ԼԵՈ. Անցյալից. III, IV

ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ

ՀԱՂԹԱՆԱԿ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ


Ա

Սուլթան Աբդուլ-Համիդի խելացնոր բռնակալությունից արտասահման վտարված թուրքական «Երիտասարդ Թուրքիա» կուսակցությունը, որ իրեն անվանում էր «Առաջադիմության եւ միության կուսակցություն» (Իթթիհատ վե թերաքե), առանձնապես ուժեղացրեց իր գործունեությունը մասնավորապես այն ժամանակից, երբ Փարիզ փախան նաեւ սուլթանի փեսա Դամադ-փաշան եւ նրա որդին` իշխան Սաբահեդդինը։ Երիտասարդ թուրքերը[230], ինչպես վայել է մի պետական հայրենասիրական կուսակցության, չէր ընդունում, որ Թուրքիայում գոյություն ունենան առանձին ազգային հարցեր, ինչպիսն են, օրինակ, Հայոց հարցը եւ այլն։ Հակառակ լինելով այդ հարցերին, որոնք միայն եվրոպական միջամտությունների դուռն էին բաց անում եւ թուլացնում Թուրքիան, երիտթուրքերը քարոզում էին, որ Թուրքիայի բոլոր անբավական տարրերը, բոլոր հեղափոխական կազմակերպությունները պիտի միանան Աբդուլ-Համիդի դեմ, որ բոլոր չարիքների պատճառն է, հեռացնեն նրան իշխանությունից եւ հաստատեն ազատ սահմանադրական ռեժիմ, որ կբարեկարգի երկիրն ընդհանուր իրավահավասարության սկզբունքի վրա, եւ այսպիսով կվերանա ամեն մի անհատական-ազգային դժգոհություն։

Իշխան Սաբահեդդինն այդ ընդհանուր խոսքերի վրա ավելացնում էր եւ այն, որ ազատագրված Թուրքիայի վարչական ռեժիմը պիտի հաստատված լինի ապակենտրոնացման սիստեմի վրա, որ տանում է դեպի տեղական ինքնավարությունների ցանցը։ Նա եւ նրա հայրը մի քանի անգամ փորձեր արեցին այս իմաստով միություն ստեղծելու Թուրքիայի բոլոր ընդդիմադիր հոսանքների միջեւ, բայց հաջողություն չունեցան։ Հավաքվեցին, խոսեցին, համձայնության չեկան եւ էլի հեռացան, անջատ գործողությունների ճանապարհն ընտրեցին։ Հատկապես Դաշնակցությունը սառն էր պահում իրեն այդ միության գաղափարի դիմաց, որովհետեւ Քրիստափոր Միքայելյանը մեծ կարծիք չուներ երիտթուրքերի վրա եւ չէր կարծում, որ այդ կուսակցությունը կարող կհանդիսանա հեղափոխություն կատարելու։

Սակայն իր շեֆի մահից հետո Դաշնակցությունը, կորցնելով դավադրական եւ դիվանագիտական մարզանքների նախկին թափը, կամաց-կամաց սկսեց թեքվել դեպի իշխան Սաբահեդդինի առաջարկությունը։ Սա, իհարկե, մի դրական քայլ էր, եւ այս ուղղությամբ գործելու անհրաժեշտությունը վաղուց հրամայողաբար թելադրում էր Եվրոպայի պաշտամունքի կատարյալ սնանկությունը։
Եվ ահա, 1907թ. վերջին օրերին Փարիզի մեջ կայացավ վաղուց սպասված միությունը։ Հայ կազմակերպություններից Փարիզի ժողովին մասնակցում էին միայն Դաշնակցությունը եւ Մարսելի «Արմենիայի» խմբագրությունը։ Հնչակյան կուսակցությունն իրեն հեռու պահեց միությունից։ Փարիզի ժողովը կամ կոնգրեսը հրատարակեց մի հայտարարություն, որից բերում եմ մի քանի կտոր։

«Թուրքիայում գործող կուսակցությունների կոնգրեսը՝ դեկտեմբերի 27-29-ին գումարված Եվրոպայում, հայտարարում է, որ ընդունում է թուրք կայսրության բոլոր ժողովուրդների համերաշխությունը, որոնք հավասարապես տառապում են երկրի վրա ծանրացող բռնակալ ռեժիմից, որը գարշելի է դարձել ամբողջ աշխարհի աչքին ներկա վեհապետի` Աբդուլ-Համիդ II-ի հրեշային ոճիրներով։

Այդ երեսուն տարվա գահակալությունն աղետաբեր է եղել, ինչպես սխալմամբ կարծում են, ոչ միայն քրիստոնյա ժողովուրդների համար, որոնց հալածում եւ կոտորում էր սուլթանը իր սեփական շահերից դրդված, այլեւ հենց մահմեդականների համար, որոնք կործանվել են, ստրկացվել, բերդարգելության դատապարտվել, մորթոտվել, վերջապես, անարդար կերպով մեղադրվել քաղաքակիրթ ժողովուրդների հասարակական կարծիքի առաջ, որ նրանց պատասխանատու է կարծել այն հակամարդկային ոճիրների համար, որոնք գործվել են վեհապետի եւ նրան շրջապատողների կողմից։ Կայսրության բոլոր ազգությունները հաջորդաբար զոհ էին դարձել Աբդուլ-Համիդի ոճրագործ խենթության։ Նա հաջորդաբար արձակել է նրանց իրար վրա` ցեղերի եւ կրոնների միջեւ արհեստական ատելություններ գրգռելով ու սնուցելով. թուրքերը, հայերը, հույները, բուլղարները, վալաքները[231], արաբները, հրեաները, գյուրջիները[232], քրդերը ենթարկվել են հալածանքի, աքսորի, բերդարգելության ու կոտորածի, եւ հայկական ջարդերը, պսակելով անցյալ այդ բոլոր չարագործությունները, կնքել են նրանց հեղինակին, որ շարունակում է տակավին իր ոճրագործ արարքը Արաբիայում, մեծ մարդասպան եւ կարմիր սուլթան անուններով»։

Թվելով այնուհետեւ Աբդուլ-Համիդի համեմատաբար ավելի խաղաղ չարագործությունները, հայտարարությունը շարունակում էր.
«Մինչեւ այժմ, իրերի այս դրությունից ծագող հեղափոխական շարժումները վարվում էին առանձին-առանձին. այսօր մահմեդականների եւ քրիստոնյաների համագործակցությունը շատ տեղերում ապացուցել է, որ կայսրության բոլոր ժողովուրդները, վերջապես, հոգնել են տառապելուց եւ ըմբռնում են, որ իրենց վեհապետը տանում է իրենց դեպի անդունդ։
Այսօր, մտածելու ընդունակ ամեն մարդ շատ պայծառ կերպով տեսնում է, որ կայսրությունը վերջնական կործանումից եւ քայքայումից կարելի է ազատել՝ անմիջապես փոխելով միայն կառավարությունը։ Պետք է տապալել, որքան կարելի է շուտով եւ բոլոր հնարավոր միջոցներով, մի ռեժիմ, որը պատճառել է այնքան աղետներ։

Ահա ինչու մենք պահանջում ենք՝
1) Աբդուլ-Համիդի գահընկեցությունը,
2) Ներկա ռեժիմի արմատական փոփոխությունը,
3) Մի ներկայացուցչական ռեժիմի հաստատումը (պառլամենտ)։

Ներկա բոլոր չարիքների գլխավոր հեղինակի անհետացումը առաջին պայմանն է ամեն բարելավման։ Նրա հետ կանհետանան նաեւ վարչական ու քաղաքական բռնակալ սիստեմը, ոստիկանական տեռորն ու դիվանագիտական չարամտությունը։ Այնուհետեւ կհիմնվի մի ներկայացուցչական ռեժիմ, որով կայսրության բոլոր ժողովուրդները, հավասար պարտականություններով եւ իրավունքերով կարտահայտեն իրենց կարիքներն ու կամքը, ռեժիմ, որ մի խաղաղ ներդաշնակության մեջ կապահովի բոլորի համար արդարությունն ու ազատությունը։
Ահա՛ այս կոնգրեսի միակ նպատակակետը, համաձայն մեր երկրի բոլոր ժողովուրդների կամքի, որոնք միեւնույն երկրի զավակներ` մշակում են միեւնույն հողը, տառապում են միեւնույն տառապանքով եւ համերաշխ գործակցությամբ վճռել են նվաճել իրենց երջանկության եւ ազատության բաժինը։

Ձեռք ձեռքի ենք տալիս մի ընդհանուր կռվի համար` հարգելով յուրաքանչյուր կազմակերպության ինքնավարությունը, [ձեռք] ձեռքի ենք տալիս անկեղծորեն, եղբայրաբար եւ կռիվն սկսելուց առաջ` հանդիսավոր խոսք ենք տալիս` չդրժել մեր հանձնառությունները եւ հայտարարում ենք սուլթանին, որ վայր չենք դնի մեր զենքերը, մինչեւ չենք բաց անի Թուրքիայի համար մի նոր դարագլուխ։
Կոչ ենք անում բոլորին՝ աջակցելու մեզ այս դժնդակ եւ փառավոր ձեռնարկության մեջ, որը կպահանջի աննկուն կորով եւ ծանր զոհաբերություն։
Կոչ ենք անում բոլորին` գիտության եւ մտածումի մարդկանց, որոնց արգելված է ամեն անկախ ուսումնասիրություն, դաշտերի եւ քաղաքների աշխատավորներին` զրկված հողից ու հացից, ընկճված ապօրեն հարկերի տակ, տանջված եւ թալանված հարկահաններից, վաճառականներին, որոնք անկարող են գործ դնել իրենց առեւտուրը կատարյալ անդորրությամբ, չվճարված, քաղցած, մերկ զինվորներին, որոնց ստիպում է իրենց տերը գնալ իրենց հայրենակիցների դեմ. մեկ խոսքով՝ կայսրության բոլոր ազգություններին, որոնք ջախջախված են մի անարգ բռնակալությունից։ Թող բոլորը միանան այս նվիրական կռվին, թող ներշնչվեն մեզ հետ ազատության, բարենորոգման եւ հեղափոխության գաղափարներով, հիմնահատակ անելու համար ամոթի եւ բռնության մի ռեժիմ` իրենց տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցներով։

Երեսուն տարվա փորձառությունը չափազանց ցավագին կերպով ապացուցել է բոլորին խաղաղ միջոցների անբավականությունը բռնության մի հսկայական ուժի դեմ։ Իր հպատակների բոլոր խնդիրներին, բոլոր պաղատանքներին սուլթանը պատասխանել է միշտ ուժով, բանտով, աքսորներով եւ ջարդերով։
Կոնգրեսը միաբերան հռչակում է, ուրեմն, որ ընդդիմադիր բոլոր խմբերը պետք է այսուհետեւ դիմեն հեղափոխական միջոցների, որոնք տվել են քաջալերական արդյունքներ, ինչպես ցույց է տալիս հեղափոխական գործունեությունն ընդհանրապես եւ թուրք ու հայ խառն խմբերի վերջին գործունեությունը մասնավորապես։ Ասիական նահանգների բազմաթիվ քաղաքներում հեղափոխական միջոցները դառնում են անհրաժեշտ եւ արդարանալի հենց իշխանության բռնությունների պատճառով։ Ներկա ռեժիմն է, որ իր ոճիրներով մղել է մեզ հեղափոխության։

Հայտարարում ենք, ուրեմն, որ պատրաստ ենք մղելու կռիվը` ընդունելով եւ հանձնարարելով հետեւյալ միջոցները.
1. Զինված դիմադրություն կառավարության գործողությունների դեմ,
2. Ոչ զինված դիմադրություն քաղաքական եւ տնտեսական գործադուլով. գործադուլ պաշտոնյաների, ոստիկանության եւ այլն,
3. Հարկերի մերժում,
4. Պրոպագանդա զորքի մեջ. զինվորները պիտի հրավիրվեն չգնալ ո՛չ ժողովրդի եւ ո՛չ էլ հեղափոխության դեմ,
5. Ընդհանուր ապստամբություն,
6. Գործողության ուրիշ միջոցներ` համաձայն պայմանների եւ հանգամանքների»։

Սա, ընդհանրապես, հոյակապ մի երեւույթ էր, որ առաջին անգամն էր հանդես գալիս օսմանյան պատմության մեջ` բոլոր տառապող տարրերի ընդվզում արնախում սուլթանիզմի դեմ։ Միանում էին մինչեւ այդ իրարից կրոնական եւ ազգային նախապաշարմունքներով անջատված, իրար թշնամի խավերը։ Սկսվում էր մի նոր դարագլուխ` համապետական հեղափոխական կյանքի շրջանը. մի շրջան, որ եթե երկարատեւ լիներ, պիտի դառնար լավագույն միջոցը ավելի եւս մոտեցնելու, իրար հետ պինդ կապելու` տիրող ազգությունը հպատակ ազգությունների հետ, համագործակցության գաղափարն ամենքի արյան մեջ մտցնելու եւ, այսպիսով, հանրության օգտի լայն հողի վրա` ամենքին շաղկապելու համար։ Փարիզի եռօրյա ժողովը, միասին մի թուղթ ստորագրելը դեռ բավական չէին, որ միանգամից վերանային Թուրքիայի ազգությունների միջեւ դարերով արմատացած փոխադարձ անվստահությունը, նախանձի եւ վրեժի զգացմունքները։ Սկիզբը դրված էր, մնացածը պետք էր թողնել հեղափոխական դաժան դաստիարակության, որ երկար ու համառ կռվի անհրաժեշտությամբ մոտեցներ ամենքին, իսկապես եղբայրության կապեր հաստատեր։

Սակայն, տարաբախտաբար, այսպես չեղավ։ Միացած ուժերի հեղափոխական գործունեությունը շատ կարճատեւ եղավ` ընդամենը մի քանի ամիս։ Հեղափոխությունը եկավ ուրիշ ճանապարհով։
Առաջին իսկ հայացքից դեկտեմբերի 27-29-ի հայտարարությունը ցույց էր տալիս, որ երիտթուրքերի կուսակցությունն անշարժ կանգնած էր այն տեղում, ուր 1876-ին հաստատվել էր նրա նախահայրը` Միդհատ-փաշան։ Ոչ մի քայլ դեպի առաջ, կարծես 30 տարվա ընթացքում կարելի չէր եղել որեւէ նոր բան սովորել։ Այժմ էլ, ինչպես եւ 1876-ին, ամենափրկիչ միջոց համարվում էր պառլամենտարիզմը։ Կարծում էին, թե բավական է բաց անել Կ.Պոլսում պառլամենտ, հայտարարել բոլոր հպատակների հավասարությունն օրենքի առաջ, եւ Թուրքիան կփոխի իր կերպարանքը, կդառնա քաղաքակիրթ ու բարեկարգ երկիր։ Այսպիսով անհաշիվ չափազանցվում էր պառլամենտի նշանակությունը. մի բուրժուական հիմնարկության, որի մեջ դարձյալ տիրապետող եւ շահագործող դասակարգերն էին հրամայում, օրենսդրում։ Երիտթուրքերն ուզում էին պառլամենտ, ինչպես էլ նա լինի։

Բայց գլխավորը հիմնարկությունը չէ, այլ այն բովանդակությունը, որ կարող է մտցնել նրա մեջ երկիրը։ Ի՞նչ հասարակական խմբավորումներ կային, ի՞նչ կուսակցություններ էր հանել իր միջից հանրային կյանքը, որպեսզի կարելի լիներ պառլամենտից հանրաշահ գործունեություն սպասել։ Միակ խոշոր քաղաքական կազմակերպությունը երիտթուրքերի կուսակցությունն էր, որ հենց իր սկզբնավորության օրից հայտնի էր դարձել իբրեւ եվրոպական պառլամենտարիզմը ծածկոց դարձրած հետադեմ իսլամական միտք, որի իդեալներն են պանիսլամիզմը, խալիֆաթը, շարիաթը, համաշխարհային տիրապետությունը։ Նա ներկայացնում էր նույն տիրապետող եւ շահագործող դասակարգերը` կալվածատիրությունը եւ առեւտրական բուրժուազիան։ Ժողովրդական, աշխատավորական հանգամանք չկար նրա մեջ։ Նայեցեք նրա հեղափոխական հայտարարությանը։ Կռվի միջոցների թվում դուք տեսնում եք եւ գործադուլները։ Բայց ի՞նչ տեսակ գործադուլ։ Ոստիկանական, չինովնիկական։ Ո՛չ մի բառ անգամ այն միլիոնավոր զանգվածների մասին, որոնք հարստահարվում, կեղեքվում էին ծանր աշխատանքի մեջ։

Եվ այսպիսով դուրս էր գալիս, որ երիտթուրքերի ողջ ցանկությունն էր տապալել Աբդուլ-Համիդի բռնակալությունը` տիրող դասակարգերի բռնակալությամբ այն փոխարինելու համար…
Տարբերությունը, ինչպես ցույց տվեց ապագան, շատ էլ մեծ չպիտի լիներ։ Շատ խոշոր հարցերի մեջ (օրինակ, հայերի վերաբերմամբ) երիտթուրքերն իրենց հանդես հանեցին նույնիսկ իբրեւ Աբդուլ-Համիդի ջերմեռանդ աշակերտներ։

Բ

1908թ. մայիսին Թիֆլիսում տոնվեց իմ գրական գործունեության 25-ամյա (իսկապես` 30) հոբելյանը։ Իմ հիվանդությունը սաստկացել էր մինչ այն աստիճան, որ վտանգ էր սպառնում կյանքիս։ Հոբելյանական տոնակատարության միջոցով հայ հասարակությունն ինձ միջոց էր տալիս ավելի լուրջ ուշադրություն դարձնելու բժշկությանս վրա, եւ նույն տարվա ամռանը ես Ա. Ահարոնյանի հետ ուղեւորվեցի Եվրոպա։ Առաջին մեծ քաղաքը, ուր մենք կանգ առանք, Վիեննան էր։ Այնտեղ մենք հանդիպեցինք Խաչատուր Մալումյանին, որ գալիս էր Ժնեւից եւ գնում էր Կ.Պոլիս, ուր, ինչպես Փարիզի կոնգրեսին մասնակցած դաշնակցական, պիտի տեղային դաշնակցական կազմակերպությունը միացներ երիտթուրքերի կոմիտեի հետ` միասին հեղափոխական գործունեություն սկսելու համար։ Մալումյանը գնում էր մեծ զգուշություններով։ Թուրքաց մայրաքաղաքը նա պիտի մտներ իբրեւ եվրոպացի եւ տանում էր իր հետ համապատասխան թղթեր։ Դաշնակցական այս նոր ձեռնարկության վրա նա մեծ հույսեր ուներ եւ չէր էլ ուզում մտածել որեւէ վտանգի մասին։ Բայց զգուշություններն ավելորդ էին։ Նա Կ.Պոլիս էր հասել այն ժամին, երբ արդեն պայթել էր հուլիսյան հեղափոխությունը։ Ես պառկած էի Վիեննայի հիվանդանոցներից մեկի զարմանալի մաքուր եւ փոքրիկ սենյակի մեջ, երբ հայ ուսանողները, այցելության գալով, բերին ինձ թուրքական հեղափոխության լուրը։

Տպավորությունն ահագին էր Ավստրիայի մայրաքաղաքում։ Ահագին էր տպավորությունը եւ մեր հիվանդանոցային խաղաղիկ անկյունում։ Աբդուլ-Համիդը, ճիշտ է, չէր անհետացել, բայց գտնվում էր ամբողջովին հեղափոխության ձեռքին, եւ նրա անիծյալ արյունոտ ռեժիմի տեղ հայտարարված էր սահմանադրություն։ Այսքանն էլ չափազանց մեծ գործ էր համարվում։ Բավական էր եւ այն, որ մեծ մարդասպանի բերանին սանձ էր դրվել։ Ուրախ ենք։ Թուրքահայության անհուն, առասպելական չափեր ընդունած տառապանքները վերջացան։ Հեռագրերը չեն բավարարում, ցանկություն կա մանրամասնություններ շատ իմանալու, մանավանդ հայերի կյանքից։ Ու ամեն օր հիվանդանոցից գնում եմ Մխիթարյանների վանքը Mechitharishen gasse[233] փողոցում։ Վանական խստակյաց եւ զսպված միջավայրն էլ ժպտուն կերպարանք էր ստացել։ Վարդապետները նոր ստացած թղթեր են բերում, կարդում են, մեկնություններ են տալիս ուրախ ու զվարթ` վստահ վաղվա համար։ Ո՜վ էր տեսել այդպիսի տրամադրություն…

Վիեննայից գնացի Վենետիկ, հատկապես Ս.Ղազար, ոսկեկազմ գրքերի հռչակավոր կղզին տեսնելու համար։ Այդտեղ է՛լ ավելի մեծ հրճվանք էր։ Մի օր վարդապետներն ինձ իրենց գոնդոլով տարան Լիտո կղզին։ Հետները վերցրել էին Կ.Պոլսից ստացված հայերեն թերթերի կապոցներ։ Նստած էինք թանձրախիտ ծառերի տակ, կարդում էինք։ Ինչե՜ր են կատարվում Կ.Պոլսում։ Հայ-թուրքական եղբայրության ի՜նչ տեսարաններ։ Կարծես թե իրականություն չէ այդ, այլ հատվածներ «Հազար եւ մի գիշերներից»։ Ադրիականն իր ալիքները բերում-փշրում էր մեր ոտքերի մոտ, եւ ես ինձ զգում էի Հայնեի դրության մեջ։ Հիշո՞ւմ եք։ Հուլիսյան հեղափոխության ժամանակ նա գտնվում էր Հյուսիսային ծովի ափին եւ գրեց. «Եկան լրագրերը, եւ ես գտա նրանց մեջ արյունոտ ճառագայթների ամբողջ խրձեր, որոնցով կարող եմ հրդեհել ամբողջ ծովը մինչեւ Հյուսիսային բեւեռ»։ Ինձ էլ թվում էր, թե այդպիսի հատկություն ունեն եւ սուլթանական մայրաքաղաքից եկած լուրերը։ Որքա՜ն լավ է։ Հպարտությամբ ես զգում, որ մարդ ես։

Շուտով մի ավելի եւս հիացական տեսարան։ Փարիզում եմ։ Երիտթուրքերի գլխավորները, որոնք դեռ մնացել էին ֆրանսիական մայրաքաղաքում, վճռեցին Կ.Պոլիս ուղարկել, կարծեմ, մի տարի առաջ մեռած Դամադ-փաշայի` իշխան Սաբահեդդինի հոր մարմինը։ Այդ հանդեսը դարձավ հայ-թուրքական եղբայրության մի նոր ցույց։ Մի խումբ հայերս գնացինք Պեր Լաշեզի գերեզմանատուն։ Այդտեղ, Դամադ-փաշայի գերեզմանի վրա, արտասանվեցին ճառեր։ Խոսեց մի ֆրանսիացի։ Բայց նրա խոսքը թույլ էր այն հռետորական թափի առաջ, որ ցույց տվին երիտթուրքերն իրենց ճառերի մեջ։ Ես հիացած էի, ի՜նչ թրքություն է մնացել սրանց մեջ, հարցնում էի ինձ, կատարյալ եվրոպացիներ են, միայն մի քիչ արեւելյան դեմքով։ Վերջացնելով հանդեսը` մենք, ամենքս, հայ թե թուրք, այցելեցինք Գրիգոր Օտյանի գերեզմանին։ Ճառեր խոսեցին Ահարոնյանը` հայերեն եւ Սաբահեդդինը` ֆրանսերեն։ Միշտ փառաբանվում էր հեղափոխությունը, միշտ բարձրագլուխ հայտարարվում էր, թե այսօրվա օսմանյան ազատությունը հաստատված է հայ զոհերի ոսկորների վրա։

