19.6.11

N 1 (26) (2011)

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. «FREEDOM HOUSE»-Ը ԵՎ ՄԵՆՔ

Ամերիկյան Freedom House ոչ կառավարական կազմակերպության վերջին զեկույցը որոշակի դժգոհություններ է առաջ բերել նաև Արցախի քաղաքական շրջանակներում, քանզի այնտեղ Արցախը նշված է որպես ոչ ազատ երկիր: Մինչ այդ Freedom House-ի զեկույցներում Հայաստանն ու Արցախը դասվում էին մասամբ ազատ երկրների շարքում, այն դեպքում, երբ Ադրբեջանը համարվում էր ոչ ազատ երկիր: Հերթական այս զեկույցում Հայաստանն ու Ադրբեջանը մնացել են իրենց նախկին «դիրքերում», իսկ Ղարաբաղը «մասամբ ազատից» հայտնվել է «ոչ ազատ» Ադրբեջանի կողքին։

Միանգամայն իրավացի է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, երբ ասում է, թե այդ զեկույցը վկայում է աշխարհում ոչ կառավարական սեկտորի քաղաքականացվածության մասին, և բերում է Ուկրաինայի օրինակը, որը մի տարի առաջ համարվում էր ազատ երկիր, իսկ Յանուկովիչի իշխանության գալով՝ դարձել է «մասամբ ազատ»։

Մեզանում հիմնականում այն կարծիքն է շրջանառվում, որ այդ ամենն արվել է քաղաքական նկատառումներով։ Թերևս դրանում որոշ ճշմարտություն կա։ Արցախում կան նաև գործիչներ, ովքեր գտնում են, որ երկրում ընդդիմության բացակայությունը լրջորեն ազդել է ԼՂՀ-ի հեղինակության վրա։ Դրանում ևս ճշմարտության մաս կա։ Սակայն խոստովանեմ, որ վերջին առնվազն 10 տարում, ցավոք, մեզ մոտ ընդդիմություն կամ ընդդիմադիր քաղաքական ուժ երբեք չի եղել։

Այսօր երբեմն «Նոր էջ»-ը անվանում են ընդդիմադիր թերթ, որը միանգամայն սխալ է, որովհետև այն երբեք չի կարող ընդդիմադիր կոչվել, քանի որ ինչպես ասվեց՝ մեր երկրում ընդդիմություն, ընդդիմադիր քաղաքական ուժ չկա։ «Նոր էջ»-ը անկախ պարբերական է։ Ես երբեք ընդդիմադիր չեմ եղել և, օգտվելով խոսքի ազատության իմ իրավունքից, քննադատել եմ թե՛ իշխանություններին, թե՛ այն «ընդդիմությանը», որ ոչ միայն թույլ, այլև ողորմելի էր, և իր գործելակերպում մշտապես աչքի առաջ վախ ուներ, որ կարող է զրկվել սեփական բիզնեսից...

Ընդունելով, որ վերոհիշյալ զեկույցը պատրաստվել է առավելապես քաղաքական նկատառումներով և Ղարաբաղյան խնդրի շուրջ զարգացումներում հայ դիվանագիտության անողնաշար ու պարտվողական կեցվածքի հաշվառումով, ցավով նշեմ նաև, որ մենք ևս նպաստել ենք, որպեսզի մեր երկիրն անվանվի անազատ։ Երբ երկրում ընդդիմություն չկա, ապա դա ամենևին չի նշանակում, թե այդ «հատապտուղը» մեր լեռնային պայմաններում չի կարող աճել։

Ընդդիմություն չկա, որովհետեւ դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ մեր քաղաքական միջավայրում դրա կայացման համար նպաստավոր մթնոլորտ չկա, մեզանում հայ ղեկավարի խանական տիպարը տառապում է սեփական անձի անսխալականության մոլուցքով եւ ընդհանրապես չի հանդուրժում այլախոհություն, քննադատական խոսք ու պատրաստ է դրանք խեղդել սաղմի մեջ։ Իսկ մերօրյա քաղաքական դաշտում ոչ ոք չի ուզում լինել խեղդվողի կարգավիճակում, հատկապես երբ մեջտեղ ընտանիքի «հացի խնդիր» էլ կա։

Մի այլ ավելի թարմ օրինակ բերեմ։ Արցախը նմանակելով Հայաստանին, նույնպես ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության, այսպես ասած, օպերացիա է իրականացնում։ Բայց մի՞թե ազատ կոչվող երկրի քաղաքացուն կամք պարտադրելը որեւէ առնչություն ունի ազատության ու ժողովրդավարության հետ։

Մեզ մոտ պարբերաբար բարձրացվում են էլեկտրաէներգիայի, գազի եւ այլ սակագներ։ Ջրի գինը կրկնակի են բարձրացրել, որովհետեւ հստակ գիտեն, որ դրա համար շարքային արցախցին չի համարձակվելու, ինչպես եվրոպաներում է ընդունված, փողոց դուրս գալ եւ ցույցով, հանրահավաքով իր բողոքը հայտնել։

Ի դեպ, մեզ մոտ որոշ «շատ խելոք» պաշտոնյաներ իրենց «հպատակներին» արգելում են «Նոր էջ» կարդալ։ Ճիշտ է, դրանով նրանք ավելի են մեծացնում հետաքրքրությունը մեր թերթի հանդեպ, և դա մեր օգտին է։ Բայց, որ ազատ խոսքը ճնշելու այդ քայլով նման հիմարները ջուր են լցնում Freedom House-ների ջրաղացին, դա արդեն ի վնաս մեր երկրի է։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



Երկու «Ռոսիա»

...Ես գիտեմ, մի օր աշխարհից արար
Կջնջվեն բոլոր շողոքորթները,
Եվ ծիածանը կկապի կամար,
Ամեն ազգ կլինի իր բախտի տերը...
Իսկ թե ոչ... (միայն թե ուժս ների,
Չմեղադրեն շովինիստներն ինձ).
Մաշտոցի գիրը կառնեմ ուսերիս,
Փրկեմ աննամուս ու կեղծ հայերից։

ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ
(ըստ Ե. Եվտուշենկոյի)
1984 թ.


Օրերս Արցախի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «Սպայի տուն»-ը վերանվանվել է «Ռոսիա»։ Այդ տարածքում, կողք-կողքի արդեն երկու «Ռոսիա» կա։

Արցախյան շարժումից առաջ, խորհրդային տարիներին Ստեփանակերտի ամենամեծ այդ կինոթատրոնը դարձյալ կոչվում էր հյուսիսային հարևանի անվամբ։ Արցախյան շարժման տարիներին, երբ ռուսական-խորհրդային բանակի աջակցությամբ ադրբեջանական օմոնականները համատեղ ռազմագործողություններով «անձնագրային ռեժիմի ստուգման» անվան տակ զինաթափում ու դատարկում էին Ղարաբաղի ծայրամասային հայկական գյուղերը, Շահումյանում, Գետաշենում «Կոլցո» օպերացիայով լիովին հայաթափեցին այդ բնակավայրերը, և պաշտոնական Մոսկվան ղարաբաղյան շարժման ողջ ընթացքում ընդգծված ադրբեջանամետ քաղաքականություն էր վարում, «Ռոսիան» անվանվել է «Սպայի տուն», և այն հանձնվել էր ԼՂՀ ՊԲ իրավասությանը։

Արցախի իշխանությունները երևի թե կարծում են, թե Մեդվեդևն ու Պուտինը ուշի-ուշով հետևում են այստեղ կատարվող բոլոր անցուդարձերին և հանկարծ կարող են շատ խիստ նեղանալ՝ իմանալով, որ փոքրիկ այս երկրում Մեծն Ռուսիո պատվին ոչինչ չկա։ Եվ շուտով հիշյալ կինոթատրոնի հարևանությամբ կառուցվել է բար-ռեստորան ու անվանվել «Ռոսիա» (տարածված լուրերի համաձայն այդ շինությունը պատկանում է Արցախի գործող նախագահին)։ Ըստ երևույթին, այդ «Ռոսիան» քիչ թվաց, և օրերս «Սպայի տունը» կրկին վերանվանվել է «Կինո Ռոսիա»։

Հետաքրքիրն այն է, որ Մայր Հայաստանին միանալու երազանքով 1988-ին պայքարի ելած Արցախում ոչինչ չկա «Հայաստան» անվամբ։ Ստեփանակերտի կենտրոնական Լենինի պողոտան արցախյան շարժումից հետո անվանվել էր Երևանյան, ապա հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքից հետո՝ Վազգեն Սարգսյան։

Ամենայն հավանականությամբ, պաշտոնական Ստեփանակերտը կարծում է, թե երկու «Ռոսիա»-ների առկայությունն առանց Ղարաբաղի մասնակցությամբ բանակցային գործընթացում շրջադարձային նշանակություն կունենա։ Արցախի իշխանությունների ռուսասիրությունը Մոսկվային կհամոզի ղարաբաղանպաստ դիրքորոշում որդեգրել ու հասկանալ, որ Կովկասյան տարածաշրջանում «կովկասյան ազգության ներկայացուցիչներից» բացի ապրում է նաև մի այլ ազգություն՝ ղարաբաղցիներ...
hraparak.am



ԼՈՒՐԵՐ

Բարդ է գտնել մի հակամարտություն, որն ավելի պատված լինի կեղծիքով, քան ղարաբաղյանը: Այդ մասին հունվարի 25-ին՝ Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի դիվանագետների ասոցիացիայի փոխնախագահ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին նախագահ Վլադիմիր Կազիմիրովը: Նրա խոսքով, այստեղ ուղղակի ստի ճահիճ է և սեփական ժողովրդի հիմարացում է ընթանում, ինչպես նշել է Կազիմիրովը, «հայտնի է, թե խոսքը, որ կողմի մասին է»:
«Օրինակ, այսօր ասում են, որ պետք է պայմանագիր ստորագրել հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին: Լավ նախաձեռնություն է, բայց մի «բայց» կա, նման համաձայնագիր վաղուց ստորագրվել է, դրա տակ դրված են երկու կողմերի նախագահների և պաշտպանության նախարարների ստորագրությունները: Փաստաթուղթը ստորագրվել է 1995թ. փետրվարի 4-ին: Ինչո՞ւ է Բաքուն լռում այդ մասին»,- հռետորական հարց է տվել Կազիմիրովը:

Ադրբեջանցիների ազգային մշակութային ինքնավարության ֆեդերացիայի նախագահ Սոյուն Սադիկովը հակաճառել է, թե ժամանակները փոխվել են, ինչին ի պատասխան Կազիմիրովն ասել է, թե «բոլորին հայտնի կողմը հրաժարվել է հրադադարի տարրական պահանջից՝ զորքերի հանումից»:
«Բայց հրադադարի պայմանագրից 1,5 ամիս անց այդ կողմը հրաժարվեց կատարել պահանջը, սկսեց ավելի մոտ փորել խրամատները, որ օգտագործի ոչ միայն դիպուկահար հրացանները, այլև ձեռքի նռնակները»,- վրդովվել է Կազիմիրովը, իսկ Սադիկովը պարզապես լռել է:



«Խաղաղ բանակցային գործընթացը ղարաբաղյան խնդրի լուծման լավագույն տարբերակն է: Ես վստահ եմ, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանությունները կողմնակից են խաղաղ բանակցություններին»,- նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի Առաջին ալիքի «Դատեք ինքներդ» հաղորդման հաղորդավար, ՌԴ Հանրային պալատի ազգամիջյան հարաբերությունների և խղճի ազատության հարցերով հանձնախմբի ղեկավար Մաքսիմ Շևչենկոն, ադրբեջանական Vesti.Az-ին տված հարցազրույցում:
«Հակամարտությունը հանգեցրել է իսկական ողբերգության, երբ հարյուր հազարավոր, միլիոնավոր մարդիկ լքել են հարազատ վայրերը, որտեղ նրանք ծնվել ու ապրել են: Դրանից հետո, իհարկե, դժվար է պատկերացնել, որ խնդիրը հեշտ կլինի լուծել: Հաշվի առնելով այն ցավը, վիրավորանքը, որ կա մարդկանց հոգիներում, շատ դժվար է ինչ-որ համաձայնության հասնել»,- հայտարարել է նա:
Նա կարծիք է հայտնել, որ խաղաղ գործընթացը չի որոշվում այս կամ այն հայտարարություններով: «Բանակցությունները ձևաչափը իրականացվում է ուղիղ շփումներով, որոնք, մասնավորապես, ներկայումս կազմակերպում է ՌԴ նախագահ Մեդվեդևը Մոսկվայում»,- ընդգծել է Շևչենկոն:
news.am



Վերջերս հաճախակի են խոսում ամերիկյան Freedom House-ի (Ֆրիդոմ հաուզ) զեկույցի մասին։ Այնտեղ Արցախը նշված է որպես ոչ ազատ երկիր:
ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի կարծիքով՝ այդ զեկույցը վկայում է աշխարհում ոչ կառավարական ողջ սեկտորի քաղաքականացվածության մասին։ Անհասկանալի է, թե նրանք որտեղից են նման տեղեկություններ քաղում, երբ նախորդ տարի նրանք Լեռնային Ղարաբաղում չեն եղել, հասարակական կարծիքի հարցումներ չեն անցկացրել, չեն հետևել խորհրդարանական ընտրությունների ընթացքին,- ասում է Վ. Աթանեսյանը,- սակայն, չգիտես ինչու, գտնում են, որ խորհրդարանում ընդդիմություն չկա։ Ամերիկյան խորհրդարանում նույնպես ընդդիմություն չկա՝ դրա դասական առումով, բայց մի՞թե դրանից կարելի է հետևություն անել, թե ԱՄՆ-ն անազատ երկիր է...

Ինչ-որ է։ Որքան էլ Ղարաբաղի քաղաքական վերնախավը հայտարարություններ անի երկրի Ժողովրդավարական նվաճումների մասին, ժողովրդավարության մակարդակի և ազատությունների խնդրում Արցախն այսօր հանրահայտ Freedom House-ի դասակարգման համաձայն հայտնվել է հարևան տոտալիտար-խանական երկիր Ադրբեջանի կողքին։
Freedom House-ի հիշյալ զեկույցում հետխորհրդային տարածքում ազատ երկրներ են միայն Մերձբալթյան երկրները՝ Լատվիան, Լիտվան և Էստոնիան, մասամբ ազատ՝ Հայաստանը, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Ղրղզստանը, Աբխազիան։ Ոչ ազատ երկրների ցուցակում են Ռուսաստանը, Բելոռուսը, Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Տաջիկստանը, Մերձդնեստրյան Հանրապետությունը և Հարավային Օսեթիան:
hraparak.am



ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանի խոսքով, 100 տոկոսով լուծված է թռիչքների անվտանգության խնդիրը: «Բայց պրոբլեմներ կան, ասենք, ոնց որ պատահեց «Դոմոդեդովոյում»՝ տեռորիստական ակտեր կարող են լինել և այլն, և այլն: Այդ ուղղությունը մեր հսկողության տակ է, հատուկ ծառայություններն աշխատում են: Մենք, իհարկե, աշխատում ենք ունենալ ժամանակակից սարքեր, որ անվտանգությունն ապահովեն, մյուս կողմից՝ այդ ծառայության համար պատրաստում ենք մասնագետներ: Հուսով ենք, որ նորմալ կաշխատենք»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է նա՝ հավելելով. «Եթե, ասենք, «Զվարթնոց» օդանավակայանում պետք է լինի անվտանգություն, մեզ մոտ կրկնապատիկ անվտանգություն պիտի ապահովենք, որովհետև գտնվում ենք վտանգավոր գոտում»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից հնարավոր սպառնալիքներին՝ ուղղված Ստեփանակերտի օդանավակայանի գործունեության դեմ, Ատբաշյանը նշել է. «Ես հուսով եմ, որ Ադրբեջանը, լինելով ԻԿԱՕ-ի անդամ, և ստորագրելով որոշ միջազգային կոնվենցիաներ, կմնա իր խոսքի տերը և մեզ չի խոչընդոտի թռիչքների անվտանգության առումով»:
Ադբաշյանի ասելով, չվերթները սպասարկելու են SRJ-200 մակնիշի 50 տեղանոց երեք օդանավեր, որոնցից ամեն մեկն արժե 15-16 միլիոն ամերիկյան դոլար:
«Այդ օդանավերը շատ լավ տեխնիկական տվյալներ ունեն: Մենք արդեն փորձ ունենք, Հայաստանում այդ ինքնաթիռները շահագործվում են և շատ լավ իրենց դրսևորեցին»,- ասել է նա, հավելելով, որ Ստեփանակերտ-Երևան-Ստեփանակերտ թռիչքը, կարժենա մոտավորապես 50-60 դոլար:



Չունենալով ակտիվ արտաքին քաղաքականություն, մենք չենք կարող օգտվել աշխարհում կատարվող այս կամ այն՝ կոնկրետ դեպքում Հարավային Սուդանի անկախացման նախադեպից։ Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։
«Եթե մենք քաղաքական ուղեգիծ չունենք, ապա չենք կարող օգտվել միջազգային ասպարեզում գրանցվող նման նախադեպերից։ Սուդանի դեպքը հետաքրքիր նախադեպ էր Աֆրիկայի համար։ Եվրոպայի համար նախադեպ էր Կոսովոն։ Սրանք գործընթացներ են, որոնք հնարավորություն են տալիս աշխարհի հզորներին կառավարելի դարձնել և լծակներ ունենալ տարբեր տարածաշրջաններում»,- ասաց Մելիքյանը։

Անդրադառնալով ադրբեջանամետ տրամադրություններին ավելի լավ հակազդելու Հայաստանի ջանքերին՝ նա նշեց, որ դրա համար պետք է առավել հստակ և և ոչ մշուշոտ քաղաքականություն որդեգրել։ «Այնինչ, նախաձեռնությունը տվել ենք Ադրբեջանին և միջնորդներին և խոսում ենք միայն ԼՂ անկախության մասին՝ առանց դրա սահմանների ճշգրտման, առանց փախստականների հարցը բարձրացնելու։ Մեր կրավորական կեցվածքը Ադրբեջանին կարող է ինչ-ինչ ակնկալիքների տեղիք տալ»,- կանխատեսեց Մելիքյանը։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի կողմից ԼՂՀ հնարավոր ճանաչման մասին հայտարարությունն այս առումով որոշիչ էր և բավական հստակ, Մելիքյանն ասաց, որ այդ հայտարարությունը պետք է ամրապնդվի նաև գործողություններով։ «Նախագահի այն հայտարարությունը, թե Հայաստանը ԼՂՀ-ն կճանաչի, եթե Ադրբեջանի կողմից պատերազմական գործողություններ վերսկսվեն, սահմանափակում է Հայաստանի քաղաքական ակտիվությունը՝ բացառելով ճանաչման այլ տարբերակ»,- նկատեց նա՝ միաժամանակ ավելացնելով, որ «տեսանելի հեռանկարում հակամարտության պատկերը չի փոխվի»։
«Մենք դա անելու քաղաքական պոտենցիալ չունենք։ Այս տեսանկյունից շատ կարևոր են Հայաստանի իշխանությունների որակական փոփոխությունները»,- ամփոփեց Մելիքյանը։
NEWS.am



ՀՀ նախագահի վերահսկողության ծառայությունը ստուգումներ է անցկացրել մի շարք դեղատներում և խայտառակ թերացումներ հայտնաբերել: Մասնավորապես, դա վերաբերում է ժամկետանց դեղերին, որոնք դեղատներում պահվել են հատուկ գաղտնարաններում և միայն պատահաբար են հայտնաբերվել: Դեղատներից մեկում, օրինակ, հայտնաբերվել է մանկական վիրահատությունների անզգայացման՝ անեստեզիոլոգիայի համար օգտագործվող դեղորայք՝ 17 հազար դոլարի, որի ժամկետը լրացել է 2008 թվին: Ամենաուշագրավն այն է, որ այդ դեղատունը պատկանել է հիվանդանոցներից մեկում անեստեզիոլոգ աշխատող մի բժշկի։
hraparak.am



Jamestown. ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՑՈՒՑԱԴՐԵՑ C-300 ՀԱՄԱԿԱՐԳԸ

Երկարամյա լռությունից հետո Հայաստանը պաշտոնապես հաստատեց Ս-300 զենիթահրթիռային համալիր ունենալու փաստը՝ ցուցադրելով տեսաապացույց: Հայաստանի իշխանությունները նաև ընդունել են Հայատանի Զինված ուժերի արդիականացման հնգամյա ծրագիր, որը ենթադրում է նաև երկիր-երկիր դասի նորագույն հրթիռների ձեռքբերում:
Այս զարգացումները արտացոլում են Լեռնային Ղարաբաղի պատճառով Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա սպառազինությունների մրցավազքի ինտենսիվությունը: Հայաստանը նաև խորացրել է ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ ստորագրելով մինչև 2044 թվականը Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին պայմանագիրը, որով ռուսական կողմն աջակցելու է Հայաստանին սպառազինության և ժամանակակից ռազմական տեխնիկայի ապահովման հարցում:
Մոսկվան զգալիորեն մեծացրել է Գյումրի ռուսական ռազմակայանի հզորությունը՝ 90-ականների վերջին տեղադրելով Ս-300 համակարգեր և երկու տասնյակ MiG-29 կործանիչներ:

Հայաստանն ու Ռուսաստանը համաձայնեցրել են Հայաստանի օդային տարածքի համատեղ պաշտպանությունը: Հակաօդային պաշտպանության ինտեգրված համակարգը 2007-ին ստացավ ՀԱՊԿ տարածաշրջանայինի կարգավիճակ:
2007-ին ռուսաստանցի սպաներն առաջին անգամ հայտնեցին, որ Հայաստանն ունի սեփական Ս-300 համակարգը: Այն ժամանակ Ռուսաստանի ՀՕՊ զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Միխայլովը հայտարարեց, որ Մոսկվան արդիականացնում է Հայաստանի հակաօդային պաշտպանությունը և կշարունակի դա ապագայում: Միխայլովի տեղակալ Այտեխ Բիժևը հայտարարեց, որ հայ զինվորները սովորում են կառավարել Ս-300 համակարգերը:

Մինչև 2010թ. դեկտեմբերը Հայաստանը պաշտոնապես չէր հաստատում Ս-300 համակարգ ունենալը: Դեկտեմբերին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցեց ՀՕՊ զորամասերից մեկի շինությունների բացմանը, ծանոթացավ զորանոցի պայմաններին և գերդիպուկ Ս-300 զենիթահրթիռային համակարգի աշխատանքին:
Հինգ օր անց Հայաստանի Հանրային հեռուստաալիքը ցուցադրեց 10 րոպե տևողությամբ ռեպորտաժ Ս-300 համակարգի տեխնիկա-տակտիկական մանրամասն բնութագրով: Այդ ռեպորտաժում Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ Հայաստանը ձեռք է բերել նոր հակաօդային սպառազինություններ, և գործընթացը կշարունակվի 2011-ին: Օհանյանը նաև նշել էր, որ թշնամու հակաօդային համակարգերը չունեն այդ տեսակի և որակի սապառազինություն:

2010թ. դեկտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Հայաստանի Ազգային անվտանգության խորհուրդը հաստատեցին «Սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման Հայաստանի 2011-2015թթ. պետական ծրագիրը»: Նիստում նշվեց, որ հայկական բանակը շարունակելու է ձեռք բերել նորագույն սպառազինություններ:

Արդիականացման ծրագիրը հիմնված է 2010թ. օգոստոսին ընդունած երկու փաստաթղթերի վրա: 2010թ. օգոստոսին պաշտպանության նախարարը հայտարարեց, որ Հայաստանը մեծացնելու է իր հարվածային հզորությունը: Խոսքը հեռահար սպառազինությունների հնարավորությունների ընդլայնման և գերճշգրիտ համակարգերի ներդրման մասին է: Նախարարի խոսքով, դրանք հնարավորություն կտան հակամարտությունների ժամանակ նվազագույնի հասցնել հակառակորդի քաղաքացիական կազմի կորուստները, սահմանափակել նրանց տեղաշարժը ռազմական գործողությունների պլատֆորմում՝ միաժամանակ ապահովելով տարածքի ամբողջ խորությամբ ռազմավարական օբյեկտների արագ և ճշգրիտ խոցումը:

Ադրբեջանի հետ միջազգային բանակցություններում ունենալով փակուղային իրավիճակ՝ Հայաստանին մնում է միայն զինվել,- գրված է Jamestown հիմնադրամի Eurasia daily monitor-ում հրապարակված հոդվածում։



ՍՈՒԴԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱԴԵՊ ԼԻՆԵԼ

Մեր զրուցակիցները, ովքեր հիմնականում շարքային քաղաքացիներ են, չեն հավատում, որ Հարավային Սուդանի անկախության ճանաչման գործընթացը կարող է նախադեպ հանդիսանալ Արցախի համար։
«Արցախյան շարժումից հետո տեսեք քանի երկրներ են անկախություն ստացել, ճանաչվել այս կամ այն պետության կամ մի քանի տասնյակ երկրների կողմից՝ Կոսովո, Հարավային Օսեթիա, Աբխազիա և այլն,- ասում է մասնագիտությամբ ինժեներ Արթուր Գրիգորյանը։- Բոլորն էլ կարող էին նախադեպ դառնալ, բայց չդարձան։ Հարավային Սուդանն էլ անկախություն կստանա, բայց մենք այդպես էլ չենք դառնալու հաջորդը, որովհետև դիվանագիտություն չունենք, մեր քաղաքական էլիտա կոչվածը խնդրի լուծման ոչ մի ծրագիր չունի»։

Թոշակառու ուսուցիչ Գ. Հարությունյանի կարծիքով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը չի լուծվելու, քանի դեռ Արցախը գտնվում է «խաղից դուրս» վիճակում։ «Հայաստանի իշխանությունները հատկապես վերջին 10 տարում Ղարաբաղի տունը քանդեցին,- գտնում է նա։- Մեր երկիրը, մեր պետությունը, պատերազմի դաշտում ձեռք բերած մեր հաղթանակը ծառայեցրին իրենց կարիերային, դրանք զոհեցին իրենց աթոռին։ Վերցրին ու Ղարաբաղը դուրս շպրտեցին բանակցային գործընթացից, թե՝ մենք ինքներս ներկայացնում ենք և՛ Ղարաբաղը, և՛ Հայաստանը»։

«Մենք ՀՀ-ում և այստեղ՝ Ստեփանակերտում ունենք արտգործնախարարություններ, բայց դրանք միասին ադրբեջանական ԱԳՆ-ի մի շարքային աշխատողի չափ գործ չեն կատարում,- ասում է նախկին պաշտոնյա Ա. Ս.-ն։- Վերջին դեպքը վերցնենք՝ Ադրբեջանում Լեհաստանի դեսպանատան կայքում լեհերն արգելում են իրենց քաղաքացիներին այցելել Արցախ։ Մերոնք ասում են, որ իբր դա պաշտոնական Լեհաստանի տեսակետը չէ։ Բայց փաստն այն է, որ ազերիները բոլոր ուղղություններում նպատակաուղղված քաղաքականություն են վարում, իրենց սուտն անց են կացնում միջազգային տարբեր կազմակերպություններում՝ սկսած ՄԱԿ-ից, իսկ մենք բավարվում ենք միայն խղճուկ հերքումներով ու մեկնաբանություններով, որոնք ավելի շուտ ներքին սպառման համար են։ Տեսած կա՞ս, որ պատերազմից հետո վերջին 15 տարում մեր դիվանագետները որևէ հարցում նախահարձակ լինեին, մի անգամ էլ իրենք մի համարձակ բան անեին, որպեսզի մի անգամ էլ մեր թշնամիները մտածեին դրա տակից դուրս գալու մասին»։

Նախկին ազատամարտիկ Արմեն Սարգսյանը գտնում է, որ հայ իշխանությունները ոնց-որ Լուսնից իջած լինեն։ «Էսպես որ նայում եմ սրանց գործողություններին, թվում է, թե սրանք իսկի կապ չունեն Ղարաբաղյան խնդրի, պատերազմի, մեր ազգային երազանքների հետ,- ասում է Արմենը։- Կարծիս Լուսնից են իջել և դարձել գլխներիս տերը։ Իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուզում։ Մի բերան այդ ԵԱՀԿ-ից ու Մադրիդյան սկզբունքներից են կառչել։ Մի հարցնող լինի դրանց՝ ձեր էդ Մադրիդյան սկզբունքներում գոնե մի կետ կա՞ մեր օգտին, կամ այդ ԵԱՀԿ-ն գոնե մի բան արե՞լ է, որ գոհացնի մեզ»։

Մեր զրուցակիցներից շատերին առանձնապես վրդովեցրել է ՀՀ նախագահի Աստանայում և մինչ այդ արած այն հայտարարությունը, ըստ որի՝ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի Ղարաբաղի դեմ, Հայաստանը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Նախ՝ շատերի կարծիքով, եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, Հայաստանը ոչ թե պիտի ճանաչի Ղարաբաղի անկախությունը, այլ՝ միացումը Հայաստանին։ Բացի դրանից, արցախցիները գտնում են, որ Սերժ Սարգսյանը չպիտի այդպիսի հայտարարություն աներ։

«Ստալինը կամ որևէ այլ մի լուրջ ղեկավար երբեք նման հայտարարություն չէր անի,- ասում է թոշակառու Սերգեյ Ավանեսյանը։- Երևի պատմությունից հիշում եք, թե ինչպես իրեն պահեց Ստալինը, երբ առաջին անգամ լսեց, որ ԱՄՆ-ն ատոմային ռումբ ունի։ Իմ կարծիքով, եթե նրա տեղ լինեին մեր այս ղեկավարները, նրանց տեղը մի թաց տեղ էլ չէր մնա...»։

Արթուր Գրիգորյանի կարծիքով՝ ՀՀ ղեկավարն այդ հայտարարությամբ Ղարաբաղի ճանաչման հավանականությունը իջեցրել է զրոյի, իսկ նախկին պաշտոնյա Ա. Ս.-ն գտնում է, որ այդ քայլով ՀՀ ղեկավարը ժխտել է Արցախի ներկայիս անկախ գոյության փաստը։ «Այդ հայտարարությամբ Ս. Սարգսյանը մեր հիմնական հաղթաթուղթը տվել է հակառակորդին,- ասաց նա,- ասենք, եթե Ադրբեջանը առաջիկա 10 տարում չհարձակվի Ղարաբաղի վրա, նշանակում է այդ 10 տարում հայկական կողմից թաղված է մնալու ԼՂՀ ճանաչման հարցը»։

Մենք հիմնականում օգտագործել ենք մեր այն զրուցակիցների կարծիքը, ովքեր ընդհանուր առմամբ ծանոթ են արցախյան խնդրին առնչվող վերջին զարգացումներին և, խոստովանենք, ավելի սթափ ու կշռադատված են դատում, քան բոլոր նրանք, ովքեր ազատամարտիկ Արմենի ասելով՝ «դարձել են գլխներիս տերը»։

Ուրախալի է, որ օրերս Արցախի ԱԳՆ-ն ողջունել է Հարավային սուդանցիների անկախությունը։ Հնարավոր է, որ վաղը նույն անկեղծությամբ շնորհավորի նաև, ասենք, Հարավային Մոզամբիկի, Արևելյան Պոլինեզիայի կամ Արևմտյան Անտարկտիդայի անկախությունը։ Սակայն խնդիրն այն է, որ աշխարհի տարբեր ծագերում պետություններ են անկախանում, դառնում իրենց գլխի տերը, իսկ Արցախը, որ վերջին երկուսուկես տասնամյակում աշխարհում առաջիններից մեկն էր ազատության դրոշ պարզել, ազատագրական իր շարժմամբ խարխլել հսկա մի կայսրության հիմքերը, այսօր չոքած է մնում «կոտրած տաշտակի» առջև։

Տեսանելի ապագայում գրեթե ոչ մի առաջընթաց չի երևում։ Եվ դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ միջազգային ճանաչման հասած բոլոր երկրները պայքարել ու հասել են իրենց բաղձալի նպատակին, իսկ Արցախի իշխանությունները նստել ու սպասում են, թե պաշտոնական Երևանի տերերը երբ են երկնքից «խնձոր վայր բերելու» Արցախի համար։ Ցավն այն է, սակայն, որ ՀՀ ղեկավարների համար եթե աշխարհում մի կարևոր հարց կա, դա միայն ու միայն սեփական աթոռի պահպանումն է։ Նրանց առնվազն մեկևկես տասնամյա գործունեությունը վկայում է, որ մնացյալ ամեն ինչի վրա, այդ թվում՝ երկրի ու ժողովրդի, նրանք թքած ունեն։
«ՆԷ»



ԼՂՀ-Ն ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԴԱՌՆԱԼ

Լեռնային Ղարաբաղի անկախությունը վաղուց դաժան ու շարունակական հարձակումների տակ է գտնվում մի շարք ավանդական հիմքերի վրա գտնվող առաջատար գլոբալ խաղացողների կողմից: Դրանց կանոնավոր անհաջող փորձերը վկայում են, որ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները հավասար չափանիշներով չեն կիրառվում միջազգային իրավահարաբերություններում: Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, իրենց հերթին, Ղարաբաղի ժողովրդին պաշտպանվելու ուժ և աջակցություն են նախատեսում:

Անվիճելի է, որ միջազգային իրավունքի սկզբունքները իրավաբանորեն պարտավորեցնող սկզբունքներ են բոլոր սուբյեկտների համար։ Այն, ոչ միայն թույլ է տալիս մեզ, Արցախի անկախության խնդիրներն իրականացնել, այլև գտնել անհրաժեշտ և բավարար թվով իրավաբանական փաստարկներ ու անառարկելի ապացույցներ։ Միջազգային իրավունքի շրջանակներում որոշ դիվանագետներ իրենց կերպարանափոխված և մակերեսորեն քննադատությունները ոչ միայն ուղղում են ԼՂՀ-ի, այլ նաև համաշխարհային կարգի և միջազգային իրավունքի սկզբնական սուբյեկտների ու ինքնորոշվող ժողովուրդների և ազգերի դեմ։

