Показаны сообщения с ярлыком գրականություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком գրականություն. Показать все сообщения

14.7.20

Արքա Աղվեսը շարունակում էր խրախճանքը, իսկ Անտառակի վրա սև ամպեր էին կուտակվում


Վիշապ օձի գահակալությունից հետո Անտառակի թագավորի գահի համար պայքարը շարունակ թեժանում էր, տարբեր կենդանիներ էին հայտնվում գահին, բայց Վիշապ օձի հիմնադրած սրիկայապետությունը դրանից չէր փոխում էությունը։ Շարքային կենդանիները շարունակում էին վատ ապրել, իշխող «էլիտան» անշեղորեն հարստանում էր, շարքայինները՝ անշեղորեն աղքատանում, իսկ կենդանիների մի մասը ստիպված լքում էր Անտառակը, արտագաղթում այլ անտառներ։

Կենդանիների համբերության բաժակը լցվել էր հատկապես այն բանից հետո, երբ Դոդոշը որոշեց երրորդ ժամկետով մնալ իշխանության ղեկին։ Դրանից հիանալի օգտվեց Վիշապ օձի ամենաաչքաբաց սանիկ խորամանկ Աղվեսը, որ հիանալի տիրապետում էր իր ուսուցչի ճարտասանական արվեստին, խորամանկությանը, նենգությանն ու բոլորի աչքին թոզ փչելու արհեստին։ Նա մի ուսապարկ դրեց մեջքին, վրան գրեց՝ «Խոստումների պարկ» և սկսեց չափչփել, շրջել փողոցներն ու մյուս բոլոր կենդանիներին համոզել, որ պայքարի ելնեն Դոդոշի դեմ ու այդ անիրավից ազատեն երկիրը։ Հընթացս Աղվեսը խոստումներ էր հանում իր ուսապարկից և շաղ տալիս աջ ու ձախ…

Կենդանիներն Անտառակում Աղվեսի գլխավորությամբ ոտքի ելան, Դոդոշին հեռացրեցին գահից ու տեղը նստեցրին Աղվեսին։ Սա այդ պրոցեսի անունը դրեց «Քայլի հեղափոխություն», իր կոշիկը հռչակեց այդ հեղափոխության խորհրդանիշ, պահ տվեց Ազգային թանգարանին, իսկ ինքը հագավ նախկին արքա Դոդոշի կոշիկները, նրա կոստյումը, կապեց նրա փողկապը և գործի անցավ։

Նոր գահակալ Աղվեսը գիտության նախարար կարգեց մեծագլուխ Կրիային, առողջապահության ոլորտը տվեց Կոբրա օձին, սեքսոլոգ Սիրամարգին նշանակեց սոցապ նախարար, Այծին՝ ազգային ժողովարանի ղեկավար, նոր ոստիկանապետ ու այլ ղեկավարներ նշանակեց իր շրջապատից, խոստումների ուսապարկը հանեց, 180 աստիճանով շրջեց ու նորից հագավ և բոլոր կենդանիները զարմանքով նկատեցին, որ այս անգամ նրա վրա գրված է՝ «Ստերի պարկ»։

Կենդանիների ապշանքը տեսնելով, Աղվեսը բազմանշանակ ժպտաց։ «Սիրելի հպարտ հայրենակիցներ, ես բոլորիդ սիրում ու պաշտում եմ, գահին նստած օրվանից ոչ մի րոպե աչք չեմ փակում, միայն ձեր մասին եմ մտածում,- ասաց Աղվեսն ու շարունակեց։- Հանուն ձեր երջանիկ ապագայի, «Քայլի հեղափոխությունը» նախկին հնացած արժեքները փոխարինելու է նոր արժեքներով, և այսուհետ մեր նշանաբանն է լինելու՝ «Ոչ մի արժեք»։ Մենք դեն ենք նետելու նաև իր դարն ապրած հին բարոյականությունն ու փոխարենը բարձրագույն բարոյականություն ենք հռչակելու Անբարոյականությունը։ Կորչի նաև ճշմարտությունը, այդ դառն ու ծանր գլխացավանքը, կեցցե՛ն սուտն ու կեղծիքը։ Ես ամեն օր ձեր աղքատ գլուխները լցնելու եմ գեղեցիկ ստերով և դրանք այնպես են ծլարձակելու ձեր հպարտ գլուխներում, ինչպես հատիկը՝ գոմաղբի մեջ…»։

