ԼԵՈ. Անցյալից. IIբ

Զ

Այսօր էլ իմ աչքի առջեւ է այն գեղածիծաղ, [բայց] արյունով ողողված` հոկտեմբերի 18-ի օրը` երկրորդը Նիկոլայի մանիֆեստից հետո[178]։ Թիֆլիսի փողոցները լցված էին զբոսնողներով, շատերի կրծքի վրա արդեն երեւում էին կարմիր ժապավեններ։

Գոլովինսկի պրոսպեկտում, ինչպես ասվում է, ասեղ գցելու տեղ չկար։ Միտինգներ Պետական օպերայի եւ Արտիստիկական ընկերության առջեւ, մեծ համախմբումներ, խոսք ու զրույց։ Մարդիկ այլեւս չեն վախենում։ Ո՞ւր մնաց ցարական Ռուսաստանը։ Ո՛չ, նա դեռ կա։ Նայի՛ր, դրագունների[179] գումարտակներն են իրենց չաղ ու ուժեղ ձիերի վրա շրջագայում փողոցներում։ Ճիշտ է, նրանք միայն շրջում են, ոչ ոքի չեն խանգարում, ոչինչ չեն արգելում եւ նույնիսկ ականջի մի ծայրով են լսում միտինգներում բարձրացող շանթալից զայրույթն ու զզվանքը ցարի ու ցարիզմի դեմ, բայց, այնուամենայնիվ, դա ցարի անունը կրող եւ ցարական շնորհներով հղփացած գնդից մի զինվորական ուժ է։ Զարմանալի կապուտակ երկնքի տակ իրար հանդեպ են եկել երկու սկզբունքներ։ Մի կողմը ազատություն որոնող, դարերից ի վեր ազատությունը երազ դարձրած ժողովուրդ, մյուս կողմից` այդ երազը կոպտորեն ջախջախող, ստրկության շղթաներով նրա կոկորդն օղակավորող բռնակալական բանակ։

Թեեւ ազատության այդ վաղ արշալույսին կասկածի եւ երկմտության ամեն մի նշույլ հեռու էր վանվում մարդու սրտից ու մտքից, բայց եւ այնպես, դրագունների կարմիր գլխարկներն ինչ-որ չէին համապատասխանում այդ ժողովրդական տոնին, ասում էին ինչ-որ մի բան, որ համենայնդեպս, լավ բան չէր…
Խիտ առ խիտ իրար շփվող խառնվածքների մեջ հանդիպեցի իմ մանկության ընկեր Հովնան Դավթյանին, որ Դաշնակցության գլխավորներից մեկն էր եւ Ժնեւից եկել էր Կովկաս` այստեղ կուսակցական աշխատանքներ կատարելու համար։
– Հիմա ի՞նչ պիտի անեք, Հովնա՛ն։
Նա շատ լավ հասկացավ ինձ։ Ուզում էի ասել, թե Հայոց հարց Ռուսաստանում այլեւս չի մնում, ուրեմն եւ Դաշնակցությունն այստեղ այլեւս անելիք չունի[180]։ Եվ երբ այսպես է, էլ ինչո՞վ պիտի նա պարապի։
– Դեռ Թուրքահայաստանը մնում է,- պատասխանեց նա իր սովորական անուշ ժպիտով։

Նա, ուրեմն, ընդունում էր, թե Դաշնակցությունը վերջացրել է ռուսահայերի մեջ իր «ազգային» գործը։ Բայց նա սխալվում էր, իր ընկերների հետ դեռ չէր տեսնվել։ Դաշնակցությունը, ինչ խոսք, Թուրքահայաստանը չէր թողնում, բայց բոլորովին միտք չուներ թողնելու նաեւ Ռուսաստանը։ Եվ այստեղ, գոյության մի նոր իրավունք ստեղծելու համար նա մի գիշերվա մեջ դառնում է… սոցիալիստական կուսակցություն։ Կախարդական գավազանի մի հարվածով ամբողջ այդ բազմատարր զանգվածը` բուրժուական ինտելիգենցիա, մանրավաճառներ, խմբապետներ, հայդուկ-ֆիդայիներ, խուժանավարներ եւ այլն եւ այլն, միասին թափվում էին Մարքսի ավազանի մեջ։ Եվ հայ իրականությունը տեր էր դառնում մի տարօրինակ սոցիալիստական կազմակերպության, որի նմանը դուք իզուր կորոնեք սոցիալիզմի պատմության մեջ։

– Լավ,- ասացի ես Հովնանին,- կերպարանափոխվելու եւ երկերեսանի դառնալու ի՞նչ կարիք կա։ Մենք ունենք հայ սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, որ իր սոցիալիզմից դուրս ոչինչ փրկություն չի տեսնում մարդկության համար։ Եթե ես ուզենամ հարել սոցիալիզմին, էլ ինչո՞ւ պիտի գամ ձեզ մոտ եւ ոչ թե սոցիալ-դեմոկրատների մոտ։

Հովնանը միայն այն գտավ ասելու, թե հայ սոցիալ-դեմոկրատները շատ են քիչ, շատ են խեղճ ու ժողովրդի մեջ նշանակություն չունեն։
Բայց սա պատասխան չէր։
Ինչեւիցե։ Բանը կատարվել, պրծել էր։ «Կովկասյան նախագիծ»[181] անունը կրող մի որոշումով Կովկասի մեջ գտնվող դաշնակցականները, առանց համակուսակցական ընդհանուր ժողովի հաստատման, իրենց հռչակում էին սոցիալիստ։ Ոչինչ անպատեհություն նրանք չէին էլ զգում։ Դաշնակցությունը միշտ էլ, իր ծննդյան ժամից, եղել է սոցիալիստական։ Ապացույց էին բերում առաջին ծրագրի ներածությունը, որ գրել էր «մարքսիստ» Ռոստոմը։ Եվ այսպես, հիմնավորելով իրենց «դարձը»` դաշնակցականները աղանդավորի նոր մոլեգնությամբ սկսեցին ծառայել նոր պաշտամունքին, որ, իհարկե, սիրով, մտքով յուրացված մի վարդապետություն չէր, այլ մի ձեւականություն, որ առանց դժվարության գալիս էր կենակցելու հայդուկային աշխարհայեցության հետ։

Հոկտեմբերի 18-ին եւ հետեւյալ օրերին կայացան բանվորական կուսակցությունների ցույցեր։ Տեսա սոցիալ-դեմոկրատների երթը Վերայի վերելքով դեպի Գոլովինսկի պրոսպեկտ։ Չեմ մոռացել հնչակյանների փոքրիկ թափորը, որի պոչում գնում էին մի վարդապետ եւ ալեզարդ Ղազարոս Աղայանը։ [Հոկտեմբերի] 20-ին դուրս եկան դաշնակցականները` ցույց տալու համար, թե ոչ մի կուսակցություն չի կարող հավասարվել իրենց` իբրեւ խոշոր կազմակերպություն։ Վաղօրոք տեղական լրագրերում հայտարարված էր, թե այդ օրը Դաշնակցությունը փողոց պիտի հանի իր զինվորներից յոթ հազար հոգի։ Ահագին պատրաստություններով երթն սկսվեց Հավլաբարից։ Յոթ հազար զինվորները պարզապես քաղաքային դռնապաններ էին եւ փողոցից հավաքած այլ տեսակի մարդիկ։ Երկար շարքերով, իրար գոտիներից բռնած, նրանք եկան հասան Գոլովինսկի պրոսպեկտ։ Նրանց մեջ կարգ էր պահպանում մի ձիավոր, որ կրում էր կարմիր դրոշակ, եւ այդ դրոշակի վրա նկարված էր Քրիստափոր Միքայելյանի պատկերը. մի հանգամանք, որ ցույց էր տալիս, թե որքան անկեղծ ու ուղղահավատ սոցիալիստներ են այդ նորադարձները։

Գոլովինսկի պրոսպեկտի վրա` Առաջին գիմնազիայի պատից մինչեւ «Փառքի տաճար» թանգարան, չորս կարգ կանգնած էին զորքեր, որոնք այսպիսով փակեցին դեպի փոխարքայական պալատ տանող ճանապարհը։ Դաշնակցական թափորը կանգ առավ այդ շարքերի առջեւ, բայց, իհարկե, ոչ նրանց պատվելու համար։ Դուրս եկան հռետորներ, որոնք դիմադրեցին զինվորներին` հրավիրելով նրանց միանալ հեղափոխությանը եւ տապալել ցարիզմը։ Գերեզմանային լռություն տիրեց զինվորների մեջ։ Իր խիստ ճառերով աչքի ընկավ Թադեւոս Խաշմանյան անունով մեկը` մականվանված Դեւ։ Բարձրանալով մի պատշգամբ` նա սպառնալիքներ որոտաց ցարական Ռուսաստանի դեմ. Վորոնցով-Դաշկովին կախել, Նիկոլայ Բ-ին ոչնչացնել…

Չխնայվեցին նաեւ կանայք, որոնց անունները մեկիկ-մեկիկ շարվեցին քաջ դաշնակցականի դատավճռի մեջ։ Իսկ ներքեւում, փողոցի մեջ, այժմյան Փոքր թատրոնի դիմաց, կանգնած էին դաշնակցական արիստոկրատական շեֆերը, որոնց վրա ծածանվում էին դաշնակցական դրոշակներ։ Դրանց մեջ հիշում եմ Հովհաննես Թումանյանին` մեր վաղամեռիկ բանաստեղծին։ Հիշում եմ եւ նրա արտասանած ճառից հետեւյալ կտորը. «Էս էն դրոշակն ա, որ ծածանվում էր Սասունի գլխին»։ Գուցե հետաքրքրական լինի ավելացնել եւ այն, որ նույն այդ խմբի մեջ էր նաեւ Համբարձում Առաքելյանը[182]։ Մինչեւ այդ նա գործունյա դեր էր ունեցել դաշնակցական կազմակերպության մեջ եւ, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, մի կարճ ժամանակով եղել էր [ՀՅԴ] Արեւելյան բյուրոյի վարիչ։ Այս ցույցից հետո էր, որ Համբարձում Առաքելյանը խզեց իր հարաբերությունները Դաշնակցության հետ եւ, այնուհետեւ, մինչեւ իր մահը դարձավ նրա անհաշտ եւ ոխերիմ թշնամին։

«Դաշնակցության ցույցը ամենից լավ հաջողված ցույցն էր»,- այսպես էինք գնահատում մենք` մայթերի վրա հավաքված հանդիսատեսներս։ Մարդ շատ էին բերել իրենց հետ, արտաքուստ ուժի ներկայություն էր զգացվում։ Երբ թափորն սկսեց վերադառնալ Բարյատինսկայա փողոցով, փոխարքայի պալատի կողմից առաջ եկավ մի փոքրիկ խումբ՝ զինվորական երաժշտության ուղեկցությամբ, որ տանում էր Նիկոլայ Բ-ի պատկերը։ Ռուս պատրիոտների ցույցն էր։ Մասնակցում էին գլխավորապես զինվորական դպրոցի (Կադետսկի կորպուսի) աշակերտները։ Խումբը շրջապատված էր հեծելազորով։ Սա, ուրեմն, մի հակացույց էր դաշնակցականների դեմ։ Երկու ցույցերն էլ խաղաղ անցան, այնպես որ կարելի էր կարծել, թե նրանք ոչ մի հետք էլ չէին թողնի առօրյայում։
Բայց ոչ։ Հենց այդ օրվանից էր, որ Նիկոլայի սահմանադրությունը, դեռ չծնված, արյունով էր լվացվում նաեւ Կովկասում։ Եվ ամենից առաջ հայի արյունով։

Միեւնույն օրը դաշնակցականները ցույց կազմակերպեցին նաեւ Բաքվում։ Կարմիր դրոշակներով նրանք գնացին թուրքերի թաղը. այն իսկ թուրքերի, որոնց հետ նրանք պատերազմական դրության մեջ էին ամիսներ ի վեր եւ որոնց այսօր կարծում էին, թե նվաճած կլինեն` «ազատություն» կանչելով։ Բայց ուշ էր արդեն այդպիսի հասկացողությունները միության նշանաբան դարձնելը։ Ռուսական ոստիկանությունն արդեն կարողացել էր լավ դաստիարակել թուրքական խուժանին։ Իսկույն կազմ եւ պատրաստ փողոց դուրս եկավ ռուս սեւ հարյուրակը, որի հետ խառն էին մեծ քանակությամբ կազակներ եւ նույնիսկ զինվորներ։ Նրանք հայրենասիրական երթ էին կազմել` տանելով իրենց ցարի նկարը։ Եվ որովհետեւ ամբողջ Ռուսաստանում ոստիկանության դեպարտամենտը կարգադրել էր այդ «բարձրագույն» եւ «օգոստոսափառ» նկարի համար շրջանակ դարձնել այրվող տներ ու արյունոտ դիակներ, ուստի Բաքվում էլ այդ ինքնակալական սրբազան պոգրոմը[183] գործադրվում էր թուրքերի աշխատակցությամբ, բայց այն բացառությամբ, որ Ռուսաստանի պոգրոմների զոհերը բացառապես հրեաներն էին, իսկ Բաքվինը` գրեթե բացառապես հայերը։ Հինգ օր տեւեց արնակեր վայրենության այդ խրախճանքը։ Դարձյալ սարսափ, դարձյալ օգնություն կանչող աղաղակներ։ Հրդեհվեցին հայերի խոշոր տները քաղաքի ամենալավ փողոցների վրա, կոտորածն աջ ու ձախ էր գնում։ Եվ դարձյալ զորքերն իրենց չեզոք էին պահում, միայն նայում էին։ Փետրվարին էլ այսպես էր։ Բայց այն ժամանակ գոլիցինյան ռեժիմն էր։ Իսկ այժմ… Վորոնցով-Դաշկովն է, չէ՞ որ ե՛ւ լիբերալ է, ե՛ւ մասնավորապես «հայասեր»…

Թիֆլիսում էլ այդ նույն մարդը արյան բաղնիք պատրաստեց իր այնքան սիրած հայերի համար։ Խաշմանյանի եւ նրա նման ուրիշ վայրահաչների սպառնալիքներից գրգռված` նա ասաց. «Տեսնենք` ինչպես պիտի հայերն ինձ կախեն»։ Եվ մյուս օրը եւեթ նա Թիֆլիսում կազմակերպեց մի հսկայական կառավարական հակացույց։ Այդ օրը ցարի գահակալության օրն էր` հոկտեմբերի 21-ը։ Զորահանդես նշանակվեց, բայց ոչ սովորական չափով. ամբողջ Գոլովինսկի պրոսպեկտի երկու կողմերով` Դվորցովայա փողոցից մինչեւ Օլգինսկայա փողոցի կեսը, խիտ-խիտ կանգնած էին զորքեր։ Դուրս էին բերվել Թիֆլիսի ամբողջ կայազորը, ամբողջ հետեւակազորը` կանոնավոր եւ անկանոն հեծելազորը, բոլոր թնդանոթները։ Սրանք արդեն երեկվա հավլաբարցիները չէին` իրար գոտիներից բռնած մի մարդկային հոտ, այլ իսկական զորքեր էին` իրենց զենքերով եւ բոլոր հանդերձանքներով։ Վորոնցով-Դաշկովը, որ սովորաբար չէր երեւում այսպիսի հանդեսներին, ձի նստած` գնաց զորքերին ողջունելու։ Բայց սրտի մեջ ասում էր հավաքված ահագին բազմությանը, որ լավ իմանան, թե ինքը ինչի տեր է։ Եվ իսկապես, համեմատությունն ինքնըստինքյան էր առաջ գալիս. եւ եթե կար գոնե մի հոգի, որ հավատում էր, թե Դաշնակցությունն իսկ որ միայն Թիֆլիսում ունի 7000 զինվոր, այդ մի հատիկ անուղղելի միամիտն էլ պիտի համոզվեր, որ գտնվել է Դաշնակցությունից էլ ուժեղ մեկը, եւ դա կոմս Վորոնցով-Դաշկովն է։

Օրն այսպես անցավ։ Մյուս օրը, եթե չեմ սխալվում, կիրակի էր։ Նախքան «Մշակի» խմբագրատուն գնալը` ես անցա Գոլովինսկի պրոսպեկտով, կանգ առա Թիֆլիսի ժողովարանի (այն ժամանակ «Մանթաշյանի տուն», այժմ հրդեհված) մոտ։ Մանր խմբերով հավաքված մարդիկ` հայ եւ վրացի, խոսում էին անհանգիստ, վիճում էին գրգռված։ Տիրում էր մի անաղմուկ, բայց խիստ հուզում։ Օդն էլեկտրականացած էր, ամեն մի չնչին կայծ կարող էր ահալի պայթյուն առաջացնել։ Իմ աչքի առջեւ էր, որ կատարվեց հետեւյալ դեպքը։ Առաջին գիմնազիայից դուրս եկան մի խումբ աշակերտներ, որոնք «Մարսելյեզ» երգելով գնում էին դեպի պալատը։ Նրանց առջեւը կտրեց մի սպա` պահանջելով ընդհատել երգը եւ ետ դառնալ։ Հրամանը սաստկացնելու համար բռնեց իր սրից` կիսով չափ դուրս քաշելով պատյանից։ Գիմնազիստները` ստորին դասարանների փոքրիկներ, վախից դես ու դեն փախան։ Բայց զբոսնող հասարակությունը հարձակվեց սպայի վրա, շրջապատեց նրան երեք կողմից եւ այսպես քշեց-տարավ` սեղմելով «Փառքի տաճարի» պատերին։ Սպան տեսնելով, որ իր համար ինքնադատաստան է պատրաստվում, հուսահատությունից մի անօրինակ ճարպկություն ցույց տվեց` ցատկելով բարձր երկաթե վանդակապատի վրայով այն այգին, որ կոչվում է Փոքր կամ Վերին Ալեքսանդրյան այգի։ Այնուհետեւ նրա համար փախչելը հեշտ էր։ Իր կյանքը նա ազատեց։ Բայց խեղճ գիմնազիստներից քանի՞սն ազատվեցին կոտորածից, որ գալիս էր սկսվելու մի քանի ժամ հետո…

