16.12.13

Դեկտեմբեր 2013


2014-Ը ԹՈՂ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԲԵՐԻ ՀԱՅՈՑ ԲԱԶՄԱՉԱՐՉԱՐ ԵՐԿՐԻՆ

Սիրելի բարեկամներ, հարգելի ընկերներ, մի տարի էլ ճանապարհեցինք։ Կարծում եմ, առանձին-առանձին մեզնից յուրաքանչյուրն ունեցել է երջանիկ պահեր, ուրախության անմոռանալի վայրկյաններ ու ժամեր... Բայց այդ տարում ևս Հայոց երկիրն անհաղորդ մնաց դրան։ Գլխապտույտ վայրէջքը շարունակվում է։ Այս անգամ վայրէջքի համար «հանդիպման վայր» է պարտադրվել մաքսային միություն կոչվող անհեթեթությունը՝ Բելառուսի, Ղազախստանի, Պուտինյան Ռուսաստանի բարձր հովանու ներքո։

Հայաստանը վերջին պահին, ավելի կոնկրետ, ընդամենը մի օրում կամ գուցե մի ժամում կամ մի քանի րոպեում որոշեց դեպ Եվրոպա «տոմս վերցրած» նավակի ուղղությունը 180 աստիճանով փոխել դեպի հետ։ Երկրի ղեկավարը սեպտեմբերի 3-ին որոշեց, որ այնտեղ «մեզ համար» ավելի լավ կլինի։ Ըստ երևույթին, «մեզ»-ը վերաբերում է մարդկանց մի փոքրիկ խմբի, ովքեր ՀՀ-ում մեծ կապիտալ և իշխանություն ունեն...

Նոր տարում նոր փորձություններ են սպասում Հայոց երկրին։ Դժվար է գուշակել, թե ինչպիսին կլինեն դրանք և ինչ ենք ունենալու արդյունքում։ Անկասկած շատ բան կախված է լինելու ոչ միայն Հայոց իշխանություններից, այլև հասարակ ժողովրդից։

Հեշտ է Ամանորի մաղթանքի գեղեցիկ խոսքեր գտնելը, նույնիսկ չափից դուրս հեշտ է։ Դժվարն այնպիսի բառեր գտնելն է, որոնց իրականացմանը ինքդ հավատում ես։ Ցանկանում եմ այս Նոր տարում մեր ժողովուրդը վերջապես գտնի երբեմնի իր արժանապատվությունը և տեր կանգնի իր երկրին ու իրավունքներին։ Թող այս Նոր տարում Չարն ու Չարիքն ընդմիշտ անհետանան Հայոց երկրի մակերևույթից։

Սիրելի հայրենակիցներ, ցանկանում եմ այս Նոր տարում ավելի սիրեք մեր երկիրն ու հասկանանք, որ աշխարհում բազմաթիվ գեղեցիկ բաներ կան, նույնիսկ շատ հրաշալի բաներ, բայց ոչ մի այլ տեղ երկրորդ Հայաստան (ՀՀ և Արցախ) չկա։ Թող այս նոր տարում ձեր օջախներում միայն ուրախության սեղաններ բացվեն, ձեր շուրջ միշտ խինդ ու ժպիտ լինի և անհոգ ու սիրելի դեմքեր։ 2014-ը թող բոլորիդ երջանկություն ու հաջողություններ միայն բերի։
Շնորհավոր Նոր տարի...

Վ. ՕՎՅԱՆ
Նկար՝ Էդիկ Գաբուզյանի





Արկադի Կարապետյան. Մեզ չեն հարգում թե Եվրոպայում, թե Եվրասիայում

Karabakh-open.info-ի հարցազրույցը ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանի հետ

- Պարոն Կարապետյան, վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է Հայաստանի մաքսային միությանն անդամակցելու մասին թեման: Ըստ Ձեզ, Հայաստանի համար ո՞ր ուղին է նախընտրելի՝ եվրաինտեգրացիա՞ն, թե՞ եվրասիական միությունը:

- Ես երկար եմ մտածել այդ հարցի շուրջ, մանրամասնորեն զննել ամեն ինչ: Սակայն պատասխանը պարզ է եւ ակնհայտ՝ մենք պետք է գնանք այնտեղ, որտեղ մեզ հարգում են: Սակայն, իրողությունն այնպիսին է, որ մեզ չեն հարգում ոչ Եվրոպայում, ոչ էլ Եվրասիական տարածությունում: Հայաստանը (ՀՀ եւ ԼՂՀ) պետք է ինքը որոշի իր քաղաքականությունը՝ հենվելով սեփական ուժերի վրա: Իսկ Հայաստանի ուժը նրա միասնության մեջ է: Փառք Աստծո, որ Եվրաինտեգրումն իր արժեքներով հանդերձ շրջանցեց մեզ: Չնայած, հավաստիացնում եմ ձեզ, որ Եվրոպան մեզ հանգիստ չի թողնի՝ անկախ վիրավորված դեմքերից: Աշխարհում պայքարն ընթանում է ոչ թե նավթի եւ գազի (դրանք ածանցյալներն են), այլ մարդկանց հոգիների համար: Ով հասկանում է դա՝ նա էլ կառավարում է աշխարհը: Մենք` հին ու բարի ավանդույթներով Եվրոպան ենք: Դեռ մինչեւ Ռուսական պետության ստեղծումը մենք արդեն իսկ պատկանում էինք աշխարհի այն մասին, որին ինքն իրեն մաս էր համարում Եվրոպան: Այն ժամանակ մեզ հարգում էին: Ավելին՝ Եվրոպայի պատմության մեջ կային պահեր, երբ նրան փրկել են հայերը: Օրինակ, հայերը ջարդել են թուրքերին եւ հանել Վիեննայի շրջափակումը, հայերը փրկել են Լեհաստանը գերմանական ասպետներից եւ այլն: Սակայն, մենք պատկանում ենք այն Եվրոպային, որում դեռ չէին հռչակվել այն հակամարդկային արժեքները, որոնցով երեխային խլում են իր ընտանիքից եւ այլն: Ուզում են Հայաստանում Սոդոմ ու Գոմոր իրականացնել, ու դա կլինի մեր վերջը: Պատմության մեջ դա արդեն եղել է, դա ապացուցված է հնագետների կողմից:

Հիմա անհասկանալի Մաքսային միության մասին: Կարդացել եմ, լսել բոլոր «կողմ» եւ «դեմ» փաստարկների մասին: Կրկնում եմ՝ ամեն ինչ շատ պարզ է: Ռուսաստանում մեզ չեն հարգում՝ սկսած Պետրոս առաջինի ժամանակաշրջանից հաստատված հարաբերություններից: Այնպես որ, բարեկամություն երբեք էլ չի եղել: Հիշեք Պասկեւիչին, ով հայտարարեց, որ իրենց Հայաստանը պետք է առանց հայերի, նաեւ Նիկոլայ երկրորդին, ով փակում էր հայկական դպրոցներն ու հետապնդում ՀԱԵ-ն: Այսպիսի բաներն առանց հետեւանքի չեն մնում: Այսօրվա եկեղեցականներն էլ զուրկ չեն շովինիստական թույնի թունավորումից: Նրանցից ոմանք ՀԱԵ-ն համարում են աղանդ, չնայած, որ հավատքի խորհրդանիշները նույնն են:
Ռուսաստանը մեր թշնամիներին զանգվածային ոչնչացման զենքեր է վաճառում, միլիարդավոր պարտքեր է ներում ուրիշներին, սակայն չի ներում մեր հարյուր միլիոնանոց պարտքը: ՌԴ-ն յուրացնում է հայկական առաջատար ձեռնարկություններն ու մեզ մոտ կառուցում գաղութային տնտեսություն: Մենք հիշում ենք 1915-1923 թվականների բազմաթիվ դասերը: Նորագույն պատմության ընթացքում, Ղարաբաղյան շարժման ժամանակ, նույնպես ռուս զինվորները բռնում էին հայերին եւ վաճառում ազերի թուրքերին: 1988-1991թվականներին նրանք բռնահանեցին ԼՂՀ Շահումյանի շրջանն ու Մարտակերտը: Մենք չենք մոռացել ռուս օդաչուների մասին, ովքեր ռմբակոծում էին մեր բնակավայրերը:

Ուզում եմ կանգ առնել Ռուսաստանի հետ «կողմ» փաստարկի վրա: Դա ՌԴ-ից ստացվող տրասֆերտներն են: Պետք է նշել, որ դա ՌԴ նվերը չէ, այլ մեր համերկրացիների աշխատանքի դիմաց վճարված գումարները, որոնք ստիպված լքել են երկիրը` գաղութային քաղաքականության պատճառով: Ի դեպ, Զորի Բալայանը հիշել է Գյուլիստանի պայմանագրի մասին, սակայն մոռացել է հիշատակել Սեւրի ու այլ պայմանագրերը:

Մեզ տանում են Եվրասիական միություն, որտեղ մեզ նույնիսկ ծաղրում են: Պատմության դասը կայանում է նրանում, որ հայկական Նախիջեւանն ու Ղարաբաղը Ադրբեջանին է տվել Ռուսաստանը: Փորձից ելնելով, հնարավոր է, որ ՀՀ ՄՄ-ին անդամակցելուց հետո երկու հայկական պետությունների միջեւ սահմանը կփակվի, եւ այն կվերահսկեն ռուս սահմանապահներն ու կհայտվեն մաքսատան աշխատողները: Արդեն մի քանի տարի է, մեր ելքն ու մուտքը Հայաստանի սահմանում վերահսկում են ռուսական սահմանապահները: Սա նորություն է, որը չի համապատասխանում ինքնիշխանությանը:

- Ի դեպ, վերջերս մտավախություններ հնչեցվեցին նաեւ ռուսական սահմանապահների հետ կապված:
- Այո, Հադրութից որոշ տագնապալի լուրեր կան, որ հայտվել են մարդիկ, վքեր հետաքրքրվում են, թե ինչպիսին կլինի բնակչության արձագանքը, եթե այնտեղ վերադառնան ռուս սահմանապահները:
Կարծում եմ, ժամանակները հիմա այլ են: Մենք ունենք օրինակներ, երբ ռուսական զինված ուժերը թողնում էին մեզ դեմ առ դեմ թշնամու հետ: Ընդ որում՝ նրանք իրենց հետ դուրս էին բերում նաեւ զենքն ու զինամթերքը: Շատ հավանական է, որ նույնպես վարվի նաեւ ՌԴ ՊՆ 102-րդ ռազմակայանը: Իմիջիայլոց, եթե այնտեղ տեղակայված լիներ ՆԱՏՕ-ի ռազմակայանը, նրանք մեզ վարձավճար կտային ու պարտքի դիմաց չէին հափշտակի մեր ձեռնարկությունները:
Սակայն, ինչ-որ հույս կա, որ Ռուսաստանը կփոխվի, քանի որ այնտեղ կառուցվում են եկեղեցիներ ու տաճարներ ու ակնհայտ է հոգեւոր աճը: Առանց այդ աճի ոչ մի լավ բան չի սպասվում:

Բանաստեղծ Նիկոլայ Նեկրասովը հարցնում էր. «Ո՞վ է Ռուսաստանում լավ ապրում»: Բավական է նայել «Ֆորբս» ամսագրի ներկայացրած միլիարդատերերի ցանկին, որպեսզի ամեն ինչ պարզ դառնա: Ես դիմում եմ նրանց՝ զգույշ եղեք մեզ հետ, ու մի զայրացրեք մեր Աստծուն, քանի որ մենք արդեն զոհ ենք մատուցել 1915-1923 թվականներին: Հետո այդ նույնը կատարվեց ձեզ հետ:
Միանգամայն ակնհայտ է, որ մենք պետք է հենվենք մեր ուժերի վրա, իսկ մեր ուժը մեր միասնությունն է: Ու երբ որ մենք միասին ենք՝ մեզ հետ է Աստված: Դա մեկ անգամ չէ, որ ապացուցվել է պատմությամբ: Իսկ մեր միասնությունը մեր հավատքի շուրջ է: Իսկ դա այնքան պարզ է:

- Իսկ ի՞նչ կասեք ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի անվտանգության ապահովման մասին:
- Դուք կարծո՞ւմ եք, որ Ղազախստանը մեզ կպաշտպանի Ադրբեջանից: Առաջին հերթին պետք է ամրապնդել մեր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: Եթե մեզ կհարգեն՝ այն ժամանակ մենք կխորացնենք համագործակցությունը՝ որքանով դա հնարավոր կլինի: ՆԱՏՕ-ն դա ԵՄ չէ, դա վերջապես զինվորականներ են: Պետք չէ մոռանալ նաեւ մեր բարեկամ երկրների` Վրաստանի եւ Իրանի մասին:



ՀՀ ԱԺ 72 պատվիրակներ քվեարկեցին Հայաստանի և Հայաստանի բնակչության ճորտացման մի պայմանագիր

2013 թ. դեկտեմբերի 23 -ին ՀՀ ԱԺ 72 պատվիրակներ քվեարկեցին Հայաստանի և Հայաստանի բնակչության ճորտացման մի պայմանագիր: Հազար տարի էլ անցնի, Հայաստանի բնակչությունը պիտի անուն առ անուն հիշի նրանց դավաճանությունը.

Սահակյան Գալուստ Գրիգորի, Սահակյան Հովհաննես Միշայի, Աբրահամյան Հովիկ Արգամի, Ալեքսանյան Սամվել Լիմինդրի,
Աղաբաբյան Աշոտ Սերյոժայի, Աճեմյան Կարինե Խաչիկի,
Այվազյան Վարդան Սուրենի, Ավագյան Կարեն Կարլենի,
Ավետիսյան Սուքիաս Հեգելի, Արսենյան Աշոտ Եղիշեի, Բաբլոյան Արա Սաենի, Բաբուխանյան Հայկ Բորիսի, Բադալյան Վոլոդյա Արամայիսի,
Բադեյան Մանվել Հենրիկի, Բաղդասարյան Վահրամ Վաղինակի,
Գեղամյան Արտաշես Մամիկոնի, Գեւորգյան Արթուր Սամվելի,
Գեւորգյան Նահապետ Բագրատի, Գրիգորյան Հայկ Հովհաննեսի,
Գրիգորյան Հրանտ Մերուժանի, Գրիգորյան Մանվել Սեկտորի,
Դավթյան Արտակ Լյուդվիկի, Եսայան Մարգարիտ Հենրիկի,
Զաքարյան Արտակ Բորիսի, Զոհրաբյան Ռազմիկ Արտավազդի,
Թորոսյան Շիրակ Արտեմի, Կարապետյան Արմեն Սերյոժայի,
Կարապետյան Կարեն Սարգսի, Կարապետյան Նաիրա Արտաշեսի,
Հակոբյան Հակոբ Գառնիկի, Հակոբյան Հակոբ Ռաֆիկի,
Հարությունյան Դավիթ Էդոնիսի, Հարությունյան Խոսրով Մելիքի
Հարությունյան Համլետ Միքայելի, Հովհաննիսյան Արաիկ Ռաֆայելի,
Հովհաննիսյան Արփինե Աշոտի, Հովսեփյան Ռուբեն Գառնիկի,
Ճշմարիտյան Կարեն Յուրիկի, Մարաբյան Մարինե Գեւորգի,
Մարկոսյան Վրեժ Վարանցովի, Մարտիրոսյան Լեւոն Յուրիկի,
Մինասյան Գագիկ Ենգիբարի, Մինասյան Մկրտիչ Հակոբի,
Մխիթարյան Արմեն Աշոտի, Մնացականյան Մնացական Անդրանիկի,
Մովսիսյան Առաքել Աբրահամի, Մուրադյան Մուրադ Սահակի,
Մուրադյան Ռուզաննա Կարապետի, Նահապետյան Կորյուն Գառնիկի,
Նաղդալյան Հերմինե Միքայելի, Նիկոյան Սամվել Պարգեւի,
Շարմազանով Էդուարդ Հովսեփի, Պետրոսյան Ալեքսան Մակարի,
Պողոսյան Կարինե Համլետի, Սադոյան Ռուբեն Ալֆրեդի,
Սահակյան Արման Սոսի, Սարգսյան Արտակ Սամվելի,
Սարգսյան Մարտին Գրիգորի, Սարգսյան Ռոբերտ Գուրգենի,
Սարիբեկյան Կարեն Բաղիշի, Սարոյան Սեդրակ Ֆիրդուսի, Սեդրակյան Մհեր Դավթի, Սոֆոյան Հովհաննես Սերյոժայի, Ստեփանյան Արթուր Արսենի, Վարդապետյան Տաճատ Մարտունի, Ֆարմանյան Սամվել Ժորայի, Բիշարյան Հեղինե Վաչեի, Շահգելդյան Մհեր Լեւոնի,
Բոթոյան Կարեն Հովսեփի, Դոխոլյան Լեւոն Մարտունի, Խաչատրյան Իշխան Միշայի, Մարգարյան Հովհաննես Հայկի, Գրիգորյան Արայիկ Թեմուրի

Սրանք այն ճորտերն են, ովքեր 2013թ. դեկտեմբերի 23 -ին իրենց ստորագրություններով վավերացրին իրենց ճորտային ինքնությունը,
Սրանք ճորտերն են ՀՀԿ-ի, ճորտերն են Սերժ Սարգսյանի, ճորտերն են Պուտինի, բոլոր նրանց, ով կվճարի նրանց ճորտության համար,
Սրանք փողի ճորտեր են, ով երբեք չի կարողանում ազատվել նյութի ճորտացումից,
Սրանք կամավոր ճորտեր են, ճորտերի ամենավատ տեսակը,
Սրանք հոգով ճորտեր են, ճորտերի մեջ ամենաճորտերը,
Սրանք վտանգավոր ճորտեր են, ովքեր իրենց կամավոր ճորտության նվաստացման վրեժը հանում են այլոց ճորտացնելով,
Սրանք այն ճորտերն են, ովքեր փորձում են ճորտացնել ՀՀ ազատ քաղաքացներին:

ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ



Վազգեն Մանուկյան. «Եթե ապագայի նկատմամբ լավատես ես, դա մասամբ իրականանում է, բայց եթե վատատես ես, իրականանում է ամբողջությամբ»

Բացառիկ հարցազրույց Վազգեն Մանուկյանի և Ահմեդ Դավութօղլու հանդիպման վերաբերյալ

- Պարոն Մանուկյան, մեզ հայտնի դարձավ, որ Դուք հանդիպում եք ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու հետ, երբ նա Երևանում էր: Ո՞վ էր նախաձեռնել այդ հանդիպումը և ի՞նչ ձևաչափով էր այն:
- Ոչ պաշտոնական հանդիպում էր: Այդ օրն առավոտյան ինձ զանգահարեց Թուրքիայի արտգործնախարարի պատվիրակության անդամներից մեկը և առաջարկեց հանդիպում կազմակերպել Դավութօղլու հետ, եթե դեմ չեմ: Ես տվեցի իմ համաձայնությունը, և երեկոյան Հանրային խորհրդի անդամ Գրիգոր Բադիրյանի ուղեկցությամբ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում սուրճի սեղանի շուրջ հանդիպեցի Թուրքիայի արտգործնախարարի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև թուրքական պատվիրակության անդամներ, այդ թվում` ազգությամբ հայ Սամսոն Օզարարատը, «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ռոբրե Քոփթաշը:

- Ի՞նչ զրույց ծավալվեց հանդիպման ժամանակ:
- Դավութօղլուն նախ նշեց, որ ինքը կարևորում է հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսել մի մարդու հետ, որն արտակարգ իրավիճակներում ղեկավարելու փորձ ունի («Ղարաբաղ» կոմիտեի ղեկավար, նորանկախ Հայաստանի առաջին վարչապետ, պատերազմի տարիներին՝ պաշտպանության նախարար): Այնուհետև Թուրքիայի արտգործնախարարը խոսեց այն մասին, որ հայ և թուրք ժողովուրդները երկար ժամանակ միասնական ճանապարհ են անցել, նույնիսկ ձևավորել մի ընդհանուր քաղաքակրթություն: Նա կարևորեց հայերի դերը Թուրքիայի պատմության մեջ՝ նկատելով, որ այն շենքերից մեկը, որտեղ իր նստավայրն է, նույնպես հայի է պատկանել: Խոսեց այն մասին, որ հայ և թուրք ժողովուրդները պետք է բարեկամանան, և չնայած տեղի են ունեցել որոշ իրադարձություններ, որոնք սեպ են խրել երկու ժողովուրդների միջև, պետք է առաջ գնալ և այլն:

Ես պատասխանեցի, որ մեր երկու ժողովուրդների միջև մեծ ճեղք է առաջացել 1915 թվականի Ցեղասպանությունից հետո, սակայն երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, որոշ ժամանակ անց Ղարաբաղ կոմիտեն որդեգրեց նոր քաղաքականություն Թուրքիայի նկատմամբ, այն է` չանտեսելով Ցեղասպանության հարցը՝ զուգահեռ փորձել Թուրքիայի հետ իրականացնել դիվանագիտական, քաղաքական, տնտեսական հարաբերություններ: Մենք կարծում էինք, որ եթե Հայաստանը գնում է անկախության ճանապարհով, իր հարևանների հետ պետք է կարողանա ինքնուրույն հարաբերություններ հաստատել: Դա դարձավ ընդհանուր գաղափարախոսություն Ղարաբաղ կոմիտեի համար, և դրա վառ արտահայտությունն էր նաև Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառումը» հոդվածը, որում ասվում էր, որ հայերն ու թուրքերը պետք է կարողանան իրար հետ խոսել առանց միջնորդի կամ ուրիշների միջամտության: Իշխանության գալով 1990 թ.` մենք փորձում էինք իրականացնել այդ քաղաքականությունը: Արվեցին որոշ քայլեր: Մենք մտածում էինք, որ Ղարաբաղի հարցը չպետք է խոչընդոտ լինի այդ քաղաքականությունը վարելու համար: Ղարաբաղյան հակամարտությունը մեզ համար էթնիկական կամ կրոնական պայքար չէր, այլ միայն Հայաստանի օժանդակությամբ Ղարաբաղի ժողովրդի կողմից պատմական արդարության և ազգերի ինքնորոշման, ազատության սկզբունքների իրականացում: Մենք ամեն ինչ անում էինք, որ այդպես լինի, այդպես գիտակցվի,և դա այդպես էր:

ԴավութօղլուԲայց մենք մեծ հիասթափություն ապրեցինք, երբ 1993 թվականին, Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված, Թուրքիան միակողմանի փակեց ճանապարհները Հայաստանի հետ` ծանր սոցիալական վիճակում գտնվող Հայաստանի ժողովրդին զրկելով այդ ճանապարհով սնունդ ստանալու հնարավորությունից:

Շատերի համար Թուրքիայի այդ քայլը ապացույց դարձավ, որ «նոր քաղաքականությունը» սնանկ է և ոչ իրատեսական: Այնուհետև 2008 թ. Թուրքիայի հետ հարաբերվելու երկրորդ փորձը սկսվեց՝ հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրումով, բայց նորից ապարդյուն և ոչ Հայաստանի մեղքով:

Խոսելով 1993 թ. մասին` հայտնեցի նաև իմ կարծիքը, որ այն ժամանակ Թուրքիան սխալվեց: Այդ տարածաշրջանում, որը Ռուսաստանի ազդեցության տակ էր, խորհրդային իշխանության փլուզումից հետո քաղաքական վակուում էր առաջացել: Եվ Թուրքիայի կողմից ավելի իմաստուն քաղաքականություն կլիներ, եթե փորձեր այդ վակուումը լրացնել իր ներկայությամբ: Վրաստանի հետ խնդիր չուներ, քանի որ Վրաստանը տարաձայնություններ ուներ Ռուսաստանի հետ՝ կապված Աբխազիայի և Օսիայի հետ, Ադրբեջանը բոլոր դեպքերում Թուրքիայի հետ կլիներ, բայց առանց Հայաստանի Թուրքիայի ներկայությունն Անդրկովկասում ամբողջական և արդյունավետ չէր լինի, ուստի Թուրքիան այդ ժամանակ պետք է փորձեր Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման ընթացքում չեզոքություն դրսևորել Ղարաբաղի հարցում, մանավանդ որ այդ հարցն իր անմիջական պետական շահերին չէր դիպչում:

- Ինչպե՞ս արձագանքեց Դավութօղլուն Ձեր տեսակետին, ընդունե՞ց:
- Իմ տպավորությամբ՝ մասամբ ընդունեց՝ նշելով, որ իսկապես, երբ խզում ես հարաբերությունները, ապա հետո չես կարողանում ազդել, և եթե 1993-ին իրենք ավելի ճկուն լինեին, հնարավոր է, որ քաղաքական ազդեցություն ունենային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների վրա, ինչի հնարավորությունն իրենք կորցրեցին: Իհարկե, մի առանձին խոսակցություն էլ եղավ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում իրենց մասնակցության և ազդեցության հարցի շուրջ, որին ես, բնականաբար, դեմ արտահայտվեցի՝ ասելով, որ Թուրքիան արդեն ապացուցել է, որ այդ հարցում միակողմանի դիրքորոշում ունի` սկսած 1993 թվականից և դատավորի կամ կարգավորողի դեր չի կարող կատարել:

Դավութօղլուն էլ հարցրեց, թե այն երկրները, որոնք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով զբաղվում են, իրենց շահերը չունե՞ն, անաչա՞ռ են:
Ասացի, որ այո, նրանք էլ իրենց շահերն ունեն Ղարաբաղի հարցում, անաչառ չեն, բայց Թուրքիայի հետ համեմատելի չէ: Համենայն դեպս, այդ երկրները մեզ չեն «խեղդել» մեր ամենածանր պահին՝ 1993 թվականին:

- Քննարկվե՞ց հայ-թուրքական արձանագրություններից հետո ստեղծված իրավիճակը, որը, փաստորեն, փակուղի է մտցրել երկու երկրների հնարավոր հարաբերությունները:
- Այո: Նախ փաստեցի, որ արձանագրությունների նախաստորագրումը քաղաքական հարց էր, քանի որ Թուրքիայի համար Հայաստանի հետ սահմանը բացելը տնտեսական տեսանկյունից առանձնապես մեծ բան չէր, եթե հաշվի առնենք Հայաստանի շուկայի փոքր լինելը: Հայաստանի համար էլ պարզ չէր՝ սահմանների բացումը տնտեսական առումով ավելի շատ վնա՞ս կբերի, թե՞ օգուտ, որովհետև, մի կողմից, կարող էր խթանել զարգացումը, բայց մյուս կողմից՝ թուրքական էժան ապրանքների մեծ ներհոսքը կարող էր վնասել մեր քիչ թե շատ կայացող տեղական արտադրությանը: Այսինքն` հայ-թուրքական սահմանի բացման հարցը քաղաքական տեսանկյունից էր դրված: Եվ եթե ինքը խոսում է բարեկամության, երկկողմ հարաբերությունների մասին, ապա այդպիսի հարաբերություններ ստեղծելու հնարավորություն կար և Հայաստանի պատճառով չէ, որ դա տեղի չի ունեցել:
Իհարկե բնական է, որ Դավութօղլուն, լինելով բարձր մակարդակի դիվանագետ, որի հետ անգամ հետաքրքիր էր զրուցել և վիճել, նման հարցադրումներին որոշակի պատասխան չտվեց և երբեք չէր տա:

- Իսկ Ցեղասպանության մասին խոսեցի՞ք:
- Ինչպես արդեն նշեցի, Դավութօղլուն Ցեղասպանության հարցը հիշատակեց նախ իր խոսքի սկզբում, երբ նշեց, որ տեղի են ունեցել որոշ իրադարձություններ: Այնուհետև զրույցի ընթացքում, երբ խոսեցինք երկու երկրների հարաբերությունների հաստատման մասին, ասացի, որ անկախ այն հանգամանքից՝ Հայաստանն ինչ քաղաքականություն կվարի Թուրքիայի հետ, ինչ իշխանություններ կգան, միևնույն է, հայ ժողովուրդը Հայաստանում թե Սփյուռքում հետևողականորեն տանելու է Ցեղասպանության ճանաչման հարցը, հատկապես` Թուրքիայի կողմից ճանաչման: Նշեցի, որ դա հայերի համար զուտ վերացական պատմական հիշողություն չէ, և պատմեցի մեր ընտանիքի պատմությունը, թե ինչպես է պապս Վանա լճի ափից՝ Մոկսից, հինգ որդիներով գաղթել Հայաստան, սակայն տեղ է հասել միայն փոքր որդու` հորս հետ: Դա եղել է մեր ընտանիքի առօրյա խոսակցության թեման, որը մոռացված էջ չէ, և մենք պարտք ունենք մեր ծնողների և մեր պատմության առջև: Իսկ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը որոշակի երաշխիք է նաև, որ այն այլևս չկրկնվի: Նաև ասացի, որ հայ ժողովուրդն այդ գործընթացն առաջ է տանում առանց ատելության թուրք ժողովրդի նկատմամբ:

- Ինչպիսի՞ն էր Դավութօղլուի արձագանքը Ձեր դիտարկումներին:
- Բնականաբար, որպես փորձառու դիվանագետ, նա միայն ընդունեց, որ իսկապես եղել են դեպքեր, ասաց, որ եթե Մոկսում լինի, անպայման կաղոթի հորս զոհված եղբայրների համար, միաժամանակ ասաց, որ մենք էլ չպետք է մոռանանք Առաջին համաշխարհային պատերազմի այն բոլոր զոհերին, որ տվել են թուրքերը:

Այնուամենայնիվ, նա նշեց, որ եթե տարիներ առաջ Թուրքիայում Ցեղասպանության մասին ընդհանրապես հնարավոր չէր խոսել, ապա այսօր այդ հարցը քննարկվում է (նա, իհարկե, չէր օգտագործում ցեղասպանություն բառը):

