ԼԵՈ. Անցյալից. V


ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՈՐԴ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ


Ա

1914թ. հունիսի սկզբին ես Երեւանում վերջացրի այնտեղի թեմական դպրոցի պատմությունը եւ, վերադառնալով Թիֆլիս, ամբողջ աշխատությունս հանձնեցի տպարանին եւ ընտանիքով գնացի Դիլիջան` ամռանը հանգստանալու համար։ Ստիպված լինելով իմ գործի պատճառով հինգ ամիս ապրել Երեւանում` ես համարյա բոլորովին կտրված էի դրսի աշխարհից։ Իմացա մի երկու բան միայն։ Երեւան եկավ մի ռուս պրոֆեսոր եւ մի դասախոսություն կարդաց Հայոց հարցի մասին։ Գնացի լսելու եւ մեծ հուզմունքով իմացա, որ «հայասեր» Պաուլ Ռոհրբախը` Գերմանիայի նվաճողական իմպերիալիզմի հեղինակավոր գաղափարախոսներից մեկը, ծրագիր է առաջարկել հրապարակորեն` տպված բրոշյուրի միջոցով, որ թուրքահայ ժողովուրդը դուրս հանվի իր երկրից եւ բնակեցվի Բաղդադի երկաթուղու երկարությամբ, ուր նա կարող է շատ պետքական լինել իբրեւ կուլտուրական տարր[281]։

Որքան եւ խաղաղ էր ժամանակը եւ Հայոց հարցն արդեն, լավ թե վատ, լուծված կարելի էր համարել, բայց եւ այնպես, չէր կարելի չվրդովվել գերմանական ուղեղից ծնված այդ տմարդի եւ վայրենի մտքից, որ սարսուռ էր ազդում իր հրեշավորությամբ։ Եվ այսպես էր Ռոհրբախը. նա, որ մերն էր հաշվվում։ Շատ ժամանակ չէր, գուցե մի տարի միայն առաջ, ես հանդիպել էի այդ մարդուն գնացքի վագոնում։ Ես Երեւան էի գնում, իսկ նա` Վան, այնտեղի հայ-գերմանական որբանոցները տեսնելու համար։ Ամբողջ ճանապարհին խոսեցինք ռուսերեն, եւ նա ինձ այնքան բաներ հաղորդեց թուրքահայերի եւ գերմանական հայասիրության մասին։ Որքան հոգատար եւ խնամատար էր նա երեւում։ Եվ ինչպե՜ս էր, որ այդպիսի սրտի մեջ տեղ գտավ այն հին տեւտոնական[282] հրեշը։

Ջանփոլադյանի թատրոնում նստած` ես մի վայրկյան երեւակայեցի երեխաների, կանանց եւ տղամարդկանց բռնի տեղահանությունը եւ սարսափից փակեցի աչքերս։ Պատանեկությանս հասակում ես կազմել էի Դավիթ Լիվինգստոնի կենսագրությունը եւ նրա մեջ կանգ էի առել այն տեսարանի վրա, թե ինչպես նեգրերին եվրոպացիները քշում են դեպի ծովափ` այնտեղ նրանց ծախելու եւ աշխարհի այլեւայլ կողմերն ուղարկելու համար։ Նկարագրում էի, թե ինչպես թշվառները կոտորվում էին ճանապարհին եւ շուկաներում` ձեռքերը դնելով կրծքի վրա, եւ դրանով ցույց էին տալիս, թե թողած հայրենիքի կարոտն է իրենց սպանում։ Այսպես կլինեն, վերհիշում էի ես, եւ Հայաստանի բարձունքներից մտրակներով դեպի Սիրիայի արեւակեզ դաշտերը քշվող հայ մանուկներն ու նրանց մայրերը, քույրերը, տատերը, պապերը… Ո՜վ հավիտյան նզովյալ մարդկային արնախում հնարագիտություն…
Ջանփոլադյանի թատրոնում նստած` ես աշխատում էի դեն քշել այդ մղձավանջը։ Ես կարո՞ղ էի երեւակայել, որ ընդամենը մի տարուց հետո այդ մղձավանջը հայ կյանքի ամենահզոր փաստը կդառնա…

Մի ուրիշ տեղեկություն, որ հասավ Երեւան, երեւում էր շատ մանր եւ երկրորդական։ Բայց իմ հիշողության մեջ այն խրված է հրաշեկ երկաթի նման, այն չափազանց խոշոր ճակատագրական նշանակության պատճառով, որ նա ստացավ մի երկու ամիս հետո։ Ես խոսում եմ Ազգային բյուրոյի մասին։ Մայիսին Թիֆլիսում կայացավ համագումար։ Հայոց հարցն արդեն վերջացել էր, նույնիսկ երկու եվրոպական վերահսկիչները Կ.Պոլսից ճանապարհվում էին գավառները` իրենց պաշտոնը ստանձնելու համար։ Բնական կլիներ սպասել, որ Թիֆլիսի հայ դիպլոմատները վերջացած համարեին իրենց առաքելությունն ու փակեին իրենց բյուրոն։ Բայց այդպես չեղավ։ Համագումարը նոր բյուրո ընտրեց եւ ապա ցրվեց։ Գործը դեռ վերջացած չէր։ Ռեֆորմներն ընդունվել էին, հաստատվել։ Բայց դա բավական չէր, դեռ պետք էր դրանք գործադրել։ Բյուրոն մնում էր, որ դրանք գործադրել տա։ Բացի դրանից, նա իր վրա էր վերցրել մի նոր բան, արդեն ոչ թե քաղաքական-դիվանագիտական, այլ ֆինանսական բնույթի, այն է` հիմնել մի հայկական բանկ, որ, ինչպես խորհուրդ էր տվել արտաքին գործերի նախարար Սազոնովը, իր գործողությունների ասպարեզ պիտի ընտրեր գլխավորապես Փոքր Ասիան եւ այսպիսով պիտի կատարեր նաեւ քաղաքական դեր։ Այսպիսով հայ կապիտալիզմն ազատագրված Հայաստանի հետ կապում էր իր շահերը։ Առաջին անգամն էր, որ նա դուրս էր գալիս այսքան պարզորոշ ծրագրով։

Երեւանը խուլ անկյուն էր, բայց նա փառք էր` համեմատած Դիլիջանի հետ։ Այստեղ մի անհատնում թարմություն կա միայն` բնությունը։ Եվ մոռանալով ամեն ինչ, որը կատարվում է մեծ կենտրոններում, մենք` հովեկներս, ավելի ու ավելի խորն էինք թափանցում բնության ծոցը, սովորում էինք ապրել նրա հմայքներով։ Սա մի բնական կյանք էր, որ հարկավոր էր քաղաքացու չափազանց լարված ջղերը փոքր-ինչ կարգի բերելու համար։
Այս դրության մեջ մենք անց էինք կացրել ամառվա համարյա կեսը, երբ հանկարծ, անսպասելի կերպով, դարավոր անտառների սքանչելի լռության մեջ մի զարհուրելի թնդյունով մի աղետ պայթեց եւ ծանր, ամեն ինչ տափակեցնող անիվի նման իր տակը գցեց մարդկային կյանքն ու սկսեց մոլեգնոտ պտույտներ գործել նրա վրա։

Զինակո՜չ… Ահա՛ ինչ էր այդ աղետի անունը։ Արագ ու տիրական նա մտավ ամեն տեղ, նույնիսկ բնության ամենախուլ անկյունները, ամեն տեղ սուգ ու շիվան բարձրացրեց, կյանքը տակնուվրա արեց, թշվառացրեց։ Մեր Դիլիջանի ամառային փոքրիկ «հասարակական» կյանքը մի րոպեում չքացավ. իսկույն հեռացավ կազակների զինվորական նվագախումբը, կառքերը պակասեցին, ձիերը քշվեցին դեպի հավաքակայաններ, եւ մենք րոպե առ րոպե տեսնում էինք, թե ինչպես է աղքատությունը բարձրանում, եւ ամեն ինչ ընկնում է նրա մահացնող ոտքերի տակ։ «Ամեն ինչ պատերազմի հրեշին»,- այսպես էր ձայնում պատերազմի նախակարապետը` զորակոչը։ Եվ ամենքն ու ամեն ինչ համաձայն էին, խոնարհ ծունկ էին ինջում նրա առջեւ։
Եկավ եւ իսկականը` հրեշը։ Հուլիսի 20-ին (հին տոմարով) Դիլիջանի պետական հիմնարկությունների մեջ կախված էր հեռագիր` «Գերմանիան մեզ պատերազմ հայտարարեց. գեներալ-ադյուտանտ Սուխոմլինով»։

Ես ապրում էի մոլոկանների թաղում։ Եվ տեսնում էի, թե քանի՜-քանի սայլեր, գերանդիներ, մանգաղներ անտեր մնացին, քանի՜-քանի բակեր փակվեցին ու խցվեցին։ Ահա մի խումբ է առաջանում մեծ ճանապարհով։ Շատվոր են, միայն մեկն է տղամարդ, մնացածները կանայք են։ Ճամփու են դնում լաց ու կոծով։ Կանգ առան։ Բաժանվելու րոպեն է։ Լաց ու համբույր, համբույրներ ու լաց։ Վերջապես գնացողը ազատվում է հարազատ գրկերից եւ ասում է` «может вернусь»[283]։ Այս խոսքերը խուլ, մելամաղձոտ, այն րոպեից մինչեւ այսօր ականջներիս մեջ են, եւ ամեն անգամ, երբ իմ մեջ հարց է գալիս, թե ի՞նչ է պատերազմը, մոլոկանի այդ խոսքն է դուրս սողում իբրեւ պատասխան եւ բացատրություն։
Պատերազմ` «может вернусь»։
Այսօր է, որ մենք հարյուր ու հազար գիտենք, թե ինչպես պատրաստվեց ու իրականացավ 1914-ի համաշխարհային ոճիրը` պատերազմը։ Այսօր է, որ մենք հազար ու մի պատճառներ գիտենք, հարյուր ղեկավարներ ու դերակատարներ, որոնք գլորեցին մարդկությունը վայրենացման անդունդը եւ ահռելի, մինչեւ այդ երբեք չտեսնված, հունձ տվին մահին։ Այն ժամանակ մենք դեռ միամիտ էինք, արքայական ոսկեզօծ պալատներում խնամքով թաքնված էին ոճրագործները, եւ պատերազմն ամենքիս երեւում էր իբրեւ մի անակնկալություն։ Անակնկալության մի խոշոր փաստ էր համարվում այն, որ փոխարքա Վորոնցով-Դաշկովն այդ միջոցին արձակուրդի մեջ էր եւ ապրում էր Ռուսաստանի իր կալվածքում։ Պատերազմի հայտարարությունից անմիջապես հետո, ամառվա տապին նա վերադարձավ Թիֆլիս։ Եվ իսկապես. Կովկասը թեեւ հեռու էր Գերմանիայից, բայց ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ Թուրքիան Գերմանիայի դաշնակիցն էր եւ թեեւ այսօր դեռ խաղաղ դրության մեջ էր, բայց ամեն րոպե կարող էր նետվել ռազմական կրակի մեջ, եւ այն ժամանակ Կովկասը կդառնար մի նոր ռազմաճակատ։

Ազգային բյուրոյի նախագահ Սամսոն Հարությունյանը Դիլիջանում էր ապրում։ Նրան հեռագրով կանչեցին Թիֆլիս։ Գնաց ու երկար ժամանակ չվերադարձավ։ Լուրեր էինք լսում, թե ինչ-որ բանակցություններ էին տեղի ունենում։ Վերջապես նա վերադարձավ եւ ինձ մեկիկ-մեկիկ պատմեց` ինչ կատարվել էր Թիֆլիսում։
Պատրաստվելով թուրքական պատերազմին` Կովկասյան ռուս բանակի շտաբն առաջին հարցերից մեկն էր դարձրել հայերի մասնակցությունն այդ պատերազմի մեջ։ Ես արդեն պատմել եմ, որ մի անգամ էլ, 1907-1908-ի ձմռանը, երբ ռուս-թուրքական պատերազմը շատ հնարավոր էր դարձել, Կովկասյան շտաբն իր սպաներից մեկի միջոցով բանակցություններ սկսեց Դաշնակցության հետ։ Միեւնույն տեսակ բանակցությունների անհրաժեշտություն կար եւ այժմ, բայց այս անգամ բանակցություններն իր վրա էր վերցրել ինքը` փոխարքան։ Դաշնակցականներն արդեն մուտք ունեին փոխարքայական պալատ։ Դաշնակցության արտաքին գործերի վարիչ բժ. Զավրիեւը, որ կարողանում էր ամեն տեղ լինել եւ ամեն բանի հասնել, հայտնվեց Թիֆլիսում եւ, ներկայանալով Վորոնցով-Դաշկովին, մի շարք մեծամեծ խոստումներ արավ։

Դաշնակցությունը նրա տրամադրության տակ կդնի իր ուժերը, հայ ժողովուրդը կարող է իր հաշվով կազմակերպել կամավորական խմբեր։ Համաձայնությունն արդեն կիսով չափ կայացած էր, բայց Վորոնցով-Դաշկովը կամեցավ ավելի լայն ծավալ տալ այդ բանակցություններին։ Նրա կողմից, բացի բժ. Զավրիեւից, հրավիրվեց Թիֆլիսի պալատական շրջանը` Մեսրոպ եպիսկոպոս (որ արդեն Թիֆլիսի թեմակալ առաջնորդն էր), Սամսոն Հարությունյան եւ Ալ. Խատիսյան։ Խորհրդակցությունները տեղի էին ունենում պալատում, փոխարքայի հետ ներկա էին լինում նրա օգնականները, շտաբի գլխավորն ու այլ բարձրաստիճան զինվորական պաշտոնակալներ։ Կառավարությունն առաջարկում էր, որ Թուրքիայի հետ պատերազմ սկսվելու դեպքում չորս կամավորական խմբեր կազմվեն հայերից, յուրաքանչյուրը մոտավորապես 400 հոգուց, դաշնակցական խմբապետների հրամանատարությամբ։

Այդ խմբերի անմիջական գործը պիտի լինի հետախուզողների, առաջնորդների[284], հարկավոր դեպքերում նաեւ առաջապահ պահակների դերը։ Կովկասյան իշխանությունը թույլ կտա բոլոր փախստական դաշնակցականներին վերադառնալ Կովկաս, աքսորից կվերադարձնի մի քանի խմբապետների եւ խոստանում էր առհասարակ ընդհանուր ներում շնորհել Դաշնակցության գործով բոլոր դատվածներին եւ դատի ենթարկվածներին։ Եվ քանի որ հայերը դժգոհում էին Թուրքահայաստանի համար մշակված եւ թուրք կառավարության կողմից նոր վավերացված ռեֆորմների նկատմամբ` ռուսաց կառավարությունը հանձնառու է լինում բոլորովին նոր կերպարանք տալ Հայոց հարցին` առաջարկելով, որ հայերի կողմից նոր ձեւակերպված պահանջներ ներկայացվեն իրեն։
Բանակցություն վարողներն անմիջապես մշակում են մի նոր առաջարկություն. Սամսոն Հարությունյանը վերցնում է այդ թուղթը եւ ճանապարհվում Էջմիածին, ուր Գեւորգ կաթողիկոսը շնորհում է իր ստորագրությունը։ Եվ ահա Հայոց հարցի համար մի նոր կերպարանավորում։ Պատմության համար այստեղ մի քանի հատված եմ դնում այդ դիմումից.

«Ներկայումս սկսված մեծ պատերազմը կրկին ենթարկում է թուրքահայերի վիճակը նորանոր փորձությունների։ Այժմ, երբ յուրաքանչյուր ռուս քաղաքացու մտքերը անհանգստությամբ հետեւում են դեպքերին, որոնք պահանջում են պետությունից ուժերի ու կամքի մեծ լարում, ես երջանիկ եմ հավաստիացնելու Ձերդ պայծառափայլությանը, որ հայ ժողովուրդը, մոռանալով սեփական վերքերից առաջ եկած ցավի զգացմունքը, իր բոլոր մտքերը կենտրոնացրել է մեծ հայրենիքի վրա, որի փառքի համար նա ոգեւորությամբ արձագանք տվեց իր թագավորի կոչին՝ կատարել իր սուրբ պարտականությունը Նորին կայսերական մեծության եւ հայրենիքի առաջ…
Ես երջանիկ եմ հայտարարելու Ձեզ, մեծարելի կոմս, նաեւ այն, որ սահմանից այն կողմը բնակվող հայ ժողովուրդը նույնպես անխախտ հավատարիմ[285] մնաց իր անձնվիրության մեջ մեծ ռուսաց պետությանը…

Բայց, իբրեւ հովիվ իմ ժողովրդի, ես չեմ կարող առանց համոզմունքի չհայտնել Ձեզ, որ հայ ժողովուրդը Թուրքիայում ստիպված կլինի ապրել շատ ծանր օրեր, եթե միայն Ռուսաստանի ուշադրությունը դեպի հայկական խնդիրը, թեկուզ ժամանակավորապես, թուլանա…
Ես կարծում եմ, որ կայսերական կառավարությունն այլեւս կասկածի նշույլ անգամ չի կարող ունենալ, որ իր բոլոր փորձերը բարեկամությամբ ազդելու Թուրքիայի վրա` դրական հետեւանքների չեն բերում…
Բ. Դուռը, Գերմանիայից գաղտնորեն խրախուսված, կարողացավ ոչնչացնել հունվարի 26-ի համաձայնությունը, եւ այդ պատճառով ընդունված ռեֆորմների ծրագիրը ոչ ոքի բավականացնել չի կարող։ Ի նկատի առնելով բազմաթիվ տեղեկությունները, որ ես ստանում եմ Կ.Պոլսի պատրիարքարանից եւ Ազգային Ժողովից, ես գալիս եմ այն տխուր եզրակացության, որ անկարելի է հավատալ Թուրքիայում ներկայումս, այնտեղ տիրող կարգերի տակ, հնարավոր լինի իրագործել որեւէ ռեֆորմ` հայերի դրությունը բարելավելու համար, եթե միայն նրանց գործադրությունը ապահովված չլինի առանձին եւ հաստատուն երաշխիքներով…
Քանի դեռ Թուրքահայաստանը Թուրքիայի սահմաններում է, ամբողջ հայ ժողովրդի համար այդ ծանր հարցի վերջնական լուծման համար, իմ եւ ամբողջ հայ ժողովրդի կարծիքով, պետք է անել հետեւյալը.

1. Կազմել հայկական 6 վիլայեթներից Անատոլիայում մի անբաժան նահանգ։
2. Այդ նահանգի կառավարիչ նշանակել բարձր տիտղոսով մի անձ Ռուսաստանի ընտրությամբ, անկախ Բ. Դռնից, քրիստոնյա դավանությամբ։
3. Մտցնել այդ նահանգում ներքին լայն ինքնավարություն` ընտրողական հիմունքներով եւ հավասար ներկայացուցչությամբ` քրիստոնյաների եւ մահմեդականների։
4. Որպեսզի հայ ազգաբնակչությունը հավատա նոր կազմակերպությանը եւ իրավակարգի կենսունակությանն ու հաստատությանը՝ ամբողջ ռեֆորմի գործադրության վերահսկողությունը հանձնել բացառապես միայն Ռուսաստանին։

Վարչական վերոհիշյալ եղանակի կիրառումը հնարավոր է միայն ներկա պատերազմի վերջանալուց հետո։ Մինչդեռ Թուրքիայում հայտարարված զորահավաքի առիթով նկատվում են հուզիչ նշաններ, որոնց շնորհիվ հայ ազգաբնակչությունը վախենում է նորանոր դժբախտություններից։ Ուստի, ցանկալի է, որ կայսերական կառավարությունը այժմ եւեթ խիստ պահանջ դնի թուրք կառավարությանը։

Ա. Անհրաժեշտ միջոցներ ձեռք առնել հայերի կյանքի եւ գույքի պաշտպանության համար։
Բ. Որքան կարելի է շուտով ընդհանուր վերատեսուչներին իրենց պաշտոնատեղիներն ուղարկել` տալով նրանց հնարավորություն, առայժմ մտցնել 1914թ. հունվարի 26-ի համաձայնությամբ ընդունված ռեֆորմը։

Ամենախոնարհաբար խնդրում եմ Ձերդ պայծառափայլությանը, առ ոտս առկանելով նորին կայսերական մեծության, մեր սիրեցյալ կայսեր, իմ եւ Ռուսաստանի ամբողջ հոտի հավատարիմ հպատակության զգացմունքները, միջնորդել ամենաողորմած կայսեր առաջ թուրքահայերի հովանավորության ու պաշտպանության մասին եւ նրանց վիճակի հիմնովին կարգավորման վերաբերյալ հույսերի իրագործման մասին»[286]։

Այս թուղթը Էջմիածնից Թիֆլիս բերվելուց հետո կարդացվում է փոխարքայի պալատի խորհրդակցական ժողովում։ «Բոլոր կետերն ընդունելի են»,- հայտարարում է Վորոնցով-Դաշկովը եւ այդ հայտարարության, ինչպես նաեւ հայերի նոր դիմումին առանձին մի նշանակություն տալու համար` կարգադրում է կաթողիկոսի թուղթն ուղարկել Պետերբուրգ ոչ թե սովորական կարգով, այսինքն փոստով, այլ արտակարգ սուրհանդակի ձեռքով։
Հարցը վճռվում էր վերջնականապես, թեեւ պետք էր դեռ սպասել Պետերբուրգի կառավարության պատասխանին։ Վճռվում էր չափազանց մեծ հապճեպով, տենդային արագությամբ, առանց շուրջը նայելու, առանց կշռադատելու դրությունն ու հնարավորությունները։ Ասպարեզը հանձնվում էր Դաշնակցությանը, եւ հայ բուրժուազիան իրեն ամբողջապես դնում էր նրա տրամադրության տակ։ Ազգային բյուրոն դառնում էր Դաշնակցական շտաբի համար մի վարագույր, որի ետեւում նստած` նա կարող էր ահագին գումարներ պահանջել իր ռազմատենչ հախուռն կրքերը ծավալելու համար։

Սկսվում էր կամավորական շարժումը։ Հայ ժողովուրդը ռուսական բանակի մեջ ուներ հարյուր հազարից ավելի զինվոր։ Այս բավական չէր։ Կազմվում էր առանձին եւ հատուկ հայկական կամավոր զինվորություն։ Եվ այս նշանակում էր, թե հայ ժողովուրդն առանձին իր կողմից էր պատերազմ հայտարարում Թուրքիային։ Այսպես էր քառորդդարյա հայդուկային դաստիարակությունը` միշտ հանդուգն, խիզախ, բայց եւ միշտ անիմաստ եւ երազական։ Սկզբում` Վարդան Գոլոշյանի ժամանակ, նա հատուկենտ անհատների էր բռնում տանում դեպի գաղափարական արկածներ, այժմ նա արդեն ամբոխային մի մտայնություն էր, որ փայլուն կերպով պահպանում եւ զարգացնում էր Դաշնակցությունը։ Եթե 1914-ի ամառը չլիներ ՀՅ Դաշնակցությունը, կամ նրա նման մի այլ ֆիդայական հիմնարկություն, կարո՞ղ էր առաջանալ հայկական առանձին կամավորական շարժում։ Երբե՛ք։ Էջմիածնի վարդապետները կամ փոխարքայական պալատի հետ բանակցություններ վարող ինտելիգենտները չէին, որ խումբ կազմելու ու վարելու ընդունակությունը եւ մանավանդ հոժարությունն ունենային։ Դրա համար կազմ ու պատրաստ կար Դաշնակցությունը` մի դեմքով համամարդկային-սոցիալիստական, մյուս դեմքով` դաժան-ազգայնական հախուռն ռազմատենչություն։ Երեւանի ո՞ր փողոցովն անցնեիր եւ չլսեիր մեծ թե փոքրի բերանից՝

Անդրանիկը քաջ, յուր ընկերներով,
Կուզե պատերազմ, կսպասե գարնան…

Պատերազմ է ուզում, ահա՛ եւ պատերազմ… Ինչպե՞ս չգնալ, դաշնակցական մաուզերներն իրենք իրենց պայթում են։

Ճիշտ այսպես։ Պատերազմի հայտարարումից մի քանի օր առաջ դաշնակցականների ընդհանուր ժողովն էր Էրզրումում։ Երիտթուրքերի կուսակցության կողմից հատուկ ներկայացուցիչ է գալիս եւ առաջարկում Դաշնակցությանը` սկսվող պատերազմի ժամանակ միանալ թուրք-գերմանական դաշնությանը, Կովկասի հայության մեջ ապստամբություն հարուցել ռուսների դեմ։ Փոխարենը խոստացվում էր հայկական ինքնավարություն` ռուսական Հայաստանի սահմաններում։ Սա գերմանական ծրագիր էր, որի նպատակն էր Անդրկովկասյան բոլոր ազգությունների` վրացիների, հայերի եւ թուրքերի ընդհանուր ապստամբության միջոցով վտարել ռուսներին Կովկասյան գլխավոր շղթայի հյուսիսային կողմը, այնպես որ` այդ շղթան դառնար սահմանը Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ, իսկ երեք ապստամբած ազգությունները կկազմեին ինքնավար նահանգներ Թուրքիայի հովանավորության տակ։ Վրացիների հետ բանակցությունները համարյա միաժամանակ էին սկսել, եւ նրանց մեջ գտնվեցին տարրեր, որոնք զույգ ձեռքով բռնեցին այդ առաջարկությունը եւ նույնիսկ դաշնադրություն կնքեցին Թուրքիայի հետ, որ հրատարակվեց ռուսական ցարիզմի անկումից հետո։

Էրզրումի կուսակցական ընդհանուր ժողովը երիտթուրքերի առաջարկության առիթով կայացրեց մի վճիռ, որ միակ կարելին էր սալի եւ կռանի[287] մեջ տրորվող մի փոքր ազգության համար։ Նա չընդունեց երիտթուրքերի առաջարկությունը` հայտարարելով, որ Դաշնակցությունը ծագող պատերազմի մեջ իրեն չեզոք կպահի։ Բայց բարձր մարմնի այս որոշումը մնաց մեռած տառ թղթի վրա։ Հարց վճռողներ հանդիսացան Կ.Պոլսի կոմիտեն եւ Կովկասի Արեւելյան բյուրոն։ Դաշնակցությունը չեզոք չմնաց, այլ միացավ ռուսներին եւ տվեց նրանց այն, ինչ մերժել էր թուրքերին` պատերազմ մղելու համար կամավորական խմբեր եւ ապստամբություն Թուրքահայաստանում։

Ես փաստեր շատ ունեմ պնդելու համար, որ այդ ոճրագործ որոշումը կայացել էր ոչ միայն առանց բուն երկրի գիտության, այլեւ հակառակ նրա ցանկության։ Իր տեղում ես կպատմեմ այդ փաստերը, այստեղ միայն այն ասեմ, որ ժողովուրդը Կ.Պոլսի եւ Թիֆլիսի պոռոտախոսներից շատ լավ էր հասկանում իր դրությունը եւ միայն մի բան էր ցանկանում, որ իրեն թույլ տրվի անցկացնել պատերազմական փոթորիկը, ինչպես ինքը կարող էր։ Այսպես չեղավ, դժբախտաբար։ Այդ ժողովրուրդը` անմեղ եւ անլեզու մի ամբոխ, «փրկիչներ» չափազանց շատ ուներ, եւ դրա հետեւանքով նրա համար փրկություն չէր մնում այլեւս։

