22.12.14

ԼՂՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանի երազը


Մեր «հերոսը» դարձյալ ակտիվացել է։ Օրերս լույս տեսած մի գրքի առաջաբանում դարձյալ գործի է գցել իր «հուժկու» զենքը՝ զրպարտությունը։ «7 օր.am» կայքից այս վերատպությունը պատասխանն է «վաստակաշատ» զրպարտչին։

Ղարաբաղի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանն արդեն 30 տարի է` նստած է ԳՄ ղեկավարի աթոռին։ 30 տարում ինտրիգներ սարքելով, կասկածելի մրցակիցներին իրար դեմ լարելով, զրպարտելով, երբեմն էլ նաև սպառնալով ու վախեցնելով նրանց` նա անառիկ է պահել իր աթոռը։
Ու ահա, նա դարձյալ զրպարտություն, իրեն յուրահատուկ հերթական ստոր կեղծիքն է տպագրել։ Փորձեց լավ զգալ դրանից։ Իր մեջ կուտակված մաղձը, թույնը թափելուց կարծես թե պիտի հանգստանար, թեթևանար, բայց չէր ստացվում, հոգին չէր խաղաղվում։ Գնաց աշխատավայր, քարտուղարուհին սուրճ մատուցեց, սակայն նրան թվաց, թե քարտուղարուհին խղճահարությամբ նայեց իրեն։ Քիչ հետո դուռը ծեծեցին, ներս մտավ աշխատողներից մեկը, ինչպես միշտ՝ վախեցած ու շողոքորթ ժպիտը դեմքին սառած։ Բայց սա էլ կարծես խղճահարությամբ էր նայում իրեն։
Մինչև կեսօր նրա մոտ եկան նաև կոլեգաներից մի քանիսը։ Բոլորն էլ նրանից վախենում էին, բայց Հակոբյանին թվաց, թե սրանք էլ են իրեն մի ուրիշ ձևով նայում՝ խղճահարությամբ ու ցավով։ Ասես եկել են իրեն ցավակցելու։
Կեսօրից հետո Ղարաբաղի ԳՄ նախագահը որոշեց չգնալ աշխատանքի, որովհետև աստիճաններով բարձրանալիս հարևանը նույնպես ցավակցական հայացքով էր նայում և նույնիսկ մի տեսակ բարևեց։ Այն էլ ոչ թե բարև էր, այլ կարծես ասում էր՝ մնաս բարով...

Հակոբյանն ուզում էր բղավել, գոռալ, ասել, որ կենդանի է դեռ, ոչ մեկի խղճահարության կարիքը չունի, արդեն 30 տարի անփոփոխ ղեկավարում է Ղարաբաղի գրողների միությունը, դեռ մի այդքան էլ է ղեկավարելու։ Ուզում էր գոռալ, հայտարարել, որ ինքը Հայաստանի ու Ղարաբաղի ամենահարուստ գրողն է, այնքան փող ունի, որ կարող է իրեն ցավակցող հարյուրավորներին գնել, բայց կոկորդից ձայնի փոխարեն ինչ-որ խռխռոց դուրս եկավ։
Այդ գիշեր Հակոբյանը շատ վատ քնեց։ Բայց դա ոչ թե քուն էր, այլ մի անտանելի մղձավանջ։ Երազներն էլ խառն ու կցկտուր էին։ Հետո երազում տեսավ նրան։ Դուռը կամաց բացվեց, ու ներս մտավ նա՝ Հակոբյանի խիղճը։ Այս անգամ չբարևեց նույնիսկ։ Մթնված ու անտրամադիր էր։

-Սլավի'կ, էդ ի՞նչ ես արել նորից,- հանդիմանանքով ասաց նա։-Ուրիշների ստորագրությամբ` այնքա՜ն գրեցիր, կեղծեցիր, զրպարտեցիր, չհանգստացա՞ր, հիմա էլ նույն զրպարտություններդ սկսել ես քո ստորագրությամբ տպել։ Ախր, քեզ ոչ ոք չի հավատում, դու ինքդ բոլորից լավ գիտես, որ ստում ու կեղծում ես։ Մարդիկ արդեն ծիծաղում են քեզ վրա։ Անցյալ անգամ էնքա՜ն երդվել էիր, խոսք էիր տվել, որ վե՛րջ, էլ զրպարտություններ չես գրելու։ Գոնե մի անգամ տղամարդու պես տեր կանգնեիր խոստմանդ։ Էդքան խաբելով, պարսավանքներ գրելով, ինտրիգներ սարքելով ո՞ւր ես գնում, մտածե՞լ ես այդ մասին։ Գոնե մի անգամ հետ նայե՞լ ես անցած ճանապարհիդ։ Կոխած տեղդ ոչ միայն ծաղիկ, խոտ էլ չի բուսնում։ Ոչ մի սրբություն չունես։ Անգամ նահատակված մարդու՝ Վարդան Հակոբյան-Հեսու վարդապետի էջն ես կողոպտել «Վիքիպեդիայում» և այնտեղ քո կենսագրությունը խցկել՝ մոռանալով ջնջել «վախճանվել է 1915 թ. Մուշի մոտ» տողը...
Հակոբյանը փորձեց հակաճառել, բայց բառերի տեղ բերանից անհոդաբաշխ ինչ-որ ձայներ դուրս եկան։

- Չէ՛, մի՛ խոսիր, դու լռի՛ր,- Խիղճն այս անգամ շատ զայրացած էր երևում,- հեքիաթներդ նորից չպատմես։ Վե՛րջ տուր, երդվում ես ու ստում, փորձում հիմարացնել բոլորին։ Գոնե ինձ հետ անկեղծ եղիր, մի՛ խաբիր, մի՛ կեղծիր։ Քո պատճառով արդեն ամաչում եմ մարդամեջ դուրս գալ։ Վերջին անգամ փողոցում անցորդներն այնպես էին ինձ նայում, կարծես օտար մոլորակից եկած հրեշ լինեի։ Մեկն էլ արհամարհանքով ասաց՝ քեզնից ի՞նչ Վարդան, չէ՜ մի, Վարդան Մամիկոնյա՜ն... Քո Սլավիկ անունն էլ փոխել ես մեր քաջ հերոսի անունով՝ որ ի՞նչ։
Կենսագրությունումդ էլ գրում ես. «Վ. Հակոբյանի ստեղծագործությունները տպագրվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, անգլերեն և այլ լեզուներով»։

Երևանում օտար լեզուների «գիտակ» մի քանիսին թարգմանել ես տալիս գրածներդ, Երևանում էլ տպում, որ ի՞նչ։ Ասես անգլիացին ու ֆրանսիացին էնտեղ ոտ ու ձեռ ընկած, իրենց դեսպանների միջոցով մակուլատուրադ իրենց երկիր արտահանելու մասին են մտածում միայն։ Այն դեպքում, որ քո հայրենիքում 20-30 ընթերցող չունես...
Ինչո՞ւ ես անամոթ ստեր տարածում քո խամաճիկների ստորագրությամբ, իբր, «Արցախը մայր Հայաստանին միացնելու մասին նամակի նախաձեռնողներից ու պատրաստողներից մեկն ես ու նամակի տակ առաջին ստորագրության հեղինակը», իբր, «Վարդան Հակոբյանը ոչ միայն պոետ է, այլ ազատամարտիկ, քաղաքական գործիչ...», ու այդ անամոթ խաբեությամբ ոգևորված տարածել ես, թե «մայիսի 8-9-ը Վարդան Հակոբյանն ակտիվորեն մասնակցել է Շուշիի ազատագրության ռազմագործողությանը»...
Գոնե կյանքում 10 մետրից զենք տեսած լինեիր, էլ չեմ ասում՝ զենք բռնած։ Բանակում չես ծառայել ու զորակոչի ենթակա տղաներիդ էլ 1992-ի փետրվարին Մարտակերտի շրջանից վիրավորներ տեղափոխող ուղղաթիռով փախցրել ես Երևան, հետո էլ դու մեկնել...

- Հերի՛ք է, լռի՛ր,- Հակոբյանի դեմքը կապտել էր։
- Ո՛չ, հերիք չէ։ Իսկ դու այդ «հերիքի» մասին երբևէ մտածե՞լ ես։ Հարցազրույցներ ես տալիս, հին փչոցիդ նոր փչոցներ գումարում։ Ասում ես՝ «Լինել Արցախի գրողների միության ղեկավար, նշանակում է ոչ թե պաշտոն վարել, այլ` մարտական դիրք գրավել»: Այդ որտե՞ղ ես մարտական դիրք գրավել՝ Երևանո՞ւմ, թե՞ Ստեփանակերտի կառավարական շենքերի շուրջ՝ իշխանություններից մի բան մուրալու համար։ Ինձնից էլ շարունակ փախչում ես, վախենում ես հիշեցնեմ «քաջագործություններդ»։ Արցախի ինքնապաշտպանության համար զենք ձեռք բերելու համար հավաքված սուղ միջոցներից այն տարիների համար պատկառելի 1700 ռուբլի էիր վերցրել. ի՞նչ ես արել այդ գումարը...
- Բավակա՛ն է...

- Քո միությունում Վերահսկիչ պալատի կողմից անցկացված ստուգումները հիշիր, որի մասին գրել էին թերթերը։ Ու դեռ միայն մի տարվա ֆինանսական գործերդ էին ստուգել և բազմաթիվ խայտառակ խախտումներ հայտնաբերել։ Ի՞նչ կլիներ վիճակդ, եթե քո 30 տարվա գործունեությունդ ստուգեն և դուրս գան կուտակած միլիոններիդ վրա։ Այդ մասին մտածե՞լ ես... Եթե մեկը հարցնի, թե ինչպե՞ս ես 1990-ականներին սփյուռքից կարիքավոր գրողների համար օգնությունից 100 դոլոր ստացել՝ որպես կարիքավոր գրող և 10 տարի հետո սկսել լողալ միլիոնների մեջ, ի՞նչ ես պատասխանելու... Մեր բարեկամ, մշակույթի գործիչ Շահեն Մկրտչյանն է նույնիսկ ձեռ առնում քեզ։ Ինձնից լավ ես հիշում, թե ինչ է գրել. «Դու ասպարեզ ես ելել մի հզոր բարերարի՝ Կևորկովի հովանավորությամբ... Վարդան բանաստեղծը չի գրավում իր հաստատուն տեղը ազգային գրականության մեջ, թեև շատ հեշտությամբ մեկը մյուսի հետևից գրքեր է ասպարեզ հանում... Իբրև համագյուղացի, մի քիչ էլ բարեկամ, խորհուրդ կտայի, որ մանր-մունր քինախնդիր բաները մի կողմ թողնես և զբաղվես ավելի լուրջ գործերով: Վերջակետ դնես «քողարկված» ստորացուցիչ մուրացկանությանը, կարևոր հարցերը սեփական ստամոքսի պրիզմայով լուծելու գեշ սովորությանը... Երեկ քեզ դիտողություն անողներին լռեցնում էիր Կևորկովի հետ ունեցած քո ջերմ հարաբերություններով, իսկ այսօր, դրության տեր պաշտոնյաների անունները շահարկելով, փորձում ես նույնը կատարելու»...

- Լռի՛ր, մի՛ շարունակիր,- Հակոբյանը վախեցած շուրջը նայեց,- կլսեն...
- Իսկ ինչո՞ւ լսելու մասին 2010 թվականի այն օրը չես մտածել, երբ Արցախի իշխանություններին վախեցնելու համար, շանտաժի նպատակով քո գրողների միության վարչությունը հավաքել ու հարց ես բարձրացրել. «Առաջարկում եմ ԼՂՀ գրողների միությունը դուրս բերել ԼՂՀ կազմից և դիմել Ադրբեջանի գրողների միությանը, այդ պետության գրողների միության կազմում ընդունելու խնդրանքով»: Բախտդ բերել էր, որ այդ խայտառակ դեմարշիդ մասին իշխանությունները չեն իմացել, Երևանում՝ նույնպես... Բայց կոլեգաներդ արդեն փսփսում են տարբեր մարդկանց մոտ...
- Վերջացրո՛ւ, վերջացրո՛ւ... Եկել, ինձ դասեր ես տալիս,- Հակոբյանը կատաղած ոտքի ելավ ու գրպանից մի թուղթ հանեց։- Հապա ինչպե՞ս վարվեմ սրա հետ։ Տպագրվելու օրից 20 տարի է անցել, բայց սրա պատճառով քուն ու հանգիստ չունեմ։
Խիղճը վերցրեց թուղթն ու սկսեց հանգիստ կարդալ.

- Ես անկեղծորեն հավատում եմ քեզ,
Դու Ղարաբաղի մասին երգ չունես,
Եվ բանաստեղծի սիրտ չունես մաքուր,
Դու հոնորար ես բառերից սարքում:

Քոնը կեղծելն ու շողոքորթելն է,
Քոնը քծնությամբ պաշտոն շորթելն է,
Քոնը իրար դեմ մարդկանց լարելն է,
Քոնը ամբիոնից ստից ճառելն է:

Քոնը սակարկել, դռներ բախելն է,
Քոնը, ընչաքաղց, առնել-ծախելն է,
Քոնը շանտաժն ու վայրահաչելն է,
Քեզնից ուժեղի ոտքը պաչելն է:

Մատնելն է քոնը, քոնը փքվելն է,
Քոնը սրբության վրա թքելն է:
Դու երկու տիրոջ ոտք լիզող շուն ես,
Դու Ղարաբաղի մասին երգ չունես:

Դե, հա, գիտեմ, Վազգեն Օվյանի պամֆլետն է քո մասին... Բայց խոստովանիր, որ լավ է գրել, իսկը քո դիմանկարն է, մի ավելորդ տող, մի ավելորդ բառ չկա, քո քանդակն է...
- Լռի՛ր, լռի՛ր, լռի՛ր- Հակոբյանը բռունցքը կատաղած զարկեց սեղանին, բայց այնպես պինդ էր զարկել, որ ցավից վեր թռավ։
Լույսն արդեն բացվում էր, բայց մահճակալին կիսանստած, քրտինքի մեջ կորած Հակոբյանին թվաց, թե չորս կողմը խավար է։
Վահրամ Օհանջանյան
Հ.Գ. - Օգտագործված փաստերը վերցված են հայաստանյան և արցախյան մամուլից...

