17.6.11

N 12 (2009)

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ՄԵՐ ՀՈՂԵՐՆ ԱՄՐԱԳՐՎԱԾ ԵՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ
ԿԱՄ՝ ՄԵՐ ՄԵՋ ԱՍԱԾ...


Վերջերս, երբ ՀՀ իշխանությունները սկսել են ավելի հաճախակի խոսել ազատագրված հողերի վերադարձման մասին, Արցախում բոլորս միաձայն ասում ենք՝ այդ հողերն ամրագրված են ԼՂՀ Սահմանադրությամբ: Անշուշտ, դա լավ է, որ Ղարաբաղում ազգովի փորձում ենք տեր կանգնել մեր պատմական հողերին, մեր ճակատագրին, ու վկայակոչում ենք հանրաքվեով ընդունված մեր հիմնական օրենքը՝ ԼՂՀ Սահմանադրությունը:

Երանի թե ամեն ինչ այնպես լիներ, ինչպես մենք ենք ցանկանում ու պատկերացնում: Ի վերջո, մի օր մեր ընդդիմախոսները բացելու են մեր վկայակոչածն ու կարդան «ազատագրված մեր հողերն ամրագրող» այդ հոդվածը: Այն է՝ «Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորության ներքո»: (Հոդված 142):

Ահա մեր վկայակոչածը: Իհարկե, սա չեղածից լավ է: Լավ է, որ վերջում հիշել ու գրել են դա: Բայց ա՞յս է մեր «տղամարդու պատասխանը»: Չգիտես՝ լաս, թե խնդաս: Գերզգուշավորությամբ գրված բառեր, որ նույնիսկ ամոթ է մարդամեջ հանելը: Կարծես այն գրել է ոչ թե պատերազմում հաղթած, այլ պարտված կողմը: Ի՞նչ ասել է՝ «Մինչև ԼՂՀ պետական տարածքի ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը»: Այսինքն՝ ժամանակավո՞ր, մինչև «ճշգրտե՞ն» մեր սահմանները: Մինչևիսկ վախեցել ենք օգտագործել «պետական» անվանումը: Գրել ենք՝ «հանրային իշխանությունն իրականացվում է...»:

Ի դեպ, 2-րդ աշխարհամարտում պարտված Գերմանիան 1949 թ. ընդունած իր Սահմանադրության նախաբանում նշել է. «Գիտակցելով մեր պատասխանատվությունը Աստծո և մարդկության առջև, ոգևորված իրավահավասար անդամի ձգտմամբ դեպի միացյալ Եվրոպա, ծառայելով համընդհանուր խաղաղությանը, գերմանական ժողովուրդը, ելնելով իր սահմանադրական իշխանությունից, ընդունում է այս Հիմնական օրենքը...»: Այնուհետև թվարկել պատմական Գերմանիայի բոլոր տարածքների անունները, որտեղ ապրող գերմանացիները պիտի հաստատվեն ազատ ու միասնական Գերմանիայում: Եվ այդ Սահմանադրությունն առայսօր չի փոփոխվել:

Պատգամավորներից մեկն ասում է, որ առաջարկել էր գրել՝ «ԼՂՀ տարածքը միասնական է և անբաժանելի», բայց չի ընդունվել: Գոնե թվարկեին մեր ունեցած շրջանները, հավելելով՝ «ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող պատմական հողերով կամ տարածքներով» և այլն: Կարելի էր իրավաբանորեն հիմնավորված ավելի կոնկրետ ձևակերպումներ ընդունել, բայց այսօր ունենք այն, ինչ ունենք...

Ի դեպ, որպեսզի խոսքերս այլ կերպ չընկալվեն, ասեմ, որ երևի թե առաջինը, որ վկայակոչել է ԼՂՀ Սահմանադրությունը, ես եմ եղել, և այն «մայնդորֆյան հռչակագրի» ստորագրումից 3 օր հետո՝ 2008-ի նոյեմբերի 5-ին տպագրվել է Regnum-ում (www.regnum.ru/news/1079188.html), ապա արտատպվել տասնյակ ռուսական և հայկական լրատվամիջոցներում: Ազատագրված հողերի մասին խոսելիս վաղը դարձյալ վկայակոչելու ենք մեր Հիմնական օրենքը: Այլ ելք չունենք, ալեկոծ ծովի վրա օրորվող այս «տաշեղն» ենք թողել մեզ՝ կառչելու համար, որպեսզի մեր որոշ պաշտոնասեր անձինք իրենց լավ զգան երևաններում:
Ահա թե ինչու փաստել ու կրկին փաստում ենք, որ հայ իշխանավորները տեր չկանգնեցին հազարավոր հայորդիների արյան ու կյանքի գնով ձեռք բերված Հաղթանակին: Փոխարենը՝ տեր կանգնեցին միայն երկրի նյութական հարստությանը:

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



ԼՈՒՐԵՐ

ՍԱ ՄԵՐ ԵՐԿԻՐՆ Է


Վերջերս ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է արգենտինահայ երաժիշտ Գագիկ Գասպարյանին և Հայ բարեգործական ընդհանուր միության տեղական բաժանմունքի պատասխանատուներից՝ տնտեսագիտության դոկտոր Ռուբեն Արթուրո Կեդիկյանին:
Պարզվում է՝ Գագիկ Գասպարյանի նախաձեռնությամբ ու օժանդակությամբ Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսի տեսարժան վայրերից մեկում տեղադրվել է հուշակոթող՝ Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին: «Հուշարձանի կառուցման մտահղացումը, առհասարակ հայ մարդու և անձամբ իմ որդիական պարտքն ու հարգանքի տուրքն է Արցախյան ազատամարտին կամավորագրված հորս և նրա զոհված բոլոր զինակիցների անվանն ու անմար հիշատակին»,- հանդիպման ժամանակ նշել է Գագիկ Գասպարյանը:

Ազատամարտի զոհերի հիշատակին հուշարձաններ կան Արցախի գրեթե բոլոր մեծ ու փոքր բնակավայրերում: Ցավն այն է, սակայն, որ առայսօր Արցախի մայրաքաղաքում այդպես էլ չի կառուցվել նման մի հուշակոթող՝ հայ քաջորդիների հիշատակին: Այն Ստեփանակերտում, որի հազարավոր զավակներ կյանքի ու արյան գնով պաշտպանել են հայկական անկրկնելի այս լեռնաշխարհի պատիվը, ազատություն բերել Արցախին:
Տասնամյակ առաջ Ստեփանակերտի կենտրոնում մի հուշաքարի վրա գրել են. «Այստեղ կկառուցվի հուշակոթող՝ Արցախյան պատերազմի նահատակների հիշատակին», որն հետո անհետացրել են, երևի կարծելով, որ դրա բացակայությունը մարդկանց մոռացնել կտա պրոբլեմի գոյության մասին...

Երկտասնամյակ շարունակ ԼՂՀ ղեկավարները, շարքային քաղաքացիներն ու հյուրերը պարբերաբար ծաղկեպսակ ու ծաղիկներ են դնում Հուշահամալիրում «Բելառուսի» անիվ հիշեցնող կլոր մի անհեթեթության վրա, որն իբր թե ծաղկեպսակ է (տես՝ վերևի լուսանկարը): Մի՞թե այս 20 տարում հնարավոր չէր դրա տեղը գեղեցիկ մի հուշակոթող կանգնեցնել՝ Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին: Մինչև ե՞րբ պիտի ծաղիկներ դնենք անշնորհք «պակրիշկայի» վրա: Ամոթ է, պարոնայք: Ի վերջո, սա որբի գլուխ չէ, ՄԵՐ ԵՐԿԻՐՆ է, որի ազատության համար իրենց կյանքն են տվել հազարավոր մեր հայրենակիցներ:


Հայաստանյան մամուլի էջերից...

Երևանում «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» կանանց միության կազմակերպած կլոր սեղանի մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ: Նրանք մտահոգության պատճառը ներկա հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ այլ պետությունների կողմից կատարվող ճնշումներն են և ՀՀ գործող իշխանությունների ապազգային կեցվածքը:
Կլոր սեղանի մասնակիցների գնահատմամբ՝ «Տարածաշրջանում ռազմավարական շահեր ունեցող պետությունները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Թուրքիան, նաեւ՝ Եվրամիությունը կարծես թե եկել են ընդհանուր հայտարարի ՀՀ և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների ստեղծման և Արցախի հարցի կարգավորման շուրջ, ի հաշիվ հայ ժողովրդի ազգային և պետական շահերի»: Նրանք կարծում են, որ ներկա անօրինական իշխանությունները ազգային շահը ստորադասում են գերտերությունների թելադրած կամքին՝ դրա դիմաց ստանալով «համապատասխան երաշխիքներ Հայաստանում ժողովրդից բռնազավթած իշխանությունը պահելու խնդրում»:

Հայտարարության հեղինակների բնորոշմամբ՝ «Չկա որևէ էական տարբերություն 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի և Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած անձանց միջև: Այդ մարդիկ դավանում են նույն արժեքային համակարգը, հունցված են նույն խմորից: Հայ ժողովուրդը չի ընդունում իր և այդ անձանց միջև որևէ համաձայնություն և այն չի կարող իրավական ուժ ունենալ, քանի որ այդ իշխանությունը օրինական չէ:»:
Կլոր սեղանի մասնակիցները ներկա պահին խնդրի լուծումը համարում են Սերժ Սարգսյանի հրաժարականը. «Առանց այդ խնդրի լուծման, անհնար է Հայաստանը դուրս բերել միջազգային այն վտանգավոր գործընթացներից, որտեղ վտանգված են հայ ժողովրդի ռազմավարական շահերը»:


Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը դատապարտել է ՀՀ կառավարության շենքի առջև ոստիկանության բռնությունները հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ: Ակցիայի մասնակիցները պարզել էին պաստառներ, որոնց վրա կոչ էր արվում իշխանավորներին «լինել ոչ թե միայն 3 միլիոնի, այլև 10 միլիոնանոց հայության ղեկավարը», «ոչ թուրքական նախապայմաններին և հայ-թուրքական արձանագրություններին»: Նրանց ձեռքերին էին նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների քարտեզները:
Ցուցարարները արժանացել են ՀՀ ոստիկանության ապօրինի, կոպիտ և սանձարձակ վերաբերմունքին: Ոստիկանները պատռել են ցուցապաստառները, ՀՀ և ԼՂՀ քարտեզները, քաշքշել են ակցիայի մասնակիցներին, խոչընդոտել նրանց շարժվել դեպի ՀՀ նախագահի նստավայր‘ հնարավորություն չտալով շարունակելու ակցիան նաև այնտեղ:
Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը երեկվա իր հայտարարությամբ խստորեն դատապարտել է «ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների հերթական ապօրինությունն ու լկտի պահվածքը, որը, վստահաբար, պարունակում է խուլիգանության և քաղաքացիների դեմ ուղղված այլ հանցագործությունների տարրեր», նշվում է, որ Զարուհի Փոստանջյանը երեկ տարածել է հատուկ հաղորդագրություն հանցագործության մասին:
Հայտարարությունն ավարտվում է այս ընդհանրացմամբ. «Ոստիկանության նման պահվածքը ուղիղ հետևանքն է Հայաստանում տիրող անպատժելության մթնոլորտի և իշխանությունների ոչ լեգիտիմության և քրեականացման»:



Լեզվով և մշակույթով, իսկ վերջերս նաև գազով և նավթով իրար կապված Թուրքիան ու Ադրբեջանը հաճախ բարձրաձայնում են «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի մասին, The Christian Science Monitor-ի էջերում գրում է լրագրող Հիգալ Շլիֆերը: Նա ասում է, որ «վերոնշյալ կարգախոսն, այդուհանդերձ, փորձություն է անցնում՝ հաշվի առնելով Հայաստանի և Թուրքիայի միջև հոկտեմբերի 10-ին կնքված արձանագրությունները»:
Ադրբեջանը հակադրվում է, քանի որ ձգտում է այն բանին, որ օրակարգ բերի ղարաբաղյան հարցը: Անկարայի և Բաքվի միջև լարվածությունը մեծանում է, քանի որ Ադրբեջանը կարող է հրաժավել Թուրքիայի հետ ձեռք բերված էներգետիկ համաձայնություններից: Դա, մասնավորապես, վերաբերում է Nabucco-ի գազային ծրագրին, որը նպատակ ունի Եվրոպան ազատել Ռուսաստանից գազային կախվածությունից: Այն դեպքում, երբ Թուրքիան փորձում է վերացնել հարևանի հետ ունեցած պատմական խնդիրը, Եվրոպայի համար որոշակի հետևանքներով պատմական մեկ այլ խնդիր է ծագում ևս մեկ հարևանի հետ,- նշում է թերթը:
Այդուհանդերձ, Անկարայի Մերձավորարևելյան տեխնիկական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Հուսեյն Բախչին հետևյալ կերպ է արտահայտվել. «Ադրբեջանը պետք է հասկանա, որ ղարաբաղյան հարցով բանակցությունները կարող են սկսվել միայն հայ-թուրքական սահմանի բացումից հետո: Ինչ վերաբերում է հայտնի կարգախոսին, ապա այն ազգայնական է: Դրա մասին շատ է խոսվում, բայց բանն այն է, որ մենք երբեք մեկ ազգ չենք եղել»:
Taregir.am
(տպագրվում են կրճատումներով)



ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ
«ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՔԱՅԼ ԱՆՈՂՆԵՐԻՆ»


Հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը: Նիստի ավարտին «ՀՅԴ-Շարժում 88» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ:
Պատգամավորն իր գործընկերներին նախ հիշեցրել է, որ աշխարհի մի շարք երկրներում ընդունել են օրենք, ըստ որի Հայոց Ցեղասպանությունը ժխտելու փորձեր անող քաղաքացիներին ենթարկում են քրեական պատասխանատվության, ապա առաջարկել է ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններն ու տարածքային ամբողջականությունը կասկածի տակ առնողներին ևս ենթարկել քրեական պատասխանատվության:

Նա իրավապահ մարմիններին առաջարկել է, որ «բոլոր այն քաղաքացիներին, ովքեր փոխզիջմամբ կամ այլ տարբերակներով կասկածի տակ են դնում մեր տարածքային ամբողջականությունը, ենթարկել քրեական պատասխանատվության, որովհետև դա ոչ թե այլակարծության կամ դեմոկրատիայի դրսևորում է, այլ հակասահմանադրական քայլ: Իսկ հակասահմանադրական քայլ անողը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության»:

«Դա առանձնապես հետևանքներ չունեցող հայտարարություն է»,- Ա. Սարգսյանի հայտարարությունն այսկերպ է մեկնաբանել ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը, հավելելով, որ այն չպետք է լուրջ ընդունել: Իսկ ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը չի կարծում, թե ԼՂՀ իշխանությունները կարող են այնպիսի որոշում կայացնել, որով քրեական պատասխանատվության կենթարկվեն տարածքների հանձնման մասին բարձրաձայնողները, քանզի, նրա ասելով, «Ղարաբաղի խորհրդարանում մեծամասնություն է կազմում այն քաղաքական ուժը, որ Սահմանադրության մեջ չուզեցավ ամրագրել Լեռնային Ղարաբաղի այսօրվա փաստացի, դե-յուրե սահմանները, այլ ուրիշ ձևակերպում տվեց...»:

Այս երկու մեկնաբանություներից առաջինի հեղինակը, ակնհայտորեն երևում է, որ, ինչպես ասում են, ոտքերը յուղած, համամիտ է ազատագրված հողերը հակառակորդին հանձնելուն: Նրա համար ևս «Աղդամը մեր հայրենիքը չէ», իսկ Արցախը երևի թե վիճելի տարածք է: Նրա հայրենիքը թերևս միայն Երևանի այն հատվածն է, որտեղ ապրում ու բարգավաճում է...



ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԸ ԶՐԿՎԵԼ Է ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ

Մեր տեղեկություններով, օրերս Արցախի պետհամալսարանի դասախոս, քաղաքական վերլուծաբան Հրաչ Արզումանյանը զրկվել է ԱրՊՀ-ում դասավանդելու իրավունքից: Պատճա՞ռը: Մի քանի օր առաջ Ստեփանակերտում Արցախի երիտասարդական կազմակերպությունների մասնակցությամբ կազմակերպված կլոր սեղանին, որի թեման հայ-թուրքական հարաբերություններն ու նախաստորագրված արձանագրությունների քննարկումն էր, մասնակցել էր նաև Հրաչ Արզումանյանը և իր ելույթում ասել, որ հայ-թուրքական հարաբերությունների սկսված «խաղում» հայկական կողմն իր քայլերով վերջ է դնում Ցեղասպանության ճանաչման գործընթացին, փակում Արևմտյան Հայաստանի և Արևելյան Հայաստանի որոշ տարածքների պահանջի հարցը, ինչպես նաև կորցնում է այն լծակը, որով գերտերությունների միջոցով հնարավորություն է ստեղծվում ինչ-որ կերպ ազդել Թուրքիայի քաղաքականության վրա:

Նա այն միտքն է հայտնել, որ երրորդ անգամ պետականության ձևավորումից հետո հայերը կանգնում են մի նոր վտանգի առաջ, որով փորձ է արվում բաժանել հայ ժողովրդին, որպես օրինակ բերելով Սերժ Սարգսյանի համահայկական ուղևորությունը, որտեղ սփյուռքահայերն այնքան էլ ջերմ չեն ընդունել նրան: Նա ակնարկել է Հայաստան-Սփյուռք պառակտման մասին:
Վերլուծաբանն ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլում և նախաստորագրված արձանագրություններում ոչ մի դրական բան չի տեսնում հայկական կողմի համար, հավելելով, որ եթե գործընթացը կանգնեցնելու հնարավորություն չլինի, ապա պետք է ավելի զգոն լինել հետագա ոչ բարենպաստ քայլերից խուսափելու և դրանք կանխելու համար:

Արցախում, ըստ Հրաչ Արզումանյանի, պետք է զգոն լինել նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առումով...
Սեփական տեսակետ ունենալը, հատկապես երկրի ու ազգի ճակատագրին վերաբերող հարցերում, երևի այնքան էլ հարգի չէ պետական որոշ հաստատություններում:



ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԻՆՉՊԵՍ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԹԻՄԵՐՆ ԵՆ ՏԱՐԲԵՐ ԴԱՍԱՅԻՆ ԿԱՐԳԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ՝ ԵՐԿՐՆԵՐԸ


«ՆԷ»-ի հարցերին պատասխանում է ԼՂՀ ԱԺ 1-ին և 2-րդ գումարման պատգամավոր ՆԵՐՍԵՍ ՕՀԱՆՋԱՆՅԱՆԸ

- Ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլը, համաձայնագրի ստորագրումը:

- Եթե դա քննարկենք միայն երկու կողմերի հարաբերության հարթությունում, անշուշտ պիտի ապակողմնորոշվենք և սխալ եզրահանգման գանք: Շատ կարևոր է, որ մենք հարցը դիտարկենք աշխարհաքաղաքական գործընթացների ընդհանուր համայնապատկերի վրա, որովհետև այս հարաբերությունների կարգավորումը և, ընդհանրապես, երկրագնդի ցանկացած մասում կատարվող իրադարձությունները գլոբալիզացիայի գործընթացի բաղկացուցիչ մաս են կազմում, այդ թվում՝ «Եվրոպան և նրա հարևանները» ծրագրի, որը չի ճանաչում փակ սահմաններ, անհաշտ հարաբերություններ: Եվ, ընդհակառակը, ճանաչում է քաղաքական, տնտեսական և մշակութային ինտեգրացիան: Իսկ Թուրքիան և Հայաստանը ամեն կերպ ձգտում են մտնել եվրոպական ընկերակցություն, որպեսզի հնարավորություն ստանան օգտվելու համաեվրոպական «բարիքներից»:

- Երևի թե գաղտնիք չէ, որ հայ-թուրքական հաշտեցման նախագծի հեղինակները Թուրքիան ու Հայաստանը չեն: Համաձայնագրի ստորագրման ժամանակ «սցենարի» հեղինակներն ու ռեժիսորը կանգնած էին ՀՀ և Թուրքիայի արտգործնախարարների թիկունքում: Այնուամենայնիվ, Հայաստանն ու Թուրքիան պետք է որ ակնկալիքներ ունենան հարաբերությունների կարգավորումից: Ըստ Ձեզ, կողմերն ի՞նչ սպասելիքներ ունեն համաձայնագրի ստորագրումից:

- Տրամաբանական է, որ կողմերը ձգտում են բանակցային գործընթացը տանել իրենց համար շահեկան ուղղությամբ: Սակայն ցանկանալը դեռևս քիչ է, որովհետև խաղի կանոնները թելադրողը մի երրորդն է, նրանք, որ կանգնած էին «դերակատարների» թիկունքում: Հայկական կողմը միանշանակ ձգտում է դուրս գալ երկարամյա շրջափակումից, ճանապարհ հարթել դեպի քաղաքակիրթ և բարեկեցիկ Եվրոպա: Թուրքիան նույնպես ձգտում է մտնել Եվրամիություն: Սակայն նրան ոչ պակաս չափով գրավում է նաև Կովկասյան տարածաշրջանում գլխավոր դերակատարություն ստանձնելու գայթակղությունը և աստիճանաբար իրականացնելու իր դարավոր երազանքը՝ Մեծ Թուրանի ստեղծումը: Այդ նպատակը ձեռնահասու դարձավ ԽՍՀՄ-ի փլուզմամբ:

- Իսկ երրորդ կողմն ի՞նչ է շահում, ի՞նչ նպատակ է հետապնդում հարաբերությունների կարգավորումից:

- Վճռորոշ դիրքորոշումը երրորդ կողմինն է, որն, ըստ իս, համաշխարհային տիրապետության հավակնող մասսոնական ուժերն են, ովքեր իրենց տրամադրության տակ ունեն հզոր ֆինանսա-տնտեսական, քաղաքական, հասարակական և ռազմական համակարգեր ու լծակներ, որոնք գործադրելով՝ ազդում են ցանկացած աշխարհաքաղաքական գործընթացների վրա՝ ձգտելով ստեղծել նոր աշխարհակարգ: Այդ ուժերի գլխավոր թիրախը ազգային գաղափարախոսությունն է, կրոնը և ազգային ավանդույթները: Օգտվելով իրենց համար բարենպաստ պայմաններից, այն է՝ ժողովուրդների սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական վիճակից, իրենց տարբեր ինստիտուտների միջոցով կազմալուծում են վերջիններիս ազգապահպան հենասյուները և ներմուծում ապազգային ու նյութակրոն համակարգ:

- Կապ կա՞, արդյոք, հայ-թուրքական հարաբերությունների և Արցախի խնդրի միջև:

- Տարածաշրջանի երկրները ի զորու չլինելով ինքնուրույն կարգավորելու իրենց հարցերը, տնտեսությունների կաթվածահար վիճակը, ստիպված ընկնում են հզոր Արևմուտքի ոտքերը՝ նրանց հովանավորությունը և միջնորդությունը կորզելու համար: Իսկ միջնորդները և հովանավորները գործում են իրենց հետաքրքրությունների և շահերի տեսանկյունից: Համաձայնագիրը, բնականաբար, փոխզիջման վրա հիմնված փաստաթուղթ է, որը, հետևաբար, ավելի ձեռնտու է միջնորդ կողմին:

Ինչո՞ւմն է կայանում փոխզիջումը (առևտուրը): Եվրոպայի կողմից Թուրքիային իրենց ընտանիք մուտքագրելու համար նախապայմաններ են մարդու և խոսքի ազատությունները, քաղբանտարկյալների, ազգային, սեռական փոքրամասնությունների խնդիրները և, հատկապես ամենաազդու գործոնը՝ Թուրքիայի կողմից դարասկզբի Ցեղասպանության ճանաչումը...

Հայկական կողմին պարտադրված է ճանաչել Թուրքիայի հետ առկա սահմանը, այսինքն՝ ետ կանգնել հողային պահանջատիրությունից: Այդ հանգամանքում Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից լուրջ վտանգ չի ներկայացնում, ընդամենը նրան թեթևացնում է անցյալի բեռից, քանի որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումն իրականացվում է նույն ուժերի կողմից՝ ԵԱՀԿ-ի շրջանակներում, որտեղ Թուրքիան և Հայաստանը շահագրգիռ կողմեր են: Իհարկե, ֆորմալ կապ չկա հայ-թուրքական հարաբերությունների և Արցախի հարցի կարգավորման միջև, սակայն իրականում տարածաշրջանային ընդհանուր ենթատեքստում օրգանապես իրար հյուսված հարցեր են:

- Թուրքիան կարծես թե ձգտում է բանակցային գործընթացը ձգձգելով, ճնշում գործադրել հայկական կողմի վրա, որպեսզի առավելագույն զիջումներ կորզի Ղարաբաղի հարցում: Արդյո՞ք թուրքերը կարողանալու են փոխել միջնորդ կողմի գրած սցենարը:

- Ըստ իս, միջնորդները Թուրքիային և Ադրբեջանին կպարտադրեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը, իսկ հայկական կողմը պետք է հանձնի ազատագրված տարածքները: Թուրքիայով ճանապարհ ունենալու դիմաց հայկական կողմը պիտի ճանապարհ տրամադրի Ադրբեջանին՝ հաղորդակցվելու Նախիջևանի և Թուրքիայի հետ: Ի տարբերություն թուրքական և ադրբեջանական կողմերի հաստատուն և կարծր դիրքորոշման, հայկական կողմը, ի դեմս ՀՀ նախագահի, բազմիցս հայտարարել է ազատագրված հողերից դուրս գալու իր պատրաստակամության մասին և Կարսի պայմանագրի վերաբերյալ: Տեսակետ կա, որ Հայաստանի իշխանությունների կողմից այս ամենը խաղ է: Իհարկե, դա չի բացառվում, սակայն պիտի ասենք, որ կրակի հետ ենք խաղում:

- ՀՀ ղեկավարն ինչո՞ւ է մտել այս «խաղի» մեջ: Չէ՞ որ շատերիս համար պարզ է, որ հայկական կողմը շատ բան է կորցնում այդ, այսպես կոչված, հարաբերությունների կարգավորումից:

- Հայ-ադրբեջանական կողմերը մտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակ, այսինքն՝ միջազգայնացնելով կոնֆլիկտը, իրենց ճակատագիրն ինչ-որ տեղ դրել են գերտերությունների ձեռքում: Նույնը վերաբերում է նաև Թուրքիային, որովհետև նա պարտավորություններ ունի մի շարք միջազգային կազմակերպությունների առաջ (ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրոատլանտյան դաշինք և այլն): Գերտերություններն, ունենալով հստակ գլոբալիզացիոն ծրագրեր, հսկայական ֆինանսական միջոցներ և ժողովուրդներին կառավարելու մեծ փորձ, «երրորդ կարգի» ժողովուրդներիս հմայել են բարեկեցիկ ապրելու պատրանքներով և, թասիբի գցելով քաղաքական արիություն ցուցաբերելու խաբկանքով, դրդել են համաձայնագրի այսօրինակ տարբերակին:
Մեր քաղաքական վերնախավը և օլիգարխները, ժամանակին յուրացնելով ազգային հարստության առյուծի բաժինը, ժողովրդի մեծ մասին մատնելով ծայրահեղ աղքատության, հեռացել են ազգային հոգևոր-մշակութային արժեքներից և, ձգտելով ամեն գնով ճանապարհ հարթել դեպի բարեկեցիկ Եվրոպա, պատրաստ են շատ ազգային արժեքներ զոհաբերել: Նպատակին հասնելու համար չեն խնայում միջոցները՝ սեփական ժողովրդից ճշմարտությունը քողարկելով, ահաբեկելով, որ այդ ճանապարհը միակն է մեր գոյատևման համար:

