30.3.20

Պետք է մտածված, առանց խուճապի կանգնեցնել Չարիքը


Կորոնավիրուսի մասին ընդհանուր առմամբ երկու տարբեր կարծիք է շրջանառվում։ Դրանցից մեկի համաձայն, այն չարիք է, սարսափելի վիրուս է, որի դեմ առայժմ լուրջ դեղամիջոցներ չեն ստեղծել, որովհետև այդ վիրուսը կենդանի օրգանիզմ չէ, այլ սպիտակուցային գոյացություն է և այլն։ Երկրորդ կարծիքի համաձայն, այս ամենը աշխարհի ֆինանսական տերերի բլեֆն է, որ լրագրողների միջոցով ուռճացրել են՝ համաշխարհային խուճապի մակարդակի։

Նաև հստակ կարծիք կա, որ այն վտանգավոր է առանձնապես տարեց և թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց համար։ Այսինքն՝ մահացած մարդիկ գերազանցապես 55-60-ն անց են։ Այսինքն՝ խուճապի անհրաժեշտություն չկա, միայն այդ մարդկանց է սպանում այդ վիրուսը (կարծես այդ մարդիկ ապրելու այլևս իրավունք չունեն)։ Մյուս կողմից, ասում են՝ սովորական գրիպից շատ ավելի մարդիկ են մահանում մեկ տարում, ի՞նչ մեծ ողբերգություն է, որ մեկ-երկու ամսում աշխարհում 30 հազար մարդ է մահացել...

Այս երկու կարծիքը մի կողմ եմ դնում ու փորձում ինքս պարզել՝ ինչն ինչոց է։ Կորոնավիրուսից մահացած 30 հազար մարդկանց ես չեմ ճանաչում, բայց ահա գիտեմ, որ նրանց մեջ նաև հայազգիներ կան։ Իտալիայում կորոնավիրուսից մահացել է բժիշկ Ղևոնդ Մուրադյանը, Ֆրանսիայում մահացել է քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը, իսկ Լոս Անջելեսում՝ 34-ամյա Ջեֆրի Ղազարյանը...

Այլ երկրներում չգիտեմ որքան, բայց Իտալիայում երկու տասնյակից ավելի բժիշկներ են մահացել։ Այսինքն՝ մարդիկ, ովքեր գիտակցաբար մահվան են գնացել՝ այլոց կյանքը փրկելու համար։ Դա այն մարդիկ են, որոնց սովորաբար դիմում են սովորական մահկանացուները՝ իրենց կյանքը փրկելու համար։ Մի խոսքով՝ նույնիսկ բժիշկներն են անզոր այդ չարիքի դեմ։ Իհարկե, հրաշալի է, որ այդ անիծյալ վիրուսը երեխաների, երիտասարդների համար մեծ վտանգ չի ներկայացնում, բայց ախր նրա զոհերի թվում կարող են լինել նաև մեզ համար կոնկրետ մարդիկ՝ տարեց մեր հարազատները, մեր բարեկամները։

Եվ արդեն կապ չունի՝ այս աղետի վրա աշխարհի տերերը ինչքան գումար են աշխատում կամ ինչքան են կորցնում։ Եթե այս Չարիքից կարող է վարակվել և մի քանի օրում մահանալ քո ազգականը, քո կողքին կանգնածը և դու նրան ոչնչով չես կարող օգնել, սա արդեն մեծ Ցավ է, սա արդեն սարսափելի է։ Սա արդեն մարդու, մարդկության դեմ պատերազմ է...
Ուղղակի պետք է մտածված, առանց խուճապի հնարավոր ամեն ինչ անել այս Չարիքը կանգնեցնելու, այս աղետից ազատվելու համար։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

25.3.20

Արցախում պատրաստվում են մարտի 31-ին կայանալիք ընտրություններին


Հարցազրույց արցախցի գրող, հրապարակախոս Վարդգես Օվյանի հետ

- Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններին հաշված օրեր են մնացել։ Մեր նախորդ հարցազրույցից մեկ ամիս է անցել։ Այդ ժամանակահատվածը հակիրճ ինչպե՞ս կբնութագրեք։