ՎԱՀՐԱՄ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ

2.12.14

Պուտինի ակնարկը Հայաստանին եւ զիջումները Թուրքիային


Թուրքիայում գտնվող ՌԴ նախագահ Պուտինը այցելել է Աթաթուրքի դամբարան եւ գրառում արել մատյանում. «Ռուսաստանը խորը հարգանք է տածում Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակին։ Շատ արժեքավոր ենք համարում Թուրքիայի առաջին նախագահի ներդրումը մեր երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների ստեղծման գործում»։

Աթաթուրքի դամբարան այցը մտնում է Թուրքիայի պաշտոնական արարողակարգի ծրագրի մեջ, եւ Պուտինի այցը օրինաչափ է: Հետաքրքիր է սակայն Պուտինի գրառման այն մասը, որը վերաբերվում է երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերություններին:

Առաջին աշխարհամարտը հանգեցրեց երկու «հիվանդ կայսրությունների», ինչպես բնութագրվում էին Ռուսական ու Օսմանյան պետությունները, փլուզմանը: Նրանք հայտնվեցին գրեթե միանման միջազգային ու ներքին իրավիճակում: Մեկուսացված եւ քայքայման եզրին հասած այդ պետություններում իշխանության եկան բոլշեւիկներն ու Աթաթուրքը: Նրանք ունեին միմյանց կարիքը եւ հասկանում էին, որ միայն միմյանց փոխօգնության հասնելով կարող են կանխել փլուզումը: Ճեղքման միակ ուղղությունը Հարավային Կովկասն էր, ինչն էլ իրականություն դարձավ:

1919 թ. սկսած Թուրքիան ու Ռուսաստանը սերտ համագործակցություն հաստատեցին: Ռուսաստանը բանակ, ռազմամթերք ու այլ անհրաժեշտ օգնություն տրամադրեց Թուրքիային, որը կանխեց նրա վերջնական պարտությունը:

Ոտքի կանգնելով, Թուրքիան անցավ Ռուսաստանին օգնելուն: Ըստ ռուս-թուրքական պայմանավորվածության, թուրքական զորքը ներխուժեց Հարավային Կովկաս եւ օգնեց այն սովետական դարձնելուն: Պահպանվել են փաստաթղթեր, ըստ որոնց՝ ռուսները չէին ցանկանում անձամբ անել այդ գործը, հայերի մոտ «բացասական տրամադրվածություն» չառաջացնելու համար:
Բացի այդ, թուրքական զորքը Հայաստանում լուծեց հայկական հարցը վերացնելու խնդիրը, դրանով չեզոքացնելով հայանպաստ միջազգային պայմանագրերի ուժի մեջ մտնելը: Ռուսաստանն ու Թուրքիան կնքեցին Կարսի ու Մոսկվայի պայմանագրերը, որոնցով հայկական տարածքների մի մասն անցավ Թուրքիային, մի մասը՝ Ադրբեջանին: Մինչեւ 1923 թ. թուրքական զորքը, որին Մոսկվան «օժտել» էր պրոլետարական հեղափոխության տարածման առաքելությամբ, ռուսական զորքերի հետ միասին գազանություններ էր անում Հայաստանում՝ թալան, կոտորածներ, անմարդկային բռնություններ: Մինչեւ որ անշրջելի դարձներ «հայկական վտանգը»:

Ներկայում Ռուսաստանը եւ Թուրքիան գրեթե նույն վիճակում են, ինչ 20-րդ դարասկզբին, ենթարկվելով միջազգային մեկուսացման քաղաքականությանը: Նրանք ունեն միմյանց կարիքը, սակայն առավելապես Ռուսաստանն ունի Թուրքիայի կարիքը: Մասնավորապես, Թուրքիայից սննդամթերք ներմուծելու եւ իր էներգակիրները վաճառելու համար: Դատելով Պուտին-Էրդողան պայմանավորվածություններից, Ռուսաստանն ահռելի տնտեսական բնույթի զիջումներ է արել Թուրքիային: Բնականաբար, տեղ ունեն նաեւ քաղաքական պայմանավորվածություններ մասնավորապես Սեւ ծովի ու Հարավային Կովկասի վերաբերյալ, քանի որ այս տարածաշրջանները երկու պետությունների համար կրկին մնացել են «ճեղքման» միակ ուղղությունը:

Թե ինչ քաղաքական պայմանավորվածություններ են եղել, թերեւս կերեւա մոտ ժամանակներս: Հայաստանը մտել է պրոռուսական նախագծերի մեջ եւ որոշումների կայացման իրավունքը հանձնել Մոսկվային՝ դրանից բխող հետեւանքներով: 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրի գինը Հայաստանի անկախ պետության ոչնչացումն էր: Ո՞րն է լինելու ներկայիս գինը:

ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ

Ղարաբաղի փրկությունը Ռուսաստանի ապակազմակերպման մեջ է


Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծումից ի վեր այդ գործընթացը վերածվեց պրոֆանացիայի, իսկ ԼՂՀ ինքնիշխանության հարցը պնդելն անվանվեց «հեղափոխական ռոմանտիզմ»: ԼՂՀ-ն դարձավ պրոֆանացիա, եւ նրա գոյատեւումը դարձավ չիմաստավորված իրողություն հայկական իշխող թիմի ձեռքում:

Ներկայում ԼՂՀ ինքնիշխանությունը դարձել է լիովին թշնամական գաղափար հայկական «էլիտայի» համար, որը վատ է պատկերացնում իրադարձությունների հնարավոր ծավալման որեւէ սցենար: Հայաստանի իշխանությունը մոբիլիզացրել է լավ վճարվող ռուսական ագենտուրային, որը կոչված է հավանություն տալ ինքնիշխանության գաղափարի չեզոքացմանը եւ լեգիտիմացնել ներկայիս իշխանությունները Երեւանում ու Ստեփանակերտում:

ԼՂՀ քաղաքական ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ իրենց գլխավոր նպատակը ԼՂՀ միջազգային ճանաչումն է: Ընդ որում, շարունակվում է համագործակցությունը Մինսկի խմբի հետ, որը վերջնականապես դադարել է լինել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի արտաքին քաղաքականության միջոց եւ դարձել է Ռուսաստանի գործիք, որն օգտագործում է այն տարածաշրջանում իր ազդեցությունն ուժեղացնելու համար:

Ամենաշատը, որ կարողացել է անել Մինսկի խումբը՝ Երեւանի համաձայնությամբ հաստատել այսպես կոչված «մադրիդյան սկզբունքները», որոնք դարձել են ինքնիշխան գոյության հարցում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, եւ ընդհանրապես Հայաստանի ընդունակության կորստի կարեւոր լծակ:

Լիովին հասկանալի է, որ Մինսկի խմբի գոյության պայմաններում, որը ներառում է ուժի երեք կենտրոններ, ԼՂՀ միջազգային ճանաչումն անհնար է: Ո՞ր պետությունը կճանաչի ԼՂՀ-ն, եթե ուժի երեք կենտրոնները նկատի ունեն, որ այսպես կոչված հարցի լուծումը տեղավորվում է Հայաստանի համար մահացու «մադրիդյան սկզբունքների» շրջանակներում:

Միեւնույն ժամանակ, մադրիդյան սկզբունքների հաստատումից հետո քաղաքական-պատմական մասշտաբներով անցել է մի ողջ հավերժություն, եւ իրավիճակն աշխարհում փոխվել է արմատապես: Արեւմուտքի պետությունները չեն գործածում արտահայտությունը, թե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է, բայց Ռուսաստանը մշտապես պահպանում է այդ թեզը քաղաքական բանավեճերի ամեն մի հարմար պահի:

Եվրատլանտյան հանրության համար ղարաբաղյան գործոնը Արեւմուտքի համար թշնամական Թուրքիայի ու նրա արբանյակ Ադրբեջանի էքսպանսիան զսպելու քաղաքականության կարեւոր բաղադրիչ է: Ռուսաստանի համար Լեռնային Ղարաբաղը դարձել է մանրադրամ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ քաղաքական առեւտրում, եւ ասպարեզ, որտեղ ցուցադրաբար անտեսվում են Հայաստանի շահերը:

ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան Մինսկի խմբում շարունակում են մասնակցել միայն մի պատճառով՝ չեն ցանկանում, որ Ռուսաստանը գերիշխանություն հաստատի Հարավային Կովկասում: Եվ կարծես թե, ելնելով այդ հանգամանքից, Մինսկի խմբի պահպանումը բխում է Արեւմտյան հանրության շահերից: Սակայն, իրականում դա թվացյալ հանգամանք է, եւ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Մինսկի խումբը դիտարկում են նախեւառաջ որպես Ռուսաստանի ազդեցության ուժեղացման գործոն, որը ձգտում է վճռել Հարավային Կովկասի ճակատագիրը:

Լիովին հասկանալի է, որ տվյալ դեպքում Արեւմուտքի իրական շահերը հանգում են Մինսկի խմբի վերացմանը եւ բանակցային գործընթացից Ռուսաստանի բացառմանը, ինչը ներկայում անիրական է թվում, քանի որ Հայաստանը շարունակում է աջակցել Ռուսաստանի սադրիչ նախաձեռնություններին:
Սակայն Մինսկի խումբը ԼՂՀ ինքնիշխանության ճանաչման գործընթացի միայն արտաքին հանգամանքն է: Երեւանում ու Ստեփանակերտում գտնվում են մարդիկ, որոնք լիովին բացառում են առանց Մոսկվայի հավանության ԼՂՀ ինքնիշխանության ճանաչման գործընթացի իրականացումը: Ընդ որում, դա համարվում է իրենց գոյության անայլընտրանքային հնարք:

Հայաստանի ղեկավարության քաղաքականությունը հանգեցրել է իրավիճակի, երբ Հայաստանի տնտեսական սպասվող աղետը՝ կապված Ռուսաստանի տնտեսական ու քաղաքական ճակատագրի հետ, համարվում է բարիք եւ երկրի ինքնիշխանության վերականգնման շանս: Պետք է ասել, որ Ռուսաստանը նվազագույն ջանքեր է գործադրել Հայաստանի վասալացման համար, որի քաղաքական ղեկավարությունն ինքն է հրաժարվել ինքնիշխանությունից: ԼՂՀ ի՞նչ ինքնիշխանության մասին կարող է խոսք լինել, եթե Հայաստանը ենթարկվել է վասալացման:

Ներկայում ԼՂՀ-ում իրերի վիճակի փոփոխության մասին դատելը միամտություն կլիներ, քանի որ բուրժուազիայի հարստացած խմբերը, որոնք Ստեփանակերտում հայտնվել են իշխանության, երկրի ճակատագիրը ենթարկել են իրենց անձնական ֆինանսական շահերին: Ընդ որում, Երեւանում ու Ստեփանակերտում իշխանությունները հենվում են երկրի ու սփյուռքի հայկական բուրժուազիայի վրա: Հայ հասարակությունը ենթարկվել է վուլգար էկոնոմիզացիայի եւ դադարել է գոյություն ունենալ որպես էթնիկ խումբ, որն ունի առանձին ազգային շահեր:

Այս հանգամանքների պարագայում ընդհանրապես իմաստ չունի՝ կա՞ Մինսկի խումբ, թե ոչ: Լեռնային Ղարաբաղը հասցրել են մանրադրամի վիճակի, եւ դա շատ լավ են հասկանում Անկարայում ու Բաքվում, եւ Հայաստանի ու ԼՂՀ-ի դեմ կատարվող սադրանքները մեծամասամբ պայմանավորված են դրանով:

Լեռնային Ղարաբաղի փրկությունը, ինչպես եւ Հայաստանի ինքնիշխանության վերականգնումը, անմիջականորեն կապված է Ռուսաստանի՝ որպես տնտեսական

սուբյեկտի ու պետության ապակազմակերպման հետ: Եթե հայ հանրությունը կամ այն կազմող խմբերը վերջանականապես չեն կորցրել մտածելու ունակությունը, պետք է դառնան Եվրատլանտյան հանրության գործընկերը, ի հեճուկս հայկական «էլիտայի» ու սպասարկող խմբերի, որոնք վաճառել են սեփական հայրենիքը:

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Lragir.am

20.11.14

Մեռած դիվանագիտությունը պատերազմը տանուլ տալ է նշանակում


Հարցազրույց ազգագրագետ 
Հրանուշ Խառատյանի հետ

- Տիկին Խառատյան, արդեն քանի օր է Ադրբեջանը թույլ չի տալիս մոտենալ խոցված ուղղաթիռին և դուրս բերել հայ օդաչուներին: Ձեր կարծիքով, ինչի՞ է ձգտում Ադրբեջանն իր նման վարքով, առհասարակ, ինչի՞ կարող է հասնել իր այս քաղաքականությամբ:

- Իսկ մենք ի՞նչ կանեինք նման դեպքում. ես կարծում եմ՝ սա պատերազմող կողմերի տրամաբանությունն է: Պատերազմն ընդհանրապես տարբեր տեսակի դաժանությունների դրսևորումների ձևեր ունի: Եթե մենք միջազգային կոնվենցիոնալ իրավունքով չկարողանանք ապացուցել, որ իսկապես հատուկ ագրեսիա չի եղել Ադրբեջանի դեմ, շատ տրամաբանական է Ադրբեջանի վարքը: Առայժմ մերոնք հայտարարում են, որ մեր ուղղաթիռը զինված չի եղել, և ադրբեջանական տարածք չի մտել, բայց կարծեք թե չեզոք տարածք մտել է:

- 1994-ի հրադադարից հետո սա առաջին դեպքն է, երբ կրակում են օդային միջոցի վրա: Ադրբեջանը Ղարաբաղի տարածքը ոչ թռիչքային գոտի է հայտարարել և խոստանում է խոցել յուրաքանչյուր օդանավ, որ կլինի այդ տարածքում: Սա արդյոք նոր իրավիճակ չի՞ ստեղծում:

- Ես չգիտեմ, թե որքանով է այդ սպառնալիքն իրական, և որքանով է ընդամենը «թուրութվանքի ճոճում»: Այն, որ Ադրբեջանն անընդհատ փորձում է բեկում մտցնել հրադադարում և հասնել ստատուս-քվոյի փոփոխության, կարծում եմ, ոչ մեկի համար անակնկալ չի: Այդ հայտարարությունն էլ նոր չի, որովհետև երբ կառուցվում էր Ստեփանակերտի օդանավակայանը, Ադրբեջանը հայտարարում էր, որ թույլ չի տալու քաղաքացիական օդանավերը չվերթներ կատարեն: Այսինքն չեմ կարծում, որ այստեղ մենք բեկումնային երևույթի հետ գործ ունենք: Բեկումնայինն այն է, որ պարզապես Ադրբեջանի զենքը հասել է և խոցել է այդ ուղղաթիռը: Այն, որ հրադադարը Ադրբեջանի համար ընդամենը նոմինալ բան է, ակնհայտ է: Ադրբեջանն իր քաղաքացիներին, եթե Ղարաբաղում ապրողներին իր քաղաքացին է համարում, ռմբակոծում է: Իհարկե, ես մի քիչ կասկածում եմ, որ Ադրբեջանն այս պահին ուզում է պատերազմ սկսել, բայց որ ուզում է լարվածություն ստեղծել, ճգնաժամ առաջացնել բանակցություններում և այդ ճգնաժամի ժամանակ որոշակի հրատապ լուծումներ պարտադրել, ակնհայտ է: Ամեն բան պիտի օգտագործվի դրա համար, և Ադրբեջանն օգտագործում է:

- Միջազգային հանրության արձագանքն այս միջադեպին, կարծեք, զուսպ էր, անգամ անտարբեր: Որքանո՞վ է դա պայմանավորված Հայաստանի արտաքին քաղաքական կուրսով կամ թույլ դիվանագիտությամբ:

- Պատերազմի մեջ գտնվող երկրի համար մեր մեռած դիվանագիտությունը ընդհանրապես պատերազմը տանուլ տալ է նշանակում: Մենք դիվանագիտություն չենք ունեցել, չկա նման բան, և ես չգիտեմ, թե դուք որ դիվանագիտության մասին եք խոսում: Միթե տարբեր երկրներում պաշտոնական ներկայացուցիչներ ունենալը դիտվանագիտություն է:

- Կա նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը զբաղվում է ԼՂ հակամարտության կարգավորմամբ:

- Մենք այդպես էլ չկարողացանք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության հիմքում դնել այն, որ հակամարտությունն սկսվել է Սումգայիթից, ոչ թե հրադադարից: Հենց սկզբից դա պարտություն է նշանակում: ԵԱՀԿ Մինսկի խումբն ամբողջ բանակցային գործընթացն սկսել է հրադադարից: Ինչու են պարբերաբար հայտարարում, որ Հայաստանն ագրեսոր է, որովհետև հրադադարն սկսվեց նրանից, երբ Ադրբեջանն սկսեց տարածքներ տանուլ տալ: Իսկ երբ Ղարաբաղն էր տարածքներ տանուլ տալիս, երբ Ղարաբաղի քաղաքացիներն էին ամեն օր ռմբակոծության տակ, երբ Շահումյանի ժողովրդին սպանելով ու ջարդելով դուրս հանեցին, այդ բոլորը ռազմական գործողություններ էին, չէ՞: Բայց հրադադարի հիմքում ընկած են ոչ թե այդ դեպքերը, այլ այն, որ Ղարաբաղի զորքը կարողացավ այդքան առաջ գնալ: Հրադադարն սկսել է այդ պահից, ու այդ պահից մեր դիվանագիտությունը մեռած է: Այսքան տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ բանակցություններում դուք «հայ փախստական» բառը երբեք լսած չեք լինի, նրանց համար չկա այդպիսի խնդիր: Միջազգային քննարկումների տեքստում հայկական փախստականության խնդիր ու օրակարգ չկա: Ես ինքս մի քանի անգամ տարբեր առիթներով մեր դիվանագետների մոտ այդ խնդիրը բարձրացրել եմ, միշտ ինձ ասել են, որ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում այդ հարցը չկա:

Հիմա այսքանից հետո դուք ուզում եք հայկական ուղղաթիռի հարցը մեր դիվանագետներն ի՞նչ կերպ լուծեն, եթե նրանք մինչև հիմա ժամանակ չեն գտել բարձրաձայնել պատերազմին նախորդած ողջ շրջանը, Հայաստանում փախստականության վիճակը, հրադադարի պարբերաբար խախտումները: Ինչքան ժամանակ է մենք գիտենք, որ սահմանամերձ շրջանների բնակչությունը երկրագործական աշխատանքների եռուն շրջանում բարձր դիրքերից անընդհատ գնդակոծության տակ է գտնվում, ինչը դեռ 1990-ականներից է գալիս: Երբևէ այս հարցերը քննարկվե՞լ են, երբևէ տեսե՞լ եք մեր պաշտոնական հաղորդագրություններում այս մասին խոսք լինի: Մամուլը, քաղաքացիական հասարակությունը, գյուղացիները, այո, խոսում են, բայց դուք տեսե՞լ եք, որ մեր պաշտոնական հաղորդագրությունները այս խնդրին անդրադառնան և տեղեկացնեն միջազգային կառույցներին այս հարցերի մասին:

- Գոնե կարողանային միջամտել ու ուղղաթիռի անձնակազմին դուրս բերել այդ տարածքից:

- Ո՞վ պիտի դա աներ: Ուզում եք ասել, որ մենք ներկայացուցիչներ ունենք, և նրանք կարող էին այդ հարցը լուծե՞լ: Մենք ունենք մարդիկ, բայց ոչ դիվանագետներ: Մենք չունենք դիվանագիտական ծրագիր, դիվանագիտական գործընթաց, որը տրամաբանական քայլեր աներ և նախապատրաստեր հաջորդ քայլը: Մենք ունենք ընդամենը դիպվածային արձագանքներ, շատ թույլ: Այս միջադեպի հետ կապված, ես կարծում եմ, մերոնք ունեն միայն մեր մամուլից դայջեսթ արած տարբերակը:

- Կա կարծիք, որ սա առնչություն ունի Ռուսաստանի հետ, որը հետխորհրդային տարբեր տարածքներում փորձում է լարվածության օջախներ ստեղծել: Կիսո՞ւմ եք այդ դիրքորոշումը:

- Հստակ ոչինչ չեմ կարող ասել: Այո, Ռուսաստանը փորձում է ստեղծել նման լարվածության տարածքներ, բայց արդյոք սա ուղղակիորեն արտածված է դրանից, արդյոք սա ուղղակի կապ ունի ԵՏՄ-ի հետ, ես չեմ կարող այս պահին ասել: Եթե նույնիսկ դա այդպես լիներ, ապա Ռուսաստանը մեզ հետ պայմանավորված դա պիտի աներ: Այսինքն այն, ինչ ասում են փորձագետները, թե ուղղաթիռի ուղղությունը ինչպես է որոշվել, ինչու պիտի երկու ուղղաթիռները իբր սխալ ճանապարհով գնային, և այդ կարծիքներին որևէ պաշտոնական հերքում չեմ տեսնում, ակնհայտ մտածում եմ, որ մենք կամ ունեցել ենք սխալ, կամ ունեցել ենք միտումնավորություն: Եթե այս հարցում տեսնենք ռուսական հետք, դա միայն կարող է լինել այն ֆոնի վրա, որ մերոնք ու Ռուսաստանը համաձայնեցված են գործել: Այսինքն ես չեմ կարող ասել, որ ռուսները ծրագրավորել են այդպիսի բան ադրբեջանցիների հետ, որ եթե հայերը հասնեն չեզոք գոտի, խոցեք նրանց ուղղաթիռը:

- Այսինքն այստեղ կա նաև հայկական կողմի, նաև դիվանագիտության սխալ հաշվարկը:

- Ես նախընտրում եմ «սխալ» բառը չասել, որովհետև սխալը լինում է գործելու դեպքում, իսկ մենք ուղղակի ունենք դիվանագիտության բացակայություն: Իսկ ռազմական առումով գուցե սխալ է եղել: Ես դա էլ չեմ կարող հստակ ասել: Ես փորձագետ չեմ, բայց երբ կարդում եմ փորձագետների ինչ-որ հաշվարկներ, դատողություններ և չեմ տեսնում դրանց որևէ պաշտոնական հերքում կամ պատասխան, կամ պաշտոնական ձևակերպված որևէ վարկած, սկսում եմ մտածել, որ գուցե, մեղմ ասած, սխալ եղել է:

Հարցազրուցավար`
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ

7.11.14

Ի սկզբանե էր զատն. Քյոհնա կտակարան


...Եվ եղաւ, որ Երուսաղեմի մէջ յանրահաւաքները շատացան, եւ Հրեաստանի տասներկու կօղմերում շտաբները ձեւաւորուեցին, եւ մարդկանց զայրոյթը մէծ էր։ Այնժամ ելաւ (Սէրժը), եւ Սինայ լեռը բարձրացաւ, որ խօսի եռեակի առաջին, եւ ողջամիտ առաջարկներ անի, ինչպէս որ օրէն է։ Ամէն։

Եվ երկխօսութիւն եղաւ, եւ առաւ (Սէրժը) պատուիրանների տախտակը, եւ ժողօւեց ամէնայն յանրապէտականաց, եւ խօսեց նորանց առաջին, եւ ասաց. «Ահա եռեակի հէտ ողջամտորեն խօսեցի, եւ նորանք ինձ տասը պատուիրանները տուեցին, որ կարդամ ձեր առաջին, եւ կատարենք։ Զի եթե չկատարենք` ամէնքիս վրայ երկնային պատիժ իջնի, որ եբրայերեն արտահէրթ կօչուի։ Այնտէղ կլինի լացը եւ ատամների կրճտոցը»։

...Եվ ամէնայն յանրապէտականք իրենց տիրօջը մօտեցան, եւ սա պատուիրանների տախտակը առաւ, եւ կարդաց, ինչպէս որ գրուած է. «Ահա եռեակի պատուիրանները սորանք են. ձեր կուսակցութեան առաջնորդին կուռք մի՛ դարձրեք եւ նոր անունը պարապ տէղը մի՛ տուեք (այս խօսքերի վրայ Էդուարդ Շարմազանովն ուշաթափուեց, զի գօրծազուրկ եղաւ տիրօջ առաջին), վեց օր աշխատեք եւ եօթերորդ օրը հանգստացեք, բայց խաղատուները մի՛ մտեք եւ շնութիւն մի՛ արեք (սորայ վրայ ամէնքը տրտմեցին, զի վեց օրուայ աշխատանքի իմաստը բնաւ չհասկացան), սուտ մատնութիւն մի՛ արեք եւ սուտ մատնութեան վրայ գօրծ մի՛ սարքեք (սորա վրա Վօւան Շարմազանովի պէս եղաւ), գողութիւն մի՛ արեք (սորա վրայ ամէնայն նախարարք գէտնատարած եղան), սպանութիւն մի՛ արեք (սորա վրայ Լիսկան ուշաթափուեց), ձեր դրացիին տունը մի՛ ցանկաք, նորա կնոջը կամ նորա ծառային մի՛ ցանկաք եւ նորա բիզնեսի մէջ փայ մի՛ մտեք (սորա վրայ Սաշիկի ունքերը կախուեցին, եւ մազերը ճերմակեցին մանանայի պէս)...»։ Եվ երբ այդպէս էր կարդում, յանրապէտականները երկրպագութիւն արեցին նորա առաջին, եւ ասացին. «Տէ՛ր, մի՞թե այդ պատուիրանները պիտի կատարենք»։ Սա էլ պատասխանեց, եւ ասաց. «Ճշմարիտ-ճշմարիտ եմ ասում` լաւ է մեզ, որ մեր կամքո՛վ կատարենք, զի գաղութի մէջ ստիպուա՛ծ պիտի կատարենք, որ յունարեն ձէռագրերում խստացուած ռէժիմ կօչուի»։ Եվ ամէնքը լսեցին, եւ իմացան, որ իրենց համար է ասում։ Ամէն։

Քյոհնա կտակարան | Չորրորդ Իշխանություն

Հայ, ռուս եւ թուրք բոլշեւիկների համատեղ գազանությունները Հայաստանում


Քաղաքական բռնությունները Հայաստանում եւ դրանց առանձնահատկությունը պայմանավորող հիմնական գործընթացները
Ռուս-թուրքական դաշինքը Լոզանի կոնֆերանսում

Հայաստանի և թուրքահայերի հարցը դուրս եկավ եվրոպական օրակարգից, իսկ թուրքահայերի խնդիրը տեղափոխվեց Լոզանի կոնֆերանս, որտեղ ռուսները պաշտոնապես շարունակեցին պաշտպանել թուրքական շահերը: Ուշագրավ է, որ չնայած Անգլիան, Ֆրանսիան և Իտալիան Ռուսաստանին հրավիրել էին Լոզանի կոնֆերանսի ժամանակ նեղուցների հարցի քննարկումներին մասնակցելու,  ռուսներից գաղտնի թուրքեը ջանում էին թույլ չտալ Լոզանի կոնֆերանսին Ռուսաստանի մասնակցությունը: Այդ մասին 1922 թ. նոյեմբերի 1-ին Ռուսատսնաի Արտաքին գործերի ժողկոմի տեղակալ Մ.Լիտվինովը տեղեկացնում է բոլշիկյան Քաղբյուրոյի անդամներին(РГАСПИ,Ф.5, Оп.1, Д.1984, Лл.2-3, Подлинник, Автограф; Յու.Բարսեղովի գրքում էջ 590):

