25.12.19

Երեք տասնամյակ է, երկրում ոչ ոք չի զբաղվում իր գործով


Շուշին ազատագրված էր։ Լաչինի միջանցքն ու մերձակա շրջանները՝ նույնպես։ Արցախը վերջապես դուրս էր եկել շրջափակումից և միացել Հայաստանի Հանրապետությանը, բայց պատերազմը դեռ չէր ավարտվել...

Այն տարիներին Արցախի Մայր թատրոնի տնօրեն, ժողովրդական արտիստ Զինավոր Գևորգյանն ու Քաջիկ Հարությունյանը մի օր ինձ փողոցում հանդիպելով, ուրախ բացականչեցին՝ ի՞նչ լավ է, որ հանդիպեցինք քեզ, կարևոր զրույց ունենք հետդ։ Կարևոր զրույցն այն էր, որ ինձ առաջարկում էին թատրոնի 60-ամյակի կապակցությամբ
պիես գրել։ Ասացի՝ ախր ես երբևէ պիես գրած չկամ, պատասխանեցին՝ «Թատրոնի 50-ամյակին հայրիկդ «Թատրոն՝ թատրոնում» վերնագրով հրաշալի մի պիես էր գրել, որով փառահեղ նշեցինք կեսդարյա հոբելյանը... Համոզված ենք, որ այդ նույն ոգով դու էլ ժամանակակից, թեթև հումորով մի պիես կգրես, որովհետև Վազգեն Օվյանի որդին ես...»։

Մի խոսքով, ինձ այնպես երկինք հանեցին, որ ստիպված եղա ասել՝ կմտածեմ...
1993-ի ապրիլ-մայիսին, երկու ամսում, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի պատվերով, նույն թատրոնի 60-ամյա հոբելյանի առթիվ գրեցի պիեսը (թատրոնի 60-ամյակը մի տարի առաջ էր, բայց քանի որ ծանր ժամանակներ էին, որոշեցին հոբելյանը 1993-ին տոնել): Պիեսում հանդես են գալիս վերոհիշյալ թատրոնի դերասանները՝ իրենց խաղացած, իրենց սիրած կամ չսիրած դերերում։ Հանդես են գալիս ոչ միայն գրական հերոսներ՝ տարբեր պիեսներից, այլև շարքային արցախցիներից մինչև իրական անձնավորություններ՝ քաղաքական տարբեր տրամաչափի գործիչներ, ինչպիսիք են ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Գորբաչովը, նրանից ոչ պակաս սրիկա, գեներալ Սաֆոնովը և այլք։

Պիեսն արժանացավ թատրոնի կոլեկտիվի հավանությանը: Մնում էր ամենահեշտը՝ պիեսն ընդունել, և ամենադժվարը՝ այն բեմադրել: Սակայն այլ տարբերակ ընտրվեց. վերևից հրավիրված գեղխորհրդի անդամ մի տիկնոջ ջանքերով որոշվեց «ավելի արժանիորեն» տոնել թատրոնի հոբելյանը: Դերասաններին քաղցր խորհուրդներ տվեցին... իսկ հոբելյանն այդպես էլ չտոնեցին:
10 տարի հետո լրացավ թատրոնի 70-ամյակը: Կրկին հիշեցին սույն պիեսը, սակայն, այս անգամ էլ պարզվեց, որ «թատրոնում դերասան չի մնացել»...

Արցախյան շարժման օրերից, պատերազմական տարիներից սկսած հրապարակախոսական բազմաթիվ հոդվածներ եմ գրել, առավելապես՝ քաղաքական թեմաներով։ Մտածում էի՝ այս ծանր ժամանակներում, երկիրը վտանգված, մեր երկրի ու ժողովրդի լինել-չլինելության ժամանակաշրջանում ի՞նչ պատմվածք ու նովելի ժամանակ է, երբ այն, ինչ պիտի ասեմ գեղարվեստական լեզվով, կարող եմ ասել պարզ ու կոնկրետ հոդվածներով՝ առանց այլաբանություն-փոխաբերության։ Նաև հայտնի խոսք կա, չէ՞. «Երբ որոտում են հրանոթները, մուսաները լռում են»։ Հետո էլ հայտնվեցի ՖԲ-ում և առավել շատ քաղաքական գրառումներ էի անում՝ երբեմն լուրջ, հաճախ կատակով, բայց միշտ ցավով և երազելով այնպիսի ժամանակներ, երբ յուրաքանչյուրը կզբաղվի իր սիրած գործով...

Այսօր Արցախի հեռուստատեսությամբ լսեցի, որ քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը Արցախի բարբառով կատակերգություն է գրել, որն արդեն արցախյան թատրոնի բեմ է բարձրացել։ Եթե ես քաղաքական ճահիճ եմ խրվել, քաղաքական հոդվածներ եմ գրում և քաղաքական գրառումներ անում, ինչո՞ւ քաղաքագետն էլ պիես չպիտի գրի։

Գրողը տանի, բայց այնուամենայնիվ, ինչպես մեծն Սարոյանի հերոսը կասեր՝ «Ինչ-որ տեղ, ինչ-որ բան սխալ է»... Եվ ես կրկին երազում եմ այն օրը, երբ յուրաքանչյուրը կզբաղվի իր սիրած գործով։ Մինչդեռ արդեն երեք տասնամյակ է, երկրում ոչ ոք չի զբաղվում իր գործով։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
15.10.2019