Կենդանիները բերանները բաց լսում էին իրենց նոր կուռքին և ծափահարում՝ ոգևորված նոր կյանքի լուսաճաճանչ երազներով։
Աղվեսի երազանքն իրականացել էր։ Նա արդեն գահի վրա էր, նա արդեն արքա էր դարձել, բայց հակառակ նրա մեծ ախորժակին, Անտառակում ուտելու և թալանի համար գրեթե բան չէր մնացել։ Նախկինները հիմնավորապես թալանել էին ամեն ինչ, սեփականաշնորհել ամեն ծառ ու թուփ։ Բայց դա ամենևին չընկճեց Աղվեսին, նա ձերբակալել էր տալիս հարուստ ու օլիգարխին, գրպանները թափ տալիս և ազատ արձակում։ Միաժամանակ տիկին Աղվեսուհին պոչի սանրվածքը փոխել, հիմնադրամներ էր բացել, որին ամեն ամիս մուծումներ էին անում «հին գայլերը»։

Հետո հերթը հասավ շարքային կենդանիներին։ Սկսեցին հիմնավորապես մաքրազարդել նաև նրանց գրպանները՝ դրա համար հորինելով հարկերի նորանոր տեսակներ՝ օդահարկ, շնչահարկ, քայլելահարկ, քնահարկ, արթնանալահարկ, ջուրխմելահարկ, մազսանրելահարկ և այլն։ Աղվեսն ու նրա շրջապատը օրեցօր, ժամ առ ժամ հարստանում էին, իսկ Անտառակի շարքային բնակիչները, մյուս բոլոր կենդանիներն օրեցօր, ժամ առ ժամ աղքատանում։ Ժողովարանի նախագահ Այծն արդեն հղփացել ու իրեն փոխարքայի պես էր պահում, նրա կողակցի հետևից մի խումբ ոչխար էր գնում՝ պոչը բռնած, որ հանկարծ այն չդիպյի գետնին։ Առողջապահության նախարար Կոբրա օձը կենդանիներին ոչնչացնելու և իբր կենդանիներին բուժելու նպատակով նոր մահաբեր դեղերի բիզնեսով էր զբաղվում։ Գիտության նախարար մեծագլուխ Կրիան Անտառակի պատմության առարկան դեն էր նետել ուսումնական ծրագրերից և փոխարենը մատղաշ կենդանիներին իրար հետ կենակցելու դասեր էին տալիս ու բացատրում, որ ուղտը կարող է ամուսնանալ ջայլամի, մողեսը՝ քարայծի, խլուրդը՝ նապաստակի հետ և այլն։

Աղվեսը քանդել էր տալիս այն ամենը, ինչ իր նախորդների օրոք դեռ կանգուն էր մնացել։ Նա օրը մի քանի անգամ ճառ էր ասում իր հպատակների համար և բացատրում, որ իրեն չենթարկվող հակա-ներին ծեփել է տալու ծառին կամ նմաններից կոտլետ է սարքել տալու։ Տիկին Աղվեսուհին ամեն ժամ հագուստ էր փոխում և իրեն Տիեզերքի թագուհի երևակայում…

Մի օր էլ լուր տարածվեց, որ հարևան Գիշատիչ անտառը հարձակվել է Անտառակի վրա։ Անտառակի քաջ մարտիկները կասեցրել էին թշնամուն, հակառակորդին ետ էին շպրտում սահմաններից, իսկ Աղվեսն ասես գետնի տակ էր անցել։ Հայտնի չէր, թե ինչ ծակ էր մտել և նրանից ձեն-ձուն չկար…

Երբ ամեն ինչ բարեհաջող ավարտվել էր արդեն, թշնամին ծեծված ետ էր շպրտվել, Աղվեսը կրկին հայտնվեց, ճառով դիմեց իր հպատակներին և հայտարարեց, որ ինչպես այս անգամ, ինքը երբեք թույլ չի տա որևէ ոտնձգություն իր երկրի վրա, և կեցցե՛ն Անտառակի քաջ մարտիկները։

Հավաքված կենդանիներն ուրախ բացականչեցին՝ «Կեցցե՛ մեր քաջ և իմաստուն Աղվեսը, աղվես ունենք, աշխարհը չունի, երկար կյանք նրան՝ մեր լուսապայծառ արքային և նրա լուսաթագ կողակցին»…

Այդ ընթացքում Անտառակի բնակիչների մի մասն աստիճանաբար լքում էր հայրենի անտառը, ոմանք էլ մտմտում են, թե ինչպես ճանապարհածախսի միջոցներ գտնեն։ Աղվեսն իր կողմնակիցների հետ շարունակում էր քեֆ ու խրախճանքը, իսկ Անտառակի վրա նորանոր սև ամպեր էին կուտակվում։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