Այս հանդեսն էլ վերջացավ։ Խմբով կանգնած խոսում էինք։ Ինձ ծանոթացրին մի քանի թուրքահայ գրողների եւ մի քանի երիտթուրքերի հետ։ Իսկ տե՜ղը… տե՜ղը… Մի փոքրիկ բարձրավանդակ էր։ Ցածից մեզ էր նայում կարմիր դրոշակներով եւ սքանչելի արձանագրություններով զարդարված այն պատը, որի առջեւ հրացանի էին բռնվել 1871-ի Փարիզի Կոմունայի 15 հազար զինվորները։ Ձեզ եմ թողնում երեւակայել, թե ինչպիսին պիտի լիներ իմ տրամադրությունն այդ րոպեին։ Ես մոռացել էի իմ ծանր հիվանդությունը։ «Այլեւս Հայկական հարց չկա, այլեւս հայերին չեն կոտորի»,- ասում էի ինձ` երջանիկ եւ հավատացող…
Ա՛հ, յոթը տարուց հետո, նույն ժամանակները, 1915-ին, ես որքան անիծում էի ինձ, որ այդպիսի հավատ եմ ունեցել։ Չգիտեի դեռ, չգիտեի, թե այդ բուրժուական Փարիզը մի շպարված գազանանոց է…
Բայց դեռ մի կողմ թողնենք հեղափոխական մեղրալուսինը, որ բավական երկարատեւ էր եւ հիացնում էր նույնիսկ հեռվից դիտողներին, եվրոպացիներին։ Տեսնենք, թե իրականում ի՞նչ նոր դրություններ էր ստեղծում թուրքական այդ մեծ շարժումը։

Դեպքերը փութացնողը հեղափոխությունից մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած տեսակցությունն էր Ռեւելի մեջ։ Այդտեղ իրար հանդիպեցին Անգլիայի Էդվարդ Ե թագավորը եւ Նիկոլայ Բ-ն, որոնք իրար մեջ համաձայնություն կայացրին մակեդոնական հարցի վերաբերմամբ։ Մի տարի առաջ անգլո-ռուսական կառավարությունների մեջ համաձայնություն կայացել էր նաեւ Պարսկաստանի վերաբերմամբ։ Այս երկու դեպքերը ցույց էին տալիս, որ համաշխարհային քաղաքականության մեջ կատարվել է ահագին տակնուվրայություն։ Ռուսաստանը եւ Անգլիան` երկու համառ եւ անողոք հակառակորդներ, Արեւելքի վերաբերյալ գործերի մեջ այժմ միմյանց դաշնակիցն էին դառնում։ Մրցակցությունը տեղի էր տալիս խաղաղ համաձայնության։ Այսպիսով ամենից առաջ եւ ամենից շատ վտանգվում էր Թուրքիան, որ մինչեւ այդ գոյություն էր պահպանել համարյա միմիայն այդ մրցակցության շնորհիվ։

Աբդուլ-Համիդի բարբարոս կառավարության տակ բոլորովին թուլացած Թուրքիան կարող էր հեշտությամբ բաժան-բաժան լինել օտարների ձեռքին։ Ռեվելի տեսակցությունը դարձավ մի տեսակ ահազանգ օսմանյան հայրենասիրության համար։ Երիտթուրքերի կուսակցությունը շատ ուժեղ կազմակերպված էր Սալոնիկի թուրք զինվորականների մեջ։ Այդտեղ էր գտնվում թուրքական Երրորդ զորաբանակը, եւ նրա սպայակույտը վաղուց արտահայտում էր իր դժգոհությունը սուլթանի քաղաքականության դեմ, որ պետությունը դարձրել էր եվրոպական շահամոլության կատարյալ գերի։ Եվ ահա նույն այդ սպաները պատրաստեցին Երրորդ զորաբանակի ապստամբությունը, որն այնքան վախեցրեց Աբդուլ-Համիդին, որ նա շտապեց վերականգնված հայտարարել 1876թ. սահմանադրությունը։

Մի վերին աստիճանի հեշտ, անարյուն հեղափոխություն։ Նա բացառապես զինվորական էր եւ նացիոնալիստական։ Նշանաբանն էր` «Թուրքիան թուրքերի համար»։ Հաղթությունը երիտթուրքերին էր պատկանում։ Միանգամից նա դարձավ կառավարող կուսակցություն եւ իր ձեռքն առավ պետական ամբողջ իշխանությունը։
Իսկ Դաշնակցությունը սկզբից եւեթ իրեն համարեց դրության տեր` երիտթուրքերի հետ համահավասար իրավունքներով։ Այս իրավունքը նա հանում էր Փարիզի համաձայնությունից, իսկ եթե հեղափոխական գործակցություն երիտթուրքերի հետ չէր եղել, դրա փոխարեն Դաշնակցությունը ցույց էր տալիս իր անցյալը, երբ նա մենակ կռվում էր Աբդուլ-Համիդի դեմ, թեեւ բոլորովին մասնավոր, ոչ համապետական նպատակով։ Եվ պետք է ասել, որ երիտթուրքերն այդ միջոցին վերին աստիճանի ուշադիր էին հայ ժողովրդի վերաբերմամբ եւ ամեն կերպ փայփայում էին Դաշնակցությանը։ Այսպես, երբ Երուսաղեմից վերադարձավ Աբդուլ-Համիդի ձեռքով այնտեղ աքսորված Իզմիրլյան պատրիարքը, կառավարության եւ կուսակցության բարձր մարմիններն այնպիսի մի շքեղ ու փառավոր ընդունելություն ցույց տվին նրան, որի նմանը դեռ ոչ մի տեղ չէր տեսնված։ Մեկ այլ անգամ, երբ Դաշնակցությունը հոգեհանգիստ նշանակեց հայ հեղափոխական զոհերի հիշատակին, այդ հանդեսին ներկա գտնվեցին դարձյալ բարձրաստիճան երիտթուրքեր, որոնք իրենց ճառերի մեջ մեծարեցին ընկած հերոսներին։ Ավելի մանր, առօրյա փաստերը շատ բազմաթիվ էին։

Եվ այսպես, Դաշնակցությունը, մոտենալով երիտթուրքերին, հանդիսանալով նրանց բարեկամն ու գործակիցը, այնպիսի ազդու եւ կարեւոր դիրք էր բռնում Թուրքիայում, որի մասին նա մտածել անգամ չէր կարող առաջներում, անգամ եթե հաջողություն գտնեին նրա հայդուկային-դիվանագիտական անհուսալի արկածները։ Նոր դրություն էր ստեղծվում Թուրքիայում։ Դաշնակցությանը մնում էր թողնել հին մոլությունները, ոտքից մինչեւ գլուխ վերանորոգվել եւ որդեգրել գործունեության նոր եղանակ։ Երիտթուրքերի ռեժիմը, ամեն տեսակ ազատություններ տալով հայերին դաստիարակության, պրոպագանդայի շրջաններում, դժկամություն էր հայտնում միայն այն դեպքում, երբ Հայոց հարցն էր հրապարակ բերվում իր հայդուկային գրականության հետ։ Հեղափոխության երրորդ օրն էր, կարծեմ, որ «Արեւելք» լրագիրը սկսեց արտատպել իր թերթոնի մեջ Րաֆֆու «Խենթը»։ Այս բանը նկատվեց, դժգոհության առարկա դարձավ թուրք թերթերի մեջ, եւ «Արեւելքը» շտապեց դադարեցնել վեպի տպագրությունը` ներողություն խնդրելով, որ ազատությունից արբեցած ժամերին այսպիսի մի անպատեհություն էր գործել։ Բայց այս, իհարկե, չէր նշանակում, թե «Խենթը» եւ Րաֆֆու ուրիշ վեպերը ազատ մուտք չունեին Թուրքիա։ Նշանակալից էր եւ մի ուրիշ փաստ։ Թե՛ թուրք մամուլի եւ թե՛ ղեկավարող շրջանների մեջ արծարծվում էր այն միտքը, թե պետք է ոչնչացնել Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածը։ Ուզում էին ասել, թե Հայոց հարց չկա, թե նա լուծում է ստանում Թուրքիայի ներքին բարեկարգությունների մեջ. բայց առավելապես անհանգստացնում էր այն, որ այդ հոդվածը կարող էր եվրոպական պետությունների միջամտության առիթ դառնալ. մի բան, որ չէր կարող տանել վերանորոգված Թուրքիան։ Սակայն այս առաջարկությունն անկատար մնաց։ Հայերը չուզեցին զրկվել իրենց արյունոտ ժառանգությունից։

Սա նշանակում էր, թե կողմերի մեջ կատարյալ անկեղծություն, այնուամենայնիվ, չկար։ Իզուր էին մատնանշում, թե թուրքական սահմանադրության վերականգնումից հետո ավելորդ է դառնում [այն], որ Դաշնակցությունը շարունակում է կրել «հեղափոխական» անունը։ Դաշնակցությունը չընդունեց այդ եւ ահա մի նոր առիթ, որ երիտթուրքերը ծուռ աչքով նայեն նրան։ Սառնության պատճառ վերջիվերջո պիտի տար եւ այն հանգամանքը, որ Դաշնակցությունը Թուրքիայում սկսում էր սոցիալիստական գործունեություն, թեեւ նրա սոցիալիզմն այն էր, որ անմահացրել է Երվանդ Օտյանն իր «Առաքելություն մը ի Ծապլվար» կծու երգիծաբանության մեջ։ Երիտթուրքերի կուսակցությունը չէր կամենա, իհարկե, որ իր աջակից եւ բարեկամ կուսակցությունը նույնիսկ այդքանն էլ անե, այլ կկամենար, որ նա իր պես զուտ օսմանյան-նացիոնալիստական ներշնչումներով լինի տոգորված։ Դրությունն անհամության էր հասնում մանավանդ այն դեպքում, երբ դաշնակցականներին հաջողվում էր գործադուլներ կազմակերպել այս կամ այն ձեռնարկության մեջ եւ այսպիսով գլխացավանք պատճառել երիտթուրքերի կառավարությանը։

Եվ այսպիսով, ապագայի համար հուսատու հանգամանքներ շատ չէին երեւում։ Դաշնակցությունը չէր գիտակցում, թե ինչ ահագին պատասխանատվություն է վերցրել իր վրա` իբրեւ միակ խոշոր քաղաքական կազմակերպություն, որ իր ձեռքն էր առել ամբողջ հայության ճակատագիրը։ Ստեղծագործ միտք նա առաջ չբերեց եւ այս անգամ, երբ նորից ու նորից հայ ժողովրդի մահվան եւ կյանքի առեղծվածն էր դրված։ Նա էլի շարունակեց հինը` հայդուկային կազմակերպությունը եւ Եվրոպայի` արդեն հարյուր անգամ արատավորված պաշտամունքը։ Դաշնակցականները (նրանցից ետ չէին մնում եւ հնչակյանները) զինում էին հայ ժողովրդին, շարունակ պահանջում էին, որ ամենքը զենք ունենան։ Եվ այս, իհարկե, տեսնում էին թուրքերը։ Ժնեւից` «Դրոշակի» խմբագրությունից բեռներով Կ.Պոլիս էին ուղարկվում հայդուկային գրականություն եւ նկարներ։ Այս ապրանքը տարածվում էր մայրաքաղաքում եւ գավառներում, վերանորոգվում էր հինը, անջատ ազգային ինքնուրույնության գաղափարը ոչ թե չէր թուլանում, այլ ընդհակառակը` ավելի եւ ավելի ուռճանում էր[234]։

Դաշնակցությունը մտել էր ամեն տեղ, տիրացել էր բոլոր ազգային, հասարակական, կրթական հաստատություններին։ Ազգային ժողովի մեջ նա էր ուղղություն տվողը։ Եվ նրա ուժը առաջվա պես հենվում էր զինվորական կազմակերպության վրա։ Հաջողություններից ամբարտավանության ծայրը հասած` նա երեւակայում էր իրեն ռազմական մեծ կարողության տեր, պատրաստ` կռիվ սկսելու ամեն տեղ։ Ես հիշում եմ այն վրդովմունքը, որ պատճառեց Մալումյանը նույնիսկ Ժնեւի դաշնակցական շրջաններին, երբ նա Կ.Պոլսի Ազգային ժողովի նիստում, ողջունելով նորընտիր Իզմիրլյան կաթողիկոսին, խորհուրդ էր տալիս նրան Ռուսաստան գնալուց հետո, կռվել ռուսական բռնակալության դեմ. ասում էր, թե այդ կռվի համար նրա տրամադրության տակ կլինեն Ռուսաստանում եղած դաշնակցական բոլոր ուժերը։ Ճիշտ որ, դոնքիշոտությունն ավելի հեռուն գնալու տեղ չուներ։

Գ

Փարիզից ես գնացի Ժնեւ, ուր մնացի մի ամսից ավել` սպասելով, թե երբ դոկտոր Ռուն կվերադառնա ամառային գյուղագնացությունից եւ կընդունի ինձ` վիրահատությանս հարցը վճռելու համար։ Ապրում էի «Դրոշակի» խմբագրությունից ոչ հեռու, ամեն օր լինում էի այնտեղ, ուր հանդիպում էի իմ հին ընկերներին եւ ծանոթներին։ Ինձ` մի հիվանդ, լեզու չիմացող օտարականիս համար այդ միակ հայկական հիմնարկությունը շատ մեծ նշանակություն ունեցավ, եւ ես միանգամայն ընդմիշտ պիտի խոստովանեմ, որ «Դրոշակի» խմբագրատանը ես գտա ամենաջերմ բարեկամական վերաբերմունք, խնամք եւ հոգատարություն, մասնավորապես, Դաշնակցության հայտնի գաղափարախոս եւ իմ հայրենակից Միքայել Վարանդյանից[235]։ Ես միշտ շնորհակալ եմ եղել, այսուհետեւ էլ կլինեմ այն բոլորի համար, ինչ վերաբերում է ինձ անձնապես։
Բայց հարցն այստեղ, իհարկե, այդ չէ։

«Դրոշակի» խմբագրությունն ինձ առանձնապես հետաքրքրում էր իբրեւ մի հիմնարկություն, որ այնքան խոշոր դեր էր կատարել եւ կատարում հայ կյանքի մեջ։ Դա մի փոքրիկ շվեյցարական տնակ էր, երկհարկանի, առանձնակի կանգնած մի պարտեզի մեջտեղը։ Ներքեւի հարկում գրաշարանոցն էր, վերեւի հարկում` խմբագրատան դահլիճը, որ ներկայացնում էր մի ամբողջ դաշնակցական թանգարան։ Պատերից կախված էին հերոս-հայդուկների պատկերները եւ ամենից վերեւում, ամենապատվավոր տեղը` Քրիստափոր Միքայելյանն էր, որ արդեն կուսակցական պաշտամունք էր դարձել, եւ նրա հիշատակներով լեցուն էր այս ամբողջ տնակն իր պարտեզով։ Խնամքով պահվում էին եւ կուսակցության համար նվիրական սրբություններ դարձած զանազան զենքեր եւ իրեր, որոնք հայդուկային կռիվների մեջ խլված ռազմավարներ էին եւ երկրից բերվել էին այստեղ` պահպանության համար։ Բայց ամենից նշանավորն այն արխիվն էր, որ հավաքել էր խմբագրությունը, եւ որի մեջ պահվում էին ամեն տեսակ գրագրություններ` երկրից եւ աշխարհի բոլոր կողմերից։ Շատ ափսոսում եմ, որ հիվանդությունս թույլ չտվեց ինձ գոնե մասնակի պրպտումներ կատարել այդ շատ հարուստ նյութերի մեջ։ Այսօր ես, անշուշտ, ավելի շատ տվյալներ կունենայի իմ լուսաբանությունների համար, եթե կարողացած լինեի ծանոթություններ մշակել հայդուկային մեծ արխիվից…

Իբրեւ հայդուկային աշխարհավարության մի բարձր հիմնարկություն՝ «Դրոշակի» խմբագրությունն ամբողջապես իմ աչքի առջեւ էր։ Ես տեսա անհավասար, հուսահատական կռվի շատ դրվագները` ոգեւորություն, հերոսություն, ապարդյունություն։ Եվ սա գալիս-հասնում էր այն դիվանագիտական «ռեդինգոտին»[236], որ տանում էր այս փոքրիկ տնակից չափահաս եւ խելահաս համարված մարդկանց` իմպերիալիստական գայլերից ողորմություն մուրալու…
Դաշնակցության այս դեմքը միանգամայն լավ լուսավորված էր։ Հետաքրքրական էր տեսնել մյուս դեմքը` սոցիալիստականը։ Ես այդ էլ տեսա։

Դաշնակցությունը մտել էր Երկրորդ ինտերնացիոնալի մեջ` ռուսական էսէռների փեշի տակ։ Երաշխավոր-հսկողի հարկավորություն կար, եւ այդ դերը կատարում էր Ժնեւում ապրող հայտնի էսէռ Վ. Լունկեւիչը։ Հենց որ նկատում էր, թե «տղերքը» հակասոցիալիստական շեղումներ են անում, իսկույն գնում էր «Դրոշակի» խմբագրություն եւ, շեմքից դեռ ներս չմտած, ասում էր երեւանցու շեշտով. «Էս ի՞նչ ա»։ Բացատրություններ, մեկնություններ… Լունկեւիչը ծանր շարժում էր գլուխը, իր պահանջներն էր դնում եւ հիշեցնում, որ էսէռական կուսակցությունն է երաշխավորը Ինտերնացիոնալի առաջ։ Եվ այսպես մտրակելով էր նա պահում Դաշնակցությանը սոցիալիզմի հարթոցի վրա։ Այնպես որ, 1908-ի ամռանը Վարանդյանը գնաց Ինտերնացիոնալի համագումարին, կարծեմ` Անտվերպեն, հաշիվ ներկայացրեց Դաշնակցության սոցիալիստական գործունեության մասին եւ վերադառնալով` պատմեց իր խոսակցությունները Կաուցկու, Վանդերվելդեի[237] եւ ուրիշների հետ։

Բայց ինչ էլ լիներ, սոցիալիզմը չէր բռնում դաշնակցական հողի վրա, եւ շուտով էլի Լունկեւիչն ավելի մի ծանրակշիռ առիթ էր ունենում իր «Էս ի՞նչ ա»-յով գնալ «Դրոշակի» խմբագրատուն։ Բուլղարիան օգուտ քաղելով թուրքական հեղափոխությունից` իրեն անկախ հռչակեց։ Մի օր Ժնեւի լրագրերում տեղեկություն տպվեց, թե հարաբերություններն այս առիթով այնքան լարվել են Թուրքիայի եւ Բուլղարիայի միջեւ, որ պատերազմ է սպասվում, եւ Դաշնակցությունը խոստացել է թուրք կառավարությանը` նրա տրամադրության տակ դնել իր բոլոր զինված ուժերը։ Տեղեկության այս երկրորդ կեսը սաստիկ զայրույթ պատճառեց Ժնեւի բուլղար ուսանողությանը։ Լրագրերում սաստիկ հարձակողական հոդվածներ տպվեցին հայերի եւ նրանց հեղափոխական կուսակցության դեմ։ Այս բավական չէր, կայացավ բողոքի միտինգ. Դաշնակցությունը դատապարտվում էր մանավանդ այն պատճառով, որ իրեն սոցիալիստական կուսակցություն է անվանում եւ, սակայն, պատրաստվում է կռվել մի ուրիշ ազգի ազատության դեմ։
Աղմուկը շարունակվեց` մինչեւ որ հետագա լուրերը եկան հանգստացնելու բուլղար ուսանողներին։ Ո՛չ Թուրքիան պատերազմ հայտարարեց Բուլղարիային, ո՛չ էլ Դաշնակցությունը միացրեց իր զինական ուժերը թուրքական բանակին։

Շուտով, սակայն, ես կտրվեցի աշխարհից` մտնելով դոկտոր Ռուի հիվանդանոցը, ուր ենթարկվեցի ծանր վիրահատության, տեսա գերեզմանս, բայց էլի կյանքին վերադարձվեցի։ Եվ առաջին շշուկներից մեկը, որով կյանքն ինձ նորից ընդունեց իր մեջ, այն էր, որ Կովկասում ռուս կառավարությունն սկսել էր ձերբակալել դաշնակցականներին։ Ինձ, ճիշտն ասած, փոքր-ինչ անբացատրելի թվաց այդ նորությունը։ Թուրքական հեղափոխությունից ամիսներ առաջ, 1907-1908-ի ձմռանը, հարաբերությունները Ռուսաստանի եւ Թուրքիայի մեջ այնքան էին լարվել, որ պատերազմը գրեթե անխուսափելի էր համարվում։ Թուրքական զորքերը կուտակվում էին սահմանի մյուս կողմում, ռուսներն էլ մեծամեծ պատրաստություններ էին տեսնում Ալեքսանդրապոլի եւ Կարսի երկաթուղիների վրա։ Այդ ժամանակ էլ հայտնի դարձավ, որ թեեւ ռուս կառավարությունը մի կողմից աշխատանք էր թափում Դաշնակցությանը ոչնչացնելու, բայց մյուս կողմից` կովկասյան բանակի շտաբն իր ռազմական ծրագրերի մեջ ունի որոշում` օգտվելու, պատերազմի դեպքում, դաշնակցական զինվորությունից՝ առաջապահ-հետախուզական ծառայության համար։ Շտաբն, իհարկե, միշտ գտնվում էր միայն Թիֆլիսում պահված 7 հազար զինվորների առասպելի ազդեցության տակ։

Բայց բանն այդ չէր։ Կարսից Թիֆլիս եկավ շտաբի սպաներից մեկը` հատկապես Դաշնակցության հետ բանակցություններ վարելու։ Ինձ շատ լավ հայտնի էր, որ այդ սպան դաշնակցական շեֆերի հետ իր ունեցած առաջին տեսակցության միջոցին ասել էր. «Պարոններ, ես զինվոր եմ, քաղաքական հարցերի հետ առնչություն չունեմ եւ բացարձակապես հայտնում եմ, որ ձեր մարտական ուժերի աջակցությունը մեզ անհրաժեշտ է եւ շատ ցանկալի։ Խոսենք, թե ինչ պայմաններով կարող եք դուք օգնել մեր զորքին»։ Սակայն շեֆերն այս անգամ գովելի խոհեմություն էին ցույց տվել` ասելով, թե պատերազմի դեպքում Դաշնակցությունը չեզոք դիրք կբռնի, որովհետեւ Թուրքիայում ունի մի անպաշտպան ժողովուրդ, որ սրի կքաշվի, եւ ոչ ոք չի լինի, որ բռնի թուրքի ձեռքը, ինչպես որ չի եղել մինչեւ այսօր։ Համաձայնություն չկայացավ։ Ինձ այն ժամանակ մի իրազեկ հայ սպա պատմում էր, թե պատերազմի դեպքում ռուսական ծրագրի առաջին կետերից մեկն է` առատությամբ զենք մտցնել Թուրքահայաստան, անթիվ ու անհաշիվ բաժանել հայերին եւ ապստամբեցնել նրանց։