Կախված կոնկրետ տարածաշրջանային իրավիճակից և սեփական շահերից, առաջատար խաղացողները պատրաստ են կիրառել միջազգային իրավունքի սկզբունքները միանգամայն այլ կերպ։ Այստեղ մենք կարող ենք լսել «Միջազգային իրավունքի սկզբունքների ներդաշնակ միասնություն», «հակամարտության կարգավորման սկզբունքներ», «փոխզիջում» և այլ ոգևորված թեզիսներ։ Այս թեզիսներից ոմանք որպես հնացած, անհրաժեշտաբար ձախողվում են։ Արագ փոփոխվող իրականության պայմաններում բազմաթիվ պետություններ, ցավոք, ըստ սովորության հարմարվում և ընդունում են վեկտորների ձևափոխումը։ Ավելին, ոչ միշտ են այդ փոփոխություններն ընդգծում ժողովրդավարական չափանիշների զարգացման, միջազգային հավասարության և արդարության պարամետրերի իրավունքները։

ՄԱԿ-ը կարծես թե հստակ և միանշանակ ցույց է տալիս, որ բոլոր ժողովուրդներն ու ազգերը, անկախ տարածքի չափից, բնակչության թվաքանակից կամ նրա զբաղվածության մակարդակից, գտնվում են հավասար դիրքերի վրա։ Բայց արդյո՞ք այդպես է։ Հայաստանը, Հունաստանը, Կիպրոսը, Սերբիան և այլ երկրներ ինչպե՞ս կարող են կանգնել այնպիսի հսկա պետությունների կողքին, ինչպիսիք են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Հնդկաստանը։ Իհարկե թվարկված պետություններից զատ կան նաև չճանաչված պետություններ, որոնք իրենց միջազգային իրավահարաբերություներում մասնակցության չափանիշներով գտնվում են նույն բարձրահարթակի վրա։ Նույնիսկ նման համարժեք պայմաններում միջազգային գլոբալ խաղացողները, ինչպես չեն տա իրենց ինքնորոշման իրավունքը, այնպես էլ կխոչնդոտեն վերականգնել կորցրած տարածքի ինքնիշխանությունը։ Հետևաբար՝ մենք դիտում ենք չճանաչված երկրների նկատմամբ տարօրինակ մոտեցումներ:

Այնտեղ, որտեղ չկան միջազգային իրավունքի իրավական նորմերի հիմնարար սկզբունքներ, անմիջապես գործողության մեջ են դրվում միջազգային կազմակերպությունների, շահագրգիռ պետությունների մարտավարական և ռազմավարական նկրտումները և, ըստ տարածաշրջանային բնույթի, ցինիկաբար ոտնահարվում են առանց այն էլ չհամակարգված միջազգային իրավական չափանիշները։ Վերջին հաշվով այս իրավիճակում պատանդ ու զոհ են դառնում ժողովրդավարական ճանապարհով ծնված պետությունների ժողովուրդները։

Համոզված եմ, որ ԼՂՀ-ն կարող է լինել միջազգային իրավունքի սկզբունքների արտահայտությունը։ ՄԱԿ-ի կանոնադրությունը, Միջազգային իրավունքի սկզբունքները, 1970 թ. հոկտեմբերի 24-ի Ասամբլեայի հռչակագիրը, որոնք վերաբերում են բարեկամությանն և համագործակցությանը, ժողովուրդների և ազգերի ինքնորոշմանը, վեճերի խաղաղ լուծմանը, մարդու իրավունքների հարգմանը, ուժ կամ սպառնալիք չգործադրելուն, տարածքային աբողջականությանը, ինքնիշխան հավասարությանը, շատ հաճախ հակսում են առաջատար գլոբալ խաղացողների շահերին։ Մինչդեռ դրանք նշանակում են, որ միջազգային իրավունքի բոլոր սուբյեկտները, այդ թվում՝ ինքնորոշվող պետությունները, պետք է խստորեն պահպանեն այդ սկզբունքներն ու հռչակագրի դրույթները, քանի որ, ցանկացած խախտում ազդում է միջազգային հարաբերությունների առումով այլ մասնակիցների օրինական շահերին։ Սոցիալական զարգացման օրենքները ոչ թե տարբեր մասնակիցների սուբյեկտիվ պատկերացումներն են, այլ դրանք օբյեկտիվ նորմատիվային կարգ են, որոնք պարտադիր պետք է արդարացիորեն ծառայեն միջազգային հանրությանը։

17-րդ դարի առաջին կեսում երեսնամյա (1618-1648) պատերազմից հետո կնքված Վեստֆալյան հաշտության պայմանագրի համաձայն «Հռոմեական Սրբազան կայսրությունը» Շվեդիային 5 մլն թալեր ռազմական տուգանք վճարելուց բացի, տալիս էր Ռյուգեն կղզին, ամբողջ արևմտյան Պոմերանիան և արևելյան Պոմերանիայի մի մասը՝ Շտետտին քաղաքով, Վիսմար քաղաքը և Բրեմենի եպիսկոպոսությունը, որոնք վերածվում էին աշխարհիկ իշխանությունների։ Ֆրանսիան վերջնականապես իրեն միացրեց լոթարինգյան Մեց, Տուլ և Վերդեն եպիսկոպոսությունները և ամբողջ Էլզասը:

Վեստֆալյան հաշտությունը կրոնական առումով կալվինականների իրավունքները, հավասարեցրեց կաթոլիկների ու լյութերականների իրավունքներին, օրինականացրեց եկեղեցական հողերի աշխարհականացումը և այլն։ Վեստֆալյան հաշտությունը, ամրապնդելով հակահաբսբուրգյան խմբավորման նկատմամբ տարած հաղթանակը, ունեցավ խոշոր միջազգային նշանակություն։ Ձախողվեցին իսպանական և ավստրիական Հաբսբուրգների գլխավորությամբ համաշխարհային «քրիստոնեական» կայսրություն ստեղծելու փորձերը և Արևմտյան Եվրոպայում ռեֆորմացիոն շարժումները ճնշելու ինչպես նաև բուրժուական Հոլանդիաի հանրապետությունը հպատակեցնելու ծրագրերը։ Վեստֆալյան օրենքներն առիթ տվեցին փոխելու Եվրոպայի դեմքը, քանի որ համընդհանուր սկզբունքներով պետական իշխանության իրավունքը դրվեց միջազգային իրավունքի հիմքում։

1945 թ. Յալթայում ամրագրվեց և կոորդինացվեց Վեստֆալյան սկզբունքները, համաձայն որի պետական ինքնիշխանության սկզբունքը, պետությունների իրավահավասարություն է։ Վերոնշյալ դրույթների ամրագրմամբ փոխադարձաբար ճանաչվեց պետությունների ինքնիշխանությունը և ինքնուրույն դիվանագիտություն վարելու իրավունքը։ Արդյունքը հանդիսացավ այն, որ ծնունդ առան հեղինակավոր միջազգային կազմակերպություններ։ Այստեղ պետք է նշել, որ Ազգերի Լիգան և ՄԱԿ-ը գոյություն ունեն նրա համար, որ, դրանք առաջացել են ինքնիշխան պետությունների կամքով և վերջինս հենց 2-րդ համաշխարհային պատերազմի ու Վեստֆալյան քաղաքական կառուցվածքի ժառանգն է: Ինքնիշխանությունը հանդիսանում է պետության տիպաբանությունը և միջազգային հարաբերություններում հիմնական գործոնն է:

1933 թ. Մոնտեվիդեոյում պետությունների իրավունքների պարտականությունների մասին կոնվենցիան բնութագրել է ինքնիշխան պետությանը բնորոշ հատկանիշները։ Դրանք են.
1. մշտական բնակչություն:
2. որոշակի տարածքի առկայություն:
3. սեփական կառավարության առկայություն:
4. այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու հնարավորություն:

Ակնհայտ է, որ ԼՂՀ ունի թվարկված բոլոր հատկանիշները։ Եվ եթե դեռևս ԼՂՀ-ն սահմանափակված է այլ պետությունների հետ հարաբերություններ մտնելու հնարավորությունից, ապա դա չի նշանակում, որ ներկայիս միջազգային իրավունքի չափանիշներով համարժեք չէ միջազգային իրավունքի սուբյեկտներին։ Որոշակի տարածք և սեփական կառավարություն ասելով, պետք է հասկանալ՝ որպես այդ իշխանության գործողության սահման։ Իրենց փոխկապվածության մեջ այս հատկանիշները կազմում են պետության հասկացությունը՝ որպես որոշակի տարածքի սահմաններում մեկ իշխանության ներքո մարդկանց ամբողջություն։

Անհրաժեշտ է նշել, որ այս հատկանիշների մբողջությունը բավարար է ինքնիշխան պետություն ճանաչելու միայն այն դեպքում, երբ բացառված է այլ պետության, տվյալ տարածքի նկատմամբ վերադարձականության (endentizm) իրավունքը։ Այստեղ տեղին է փաստել, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի իռենդենտիզմի դրույթներին համաձայն պատմական տարածքները ինքնիշխանության տակ առնելու անվիճելի իրավազորություն ունի։

Միջազգային դատարանը (էրիթրեա-Եմեն, 1996 թ.) գտել է, որ պետության իրավասության գործառույթները իրականացնելիս կարևոր գործոն է տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը։ ԼՂՀ անկախության հռչակումից ի վեր անցած 19 տարիների ընթացքում, մենք ականատեսն ենք բացարձակ ինքնիշխանության միտումներին։ Հատկանշական է, որ Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) կանոնադրության 12-րդ հոդվածի համաձայն «Պետության քաղաքական գոյությունը կախված չէ այլ պետության ճանաչումից։ Նույնիսկ մինչև իրեն ճանաչումը պետությունն իրավունք ունի պաշտպանել իր անկախությունն ու ամբողջականությունը»։ Դա նշանակում է, որ տվյալ պետությանը արգելված չէ այլ պետությունների հետ փոխհարաբերությունների մեջ մտնել։ Այս իրավունքը բնորոշ է միջազգային իրավունքի սուբյեկտներ ճանաչված պետություններին:

Այս ամենը զուգադրելով, 1918 թ. մայիսի 27-ի Անդրկովկասի սեյմի մուսուլմանական համայնքների ներկայացուցիչների կողմից անկախ Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետություն հռչակելու մասին (ընդ որում, սկզբնական շրջանում հրաժարվել են անկախ հանրապետություն հռչակելուց, միայն վրացիների կողմից այդպիսի հայտարարությունից և Թուրքիայի կառավարության ճնշումից հետո հայտարարվեց անկախ Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետություն) և ԼՂՀ համաժողովրդական քվեարկության ճանապարհով անկախություն հռչակելու մասին հայտարարությունները, խորհում ես, թե ինչու հռչակման մեջ չի նշվում ինքնիշխանության սահմանները, և եզրահանգում, թե արդյո՞ք դա մտավոր պատկերացման բացակայության արդյունք չԷր։ Իմ համոզմամբ պետության հատկանիշների բացակայությունն էր պատճառը, որ Ազգերի լիգան չճանաչեց Ադրբեջանի անկախությունը:

Այսպիսով, մենք ունենք ԼՂՀ ինքնիշխանության բոլոր այն իրավունքները, որոնք ամրագրված են միջազգային իրավունքում: Այսօր, Ադրբեջանը պարտավոր է խոնարհվել բոլշևիզմի կարմիր դրոշի առջև, քանի որ իրեն նա ծնեց միայն այն պարզ պատճառով, որ փորձում էր կարմիր դրոշը ծածանել Թուրքիայում և Իրանում։

ՌԱՖԱՅԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Մ. Մաշտոց համալսարանի իրավաբանական
ֆակուլտետի ավագ դասախոս



ՊԵՏՈՒԹՅԱՆ, ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԻ ՄԱՍԻՆ

1991թ. ոչ առանց մեր մասնակցության ոտնակոխ արվեց Խորհրդային Միությունը և մեր՝ այն ժամանակ արդեն գրեթե ձևավորված, խիստ կոլորիտային և ուրույն միկրոքաղաքակրթությունը, կրկին ոչ առանց մեր մասնակցության, արհեստականորեն շաղկապվեց միանգամայն այլ արժեքների, որոնք անհամատեղելի էին հազարամյակների ընթացքում մշակված մեր հոգեկերտվածքին։ Արդյունքում՝ ստացվեց այն, ինչ ստացվեց։ Մի րոպեում փողոց նետվեց նյութական արժեքների ստեղծմամբ զբաղվող մոտ 1,5 մլն մարդ։ Աղետ տեղի ունեցավ։

Մի ակնթարթում վերադարձանք 20-րդ դարասկիզբ։ Վերացան արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, գիտությունը, մշակույթը, կրթությունը։ Քսան տարվա մեջ բաժանվեց, վաճառվեց ու վերավաճառվեց, հափշտակվեց ու ոչնչացվեց այն ամենը, ինչը 70 տարվա ընթացքում ստեղծել էին մեր հայրերն ու պապերը։

Սկսվեց արտագաղթը։ Հայաստանի բնակչությունն այսօր էլ շարունակում է հեռանալ երկրից, իսկ նրանք, ովքեր հարկադրված են մնալ, դեգրադացվում են։ Այս ամենի հետևում կատարվածի սցենարի հեռավոր հեղինակների չարագուշակ ստվերն է, իսկ հանրահավաքների հրապարակներից ու հեռուստաէկրաններից ազգի առաջնորդների նախկին դերակատարները, որոնց աչքերում արտացոլվում է հուսահատ ատելությունն իրենց երկրի, իրենց նախնիների երկրի, այդ նախնիների ու հենց իրենց հանդեպ, շարունակում են մոլորեցնել ժողովրդին։ Շարժիչ ուժը կորցնելով՝ մեր պատմությունը շարունակում է գլորվել իներցիայով, իսկ մենք հպարտանում ենք նրանով, որ աշխարհի քարտեզին հայտնվել է մեր դարավոր երազանքը՝ անկախ Հայաստանը։ Բայց չենք ուզում տեսնել, որ գտնվում ենք իմաստային փակուղում և ստեղծարար ծրագրի բացակայությամբ մենք՝ մեր պրոբլեմներով, գլխացավանք ենք դառնում համաշխարհային հանրության, և որ գլխավորն է՝ ինքներս մեզ համար։

Մենք սքանչանում ենք մեր հնամենիությամբ, հիանում մեզնով, բայց չենք ուզում ճիշտ հասկանալ այն, ինչ կատարվում է աշխարհում, ոչինչ սովորել չենք ուզում, ոչինչ արտադրել չգիտենք, չենք կարողանում, գուցեև չենք ուզում ազատվել մեր կյանքի կապարե գարշելիություններից։ Չենք զգում մեր երկրորդայնությունը, մարգինալությունը։

Քսան տարին միանգամայն բավարար ժամկետ է կուտակված հիմնախնդիրների ամբողջությունը հասկանալու և իմաստավորելու, կայանալուն ուղղված իրական քայլերի փորձեր անելու համար։ Եվ բանն ամենևին էլ իրավիճակը չհասկանալը չէ։ «Խելոքների» տոկոսը Հայաստանում ավելին է, քան միջինն աշխարհում։ Բայց դա բնական, բնածին, խելքն է, այլ ոչ թե մշակված, որոշակի նպատակի, որոշակի գիտելիքի և կարողության համար վարժված խելքը, ուստի և սակավարդյունավետ է։ Մենք նմանակում ենք մեր իսկ ոչնչացրած արդյունաբերությունը, տնտեսությունը, կրթությունը և գիտությունը, մշակույթը, քաղաքական կյանքը, խաղում ենք մեզ պարտադրված խաղը։ Գյուղատնտեսության մեջ մենք արդեն հասել ենք Տիգրան Մեծի ժամանակներին և սկսել ենք հողը ձեռքով մշակել, միայն այն տարբերությամբ, որ այն ժամանակ մշակվում էր ամբողջ հողը, այլ ոչ թե հողի պատառիկներ։ Նմանակում ենք երեկվա օրվա «սուրբ» հավատի խորհրդանիշերին՝ շուկայական տնտեսությանն ու լիբերալ խելագարության տարրերին համապատասխան աշխատանքը՝ չգիտակցելով, որ ողջ աշխարհում դրանք դարձել են լոկ անորոշ բովանդակության գնայուն շտամպներ։