- Ընդհանրապես հետանկախական ՀՀ-ում և Արցախում գրեթե բոլոր ընտրություններն ուղեկցվել են վարչական ռեսուրսների, պետական միջոցների օգտագործմամբ և պաշտոնական դիրքի չարաշահմամբ։ Մի տեսակ տխուր ավանդույթ է դարձել դա։
Երևի պատճառն այն է, որ հատկապես վերջին երեք տասնամյակում իշխանությունը, բարձր պաշտոնը դիտվում է որպես հարստություն կուտակելու միջոց, աներևակայելի մեծ կարողության տեր դառնալու հնարավորություն։ Եվ տարիներ շարունակ ընտրապայքարը հիմնականում ընթանում է մի կողմից նոր ուժերի իշխանության գալու, մյուս կողմից՝ պետության ղեկի մոտ գտնվողների կողմից իշխանությունը չտալու, վերարտադրվելու համար։

Ցավոք, Արցախի նախագահական և խորհրդարանական այս ընտրությունները բացառություն չեղան, չնայած տարիներ շարունակ այն կարծիքն էր իշխում, որ Արցախում ընտրություններն ավելի ազատ, արդար ու թափանցիկ են անցնում, քան Հայաստանում։ Թերևս ճշմարտության մաս կար դրանում, որովհետև Արցախում ընտրություններից առաջ պաշտոնական Երևանում նախապես որոշվում էր, թե ով պիտի ընտրվի նախագահ, ինչ քաղաքական ուժեր պիտի գլխավորեն խորհրդարանը և այլն։

Այսօր Երևանն այլևս որոշիչ ազդեցություն չունի ընտրությունների վրա։ Ընդամենը կարող է դիտորդի կարգավիճակով երաշխավոր լինել՝ ընտրակեղծիքներ թույլ չտալու համար։ Անկախ Երևանի դիրքորոշումից, Արցախում սուր պայքար է ծավալվել ոչ միայն իշխանության համար, այլև առնվազն երկտասնամյակում կուտակածը պաշտպանելու համար։

- Հաճախ ենք լսում Արցախում վախի մթնոլորտի մասին։ Իսկապես նման մթնոլորտ կա՞։

- Տարիներ շարունակ քարոզարշավի ժամանակ առավել շատ քաղաքացիներ են հավաքվում իշխանական թեկնածուների հետ հանդիպումների ժամանակ։ Եվ առավելապես՝ պետական ծառայողներ, որոնց մեջ պարբերաբար նկատում եմ մարդկանց, որոնք դժգոհ են բարձրագույն իշխանություններից և հանդիպմանը ներկայանում են աշխատանքը չկորցնելու վախից։ Նույն վախի պատճառով նրանք խուսափում են ընդդիմադիր թեկնածուների հետ հանդիպումներից։ Եվ հաճախ այդ վախը շատերին ստիպում է քվեարկել ոչ արժանի թեկնածուի օգտին։ Նրանց թվում է, թե չորս կողմից հետևում են իրենց...

- Ընտրակաշառքի մասին ակնարկներ էլ կան։ Իրո՞ք ընտրակաշառք բաժանելու դեպքեր կան։

- Անձամբ ես երբեք չեմ հանդիպել ընտրակաշառք բաժանող մարդկանց։ Ոչ ինձ, ոչ իմ հարազատներին որևէ մեկն ընտրակաշառք չի առաջարկել։ Բայց Արցախում ամեն քայլափոխում կարելի է լսել «փողեր բաժանելու» մասին։ Եվ դա վկայում են տարբեր խավի և տարբեր թեկնածուների ու քաղաքական ուժերի սատարող մարդիկ։