12.6.20

Անցյալ դարձած գեղեցիկ մի աշխարհ


Հովհաննես Կարապետյանին հիշում եմ 1969 թվականից։ Հովհաննես Շիրազի մանկության ընկերներից է, ծնված նույն թվականին և նույնպես Հովհաննես (Օնիկ) Կարապետյան։ Երկար տարիներ եղել է Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորը, ժողովրդական արտիստ։ 1969 թվականին հայրիկիս՝ Վազգեն Օվյանի «Մեծ լոռեցին» պիեսը, որ բեմադրել էր Հովհ. Կարապետյանը, Թումանյանի 100-ամյակին նվիրված ներկայացումների մրցույթում Երևանում երկրորդ մրցանակ էր շահել։ Հիշում եմ, որ ներկայացման մասնակիցները հպարտությամբ պատմում էին, որ Երևանում իրենց ասում էին՝ «Դուք առաջինն եք... Բայց դե քաղաքականություն, դիվանագիտություն-բան կա, ցավոք...»։

Այդ թվականին Հովհաննես Լևոնովիչը 55 տարեկան է եղել, հայրս՝ 37 տարեկան, ես՝ 9 տարեկան, որ տասնյակ անգամ կուլիսների հետևից, ավելի ճիշտ՝ բեմի կողքի աջ անկյունից թաքուն դիտում էի ներկայացումը, որովհետև այդ տարիներին 16 տարեկանից փոքր երեխաների մուտքը խստիվ արգելվում էր...

Հովհ. Կարապետյանը հոգով, սրտով, ողջ էությամբ գյումրեցի-լենինականցի էր՝ հումորով լի, հպարտ, տաղանդավոր ու շատերի համար նաև մի քիչ տարօրինակ։ Ասում են՝ շատ դժվար է դերասանների հետ, դերասանների միջավայրում աշխատելը։ Եվ նա մի քանի անգամ խռովել, զայրացել, թողել է մեր թատրոնն ու մեկնել Երևան։ Հետո ամեն անգամ հարգված դերասաններից կազմված հատուկ մի պատվիրակություն էին ուղարկում նրա ետևից՝ Երևան, որ խնդրեն, համոզեն և ետ բերեն Ստեփանակերտ։

Երբ առաջին անգամ հետ վերադարձավ, հայրիկիս հետ գնացի հյուրանոց՝ նրան տեսնելու։ Ազատ նորմալ համար չլինելու պատճառաբանությամբ նրան անշուք, խոնավ ու գարշահոտությամբ ներծծված մի սենյակ էին հատկացրել։ Հայրս զայրացավ ու ասաց, որ թույլ չի տալու նրան ապրել նման անպետք վանդակում։ Եվ Հովհաննես Լևոնովիչը մոտ երկու ամիս Մայր թատրոնի հարևանությամբ, Կնունյանց փողոցում գտնվող մեր նախկին բնակարանն ընդամենը երկու սենյակից էր բաղկացած, Իսկ առաստաղն այնքան ցածր էր, որ ես դեռ յոթերորդ դասարանից րատկում և ձեռքով դիպչում էի առաստաղին, բարձրահասակ հայրս կատակով ասում էր՝ բնակարան տալիս գոնե բոյս հաշվի առնեին...

Հետո Հովհաննես Կարապետյանին բնակարան տվեցին մեր թաղամասում, և հայրս ու նա դարձյալ պարբերաբար հանդիպում էին և շատ հաճախ ես էլ էի լինում նրանց հետ։ Զրուցում էին թատրոնի, արվեստի, գրականության մասին, նաև նարդի էին խաղում, որը յուրօրինակ մի ներկայացում էր։ Կարապետյանը առավել շատ պարտվում էր ու դժգոհում. «Չէ, բախտդ բերում է երկար խաղով։ Արի էս անգամ կարճ խաղանք»։ Դարձյալ պարտվում էր ու զայրացած սկսում հայհոյել զառերին՝ «Ծախված զառեր, խուլիգան զառեր, անդաստիարակ, տմարդի, անպետք զառեր...»։ Դրանով չբավարարվելով, նա սկսում էր զառերին անվանել չսիրած մարդկանց անուններով, ասենք՝ Առաքել Սարուխանյան զառեր, Մուկուչյան զառեր, թուրք զառեր...