Հենց որ Գերմանիան եւ Ավստրիան մի կողմից, Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Անգլիան` մյուս կողմից մտան պատերազմի մեջ, Թուրքիան, իբրեւ առաջին երկուսի դաշնակից, հայտարարեց «սեֆերբերլիք», այսինքն` զորահավաք, եւ սպասում էր հարմար առիթի` նույնպես ռազմադաշտ իջնելու համար։ Բոլոր տեղերում էլ զորահավաք նշանակում է պատերազմական վայրենությունների օրինականացման առաջին գործողություն։ Թուրքիայում այն միշտ է սարսափելի եղել, առավելապես քրիստոնյաների համար, որովհետեւ պատերազմ գնացող ասկյարի համար ավելի ալլահահաճո բան չի եղել, քան գյավուրների գլուխները թռցնելը։ Սակայն 1914-ի սեֆերբերլիքը բոլորովին բացառիկ մի բան էր հայ ժողովրդի համար։ Նրա դեմ գրգռված էին ամենքը` կառավարությունը, ամբոխը։ Մի ամբողջ տարի հայկական դժբախտ ռեֆորմները ընդհանուր դժգոհության եւ ագիտացիայի աղբյուր էին դարձել։

Դժվար չէր այսպիսի պայմանների մեջ, ցույց տալով երկու եվրոպական վերահսկիչներին, ներշնչել խավար ամբոխին, թե հայերն են պատերազմի պատճառը եւ այլն։ Եվ ահա, թեեւ Թուրքիան դեռ պատերազմող չէ եւ ռուսաց դեսպանը դեռ Կ.Պոլսում է, Թուրքահայաստանի զանազան տեղերից, մանավանդ այնպիսիներից, ուր հայերը աննշան փոքրամասնություն են կազմում, բարձրանում են հուսահատական աղաղակներ։ Թուրքերը բացահայտորեն պատրաստվում են կոտորելու հայերին. այս են հաղորդում լրագրական թղթակցությունները գրեթե ամեն օր։ Ապագա գոռ փոթորկի այս վաղահաս աղմուկներն են ահա, որ ստիպում էին Թիֆլիսի դիպլոմատներին կաթողիկոսի անունից գրված աղերսագրի մեջ մտցնել մի կետ եւս, այն մասին, որ ռուսական դիվանագիտությունը Կ.Պոլսում հարկադրի թուրք կառավարությանը լուրջ միջոցներ ձեռք առնել հայերի պաշտպանության։ Իսկ եթե թուրք կառավարությունը մերժե՞ր այդպիսի մի պահանջ, ինչպես արդեն, պատերազմի պատրաստված, մերժել էր եվրոպական պետությունների դարավոր արտոնությունները, կապիտուլյացիաները։ Կարծես թե երեխաներ էին Թիֆլիսի դիպլոմատները եւ չէին հասկանում, որ Թուրքիայում կոտորածները միշտ կառավարական հրամաններով էին տեղի ունենում։ Եվ եթե դա այսպես է, ի՞նչ ուժ կարող էր գտնվել աշխարհի վրա, որ թշնամի նկատած լինելով հանդերձ, կարողանար արգելել թուրք կառավարությանը, որ նա կոտորածի հրաման չտա…

Եվ այսչափ ողորմելի դրության մեջ էր, որ մենք ուզում էինք պատերազմող կողմ դառնալ…
Թուրքիայի հայության վիճակը որոշված էր…
Կա, սակայն, մի խոշոր հանգամանք, որ ես կարեւոր եմ համարում այստեղ հիշատակել իբրեւ մեկնաբանական միջոց։ Խնդրում եմ` չմոռանալ, որ մենք գտնվում էինք պատերազմական գործողությունների սկզբում, երբ ամեն տեղ եւ բոլոր երկրների մեջ փոթորկում է մի ընդհանուր հիվանդոտ հոգեբանություն, մի փսիխոզ։ Չգիտեմ ուրիշների մոտ ինչպես, մեզանում տիրում էր այն մանկական հավատը, թե պատերազմը կվերջանա շատ շուտով, մի վեց ամսվա մեջ, որ անպատճառ կջարդվի Գերմանիան` Թուրքիայի հզոր պաշտպանը, եւ այնուհետեւ եռյակ համաձայնության պետությունները կիրագործեն իրենց ծրագիրը, որի մեջ կենտրոնական տեղը բռնում էր փոքր ազգությունների ազատությունը։ Մենք էլ փոքր ազգություն ենք, չէ՞, եւ մեր ազատության համար կռվում ու ահռելի զոհեր ենք տալիս 30-40 տարուց ի վեր։ Ուրեմն, այս համաշխարհային պատերազմը մեզ համար էլ է։ Եվ եթե այսպես է, ինչպե՞ս կարող ենք մենք անտարբեր մնալ, չշարժվել…

Եվ իրավ, մեզ վրա զարհուրելի թունոտ ներգործություն էր անում այն հրեշավոր սուտ, հրեշավոր պերճաբան պրոպագանդան, որի մեջ եվրոպական իմպերիալիզմն աշխատում էր թաքցնել գայլի իր ճիրանները` ազգերին խաբելով ամենալկտի ճարտասանությամբ, թե այս վերջին պատերազմն է, որ սկսվում է ոչ թե բանկիրների, մետաղագործների, զինվորական եւ ռազմական արդյունագործության վիշապների կոկորդը լցնելու համար, այլ աշխարհի անարդարությունները ջնջելու, ճնշվածներին եւ տանջվածներին երջանկություն ու հանգիստ, անդորրություն բերելու համար։ Նզովյա՜լ մարդկային լեզու, ինչե՜ր նա կարող է ասել ինչ պայմանների մեջ։ Այս է այն լեզուն, որ, ինչպես ասում է ժողովուրդը, կարող է օձը դուրս քաշել իր բնից….

Խաբում էին ամբողջ երկրագունդը, բեւեռից բեւեռ, եւ պետք է որ խաբվողներ լինեին, չէ՞։ Ահա բանը հենց այս հարցի մեջ էր, այս դաժան ու անողորմ հարցի մեջ։ Գիտե՞ք ինչ տպավորություն թողեց մեզ վրա ռուսաց բարձրագույն հրամանատար Նիկոլայ Նիկոլաեւիչի[288] դիմումը լեհերին… Մուրավյով-Կախողից[289] հետո այսպիսի՜ լեզու… Հրաշք էր[290]։ Եվ առաջին մտածումը, որ հաջորդում էր զգացմունքին, մեզ` հայերիս համար այն էր, ինչ թաքցնեմ, որ մի օր այդպիսի մի կոչ էլ թուրքահայերին ուղղվի։ Աշխարհը լցված էր հավատով եւ խաբվում էր սոսկալիորեն։ Մե՞ղք էր, որ մենք էլ խաբվեինք. մենք, որ սկզբից եւեթ լցված ենք եղել ամբողջ տոհմով, մինչեւ մեր հայրերը, պապերը, ապուպապերի պապերը եւ նախահայրերը մի հիմար եւ ապուշ հավատով դեպի ամեն մի խոսք-խաբեություն, մանավանդ` դեպի ամեն մի թուղթ-խաբեություն։ Սա այսպես է, իհարկե։ Րոպեն այսպես էր տանում, եւ ամենքը գնում էին. ոչ ոք մարգարե չէր։ Մի Վիլհելմ, իհարկե, հավատում էր, որ հենց ճիշտ այն պետք է անել, ինչ ինքն էր անում։ Թե չէ` գիժ հո չէ՞ր, որ իմանար, թե չպետք է անել եւ աներ ու այսօր, փետրահան եղած իր հոհենցոլեռնյան[291] հիմար ուռածությունից, Հոլանդիայի գերին լիներ։

Ուրիշ այսպիսի օրինակներ որքան կամենաք։ Մեկն էլ հենց մենք։ Ո՞վ էր մեզանից այնքան պակասում հայասիրության մեջ, որ իմանար, թե թուրքահայությունը պիտի բնաջինջ դառնա, Հայաստանի անունը պիտի վերանա Վանա լճի եւ Եփրատ-Տիգրիսի լեռնային ավազանից, եւ գլուխը վերցրած չփախչեր Ազգային բյուրոյից էլ, փոխարքայական պալատից էլ, Ներսիսյան լճի դիպլոմատիական քարափից էլ…
Սա այսպես է, այո՛։ Բայց եւ այնպես…
Խաբվել էլ կա, խաբվել էլ։ Նայած, թե ով է խաբվողը։ Երեխա՞ն, թե խելահաս մարդը։ Մենք երեխայի պես խաբվեցինք եւ տվինք, ինչ որ ունեինք, մինչեւ որ կատարելապես մերկ ու անոթի մնացինք։ Մինչդեռ կային խելահասներ, որոնք շատ քիչ խաբվեցին, անգամ չխաբվեցին էլ։ Հրեն` լեհերը[292]։ Դնենք մեզ նրանց կողքին։ Նիկոլայ Նիկոլաեւիչի մեծախոս դիմումը նրանց մեջ ընդունվեց առանց հորթային հրճվանքների, կարելի է ասել` սառն անտարբերությամբ։ Ո՛չ հատուկ կամավորական խմբեր կազմակերպվեցին ռուսաց բանակի հետ միասին գործելու համար, ո՛չ ապստամբություններ հարուցվեցին Գալիցիայի կամ Պոզնանի մեջ…

Իսկ մե՞նք… Մենք նույնիսկ Նիկոլայ Նիկոլաեւիչի կոչն էլ չունեինք ձեռներիս, բայց այնքան խոսեցինք ու բղավեցինք, թե պետք է, որ մենք էլ կոչ ունենանք, այն էլ ոչ թե Նիկոլայ Նիկոլաեւիչից, այլ հենց իրենից` Նիկոլայ Բ-ից, որ լրագրերի մեջ, այն էլ` անշուշտ դաշնակցական կամ հնչակյան մամուլի սատարությամբ, կազմվեց մի հրեշավոր սուտ` իբր թե Նիկոլայ Բ-ն կոչ է ուղղել հայերին եւ նրա մեջ ասել` «Հայեր, եկել է ձեր տանջանքների վերջը» եւ այլն, եւ այլն։ Այս սուտը երկու ձեռքով բռնեց թուրքական կառավարությունը եւ զետեղեց մեղադրական կետերի մեջ, որոնցով ամբողջ թուրքահայությունը դատապարտվում էր բնաջնջման։
Կոնսերվատիվ սենյակի ժողովուրդ չէինք, այլ կտուրի ժողովուրդ էինք, ինչ ունեինք` հրապարակի մեջ էր։ Նույնիսկ ինչ չունեինք էլ, դարձյալ հրապարակի մեջ էինք դնում։ Այս պատճառով էլ չափազանց հեշտ էր մեզ թակարդի մեջ գցելը, մեզ լավ ջարդելը եւ նույնիսկ արմատահան անելը։

Բ

Դիլիջանի բարձրությունը խոշտանգում էր իմ թույլ սիրտը, եւ ես շատ թուլացած, գրեթե հիվանդ` օգոստոսի երկրորդ կեսին շտապեցի հրաժեշտ տալ բնության այդ չքնաղ անկյունին եւ իջնել մեր աղմկոտ եւ փոշոտ Թիֆլիսը։ Ղարաքիլիսայում էր, որ երկաթուղին ինձ` երկու ամսից ի վեր անտառաբնակիս, ցույց տվեց պատերազմող մի երկրի դրությունը։ Թեեւ կովկասյան ճակատը դեռ չէր ծխում, բայց ահագին տեղափոխություններ էին կատարվում դեպի Կարս եւ պարսկական սահմանագլուխ։ Մասնավոր հաղորդակցությունը չափազանց դժվարացել էր եւ դանդաղել։ Երջանկություն էր, որ մի անկյուն գրավեցինք ամբողջովին տախտակյա մի վագոնի մեջ։ Տեղի անձկությունն ու կոշտությունը մոռացնել տվեցին կեսգիշերին Սանահին կայարանում ստացված լուրը ռուսական խոշոր հաղթությունների մասին, որոնք տեղի էին ունեցել Գալիցիայում։ Առավոտյան Թիֆլիս մտնելով` Կովկասի մայրաքաղաքը տեսանք տոնական զարդարանքների մեջ։ Տոնում էին Լվովի առումը։ Բայց եւ այնպես, դա` հունիսին իմ թողած Թիֆլիսը չէր։ Պակասել էր կենդանությունը, շարժում քիչ կար, ամենքը գանգատվում էին օրավուր աճող թանկության վրա։

Ճնշված իմ առողջական եւ տնտեսական ծանր պայմանների տակ` ես տրամադրություն էլ չունեի տեսնվելու, այսպես կոչված, ազգային շրջանակների հետ, բայց եւ այնպես իմացա, որ Ազգային բյուրոն եռուն աշխատանքի մեջ է։ Ընդամենը մի երկու ամիս առաջ լինելով իր raison d’etre-ն[293] կորցրած մի դիվանագիտական անկելարան, ինչպես Գեւորգ կաթողիկոսն էր անվանել` «թաժա խաբարները իմանալու տեղ», հիմա միաժամանակ վերածվել էր մի ռազմական շտաբի, որ կամավորական շարժում էր պատրաստում` մի կողմից Ռուսաստանի բոլոր հայաբնակ անկյունները կրակոտ կոչեր ուղարկելով, որ փող հավաքվի զինվորներին հագցնելու եւ պարենավորելու համար, մյուս կողմից` կամավորական կազմակերպության գործնական աշխատանքները առաջ տանելով։ Լուռ, ինքնըստինքյան միանգամայն հասկանալի համաձայությամբ այս երկու գործունեությունները բաժանվում էին. հասարակության դիմելը, փող հավաքելը, հանդերձանք հայթայթելը բուրժուազիայի վրա էր ընկնում, մնացածը` Դաշնակցությանն էր պատկանում` առանց որեւէ կողմնակի հսկողության եւ հաշվապահանջության։ Եվ զարմանալին այն էր, որ Դաշնակցությունը շարունակ երդում-հավատ էր անում, թե Ազգային բյուրոն դաշնակցական չէ, եւ ապացույցի համար մատը դնում էր այն վաճառականների անունների վրա, ովքեր բյուրոյի անդամ էին։ Ումի՞ց եւ ինչի՞ց էին թաքնվում։ Սոսկ մի հանգամանքից, որ սոցիալիստները չնայեին Նիկոլայի համար զինվորներ պատրաստող այդ «սոցիալիստների» վրա եւ չասեին` «Ամո՞թ չէ»։

Թե չէ ամեն ինչ չափազանց պարզ էր։ Արդեն եկել հավաքվել էին դաշնակցական բոլոր հռչակավորները։ Երբ ես Թիֆլիս եկա, արդեն այնտեղ էր բազմահռչակ Անդրանիկը, որ հետո մի ժողովի մեջ, զինվորի պարզամտությամբ պատմում էր, թե ինքը Վառնայի մոտ իր փոքրիկ հողամասն էր մշակում, երբ առաջարկություն ստացավ Կ.Պոլսի դաշնակցական կոմիտեից` անմիջապես մեկնել Կովկաս եւ իրեն դնել Թիֆլիսի կոմիտեի տրամադրության տակ։ Թիֆլիսում էին Քեռին[294] եւ ուրիշները, շուտով եկավ եւ Համազասպը[295], որ Սիբիր էր աքսորված։ Կ.Պոլսից եկավ նաեւ Գարեգին Փաստրմաճյանը (Արմեն-Գարո)[296]` օսմանյան պառլամենտի անդամը։ Այս մարդուն շատ լավ էինք ճանաչում Թիֆլիսում։ Մի համեստ, շատ սիրելի եւ անուշ բնավորության տեր էր` չօժտված առանձին մեծ արժանավորություններով։ Բախտը տվել էր նրան իբրեւ տեռորիստ հայտնի դառնալու մի հաջող դեպք. նա 1896-ին Բանկ-Օտոմանը գրաված հերոսներից էր։ Եվ ահա մոտ 20 տարի այդ փառքի օրից անցնելուց հետո` Արմեն-Գարոն թողնում էր պառլամենտական խաղաղ նստարանը, նորից ընդգրկելու արյան արհեստը։ Նա Թիֆլիս էր եկել կամավորական խմբերից մեկի գլուխն անցնելու համար։

Ավելի մեծ անտակտություն Դաշնակցությունն իր կյանքում չէր արել։ Ոչ մի բան այնքան չկատաղեցրեց երիտթուրքերին, որքան այն հանգամանքը, որ թուրքական պառլամենտի անդամն անցնում է Թուրքիայի դարավոր ոխերիմ թշնամու կողմը` Թուրքիայի դեմ կռվելու համար։ Հայերի պետական դավաճանության ապացույց է այն լուսանկարը, որ ներկայացնում է պառլամենտի այդ անդամին` իր զինվորների հետ։ Եվ այդ փոքրիկ մարդն իր փոքրիկ փառասիրությամբ, ով գիտե, որքան ուժ է տվել այն ձեռքին, որ ստորագրում էր թշվառ թուրքահայության բնաջնջման վճիռը։ Զարհուրելի է այս մասին մտածելն անգամ։
Ամեն ինչ վճռված, վերջացած էր։ Մնում էր միայն Պետերբուրգի կառավարության պատասխանն այն նոր առաջարկների առթիվ, որոնք արված էին կաթողիկոսի գրության մեջ։ Այս պատասխանին սպասում էին ինչպես երկնային մանանայի։ Այս պետք է լիներ մի տեսակ զինակցության պայմանագիր, մի տեսակ պարտաթուղթ, մուրհակ, որ պիտի տար ռուսաց ցարի կառավարությունը հայ ժողովրդին։ Եվ եկա՜վ այդ պատասխանը։ Փոխարքա Վորոնցով-Դաշկովը 1914թ. սեպտեմբերի 2-ին գրեց Գեւորգ կաթողիկոսին.

«Իմ քաղցր պարտականությունն եմ համարում տեղեկացնել Ձեզ, որ Ձեր օգոստոսի 5-ի թիվ 1131 նամակը, որով Դուք միջնորդում էիք թուրքահայերի հովանավորության եւ պաշտպանության եւ նրանց վիճակի բարվոքման մասին, ես ներկայացրեցի նախարարների խորհրդի նախագահին։ Այժմ ստատս-սեկրետար Գորեմիկինը[297] տեղեկացնում է ինձ, որ ռուս կառավարությունը ոչ մի դեպքում ոչ մի զիջում չի անի Հայկական հարցի հողի վրա այն մտքով, որ ռեֆորմները Թուրքիայի հայկական նահանգներում մտցվելու են ռուսաց սկզբնական ծրագրով եւ Ռուսաստանի բացառիկ հսկողության տակ։

Նախարարների խորհրդի նախագահի վերոբերյալ հավաստիացման շնորհիվ բոլորովին համոզված լինելով հայերին հուզող խնդիրների նպաստավոր լուծման մեջ` ես պարտք եմ համարում, այնուամենայնիվ, նախազգուշացնել Ձեզ, որ թե՛ մեր կողմերի եւ թե՛ սահմանի մյուս կողմի հայերի գործողությունները ներկա րոպեում պետք է խստիվ համաձայնեցված լինեն իմ ցուցումների հետ, որովհետեւ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ ներկայումս տիրող լարված դրության պատճառով, ընդհանուր քաղաքական տեսակետից, ինչպես եւ նույնպես ընդունում են մեր դաշնակից պետությունները, շատ կարեւոր է, որ Թուրքիայի դեմ պատերազմի առիթը տա ինքը` Թուրքիան, եւ ոչ թե որեւէ գործողություն մեր կողմից, ուստի շատ անցանկալի կլինի, եւ նույնիսկ վտանգավոր, առաջ բերել որեւէ ապստամբություն Թուրքիայի հայերի մեջ։

Միեւնույն ժամանակ ես խոնարհաբար խնդրում եմ Ձերդ Սրբությանը, վերոհիշյալ նկատումներից դրդված, գործ դնել Ձեր բարձր հեղինակավոր ազդեցությունը Ձեր հոտի վրա այն մտքով, որպեսզի մեր հայերը սահմանի մյուս կողմի հայերի հետ պատրաստ լինեն ինչպես այժմ, Թուրքիայի անորոշ դրության միջոցին, այնպես էլ ապագայում, ի դեմս մեր պատերազմի նրա հետ, կատարել այն հանձնարարությունները, որ ես ըստ ժամանակի պահանջման կարեւոր կհամարեմ եւ կառաջարկեմ նրանց ի կատարում»։

Սուտը, ինչպես ասում են, երկնեց եւ ծնեց… մի մուկ։ Նորից կարդացեք կաթողիկոսական թուղթը։ Ի՞նչ էր իբրեւ պատասխան ասում ռուս կառավարությունն այդ պարզորոշ առաջարկություններին. օրինակ` ընդունո՞ւմ էր Թուրքահայաստանի կատարյալ ավտոնոմ անջատումը սուլթանի իրավասությունից։ Ո՛չ, չէր ընդունում այդ առաջարկներից եւ ոչ մեկը։ Եվ ի՞նչ էր առաջարկում իր կողմից։ Ոչ մի նոր բան, այլ միայն այն, ինչ առաջարկել էր Թուրքիային 1913-ին եւ կրճատվել էր Գերմանիայի եւ նրա դաշնակիցների միահամուռ դիմադրության շնորհիվ։ Ռուս կառավարությունն իսկապես իր համար էր շահավետ դիրք ստեղծում` կոնտրոլի բացառիկ իրավունք։ Եվ հայերը, այդ հաջողացնելու համար, պիտի կռվի մեջ նետվեին ամենաանմիտ, ամենահիմար կերպով։

Ես զուր չեմ դիմում խիստ խոսքերի։ Ռուսաց կառավարության խոստումն անորոշ էր, մշուշային, ինչպես էր 1878 թվականին։ Եվ միայն մենք էինք, որ դրական, խրախուսիչ բովանդակություն էինք դնում վարչապետ Գորեմիկինի մանվածապատ, գրասենյակային տողերի մեջ, ինչպես մի ժամանակ դնում էինք 61-րդ հոդվածի մեջ։ Եվ այսօր էլ մենք, մեր սեփական մեկնաբանություններով մեզ շպրտված հինգ-վեց տողերը զարդարելով, հայտարարում էինք մեզ լիովին բավարարված. ասում էինք, թե ռուս կառավարությունը գրավոր կերպով խոստացել է այն, ինչ մենք ենք ցանկացել, եւ ասում էինք՝ «Դե, հայ ժողովուրդ, մարդիկ բեր, փող բեր, որ մենք կամավորական խմբեր կազմենք»։ Ինձ հաստատ աղբյուրներից հայտնի են շատ փաստեր, երբ Ազգային բյուրոյի կողմից ուղարկված ինտելիգենտ գործակալները (շատերը նույնիսկ իրենց հասարակական գործունեությամբ հայտնի) փող շատ հավաքելու, կամավորական տրամադրություն ստեղծելու համար անպատկառորեն հավատացրել էին, թե Գորեմիկինն այդ թղթում հաստատ խոստացել է անգամ անկախ Հայաստան։

Բայց սա դեռ քարը գլուխը։ Վորոնցով-Դաշկովի գրության նշանակությունն առաջին մասի մեջ չէ` անորոշ ու խուսափուն այն մի քանի զույգ բառերի մեջ։ Պարզ է, զարհուրելի պարզ այդ նամակի երկրորդ մասը, որից երեւում է, որ կառավարության դրած պայմաններից մեկը եղել է հայկական ապստամբություններ հարուցանելը Թուրքահայաստանում, եւ այս պայմաններն ընդունել են հայերը։ Պատմությունը զարհուրանքով կարձանագրի այս փաստը եւ կասի, որ սա այլեւս հիմարություն չէ, անմտություն չէ, սա եղեռն է… Պատերազմի ժամանակ ապստամբեցնել մի ժողովուրդ` նշանակում է պարզապես բոլոր իրավունքները տալ պատերազմող երկրի կառավարությանը, որ նա հրով եւ սրով ոչնչացնի այդ ապստամբած ժողովրդին։ Այս պարզ է ամենքի համար, բայց պարզ չէր այդ ոճրագործ ժողովներում, որոնք տեղի էին ունենում ցարական գեներալների հետ միասին, եւ որոնք չէին բավարարվում կամավորական զորք տալով, այլեւ դնում էին ռուսահայերին էլ, թուրքահայերին էլ Վորոնցով-Դաշկովի տրամադրության տակ, որ ինչպես ուզի` խաղացնի, ինչպես ուզի` ապստամբեցնի…

Ահա՛ թե ուր էին մեզ հասցրել փրկիչները։ Մինչեւ սպանդանոց, մինչեւ ոչխարային ողջակիզման Գողգոթա։ Այլեւս հեռու գնալու տեղ չէր մնում։ Ի՞նչ կարող է ունենալ մի ժողովուրդ ավելի թանկ, քան իր կյանքը։ Եվ երբ այդ մեծագույն բարիքը, այդ ամենաթանկ ստացվածքն էլ ինքնաբերաբար տրվում է ամբողջովին` առանց վերապահության, այլեւս ո՞ւր գնալ, ի՞նչ անել…
Դիլիջանից վերադառնալուցս բավական ժամանակ անց` Ազգային բյուրոն բարեհաճել էր ինձ էլ, մի քանի ուրիշ մարդկանց հետ միասին, կոոպտացիայի իրավունքով իր նիստերին հրավիրելու։ Շարունակում էի հեռու մնալ, բայց բյուրոյի քարտուղար Հակոբ Քոչարյանը մի քանի անգամ եկավ ինձ մոտ եւ ասաց, որ իմ ներկայությունը անհրաժեշտ է դիտված, եւ խնդրեց չմոռանալ այն օրերը, երբ կայանում են բյուրոյի նիստերը։

Ու վերջապես գնացի։ Նիստերը տեղի էին ունենում առաջնորդարանում` Մեսրոպ եպիսկոպոսի առանձնասենյակում։ Թիֆլիսի հայոց առաջնորդարանը դարձել էր մի շատ կարեւոր քաղաքական կենտրոն, եւ ինքը` Մեսրոպ եպիսկոպոսը, կատարում էր վերին աստիճանի խոշոր դեր։ Պալատի, զինվորական իշխանությունների, օտար պետությունների ներկայացուցիչների հետ հարաբերություններ պահպանողը, բանակցություններ վարողը նա էր` շարունակելով մնալ կոմս Վորոնցով-Դաշկովի եւ նրա ամուսնու անձնական բարեկամը։ Այդ բարձր դիրքի համեմատ էլ նա բարձ ուներ Ազգային բյուրոյի մեջ, ինչի շնորհիվ նա պատվավոր նախագահն էր, իսկ հասարակ նախագահությունը վարում էր Սամսոն Հարությունյանը։ Բավական բազմամարդ էր բյուրոյի այն նիստը, որին առաջին անգամ ներկա էի եւ ես։ Առաջնորդական առանձնասենյակը լեցուն էր։ Հիշում եմ այդտեղ Հովհաննես Թումանյանին, մի երեք-չորս հատ ջոջ վաճառականների` Մկրտիչ Քալանթարյան, Խաչատուր Ափրիկյան, Սերովբե Կյուլբենկյան, Ավետիս Պողոսյան, մի շարք դաշնակցական շեֆերի` Հովսեփ Արղության[298], Արշակ Ջամալյան, Ավետիք Սահակյան։ Բայց գլխավոր, կենտրոնական անձնավորությունը, որին ամենքը վերաբերվում էին մեծ հարգանքով, Անդրանիկն էր։

