբ ու տակտով գործող` ենթարկված ընդհանուր կազմակերպությունը ղեկավարող մի կենտրոնական մարմնի։

5. Ապստամբական զորագնդերի կազմակերպություն։

6. Ընդհանուր ապստամբության ժամանակը։ Որեւէ պատերազմ, մղված այս կամ այն տերության կողմից Թուրքիայի դեմ, պետք է համարել հարմար րոպե մոտակա նպատակի իրագործման համար»։

Ի վերջո, կուսակցությունն այսպես էր որոշում իր վերաբերմունքը դեպի ուրիշ ազգերը.

«Վաստակել հայ ժողովրդին վիճակակից Հայաստանի այլ բնակիչների, որպիսիք են ասորիները, քրդերը, համակրությունը դեպի հեղափոխական գործը եւ նրանց աջակցությունն այդ գործում, որը միաժամանակ հայտնվում է նաեւ նրանց, իբրեւ նույն բռնակալության տակ ճնշված ժողովրդի ազատության գործը։
Համերաշխ գործակցություն հաստատել թուրքական լծի տակ հեծող այլ քրիստոնյա ազգերի հեղափոխական մարմինների հետ, որոնց հետ ջանալ, եթե հանգամանքները ներեն, համատեղ ապստամբել ընդհանուր թշնամու` թուրք կառավարության դեմ։
Հնչակյան կուսակցության ամենաջերմ իղձն է ընդհանուր անկախ դաշնակցություն, նման Շվեյցարիայի դրության, բոլոր փոքրիկ ազգերի Արեւելքում, երբ դրանցից մնացածներն էլ ազատված կլինեն թուրքական լծից»։

Բ

Չկարծե՛ք, ընթերցո՛ղ, թե ես ձեզ ուզում եմ տալ Հնչակյան կուսակցության պատմությունը, ուստիեւ բերեցի այսքան ծրագրային մանրամասնություններ։ Ո՛չ, այդպիսի դիտավորություն ես չունեմ։ Ծրագրային մանրամասնությունները չափազանց կարեւոր են իբրեւ առատ նյութեր թուրքահայկական հեղափոխությունը բոլոր կողմերից ուրվագծելու համար։ Ժամանակագրական կարգով Հնչակյան կուսակցությունն է ձեռք բերել ավագությունն այն շարժման մեջ, որ անընդմեջ տեւեց 32 տարի` 1888-ից մինչեւ 1920-ի վերջերը։ Իսկ ծրագրային մանրամասնությունների մեջ Հնչակյան կուսակցությունը հավաքել է այն ամենը, ինչ հայ միտքը կարողացել է կերտել թուրքաց սուլթանների ճանկերից Հայաստանի ազատությունը գջլելու համար։ Կարող ենք վստահ լինել, որ այստեղ ասված է ամեն ինչ, եւ ուրիշ կազմակերպությունները միայն կրկնել են հնչակյան ծրագիրն ուրիշ բառերով, ուրիշ կառուցումների վրայով։

Եթե տարրալուծենք այն պայքարը, որ կանոնադրված եւ պատճառաբանված է այս ծրագրային շատախոսությունների մեջ, տակը կմնա իսկական կորիզը, այն, որ հեղափոխական մանկության օրերի երգն այնքան ակեղծորեն անվանել է կռիվ բահերով. իսկ մենք կավելացնենք` մաուզերի եւ մանլիխերի[69] դեմ։ Ահագին բանակներ շարժելու կարողություն ունեցող Թուրքիային հայությունը պատերազմ էր հայտարարում հայդուկների փոքրիկ խմբերով։ Ճիշտ է, մի ժամանակ հայդուկները մեծ-մեծ գործեր են տեսել Հունաստանում, Սերբիայում, Բուլղարիայում, բայց այն ժամանակներն ուրիշ էին, գնացել-անցել էին անդառնալի կերպով։ Եվ ասե՞լ, որ հայդուկային պատերազմները երբեք իրենք իրենց միջոցներով` լոկ հայդուկային բազուկներով, ազատություն չէին ստեղծել որեւէ ազգի համար։ Հայդուկները կռվել են քաջաբար, տասնյակ տարիներով, պաշտելի հերոսներ դարձել իրենց ժողովուրդների համար, բայց միշտ ազատողը եղել են ռուսական պատերազմները։ Մենք պատրաստում էինք հայդուկային խմբեր, բայց ո՞վ պիտի գար իր հաղթական պատերազմով մեր հայդուկային կռիվը Հայաստանի ազատություն դարձնելու։ Չգիտեինք։ Սկսում էինք արյունահեղությունը, առանց նրա գինն իմանալու, առանց շրջահայացության, առանց կշռադատելու։

Կռիվ բահերով։ Այս թշվառ պատերազմի վրա ոչինչ չէր ավելացնում տեռորը, ահաբեկումը, որ վախեցնելու միջոց է, բայց պատերազմ չէ, երբ փոքրաթիվ անհատների կողմից գործադրվում է պետական խոշոր կազմավորումների դեմ։ Մնում էր ընդհանուր ժողովրդական ապստամբությունը։ Բայց այս էլ մի անբովանդակ ֆրազ էր դառնում թուրքահայկական իրականության տեսակետից։ Մի ժողովուրդ ապստամբեցնելու համար նրան պետք էր դեռ լավ զինել, իսկ այդպիսի ահագին, վիթխարի մի գործ հայերի մեջ իր աղքատիկ գանձարկղով երբեք չէր կարող գլուխ բերել մի հեղափոխական կուսակցություն։

Ի՞նչ էր մնում, ուրեմն։ Զտենք ծրագիրն ավելորդություններից։ Ամենամեծ ավելորդությունը սոցիալիզմի անունից խոսելն էր։ Հնչակյան կուսակցության մկրտարանը, եթե ունեցել է կնքահայրություն, ապա նրա ներկայացուցիչը Մարքսը չի եղել, այլ ռուսաց նարոդնիկությունը[70], հանձին Բակունինի, Տկաչյովի եւ ուրիշների։ Իբրեւ ռուսահայեր` կրթված ռուսական դպրոցներում, «Հնչակի» հիմնադիրները Ժնեւում գտնվում էին ռուս էմիգրանտների այն թեւի ազդեցության տակ, որի հեղափոխական աշխարհայացքի դեմ պայքարում էր Պլեխանովը։ «Հնչակը» իր ուսուցիչ անվանում էր Րաֆֆուն։ Եվ այս ճիշտ էր շատ մեծ չափերով։ Րաֆֆու «Կայծերի» մեջ էր կուսակցությունը գտնում իր հայդուկային ռազմագիտությունը։ «Կայծերի» հերոսների անունները դառնում էին հնչակյան հեղափոխական գործիչների կեղծանուններ։ Եվ երբ սա այսպես է, նշանակում է, թե Մարքսը չէր կարող լինել հնչակության ուսուցիչը։ Նա հանդես էր գալիս ծրագրի մեջ Րաֆֆուն զարդարելու համար։ Եվ այս զարդարանքից հնչակյանները երբեք չհրաժարվեցին, մինչեւ վերջ իրենց անվանում էին սոցիալ-դեմոկրատ։

Նորակազմ կուսակցությունը, գործելով Ժնեւից, ավելի աչքի ընկնող հաջողություն գտնում էր թուրքահայերի մեջ, մասնավորապես Կ.Պոլսում։ Այստեղ նրան հոգում էին արմենականները, պայմանով, որ գործունեության մեջ խոսք անգամ չլինի սոցիալիզմի մասին։ Ժնեւի կենտրոնը համաձայնություն տվեց, որից հետո սկսվեց մի շատ ուժեղ գործունեություն։ Տրապիզոնում հաստատվեց կենտրոնական կոմիտե, որ հարաբերություններ սկսեց երկրի ներսերի եւ մասնավորապես մերձավորագույն տեղի՝ Էրզրումի հետ։ Առհասարակ հնչակյանությունը գործողությունների վայր էր ընտրում Փոքր Ասիայի կողմերը։ Արեւմտյան Հայաստանում երեւան էր եկել մի տեղական ինքնաբույս կազմակերպություն` «Գաղտնի ընկերություն» անունով, որի գլխավոր ղեկավարներն էին մշեցի Հակոբ սարկավագը եւ ալաշկերտցի Հարություն-աղան[71]։ Առաջինը, որ հայտնի էր ավելի «Սարկավագ» անունով, ուներ իր փոքրիկ հայդուկային խումբը, որ արդեն անուն էր ստեղծել քրդերի հետ իր ունեցած ընդհարումներով։

Այս սարկավագի խմբին միանալու համար էր, որ 1889թ. մայիսին Պարսկաստանի Սալմաստ գավառից դեպի Վան ուղեւորվեցին ժամանակի ռոմանտիկ տրամադրությամբ լցված երեք երիտասարդներ, որոնցից երկուսը վանեցի էին` [Հովհաննես] Ագրիպասյան [(արմենակյան)] եւ Գուլաքսզյան, իսկ երրորդը` թիֆլիսեցի` Վարդան Գոլոշյան[72]։ Մանավանդ վերջինը տարված էր րաֆֆիական գաղափարներով եւ միամիտ անձնազոհության մի սրտառուչ պատկեր էր ներկայացնում։ Երեքն էլ զինված էին, տանում էին իրենց հետ իրենց ստացած նամակները, նույնիսկ ճանապարհին օրագրական հիշատակարան էին գրում` նրա մեջ պատմելով իրենց հայրենասիրական զգացմունքները եւ թե ինչի համար են գնում։ Չուհ-Գյադուկ մեծ լեռնանցքի մի կիրճում երեք միամիտները հանդիպում են մի խումբ թուրք զապթիաների, կռվի են բռնվում նրանց հետ։ Գուլաքսզյանը փախչում ազատվում է, իսկ մյուս երկուսը սպանվում են։ Առաջին զոհերն էին սրանք, հայդուկային երեխայական մտայնության առաջին զոհերը։

Այս լուրը տարածվեց ամեն տեղ` հիացմունք եւ խանդավառություն պատճառելով հայ շրջաններին։ Նահատակներ… Այսպես են մեծարվում երկու ընկածները։ Զրույցների մեջ էին մտնում սրանք, ավելի եւս իդեալացրած, փայլուն կերպարանքով։ Այդ զրույցները մեզ մոտ` Շուշի էլ հասան. պատմվում էին հավաքույթների մեջ, հավաքական մտայնություն էին ստեղծում։
Իսկ Վանի Խալիլ-փաշան[73] այս փոքրիկ, անհավասար կռվից ստեղծեց իրեն փառավորող մի ամբողջ պատերազմական գործ։ Երեքի արշավանքը մեծ դեպք հայտարարվեց։ Սպանվածների վրա գտնված թղթերը թարգմանվեցին եւ տպագրվեցին Կ.Պոլսի լրագրերում։ Դեպքի մասին խոսեցին ոչ միայն եվրոպական լրագրերը, այլեւ Կ.Պոլսի դեսպանները։ Փոքրիկ դրաման իր բոլոր մանրամասնություններով մտավ անգլիական պառլամենտական «Կապույտ գրքի» մեջ։ Աբդուլ-Համիդը փաստ ունեցավ ձեռքին, թե սկսվել է հայերի ապստամբությունը Թուրքիայի դեմ։ Խալիլ-փաշան ավելի եւս սաստկացրեց իր ճնշումները Վանի հայերի վրա, ստիպեց նրանց ստորագրել այնպիսի ուղերձներ, որոնց մեջ նրանք իրենց անսահման հլու հպատակությունն էին հայտնում սուլթանին, ասում, որ միանգամայն գոհ են, ոչ մի բարենորոգման կարիք չեն զգում եւ խնդրում էին, որ կառավարությունն անխնա պատժի հայ խռովարարներին, որոնք արտասահմանից գալիս են վրդովելու սուլթանի խաղաղ հպատակների կյանքը։

Չուհ-Գյադուկի զույգ սպանությունները կազմում էին, եթե կարելի է ասել, նախատոնակ` ավելի խոշոր, ավելի խոր ցնցող դեպքերի, որոնք հաջորդաբար, կարճ ընդհատումներով ծայր էին տալիս 1890 թվականին. մի տարի, որ վճռական նշանակություն էր ստանում հայ ժողովրդի ճակատագրի համար։
Դեպքերից առաջինը տեղի ունենացավ Էրզրում քաղաքում, այդ տարվա հունիսի 8-ին եւ ներկայացնում էր հնչակյանների կազմակերպած դիմադրությունը թուրք կառավարությանը։ Ոստիկանությունը զորքերով շրջապատեց հայոց եկեղեցիներից մեկը, որպեսզի խուզարկություն կատարի նրա մեջ` պատրվակ բռնելով այն, թե ինքը տեղեկություն ունի, որ եկեղեցու մեջ զենքերի պահեստ կա։ Բազմությունը, որ հավաքվել էր եկեղեցու շուրջը, լսում է, որ խուզարկություն կատարող պաշտոնյաներն անարգանքով են վերաբերվել եկեղեցու սրբություններին։ Բայց եւ այնպես, խուզարկությունն անարգել կատարվում է, եւ կասկածելի ոչինչ չի գտնվում։ Հետեւյալ օրը հայերը փակում են իրենց խանութները եւ ժողովվում եկեղեցու բակում` իրենց առաջնորդից բացատրություն պահանջելու եւ եղած անարգանքների դեմ բողոք հայտնելու համար։ Պարզ նկատելի էր, որ ցույց էր կատարվում կառավարության դեմ։

Վալին[74] պահանջում է բացել խանութները, բայց հայտնվում են մի խումբ մարդիկ, որոնք արգելում են բաց անել։ Այդ ժամանակ վալին զորք է ուղարկում ամբոխի դեմ։ Հրամանատարն սկսում է համոզել, որ հավաքվածները հեռանան։ Երբ այս անլսելի է մնում, զորքերը հրացան են պարպում օդի մեջ։ Այս էլ չի օգնում։ Հայերի կողմից ռեւոլվերի պայթյուններ են լսվում։ Այդ ժամանակ հրամանատար սպան զինվորներին հրամայում է դուրս քշել ամբոխը եկեղեցու գավթից։ Զինվորները հարձակվում են հայերի վրա, բայց հայերն էլ զինվորների վրա են գնում։ Երկու կողմերը խառնվում են իրար։ Հայերի կողմից ընկնում են սվիններով սպանվածներ եւ վիրավորվածներ։ Սարսափով բռնված ամբոխը դուրս է գալիս գավթից եւ փախչում դեպի տները։ Արյունահեղությունը մեծանում է այս վայրկյանից։ Փողոցները լցվում են վաղօրոք պատրաստած եւ զինած թուրք խուժանով, որ հարձակվում է փախչող հայերի վրա։ Ընդհանուր առմամբ այդ օրը հայերի կրած կորուստը լինում է մոտ 20 սպանված եւ 200-300 վիրավոր։

Աբդուլ-Համիդը հայկական կոտորածների սկիզբն էր դնում։ Թուրք կառավարությունը պետություններին ուղարկած ծանուցագրի մեջ ամբողջ մեղքը գցում էր հայերի վրա, այնպես, որ դուրս էր գալիս՝ թե հայերն իրենք են իրենց կոտորել։
Իսկ հայերի համար հունիսի 8-ի կոտորածը դառնում էր մի չտեսնված մեծ գործ։ Ահա հայերն էլ ապստամբեցին, ահա նրանց արյունն էլ թափվեց։ Հիմա որ Եվրոպան կմիջամտի, կազատի հայերին թուրքերի ձեռքից։ Երգ հյուսվեց` խրոխտ, ինքնավստահ, անչափորեն լցված ինքնասիրության զգացմունքից ժայթքած, որ շատ պարզորեն պատկերում է Էրզրումի արյունահեղության բերած ակնկալությունները.

Ձայն մը հնչեց Էրզրումի հայոց լեռներեն,
Թունդ-թունդ ելան հայոց սրտեր զենքի շաչյունեն։
Հայ գյուղացին դարուց ի վեր սուր, զենք չտեսած`
Դաշտը թողուց, սուր, հրացան բահի տեղն առավ։
Քնքուշ կյանքը ծանր է թվում հայ օրիորդին,
Զենքը ձեռքին հորդորում է հայոց քաջերին։
Հայ տիկինը ստիպում է ամուսնուն գնալ`
Պատերազմի դաշտի վերա վերք տալ` ստանալ։
Հայ ծերուկը ցուպը ձեռին լալով տենչում է`
Հայրենիքի ազատություն տեսնել ու մեռնել։
Անմիություն` տունը քանդող հայոց խեղճ ազգին
Հրաժարեցավ, տեղի տվավ միության ձայնին։
Լսեց թուրքը ու սառեցավ արյունը վատին,
Չէր երազել հային տեսնել նա այդ վիճակին։
Եվրոպային լուրը հասավ շարժման հայ գեղջկին,
Ուրախական ողջույն տվավ հայրենասերին։
Ցնծա, մայր մեր, ո՜վ Հայաստան, որդիքդ միացան,
Ութ դարերու սուգ ու թախիծ քեզնից վերացան…

Այս սրտապնդիչ գեղգեղանքների մեջ ամեն դիրք կարող էր ճիշտ լինել, բացի միայն մեկից` Եվրոպայից։ Էրզրումի կոտորածը միայն «ի տեղեկություն» առնվեց Եվրոպայի դիվանագիտության կողմից։ Այդ պատճառով Հնչակյան կուսակցությունը մի ցույց էլ Կ.Պոլսում կազմակերպեց՝ բողոքելու համար այդ անտարբերության դեմ։ Այդ ցույցը տեղի ունեցավ Էրզրումի դեպքից երեք շաբաթ հետո` հուլիսի 15-ին, Կ.Պոլսում, որ հռչակված է Գում-Գափուի ցույց անունով։ Հետաքրքրական են այն նկատառումները, որոնք հարկադրեցին հնչակյաններին թուրքական մայրաքաղաքն ընտրել իբրեւ ցույցի վայր։ Այդ նկատառումներից կարելի է եզրակացնել, թե ինչ աստիճանի էր հասնում հեղափոխական կուսակցության քաղաքական հասունությունը։ Ցույցի գլխավոր հերոս Ճանկյուլյանն ասում է, թե պատճառները հետեւյալներն էին.