Այնուհետև, ընկերներով սեղանի շուրջ կատակներ անելիս, հայրս մի քիչ գունազարդած պատմում էր այդ ամենը, Հովհաննես Կարապետյանը բարեհոգի ժպտում էր ու իբր ջղայնացած ասում. «Մի սրան նայեք, էս ո՞նց է կարողանում էսպես գեղեցիկ հնարել...»։

Հովհաննես Լևոնովիչը նույնիսկ ցանկացավ ինձ դերասան դարձնել։ Թարգմանված մի ինչ-որ պիեսում 10-12 տարեկան երեխայի դեր պիտի խաղայի։ Հաճույքով դերիս տեքստը արտագրեցի ու սկսեցի անգիր անել։ Բայց հասկանալով, որ այդ ողջ տեքստը պիտի արտաբերեմ հարյուրավոր մարդկանց, բազմաթիվ հանդիսատեսի աչքի առաջ ցցված, ես, որ այդ տարիներին շատ ամաչկոտ էի, ի խոր հիասթափություն Հովհաննես Կարապետյանի, հրաժարվեցի դերասան դառնալու մտքից։

Ճիշտ է, դերասան դառնալու մտքից հրաժարվեցի, բայց թատրոնը սիրելուց չկարողացա հրաժարվել։ Երբ արդեն 16 տարիս լրացավ, ներկա էի լինում նաև փորձերին։ Ինձ համար յուրօրինակ հրաշք մի աշխարհ էր թատրոնը։ Ճանաչված, սիրված դերասաններ կային՝ Գուրգեն Հարությունյան, Միքայել Կորգանյան, Բենիկ Օվչյան... Դերասաններ կային, որ տարիներ առաջ մեծն Վահրամ Փափազյանի խաղընկերն են եղել... Նրանց ամեն անգամ տեսնելիս, մտածում էի, որ մտավորականներն ահա այսպես են լինում՝ աներևակայելի բարեկիրթ, հպարտ ու խելացի։

Փորձերի ժամանակ Հովհաննես Լևոնովիչը նստում էր դահլիճում, փոքրիկ մի սեղանիկ առաջ և այդտեղից ղեկավարում ողջ պարահանդեսը։ Եվ այդ ընթացքում նա այնքան էր տեղից ցատկում, բեմ բարձրանում, դերասաններին բացատրում, թե որտեղ և ինչպես պիտի կանգնել, ինչպես պիտի արտասանել նախօրոք սովորած, նաև բազմիցս կրկնած տեքստը, որ ես զարմանում էի, թե ոչ ջահել ու զգալիորեն ծանրամարմին այդ մարդը ոնց է կարողանում բազմաթիվ անգամ բարձրանալ բեմ ու իջնել և ոնց է կարողանում բոլորի հետ կրկնել նրան տեքստն ու խաղալ, մարմնավորել նրանց դերը…

Հիշում եմ, թե մի անգամ սիրային տեսարանի փորձի ժամանակ ինչպես էր Հովհաննես Կարապետյանը վրդովել. «Ծո, ա՛յ տղա, էդ ինչպե՞ս ես խաղում, կյանք չկա կերպարիդ մեջ, սեր չկա  մեջդ... Էդպես, որ տատիկիս սեր բացատրեիր, քեզ պատուհանից դուրս կշպրտեր...»։

Իր արժեքն ու տաղանդը քաջ գիտակցողի պես նա հաճախ էր դժգոհում, որ իրեն չեն գնահատում։ Նման պահերին ասում էր. «Ինձ պես տաղանդավոր, պատկառելի մարդուն սրանք էս ո՞ւմ տեղն են դրել...»։  Նա չէր ծխում, բայց կինը՝ տիկին Ռոզան հայրիկիս հավասար ծխում էր։ «Դե, տանը մի ծխող պիտի լինի, Ռոզիկս ծխում է, ես էլ ծխեմ՝ բա հացի փողը որտեղի՞ց պիտի գտնենք»,- կատակով ասում էր Կարապետյանը։

Հայրիկիս սիրում էր ինչպես կրտես եղբոր կամ ավագ զավակի։ Երբ զայրացած ու անտրամադիր էր լինում, ասում էր. «Տաղանդավոր մարդ ես, էստեղ կորչելու ես, արի թքենք, գնանք Երևան։ Ինձ այնտեղ տուն ունեմ, քեզ էլ իսկույն տուն կտան...»։ Հայրիկիս երևանաբնակ ընկերներն էլ էին առաջարկում տեղափոխվել Երևան։ Ասում էին՝ «Էդտեղ ի՞նչ ես կորցրել, եկ Երևան՝ ավելի շատ կտպագրվես, ավելի հայտնի կդառնաս...»։ Իսկ հայրս միշտ ձեռքը թափ էր տալիս՝ «Չէ, չեմ կարող։ Բա մեր էս չքնաղ երկիրն ո՞ւմ թողնենք, Մուհամեդի թոռների՞ն...»։

Շա՜տ-շատ տարիներ են անցել։ Վաղուց չկան նրանք՝ հայրիկս, Հովհաննես Լևոնովիչը, սիրված դերասանները, սիրելի մարդիկ։ Նրանց հետ կարծես գեղեցիկ մի աշխարհ է հեռացել, դարձել անցյալ ու պատմություն։ Գեղեցիկ ու հրաշք մի աշխարհ, որտեղ «Մեր մանկության տանգոն» ու «Հին օրերի երգը» կար, Ֆրունզիկ-Մհեր Մկրտչյան կար, Սոս Սարգսյան ու Կարպ Խաչվանքյան կար, որոնք այդ գեղեցիկ աշխարհում մի մեծ աշխարհ էին...