Այս հանգամանքները թելադրում էին հավատալ, որ Դաշնակցությունը, ինչ էլ լինի, հայտնի դեպքերում պետքական պիտի համարվի ռուսաց կառավարության համար։ Այս տեսակետից էր ինձ փոքր-ինչ անբացատրելի երեւում այն հալածանքը, որ հարուցվում էր Դաշնակցության դեմ։ Բայց, երբ դեկտեմբերին իմ ծանր հիվանդությունից ապաքինված վերադարձա Թիֆլիս, տեսա, որ դրությունն իսկապես շատ լուրջ է։ Խուզարկությունները եւ կալանավորությունները գնալով սաստկանում էին։ Ձերբակալվեցին Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը եւ ուրիշ շատերը։ Դաշնակցության արգանդից դուրս եկած միհրանականությունն այժմ սպառնում էր ամբողջապես լափել նրան։ Միհրանը բանտարկված էր եւ մեկիկ-մեկիկ մատնում էր իր նախկին կուսակցական ընկերներին։ Բայց չարիքի աղբյուրը միայն նա չէր։ Ստոլիպինն արդեն չափազանց հղփացած էր ռեակցիայի հաջողությամբ եւ վճռել էր տեռորի ենթարկել հայ ժողովրդին, ու այս բանը կատարում էր Շչեգլովիտովը` հիմք դնելով նմանը չտեսնված մի վիթխարի քաղաքական դատի։ Նախնական քննությունն արտակարգ լիազորություններով հանձնվեց Նովոչերկասկի քննիչ Լիժինին, որի մի հատ ակնարկով հարյուրավոր մարդիկ բանտ էին նետվում։

Խուզարկությունները շատացան մանավանդ 1909-ի գարնանը, երբ ձերբակալվեցին Ահարոնյանը եւ ուրիշ շատերը։ Թվում էր, թե այդ մի ընդհանուր հալածանք է հայ ինտելիգենցիայի դեմ, որովհետեւ դաշնակցականների հետ ձերբակալվում էին եւ շատ ոչ դաշնակցականներ, նույնիսկ եւ Դաշնակցության հակառակորդներ։ Խուճապը կատարյալ էր։ Գիշերները մարդիկ հանգիստ քուն չունեին։ Յուրաքանչյուր ձայն ու թխկոց կարծել էր տալիս, թե եկան խուզարկելու, տանելու։ Ամեն մեկը շտապում էր իր գլխի ճարը տեսնել։ Կային եւ այնպիսինները, որոնք դիմում էին անում «հայոց պաշտպան» Վորոնցով-Դաշկովին, որը, սակայն, պատասխանում էր, թե այդ գործի մեջ ինքը որեւէ մասնակցություն չունի։ Բայց ոչ ոք, իհարկե, չէր հավատում այս չքմեղությանը։

Եվ գիտե՞ք ինչ մեղադրանքով էին այնքան կալանավորություններ կատարվում։ Հայ-թուրքական կռիվներին մասնակցելու համար. այն կռիվներին, որոնք ամբողջովին ռուս կառավորության գործն էին եւ որոնց համար, սակայն, ոչ մի չինովնիկ պատիժ չէր կրում։ Թուրքերի դեմ ոչ մի հալածանք չսկսվեց, հալածում էին միայն հայերին, թե ինչու նրանք զենք են վերցրել եւ իրենք իրենց պաշտպանել։ Այսքան ահա անառակ էր Նիկոլայ Բ-ի կառավարությունը։ Ինչ խոսք, որ եթե կառավարությունն այդպիսին էր, պատճառն այն էր, որ հենց ինքը Նիկոլայն էլ այդպիսին էր։ Մայիսին նրան էր ներկայացել նորընտիր կաթողիկոս Իզմիրլյանն ու խնդրել բանտարկյալների ազատությունը։ «Մինչ դուք տեղ կհասնեք (Էջմիածին), ամենքն արդեն ազատված կլինեն»,- պատասխանել էր Նիկոլայը։ Բայց սա մի «ամենաողորմած» ստախոսություն էր։

Դ

Սարսափ եւ հուսահատություն էր Կովկասի հայության մեջ։ Իսկ սահմանից այն կողմ` Թուրքիայում, հանդարտություն եւ ազատություն էր։ Դիրքերը փոխվել էին։ Մինչ այդ Թուրքիայից հալածվածները Ռուսաստան էին փախչում, այժմ Ռուսաստանից խմբերով փախչում էին Թուրքիա եւ այնտեղ ապահովություն եւ պաշտպանություն գտնում։ Կ.Պոլիսը լցված էր զանազան տեղերից գնացած հեղափոխականներով, ուսանողներով եւ այլն։ Թիֆլիսից փախած մի խումբ դաշնակցական մտավորականներ հաստատվել էին Էրզրումում եւ եռանդով գործում էին. բավական ազդեցիկ «Յառաջ» թերթն էին հրատարակում, իրենց ձեռքն էին առել դպրոցական գործը։ Էրզրումը կուլտուրական կենտրոնի նշանակություն էր ստացել։

Բայց հանկարծ, անսպասելիորեն, այս գարնանային գեղաժպիտ օրը մթագնեց. սարսափի ձայնն է բարձրանում Կիլիկիայից։ 1909-ի գարնանը Աբդուլ-Համիդը հեղաշրջում էր կատարել Կ.Պոլսում` ոտքի կանգնեցնելով երիտթուրքերի թշնամի պահպանողական տարրերին, որոնց միացել էին եւ Կ.Պոլսում գտնված թուրքական զորքերը։ Այս լուրն առնելուն պես Սալոնիկի բանակն արշավանք սկսեց Կ.Պոլսի դեմ, եկավ-գրավեց մայրաքաղաքը, վերականգնեց սահմանադրությունը։ Աբդուլ-Համիդն այս անգամ գահընկեց եղավ եւ աքսոր ուղարկվեց Սալոնիկ։ Բայց մինչեւ այդ, քանի դեռ իր արյունոտ գահի վրա էր, այդ հրեշը կատարեց իր վերջին հրեշային ոճիրը` հրամանագրելով հայերի ջարդ Ադանա քաղաքում եւ շրջականերում. մի ջարդ, որին զոհ գնաց մոտ 30 հազար անմեղ մարդ։

Այսպիսով սաստիկ վարկաբեկվում էր Թուրքիայում հաստատված ռեժիմը։ Բանից դուրս էր գալիս, որ հեղափոխական մեղրալուսինը լոկ խոսքերից եւ ծեսերից էր բաղկացած, որ պառլամենտական Թուրքիայում էլ հայ ժողովուրդն ապահով չի կարող համարվել ջարդերից։ Երիտթուրքերի կուսակցությունն ամեն ջանք գործադրում էր ցույց տալու համար, որ Ադանան ամբողջովին հին ռեժիմի ոճիրն է։ Բայց այս ջանքերը չպսակվեցին կատարյալ հաջողությամբ։ Մնացին շատ կասկածներ, որոնք ապացուցում էին, թե երիտթուրքերն էլ անմեղ չեն։ Այս ապացույցների շարքին էր պատկանում նախեւառաջ այն, որ երիտթուրքերը, նորից իշխանության տիրանալով, ամեն կերպ աշխատում էին խեղդել Ադանայի գործը։ Բավարարություն չէին տալիս հայերի արդար պահանջներին եւ այլն։

Բայց պետք է խոստովանել, որ այս տրամադրությունը պատահական եւ քմածին չէր։ Կար եւ հետզհետե աճում էր այն սոսկալի ողբերգական դրությունը, որ հայերը չէին հասկանում իրենց դիրքը նոր, վերանորոգվող, սահմանադրական Թուրքիայում։ Նրանք ազատություն էին ստացել եւ կարծում էին, թե այդ անծայր եւ անսահման մի ազատություն է։ Երիտթուրքերին նրանք լավ ճանաչել չէին կարողանում։ Չէին տեսնում կամ չտեսնելու էին դնում, որ Սալոնիկի զորաբանակի սվինների վրա հաստատված նոր ռեժիմը ծայրահեղորեն նացիոնալիստական ռեժիմ է, եւ որ երիտթուրքը նույնիսկ Աբդուլ-Համիդից ավելի թշնամի է ամեն մի առանձին ազգային շարժման, որ նրա մեջ ապրողը, գործողը հին միդհատյան իդեալն է` բոլոր ազգությունների ձուլումը մի ընդհանուր անվան` օսմանացիության մեջ։

Իրական ուժը, նա, որ տիրապետում էր եւ հրամայում, այսպես էր։ Նա նույնիսկ լսել չէր ուզում ապակենտրոնացման մասին, որ ծրագրային սկզբունք էր իշխան Սաբահեդդինի կուսակցության համար. այնպես որ, Սաբահեդդինը ստիպված էր նորից հեռանալ Թուրքիայից։ Իսկ հայերը, ինչպես վերեւում ասացի, ազատվելով թուրքական հին ռեժիմից, չուզեցին ազատվել նաեւ իրենց հին ռեժիմից. էլի հայդուկային պաշտամունքը հրապարակ նետեցին, զինվել սկսեցին` անկախ[238] կամ գեթ ինքնավար Հայաստան` որքան կարելի է շուտ ստեղծելու համար։ Կիլիկիան Հնչակյան կուսակցության գործողությունների վայրն էր։ Հնչակյաններն ամենագրգռիչ դիրք էին բռնում։ Նրանք հրատարակում էին «Ինքնավար Հայաստան» անունով թերթ, դաշնակցում էին ապակենտրոնացում ընդունող թուրք կուսակցության, ասել է` երիտթուրքերի կատաղի թշնամիների հետ, զինում էին կիլիկիացիներին, իսկ Ադանայի պոռոտախոս առաջնորդ Մուշեղ եպիսկոպոսը իր քարոզների մեջ խրատում էր, որ ամեն մեկը զենք գնի, պատրաստվի։ Թուրքերն էլ իրենց կողմից էին զինվում։ Եվ մի օր, իհարկե, պիտի գար, երբ այդ զենքերն իրենք իրենց պիտի պայթեին։ Այդպես էլ եղավ Աբդուլ-Համիդի սկսած պետական հեղաշրջման հետեւանքով եւ նրա հետ կապված։ Եվ երիտթուրքերը չպիտի լինեին գլուխ պատռողները, որ թուրքական հին ռեժիմը չջարդի հայկական հին ռեժիմը։ Ընդհակառակը, նրանք իրենք էլ ընդունում էին նույն այդ մեթոդը` նոր ռեժիմի միատարր օսմանցիության ռեժիմի հաղթանակի համար։

Այս տեսակ վերաբերմունքը դեպի Ադանայի ջարդը, այնուամենայնիվ, մազի չափ չվնասեց այն մոտիկ բարեկամական հարաբերություններին, որոնք գոյություն ունեին Դաշնակցության եւ երիտթուրքերի միջեւ։ Ամենից առաջ հիշատակելի է այն փաստը, որ Ադանայի արյունն այլեւս դաշնակցականների ձեռքը չտվեց դիվանագիտական մուրացկանի ցուպը եւ չուղարկեց նրանց Լոնդոնի, Փարիզի կառավարիչների դռները ծեծելու։ Գարշելի եվրոպապաշտությունից Դաշնակցությունը թվում էր բուժված։ Եթե այս ընդմիշտ էլ չէր, այլ գեթ երկար ժամանակով, չէր կարելի սա չհամարել ինքնադաստիարակության գնահատելի նվաճում։ Ոչ միայն այս։ Օսմանյան պառլամենտում նստած հայ պատգամավորները, մեծագույն մասամբ դաշնակցական, գրեթե լուռ մնացին Ադանայի դեպքերի հանդեպ, չանհանգստացրին երիտթուրքերի կառավարությանը հարցապնդումներով, բողոքներով, պահանջներով։ Եվ երբ «Բյուզանդիոն»[239] լրագրի խմբագիր [Բյուզանդ] Քեչյանն այդ առիթով գրեց, թե հայ պատգամավորները շատ լավ գիտեին, որ եթե խոսելն արծաթ է, լռելը հո ոսկի է, որ ամեն ամիս տրվում է նրանց պետական գանձարանից իբրեւ ռոճիկ, դաշնակցական խուժանը հարձակվեց նրա վրա եւ ծեծեց։

Դժվարություններ ստեղծել երիտթուրքերի կառավարության դեմ Դաշնակցությունը չէր ուզում։ Ավելի արտոնված, ավելի տիրապետող դիրք գրավելու համար` նա նույնիսկ պաշտոնապես, գրավոր կերպով դաշինք կնքեց երիտթուրքերի կուսակցության հետ եւ առ ու ծախի առարկա դարձրեց նույնիսկ Ադանայի արյունը։ Ստանալով երիտթուրքերից խոստում, թե առաջիկա պառլամենտական ընտրություններին դաշնակցականներին կտրվի 20 տեղ, այդ հայ հեղափոխական կուսակցությունը ստորագրում է դաշնակցային պայմանագրի այն հոդվածն էլ, որ ասում էր, թե Ադանայի արյունահեղությունը պիտի մոռացության տրվի… Մնում էր, որ հին ավանդական սովորությանը հետեւելով` Կ.Պոլսի հայոց պատրիարքը բողոք բարձրացնի Ադանայի վերաբերմամբ գործադրված անարդարությունների դեմ։ Ինչպես սովորություն էր, Դուրյան պատրիարքն այդ բողոքի հետ ներկայացրեց եւ իր հրաժարականը։ Այն ժամանակ նրա դեմ խիստ եւ երկարատեւ արշավանք սկսեց Դաշնակցությունը` պահանջելով, որ նա ետ վերցնի իր հրաժարականը եւ, առհասարակ, չխառնվի այնպիսի գործերի մեջ, որոնք զուտ կրոնական հանգամանք չունեն։ Մի պահանջ, որ երիտթուրքերն էլ էին առաջ քաշել։

Այսպես սրտագին-մտերմական էին հարաբերությունները հայ եւ թուրք երկու կուսակցությունների մեջ։ Երիտասարդ թուրքերը դեռ պատճառ չունեին իրենցից խրտնեցնելու դաշնակցականներին։ 1909-ի պետական հեղաշրջումից հետո խախուտ մի կայունություն էր ստեղծվել նրանց համար։ Հարկավոր էր մրցություն հակառակորդ պահպանողական կուսակցության դեմ, եւ այդ մրցության մեջ դաշնակցականների աջակցությունը կարեւոր էր։ Մերձակցությունը երկու դաշնակից կուսակցությունների շեֆերի մեջ ընդունում էր անձնական-մտերմական կերպարանք։ Այսպես, Մալումյան-Ակնունիի եւ շատ ազդեցիկ երիտթուրք Թալեաթ-բեյի[240] հարաբերությունները սերտ ընկերական էին։ Ապագան ցույց տվեց, թե ինչ սոսկալի կեղծիք կա այդ բարեկամության մեջ։

Եվ այսպես, Դաշնակցությունը ցույց էր տալիս, որ իր համար այժմ ամեն ինչ է կուսակցական եսամոլությունը։ Թուրքիայում այդպիսի մի արտոնված դիրք ստեղծելը նրա համար շատ կարեւոր էր` նախեւառաջ նկատի առնելով այն տագնապն ու տեռորը, որոնց ենթարկված էր կուսակցությունը Ռուսաստանում։ Հենվելով երիտթուրքերի համակրության վրա` Դաշնակցությունը մի ամբողջ արշավանք էր կազմակերպում ցարական բյուրոկրատիայի դեմ` դրանով իհարկե մեծ հաճույք պատճառելով ամբողջ օսմանցիությանը, որ շատ լավ գիտեր, թե ցարիզմն է Թուրքիայի դարավոր անհաշտ եւ ահարկու թշնամին։ Ահա մի թռուցիկ, որ բաց թողեց Դաշնակցությունը կովկասյան բանտարկությունների առիթով։

«Հայրենակիցնե՛ր.
Տասնյակ տարիներ շարունակ հայ հեղափոխության օրրանը հանդիսացող Կովկասն այսօր ցավագնորեն կտնքա բռնապետական բիրտ ուժի տակ։
Հայ ժողովրդի լավագույն մեկ սերունդը երկրորդ տարին է, որ կտառապի այնտեղ՝ ցարին հրեշավոր բանտերուն մեջ։ Ռուսական հեղափոխության շարժումներեն հետո ասպարեզն այժմ անզուսպ ռեակցիային է մնացել, որ շլացած իր արյունոտ հաղթանակներեն՝ կուռչի եւ անողոք կհարվածե եւ կտրորե հայ ժողովրդի լավագույն սերունդը, եւ ուսուցիչ թե բանաստեղծ, վաճառական թե արհեստավոր, մտավորական թե բանվոր, հեղափոխական թե խաղաղ քաղաքացի, ու բոլորը կտառապեն բանտերու մութ կամարներուն տակ։
Հայրենակիցնե՛ր, մեր ցավի ու կսկիծի օրերուն՝ մեր կողքին ապրող, մեր ցավով տանջվող հարազատներն են անոնք…
Սահմանի այս կողմը՝ Օսմանյան հողի վրա ազատություն կա այսօր, բայց սահմանի մյուս կողմը ցարիզմի խելացնոր կառավարությունն է իշխողը…

Սահմանադրության ազատությունները վայելող տաճկահայ ժողովուրդը երբեք չկրնար անտարբեր մնալ ի տես ոստիկանական այն բիրտ ճնշումներուն, որոնց ենթակա են մեր հարազատները, որ օր ու գիշեր այս խորունկ հավատով ու այս գիտակցությամբ է, ահա, որ ՀՅ Դաշնակցության արեւելյան շրջանի ռայոնական ժողովը կոչ կնե թուրքահայ ժողովրդի բոլոր խավերուն անխտիր, որ անոնցմե ամեն մեկը փութա հասցնել նյութական օգնություն կովկասահայ քաղաքական բանտարկյալներուն. անոնց անխնամ մնացած ընտանիքներուն եւ սիրելիներուն շուտափույթ օգնություն անհրաժեշտ է…
Հայրենակիցնե՛ր, ուղղելով ձեզ ներկա կոչը` ՀՅԴ արեւելյան շրջանի ռայժողովը միանգամայն աներկբա է, որ թուրքահայ ժողովուրդը պիտի շտապի անմիջապես պատասխանել անոր, իր ունեցածեն առատ մաս հանել իր տանջվող եղբորը….»։

Միաժամանակ դաշնակցականները, երիտթուրքերի հետ ձեռք ձեռքի տված, բողոքի եւ ցասման միտինգներ էին կազմում Կ.Պոլսի հայոց եկեղեցիներում, ուր որոտալից ճառեր էին արտասանում ցարական բռնակալության դեմ…
Մտերմությունն, այո՛, մեծ էր եւ սքանչելի։ Եվ ո՞վ կարող էր մտքով անգամ անցկացնել, թե ամենաշատը մի տարուց հետո քամին ուրիշ տեղից պիտի փչի եւ մեր դաշնակցականներին քշի տանի բոլորովին հակառակ ուղղությամբ…

Ե

1909-ի հալածանքներն այնքան նեղ կացություն էին ստեղծել դաշնակցականների համար, որ նրանք հնարավորություն չունեին իրենց թերթի խմբագրությունը վարելու։ Խուզարկություններն ու ձերբակալություններն անպակաս էին լինում նույնիսկ խմբագրատան մեջ. այդ պատճառով աշխատակիցները վախենում էին գնալ այնտեղ։ Ամռանը փակված թերթի փոխարեն սկսեց հրատարակվել «Հորիզոն» անունով թերթը, բայց հրատարակությունը շատ կրճատ էր։ Թերթի տնտեսական կառավարիչը, չգիտեմ, իր կատարած վատնումների՞, թե՞ մի այլ պատճառով, ինքնասպանություն գործեց։ Թերթը դադարեց, եւ այսպես շարունակվեց մի քանի ամիս։

Աշնան վերջերում իմ դաշնակցական ծանոթներից մի քանիսը սկսեցին երթեւեկել ինձ մոտ եւ առաջարկեցին ինձ հանձն առնել «Հորիզոնի» խմբագրի պաշտոնը։ Ես բացեիբաց մերժեցի` ասելով, որ երբեք կուսակցության մարդ չեմ եղել եւ չեմ կարող կուսակցության թերթ խմբագրել։ Սակայն ինձ հետ բանակցողներն, ինչպես ասվում է մեզանում, ձեռք չվերցրին ինձանից։ Նրանք փոխակերպեցին հարցն այսպես. «Հորիզոնը» կուսակցական թերթ չէ, կազմում է իրենց` այդ երեք հոգու սեփականությունը, հրատարակվում է նրանց միջոցներով. նրանք ղեկավարվում են այն ցանկությամբ, որ հրապարակում լինի մի մաքուր եւ ազնիվ թերթ` առաջադիմական ուղղությամբ։ Ինձ տրվում է կատարյալ ազատություն։ Կարող եմ նույնիսկ Դաշնակցության դեմ գրել, քննադատել նրա գործողությունները։ Բացի իմ հիշած երեք անձնավորություններից` երկար ժամանակ ինձ համոզում էր նաեւ դաշնակցական հայտնի շեֆ Խաժակը[241]։ Նա ինձ հավատացնում էր ամենայն անկեղծությամբ, իբրեւ ազնիվ մարդ, որ ձեռնարկությունը ոչինչ կուսակցական հանգամանք չունի, որ նա զուտ կուլտուրական-գրական մի գործ է։ Այսպես էլ մենք խոսեցինք եւ պայմանավորվեցինք բանաստեղծ Ավետիք Իսահակյանի մոտ, նրա նշանադրության գիշերը, եւ ես վերջապես համաձայնությունս տվեցի։ Պիտի ասեմ, որ այս բանակցությունների ժամանակ ես միշտ խորհրդակցում էի իմ երկու մտերիմների` Ղազարոս Աղայանի եւ Հովհաննես Թումանյանի հետ։ Միասին որոշեցինք դարձնել «Հորիզոնը» հայ գրողների օրգան, մանր-մունր հրապարակախոսական առօրեություններից ավել մշակել գրականության հարցերը, բարձրացնել նրա նշանակությունը։ Միայն երկուսի համաձայնությունը ստանալուց հետո էր, թե կաշխատակցեն ինձ, ես վերջնական խոսք տվի, եւ դեկտեմբերի սկզբին լույս տեսավ «Հորիզոնի» համարը` իմ ստորագրությունը կրող մի առաջնորդողով, որի մեջ ես հայտարարում էի, թե «Հորիզոնը» ոչ մի կուսակցության չի պատկանում։ Այս միեւնույնը միաժամանակ վկայում էր եւ Խաժակը «Тифлисский листок»[242] լրագրում տպված իր հոդվածի մեջ։

Միայն շատ ուշ, 1917-ի հեղափոխության օրերին, դաշնակցական շեֆ Կարճիկյանը[243] մի վիճաբանության մեջ ինձ ասաց, թե Դաշնակցությունն իր օրգանն է համարել «Հորիզոնը» նաեւ իմ խմբագրության օրով, երբ նա անկուսակցական էր հայտարարված եւ հարձակվում էր Դաշնակցության վրա։ Բանից դուրս էր գալիս, որ դաշնակցական կոմիտեն է եղել ինձ մոտ իմ հիշած երեք անձնավորություններին եւ Խաժակին ուղարկողը, ինձ առաջարկություններ անողը։ Ես ուրիշ բան չգտա անելու այդ հանկարծական հայտնագործման դեմ, բայց միայն դիմեցի միեւնույն սեղանի շուրջը նստած երեք անձնավորություններին եւ ասացի. «Դուք, ուրեմն, խաբեբաներ եք եղել»։ Պատմում եմ այս իբրեւ Դաշնակցությանը բնորոշող մի փաստ։ Ինքս իմ խղճի եւ համոզմունքի առջեւ խաբված չեմ համարում եւ վկա եմ կանչում իմ բոլոր գրությունները «Հորիզոնի» մեջ։ Սկզբից եւեթ ես քննադատողի դիրք բռնեցի Դաշնակցության դեմ։ Ես էի, որ դատապարտեցի դաշնակցականների համաձայնությունը երիտթուրքերի հետ եւ Ադանայի աղետը ծախու հանելը լոկ կուսակցական եսամոլության շահերի համար։