Իմ բախտից բյուրոյի այս նիստն այնքան էլ հետաքրքրական չէր։ Քննվում էր կամավորներին հագցնելու հարցը, եւ Անդրանիկը հեղինակավոր ցուցումներ էր տալիս, թե ինչ տեսակ ոտնամաններ, վերարկուներ, գլխարկներ եւ այլն են պահանջվում։ Ինձ տարօրինակ թվաց այն հանգամանքը, որ մենք այսպիսի հապճեպով պատրաստություններ ենք տեսնում, մինչդեռ Թուրքիան իրեն պահում էր հանդարտ եւ մինչեւիսկ, նայելով լրագրական տեղեկություններին, կարող էր պատահել, որ նա պատերազմի մեջ չմտներ։ Եվ արդյո՞ք վաղաժամ չէին այս խոշոր ծախսերը։ Եվ վերջապես, հայտնի՞ էին այն պայմանները, որոնցով մենք մտնում էինք այս ծանր բեռան տակ։ Ինձ պատասխանեց Խաչատուր Ափրիկյանը.
- Է՜հ, պարոն Լեո, ի՜նչ միամիտն եք եղել… Ամեն ինչ արդեն վերջացել, պրծել է։

Ես, ճիշտ որ, միամիտ էի։ Եվ այդպիսի միամիտ էլ մնացի բյուրոյի կազմի մեջ։ Ընտրյալներից չէի։ Կառավարության մարդիկ առաջին իսկ հանդիպումներից նկատել էին, որ հայերն առհասարակ շատ բերան պատռած մարդիկ են, գաղտնապահություն չգիտեն, ուստի դրել էին իրենց պայմանները։ Ահա գաղտնապահությունը փրկելու համար բյուրոյի անդամներից կազմված էր մի առանձին գործադիր մարմին, որի մեջ մտնում էին նախեւառաջ, իհարկե, այն չորս հոգին, ովքեր սկզբից էին բանակցություններ վարում կառավարության հետ` Մեսրոպ եպիսկոպոս, Սամսոն Հարությունյան, Ալեքսանդր Խատիսյան եւ բժ. Զավրիեւ. դրանց վրա ավելանում էին 6-7 հոգի բյուրոյի անդամներից։ Այս գործադիր մարմինն էր, որ վարում էր, գաղտնի իհարկե, բոլոր պատասխանատու բանակցություններն ու գործերը։ Կար եւ մի ուրիշ, շատ գաղտնի (ինձ նման անդամների համար միայն, իհարկե) մարմին` զինվորականը` ամբողջովին բաղկացած դաշնակցականներից, որոնց երեսը մենք նույնիսկ չէինք տեսնում, ուր մնաց անուններն իմանայինք։ Եվ այսպիսով մենք կազմում էինք անգիտակ մասը, ամբոխը, եթե կարելի է այսպես ասել, եւ մեզ բարձրերից` գործադրից եւ զինվորականից, հաղորդվում էր միայն այն, ինչ կարելի էր համարվում։ Մեր առջեւ գալիս էին միայն դրամական պահանջներ, մանրմունր կազմակերպչական խնդիրներ, դիվանական գործողություններ եւ այլն։

Չնայած այս կաստայական կացությանը, երբեմն մեր առջեւ էլ պատռվում էր այն խորհրդավոր վարագույրը, որի ետեւն անցնել մենք չէինք կարող։ Պատռվում էր, ճիշտ է, պատահաբար, շատ նեղ ճեղք տալով եւ շատ կարճ ժամանակով, բայց եւ այնպես մենք բավական լույս էինք առնում մի քանի բաների վրա։ Այսպես, մի երեկո Ալեքսանդր Խատիսյանը պատմեց գործադիր մարմնի անդամներից մի քանիսի խոսակցությունը գեներալ Մշլաեւսկու հետ, որ փոխարքայի զինվորական օգնականն էր։ Նա պատմել էր, թե ինչ ծրագիր է ինքը կազմել Էրզրումի վրա հարձակվելու համար եւ իր այս պատմությունը վերջացրել էր այսպիսի մի անտեղի, հեգնական եւ շնական հարցով. «Ասացեք, երբ դուք ձեր հանրապետությունն ունենաք Էրզրումում, ինձ ի՞նչ պաշտոն կտաք»…
Խատիսյանը սա պատմում էր իրբրեւ զվարճալիք, իբրեւ ջոջ մարդու հանաք, բայց երեւույթն ամենեւին այդ հանգամանքը չուներ։ Այն սուր խայթոցներով հիշեցնում էր, թե ինչ ողբերգություն է ապրում հայ ժողովուրդը։ Մենք զոհում էինք ամեն ինչ, մեր ֆիզիկական գոյությունն անգամ` ինչ-որ մշուշային բառերի, ինչ-որ մութ ակնարկների ի փոխարինություն. եւ մեզ դարձյալ քամահրում էին` «լայաղ» չէին անում գեթ հասարակ քաղաքավարությամբ, առանց ծամածռությունների ընդունել մեր զոհը… Մշլաեւսկին մի հատիկ չէր, ինչպես կտեսնենք։

Առայժմ ուզում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել բյուրոյի մի նիստը, որ ինձ համար անմոռանալի է։ Այդ նիստին, որ նույնպես տեղի ունեցավ առաջնորդարանում, ներկա էր Հովհաննես Քաջազնունին, դաշնակցական էմիգրանտ, որ եկել էր Վանից եւ բյուրոյին զեկուցելու համար իր հետ պաշտոնական հանձնարարություն էր բերել։ Վանի դաշնակցական կենտրոնական կոմիտեն էր նրա միջոցով խոսողը։ Քաջազնունին ասաց, որ թե՛ Վանի եւ թե՛ երկրի այլ դաշնակցական մարմինները դեմ են Կովկասում սկսված կամավորական շարժմանը, այն համարում են մի ձեռնարկում, որ չափազանց վտանգավոր է թուրքահայերի համար։ Հիմնվելով, բացի դրանից, նաեւ Էրզրումի ընդհանուր ժողովի որոշման վրա, Վանի կոմիտեն պահանջում էր անմիջապես վերջ տալ այդ շարժմանը` թուրք կառավարության կասկածները զուր տեղից հայերի դեմ չգրգռելու համար։
Երկրի ինքնապահպանման բնազդն էր խոսում… վերջին անգամ։ Բայց մի անգամ էլ, դարձյալ վերջին անգամ, նրան բռնաբարում էր ռուսահայերի էգոիզմը։ Սկսվեցին վիճաբանություններ։ Այս մարդիկ, Կուրի ափին նստած, որտեղի՞ց էին վերցրել այն հեռավոր աշխարհի բախտը տնօրինելու իշխանությունը։ Եվ որտեղի՞ց էր, որ Շամիրամ-սուի ափին նստած մարդիկ համակվեցին այնքան անվերապահ հլու հնազանդությամբ այստեղի որոշումներին ու դատավճիռներին։

Փաստը փաստ է։ Ազգային բյուրոն չափազանց խելոք էր, չափազանց լավատեղյակ` Մշլաեւսկու նման աղբյուրներից, եւ գիտեր, որ կամավորական շարժումը ոչ մի վտանգ չի կարող սպառնալ թուրքահայ ժողովրդին նախեւառաջ այն պատճառով, որ ռուսական բանակը արագ պիտի գրավի ամբողջ Թուրքահայաստանը։ Պայքարը մի քանի ամսվա հարց է, եւ այսպիսի հավանականության մեջ անթույլատրելի կլինի լոկ երկյուղի թելադրությամբ լքել մի ձեռնարկում, որի հետ կապված են այնքան խոշոր ազգային շահեր։ Դաշնակցականների կողմից վանեցիներին պատասխանեց Արշակ Ջամալյանը` ասելով, թե Վանի ընկերները լավ չեն հասկացել Էրզրումի ընդհանուր ժողովի որոշումը։ Ինքը մասնակցել է այդ ժողովին եւ լավ գիտի նրա իսկական տրամադրությունները։ Իզուր Քաջազնունին, իբրեւ ականատես եւ ականջալուր, բացատրություններ էր տալիս երկրի դրության մասին, եւ թե որքան անտանելի վիճակ էր ստեղծել «սեֆերբերլիքը» հատկապես հայ ժողովրդի համար։ Եվ արագ, գրեթե րոպեական էր վճիռը։ Մերժվեց պահանջը. ինքը` Քաջազնունին, համակերպվեց այդ վճռին եւ այնուհետեւ դարձավ բյուրոյի դաշնակցական անդամներից եւ աշխատակիցներից մեկը։

Վե՞րջ տալ կամավորական շարժմանը։ Իսկ ի՞նչ ասել Վորոնցով-Դաշկովին, Գորեմիկինին, ի՞նչ ասել հենց իրեն` Դաշնակցությանը, որ այնքան գեղեցիկ առիթ էր գտել իր կուսակցական եսամոլությունը ծավալելու համար։ Վերադարձել եւ վերադառնում էին այնքան փախած եւ աքսորված ընկերներ, տեղ էր գրավված փոխարքայական պալատի մեջ, առատ դրամական միջոցներ կային ընկերներին զանազան պաշտոններում տեղավորելու համար։ Կարելի՞ էր թողնել մի դիրք, որ ըստ ամենայնի հրամայողական էր։
Կամավորական շարժումը կանգ չառավ, նա չէր կարող կանգ առնել։ Ընդհակառակը, օր օրի վրա ընդունում էր աղմկաշատ, շռնդալից բովանդակություն։ Շուտով Թուրքիան պատերազմի մեջ ընկավ, կովկասյան ճակատի վրա հրազենները ճարճատեցին, դաշնակցական խմբապետները ուղեւորվեցին ռազմաճակատ, կամավորները սկսեցին գործել` Թիֆլիսի փողոցներում երեւացին հայրենասիրական ցույցեր. հայերն ուզում էին գերազանցել ամենքին, եւ մի օր Գոլովինսկի պրոսպեկտը, Դվորցովայա փողոցը լցվեցին մարդկային լավայով։ Զինվորական երաժշտությունը դաշնակից պետությունների հիմներն էր հնչեցնում, փոխարքան ընդունում էր բոլոր ազգերի եւ ցեղերի հավատարիմ հպատակության արտահայտությունները։ Ամենքն իբրեւ թե պարտավորվում էին թափել իրենց արյան վերջին կաթիլն իրենց թագավորի համար։

Այս ցույցերը, այս խոսքերը մի օրվա համար էին։ Օրն անցավ` ամեն ինչ անցավ։ Այսպես չէին հայերը։ Կամավորները գալիս էին, գալիս հեռու տեղերից` Ամերիկայից, Եգիպտոսից, Բուլղարիայից։ Կային եւ ռուսահայեր` աղմկարար տարրեր, մանավանդ ուսանողներից։ Նրանք հայրենասիրական ցույցեր էին անում, ուր որ հարմարություն էին գտնում` Պետերբուրգում, Նոր Նախիջեւանում, Թիֆլիսում` փոխարքայի պալատի առաջ, եւ ամբողջ տարածության վրա` մինչեւ սահմանագլուխները, թեեւ տեղացիներից շատերը ճանապարհին կորցնում էին իենց ամբողջ ավյունը եւ սուսիկ-փուսիկ սլլում էին իրենց տները։
Խոստովանում եմ` ես երբեք սիրտ չեմ արել գնալ տեսնել այդ հայրենասիրական ցույցերը` նվագածության, շողուն զենքերի, «Մեր հայրենիքի» միաբան հնչյունների խառնուրդով։ Միշտ զգում էի, որ այդ բոլոր հրճվանքը արհեստականորեն մշակված եւ ուռցված է. հիշում էի 1870-ի հունիսը Փարիզում, այն երկար ու անվերջ շարքերը, որոնք մոլեգնորեն քայլում էին սալահատակների վրա եւ կանչում՝ «Դեպի Բեռլին, դեպի Բեռլին», որպեսզի մյուս օրը լռեն, անհետանան։ Ես միայն մի հարց էի տալիս` ի՞նչ տպավորություն է թողնում այս բոլորը մեր հարեւանների` վրացիների եւ թուրքերի վրա, որոնք պահում էին իրենց մեկուսի, զսպված, բայց, իհարկե, ոչ միանգամայն անտարբեր։ Այս հարցը հեգնանք ու արհամարհանք կարող էր ազդել ռուսական սվինների վրա նստած մեր ազգասերներին։ Բայց մի օր սվինները պիտի հեռանային Կովկասից, եւ այն ժամանակ հայերը պիտի իրենց տեսնեին միանգամայն մեկուսացած[299]։

Այսպես թե այնպես, ռուս-թուրքական պատերազմի սկզբում սահմանագլուխների վրա կազմ ու պատրաստ հայ կամավորական չորս խումբ կար։ Ամենից խոշորն Անդրանիկինն էր, որ գտնվում էր Սալմաստում, ռուսական այն զորաբաժնի հետ, որ պիտի գործեր Վանի դեմ։ Այդ խումբը բաղկացած էր, ինչպես երեւում է Ազգային բյուրոյի հաշիվներից, մոտավորապես 1200 հոգուց։ Այդքան զինվոր կար մյուս երեք խմբերի մեջ, այնպես որ` հայ կամավորների ընդհանուր թիվը 2500-ից չէր անցնում։ 1915-ին բյուրոն ավելացրեց այդ թիվը` իդեալ դարձնելով հրացանի տակ ունենալ գոնե 10 հազար կամավոր։ Սա հաջողվեց նրան, բայց շատ կարճ ժամանակով. այնպես որ` կամավորական կազմի միջին թիվը կարելի է վերցնել 6-8 հազար հոգի։

Ժամանակակից պատերազմներում, ինչպես հայտնի է, 50-100 հազար կազմ ունեցող զորաբաժիններն էլ մեծ բան չեն համարվում։ Բայց հայ կամավորական բանակը, որ 1914-ի հոկտեմբերից մինչեւ 1915-ի մարտը 2500 հոգուց ավելի չէր, ազգային սնապարծության եւ հոխորտանքների առարկա դարձավ։ Իբրեւ թե ահագին բան էինք արել այդքան մարդ հավաքելով, իբրեւ թե ռուսական բանակը, որ Կովկասյան ճակատում հավաքել էր մոտ 800 հազար զինվոր, շատ է պարտական մեզ` մեր 3-5 հազարի համար, եւ իբրեւ թե Թուրքիայի համար էլ մեր այդ ուժը խոշոր վտանգ է։ Եվ ստեղծելով մեզ համար այսպիսի օդային ամրոցներ, մենք մեզ տոգորում էինք ամբարտավան մեծամտությամբ, փքուն պահանջկոտությամբ, ուզում էինք աշխարհ զարմացնել ոչ միայն մեր ունեցածով, այլեւ չունեցածով։ Դաշնակցական «Հորիզոնն» ամեն կիրակի օր հրատարակում էր պատկերազարդ հավելվածներ, ուր տպվում էին կամավորների խմբանկարները։ Սովորաբար դրանք ներկայացնում էին 50, 100 եւ ավելի մարդկանց, ոտքից մինչեւ գլուխ զինված, հրացանները դեպի նույն կողմն ուղղած։

Այդ խմբանկարներն իրենց տակ սկզբում կրում էին «խումբ» անունը։ Հետո այդ բավական չհամարվեց դաշնակցական հոխորտանքի համար եւ խմբերը վերանվանվեցին «գնդեր», ապա այս էլ քիչ եղավ եւ տպվում էր՝ «կամավորական առաջին բանակ», «երկրորդ բանակ» եւ այլն` ըստ կարգին։ Այս պատկերազարդ հավելվածները տարածվում էին մեծ քանակությամբ եւ նրանց գնողների մեջ էին եւ օսմանյան գործակալները, որոնք այդ վավերագրերն ուղարկում էին իրենց գլխավոր շտաբին։ Այդքանով էլ չբավականանալով` դաշնակցական [Մարտին] Շաթիրյանը Պետերբուրգում հրատարակեց հայ կամավորների շքեղ ալբոմ, որի մեջ մտնում էին մինչեւ իսկ փոքրահասակ մանուկներ` զինվորի զգեստ հագած եւ հրացանով ու դաշույնով զինված։ Այս վավերագրերն էլ ընկնում էին օսմանյան կառավարության կազմած ժողովածուի մեջ։

Ավելի վարպետորդի հանդիսացավ «Խաթաբալա» ծաղրական թերթը։ Հատավաճառով որքան կարելի է շատ 5 կոպեկներ հավաքելու համար նա տպում էր Անդրանիկի պատկերը եւ նրա ոտքերի տակ ընկած` օսմանյան դրոշակը։ Պատմում էին, որ այս նկարը ահագին հուզում էր առաջացրել արեւելյան Անդրկովկասի թրքության մեջ եւ Գանձակում։ Երեք ռուբլի էին տալիս մի հատ ձեռք բերելու համար։ Այսպես մենք գիտեինք ուռցնել, չափազանցնել անհնարին կերպով։ Կուսակցական ինքնագովությունն ու պոռոտախոսությունը չափ ու սահման չէր ճանաչում։ Թուրքական հակահետախուզությունը ձեռք էր բերել մի հնչակյան շրջաբերական, որի մեջ ասված էր, թե հայ կամավորների թիվը հասնում է… քառասո՜ւն հազարի[300]… Հավատալ չի կարելի, թե կարող է այսքան ստախոսություն լինել, բայց մեզ տալիս էին վավերագրի լուսանկարը…

Ես, իհարկե, չեմ քննի կամավորական խմբերի գործունեությունը պատերազմական արհեստի տեսակետից։ Այս գործունեությունը եղել է ընդհանրապես շատ գնահատելի որոշ միջավայրի եւ որոշ շրջանակի մեջ։ Երկու խոսք կասեմ միայն Անդրանիկի խմբի գործողությունների մասին Սալմաստ-Վան ուղղության վրա։ Առաջին շարժումը տեղի ունեցավ 1914-ի նոյեմբերին։ Անդրանիկի խումբը մյուսների համեմատությամբ խոշոր էր, որովհետեւ նրան հատկացված էր գործողության լայն շրջան։ Ես լսել եմ, որ ծրագիրն այսպես է եղել. հենց որ Անդրանիկը մոտենար Վանին, այդտեղի դաշնակցական մարտիկները պիտի քաշվեին լեռները եւ ապստամբություն բարձրացնեին։ Այս ցույց է տալիս, որ Վանի հեղափոխական մարմիններն արդեն համակերպվել էին Թիֆլիսի բյուրոյի վճռին, որ ինչպես պատմեցի, մերժել էր նրանց առաջարկությունը` կամավորական շարժումը դադարեցնելու մասին, եւ Վանն առաջինն էր կանգնում ապստամբության ճանապարհի վրա։ Սակայն Անդրանիկը Վանին չհասավ, եւ կատարելով ընդհանուր հրամանատարության ցուցումը` ետ նահանջեց դարձյալ Պարսկաստան։

Շուտով սկսվեց ռուսական նահանջ Սալմաստից դեպի Արաքս։ Անդրանիկի այս առաջին արշավանքի ժամանակ պարզվեց, թե ինչ իրականություն կարող է հաստատել կամավորությունը Թուրքահայաստանում, հայ-քրդական փոխհարաբերությունների մեջ։ Հայ կամավորներն, իհարկե, չէին խնայում քրդական այն գյուղերը, որոնք նրանք գրավում էին։ Քրդերն էլ, որոնք նույնպես զինվորական ծառայություն էին կատարում օսմանյան բանակում, հայ գյուղերն էին կոտորում։ Այսպիսով, այս երկու ազգությունները սկսում էին իրար ջնջել։ Քրդերի գործն ավելի հաջողակ էր գնում։ Ռուս զորքի նահանջումը նրանց կատարյալ իրավունքի տակ էր դնում Հաղբակի, Բաշկալեի եւ Սարայի հայությանը[301], որն ամբողջապես սրի քաշվեց 1914-1915-ի ձմռանը։

Սա առաջին կոտորածն էր` նախերգանքն ավելի ահռելի, համատարած կոտորածների։ Պատերազմն առաջին իսկ քայլից ցույց էր տալիս, որ հին դրությունը ոչ միայն չի փոխվել, այլեւ տասնապատիկ վատացել է… Միշտ այսպես էր եղել նախկին պատերազմների ժամանակ. երբ ռուսները թողնում էին իրենց գրաված տեղերը եւ հեռանում, թուրքերը, կամ նրանց դրդումով քրդերը, հարձակվում էին այն տեղերի հայերի վրա, որոնք համակրություն էին ցույց տվել ռուսներին, կողոպտում ու կոտորում էին նրանց։ Բայց այդ կոտորածները մասնակի էին լինում, փոքր չափերով, եւ համենայնդեպս շատ շատերն էին ազատվում։ Իսկ այժմ խնայել չկար. հայկական կոտորածը, Աբդուլ-Համիդի տված դաստիարակությունից հետո, չէր կարող բավականանալ հարյուր, մինչեւ իսկ հազար դիակներով. ինչքան կար` սրի էր քաշվում, եւ պրծավ-գնաց…

Իսկ մենք, բնական եւ անխուսափելի համարելով այդ, զբաղված էինք մեր կամավորների քաջագործություններով, գովում, բարձրացնում էինք Քեռիին, Համազասպին, Դրոյին… Հերոսներ շատ ունեինք եւ ինչո՞ւ չդառնայինք հերոսապաշտներ…

Գ

Կամավորական շարժումը մենք սկսեցինք հախուռն, աններելի թեթեւամիտ վերացականությամբ, նույնիսկ ուշադրություն չդարձնելով այն միջավայրին, որ շրջապատում էր մեզ։ Երեւույթը շատ անբնական էր ցարական ռեժիմի տեսակետից էլ։ Ազգաբնակչության մի մասը ազատ ու համարձակ եռուն գործունեության մեջ էր, փող էր հավաքում, գումարումներ էր անում, զենք էր գնում, զինվորություն էր վարժեցնում եւ կռվի ուղարկում, մինչդեռ մյուս մասերը լուռ ու իրավազուրկ էին առաջվա նման, չունեին հնարավորություն արծարծելու եւ քննելու իրենց ազգային հարցերը։ Ես ուզում եմ ասել, որ կամավորական շարժումն ավելի եւս խոր խրամատներ էր փորում հայերի եւ մյուս կողմից` վրացիների եւ թուրքերի միջեւ։ Թուրք ազգաբնակչությունն, ինչպես ցույց տվեց պատերազմը, արդեն շատ լավ մշակված էր համաիսլամական եւ համաթուրքական պրոպագանդայի կողմից. եւ այս` բոլորովին առանց նկատելի դառնալու հայերի կողմից։ Սա մի ամբողջ շարժում էր օսմանյան զինվորական գործակալների ղեկավարությամբ, բայց քողարկված շատ վարպետորեն։

Հոյակապ կոնսպիրացիայի հովանու տակ թրքության մեջ ամրանում եւ կազմակերպվում էր կալվածատիրական-բուրժուական այն շաղախը, որ հետո լույս աշխարհ պիտի ընկներ «Մուսավաթ»[302] անվան տակ։ Ինչպես ազգայնական-կրոնական մի առանձնացում` նա լցված էր հայ նացիոնալիստական-կղերական առանձնացման դեմ կատաղի թշնամությամբ։ Թուրքիան` համաիսլամական-համաթուրքական գաղափարի սիրտն ու մարմնացումը, ձգտում էր իր հետ միացնել Արեւելքում` Ռուսաստանի տիրապետության տակ մնացած իր հարազատ ցեղերին, եւ սակայն հայերը սեպի պես ցցված էին այդ միության ճանապարհի վրա եւ ոչ միայն տեղի չէին տալիս, այլ, ընդհակառակը, աշխատում էին ավելի եւս խորացնել եւ լայնացնել սեպը Ռուսաստանի միջոցով, որի գործիքներն էին, եւ հենց այդ պատճառով էլ [դիտվում էին] արյունարբու թշնամի` միացող համաթրքության։ Ցարական բյուրոկրատիան պատերազմի նախընթաց երկու տարիներին էր, որ բավական տեղեկություններ ստացավ այն պրոպագանդայի մասին, որ օսմանյան գործակալները անաղմուկ մղում էին նույն այն թուրք ազգաբնակչության մեջ, որ, նրա կարծիքով, պիտի դառնար ցարիզմի հենարանը։

Սակայն իրեն հատուկ անշնորհքությամբ նա բավականացավ միայն ոստիկանական գրագրություններով, որոնք մի առանձին արդյունք չտվին եւ տալ էլ չէին կարող, քանի որ ոստիկանական ծառայողներից շատերը նույն բեկական դասակարգին պատկանող թուրքեր էին։ Պատերազմը սկսվելու ժամանակ դրությունն այնպես էր, որ ռուս կառավարությունը չհամարձակվեց նույնիսկ նախկին տարիների օրինակով անկանոն միլիցիա հավաքել թուրք ազգաբնակչությունից[303], որ այսպիսով բոլորովին ազատ մնաց պատերազմի ծանրություններից[304], եւ տնտեսապես զարգանում եւ ուժեղանում էր` պատրաստվելով հարմար ժամանակին ոտքի ելնել համաթուրքական գործի համար։

Այսպես էին թուրքերը։ Իսկ վրացինե՞րը։ Մենք արդեն գիտենք, որ դեռ 1905-ից վրացի եւ թուրք ազնվականության մեջ գոյություն ուներ մի տեսակ պաշտպանողական եւ հարձակողական դաշնակցություն` ուղղված հայերի դեմ։ Այդ entente cordiale-ն[305] տարիների ընթացքում ամրապնդվել էր, եւ թուրք-վրացական համերաշխությունը հրապարակավ ցուցադրվում էր շատ հաճախ։ Բայց նրա մշտական սրբություն սրբոց էր այն հայակերական մամուլը, որ ռուսաց լեզվով ծաղկեցնում էին վրացի նացիոնալիստները` կռթնած Բաքվի թուրք բուրժուազիայի ոսկու քսակների վրա։ Մի կուլտուրական ժողովրդի կյանքի մեջ սա մի անպատիվ երեւույթ էր` մարդկանց մի խմբակ ապրում էր տպագրական խոսքը ծառայեցնելով ազգերի թունավորման նողկալի գործին։

Իսկ ռուսական բյուրոկրատիան ամեն խնամք թափում էր, որ հայ-վրացական հարաբերությունները միշտ լարված լինեն, միշտ թշնամական։ Պատերազմի նախօրյակին իսկ, վրաց թավադների եւ հայ բուրժուաների մեջ մղվում էր մոլեգին գոտեմարտ Թիֆլիսի պոլիտեխնիկումի շինության առիթով։ Թավադները պահանջում էին, որ պոլիտեխնիկումը շինվի Սաբուրթալո արվարձանում, ուր նրանք հողեր ունեին, որոնց արժեքը պիտի բարձրանար պոլիտեխնիկումի այնտեղ զետեղվելու հետեւանքով։ Մինչդեռ Թիֆլիսի քաղաքային վարչությունը Կովկասի առաջին բարձրագույն դպրոցի շինությանը հատկացրել էր հողաբաժին Նավթլուղում։ Քաղաքային Դումայի մեջ նստած հայ բուրժուազիան էլ, իհարկե, իր հաշիվներն ուներ։ Եթե պոլիտեխնիկումը կառուցվեր Նավթլուղում, այն ժամանակ օգտվողը կլիներ Հավլաբար թաղը` ամբողջովին հայաբնակ։ Ահա այս երկու տեղերի վրա էր կռիվը։ Թավադությունը Սաբուրթալոյի մեջ միայն առատ հողաբաժիններ էր խոստանում բարձրագույն դպրոցին, մինչդեռ հայ բուրժուազիան բացի հող տալուց` այն միակ աղբյուրն էր, որ պիտի տար նաեւ փող. մի բան, որ չունեին վրաց ազնվականները։