Նայելով այս նկարներին, կրկին մտածում եմ՝ երանի մի հրաշք լիներ, գոնե մի օրով, թեկուզ մի ժամով վերակենդանանար այդ հրաշք աշխարհը, որտեղ նույնպես ապաշնորհներ ու սրիկաներ կային, բայց նրանք կարծես այնքան էլ շատ չէին, մարդիկ ավելի շատ էին Մարդ... Եվ շատ մեծ հավատ կար գեղեցիկ այդ աշխարհում, որ մնացել էր քառասուն սարի հետևում՝ ինչպես երազ ու անդառնալի քաղցր հուշ։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

Նկարներում՝ Հովհաննես Կարապետյան։ Երկրորդ լուսանկարում տեսարան «Մեծ լոռեցին» ներկայացումից (Թումանյան՝ Բենիկ Օվչյան, Խորհրդավոր ծերունի՝ Հովհ. Կարապետյան), Աջից վերևի լուսանկարում՝ հայրիկս, դերասաններ Բ. Օվչյանը և Ժ. Մովսիսյանը, 1969 թ.։ Ներքևի լուսանկարում՝ Բ. Օվչյան, Հ. Կարապետյան, երրորդին չեմ կարողանում հիշել, նրանից աջ՝ հայրս։

12.4.20

Զրույց գիտնական շան հետ


(երգիծական պատմվածք)

Այս շունը մի տեսակ սկսել էր շարժել հետաքրքությունս իր հանդեպ։ Նա մյուս բոլոր շներից կարծես թե տարբերվում է իր չափազանց վայելուչ ու արիստոկրատական պահվածքով։ Մի օր նրա տան մոտով անցնելիս, բաց դռնից նկատեցի պատից կախված շան թե գայլի մի լուսանկար՝ լուսապսակը գլխին։ Զարմանքից սառեցի կանգնած տեղս։

- Այդ ո՞ւմ նկարն է,- հարցի։
- Ինքն է, երկնայինն է, մեր աստծո դիմանկարն է,- հպարտ պատասխանեց։

- Ո՞նց թե։ Ձե՞ռ ես առնում։ Աստված մարդու տեսքով է։ Չէ՞ որ Աստվածաշնչում գրված է, որ նա՝ Աստված, մարդուն ստեղծել է իր պատկերով և նմանությամբ։
- Ձեր գրքերում է այդպես գրված,- հանգիստ պատասխանեց զրուցակիցս։- Ձեր աստված է ձեզ ստեղծել իր նմանությամբ։ Նա ո՞նց կարող էր մեզ ստեղծել, երբ կյանքում շուն կամ շնազգի արարած տեսած չկար։ Այդ մեր երկնայինն է մեզ արարել ճիշտ իր պատկերով և նմանությամբ։

- Բայց ես նման բան որևէ գրքում չեմ հանդիպել, նման բան չկա։
- Ձեզ է թվում, որ չկա։ Ձեր գրքերում, ձեր պատմության մեջ չկա, որովհետև դուք կիսատ-պռատ ձեր պատմությունն եք միայն գրել, թքած ունենալով տարիքով ձեզնց հին կենդանի արարածների վրա։

- Ո՞նց թե՝ տարիքով ավելի հին։
- Հա, էլի, տարիքով ձեզնից հին։ Ձեր աստված ձեզ դեռևս չէր ստեղծել, երբ մենք արդեն կայինք հազարամյակներ առաջ։

- Քո կարծիքով տիեզերքը լի է աստվածներո՞վ։
- Իհարկե՛,- պատասխանեց արիստոկրատի տեսքով չորքոտանի ծանոթս, ակնոցը դրեց քթին և այնպիսի զարմանքով նայեց ինձ, կարծես ասելիս լիներ՝ ուրեմն, այդ հասարակ բանն էլ չգիտե՞ք։- Ձեր կարծիքով ո՞վ է ստեղծել նեգրերին, սևամորթներին, ո՞վ է ստեղծել նեղաչք դեղնամորթ ժողովուրդներին։ Ձեր սպիտակամորթ աստվա՞ծ։ Բայց եթե նա սպիտակամորթ է, ո՞նց կարող էր իր պատկերով և նմանությամբ նեգր ստեղծել։ Կարո՞ղ է նրանք նույնպես սպիտակ են եղել, արևահարվել՝ սևացել են կամ աստված հատուկ ներկով ներկել է նրանց։