«1. Հայաստանի մեջ պատահած կոտորած մը եթե Պոլսո մեջ հրապարակային բողոքի եւ զայրույթի տեղի չտա, հայաստանցիները կվհատին` տեսնելով, որ իրենց վրա մտածող չկա, եւ բոլորովին անհույս ու անօգնական թողնված են իրենց բարբարոս հարստահարիչներուն ձեռքը։ Այս աննպաստ գաղափարին հուզումը հեղափոխական նորածագ ոգուն ձուլման դեմ մեծ արգելք մը պիտի հանդիսանար. ցույցը հարմար կդիտվեր Պոլսո մեջ, քանի որ հայերու մտավոր, բարոյական եւ ազգային գլխավոր կենտրոն մը կնշվեր։

2. Հայաստանի մեջ կատարված կոտորած մը կրնար Եվրոպայի աչքեն վրիպել կամ տարբեր գույնով ներկայացվել անոր, կամ դարձյալ եվրոպական շահերուն հետ այնչափ մեծ առնչություն չունենալով` անտարբերությամբ դիտվել Եվրոպայի մեջ։ Եվրոպական դեսպաններուն աչքին առջեւ առաջ եկած ուժգին բողոք մը ավելի կնպաստեր Եվրոպայի ուշադրությունը հրավիրելու երկրին կացության վրա[75]. միջազգային շահերու հանդեպ Կ.Պոլսո բացառիկ կարեւորությունը անծանոթ չէր ոչ ոքի։

3. Եթե հայկական հուզումը սահմանափակված մնար միմիայն Հայաստանի մեջ, գլխավորաբար Ռուսիո ուշադրության առարկա պիտի ըլլար` ավելի մոտեն շոշափելով անոր շահերը իբրեւ սահմանակից պետության, եւ կրնար անոր պատրվակ մը ընծայել օրին մեկը հանկարծ գրավելու Հայաստանը, մինչդեռ շարժումը, տարածվելով Հայաստանեն դուրս` Թուրքիո մյուս կողմերը եւ մասնավորապես մայրաքաղաքին մեջ, մյուս մեծ պետություններուն ալ ուշադրությունը կդարձվեր հայկական խնդրին վրա, մասնավորապես Անգլիո, զոր, կնկատեինք, էր դատին ավելի համակիր, քան Ռուսիան։ Հայկական խնդիրը պետությանց միջեւ խնդիր մը դարձնելն ավելի նպաստավոր կերեւար մեր ազգային շահերուն։

4. Մեր ազգային ցրված վիճակը եւ մայր երկրին մեջ բազմաթիվ օտար ցեղերու խառն բնակությունը կրնային անհաջողության մատնել միայն մայր երկրին մեջ կատարվելիք հայկական շարժում մը։ Հայության այս բացառիկ վիճակն ալ կպահանջեր, որ հայկական շարժումը Հայաստանի սահմաններեն դուրս կատարվեր. այդ պարագային Պոլիսը կարելի չէր անտես ընել, ուր 200 հազարե ավելի հայեր կբնակին` պանդուխտներով միասին։

5. Չարիքին աղբյուրը Պոլիս ըլլալով` հայտնի կնշմարվեր, թե բնաջնջման ծրագիրն էր, որ կգործադրվեր. նպատակահարմար կգտնեինք, որ առաջին բողոքն ալ պետք է ըլլար Կ.Պոլսո մեջ, նույն ինքն Պալատին քթին տակ…

6. Հինգ-վեց դարերե ի վեր գերության մեջ հեծող եւ մասամբ ստրկացած ժողովուրդի մը մեջ երբ հանգամանքներու բերմամբ ոգեւորություն եւ հեղափոխական տրամադրություն կծագի, հեղափոխականները պարտական են օգտվել այդ հանգամանքեն եւ ոգեւորությունեն` հեղափոխության ոգին ավելի հաստատ, ավելի գիտակցական ու գործնական դարձնելու եւ ընդհանրացնելու ժողովրդին խավերու մեջ. եւ հեղափոխական գաղափարը ծավալելու ու արծարծելու ամենեն արդյունավոր ու ազդեցիկ միջոցը հեղափոխական գործունեությունն է։

7. Երբ թուրք կառավարությունը եւ թուրք ժողովուրդը տեսնեին մի անգամ հայերուն մեջ տիրող համերաշխությունը եւ համոզվեին, թե Հայաստանի մեջ իրենց կողմե տրված հարվածն անպատճառ կրնա ունենալ իր հակահարվածը ուրիշ տեղ մը, եւ մանավանդ այդ ուրիշ տեղն ըլլար Կ.Պոլիս` միջազգային շահերու այդ խիտ կենտրոնը, կենթադրվեր` ավելի զգուշավոր քաղաքականության մը կհետեւին եւ չեն համարձակվիր նոր կոտորածներ կազմակերպել երկրին մեջ»։

Այս մանրամասն պատճառաբանությունները մեր առաջ են հանում մի կուսակցություն, որ իր ձեռքն էր առել մի ամբողջ ժողովրդի ճակատագիրը, նրա ֆիզիկական գոյության հարցը, բայց իր այդ ահագին դերին վերաբերվում էր թեթեւամտությամբ եւ տհասությամբ։ Թուրքահայ ժողովուրդն այնպիսի դրության մեջ էր, որ ամեն մի խնամք եւ հոգածություն նրա մասին պիտի լիներ՝ պաշտպանել նրա գոյությունը։ Հնչակյանները շատ լավ գիտեին, որ սուլթան Համիդը բնաջնջման քաղաքականություն է գործադրում հայերի վերաբերմամբ, բայց եւ այնպես, չէին ուզում, որ Ռուսաստանը գրավեր Թուրքահայաստանը, այսինքն՝ փրկեր թուրքահայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը։ Ի՜նչ տարբերություն Եվրոպայում ուսում առած այս «մարքսիստ» երիտասարդների եւ հին պահպանողական[76] «դավաճան» համարվող կղերական Աշըգյան պատրիարքի մեջ, որ գրում էր Մակար կաթողիկոսին, թե ոչ մի պետություն չի կարող փրկել թուրքահայերին, բացի Ռուսաստանից, եւ աղաչում էր նրան` դիմել Ալեքսանդր Գ կայսրին եւ հայցել նրա հովանավորությունը։

Հնչակյանները հավատում էին, թե Անգլիան Ռուսաստանից ավելի համակիր է Հայոց դատին։ Սա նշանակում էր չիմանալ երեկվա պատմությունը, մոռանալ այն թշնամությունը, որ Անգլիան հանել է Հայոց հարցի դեմ` հենց առաջին իսկ օրերից։ Իմպերիալիստական մի գիշատիչ պետության առավելություն տալ մի ուրիշի նկատմամբ, այս մի ողորմելի մանկամտություն էր[77]։ Կարծում էին, թե Թուրքիայի ամենահեշտ խոցելի տեղը Կ.Պոլիսն էր, ուր կենտրոնացած էին եվրոպական չափազանց խոշոր շահերը։ Մտածում էին, թե Եվրոպան այնքան վտանգված կտեսներ իր շահերը Կ.Պոլսի մեջ կատարված հայկական ցույցերից, որ կհարկադրեր սուլթանին բավարարել հայերին։ Չէին կարողանում մտածել, որ, ընդհակառակը, հենց Կ.Պոլսում վտանգված եվրոպական շահերը պիտի հարկադրեին պետություններին` ուժեղացնել սուլթանին, որպեսզի նա ճնշի հայկական շարժումը եւ այդպիսով պաշտպանի եվրոպական շահերը։ Տղայական միամտության ծայրահեղ աստիճանն էր` կարծել, թե Եվրոպան թույլ կտա, որ Կ.Պոլսում ուրիշ մի որեւէ հեղինակություն բարձրանա, բացի սուլթանականից։ Չէին կարողանում հասկանալ հայ հեղափոխականները, որ եթե Եվրոպան միանգամից ցույցին ապստամբության իրավունք տար, այլեւս վերջ ու սահման չէր լինի մի բուռ մարդկանց պահանջներին, եւ սուլթանական իշխանությունը, որի վրա եվրոպական կապիտալը հիմնում էր իր բարեբախտությունը, իրապես կդառնար գերի ցանկացած հեղափոխական կազմակերպության ձեռքի։

Բայց ամենից ծանր, մղձավանջային հանգամանք դուք տեսնում եք այն բանի մեջ, որ հնչակյանները գիտեն, թե իրենց շարժումներով պիտի կոտորածներ առաջացնեն ասիական Թուրքիայի հայ ազգաբնակչության մեջ, սակայն այս կոտորածներն են, որ պիտի առաջ բերեն եվրոպական միջամտություն եւ Հայոց հարցի բարեհաջող լուծում։ Թշվա՜ռ ժողովուրդ, որի արյունը ոչինչ արժեք չուներ նույնիսկ իր միջից դուրս եկած գործիչների համար, որոնք միայն աշխատում էին, որ այդ կոտորածներն անծանոթ չմնային Եվրոպային կամ սխալ մեկնաբանություններով չլուսաբանվեին։ Աշխատում էին, որ կոտորածները տեղի ունենային Եվրոպային մոտիկ տեղեր, նրա դեսպանների քթի տակ։ Դրվում էր թուրքահայ ժողովրդի մահվան դատավճիռը։ Համիդը վճռեց կոտորածներով պատասխանել հեղափոխականներին, իսկ հեղափոխականները չեն սարսափում, չեն փախչում այդ կոտորածներից, այլ վճռել են նրանցով դրդել, հարկադրել Եվրոպային, որ նա գործի։

Եվ այսպիսով դանակը դրվում էր հայ ժողովրդի կոկորդին։
Այս մեղքերը, տղայական անհեթեթությունները միայն հնչակյաններին չէին հատուկ։ Նրանք դարձան ամբողջ հայ հեղափոխության տխուր սեփականություն։ Կարելի էր միայն այն հավանականության վրա հույս դնել, որ ժամանակի ընթացքում հայ կազմակերպությունները կզգաստանան, կբուժվեն ռոմանտիզմից, կսկսեն բազմաթիվ փորձերով խրատված մտքի լրջությամբ ըմբռնել քաղաքական դասավորումների, ուժերի փոխհարաբերությունների ռեալ պահանջները եւ դրանց համեմատ էլ գործողության այս կամ այն եղանակի փոփոխումներ կտանեն։ Բայց, ի դժբախտություն հայ ժողովրդի, այդ հույսերը չարդարացան։ Ինչպիսի սկզբնական մեղքերի մեջ ծնվեցին այդ կազմակերպությունները, նույնպիսի մեղքերով էլ գնացին մինչեւ իրենց կատարյալ կործանումը։

1890թ. ամռանը մեծ խոսք ու զրույց տարածվեց Կ.Պոլսում տեղի ունեցած արյունալի դեպքի մասին, որի նմանը սուլթանների մայրաքաղաքը դեռ չէր տեսել։ Լրագրերը տեղեկություններ էին բերում, հետաքրքրությունն աճում էր հետզհետե։ Ինչ ասել կուզի` որ հուլիսի 15-ի ցույցը պատճառում էր ավելի եւս մեծ հրճվանք, քան Էրզրումի կոտորածը. Հայոց դատը շատ մեծ հաջողության էր հասնում։ Կասկած չէր մնում, որ այս անգամ Եվրոպան այլեւս լուռ չէր մնա։ Հե՞շտ էր ասելը։ Դեռ երեկ ստրկության մեջ անասնացած հայությունը Թուրքիայում այսօր այնքան էր առաջ գնացել ազատասիրության ճանապարհին, որ տակնուվրա էր անում ամբողջ Կ.Պոլիսը մահմեդական շատ խոշոր տոնի՝ Գուրբան-բայրամի[78] օրը, այն միջոցին, երբ օսմանյան ամբողջ բարձր պաշտոնեությունը, հավաքված Ելդըզի պալատում, համբուրում էր Աբդուլ-Համիդի քղանցքը։ Դեռ երբեք` Կ.Պոլիսը նվաճելու օրից չէր տեսնված այսքան հանդուգն մի արարք քրիստոնյա որեւէ ժողովրդի կողմից։

Այս ճիշտ է` գործողությունը հերոսական էր։ Բայց պատվելով հանդերձ հերոսական անձնուրացությունն ամեն մի ազատագրական հեղափոխական շարժման մեջ` նայենք այն արդյունքներին, որոնք անհատական հերոսություններից ստացվում են մի ժողովրդի, մի մեծ դատի համար։
Գում-Գափուի ցույցն այս էր գծագրում. Հնչակյան կուսակցության կողմից խմբագրվել էր մի պահանջագիր, որի մեջ պահանջվում էր վերացնել հայ ժողովրդի վրա ծանրացած կացության դժոխային պայմանները։ Հնչակյան գլխավոր գործիչներից երկուսը, իրենց հետ վերցնելով հնչակյան զինված հայդուկներ, հուլիսի 15-ի առավոտյան, կիրակի, պիտի գնային Գում-Գափուի պատրիարքարանի Մայր եկեղեցին, եւ այդտեղ մեկը ժամերգության միջոցին պիտի բարձրանար սեղանին եւ կարդար հնչակյան պահանջագիրը, իսկ մյուսը, բռնելով այդտեղ գտնվող Աշըգյան պատրիարքին, պիտի հարկադրեր նրան գնալ իր հետ Ելդըզի պալատը, ուր այդ պահանջագիրը պիտի հանձնվեր սուլթան Աբդուլ-Համիդին։ Երկու գլխավորներն էին՝ Հարություն Ճանկյուլյան` վանեցի խանութպան Կ.Պոլսում, եւ Համբարձում Պոյաճյան` ուսանող, որ կրում էր Մուրադ[79] կեղծանունը։ Եկեղեցու մեջ գլխավոր կարգադրողի դերն իր ձեռքն էր առել Ճանկյուլյանը, իսկ Մուրադը նրա օգնականի պես մի բան էր։

Ճանկյուլյանը երկար մանրամասնություններով պատմել է այդ օրվա իր «հերոսությունները», եւ մենք այդ մանրամասնությունների մեջ տեսնում ենք, թե որքան շատ երեխայական գծեր կային այդ ցույցի մեջ։ Ճանկյուլյանը ցատկում է սեղանին, սկսում կարդալ «պահանջագիրը»։ Քահանաներից մեկը, աննկատելիորեն մոտենալով նրան հետեւից, հանկարծ խլում է թուղթը նրա ձեռքից եւ փախչում սեղանի հետեւը։ Ճանկյուլյանը ռեւոլվերը բռնած վազում է նրա հետեւից, բայց խաչկալի դուռը փակված էր, եւ նա իջնում է ցած` տեսնելու, թե ինչ եղավ Աշըգյանը, որ փախել էր եկեղեցուց։ Ողորմելի պատրիարքին նա գտնում է պարտեզի ճաղերի մոտ կծկված։ Տեսնելով ատրճանակը հաղթական հնչակյանի ձեռքին` թշվառականը սկսում է աղաչել, որ իրեն չսպանի։ Իսկ հեղափոխականը բռնում է նրա մորուքից, վեր է կացնում ու հրամայում, որ իր հետ գնա սուլթանական պալատ։ Աշըգյանը հրաժարվում է այդ բանից, աղաչանքներ է անում, ուշաթափվում ընկնում է։ Ճանկյուլյանն անողոք է։

Բռնության գործողությունները փոխադրվում են պատրիարքարանի շինության մեջ, ուր Աշըգյանը փակվում է մի սենյակի մեջ։ Ճանկյուլյանը պաշարման է ենթարկում այդ սենյակը` կանգնեցնելով նրա դռների մոտ ռեւոլվերներով զինված հնչակյան զինվորներ. ինքն էլ շարունակ բանակցություններ է վարում պաշարված կղերականի հետ, սպառնում` նրա վրա իր ռեւոլվերը քաշելով, թե կսպանի նրան, եթե չգնա իր հետ։ Աշըգյանը, պաշտպանվելով իր աղաչանքներով, հաճախակի նվաղումներով, համառորեն մերժում է այդ պահանջը. թե՛ պատրիարքին եւ թե՛ նրա կողմնակիցներին վախեցնելու, մանավանդ եւ մի հայի վրեժը հանելու համար, Ճանկյուլյանը տալիս փշրում է պատրիարքարանի դահլիճում կախված օսմանյան թուրղուն (պետական զինանշանը) եւ Աբդուլ-Համիդի պատկերը։ Պատրիարքին երկար այսպես տանջելուց հետո հնչակյան շեֆը դիմում է վերջին միջոցին։ Նորից մտնում է Աշըգյանի մոտ` տանելով իր հետ մի քանի հնչակյան զինվորներ։ Ներս մտնելուն պես այս վերջիններն ուղղում են ռեւոլվերները պատրիարքի վրա, իսկ Ճանկյուլյանն ասում է, որ մի նշանով ռեւոլվերները կարձակվեն, եթե նա իսկույն չգնա իր հետ։ Եվ թշվառ հոգեւորականը չի կարողանում այլեւս տանել իրեն ցնցող սարսափները, վեր է կենում եւ անձնատուր լինում։

Մի անզեն եւ վախից դողացող մարդուն նվաճելը մեծ հաղթություն են համարում հեղափոխականները։ Կիսաանզգա պատրիարքին դուրս են բերում փողոց։ Կիտվել է մեծ բազմություն։ Կանչում են. «Կեցցե՛ Հնչակյան կուսակցությունը», «Կեցցե՛ Հայաստան», «Կեցցե՛ ազատությունը»։ Պատրիարքին նստեցնում են կառքի մեջ, ինքը` Ճանկյուլյանն էլ նստում է նրա դիմաց եւ ցույցը վերջացած է հայտարարում։ Ժողովուրդը ցրվում է, բայց հնչակյան զինվորները գնում են կառքի ետեւից։ Հազիվ քիչ առաջ անցած` Աշըգյանը նորից ուշաթափվում է։ Նրան մտցնում են մի հույնի դեղատուն, ուր սթափեցուցիչ դեղերով ուշքի են բերում եւ նորից կառք նստեցնում։ Բայց այստեղից շատ առաջ չգնացած՝ երթը հանդիպում է թուրք հետեւակ եւ ձիավոր զորքերի, որոնց տանում էր Դերվիշ-փաշան` հայերի ցույցը ցրելու համար։ Տեղի է ունենում կռիվ զորքերի եւ հնչակյանների մեջ։ Երկու կողմից էլ ընկնում են սպանվածներ եւ վիրավորվածներ։ Աշըգյանը փոխադրվում է մերձակա տունը, ուր հարց ու փորձի է ենթարկվում։ Ճանկյուլյանը ձերբակալվում է։

Ա՛յս էր հուլիսի 15-ի ամբողջ ցույցը։ Ի՞նչ օգուտ բերեց նա Թուրքահայաստանում անսահման տառապող հայ գյուղացիությանը։ Իրենք` հնչակյանները, ահագին նշանակություն էին տվել իրենց այդ գործին։ Այդ նշանակությունը երեւի խոշոր էր, բայց հեղափոխական ռոմանտիզմի կողմից։ Ճանկյուլյանի ռեւոլվերը եւ Աշըգյանի վրա գործադրած բռնությունները ոգեւորիչ էին, հեղափոխական դաստիարակություն էին մտցնում ամբոխի մեջ, բայց կար մի ահավոր իրականություն, որի առջեւ նսեմանում էր այդ նշանակությունը։ Հեղափոխական դաստիարակություն այնպիսի ուղղությամբ, ինչպիսին ընդգրկել էր հայ հայդուկային մտայնությունը, չպիտի ծառայեր ամբողջ հայ ժողովրդի փրկության։ Այս արդեն շատ պարզ էր հեղափոխական բռնկումների առաջին իսկ խառն թվականին` 1890-ին։ Փտած էր այդ ուղղությունը հիմքից։ Միտք ունենալ կարող էին այդ շարժումները միայն այն դեպքում, եթե Եվրոպան, իսկապես, իր պաշտպանության տակ առած լիներ Հայաստանը։ Բայց այդպիսի բան չկար, ու կռիվը ներկայանում էր իբրեւ մենամարտ հայ ժողովրդի եւ Աբդուլ-Համիդի միջեւ։ Եվ պիտի հաղթեր Աբդուլ-Համիդը` իբրեւ անհամեմատ ուժեղ կողմ։