Ես էի, որ բողոքեցի Բյուզանդ Քեչյանին ծեծի ենթարկելու դեմ։ Միհրանը սպանվել էր դաշնակցականի ձեռքով, երկաթուղու վագոնում։ Միհրանի եղբայրը` Հաբեթը, վրեժ հանելով սպանել էր Կ.Պոլսից Էրզրում վերադարձող Եղիշե Թոփչյանին։ Թուրք կառավարությունը բռնել եւ կախաղան էր հանել Հաբեթին։ Թոփչյանի կինը գնացել էր հանդիսավորապես ներկա լինելու այդ պժգալի տեսարանին։ Ես դատապարտեցի այդ վարմունքը։

Դաշնակցականները համբերում էին, բայց ոչ երկար։ Համբերության բաժակը լցրեց Հովհաննես Թումանյանը, որ մի ուժեղ պատասխան տպեց Կ.Պոլսի այն դաշնակցականների դեմ, որոնք, ինչպես պատմեցի վերեւում, բողոքի եւ զայրույթի միտինգ էին կազմել երիտթուրքերի հետ միասին Ռուսաստանի դեմ` դաշնակցականների կալանավորումների առիթով։ Տպավորությունն ուժեղ էր մանավանդ այն պատճառով, որ ինքը` նշանավոր բանաստեղծն էլ մեկն էր այդ կալանավորներից. արձակվել էր գրավականով եւ, իբրեւ այդպիսին, հիշեցնում էր Կ.Պոլսի դաշնակցականներին, թե նրանք ապրում են մի «ազատ» երկրում, ուր երեկ-անցյալ օրը խողխողվեցին 30 հազար հայեր։ Թիֆլիսի կոմիտեն կատաղությունից գիշերը տպարանից փախցրեց «Հորիզոնի» կլիշեն եւ հրատարակեց իմ դեմ մի թռուցիկ, որի մեջ ինձ անվանում էր դավաճան։ Ես հարկ եղած պատասխանը տվի «Հորիզոնի» մեջ` ասելով, թե չեմ ուզում գործ ունենալ այնպիսի մարդկանց հետ, որոնց համար մարդ սպանելը մի բաժակ ջուր խմելուց էլ հեշտ է։ Եվ վեց ամիս դրամական սոսկալի տագնապի մեջ խմբագրի պաշտոնը վարելուց հետո, ես թողեցի ամեն ինչ եւ հեռացա։ Աշնան վերջերին, վերադառնալով Թիֆլիս` տեսա, որ «Հորիզոնի» խմբագրի պաշտոնի մեջ է Հովհաննես Թումանյանը։ Երեք հոգով` նա, Ղազարոս Աղայանը եւ ես, լծվեցինք խմբագրական գործին։ Հրապարակում երեւացել էր մի նոր տիպի մարդ` կապիտալիստ Համբարձում Մելիքյանը, որ ուզում էր գնել «Հորիզոնը»։

Դուք տեսաք Դաշնակցության «բանաստեղծությունն» իմ վերաբերմամբ. ես… դավաճան։ Հարցրե՛ք հիմա, թե ինչպես էին վերաբերվում Դաշնակցությանը նրա սիրելիներն ու հարազատները, նրա հացով մեծացողները։ Խաժակը դուրս եկավ բանտից երաշխավորությամբ, եւ ես հարցրի նրան, թե ինչպես անցավ քննությունը, նա պատասխանեց ամենայն հանգստությամբ. «Ոչինչ։ Ես ասացի, որ դաշնակցական չեմ եւ ոչ մի Դաշնակցություն չեմ ճանաչում, այլ պարզապես ձախ ուղղության պատկանող մի գրող եմ»։ Եվ այսպես էր այն ամբողջ դաշնակցական զանգվածը, որ ընկել էր Լիժինի ձեռքը։ Ոչ ոք, բացի մի երկուսից, քաջություն չունեցավ խոստովանելու, թե ինքն, այո՛, Դաշնակցությանն է պատկանում։ Եվ այս խայտառակ իրողությունը մեծ շփոթություն էր պատճառել Պետերբուրգի այն փաստաբաններին, որոնք հանձն էին առել դուրս գալ Դաշնակցության գործում իբրեւ պաշտպաններ։ Այնպես որ, նրանցից երկուսը եկել էին Կովկաս` հայ հեղափոխական անվանվածներին փոքր-ինչ խրատելու համար։

Ես շատ լավ հիշում եմ այն երեկոն Տիգրան Հովհաննիսյանի մոտ, ուր մենք` մի խումբ հայ ինտելիգենտներ, հրավիրված էինք լսելու այդ երկու փաստաբանների (եթե չեմ սխալվում` Սոկոլով եւ Զարուդնի) զեկուցումը։ Լսեցինք։ Նրանք ասում էին, թե դաշնակցականների գործի մեջ պաշտպանների դրությունը շատ դժվարացնում է այն հանգամանքը, որ բոլոր մեղադրվողները միաբերան ժխտում են իրենց պատկանելությունը Դաշնակցություն կուսակցությանը։ Խոսքն այնպիսինների մասին չէ, որոնց պատկանելությունը ապացուցված չէ։ Ցավն այն է, որ Դաշնակցությունից հրաժարվելով հրաժարվում են եւ այնպիսինները, որոնց դաշնակցական լինելու մասին պարզ եւ անհերքելի ապացույցներ կան գործի մեջ։ Ուստի, անհրաժեշտ էր համարվում ներգործել այդպիսինների վրա, որ նրանք թողնեն պաշտպանության այդպիսի ժխտողական ձեւը, որից հետո փաստաբաններին կմնա ջանք գործ դնել նրանց պաշտպանությունը լավագույն կերպով տանելու համար։

Մեր ուշադրությունը լարման աստիճանին հասավ այն վայրկյանից, երբ երկու իրավաբանները սկսեցին զուգակշիռներ դնելու համար փաստեր բերել ռուս հեղափոխականների կյանքից։ Նրանք վարել էին շատ քաղաքական գործեր, այն էլ այնքան կարեւոր եւ ծանր գործեր, որոնց հետ համեմատած` դաշնակցական գործը շատ համեստ մի բան է։ Դատավճիռները մեծագույն մասամբ կախաղանի էին հանգում, եւ մեղադրվածները գնում էին իրենց կյանքը դահիճներին տալու մի ջերմեռանդ պատրաստակամությամբ, կարծես մի սրբազնագործություն էին կատարում։ Եվ այսպես ոչ միայն տղամարդիկ, այլեւ կանայք։ Պատմվեց մի այսպիսի դեպք. փաստաբանը խնդրում-աղաչում է մի մեղադրվող օրիորդի, որ նա միայն մի բան ասի` այն, որ երբ իրեն հարցնեն՝ եղե՞լ է նա այսինչ ժողովում, պատասխանի` ոչ, այսպիսով նա կազատվի կախաղանից։ Բայց օրիորդը չի համաձայնում. «Ինչպե՞ս կարող եմ ասել, թե չեմ եղել, երբ եղել եմ»։ Անօգուտ են խնդրանքները։ Եվ հուսահատված պաշտպանը, իբրեւ վերջին միջոց, խնդրում է, որ նա գոնե ասի, թե չի ուզում պատասխանել իրեն տրված հարցերին, այդ նրա իրավունքն է։ Աղջիկը միայն այդ բանին է համաձայնում։ Ամբողջ երեկոն եւ հետո նաեւ ընթրիքի վրա այդպիսի պատմություններ էին լսվում, անձնազոհության, ինքնամոռացման, կամավոր եւ սրբազնագործ ողջակիզման պատմություններ։ Ես հիացած, վերացած էի, ամբողջ ժամանակ աչքիս առջեւ էր Տուրգենեւի նկարած աղջիկը, որ մտնում է հեղափոխության տաճարի մեջ, եւ նրա ետեւից լսվում է «Սրբուհի՜» բացականչությունը։ Եվ այս ծիածանային երեւույթի առջեւ, որքան բիրտ ու ցուրտ էր մեր իրականությունը։

Եվ սակայն, դաշնակցական ինտելիգենցիան ցույց էր տալիս, թե առանց հեղափոխության ինքն ապրել չի կարող, թե նրան հարկավոր է հեղափոխությունը, ուր եւ ինչպես ուզում է լինի։ Ահա Պարսկաստանի հեղափոխությունը, որ հաջորդել է թուրքականին եւ երիտթուրքերի կողմից ամեն կերպ աջակցություն գտել։ Պարսկաստանում մի բուռ հայություն կա, որի գոյությունը միշտ նկատվել է իբրեւ մի շնորհ, որ անում են նրան շահերը, կալվածատերերը եւ հոգեւոր պետերը։ Եվ հանկարծ, այդ փոքրիկ ու խղճուկ ժողովուրդը դառնում է աշխարհ դղրդացնող մի հեղափոխական ուժ, որ ջարդում է շահի զորքերը, շահին փախցնում է։ Ինչպե՞ս է բանն այսպես դառնում։ Կովկասյան հալածանքներից փախած դաշնակցականներ, որոնցից հռչակվում է մանավանդ մեկը` Եփրեմ[244] անունով, գնում են Պարսկաստան, միացնում են իրենց հետ զանազան եկվոր տարրերի եւ սկսում ֆիդայական պատերազմ, որ Պարսկաստանի նման խեղճ եւ անկազմակերպ մի երկրում, իհարկե, անհամեմատ ավելի մեծ հաջողություն պիտի գտներ, քան Թուրքիայում։

Եվ ահա, ոգեւորությունն ու ինքնագովությունը դարձյալ մեծամտության ցույցեր են հանդես բերում Ժնեւից մինչեւ Թավրիզ։ Պարսկաստան է շտապում եւ գլխավոր շեֆերից մեկը` Ռոստոմը։ Ռուսաց կառավարությունն իր շահերին հակառակ է գտնում պարսկական հողափոխությունը, զորքեր է մտցնում Թավրիզ եւ Սալմաստ ու ամեն տեղ իր առջեւ ցցված տեսնում Դաշնակցությանը` իբրեւ հակառակորդ։ Դաշնակցականների մի մասը քաշվեց Ռոստոմի հետ դեպի հարավ եւ անցավ Թուրքիա։ Եփրեմը («Գարիբալդի» հորջորջված դաշնակցական գաղափարախոսներից) սպանվեց, ինչպես եւ պետք էր սպասել, պարսիկների ձեռքով։ Եվ վերջիվերջո դուրս եկավ, որ այս պարսկական ձեռնարկումը մի արկածախնդրություն էր` առանց որոշ նպատակի, հենց այնպես, հեղափոխություն կատարած լինելու համար։

Այս առիթով ես մի բանավեճ ունեցա դաշնակցական գործիչ Արշակ Ղազարյանի հետ «Հորիզոնի» մեջ։ Ես աշխատում էի ապացուցել, որ դաշնակցականներն իրենց ֆիդայական կռիվներով վտանգում են մի բուռ թշվառ ու անպաշտպան պարսակահայ ժողովրդին` տալով նրան` մահմեդական ծովի մեջ ընկած այդ մի կաթիլին վտանգավոր, քայքայիչ մի տարրի համբավ։ Նա ինձ պատասխանեց, թե պարսկահայ ժողովուրդը պիտի մասնակցի պարսկական հեղափոխությանը, որովհետեւ Պարսկաստանը նրա հայրենիքն է։ «Ի՞նչ օգուտ այդ ֆիդայական կռիվներից, ի՞նչ օգուտ այն պատերազմից, որ թեեւ հերոսական, բայց եւ այնպես փոքրիկ ու անկարող խմբերն օսմանյան հզոր պետությանը հայտարարել էին Թուրքիայում»,- հարցնում էի ես։ «Ազգերն անմիջական օգուտի համար չեն հեղափոխություն կատարում,- պատասխանում էր Ղազարյանը,- օգուտը հետո կգա»։ Եվ փոխադարձաբար ինձ հարցում էր անում. «Ի՞նչ օգուտ տվեց Ֆրանսիական հեղափոխությունը 1848-ին»։ Հրաշալին այս անալոգիան էր` Ֆրանսիա եւ Սալմաստի մի երկու տասնյակ հայ գյուղեր։ Դաշնակցական վերամբարձ ռոմանտիզմը ոչ մի տարբերություն չէր տեսնում դրանց մեջ…

Ես` մեղավորս, կարծում էի, թե այս մի անբուժելի հեղափոխական է, հաճախ առանց որեւէ նպատակի, հաճախ անհեթեթ նպատակով։ Ես կարծում էի, թե բավական է, որ բուժվի շիլ գաղափարը, եւ մենք չէինք ունենա շիլ շարժումներ ու գործողություններ։ Ես, իհարկե, լավ չէի տեղեկացված։ Այս կողմից Հովհաննես Քաջազնունին ինձանից ավելի բախտավոր էր։ Ես նոր կարդացի նրա նշանավոր գրքույկի մեջ («Հ.Յ. Դաշնակցությունն անելիք այլեւս չունի»), թե նա ինքն էլ չէր հասկանում այն ժամանակ պարսկական արկածախնդրության բուն միտքը եւ երբ այս մասին հարցրեց Ռոստոմից, նա ասաց ժպտալով` Ռուսաստանից հալածված ենք, երիտթուրքերի հետ հաշտ ենք, ապա ի՞նչ անենք…
Այս, այո՛, բացատրություն է։ Այս, ճիշտ որ` պատճառ է… մարդիկ չեն կարող ձեռքերը ծալած նստել։ Մարդիկ չեն կարող գործազրկություն տանել։ Ի՞նչ անենք, որ նրանց գործն էլ հեղափոխությունն է։ Եվ նրանք որոնում էին այդ գործը, ստեղծում էին այն։
Եվ շուտով շատ ու շատ գործեր գտան նրանք իրենց համար։



ԳԼՈՒԽ ՉՈՐՐՈՐԴ

ՍԿԻԶԲՆ ԱՆԿՄԱՆ


Ա

Դաշնակցական–երիտթուրքական մտերմությունն, ինչպես ասացի, երկար չտեւեց եւ չէր կարող տեւել։ Պատճառն այն էր, որ երկու կազմակերպություններն իրենց կազմվածքով եւ բովանդակությամբ կատարյալ հակառակորդներ էին։ Երիտթուրք կառավարությունը միանգամայն անընդունակ հանդիսացավ բարեփոխություններ մտցնելու պետության ներքին կյանքի մեջ։ Նա շարունակ տարված էր արտաքին քաղաքականությամբ եւ զգում էր, որ պառլամենտական ռեժիմը Թուրքիային այնքան ուժ ու հեղինակություն չտվեց, որ նա կարողանա այժմ, ավելի հաջող` քան առաջ, դիմադրել եվրոպական պետությունների ոտնձգություններին, ուստի եւ պարտություններ էր կրում պարտությունների ետեւից։

Նա աշխատում էր ավելացնել զինվորական ուժերը ցամաքում եւ ծովում. այս նպատակով զինվորագրության էր ենթարկում քրիստոնյաներին, բայց հենց դրանով մեծ դժգոհություն էր պատճառում նրանց։ Անկարող լինելով տալ ազգային հարցին նպատակահարմար եւ բավարար լուծում` երիտթրքությունը մնում էր կաշկանդված այն նախապաշարմունքի մեջ, որ ստեղծվել էր նրանց նախահայրերի նեղմտությունից։ Այդ այն էր, որ հավատում էին, թե Թուրքիայի դժբախտությունը նրա մեջ ապրող տարբեր ազգություններն են, ոչ միայն այլակրոն (ուրիշ խոսքով` ոչ մահմեդական), այլեւ կրոնակից, բայց այլացեղ (օրինակ` քրդերը, արաբները)։ Այդ պատճառով կուսակցությունը որոշել էր ամեն ջանք գործ դնել պետությունը միատարր թուրքական դարձնելու համար։ Եվ այս ուղղությունը դարձնում էր երիտթուրքերի կուսակցությունն ավելի եւս թունդ, անհամբերող, նացիոնալիստական։

Արտաքին քաղաքականության մեջ ուժ ձեռք բերելու համար երիտթուրքերն ընկնում էին Գերմանիայի գիրկը եւ այդպիսով հեռանում Թուրքիայի ավանդական բարեկամը հանդիսացող Ֆրանսիայից։ Գերմանական իմպերիալիզմը, տարված համաշխարհային տիրապետության եւ համագերմանականության ցնորքներով, Թուրքիան ավելի լավ իրեն հպատակեցնելու համար խրախուսում էր առանց այդ էլ երիտթուրքերի վաղեմի իդեալը կազմող համաիսլամական ձգտումները. այն տարբերությամբ միայն, որ այժմ կրոնակցության հետ միաժամանակ ուժգնորեն առաջ էր քաշվում եւ ցեղային սկզբունքը։ Համաիսլամությունից ավելի հարգված եւ կարեւոր նշանաբան էր դարձվում համաթրքությունը` բոլոր թուրք տարրերի միացումը։ Այս միացման վրա գերմանական աշխարհակալ ամբարտավանությունը կառուցում էր Կովկասի, Միջին Ասիայի, գուցե նույնիսկ եւ Հնդկաստանի նվաճումը։ Երազվում էր մի այնպիսի մեծ Օսմանյան կայսրություն, որի նմանը չէր եղել։

Այսպիսի ծրագրերով, համաթուրքական լայնատարած պրոպագանդայով էին զբաղված երիտթուրքերը, մինչդեռ պետության ներքին բարեկարգության մասին ոչ մի հոգս չէր տարվում։ Այսպես, նրանք ոչ միայն չկարողացան, այլեւ չկամեցան փոքր-ինչ կարգավորել հողային հարցը Հայաստանում։ Այս մի ցավոտ, կնճռալից հարց էր, որ 50-60 տարիներից ի վեր հայ ժողովրդի տառապանքների գլխավոր աղբյուրն էր կազմել եւ Հայոց հարցի հիմքը։ Հողային հարցի մեջ խառնված էին քուրդ ավատական տերերի շահերը։ Հին ռեժիմին հարկավոր էին այդ տերերն իբրեւ ռազմական ուժի ներկայացուցիչներ, եւ այդ պատճառով հայ գյուղացիության ձայնը խեղդվում էր, եւ նրա հողերին բռնի տիրացած քուրդ կալվածատիրությունը խրախուսվում եւ փայփայվում էր ամեն կերպ։

Նոր պառլամենտական ռեժիմից սպասվում էր, որ նա այլ կերպ կվերաբերվի հարցին եւ աշխատավոր գյուղացիության շահերի պաշտպան կհանդիսանա։ Բայց երիտթուրքերը շտապեցին ցույց տալ, որ քուրդ կալվածատերերն իրենց համար նույնքան թանկ են, որքան եւ հին ռեժիմի համար։ 1911թ. ամռանը ամբողջ թուրքահայության մեջ մեծ հուզում տարածեց Մուշի Օսման-փաշան, որ Մուշի գյուղերից մեկում, դիմելով հավաքված քրդերին, ասաց, թե հայերը նեղում են նրանց, կողոպտում ու թալանում են, բայց կառավարությունը չի թողնի նրանց եւ երբեք թույլ չի տա, որ հայերը տիրանան նրանց հողերին։ Սա մի պրովոկացիա էր, որ կատարվում էր կառավարության ներշնչումով եւ վերացնում հայ-քրդական հարաբերությունների լավացման ամեն մի հույս։ Նույն ամռանը սկսեցին լուրեր տարածել, թե պատրաստվում են նոր հայկական ջարդեր Թուրքիայում։ Ջարդեր չեղան, բայց հայտնի է, որ առանց կրակի ծուխ չի լինում։ Գերմանական աղբյուրները հաղորդում էին, որ հենց այդ ժամանակ երիտթուրքերի կուսակցական ընդհանուր ժողովը որոշել էր իրագործել «Թուրքիան թուրքերի համար» սկզբունքը, այսինքն` Թուրքիայի ամբողջ իսլամ ազգաբնակչությանը թուրքացնել լեզվի միջոցով։ Հայերի եւ ուրիշ այլակրոն ցեղերի մասին խոսք անգամ չէր կարող լինել, որոնք պիտի ջարդերի միջոցով վերացվեին մեջտեղից։

Ի՞նչ էր անում այդ ժամանակ Դաշնակցությունը։ Տեղյա՞կ էր երիտթուրքերի գաղտնի ծրագրերին։ Եթե տեղյակ էլ լիներ, դրանց վերաբերվում էր կատարյալ անտարբերությամբ եւ անհոգությամբ։ Ընկած էր իր ծապլվարական սոցիալիզմի ետեւից, գավառներում դպրոցական գործունեությամբ էր զբաղված, ինքնապաշտպանության համար զենքեր էր գնում եւ բաժանում, իսկ նրա ֆիդայիները պահում էին իրենց ինչպես նվաճողներ։ Գրգռումը սաստկանում էր գավառներում, հարստահարությունները եւ մանավանդ հողերի բռնի հափշտակումները քրդերի եւ կառավարական պաշտոնյաների ձեռքով շատանում էին, եւ առաջվա նման Կ.Պոլսի հայոց պատրիարքարանն էր, որ այս առիթով գանգատներ էր ուղարկում թուրք կառավարությանը։ Հետզհետե հիասթափություն էր մտնում հայ ազգաբնակչության մեջ։ Ռուսաց զորքերը կանգնած էին Սալմաստում, Վանին այնքան մոտ եւ տեղական հայ ազգաբնակչությունը, միշտ անվստահ իր ապահովության համար, անհամբեր սպասում էր, թե երբ նրանք կգան իրենց երկիրը նվաճելու։

Իսկ արտաքին գործերը գնալով ավելի ու ավելի էին խճճվում։ 1911թ. Թուրքիան պատերազմի էր բռնվեց Իտալիայի հետ Տրիպոլիի համար. մի պատերազմ, որ տեւեց գրեթե մեկ տարի։ Դաշնակցությունն անփոփոխ էր պահում իր բարեկամությունը երիտթուրքերի հետ։ Բայց 1912-ի պառլամենտական ընտրությունները գալիս էին եթե ոչ իսպառ ավիրելու, գոնե սառնություն մտցնելու այդ հարաբերությունների մեջ։ Խոստացված 20 պատգամավորների փոխարեն Դաշնակցությունն ստացավ միայն 12-ը[245]։ Սա պարզապես նշանակում էր, թե բարեկամները խաբել են բարեկամներին։ Կուսակցական եսամոլությունը սաստկապես վիրավորված էր. թեեւ մալումյանները եւ թալեաթները դեռ շարունակում էին իրենց մտերմությունը, սակայն այլեւս համերաշխ գործունեության, երկրի ընդհանուր շահերին նվիրվելու գաղափարներն արագ գունատվում էին, ցրտանում։ Երկու կողմերն էլ մոռանում էին, որ նոր Թուրքիան հավասարության եւ ազատության սկզբունքներ է հայտարարել, եւ երկուսն էլ իրար հանդեպ ուրիշ մի բան չկարողացան անել, բացի միայն հին ռեժիմը կրկնել։ Եթե երիտթուրքերը ջանում էին ընդհանուր համիդական ջարդերով ազատվել հայերից, դաշնակցականներն էլ մի նոր գործ էին սկսում` երիտթուրքերից Հայոց հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու միջոցով[246]։