- Բայց մենք Աստվածաշունչ ունենք, գրավոր աղբյուրներ ունենք։ Դուք ի՞նչ գրավոր աղբյուր ունեք՝ որպես ասածի ապացույց...
- Գրավոր աղբյուրնե՜ր,- արհամարհանքով առջևի թաթը շարժեց նա։- Էդ բոլորը ձեր մոգոնած հեքիաթներն են։ Մենք մեր պատմությունը բանավոր ենք փոխանցում սերնդեսերունդ։ Մեր պատմությունը ձերի պես ստից ուռճացված չէ։ Մենք ամենակարևոր բաներն ենք փոխանցում մեր մատաղ սերնդին։

Մնացել էի ապշած։ Նման բան չէի սպասում չորքոտանի իմ զրուցակցից։ Չգիտեի ինչ պատասխանել նրան։ Նա իսկույն նկատեց շփոթությունս, հանգիստ շարունակեց.
- Բան չկա։ Գիտությունից չես փախչի։ Հատկապես երբ փաստերը զորեղ են... Ազատ ժամանակ մեկ-մեկ անցեք ինձ մոտ, սուրճ-բան կհյուրասիրեմ, կզրուցենք աշխարհի մեծ ու փոքր խնդիրներից։ Այս անգամ մի տեսակ ոտի վրա ստացվեց մեր զրույցը։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

10.5.19

Հորս՝ Վազգեն Օվյանի վերջին նամակ-գրությունը


Մինչ այս գրությունը մեջբերելը, ներկայացնեմ այն ժամանակահատվածը, որ նախորդել են այդ նամակ-գրությանը և այն իրավիճակը, երբ գրվել են այդ տողերը։
1985 թվականին հայրս հիվանդացավ։ Կյանքում երբեք չէր հիվանդացել, և մենք մտածում էինք, որ լուրջ բան չկա, շուտով կրկին ոտքի կկանգնի։ Հիվանդանոցում էր պառկած, պարտաճանաչ ընդունում էր նշանակված դեղամիջոցները։ Ընդհանրապես նա մարդկանց շատ էր հավատում, շուտ էր վստահում դիմացինին, որ բխում էր նրա ազնվությունից և պարզամտությունից։ Նույնիսկ մի անգամ մայրս ասաց. «Ամեն դեղ մի՛ խմիր, զգույշ եղիր»։ Թվում էր՝ մեկ-երկու օրից դուրս կգրեն հիվանդանոցից։ Բայց մի օր տեսանք, որ վիճակն անսպասելի ավելի է վատացել։ Երևանից պրոֆեսոր հրավիրեցինք։ «Այս հիվանդությունն այսպես չպիտի զարգանար, ինչ-որ բան այն չէ»,- հորեղբորս մի կողմ քաշելով, ասաց պրոֆեսորը։

Հայրս այն տարիներին Արցախում իրոք մեծ ժողովրդականություն էր վայելում։ Շատ-շատերն էին նրան հարգում ու սիրում։ Ինքն էլ, լինելով անկեղծ, ազնիվ և բարեսիրտ մարդ, ամենաանծանոթ շրջապատում անգամ մի քանի րոպեում կարողանում էր ջերմ, ընկերական մթնոլորտ ստեղծել։ Բայց քանի որ հայրս նաև սուր հոդվածներ, ֆելիետոններ, պամֆլետներ և երգիծական այլ ստեղծագործություններ էր գրում, նաև յուրաքանչյուր ամիս մարզային ռադիոյով եթեր էր արձակվում, ժողովրդի լեզվով ասած, «Մախաթը», որը մերկացնում-ծաղրում էր այն տարիներին հակաօրինական, դատապարտելի արարքներով աչքի ընկած «հերոսներին», և այդ հաղորդման խմբագիրը հայրս էր, բնականաբար նա չէր կարող չունենալ նաև չարակամներ ու թշնամիներ։ Թերևս ոչ միայն այդ շրջապատում։ Հաճախ էր ընկերների և ոչ ընկերների, միանգամայն անծանոթ ընթերցողների մոտ կարդում Բրեժնևին, Ալիևին, Կևորկովին և խորհրդային մեծ ու փոքր պաշտոնյաներին ուղղված իր պամֆլետներն ու էպիգրամները։ Քիչ չէին նաև նրան նախանձող, այսպես կոչված, մերձավորները...