Անգամ Արցախի նախագահի թեկնածուներն ու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն են դա փաստում։ Օրինակ, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանն ասում է. «Արդարությունը որտե՞ղ է, մեշոկով փող են բաժանում...»։ Նույնն է ակնարկում նաև Արցախի նախագահի թեկնածու Սերգեյ Ամիրյանը. «Որպեսզի պարզ լինի, թե մինչ օրս ինչու ենք զոհ ունենում առաջնագծում կամ, թե ինչու տեղի ունեցավ քառօրյան՝ շրջեք Արցախում ու տեսեք թե ինչ գումարներ են ծախսվում նախընտրական փուլում»:
Իսկ հայտնի խոսք կա՝ «Առանց կրակ ծուխ չի լինում»։ Հատկապես երբ որոշ թեկնածուներ չթաքցնելով այդ փաստը, փորձում են այլ երանգներ տալ ընտրակաշառք կոչվող անօրինությանը. «Դե, ի՞նչ վատ բան կա նրանում, որ մարդ ինչպես նախկինում, այսօր էլ է բարեգործություն անում, օգնություն ցույց տալիս կարիքավորներին, աջակցում մարդկանց՝ տանիքը վերանորոգելու» և այլն։

- Ցանկալի կլիներ ընտրակաշառքի կոնկրետ փաստեր ներկայացնեին։

- Կարծում եմ, ցանկության դեպքում երևի կարող են ներկայացնել։ Չգիտեմ, գուցե իրոք ներկայացրել են։ Սովորական դարձած մի փաստ ներկայացնեմ։ Արցախի նախագահի թեկնածուներից մեկի հանդիպումը պիտի լիներ քաղաքացիների հետ։ Մինչև հանդիպումը սկսելն արդեն տոնական տրամադրություն էին ստեղծել այնտեղ։ Մանկապատանեկան համույթի երեխաներն էին պարում։ Հետո լսեցի, որ պարող երեխաներին յուրաքանչզուր հանդիպման համար 5 հազարական դրամ են տվել։ Երկու օրում երեխաները 20 հազարական դրամ են ստացել։ Հիմա եկեք մտածենք՝ նրանց ծնողները, հարազատները կարո՞ղ է չքվեարկեն իրենց երեխային կամ թոռանը 20 հազար դրամ տված մարդու օգտին։ Արդյո՞ք սա ընտրակաշառք չէ։

- Օրեր առաջ պաշտոնական հաղորդագրություն տարածվեց ընդհարումների, տասներեք քաղաքացիների ձերբակալման, ապա ազատ արձակելու մասին: Կա՞ր պատճառը։ 

- «Արցախի հեղափոխական կուսակցությունը» Մարտունիում հանդիպում պիտի ունենար ընտրողների հետ։ Սակայն Մարտունու քաղաքապետի ղեկավարությամբ ճանապարհը փակել են։ Հաջորդ օրն այդ կուսակցության ներկայացուցիչները հայտարարելով, որ անօրինությունը իշխանությունների հրահանգով է կատարվել, ի պատասխան դրա, իրենք էլ Ստեփանակերտում կենտրոնական փողոցներից մեկն են փակել։ Ոստիկանները կոպիտ ուժ են գործադրել, ճանապարհը բացել, ճանապարհը փակող երիտասարդներին բերման ենթարկել, հետո ազատ արձակել։