Լոզանի կոնֆերանսին ռուսներին, իհարկե, նախ և առաջ հետաքրքում էին նեղուցների հարցերը և Ռուս-թուրքական պայմանագիրը կասկածի տակ դնելու հավանականության կանխումը: Սակայն անդրադառնալով բացառապես կոնֆերանսին քննարկված հայկական խնդիրներին, անհնար է չշարունակել զարմանալ, թե դեռ ինչքան կարող են «բոլոր ճնշվածների պաշտպան» բոլշևիկները հայերի հարցում դավաճանել իրենց պայմանավորվածությունները և ճնշվածների շահերը:
Եվրոպացիների առաջարկությամբ Լոզանում պիտի քննարկվեր հայ փախստականությանը իր հայրենիքում հավաքվելու նպատակով «Հայկական օջախ» ստեղծելու հարցը: Հատկանշական է, որ Չիչերինը 1923 թ. հունվարի 10-ին Լոզանից իր տեղակալ Մ.Լիտվինովին ուրախությամբ տեղեկացնում է, որ թուրքերը Լոզանում շատ հաղթական են ընթանում, որ թուրքերի  բոլոր հաջողոթյունները պայմանավորված են ռուս-թուրքական դաշինքով, որ թուրքերն ընդունում են այդ փաստը, և որ նույնիսկ իրենց համատեղ ջանքերով «Անտանտը հրաժարվել է փաքրամասնությունների վիճակի նկատմամբ Ազգերի Լիգայի հատուկ վերահսկողությունից» (РГАСПИ,Ф.5, Оп.1, Д.1988,Лл.39-43,  Յու.Բարսեղովի գրքում էջ 609): «Դաշնակիցները դադարել են հայերի համար ազգային օջախ պահանջել: Դաշնակիցները համաձայնել են, որպեսզի որպես ազգային փոքրամասնություններ ճանաչվեն միայն ոչ մահմեդականները…(այսինքն՝ հայերի հարցը մասնավոր չդրվի և առհասարակ «հայ» բառը չհիշատակվի-Հ.Խ.): Դաշնակիցները <փոքրամասնությունների հարցում> Թուրքիայի համար հրաժարվել են Ազգերի լիգայի հատուկ վերահսկողությունից» (РГАСПИ,Ф.5, Оп.1, Д.1988,Лл.39-43,  Յու.Բարսեղովի գրքում էջ 610):

Բացարձակապես անհասկանալի է, թե Թուրքիայում Ցեղասպանության ենթարկված հայերից մնացած փոքրաթիվ խմբի անվտանգության նկատմամբ մասնավոր պայմանի դուրս մղումը Լոզանի կոնֆերանսի ընդունելիք որոշումներից ինչի՞ համար էր այդպես ուրախացրել «բոլոր ճնշվածների պաշտպան» բոլշևիկներին: Այս կապակցոթյամբ արժի, թերևս, հիշել, որ 1922թ. նոյեմբերի 15-ի Ա.Մյասնիկովը նամակ էր գրել Լենինին, Ստալինին և Չիչերինին, խնդրելով Լոզանի կոնֆերանսին պաշտպանել Թուրքիայում դեռևս մնացած և վտանգի տակ գտնվող փոքրաթիվ հայերի պաշտպանությանն ուղղված որոշումները (РГАСПИ,Ф.5, Оп.2, Д.108, Лл.3-3об., Кпоия; Յու.Բարսեղովի գրքում՝ էջ 593)):

Բայց ոչ, պարզվեց, որ Ցեղասպանությունից փրկված թուրքահայերի վերջնական կործանումը դեռ չեն իրականացվել: Կոնֆերանսը քննարկում է իրենց հայրենիք հայ փախստականների վերադարձի հարցը, բայց ռուս բոլշևիկները չե՛ն կարող թույլ տալ Թուրքիայի համար այս խիստ անցանկալի որոշման ընդունումը, չնայած Կարսի պայմանագրի քննարկման օրերին իրենք էին պնդում այդ կետի վրա: Եվ ողջ բոլշևիկյան «դիվանագիտական տաղանդը» կրկին գործի է անցնում: Միմյանց են հաջորդում նամակներն ու նոտաները. «Լոզանի կոնֆերանսին Ռուսաստանը, Ուկրաինան և Վրաստանը արտամղված են հայկական հարցի քննարկումից, մինչդեռ միայն նրանց մասնակցությամբ կարող է տեղի ունենալ այդ հարցի բարեհաջող լուծումը: Ես պատիվ ունեմ Ձեզ տեղեկացնելու, որ Ռուսաստանն ու Ուկրաինան մտադիր են իրենց տարածքներում նկատելի քանակությամբ հայ փախստականներ բնակեցնել…» ( МИД СССР. Документы внешней политики СССР. М., Госкомиздат, 1962, Т.6, էջ 165-166; 166-167; РГАСПИ, Ф.5, Оп.1, Д.1988, Л.109, Копия, Յու.Բարսեղովի գրքում էջ՝ 610, 611, 612) , չնայած իրականում չգիտեին, թե ինչպես են այդ հարցը լուծելու (РГАСПИ, Ф.5, Оп.1, Д.1989, Лл. 16-17, Копия; Յու.Բարսեղովի գրքում էջ՝ 613): Արդյունքում կոնֆերանսին թուրք-ռուսական դաշինքին հաջողվում է այդ հարցի լուծումը նույնպես հանել օրակարգից: Արդեն որերոդ անգամ Ռուսաստանը պարզապես խաբում էր հայերին ու եվրոպացիներին: 1923թ. նոյեմբերի 23-ին Ստալինին գրած Չիչերինի նամակից պարզվում է, որ խոսքը գնում էր 250.000 հայերի մասին, ընդ որում արդեն ԽՍՀՄ դարձած խորհրդային բյուջեն ամենևին չէր պատրաստվում այդ խնդրի լուծումը կազմակերպելու համար ֆինանսական միջոցներ տրամադրել: Այնպես որ հարցն օրակարգից դուրս է գալիս: Բայց եթե Հայաստանի նախագահ Մյասնիկովը կարող է միջոցներ գտնել, կարող է մոտ 10.000 հայերի  վերաբնակեցնել Հայաստանում (РГАСПИ, Ф.5, Оп.1, Д.1989, Лл. 16-17, Копия; Յու.Բարսեղովի գրքում էջ՝ 613): Լոզանի կոնֆերանսի օրերին հայ փախստականների ճակատագրով «մտահոգ» Չիչերինը շատ լավ գիտեր, որ  «հայ փախստականների իրավիճակն այնքան աղետալի է, որ բոլորը խոսում են նրանց ներգաղթը կազմակերպելն արագացման մասին», բայց կոնֆերանսն արդեն ավարտվել էր ռուս-թուրքական հաղթանակով և թուրքահայ փախստականների, գերի տարված և թուրքական բանտերում ու աշխատանքային ճամբարներում տառապող հայերի խնդիրն արդեն խորհրդային արտաքին քաղաքականության օրակարգից դուրս է գալիս: Այն այլևս դիվանագիտական գործիք չէր և մարդասիրության նման դատարկ խոսակցությունները չէին կարող ծանրաբեռնել խորհրդային քաղաքականության բարոյականությունը: Բայց այն դուրս չի գալիս ԽՍՀՄ քաղաքականության ներքին օրակարգից: Չէ՞ որ Մոսկվայի պայմանագրով թուրքերին խոստացվել էր խորհրդաին տարածքում թույլ չտալ «հակաթրքականություն»: Այդ խոստումը թրքահայերի համար պիտի սպառնալիք դառնար ԽՍՀՄ քաղաքական բռնությունների տարիներին:

Մոսկվայի և Կարսի պայմանագրերի շուրջ համեմատաբար մանրամասն անդրադարձը կարևոր էր, քանի որ այդ պայմանագրերը և դրանց հանդեպ Հայաստանի քաղաքացիների իրական և հնարավոր վերաբերմունքը հետագայում պիտի դառնար Հայաստանում իրականացված քաղաքական բռնությունների կարևոր հաղթաթուղթ՝ շուռ գալով հայերի դեմ որպես շովինիզմի ու նացիոնալիզմի մեղադրանք:


Խորհրդային քաղաքական բռնաճնշումների սկիզբը  Հայաստանում

Հայաստանի ողջ բնակչության վիճակն իրոք աղետալի էր: Բոլշևիկների հաստատած իշխանությունը՝ Հեղկոմը պետք է ինքնահաստատվեր, հեղինակություն ձեռք բերեր, ապացուցեր հեղափոխության մարդասեր բնույթը: Գաղթականներով լեցուն, պատերազմներից հյուծված, շարունակ թալանվող, թուրքերի կողմից գրավված ահռելի տարածքներով Հայաստանում դա շատ դժվար գործ էր: Մյուս կողմից բոլշևիկները Հայաստանում փաստացի դասակարգային հենարան չունեին, չկար բանվորություն, գյուղացիները համարյա անտեղյակ էին նրանց գաղափարախոսությանը: Ռուս և հայ բոլշևիկների «եղբայրացումը» թուրք «բոլշևիկների» հետ անվստահություն էր առաջացնում նրանց նկատմամբ: Հայ բոլշևիկները խոսում էին հայկական նացիոնալիզմի դեմ պայքարելու և արևելքի մահմեդական բնակչության հետ եղբայրանալու մասին, իսկ Հայաստանի հայ բնակչության՝ արևելքի մահմեդական բնակչության հետ հարաբերությունների փորձը սահմանափակվում էր գլխավորապես բռնությունների և կոտորածների հիշողություններով: Ակնհայտ էր դարձել, որ սին էին խորհրդայնացումից հետո հայերի նկատմամբ թուրքական «եղբայրասպանության» վերջ գտնելու բոլշևիկյան խոստումները: Հայ բոլշևիկները թուրք բոլշևիկներին հայտարարել էին հայ ժողովրդի բարեկամներ, ովքեր խորապես մտահոգ էին հայ և թուրք ժողովրդներին կեղեքող դաշնակցականների վարքով և թշնամություն ունեն բացառապես դաշնակցականների դեմ: Հիմա դաշնակցականները չկային, իշխանության տերը հայ բոլշևիկներն էին, իսկ թուրք բոլշևիկները բոլորովին չէին տարբերակում հայ բոլշևիկներին հայ դաշնակցականներից և շարունակում էին թալանել ու կոտորել խաղաղ հայ բնակչությունը: Փոփոխությունը միայն այն էր, որ եթե դաշնակցական զորամիավորումները պաշտպանում էին կոտորվողներին ու թալանվողներին, ապա բոլշևիկները պասիվ բողոքի նոտաներ էին հղում և ամեն կերպ ջանում հեռու մնալ բոլշևիկ թուրք ասկյարների հետ անմիջական շփումներից:

Դրան զուգահեռ Հայաստանի բոլշևիկները, ճիշտ այն ժամանակ, եթբ թուրքերը բառի բուն իմաստով կոտորում էին Շիրակի և Լոռվա բնակչությունը և հարյուրավոր անթաղ դիակները կուտակում ճանապարհների վրա(Мартиросян Г. Еще об одной белой странице черного предательства. – «Литературная Армения», 1994, № 7-9, էջ 99), շարունակում էին բացարձակի հասցնել հայ ժողովրդի ինքնապաշտպանության հնարավորությունների կազմալուծումը:

Նորաստեղծ Հեղկոմը ոչ միայն չէր կարողանում բնակչությունը պաշտպանել  Հայաստանում ամուր տեղավորված, ռուսական զենքով զինված թուրքերի ջարդերից ու կողոպուտներից, այլև որևէ լուծում չէր գտնում սոված ու մրսող բնակչության նվազագույն կարիքները հոգալու: Վրաստանի կողմից վերահսկվող երկաթգծով Ռուսաստանից պարեն ու նավթամթերք հնարավոր չէր բերել, և նույնիսկ բոլշևիկյան Կարմիր բանակը կերակրելու համար այլ ելք չէր մնում, քան բնակչությունից խլել այն վերջին փշրանքները, ինչ մարդիկ կարողացել կամ կարողանում էին պահել թուրքական թալանից:
Բոլշևիկների առաջին գործողությունները խիստ ագրեսիվ էին և փաստացի՝ խաբեբայական: Դեկտեմբերի 2-ին պայմանագիր կնքելով դաշնակցական հեռացող կառավարության հետ, պայմանավորվել էին հայկական բանակի սպայական կազմի նկատմամբ մեղադրանքներ չներկայացնել մինչ խորհրդային կարգերի գործողությունների համար, ինչպես նաև  չհետապնդել դաշնակցական և մյուս սոցիալիստական կուսակցությունների անդամներին: Սակայն իշխանությունը վերցնելուց հետո նրանց առաջին գործողությունները ճիշտ հակառակը եղան: Ձերբակալեցին  նախկին կառավարության և սոցիալիստական կուսակցության հանրային հայտնի ներկայացուցիչներին,  ժողովրդի կողմից սիրված շատ սպաների, այդ թվում Հայաստանը փրկած Սարդարապատի ճակատամարտի հերոսներին:
Հեղկոմի կողմից ընդունված առաջին դեկրետները պատժիչ դեկրետներ էին:  Դեկտեմբերի 9-ին ստեղծվեց «Հակահեղափոխության դեմ պայքարի» արտակարգ հանձնաժողովը (Չէկա) :

ՀՍԽՀ Հեղկոմի` 06.12.1920 թ. դեկրետը Արտակարգ հանձնաժողով հիմնելու մասին(ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կայք՝ http://www.sns.am/index.php/am/history/museum/77-museum-1921-1988)