Գում-Գափուի դեպքը սուլթանը լավ պատրվակ դարձրեց կառավարական սպիտակ տեռոր տարածելու համար հայ ժողովրդի վրա։ Հարյուրավոր մարդիկ նետվեցին բանտերի մեջ` մատնվելով սարսափների եւ լուռ մահվան։ Թուրքական դատարանները մահվան դատավճիռներ արձակեցին, 10 տարով բանտարկություն, աքսոր նշանակեցին քաղաքական հանցավորների համար։ Այս դեռ Կ.Պոլսում, ուր եվրոպացիներ կային, մեծ պետությունների դեսպաններն էին նստում, որոնց ներկայությունը որոշ չափով զսպում էր Համիդին եւ համիդականներին։ Իսկ գավառներում այդպիսի հանգամանք չկար, եւ կառավարության ահաբեկիչ կամայականություններին վերջ ու սահման չկար։ Անգլիական «Կապույտ գրքերը», սակավաթիվ եվրոպացի ճանապարհորդների նկարագրությունները լի են քստմնելի փաստերով, որոնք անհավատալի են դարձնում, թե այդպիսի պայմանների մեջ կարող է ապրել մարդկային որեւէ համայնք։
Հնչակյան կուսակցությունը կառավարական տեռորին պատասխանում էր կարմիր տեռորով, որի թատերաբեմն էր հանդիսանում գլխավորապես Կ.Պոլիսը։ Սպանվում էին հայ մատնիչները, հայ լրտեսները, որոնց թվում գտնվում էին եւ հայ հոգեւորականներ, սպանվում էին նաեւ էֆենդիական դասին պատկանող այնպիսի անհատներ, որոնք նկատվում էին իբրեւ հայկական հեղափոխության թշնամիներ։

Գում-Գափուի ցույցի մի ծանր հետեւանքն էլ այն էր, որ հայ ժողովրդի գլխին մի երկրորդ բռնակալ Աբդուլ-Համիդ էլ էր նստում։ Դա Աշըգյան պատրիարքն էր։ Ցույցի հետեւանքով նա հրաժարվեց պատրիարքությունից։ Բայց Աբդուլ-Համիդը հետ դարձրեց այդ հրաժարականը, Աշըգյանին իր ձեռքն առավ եւ դարձրեց իր ամենահավատարիմ եւ կամակատար գործակալը` հայ հեղափոխության դեմ կռվելու համար։ Աշըգյանը տեսնում էր, որ ոչ մի ուժ չկա սուլթանի դեմ հանդիման կանգնած, ուստի կատարելապես նրան էր նվիրվում, նրա «գթության» վրա հույս դնում եւ ամեն ջանք գործ էր դնում իր ժողովրդին եւս պատվաստել այդ ուղղությունը, դարձնել այն ազգային քաղաքականություն, դաստիարակել հասարակությունն այն հասկացողության մեջ, թե հայ հեղափոխականները ցնորամիտ երեխաներ են, օտարների գործիք։ Բայց այդպիսի մի խոշոր հեղաշրջում հասարակության հասկացողությունների մեջ չէր կարող կատարել մի անժողովրդական կղերական` լոկ պատրիարքական իշխանությունն ունենալով իբրեւ պրոպագանդայի հիմնավորության առհավատչյա։ Նրան չէին հավատում, նրան համարում էին հայ ժողովրդի իրավունքները Թուրքիային վաճառող դավաճան։ Գուցե նրա քարոզած քաղաքականությանը փոքրիշատե հեղինակություն տար Աբդուլ-Համիդը, եթե նա լիներ մի հասկացող կառավարիչ եւ ոչ թե մի ճիվաղ բռնակալ։ Աշըգյանի խոսքին նա կարող էր հեղինակություն տալ իր զիջումներով։ Բայց նա զիջումներ չէր ճանաչում, եւ մինչ Աշըգյանն իր կոնդակների ու ճառերի մեջ մինչեւ երկինք էր բարձրացնում սուլթանի մարդասիրությունը, հպատակասիրությունը եւ նույնիսկ հայասիրությունը, Աբդուլ-Համիդը արգելեց նույնիսկ հայերի Ազգային սահմանադրությունը[80]` երեսուն տարվա մի հիմնարկություն, որ տեղի թե անտեղի հայ ժողովրդի սիրո եւ պարծանքի առարկան էր։ Այս հարվածը սաստկապես հարվածեց Աշըգյանին։
Ահա, թե որքան դժբախտ հանգամանքներ էին ստեղծվում գավառների մեջ հեծող հայ աշխատավոր ժողովրդի համար։
Ճգնաժամն աճում էր։

Գ

Էրզրումի եւ Գում-Գափուի դեպքերը, որոնց մեջ գործող հանդիսանում էին թուրքահայերը, բայց համարյա թե միմիայն ռուսահայերի ղեկավարությամբ` խոշոր ազդեցություն գործեցին եւ՛ Կովկասի հայկական կենտրոններում, եւ՛ գլխավորապես, իհարկե, Թիֆլիսում, ուր հավաքված էր հայ ինտելիգենտ երիտասարդության մեծագույն մասը։ Հայդուկային ազատամարտը, ինչպես տեսանք, սկզբից եւեթ ռուսահայերի մեջ էր ժողովրդականացել իբրեւ թուրքահայերի համար ազատություն ձեռք բերելու ամենալավ միջոց։ Տեղի ունեցած դեպքերի թարմ տպավորության տակ Թիֆլիսում էլ գոյություն ստացավ հայդուկային կռվի մի կազմակերպություն՝ «Երիտասարդ Հայաստան» անունով։

1890թ. ամռանը Թիֆլիսում էին գտնվում վերեւում հիշատակված մշեցի Սարկավագը[81] եւ ալաշկերտցի Հարություն-աղան, որոնք եկել էին ռուսահայերից զինվորներ հավաքելու իրենց խմբերի համար։ Պետերբուրգից Թիֆլիս էր եկել եւ երիտասարդ ուսանող Սարգիս Կուկունյանցը[82]` մի ուտիացի հայ, Նուխիի գավառի Նիժ գյուղից։ Լսելով Սարկավագի եւ Հարություն-աղայի քարոզներն ու ծրագրերը` երիտասարդ Սարգիսն այնքան է ոգեւորվում, որ վճռում է թողնել ուսումը եւ, անմիջապես խումբ կազմելով, անցնել Թուրքահայաստան։ Նորակազմ «Երիտասարդ Հայաստանը» նրան աջակցում է։ Դրամական միջոցներ հավաքում է Գրիգոր Արծրունին։ Կուկունյանցը մարզում, հագցնում ու զինում է իր հավաքած խումբը, եւ նույն թվի սեպտեմբերին արդեն գտնվում էր Կարսում։ Նրա հետ էր եւ Սարկավագը։

Սկսվում է Կուկունյանցի հռչակավոր արշավանքը` մի կատարյալ երեխայական ձեռնարկություն, որ միանգամայն համապատասխանում էր այն ժամանակվա երեխայական հասկացողություններին եւ տրամադրություններին ու հենց այդ պատճառով էլ երկար ժամանակ զարդարված էր գաղափարական ինքնազոհության լուսապսակով։
Ես կհիշեմ այդ արշավանքի մանրամասնություններն այնպես, ինչպես նրանք պատմվում էին թե՛ բերանացի եւ թե՛ գրավոր հիշատակարաններում։ Կուկունյանցը դեպի ռուս-թուրքական սահմանագլուխ դուրս է գալիս սեպտեմբերի վերջերին` բաժանելով իր խումբը երեք մասի. մեկն անձամբ Կուկունյանցն է ղեկավարում, իսկ երկու մյուսների հրամանատարներն էին Սարդար Ավետիսյանը եւ ղարաբաղցի Աբրահամը։ 15 հոգու հաջողվում է անցնել սահմանը, որից հետո նրանք իսկույն հարձակվում են Հախվերիս[83] անունով գյուղի վրա եւ բավական վնաս հասցնում նրան։ Գյուղն այն միակ հանցանքն ուներ հայ գաղափարական մարտիկների առջեւ, որ ուներ թուրք ազգաբնակչություն։ Հարեւան երկու թուրք գյուղերի բնակիչները գնում են հարձակվողներին ետ մղելու եւ կռվի են բռնվում նրանց հետ Չիչագլի կիրճում, որ սահմանագծից հեռու չէր, այնպես որ սահմանապահ ռուս կազակներն ու զինվորները գնում են կռվի վայրը եւ գյուղացիներից տեղեկանում, որ հարձակվողները հայ ավազակներ են։ Կուկունյանցի մարդիկ խույս են տալիս եւ ամրանում լեռներում։ Բայց նրանց որսալու համար Թոփրաք-Կալեից (Ալաշկերտ) ուղարկվում է կես վաշտ թուրքական զորք, եւ մեր հայդուկները հազիվ են կարողանում ազատվել ասկյարներից եւ ցրիվ գալ զանազան կողմեր։

Այսպես հեշտ չեղավ ռուս սահմանապահ զորքերից ազատվելը։ Կուկունյանցի խմբի մի մասը, մոտենալով սահմանագլխին, համբերություն չի ունենում հանգիստ շարունակելու իր ճանապարհը, եւ, հանդիպելով մի խումբ թուրքերի, ռուսական հողից դեռեւս դուրս չեկած, հարձակվում է նրանց վրա լոկ այն պատճառով, որ նրանք թուրքահպատակներ էին եւ վերադառնում էին իրենց գյուղերը։ Սպանվում են 10 թուրքեր կամ, ոմանց ասելով, քրդեր[84]։ Երկու օրից հետո խումբը մտնում է Գյումուշ-Թափա անունով անտառը` Կաղզվանի մոտ, որպեսզի անցնի սահմանը։ Անտառում երեք հոգի փայտահատ թուրք է լինում. նրանցից երկուսին սպանում են կուկունյանցականները, իսկ երրորդը կարողանում է փախչել եւ, հասնելով Կաղզվան, իմաց տալ ռուսական իշխանությանը։ Սպաներից մեկը մի հարյուրյակ կազակներով գնում է հետապնդելու հայ «ավազակներին», որոնք խույս տալով նրա առջեւից` թաքնվում են մոտակա գյուղի այգիներում։ Այդտեղ էլ նրանց շրջապատում են ռուսները եւ առաջարկում անհապաղ անձնատուր լինել։ Կուկունյանցը ոչ միայն մերժում է, այլեւ կրակ է բաց անում, որից վիրավորվում է մի կազակ։ Այդ ժամանակ հրամանատար սպան օգնական զորք է պահանջում եւ, մի ամբողջ օր պաշարման դրության մեջ պահելով Կուկունյանցին, վերջապես հարկադրում է նրան անձնատուր լինել իր հետ եղած մարդկանցով։ Ով կարողանում է ազատվել, փախչում է Պարսկաստան։

Անձնատուր եղածների հետ ռուս կառավարությունը վարվում է իբրեւ ավազակների։ Ամենքը կապվում ու բանտ են նետվում, թեեւ բոլորն ամեն կերպ հավատացնում են, թե իրենք ավազակներ չեն, Ռուսասանի դեմ ոչ մի վատ դիտավորություն չեն ունեցել, այլ միայն ուզեցել են անցնել Թուրքիա եւ այնտեղ տանջվող իրենց եղբայրների վրեժը հանել։ Ռուս իշխանավորներին սաստիկ գրգռում են մանավանդ խմբի զինվորների ուսերին կապած «Հ. Մ.» հայերեն տառերը, որոնք նշանակում էին «Միություն Հայաստանի»[85]։ Հենց այդ գաղափարի հետ էլ չէր կարող հաշտվել ցարական Ռուսաստանը։ Ուստի եւ ամենայն խստությամբ ռուս չինովնիկներն օգտագործեցին Կուկունյանցի խմբի այն գործողությունները, որոնք կարող էին, օրենքի հիման վրա, ավազակային հարձակումների տեղ ընդունվել։ Այս միջոցով ամբողջ խումբը, Կուկունյանցի հետ միասին, Երեւանի շրջանային դատարանի կողմից դատապարտվեց տաժանակիր աշխատանքների` Սախալին կղզում։

Ահա այս իսկ երեխայական եւ իր կույր նացիոնալիստական բնազդներով անհամակրելի արկածախնդրությունն էր իր գործունեության իբրեւ սկիզբ ընդունում «Երիտասարդ Հայաստան» կազմակերպությունը։ Բայց նա այդ անունը պինդ չգրկեց։ Հայ հեղափոխության օգուտը պահանջում էր, որ բոլոր կազմակերպությունները միանան, մի ընդհանուր մարմին դառնան։ Այս մասին Թիֆլիսում կայացան խորհրդակցություններ, եւ վճռվեց, որ «Երիտասարդ Հայաստանը» կոչվի «Դաշնակցություն» եւ միացնի իր հետ Հնչակյան, Արմենական կուսակցություններն ու այդպիսով գոյություն ստանա մի կուսակցություն` դաշնակցային հիմքերի վրա, այսինքն` յուրաքանչյուրի ներքին ինքնավարության պայմանով։ Այդ «Դաշնակցությունը» պիտի հրատարակեր իր սեփական օրգանը՝ «Դրոշակ» անունով։ Այս երկու անուններն էլ` «Դաշնակցություն» եւ «Դրոշակ», թարգմանվեցին Ժնեւի հնչակյան մի ուսանողի առաջարկությամբ, ռուսաց հեղափոխական իրականությունից։ Ժնեւում այդ ժամանակ կար «Союз русских революционеров»[86], եւ այդ «союз»-ը թարգմանվեց «դաշնակցություն»։ Իսկ «Դրոշակը» Ամերիկայում հրատարակվող ռուս հեղափոխական «Знамя»[87] թերթի անունից էր վերցվում։

Բայց, ինչպես եւ պետք էր սպասել, հեղափոխական կազմակերպությունների միությունը չկայացավ։ Եվ այս, իհարկե, դարձյալ ի դժբախտություն հայ ժողովրդի։ Հաշվի չառնելով արմենականությունը, որ երբեք չկարողացավ ուժեղ ու ազդեցիկ կուսակցություն դառնալ հայ իրականության մեջ, մնում էին երկու գլխավոր կազմակերպություններ` հնչակյան եւ դաշնակցական, որոնք շատ շուտով իրար հանդեպ բռնեցին հակառակորդի, անհաշտ թշնամու դիրքեր։ Ամեն մեկն աշխատում էր ցույց տալ, թե ինքն է լավ գործում, հեղափոխական առատ արդյունքներ տալիս։ Ամեն մեկն աշխատում էր մյուսին գերազանցել հախուռն գործողություններով, եւ այս անմիտ ու տղայական մրցակցության, այս թայֆայական հակամարտության դառն պտուղները կլանողն ուրիշ ոչ ոք չէր լինում, բացի եւ միայն հայ ժողովրդից։ Հնչակյան կուսակցությունը մինչեւ 1896թ. գտնվում էր հաջողության եւ լայն ժողովրդականության գագաթնակետին։ Այդ միջոցին նա, արբեցած իր դիրքերից, առանձին ուշադրություն չէր դարձնում Դաշնակցության վրա եւ գրեթե միայն լրագրական բանակռվով էր բավականանում։ 1896-ից սկսվում է հնչակյանների անկումը։ Այդ ժամանակից էլ կռիվը երկու կազմակերպությունների միջեւ ընդունում է կոպիտ, նույնիսկ արյունոտ ընդհարումների ընթացք` ավելացնելով հայ ժողովրդի աղետների թիվը։

Եվ այսպես, 1890 թվականից սկիզբ է առնում Դաշնակցությունը։ Սկզբի երկու տարիներին նա շատ թույլ գործունեություն ուներ, համարյա միանգամայն աննկատելի էր, բավականանում էր գրեթե միայն նրանով, որ պարծենում էր իր անդրանիկ գործով` Կուկունյանցի դժբախտ արշավանքով։ Ես կարող եմ ասել, որ չնայած այս հանգամանքին` Դաշնակցությունը հենց սկզբից ռուսահայերի մեջ համեմատաբար ավելի համակրանք գտավ, քան Հնչակյան կուսակցությունը։ Այս երեւույթի պատճառը կարելի է հեշտ բացատրել` նկատի առնելով, որ Դաշնակցության կառուցողն ու պահպանողը սկզբի տարիներին մշակական[88] երիտասարդությունն էր, ամենաեռանդունը, եթե կարելի է ասել` ամենակարմիրը ամբողջ ռուսահայության մեջ։ Պետք է ասել եւ այն, որ Հայաստանի ազատության գաղափարը մշակականության հետ միացնում էր եւ շատ տարրեր պահպանողական խավերից, որոնք սովորաբար կոչվում էին նորդարականներ[89]…

Այս հանգամանքը պարզ նկատելի էր եւ մեր գավառական իրականության մեջ` Շուշիում։ Հնչակյաններին չհաջողվեց Շուշիում տեղական կոմիտե հաստատել, թեեւ նրանք իրենց շարքերում ունեին շուշեցի այնպիսի նշանավոր գործիչներ, ինչպիսիք էին Բարսեղ Զաքարյանը եւ Շմավոն Հովհանյանը (Գաբրիել Կաֆյան)։ Իսկ դաշնակցական տեղային կոմիտե կազմվեց հենց 1891 թվականից, եւ նրան անդամագրվեցին թե՛ մշակական եւ թե՛ նորդարական երիտասարդներ, ինչպես նաեւ չեզոք քաղաքացիներ։ Ես էլ էի անդամ։ Եվ սակայն ի՞նչ գործունեություն էինք ցույց տալիս. այն միայն, որ մեր ռոճիկներից ամսական որոշ տոկոս վճարումներ էինք անում եւ գանձած փողը մեր գանձատան խնայողական արկղի մեջ պահում։ Եվ երբ բավական փող էր հավաքվում, ուղարկում էինք Թիֆլիս, ուր արդեն, ինչպես լսում էինք, կուսակցության կենտրոնում սկսվել էին վեճեր ու հակառակություններ։

Բոլոր այն ձեռնարկումները, որոնք սկսվեցին այդ ժամանակ` թե՛ զուտ հեղափոխական եւ թե՛ կազմակերպչական հողի վրա, երեխայական բովանդակություն ունեին։ Մի այդպիսի գործ էլ Շուշիի մեր կոմիտեն կատարեց։ Մեր գանձից 60 ռուբլի ծախսեցինք եւ մի լավ հրացան գնեցինք դարալագյազցի Գրիգոր քահանայի համար, որ քաջի համբավ էր հանել եւ իր գյուղից Շուշի էր եկել մեզ հայտնելու, թե Թուրքահայաստան է գնում։ Հիշում եմ, թե որպիսի հանդիսավորությամբ էր այդ հրացանը հանձնվում տեր-Գրիգորին։ Մենք հավաքվել էինք Շուշիի թեմական դպրոցի ուսուցիչ Հակոբ Ճաղարբեգյանի մոտ ու հիացմունքով զրույց էինք անում գյուղական երիտասարդ տերտերի հետ, որ ամեն կերպ աշխատում էր մեզ հավատ ներշնչել, թե ինքը կկատարի իր խոսքը եւ կերթա կռվելու Հայաստանի ազատության համար։ Ճաղարբեգյանը լավ խոսել գիտեր եւ մի սիրուն ճառ ասաց, մենք ամենքս համբուրեցինք տերտերի ձեռքը եւ ճանապարհ դրինք նրան։

