23.3.20

Պատմության լուսավոր էջերի վրա քար չեն նետում


Երբ մարդ փառքի գագաթնակետին է, ի տարբերություն շատերի, ես այդ մարդկանց մասին դիֆիրամբներ չեմ գրում, անգամ շատ սովորական գնահատականներ չեմ շռայլում։ Դա իմ սկզբունքներին դեմ է։ Բայց տարիներ հետո երբ հերոսներին փոխարինում են անտիհերոսները և մկրատները ձեռքներին հայտնվում են մեր երեկվա պատմությունը խմբագրել ցանկացող, մարդկանց վաստակը նսեմացնել ցանկացող կեղծարարներ ու պատեհապաշտներ, ստիպված եմ կանգնել զրպարտության զոհերի կողքին։

Խորհրդային տարիներին մի անմիտ խոսք կար՝ անփոխարինելի մարդիկ չկան։ Այդ կարգախոսով փաստորեն բոլորին հավասարեցնում էին։ Ստացվում է, որ Անդրանիկ զորավարը, Գարեգին Նժդեհը եթե չլինեին, նրանց տեղը մի ուրիշ Անդրանիկ էր ծնվելու, Նժդեհի փոխարեն մի ուրիշ Նժդեհ էր հայտնվելու և Սյունիքը փրկելու։ Բարեբախտաբար թե դժբախտաբար, այդպես չէ, նման բան հնարավոր չէ, այլապես մեր պատմության բոլոր տխուր դրվագներից մենք միշտ հաղթանակած դուրս եկած կլինեինք։ Ամեն անհատ մյուսներից տարբերվում է նրանով, որ անհատականություն է, մյուսների նման չէ, անկախ այդ անհատի գործունեության շրջանակից։

Սամվել Բաբայանի հակառակորդների, նրա վաստակը, նրա ներդրումը նսեմացնել ցանկացողների բերանից հաճախ կարելի է լսել, որ իբր Բաբայանը չլիներ, մի ուրիշի շնորհիվ էինք Արցախը ազատագրելու և պատերազմում հաղթելու։ Ասում են՝ Բաբայանը չի հաղթել թշնամուն, մեր ողջ ժողովուրդն է հաղթել։ Այո, մեր ժողովուրդն է հաղթել թշնամուն, և հաղթել է Սամվել Բաբայանի ռազմական տաղանդի շնորհիվ ու հաղթել է նրա գլխավորությամբ։ Նույնիսկ հնարավոր է, որ դարձյալ հաղթելու էինք, բայց հաղթելու էինք թերևս ավելի մեծ կորուստների, ավելի մեծ զոհողությունների գնով։

Խոսենք փաստերով։ Երբ Սամվել Բաբայանը նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանության ջոկատների հրամանատար, Արցախի տարածքների 48 տոկոսը թշնամու կողմից զավթված է եղել։ Հենց նրա հրամանատարության ժամանակ է ոչ միայն ազատագրվել Արցախը, այլև հայկական պատմական հողերի մի մասը՝ Արցախի տարածքը հասցնելով 12.7 հազար քառ. կմ։ Նրա ռազմական տաղանդի և անկոտրում կամքի շնորհիվ է ինքնապաշտպանության ջոկատների հիման վրա կարճ ժամանակում ստեղծված կանոնավոր բանակը ծնկի բերել բազմապատիկ ուժեղ թշնամուն։