Այդ պահին զրույցն ընդհատեց Սամսոն Օզարարատը` ինձ ու տիկնոջս ապրիլի 24-ին հրավիրելով Ստամբուլ, որտեղ հայերն ու թուրքերը միասին հարգում են ցեղասպանության զոհերի հիշատակը: Դավութօղլուն ողջունեց այդ հրավերը:

 - Հատուկ խոսվե՞ց Ղարաբաղի հարցի ներկա վիճակի կարգավորման մասին:
- Այո, ես ասացի, որ այդ հարցի կարգավորում ասելով` կողմերը տարբեր բաներ են հասկանում, և կուզենայի, որ Դավութօղլուն հստակ պատկերացնի իրական վիճակը: Հարցը պարունակում է երեք բաղադրիչ` փախստականների հարցը, որը, իհարկե, լուրջ հարց է, սակայն այն կարելի է բանակցելով լուծել, և մենք կարծում ենք, որ որոշակի պայմաններ ապահովելու դեպքում հայ և ադրբեջանցի փախստականները ուշ թե շուտ կարող են վերադառնալ իրենց բնակավայրերը:
Երկրորդը սահմանների, տարածքների հստակեցման հարցն է, որը նույնպես հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով:

Բայց հարցի մեխը Ղարաբաղի կարգավիճակի խնդիրն է: Ղարաբաղում ապրում է մի սերունդ, որն աղոտ է հիշում այն ժամանակները, երբ անկախ չեն եղել, կամ ընդհանրապես չի հիշում: Եվ ինչո՞ւ պիտի ինչ-որ պետություններ թուղթ ստորագրեն, լինեն Հայաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը թե ԱՄՆ-ն, որով իրենք կկորցնեն իրենց անկախությունը: Բացի այդ, ասացի, որ եթե անգամ ազգային հարցն էլ մի կողմ թողնենք, միջազգային մամուլով էլ այսօր փաստում են, որ Ղարաբաղում մարդու իրավունքները, ազատություններն անհամեմատ ավելի բարձր մակարդակում են, քան Ադրբեջանում: Նշեցի, որ հենց երեկ եմ բլոգերից մեկում Հայաստանի և Ադրբեջանի համեմատական վերլուծություն կարդացել` սոցիալական տեսանկյունից, որում հստակ երևում է, որ Հայաստանն անհամեմատ ավելի գրավիչ է, քան Ադրբեջանը նաև այդ տեսանկյունից: Այսինքն` և՛ ազգային հարց կա, և՛ ազատության ու անկախության, և՛ սոցիալական, և ոչ մի դեպքում Ղարաբաղը չի համաձայնի կորցնել իր անկախությունը: Նշեցի, որ Ալիևն էլ է շատ լավ հասկանում այդ ամենը, և պատահական չէ, որ խոսում է պատերազմով հարցը լուծելու մասին: Ասացի, որ ես կտրականապես դեմ եմ պատերազմին, բայց այնուամենայնիվ, եթե պատերազմ հայտարարվի, ապա նաև որպես նախկին պաշտպանության նախարար գտնում եմ, որ այն շատ կատաղի կլինի, և մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հաղթենք, ինչպես նախորդ դեպքում: Նշեցի նաև, որ տարբեր պետություններ, առիթից օգտվելով, կփորձեն խցկվել այդ իրադարձությունների մեջ, և Թուրքիան պետք է մտածի՝ արդյոք իրեն պե՞տք է, որ իր հյուսիսում նման կաթսա պայթի:
Դավութօղլուն, իհարկե, պատասխանեց, որ իրենք նույնպես դեմ են պատերազմին, ուզում են՝ հարցը խաղաղ ձևով լուծվի և այլն:

- Ինչպե՞ս ավարտվեց զրույցը և ապագայի նկատմամբ ի՞նչ մոտեցումներ ընդգծվեցին:
- Խոսակցության ընթացքում Դավութօղլուն նշեց նաև, որ իրենք հատուկ քաղաքականություն են վարելու սփյուռքահայերի հետ` առաջարկելով, որ վերադառնան իրենց հայրենիք, որտեղից որ գաղթել են իրենց պապերը: Ժամանակի սղության պատճառով հնարավորություն չեղավ քննարկելու նաև այդ հարցը:

Զրույցի ավարտին նա ասաց, որ երազում է այն օրվա մասին, երբ սահմանները նշանակություն չեն ունենա, մեր ինքնաթիռները Երևանից Վան կթչռեն, Վանից՝ Երևան, երբ ողջ տարածաշրջանը, ամբողջ աշխարհը կլինի ընդհանուր և այլն: Ես էլ ասացի, որ այո, լավ կլիներ, եթե մեր տարածաշրջանում էլ, ինչպես Եվրոպայում, նվազեր սահմանների նշանակությունը: Հետո պատմեցի, որ երբ նախագահական վերջին ընտրություններից մեկի ժամանակ Ֆրանսիայի դեսպանն ինձ հրավիրել էր ճաշկերույթի, որտեղ հրավիրված էին նաև եվրոպական շատ այլ երկրների դեսպաններ, ես կեսլուրջ-կեսկատակ նրանց առաջարկեցի, որ Եվրամիությունը 20-30 տարով Ղարաբաղի ողջ տարածքի վրա սահմանի պրոտեկտորատ, մինչև որ ժամանակները մեղմանան, սահմաններին մեծ նշանակություն չտրվի, և այդ ժամանակ Ղարաբաղի հարցին շատ ավելի հեշտ լուծում կտրվի:

- Պարոն Մանուկյան, Դավութօղլուի այցը Հայաստան թուրքական խորամանկ դիվանագիտության հերթական քայլը չէ՞ր, որն ընդամենը դրսում տպավորություն ստեղծելու նպատակ ունի: 
- Անկեղծ ասած՝ մեր զրույցի ընթացում նրա այցի մասին խոսք չեղավ: Համենայն դեպս, ես կարծում եմ, որ Դավութօղլուին կարող էր փոխարինել ավելի ցածրաստիճան պաշտոնյա, սակայն դա մտածված տեղի չէր ունեցել, և ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում:
Մենք մեր ազգային շահը պետք է պաշտպանենք ու առաջ տանենք, բայց միաժամանակ պետք է կարողանանք հարևանների հետ արժանապատվորեն այս կամ այն ձևով հարաբերվել, և դա պետք է լինի ոչ միայն պետական մակարդակով, այլև հասարակության տարբեր շերտերի միջոցով: Համենայն դեպս, ես ավելի լավատես եմ ապագայի նկատմամբ և մի կարևոր բան եմ նկատել. եթե ապագայի նկատմամբ լավատես ես, դա մասամբ իրականանում է, բայց եթե վատատես ես, իրականանում է ամբողջությամբ:

 Զրույցը վարեց Անի Գասպարյանը




Ռուսաստանն ու Թուրքիան միասին են սկսել զինել Ադրբեջանին

Թուրք-ռուսական հարաբերություններում նոր զարգացումներ են տեղի ունենում: Սա մտահոգիչ զարգացում է և կրկին ապացուցում է, որ Ռուսաստանը միշտ աջակցել և առաջ է մղել պանթուրքիզմը՝ ելնելով իր նպատակներից:

Հաջորդ տարի Թուրքիան Ադրբեջանին T-155 «Fırtına» ինքնագնաց հրետանային համակարգեր է մատակարարելու: Պայմանագիրը 36 միավոր տեխնիկա է ներառում: Ներկայում փորձարկվում են շարժիչները, որոնք արտադրվում են Ռուսաստանում: Հաջող փորձարկման դեպքում շարժիչները տեղադրվելու են հաուբիցների վրա և ուղարկվելու են Ադրբեջան: Պայմանագրի համաձայն, Ադրբեջանին 36 ինքնագնաց հաուբից պետք է մատակարարվի: Երկու երկրների միջև պայմանագիրը ստորագրվել է 2011 թվականին:

Գերմանական MTU ընկերությունը, որի արտադրած շարժիչները նախատեսված էին հաուբիցների համար, հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, էմբարգո է դրել Ադրբեջանին շարժիչներ վաճառելու վրա, և պայմանագիրը հետաձգվել է: Եւ ներկայում շարժիչներն արտադրում է Ռուսաստանը:

Սա ապացուցում է, որ Ռուսաստանի Դաշնությունը զարգացնում է ռազմական համագործակցությունը Թուրքիայի Հանրապետության հետ, ինչը կարող է ապակայունացնել հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում և Կովկասում:




Թուրքական իշխանությունների ցեղասպանական գործողությունների համար պատիժը կրում են ներկայիս հայստանցիները

Անկախ նրանից, ճիշտ են թե ոչ «Առավոտ» օրաթերթի տեղեկություններն այն մասին, իբրև պաշտոնական Երևանը առաջարկել է Անկակարային, որ «Թուրքիան հրապարակավ ընդունում է Հայոց ցեղասպանության փաստը, իր պատասխանատվությունը եւ ապաշխարում աշխարհասփյուռ հայության առջեւ», այս գաղափարը օդում կա և, ըստ էության, այսպես կոչված «միջազգային հանրության» կողմից ամենաշրջանառվող գաղափարն է։

Տարօրինակ է թվում, որ ներողամտության հայցում է սպասվում մի երկրից, որը հայոց Ցեղասպանություից հետո իր տարածքում և իր քաղաքացիների նկատմամբ ողջ 20-րդ հարյուրամյակի ընթացքում կրկնել է ցեղասպանական կամ դրա նախապատրաստական գործողություններ (անվանափոխումներ, կրոնական ուծացում, Դերսիմի հայ և ալևի բնակչության ջարդեր-1937-38, սելեկտիվ ունևորության հարկ քրիստոնյաներից և հրեաներից, սելեկտիվ զինվորագրում Երկրորդ աշխարհամարտի սկզբին, Ստամբուլի հույների և հայերի ջարդեր, Դերսիմի ողջ լեռնային բնակչության բռնի տարհանում իրենց բնակավայերից և մինչև այսօր ժանդարմերիայի վերահսկողություն այդ ավերված բնակավայրերի վրա և այլն):

Ակնհայտ է, որ այս երկրի իշխանությունները իր քաղաքացիների, հատկապես ժամանակի ընթացքում փոքրամասնություններ դարձած խմբերի հետ խնդիրներ լուծելու մի հիմնական և փորձված տարբերակ ունի՝ ջարդ, զանգվածային սպանություններ, տարհանում, դիֆուզում, վախի սինդրոմի պարտադրանք... Դավութօղլուն այն արտգործնախարարն է, ով թուրքական իմաստով լավագույնս է իրականացնում այս ըստ էության պետական հանցագործությունների շղթան արտաքին աշխարհին՝ սենտիմենտալ հիշողություններ պատմելով «օսմանյան կայսրության երանելի հանդուրժողականության», բարի թուրքրերի, առաջին աշխարհամարտում թուրքական,թուրքերի ցավի և այլն մասին՝ հրավիրելով հասկանալ նաև թուրքական ցավը:

Չգիտես ինչու այդ ցավը հասկացող թուրքական իշխանությունները երբեք չուզեցին հասկանալ ոչ միայն հայերի ցավը, այլև շարունակեցին ցավ պատճառել այլևայլ ժողովուրդների՝ միշտ վածի մեջ պահելով նրանց: Վերջ ի վերջո ի՞նչ է նշանակում «ապաշխարել» թուրքական ընկալմամբ,-թուրքական պրեզիդենտի մակարդակով ներողությո՞ւն խնդրել: Ումի՞ց: Ի՞նչ արժի այդ ներողությունը խոշտանգված, տառապած, սպանված, այրված, լլկված մարդկանց սերունդների համար, իրենց հայրենիքը կորցրած մարդկանց սերունդների համար, եթե չի ուղեկցվում պատիժով: Բարոյական և իրավական պատիժով: Տառապանքով:

Թուրքական իշխանությունների «ներողությունը» միայն իր հանցագործությունները շարունակելու քաղաքական շղարշ է: Ցանկացած ոճիր պիտի պատժվի, և պատիժը պիտի համարժեք լինի ոճիրի չափին: Ինքնամաքրումը պատիժի միջոցով է տեղի ունենում: Կուշտ կերած կատվի նման իր հերթական զոհին սպասող կամ հերթական ոճիրը նախապատրաստող դավութօղլուների «ճանաչումներն» ու «ներողությունները» շատ ավելի վտանգավոր են, եթե նրանք իրենց հասարակություններին իրական ճշմարտությունը չեն ներկայացնում և պատժի միջոցով չեն ինքնամաքրվում: Իրական պատժի: Նյութական, իրավական, հոգեկան, քաղաքական...պատիժների: Մինչդեռ հայոց Ցեղասպանության հարցում, օրինակ, Հայաստանի շրջափակման գործողությունը նույն ցեղասպանական գործողությունները շարունակելու միտումների դրսևորումն է: Թուրքական իշխանությունների ցեղասպանական գործողությունների համար պատիժը կրում են ներկայիս հայստանցիները:

ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ



«Ակօս». 1915թ.-ի դեպքերը ցեղասպանություն որակող թուրք ուսանողները կարող են զրկվել կրթաթոշակից

Թուրք պատմագիտական ընկերությունը (TTK) Բարձրագույն կրթական ընկերության միջոցով փորձել է Թուրքիայի համալսարաններից ճշտել Հայկական հարցի վրա աշխատող ուսանողների անունները, նրանց աշխատությունների վերնագրերն ու նրանց հետ կապվելու հնարավորությունները։

Ինչպես տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթի կայքը, TTK ղեկավար, պրոֆեսոր Մեհմեթ Մեթին Հյուլագյուի ստորագրությունը կրող փաստաթղթում պահանջ է ներկայացվում տրամադրել Հայոց ցեղասպանության մասին բոլոր աշխատությունների հեղինակների տվյալները։

Թե ինչ նպատակով են օգտագործվելու այդ տվյալները, հայտնի չէ։

«Ակօս»-ի հարցին, թե կրթաթոշակ տրամադրելիս ինչ գործոններ են հաշվի առնվում, օրինակ՝ 1915թ.-ը ցեղասպանություն որակող ուսանողներին կրթաթոշակ տրամադրվելու է, թե ոչ, կառույցի պաշտոնյան պատասխանել է. «Մենք՝ որպես կառույց, Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես չենք ճանաչել, դրա համար էլ հնարավոր է՝ կրթաթոշակ չտրամադրվի։ Նրանք կարող են դիմել, սակայն հնարավոր է՝ դրական պատասխան չստանան»։

Թերթ.am




OԳՆՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԽԱՆԴՈՒԹ ԱՎԵՏՅԱՆԻՆ

«Բոլորի՜ն, Բոլորի՜ն, Բոլորի՜ն... 
Oգնություն է հարկավոր ԽԱՆԴՈՒԹ ԱՎԵՏՅԱՆԻՆ՝ 
մի մարդու, ում ճանաչելու մեծ պատվին արժանացել են բոլորը, ով գեթ մեկ անգամ այցելել է Քարվաճառ, վայելել է Խանդութի և Ալեքսանդր Քանանյանի ընտանեկան հյուրընկալությունը, կամ գոնե հպանցիկ հետաքրքրվել է ազատագրված տարածքի ճակատագրով» 

ԽԱՆԴՈՒԹԻ ՄՈՏ ՉԱՐՈՐԱԿ ՈՒՌՈՒՑՔ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

ԲՈԼՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑՈՒՅՑ ԵՆ ՏԱԼԻՍ, ՈՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԱՆԴԱՌՆԱԼԻ ՉԷ, և ԽԱՆԴՈՒԹԻ ԿՅԱՆՔԸ ԿԱՐԵԼԻ Է ՓՐԿԵԼ: Ուռուցքը չի հասցրել տարածվել և ենթակա է բուժման արդյունավետ քիմիայով և դրան հաջորդող վիրահատական միջամտությամբ:

Չնայած մեր սիրելի ընկերների պահվածքը այս իրավիճակում ինքնին արիության ու Հավատի մարդկանց վայել հզորագույն դրսևորում է, բայց մենք չենք կարող անմասնակից համակերպմամբ դիտել, թե ինչպես է բժշկության անհասելիության և, ըստ էության, նյութական պատճառով մարում մի լուսավոր հոգի:

2001 թ-ից, երբ Խանդութի ընտանիքը տեղափոխվել է Վերինշեն, այդ հիանալի անձնավորությունը իր ողջ բանական և հուզական կարողությամբ նվիրվել է Հայրենիքի այդ վերագտած անկյունին և, իր շնորհքն ու ավյունը չխնայելով, ծառայել հանրային բարօրությանը: «Իհարկե, այս հողի վրա մենք շատ դժվարություն ենք տեսել, սակայն նրա գեղամեծար վեհությունը դարձել է իմ գիտակցության անկապտելի մի մասնիկը: Այս հողի վերածնունդը դարձել է իմ կյանքի իմաստը, որի զոհասեղանին ես կարողացել եմ ընծայել ընդամենը դպրոցում իմ ուսուցչությունը, իմ քրտինքը, իսկ երբեմն էլ` արցունքս: Իմ քույրերն ընտանիք կազմեցին այս հողում և նվիրեցին նրան իրենց անդրանիկ զավակներին, իսկ իմ հայրն առաջինն էր, ով տարածքի ազատագրումից ի վեր Հայաստանյայց եկեղեցու սրբազան ծիսակարգով նրա մեջ գտավ հավիտենական հանգիստը», - սա Խանդութի խոսքերն են, որ անհնար է գերազանցել ոչ ճշմարտացիությամբ, ոչ էլ՝ բյուրեղյա հուզականությամբ:

ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՎ ԽՈՍՔԸ 4 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ԿԱՐԳԻ ԲՈՒԺՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՍԻՆ Է:
Խնդրում ենք հնարավորության չափով մասնակցել դրամահավաքին: Ժամանակը սուղ է, նպատակը կենսական ու բարձր:

Դրամական փոխանցումները կարող եք կատարել 

«Արցախբանկ» ՓԲԸ 
Ավետյան Խանդութ 
Հաշիվ.22300014787400 

Այլ տարադրամով փոխանցումների համար 

USD 
INTERMEDIARY BANK: RAIFFEISEN ZENTRALBANK OESTERREICH AG VIENNA, AUSTRIA, SWIFT: RZBAATWW 
Acc: N 70-55.070.163/001 IBAN COD: AT343100007055070163 
BENEFICIARY BANK: “ARTSAKHBANK” JSC SWIFT: ARTSAM22 
BENEFICIARY CUSTOMER: Avetyan Khandut Account: 22300014787400 

EUR 
INTERMEDIARY BANK: RAIFFEISEN ZENTRALBANK OESTERREICH AG VIENNA, AUSTRIA, SWIFT: RZBAATWW 
Acc: N 55.070.163/100 IBAN COD: AT583100000055070163 
BENEFICIARY BANK: “ARTSAKHBANK” JSC SWIFT: ARTSAM22 
BENEFICIARY CUSTOMER: Avetyan Khandut Account: 22300014787400



Փարիզում տեղի է ունեցել Մոնսերատ Կաբալյեի «Հայաստան եւ Արցախ. քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսը

Փարիզում դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել աշխարհահռչակ երգչուհի Մոնսերատ Կաբալյեի «Հայաստան եւ Արցախ. քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 12-ին Փարիզ քաղաքում մասնակցել է Մոնսերատ Կաբալյեի «Հայաստան եւ Արցախ. քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսին:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել աշխարհահռչակ երգչուհուն եւ բոլոր նրանց, ովքեր մասնակցել են նախագծի իրականացմանը՝ ընդգծելով, որ դա անկեղծ բարեկամության լավագույն դրսեւորումներից է:
Միջոցառմանը մասնակցում էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Շվեյցարիայում եւ Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպաններ Շարլ Ազնավուրն ու Վիգեն Չիթեչյանը, Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, Ֆրանսիայի խորհրդարանի մի խումբ անդամներ, ԼՂՀ եւ ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, համաշխարհային աստղեր, հայ ազգային բարերարներ, ներկայացուցիչներ Սփյուռքից:



Իրանը ծրագրում է գազատար կառուցել դեպի Եվրոպա

Թուրքիայի իշխանությունների տվյալներով, Իրանը ծրագրում է գազ արտահանելու համար խողովակաշար կառուցել դեպի Եվրոպա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզ, գրում է РБК-ը՝ հղում անել թուրքական լրատվամիջոցներին:
«Մենք գիտենք, որ Իրանը պատրաստվում է գազամուղ կառուցել դեպի Եվրոպա: Եվրոպական 5 երկրներ արդեն նախատեսել են իրանական գազ ներկրել»,- ասել է Յըլդըզը:



Ռուսաստանին Ղարաբաղում աղետ է սպասում

Փորձելով վերականգնել իր կայսրությունը, Ռուսաստանը հռչակում է ավանդական ինչ որ արժեքներ եւ պատմական անցյալի ընդհանրությունը: Ավանդական արժեքները եւ պատմական հիշողությունն իհարկե լավ են, սակայն կարո՞ղ է արդյոք ռուս ժողովուրդը ցուցաբերել իր հավատարմությունը վաղուց արդեն գոյություն չունեցող եւ իմիտացիայի վերածված «ժողովուրդների բարեկամությանը»:
Ստալինի օրոք հնարավոր է գոյություն է ունեցել «ժողովուրդների բարեկամություն» հիշեցնող ինչ որ բան, ընդ որում՝ իրավունքների լիակատար բացակայության պայմաններում: Սակայն դա կարճատեւ ժամանակաշրջան էր, երբ ռուս ժողովրդի նշանակությունը եւ դերը հանգեցվել էին նվազագույնի:

50-60-ականներին սկսեց ռուսական շովինիզմի վերակենդանացումը, եւ տեղի էր ունենում որոշ ժողովուրդների արտոնությունների շնորհում եւ այլ ժողովուրդների իրավունքների անտեսում: Մոսկվայի կոսմոպոլիտ շրջանակները փորձում էին չեզոքացնել ռուսական շովինիզմի ներուժը, ինչը որոշ ժամանակ աջակցվում էր ռուսական հանրության կողմից, սակայն շատ շուտով ռուսական էլիտաները հասկացան, որ առանց կայսրության կոնֆիգուրացիայի ներկայիս Ռուսաստանը հավերժ չէ եւ նրա հետագա անկումը կանխորոշված է:
Ռուսաստանը կրկին փորձում է դառնալ ինչ որ կայսրության միջուկը, սակայն ռուսները շատ լավ են հասկանում, որ չունեն անհրաժեշտ տնտեսական, քաղաքական, իրավական եւ մշակութային ռեսուրսներ: Ռուսական ներկայիս պետականության առավել վնասակար տարրը կառավարումն ու արտաքին քաղաքականությունն է:

Ռուսաստանի յուրաքանչյուր քայլ արտաքին քաղաքականության մեջ կապված է կայսրության վերականգնման նպատակներին եւ բախվում է հարեւան պետությունների ուժեղ դիմադրությանը եւ խոշոր տերությունների խիստ բացասական արձագանքին: Եւ եթե նախկինում Ռուսաստանի արտաքին քաղաքականության գլխավոր ընդդիմախոսներն Արեւմտյան պետություններն էին, ապա ներկայում նրանց ավելանում է Չինաստանը, ինչը խոսում է Ռուսաստանի արտաքին քաղաքական ռազմավարության լիակատար տապալման մասին:

Ի վերջո, տեղի ունեցավ այն, ինչի մասին նույնիսկ չէին երազում Արեւմուտքի քաղաքական գործիչները՝ Չինաստանը ձեռնամուխ եղավ Ռուսաստանին նրա ավանդական ներկայության տարածաշրջաններից դուրս մղելու քաղաքականությանը: Հնարավոր է, ԱՄՆ եւ Եվրոպան համարում են, որ կարող են դադար վերցնել Արեւելյան Եվրոպայում, հասկանալով, որ շատ շուտով Ռուսաստանի բոլոր ուժերը կուղղվեն դեպի Ամուրի ափերը եւ Կենտրոնական Ասիա:

Սեփական նախկին գաղութների հանդեպ արկածախնդրություններով ու բլեֆներով Ռուսաստանը ստեղծել է անհանդուրժողականության եւ թշնամության միջավայր իր դեմ: Մոսկվան հասկանում է, որ որքան էլ սերտ լինեն իր հարաբերությունները խորհրդային նախկին հանրապետությունների հետ, որքան էլ կախված լինեն իրենից տնտեսապես ու քաղաքականապես, քանի դեռ նրանք գոյություն ունեն որպես միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան պետություններ, ռուսներին չի հաջողվի հանգիստ քնել, եւ պետք է սպասել «դավաճանություն» ցանկացած պահի:

Այս երկրների անկախությունը պետք է ոչնչացնել ամեն կերպ, ամենաարմատական ձեւով, որեւէ ուշադրություն չդարձնելով այդ ժողովուրդների ու միջազգային հանրության կարծիքին: ԱՄՆ-ն, օրինակ, իր հզորության պիկին առավելագույնը ինքզինքը թույլ տվեց պատերազմ Աֆղանստանում եւ Իրաքում, բայց ոչ որեւէ ինքնիշխան երկրի «ինքնավարացում»:
Ռուսական կայսրության ողջ պատմությունն ըստ էության բոլոր ժողովուրդների պայքարն է նրա դեմ: Եթե նախկինում ռուսներին անհրաժեշտ էր կայսրություն, ներկայում պետք է նվազագույն սպառում եւ հարմարավետություն, ինչպես նաեւ վարձկաների բանակ, որպեսզի մոռանան հայրենիքին ծառայելու մասին: Ազգի առաջնորդները լավ կանեին մշակեին պաշտպանության երկարաժամկետ հուսալի ռազմավարություն (համենայնդեպս ակտիվ պաշտպանության):

Մոսկվան փորձում է օգտվել համաշխարհային քաղաքականության որոշ խնդիրներից եւ անցնել հարձակման բառացիորեն բոլոր ճակատներով: Դա նման է քաղաքական նախագծման արտաքին կենտրոնների կողմից լավ մշակված՝ ռուսական պետության մահվան նախագծի: Տպավորություն է, որ Արեւելյան գործընկերության նախագծի տապալումը հարմար առիթ էր Ռուսաստանի շրջափակման եւ մեկուսացման համար, եւ ոչ միայն արեւմտյան ուղղությամբ:

Ամերիկացիները Չինաստանին են զիջել Կենտրոնական Ասիայի ընդարձակ տարածքները, այդպիսով հնարավորություն տալով պահանջներ առաջադրել Եվրասիայի հանդեպ: Հիմա Ռուսաստանի հետ կարելի է վարվել ինչպես ուզեն:
ԱՄՆ-ի եւ նրա գործընկերների իրանական նախագիծը շատ վեկտորներ, նպատակներ ու խնդիրներ ուներ, եւ այդ նախագծի ուղղություններից մեկը Ռուսաստանի շրջափակումն է լայն ճակատով, որը ռուսներն անվանում են Հարավային ռազմավարական ուղղություն:

Նախկինում Ռուսաստանը դժգոհ էր Ուկրաինայում տեղի ունեցած երկու «նարնջագույն հեղափոխություններից»: Ներկայում նա Ուկրաինայում ստացավ ազգայնական հեղափոխություն, ավելի ճիշտ՝ ազգային-ազատագրական պայքար ընդդեմ գաղութացման, այսինքն՝ ընդդեմ Ռուսաստանի: Մոսկվան նման շրջադարձի դեռ չէր բախվել: Դժվար է ասել՝ ինչպես դա կանդրադառնա Ուկրաինայի ռուսների եւ ռուսալեզուների վրա: Ռուսներին «Մալոռուսիայում» սպասում է ազգային աղետ, դա արդեն հասկանալի է:

Ո՞ւմ քաղաքականությունն է հանգեցրել դրան: Ռուսական ԶԼՄ-ներն իրենց նողկալի են պահում, ինչպես «Պոմպեի վերջին օրը»: Սակայն ուկրաինացիները երկու անգամ հաղթել են հեղափոխությունը, ընդ որում՝ ոչ այնքան ազգայնական բնույթի: Եւ արդյոք այդ ժողովուրդը չի կարողանալու պահպանել իր անկախությունը: Ինչի՞ վրա է խաղադրույք անում Մոսկվան՝ կերակրատաշտի, իսկ ամենամեծ ռուսական բլեֆը կերակրատաշտն է:

Ղարաբաղը ժամանակին համարվում էր Հայաստանի ամենառուսամետ տարածաշրջանը: Ներկայում, ռուսները լավ կանեն Ղարաբաղ չայցելել, ընդ որում նման կարծիքի են ոչ միայն երիտասարդները, այլեւ ավագ սերունդը: Իրավիճակը Ղարաբաղում այնպիսին է, որ Ադրբեջանին զիջումներ անելու մասով Հայաստանի վրա ճնշում գործադրելու Ռուսաստանի նվազագույն փորձը կհանգեցնի անուղղելի հետեւանքների Հայաստանի քաղաքական ղեկավարության եւ Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի համար:

Իգոր Մուրադյան




Խաղաղ Մայդանում համազգային «Վիչե» է

15.12.2013. Այսօր կիրակի է, և Կիևի Եվրամայդանը, առանց չափազանցության, հարյուրապատկվել է: Կեսօրին Կիևի բնակչությունը սկսեց հոսել դեպի Մայդան, միանալու այնտեղ գիշերող մարզերից ու շրջաններից եկածներին: Մայդանն այսօր գործում է «Կիև, ոտքի՛ ել» կարգախոսով և համազգային «Վիչե» (չշփոթել «վեչե»՝ ժողովի հետ. «վիչե»-ն մոտավոր թարգմանությամբ` ակնդետ կամ ակն ընդ ական): Տեղեկացնեմ, որ Ուկրաինայի իշանությունների դեմ ձևավորված դիմադրությանն աջակցում են Կիևի բոլոր ուղղությունների հոգևորականները:

«Վիչեն» սկսվեց նրանց ելույթով ու աղոթքով: Մայդանում մարդկային ծով է, հոսքը չի դադարում: Մարդիկ արդեն կանգնած են բարիկադներից այն կողմ՝ Կիևի կենտրոնական հրապարակին հարակից փողոցներում: Տեղեկացնեմ նաև, որ Մայդանի ձայնն այնքան հզոր է, որ պարզ լսվում է մոտավորապես 700-800 մետր շառավղով: Այսօր Եվրամայդանում նախատեսված են եվրոպական կառույցների մի շարք ազդեցիկ ներկայացուցիչների ելույթները: Նրանք բոլորն աջակցում են Ուկրաինայի դիմադրությանն ու կոչ անում կանգնել մինչև վերջ, մինչև կիրականանա եվրոպական ժողովրդավարության ճանապարհն ընտրած ժողովրդի կամքը:

Մայդանին ուղղված խոսքով հանդես եկավ Եվրախորհրդարանում Գերմանիայի կանաչների կողմից ընտրված պատգամավոր Ռեբեկա Հարմսը: Ելույթ ունեցավ Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր, երգչուհի Ռուսլանան, ով դիմադրության առաջին պահից Մայդանում է և վայելում է ժողովրդական լայն զանգվածների սերն ու հարգանքը այն բանից հետո, երբ Մայդանում ինքնակամ կազմակերպել է ժողովրդին, նրանց խաղաղության կոչ արել, միաժամանակ ոգևորել ու հարթակից հուշել խուճապի չմատնվել, հավաքվել հարթակի շուրջ ու շղթա կազմել` ոստիկանության հարձակումից և Մայդանը ցրելու փորձից ելքեր գտնելու համար ու հաջողել է:

Տեղեկացնեմ նաև, որ հենց այդ օրը Կիևի հոգևորականները կազմակերպել են ծեծվածներին եկեղեցիներում ապաստան տալու գործը: Այդ օրը, երբ ոստիկանությունը գիշերվա քողի տակ հարձակվել է Մայդանի վրա, հոգևորականները հնչեցրել են Կիևի բոլոր եկեղեցիների զանգերը, իսկ հոգևոր առաջնորդները եկել են Մայդան ու մինչև առավոտ բարձրախոսներով կրկնել` «Կիև, ոտքի՛ ել»: Մայդանին հարակից փողոցում տեղակայված «Միխայլովսկի» մենաստանում գործում է Եվրամայդանում հերթապահողների խմբերին ապաստան, տաք ճաշ ու հագուստ տալու կենտրոնը: Հոգևորականները հեռավոր տեղերից եկածներին տրամադրում են մենաստանի խցերը` հանգստանալու ու տաքանալու համար:

Տեղեկացնեմ նաև, որ բարիկադները կառուցվել են ժողովրդական խաղաղ ցուցը ցրելու փորձից հետո: Սակայն Մայդանը խաղաղ է, և այդ կոչը հնչեցնում են բոլոր ելույթ ունեցողները, այդ թվում՝ եվրոպացիները: Բոլոր ելույթներից հետո անպայման հնչում է՝ «Слава Украини» (փառք Ուկրաինային), և ժողովուրդն արձագանքում է՝ «Героям слава» (հերոսներին` փառք): Այդ արձագանքը հնչում է միաբերան, մեկ վայրկյանում, ընդ որում, ոչ միայն Մայդանում, այլ Կիևի կենտրոնական փողոցներում՝ զարմանալիորեն համահունչ Մայդանին:

Հիշեցնեմ, որ երեկ Մայդանից մի երկու հարյուր մետր հեռավորության վրա նախագահ Յանուկովիչը հավաքել էր «Պարտիյա ռեգիոնիվ» կուսակցության բոլոր անդամներին ու համակիրներին, որոնք էլ իրենց հերթին ավտոբուսներով հեռավոր շրջաններից Յանուկովիչի հետ հանդիպման էին բերել պետական կառույցների աշխատակիցներին` հավաքարարներից մինչև բուժաշխատողներ՝ հակամայդան ձևավորելու նպատակով: Նրա հավաքից հետո մարդիկ միացել էին Եվրամայդանին: Այդ պատճառով Մայդանում տեղակայված շրջանների վրանների շուրջ մարդիկ քառապատկվել են: «Սա մեզ համար հիանալի առիթ էր ձրի Կիև հասնելու»,-մեզ հետ զրույցում նշեց Դնեպրոպետրովսկից ժամանած երիտասարդ բուժաշխատող Մաքսիմ Չուրիկովը:

Մայդանի տեղեկատվական կենտրոնում կամավորական հիմունքներով աշխատող լրագրող Սվյատոսլավ Կովալենկոն տեղեկացրեց, որ անվտանգության ծառայության աշխատակիցները, առանց դադարի, Մայդանում լուսանկարում են ակտիվ քաղաքացիներին՝ հետագայում հսկողության տակ վերցնելու և ահաբեկելու նպատակով: «Գիտե՞ք ինչպես կարելի է նրանց տարբերել` երբ հնչում է Ուկրաինայի հիմնը, նրանք լուռ են, դեմքներին՝ մի տեսակ քարե արտահայտություն ու այս ցրտին՝ թեթեւ կոշիկներով են, որովհետև երկար չեն մնում Մայդանում, հերթափոխով են աշխատում,- ասաց Սվյատոսլավը և հավելեց:- Բայց Մայդանում բոլորն են ակտիվ, իսկ ոստիկանական ջարդերից հետո այդ ակտիվությունն աննկարագրելի աճել է»:

Ուզում եմ անպայման նշել, որ Մայդանում երեկոները լուսավորությունը չի անջատվում, լռության չեն մատնվում հարթակի գերհզոր բարձրախոսները, չեն հանգում Մայդանի տրամադրությունը հեռարձակող հսկայական էկրանները, լուսավորված են անգամ վեր խոյացող «Մայր Ուկրաինա» և հարակից հուշարձանները:

Գայանե ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ



Մինսկի խմբի այցն ու հայ զինծառայողի մահը

Մինսկի խմբի համանախագահները դեկտեմբերի 16-ին Բաքվից ժամանում են Երեւան: Նրանք հանդիպում են ունենալու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Համանախագահների այդ այցի մասին խոսվում էր դեռեւս նոյեմբերի վերջին Վիեննայում կազմակերպված Սարգսյան-Ալիեւ նախագահական հանդիպումից հետո: Հանդիպումից հետո հայտարարվեց, որ դեկտեմբերին համանախագահները կրկին կգան տարածաշրջան, որպեսզի նաեւ աշխատեն հաջորդ տարվա սկզբին նախագահական մակարդակով եւս մի հանդիպում կազմակերպելու ուղղությամբ:

Վիեննայում տեղի ունեցած հանդիպումից հետո տեղի են ունեցել հատկանշական իրադարձություններ: Մոսկվայում տեղի ունեցավ Էրդողան-Պուտին հանդիպում, որի ընթացքում Թուրքիայի վարչապետը հայտարարեց Եվրասիական միության հետ Ազատ առեւտրի համաձայնագիր կնքելու ցանկության մասին, նաեւ ասաց, թե ռուս-թուրքական հարաբերությունը ներկայում կառաջացնի շատերի նախանձը: Պուտինն էլ հայտարարեց Թուրքիայում ատոմակայանի կառուցման 20 միլիարդ դոլարի ծրագրի մասին:

Հետո Պուտինը ժամանեց Հայաստան՝ մի քանի ժամով, առաջինը սակայն ոտք դնելով Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայան եւ այդպիսով ցույց տալով, որ Հայաստանը դիտարկում է որպես ընդամենը ուժային հենարան Ռուսաստանի համար: Պուտինի այցի ընթացքում պարզվեց, որ Հայաստանը 300 միլիոն պարտք ունի Ռուսաստանին, որի դիմաց Մոսկվան ստացավ հերթական գույքը՝ Հայռուսգազարդի հայկական վերջին բաժնեմասը:
Պուտինի այցից հետո շատ կարեւոր հայտարարություն արեց Իրանը: Իրանը Հայաստանում իր դեսպան Մոհամմադ Ռեյիսիի շուրթերով հայտարարեց, որ Երեւանի ցանկության դեպքում Թեհրանը կարող է էժան գազ վաճառել Հայաստանին՝ ռուսականից էժան:

Դրանից հետո Իրան մեկնեց ՌԴ արտգործնախարար Լավրովը, իսկ Երեւան եկավ Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն, մասնակցելու Երեւանում տեղի ունենալիք սեւծովյան տնտեսական գործակցության կազմակերպության հավաքին: Դավութօղլուն հերքեց իր այցից առաջ թուրքական մամուլի տարածած տեղեկությունը, թե Անկարան Հայաստանին առաջարկում է երկու շրջան հանձնել Ադրբեջանին, որի դիմաց կբացվի հայ-թուրքական սահմանը: Մյուս կողմից զարմանալի կլիներ, եթե Թուրքիայի արտգործնախարարը հրապարակավ խոստովաներ, թե այդպիսի բան առաջարկում են: Փոխարենը Դավութօղլուն հայտարարեց Կովկասի Թուրքիայի տեսլականը Երեւանին ներկայացրած լինելու մասին: Իսկ այդ տեսլականում, ինչպես հայտնի է, Ղարաբաղի հարցն ու հայ-թուրքական սահմանը շաղկապվում են: Երեւանն իհարկե պնդեց դրանք չշաղկապելու իր դիրքորոշումը:

Դավութօղլուի երեւանյան այցի նախօրեին Հայաստանում էին Հարավային Կովկասի երեք հանրապետություններում ԱՄՆ դեսպաններն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Էրիկ Ռուբինը: Նրանք Հայաստանում խորհրդակցություն էին անցկացրել միմյանց հետ ու նաեւ հանդիպել Հայաստանի ԱԳՆ ղեկավարին:
Այդպիսով, Վիեննայից հետո տարածաշրջանն ապրել է դիվանագիտական բավական բուռն կյանքով եւ եղել են նույնիսկ ոչ սովորական, գրեթե սենսացիոն հայտարարություններ: Օրինակ, գազի մասով Իրանի դեսպանի հայտարարությունը: Այստեղ հարցը միայն տնտեսությունը չէ: Իրանի առաջարկը հստակ քաղաքական առաջարկ է, որը կարող է էապես փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերը:

Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը տեղի է ունենում այդ բուռն ֆոնին: Հատկանշական է նաեւ, որ նրանց տարածաշրջանային այցի ընթացքում արձանագրվում է շփման գծի հերթական ողբերգությունը՝ ադրբեջանական դիպուկահարը սպանում է հայ զինվորին: Արցախի հարցի բանակցային գործընթացում այդ սահմանային միջադեպերը կարծես թե դարձել են անբաժան ուղեկիցներ, եւ բանակցության հանգրվանները զերծ չեն մնում սահմանային ողբերգություններից:




Իրանն առաջարկել է գազամուղն անցկացնել Հայաստանո՞վ

Համաշխարհային մամուլը գրում է այն մասին, որ Իրանը մտադիր է գազամուղ կառուցել դեպի Եվրոպա, եւ ներկայում որոշվում է առավել շահավետ երթուղին: Թուրքիան առաջարկում է իր տարբերակը, սակայն Իրանն առայժմ դեմ է Ադրբեջանի եւ Թուրքիայի տարածքով գազամուղն անցկացնելու տարբերակին:

Համաշխարհային մամուլը գրում է, թե Իրանը Հայաստանին առաջարկել է գազամուղն անցկացնել նրա տարածքով, Վրաստանով դեպի Սեւ ծով: Դա կարող էր Հայաստանին խոշոր դիվիդենտներ բերել, սակայն դատելով վերջին զարգացումներից, այդ նախագիծը շրջափակվում է: Նշվում է, որ Հայաստանին 100 դոլարով գազ վաճառելու Իրանի առաջարկը կապված է հենց այս նախագծի հետ՝ որպես տրանզիտ երկիր Հայաստանը կարող էր ստանալ էժան գազ:
Իրանից Եվրոպա գազամուղը կառուցվելու է, առավել եւս, որ Թեհրանը համաձայնվել է միջազգային խոշոր ընկերություններին թույլ տալ իր հանքավայրեր: Եվրոպայի 5 երկիր համաձայն են գազ գնել Իրանից: Միաժամանակ, Եվրամիությունը հրաժարվել է Հարավային հոսք գազատարի նախագծից, որի վերաբերյալ պայմանագիրը Ռուսաստանը ստորագրել էր եվրոպական մի շարք երկրների հետ:

Հայաստանի տարածքով իրանական գազատարի անցկացումը բնականաբար ձեռնտու չէ Ռուսաստանին, որը Հայաստանում ստացել է գազի մենաշնորհ: Պուտինը Հայաստանի հետ կնքել է Գազպրոմից տարեկան 2,5 միլիարդ խմ գազ գնելու պայմանագիր, 2014-2018 թթ: Հիշեցնենք, որ Հայաստանը 2012 թ. կարողացել է գնել ընդամենը 1,8 միլիարդ խմ գազ: Դա նշանակում է, որ եթե Հայաստանը չկարողանա գնել 2,5 միլիարդ խմ գազ, ստիպված կլինի տուգանքներ վճարել:
Իրանին ձեռնտու է գազատարի անցկացումը Հայաստանով եւ Վրաստանով, եւ Թեհրանը փորձում է առաջ մղել այդ նախագիծը: Սակայն նա բախվել է Ռուսաստանի դիմադրությանը, որի արդյունքում Հայաստանը կարող է զրկվել սեփական տնտեսությունը զարգացնելու հնարավորությունից:

Գազատարի անցկացման մասին պաշտոնապես չեն հայտարարել ոչ Իրանը, ոչ էլ Հայաստանը: Երեւանը չէր էլ կարող հայտարարել, քանի որ մեր երկրի ղեկավարությունը պաշտպանում է Ռուսաստանի շահերը: Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը ռուսական վառելիքա-էներգետիկ համալիրի ոչ պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում եւ իրացնում է այդ համալիրի շահերը: Թեհրանն էլ չի հայտարարում, քանի որ հարգանքով է վերաբերվում իր գործընկերներին:
Սակայն Իրանը դժվար թե երկար համոզի Հայաստանին, եւ կարող է նաեւ ընտրել Թուրքիայի ու Ադրբեջանի ճանապարհը, որոնք հաճույքով կներգրավվեն այն նոր նախագծերին, որոնք մեկուսացնում են Հայաստանը:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
Lragir.am



Հայաստանի զենքը, որ անհանգստացրել է Մոսկվային

Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում, որին մասնակցում էր ընդամենը մեկ-երկու տասնյակ մարդ, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները Հայաստանին հակատանկային զենք են նվիրել՝ 16 միլիոն դոլարի, ինչի մասին սակայն հանրությանը որեւէ տեղեկություն չի հաղորդվել, իսկ փոխարենը անընդհատ կրկնում են, թե Ռուսաստանը Հայաստանին էժան զենք է վաճառում:

Պարույր Հայրիկյանը հավանաբար նկատի ունի գերմանա-ֆրանսիական արտադրության MILAN հակատանկային հրթիռները, որոնք իրենց տեսակի մեջ ամենաարդյունավետներից են աշխարհում, ըստ ռազմական փորձագետների: Հայաստանի տրամադրության տակ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտադրության այդ սպառազինությունն անհանգստացրել էր նույնիսկ ադրբեջանցիներին, որոնք բողոք էին հղել Հայաստանին այդ զենքի տրամադրման կապակցությամբ:

Սակայն, Հայաստան ՆԱՏՕ-ի զենքի մատակարարման փաստը երեւի ոչ այնքան ադրբեջանցիներին, որքան ռուսներին է անհանգստացրել: Այստեղ խնդիրն այն է, որ տվյալ փաստը կարող է քանդել մի շատ էական կարծրատիպ՝ ռուսական էժան կամ նվեր զենքի, եւ ընդհանրապես Ռուսաստանի՝ որպես Հայաստանի անվտանգության միակ մատակարարի կարծրատիպը, որը Հայաստանում ռուսական ազդեցության հենասյուներից մեկն է:

Եթե Հայաստանի հասարակությունը գործնականում համոզվի, որ մեզ զենք կարող է էժան գնով վաճառել կամ նույնիսկ անվճար տրամադրել նաեւ ՆԱՏՕ-ն, ապա Ռուսաստանի քարոզչության առաջամարտիկներին դժվար կլինի խաղացնել «միակի ու անկրկնելիի» խաղաքարտը: Այստեղ խնդիրը միայն զենքի մատակարարումը կամ նվիրումը չէ: Խնդիրն ավելի լայն է, թեեւ մինչ դրան հասնելը արժե անդրադառնալ մատակարարման առումով մի կարեւոր հանգամանքի:
Պուտինի Հայաստան կատարած այցի արդյունք որպես հայտարարվեց, թե Հայաստանը կարող է սրանից հետո Ռուսաստանից զենք ձեռք բերել արտոնյալ պայմաններով՝ որպես ՀԱՊԿ անդամ:

Այս հայտարարությունը պարզ հարց է առաջացնում. բայց չէ որ Հայաստանը նոր չէ ՀԱՊԿ անդամ, ուրեմն ինչու է արտոնյալ պայմանով զենքի ձեռքբերման համաձայնություն կամ պայմանագիր նոր ստորագրվում: Իսկ մինչեւ հիմա Հայաստանն ինչպե՞ս է զենք ձեռք բերել Ռուսաստանից: Այստեղ իհարկե իրավիճակը հետաքրքիր է, որովհետեւ իրավիճակին լավատեղյակ անձինք նշում են, իհարկե պաշտոնի բերումով ցանկանալով մնալ անանուն, որ Ռուսաստանը Հայաստանին էժան գնով տրամադրել է միայն հնացած զինատեսակները, իսկ նոր սպառազինությունները, որ նա օրինակ վաճառում է Ադրբեջանին, Հայաստանին եւս առաջարկվում է միայն շուկայական գնով: Փոխարենը, բոլոր հնարավոր աղբյուրներով գեներացվում է իբր զենքի էժան մատակարարի կամ նվիրատուի միֆը:

Այժմ, ՆԱՏՕ-ի սպառազինության պարագայի ավելի լայն համատեքստի մասին: Խնդիրն այստեղ միայն մատակարարման ռուսական միֆերի անէացումը չէ: Խնդիրն այստեղ ընդհանրապես առնչվում է Հայաստանի անվտանգությանը եւ այն դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությանն ու հնարավորություններին:

Հայաստանում սեպտեմբերի 3-ից հետո հաճախ կարելի է լսել՝ դեմքի տարաբնույթ արտահայտությամբ գործիչներից, թե Հայաստանի համար առաջնայինն անվտանգության հարցն է, իսկ Եվրամիությունը Հայաստանին անվտանգության որեւէ առաջարկ չի արել, այդպիսի առաջարկ Հայաստանը միայն Ռուսաստանից է ստանում:
ՆԱՏՕ-ի սպառազինության փաստը կոտրում է հենց այդ միֆը, ինչը էապես փոխում է իրերի վիճակը թե հայ-ռուսական հարաբերության, թե կովկասյան զարգացումների առումով:

Շատերը դեմքի նույն տարաբնույթ արտահայտությամբ պնդում են, թե Եվրամիությունն ինքը անվտանգության սպառող է եւ բնականաբար չէր կարող Հայաստանին ոչինչ առաջարկել: Այդ հայտարարությունն իրականում պարզ դասագրքային մանիպուլյացիա է: Եվրամիությունն անվտանգության սպառող չէ, Եվրամիությունն անվտանգության համակարգի տնտեսա-քաղաքական բաղադրիչներից մեկն է՝ այն համակարգի, որը կոչվում է ՆԱՏՕ: Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն հանդիսանում են եվրատլանտյան հանրույթի կառուցվածքային մի ամբողջություն: Դրանք կարելի է զատել դասագրքերում եւ ուսումնական ձեռնարկներում, սակայն ոչ իրական քաղաքականության մեջ:

Իսկ թե ինչու Հայաստանի հանդեպ չեն հնչեցվել անվտանգության առաջարկներ, երեւի թե դժվար չէ հասկանալ: Նախ, դրանց ժամանակից շուտ հրապարակայնացումը Հայաստանի համար ավելորդ խնդիրներ էր ստեղծելու Ռուսաստանի հետ հարաբերության առումով: Բացի այդ, խնդիրը չափազանց լուրջ էր անլուրջ մոտեցման ենթարկելու համար, եւ քանի դեռ Հայաստանն ինքը գործնական մեսիջով չի հայտնել Եվրամիության ու ՆԱՏՕ-ի հետ քաղաքական նոր որակի հարաբերության հաստատման քաղաքական որոշման մասին,- իսկ այդ մեսիջը լինելու էր Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը,- եվրատլանտյան հանրույթի համար Հայաստանի հետ անվտանգության որակապես նոր նախագծեր քննարկելը հավասարազոր կլիներ խաղաքարտերը ժամանակից շուտ բացելուն:

Ամենեւին պատահական չէ, որ Ռուսաստանը սեպտեմբերի 3-ից հետո կովկասյան քաղաքականության մեջ ավելացրել է ռազմական շեշտադրումները, իսկ Պուտինը Հայաստան այցելեց հենց միայն դրա համար: Նա Գյումրիից բռունցք էր ցույց տալիս հենց ՆԱՏՕ-ին, ոչ թե Թուրքիային կամ Ադրբեջանին, որոնց հետ եղբայրական ռազմավարական հարաբերություն է կառուցում: Պուտինի այդ ռազմական արձագանքը բոլորովին պատահական չէր եւ վկայում էր, որ Հայաստանին իրականում եղել են անվտանգության առաջարկներ եվրաատլանտյան հանրույթից, եւ հենց այդ պատճառով է Պուտինը Երեւանից հրթիռներ թափահարել Արեւմուտքի ուղղությամբ՝ թե այստեղ իր հրթիռներն են եւ թույլ չի տա, որ տեղակայվեն այլոց սպառազինությունները:

Ի դեպ, հենց այդ առումով նաեւ ամենեւին պատահական չէ, որ Ռուսաստանը ՀԱՊԿ շրջանակում պարտադրված համաձայնագրով արգելափակել է Հայաստանի որեւէ ենթակառուցվածքային հարաբերություն երրորդ երկրների հետ: Այդ ամենի պատճառն այն է, որ եվրատլանտյան ուղղությամբ Հայաստանի համար գծագրվել են միանգամայն իրատեսական անվտանգության հեռանկարներ եւ այլընտրանք ռուսական մոնոպոլիային:
Այնպես որ, հայտարարությունները, թե Հայաստանն իր որոշումը կայացրել է անվտանգության գերակայությունից ելնելով, անգամ ամանորյա հեքիաթ լինելու համար պիտանի չեն: Հայաստանի իշխանությունն իր որոշումը կայացրել է բացառապես անձնական անվտանգության նկատառումներով, որեւէ այլ հարց այդ իշխանությանը չի հուզել:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ



Պատասխանի իրավունքով

Վարդան Հակոբյանը վերջապես հանեց դիմակը
(Զգույշ եղեք, «վարդանհակոբյանիզմ» է)

Անկեղծ ասած, չեմ հասկանում, թե «Ազգ» թերթն ինչու է կրկին անդրադարձել բառացիորեն նույն զրպարտությանը, երբ այն տարիներ առաջ արժանի պատասխան ու հակահարված էր ստացել թե՛ արցախյան, թե՛ երևանյան մամուլում (Պամֆլետ, որ «փոթորիկ» է առաջ բերել ԼՂՀ ԳՄ «նախագահությունում» («Տարեգիր», Երեւան, 06.03.2008), «Մարտադաշտ»՝ բացված պատերազմից հետո («Տարեգիր», «Նոր էջ», 06.03.2009), «Մեդալի» հակառակ կողմը կամ՝ ԼՂՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը՝ փակագծերից դուրս («Տարեգիր», փետրվար, 2009 թ.), Նորից սուտ ու կեղծիք և նորից՝ համեմված ինքնաթմբկահարմամբ («Նոր էջ», 23.03.2009)։ Պատասխան հոդվածներ են տպվել նաև «Ազգ»-ում (Երբ ցինիզմը, իրոք, սահմաններ չի ճանաչում («Ազգ», 06-12-2008), Դարձյալ Վազգեն Օվյանի և մի «համախոսականի» մասին («Ազգ», 10-05-2009)), «Հրապարակ» թերթում և «Հետք»-ում։

Վաղուց էի ուզում Վարդան Հակոբյանի գրական շանտաժին հոդվածով պատասխանել։ Պատճառն այն չէ, որ ես ավելի քաջածանոթ եմ Վազգեն Օվյանի գրական ժառանգությանը, Հակոբյանից մի քանի անգամ ավելի հայ, ռուս ու համաշխարհային գրականություն գիտեմ՝ նաև բնագրերով, այլ այն, որ երբ կենդանի էր Վազգեն Օվյանն ու մանկագիր Գուրգեն Գաբրիելյանի հետ Արցախում ժողովրդականություն վայելող գրողն էր, ժողովրդի կողմից սիրված ու հարգված, ես ոչինչ չեմ լսել Հակոբյան Վարդանի մասին։ Ու հիմա սա, Օվյանի մահից հետո ժամանակ առ ժամանակ զրպարտություններ է տպում մի գրողի, սիրված ու հարգված մտավորականի մասին, որի ժողովրդականության մեկ տոկոսը չունի։

Ամեն անգամ, երբ լույս է տեսնում Վազգեն Օվյանի հերթական ժողովածուն, Վարդան Հակոբյանը «գրական» շանտաժ է սկսում նրա անվան, գրական ժառանգության դեմ։ Այդպես եղավ 2002 թ.՝ գրողի 70-ամյակի կապակցությամբ «Լեռների լեգենդը» գրքի տպագրությունից հետո, այդպես էր նաև Վազգեն Օվյանի 75-ամյակի ժամանակ։ Բոլոր այդ արշավներում զրպարտիչը պարտվել է, որովհետև նրա զրպարտագրերին ու հերյուրանքներին ի պատասխան տպագրվել են փաստերով հիմնավորված հոդվածներ, ներառյալ՝ վերջինիս մարդկային ու բարոյական նկարագրի մասին։

Վազգեն Օվյանի 80-ամյակի կապակցությամբ վերջերս Ստեփանակերտում պետական հովանավորությամբ լույս է տեսել նրա երկհատորյակը։ Եվ ԼՂՀ ԳՄ ղեկավարը, որ արդեն 30 տարի սեփականաշնորհած պահում է իր աթոռը, դարձյալ գործի է անցել։ Նախկին զրպարտագրերից գիտենք, որ սովորաբար նա թաքնվում է ուրիշների ստորագրության հետևում։ Այս անգամ խախտել է «դարավոր» ավանդույթը. Հակոբյանն իր զրպարտությունները հրապարակել է սեփական ստորագրությամբ։ Կարելի է գուշակել, որ ոչ ոք այլևս չի ուզում մասնակցել վարդանհակոբյանական անփառունակ ու այլանդակ արշավին։

Նախորդ «հոդվածներից» ծանոթ լինելով Հակոբյանի բարոյական, մարդկային որակներին, կարծում եմ, որ հերթական շանտաժը սկսելու «հիմնավոր» պատճառներ ունի. վերջին ժամանակները նրա մասին տպագրվել են հոդվածներ, որոնց վերնագրերը նույնիսկ շատ խոսուն են՝ «Գրական միջակությունները սողոսկել են Վիքիպեդիա», «1915-ին վախճանված մարդը հանդիպել է Պարույր Սևակի հետ», «Բոլոր «վկաները» մահացած են, բացի մեկից»։ Դրանցից առաջինն այն մասին է, թե ինչպես Վարդան Հակոբյանը գողացել-պատճենել է «Վիքիպեդիայում» տեղադրված, Հայոց Մեծ եղեռնի նահատակ Վարդան Հակոբյան-Հեսու վարդապետի էջը, բայց մոռացել է սրբապղծության հետքերը «մաքրել»։ Ստացվել է, որ բանաստեղծ Վարդան Հակոբյանը ծնվել է 1948 թ. Արփագյադուկ գյուղում, վախճանվել 1915 թ.՝ «Մուշից ոչ հեռու»... Մյուս երկուսն այն մասին են, թե ինչպես է կեղծ ու սուտ «հուշեր» հորինել իր և Պարույր Սևակի հանդիպման վերաբերյալ, որտեղ Սևակը Բաքվի մանկավարժականի մեթոդիկայի բաժնի 2-րդ կուրսի ուսանող Սլավիկ-Վարդան Հակոբյանին իբր ասել է՝ «Աստված ձեզ ուղարկեց»...

Հերթական գրական շանտաժի համար ուրիշ «հիմնավոր» պատճառներ էլ կան։ Այդ մարդն ամեն ինչ ունի՝ հաստատ Հայաստանի ու Արցախի ամենահարուստ գրողներից է, Ստեփանակերտում մի քանի հարկանի ապարանք ունի, մասնավոր համալսարան ունի, արտասահմանյան շիք ավտոմեքենա ունի, պետական պատվերով տռուզ ու ճոխ հատորներ է տպում, մրցանակներից-բանից բավականին ճանկել է, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ է նույնիսկ, հայ ընթերցողի կարոտից դարակներին հալումաշ լինող ու փոշի հավաքող իր գրքերը Երևանում թարգմանել է տվել տարբեր լեզուներով (թե ո՞ւմ համար և ինչո՞ւ, դա այլ հարց է. կարևորը երևույթն է), բայց արի ու տես, որ այդ աներես փառքը երես է թեքել նրանից։ Նրա տեքստով Արցախի հիմնը ոչ ոք չգիտե, բացի երեխաներից, որոնց դպրոցներում պարտադրում են անգիր սովորել ժողովրդի սրտից չբխող թույլ ոտանավորը։ Ընթերցողն էլ ասես նրա ջգրու չի սիրում, չի հարգում, չի կարդում այդ բանաստեղծին։ Մի «հիմնավոր» ցավ էլ կա.