Է

Կեսօրին մոտ էր, երբ ես իջնում էի Քաշվեթի եկեղեցու մոտով դեպի Բազարնայա փողոց։ Ալեքսանդրյան ծառախիտ այգու ետեւում` Կուկիայի կողմից լսվում էր զինվորական երաժշտություն, որ հաճախ ընդհատվում էր ուռաներով։ Ուշադրություն չդարձրի։ Արդեն լսել էի, որ այսօր սեւհարյուրակային պատրիոտները ռուս տերտերների առաջնորդությամբ ցարասիրական երթ պիտի ունենան մինչեւ փոխարքայի պալատը։
Խմբագրատանը հավաքված էին բազմաթիվ մարդիկ։ Նրանց մեջ էր եւ պաշտոնաթող սպա Նեմիրովիչ-Դանչենկոն (Հանդ), որ նոր էր վերադարձել Մանջուրիայի դաշտերից եւ «Русское слово»-ի[184] թղթակցի պաշտոնով ճանապարհորդում էր Անդրկովկասում` գլխավորապես հայ-թուրքական կռիվների պատճառներն ուսումնասիրելու համար։ Նստած խոսում էինք, մեկ էլ` փողոցում եւ տան բակում ձայներ բարձրացան, որոնք տարօրինակ չթվացին մեզ։ Կարծեցինք, թե դա պարզապես երկաթե երկար շերտերի փոխադրություն է երկար սայլերով, երբ իրար վրա դարսված երկաթները ծեծվում են իրար եւ աղմուկ հանում։

Միայն Հանդի` Մանջուրիայի դաշտերում եւ լեռներում փորձված ականջներն էին, որ իմացան, թե բանն ինչ է։ Սաստիկ հուզված` նա տեղից վեր թռավ ու ասաց.
- Это - стрельба пачками...[185]
Բոլորիս վրա ձյուն մաղվեց։ Եվ ինքնապաշտպանության կենդանական բնազդն էր, որ հարկադրեց դես ու դեն վազել` մի քանի նախազգուշություններ ձեռք առնելու համար։ Շտապով կողպեցինք բոլոր դռները, փողոցին նայող պատուհանների փայտե փեղկերը, շատացրինք մութ անկյունները եւ դարձանք մի պաշարված մարտկոց։ Բաց էր մնացել միայն մի օդանցք, որ մեզ դրսի աշխարհի հետ էր կապում։ Ի՛նչ էր կատարվում այնտեղ` չգիտեինք։ Մեր ինքնակամ պաշարման անկյունն էին ներս թափվում միայն «Боже царя» երաժշտության հանդիսավոր հնչյունները եւ անընդհատ «ուռա՜» ձայները։ Ա՛հ, անիծյալ պաշտամունք։ Էլի, ուրեմն, պիտի քաղցկեղի նման խրվի մեր կոկորդի մեջ…

Հրացանաձգությունը եւ նրան եղբայրացած հաղթական երգն ու նվագը դադարեցին։ Օրը ցերեկով մեծ քաղաքը գերեզմանոց է դարձել. ոչ մի տեղ չկա մեկ հատիկ բացված պատուհան։ Շշուկ անգամ չի լսվում։ Եվ հանկարծ… նոր սարսափ։ Խմբագրատան կողքին` «Южные номера»[186] հյուրանոցի մուտքի մոտ, պայթեց մի ռումբ… Գլուխներս այնքան կորցրինք, որ փախանք ներքին սենյակները։ Սպասում ենք ահ ու դողով, թե ահա կգան թնդանոթները եւ կսկսեն ռմբակոծել պայթյունի շրջակա տները։ Բայց անցնում են րոպեներ, անցնում է եւ մի ամբողջ դաժան ժամ, եւ ոչինչ չկա։ Հետո իմացանք, որ մի մարդ ռումբը տանելիս է եղել պալատի կողմը, բայց հանկարծ վեր է գցել եւ ինքն էլ սպանվել տեղն ու տեղը։

Արդեն հոկտեմբերյան օրը սպառվելու վրա էր։ Քաղցը տանջում էր պաշարվածներիս։ Բարեբախտություն էր, որ մի հարեւանուհի ունեինք` մի բարի լեհուհի, որ մեզ պատվական ձվածեղներ ուղարկեց։ Մի րոպեում կլանեցինք կերակուրը։ Հիմա էլ հոգս էր` թե ինչ պիտի անեինք գիշերը։ Բայց մինչեւ մթի ճանկն ընկնելը` դրսից մի բանբեր եկավ։ Դա խմբագրատան աղախինն էր, մի, ինչպես անվանում են, «գզօղլան»[187] խոխլուշկա[188], որ կորել էր երկու ժամից ի վեր։ Սառնասրտորեն պատմեց, թե գալիս է վերեւից` Գոլովինսկի պրոսպեկտից։ Զինվորներն իրեն չարգելեցին, երբ իմացան, որ ինքն էլ զինվորի կին է։

Եվ պատմություններ արավ նա, ինչպես կարող էր անել Ուկրաինայի գեղջուկ դուստրը մի «չալ» ռուսերենով` իր մայրենի լեզվի շեշտերով եւ բառերով ողողված։ Եվ ի՜նչ էինք իմանում։ Մենք կարծում էինք, թե այնտեղ` դրսում կռիվ է տեղի ունեցել։ Բայց այնտեղ կռիվ չի եղել։ Այնտեղ եղել է սպանդանոց։ Երեկվա իրար գոտիներից բռնած 7000 զինվորներից չգտնվեց գոնե մի 100 հոգի, որ Գոլովինսկի պրոսպեկտի ծայրը դարձներ մի փոքրիկ, խոշորացուցային Պրեսնյա[189] եւ ընկներ բարիկադների վրա։ Ո՛չ։ Այդպիսի բան չի եղել։ Եղել է միայն այն, որ Թիֆլիսի սիրտը կազմող մեծ եւ գեղեցիկ փողոցն ամբողջապես տրված է եղել զինվորներին։ Եվ քանի որ այն «ազատության օրերին» ցարիզմն իր նոր նշանաբանն էր հռչակել` «Փամփուշտներ չխնայել», ուստի զինվորները լավագույն կերպով գնդակածեծ էին արել ամբողջ տարածությունն ըստ հին ավանդի` «Սահման քաջաց` զէնն իւրեանց»։ Փողոցի երկու կողմին կանգնած հոյակապ տները մեծագույն մասամբ պատկանում էին հայերին։ Եվ ահա զինվորները հանդիպակաց տներին մեջք տված` գնդակների տարափ էին ուղարկում տների ներսը` հուսալով, որ եթե տասից-քսանից մեկն անգամ դիպչի մի «արմյաշկայի»[190], այդ էլ բավական է վրեժ հանելու համար այն 7000 զինվորի համար, որ երեկ իրար գոտիներից բռնած քայլում էին նույն այս փողոցով։

Զոհերի թիվը մեծ էր, պաշտոնական տեղեկություններով` 150-ից ավելի։ Հետո մենք իմացանք, որ այդ կոտորածն սկսվել է այսպես։ Երբ պատրիոտների թափորը, բարձրանալով Բարյատինսկայա փողոցով, մտել է Գոլովինսկի պրոսպեկտ եւ շուռ գալիս է եղել դեպի Վորոնցով-Դաշկովի պալատը, այդ ժամանակ բազմահարվածային ատրճանակից մի պրովոկատորական պայթյուն է լսվել, որ վիրավորել է թափորին մասնակցող զինվորական վարժարանի աշակերտներից (կադետներից) մեկին։ Անկարելի եղավ ճշտել, թե որտեղից է եղել այդ կրակոցը։ Ոմանք ասում են, թե խփել են Թիֆլիսի ժողովարանից (Հայոց, կամ ավելի հասարակորեն` «բուրդյուչնի կլուբ»[191]), ոմանք թե` գիմնազիայի պարսպի գլխից, իսկ ոմանք էլ ցույց էին տալիս Գոլովինսկի պրոսպեկտի եւ Բարյատինսկայա փողոցի անկյունի տունը (այժմ Բանվորական պալատի անկյունը)։ Ինչեւիցե։ Կրակոցն ազդանշան էր դարձել, որ զինվորները կոտորած սկսեին։ Ամենից առաջ կազակները թափվել էին «ապստամբության օջախ»` Հայոց կլուբ, եւ ի՜նչ տեսնեն այնտեղ, որ լավ լինի։ Աչքդ բարին տեսնի։ Կանաչ սեղաններ եւ նրանց շուրջը հայ բուրդյուչնի բուրժուաները թուղթ են խաղում։ Մի քանիսը դես ու դեն են փախել եւ սպանվել կազակների ձեռքով։ Մյուսներին հավաքել են, երկկարգ շրջապատել հրացանները պատրաստ բռնած կազակներով, «առոք-փառոք, կառոք եւ երիվարոք» փոխադրել մոտակա զինվորական պահականոցը (հաուպտվախտ), ուր մեր բուրդյուչնիների ճարպոտ մարմինները մի լավ ծեծել եւ հետո բաց են թողել։ Նրանցից մի քանիսն իմ ծանոթներն էին։ Չորս-հինգ օր անցնելուց հետո էլ նրանց խեղճ ուղեղները դեռ չարաչար աշխատում էին այն հարցերի վրա, թե այն ի՞նչ էր եւ ինչու՞ այդպես եղավ։ Իրենց բութ դեմքերի վրա մի զարմանք ու մտահոգություն ներկայացնելով` նրանք հարցնում էին.
– Ա՛յ տա, էս մեզ ինչո՞ւ ծեծեցին։
– Ո՞նց թե ինչու։ Կրամոլայի[192] բույնը գտնելու համար։

Եվ գտան։ Կազակները լավ թալանեցին բուրդյուչնի կլուբի հարուստ արդուզարդը, ապա եւ գրավեցին այն ու հաստատ բնակություն դրին մեջը։ Այսպես էր Հայոց կլուբը։ Իսկ նրա կողքին գտնված չինովնիկական «Կրուժոկին[193]» մատ անգամ չդիպցրին։
Այս, եթե կամենում եք, մի զավեշտ էր` ցարական համ ու հոտով։ Բայց նրա կողքին… կսկծալի, արյուն-արցունքով լվացված մի դրամա` երեխաների կոտորածը Առաջին գիմնազիայում։ Այստեղ էլ խուժել էին կազակները եւ, կրամոլնիկներ տեսնելով անմեղ խաղացող երեխաների մեջ, կոտորել շատերին։ Այս գազանային վայրագությունները կատաղություն պատճառեցին ամենքին։ Բայց ինչ արժեք ուներ աննյութ կատաղությունը ոճրագործության իսկական հեղինակ Վորոնցով-Դաշկովի համար, որի մասին ասում էին, թե կանգնած էր իր պալատի պատուհանի առաջ եւ նայում էր սպանդանոց դարձած Գոլովինսկի պրոսպեկտին։ Իսկ սպանված գիմնազիստներից շատերը հայեր էին… Պատմում էին եւ առանձնապես ցավում մանավանդ երկու եղբայրների համար, երկուսն էլ սքանչելիորեն ընդունակ էին եւ առաջադեմ։

Ամեն ինչ վերջ ունի. մեր ակամա տնարգելությունն էլ վերջացավ։ Գերեզմանոցի մեջ կյանքը վերսկսվեց։ Խմբագրատան պատուհանի դիմաց կանգնեց մի զինվոր` հրացանը ձեռքին։ Պահակ էր։ Հարցնում ենք` կարելի՞ է գնալ։ Կարելի է` պատասխանում է։ Ես եւ Սեւ Սանդրոն փողոց դուրս եկանք։ Բազարի միջով գնացինք դեպի Սոլոմոնովսկայա փողոց, ուր իմ բնակարանն էր։ Նեղ, ծուռումուռ փողոցներ եւ կենդանության ոչ մի նշույլ։ Մեր քայլերն էին խուլ արձագանքներ տալիս եւ վախեցնում մեզ։
Մեր տանն ինձ նորից գտած համարեցին։ Ի՞նչ կլիներ իմ երեխաների դրությունը, եթե այդ գիշեր դրսում մնայի։ Թանձր խավար իջավ քաղաքի վրա։ Ոչ մի տեղ չպսպղաց ոչ մի ճրագ։ Ոչ մի պատուհան չբացվեց։ Ազգաբնակչությունը կուչ էր եկել մթի ծալքերի մեջ եւ ժամերի դանդաղ ընթացքն էր հաշվում մինչեւ… մինչեւ որ ի՞նչ լիներ…
Մենք էլ, այո՛, վայելեցինք Նիկոլայի հոկտեմբերյան մանիֆեստի ազատությունները. իզուր չէին նրան «առատաշնորհ» անվանում նրա լակեյները։ Եվ, իրավ, սա դեռ բոլորը չէր, այս միայն «սկիզբն էր երկանց»։

Վորոնցով-Դաշկովը չէր բավականացել հոկտեմբերի 22-ի «հաղթությամբ»։ Նա կարծել էր, թե իրեն կհաջողվի բռնել դաշնակցական հիդրայի հազար գլուխներից գեթ մեկը, բայց չէր կարողացել նույնիսկ պոչի ծայրից բռնել։ Եվ սա այն պարզ պատճառով, որ Դաշնակցությունը, վաղօրոք ինչ-որ հոտ առնելով, այդ օրն իրեն եւ իր 7000 զինվորներին փառահեղ մենության մեջ էր պարուրել` թույլ տալով, որ հայ ժողովուրդն ինչպես իմանում է` իր մեջքով պատասխան տա իրար գոտիներից բռնած 7000 զինվորի համար։ Չէ՞ որ մի քանի ամիս առաջ նահատակված Քրիստափոր Միքայելյանը գրել եւ ապացուցել էր. «Միեւնույն է, ձեզ առանց այդ էլ կոտորելու են, իսկ մենք չենք կարող հեղափոխություն չկատարել»։
Եվ ահա մի նոր տագնապ Թիֆլիսի հայության համար։ Հոկտեմբերի 24-ի առավոտից մի աներեւակայելի հուզմունք հազարավոր մարդկանց դուրս շպրտեց փողոց։ Հուզմունքը տարածվում էր ավելի ու ավելի, եւ հայտնի չէր, թե ովքեր են տարածողները։

– Գալիս են,- ասում էին իրար։
– Ովքե՞ր։
– Բորչալվի թուրքերը, անթիվ, անհամար։
– Ո՞վ գիտե, ո՞վ իմացավ։
– Հրեն, մոտ են քաղաքին, շատերն են տեսել։
Եվ տագնապը մեծանում էր, կեսօրին իրարանցումն [արդեն] ալիքներ էր տալիս. կացությունը դառնում էր անհանդուրժելի։ Եվ ահա քարեքար ընկած ամբոխի մեջ լուր է տարածվում, թե առաջնորդարանում հավաքվել են մեծերը։ Խորհրդակցում էին, թե ինչ անեն ժողովրդի փրկության համար։ Ժողովուրդը հավաքվում էր առաջնորդարանի մոտ` սպասելով, թե ինչ պիտի անեն մեծերը։ Պատվիրակություն կազմվեց մոտ 30 հոգուց` եպիսկոպոսներ, վարդապետներ եւ ազգային ջոջեր։
Գնացին ներկայանալու Վորոնցով-Դաշկովին։ Ամբոխը շարունակում էր կուտակված մնալ առաջնորդարանի շուրջը` սպասելով պատվիրակության վերադարձին։

Իրիկնապահին շփոթմունքն արդեն խուճապի կերպարանք ընդունեց։ Երեւանյան հրապարակի խռնումների մեջ ես հանդիպեցի Հովնան Դավթյանին։
- Այս ի՞նչ արիք,- ասացի։
Նա սաստիկ բարկացավ վրաս եւ հեռացավ` ասելով.
- Ես չեմ էլ խոսի հետդ։
Բայց էլ ի՞նչ խոսեր։ Արդեն փախչող փախչողի ետեւից էր։ Մի ընդհանուր հոտային բնազդով Թիֆլիսի արեւելյան մասն իր դրությունը վտանգված էր զգում եւ հավատացած էր, որ վտանգից անպատճառ կազատվի, եթե տեղափոխվի արեւմտյան մաս։ Ով ծանոթ-ազգական ուներ այդ անվտանգ մասում, շտապում էր ժամ առաջ գնալ այնտեղ, տեղավորվել գոնե մի գիշեր, մինչեւ որ լույսը կբացվեր եւ կիմացվեր, թե ինչ է լինելու։

Եպիսկոպոսների եւ ջոջերի պատվիրակությունը պալատում իրեն տալիս է խորամանկության` իբր թե եկել է հավատարիմ հպատակական հրճվանք հայտնելու այն մեծ շնորհների համար, որոնք արված են հոկտեմբերի 17-ի մանիֆեստով։ Բայց ցարի փոխանորդը այնքան էլ միամիտ չէր, որ չհասկանար եկած «ներկայացուցիչների» իսկական փորացավը։ Պատվիրակներից մեկն ինձ պատմել է, որ փոխարքայի օգնականն այդ միջոցին կանգնած էր պատշգամբում եւ նայում էր, թե ինչպես էին խուճապի բռնված հայերը կառքերով փախչում դեպի Վերայի կողմը` տանելով իրենց հետ անկողիններ, տնային իրեր, նույնիսկ օրորոցներ։ Դուք երեւակայո՞ւմ եք այնպիսի մի իշխանություն, այն էլ բարձր, ամբողջ երկրի տեր, որ նայում, զվարճանում է, թե ինչպես է իր պրովոկացիայից շշմած ժողովուրդն այս ու այն կողմ խփում իրեն։