- Պարոն Օվյան, ստացվում է, որ միջադեպ հրահրողը իշխանություննե՞րն են։ 

- Ցավով պիտի արձանագրեմ, որ մեզ մոտ այն կարծիքն է տարածված, որ քարոզարշավի ժամանակ շատ խախտումներ, անօրինություններ կատարվում են կամ իշխանությունների գիտությամբ, կամ նրանց լուռ համաձայնությամբ։
Օրինակ օրերս երևանյան լրատվամիջոցներից եմ իմացել մեզ մոտ քրեական ինչ-որ սկանդալի մասին։ Արցախյան որևէ լրատվամիջոց այդ մասին բառ անգամ չի գրել, Արցախի հանրային հեռուստատեսությունը չի անդրադարձել այդ տխուր փաստին, բայց ահա, նույն այդ հեռուստատեսությունն իր արխիվում պեղել-հայտնաբերել է երկու տասնամյակ առաջ մարտի 22-ին Ստեփանակերտում կատարված ահաբեկչության մասին կադրեր և սիրով հրամցրել հեռուստադիտողին։ Մինչդեռ մարտի 22-ի գործը վաղուց քննվել-ավարտվել է. մարդիկ են դատվել և ազատազրկվել, մարդիկ են պատժվել, կրել պատիժն ու վաղուց ազատ արձակվել։ Ի դեպ, տարիներ առաջ հայկական ինչ-որ հեռուստաալիքով կադրեր եմ տեսել, որտեղ տուժողն ու մեղադրվողը կամ տուժածն ու մեղադրվածը՝ Արկադի Ղուկասյանն ու Սամվել Բաբայանը, մի ինչ-որ միջոցառման ժամանակ հանգիստ, ժպտալով իրար հետ զրուցում են։
Ես անկեղծորեն կհավատայի, որ տեղի հեռուստատեսությունն ահաբեկչությունը դատապարտելու համար է հանկարծ հիշել և եթեր արձակել մեր պատմության անցյալ դարձած սև էջը, եթե նույն այդ հեռուստատեսությունը լուսաբանած լիներ վերևում հիշատակվող սկանդալային դեպքը։
Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցում է նաև Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցությունը, որը սատարում է նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանին։ Կասկած չկա, որ ազատ և անկախ գործունեությամբ երբևէ աչքի չընկած տեղի հեռուստատեսությունը քարոզարշավի այս եռուն ու լարված օրերին պատահական չի հիշել և հեռարձակել երկտասնամյա վաղեմության կադրերը՝  ։
ակնհայտ հակաքարոզչություն անելով կողմերից մեկի դեմ։

- Աշխարհում կորոնավիրուսի հետ կապված լարված վիճակ է։ Մի շարք երկրներում արտակարգ դրություն են մտցրել։ Հայաստանում՝ նույնպես։ Արցախում արդյո՞ք չեն ուզում թեկուզ ինչ-որ սահմանափակումներ մտցնել՝ մարդկանց միջեւ շփումները նվազեցնելու համար։ 

- Առայժմ կարծես նման մտադրություն չկա։ Այստեղ բնականոն աշխատանքը շարունակվում է՝ աննշան ահմանափակումներով։ Շարունակվում է նաև քարոզարշավը, փակ կամ բաց տարածքներում շարունակվում են հանդիպումները քաղաքացիների հետ։ Մարտի 31-ին կայանալիք ընտրությունների կապակցությամբ Արցախի ԿԸՀ-ում արդեն հավատարմագրվել են 14 հասարակական կազմակերպություններ՝ 807 ներկայացուցիչների ընդգրկմամբ, ինչպես նաև շուրջ 4 տասնյակ ԶԼՄ-ների մոտ 200 ներկայացուցիչներ։
Հաշվի առնելով աշխարհում, ինչպես նաև Հայաստանում ստեղծված վիճակը, Արցախի նախագահի թեկնածուներից Վիտալի Բալասանյանը, Վահան Բադասյանը, Ռուսլան Իսրայելյանը և այլք հանդես են եկել հայտարարությամբ, Արցախի նախագահին առաջարկելով այստեղ ևս հայտարել արտակարգ դրություն։ Սակայն դեռ արձագանք չկա...