Երբ փոքրիկ էի՝ ուզում էի ձի ունենալ,
երբ փոքրիկ չէի՝ ուզում էի ձի ունենալ,
երբ արդեն մեծ եմ՝ կուզեի ձի ունենալ…

Նրա տողերն են։ Զգո՞ւմ եք ողբերգության չափը։ Մարդը մանկությունից երազել է ձի ունենալ, արդեն ծերացել է, փող ու շիք ավտոմեքենա ունի, բայց մանկության երազանքը մնացել է թղթի վրա՝ չկարողացավ ձի ունենալ։ Միայն թե չասեք, թե Արցախյան շարժումից հետո կուտակած հարստությամբ չի կարող ոչ միայն մեկ, այլ առնվազն հարյուր մեկ ձի և հսկա մի ձիաբուծարան ունենալ...

Վերջապես ամենամեծ ցավը. արդեն 20 տարի նրան հանգիստ չի տալիս Վազգեն Օվյանի պամֆլետը, որի բնաբանը Հակոբյանի մի բանաստեղծության «Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին» տողն է.

Ես անկեղծորեն հավատում եմ քեզ,
Դու Ղարաբաղի մասին երգ չունես,
Եվ բանաստեղծի սիրտ չունես մաքուր,
Դու հոնորար ես բառերից սարքում:

Քոնը կեղծելն ու շողոքորթելն է,
Քոնը քծնությամբ պաշտոն շորթելն է,
Քոնը իրար դեմ մարդկանց լարելն է,
Քոնը ամբիոնից ստից ճառելն է:

Քոնը սակարկել, դռներ բախելն է,
Քոնը, ընչաքաղց, առնել-ծախելն է,
Քոնը շանտաժն ու վայրահաչելն է,
Քեզնից ուժեղի ոտքը պաչելն է:

Մատնելն է քոնը, քոնը փքվելն է,
Քոնը սրբության վրա թքելն է:
Դու երկու տիրոջ ոտք լիզող շուն ես,
Դու Ղարաբաղի մասին երգ չունես:

Մամուլում այս բանաստեղծությունը սխալմամբ պարոդիա են անվանում։ Իմ կարծիքով, սա պամֆլետ է, որտեղ խտացված է մարդու մի տեսակի կերպար, բնավորություն, ապրելակերպ...

Մոտավորապես այդպիսի տողեր ենք գտնում իմ համադասարանցու հոր՝ մշակույթի վաստակաշատ գործիչ, արցախագետ Շահեն Մկրտչյանի Վարդան Հակոբյանին ուղղված նամակում. «Դու ասպարեզ ես ելել մի հզոր բարերարի՝ Կևորկովի հովանավորությամբ: Մի հանգամանք, որը չէր կարող չազդել քո եսակենտրոն մտածողության վրա: Վաղուց նկատվել էր, որ դու քո գործունեության ընթացքում դրսևորում ես ընդգծված սուբյեկտիվ մոտեցումներ: Հավանաբար դու չես զգում, որ արդեն կտրվել ես լայն շրջապատից և պարզապես անհնար է դարձել թոթափելու գավառականության քեզ համար շատ նեղվածք գիրկը: Նաև դա է պատճառը, որ Վարդան բանաստեղծը չի գրավում իր հաստատուն տեղը ազգային գրականության մեջ, թեև շատ հեշտությամբ մեկը մյուսի հետևից գրքեր է ասպարեզ հանում:

Էլ չենք խոսում տեղի-անտեղի փառաբանող մենագրության, գրախոսականների մասին։ Իբրև համագյուղացի, մի քիչ էլ բարեկամ, խորհուրդ կտայի, որ մանր-մունր քինախնդիր բաները մի կողմ թողնես և զբաղվես ավելի լուրջ գործերով: Վերջակետ դնես «քողարկված» ստորացուցիչ մուրացկանությանը, կարևոր հարցերը սեփական ստամոքսի պրիզմայով լուծելու գեշ սովորությանը և քեզ վստահված բնագավառում միշտ առաջնորդվես ազգային պետականության շահերով: Երեկ քեզ դիտողություն անողներին լռեցնում էիր Կևորկովի հետ ունեցած քո ջերմ հարաբերություններով, իսկ այսօր, դրության տեր պաշտոնյաների անունները շահարկելով, փորձում ես նույնը կատարելու»:

Ի դեպ, երբ Վազգեն Օվյանի «Այս Ղարաբաղն է» ժողովածուն, որ 2002 թ. ես եմ հովանավորել ու տպագրել Ռուսաստանում, նվիրել էի Շ. Մկրտչյանին, օրեր հետո նա ասել է, որ երբեք չի իմացել, թե Օվյանն այդքան հրաշալի գործեր է ստեղծել...

Ուրիշների կողմից փայլուն կերտած իր դիմանկարի համար սար ու ձոր ընկնելուց առաջ Հակոբյանը թող հիշի, թե տարիներ առաջ իր ավագ գրչակից, ճանաչված մանկագիր Գուրգեն Գաբրիելյանի հետ գժտվելուց հետո ինչպիսի ստոր տողեր է տպագրել նրա դեմ («Սովետական Ղարաբաղ», 30 նոյեմբերի 1986 թ.)՝ «Գամփռը» վերնագրով.

Հենց որ կեր են մեջտեղ հանում,
Վրա տալիս, «համփ» է անում,
Մինչ մոտենան ուրիշները,
Սրա-նրա բաժինն առնում։
Ինչքան էլ տան, էլի կուզի,
Աչքը երբեք չի կշտանում,
Ձվից անգամ մազ կխուզի,
Որ լակ լինի լակամանում։
 Այստեղից էլ՝ «խասյաթը» շան,
Որ մնում է միշտ նրանում.
Իր բաժինն էլ թե իրեն տան,
Էլի մի կենտ «համփ» է անում։
 «Համփն» էլ ոչինչ, շուն է, էլի,
Դրա մասին չենք մտածում.
Ցավն ուրիշ է, կեր վերցնելիս
Ձեռքդ էլ է հաճախ կծում։

Երևի մեկնաբանելու կարիք չկա, թե սա ավելի շատ ում է բնութագրում։ Այսօր դա ավելի ցայտուն երևում է։ Բայց «վերադառնանք մեր ոչխարներին»։

«Ազգ» թերթում տպագրված Հակոբյանի, այսպես ասած, հոդվածում նոր ոչինչ չգտանք։ Դրանք նույնությամբ մեջբերված են նրա նախկին զրպարտագրերից, որոնք մինչ այդ տպագրել էր ուրիշների ստորագրությամբ։ Այս տեքստով նա փաստորեն բացեց խաղաքարտերը, հանեց դիմակը՝ ցույց տալով, որ նախորդ հերյուրանքները դուրս են եկել նույն գրչի, ի՛ր գրչի տակից։ Այդ բոլորը ժամանակին քննադատվել, հերքվել է ու անիմաստ եմ համարում դրանց անդրադառնալը։ Բայց Հակոբյանը երևի հաստատ լսել է, որ սուտը բազմիցս կրկնելուց, կարող է ընկալվել որպես ճշմարտություն։ Ու իր հին դարմանը կրկին ասպարեզ է հանել... Ինչպես իր նախորդ զրպարտագրերում, այստեղ ևս Հակոբյանը գրում է, որ Օվյանը «ծաղրուծանակի է ենթարկել զորավար Անդրանիկին»։ Ուզում եմ նրան պատասխանել Վարդգես Օվյանի նախկին պատասխան հոդվածից այս մեջբերմամբ. «Ստի հերն անիծած, թե Վազգեն Օվյանի ստեղծագործություններում Անդրանիկի մասին նման տող կա...»։ Ինչո՞ւ չես նշում տեղը, որ կարդանք ու մենք էլ իմանանք։ Կամ որքա՞ն է բարոյական գրքի մի հատվածից, որտեղ երկու հերոս վիճում են իրար հետ, նրանցից մեկը անպատվում է Դրոյին ու Նժդեհին, իսկ մյուսը նրանց անվանում է «ազգային փառապանծ հերոսներ», «ազգի համար կյանք տվող» և այլն (Վ. Օվյան, «Խանքենդի», Բաքու, 1973 թ., էջ 41-42), հերոսներից առաջինի խոսքը դիտավորյալ ու ստորաբար ներկայացնել որպես Օվյանի խոսք։

Ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշենք, որ Հակոբյանը որոշ նոր «շտրիխներ» է ավելացրել իր զրպարտագրին։ Գրում է, որ իբր Օվյանը «1980-ական թվականների երկրորդ կեսին, երբ Արցախում վերստին արթնանում էր Հայաստանի հետ վերամիավորման համաժողովրդական շարժումը, ԼՂ ԳՄ ներկայացրեց իր «ընտրանին», որտեղ ներառված էին նաև «Խանքենդի» վիպակը...» և այլն։

Այս հոդվածը գրելուց առաջ ես մի ամբողջ օր զրուցել եմ Վարդգես Օվյանի հետ, անձամբ ծանոթացել բազմաթիվ փաստաթղթերի ու մանրամասների։ 1985 թ. փետրվարից անկողնուն գամված գրողը չէր կարող «1980-ական թվականների երկրորդ կեսին ԼՂ ԳՄ ներկայացնել» իր գիրքը, որովհետև իր գիրքը մինչ հիվանդանալն ուղարկել էր Երևան։ Ինչ վերաբերում է Հակոբյանի հայտնած Արցախի՝ «Հայաստանի հետ վերամիավորման համաժողովրդական շարժմանը», դա սկսվել է Վազգեն Օվյանի մահից մի տարի հետո։ Պետք չէր բազում կեղծիքին ավելացնել ևս մի ճչացող սուտ։

«Հայրս պատրաստել էր վիպակի միանգամայն նոր, ավելի սեղմ տարբերակ՝ «Լեռնակերտ» անվամբ և ուղարկել Երևան՝ իր այլ գործերի հետ միասին,- զրույցի ժամանակ ասաց Վազգեն Օվյանի գրող, հրապարակախոս որդին՝ Վարդգեսը։- Ձեռագրերը շատ տարիներ հետո իմ ընկեր, ԼՂՀ մշակույթի և կրթության նախկին նախարար Կամո Աթայանի աջակցությամբ մի կերպ գտնվել են երևանյան հրատարակչության արխիվում (ծանր հիվանդ հայրս հնարավորություն չուներ իր գրքի ճակատագրով զբաղվելու)։ Դրանք Կ. Աթայանը Ստեփանակերտ էր ուղարկել ԼՂՀ նախկին ԳԽ նախագահ Գեորգի Պետրոսյանի միջոցով։ Այդպես էլ լույս չտեսած այդ գրքի համար գրախոսություն էր գրել Վահագն Մուղնեցյանը։ Այն հիմա մեզ մոտ է, հորս արխիվում՝ Մուղնեցյանի ստորագրությամբ։ Այնտեղ վերջինս խոսում է նաև «Լեռնակերտ», ոչ թե «Խանքենդի» վիպակի մասին։ Երևանից բերված այդ գործերը ես զետեղել եմ հորս 70-ամյակի կապակցությամբ լույս տեսած գրքում»։

Արդեն մի քանի անգամ գրվել է, որ Վազգեն Օվյանի վիպակը 1971 և 1975 թվականներին «Գրական Ադրբեջան» ասագրում տպագրվել էր «Խանքենդուց մինչև Ստեփանակերտ» վերնագրով։ Դժվար չէ հասկանալ, որ 1973 թ. առանձին գրքով լույս տեսած վիպակը Օվյանը չէր անվանել «Խանքենդի», այլ խմբագիրը։ Հակառակ դեպքում Վազգեն Օվյանը 1975 թ. տպագրված մասը չէր թողնի «Խանքենդուց մինչև Ստեփանակերտ» վերնագրով։

«Հորս մահից հետո ես էի Արցախի ԳՄ ներկայացրել նրա ձեռագիրը, բայց ոչ թե Հակոբյանի հնարած ժողովածուն, այլ «Կուսապատի արծիվը» վեպը։ Թե ինչու «Կուսապատի արծիվը» հետո «մամուլում տպագրվում է «Ղարաբաղի արծիվը», իսկ արդեն ժողովածուում՝ «Արցախի արծիվը» վերնագրով», այդ հարցի հիմնավորված պատասխանը մեծ զրպարտիչը կարող է ստանալ պարբերականի և ժողովածուի խմբագրից»,- ասաց Վարդգես Օվյանը:

Ոչ մեկի համար արդեն գաղտնիք չէ, որ Հակոբյանի թույն ու մաղձի հիմնական պատճառը Օվյանի պամֆլետն է։ Այս դիմանկարի համար Հակոբյանը թող իրեն մեղադրի։ Իսկական գրողը պատկերում է այն, ինչ տեսնում է։ Այդ պամֆլետը Օվյանի որդին է տպագրել հոր այլ գործերի հետ։ Հակոբյանը անձնական կռիվ ունի, թող Վարդգես Օվյանի հետ անի։ Ինչո՞ւ է այլանդակ զրպարտություններ հնարում նրա հոր դեմ, ով հիմա չի կարող իրեն պատասխանել։ Հակառակ կողմն էլ նույն ոգով կարող է հայտարարել, որ Հակոբյանի հայրը հայտնի դանոսչիկ է եղել, և երբ համագյուղացիները գլխի են ընկել դա, ընտանիքով փախել է Ստեփանակերտ։

Այսօր, երբ Արցախի ու հայ ժողովրդի գլխին նորից սև ամպեր են կուտակվում, 30 տարի խարունակ ինտրիգներով ԳՄ հասարակական կազմակերպության ղեկավարի աթոռը զբաղեցնող մարդը կրկին փորձում է անձնական խնդիրներ լուծել, ինչպես Արցախյան շարժման նախօրերին իր ստորադրյալի ստորագրությամբ զրպարտչական նամակ էր ուղարկում Ադրբեջանի ԳՄ՝ ուղղված գրչակից Գուրգեն Գաբրիելյանի դեմ։ Վարդան Հակոբյանի մեթոդն է՝ ուրիշների ստորագրությամբ «նյութեր» գրել, հետո դրանք վկայակոչելով՝  հարձակման անցնել։ «Վարդանհակոբյանիզմը» մի ուրիշ առանձնահատկություն էլ ունի. սիրում է «մեջբերումներ» անել մահացած մարդկանց խոսքերից, հիմնականում այն մարդկանց, ովքեր նման արտահայտություններ են արել հենց իր հասցեին։

Հոդվածս ուզում եմ ավարտել Վարդգես Օվյանի խոսքով. «Դրա զառանցանքներից ես ոչ զարմանում եմ, ոչ զայրանում։ Ուրիշ ի՞նչ կարող ես ակնկալել մեկից, ով նայում է աչքերիդ մեջ, երդվում և անամոթաբար ստում։ Եթե նոր զրպարտչական արշավ սկսելով հույսը դրել է նրա վրա, որ «Նոր էջ» թերթի տպագիր տարբերակը չի գործում, ապա հիշեցնեմ, որ թերթի տպագրությունը ժամանակավոր է դադարեցված (կայքն ու բլոգը կայուն գործում են), ու ցանկացած պահի կարող եմ այն վերսկսել և նոր փաստերով ցույց տալ, թե ինչ ասել է «վարդանհակոբյան» երևույթ»։

Իմ կողմից հայտնեմ՝ եթե զրպարտիչը կրկին փորձի խեղաթյուրել, կեղծել իրականությունը, ստիպված եմ լինելու մամուլում բացահայտել նրա «ազգանվեր» գործունեությունը 1988-94 թվականներին, նաև նոր հերոսությունները։

ՎԱՀՐԱՄ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ


Օլիմպիական մղձավանջ Պուտինի համար

Հայտնի է դարձել, որ Եվրոպական առաջատար պետությունները եւ Եվրամիությունը հրաժարվել են պաշտոնական պատվիրակության մակարդակով մասնակցել Սոչիի ձմեռային Օլիմպիադային: Սա բավական լուրջ քաղաքական ակցիա է ընդդեմ Ռուսաստանի ղեկավարության վարած քաղաքականության եւ լիովին տեղավորվում է Ռուսաստանի միջազգային մեկուսացման եւ շրջափակման ներկայիս քաղաքականության տրամաբանության մեջ:

Սոչիի օլիմպիադան ընդհանրապես վեր է ածվում խիստ խորհրդանշական իրադարձության, որը վեր է զուտ մարզական միջոցառումից եւ ցույց է տալիս Ռուսաստանի իրական ներքին ու արտաքին իրավիճակը:
Նախ, օլիմպիադայի նախապատրաստությունն իր ողջ հմայքով ցուցադրեց Ռուսաստանի ներքին կյանքի բոլոր արատները՝ պետական մակարդակի կոռուպցիա, գողություն, փողերի բազմաշերտ լվացում, հովանավորչություն, ցուցամոլություն եւ այլն: Ծախսվել, ավելի շուտ գողացվել է այնքան փող, որով կարելի էր մի քանի օլիմպիադա անցկացնել:

Այս ամենը տեղի էր ունենում Ռուսաստանի կոշտացող արտաքին քաղաքականության ֆոնին: Պուտինը պատերազմ է հայտարարել բոլորին եւ փորձում է վերականգնել կայսրությունը, ճնշումներ գործադրելով նախեւառաջ նախկին խորհրդային հանրապետությունների վրա: Երկրում կրճատվում են սոցիալական եւ հումանիտար ծրագրերը եւ միջոցներն ուղղվում են սպառազինությունների մրցավազքին: Նկատելի է, որ Արեւմուտքը «խրախուսում» է այս երեւույթը, Ռուսաստանին ներքաշելով ռազմական հսկայական ծախսերի մեջ:

Ռուսաստանի տնտեսական ծանր իրավիճակի, տոտալ գողության, կապիտալի աննախադեպ արտահոսքի եւ էներգետիկ շուկաներում կոնյուկտուրայի՝ Ռուսաստանի համար անբարենպաստ փոփոխության ֆոնին, Մոսկվայի համար կայսրության անհրաժեշտ ծախսերը կարող են վերածվել տնտեսական ու քաղաքական կոլապսի: Այն կանխելու համար, Մոսկվան փորձում է իր հարեւանների հաշվին նոր «արյուն» ու միջոցներ ներգրավել, ընդ որում՝ ամենակոպիտ ու ստոր միջոցներով, ինչը հարուցում է այդ հարեւանների ատելությունը, որն ինչ որ պահի զգացնել է տալու ամենաանսպասելի դրսեւորումներով:
Սոչիի օլիմպիադան լինելու է այս զարգացումների յուրատեսակ բաց մեկնարկը: Պուտինն իր կայսերական միջոցառումն՝ օլիմպիադան բացելու է իր նման անհաջողակ նախագահների շրջապատում, նրանց ցուցադրելով սեփական «վեհությունը»:




Իսկական կազակը պայքարում է հանուն քրիստոնեական հավատի, հանուն հայրենիքի և հանուն պետականության

Հարցազրույց Միացյալ Հայկական կազակական ուժերի միասնության ռազմահայրենասիրական կառույցի գլխավոր շտաբի պետի օգնական, գնդապետ Կարեն Վարդանյանի հետ

Կազակությունը Հայաստանում բազմադարյա պատմություն ունի, բազմաթիվ պատերազմների ընթացքում կողք-կողքի կռվել են կազակները հայ զինվորների հետ միասին՝ պաշտպանելով երբևէ մեկ միասնական հայրենիքի սահմաններն ու հողատարածքները: Դոնի, Թերեքի և Կուբանի կազակական զորքերի հրետամարտկոցները, գումարտակները, զորագնդերը և դիվիզիաները, որոնք առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում մասնակցել են թուրքերի և պարսիկների դեմ մղվող բազմաթիվ պատերազմներին, հավերժ հետք են թողել հայ ժողովրդի հիշողության մեջ: Կազակների անուններով և կոչումներով  զիվորական գերեզմանատներն ու եղբայրական գերեզմաններն անհամար են Հայաստանի բիբլիական հողում: Փրկված և վերականգնված պատմական հուշահամալիրներն ու հուշարձանները, կազակական պահակակետերը, ավանները, զորանոցները, ամրոցներն ու եկեղեցիները, ասես, ապացույց են հայ-մարտիկի և կազակի փառավոր մարտական ուղու:

2005 թվականի հոկտեմբերի 9-ին Երևան քաղաքի «Քանաքեռ» շրջանում կանգնեցվեց  «Հուշարձան կազակին» հուշակոթողը, իսկ 2008 թվականի դեկտեմբերի 30-ին կայացավ վերականգնված կազակական քաղաքամուտք «Անիպեմզայի» բացումը՝  Լենինականի սահմանամերձ տարածքում:

Միացյալ Հայկական Կազակական Ուժերի Միասնությունը  ստեղծվել է Հայաստանում 2011 թվականի հուլիսի 28-ին: Միասնության կազմի մեջ մտնում են  արդեն  հարյուրավոր մարդիկ՝ Հայատանի Ազգային Ակադեմիայի գիտաշխատողներ, պատմաբաններ, կադրային զինվորականներ, երիտասարդներ, կազակներ ոչ միայն Հայաստանից, այլ նաև Ռուսաստանի և Ուկրաինայի տարբեր մարզերից:

Միասնության հիմնադիրներն են՝ կազակական զորքերի գեներալ-լեյտենանտ Նվեր Թորոսյանը և կազակական զորքերի գեներալ-մայոր Արթուր Մաքսապետյանը, ով զբաղեցնում է շտաբի ղեկավարի պաշտոնը:


- Մի քանի խոսքով կպատմեք թե ինչով է զբաղվում ձեր կազմակերպությունը
- Մեր կազմակերպությունը զբաղվում է՝Հայաստանի Հանրապետության տարածքում  հայ կազակների համախմբմամբ: Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և  Բելառուսի  կազակների հետ բարեկամական կապերի պահպանմամբ: Աշխատանքներ՝ նվիրված ամբողջ աշխարհի կազակական միությունների և այլ կազմակերպությունների հետագա բարեկամական համագործակցության զարգացմանը: Տարբեր պետական և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ գործունեությամբ՝ ի նպաստ կազակական ավանդույթների, մշակույթի և ապրելակերպի պահպանմանը: Կազակներին և ռուս սպաներին նվիրված հուշարձանների շինարարության և վերականգնման աշխատանքներով, կազակական պատմական դիրքերի վերականգնմամբ: Ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմներին կազակական զորքերի կազմում հայ կազակների  մասնակցությունը հաստատող պատմական փաստաթղթերի որոնմամբ  և հրատարակմամբ: Կազակական ոգով լցված մարդկանց համախմբմամբ:

- Հայրենասեր մարդու Ձեր բնորոշումը:
- Ընտանիքի պետականությունը, Հայ Առաքելական պետական եկեղեցուն նվիրվելը:

- Մենք ունե՞նք լավ հայ կազակներ:
- Իհարկե, ունենք՝ «Միացյալ հայկական Կազակական ուժերի Միասնականություն» ռազմահայրենասիրական կառույցի հիմնադիր, գեներալ-լեյտենանտ Նվեր Սուրենի Թորոսյանը, շտաբի պետ գեներալ-մայոր Արթուր Մանվելի Մաքսապետյանը, Արմավիրի մարզի ատաման գեներալ-մայոր Արայիկ Պետրոսյանը և շատ ուրիշներ:

- Ի՞նչը կարող է միավորել հայրենասերներին ու կազակներին և ինչ աշխատանքներ եք տանում մեր երկրում կազական գաղափարախոսության տարածման ուղղությամբ։
- Ունենք համապատասխան աշխատանքների գեղեցիկ արդյունքներ, ուսումնասիրեք www.armunitedcossack.com և info@armunitedcossack.com կայքերը և կհամոզվեք: Միայն մի բան ավելացնեմ-կազակը նույն հայրենասերն է:

- Ի՞նչը կոտրեց միասնականությունը կազակների մեջ:
- Չեմ կարծում, թե միասնականությունը կոտրված է կազակների մեջ, դա միայն ներքին տարաձայնություններ են, իսկ գլխավոր գաղափարը իրականացնելու համար՝ այն է ակտիվ պայքար շնորհեմ դարի մարտահրավերների, կազակները միշտ միասին են:

- Հավատու՞մ եք, որ կգա համախմբման ժամանակները:
- Հավատում եմ և վստահ եմ ...

- Խնդրում եմ մի քանի խոսքով պատմեք ձեր գործունեության մասին։
2005 թվականի Հոկտենբերի 9-ին, Երևանում, ռուսական ուղղափառ եկեղեցու մոտ տեղի ունեցավ կազակների հիշատակին նվիրված հուշահամալիրի բացումը, ովքեր մահացել են Հայաստանի տարածաշրջանում ռուս-թուրքական, ռուս-պարսկական պատերազմների ժամանակ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին: Այս տոնակատարություններին մասնակցած հարգարժան հյուրերի շարքում էին Ռոստովի մարզի ադմինիստրացիայի ղեկավար (մարզպետ) Բ.Ֆ.Չուբը, Դոնի Ռոստով քաղաքի ադմինիստրացիայի ղեկավար (քաղաքապետ) Մ.Ա.Չերնիշևը, Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Զ.Մ.Ստեփանովան, Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Ն.Վ. Պավլովը, ՌԴ ադմինիստրացիայի ղեկավարի (մարզպետի) տեղակալ Վ.Ե.Դերյաբկինը, ՌԴ Օրենսդիր ժողովի պատգամավորը, Տեղեկատվական քաղաքականության և միջկառավարական համագործակցության կոմիտեի նախագահը, Դոնի հայ համայնքի գործարար և ստեղծագործական վերնախավի ներկայացուցիչները, Դոնի և Կուբանի կազակությունների ներկայացուցիչները և այլ պաշտոնատար անձինք, ինչպես նաև 102-րդ ռուսական ռազմակայանի զինվորականներ՝ բնակեցված Հայաստանում:
Այս հուշահամալիրի բացումը նաև բարձր գնահատեց գերագույն ատաման, կազակական զորքերի գեներալ-լեյտենանտ Նվեր Թորոսյանը: Հաշվի առնելով այն փաստը, որ հարյուրավոր երևանցիներ այդ օրը մասնակցեցին հուշահամալիրի բացման տոնակատարությանը՝ Նվեր Սուրենովիչը ևս մեկ անգամ ընդգծեց ռուս կազակների անգնահատելի ներդրումը Հայաստանի ազատագրման հարցում:
«Հայաստանը հարուստ է ռուս - հայկական ռազմական եղբայրության ընդհանուր պատմության նվիրվածության օրինակներով, որին աջակցում են ոչ միայն բարձրագույն քաղաքական մակարդակի հարաբերությունները, այլ նաև շարքային քաղաքացիները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները»,- ասել է գեներալ-լեյտենանտ Նվեր Թորոսյանը:

- Ո՞րն է կազակի տեղը մեր հասարակության մեջ, ինչպիսի հատկություններով պետք է օժտված լինի իսկական կազակը:
- Իսկական կազակը պայքարում է հանուն քրիստոնեական հավատի, հանուն հայրենիքի և հանուն պետականության, այդքանով է իսկական կազակի տեղը և դերը հասարակության մեջ:

- Ի՞նչ երազանքներ կամ նպատակներ ունեք:
- Ունեմ մեկ երազանք և նպատակ, տեսնել, թե ինչպես է վերջնականապես ազատագրվում Հայաստանի արևմտյան մասը: Միևնույն ժամանակ ես համոզված եմ, որ կգա մի օր, երբ հայ և ռուս ինչպես նաև սլավոն մյուս կազակները իրենց փոշոտված զինվորական երկարաճիտ կոշիկները կլվանան Բոսֆորի և Դարդանելի ջրերում:

- Իսկ մեր ավանդույթների հետ ինչպե՞ս վարվենք ու որքանով են մեր երկրի կազակները պահպանում կազական բարքերը:
- Ռուս կազակը պահպանում է իր պապենական ավանդական բարքերը, բելոռուս, ուկրայինացի,  սերբ, բուլղար, մոլդով կազակներն էլ պահպանում են իրենցը... Այս ֆոնի վրա հայ կազակները ոչ միայն պահպանում են իրենց ավանդական ավանդույթները, այլև ակտիվ պայքար են մղում աղանդավորական շարժումների և այլ արատավոր երևույթների դեմ, որոնք փորձում են վերացնել հսկայական հայկական ապրելակերպը:

- Խոսք ուղղված մեր հայ մտավորականներին ու երիտասարդներին:
- Մենք ունենք հրաշալի մտավորականություն, իսկ երիտասարդների մի մասին կասեմ հետևյալը, պետք չի ջուր լցնել մեր դարավոր հակառակորդի ջաղացին...

- Եթե կարողանայիք ժամանակը հետ տալ, ի՞նչ կփոխեիք ձեր կյանքում:
- Ես հոգով եմ կազակ, բայց ավելի շուտ կզինվորագրվեի կազակությանը, քանզի կազակ նշանակում է ազատ-զինվոր, ազատ-սահմանապահ, ազատ լավ մարդ, քաղաքացի ...

- Կա՞ մի բան, որ չասել չեք կարող:
- Ռուսաստանն այսօր միակ երկիրն է աշխարհում, որը կարող է ոչնչացնել պանթուրքիզմը, քանզի պանթուրքիզմի զոհ են դարձել նաև շատ մուսուլման ժողովուրդներ՝ արաբներ, քրդեր, պարսիկներ ...