Փոխարքան, որ չափազանց լավ էր տեղյակ, թե ինչ է կատարվում իր շուրջը, խորամանկների հետ է՛լ ավելի խորամանկ լինելու դիրք է ընդունում եւ ուրախություն է հայտնում պատվիրակությանը տեսնելու առիթով եւ ավելացնում, թե հայ ժողովրդի արտահայտած հպատակական հրճվանքն ինքն անմիջապես կհաղորդի թագավորին։ Զրույց է սկսվում։ Պատվիրակներից յուրաքանչյուրը խոսում է այն, ինչ վաղօրոք հանձնարարված էր իրեն։ Մեկն ասում է, թե այս քանի օրերի դեպքերի պատճառով պատվիրակությունը չկարողացավ ավելի վաղ կատարել իր պարտականությունը, այսինքն՝ ներկայանալ կոմսին։ Մի ուրիշը պատմում է, թե հայերը միշտ ձգտել են դեպի Ռուսաստան եւ ռուսաց ցարերի հավատարիմ հպատակներն են եղել։ Բոլորին լսում է ցարական հին աղվեսը, բոլորի հետ էլ համաձայն է, ուրախ է, որ այդպես է եւ ոչ թե ուրիշ կերպ։

Միայն վերջում, իբրեւ թե իմիջիայլոց, Թիֆլիսի առաջնորդը խոսք է բաց անում ժողովրդի այդ օրվա հուզված դրության մասին։ Վորոնցով-Դաշկովը հանգստացնում է, թե ոչինչ չի լինի, եւ իր օգնականին պատվիրում է հեռախոսով հրամայել ամեն կողմ, որ զորքեր ուղարկվեն ճանապարհները բռնելու եւ թուրքերին ետ քշելու համար։ Իսկ պատվիրակներին խնդրում է չմոռանալ, որ այնուամենայնիվ հայ հասարակության մեջ գտնվում են տարրեր, որոնք արհեստ են դարձրել խռովությունները։ Այդ եւ ուրիշ ակնարկությունները վերաբերվում էին Դաշնակցությանը։
Օգնականը ներս մտնելով` հայտնում է, թե բոլոր կարգադրություններն արված են։ Եվ այդժամ ցարական փոխանորդը հրաժեշտ է տալիս պատվիրակությանը` ներշնչելով նրան այն զգացումը, թե ինքը մեծ բարերարություն արեց Թիֆլիսի հայ ժողովրդին։

Առաջնորդարանի մոտ, մթի մեջ սպասող բազմությունը սկսեց ցրվել։ Դրությունը միայն համեմատաբար լավացավ։ Ամենքը չհավատացին ցարական չինովնիկների խոստումներին, որոնք այնքան խաբեբայական էին դարձել, մանավանդ հայ-թուրքական կռիվների ընթացքում։ Ես էլ, տեսնելով կնոջս եւ երեխաներիս անհանգստությունը, ուղարկեցի նրանց Վերա` մի ծանոթի մոտ, իսկ ինքս մնացի տանը` պառավ զոքանչիս մոտ։ Մեր տունը պատկանում էր մի թրքուհու։ Երեկոյան նա գնաց թուրքերի թաղը` խոստանալով մեզ այնտեղից հաղորդել, թե որքանով են ճիշտ տարածված լուրերը։ Այդ տեղեկությանը հարկավոր եղավ սպասել երկար, մինչեւ երեք ժամ։ Ես նստած էի հարեւանիս մոտ, որը թուրքահայ էր` Տրապիզոնի կոտորածի ժամանակ իր բոլոր ունեցածն ու իր որդուն կորցրած, այն օրից ի վեր փախստական դարձած։ Երկար, վշտալի, խեղդիչ էր մեր խոսակցությունը, որ շարունակ պտտվում էր այսօրվա հուզմունքների շուրջ։ Հարեւանս ու իր ընտանիքը վերապրում էին տրապիզոնյան արհավիրքները։ Եվ ես այժմ նրանց հետ էի, միատեսակ տրամադրված, միատեսակ զգացող ու մտածող։ Ես էլ նույն վիճակի մեջ էի գտնվում` ուխտվածի վիճակի մեջ։ Իր տխրամած պատմությունների ընթացքում հարեւանս շատ փաստեր էր բերում, թե ինչպես դժբախտ ժողովուրդը շարունակ հանգստացնող, բայց իրապես զարհուրելիորեն դավաճան խոստումներ էր ստանում սուլթանական պաշտոնյաներից։

Իսկ ցարականնե՞րը։ Միեւնույն ծառի պտուղները չէի՞ն։ Եկավ մեր տանտիրուհու ծառան։ Նրա բերած թղթի մեջ մեզ հաղորդվում էր, թե ոչ մի վտանգ չկա, եւ ոչ ոք չի էլ մտածել հարձակում գործել հայերի վրա։ Եվ սա միանգամայն ճիշտ դուրս եկավ։
Որքա՜ն հիմար, որքա՜ն զզվելի դրություն է, երբ զգում ես քեզ զոհվող մի անասուն։ Ես անիծում էի իմ մարդկությունը, անիծում էի մեր բախտը, որ մեր կյանքի կարգադրությունը դրել էր սուլթանների, ցարերի եւ այլ գահակալ գազանների ձեռքում։

Ը

Թիֆլիսն ազատված էր հայ-թուրքական խայտառակ արյունահեղությունից։ Բայց… միայն այս անգամ եւ ոչ ընդմիշտ։ Հոկտեմբերի 24-ի օրը շատ բացահայտ կերպով ցույց տվեց, թե որքան անհրաժեշտ են հայ-թուրքական կռիվները կովկասյան բյուրոկրատիային` հեղափոխական հրաբուխ դարձած Ռուսաստանում րոպեի պահանջած դիրքերն ստեղծելու համար։ Հազիվ մի ամիս անցած` նորից հարկավոր եղավ [կովկասյան բյուրոկրատիային] այդ արյունոտ մղձավանջը օրերի իրականություն դարձնել։

Այլեւս չէր կարելի պրովոկացիայով հուզել ժողովրդին, քարեքար գցել նրան։ Անհրաժեշտ էր հայերին կռվեցնել թուրքերի հետ իրապես։ Եվ դա` հակառակ նրանց կամքի։ Ի՞նչ նշանակություն ուներ նրանց կամքը, երբ Ռուսաստանում գործադրվում էին դեռ ոչ մի տեղ չտեսնված հսկայական, համապետական գործադուլները։ Մեկը կար արդեն` փոստ-հեռագրականը, պատրաստվում էր մյուսը` երկաթուղայինը` երկրորդ անգամ։ Հեղափոխական շարժման մեջ էր ամբողջ արեւմտյան Վրաստանը։ Եվ ահա ամենայն պարզությամբ կարելի է ասել ամբողջ աշխարհի առաջ, [որ] օրն օրին, անդիմադրելիորեն, կարծես տարերային ուժով, պատրաստվում էր արյունահեղություն նաեւ Թիֆլիսում։ Թուրքերը Թիֆլիսում հայերի համեմատությամբ աննշան փոքրամասնություն էին կազմում, եւ այս բանը, թվում էր, կկանգնեցներ նրանց թշնամական գործողությունների նախաձեռնությունից։ Այսպես էլ համոզված էին ամենքը, եւ երկու կողմերի հասկացող շրջանները ջանք էին թափում խաղաղությունը հաստատ պահելու։ Սակայն գրգռվող դեպքերը, պրովոկացիան շարունակվում էին անդադար` աճելով օրն օրի վրա։ Սեւհարյուրակային մեթոդն այս անգամ էլ կրկնվեց ճշտությամբ. մի օր սպանված գտնվեցին երկու թուրքեր, եւ իսկույն, իհարկե, լուր տարածվեց, թե հայերն են երկուսի սպանողները։ Օդը հետզհետե էլեկտրականացավ։

Բռնկվեց մի հանկարծակի, անակնկալ հրդեհ։ Նոյեմբերի երկրորդ կեսին Գանձակում, նոր միայն Վորոնցով-Դաշկովի հրամանով ընդհանուր նահանգապետ նշանակված գեներալ Տակայշվիլու[194] բարեհաճությամբ եւ ակնհայտ աջակցությամբ, կոտորած սկսվեց, որի ժամանակ հայերը մեծամեծ վնասներ կրեցին։
Գանձակի կոտորածը նոր ուժով բորբոքեց երկու կողմերի կրքերը։ Թիֆլիսի հասարակական կազմակերպությունները, քաղաքական կուսակցությունները, մամուլն ամեն ջանք թափում էին, որ հայերն ու թուրքերը հասկանան դրության լրջությունը, զսպեն իրենց թշնամական կրքերը։ Քաղաքագլուխը հայ-թուրքական խորհրդակցություն գումարեց Դումայում, ուր երկու կողմերն էլ հավատացրին իրար, թե հարձակվելու ոչ մի դիտավորություն չունեն։ Բայց այս հանդիսավոր խոստումներն արդեն վաղուց եւ ամեն տեղ փորձված էին իբրեւ եղբայրական ուխտի ողորմելի կոմեդիաներ, որոնք հենց այն էին ապացուցում, թե կոտորածներ կլինեն անպատճառ։ Ոստիկանական սեւհարյուրակային ագիտացիան անհաղթահարելի մնաց եւ այս անգամ։ Նոյեմբերի 24-ին սկսվեց հրացանաձգությունը, ընկան առաջին զոհերը։

Ում համար ինչ էլ լիներ այս նոր ժողովրդական դժբախտությունը` Դաշնակցության համար դա մինչեւ այդ չեղած մի դիպված էր` ավելի ուժեղանալու, ավելի բարձր դիրք գրավելու համար։ Ահագին ոստիկանություն, տասնյակ հազարներով հաշվվող զորք ունեցող կովկասյան մայրաքաղաքի մեջ մենամարտի դաշտ էր բացվում այն հին, ծուռումուռ ու նեղլիկ փողոցներում, որոնք պարփակվում էին Շեյթան-բազարից, բաղնիսների թուրքական թաղերից` Խարփուխից մինչեւ Հավլաբար։ Թուրքերը գրավեցին իրենց դիրքերը, հայկական դիրքերի մեջ նրանց հանդիման կանգնեցին դաշնակցական զինվորները։ Մասնակցում էին եւ հնչակյանները, բայց նրանց թիվը շատ չէր, եւ դրության տերը լիովին դաշնակցականներն էին։ Դաշնակցական շտաբը ստանում էր ավելի մեծ նշանակություն, քան ընդհանուր կովկասյան բանակի շտաբը, որ գտնվում էր փոխարքայի պալատի մոտ։ Սոլոլակի հայ բուրժուազիան, զգալով իր գլխին կախված թուրքական վտանգը, լավ իմանալով, մանավանդ, որ եթե հայկական դիրքերը լքվեն, թուրքերն ամենից առաջ իրենց հաստատությունները պիտի թալանեն, գգվում էին դաշնակցական կռվողներին` ամեն օր ուղարկելով նրանց մեծ առատությամբ հաց, միս, գինի, ծխախոտ եւ այլ նյութեր։ Դաշնակցական շտաբը հրամաններ եւ կարգադրություններ էր արձակում, որոնց անպայման ենթարկվում էր ամբողջ հայ ազգաբնակչությունը։ Փոխարքայական պալատը երկրորդական դիրք էր ստանում։

Առաջին անգամն էր, որ ես դժբախտություն էի ունենում գտնվելու հայ-թուրքական կռիվների դաշտում։ Զարհուրելի էր այն հոգեբանությունը, որ ստեղծվեց փոխադարձ հրացանաձգության առաջին իսկ վայրկյանից։ «Արյան ծարավից փոթորկված գազանային կրքեր»` սա՛ է ընդհանուր վերնագիրն այդ հոգեբանության, եւ նրա մեջ կարող են զետեղվել ամեն տեսակ հրեշավոր մանրամասնություններ։ Ճիշտ է, ամեն մի պատերազմական դաշտ է այդպիսին լինում, եւ շատ լավ է մեր ժողովուրդը նկատել, որ «կռվի մեջ չամիչ չեն բաժանում», բայց այլ է պրոֆեսիոնալ սպանողների, պատերազմի համար հատուկ խնամքով մարզվող թնդանոթային մսի գազանացումը եւ այլ է, երբ այդ դրության մեջ ընկնողը խաղաղ քաղաքացին է, աշխատանքի եւ քրտինքի մարդը։ Ի՜նչ զարհուրանքով ես իմացա, որ կռիվների հենց առաջին օրը հայերը մորթել էին 5 թե 10 խեղճ ու անմեղ պարսիկ բանվորի։ Նույն օրն էր, թե մյուս օրը ես վերադառնում էի տուն։ Մեր տան երկրորդ հարկում ապրում էր մի հույն ընտանիք, որ ոչ հույների հետ խոսում էր թուրքերեն։ Այդ ընտանիքի պառավ տատը պատշգամբում մեկի հետ թուրքերեն էր խոսում։ Երկու երիտասարդներ էին անցնում այդ միջոցին, ինչպես երեւում էր` կռվողներից։

Նրանք զայրացած կանգ առան, վեր նայեցին։ «Այստեղ թուրքեր են ապրում»,- ասացին։ Ես զգացի, թե ինչ պիտի լիներ այնուհետեւ եւ մոտենալով, ասացի նրանց. «Այն պառավը թուրք չէ, հույն է»։ Երիտասարդները նայեցին ինձ տարակուսանքով։ Լավ է, որ ինձ ճանաչեցին։ «Դուք ասում եք, պրն Լեո, հավատում ենք Ձեզ, թեեւ մի քիչ դժվարությամբ։ Թող ձեր գլխին ղուրբան լինի»։ Ու նրանք գնացին` երկար մաուզերները կողքերից կախած։ Դժվարությամբ բարձրացա սանդուղքներով։ Սիրտս խեղդում էր զարհուրանքի զգացումը։ Այս ի՜նչ օրեր են, այս ի՜նչ ժամանակներ։ Եվ մա՞րդ ենք մենք։ Եվ այդ դառնության մեջ, որով համակվել էր ողջ էությունս, փոքրիկ ճրագի պես առկայծում էր այն գիտակցումը, որ եթե ոչ մի ամբողջ ընտանիքի, գոնե մի առույգ ու հաղթանդամ պառավի կյանք եմ ազատել։

Եվ ահա այսպիսի հոգեբանության մեջ, երբ ամենքն ուզում էին սպանել եւ ամենքը վախենում էին սպանվելուց, միանգամայն բնական էր դառնում այն մեծ դիրքը, այն փառքը, որ ստանում էր դաշնակցական շտաբը։ Դա գործողի, վճռական ոգու փառքն էր։ Վորոնցով-Դաշկովն իր գեղեցիկ մայրաքաղաքում էլ չկարողացավ բյուրոկրատիկ գլուխկորցրածությունից ավելի մի բան ցույց տալ։ Իր ձեռքն առնել դրությունը նա չուզեց, եւ նրա բազմաթիվ գեներալներն ու զորքերն անգործության էին մատնված, չեզոք հանդիսատեսներ էին` նստած իրենց զորանոցներում։ Իսկ այնտեղ` դիրքերում, անընդհատ հրացանաձգություն էր, կյանքի եւ մահվան կռիվ։ Եվ, ուրեմն, էլի Դաշնակցությունն էր հայ ազգի փրկիչը։ Նրան էլ, ուրեմն, ամեն փառք ու պատիվ։ 10-20 զինվոր ունեցող մի խմբապետ` հայի համար Վորոնցով-Դաշկովի յուրաքանչյուր գեներալից լավ էր։ Այսպես էր դրությունն արտաքուստ։ Կառավարական ծրագիրը մի անգամ եւս, փոխանակ հաջողվելու, բոլորովին հակառակ հետեւանքներ էր տալիս։ Ուզում էին ոչնչացնել Դաշնակցությանը, ընդհակառակը` ավելի եւս բարձրացրին, ուժ ու հեղինակություն շատ ու շատ տվին նրան։

Ես գործածեցի «գլուխկորցրածություն» բառը։ Ավելացնեմ, որ այդ աղվեսային գլուխկորցրածություն էր։ Վորոնցով-Դաշկովի կառավարությունն իհարկե այն մտքով չէր հայ-թուրքական արյունահեղություն մտցրել Թիֆլիսի փողոցներում, որպեսզի իր զորքերի եռանդուն շարժումներով այն իսկույն եւեթ դադարեցներ։ Սկզբից եւեթ բանն այնպես էր դրվել, որ մարդկանց կոտորել տան, գյուղեր ու քաղաքներ այրեն ու ոչնչացնեն եւ այս բանից օգուտներ քաղեն։ Այսպես պիտի լիներ եւ Թիֆլիսում։ Հինգ-վեց օր տեւեց հրացանաձգությունը, որին հետեւեցին մի շարք հրդեհներ։ Եվ արյան ու կրակի այս ծովը փռվեց փոխարքայի առջեւ իբրեւ հենք, որի վրա կարելի էր շահավետ ձեռնարկումներ կառուցել։