Բայց արդեն երեք շաբաթ հայրս պառկած էր հիվանդանոցում, և այդ օրերին հազիվ հնարավոր լիներ պարզել, թե ինչ էր նախորդել չարաբաստիկ հիվանդությանը։ Կամ ինչո՞ւ հանկարծ վիճակն ավելի ծանրացավ... Մենք մտածում էինք միայն նրան բուժելու, կյանքը փրկելու մասին։

Հայրիկիս տեղափոխեցինք Երևան։ Մայրս էր ուղեկցում։ Կրկին հիվանդանոցային կյանք, հոգնեցուցիչ ստուգումներ, նոր նշանակումներ, դեղորայքնե՛ր, զանազան դեղամիջոցնե՛ր...

Երևանից եկան։ Կրկին հայրենի օջախում էր, սեփական տանը։ Ժամանակը հոսում է, բայց հորս վիճակն ամենևին չէր լավանում։ Ընդհակառակը՝ ավելի էր նիհարել և գունատվել։ Վերջին հույսը Մոսկվան էր։ Բժիշկ ընկերները՝ Եղիշե Փարամազյանը, Էդուարդ Ղուկասյանը, Փարավոն Ադամյանը, Բենիկ Միրզոյանը և ուրիշներ խորհուրդ տվեցին հայրիկիս տանել Մոսկվա։

1986 թվականն էր։ Որոշեցինք, որ նրան կուղեկցի կրտսեր եղբայրը՝ Մաքսիմը։ Ես ու մայրս նրանց ուղեկցեցինք Կիրովաբադ, որտեղից ինքնաթիռով պիտի թռչեին Մոսկվա։ Եկավ հրաժեշտի պահը։

Ի դեպ, մեր ընտանիքում աչքի չէինք ընկնում զգացմունքայնությամբ։ Հայրս ջերմ, հայրական սիրով սիրում էր մեզ՝ ինձ, որ ավագն էի, Նարինեին և երջանկահիշատակ կրտսեր քրոջս՝ Նվարդին։ Ես չեմ հիշում, որ այն տարիներին համբուրեինք մեր ծնողներին, առավել ևս՝ հայրիկին, որին անսահման սիրում էինք, և այդ սերը ցուցադրական որևէ այլ ձևով չէինք կարողանում արտահայտել, բացի ներքուստ նրանց սիրելուց, որդիաբար պաշտելուց և մեր ծնողներով հպարտանալուց։ Նույն կերպ մեր ծնողներն էին մեր հանդեպ։ Բայց կար մեկը, որ բացառություն էր կազմում մեր ընտանիքում։ Մեր տան կրտսերն էր՝ Նվարդը, որին հայրս պաշտում էր, իսկ մենք այնպես էինք նրան սիրում, ինչպես ընդհանրապես սիրում են տան կրտսերին, ընտանիքի փոքրին։

Եվ ահա, եկավ հրաժեշտի պահը։ Գրկեց ինձ և համբուրեց։ Ես էլ իրեն համբուրեցի՝ ցավով և հույսով, որ Մոսկվայից կվերադառնա այնպես ձիգ, իր բարձր հասակով և նախկին հպարտությամբ ու կենսուրախությամբ լի...

Անցավ ծանր ու սպասումներով լի երկու շաբաթ։ Այն տարիներին մեծ դժվարությամբ էինք կարողանում հեռախոսով կապվել մեր հեռավոր ազգականի հետ, որի տանը պիտի հյուրընկալվեին հայրս ու հորեղբայրս։ Այդ երկու շաբաթն անցավ ինչպես երկու տարի, ինչպես ծանր, մղձավանջային տարիներ։

Վերջապես զանգեցին և ասացին, որ վերադառնում են։
Հորս դեմքին ոչ մի լավ փոփոխություն չնկատեցինք։ Ընդհակառակը՝ ավելի հոգնած տեսք ուներ։ Մեզ տեսնելով, աչքերը միայն կարճատև փայլեցին։ Գրկել էի նրան և չէի ուզում բաց թողնել։ Կարծես արդեն կանխազգում էի, որ օր-օրի կորցնում ենք նրան...

Կրկին անկողնային ռեժիմ, ծանր ու դժվարին օրեր և աղոտ, շա՜տ աղոտ հույս, որը սակայն, մոմի պես հալվելով, արդեն գրեթե սպառվել էր։ Եվ 1987 թվականի փետրվարի 23-ին կեսօրին մոտ, մեր օջախում մի մեծ լույս հանգավ։ Եվ ոչ միայն մեր օջախում։ Հրաժեշտի արարողությունը Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի սրահում էր. հազարավոր մեր հայրենակիցներ էին եկել վերջին հրաժեշտը տալու սիրելի գրողին։ Ընկերներս պատմում են, որ դեպի մեր հայրենի Դաշուշեն գյուղ շարժվող ավտոմեքենաների շարասյան ծայրը չէր երևում...