Այս հանձնաժողովը բնակչության մեջ սարսափ էր առաջացնում: Տանը, նկուղներում ձմեռվա համար բնակչության կողմից թաքցվող մի պարկ ցորենը կարող էր դիտվել որպես հակահեղափոխական գործողություն, կարմիր բանակի զինվորների բերանից խլելու փորձ, սպեկուլյացիայի նպատակ: Սրան հետևեց  դեկտեմբերի 19-ին ընդունված ավելի սարսափելի պատժիչ դեկրետը՝ «Հայաստանի Ռազմա-հեղափոխական Կոմիտեի դեկրետը Գերագույն Հեղափոխական Տրիբունալի» մասին, որը պետք է հետապնդեր «հակահեղափոխական գործողությունները»՝ խորհրդային կարգերը տապալելու նպատակ հետապնդող դավադրությունները, ապստամբությունները և դրանց քարոզչությունը, բանվորա-գյուղացիական իշխանությունների գործողություններին դիմադրելը, Խորհրդային իշխանության մասին  կեղծ տեղեկություններ ու լուրեր տարածելը,  հաշվառման վերցված ապրանքների սպեկուլյացիան և այլն: Ընդ որում դրանց չափանիշները հստակ չէին .և շատ հեշտ էր մարդուն այս կամ այն հանցանքում մեղադրելը: «Բանվորա-գյուղացիական իշխանությունների գործողություններին դիմադրել» էր, օրինակ, ընտանիքի կողմից մթերված ձմեռային սնունդը չեկիստներին չհանձնելը:

1921թ. հունվարի 14-ին Հայաստան է գալիս Համառուսական Արտակարգ Հանձնաժողովի՝ Ադրբեջանի և Հայաստանի  նախագահ Գևորգ Աթարբեկովը: Նրա առաջին պահանջը Տրոցկու խորհուրդը կատարելն էր՝ Հայաստանի բոլոր նախկին սպաներին  աքսորելը (այդ թվում նրանց, ովքեր արդեն ծառայության էին անցել Կարմիր բանակում): 1921թ. հունվարի 24-ին հրամայում են դեռևս կենդանի մնացած բոլոր սպաներին հավաքվել հայկական նախկին պառլամենտի շենքում «վերագրանցման համար», և հավաքված 1400 նախկին սպաներին աքսորում են Ռուսաստան, Ռյազան քաղաք: Նրանց տարել են հետիոտն, առանց տաք հագուստի, առանց սնունդի:

Դրան հաջորդում է բացահայտ տեռորը: Փետրվարի 9-ին ձերբակալվում է ոմն Լևոն Խանանյան, ով իբրև (գուցե և իսկապես-Հ.Խ.) մահափորձ է ձեռնարկել Խորհրդային ականավոր գործիչներից մեկի դեմ (նկատի ունեին Աթարբեկովին): Հայտարարվում է, որ «Խանանյանի ձերբակալությունը  պարզեց խորհրդային պատասխանատու գործիչների նկատմամբ տեռորիստական ակտեր կազմակերպելու դաշնակցականների մտադրությունը…Խորհրդային իշխանությունը մեծահոգի է, բայց կարող է խստորեն և անխնա ոչնչացնել բոլորին, ով կհամարձակվի ոտնձգություններ անել բանվորների և գյուղացիների  թանկ արյունով  նվաճված իշխանության նկատմամբ… Մահափորձին մասնակից անձանց ձերբակալություններից զատ ՉԿ-ն, դաշնակցություն կուսակցության ստոր ծրագրերը ի դերև հանելու նպատակով, ստիպված էր ձերբակալել մի շարք դաշնակցական գործիչների որպես պանադների և հայտարարում է, որ դաշնակների ցանկացած փորձի պատասխանը կլինի պատանդների գնդակահարությունը և ընտանիքների նկատմամբ ռազմա-հեղափոխական ժամանակների այլ խիստ միջոցառումներ»( Великая Октябрьская.., 1957, с. 507—508):

Իրականում, իհարկե, Հայաստանում բոլշևիկյան իշխանությունը «բանվորների և գյուղացիների  թանկ արյունով» չէ, որ նվաճվել էր, այլ բանվորներին ու գյուղացիներին կոտորղ թուրքերի հարկադրած Հեղկոմի ստեղծումով և ապա՝ Ադրբեջանի տարածքից առանց որևէ դիմադրության Կարմիր բանակի մուտքով: Բոլշևիկյան իշխանությունն իրականում նվեր էր տրվել բոլշևիկներին, և դրա գինը եղել էր «ռուսական արևելյան ծրագիրը»՝ հայ ժողովրդի արյան հաշվին: Գործող իշխանություններն էլ իրենց լիազորությունները վայր էին դրել առանց պայքարի և երկիրը բոլշևիկների իշխանությանն էին հանձնել պայմանագրով: Սա անհրաժեշտ եմ համարում կրկնել, քանի որ նույնիսկ այսօր դպրոցական պատմության դասագրքերը Հայաստանի բոլշևիկացման շրջանը ներկայացնում են խեղաթյուրված:

Այդ նույն ժամանակ, հունվար-փետրվար ամիսներին, Շիրակում թուրքերը կոտորում էին գյուղերի կանանց ու երեխաներին, տղամարդկաց քշում էին Թուրքիա՝ հարկադիր աշխատանքների (1921թ. ապրիլի 28-ին Ամերիկյան կոմիտեն Ջաջուռի լեռնանցքի մոտ հայտնաբերել էր հունվար-փետրվար ամիսներին սպանվածների 1 200-1 500 դիակ, «… տղամարդկանց դիակ բացարձակ չկա, արական սեռի զոհերից ամենատարիքով 14 տարեկան էր… Մեզ տեղեկացրին, որ բուն լեռնանցքում շատ դիակներ կան, սակայն անբարենպաստ եղանակային պատճառներով մենք չկարողացանք այնտեղ հասնել»,- Великая Октябрьская.., 1957, с. 557-558), իսկ ռուս և հայ բոլշևիկյան կառավարությունները չէին կարողանում խնդիրը կարգավորել  իրենց դաշնակից թուրքերի հետ:

Շուտով ըմբոստանում է երկու կողմից՝ չեկիստներից ու թուրքերից ծայրահեղ դաժանությունների ենթարկվող բնակչությունը, գլխավորապես՝ Արևմտյան Հայաստանից փախստականները: Փետրվարի 18-ին ապստամբներին դիմադրելու կարողություն չունեցող բոլշևիկները նահանջում են՝ նախապես հապճեպորեն կացնահարելով Երևանի բանտում պահվող կալանավորներից առավել հայտնի քաղաքական, ռազմական ու հանրային գործիչներին:
Փետրվարյան ապստամբության մասնակիցներից ոմանք տեսել են սպանվածներին և գրել այդ մասին: Մի կողմ թողնելով դաշնակցական քաղաքական գործիչների նկարագրությունները (Սիմոն Վրացյան, Կարո Սասունի…), անդրադառնանք միայն բանտերում սպանվածների թաղմանը մասնակցած գրող երգիծաբան, անկուսակցական Լեռ Կամսարի հուշերին. «Բոլշևիկը Հայաստան մտավ սադայելյան ժպիտը երեսին: Սաստիկ սոված էր, որովհետև կոմունիստական Ռուսաստանից էր գալիս: Մի գիշերվա մեջ հավաքեց ժողովրդի բոլոր մթերքը՝ յուղ, միս, ալյուր, շաքար, չոր միրգ, աղ, պղպեղ, վերջապես՝ ամեն ինչ: Կերավ կշտացավ, բեղերը մաքրեց, կացնի սրությունը փորձեց ու վեր կացավ երկրում «սոցիալիզմ կառուցելու: Նախևառաջ հավաքեց ու բանտերը լցրեց Հայաստանի բոլոր խելացի, բոլոր ազնիվ, ժողովրդի մեջ հարգանք վայելող բոլոր մարդկանց: Բայց որովհետև Հայաստանի բանտերը քիչ հանցավորների համար էին կառուցված, հետևաբար չէին կարող իրենց մեջ տեղավորել մի ամբողջ ժողովուրդ, այդ պատճառով հրամայվեց հավաքված «հանցավորներին» մի կողմից կոտորել, որ տեղ բացվի նորերին: Ու կոտորվում, սելյոդկա ձկան նման շարվում էին բանտի ներքնահարկերում փորված անդնդախոր գերեզմանում: Հետագայում, բոլշևիկների հեռանալուց հետո ես անձամբ տեսա: Հարյուրավոր ընտիր հայեր ձեռներն ետևը կապված, գլուխները մեջտեղից կիսած, դարսված էին իրար վրա, արյան ճապաղիքի մեջ» («Կարմիր օրեր»  1957թ.):
Այնպես չի, որ բոլշևիկները երբեք չհասկացան անօրիության և օրինավորության «թեկուզ արտաքին ցուցադրության» կարևորությունը: Հիսուն տարի հետո, երբ նախկին բոլշևիկ, հետագայում ԽՍՀՄ բարձրագույն պաշտոնյա Ա.Միկոյանը գրում էր իր հուշերը Անդրկովկասի բոլշևիկացման մասին, չի անդրադառնում արդեն իշխանությունը վերցրած բոլշևիկների հակաօրինական, հանցագործ, առանց դատ ու դատաստանի մարդկանց պարզ սպանությունների խնդրին, չնայած այդ ձևակերպումը նրան անծանոթ չի, երբ խոսքը վերաբերում է բոլշևիկների հանդեպ իրականացված անօրիանականություններին: Պատմելով Բաքվի 26 կոմիսարների սպանության մասին, նա շատ հասկանալի գրում է. «Աջ էսեռ Ֆունտիկովի կողմից գլխավորվող Անդրկասպյան կառավարությունը, անգլիական հրամանատարության ցուցումով գողեգող, գաղտնի, առանց դատ ու դատաստանի, գազանաբար ոչնչացրեց <կոմիսարներին>: Ինչպե՞ս կարող էր դա տեղի ունենալ: Չէ՞ որ էսեռներին արդարացման համար պետք էր գոնե օրինականության պատրանք: …մենք եզրակացնում էինք, որ հակահեղափոխությունը գործում է իր անգլիական տերերի ցուցումով: Իսկ նրանց մեր հարցաքննություններ պետք չէին»( А.Микоян, Так было, гл. 3, http://militera.lib.ru/memo/russian/mikoyan/01.html): Պե՞տք է արդյոք սրանից եզրակացնել, որ հայ բոլշևիկներն էլ գործում իրե՛նց «անգլիացի տերերի», տվյալ դեպքում՝ ռուս բոլշևիկների ցուցումով, թե՞, այնուամենայնիվ, սա տեղական նախաձեռնություն էր:

Այնուամենայնիվ, ինչպես գրում է նույն ինքը Միկոյանը, էսեռները նախանձախնդիր էին իրենց պատիվը վերականգնելու: «1919թ. մարտին, երբ մենք բանտից նոր էինք դուրս եկել, Բաքվում հայտնվեց էսեռների կուսակցության Կենտրոնական կոմիտեի անդամ, հայտնի իրավաբան Վադիմ Չայկինը: …Չայկինը տեղեկացրեց, որ ինքը ջանում է պարզել Բաքվի կոմիսարների հետ հաշվեհարդարի բոլոր փաստացի հանգամանքները: Նա այդ անում էր ոչ միայն իբրև մասնագետ իրավաբան, այլև որպես էսեռների կուսակցության անդամ, պարզելու համար, թե կառավարության մեջ մտնող իր կուսակցության որևէ անդամ մասնակցություն ունեցե՞լ է արդյոք այդ սպանությանը: Նա ուզում էր ինքն առաջինը բացահայտել նրանց, դատապարտել և այդպիով մաքրել իր կուսակցությունն անվանարկող խայտառակ հետքը» (Ա.Միկոյան, նույն տեղում):

Իսկ բոլշևիկներն այդպես էլ երբեք չկամեցան հետաքննություն անց կացնել և փորձել իրենց կուսակցության անունը մաքրել խայտառակությունից: Ընդհակառակն, նույնիսկ իշխանության մենատեր լինելով, իշխանությունն իրացնելու գործում որդեգրեցին ահաբեկությունը:

Բոլշևիկները հետ են քաշվում Արտաշատ, շարունակելով իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում տեռորի ենթարկել ահաբեկված բնակչությանը: Այդ տեռորը հավանաբր այնպիսի չափեր էր ընդունել, որ բռնություններից առանձնապես չխորշող Ս.Օրջոնիկիձեն մարտի 18-ին ստիպված էր զգուշացնել Գ.Աթարբեկովին. «Շատ ընկերներ հաղորդում են, որ ձեր գործողությունների շրջաններում տեղի են ունենում անիմաստ գնդակահարություններ, գնդակահարում են գերիներին և այլն: Խստորեն պնդում եմ շատ զգույշ լինել և ոչ մի դեպքում ձեռք չտալ գերիներին, և առհասարակ ես անընդունելի եմ համարում տեռորի մեթոդն ու բնակչության համատարած ահաբեկումը»( РГАСПИ, Ф.85, Оп.14, Д.74, Лл. 1-2. Подлинник,  Յու.Բարսեղովի գրքում՝ էջ 465):

Ապրիլի սկզբին բոլշևիկները վերագրավում են իշխանությունը: Խորհրդային կառավարումը Հայաստանում վերսկսելուց հետո առաջին հրամանը Արտակարգ հանձնաժողովի նախագահի հրամանն էր, որով նա կոչ էր անում աշխատավորներին վերադառնալ իրենց առօրյա գործերին և չհավատալ «կացնով սպանվածների» մասին դաշնակցականների անհիմն ստերին ու պրովոկացիաներին, միաժամանկ  հասկացնելով, որ բանվորներն ու գյուղացիները պատժի չեն ենթարկվի՝ ի տարբերություն մաուզերիստների և խմբապետերի:

Թուրքահայերը սպառնալի՞ք են Թուրքիայի համար
Պատիժներով ու սիրաշահումներով, սովը հաղթահարելով, այստեղից-այնտեղից կադրեր բերելով կայանում էր խորհրդային իշխանությունը: Սակայն մտավորականությունը, բայց հատկապես հայ գաղթականությունը՝ թրքահայությունը շատ դժգոհ էր Կարսի պայմանգրից, և դա խորապես անհանգստացնում էր բոլշևիկներին, ովքեր պարտավորվել էին ողջ Խորհրդային տարածքում թույլ չտալ Թուրքիայի «նկատմամբ պայքարելու նպատակ ունեցող խմբերի ձևավորում կամ առկայություն»: Թուրքերը թուրքահայերի առկայությունն ինքնին  խորհրդային Հայաստանում դիտարկում էին որպես այդպիսի նպատակ ունեցող խումբ: Ավելին՝ դեռ կար Թուրքիայի համար ատելի Դաշնակցական կուսակցությունը: Մեծ հաշվով թե բոլշևիկները, թե թուրքերը թուրքահայերին դիտարկում էին որպես դաշնակցականների:

Ցեղասպանության շրջանում Արևմտյան Հայաստանի տարածքում կենդանի մնացած հայության զգալի մասը կուտակվել էր Կովկասում, մեծ մասը՝ Հայաստանի տարածքում: Մինչև 1920թ. նրանց մեծ մասը, հատկապես Մուշից, Սասունից, Բիթլիսից փախածները դեռևս ապրելու տեղ չուներ: Հայտի է, որ հազարավոր փախստականներ՝ կանայք, երեխաներ, ուղղակի շրջում էին Անդրանիկի զորամասերի ետևից, և զինվորների օգնությամբ սնվում էին: Մինչև այսօր Հայաստանի Թալինի, Շիրակի շրջանների գյուղերում հարյուրավոր մարդիկ պատմում են, որ իրենց պապերն ու տատերը երկու-եևրեք տարի թափառել են Անդրանիկի հետ: Շատ-շատերը մահացան սովից ու համաճարակային հվանդություններից հատկապես Երևանի փողոցներում, Էջմիածնում՝ վանքերի պատերի տակ, Ալեքսանդրապոլում…Մուդրոսի զինադադարից հետո շատ-շատերը հավատացին, որ Անտանտի դաշնակիցները երաշխավորում են պարտված Թուրքիայում իրենց անվտանգությունը և վերջապես վերադարձան հայրեինք՝ Վան, Արճեշ, Բիթլիս, Բուլանըխ, Հաճըն, Խարբերդ, Երղնակ… Եվ ընկան երկրորդ ջարդերի հորձանուտը՝ այս անգամ Անտանտի վերահսկողությունից դուրս գտնող հատվածներում գործող  քեմալականների  հարվածի տակ: Հայաստանից Անդրանիկի մեկնելուց հետո, 1920թ. փախստականները փորձեցին ժամանակավորապես տեղավորվել ՛՛որևէ տեղ՛՛: Այդ հարցում գործող իշխանություններից օգնություն չստանալով, փախստականների նախկին ֆիդայական առաջնորդները նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցրին: Նրանք շարունակում էին զինված մնալ և, ի թիվս այլոց, փորձում էին հայ բնակչությանը պաշտպանել թուրքական բանակի կամայականություններից: Ահա հենց նրանք էլ որոշեցին, որ իրենք բնակություն կհաստատեն Թուրքիայի հետ գծված սահմանամերձ տարածքներում՝ առաջիկա հնարավորության դեպքում հայրենիք վերադառնալու հույսով: Այդ տարածքները,  սակայն, լեռնային էին և մեծ մասամբ Արարատյան դաշտավայրում ապրող մահմեդական բնակչության ամառային քոչավայրերն էին: Փախստականները նրանց վախեցնելով, երբեմն էլ՝ բռնությամբ գրավեցին այդ բնակավայրերի մեծ մասը և երեքից-հինգ տարի թափառող հայ փախստականների զգալի մասը տեղավորվեց մահմեդականներից դատարակված բնակավայրերում: Մահմեդականների զգալի մասն անցավ այլևս Թուրքիայի տարածք հանդիսացող Իգդիր, մի մասն էլ՝  Արարատյան դաշտավայրի մահմեդական բնակավայրեր:

Թվում էր, որ Կարսի պայմանագրով և Լոզանի կոնֆերանսով հայրենիք վերադառնալու հույսով սահմանային գոտիներում ժամանակավորապես հաստատված Արևմտահայ գաղթականները պիտի վերջնականապես հույսները կտրեին վերադարձի գաղափարից: Սակայն գաղթականության մեջ լուրեր էին տարածվել, որ Կարսի պայմանագիրը ժամանակավոր է, որ քսան տարի անց այն վերանայվելու է և իրենք վերադառնալու են հայրենիք: Սա պատճառներից մեկն էր, որ գաղթականությունը շարունակում էր ապրել սահմանամերձ գոտիներում, իրենց բնակության վայրերը համարում էր ժամանակավոր և առհասարակ շարունակում էր կողմնորոշված մնալ վերադարձի գաղափարին:

Սահմանամերձ տարածքներում հաստատված հայ փախստականները բոլշևիկների և, իհարկե թուրքերի կողմից ընկալվում էին որպես Թուրքիայի դեմ թշնամական գործողությունների հնարավոր հեռանկար ունեցող խումբ: Առաջին տարիներին ամեն ինչից զրկված և բազմաթիվ կորուստներ տված փախստականները հանապազօրյա հացի խիստ մեծ կարիք ունեին, ինչը հաճախ հայթայթում էին պարզ կողոպուտով՝ անցնելով Թուրքիայի տարածք համարվող իրենց նախկին հայրենիք և կողոպտելով տեղի քրդերին, հմարելով, որ իրենք ընդամենը ետ են վերցնում իրեցից կողոպտածը: Սա բոլշևիկյան իշխանության լուրջ գլխացավանքներից մեկն էր, բայց մարդկանց կերակրելու այլ տարբերակ չէր առաջարկվում: Նրանք առհասարակ չէին հասկանում սոցիալիզմի, ունեցվածի ազգայնացման գաղափարները, բայց, իրականում ունեցվածք չունենալով, նրանք բոլշևիկների դեմ գաղափարական պայքար չէին մղում: Նրանք փորձում էին իրենք իրենց կերակրել, տանիք ունենալ գլխներին և դրա համար հայ բոլշևիկների կողմից չհետապնդվել: Բոլշևիկներին շատ էր անհանգստացնում փախստականների այս կիսանկախ վիճակը, նրանց մոտ զենքի առկայությունը: Անշուշտ, բոլշևիկների նախաձեռնած պատժիչ գործողություններին փախստականները հաճախ դիմադրում էին: Առաջին իսկ հնարավորությունը պետք էր օգտագործել իրերի այդ վիճակին վերջ տալու համար: Լուծումը գտնվում է անօրինականն օրինականացնելու միջոցով:

ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ
Ազգագրագետ

Ինչպես էին ռուսական ու թուրքական զորքերը միասին ջարդում հայերին


Քաղաքական բռնությունները Հայաստանում եւ դրանց առանձնահատկությունը  պայմանավորող հիմնական գործընթացները

Մուստաֆա Քեմալը խորհդայնացնում է Ադրբեջանը

Մուստաֆա Քեմալին շատ հեշտ է հաջողվում «Ադրբեջանին ստիպել մտնելու սովետական պետությունների խմբի մեջ»: Լենինին ուղղված ապրիլի 26-ի Մուստաֆա Քեմալի նամակից ճիշտ երկու օր հետո,  ապրիլի 28-ին Ադրբեջանը հաշտ ու խաղաղ հայտարարում է իր «խորհրդային» դառնալու իրողությունը և, իհարկե, առաջին իսկ քայլը Խորհրդային Ռուսաստանից օգնության խնդրանքն էր: Չնայած արտաքին վայելչության պահպանության փորձերին (հայտարարվեց, որ Ադրբեջանական խորհրդային անկախ հանրապետության ժամանակավոր ռազմա-հեղափոխական կոմիտեն իշխանության է եկել Բաքվի հեղափոխական պրոլետարիատի և Ադրբեջանի աշխատավոր գյուղացիության կամքով, և այդ իշխանությունը հին մուսավաթական կառավարությունը հայտարարում է ժողովրդի դավաճան և անկախության թշնամի), այնուամենայնիվ հայտարարվեց, որ պառլամենտն աշխատում է նույն կազմով (!!!) և տեղական վարչակազմերը շարունակում են հանգիստ աշխատել իրենց տեղերում:

Այս տարօրինակ «հեղաշրջումը» տեղի էր ունեցել Ադրբեջանական պառլամենտի հանգիստ որոշմամբ, որտեղ ապրիլի 27-ի արտակարգ նիստի ընթացքում կոմունիստները պահանջագիր էին ներկայացրել  իշխանությունն իրենց հանձնելու վերաբերյալ, և գիշերվա ժամը 12-ին պառլամենտական հանձնաժողովը որոշել է բավարարել այդ պահանջը («Борьба», N96, ապրիլի 30): Մինչդեռ ցանկության դեպքում մուսավաթականները լիովին կարող էին դիմակայել Ադրբեջանի բոլշևիկացմանը:

Միկոյանը իր հուշերում պատմում է, որ այդ պահին «Հետախուզական տվյալների համաձայն, Ադրբեջանի մուսավաթական կառավարությունն ուներ  30-հազարանոց զորք: 20 հազարը տեղակայված էր Հայաստանի սահմաններին, իսկ 10 հազարը տեղակայված էր մի շարք բնակավայրերի ռազմակայաններում: Ադրբեջանի բանակը դրանից [խորհրդային բանակի մուտքից] քիչ առաջ իրականացրել էր Ղարաբաղի, Շուշիի հայերի կոտորածը: Մեր բանակի զբաղեցրած գծի հետ շփման գոտում կար երեք հազարից մի փոքր ավելի» (А.Микоян, Так было, գլուխ 8):

Քանի որ Ադրբեջանի խորհրդայնացումը համաձայնեցված էր Մուստաֆա Քեմալի, ուրեմն նաև՝ մուսավաթական կառավարության հետ, բոլշևիկներն իրենց զորքերը մտցնելիս ռազմական դիմադրության չէին հանդիպելու: Բայց նրանք վախենում էին, որ Ադրբեջանի խորհրդայնացման այդ հապճեպ հայտարարությունը կարող էր մուսավաթական առանձին խմբերի կողմից չընկալվել որպես համաձայնեցման հետևանք, և հնարավոր էին համարում, որ խնդիրը չհասկացած խմբերը կարող էին նավթահանքերում խռովություն հրահրել և հրդեհներ առաջացնել: Ուստի օր առաջ անհրաժեշտ էր այնտեղ խնդիրը գտակցող մի փոքր ջոկատ ուղարկել: Այդ ջոկատն ուղարկվում է մեն-միակ զրահագնացքով, որն ուղեկցում էր Ա.Միկոյանը: Նա էլ հենց նկարագրում է իրենց «հաղթական արշավը» հողը մշակող գյուղական բնակչության միջով. «Մեր գնացքը գնում էր կարմիր պաստառով: Գյուղացիները մեզ ողջունում էին բացականչություններով, մենք էլ բացականչում էինք. «Կեցցե Սովետական Ադրբեջանը», «Կեցցե ռուս և ադրբեջանցի ժողովուրդների բարեկամությունը»: Բոլշևիկյան այդ զրահագնացքն, իհարկե, առանց որևէ դիմադրության հասնում է Բաքու: Մուսավաթական Ադրբեջանի 30-հազարանոց զորքից ոչ մի գնդակ չի արձակվում: «Ապրիլի 28-ի գիշերը նրանք բանտերից ազատեցին ձերբակալված բոլշևիկներին և հանձնեցին իշխանությունը»: Այսպես Ադրբեջանի մուսավաթականները մեկ օրում դարձան բոլշևիկներ, և նույն 1920 թ. ապրիլի 28-ին 11-րդ կարմիր բանակը հանգիստ, առանց դիմադրության մտավ Բաքու: Մայիսի մեկին առանց որևէ կռվի Բաքու հասած Կարմիր բանակին մնում էր միայն… գրկախառնվել տոնի առիթով փողոցները լցված աշխատավորների հետ: «Կարմիր բանակը հասավ մինչև մենշևիկյան Վրաստանի ու դաշնակցական Հայաստանի սահմանները» (А.Микоян, Так было, գլուխ 8):
Կովկասյան թուրքերն այլևս դեմ չէին պաշտոնական Մոսկվայի փաստացի իշխանությանը, քանի որ համաձայնությունը կայացել էր օսմանյան թուրքերի՝ ի դեմս Մուստաֆա Քեմալի, հետ, և համաձայնությունը կառուցվել էր կովկասյան թուրքերի պահանջների հաշվառումով՝ Հայաստանի դեմ:

Այնուհետև դեպքերն սկսում են զարգանալ գլխապտույտ արագությամբ: Մոսկվան հայկական հարցում փաստացի ստանձնում է Մուստաֆա Քեմալի կամքի կամակատարի դերը, որը հանգում էր կովկասյան և օսմանյան թուրքերի տարածքային պահանջների պաշտպանությանը: Հաջորդ օրը, ապրիլի 29-ին Ադրբեջանի Հեղկոմը հեռագիր է ուղարկում Հայաստանի կառավարությանը. «Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության բանվորա-գյուղացիական կառավարությունը ի դեմս Հեղափոխական Կոմիտեի պահանջում է. Առաջին) ձեր զորքերից ազատել Ղարաբաղն ու Զանգեզուրը, երկրորդ) վերջ տալ ազգամիջյան կոտորածներին, այլապես ԱԽՍՀ Հեղկոմը ստիպված կլինի պատերազմի մեջ մտնել Հայաստանի Հանրապետության հետ: Ուլտիմատումի վեջնաժամկետը երեք օր է»:

Սա՝ այն դեպքում, երբ արդեն խորհրդային հայտարարված Ադրբեջանում շարունակում էին հայկական կոտորածները: Այս «ուլտիմատումից» քսան օր հետո, մայիսի 20-ին, Խորհրդային Ադրբեջանի ներքին գործերի ժողովրդական կոմիսարին խորհրդային իշխանության լիազոր ներկայացուցիչ Յասին մոլլա Մամեդ Օղլին զեկուցում է, որ Նուխու և Արեշի շրջաններում հայ բնակչության նկատմամբ ջարդերը շարունակվում են, իշխանության ներկայացուցիչները նույն արյունարբու չինովնիկներն են, ովքեր հայ կանանց ու երեխաներին կենդանի վառել են, ստրկության մեջ են պահում գերեվարվածներին և այժմ էլ իրենց տիրապետությունը շարունակում են խորհրդային իշխանության անունից (ՀՀ ԱԱ, Ֆ. 200, Ց. 1, Գ. 250, Թ.12, Վավերացված պատճեն; Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս  1, с. 59):