Գնա՞ց նա արդյոք, ես չգիտեմ։ Մոտ քառորդ դար անցնելուց հետո էր, համաշխարհային պատերազմի ժամանակ, որ ես դաշնակցական մի թերթի պատկերազարդ հավելվածի մեջ տեսա մի կամավորական խմբի նկար։ Կամավորների առաջեւից գնում էր յափնջին վրան գցած, մաուզերը բռնած մի ձիավոր։ Նկարի տակ գրված էր, թե դա դարալագյազցի տեր-Գրիգորն է, 75-ամյա հասակում։ Եվ ես հիշեցի մեր տված հրացանը։ Արդյո՞ք գնաց նա այն ժամանակ։ Բայց մի՞թե հարցը գնալ-չգնալու մեջ էր։ Հարցը մեր վերաբերմունքի մեջ էր, մեր` արդեն մորուքավոր մի խումբ մարդկանց, որ կարծում էինք, թե մի հրացան, մի քաջ մարդ ուղարկելով Թուրքիա, մենք ուժ ենք ստեղծում, որ կարող է սասանեցնել սուլթանի գահը։ Ամաչել մեր այս անծայր միամտությունից մենք չէինք կարող, որովհետեւ ամենքն էին այդպես մեր իրականության մեջ, եւ ոչ ոք չէր ամաչում։

Մի ուրիշ գործ էլ կատարեց Շուշիի տեղական կոմիտեն, բայց այն ժամանակ ես արդեն հեռացել էի իմ ծննդավայրից։ Կոմիտեն մի ամբողջ խումբ կազմակերպեց Շուշիի դատարկապորտ երիտասարդներից, որոնք ամեն տեղ հայտնի են «լոթի» անունով։ Մինչեւ Թիֆլիս հասնելու համար, ուր նրանք պիտի մտնեին կենտրոնական կոմիտեի տրամադրության տակ, այդ լոթիները բավական փող ստացան իբրեւ ճանապարհածախս։ Բայց դուրս գալով Շուշիից` միայն մի քանի վերստ գնացին. մի կողմ թողնելով խճուղին` գնացին Խանքենդի (այժմ՝ Ստեփանակերտ) ավանը եւ ամբողջ մի շաբաթ քեֆ անելուց ու բոլոր փողերը մսխելուց հետո վերադարձան քաղաք։ Աբդուլ-Համիդը բախտավոր աստղի տակ էր ծնվել, թե չէ…

Մի օր էլ լուր առանք, թե Դաշնակցությունը քայքայվում է։ Թիֆլիսում հրապարակ էր եկել մի նոր հեղափոխական գործիչ` լեռնային ինժեներ Կոստանդին Խատիսյանը, շատ կրքոտ մի երիտասարդ, որին որոշ չափով համարձակություն էր տալիս նրա հոր գրաված բարձր պաշտոնը պետական ծառայության մեջ։ Պատմում էին, որ նա իրենց տանն ազատորեն ուժանակ է պատրաստում հեղափոխական մեծամեծ ձեռնարկումների համար, որոնց ծրագրելու մեջ նա մեծ հմտություն էր ցույց տալիս։ Նա ձեռնարկել էր Դաշնակցության միջից մի ֆրակցիա հանել, որ պիտի գործեր ինքնուրույնաբար` իր ղեկավարությամբ եւ իր կազմած ծրագրով։ Մի օր Թիֆլիսում կազմված ֆրակցիայի կողմից Շուշի եկավ ուսուցիչ Մանուկ Աբեղյանը, որ հավաքեց մեզ` Դաշնակցության կոմիտեի անդամներիս, սկսեց բացատրել Կոստանդին Խատիսյանի ֆրակցիայի առավելությունները եւ համոզել, որ Շուշիի կոմիտեն դառնա այդ ֆրակցիայի բաժանմունքը։ Խատիսյանական ծրագրի մեջ վառ երեւակայություններ շատ կային, բայց ես այժմ մոռացել եմ դրանք։ Հիշողությանս մեջ մնացել է միայն այն, որ այդ մտքերի եւ հավանականությունների մեջ մեծ տեղ էին գրավում ուժանակային ռումբերը, որոնց պատրաստության համար նա նախագծում էր մի ամբողջ գործարան հիմնել Բուլղարիայում։ Մենք չհակաճառեցինք անգամ։ Ով ուզում է թող ազատի Հայաստանը` մենք հոժարությամբ պատրաստ ենք մեր ամսական տուրքը նրան տալ։ Դրանից ավել գործունեություն մենք նույնիսկ չէինք իմացել եւ չգիտեինք։

Բայց Խատիսյանի ֆրակցիան շուտով ջուրն ընկավ, եւ Դաշնակցությունն էր, որ մնաց գործի գլուխ։ Այդ ժամանակ էր, որ այն իրենց ձեռքն էին առնում մի քանի կարող երիտասարդ ուժեր, որոնց մեջ արդեն անուն էին հանել մանավանդ երկուսը՝ Քրիստափոր Միքայելյանն[90] ու Սիմոն Զավարյանը[91]։ Մեր վճարումներն առաջվա պես գնում էին Դաշնակցության կենտրոնական կոմիտեին։ Շուտով նրա կողմից Շուշի եկավ ուսանող Տիգրան Հովհաննիսյանը։ Եկել էր մի մեծ գումար տանելու, եւ որոշվել էր այսպիսի մի հեքիաթ։ Կազմակերպությունը, իբրեւ թե, արտասահմանում գնել էր մեծ քանակությամբ զենք, որ նավով ուղարկված էր Պարսից ծոց` այնտեղից, Պարսկաստանի վրայով, Թուրքահայաստան փոխադրելու համար։ Ճանապարհածախսի համար հարկավոր էր մի մեծ գումար։

Այս հեքիաթն, իհարկե, ինքը` Տիգրան Հովհաննիսյանը չէր հնարել, որ այն ժամանակվա մշակական երիտասարդության լավագույն ներկայացուցիչներից էր համարվում։ Բայց որ նա էլ այնքան էր հավատացել այդ հեքիաթին, որ դրա շրջիկ քարոզիչն էր դարձել, հենց ա՛յն է ապացուցում, որ այն ժամանակ մեզանում անվերապահ հավատն էր թագավորում, եւ քննադատական վերաբերմունքը միանգամայն բացակայում էր։ Ասացե՛ք` ո՞ւմ կարող եք այսօր հավատացնել, թե հնարավորությունների կարգումն է մեծաքանակ զենքերի փոխադրությունը Պարսկաստանի վրայով՝ նույնիսկ գաղտնիքը չպահպանելով, արձակ կերպով։ Ինչքա՞ն ծախս կնստեն հենց միայն փոխադրող քարավանները։

Տիգրան Հովհաննիսյանն ընդունվեց շատ սիրալիր կերպով, այդպես էլ ճանապարհ դրվեց Շուշիից, բայց` առանց փողի։ Պատճառն այն չէր, որ ձեռնարկությունը կասկածելի էր թվում մեզ։ Փող չունեինք. եթե ունենայինք, կտայինք, ինչ խոսք։

Դ

1892թ. Կովկասի հայության կյանքում տեղի ունեցան մի քանի խոշոր դեպքեր։ Մայիսին Էջմիածնում կատարվեց կաթողիկոսական ընտրություն. բոլոր կողմերից (Թուրքիայից, Պարսկաստանից, Ռուսաստանից) եկած պատգամավորների բոլոր ձայներով ընտրվեց Մկրտիչ արք. Խրիմյանը (Հայրիկ կոչված)։ Սա մի խոշոր ցույց էր սուլթանի դեմ։ Խրիմյանը` Հայոց հարցի հեղինակներից մեկը եւ Հայաստանի ազատագրության վաղեմի երգիչն ու քարոզիչը, Գում-Գափուի ցույցի հետեւանքով աքսորվել էր Երուսաղեմ։ Նրա ընտրությամբ մշակական ուղղությունն իրեն համարում էր իր վաղեմի բաղձանքին հասած, որ 1884 թվին չէր իրականացել Ներսես Վարժապետյանի հրաժարման պատճառով։ Խրիմյանին աքսորից ազատելով եւ կաթողիկոսական աթոռի վրա նստեցնելով` ստեղծվում էր, ինչպես շարունակում էին կարծել, մի շատ նպաստավոր դրություն` Հայոց հարցը պետությունների հերթական եւ անհետաձգելի խնդիր դարձնելու համար։ Ուստի կաթողիկոսական ընտրությունը հավասար չափով ուրախացնում էր եւ երկու հեղափոխական կուսակցություններին։ Դաշնակցականներն այդ ընտրությանը մինչեւիսկ գնացել էին Էջմիածին՝ պրոպագանդայի եւ օտար տեղերից եկած պատգամավորների հետ տեսնվելու ու խորհրդակցելու համար։

Նույն տարին առանձնապես շեշտվեց նաեւ մի շարք նշանավոր գործիչների մահերով։ Մեռան Գամառ-Քաթիփան, Խորեն Նար-Պեյը[92], Գարեգին Սրվանձտյանցը[93], իսկ տարվա վերջին` նաեւ Գրիգոր Արծրունին։ Մանավանդ այս վերջին մահը չափազանց խոր տպավորություն թողեց ամբողջ հայության վրա, եւ դեկտեմբերի 27-ին նրա թաղումը Թիֆլիսում տեղի ունեցավ այնպիսի մի հանդիսավորությամբ, որի նմանը դեռ երբեք չէր տեսել այդ քաղաքը։

Իբրեւ Շուշիի բարեգործական ընկերության կողմից պատգամավոր` ես էլ ներկա էի այդ թաղմանը։ Դեկտեմբերի 27-ը դարձավ միաժամանակ քաղաքական մի խոշոր ցույց՝ ցարական բյուրոկրատիայի դեմ։ Սահմանված էր, որ թաղման հանդեսը Վանքի եկեղեցուց դուրս գալով` Բարյատինսկայա փողոցով կբարձրանա Գոլովինսկի պրոսպեկտ եւ Երեւանյան հրապարակով կմտնի Միջին փողոցը` դեպի Խոջիվանք գնալու համար։ Թիֆլիսի նահանգապետ Շերվաշիձեն, սակայն, փոփոխություն էր մտցրել այդ երթուղու մեջ` հպատակվելով Կովկասի կառավարչապետ Շերեմետեւի[94] ցուցումներին, որ Հայկական դատի եւ շարժումների թշնամին էր։ Պատճառ բերելով կառավարչապետի հիվանդոտ դրությունը` Շերվաշիձեն անհարմար էր համարել, որ ժողովրդական կուտակումներից բաղկացած սգերթը պալատի առջեւով անցնի, ուստի ճանապարհ էր նշանակել Լոռիս-Մելիքյան փողոցը։ Երիտասարդությունը, վրդովվելով այդ կարգադրությունից, որոշեց չհնազանդվել դրան։ Այդ պատճառով, երբ եկեղեցական հանդեսը բարձրանալով Բարյատինսկայա փողոցով` ուզեց մտնել Լոռիս-Մելիքյան փողոցը, հետեւից եկող բազմահազար ժողովուրդը նրան սաստիկ հրելով առաջ քշեց` ոտքի տակ տալով բազմաթիվ քաղաքապահ ոստիկանների, եւ դուրս գալով Գոլովինսկի պրոսպեկտ` այն լցրեց ծայրից ծայր եւ, անդիմադրելի լավայի պես առաջ շարժվելով, պալատի մոտ եւ Դվորցովայա փողոցում լռեցրեց հոգեւորականության ձայնը՝ երգեր երգելով եւ «Կեցցե՛ Հայաստան» կանչելով։ Ոստիկանապետը կազակներով թռավ ցույցի տեղը, բայց ուշ էր արդեն, ժողովրդական ծովի հետ արդեն ոչինչ չէր կարելի անել։ Նրան մնաց բավարարվել հանդիսատեսի դերով։

Այս քաղաքական ցույցը շատ խոր տպավորություն թողեց մանավանդ ինձ` գավառից եկած երիտասարդիս վրա։ Շուտով ես ծանոթացա եւ այն մարդկանց հետ, ովքեր նրա գլխավոր առաջնորդներն էին հանդիսացել։
Թաղումը տեւեց շատ երկար։ Ճառախոսների թիվը մեծ էր, բայց ճառերի մեջ շատ քչերն էին աչքի ընկնում իրենց ուժեղ եւ ինքնատիպ բովանդակությամբ։ Դրանցից մեկն էր Սիմոն Զավարյանի ճառը. համարձակ, հեղափոխական, մանավանդ՝ հակակղերական` ուղղված գերեզմանը շրջապատած բազմաթիվ տերտերների դեմ։

Մութ էր, երբ վերադարձանք Խոջիվանքի գերեզմանատնից։ Մի մեծ խմբով գնացինք բժիշկ Հ. Լոռիս-Մելիքյանի տուն, Վելյամինովսկայա փողոցի ծայրում, ուր պիտի հանգստանայինք ու մի-մի բաժակ թեյ խմեինք։ Բայց կար եւ մի ավելի հետաքրքրական «օրակարգ»։ Դա այն էր, որ մշակական երիտասարդությունը կամենում էր իր համար շեֆ ընտրել` վախճանված Արծրունու տեղ։ Մեզ հետ էին եւ Քրիստափոր Միքայելյանն ու Սիմոն Զավարյանը, որոնք արդեն շատ հայտնի էին երիտասարդության մեջ եւ այդ տարի էին վերադարձել վարչական աքսորից։ Նախքան թեյի նստելը` նրանք երկուսով ինձ տարան պատուհանի մոտ` դահլիճի մի անկյունը, եւ հետս մտերմական խոսակցություն սկսեցին։ Առաջին անգամ էի տեսնվում նրանց հետ, եւ հենց առաջին իսկ վայրկյանից հմայված էի նրանց անուշ վարվեցողությամբ ու մտերմական սրտաբացությամբ։ Միքայելյանը մի տիպիկ ռուս նարոդնիկ էր, իսկ Զավարյանի մասին ասում էին, թե սա նույնպես մի ամուր հեղափոխական խառնվածք է, բայց կոսմոպոլիտական լայն հայացքներով, եւ նոր սովորում է դառնալ հայ հայրենասեր, նույնիսկ ազգայնական[95]։

Մեր խոսակցությունը միայն Դաշնակցության շուրջն էր պտտվում։ Երկու սրտակիցները, իրենց անփոփոխ սիրուն ժպիտներով զարդարված, ինձ պատմեցին, որ Դաշնակցությունն արդեն վերջնականորեն կազմակերպված է, որ այդ տարի իրենք ունեցել են ընդհանուր ժողով, որն ընդունել եւ հաստատել է կուսակցության ծրագիրը։ Ամեն խոսքից երեւում էր, որ իմ առջեւ կանգնած երկու ընկերներն էին կազմակերպության հոգին։ Նրանք ինձ բացատրեցին, թե ինչ ուղղությամբ է այժմ գործում Դաշնակցությունը։ Պատրաստվում էին խմբեր՝ Թուրքահայաստան ուղարկելու համար, ձեռք էին բերվում զենքեր եւ պայթուցիկ նյութեր։ Գլխավոր հենակետ ընտրված էր Պարսկաստանը, ուր արդեն պատրաստություններ էին տեսնվում զինանոցներ եւ հայդուկային կայաններ կազմակերպելու համար։ Մի խոսքով, երկուսի պատմելով` գործունեությունը եռում էր։ Սակայն զգացվում էր դրամական միջոցների պակասություն։ Շուշիի կոմիտեն ամենաթույլերից մեկն էր, վերջին ժամանակները համարյա բոլորովին գոյության նշաններ ցույց չէր տալիս եւ հարաբերություններ չէր պահպանում կենտրոնի հետ։ Այդ պատճառով Միքայելանն ու Զավարյանն ինձ խնդրեցին, որ Շուշի վերադառնալուց հետո աշխատեմ նորից կենդանացնել կոմիտեն, եւ տվեցին ինձ նորահաստատ ծրագիրը։ Ես խոստացա անել ինչ որ հնարավոր է, եւ մենք իրարից բաժանվեցինք իբրեւ վաղեմի բարեկամներ։

Թեյի վրա խոսք բացվեց Արծրունու հաջորդի ընտրության մասին։ Թեր եւ դեմ խոսակցությունները ցույց տվին, որ սա մի պարապ հարց է, եւ այն լուծել մի այսպիսի պատահական ժողովում անկարելի է։ Ավելի լավ համարվեց` թողնել, որ ինքը՝ ժամանակը լուծի, թե ով կլինի երիտասարդության հոսանքի ղեկավարը։ Եվ սա միանգամայն արդարացի էր։ Ժամանակը խոր բաժանումներ պիտի մտցներ երիտասարդության մեջ, որ այսպիսով մի առաջնորդ չպիտի ունենար, այլ մի քանի։
Եվ այսպես, Դաշնակցությունը երկու տարուց դուրս էր գալիս գրեթե կիսակենդան դրությունից, կազմակերպչական թափ էր ստանում 1892-ին։ Այնպես որ, նրա հիմնադրումը, իսկապես, այս թվականից պետք է հաշվել։ Նա արդեն ուներ իր որոշ եւ պարզ գաղափարախոսությունը, հայտնում էր, թե ինչ նպատակ ուներ եւ ինչ միջոցներով էր ուզում իրագործել այդ նպատակը։

Եվ առաջին իսկ վայրկյանից երեւան էր գալիս մի շատ պարզ հանգամանք։ Այն, որ Դաշնակցությունը, հանդես գալով մեծամեծ խոսքուզրույցով, ճառերով, պատրաստություններով, իսկապես ոչինչ նոր բան չէր մտցնում այն գործի մեջ, որ իր համար նպատակ էր ընտրել, այն է` թուրքահայերի ազատագրության մեջ։ Սա մի անկախ ծրագիր չէր, այլ գրեթե լոկ կրկնություն հնչակյան ծրագրի։ Նույն հայդուկային կռիվը, գործողության նույն դավադրական եղանակը` տեռորը, նույն եվրոպապաշտության ֆետիշիզմը։ Դաշնակցությունը չէր գալիս ազատագրական շարժմանը նոր կերպարանք տալու, նոր ուղիներ չէր գծում ու հարթում, այլ պարզապես ուզում էր նստել հնչակականության տեղը եւ գործել նրա նման։ Այդպես էլ եղավ։ Հենց այս միանմանությունն էր, թվում է ինձ, որ այնքան կատաղի էր դարձնում մրցությունն այս երկու կազմակերպությունների միջեւ։ Բախվում էին ոչ թե գաղափարները, ոչ թե տակտիկական եւ ռազմավարական հարցերը, այլ բախվողը միշտ եւ գերազանցապես կաշվի հարցն էր։

Նմանությունն ավելի եւս ցայտուն, աչք ծակող դարձնելու համար՝ դաշնակցական ծրագիրն էլ մեջտեղ էր բերում մարքսիզմը՝ ազգայնականությունը եւ ազգամոլությունը` իր կարմիր քղամիդով զարդարելու համար։ Դա ես ցույց տվի հնչակյան ծրագրի մասին խոսելիս։ Այստեղ ինձ թույլ կտամ նմուշներ բերել դաշնակցական ծրագրից, որ գրված էր թուրքահայ բարբառով։
«Այն ժամանակեն,- կարդում ենք ներածության մեջ,- երբ մարդկությունը մտեր է քաղաքականության[96] ճամբուն մեջ, այն ժամանակեն, երբ նա սկսեր է իր պատմությունն ունենալ, ամեն տեղ եւ ամեն ժամանակ կտեսնենք իշխողներ եւ կեղեքվողներ, տանջողներ եւ տանջվողներ։ Տառապյալներու լացին ու կոծին, աշխատավորին ծանր տնքոցին հետ ամեն տեղե մեր ականջին կհասնին ձրիակեր իշխողներու ցնծալից աղաղակները։ Այսպես եղել է անցյալին մեջ, այսպես է այժմ, սակայն այդպես պիտի չըլլա ապագային մեջ. մենք վստահ ենք ասոր։ Շատ լավ կտեսնենք, թե ինչպես իշխող դասակարգերը միշտ կիյնան ավելի ու ավելի, թե ինչպես աշխատանքը հետզհետե ձեռք կձգե իր իրավունքները, թե ինչպես կեղեքվող տարրը հսկայական քայլերով կմոտենա իր վերջնական հաղթության։ Եվ այդ տարրը կհասնի կատարյալ հաղթության, երբ կվերանան ամեն տեսակ դասակարգեր, երբ աշխատանքի միջոցները եւ արդյունքը կդառնան աշխատավորին կատարյալ սեփականությունը, երբ մարդոց կառավարության կփոխարինե իրերու կառավարությունը։
Բայց ինչպե՞ս կարելի է հասնել այդ բաղձալի ապագային։