Անտեսելով մեր ազգային արժանապատվությունը, իշխանախումբը գերակա է համարում տնտեսական և բարեկեցիկ ապրելու շահը: Այդ մարդիկ չեն գիտակցում, որ սահմանը բացվելու հետ՝ փակվել էլ կա, իսկ այն արժեքները, որ զոհաբերվում են՝ մշտական են: Այս վարչախումբը, գայթակղված լինելով նյութական անցողիկ արժեքներով, մոլորության է տանում նաև հայ հանրությանը՝ կեղծ քննարկումներ կազմակերպելով, դրանով իսկ մասնատելով նրան:

- Անձամբ դե՞մ եք Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն:

- Դեմ չեմ կարգավորմանը, սակայն ո՛չ նման նախապայմաններով: Այս հարաբերությունների բարելավումը սկսելով «ֆուտբոլային դիվանագիտությամբ», մոռանում են մի բան, որ ինչպես ֆուտբոլային թիմերն են տարբեր դասային կարգի, այնպես էլ երկրները և դիվանագետները: Գոնե խորագիտություն պետք է ունենանք՝ հրաժարվելու այն բարդ խաղերից, որտեղ մեզ խայտառակ պարտություն է սպասում:

- Հնարավոր համարո՞ւմ եք գործընթացում փոփոխություների հնարավորություն:

- Չեմ բացառում, որ գործընթացը կարող է այլ ընթացք ունենալ, սակայն սյուժեն չի փոխվելու, քանի որ նախագծի հեղինակները հետևողական են իրենց ծրագրերի մեջ: Եվրոմիությունը և Եվրոատլանտյան դաշինքը ընդլայնում են իրենց սահմանները՝ հաստատվելով Փոքր Ասիայում և Անդրկովկասում՝ ընդհուպ մոտենալով Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի սահմանին: Երկրներ, որոնք այդ ուժերի և նրանց ծրագրերի իրականացման մեծագույն խոչընդոտներն են:
Ի դեպ, 1988-ին մենք արդեն եղել ենք նման իրավիճակում՝ ընտրել նյութակա՞նը, թե՞ ոգեղենը: Խոսքս վերաբերում է ԽՄԿԿ-ի կողմից մեզ տրամադրված 450 մլն ռուբլուն՝ Ղարաբաղի սոցիալ-տնտեսական զարգացման համար: Մենք այն ժամանակ մերժեցինք նյութական գայթակղությունը՝ նախընտրելով արժանապատիվ ու ազատ ապրելը մեր կենսատարածքում: Այսօր կրկին փորձ է արվում ապակողմնորոշելու մեզ, նորից փորձում են մեր ազգային ինքնագիտակցությունը...

Աստծո լույսով ճանաչենք ճշմարտությունը, հաղթահարենք մեր ներքին վախը և տեր կանգնենք մեր հայրերի ժառանգությանը՝ հստակ գիտակցելով, որ գլոբալիզացիան նյութական և ապազգային ճանապարհ է: Ամեն մարդ կամ վարչախումբ իր ձեռնարկումներում ելնում է իր դավանած արժեհամակարգից և, բնականաբար, պաշտոնամոլ ու ընչաքաղց մարդիկ արդեն կողմնորոշվել են՝ ընդունելով նյութականի գերիշխանությունը: Հույս ունեմ, որ ազգովի կհրաժարվենք ազգակործան այդ ուղուց...

- Իսկ եթե իշխանությունները ետ չկանգնեն ազգակործան այդ ուղուց, ի՞նչ քայլեր պիտի ձեռնարկենք:

- Դրանով նախագահը, իր բնորոշմամբ, մեծ գին է վճարելու: Այն է՝ պիտի պահանջել նրա հրաժարականը:



ԱՐՑԱԽԸ ԽԱՄԱՃԻԿ ՉԷ

Դեռ չէինք հասցրել ՀԱԿ-ի ու հայաստանյան հանրության մի զգալի շերտի այն մեղադրանքի «տակից դուրս» գալ, թե ինչո՞ւ ղարաբաղցիները ակտիվ չեն, ինչո՞ւ են անտարբեր, ինչո՞ւ են լռում և այլն, երբ համանման հանդիմանանք լսվեց մեկ այլ ճամբարից: Հոկտեմբերի 16-ին հանդես գալով ՀՅԴ կազմակերպած հանրահավաքում՝ Դաշնակցության ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը տարակուսանք հայտնեց, որ հայ-թուրքական գործընթացի հանդեպ պասիվ է Ղարաբաղը և որ պիտի ակտիվանա: Այս ուղտը մի օր չոքելու է Ղարաբաղի առաջ՝ ասել է նա, հավելելով, որ պարզ երևում է, թե նշյալ հարաբերությունների տրամաբանությունն ուր է գնում, այսինքն, որ կան նախապայմաններ:

Ամենայն հարգանքով վերաբերվելով Արմեն Ռուստամյանին, միևնույն ժամանակ պիտի ասեմ, որ նման հայտարարություններն էլ արդեն մեր տարակուսանքի տեղիքն են տալիս: Ըստ երևույթին, հայաստանյան ամեն մի քաղաքական ուժ գտնում է, որ հենց իր կանչով, իր ուզած ժամանակ, իր ուզած առիթով ու իր ուզած ձևով պիտի ակտիվանա Ղարաբաղը: Ոչ ոքի չի մտահոգում այն հարցը, թե Ղարաբաղը պատրա՞ստ է դրան, թե՞ ոչ, էլ չեմ ասում՝ ուզու՞մ է դա հենց իր կանչով անել, թե՞ ոչ: Ասում են՝ պիտի, ու վերջ:
Վերջին տասնամյակում մենք ուղղակի մեր իսկ ձեռքերով ոչնչացրել ենք ղարաբաղյան գործոնը, իսկ ոչնչացրել ենք հենց նման վերաբերմունքով, նման հոգեբանությամբ, ընդ որում՝ դա արել է և իշխանությունը, և քաղաքական ուժերը, և, ցավոք սրտի, նման իշխանություն ու նման քաղաքական ուժեր ունեցող հանրությունը: Մինչդեռ տարրական քաղաքավարություն ու հարգանք է պետք այս հարաբերություններում: Ոչ թե հրահանգներ է պետք «իջեցնել», այլ իրար հետ խոսել, իրար լսել, պայմանավորվել: Ցավալի է, շատ ցավալի, բայց փաստ՝ ՀՀ և ԼՂՀ հանրությունները բացարձակապես չեն ճանաչում իրար, օտար ու խորթ են: Եւ սա այն հարցն է, որում ոչ մեկին մեղադրելու իրավունք չունենք, ոչ ոքի, բացի մեզնից:

Այս մասին է պետք մտածել ու մտահոգվել: Եթե հայաստանյան քաղաքական ուժերին մտահոգում է Արցախի վերաբերմունքն ու դիրքորոշումը, ապա ոչ թե դրվագներով, այլ շարունակաբար ու հետևողականորեն պիտի ուսումնասիրել ու խորամուխ լինել արցախյան իրողություններում, սեփական ուժերի ներածին չափ նպաստել այստեղ քաղաքացիական ու քաղաքակիրթ հասարակության կառուցմանը, ականջալուր ու սրտացավ լինել միմյանց նկատմամբ: Սա երկար տարիների աշխատանք է, մեծ ջանքեր ու անշոու վերաբերմունք է պահանջում, որի զահլեն չունեն շատերը: Իսկ եթե այդպես է, ուրեմն, հազար ներողություն, պետք չէ նաև «զահլա տանել»:

Կարծում եմ, Ղարաբաղը բազմիցս ապացուցել է, որ չի հանդուրժում իր նկատմամբ «կոճակային» վերաբերմունք: Այո, երբեմն լռել է, երբեմն երկչոտ է եղել, երբեմն խեղճացել է, երբեմն ցավից ու վիրավորանքից շփոթահար կծկվել է, բայց երբեք թույլ չի տվել իրեն խամաճիկ դարձնել ու կոճակ սեղմելով իրեն կառավարել: Ղարաբաղ ասելով այստեղ նկատի ունեմ ժողովուրդը և միայնումիայն ժողովուրդը:
Եվ հետո, ի՞նչ է նշանակում «Ղարաբաղը պիտի ակտիվանա»: Ո՞ւմ մասին է խոսքը: Ղարաբաղը միադեմ, միակամ, միագույն ու միակարծիք չէ, պարզ ասած՝ ինկուբատոր չէ, որքան էլ «արցախյան միասնության» պրոեկտի հեղինակները փորձեն շարունակել այս նաղլը: Եթե միասնություն էլ է, ապա առանձին մասերի շղթայավորված ամբողջություն, ուստի անիմաստ է համընդհանուր կոչը: Այդ շղթաներից մեկն էլ ՀՅԴ Արցախի կազմակերպությունն է: Շատ ավելի խոհեմ կլիներ սկսել այստեղից:
Այլապես եթե այսպես շարունակվի, ապա ուղտն էլ չի չոքի Ղարաբաղի դռան առաջ, որովհետև զահլա չի ունենա դատարկ տան դուռը թակելուց: Ի՞նչ ասեմ, սա էլ է դռան առաջ չոքած ուղտից խուսափելու ձև: Չկա տուն՝ չկա ուղտ:

ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Lragir.am



ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԿԱՄԱՅԱԿԱՆ ՎՃԻՌՆԵՐԻ ԿԱՆԽՈՒՄ ԵՎ ԳՈՐԾ՝
ՍԱ Է ՄԵՐ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՈՒՂԻՆ


«Միության 15 հանրապետություններից Հայաստանում, համենայն դեպս, ձեռնարկվեց և երկրում մեծածավալ թափով քայքայվեց գյուղատնտեսության ձևավորված ու աշխատող համակարգը... 60 տարիների ընթացքում ձևավորված տնտեսությունները քայքայելը, այնուամենայնիվ, հանցագործություն է»:
Այս տողերը ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի գործունեությանը նվիրված «Հուսո ճառագայթներ» գրքից են: Տարիներ առաջ գյուղում տեղի ունեցած զանգվածային շրջադարձի գնահատականը տրված է ամենայն ճշգրտությամբ: Շուկայական անսանձ կամայականությունները, կարգուկանոնի բացակայությունը, տնտեսական սերտ կապերի խզումը հողմացրիվ արին մեր տնտեսական համակարգը, այդ թվում՝ գյուղատնտեսությունը: Կասկածել չի կարելի, որ նման եզրակացությունը գրքի հեղինակ Մ. Ամատունուն չի պատկանում, որ դա նրան հուշել է Ռ. Քոչարյանը:

Այլ հարց է, թե այդպիսի կարծիք նա ինչո՞ւ մեծ ուշացումով է հայտնում և ինչո՞ւ շրջանցում է այն, որ Արցախում հողի սեփականաշնորհման գործընթացը եռանդուն կերպով իրականացնողը հենց ինքն է եղել: Եթե վերոհիշյալ գնահատականը խոր համոզվածության արդյունք է, ապա ինչո՞ւ իր նախագահության ժամանակ փորձ իսկ չի արել շտկելու թույլ տրված սխալը: Իրականում սա քաղաքական դեմարշ է, հանրապետության նախագահի հերթական ընտրությունների նախօրյակին իր թեկնածությունը սահմանադրական «շտկումով» երրորդ անգամ առաջադրելու նպատակով միավորներ վաստակելու փորձ: Սակայն սա այլ թեմա է:
Շրջադարձն իրականացնողներից ոչ ոք իրեն պարտավոր չզգաց գյուղացուն հարցնելու, թե նա համաձա՞յն է հողը սեփականաշնորհելու, թե՞ ոչ: Քիչ ընդդիմացողներ և բողոքներ չեղան, բայց «վերևից» ճնշումն այնպիսին էր, որ կամայական վճռի դեմ ամբողջ ճակատով ելնել հնարավոր չէր: Արդյունքում՝ թե՛ Հայաստանի և թե՛ Արցախի գյուղատնտեսությունը հայտնվեց խոր ճգնաժամի մեջ: Հողի բերրիության կտրուկ անկումը եղավ երկրորդ արագացուցիչը արտահոսքի չափերի աննախադեպ ընդլայնման համար: Միայն 1991-98 թթ. Հայաստանը թողեց 400 հազար բնակիչ, իսկ այսօրվա դրությամբ որքա՞ն բնակչից մենք զրկվեցինք: Բարձրաստիճան պաշտոնյաները‘ երևի, հասկանալով, որ իրենք էլ մեղքի իրենց բաժինն ունեն, գերադասում են շրջանցել վիճակագրական տեղեկություններ հրապարակելը:

Վերջերս մեր մամուլը մի շարք հոդվածներ է տպագրել Հայաստանում և Արցախում գյուղատնտեսության ճգնաժամային վիճակի և դրանից դուրս գալու մասին: Ընդհանուր կարծիքը մեկն է՝ տնտեսության այդ կարևորագույն ճյուղը խոր հետընթաց է ապրել: Չնայած մեզ պարտադրված պատերազմից հետո 15 տարի է անցել, գյուղատնտեսական հիմնական մթերքների արտադրությամբ զգալիորեն զիջում ենք անցյալ դարի 80-ական թվականների մեր ձեռք բերած ցուցանիշներին: ԼՂԻՄ-ը հիշատակված ժամանակաշրջանում ավելի շատ կաթ և միս էր ստանում, քան Անդրկովկասի մյուս 4 ինքնավարությունները՝ միասին վերցրած, չնայած բնակչության թվակազմով 8 անգամ զիջում էր նրանց: Խաղողի տարեկան արտադրությունը հասել էր 180-200 հազար տոննայի և բերում էր այնքան եկամուտ, որքան այսօրվա մեր պետական բյուջեն է կազմում:

Չեմ կասկածում, կգտնվեն անձինք, որ կասեն՝ այդ ինչպե՞ս է, որ Բաքվի հակահայկական քաղաքականության պայմաններում մեր գյուղատնտեությունն այդպիսի վերելք էր ապրում: Պատճառն այն էր, որ Բաքուն կապիտալ ներդրումներ, ճիշտ է, մեզ քիչ էր հատկացնում, սակայն խոչընդոտներ չէր հարուցում: Եվ դա հասկանալի է. նրանք ոչ քիչ չափով մեր հաշվին լրացնում էին բնակչությանը գյուղմթերքների մատակարարման պակասը, պարզերես դառնում Մոսկվայի առջև:

Իսկ գո՞ւցե ավելորդ է այս ամենը հիշատակելը, գո՞ւցե գյուղատնտեսության վարման նախկին կարգն արդեն սպառել էր իրեն: Ցավոք, այդպես չէր: Սույն հոդվածի սկզբում մեջբերված պարբերության մեջ կա այս հարցի պատասխանը՝ «ձևավորված ու աշխատող համակարգ»: Կային, իհարկե, «խմբագրման» ենթակա տեղամասեր: Սակայն, ընդհանուր առմամբ, հողի մշակը ոչ թե դեպի ետ, այլ դեպի առաջ էր նայում: Ընդհանուր ուղղվածությունն էլ արտադրության խոշորացումն էր, որի մասին մենք արդեն խոսել ենք «Նոր էջ»-ում տպագրված մեր նախորդ հոդվածներում:
Վերջապես մեր շատ տնտեսություններ ինչո՞վ չէին ֆերմերային տիպի: ԱՄՆ-ում քիչ կգտնվեն գյուղական տնտեսություններ, որ կարողանային մրցել Ճարտարի կոլտնտեսության հետ:
Խաղողայգիների գերազաց մշակման շնորհիվ տնտեությունը տարեկան ստանում էր 12-13 հազար տոննա խաղող, այսինքն այնքան, որքան ներկայումս ստանում է ողջ հանրապետությունը: Եվ Ճարտարը միակը չէր, տասնյակ այդպիսի տնտեսություններ կային:

Սակայն միայն հարուստ տնտեսություններ ունենալով չէր պայմանավորված հողի սեփականաշնորհմանը «ոչ» ասելը: «Հեղափոխական մոլուցքով» արբեցած՝ մենք շատ բան կորցրինք: «Սակավահողությունը ինքնին վճռական գործոն է հողի սեփականաշնորհումը բացառելու համար,- գրում է «Էքսպրես» ամսագրի խմբագիր Է. Նաղդալյանը,- սեփականաշնորհման հետևանքով փոքր երկրում (խոսքը Հայաստանի մասին է - Ե.Ս.) ստեղծվել է 430 հազար ֆերմերային տնտեսություն: Ստացվում է, որ նրանցից յուրաքանչյուրին բաժին է հասել 1,1 հա ցանքատարածություն: Հենց դա էլ կործանման եզրին է հասցրել գյուղատնտեսությունը, քանի որ այդպիսի փոքր հողատարածքի վրա պարզապես անհնար է հողից օգուտ ստանալը: Եթե հողի սեփականաշնորհումը չիրականացվեր և պահպանվեին խորհրդային տիպի տնտեսությունները, ապա արդյունքներն այսօր, անկասկած, այլ կլինեին: Բելառուսը հանդիսանում է դրա օրինակը»:

Ճիշտ և ճիշտ այդպիսի վիճակում է հայտնվել նաև Արցախի գյուղատնտեսությունը: «Ոչ թե հողը տրվեց գյուղացուն, այլ գյուղացին՝ հողին». այսպիսին է այդ գործընթացի շրջանառվող գնահատականը: Ավելին, Արցախում գյուղացուն հասանելի հողը տրվեց կիսով չափ դաշտային, կիսով չափ լեռնային, կամ նախալեռնային գոտիներում: Նույն կերպ բաշխվեցին նաև այգիները: Արդյունքում՝ գյուղացին տեր դարձավ չորս տեղամասի, որոնց այցելելու համար մի ամբողջ օր պիտի ծախսի:
«Խորհրդային իշխանության ժամանակ նույնիսկ մեխանիզատորները գոհ չէին այս կամ այն տարածքը վարելուց կամ նրա վրա աճած արտը հնձելուց,- ասում է Թաղավարդի նախկին կոլտնտեսության մեխանիզատորական բրիգադի բրիգադավարը:- ԱЇյ եթե մեզ տային ռուսական անծայրածիր տափաստանները: Իսկ մեզ մոտ աչքդ ճպում ես, թե չէ, պետք է շրջադարձ կատարես՝ դղրդացնելով մեքենադ և ծախսելով ավելորդ վառելիք»:

Եթե դրան ավելացնենք նաև, որ մեզ մոտ շատ գյուղերում հողաբաժիններն իրարից կտրված են խարակներով, դրությունն ավելի պարզ կդառնա: Իսկական ասպարեզ՝ վիճակագիրների համար. օգտակար կլիներ իմանայինք, թե միայն խարակների սահմանման պատճառով որքան ցանքատարածություններից ենք զրկվել, որքան՝ ընդհանրապես չմշակելու, որքան՝ ցաք ու մացառով պատվելու պատճառով: Սակայն հազիվ թե մեր վիճակագիրները նման «ինքնագործունեություն» իրենց թույլ տան և արժանանան վերևների կշտամբանքին, թեկուզ հայտնի է, որ այսօրվա իշխանությունները մեղք չունեն տեղի ունեցածի համար, եթե չհաշվենք նրանց հարմարվողականությունը իրեն լիովին չարդարացրածին:

Այլ հարց է, որ մենք, թեկուզ ուշացումով, իրավունք ունենք պահանջատեր լինելու նրանցից, ովքեր խոր վիհի եզրին հասցրին մեր գյուղատնտեսությունը: Խոսքս հետին պլանով նրանց «խաչելու» մասին չէ, չնայած մեր կորցրածը շատ մեծ է. զրկվել ենք հազարավոր տոննաներով սպիրտից, հարյուր հազար խոշոր եղջերավոր, այդ թվում՝ 17 հազար ցեղային կովերից: Գոնե ալան-թալանի մեր «վարպետները» դասեր չտային հայրենասիրության ու առաքինության մասին:
Աշխարհի և ոչ մի անկախացած պետություն հազիվ թե ծնված լիներ այնպիսի հիմնահարցերով, ինչպիսիք բաժին հասան Հայաստանին և Արցախին: Գործիմաց իշխանավորներ էին պետք նորանկախ մեր երկու երկրները կործանումից փրկելու համար: Մինչդեռ իշխանության գլուխ անցան, այսպես կոչված, միտինգավորները: Ճառ ասելը, հայրենասեր երևալու համար կուրծք ծեծելը դարձել էին մեկնահարթակներ՝ բարձր պաշտոնի տիրանալու համար:

«Մինչդեռ միտինգները,- «Այդ քաղցր պատիժը՝ սեփական պետությունը» հոդվածում գրել է Վարդգես Պետրոսյանը,- պետության կառավարման դասընթաց չէին... Առաջին իսկ օրից սկսվեց կադրերի ջարդը: Հին կադրերը, որոնց մեջ հազարավոր գործիմաց մասնագետներ կային, «խաղից դուրս» մնացին...»: Հավելենք նաև, որ նորեկները նաև երկկենցաղայիներ էին, պատրաստ կերպարանափոխվելու նոր հովերին համեմատ: Կուսակցական երկարամյա ստաժ ունեցող պաշտոնյան հրապարակայնորեն վառում էր իր կուստոմսը, ռուսական դպրոցում հայերենի դասերից փախչողը շտապ ուսուցիչ էր վարձում՝ մայրենին սովորելու համար...

Ես հատուկ դիտավորությամբ մեջբերեցի վերոհիշյալը: Մեր գյուղատնտեսության այսօրվա վիճակն արդյունք է և նրա, որ «խաղից դուրս» մնացին այս բնագավառի գրեթե բոլոր մեր մասնագետները, ովքեր գերազանց գիտեին իրենց գործը, ունեին մեծ‘ արգասաբեր փորձ: Շատերի համար սենսացիոն, բայց իր համար ռեալ գործի էր լծված Ճարտարում արդեն միութենական համբավի հասած Ջահան Լալայանը՝ խաղողի հեկտարային բերքատվությունը հասցնել 800-1000 ցենտների: Այսօր նման մարդկանց հետ հաշվի նստող չկա:
Այժմ պարզից էլ պարզ է, որ մեր գյուղատնտեսությանը հասցված հարվածներից ամենից կործանարարը խաղողագործության նկատմամբ արմատավորված հանցավոր վերաբերմունքն է: Տարիներ առաջ «վերևներից» ոչ թե խորհուրդ, այլ անվիճարկելի հրահանգներ տրվեցին՝ խաղողայգիները վերացնելու և ազատված տարածքները հացահատիկայիններով զբաղեցնելու մասին: Մեզ պարտադրված պատերազմի պատճառով դրանց մի մասն արդեն չկար, մնացածն էլ «խելքից պատուհասների» բաժին դարձավ:

Ի՞նչ էր պատահել, ինչո՞ւ ձեռք բարձրացվեց տարիների տքնանքի արդյունքի վրա: Խաղողագործությունը մեզ ձեռնտու չէ, եկամտաբեր չէ՝ սա էր նույնիսկ ցածր բերքատվության դեպքում չհիմնավորված տեսակետը: Բայց կար, իրո՞ք, անհանգստանալու պատճառ: Իսկապես, աղետալիորեն իջել էր խաղողի բերքատվությունը՝ հեկտարից միջին 120-130-ի փոխարեն հասցվել 40 ցենտների: Այլ բան սպասել անկարելի էր: Անկասելիորեն իջել էր խաղողայգու մշակության կուլտուրան, մեքենայականին փաստորեն փոխարինել էր ձեռքինը, վերացել էին հակակարկտային կայանները, վնասատուների դեմ ինքնաթիռային սրսկումները և այլ կարգի մշակումներ:

Խաղողը մեզ ի վերուստ, Աստծո կողմից է տրված և այն մեզ համար իր եկամտաբերությամբ չէ միայն գնահատելի: Մեզ համար խաղողն ունի նաև սոցիալական լուրջ նշանակություն: Դեռևս խորհրդային տարիներին մեր այն գյուղերում, որտեղ խաղողագործությունը հարգի է երիտասարդները հայրենի օջախները չէին թողնում, բնակչությունն ավելանում էր:
Ճարտարի հազար հեկտար այգում 750 հոգի էին աշխատում, հիմնականում՝ երիտասարդներ: Տարին բոլոր նրանք աշխատանք ունեին: Ակամա հարց է ծագում. մեր հնագույն և փառքի արժանացած բնակավայրն այսօր ունի՞, արդյոք, 4200 բնակիչ, որ ուներ երկու տասնյակ տարի առաջ: Կասկած չի կարող լինել, որ չունի: Մանավանդ, որ չի գործում երբեմնի 140 աշխատատեղով արդյունաբերական արտադրամասը:
Մեծ Թաղերից ստույգ տեղեկություն կա, որ վերջին մի քանի տարում գյուղը թողել են 520 հոգի: Այստեղ էլ «խիզանը» պահողը խաղողենին էր և գյուղում 120 աշխատատեղերով գործող արդյունաբերական արտադրամասը:

ԵՂԻՇԵ ՍԱՐԳՍՅԱՆ
(շարունակությունը՝ հաջորդ համարում)



ԱՐՑԱԽԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Արցախյան գոյապայքարից հետո, ժամանակավոր զինադադարի՝ «ոչպատերազմ, ոչխաղաղության» պայմաններում գյուղատնտեսության ոլորտը մեզ մոտ, դրսի ինչ-որ ուժերի թելադրանքով, լուծարվեց: Լուծարվեցին արդեն ապախոշորացված և զարգացման իրենց ճանապարհն ընտրած կոլտնտեսություններն ու միջտնտեսային համալիրները: Սկսվեց տասնյակ տարիների ընթացքում ստեղծված ունեցվածքի թալանն ու փոշիացումը, հողային ֆոնդի արագացված տեմպերով սեփականաշնորհումը: 70 տարվա կոլտնտեսականին, որի ծնողներից ամեն մեկը՝ որը մի պարկ սերմնացուով, որը՝ մի արորով, մի եզով կամ անգամ օղի թորելու մի կաթսայով մասնակցել էր կոլեկտիվացմանը, այդ կոլտնտեսականին ու նրանց հետնորդներին փաստորեն թողեցին ձեռնունայն: Այդպիսի անմտածված քայլը չէր կարող բացասական ազդեցություն չունենալ իր երկրի ազատության ու անկախության համար պայքարած գյուղացու հոգեկանի վրա:

Անպատրաստ լինելով նման վիճակին, գյուղացին անակնկալի եկավ, ինչպես ասում են՝ կանգնեց «կոտրած տաշտակի» առաջ: Գյուղը տրոհվեց ունևոր և չքավոր հատվածների: Այս սխալ քայլով խաթարվեց բնակչությանը պարենային մթերքներով ապահովելու ողջ համակարգը, որի 80-85 տոկոսը բաժին էր ընկնում հանրային արտադրությանը: Սեփականատեր դարձած գյուղացին ի վիճակի չէր այս ամենն իր վրա վերցնելու: Եվ չվերցրեց:
Հանրապետությունում խիստ նվազեց մթերքների արտադրությունը, բնակչությունն ընկավ վաճառականների գիրկը: Գյուղում տեր ու տիրական դարձավ նա, ով չնչին գումարներով կարողացել էր ձեռք բերել գյուղտեխնիկա, իսկ մնացյալ գյուղացիները ոչ թե ամուր կպան իրենց տրամադրված հողակտորին, այլև դեմ առնելով բազում դժվարությունների, անտարբեր մնացին իրենց սեփականության նկատմամբ: Լավագույն դեպքում՝ նրանք իրենց հողակտորը մի պարկ ցորենով տրամադրեցին ունևորին, իսկ երիտասարդ գյուղաբնակը բռնեց արտագաղթի ճանապարհը:

Ի՞նչ էին հետապնդում մեր ղեկավար այրերից ոմանք, ովքեր կարգադրում էին փակել կոլտնտեսությունների բանկային հաշիվները, որպեսզի նրանց ձեռքը հանկարծ գումարներ չընկնեն՝ խոչընդոտելով տնտեսությունների լուծարումը: Հետևանքներն իրենց երկար սպասել չտվին՝ թուլացավ մեր պայքարի ճակատը, տեղի ունեցավ աշխատատեղերի զանգվածային կորուստ, խաթարվեց նաև բնակչության պարենային անվտանգությունը:

Խոսեմ թույլատրված սխալներից հիմնականների մասին:
1. Հողային ռեֆորմ: Նախատեսված էր հողի սեփականաշնորհումը կատարել հատուկ հանձնաժողովի միջոցով՝ երեք փուլերով, առանց շտապողականության: Հողի բաժանման ամեն մի փուլի համար առանձնացված էին հողատարածքներ՝ ըստ բնակատեղի մոտիկության, կադաստրային արժեքի, բերրիության ու ոռոգովի կամ ոչ ոռոգովի լինելուն: Առաջին փուլի մեջ էին մտնում գյուղամերձ տարածքները, իսկ մյուս փուլերում հիմնականում թողնվել էին դաշտային ու ավելի հեռավոր այլ հողատարածքներ:
Եթե գյուղացին կարողանար յուրացնել առաջին փուլում իրեն տրամադրված հողակտորը և ցանկություն հայտներ նոր հողաբաժին ստանալ, ապա դա պետք է կատարվեր ոչ թե առաջին փուլի դեռևս չբաժանված հողատարածքներից, այլ՝ երկրորդ, այնուհետև երրորդ փուլերի համար նախատեսված հողատարածքներից:

Հասկանալի էր, որ հողի բաժանումը համայնքում միանգամից չէր կատարվելու, մնալու էին ազատ հողատարածություններ, որին տեր պիտի կանգներ գյուղապետարանը՝ չթողնելով անմշակ մնալ: Պետք էր կազմակերպել դրանց արդյունավետ օգտագործումը: Ստացված եկամուտները մնալու էր գյուղապետարանի տրամադրության տակ, որոնք պիտի օգտագործվեին կուլտուր-կենցաղային միջոցառումների համար:
Բայց մեզ մոհ հողային ռեֆորմն այդպես չկատարվեց: Նախ՝ նրան արագ ընթացք տրվեց և հետո՝ որոշ համայնքներում դրսից եկածները կարողացան տեր կանգնել ավելի հարմար ու բերրի հողատարածքների: Չբաժանված կամ չվարձակալված մեծ հողատարածքներին, տեխնիկայի բացակայության պատճառով, գյուղապետարանը չկարողացավ տեր կանգնել: Դրանք մնացին անմշակ՝ վերածվելով խամ ու խոպանի:

2. Երաշխավորվել էր գյուղում առկա տեխնիկան մինչև վերջ չսեփականաշնորհել, նրա մի մասը թողնել գյուղապետարանի տրամադրության տակ: Դրանցով բոլոր հողագործներին հավասարաչափ պիտի օգնեին՝ անմշակ հողատարածք չթողնելու համար: Սակայն գյուղտեխնիկան ավելի արագ ու չնչին գումարներով սեփականաշնորհվեց, իսկ շարքային գյուղացին ու գյուղապետարանը կախման մեջ ընկան տեխնիկա ունեցողներից, ովքեր իրենց կամքն էին թելադրում գյուղում:

3. Երաշխավորվել էր դաշտային գոտու ողջ հացահատիկային տնտեսությունը չսեփականաշնորհել, քանի որ հացահատիկային մշակաբույսերի ագրոտեխնիկան պահանջում էր նաև կիրառել ցանքաշրջանառություն՝ շարային կուլտուրաների օգտագործմամբ կամ թողնել սև ցելի տակ, որը նպաստավոր պայմաններ կստեղծեր անասնակերի կուտակման համար (այն կարելի կլիներ բաժանել համայնքի անասնատերերին կամ պահպանել կարմիր հոտը, հատկապես կովերինը, ստեղծելով խոշոր փայատիրական ընկերություն):
Մինչդեռ ամեն ինչ արագ փոշիացվեց և մեծ դժվարություններով ու միջոցներով կառուցված ֆերմաների շինությունները քարուքանդ եղան, իսկ այգիները չորացան ու դուրս եկան շարքից:

4. Արցախի գյուղաբնակը այդպես էլ չկարողացավ իր տեղն ու դերը գտնել նոր շուկայական հարաբերություններում, ուստի իր արտադրած մթերքների իրացման դժվարություններից ելնելով, աստիճանաբար հրաժարվեց ապրանքային տնտեսություն կազմակերպելուց: Այսօր նա արտադրում է այնքան մթերքներ, որքան բավարարում են իր ներքին կարիքները: Նման իրավիճակների զարգացմանը նպաստում է տեղում արտադրվող մթերքների մթերման և վերամշակման ձեռնարկությունների դեռևս նկատվող պակասը:

Հասկանալի է, որ «Արցախֆրուտը» դեռևս չի կարող սպասարկել հանրապետության հեռավոր բոլոր համայնքներին: Այստեղ եթե վերամշակող ձեռնարկությունների կազմակերպումը կատարվել է ներդրումային քաղաքականության հիման վրա, ապա ինչպե՞ս բացատրել մեր մի շարք սնկի պես աճող խանութների ու դրանց տերերի վերաբերմունքը տեղական արտադրանքի նկատմամբ, հատկապես նրանց, ովքեր մեքենաներ ունեն: Նրանք շարունակում են թերագնահատել տեղական արտադրանքը, գերադասելով հարյուրավոր կիլոմետրերով վազք կատարել և մեծ ծախսերով գնումներ կատարել, ասենք, Հայաստանում, քաջ իմանալով, որ իրենց բոլոր ծախսերը կփոխհատուցվեն բնակչության հաշվին՝ ապրանքների թանկ վաճառքից: Եվ մեր գյուղաբնակները սպիպված են քիչ արտադրել, որպեսզի զերծ մնան դրանք իրացնելու գլխացավանքից:

Անկասկած, եթե ամեն մի մեքենատեր խանութպան կամ մի այլ ձեռներեց կարողանար կապ հաստատել մեր գյուղերից որևէ մեկի հետ ու վստահեցներ, որ շաբաթը 1-2 անգամ կմեկնի այդ գյուղը, գյուղացին ավելի շատ կարտադրի և իր մթերքները կտրամադրի ավելի ցածր գներով: Ու դա կլինի երկուստեք ձեռնտու, և դրանից կշահեր թե՛ գյուղաբնակը, թե՛ քաղաքաբնակը:

* * *
Ժամանակները փոխվել են: Գյուղատնտեսության ոլորտը սպասարկող կադրային ֆոնդը ծերացել է, որն ինչ որ տեղ, բնական է: Բայց երբ չկան նրանց փոխարինող նոր երիտասարդ կադրեր, մասնագետներ, դա արդեն անբնական ու անօրինական է: Մի տարի առաջ մենք զրկվեցինք ողջ խոզագլխաքանակից, որը խոշոր տնտեսական հարվածներից մեկն էր մեր նոր զարգացող երկրամասին: Աֆրիկյան ժանտախտի վիրուսը, որն իր «գործունեությունը» սկսել էր Վրաստանից, գրեթե ընդգրկել էր նաև մեր ողջ հանրապետությունը:

Հիմա էլ խոսում են խոզագրիպի մասին, որն այս անգամ սկսվել է Մեքսիկայում: Իսկ մեր տեղական մասնագետներից շատերը, մոռանալով ամեն ինչ, կարծես հմտացել ու հրապուրվել են խոզերի անարյուն ոչնչացման տեխնոլոգիայով, որը կիրառեցին նաև ոչխարների ու այծերի բրուցելոզի դեմ պայքարում: Սակայն դա մեր եղանակը չէ վարակի դեմ պայքարում: Դա հարուստ արտասահմանյան երկրների մեթոդն է, որոնք կարողանում են արագ փոխհատուցել ու վերականգնել վնասը: Եթե այսպես շարունակվի, վախենում եմ վաղն էլ զրկվենք տավարի ողջ գլխաքանակից: Ոմանք երևի կփորձեն արդարանալ՝ ի՞նչ կա որ, եթե այժմ խոզի միս ենք ներկրում Բրազիլիայից, ապա ինչո՞ւ չի կարելի կաթնամթերքներն էլ ներմուծել Շվեյցարիայից:

Ես նպատակ չունեի տեսնել ու խոսել միայն բացասականի մասին: Սակայն ես ներկայացրի այն, ինչ կա իրականում: Այնուամենայնիվ, ես լավատես եմ ու գյուղատնտեսության ոլորտում կարծես որոշ դրական քայլեր եմ նկատում: Ավելանում է հաջող գործող ֆերմերների, ձեռներեցների քանակը և, անկասկած, կգտնվեն նրանց ընդօրինակող երիտասարդներ: Բայց, այդուհանդերձ, աչք փակել մեր ագրարային ոլորտում առկա բացասական երևույթների նկատմամբ, չեմ կարողանում: Անտարբերությունն այդպիսի երևույթների նկատմամբ համարում եմ հանցագործություն:

ԷԴՈՒԱՐԴ ԳԱՍՊԱՐՅԱՆ
թոշակառու, անասնաբուծական
գիտությունների թեկնածու



«ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ» ԶԵՂՉԵՐ
կամ պարզապես՝ «էստի համեցեЇք»


Յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի գեղեցիկի որոշակի պահանջներ և հասկացություններ: Այսօր երևի դժվար թե գտնվի մեկը, ով չսիրի գեղեցիկ և ճաշակով հագնվելը: Մարդու արտաքին վայելչությունը հաճախ կախված է նրանից, թե ճի՞շտ է, արդյոք, ընտրված հագուստը, համապատասխանո՞ւմ է այն տարիքին և կազմվածքի առանձնահատկություններին:

Մեր քաղաքում հագուստի խանութների պակաս չի զգացվում: Եթե նախկինում ըստ ցանկության կամ խանութի արտաքին տեսքին նայելով էինք ներս մտնում այնտեղ, ապա հիմա հագուստեղենի խանութների մրցակցությունն այնքան է մեծացել, որ վերջիններս ամեն կերպ փորձում են գնորդին իրենց «ծուղակը» գցել:
Մայրաքաղաքի գրեթե բոլոր հագուստի սրահների ու խանութների վրա փակցված են գրություններ՝ զեղչերի մասին: Ընդ որում՝ դրանցով նույնպես խանութներն իրարից տարբերվում են: Մեծ և գեղեցիկ վերանորոգված խանութների վրա գրում են Sale-զեղչ, մի քիչ փոքր խանութների վրա՝ հՍՌՊՍՈ և Զեղչ: Զեղչերի մասին այս տարբերակները ոչ բոլորը կարող են հասկանալ: Բայց եթե մարդը տեսնում է գեղեցիկ խանութ և անգլերեն տառերով պիտակ, ակամայից խանութ մտնելու ցանկություն է առաջանում: Եվ հետո, խանութների վրա գրված 30, 50 և 70%-ներն այնքան մեծ են, որ չնկատելն անհնար է:

Հաճախորդը հետաքրքրությունից դրդված մտնում է խանութ և ապշում՝ տեսնելով, թե ինչպես է հագուստի գինը եռապատկվել, իսկ նրա իջեցումը 30, 50 և նույնիսկ 70%-ներով՝ ոչինչ չի փոխում, հագուստը, միևնույն է, թանկ է մնում: Որոշ մարդիկ, այսպես ասած՝ նորաձևության սիրահարները, գների աճին ուշադրություն չեն դարձնում և ընկնում են «նրանց ծուղակը», բայց ահա խելամիտ մարդիկ արագ կողմնորոշվում և դուրս են գալիս:
Ակամայից հարց է ծագում. ինչո՞ւ են մարդիկ նման կերպով փող վաստակում, եթե կարելի է առանց աչք ծակող «զեղչ» բառի նույն գնով վաճառել հագուստը, այս դեպքում արդեն գնորդը խաբված չի լինի:

ՏԱԹԵՎԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



ՄԱՅՐԸ

Մեր սիրելի ուսուցչուհու՝ Արփիկ Ալթունյանի մասին այս հոդվածը գրել եմ տարիներ առաջ, կրտսեր քրոջս՝ Նվարդի հետ:
Սա ընդամենը նախնական տարբերակն է: Որոշել էինք այն լրացնել նոր փաստերով և, վերջնական մշակումից հետո, տպագրել...
Բայց, ավաЇղ... Քրոջս անժամանակ մահը անավարտ թողեց մեր մտահղացումը: Երկար ժամանակ ես կարծում էի, թե չի պահպանվել թեկուզ կիսավարտ այդ նյութը: Եվ հանկարծ հրաշքով գտնվեց այն, որը և տպագրում եմ՝ առանց բառ իսկ փոխելու...