Եվ ահա երկու ժողովուրդները, մի-մի նացիոնալիստական բանակ դարձած, երկար, կրքոտ ճակատամարտ սկսեցին իրար դեմ, որ զզվելի կերպարանք ընդունեց իր այլանդակությամբ։ Պոլիտեխնիկումը շատ քիչ գործ ուներ, գրեթե ոչ մի գործ չուներ այդ նացիոնալիստական պատերազմի մեջ։ Նրա համար կատարելապես եւ լիովին միեւնույնն էր, թե Թիֆլիսի որ կողմում կունենա իր տունը։ Այս կռվի մեջ ո՛չ սկզբունք կար, ո՛չ գաղափար. կային միայն ազգայնական հրդեհված կրքեր, որոնք խոլական վայրագությամբ պլլվում էին իրար` ազգային պատվի հարց դարձնելով հաղթանակը։ Եվ հաղթանակ տանողը հայերն էին։ Գեներալ Գաբաեւը` վրացի թավադության գլխավոր հրամանատարն այդ պատերազմի մեջ, անեծք էր կարդում այն մարդու գլխին, ով Սաբուրթալոն կզրկի իր բնական իրավունքից։ Փոխարքա Վորոնցով-Դաշկովը, որ հաճությամբ թույլ էր տվել երկու ազգություններին իրար կրծոտել ու հոշոտել մի դատարկ առիթով, հայտարարում էր, թե իր վրա վերցնելով գեներալ Գաբաեւի անեծքը, այնուամենայնիվ, որոշում է պոլիտեխնիկումը կառուցել Նավթլուղում, որպեսզի շինության գործն ապահովվի դրամական նվերներով։

Փողը հաղթանակեց, բայց կարելի է երեւակայել, թե ինչ զգացմունք պիտի այս հարուցեր հաղթվածների մեջ։ Հայ-վրացական հարաբերությունները փչացան վերջնականապես։ Ես շատ թիֆլիսեցի հայերից եմ լսել, որ հին ժամանակներից բարեկամությամբ իրար հետ կապված հայ եւ վրացի ընտանիքներ խռովել են իրարից Սաբուրթալո - Նավթլուղ կռվի հետեւանքով։ Երկու կողմերի լրագրությունը սարսափելի գործ կատարեց։ Դաշնակցական «Հորիզոնը» փրփուրը բերանին էր պաշտպանում հայ բուրժուական-նացիոնալիստական իդեալ դարձած Նավթլուղը։

Բացի այս մեծ գոտեմարտի թողած դառնությունից` հայերի կամավորական շարժումը վրացիների մեջ թշնամական վերաբերմունքի պիտի արժանանար եւ այն պատճառով, որ, ինչպես վերեւում ասացի, վրաց հրամայող դասերը գերմանական օրիենտացիան էին ընդունել եւ դաշնակցել էին Թուրքիայի հետ։ Մնում էր մի տարր միայն` ռուս տարրը, որ, ըստ երեւույթին, պիտի համակրեր կամավորական շարժմանը։ Բայց այս կողմից էլ մենք համակրանք չունեինք։ Կովկասում գործողը «Ռուս ժողովրդի միություն» անունը կրող սեւհարյուրակային կազմակերպությունն էր, իսկ նրա համար հայ ժողովուրդը Դաշնակցությունն էր` այն հեղափոխական կազմակերպությունը, որ դեռ նոր կոտորում էր ռուս չինովնիկներին եւ որ ցարիզմի անհաշտ թշնամիներից մեկն էր։ Շուտով բացվեց եւ այն, թե ինչու հայերը կամավորներ էին տալիս ռուս բանակին։ «Այստեղ հաշիվ կա,- ասում էին,- նրանք ուզում են ավտոնոմ Հայաստան, եւ ռուս բանակը պիտի կռվի այդ ավտոնոմ Հայաստանի համար»։

Ես պիտի անկեղծորեն ասեմ, որ այսպիսի մի վերին աստիճանի վնասակար կարծիք կազմվում էր ի դժբախտություն թուրքահայ ժողովրդի, դարձյալ շնորհիվ կամավորական շարժման գլուխ անցած տարրերի անտակտության։ Մեր մեծամիտ պահանջկոտության արդյունք էր, որ հազիվ կամավորները ռազմադաշտ հասած` սկսեցինք քննել եւ դատել, թե ի՞նչ պայմաններով ենք մենք կռվի մեջ մտել եւ ի՞նչ պահանջներ ունենք անելու։ Լրագրական ընդարձակ եւ աղմկալից բանավեճի առարկա դարձավ Թուրքահայաստանի ապագա կազմակերպությունը։ Պահանջում էին, որ այդ կազմակերպությունն ունենա ավտոնոմ նահանգի դրություն։ Գտնվեցին եւ երկու հայեր, որոնք ուղղակի անկախություն էին պահանջում. Շիրվանզադեն` «Մշակի» մեջ եւ Գաբրիել Մնացականյանը` առանձին գրքույկով։ Վեճը արձագանք գտավ եւ մայրաքաղաքների ռուս մամուլի մեջ։ Միլյուկովը[306] հայերի շահերի տեսակետից ցանկալի էր համարում կցել Թուրքահայաստանը Ռուսաստանին։ Այսպիսով երկիրը մի քանի տասնյակ տարիների ընթացքում կշենանար եւ կզարգանար, հայ ազգաբնակչությունը կբազմանար եւ ռուսահայերի հետ կկազմեր մի խոշոր ազգագրական զանգված, որ ապագա Ռուսաստանում կբռներ ավտոնոմ դիրք։

Այս առաջարկությունն էր ահա, որի մասին լսել անգամ չէին ուզում մանավանդ դաշնակցականները, եւ Միլյուկովի դեմ սկսվեց մի ամբողջ արշավանք։ Ես հիշում եմ «Հորիզոնի» աշխատակիցների մի ժողով Համբարձում Մելիքյանի տանը եւ նրա նախագահությամբ։ Պետք է ասեմ, որ Մելիքյանը կարողացել էր բաժնետիրական ընկերության միջոցով ապահովել «Հորիզոնի» հրատարակությունը եւ, իբրեւ նախագահ բաժնետիրական ընկերության, իր ձեռքն էր առել նաեւ խմբագրության կազմը, որ բաղկացած էր դաշնակցականներից։ Բայց որպեսզի ցույց չտա, թե թերթը զուտ կուսակցական է, նա ուներ եւ դրսի ոչ դաշնակցական աշխատակիցներ։ Դրանց թվում էի եւ ես։ Եվ ահա այս ժողովը հրավիրված էր խորհրդակցելու համար, թե պե՞տք է արդյոք թերթի մեջ բաց անել վիճաբանություն եւ պրոպագանդա Թուրքահայաստանի ավտոնոմիայի մասին։ Սկսվեցին դաշնակցական ճառախոսությունները` իրար նման, իրար կրկնող հոխորտանքներով, փքվածությամբ լիքը։ Մենք արյուն ենք թափում, մենք կռվող կողմ ենք եւ բոլորովին կարիք չկա, որ թաքցնենք մեր պայմաններն ու պահանջները։ Հայ ժողովուրդը տասնյակ տարիների ընթացքում ցույց է տվել, թե որն է իր նվազագույն պահանջը։ Մեր ուզածը վարչական ավտոնոմիան չէ, այլ այն, ինչ արտահայտվում է հայերեն «ինքնուրույնություն» բառով։ Այդ նույն դրությունն է, ինչ ունեն այժմ Ռուսաստանի վերաբերմամբ Խիվան կամ Բուխարան։

Երկու հոգի էինք, որ հակառակ ուղղությամբ արտահայտվեցինք` Հովհաննես Թումանյանը եւ ես։ Ինձ «Հորիզոնի» դաշնակցական խմբագիրների կուռքը դարձած նախագահը` նավթարդյունաբերող Մելիքյանը, ամենքից հետո խոսք տվեց, այն էլ ակամա, որովհետեւ գիտեր, որ ընդդեմ պիտի խոսեմ, մինչդեռ արդեն 10-12 հոգի խոսել էին անմիջապես ավտոնոմիայի պահանջը դնելու օգտին։ Այնուամենայնիվ, ես կարողացա երկու խոսք ասել։ Ասացի, որ վեճն անժամանակ է, միայն կրքեր կարող է հարուցանել եւ իբրեւ այդպիսին վնասակար է ոչ միայն թուրքահայերի, այլեւ մեզ` Կովկասում ապրողներիս համար։ Վեճը արջի մորթին բաժանելու մասին է, մինչդեռ արջը դեռ սպանված չէ եւ չի էլ վիրավորված։ Ապրում ենք պատերազմական հեղհեղուկ ժամանակի մեջ, ամեն օր կարելի է անակնկալների առաջ կանգնել։ Դուք տեսնում եք, որ այդ ավտոնոմիայի հարցը շատ անախորժ է ռուս հասարակության եւ, որ ավելի կարեւոր է, ռուս զորքի համար։ Ես հարցնում եմ ձեզ` ի՞նչ կարիք կա այժմ լցնել մամուլի հրապարակն այդպիսի վեճերով։ Մի՞թե, վերջիվերջո, այդ վեճերն են, որ պիտի տան ձեր ուզած ինքնավարությունը[307]։

Ո՛չ, հարկավոր են այլ պայմաններ։ Հայ ժողովուրդն այսօր շատ կարոտ է պաշտպանության, եւ ինչպե՞ս այսօր հեռու քշել այն ուժերը, որոնք կարող են մեզ պաշտպանել եւ պիտի պաշտպանեն։ Վաղը կարող է պատերազմական դրությունն այնպես փոխվել, որ ռուսական բանակը պիտի հեռանա այս երկրից։ Ի՞նչ կլինի այն ժամանակ մեր դրությունը, եթե ստիպված լինենք մենք էլ հեռանալ` նկատվելով իբրեւ թշնամի, ոչ ցանկալի տարր. իսկ այդպիսի դրության մենք անպատճառ կհասնենք, եթե լրագրական անպտուղ վեճերով կրքեր վառելով զբաղվենք։

Վերջին խոսքը նախագահինն էր, եւ նա հաղթականորեն միացավ իր խմբագիրներին, որոնք ամեն օր հրճվանքով պտույտներ էին անում իր ավտոմոբիլի մեջ բազմած։ Եվ մյուս օրը սկսվեց վեճն ու պահանջը։ Եվ ո՞վ կարող է հաշվել, թե որքան վնասներ հասցրին այդ լրագրական արշավանքներն այն խեղճ ժողովրդին, որ Թուրքահայաստանում մատնված էր իր սեւ ճակատագրի ամբողջ դժնդակությանը։ Մի կտոր ապահովության էր նա կարոտ, ա՛յդ էր նրա ամբողջ ցանկությունը, իսկ այստեղ նրան անվանում էին ավտոնոմիստ, ատում էին դրա համար, արհամարհում էին նրա ամենատարրական ցանկություններն անգամ։ Զորքի մեջ բացարձակ պրոպագանդա էր մղվում հայերի դեմ, եւ այս բանի մեջ առանձնապես աչքի էին ընկնում վրաց ազնվականության ներկայացուցիչ սպաները, սկսած բարձրաստիճաններից, հենց նույն Գաբաեւից, որ ինչպես ասացի, գլխավոր հրամանատարն էր Սաբուրթալո-Նավթլուղ կռվի մեջ։

Զինվորներին ասում էին. «Ձեզ տանում են կռվելու ո՛չ թե Ռուսաստանի շահերի համար, այլ հայկական ավտոնոմիայի համար»։ Զուր չէր, որ ես վերեւում, բերելով գեներալ Մշլաեւսկու լպիրշ եւ շնական հանաքը Էրզրումի հայոց հանրապետության մասին, ասում էի, թե նա միակ օրինակը չէր, թե նա մի երեւույթ էր այն վարակի, որ բռնել էր Թուրքիայում գործող ցարական բանակը։ Այդտեղ հայ կամավորական խմբերը հազիվհազ կարողանում էին դիմանալ։ Նրանց քաջագործությունների վրա ուշադրություն չէին դարձնում, մինչդեռ նրանց մեջ տեղի ունեցող մանր-մունր անկարգություններն ուռցվում էին, չափազանցվում եւ պատժվում խստորեն, անխնա։ Բայց պետք է այն էլ ասել, որ անվստահությունը միայն դեպի հայ կամավորները չէր, այլեւ դեպի այն հայ զինվորները, որոնք ծառայում էին կանոնավոր գնդերի մեջ։ Այսպես էր ցարական կարգը…

Չսխալվենք, սակայն, կարծելով, թե միայն մամուլի մեջ էր արծարծվում խիստ պահանջ Թուրքահայաստանի ավտոնոմիայի մասին։ Նույն դաշնակցական տրամադրությունը թագավորում էր եւ Ազգային բյուրոյի մեջ։ Փոխարքան առաջարկել էր, որ հայերը կազմեն իրենց ցանկացած բարենորոգումների ծրագիրը եւ Թուրքահայաստանի քարտեզը։ Այս առիթով կազմվեց մի մասնաժողով, որի անդամներից մեկն էի ես։ Սակայն մասնաժողովը չէր հավաքվում, հավաքված ժամանակն էլ չէր կարողանում որոշակի, պարզ առաջարկություններ ձեւակերպել։ Խոսում էին, գործում էին Թուրքահայաստանի մասին, բայց նրան չէին ճանաչում, նրա կարիքների մասին հասկացողություն չունեին եւ, ուրեմն, ինչպե՞ս կարող էին մի լուրջ բան մշակել։ Գործն այդպիսով, վերջիվերջո, մնաց ինձ եւ Մեսրոպ եպիսկոպոսի վրա։ Ես կազմեցի մի ծրագիր այն եղանակով, ինչպես կազմում էին Կ.Պոլսի եվրոպական դեսպանները, այսինքն` հիմք վերցնելով Թուրքիայում գոյություն ունեցող օրենքները, արտահայտված թե՛ ընդհանուր պետական կազմակերպության եւ թե՛ առանձին ինքնավարությունների վերաբերյալ կանոնադրությունների մեջ։

Միասին` ես եւ Մեսրոպ եպիսկոպոսը խմբագրեցինք այդ նոր կազմական կանոնադրությունը, համաձայն այն հրահանգների, որ տվել էր Ազգային բյուրոն` իբրեւ հիմնական ցանկություններ։ Այսպիսով Թուրքահայաստանը մնում էր Օսմանյան կայսրության մի մասը կազմող ինքնավար նահանգ, բայց մի ընդհանուր նահանգապետով, որ պիտի լիներ ռուսաց բարձր պաշտոնյաներից մեկը։ Հայաստանի մի անբաժան մաս ճանաչվում էր Կիլիկիան։ Այստեղ մեր «ազգայինճիները» լսել անգամ չէին ուզում որեւէ զիջման մասին։ Միլյուկովը խորհուրդ էր տվել ձեռք վերցնել Կիլիկիայից, որովհետեւ այնտեղ համախմբված են համաշխարհային տնտեսական շահերը, որոնք եւ կհակառակվեն հայերի տիրապետությանը Միջերկրական ծովի ափին, Ալեքսանդրեթի ծոցում, եւ այսպիսով կսկսվի մի ոչ ցանկալի ուժեղ մրցակցություն հայերի դեմ։ Բայց դաշնակցականները սաստիկ հակառակեցին այդ առաջարկությանը հենց միայն այն պատճառով, որ այն բխում էր մի ռուսից` Միլյուկովից։ «Հայաստանն,- ասում էին,- չի կարող ապրել առանց ծովային ելքի»։

Այստեղ էր ահա` «Հայաստանը ծովից ծով»։ Կիլիկիան Հայաստանի մի մասը հայտարարելը դեռ մեծ դժվարություն չէր ներկայացնում ծրագրի մեջ։ Մենք վերցրինք` այդպես էլ գրեցինք։ Բայց ի՞նչ անեինք քարտեզի վրա։ Ինչպե՞ս միացնեինք Կիլիկիան Հայաստանին, երբ նա երբեք միացած չի եղել։ Զուր էի ես բացատրում անհնարինությունը, բերում էի աշխարհագրական, ազգագրական եւ պատմական անհաղթելի արգելքները։ Ոչինչ չուզեցին լսել։ Բոլոր առարկությունների դեմ մի պատասխան էր լսվում. «Ներկայումս չի կարող լինել եւ մի հայ, որ Հայաստանը երեւակայի առանց Կիլիկիայի»։ «Շատ լավ, բայց ես ի՞նչ անեմ»,- հարցնում էի ես։ «Մի կերպ միացրեք»,- պատասխանում էին։ Մի կերպ… Պրծում չկար… Ինձ նմանների դրության մեջ մտնելու համար է երեւի, որ Եփրատը Մելիտենեի մոտ, կարծես թողնելով իր հախուռն մղումը` ճամփա փորելը դեպի Միջերկրական ծով, ետ ու ետ է քաշվում` դեպի հարավ ուղղվելու համար։ Հայկական մեծ գետի այդ ծունկը շատ մոտ է Կիլիկիային, եւ ահա այդտեղից կարելի էր բաց անել այն նրբանցքը, որ կմիացներ Հայաստանը Կիլիկիայի հետ։ Լավ թե վատ, ես երկու գծով որոշեցի ենթադրվող ուղղությունը, լոկ այլեւս «մի կերպ արեք»-ը չլսելու համար, խոսք տալով ինձ` այլեւս չնայել այդտեղի վրա։

Բայց սրանով բանը չէր վերջանում։ Շովինիստական ամբարտավանությունը որքան ուռճանում եւ ծովանում էր կամավորական խմբերի գործողությունների հետեւանքով, այնքան ավելի ու ավելի բարձրանում եւ բարդանում էին պահանջները։ Բյուրոն նոր` նոյեմբերին միայն, տեսավ, որ կամավորական մեծ աղմուկի դիմաց հայ ժողովուրդն իսկապես ոչինչ դրական երաշխավորություն չունի ռուսական կառավարության կողմից։ Ուստի, սկսեց նորից` նոր միայն, երբ, ինչպես ասում են` բանը բանից անցած էր արդեն, երաշխիքների հոգս քաշել։ Ամենալավը համարվում էր այն, որ ինքը` Նիկոլայ Բ-ն մի կոչ ուղղի հայերին` խոստանալով նրանց ամենադրական կերպով ավտոնոմիա։ Շատերը կային բյուրոյի մեջ, որոնք այդ էլ բավարար չէին համարում, այլ պահանջում էին, որ Նիկոլայն ուղղակի անկախություն խոստանա Հայաստանին[308]։ Այս պահանջը դուրս էր գալիս դաշնակցական շրջաններից եւ համակրություն էր գտնում նրանց հլու հպատակ բուրժուական ինտելիգենցիայի մեջ։ Իզուր բյուրոյի ժողովների մեջ ես հակաճառում էի այդ մտքի դեմ` ասելով, որ երբեք ռուսական բյուրոկրատիան թույլ չի տա, որ իր ցարը ստորագրի հայերին ուղղված մի որեւէ կոչ. այն ցարը, որ նույնիսկ բազմամիլիոն լեհ ժողովրդին ուղղված կոչը չստորագրեց։ Բայց ո՞վ էր լսողը։ Եվ մի նոր փորձ կատարվեց։ Ոչ մի դժվարություն չկար։ Էջմիածնում նստած Գեւորգ Հինգերորդը գրիչը թանաքի մեջ թաթախած սպասում էր, թե ով կբերի մի թուղթ, որպեսզի դնի իր ստորագրությունը դրա տակ։ Այդ հանգամանքի արդյունք է, որ տեղի ունեցավ նոյեմբերի 8-ի անտակտ եւ անիմաստ դիմումը Վորոնցով-Դաշկովին, եւ ես չեմ կարող մի քանի հատվածներ չբերել նաեւ այդ վավերագրերից.

«Ժողովրդական ոգեւորության ալիքը աճում է,- գրում էր կաթողիկոսը,- ավելի ու ավելի տարածվելով բոլոր հայերի մեջ, որոնք Ռուսաստանի համար այս մեծ վայրկյանում կանգ չեն առնի թեկուզ ամենածանր զոհաբերությանից առաջ։
Հայոց ժողովրդի ուշադրությունը եւ մտածողությունը ներկայումս կենտրոնացած է թուրքահայերի վիճակի վրա։
Այն բոլորը, ինչ որ ձեռնարկված է կայսերական կառավարության կողմից եվրոպական պետությունների հետ միասին, սկսած վերջին ռուս-թուրքական պատերազմից, դրական հետեւանքներ չի տվել թուրքահայերի դրության լավացման տեսակետից։
Թուրքիան, ընդունակ լինելով ենթարկվել միմիայն հարկադրանքին, չէր ցանկանում եւ իր կուլտուրական ուժերով անկարող է եղել ըմբռնել իրեն առաջարկած հայկական ռեֆորմների նշանակությունը։

Թուրքահայաստանի ռեֆորմների երկարամյա պատմությունը խախտել էր հայ ժողովրդի հավատը եւ նրան բերել է այն համոզման, որ միմիայն Ռուսաստանը կարող է ապահովել ժողովրդի ֆիզիկական եւ կուլտուրական զարգացումը Թուրքահայաստանում։
Ներկայումս, երբ ամբողջ Ռուսաստանի եւ նրա հաղթական զորքի հետ հայերը պետք է լարեն ծայրահեղ ուժեր՝ ընդհանուր թշնամիների դեմ կռվելու համար, ես գտնում եմ բոլորովին պատշաճ` ներկա պատմական մոմենտի նշանակության, որպեսզի մեր սիրեցյալ թագավոր կայսեր անունից հայտարարվելով մի կոչ թուրքահայերին` ներշնչվի հայ ժողովրդին, որ այժմ հասել է ժամը վերջնականապես եւ անդառնալի կերպով լուծելու Հայկական հարցը Թուքիայում, եւ որ հայ ժողովրդին մեծ Ռուսաստանի կողմից կտրվի ավտոնոմիա, որի շրջանը կկազմեն Թուրքահայաստանի ի մի ամփոփված 6 վիլայեթները եւ նրանց հետ անխզելիորեն կապված Կիլիկիան։ Դրանով կպսակվի Ռուսաստանի պատմական առաքելությունը, որ է Թուրքիայի լծի տակ դարերով տանջված քրիստոնյա ժողովուրդների ազատագրությունը»։

Այս թուղթը ներկայացնում են Վորոնցով-Դաշկովին, որ կարդալուց հետո, ինչպես լսել եմ, փոքր-ինչ հանդիմանական ձեւով ասել է. «Մի՞թե բավական չէր խոստացածը»` անշուշտ ակնարկելով Գորեմիկինի գրությունը։ Պալատականներն առաջին անգամ էին, երեւի, զգում անհարմարություն իրենց հյուրընկալած հարկի տակ։ Այնուամենայնիվ, կոմսը խոստանում է այդ մասին խոսել Նիկոլայ կայսրի հետ, որին մոտ օրերում սպասում էին Թիֆլիսում։ Այս առիթով Թիֆլիս եկած Գեւորգ կաթողիկոսը նոյեմբերի 29-ին առանձին ունկնդրություն է ստանում Նիկոլայից եւ իր ճառի մեջ, որ խմբագրված էր բյուրոյի թելադրությամբ, կրկնում է նույն խնդիրը, այսինքն` որ ցարն այժմ իսկ հայտարարի, թե թուրքահայերին կտրվի ավտոնոմիա` Ռուսաստանի հովանավորության տակ։ Նիկոլայը պատասխանում է միայն, թե հայերի վիճակը կտնօրինվի լավագույն կերպով[309]։ Այժմ ենք մենք հասկանում այս խոսքերի իմաստը. այժմ, երբ ձեռքի տակ ունենք ֆրանսիական դեսպան Պալեոլոգի[310] օրագիրը։

Պետերբուրգում Ֆրանսիայի ներկայացուցիչն այդտեղ, իմիջիայլոց, պատմում է եւ այն խոսակցությունը, որ նա ունեցավ Նիկոլայի հետ նախքան նրա ուղեւորությունը Կովկաս, նոյեմբերի 8-ին։ «Խոսելով ապագա հաշտության պայմանների մասին` Նիկոլայն ասաց եւ հետեւյալը. «Փոքր Ասիայում ես, բնականաբար, պիտի զբաղվեմ հայերով։ Անկարելի կլինի, իհարկե, թողնել նրանց թուրքական լծի տակ։ Հարկավո՞ր կլինի, որ ես կցեմ Հայաստանը (Ռուսաստանին)։ Ես նրան կկցեմ միմիայն հայերի առանձին խնդիրքով։ Եթե ոչ` ես նրանց համար կսարքեմ անկախ կառավարություն»»։ Չմոռանանք, որ սա մի դիվանագիտական խոսակցություն էր, եւ ռուսաց ցարը ճարպկորեն պայմանավորում էր իր իսկական ցանկությունը` Հայաստանի կցումը հայ ժողովրդի համաձայնությամբ։ Եթե այդպիսի համաձայնության կարիք լիներ, ոչինչ չէր արգելում, որ Նիկոլայն այդպիսի մի միտք ներշնչեր կաթողիկոսին։ Հետագա դեպքերը գալիս էին ցույց տալու, որ ցարը Հայաստանի վերաբերմամբ բացի պարզ կցումից ուրիշ որեւէ միտք չի ունեցել, եւ դիվանագիտական սին զարդարանք է եղել այն հայտարարությունը, որ նա արել էր ֆրանսիական դեսպանին հայերի համար «անկախ կառավարություն» սարքելու մասին։

Եվ այսպես` կցում… Էլ ինչո՞ւ հայ ժողովուրդը դրա համար քափ ու քրտինքի մեջ մտներ, կոտորվեր հարյուրհազարներով։ Շարունակ այս հարցերն են սուր նիզակների նման ցցվում առջեւդ, երբ նորից վերապրում ես 1914-1915 սեւ ու մութ տարիները։

1917 թվին թուրքաց կառավարությունը Կ.Պոլսում հրատարակեց «վավերագրերի» մի ստվար հատոր` ապացուցելու համար, թե հայերը ապստամբներ էին օսմանյան պետության դեմ։ Այդ «վավերագրերից» մեկը խայտառակ մի ստություն է, կոպիտ մի հերյուրանք։ Այդ մի մանիֆեստ է, որ իբր թե Նիկոլայ Բ-ն ուղղել է թուրքահայերին` հայտնելով, թե հասել է ժամը, երբ նրանք պիտի ազատվեն հին դարերի բռնակալությունից։ Այդպիսի դիմում երբե՛ք գոյություն չի ունեցել, շինծու է առաջին տառից մինչեւ վերջինը։ Կարո՞ղ եք երեւակայել, թե որքան սարսափելի տպավորություն կլինի նա թողած Թուրքիայում, որքան նա գրգռած պիտի լինի խավար ու ֆանատիկոս ամբոխի կրքերը միլիոնավոր հայերի դեմ։ Եվ հետո` մտաբերենք, որ առանց կրակի ծուխ չի լինում։ Թիֆլիսը վխտում էր օսմանյան լրտեսներով, որոնք դաշնակցական «Հորիզոնի» ամեն մի համարը, ամեն մի խոսք ու զրույց տեղ էին հասցնում։ Կաթողիկոսի դիմումը, բյուրոյի գործադրած ջանքերը, որ Նիկոլայը թուղթ գրի հայերին, անշուշտ, անծանոթ չմնացին օսմանյան շտաբի ականջներին, գուցե` եւ աչքերին։ Որքան հիշում եմ, բյուրոյի դաշնակցական անդամներից մի քանիսը (օր. Ավետիք Սահակյան) կազմել ու ներկայացրել էին նաեւ կայսերական դիմումի բնագիրը. եւ ո՞վ գիտե` այդ բնագրից որքան բան է վերցված եւ մտցված թուրք կառավարության ձեռքով կեղծված «մանիֆեստի» մեջ։ Այսպես էինք մենք մեր հիմար ամբարտավանությամբ նյութ տալիս մեր ժողովրդի գլխին աղետներ թափելու համար։