Նպաստավոր հանգամանք բերում էր այն, որ 1912-ի աշնանը Թուրքիային պատերազմ հայտարարեց Բալկանյան նորակազմ միությունը (Չեռնոգորիա, Սերբիա, Բուլղարիա եւ Հունաստան)։ Հազիվ էր վերջացել իտալական պատերազմը, եւ ջարդված ու թուլացած Թուրքիան միմյանց ետեւից խիստ պարտություններ էր կրում այն փոքր ազգություններից, որոնք մի ժամանակ նրա հպատակներն էին եղել։ Դաշնակիցներն իրենց հաղթական զորքերը բերել-հասցրել էին Կ.Պոլսին. եւ արդեն խոսվում էր այն կոնֆերանսի մասին, որ պիտի հավաքվեր հաշտության պայմաններ մշակելու համար։ Եվ հասկանալի է, որ հայ դիվանագետների, ինչպես ասում են, «ջանը քոր է ընկնում»։ Ինչպե՞ ս կարելի է, որ մի տեղ կոնֆերանս հավաքվի եւ հայն իսկույն չկտրի նրա դուռը` խնդրագիրը ձեռքին բռնած։

Դաշնակցությունն առանց այդ էլ ցուցադրել էր իր երկդիմությունը։ Մինչ Կ.Պոլսի նրա օրգանը հայրենասիրական հոդվածներ էր տպում եւ պահանջում, որ ամենքը գնան հայրենիքը պաշտպանելու, նրա անվանի եւ փառավորված խմբապետ Անդրանիկն իր կամավորներով կռվում էր բուլղարական շարքերի մեջ եւ հաղթություններ էր տանում թուրքերի դեմ։ Այս տեսակ մի գործ էր եւ այն, որ նա նախաձեռնություն հանձն առավ հարուցանելու Հայոց հարցը։ Առաջին անգամ խոսք եղավ, ասում են, Կ.Պոլսի Ազգային ժողովի մեջ։ Եվ իսկույն հայ դիվանագետները գործի կպան։ Ամենից առաջ, իհարկե, Դաշնակցության արտաքին գործերի շրջիկ մինիստր դոկտոր [Հակոբ] Զավրիեւը։ Այս անգամ կարծում էին, թե Հայոց դատի պաշտպան կհանդիսանա Բուլղարիայի թագավոր Ֆերդինանդը։ Նա էր հաղթողը եւ, բացի դրանից, նա իր մանիֆեստի մեջ ասել էր, թե Բուլղարիայի պատերազմը Թուրքիայի դեմ` խաչի պատերազմն է մահիկի դեմ։ Եվ հավատացել էին մեր անուղղելի միամիտները եւ խաչի անունով մի խնդիրք էլ նրան էին տվել։

Բ

Բայց սխալ կլինի կարծել, թե նախաձեռնությունը Բոսֆորի ափերում բուսավ։ Իսկական նախաձեռնողին, եթե ուզում ենք որոնել, գնանք Թիֆլիսի փոխարքայական պալատ, ուր «հայոց թագավոր» Վորոնցով-Դաշկովն էր նստած։ Նիկոլայի կառավարության մեջ հասունացած էր Մերձավոր արեւելքում ավելի կտրուկ քաղաքականություն վարելը` եվրոպական պետություններից ետ չմնալու համար։ Եթե Վիլհելմ կայսրը, իբրեւ բարձրագույն շահ գերմանական կապիտալիզմի համար, ընտրել էր երեք տառ, երեքն էլ` Բ (Բրեմեն-Բեռլին-Բաղդադ երկաթուղի[247]), ապա Նիկոլայն էլ ուներ իր երկու Պ-ն (Պետերբուրգ-Պարսից ծոց)։ Նա արդեն գտնվում էր այդ ճանապարհի վրա եւ հասել էր Սալմաստ։ Բայց հին, նույնիսկ նախապատմական ժամանակներից մնացած մի ռազմագիտական այբուբեն էր` տիրել Հայկական բարձրավանդակին` Պարսից ծոցին տիրելու համար։ Հարկավոր էր հարմար դիրքեր, համակրություններ ստեղծել այդ լեռների վրա։ Եվ Նիկոլայի կառավարությունը մտածում էր ձեռք վերցնել այն ապուշ քաղաքականությունից, որին կպած էր 1890-ական թվականների հայկական ճգնաժամին։ Լոբանով-Ռոստովսկին կամենում էր Հայաստանի լեռնադաշտը, բայց նախապես մաքրված հայերից։

Չէր կարող լինել իմպերիալիստական Ռուսաստանի եւ ոչ մի հատ պաշտոնյա, որ Հայաստան չկամենար։ 1877-1878թթ. պատերազմը վերջանալուց հետո արդեն երեխաների համար էլ պարզ էր, որ այնուհետեւ Ռուսաստանի առջեւ մի ճանապարհ է մնում դեպի Միջերկրական ծովը` Հայաստան։ Բեռլինի կոնգրեսի ժամանակ կոմս Լոռիս-Մելիքովը, որ Բեռլինի վրայով անցնում էր արեւմտյան Եվրոպա, տեսակցություն ունեցավ հայ պատվիրակների հետ, ասաց նրանց. «Ի՛նչ պահանջելու եք` պահանջեցեք Կիլիկիայում։ Այս կողմը (Հայաստանը) մեզ թողեք, այս մեր ճանապարհն է»[248]։ Հայերն այս բանը չհասկացան եւ ամբողջ ժամանակ կանգնած էին ռուս կառավարության դիմադրության առաջ։ Այժմ գալիս էին այնպիսի ժամանակներ, երբ քաղաքական հանգամանքները ստիպում էին, որ ռուսաց կառավարությունն իր դիվանագիտական միջոցներից մեկը դարձներ Հայոց հարցը։

Կովկասի փոխարքային մնում էր այնպես մշակել հայերին, որ ռուսական դիվանագիտությունն իր միջամտությունը խարսխեր հայերի հատուկ դիմումների վրա։ Այստեղ էլ Վորոնցով-Դաշկովի համար հլու գործիք էր դառնում հայ պալատականների շրջանը։ Դեռ 1908-1909թթ., երբ Պետական դումայում քննվում էր Կովկասյան համբավավոր հարցապնդումը եւ աջակողմը կատաղորեն հարձակումներ էր գործում Վորոնցով-Դաշկովի վրա այն պատճառով, որ նա իբր թե հենվում է ոչ թե պետության հլու հավատարիմ թուրքերի, այլ անվստահելի, անջատական ձգտումներով ապրող հայերի վրա, նույնիսկ այս պալատականների նախաձեռնությամբ հայերը մի շարք հեռագրերով եւ ուղերձներով ցույցեր արեցին ի պատիվ Կովկասի զրպարտված փոխարքայի։ Այժմ նրանք տեղեկանալով, որ Վորոնցով-Դաշկովն արդեն հարց է հարուցել Պետերբուրգում, որ փոխվի վերաբերմունքը դեպի Հայկական հարցը, ձեռնարկեցին մի ավելի մեծ գործի` ստեղծեցին համբավավոր Ազգային բյուրոն։
Բյուրոյի պաշտոնական արձանագրությունների մեջ այսպես է պատմված այդ հիմնարկության ծննդաբանությունը.

«1912 թվի աշնանը` Բալկանյան պատերազմը սկսվելուց հետո, թուրքահայ ժողովրդի վիճակը նորից եւ բուռն կերպով հայ հասարակության զանազան խավերի մտահոգության առարկա դարձավ։ Մի կողմից` հնարավոր ջարդերի սպառնալիքը եւ մյուս կողմից` Թուրքիայի գործերը վերջնականապես կարգավորելու համար հրավիրվելիք միջազգային կոնֆերանսի վրա դրված հույսերն առիթ տվին հայ մտավորականության զգայուն մասին` ըստ կարելույն համախմբել իրենց ջանքերը` ավելի լավ կերպով օգտագործելու հարմարավոր պատմական մոմենտը, նամանավանդ որ կողմնակի կերպով հաստատապես հայտնի էր դարձել ռուս կառավարության շատ նպաստավոր տրամադրությունը դեպի թուրքահայերի դատը։ Միաժամանակ Բաքվում եւ Թիֆլիսում միտք ծագեց հրավիրել զանազան հայաբնակ վայրերի ներկայացուցիչներից մի համագումար՝ խորհրդակցելու համար օրվա այդ հրատապ խնդրի մասին։

Առաջին խորհրդակցական ժողովը տեղի ունեցավ Թիֆլիսում, 1912 թվի հոկտեմբերի վերջերին։ Ժողովին ներկա էին պատգամավորներ Բաքվից, Երեւանից, Ախալցխայից, Նոր Նախիջեւանից, Արմավիրից[249], Բաթումից եւ այլ տեղերից, իսկ Թիֆլիսից՝ զանազան կուլտուրական հիմնարկությունների ներկայացուցիչներ։ Ժողովն ունեցավ երկու նիստ եւ որոշվեց՝

1) հրավիրել մոտ ապագայում ավելի լայն կազմով մի նոր համագումար` ըստ կարելվույն բոլոր հայաբնակ կարեւոր վայրերի ներկայացուցիչներից` ընտրելու համար մի լիազոր մարմին` Հայկական հարցի շուրջն աշխատելու համար եւ
2) դիմել Ամենայն հայոց կաթողիկոսին եւ խնդրել, որ նա հանուն հայության մի դիմում անի Նորին մեծություն ռուսաց կայսեր՝ օգնության հասնելու թուրքահայ ժողովրդին այս տագնապալից օրերում։ Ժողովը մշակեց այդ մտքով մի բանաձեւ եւ հատուկ պատգամավորության ձեռքով այն ներկայացրեց Վեհափառ կաթողիկոսին։

Նույն ժողովում խնդիր եղավ նաեւ թուրքահայերի ինքնապաշտպանության մասին, բայց մեծամասնությունը որոշեց սահմանափակվել դիվանագիտական դիմումներով։
Ընտրվեց մի ժամանակավոր բյուրո, բաղկացած 7 հոգուց՝ Ս. Հարությունյան, Ալ. Խատիսյան, Ա. Քալանթար, Հ. Առաքելյան, Ա. Պողոսյան, Հովհ. Թումանյան եւ Ն. Աղբալյան։ Բյուրոն պիտի զբաղվեր ընթացիկ գործերով եւ պատրաստություն տեսներ հրավիրելու Թիֆլիսում նոր, ավելի բազմամարդ համագումար»։

Այս պաշտոնական կոկիկ նկարագրությունը ես պետք է լուսաբանեմ իմ մի քանի հիշողություններով։ Առաջին համագումարը կայացավ Թիֆլիսի առաջնորդարանում, Կոստանդին Խատիսյանի նախագահությամբ։ Ժողովը սակավամարդ էր։ Որ դաշնակցականներ կային, այդ ցույց է տալիս հենց այն, որ հարց էր բարձրացվում թուրքահայերի ինքնապաշտպանության մասին, այսինքն` զենքեր գնելու եւ Թուրքիա փոխադրելու մասին։ Իսկ այս, ինչպես հայտնի է, Դաշնակցության մշտական գործն է եղել տարիներից ի վեր` փող պահանջել զենքեր առնելու համար։ Փողեր ստանում էին, բայց թե դրանից ո՞ր մասն էր զենք դառնում եւ թուրքահայերի ձեռքն անցնում, այդ կորած է անհայտության խավարի մեջ։ Վիճաբանությունների ժամանակ բյուրո հիմնարկելու գաղափարը հակառակություն գտավ իմ կողմից միայն։ Ես ավելորդ էի համարում կաթողիկոսի միջոցով դիմում անելը եւ դրա համար մի ամբողջ բյուրո հիմնելը, որովհետեւ, ասում էի, Ռուսաստանն առանց մեր կանչելու էլ կերթա Թուրքահայաստան, երբ այդ հարկավոր դատի իր շահերի համար։ Եվրոպական գրականությունից վերցրած վկայություններով ես փորձեցի հասկանալի դարձնել այն հանրածանոթ իրողությունը, որ Թուրքահայաստանը ճանապարհ է Ռուսաստանի համար եւ վաղ թե ուշ պիտի լինի նրա ձեռքին։ Մեր դիմումը կարող է պատրվակ դառնալ այդպիսի մի գրավման, բայց կարող է եւ չդառնալ` եվրոպական պետությունների խիստ մրցակցության պատճառով։ Այդ ժամանակ ի՞նչ կլինի մեր դրությունը։

Իմ խոսքն իհարկե ոչ ոքի չհամոզեց։ Ես հիշում եմ մի հին դաշնակցականի, որ պատասխանեց ինձ հեգնորեն` անվանելով իմ խոսքերը «18-րդ դարու պատմություն»։ Եվ դարձյալ, ուրեմն, խնդիրը լուծվում էր հախուռն կերպով, առանց լրջորեն ծեծելու եւ ուսումնասիրելու։ Ինձ պատասխանեցին, թե բյուրոն ինքը մի առանձին բան չէ, նա միայն եւ միայն լինելու է Վեհափառ կաթողիկոսի խորհրդականը։ Սակայն ո՞վ չգիտեր, որ դա այդպես չէ, այլ բոլորովին հակառակը. կաթողիկոսը անկախորեն չպիտի գործեր եւ չէր էլ կարող գործել, այլ պիտի ստորագրեր այն թղթերը, որ կպատրաստեր բյուրոն։ Ահա բյուրոյի առաջին թելադրությունը, որ կատարվեց առաջին համագումարի որոշմամբ։

«Ձերդ Սրբություն,
Թիֆլիսի հայ հասարակությանը պատկանող անձանց մի խումբ, որ բաղկացած է Թիֆլիսի հայ կրթական եւ բարեգործական հիմնարկությունների, մամուլի եւ հասարակական այլեւայլ խավերի ներկայացուցիչներից, քննության առնելով թուրքահայերի դրությունը, որ անտանելի է դարձել նրանց կյանքի, պատվի եւ գույքի վրա գործադրվող անընդհատ բռնությունների հետեւանքով, եւ չտեսնելով թուրք կառավարության կողմից ձեռք առնված իրական միջոցներ եւ երաշխիքներ, որոնք ուղղված կլինեին այդ երեւույթները վերացնելու գործի օգտին, եւ անկարող լինելով այլեւս լուռ եւ անկարեկից լսել իրենց եղբայրների վրա կատարված այդ գազանությունների մասին` դիմում է Ձերդ Սրբության` իբրեւ թե՛ Ռուսաստանի եւ թե՛ Թուրքիայի հայ ժողովրդի, նույնպես եւ բոլոր հայերի հոգեւոր գլխին, խոնարհաբար խնդրելով դիմում անել թագավոր կայսրին` միջնորդելով Թուրքիայի հայ ժողովրդի պաշտպանության մասին տանջանքներից եւ իրավազրկությունից։

Մենք հաստատապես հավատում ենք, որ իբրեւ Արեւելքի քրիստոնյաների մշտական պաշտպան, նույնպես եւ իբրեւ մի մեծ պետություն, որ Բեռլինի դաշնագրով իր վրա է վերցրել Թուրքիայի հայաբնակ վիլայեթներում անհրաժեշտ ռեֆորմներ մտցնելու հոգսը, ռուսական պետությունն առանց ուշադրության չի թողնի Ձերդ Սրբության եւ, ի դեմս Ձեր հոտի, նրա հավատարիմ որդիների խնդիրքները եւ իր ուժեղ հովանավորությամբ եւ միջամտությամբ վերջ կդնի մեր եղբայրակիցների տանջանքներին, նորից ամբողջ աշխարհի առաջ կհայտնագործի իր բարձր պատմական առաքելությունը Մերձավոր արեւելքում»։

Ճակատագրական քայլն արված էր։ Այնուհետեւ թուրքահայ ժողովրդի կյանքի եւ մահվան հարցն իր ձեռքն առած Թիֆլիսի բուրժուական ինտելիգենցիայի այդ հատվածն արագորեն առաջ տարավ իր կազմակերպման ամրացումը` միանալով Դաշնակցության հետ։

«Նոյմեբերի 25-ին նույն թվի,- շարունակվում է արձանագրությունը, որից մենք քաղվածքներ ենք անում,- Թիֆլիսում կայացավ երկրորդ համագումար-ժողովը, որին ներկա էին պատգամավորներ Թիֆլիսից, Բաքվից, Նոր Բայազետից, Բաթումից, Հաշտարխանից[250], Հին Նախիջեւանից, Շուշիից, Թիֆլիսի հայ կաթոլիկ համայնքից, նաեւ ներկայացուցիչներ «Մշակի» եւ «Հորիզոնի» խմբարգրություններից։ Ժամանակավոր բյուրոյի զեկուցումից հետո քննության դրվեցին միեւնույն երկու խնդիրները, այն է՝ դիվանագիտական միջնորդություն եւ ինքնապաշտպանություն։ Հարցերի քննությունից հետո ժողովը հրահանգներ մշակեց ընտրվելիք բյուրոյի համար. հանձնարարել նրան՝
1) Օժանդակել Նորին Վեհափառություն կաթողիկոսին իր գործունեության մեջ՝ Հայկական հարցի վերաբերմամբ,
2) Կապեր հաստատել Պոլսի, Փարիզի եւ ուրիշ վայրերի հայ մարմինների հետ, որոնք նպատակ ունեն աշխատելու Հայոց հարցի համար,
3) Պրոպագանդայի միջոցով նպաստավոր տրամադրություն ստեղծել ռուս հասարակության եւ վարիչ շրջանների մեջ դեպի Հայոց հարցը։

Գալով ինքնապաշտպանության խնդրին` ժողովը միաձայն ընդունեց նրա կարեւորությունը եւ անհրաժեշտությունը, բայց պարտավորիչ որոշումներ չկայացրեց բյուրոյի համար այդ խնդրի վերաբերմամբ, միեւնույն ժամանակ համագումարը հանձն առավ կարիքի դեպքում նյութական օժանդակություն հասցնել բյուրոյին։
Դիմելով ընտրություններին` ժողովը վերընտրեց ժամանակավոր բյուրոյի եղած կազմը, երկու նոր անդամ եւս ավելացնելով նրանց` բժ. Կ. Ստեփանյանին եւ Ա. Ջամալյանին»։

Գեւորգ կաթողիկոսը, Թիֆլիսի նորակազմ բյուրոյի դիմումի վրա հիմնված, փոխարքա Վորոնցով-Դաշկովի միջոցով մի աղերսագիր ուղարկեց Նիկոլայ կայսրին` խնդրելով, որ Լոնդոնի կոնֆերանսում, ուր պիտի մշակվեին Բալկանյան պատերազմին վերջ դնող հաշտության պայմանները, հերթական դարձվեր եւ Հայոց հարցը։ Միաժամանակ, նկատի առնելով, որ վարչապետ Կոկովցեւը եւ արտաքին գործերի մինիստր Սազոնովը[251] Մեսրոպ եպիսկոպոսի հետ ունեցած խոսակցության մեջ այն միտքն էին հայտնել, որ լավ կլինի, եթե հայերը Եվրոպայում էլ դիմումներ անեին մեծ պետություններին, կաթողիկոսն իր կողմից պաշտոնական պատվիրակ նշանակեց իր մեծ հարստություններով շատ հայտնի եւ Եվրոպայում կապեր ունեցող եգիպտահայ Պողոս-փաշա Նուբարին[252], որ իսկույն ուղեւորվեց Եվրոպա` իր պաշտոնի գլուխն անցնելու համար։
Սակայն 1912թ. դեկտեմբերի 22-ին փոխարքա Վորոնցով-Դաշկովը գրում էր Գեւորգ կաթողիկոսին հետեւյալ պատասխանը.

«Ձերդ Սրբությունը հայ ժողովրդի անունից իմ միջոցով դիմեցիք` խնդրելով, որ պաշտպանություն ցույց տրվի փոքրասիական Թուրքիայում քրդերի ձեռքով հարստահարվող հայ ազգաբնակչությանը, եւ որպեսզի նա ընդունվի Ռուսաստանի հովանավորության տակ։ Այս միջնորդությունը ներկայացվեց ի բարեհայեցողության Նորին կայսերական մեծությանը, եւ թագավոր կայսրը բարեհաճություն ունեցավ վերաբերվել հայ ժողովրդի վիճակին կատարյալ բարյացակամությամբ։

Այժմ կայսերական կառավարությունն առաջարկություն է արել թուրք կառավարությանը` ցույց տալով նրան, որ մեր ունեցած տեղեկություններով հայերի դրությունը Փոքր Ասիայում վերջին ժամանակները վատացել է, եւ առաջ է բերվում արդարացի գանգատներ քրդերի կողմից եղած հարստահարությունների եւ անձնական ու կալվածական ապահովության բացակայության վրա. բաներ, որոնք առաջանում են վարչական անբարեկարգ դրությունից եւ վատ կողմից։ Դրա հետ միասին, Թուրքիային ցույց է տրված, որ նրա համար անհրաժեշտ է Թուրքահայաստանում այժմ իսկ լրջորեն զբաղվել վերանորոգումներով եւ լավացնել վարչության կազմը` մատնանշելով, որ քրիստոնյա հպատակների օրինավոր շահերի արհամարհումը եղել է մի շարք տարիների ընթացքում Թուրքիայի համար մշտական խռովության եւ բարդությունների աղբյուր նրա եվրոպական նահանգներում եւ, վերջիվերջո, բերել հասցրել է Թուրքիայի համար դժբախտ պատերազմին Բալկաններում` իր բոլոր հետեւանքներով։

Հետեւելով դարավոր ավանդույթներին եւ խորին զգացմունքով վերաբերվելով հայ ժողովրդի տանջանքներին` կայսերական կառավարությունը մտադիր է այսուհետեւ էլ ամենաբարյացակամ կերպով վերաբերվել Թուրքիայում կեղեքվող հայ ժողովրդի կարիքներին եւ ջանքեր գործադրել գոյություն ունեցող զեղծումները հեռացնելու եւ անհրաժեշտ բարենորոգումները գործադրելու նպատակով։
Կայսերական կառավարությունը, սակայն, հենց իրենց` հայերի շահերին բոլորովին անհամապատասխան է համարում, որ Թուրքիայի հայերի հարցն առաջիկայում քննվի պետությունների կոնցերտի[253] կողմից` բալկանյան ճգնաժամը հարթելու համար գումարվելիք կոնֆերանսում, որովհետեւ կատարյալ հիմք ունի կասկածելու, թե եվրոպական պետությունները միակամ կլինեն հայերի համար կենսական հարցի լուծման մեջ։ Եվ այսու` պետությունների մեջ այդ միակամության բացակայությունը եւ դրա հետեւանքով տարաձայնությունների ծագումը կստեղծեն, ինչպես այս ապացուցել է տխուր պատմական փորձը, չափազանց բարեպատեհ միջավայր տեղական թուրք վարչության համար` խուսափողական վերաբերմունք ցույց տալու դեպի հայերի դրության բարելավման գործը։

Գրավելով Ձերդ Սրբության ուշադրությունը մանավանդ վերջին հանգամանքի վրա, ես առանձնապես կարեւոր կհամարեի, որ ներկա վճռական րոպեին հայերը ցույց տային առանձին զսպվածություն ու տակտ եւ անժամանակ հավաքական դիմումներով չբարդացնեն կայսերական կառավարության համար թուրքահայերի վիճակի բարելավման խնդիրը։
Ես լիապես համոզված եմ, որ Ձերդ Սրբությունն իր ծերունազարդ հեղինակությամբ կկարողանաք ներգործել հայերի վրա հենց իրենց` հայերի օգտի համար ցանկալի ուղղությամբ»։