Նրանք, ովքեր երբևէ գործ են ունեցել զենքի հետ, զինված մարդկանց հետ, առավել ևս ծաոթ են զինվորական արվեստին, նրա գրված և չգրված օրենքներին, գիտեն, թե որքան դժվար է զինված մարդուն ղեկավարելը, նրան կառավարելը, հատկապես երբ գործ ունես արդեն մարտական որոշակի կենսագրություն ունեցող, այսպես ասած, դաշտային հրամանատարների հետ, որոնք իրենց մեծ կամ փոքր ջոկատներով թշնամու հետ կռվելու, նրան փախուստի մատնելու, մեծ կամ փոքր մարտերում նրան հաղթելու փորձ ունեն, հավելած այն, որ հայերիս մեջ սովորաբար առնվազն տասից մեկն իրեն գեներալ է համարում կամ երևակայում։ Եվ ահա, այդ կենաց ու մահու պատերազմական տարիներին, երբ հակառակորդն ուներ բազմիցս մեծ մարդկային ու ռազմական, զինվորական տեխնիկայի առավելություն, Սամվել Բաբայանը կարողացել է այդ զինվորական ջոկատներից կուռ, համախմբված բանակ ստեղծել։ Եվ 27-28 ամյա, զինվորական կրթություն չունեցող, բայց ռազմական բնածին տաղանդ ունեցող այդ երիտասարդին Կոմանդույուշչի և գլխավոր որոշում կայացնող էին համարում Մոնթե Մելքոնյանի պես տաղանդավոր անհատները, զորահրամանատարները, Երևանից և մոսկվաներից եկած գեներալները, պրոֆեսիոնալ զինվորականները։ Ու նաև հենց սա է մեր Հաղթանակի ամենամեծ գրավականը, որ գումարվելով այն ժամանակվա մեր Ոգուն և Հավատին (խոսքս բնավ կրոնի մասին չէ), ծանր ու դաժան պատերազմում մեզ Հաղթանակ է բերել։

Այսօր, երբ գրիչներն ու բրիչներն առած, կարողացել են խեղաթյուրել վերջին 30-ամյա մեր անցյալը, Արցախյան շարժումն ու պատերազմական տարիների իրական պատմությունը, երբ հերոսներ են դարձել բազմաթիվ անտիհերոսներ, գլխներին շարժման առաջնորդների լուսապսակ դրել զանազան միջակություններ ու բախտախնդիրներ, իրոք դժվարացել է թացն ու չորն իրարից տարբերելը։ Բայց ինչ էլ լինի, մենք ստիպված ենք առերեսվել մեր իրական պատմությանը՝ բոլոր լուսավոր կամ ոչ լուսավոր, ինչպես նաև մռայլ ու սև էջերով։ Առանց մեր անցյալն իմանալու, առանց մեր սխալներից դասեր քաղելու՝ երիցս դժվար է առաջ շարժվելը։ Դրանում՝ սեփական սխալներից, թերացումներից դասեր չքաղելում մենք, ցավոք, արդեն դարավոր «փորձ» ունենք...

Արցախյան պատերազմում մեր հաղթանակը մեր պատմության ամենավառ էջերից է։ Եթե Սարդարապատի ճակատամարտում մենք թշնամուն կանգնեցրել ենք մեր տան, մեր դռան շեմին, մինչ այդ արդեն կորցրած լինելով մեր պատմական հայրենիքի 70 տոկոսը, ապա Արցախյան պատերազմում թշնամուն ոչ միայն դեն ենք շպրտել մեր հայրենիքի սահմաններից, այլև ազատագրել ենք մեր տարածքի չափ պատմական հայկական հողեր, որոնք այսօր ամրագրված են Արցախի սահմանադրությամբ։ Եվ այս հաղթանակը մենք կռել ենք Սամվել Բաբայանի գլխավորած բանակի շնորհիվ, նրա բնածին ռազմական տաղանդի շնորհիվ։ Երբ պատերազմից տարիներ հետո անարժան, որևէ էական ներդրում չունեցող մարդկանց հերոսի շքանշաններ են բաժանում, իրական հերոսի հասցեին հերյուրանքներ տարածելը երախտամոռություն և ստորություն է։ Այսօր Բաբայանի անվան վրա քար նետողները չեն հասկանում, որ իրենք քար են նետում մեր պատմության ամենալուսավոր էջի վրա։ Կրկնում եմ՝ ամենալուսավոր էջի վրա, որովհետև մեզ համար նա այդ լուսավոր էջի խորհրդանիշներից է, ինչպես Մոնթե Մելքոնյանը, Լեոնիդ Ազգալդյանը, Վլադիմիր Բալայանը...