Այսօր Ստեփանակերտի փողոցներով քայլելիս, նայելով քո կողքով անցնող հարյուրավոր երիտասարդների ու միջին տարիքի մարդկանց, իրենց խոհերով տարված տատիկ-պապիկների ու բյուր երազներով լեցուն դպրոցահասակ երեխաների, նայելով փողոցների երկու կողմերով ձգված նորաստեղծ խանութներին ու ժամանակակից շինություններին, մի պահ մոռանում ես, որ տարիներ առաջ այս նույն փողոցներով կարող էիր անցնել՝ քո ճանապարհին հանդիպելով հազիվ տասնյակ մարդկանց՝ հոգնած, վշտահար ու գրեթե հուսահատ դեմքերի, իսկ փողոցի զույգ կողմերից կիսավեր, անապակի, հրդեհից սևացած բազում տեղերից արկ ու հրթիռներից խոցված շինություններն այնպիսի մռայլ ու ճնշող տպավորություն էին թողնում քեզ վրա, ասես անցնում ես հսկա գերեզմանոցի միջով...

Կարծես պատերազմական դաժան տարիները մնացել են յոթ սարերի հետևում, կարծես կողքովդ անցնող այս մարդիկ ամենևին էլ հոգս ու վիշտ չունեն: Սակայն, այնուամենայնիվ, այս մարդկանցից առնվազն հինգից երեքը պատերազմական այն տարիներին մեծ վիշտ է ապրել, նրանց հոգում պատերազմը մի սպի է թողել. նա զավակ է կորցրել կամ սիրած ամուսին, կորցրել եղբորը, հորը, հարազատին ու արյունակցին...
Դիմացից եկող ճերմակահեր, փոքրամարմին ու համեստ հագնված այս մայրիկը, բարի ժպտալով, բարևում է իրեն ճանաչողներին, երբեմն էլ նույն բարությամբ կարճատև մի քանի խոսք փոխանակում ոմանց հետ ու շարունակում ճանապարհը: Իսկ ճանապարհն այդ նրան տանում է ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միություն, որտեղ վաղուց աշխատում է, սկզբում՝ հասարակական հիմունքներով:

Այդ բարի ու համեստ կինը Արփիկ Ալթունյանն է: Նրան ճանաչողները ոչ միայն հարգում ու սիրում են, այլև գլուխ են խոնարհում փոքրամարմին այդ կնոջ առջև: Շուրջ 50 տարվա աշխատանքային ստաժ ունի, որից 44-ը՝ մանկավարժական: Երկար տարիներ ֆիզիկա և աստղագիտություն է դասավանդել Ստեփանակերտի N 1 միջնակարգ դպրոցում: Ուներ երեք զավակ՝ Սերգեյ, Սամվել և Անահիտ: Ամուսինը՝ Վիլեն Թովմասյանը, մասնագիտությամբ ռադիոտեխնիկ է:

Հետո պատերազմ բռնկվեց Արցախ աշխարհում… Ազատագրական պայքարին կամավորագրվեցին հարյուրավոր, հազարավոր ղարաբաղցի երիտասարդներ, որոնց թվում էին նաև մեր ուսուցչուհու՝ Արփիկ Ալթունյանի որդիները՝ Սերգեյ և Սամվել Թովմասյանները:
Սերգեյը՝ տիկին Արփիկի ավագ որդին, ծնվել է 1959 թ. Ստեփանակերտում: Ստացել է բարձրագույն կրթություն, ծառայել է խորհրդային բանակում: Դեռ մանկուց նրան գրավում էր տուրիզմը: Եվ ահա, 1988 թվականին, երբ սկսվեց Արցախի ազգային-ազատագրական շարժումը, նա իր խմբով բարձրացավ Մռավ լեռնաշղթայի «Գյամիշ» բարձունքը և այնտեղ տեղադրեց հայոց եռագույն դրոշը: «Մարդ պետք է սիրի՛ իր ժողովրդին, իր հայրենիքը և ծառայի նրան սրտով ու հոգով»,- Ա. Նեկրասովի այս խոսքերն էլ նա դարձրեց կյանքի նշանաբան և այս խոսքերով կոչ արեց ընկերներին՝ մտնել ֆիդայական շարժման մեջ:

Սերգեյի ծնողները Ասկերանի շրջանի Կարմիր գյուղից են:
Ծնողներից լսել էր գյուղի հետ կապված մի տխուր պատմություն: 1920 թ. ձմռանը թուրքերը Կարմիր գյուղից 40 տղամարդու խաբելով՝ Շուշի են տարել՝ իբր թե այնտեղ կայանալիք ժողովին մասնակցելու համար, բայց գազանաբար սպանել են նրանց: Թուրքի նենգության ու դաժանության մասին հետագայում նա բազմիցս առիթ է ունեցել համոզվելու: Եվ Սերգեյը եղբոր՝ Սամվելի հետ Արցախյան գոյապայքարի ամենադաժան ու ծանր օրերին ռազմի դաշտում էր: Գիտակցելով գործի կարևորությունը՝ ծնողները երբևէ չփորձեցին իրենց զավակներին շեղել ճանապարհից:

1992-ի մայիսի 9-ն էր: Շուշի քաղաքը, որի անառիկ դիրքը թուրքերի կողմից օգտագործվում էր Ստեփանակերտը հրթիռահրետակոծելու համար, ազատագրվեց: Գրոհողների հետ առաջին գծում էր Սերգեյ Թովմասյանը: Այդ օրը նա շարքից հանեց S-72 տիպի մեկ տանկ, զրահամեքենա և զինվորական ավտոմեքենաներ: Վիրավորվելով ձախ թևից և ձախ ոտքից՝ նա չհեռացավ մարտադաշտից, վիրակապվելուց հետո շարունակեց գրոհը դեպի Շուշիի հայաստանյան դարպասը:
1992 թ. ամռանը մասնակցեց նաև Մարտունու շրջանի պաշտպանական մարտերին: Շուտով իր վաշտով տեղափոխվեց Մարտակերտի շրջան, որտեղ կատաղի մարտեր էին մղվում՝ թշնամուն շրջանի տարածքից հետ շպրտելու համար: Երբ ազատագրվեց Հակոբ Կամարին, նրա հյուսիս-արևելք ընկած բարձունքում վիրավորվեց: 1992-ի հուլիսի 31-ը նրա կյանքի վերջին օրը եղավ. հոսպիտալում վիրահատության ժամանակ Սերգեյը մահացավ:

Սերգեյ Թովմասյանը ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, «Շուշիի ազատագրության համար» ու «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալներով:
«Ռադիոկապը բանակի գլխավոր ուժն է, ուստի, պետք է գործի անխափան»,- սիրում էր կրկնել Սամվել Թովմասյանը: Նա ծնվել է 1961-ին՝ Ստեփանակերտում, որտեղ էլ ստացել է միջնակարգ և բարձրագույն կրթություն, ծառայել է խորհրդային բանակում: Երբ սկսվեց արցախյան պատերազմը, դարձավ գումարտակի կապի պետ: Ռադիոկապի միջոցով հաջողությամբ որսում էր թշնամու հաղորդած տեղեկությունները, ձայնագրում, ճշտում տեղանքը: Մասնակցել է Քաշաթաղի և Մարտակերտի շրջանների ազատագրության համար մղվող մարտերին: Քանի որ կապավոր էր, մարտերին մասնակցում էր որպես կամավոր:

1993 թ. մարտի 20-ին, Հակոբ Կամարի գյուղի ազատագրումից հետո զորամաս վերադառնալիս, ականի պայթյունից ավերվեց այն մեքենան, որի մեջ էր նաև Սամվելը: Նրա աճյունն ամփոփված է Ստեփանակերտի գերեզմանատանը՝ եղբոր՝ Սերգեյի կողքին, որը նույնպես զոհվել է Հակոբ Կամարի գյուղի ազատագրման ժամանակ: Մարտադաշտում ցուցաբերած քաջագործությունների համար հետմահու արժանացել է պետական պարգևի:
ԼՂՀ երկրորդ նախագահի հրամանագրով Սերգեյ եւ Սամվել Թովմասյանների մայրը՝ Արփիկ Ալթունյանը, պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով:

Մեր լեռնաշխարհում վաղուց լռել են թնդանոթները… Այսօր մեր ժողովուրդը կանգնած է փխրուն խաղաղության և հնարավոր պատերազմի սահմանագծին: Ի՞նչ է սպասվում մեզ վաղը… Չգիտենք: Այնինչ՝ կյանքը շարունակվում է: Դժվար է ասել, թե ամեն Աստծո օր ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների ընկերության գրասենյակ ոտք դնելիս և արցախյան ազատամարտում մարտիրոսված երկու որդիների լուսանկարները նայելիս ինչ զգացումներ են համակում Արփիկ Ալթունյանին: Գուցե նրան սփոփում է այն միտքը, որ երկու որդիների ընդհատված կյանքը շարունակվում է նրանց զավակների մեջ: ՈЇվ գիտե… Գուցե զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող թանգարանում կախված մեր քաջորդիների մեծադիր լուսանկարներն ապրեցնում, հույս և հավատ են ներշնչում նրան՝ հավաստելով, որ նա ՄԱՅՐ է, տառապանքի խառնարանում թրծված և արժանապատվորեն իր խաչը կրող իսկական մայր…

ՆՎԱՐԴ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ
ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



ԱՐՑԱԽԸ ՄԵՐԺԵՑ ԵՀՈՎԱԿԱՆՆԵՐԻՆ

Արցախում կրոնական գործունեություն ծավալող «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունը հայց է ներկայացրել ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ընդդեմ տեղի արդարադատության նախարարության պետական ռեգիստրի բաժնի վարիչ Սևակ Միքայելյանի: Եհովականները բողոքարկել են իրենց կազմակերպության պետական գրանցման մերժումը:
Դատարանին է ներկայացվել նաև վերոհիշյալ կրոնական կազմակերպության դիմումը ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Ս. Գրիգորյանին՝ առ այն, թե «Չնայած այն հանգամանքին, որ Եհովայի վկաները ազատորեն չեն կարողացել իրականացնել իրենց երկրպագությունը Խորհրդային Միության կարգերի օրոք, սակայն ԼՂՀ-ում նրանք միահամուռ երկրպագություն են իրականացնում 1993 թվականից ի վեր»:

«Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունն իր բողոքն ավելի ազդեցիկ դարձնելու համար հրավիրել էր միջազգային փաստաբանների: Ավելի ճիշտ՝ նրանք էին ժամանել «չճանաչված Ղարաբաղ»՝ իրենց կրտսեր հավատակիցների «դատը պաշտպանելու»: Միջազգային փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Դանիել Գորդոն Փոլն իր ելույթում նշել է՝ եթե «Եհովայի վկաներ» կազմակերպությունը չգրանցվի, ապա ԼՂՀ-ն չի ընկալվելու որպես ժողովրդավարական երկիր և միջազգային հանրության կողմից ոչ մի ուշադրության չի արժանանալու: Դեռ ավելին՝ Եվրոպայի խորհրդի մարդասիրական ինչ-որ կազմակերպության անունից ներկայացրել են մի փաստաթուղթ, որտեղ դիմում են Ղարաբաղի իշխանություններին՝ «անհապաղ գրանցելու» եհովականներին, «դրանով հաստատելու Սահմանադրությամբ և օրենքով ամրագրված մարդու իրավունքները»:

Ճիշտն ասած, արցախցիների վերաբերմունքը կրոնական այդ կազմակերպության նկատմամբ ամենևին դրական չէ: Դատական նիստին ներկա էին հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ, ովքեր չեն ընդունում եհովականների գործունեությունն Արցախում, իսկ դատարանի դիմաց հավաքվել էին հինգ տասնյակից ավելի ուսանողներ՝ «Ո՛չ Եհովայի վկաներին», «Մի՛ պղտորեք մեր հոգին» և նման կարգի այլ ցուցապաստառներով:
«Նրանք մեր երկրում քայքայիչ գործունեություն են ծավալում, հերիք չէ, անընդհատ ծեծում են մեր դռներն ու փորձում իրենց հավատը փաթաթել մեր վզին»,- ասաց 4-րդ կուրսի ուսանողուհիներից մեկը:

Մի երիտասարդ էլ հավելեց. «Մեզ մոտ այդ աղանդին հիմնականում անդամակցում են այն տղաները, ովքեր չեն ուզում ծառայել բանակում, և այսօր հայտարարում են, թե իրենց կազմակերպությունը դեմ է զենք վերցնելուն, թույլ չի տալիս մարդ սպանել...»:

Փորձեցինք պարզաբանումներ ստանալ դատական նիստին որպես վկա մասնակցող ԼՂՀ կառավարությանն առընթեր կրոնի և ազգային փոքրամասնությունների հարցերի բաժնի վարիչ Աշոտ Սարգսյանից: «Նույնիսկ իրենք են խոստովանում, որ Արցախում գործունեություն են իրականացնում 1993 թվականից,- ասաց նա:- Հարց է ծագում‘ ինչո՞վ էին զբաղված «Եհովայի վկաները», երբ 1993-ին ԼՂՀ-ն պատերազմում էր Ադրբեջանի դեմ, երբ ԼՂՀ Գերագույն Խորհրդի նախագահությունը 1992 թ.օգոստոսի 12-ի հրամանագրով երկրում մտցրել էր ռազմական դրություն, երբ 1992 թ. նոյեմբերին ԼՂՀ ՊՊԿ-ի որոշմամբ արգելված էր կրոնական կազմակերպությունների գործունեությունը, երբ 1994 թ. հուլիսի 19-ին ԼՂՀ ԳԽ-ն հրամանագիր է ստորագրել. «Անօրեն կրոնական գործունեության և կրոնական ծեսերի կատարման պատրվակով քաղաքացիների անձի ու իրավունքների հանդեպ ոտնձգությունների համար քրեական և վարչական պատասխանատվությունն ուժեղացնելու մասին: Փաստորեն Ս. Ավանեսյանը հաստատել է այն իրողությունը, որ «Եհովայի վկաները» 1993 թվականից ի վեր ԼՂՀ-ում իրականացնում են անօրեն, հակապետական գործունեության»:

Հետաքրքիր է, եթե ԼՂՀ Գերագույն խորհուրդը կրոնական գործունեության վերաբերյալ ժամանակին նման որոշումներ է ընդունել, որտե՞ղ էին այդ նույն ԳԽ-ն և իրավական կառույցները, երբ եհովականները բոլորի աչքի առաջ Արցախում իրականացնում էին «հոգեորսություն»: Նրա՞նք են մեղավոր «անօրեն, հակապետական գործունեություն» ծավալելու համար, թե՞ իշխանությունները, որ թույլ էին տալիս նրանց իրականացնելու «անօրեն, հակապետական գործունեություն»:
Հոկտեմբերի 28-ին դատարանը կայացրել է իր վճիռը՝ մերժելով եհովականների հայցադիմումը և օրինական համարելով այդ կազմակերպության պետական գրանցման մերժումը:
Սեփ. լրատվություն



ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ՀՊԱՐՏԱՆԱԼՈՒ ՀԻՄՔԵՐ ՉՈՒՆԵՄ»

Ճիշտն ասած՝ ես չեմ համարում, որ մեր նախնիները շատ ճիշտ են ապրել: Շատ-շատ պարտքեր են կուտակել ներկա սերնդի ուսերին, շատ ծանրացրել են այդ պարտքերը...
Ես ուղղակի գիտակցում եմ, որ նախնիների հիշատակի առաջ պարտք ունենք՝ ոչ թե նրա համար, որ իրենք շատ արժանի էին: Արժանին նա է, որ իր հող ու ջրի համար մինչև վերջ պայքարում է: Արժանի են, օրինակ, արցախցիները: Ես Արևմտյան Հայաստանի հայ եմ 2 կողմից էլ, մոր կողմից՝ Բասեն, հոր կողմից՝ Արճեշ: Եվ երկու դեպքում էլ պիտի ասեմ, որ հպարտանալու հիմքեր չունեմ իմ պապերի կենսագրությամբ, որովհետև ընդամենը մազապուրծ հրաշքով փրկվել և մի կերպ ընկնել Արևելյան Հայաստան՝ առանձնապես պատվաբեր չէ ինձ համար: Այսինքն՝ պետք էր բնօրրանի համար առավելագույնը անել:

Երբեմն երևակայական մտածում եմ՝ եթե ես ինչ-որ մի կարևոր աթոռի վրա լինեի, ինչ կանեի: Մի կես ժամ էլ եթե լինեի, արդեն գոնե մի քիչ մեր քաղաքամայր Երևանը կհայացնեի. գոնե հայերենի ստորադասված, երբեմն կրկնակի ստորադասված վիճակը, որ տեսնում ենք, գոնե տարրական բաները կհասցնեի մի կես ժամում մի քանի հրամանով շտկել:

Ռուսերենը, իհարկե, նահանջել է, բայց հիմա էլ գրավել է անգլերենը: Շատ-շատ բաներ՝ լինեն գովազդները, մեր տաքսիների անունները, նույնիսկ եթե հայերեն են, իրականում հայերեն չեն, պարզապես հայատառ են: Արևմտյան Հայաստանում թուրքական ավտոբուսների, տաքսիների վրա կարդում ենք՝ «Վան գյոլլու»՝ Վանա լիճ, «Մուշ օվասը»՝ Մշո դաշտ, «Նեմրութ դաղ»՝ Նեմրութ լեռ, «Աղր դաղ»՝ Արարատ լեռ և այլն: Մեր քաղաքների, մեր լեռների, մեր ձորերի, մեր գետերի անունները, իրենց լեզվին հարմարեցնելով կամ որոշները քիչ փոխելով իրենց սերնդի համար հարազատացնում են նվաճված երկրից տեղանուններ: Իրենց պետության տարածքի մեջ է, փորձում են այս ձևով յուրացնել երկիրը: Մեր հայրենիքում մի հատ մեր տաքսիների անունները նայեք՝ «ծց, տՏչՏՊՌե, «ժսՍՌ-տՈսՍՌե, «Վոյաժ»: Այսինքն՝ մենք ինչ ենք քարոզում: Խնդիրը արմատի մեջ է: Մենք արմատ չունենք:

Եթե մի հրաշքով, կախարդական փայտիկով մի կես ժամ լինեի ինչ-որ մի կարևոր անձ, նման հրամաններ կարձակեի, որ մի քիչ մաքրեինք մեր նկարագիրը:

Արևմտյան Հայաստանի այն մասերում, որտեղ եղել ենք, հուշարձանների 5 տոկոսից ավելը կանգուն չէ: Այն էլ, որ կանգնուն ենք ասում, մեծ մասամբ, վթարային վիճակում են. այսինքն՝ ֆիզիկապես ինքը դեռ կա, բայց ամեն օր կարող է, ասենք, գմբեթը ընկնել, կամ գմբեթն արդեն ընկել է, պատերը դեռ կան: Մենք կանգուն ենք համարում բոլոր այն հուշարձանները, որոնց հատակագիծը կարելի է չափագրել, որ գոնե հիմքերը կան, որ մի բան կա կանգնուն:

95 տոկոսը կամ գետնատարած վիճակում է, այսինքն՝ արդեն հազիվ հիմքերն են նկատելի, կամ հիմքերն էլ չկան: Մենք, օրինակ, հաճախ հաշվառում ենք գոյություն չունեցող հուշարձաններ: Ինչպե՞ս: Տեղացի մի թուրք կամ քուրդ անկեղծ ասում է. «Այո, եղել է գերեզմանոց: Բայց, ախր, շատ վաղուց է վերացել: Այս արտը, այս բոստանը տեսնո՞ւմ եք. էստեղ, ասում են, որ եղել է հայկական գերեզմանոց: Էն դպրոցը տեսնո՞ւմ ես: Էդտեղ, ասում են, որ եղել է եկեղեցի»: Նայում ես՝ մեկ քար էլ չկա:
Մենք հաշվառում ենք այդ վայրերը՝ GPS-ի տվյալներով, այսինքն՝ կոորդինատներն ենք վերցնում, որ երկիր մոլորակի այսինչ կետի վրա եղել է այսինչ գյուղի գերեզմանոցը, եկեղեցին, սրբատեղին կամ ինչ-որ հուշարձան:

Հատված Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող
կազմակերպության ՀՀ մասնաճյուղի տնօրեն,
հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հետ Hetq.am-ում
տպագրված ծավալուն հարցազրույցից



ՉՊԻՏԻ ՆԵՐՈՂԱՄԻՏ ԼԻՆԵԼ ԱՆՑՅԱԼԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԻ ՍԽԱԼՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ

Յուրաքանչյուր պետության առաջընթացը պայմանավորված է որակյալ, բանիմաց կադրերի գործունեությամբ: Պետության ղեկին առաջին հերթին անհրաժեշտ են գործունյա և նվիրյալ կադրեր,
լինեն հայրենասեր, համեստ, վճռական, անշահախնդիր և, ամենակարևորը՝ բարոյական:
Նախորդ ղեկավարության մեծագույն սխալներից մեկը կադրերի ընտրության անմտածված և անսկզբունք քաղաքականությունն էր, որը բացասաբար էր ազդել երկրի սոցիալ-տնտեսական, ներքաղաքական, ինչպես նաև արտաքին քաղաքականության վրա: Դա է պատճառը, որ մեր հաղթանակած փոքրիկ հանրապետության կարևորագույն հարցերը լուծվում էին ոլորտներին ոչ քաջատեղյակ կադրերի շնորհիվ:

Ցավալին այն է, որ կադրերին ընտրում էին անձնական նվիրվածության հատկանիշների հաշվառումով: Նման կադրերի համար կարևորը ոչ թե աշխատանքն է, ժողովրդի բարեկեցությունը, երկրի ճակատագիրը, այլ նրանց ջանքերն ուղղված են առավելապես իշխանական օղակներում իրենց դիրքերն ամրապնդելուն: Նրանց համար օրախնդիր հարց է օրվա ղեկավարին, այսպես ասած, սատար կանգնելը, որպեսզի երկարացնեն պալատական շքեղ կյանքի իրենց տարիները: Այդ մարդկանց համար առաջնահերթ խնդիր էր անձնական և կլանային հավակնությունների բավարարումը:

Այսպիսով՝ հարստացան մի խումբ չինովնիկներ, և կյանքի եզերք մղվեցին կիրթ, ձեռներեց, բարոյական և ազնիվ կադրերը, բազմապատկվեց գործազուրկների բանակը, որոնց մի մասը տուն ու տեղ թողած, մեկնեց օտար ափեր՝ փող վաստակելու:
Սոսկալի էր հատկապես թոշակառուների վիճակը, նրանք գրեթե ճորտի կարգավիճակում էին: Անմխիթար էր նաև երիտասարդության վիճակը, ովքեր դիպլոմները ձեռքներին չէին կարողանում աշխատանք գտնել: Պետությունը դարձել էր առանձին կլանների հենարանը: Այս ամենը պայմանավորված էր իշխանական բուրգում իսկական ազգային ինտելեկտի բացակայությամբ և կադրային սխալ քաղաքականությամբ: Ահա թե որտեղից է գալիս ժողովրդի հավատի կորուստը:

Արցախի կառավարման գլխավոր պաշտոնը տրված էր Ղրիմի քրեական աշխարհի ներկայացուցիչ Անուշավան Դանիելյանին, ինչպես նաև նրա գործընկեր Վլադիմի Շևյովին, որոնց մասին հիշատակված է «Բանդիտական Ղրիմ» գրքում:
Արցախցիները զարմացան, որ ԼՂՀ վարչապետի աթոռին նստեցրին մի մարդու, որին ոչ ոք չէր ճանաչում, բացի նախկին նախագահից: Իսկ Ա. Դանիելյանն իր հետ Շևյովին բերելով Ղարաբաղ, «Աշոտ Գասպարյան» անվամբ անձնագիր տվեց նրան և նշանակեց թեյի գործարանի տնօրեն, իսկ հետո նախագահի «վաստակած» գումարների տնօրենը: Այդ մարդու մասին հիշատակված է Վ. Լեբեդևի ստորագրությամբ «Նեզավիսիմայա գազետա» թերթում 1999 թ. տպագրված հոդվածում, որ վերջինս արդարադատությունից ճողոպրել, թաքնվել է Հայաստանում:

Հենց նրանց Արցախ գալուց հետո սկսվեց կադրերի ջարդը: Պատերազմում հաղթած երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ոլորտը վստահվեց Նաիրա Մելքումյանին, որի բան ու գործը կարծես լրագրողներին ու հանրությանը զվարճացնելն էր: Հիշատակենք միայն, որ «Առավոտ» թերթում տպագրված Մարգարիտ Եսայանի հոդվածը վերնագրված էր «Արցախի արտաքին քաղաքականությունը «Ղարաբաղի Նախշուն բաջու» աչքերով» (23 մարտի 1999 թ.): Մեջբերենք մի քանի նախադասություն Նախշուն բաջու՝ թերթում հիշատակված ասուլիսից. «Չճանաչված երկրի նախագահը ընդունվեց պետական դեպարտամենտի շենքում» (հայտնի չէ, թե ում կողմից, որովհետև հարյուրավոր մարդիկ են աշխատում այդ շենքում և այցելուներ ընդունում - հեղ.), «կարևորը մենք ենք ու Ամերիկան, քանի որ սենատորներից մեկը մեզնից էր խորհուրդ հարցնում» (դարձյալ հայտնի չէ, թե այդ ինչ սենատոր է, որ Ղարաբաղի Նախշուն բաջուց ու Ա. Ղուկասյանից էր խորհուրդներ հարցնում: Ի դեպ, պարզ չէ նաև, թե Ն. Մելքումյանը Ամերիկա աշխարահամասը նկատի ունի՞, թե՞ ԱՄՆ-ն - հեղ.):

Բայց նա, իհարկե, հասցրեց այդ ընթացքում ծառայողական գրասենյակի անվան տակ Երևանում 3-սենյականոց բնակարան ստանալ՝ Արցախի պետբյուջեի հաշվին: Այստեղից ձեռնունայն չգնաց նաև Անուշավան Դանիելյանը: Նրան էլ Արցախից ճանապարհեցին նույնպես պետական միջոցներով գնված թանկարժեք «Ջիպ»-ով, չհաշված այն ամենը, որի մասին շարքային քաղաքացիներս կռահել միայն կարող ենք...