Թիֆլիսի ընդհարումների սկզբից փոխարքան մի քայլ արեց, որ զարմացրեց ամենքին։ Նա դիմեց վրաց սոցիալ-դեմոկրատների կուսակցությանը եւ առաջարկեց նրան խաղաղարարի դեր հանձն առնել։ Բանվորական կուսակցությունն անտարբեր չէր մնացել դեպի ժողովրդական այն մեծ դժբախտությունը, որ ներկայացել էր հայ-թուրքական կռիվների կերպարանքով։ Թիֆլիսում բարձրացած հրացանաձգությունը զայրույթի եւ ահազանգի արձագանքներ էր տալիս երկաթուղու գլխավոր արհեստանոցների շչակի երկարատեւ սուլոցների մեջ, որոնցով բանվորները կանչվում էին վերջ դնելու նոր սկսված եղեռնին։ Կայացավ միտինգ, որ պահանջեց գործադուլ հայտարարելով դադարեցնել անմիտ արյունահեղությունը։ Կազմվեց թափոր, որ սպիտակ դրոշակներով ուղեւորվեց պատերազմի դաշտ դարձած թաղերով դեպի Նավթլուղ` հրավիրելով կռվող կողմերին գնալ այնտեղ` հաշտության եւ եղբայրության միտինգին մասնակցելու համար։ Բանվորների հետ մեն-մենակ, ոտքով գնում էր եւ Թիֆլիսի նահանգապետ Րաուշը։ Երբ միտինգը վերջանում էր, երբ բոլոր ճառախոսներն անխնա դատապարտել, անարգանքի սյունին էին գամել կառավարությանը` ասելով, որ նա է հանդիսանում հայ-թուրքական պատերազմի միակ պատճառը եւ դրդիչը, նահանգապետը ձայն խնդրեց նախագահից եւ առաջ դուրս գալով ասաց, թե ահա ինքը բանվորների ձեռքին է, թող այստեղ իսկ պատառ-պատառ անեն, բայց ինքը հայտարարում է, որ իր համար ամենքը` հայ, թուրք, վրացի եւ ռուս հավասար են, ամենքն էլ կատարյալ իրավատեր քաղաքացիներ։ Այս էլ հեղափոխական ժամանակի մի նոր հոյակապ տեսարան էր` նահանգապետը բանվորների մեջ, նրանց առջեւ խոնարհ գլուխ իջեցրած։

Բայց նահանգապետից ավելի փոխարքան էր խտացնում այդ նոր տեսարանի գույները։ Ստանալով վրաց սոցիալ-դեմոկրատիայի համաձայնությունը հայ-թուրքական կռվի մեջ չեզոք խաղաղարար միջնորդի դեր կատարելու մասին` Վորոնցով-Դաշկովը կատարեց եւ նրա առաջարկած պայմանը. նա պետական պահեստներից բաց թողեց նրան [սոցիալ-դեմոկրատիային] 500 բերդան հրացան։ Եվ զինված այդ զենքերով` բանվորները դուրս եկան փողոցները` կարգ եւ խաղաղություն պահպանելու համար։ Նրանք կրծքի վրա կրում էին իրենց պաշտոնը երեւութականացնող սպիտակ գույնի ժապավեններ եւ գրավեցին այն բոլոր փողոցները, որոնք պատերազմական դաշտի շրջանում էին գտնվում թե՛ հայոց եւ թե՛ թուրքաց թաղերի կողմից։ Նրանք էին, որ թուրքերին կառքերով փոխադրում էին քաղաքի կենտրոնը եւ ուրիշ թաղեր, ուր նրանք գործեր ունեին։

Առաջին անգամն էր, որ բանվորական զինված եւ կազմակերպված ուժը հանդես էր գալիս մեր իրականության մեջ իբրեւ հասարակական կարգի տեր եւ տնօրեն։ Ես ողջունեցի այդ նոր երեւույթը «Մշակի» էջերից։
Այդ ուժն այնքան մեծ չէր, որ կարողանար ճնշման միջոցներով խաղաղեցնել երկու կռվող կողմերին, հաշտության բերել նրանց։ Եվ սակայն Վորոնցով-Դաշկովը կարգադրություն էր արել, որով պաշտպանության համար զենք կրելու իրավունք տրվում էր միայն սոցիալ-դեմոկրատիային։ Այս կարգադրության բուն միտքը շատ լավ էր ըմբռնում սոցիալ-դեմոկրատիան, որը եւ հայտարարեց իր թերթի մեջ, թե դրանով Կովկասի փոխարքան կամենում է խաղ պատրաստել հայերին զինաթափ անելու եւ հիմա էլ հայ-վրացական թշնամություն ստեղծելու համար, ինչպես արդեն ստեղծել էր հայ-թուրքական թշնամություն։ Ուստի, սոցիալ-դեմոկրատիան պահանջում է ոչնչացնել այդ կարգադրությունը, հակառակ դեպքում ինքն ստիպված կլինի հրաժարվել իր ստանձնած դերից։

Խորամանկ ծրագիրը մերկացված էր եւ պետք էր այն թողնել։ Փոխարքային օգնության հասավ նրա զինվորական շտաբը, որ ավելի ազդու ուղղություն էր տվել իր սեւհարյուրակային գործունեությանը։ Սպայակույտը, քննության առնելով իր հրամանատարի կարգադրությունները եւ մանավանդ այն, որ զինվել էր վրաց սոցիալ-դեմոկրատիան, գտավ, որ հասարակական կարգի պահպանությունը բանակի առաջին պարտականությունն է, մինչդեռ բանակը, բոլորովին բարձիթողի է արված այնպիսի մի ժամանակ, երբ անիշխանություն է ամեն տեղ, եւ օրն օրին բազմանում են վերին աստիճանի վտանգավոր հեղափոխական շարժումները։ Այսպիսով զինվորությունը կկորցներ իր նշանակությունը, կդառնար ետ քաշված, գրեթե անպետք մի ուժ։ Ուստի եւ ընդհանուր ժողովը պահանջեց փոխարքայից զինաթափ անել սոցիալ-դեմոկրատներին, հեռացնել ասպարեզից բոլոր գաղտնի ռազմական կազմակերպություններին եւ կանոնավոր կյանքի վերականգնումը հանձնել բանակին։

Եվ իր ձեռքն առնելով կարգի փրկության գործը` շտաբը զորաբաժիններ ուղարկեց հայ-թուրքական ընդհարումների շրջանում դիրքեր գրավելու համար, իսկ սոցիալ-դեմոկրատներից սկսեց հետզհետե խլել արքունի հրացանները։ Վերջին օրերին Բորչալուից զինված թուրքական խմբեր էին մտել Թիֆլիս` առանց արգելքի հանդիպելու ճանապարհները պահող զորքերի կողմից։ Կռիվն այս պատճառով սաստկացել էր։ Համազարկերը շարունակ որոտում էին դժբախտ քաղաքամասի վրա, հրդեհված տները գիշերը տարածում էին իրենց չարագուշակ լուսավառությունը։ Առանձին դիրքեր գրաված զորամասերն իրենց իսկ նախաձեռնությամբ հաճախ միանում էին հայկական դիրքերին` գրավված մանավանդ այն առատ ուտելեղեններով, որ թափում էին դաշնակցականների դիրքերի մեջ քաղաքացի հայերը։ Լավ հյուրասիրվելով հայ զինվորների մոտ` կառավարական զորքերը վերջին օրերին շատ հաճախացրին իրենց կրակը թուրքերի դեմ, որոնց դրությունը կատարելապես անտանելի էր դառնում իրենց նեղ ու փոքրիկ տների մեջ։ Զոհերի թիվն էլ այնքան էր մեծանում, որ նրանք, վերջապես, ըմբռնեցին կռվող կողմ դառնալու անմտությունն այդպիսի հանգամանքների մեջ եւ զենքերը ցած դրին։ Թիֆլիսն ազատվեց մի մայրաքաղաքի համար ամոթալի եւ խայտառակ դրությունից։

Բայց մի՞թե բոլորովին անօգուտ էր անցնում Թիֆլիսի հայ-թուրքական պատերազմը ցարական բյուրոկրատիայի համար։ Ո՛չ, ինչո՞ւ պետք է անօգուտ անցներ։ Զբաղեցնելով վրաց սոցիալ-դեմոկրատներին Շեյթան-բազարում խաղաղեցնողների բավական զիզի-բիզի դերով` Վորոնցով-Դաշկովը պատրաստեց գեներալ Ալիխանով-Ավարսկու[195] նվաճողական արշավանքը դեպի արեւմտյան Վրաստան, որ ապստամբել եւ զինաթափ էր արել տեղական ռուս զորքերին` հաստատելով տեղական մանր հանրապետություններ։ Եվ սկսվեց, ճիշտ որ, նվաճում բարբարոսության բոլոր միջոցներով` ջնջելով եւ ոչնչացնելով ամեն ինչ, որ հանդիպում էր ճանապարհին։ Վրաստանը մենակ էր եւ մեկուսացված, նրան կարելի էր ջարդել բոլոր կողմերից։ Ահա՛ հայ-թուրքական կոտորածների պատրաստած մի խոշոր արդյունքը։ Վրաց ինտելիգենցիան եւ հատկապես սոցիալ-դեմոկրատիան նոր միայն տեսավ, թե ինչի համար էր եւ ինչի բերեց կովկասյան ժողովուրդների բաժանումը, որ ցարական քաղաքականության գլխավոր հիմքն էր կազմում տասնյակ տարիներից ի վեր։

Հայ-թուրքական կռիվը Թիֆլիսում, կարծեք, մի քիչ մերձեցում առաջացրեց վրաց սոցիալ-դեմոկրատների (մենշեւիկների) եւ Դաշնակցության միջեւ։ Նրանք համերաշխ էին գործում կռվից հետո Թիֆլիսում դեկտեմբերյան օրերին, երբ հեղափոխությունը կանոնավոր պատերազմ էր մղում կառավարության դեմ գործադուլների եւ տեռորիստական գործողությունների միջոցով։ Բայց համաձայնությունը երկար չտեւեց եւ չէր կարող տեւել, որովհետեւ երկու կազմակերպություններն էլ իրենց էությամբ նացիոնալիստական էին։

Թ

1905-1906թթ. ձմեռն առհասարակ տանջալից էր հեղափոխական երկունքներով բռնված Ռուսաստանի համար։ Տանջալից էր կյանքը նմանապես եւ Թիֆլիսում։ Իսկ հայ-թուրքական կռիվների հրդեհով բռնկված գավառական վայրերի դրությունն անտանելի էր։ Ամեն տեղից գալիս էին հուսահատական ճիչեր։ Շուշին կատարյալ ճգնաժամ էր ապրում։

Ես հիվանդ էի դեկտեմբերի սկզբից, այնպես որ բոլոր հեղափոխական վայրիվերությունները միայն թույլ արձագանքներով էին գալիս հասնում անկողնիս։ Դաշնակցությունն այնքան ուժեղացել էր, այնքան հարստացել, որ այդ ձմեռ հիմք դրեց իր լեգալ մամուլին` հրատարակելով «Յառաջ»[196] անունով թերթը, որ լայն հիմքերի վրա էր դրված եւ այդ պատճառով դրամական առատ միջոցներ էր վատնում։ «Մշակի» եւ նոր թերթի մեջ իսկույն սառնություն սկսվեց, որ շուտով փոխարկվեց թշնամության, թեեւ «Յառաջի» շուրջը խմբվածները, գրեթե առանց բացառության, «Մշակ»-ականներ էին եւ «Մշակի» աշխատակիցներ։ Որոշվում էին նոր դիրքեր։ Երկու թերթերը, մնալով բուրժուական մամուլի առաջավոր գծի վրա, իրար հանդեպ բռնեցին այդ գծի երկու ծայրերը. ձախը պատկանում էր դաշնակցական թերթին, աջը՝ «Մշակին», որի համար թե փառք ու պարծանք, եթե մնացել էր, այդ այն էր, որ նա ռուսահայերի մեջ ամենահին պարբերական թերթն էր։ Ամենահինը լինելը վատ չէր, վատը` հնանալն էր։ Իսկ որ «Մշակը» հնանում էր անողորմ կերպով, այդ բացահայտ էր դարձնում դաշնակցական թերթը, որ անկախ իր կուսակցական հանգամանքից` աչքի էր ընկնում ե՛ւ գրական շնորհքով, ե՛ւ ավելի արմատական գաղափարախոսությամբ, եւ՛, մանավանդ, պայքարի համարձակ թափով, որի պատճառով նա կառավարության կողմից փակման էր ենթարկվում եւ լույս էր տեսնում զանազան անունների տակ։

Հիվանդությանս անկողնի մեջ ես մի քանի բարեփոխություններ մտածեցի «Մշակը» հնար եղածին չափ կենդանացնելու համար։ Առաջարկություններս ուղարկեցի խմբագրություն, բայց այդ միջոցին իմ դեմ զզվելի ինտրիգ սարքվեց, որ ինձ ստիպեց հեռանալ այդ թերթից, որին ես տվել էի իմ բոլոր ուժերը քսան եւ հինգ տարվա ընթացքում։ Պետք է ասեմ, որ խմբագիր Ալեքսանդր Քալանթարը մի չափազանց անուշ մարդ էր, բայց, տարաբախտաբար, անուշ մարդիկ թույլ կամքի տեր են լինում եւ ենթարկվող։ Գրեթե միեւնույնը կարող եմ ասել եւ խմբագրության մյուս անդամի` Հ. Տեր-Մարկոսյանի մասին։ Եվ որովհետեւ ես բացակա էի խմբագրությունից, ուստի, պարարտ հող ստեղծվեց, որ մի յագոյական հոգի կատարյալ հաղթանակ տանի ինձ վրա։ Իսպառ խզեցինք մեր հարաբերությունները։

Մինչ ես այսպիսի անձնական հոգսերով էի զբաղված, Թիֆլիսում տեղի ունեցավ վաղուց սպասված մի հավաքույթ։ Փոխարքա Վորոնցով-Դաշկովի կարգադրությամբ երկրի զանազան կողմերից հայ եւ թուրք ազգաբնակչության կողմից ընտրված ներկայացուցիչներ, թվով 60-62 հոգի, եկան Թիֆլիս, փոխարքայական պալատում նիստեր սկսեցին` խորհրդակցելու համար հայ-թուրքական կռիվների մասին[197]։ Բանալով համագումարը` փոխարքան հայտնեց, թե ինքը շատ է աշխատել դադարեցնել արյունահեղությունն ու ավերմունքը, բայց հաջողություն չի ունեցել, ուստի ահա կանչել է ժողովրդի ընտրյալ եւ գիտակ մարդկանց, որպեսզի նրանք խորհուրդ տան, թե ինչ պետք է անել։ Եվ իբր թե խեղճ ու անճարակ իշխանավորը, հանձնելով համագումարի նախագահությունն իր օգնական, գեներալ Մալամային, ինքը հեռացավ։ Բայց բոլոր նիստերին ներկա էր լինում նրա կինը. շրջապատված պալատական տիկիններով` առանձին տեղ էր գրավում մեծ դահլիճի վերնատանը։ Ներկա էին լինում նաեւ Թիֆլիսում գտնվող բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները` զինվորական թե քաղաքացիական։

Համագումարը կազմված էր բացառապես երկու ազգերի տիրող տարրերից։ Հայերն ուղարկել էին իրենց բուրժուա ինտելիգենցիան, թուրքերը` իրենց կալվածատեր ինտելիգենցիան։ Աշխատավոր ժողովուրդը` արյունահեղ կռիվների իսկական զոհն ու մարտիրոսը, ոչ մի հատիկ ներկայացուցիչ չուներ։ Դաշնակցությունը չէր մասնակցում համագումարին, որին բացասաբար էր վերաբերվում։ Եվ իրավ, դա մի բարձր պաշտոնական, միաժամանակ եւ շատ խղճուկ կատակերգություն էր։ Այս տեսնում էր ամեն մեկը, որ թեկուզ հարեւանցի կերպով ծանոթանում էր համագումարի մեջ տեղի ունեցած խոսակցություններին։

Ամենից բնորոշ եւ նշանակալից էր թուրք պատգամավորների դիրքը։ Հավաքվել էին այնպիսի մոլի պանթուրքիստներ, ինչպիսիք էին Ահմեդ-բեկ Աղաեւը, Ալիմարդան-բեկ Թոփչիբաշեւը[198], դոկտոր [Կարաբեկ] Կարաբեկովը[199] եւ նրանց նման շատ ուրիշները։ Համալսարաններում տարիներով նստած այդ բեկերը չքաշվեցին իրենց ներկայացնելու ամենահետադիմական դիրքերի մեջ։ Նրանք եկել էին այստեղ իբրեւ ռուս բյուրոկրատիայի հլու ծառաներ եւ նրան վերցնում էին իրենց պաշտպանության տակ։ «Ոչ ոք,- ասում էին նրանք,- մեղավոր չէ այդ արյունահեղությունների համար իբրեւ սկզբնապատճառ։ Թուրքերը ոչ մի տեղ նախահարձակ չեն եղել, այլ միայն պաշտպանվել են։ Միակ պատճառը Դաշնակցությունն է, եւ, եթե հայերն ուզում են, որ խաղաղություն եւ հաշտություն լինի, նրանք պիտի ոչնչացնեն Դաշնակցությունը»։ Այստեղ, ահա, պանթուրքիստ բեկերը եւ Նիկոլայի չինովնիկները մի սրտառուչ համաձայնությամբ իրար էին միանում։ Նախագահ Մալաման երկրորդում էր այդ խոսքերը` այո՛, անհրաժեշտ է ոչնչացնել…