Խրատվել, ետ նայել, լուրջ հաշիվներ անել չգիտեինք։ Վճռում էինք ահագին նշանակություն ունեցող հարցերը թեթեւամիտ, հախուռն շտապողականությամբ, ղեկավարվելով պատահական խոսք ու զրույցով անգամ։ Շատ բնորոշ փաստ է, որ դեռ պատերազմի սկզբում, գլխավորապես շիրակցի հայերը ցույց էին տալիս, թե որքան անպիտան են նրանք իբրեւ ռազմական նյութ։ Կանոնավոր գնդերի մեջ ծառայող զինվոր հայերը դասալիք էին դառնում մեծ քանակությամբ եւ փախչում-գնում էին իրենց տները։ Գործադրել ամենքի դեմ զինվորական խիստ օրենքներն անհնարին էր դառնում, եւ գլխավոր հրամանատար Վորոնցով-Դաշկովը բյուրոյի օգնությանը դիմեց` առաջարկելով գործող բանակ ուղարկել պատվավոր մարդկանց` հայ զինվորներին խրախուսելու եւ խրատելու համար։ Հանձնարարությունը կատարվեց` երկու խումբ կազմելով. առաջին խմբի մեջ մտնում էին Թիֆլիսի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոսը, բանաստեղծ Հովհաննես Թումանյանը եւ վիպասան Շիրվանզադեն, երկրորդի մեջ` Երեւանի փոխթեմակալ Խորեն եպիսկոպոսը[311] եւ Սմբատ Խաչատրյանը։ Սրանք պետք է առանձին-առանձին գործեին ռազմաճակատի զանազան մասերում` զինված կաթողիկոսի կոնդակներով, բայց թողեցին այդ միտքը եւ միասին գնացին Իգդիր, այնտեղից դեպի Ալաշկերտի հովիտը, որ կազմում էր Կովկասյան Չորրորդ բանակի շրջանը։

Այդ բանակի հրամանատար գեներալ Օգանովսկին` մի լեհ հայրենասեր, իրեն ցույց տվեց հայերին համակրող եւ Մեսրոպ եպիսկոպոսի հետ ունեցած խոսակցության մեջ խորհուրդ տվեց ավելացնել կամավորների թիվը` այն 2000-ից հասցնելով 10-12 հազարի։ Հայաստանին պատերազմից հետո էլ հարկավոր է բանակ` ինքն իրեն պաշտպանելու համար, նուրբ ակնարկներով հասկացնելով, թե ազգային ինքնուրույնության լավագույն պահապանը կարող է լինել միմիայն ազգային զինվորական ուժը։ Մեսրոպ եպիսկոպոսը եւ նրա ընկերները շատ են հավանում այդ միտքը եւ, գալով Թիֆլիս, պատմում են բյուրոյին։ Այստեղ նստած դաշնակցականներն, ինչ խոսք, հրճվանքով ընդունեցին այդ միտքը։ Մանավանդ շատ աշխատում էր Հովսեփ Արղությանը, որն ինձ հետ ունեցած խոսակցության մեջ անհրաժեշտ էր գտնում կամավոր բանակի խոշորացումը նաեւ այն պատճառով, որ պատերազմից հետո գուցե հարկավոր լինի զենքով պաշտպանվել նույնիսկ ռուսներից։

Այսպես թե այնպես, բյուրոն ընդունեց վճիռ` հասցնելու հայ կամավորների թիվը 10 հազարի։ Փոխարքան, իհարկե, տվել էր իր համաձայնությունը, միայն թե ասում էր, որ այդքան հրացան չկա, եւ առաջարկում էր, որ հայերն իրենք գտնեն հրացանները։ Դրանց տեղն էլ ցույց էր տալիս շտաբը` կարելի էր գնել Եվրոպայում։ Բյուրոյի կողմից հատուկ հանձնարարությամբ, այդ գնումը հաջողեցնելու համար, Մոսկվա եւ Պետերբուրգ ուղարկվեց Հովհաննես Քաջազնունին։ Բայց մասնավոր գնումը չհաջողվեց, եւ դարձյալ Կովկասի զինվորական վարչությունն էր, որ հրացաններ էր հայթայթում նոր կազմակերպվող խմբերին։ Ձմռանը բյուրոյի զինվորական մարմինն զբաղված էր ավելացման գործով։

Բայց, մինչ նոր զինվորական ուժի միտքն էր սկսում ոգեւորել բյուրոյի ռազմատենչ անդամներին, պատերազմական բախտը ցույց տվեց, թե գիտե եւ դժնդակ խաղեր խաղալ։ Հազիվ էր Նիկոլայ Բ-ն հեռացել Կովկասի սահմաններից, թուրքական բանակը հանկարծական արագ արշավանքով մտավ ռուսաց սահմանը, գրավեց Օլթին, Արդահանը եւ մյուս կողմից դիմեց Սարիղամիշի վրա` ռուսաց գործող բանակի թիկունքն անցնելու համար։ Այս արագ հաջողությունները մեծ տագնապ առաջացրին Թիֆլիսում։ Կովկասի մայրաքաղաքը գրեթե առանց պաշտպանության էր մնացել եւ իրեն վտանգի մեջ զգաց։ Առաջին օրվա ջղայնությունն արագորեն վերածվեց մեծ իրարանցման, հետո նաեւ եկավ խուճապը` անզուսպ եւ հուսահատական։ Փախչե՜լ… այս էր դառնում րոպեի հրամայողական պահանջը։ Փախչել Բաքու, Ռուսաստան։ Ինչե՜ր էին կատարվում Թիֆլիսի փողոցներում, բայց մանավանդ կայարանում. նկարագրել անկարելի է։ Երեւանյան հրապարակում, քաղաքային վարչության առջեւ, սարսափահար ամբոխը ծփում էր ծովի պես։ Եվ ոչ ոք չկար, որ հանգստացնող խոսք ասեր ուշագնաց բազմությանը։ Ամենքը լուռ էին` զինվորական եւ քաղաքացիական վարչությունները։ Եվ ամեն րոպե մեկը մյուսին հակասող, մեկը մյուսից սարսափեցնող լուրեր էին գալիս։ Ասում էին, որ թուրքերն արդեն եկել են Մանգլիս։ Փախչողների մեծագույն մասն, իհարկե, հայերն էին։ Նրանք շատ լավ գիտեին, իհարկե, որ սուլթանի ասկյարներն իրենց չպիտի խնայեն։ Առեւտրական բանկի առջեւ խմբված էր ահագին ամբոխ։ Ամեն մեկն աշխատում էր որքան կարելի է շուտ ստանալ բանկին պահ տված գումարը եւ մի ժամ առաջ տեղ գտնել լեփ-լեցուն գնացքների մեջ կամ նրանց կտուրներին։

Այստեղ էր, որ հանդիպեցինք երկուսս` ես եւ Շիրվանզադեն։ Ստանալիք մենք, իհարկե, չունեինք եւ բոլորովին սառնասիրտ կերպով նայում էինք, թե ինչպես մարդիկ իրար գլուխ են բարձրանում` բանկ մտնելու համար։ Սա այսպես էր, այո՛։ Բայց մենք ծնողական շատ խոշոր վշտով էինք համակված, երկուսս էլ ունեինք չափահաս եւ գեղեցիկ աղջիկներ։ Վճռեցինք, ինչպես էլ լինի, փախցնենք երկուսին, իսկ դրանից հետո ինչ լինելու է` թող լինի։ Այս բանը մեզ հաջողվեց մեր փախչող ծանոթ-բարեկամների միջոցով։ Ազատվեցինք մեծ մտահոգությունից։

Խուճապի ենթարկվեց եւ Բաքու փախավ նաեւ բյուրոյի նախագահ Սամսոն Հարությունյանը։ Այս բանը մեծ աղմուկ բարձրացրեց տեղական մամուլի մեջ, մինչդեռ դեպքը իսկապես արժանի չէր այդքան աղմուկի։ Նա ծածուկ չփախավ։ Առավոտյան եկավ ինձ մոտ, ասաց, որ դրությունը վատ է։ Ամեն ինչ պատրաստված էր, որ Վորոնցով-Դաշկովն էլ վերջին ժամին փախչի։ Կոմսուհին ասել էր, թե իրենց երկյուղը այնքան օսմանցիները չեն, որքան Բորչալուի թուրքերը, որոնք պատրաստված են լավ կողոպտելու Թիֆլիսը։ Այս պալատական լուրերն ավելի եւս սաստկացրել էին Սամսոն Հարությունյանի երկյուղը, որ կարծում էր, թե թուրքերը Թիֆլիս մտնելուց հետո առաջինը հենց իրեն պիտի կախեն, մի բան, որ հեռու չէր հավանականությունից։ Ուստի, նա վճռել էր գնալ Բաքու եւ այնտեղ սպասել, թե ինչ կլինի հետո։ Նա ինձ էլ առաջարկեց փախչել, բայց ես հրաժարվեցի։ Ոչ թե այն պատճառով, որ հերոսական ոգի էի կրում (լա՜վ հերոս է նա, ով գրպանում միայն մի գրչահատ ունի), այլ` որովհետեւ փող չունեի։ Փախչում էին փող ունեցողները։ Եվ եթե իմ մի ծանոթը մերժած չլիներ ինձ 300 ռուբլի պարտք տալը, ես էլ փախածներից մեկը կլինեի։

Այս խուճապի ժամանակ հանգիստ ու անվրդով մնացին վրացիները, եւ մենք ասում էինք նրանց մասին. «Երջանիկ ժողովուրդ, օսմանցու պես արնախում թշնամի չունի»։ Հաստատապես ասում էին, թե վրաց ազնվականները պահանջել էին Վորոնցով-Դաշկովից, որ եթե թուրքերը շրջապատեն Թիֆլիսը, քաղաքը նրանց հանձնվի առանց դիմադրության, որպեսզի չվնասվի պատերազմական գործողություններից։ Այն ժամանակ անհասկանալի եւ տարօրինակ էր թվում այդ պահանջը, որովհետեւ դեռ հրապարակված չէր թուրք-վրացական դաշնագիրը։

Եվ այսպես մենք մնացինք քաղաքում, ինչպես ուխտվածներ։ Գիտեինք, թե ինչ է սպասում մեզ, խեղճ Արդանուճն ու Տանձուտը մի քանի օր առաջ էին կոտորածի ենթարկել։ Եվ մի օր հանդիպելով փողոցում Ավետիք Սահակյանին` ես առաջարկեցի հայերին համախմբել մի տեղ, որպեսզի ամենքս միասին լինենք եւ միասին տանենք կոտորածների սարսափը։ Բայց մեր մռայլ ակնկալությունները, բարեբախտաբար, չարդարացան։ Սարիղամիշի մոտ ռուսները փայլուն հաղթություն տարան։ Սկզբում այդտեղ կարգադրում էր փոխարքայի օգնական Մշլաեւսկին, բայց երբ նա էլ թուրքերի հաջող առաջխաղացման առաջին տպավորության տակ վատաբար փախուստի դիմեց, նրա տեղ կանգնեց գեներալ Յուդենիչը[312], որ զարկեց, ոչնչացրեց թուրքաց ամբողջ բանակը եւ նրա մնացորդները փախցրեց դեպի Էրզրում։ Խուճապի եւ վհատության մատնված Թիֆլիսը դեկտեմբերյան այդ պայծառ օրը տոնական կերպարանք զգեցավ եւ զարդարվեց դրոշակներով։ Վտանգն անցել էր։ Փախստականները վերադարձան։ Բայց Սամսոն Հարությունյանն այլեւս անկարող եղավ բյուրոյի նախագահի պաշտոնը շարունակել եւ հրաժարական տվեց։

Այս բանն, իհարկե, նրա օգտին ծառայեց։ Թեեւ հաղթողը ռուսներն էին, բայց թուրքերի առաջխաղացման հետեւանքով տեղահան էին լինում Բասենի, Ալաշկերտի, մասնավորապես եւ Սալմաստի գավառի հայերը, ասորիները, որոնք մտնում էին ռուսական սահմանները փախստականների սոսկալի դրության մեջ` կորցրած իրենց ամբողջ կարողությունը, քաղցած եւ մերկ։ Սա առաջին անգամն էր, որ համաշխարհային պատերազմը ահագին բեռ էր բարձում Անդրկովկասի հայության վրա, որ պիտի հոգար այդ փախստական բազմության ապրուստը` կազմակերպելով հասարակական օգնություն` այլեւայլ ձեւերի տակ։ Ահա այս ասպարեզում Սամսոն Հարությունյանը լայն հնարավորություն էր ստանում զարգացնելու իր կազմակերպչական ընդունակությունները, որով եւ քավեց իր բյուրոյական մեղքերը` ծառայելով բնաջնջման ենթարկված մեր ժողովրդի ծով կարիքներին։
Այդ կարիքները դեռ նոր-նոր էին երեւան գալիս 1914-1915-ի ձմռանը։ Դանդաղ ու անխնա, որպես ամեն շղթաներից արձակված մի պատուհաս, գարնանանում էր 1915 սեւ տարին։

Դ

Սամսոն Հարությունյանի հրաժարականից հետո Ազգային բյուրոն իսկապես նախագահ չունեցավ։ Մնում էին Մեսրոպ եպիսկոպոսը` իբրեւ պատվավոր նախագահ, եւ երկու փոխնախագահները` Հովսեփ Խունունցն ու Ալեքսանդր Խատիսյանը։ Այս նախագահությունն էլ վարում էր գործերը։ Ներքին ղեկավարությունը եւ դիվանը գտնվում էին Խունունցի ձեռքին, որ մի մաքուր եւ եռանդոտ հասարակական գործիչ էր, բայց խոշոր պատասխանատու դերի համար պետքական չէր։
Փետրվար ամսին Թիֆլիսում հավաքվեց նոր հայկական համագումար` բյուրոյին նոր լիազորություններ տալու համար։ Հավաքվել էր, եթե չեմ սխալվում, մոտ 80 պատգամավոր` զանազան կողմերից։ Եվ ահա մի նոր ու խոշոր գայթակղություն։ Բյուրոն օրինականացման ենթարկված չէր, նրան չէր ճանաչում կառավարությունը։ Բայց ինչպե՞ս էր թույլատրվում, որ մի անլեգալ հիմնարկություն ընդհանուր ժողովներ հրավիրի, վիճաբանությունների առարկա դառնա մամուլի մեջ, հրապարակային նիստեր կազմի առաջնորդարանում, զինվորական եւ քաղաքական հարցեր լուծի։ Այս բոլորը հնարավոր էր դառնում լոկ այն պատճառով, որ կոմս Վորոնցով-Դաշկովն անձնական վստահություն ուներ դեպի Մեսրոպ եպիսկոպոսը, որ եւ նախագահում էր ընդհանուր ժողովին։ Վրաց մամուլը մի քանի անգամ դժգոհություն հայտնեց, որ հայերին թույլ էր տրվում այդպիսի հասարակական ժողովներ, մինչդեռ վրացիները զուրկ են նման իրավունքից, բայց այդ դժգոհությունների վրա ուշադրություն դարձնող չեղավ։ Հայերն ունեն կամավորներ, իսկ վրացինե՞րը։ Հարցը կարճ էր կապվում։
Համագումարն ընդունեց եւ հաստատեց այն ամենն, ինչ արել էր բյուրոն մինչ այդ եւ ինչ անելու էր այնուհետեւ` ըստ նրա մտցրած առաջարկությունների, որոնց հեղինակը, իհարկե, մնում էր միշտ Դաշնակցությունը։ Տիրում էր ազգասիրական ոգեւորությամբ բարձրացած տրամադրություն։ Այդ ժողովն, այո՛, ոչինչ չէր խնայում վաղուց տենչացած ազգային իդեալի իրականացման համար։ Բայց ժողովը միապաղաղ չէր. նա ուներ եւ օպոզիցիա, թեեւ համեստ` բաղկացած 2-3 հոգուց։ Դրանք Բաքվի հայ սոցիալ-դեմոկրատիայի ներկայացուցիչներն էին։ Բաքվի հայ սոցիալ-դեմոկրատիան լրագրերում բողոքներ էր տպել բյուրոյի գործունեության դեմ` համարելով այն անպայման վնասակար հայ ժողովրդի համար. եւ այժմ էլ իր ներկայացուցիչներն էր ուղարկել համագումար` նույն բողոքն ու ընդդիմադրությունն ավելի եւս բարձրահնչյուն դարձնելու համար։ Իմ հիշողության մեջ մնացել է դրանցից մեկը միայն. իմ հայրենակից Նարիման Տեր-Ղազարյանը, որ իր ճառերի մեջ ասում էր, թե այդ բոլորից ոչինչ դուրս չի գա, թե թուրքահայոց հարցը պիտի լուծվի ուրիշ եղանակով եւ այլն։ Նրանք լավ էին ասում` սոցիալ-դեմոկրատները, դա մանավանդ այժմ լավ է երեւում։ Բայց հայ սոցիալ-դեմոկրատները… Նրանք շատ էին ուշացել, շատ էին թույլ, եւ սա մի մեծ պակասություն էր հայ ժողովրդական կյանքի համար։ Մենք մեր հասարակական միտքը զարգացրել էինք չափազանց միակողմանի ուղղությամբ։ Գաղափարների զանազանակերպություններ եթե կային էլ մեր մեջ, ապա ամենքից մեծը, որ խեղդում ու տափակացնում էր մյուսներին, երեսուն տարիներից ի վեր մեր մեջ մտած դժբախտ ֆետիշիզմն էր` մի կողմում ֆիդայի, մյուս կողմում` կապիտալիստական Եվրոպա։ Նրանք գրեթե ուրիշ եւ ոչ մի բան չէին թույլ տալիս մեզ տեսնել մեր եւ համաշխարհային իրականության մեջ։ Եթե մարքսիստական գաղափարախոսությունը մեզանում գեթ կես մասով այնքան զարգացած լիներ, ինչքան էր, օրինակ, Վրաստանում, այն ժամանակ մենք, իհարկե, շատ կլինեինք բուժված մեր անառողջ ֆետիշիզմից։ Բայց ի՜նչ արած… Մեր ճակատագիրն էր այսպես. եւ այդ բողոքող, զգաստացնող ձայները հայկական համագումարի մեջ շատ էին թույլ, անհեղինակավոր…
Իսկ դեպքերը գահավիժորեն գնում էին կործանումից դեպի կործանում։ Հետզհետե բացվում էր, թե ինչ սոսկալի խաբեության զոհ էին դարձել հայերը` հավատալով ցարական կառավարությանը եւ իրենց վիճակը վստահելով նրան։ 1915-ի վաղ գարնանից Թուրքահայաստանում դաշնակցականները սկսում էին գործադրել Վորոնցով-Դաշկովի ծրագրի ամենադժոխային մասը` ապստամբությունները։ Սկիզբը դրվում էր Վանից։ Ապրիլի 14-ին Գեւորգ կաթողիկոսը հեռագրում էր Վորոնցով-Դաշկովին, որ Թավրիզի առաջնորդից տեղեկություն է ստացվել, թե Թուրքիայում ապիլի 10-ից սկսվել է հայերի համատարած ջարդ։ Տաս հազար հայեր զենք են վերցրել եւ մեծ եռանդով կռվում են քրդերի ու թուրքերի դեմ։ Խնդրում էր, որ փոխարքան փութացնե ռուս զորքի արշավանքը դեպի Վան։ Այս հեռագիրը պարզ ցույց է տալիս, որ վաղօրոք եղել է պայմանավորում` ապստամբություն եւ արշավանք Վանի վրա։
Վանի հայությունը գրեթե մի ամիս ապստամբական կռիվներ մղեց թուրք զորքերի դեմ, եւ այդքան ժամանակամիջոցում ռուսական արշավանքը գնաց-հասավ Վան։ Արշավող զորաբանակի առջեւից գնում էր Արարատյան կոչված կամավորական գունդը, որ զինվորական մեծ պատիվներով ճանապարհ էր դրվել խմբապետ Վարդանի[313] գլխավոր հրամանատարությամբ։ Այդ արդեն մի խոշոր զորական կազմակերպություն էր` 2 հազար մարդուց բաղկացած, եթե չեմ սխալվում։ Գունդն իր կազմով եւ հանդերձանքով ահագին տպավորություն էր թողել հայ ազգաբնակչության վրա Երեւանից մինչեւ սահմանագլուխ` ոգեւորություն տարածելով նույնիսկ հասարակ գյուղական շրջաններում։ Ոգեւորությունը համահայկական դարձավ մանավանդ այն ժամանակ, երբ մայիսի 6-ին ռուսաց զորքը Արարատյան գնդի ուղեկցությամբ մտավ Վան։ Այս դեպքի պատճառած հրճվանքը Թիֆլիսում արտահայտվեց մի ցույցով, որ տեղի ունեցավ Վանքի եկեղեցում։ Ռուսների ձեռքով Վանի նահանգապետ էր նշանակվել դաշնակցական խմբապետ Արամը[314], որ վաղուց գործում էր այնտեղ, հերոսի հռչակ էր ստացել եւ կոչվում էր Արամ-փաշա։ Այս հանգամանքն ավելի եւս խանդավառ ոգեւորության աղբյուր դարձավ հայերի համար, իբրեւ առաջին օրինակ 5-6-րդ դարերից ի վեր եւ իբրեւ նմուշ, թե ապագա ինչ կազմակերպություն պիտի ստանա Թուրքահայաստանն ազատարար ցարի ձեռքից։
Սակայն, մինչ կատարվում էին այս հանդեսները` անարյուն հաղթական արշավանքները, ոգեւորությունն ու ցնծությունները, կովկասյան բարձր հրամանատարության շրջանում խմբագրվում եւ օրինականացվում էր մի շատ նշանավոր պատմական վավերագիր, որը մերկացնում էր Հայոց հարցով խաղ բռնած ցարական կառավարության իսկական միտքը։ Ահա այն.

«Իսկականի վրա գրված է` համաձայն եմ`
Կոմս Վորոնցով-Դաշկով
Հրամանատար
Կովկասյան բանակի
5 ապրիլի, 1915թ.
Թիվ 1482
Գործող բանակ։

Ներկայումս Կովկասյան բանակը, տեղական միջոցների սպառման եւ ուրիշ տեղերից բերելու դժվարության պատճառով, ձիերի կերի պակասություն է զգում։ Առանձին դժվարություն այս բանի մեջ ընկնում է այն զորքերի վրա, որոնք գտնվում են Ալաշկերտի հովտում։ Այս զորքերին ձիերի կեր հասցնելը չափազանց թանկ է նստում եւ պահանջում է ունենալ եւ պահել մեծ քանակությամբ փոխադրական միջոցներ։ Մինչդեռ շուտով կգա ժամանակը, երբ Ալաշկերտի հովտի դաշտային մասերը եւ լեռների ստորոտները կծածկվեն խոտով, որը քաղելով կարելի է տեղն ու տեղը ստանալ ձիերի կերի ամենից շատ տեղ բռնող եւ ծանրաքաշ մասը՝ չոր խոտը։ Բոլորովին անհնար է այս նպատակով իրենց գործից կտրել զորքերին, ուստի անհրաժեշտ կհամարեի մասնավոր մարդկանցից կազմակերպել առանձին ընկերակցություններ (արտելներ), որոնց պարտավորությունը կլիներ շահագործել այն հողերը, որ թողել են քրդերն ու թուրքերը, եւ որոշ գնով ձիերի կեր տալ զորքերին։ Հողերը շահագործելու համար հայերն իրենց փախստականներով մտադիր են գրավել քրդերի եւ թուրքերի լքած հողերը։ Այս մտադրությունը ես համարում եմ անընդունելի այն պատճառով, որ հայերի զավթած հողերը պատերազմից հետո դժվար կլինի ետ վերցնել կամ թե ապացուցել, որ զավթածն իրենց չի պատկանում, որի ապացույցն է հայերի զավթումը ռուս-թուրքական պատերազմից հետո։
Չափազանց ցանկալի համարելով բնակեցնել սահմանամերձ վայրերը ռուսական տարրով` ես կարծում եմ, որ կարելի է մտցնել կյանքի մեջ մի ուրիշ միջոց, որ ավելի է համապատասխանում ռուսական շահերին։
Ձերդ պայծառափայլությանը հաճելի եղավ հաստատել իմ զեկուցումն այն մասին, թե անհրաժեշտ է այժմ իսկ դեպի թուրքերի զբաղեցրած սահմանները դուրս քշել Ալաշկերտի, Դիադինի եւ Բայազետի հովիտների այն բոլոր քրդերին, որոնք այս կամ այն կերպ մեզ դիմադրություն են ցույց տվել, իսկ ապագայում, երբ հիշյալ հովիտները կմտնեն Ռուսական կայսրության սահմանների մեջ, բնակեցնել դրանք Կուբանից եւ Դոնից գաղթածներով եւ այս միջոցով կազմել սահմանամերձ կազակություն։ Բայց բնակեցումը կարող է սկսվել միայն պատերազմի ավարտից եւ Ալաշկերտի ու Բայազետի հովիտները մեր հողերին կցելուց եւ գլխավորապես այն բանից հետո, երբ Դոնի ու Կուբանի կազակությունը կուղարկեն իրենց ներկայացուցիչներին եւ ստույգ տեղեկություններ կստանան վերոհիշյալ հողերի օգտավետության եւ հարստությունների մասին։
Ի նկատի առնելով վերոգրյալը, թվում է` անհրաժեշտ է այժմ իսկ կանչել Դոնից եւ Կուբանից բանվորական արտելներ՝ վերոհիշյալ հովիտների խոտը քաղելու եւ հավաքելու համար։ Այս արտելները, դեռ մինչեւ պատերազմի վերջը ծանոթանալով երկրին, կկատարեն գաղթողների ներկայացուցիչների դերը եւ կնախապատրաստեն գաղթականությանը, իսկ մեր զորքերի համար կպատրաստեն ձիերի կեր։
Եթե Ձերդ պայծառափայլությունն ընդունելի կհամարեք իմ ներկայացրած ծրագիրը, ցանկալի կլինի, որ բանվորների արտելները գային իրենց անասուններով եւ ձիերով, որպեսզի նրանց կերակրումը չընկներ առանց այդ էլ ոչ բազմաթիվ փոխադրական խմբերի վրա, իսկ ինքնապաշտպանության համար նրանց զենքեր բաժանվեին։

Իսկականը ստորագրել է հետեւակազորի գեներալ՝ Յուդենիչ։
Զեկուցագիր Նորին պայծառափայլության Կովկասյան բանակի գլխավոր հրամանատարին»։

Պարզ է, անշուշտ, թե ինչ էր կատարում «հայոց թագավորը»։ Մի կողմից նա հայ ժողովրդին նետում էր ապստամբության հրդեհի մեջ` խոստանալով դրա փոխարեն ազատագրել նրա հայրենիքը, իսկ մյուս կողմից` պատրաստում էր այդ հայրենիքը Ռուսաստանին միացնելու եւ կազակներով բնակեցնելու համար։ Սեւհարյուրակային գեներալ Յուդենիչը կարգադրում էր փախստական հայերին հող չտալ Ալաշկերտի շրջանում, սպասում էր Դոնից եւ Կուբանից եկող մեծ գաղթականությանը, որ պիտի բռներ Արեւելյան Եփրատի ավազանը եւ պիտի կոչվեր «Եփրատյան կազակություն»։ Նրանց համար ընդարձակ հողաբաժիններ պատրաստելու համար պետք էր պակասեցնել հայերի թիվն իրենց իսկ հայրենիքում։ Այստեղից մի քայլ էր մնում մինչեւ Լոբանով-Ռոստովսկու կտակը` Հայաստանն առանց հայերի։ Եվ այս բանը դժվար չէր մի Յուդենիչի համար, քանի որ նրա ծրագրերի վրա ինքը` «հայոց թագավորը», ինքը` փոխարքա եւ բանակի գլխավոր հրամանատար Վորոնցով-Դաշկովը գրում էր իր սեփական ձեռքով` «Համաձայն եմ»։ Հայերին այդպես խաբելու եւ ոչնչացնելու ծրագիրն, անշուշտ, Նիկոլայ Բ-ն էր բերել Թիֆլիս, հայ ժողովրդի վաղեմի եւ արյունարբու թշնամին, որ նոր միայն հագել էր գառան մորթի։
Իմ այս ասածները ենթադրություններ չեն։ Հենց նույն այդ ժամանակներից, երբ Յուդենիչի հռչակավոր հղացումն էր թղթի վրա արձանագրվում` 1915թ. ապրիլից, ռուսական բանակի վերաբերմունքն այնքան է վատանում դեպի հայ ժողովուրդը, որ հայ կամավորական շարժման պարագլուխները` Գեւորգ կաթողիկոսը եւ Ազգային բյուրոյի նախագահությունն այլեւս ավելորդ են համարում լռել եւ իրենց գանգատներն են գրավոր ուղարկում «խորապես հարգված կոմս Իլարիոն Իվանովիչին», քանի որ այս հին աղվեսը Նիկոլայի գնալուց հետո փակել էր իր դռներն իր սիրելիների առջեւ` պատրվակ բռնելով իր հիվանդությունը։ Այսպես, հունիսի 4-ին գրած իր նամակում կաթողիկոսը դառնապես գանգատվում էր գեներալ Աբացիեւի[315] վրա, որն ուղղակի հալածում էր Մանազկերտի[316] շրջանի հայերին։ Քաղում եմ այդ նամակից հետեւյալ կտորը.

