18.6.20

Երգահան գեներալը


Բարձր դասարանում էի սովորում։ Մի օր հայրս աշխատավայրից՝ Արցախի մարզային ռադիոխմբագրությունից, որտեղ երկար տարիներ գրական-երաժշտական հաղորդումների ավագ խմբագիր էր աշխատում, զանգեց տուն և ասաց.
- Գեներալ տեսած կա՞ս։ Ո՛չ հեռուստացույցով, այլ իսկական։

Այն տարիներին Ստեփանակերտում ո՞վ էր իսկական գեներալ տեսել, և բնականաբար պատասխանեցի.
- Չէ, չեմ տեսել։

- Դե շտապ եկ ինձ մոտ, խմբագրություն։ Եկ կենդանի գեներալի հետ ծանոթացնեմ, Մոսկվայից է եկել։

Մի քանի րոպե հետո հայրիկիս աշխատավայրում էի (այն տարիներին մեր տունը ռադիոխմբագրությունից 100 մետրի վրա էր գտնվում)։ Հորս աշխատասենյակի դուռը բացեցի և ներս մտա։ Համազգեստով հաճելի մի տղամարդ էր նստած։ Ինձ թվաց, որ հորս տարիքին կլիեր, բայց հետո իմացա, որ 4-5 տարով մեծ է հայրիկիցս։ Հայրս ծանոթացրեց.
- Միլիցիայի գեներալ Ալեքսեյ Հեքիմյան։ Կոմպոզիտոր է նաև, երգեր է գրում։
Գեներալը ծիծաղեց ու սեղմեց ձեռքս։ Իսկ հայրս իրեն հատուկ կեսլուրջ-կեսկատակ շարունակեց.
- Ընկեր Հեքիմյանը խոստացել է նաև հայերեն երգեր գրել։ Այդպես է, չէ՞, Ալեքսեյ Գուրգենովիչ։

Հեքիմյանը ժպտաց և գլխով հաստատեց։ Այդ օրերին ես կարծում էի, թե հայրս ինձ ծանոթացրել է մոսկվացի հայ գեներալի հետ։ Միայն տարիներ հետո երբ հայրս ստացավ Ալեքսեյ Հեքիմյանի ուղարկած ձայնասկավառակը՝ հայերեն հրաշալի երգերով՝ Օֆելյա Համբարձումյանի, Ռուբեն Մաթևոսյանի, Վարդուհի Խաչատրյանի, Նար Հովհաննիսյանի կատարմամբ, հասկացա, որ իմ տեսած գեներալը հիանալի կոմպոզիտոր է։

Դրանից մոտ մի տարի հետո հայրս Հեքիմյանից նոր նվեր ստացավ՝ «Սիրելի ուսուցիչ» երգի նոտաների ֆոնի վրա կոմպոզիտորի դիմանկարը՝ նրա մակագրությամբ.
«Հարգելի ընկեր Հովյան,
Շնորհավորում եմ ձեր նոր տարին։
Ալեքսեյ Հեքիմյան»։
(նա կարծում էր, թե Օվյանը Հովյանի ռուսերեն թարգմանությունն է)...

1981-ի սեպտեմբերին Հեքիմյանը կրկին Արցախում էր։ Այս անգամ ես նրան չտեսա, քույրերս հանդիպեցին և լուսանկարվեցին հետը։ Հայրս ասաց, որ Հեքիմյանը պատահական լսելով իր երկու բանաստեղծությունների հիման վրա գրված Գեղունի Չթչյանի ռոմանսները, բացականչել է. «Վազգեն Գարեգինովիչ, հարգելիս, իսկ ես կարծում էի, թե միայն արձակագիր ես։ Ինչո՞ւ ես ինձնից թաքցրել, որ հրաշալի բանաստեղծություններ ունես»։ Եվ առաջարկել է անպայման ուղարկել բանաստեղծություններից՝ տեքստերի հիման վրա երգեր գրելու համար։ Հայրս ընտրել է իր ձեռքով մեքենագրված մի քանի տասնյակ բանաստեղծություններ և ուղարկել կոմպոզիտորին։

Դրանից մի քանի ամիս հետո՝ 1982-ի ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության օրը լսեցինք, որ սիրված կոմպոզիտորը Մոսկվայում վախճանվել է։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

12.6.20

Անցյալ դարձած գեղեցիկ մի աշխարհ


Հովհաննես Կարապետյանին հիշում եմ 1969 թվականից։ Հովհաննես Շիրազի մանկության ընկերներից է, ծնված նույն թվականին և նույնպես Հովհաննես (Օնիկ) Կարապետյան։ Երկար տարիներ եղել է Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորը, ժողովրդական արտիստ։ 1969 թվականին հայրիկիս՝ Վազգեն Օվյանի «Մեծ լոռեցին» պիեսը, որ բեմադրել էր Հովհ. Կարապետյանը, Թումանյանի 100-ամյակին նվիրված ներկայացումների մրցույթում Երևանում երկրորդ մրցանակ էր շահել։ Հիշում եմ, որ ներկայացման մասնակիցները հպարտությամբ պատմում էին, որ Երևանում իրենց ասում էին՝ «Դուք առաջինն եք... Բայց դե քաղաքականություն, դիվանագիտություն-բան կա, ցավոք...»։

Այդ թվականին Հովհաննես Լևոնովիչը 55 տարեկան է եղել, հայրս՝ 37 տարեկան, ես՝ 9 տարեկան, որ տասնյակ անգամ կուլիսների հետևից, ավելի ճիշտ՝ բեմի կողքի աջ անկյունից թաքուն դիտում էի ներկայացումը, որովհետև այդ տարիներին 16 տարեկանից փոքր երեխաների մուտքը խստիվ արգելվում էր...

Հովհ. Կարապետյանը հոգով, սրտով, ողջ էությամբ գյումրեցի-լենինականցի էր՝ հումորով լի, հպարտ, տաղանդավոր ու շատերի համար նաև մի քիչ տարօրինակ։ Ասում են՝ շատ դժվար է դերասանների հետ, դերասանների միջավայրում աշխատելը։ Եվ նա մի քանի անգամ խռովել, զայրացել, թողել է մեր թատրոնն ու մեկնել Երևան։ Հետո ամեն անգամ հարգված դերասաններից կազմված հատուկ մի պատվիրակություն էին ուղարկում նրա ետևից՝ Երևան, որ խնդրեն, համոզեն և ետ բերեն Ստեփանակերտ։

Երբ առաջին անգամ հետ վերադարձավ, հայրիկիս հետ գնացի հյուրանոց՝ նրան տեսնելու։ Ազատ նորմալ համար չլինելու պատճառաբանությամբ նրան անշուք, խոնավ ու գարշահոտությամբ ներծծված մի սենյակ էին հատկացրել։ Հայրս զայրացավ ու ասաց, որ թույլ չի տալու նրան ապրել նման անպետք վանդակում։ Եվ Հովհաննես Լևոնովիչը մոտ երկու ամիս Մայր թատրոնի հարևանությամբ, Կնունյանց փողոցում գտնվող մեր նախկին բնակարանն ընդամենը երկու սենյակից էր բաղկացած, Իսկ առաստաղն այնքան ցածր էր, որ ես դեռ յոթերորդ դասարանից րատկում և ձեռքով դիպչում էի առաստաղին, բարձրահասակ հայրս կատակով ասում էր՝ բնակարան տալիս գոնե բոյս հաշվի առնեին...