Պատմական զարգացման ողջ ընթացքին հակասող ստեղծարար ինդիվիդուալիզմի տեսությունը, ըստ որի՝ ամեն ոք եթե ողջ ուժով ջանա լավ բան անել միայն իր՝ իր իսկ սիրելի անձի համար, ապա դրանից բոլորի համար լավ կլինի, քննություն չբռնեց։ Ազատական պետությունն իր քաղաքացիներին թույլ է տալիս անել այն, ինչ ուզում են, արդյունքում՝ անձնական շահերը սկսում են գերակշռել համընդհանուրի նկատմամբ, և անպաշտպան պետությունը սկսում է քանդվել։ Այսօր դա խոստովանում են այդ տեսության և՛ հեղինակները, և՛ ջատագովները, իսկ մենք, ինչպես և վայել է մարգինալներին, փորձում ենք շեշտակի մխրճվել պատմության երեկվա օրվա մեջ։

Անհեթեթ մյուս գաղափարը, որով անվերապահորեն գործում ենք մենք, բայց որը կործանում է աշխարհը, առասպելն է ամենքի և ամեն ինչի կառավարումը մենեջերներին և կուսակցությունների առաջադրած քաղաքական գործիչներին հանձնելու հատուկ արդյունավետության մասին։ Մենք չենք ուզում ընդունել ակնհայտը, որ հանուն մեր իսկ բարօրության նշանակալի պաշտոնները երկրում պետք է բաշխվեն ոչ թե ըստ կուսակցական հատկանիշի, այլ ըստ պրոֆեսիոնալիզմի, ըստ «որակավորման կոշտ պահանջների»։ Ցանկացած համակարգի (արդյունաբերական, գիտակրթական, մշակութային) արդյունավետ գործունեության համար ոչ թե քաղաքական գործիչներ կամ խորամանկ մենեջեր-վաճառողներ են հարկավոր, որոնք վարպետացել են շահավետ վաճառելու մեջ, այլ պրոֆեսիոնալներ, որոնք հատուկ գիտելիքներ և փորձ ունեն։

Առաջադրված մենեջերը կարող է ի բնե խելացի մարդ լինել։ Կյանքի իմաստությունը բոլորի՛ն չէ, որ տրված է։ Բայց դա շատ քիչ է, քանի որ գիտական պատասխան չի տալիս ոչ մի հարցի։ Իսկ հասարակության զարգացման հարցերն աչքաչափով լուծել չես կարող։ Մենեջերը պետք է բացարձակ տիրապետի այն գործին, որը կառավարում է։ Իսկ նման բան չի լինում և երբեք լինել չի կարող։ Հակառակը, երբ մասնագետն է տիրապետում մենեջմենթի հիմունքներին, հաճախ է պատահում։
Անհնար է տնտեսական բարեփոխումներ կատարել, երկրի կյանքը կառուցել շահը բացարձակացնելով։ Ե՛վ քաղաքականության մեջ, և՛ բիզնեսում, և՛ կյանքում չի կարելի անտեսել մարդկության՝ հազարամյակներ մշակած բարոյականությունն ու էթիկան, հակառակ պարագայում վտանգի են ենթարկվում պետության հիմքերը, ինչն անհամատեղելի է նրա գոյատևման հետ։

Պետականության բոլոր ձևական հատկանիշները մի կողմ նետելով՝ պետությունը գոյություն ունենալ, նորմալ գործել և զարգանալ չի կարող՝ առանց երկու հիմնարար պարամետրերի։ Առաջինը տնտեսական հիմքն է, որն անխուսափելիորեն սկսում է քայքայվել տնտեսության ազատականացման հռչակմամբ։ Նշանակալի արտադրությունն ակնթարթորեն հոսում է ավելի էժան աշխատուժ ունեցող երկրներ, պակաս նշանակալին փոխարինվում է ներմուծմամբ։ Հեռանալով՝ արտադրությունը վերացնում է արտադրողին՝ ստեղծելով հարյուր հազարավոր գործազուրկներ և չունևորներ, վերացնում է պետությունը։

Երկրորդը, հատկապես կայացման գործընթացում գտնվող երկրների համար, գաղափարախոսությունն է։ Պետությունը, ինչպես և ցանկացած կենդանի օրգանիզմ, հոգի ունի։ Ամեն պետության հոգին գաղափարախոսությունն է, գաղափարը։ Եվ եթե, ի հավելումն տնտեսությունը ոչնչացնելուն, սպանել նաև գաղափարը, ապա կմեռնի ոչ միայն պետությունը, այլ նաև ազգը։ Ազգային գաղափարի էությունը հասկանալու համար անհրաժեշտ է հասկանալ այն հիմնական օրենքը, որով գործում է ցանկացած հասարակություն։ Հասկանալ ոչ թե այն, ինչ պետական կառավարման ձևի, հասարակարգի, մարդու իրավունքի, ժողովրդավարության, տոտալիտարիզմի, քաղաքացիական հասարակության, ազատական տնտեսության, պետական կապիտալիզմի և ամեն տեսակ բարբաջանքի մասին գրում են դասագրքերում և մենագրություններում։ Ոչ թե սահմանադրությունը, որը պետք է դիտարկել որպես հասարակության միկրոմոդել, նրա իրավաբանական հիմնակմախք, որի շրջանակում է գործում պետական իշխանության մեխանիզմը, այլ խաղի իրական կանոնները, որոնք անփոփոխ են այդ բոլոր տերմինների համար և դրանցից ամենևին կախված չեն։

Ինչպես գրել է Ստանիսլավ Եժի Լեցը. «Իրականության մեջ ամեն ինչ այնպես չէ, ինչպես իրականում»: Անկախ այն բանից, թե ինչպես է կոչվում և կառավարվում պետությունը՝ սահմանադրական միապետություն, ամբողջատիրություն, թե ազատական ժողովրդավարություն, հիմնարար սկզբունքն ամենևին չի փոխվում նախապատմական ժամանակներից սկսած։ Կոսմետիկ տարբերությունը միայն այն է, որ պետական կառավարման ժողովրդավարական ձևերի ժամանակ ձևականորեն կարելի է քվեարկել, իսկ մնացածների դեպքում հարցերի լուծումները քննարկման ենթակա չեն։ Իշխանության էությունն ամենից լավ բնութագրել է Լյուդովիկոս XIV-ը՝ հռչակելով. «Պետությունը ես եմ»: Իշխանությունն անհրաժեշտ է հասարակության գոյատևման և զարգացման համար, ուստի և, նկարագրելով ցանկացած երկրի պատմությունը, հիմնականում ներկայացնում են իշխանության պատմությունը, այսինքն՝ քաղաքական պատմությունը։ Հասարակությունը հիմնվում է իշխանության վրա, որն ի հայտ է եկել մարդկության առաջացման հետ և այս կամ այն ձևով միշտ ուղեկցում է նրան։

Ո՞րը պետք է լինի իշխանության էությունը։ Հասարակության կերտումը։ Համակարգի մեջ քաոս չստեղծելը։ Հասարակության հավասարազոր, տարբեր ուղղություններ ունեցող վեկտորների ուժերը ճիշտ ուղղորդելու կարողությունը։ Առավելագույն օգտակար գործողություններ կատարելուն ուղղված ջանքերի համակարգումը։ Իշխանությունը հասարակական հարաբերությունների համակարգն է ցանկացած պետությունում, և նրա նշանակությունն այն է, որ հասարակության բոլոր անդամների գործողությունները բերի ընդհանուր հայտարարի, միասնական կամքի։ Քաղաքական գործիչները պարտավոր են կանխավ գուշակել հնարավոր մարտահրավերները և փորձել լուծումներ գտնել։ Իշխող էլիտան պարտավոր է օգտագործել իր լիազորությունները հասարակության գոյատևման և զարգացման համար և իրավունք չունի բարոյազրկել իր ժողովրդին, նրան վերածել խառնամբոխի, լյումպենների, չար, ագահ, ճղճիմ ամբոխի։

Այն պահին, երբ մարդը բացահայտեց, որ իշխանություն ունենալու զգացողություններն ու բենեֆիտները շատ ավելի շահավետ են, հզոր, վառ ու անմոռանալի, քան ավանդական զբաղմունքների տիրապետելը, մարդիկ բաժանվեցին նրանց, ովքեր իշխանության մեջ են, մոտ են իշխանությանը, նրա կողքին են, և նրանց, ովքեր գտնվում են իշխանության ներքո։

Հենց այստեղ է բոլոր հեղաշրջումների շարժիչ ուժը՝ իշխանություն ստանալու ձգտումը։ Դրա համար էլ հեղափոխությունները, որոնք գրեթե միշտ ձևականորեն հիմնված են ժողովրդական դժգոհության վրա, հազվադեպ են ստեղծարար ուժ դառնում։ Յուրաքանչյուր նոր տիրակալ, հազվադեպ բացառությամբ, իշխանության գալով՝ ակնթարթորեն ստեղծում է անկշտում նոր փոքրամասնության հանրույթ և այդ նույն սոված մեծամասնությանը, ինչը նպաստում է հասարակության հետագա կործանմանը։ Եվ եթե ազգի բախտը խիստ չբերի, գործընթացը կարող է այնքան ճյուղավորվել, որ ազգը դադարի գոյություն ունենալ, ինչպես դա տեղի ունեցավ շատերի հետ, իսկ նրա բնակության տարածքը կգրավեն այլ ազգեր։ Ինչ-որ չափով սրանից խուսափելու համար չկայացած երկրներին կայացման փուլում անհրաժեշտ է ազգային գաղափար ունենալ։

Ազգային գաղափարն ազգի կարևորագույն տեղեկատվական թաղանթն է, որն այդ ազգի պահապանն է, որը ստիպում է ազգի բոլոր ներկայացուցիչներին միասնական լինել և գոյությունը պահպանել միասնական ջանքերով։ Ազգային գաղափարը նրա հնչեցրած առաքելությունն է։ Դա այն է, ինչն ազգը տարբերում է մյուսներից, հստակ առանձնացնում է մյուսներից ունեցած բոլոր դրական տարբերությունները և թույլ է տալիս երևան հանված առավելություններն օգտագործել մրցակցային պայքարում։

Ազգային գաղափարը պետք է միանգամայն համահունչ լինի ազգի ոգուն։ Լեզվին, քաղաքացիականությանն ու հայրենասիրությանը, առողջ բանականությանը, ավանդույթները հարգելուն, բարոյականությանը, առաքինությանը, մշակույթին, կրթությանը։ Ազգային գաղափարը նախագիծ է, որը պետք է համակի երկրի ողջ բնակչությանը, և՛ իշխանությունում, և՛ իշխանության տակ գտնվողներին հնարավորություն տա առաջնորդներին ճիշտ ուղղորդել նրա գործունեությունը։ Ազգային գաղափարն ընկալելի քաղաքական ծրագիր է։ Ազգային գաղափարն ընտրության համակարգ է, որը բոլոր բնագավառներում գերակայություն է տալիս առաջնորդներին և, միևնույն ժամանակ, ամեն կերպ սահմանափակում է անտաղանդ իմիտատորների գործունեությունը՝ նրանց ներկայությունից հատկապես պահպանելով հասարակության կենսականորեն կարևոր ոլորտները։

Ազգային գաղափարը երկրի հիմնախնդիրների լուծման հայեցակարգ է, որը բացառում է ոչինչ չնշանակող, դատարկ խոսքերը, հայեցակարգ՝ կառուցված երեք սովորական բաների վրա. այն ամենը, ինչ կատարվում է երկրում, պետք է նպաստի պետության հզորության աճին, արտադրաուժերի զարգացմանը և ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը։ Այս երեք չափանիշներն են որոշում ցանկացած պետության ճակատագիրը։ Եթե այս մոտեցումը գերիշխի մեր ուղեղներում, ապա Հայաստանը կարող է ազատվել կործանման՝ ամենուր տարածված վարակից, կգոյատևի և կբարգավաճի։ Դե, իսկ եթե չէ, ուրեմն, չէ։ Մանավանդ որ Հայաստանի վերածնունդը մեզնից բացի ոչ ոքի հարկավոր չէ։

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ իսկական անդամ,
Արիզոնայի (ԱՄՆ) համալսարանի պրոֆեսոր



ԲՆԱԶԴՆԵ՞Ր, ԹԵ՞ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ավստրիացի հոգեբույժ, հոգեբան, հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը մարդու հոգեկան գործունեության շարժիչ ուժերից գլխավորը համարել է սեռական և ագրեսիայի բնազդների հետ կապված եռանդը: Նախկին խորհրդային գիտնականներից շատերը մարքսիզմ-լենինիզմի գաղափարախոսությունից ելնելով, անտեսել են (ժխտել չէին կարող) Ֆրեյդի տեսությունը, այն համարելով բուրժուական բարքերն արդարացնող ուսմունք, դրան հակադրելով կոմունիստական՝ մարդու բանականության վրա հիմնված դաստիարակության սկզբունքները և «Կոմունիզմ կառուցողի բարոյական կոդեքսը»: Ավելի ճիշտ՝ ԽՍՀՄ-ում համապատասխան ոլորտների գիտնականները քաջ գիտակցելով մարդկանց բնազդների հետ կապված եռանդի առկայության պարագան, դրանց տվել են այլ բովանդակություն և նպատակաուղղել գաղափարախոսությունից բխող խնդիրների իրագործմանը: Մասմավորապես՝ մանկավարժության ոլորտում ուսումը (կրթությունը և դաստիարակությունը) այնպես է եղել կազմակերպված, որ երեխաներն իրենց եռանդն ու կուտակված ավելորդ էներգիան ծախսել են առավելապես բարի նպատակների համար:

Դպրոցականները որպես «հոկտեմբերիկներ», «պիոներներ» և «կոմերիտականներ» պարտավորված են եղել կատարելու հանրօգուտ աշխատանք, օգնել են թույլ աշակերտներին, մեծահասակներին ու հաշմանդամներին, մասնակցել շաբաթօրյակների և այլ բազմաբնույթ մրջոցառումների: Երեխաներն ընդգրկված են եղել տարաբնույթ խմբակներում, մարզական խմբերում և այլն: Պատկերավոր ասած՝ պետականորեն լուծված է եղել երեխաների զբաղվածության հարցը:

Ցավալիորեն, սովետական մանկավարժության հարուստ և օրինակելի փորձը չի կիրառվում մեր դպրոցներում: Վերջին տարիներին հայկական դպրոցներում փորձեր են արվում ստեղծելու մանկապատանեկան կազմակերպություններ, բայց արդյունքները դեռ չեն երևում: Վաղ անցյալում գործում էին «Պատանի տեխնիկ», «Պատանի բնախույզ», «Պատանի ավիոմոդելիստ», «Պատանի ռադիոտեխնիկ» և այլն, որտեղ մեր երեխաները ոչ միայն իրենց ժամանակն էին հետաքրքիր անցկացնում, այլև սովորում էին այս կամ այն մասնագիտությունն ու գործնականում դրանք կիրառում:

Բնազդների հետ կապված՝ Հայ Առաքելական Եկեղեցին ունի իր հստակ դիրքորոշումը, որը հենվում է մարդու ծագումնաբանության, բանականության, ազատակամության, ազատությունների և պարտականությունների վերաբերյալ Աստվածաշնչյան պատկերացումների ու համապատասխան աշխատությունների վրա:
Իսկ ինչպիսի՞ն են արծարծվող թեմայի նկատմամբ պետականորեն ընդունված մոտեցումները (խոսքը վերաբերում է մանկավարժության, հոգեբանության և սոցիոլոգիայի բնագավառներին): Վստահաբար կարելի է ասել, որ քանի դեռ չունենք ազգային գաղափարախոսություն, նմանանատիպ հարցերի պատասխանները տրվելու են սուբյեկտիվորեն և պահի թելադրանքով՝ հիմք ընդունելով միջազգայնորեն ընդունված այս կամ այն դրույթները, որոնք, բնականաբար, միշտ չէ, որ համապատասխանում են մեր ազգային և պետական շահերին:

Սեռական և ագրեսիայի բնազբների նկատմամբ պետք է լուրջ, գիտական վերաբերմունք ցուցաբերվի, քանի որ դրանցով են պայմանավորված նաև մատաղ սերնդի կրթության և մանավանդ դաստիարակության հիմնախնդիրները: Պարզաբանենք մեր հաստատումը: ԽՍՀՄ-ում գործում էր պետական արգելքների հատուկ համակարգ, որը կանխում էր մարքսիզմ-լենինիզմի գաղափարախոսությանը չհամապատասխանող ցանկացած երևույթ: Պետության ղեկավարությանը հայտնի էին միջազգային իմպերիալիզմի նպատակը և այն մեթոդներն ու միջոցները, որոնցով փորձում էին քայքայել ու փլուզել ԽՍՀՄ-ը: Պետության դեմ համակարգված աշխատում էին տարբեր ոլորտների բազմաթիվ ինստիտուտներ, քաղաքական գործիչներ և անհատներ:

Մասնավորապես, հայտնի է ԱՄՆ նախկին ԿՀՎ պետ Ալլեն Դալասի՝ ԽՍՀՄ-ը (և ոչ մայն) կործանելու «բաղադրատոմսը», որտեղ նա նշել է. «Գրականությունը, թատրոնը, կինոն՝ այս ամենը ցույց են տալիս և փառաբանում են մարդկային ամենաստոր կրքերը: Մենք ամեն կերպ կօժանդակենք և կբարձրացնենք նրանց, այսպես կոչված՝ ստեղծագործողներին, որոնք մարդկանց գիտակցության մեջ կսերմանեն և գլուխները կխցկեն սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, մի խոսքով՝ ամեն կարգի անբարոյականության պաշտամունք: Պետության ղեկավարման մեջ մենք խառնաշփոթ կստեղծենք: Մենք աննկատելիորեն կնպաստենք պաշտոնյաների մեջ ինքնահաճության, անսկզբունքայնության, կաշառակերության տարածմանը...