«Համաձայն այն տեղեկությունների, որ ես ստացել եմ իմ տեղական ներկայացուցիչներից, Թուրքահայաստանի այս շրջանում ոչ միայն հայերին չի ցույց տրվում որեւէ օգնություն կամ պաշտպանություն բռնություններից, այլեւ կատարյալ արհամարհանքի է մատնվում ամեն մի խնդիրք քրիստոնյա ազգաբնակչության պաշտպանության մասին, մի բան, որ առիթ է տալիս քուրդ ցեղերի գլխավորներին եւ չերքեզներին շարունակել անպատիժ հարստահարություններ կատարել անպաշտպան քրիստոնյաների վրա։ Մինչ հայ ազգաբնակչությանն արգելված է մտնել Մանազկերտի բերդային շրջանը, զինված մահմեդականները, չերքեզները, որոնք դեռ երեկ դավադրորեն հարձակվում էին ռուսաց զորքերի վրա, բոլորովին ազատ զբոսնում են` ոտքից գլուխ զինված, եւ անպատիժ կերպով նոր հարձակումներ են գործում հայոց գյուղերի վրա։ Իսկ այն հայերը, որոնք զենքը ձեռքին կռվել են թշնամու դեմ, խուզարկությունների են ենթարկվում եւ զինաթափ են արվում, եւ նրանց բնական ձգտումները` կռվելու ընդհանուր թշնամու դեմ ռուսաց փառավոր ազատարար բանակի շարքերում իբրեւ կամավորներ` հանդիպում են բացարձակ թշնամական վերաբերմունքի, որ արտահայտվում է նրանց ազգային զգացմունքների եւ ինքնասիրության համար վիրավորական ձեւերի մեջ։ Այս բոլորից հետո հասկանալի է այն անհանգստությունն ու երկյուղը, որոնցով բռնված է հիշյալ շրջանի հայ ազգաբնակչությունը»։

Միեւնույն գանգատավոր շեշտով է լցված եւ այն հավաքական նամակը, որ հունիսի 4-ին Վորոնցով-Դաշկովին ուղարկեցին Մեսրոպ եպիսկոպոսը, Ալեքսանդր Խատիսյանը եւ Սամսոն Հարությունյանը` իբրեւ մարդիկ, որոնք, ինչպես ասում էին նրանք, դեռ մինչեւ Թուրքիայի հետ պատերազմ սկսվելը, Նորին պայծառափայլության բարձր վստահությամբ լիազորված են եղել կազմակերպելու հայ կամավորական խմբերը։ Պատահել էր մի այնպիսի բան, որ կարող էր զարմանալի համարվել միայն չափազանց միամիտների համար։ Վանի զորքերի հրամանատար գեներալ Նիկոլաեւից ստացվել էր հեռագիր, թե հայ կամավորները կրակ են բաց անում ռուսական զորքերի դեմ, զբաղվում են կողոպուտով եւ թալանով։ Կովկասյան շտաբի կողմից այս հեռագիրը պաշտոնապես հաղորդվում է Խատիսյանին` հարակցելով, որ այս տեղեկության հետեւանքով փոխարքան հրամայել է դադարեցնել հայ նոր կամավորական խմբերի կազմակերպումը։ Վանից եկած լուրը բոլորովին անհավատալի էր թվում բյուրոյին, քանի որ նույն գեներալ Նիկոլաեւը, գրեթե միաժամանակ, նամակով հայտնում էր նույն Խատիսյանին իր կատարյալ գոհունակությունը հայ կամավորական խմբերի վերաբերմամբ։ Ուստի բյուրոն իր փոխանախագահ Խունունցին եւ անդամներից բանաստեղծ Հովհաննես Թումանյանին ուղարկեց Վան` քննություն կատարելու համար։ Խունունցն ու Թումանյանը Վանից բերեցին հարուստ տեղեկություններ, որոնց մեջ առաջին տեղը բռնում էր այն, որ գեներալ Նիկոլաեւը հայտնել էր, թե ինքն այդպիսի բան չի գրել հայ կամավորների մասին եւ թե իր հեռագիրը փոփոխման է ենթարկվել հավանորեն ճանապարհին, որ նշանակում էր, թե կա՛մ 4-րդ զորաբանակի (գեն. Օգանովսկի), կա՛մ ընդհանուր հրամանատարի (գեն. Յուդենիչ) շտաբում։ Ահա, հիմնված գլխավորապես Նիկոլաեւի հեռագրի կեղծման վրա, բայց զինված եւ ուրիշ շատ փաստերով, որ բերել էին բյուրոյի երկու պատգամավորները, երեք լիազորված անձինք (Մեսրոպ եպիսկոպոս, Խատիսյան եւ Հարությունյան) իրենց միաբան նամակի մեջ նկարագրեցին ստեղծված դրությունն այսպես.

«Բոլոր վերոբերյալից պետք է հետեւեցնել. 1) որ գեներալ Նիկոլաեւն իր մեծավորներին չի ուղարկել հայտարարություններ վերեւ հիշատակված փաստերի մասին, որոնք վերագրվում են հայ կամավորներին, 2) դեպք չի եղել, որ հայ կամավորները հրացան կրակեն ռուսաց զորքերի վրա, ինչպես նաեւ դեպքեր չեն եղել, որ կամավորները ավազակություններ կամ թալաններ կատարեն։ Եվ սակայն այսպիսի անտեղի եւ անարդար մեղադրանքը նախ եւ առաջ ստվեր է գցում հայ կամավորական խմբերի անձնվեր գործունեության վրա. խմբերի, որոնք աչքի ընկնող քաջասրտությամբ կռվում են ռուս քաջարի բանակի առաջապահ շարքերում, երկրորդ՝ ստեղծում է ատելության, անբարյացակամության եւ գրգռման մթնոլորտ զորքերի մեջ` եւ այս ո՛չ միայն հայ խմբերի վերաբերմամբ, բայց նույնպես եւ ամբողջ հայ ժողովրդի վերաբերմամբ, երրորդ՝ հայ հասարակության մեջ այն առաջ է բերում դառնության եւ խորին վիրավորանքի զգացմունք ներկա պատմական րոպեին, երբ բոլոր երկրների ամբողջ հայ ժողովուրդը պատրաստակամությամբ զոհում է ամեն ինչ ռուսաց զորքերի հաջողության համար` տեսնելով այդ հաջողության մեջ թուրքահայերի փրկությունը թուրքական բազմադարյա լծից… Միայն հանգամանորեն քննություն կատարելու եւ ժամանակին համապատասխան միջոցներ ձեռք անելու ճանապարհով է, որ կարելի կլինի դադարեցնել բանակի խորքերում անհասկանալի անբարյացակամության եւ անառիթ թշնամության ազդեցության տակ ծագած ինչ-որ անառողջ հոսանքը, որ թեեւ այժմ, ճիշտ է, սահմանափակ չափերի մեջ է, բայց այնքան գործունյա է այդ զգացմունքների արտահայտման մեջ դեպի հայ կամավորների աշխատանքը, որ բավական է այս կամ այն կամավորի կողմից մի շատ փոքրիկ խանգարում դիսցիպլինայի եւ կարգի, որպեսզի բանակի այդ շրջաններում իսկույն ձայն բարձրացնի անարդար-բացասական եւ բացահայտորեն կրքոտ քննադատություն ոչ միայն մեր կամավորների հասցեին, որոնք քաջարիորեն տանում են հայրենիքի համար մարտնչողների հետ հավասար կերպով ցարական ծառայությունը, բայց եւ ամբողջ հայ ժողովրդի հասցեին, որին նրանք պատկանում են։ Մինչեւ իսկ հայ փախստականները` անինչացած եւ խորապես դժբախտ, որոնք կորցրել են այս պատերազմի մեջ իրենց ամբողջ ստացվածքը եւ մերձավորներին եւ փախչում են վայրենի քրդերի եւ թուրքական ասկյարների հալածանքներից, ամեն տեղ չեն գտնում այնքան բնական պաշտպանություն եւ հովանավորություն։
…Գործի պարզության համար մեզ թույլ ենք տալիս նշել մի քանի դեպքեր, որոնք պայծառորեն պատկերացնում են այն վերաբերմունքը, որ ունեն դեպի հայերը առանձին մասերի գլխավոր հանդիսացող մի քանի օֆիցերներ։ Այսպես՝ 1) չնայած, որ գեներալ Նիկոլաեւը բազմիցս կարգադրություններ է արել, որոնցով արգելվում է որեւիցե պատրվակով զենք խլել հայերից, վերջիններիս զինաթափ անելու դեպքերը նրան ստորադրված պաշտոնյաների կողմից կրկնվում են` առաջացնելով բարձրաձայն տրտունջ եւ անբավականություն հայ ազգաբնակչության մեջ, որ իր կյանքի ներկա երկյուղալից եւ ճգնաժամային միջոցին փրկություն որոնում է զենքի մեջ բացառապես, ինչպես ինքնապաշտպանության գործիքի մեջ։ 2) Քուրդ ավազակային հրոսակախմբերի առաջնորդներից մի քանիսը, որոնք մասնակցել են Վանի շրջանում նորերս տեղի ունեցած հայկական սարսափելի ջարդերի մեջ, այժմ գտնվում են մեր զորաբաժինների մեջ ինչպես պատվավոր ռազմագերիներ։ Այսպիսի քուրդ ավազակներից մեկը` Ալի-բեկը, Կարաքենդ գյուղից, հայտնի կազմակերպողը հայերի արյունոտ կոտորածի Բայազետի շրջանում, իր բոլոր մեղսակիցների հետ գերի է ընկել մեր զորքերի ձեռքը եւ ապրում է ազատ` վայելելով իրեն շրջապատող անձանց ուշադրության բոլոր նշանները։
Պե՞տք է ավելացնել սրան, թե դեպի ոճրագործներն ունեցած այսպիսի վերաբերմունքը կարող է ծառայել իբրեւ խրախուսանք քրդական աշիրեթների համար` շարունակելու համար իրենց գործունեությունը հայերի կյանքի եւ գույքի դեմ։ Այդ բաշիբոզուկների դեմքերը տեսնելը առաջացնում է խոր վրդովմունք եւ հուզմունք տեղական հայերի մեջ, որոնք իշխանությունների այդպիսի զիջող վերաբերմունքի մեջ դեպի այդ տեսակ դեմքերը հեգնանք են տեսնում ծվատված մի ժողովրդի զգացմունքի վրա….
Իսկ սրա հետ մի շարքում ի՜նչ վիրավորական հակասություն է Բերկրի-Կալեում մոտ ժամանակներս տեղի ունեցած 3 հայերի մահապատիժը, որոնք կախվել են այն պատճառով, որ հրացանաձգություն են սկսել քրդերի հետ, որոնք իջնում էին սարերից` տարածության հեռավորության պատճառով չնկատելով, թե նրանց մեջ 5 թե 6 կազակներ էին գտնվում, որոնք ուղեկցում էին քրդերին Բերկրի-Կալե։ Այստեղ ակնհայտ է, տեղի ուներ միայն մի տխուր թյուրիմացնություն, եւ հրացանաձգությունն էլ կազակների համար չունեցավ ոչ մի հետեւանք։ Բայց տեղական զորամասի հրամանատար Հոհենդորֆը (ծագումով գերմանացի) գործին ուրիշ կերպ նայեց, իրենից բարձր իշխանությանը հայտնեց այնպիսի իմաստով, որ հետո հիմնվեց զինվորական-դաշտային դատարան, որ իր հերթին ուշադրություն չդարձրեց այն բանի վրա, որ այդտեղ չէր կարող լինել եւ չկար մահապատժի ենթարկվածների կողմից ո՛չ չար դիտավորություն, ո՛չ, մանավանդ, դիտավորություն հրացան արձակելու ռուս զինվորների վրա, որոնց հետ կողք կողքի տված կռիվ են մղում իրենց ընդհանուր թշնամու դեմ»։

Թունավոր մթնոլորտը, կասկած չկա, ստեղծված-վերջացած էր։ Ցարական զորքերի համար հայը ավտոնոմիստ էր, եւ եթե նրան մորթում էին, այդ բանին կարելի էր միայն հանդիսատես լինել եւ ոչ միայն չվրդովվել, այլեւ բարեկամություն անել կոտորող քրդերի հետ։ Պատմում էին, թե ռուս սպաները հիացած էին քրդերի առատաձեռնության վրա` տեսնելով, թե որքան ոչխար, յուղ ու պանիր էին նրանք բերում իրենց համար։
Այսպես էր իրականությունը, որ անասելի սարսափներ էր պատրաստել հայ ժողովրդի համար։ Նրան խաբում էին, եւ նա խաբվում էր անվերջ։ Ինչո՞ւ զարմանալ մի Վորոնցով-Դաշկովի վրա, երբ Պետերբուրգի կենտրոնական կառավարությունն էր մեծագույն խաբեբան։ Նույն այս 1915-ի սկզբներին էր, որ ռուսաց արտաքին գործերի մինիստրությունը հրատարակեց «Նարնջագույն գրքի» մի հատորը, որի մեջ ամփոփված էին 1912-1914 թվականների բոլոր գրագրությունները Հայոց հարցի վերաբերմամբ։ Այստեղ էր ռեֆորմների ռուսական ծրագիրը։ Այստեղ էր, որ Կ.Պոլսի ռուսական դեսպանը հայտարարում էր իր պաշտոնական գրության մեջ, թե Հայոց հարցը չի լուծվել, բայց դրվել է լուծման ճանապարհի վրա, որով անցել է Բուլղարական հարցը։ Պետական դումայի մեջ մինիստր Սազոնովը մատուցում էր «Նարնջագույն գիրքը», լսում էին եւ այլ ճառեր, կայանում էր որոշում։
Եվ այս բոլորն այն ժամանակ, երբ գեներալ Յուդենիչը կցում էր Ռուսաստանին Ալաշկերտի, Դիադինի եւ Բայազետի հովիտները, բնակեցնում էր այնտեղ Դոնի եւ Կուբանի կազակներին եւ զրկում էր փախստական հայերին այդտեղ հող ստանալու իրավունքից։

Ե

Եվ այսպես, 1915-ի գարնանը եւ ամռանը թուրքահայերի գլխին խտացած էր երկու դժոխային վտանգ. երկուսն էլ հղացում ռուս ցարական կառավարության` ապստամբություն եւ ռուսական բանակի անտարբեր, նույնիսկ թշնամական-յուդենիչական վերաբերմունք։ Երկուսն էլ արյան փոթորիկներ դարձան թուրքահայ ժողովրդին արմատախիլ անելու, բնովին ջնջելու համար։
Թուրք կառավարությունը պատրաստ էր սկսել, բայց նրան հարկավոր էին առիթներ, պատրվակներ։ Եվ այդ առիթները տալիս էին հայերը, ինչպես տվել էին միշտ։ Զուր չէր, որ նրանց մեջ գոյություն ուներ երկու հեղափոխական կուսակցություն` իրար հակառակորդ, իրար դեմ կատաղի թշնամությամբ լցված, բայց գործողությունների եղանակով, աշխարհայացքներով իրար հետ եղբայրացած, իրար խիստ հարազատ։ Եվ ահա դրանք էին դաշնակցականներն ու հնչակյանները, որ ամենայն եռանդով ներկայացնում էին Թուրքահայաստանը ապստամբած դրության մեջ։ Բյուրոյի ժողովներում միայն ես էի, որ ասում էի, թե եթե թուրքահայերն իսկապես ապստամբած են, այն ժամանակ թուրք կառավարությունը, ինչպես եւ յուրաքանչյուր կառավարություն աշխարհի վրա, իրավունք է ստանում զսպելու այդ ապստամբությունն իր իմացած միջոցներով։ Եվ որովհետեւ թուրք կառավարության իմացած միջոցը միայն կոտորածն էր, ուստի, պահանջվում էր ցույց տալ, թե որքա՞ն ճիշտ են լրագրերի մեջ մի-մի անգամ սպրդացող լուրերը հայերի ապստամբության մասին։ Բայց ինձ դաշնակցական անդամները պատասխանում էին, թե լրագրերը ստում են (ստում էր, ուրեմն, եւ նրանց սեփական «Հորիզոնը»), թե ապստամբություն չկա, այլ կա միայն կոտորած։ Ինչո՞ւ էին ծածկում իրողությունը, երեւի լավ էին զգում, թե ինչ սարսափելի գործի են ձեռնարկել Վորոնցով-Դաշկովի չարաղետ ներշնչումներով։ Թուրք կառավարության հրատարակած վավերագրերն են, որ ցույց են տալիս, որ այդ կառավարությունն ի վիճակի էր իր ձեռքում ունեցած հայկական աղբյուրներով միանգամայն ապացուցած լինել հայերի ընդհանուր ապստամբությունը։ Այդ աղբյուրները արտասահմանում հրատարակվող հեղափոխական թերթերն էին, որոնք աշխատում էին իրար գերազանցել հաղորդած լուրերի առատությամբ։ Արդեն ասել եմ` կոնսպիրացիայի ժողովուրդ չենք, կտրի ժողովուրդ ենք, հրապարակ ենք բերում ինչ ունենք, նույնիսկ այն, ինչ չունենք։ Միայն «Հայաստան» թերթը (եթե չեմ սխալվում, հրատարակվում էր Սոֆիայի մեջ) որքա՜ն տեղեկություններ է տվել թուրքաց շտաբի խուզարկու բաժնին։ Ահա նմուշներ.

«Մոկսի մեջ ապստամբությունը մեկ ու կես ամիսե ավելի տեւեց։ Մուշի մեջ ապստամբությունը, Ռուբենի[317] ղեկավարությամբ, պայթեցավ նոր ուժով[318]։ Ապստամբները ելնելով քաղաքեն, ուր Էրզրումեն 8 հազար ասկյար ղրկված էր, անտառապատ լեռներու մեջ մասնակի կռիվ կմղեն»։

«Սասունի մեջ հայ խումբերը քաշված են լեռները եւ ցույց կուտան կորովի դրմադրություն։ Մուշի եւ շրջակայից հայերը ընդհարվեր են քուրդերու հետ։ Վանին մեջ կշարունակվին հայերու ընդհարումները զորքերու հետ։ Նույնը եւ վիլայեթին եւ մանավանդ Շատախին մեջ, ուր հայ խումբերը կշարունակին կռվել զորքերու եւ քուրդերու հետ։ Ապստամբությունեն մտահոգ թուրքերը եւ զորքերը կքալեն Մուշին վրա»։

«Խաչատուր Բոնապարտյան, որ ութ ամիսներ Էրզրումի թուրք բանակին մեջ ծառայած էր իբր բժիշկ, իր ընկերներու հետ ապրիլի կեսերին ձիով փախած է թուրք բանակեն եւ, Ծանծաղ գետն անցնելով, անձանատուր եղած է ռուսներուն։ Էրզրումի օսմանյան բանակին հայ զինվորներն ու զինվորական սպաները իրենց զենքով կանցնեին ռուսական ճակատը, զենքերնին կդարձնեին թուրք բանակի դեմ»…

Բայց մենք ունենք եւ ավելի դրական ու մանրամասն հավաստիացում հայկական ապստամբության մասին։ 1915-ի ամառվա սարսափելի անցքերի տպավորության տակ Ազգային բյուրոյի դաշնակցական անդամներից մեկը մի մանրամասն եւ փաստալից զեկուցում կազմեց` ցույց տալու համար, թե ի՛նչ էին հայերը Ռուսաստանի համար այս պատերազմի ընթացքում եւ թե փոխարենն ի՛նչ ստացան ռուսներից։ Դառնությամբ լցված դաշնակը շատ կծու ճշմարտություններ էր ասում, միանգամայն ուշացած, իհարկե։ Ես կբերեմ մի հատված այդ ռուսերեն գրությունից, բայց նախապես կխնդրեմ ընթերցողին չմոռանալ, որ յուրաքանչյուր դաշնակցական համարում էր Դաշնակցությունը հայ ժողովրդի ամբողջությունը, եւ այդ պատճառով` ինչ որ անում էր Դաշնակցությունը, համարվում էր հայ ժողովրդի արած։ Այսպես պետք է նկատել եւ զուտ դաշնակցական ձեռնարկությունը` 1915-ի խելագար ապստամբությունները… Ահա ինչ էր ասում այդ ընդարձակ զեկուցումը.