Հեղինակի ֆեյսբուքյան էջից

15.11.19

Արցախը ստիպված էր անկախություն հռչակել

կամ՝ փոխադարձ անվստահության հիմնական պատճառները

Արդեն մի քանի անգամ տարբեր առիթներով ասել եմ, գրել եմ, որ վերջին այս 30 տարում ոչ արցախցիներս կարողացանք ճանաչել ՀՀ քաղաքացիներին (չեմ ասում հայաստանցիներին, Արցախն էլ է Հայաստան), ոչ էլ վերջիններս ճանաչեցին արցախցիներին։

Որոշ քաղաքական գործիչների և քաղաքական գործիքների պարբերաբար կրկնվող հիմար հայտարարություններ շարունակում են խորացրել անջրպետը նույն ազգի, նույն ժողովրդի երկու հատվածների միջև։ Այսօր տարօրինակ ու անհասկանալի է թվում արցախցիների մի որոշ հատվածի, այսպես ասած, «անկախասիրությունը»։ Բայց դա և իրար չհասկանալն ու փոխադարձ անվստահությունն իրենց պատճառներն ունեն։
Փորձեմ ներկայացնել ըստ իս ամենահիմնական պատճառները։

Երբ պետականությունը կորցրած Հայաստանը բաժանվել էր Օսմանյան կայսրության և Պարսկաստանի միջև, հատկապես 16-18-րդ դարերում Արցախը որոշ չափով շարունակում էր պահպանել իր անկախությունը։ Արցախում և Սյունիքի մի հատվածում իշխում էին հայ մելիքները։ Խամսայի մելիքություններն այդ ժամանակաշրջանում այնքան հզոր էին, որ գլխավորում էին հայ ազգային ազատագրական շարժումն ընդդեմ պարսկական և թուրքական բռնակալությունների։

Արցախի Դիզակ գավառի տիրակալ, Խամսայի մելիքությունների ընդհանուր կառավարիչ, Մելիք-Եգանյաններ տոհմի հիմնադիր մելիք Եգանի ընդունարանի շքամուտքի մոտ ՌՃՁԶ թվականի (այսինքն՝ 1737 թ.) գրություն կա, որտեղ այսպիսի տողեր կան. «...երբ երկիրը խառնակության մատնվեց, շահ Սուլթան-Հուսեյնի որդի շահ Թահմասպ թագավորին որոշ ծառայություն մատուցեցի, և նա բերեց սրանց [վրա] ինձ մելիքություն տվեց: Այնուհետև օսմանցին եկավ և [երկիրը] նրա ձեռքից վերցրեց: Սրան էլ այս չափ ծառայություն ցույց տվի, որ երբ բերին Դիզակ, ես չթողեցի, որ Հայաստանս գերի դառնա...»։

Ուշադրություն դարձրեք, Մելիք Եգանն իր երկիրն անվանում է Հայաստան («...ես չթողեցի, որ Հայաստանս գերի դառնա»)։ Իսկ Մելիք Եգանի ղեկավարած Խամսայի մելիքության այդ տարածքը համընկնում է ներկայիս Արցախի Հանրապետության տարածքի հետ։

Խամսայի մելիքությունների ժամանակահատվածը արցախցիների համար անկախ կամ համեմատաբար անկախ ապրելու եզակի ժամանակաշրջան չէ։ 1923 թ. ինքնավար մարզի կարգավիճակով բռնակցվելով նոր ստեղծված «Ադրբեջան» հանրապետությանը, ինքնավար մարզի կարգավիճակով Արցախը փաստորեն համեմատաբար անկախ էր՝ ի տարբերություն Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող բազմաթիվ այլ հայկական բնակավայրերի։ Արցախում պետական դրամատիկական թատրոն ունեինք, տեղական մարզային ռադիոն ամենօրյա հաղորդումներ էր եթեր արձակում՝ անգամ հայրենասիրական երգերով։ Բացառությամբ Ստեփանակերտում գտնվող ադրբեջանական մեկ դպրոցի և երկու ռուսական դպրոցների, ինչպես նաև Շուշիի ադրբեջանական դպրոցների և Հադրութի ռուսական դպրոցի, Ստեփանակերտի 8 միջնակարգ դպրոցները և շրջկենտրոնների և գյուղական բնակավայրերի հարյուրավոր բոլոր դպրոցները հայկական էին։

Իհարկե, Ադրբեջանն ամեն կերպ հնարավոր բոլոր միջոցներով փորձում էր Արցախում օգտագործել Նախիջևանի Հանրապետությունում կիրառած մեթոդները, ամեն ձև ու հնարավորություն, որպեսզի Արցախը հայաթափի։ Բայց, ի տարբերություն Նախիջևանի, որ Ադրբեջանի հետ ընդհանուր սահման չուներ, բաժանված էր Հայակական ԽՍՀ-ով, Արցախը չորս կողմից գտնվելով ադրբեջանական-թշնամական շրջապատման մեջ, շարունակում էր ապրել հայեցի կյանքով...

Հիմա փոխադարձ անվստահության մասին։ Շատ հեռուները չգնանք, ընդամենը երկու թարմ օրինակ։
Կարդացեք Լեոյի և ժամանակակիցների հուշերը՝ 20-րդ դարասկզբի մեր ծանր ու ողբերգություններով լի ժամանակաշրջանի մասին։
Շուշիի կոտորածից առաջ Շուշիում կայացել է Ղարաբաղի հայերի 4-րդ ազգային համագումարը։ Ընդունած նամակ-հեռագրում ասվում է, որ «Արարատյան հանրապետությունը մինչ այժմ հանցավոր ու դատապարտելի անտարբերություն է ցուցաբերել Ղարաբաղի նկատմամբ, որը հայկական մարզերից մեկն է և որի բնակչության 90 տոկոսը հայեր են...