Սամվել Բաբայանի վաստակը, Արցախյան պատերազմում նրա դերը նսեմացնել ցանկացողներին նաև հիշեցնենք, որ հենց նրա օրոք և ԼՂՀ պաշտպանության նախարար աշխատած տարիներին էին մեր բանակը համարում տարածաշրջանի ամենամարտունակ բանակը։

Պատմության լուսավոր էջերի վրա քար չեն նետում։ Հատկապես երբ մեր բազմադարյա պատմության մեջ այնքան էլ շատ չեն այդ լուսավոր էջերը։ Ես անդրադարձել եմ մի ժամանակահատվածի, որ իրոք մեր պատմության ամենապայծառ էջերից է՝ անկախ նրանից, որ այդ ժամանակահատվածում նաև մութ բծեր են եղել, հերոսականի կողքին եղել են նաև, մեղմ ասած, ոչ հերոսական դրվագներ։ Երևի թե դա անխուսափելի է, ցավոք։ Հատկապես երբ հետագա ժամանակաշրջանը լի է միայն սև, գորշ և մռայլ գույներով։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
Գրող, հրապարակախոս

2.3.20

Լույս և խավար


Վերջին հետանկախական տասնամյակներում երբ մեզանում հավատացյալների կտրուկ աճ է նկատվում և դա բացատրվում է «վերադարձ արմատներին»-ով, մնում եմ տարակուսած։ Ստացվում է, որ մեր ազգի արմատները սկսում են մեր թվարկության 301 թվականից։ Իսկ մինչ այդ մենք անդեմ, անգո, անլեզու ինչ-որ գոյացություններ էինք։ Ստացվում է, որ մեր բազմադարյան, 5-հազարամյա մեր պատմության մասին աղբյուրները սուտ ու կեղծիք են (ի դեպ, ոմանք մեր արմատները նույնիսկ 50 հազար տարվա խորխորատներն են հասցնում)։ Ուրեմն չե՞ն եղել «Ծովից ծով Հայաստանն» ու Տիգրան Մեծը՝ մեր պատմության ամենապայծառ դեմքերից մեկը, որին նվիրված երկու տասնյակից ավելի օպերաներ են գրել եվրոպացի կոմպոզիտորները, այդ թվում՝ Վիվալդին, Հենդելը, Սկարլատին, Գլյուկը, Հասսեն...

«Հավատը նահանջում է, աթեիզմն առաջ է շարժվում, բայց միայն Չինաստանում է բնակչության մեծ մասը համոզված հայտարարում, որ Աստծուն չի հավատում»,- այս տողերով է սկսում WIN/Gallup-ի հարցման արդյունքների հիման վրա գրված «China and Europe stand out on world map of atheism» («Չինաստանն ու Եվրոպան առանձնանում են աթեիզմի համաշխարհային քարտեզի վրա») վերնագրով հոդվածը։

Ըստ հոդվածի, աշխարհի «ամենաանաստված» երկիրը Չինաստանն է, որտեղ բնակչության 67 տոկոսն իրեն համոզված աթեիստ է համարում։ Երկրորդ խոշոր «աթեիստական» երկիրը Ճապոնիան է (29 %), մյուս ասիական պետությունը՝ Հարավային Կորեան (23%)։

Աթեիստների մեծ տոկոսով աշխարհի 20 երկրներից 18-ը գտնվում են Եվրոպայում՝ Սլովենիա (28%), Չեխիա (25%), Ֆրանսիա և Բելգիա (21%), Շվեդիա (18%), Իսլանդիա (17%), Իսպանիա (16%), Գերմանիա և Դանիա (14%), Մեծ Բրիտանիա (11%), Նորվեգիա, Ավստրիա, Էստոնիա (10%), Լատվիա, Իռլանդիա, Պորտուգալիա, Ալբանիա (9%), Իտալիա (8%)։ Նույն «աթեիստական» երկտասնյակում են գտնվում ոչ եվրոպական երկու երկիր՝ Ավստրալիան (13%) և Կանադան (10%)։ Աշխարհի խոշորագույն երկրներից ԱՄՆ-ում և Ռուսաստանում աթեիստները 7 տոկոս են կազմում։

Հայաստանում, այդ հարցման արդյունքներով, աթեիստներն ընդամենը 2 տոկոս են կազմում, Ադրբեջանում՝ 0 տոկոս։

Բայց աթեիստներից բացի կան նաև, այսպես ասած, ոչ կրոնապաշտ, ոչ հավատացյալ մարդիկ, որոնց թվով առաջատար երկրներն են՝ Շվեդիան (55%), Ավստրալիան, Էստոնիան, Նորվեգիան (50%)։ Զարմանալին այն է, որ վերջիններիս անցել են Վիետնամն (57%) ու մեր հարևան Ադրբեջանը (64%). Մեծ Բրիտանիան երկրորդ տեղում է (58%)։
Սակայն վերադառնանք մեր երկիր։ Այս ցուցակում Հայաստանը կրկին վերջին տեղերում է՝ 4 տոկոս։ Ասել է թե՝ Հայաստանը ոչ հավատացյալների տոկոսով 16 անգամ զիջում է Ադրբեջանին։