Կար ժամանակ, երբ մարդկության բոլոր ցավերը բուժելու, տիրող անհավասարությունը ջնջելու, եղբայրություն, ազատություն եւ հավասարություն հաստատելու համար մարդկության ռեֆորմատորներ (բարենորոգիչներ) երեւան կուգային այս կամ այն վարդապետությունով, իրենց որոշ «հավատոց հանգանակներով»։ Համոզված իրենց վարդապետության արդարադատությանը, ոգեւորված վեհ զգացումներով, պատրաստ կրել ամեն տեսակ զրկանքներ, զոհել կյանքն իսկ իրենց գաղափարները մարմնացնելու համար` այդ ռեֆորմատորները կնայեին ամբողջ մարդկության վրա այնպես, ինչպես իրենց վրա։ Անոնք հավատացած էին, թե բովանդակ մարդկային հասարակությունը կարող է ունենալ նույն զգացումները, նույն ձգտումը, նույն պատրաստակամությունը, ինչ որ իրենք ունին, թե իրենց վարդապետությունը կարող է իրականանալ հենց վաղը, պետք է միայն քարոզել, հասկացնել անոր արդարությունը եւ օրինակներ ցույց տալ։

Անցան դարեր, մեկ վարդապետություն հաջորդեց մյուսին, շատ ռեֆորմատորներ զոհվեցան, բայց եւ այնպես կտեսնենք, թե մարդկության մեկ մասը, որու համոզվիլն իսկապես անհրաժեշտ է, որովհետեւ անոր ձեռքը կգտնվի անարդարության բանալին, դեռեւս չէ համոզվել, չուզեց համոզվել եւ ոչ մեկ կերպ ալ չի համոզվեր, քանի որ ատիկա իր գործին չի գար։ Համոզեցեք քաղաքակրթված լորդը, թե իրավունք չունի իռլանդացիները կեղեքելու, համոզեցեք բարձրագույն ուսում ստացած գործարանատերը, թե անարդար կերպով է, որ իր գրպանը կլեցնե բանվորներու աշխատանքը, համոզեցեք վերջապես քյուրդը, որ ինքը ոչ մեկ բարոյական իրավունք չունի ալաշկերտցիին տունը եւ ընտանիքը գրավելու։

Պատմության դառն ու դաժան դասերը ակներեւ կերպով ցույց տվին միանգամայն, թե մարդկության տանջված մասին իր դառն վիճակը հասկանալը, համոզվիլը, մինչեւ իսկ զայն բարեփոխելու բաղձալը դեռեւս բավական չեն հաղթանակը տանելու, թե ասկե զատ անհրաժեշտ է ձեռք բերել իրական ուժ ալ։ Բայց որովհետեւ իրական ուժը հանկարծակի չստեղծվեր, որովհետեւ անիկա արդյունք է գոյություն ունեցող պայմաններու եւ կփոփոխվի այդ պայմաններուն փոփոխության համեմատ, ուստի պարզ է, թե ոչ մեկ հանրային կազմակերպություն, որքան ալ իդեալական ըլլա, մեկ անգամեն անկարելի է իրականացնել, թե այդ իդեալական կազմակերպության կարելի է հասնել միմիայն գոյություն ունեցող պայմանները բարեփոխելով։

Ահա ճիշտ այս պատճառով մենք ասպարեզ չենք իջեր իբրեւ այս կամ այն ուտոպիական (մտացածին) վարդապետության պատկանողներ, չենք ձգտեր մտցնել մեր կյանքին մեջ այս կամ այն «դավանությունը»` հանդերձ իր «հանգանակներով», մեր ժողովրդին չենք նկարագրեր այժմ այս կամ այն իդեալական հանրային կազմակերպությունը իր բոլոր մանրամասնություններով։ Մեր ձգտումն է, որ ծրագիրը կենսական ըլլա, մեր աշխատությունը գլխավորապես կենտրոնացած է մեր երկրին ներկա դրության վրա. մեր նպատակն է անողոք եւ անաչառ քննադատության ենթարկել մեր կյանքին ներկայիս մեջ գոյություն ունեցող պայմանները, մերկացնել բոլոր այն ցավերը, որոնցմե կտանջվի մեր բազմաչարչար ժողովուրդը եւ, հիմնված ընկերական գիտության դրական օրենքներու վրա, պարզել այդ ցավերուն էական պատճառները եւ միաժամանակ կատաղի կռիվ մղել այդ ցավերը պատճառող ֆակտորներու (սատարներու) դեմ։ Հիմնված այդ դրական օրենքներուն եւ երկրին ներկա պայմաններուն վրա` կարծարծենք, կպարզենք այն դրությունը, զոր անհրաժեշտ կհամարենք, որ փոխարինե ներկային»։

Դաշնակցական գաղափարախոսները մեզ հավատացնում են, թե այս ներածությունը կարդացված եւ ընդունված չի եղել 1892-ի ընդհանուր ժողովում, այլ գրվել է հետո, երբ ընդհանուր ժողովն իր ընտրած հատուկ հանձնաժողովին հանձնարարել է իր ընդունած ծրագրային որոշումների վերջնական խմբագրությունը։ Խմբագրական հանձնաժողովը, գտնելով, որ լավ չէ միմիայն չոր ու ցամաք կազմակերպչական կանոններ դնել ծրագրի մեջ, որոշել է տալ եւ մի ընդհանուր ներածություն, որի հորինումը հանձնել է իր անդամներից մեկին` մարքսիստ Ստեփան Զորյանին[97] (Ռոստոմ, «Քոթոթ» անվանված), որի մտքի արդյունքն է կազմում ներածությունը։ Մի գործ, որ վերին աստիճանի բնորոշ է նորակազմ հեղափոխական մարմնի համար։ Այստեղ չկա հնչակյան ծրագրի սկզբում դրված «մարքսիստական» հայեցակետը։ Այստեղ «մարքսիզմն» ընդունվում էր քողարկված ձեւի տակ, ակնարկների մանվածապատ եւ մշուշապատ դարձվածքների մեջ։ Պետք է նկատի առնել, որ հնչակյան սոցիալիզմը խրտնեցնում էր շատ շատերին։

Դաշնակցությունը զգուշանում էր բուրժուական հասարակությանը խրտնեցնելուց, քանի որ իր ամբողջ գործունեությունը հիմնում էր հենց այդ հասարակության աջակցության վրա։ Մթնեցնելու, հետք կորցնելու նպատակ ուներ, անշուշտ, եւ ներածության լեզուն` իբր թե թուրքահայոց բարբառ, որ, սակայն, թուրքահայի ձեռքով չէր գործածված, այլ ռուսահայի[98]։ Բայց միեւնույն ժամանակ, չէր կարելի մի ժողովրդական-ազատագրական շարժում ծրագրել քաղաքական հողի վրա` առանց հաղորդելու նրան ռամկավարական եւ ընկերվարական բովանդակություն։ Ուստի Դաշնակցությունն ստիպված էր կես բերանով ընդունել եւ սոցիալիզմը։ «Դրոշակի» մեջ նա էլ, Հնչակյան կուսակցության նման սոցիալիզմը հայտարարում էր հեռավոր նպատակ եւ այնուհետեւ երկար ժամանակ կա՛մ բոլորովին չէր խոսում, կա՛մ շատ քիչ էր խոսում այդ մասին։

Այսպես, ուրեմն մի երեսով դեպի բուրժուազիա, մյուս երեսով` դեպի սոցիալիզմ։ Այս երկերեսությունը մնաց կազմակերպության ամենագլխավոր հատկանիշը, եւ այսպես մինչեւ վերջը։ Դաշնակցության մեջ տեղ ուներ թե՛ նացիոնալիստ-պահպանողական թուրքահայ խմբապետը, եւ թե՛ սոցիալիստական վարդապետության իբր հարած երիտասարդ ուսանողը։ Ամեն մեկը հավատում էր, թե իր ասվածն է պաշտպանվում Դաշնակցության մեջ։ Ավելացնեմ, սակայն, որ Հնչակյան կուսակցության մեջ էլ դրությունն այս կողմից շատ լավ չէր։ Առհասարակ թուրքահայերը, իբրեւ արդյունաբերական մի շատ հետամնաց երկրի ժողովուրդ, միշտ էլ խորթ մնացին ընկերվարական շարժումներին, եւ թուրքահայ դատի համար մղվող պայքարը նկատում էին բացառապես իբրեւ ազգայնական գործ։ Առաջ ապրելու հնարավորություն գտնել եւ ապա միայն որոշել, թե ինչպես ապրել։ Այս բանի մեջ իրար հետ համաձայն էին երկու հեղափոխական, իրար հակամարտ կուսակցություններն էլ։

Ե

Ք. Միքայելյանին եւ Ս. Զավարյանին տված խոսքս չկարողացա կատարել փոքրիշատե բավարար չափերով։ Կարողացածս միայն այն էր, որ վերականգնվեց արդեն գոյություն ունեցած եւ գրեթե մեռած կազմակերպությունը։ Բայց այդ մի մեծ բան չէր։ Ինտելիգենցիայի մի շատ սահմանափակ շրջան` բաղկացած հայոց դպրոցների ուսուցիչներից, բժիշկներից եւ փաստաբաններից. ահա այդ կազմակերպությունն էր, որ կարողանում էր իր կամավոր ամսավճարներով շատ համեստ գումարներ գանձել։ Թուրքահայ հեղափոխական գործը լայն ժողովրդականություն չէր գտնում, որովհետեւ պակասում էին եռանդոտ պրոպագանդիստները։ Եվ բացի դրանից, Թիֆլիսից վերադառնալուց հետո, ես Շուշիում մնացի ընդամենը մի քանի ամիս։ 1893-ի գարնանը ես թողեցի իմ 12-ամյա հեռագրական ծառայությունը եւ մտա մասնավոր պաշտոնի մեջ` տեղափոխվելով Բաքու։

Իմ «խոզեյիններն» էին մի քանի հարուստ շուշեցի երիտասարդներ, որոնք մինչեւ այդ իմ ընկերներն էին եւ Բաքվում ընկերովի տպարան էին բացել։ Ինձ նշանակել էին կառավարիչ, որպեսզի դրանով թե՛ ինձ հնարավորություն տային ավելի լայն չափերով գրականությամբ պարապելու եւ թե՛ առհասարակ Բաքուն հայ գրական մի կենտրոն դարձնեին։ Այս պետքն զգացվում էր վաղուց։ Նավթային մայրաքաղաքի մեջ հայկական կապիտալն արդեն շատ խոշոր ու ծավալուն կուտակումներ էր արել, հետեւաբար այն ժամանակվա հասարակարգի օրենքների համեմատ, պետք կլիներ սպասել, թե նյութական բավականաչափ միջոցներ կլինեն մի գրական-հրատարակչական գործունեություն արդյունավորելու համար։

Գնում էի մեծ ու վառ հույսերով, բայց տեսա մի դժոխք, որը, սակայն, բարի ցանկություններով էր սալահատակած։ Ամբողջովին մի անասնական-եսամոլ կյանք, մի հսկայական կեր ու խում, որի մեջ ծիծաղ էին հարուցում բոլոր մտքերը հայ մտավորական արժեքների մասին։ Հասարակական հարցերով եւ մասնավորապես հայ կյանքի հարցերով կամ, ինչպես ասում էին այն ժամանակ, «ազգասիրությամբ» պարապում էին մի խումբ վարժապետներ եւ սակավաթիվ ինտելիգենտներ, որոնք կապիտալիստական կատաղի վլվլուկների մեջ իրենց համար մի անկյուն էին առանձնացրել, ուր արդեն մեղք էլ էր համարվում շարունակ շահից, եկամուտից, մուրհակից ու ֆոնտանից[99] խոսելը։ Ես պարզապես գնում էի այդ անվարտիք իդեալիստների խումբը մեկով ավելացնելու։

Ամենից շատ առօրյա, ամենից շատ հուզող հոգսն այդ խմբի մեջ, իհարկե, Հայոց հարցն էր։ Դաշնակցությունը խոր արմատներ էր ձգել նավթային մթնոլորտի մեջ։ Հնչակյանություն ես համարյա բոլորովին չնկատեցի։ Մինչդեռ, եթե ճիշտ լիներ այդ կազմակերպության մարքսիստական հիմնաքարը, նա էլ, ուրեմն, պիտի աչքի ընկնող դիրք եւ նշանակություն ստացած լիներ ապշերոնյան արդյունագործական աշխարհում, ուր հայ բանվորությունն արդեն հազարներով էր հաշվվում։ Պետք է ասեմ, որ զուտ բանվորական կուսակցություն այն ժամանակ գոյություն չուներ Ռուսաստանի եւ ոչ մի կողմում։ Բաքվի բանվորության մեջ պրոլետարական դասակարգային գիտակցություն դեռ չկար, ուստի նրա խորքերի մեջ հեշտությամբ էին թափանցում ազգայնական գաղափարները։ Գործողը, հեղինակություն ստացողը Դաշնակցությունն էր։ Մի քանի անգամ հրավիրվեցի տեղական կոմիտեի նիստերին եւ տեսա, որ այդ հիմնարկությունն էլ լոկ դրամական հանգամանք ուներ, նույնպես իր ամսավճարները հասցնում էր Թիֆլիսի կենտրոնին, որ եւ այսպիսով մնում էր Թուրքահայաստանում տեղի ունեցող հայդուկային շարժումների միակ իրական կարգադրիչը։

Կոմիտեի անդամներից մեկը` Ներսես Դավթյանը, Բալախանի[100] եւ այլ բանվորական վայրերի ներկայացուցիչն էր, որ զեկուցում էր տալիս բանվորական կազմակերպությունների մասին եւ կապում նրանց կոմիտեի հետ։ Այս կազմակերպությունները, որքան հիշում եմ, ոչ շատ բազմաթիվ էին եւ ոչ էլ շատ խոշոր զանգվածներ էին պարունակում իրենց մեջ։ Սա երեւում էր հենց այն գումարներից, որ Դավթյանն ամեն ամիս մտցնում էր կոմիտեի դրամարկղը` իբրեւ բանվորական վճարներ։ Այդ տուրքն, այո՛, մեծ չէր։ Հայդուկային հեղափոխության գաղափարն ամենից ավելի լավ նավթահանքերի եւ նավթային գործարանների բանվորության մեջ էր պատվաստվում. եւ այստեղից` այս խավերից դուրս եկան շատ ու շատ այնպիսի աշխատավորներ, որոնք իրենց արյունով ողողեցին Թուրքահայաստանի լեռներն ու դաշտերը` թե՛ իբրեւ անվանի, թե՛ միանգամայն անհայտ մնացած հերոսներ։

Բայց չի կարելի ասել, թե Բաքվի կոմիտեն, բացի ամսավճար հավաքելուց, ոչինչ չէր անում։ Ես մի երկու անգամ ներկա եմ եղել այնպիսի նիստերի, ուր անկախ գործունեության ծրագրեր էլ էին առաջարկվում։ Այդպիսին էին, օրինակ, ինժեներ Կոստանդին Խատիսյանի զեկուցումները։ Նրան տրված էր խոսելու գեղեցիկ ընդունակություն։ Եվ նա պերճորեն ապացուցում էր, թե կռիվը Թուրքահայաստանի համար կարելի է դարձնել հաղթական եւ վճռական միայն այն դեպքում, երբ կիրագործվի իր ծրագիրը, որ էր` Սալմաստում մի ամբողջ լաբորատորիա ստեղծելը` զենքեր եւ պայթուցիկ նյութեր պատրաստելու համար։ Իբրեւ մասնագետ, նա կարդում էր ամբողջ տեխնիկական նախագծեր, նախահաշիվներ եւ այլն, ջերմորեն ապացուցում էր, թե իր առաջարկներն ուտոպիա, ցնորքներ չեն, այլ կարող են հեշտությամբ գլուխ գալ, եթե մի 25-30 հազար ռուբլի դրամագլուխ գտնվի։

Եթե գտնվի… Բայց որտեղի՞ց գտնվեր։ Բաքուն, մի անսպառ ոսկեհանք էր Մանթաշյանների[101], Ղուկասյանների եւ նրանց նման շատերի համար, բայց մի անպտուղ ու անջրդի անապատ էր այն գործի համար, որ առաջ էր տարվում Բալախանի, Սեւ Քաղաքի[102] հալումաշ բանվորների գրոշներով։ Խատիսյանի այս ձեռնարկությունն էլ գլուխ չեկավ։ Եվ նա ինքն էլ շուտով դարձավ գործարանատեր, խրվեց շահագործման եւ հարստացման հոգսերի մեջ ու բոլորովին մոռացավ Սալմաստն էլ, Խոյն էլ, Վանն էլ…

1892-1893թթ. հայդուկային-դավադրական հեղափոխության առաքյալները գործում էին Թուրքիայի ասիական նահանգների գրեթե բոլոր հայաբնակ վայրերում` սկսած Կիլիկիայից մինչեւ Ուրմիա լիճը։ Այս ամբողջ տարածությունը մի լռիկ համաձայնությամբ բաժանվել էր այսպես` Հնչակյան կուսակցությունն իր կարգադրության տակ էր առել ամբողջ արեւմտյան մասը, Փոքր Ասիայի կողմերը, իսկ արեւելյան մասերում գործում էին թե՛ դաշնակցական եւ թե՛ տեղային անկախ հայդուկային խմբերը, որոնք մանր կռիվներ էին անում գլխավորապես քրդերի դեմ։ Թե՛ բովանդակությամբ եւ թե՛ ընդարձակությամբ հնչակյանների գործունեությունն էր հարուստը։ 1893-ին հնչակյանները, կարծեք թե, գտել էին գործողությունների ավելի ուղիղ ճանապարհ։ Նրանք փորձում էին մտցնել հայկական շարժումն ընդհանուր օսմանյան պետականության հունի մեջ` ազատագրական գաղափարը պատվաստելով նաեւ մահմեդական կեղեքվող տարրերին։ Սակայն այս խելացի փորձը տարվում էր վերին աստիճանի անշնորհք կերպով։

Փոխանակ մահմեդական դժգոհ տարրերին իրենց մոտեցնելու, նրանց սերտ գործակցության եւ համահավասար իրավունքներով կազմակերպչական ու ղեկավար դեր ստանձնելու հրավերներ կարդալու` հնչակյանները խաբեբայական միջոցներ էին կիրառում։ Այն է` կազմում եւ տարածում էին կեղծ կոչեր` իբրեւ թե գրված մահմեդականների ձեռքով. սրանք ժողովրդին հրավիրում էին հնչակյանների հետ կռիվ հայտարարելու սուլթանական բռնակալությանը։ Կեղծիքը չխաբեց ոչ ոքի եւ միայն թուրքաց կառավարությանն առիթ տվեց բազմաթիվ ձերբակալություններ կատարելու հնչակյանների մեջ եւ ստեղծելու մի խոշոր դատաստանական գործ, որ հայտնի է Անկյուրայի կամ Գաղատիայի դատավարություն անունով, որ ավարտվեց մահվան դատավճիռներով եւ աքսորներով։