Այս ամենի մասին ես գրում եմ, ոչ թե նրա համար, որ հիմա նրանք այստեղ չեն, այլև որպեսզի հասկանանք, թե որքան վտանգավոր է անցյալի և ներկայի սխալների հանդեպ ներողամիտ վերաբերմունքը, երբ արածի համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում: Հիշեցնենք միայն, որ հենց նման «կադրերի» պատճառով է, որ սումգայիթյան ողբերգություն սարքած, Արցախի դեմ պատերազմ սանձազերծած թշնամին այսօր ինքն է պայմաններ թելադրում դիվանագիտական դաշտում:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎԵՆՑ



Վերջին էջ

ՉԱՐԻ ՎԵՐՋԸ


Շաղգամ Սապոկյանը բյուրոկրատ է: Ամենատիպիկ բյուրոկրատ՝ ճարպակալած փորով, մեծ գլխով ու կովի աչքերով: Երեսուն տարի ինչ-որ կազմակերպություն է ղեկավարում, և այդ երեսուն տարում ինտրիգներ սարքելով, մարդկանց իրար դեմ լարելով, նա պաշտպանել է իր աթոռը: Տարիների վրա տարիներ են գումարվել, և ժամանակի ընթացքում աստիճանաբար աճել ու զարգացել է Շաղգամ Սապոկյանը. նախ մեծացել է գլուխը, հետո խոշորացել է նստատեղը, իսկ վերջինիս չափերով պայմանավորված, սկզբում նրա համեստ աթոռը դարձել է մեծ աթոռ, այնուհետև՝ լայն ու շքեղ բազկաթոռ:

Տարիների հետ բացվել է Սապոկյանի ախորժակը: Նախ կերել ու ամայացրել է իր աթոռի մերձակայքը, ապա՝ մերձավոր շրջակայքը և, ի վերջո, մի օր նա զարմանքով նկատել է, որ իր ղեկավարած կազմակերպությունում այլևս ուտելու բան չի մնացել:
Նա դարձել էր արգելափակոց՝ ամեն լավի ու առաջադիմականի, ամենայն լուսավորի ու գեղեցիկի դեմ: Նա նմանվում էր ճամփամիջին ընկած անճոռնի մի կոճղի, որի կողքով կամ անհնար էր անցնել, կամ եթե հաջողվում էր անցնել, ապա հնարավոր չէր չկեղտոտվել: Ինչպես մոլախոտ, նա խլում էր ողջ կենդանի շրջապատի լույսը, օդն ու սնունդը...

Այդ օրը, երբ Սապոկյանը պարզեց, որ այլևս ուտելու բան չի մնացել, մյուս կողմից էլ՝ չափազանց շատ ուտելուց վաղուց չի կարողանում կերածը մարսել, ոտքերը տնկել ու հոգին ավանդել է: Լուրն այնպիսի արագությամբ ու թեթևությամբ տարածվեց քաղաքով մեկ, կարծես Սապոկյանի հետ երբևէ գործ ունեցած հարյուրավոր քաղաքացիներ ազատվել են կապանքներից: Ու նրանք, իրար ձեռք սեղմելով, ուրախ-զվարթ ասում էին՝ աչքդ լո՛ւյս...
Մինչ կազմակերպության անդամները քչփչալով մտորում էին, թե ինչպես կազմակերպեն հանգուցյալի հուղարկավորությունը, Սապոկյանի հավատարիմ ծառաներից մեկը բռունցքը խփեց սեղանին ու գոչեց.

- Այնպես եք իրարով անցել, ասես մարդ է մեռել... Հրեշը ոտքերը տնկել է, և դա ամենաճիշտ քայլն է նրա ողջ կյանքում...
Եվ սկսվեЇց: Սապոկյանի հակառակորդները մինչ զարմանքով իրար էին նայում, նրա մերձավորները, երբեմնի ընկեր-բարեկամներն ու զինակիցներն արդեն մոլեգնած գոռում էին.
- Նրա տիրումե՛րը... Այդ տականքը զրպարտություններ էր գրում և մեզ ստիպում տակը ստորագրել,- ասաց հանրահայտ «Մաուգլի» մուլտֆիլմից «Շակալ» մականունը ստացած մեկը:
- Միայն դա չէ, նրա համար ոչ մի սրբություն գոյություն չուներ,- բղավեց ճերմակահեր մի տղամարդ:- Աչքածակը դատարկ դագաղ տեսներ, իսկույն կմտներ մեջը: Իր չեղած արժանիքների մասին հոդվածներ էր գրում, մեզ ստիպում տակը ստորագրել և թերթերում տպագրել...

- Այդպիսիներին թաղելն անգամ մեղք է,- բացականչեց ճմրթված մի դեմք:
- Ընդհակառակը՝ մեծագույն հաճույք է: Աչքերիդ մեջ նայելով խաբում էր և երդվում զավակների արևով,- գոչեց Սապոկյանի ողորմելի տեսքով ընկերներից մեկը:- Մահը նրա համար փրկություն էր: Որոշել էի այս երկու օրը այդ սրիկայի դիմակը պատռել... Ստահակի բախտը բերեց:
- Երանի ծնված էլ չլիներ,- ծվծվաց կարճ շրջազգեստով մի օրիորդ,- անամոթը մի անգամ մագնիտաֆոնը միացրել է, աշխատասենյակի դուռը ներսից կողպել և ինձ առաջարկել պարելով հանվել...

«Շան քած, հետը պառկել է, հիմա հրեշտակ է ձևանում»,- մտքում ասաց խոշոր աչքերով մի կին, հետո թեքվեց դեպի օրիորդը: «Սիրելիս, լավ ես արել, որ չես հանվել: Այդ խոզը շարունակ փորձում էր մարգարիտներ գցել իր ձեռքը»,- ասաց նա, «մարգարիտներ» ասելով, նկատի ունենալով նաև իրեն:
- Այդ էր պակաս, որ հանվեի,- միանգամից կարմրելով, պատասխանեց Կարճ շրջազգեստը:
- Նա մարդ չէր, անկուշտ հրեշի մեկն էր: Ավազակն ամեն ինչ սեփականացրել, լափել է...

Վերջին ձայնը դեռ չէր լռել, երբ բացվեց Շաղգամ Սապոկյանի առանձնասենյակի դուռը: Աղմկարարները վախեցած ձայները կտրեցին, կարծելով, թե Սապոկյանը կենդանացել է: Նրան «հրեշ» անվանողն այն է, ուզում էր բղավել՝ «Կեցցե՛ Շաղգամ Սապոկյանը», սակայն այդ պահին դռների մեջ երևաց դիահերձող բժիշկը, և գունատված ամբոխն ազատ շունչ քաշեց: Բժիշկն ակնոցը հանեց, քրտնած ճակատը թևքով սրբեց ու ասաց.

- Իմ երեսնամյա պրակտիկայում սա աննախադեպ բան է... Տարիներ շարունակ նստած լինելով այդ բազկաթոռին, հանգուցյալն այնպես է կպել նրան, որ հնարավոր չէ մարդն ու աթոռն իրարից անջատել: Մյուս կողմից՝ նա այնքան շատ է կերել, որ չենք կարող փորոտիքը մաքրել. գարշահոտությունը կբռնի ողջ երկիրը... Պարոնայք, բժշկությունն այստեղ անելիք չունի: Այս՝ դուք, այս էլ՝ ձեր մեռելը: Ուզում եք՝ բազկաթոռով թաղեք կամ դամբարան սարքեք, դրան դրեք մեջը, ուզում եք՝ արտասահմանից ուրիշ մասնագետներ հրավիրեք...

Սապոկյանի թաղման հանձնաժողովը չորս օր, չորս գիշեր նիստ ու խորհրդակցություններ գումարեց և, ի վերջո, որոշեց.
«Քանի որ հանգուցյալի մարմինն այնպես է կպել աթոռին, որ մարդ ու աթոռ մի ամբողջություն են դարձել,
մյուս կողմից՝ քանի որ կազմակերպության նոր նախագահը հազիվ թե ցանկություն ունենա նստել ամբողջովին աղտեղված այդ բազկաթոռին,

երրորդ կողմից՝ քանի որ հանգուցյալի ծավալները թույլ չեն տալիս նրան շենքից դուրս բերել և, վերջապես,
չորրորդ կողմից՝ քանի որ հանգուցյալը, կարող է զանազան անցանկալի համաճարակի պատճառ դառնալ, նպատակահարմար ենք համարում այդ մարդ-բազկաթոռը հաստ շերտով ցեմենտապատել, բրոնզագույն ներկել և դարձնել արձան:
Որպես պատվանդան՝ օգտագործել նրա շքեղակազմ հաստափոր գրքերը, որոնք, մի քանի վարձակներից բացի ուրիշ ոչ ոք չի կարդացել: Զանազան զարտուղի ճանապարհով ստացած մեդալ-շքանշանները վերաձուլել, կրծքանշաններ սարքել երեխաների համար: Իսկ աշխատասենյակն անվանել՝ Բյուրոկրատի տուն-թանգարան...»:

* * *
Բյուրոկրատի արձանն այսօր էլ կա: Որտե՞ղ է այն: Ձեր մեջ: Ձեր մեջ է այն, պարոնայք բյուրոկրատներ, ու քանի դուք կաք, ապրելու և փոխանցվելու է նոր սերունդների:
Բյուրոկրատիան անմա՞հ է: Գուցե անմահ է, բայց երբ մարդ ազատ է ու իրեն զգում է որպես իր երկրի Տերը, նրա մերձակայքում ու շրջապատում չի կարող բյուրոկրատ լինել:

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



ԴԱՐՁՅԱԼ ՄԻ ԳԼԽԱՑԱՎԱՆՔԻ ՄԱՍԻՆ

«Նոր էջ»-ում կարդալով Կ. Առաքելյանի «Աղտեղություններ՝ հեռախոսով» վերնագրված նյութը, հայտնում ենք, որ միանգամայն համաձայն ենք հեղինակի հետ և ուզում ենք մենք ևս հայտնել մեր դժգոհությունը՝ բջջային հեռախոսացանցը հեղեղած խոտանի առթիվ, քանի որ այդ «Z-Mobile» կոչեցյալը ցանկություն չունի ձեռ քաշելու մեզնից:

Վերջերս դարձյալ շարունակում էր անհանգստացնել մեզ՝ իր «ծառայություններն» առաջարկելով: Այսպես՝ մեզ խորհուրդ է տալիս ինչ-որ տառ ուղարկել ինչ-որ համարի և ստանալ «եղանակի տեսություն»: Վաղն էլ երևի առաջարկելու է x տառն ուղարկել և ստանալ «լրաբերի» ողջ ինֆորմացիան կամ Պուշկինի նամակները՝ Ջորջ Բուշին: Մյուս օրն էլ մի այլ բան է հնարելու, որպեսզի մեր զահլեն տանի:

Հարգելի Z-mobil ես կոչվում, թե ինչ, թախանձագին խնդրում ենք ձեռ քաշել մեզնից, աղաչում ենք չփորձարկել մեր նյարդերը, ձեր սիրտը խաղալ է ուզում, գնացեք ձեր կարգի և մակարդակի երեխաների հետ խաղացեք: Վերջապես հանգիստ թողեք մեզ, ձեռ քաշեք մեզնից և, ինչպես Կ. Առաքելյանն է իր նամակում գրել, «մտածեք մարդավարի մի մասնագիտություն կամ զբաղմունք գտնելու մասին»:

Պարզելու համար, թե մեր հեռախոսահամարներն որտեղի՞ց են հայտնվել այդ Զ-մոբիլի ձեռքին, կապվեցինք «Ղարաբաղ-Տելեկոմի» բաժիններից մեկի հետ: Մեզ հայտնեցին, որ նրանց հետ կապ չունեն, որ SMS-ներ ուղարկողը Z-mobil-ն է: Կապվեցինք վերջինիս հետ, սրանք էլ ասացին, որ իրենք տեքստը տալիս են «Տելեկոմին», նրանք էլ ուղարկում են:

Հետաքրքիր է, մենք բջջային հեռախոսները ձեռք ենք բերել ոչ թե զվարճանալու կամ խաղալու համար, այլև կապ պահպանելու մեր ընկերների, բարեկամների և բոլոր նրանց հետ, ում հետ կապվելու պահանջն ունենք: «Ղարաբաղ-Տելեկոմն» ի՞նչ իրավունքով է խախտում մեր իրավունքներն ու անդորրը՝ մեր անձնական համարներով ուղարկելով զանազան հիմարություններ: Գուցե թե կան մարդիկ, ովքեր հաճույք են ստանում «հեռախոսախաղերից»: Այդ դեպքում «Տելեկոմը» թող բարի լինի հարցնել բաժանորդներից յուրաքանչյուրի կարծիքը, հետո միայն անմիտ հաղորդագրություններ ուղարկի:

Ի դեպ, մենք զգացված ենք, որ «Ղարաբաղ-Տելեկոմը» հաղթանակի, անկախության և այլ տոն օրերի կապակցությամբ շնորհավորում է իր բաժանորդներին: Դրա համար մենք անկեղծորեն ուրախ ենք և շնորհակալություն ենք հայտնում:

Գ. ՍԱՀԱԿՅԱՆ, Ա. ԱԴԱՄՅԱՆ, Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ, Ա. ՀԱԿՈԲՅԱՆ......


Համարի ասույթը

Հանճարեղ մարդիկ ճանապարհ են նախագծում, միջակությունները հրամաններ և ուղղություն են տալիս, իսկ խելոք ու աշխատավոր մարդիկ միահամուռ ուժերով գլորում են պատմության անիվը դարերի միջով:


Ամսվա ասույթը

Մեր համազգային ողբերգությունների հիմնական պատճառներից մեկն այն է, որ թե՛ դրսից և թե՛ ներսից շրջապատված ենք թշնամիներով: Ներքին թշնամին, դժբախտաբար, հաճախ ավելի ստոր, դաժան ու քստմնելի է դուրս գալիս, քան արտաքին ոսոխը:

Комментариев нет:

Отправить комментарий