Հետո Հովհաննես Կարապետյանին բնակարան տվեցին մեր թաղամասում, և հայրս ու նա դարձյալ պարբերաբար հանդիպում էին և շատ հաճախ ես էլ էի լինում նրանց հետ։ Զրուցում էին թատրոնի, արվեստի, գրականության մասին, նաև նարդի էին խաղում, որը յուրօրինակ մի ներկայացում էր։ Կարապետյանը առավել շատ պարտվում էր ու դժգոհում. «Չէ, բախտդ բերում է երկար խաղով։ Արի էս անգամ կարճ խաղանք»։ Դարձյալ պարտվում էր ու զայրացած սկսում հայհոյել զառերին՝ «Ծախված զառեր, խուլիգան զառեր, անդաստիարակ, տմարդի, անպետք զառեր...»։ Դրանով չբավարարվելով, նա սկսում էր զառերին անվանել չսիրած մարդկանց անուններով, ասենք՝ Առաքել Սարուխանյան զառեր, Մուկուչյան զառեր, թուրք զառեր...

Այնուհետև, ընկերներով սեղանի շուրջ կատակներ անելիս, հայրս մի քիչ գունազարդած պատմում էր այդ ամենը, Հովհաննես Կարապետյանը բարեհոգի ժպտում էր ու իբր ջղայնացած ասում. «Մի սրան նայեք, էս ո՞նց է կարողանում էսպես գեղեցիկ հնարել...»։

Հովհաննես Լևոնովիչը նույնիսկ ցանկացավ ինձ դերասան դարձնել։ Թարգմանված մի ինչ-որ պիեսում 10-12 տարեկան երեխայի դեր պիտի խաղայի։ Հաճույքով դերիս տեքստը արտագրեցի ու սկսեցի անգիր անել։ Բայց հասկանալով, որ այդ ողջ տեքստը պիտի արտաբերեմ հարյուրավոր մարդկանց, բազմաթիվ հանդիսատեսի աչքի առաջ ցցված, ես, որ այդ տարիներին շատ ամաչկոտ էի, ի խոր հիասթափություն Հովհաննես Կարապետյանի, հրաժարվեցի դերասան դառնալու մտքից։

Ճիշտ է, դերասան դառնալու մտքից հրաժարվեցի, բայց թատրոնը սիրելուց չկարողացա հրաժարվել։ Երբ արդեն 16 տարիս լրացավ, ներկա էի լինում նաև փորձերին։ Ինձ համար յուրօրինակ հրաշք մի աշխարհ էր թատրոնը։ Ճանաչված, սիրված դերասաններ կային՝ Գուրգեն Հարությունյան, Միքայել Կորգանյան, Բենիկ Օվչյան... Դերասաններ կային, որ տարիներ առաջ մեծն Վահրամ Փափազյանի խաղընկերն են եղել... Նրանց ամեն անգամ տեսնելիս, մտածում էի, որ մտավորականներն ահա այսպես են լինում՝ աներևակայելի բարեկիրթ, հպարտ ու խելացի։

Փորձերի ժամանակ Հովհաննես Լևոնովիչը նստում էր դահլիճում, փոքրիկ մի սեղանիկ առաջ և այդտեղից ղեկավարում ողջ պարահանդեսը։ Եվ այդ ընթացքում նա այնքան էր տեղից ցատկում, բեմ բարձրանում, դերասաններին բացատրում, թե որտեղ և ինչպես պիտի կանգնել, ինչպես պիտի արտասանել նախօրոք սովորած, նաև բազմիցս կրկնած տեքստը, որ ես զարմանում էի, թե ոչ ջահել ու զգալիորեն ծանրամարմին այդ մարդը ոնց է կարողանում բազմաթիվ անգամ բարձրանալ բեմ ու իջնել և ոնց է կարողանում բոլորի հետ կրկնել նրան տեքստն ու խաղալ, մարմնավորել նրանց դերը…

Հիշում եմ, թե մի անգամ սիրային տեսարանի փորձի ժամանակ ինչպես էր Հովհաննես Կարապետյանը վրդովել. «Ծո, ա՛յ տղա, էդ ինչպե՞ս ես խաղում, կյանք չկա կերպարիդ մեջ, սեր չկա  մեջդ... Էդպես, որ տատիկիս սեր բացատրեիր, քեզ պատուհանից դուրս կշպրտեր...»։

Իր արժեքն ու տաղանդը քաջ գիտակցողի պես նա հաճախ էր դժգոհում, որ իրեն չեն գնահատում։ Նման պահերին ասում էր. «Ինձ պես տաղանդավոր, պատկառելի մարդուն սրանք էս ո՞ւմ տեղն են դրել...»։  Նա չէր ծխում, բայց կինը՝ տիկին Ռոզան հայրիկիս հավասար ծխում էր։ «Դե, տանը մի ծխող պիտի լինի, Ռոզիկս ծխում է, ես էլ ծխեմ՝ բա հացի փողը որտեղի՞ց պիտի գտնենք»,- կատակով ասում էր Կարապետյանը։

Հայրիկիս սիրում էր ինչպես կրտես եղբոր կամ ավագ զավակի։ Երբ զայրացած ու անտրամադիր էր լինում, ասում էր. «Տաղանդավոր մարդ ես, էստեղ կորչելու ես, արի թքենք, գնանք Երևան։ Ինձ այնտեղ տուն ունեմ, քեզ էլ իսկույն տուն կտան...»։ Հայրիկիս երևանաբնակ ընկերներն էլ էին առաջարկում տեղափոխվել Երևան։ Ասում էին՝ «Էդտեղ ի՞նչ ես կորցրել, եկ Երևան՝ ավելի շատ կտպագրվես, ավելի հայտնի կդառնաս...»։ Իսկ հայրս միշտ ձեռքը թափ էր տալիս՝ «Չէ, չեմ կարող։ Բա մեր էս չքնաղ երկիրն ո՞ւմ թողնենք, Մուհամեդի թոռների՞ն...»։

Շա՜տ-շատ տարիներ են անցել։ Վաղուց չկան նրանք՝ հայրիկս, Հովհաննես Լևոնովիչը, սիրված դերասանները, սիրելի մարդիկ։ Նրանց հետ կարծես գեղեցիկ մի աշխարհ է հեռացել, դարձել անցյալ ու պատմություն։ Գեղեցիկ ու հրաշք մի աշխարհ, որտեղ «Մեր մանկության տանգոն» ու «Հին օրերի երգը» կար, Ֆրունզիկ-Մհեր Մկրտչյան կար, Սոս Սարգսյան ու Կարպ Խաչվանքյան կար, որոնք այդ գեղեցիկ աշխարհում մի մեծ աշխարհ էին...

Նայելով այս նկարներին, կրկին մտածում եմ՝ երանի մի հրաշք լիներ, գոնե մի օրով, թեկուզ մի ժամով վերակենդանանար այդ հրաշք աշխարհը, որտեղ նույնպես ապաշնորհներ ու սրիկաներ կային, բայց նրանք կարծես այնքան էլ շատ չէին, մարդիկ ավելի շատ էին Մարդ... Եվ շատ մեծ հավատ կար գեղեցիկ այդ աշխարհում, որ մնացել էր քառասուն սարի հետևում՝ ինչպես երազ ու անդառնալի քաղցր հուշ։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

Նկարներում՝ Հովհաննես Կարապետյան։ Երկրորդ լուսանկարում տեսարան «Մեծ լոռեցին» ներկայացումից (Թումանյան՝ Բենիկ Օվչյան, Խորհրդավոր ծերունի՝ Հովհ. Կարապետյան), Աջից վերևի լուսանկարում՝ հայրիկս, դերասաններ Բ. Օվչյանը և Ժ. Մովսիսյանը, 1969 թ.։ Ներքևի լուսանկարում՝ Բ. Օվչյան, Հ. Կարապետյան, երրորդին չեմ կարողանում հիշել, նրանից աջ՝ հայրս։

21.5.20

Ալեքսանդր Գրիգորյան... Մարդ էր, Հորացիո...


Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին

Ավագ ընկեր ունեինք՝ երջանկահիշատակ Ալեքսանդր Գրիգորյանը։ Պրոֆեսիոնալ լրագրող էր. գրում էր հնարավորինս սեղմ և փոքր ծավալում կարողանում էր ամեն ինչ ասել։ Ինֆորմացիայի ժանրի վարպետ էր։ Պաշտոնաթերթերին էր թղթակցում և առավելապես պաշտոնական շրջանակներում էին օգտվում նրա ծառայություններից։ Բայց դա բացարձակապես չէր ազդում մեր՝ ոչ պաշտոնական, ազատ մամուլում աշխատողիս և ընկերոջս՝ Գեղամ Բաղդասարյանի հետ հարաբերությունների վրա։

Ավելին՝ միշտ մեզ հետ էր կիսվում։ Իսկ երբ հրատարակում էինք «10-րդ նահանգ» անկախ թերթը, քննադատում գործող իշխանություններին՝ սկսած երկրի առաջին դեմքից, և իշխանություններին հաճոյանալու համար շատերը հեռուստաեթերից ցեխ էին շպրտում թերթի վրա, 1937-ի ոգով «մերկացնում» մեզ՝ «ժողովրդի թշնամիներիս», Ալեքսանդրը հրապարակավ ելույթ ունեցավ և պաշտպանեց մեզ, որի համար ծանր կշտամբանքներ ստացավ երկրի առաջին դեմքից և կորցրեց աշխատանքը...

Շատ տարիներ առաջ էր, Ա. Ղուկասյանի պաշտոնավարման վերջին տարիներին։ Ինձ ու Գեղամի հետ, որին ավելի վաղուց էր մոտ, հերթական հանդիպման ժամանակ Սաշան (նրան միշտ այդպես էինք դիմում) ասաց. «Տղերք, մի անհամեստ հարց պիտի տամ։ Ինձ լավ գիտեք, այն, ինչ ասեք, մեր մեջ կմնա... Տարիներ առաջ, երբ հրատարակում էիք «10-րդ նահանգ» թերթը և այդ մռայլ տարիներին քննադատում իշխանություններին, որքա՞ն աշխատավարձ էիք ստանում... Ներեցեք այս հարցիս համար, եթե չեք ուզում, կարող եք չպատասխանել...»։

Գեղամն ասաց. «Խնդիր չկա, թող Վարդգեսը պատասխանի»։ Ասացի, թե որքան էի ստանում, Գեղամն էլ ասաց, թե ինքը որքան էր ստանում։
Ալեքսանդրը՝ Սաշան ժպտաց, կարծելով, թե կատակում ենք... Հետո հասկացավ, որ միանգամայն լուրջ ենք ասում, զարմացած նայեց մեզ ու ասաց. «Տղերք, դուք խելագա՞ր եք... Եվ այդ աննշան գումարի համար դուք վտանգում էիք ձեր կյա՞նքը»... Ասացինք, որ գումարի համար չէինք գրում, հավատարիմ մնալով մեր սկզբունքներին, արտահայտում էինք մեր վերաբերմունքը, մեր կարծիքը, տեսակետը, մեր դիրքորոշումը...

«Դուք լավ գիտեք, որ սիրել, սիրում ու հարգում եմ ձեզ։ Այդ հարգանքը հիմա բազմապատկվեց... Ես երբեք չեմ կարող այդպես։ Մեղքս ի՞նչ թաքցնեմ, ես միշտ իշխանամետ եմ, ես էլ այդպիսին եմ»,- ասաց Ալեքսանդրը։

Դրանից տարիներ հետո աշխատանքից վերադառնալիս, մի օր հանդիպեցի Սաշային։ Անտրամադիր էր։ Ասաց՝ եթե չես շտապում, եկ մի քիչ զբոսնենք։
Հիմնականում ինքն էր խոսում։ Խոսում էր ցավով, խորապես զզված և հիասթափված իշխանություններից, այն մարդկանցից, որոնց հետ երկար աշխատել է և այն մարդկանցից, որոնց հավատում էր։

Արդեն հրաժեշտ էինք տվել։ Մի քանի քայլ էի արել, լսեցի Սաշայի ձայնը՝ ինձ էր կանչում։ Շրջվեցի։ «Այսպիսի երկիրը ապագա չունի...»,- ասաց, ձեռքը թափ տվեց ու գնաց։
Մտքովս չէր անցնում, որ դա մեր վերջին հանդիպումն է։ Մի ամիս հետո, 2007 թվականի փետրվարի 27-ին Սաշան արդեն չկար...

Շեքսպիրի հերոսի այս խոսքերը կարող եմ կրկնել Ալեսանդր Գրիգորյանի մասին՝ «Մարդ էր, Հորացիո»...

24.4.20

Ղարաբաղը ոչ անկախացվող է, ոչ էլ զիջվող. այն հայկական պետության մաս է


Ղարաբաղյան հանգուցալուծման մեզ ձեռնտու սցենարները մեր՝ շարքային հայերիս կողմից երբևէ քննարկված չեն եղել։ Սկսած 1990-ից այդ ասպարեզը իշխանությունների արտոնությունն է եղել և այդպիսին էլ մնացել է՝ չնայած անցած 26 տարիներին հիմնավորապես փոխվել են պայմանները։ Իսկ ապրիլյան կայծակնային ագրեսսիայից հետո, սույն խնդիրը դարձել է մեր ազգի ամենակենսական խնդիրը։

Իշխանությունները գնում են իրենց համար ամենաանվտանգ, անկախ Ղարաբաղի մոդելով, այն դեպքում, երբ այդ մոտեցումը բազմաթիվ ծանր նեգատիվներ ունի իր մեջ։

Սույն հոդվածում ես ներկայացրել եմ իմ ալտերնատիվ մոտեցումները։

Հակամարտության սկզբին երևի բոլորս էինք համակարծիք, որ Ղարաբաղյան հարցը Ստալինյան քաղաքական կամայականությունների հետևանք է, և նոր մտածողության պայմաններում պետք է շտկվի հօգուտ մեզ՝ ուղղակի փաստերի ճնշման տակ: Լուծման կոնկրետ քաղաքական պատճառաբանությունը, ձևակերպումը մի տեսակ հետին պլան էր մղված:

Սովետական Միությունը փլուզվեց, բայց հարցը մնաց չլուծված:

Հետագայում, անձամբ ինձ համար, Ղարաբաղի «ինքնորոշմամբ անկախանալու» իրավունքի խնդիրը որպես միջազգային քաղաքական արգումենտ կորցրեց իր ուժը: Մտածում էի, որ եթե նույնիսկ կոնֆեդերատիվ միության ներսում այս հարցադրմամբ հարցը տեղից չշարժվեց, ապա ի՞նչ տրամաբանությամբ պետք է միջազգային հանրության աչքում մեր արգումենտները ավելի արժեքավոր դառնան ու որպես լուծման հիմք ծառայեն:

Ժամանակը ցույց տվեց, որ նույնիսկ հաղթական պատերազմից հետո էլ, հայաստանյան քաղաքական միտքը մնաց քարացած, չհասկացավ փոփոխված իրադրությունը ու չթարմացրեց հարցադրումներն ըստ միջազգային քաղաքական տրամաբանության ու պահանջների:

Աստիճանաբար նաև պարզվեց, որ մեր քաղաքական կշռի չնչինության հետ մեկտեղ, «կողմնակի դիտորդի» Հայաստանի քաղաքական կեցվածքը կոպիտ սխալ ուներ իր մեջ, որը հանգեցրեց մեծ զրկանքների, ներքին այլանդակությունների և ուր որ է, ավելի մեծ ողբերգության կարող է տանել մոտ ապագայում:

Ղարաբաղյան հիմնահարցում հայկական կողմի դիրքորոշման պատմությունը զարմանալի զիջողական է ու անտրամաբանական: Սկզբից մենք հրաժարվեցինք Ղարաբաղը Հայաստանին միացնելու գաղափարից: Հետո հրաժարվեցինք նույնիսկ մեր իսկ առաջարկած մոդելով Ղարաբաղը որպես անկախ պետություն ճանաչելուց:

Ցանկացած դիվանագետ, որը զբաղվել է Ղարաբաղի հարցով, հաստատ ծանոթ է նախապատմությանը և հասկանում է իրերի իրական դրվածքը: Իհարկե, գերտերությունների կամքով երբեմն հնարավոր են ինչ-ինչ կամայական գեոքաղաքական վերաձևումներ, ինչպիսին, օրինակ, Կոսովոյի նախադեպն էր, բայց որպես կանոն, հիմնականում հարցերը լուծվում են ըստ քաղաքական իրական ուժերի վեկտորների ու տրամաբանությունների:

Այս առումով դիտարկելով Ղարաբաղյան խնդիրը, տեսնում ենք, որ բոլորն էլ հասկանում են, որ իրականում այն արյունալի անցյալով տարածքային վեճ է երկու խիստ թշնամական հարևան ազգերի միջև:

Եթե մենք հույսերս դրել էինք դրսից հրամցվող և հետագայում էլ սպասարկվող միջնորդական լուծումների վրա, ապա պետք է ինքներս էլ միջնորդներին մատուցեինք մեզ ձեռնտու տրամաբանական, իրական համոզիչ սխեմաներ ու հիմնավորումներ: Որպեսզի նրանք հենց այդ արգումենտացիայի ուժով հայամետ լուծումների հանգեին ու այն պաշտոնապես ներկայացնեին կողմերին: Բայց նման քայլեր մենք չենք կատարել, ու չի էլ նշմարվում, թե ապագայում կանենք:

Սկզբում մենք ունեինք ռազմական հաջողության դրական արգումենտը, որը սակայն զուգորդված էր «անկախ» Ղարաբաղի արհեստական, թույլ անիրական սխեմայով: Քաղաքական-դիվանագիտական այդ տարօրինակ զուգորդումը՝ հաղթանակած Հայաստան-ինքնորոշվող, անկախ Ղարաբաղ մոդելը, Սովետի նոր-նոր վերացման պայմաններում, խաբուսիկ էր միջնորդների համար, ռազմական արգումենտը մեր օգտին էր աշխատում, բայց Ղարաբաղի անկախության մեր կամազուրկ պահանջը անորոշության մեջ էր գցել միջնորդներին:

Փաստորեն մենք պահանջում էինք, որպեսզի պուճուրիկ Հայաստանի վախկոտ քաղաքական կամքով աշխարհը փոխի պետության ու պատերազմի մասին իր հիմնարար պատկերացումներն ու միկրոսկոպիկ Հայաստանի կողքին մի հատ էլ գերմիկրոսկոպիկ անկախ Ղարաբաղ սարքի:

Նրանք զարմացած էին և շարունակում են այդպիսին մնալ հիմա էլ՝ թե ինչպե՞ս կարող է անկախ ու ինքնուրույն համարվել մի տարածք, ուր ամեն ինչ հայկական է՝ ժողովուրդը, փողը, բանակը, լեզուն, բյուջեն: Եվ պետություն կոչվածն էլ Հայաստանին կպած ընդամենը մի բուռ տարածք է, որի անկախությունը նույնիսկ հենց ինքը՝ Հայաստանը չի ընդունել:

Արդյունքում, դրսում լավ էլ հասկացան, որ գործ ունեն ամբարտավան, անինքնասեր, ու վախկոտ մի երկրի հետ, որը զլանում է դիվանագիտորեն ջանքեր թափել և ուղեղ բանեցնել իր հարցերը լուծելու համար:

Գոնե հիմա՝ ծանրագույն ներքին ու արտաքին պայմաններում, փորձենք տեսնել, թե արդյո՞ք կան դրական, օբյեկտիվ արգումենտներ մեր օգտին և փորձենք դրանք դնել ղարաբաղյան և, հանդեպ Թուրքիան ու Ադրբեջանը, մեր քաղաքականության հիմքում:

1. Մենք ունենք Գենոցիդի արյամբ շաղաղված անցյալ՝ Թուրքիայի ու իրենց սատելիտ Ադրբեջանի հետ հարաբերություններում:

Ակնհայտորեն Գենոցիդը մեր հիմնական վահանն է թուրք- ադրբեջանական նկրտումների հանդեպ և միջազգային կարծիքը մեծապես մեր կողմն է հենց Գենոցիդի ուժի ներքո։

2. Սովետական Միության փլուզման հետևանքով առաջացած և քաղաքական լուծում պահանջող ղարաբաղյան հարցն արդեն ոչ տարածքային ամբողջականության խնդիր է, և ոչ էլ ազգերի ինքնորոշման իրավունքի հարց: Այն երկու հարևան պետությունների մեջ էթնիկ զտմամբ տարված պատերազմի հետևանք  է:

Պատերազմը սկսել է Ադրբեջանը, իր տարածքից կոտորածով ու ավերածություններով տեղահանելով հայությանը, հարձակվել է պաշտոնապես, միջազգայնորեն ձևակերպված Ղարաբաղի հայկական ինքնավար պետության վրա: Անցած տարիներին երբևէ նրա ագրեսիաներն ու հակահայ հռետորաբանությունը չեն դադարել։

3. Բոլոր միջնորդներն էլ գիտեն, որ իրականում պատերազմել են Հայաստանն ու Ադրբեջանը, և որ հարցը կոնկրետ հայ-ադրբեջանական հարաբերությունների առանցքն է:

4. Հայաստանի՝ որպես կողմնակի դիտորդի դերը ինքնանվաստացուցիչ, ազգի և սեփական սուբյեկտի հանդեպ անպատասխանատու կեցվածք է եղել բանակցային պրոցեսում:

5. Հայաստանը երբևէ, որևէ հարցում նախաձեռնող չի եղել ու միշտ քարշ է եկել ադրբեջանական նախաձեռնությունների ետևից, սպասելով միջնորդների բարեհաճությանը։ Բանակցային գործընթացում իրեն դրսևորել է որպես դիվանագիտորեն ապաշնորհ, դանդաղաշարժ, անօգնական մի պետություն, որի միակ նպատակն է եղել ժամանակ ձգելը, հույսը կապելով գերտերությունների շահերի զուգորդման վրա:

6. Մենք պետք է վաղուց հրաժարված լինեինք «Անկախ Ղարաբաղ» կոչված արհեստական, պարտվողական, անպատիվ դիրքից և բաց ճակատով ներկայացնեինք մեր դիրքորոշումն ու իրավունքներն աշխարհին: Սակայն դա չի արվել, և նույնիսկ հիմա, ակնհայտ դիվանագիտական անհաջողություններից հետո էլ, դեռ նման մոտեցման անհրաժեշտությունը գիտակցված  չէ:

7. Մեզ՝ որպես գոյության իրավունք մուրացողների, ոչ մեկը չի պաշտպանելու, հակառակը խուսափելու են մեզ հետ գործ ունենալուց, որովհետև հոգեբանորեն շատ դժվար է ուրիշի քաղաքական ու ռազմական պոտենցիալները, կամքը, գիտելիքն ու բարյացկամությունը շահագործողին հավերժ սատար կանգնելը:

8. Պատերազմը հրահրվել է Ադրբեջանի կողմից, բայց զինադադարը պարտադրվել է Ադրբեջանին, հենց իր խնդրանքով:

9. Այս կետերի շարքն ու խնդրի նախապատմությունը ցույց են տալիս, որ քննարկման առարկան ի սկզբանե ոչ թե անկախ Ղարաբաղի կարգավիճակի ընդունման հարցը պետք է լիներ, այլ հրադադարի հիման վրա խաղաղության պայմանագրի կնքումը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Դա չի հասկացվել, չի գիտակցվել ու չի արվել:

10. Հայկական մամուլում սակավաթիվ քննարկումներ են եղել այն մասին, որ լուծումները պետք է գտնվեն հայ և ադրբեջանցի փոխադարձ փախստականների տարածքային իրավունքների բավարարման կոնտեքստում:

Կան անհերքելի փաստացի ապացույցներ, որ նախապատերազմական ու պատերազմական գործողությունների հետևանքով 400 000 հայ սպանվելով, անարգվելով, թալանվելով ու փախչելով արտաքսվել է Ադրբեջանից: 140 000 ադրբեջանցի ընդամենը մեկ պատահական զոհով, կազմակերպված լքել է Հայաստանը:

Այսինքն՝ պատերազմի պատասխանատվությունից զատ առկա է մեծ շեղում հայ-ադրբեջանական փախստականների ունեցվածքի փոխադարձ կոմպենսացման հարցում: Հետևաբար օրակարգի հարց է Ադրբեջանից արտաքսված՝ թվով 260 000-ով ավել հայ փաստականների և Շահումյանի ու Գետաշենի կորստի հետ կապված  հողային իրավունքների կոմպենսացման հարցը, որը պետք է բանակցություններում դառնար քննարկման հիմնական առարկան:

Այս արգումենտը հիմնովին փոխում է քննարկման առանցքը և հարցը շահեկան է դարձնում մեզ համար: Չգիտեմ, թե արդյոք երբևէ մեր բանակցողները քննարկման դրել են այս հարցը: Միգուցե դա արվել է, բայց Ադրբեջանը բանի տեղ չի դրել այդ փաստարկը՝ հակադարձել է իբր 1 միլիոն ադրբեջանական փախստականների միֆով և համառ աշխատանքով արժեզրկել, խեղաթյուրել է նախապես մեր օգտին գրանցված փաստարկը:

Իրականում հենց սա է բանակցություն կոչվածի էությունը՝ երբ մեկը համառորեն առաջ է տանում իրեն ձեռնտու փաստարկը՝ անկախ դիմացինի քամահրանքից, հոխորտանքից կամ ուրիշների «խորհուրդներից»: Ադրբեջանն իր բազմաթիվ կեղծիքները շարունակապես կրկնելով, հասել է բանակցային, մեր առանց այն էլ ապաշնորհ դիրքերի փլուզմանը:

Իսկ մենք էլ, չկարողանալով տարբերակել մեր ուժեղ և թույլ արգումենտները, կառչած ենք մնացել կործանարար հին դոգմաներին, ոչ մի խիստ պահանջ համառորեն չենք դրել, հետապնդել և արդյունքում հասել ենք կապիտուլյացիայի շեմին:

11. Իրականում  հիմա էլ կա բավարար փաստաթղթային հիմնավորում փախստականների հաշվով: Եվ հենց փախստականների հարցում է, որ մենք ունենք ազդու առավելություններ:

Ըստ փախստականների փոխադարձ հարաբերական թվերի, ստացվում է, որ  ողջ Ադրբեջանից տեղահանված հայերին և Շահումյանի ու Գետաշենի կորստին, անձնական ունեցվածքային կորստին (տներ հողամասեր), ու ըստ այն ժամանակվա մեկ շնչին ընկնող տարածքային իրավունքերի, որպես փախհատուցում հասնում է մոտ Քելբաջարին, Լաչինին, Ղուբաթլիին ու Զանգելանին հավասար տարածք:

Եվ հարցն էլ կոնկրետ մարդիկ չեն, որ պետք է վերադառնան իրենց բնակության վայրերը, այլ միջպետական վնասների փոխհատուցումը: Ադրբեջանի ներքին փախստականների հարցը պետք է քննարկվի փախստականների հայ-ադրբեջանական բալանսից զատ: Այն կոնֆլիկտի էությունից դուրս քննարկման առանձին նյութ է և պետք է իր լուծումը ստանա խաղաղության վերջնական պայմանագրից դուրս:

12. Որպես քննարկման հիմնական առարկա, անպայման պետք է սեղանին դրվի Ադրբեջանի նախահարձակ լինելու հարցը, որպես պատերազմի հրձիգի, մեղավորի, որը պատասխան պետք է տա տասնյակ հազարավոր զոհերի, հարյուր հազարավոր խեղված կյանքերի ու ավերածությունների համար, և Թուրքիայի հետ համատեղ 25 տարի շարունակվող պատերազմի, շրջափակման, ու Հայաստանի ժողովրդին նոր Գենոցիդի սարսափի մեջ պահելու համար։

Փաստորեն ստացվում է, որ զինադադարի պայմանագիրը նաև մեր դիվանագիտական անգործության շնորհիվ, դարձել է ընդամենը կեղծ ու խաբուսիկ թղթի մի կտոր, որով շղարշվում է շարունակվող լուռ, հյուծող և «անտեսանելի» պատերազմը Հայաստանի դեմ: Եվ որը հայաստանյան հասարակությունն ու պետությունը այլասերելու, վերջնականապես ծնկի բերելու լծակի է վերածվել:

13. Ասվածից բխում է, որ ներկայումս Հայաստանը Ադրբեջանի հետ ոչ թե Ղարաբաղի հարց պետք է քննարկի, այլ թուրք-ադրբեջանական պատերազմի, բլոկադայի, գենոցիդի ու կեղծ զինադադարի հարցերը:

Հենց կեղծ զինադադարի էությունը բացահայտելով, հրապարակավ քննարկելով ու նրա ուժը կոտրելով է, որ մենք կկանխենք սպասվելիք ֆիզիկական մեծ պատերազմը:

Չնայած մեզ համար ակնհայտ շահեկան այս քաղաքական արգումենտների ու տրամաբանության գոյությանը, արդեն 25 տարի է, հայկական քաղաքական-դիվանագիտական միտքը չի տեսնում ելքեր, չի կարողանում գտնել ու մշակել իրեն ձեռնտու կոնցեպտուալ մոտեցումներ ու առհասարակ չի պատկերացնում Հայաստանի դերը ռեգիոնում:

Լավագույն դեպքում մենք կցորդ ենք՝ Ռուսաստանի, Իրանի, նույնիսկ Վրաստանի ու ինչ-որ տեղ նաև Թուրքիայի:

14. Հայաստանը պետք է նորովի իրավական ուժ տա 1989 թ. դեկտեմբերի 1-ի Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհուրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդի համատեղ որոշմանը՝ Հայաստանի հետ վերամիավորվելու մասին, և հանդես գա հռչակագրով, որ Ղարաբաղը և Հայաստանը Ադրբեջանի պարտադրած պատերազմներում հաղթելով, նվաճել են որպես միացյալ ազգի՝ մեկ պետական տարածք վերամիավորվելու իրավունքը:

15. Հայաստանը պետք է ձևակերպի ռեգիոնում իր նպատակները, որպես չեզոք երկիր, խաղաղության կողմնակից և պահապան, ազատ տեղաշարժի և համագործակցության շահագռգիռ սուբյեկտ: Ներկայացնի հարևանների հետ փոխադարձաբար հարգվող սուվերենության իր պահանջները և դրանց ապահովման մեխանիզմները:

16. Թուրքերի կողմից գենոցիդի պաշտոնական խոստովանությունը պետք է համարվի հայկական արտաքին քաղաքական գերակայություններից մեկը:

Այս հոդվածը գրելիս մտածում եմ այն սարսափի մասին, որը կհայտնվի շատ ու շատերի դեմքին: Հասկանալի է, որ 26 տարվա, մինչև մեր ուղն ու ծուծը հասած դոգմա է կասկածի տակ առնվում: Նաև առաջարկվում է որոշ տարածքների վերադարձ՝ կենսունակ պետականության կերտելու ակնկալիքով։

Ես հասկանում եմ, որ կուրծք ծեծող հայրենասերների համար նման մոտեցումն անընդունելի է, բայց և ճակատում ֆոտոսեսիաներ անող գեներալների, համատարած բարոյալքման ու թալանի, կործանվող պետականության պայմաններում նման կրքերը հանդարտեցնել է պետք իրականության հետ հաշվի նստելու անողոք փաստերով։

Մենք 22 տարի ունեինք «երկրից» պետություն կառուցելու։ Փոխարենը կերտեցինք Ռուսաստանի խամաճիկ դարձած ապասուբյեկտային մի բդեշխություն։ Եթե շարունակվելու է կեղծ ազգասիրական բրավադան՝ հօգուտ պարբերաբար կրկնվող հարյուրավոր զոհերի ու ազգային նվաստացումների, ապա դրա վերջն էլ Հայաստանի կործանումն է լինելու։

Կարծում եմ, ժամանակն է, որ Հայաստանում ռազմականը, դիվանագիտականը և մնացած բոլոր մասնագիտական ասպարեզները դիտվեն որպես համապատասխան գիտելիքների, ունակությունների, և իրավասությունների դաշտեր և դրանցով զբաղվեն իրոք մասնագետները:

Շատերը կհարցնեն՝ իսկ ի՞նչ ենք անելու, եթե ի պատասխան մեր դիրքի կոշտացման, Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին գնա հարձակման, գրավի Ղարաբաղն էլ, Հայաստանն էլ և գենոցիդի մի նոր գեհենի մեջ մտցնի մեզ։

Տեսականորեն սա էլ հնարավոր ելք է: Բայց իրականում շատ ու շատ ավելի քիչ հավանական, քան մեր դիվանագիտական հաղթանակը կարող է լինել դիրքորոշումների փոփոխության դեպքում:

Քաղաքականությունը, դիվանագիտությունը, պատերազմը միշտ էլ ռիսկային անորոշության էլեմենտ ունեն իրենց մեջ: Հարցը ոչ թե ամեն պահի զիջմամբ պատերազմից, կործանարար ելքերից խուսափելն է, այլ նաև ճակատագրին ձեռնոց նետելը և հաղթելու շանսը օգտագործելը:

Պատմությունը դա ազգերի պայքարի դաշտ է: Անհնար է այդ դաշտում գոյատևել առանց ստեղծագործելու, կռվելու, պայքարելու, դիմադրելու, հաղթելու և պարտվելու:

Հաղթանակը ապահովվում է իմաստությամբ, խելքով, կամքով և որ կարևորն է, նաև հարձակմամբ: Պարտությունը դա տգիտության, անճարակության, ապաշնորհության և միայն վերջին հերթին, նաև ֆիզիկական թուլության հետևանք է:

Ներկայում մեր հիմնական և միակ անելիքը դա սպասվող արհավիրքները ժամ առաջ հասկանալն է և դրանցից խուսափելը (կրկնեմ՝ խուսափելը, այլ ոչ թե զիջելը): Թե ինչ մարտավարություն և գործելակերպ կընտրվի, դա արդեն կախված է այն բանից, թե ինչ կասեն հայ քաղաքական ու իշխանական «ասպետները», ժողովուրդը։

Կպայքարենք, կդիմադրենք, կռիվ կտանք՝ արդյունքի կհասնենք:

Անկախ վաղվա օրվա դրական կամ բացասական արդյունքներից, հիշենք, որ այսօր ոչ մեկը մեզ չի խաբում, և որ մենք՝ ինքներս ենք մեզ ինքնախաբում:

Ապրիլյան պատերազմից հետո միացյալ Ղարաբաղ-հայաստանյան դիվանագիտական, ռազմաքաղաքական կեցվածքը միակն է, որը հնարավորություն կտա Հայաստանին բանակցել Ադրբեջանի և թուրքերի դեմ՝ միաժամանակ սեղանին դնելով հայկական պետականության գոյության հարցը դրանց երկուսի արանքում։

Իսկ ներկայիս «Անկախ Ղարաբաղով» հարցին ներկայանալը ոչ միայն Ղարաբաղին, այլ Հայաստանին կործանման կտանի։

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի

Անփառունակ ժամանակագրություն


1- Ղարաբաղյան հարցը բարձրացվել էր պերեստրոյկայի պայմաններում որպես ներսովետական վերակառուցման հարց։ Գորբաչովի ոտքերն ընկած Ղարաբաղի միացում էինք մուրում։

2- Ադրբեջանցիք դա դիտեցին որպես իրենց ազգային հարց, և մեր գլխին սումգայիթ, բաքու, ամբողջ Ադրբեջանով մեկ հայկական ջարդեր սարքեցին ու արտաքսցին 400 հազար ադբեջանահայերին։

3- Հայերից ոչ մի համարժեք կոնցեպտուալ կամ ֆիզիկական պատասխան չեղավ կատարվողին. հակառակը, բարով-խերով հայաստանյան ազերներին առանց մեկ զոհի ճամփու դրեցինք ու շարունակեցինք միտինգվելն ու Գորբաչովից ուզելը։

4- Ի պատասխան մեր անհասկացողության, 1990-ի մայիսի 27-ին Երևանի կայարանում ռուսները կուտ տվեցին հայ «շուստրիներին», իբր թե զենքը վագոնում ազատ դրած է, արխային եկեք, վերցրեք, և 27 հոգու սպանեցին։ Մեր պատասխանը էլի զրո էր։

5- Այդ ընթացքում, իշխանության գալով, Լևոնը հրաժարվեց Ղարաբաղի միացման կոնցեպտից, թքեց 1989-ի դեկտեմբերի 1-ի Հայաստանի և Ղարաբաղի ԳԽ-ների միացյալ նիստի՝ երկու սուբյեկտների միացման մասին որոշման վրա ու հարցը սարքեց Ղարաբաղի, այսպես ասած, դեմոկրատական ինքնորոշում-անկախացում։ Մինչև հիմա էդ «ինքնորոշման» տակ ենք ճկռած։

6- Սովետի անկումից հետ, մարսելով հայերի տեղահանությունը, Ադրբեջանը հարձակվեց և՛ Հայաստանի վրա (վերցրեց Արծվաշենը) և՛ Ղարաբաղի վրա ու արագորեն գրավեց Ղարաբաղի կեսը։
Հայոց փառապանծ «սպարապետը» այդ ժամանակ պաշտպանության նախարարն էր, և ինքը հաջողացրեց կորցնել այդ տարածքներն ու ահռելի քանակով զոհեր տվեց։