Միաժամանակ սուլթան Աբդուլ-Համիդը ձեռք էր առնում եւ ավելի արմատական միջոցներ հետզհետե աճող հեղափոխական հուզումների դեմ։ 1892թ. նրա հրամանով կազմակերպվում էին քրդական գնդեր` ռուսաց կազակ[ական] զորքի օրինակով։ Անկանոն հեծելազորային այդ գնդերը սուլթանի անունով ստանում էին Համիդիե անունը։ Կառավարությունը նրանց զենք էր տալիս, թեթեւ կերպով զինվորական մարզումների էր ենթարկում եւ, ամեն մի գունդ թողնելով իր տեղում, պարտավորեցնում էր զորաժողով լինել կառավարության առաջին պահանջով։ Որքան եւ այս ձեռնարկությունը քողարկվում էր պատերազմական ընդհանուր նկատառումներով, ոչ մեկի համար գաղտնիք չէր, թե Համիդիե գնդերի կազմակերպման ամենագլխավոր, եթե ոչ միակ, շարժառիթը նրանց միջոցով հայերին զսպելն էր։ Այսպիսով, ուրեմն, ստեղծվում էր մի նոր սոսկալի վտանգ հայ ժողովրդի համար։ Սա զգում էին ամենից առաջ իրենք` հայերը, եւ նրանցից շատերն այս երկյուղից դրդված` թողնում էին իրենց հայրենի երկիրը եւ գաղթում օտար երկրներ։ Այս պարզ զգում էին եւ Թուրքահայաստանում գտնվող եվրոպական հյուպատոսները։

Էրզրումի անգլիական հյուպատոսը քրդական գնդերի պատճառած ընդհանուր երկյուղի թարգմանն էր հանդիսանում իր կառավարության առաջ, որ, սակայն, բավականանում էր Կ.Պոլսի իր դեսպանին մի թուղթ ուղարկելով, որով եւ սպառվում էր ամբողջ հարցը, իսկ անպաշտպան եւ անզեն հայ գյուղացին դրվում էր կատարելագործված զենքերով զինված, պաշտոնապես ապահով եւ անպատասխանատու դիրքի մեջ դրված քրդի լիակատար տրամադրության տակ։
Այս ահեղ հանգամանքը հայ հեղափոխական կյանքի կողմից արժանավոր գնահատության չարժանացավ։ Կարծեք, քրդերի կազմակերպումը կարեւոր նշանակություն ունեցող երեւույթ չէր եւ այն կարելի էր արհամարհել։ Այդպես էլ արեցին։ Արհամարհեցին։ Աբդուլ-Համիդն ուներ իր ձեռքում հայերի համատարած ջարդերի համար պատրաստված մի շատ լավ միջոց։ Սակայն նա իսկույն ջարդի հրաման չարեց։ Սպասեց, որ հայերն իրենք առիթ տան։

Եվ երկար չսպասեց։ Նույն 1892-ի աշնանը Անգլիայում տեղի ունեցան պառլամենտական ընտրություններ։ Հաղթությունը տարավ ազատական կուսակցությունը, եւ կառավարության գլուխ անցավ Գլադստոնը, որ պառլամենտում հերոսական պայքար սկսեց Իռլանդիային ինքնավարություն տալու համար։ Այդ ազատական պայքարը պիտի թեւավորեր եւ հայ հեղափոխականներին` ավելի եւս բորբոքելով նրանց եվրոպապաշտությունը։ Բայց Գլադստոնը ծերության պատճառով չկարողացավ մինչեւ վերջ տանել իր պայքարը եւ 1893-ի սկզբներին հրաժարական տվեց` իր տեղը տալով ազատամիտ կուսակցության մյուս լիդերին` լորդ Ռոզբերիին[103], որ շարունակեց կռիվն անգլիական պահպանողականների եւ կալվածատեր լորդերի դեմ։ Գլադստոնի հիվանդանալն, ուրեմն, ոչինչ չէր փոփոխում Անգլիայի ազատասեր տրամադրության մեջ. Հայոց հարցը պետք էր նորից կենդանացնել եւ լուծելու համար հանձնել անգլիական ազատամիտ կառավարությանը։

Հնչակյան կուսակցությունն այս նպատակով մի ապստամբություն պատրաստեց Սասունի լեռներում, ուր ամիսներ ի վեր այդ ուղղությամբ աշխատանքներ էր տանում Համբարձում Պոյաճյանը (Մուրադ[104])։ Արդեն 1893-ի ամռանը հաճախացան ընդհարումները հայերի եւ քրդերի միջեւ։ Իսկ 1894-ի ամռանը հայերը, մերժելով կառավարությանը հարկեր տալ, բացարձակ ապստամբություն հարուցեցին։ Աբդուլ-Համիդի կարգադրությամբ այստեղ շտապեց Չորրորդ բանակը` Զեքի-փաշայի հրամանատարությամբ։ Սուլթանական հրաման է` ոչինչ եւ ոչ ոքի չխնայել։ Եվ Սասունի լեռներում սարսափները կուտակվեցին սարսափների վրա։ 27 հայ գյուղեր կործանված են. ազգաբնակչությունը, որի թիվը ոմանք հասցնում են մինչեւ 10 հազարի, սրի է քաշված։ Լեռնային ժողովուրդն իր այս խիզախ գործը լցրեց իր հերոսություններով եւ անձնազոհության սքանչելի օրինակներով։ Եվրոպայի համար, այսպիսով հարուստ նյութ էր պատրաստված միջամտելու եւ գործելու համար։

Սասունի կոտորածի մանրամասնությունները բավական ուշ հասան քաղաքակիրթ կոչված աշխարհին։ Բայց պետք է խոստովանել, որ կոտորածի թողած տպավորությունը շատ ուժեղ էր։ Բուրժուական մամուլը ծայրեծայր լիքն էր տեղեկություններով, հոդվածներով։ Միտինգներ կազմել սկսեցին, զառամյալ Գլադստոնը հրապարակ իջավ` նորից եւ նորից Թուրքիային հարվածելու, անիծելու համար։ Անգլիան գլուխ էր կանգնում մի շարժման, որ, թվում էր, համաեվրոպական բնույթ պիտի ստանար։ Իսկ հայ ժողովրդի ղեկավար շրջանների վրա (ես այս էլ պարտավոր եմ վկայել) Սասունի արյունոտ սպանդանոցը միայն տխուր ազդեցություն չէ, որ ունեցավ։ Տխրության հետ նկատելի էր եւ մի տեսակ զսպված գոհունակություն։ Ամեն մեկը, կարծեք, կրկնում էր Գամառ-Քաթիպայի թունոտ խոսքերը՝ «Փառք Աստծո, հայի արյուն ալ ոթեցավ»։ Այս անգամ արդեն թուրքահայ ժողովրդական դժբախտությունը չափազանց մեծ է, որպեսզի կարելի լինի նրան մոռանալ եւ արհամարհել։

Սասունի ապստամբությունը դառնում էր ազգային պանծալի գործ, որ նախանձ էր պատճառում Դաշնակցությանը։ Ես լսել եմ իմ ականջներով, որ դաշնակցականներն իրենց կուսակցությանն էին վերագրում Սասունի ապստամբությունը եւ նույնիսկ հավատացնում էին, թե Սասունի գլխավոր հերոս Մուրադը հնչակյան չէ, այլ դաշնակցական է։ Այս վեճը նույնիսկ մամուլի մեջ էլ մտավ։ Դաշնակցականները չէին ուզում զրկվել Հայոց հարցի լուծման պատվից։ Նրանց նախաձեռնությամբ 1895-ի ձմռանը Թիֆլիսի հայ հասարակության կողմից մի քանի ներկայացուցիչ ուղարկվեց Էջմիածին` խնդրելու համար Խրիմյան կաթողիկոսին, որ նա գնա Պետերբուրգ, ներկայանա Նիկոլայ ցարին[105] եւ խնդրի նրան` միջամտել Հայոց հարցի մեջ։ Մի այդպիսի պատվիրակություն էլ Բաքվից պիտի գնար, եւ մի ժողովում էլ ես պատվիրակ ընտրվեցի, բայց հրաժարվեցի այդպիսի մի պաշտոն ստանձնելուց։

Բոլոր հանգամանքներն այնպես էին ցույց տալիս, թե հայկական եվրոպապաշտությունն ամենեւին սխալված չի եղել։ Փրկարար միջամտությունը, վերջապես, իրագործված էր երեւում Սասունի խեղճ ժողովրդի տված 10 հազար զոհերի գնով։ Ռոզբերիի մինիստրությանը[106] հաջողվել էր համաձայնություն կայացնել Ռուսաստանի եւ նրա նոր դաշնակից Ֆրանսիայի հետ։ Այս երեք պետությունների հյուպատոսները հավաքվեցին Մուշ քաղաքում՝ Սասունի կոտորածի հանգամանքները քննելու համար։ Ակնառու էր այն հանգամանքը, որ եռյակ նիզակակցության պետությունները` Գերմանիա, Ավստրիա եւ Իտալիա, չէին մասնակցում այս միջամտությանը։ Արեւելքի գործերին լավածանոթ քաղաքագետների համար այս մի անսխալ նշան էր, թե Գերմանիան իր դաշնակիցներով պատրաստվում էր օգտվել այն անախորժ տպավորությունից, որ պիտի գործեր սուլթանի վրա երեք պետությունների միջամտությունը։ Գերմանական իմպերիալիզմի համար միանգամայն հասունացել էր ասիական Թուրքիայի նման մի արդյունավետ ու արգասաբեր երկիրը գաղութացնելու ծրագիրը։

Բաղդադի երկաթուղին[107] արդեն այն մեծ շարժիչն էր, որ հավաքում եւ սպառազինում էր գերման ֆինանսական կապիտալը։ Այն Աբդուլ-Համիդի հետ բարեկամություն էր պահանջում, եւ Վիլհելմը[108] ստրուկի հնազանդությամբ կատարում էր ամենակատաղի այդ տիրոջ հրամանները։ Եվ պարզ էր, որ իր թիկունքում ունենալով աշխարհի ամենախոշոր միլիտարիստական պետությանը` սուլթանը բոլորովին առիթ չէր ունենա առանձին երկյուղ զգալու Անգլիայի եւ նրա հետ համաձայնության եկած Ռուսաստանի ու Ֆրանսիայի առաջ։ Սա նշանակում էր, թե այս եռապետյան համաձայնությունը խախուտ է, արհեստական եւ առաջին հարմար րոպեին պիտի պայթի։

Քաղաքական ետնաբեմում թաքնված այս իրողությունը նկատելի չէր հանդիսատեսներին, ուստի թվում էր, թե երեք պետությունների միջամտությունը շատ ամուր է եւ կլինի միանգամայն արգասավոր։ Եվ այս լավատեսությունը շատ հեղինակավոր էր դառնում հանգամանքների բերումով։ Սասունի հյուպատոսական հանձնաժողովը, չնայած թուրք կառավարության գործադրած բոլոր ջանք ու հնարքներին, ապացուցեց այդ կառավարության մեղավորությունը, կատարված մեծամեծ խժդժությունները։ Երեք կառավարությունները Կ.Պոլսի իրենց դեսպաններին հրամանագրում էին` միասին մշակել ռեֆորմների ծրագիր եւ առաջարկել սուլթանին, որ հաստատի այն եւ գործադրի հայաբնակ վեց նահանգներում։ Դեսպանների մշակած ծրագիրը թուրքաց կառավարությանը հանձնվեց 1895-ի մայիսին, եւ այս պատճառով այն ստացավ Մայիսյան ռեֆորմներ[109] անունը։ Այդ թուղթն անհուն հրճվանքի առարկա դարձավ հայ ազգասիրության համար։ Վերջապե՜ս։ Վախճան էին ստանում թուրքահայ աշխատավոր ժողովրդի դարավոր տառապանքները։ Մարդիկ իրար շնորհավորում էին, իրար հետ համբուրվում։

Մայիսյան ռեֆորմները բավական համեստ վարչական մի ինքնավարություն էին ներկայացնում, որի բոլոր հոդվածները վերցված էին Թուրքիայում գոյություն ունեցող օրենքներից, այնպես որ, հայերի համար իսկապես որեւէ նոր, աննախընթաց դրություն, նոր իրավական կարգ չէր ստեղծվում։ Հեռու լինելով անջատական հնարավորություններ ստեղծելու կարելիությունից, դրանք իսկապես կարող էին վերանորոգման եւ վերածնության կոչել ոչ միայն հայերին, այլեւ նրանց հետ ապրող քրդերին եւ թուրքերին, որովհետեւ այս ազգային փոքրամասնությունների իրավունքները լիովին ընդունված էին, այնպես որ կիսավայրենի քուրդը պիտի նստեր հայի հետ գավառական եւ նահանգական ժողովներում ու պիտի վճիռ տար կրթական եւ կուլտուրական բարձր շահերին նվիրված հիմնարկությունների մասին։

Բայց եւ այնպես, թուրք կառավարությունը, հավատարիմ մնալով իր վաղեմի սովորությանը, գործադրում էր ձգձգումների քաղաքականությունը, մինչեւ որ թուլանար ու եղծվեր պետությունների համաձայնությունը։ Նրա այս ակնկալությունը հետզհետե սկսում էր իրականանալ։ Ռուսաստանը, արտաքին գործերի մինիստր Լոբանով-Ռոստովսկու[110] ղեկավարությամբ, նահանջի ճանապարհներ էր որոնում։ Խրիմյան կաթողիկոսին, որ ճանապարհվել էր Պետերբուրգ, հարկադրեցին երկար սպասել Նոր Նախիջեւանում, մինչեւ որ ցարը բարեհաճեց ընդունել նրան։ Այսպես էր արվում, որպեսզի թուրքաց սուլթանը համոզվի, թե այդ ճանապարհորդությունը քաղաքական նշանակություն չունի եւ կապված չէ հայերի կոտորածի հետ։ Ցարական բյուրոկրատներին, բացի դրանից, վրդովեցնում էր այն ագիտացիան, որ թուրքահայերի օգտին Անգլիայում մղում էր Ռուսաստանի հայությունը։ Թիֆլիսի հայերը ուղերձներ եւ ընծաներ էին ուղարկում Գլադստոնին, մինչդեռ ոչ մի դիմում չէին անում ռուս կառավարությանը։

Սասունից Թիֆլիս բերվեց Անուշ անունով մի կին, որն ուղարկվեց Լոնդոն եւ, ի ցույց հանվելու համար, նստեցվեց Գլադստոնի կողքին` իբրեւ կենդանի պատկեր` իր լուռ ու մունջ վկայությամբ հաստատելու մեծ ծերունու ասածները։ Խրիմյան կաթողիկոսը ձեռնունայն վերադաձավ Պետերբուրգից, իսկ Լոբանով-Ռոստովսկին, որ դիվանագետի մի քանի կեղծ ժպիտներ էր նվիրել նրան, իր քաղաքականության նշանաբանը դարձրեց` «Հայաստանն առանց հայերի»։ Մարդակեր ցարիզմին Հայաստանի հողը հարկավոր էր, շատ հարկավոր էր, բայց հայ ժողովուրդը բոլորովին հարկավոր չէր։ Այսպես էր մի բռնակալի կամ նրա ստրուկ պնակալեզի քմահաճույքը, որից ամբողջ ժողովուրդներ էին ոչնչանում, անհետ կորչում։

Ազատական (լիբերալ) Անգլիան էր հայերի անկեղծ բարեկամը համարվում։ Բայց այս բնագավառում էլ երեւան էին գալիս նշաններ, որոնք ցույց էին տալիս, թե, անշուշտ, ցնորամիտներ են նրանք, ովքեր կարծում են, թե քաղաքագիտության մեջ բացի կոպիտ եւ եսամոլ հաշիվներից կա ուրիշ որեւէ սրբություն։ Լորդ Ռոզբերին, քանի դեռ հարցը թղթե պահանջներ անելուն էր վերաբերում, համաձայն էր Գլադստոնի հետ, բայց երբ բանը եկավ հասավ այն աստիճանին, որ պետք էր հարկադրել սուլթանին, որ նա կատարի այդ թղթե պահանջները, Ռոզբերին հրաժարվեց Գլադստոնի առաջարկած ստիպողական միջոցները գործադրելուց ու մի ճառ արտասանեց պառլամենտում, որով ոչնչացրեց իր գործադրած բոլոր հայանպաստ ջանքերը։ Նա, իհարկե, նույնքան իրավացի էր իր տեսակետի մեջ (թե այլ է թուղթը եւ այլ է ստիպմունքը), որքան [որ] իրավացի էր Գլադստոնը 1880 թվին` ճիշտ նույնանման հանգամանքների մեջ։ Բայց անգլիական հայասիրությունն ուրիշ հրաշք էլ ուներ իր մեջ։ Ռոզբերիի կառավարությունը հեռացավ գործերից, նրա տեղը բռնեց Սոլսբերիի կառավարությունը։ Եվ ո՜վ սքանչելիք. Սոլսբերին, որ Կիպրոսի դաշնագիր էր հնարել Բեռլինում, Սան Ստեֆանոյի 16-րդ հոդվածն էր այլանդակել, որ ջնջել էր Հայաստան անունը եւ այն փոխարինել Քուրդիստան անունով, այժմ հանդես էր գալիս իբրեւ ջերմ պաշտպան Հայոց հարցի…

Սա շատ պարզ ցույց էր տալիս, որ արտաքին հրահասուն ջերմության տակ իբրեւ իրական հիմք փռված էր վաճառականի որոշ հաշիվների սառցակույտը։ Թե՛ 1880-ին` Գլադստոնի ժամանակ, եւ թե՛ 15 տարի անցած՝ Ռոզբերիի ու Սոլսբերիի ժամանակ Անգլիայի ցավն ու հոգսն ասիական Թուրքիայի խորքերում տանջանքների մեջ գալարվող մի բուռ ժողովուրդը չէր, այլ միշտ միեւնույն, կյանքի եւ մահվան նշանակություն ունեցող հարցը` Անգլիայի տիրապետությունը Եգիպտոսում։ Ինչպես 15 տարի առաջ, այնպես էլ այժմ, Հայոց հարցը անգլիական ազատամիտների եւ պահպանողականների ձեռքով շահագործվում էր իբրեւ միջոց սուլթանին ստիպելու, վախեցնելու եւ այդպիսով նրանից նոր զիջումներ ստանալու Եգիպտոսի վերաբերմամբ։ Տարբերվում էին միայն շահագործման միջոցները։ 1880թ. հայ ժողովուրդը դեռ ապրում էր, թեեւ տանջանքներով։ Իսկ 1894-1895-ին նա այլեւս ապրող ժողովուրդ չէր, այլ մորթվող։ Եվ նրա լճացած արյունն էր, որ չափով-կշռով կանոնավորապես վաճառվում էր Կ.Պոլսում, Պետերբուրգում, Բեռլինում, Լոնդոնում ու Փարիզում։