Ադրբեջանը զորքերի տեղաշարժ է կատարում, ագրեսիվ քայլեր է անում, իսկ Հայաստանի Հանրապետությունը կատարյալ լռություն է պահպանում: Անգլիական հրամանատարությունը կապել է մեր ոտնուձեռը,- ասվում է նամակում,- և մենք չենք կարող ազդել Ադրբեջանի վրա, քանի որ օրինականության գերին ենք դարձել»:
Նամակն ավարտվում է այսպես. «Քանի դեռ ուշ չէ` Հայաստանի Հանրապետությունը պետք է լուրջ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի առաջխաղացումը կանգնեցնելու համար: Եթե ՀՀ-ն այսուհետ ևս լռություն պահպանի, ապա Ղարաբաղի հայերը դա որակելու են որպես դավաճանական քայլ` ուղղված Ղարաբաղ հայության դեմ»։

20-րդ դարասկզբի Շուշիի կոտորած, ջարդեր, տեղահանություններ (Բաքվի ջարդերի մասին չենք խոսում, Բաքուն շատ հեռու էր Հայաստանից), հետո Արցախ-Ղարաբաղի բռնակցում Ադրբեջանին։

Եկավ 1988-ը՝ նոր հույսերով, մեծ հավատով, բայց նորից մեզանում ավանդույթ դարձած՝ կրկնվող սխալներով։ Ի վերջո Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը 1989 թ. դեկտեմբերի 1-ին որոշում կայացրին Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։ Հայաստանը մեծ դժվարությամբ տվեց իր համաձայնոթյունը։ Իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո փաստորեն մի կողմ շպրտվեց այդ որոշումը, և Հայաստանն անկախություն հռչակեց Հայկական ԽՍՀ սահմաններով։ Անկախություն հռչակելուց առաջ և հետո արցախցիները բազմաթիվ անգամ փորձեցին Հայաստանի իշխանություններին համոզել տեր կանգնել 1989 թ. որոշմանը։ Սակայն՝ ապարդյուն։ Պատահական չէ, որ Արցախում անկախության հանրաքվեն անցկացվեց անկախություն հռչակելուց ամիսներ հետո՝ դեկտեմբերի 10-ին։ Իսկ խորհրդարանական ընտրություններն Արցախում տեղի ունեցան շատ ավելի ուշ՝ անկախություն հռչակելուց ավելի քան կես տարի հետո։ Այդ ժամանակահատվածում ՀՀ իշխանություններին ապարդյուն փորձում էին համոզել Արցախը ևս ներառել Հայաստանի Հանրապետության կազմում։
Ահա այսպես է ստեղծվել Արցախի Հանրապետությունը։

Թերևս կան շատ այլ մեծ ու փոքր պատճառներ, բայց հիմնականում սրանք են հայության երկու հատվածի իրար չհասկանալու, փոխադարձ անվստահության պատճառները։ Եվ երբ երևանյան սրճարանների մշտական հաճախորդ երիտասարդը, օդում ծխի օղակներ նկարելով, ասում է՝ «Արցախը Հայաստանի մարզ է», Արցախում ոչ միանշանակ արձագանք է գտնում այդ հայտարարությունը։ Այսպես էլ են մտածում՝ «Իսկ եթե նորից խաբվե՞նք, ինչպես լտպ-ականները խաբեցին 1989-ին, իսկ հետո՝ Շահումյան, Մարտակերտ... Գոնե ավելի բարձր ինքնուրույնության կարգավիճակով, որպեսզի երբ նորից մեզնից հրաժարվեն, կրկին մեզ դեն նետեն, մեզ պաշտպանելու ներուժ ունենանք...»։
Առանց սեփական մեկնաբանության, ես ընդամենը ներկայացրի թյուրըմբռնում, իրար չհասկանալու, անվստահություն ու թյուրիմացություններ ծնող, ըստ իս, հիմնական պատճառները։

30.10.19

Նիկոլը և նրա վախերը


Կարդալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ և համահիմնադիր, Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանի հետ հարցազրույցը, որտեղ նա ասում է. «Նիկոլից վերցրեք նրա ուղիղ եթերն ու հեռախոսը և թողեք մենակ, նա կդառնա աշխարհի ամենավախկոտ մարդը», որոշեցի իմ կարծիքը ներկայացնել Նիկոլ Փաշինյանի վախերի մասին, քանի որ հետևելով նրա նախկին և նոր էլույթներին, տարբեր իրավիճակներում նրա պահվածքին, համոզվել եմ, որ այդ մարդը անկախ իր ամբիցիաներից, հոգեկանի հետ կապված արդեն ակնառու խնդիրներից, նաև վախկոտ է։

Դա երևում է միտինգների, ելույթների ժամանակ նրա անտեղի բղավելուց, գոռգոռալուց։ Դրանով նա կարծես սրտապնդում է իրեն, իր բղավոցներից նա, իր բառերով ասած, «դուխ» է առնում։ Հիշեք Թումանյանի Քաջ Նազարին, որ անտառում մենակ մնալով, «իրեն սիրտ տալու համար սկսում է քթի տակին մռմռալ, երգել, իրեն-իրեն խոսել, իշի վրա բարկանալ։ Քանի հեռանում է՝ էնքան վախը սաստկանում է, քանի վախը սաստկանում է՝ էնքան ձենը բարձրացնում է, սկսում է գոռգոռալ, հարայ-հրոց անել»։