Գարիկ Ավետիսյան



ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Երբ տպագրվեց իմ «Երկնային կատակերգություն» գրվածքը, որտեղ պատմում էի, թե ինչպես տեր Աստված երկնքից իջել, կառավարական շենքի ամենավերին հարկում ընդունելություն կազմակերպել և մասնագիտություններ ու աշխատանքներ էր բաժանում, ընկերներս, բարեկամներս և ծանոթներս դժգոհեցին. «Էդ ինչո՞ւ բոլորի մասին՝ անասնաբույժի, քարտուղարուհու, դիվանագետի, մանկավարժի, զրպարտչի և գիտնական-միտնականի մասին գրել ես, բայց բանաստեղծի մասին չես գրել»։

Սկսեցի երկար-բարակ բացատրել, որ բանաստեղծը դեռևս մինչ այդ էր հանդիպել Երկնայինին և, ընդհանրապես, ես շատ մեծ հարգանք եմ տածում ժամանակակից ոտանավորչիների հանդեպ ու չէի կարող նրանց մասին չգրել։ Սակայն ընկերներս, բարեկամներս ու ծանոթներս ինձ չհավատացին։ Եվ ահա, իմ արխիվից հանելով այդ հանդիպման սղագրությունը, ներկայացնում եմ ընթերցողներին։

Մի օր, արևը դեռ նոր-նոր ծագած, երբ տեր Աստված առավոտյան մարզանքներից հետո ձվածեղ էր կերել ու վրան բրազիլական թունդ սուրճ էր խմում, քիթ ու բերանի մերձակայքում հանկարծ խուտուտ զգաց։ Որոտաձայն փռշտաց, և այդ պահին նրա բերանից թե քթից դուրս թռավ ու առջևը ցցվեց թղթապանակը կռնատակին անորոշ տարիքի մի տիպ։

- Յա՜, դու որտեղի՞ց հայտնվեցիր,- զարմացած հարցրեց Երկնայինը։
- Դժվարին, բայց պատվավոր ճանապարհ եմ անցել տեր իմ... Իսկ իմ հիմար կոլեգաները դեռ կես ճանապարհին են, փորձում են ծխնելույզից մտնել,- հարգալից գլուխ տալով, ասաց մարդը։
- Հա՜, ուրեմն հրշեջ ծառայությունից ես...
- Չէ, բանաստեղծ եմ, տեր իմ, դիֆիրամբներ ու ձոներ եմ երկնում։

- Այսինքն։
- Այսինքն՝ միշտ գովերգում եմ բոլոր նրանց, ովքեր իշխանություն ունեն։ Երբ գահընկեց են լինում, առաջինը ես եմ քարով տալիս։
- Լավ։ Հիմա ի՞նչ ես ուզում, որդյակ,- հարցրեց Աստված։
- Հոտառությո՛ւն, տեր իմ,- կրկին գլուխ տալով, ասաց պոետը։
- Ի՞նչ... Հոտառությունն ինչի՞դ է պետք, դու շո՞ւն ես, թե՞ մարդ։

- Սուր հոտառություն եմ ուզում, երկնային, որպեսզի ժամանակից շուտ կարողանամ կողմնորոշվել։ Այսինքն՝ ավելի շուտ իմանամ և սկսեմ շողոքորթել ապագա իշխանավորներին։ Թե չէ, մեզ մոտ մի քանիսը կան, միշտ ինձնից առաջ են ընկնում։ Ես դռնով եմ մտնում, նրանք պատուհաններից են ներս խուժում, ես պատուհաններից եմ մտնում, նրանք կոյուղու խողովակներով են սուրում ղեկավարների ընդունարանները...

- Ահա թե ինչ,- Աստված ճերմակափառ բեղի տակ ժպտաց,- բայց հետաքրքիր շան որդի ես, որդյակ... Լավ, գնա՛։ Վաղվանից ականջներդ մի քիչ երկարացված կլինեն, որպեսզի կարողանաս ամեն ձայն որսալ...
- Հա, ինչպես մեծ բանաստեղծ Չարենցը կասեր, որպեսզի կարողանամ ժամանակի շունչը դառնալ...
- Ի՞նչ շուն... Ո՞ւմ շուն դառնաս։
- Ժամանակի շունչը։ Այսինքն՝ մեր թաղամասում, մեր քաղաքում կամ մեր երկրում ինչ կատարվի, դրա մասին բանաստեղծություն պիտի գրեմ։ Մի նոր խանութ կամ ֆերմա որ բացվի, ձոներգ պիտի ձոնեմ, մեր թագավորի կամ նախագահի կինը եթե զավակ պարգևի երկրին, պատմական այդ պահը պիտի գրավոր անմահացնեմ...

- Հա՜, դա ուրիշ բան է... Լավ, քեզ սուր հոտառություն կտամ, այնպիսի հոտառություն, որ շներն անգամ քեզ նախանձելու են... Դու միշտ լավ ես ապրելու, որդյակ։ Ժամանակները փոխվելու են, մի որոշ ժամանակ սոցիալիստներն են գալու իշխանության գլուխ, մի օր ֆաշիստները կամ կոմունիստները, բուրժուա-կապիտալիստները կամ անարխիստները, բայց դու, բոլորին քծնելով ու շողոքորթելով, շարունակ փափուկ պաշտոններ ու մրցանակներ ես ստանալու, որդյակ։ Երբեմն երեսիդ թքելու են, հետույքիդ քացի են տալու, սակայն, պալատական կոշիկներ ու գլխարկներ երկրպագելով, դու վաստակելու ես հացդ հանապազօրյա...

- Մերսի, տեր իմ, խիստ զգացված եմ։ Հերթական հանճարեղ գիրքս նվիրելու եմ ձեզ, իսկ կազմի վրա պոեմ եմ տպագրելու ձեր մասին,- բանաստեղծը կրկին երկտակվեց, հետո, գրպանից թղթի մի կտոր հանելով, պաթոսով սկսեց կարդալ. «Օ՜, Աստվա՜ծ, Աստվա՜ծ, լուսատու տիեզերաց...»։
- Ա՛յ տղա, սպասի՛ր, հերի՛ք է։ Ականջներս արդեն հոգնել են նման զիբիլներից... Վե՛րջ, գնա՛, գլուխս մի՛ հարդուկիր։ Գնա ժամանակիդ... Ինչպե՞ս է էն զահուրմարի անունը։ Հա՛, գնա ժամանակիդ շունչը դարձիր...

Երբ պոետը դուրս եկավ Երկնայինի առանձնասենյակից, վերջինս լայնորեն հորանջեց ու ասաց.
- Բայց սրիկա շան որդին առաջ է գնալու։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
Ապրիլ, 1999 թ.



ՀԱՄԱՐԻ ԱՍՈՒՅԹԸ

Արժե հարգել բոլոր այն շներին, որոնք գեղեցիկ են հաչում՝ անկախ պաշտոնից, քաղաքական հայացքներից ու դասային պատկանելությունից...


ԱՄՍՎԱ ԱՍՈՒՅԹԸ

Հստակ չեմ կարող ասել, թե ինչ է երջանկությունն ու ինչպես է այն լինում, բայց գիտեմ, թե ինչ ասել է դժբախտություն: Դա այն է, երբ քո գլխավերևում նստած է տհաս, ողորմելի ու կիսագրագետ մի ինչ-որ մարդուկ...

11.11.13

Նոյեմբեր 2013


Ազգային-ազատագրական պայքարը իր զարգացման նոր փուլն է թևակոխում։ Արցախը ներկայանալու է որպես այդ պայքարի դրոշակակիր 

Հայտարարություն

Ռուսաստանի և Արևմուտքի աշխարհաքաղաքական դիմակայության կոշտացումը կրկին հայ ժողովրդին դնում է հակամարտ կողմերի ճնշման տակ, որն արտահայտվում է ռազմական բնույթի սպառնալիքների և տնտեսական ճնշման լծակների կիրառման տեսքով՝ Ռուսաստանի կողմից, և քաղաքա-իրավական և տնտեսական շահերի ոլորտը ներքաշելու ձգտումով՝ մյուս կողմից։ Ինչպես ցույց է տվել ներկայիս իրավիճակի նախապատմությունը, Հայաստանը Ռուսաստանի համար ոչ թե ռազմավարական գործընկեր է, այլ ռազմավարական շահերի օբյեկտ ու նպատակներին հասնելու գործիք։

Արցախը այս հարցերում միշտ եղել է և շարունակում է կատարել հայ-ադրբեջանական ազգամիջյան հարաբերություններում եղած հիմնական ցավոտ կետի դերը՝ Ռուսաստանի կայսերական շահերի կոնտեքստում։ Արևմուտքի շահերը նույնական են ռուսականին։ Հիշենք 1988-ը, երբ Եվրախորհրդարանը ողջունեց ղարաբաղյան շարժումը և պաշտպան կանգնեց հայ ժողովրդին, իսկ խորհրդային կայսրության անկումից հետո կանգնեց Ադրբեջանի ինքնիշխանության պաշտպանության դիրքում և լոկ հակամարտ շահերը հանգեցրին եռակողմ բանակցային գործընթացին և ստատուս-քվոյին։ Պատմությունը ցույց է տալիս, որ հայ ժողովուրդը Ռուսաստանի համար ընդամենը աշխարհաքաղաքական ռեսուրս է իր հեռուն գնացող մեծապետական խնդիրների և ամբիցիաների իրականացման համար, ինչն արտահայտվում է նրա, իբրև ուժային բևեռի, կողմից համաշխարհային քաղաքականության մեջ նախկինում ունեցած և կորսված դիրքերի վերականգնման մեջ։

Հայ ժողովուրդը հստակ պատկերացում ունի ցեղասպանության և հայկական հողերի հետագա բաժանման մեջ Թուրքիայի, Ռուսաստանի և Եվրոպայի դերի մասին, որն ավարտվեց հայկական հողերի վրա Ադրբեջանի կազմավորումով և նրան Նախիջևանի ու Լեռնային Ղարաբաղի բռնակցումով։ Հայ ժողովուրդը զգացել է ղարաբաղյան շարժման վրա խորհրդային կայսրության հսկայական քաղաքական և ուժային ճնշումը։ Արցախցիները երբեք չեն մոռանա Գորբաչովի, Պոլյանիչկոյի, սաֆոնովների և կայսրության այլ պահապանների դերը տարբեր ռազմական, այդ թվում՝ «Սումգայիթ», «Բաքու», «Կոլցո» և այլ գործողությունների միջոցով ժողովրդի մեջ եղեռնական վախ ձևավորելու և լարված մթնոլորտ ստեղծելու մեջ։ Մենք, ավագ սերնդի արցախցիներս, որպես մեր պատմական հայրենիքի ազատագրողներ, և կրտսեր սերնդի արցախցիներս, իբրև հայ ժողովրդի ազատագրական ոգու կրողներ, թույլ չենք տա, որ մեր հայրերի ու եղբայրների արյունով շաղախված սուրբ հողի վրա ոտք դնի օտարը, իր շահադիտական նկրտումներով։

Մենք հաստատում ենք, որ դեմ չենք Ռուսաստանի հետ իրավահավասար դաշնակցային հարաբերություններին, որը հնարավոր է վերջինիս մոտ կայսերական ամբիցիաների բացակայության դեպքում:Այսուհետ Արցախը ազատ է ռուսական տերերի առաջ հաճոյացող զորիբալայանների քաղաքական ամբիցիաներից։ Պատմությունը վկայում է ինքնակոչերի ունայնությունը և կոչ է անում հայերիս գիտակցել, որ այն կրկնվելու սովորություն ունի, եթե մենք ամուր չենք կանգնած մեր հողի վրա, թշնամիների ցանկացած հարձակումներից այն պաշտպանելու մեր կամքով և պատրաստակամությամբ։

Ոչ Եվրոպական և ոչ էլ առավել ևս գոյություն չունեցող Եվրասիական միությունները չեն կարող ներքաշել հայությանը իրենց վերաբաժանումների մեջ։ Հայ ժողովուրդը կազատագրվի օտար լծից, մետրոպոլիաների տիրապետությունից, որոնց շահերի իրականացնողները Հայաստանում հանդիսանում է այսօրվա իշխանությունը։ Ազգային-ազատագրական պայքարը իր զարգացման նոր փուլն է թևակոխում։ Արցախը ներկայանալու է որպես այդ պայքարի դրոշակակիր:
Հայտարարությունը բաց է միանալու համար
Վահան Բադասյան, ԼՂՀ ԱԺ պատգամավոր
Ներսես Օհանջանյան, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր
Մխիթար Ավետիսյան, ազատամարտիկ
Արթուր Խաչատրյան, ազատամարտիկ
Վաչագան Զաքարյան, ազատամարտիկ
Քարամյան Մարգարիտա, Ղարաբաղյան շարժման ակտիվիստ
Արմինե Հայրապետյան
Տիգրան Գրիգորյան
Վլադիմիր Դոլուխանյան
Անուշ Գրիգորյան
Մարգարյան Ժորա
Ներսիսյան Նարինե
Խանումյան Հայկ 




«Հայաստան» հիմնադրամը հավաքագրել է 22. 6 միլիոն դոլարի նվիրատվություն

Լոս-Անջելեսում տեղի ունեցած Հեռուստամարաթոն 2013-ը երեկ հավաքագրել է 22 661 372 ԱՄՆ դոլար, որը կնպատակաուղղվի Հայաստանում եւ Արցախում մի շարք ծրագրերի իրագործմանը եւ գլխավորապես Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից տարվա ռազմավարական ծրագիր ճանաչված շուրջ 116 կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանը: Ստորեւ ներկայացված է Հեռուստամարաթոն 2013-ի հանգանակությունների նախնական բացվածքը`  ըստ երկրների, որը տրամադրել է Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը:


Ռուսաստան`  12 350 000 ԱՄՆ դոլար

ԱՄՆ Արեւմտյան շրջան (Լոս Անջելես)`  2 000 000 ԱՄՆ դոլար

Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա, Հոլանդիա, Հունաստան, Բելգիա (Համաեվրոպական հեռախոսամարաթոն)` 1 984 000 ԱՄՆ դոլար

Հայաստան` 1 648 372 ԱՄՆ դոլար

Շվեյցարիա (անհատ-բարերար)` 1 200 000 ԱՄՆ դոլար

Արցախ` 1 000 000 ԱՄՆ դոլար

ԱՄՆ Արեւելյան շրջան (Նյու Յորք)` 1 000 000 ԱՄՆ դոլար

Ար•ենտինա`  700 000 ԱՄՆ դոլար

Տորոնտո` (Կանադա) 225 000 ԱՄՆ դոլար

Բրազիլիա` 170 000 ԱՄՆ դոլար

Մոնրեալ (Կանադա)` 120 000 ԱՄՆ դոլար

Մեծ Բրիտանիա` 100 000 ԱՄՆ դոլար

Լիբանան`  94 000 ԱՄՆ դոլար

Իրան`  60 000 ԱՄՆ դոլար



Արցախում նվազագույն աշխատավարձը կլինի 50.000 դրամ

Նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը: Նախ` գործադիրի քննարկմանը ներկայացվեց «ԼՂՀ 2014 թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի  նախարար Սպարտակ Թևոսյանը: Նա ընդգծել է, որ նախագիծը մշակելիս առաջնորդվել են նախագահի նախընտրական, 2012-17թթ կառավարության գործունեության, ինչպես նաև 2014- 2016 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերով ամրագրված սկզբունքներով: 2014թ. համախառն ներքին արդյունքի ծավալը կանխատեսվում է 189,1 մլրդ դրամի չափով` ապահովելով 9 տոկոս իրական աճ: Կատարված մակրոտնտեսական կանխատեսումների համատեքստում 2014թ. բյուջեն եկամուտների գծով կկազմի մոտ 77 մլրդ 138 մլն, իսկ ծախսերի գծով` 80 մլրդ 660 մլն, դեֆիցիտը կկազմի 3 մլրդ 522 մլն դրամ: Հայաստանի Հանրապետության կողմից ԼՂՀ-ին հատկացվող միջպետական վարկը 2014թ. կկազմի մոտ 44 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատությամբ ավելի է 11 տոկոսով:

Գալիք տարվանից արմատական փոփոխություն է սպասվում պետական հատվածի վարձատրության գործընթացում: Կառավարության կողմից մշակվել և պետական բյուջեի նախագծի հետ միասին ներկայացվել է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի և դրանից բխող մի շարք այլ օրենքներում համապատասխան փոփոխությունների նախագծերի փաթեթը, համաձայն որի ներդրվում է պետական հատվածի աշխատողների վարձատրության միասնական նոր համակարգ: Աշխատանքի վարձատրության հաշվարկման համար հիմք հանդիսացող բազային միավոր է ընդունվում նվազագույն ամսական աշխատավարձը, որը 2014 թվականի հուլիսի 1-ից կսահմանվի 50.000 դրամ, գործող 45 հազար դրամի փոխարեն: Նոր համակարգը նպատակաուղղված է աշխատանքի վարձատրության չափերի միջև գոյություն ունեցող հարաբերակցության անհամապատասպանությունները շտկելուն, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափերի միջև հիմնավորված տարբերակում մտցնելուն, պետական ծառայության տարբեր ոլորտներում աշխատավարձերի սանդղակների համադրելիության և միասնականության ապահովմանը: Օրենքը նախատեսվում է կիրարկել ներդնել 2014 թվականի հուլիսի 1-ից: Աշխատավարձերի բարձրացման գործընթացի ապահովման նպատակով պետական բյուջեով նախատեսվել է շուրջ 3.8 մլրդ դրամ:

2014 թվականի հունվարի 1-ից կառավարությունը նախատեսում է բարձրացնել պետական բյուջեից վճարվող կենսաթոշակների չափերը: Հիմնական կենսաթոշակը 2014 թվականի պետական բյուջեում ծրագրվել է 14000 դրամի չափով, որը 7.7 տոկոսով բարձր է 2013 թվականի մակարդակից (13000 դրամ): Սոցիալական միջին ամսական կենսաթոշակը կկազմի 18300 դրամ` 2013 թվականի 17200 դրամի դիմաց, իսկ  աշխատանքային կենսաթոշակի միջինը` 37800 դրամ` 2013 թվականին ծրագրված 32700 դրամի փոխարեն:

Ներկայացնելով այն կարևոր խնդիրները, որոնց լուծմանն է միտված 2014թ. պետական բյուջեն, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը նշեց, որ նպատակ է դրված  ապահովել նախորդ տարիների ձեռքբերումների շարունակական զարգացումը, նաև նախադրյալներ ստեղծել տնտեսական, սոցիալական և կառավարման համակարգերի իրատեսական բարեփոխումների համար: Հաշվի առնելով աշխատավարձերի արմատական բարձրացումը, վարչապետ Ա. Հարությունյանը նշեց, որ առաջիկա տարիներին այլ  խոշոր ծրագրեր պետական ֆինանսավորում չեն ստանա և կոչ արեց ֆինանսական միջոցներն օգտագործել  հնարավորինս խնայողաբար:

«Եկամտային հարկի մասին» և դրանից բխող մի շարք օրենքներում առաջարկվող` նիստում հավանության արժանացած փոփոխություններով կմիասնականացվեն ներկայումս գործող եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարները, կկրճատվեն հարկ վճարողների կողմից ներկայացվող հաշվետվությունների տեսակները և կպարզեցվեն հաշվարկման մեթոդները, ինչպես նաև  բարենպաստ օրենսդրական դաշտ կստեղծվի իրականացվելիք կենսաթոշակային բարեփոխումների համար:

«Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ԼՂՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքների նախագծերի ընդունմամբ  օրենսդրորեն կսահմանվեն ԼՂՀ հանրային ծառայության սկզբունքները, հանրային ծառայության կազմակերպման կարգը, էթիկայի կանոնները, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեությունը: Նախագծերը կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը:

Զբաղվածության ոլորտում ակտիվ քաղաքականության իրականացման անհրաժեշտությունից ելնելով գործադիրը հանդես եկավ օրենսդրական նոր նախաձեռնությամբ: «Զբաղվածության մասին» ԼՂՀ օրենքի առաջարկվող նախագիծը նպատակաուղղված է բնակչության զբաղվածության պետական կարգավորմանը, աշխատուժի առաջարկի և պահանջարկի հաշվեկշռային և կառուցվածքային համապատասխանությանը՝ ֆինանսավարկային, ներդրումային, հարկային և ժողովրդագրական քաղաքականության միջոցով:

««Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագծով առաջարկվում է հստակեցնել աշխատանքային կենսաթոշակների հաշվարկման բանաձևը (կսահմանվի աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի տարբերակված չափ, ինչպես նաև կամրագրվի կենսաթոշակառուի անձնական գործակցի հաշվարկման նոր կարգ), ինչի շնորհիվ կաճի ցածր կենսաթոշակ ստացող անձանց թոշակի չափը և միջնաժամկետ և երկարաժամկետ ապագայում կապահովվի համակարգի ֆինանսական կայունությունը:

Օրենսդրական փոփոխություններ են նախատեսվում նաև հարկային դաշտում. դրանք հիմնականում պայմանավորված են հանրապետությունում ձեռագործ գորգերի արտադրության մեջ շահութահարկի վերանայման, հարկային մարմին ներկայացվող հաշվետվական փաստաթղթերի ժամկետների միասնականացման, ինչպես նաև  բարեգործական և բացառապես անվճար հիմունքներով ատամնաբուժական գործունեություն իրականացնող անձանց հաստատագրված վճարներ կատարելու պարտավորությունից ազատման, գործունեության որոշ տեսակների համար սահմանված հաստատագրված վճարի չափերի վերանայման անհրաժեշտությամբ:

«Հարկային ծառայության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագծով կկարգավորվեն հարկային ծառայողների դասային կոչումների շնորհման հետ կապված խնդիրները, հարկային ծառայողների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառկման դեպքում համապատասխան մարմիններին տեղեկացնելու գործընթացը և կշտկվեն օրենքում առկա հակասություններն ու տերմինաբանական անհամապատասխանությունները:

Օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը:

Նիստում հավանության արժանացան  երեխայի իրավունքների, հաշմանդամների սոցիալական պաշտպանության, զբաղվածության կարգավորման 2014թ. տարեկան ծրագրերը: Նախատեսվում է, մասնավորապես,  աշխատաշուկայի պահանջներին համապատասխան ստեղծել ու համալրել նոր աշխատատեղեր, աշխատաշուկայում ապահովել անմրցունակ խմբերի կայուն զբաղվածություն:

Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության 2014թ. ծրագիրը նպատակաուղղված է  երկրի տնտեսական աճի կայունության ապահովմանը՝ տնտեսությանը հաղորդելով նորարարական ուղղվածություն և ճկունություն: Ներկայացված ծրագիրը կառավարությունը հիմնականում իրականացնելու է երկու կառույցների` Արցախի ներդրումային ու Գյուղի և գյուղատնտեսության աջակցման հիմնադրամների միջոցով` պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական միջոցների և սեփական եկամուտների շրջանակներում (2014 թվականին պետական բյուջեով նախատեսվում է Արցախի ներդրումային հիմնադրամին տրամադրել 2 500.0 միլիոն դրամ, իսկ Գյուղի և գյուղատնտեսության աջակցման հիմնադրամին` 820.0 միլիոն դրամ):

 Գործադիրի  հավանությանն արժանացան նաև ԼՂՀ 2014թ. առողջապահական, գիտական, գիտատեխնիկական, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման  պետական նպատակային ծրագրերը:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և 
հասարակայնության հետ կապերի բաժին 



Իգոր Մուրադյան. Դիտմամբ մոռացված ողբերգություն

Ինչպես հայտնի է, 1989-1992 թթ. Խորհրդային միությունը եւ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իրականացրել են ցեղասպանական գործողություններ: Խորհրդային ու ռուսական զորքերը սպանել են 1000-ից ավելի հայերի, Ղարաբաղի տարբեր շրջաններում ավելի քան 40 գյուղ տեղահանել են ու ավերել, իրականացվել է Շահումյանի շրջանի եւ հայկական հոծ բնակչությամբ այլ տարածքների ոչնչացումը: Բացի այդ, հազարավոր հայեր ռուսների կողմից ենթարկվել են դաժան խոշտանգումների ու ռեպրեսիաների:

Այդ ժամանակվանից ոչ Ռուսաստանի պետական դուման, ոչ կառավարությունն այդպես էլ որեւէ որոշում չեն ընդունել, որում որեւէ գնահատական կտրվեր այդ իրադարձություններին: Ռուս ոչ մի հեղինակ՝ գրող կամ լրագրող, որեւէ տող անգամ չի գրել այդ ողբերգական իրադարձությունների մասին:

Այն, ինչ անում են ռուսները, լիովին հասկանալի է, եւ տարօրինակ կլիներ, եթե այլ կերպ լիներ: Սակայն ինչպե՞ս են հայերը վերաբերվում այդ իրադարձություններին: Ոչ Երեւանում, ոչ էլ Ստեփանակերտում ոչ մի հուշարձան չի դրվել, այդ իրադարձությունները չեն հիշատակվում, Հայաստանի ու ԼՂՀ ղեկավարները, կառավարությունները, խորհրդարանները ոչ մի հայտարարություն չեն արել:

Չի հրատարակվել որեւէ քիչ թե շատ նշանակալի աշխատություն այդ թեմայով, թեեւ անցած ժամանակաշրջանում բազմաթիվ այսպես կոչված գրողներ բազմիցս սպեկուլյացիաներ են արել հերոսական թեմաներով, մեծարելով հնարավոր բոլոր սրիկաներին, ի դեպ որոնց խղճին է Գետաշենի ու Շահումյանի ողբերգությունը:

Օրինակ, ինչո՞ւ մինչ այժմ պաշտոնական գրող Զորի Բալայանը չի հրատարակել որեւէ բան այդ իրադարձությունների վերաբերյալ: Պուտինին գրած տխրահռչակ նամակում կարելի էր հիշեցնել, որ Գյուլիստանը 1992 թ. հունիսին ոչնչացրել եւ Ադրբեջանին են հանձնել ռուսական զորքերը:
Նախկինում տպավորություն կար, իսկ ներկայում կա լիակատար վստահություն, որ տվյալ թեման մնում է վերահսկողության տակ, եւ երեւում է կան որոշակի պատասխանատուներ, որոնք զբաղվում են վերահսկողության ապահովմամբ: Երկար տարիների ընթացքում այդ մարդիկ իրենց գործունեությունը կառուցել են երկու նպատակով՝ հայ ժողովրդի ենթարկեցումը Ռուսաստանին, եւ այդ միջոցով իրենց անձնական հարցերի լուծումը:

Ներկայում, երբ հերթական անգամ Ռուսաստանին ցանկանում են ներկայացնել որպես Հայաստանի փրկիչ, լավ կլիներ հիշեցնել որոշակի մանիպուլյացիայի շրջանակներում դիտմամբ մոռացության տրված այդ ողբերգական իրադարձությունների մասին:

Գաղտնիք չէ, որ վերջին տարիների պատմությունը հրեշավոր ձեւով խեղաթյուրվել է, ընդ որում՝ հօգուտ Ռուսաստանի: Բայց չէ որ դա ոչ այլ ինչ է, քան հիշողության ոչնչացում: Ռուսների համար ղարաբաղյան թեման ատելի է, քանի որ նրանց ցույց էր տրվել, թե ինչպես կարելի է ստեղծել նոր սահմաններ, որոնք չի գծել իրենց կայսրությունը: Դա նրանց համար պակաս սարսափելի չէ, որքան ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը հետխորհրդային տարածքում:
Ռուսների նպատակն է ապացուցել, որ հայերը չունեն քաղաքական ու մարդկային կամքի արտահայտման իրավունք, եւ ընդհանրապես չունեն Հայրենիքի իրավունք: Դա նրանց չի հաջողվի, եւ սեպտեմբերի 3-ին կորցրած ինքնիշխանության վերականգնումը պետք է սկսի գողացված հիշողության վերականգնումից:

Ժամանակն է, որպեսզի Հայաստանի ու ԼՂՀ խորհրդարանները հունիսի 13-ը հաստատեն որպես «Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ Ռուսաստանի ագրեսիայի օր»:




Մոնթե Մելքոնյան

Հերոսը: Երևի հերոսը նա է, ով իր արածում հերոսության հավակնություններ չունի: Այսօր Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է: Միակ մարդը, ում հերոսությունը կենդանի ժամանակ ինձ հայտնի էր: Երբ դեռ «հերոսի կոչում» չէր ստացել:

Շուրջ քսաներեք տարի է՝ «հերոսի» չափանիշը ինձ համար հստակեցվել է: Այդ չափանիշը Մոնթեն է: Նա պարզ, սովորական, ինչպես շատ ենք ասում, մարդ էր: Սովորական քաղաքացի չէր, սովորական մարդ էր: Շատ պարզ ու հասարակ բաներից բավարարվող: Հագուստ, ուտելիք, բնակարան, տուն, փառք,- երկրորդական, երրորդական բաներ էին նրա համար: Հագնել այն՝ ինչ կլինի ձեռքի տակ, ուտել այն, ինչ այդ պահին կա: Չկա՝ չուտել: Չնայած ահռելի գիտելիքներին՝ խոսել պարզ լեզվով, թվում է՝ պարզ բաների մասին: Բոլորի հետ՝ նույն լեզվով: Համոզել հանգիստ:

Չեմ պատկերացնում շփոթված Մոնթե: Իր արածի վստահությունը փոխանցվում էր: Ինքն առաջինն էր անում այն, ինչ գիտեր, որ պիտի արվի: Արածն էլ շատ պարզ էր ու հասկանալի՝ ժողովուրդը, հայ ժողովուրդը պիտի ոտքի կանգնի, հայ ժողովուրդը պիտի ամրանա, Հայաստանը պիտի նորմալ հարաբերություններ ունենա առնվազն հարևանների հետ և Հայաստանի բնակչությունը առնվազն պիտի ճանաչի իր հարևաններին: Ոչ թե նրանց որակական հատկանիշները, որոնք սուբյեկտիվ են գնահատականներում, ոչ թե դիպվածային հարաբերություններով...
Այսօրվա Հայաստանը պիտի իմանա Կովկասը իր բազմազանության մեջ: Պատմական ու ներկա բազմազանությունը... Սովորական, հասկանալի, պարզ ձևակերպում: Ինչպես ինքն էր հասկանալի, սովորական, պարզ...