Ոմանք կդժգոհեն, կամաչեն մեզ վերաբերող այս տվյալներից, ոմանք կհպարտանան՝ «տեսեք որքան ամուր է մեզանում հավատն առ Աստված», երրորդները կկասկածեն հարցման արդյունքների վրա։ Ես առաջին և երրորդ խմբին եմ պատկանում՝ ամաչում եմ և կասկածում գոնե Հայաստանի և Ադրբեջանի մասով արդյունքների վրա։ Թերևս հնարավոր է, որ մանր անճշտություններ լինեն, բայց պատկերն իրոք, մեղմ ասած, հաճելի չէ։

Ես զուգահեռ եմ անցկացնում այսօրվա և խորհրդային Հայաստանի միջև, որ գերազանցապես աթեիստական երկիր էր, ուսումնական ծրագրերում կար նաև «Գիտական աթեիզմ» առարկա, տարեց մարդկանց մի փոքրիկ մասն էր միայն եկեղեցի հաճախում։ Ես այն տարիները համեմատում եմ մերօրյա իրականության հետ, երբ եկեղեցին մուտք է գործել դպրոց և երեխաներին «Հայ եկեղեցու պատմություն» են սովորեցնում, երբ ջահել վանականները բարձր աշխատավարձով հայտնվել են Հայոց բանակում, երբ աջ ու ձախ բիզնեսմեն մեր երևելիները եկեղեցիներ են կառուցում...

Համեմատում եմ ու սարսափում վերջին տասնամյակների մեր պետության համար, որտեղ կոռուպցիան, կաշառակերությունը սողոսկել են հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներն ու ծակուծուկերը, և այսօր մարդիկ երիցս ավելի քիչ են վստահում ու հավատում իրար, երիցս պակասել է ազնվությունը, բարությունը, հարգանքն առ դիմացինը, քան «աթեիստական», «անհավատ» Հայաստանում էր։

Համեմատում եմ և ցավում մեր իրականության լայնասփյուռ գաղջից ու խավարից։ Մինչդեռ տասնամյակներ առաջ որքա՜ն լույս ու հավատ կար մեր ուժերի հանդեպ, իրար նկատմամբ։ Գրողը տանի, բա ասում եք՝ հավատը մեզ ազնվություն, արժանապատիվ ապրել է սովորեցնում է և, ընդհակառակը, սովորեցնում է արհամարհել ամենայն վատը՝ գողությունը, ստորաքարշությունը, խաբեությունը, անազնվությունը, խարդախությունը և այլն։

Ցավում եմ, որ այսօր այնքա՜ն դեֆիցիտ կա ամենայն լավի, գեղեցիկի, ազնվության, բարության։ Խավարն այսօր երիցս շատ է և Լույսի աներևակայելի պակաս կա այսօր, ու սա է ամենամեծ մտահոգությունս։
Տխուր ենք ապրում, պարոնայք։

29.2.20

«Մեր սրտի վարչապե՞տը», թե՞...


Հաճախ եմ մտածում այս մարդու՝ Նիկոլ Փաշինյանի մասին, փորձում հասկանալ նրա «ֆենոմենը»։ Շատերը նրան սուտասան են անվանում, խաբեբա են համարում։ Ոմանց կարծիքով նա, այդ ամենին զուգահեռ, նաև դեմագոգ է։ Նրա նախկին ելույթներից են մեջբերումներ անում, որոնք տեղադրված են համացանցում, հատկապես Յութուբում։ Նրա այն ելույթն են մեջբերում, երբ Ազգային ժողովի ամբիոնից խոսելով Հայաստանում ծառայողական ավտոմեքենաների առատության մասին, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բերել է Դանիայի օրինակը, որտեղ ծառայողական մեքենա ունի միայն խորհրդարանի խոսնակը:

«1072 ծառայողական մեքենաների մեջ չեն մտնում ախրանայի ավտոմեքենաները, պաշտպանության նախարարության, ոստիկանության, ԴԱՀԿ-ի, հարկային ծառայության, Կենտրոնական բանկի, քաղաքապետարանի, գյուղապետարանների ավտոմեքենաների թիվը: Եթե այս թիվն էլ գումարենք, ապա մենք ՀՀ-ում ծառայողական ավտոմեքենաների թվով գերազանցում ենք ԱՄՆ-ին, Չինաստանին, Ռուսաստանին ու Հնդկաստանին»,- ասել է Փաշինյանը:

Արցախի հարցում ԼՏՊ-ական զիջումների ոգով նրա ելույթներն են մեջբերում և զարմանում, որ ծառայողական ավտոմեքենաների շռայլությունը քննադատող, կուտակայինի, արագաչափերի դեմ հանդես եկող Փաշինյանն այսօր, ընդհակառակը, իր համար նախկին մեկի փոխարեն երկու թանկարժեք ծառայողական ավտոմեքենա է ձեռքբերել, միլիոնների հասնող գումար վատնելով Հայաստանի աղքատիկ պետբյուջեից, իր նոր «իշխանական» կացարանն է վերանորոգել և այլն։

Նրան ձեռքերի վրա իշխանության բերած ժողովրդի բանական մասը զարմանում է, թե ինչպես այդ մարդը իր նախկին խոստումների, արտահայտած մտքերի լրիվ հակառակն է անում։ Իսկապե՞ս նա տարիներ առաջ դիտմամբ է նման պոպուլիստական ելույթներ ունեցել, որպեսզի ամեն գնով իշխանության գա և ինքը դառնա Հայաստանի տիրակալը։
Ես երկար եմ մտածել այդ մասին։ Այո, նա սուտասան ու խաբեբա է, դեմագոգ է, վախկոտ է, ինչպես իմ նախկին հոդվածում եմ նշել, և այդ նույնը նրա նախկին կուսակիցներն են ասում։ Իրոք նա նաև ընչաքաղց է, եսասեր, աներևակայելի փառասեր, բայց ես չեմ կարծում, թե նա հատուկ է քննադատել ծառայողական ավտոմեքենաների՝ պադավատի առատությունը, հանդես եկել կուտակայինի ընդունման դեմ կամ ինքն իր ձեռքով փակել արագաչափերը, որպեսզի իշխանության գա։

Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն իր ողջ կյանքում սկզբունքներ, նախապես մշակված հաստատուն ծրագրեր չի ունեցել երբեք։ Նա միշտ վարվել է պահի ազդեցության տակ։ Այդ պահին պետք էր քննադատել իշխանություններին, և նա քննադատել է ոնց կարողացել է, ինչ փաստեր կարողացել է ձեռք բերել՝լինի «պադավատիզմ», թե՞ ժողովրդի գրպանները թափ տվող արագաչափեր ու կարմիր գիծ, Սերժիկի սահմանադրությո՞ւն, թե՞ թալանչի Լֆիկ Սամո, ընտրություններ կեղծող Մուկուչյա՞ն, թե՞ կուտակային։ Հիմա, երբ նա իշխանություն է, երկրի փաստացի ղեկավար է, արդեն այլ աչքերով է նայում աշխարհին։ Հիմա արդեն նրան արագաչափերը պետք են, կուտակայինը պիտի ընդուներ, որպեսզի մի կերպ լցներ պետբյուջեն, հատկապես երբ խոստացած ներդրումների առատ հոսքը չկա, «թռիչքային զարգացման» ոչ մի նախադրյալ չկա։

Եվ նա պահի թելադրանքով անում է այն, ինչ հիմա իրեն անհրաժեշտ է, ինչ անձամբ պետք է իրեն՝ աթոռը պահելու և խանավարի ապրելակերպը շարունակելու համար։ Նա թքած ունի, թե մի քանի տարի առաջ կամ երեկ ինչ է ասել, թքած ունի, թե նախկինում ինչ խոստումներ էր տվել։ Այս պահին այսպես է պետք իրեն, այդպես է անում։ Վաղը լրիվ հակառակը կանի, եթե իրեն այդպես ձեռնտու լինի։