Զվարճալին այն էր միայն, որ թուրք բեկերի փորացավն ուրիշ էր, այսպես ասած` Օսմանյան էր, իսկ ռուս բյուրոկրատիան կարծում էր, թե ինքն է միայն նրանց ցավն ու հոգսը օր ու գիշեր։ Եվ ինչպե՞ս չկարծեին խեղճ կառավարիչները, երբ կալվածատեր հռետորները պաշտպանում էին գավառական ռուս չինովնիկներին, որոնք ենթարկված էին դաշնակցականների տեռորին։ «Մի՞թե նրանք մարդիկ չեն»,- հարցնում էին այդ խեղճ գառնուկների պաշտպանները։ Բայց միեւնույն ժամանակ նրանք դառնապես գանգատվում էին, թե մահմեդականները զրկված են իրավունքներից, նրանց մտավոր պահանջների վրա ուշադրություն դարձնող չկա։ Ոչ ոք, իհարկե, չէր ասի, թե դրա պատճառը հայերն էին, ամեն մեկը գիտեր, որ դա հենց բեկական պաշտամունքի առարկա դարձած ցարական բյուրոկրատիան է, որ խտրությունների, անհավասարության, տգիտության եւ այլ այսպիսի անեծքների վրա է հիմնավորում իր բարօրությունը։




Բայց համալսարանական բեկերը մի վայրենի միամտությամբ հայտարարում էին, թե հենց այս պատճառով էլ թուրքերը հարձակվում էին հայերի վրա։ Աղաեւն իրեն հատուկ ցինիկությամբ ասում էր հայերին. «Դուք զարգացած եք, հարուստ եք, առաջադեմ, մենք ձեր անեծքն ենք` երկաթի պես կախված ձեր վզից. դուք պետք է մեզ էլ ձեզ հետ առաջ տանեք։ Դուք կազմակերպություն[200] ունեք, մենք չունենք. կա՛մ մեզ էլ տվեք կազմակերպություն, կա՛մ ահա մենք կսպանենք ձեզ, կքանդենք, կհրդեհենք»[201]։ Եվ ո՛չ նա, ո՛չ ուրիշ հռետորներ երբեք ցույց չտվեցին, թե իսկապես ինչ վնասներ է կրել թուրք ժողովուրդը հայ ժողովրդից, թե կոտորածի, փոխադարձ ինքնաջնջման մեջ իսկապես ինչ կենսական անխուսափելիություն կա[202]։

Այսպիսի անմտություններ էին արտասանվում, որովհետեւ խելոք, համոզիչ բան չունեին ասելու[203]։ Եթե չլիներ ռուս բյուրոկրատիան, չլիներ եւ պանթուրքական համածավալ պրոպագանդան, նայելով այդ խղճուկ ու երեխայական բացատրություններին, պետք կլիներ ասել, թե հայերն ու թուրքերը մի ամբողջ տարի է, իրար կոտորում են առանց պատճառի, սխալմամբ, մի վատ երազի տպավորության տակ, որ այդ բոլոր սարսափները պարզ թյուրիմացություններ են։
Այսպիսի բան, սակայն, աշխարհի երեսին չի կարող լինել։ Ես արդեն վերեւում բացատրեցի։ Սուլթանականությունը եւ ցարականությունը մի հարթակի վրա էին կանգնած. կոտորածների միջոցով տկարացնել հայ ժողովրդին եւ այսպիսով ոչնչացնել հայերի հեղափոխությունը։ Եվ եթե մի րոպե էլ չմոռանանք, որ հայ հեղափոխությունը, լինելով հանդերձ մի ճնշված ժողովրդի արդար դատ[204], հիմնված էր բոլորովին սխալ եւ անիմաստ ըմբռնողության, իլյուզիայի վրա, այն է` Եվրոպան պաշտամունք` ֆետիշական հավատ դարձնելու վրա, այնժամ միանգամայն պարզ կդառնա, որ Կովկասի հայությունն էլ նույն այդ մեծ ստությանը, նույն այդ բազմամյա ցնորքին էր զոհ բերվում։ Ես կարող եմ վկայել, որ հայ-թուրքական կռիվների ամենակատաղի ժամանակ քչերը չէին գտնվում, որոնք ասում էին. «Թող Վեհափառը (կաթողիկոսը) դիմում անե Եվրոպային»։ Դժբախտ ժողովուրդ, դժբախտ պաշտամունք։

Թուրք պատգամավորների հայտարարություններն այն աստիճանի սպառիչ լիակատարությամբ էին պարզում ժողովրդական մեծ դժբախտության ամբողջ բովանդակությունը, որ ես ավելորդ եմ համարում հայ պատգամավորների ճառերին դիմելը։ Թուրքերն իրենց տակտիկային այնքան հավատարիմ մնացին, որ երբ հայերն առաջարկեցին վնասների հատուցման սկզբունքը դնել երկու կռվող ժողովուրդների վրա, նրանք սաստիկ ընդդիմացան այդ մտքին։ Մերժվում էր նաեւ սկզբնապատճառ եղող եւ, առհասարակ, հանցավոր մարդկանց պատժելու առաջարկը։ Բայց դրա փոխարեն թուրքերը նորից եւ նորից պահանջ էին մտցնում, որ հայերը ոչնչացնեն իրենց Դաշնակցությունը։ Ի պաշտպանություն Դաշնակցության մի ճառ արտասանեց պատգամավոր Ալեքսանդր Խատիսյանը[205], որն այն ժամանակ այդ կուսակցության անդամ չէր, բայց երեւի զգում էր, որ մի ժամանակ պիտի դառնա նրա շեֆը։ Դա, ինչպես վկայում էին լրագրերը, մի շատ ազդու եւ տաղանդավոր ճառ էր, որ նվաճեց ամենքին, նույնիսկ եւ թուրք պատգամավորներին։ Ասել էին, թե Դաշնակցությունը չարությամբ ու թշնամությամբ է լցված դեպի մյուս ազգությունները։ Խատիսյանը հերքել էր այդ մեղադրանքը` բերելով մի կտոր Դաշնակցության նոր ծրագրից, որի մեջ պահանջվում էր Կովկասի համար ֆեդերատիվ կազմակերպություն` ռուսական սահմանադրական պետության մեջ։

Սա, սակայն, չէր փոփոխում Դաշնակցության հիմնական բնավորությունը։ Թուրքերը լավ էին հասկանում, որ իրենց համար Դաշնակցության հարցը Թուրքիայի հարցն է։ Իսկ ռուս բյուրոկրատիան տեսնում էր իր առջեւ բացարձակ հակապետական, ցարիզմի թշնամի մի կազմակերպություն։ Ինձ մի լավատեղյակ աղբյուրից այն ժամանակ հաղորդեցին, որ Կովկասյան զինվորական շտաբի ընդհանուր ժողովին բավական մտահոգություն էր պատճառել Դաշնակցության հանրապետական դավանանքը։ Վրացական սոցիալ-դեմոկրատիան համարվում էր թույլ եւ նրա հետ հեշտ կարելի էր հաշիվ տեսնել։ Մինչդեռ Դաշնակցությունն ուներ ուժեղ զինվորական կազմակերպություն։ Յոթ հազար զինվորի առասպելը դեռ ապրում էր շտաբային շրջանակներում։ Եվ այդտեղ տրամադրություն էր ստեղծվում բանակցություններ սկսելու Դաշնակցության հետ` որոշ համաձայնության հանգելու համար։ Մի հայ սպայի հանձնարարված էր նախապես հող պատրաստել։ Շտաբը համաձայն էր ընդունել Դաշնակցության ծրագիրը, եթե նրա միջից հանվեր «հանրապետությունը»։ Ես հաստատ գիտեմ, որ այս ուղղությամբ բանակցություններ սկսվեցին, բայց չգիտեմ, թե ինչով դրանք վերջացան։

Հայ-թուրքական համագումարը վերջացավ 8-9 օր նիստեր գումարելուց եւ վիճելուց հետո։ Պատգամավորների համար կոչունք սարքվեց պալատում, Թիֆլիսի նահանգապետը նրանց ճաշ տվեց։ Կարծես թե ահագին գործ էր կատարել համագումարը, եւ հայ-թուրքական առեղծվածը լուծված էր լավագույն կերպով ու ընդմիշտ։ Մինչդեռ նա, եթե մի դրական նշանակություն ունեցել էր, դա այն էր միայն, որ բաց էր արել հասարակության առջեւ մի տարի տեւող արյունահեղության ամբողջ մղձավանջային բովանդակությունը։ Համագումարը գործողության մի ծրագիր մշակեց եւ տվեց կառավարությանը։ Բայց այդ ծրագրի մեջ շատ քիչ բան կար օրվա պահանջին համապատասխանող։ Հրդեհն անմիջապես հանգցնելու, տառապող աշխատավոր զանգվածներին հանգստություն, աշխատանքի հնարավորություն ապահովելու ոչ մի իրական միջոց։ Այս մասին կարելի է պատկերացում կազմել հենց այն բանից, որ թուրք պատգամավորները ընդհանուր եւ ձրի ուսման պահանջն էին մտցնում, կարծես այդ գործը կապ ուներ հայ-թուրքական կռիվների հետ։

Համագումարը փակելիս կոմս Վորոնցով-Դաշկովն իր ճառի մեջ հայտարարեց, թե ինքը չստացավ համագումարից այն, ինչ պահանջել էր նրանից, այսինքն` պարզ ցուցումներ, թե ինչ անել։ Ուստի մնում է, որ ինքը շարունակի գործել։ «Թագավոր կայսրը,- ասաց նա,- կամենում է, որ դադարեցվեն հայ-թուրքական կռիվները, եւ դրանք կդադարեցվեն»։
Բայց սա մի նոր բարձր պաշտոնական սուտ էր։ Հայ-թուրքական ընդհարումները շարունակվեցին այնուհետեւ վեց ամսից ավել։ Իսկ ռուս բյուրոկրատիայի ձեռնարկած նոր միջոցն այն էր, որ պատժիչ արշավախումբ ուղարկվեց Ղարաբաղի Վարանդա գավառը` բացառապես հայերին պատժելու համար։ Թե ինչու էին միայն հայերը պատիժ կրում, իսկ մյուս թշնամի կողմը բոլորովին հանգիստ էր թողնվում, սա ցարական չինովնիկների մեկ այլ գաղտնիքն էր։ Ընդհարումները վերջանալուց հետո` անգամ դատաստանական գործեր սկսվեցին դարձյալ միայն հայերի դեմ, որոնցից շատերը Սիբիր աքսորվեցին, մինչդեռ թուրքերն ազատ մնացին պատիժներից։ Գաղտնիքը շատ հեշտ է բացվում։

Պատժիչ արշավախումբը մի նոր աղետ դարձավ Վարանդայի համար։ Ցարի «երիտասարդ եր»[206] զորքերը գազանություն չթողեցին, որ չկատարեն հայ գյուղերում։ Կողոպուտը, էկզեկուցիան[207], տուգանքները, ծեծերը, նույնիսկ պառավ կանանց բռնաբարումը սովորական բաներ էին այդ «քրիստոսասերների» համար։ Այս դժբախտությունները կատարվում էին հայ-թուրքական համագումարից անմիջապես հետո։ Ահա մի կտոր այն հեռագրից, որ Շուշիի կանայք ուղարկեցին Նիկոլայ Բ-ի կնոջը։

«Մի ամբողջ տարվա հայ-թուրքական կոտորածի արյունահեղ սարսափներից հետո մեզ` հայերիս վրա պայթեց մի նոր եւ ավելի ահեղ արհավիրք, որի նմանը մեր պատմությունը չի հիշում նույնիսկ մահմեդական տիրապետության ժամանակներից։ Մեր գավառն է ուղարկված կազակների թռուցիկ խումբը, իբրեւ թե հայերին եւ թուրքերին խաղաղեցնելու եւ նրանց մեջ կարգը եւ հանգստությունը վերականգնելու համար։ Այս զորախուբը, որի հրամանատարն է փոխգնդապետ Վիվերինը եւ որի գործողությունները ղեկավարում են գավառապետ Ֆրեյլիխը եւ հաշտարար միջնորդ Երմոլաեւը, գավառի խաղաղ հայ ազգաբնակչության վրա այնպիսի սարսափելի բաներ է գործադրում, որոնց նկարագրելը մարդու երակների մեջ արյուն է սառեցնում։ Զինաթափ անելու պատրվակով կազակները մտնում են անպաշտպան ազգաբնակչության տները, կողոպտում են բոլոր արժեքավոր իրերը, ոչնչացնում եւ անպետք դարձնում ժողովրդի վերջին ստացվածքը, թափում են հացահատիկների ամբողջ պաշարը ցեխի մեջ եւ հենց այստեղ էլ ոտնահարում, տրորում են։

Գյուղացիներին գանակոծում են եւ ենթարկում ամենասոսկալի տանջանքների, որոնց պատճառով մահվան դեպքերը հազվագյուտ չեն, եւ կատարում են այնպիսի շատ ուրիշ բաներ, որպիսիները չեն կատարվել նույնիսկ թշնամու երկրում։ Եվ ահա դեռեւս թուրքերի ձեռքով հրդեհված գյուղերի եւ քաղաքների մխացող ավերակների առաջ երեւում են նոր ավերակներ՝ կազակների ձեռքով կատարված, եւ թուրքերի ձեռքից ընկած զոհերի դեռեւս թարմ գերեզմաններին կից ավելանում են նորերը` կազակների շնորհիվ։ Եվ այդ բոլորը կատարվում է նրանց հրամանատարների ներկայությամբ։ Բայց որ ամենասարսափելին է եւ, որ կարող է խորապես վրդովեցնել ամեն մի կնոջ, դա այն է, որ պղծվում է ամեն մի կնոջ համար ամենանվիրական սրբությունը` նրա կուսությունը։ Իրենց ամուսինների, եղբայրների եւ հայրերի աչքի առաջ բռնաբարվում են կանայք, քույրերը եւ աղջիկները, սկսած 60 տարեկան պառավներից մինչեւ 11 տարեկան աղջիկները։ Չեն խնայում անգամ երկունքով բռնված կանանց անկողինները»[208]։

Այս բոլորը իսկապես սարսափելի է, բայց եզակի եւ անօրինակ չէր 1905-ի համառուսական իրականության մեջ, երբ արյունարբու ցարիզմը մահվան վերջին տագնապի մեջ կռվում էր հեղափոխության դեմ պատժիչ արշավանքների միջոցով. Մերձբալթյան նահանգները, Ռյազանի երկաթուղին դեռ ավելի վատ օրեր են տեսել։ Եվ Ղարաբաղի խժդժություններն այնքան զարմանալի չէին, որքան զարմանալի է այն հանգամանքը, որ Վորոնցով-Դաշկովը` այն մարդը, որի պաշտոնյաներն էին կատարում այդ վայրագությունները մարտիրոս հայ գեղջկուհիների վրա, համարվում էր հայասեր, հայերին հովանավորող։ Այսպես էին համոզված մանավանդ վրաց կալվածատիրական նացիոնալիստական շրջանակները, եւ այս մասին նրանք սուր անբավականություն էին հայտնում նույնիսկ իրենց մամուլի մեջ։

Լավ հիշում եմ, որ մի անգամ, երբ Վորոնցով-Դաշկովի հիվանդությունը սաստկացել էր, եւ հայերը եկեղեցական մաղթանքներ էին կատարում նրա արեւշատության համար, վրացիները չարախնդությամբ ասում էին նրանց. «Հը՞, ինչ է, ձեր թագավորը մեռնո՞ւմ է, հա՞»։ Այսպես էր եւ մյուս ազգությունների վերաբերմունքը։ Եվ այս հողի վրա էլ էր ատելություն աճում հայերի դեմ։ «Ինչո՞ւ,- ասում էին ամենքը,- հայերն առաջինը լինեն մեր երկրում, հովանավորվածի, արտոնվածի դրություն վայելեն»։ Մինչդեռ իրողությունն ահա` Ղարաբաղի 60-ամյա պառավները` բռնաբարված կազակների ձեռքով։ Հետագայում մենք պիտի տեսնենք վորոնցովդաշկովյան այնպիսի «բարերարություններ», որոնց առաջ միանգամայն պիտի նսեմանան ու գունատվեն Վարանդայի գազանությունները։ Եվ, այնուամենայնիվ, «հայոց թագավոր» էր Վորոնցով-Դաշկովը մինչեւ Կովկասից հեռանալը։

Այս ի՞նչ առեղծված էր։ Այն պետք է այստեղ պարզել, որքան որ հնարավոր է։
Իշխան Գոլիցինը հայության անհաշտ թշնամին էր եւ իր այս գիծը տանում էր բացահայտ, ամենքի համար պարզ քաղաքականությամբ։ Կասկածի որեւէ տեղիք չէր մնում, սխալվել կամ մոլորվել չէր կարելի։ Մարդը կանգնած էր բաց դեմքով, իր ամբողջ հասակով եւ հարվածներ էր տալիս։ Վորոնցով-Դաշկովի քաղաքականությունն այդպես չէր, այլ վարագուրված, մշուշապատ եւ հետեւաբար` դավաճանական, գաղտնի թակարդներով լցված։ Այս երկու դիրքերի համեմատությունը հարկադրում է ասել բացարձակորեն, որ Գոլիցինն իր բաց ու պարզ թշնամական քաղաքականությամբ պակաս վնասակար եղավ հայության համար, քան Վորոնցով-Դաշկովն իր «հայասիրությամբ»։ Այս հայասիրական քաղաքականությունը կերտելու եւ հյուսելու մեջ մեծ դեր էր կատարում կոմսուհի Վորոնցովա-Դաշկովան` փոխարքայի կինը։ Սա մեկն էր այն կանացի բնավորություններից, որոնք կառավարում են աննկատելի կերպով, մատների վրա ամբողջ աշխարհներ են խաղացնում։