Իսկ հայ երազասուն հեղափոխությունն այդ միջոցին կրկնապատկում էր իր անարժեք եռանդը։ 1895-ի ամբողջ ամառն անցավ անհայտության մեջ։ Չգիտեին` պիտի ընդունի՞ սուլթանը Մայիսյան ռեֆորմները, թե՞ ոչ։ Գրագրությունները դեսպանների եւ թուրքաց կառավարության միջեւ դեռ չէին վերջացել։ Եվ ահա Հնչակյան կուսակցությունը կորցնում է իր համբերությունը։ Նա չափազանց անթույլատրելի գտավ սուլթանի դանդաղկոտությունը եւ որոշեց ստիպել նրան, որ շուտ ստորագրի ռեֆորմները։ Չէր մոռացվել անցյալի փառքը. հինգ տարի առաջ Գում-Գափուի ցույցն էր, այժմ` 1890-ի հուլիսյան օրերին մի ուրիշ ցույց պիտի լիներ։ Հիշում եմ տարիներ հետո տեղի ունեցած մի լրագրական վեճ` թուրքահայ հայտնի գրող Լեւոն Բաշալյանի եւ հնչակյան հին հեղափոխական Ռ[ուբեն] Խանազատի[111] մեջ այն դերի մասին, որ ռուսահայերը կատարել են վերջին տասնամյակների ընթացքում թուրքահայերի ճակատագրի մեջ։ Այդտեղից ես իմացա, որ հնչակյան այս երկրորդ պոլսական ցույցը ծրագրել էին գլխավորապես ռուսահայերը, որոնք միաժամանակ հոգ էին տարել, որ իրենք խառնված չլինեն ցույցի մեջ եւ չվնասվեն։ Բաշալյանն ասում էր, որ ցույցը կազմակերպելու համար Կ.Պոլիս գնաց Խանազատը։ Ամեն ինչ որոշվեց, նշանակվեց ցույցը սկսելու օրն ու ժամը։ Բայց դրա նախօրյակին, Խանազատն անհետացավ Կ.Պոլսից` թողնելով, որ թուրքահայերը պատասխան տան իր հղացած գործի համար։
Եվ այդ պատասխանը զարհուրելի եղավ։

Ցույցը տեղի ունեցավ 1895-ի սեպտեմբերի վերջին օրը։ Այն պիտի սկսվեր դարձյալ Գում-Գափուի պատրիարքական եկեղեցուց։ Որոշված էր, որ այն խաղաղ, անզեն լինի։ Բազմությունը պիտի եկեղեցուց գնար Բ.Դուռը եւ այնտեղ պիտի ուղերձ տար, որի մեջ պահանջվեր անհապաղ ընդունել եւ վավերացնել երեք պետությունների մշակած ռեֆորմները։ Ցույցն այս անգամ ստանալու էր «Բաբը-Ալիի ցույց» անունը։ Անգլիական պաշտոնական հաղորդագրությունների մեջ նա որակված է «Հիմար ցույց» անունով։ Պատրիարք Իզմիրլյանն[112], ինչպես ասված է այդ հաղորդագրությունների մեջ, հնչակյաններին երկար համոզել էր ցույց չանել, հավատացրել էր, թե ռեֆորմների գործն ապահովված է, եւ երեք պետությունները թույլ չեն տա, որ սուլթանի համառությունը հաղթանակի։ Պետք էր միայն սպասել մի քիչ էլ։ Սակայն հնչակյանները խիստ կերպով մերժեցին այդ զգաստացնող առաջարկությունը։ «Շատ ենք սպասել»` աղաղակեցին նրանք ցասկոտ հեգնությամբ։ Եվ գնացին։ Թուրք ոստիկանությունը կտրեց ցուցարարների ճանապարհը։ Եվ այն ժամանակ «անզեն» հայտարարված ցույցը դիմադրության դիմեց։ Լսվեցին ատրճանակների կրակոցներ։ Ոստիկանությունը եւ զորքերը կրակ բաց արին։

Բայց այս բոլորը դեռ նորություն չէր։ Նորությունն այն էր, որ այս կռիվը դարձավ ազդանշան մի վաղօրոք պատրաստված եւ ծրագրված ընդհանուր արյունահեղության։ Գում-Գափուի ցույցն ավանդությունների կարգն էր անցել։ Այժմ Աբդուլ-Համիդը հեղափոխականներին չէր միայն պատժում, այլ անխտիր բոլոր հայերին։ Եվ Կ.Պոլսում, դեսպանների քթի տակ տեղի ունեցավ մի կազմակերպված կոտորած։ Հայաբնակ թաղերը լցվեցին սարսափներով, եւ ազգաբնակչությունը խելագարված դես ու դեն փախավ։
Սա մի արյունոտ նախատոնակ էր այն քստմնելի, պատմության մեջ շնականության (ցինիզմի) կողմից իր նմանը չունեցող մի զավեշտի, որ եվրոպական մեծ պետությունների աշխատակցությամբ արյունռուշտ սուլթանիզմը գալիս էր քաղաքակիրթ կոչված մարդկության առաջ խաղալու։ Կ.Պոլսի այդ արյունոտ օրերին էր, որ Աբդուլ-Համիդը վավերացրեց Մայիսյան ռեֆորմները եւ դրանց իրագործումը գավառներում հանձնարարեց Շաքիր-փաշային։ Փաշան ճանապարհվեց ասիական նահանգները եւ ամեն տեղ մտցրեց ռեֆորմները, այսինքն` հայերի զանգվածային կոտորածներ սարքեց։ Կանոնավոր կազմակերպված մի ոճիր, որ սուլթանական հրամանով գնում էր զբոսնելու հայաբնակ գավառներում եւ նրանց բոլոր անկյուններն արյունով լցնելու։ Այսպիսով կոտորածները Կ.Պոլսից անցան Տրապիզոն, այնտեղից Էրզրում եւ երկրի խորքերը, մինչեւ իսկ Փոքր Ասիայի քաղաքներն ու գյուղերը։

Երեք դեսպանները, սուլթանից ստանալով իրենց մշակած ռեֆորմների վավերացումը, իրենց գործը վերջացած համարեցին։ Համաձայնություն այլեւս չմնաց։ Ցարական կառավարությունն այլեւս ավելորդ էր համարում թզենու տերեւով ծածկել իր լպիրշ մերկությունը։ Մինչ այդ նա սուլթանին ծածուկ խրախուսել էր դիմադրել Անգլիայի պահանջներին Հայկական հարցի մեջ, իսկ այժմ խրախուսում էր նրան կոտորել հայերին։ Ռուս հրապարակախոսներից մեկը (Ամֆիտեատրով[113]) այս մասին գրած ունի բացարձակորեն։ Նա գրում էր, թե ռուսաց դեսպան Նելիդովը շարունակ ասելիս է եղել Աբդուլ-Համիդին «Massacrez, Majeste, Massacrez»[114]։ Այս բացարձակ մեղադրանքը չեն հերքել ո՛չ Նելիդովը, ո՛չ Նիկոլայի կառավարությունը։ Նույնիսկ եթե հերքեին էլ, դարձյալ կմնային բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են ցարի եւ սուլթանի գործակցությունը 1895-1896 թվերի կոտորածների մեջ, որոնց զոհ գնացին մոտ 300 հազար հայեր։

Գլադստոնն իր հրապարակային ճառերի մեջ Աբդուլ-Համիդին անվանեց մարդասպան, բայց ավելացրեց, թե նրանից պակաս չէ ռուսաց ցարը, որ իր երիտասարդության հասակն արատավորեց հայ ժողովրդի արյան գետերով։ 1895-ին, մինչ Թուրքահայաստանն արյունողող էր լինում, Կովկասի ռուսական բանտերը լցվում էին հայ մտավորականությամբ. խուզարկվում էին տները, կալանավորվում էին դաշնակցականներն էլ, հնչակյաններն էլ։ Բայց դաշնակցականներին համեմատաբար մեղմ էին վերաբերվում, որովհետեւ նրանք դեռ խոշոր հեղափոխական գործեր չէին կատարել եւ բացի դրանից՝ հնչակյանների նման սոցիալիստներ չէին համարվում։ Խիստ պատիժների ենթարկվեցին մասնավորապես հնչակյանները։ Նրանց մեղադրում էին, թե նրանք ապստամբություն են տարածում Ռուսաստանին բարեկամ պետության մեջ։ Այսպիսով, Թիֆլիսից Ռուսաստան աքսորվեցին այնպիսի «վտանգավոր հեղափոխական սոցիալիստներ», ինչպիսիք էին Շիրվանզադեն, Ղազարոս Աղայանը, Սեւ Սանդրոն եւ ուրիշները։

Ռուսական ցարիզմի հալածանքն այդ տխուր ու արյունոտ ժամանակներում այն աստիճանի հիմարության հասավ, որ երբ հայոց կաթողիկոսը կարգադրեց եկեղեցիներում հոգեհանգիստներ կատարել Թուրքիայում խողքաղված հայերի համար եւ աղոթքներ կարդալ, որ երկինքը փրկե կորչող հայ ժողովրդին, կովկասյան բարձր իշխանությունը, հանձին ռուսական «քրիստոսասեր» բանակի զորավար Շերեմետեւի, արգելեց դժբախտների ձեռքին մնացած այդ միակ, թշվառ ցույցերն էլ։ Բացի այդ, ավելի եւս բնորոշ փաստ։ Խրիմյան կաթողիկոսը մի ստրկական աղերսագրով դիմեց «առ սրբազան տերն» Նիկոլայ Երկրորդին եւ աղաչեց-պաղատեց նրան հանուն Քրիստոսի, հանուն Աստծո, ի սեր եկեղեցու եւ բոլոր սրբերի ու սրբազանների` ազատել իր դժբախտ ժողովրդի վերջին մնացորդները բնաջնջումից։

Բայց ի՞նչ ստացավ «աստծո օծյալը»։ Լոբանով-Ռոստովսկին հայոց ծերունի կղերապետին պատասխանեց, թե Թուրքիայում հայերն են, որ ապստամբում են սուլթանի դեմ եւ հարձակումներ գործում թուրք ժողովրդի վրա, որ եւ ստիպված է ինքն իրեն պաշտպանել։ Եվ ցարի անարգ ծառան խորհուրդ էր տալիս, որ կաթողիկոսն իբրեւ հոգեւոր պետ` թղթեր ուղարկի Թուրքիայի հայերին, խրատի, որ նրանք խելոք կենան, հնազանդվեն թուրքական իշխանությանը։ Որպեսզի շեշտված լինի ցարա-սուլթանական սրտակցությունն այն ահռելի ոճիրների մեջ, որոնք այդ իսկ րոպեին ցնցում էին ամբողջ քաղաքակիրթ մարդկությունը, ես պիտի ասեմ, որ միաժամանակ ճիշտ միեւնույն բովանդակությամբ պահանջ ստանում էր Կ.Պոլսի հայոց պատրիարքը թուրքական կառավարությունից։

Այսպիսին էր Ռուսաստանը` մի արյունռուշտ բռնակալություն, որ երբեք հաշիվ ու համար չի տվել իր արած գազանությունների վերաբերմամբ։ Նրա դաշնակիցն էր հանրապետական Ֆրանսիան, որ այդ ժամանակ կամավորապես ինքն իրեն լակեյ էր գրել ցարական սպասին եւ հոգով-մտքով տարված ցարականությունը շոյելու, իր սրտին կպցնելու, իր միլիարդներով, իր պերճանքներով հմայելու ու այդ կերպով դաշնակցությունը ամուր պահելու մտքով` ենթարկվում էր Լոբանով-Ռոստովսկու կամքին ու ցուցմունքներին, մանավանդ որ ինքն էլ շատ հաշիվներ ուներ Թուրքիայի մեջ եւ մանավանդ Եգիպտոսում, ուր նրա առջեւ մրցակցի դերում ժայռացած էր Անգլիան։ Ֆրանսիական արտաքին գործերի մինիստր Հանոտոն[115] այնքան ջերմեռանդ թուրքասիրություն էր ցույց տալիս, որ այն սարսափելի ժամանակներում, երբ ամբողջ աշխարհը զզվանք էր արտահայտում մինչեւ գլուխը հայի արյան մեջ թաղված Աբդուլ-Համիդի վերաբերմամբ, նա` այդ լուսավորյալ ֆրանկը, այժմ ֆրանսիական ակադեմիայի անդամ, ընդունեց սուլթանի ուղարկած շքանշանը եւ ֆրանսիական մամուլի մի մասից ստացավ «Հանոտո-փաշա» հեգնական հորջորջումը։

Մնում էր Անգլիան։ Նրա վրա էր ամբողջ հայությունը դրել իր հույսը։ Լորդ Սոլսբերին գործում էր եռանդով, անվերապահորեն հօգուտ հայերի եւ ընդդեմ սուլթան Համիդի։ Երեւույթներն այնքան պարզ ու պերճախոս էին, որ առաջին նվագներում ներելի էր նույնիսկ հավատալն ու խաբվելը։ Բոլորովին զարմանալի չէ, որ հավատում էին ամենքը եւ ամենից շատ, իհարկե, հայ հեղափոխական կազմակերպությունները, որոնք փառավորապես ապացուցված էին համարում իրենց ծրագրային կենտրոնական միտքը` հայկական հալածանքների ու կոտորածների միջոցով առաջ բերել եվրոպական միջամտություն։ Թեեւ այդ միջամտության հետեւանքով Թուրքաhայաստանը սպանդանոցի էր փոխարկվել եւ ամայացել. բայց եւ այնպես, հայ հեղափոխականները պատրաստ էին դեռ ուրիշ մնացորդներ էլ զոհել եվրոպական սկսված միջամտությունը կայուն եւ գործուն դրության մեջ պահելու համար։

Զ

1895-ի նոյեմբերին, այն ժամանակ, երբ հայկական կոտորածները նոր էին սկսում ընդհանրանալ վեց դժբախտ վիլայեթներում, բախտն ինձ հաջողեցնում էր ազատվել Բաքվի դժոխք մթնոլորտից, որի մեջ ես ապրել էի երկու եւ կես տարի` իբրեւ խորթ ու օտար մի մարդ, իբրեւ ակամա պանդուխտ` երկնքի այցելության սպասող։ Ոչինչ չէի կարողանում անել այդ չար ու անհոգի երկրում, ոչինչ այնպիսի բան, որ բավարարություն տար իմ հոգեկան պահանջներին։ Գրական աշխատանքը մի կողմ էի նետել, օր ու գիշեր նվիրված էի «Արոր» տպարանին, որ դարձել էր մի խոշոր հիմնարկություն իմ «խոզեինների» համար։ Աշխատանք անելու պահանջով մտրակված` ես կազմում էի օրացույցներ, որոնք սկսել էին արդեն լույս տեսնել եւ լավ տարածում էին գտնում։

Այսպիսի դրության մեջ ինձ համար երկնքի իսկական «այցելություն» էր «Մշակ» լրագրի հրատարակիչ, պրոֆեսոր Անդրեաս Արծրունու[116] նամակը, որն առաջարկում էր ինձ մշտական աշխատակցի, խմբագրական քարտուղարի եւ էքսպեդիտորի[117] պաշտոն` 1000 ռուբլի տարեկան ռոճիկով։ Իմ «խոզեինները» դրանից մի քիչ ավել էին տալիս, բայց ես թողեցի ամեն ինչ, շտապեցի Թիֆլիս, ուր ոչ միայն գրական կյանքն էր խտացած, այլեւ, եթե կարելի է այսպես ասել, կերտվում էր հայոց ժամանակակից պատմությունը։ Ես մտա այն ժամանակվա գործող երիտասարդության շրջանները, ծանոթացա քաղաքական եւ հեղափոխական տրամադրություններին։

Պետք է ասեմ, որ «Մշակի» խմբագրատան մեջ ես գտա բավական զգաստ եւ լրջմիտ վերաբերմունք դեպի կատարվող սարսափելի դեպքերը։ Խմբագրության գլխավոր ղեկավարն էր Խաչատուր Մալումյանը, որ վերջը դարձավ դաշնակցական գլխավոր շեֆերից մեկը` Է. Ակնունի[118] կեղծանվամբ. 1895-ին նա դեռ գունավորված դաշնակցական չէր եւ իր համակրանքներով ավելի դեպի հնչակականությանն էր թեքված, թեեւ «Մշակի» խմբագրությանն ավելի մոտ էին կանգնած Դաշնակցության գլխավորները եւ ամենից շատ` Քրիստափոր Միքայելյանը, որ այն ժամանակ «Новое обозрение»[119] թերթի սրբագրիչն էր եւ շատ հաճախ (գրեթե ամեն օր) գալիս էր մեզ մոտ։ Շատ անգամ էին մեր խմբագրատանը վիճաբանություններ սկսվում Թուրքահայաստանի դրության մասին։ Մալումյանը միշտ վրդովված էր, երբ հեղափոխականներից լսում էր, թե Սասունի եւ այլ տեղերի կոտորածները հարկավոր էին, որպեսզի Եվրոպան ճանաչի հայ ժողովրդին, տեղեկանա նրա դատին…

– Կոտորել տալ 100, 200 եւ ավելի հազար մարդ` լոկ մեր փոքրիկ ժողովուրդը ճանաչեցնել տալու համա՞ր,- բացականչում էր Մալումյանը տաքացած,- այս ի՞նչ աշխարհայեցողություն է, ասացե՛ք` խնդրեմ…
Միեւնույն հայացքին էին եւ խմբագիրը` Ալեքսանդր Քալանթարը[120] եւ մյուս գլխավոր աշխատակիցը` Հովհ. Տեր-Մարկոսյանը։

Այսօր մեկիկ-մեկիկ վեր հանելով այն ծանր, մղձավանջային օրերի բոլոր անցուդարձերը, ես համակվում եմ այն խոր համոզմունքով, որ երբեք Անգլիան իր բացարձակ հակահայկական արարքներով այնքան ահավոր վնասներ չի պատճառել հայ ժողովրդին, որքան պատճառել է 1895-ի իր ջերմ հայասիրությամբ։ Կատարվում էր ճիշտ այն, ինչ հանճարեղ պարզությամբ ներկայացրել է Կռիլովն իր «Կատու եւ խոհարար» առակի մեջ։ Աբդուլ-Համիդի հրամանով ջարդվում էին հայերը հազարներով, բյուրերով, իսկ փառահեղ լորդ Սոլսբերին Բրիտանական մեծ կղզու փառահեղ առանձնությունից ճառերով, սոսկ միմիայն ճառերով էր հանդիմանում սուլթանին, սպառնալիքներ կարդում ամենախիստ դարձվածքներով, ուղղակի ասում, թե եկել հասել է Օսմանյան կայսրության վերջը։ Այս սպառնալիքներն այնքան ցնցող էին եւ մահաբեր, որ Լոնդոնի թուրքական դեսպանը հանկարծամահ եղավ. ինչպես գրում էին թերթերը` հենց սոլսբերիական խոսքերի ազդեցությունից։ Անգլիան ոտքի էր կանգնել մի մարդու պես։

Ամենօրյա մամուլի էջերը լցվում էին հարյուրավոր հայանպաստ միտինգների մանրամասն նկարագրություններով։ Անգլիայի վարչապետը, այսպիսով, իր հակասուլթանական հոխորտանքների մեջ ամուր ու հաստատ կերպով հենվում էր երկրի` կազմակերպված ու միացած հասարակական կարծիքի վրա։ Իսկ Աբդուլ-Համի՞դը… «հուզվում էր եւ ուտում» կռիլովյան կատվի նման։ Նրա մոտ, Բոսֆորի ափերին, կային հզորներ, որոնք փսփսում էին նրա ականջին «Massacrez, Majeste, Massacrez»։ Եվ կոտորածները շարունակվում էին։ Սուլթանն այնպես վարպետորեն էր տանում իր մեծ դահճապետի դերը, որ նույնիսկ վախեցածի կերպարանք էր ընդունել եւ ինքնագիր նամակ ուղարկել Սոլսբերիին` այնտեղ գրելով, թե ինքը վճռել է իր վավերացրած ռեֆորմներն անպատճառ մտցնել ասիական նահանգներում։ Անողորմ, արյունոտ ծաղր… Իսկ Սոլսբերին, մի խեղճացած սուլթան երեւակայելով իր առջեւ, ավելի եւս խստացնում էր իր սպառնալիքները ճառերի, լոկ ճառերի մեջ։