Նիկոլ Փաշինյանին երևի ոչ ոք այնպես ճշմարիտ ու իրական չի ներկայացրել, որքան նրա նախկին կուսակցական ընկերը՝ Լիզա Ճաղարյանը, որը հիմա պաշտպանում է նրան, պատճառաբանելով, թե դա անում է, որպեսզի կրկին նախկին ռեժիմը, Քոչարյանը չգա։
Երեք տարի առաջ Փաշինյանի մասին տեսեք ինչ էր գրել Լիզա Ճաղարյանը. «Քիչ թե շատ հիշողություն ունեցողները, նրա անցած ճանապարհին հետևողները գիտեն վաղուց՝ ոչ ոք չի կարող ոտք մեկնել իր իսկ հայտնած տեսակետները գլխիվայր շրջելու, սևով սպիտակի վրա գրած իր իսկ տեսակետները հերքելու, իր իսկ անցած ճանապարհը թքոտելու, աջուձախ աղբ թափելու, որտեղ ոտք դնի՝ այնտեղ պառակտման ցեցը գցելու այս պարոնի «տաղանդի» հետ... Նիկոլին ճանաչողները հրաշալի ծանոթ են նրա բռնակալական հակումներին (խորհուրդ չեմ տալիս հակադրվել, որովհետև ավելի տհաճ բաներ կլսեք ինձանից. իսկ ես բազմաթիվ թերություններ ունեմ, բայց, ի տարբերություն Նիկոլի՝ սուտ չեմ խոսում), և որ նրա ժամանակ առ ժամանակ ժողովրդավար երևալու ջանքերն ընդամենը տվյալ պահին հույժ անհրաժեշտ միջոցներ են՝ միամիտներից ձայն փախցնելու համար։ Մեղքն իրենց վիզը. երբ որ մի օր գլուխներն ապշահար կբռնեն ու կասեն. «Աստվա՜ծ իմ, էս մարդն ախր ոչ մի սրբություն չունի», ի՛նքս այդ մարդկանց չեմ ցավակցի, որովհետև պարտադիր չէ, որ ստորությունն անձամբ ձեր նկատմամբ աներ, որ հասկանայիք՝ այո՛, էս մարդը սրբություն չունի ու տրորելով կանցնի հարյուրավոր գլուխների վրայով, միայն թե ինքը հնարավորություն ունենա ամբիոնի մոտ կանգնելու ու սեփական անփոխարինելիությունը բղավոցներով «հաստատելու»...»
(նյութի աղբյուրը՝ ilur.am, 24 մարտի, 2017 թիվ)։

Այսօր այս մարդը, զոմբիների և ֆեյքերի ասած՝ «մեր սրտի վարչապետն» է Հայաստանը ղեկավարում։ Երեկ դատական համակարգի գործերին չխառնվելու մասին խոսողը ժողովրդի վզին հանրաքվե է փաթաթում, միլիոններ է վատնում հարկատուների գրպաններից գոյացած պետական բյուջեից, որովհետև ողջ երկիրն իր բռան մեջ պահելու նրա բռնապետական մոլուցքին այսօր կարող է խոչընդոտել միայն Հրայր Թովմասյանը, որը չցանկացավ կաշառվել «թավշյա հեղափոխականի» խոստացած ցմահ բարձր թոշակով։

Արտակ Սարոյան

Հ.Գ. - Սա իմ տղայի նոր հոդվածն է։ 
Ինչպես էն անգամ, հիմա էլ չի ուզում թերթերի 
ուղարկել, ասում է՝ մասնագիտությամբ ես ոչ 
լրագրող եմ, ոչ վերլուծաբան... Էս անգամ էլ 
համոզեցի, թույլ տվեց դնեմ իմ էջումը։
Հարություն Սարոյանի ՖԲ էջից

27.2.20

«Բաբայան-Մայիլյան դաշինքը էապես փոխել է ուժերի հարաբերակցությունը Արցախում կայանալիք ընտրություններում»


Հարցազրույց արցախցի գրող, հրապարակախոս Վարդգես Օվյանի հետ 

– Արցախում երեկվանից՝ փետրվարի 26-ին, պաշտոնապես մեկնարկեց մարտի 31-ին կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Ենթադրվում է, որ սուր պայքար է ծավալվելու թեկնածուների միջեւ։ Ողջամիտ դիտորդների գնահատմամբ, վաղուց Արցախում նման պայքար չի եղել։ Ո՞րն է պատճառը։ 