7- 1992-ի սեպտեմբերին, այդ խայտառակ պարտությունների պատճառով համաժողովրդական ապստամբություն եղավ ու Լևոնը ստիպված հեռացրեց «սպարապետին»՝ պաշտպանության ամբողջ ոլորտը հանձնելով Վազգեն Մանուկյանին։

Մանուկյանը Հայաստան կանչեց սովետական հայ սպաների, նրանց օգնությամբ կազմակերպեց հայոց բանակը, անցավ հակահարձակման, որն ի վերջո ավարտվեց 1994-ին, Լևոնի ու նորեն ջրի երես ելած «սպարապետի» կնքած անփառունակ բիշքեքյան ադրբեջանամետ պայմանագրով։

8- Դրանից հետո Ադրբեջանն անցել է այլ տակտիկայի՝ թուրքերի հետ միասին պաշարել են Հայաստանը, ներսում քաոս են հրահրում, կաշառում են հայ իշխանավորներին և արտագաղթի պարտադրում հայությանը։

Արդյունքում՝ երկրի կեսն արդեն արտագաղթել է, տնտեսությունն էլ զրոյացված է։ Այս տարիներին, ի պատասխան 2 կողմանի թուրքական ագրեսիայի, հայերի կողմից ոչ մի գործուն քայլ չի ձեռնարկվել՝ ով եկել է իշխանության, հալածել է իր ժողովրդին ու թալանել։

Իսկ նիկոլի գալով, հիմա հասել է երկրի կործանման վերջին փուլը. երկիրը լի է թուրքական փողերով սնվող ու կառավարվող տարատեսակ հայազգի, բայց հայակործան գործակալներով, որոնք միգուցե տեղյակ էլ չեն, թե ինչ են անում։ Բայց անում են սարսափելի բան՝ օրը ցերեկով գենոցիդում են սեփական ազգը։

9- Տարիների ընթացքում էլ, քանի որ ազգի սերուցքը զոհվեց Ղարաբաղում, քաղաքական ասպարեզը գրավեցին քաղցրալեզու մուղամբազները։ Դրության տեր դարձան կեղծ տղամարդիկ՝ դոշ ծեծելով հերոս ինքնահռչակված ճիվաղներ, մեծ-մեծ դուրս տվող ու մշտապես ջրի երեսին մնացող սրիկաներ, գողեր, ու կոպեկի մեռած «քաղաքական գործիչներ» ։
Սրանք էլ ավելի այլասերեցին-այլանդակեցին, իրենց տգետ ու տհաս թեզերով լցրեցին հայկական քաղաքական կյանքը, շեղեցին իրական անելիքներից, խլացրեցին բոլոր ադեկվատ ձայները՝ երկիրը տնտեսապես խելքի բերելու առաջնայնության մասին, դարձան հասարակական կարծիքի ձևավորման մոնոպոլիստներ, ու այսօր արդեն, մեծապես իրագործում են հենց թուրքերի ծրագրերը։

10- Մի քանի ամիս առաջ ես դեռ տեսնում էի մի քանիսին, որոնք, կարծում էի, թե կարող են երկրին տեր կանգնել։ Բայց գնալով համոզվեցի, որ սրանք էլ, առանց բացառության, նույն աղբն են։

11- 2010-ին ես առաջիններից մեկը հանդես եկա միացյալ Հայաստանի համապարփակ կոնցեպտով. հոդվածը մերժվել էր 4 խմբագրություններում և զոռով-շառով, Վարդգես Օվյանի միջամտությամբ, ի վերջո, տպագրվեց 2018-ին https://hetq.am/hy/article/87020

12- Մինչև նիկոլի գալը, ինչ որ տեսական ռեսուրս դեռ կար այն առումով, որ երկրի իշխանությունները շատ վատն են, բայց գոնե թուրք կամ թուրքամետ չեն և միգուցե, մի օր անցնեն այս կոնցեպտուալ տեսակետին։ Բայց նիկոլի գալով, այդ գաղափարն առհասարակ օրակարգից դուրս եկավ, որովհետև տղան Հայաստանն է զիջում թուրքին, ուր մնաց Ղարաբաղին տեր կանգնի։

13- Այ էս պայմաններում, պարզ է դառնում, որ ներհայկական բոլոր հայամետ ռեսուրսներն այսօր անհետացած են։ Առաջնային խնդիր է դարձել ոչ թե տարածքներ չզիջելը, այլ նոր գենոցիդից խուսափելը, որովհետև եթե երկիրը տնտեսություն չունի, մասնագիտական կորպուսն է ջնջխված, քաղաքացիական վիճակն է ողբալի, ազգայինն է ավերված, բանակ ասածն ընդամենը անզեն զինվորների ճաշարանի է վերածված, IT կոչվածը, որը տարիներ շարունակ բուտաֆորիկ դրոններ էր ցույց տալիս որպես նվաճում, այսօր ոչ միայն դրոն, այլև նույնիսկ հասարակ ավտոմատ արտադրել չի կարող։

Այ այս պայմանների պատճառով է, որ մարդկանց հույսը միայն և ընդամենը աշխարհաքաղաքական հրաշքներն են, որոնց էլ անհույս սպասում են։ Եվ այս պարագային, վիդիտելի, Վիտալի Բալասանյանը թշնամի է, ինչ է թե՝ հույսը ռուսի վրա է։
Բայց ոչհարգելիներս, ձեր հույսն էլ թուրքն է, բլեֆն է, էշ ձևանալն է։ Եթե ռուսի էստեղ մնալու հաշվին մի քանի տարի պետականություն ձգելու շանսը գոնե մի 10 տոկոս է, ապա ձեր անուղեղ կողկոնձոցի շանսը առհասարակ զրո է։

Դուք մի քնձռոտ նիկոլի սանձել չեք կարող, որևէ հարց մեջտեղ բերել չեք կարող, նիկոլի՝ ալիևին արած ազգային սարսափելի զիջումների մասին բերանններդ բացել չեք կարող, և ուժերդ Վիտալի Բալասանյանի վրա է պատո՞ւմ, որը գոնե փրփուրներից է բռնել։
Դո՞ւք եք ազգայինն ու տեխոնկրատը, դո՞ւք եք էս երկիրը պահողը, դո՞ւք եք մի չոփ արտադրողը։

30 տարվա մեջ ես չեմ հիշում, որ հայոց ավագանին, էլիտան, երևելիները երբևէ ու որևէ հարցում նախահարձակ լինեն, մի տեսական կամ կոնցեպտուալ պատասխան տված լինեն թուրքերին, ներքին հարցերում մի նորմալ արդյունքի հասած լինեն։ Ոնց ռեակտիվ էին 1988-ի ձմռանից, էնպես էլ մինչև այսօր ոչխարի պես ռեակտիվ են։
Ազգային իրական լիդեր չունենք, որը մեզ կառաջնորդի, բայց ունենք հազարավոր պնակալեզներ ու փչացածներ, պատեհապաշտ ողորմելիներ, որոնք ապրում են հանուն իրենց փողի, վայրկենական հաճույքի ու հիվանդագին նարցիսիզմի սպասարկման։
Ողբամ ձեր պահած ու պահվելիք երկիրը։

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

12.4.20

Զրույց գիտնական շան հետ


(երգիծական պատմվածք)

Այս շունը մի տեսակ սկսել էր շարժել հետաքրքությունս իր հանդեպ։ Նա մյուս բոլոր շներից կարծես թե տարբերվում է իր չափազանց վայելուչ ու արիստոկրատական պահվածքով։ Մի օր նրա տան մոտով անցնելիս, բաց դռնից նկատեցի պատից կախված շան թե գայլի մի լուսանկար՝ լուսապսակը գլխին։ Զարմանքից սառեցի կանգնած տեղս։