«Եվ իրենց անձնվիրությունը Ռուսաստանին հայերը ցուցահանել են ոչ թե բառերով կազմված զեղումների, ոչ թե ճառերի եւ դեկլարացիաների մեջ, այլ վճռական եւ չափազանց պատասխանատու գործողությունների մեջ։ Ռուսաստանում նրանք կազմակերպեցին իրենց պետական կամավորական զորախմբերը, Թուրքիայում բարձրացրին ապստամբության դրոշակը։
Այս երկու գործողություններով նրանք որոշեցին իրենց դրությունը, իրենց վերաբերմունքը դեպի կռվող կողմերը։
Նրանք կանգնեցին մի ճանապարհի վրա, որով այժմ պիտի գնան մինչեւ վերջը, ուր որ էլ տանի նրանց այդ վերջը։ Նրանց համար այլեւս վերադարձ չկա, եթե նույնիսկ նրանք կամենային էլ ետ դառնալ։ Սրա մեջ է նրանց հավատարմության մեծագույն երաշխիքը։ Իրենց ամբողջ ապագան նրանք կապել են անքակտելիորեն ռուսաց զենքի հաջողության հետ. Ռուսաստանի պարտությունը կբերեր իր ետեւից նրանց անխուսափելի կործանումը, որովհետեւ հաղթված կամ ոչ վերջնականապես ջարդված Թուրքիայից նրանք չեն կարող սպասել իրենց համար խնայում։ Թուրքիան բավականաչափ հիմքեր ունի անխնա լինելու. կամավորական խմբերի կազմակերպումը, բոլորովին անկախ նրանց թվից ու պատերազմի մեջ ունեցած դերից, մի բացարձակ մարտահրավեր է, որ հայերը շպրտեցին Թուրքիայի դեմքին, եւ նա այս չի մոռանա, չի ների նրանց այս մարտահրավերը, մանավանդ որ կամավորները երեք քառորդ մասով բաղկացած են հենց իր հպատակներից։
Իրենց մոտ` տանը, հայերը կատարել են ամենածանր հանցանքներից այն կրիտիկական րոպեին, երբ խաղաթղթի վրա է դրված Թուրքիայի գոյությունն անգամ, նրանք դավաճանեցին պետությանը, զենքը ձեռքին ապստամբեցին նրա դեմ եւ բացահայտ կերպով անձնատուր եղան թշնամուն։ Այսպիսի գործողությունները չեն ներվում, եւ նրանց հետեւանքները ահա տեսնում ենք։ Թուրքիայում հայերն այս րոպեին էլ դրված են օրենքից դուրս։ Նրանց կոտորում են հազարներով կամ քշում են հեռավոր անապատները սովից մեռնելու. նրանց գույքերը հափշտակում են կամ ոչնչացնում, տները քանդում են եւ այրում։ Կասկածների ոչ մի տեղ չի մնում, որ Հայաստանը հայերից մաքրելու արյունոտ խնդիրը մի անգամ էլ դրված է հերթի։ Սրա մեջ մեզ համար ոչ մի անսպասելի բան չկա։ Մենք գիտեինք` ինչ բանի էինք գնում, ինչ սարսափելի փորձության ենք ենթարկում մեզ։ Բայց մենք գնում էինք, որովհետեւ հասկանում էինք, թե միմիայն մեծ զոհերի միջոցով կարող ենք լուծել մեր ազգային խնդիրը Թուրքիայում։ Մի տարի սրանից առաջ, թուրքահայերը կարող էին ազատորեն ընտրություն անել Ռուսաստանի եւ Թուրքիայի վերաբերմամբ. Թուրքիայի, որ փորձում էր գայթակղեցնել նրանց ամենագրավիչ հեռանկարներով։ Հայերն իհարկե գիտեին, թե ինչ գին ունեին այդ խոստումները։ Բայց նրանք շատ լավ գիտեին եւ այն, որ մի պարզ օրինապահությամբ կարող էին փրկել իրենց կյանքը եւ գույքը ժողովուրդների առաջիկա վիթխարի ընդհարման միջոցին։ Եվ, այնուամենայնիվ, վտանգելով ամեն ինչ, վճռականապես երես դարձրին Թուրքիայից։ Նրանք հավատում էին անկեղծորեն եւ խորապես Ռուսաստանի պատմական առաքելությանը Մերձավոր արեւելքում, հավատում էին, թե իրենց անձնվիրությունը գնահատված կլինի, որ իրենց արյունով ողողված հայկական հողը կվերածնվի նոր կյանքի համար։ Կարելի է, որ սրա մեջ արտահայտվում էր նրանց քաղաքական կարճատեսությունը, ռոմանտիկական ոգեւորությունը, պատմական կոնյուկտուրայի (դասավորումների) անհասկանալը, բայց ընտրությունը կատարված է, եւ վերադարձ չկա։ Այսուհետեւ հայերին այլեւս անկարելի է ապրել ո՛չ Թուրքիայում, ո՛չ էլ Թուրքիայի հետ. նրանց մնում է կա՛մ բաժանվել եւ կա՛մ ոչնչանալ»։

Եվ նրանք ոչնչացան։ Որովհետեւ հավատացել էին։ Հավատացել էին անվերապահորեն, երեխայի պես, ինչպես միշտ տասնյակ տարիների ընթացքում։ Անտանտը, քանի կարելի էր եւ պետք էր խաբել հայերին, համարում էր նրանց իր դաշնակիցը։ Այսպես էին անվանում նրանց անգլիական, ֆրանսիական եւ ռուսական լրագրերը։ Այս բանին, դժբախտաբար, հավատացին հայերը։ Բայց ի՜նչ անամոթ խաբեբայություն… Պատերազմի ընթացքում նրանք իրար հետեւից, հերթով ծախեցին իրենց այդ «դաշնակցին»։ Առաջին հերթում Նիկոլայի Ռուսաստանն էր։
Իմ գործը չէ այստեղ թեկուզ ամենահամառոտ կերպով ներկայացնել թուրքերի ձեռքով 1915-ին կատարված հայկական ջարդերն ու բռնի տեղահանությունները, որոնց զոհերի թիվը եվրոպական աղբյուրները հասցնում են, միջին թվով, մի միլիոնի։ Այս տեսակ մի ոճիր դեռ չէր կատարվել մարդ կոչված գազանի ձեռքով։ Միանգամից, մի քանի ամսվա ընթացքում, անհետացավ մի ամբողջ ժողովուրդ, որ տասնյակ դարերով ապրում էր իր հողի վրա։ Արյունով գրված հատորների մեջ կարող է ամփոփվել այս ոճիրը։ Շատ հատորներ գրվել են եվրոպացի «հայասերների» ձեռքով, շատերն էլ պիտի գրվեն։ Թողնենք այս։ Նորից գանք այս մեծ դժբախտության աղբյուրին` ցարիզմի կողմից ներշնչված ապստամբությանը։
Հավատա՞նք արդյոք դաշնակցական զեկուցման այն բոլոր հավաստիացումներին, որոնք բերված են վերեւում։ Պետք է հավատալ, բայց այն պայմանով, որ այդ բոլորը համարվի զուտ դաշնակցական գաղափարախոսություն, առանց այն փոխադրելու հայ ժողովրդի վրա։ Ամեն մի ժողովուրդ ունի ապրելու ուժեղ եւ առողջ բնազդ. ֆիդայական արկածախնդրությունը ժողովրդական բնազդ չէ։ Մասսան, հոծ բազմությունը կշռել, չափել գիտե։ Եթե մի Վան ապստամբում էր` հույսը դրած իր հայերի մեծ թվի վրա եւ մանավանդ այն բանի վրա, որ ռուսաց բանակը մոտ է եւ գալու է իրեն օգնության, ինչի՞ վրա կարող էին հույս դնել մի Ուրֆա, մի Շապին-Գարահիսար, երբ այդ տեղերում հայությունը չնչին փոքրամասնություն էր կազմում թուրքաց ազգաբնակչության մեջ։ Ամեն առողջ դատողություն ասում է, թե այդ տեղերում ապստամբություն չպիտի լիներ։ Բայց եթե եղավ, պատճառը որոնեցեք ոչ թե խեղճ ու կրակ աշխատավոր ժողովրդի, այլ այդ տեղերում բույն դրած հեղափոխական կազմակերպությունների մեջ։ 1915-ին ֆիդայական մտայնության գերագույն տիրապետություն էր[319]։
Դիմենք այժմ ռուսական ծրագրի երկրորդ կողմին` ռուսական բանակին։ Ո՞վ կարող էր հնար եղածին չափ ազատել հայերին թուրքական կոտորածներից։ Ոչ ոք, բացի ռուսական զորքերից։ Բայց մենք տեսանք, որ նա լոկ հանդիսատեսի դեր էր ստանձնել եւ կոտորածներ կատարող քուրդ բեյերը ռուս հրամանատարների պատվավոր հյուրերն էին։ Այսպիսի բան չէր կարող լինել փոքրիշատե քաղաքակրթված մի երկրի զորքի մեջ, եթե այդտեղ վաղօրոք կատարված չլիներ պատշաճավոր ագիտացիա հայերի դեմ։ Չմոռանանք, որ այդ զորքի հրամանատարը Յուդենիչն էր, իսկ Յուդենիչի ամբողջ էությունը պարզված է նրա թղթի մեջ, որ ես բերեցի վերեւում։
Ես նոր բերեցի նաեւ դաշնակցական զեկուցման այն կտորը, որի մեջ բացատրված է, թե ինչեր տվին հայերը ռուսներին։ Այժմ տեսնենք` ինչպես է ներկայացնում նույն վավերագիրն այն վերաբերմունքը, որ այդ բոլորի փոխարեն տեսնում էին հայերը ռուս զորքի կողմից։ Հուլիսի կեսին ռուսական զորքերը հաղթականորեն առաջ էին տանում իրենց արշավանքը դեպի Բիթլիս եւ Մուշ։ Թուրք զորքերը, նահանջելով ռուսաց բանակի առաջ, իրենց ամբողջ կատաղությունը թոթափում էին հայ ազգաբնակչության վրա։ Սկսվեց Մուշի եւ նրա դաշտի հայերի սոսկալի կոտորածը. 90 հայ գյուղեր` 100 հազար ազգաբնակչությամբ ոչնչացվեցին։ Ռուսական զորքերն այդ ժամանակ հասել էին Նեմրութ[320] սարին եւ նրանց մնում էր երկու ասպարեզ անցնել, Մուշ հասնելու համար։ Այսպիսով նրանք փրկած կլինեին մի քանի տասնյակ հազար հայերի կյանք։ Բայց այդ առաջ շարժումը չարին, եւ Մուշի հռչակավոր դաշտը, այն, որ իր կատարած խոշոր կուլտուրական դերով դեռ հին ժամանակներին ստացել էր «Հայոց տուն» անունը, բոլորովին մաքրվեց հայերից[321]։
Բայց այս անտարբերությունը դեռ կարելի էր բացատրել զանազան ռազմական նկատառումներով։ Գրեթե միաժամանակ սկսվեց մի անհասկանալի խուճապային նահանջ Վանից եւ Մանազկերտից մինչեւ ռուսական սահմանները։ Այդ շարժումն այդպես էլ մնաց առեղծվածային. ոչ ոք չէր տեսնում իրական, ճշմարիտ ու լուրջ հիմքեր, եւ այդ պատճառով ամենքի համար այդ շարժումը շատ կասկածելի էր, ինչ-որ հետին մտքով կատարված։ Նահանջը հանկարծական էր. Վանում այն հայտարարվեց հուլիսի 16-ին, ընդամենը մի քանի ժամ ժամանակ էր մնում, որ ժողովուրդն իր գլխի ճարը տեսներ։ Եվ այն իր անակնկալության, իր շտապողականության պատճառով դարձավ կործանում հայ ժողովրդի այն մասի համար, որ ռուսների գրաված տեղերում ազատ էր մնացել կոտորածներից։ Ամեն մի թշվառական, որ շարժվելու ընդունակություն ուներ, ոտքի կանգնեց եւ սկսեց փախչել նահանջող զորքի հետեւից, մերկ ու բոբիկ, քաղցած ու սարսափով լցված։ Ոչ մի ուշադրություն զորահրամանատարների կողմից դեպի այդ ուժասպառ բազմությունը, որ գնում էր իր տանջանքի ճանապարհը` աջ ու ձախ դիակներ փռելով։ Նրան օգնող չկար, նրան նույնիսկ չէին թողնում զորքից առաջ ընկնել… Եվ ակամա հիշողության մեջ զարթնում էր մի ռուս ավելի փոքրաթիվ բանակ 1877թ. ամռանն Ալաշկերտի հովտում, որ նահանջում էր գրեթե երեք կողմից արդեն շրջապատված թշնամիներով, բայց տանում էր իր հետ հինգ հազար տուն հայ փախստականներ եւ նրա ծերունի հրամանատարները` Տեր-Ղուկասովը, չէր շարժվում տեղից, մինչեւ որ առաջ չէր ուղարկում փախստականի վերջին սայլը։ Այժմ Յուդենիչի դարն էր։ Եվ փախստական ժողովրդից միայն մոտ 100 հազար հոգի մտավ Իգդիր։ Այստեղ` Արարատյան երկրում տիֆը, թանչը, սովը եւ հարյուրավոր այլ թշնամիներ սկսեցին հնձել փախստական շարքերը։ Մեռնում էր թուրքահայ ժողովուրդը։
Երկու շաբաթ հազիվ անցած այդ նահանջից` ռուսական զորքերը նորից սկսեցին առաջ շարժվել դեպի Վան եւ Մանազկերտ` համարյա ոչ մի դիմադրության չհանդիպելով։ Էլ ինչի՞ համար էր այս հետ ու առաջ քայլելը։ Նահանջի ժամանակ լուրեր էին տարածել, թե թուրքական թարմ դիվիզիաներ են գալիս դեպի Վանա լճի հյուսիսային ափը` ռուսական բանակի նահանջի ճանապարհը կտրելու համար։ Բայց այդ առասպելական դիվիզիաները չերեւացին եւ ոչ մի տեղ։ Եվ համատարած կարծիք էր ստեղծվում հայերի մեջ, թե այս ամբողջ նահանջը դիտավորյալ էր, առանց ստիպողական պատճառի, հայերին այդ օրը գցելու համար։

«Մեր իմացականության մեջ,- ասում էր հիշատակած զեկուցումը,- չի տեղավորվում այդքան վայրենի մի միտք։ Բայց նրա տեղ մեզանում ավելի եւ ավելի ամուր բնավորվում է մի ուրիշ միտք. այն, որ մեր մասին չեն մտածում բոլորովին, որ մեր վիճակը բանի տեղ չեն դնում, որ պաղարյունությունն ու անտարբերությունը մեզ զոհ են բերում ամեն տեսակ` իրական թե կարծեցյալ, մեծ թե փոքր ռազմագիտական նկատառման, որ Ռուսաստանի համար մենք դատարկ տեղ ենք։
Հասել է ժամանակը, երբ մենք պիտի խոսենք բարձր եւ բաց։ Մեր շուրջը կազմում եւ խտանում է կասկածի եւ հուզմունքի մթնոլորտը։ Մենք այլեւս չենք կարող մնալ մթության մեջ, ապրել ենթադրություններով եւ կռահումներով, անցնել հույսերից երկյուղների եւ էլի ետ ու ետ։ Մեզ հարկավոր է ունենալ ճշմարտություն։ Մենք` մասսաների ղեկավարներս, որ ժողովուրդը ոտքի կանգնեցնելու, նրան կազմակերպելու եւ որոշ ուղղությամբ տանելու նախաձեռնությունն ենք վերցրել, մենք այս րոպեին կանգնած ենք ահեղ հարցի առջեւ՝ ճի՞շտ ենք մենք վարվել, չե՞նք կատարել արդյոք մի մեծ ոճիր` գրավելով մեզ իր վստահությունը տված ժողովուրդը դեպի մի ճանապարհ, որով գուցե հարկավոր չէր գնալ»։

Այս հարցերի պատասխանը շատ պարզ էր եւ այն րոպեին, երբ նրանք գրվում էին։ Ուշ էր արդեն խելքի գալը։ Մեծ ոճիրը կատարված էր։ Թուրքահայությունը չկար այլեւս, չկար նաեւ Հայոց հարց։ Ռուսներն այժմ էլ քրդերին էին առաջ քաշում*։


-------------------------------------------------
* Այս գլուխները կրճատումներով տպագրվել են
«ՆՈՐ ԷՋ» թերթում


Զ

Երբեք չպիտի մոռանամ այն մղձավանջային, տոթակեզ ամառը։ Հայությունը խեղդվում էր արյան ծովի մեջ եւ միայն մի հատ հիմնարկություն ուներ, որին կարող էր դիմել` Ազգային բյուրոն` Թիֆլիսի Լերմոնտովյան փողոցում, անճար մի թշվառական։ Առաջին անգամ Կ.Պոլսից էր, որ այնտեղ ինչ-որ հրաշքով ազատ մնացած դաշնակցականները Սոֆիայի վրայով հեռագրական լուրեր ուղարկեցին թուրքահայերի ընդհանուր կոտորածների եւ տեղահանությունների մասին։ Ի՞նչ անել։ Սարսափելին այն վայրկյանն էր, երբ ծնվում էր այս հարցը։ Նոր էր զգացվում, թե ի՛նչ խելացնորություն էր, ի՛նչ հանդուգն եւ զզվելի արկածախնդրություն այսպիսի մի կենտրոն հիմնելը` առանց մտածելու այն ահավոր պատասխանատվության մասին, որ մի օր պիտի կանգներ նրա առջեւ։

Ի՞նչ անել… Հին մի ճանապարհ կար` անհույս, բայց հեշտ` դեպի Էջմիածին։ Բյուրոն վերցրեց եւ Սոֆիայի ու այլ տեղերի հեռագրերն ուղարկեց Ամենայն հայոց կաթողիկոսին` ավելացնելով իր կողմից ճար ու հնար կանչող ճիչեր. ու իր անելիքը «լմնցած» համարելով` շարունակեց իր նիստերը` իր մանր-մունր հոգսերը կարգավորելու համար։ Չէ՞ որ դեռ մնում էին կամավորական խմբերը, խմբապետները, դաշնակցական զինվորական շտաբը, որոնք գործում էին եւ նրանց համար փող էր հարկավոր։

Կաթողիկոսը հեռագրեր ուղարկեց Անտանտի կառավարություններին, չեզոք պետություններին (օր. Իտալիային, որ այն ժամանակ դեռ պատերազմի մեջ չէր մտել)։ Նա էլ այս կերպ «լմնցրեց» իր անելիքը։ Պակաս միամիտ չէր բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, որ իբրեւ հայ գրողների ընկերության նախագահ` երկարապատում հեռագրեր ուղարկեց Եվրոպայի եւ Ամերիկայի բոլոր ակադեմիաներին, համալսարաններին, գրական եւ գիտական հաստատություններին` խնդրելով նրանց ազդու բողոքը եւ միջամտությունը, որպեսզի դադարեցվի հայ ժողովրդի բնաջնջումը։ Ոչինչ, սակայն, չօգնեց, եւ երիտթուրքերի կառավարությունը, հենված վիլհելմյան Գերմանիայի վրա, անարգել տարավ իր արյունոտ գործը մինչեւ վախճան։ Հայերին մնում էր միայն մի մխիթարություն` թղթի մի կտոր։

Անտանտի երեք կառավարությունները (Ռուսաստան, Անգլիա եւ Ֆրանսիա) մի հավաքական հայտագիր հրապարակեցին, թե պատերազմից հետո թուրք կառավարության անդամները անձնապես պատասխանատու կլինեն հայկական կոտորածների համար։ Այն ժամանակվա ֆրանսիական արտաքին գործերի մինիստրը Արիստիդ Բրիանն էր։ Այս Արիստիդ Բրիանը, երբեմնի սոցիալիստ, բայց հետո իր հոգին բուրժուազիային ծախած, նամակ գրեց Գեւորգ կաթողիկոսին եւ, կրկնելով միեւնույնը, այսինքն թե` կոտորածների հեղինակ կառավարությունը պատժված կլինի, ավելացրեց եւ հավաստիացում, թե հայերն, այնուամենայնիվ, կստանան իրենց ըղձացած ազատությունը։ Նկատեցե՛ք այս անունը` Արիստիդ Բրիան։ Շատ չի քաշի, եւ մենք նրան կտեսնենք մեծաշուք սրիկայի կերպարանքի մեջ, առաջինը` իբրեւ հայ ժողովրդի վերջին մնացորդները վաճառող եւ աշխարհի երեսին ցաք ու ցրիվ անող։

Որքան ամառը սաստկանում էր, այնքան Ազգային բյուրոն դատարկվում էր։ Աղա-անդամները շտապեցին իրենց պարարտության համար հովասուն վայրեր վարձել ու հեռանալ քաղաքից։ Մի ժամանակ կար, որ բյուրոյի մեջ մնացել էինք երեք հոգի. եւ Հովսեփ Խունունցն աննկուն եւ ճշտապահ զինվոր էր պահակատեղում, որ բացում էր «նիստերը», զեկուցումներ անում։ Իսկ այդ միջոցին Վանի եւ Մանազկերտի նահանջներին զոհված ժողովուրդն էր ծով սարսափներով լցնում Հայաստանի սիրտը։ Թիֆլիսը հեռու էր այդտեղից, բայց մենք այնուամենայնիվ զգում էինք մեծ դիակի վերջին շունչը, եւ հսկայական մահը մեզ էլ առնում էր իր ցուրտ գրկի մեջ։ Մեռնող մի ժողովուրդ` տարածված Արարատյան բոցակեզ հողերի ամբողջ տարածության վրա, իսկ այստեղ 3-4 հոգի հավաքվում է լռիկ ու մռայլ սենյակում, բազմաթիվ դատարկ աթոռների մեջ զեկուցումներ լսում։ Անե՞ծք չէր այս…. Ցերեկները փողոցներում եւ շուկաներում ինտելիգենտ կանայք տնից տուն, խանութից խանութ էին վազում, հաց էին հավաքում, որ ուղարկեն մեռնող այն բազմությանը։ Օրական Էջմիածնում, Երեւանում 700-1000 հոգի էր մեռնում։ Հովհաննես Թումանյանն այդ դժոխքի մեջ էր, գործում էր, բարեբախտաբար չէր գժվում։ Իսկ իր Կիսլովոդսկներում, Կոջորներում, Աբասթումաններում հանգստացող հայ բուրժուազիան սովորականի պես էր` խուլ, անզգա, եւ եթե բաց էլ էր անում իր քսակը, այն էլ` հարյուր ու մի երդում-հավատներով, թե չունի, չկա…

Մռայլ, մենավոր, մոռացված էր Օսմանյան կայսրության դեմ պատերազմող բյուրոյի սենյակը։ Երեկո է։ Պատի ճակատին կպցրած էլեկտրական լամպը դժգույն լուսավորություն է տարածում, եւ սենյակը կիսով չափ ընկղմված է կիսաստվերների մեջ։ Շոգ է, թիֆլիսյան շոգ, բայց մեր մարմիններով սարսուռ է վազվզում դես ու դեն։ Մեր, այսինքն, երեքիս մարմիններով։ Մեր առջեւ նստած է մի օտարական, որ եկել է Սասունից, ասել է թե` կտրել-անցել է սարսափների դժոխք երկիրը` շտապելով օր առաջ հասնել, զեկուցում բերել բյուրոյին։ Եվ զեկուցում է խեղդված գերեզմանային ձայնով, իբրեւ սառը, քարացած կենդանի վկա։ Պատմում է նա Մուշի դաշտի կոտորածի մանրամասնությունները։ Պատկերներ են նկարվում։ Գերմարդկային են այդ սոսկումները։ Եթե մարդկային լինեին, մարդու ջղերը կտանեին դրանք։ Բայց չեն տանում, հետեւապես, մարդկային բնությունը վրդովվում է դրանց դեմ, չի ընդունում, որ դրանք կարող են մարդկային հնարավորությունների մեջ լինել։ Ահա մութն իջնում է Մեղրագետի ձորի վրա։ Քարերի տակ, ամբողջ օրը ջրի մեջ մինչեւ կոկորդը թաղված մարդիկ ահագին զգուշություններով, աշխատելով շշուկ ու շրշյուն չհանել, դուրս են սողում։ Ստամոքսն է պահանջում, եւ նրանք գնում են առ եղերյաց[322] ամայացած գյուղերը` շան նման մի կտոր ուտելիք գտնելու եւ ապրելու… Ահ, այդ կերպ ապրելու համար…

Պատմողն ինքն էլ սասունցի է, վարժապետ եւ դաշնակցական։ Անվերջ է նրա խոսքը, միշտ արյուն, միշտ թշվառություն, միշտ արտասուք։ Եվ նրա խուլ ձայնը երբեմն հառաչանքի թնդյուն է հանում դատարկ սենյակում։ Կորել է 100 հազար հոգուց բաղկացած մի ամբողջ ժողովուրդ։ Եվ արժա՞ն չէր միթե, որ այդ անհայտացման աղեկտուր պատմությունը լսեին երեքից ավելի մարդիկ։ Բայց ո՜ւր են։ Ո՞ր զով բարձունքների, վայելքի ո՞ր խոր գոգերից հանեինք, բերեինք նրանց, նստեցնեինք իրենց աթոռների վրա, որպեսզի այդ դատարկ աթոռները չլինեին սասունցի վարժապետին շրջապատողները։ Հանկարծ նա ընդհատում է իր սեւ ու մութ պատմությունը։ Հայտարարություն ունի անելու։
- Մենք այնտեղ շատ դժգոհ ենք այստեղի մեր ընկերներից։ Սկզբից մենք դեմ էինք կամավորական շարժմանը եւ պահանջում էինք, որ այդպիսի շաժում չլինի, եւ մեզ` թուրքահայերիս, հանգիստ թողնեն…

Բայց խե՜ղճ մարդ… Այդ լալահառաչ գանգատն էլ միայն բյուրոյի պատերը լսեցին։ Եվ ոչ ոք չկար այն «ընկերներից», որ լսեր եւ արդարացներ իր ոճրապարտ գլուխը…
Ի՜նչ թշվառություն էր այս։ Կորչել այսքա՜ն հեշտ, խաղի նման, ոչ մարդկորեն…
Վանի նահանջի սարսափների թարմ ազդեցության տակ Ազգային բյուրոն ուժեղացած կազմով նիստ հրավիրեց։ Եկան մոտիկ ամառանոցներից, եկան ներկայացուցիչներ Բաքվից եւ այլ տեղերից։ Նիստը կայացավ առաջնորդարանում։ Մեսրոպ եպիսկոպոսը այլայլված, գզգզված դուրս եկավ ժողովին նախագահելու։ Առաջին խոսքերը, որ դուրս եկան նրա բերանից, այս էին. «Երեխաներ էինք, մեզ խաբեցին»… Այս հակիրճ ձեւակերպումով իր կատարյալ պարտությունն էր խոստովանում հայ անպետք հոգեւորական դիվանագիտությունը[323], սկսած Ներսես Մեծից եւ Սահակ Պարթեւից։

Սրանով ամեն ինչ ասված էր։ Բայց ինչի՞ցն էր, որ ես բավական չհամարեցի այդ խոստովանությունը եւ պատասխանեցի. «Բայց որքա՜ն լավ կլիներ, եթե ամեն մեկս մեր մասնավոր գործերի մեջ լինեինք խաբվածներ եւ ոչ թե ամբողջ ժողովրդին վերաբերող գործերի մեջ»։ Այս հողի վրա ընդհարում տեղի ունեցավ մեր միջեւ, եւ ես հեռացա ժողովից։ Հետո, երբ անցան օրեր, ես կշռադատեցի եղածը եւ գտա, որ իմ մեջ խոսել են չափազանց գրգռված ջղերս, այն տրամադրությունը, որ ինձ հարկադրում էր օպոզիցիայի դիրք բռնել բյուրոյի մեջ։ Մեր գլխին եկած դժբախտությունը չափազանց ծանր էր եւ շշմեցուցիչ, որպեսզի կարելի լիներ հավասարակշռություն պահպանել եւ չհիշել բոլոր անթույլատրելի սխալները։ Թե չէ` ես բոլորովին չէի ուզում հետին թվով խելոքացածի հովեր ցույց տալ։ Մանավանդ որ, դրանից ի՞նչ օգուտ եւ դրանով ի՞նչ կարելի էր ջնջել եղածից…

Ի՞նչ պիտի որոշեր բյուրոյի թեկուզ հինգ անգամ ուժեղացված կազմը։ Որոշվեց դիմել, նորից դիմել, նորից այդ կոմսին` մեզ խաբողին, որ ամառվա վերջն անց էր կացնում Բորժոմի պալատում։ Այս անգամ նրա ունկնդրության միջոցին այլեւս խոսք չկար Հայոց հարցի մասին։ Օրվա մեծ պահանջը թուրքահայ փախստականներին պատսպարելն ու պահպանելն էր. մի պահանջ, որ մասնավոր բարեգործությամբ լցուցանել չէր կարելի եւ որ պետական խոշոր օժանդակություններով կարող էր վերացվել։ Կոմս Վորոնցով-Դաշկովն այստեղ իսկը որ ոգեւորության հասավ։ Նրա միջնորդությամբ պետական գանձարանը մի քանի տասնյակ միլիոնների հատկացում արավ հօգուտ հայ փախստականների։ Այս, իհարկե, մի մեծ բան չէր, նկատի առնելով այն անհուն զոհերը, որ տվել էին թուրքահայերը ռուսների խաբեբայության ներշնչումներով։ Միջոցների առատությունը հնարավորություն տվեց մի շարք հիմնարկություններ ստեղծել փախստականների խնամատարության համար եւ այդպիսով հազարավոր թշվառների ազատել մահվան ճիրաններից։ Այդ հիմնարկությունների մեջ առանձնապես մեծացավ եւ լայնատարած գործունեություն ծավալեց կենտրոնական խնամատար կոմիտեն` Սամսոն Հարությունյանի գլխավորությամբ։

Բնության մեջ հանդիպում են սքանչելի զուգադիպություններ, որոնք մարդկության համար ստանում են մի ինչ-որ վերին անճառելի արդարադատության նշանակություն։ Մինչ ցարական բանակը Թուրքահայաստանում մեծարում էր հայերին կոտորող քրդերին եւ անտարբերությամբ էր նայում հայ ժողովրդի անասելի տանջանքներին, նույն այդ 1915-ի ամռանը նույն ցարականությունը խոշոր պարտություններ կրեց գերմանացիներից եւ կորցրեց ամբողջ Լեհաստանը եւ նրանից հյուսիս գտնվող երկրները։ Պարտված երկրում բարձրացավ անբավականություն, եւ Նիկոլայ Բ-ն իր գլխին կախված տեսավ հեղափոխությունը։ Ուստի վերջին հուսահատական քայլն արեց. իր ձեռքն առավ բոլոր զորքերի բարձրագույն հրամանատարությունը, իսկ Նիկոլայ Նիկոլաեւիչին, հանելով այդ պաշտոնից, ուղարկեց Կովկաս, փոխարքայի պաշտոնով։ Կոմս Վորոնցով-Դաշկովը գնաց մեռնելու իր անթիվ կալվածքներից մեկում։