Հարցազրույցը` Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ 
«Առավոտ» օրաթերթ, 
24.03.2019

23.3.20

Պատմության լուսավոր էջերի վրա քար չեն նետում


Երբ մարդ փառքի գագաթնակետին է, ի տարբերություն շատերի, ես այդ մարդկանց մասին դիֆիրամբներ չեմ գրում, անգամ շատ սովորական գնահատականներ չեմ շռայլում։ Դա իմ սկզբունքներին դեմ է։ Բայց տարիներ հետո երբ հերոսներին փոխարինում են անտիհերոսները և մկրատները ձեռքներին հայտնվում են մեր երեկվա պատմությունը խմբագրել ցանկացող, մարդկանց վաստակը նսեմացնել ցանկացող կեղծարարներ ու պատեհապաշտներ, ստիպված եմ կանգնել զրպարտության զոհերի կողքին։

Խորհրդային տարիներին մի անմիտ խոսք կար՝ անփոխարինելի մարդիկ չկան։ Այդ կարգախոսով փաստորեն բոլորին հավասարեցնում էին։ Ստացվում է, որ Անդրանիկ զորավարը, Գարեգին Նժդեհը եթե չլինեին, նրանց տեղը մի ուրիշ Անդրանիկ էր ծնվելու, Նժդեհի փոխարեն մի ուրիշ Նժդեհ էր հայտնվելու և Սյունիքը փրկելու։ Բարեբախտաբար թե դժբախտաբար, այդպես չէ, նման բան հնարավոր չէ, այլապես մեր պատմության բոլոր տխուր դրվագներից մենք միշտ հաղթանակած դուրս եկած կլինեինք։ Ամեն անհատ մյուսներից տարբերվում է նրանով, որ անհատականություն է, մյուսների նման չէ, անկախ այդ անհատի գործունեության շրջանակից։

Սամվել Բաբայանի հակառակորդների, նրա վաստակը, նրա ներդրումը նսեմացնել ցանկացողների բերանից հաճախ կարելի է լսել, որ իբր Բաբայանը չլիներ, մի ուրիշի շնորհիվ էինք Արցախը ազատագրելու և պատերազմում հաղթելու։ Ասում են՝ Բաբայանը չի հաղթել թշնամուն, մեր ողջ ժողովուրդն է հաղթել։ Այո, մեր ժողովուրդն է հաղթել թշնամուն, և հաղթել է Սամվել Բաբայանի ռազմական տաղանդի շնորհիվ ու հաղթել է նրա գլխավորությամբ։ Նույնիսկ հնարավոր է, որ դարձյալ հաղթելու էինք, բայց հաղթելու էինք թերևս ավելի մեծ կորուստների, ավելի մեծ զոհողությունների գնով։

Խոսենք փաստերով։ Երբ Սամվել Բաբայանը նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանության ջոկատների հրամանատար, Արցախի տարածքների 48 տոկոսը թշնամու կողմից զավթված է եղել։ Հենց նրա հրամանատարության ժամանակ է ոչ միայն ազատագրվել Արցախը, այլև հայկական պատմական հողերի մի մասը՝ Արցախի տարածքը հասցնելով 12.7 հազար քառ. կմ։ Նրա ռազմական տաղանդի և անկոտրում կամքի շնորհիվ է ինքնապաշտպանության ջոկատների հիման վրա կարճ ժամանակում ստեղծված կանոնավոր բանակը ծնկի բերել բազմապատիկ ուժեղ թշնամուն։