Իր քաղաքական ժանյակը հյուսելու համար կոմսուհին հենք դարձրեց Թիֆլիսի փոխարքայական պալատում մեկ դարից ավել բույն դրած էտիկետի հիմնական հեղաշրջումը։ Մինչեւ նրա գալը Կովկասի կառավարչապետերին եւ փոխարքաներին պալատում շրջապատում էր առավելապես վրաց ազնվականությունը։ Հայ ազնվականությունը չափազանց աննշան թիվ էր կազմում, այն էլ` գրեթե բացառապես Թիֆլիսի նահանգին էր պատկանում, հետեւապես կազմում էր նույն վրացական ազնվականության մի մասնիկը միայն, որի ներկայությունը, գրեթե, միանգամայն աննկատելի էր։ Այնպես որ, սովորական խոսք ու իրողություն էր, որ հայը մուտք չունի փոխարքայական պալատի մեջ` իբրեւ նրան ընտանի մի տարր։ Հայը խանութպան, կապալառու, վաճառական, սա հասկանալի էր, բնական. բայց որտե՞ղ էր տեսնված, որ այդպիսի զբաղմունքներից մթնոլորտ կազմվի որեւէ հրամայող պալատի համար։ Նույնիսկ վարչական բարձր պաշտոններ գրավող հայերի թիվը չափազանց աննշան էր։ Այնպես որ, Գոլովինսկի պրոսպեկտի վրա բարձրացած պալատն, ընդհանրապես, մի փակված բերդ էր հայերի համար։

Կոմսուհի Վորոնցովա-Դաշկովան բաց է անում այդ բերդի դռները, եւ նրա կախարդական կամարների տակ երեւան են գալիս նոր տեսակի «ընտրյալներ»` հայերը։ Իհարկե դրանք իշխաններ կամ կոմսեր չեն, այլ ավելի շուտ գյուղական քյոխվաների կամ գործակալ քահանաների որդիք, ովքեր կա՛մ հոգեւորականներ են, կա՛մ մտավորական պարապմունքի տեր մարդիկ։ Մերձեցումն սկսվեց հոգեւորականներից։ Եվ միջնորդն է մի սիրիացի` Մծբնա Հայրապետ Հակոբը[209], որ թեեւ 1500 տարի առաջ է մեռել, բայց այնքան պինդ ոսկորներ է ունեցել, որ նրանցից մի կտորն այսօր էլ գտնվում է Թիֆլիսի վանքի Մայր եկեղեցում` իբրեւ մասունք։ Կոմսուհի Վորոնցովա-Դաշկովան իրեն վաղուց գրել էր Մծբնա Հայրապետի հոգեւոր դուստրը եւ հաճախ գնում էր ոսկորի կտորը համբուրելու վանքի եկեղեցում։ Այսպիսով ահա, Թիֆլիսի հայոց առաջնորդարանը մոտեցավ պալատին, եւ առաջնորդ Սաթունյան արքեպիսկոպոսը, թեկուզ ռուսերեն խոսել չգիտեր, պալատում դարձավ свой человек[210]։

Բայց կարեւոր է իմանալ նաեւ, որ Մծբնա Հակոբ Հայրապետի մասունքների մի բաժինն էլ Էջմիածնում էր գտնվում։ Եվ… ահա բոլորվում է հայ ժողովրդի ճակատագիրը։ Էջմիածնի վանքն էլ դառնում է փոխարքայական պալատի մտերիմը, ինչպես մի ժամանակ` իշխան Վորոնցովի[211] փոխարքայության օրոք։ Տարբերությունն այն էր, որ այն ժամանակ Ամենայն Հայոց կաթողիկոսն էր (Ներսես Ե) պալատի մտերիմը, իսկ այժմ նույն դերի մեջ էր մի պարզ վարդապետ` Մեսրոպ Տեր-Մովսեսյանը[212]։ Այս մարդուն ես ճանաչում եմ դեռ աշխարհական ժամանակից, երբ նա ուսանող էր, եւ ճանաչում եմ իբրեւ ազնիվ, անշահամոլ, շիտակ, մանավանդ շիտակ, ինչպես ասում են մեզ մոտ՝ «դուզյախոս» եւ կողքով[213] մարդու։ Գործելու եռանդով լցված` նա որոնում էր գործունեության փոքրիշատե ազատ ասպարեզ եւ, ինչպես շատերն այն ժամանակ, բռնեց բոլորովին սխալ ճանապարհ` փարաջա հագավ։ Իսկ փարաջան բազմաթիվ այլ պակասությունների հետ ունի մի խոշոր, կարելի է ասել ամենակուլ վատություն` փառասիրություն։ Ռամկավարական սկզբունքներով տոգորված Մեսրոպը վերջիվերջո չկարողացավ դիմադրել փարաջայի այդ հատկությանը եւ սկսեց տոգորվել նրանով։ Ահա եւ մի պարզ բացատրություն, թե ինչու նա այնքան հափշտակվեց Վորոնցով-Դաշկովի պալատով եւ սկսեց ծառայել երկու տերերի` գիտության եւ պաշտոնավարական գործունեության, երկուսին էլ վատ ծառայելու պայմանով։

Պատահականությո՞ւն էր, կույր բա՞խտ էր, որ Մեսրոպ վարդապետն էր արժանանում կոմսուհու համակրանքին, չգիտեմ։ Գիտեմ միայն, որ նրա կարգակիցներից մի քանիսը, նույնպես շենքով-շնորհքով, գիտուն մարդիկ, շատ են աշխատել նույնպես արժանանալ, բայց չեն կարողացել։ Առհասարակ Էջմիածնում կոմսուհուն իրենց մարդն էին համարում, անվանում էին նրան тетенька[214]։ Ես ինքս տեսել եմ իմ տանը, հայելու առաջ կապիկի կծկումներ անող եւ ինձանից մուրացած ռուսերեն բառերը անգիր անող մի վարդապետի, որ հագուստեղենի խանութից վարձու վերցրեց մի մեծագին մուշտակ, հագավ, գնաց պալատ` կոմսի կամ կոմսուհու մոտ շնորհ գտնելու ակնկալությամբ, բայց, իհարկե, ապարդյուն։

Եվ այսպես, ուրեմն, կազմվեց հայերի մեջ «պալատականների» շրջան եւ կազմվեց ընտրությամբ, խիստ խտրականությամբ։ Պալատականներն, իհարկե, խիստ շողոքորթված էին։ Ես նրանց շրջանում լսել եմ այսպիսի խոսքեր. «Սիրելի բարեկամ, բարեւ, ասացեք` ի՞նչ լուրեր ունիք պալատից»։ Կամ թե` «Ասացեք պալատում, որ ես այստեղ երկար սպասել չեմ կարող, եթե գալու են, թող շուտ գան» (հարցը վերաբերում էր Վորոնցով-Դաշկովների մի ճանապարհորդության)։ Համաձայնեք, որ այսպիսի պայմանների մեջ ընկած պարզ մարդկանց գլուխներն իրենք իրենց պտույտ կգան։ Եվ ես միշտ տեսա այդ գլուխները պտույտ գալիս։

Պալատականների շրջանը մեծ չէր, շատ փոքր էր, իսկ ամենից շատ աչքի ընկնողները երեք-չորս հոգուց ավելի չէին։ Ես արդեն տվեցի մի անուն։ Նրան կավելացնեմ Ալեքսանդր Խատիսյանի եւ Սամսոն Հարությունյանի[215] անունները։ Առաջինը քաղաքային վարչության անդամ էր, հետո եւ քաղաքագլուխ։ Երկրորդը Բարեգործական ընկերության նախագահն էր եւ անուն էր վաստակել իր եռանդուն կազմակերպչական կարողությամբ, որի շնորհիվ մի խոշոր հասարակական-մշակութային հիմնարկություն էր դարձել Բարեգործական ընկերությունը։ Վերջում նա շեղվեց գործունեության այդ շատ օգտակար եղանակից եւ մտավ քաղաքական գործունեության ասպարեզ, ուր եւ, ինչպես ասում են, կոտրեց իր ոտը։

Այս էր, ահա, այդ երեւույթը` հինգ-վեց մարդկանց մուտքը պալատ, որ դարձնում էր Վորոնցով-Դաշկովին «հայասեր», «հայոց թագավոր»։ Բայց հայ ժողովուրդը ոչինչ հիմք չուներ օտար դիտողների մոլորության մեջ ընկնելու։ Նա շատ բարեբախտ կլիներ, եթե չունենար պալատական ֆավորիտների շրջան, որ միայն հարեւանների նախանձն ու ատելությունն էր գրգռում, քնացնում էր հասարակական գիտակցությունը եւ, որ ամենից չարն էր, կարող էր ամեն րոպե գործիք դառնալ ցարական բյուրոկրատիայի ձեռքին։

Ժ

1906թ. ամռանն էլ ես բժշկվում էի Էսենտուկիում եւ տեսա, թե որպիսի արագությամբ Ստոլիպինի[216] կառավարությունը ճնշեց այն ցույցերը, որոնք իբրեւ բողոքի արտահայտություններ սկսել էին կազմակերպվել առաջին Պետական դումայի արձակման առիթով։ Բայց մինչ Ռուսաստանը դեռ չվայելած` բարձրացող ռեակցիային զոհ էր տալիս իր անդրանիկ ներկայացուցչական հիմնարկությունը, հայերի մեջ նոր ծայր էր առնում մի ներկայացուցչական կատակերգություն, որ ամբողջովին Դաշնակցության գործն էր։

Հայտնի է, որ 1860-ականին թուրքահայերն ունեցան իրենց Սահմանադրությունը[217]։ Երկու խոսքով եթե բնորոշելու լինենք այդ խոշոր հասարակական շարժումը, կստանանք «Սահմանադրական պատրիարքություն» հասկացողությունը։ Կ.Պոլսի հայոց պատրիարքի իշխանությունը մինչեւ այդ միահեծան էր, այնուհետեւ դարձավ սահմանափակված։ Եվ սահմանափակողը ժողովրդական ներկայացուցչությունն էր, որ իր ձեռքն էր առնում պատրիարքի բոլոր վարչական իրավունքները, իսկ նրան տալիս էր գործադիր իշխանության նախագահի դեր։ Այժմ նույնպիսի սահմանափակման ուզում էին ենթարկել կաթողիկոսական իշխանությունը եւ սրա համար կանչում էին հիմնադիր ժողով, որ պիտի գումարվեր Էջմիածնում, օգոստոս ամսի երկրորդ կեսին։ Խրիմյան կաթողիկոսը, որ զառամությունից արդեն գրեթե մի կենդանի դիակ էր, ստորագրել էր Սիրական Տիգրանյանի եւ Գալուստ Տեր-Մկրտչյանի կազմած կոնդակը, որով ընտրություններ էին նշանակվում քառանդամ սիստեմով, եւ ընտրության իրավունք տրվում էր նաեւ իգական սեռին։

Էսենտուկի էր եկել նաեւ Մեսրոպ վարդապետը, որին նոր էր հանձնվել ճեմարանի տեսուչի պաշտոնը։ Նա նկատի առնելով, որ ես բոլորովին թողել եմ «Մշակի» խմբագրությունը, առաջարկեց ինձ հայոց նոր պատմության եւ նոր գրականության պատմության դասեր ճեմարանի լսարանական բաժնում, եւ ես, առանց երկար տատանվելու, հանձն առա, որովհետեւ ապրուստի ուրիշ ոչ մի միջոց չունեի։ Այս մի մեծ փոփոխություն էր կյանքիս մեջ, որովհետեւ երբեք ուսուցչություն չէի արել եւ չգիտեի` արդեն շատ խախտված առողջությունս պիտի թույլ տա՞ արդյոք դպրոցական պաշտոնյա լինել։

Շուտով լուր առա եւ այն մասին, որ Կարսի մոտ եղած մի գյուղից ես ընտրված եմ Էջմիածնի սահմանադիր ժողովի պատգամավոր, ուստի սովորական ժամանակից առաջ ճանապարհվեցի Ղարաքիլիսա, ուր գտնվում էր ընտանիքս։ Այստեղից ես մի ճանապարհորդություն կատարեցի դեպի Անի եւ հարավային Շիրակ, որ ինձանից մոտ երկու շաբաթ ժամանակ խլեց։ Այս միջոցին արդեն բացվել էր, այն էլ շատ աղմուկով, Էջմիածնի հիմնադիր ժողովը։ Պատգամավորների ճնշող մեծամասնությունը դաշնակցականներից էր բաղկացած, որ եւ տվել էր ժողովին բացառապես սոցիալիստական գույն եւ, այս ուղղությամբ վարելով իր զբաղմունքները, ընդհարվել բուրժուական-պահպանողական փոքրամասնության հետ, որ թողել էր ժողովը` հրաժարվելով մասնակցության ամեն մտքից։

Օգոստոսը մոտենում էր իր վերջին, երբ ես ընտանիքով գնացի Էջմիածին։ Այստեղ ես ճեմարանի ննջարանում զետեղված տեսա մի ամբողջ պառլամենտ` վերին աստիճանի աղքատ ու անհրապույր արդուզարդի մեջ։ Նույնիսկ հասարակ աթոռներ եւ նստարաններ չկային, եւ պատգամավորները նստում էին հին ու ճռճռան տաբուրետների վրա։ Բայց նախագահությունը համեմատաբար ավելի օրինավոր սարք ու կարգի մեջ էր։ Կարմիր մահուդով ծածկված սեղանի ետեւում նստած էր նախագահ Սիմոն Զավարյանն իր երկու օգնականների ընկերակցությամբ եւ ղեկավարում էր վիճաբանությունները։ Ինչպես վայել է փոքրիշատե կարգին պառլամենտին, սենյակում շարված տաբուրետները բաժանված էին երկու մասի` ձախ եւ աջ։ Աջն արդեն գրեթե բոլորովին ամայացած էր, եւ դաշնակցական ձախը մնացել էր առանց ընդդիմադիր հոսանքի, առանց օպոզիցիայի։ Ես տեղավորվեցի աջի ամայության մեջ եւ, գրեթե առանց մասնակցություն ունենալու վիճաբանությունների մեջ, լուռ ուսումնասիրում էի այս դաշնակցական ձեռնարկումը, որ աղմուկ շատ էր հանել եւ տակավին շարունակում էր հանել։

Թուրքահայերի Սահմանադրությունը, բարենորոգելով հին միանձնյա գործավարությունը, նոր սահմանած կարգերի հիմք եւ կենտրոն թողել էր եկեղեցուն, որ դարձյալ իրավատեր եւ հրամայող հիմնարկություն էր մնում։ Այդ հիմնարկությունն ավելի եւս ուժեղացնելու համար Սահմանադրությունը թույլ էր տվել նույնիսկ կաստայական սկզբունքի կիրառում։ Հոգեւորականները բացի նրանից, որ իրավունք ունեին ընդհանուր հիմունքներով մասնակցելու ընտրություններին, այսինքն` ընտրելու եւ ընտրված լինելու, կազմում էին եկեղեցական համագումար, որ ընտրում էր Կրոնական ժողով՝ Ազգային Ժողովի կողմից ընտրված Քաղաքական ժողովի հետ գործադիր իշխանություն կազմելու համար։ Ինքն Ազգային ժողովն էլ իր գործունեության մեծագույն մասը նվիրում էր զուտ եկեղեցական հարցերի` կաթողիկոսների, պատրիարքների, առաջնորդների ընտրությանը։

Այսպես, ուրեմն, Կ.Պոլսի Սահմանադրությունը միանգամայն հասկանալի էր, ուներ իր կատարյալ raison d’ etre-ն[218]։ Մինչդեռ Էջմիածնում… նորաթուխ դաշնակցական սոցիալիստները մի հին վանքում, եպիսկոպոսների եւ վարդապետների հովանավորությամբ ու ղեկավարությամբ, ուզում էին իրականացնել սոցիալիստական դրախտ։ Ահա՛ ինչն էր ծաղրական դարձնում այդ ամբողջ ձեռնարկումը։ Սոցիալիզմն իրեն անհաշտ թշնամի էր ընդունում կրոնն ու եկեղեցականությունը, իսկ դաշնակցականներն ուզում էին այն տանել պատվաստել այդ թշնամի միջավայրում, դնել այն եկեղեցու հովանավորության տակ։ Դեռ երբեք, կարծեմ, այսքան կոպիտ կերպով աղավաղված չի եղել սոցիալիզմի էությունը, նրա սրբություն սրբոցը։ Վիճաբանությունների մեջ իրար էին բախվում (հաճախ բավական սուր կերպով) Դաշնակցության ձախ կամ երիտասարդ եւ աջ թեւերը։ Երիտասարդների ներկայացուցիչն էր ուսանող Արտաշես Չիլինգարյանը[219], որ ժողովներում (բայց մանավանդ ժողովներից դուրս) մտրակում էր հոգով-մարմնով ազգային, կարելի է նույնիսկ ասել` ուղղափառ-լուսավորչական կուսակցությանը` դեպի ձախ, դեպի սոցիալիզմ[220]։ Ինքը` Չիլինգարյանը, հարած էր ԷսԷռության եւ շարունակ սպառնում էր, թե կմտնի ԷսԷռների կուսակցության մեջ, եթե Դաշնակցությունը կարգի չգա։ «Ի՞նչ կասեն ԷսԷռները… Ամոթ չէ՞, որ լինելով սոցիալիստ` եկել մտնել եք այս վանքի փեշերի տակ»,- ասում էր նա շարունակ, եւ նրա խոսքը կրակոտ էր, ազդու, իսկապես հարկադրում էր, որ դաշնակցական ծանր մարմինը ժաժ գա…