Ահա թե ինչ լեզու էր բանեցնում 30 տարի հայերի ամենաոխերիմ եւ անգութ թշնամի կայսերական կառավարությունը[254]։ Սա, իհարկե, հրաշք չէր, այլ միայն ապացույց, որ ռուսական շահերն այժմ այլ տեսակ դասավորություն են ստացել Թուրքահայաստանում։ Այժմ ցարական դիվանագիտությունն ուզում էր դարձնել Հայոց հարցն իր ձեռքում մի մշտական գործիք` ներգործելու համար թուրք կառավարության վրա։ Իր վրա վերցնելով թուրքահայերի դրության բարվոքումը` ռուսական կառավարությունը չէր էլ ուզում, որ դրա մեջ մասնակցություն ունենան եվրոպական մյուս պետությունները։ Ինչպես միշտ, Կ.Պոլսի հայ ինտելիգենցիան չէր ուզում, որ Թուրքահայաստանը փրկված լինի մենակ Ռուսաստանի ձեռքով, որ նշանակում էր գտնվել մենակ Ռուսաստանի ճանկերում։ Նա ուզում էր փրկված լինել Եվրոպայի ձեռքով, եւ չգիտենք` ի՞նչ բարիքներ էր գտնում դրա մեջ։ Եթե հրամայական պահանջ դնողը թուրքահայ ժողովրդի ֆիզիկական գոյության հարցը լիներ, այն ժամանակ գուցե եւ վատ չհամարվեր այն հանգամանքը, որ Բաթումից միչեւ Վան թուրքական սահմանի վրա կանգնած ռուսական զորքերը, համենայն դեպս, այնքան վախ կներշնչեին թուրք կառավարությանը` այժմյան փոխված հանգամանքների մեջ, որ նա այլեւս չէր կարող հեղինակել հայկական համատարած ջարդեր։

Եթե հայերն այժմ մոռանում էին այն դառնությունները, որ ռուսաց կառավարության երեսից տեսել էին դեռ երեկ-անցյալ օրը, եւ արդարացնում էին իրենց այդ մոռացումը նրանով, որ այժմ ռուսական եւ հայկական շահերի մեջ համերաշխություն կա, նրանք պետք է այն էլ հասկանային, որ թուրքահայության պաշտպանության լավագույն եղանակը գոյություն ունեցող պայմանների մեջ հենց այն էր, որ առաջարկում էր ռուսաց կառավարությունը, այսինքն` առանձնակի միջամտության եղանակը։ Բայց մենք չէինք հասունացած մինչեւ մեր ժողովրդի կենսական պահանջները հասկանալը։ Դժբախտ Թուրքահայաստանը մեր քաղաքական ռոմանտիզմին անվերջ կերակուր տալու դերը պիտի կատարեր։ Չէինք ուզում, որ ռուսական ցարիզմը մեզ կլանի, ուզում էինք ինքնավար լինել, գուցե եւ` անկախ, եւ դրա համար հարկավոր էր, որ մեր հարցը լիներ միջազգային, եւ նրա լուծողը լիներ… Եվրոպան։ Քառասուն տարուց մոտ էր, որ ունեինք 61-րդ հոդվածը եւ մազի չափ չէինք խրատվել. այսօր էլ նույնն էինք, ինչ եղանք Բեռլինի դաշնագրի թարմ տպավորության տակ, թեեւ այժմ 61-րդ հոդվածն արդեն դեղնած, մելոտած, դիվանագիտական արխիվների մկներից անողորմ կրծոտած մի թղթի կտոր էր։

Ահա այս ժառանգական ռոմանտիկ մտայնությունն էլ լիակատար չափով երեւան է գալիս եւ Գեւորգ կաթողիկոսի, կամ ավելի ճիշտն ասած, Թիֆլիսի նրա խորհրդատուի` Ազգային բյուրոյի մեջ։ Լոնդոնում կոնֆերանս է լինելու Բալկանյան պատերազմի առիթով, եւ ինչպե՜ս հայերն այդտեղ չլինեն իրենց 61-րդ մշուշապատ հոդվածով։ Նախքան կոմս Վորոնցով-Դաշկովի վերոհիշյալ պատասխանը ստանալը` Էջմիածնի կաթողիկոսը Նիկոլայ կայսրի անունով մի նոր աղերսագիր է ստորագրում, որի մեջ նորից խնդրում է Լոնդոնի կոնֆերանսի սեղանի վրա դնել Հայոց հարցը, եւ այդ աղերսագիրը մի հատուկ պատգամավորության ձեռքով ուղարկվում է Թիֆլիս` փոխարքային ներկայացնելու համար։ Պատգամավորությունը երեւի շատ լավ էր զգում իր առաքելության ամբողջ կարեւորությունն ու պատասխանատվությունը եւ այդ պատճառով կազմել է մի մանրամասն արձանագրություն կոմս Վորոնցով-Դաշկովի հետ իր ունեցած բանակցությունների մասին։ Իմ պատմական արխիվի մեջ գտնվում է մի օրինակ այդ արձանագրությունից։ Եվ ես իմ ընթերցողին եմ առաջարկում այդ պատմական վավերագիրը, որի բովանդակությունը հետաքրքրական է շատ կողմերից.

«Վեհափառ կաթողիկոսի կողմից նշանակված պատգամավորության ներկայացնողը Նորին պայծառափայլության Տ. փոխարքային 1912թ. դեկտ. 26-27-ին։
Պատգամավորներ` Մեսրոպ եպիսկոպոս, Բագրատ վարդապետ, Ալեքսանդր Խատիսյան եւ Սամսոն Հարությունյան։
Դեկտեմբերի 25-ի առավոտյան Էջմիածնից հասանք Թիֆլիս (Մեսրոպ եպիսկոպոս, Բագրատ վարդապետ եւ Սամսոն Հարությունյան)։ Նույն օրը նամակով Մեսրոպ եպիսկոպոսը հայտնեց Տ. փոխարքային Վեհափառ կաթողիկոսի կողմից նշանակված պատգամավորության մասին` խնդրելով նշանակել ընդունելության ժամանակ՝ ներկայացնելու Նորին կայսերական մեծության անունով մեմորանդում։
Ըստ որոշման Տ. փոխարքայի՝ բոլորս ներկայացանք դեկտեմբերի 26-ին, երեկոյան ժամը 4-ին։ Մեսրոպ եպիսկոպոսը մի քանի խոսքերով ողջունեց Վեհափառ կաթողիկոսի կողմից` ներկայացնելով թագավոր կայսեր անունով մեմորանդումը։
Փոխարքան բացեց իր անունով գրած նամակը եւ մեմորանդումը հանձնեց Ս. Հարությունյանին` կարդալ բարձր։ Վերջացնելուց հետո փոխարքան ասաց. «Միջոցի մասին որոշ բան չէ ասված»։

Հայտնվեց փոխարքային, որ նպատակն ու խնդիրը տաճկահայոց պատվի, կյանքի, գույքի եւ ազատ քաղաքակրթվելու կատարյալ ապահովությունն է. իսկ այդ իրագործելու միջոցի մասին դիվանագետներն ավելի լավ կիմանան։ Փոխարքան այդ առթիվ հայտնեց, որ Ռուսաստանը չի կարող այժմ մտնել Տաճկաստան եւ տիրել, քանի որ պայմանները նպաստավոր չեն։
Փոխարքան հայտնեց, որ արդեն գրել է կաթողիկոսին պատասխան տաճկահայոց հարցի մասին. այդ պատասխանի պատճենը գտնվում է կանցելարիայում, պատվիրեց հետեւյալ օրը կրկին ներկայանալ իրեն առավոտյան ժամը 10-ին` պատասխանը կարդալու։
Այնուհետեւ խոսակցությունը հետեւյալ հարցերի մասին եղավ.

1. Հայերի հույսն ու սպասելիքը. բացատրվեց, որ ամենայն կողմի հայերի հույսն ու համոզմունքն այն է, թե ռուսաց կառավարությունը այս անգամ լուրջ ուշադրություն կդարձնի եւ կբարելավի տաճկահայոց վիճակը, որ միանգամայն անտանելի է։ Շեշտվեց անձնապես փոխարքայի, նախարարապետ Կոկովցեւի եւ արտաքին գործոց նախարար Սազոնովի բարյացակամ տրամադրությունը, հուսադրությունն ու խորհուրդները տաճկահայ խնդրի վերաբերմամբ։

2. Տաճիկ պաշտոնյաների երկյուղը. Տաճկաստանի հայաբնակ գավառներում տաճիկ պաշտոնյաները վերջերս շարունակ երկյուղ են արտահայտում, թե միգուցե ռուսաց զորքը մտնե Տաճկաստան` հայերի վերաբերմամբ գործադրվող քրդական եւ թուրքական բռնությունների առաջն առնելու համար. այս պատճառով վալիները առայժմ նախազգուշացնում են քրդերին եւ թուրքերին, որպեսզի առիթ չտան եւ զգույշ մնան հայերին ճնշելուց։ Բնական է,այս երկյուղը ժամանակավոր կլինի եւ կանցնի, եթե ռուսաց կառավարությունը ձեռնպահ մնա եւ ոչ մի դրական քայլ չանի Տաճկաստանի մեջ պատվի, գույքի եւ անձի ապահովության համար։

3. Պետերբուրգ` նախարարապետի եւ արտաքին գործոց նախարարի մոտ ուղարկվելիք պատգամավորության մասին եւս խոսվեց. այս առթիվ փոխարքան ի պատասխան հայտնեց, որ պատգամավորության ուղարկելը նպատակահարմար կլինի գործի հաջողության տեսակետից։

Այս օրվա խոսակցությունը տեւեց մոտ 50 րոպե։
Դեկտեմբերի 27-ի առավոտյան ժամը 10-ին ներկայացանք փոխարքային։ Կարդացվեց իր տված պատասխանը Վեհափառին. ապա հայտնեց, որ այդ նամակն ինքն է խմբագրել եւ, կաթողիկոսին ուղարկելուց առաջ, հեռագրով ամբողջ նամակը հայտնել է Պետերբուրգ եւ այնտեղի հաճությունը ստանալուց հետո միայն ուղարկել է Էջմիածին, ու ավելացրեց, որ այդ կերպ «նախարարական ցենզուրայի» ենթարկվեց։

Այդ նամակի մեջ երկու որոշ կետ կա տաճկահայոց հարցի վերաբերմամբ աննպաստ.
ա) Ի նկատի ունենալով, որ եվրոպական մեծ պետությունների մեջ տաճկահայոց հարցի լուծման առթիվ այժմյան պայմաններում համաձայնություն չի կայանալու, այդ հարցը Լոնդոնի դեսպանաժողովի խորհրդակցության նյութ չէ դառնալու, ուստի՝
բ) Կաթողիկոսը չպետք է դիմի մյուս եվրոպական պետություններին այդ խնդրով այժմ։
Նամակի ընթերցումից հետո ամենայն մանրամասնությամբ բացատրվեց փոխարքային այն ծանր տպավորությունը, որ կունենա այդ պատասխանը ամեն կողմի հայերի, հատկապես, տաճկահայերի վրա, առանձնապես այժմ, երբ հայերն առանց խտրության համոզված են, թե Ռուսաստանն անպատճառ կմիջամտի եւ, իր հովանավորության տակ առնելով տաճկահայերին, իրագործել կտա անհրաժեշտ ռեֆորմներն իր կոնտրոլի ներքո։ Շեշտվեց եւ այն, որ եթե տաճիկ կառավարությունը, մանավանդ հայաբնակ վիլայեթների տաճիկ պաշտոնյաները իմանան, թե Ռուսաստանն այժմ ձեռնպահ է մնում եւ չի ցանկանում միջամտել, անպայման հայերի վիճակն ավելի կվատթարանա եւ մինչեւ իսկ կարող է սոսկալի հետեւանքներ տալ։

Փոխարքան մի քանի անգամ կրկնեց, որ Ռուսաստանը այժմյան րոպեն, ներկա պայմանները միայն աննպաստ է համարում գործնական քայլեր անելու համար, եւ այդ երբեք չի նշանակում, թե դադարում է միջամտելուց։ Ռուսական կառավարությունն իր դիպլոմատիական ազդարարությունները շարունակելու է։
Այս խոսակցություններից հետո փոխարքան սկսեց գրել` փոխադարձ խորհրդակցությամբ ձեւակերպելով այն գլխավոր կետերը, որոնց մասին մանրամասն բացատրություններ տեղի ունեցան։
Խնդրեցինք փոխարքային, որ ռուսաց կառավարությունը իր դեսպանի եւ հյուպատոսների միջոցով վերահսկողություն ունենա տաճկահայոց վրա, որպեսզի դրությունն ավելի չվատթարանա։ Փոխարքան համաձայնեց եւ մոտավորապես հետեւյալ կերպով ձեւակերպեց.

«1. Կ.Պոլսի ռուսաց դեսպանին եւ Տաճկահայաստանի հյուպատոսներին հրահանգ տրվի, որ շարունակեն պաշտպանել տաճկաց կառավարության առաջ հայերին քրդական եւ թուրքական ճնշումներից»։

Բացատրվեց, որ նախարարապետ Կոկովցեւի եւ արտաքին գործոց նախարարի խորհրդի հիման վրա եւ բոլոր կողմերի հայերի ցանկության համաձայն՝ կաթողիկոսը նշանակեց Պողոս-փաշա Նուբարին իր կողմից ներկայացուցիչ, եվրոպական պետությանց ներկայացուցիչների կոնֆերանսում աշխատելու Տաճկահայաստանի բարենորոգումների համար՝ ռուսական կոնտրոլի տակ։
Կաթողիկոսը դեռ հրահանգ չի տվել Նուբար-փաշային, որը տեղի պիտի ունենար ռուսաց կառավարությունից պատասխան ստանալուց հետո։ Նուբար-փաշան իր կողմից, իր անհատական հեղինակավոր դիրքի շնորհիվ կատարել է մասնավոր դիմումներ։ Իսկ պաշտոնական դիմումներ անելու համար հարկ է համարել խնդրելու հեռագրով կաթողիկոսից ռուսաց կառավարության վերաբերմունքը, որը հարցումից անկախ պիտի հեռագրվեր նրան։ Իսկ այժմ ստացած պատասխանը շատ ծանր կացություն կստեղծի։ Արդյո՞ք Նուբար-փաշան պետք է շարունակի Վեհափառի կողմից եվրոպական պետությանց մոտ աշխատելը, թե՞ դադարի իր պաշտոնից։ Վերջին դեպքը ծանր կլինի կաթողիկոսի եւ տաճկահայոց համար եւ, անշուշտ, վերին աստիճանի խրախուսիչ` տաճկաց կառավարության համար։ Փոխարքան համաձայնելով այս հիմնավոր առարկությանց հետ՝ ձեւակերպեց մոտավորապես հետեւյալ կերպով.

«2. Պողոս-փաշա Նուբարը նշանակված է կաթողիկոսի կողմից, հավանությամբ պատրիարքի եւ Ազգային Ժողովի, որ աշխատի եվրոպական կառավարությանց մոտ 61-րդ հոդվածի իրագործման համար հայաբնակ նահանգներում ռեֆորմներ մտցնելու վերաբերմամբ` ռուսաց կառավարության նախաձեռնությամբ եւ նրա կոնտրոլի տակ»։

Բացատրվեց, որ Կ.Պոլսում տաճկաց կառավարությունը, վախենալով օտար միջամտությունից հայկական հարցի առթիվ եւ ցանկանալով առաջն առնել այդպիսի միջամտության, ըստ իր նախնավանդ սովորության` կազմել է մասնախումբ, ներքին գործոց նախարար Ռեշիդ-բեյը կոչել է մի քանի հայերի` որպես թե հայաբնակ գավառների վերանորոգության մասին խորհրդակցելու։ Բացատրվեցին այդ կեղծ քայլի շարժառիթները։ Փոխարքան գրեց մոտավորապես հետեւյալը.
«3. Ներքին գործոց նախարար Ռեշիդ-բեյը նշանակել է այժմ Պոլսում մի մասնախումբ, որի մեջ նախարարի նշանակումով չորս հայ եւս մասնակցում են։ Այդ մասնախումբը ոչ մի վստահություն չի վայելում հայերի կողմից։ Դրանով տաճկաց կառավարությունը կամենում է ռուսաց միջամտության առաջն առնել»։

Շեշտվեց[ին] հետեւյալ կետ[եր]ը, որ եւ գրվեց[ին].

«4. Բոլոր հայերը, առանց կուսակցության խտրության, համաձայն են, որ Տաճկահայաստանի ռեֆորմների նախաձեռնողը լինի Ռուսաստանը` եվրոպական պետությանց համաձայնությամբ, եւ ռեֆորմների իրագործման կոնտրոլը պատկանում է Ռուսաստանին»։
«5. Բեռլինի կոնգրեսի 61-րդ հոդվածի իրագործման ու վերահսկողության հանձնելը Ռուսաստանին հաջողեցնելու համար պետք է կաթողիկոսի կողմից եվրոպական պետությանց մոտ պատգամավորություններ նշանակել, որպեսզի դիպլոմատիական շրջաններում տրամադրություն ստեղծվի հօգուտ ռուսական նախաձեռնության եւ կոնտրոլի»։
«6. Երբ որ հարմար մոմենտ կլինի, կաթողիկոսը բախտավոր կհամարի իրեն ներկայանալ թագավոր կայսեր` իր հոտի` տաճկահայ ժողովրդի վիճակի բարելավման համար անձամբ հայցելու»։

Քանի որ փոխարքան ցույց էր տալիս բարյացակամ տրամադրություն եւ մի քանի անգամ եւս հայտնեց իր անձնական կարծիքը, թե կաթողիկոսն ու հայ ժողովուրդը, ինչպես եւ կաթողիկոսի ներկայացուցիչ Պողոս-փաշա Նուբարը, պետք է աշխատեն հաջողացնել Ռուսաստանի նախաձեռնությամբ եւ կոնտրոլի տակ ռեֆորմներ մտցնել տալու Տաճկահայաստանում, պատգամավորությունը խնդրեց, որ եթե հնարավոր է` մի նոր լրացուցիչ նամակով հանուն Վեհափառ կաթողիկոսի` հայտնի փոխարքան, թե Հայկական հարցը չի փակվում, այլ ընթացքի մեջ է եւ կարելի է նույն ուղղությամբ աշխատանքները շարունակել։
Այս կարեւոր կետի առթիվ փոխարքան հետեւյալ կերպով (մոտավորապես) գրեց.

«7. Նամակի (պատասխանի) տպավորությունն այն է, որպես թե հայկական նահանգների ռեֆորմների հարցը հերթական լինելուց դադարում է։ Կաթողիկոսից այս կետի առթիվ հարցապնդում ստանալու դեպքում տալ բացատրություն, որ ոչ թե Հայկական հարցը վերացվում է, այլ ընթացքի իր ուժի մեջ է եւ կքննվի բալկանյան հարցերի հետ միասին»։

Փոխարքան խոստացավ վերոհիշյալ յոթ կետերի մասին փոխադարձ խորհրդակցությամբ եւ իր ձեռքով կազմված ձեւակերպումները հեռագրով հայտնել Պետերբուրգ, խոստացավ նաեւ աջակցել, որ ցանկացած պատասխան ստացվի։
Այս խոսակցությունն ու խորհրդակցությունը տեւեց մոտ 2 ժամ։
Վերջում պատգամավորության կողմից Մեսրոպ եպիսկոպոսը մի քանի խոսքով հայտնեց շնորհակալություն փոխարքային իր բարյացակամ վերաբերմունքի համար։
Փոխարքան պատասխանեց, որ ինքը դեպի հայերը լավ է վերաբերվում, սակայն այս դեպքում գործում է որպես ռուս պետական մարդ եւ անցած համարեց Լոբանովի քաղաքականությունը։ Հայտնվեց ուրախակցություն, որ այս կարեւոր խնդրում ռուսական եւ հայկական շահերը միացած են։
Անհրաժեշտ է հիշել եւ այն, որ վերոնշյալ կետերի մասին եղած խմբագրությունը կարդաց փոխարքան երեք անգամ, իսկ երրորդ ընթերցանության ժամանակ իր գիտությամբ եւ թելադրությամբ արձանագրեց նույն կետերը Բագրատ վարդապետը` պատգամավորության համար»։

Գ

Դեկտեմբերի 26-27-ին, այո՛, կայանում էր մի խոշոր համաձայնություն։ Ի՞նչ էր դա նշանակում։
Պալատական շրջանը տանում էր մի հաղթություն, որ պիտի միանգամայն գոհացներ ժողովրդի մասին չմտածող կամ բոլորովին քիչ մտածող ազգասիրական ռոմանտիզմը։ Ռուսական դիվանագիտությունը կամենում էր իր եւ թուրքերի մասնավոր հարաբերությունների հոգս դարձնել թուրքահայ ժողովրդի ապահովությունը։ Եթե նա մտներ այդ ճանապարհի մեջ, գործեր փոքրիշատե ուշադրությամբ, հայ ժողովուրդը, եթե չստանար երազական ռեֆորմներ կամ, պարզ ասած, ինքնավարություն, գոնե փոքրիշատե մարդավայել կայունության երաշխիք կունենար։ Վերին աստիճանի բնորոշ է այն տեղեկությունը, որ տվին կաթողիկոսի պատգամավորները կոմս Վորոնցով-Դաշկովին։ Նրանք ասացին, թե ասիական Թուրքիայի վալիները, վախենալով ռուսական միջամտությունից, զսպում էին հայերին կեղեքող քրդերին եւ թուրքերին։

Հայ ժողովրդի համար այն էլ մեծ բախտ կլիներ, եթե այդ փրկարար վախը երկար պահպանվեր կառավարող օսմանների շրջանում` ռուսաց դիվանագիտության անդադար պահանջներով։ Պե՞տք է ավելացնել, որ հայերի պաշտպանության այս եղանակն ավելի քիչ աղմկավոր կլիներ, ավելի քիչ գրգռիչ, քանի որ հարց չէր դրվում Հայաստան ստեղծելու, Թուրքիայի մարմնից մի նոր չաղ կտոր խլելու մասին, այլ պահանջվում էր միայն բարեկարգել նահանգական եւ գավառական վարչությունները։ Հետո կլիներ այն, ինչ Վորոնցով-Դաշկովը ավելորդ էլ համարեց թաքցնել։ Նա մի քանի անգամ կրկնեց պատգամավորներին, թե Ռուսաստանն այժմյան աննպաստ պայմանների մեջ չի կարող գնալ եւ գրավել Թուրքահայաստանը։ Սա, իհարկե, չէր նշանակում, թե նպաստավոր պայմաններ երբեք չեն գալու։ Նվաճումը պետք է լիներ. դա միայն ժամանակի հարց էր։ Մնացածն արդեն չափազանց հեշտ կարելի էր գուշակել` թուրքահայոց հարց այլեւս չէր լինի։
Բայց հենց այս բանն էր, որ սարսափեցնում էր թուրքահայոց դատն իրենց համար մենաշնորհ դարձրած հեղափոխական կուսակցություններին եւ նրանց ենթարկված բուրժուական մտայնությանը։

Ի՜նչ հարկավոր են այսպիսի մասնավոր համաձայնություններ, մանավանդ, ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ հյուսիսային արջը միայնակ դնի իր թաթը Հայաստանի վրա։ Եվ հրապարակում շար ընկան հազար անգամ ծամծմած, արտաքուստ փայլուն, բայց ներքուստ ողորմելի եւ անբովանդակ կանչվռտոցները` «Մեր հարցը միջազգային հարց է, եւ այն լուծողները պիտի լինեն բոլոր պետությունները։ Տվե՛ք մեզ եվրոպական կոնֆերանս, պատգամավորություններ, պրոպագանդա, խնդրագիր եւ այլն, եւ այլն»։ Եվ նորից, այս էլ քանիերորդ անգամ` վեճեր, թե ով պիտի լինի ինքնավար Հայաստանի ընդհանուր նահանգապետը, ի՞նչ սահմաններ պիտի ունենա այդ Հայաստանը եւ այլն, եւ այլն։ Այս անգամ ավելացել էր մի նոր գայթակղություն` Պողոս-փաշա Նուբարը։ Անհատնում հարստության տեր է, մեծ պետական մարդու որդի է, կապեր ունի, ծանոթ է անգլիական, ֆրանսիական եւ շատ այլ մինիստրների հետ։ Ինչպե՞ս նրան անգործ թողնել այժմ, երբ Թուրքիան ջարդված է եւ նորից բաժան-բաժան է դառնում։