Եվ հակաճառողները մեր վեճերի մեջ մեզ ասում էին.
– Չե՞ք տեսնում` Անգլիան չափազանց առաջ է գնացել, որպեսզի կարողանա մտածել նահանջի մասին։ Դրված է նրա պետական պատվի հարցը, Անգլիան երբեք թույլ չի տա, որ իր պատիվը ոտնահարվի, այն էլ այնպիսի մի ողորմելի հակառակորդի կողմից, որպիսին թուրքաց սուլթանն է։
Մթնոլորտն ամբողջովին այսպիսի գաղափարներով էր տոգորված։ Հայությունը (խոսքս իհարկե այն հայության մասին է, որ ապրում էր Հայաստանի արյունոտ հողերից հեռու) իրեն զգում էր համաշխարհային քաղաքականության կենտրոն, թեեւ օրն օրին նրան հարվածում էին մեկը մյուսից զարհուրելի տեղեկություններ, որոնք գալիս էին Թուրքահայաստանից, բայց եւ այդ մղձավանջային տագնապի մեջ էլ նրան օրորում էին երազները, որոնք հյուսվում էին ամեն տեսակ պատահականություններից։ Մի օր հեռագիր եկավ Օդեսայից, թե անգլիական նավատորմը ռմբակոծում է Կ.Պոլիսը։ Անկարելի է նկարագրել այդ լուրի գործած տպավորությունը։ Որքա՜ն հրճվանք, որպիսի՜ ինքնաբավականություն։ Դարերով կուտակված վիշտն էր վերանում, կրած տառապանքների, միլիոնավոր զոհերի վրեժն էր լուծվում։

Բայց երազները շուտ գունատվեցան… Սու՛տ էր Կ.Պոլսի ռմբակոծումը, սու՛տ էր եւ այն, թե Անգլիայի համար պետական պատվի հարց էր դարձել Հայոց հարցը։ Ի՜նչ պատիվ, ի՜նչ բան։ Սոլսբերին Աբդուլ-Համիդի կատաղությունն անհունորեն գրգռելուց հետո նահանջի ճամփան բռնեց` առանց դժվարություններ զգալու։ Նա առաջարկեց հավաքական ճնշում գործ դնել սուլթանի վրա, բայց Ռուսաստանը, նրան հետեւելով` եւ Ֆրանսիան ընդդիմացան այդ առաջարկին։ Այն ժամանակ Սոլսբերին հայտարարեց, թե Անգլիան միայնակ ոչինչ չի կարող անել, թե բրիտանական զրահակիրները չեն կարող բարձրանալ Հայաստանի լեռները։ Նրան պատասխանեցին, թե այդ բանի կարիքը չկա, քանի որ անգլիական կառավարությունը դեռ շատ միջոցներ ունի իր ձեռքում` մենակ գործելու համար։ Գլադստոնն ասաց, թե բավական կլինի նույնիսկ դժգոհության, անբավականության մի ցույց, օրինակ, եթե անգլիական դեսպանը ետ կանչվի Կ.Պոլսից, դիվանագիտական հարաբերությունները խզվեն Անգլիայի եւ Թուրքիայի միջեւ։

Հայերը լքված էին ամենատմարդի եղանակով։ Լքված էին այնպիսի ժամանակ, երբ դեռ լողում էին իրենց արյան մեջ, եւ երբ սովն ու հիվանդություններն էին գալիս թուրքական յաթաղանի թողած պակասը լրացնելու։ Սոլսբերին շահագործել էր հայի արյան լճերը, եւ, այնուհետեւ, նրա համար գոյություն չունեին հայն ու Հայկական հարցը։ Նա ետ քաշվեց, լռեց, կարծես` ոչինչ չէր էլ արել. եւ այնուհետեւ ոչինչ խոսք ու մտածություն նրա խոսքերին հավատացած, նրա խոսքերին զոհված ժողովրդի մասին։ Աբդուլ-Համիդի կատարյալ կարգադրության տակ էր թողնվում նրա այդ միամիտ, հավատացող զոհը։

Եվ արդար լինելու համար հարցնենք` իսկ ո՞վ չէր շահագործում հայի արյունը։ Գերմանիա՞ն արդյոք։ Վիլհելմն այնքան մոտեցել էր սուլթանին, որ Գերմանիայում արդեն գրականություն էլ էր կազմում հայկական ջարդերն արդարացնելու համար։ Եվ երբ կոտորածների միջոցին Լոնդոնից Գերմանիա գնաց մի հայ բողոքական պրոֆեսոր` հայ բյուրավոր որբերի համար լոկ ողորմություն հավաքելու նպատակով, գերմանական ոստիկանությունը պարտավորեցրեց նրան 24 ժամվա ընթացքում հեռանալ գերմանական սահմաններից։ Նողկալի տեսարան ի ցույց հանեց եւ Եվրոպայի բուրժուական մամուլը Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում։ Իր վաճառվող, պոռնիկ հոգին նա ծախում էր թուրքական ոսկիներին եւ չարախոսությունների կույտեր էր բարձում Հայաստանի աշխատավոր ժողովրդի վրա։ Ես չեմ կարող լռության տալ եւ մի ուրիշ նողկալի պատկեր. կաթոլիկ մի քահանա, Շարմտան անունով, հանդես եկավ Փարիզում իբրեւ քրիստոնեական սիրո քարոզիչ եւ, իր «բարձր» հոգու հոգս դարձնելով կոտորածներից ազատված հայերին մի կտոր զգեստ եւ մի կտոր հաց տալը, հօգուտ հայերի եռանդուն կերպով հանգանակություն կատարեց։ Վերջն ի՞նչ պատահի, որ լավ լինի։ Այդ Շարմտանն իր հավաքած փողերն ուղարկեց Վան, ուր նրա գործակալները ողորմելի փշրանքներ տվեցին միայն այն մերկ ու քաղցած հայերին, որոնք համաձայնեցին կաթոլիկ դառնալ։ Սկսվել էր հոգիների մի ընդարձակ առ ու ծախ։ Նշանակված էր սակագին` հոգուն երկու ֆրանկ։ Եվ իրեն «հայր» կոչող Շարմտանը կոչեր էր հրատարակում Փարիզում` հորդորելով «բարի կաթոլիկներին», որ ամեն մեկը չմոռանա երկու ֆրանկ մտցնել` մի «հերձվածող» հայի հոգի գնելու եւ Հռոմի պապի ոտների տակ դնելու համար…

Ես «Մշակի» մեջ վարում էի մամուլի բաժինը։ Եվ քանի անգամ, բերելով այսպիսի քստմնելի փաստեր, ավելացնում էի իմ կողմից՝ «Էլի փա՛ռք թուրքին»…
1894-1896թթ. սպանդանոցը չափազանց խրատական պիտի լիներ մի ժողովրդի համար, որ զգում է իր չարն ու բարին, այսինքն` հասկանում է այն հանգամանքները, որոնց մեջ ինքն ապրում է, եւ ուժերի այն փոխհարաբերությունները, որոնց երկաթե օրենքն է տիրում իր վրա։
Սակայն խրատվեցի՞նք մենք։ Ամենեւին։
Եվ ահա էլի փաստ։ Մի նոր, ավելի հանդուգն ցույց Կ.Պոլսում` պետությունների ուշադրությունը գրավելու համար։ Կարելի էլ չէր ասել, թե Սոլսբերիի տմարդի փախուստից տարիներ էին անցել, եւ մենք մոռացել էինք նրան։ Ո՛չ, այդ փախուստից ընդամենը մի քանի ամիս էր անցել, փախուստի հետեւանքները դեռ մեզ շարունակում էին խեղդել իրենց սար ծանրությամբ, եւ մենք նոր մի փորձի առջեւ էինք կանգնած։ 1896-ի օգոստոսին տեղի ունեցավ դեպքը, որը կոչվեց Բանկ-Օտոմանի դեպք։

Ուշ երեկո էր, երբ ստացվեց հեռագրական գործակալության հեռագիրն այդ դեպքի մասին։ Ես թարգմանեցի, տարա տպարան ու այնտեղ երկար մնացի, մինչեւ որ շարեցին, սրբագրեցին, մտցրին արդեն պատրաստ համարի մեջ։ Լուսաբացին էր, որ հազիվ ազատվեցի գործից եւ գնում էի տուն` հանգստանալու։ Հանդիպում եմ Քրիստափոր Միքայելյանին, որ նույնպես նոր էր վերջացրել «Новое обозрение»-ի սրբագրությունը։ Քայլում ենք ամայի փողոցներում, մեր խոսքն, իհարկե, օրվա խոշոր եղելությունն էր։ Ոչ այն, որ հենց այդ միջոցին Նիկոլայ ցարն իր մինիստր Լոբանով-Ռոստովսկու հետ գնացել էր Ավստրիա` Արեւելյան հարցի[121] վերաբերմամբ Ֆրանց-Իոսիֆ կայսրի կառավարության հետ համաձայնություն կայացնելու համար, այլ այն, որ տեղի էր ունեցել Կ.Պոլսում եւ որի նկարագրությունը պարունակող հեռագիրը ես զետեղել էի «Մշակի» առաջին երեսում ցիցերո[122] տառերով։ Տպավորությունը մեզ` երկու առաջին ընթերցողներիս վրա խիստ է։ Մի քանի հոգի հայեր, ռումբերով զինված, մտել են օսմանյան բանկի շինության մեջ, տիրացել են միջազգային կապիտալի այդ խոշոր մթերանոցին` դուրս քշելով ծառայողներին ու պահապաններին։ Ի՞նչ դուրս կգա այս աննախընթաց հանդուգն գործից։

Ես դատողություններ եմ անում, իսկ Քրիստափորի միտքը սավառնում է ուրիշ կետի վրա։ Նրա հեղափոխական խառնվածքն արդեն լավ ըմբռնել է, որ գործը հոյակապ է։ Բայց այդ չէ նրան զբաղեցնողը, այլ այն հարցը, թե ո՞վ է կատարել բանկի գրավումը։ Հնչակյաննե՞րն արդյոք, թե՞ դաշնակցականները։ Կարծես սա միեւնույն չէ հայ հեղափոխության տեսակետից։ Քրիստափորը կուսակցական հարցերի մեջ մի նեղսիրտ աղանդավոր էր։ Հնչակյանների մասին խոսում էր արհամարհանքով։

Հեռագիրը չէր բացատրում այս հանգամանքը։ Նա շարունակ գործ էր ածում «հեղափոխական հայեր» դարձվածքը` առանց, իհարկե, իմանալու, թե դրանով որքան է գրգռում դաշնակցական շեֆի անբավականությունը։ Այս անորոշությունն անփոփոխ մնաց հեռագրերի մեջ հետեւյալ օրերին էլ։ Բանկի գրավման հետեւանքով Կ.Պոլսում հայերի մեծ կոտորած էր սկսվել` երկրորդը մի տարվա մեջ, եւ այս երկրորդի զոհերն անհամեմատ շատ էին առաջինից, մոտ 6 հազար մարդ։ Քրիստափոր Միքայելյանն ամեն առավոտ գալիս էր ինձ մոտ` «Մշակի» խմբագրատուն։ Դաշնակցական կոմիտեն տեղեկություններ չուներ, եւ Միքայելյանը գալիս էր ինձանից իմանալու, թե չկա՞ն նամակներ «Մշակի» թղթակիցներից։ Մի քանի օր շարունակ մենք էլ առանց տեղեկությունների էինք։ «Ախպե՛ր, մեռա, դե մի բան ասա, էլի՜»,- այսպիսի խոսքերով էր ամեն անգամ Քրիստափորը դիմում ինձ` նստելով կողքիս, բազմոցի վրա եւ սեղմվելով ինձ։ Ես նայում էի նրա համակրելի, գունատ դեմքին եւ զարմանում ինքս իմ մեջ։ Այս զարհուրելի ժողովրդական դժբախտությունը, հազարավոր դիակներ, ո՜վ գիտե վաղը քանի՜-քանի հազարները պիտի նորից պառկեն գյուղական Հայաստանում, իսկ այս ֆիզիկապես թույլ կազմված (նա կաղ էր), բնությամբ շատ բարի ու խաղաղ մարդը շարունակ եւ միալար այն բանով էր հետաքրքրվում, թե ովքեր են այդ արյունոտ, ողբերգական շարժման հեղինակները։

Մե՞նք, թե՞ նրանք։ Կարծեք` սպորտի հարց էր այդ եւ ոչ թե մի ամբողջ ժողովրդի գլխին պայթած արյունոտ փոթորկի հարց։
Եվ վերջապես, մի օր նա իմացավ ինձանից, որ Բանկ-Օտոմանի հերոսները դաշնակցականներ էին։ Տրապիզոնից մեզ ուղարկել էին այն դիմումը, որ արել էր Կ.Պոլսի դաշնակցական կոմիտեն եվրոպական դեսպաններին` հայտնելով նրանց, թե Բանկ-Օտոմանի գրավումն իր գործն է եւ նպատակ ունի հարկադրելու, որ վերջ տրվի հայ ժողովրդի տանջանքներին` ծրագրված ռեֆորմները իրագործելու միջոցով։ Հակառակ դեպքում կոմիտեն սպառնում էր ոչնչացնել բանկի բոլոր հարստությունները։
Կասկած ուրեմն չկար։ Քրիստափորս այլակերպվեց ուրախությունից, գրկեց ինձ, նրա գունատ դեմքի վրա կարմրություն երեւաց, եւ հափշտակելով խմորատիպ դիմումը` դուրս գնաց կաղին տալով։

Իսկ տեղեկությունները գնալով առատանում էին։ «Մշակի» թղթակիցները Կ.Պոլսից ավստրիական փոստով ամեն օր մի քանի հատ մանրամասն եւ ընդարձակ նկարագրություններ էին ուղարկում, որոնք, սակայն, չէին տպագրվում գրաքննչական արգելքների պատճառով։ Քրիստափորը գալիս էր ամեն օր, ժամերով խորասուզվում էր այդ անտիպ նյութերի ընթերցանության մեջ։ Հիշում եմ` նրան ոգեւորեց մանավանդ մի նամակ, որի մեջ թղթակիցն ասում էր, թե մի ֆրանսիացի հիացել էր հայկական այս հեղափոխության վրա եւ ասել, թե անգամ ֆրանսիացիները` հեղափոխական արվեստի մեջ վարպետները, այդպիսի գործ կատարած չունեն։ Իր այս ոգեւորությունը դաշնակցական շեֆն արտահայտում էր բուռն կերպով։ Իմ առաջ կանգնած էր հեղափոխական ռոմանտիզմի կատարյալ մարմնացումը։
Լավ, շատ լավ։ Բանկը վերցված է, ոչ ոք այդպիսի գործ չի կատարել, ընդունենք այն իսկ, թե ոչ ոք այնուհետեւ էլ, «մինչեւ ի կատարած աշխարհի», չպիտի կարողանա այդպիսի բան կատարել։ Հետո՞։ Ի՞նչ իմաստ կա այդ արտակարգ հերոսության մեջ։

Մեզ բացատրում էին իմաստը։ Եվրոպական կապիտալիզմը, ասում էին, իրեն վտանգված տեսնելով իր տիրապետության ամենագլխավոր դիրքերից մեկում, այդ վտանգը իրենից հեռու պահելու համար, կհարկադրի սուլթանին բավարարություն տալ հայ ժողովրդի պահանջներին։ Այստեղ ահա, հեղափոխական հերոսության միջից իր տխմար գլուխն էր դուրս բերում այն ողորմելի մտայնությունը, որ առաջին անգամ ձեւակերպվել էր հնչակականության մեջ Գում-Գափուի ցույցի միջոցին։ Ես արդեն խոսել եմ նրա մասին վերեւում եւ այստեղ կուզեի միայն հիշեցնել, թե որքան տկար էր, ինքնուրույնությունից որքան զուրկ էր հայ հեղափոխական միտքը։ 1890 թվին եվրոպական կապիտալն իր հանգստության պահպանությունը հայ հեղափոխականներին չէր հանձնել, այլ սուլթան Համիդին։ Եվ Համիդը բանկի դեպքին պատասխանեց Կ.Պոլսի ջարդով, որ այս անգամ համարյա ոչ մի ազդեցություն չարեց եվրոպական դիվանագիտության վրա։ Կոտորածի մյուս օրը, երբ Կ.Պոլսի փողոցները դեռ կարմրած էին հայի արյունից, Վիլհելմ կայսրը Աբդուլ-Համիդին ընծա ուղարկեց իր պատկերը` զարդարված թանկագին քարերով։

Ահա՛ ինչ էր անում եվրոպական կապիտալը։ Որքան հայ հեղափոխությունը վախեր էր պատրաստում նրա համար, այնքան ավելի պինդ էր նա Համիդին սեղմում իր սրտին։
Իսկ ի՞նչ շահեցին հայ հեղափոխականները – խաբված հերոսների փառքը միայն։ Բանկ-Օտոմանի մեջ ամրացած դաշնակցականների հետ դեսպանների անունից բանակցություններ սկսեց ռուսական դեսպանության թարգման Մակսիմովը։ Նա հավատիացրեց սրանց, թե դեսպանները խոստանում են անպատճառ ռեֆորմներն իրագործել տալ, եթե միայն իրենք համաձայնեն դուրս գալ բանկից։ Խոստացան, որ նրանց բոլորին հնարավորություն կտրվի առանց որեւէ վնասի հեռանալ Կ.Պոլսից։ Հեղափոխականները համաձայնություն տվեցին, եւ Մակսիմովը նրանց տարավ նավ նստեցնելու, որ գնան Մարսել։ Ամերիկայի «Հայք» թերթի մեջ էլ այն ժամանակ կարդացի անգլիական լրագրերից վերցրած տեղեկություն, թե Մակսիմովը վերջին րոպեին, հրաժեշտ տալով գնացող հեղափոխականներին, ասել է նրանց. «Այժմ ինձ թույլ տվեք, պարոննե՛ր, ասելու, որ դուք էշ եք»։

Էշացնող ռուս դիվանագետը հաղթանակով վերադարձավ իր գործին, իսկ եվրոպական կապիտալի վրա ձեռք բարձրացնող միամիտներին մնում էր փքվել «Բանկի հերոս» տիտղոսով։ Հետեւյալ ամառը նրանցից մեկի հետ ինձ ծանոթացրեց Քրիստափոր Միքայելյանը` Մուշտայիտ այգում։ Նստեցինք թեյ խմելու, եւ ես այնքան հերոսին չէի դիտում, որքան դաշնակցական շեֆին, որի համար հերոսը մի կատարյալ պաշտամունք էր դարձել։
Պաշտում էին։ Բայց ինչի՞ համար… Ի՞նչ էր ստացել հայ ժողովուրդը Բանկ-Օտոմանի գրավումից, եթե ոչ միմիայն վեց հազար դիակներ։ Օգուտը լիաբար ստացել էր Վիլհելմը` իր հավատարիմ հպատակ բանկիրների բերանը գցելով Բաղդադի երկաթուղու նման մի չաղ պատառ։