Ազնվությունն ու կարգապահությունը կծաղրվեն, այլևս ոչ մեկին պետք չեն լինի և կվերածվեն անցյալի մնացուկների: Բռնությունը, լկտիությունը, սուտը, խաբեությունը, հարբեցողությունը, թմրամոլությունը, անասնական վախը միմյանց նկատմամբ և անամոթությունը… խորամանկորեն և աննկատ կերպով կզուգակցենք, այս ամենը կգունազարդվի գեղեցիկ նրբերանգներով: Միայն քչերը, շատ քչերը, կկռահեն կամ կհասկանան, թե ինչ է կատարվում: Այդպիսի մարդկանց մենք անօգնական վիճակի մեջ կգցենք, կդարձնենք ծաղրի առարկա...»:

Ինչպես տեսանք՝ ԽՍՀՄ-ը փլուզվեց և դա առաջին հերթին պայմանավորված էր այն հանգամանքով, որ, այսպես կոչված, երկրի «բարոյականության ամրության սահմանը» կրիտիկական վիճակից իջավ: Այդ տեսանկյունից եթե գնահատելու լինենք մեր հասարակության ներկա վիճակը, ապա մխիթարող շատ քիչ բան կա: Պարզապես վերը նշած սահմանը վաղուЇց ենք հատել: Իմ կարծիքով, մենք ավելի շատ գոյատևում ենք Արցախյան պատերազմում տարած թե՛ փաստացի, թե՛ բարոյական հաղթանակների շնորհիվ և Աստծո ողորմածությամբ:

Նորից անդրադառնալով թեմային, նշենք, որ մեր հանրապետությունում օրենքները, եվրոպական շատ երկրների հետ համեմատած, մեղմ են և հանդուրժողական, խախտված է ազատություններ-պարտականություններ-արգելքներ եռամիասնության հավասարակշռությունը: ԼՂՀ-ն ձգտելով դառնալ ժողովրդավարական երկիր, ավելորդ զգուշավորություն է ցուցաբերում և երբեմն ընդունվում են այնպիսի «մարդասիրական» օրենքներ, որոնց կարող են նախանձել հարյուրամյակների ժողովրդավարական անցյալ ունեցող երկրները: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես թե օրենքներն ընդունում են միջազգային հանրությանը կամ այլ շահագրգիռ կազմակերպությունների գոհացնելու համար:

Ինչ որ է։ Բայց Արցախում էլ կան օրենքներ, որոնք բխում են մեր ազգի ու պետության շահերից: Օրինակ, ո՞վ է մեզ արգելում, որ համապատասխան մարմինների կողմից իրականացվի «Վարչական իրավախախտումների մասին» ԼՂՀ օրենսգրքի հոդված 189-8-ի պահանջը՝ էրոտիկ բնույթի տպագիր հրատարակությունների, տեսաերիզների և տեսասկավառակների վաճառքը չնախատեսված վայրերում իրականացնողներին 50-100 հազար դրամ տուգանելու համար: Մտեք տեսաերիզների և տեսասկավառակների վաճառքի ցանկացած խանութ ու կրպակ և կհամոզվեք, որ օրենսգրքի այդ պահանջը չի կատարվում:

Դեռ ավելին, անչափահաս երեխաներն էլ կարող են գնել այդ «արգելված պտուղները»: Արցախում պետականորեն ֆինանսավորվող և մասնավոր հեռուստաալիքներով հաճախ կարելի է դիտել սեքս, բռնություններ և սադիզմ պարունակող ֆիլմեր: Նմանատիպ ֆիլմերի վտանգավորության մասին շատ է գրվել, ուստի, չկրկնելու համար, այլ տեսանկյունից մոտենանք հարցին: Ուսունմասիրությունները ցույց են տալիս, որ վերջին ժամանակներս տղամարդիկ թե՛ տանը, թե՛ հասարակության մեջ աստիճանաբար հեղինակազրկվում են: Դրա պատճառները հիմնականում սոցիալ-հոգեբանական են. այն մի կողմից պայմանավորված է երկրում կյանքի ցածր մակարդակով, մյուս կողմից՝ ահագնացող արտաքին ազդակներով: Վերջինիս մեջ անհերքելի դերակատարություն ունի հասարակական տարբեր երևույթների մեջ մուտք գործած էրոտիկան ու սեքսը:

Հինմավորենք մեր պնդումը մասնավոր օրինակով: Ինչպես հայտնի է՝ հայ աղջնակներից շատերն առանձնակի վերաբերմունք են ունեցել և ունեն իրենց հոգատար հայրերի նկատմամբ: Բայց վերջերս կարծես թե այդ ցանկալի հարաբերությունների մեջ մի տեսակ համատարած սառնություն է նկատվում: Ո՞րն է պատճառը: Իհարկե, հարցին միանշանակ դժվար է պատասխանելը, քանի որ այն պայմանավորված է մի շարք հանգամանքներով:
Դիտարկենք մի իրավիճակ. աղջիկը հեռուստատեսությամբ դիտում է մի ֆիլմ, որտեղ ցուցադրում են, թե հայրն ինչպես է դավաճանում իր կնոջը, տղամարդիկ ինչպես են բռնաբարում անչափահաս աղջիկներին: Նման իրավիճակներում աղջիկը, կամա թե ակամա, մտաբերում է հարազատ հորը կամ եղբորը և նրանց մտովի համեմատում այդ «հերոսների» հետ: Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է. աստիճանաբար աղջկա մոտ ենթագիտակցորեն ձևավորվում է տղամարդու մի կերպար, որը ժամանակի ընթացքում համակում է նրան:

Աղջկա մոտ, կախված նրա մտավոր կարողությունից ու դաստիարակությունից, հայրը, որն իր համար եղել է պատվելի, դառնում է խոցելի ու կասկածելի: Իսկ տղաների մոտ վերոհիշյալ ֆիլմերն առաջացնում են անցանկալի մղումներ ու հակումներ, ագրեսիվություն կամ անտարբերություն ամեն ինչի նկատմամբ:
Մի խոսքով՝ Արցախում գործող օրենքները, որոնք այս կամ այն ձևով առնչվում են հասարակության անդամների բարոյական խնդիրներին՝ ենթակա են վերանայման և դրանց համապատասխանեցմանը հայի ազգային, պետական և հոգևոր-քրիստոնեական նկարագրին: Կարծում եմ, հայկական երկու պետություններում և Սփյուռքում կան համապատասխան օրենսգետներ, մասնագետներ և գիտնականներ, ովքեր ի վիճակի են ստեղծելու այնպիսի օրենքներ, որոնք նպաստեն մեր հասարակության բարոյակարգավորմանը և հայեցի զարգացմանը:

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ



ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ԼԻՆԵԼ ՄԻՇՏ

Ամեն մի հայ ազատամարտիկ պետք է լինի իր բնագավառում,- ասում է Ստեփանակերտի շտապ օգնության բժիշկ Վարուժան Հունանյանը և տարըմբռնումների տեղիք չտալու նպատակով շարունակում է իր խոսքը մեկնաբանությամբ: Ազատամարտիկն ըստ իս ոչ միայն հայրենիքի համար մարտնչողն է, այլև՝ ազատ մարդը, որն իր ներսում չունի կաշկանդումներ: Իմ բժշկական մասնագիտությունն ինձ ցուցանել է, որ կաշկանդումներ ունեն այն մարդիկ, ովքեր ներքուստ գիտեն իրենց կամա կամ հարկադրյալ գործած սխալականությունն ու դրանցից ազատագրվելու փոխարեն արդարացումներով իրենց մոլորեցնում են, նորանոր վրիպումներ թույլ տալու հնարավորություն ստեղծում:

Բոլոր հիվանդություններն առաջանում են այս պատճառով, ինքնաներումով, բայց՝ ոչ ինքնամաքրման որոշումով, որը չափավորության խախտման ջրվեժ կարող է ծնել: Ամեն մի հիվանդ ցանկացած բժշկից քաջ գիտե, թե ինչի հետևանք է իր տկարությունը կամ առողջության վատթարացումը, ինչն է իրեն օգտակար, եթե ազատ մարդ լինի: Այսինքն՝ սխալ կենսակերպի կամ վարքագծի պարագայում ինքն իրենից ամաչի, իր սխալականությունը ներքուստ ընդունելու համարձակություն ունենա, որպեսզի ազատագրվի ախտածին այն պատճառներից, որոնք թույլ չեն տալիս մարմնապես դիմանալ ո՛չ շոգին, ո՛չ ցրտին և՛ ուղիղ, և՛ փոխաբերական իմաստներով...

Ահա թե ինչու մարդկանց մեծամասնությունն ի վիճակի չէ դիմանալու ո՛չ դժբախտությանը, ո՛չ երջանկությանը, զսպելու զայրույթն ու մյուս զգացմունքները, պահպանելու տարրական քաղաքավարությունը՝ գիտենալով հանդերձ, որ ավելի հեշտ է խուսափել հիվանդությունից, քան պայքարել դրանց դեմ: Իսկ սրանց համար պետք է ջանք գործադրել, մարմնի և հոգու ինքնակատարելագործման համար պայմաններ ստեղծել, ինքնաճանաչմանն ու ինքնատիրապետմանը հասնել կամովին, անձնապես, գործնականորեն, հետևողականորեն, ինքնագիտակցաբար՝ ապավինելով սեփական կամքի ուժին՝ պարբերաբար իրենից պահանջելով ավելին։

Բոլորս էլ գիտենք, որ առողջությունն ամեն ինչից, թանկ է։ Բայց այն պահպանելու համար հաճախ չենք հոգում... Ամենաաննշան բանն ունենալու ցանկության դեպքում աշխատում ենք, քրտնում, հազար ու մի հնարի դիմում, իսկ Աստծու այդ մեծագույն պարգևին վերաբերում ենք ի միջի այլոց, միայն կորցնելու դեպքում ենք գնահատում դրա անփոխարինելիությունը։
Հետևությո՞ւնը՝ աշխատանք և աշխատանք։ Աշխատողը և ինքնատիրապետման կարողություն ունեցողը մշտապես ունի իր մեջ առողջարար հաբեր, քանի որ չափավոր աշխատանքը բացում է անուշարար ախորժակը, որը պահանջում է չափավոր վայելում...

Փոքրուց եթե վարժված չենք այս աշխատանքի և ինքնազսպվածության փոխլրացմանը, լցվում ենք ներքին տագնապով՝ վախից հալածելով դրանք մեր կենսակերպից։ Այնինչ ցանկացած դժվարություն հաղթահարելի է վարժանքներով, համառ ձգտումով, սեփական առողջությունն այլոց առողջության բաղադրիչը դիտելու գիտակցումով: Սա էլ հարազատներին և այլոց օգտակար ծառայություն մատուցելու պատրաստակամության դրսևորում է, նրանց չարիքից՝ հիվանդությունից ազատելու ձև, միաժամանակ՝ իրեն էլ ազատելով դրա նկատելի և աննկատ հնարավոր բոլոր պաշարումներից։

Հոգով և մարմնով առողջ մարդը ազատ մարդն է, ազատ հայրենիքի սերմն ու հունդը, որովհետև այսպիսինների հոգեկան առաքինությունները,- ինչպես կարծում է Դավիթ Անհաղթը,- նեդաշնակություն է հաստատում հոգու համապատասխան մասերի հետ, եթե նրանց միավորման շաղախն է արդարությունը, բանականությունը պետք է զարդարվի խոհականությամբ, ցասումը՝ արիությամբ, ցանկությունը՝ ողջախոհությամբ: Այսպիսի մարդկանց էությունից ճառագում է արդարությունը... Այսպիսի մարդկանցով հարուստ երկիր ենք մենք երազել Արցախյան ազատամարտում...

Վարդենիսում, էջմիածնում մանկաբույժը, հարգանք ու վստահություն վայելող բժիշկն իր ընտանիքը շարժման սկզբից ևեթ Սևան տեղափոխեց՝ այստեղ աշխատելու, իրականում՝ նոր ձևավորվող ջոկատներում ընդգրկվելու պատրվակով։ Օմարի, Յանշաղի և մարտական այլ գործողություններին մասնակցած հատուկ նշանակության բուժկետի պետ Վարուժան Հունանյանը խաղաղ օրերին ևս աշխատում է օգտակար լինել ոչ միայն շտապ օգնության կարիք ունեցող արցախցիներին։

Մի տարի առաջ է եկել Արցախ և, իր խոսքերով, սիրահարվել Արցախին ու արցախցիներին: Նա վստահ է, որ իրեն համախոհ կինը այս անգամ ևս պատվով է ստանձնել ընտանիքի հոգսը, իսկ ուսանող երեք երեխաները ճիշտ են դաստիարակվել։ Ապագա դեղագործ Վարդուհին, գյուղատնտես Վլադիմիրը, մանկավարժ Հասմիկն իրենց գործում արդեն պատրաստի ազատամարտիկ են։ Բժիշկը այդպիսին է կամենում տեսնել արցախաբնակ յուրաքանչյուր հայի, որից է կախված այս երկրի ներկան ու հաղթական ապագան:

Այսպիսի մարդիկ կարողանում են ազատագրվել ներքին կաշկանդումներից, հոգին ողողել լույսով, միտքն ուղղորդել դեպի արդարությունը, առողջ պահել մարմինն ու հոգին։ Այլ կերպ՝ մշտապես մարդ մնալ, որ ավելի դժվար է ու կարևոր, քան եզակի հերոսացումը։ Սա սխրանք է՝ իշխանություն հաստատել մարմնի և հոգու վրա։ Այսպիսի քաղաքացիներ ունեցող երկրի իշխանությունն էլ իր հերթին հարգելով նրանց իրական ազատությունը՝ կձգտի պետության վերջնական նպատակին՝ ազատության հաստատմանը,- եզրահանգում է իմ զրուցակիցս։ - Մարդն ազատամարտիկ պետք է լինի ողջ կյանքում, հատկապես՝ հայ մարդը: Միայն ազատ հոգին կարող է ազատություն պարգևել իր շրջապատին, իր հայրենիքին։ Իսկ սրա համար աշխատանքներն անսպառ են, անձանձրույթ, ավելին՝ սրբագործող, առողջապահպան, առողջածին...

ԱՆԱՀԻՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ



«ՊԵԼԵ» ԱՆՈՒՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ Է
(հիմնավոր վարկածի իրավունքով)

Ֆուտբոլի կործանումը հնարավոր է:
Բայց դրանից առաջ կկործանվի ամբողջ աշխարհը։
ՊԵԼԵ

Պելեից հետո ֆուտբոլն արդեն այն չի լինի։
ՆԻԼՏՈՆ ՍԱՆԹՈՍ
(աշխարհի կրկնակի չեմպիոն)


2010 թ. հոկտեմբերի 21-ին (որոշ տվյալներով՝ 23-ին) լրացավ Պելե մականունով առավելապես հայտնի «ֆուտբոլի արքայի»՝ Էդսոն Արանտես դու Նաշիմենտուի ծննդյան 70-ամյակը, ով տակավին 25 տարեկանում արժանացավ իրեն նվիրված թանգարանի, իսկ 29 տարեկանում (1969թ., երբ խփեց 1000-րդ պաշտոնական գոլը) պետականորեն հռչակվեց հայրենի Բրազիլիայի «ազգային հարստություն»:

Պելեն մեր ֆուտբոլաշունչ աշխարհի ամենապատանի, դեռ անչափահաս մրցակալ - չեմպիոնն է (1958թ.), ամենաերիտասարդ կրկնակի չեմպիոնը (1962թ.), միակ եռակի չեմպիոն խաղացողը (1970թ.): Վերջին մենագագաթը տանող մրցուղու առնչությամբ հույժ ուշագրավ է ականատես-մասնագետի՝ խորհրդային ականավոր ռմբարկու Անատոլի Բիշովեցի բնութագրումը. «Տարիքը, թերևս, փոքր-ինչ սահմանափակել էր նրան արագության առումով, բայց դա արդյո՞ք պետք էր նրան, երբ հասունությունն օժտել էր գերներըմբռնումով, որ թույլ էր տալիս ողնաշարոЇվ, ծոծրակոЇվ, մաշկոЇվ զգալ խաղընկերներին»:

1999թ. Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից Պելեն ճանաչվեց 20-րդ դարի լավագույն մարզիկ ընդհանրապես, թեև երբեք հանդես չէր եկել օլիմպիական խաղերում: Անչափազանցորեն՝ ամենից առաջ ու ամենքից շատ Պելեի «թեթև ձեռքով», ավելի ճիշտ՝ «ոտքով» է, որ՝
Ա. Օլիմպիական ֆուտբոլային մրցաշարերն անմասն են մնում ազգային հավաքականներից և ուժեղագույն ֆուտբոլիստներից:
Ֆուտբոլը միակ մարզաձևն է, որի աշխարհի առաջնությունները (այն էլ՝ պաշտոնապես շատ ավելի համեստ՝ «ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկություն» անվանվող) վարկանշային կարգով մեծապես գերազանցում են օլիմպիական մրցումները.