Նայեք նրա թիկնապահների թվին, որ ավելանում է երկրաչափական պրոգրեսիայով։ Ինքներդ էլ նկատած կլինեք, որ այն պահերին, երբ Փաշինյանը չի խոսում, չի բղավում, շարունակ կողքերին է նայում, տագնապով աչքերն է դես ու դեն շուռ ածում, տեսնի վտանգ կա՞։

Բայց ուզում եմ խոսել մի այլ վախից, որը կարծես բոլորի ուշադրությունից դուրս է մնացել։ Դա Արցախի հանդեպ նրա վախն է։ Երևի այդտեղ դեր ունի նաև այն, որ տարիներ շարունակ նրա կուռքը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը, և Փաշինյանը ջահել տարիներից մեծացել է Արցախն ու արցախցիներին ատող մի մարդու թևի տակ, որը հաստատ արցախցիների մասին իր մտերմիկ զրույցներում ակնարկած կլիներ նրանց կոշտ, չենթարկվող, անընկճելի և անկանխատեսելի բնավորության գծերի մասին։

Մյուս կողմից, բանակում չծառայած, արցախցիների հետ երբևէ մոտիկից չշփված, մինչև վարչապետ դառնալը Արցախում ընդամենը մեկ-երկու անգամ տուրիստի պես եղած Փաշինյանի համար Հայաստանի այդ երկրամասը մոտավորապես նույնն է, ինչ Չաչնիան՝ ռուսների համար։ Դրանով պիտի բացատրել նաև այն, որ Սերժ Սարգսյանի աթոռին տիրանալով, Հայաստանում պատասխանատու պաշտոններում իր մարդկանց նշանակելով, նա վախեցավ նույնը կատարել Արցախում։ Ընդհակառակը, այդ օրերին մի քանի անգամ հայտարարեց, որ սատարում և հավատում է Բակո Սահակյանին։

Դա հասկացան նաև Արցախում։ Հասկացան, որ Փաշինյանը ոչ միայն ոչ ադեկվատ, անկայուն, անհավասարակշիռ, պետության ղեկավարի պաշտոնին անհամատեղելի անձնավորություն է, այլև վախկոտ է։ Դրա ապացույցը նրա հասցեին Արցախից հնչող արհամարհական հայտարարություններն են։ Փաշինյանի վախը երևաց Ստեփանակերտում նրա ելույթից։ Այն, ինչ նա այնտեղ ասել է, իր համար սովորական, հերթապահ, մինչև 2050 թվականը Հայաստանի տիեզերական զարգացման մասին զառանցանքներ են եղել։ Նա այդ հանդիպմանը արցախցիներին սիրաշահելու, շողոքորթելու համար իր համար երկու կարևոր խոսք էր պատրաստել՝ «միացում» գոռալը և Լեոնիդ Ազգալդյանի հայտնի խոսքը՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» կրկնելն էր՝ որպես իր սեփական միտք։ Իսկ ստեփանակերտցիների ծափահարությունը ոչ թե արդյունք էր նրա հանդեպ հավատի, այլ, ինչպես իմացա արցախցի իմ ընկերներց, որպես հյուրին հարգանքով ընդունելու դարավոր սովորության։ Ի դեպ, ինձ ասացին նաև, որ ծափահարողները հիմնականում Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած Արայիկ Հարությունյանի մարդիկ էին, որը ամեն քայլում փորձում է ստանալ Հայաստանի «թավշյա» իշխանությունների աջակցությունը։

Արցախի հանդեպ Փաշինյանի վերաբերմունքից ես որևէ կասկած չունեմ։ Բայց մի քանի օր առաջ ինձ համար զարմանալին այն էր, որ Արցախի մասին ոչինչ չգիտե նաև մեր արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, որը BBC-ի լրագրողի հետ հարցազրույցում ոչ միայն խայտառակվեց, այլև իր տգիտությամբ մեր երկրի անվտանգությունն ու Արցախի լինելությունը դրեց հարցականի տակ։ Այս մարդիկ հանգիստ վարչապետի, նախարարի կրկնակի աշխատավարձ են ստանում, իրենց պարբերաբար պարգևատրում, բայց չեն հասկանում, որ մի ողջ ժողովրդի և երկրի ճակատագրի հետ են խաղում, և ամեն ինչ կարող է շատ վատ վերջանալ թե՛ իրենց համար, թե՛ Հայաստանի համար։

Արտակ Սարոյան

Հ.Գ. - Էս հոդվածը տղաս է գրել։ 
Ասացի՝ մի թերթի ուղարկիր, չուզեց։ 
Ասում է՝ մասնագիտությամբ ես ոչ լրագրող եմ, 
ոչ քաղաքագետ, ոչ վերլուծաբան, 
ուղարկեմ ի՞նչ անեմ։ Վերջը նրան 
չկարողացա համոզել, բայց թույլ 
տվեց դնեմ իմ էջումը։
Հարություն Սարոյանի ֆեյբուքյան էջից

28.6.19

«Արցախյան ոչ մի ղեկավար չի նշանակվում կամ չի ընտրվում առանց պաշտոնական Երեւանի «դաբրոյի»


Հարցազրույց արցախցի գրող, հրապարակախոս Վարդգես Օվյանի հետ 

– Ինչպե՞ս եք գնահատում Արցախի ներքաղաքական իրավիճակը։ 

– Մոտավորապես նույնն է, ինչ Հայաստանում՝ խառն ու սպասողական։ Որոշ չափով՝ նաեւ լարված։ Տարբերությունը միայն այն է, որ այստեղ իշխանությունները չեն փոխվել։ Եղած կադրային փոփոխությունները, շախմատի լեզվով ասած, ընդամենը փոխատեղումներ են։ – Արդյո՞ք ընտրական գործընթացներին մասնակցող քաղաքական ուժերը նոր ծրագրեր, նոր ելքեր ցույց տվեցին։ Կա՞ր այլընտրանք։