Նրանք, ովքեր երբևէ գործ են ունեցել զենքի հետ, զինված մարդկանց հետ, առավել ևս ծաոթ են զինվորական արվեստին, նրա գրված և չգրված օրենքներին, գիտեն, թե որքան դժվար է զինված մարդուն ղեկավարելը, նրան կառավարելը, հատկապես երբ գործ ունես արդեն մարտական որոշակի կենսագրություն ունեցող, այսպես ասած, դաշտային հրամանատարների հետ, որոնք իրենց մեծ կամ փոքր ջոկատներով թշնամու հետ կռվելու, նրան փախուստի մատնելու, մեծ կամ փոքր մարտերում նրան հաղթելու փորձ ունեն, հավելած այն, որ հայերիս մեջ սովորաբար առնվազն տասից մեկն իրեն գեներալ է համարում կամ երևակայում։ Եվ ահա, այդ կենաց ու մահու պատերազմական տարիներին, երբ հակառակորդն ուներ բազմիցս մեծ մարդկային ու ռազմական, զինվորական տեխնիկայի առավելություն, Սամվել Բաբայանը կարողացել է այդ զինվորական ջոկատներից կուռ, համախմբված բանակ ստեղծել։ Եվ 27-28 ամյա, զինվորական կրթություն չունեցող, բայց ռազմական բնածին տաղանդ ունեցող այդ երիտասարդին Կոմանդույուշչի և գլխավոր որոշում կայացնող էին համարում Մոնթե Մելքոնյանի պես տաղանդավոր անհատները, զորահրամանատարները, Երևանից և մոսկվաներից եկած գեներալները, պրոֆեսիոնալ զինվորականները։ Ու նաև հենց սա է մեր Հաղթանակի ամենամեծ գրավականը, որ գումարվելով այն ժամանակվա մեր Ոգուն և Հավատին (խոսքս բնավ կրոնի մասին չէ), ծանր ու դաժան պատերազմում մեզ Հաղթանակ է բերել։

Այսօր, երբ գրիչներն ու բրիչներն առած, կարողացել են խեղաթյուրել վերջին 30-ամյա մեր անցյալը, Արցախյան շարժումն ու պատերազմական տարիների իրական պատմությունը, երբ հերոսներ են դարձել բազմաթիվ անտիհերոսներ, գլխներին շարժման առաջնորդների լուսապսակ դրել զանազան միջակություններ ու բախտախնդիրներ, իրոք դժվարացել է թացն ու չորն իրարից տարբերելը։ Բայց ինչ էլ լինի, մենք ստիպված ենք առերեսվել մեր իրական պատմությանը՝ բոլոր լուսավոր կամ ոչ լուսավոր, ինչպես նաև մռայլ ու սև էջերով։ Առանց մեր անցյալն իմանալու, առանց մեր սխալներից դասեր քաղելու՝ երիցս դժվար է առաջ շարժվելը։ Դրանում՝ սեփական սխալներից, թերացումներից դասեր չքաղելում մենք, ցավոք, արդեն դարավոր «փորձ» ունենք...

Արցախյան պատերազմում մեր հաղթանակը մեր պատմության ամենավառ էջերից է։ Եթե Սարդարապատի ճակատամարտում մենք թշնամուն կանգնեցրել ենք մեր տան, մեր դռան շեմին, մինչ այդ արդեն կորցրած լինելով մեր պատմական հայրենիքի 70 տոկոսը, ապա Արցախյան պատերազմում թշնամուն ոչ միայն դեն ենք շպրտել մեր հայրենիքի սահմաններից, այլև ազատագրել ենք մեր տարածքի չափ պատմական հայկական հողեր, որոնք այսօր ամրագրված են Արցախի սահմանադրությամբ։ Եվ այս հաղթանակը մենք կռել ենք Սամվել Բաբայանի գլխավորած բանակի շնորհիվ, նրա բնածին ռազմական տաղանդի շնորհիվ։ Երբ պատերազմից տարիներ հետո անարժան, որևէ էական ներդրում չունեցող մարդկանց հերոսի շքանշաններ են բաժանում, իրական հերոսի հասցեին հերյուրանքներ տարածելը երախտամոռություն և ստորություն է։ Այսօր Բաբայանի անվան վրա քար նետողները չեն հասկանում, որ իրենք քար են նետում մեր պատմության ամենալուսավոր էջի վրա։ Կրկնում եմ՝ ամենալուսավոր էջի վրա, որովհետև մեզ համար նա այդ լուսավոր էջի խորհրդանիշներից է, ինչպես Մոնթե Մելքոնյանը, Լեոնիդ Ազգալդյանը, Վլադիմիր Բալայանը...