Բ. Համայն մարզաշխարհում «ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթակիր» («Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն») կոչումն է առավել բարձրն ու հեղինակավորը.
Գ. Ֆուտբոլի աշխարհի չեմպիոններն, օլիմպիական հաղթողների նման, արտոնված են հավերժ այդ տիտղոսը պահպանելու (առանց «նախկին» նախդիրի) բացառիկ առանձնաշնորհով.
Դ. Ամեն կարգի մրցաձևերի (ոչ միայն սպորտի) վիթխարի ընդգրկույթում ֆուտբոլի աշխարհի առաջնության պարգևների (մրցանակատեղերի) տեսականին ամենահարուստն է՝ գերազանցելով ավանդական «երրորդությունը». 1966թ.-ից աշխարհի չեմպիոններին շնորհվում են ոսկե մեդալներ, փոխչեմպիոններին՝ ոսկեջրված արծաթե, 3-րդ տեղ գրավածներին՝ արծաթե, 4-րդ տեղ՝ բրոնզե.

Ե. Բարձրագույն նվաճումների կամ մեծ սպորտում ֆուտբոլի աշխարհի չեմպիոն հավաքականը միակն է եղել և մնում, որի ներկայացրած երկրին գլխավոր մրցանակը հավերժ է ի պահ շնորհվել (1970թ., «Ոսկե աստվածուհի» արձանիկը՝ Բրազիլիային, 1983թ. առևանգվել է և չի գտնվել).
Զ. Մեծ ֆուտբոլն ինքն առհասարակ հասավ իր սահմանների և …սահմանումների լրումին, այն է՝ տիտղոսվելով «Տարածության և Ժամանակի հավերժական հանգուցաշարժիչ» «վերազգային քաղաքակրթության գործուն գործոն», «հավաքական բանականություն և վճռախել մենակ, այլև (հ)ոգեմարմնավոր թիմուժ +անհատազորույթ՝ շարժման մեջ», «Կյանք, որի անունն է ֆուտբոլ», «մարդկության ամենահանճարեղ ստեղծագործություն»...

Ի վերջո՝ Պելեն այն անզուգական - անմրցակից այրն է իր բազմոլորտ գործունեությամբ, ում համար տասնամյակներ անընդմեջ պատվավոր տեղ է ապահովված մոլորակի 100 առավել ազդեցիկ անձանց ընտրախավում: Բուն «Պելե» մականունն էլ արդի 7- միլիարդանոց մարդկությանն ամենից քաջածանոթ և մշտարծարծ անձնանունն է: Բավական է վկայել, որ, միջազգային հանրահարցումներով, 100 պատասխանորդներից 95-ը ճանաչել են իր՝ արքայի ինքնությունը հենց այդ և ոչ նրա իսկական անվամբ:

Որտեղի՞ց, ինչպե՞ս է ծնվել այդ մոգանունը, ո՞ր լեզվով է դա առաջին անգամ հնչել և միշտ հնչելու...
Հիմք ընդունենք Պելեի հենց ինքնակենսագրական սկզբնաղբյուրը՝ «Իմ կյանքը և հիասքանչ խաղը» ռուսերեն գիրքը (Ռ. Լ. Ֆիշի մասնակցությամբ, Մ., 1989թ., թարգմանված 1977թ. անգլերեն հրատարակությունից): 17-րդ էջից իմանում ենք, որ մսուրահասակ Էդսոնի ընտանիքը վերաբնակվում է Սան Պաուլու նահանգի Բաուրու քաղաքում: 28-29-րդ էջերում փաստվում է, որ ապագա արքան մոտ 9 տարեկանում է (1949թ.-ից ի վեր) մականվանվել «Պելե»: Ըստ որում՝ ինքը՝ Պելեն, խոստովանում է. «Որքան ինձ հայտնի է, այդ բառը ոչինչ չի նշանակում ո՛չ պորտուգալերենում, ո՛չ էլ այլ լեզվում», այնուհետև՝ «Իմ մի մերձընկերը պնդում է, որ այդ անունն ինձ տվել է զուտ պատահականությամբ ինչ-որ մեկը թուրքերից, որոնք բնակվել էին Բաուրուում: Նրանցից ոմանք ապրում էին մեր կողքին:

Ամեն անգամ, ասում էր մերձընկերս, երբ ես պատահաբար գնդակին ձեռքով էի դիպչում, թուրքն արտասանում էր «պե-լե», ինչը թուրքերեն, կարծեք թե, նշանակում է «հիմարություն է» («հիմար է». ընդգծումներն իմն են - Գ. Ղ.): Բնորոշ է նաև Պելեի զայրալից հակազդեցությունն այս անպատիվ փոթ անունն իրենից վանելու համար. «Մի ժամանակ ես ատում էի դա: Եվ դպրոցում դրա պատճառով հաճախ էի ծեծկռտուք սարքում: Այդ կռիվներում երևի միշտ չէ իմ բախտը բերել, քանի որ Պելե մականունն այդպես էլ կպավ ինձ ընդմիշտ»:

Իրականում Պելեի մայրենի պորտուգալերենն ունի լավ էլ գործածական «pele» բառ, այն էլ՝ 4 արժեքներով. 1.կաշի, մաշկ, 2.պտղակեղև, կճեպ, 3.բուրդ, մորթեղեն, 4.տիկ: Սրանք, սակայն, որևէ աղերս չունեն խնդրո առարկա «հիմարություն» իմաստի հետ: Նմանահունչ կամ հարանուն բառեր կան եվրոպական երկրներից Բրազիլիա ներգաղթածների այլ լեզուներում ևս (ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն), որոնք դարձյալ չեն համապատասխանում Պելեի ինքնակենսագրականի համատեքստին: Բացառման մեթոդով փորձենք բացահայտել «պելե» նույնահունչ համանուն կամ գեթ հարանուն բառերի գոյության հնարավորությունը Թուրքիայից Բրազիլիա գաղթելու ներունակ՝ հիմնական ազգերի և ազգությունների ներկայացուցիչների 18 լեզուներում (թուրքերեն, հայերեն, քրդերեն, հունարեն, եբրայերեն, չերքեզերեն, լազերեն, արաբերեն, ասորերեն և այլն):

Թուրքերենում չկա և չէր էլ կարող լինել «պ» հնչյունի տառավորմամբ սկսվող բառ, քանզի այդ լեզուն զուրկ է «պ» հնչյունից. գրված «p»-ն «փ» է կարդացվում (հնչում): Չի պարզվել նաև, որ Բաուրու քաղաքում, տվյալ ժամանակ, ազգությամբ թուրքեր ապրած լինեն: Նման բանալի բառեր բացակայում են և հիշյալ մյուս լեզուների թե՛ ակտիվ, թե՛ պասիվ բառապաշարներում՝ բացի հենց հայերենից: Ակնհայտորեն դա մեր ժողովրդախոսակցական շերտում հաճախագործածական «պել» («պըլ», «պըել») արմատն է՝ որոնելի իսկ «հիմար» իմաստով և լրացնող հոմանիշերով: Հայոց լեզվի գավառական, բացատրական, հոմանիշերի, տերմինաբանական, բարբառային բառարանները հավաստում են հետևյալ պատկերը.

Պել-հիմար, ապուշ, խենթ, գիժ, շաշ, խելագար, խելառ, չարաճճի, ծուռ, կատաղած, շշմած, անուշադիր: Ընդսմին՝ այս նշանակություններով «պել»-ն առավելապես կիրառվում է Արարատյան, Նոր Ջուղայի, Արցախի (Ղարաբաղի), Բորչալուի, Գորիսի, Մուշի, Ալաշկերտի, Շամշադինի բարբառներում:
Համեմատելով Պելեի մերձընկերոջ պնդած «պե-լե»-«հիմարություն է» զուգադրության հետ՝ համոզվում ենք, որ տվյալ իմաստով «պելե», ավելի ճիշտ՝ «պել է» (այսինքն՝ «հիմար է կանոնների կոպիտ խախտմամբ՝ ձեռքով ֆուտբոլ խաղացողը» մեկնությամբ) կարող էր արտասանել հայը միայն, որ Բրազիլիայում էր հանգրվանել Արևմտյան և Արևելյան Հայաստանների, Իրանի վերոնշյալ բարբառախոս վայրերից:

Հայոց մեծ գաղթերի երթուղիների ուսումնասիրությամբ ամրապնդվում է սույն վարկածի արժանահավատությունը: Ըստ «Հայ սփյուռք» հանրագիտարանի (Եր., 2003թ., էջ 118)՝ հայերը Բրազիլիայում սկսել են հաստատվել 19-րդ դարի 2-րդ կեսին: Հայերի առավել ստվար խմբեր (հիմնականում Կիլիկիայից բռնագաղթածներ) Բրազիլիա են արտագաղթել 1920-ական թթ. և բնակվել առավելապես Սան Պաուլու քաղաքում ու նույնանուն նահանգի այլ վայրերում, այդ թվում՝ Բաուրուում: Ինչ մնում է Պելեի գրքում նշված էթնանվան հոլովանքների («թուրք», «թուրքերեն») թյուրիմացությանը, ապա, ընդերկար, չծավալվելու համար, շեշտենք միայն.

1) մինչև այժմ էլ Թուրքիայից Հարավային Ամերիկա արտագաղթած այլազգիներին, ներառյալ հայերին, տեղացիները սովորաբար կոչում են «թուրքեր» (նախկին մետրոպոլիայի անունով).
2) Արցախից և Արևելահայաստանի այլ թրքաճարակ տարածաշրջաններից բրազիլական Բաուրու ներգաղթած հայորդիք կարող էին գալուստները բացատրել իրենց նախկին բնակավայրերի թշնամական - բռնաճնշող տարրի՝ իրենց իսկ ավանդական ազգակոչմամբ՝ «թուրքերի» միջից օր առաջ դուրս պրծնելու կենսական անհրաժեշտությամբ, իսկ այդ հաճախահոլով «թուրք» բառն էլ, թերևս, բրազիլացու առնվազն ենթագիտակցության մեջ չէր կարող չարտացոլվել և հետագայում էլ չարտաբերվել...

Տարածված է նաև «պելե» բառի 2-րդ հիմնիմաստը՝ քավոր, կնքահայր: Այս մեկնանկյունից պերճախոսուն է նախկին ԽՍՀՄ վերջին կինոֆիլմերից մեկի խորագիրը՝ «Ես Պելեի պելն եմ» («շ-ՍՐպրՑվօռ կպսպ»,1991թ., «Վրացֆիլմ»):
«Պել» հայարմատը հատկանշաբար կրկնվում է բոլոր ժամանակաց մեծագույն խաղի լավագույն ներկայացուցչուհու՝ բրազիլացի Մարթայի (անունն այս ասորերեն նշանակում է «տիրուհի») հավելանվան մեջ. նրան հաճախ շրջասությամբ այդպես էլ կոչում են՝ «Շրջազգեստով Պելե»:

Վերջում հայաշահ ու հանրապես օգտաշատ եմ համարում ներկայացնել հետևյալ առաջարկությունները.
Պելեի ծննդյան 70-ամյակի առթիվ և նրա աշխարհափառ անվան «հայկական հիմնավարկածի»կապակցությամբ, պետական մակարդակով հրավիրել նրան ՀՀ և ԼՂՀ (մականվանակից Պըլը-Պուղու «փոքր հայրենիք»)՝ նաև մեզանում, միասին նշելու նրա հոբելյանը, միաժամանակ միջոցներ ձեռնարկելով նրա աջակցությամբ ԼՂՀ ֆուտբոլի ֆեդերացիան ՖԻՖԱ-ի՝ որևէ կարգավիճակով անդամ (մասնակից) դարձնելու (նախ՝ Արցախի միջազգային իրավաքաղաքական ճանաչման տեսանկյունից) կարևորագույն նպատակով, մանավանդ որ կան միջազգային իրավունքի ճանաչված սուբյեկտ-պետություններ չհանդիսացող, բայց արդեն իսկ ՖԻՖԱ-ի կցանդամներ Ամերիկյան Սամոայի, Նոր Կալեդոնիայի, ՖԻՖԱ-ի անդամ-ժամանակավոր մասնակից Պաղեստինի, առավել ևս լիիրավ անդամներ Պուերտո Ռիկոյի, Ֆարերյան կղզիների նախադեպերը...

Հաշվի առնելով ֆիզկուլտուրայի և սպորտի անփոխարինելի դերը քաղաքակրթության զարգացման, ամենազգի սերունդների համակողմանի դաստիարակության և բուն առողջապահության ասպարեզներում՝ համահիմնել
Պելեի անվան համաշխարհային մրցանակ՝ ՀՀ-ի, ԼՂՀ-ի և Բրազիլիայի ԴՀ-ի կողմից (հնարավոր է՝ ՖԻՖԱ-ի, ՄՕԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Կինոյի, հեռուստատեսության և սպորտի դաշնության (FICTS) հետ համատեղ), Նոբելյան մրցանակին համարժեք, նրա դրամական պարգևաչափերին չզիջող հիմնադրամով և, սկսած 2011թ.-ից, ամեն տարի, Պելեի ծննդյան օրը, մարզական փոխանցարշավի հաջորդափոխությամբ՝ ՀՀ-ի, ԼՂՀ-ի, Բրազիլիայի մայրաքաղաքներում, հանդիսավորապես շնորհել ֆիզկուլտուրայի և սպորտի բնագավառներում առավելագույն համամարդաշահ ավանդ ներդրած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (անկախ գործունեության տեսակից):

Առավել խոր ու բազմակողմանի (լեզվաբանական, պատմագիտական, մարզագիտական, իրավագիտական, ազգագրական, սփյուռքագիտական, աշխարհաքաղաքագիտական) հիմնավորումներով հագեցած սույն նյութը, գրավոր դիմումի հետ մեկտեղ, շուրջ երեք ամիս առաջ ներկայացրել եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին՝ ուշադրություն հրավիրելով հատկապես առաջարկությունների իրագործման կարևորության վրա: Վերջինիս բարեհաճած ընդամենը հեռախոսային արձագանքումն, ավաЇղ, որքան մեծամիտ էր՝ ձևով, այնքան էլ զրոյարդյուն՝ բովանդակությամբ: Սփյուռքի նախարարի տեղակալի նամակում խորհուրդ է տրված դիմելու այլ հասցեով («համապատասխան գերատեսչություն»):

Գագիկ Ծառուկյանի կողմից առհասարակ անդրադարձ չեղավ (երկիցս, օրենքով սահմանված կարգի կրկնախախտումով):
Ըստ ՀՀ նախագահի աշխատակազմից ստացված պատասխանագրի՝ նյութն ընդունվել է ի գիտություն: Մնանք ձեռնարկումներին սպասող…

ԳԱՐԵԳԻՆ ՂԱԶԱՐՅԱՆ



ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ

1915-ի բնաջնջման հաստատ հիմքերն էին դրվում


(Սկիզբը՝ նախորդ համարներում)

Դեկտեմբերի 26-27-ին, այո՛, կայանում էր մի խոշոր համաձայնություն: Ի՞նչ էր դա նշանակում:
Պալատական շրջանը տանում էր մի հաղթություն, որ պիտի միանգամայն գոհացներ ժողովրդի մասին չմտածող կամ բոլորովին քիչ մտածող ազգասիրական ռոմանտիզմը: Ռուսական դիվանագիտությունը կամենում էր իր և թուրքերի մասնավոր հարաբերությունների հոգս դարձնել թուրքահայ ժողովրդի ապահովությունը: Եթե նա մտներ այդ ճանապարհի մեջ, գործեր փոքրիշատե ուշադրությամբ, հայ ժողովուրդը, եթե չստանար երազական ռեֆորմներ կամ, պարզ ասած, ինքնավարություն, գոնե փոքրիշատե մարդավայել կայունության երաշխիք կունենար: Վերին աստիճանի բնորոշ է այն տեղեկությունը, որ տվին կաթողիկոսի պատգամավորները կոմս Վորոնցով-Դաշկովին: Նրանք ասացին, թե ասիական Թուրքիայի վալիները, վախենալով ռուսական միջամտությունից, զսպում էին հայերին կեղեքող քրդերին և թուրքերին:

Հայ ժողովրդի համար այն էլ մեծ բախտ կլիներ, եթե այդ փրկարար վախը երկար պահպանվեր կառավարող օսմանների շրջանում՝ ռուսաց դիվանագիտության անդադար պահանջներով: Պե՞տք է ավելացնել, որ հայերի պաշտպանության այս եղանակն ավելի քիչ աղմկավոր կլիներ, ավելի քիչ գրգռիչ, քանի որ հարց չէր դրվում Հայաստան ստեղծելու, Թուրքիայի մարմնից մի նոր չաղ կտոր խլելու մասին, այլ պահանջվում էր միայն բարեկարգել նահանգական և գավառական վարչությունները: Հետո կլիներ այն, ինչ Վորոնցով-Դաշկովը ավելորդ համարեց թաքցնել: Նա մի քանի անգամ կրկնեց պատգամավորներին, թե Ռուսաստանն այժմյան աննպաստ պայմանների մեջ չի կարող գնալ և գրավել Թուրքահայաստանը: Սա, իհարկե, չէր նշանակում, թե նպաստավոր պայմաններ երբեք չեն գալու: Նվաճումը պետք է լիներ. դա միայն ժամանակի հարց էր: Մնացածն արդեն չափազանց հեշտ կարելի էր գուշակել՝ թուրքահայոց հարց այլևս չէր լինի:

Բայց հենց այս բանն էր, որ սարսափեցնում էր թուրքահայոց դատն իրենց համար մենաշնորհ դարձրած հեղափոխական կուսակցություններին և նրանց ենթարկված բուրժուական մտայնությանը:
ԻЇնչ հարկավոր են այսպիսի մասնավոր համաձայնություններ, մանավանդ, ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ հյուսիսային արջը միայնակ դնի իր թաթը Հայաստանի վրա: Եվ հրապարակում շար ընկան հազար անգամ ծամծմած, արտաքուստ փայլուն, բայց ներքուստ ողորմելի և անբովանդակ կանչվռտոցները՝ «Մեր հարցը միջազգային հարց է, և այն լուծողները պիտի լինեն բոլոր պետությունները: Տվե՛ք մեզ եվրոպական կոնֆերանս, պատգամավորություններ, պրոպագանդա, խնդրագիր և այլն, և այլն»: Եվ նորից, այս էլ քանիերորդ անգամ՝ վեճեր, թե ով պիտի լինի ինքնավար Հայաստանի ընդհանուր նահանգապետը, ի՞նչ սահմաններ պիտի ունենա այդ Հայաստանը... Այս անգամ ավելացել էր մի նոր գայթակղություն՝ Պողոս-փաշա Նուբարը: Անհատնում հարստության տեր է, մեծ պետական մարդու որդի է, կապեր ունի, ծանոթ է անգլիական, ֆրանսիական և շատ այլ մինիստրների հետ: Ինչպե՞ս նրան անգործ թողնել այժմ, երբ Թուրքիան ջարդված է և նորից բաժան-բաժան է դառնում...

Ռուսաց դիվանագիտությունը չպիտի լիներ խաչվողը ցույց տալու համար, որ իր առաջարկած եղանակը համաշխարհային աղմուկ բարձրացնելու եղանակից նախընտրելի է: Հայերի առաջարկած նախաձեռնությունն ու կոնտրոլը՝ նրա առջև բաց էին անում գործողության նոր հորիզոններ: Բալկանյան պատերազմն ու սլավոնական պետություններից ջախջախվելն անհանդուրժելի չափերով մեծացրել էին Գերմանիայի և առհասարակ եռյակ նիզակակցության ազդեցությունը Թուրքիայում: Հայկական հարցը բաց էր անում միջազգային մի մրցաշար, ուր Ռուսաստանը՝ իբրև եռյակ համաձայնության վարիչ՝ պիտի կռվի բռնվեր հակառակորդների հետ և հաղթեր նրանց հենց նույն Արևելյան հարցի մեջ: Միակ բանը, որի մեջ զիջում չարեց Ռուսաստանը, այն էր, որ Հայոց հարցը չդրվեց Լոնդոնի կոնֆերանսում: Նա հարուցվեց իբրև առանձին հարց՝ երկարատև դիվանագիտական բանակցությունների միջոցով, որոնց մեջ մասնակցում էին բոլոր մեծ պետությունների մայրաքաղաքներում գտնվող դեսպանները...

Ամենուրեք կազմվել էին հայկական կոմիտեներ (Լոնդոն, Փարիզ, Բեռլին, Պետերբուրգ), որոնք անմիջապես կապված էին իրար հետ, իրար աջակցում էին փոխադարձաբար: Մեծ դիվանագիտական կենտրոն էր դարձել Էջմիածինը, ուր Գևորգ կաթողիկոսը տեղեկություններ և տեղեկագրեր էր ստանում աշխարհի բոլոր կողմերից և իսկույն դրանց պատճեններն ուղարկում էր Թիֆլիսի իր խորհրդականին և օգնականին՝ Ազգային բյուրոյին: Կ. Պոլսի պատրիարքն էլ իր զեկուցումներն էր ուղարկում բյուրոյին, հրահանգներ խնդրում: Նրա գրագրությունների մեջ երբեմն պատահում էին չափազանց կարևորները: Այսպես բյուրոյի քննությանն էին ենթարկվում ռեֆորմների այն ծրագրերը, որոնք կազմվում էին հայկական շրջաններում (նախևառաջ Դաշնակցության Կ.Պոլսի մարմնի մեջ): Բայց ի՞նչ քննություն կարող էր լինել այդտեղ: Այդ ժամանակ ես էլ ընտրվել էի բյուրոյի անդամ և կարող եմ վկայել, որ այդ մարմինը միանգամայն անձեռնահաս էր այդպիսի մի խոշոր դիվանագիտական առաքելություն կատարելու համար:

Ամենքն էլ, ինքնըստինքյան, բարի ցանկություններով օժտված մարդիկ էին, բայց միանգամայն բոբիկ՝ Արևելյան և Հայկական հարցերի ըմբռնողության կողմից: Ո՛չ պատմություն գիտեին, ո՛չ ծանոթ էին անհուն գրականության գեթ մի մասին: Գոնե կազմվեին ենթամասնախմբեր՝ հարցերը (տնտեսական, քաղաքական, վարչական, դիվանագիտական) մանրամասն քննելու և վերլուծելու համար: Բայց այսպիսի աշխատանքների անընդունակ էին նրանք: Ամենքը չափազանց զբաղված էին այս «ազգասիրական» գործով իմիջիայլոց՝ մի քիչ ժամանակ գողանալով իրենցից...
Չէր լսվում երկրի ձայնը: Լուռ էր մեծ նահատակը՝ իր արյուն գետերով իր դաշտերը ոռոգող աշխատավոր, խավար ու անգրագետ հայ գյուղացիությունը: Եվ իբրև թե նրա անհուն ցավերով էին տարված բոլորը՝ թե՛ Թիֆլիսի բուրժուական ինտելիգենտը, թե՛ Ներսիսյանի լճի քարափներից ավելի բան չտեսած կաթողիկոսը...

ԽեЇղճ ժողովուրդ, անտեր ժողովուրդ: Ոչ ոք չէր մտածում, թե ինչ կլինեն դիվանագիտական շքերթները: Հայ ժողովրդի արմատական դժբախտությունն այն է եղել, որ նրա մեջ դիպլոմատ, դիվանագետ տարրը միշտ եղել է հոգևորականությունը: Այս ինձ համար ապացուցված փաստ է հազարավոր օրինակներով՝ սկսած մեծահռչակ Ներսես Մեծից ու Սահակ Պարթևից և եկած մինչև Հովսեփ Արղությանը, Ներսես Աշտարակեցին, Մատթեոս Չուխաճյանը, Գևորգ Բրուսացին, Մկրտիչ Խրիմյանը, Ներսես Վարժապետյանը, Մատթեոս Իզմիրլյանը, Մաղաքիա Օրմանյանը և վերջացրած մեր երեկվա դիպլոմատներով՝ Գևորգ Սուրենյանցով, Մեսրոպ Տեր-Մովսեսյանով, Բագրատ Վարդազարյանով, [Հովհաննես] Արշարունի և Զավեն [Տեր-Եղիայան] պատրիարքներով, եթե կամենում եք, նաև Խորեն Մուրադբեկյանով:

Ոչ ոք խելահասություն չունեցավ գեթ անցյալի հետ մի թեթև համեմատություն դնելու: Ոչ ոք չասաց իրեն, թե 1895-1896-ին Անգլիան պակաս ուժեղ և հեղինակավոր չէր, քան Ռուսաստանը 1912-1913-ին, և այնուամենայնիվ նրա պաշտպանած հայերը ջարդվեցին հարյուր հազարներով: Ոչ ոք միտը չբերեց, որ բավական չէ նույնիսկ այն, որ սուլթանը ստորագրում է հայկական դժբախտ ռեֆորմները: Ապացույց՝ 1895-ի հոկտեմբերը, երբ Աբդուլ-Համիդը ստորագրեց մայիսյան ռեֆորմները, որպեսզի իսկույն այդ թղթի կտորը հայ կարմիր արյան լճի մեջ ընկղմի: Ոչ ոք չուզեց իմանալ, որ Բեռլինում բանկիրները, մետաղագործական կապիտալիստներն ավելի գիշատիչ էին դարձել՝ գազանային անկշտությունից բորբոքված, իսկ նրանց ծառա Վիլհելմ Հոհենցոլեռնը՝ ավելի ևս աներես, ավելի ևս ցինիկ...
Ահա ինչեր չիմացան մեր վեղարավոր և անվեղար դիպլոմատները: Եվ արդյո՞ք պակասում էին փաստեր, որոնք հարկադրեին փոքր-ինչ ուղեղ շարժել: Ինձ մոտ կա մի նամակ, որ գրված է դեկտեմբերի 26-27-ի տեսակցությունից հետո անմիջապես...

«Պետերբուրգից Ղուկասյանը և Սաղաթելյանը ներկայացել են Կոկովցևին, սա ասել է. «Կայսրը հաճ է դեպի հայերը, ռուս կառավարությունը հայկական խնդիրը կպաշտպանի ոչ թե Լոնդոնի, այլ հետո կայանալիք կոնֆերանսում»: Պետք է աշխատել Անգլիայում և Ֆրանսիայում տրամադրություն ստեղծել, մի խոսքով՝ կրկնել է մոտավորապես այն, ինչ որ ինձ էր ասել:
Սազոնովը հայտնել է, [թե] Տաճկաստանում հայեր չկան, նույնիսկ Վանում նոցա տոկոսը 16 է. ռուսները կամենում են այդտեղ ունենալ բուֆեր, և այդ նպատակի համար նոքա գերադասում են քրդերին: Սազոնովին այդ գաղափարը ներշնչել է Միլլերը՝ Թավրիզի նախկին հայատյաց կոնսուլը, որ այժմ նշանակված է Թիֆլիսում խորհրդատու փոխարքային:
Մենք մեծ աշխատանք ունենք կատարելու, Միլլերին այլ կերպ տրամադրելու՝ համոզելով և խնդրելով: Կաթողիկոսը եթե թույլ տա, տոներից հետո ես կգնամ Թիֆլիս և այնտեղ էլ կմնամ և կաշխատեմ:

Պոլսի նամակում պատմված է. Նուբարը յուրովի հրավիրել է Օրմանյանին, տեսակցություն է ունեցել Փարիզի տաճկաց դեսպանի հետ և խնդիր է ուղղել Քյամիլ-փաշային: Այդ բոլորը նա անում է Նորատունկյանի թելադրությամբ և խորհրդով: Նամակագրի ասելով՝ դրությունն այնպես է, որ նա երկուսից մեկին պիտի վաճառի՝ տերությունը կամ ազգը, և վաճառում է ազգը: Իբրև ապացույց բերում է այս փաստը. Օրմանյանը դեռ ամբաստանված, դատի տակ է, Նորատունկյանի թելադրությամբ Քյամիլ-փաշան նրան հրավիրում է իբրև «երևելի» խորհրդակցության՝ արհամարհելով Ազգային ժողովի որոշումը: Երկրորդ՝ չորս երևելիները նախքան ժողովի գնալը եղել են Նորատունկյանի տանը, լսել են նրա ցուցմունքները և խորհուրդները, բայց հարկ չեն համարել պատրիարքարանին մինչև անգամ տեղեկացնելու իրենց միսիայի մասին: Նորատունկյանի ցանկությունն է, նամակագրի ասելով, տապալել ներկա վարչությունը և իր ցանկացած կազմը ստեղծել տալ, որով իր ձեռքին կունենա թե՛ ազգային վարչությունը և թե՛ Պողոս-փաշային: Գրողն է Վահան Փափազյանը....

Ես վերևում ասացի, որ հայ ժողովրդի հնագույն դժբախտությունն այն է եղել, որ նրա դիվանագիտական գործերը գտնվելիս են եղել հոգևորականության ձեռքում: Տեսեք Էջմիածնի գլխավոր դիվանագիտական ղեկավարին այս նամակի մեջ: Առաջին օրինակ՝ Թավրիզի ռուսական հյուպատոսը, ոչ իհարկե առանց թվական հիմքերի, հաստատում էր, թե հայերը Թուրքիայում մեծամասնություն չեն կազմում, թե Վանում անգամ նրանց թիվը 16 տոկոսից ավել չէ: Վիճակագրությունը կա՛մ պետք էր հերքել, կա՛մ ընդունել: Մեսրոպ եպիսկոպոսն այնպես էր հասկանում դրությունը, որ եթե հյուպատոս Միլլերն այդպես է ասում, պատճառն այն է, որ նա «հայատյաց» է: Եվ առաջարկում է աշխատել, որ նրա տրամադրությունը փոխվի, իսկ այդ կարելի է նրան համոզելով և խնդրելով: Խնդրանքի վրա հոգևորական դիպլոմատիան այնքան մեծ հույսեր ուներ, որ կարծում էր, թե խնդրելով թվանշաններն անգամ կկորցնեն իրենց բովանդակությունը և միանգամայն «հայասիրական» կերպարանք կառնեն:

Երկրորդ օրինակ՝ Կ.Պոլսի պատրիարքը և Էջմիածնի դիպլոմատները հաստատ վճռած են, որ Հայոց հարցի լուծման մեջ ոչ մի մասնակցություն չունենա թուրք կառավարությունը. այսինքն՝ որ Եվրոպան հրամայի, իսկ թուրքը ձեռքը կրծքին դրած անմռունչ կատարի այդ հրամանը: Հնարավո՞ր էր այդ: Էլ ի՞նչ ազատ ու անկախ պետություն էր նա, որ այդպես պիտի վարվեին նրա հետ: Թուրք կառավարությունը եթե կատաղում էր հայերի վրա էլ, Հայոց հարցի վրա էլ, պատճառը հենց օտար միջամտությունն էր: Ամեն մի միջամտությունից թուրքը սարսափում էր, որովհետև ամեն մի միջամտություն նշանակում էր նրանից մի չաղ կտոր պոկել:

Ճիշտ է, Թուրքիային հարկադրեցին չմասնակցել դեսպանական թարգմանների խորհրդակցության մեջ, բայց այդպիսի վիրավորանքները հե՞շտ են մոռացվում: Ջեմալ-փաշան իր հուշերի մեջ մեծ դառնությամբ է խոսում 1913 թվականի մասին, երբ Հայոց հարցն արծարծվում էր մի այնպիսի ժամանակ, երբ Թուրքիան ծանր դրության մեջ էր գտնվում՝ ստորագրած լինելով Լոնդոնի դաշնագիրը, որը խլել էր նրա գրեթե բոլոր եվրոպական հողերը: Եվ հիշելով ռեֆորմների այն ծրագիրը, որ մշակել էր ռուսաց դեսպանությունը, նա բացականչում է. «Կարելի՞ է մի մեծ կայսրության ազգային փոքրամասնության պաշտպանության պատրվակով անամոթաբար առաջարկել մի անկախ պետության այստեսակ մի ծրագիր»….
Այս խոսքերը ցույց էին տալիս, թե երիտթուրքերը, թեև տկարացած և պարտված, դյուրագրգիռ էին իրենց պետության իրավունքներն ու պատիվը պաշտպանելու համար:

Մենք կարծում էինք, թե կարելի է մի պետության՝ ուժով, ստիպողաբար հարկադրել բարեկարգվել: Հարց է, որ եթե ինքը՝ Կ.Պոլսի հայոց պատրիարքը, ունենար մի անկախ Հայաստան, չէ՞ր վրդովվի և չէ՞ր ասի, թե այդ ո՞ր արդարությամբ է, որ իմ երկրի մեջ կարգադրություններ եք անում՝ առանց ինձ հարցնելու:
Բայց մեր վեղարավոր դիպլոմատներն ասում էին, թե թուրքին չպետք է հավատ ընծայել: Հավատ ընծայել դիվանագիտական գործերի մեջ ո՞ւմ կարելի է արդյոք՝ Վորոնցով-Դաշկովի՞ն, Նիկոլայի՞ն, Լլոյդ Ջորջի՞ն, թե՞ Բրիանին կամ Կլեմանսոյին, կամ նույնիսկ պոռոտախոս Վիլսոնի՞ն: Սրանց հավատ ենք ընծայել ավելին, քան հարկավոր էր. անսահմանորեն, երեխայի սրտաբացությամբ և անկեղծությամբ: Բայց ի՞նչ է նստել մեզ այդ հավատը: Հաշվեցեք մեր զոհերը: Հաշվելն անգամ անհնար է: Ո՞վ այսօր չի ասի, թե ոչ մի Քերզոն, ոչ մի Պուանկարե լավ չէ մի Թալեաթ-փաշայից կամ Ջեմալ-փաշայից: Եթե մենք համայնական խելք ունենայինք, այս կասեինք ոչ թե այժմ, այլ 1913-ին՝ մեծ աղետների նախօրյակին, որովհետև Հայոց հարցի պատմությունը վաղուց է այս ապացուցել մեր մեծ ջարդերի դասերով:

Մեր վեղարավոր դիպլոմատներից ծածուկ չմնաց և այն սոսկալի, հավիտյան ապրող ճշմարտությունը, թե Հայոց հարցը կարող է առևտրի առարկա դառնալ մյուս պետությունների համար: Ոչ թե կարող էր դառնալ, այլ պիտի անպատճառ դառնար, ինչպես դարձել էր Սան-Ստեֆանոյի առաջին իսկ օրերից: Բայց Էջմիածնի, պատրիարքարանի և այլ վանքերի անուղղելի միամիտները հավատացած էին, թե Հայոց հարցն առևտուր չեն շինի ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Անգլիան և ո՛չ Ռուսաստանը, այսպես անվանյալ, եռյակ համաձայնության պետությունները: Ինչո՞ւ: Որովհետև սրանք շատ են սիրում հայերին: Հենց միայն տեսեք, թե Ֆրանսիայում ինչ ահագին հայասիրական գրականություն է կազմվել: Պոլ Դեշանելը՝ ֆրանսիական պատգամավորների պալատի նախագահը, ջերմ հայասեր է և ամեն մի միտինգում ճառեր է արտասանում, թե հայերը Թուրքիայում անպատճառ պիտի ազատություն ստանան: Այո՛, այս բոլորը կա՝ և՛ գիրք ու երգ, և՛ նվագ ու ճառ, և՛ զեղմունք ու խանդաղատանք… բայց այս բոլորը ոչինչ է: Եվ հրամայողը կծծի, գրոշանոց շահն է...