Մի խոսքով, հին կռապաշտը գտել էր ֆետիշը` Եվրոպան, ինչպես Սենեգալի խափշիկը գտնում է իր հին, կորցրած տոհմային ֆետիշը։
Ռուսաց դիվանագիտությունը չպիտի լիներ խաչվողը ցույց տալու համար, որ իր առաջարկած եղանակը համաշխարհային աղմուկ բարձրացնելու եղանակից նախընտրելի է։ Հայերի առաջարկած նախաձեռնությունն ու կոնտրոլը` նրա առջեւ բաց էին անում գործողության նոր հորիզոններ։ Բալկանյան պատերազմն ու սլավոնական պետություններից ջախջախվելն անհանդուրժելի չափերով մեծացրել էին Գերմանիայի եւ առհասարակ եռյակ նիզակակցության ազդեցությունը Թուրքիայում։ Հայկական հարցը բաց էր անում միջազգային մի մրցաշար, ուր Ռուսաստանը` իբրեւ եռյակ համաձայնության վարիչ` պիտի կռվի բռնվեր հակառակորդների հետ եւ հաղթեր նրանց հենց նույն Արեւելյան հարցի մեջ։ Միակ բանը, որի մեջ զիջում չարեց Ռուսաստանը, այն էր, որ Հայոց հարցը չդրվեց Լոնդոնի կոնֆերանսում։ Նա հարուցվեց իբրեւ առանձին հարց` երկարատեւ դիվանագիտական բանակցությունների միջոցով, որոնց մեջ մասնակցում էին բոլոր մեծ պետությունների մայրաքաղաքներում գտնվող դեսպանները։ Բայց գլխավոր կենտրոնավայրը մնում էր Կ.Պոլիսը։

Այդտեղի ռուսական դեսպան Գիրսը[255] ցույց էր տալիս արտակարգ եռանդոտ գործունեություն` միշտ կռթնած հայոց պատրիարքարանի վրա, ուր առաջնակարգ գործուն դեր կատարում էր Դաշնակցությունը։ Մեծ եռանդով գործում էր նաեւ Պողոս-փաշա Նուբարը։ Ամենուրեք կազմվել էին հայկական կոմիտեներ (Լոնդոն, Փարիզ, Բեռլին, Պետերբուրգ), որոնք անմիջապես կապված էին իրար հետ, իրար աջակցում էին փոխադարձաբար։ Մեծ դիվանագիտական կենտրոն էր դարձել Էջմիածինը, ուր Գեւորգ կաթողիկոսը տեղեկություններ եւ տեղեկագրեր էր ստանում աշխարհի բոլոր կողմերից եւ իսկույն դրանց պատճեններն ուղարկում էր Թիֆլիսի իր խորհրդականին եւ օգնականին` Ազգային բյուրոյին։ Կ.Պոլսի պատրիարքն էլ իր զեկուցումներն էր ուղարկում բյուրոյին, հրահանգներ խնդրում։ Նրա գրագրությունների մեջ երբեմն պատահում էին չափազանց կարեւորները։ Այսպես բյուրոյի քննությանն էին ենթարկվում ռեֆորմների այն ծրագրերը, որոնք կազմվում էին հայկական շրջաններում (նախեւառաջ Դաշնակցության Կ.Պոլսի մարմնի մեջ)։ Բայց ի՞նչ քննություն կարող էր լինել այդտեղ։ Այդ ժամանակ ես էլ ընտրվել էի բյուրոյի անդամ եւ կարող եմ վկայել, որ այդ մարմինը միանգամայն անձեռնահաս էր այդպիսի մի խոշոր դիվանագիտական առաքելություն կատարելու համար։ Ամենքն էլ, ինքնըստինքյան, բարի ցանկություններով օժտված մարդիկ էին, բայց միանգամայն բոբիկ` Արեւելյան եւ Հայկական հարցերի ըմբռնողության կողմից։ Ո՛չ պատմություն գիտեին, ո՛չ ծանոթ էին անհուն գրականության գեթ մի մասին։

Գոնե կազմվեին ենթամասնախմբեր` հարցերը (տնտեսական, քաղաքական, վարչական, դիվանագիտական) մանրամասն քննելու եւ վերլուծելու համար։ Բայց այսպիսի աշխատանքների անընդունակ էին նրանք։ Ամենքը չափազանց զբաղված էին այս «ազգասիրական» գործով իմիջիայլոց` մի քիչ ժամանակ գողանալով իրենցից։ Ես հիշում եմ մի զեկուցում, որի հեղինակն ասում էր, թե ինքը ռեֆորմների ծրագրին ծանոթացել է Բաքու գնալիս, վագոնում…
Չէր լսվում երկրի ձայնը։ Լուռ էր մեծ նահատակը` իր արյուն գետերով իր դաշտերը ոռոգող աշխատավոր, խավար ու անգրագետ հայ գյուղացիությունը։ Եվ իբրեւ թե նրա անհուն ցավերով էին տարված բոլորը` թե՛ Թիֆլիսի բուրժուական ինտելիգենտը, թե՛ Ներսիսյանի լճի քարափներից ավելի բան չտեսած կաթողիկոսը, թե՛ Ավենյու դյու Տրոկադերո փարիզյան փողոցի վրա իր սեփական վիլլան ունեցող մեծափարթամ փաշան, թե՛ Պետերբուրգի նավթային կրեսոսը։ Ամենքը փրկում էին Մուշի եւ Վասպուրականի ջրատարին, քրդի ճորտ ռանչպարին, փրկում էին պապերի եւ նախնիների ավանդած միջոցներով։

Խե՜ղճ ժողովուրդ, անտեր ժողովուրդ։ Ոչ ոք չէր մտածում, թե ինչ կլինեն դիվանագիտական շքերթները։ Հայ ժողովրդի արմատական դժբախտությունն այն է եղել, որ նրա մեջ դիպլոմատ, դիվանագետ տարրը միշտ եղել է հոգեւորականությունը։ Այս ինձ համար ապացուցված փաստ է հազարավոր օրինակներով` սկսած մեծահռչակ Ներսես Մեծից ու Սահակ Պարթեւից եւ եկած մինչեւ Հովսեփ Արղությանը[256], Ներսես Աշտարակեցին, Մատթեոս Չուխաճյանը, Գեւորգ Բրուսացին[257], Մկրտիչ Խրիմյանը, Ներսես Վարժապետյանը, Մատթեոս Իզմիրլյանը, Մաղաքիա Օրմանյանը[258] եւ վերջացրած մեր երեկվա դիպլոմատներով` Գեւորգ Սուրենյանցով, Մեսրոպ Տեր-Մովսեսյանով, Բագրատ Վարդազարյանով, [Հովհաննես] Արշարունի եւ Զավեն [Տեր-Եղիայան] պատրիարքներով, եթե կամենում եք, նաեւ Խորեն Մուրադբեկյանով[259]։ Ոչ ոք խելահասություն չունեցավ գեթ անցյալի հետ մի թեթեւ համեմատություն դնելու։ Ոչ ոք չասաց իրեն, թե 1895-1896-ին Անգլիան պակաս ուժեղ եւ հեղինակավոր չէր, քան Ռուսաստանը 1912-1913-ին, եւ այնուամենայնիվ նրա պաշտպանած հայերը ջարդվեցին հարյուր հազարներով։

Ոչ ոք միտը չբերեց, որ բավական չէ նույնիսկ այն, որ սուլթանը ստորագրում է հայկական դժբախտ ռեֆորմները։ Ապացույց` 1895-ի հոկտեմբերը, երբ Աբդուլ-Համիդը ստորագրեց մայիսյան ռեֆորմները, որպեսզի իսկույն այդ թղթի կտորը հայ կարմիր արյան լճի մեջ ընկղմի։ Ոչ ոք չուզեց իմանալ, որ Բեռլինում բանկիրները, մետաղագործական կապիտալիստներն ավելի գիշատիչ էին դարձել` գազանային անկշտությունից բորբոքված, իսկ նրանց ծառա Վիլհելմ Հոհենցոլեռնը` ավելի եւս աներես, ավելի եւս ցինիկ։ 1895-1896-ին մի պաստոր Հեյման էր, որ իր Քրիստոսի անունով հավատացնում էր, թե արժեր, որ թուրքերը կոտորեին հայերին, իսկ այժմ` 1913-ին, մի «հայասեր» էր (օ՜, հայասեր) Պաուլ Ռոհրբախ[260], որ առաջին անգամ սրիկա-հայասիրական խորհուրդ էր տալիս թուրքերին, որ հայերին Ռուսաստանի ազդեցությունից ազատելու համար պետք է նրանց հեռացնել ռուսական Հայաստանի հարեւանությունից եւ, հանելով իրենց երկրից, բնակեցնել Բաղդադի երկաթուղու երկարությամբ` գետին մշակելու եւ գերմանական փողատերերի համար նույնպիսի ստրուկներ դառնալու համար, ինչպիսին էին նեգրերը Գերմանիայի աֆրիկյան գաղութներում։
Ահա ինչեր չիմացան մեր վեղարավոր եւ անվեղար դիպլոմատները։ Եվ արդյո՞ք պակասում էին փաստեր, որոնք հարկադրեին փոքր-ինչ ուղեղ շարժել։ Ինձ մոտ կա մի նամակ, որ գրված է դեկտեմբերի 26-27-ի տեսակցությունից հետո անմիջապես։ Թույլ տվեք, որ խոսի այդ թուղթն էլ գեթ իր մի քանի պերճախոս հատվածներով[261]։

«Թիֆլիսից վերադարձա եւ տանս գտա երկու նամակ Պետերբուրգից եւ Կ.Պոլսից։
Պետերբուրգից Ղուկասյանը եւ Սաղաթելյանը ներկայացել են Կոկովցեւին, սա ասել է. «Կայսրը հաճ է դեպի հայերը, ռուս կառավարությունը հայկական խնդիրը կպաշտպանի ոչ թե Լոնդոնի, այլ հետո կայանալիք կոնֆերանսում»։ Պետք է աշխատել Անգլիայում եւ Ֆրանսիայում տրամադրություն ստեղծել, մի խոսքով` կրկնել է մոտավորապես այն, ինչ որ ինձ էր ասել։
Սազոնովը հայտնել է, [թե] Տաճկաստանում հայեր չկան, նույնիսկ Վանում նոցա տոկոսը 16 է. ռուսները կամենում են այդտեղ ունենալ բուֆեր, եւ այդ նպատակի համար նոքա գերադասում են քրդերին։ Սազոնովին այդ գաղափարը ներշնչել է Միլլերը` Թավրիզի նախկին հայատյաց կոնսուլը, որ այժմ նշանակված է Թիֆլիսում խորհրդատու փոխարքային։
Մենք մեծ աշխատանք ունենք կատարելու, Միլլերին այլ կերպ տրամադրելու` համոզելով եւ խնդրելով։ Կաթողիկոսը եթե թույլ տա, տոներից հետո ես կգնամ Թիֆլիս եւ այնտեղ էլ կմնամ եւ կաշխատեմ։

Պոլսի նամակում պատմված է. Նուբարը յուրովի հրավիրել է Օրմանյանին, տեսակցություն է ունեցել Փարիզի տաճկաց դեսպանի հետ եւ խնդիր է ուղղել Քյամիլ-փաշային։ Այդ բոլորը նա անում է Նորատունկյանի[262] թելադրությամբ եւ խորհրդով։ Նամակագրի ասելով՝ դրությունն այնպես է, որ նա երկուսից մեկին պիտի վաճառի` տերությունը կամ ազգը, եւ վաճառում է ազգը։ Իբրեւ ապացույց բերում է այս փաստը. Օրմանյանը դեռ ամբաստանված, դատի տակ է, Նորատունկյանի թելադրությամբ Քյամիլ-փաշան նրան հրավիրում է իբրեւ «երեւելի» խորհրդակցության` արհամարհելով Ազգային ժողովի որոշումը։ Երկրորդ` չորս երեւելիները նախքան ժողովի գնալը եղել են Նորատունկյանի տանը, լսել են նրա ցուցմունքները եւ խորհուրդները, բայց հարկ չեն համարել պատրիարքարանին մինչեւ անգամ տեղեկացնելու իրենց միսիայի մասին։ Նորատունկյանի ցանկությունն է, նամակագրի ասելով, տապալել ներկա վարչությունը եւ իր ցանկացած կազմը ստեղծել տալ, որով իր ձեռքին կունենա թե՛ ազգային վարչությունը եւ թե՛ Պողոս-փաշային։ Գրողն է Վահան Փափազյանը[263]։

Պողոս-փաշա եւ Հ. Առաքելյան հեռագրով խնդրել են կաթողիկոսին` պատգամավորներ չուղարկել Ահարոնյանին եւ Սահակ եպիսկոպոս Այվատյանին։ Այսօր հեռագրեցինք, որ լուրն անհիմն է, որ ինքն էլ ոչ ոքի չպիտի դիմե պատգամավորության համար եւ պիտի հրահանգ ընդունե Էջմիածնից։
Նրան եւ պատրիարքարանին գրվելու է երկար նամակ.
1) Փոխարքայի եւ մեր տեսության թղթերի պատճենները պիտի ուղարկենք։
2) Նա դեռ պիտի մնա պատգամավոր, եթե քայլեր անելու լինի, համաձայնեցնե փոխարքայի 7 կետերի սկզբունքներին։
3) Հարցնե եւ մեզ տեղեկացնե Արթին Յաղուբ-փաշայի համաձայնությունը։
…Իմ կարծիքն է, որ ռուսաց կառավարչական շրջաններում երկու հոսանք կա` հօգուտ եւ ի վնաս մեզ։ Փոխարքայի տատանումները եւ Պետերբուրգի նամակը այդ են ապացուցանում։ Լրագրությունը, Կոկովցեւը եւ փոխարքան առերեւույթ մեր կողմն են։ Սազոնով, Միլլեր եւ այլք` հակառակ։ Ծանր է այդ կացությունը, բայց ոչ հուսահատական. լուրջ եւ անձնվիրաբար աշխատանքները գուցե մի օգնություն անեն։

…Վերջին լուրերն այնքան էլ հուսահատական չեն։ Նամակներ ենք ստացել պատրիարքից, Պողոս-փաշայից, Յաթուճյան եպիսկոպոսից եւ մասնավոր անձերից։ Ստացել ենք նաեւ հեռագրեր եւ հարկավոր կարգադրություններն արել։
…Ամսիս 2-ին պարոն Նուբարը հեռագրով խնդրեց լրացնել պատգամավորությունը բացառապես Թուրքիայի հայերից` Արթին Յաղուբ-փաշա, Հարություն Մաստիճյան, Մինաս Չերազ եւ Գեւորգ եպիսկոպոս Յաթուճյան։ Ի նկատի ունենալով, որ նա այդ հեռագիրն ուղարկել էր` անկասկած նոր տեղեկություն ստացած լինելով եւ մեր կողմից շատ հարմար գտնելով նրա առաջարկած անձանց, եւ` որ նա խնդրում էր շտապեցնել պատգամավորների կարգումը, հեռագրով եւ ապա կոնդակներով կատարվեց նրա ցանկությունը։

…Նուբարի նամակը շատ բան պարզեց։ Նա շնորհակալություն է հայտնում կաթողիկոսին իր վրա ունեցած վստահության մասին, խոստանում է չխնայել իր աշխատանքը եւ անում է` ինչ կարող է։ Նա գրում է, որ չստանալով իր ծանոթ հեռագրի պատասխանը, դիմել է անձամբ Իզվոլսկուն[264], իսկ նա անմիջապես հեռագրով հարցրել է Պետերբուրգ իր տալիք պատասխանի համար։ Այդ բանը հանդիպել է բարեբախտաբար այն ժամանակ, երբ փոխարքայի հարցերն արդեն Պետերբուրգ էին հասել եւ մինիստրությունը գիտեր մեր տեսակետն ու հայացքը։ Առերեւույթ մեր ցանկության համաձայն` հեռագրել են Իզվոլսկուն, թե թող պատգամավորությունը մնա եւ գործի նախամտածված ծրագրով։ Ուստի եւ Պողոս-փաշան հեռագրով խնդրեց եւ ստացավ պատգամավորության լրացումը։ Փաշան գրում է, որ Իզվոլսկու եւ Պուանկարեի[265] խորհրդով` Լոնդոնի ժողովում չպիտի դնեն Հայկական հարցը, հայերն այդ ուղղությամբ չպիտի աշխատեն, այլ այդ հարցը կդնեն եւ կլուծեն եռապետյան համաձայնության անդամները` անմիջապես Լոնդոնի ժողովից հետո. հայոց պատգամավորությունը պետք է ջանք եւ աշխատանք գործ դնի հասարակական կարծիքը եւ որոշ չափով նաեւ երեքպետյան դաշնակցության կառավարությունների տրամադրությունը նպաստավոր կացուցանել հայերի համար։ Այդ նպատակին հասնելու համար նա անձամբ պիտի գնա Բեռլին եւ Վիեննա եւ աշխատի այդ ուղղությամբ։

…Յութուճյանը գրում է, որ Գրեյն իրեն եւ երկու տեղացի հայերի ընդունելություն չի նշանակել, հասկացրել է, որ Լոնդոնի ժողովում հայերին ձեռնտու չէ հարց հարուցանել, պիտի սպասել։ Պատրիարքը Կ.Պոլսից հեռագրով խնդրել էր պատգամավորություններ չուղարկել Լոնդոն, նույնը հաստատում է նամակով։ Մասնավոր նամակով ինձ գրում են, որ Անգլիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի` Պոլսո դեսպանատներից տեղեկացել են մոտավորապես հետեւյալը. Հայոց հարցը չպիտի դնել Լոնդոնում, որովհետեւ մյուս պետություններն այդ հարցը առեւտրի առարկա կդարձնեն (ընդգծումն իմն է - Լեո). իմանալով, որ տաճիկը չափազանց դեմ է, իրենք էլ կաշխատեն տապալել այդ հարցը` փոխարեն իրենց համար ստանալիք օգուտների։
…Մեզ համար ներկայումս մի բան պարզ է, որ ռուսական տեսակետը ընդունվել եւ պաշտպանվում է եռապետյան համաձայնության կողմից, որ նոքա ժամանակավորապես թողնում են մեր հարցը եւ խոստանում են առաջիկայում առաջ մղել Թուրքիայի դեմ` առանց մյուս երեք տերությունների։ Այդ քայլի պատմական հիմունքն է 1895թ. ծրագիրը, որ դարձյալ այդ երեք տերություններն էին նախագծել։

…Պատրիարքի եւ այժմ նաեւ Եվրոպայի կարծիքն է` ամենեւին չդիմել թուրք կառավարությանը, հավատ չընծայել նրա խոստումներին եւ որեւէ բանակցությանց մեջ չմտնել նրա հետ։
…Այդ կողմից շատ հետաքրքիր են մանավանդ նամակագրի հաղորդած տեղեկությունները։ Ըստ ամենայնի, վստահելի մի անձնավորություն իր նամակի մեջ համառոտակի եւ փաստալի նկարագրում է հարցի զանազան ֆազերը Թուրքիայի կառավարության շրջաններում։ Երեւի հիշում են Սազոնովին իմ տված պատասխանը, երբ նա ինձ ասաց Պետերբուրգում, թե հայերը այժմ կարող են հանգիստ լինել, քանի որ մեծ վեզիրը Քյամիլն է. ասացի, որ նախկին ջարդերի մեջ Քյամիլը մեծ բաժին ունի, որ դարավոր փորձից հետո չափազանց միամտություն կլիներ որեւէ տաճիկ պետական մարդու հավատ ընծայել։ Նամակագիրը գալիս է մի անգամ էլ հաստատելու այդ չարաբախտ ճշմարտությունը։

…Նա գրում է, որ երբ հայոց, ապա նաեւ եվրոպական լրագրերը սկսեցին Հայոց հարցի մասին գրել, կառավարությունը կատաղեց, կիսապաշտոնական թերթերը սկսեցին ջարդի սպառնալիքներ կարդալ։ Պատրիարքը դիմեց կառավարությանը՝ անհետեւանք, ապա միջամտեց ռուսաց դեսպանությունը. թերթերի լեզուն փոխվեց եւ մինիստրությունն ինքը սկսեց մտածել ռեֆորմների մասին։ Այդտեղ հանդես է գալիս Նորատունկյանը, որի խորհրդով հրավիրվում են հայ «երեւելիները», որոնց հետ նախապես գաղտնի խորհրդակցում է եւ հարկավոր հրահանգները տալիս։ Ժողովուրդն իմանում է, հուզումը մեծանում է, մարդիկ են գնում Օրմանյանի եւ ընկերների մոտ` խնդրելով ստիպում են ազգի իրավանց դեմ չգործեն։ «Երեւելիները» հրաժարվում են, Նորատունկյանը հրավիրում է վարչության անդամներից Պալաքյան վարդապետին եւ Ստ. Կարայանին, սոցա համոզում է բավականանալ տաճկի տվածով, չդիմել Եվրոպա։ Այդ էլ անհաջող է անցնում։ Հրապարակ են հրավիրում «Բյուզանդիոն» եւ մի քանի թերթեր, որոնք գրում են ռուսական միջամտության դեմ` ակնհայտ վիրավորական տոնով։ Աշխատանք է գործ դրվում` տապալելու ազգային ներկա վարչությունը եւ ազդելու Պողոս-փաշայի վրա։ Պոլսում գիտեն այդ բոլոր մեքենայությունները, զգույշ են եւ համերաշխ։ Երանի թե տեւի։
…Հանելուկ է Նորատունկյանի դերը։
1913թ. 8-ն հունվարի
Մեսրոպ եպիսկոպոս
Էջմիածին»։

Հիացուցիչ տեսարան է ներկայացնում այս զուտ հայկական դիվանագիտական նամակը նախեւառաջ եւ այն տեղի վերաբերմամբ, ուր նա գրված է։ Թերթեցեք հայոց պատմությունն ամբողջովին, եւ դուք կտեսնեք, որ Վաղարշապատի գլխավոր վանքը երբեք այդ դրության մեջ չի եղել։ Մի ժամանակ Երեւանի խաներն ու խանզադները, բեկերն ու բեկզադները, երբ չափազանց շատ էին ձանձրանում իրենց մայրաքաղաքի մեռելությունից, վեր էին կենում մեծ խմբով գնում էին Էջմիածին, հարկադրում էին կաթողիկոսին եւ միաբաններին, որ նրանք հագնեն իրենց ամենահարուստ զգեստները եւ զանազան հանդիսավոր արարողություններ կատարեն, օրինակ` պատարագ, պսակ, կնունք, ձեռնադրություն, իսկ նրանք նստում էին փափուկ փռոցների վրա եւ թամաշա էին անում դրանց` իբրեւ թատերական ներկայացումներ։

Այսպիսի օրեր Արարատյան Մայր աթոռը շատ էր տեսել։ Բայց որ նա փոխարկվեր մի Quai d’Orsay-ի[266], մի Foreigne Office-ի[267], ուր պուանկարեները, իզվոլսկիները, գրեյները, սազոնովներն են զեկուցում բերողները եւ վեհափառ, սրբազան, հայր-սուրբ, գուցե եւ` տիրացու դիպլոմատներից են հրահանգվում, այդպիսի բան երբեք չէր տեսել։ Գեւորգ Ե-ի մասին ասում էին, թե նա բախտավոր մարդ է գեթ այն կողմից, որ նրան հաջողվել էր դնել Հայոց հարցն ամբողջովին եւ հասնել բավարար լուծման։ Բախտավո՜ր։ Այսօր հայոց կաթողիկոսն, անկասկած, շատ պինդ է ըմբռնել, որ լուսնի տակ բախտ ու բախտավորություն չկա։ Մնալ առանց ժողովրդի, տեսնել մի ամայացած Թուրքահայաստան… Բա՞խտ է սա, թե հավիտենական անեծք։ Հայ հոգեւորական անեծք։ Հայ հոգեւորական դիպլոմատիան[268] իր դարավոր միամտության մեջ դեռ այսքան զարհուրելիորեն չէր խորտակվել։