- Այդ ո՞ւմ նկարն է,- հարցի։
- Ինքն է, երկնայինն է, մեր աստծո դիմանկարն է,- հպարտ պատասխանեց։

- Ո՞նց թե։ Ձե՞ռ ես առնում։ Աստված մարդու տեսքով է։ Չէ՞ որ Աստվածաշնչում գրված է, որ նա՝ Աստված, մարդուն ստեղծել է իր պատկերով և նմանությամբ։
- Ձեր գրքերում է այդպես գրված,- հանգիստ պատասխանեց զրուցակիցս։- Ձեր աստված է ձեզ ստեղծել իր նմանությամբ։ Նա ո՞նց կարող էր մեզ ստեղծել, երբ կյանքում շուն կամ շնազգի արարած տեսած չկար։ Այդ մեր երկնայինն է մեզ արարել ճիշտ իր պատկերով և նմանությամբ։

- Բայց ես նման բան որևէ գրքում չեմ հանդիպել, նման բան չկա։
- Ձեզ է թվում, որ չկա։ Ձեր գրքերում, ձեր պատմության մեջ չկա, որովհետև դուք կիսատ-պռատ ձեր պատմությունն եք միայն գրել, թքած ունենալով տարիքով ձեզնց հին կենդանի արարածների վրա։

- Ո՞նց թե՝ տարիքով ավելի հին։
- Հա, էլի, տարիքով ձեզնից հին։ Ձեր աստված ձեզ դեռևս չէր ստեղծել, երբ մենք արդեն կայինք հազարամյակներ առաջ։

- Քո կարծիքով տիեզերքը լի է աստվածներո՞վ։
- Իհարկե՛,- պատասխանեց արիստոկրատի տեսքով չորքոտանի ծանոթս, ակնոցը դրեց քթին և այնպիսի զարմանքով նայեց ինձ, կարծես ասելիս լիներ՝ ուրեմն, այդ հասարակ բանն էլ չգիտե՞ք։- Ձեր կարծիքով ո՞վ է ստեղծել նեգրերին, սևամորթներին, ո՞վ է ստեղծել նեղաչք դեղնամորթ ժողովուրդներին։ Ձեր սպիտակամորթ աստվա՞ծ։ Բայց եթե նա սպիտակամորթ է, ո՞նց կարող էր իր պատկերով և նմանությամբ նեգր ստեղծել։ Կարո՞ղ է նրանք նույնպես սպիտակ են եղել, արևահարվել՝ սևացել են կամ աստված հատուկ ներկով ներկել է նրանց։

- Բայց մենք Աստվածաշունչ ունենք, գրավոր աղբյուրներ ունենք։ Դուք ի՞նչ գրավոր աղբյուր ունեք՝ որպես ասածի ապացույց...
- Գրավոր աղբյուրնե՜ր,- արհամարհանքով առջևի թաթը շարժեց նա։- Էդ բոլորը ձեր մոգոնած հեքիաթներն են։ Մենք մեր պատմությունը բանավոր ենք փոխանցում սերնդեսերունդ։ Մեր պատմությունը ձերի պես ստից ուռճացված չէ։ Մենք ամենակարևոր բաներն ենք փոխանցում մեր մատաղ սերնդին։

Մնացել էի ապշած։ Նման բան չէի սպասում չորքոտանի իմ զրուցակցից։ Չգիտեի ինչ պատասխանել նրան։ Նա իսկույն նկատեց շփոթությունս, հանգիստ շարունակեց.
- Բան չկա։ Գիտությունից չես փախչի։ Հատկապես երբ փաստերը զորեղ են... Ազատ ժամանակ մեկ-մեկ անցեք ինձ մոտ, սուրճ-բան կհյուրասիրեմ, կզրուցենք աշխարհի մեծ ու փոքր խնդիրներից։ Այս անգամ մի տեսակ ոտի վրա ստացվեց մեր զրույցը։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

30.3.20

Պետք է մտածված, առանց խուճապի կանգնեցնել Չարիքը


Կորոնավիրուսի մասին ընդհանուր առմամբ երկու տարբեր կարծիք է շրջանառվում։ Դրանցից մեկի համաձայն, այն չարիք է, սարսափելի վիրուս է, որի դեմ առայժմ լուրջ դեղամիջոցներ չեն ստեղծել, որովհետև այդ վիրուսը կենդանի օրգանիզմ չէ, այլ սպիտակուցային գոյացություն է և այլն։ Երկրորդ կարծիքի համաձայն, այս ամենը աշխարհի ֆինանսական տերերի բլեֆն է, որ լրագրողների միջոցով ուռճացրել են՝ համաշխարհային խուճապի մակարդակի։

Նաև հստակ կարծիք կա, որ այն վտանգավոր է առանձնապես տարեց և թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց համար։ Այսինքն՝ մահացած մարդիկ գերազանցապես 55-60-ն անց են։ Այսինքն՝ խուճապի անհրաժեշտություն չկա, միայն այդ մարդկանց է սպանում այդ վիրուսը (կարծես այդ մարդիկ ապրելու այլևս իրավունք չունեն)։ Մյուս կողմից, ասում են՝ սովորական գրիպից շատ ավելի մարդիկ են մահանում մեկ տարում, ի՞նչ մեծ ողբերգություն է, որ մեկ-երկու ամսում աշխարհում 30 հազար մարդ է մահացել...

Այս երկու կարծիքը մի կողմ եմ դնում ու փորձում ինքս պարզել՝ ինչն ինչոց է։ Կորոնավիրուսից մահացած 30 հազար մարդկանց ես չեմ ճանաչում, բայց ահա գիտեմ, որ նրանց մեջ նաև հայազգիներ կան։ Իտալիայում կորոնավիրուսից մահացել է բժիշկ Ղևոնդ Մուրադյանը, Ֆրանսիայում մահացել է քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը, իսկ Լոս Անջելեսում՝ 34-ամյա Ջեֆրի Ղազարյանը...

Այլ երկրներում չգիտեմ որքան, բայց Իտալիայում երկու տասնյակից ավելի բժիշկներ են մահացել։ Այսինքն՝ մարդիկ, ովքեր գիտակցաբար մահվան են գնացել՝ այլոց կյանքը փրկելու համար։ Դա այն մարդիկ են, որոնց սովորաբար դիմում են սովորական մահկանացուները՝ իրենց կյանքը փրկելու համար։ Մի խոսքով՝ նույնիսկ բժիշկներն են անզոր այդ չարիքի դեմ։ Իհարկե, հրաշալի է, որ այդ անիծյալ վիրուսը երեխաների, երիտասարդների համար մեծ վտանգ չի ներկայացնում, բայց ախր նրա զոհերի թվում կարող են լինել նաև մեզ համար կոնկրետ մարդիկ՝ տարեց մեր հարազատները, մեր բարեկամները։

Եվ արդեն կապ չունի՝ այս աղետի վրա աշխարհի տերերը ինչքան գումար են աշխատում կամ ինչքան են կորցնում։ Եթե այս Չարիքից կարող է վարակվել և մի քանի օրում մահանալ քո ազգականը, քո կողքին կանգնածը և դու նրան ոչնչով չես կարող օգնել, սա արդեն մեծ Ցավ է, սա արդեն սարսափելի է։ Սա արդեն մարդու, մարդկության դեմ պատերազմ է...
Ուղղակի պետք է մտածված, առանց խուճապի հնարավոր ամեն ինչ անել այս Չարիքը կանգնեցնելու, այս աղետից ազատվելու համար։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