– Արդյո՞ք ընտրական գործընթացներին մասնակցող քաղաքական ուժերը նոր ծրագրեր, նոր ելքեր ցույց տվեցին։ Կա՞ր այլընտրանք։ 

– Մինչեւ 2020թ. նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ դեռ ահագին ժամանակ կա, բայց փաստորեն մեզ մոտ արդեն ընտրարշավը սկսված է։ Սովորաբար մեզանում նոր ծրագրեր չեն ստեղծվում. մոտավորապես նույն ծրագրերն են ներկայացնում՝ այլ ձեւակերպումներով, բայց արդեն տարբեր քաղաքական ուժերի անվան տակ, որոնք հիմնականում իշխանամետ են լինում կամ հետո անպայման դառնում են իշխանամետ։ Հիմա ակնհայտ պայքարը իշխանամետ ուժերի եւ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի միջեւ է։

– Սամվել Բաբայանն ունի՞ համակիրների նոր բանակ, արդյո՞ք նրա նախընտրական քարոզարշավին չի խանգարում տարիներ շարունակ դրսում գտնվելը, հայաստանյան իրողությունների մաս կազմելը։ 

– Սամվել Բաբայանն, իրոք, համակիրների մեծ բանակ ունի։ Դրանում անշուշտ «ներդրում» ունեն Արցախի նախկին եւ ներկայիս իշխանությունները, որոնց ղեկավարության տարիներին ժողովրդի սոցիալական ու բազում այլ խնդիրներ մնացել են «խաղից դուրս» վիճակում։ Բաբայանի կողմնակիցները ստորագրություններ են հավաքել՝ Արցախի սահմանադրության 47-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու առաջարկով, ըստ որի՝ Հայաստանում 10 տարի քաղաքացիություն ունեցող անձինք կարող են մասնակցել Արցախի ընտրություններին:

– Դուք ակտիվ մասնակից եք եղել Արցախյան շարժմանը՝ ձեր գրչով, ձեր աշխատանքով։ Եթե երեսուն տարի հետ գնաք, ապա ինչը մնաց նույնը, ինչը փոխվեց Արցախում։

– Խորհրդային վաթսուն տարվա մեր երազանքը՝ միանալ Հայաստանին, փաստորեն մնացել է թղթի վրա՝ տեղը զիջելով անկախ պետականությանը։ Եվ դրանով իրականում Արցախը դարձրին խաղաքարտ ու չապաքինվող վերք։ Այս ճակատագրական սխալի պատճառով արդեն քանի՛ տարի է հայ երիտասարդներ, ընտանիք կազմելու քաղցրությունը, սեփական զավակի բերկրանքը չճաշակած, հայ զինվորներ ենք կորցնում հայ-ադրբեջանական սահմանում։ Անգամ չեմ կարող ասել, թե կրթության, մշակույթի եւ տնտեսության ոլորտում «այն տարիների» համեմատ ձեռքբերումներ ունենք։ Մի խոսքով, այդ առումով ՀՀ-ից չենք տարբերվում։ Մեծագույն ու հիմնական փոփոխությունն այն է միայն, որ Արցախը մաքրվեց եկվոր ադրբեջանցիներից։ Ես տարբեր առիթներով ասել եմ, որ անկախական այս 30 տարում ոչ ՀՀ-աբնակները կարողացան ճանաչել ու հասկանալ արցախցուն, ոչ էլ արցախցիները կարողացան հասկանալ եւ ճանաչել երեւանցուն, քյավառցուն կամ իջեւանցուն։ Զավեշտ է թվում, բայց տարիներ շարունակ երեւանյան ընդդիմադիրներն անգամ երբ գալիս են Արցախ, իրենց սուրբ պարտքն են համարում լուսանկարվել Արցախի ղեկավարների հետ, իրենց համերաշխությունը հայտնել նրանց եւ չտեսնելու տալ եղած-չեղած ընդդիմադիր ուժերին։ Եվ ոչ թե տեղի իշխանությունների ճնշման, այլ երեւանյան քաղաքական ուժերի այդ անտարբերության արդյունքում է Արցախում վերացել ընդդիմությունը։ Փաշինյանը եւս հավատարիմ մնաց այդ ավանդույթին…

– Պարոն Օվյան, սոցիալական հարթակում դուք շատ համակիրներ ունեք, պատճառը հայաստանյան իրողություններին մոտ լինելն է, ողջամիտ դիտորդի կարծիքով երբեմն այնպիսի գնահատականներ եք տալիս, կարծես լինեք մայրաքաղաքում կամ Հայաստանի մարզերում։ Ո՞րն է գաղտնիքը։ 