Եվ ժաժ էր գալիս այդ մարմինը ոչ միայն այն ուղղությամբ, որ ցույց էր տալիս Արտաշես Չիլինգարյանը իր` գրեթե վախ ազդող հարցով՝ «Ի՞նչ կասեն ԷսԷռները»։ Բարձրանում եւ ահեղ կերպարանք էր առնում նաեւ հակառակ ուղղությունը, որ գալիս էր ցույց տալու, թե Դաշնակցությունն այլեւս մի կուսակցություն չէ, այլ տարամերժ տարրերի մի արհեստական համախմբում։

Էջմիածին հասած օրը ես չկարողացա սենյակ գտնել ընտանիքիս համար, ուստի իջա հյուրանոցում, որ գտնվում էր ճեմարանի ետեւում։ Այդ «հյուրանոց» հորջորջվածն իրականում մի գինետուն էր, որի ետեւում, պատշգամբի վրա վարձու տրվելիք երկու թե երեք սենյակ կար։ Նույն օրը երեկոյան, երբ մենք պատրաստվում էինք քնելու, ծառան ինձ հայտնեց, թե դրսում ինձ հարցնող կա։ Դուրս եկա։ Առջեւս կանգնած էին երկու անծանոթ մարդիկ, որոնք ինձ խնդրեցին անց կացնել իրենց հետ մի կես ժամ։ Նստեցինք պատշգամբում։ Անծանոթները խորոված պատվիրեցին ծառային։ Նրանցից մեկը, որ ասաց, թե ինքը ղազախեցի Շխալին է, կոպիտ ու անտաշ ձեւերով մի մարդ էր, երեւի բոլորովին անգրագետ։ Ես թեեւ չէի տեսել նրան, բայց գիտեի, որ բավական հայտնի մի հայդուկ էր, որ անուն էր հանել մանավանդ հայ-թուրքական կռիվների մեջ Ղազախում։ Նրա ընկերը խմբապետ Միհրանն[221] էր` թուրքահայ, ավելի մեղմ ու կիրթ ձեւերով եւ բավականին կարդացած։ Թուրքահայ խմբապետների մեջ պատվավոր տեղ էր գրավում, փառաբանված էր, որովհետեւ զինված խումբ էր տարել Թուրքիա, բայց հենց սահմանի վրա` Մոսուն գյուղում կռվի էր բռնվել օսմանյան մի զորամասի հետ եւ քաջությամբ կռվելով` հետ քաշվել դեպի ռուսական սահմանը։

Շխալին ձկան լռության մատնվեց, իսկ Միհրանը բաց արավ իմ առջեւ մի ամբողջ ծրագիր։ Երկուսով եկել էին այստեղ` հիմնադիր ժողովը ցրելու եւ զինվորական դիկտատուրա հաստատելու համար, որ պիտի դատի ենթարկեր ժողովի բոլոր դաշնակցական անդամներին։ «Որովհետեւ,- ասում էր,- նրանք հանդգնել են ոտքի տակ տալ կուսակցության բուն եւ միակ իսկական նպատակը։ Դաշնակցությունը հիմնված է ոչ թե սոցիալիզմի համար, այլ թուրքահայերի դատը պաշտպանելու համար։ Եթե ես նրա շարքերի մեջ եմ, ապա պարզապես այն պատճառով, որ ուխտել եմ վրեժ հանել թուրքերից, որոնք սպանել են իմ քույրերին եւ եղբայրներին։ Այսպես է եւ ամեն մի ուրիշ թուրքահայ։ Մենք սոցիալիզմից ոչ մի հասկացողություն չունենք, նահապետական ժողովուրդ ենք եւ որոնում ենք գլուխ դնելու մի ապահով տեղ։ Մեր ի՞նչն է սոցիալիզմը, ինչո՞ւ համար պիտի կռվենք եւ թշնամանանք Ռուսաստանի հետ, որ մեր դատը պաշտպանողներից մեկը պիտի լինի»։

Ահա թե ուր էր հասել բանը։ Միհրանն իր ընկերոջ հետ հենց այդ օրն էր եկել Թիֆլիսից եւ ինձ բավական առիթներ տվեց կռահելու, որ նրան շատ բան ներշնչել էր Թիֆլիսի բուրժուազիան։ «Մշակի» խմբագրատանը նրանց երկուսին ընդունել են հաճությամբ։ Ժողով են կազմել եւ Թիֆլիսի հարուստները (տվեց [Ալեքսանդր] Մելիք-Ազարյանի[222] անունը), խոստացել էին դրամական առատ նպաստ։ «Մշակի» մեջ Միհրանն արդեն տպագրել էր մի քանի հոդված։ Մի մեծ հոդված էլ շարված էր եւ պիտի լույս տեսներ մյուս օրը, բայց խմբագրությունն այնքան ուշադիր էր եղել դեպի իր նոր աշխատակիցը, որ նրա ձեռքն էր տվել սրբագրական փորձի թերթը[223]։ Վերջում մի քանի խոսք էլ Շխալին ավելացրեց, եւ ես այդ խոսքերի մեջ պարզ տեսա կռիվը արհեստ դարձրած մի մարդու, որին սպառնում է գործազրկությունը։ Հայ-թուրքական կռիվները դեռ շարունակվում էին այն միջոցին էլ, երբ Դաշնակցությունը քափ ու քրտինք էր թափում վեղարավոր սոցիալիզմ ստեղծելու համար։ Բայց ի՞նչ կլինի, եթե այդ սոցիալիզմն իրականանա եւ հայդուկությունն ավելորդ դառնա։ Շխալին թույլ չի տա, որ կռվող մարդիկ մնան առանց պարապմունքի եւ մանավանդ առանց ռոճիկի եւ հասույթի։

Այսպես գլուխ էր բարձրացնում միհրանականությունը, որ գալիս էր հարվածելու Դաշնակցությանն աջից եւ որ ահագին գլխացավանք էր բերում նրան, մասնավորապես ներկուսակցական արյունահեղություն։ Ինչպես տեսնում եք, այդ մի բարդ երեւույթ էր, որի մեջ իրար գալիս-հանդիպում էին զանազան տեսակի անձնական, կուսակցական եւ դասակարգային շահեր։ Թեեւ Միհրանն ինձ շարունակում էր հավատացնել, թե իր ծրագրած զինվորական դիկտատուրան լոկ գաղափարական շարժառիթներ ունի, բայց ես հավատացած էի, որ այդ շարժառիթները գործի չէին փոխվի, եթե Թիֆլիսի հայ հարուստները չխոստանային քաջ խմբապետի ձեռքում համրել 20-25 հազար ռուբլի, եւ եթե Շխալին համոզված չլիներ, թե հենց այդ հազարներն էլ կգան դրականապես լուծելու իրեն անհանգստացնող առեղծվածը, այն է` թե ինչպես պետք է գոյություն պահպանել ֆիդայական արհեստի վերացումից հետո։

Զինվորական դիկտատուրան, որ սոսկ մի դաշնակցական արկածախնդրություն էր, պիտի հայտարարվեր իբր թե սեպտեմբերի 1-ին։ Ես ուզեցի իմանալ, թե արդյո՞ք Միհրանը ցանկություն չունի վաղօրոք խոսելու այստեղ հավաքված դաշնակցական շեֆերի հետ, առհասարակ ինչպե՞ս է վերաբերվում նրանց։ Վերաբերմունքը միանգամայն բացասական էր։ Կատաղություն պատճառում էին մանավադ նրանք, ովքեր առանձին մոլեգնությամբ էին խաչվում սոցիալիզմի համար (այդպիսիք էին, օրինակ, Եղիշե Թոփչյանը, Լեւոն Աթաբեկյանը, Արտաշես Չիլինգարյանը)։ Ահարոնյանին երկու ընկերներն անվանեցին երկերեսանի։ Նույնիսկ Սիմոն Զավարյանը, որ համակուսակցական մի հմայք էր, հարգանքի ոչ մի ցույցի չարժանացավ։ Գտան, որ նա այսօրվա իր բռնած ուղղությամբ դավաճանում է կուսակցությանը։

Մեր խոսակցությունը բավական երկար տեւեց։ Ինձ խնդրեցին մնալ մի շիշ գինի խմելու, բայց ես շնորհակալություն հայտնելով` գնացի սենյակս։ Մյուս օրն առավոտյան ես պատմեցի Միհրանի այցելությունն Ահարոնյանին։ Նա հեգնանքով եւ արհամարհանքով վերաբերվեց Միհրանի ձեռնարկությանը։ Բայց մի քանի օր անցած ամբողջ Դաշնակցական պատգամավորությունը կատարյալ հուզմունքի մեջ էր։ Միհրանն ուզեցել էր Էջմիածնի տպարանում կոչեր եւ հայտարարություններ տպել իր դիկտատուրայի մասին, այս իմացել էր մի դաշնակցական վարդապետ, որ եւ ոտքի էր հանել իր ընկերներին։

Ես գնացել էի Հովնան Դավթյանի մոտ եւ տեսա այնտեղ մեծ խոսք ու զրույց։ Դատում էին, թե ինչ դուրս կգա այս արկածախնդրությունից։ Շատերը հանաքներ էին անում։ Ես էլ հանաքով ասացի Եղիշե Թոփչյանին, թե Միհրանն ամենից շատ նրան է ատում իբրեւ սոցիալիստի եւ ուրեմն նա պիտի ամենից առաջ ճաշակի զինվորական դիկտատուրայի ծանրությունը։ Նա ինձ պատասխանեց լրջորեն. «Յոթը հազար կազմակերպված բանվոր եւ արհեստավոր ունիմ թիկունքումս, ո՞վ կարող է ինձ մատ դիպցնել»։ Էլի նույն կախարդական թիվը` 7 հազար, ոչ ավել եւ ոչ պակաս։ Բայց երեւում էր, որ վախենում են ամենքը, բաց չառած եւ Թոփչյանին։ Հեռագրով Պյատիգորսկից Թիֆլիս կանչվեց հայտնի խմբապետ Դումանը, որ պիտի զինվորական դատարան կազմեր` Միհրանին դատելու համար։ Սակայն այդ մի հեշտ, նույնիսկ հնարավոր բան չէր. Միհրանի նման վերաբերվում էին եւ մյուս թուրքահայ խմբապետները, թեեւ առանց զինվորական դիկտատուրային դիմելու։ Միհրանականությունը կարող էր չափազանց ուռճանալ եւ մեծ աղետի վերածվել, եթե նրա հետ զգուշությամբ չվարվեին։

Սակայն Միհրանի զինվորական դիկտատուրան չիրականացավ եւ իրականանալ չէր էլ կարող։ Նրա տեղ իրականացավ այն, ինչին վաղուց սպասում էին։ Վորոնցով-Դաշկովն աղվեսախաղ էր տալիս։ Երբ ամեն ինչ պարզվեց ու հայտնագործվեց, իսկ ետեւում հաղթականորեն ստոլիպինյան ռեակցիան էր ամրանում, Էջմիածնի գավառապետ Լեմերմանը մի թուղթ ուղարկեց վանք, որի մեջ մեկիկ-մեկիկ գրված էին մեծախոս եւ աղմկաշատ հիմնադիր ժողովի պատգամավորների անուններն ու ազգանունները, պահանջելով, որ նրանք ստորագրեն, թե պարտավորվում են հեռանալ Էջմիածնից 24 ժամվա ընթացքում։

Այս կարգադրությունը դաշնակցականները կատարեցին ամենայն փութաջանությամբ եւ նշանակված ժամանակի կեսն էլ դեռ չէր անցած, երբ վանքի պարիսպների միջից չքացավ ամեն մի եկվոր դաշնակցական պատկեր։ Շատերը գնում էին` չծածկելով իրենց ուրախությունը։ Նրանք անկեղծորեն խոստովանում էին, թե կառավարությունն իրենց ազատեց մի ծիծաղելի դրությունից։ Եթե փակած չլիներ ժողովը, իրենք չպիտի իմանային, թե այլեւս ինչ անեն։ Եվ, իրավ, սոցիալիզմի գլխին վեղար նստեցնելու կատակերգությունը վերջանում էր կատարյալ խայտառակությամբ` մի անգամ էլ ցույց տալով, թե որքան ողորմելի միամիտներ էին այն հեղափոխականները, որոնք մի ամբոջ ժողովրդի փրկության մենաշնորհն էին ստանձնել։ Անընդունակություն թուրքահայկական հեղափոխության կազմակերպման մեջ։ Անընդունակություն եւ ռուսական հեղափոխության լայն ու հարթված (համեմատաբար դատելով) ուղիների վրա։

Էջմիածնի հիմնադիր ժողովն, այնուամենայինիվ, մի քանի որոշումներ մշակեց, որոնց դասակարգությունն այսպես է բերում կոմս Վորոնցով-Դաշկովը Նիկոլայ Բ-ին ներկայացրած իր հաշվի մեջ.

«1) Ցանկալի համարել ընդհանուր ձրի ուսուցումը` հատկացնելով այդ առարկային բոլոր եկեղեցական դրամագլուխները եւ մտցնելով սրա համար առանձին եկամտային հարկ առաջադիմության (պրոգրեսիվ) սկզբունքների վրա, պարտադիր թողնելով ռուսաց լեզվի` իբրեւ պետական լեզվի ուսուցումը եւ մտցնելով, ցանկացողների համար, թուրքական եւ վրացական լեզուների դասեր, դուրս ձգել ցած դպրոցների ծրագրից կրոնի դասավանդությունը, իսկ միջնակարգ դպրոցներում այն համարել ոչ պարտադիր։

2) Եկեղեցական վանքական կալվածքները համարել սոցիալիզացիայի ենթարկված ազգային սեփականություն` ապահովելով երկրագործական համայնքների համար հնարավորություն օգտվելու այն հողամասերից, որոնցից օգտվում են այժմ եւ որոշելով նրանց իրավունքը լրացուցիչ կերպով ստանալու հողաբաժիններ, որքան պահանջվում է։

3) Պահանջել պետական բյուջեից հայ ժողովրդի կուլտուրական կարիքների համար մի մաս, որ համապատասխանում է նրա թվին պետության մյուս ազգաբնակչության համեմատությամբ։

4) Բոլոր դպրոցական եւ այլ ազգային գործերի կառավարման համար կազմել ռուսահպատակ հայերի պատգամավորական ժողովի գլխավորությամբ, որի ընտրությունը կատարվում է քառանդամ ձեւաբանությամբ, առանձին համայնական օրգաններ, որոնք ընտրվում են միեւնույն կարգով եւ որոնք, լինելով անկախ տեղական գործերի մեջ, կապված են իրար հետ դաշնակցային (ֆեդերացիայի) հիմքերի վրա։

5) Եկեղեցուն եւ հոգեւորականությանը թողնել միայն դավանական գործերը»։

Գրեցին եւ թողին գնացին։ Ո՞վ պիտի կատարեր այդ որոշումները, ի՞նչ միջոցով։ Այդ հոգեւորականությունն էր, որ պիտի ինքն իր գլուխը կտրեր եւ էլի կենդանի մնար` նոր ֆեդերացիային կյանք տալու համար։ Այդ հոգեւորականությունն էր, որ պիտի արգելված հայտարարեր կրոնի դասավանդումը։ Էջմիածինը հինգ գյուղ ուներ եւ մե՜ծ բան կլիներ, եթե դրանց հողերը ազգայնացված լինեին, մինչդեռ հարյուրավոր հարեւան գյուղեր պիտի շարունակեին մնալ մասնավոր սեփականության հիմունքների վրա։ Հետաքրքրականն այն է, որ Էջմիածնի ճեմարանի ննջարանում քվեարկված հողային օրենքը պիտի պարտադիր դառնար նաեւ Պարսկաստանի, Թուրքիայի, Ավստրիայի, Անգլիայի եւ բոլոր այն պետությունների համար, ուր գտնվում էին հայ եկեղեցիներ եւ եկեղեցական կալվածքներ։ Եվ այս սոցիալիզացիան պիտի պետություններին հարկադրեր ընդունել, իհարկե, զառամյալ Խրիմյան կաթողիկոսն իր հիվանդության մահճից…

ԺԱ

Գավառապետ Լեմերմանի թղթի վրա ես գրեցի, թե ճեմարանի ուսուցիչ եմ, ուստի չպիտի հեռանամ Էջմիածնից։ Երկու շաբաթից հետո ես բոլորովին հաստատվեցի իմ նոր բնակավայրում` ստանալով սեփական սենյակ ճեմարանի շինության մեջ։

Անսովոր շրջան, անսովոր պարապմունք։ Մի բան եթե կար, որ մոռացնել էր տալիս ամեն անհարմարություն եւ անպատեհություն, այդ այն էր, որ ես բավականաչափ ազատ ժամանակ ունեի ճեմարանի եւ վանքի հարուստ գրադարաններից օգտվելու համար։ Իմ մեծ սենյակը մինչեւ պռունկները լցրի գրքերով եւ լրագրերով ու սկսեցի պարապել անխնա ու անդուլ։ Գոհ եմ բախտիցս, ես մնացի Էջմիածնում մոտ ութ ամիս եւ անթիվ ու անհամար բաներ սովորեցի իմ ուսումնասիրություններով, բայց այդ մեծ բավականությանը զոհ տվի իմ աչքերը։ Զարհուրելի դրության մեջ էին կաթողիկոսական արխիվները։ Փոշին, իսկապես ասած` ոչ թե փոշին, այլ աղբը, մատի հաստությամբ էր նստած հազարավոր ու տասնյակ հազարավոր թղթերի կույտերի վրա։ Կյանքի վտանգով կարելի էր մոտենալ այդ աղբակույտերին, բայց ես կարողացա մի քանի հազար երես արտագրություններ անել իմ ձեռքով։ Բացի դրանից, իմ ստացած ռոճիկի մեծագույն մասը տալիս էի աշակերտներին եւ Սինոդի գրագիրներին ու հազարավոր երեսներով արտագրություններ էի անել տալիս գործերից, արեւմտահայ մամուլից (մանավանդ «Մասիս» լրագրից) եւ այսպիսով կազմեցի իմ սեփական հարուստ արխիվը, որ վերաբերում էր մեր նոր եւ նորագույն պատմությանը, բայց մասնավորապես գրականությանը։ Գրեթե կուրացա, բայց այդ ժամանակից ուրիշ մարդ դարձա։ Մինչեւ այդ իմ գրած ու հրատարակած պատմական աշխատություններն ինձ երեւում էին կիսատ ու պակասավոր, եւ ես զգում էի, թե որքան դժբախտ էր Թիֆլիսն իբրեւ հայ գրական ու պատմաքննական ուսումնասիրության միջավայր…