Բայց այս հասարակ ու պարզ բանը այնքան դժվար ու անհասկանալի մնաց, որ մինչև այսօր մեր Գիտությունների Ակադեմիան և մեր հումանիտար գիտությունների ինստիտուտները չկարողացան անել:

Չկարողացան պարզ, մատչելի լեզվով մեր հասարակությանը ներկայացնել Կովկասի համառոտ պատմությունը, Կովկասի ժողովուրդների, լեզուների ու կրոնների բազմազանությունը...

Չկարողացանք: Չարեցինք: Իսկ ինքն իր գործն արեց՝ իրենով վարակեց զենքով պայքարողներին և նրանց էլ հաղորդեց իր որակները՝ պայքարողը հերոսության կամ գնահատականի հավակնություններ չպիտի ունենա: Նա գործ էր անում և իր հավակնությունը արդյունքն էր:

ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ
Ֆեյսբուքյան էջից



Չվախենա՛ք ոչ ոքից, թո՛ղ ձեզանից վախենան


«Վերածնունդ» թերթը հարցազրույց է վարել Ղարաբաղյան շարժման նախաձեռնողներից Իգոր Մուրադյանի հետ:

- 1980-ականների վերջին նախաձեռնելով ղարաբաղյան շարժումը, արդյո՞ք կպատկերացնեիք, որ 25 տարի անց որոշ հայ մտավորականներ այլ երկրի նախագահի հրավիրելու էին տեր կանգնելու Արցախին: Ո՞րն է այսպիսի անկման պատճառը:

- Նրանք ամենևին էլ մտավորականներ չեն, այլ պարզապես ռուսական հին  հորինվածք, ավելի ճիշտ՝  ագենտուրա, որոնք իրենց ամբողջ կյանքը նվիրել են ռուսական ծառայությանը:  Զարմանալի ոչինչ չկա, քանզի այս նույն ագենտուրան իրեն նույն ձևով էր պահում «ամբողջ ճանապարհին»: Նրանք ուղղակի այլ կերպ չեն կարող չվարվել, բայց անգամ դրա մեջ չի կայանում նրանց վտանգավորությունը: Օգտվելով նրանից, որ ղարաբաղյան հայերի  ճնշող մեծամասնությունը «հասարակ» մարդիկ են, որոնք չունեն ոչ քաղաքական, ոչ ինտելեկտուալ փորձ՝ նրանք մարդկանց ուղեղների մեջ են խցկել իրենց՝ ամբողջովին վնասակար և վտանգավոր գաղափարները, որոնք Ղարաբաղին հատկացնում են ոտքերը սրբելու փալասի դերը:  Այս մարդիկ երբեք ոչ մի բանի համար պատասխանատվություն չեն կրել, նրանք միայն ծառայություններ են մատուցել իշխանություններին՝ ամբողջ հիերարխիայով մեկ: Ամենակարևորը նրանց համար մակերևույթին մնալն է: Եվ պետք չէ մտածել, որ մենք պատկերավոր կերպով ենք հոգնակի թվով խոսում նրանց մասին: Դա մի հոգի չէ, բայց հենց Զորի Բալայանն է մեծ դեր խաղացել վարքագծի ու մտածելակերպի այսպիսի ծառայողամիտ ոճի ձևավորման գործում:

- Սովորաբար Արցախում քաղաքականությամբ զբաղվում են ընտրությունից ընտրություն, իսկ համապետական այս միջոցառումից հետո կրկին քաղաքական պասիվություն է նկատվում: Ձեր կարծիքով, ո՞րն է նման երևույթի պատճառը:

- Շարունակաբար էպիզոդիկ քաղաքականությամբ զբաղվելը համընդհանուր երևույթ է, որի պատճառը քաղաքացիական հասարակության թուլությունը կամ բացակայությունն է: Քաղաքացիական հասարակություն, որը պետք է սոցիալապես ակտիվ լինի բոլոր փուլերում:  Կարևոր է հասկանալ, որ ընտրությունները հասարակական-քաղաքական գործընթացի վերջին  փուլն է, իսկ ամենակարևոր խնդիրը քաղաքացիական հասարակության կերտումն է: Իշխանություն ունեցողները զգալի ջանք և ուշադրություն են ծախսում ոչ թե ընտրությունների ժամանակ, այլ իրենց համար գլխավոր սպառնալիքի՝ քաղաքացիական հասարակության ձևավորման դեպքում: Եթե չկա քաղաքացիական հասարակություն, դա չի նշանակում, որ հասարակություն ընդհանրապես չկա. այն կլինի, բայց կլինի արդեն որպես կրիմինալ հասարակություն:

- Այսօր Արցախում նոր սերունդ է մեծանում, որը Շարժման ժամանակ շատ փոքր է եղել և ընդհանուր առմամբ հետխորհրդային սերունդ է: Ինչպե՞ս եք գնահատում սերունդների գործոնը Արցախում փոփոխությունների գործում:

- Սերնդափոխությունն ամբողջովին հասկանալի և բնական է: Եթե նախորդ սերունդը ազգային ազատության նվաճման խնդիրն է լուծել, ապա այսօրվա սերունդը այլ խնդիր պետք է լուծի՝ հասնել սոցիալական ազատության:  Որպես կանոն, երկրորդ խնդիրը պակաս դժվար չի լինում առաջինից:  Ինձ վիճակվել է շփվել ղարաբաղյան նոր սերնդի ներկայացուցիչների հետ, նրանք խելացի և վճռական մարդիկ են:  Նրանց կվախեցնեն հին տեխնոլոգիաներով, կվախեցնեն պատերազմով, հայրենիքի անվտանգության համար «համալիր մեղքով», գործի կդրվեն անձնական և հասարակական վախերը. մեր սերունդն այդ ամենը տեսել է: Չվախենա՛ք ոչ ոքից, թո՛ղ ձեզանից վախենան: Ղարաբաղյան շարժման հաջողության նախապայմաններից մեկն էլ միգուցե եղել է այն, որ այդքան էլ մեծ ուշադրություն չի դարձվել այն ժամանակներին ձևավորված հասարակությանը:  Ամեն ինչ իր ժամանակն ունի, այժմ եկել է ձեր ժամանակը, այն իրականում ձերն է, չկասկածե́՛ք դրանում: Ձեզ դժվար ժառանգություն է բաժին ընկել, բայց ամենակարևորն այն է, որ դուք ունեք ազատ Հայրենիք, և մի́ թողեք, որ ձեր Հայրենիքը շպրտեն թշնամու և «դաշնակիցների» սապոգի տակ:

- «Ազգային վերածնունդ» կուսակցությունը իրեն համարում է նոր սերնդի կուսակցություն, ընդդիմադիր է արցախյան ներկայիս իշխանություններին և Արցախում կիրառվող կառավարման տրամաբանությանն ընդհանրապես: Ի՞նչ խորհուրդներ կտայիք նորաստեղծ քաղաքական ուժին:

- Պետք չէ շտապել ընտրություններին մասնակցությամբ, ավելի լավ կլիներ սկզբից հստակորեն վերլուծել նախապատվությունները և կարողանալ անկախ մտածել:  Սխալ կլիներ չափից շատ կիրառել ձեր նախորդների փորձը. այդ փորձը մեծամասամբ բացասական է: Փորձեք սկսել նոր էջից: Ինչպես ամբողջ հայության, այնպես էլ ղարաբաղցիների գլուխը թափ են տվել ու լցրել զգալի հոռետեսությամբ և դատապարտվածության զգացողությամբ:  Իհարկե, պետք չէ ստեղծել «օազիս» անտարբերության, նյութապաշտության և հիմարության անապատում: Բայց փորձեք առաջ շարժվել՝ չշրջվելով աջուձախ. չափից շատ վնասակար մարդիկ կան, որոնք չեն լինի ձեր թշնամիները, անգամ միգուցե նաև կսիրեն ձեզ, բայց դուք ձեր գործունեությամբ նրանց հիշեցնելու եք, որ իրենց ժամանակն անցել է: Դա ձեզ չեն ների: Կան շատ այլ մարդիկ, և նրանք ձեզ կօգնեն, անպայման կօգնեն:

«Ազգային վերածնունդ» կուսակցության  
«Վերածնունդ» պաշտոնաթերթ #3
http://avk.am/




Սերժ Սարգսյանը հանձնո՞ւմ է Արցախը
Պարզվում է, Զորի Գայկովիչ Բալայանը դեռ ողջ է, եւ ավելին, Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հետ մեկնել է Արցախ եւ մասնակցել հայկական բանակի զորավարժությանը: Այս իրադարձությունը մի շարք հարցերի տեղիք է տալիս:

Նախ, ի՞նչ կարգավիճակով է Զորի Գայկովիչն ուղեկցում գլխավոր հրամանատարին, եւ այն էլ պետական կարեւորագույն միջոցառումներից մեկում՝ զորավարժությանը: Ո՞վ է Զորի Բալայանը, կարո՞ղ է ցանկացած քաղաքացի ներկա լինել զորավարժությանը:

Ինչպես երեւում է լուսանկարից, Զորի Գայկովիչը ոչ միայն ներկա է եղել զորավարժությանը, այլեւ այցելել է առաջին գիծ: Այսինքն, նա եղել է այնպիսի վայրերում, որոնք կարծես թե պետական գաղտնիքի տարրեր են պարունակում: Ցանկացած քաղաքացի կարո՞ղ է առնչվել պետական գաղտնիքներին:

Այս հարցը խիստ ակտուալ է, մանավանդ Զորի Գայկովիչի՝ Պուտինին հղած նամակից հետո, որին Պուտինի աշխատակազմն արձագանքեց խորին արհամարհանքով, արտաքնապես: Նամակում Զորի Գայկովիչը Պուտինին աղերսում էր հիշել Գյուլիստանի պայմանագիրը եւ վերցնել Ղարաբաղը:

Բազմիցս է գրվել այն մասին, որ Ղարաբաղը ոսկոր է Ռուսաստանի կոկորդին, որին Մոսկվան երբեք չի ներելու 1990-ականներին Ադրբեջանի դեմ տարած հաղթանակը, որին աջակցում էր Ռուսաստանը: Վերջին տարիներին Մոսկվայի քաղաքականությունն այս հարցում ուղղված է Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելուն, որի համար Մոսկվան «լեգիտիմ» միջազգային հիմքեր չուներ: 2008-ից հետո Մոսկվան փորձեց իր ձեռքը վերցնել այս հարցի «կարգավորումը», այսինքն՝ Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանին, ինչը սակայն տապալվեց Արեւմուտքի միջամտությունից հետո, իսկ Հայաստանն էլ հասկացավ, որ անհրաժեշտ է «դիվերսիֆիկացնել» արտաքին քաղաքականությունը:

Թե ինչ եղավ հետո, հայտնի է բոլորին: Մոսկվայի եւ Հայաստանում նրա ագենտուրայի եւ կրեատուրայի ջանքերով Հայաստանը սեպտեմբերի 3-ին հրաժարվեց իր ինքնիշխանությունից, որը պարարտ հող ստեղծեց մասնավորապես Ղարաբաղում ռուսական ծրագրերի իրականացման համար: Եւ այդ ֆոնին էլ գրվեց Զորի Գայկովիչի տխրահռչակ նամակը Պուտինին:

Ինչպես Հայաստանի բնակչության «80 տոկոսը կողմ է Մաքսային միությանը», այնպես էլ՝ «Գյուլիստանի պայմանագրին», ըստ ամենայնի սա էր նպատակը: Հիշեցնենք, որ Գյուլիստանի պայմանագրով Ղարաբաղը (ներկայիս սահմաններից մի քանի անգամ մեծ) անցավ ռուսներին, որոնք վերացրեցին հայկական իշխանությունն այդ տարածքում եւ կարգեցին մահմեդական կառավարիչներ:

Այս ամենից հետո, Սերժ Սարգսյանը Զորի Գայկովիչին իր հետ տանում է զորավարժության: Երեւում է, Զորի Գայկովիչը, որը նամակից հետո դռնեդուռ է ընկել աջակցության համար (նրան աջակցություն հայտնեցին միայն հանրության մեջ մեղմ ասած խիստ կասկածելի վարկ ունեցողները՝ կրեատուրան, տարբեր մաստի ու բնույթի հանցագործները եւ այլն), պետք է բարձրացնի իր վարկը՝ լինելով առաջին գծում: Եւ հայկական բանակի վերջին «գաղտնիքները» հայտնի Մոսկվա՝ իրեն արժեւորելու համար:

Իսկ արժանավոր մարդիկ կարծում էին, թե Զորի Գայկովիչն իր խայտառակ նամակից հետո ինքը կլուծեր իր հարցը, կամ էլ նրան այդ հարցում կօգներ Սեյրան Օհանյանը՝ նրան մարտական զենք նվիրելով:  
Հայկ Արամյան



Դե, Պուտինի այցը Երեւան հո չէին փչացնելու
Եթե չներկայացնեք Ղարաբաղի անկախության ճանաչման նոր փաստարկներ, կնշանակի, որ հարցը վերստին խորհրդարանում բարձրացնելը ինչ որ դիտավորություն ունի ցույց տալու աշխարհին, որ Հայաստանը խուսափում է ճանաչել ԼՂՀ անկախությունը, խորհրդարանում ճանաչման մասին օրինագիծ ներկայացրած Զարուհի Փոստանջյանին ասել է ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն էլ հայտարարել է, որ եթե Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, դրանով կնպաստի ԵԱՀԿ Մինսկի խմբից ազատվելու Ադրբեջանի ցանկությանը: Այս թեզը կրկնել են այլ «պետականամետ» ուժեր:

Օրինակ, Արցախը Գյուլիստանի պայմանագրով ռուսական տարածք հռչակելու հարցում ՀՀԿ-ական պատգամավորն ու փոխարտգործնախարարը դիտավորություն կամ Մինսկի խմբից ազատվելու Ադրբեջանի ցանկության սպասարկում չտեսան: Իսկ ահա Արցախի անկախության ճանաչումը հենց այդպես էլ տեսնում են:
Իրականում որովհետեւ Մինսկի խմբի խնդիր այստեղ չկա: Պարզապես Գյուլիստանի դեպքում Ռուսաստանը չի բարկանա իրենց վրա, իսկ ահա ճանաչման դեպքում՝ կբարկանա: Ինչու եւ ինչպե՞ս եք Արցախը ճանաչում, եթե չեք ճանաչել Աբխազիան եւ Հարավային Օսիան:

Դրա համար էլ նպատակահարմար է դիտվում նամակներ գրել Մոսկվա եւ Արցախը հանձնել Մոսկվային, քան ճանաչել Արցախի անկախությունը, այն էլ Պուտինի գալուց մի քանի օր առաջ: Վերջապես նա որոշել է Հայաստանի իշխանությանը պատվել իր այցով, ու ահա Զարուհի Փոստանջյանը մեջ է ընկնում Արցախի ճանաչման իր նախաձեռնությամբ: Հազիվ են ազատվել Շանթ Հարությունյանից, ով սպառնում էր փչացնել Պուտինի այցը, հիմա էլ Զարուհի Փոստանջյանը:

Հայաստանի խորհրդարանում Արցախի անկախության ճանաչումը՝ իսկ ճանաչման բազմաթիվ տարբերակներ կարելի է մշակել՝ մեղմից մինչեւ ամենակոշտ տիրույթում, որեւէ կապ չունի Մինսկի խմբի գոյության հետ: Անհեթեթ է մտածել, թե Ադրբեջանին առիթ է պետք Մինսկի խմբից հրաժարվելու համար: Բաքվի համար նման առիթներ շատ են եղել՝ տարիներ շարունակ ԱՄՆ Կոնգրեսում Արցախի օգնության մասին դրույթը ԱՄՆ պետական բյուջե ներառելու քայլը, կամ ԱՄՆ Նահանգներում Արցախի ճանաչման քայլը, կամ Ֆրանսիայում Արցախի հետ բարեկամության խմբի ձեւավորման քայլը:

Ադրբեջանը չի կարող հրաժարվել Մինսկի խմբից, որովհետեւ ոչ թե Բաքուն է ընտրել այդ խումբը, այլ խումբն է ընտրել Բաքվին եւ ինքն էլ կորոշի՝ երբ եւ ինչպես հրաժարվել Բաքվից: Իսկ ավելի ճիշտ, առաջիկայում երեւի թե չի էլ հրաժարվի, եւ դա իհարկե Ռուսաստանի շնորհիվ, որովհետեւ Մոսկվան ԱՄՆ-ին ու Ֆրանսիային պարզորոշ ցույց է տվել, որ բավական է նրանք թուլացնեն Մինսկի խմբում իրենց ակտիվությունը, երբ Ռուսաստանը Կովկասում ակտիվ գործողությունների շնորհիվ կձեւավորի լիովին նոր իրավիճակ:

Հետեւաբար պնդումը, թե ճանաչումը Մինսկի խմբի փլուզում կամ պատերազմ կբերի, մեղմ ասած մանիպուլյատիվ է: Ճանաչումն ընդամենը Հայաստանին դուրս կբերի իներտության վիճակից եւ կստիպի զբաղվել քաղաքականությամբ: Իսկ դա նշանակում է անձնական պատասխանատվության բարձրացում բոլոր մակարդակներում՝ Սերժ Սարգսյանից մինչեւ վերջին ՀՀԿ-ական պատգամավորը: Իսկ ու՞մ է դա պետք: Մարդիկ հանգիստ նստած են իրենց համար եւ միակ նեղությունը, որ քաշում են, դա Սերժ Սարգսյանի անվան դեմ ոտնձգություններին արժանի հակահարված տալն է: Արցախը ճանաչեն, որ Զորի Բալայանն ի՞նչ անի: Իսկ եթե նա ոչինչ չանի, բա իրե՞նք ինչ անեն:

Թեեւ, հիմա իհարկե իսկապես ճանաչման նպաստավոր պահը չէ: Միեւնույն է, ոչ ոք չի հավատա, որ Հայաստանի խորհրդարանը Արցախի անկախություն է ճանաչել որեւէ կերպ: Կկարծեն, թե ապատեղեկատվություն է, լավագույն դեպքում կմտածեն խորհրդարանի գլխին չար կատակ է խաղացել ինչ որ մեկը: Ոչ ոք լուրջ չի ընդունի այդ ճանաչումը, որովհետեւ լուրջ ընդունում են լուրջ եւ քաղաքականապես մեղսունակ կառույցների քայլերը: Իսկ միջազգային քաղաքականության շրջապտույտում Հայաստանի խորհրդարանը շատ վաղուց այդպիսին չէ: 
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ



Կոմանդոս. «Կա միջազգային օրենք, որով ամրագրված է ազգերի ինքնորոշման իրավունքը
Հայաստանում ռուսական ռազմակայանի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին վերջերս հայտարարել էր, որ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան կարող է ռազմական գործողություններ սկսել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում` Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների համաձայն, եթե Ադրբեջանը որոշի զենքով լուծել ԼՂ-ն իրեն ենթարկեցնելու հարցը: Այս հայտարարության և այլ հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Արցախի ազգային հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հետ:

 - Պարոն Տեր-Թադևոսյան, դուք տեղյա՞կ եք այդ պարտավորություններից. դրանցում չի մտնում Լեռնային Ղարաբաղի պաշտպանությունը: Ինչ-որ նոր բա՞ն է փոխվել այդ պարտավորություննների մեջ:

 - Ոչ, այստեղ նոր քաղաքականություն չկա, սա հերթական հայտարարություն է` հերթական ռուս զինվորականի կողմից: Ռուսաստանի և Հայաստանի միջև կան միջպետական համաձայնագրեր, և բոլոր հարցերը լուծվում են այդ համաձայնագրերով: ՀԱՊԿ համաձայն` Ռուսաստանը պարտավորվում է անհրաժեշտության դեպքում պաշտպանել Հայաստանի սահմանները, իսկ Ղարաբաղը այդ պայմանագրում չկա: Ղարաբաղյան հիմնահարցը Ադրբեջանի և Հայաստանի խնդիրն է, և դրա համար կա Մինսկի խումբ, և ես հուսով եմ, որ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումներ կլինեն, որովհետև նման հնարավորություններ կան:

 -Պուտինին ուղղված Զորի Բալայանի հայտնի նամակից հետո ռուսաստանցի քաղաքական գործիչներից մեկը վերջերս կարծիք էր հայտնել, որ եթե Ղարաբաղը մտնի Ռուսաստանի կազմի մեջ, Ադրբեջանը առհավետ կմոռանա Ղարաբաղի մասին: Դուք ընդհանրապես, բացի Ղարաբաղի անկախության հեռանկարից, ինչպե՞ս եք վերաբերվում որևէ այլ հեռանկարի:

 - Կա միջազգային օրենք, որով ամրագրված է ազգերի ինքնորոշման իրավունքը, և վերջ. այս մասով այլ օրենքներ չկան: Տաքգլուխներն ասում են` վերցնենք Ղարաբաղը միացնենք Հայաստանին, այսինքն՝ մենք խախտում ենք միջազգային օրենքը: Դարաբաղն ունի միայն մեկ ճանապարհ, այն է` անկախ պետություն դառնալու ճանապարհը:

 Ասել, որ Ռուսաստանն ուզում է Ղարաբաղը մտցնել Ռուսաստանի կազմը, ճիշտ չէ: Զորի Բալայանն իր նամակում ասել է Պուտինին, որ այդպիսի հնարավորութուն եղել է Գյուլիստանի պայմանագրից հետո, բայց Ռուսաստանը թույլ է տվել մի շարք սխալներ և կորցրել իր հնարավորություները:

 - Մենք կարո՞ղ ենք վստահել Ռուսաստանին այն դեպքում, երբ այս երկիրը Ադրբեջանին զենք է վաճառում և գործարքը համարում բիզնես: Ակնհայտ է, որ Ռուսաստանից ձեռք բերված շուրջ 3 միլիարդի զենքը պետք է օգտագործվի Ղարաբաղի և Հայաստանի դեմ:

 - Հարցն այն է, որ գերտերությունները` ԱՄՆ-ն, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, նախկինում՝ ԽՍՀՄ-ը, հիմա` ՌԴ-ն, նաև Չինաստանը, ողջ աշխարհում զենքի վաճառքի լիդերներ են: Դա բիզնես է, որը պատմություն ունի, դա նորություն չէ, որ ասենք՝ Ռուսաստանը մեզ դավաճանել է: Ռուսաստանն ուզում է ամբողջ աշխարհում զենքի վաճառքի ոլորտում ԱՄՆ-ից հետո երկրորդը լինել: Ռուսաստանը Ադրբեջանին զենք վաճառելիս պայմանավորվել է, որ դա Հայաստանի դեմ չօգտագործվի, սակայն պարզ է, որ Ադրբեջանը պետք է համաձայներ դա գնելու համար, բայց անհրաժեշտության դեպքում կօգտագործի մեր դեմ: Մի բարակ թել, որ կապում է Ռուսաստանին ու Ադրբեջանին, տնտեսական ոլորտն է` նավթի ճանապարհը:

Դրա հետ մեկնեղ՝ Ռուսաստանը ՀՀ-ին զենք է վաճառում ինչպես ՀԱՊԿ-ի շրջանակում, այնպես էլ արտոնյալ պայմանավորվածությամբ` ցածր գներով: Բացի դրանից՝ եթե ՀՀ-ն հետաքրքրված է նոր զենքերով, ապա առաջինն է ստանում դրանք: Ռուսաստանը ինչքան էլ զինի Ադրբեջանին մեր դեմ, մենք պետք է հասկանանք, որ Ղարաբաղը ռազմական գործողությունների համար այնպիսի դիրք ունի, որտեղ մեծ մասշտաբի գործողություններ հնարավոր չէ իրականացնել: Նման լեռնային վայրերում դժվար է հզոր սպառազինությամբ աշխատելը: Ինչպես ցույց է տվել համաշխարհային փորձը, հզոր ԽՍՀՄ-ը Աֆղանստանում ոչինչ չէր կարողանում անել. կան լեռնային տեղանքի առանձնահատկություններ, այդտեղ հեշտ է հաղթել հզոր բանակին: Հեռու չգնանք. 1993 թվականի փետրվարին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց ԼՂ-ի դեմ, արդյունքում նորից պարտված դուրս եկավ:

 - Այսինքն՝ Ադրբեջանի բոլոր հնարավոր հարձակումների դեպքում այս երկիրը պարտվո՞ղ դուրս կգա:

 - Մի շարք հայտնի ռազմական փորձագետներ Ադրբեջանի զինումը համարում են խաղաղության դեմ սպառնալիք: Այո, ասել, որ Ադրբեջանը կարող է վերցնել Ղարաբաղը, չի համապատասխանում իրականությունը: Վտանգն այն է, որ երկու կողմն էլ  կկորցնեն մեծ թվով կենդանի ուժ, բայց Ադրբեջանի կորուստներն անհամեմատ շատ կլինեն, իսկ մեզ մոտ ավելի շատ կտուժեն խաղաղ բնակիչները: Պատերազմոմ մի կողմն անպայման հաջողության է հասնում, իսկ այս դեպքում այդ կողմը մենք կլինենք, քանի որ հակադարձ հարձակումից, որ ԼՂՀ-ի բանակը կանի, եթե ՀԱՊԿ-ը չխանգարի (այդ ուժերը մեզ պետք չեն), և եթե Թուրքիան չմիջամտի, ադրբեջանցիներն անգամ ամբողջ Ադրբեջանը կկորցնեն:

 Երկրորդ՝ ես ասել եմ և միշտ կրկնում եմ, որ ժամանակակից պատերազմը տարբերվում է այլ պատերազմներից նրանով, որ հաղթելու համար կան բազմաթիվ ճանապարհներ: Եթե Ադրբեջանի ճանապարհները նայենք, դրանք կամուրջներ են, խողովակներ` նավթի, գազի, որոնք, կարճ ասած` մեր նշանառության տակ են և անհրաժեշտության դեպքում կիրառելու ենք այդ թիրախները: Ռազմական ոլորտի մասնագետները գիտեն, որ այդ խողովակների 98 տոկոսը Ադրբեջանինը չեն, դրանք պատկանում են ֆրանսիական, գերմանական և այլ երկրների ընկերությունների, և այդ երկրները թույլ չեն տա, ՆԱՏՕ-ն էլ թույլ չի տա, որ Ադրբեջանը Թուրքիայի միջոցով (իսկ Ադրբեջանն առանց Թուրքիայի ոչ մի քայլ չի անում) սկսի ռազմական գործողություններ: Երբ մենք ասում ենք` Ադրբեջանից վտանգ կա, դա, իմ կարծիքով, ձեռնտու է թե´ մեզ, թե´ Ադրբեջանին: Մենք պետք է մեր հասարակությանը զգոն պահենք. շատ մեծ դժբախտություն կլինի, եթե մեզ վրա հարձակվեն, բայց ողբերգությունը կլինի Ադրբեջանի համար:

 Մենք ունենք հակահարձակման հիասքանչ հնարավորություններ, անգամ հյուսիսից Կուր գետի ափերը կարող ենք դուրս գալ և հասնել մինչև Կիրովաբադ:

 Սակայն պետք չէ ասել, որ մեր թշնամին թույլ է, ուղղակի Ադրբեջանում ապրում են ազգային փոքրամասնություններ, ովքեր ցանկություն չունեն կռվելու: Եթե ավարները, թալիշները 200 կմ հեռու պետք է ծառայեն տնից, ուրեմն սահմանին հայտնվում են կռվելու ցանկություն չունեցող և ցածր բարոյահոգեբանական վիճակում գտնվող զինվորներ: Ուժեղ են, զինված են, բայց չեն ուզում կռվել, նայում են իրենց պատմությանը, վիրավորված և ստորացված են, ինչպես մի ժամանակ ղարաբաղցիներն էին:

 Ղարաբաղը մեծ Շուշի է. ինչպես Շուշին է անհնար վերցնելը, այնպես էլ Ղարաբաղը: Ես այս մտքի տերն եմ և համոզված եմ դրանում:

 - Հայաստանի` Մաքսային միության անդամ դառնալու ամենակարևոր պատճառներից մեկը նշվում է անվտանգության բաղադրիչը: Ի՞նչ է սա նշանակում, Հայաստանն անվտանգության ի՞նչ սպառնալիքներ ունի այսօր, որ չուներ երեկ: ՄՄ մտնելով՝ ՀՀ անվտանգությունը ինչո՞վ և ինչպե՞ս պետք է ամրանա:

 - Հարցն այն է, որ երեկ մեր անվտանգության հիմքն ենք գցել, ՀԱՊԿ անդամ ենք դարձել, Ռուսաստանը զորամասեր ունի այստեղ, սահման է պահում: ԵՄ-ում հիմք չկա, մենք պետք է ամբողջ հին հիմքերը մաքրենք, ռուսական ռազմաբազան հանենք, դուրս գանք ՀԱՊԿ-ից, միանանք ԵՄ-ին, որտեղ չենք ստանում ՀՀ-ի անվտանգության երաշխիքը: Տնտեսական առումով, իհարկե, շատ լավ կլիներ ԵՄ մտնել, բայց անվտանգության համար Եվրասիական պայմանագիրն ավելի ձեռնտու է:

 Տնտեսական հարցերին չեմ խառնվում, դրանցից շատ բան չգիտեմ, բայց Ռուսաստանը, որը ԽՍՀՄ-ից մնացած խնդիրներ ունի, մինչ այժմ իր երկրում օրենքի ուժը չի հաստատել և դեռևս զարգացման ճանապարհին է: ԵՄ-ն արդեն ձևավորվել է, տնտեսական հսկաներ են դրա հիմքը դրել, այստեղ մարդու իրավունքն է հարգվում, ինչը, ցավոք սրտի, ո´չ ՌԴ-ում, ո´չ Չինաստանում, ո´չ Ղազախստանում չկա: Սակայն ինչների՞ս է պետք ԵՄ-ի մարդու իրավունքը, եթե պաշտպանվածության երաշխիք չունենք:

 - Անդրադառնանք վերջին շրջանի ներքաղաքական ամենաքննարկվող թեմային` նոյեմբերի 5-ի դեպքերին: Նախ կուզեի Ձեր կարծիքն իմանալ այս առթիվ, և հետո, Շանթ Հարությունյանը ակնհայտորեն դեմ էր Ռուսաստանին, իսկ իշխանություններին հաջողվեց նրան լռեցնել: Սրանից կարելի՞ է ենթադրել, որ ով Ռուսաստանի կամ իշխանությունների դեմ մի քայլ անի, այսուհետև կարժանանա նման բախտի:

 - Շանթի մասին շատ եմ լսել: Եթե կարճ ասեմ, նա հայրենասեր մարդ է, պատերազմին է հրաշալի մասնակցել, բայց կարծում եմ, որ այդ քայլը հուսահատական էր: Ես խոսեցի մարդու իրավունքից. ամեն մարդ իրավունք ունի իր կարծիքն արտահայտելու, բայց ասելուց բացի նաև լսել է պետք: Հաճախ մտածում եմ` մտածվա՞ծ քայլ էր, թե՞ ոչ, բայց հաստատ է մի բան` հուսահատական էր: Ոնց որ ասեր` ինձ համար մեկ է` ինձ կլսեն թե չէ, ես կասեմ: Ես չեմ քննադատում այդ քայլը, սակայն մինչև գործողությունների անցնելը շատ սխալ էր խոսում, բայց դա իր իրավունքն է: Նա ուզում էր այդ պայթուցիկների միջոցով հեղափոխություն անել, իսկ նման հայտարարություններով և նման կերպ վարվելը լուրջ չէ: Ես հույս ունեմ, որ արդարադատությունը ճիշտ որոշում կկայացնի այս դեպքում: 

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի



Азербайджанский писатель: Мы проиграли войну Бабаджаняну, Азнавуру, Сарьяну, Параджанову, Сарояну, Айвазовскому
Проживающий в Швеции азербайджанский писатель-публицист Вахид Гази в открытом письме, опубликованном сайтом «Qafqazinfo.az» рассказал, что накануне наткнулся на афишу концерта «Ветра войны», в программе которого среди классиков европейской музыки числится также Арам Хачатурян.