– Գաղտնիքը նրանում է, որ հենց Հայաստանում եմ, քանի որ եղել եւ մնում եմ այն կարծիքին, որ Արցախը Հայաստան է։ Սա՝ կեսլուրջ-կեսկատակ։ Մի քիչ հեռվից սկսեմ. Արցախյան շարժման եւ պատերազմի ժամանակ ես մի քանի անգամ համագործակցության առաջարկներ եմ ստացել երեւանյան թերթերից։ Բայց բոլորին մերժել եմ, գտնելով, որ ես ավելի շատ այստեղ եմ պետք, իմ գրիչն ավելի շատ Արցախում է անհրաժեշտ։ Թող վերամբարձ չթվա, բայց այն տարիներին հայ ժողովրդի ճակատագիրն իրոք որոշվում էր Արցախում։ Հիմա այլ ժամանակներ են։ Հիմա արդեն Երեւանում է որոշվում մեր ժողովրդի ճակատագիրը։ Արցախյան ոչ մի ղեկավար չի նշանակվում կամ չի ընտրվում առանց պաշտոնական Երեւանի «դաբրոյի»։ Երեւանում չկա լավ կամ վատ մի բան, որ վաղ թե ուշ չհայտնվի Արցախում։ Այդ պատճառով սոցիալական հարթակում իմ քաղաքական գրառումների գերակշիռ մասը վերաբերում է երեւանյան անցուդարձերին։ Երեւանո՛ւմ պիտի փոփոխություններ լինեն, որ դրանք հասնեն նաեւ ծայրամասերը։ Գլուխն է որոշողը, ոչ թե ձեռքերը կամ մարմի մյուս մասերը, թեկուզ կոպիտ է համեմատությունը։

– Մարմնի մյուս մասերից մեկի՝ դատավորների աշխատավարձը մինչեւ 2.5-3 միլիոն դրամ դարձնելու մասին Նիկոլ Փաշինյանի ելույթին դուք էլ բացասաբար արձագանքեցիք։ Ինչո՞ւ: 

– Այո, որովհետեւ այսօր հայ դատավորը 400-600 հազար դրամ աշխատավարձ է ստանում, այսինքն՝ 5-6 անգամ ավելի, քան օրուգիշեր տանջվող, սերունդ կրթող ու դաստիարակող ուսուցչի միջին աշխատավարձն է։ Զուգահեռ անցկացնենք ԱՄՆ-ի հետ։ Ամերիկյան դատավորի աշխատավարձը միջին ամերիկյան աշխատավարձից բարձր է մոտ 2,5 անգամ, իսկ միջին մասնագետի, ասենք, ուսուցչի աշխատավարձից՝ մոտ 1,8 անգամ։ Երբ հայ դատավորն ուսուցչից 5-6 անգամ բարձր աշխատավարձ է ստանում արդեն, Փաշինյանն ուզում է այն ավելի բարձրացնել, դարձնել 25-30 անգամ։ Սա ոչ միայն սխալ որոշում է, այլեւ՝ խայտառակ ու կործանարար։ Վարչապետը չպիտի մոռանա, որ իրեն ժողովուրդն է ընտրել, այլ ոչ թե դատավորները կամ ուժայինները, որոնց աշխատավարձը նույնպես ուզում է բարձրացնել։ Ղեկավարի ամենաամուր հենարանը ժողովուրդն է, եւ վերջինս պիտի զգա, որ իր կյանքը փոխվում է դեպի լավը։ Չեմ կարծում, թե այսպիսի Հայաստան ունենալու համար էր ողջ երկիրը ոտքի ելել։

– Որոշել եմ մի օր, որպես «ժողովուրդ», ձեզ վարչապետ կարգել, ո՞ր քայլից կսկսեիք։ 

– Ճիշտն ասած, չէի ցանկանա թեկուզ մի ժամով վարչապետ լինել։ Ցանկալի է յուրաքանչյուրը զբաղվի այն գործով, ինչից գաղափար ունի, հասկանում է։ Բայց քանի որ դա մի տեսակ ավանդական հարց է, փորձեմ պատասխանել։ Առաջին քայլով պայքար կծավալեի ռաբիսի դեմ՝ ռաբիս մտածողության, ռաբիս բարքերի, ռաբիս հեռուստատեսության, ռաբիս վերնախավի դեմ, որովհետեւ ռաբիսը ոչ միայն հակաարվեստ է, այլեւ մտածողության ստորակարգ մակարդակ է։ Գետնաքարշ միտքը, թռչել, ճախրելու անընդունակ միտքը, ուզենք թե չուզենք, ձեւավորում է իր ձեւ ու բովանդակությանը համահունչ իշխանություններ։ Գուցե թվա, թե թեմայից շեղվում եմ, բայց ասեմ, որ, ճիշտ է, մայրն է Նազար ծնում, բայց ժողովուրդն է նրան Քաջ Նազար դարձնում։

Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ 
«Առավոտ» օրաթերթ,  
26.06.2019 

10.5.19

Հորս՝ Վազգեն Օվյանի վերջին նամակ-գրությունը


Մինչ այս գրությունը մեջբերելը, ներկայացնեմ այն ժամանակահատվածը, որ նախորդել են այդ նամակ-գրությանը և այն իրավիճակը, երբ գրվել են այդ տողերը։
1985 թվականին հայրս հիվանդացավ։ Կյանքում երբեք չէր հիվանդացել, և մենք մտածում էինք, որ լուրջ բան չկա, շուտով կրկին ոտքի կկանգնի։ Հիվանդանոցում էր պառկած, պարտաճանաչ ընդունում էր նշանակված դեղամիջոցները։ Ընդհանրապես նա մարդկանց շատ էր հավատում, շուտ էր վստահում դիմացինին, որ բխում էր նրա ազնվությունից և պարզամտությունից։ Նույնիսկ մի անգամ մայրս ասաց. «Ամեն դեղ մի՛ խմիր, զգույշ եղիր»։ Թվում էր՝ մեկ-երկու օրից դուրս կգրեն հիվանդանոցից։ Բայց մի օր տեսանք, որ վիճակն անսպասելի ավելի է վատացել։ Երևանից պրոֆեսոր հրավիրեցինք։ «Այս հիվանդությունն այսպես չպիտի զարգանար, ինչ-որ բան այն չէ»,- հորեղբորս մի կողմ քաշելով, ասաց պրոֆեսորը։