Ես վերեւում ասացի, որ հայ ժողովրդի հնագույն դժբախտությունն այն է եղել, որ նրա դիվանագիտական գործերը գտնվելիս են եղել հոգեւորականության ձեռքում։ Տեսեք Էջմիածնի գլխավոր դիվանագիտական ղեկավարին այս նամակի մեջ։ Առաջին օրինակ` Թավրիզի ռուսական հյուպատոսը, ոչ իհարկե առանց թվական հիմքերի, հաստատում էր, թե հայերը Թուրքիայում մեծամասնություն չեն կազմում, թե Վանում անգամ նրանց թիվը 16 տոկոսից ավել չէ։ Վիճակագրությունը կա՛մ պետք էր հերքել, կա՛մ ընդունել։ Մեսրոպ եպիսկոպոսն այնպես էր հասկանում դրությունը, որ եթե հյուպատոս Միլլերն այդպես է ասում, պատճառն այն է, որ նա «հայատյաց» է։ Եվ առաջարկում է աշխատել, որ նրա տրամադրությունը փոխվի, իսկ այդ կարելի է նրան համոզելով եւ խնդրելով։ Խնդրանքի վրա հոգեւորական դիպլոմատիան այնքան մեծ հույսեր ուներ, որ կարծում էր, թե խնդրելով թվանշաններն անգամ կկորցնեն իրենց բովանդակությունը եւ միանգամայն «հայասիրական» կերպարանք կառնեն։

Երկրորդ օրինակ` Կ.Պոլսի պատրիարքը եւ Էջմիածնի դիպլոմատները հաստատ վճռած են, որ Հայոց հարցի լուծման մեջ ոչ մի մասնակցություն չունենա թուրք կառավարությունը. այսինքն` որ Եվրոպան հրամայի, իսկ թուրքը ձեռքը կրծքին դրած անմռունչ կատարի այդ հրամանը։ Հնարավո՞ր էր այդ։ Էլ ի՞նչ ազատ ու անկախ պետություն էր նա, որ այդպես պիտի վարվեին նրա հետ։ Թուրք կառավարությունը եթե կատաղում էր հայերի վրա էլ, Հայոց հարցի վրա էլ, պատճառը հենց օտար միջամտությունն էր։ Ամեն մի միջամտությունից թուրքը սարսափում էր, որովհետեւ ամեն մի միջամտություն նշանակում էր նրանից մի չաղ կտոր պոկել։ Ճիշտ է, Թուրքիային հարկադրեցին չմասնակցել դեսպանական թարգմանների խորհրդակցության մեջ, բայց այդպիսի վիրավորանքները հե՞շտ են մոռացվում։ Ջեմալ-փաշան[269] (սպանված Թիֆլիսում) իր հուշերի մեջ մեծ դառնությամբ է խոսում 1913 թվականի մասին, երբ Հայոց հարցն արծարծվում էր մի այնպիսի ժամանակ, երբ Թուրքիան ծանր դրության մեջ էր գտնվում` ստորագրած լինելով Լոնդոնի դաշնագիրը, որը խլել էր նրա գրեթե բոլոր եվրոպական հողերը։ Եվ հիշելով ռեֆորմների այն ծրագիրը, որ մշակել էր ռուսաց դեսպանությունը, նա բացականչում է. «Կարելի՞ է մի մեծ կայսրության ազգային փոքրամասնության պաշտպանության պատրվակով անամոթաբար առաջարկել մի անկախ պետության այստեսակ մի ծրագիր»….

Այս խոսքերը ցույց էին տալիս, թե երիտթուրքերը, թեեւ տկարացած եւ պարտված, դյուրագրգիռ էին իրենց պետության իրավունքներն ու պատիվը պաշտպանելու համար։
Մենք կարծում էինք, թե կարելի է մի պետության` ուժով, ստիպողաբար հարկադրել բարեկարգվել։ Հարց է, որ եթե ինքը` Կ.Պոլսի հայոց պատրիարքը, ունենար մի անկախ Հայաստան, չէ՞ր վրդովվի եւ չէ՞ր ասի, թե այդ ո՞ր արդարությամբ է, որ իմ երկրի մեջ կարգադրություններ եք անում` առանց ինձ հարցնելու[270]։
Բայց մեր վեղարավոր դիպլոմատներն ասում էին, թե թուրքին չպետք է հավատ ընծայել։ Հավատ ընծայել դիվանագիտական գործերի մեջ ո՞ւմ կարելի է արդյոք` Վորոնցով-Դաշկովի՞ն, Նիկոլայի՞ն, Լլոյդ Ջորջի՞ն[271], թե՞ Բրիանին[272] կամ Կլեմանսոյին, կամ նույնիսկ պոռոտախոս Վիլսոնի՞ն[273]։ Սրանց հավատ ենք ընծայել ավելին, քան հարկավոր էր. անսահմանորեն, երեխայի սրտաբացությամբ եւ անկեղծությամբ։ Բայց ի՞նչ է նստել մեզ այդ հավատը։ Հաշվեցեք մեր զոհերը։ Հաշվելն անգամ անհնար է։ Ո՞վ այսօր չի ասի, թե ոչ մի Քերզոն[274], ոչ մի Պուանկարե լավ չէ մի Թալեաթ-փաշայից կամ Ջեմալ-փաշայից։ Եթե մենք համայնական խելք ունենայինք, այս կասեինք ոչ թե այժմ, այլ 1913-ին` մեծ աղետների նախօրյակին, որովհետեւ Հայոց հարցի պատմությունը վաղուց է այս ապացուցել մեր մեծ ջարդերի դասերով։

Մեր վեղարավոր դիպլոմատներից ծածուկ չմնաց եւ այն սոսկալի, հավիտյան ապրող ճշմարտությունը, թե Հայոց հարցը կարող է առեւտրի առարկա դառնալ մյուս պետությունների համար։ Ոչ թե կարող էր դառնալ, այլ պիտի անպատճառ դառնար, ինչպես դարձել էր Սան-Ստեֆանոյի առաջին իսկ օրերից։ Բայց Էջմիածնի, պատրիարքարանի եւ այլ վանքերի անուղղելի միամիտները հավատացած էին, թե Հայոց հարցն առեւտուր չեն շինի ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Անգլիան եւ ո՛չ Ռուսաստանը, այսպես անվանյալ, եռյակ համաձայնության պետությունները։ Ինչո՞ւ։ Որովհետեւ սրանք շատ են սիրում հայերին։ Հենց միայն տեսեք, թե Ֆրանսիայում ինչ ահագին հայասիրական գրականություն է կազմվել։ Պոլ Դեշանելը[275]` ֆրանսիական պատգամավորների պալատի նախագահը, ջերմ հայասեր է եւ ամեն մի միտինգում ճառեր է արտասանում, թե հայերը Թուրքիայում անպատճառ պիտի ազատություն ստանան։ Այո՛, այս բոլորը կա` ե՛ւ գիրք ու երգ, ե՛ւ նվագ ու ճառ, ե՛ւ զեղմունք ու խանդաղատանք… բայց այս բոլորը ոչինչ է։ Եվ հրամայողը կծծի, գրոշանոց շահն է։ Եվ նույն Պոլ Դեշանելի նախագահության ժամանակ Արիստիդ Բրիանի մինիստրությունը ծախեց Թուրքիայի հայությանն այնպիսի սրիկայությամբ, որպիսին կարելի է գտնել գուցե միմիայն մարդկային ամենաընկած շրջանների մեջ[276]։

Թուրքիայում գտնվեց մի հատ պետական մարդ, որ փորձեց թուրք կառավարության հետ խոսել, համաձայնություն որոնել։ Դա Գաբրիել Նորատունկյանն էր` Թուրքիայի այն ժամանակվա արտաքին գործերի մինիստրը։ Նա շատ աշխատեց, որ հայերը Եվրոպային չդիմեն։ Բայց հայտնի է, թե ամբոխային դատողությունն ինչպես է վերաբերում այդպիսի մարդկանց` «Նորատունկյանը դավաճան է, վաճառում է ազգը»։ Բռնությամբ հեռացնում էին այդ չորս հայերին, ովքեր կառավարության կողմից հրավիրված էին բանակցությունների համար։ Եվ վեղարավոր դիպլոմատները հրճվանքի մեջ էին, որ մեկուսացրին իսկական դիվանագետին, որի կարողությունները խոստովանում էին նույնիսկ եւ եվրոպացի դիվանագետները։
Կատարյալ հաղթանակը մնում էր եվրոպապաշտությանը։ Ցարական կառավարության հրատարակած «Նարնջագույն գրքի» մեջ բերված են բոլոր մանրամասնությունները։ Ես այդ ռեֆորմների վերջին ծրագրի պատմությունը չեմ գրում։

1914-ի գարնանը կոմս Վորոնցով-Դաշկովը պաշտոնական նամակով շնորհավորեց Գեւորգ կաթողիկոսին` հայտնելով, որ թուրքաց կառավարությունը հաստատել է ռեֆորմների ծրագիրը եւ նշանակել է այն երկու եվրոպացի վերատեսուչներին, ովքեր հայկական վիլայեթներում պետք է հսկեին օրենքների գործադրության վրա։ Գեւորգ կաթողիկոսն էլ, իհարկե, ռուսներին շնորհավորեց։ Ռուսական դիվանագիտությունն իրեն համարում էր խոշոր հաղթանակ տարած։
Աչքը լույս հայ ժողովրդի… 1915-ի բնաջնջման հաստատ հիմունքներն էին դրվում։

Դ

Հայ հեղափոխական դաշնակցությունն իր խոշոր հաջողությունների հետեւանքով հասել էր այն ամբարտավան մեծամտության, թե ինքը հայոց ազգն է ներկայացնում. եթե ոչ ամբողջը, գեթ նրա 99 տոկոսը։ Իր մասին այդպիսի կարծիք ունեցող կուսակցությունն իհարկե չէր կարող թույլ տալ, որ Հայոց հարցը լուծում ստանա առանց իր եռանդուն մասնակցության։ Եվ իրավ, այդ մասնակցությունը շատ գործուն էր սկզբից եւեթ։ Ամբողջ նախաձեռնությունը պատկանում էր Դաշնակցությանը։ Նա էր, որ կազմեց բարենորոգումների ծրագիր, որ Կ.Պոլսի պատրիրարքի միջոցով ներկայացրեց ռուսաց դեսպանին։ Բանակցությունները հայոց պատրիարքարանի եւ ռուսական դեսպանության մեջ վարվում էին գլխավորապես դաշնակցական գործիչների գծած ուղղությամբ եւ թելադրություններով։ Եվ վերջապես, ինքը` Դաշնակցությունն էլ իր անունից բանակցությունների մեջ մտավ ռուսաց դիվանագիտության հետ, այսինքն այն կառավարության, որի դեմ նա աղմկալի ցույցեր էր անում դեռ մի երկու տարի առաջ` միացած երիտթուրքերի հետ։ «Նարնջագույն գիրքը» հավերժացրել է այն տեսակցությունը, որ Դաշնակցության դիվանագիտական գործերի վարիչ դոկտոր Զավրիեւը ունեցել էր դեսպան Գիրսի հետ։

Իսկ Կովկասում Դաշնակցությունը քաղաքականություն էր ընդգրկվում գործելու հայ բուրժուազիայի մեջքի ետեւում։ Տեսանք արդեն, որ Ազգային բյուրո հիմնելու առաջին իսկ պահից Դաշնակցությունը սեղանի վրա էր դնում ինքնապաշտպանության հարցը. իր հին պահանջը, որ էր` փող ստանալ եւ զենքեր առնել եւ ուղարկել Թուրքահայաստան։ Այդ նպատակով տասնյակ տարիներ աշխատել էին հնչակյաններն էլ, դաշնակցականներն էլ. փող շատ էին հավաքել, բայց գործնական հետեւանքը ողորմելի էր եղել։ Միեւնույն երգը, որ արդեն բավականաչափ արատավորված էր, երգվում էր եւ այժմ։ Սակայն բյուրոն չկարողացավ գումարներ հավաքել մի բանի համար, որի հաջողության վրա հասարակությունը ոչ մի վստահություն չուներ։ Այս բանը, սակայն, չհուսահատեցրեց դաշնակցականներին, եւ նրանք վճռեցին զինել Թուրքահայաստանը… ռուս կառավարության հաշվին։ 1913 թվի մարտին` այն ժամանակ, երբ Կ.Պոլսի ռուսաց դեսպանն արդեն սկսել էր իր բանակցությունները հայկական ռեֆորմների մասին, փոխարքայի զինվորական օգնական, գեներալ Շատիլովին ներկայացավ մի պատգամավորություն` իբր թե Կովկասի հայերի կողմից, բայց իրոք նույն բյուրոյի շրջանից` Մեսրոպ եպիսկոպոս, Խատիսյան, Հարությունյան, Քալանթար եւ Պապաջանյան[277]։

Պատգամավորությունը գեներալ Շատիլովի ուշադրությունը հրավիրելով այն ծանր դրության վրա, որի մեջ գտնվում էր թուրքահայ ժողովուրդը, խնդրեց, որ ռուսական պահեստներից զենքեր բաց թողնվեն այդ ժողովրդի ինքնապաշտպանության համար։ Կոմս Վորոնցով-Դաշկովն այս մասին հայտնեց արտաքին գործերի մինիստրին, որից պատասխան ստացավ, թե այդպիսի միջոցի կարիք չկա, քանի որ ռուսաց կառավարությունն արդեն բոլոր միջոցները ձեռք է առել թուրքահայերի պաշտպանության համար։ Փոխարքան հաղորդելով այս պատասխանը կաթողիկոսին` նկարագրեց, թե ինչ դրության մեջ է գտնվում ռեֆորմների խնդիրը եւ առանձնապես հանձնարարեց, որ հայերը ծայր աստիճան ինքնազսպում եւ հանդարտություն ցույց տան։

Կար Դաշնակցության առջեւ մի շատ փափուկ խնդիր։ Այդ նրա հարաբերությունն էր երիտթուրքերի կուսակցության հետ։ Երկուսի մեջ գոյություն ունեցած դաշինքը ձեւականապես չէր խախտված։ Եվ ահա առաջանում է այսպիսի մի հանգամանք։ Ջեմալ-փաշան իր հուշերի մեջ պատմում է, թե երիտթուրքերը դիմեցին դաշնակցական գլխավորներին եւ խնդրեցին նրան` աջակցել իրենց կռվի մեջ, որի նպատակն էր դուրս հանել Հայաստանից ռուսական ռեֆորմների ծրագիրը։ «Այժմ, երբ վերջացել է Բալկանյան պատերազմը,- ասում էին երիտթուրքերը,- մեզ համար այլեւս դժվար չէ քրդերին սանձելը եւ ապահովել հայերին խաղաղ գոյություն»։ Բայց դաշնակցականներն այդ բոլոր առաջարկություններին պատասխանում էին. «Որովհետեւ այս գործի մեջ խառնվել են մեծ պետությունները, մենք չենք կարող մասնակցություն չունենալ նրա մեջ»։ Հասկանալի է, որ այնուհետեւ երիտթուրքերը պիտի համոզվեին, թե դաշնակցականներն այլեւս իրենց դաշնակիցները չեն։ Նախկին մտերմությունը պիտի տեղի տար ցրտության եւ արագ փոխվեր թշնամության։ Այստեղից էր սկսվում Դաշնակցության ուժի եւ դիրքի անկումը Թուրքիայում։

Թուրք կառավարությունն ուներ իր ձեռքի տակ անհերքելի փաստեր, թե Դաշնակցությունն ակամա չէր մտել Հայոց հարցի քննության եւ լուծման մեջ, իբր թե լոկ այն պատճառով, որ մեծ պետություններն իրենց ձեռքն են առել այդ հարցը, այլ ինքն էր գլխավոր դրդիչը հանդիսացել, որ տեղի ունենա ռուսական միջամտություն եւ այլն։ Ահա թե ինչ է ասում Դաշնակցության Ամերիկայի կենտրոնական կոմիտեն իր շրջաբերականի մեջ, որի ճակատին գրված էր` «Խիստ գաղտնի», բայց այս բանը արգելք չհանդիսացավ, որ նա ընկնի թուրք կառավարության ձեռքը։

«Ընկերնե՛ր,
Բալկանյան պատերազմի վերսկսումով՝ քաղաքական շրջանակը կրկին շփոթեցավ, ու Հայկական դատի այժմեությունը կարծես մեղմացավ։ Իրականին մեջ, սակայն, այնպես չէ, որովհետեւ որոշ մարդիկ, մարմիններ եւ մեր կուսակցությունը, մասնավորապես, քաղաքական դիմումներով կձգտեն հող պատրաստել Հայկական դատը հառաջիկային ամեն գնով դնելու համար դիվանագիտական սեղանին վրա եւ պահանջել անոր նպաստավոր լուծումը։ Այդ մասին բյուրոյեն եկած նամակներեն կքաղենք հետեւյալ կարեւոր տեղեկությունները։ Հայկական դատի մասին կարող ենք ձեզի հաղորդել երեք որոշ կետեր.

Ա. Որ մեր հարցը այս դեսպանախորհրդին չպիտի դրվի։
Բ. Երեք պետություններ` Ֆրանսա, Անգլիա եւ Ռուսիա, որոշել են մեր խնդիրը ձեռք առնել խաղաղության վերջնական հաստատումեն հետո։
Գ. Երեք պետություններն ալ տրամադիր են հայկական նահանգներուն մեջ հատուկ վարչություն հաստատելու, ուրիշ խոսքով` ապահովելու ռեֆորմների գործադրություն։
Թե Պուանկարե` Փարիզ եւ թե՛ Սըր Էդուարդ Գրեյ` Լոնդոն եւ թե՛ Սազոնով` Պետերբուրգ, ինչպես եւ անոնց դեսպանները Պոլիս, այդ տրամադրություններն են հայտներ` խորհուրդ տալով` այժմ փոքր-ինչ սպասողական դիրք բռնել։

Լոնդոնի մեջ Անգլո-հայկական կոմիտեն, որուն մեջ կմտնեն նախկին Բալկանյան կոմիտեի ազդեցիկ անդամներ, լսելյան բավական գործունեություն ունի։ Անոնք հիշատակագիր մը ներկայացուցին վեց մեծ պետությանց վեհապետներուն եւ նախարարություններուն շատ եռանդուն կերպով, հիշատակագիրը ուղարկված է նաեւ անոնց կողմե Մ. Նահանգներուն նախագահին` Տաֆտի։ Հաստատ տեղեկություններ ունենք, որ ֆրանսական, անգլիական եւ ռուսական դեսպաններ հրահանգ են ստացել զբաղվել մեր դատով։ Ջանքեր կթափենք, որ մյուս մեծ պետությունները, եթե ոչ կողմնակից, գոնե չհակառակին։ Այժմ ստույգ կնկատվի, որ Հայոց հարցը չպիտի դրվի այս դեսպանախորհրդին, ինչ որ պետք չէ հիասթափություն պատճառե մեր հասարակության, որովհետեւ վճռված է Փոքր Ասիո խնդիրը հարուցանել այն ատեն, երբ Րումելիի[278] խնդիրը վճռված ըլլա[279], ֆրանս. դեսպանատունը եւ կառավարությունը շատ ջերմ համակրությամբ կվերաբերին մեր դատին։ Հույս կա, որ եւ ան ամենակարեւոր կետն է` Անգլիո եւ Ռուսաստանի մեջ մեր հարցի մասին անհամաձայնություն չի ծագիր, որ շատ վտանգավոր կրնա ըլլալ։

Պետերբուրգի մեջ, հայկական գաղութի կողմե դիմում եղած է վարչապետին եւ արտաքին գործոց նախարարին, որոնց վերաբերմունքը եղած է համակրական, եւ խոստացեր են հրահանգներ տալ Պոլսո դեսպանին եւ խորհուրդ են տվեր նաեւ, ինչ-որ տարօրինակ կթվի, պրոպագանդ ընել Անգլիո եւ Ֆրանսայի մեջ։ Ինչպես արդեն ձեզի գրած ենք, պատրիարքարանը գրեթե նույնությամբ որդեգրեց մեր պահանջումները։ Այժմ կսպասվի, որ ամեն մեկ կետ պատճառաբանյալ եւ մանրամասն ներկայացվի։ Այս աշխատանքն է, որ կզբաղեցնե մեզ այժմ, եւ հույս ունենք շուտով ուղարկել ավելի մանրամասն ուրվագիծը։ Պետերբուրգեն հոս եկած են երկու հայ ներկայացուցիչներ` ծանոթանալու պոլսահայ շրջանակներու տրամադրության եւ արդեն վերադարձան բավական տեղեկություններով։ Վանեն կգրեն, որ մեր խումբերու դիմադրությունները բավական ազդել են քյուրդերու վրա։ Ինքը` վալին, սկսել է նահանջել եւ կփորձե մոտենալ մեր այնտեղի մարմիններուն։ Դիվանագիտական հարցի հետ անմիջապես կուգա երկրին պաշտպանության ամենակենսական հարցը։ Երկրի դրությունը, մանավանդ մասնավոր շրջաններու մեջ, սկսած է դառնալ անտանելի հայ տարրին համար, եւ այս անգամ եւս քաղաքական փոթորիկը անցնելու եւ վերապրելու համար անհրաժեշտ է, որ մեր բովանդակ ուշադրությունը դարձնենք դեպի հոն։

Ընկերնե՛ր, նկատի ունենալով հրամայողական պահանջը, ստիպված ենք կոմիտեներին խնդրել, որ՝
Ա. Կարելիության սահմանին մեջ՝ 1913 թվի անդամական տուրքերը ջանան գանձել եւ փութացնել մեզ միանգամ։
Բ. Գաղութների մեջ գործող ՀՅԴ Կարմիր խաչի, դերասանական, երաժշտական եւ այլ խումբերուն թելադրել, որ իրենց գործունեությունն ուղղեն ի նպաստ պաշտպանության գործին։
Գ. Շարունակել պրոպագանդայի եւ հանգանակության ժողովները` հուսալով, որ հասարակության լավագույն տարրը գործի պահուն դարձյալ մեզի հետ է։
Դ. Ուժ տալ «Հայրենիքի» բացած «Ապրելու համար» հանգանակության։
Ե. Դրամ հանգանակել պաշտպանության համար` խնջույքներու, հարսանիքներու ատեն։ Պաշտպանության առթիվ ձեզ կհաղորդենք հետեւյալ կարեւոր լուրերը։ Բյուրոն (չպետք է մոռանալ, որ խոսքն այստեղ Ազգային բյուրոյին չի վերաբերվում, այլ Դաշնակցության Արեւմտյան բյուրոյին – Լեո) մեզ կգրե. «Ստացանք ձեր փոխադրած վերջին գումարը եւ համաձայն ձեր փափագին՝ դրամական բաժնումի գործը կատարեցինք ձեր հիշատակած վայրերու մեջ»[280]։

Եվ այսպես, Դաշնակցությունը դեռ 1913-ի սկզբին էր ռազմական դրության մեջ դնում իր ուժերը։ Եվ երիտթուրքերի կառավարությունը շատ լավ տեղեկացված էր, թե իր դեմ են ուղղված այդ պատրաստությունները։