Խորհրդայնացված Ադրբեջանում ոչ միայն ոչինչ չէր փոխվել, այլև այն իրեն շատ խրախուսված էր զգում «իմպերիալիստ», «շովինիստ», «իմպերիալիստների կամակատար» հայտարարված հայերի նկատմամբ գործողություններում: Հայերի ջարդերի մեջ նոր գաղափարական  մեկնաբանություն էր մտել,- նրանք խանգարում են «արևելքը բոլշևիկացնելու» և «բոլոր ճնշվածներին պաշտպանելու» ռուս-թուրքական ծրագրի իրականացմանը: Ադրբեջանի խորհրդայնանալուց անմիջապես հետո Բաքվում սկսվել են նաև հայերի ձերբակալությունները (ՀՀ ԱԱ. Ֆ. 278,  ց. 1, գ.32,  թ.  40-41, պատճեն: Ձեռագիր,- «Հայերի կոտորածները…»,  էջ 475-476), միաժամանակ հայ բոլշևիկները Բաքվում սարսափելի լուրեր էին տարածում Հայաստանում իշխանությունների կողմից կատարվող վայրագությունների մասին, իբրև «մաուզերիստների կուսակցությունը» Հայաստանում անխնա կոտորում է հայ բանվորներին, գյուղացիներին և նրանց պաշտպան մեծամասնականներին (բոլշևիկներին-Հ.Խ.), որոնց ընտանիքներին բռնաբարում  են ու հալածում»: Ստորագրել են Նանեյշվիլի, Միկոյան՝ Ադրբեյջանի կոմունիստական կուսակցության անունից, Կոստանյան՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության անունից և Ավիսը՝ Ռազմա-հեղափոխական կոմիտեի անունից» ( ՀՀ ԱԱ,  ֆ. 200« ց. 1« գ. 581« թթ. 119 շրջ.-120,- «Հայերի կոտորածները…», էջ 477-479): Այս կարգի տեղեկությունները շատ-շատ են, սահմանափակվենք:
Կարմիր բանակը մտնում է Հայաստան

Մուստաֆա Քեմալին տրված խոստումները պետք էր կատարել, և մայիսի 21-ին Կարմիր բանակը մոտենում է Ղարաբաղին: Իսկ մայիսի 24-ին Օրջոնոկիձեն հեռագրում է Ռուսաստանի Արտաքին ժողկոմի տեղակալ Լ.Կարախանին, Լենինին և Ստալինին, տեղեկացնելով, որ դաշնակցականները չեն համաձայնի, որ թուրքերին ռազմամթերք տանող իրենց զորքերն անցնեն Հայաստանով, և որ չնայած Հայաստանը շատ հեշտ է պայթեցնել, բայց դա կառաջացնի պարենային դժվարություններ: Ուստի, առաջարկում է նա, Հայաստանից «լավ կլինի առայժ գրավել Նախիջևանը, Օրդուբադը և Ջուլֆան»( ГАРФ, Ф.130, Оп.4, Д.496, Лл. 73а-74а. Фотокопия подлинника. Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян,  հատոր 2, մաս 1, էջ 60): Մոսկվայում մայիսի 25-ին բոլշևիկների Քաղբյուրոյի ԿԿ-ն Հայաստանի մասով որոշում է ընդունում «հավանություն տալ Արտաքին գործերի ժողկոմի՝ Արևելքի ժողովուրդների ազատագրական շարժմանն օժանդակելու քաղաքականությանը» (РГАСПИ, Ф.17, Оп.163, Д.69, Лл.1,3 об. Подлинник. Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 61): «Արևելքի ժողովուրդներից» Ադրբեջանն «ազատագրվել» էր, բայց պայմանավորվածության համաձայն դեռևս անհրաժեշտ էր նրան հանձնել Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջևանը, ինչպես նաև պետք էր Անտանտից ազատագրել Թուրքիան, ինչին, ռուս-թուրքական տրամաբանությամբ, խանգարում էր Հայաստանի Հանրապետության առկայությունը: Թուրքերին խոստացված զենք-զինամթերքն ու պարենը Հայաստանի վրայով չէին կարող տանել: Իհարկե Ռուսաստանը Քեմալին կարող էր զենք-զինամթերքը տանել ծովային ճանապարհով, բայց դա ցանկալի չէր: Նախ՝ քեմալականներին զնեք-զինամթերքն ավելի պետք էր Հայաստանը ճնշելու համար և, իհարկե, նրանց ցանկալի էր դրանք ստանալ հենց Հայաստանի սահմանակից տարածքում: Երկրորդ՝ դա «իմպերիալիստական Հայաստանին» հնարավորություն կտար կազմակերպելու Ադրբեջանին խոստացված հայկական տարածքների պաշտպանությունը: Ռուսաստանին հարկավոր էր ելք մտածել Հայաստանի առնվազն հարավային տարածքներում վերահսկողություն սահմանելու: Առիթ էր պետք Հայաստան մտնելու, և հունիսի 4-ին Հայաստանում ստանում են Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմ Գ.Չիչերինի հեռագիրը. «Արժանահավատ տեղեկությունների համաձայն Կարսում և Հայաստանի այլ շրջաններում ձերբակալված են հարյուրավոր կոմունիստներ: Հայաստանի կառավարությունը ինքնադատաստան է տեսնում նրանց հետ և գաղտնի գնդակահարում է կոմունիստներին: Մասնավորապես գնդակահարվել է ընկեր Միկոյանը: Խորհրդային կառավարությունը խիստ վրդովված է…» (Оганесян Э., Век борьбы. Очерк 100-летней истории дашнакской партии и национально-освободительной борьбы армянского народа. Мюнхен-Москва, 1991, էջ 319-320): Եվ «վրդովված» կառավարության հրահանգով Կարմիր բանակը մտնում է Զանգեզուր… Այստեղ նրանց դիմադրում են Նժդեհի զորամիավորումները, «կարմիրները» Զանգեզուրում մեծ հաջողությունների չեն հասնում, բայց նրանց գնդերից մեկը գրավում է Նախիջևանը: Հետագայում Քեմալ Աթաթուրքը պիտի պատմի, որ այդ նույն շրջանում խորհրդային զորքերն անհրաժեշտ աշխատանքներ էին տանում Հայաստանի և Վրաստանի սահմաններում, մինչև օգոստոսի մեկին հնարավոր դարձավ մեր (թուրքերի-Հ.Խ.) զորքերի և կարմիր բանակի միավորումը Նախիջևանում (Кемаль Ататюрк. Избранные речи и выступления. М., 1966, էջ 102, 103): Այդ ընթացքում իրականում ողջ ու առողջ հայ բոլշևիկ «ընկեր Միկոյանը», իր «գնդակահարությամբ» մտահոգ մոսկովյան ընկերներին՝ բոլշևիկյան Կենտրոնական Կոմիտեին Բաքվից, մի շարք այլ կովկասյան բոլշևիկների հետ մեկը մյուսի հետևից հեռագրեր է ուղարկում, բոլորում պահանջելով ամեն ինչ անել Ղարաբաղն ու Զանգեզուրը Ադրբեջանին հանձնելու համար (Телеграмма Н.Нариманова, М.Мдивани, А.Микояна, А.Нуриджаняна Г.Чичерину. 19.06.1920 // Государственный Архив Азербайджанской Республики, ф.28, оп.1, д.211, л.115): 1920 թ. հունիսի 19-ին, երբ Զանգեզուրը զենքի ուժով և փաստացի աշխարհազորով պահում էին Նժդեհն ու Դրոն, իսկ Ղարաբաղը մեկ ամիս առաջ հանձնվել էր բոլշևիկներին, հայ բոլշևիկներ Ա.Միկոյանն ու Ա. Նուրիջանյանը Ն. Նարիմանովի ու Մ. Մդիվանիի հետ հեռագիր են ուղարկում Գ. Չիչերինին՝ կատեգորիկ պահանջելով Ղարաբաղն ու Զանգեզուրը հանձնել Ադրբեջանին:

Ադրբեջանական բոլշևիկյան իշխանություններն իրենց շատ ազատ էին զգում և նրանց բռնի գործողությունները հասնում են այն աստիճանի, որ Ռուսաստանի Արտաքին գործերի ժողկոմ Չիչերինը հունիսի  22-ին ստիպված էր դիմել բոլշևիկյան ԿԿ Քաղբյուրոյին՝ զսպելու «կովկասյան խմբի» բոլշևիկների հակահայկական գործողությունները (РГАСПИ, Ф.50, Оп.2, Д. 314, л.10, Подлинник, Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր  2, մաս 1, с. 72): Խոսքը գնում էր հենց այն խմբի մասին, որի ձեռքին պիտի հետագայում հայտնվեր խորհրդայնացած Հայաստանի իշխանությունը և Կովկասում՝ հայերի ճակատագիրը: Նույն օրը բոլշևիկների կովկասյան բյուրոյի անդամ Գ.Օրջոնիկիձեն հեռագիր է ուղարկում Չիչերինին՝ տեղեկացնելով, որ Կովկասի բոլշևիկները (նկատի ոնենալով Կովկասի հայ բոլշևիկներին) դեմ չեն լինելու Զանգեզուրն ու Ղարաբաղը Ադրբեջանին միացնելու, իսկ այդ միացումը խոշոր հաղթաթուղթ կդառնա Ադրբեջանի կոմունիստների ձեռքին և «ճանապարհ կբացի» քոչվորների համար (РГАСПИ, Ф.64, Оп.1, Д. 17, Лл.66-71, Подлинник, Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր  2, մաս 1, էջ 73):

Սրան հետևում է Ադրբեջանի Հեղկոմի նախագահ Ն.Նարիմանովի հունիսի 27-ի հեռագիրը Չիչերինին, որով Նարիմանովը փաստացի սպառնում է, որ Ղարաբաղի և Զանգեզուրի հարցը Ադրբեջանի օգտին չլուծելու դեպքում ոտքի կկանգնեն «հակահեղափոխական մուսավաթականները» ( РГАСПИ, Ф.2, Оп.1, Д. 14516, Лл.1-2об., Подлинник, Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 75): Եվ կրկին գործի են լծվում «կովկասյան խմբի» հայ բոլշևիկները: 1920թ. հուլիսի 10-ին Միկոյանը ևս մի հեռագիր է ուղարկում, սպառնալով, որ «Ադրբեջանը նախկին սահմաններում (??-Հ.Խ.) պահպանելու անկարողությունը մուսուլմանական զանգվածը կհամարի դավաճանություն, հայամետություն կամ Խորհրդային իշխանության թուլություն: Թե՛ այս, թե՛ այն կարող են դառնալ Խորհրդային իշխանության դեմ լարված ապստամբության պատճառ: Զանգեզուրում և Ղարաբաղում դաշնակցականների մուտքը կընդհատի հեղափոխության զարգացումը Թուրքիայում, կզրկի նրանց մեր օգնությունից և նրանց համար կստեղծի սպառնալի թիկունք» (ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարության արխիվ, գ.56822, թ.36): Այդ նույն ժամանակ թուրքերը կոտորում էին Նախիջևանի հայերին, Զանգեզուրում փաստացի միմյանց կոտորում էին տեղի հայ ու մահմեդական բնակչությունը, և վերջիններիս օգնում էր Կարմիր բանակը, իսկ խորհրդայնացված Ադրբեջանի Ելիզավետպոլի նահանգի Նուխի և Արեշի բազմիցս ջարդերի ենթարված փախստական հայությունը շարունակվող ջարդերից հուսահատ հերթական խնդրագիրն էր ներկայացնում Հայաստանում Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցչին՝ թույլ տալ իրենց Ադրբեջանից Հայաստան գնալ, այլապես «մենք վեջնականապես կկործանվենք… մեր փրկությունը միայն տեղափոխության մեջ է…» (ՀՀԱԱ, Ֆ.278, Ց.1, Գ.35, Թ.47,- «Հայերի կոտորածները…», էջ 484-485):

Ռուսաստանը, օգտվելով Զանգեզուրում Կարմիր բանակի առկայությունից և հայերի շարունակվող կոտորածներից, բանակցում էր Հայաստանի իշխանությունների հետ ժամանակավոր խաղաղության պայմանագրի հարցը՝ պայմանով, որ Հայաստանը չխանգարի քեմալականներին խոստացված օգնությունն իր տարածքով տանելու: Բայց «կովկասյան խմբի» բալշևիկներին անհրաժեշտ էր նախապես ապահովել Ադրբեջանին խոստացված տարածքների միավորումը: 1920 թ. հուլիսի 29-ին Միկոյանը ևս մի հեռագիր է ուղարկում Օրջոնիկիձեին. «Ղարաբաղի և Զանգեզուրի հարցով մենք զայրացած ենք Կենտրոնի քաղաքականությամբ: Դու նույնպես պնդիր Կենտրոնում մեր տեսակետը: Մենք դեմ չենք Հայաստանի հետ խաղաղությանը, բայց ոչ մի դեպքում Ղարաբաղի ու Զանգեզուրի գնով» (Телеграмма А.Микояна Г.Орджоникидзе. 29.06.1920 // РГАСПИ, ф.64, оп.1, д.17, л.134):

Ըստ Ադրբեջանում Հայաստանի ներկայացուցչության՝ ««Ադրբեջանի ներկա քաղաքականության գլխավոր ուշադրությունն ուղղված է ռուս¬հայկական բանակցություններին: Ամենահեռավոր և թույլ հավանականությունը, որ Զանգեզուրը և Ղարաբաղը կարողանա անցնել Հայաստանին, ոտքի է հանել ամբողջ Հեղկոմը և թրքական ակտիվ շրջանները, նաև հայ կոմունիստների մի ստվար մեծամասնություն, որոնք ռմբակոծում են Մոսկվան հատուկ պատվիրակություններով՝ դիվանագետներով և այլն: Այդ հավանականությունն էր,  որ շտապեցրեց Զանգեզուրի գրավումը: Այստեղ զուգադիպում են մի քանի նկատառումներ.  ամենից առաջ համաթրքական ծրագիրն է՝ Տաճկաստանի հետ միանալու համար: Նախիջևանի, Շարուրի և Սուրմալուի վրայով մի կորիդոր ստեղծել դեպի Տաճկաստան. այս ծրագիրը, որ մուսավաթական իշխանության վերջին օրերին կարծես թե բոլորովին լքված էր, այսօր հարություն է առել հսկայական ծավալով և շատ մեծ թափով:
Անշուշտ, Մոսկվայում և սոցիալիստական շրջաններում այդ ծրագրի իրագործումը պատճառաբանվում է անհրաժեշտությամբ՝ ամբողջությամբ միանալու «Կարմիր» Անատոլիայի հետ: Այստեղ օժանդակում է նաև Ռուսաստանի և Տաճկաստանի դաշնը, իսկ գործողությունների համար բարոյական նեցուկ է հանդիսանում հայ կոմունիստների մի բավական ուժեղ հոսանք» («Հայերի կոտորածները…», էջ 479-480):