Հայրս այն տարիներին Արցախում իրոք մեծ ժողովրդականություն էր վայելում։ Շատ-շատերն էին նրան հարգում ու սիրում։ Ինքն էլ, լինելով անկեղծ, ազնիվ և բարեսիրտ մարդ, ամենաանծանոթ շրջապատում անգամ մի քանի րոպեում կարողանում էր ջերմ, ընկերական մթնոլորտ ստեղծել։ Բայց քանի որ հայրս նաև սուր հոդվածներ, ֆելիետոններ, պամֆլետներ և երգիծական այլ ստեղծագործություններ էր գրում, նաև յուրաքանչյուր ամիս մարզային ռադիոյով եթեր էր արձակվում, ժողովրդի լեզվով ասած, «Մախաթը», որը մերկացնում-ծաղրում էր այն տարիներին հակաօրինական, դատապարտելի արարքներով աչքի ընկած «հերոսներին», և այդ հաղորդման խմբագիրը հայրս էր, բնականաբար նա չէր կարող չունենալ նաև չարակամներ ու թշնամիներ։ Թերևս ոչ միայն այդ շրջապատում։ Հաճախ էր ընկերների և ոչ ընկերների, միանգամայն անծանոթ ընթերցողների մոտ կարդում Բրեժնևին, Ալիևին, Կևորկովին և խորհրդային մեծ ու փոքր պաշտոնյաներին ուղղված իր պամֆլետներն ու էպիգրամները։ Քիչ չէին նաև նրան նախանձող, այսպես կոչված, մերձավորները...

Բայց արդեն երեք շաբաթ հայրս պառկած էր հիվանդանոցում, և այդ օրերին հազիվ հնարավոր լիներ պարզել, թե ինչ էր նախորդել չարաբաստիկ հիվանդությանը։ Կամ ինչո՞ւ հանկարծ վիճակն ավելի ծանրացավ... Մենք մտածում էինք միայն նրան բուժելու, կյանքը փրկելու մասին։

Հայրիկիս տեղափոխեցինք Երևան։ Մայրս էր ուղեկցում։ Կրկին հիվանդանոցային կյանք, հոգնեցուցիչ ստուգումներ, նոր նշանակումներ, դեղորայքնե՛ր, զանազան դեղամիջոցնե՛ր...

Երևանից եկան։ Կրկին հայրենի օջախում էր, սեփական տանը։ Ժամանակը հոսում է, բայց հորս վիճակն ամենևին չէր լավանում։ Ընդհակառակը՝ ավելի էր նիհարել և գունատվել։ Վերջին հույսը Մոսկվան էր։ Բժիշկ ընկերները՝ Եղիշե Փարամազյանը, Էդուարդ Ղուկասյանը, Փարավոն Ադամյանը, Բենիկ Միրզոյանը և ուրիշներ խորհուրդ տվեցին հայրիկիս տանել Մոսկվա։

1986 թվականն էր։ Որոշեցինք, որ նրան կուղեկցի կրտսեր եղբայրը՝ Մաքսիմը։ Ես ու մայրս նրանց ուղեկցեցինք Կիրովաբադ, որտեղից ինքնաթիռով պիտի թռչեին Մոսկվա։ Եկավ հրաժեշտի պահը։

Ի դեպ, մեր ընտանիքում աչքի չէինք ընկնում զգացմունքայնությամբ։ Հայրս ջերմ, հայրական սիրով սիրում էր մեզ՝ ինձ, որ ավագն էի, Նարինեին և երջանկահիշատակ կրտսեր քրոջս՝ Նվարդին։ Ես չեմ հիշում, որ այն տարիներին համբուրեինք մեր ծնողներին, առավել ևս՝ հայրիկին, որին անսահման սիրում էինք, և այդ սերը ցուցադրական որևէ այլ ձևով չէինք կարողանում արտահայտել, բացի ներքուստ նրանց սիրելուց, որդիաբար պաշտելուց և մեր ծնողներով հպարտանալուց։ Նույն կերպ մեր ծնողներն էին մեր հանդեպ։ Բայց կար մեկը, որ բացառություն էր կազմում մեր ընտանիքում։ Մեր տան կրտսերն էր՝ Նվարդը, որին հայրս պաշտում էր, իսկ մենք այնպես էինք նրան սիրում, ինչպես ընդհանրապես սիրում են տան կրտսերին, ընտանիքի փոքրին։

Եվ ահա, եկավ հրաժեշտի պահը։ Գրկեց ինձ և համբուրեց։ Ես էլ իրեն համբուրեցի՝ ցավով և հույսով, որ Մոսկվայից կվերադառնա այնպես ձիգ, իր բարձր հասակով և նախկին հպարտությամբ ու կենսուրախությամբ լի...

Անցավ ծանր ու սպասումներով լի երկու շաբաթ։ Այն տարիներին մեծ դժվարությամբ էինք կարողանում հեռախոսով կապվել մեր հեռավոր ազգականի հետ, որի տանը պիտի հյուրընկալվեին հայրս ու հորեղբայրս։ Այդ երկու շաբաթն անցավ ինչպես երկու տարի, ինչպես ծանր, մղձավանջային տարիներ։

Վերջապես զանգեցին և ասացին, որ վերադառնում են։
Հորս դեմքին ոչ մի լավ փոփոխություն չնկատեցինք։ Ընդհակառակը՝ ավելի հոգնած տեսք ուներ։ Մեզ տեսնելով, աչքերը միայն կարճատև փայլեցին։ Գրկել էի նրան և չէի ուզում բաց թողնել։ Կարծես արդեն կանխազգում էի, որ օր-օրի կորցնում ենք նրան...