Սամվել Բաբայանի վաստակը, Արցախյան պատերազմում նրա դերը նսեմացնել ցանկացողներին նաև հիշեցնենք, որ հենց նրա օրոք և ԼՂՀ պաշտպանության նախարար աշխատած տարիներին էին մեր բանակը համարում տարածաշրջանի ամենամարտունակ բանակը։

Պատմության լուսավոր էջերի վրա քար չեն նետում։ Հատկապես երբ մեր բազմադարյա պատմության մեջ այնքան էլ շատ չեն այդ լուսավոր էջերը։ Ես անդրադարձել եմ մի ժամանակահատվածի, որ իրոք մեր պատմության ամենապայծառ էջերից է՝ անկախ նրանից, որ այդ ժամանակահատվածում նաև մութ բծեր են եղել, հերոսականի կողքին եղել են նաև, մեղմ ասած, ոչ հերոսական դրվագներ։ Երևի թե դա անխուսափելի է, ցավոք։ Հատկապես երբ հետագա ժամանակաշրջանը լի է միայն սև, գորշ և մռայլ գույներով։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
Գրող, հրապարակախոս

2.3.20

Լույս և խավար


Վերջին հետանկախական տասնամյակներում երբ մեզանում հավատացյալների կտրուկ աճ է նկատվում և դա բացատրվում է «վերադարձ արմատներին»-ով, մնում եմ տարակուսած։ Ստացվում է, որ մեր ազգի արմատները սկսում են մեր թվարկության 301 թվականից։ Իսկ մինչ այդ մենք անդեմ, անգո, անլեզու ինչ-որ գոյացություններ էինք։ Ստացվում է, որ մեր բազմադարյան, 5-հազարամյա մեր պատմության մասին աղբյուրները սուտ ու կեղծիք են (ի դեպ, ոմանք մեր արմատները նույնիսկ 50 հազար տարվա խորխորատներն են հասցնում)։ Ուրեմն չե՞ն եղել «Ծովից ծով Հայաստանն» ու Տիգրան Մեծը՝ մեր պատմության ամենապայծառ դեմքերից մեկը, որին նվիրված երկու տասնյակից ավելի օպերաներ են գրել եվրոպացի կոմպոզիտորները, այդ թվում՝ Վիվալդին, Հենդելը, Սկարլատին, Գլյուկը, Հասսեն...

«Հավատը նահանջում է, աթեիզմն առաջ է շարժվում, բայց միայն Չինաստանում է բնակչության մեծ մասը համոզված հայտարարում, որ Աստծուն չի հավատում»,- այս տողերով է սկսում WIN/Gallup-ի հարցման արդյունքների հիման վրա գրված «China and Europe stand out on world map of atheism» («Չինաստանն ու Եվրոպան առանձնանում են աթեիզմի համաշխարհային քարտեզի վրա») վերնագրով հոդվածը։

Ըստ հոդվածի, աշխարհի «ամենաանաստված» երկիրը Չինաստանն է, որտեղ բնակչության 67 տոկոսն իրեն համոզված աթեիստ է համարում։ Երկրորդ խոշոր «աթեիստական» երկիրը Ճապոնիան է (29 %), մյուս ասիական պետությունը՝ Հարավային Կորեան (23%)։

Աթեիստների մեծ տոկոսով աշխարհի 20 երկրներից 18-ը գտնվում են Եվրոպայում՝ Սլովենիա (28%), Չեխիա (25%), Ֆրանսիա և Բելգիա (21%), Շվեդիա (18%), Իսլանդիա (17%), Իսպանիա (16%), Գերմանիա և Դանիա (14%), Մեծ Բրիտանիա (11%), Նորվեգիա, Ավստրիա, Էստոնիա (10%), Լատվիա, Իռլանդիա, Պորտուգալիա, Ալբանիա (9%), Իտալիա (8%)։ Նույն «աթեիստական» երկտասնյակում են գտնվում ոչ եվրոպական երկու երկիր՝ Ավստրալիան (13%) և Կանադան (10%)։ Աշխարհի խոշորագույն երկրներից ԱՄՆ-ում և Ռուսաստանում աթեիստները 7 տոկոս են կազմում։