Հայ բոլշևիկների խիստ զիջումնային պատրաստակամության կամ, գուցե, «սոցիալիզմը լուծելու է բոլոր վիճելի հարցերը» հավատի հենքին Կովկասի նոր բոլշևիկացած թուրքերը դիմում էին բոլոր հնարավոր մեթոդներին՝ հայերի և Հայաստանի հաշվին իրենց տարածքային հարցը լուծելու,- ճնշումներ, ձերբակալություններ, կռիվներ, դավադրություն, կաշառք: Բազմաթիվ օրինակներից հիշենք մեկը:

1920թ. հուլիսի  21-ին, Արդեն խորհրդային հայտարարված Ղարաբաղի Հեղկոմի նախագահ բոլշևիկ Ասադ Կարաևը, Հեղկոմի պաշտոնաթերթիկի վրա  «հույժ գաղտնի» մակագրությամբ նամակ է ուղարկում Գերուսի Հեղկոմին: Մեր տեղեկություններով,- գրում է նա,- «Զանգեզուրի գյուղերի 90 %-ը զինաթափված չէ: Դա ցավալի է: Սակայն ավելի ցավալի է այն, որ մինչև այսօր գլխատված չեն Զանգեզուրի հայության առաջնորդները: Նրանց մտավորականությունն ու զինվորական առաջնորդները մինչև հիմա գյուղերում են: Վաղը, ապստամբության դեպքում, նրանք կդառնան առաջնորդներ և մեր ուժերը դուրս կհանեն Զանգեզուրից: Կրկին ու կրկին ասում եմ՝ ժամանակը չի սպասում: Գիշեր ցերեկ աշխատեք: Ջանացեք ամեն ինչ տեսնել և ձերբակալել հարկավոր հայերին: Աքսորներն ու առևանգումները մեծ բան չեն, ժամանակը կանցնի և նրանք կրկին կվերադառնան իրենց երկիր:  Թողեք մարդասիրությունը: Դրանով երկիր չեք ստեղծի, «երկիր» չեք նվաճի, խաղաղությամբ չեք ապրի: Այստեղի ընկերներն այքնան էլ գոհ չեն Գերուսի Հեղկոմից, ջանացեք վերաընտրել Հեղկոմը, և ընտրել միայն մուսուլմաններին և մեզ հայտնի ռուսներին: Օրերս Գերուս կգա Արմենակ Կարագյոզյանը: Առայժմ չի ստեցել 22 մլն ռուբլին  և ճանապարհ չի ընկել… Նա խոստանում է Զանգեզուրը յոթ օրում միացնել Հայաստանին… Եթե Դուք ուժ չունեք, ապա փող ունեք: Ինչու՞ եք դանդաղում այդ ապստամբած շրջանը նվաճել: Խոսելով ինչ որ Աշդա փաշայի մասին (խոսքը Նժդեհի մասին է): Ո՞ր հային երեք միլիոն ռուբլի չտաս, որ ձեզ չբերի այդ մարդու գլուխը: Եթե փողի կարիք ունեք, հեռագրեք, կուղարկենք:

Հ.Գ. Զինվորներով հարուստ տեղերում, հայերին թուլացնելու նպատակով, սպանեք մի ռուս զինվորի և դրանում մեղադրեք հայերին: Գիտեք, թե ինչ կանեն ռուսները: Զանգեզուրում օրինավոր մարդ ու հարստություն մի թողեք, որպեսզի այդ անիծյալ ցեղը երբևէ չկարողանա ոտքի կանգնել: Ռուսաստանում այդպես են արել, այդպես էլ դուք պիտի անեք» ( РГАСПИ, Ф.64, Оп.1, Д.19, Л.10, Заверенная копия; Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян. Հատոր  2, մաս 1, էջ 103): Այդ ընթացքում քեմալական թուրքերը գրավում են Նախիջևանը, այն հայտարարում խորհրդային և Ռուսաստանին առաջարկում այնտեղ սովետական զորք մտցնել: Բնականաբար Հայաստանի իշխանությունները բազմաթիվ բողոքի նոտաներ են հղում Ռուսաստանին՝ Հայաստանի տարածքները գրավելու և խորհրդային զորքերի խտացումների դեմ: Ղարաբաղի համար պայքարող Դրոն հետ է վերադառնում՝ Նախիջևանի պաշտպանության համար, ինչին անմիջապես հաջորդում է Թուրքիայում հայ ժողովրդի ցեղասպանության հայտնի կազմակերպիչ և այժմ արդեն բոլշևիկյան Ռուսաստանի սրտակից բարեկամ Խալիլ փաշայի բողոքն ու սպառնալիքը Օրջոնոկիձեին այն մասին, որ դա խանգարում է թուրքական և խորհրդային զորքերի միավորմանը և որ Թուրքիան այլևս չի կարող հանդիսատեսի  դերում սպասել մահմեդական բնակչության դեմ ծաղրուծանակին(РГАСПИ, Ф.544, Оп.3, Д.15, Л.8-10, Подлинник; Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян. Հատոր  2, մաս 1, էջ 127):

Ակնհայտ է, որ միացյալ օսմանյան ու կովկասյան թուրքերը շտապում էին դեպքերն արագացնել, որովհետև ընթացքի մեջ էր Սևրի պայմանագիրը (1920 թ. օգոստոսի 10-ին ստորագրված Սևրի պայմանագրով կոնկրետ Անդրկովկասի երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի սահմանները պիտի որոշվեին այս պետությունների ուղղակի բանակցություններով, հակառակ դեպքում դաշնակից պետությունները խնդիրը պետք է լուծեին հատուկ ստեղծվող հանձնաժողովով) և նրանք ուզում էին օր առաջ լուծած լինել Նախիջևանի, Ղարաբաղի և Զանգեզուրի հարցը՝ փաստի առաջ կանգնեցնելով Սևրի պայմանագրի վրա աշխատողներին: Փաստացի մինչ սուլթանական Թուրքիայի ու Անտանտի դաշնակիցների միջև քննարկվում և լուծում էր առաջարկվում ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի հեռանկարի և ցեղասպանության հանցագործների դատապարտելու հարցի շուրջ, ցեղասպանությունը փաստացի շարունակող Մուստաֆա Քեմալի և Վլադիմիր Լենինի միջև քննարկվում էր սոցիալիզմը Թուրքիայի միջոցով արևելք տեղափոխելու պատրանքը՝ Հայաստանը և հայ ժողովրդին զոհաբերելու միջոցով:

Օգոստոսի 10-ին, նույն օրը, երբ Սևրում Թուրքիայի օրինական իշխանության՝ սուլթանական Թուրքիայի կառավարության հետ ստորագրվում էր հայերի համար չափազանց կարևոր Սևրի պայմանագիրը, Հայաստանի Հանրապետության իշխանությունները ստիպված էին Խորհրդային Ռուսաստանի հետ ստորագրել «Ժամակավոր զինադադարի պայմանագիր», որով Զանգեզուրը, Ղարաբաղը և Նախիջևանը հայտարարվում են չեզոք գոտի, որի բնակչության անվտանգությունն ընկնում է Խորհրդային Ռուսաստանի իշխանության վրա՝ մինչև դրանց Հայաստանին կամ Ադրբեջանին պատկանելության հարցը կվճռվի (ՀՀԱԱ, ֆ.200, ց. 1, գ.  581, թ. 262;  Հրատարակված է . Ю.Барсегов, հատոր 2, մաս 1, էջ 125; Հրատարակված է Բանբեր Հայաստանի արխիվների, 1967, թիվ 3, փաստ.17, էջ 46):

Ռուսաստանին դա չափազանց անհրաժեշտ էր՝ այդ տարածքով Նախիջևանում հաստատված քեմալականներին զենք ու մթերք հասցնելու համար: Մինչդեռ քեմալականներն առանց իրենց բարեկամ ռուս բոլշևիկների հանդեպ որևէ պատասխանատվության՝ այնպիսի դաժանությունների էին հասել հայերի նկատմամբ, որ նույնիսկ իրենց սրտակից բարեկամներ ռուս բոլշևիկների կառավարության Արտաքին հարաբերությունների ժողկոմը ստիպված էր բողոքի նոտա ուղարկել թուրքերին: Տարօրինակ է, որ նույն օրը Չիչերինը նամակ է ուղարկում Հայաստանում Ռուսաստանի ներկայացուցիչ Մ.Լեգրանին՝ փորձելով «ներշնչել նրան», որ Հայաստանը խորհրդային Ռուսաստանի բողոքի նոտայի շնորհիվ փրկվել է քեմալականների արշավանքից (АВПР, Ф.04, Оп.51, П. 321 а, Д.54870, Л.18-18об, Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян,  հատոր 2, մաս 1, էջ 127-128) (կարծես թե իրենք չեն քեմալականներին բերել Հայաստան և չեն շարունակում նրանց հովանավորել):

Քեմալականներին Նախիջևանում զսպվելու կոչ անող բոլշևիկների Կարմիր բանակն իրեն ավելի մարդասեր չէր պահում Զանգեզուրում: Հայկական գյուղերի հանդեպ գրոհներ էին իրականացնում թե Զանգեզուրում գտնվող Կարմիր բանակի կողմից խրախուսվող տեղի մահմեդականները, թե Կարմիր բանակի զորամիավորումներն իրենք: Հայ բնակչությունը պատրաստ էր փախչել այդ աքցանից, բայց Նժդեհը նրանց ուղղակի զենքի ուժով ստիպում էր իր հետ միասին կռվել այդ երկու խմբերի դեմ: Կարմիր բանակի վայրագությունները չէին զիջում մահմեդականների իրականացրածներին: Հայաստանի հետ համաձայնագիրը ստորագրելու օրը Չիչերինը ռադիոյով քննարկում է Հայաստանում Ռուսաստանի ներկայացուցիչ Լեգրանի հետ՝ ինչպես պահեն իրենց այժմ, երբ կարմիր բանակի գազանություններից խորապես վրդովված Հայաստանի Հանրապետությունն, իհարկե, չէր թողնի այդ ճանապարհով զինամթերք ու պարեն ուղարկել թուրքերին: Իսկ Կարմիր բանակի գազանություններն իրոք տպավորիչ էին: Չիչերինը հաղորդում է, որ «Խորենի ու Տիգրանյանի (ՀՀ կառավարության ներկայացուցիչներ-Հ.Խ.) սպանություններից զատ թվարկվում են բազմաթիվ հայ կոմիսարներ և այլ պաշտոնատար անձիք, խոսվում է Ղարաբաղում ու Զանգեզուրում գնդացիրներով զանգվածային սպանությունների մասին, մեր զորքերը բազմաթիվ հայկական գյուղեր են ավերել Զանգեզուրում, փրկված գյուղացիության մնացորդները բաց երկնքի տակ են, մեր զորամիավորումները զանգվածաբար գնդակահարել են նույնիսկ տասներկու-տասներեք տարեկան տղաների ու աղջիկների, բնակչությունը հուսահատության է հասցվել, մյուսներին մեր զորքերը քշել են Ադրբեջան, որտեղ շատերը գնդակահարվել են, Բաքվի ներսում էլ եղել են հայերի զանգվածային գնդակահարություններ: Էրիվանի իշխանությունները տեսել են գնդակահարությունների վերաբերյալ ռուսական հրամանները»:

Այս ամենից հետո Չիչերինն ուզում է հասկանալ, թե ինչպե՞ս պիտի իրեն պահի Խորհրդային Ռուսաստանը, եթե թուրքերն իրենք իրենցով, առանց Ռուսաստանի մասնակցության գրավեն հայերի վերահսկողության տակ մնացած Շախտախտին  և Սարիղամիշը (РГАСПИ, Ф.64, Оп.1, Д.21,  Лл.33-34, Копия; Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян. Հատոր  2, մաս 1, էջ 130) և արդյո՞ք իմաստ չունի նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնեն, խախտեն հենց այդ օրը հայերի հետ կնքած զինադադարի համաձայնագիրը և իրենք գրավեն Շախտախտին:

Հիրավի, բոլշևիկյան քաղաքականության անբարոյականության հիմքերը ձևավերվել են հենց ակունքներում և, հավանաբար, մեծ չափով սնվել են թուրքականից: Իսկապես, համաձայնագիրը կնքելուց չորս օր հետո, օգոստոսի 14-ին, թուրքերը Մոսկվայի բանավոր համաձայնությունն են խնդրում Սարիղամիշն ու Շախտախտին Հայաստանից  խլելու(РГАСПИ, Ф.64, Оп.1, Д.25,  Лл.72, Копия; Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян. Հատոր  2, մաս 1, էջ 133-134),  և օգոստոսի  17-ին Չիչերինն առաջարկում է համաձայվել(РГАСПИ, Ф.64, Оп.1, Д.25,  Лл.116, Копия; Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян. Հատոր  2, մաս 1, էջ 138):

Հայաստանի և Ռուսաստանի  իշխանությունների միջև օգոստոսի 10-ին ստորագրված համաձայնագրին չի ենթարկվում Զանգեզուրը օսմանյան և կովկասյան թուրքերի հարձակումներին և Կարմիր բանակի վայրագություններին դիմադրող Նժդեհը և շարունակում է պայքարը:

ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ
Ազգագրագետ