Նոր թագավորություն էր, նոր կարգեր։ Թիֆլիսի պալատի դռները նորից ամուր փակվեցին հայ ֆավորիտների առջեւ։ Սկսվեց նորից բացարձակ, աղվեսայնությունից հնար եղածին չափ մաքրված քաղաքականություն։ Այդ Գոլիցինի կատաղի հայատյացությունը չէր, բայց հայասիրություն էլ չէր… Կամավորական խմբերի գոյությունն ավելորդ նկատվեց, եւ նրանց լիկվիդացիայի հարցը դրվեց հենց սկզբից։ Բյուրոն մնաց այդ լիկվիդացիան հետզհետե իրագործելու համար։ Հայոց հարց չէր մնում Նիկոլայ Նիկոլաեւիչի համար։ Այնպես որ, երբ 1916-ի սկզբին ռուսները վերցրին Էրզրումը, առաջին կարգադրությունը, որ եղավ այդ առիթով, այն էր, որ հայերն իրավունք չունեն Էրզրում մտնելու։ Միաժամանակ եռանդուն գործունեություն սկսվեց Թուրքահայաստանը ռուսներով գաղութավորելու համար։

Մեզ արդեն հայտնի է գեներալ Յուդենիչի ծրագիրը։ Դրա հետ միասին քննվում էր եւ կազակների փոխարեն ռուսական ներքին նահանգներից հանված ազգաբնակչությամբ գաղութավորելու ծրագիրը։ Մինչ այս, մինչ այն՝ նոր փոխարքան հրամայեց հայտնել այն փախստականներին, որոնք վերադարձել էին Ալաշկերտի, Դիադինի եւ Բայազետի հովիտները եւ մշակում էին հողերը, թե նրանք կարող են այժմ միայն վարձով վերցնել այդ հողերը, իսկ ռուսական իշխանության հաստատումից հետո պիտի դուրս քշվեն այդ տեղերից։ Յուդենիչը կարգադրեց, որ հիշյալ երեք հովիտներում հողերը տրվեն բացառապես ռուսներին եւ կազակներին։ Ավելացնենք, որ Հայաստանը ռուսներով բնակեցնելու ծրագրեր իրագործողները միայն հիշատակված երեք հովիտներով չէին բավարարվում, այլեւ վերցնում էին իր բերրիությամբ հռչակված Մուշի դաշտը։

Վերջապես, ի լրումն ամենայնի, 1916-ի գարնանը, Անտանտի պետությունների միջեւ մի նոր համաձայնություն կայացավ Թուրքիան բաժան-բաժան անելու մասին։ Այդ համաձայնությամբ Ռուսաստանը ստանում էր ամբողջ Թուրքահայաստանը, իսկ Ֆրանսիան` Կիլիկիան։ Կատարվում էր այն, ինչ նախատեսված էր վաղուց, ինչ պետք է լիներ անխուսափելիորեն, ոչ թե քմահաճույքով, ոչ թե որեւէ մեկին օգնելու, բարերարություն անելու համար, այլ ուժերի իրական փոխհարաբերությունների երկաթյա օրենքով։ Միակ տարրը, որ ընդունակություն չունեցավ հասկանալ այս օրենքը, այս կոպիտ, ամենակալ անխուսափելիությունը` հայերն էին։ Էլ ինչի՞ համար էին նրանք պատերազմի եւ ապստամբության մեջ խոթվում։ Էլ ինչի՞ համար կոտորվեց հայ ժողովուրդը։

Դժբախտ ժողովուրդ, որի առաջնորդները կույր էին, որ մի հիմար պաշտամունք էին դարձրել փորը, կուրծքն ու մեջքը փամփուշտների շարաններով ծածկած եւ մաուզերը բռնած կռվողներին, որոնց թիվը հատերով էր, տասնյակներով կամ շատ-շատ` հարյուրներով։ Հայ դոնքիշոտները կարծում էին այդ ուժով աշխարհ նվաճել, բայց նվաճեցին միայն դժբախտություն եւ վերջնական կործանում։ Թուրքերը հայերին կոտորում էին՝ նրանցից ազատվելու համար։ Բանից դուրս էր գալիս, որ եվրոպացիներին էլ շատ հարկավոր էր հայերի կոտորածը, այլապես ինչպե՞ս կարող էր ցարական Ռուսաստանը գաղութավորել հայկական նահանգները, իսկ հանրապետական Ֆրանսիան՝ Կիլիկիան։ Բայց նույն այդ Եվրոպան էր, չէ՞, մեր ամենամոլի, եռանդուն, ուշաթափության հասնող պաշտամունքը…
Թշվառ, թշվառ ժողովուրդ…

Է

Բանը սակայն դեռ չէր վերջացել։
Ռուսաստանը խաբեց։ Այժմ սկսում էր խաբել Ֆրանսիան։ Իսկ Ֆրանսիայի ձեռքով խաբվելն անհունորեն հեշտ էր. ինչպես ասում են` մի բաժակ ջուր խմելուց էլ հեշտ։ Ֆրանսիան համարվում էր հայության ամենամոտիկ բարեկամը, նրա սրտակիցը։ Համբավն այսպես էր, դժբախտաբար, թեեւ 1895-1896 սոսկալի թվականներին անվանի Գաբրիել Հանոտո-փաշան, այժմ անդամ ֆրանսիական ակադեմիայի, ցույց էր տվել, որ Ֆրանսիան ոչ մի դիտավորություն չունի ուրիշ կերպ լինելու, քան` ինչ պահանջում են իր բանկիրների եւ ռենտիեների շահերը։ Ու թեեւ նույն Հանոտո-փաշան հլու եւ ստրկամիտ գործակիցն էր Լոբանով-Ռոստովսկու, բայց եւ այնպես, շատ շուտ մոռացվեց այս տգեղ հանգամանքը, թեեւ նա ամենահարազատ, անպաճույճ իրականությունն էր ցոլացնում իր մեջ։ Եթե, ասում էին, այդպիսին է կառավարող Ֆրանսիան, ապա մյուս Ֆրանսիան` մտքի, ստեղծագործության, գիտությունների Ֆրանսիան, այդպիսին չէ. նա հայերի հետ է, սիրում է հայերին, պաշտպանում է նրանց։ Խոր հավատ կար, որ այս մի Ֆրանսիան` հայասերը, չափազանց հեղինակավոր է, չափազանց ուժեղ, մյուս Ֆրանսիայի` դիվանագետների Ֆրանսիայի վրա ազդելու եւ ի նպաստ հայերի գործել տալու համար։

Այս հավատը շատ մեծ էր, դժբախտաբար։
Արտաքին փաստերը մի այսպիսի հավատ պահպանելու համար շատ էին, դժբախտաբար։
Թողնենք հին ժամանակները, վերցնենք հենց 1915 զարհուրելի թվականը։ Հայ ժողովրդի կրած անասելի, աննկարագրելի տանջանքները, կոտորածները, տեղահանություններն ամենից շատ աղմուկ բարձրացրին Ֆրանսիայում, ապա նաեւ Անգլիայում։ Թողնենք ամենօրյա մամուլը։ Անգլիայի հայասերները հրատարակեցին մի խոշոր հատոր «Կապույտ գրքի», որ ծայրեծայր լիքն էր խժդժությունների, արյունահեղությունների, սարսափների նկարագրություններով։ Ֆրանսիայի հայասերներն իսկույն թարգմանեցին այդ խոշոր հատորը։ Եվ քանի՜ ուրիշ հատորներ։ Ես, թեեւ կտրված հաղորդակցություններից, թեեւ միշտ կարոտ եւ անապահով, կարողացել եմ այդ հրատարակություններից այնքան հավաքել, որ այսօր ունեմ մի փոքրիկ գրադարան 1915-ի կոտորածներին նվիրված։

Այստեղ են մտնում եւ Մանդելշտամը, ե՛ւ Ռընե Պինոնը, ե՛ւ դոկտոր Լեփսիուսը, ե՛ւ Դյումբերգը[324], ե՛ւ Շտյուրմերը, ե՛ւ Մորգենթաուն, ե՛ւ Հանրի Բարբյուսը, ե՛ւ ուրիշ շատ շատերը։ Ահա գիտնական դը Մորգանը գրում է հայոց ազգի պատմությունը, իսկ մի ուրիշ մեծանուն գիտնական` Գյուստավ Շլյումբերժեն, առաջաբան է գրում այդ պատմության համար։ Մի հատոր գրում է հայագետ Ֆրեդերիկ Մակլերը։ Եվ ուրիշ քանիսնե՞րը։ Որքա՜ն հուզիչ-սիրուն է ֆրանսիական ակադեմիայի անդամ Ժան Էկյուրի քերթվածը. «Tout un peuple martyr – l’Armenie glorieuse, l’Armenie immortelle» («Մի ամբողջ ժողովուրդ մարտիրոս – Հայաստան փառավոր, Հայաստան անմահ»), որի մեջ ֆրանսիական նուրբ ոտանավորը հավաքել է այնքան շատ գույներ, վիշտ, անձնազոհություն` մարտիրոսական տոկունություն եւ նրբություն արտահայտելու համար։

Եվ մի՛ կարծեք, թե ցույցը միայն գրքերով ու բրոշյուրներով էր կատարվում։ Ցույցերը հասարակական կերպարանք էլ էին ընդունում. եւ այս` ոչ միայն Փարիզում, այլեւ Լոնդոնում, Ամերիկայում։ Հայ ժողովուրդը մեծարվում էր ամենալայն չափերով։ Թվում էր, թե վերադարձել են կրոնական դարերը, եւ նահատակ ժողովուրդը դարձել է քաղաքակիրթ շատ ազգերի պաշտամունք։ Այսպես թվում էր, դժբախտաբար։
Այս րոպեին էլ, երբ գրում եմ այս տողերը, ձեռքիս տակ է մի ֆրանսերեն հրատարակություն, որի մեջ մանրամասն նկարագրված է այն հանդեսը, որ ի պատիվ Հայաստանի տեղի ունեցավ 1916թ. ապրիլի 9-ին, Փարիզի Սորբոնի մեծ դահլիճում։ Իմ ընթերցողներից ես շատ կխնդրեի թույլ տալ ինձ` մի քանի մանրամասնություններ բերել այդ նկարագրությունից։

Հանդեսը կազմակերպել էր ֆրանսիացի կանանցից բաղկացած մի հատուկ կոմիտե, որի մեջ մտել էին բուրժուական Փարիզի աչքի ընկնող ներկայացուցիչների կանայք։ 3000-ից ավելի «ընտիր» կոչված հասարակություն էր հավաքվել։ Ներկա էին քաղաքական գործիչներ, մտավորականության, գրականության, արվեստների ականավոր մշակները։ Հանրապետության նախագահ Պուանկարեն իր ներկայացուցիչն էր ուղարկել։ Ներկայացուցիչներ ունեին եւ համաձայնության պետությունների դեսպանները, ինչպես նաեւ մանր, չեզոք պետությունների դեսպանները։ Կարելի է ասել, թե պաշտոնական Փարիզը ներկայացված էր այս հայկական հանդեսում մեծագույն մասով։ Նախագահում էր Պոլ Դեշանելը` ֆրանսիական պատգամավորների պալատի նախագահը։ Ճառախոսների մեջ էր լուսավորության մինիստր Պենլեւեն։ Հանդեսը բացվում է նախագահ Պոլ Դեշանելի ճառով։

Արդեն պաշտոնական Ֆրանսիայի այս կարկառուն եւ չափազանց կարեւոր դեմքն առաջներում էլ շատ անգամ ճառեր էր արտասանել Հայոց հարցի մասին. այս անգամ էլ մեծարանքներ մատուցեց հայկական աննախընթաց մարտիրոսությանը, հանդիմանության եւ մեղադրանքի խոսքեր շպրտեց Գերմանիայի հասցեին` նրան համարելով հայկական ջարդերի առաջին պատճառներից մեկը։ Բայց ահա Ֆրանսիան գալիս է հաղթելու եւ բոլոր ճնշված ազգերին ազատություն տալու։ Ամենուրեք գերի ազգությունները սպասում են դաշնակիցների (Անտանտի) հաղթանակից իրենց փրկությունը` հայերը, սիրիացիները եւ լիբանանցիները, սերբերը եւ հարավսլավները, չեխերը, Տրանսիլվանիայի ռումինացիները, Տրիենտի եւ Տրիեստի իտալացիները, լեհերը, բելգիացիները, էլզաս-լոտարինգիացիները։ Իր ճառը Պոլ Դեշանելը վերջացնում է այսպիսի մի դիմումով Հայաստանին. «Արշալույսի բոցերը լուսավորում էին Հայաստանը, երբ մենք դեռ գիշերվա մեջ էինք. այսօր Ֆրանսիայի ճառագայթն է, որ գնում է նրա տխրությունը ջերմացնելու։ Մեր հին Սորբոնից` սուրբ սարից` գրականության եւ գիտությունների ակրոպոլիսից, ուսկից ֆրանսիական միտքը հինգ դարից ի վեր աշխարհի մեջ լույս է թափում, Ֆրանսիան, մի ախոյան, որ վառել է իր բոլոր որդիներին, սիրո մի աղաղակով է պատասխանում քո հեծեծանքներին, ո՛վ փառավոր Հայաստան, դու, որ մինչեւ իսկ գերության ստվերի մեջ պահպանում էիր գրականության, արվեստի, խղճի ազատության գաղտնիքը»։

Հանդեսի գրական-երաժշտական մասը բաղկացած էր բացառապես հայ բանաստեղծության, երգի կտորներից, որոնք բազմաթիվ էին եւ որոնց արտասանողներն ու երգողներն էին Փարիզի օպերայի եւ այլ թատրոնների երգիչներն ու երգչուհիները, դերասաններն ու դերասանուհիները։ Ահա հնչում է հայկական հիմնը, եւ այդ ամբողջ մեծ եւ պսպղուն հավաքույթը մի մարդու պես ոտքի է ելնում։ Ամբիոնի վրա է Անատոլ Ֆրանսը` Ֆրանսիայի գրական փառքն ու պարծանքը։ Իր ճառը նա վերջացնում է այսպիսի խոսքերով.
«Հայաստանը փչում է իր հոգին։ Բայց նա կվերածնվի։
Այն քիչ արյունը, որ մնում է նրան, մի ազնիվ արյուն է, որից դուրս կգա մի հերոսական ապագա։ Մի ազգ, որ չի ուզում մեռնել, չի՛ մեռնի։ Մեր բանակների հաղթությունից հետո, բանակներ, որոնց առաջնորդում են արդարությունը եւ ազատությունը, դաշնակիցները մեծ պարտականություններ կունենան կատարելու։ Եվ այդ պարտականություններից ամենասուրբը կլինի մարտիրոս ազգերին կյանք վերադարձնելը` Բելգիային, Սերբիային։ Այն ժամանակ նրանք կապահովեն Հայաստանի հանգստությունը եւ անկախությունը։ Խոնարհվելով նրա վրա` նրանք կասեն. «Քույրս, վե՛ր կաց, մի՛ տանջվիր։ Դու այսօրվանից ազատ ես ապրելու` քո հանճարի եւ քո հավատի համաձայն»»։

Չհավատայի՞նք։ Բայց ինչպե՞ս չհավատայինք։ Այն ժամանակ էլ ինչի՞ն կարելի էր հավատալ։ Եվ հավատացինք մենք։ Ամբողջ սրտով ու հոգով հավատացինք, մեր բոլոր հրճվանքով ու հիացքով։ Եվ սակայն չպիտի՛ հավատայինք, ապագան այդ ցույց տվեց։ Ապագան ցույց տվեց, որ այս բոլորի մեջ չկար եւ մի նշանախեց ճշմարտություն, անկեղծություն։ Հայ արյան գետերը, մինչեւ աստղերը բարձրացած հայ տառապանքի հեծեծանքները շահագործվում էին` Գերմանիայի դեմ կռվելու համար։ Քանի դեռ կանգուն էր ուժեղ եւ հաղթական Գերմանիան, հայկական սարսափները նրա հակառակորդներին հարկավոր էին` նրան վարկաբեկելու, նրան բարոյապես ստորացնելու, նրան բարբարոսության կողմնակից եւ հովանավոր ցույց տալու, իսկ իրենց` նահատակ ազգերի պաշտպան եւ ազատարար հայտարարելու համար։ Բայց հենց որ Գերմանիան ջարդվեց եւ այլեւս ոչ ոքի երկյուղ ներշնչել չէր կարող, իսկույն մոռացվեցին հայն էլ, իր տառապանքն ու արյունն էլ։ Բայց այս դեռ փառք կլիներ։ Ո՛չ մի երկիր, ո՛չ մի ազգություն երբեք հայությանն այնքան կատաղի, այնքան արյունարբու եւ ստո՜ր, մինչեւ զզվելիություն ստոր թշնամի չեղավ, ինչպես Ֆրանսիան։ Այս հաստատեց եւ պատմության մեջ հրաշեկ տառերով խարանեց ապագան, երբ Անատոլ Ֆրանսների եւ հարյուր ու մի հռչակված «հայասերների» Ֆրանսիան անասելի ստորություն ունեցավ ծախել հայ ժողովրդի վերջին ողորմելի պատառիկները իր կապիտալիստական բորենիներին հարկավոր մի քանի կոնցեսիաներով[325]…

Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, նույն 1916-ին էլի տեղի ունեցան համակրանքի ցույցեր հայերի վերաբերմամբ։ Եվ ֆրանսիական կառավարությունը շտապում էր հնչուն արժեքի վերածել այն հռետորական զեղումները, որոնք լսվել էին Փարիզի մեջ` ի պատիվ հայերի։ Ձրի համակրանք չկա։ լսեցի՞ր, հիացա՞ր, շնորհ արա՛ վճարել։ 1916թ. դեկտեմբերի 14-ի նամակով Պողոս Նուբարը, որ շարունակում էր համարվել «ազգային պատվիրակության գլուխ», հետեւյալն էր գրում Պետական դումայի անդամ Պապաջանյանին.

«Շտապում եմ հայտնել Ձեզ, որ ֆրանսիական կառավարությունը, ի նկատի առնելով մոտ կամ հեռավոր ապագայում հնարավոր գործողությունը ասիական Թուրքիայում, որոշել է «Արեւելյան լեգեոն» անվան տակ կազմակերպել հայ եւ սիրիացի կամավորների մի գունդ։
Մենք, բնականաբար առանց տատանվելու, պատասխանեցինք մեզ ուղղված կոչին եւ որոշեցինք տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով խրախուսել Եգիպտոսի, դաշնակից երկրների եւ Ամերիկայի մեր հայրենակիցներին, որ նրանք որքան կարելի է մեծ թվով զինվորագրվեն նոր լեգեոնի մեջ, իհարկե, առանց մոռացության տալու զգուշությունից բխող բոլոր միջոցները եւ բոլոր նախազգուշությունները, որ գոյություն ունեցող պայմանները թելադրում են մեզ։ Հիրավի, մենք չպետք է մոռանանք, որ Թուրքիայի ամբողջ հայ ազգաբնակչությունը, իբրեւ իսկական պատանդ, դեռեւս գտնվում է թուրքերի ձեռքին, եւ որ նա միշտ ենթակա է ամենակատաղի վրիժառության նրանց կողմից։ Ֆրանսիական կառավարությունը, ինչպես եւ մենք, հավասարապես գիտակցում է վտանգը, որին ենթակա է այս դժբախտ ազգաբնակչությունը, գիտակցում է եւ անհրաժեշտությունը, որ հայերը գործեն ամենամեծ զգուշությամբ` առանց ակներեւ կերպով մասնակցելու մեր[326] զինվորագրություններին։

Նմանապես նպատակահարմար կլինի, եթե Եգիպտոսի, Ֆրանսիայի եւ Ամերիկայի հայ գաղութները, որոնց աջակցությունը խիստ անհրաժեշտ է զինվորագրությունը խրախուսելու համար, մնան մի կողմ եւ սահմանափակեն իրենց դերը՝ ծառայելու պատրաստակամություն հայտնածներին խրախուսելով եւ ուղարկելով ֆրանսիական զինվորական իշխանության մոտ, որը եւ կկատարի զինվորագրության գործը։ Այստեղ իմ կողմից ավելորդ կլինի մի առ մի թվել թե՛ տեղումս եւ թե՛ Եգիպտոսում ու Ամերիկայում կատարվելիք զինվորագրության վերաբերմամբ ֆրանսիական կառավարության հետ մշակվելիք նախազգուշությունների մանրամասնությունները։

Մյուս կողմից` տեղեկանալով, որ կովկասյան արշավանքներին մասնակցած Թուրքիայի կամավորական գնդերը նորերս լուծված են, մենք ֆրանսիական կառավարության հետ քննության ենք առել այն թուրքական հպատակներին օգտագործելու հնարավորությունը, որոնք այսօր ազատ են կացուցված, նպատակ ունենալով նրանց բերել տալ Ֆրանսիա` զինվորագրելու Արեւելյան լեգեոնի մեջ[327]։ Մենք կոչ ենք արել Կովկասի մեր բարեկամներին, որ նրանք բարեհաճեն մեզ ցույց տալ իրենց աջակցությունը եւ համաձայնեն Ֆրանսիա ժամանելու համար բոլոր դյուրությունները տալու նրանց, ովքեր տրամադիր են ծառայության մեջ մտնելու։ Բնականաբար, այս կարող է տեղի ունենալ միայն կայսերական կառավարության հովանավորությամբ եւ, ես չեմ կասկածում, որ Դուք կստանաք այդ հավանությունը, ստեղծելով Արեւելյան լեգեոն` դաշնակիցների ընդհանուր շահերի համար։

Կարիք չկա Ձեզ ասելու, որ այս բոլորը խիստ գաղտնի է եւ որ անհրաժեշտ է խուսափել ամեն մի շաղակրատությունից մամուլի մեջ։ Հուսով եմ, ուրեմն, որ Դուք եւ Թիֆլիսի բյուրոն միջոցներ ձեռք կառնեք, որպեսզի այս զինվորագրության մասին ոչ մի ակնարկ չլինի ռուսահայ թերթերում։ Այդ մենք արել ենք Եգիպտոսում, որի հայ մամուլի վրա մենք կարող ենք վստահ լինել այդ առիթով մանավանդ այժմ, երբ մեր բոլոր կուսակցությունների միջեւ տիրում է կատարյալ համերաշխություն։ Բացի այդ, ես ստացել եմ կառավարությունից համաձայնություն, որ գրաքննությունը թույլ չտա ոչինչ զետեղելու կամավորների մասին ոչ միայն հայկական, այլեւ մյուս լեզուներով հրատարակվող թերթերում։ Մենք հապճեպ պատվիրակներ ենք ուղարկում Ամերիկա, որպեսզի նույն նշանաբանը տրվի հայկական մամուլին։

Որ մենք` հայերս, շահագրգռված ենք ամենամեծ պատրաստակամությամբ պատասխանելու մեզ արած կոչին, այդ դուրս է կասկածից, որովհետեւ վերջնական հաղթանակի պահին, որի վրա մենք միշտ հույս ենք դնում, դաշնակից պետություններից է կախված լինելու Հայաստանի ճակատագիրը։ Ինչ վերաբերում է ինձ, ես այդ կոչին պատասխանում եմ մեծ հոժարակամությամբ, որովհետեւ ես հանրապետության[328] կառավարությունից ստացել եմ պաշտոնական հավաստումներ, թե հաղթանակից հետո մեր ազգային ձգտումները կստանան լիակատար բավարարություն[329]։

Ասիական Թուրքիայի նկատմամբ դաշնակիցների միջեւ կա մի համաձայնություն,- դուք անշուշտ գիտեք այդ մասին,- որը կարգավորում է դաշնակից պետություններից յուրաքանչյուրին բաժին ընկնող հողամասերի խնդիրը։ Թեեւ մեզ հայտնի չեն այս համաձայնության բոլոր պայմանները, բայց մենք գիտենք, որ վեց վիլայեթները եւ Կիլիկիան չեն կազմելու մի ամբողջական հողամաս, եւ որ նրանց մի մասը տրվելու է Ռուսաստանին, իսկ մյուսը, որ սահմանափակվելու է Կիլիկիայով, տրվելու է Ֆրանսիային։ Հետեւապես միայն այս մասի նկատմամբ են ինձ տրված հավաստիացումները, որոնց մասին ես քիչ առաջ խոսեցի, եւ մենք կարող ենք հուսալ, որ Ֆրանսիայի հովանավորության տակ տրված տեղական լայն ինքնավարության շնորհումով այնտեղ կիրագործվեն մեր բաղձանքները։ Որոշված է, որ Ֆրանսիան, մնալով հավատարիմ ազատության սկզբունքներին եւ մեծահոգի ավանդույթներին, ճնշված հայերին ազատելուց հետո հնարավորություն կտա նրանց վերականգնելու իրենց ազգային դեմքը եւ գրավելու այն դիրքը, որ պատկանում է նրանց քաղաքակիրթ աշխարհում` շնորհիվ իրենց անցյալի եւ ունակությունների։

Ես համոզված եմ, որ այս գոտեպնդիչ հեռանկարը կխրախուսի Ձեզ, ինչպես եւ մեր կովկասցի բոլոր հայրենակիցներին, եւ դուք ձեր սրտին մոտ կընդունեք մեզ աջակցելու գործը, որպեսզի Ֆրանսիային տրվեն որքան կարելի է մեծ թվով մարտիկներ այն ձեռնարկության համար, որ նա սկսել է հանուն մեր հայրենիքի ազատության[330]։
Այնուամենայնիվ, հարկավոր կլինի հանձնարարել այս խնդրով զբաղվող մերայիններին, որ նրանք հոգ տանեն նախազգուշացնելու զինվորագրության ներկայացողներին, թե ֆրանսիական կառավարությունն առաջարկում է բոլոր զինվորագրվածներին, իբրեւ առաջին պայման, առանց բացառության, պարտավորվել ենթարկվելու ֆրանսիական բանակի կարգապահությանը եւ սկզբում ծառայելու իբրեւ սոսկ զինվորներ»։

Այստեղ այլեւս ճառեր, ճարտասանական բացականչություններ, բանաստեղծություններ չէին։ Այստեղ արդեն պաշտոնական բանակցություններ էին, ինչպես 1914-ի ամռանը Թիֆլիսում, կառավարական հավաստիացումներ։ Բայց արժե՞քը։
1917-ի սկզբներին Պողոս Նուբարի այդ նամակը Ազգային բյուրոյի քննության էր բերված մի բազմամարդ ժողովում։ Եվ ես գոհությամբ հիշում եմ, որ նա գրեթե միաձայն մերժվեց։ Ապուշներից ապուշը կլինեինք մենք, եթե մի անգամ սոսկալի կերպով խաբվելուց հետո նորից հավատայինք այդպիսի խոստումների։

Բայց Պողոս Նուբարը հաջողեցրեց Արեւմուտքում մի նոր կամավորական շարժում Արեւելյան լեգեոնի համար։ Արդեն շատ հայ կամավորներ կային ֆրանսիական բանակում։ Բայց Արեւելյան լեգեոնին վիճակվում էր շատ աչքի ընկնող դեր Պաղեստինի ճակատում, գեներալ Ալեմբիի հրամանատարության տակ։ Նա կռվում էր քաջարի կերպով, եւ նրա դերը խոշոր էր մանավանդ այն ճակատամարտերի մեջ, ուր թուրքական բանակը վերջնական պարտության մատնվեց։
Այնուամենայնիվ, ֆրանսիական կառավարությունը խաբեց Պողոս Նուբարին ավելի խայտառակ կերպով, քան մեզ խաբել էր Նիկոլայ Բ-ի կառավարությունը…