Թուրքիայում գտնվեց մի հատ պետական մարդ, որ փորձեց թուրք կառավարության հետ խոսել, համաձայնություն որոնել: Դա Գաբրիել Նորատունկյանն էր՝ Թուրքիայի այն ժամանակվա արտաքին գործերի մինիստրը: Նա շատ աշխատեց, որ հայերը Եվրոպային չդիմեն: Բայց հայտնի է, թե ամբոխային դատողությունն ինչպես է վերաբերում այդպիսի մարդկանց՝ «Նորատունկյանը դավաճան է, վաճառում է ազգը»: Բռնությամբ հեռացնում էին այդ չորս հայերին, ովքեր կառավարության կողմից հրավիրված էին բանակցությունների համար: Եվ վեղարավոր դիպլոմատները հրճվանքի մեջ էին, որ մեկուսացրին իսկական դիվանագետին, որի կարողությունները խոստովանում էին նույնիսկ և եվրոպացի դիվանագետները:

Կատարյալ հաղթանակը մնում էր եվրոպապաշտությանը: Ցարական կառավարության հրատարակած «Նարնջագույն գրքի» մեջ բերված են բոլոր մանրամասնությունները: Ես այդ ռեֆորմների վերջին ծրագրի պատմությունը չեմ գրում:
1914-ի գարնանը կոմս Վորոնցով-Դաշկովը պաշտոնական նամակով շնորհավորեց Գևորգ կաթողիկոսին՝ հայտնելով, որ թուրքաց կառավարությունը հաստատել է ռեֆորմների ծրագիրը և նշանակել է այն երկու եվրոպացի վերատեսուչներին, ովքեր հայկական վիլայեթներում պետք է հսկեին օրենքների գործադրության վրա: Գևորգ կաթողիկոսն էլ, իհարկե, ռուսներին շնորհավորեց: Ռուսական դիվանագիտությունն իրեն համարում էր խոշոր հաղթանակ տարած:
Աչքը լույս հայ ժողովրդի… 1915-ի բնաջնջման հաստատ հիմունքներն էին դրվում:

(շարունակելի)



Վերջին էջ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՑԻՆԵՐԻՆ ՀՊԱՐՏԱՆԱԼՈՒ ԲԱՆ ՉԻ ՄՆԱՑԵԼ


Օրեր առաջ երևանցիները կարող էին նախանձել Ստեփանակերտի շարքային հեռուստադիտողներին։ Կատակ բան չէ, չճանաչված փոքրիկ այս երկրի մայրաքաղաքի բնակիչներն ավելի քան մեկևկես տասնամյակ շարունակ դիտում էին շուրջ 25 հեռուստաալիքներ, այդ թվում՝ հայաստանյան 4 հեռուստաալիք (Հ1, Հ2, «Շանթ», «Արմենիա», ռուսաստանյան OPT, HTB, «Ռոսիա1», THT, CTC, եվրոպական «Եվրոնյուս» և այլ հեռուստաալիքներ։ Պատերազմի գոտում գտնվող Արցախում դա շարքային բնակիչների միակ առավելությունն էր հայաստանաբնակ իրենց ազգակիցների նկատմամբ։ Մնացած բոլոր առումներով, հատկապես սոցիալական խնդիրների, առաջին անհրաժեշտության կամ տեխնիկական ու այլ սարքավորումների ապրանքագների, 1 կմ-ի հաշվով երթուղային տրանսպորտի արժեքի հարցում շարքային արցախցիները գտնվում են կրկնակի կամ եռակի վատ վիճակում։

Արցախում հայաստանյան, ռուսական և այլ հեռուստաալիքների (այդ թվում՝ արբանյակային) հեռարձակումը շուրջ 18 տարի հիմնականում ապահովում էր «Փեյս» մասնավոր ընկերությունը։ Ընդամենը մի քանի հեռուստաալիքի հեռարձակում էր ապահովում «Արցախկապը»։ Մեր տեղեկություններով, վերոհիշյալ կազմակերպության ղեկավարը հանդիպել է Արցախի նախագահին և խնդրել հեռուստաալիքների հեռարձակման մենաշնորհը հանձնել իրեն։ Վերջինս տվել է իր համաձայնությունը... և այսօր ստեփանակերտցիները նախկին մոտ 30-ի փոխարեն հազիվ10 հեռուստաալիք են դիտում։

«Հպարտանալու մի բան ունեինք, այն էլ ձեռքներիցս խլեցին»,- ասում են նրանք։ Բայց արցախցիները, հատկապես ստեփանակերտցիները հպարտանալու մի այլ բան էլ ունեն. այսօր Արցախի մայրաքաղաքում համատարած շինարարություն է գնում։ Ընդ որում, քանդում են խորհրդային տարիներին և ավելի վաղ կառուցված, մայրաքաղաքի դեմքը խորհրդանշող միանգամայն ամուր և կանգուն շինություններն ու տեղը էլիտար շենքեր կառուցում։ Թե ում համար են կառուցում, պարզ չէ։ Սակայն միանգամայն պարզ է, որ հաստատ դա շարքային քաղաքացիների համար չէ, որովհետև նրանք երազում անգամ չեն կարող այնքան փող ունենալ, որպեսզի կարողանան այդ շենքերում բնակարաններ գնել։
«Հրապարակ», Երևան

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ։ «Արցախկապի» միջոցով հեռարձակվող հեռուստաալիքները հատկապես ցերեկային ժամերին շատ վատ ու անորակ են։ Մինչև անգամ ալիքների ձայնային ազդանշաններն են տարբեր։ Ալիքներից մեկով երբեմն այնքան բարձր են խոսում, որ քիչ է մնում խլանաս, իսկ մի այլ հեռուստաալիքով ասես «նեմոյ» ֆիլմ են ցուցադրում։

Մենք պարզեցինք, որ «Արցախկապն» ունի թվային հեռարձակման բաժանորդներ և առաջին հերթին հենց նրանց համար է աշխատում։ Բաժանորդ դառնալու համար պիտի վճարել 3500 դրամ, այնուհետև յուրաքանչյուր ամիս՝ 2200 դրամ՝ 58 հեռուստաալիք դիտելու համար... Ինչպես ասում են՝ «Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը»։ Շուկայական հարաբերություններ են, նոր ժամանակներ, նոր բարքեր. մարդիկ ուզում են փող աշխատել։ Թեկուզ դա լինի արտաքին թշնամուն պատերազմում հաղթած, սակայն սեփական երկրում պարտված շարքային արցախցու գրպանի հաշվին։



ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՐԳԵԼՎԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐԸ

Ինչպես երևում է, Բաքվում Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի նախապատրաստությունը ընթանում է ամբողջ թափով: Այս անգամ հերթը հասել է հայկական անունների դեմ «պատերազմին»,- գրում է argumenti.ru-ն:
Ինչպես հայտնել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներից մեկը, շուտով Ադրբեջանում կընդունվի «Անունների մասին» օրենքը: Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի կազմում ընդգրկված գիտական ինստիտուտները, լայնամասշտաբ աշխատանքներ են իրականացրել անունների հետազոտման բնագավառում և պատրաստել մեխանիզմ, թե ինչպես պետք է անվանակոչեն նորածիններին:

Այն անունները, որոնք կհամապատասխանեն Ադրբեջանի ազգային, մշակութային և գաղափարական արժեքներին, կընդգրկվեն «կանաչ ցանկում»: Այդ անունները կարող են առանց սահմանափակումների տալ նորածիններին: Անունների հաջորդ կատեգորիան «դեղին ցանկն» է. դրանք անցանկալի կամ այլ լեզուներով տգեղ հնչող անուններն են:
Եվ վերջապես, երրորդ կատեգորիան «կարմիր ցանկն» է, որում ընդգրկված անունների օգտագործումը կարգելվի: Այդ ցանկում, առաջին հերթին կընդգրկվեն ադրբեջանական ժողովրդի դեմ «ագրեսիա» կատարած անձանց անունները: Դժվար չէ գուշակել, որ խոսքը հայկական անունների մասին է:

Այդ օրենքն ընդունելու համար պետք է փոփոխվի օրենսդրությունը, բայց փորձագետները նշում են, որ առանձնապես մեծ դժվարություններ չեն լինի:
Ներկայումս երկրի արդարադատության նախարարությունում ընթանում է անունները գրանցումն, ըստ կատեգորիաների:



ԱՇԽԱՐՀԻ ՎԵ՞ՐՋԸ, ԹԵ՞ ՆՈՐ ՍԿԻԶԲ

Այլ քաղաքակրթություններ փնտրող միջազգային SETI կենտրոնի ալեհավաքները օրերս Արեգակնային համակարգից դուրս մի քանի խոշոր օբյեկտներ են հայտնաբերել, որոնք շարժվում են Երկիր մոլորակի ուղղությամբ: «Assօciated Press»-ի փոխանցմամբ, թռչող օբյեկտները գտնվում են Պլուտոնի ուղեծրից այն կողմ և բավականին պատկառելի չափսեր ունեն՝ 240 կիլոմետր երկարություն և 50-80 կիլոմետր լայնություն: SETI-ի մասնագետների պնդմամբ, այս չճանաչված թռչող օբյեկտների մասին գիտեն նաև NASA-ն ու մի շարք երկրների կառավարություններ, սակայն այդ օբյեկտների գոյությունը լայն հասարակությունից գաղտնի է պահվում:

Այդ թռչող օբյեկտների տեղաշարժը հնարավոր է դիտել աստղային երկնքի ինտերակտիվ քարտեզի վրա՝ sky-map.org կայքում: SETI-ի մասնագետները հաշվարկել են, որ ահռելի չափերի ՉԹՕ-ները Երկիր մոլորակի վրա վայրէջք կկատարեն 2012 թվականի դեկտեմբերի 21-ին:
Նշենք, որ այս տեղեկատվության հայտնվելուն պես շատերը հիշել են մայաների օրացույցը, ըստ որի՝ 2012 թվականի դեկտեմբերի 23-ին ավարտվելու է Հինգերորդ Արևը: Այդ օրը Արևը գտնվելու է Ծիր Կաթինի գոտում, և այդ օրը պետք է տեղի ունենա աշխարհի վերածնունդը: Թե կոնկրետ սա ինչ է նշանակում, դժվար է ասել, սակայն որոշները պնդում են, որ այդ օրը աշխարհի վերջն է լինելու:
«Հայկ. Ժամանակ»



ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ ԱՂՎԵՍԸ ԿՐԱԿԵԼ Է ՈՐՍՈՐԴԻ ՎՐԱ

Բելառուսի Գորդենենսկի շրջանի անտառներից մեկում որսորդը ստացել է ազդրի հրազենային վնասվածք և հոսպիտալիզացվել է: Ինչպես հաղորդում է Telegraf.by-ը, տղամարդը պնդում է, որ իր վրա աղվեսն է կրակակել: Ստարիյե Պոդդուբնի գյուղի բնակիչը պատմել է, որ որսի ժամանակ նա վիրավորել է աղվեսին, որից հետո որոշել է նրան սատկացնել հրացանի խզակոթով: Երբ նա մոտեցրել է հրացանը, աղվեսը հանկարծակի թաթով դիպել է ձգանին: Որսորդը ստացել է ազդրի միջանցիկ վերք:



ԶՎԱՐՃԱՍՐԱՀ

Տարիներ առաջ էր։ Կրպակի վաճառողուհուն մոտեցավ մի ուսանողուհի հարցրեց.
- «Հավատ» ունե՞ք:
- Չէ, արդեն պրծել է,- ասաց վաճառողուհին:
- Չկա, բալիկ ջան, հավատը մեր աշխարհից վերացել է,- չհասկանալով, որ խոսքը «Հավատ» թերթի մասին է, բորբոքված շարունակեց կրպակի մոտ կանգնած տարեց մի տատիկ:

* * *
Երիտասարդը առաջարկություն է անում աղջկան, վերջինս պատասխանում է.
- Գիտե՞ս ինչ։ Ինձ հարմար չես։ Իմ ապագա ամուսինը պարտադիր բարձրագույն կրթություն պիտի ունենա։
Երիտասարդը բուհ է ընդունվում, 4 տարի հետո ավարտում այն։ Աղջիկն անմիջապես հայտնվում և ասում, որ ինքը համաձայն է։
- Գիտե՞ս ինչ։ Ինձ հարմար չես։ Ես ավելի խելացի աղջկա եմ արժանի,- պատասխանում է տղան։



ՌՈՒՍ-ՀԱՅԵՐԵՆ ԲԱՌԱՐԱՆ

РОВНОДУШИЕ – Հարթ ցնցուղներ՝ լոգանք ընդունելու համար, տես նաև՝
НЕ ЛЕЗЬ В ДУШУ – Ցնցուղի տակ մի մտիր, այսինքն՝ այստեղ չի կարելի լողանալ
БОЛЬШАЯ ШИШКА – Մեծ շշիկ, ղարաբաղի խոսակցական լեզվով՝ մեծ բոթուլ
ТАНК, ТАНКИСТ – Հրասայլ, հրասայլապան, սայլապան
СТОЛИЧНАЯ ВОДКА – Սեղանի ջուր, երևի նկատի ունեն հանքային ջուրը
ВЕТЕРИННАЯ МЕЛЬНИЦА – Քամու ջրաղաց
ГОРШКИ ДЛЯ ЦВЕТОВ – Ծաղիկների միզաման
ПОЛУЧИТЬ МИНИСТЕРСКИЙ ПОРТФЕЛЬ – Նախարարական թղթապանակ ստանալ, այսինքն՝ մեծ դրամապանակ, որտեղ նախարարների համար բարձր աշխատավարձ է լինում պահված

ԱՐՏԱԿ ՍԱՀԱԿՅԱՆ



Համարի ասույթը

Երբ վարագույրն իջեցնում են՝ հեքիաթն ավարտվում է: Հաջորդ պահին բարձրացված վարագույրի հետևում դուք տեսնում եք գեղեցիկ կամ գեղեցկանման բաներ, բայց դա այլևս հեքիաթ չէ:


Ամսվա ասույթը

Ով ինչ-որ բան է անում, նա հաճախ սխալվում է։ Ով ոչինչ չի անում, նա երբեք չի սխալվում։ Բայց, միաժամանակ, որ ոչինչ չի անում, դա նրա մեծագույն սխալն է։


Նոր ժամանակների ասույթը

Կան մարդիկ, ովքեր իրենց հոբելյանին շոու են կազմակերպում, փքված ու կարևոր տեսքով բազմում բեմում, նախապես սարքված-խմբագրված շնորհավորանքներ ընդունում։ Նրանք կարծում են, թե իրոք իրենցից ինչ-որ բան են ներկայացնում, բայց չեն հասկանում, որ որքան էլ դատարկ պահածոյատուփը գովազդեն, դրանից այն ավելի կատարյալ չի դառնում։

Комментариев нет:

Отправить комментарий