*  *  *
Հայրիկիս մահից ամիսներ հետո, երբ ես ու քույրերս փորձում էինք կարգի բերել նրա պատկառելի արխիվը՝ բազմաթիվ ձեռագիր ու մեքենագիր էջերով, տասնյակ մշակված ու վերամշակված տարբերակներով, մի քանի տասնյակ հաստափոր տետրերով ու նոթատետրերով, նոթատետրերից մեկում գտանք այս նամակ-գրությունը։ Հայրս այն գրել էր մոսկովյան մի հիվանդանոցում, սակայն, չգիտես ինչու, չէր ուղարկել։

Գրության առաջին տողերից, պարզ, խոսակցական լեզվից զգացվում է, որ սկզբում մտադիր էր նամակ գրել մեզ, բայց հետո միտքը փոխել էր և այն գրել որպես կարճ մտորում ինքն իր հետ։ Ամենայն հավանականությամբ, այդ օրերի ծանր ապրումները, հոգնածությունը, հուսախաբությունը և ծայրահեղ վատ տրամադրությունը ստիպել էր նրան փոխել մեզ նամակ գրելու նախկին մտադրությունը։ Հայրս չէր ցանկացել մեզ ավելի տխրեցնել այդ նամակով։ Ահա այն.

Սիրելիներս,
Մոսկվան ինձ ընդունեց տխուր ու մռայլ, և դա նորություն չէր ինձ համար։ Մարդիկ այստեղ կոպիտ են. մի բան ես հարցնում, իսկույն վրա են քշում. «Ի՞նչ ես զահլա տանում»։
Այսօր ավարտվեց նախնական պոլիկլինիկային անալիզներս, վաղը պիտի լինեմ բժշկի մոտ, որը պիտի հայտնի ինձ, թե հիվանդանոցում բուժվելու համար կոմիսիան ե՞րբ պիտի լինի... Ամեն ինչ այդ կոմիսիայից է կախված՝ բաց կթողնի՞ բուժվելու, թե՞ կասի՝ գնա տեղում բուժվիր։

Ամեն ինչ նման է տխուր երազի. չեմ հասկանում, որ ես՝ ես եմ և ի՞նչ եմ անում այս անհոգի մարդկանց մոտ։ Օրերս չեն մթնում և, ավելի ահավորը՝ չեն լուսանում։
Մաքսիմը այսօր դուրս եկավ «հետախուզության», գուցե մոտիկ շենքերում ժամանակավոր գիշերելու որևէ տեղ գտնի։ Այստեղ նրան տեղ չեն տալիս, մի կերպ տեղավորվում ենք, իսկ Սեդայի տղայի մոտ հնարավոր չէ. նա հենց ինքը տնկեց է, ուրիշի բնակարանում։ Լավագույն դեպքում նրա մոտից կարող է միայն զանգել ձեզ։

Փարավոնի հեքիաթները՝ հեշտ ընդունելու մասին, սոսկ հեքիաթներ են։ Առաջներում այդպես էր... Հիմա կովկասցիները բժիշկների համար եկամտի վարար աղբյուր են՝ միայն թե փող պոկեն։ Իրենք՝ կովկասցիներն են մեղավոր. նրանց այդպես են սովորեցրել։
Չգիտեմ, կդիմանա՞մ այս քաշքշուկին։ Բարեկամներ ու ծանոթներ չունեմ, այստեղ ամեն ինչ որոշում է պնդաճակատությունը, նաև փողը։ Սա իմ աշխարհը չէ։ Բայց դե հույս ունեմ։
Ուրեմն՝ ճակատագիրս կորոշվի այս վերջին երեք-չորս օրում։
Է՜հ, երեխաներիս եմ կարոտե՜լ, շա՜տ։

*  *  *
Մոսկովյան հիվանդանոցներից մեկում 1986 թվականին գրած այս տողերից հետո նա այլևս գրիչ չի վերցրել ձեռքը։ Մի քանի անգամ տանը փորձել է գեղարվեստական ինչ-որ կտորներ, մանրապատումներ թելադրել քույրերիս, բայց հետո հրաժարվել է դրանից... Այլևս ստեղծագործելու տրամադրություն չկար։ Դանդաղ սպասում էր անխուսափելիին, չնայած երբեմն մի քանի վայրկյան պայծառանում էր և ասում, որ հենց կազդուրվի, անպայման հայրենի գյուղում տուն կկառուցենք...

Վարդգես Օվյան