Հայաստանում, այդ հարցման արդյունքներով, աթեիստներն ընդամենը 2 տոկոս են կազմում, Ադրբեջանում՝ 0 տոկոս։

Բայց աթեիստներից բացի կան նաև, այսպես ասած, ոչ կրոնապաշտ, ոչ հավատացյալ մարդիկ, որոնց թվով առաջատար երկրներն են՝ Շվեդիան (55%), Ավստրալիան, Էստոնիան, Նորվեգիան (50%)։ Զարմանալին այն է, որ վերջիններիս անցել են Վիետնամն (57%) ու մեր հարևան Ադրբեջանը (64%). Մեծ Բրիտանիան երկրորդ տեղում է (58%)։
Սակայն վերադառնանք մեր երկիր։ Այս ցուցակում Հայաստանը կրկին վերջին տեղերում է՝ 4 տոկոս։ Ասել է թե՝ Հայաստանը ոչ հավատացյալների տոկոսով 16 անգամ զիջում է Ադրբեջանին։

Ոմանք կդժգոհեն, կամաչեն մեզ վերաբերող այս տվյալներից, ոմանք կհպարտանան՝ «տեսեք որքան ամուր է մեզանում հավատն առ Աստված», երրորդները կկասկածեն հարցման արդյունքների վրա։ Ես առաջին և երրորդ խմբին եմ պատկանում՝ ամաչում եմ և կասկածում գոնե Հայաստանի և Ադրբեջանի մասով արդյունքների վրա։ Թերևս հնարավոր է, որ մանր անճշտություններ լինեն, բայց պատկերն իրոք, մեղմ ասած, հաճելի չէ։

Ես զուգահեռ եմ անցկացնում այսօրվա և խորհրդային Հայաստանի միջև, որ գերազանցապես աթեիստական երկիր էր, ուսումնական ծրագրերում կար նաև «Գիտական աթեիզմ» առարկա, տարեց մարդկանց մի փոքրիկ մասն էր միայն եկեղեցի հաճախում։ Ես այն տարիները համեմատում եմ մերօրյա իրականության հետ, երբ եկեղեցին մուտք է գործել դպրոց և երեխաներին «Հայ եկեղեցու պատմություն» են սովորեցնում, երբ ջահել վանականները բարձր աշխատավարձով հայտնվել են Հայոց բանակում, երբ աջ ու ձախ բիզնեսմեն մեր երևելիները եկեղեցիներ են կառուցում...

Համեմատում եմ ու սարսափում վերջին տասնամյակների մեր պետության համար, որտեղ կոռուպցիան, կաշառակերությունը սողոսկել են հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներն ու ծակուծուկերը, և այսօր մարդիկ երիցս ավելի քիչ են վստահում ու հավատում իրար, երիցս պակասել է ազնվությունը, բարությունը, հարգանքն առ դիմացինը, քան «աթեիստական», «անհավատ» Հայաստանում էր։

Համեմատում եմ և ցավում մեր իրականության լայնասփյուռ գաղջից ու խավարից։ Մինչդեռ տասնամյակներ առաջ որքա՜ն լույս ու հավատ կար մեր ուժերի հանդեպ, իրար նկատմամբ։ Գրողը տանի, բա ասում եք՝ հավատը մեզ ազնվություն, արժանապատիվ ապրել է սովորեցնում է և, ընդհակառակը, սովորեցնում է արհամարհել ամենայն վատը՝ գողությունը, ստորաքարշությունը, խաբեությունը, անազնվությունը, խարդախությունը և այլն։

Ցավում եմ, որ այսօր այնքա՜ն դեֆիցիտ կա ամենայն լավի, գեղեցիկի, ազնվության, բարության։ Խավարն այսօր երիցս շատ է և Լույսի աներևակայելի պակաս կա այսօր, ու սա է ամենամեծ մտահոգությունս։
Տխուր ենք ապրում, պարոնայք։