Կրկին անկողնային ռեժիմ, ծանր ու դժվարին օրեր և աղոտ, շա՜տ աղոտ հույս, որը սակայն, մոմի պես հալվելով, արդեն գրեթե սպառվել էր։ Եվ 1987 թվականի փետրվարի 23-ին կեսօրին մոտ, մեր օջախում մի մեծ լույս հանգավ։ Եվ ոչ միայն մեր օջախում։ Հրաժեշտի արարողությունը Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի սրահում էր. հազարավոր մեր հայրենակիցներ էին եկել վերջին հրաժեշտը տալու սիրելի գրողին։ Ընկերներս պատմում են, որ դեպի մեր հայրենի Դաշուշեն գյուղ շարժվող ավտոմեքենաների շարասյան ծայրը չէր երևում...

*  *  *
Հայրիկիս մահից ամիսներ հետո, երբ ես ու քույրերս փորձում էինք կարգի բերել նրա պատկառելի արխիվը՝ բազմաթիվ ձեռագիր ու մեքենագիր էջերով, տասնյակ մշակված ու վերամշակված տարբերակներով, մի քանի տասնյակ հաստափոր տետրերով ու նոթատետրերով, նոթատետրերից մեկում գտանք այս նամակ-գրությունը։ Հայրս այն գրել էր մոսկովյան մի հիվանդանոցում, սակայն, չգիտես ինչու, չէր ուղարկել։

Գրության առաջին տողերից, պարզ, խոսակցական լեզվից զգացվում է, որ սկզբում մտադիր էր նամակ գրել մեզ, բայց հետո միտքը փոխել էր և այն գրել որպես կարճ մտորում ինքն իր հետ։ Ամենայն հավանականությամբ, այդ օրերի ծանր ապրումները, հոգնածությունը, հուսախաբությունը և ծայրահեղ վատ տրամադրությունը ստիպել էր նրան փոխել մեզ նամակ գրելու նախկին մտադրությունը։ Հայրս չէր ցանկացել մեզ ավելի տխրեցնել այդ նամակով։ Ահա այն.

Սիրելիներս,
Մոսկվան ինձ ընդունեց տխուր ու մռայլ, և դա նորություն չէր ինձ համար։ Մարդիկ այստեղ կոպիտ են. մի բան ես հարցնում, իսկույն վրա են քշում. «Ի՞նչ ես զահլա տանում»։
Այսօր ավարտվեց նախնական պոլիկլինիկային անալիզներս, վաղը պիտի լինեմ բժշկի մոտ, որը պիտի հայտնի ինձ, թե հիվանդանոցում բուժվելու համար կոմիսիան ե՞րբ պիտի լինի... Ամեն ինչ այդ կոմիսիայից է կախված՝ բաց կթողնի՞ բուժվելու, թե՞ կասի՝ գնա տեղում բուժվիր։

Ամեն ինչ նման է տխուր երազի. չեմ հասկանում, որ ես՝ ես եմ և ի՞նչ եմ անում այս անհոգի մարդկանց մոտ։ Օրերս չեն մթնում և, ավելի ահավորը՝ չեն լուսանում։
Մաքսիմը այսօր դուրս եկավ «հետախուզության», գուցե մոտիկ շենքերում ժամանակավոր գիշերելու որևէ տեղ գտնի։ Այստեղ նրան տեղ չեն տալիս, մի կերպ տեղավորվում ենք, իսկ Սեդայի տղայի մոտ հնարավոր չէ. նա հենց ինքը տնկեց է, ուրիշի բնակարանում։ Լավագույն դեպքում նրա մոտից կարող է միայն զանգել ձեզ։

Փարավոնի հեքիաթները՝ հեշտ ընդունելու մասին, սոսկ հեքիաթներ են։ Առաջներում այդպես էր... Հիմա կովկասցիները բժիշկների համար եկամտի վարար աղբյուր են՝ միայն թե փող պոկեն։ Իրենք՝ կովկասցիներն են մեղավոր. նրանց այդպես են սովորեցրել։
Չգիտեմ, կդիմանա՞մ այս քաշքշուկին։ Բարեկամներ ու ծանոթներ չունեմ, այստեղ ամեն ինչ որոշում է պնդաճակատությունը, նաև փողը։ Սա իմ աշխարհը չէ։ Բայց դե հույս ունեմ։
Ուրեմն՝ ճակատագիրս կորոշվի այս վերջին երեք-չորս օրում։
Է՜հ, երեխաներիս եմ կարոտե՜լ, շա՜տ։

*  *  *
Մոսկովյան հիվանդանոցներից մեկում 1986 թվականին գրած այս տողերից հետո նա այլևս գրիչ չի վերցրել ձեռքը։ Մի քանի անգամ տանը փորձել է գեղարվեստական ինչ-որ կտորներ, մանրապատումներ թելադրել քույրերիս, բայց հետո հրաժարվել է դրանից... Այլևս ստեղծագործելու տրամադրություն չկար։ Դանդաղ սպասում էր անխուսափելիին, չնայած երբեմն մի քանի վայրկյան պայծառանում էր և ասում, որ հենց կազդուրվի, անպայման հայրենի գյուղում տուն կկառուցենք...

Վարդգես Օվյան