«Мне это напомнило детство, когда в советских фильмах и передачах, которые показывали по телевизору, я искал в титрах азербайджанские фамилии и когда находил похожую, не мог понять азербайджанская ли это фамилия, или какого-нибудь другого мусульманского народа. Но в каждой передаче я встречал армянскую и грузинскую фамилию. Как минимум, дирижером оркестра при озвучивании фильма был армянин. Однажды, увидев фамилию главного героя картины «Никколо Паганини» Владимира Мсряна, я спросил у отца: “армяне есть везде, их так много?”. “Их не много. Они просто развиты, активны и осмотрительны. Они помогают друг другу, поддерживают. Поэтому и видно их везде”- ответил отец», – вспоминает Гази.

Автор отмечает, что, став взрослым, он стал замечать это везде: от центральных улиц Нью-Йорка со сверкающими витражами ресторана «Petrossian» до шведских сельских библиотек, где рекламируется книга о Геноциде армян в Османской Турции.

«Сюита Арама Хачатуряна, написанная в далекие 40-е для советского фильма «Сталинградская битва», включенная в репертуар оркестра маленького городка меня не удивила. Я хочу сказать, что мы проиграли не только в Карабахе и виноваты в этом Россия, Иран, Америка, христианский мир, масоны, кто угодно, только не мы сами», – отмечает автор.

По словам Гази, азербайджанцы не знали не только армянина, который ничем от них не отличался, но и армянина на другом конце планеты. «Мы не знали, что в Карабахе проиграли не только «миацумовцам». Мы проиграли: в войне – маршалу Баграмяну, маршалу Бабаджаняну, в политике – Микояну, в диссидентстве – Паруйру Айрикяну, в правозащитной сфере – Алиханян-Боннэр, в классической музыке – Араму Хачатуряну, в современной музыке – Мишелю Леграну, в скрипке – Самвелу Ервиняну, в дудуке – Дживану Гаспаряну, в уде – Джону Берберяну, на эстраде – Шарлю Азнавуру, в литературе – Вильяму Сарояну, в живописи – Айвазовскому, в кино – Параджанову, в актерстве – Джигарханяну, в модельном бизнесе – Ким Кардашьян, в умении зарабатывать – Кирку Керкоряну, в благотворительности – Джерарду Гафесчяну, в конструкторском деле – Артёму Микояну, в астрофизике – Амбарцумяну, в парикмахерском деле – Мовсесу, в мастерской – Ашоту, в умении делать соления – Айкануш», – говорит автор.

Как отмечает Гази, азербайджанцы причиной всего этого считают армянские фальсификации, их ложь, коварство, христианство, церковь, их полезность России, Ирану, США, а также предательство, но никогда не ищут причину в себе. А каждый из вышеперечисленных, по мнению автора, добился успеха, стал узнаваемым и сделал узнаваемым свой народ, потому что за его спиной стояли многие армяне, сплоченное общество.

«Они подают руку падающему, подставляют плечо встающему. В науке, политике, искусстве, спорте, военном деле – везде для успеха одного пятеро прокладывали дорогу. Не дискредитировали идущего вперед, не мешали, не злословили, не рыли яму у него под ногами», – резюмирует В.Гази.

Источник: Panorama.am



Տոն` տոնաչնման

Այսօր նոյեմբերի 10 է` գիտության միջազգային օրը. մեզ և ձեզ մե՜ծ ավետիս:
Գիտնականներին` ավետիս, քանի որ իրենց տոնն է, ժողովրդին ու կառավարությանն էլ` քանի որ մենք ապրում ենք գիտելիքը կարևորող, գիտելիքահենք ու գիտությունը որպես գերակա ուղղություն որդեգրած երկրում:

Բայց զարմանալի է, չէ՞, որ գիտության հանդեպ նման հարգանք ունեցող երկրում այսօր առանձնապես ձայն-ծպտուն չեղավ գիտության մասին. ոչ մի պարգևատրում, ոչ մի միջոցառում, ոչ մի շնորհանդես: Տեսնես ինչի՞ց կլինի այս տարօրինակ անտարբերությունը: Նույնիսկ եղանակն է գորշ ու անբարեհամբույր, ինչպես գիտության հանդեպ վերաբերմունքը:
Հա՜, իմացա՜. գիտության միջազգային օր նշելը առաջին անգամ որոշվել է 1999 թվականին Բուդապեշտում` Համաշխարհային գիտական կոնֆերանսի ժամանակ, դե մերոնք էլ բուդապեշտցիներից խռով ու գիտախզված են, դրա համար էլ տոնը տոնի նման չնշեցին: Թե չէ` գիտե՞ք ինչե՜ր կանեին:

Դե պարզ է` ինչեր, կվարվեին ճիշտ այնպես, ինպես մյուս` գիտությունը կարևորող երկրներում: Օրինակ, այսօր բոլոր թանգարաններում ու գրադարաններում մուտքը ձրի կլիներ: Եթեր կգնային բազմաթիվ` այսօրվա համար նախորոք պատրաստած հաղորդումներ ու ֆիլմեր` գիտության ու հայտնի գիտնականների մասին: Հեռուստաստուդիա կհրավիրվեին գիտնականներ: Հանրապետության պաշտոնական անձինք կշնորհավորեին գիտնականներին ու կհանձնեին պատվոգրեր, մեդալներ, շքանշաններ, հաշվի առնելով նաև գիտության ֆինանսավորման ամոթալի խղճուկ չափը, նաև` դրամական պարգևներ: Դպրոցները կկազմակերպեին էքսկուրսիաներ` գիտահետազոտական ինստիտուտներ, դպրոց կհրավիրեին գիտնականի ու հանդիպում կկազմակերպեին աշակերտների հետ… նա կպատմեր իր անցած ուղուց, գիտության կարևորությունից ու գիտության զարգացման անհրաժեշտությունից` տնտեսության առաջընթացի համար:

Հնարավոր է, որ գիտնականների բախտից որևէ կարևոր նախարարի կամ վարչապետի երեխան կամ թոռնիկը հենց այդ դպրոցում սովորելիս լիներ: Նա կգնար տուն ու ոգևորված կպատմեր, ինչի շնորհիվ մեր «վերևներում» էլ որոշներ կիրազեկվեին գիտության կարևորությունից: Իհարկե նախօրոք դպրոցի տնօրինությունը զգուշացրած կլիներ, որ հանկարծ չլինի թե գիտնականը սխալվի ու իր աշխատավարձի չափից խոսի, թե չէ երեխաները, որ հազիվ սկսել էին հարգանքով նայել հրավիրված գիտնականին ու արդեն կասկածի մեջ էին ընկել` հովո՞, թե՞ գիտնական, միանգամից կընտրեին` հովո: Իսկ եթե այնուամենայնիվ սխալված ու վերջում խոսք գցած լիներ ֆինանսներից, այդ դեպքում հայոց լեզվի դասատուն պիտի օգնության հասներ ու բացատրեր, որ, ճիշտ է, Սուքիասյանի հայտնի հոմանիշների բառարանում չկա, բայց եթե այն վերահրատարակվի, «գիտնական» բառի հոմանիշը առաջին հերթին կլինի «նվիրյալ»-ը: Ուսուցչուհին, մի քիչ ամաչելով, կբացատրի, որ ինքն ավելի բարձր աշխատավարձ է ստանում, քան իրենց գիտնական հյուրը` դոկտոր-պռոֆեսորը: Մի խոսքով, ամեն ինչ կլիներ վերը նկարագրածի պես, եթե…

Հայտնի անեկդոտ կա. Մի անգամ մոլլան գյուղամիջում սխալվում ու կիսաբերան ընկերներին հրավիրում է տուն` հուսալով մերժում ստանալ: Բայց ոչ միայն չեն մերժում, դեռ ձայն են տալիս բոլորին, ով էդ պահին գյուղամիջում չէր ու հավաքվում գալիս ծալապատիկ ու սպասողական բազմում են: Մոլլան անհարմար վիճակի մեջ է ընկնում, մտածում է` ինչ անի… գնում բերում է մի մեծ շերեփ ու մի հսկա ղազան, ցույց է տալիս հյուրերին ու ասում` հարգելի հյուրեր, եթե ես ունենայի էս շերեփով մեկ յուղ ու էս ղազանով մեկ բրինձ, իմ կինը փլավ կեփեր ու ես սիրով կհյուրասիրեի ձեզ, իմ շատ հարգարժան հյուրեր, բայց քանի որ չկա, ցրվեք, գնացեք ձեր տները:

Այնպես որ, սիրելի գիտնականներ, եթե որոշումը Հունգարիայում կայացրած չլինեին, այլ մի ուրիշ երկրում, դուք կունենսյիք տոն` ինչպես տոն, բայց քանի որ չկա, բավարարվեք լրագրողներս կողմից արված ջերմ ու անկեղծ շնորհավորանքով ու հանգիստ գնացեք քնելու. օրն արդեն վերջացավ, կամ էլ` աշխատելու, քանի որ դուք գիշերն էլ եք աշխատում:
Ասում եմ ձեզ` ամեն ինչ լավ կլիներ` տոն` տոնի նման… ուղղակի սաղ էդ հունգարացի մաջարներն են մեղավոր:

Նաիրա Վարդապետյան



Նոյեմբերի 10-ը գիտության համաշխարհային օրն է

Նոյեմբերի 10-ը Գիտության համաշխարհային օրն է: Ավելի պաշտոնական` Գիտության համաշխարհային օրը` հանուն խաղաղության և զարգացման (World Science Day for Peace and Development): Այն նշվում է ամեն տարի և նպատակ ունի բարձրացնելու գիտության կարևորության գիտակցումը հասարակության մոտ` ողջ աշխարհում: Ու թեև հանգսյան օր հայտարարված չէ, սակայն բոլոր երկրներում անց են կացվում տոնի հետ կապված միջոցառումներ: Գիտությանը օր հայտարարելու առաջարկը հնչել է 1999թ.-ին` Բուդապեշտում կայացած Գիտության համաշխարհային կոնֆերանսի ժամանակ, որտեղ ընդգծվել է գիտության և հասարակության միջև շփման սերտացման անհրաժեշտությունը: 2001թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն պաշտոնապես հայտարարել է այս օրը որպես Գիտության համաշխարհային օր: Գլոբալ մասշտաբով Գիտության օրն առաջին անգամ նշվել է 2002թ.-ի նոյեմբերի 10-ին: Եվ այդ օրվանից այն լայնորեն նշվում է ամբողջ աշխարհում: ՅՈՒՆԵՍԿՕ - ն ամեն տարի լայնածավալ աշխատանք է տանում պետական ​​մարմինների, գիտական ​​և ուսումնական կոլեկտիվների, բնակչության հետ` Գիտելիքների համաշխարհային օրվա մեծ արժեքի իրազեկության բարձրացման համար:




Առաջարկ ՀՀ ԿԳ Նախարար Ա. Աշոտյանին, ՀՀ Վարչապետ Տ. Սարգսյանին, ՀՀ ԱԺ Նախագահ Հ. Աբրահամյանին, ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանին

Պետության հարգելի՛ այրեր
Նոյեմբերի 10-ը Գիտության համաշխարհային օրն է:
Առաջարկում ենք հանդես գալ Հայաստանի Հանրապետության գիտնականներին ուղղված շնորհավորական ուղերձով` շնորհավորել ՀՀ գիտնականներին իրենց մասնագիտական տոնի` Գիտության համաշխարհային օրվա առթիվ (World Science Day for Peace and Development, http://www.un.org/en/events/scienceday/messages.shtml)` նշելով Գիտության օրվա խորհուրդը և գիտության կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար։
Առաջարկում ենք այսօրինակ ուղերձները դարձնել ամենամյա ավանդույթ։
Հարգանքով`
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնություն




ԱՅԴ ՕՐԸ...

Ընկերս դարձյալ այդ աղջկա հետ էր։ Ինչ ծանոթացել էր նրան, շատ էր փոխվել։ Մինչ այդ ես կարծում էի, թե երբ սիրում են մեկին, ավելի ուրախ, ավելի երջանիկ են դառնում և սավառնում են վերևներում։ Ընկերս ոչ ուրախ էր, ոչ տխուր, բայց մի տեսակ այնպիսին էր դարձել, ինչպիսին երբեք չէր եղել։

Աղջիկը, ճիշտ է, գեղեցկուհի չէր, բայց բավականին հմայիչ էր։ Ես ուզում էի հարցնել այդ աղջկա մասին, բայց չգիտեի, թե ինչ հարցնեմ, իսկ ինքը դեռ ոչինչ չէր ուզում ասել։ Հանդիպում էին ոչ շատ հաճախ, բայց հանդիպում էին...
Վերջապես մի անգամ հարցրի աղջկա մասին։
- Է՜հ,- ասաց նա,- մի օր քեզ կասեմ։

Անցան օրեր, ամիսներ։ Նրանք շարունակում էին հանդիպել։ Երբեմն նա զանգում էր ընկերոջս, և նրանք ժամադրվում էին։ Սակայն լինում էին օրեր, երբ ընկերս, չգիտես ինչու, չէր ուզում տեսնել նրան և պատճառաբանում էր, թե կարևոր գործեր ունի, չնայած ոչ մի կարևոր գործ չէր ունենում։
Մի օր ընկերս զանգեց և ասաց, որ ուզում է անպայման տեսնել ինձ։ Տանը հյուրեր կային, և ես նրան ասացի, որ լավ կլինի վաղը հանդիպենք։ Մյուս օրը չկարողացա նրան գտնել։ Հետո, երբ գործուղումից վերադարձա, նրա մատին նշանի մատանի կար։

Անցավ մի ամիս։ Ես մտածում էի, որ այդ օրը նրա ամենաուրախ օրը պիտի լիներ։ Նվագախումբը պար պարի հետևից էր թնդացնում, թամադան հարսանքատնով մեկ քաղցր կենացներ էր շաղ տալիս, ամենքն ուրախ էին, բայց ընկերս այնպես էր նստել հարսնացուի կողքին, կարծես ամենևին իր հարսանիքը չէր, ասես փողոցով անցնելիս, իրեն բռնել էին ու նստեցրել այդ աղջկա կողքին։

Գրողը տանի, բայց ախր նրա հետ ինչ-որ բան է կատարվում, մտածեցի ես։ Հետո, երբ հյուրերի թիվը զգալիորեն նվազել էր, և նոր կենացներ ասելու համար թամադան ծուլանում էր տեղից բարձրանալ, ընկերս մոտեցավ ինձ և, մի կողմ քաշելով, ասաց.
- Այն օրը, հիշո՞ւմ ես, մի ամիս առաջ, որ զանգեցի, անպայման ուզում էի քեզ տեսնել...
- Ինչ-որ բան է պատահե՞լ...
- Քեզ շատ կարևոր բան պիտի ասեի։

- Հիմա ասա՛։
- Հիմա ուշ է,- նա տխուր ժպտաց,- արդեն ուշ է...
- Այնուամենայնիվ, ասա՛, ի՞նչ էիր ուզում ասել։
- Երբ նրա հետ եմ լինում, ասես հարբած լինեմ։ Երբ հեռանում եմ և մենակ եմ լինում, սթափվում եմ ու հասկանում, որ նա ինձնից շատ է հեռու և օտար...
- Հետո՞...
- Ես քեզ ուզում էի ասել, որ ինչ էլ լինի, թեկուզ քեզ կոպտեմ ու վիրավորեմ, երբեք չթողնես նրա հետ ամուսնանամ...

Մնացի ապշած։
- Կատակո՞ւմ ես,- հարցրի, բայց նա չլսեց, ձեռքը թափ տվեց և գնաց զբաղեցնելու իր տեղը հարսնացուի կողքին։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
Փետրվար, 1999 թ.




ՀԱՄԱՆՎԱԳ ՑԱՎԻ ՈՒ ՀԱՐՈՒԹՅԱՆ


Հերոսի ժամանակն ու ժամանակի հերոսը
(նախաբանի փոխարեն)

Տարածված միտք կա. բանաստեղծը չի սիրում մեկնաբանել կոնկրետ գրվածքը, պոեմը, քան այն, ինչ արդեն շարադրված է: Ես բաժանում եմ այդ տեսակետը:

Դա նման է նրան, որ ծնողը սկսի փիլիսոփայել, թե ինչու որոշեց երեխա արարել, աշխարհ բերել, և թե ինչ կուզենար, որ իր զավակը դառնա՝ կանխորոշելով նրա ապագան, ժամանակը, նրա հերոսին: Հասկացեք, դա մանկանը լրացուցիչ հատկանիշներով, տաղանդով չի օժտի կամ չի նվազեցնի դրանք, առավելևս՝ արագահասուն ու սիրելի չի դարձնի:

Իսկ գրականությունն, ըստ իս, հենց մանուկ է, անկախ իր հասունության պատրանքից, որովհետև մանուկը մանկամիտն ու մանկատարիքը չէ, թերևս…Մանուկը՝Երկվողն է՝ ժամանակների ու մարդոց բարուրանքով, Տիրոջ հղացմամբ: Եվ ուրեմն մանուկը՝ նորահայտն է, շարունակողը, հավերժաբար մեծացողն ու անընդհատ սիրվողն է: Եվ ուրեմն, ամենայն ինչ քննելի է ու բնընկալունակ՝տարածության ու ժամանակի չափումներում, այնպես, ինչպես աստվածակերտ յուրաքանչյուր մարդ ու իրադարձություն:

Այդպես ժամանակն իր հերոսներին է ծնում, բայց որոնք, նույնիսկ ճշմարիտ ու արժանահավատ լինելով հանդերձ, մեր տկարամտության, խավարահակության ու նյութապաշտության պատճառով՝ դեռևս ամբողջապես չեն դառնում մեր ժամանակների հերոսը: Անարդար է ստացվում, բայց փաստ է, որ անձնազոհության ու սխրագործության միջոցով իրականում հենց մեզ ու մեր ժամանակները հերոսացրած Անհատի՝ Հերոսի ժամանակի տևականությունը հենց մեր վերաբերմունքի ու կեցակարգ-ապրելու փիլիսոփայությամբ է պայմանավորված: Վասնզի, բնությունը ներդաշնակության մեջ է և մեկ կողմի հերոսություն չի լինում, մեկ կողմի երջանկություն ու մեկ կողմի մահ չի լինում, դրանք լինում են դրվագապես մեկ, առանձին, տարբեր, ինքնատիպ, բայց մեկտեղող, համահասցե, յուրաքանչյուրապատկան: Լինում է առանձին կյանքերի տարբերությամբ ներդաշնակվող կամ, վատագույն դեպքում, աղարտող Կենսագրություն:

Ահավասիկ, այս լույսի ներքո պետք է դիտել արցախյան հերոսամարտի երջանկալույս ազատամարտիկ, հետմահու Արիության մեդալի արժանացած, վարդենիսցի հերոս Էդվարդ Պողոսյանին (մարտական կնքանունը՝ՄԳՈ) նվիրված իմ «Համանվագ Ցավի ու Հարության» պոեմը (գրված 1996 թ.), որի գեղարվեստական արժեքը, դրա պարագային իսկ, առ ոչինչ է՝ առանց դրա արարման ԱՌԻԹԻ, ժամանակային հանգրվանի ու մեկ ամբողջ սերնդի ու եզերքի եղերական, բայցև հերոսական ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ հուզավառ, մարդկային ընկալման: Եվ, ուրեմն, պոեմն իր էութենական արժեքայնությամբ ավելի շուտ վավերագիր-ինքնակենսագրություն է, որով հավաստվում է Վարդենիսի ու վարդենիսցու՝ արցախյան գոյամարտին ունեցած անժամանցելի առնչակցությունն ու ավանդը, ինչպես նաև պատերազմին ականատես իմ սերնդի ու ժամանակակիցների հոգեբուխ վերաբերմունքը: Դժվար է ժամանակային նույն ծիրում ապրել հերոսի հետ, տեսանել նրան՝ ժամանակների հեռվից և հերոսացնել քո և հարագնա ժամանակներում: Էդվարդին ներբողված սույն ստեղծագործությունը դրա փորձն է: Նկատի ունեցեք, որ այն գրվել է 15 տարեկանում, ՄԳՈ-ի նահատակությունից երեք թե չորս տարի անց, Վարդենիսի թիվ 2 դպրոցը (որտեղ, ի դեպ, ուսանել է Էդվարդն ու, երջանիկ բարեբախտությամբ նաև՝ տողերիս հեղինակը) Հերոսի անվամբ կոչելու տարում և առիթով: Ահա, թե ինչու, աներկբա և անխուսափ է, որ «Համանվագ Ցավի և Հարություն» պոեմում առկա են ժանրային անհամահունչություններ, գրողական ազդեցություններ, մտային ու գրական «անչափահասություն»: Այդուհանդերձ,17 տարի առաջ (պատկերավոր ասած՝մեկ զինվորի տարիք) գրված պոեմն այսօր էլ, նույնիսկ փորձառության պարտադրանքով ու մասնագիտական ինքնասիրությամբ, չէի զորի փոփոխել: Այնպես, ինչպես անհնար է փոխել մանկության լուսանկարն՝ միաժամանակ պահպանելով դրա հարազատությունն ու բնութենականությունը: Այնպես, ինչպես անհնար է փոխել հիշողությունը, պատմությունը, հերոսի ժամանակն ու ժամանակի հերոսին: Նույնիսկ հեղինակային, անձնական կույր հարազատությամբ ու բնազդատածումներով հանդերձ (ինչը, սովորաբար, խորթ չէ ցանկացած գրողի՝ անկախ իր հանրահռչակության, տաղանդի ու տարիքի), խոստովանեմ, որ պոեմը, հետահայաց գնահատանքով, իրապես, արժանի է հրատարակության՝ մանավանդ, որ այն, արդեն գրքի տեսքով, կոչված է հասցեագրվել ու անվճար բաժանվել Էդվարդ Պողոսյան հերոսի ու իմ ծննդավայր Վարդենիսի, ինչպես նաև հարակից գյուղական համայնքների հանրակրթական դպրոցներին, տարածքում գործող զորամասերին, քաղաքային ուսումնական միջին մասնագիտական հաստատություններին, մշակութային ու արվեստի այլ կրթօջախներին, պետական ու հասարակական հիմնարկներին, այլ կազմակերպությունների: Անձամբ՝ ինձ համար պոեմը, որն, ի թիվ շատերի գնահատանքի, առաջին հերթին, արժանացել է հենց Էդվարդի մոր՝ Սիրունիկի հերոսամայրական հավանությանն ու օրհնանքին, թանկ է՝ իբրև իմ և իմ սերնդակիցների մանկության վկայական: Ես կուզեի, որը ՎԱՂն այդ վկայականը սեղանի գիրք դառնար իմ դստեր՝ Անահիտի ու նրա հասակակիցների համար՝ արդեն որպես պատմության հերոսական ու բոլորահռչակ անցաթուղթ: Որպես Հերոսի՝ թերթվող ու չխունացող ժամանակագիրք՝ բոլորիս հեղինակմամբ ու վերընթերցմամբ։
Արա ԱԼՈՅԱՆ 


Հերոսապատում պոեմ՝ ներբողված Արցախյան 
գոյապայքարի լուսահիշատակ հերոսամարտիկ, 
վարդենիսցի Էդվարդ Վոլոդյայի Պողոսյանին 
(Մգոյին, ծնվ. 12.4.1967, նահատակված 2.1.1994, թ.)

Ապրել է ՆԱ, ՈՎ զոհվել է ժողովրդի համար
Ա.ՇԵՆՅԵ

Նախակորդ. Մեղեդի Ցասման

Թե ամբողոջովին կորով ես ու ջանք,
Թե քո  հասակը ու տարիքը քո չափվում են բա՜րձր, Նոյյան տապանով,
Ուժդ՝ անխորտակ ընթացքի մեջ է քո վաղնջական,
Որ ձգվում է հար դեպ աստվածային ճշմարիտ Լույսը,
Թե խաչված ու սև քո ճակատագրով
Դու մի երկրային, մարդահիսուս ես…
Իրավունք չունես աչքդ փակելու,
Երբ դեռ եղծում են քո տաճարները
Երբ կրակում են աչքերիդ վրա, դրանց երազի՝
Հենց երկնքի մեջ, քո տան շեմից ներս, կամ թե բարուրին,
Երբ երազում են փակել աչքերդ՝ Երազդ խլած,
Երբ երազում են Երազդ սպանել՝
Իրենց աչքերը փակելով քո լույս երազների դեմ…
(Տերը փակ աչքով տեսնում էր շուրջը,
Բորոտին, հեգին ու մեղավորին,
Ու փակ աչքերով ներում էր նրանց՝ Խաչի հանվելիս)…
Եվ ահա, դու էլ, իրավունք չունես աչքերդ փակել,
Նույնիսկ եթե քո աչքերը իրենց բներից հանեն՝
Ու եթե անգամ կուրանաս անլույս,
զի խաչվելու ես, բայց չես մեռնելու,
Զի մեռնելու ես, բայց աչքի համար,
փակ աչքի թե բաց,
Եվ ապրելու ես հավիտենապես՝
Լայն բացված աչքով առ Խաղաղություն, առ սեր Հայրենի…
Իրավունք չունես, երբ չի չորացել արցունքը քո մոր,
Երբ քո սրտաչափ ու քարատաճար հին Հայաստանում
Անջրֆի հողը դեռևս արյան բույրն է ըմբոշխնում,
Երբ անասնացեղ հորդան վայրենի
Քո ձիգ գոյության մեսրոպակնիք վավերագիրը՝քո հայոց լեզուն՝
Մորթել է ուզում….
…թե անպատիժ են մնում անաստված հանցապարտները,
Դու պիտի գոռաս քո նախնիների անխորտակ ցավով,
Ցասումով նաև. «Մարդ սպանելը սովորանք ձեզմե…»
Բայց ի՞նչ անեինք,
Որ չսպանեինք,
Երբ որ թշնամին իր ձեռքում սեղմել
Ու սպանում էր մեզ…
Չէ՜, ինչ եմ ասում, ի՜նչ սպանություն-
Խաբեություն է բառն այս ու կիսատ.
Մեզ երբեք, երբեք, երբեք չեն սպանել,
սովորեցրել են մահանալ տարբեր. դժնի ձևերով՝
ընտելացնելով սպանությունների, մեռնելու բոլոր հոմանիշներին-
Սովորեցրել են, բայց չենք սովորել սերտել դասն իրենց…
Մեզ մահացնելով դարեր շարունակ՝
Սովորեցրել են ապրել հավիտյան…և մարդ չսպանել-
Մեզ, որ հանապազ հաց էինք արդար,
եվ Տիրոջ կամքով բազումապատկված մի ծեղ փշրանքից,
Դուք՝ որոմներդ ցանկացաք խառնել ձեր բիրտ ցեղերին,
Դուք, որ բարձրացաք, աճեցիք մեզ հետ՝
մեր հողի վրա,
մեր սիրո հաշվին,
Այժմ ուզում եք  խլել մեր հա՞ցը,
վերացնել հա՞րցը…
Մեզ գետնած ելնել, խոյանալ բա՞րձր..
Բայց երկինքներում որոմ չի աճում,
Ուրեմն՝ սին է ցորենին խեղդած փտած գոյության որևէ աճուրդ….
Հեյ, որոմացեղ, ճահճամարդուկներ,
Դեռ չե՞ք կշտացել արցունքից մեր տաք,
Դեռ չե՞ք կշտացել անեծքից հայ մոր,
Որ իր բարությամբ մի Տիրամայր է
(չէ, ինչ եմ ասում, անե՞ծք է միթե,
Օրհնանք է դառնում՝ նույնիսկ ոսոխին-
Կանիծեն բախտը, բայց ոչ թշնամուն)…
Դեռ չե՞ք հագեցել մեր բարությունից,
Ուզում եք քանդել այն Ամարասը,
Ուր դարեր առաջ մեր հայ դպրության, ինքնության մեր մեծ
Լյառն Արարատը՝Մաշտոցը վսեմ
Ուսուցանել է գիր ու շարական,
Եվ մանկան մտքի չհերկված հողում
սերմանել է լույսն, աղոթքն ու բարին,
Խավարասերներ, բանտե՞լ եք ուզում
Թարթառ, Մռով, Քիրս…
Դեռ ա՞ղ եք ցողում իմ չսպիացած, արյունող վերքիս:
Բավ է, իմ միջից ելել է արդեն
Մեր համբերության Դավիթը Սասմա,
Փշրել, ջարդել է քառսուն ջաղացքար և վեր է պարզել պայքարի՝ իր սուր,
իր Թուր Կեծակին,
Անիրավության դեմ իր պայքարով, իր արդար ցասմամբ…

***
Հոգնած օրերի ընթացքից թմբիր,
Եվ ներկա կոչվող՝ բացված երակից,
Գնում եմ դանդաղ ճերմակը դեպի,
Դեպ հիշողություն՝ Մատյան եռագիր:
Այլևս անզոր դիմակայելու
Աշխարհի մեղսոտ այս անցուդարձին,
Գլուխս, ահա, դնում եմ բարձին,
Փակված աչքերով, սակայն նայելու
Մի զարմանալի, խորին հատկությամբ,
Անվանեցեք գեն, բնազդ, արյան ճիչ,
Եվ կամ թե այլ ինչ…
Դրա համար էլ հասուն են բոլոր հայ մանուկների
Աչքերը թածխոտ,
Որ տարբերում են օտարներն անգամ,
Եվ աչքերն այդ թաց՝ մեր չվերջացող ցավերն են, ախ, ծո՜ր…

Եթե սիրում ես, Տեր, մանուկներին,
Արարածներին այս անմեղ ածու,
Որ քո աչքերն են այս թատրոն-ցածում,
Ուրեմն ասա,
Իրավունք ունե՞նք աչքներս փակել
Քո այս երկրային աչքերի մահվան ու տանջանքի դեմ…
Հերիք է լռես, հասկացանք, մարդ ենք,
Երբ է հատնելու այս հին, մարդկային ողբերգությունը,
Ուր մեզ վստահվեց լոկ մեռնողի դեր,
Մեզ ասա', ասա', ավարտը ե՞րբ է,
Երբ շփոթել ենք զարկը ծափի հետ,
Երբ դեռ չգիտենք՝ տարբերել չարին՝ վատ դերասանից…
Իմ սակավախոս, իմ ամենատես, իմաստուն իմ Տեր:

 ***
Հույսը սրբավայր ուխտի է գնում՝
Բոբիկ ոտքերով,
Հույսը՝ որբուկ է դեմքով անլվա,
Բարձրանում է վեր՝ընկնել-ելնելով,
Եվ որքան բարձր՝
Ցուրտն է սաստկանում, քամին՝անհոգի,
Բայց նա կգնա, կգնա վերև՝
չի ընկրկելու, չի մեռնի երբեք-
Աղոթքի համար միայն կչոքի…
Սադայելները քաշում են նրան,
Կայծակն է շաչում տկար մարմնին,
Բայց նա չգիտե դառնաղի նռալ,
Նա վառ կմնա, նա չի մարմրի,
Հույսը մանուկ է՝ որդի նորածին,
Հույսը ծնվողն է, նա չի մեռնելու,
Ոսոխ, մոռացիր….
Եթե քո հույսը մանուկ չէ, օ բիրտ,
Թե հուսացել ես՝ մեզ հուսազրկել և հուսախաբել,
Խլելով լույսն ու հույսը մեր կոպի,
Ուրեմն, ինքդ կհուսաթափվես,
Կլուսաթափվես,
Քանզի եկել է ժամը հատուցման,
Մենք, որ ունեցանք նույնիսկ դարատև, ձիգ համբերություն՝ առավել Հոբից..