Բայց սա չէր նշանակում, թե ես անտես էի անում Ճեմարանը։ Ո՛չ, ես նրա հետ կապվում էի ջերմորեն, առաջին անգամ զգալով կյանքիս մեջ, թե որքան պատվավոր պաշտոն էր լինել երիտասարդ սերնդի դաստիարակիչ եւ ղեկավար։ Այդ երիտասարդությունը ես սիրեցի վառ սիրով եւ աշխատում էի նրա շահերին ծառայել իմ բոլոր ուժերով։

Հեղափոխական տարի էր, այժմ սկսվել էր մեծ տեղատվությունը։ Ստոլիպինն արդեն խեղդել էր շարժումները։ Եվ, ահա, այդ ժամանակից էլ` 1906թ. աշնանից, ամեն տեղ եւ միանգամից, կասես կախարդական գավազանի մի շարժումով, դադարեցին հայ-թուրքական կռիվները։ Դրանք այլեւս հարկավոր չէին ամրացող ռեժիմին. եւ հազարավոր ավերակներ, հազարավոր գերեզմաններ երկնքի տակ անշարժանում էին իբրեւ հրեշ-հուշարձաններ նիկոլայյան ոճրագործ ու հրեշ կարգի։ Կյանքն այսպիսով նորից մտցվում էր լծի տակ։ Դպրոցն էր, որ դեռ շարունակում էր իր ընդվզումները, ապրում էր վայրիվերություններ, պահանջներ էր անում կյանքին։

Եթե կար մի դպրոց, որ ամենից շատ ուներ իրավունք պահանջատեր լինելու, այդ հենց Էջմիածնի ճեմարանն էր։ Ես չէի տեսել այդքան դժբախտ մի հիմնարկություն։ Ենթարկված մի վանքի` նրա անկողոպտելի, ոչնչով չսահմանափակված սեփականությունը` այդ դպրոցը, որ դեռ հավակնություն ուներ «բարձր» կոչվելու, համարյա իր ամբողջ կյանքն անց էր կացրել կաթողիկոսների, եպիսկոպոսների, վարդապետների ու նրանցից ոչնչով չտարբերվող աշխարհական տեսուչների բռնակալության տակ։

Տեսուչը խնդրում է ինձ, որ ես վերցնեմ դասերը։ Գնում եմ դասարան, հարցնում եմ, թե պատմության ո՞ր տեղն են կանգ առել, աշակերտները խնդրում են` սկսել ֆրանսիական մեծ հեղափոխությունից եւ տալ նրա մանրամասն պատմությունը։ Ու ես սկսում եմ Բլոսսի[224] գրած պատմությունից, մի քանի ամսվա ընթացքում տանում, հասցնում մինչեւ մեծ ուտոպիստները, մինչեւ 1848 թվականը եւ գիտական սոցիալիզմը։ Որքան հետաքրքրություն, որքան հարցասիրություն… Դասը վերջանալուց հետո դասարանի կես մասը գլխիս հավաքված, խաչաձեւ հարցմունքների տարափի տակ տանում է ինձ մինչեւ իմ սենյակի դուռը։ Օ՜, երիտասարդություն, ոգեւորության անսպառ աղբյուր։ Կեսօրից հետո ես երբեմն կարդում էի ընդհանուր ճեմարանական դասախոսություններ։ Կամենալով գոնե մասամբ դուրս բերել այդ հիմնարկությունը նրա վրա քարացած կրոնական ավանդույթներից` ես տալիս էի իմ ունկնդիրներին գիտելիքներ նախապատմական մարդկության մասին, բացատրում էի քաղաքակրթության դանդաղ եւ աստիճանական զարգացումը, կրոնների ծագումը եւ էությունը, մի երկու անգամ էլ հանդգնություն ունեցա խոսելու Քրիստոսի եւ քրիստոնեության մասին` ըստ [Ժոզեֆ] Ռենանի[225] եւ Դավիթ Շտրաուսի[226]։ Այս բանն ինձ, սակայն, չներվեց։

Այսքանով չէի բավարարվում։ Մանկավարժական ժողովների մեջ պահանջում էի վերացնել գիշերօթիկությունն իբրեւ մեծագույն չարիք, որ թունավորում էր դպրոցական կյանքը. պահանջում էի, որ աշակերտները տեղավորվեն գյուղի մեջ, ապրեն մարդկանց հետ եւ ոչ թե ինչպես մի մեկուսացած կաստա։ Սակայն այս պահանջները, որոնց միանում էին եւ ուրիշ մի քանի ընկեր-ուսուցիչներ, անկարելի եղավ ընդունել տալ այն պահպանողական մեծամասնությանը, որ տասնյակ տարիներ ապրել էր այստեղ, տեսել էր ճեմարանը ննջարանով եւ սեղանատնով։ Այժմ ինչպե՞ս կարող էր այդպես չլինել։ Հիմնադիրը` Գեւորգ կաթողիկոսն այդպես էր կամեցել։ Ինչպե՞ս խախտել նրա կամքը։

Եվ ճեմարանը մնաց գիշերօթիկ, փակ հիմնարկություն։ Ահա ինչքան դժբախտ էր նա։ Բերեմ դժբախտության եւ մի այլ օրինակ։ Երրորդ լսարանի ուսանողները գրում էին ավարտական շարադրություններ, որոնք կոչվում էին դիսերտացիա։ Նյութն ընտրում էր լսարանական խորհուրդը, եւ այն միակն էր լինում ամբողջ լսարանի համար։ Այն ընտրվում էր բացառապես աստվածաբանությունից։ Օրինակ, նախանցյալ տարի նյութը եղել էր «Սարկավագությունը» թե «Քահանայությունը», լավ չեմ հիշում։ Երրորդ լսարանի աշակերտներն ինձ խնդրեցին փոփոխություն մտցնել այդ սովորության մեջ, եւ մենք միասին որոշեցինք, որ ընտրվեն մի քանի նյութեր աշխարհական բովանդակությամբ եւ յուրաքանչյուր ուսանողի թողնվի վերցնել այդ նյութերից մեկն ու մեկը` շարադրություն գրելու համար։ Նորամուծության նախաձեռնությունն ինձ էր պատկանում, եւ ինձ վրա էր մնացել նյութերի ընտրությունը։ Ավարտող լսարանցիների թիվը, որքան հիշում եմ, 12-ն էր, եւ ես այդքան էլ նյութեր ընտրեցի եւ բաժանեցի։ Բայց այսքանը դեռ բավական չէր. պետք էր նաեւ ղեկավարել ուսանողներին, նրանց ցույց տալ աղբյուրները։ Այն նյութերի համար, որոնք վերաբերում էին հայոց նորագույն պատմությանը եւ գրականությանը, Էջմիածինը կարող էր համարվել աղբյուրներով հարուստ մի վայր։ Բայց ահա ուսանողներից մեկը, Վահան Խորենի, որ այն ժամանակ դեռ դաշնակցական չէր, ցանկություն հայտնեց դիսերտացիայի նյութ վերցնել սոցիալիզմի պատմությունը, եւ ես սիրով հանձն առա հաջողեցնել այդ բանը։ Էջմիածինը կատարյալ ամլություն էր ներկայացնում այդպիսի մի պատմության աղբյուրների կողմից։ Ուստի ես ձմեռվա արձակուրդներին Թիֆլիս գնալով` իմ գրադարանից մի կույտ գրքեր տարա եւ հանձնեցի Խորենիին, ղեկավարում էի նրան իմ ցուցումներով։

Այս բոլորի հետեւանքով ստացվեց մի շատ գեղեցիկ գործ։ Դիսերտացիան այլեւս տանջանք չէր, ուսանողներն աշխույժով եւ մեծ հետաքրքրությամբ էին որոնումներ անում գրադարաններում, պարապում էին եւ ուսումնական տարվա վերջին իմ սեղանի վրա դարսված էին 11-12 հատոր լուրջ աշխատություններ` որը Հայոց հարցի պատմությունն էր գրել, որը` հայ գաղութներինը, որն էլ` հայ կրթական եւ բարեսիրական ընկերություններինը։ Եվ դրանց մեջ բազմած էր սոցիալիզմի պատմությունը (կարծում եմ, առաջինը հայերի մեջ), անշուշտ, երախացրիվ[227] իր թերություններով, բայց բավական մանրամասն եւ փաստալից։

Ահա թե ինչ նորություններ էր մտցնում հեղափոխական ժամանակն այդ ճեմարանի պես կղզիացած եւ ընդարմացած հիմնարկության մեջ անգամ։ Աշակերտությունը բաժանված էր քաղաքական կուսակցությունների։ Ամենից բազմամարդը դաշնակցականն էր, նրան հետեւում էր հնչակյանը։ Համեմատաբար նոր էր եւ սակավաթիվ սոցիալ-դեմոկրատների հոսանքը, որի գլուխ կանգնած էին երկու լսարանցիներ` Թադեւոս Ավդալբեկյան եւ Փիլոսյան։ Ձմռանն այդ հոսանքների սուր շփումներից առաջացան աշակերտական խառնակություններ, որոնք քիչ տակնուվրայություններ չմտցրին ճեմարանական կյանքի մեջ։ Մի կերպ դուրս եկանք գարուն, սկսվեցին տարեկան քննությունները։ Իմ դրությունից ես դժգոհ չէի։ Աշակերտությունն ինձ սիրում էր, եւ այդ սերն արտահայտեց մի քանի ցույցերով։ Բայց այստեղ վերջ էր դրվում իմ ուսուցչական հովվերգությանը։ Ինձ մատնել էին, եւ Թիֆլիսից եկած կարգադրության համաձայն` գավառապետ Լեմերմանը պահանջեց ինձանից ստորագրություն` անմիջապես Էջմիածնից հեռանալու մասին։ «Մեղքս» այն էր, որ խախտել էի ճեմարանի կրոնական հաստահեղույս հիմքերը` մտցնելով նրա մեջ անաստվածություն։ Հազիվ կարողացա սակարկությունների միջոցով Լեմերմանից մի ամսվա ժամանակ ստանալ` իմ արխիվային աշխատանքները վերջացնելու համար, որից հետո թափ տվի ոտներիս փոշին եւ… մնաս բարով, ուսուցչություն…

Բնորոշ է, որ ճեմարանի տեսուչ Մեսրոպ վարդապետը գնաց Թիֆլիս գանգատվելու Սինոդի պրոկուրոր Ֆրենկելի մատնությունների դեմ, բայց ոչինչ չկարողացավ անել։ Եվ սակայն, որպիսի՜ շուքով եւ ոգեւորությամբ էր Էջմիածնի վանքն ընդունել աշնանը կոմս եւ կոմսուհի Վորոնցով-Դաշկովներին, երբ նրանք Երեւանից եկան տեսնելու հայոց Մայր Աթոռը, եւ կոմսուհին կարողացավ իր սրտի փափագը կատարել` համբուրելով Մծբնա Հակոբ Հայրապետի մասունքները։ Մեսրոպ վարդապետը մեծ հանդիսով ընդունեց իր բարեկամներին ճեմարանում, ողջույնի ճառ արտասանեց։ Ճեմարանից էր, որ կոմսուհին հեռագիր ուղարկեց Պետերբուրգ` Մարիա Ֆեոդորովնային եւ հայտնեց, թե որքան ինքը հմայված է Մասիսի ստորոտում, այս հռչակավոր հնությունների մեջ։ Երկու ամուսիններն առանձին ուշադրություն էին ցույց տալիս Մեսրոպ վարդապետին, եւ այս բանն ավելի սաստկացնում էր մյուս վարդապետների նախանձը։ Բայցեւայնպես, Ֆրենկելի հանդեպ փոխարքայական պալատն այնպիսի դիրք բռնեց, որ Մեսրոպ վարդապետը գեղեցիկ դաս պիտի առներ «Служба службой, дружба дружбой»[228] բովանդակությամբ։

Թիֆլիսում հասարակական հետաքրքրությունն առաջվա պես կենտրոնացած էր Դաշնակցության շուրջ։ Միհրանականությունն արդեն ներկվել էր արյունով։ Դեռ ձմռանը սպանվել էր Շխալին եւ թաղվել էր մեծ հանդիսով, իբրեւ ցույց։ Դումանը չէր կարողացել կատարել իրեն տրված հանձնարարությունը, որի մասին խոսել եմ վերեւում։ Ինձ նա ասում էր, թե անմտություն կլինի Միհրանի դեմ բռնություն գործ դնելը։ Միհրանն այժմ դեռ չունի կուսակցություն, բայց նրա պես հակասոցիալիստական մտածումներ ունեցողներ շատ կան կուսակցության մեջ։ Իսկ Միհրանը, չկարողանալով իրագործել իր ծրագրերից եւ ոչ մեկը. փաստորեն արդեն հեռացել էր Դաշնակցությունից եւ միառժամանակ կազմակերպել բուրժուազիայի պաշտպանությունը հարձակումներից եւ սպանություններից։ Եվ իրավ, բուրժուաների մեծ որս էր կատարվում` նրանցից փող կորզելու համար։ Այս միջոցով ապրուստ հայթայթելն անհրաժեշտություն էր դարձել, մանավանդ դաշնակցական զինվորների համար, որոնք անգործ էին մնացել հայ-թուրքական կռիվների դադարման հետեւանքով։

Կազմվել էր ձրիակերների մի ստվար խումբ, որ հավաքված էր լինում Միջին փողոցի «Վենեցիա» անունով ճաշարանում, եւ այստեղ բռնության այլեւայլ միջոցներ էին մշակվում` փաշայական անհոգության մեջ ապրելու համար։ Ինձ պատմել էին, թե այդ ճաշարանում նույնիսկ դատարան էլ կար հաստատված, որ մինչեւ անգամ ամուսնական վեճեր էլ էր քննում։ Չէր կարելի ասել, թե Թիֆլիսում տեղի ունեցող բոլոր բազմաթիվ ճողոպրումները, կամ ինչպես ասում էին այն ժամանակ` զարկումները, միայն դաշնակցական «Վենեցիայից» էին դուրս գալիս։ Տեռորիստական միջոցներով փող կորզելու համար հատուկ ընկերություններ կային կազմված եւ ուրիշ ազգությունների մեջ` Թիֆլիսում, Բաթումում, Բաքվում եւ այլ տեղերում։ Բայց որ «Վենեցիան» էր այդպիսի գործողությունների գլխավոր կայանը, այս անկասկած էր։ Ես ինքս տեսել եմ հայտնի խմբապետ Մուրադի մոտ մի նամակ մակեդոնական հերոս Բորիս Սարաֆովից, որ ասում էր, թե մակեդոնական կոմիտեն նեղ դրության մեջ է եւ խնդրում է մի «փոշտ զարկել» եւ զարկած փողն ուղարկել իրեն։

Այս ձրիակեր զինված ուժը ծանրանում էր հայ ժողովրդի վզին։
Այսպես էին, ընդհանուր առմամբ, այն նացիոնալիստական եւ հակասոցիալիստական տարրերը, որոնք խեղդում էին Դաշնակցությունն աջից։ Բայց խեղդողներ կային նաեւ ձախից, եւ` ոչ պակաս թափով եւ համառությամբ։ Այդ երիտասարդ թեւն էր, որ չէր կարողանում տանել կուսակցության երկերեսանությունը եւ խորշում էր ֆիդայական մտայնությունից` պահանջելով վերակազմել կուսակցական գործերը զուտ սոցիալիստական հիմքերի վրա։ Այսպես մտածողները անջատվեցին Դաշնակցությունից, ուստի եւ հոսանքն ստացավ «անջատականություն» անունը։ Եվ այսպես, կեղեքվելով մի կողմից միհրանականությունից, եւ մյուս կողմից` անջատականությունից, Դաշնակցությունը 1907-ի ամռանը Վիեննա գնաց ընդհանուր ժողովի, ուր թեւերի սուր շփումները մեղմացվեցին. ով հեռանալու էր կուսակցությունից, հեռացավ, իսկ ովքեր մնացին` յուրացրին իրար չխանգարելու քաղաքականությունը։ Այնպես որ, «հետեւողական դեմոկրատ» կամ, ուրիշ խոսքով, «սոցիալիստ» Ջամալյանը ոչ մի անհարմարություն չէր գտնում Անդրանիկի, Սեպուհի[229] կամ մի այլ` սոցիալիզմի անողոք թշնամի խմբապետի հետ կենակցելիս եւ գործակցելիս։ Կովկասյան նախագծի վրա ձեւվեց մի ծրագիր, որ խստորեն տոգորված էր սոցիալիզմով, բայց որ իսկապես անփոփոխ էր պահում հին իրականությունը։