***
Թե ամբողջովին
Դու ողբերգության անգիր մատյան ես,
Թե ամբողջովին Վերք Հայաստանի,
Վերք-Հայաստան ես,
Ել, լսու՞մ ես ինձ, իմ եղբայր, իմ հայր,
Հանիր պատյանից թուրը քո սուրսայր,
Հերիք է սիրտդ ներսից արյունի ու դրսից նաև,
Ել, այ Սասնա ծուռ, տիգրանավայել
Ել՝խոնարհվելով Աստծո, Սիրո դեմ,
Բայց խոնարհեցրու անաստվածներին,
Ել, խոնարհեցրու սուրբը բանտողին,
Սերը…ատողին,
Մանկան ոտքի տակ հողը քանդողին,
Լույսն աղարտողին,
Հույսը զատողին…
-Խաչդ դիր գետնին ու շունչ առաջ Ընկեր,
Արդ, հարկավոր է հենց Խաչը փրկել:



Մեղեդի ճանապարհի ու հիշողության

Ձմեռը՝ հյուծված, կարեվեր զինվոր,
Երկիր Նաիրին՝ ամա հոսպիտալ,
Գնացք՝ երկարող, անկայան, անվայր,
և հիշողություն՝աղավնի սպիտակ:

Հիսուսամորուք տղաներ: Հառաչ:
Սատանան կրկին ձեռքն է երկարել.
-Հիսուսին, ի Խաչ…
Սատանին կրկին խաչվողին կառչել՝
Մահ է աննահանջ…
Բարաբաների աչքերի առջև
Արդեն նոր դեմքով կելնի մարգարեն,
Նոր հայրենիքի փրկության հույսով,
Որից չեն քշում…
Եվ որի համար պետք է մաքառել:
Իր նման կելնի և իր հավատով,
Որ հավերժացնի Խաչը իր ձեռամբ,
Որքան էլ նեռը խուժի մահադող,
Նա չի սասանի հավատը Լեռան:

* * *
…Եվ ցուրտ գնացքի ցուրտ խցիկի մեջ,
Էդվարդը հիշեց մանկությունն իր տաք.
Աչքերը փակեց, խաղաղ ու անվեճ,
Հուշերի կապույտ եզերքը մտավ:

Աչքերի առջև կանգնեց այն տղան,
Որ տանը թողած մոր տագնապ ու կանչ,
Սիրում էր ցրտին աներկյուղ խաղալ,
Սահակ նախահոր խենթությամբ իր քաջ:

Եվ ինքն էր դառնում Սասունցի Դավիթ,
Այն որ սիրում էր մայրն իրեն կարդալ,
Կամ Մհերի պես ելնում անձավից՝
Բերելով հայոց հատուցումն արդար:

Հիշեց, թե ինչպես խաղընկերներով
Գրոհում էին, թրերով շաչում,
Վազում հայրենի սար, եզերքներով,
Կռվելով անհաց, ուժասպառ անջուր:

Տեսնես՝ ինչի՞ց է, մտքի մեջ ընկավ,
Որ մանուկների ամենասիրած
Խաղն էլ…կռիվն է, թեկուզ մանկական…
Հայ մանկան կռիվն արյան կանչ է մեծ:

Եվ մորը հիշեց՝ կարոտի խորան,
Աչքերից սահեց արցունքը հուշիկ,
Ծխեց, որ հանկարծ ցավից չգոռա,
Որ տխրությունը հանկարծ չխուժի:

-Մի գնա, որդիս, վիրավոր ես դեռ,
-Մայր, իմ հոգին է վիրավոր հիմա,
Ես պիտի գնամ, երդում եմ տվել
Խաչված ընկերոջ դիակի վրա:

Ախ, ինչպե՞ս մնամ, երբ տեսա այնտեղ՝
Կարաչինարում, փայտե սնդուկում,
Անդամահատված մանուկներ անմեղ,
Նրանք ցավերն են վիրավոր հոգուս:

Մայրական վերջին,  թախանձանք անզոր,
Հետո օրհնություն՝նկար ու մասունք,
Իրավունք չկա աչք փակել այսօր,
Եվ փակել վաղը, նաև հետայսու:

-Մայր գալու եմ ես, դու մի մտածիր,
Ոսոխը մեր տան շեմին է արդեն…
-Դե՜, մի լացացրու, ինքդ էլ մի լացիր,
Դու լացկան տղա երբեք չես կրթել:

Իսկ ես գնում եմ, որ դու չլացես,
Որ բերեմ հույսի, լույսի ծիածան,
Ես հետ եմ գալու, խոստանում եմ Ձեզ,
Մենք հետ ենք գալու մեկտեղ, միաձայն:

…Հիշողություն՝ մեծ, սուրացող գնացք,
Ընթացքի հուշեր, պատկերներ՝ վագոն,
Հավերժի ճամփորդ զինվորներ ու Հարց,
Որ պիտի վճռեն փոքր ու ավագով:

Հույսի՝ այս ափին տագնապներ, աղոթք,
Հույսի՝ այն ափի տղերքին ի սեր,
Որ շատ չտարվեն մահաբեր խաղով,
Որ վերադառնան հայրենի եզերք:

Գիշերներ ձանձիր՝ մոմալույս դողով,
Հույսի, երազի, հավատի սով է,
Պայքարի բռունցք, Արդարի բողոք,
Դիտապաստ կուռքի կործանված սովետ:

Այնտեղ գետնեցին արձանը նրա,
Նա, որ մեզ նման մանուկ է եղել,
Նա, որ հույս ուներ, գուցե, մեզ նման,
Նա, որ ՄԵՆՔ չեղավ, այլ ՄԵԶՆԻՑ շեղեց:

Շեփորեց մեկը օրհներգը Կռվի,
Ամբոխը երդվեց փրկել Տունն Աստծո,
Տղաներն առան կոչնակը հեռվից,
Մարտի դաշտերում երդվեցին անձով:

Մաքառում՝ ընդդեմ բիրտ սադայելի,
Չենթարկվող հողի ու նեռ ազերու,
Բարձրյալի սիրու՞ց տուժեցինք էլի,
Եվ Տերը լքե՞ց՝ առանց ասելու:

Ուխտյալ զինվորներ Արարատ լեռան,
Լեռան պես՝ ցավը ամբարած սրտում,
Բայց, վա'յ, ոսոխին, թե հանկարծ ելավ
Ու հրաբխվեց սրբազան մարտում:

Թեկուզ գողգոթա, սակայն կքայլեն,
Կգնան՝ Տիրոջ խաչը փրկելու,
Հերոսին վայել ու առաքյալին
Վասն հայրենյաց նահատակվելու:

Ծխում էր անդուլ, ծխում էր Մգոն,
Հիշողությունն էր խնկարկում ցավից,
Մերթ փակվում էին աչքերը մեգով,
Մերթ վեր էր թռչում մոր կանչող ձայնից:

Ով է այս գեհեն կյանքը կառուցել,
Տիրոջ սարքածը դրախտն էր միայն,
Տղերքը՝ հերսոտ և մարդառյուծներ,
Կելնեն կռվելու զորությամբ մի այլ:

Օտար քամիներ,
Ճգնեցիք իզուր մեզ շանթահարել,
-Արմատս խորն է.
Ես գիտեմ ապրել ու դրանով իսկ՝ ձեզ արհամարհել.
-Հավատս խորն է:
Արմատն առողջ է, թե նրա կյանքի երազն ապրում է բողբոջ-սաղարթում:

Արդեն տեղում են: Էդվարդը գրկեց հին ընկերներին,
-Ես եկա տղերք՝ հավատով արթուն…



Մեղեդի զարթոնքի

Զինվոր ծիրան-դուդուկի շուրթով
Մի կոմիտասյան երգ էր վեր հառնում,
և հորովելը երկար սքեմով
մի կախարդական էակ էր դառնում:

Եվ լսում էին տղերքն ակնապիշ,
Թպրտում էր մի վիրավոր կարոտ,
Աչքերում նրանց մռունչ կար ու վիշտ,
և ուրարտական երթ էր երկարող:

Եվ դառնում էին օրերը մոխիր.
Ձեռքից ձեռք անցնող ծխախոտ թունե,
Մխում էր սիրտը երդված ամբոխի,
Որ մահն էր արդեն հոժար ընդունել:

Ու երգը դանդաղ հագնում էր ծիրան,
Նորաթուխ հարսի հանդերձանք ու քող,
Եվ Սոնա յարն էր պարում հեզիրան,
Եվ Իգիթին էր պատում սիրո դող:

Մոռացած, որ կա աշխարհ ու կռիվ,
Գարունաերգը՝որպես թե իշխան,
Թագավորում էր՝խնդությամբ ցրիվ,
Երգը բուրում էր ծովեզերք, չիչխան:

Երգը դառնում էր մոր թխած լավաշ.
Երգը դառնում էր հաց բերող աղջիկ,
Որ դեռ չգիտե համբուրվել ու վարժ
Փախչում է միայն, հեռու չի փախչի:

Դուդուկի շուրթով կարոտն է երգում,
Տղերքը, ներսից թացվում են մի քիչ,
Հետո ձայնակցում, ահա, մեկ, երկու,
Մեկտեղ հնչում է խլացած մի ճիչ:

Թռչում են նրանք երգի ճախրանքով
Տղերքը մտքով, ախ, տուն են թռչում,
Մերթ զորավոր են՝ կռվի սխրանքով,
Մերթ վիրավոր են նրանք հանց թռչուն:

Հիմա լեռներում հողի շունչ կա տաք,
և մայրանալու տածումներ անեղծ,
Գարունն է սփռում կյանք-հրովարտակ,
Ավետում է սեր՝որպես բանաստեղծ:

Հիմա հայրենի տան մատուռ-բակում
Խաղաղություն է…աղոթում մայրը,
Տիրամոր նման աչքը չի փակում,
Հոգով այցելում մարտական վայրեր:

Աղոթում նույնիսկ թշնամու համար՝
Մայրական անբառ գթությամբ, սիրով
Որպեսզի երբեք չարությամբ համառ
Մեր տունը չգա սատանի սրով:

Մայրը դպրոցում դեռ հույս է տալիս,
Սովորեցնում է գրքերից այնկողմ՝
Աշխարհը սիրել անհավատալի
Բարությամբ՝ Տիրոջ լույս արարչանքով:

-Լավ եմ: Չնեղվեք: Կհաղթենք, շուտով,
Մա՜յր, ինձ լավ գիտես, դասդ սերտել եմ,
Մեր վերադարձը կնշենք շուքով,
Լիելով բոլոր, բոլոր, բոլոր սրտերը:

Մայրը կխնդա արցունքի միջից,
Կսեղմի կրծքին նամակը որդու.
Կփռվի հետ արահետ մի ջինջ,
Հուշի Կաթնծիր՝ խնդությամբ հորդուն:
…Հետո լռություն: Կարմիր երեկո-
Կարոտներ ու ցավ, մահաբույր ու կեզ,
Մթնող երկնի պես մռայլվեց Մգոն,
և հոգուն իջավ տառապանքի ծես:

Հիշեց ծխացող շեներն հայրենի
Մորթված մանուկին, օջախներն անծուխ,
և պատերազմի բոլոր վայրերի
ոտնահետքերը խորն ու մահացու:

Վիշտը լեռնացավ Էդվարդի սրտում,
-Դու մի վախեցիր, գալիս եմ ընկեր,
Չէ՞ որ տվել ենք սրբազան երդում՝
Հայրենյաց հողը թշնամուց փրկել:



Մեղեդի Ցավի

Երկինքներում է դեռ ուժը մնում,
Երկունքներում է դեռ մուժը մնում…

…Եվ քայլում էին մահն աչքերի մեջ,
Եվ թիկունքին՝ խաչ, մայրական աղոթք,
Եվ հոգում կռիվ, արդարության վեճ,
Քարտեզարգրված սուրբ Ղարաբաղով:

Նրանց աչքերը ալեկոծ գիհոն,
Ավերակ, կործան շեներ ու մատուռ,
Անմահ հոգիներ, մարմիններ՝ ի հող,
Արդարի պայքար, հերոսապատում:

Ընկնում է մեկը, երկրորդը, հերթով,
Հասկ են, գետին են փռվում մանգաղից,
Որ հիշողության թոնրի մեջ հետո
Դառնան սուրբ նշխար, կամ լավաշ ծաղիկ:

Զինվորի նման, կռվող զինվորի,
Ընկնում է, ահա, Գետաշենն ավեր,
Եվ Շահումյանն էլ ընկնում է նորից,
Խուլ հառաչանք է: Հոգին՝ կարեվեր:

Ձյունն՝ իբրև պատանք հերոսահանդերձ,
Մահը ձյունի պես սառն, անկարեկից,
Եվ նոսրանում են շարքերը այն մեծ,
Ահագնանում է ցասումը նորից:

Սև ճակատագիր ու ճերմակ լեռներ,
Ռազմավայրն ասես խաղադաշտ հսկա,
Կռիվն՝ անավարտ պարտիա: Չմեռնել:
Շարժվել առաջ՝ ցեղի ուժն զգալ:

Մի՞թե շախմատ չէ երկրագունդն այս հեգ,
Եվ մենք խաղաքար, և մենք խամաճիկ,
Առաջին քայլից ձգտում ենք վազել,
Հարվածել, կուլ տալ քայլից առաջին:

Եթե սպիտակ ենք՝ սևն է եղկելի,
Թե սև ենք՝ ներում սպիտակին չկա,
Զինվորից մինչև արքա՝ մեղքերի
Մեջ ենք ինքնակամ, թե վաղնջական:

Ախ, ինչ իմանաս շախմատ է, ՄԱՏ է,
Իմաստուն խաղ է՝ անիմաստ կռվով,
Սև ու սպիտակը խաբկանք է արդեն,
Եվ հաղթանակը՝ արյունագրվող:

-Երկինքներում է դեռ ուժը մնում,
երկունքներում է դեռ հուշը մնում:

…Եվ հիշեց Մգոն ծերունուն լքյալ,
Խոշտանգված որդու դիակի առջև,
-Գիտեմ, դարձել ես արդեն առաքյալ,
Ուրեմն տար ինձ…անհույս էր կառչել:

Մինչ այդ խնդրեցին զոհվածի այրուն,
Դառը սուրճ դնել, հենց էնպես, մռայլ,
Ուշացավ աղջիկն ու գտան…այգում…
Կախված պարանից, աչքը՝ վեր հառած:

Կինն առաքյալի՝ նոր էր ավարտել
Դպրոցն ու նոր էր հարս եկել այս տուն:
…Զոհվածին՝ վերում պիտի ավետեն,
Կինդ է գալու, երջանիկ ես դու…

Այդպես է, գուցե, լինելու հավետ,
Մեկտեղ երջանիկ չեն լինի ցածում,
Եվ նույնիսկ՝ դժբախտ: Ո՞վ է հնարել
բաժանումները, մահեր ու արցունք:

***
Մեր դավթացասում մահապարտների
Ջոկատը նետվեց մարտի մեջ ահեղ,
Կամքով աներեր ու անհատնելի,
Մտքում՝ապրելու երազ, ոչ՝ մահեր:

-Հատուցման պահն էր՝ Ավարայր դարձած,
Դաշտերը պատանք, դաշտերը՝ արձակ:

Մեր բախտը մեզնից էլի խռով էր,
Մեր վերքը էլի Քիրս ու Մռով էր,
Խինդը թե մի ծեղ, ցավը բռով էր…
Մեր մահը հեշտ էր, կյանքը զոռով էր:

-Մռավի վրա շամանդաղ իջավ,
Ամպի հետ սահուն, շատ դանդաղ իջավ,
Էդվարդը տեսավ, թե ինչպես կողքին
Ընկերը նորից երգ էր վերհիշել.
Երգը հայերի բարձր ծիծաղն է ու լացն է բարձր-
Ծիծաղը՝ հայի լացն է իր բախտի, իր վրա, կյանքի
-Թռչեի մտքով տուն…կարոտի հուզում, խոհերի գիշեր…

Երգում էր տղան , որ չվախենա,
Երգում էր՝ մահվան պաղ հայացքի դեմ,
Բայց ընկավ զարկից կույր ու անխնա,
Դեմքին դրոշմած երգող ժպիտը:

Չլացեց Մգոն. էլ արցունք չկար.
ցամաքել էին ակնաբյուրները,
Սիրտն էր կարծրացել՝ կորստից այդքան,
Ներսի արցունքը՝ տեսնում էր Վերը:

Գրպանում հետո մի նամակ գտան,
Որ ինքն էր գրել, բայց դեռ չէր ճամփել.
-Չեմ գալու, մինչև իմ պարտքը չտամ…
Հերոսի ԿՅԱՆՔԸ՝ մահով չչափել:

Էդվարդի հոգում եռաց վրեժը,
Նա առաջ մղվեց մահ-աղջամուղջին,
Արթնացավ նորից ցավի հրեշը,
Որ կործանում է հոգու մեջ ողջին,

Փամփուշտների հետ ցասումը պարպեց,
Չսարսեց ընդդեմ թուրքագունդ որջի:

Որքան զարկում էր, վերջ չկար սակայն-
Շատանում էին՝հանց Լույսի վրա գրոհող զեռուն,
Երկնում հնչում էր երգն հերոսական,
Երկինքն զգում էր հերոսի հեռուն:

-Դու ետ քաշվեցեք, պահեցեք գոտին,
Ես ինքս այստեղ, առջևում լինեմ…
…Խոսում էր բոլոր մայրերի որդին,
Երկնքում արդեն նոր կյանքի հիմն էր:

-Վիրավորներին ետ տարեք, արագ,
Եվ դիրքավորվեք, սպասեք մերոնց…
Հետո մահացու, վերջին համազարկ,
Ձյան վրա ընկած մարմին, չէ՜, մեռոն…

Արյունը ծորած, լուծվեց թանաքին՝
Մոր ճամփած վերջին, վերջին նամակի…

……………………………………………

Տղերքը հետո, մի քանի օր անց,
Գտան Էդվարդի պաղած մարմինը,
Նրանցից մեկը լալագին գոռաց,
Իսկ մեկն էլ ծխեց, զի ցավը հին էր:

…Ւսկ հայրենական տանը հերոսի,
Ամանորն էին թախծալի նշում,
Հայրը՝ ինչպես միշտ խոսում է հազիվ,
Կենացը՝ նույնն է, ոչ ոք չի հուշում:

Հարևանուհին սուրճի բաժակում
Կանխատեսում է որդու վերադարձ,
Մայրը ժպտում է՝ աչքերի խորքում
Պահելով դարձի հույսն արցունքաթաց:

-Կգա, կգրկեմ, իմ փրկիչ տղուն,
Թող երկար խոսի, սիրտը դատարկի,
Վերջերս լուռ է, և քիչ է գրում,
Կարոտ եմ նույնիսկ գրած նամակին:

Կսպասի մայրը՝անքուն բիբերում՝
վառելով կյանքի հաղթության հույսը:
-Մգոն չի գալու, ՆՐԱՆ են բերում…
Մոր աչքերի մեջ առաջին անգամ չի կարող նայել նույնիսկ Հիսուսը…



Մեղեդի Հավատի ու Հերոսապատումի

Գրկեց… բայց, ավա՜ղ, անամոք ցավից,
Երկարեց դատարկ մի տարածություն,
Հոգու մեջ նրա, աչքերում ծավի
Եղև անծաղկուն թառամածություն:
Վերհիշեց հետո, կարծես, երեկ էր՝
որդու պապաշն էր տաքացնում ձեռքում,
այս ե՞րբ մեծացան, դարձան զինվորի
սապոգներ՝ համար քառասուներկու:
-Մեզ ու՞ր ես թողնում, իմ Հիսուս որդի,
Դու իմ աշակերտ, Ուսուցիչ սակայն
Անխառն սիրո, կամքի, հավատի,
Բոլորանվեր ու հերոսական:
Ախր, ձեռքերս պարել են ուզում,
Քեզնից ծնվողին պահել են ուզում-
…Աշխարհում անթիվ հարցումներ ու կանչ,
Բայց արդարությունն անվերջ խուլականջ:
Ձգվեց, երկարեց թափորը մահվան,
Լացերով բարձր, ներսի, հարաճուն,
Ցավ կար՝ անփարատ, ողբագին ավարտ,
Ծիրան-դուդուկն էր անվերջ հառաչում:
Գերեզմանատան տարածքի վրա
մի անկուշտ, դատարկ հող է սպասում,
Իսկ հետո շիրմին՝ հերթապահ ֆրազ,
Կյանք ու մահ սեպած՝ տող է սպասում:
Մի բաժակ օղով՝ մխիթարություն,
հիշողություններ մի բաժակ օղով,
և չմոռացվող, անբառ տխրություն,
Հոգեմաշ ցավի տևական բողոք:
Իջնող երեկո, թանձրացող տանջում,
Լռության կնունք, արդար հոգեհաց,
Արդեն ներսում են Մգոյին կանչում,
արդեն իրենցն է ՆԱ անվերադարձ:
Արդեն նկար է ու հերոսագիրք,
Արդեն սրբագիր ու անգիրված է,
Բարության քարոզ՝ անգամ հրոսակին,
Դաս է հաղթության, ուրեմն՝ անանց է:
-Այդ ո՞վ է ասում ապրողն է հիշվում,
Ոչ ոք չի հիշում էլ ընկածներին,
այդպես ցորենի հատիկն է ընկնում՝
աշխարհ բերելով հացը սեղանի,
այդպես, արևը, ախ, մայր է մտնում,
առավոտ փրկած մութի զնդանից:

-Այդ ո՞վ է ասում, որ գնացողը
ու մնացողը հենց մենք չենք, որ կանք,
Զի նույն են տրված Երկինքն ու հողը,
Եվ միևնույն են մահ, խնդում, զրկանք:

***
Իրավունք չունեմ աչքս փակելու
Քո փակված աչքի բաց երազի դեմ,
Ես պիտի հավերժ քեզ հետ երազեմ,
Որ հողը նախնյաց էլ չեն լլկելու:
Այս դպրոցական աղմուկի մեջ խոլ
Ես խոնարհվում եմ դիմաքանդակիդ
Ու Անձիդ առջև՝լուռ հավատամքով,
Որ Դասը սերտեմ Քո ժամանակի,
Որ մերն է նաև, ոգեղեն թանկ է:
զի Դու ես հավերժ մեր ժամանակը:

-Դու՝ մեր նորօրյա Դավիթ ու Վարդան,
Դու արդարության զոհը անարդար:
Մենք, որ խորշում ենք դավադիր վատից.
-Մեր Լավը Դու ես:
Մենք, որ դրոշ ենք ձևում Հավատից.
-Մեր ցավը Դու ես:

Թե լի ենք եղել մենք սխրանքներով.
-Քեզմով՝ առավել:
Մեր երգ ու հնչյուն, մեղեդի գերող.
-Հո, հո, Հորովել:

Սարդարապատից պոկված զանգ ես Դու.
-Եղիցի անցյալ:
Տասնհինգ թվի հայ գանգ ես Դու.
-Եղիցի Բարձրյալ…

Դու չես մահացել, հավերժ կյանք ես Դու.
-Եղիցի, դարձյալ:
Եվ Զվարթնոցից մնացած փերթն ես.
-Բարձունքը Դու ես:

Մեր բազմադարյա ու ցաված երթն ես.
-Արցունքը Դու ես:
Արարատ լեռան հյուլենն ու շերտն ես.
-Մասունքը Դու ես:

Եվ, ահա, այդպես, խոնարվում եմ արդ
Քո առջև, Էդվարդ, իջնում եմ ծունկի,
Ինչպես խաչքարի առջև ու հպարտ,
առանց ողբալու, առանց արցունքի:

Թեպետ քեզ կյանքում չտեսա կարգին,
Եղածն էլ՝ հուշի ու վշտի խառնուրդ,
Որքան էլ ցավդ մեր ներսը խարկի,
Դու ամեն օր ես մեզ համար հառնում:

Այն ինչ գրվել է՝ որպես նվիրում,
Որպես խնկարկում անհեռու եղբոր,
Կիսատ է գիտեմ, և չունի լրում,
Ցավը չես լացի և ոչ մի ողբով:

Բայց, ինչ էլ լինի, քեզ չեն մոռանա,
Լույսի զինվոր ես՝ Բարձյալի կողքին,
Չենք դրժի երդումն ու չենք հեռանա
Մեր այս վիրավոր ու սուրբ եզերքից:

Հավատդ, Մգո, լեռները շարժեց,
Հավատդ, Մգո, մեր հավատամքն է,
Հավատդ մեր սին կյանքը հավերժեց.
ուրեմն մերն է քո մահն ու կյանքն էլ:

Մենք էլ ենք մի օր հողի փոխվելու,
Մենք էլ ենք մի օր շողի փոխվելու,

Եվ այդժամ, գուցե, հանդիպենք Երկնում.
-Եղիցի Հավատ:
Մարդն իր գործով է նոր հավատ ծնում,
-Եվ եղիցի՝ Մարդ…

Արա ԱԼՈՅԱՆ
1996 թ.
Վարդենիս




ՀԱՄԱՐԻ ԱՍՈՒՅԹԸ

Մարդիկ կան՝ այնքան ողորմելի ու չնչին են և այնքան ստրկամիտ, որ երբ անցնում են փողոցով՝ իրենց ստվերի հետ, դժվարանում ես որոշել, թե նրանցից որն է մարդ և որը՝ ստվեր:


ԱՄՍՎԱ ԱՍՈՒՅԹԸ

Ֆուտբոլում մեզ մոտ երբ դարպասապահը վատ է խաղում, հանդիսատեսները տրիբունաներից բղավում են. «Արա, տեղդ մի քար դիր, դուրս եկ...»։ Որքա՜ն խոշոր ու միջին տրամաչափի «քարացուներ» կան հայոց քաղաքական դաշտում...