– Այո, այս անգամ իրոք Արցախում շիկացած է քաղաքական մթնոլորտը։ Իսկապես սուր պայքար է սպասվում։ Դա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ Արցախը կրկին գործոն դառնալու հավակնություններ ունի։ Գաղտնիք չէ, որ մինչ այդ մեզ մոտ կայանալիք ընտրություններում վճռորոշ դերակատարություն ուներ պաշտոնական Երեւանը։ Բաղրամյան 26-ում էր որոշվում, թե ով պիտի լինի Արցախի նախագահը, վարչապետը, եթե ոչ բոլոր նախարարները, ապա առնվազն նրանց ստվար մասը։ Սակայն այս անգամ պաշտոնական Երեւանի կարծիքը չի կարող էական նշանակություն ունենալ մարտի 31-ին կայանալիք ընտրություններում։

– Իսկ ո՞րն է դրա պատճառը. Հայաստանի իշխանությունները չե՞ն կարողանում, թե՞ չեն ուզում միջամտել Արցախի նախագահական ու խորհրդարանական ընտրություններին։ 

– Կարծում եմ՝ եւ ժամանակներն են փոխվել, եւ իրավիճակ է փոխվել։ Հայաստանում «թավշյա» իշխանափոխությունից հետո թե Հայաստանում, թե Արցախի հատկապես ընդդիմադիր դաշտում սպասում էին, որ հայաստանյան փոփոխությունների ալիքը կհասնի նաեւ Արցախ։ Սակայն այդպես չեղավ։ Ի զարմանս տեղի ոչ իշխանամետ ուժերի, Նիկոլ Փաշինյանը հենց առաջին օրերին Երեւանում ու Ստեփանակերտում փաստորեն հայտարարեց, որ սատարում է Արցախի իշխանություններին։ Քանի որ վերջիններս սովոր էին ինստրուկտաժ ու հրահանգներ ստանալ Երեւանից, շփոթության էին մատնվել ու չգիտեին ինչ անել։ Առիթը բաց չթողեցին նրանց նախկին երեւանյան տերերն ու վերջիններիս սատրապները, եւ աստիճանաբար տեղի իշխանական ճամբարում ձեւավորվեցին այլ տրամադրություններ, անգամ՝ որոշ չափով հակահայաստանյան։ «Հակահայաստանյանի» առումով դա, իհարկե, վատ է եւ, բարեբախտաբար, նման տրամադրություններն աննշան տոկոս են կազմում մեզ մոտ։ Մյուս կողմից, դրական առումով՝ Արցախի քաղաքական դաշտն ազատվեց Բաղրամյան 26-ից նախկին վասալական կախումից։ Բայց սա այլ թեմա է։

– Պարոն Օվյան, չնայած քարոզարշավի պաշտոնական մեկնարկը նոր է տրվել, բայց նկատելի է, որ այն շատ ավելի վաղ էր սկսվել՝ դեռեւս անցյալ տարվանից։ Ձեր կարծիքով, պատճառը ո՞րն է: 

– Այո, այդպես է։ Ես խոսքս սկսելիս ակնարկեցի Արցախի՝ գործոն դառնալու մի պատճառի մասին։ Բայց կա նաեւ երկրորդ պատճառը։ Դա Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի կողմից անցյալ տարի արված հայտարարությունն էր առ այն, որ ինքը պատրաստվում է մասնակցելու տեղի նախագահական ընտրություններին։ Նրա այդ հայտարարությունը, շրջանառվող լուրերի համաձայն, տեղի իշխանական վերնախավին զգացնել տվեց, որ լուրջ վտանգ է սպառնում իրենց վերարտադրությանը։ Մինչ Սամվել Բաբայանը շրջաններում հանդիպումներ էր ունենում եւ ստորագրություններ հավաքում՝ Արցախի սահմանադրության համապատասխան հոդվածը փոփոխելու համար, որպեսզի իշխանությունները չխոչընդոտեն իր մասնակցությանը, իշխանական որոշ ուժեր անմիջապես իրենք եւս հայտարարեցին նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին եւ փաստորեն սկսեցին քարոզարշավը…

– Այսինքն՝ Արցախի քաղաքական կյանք վերադառնալու Սամվել Բաբայանի որոշումը համախմբեց իշխանական բոլոր ուժերին եւ իշխանության համար պայքարն ավելի՞ թեժացավ։ 

– Այո։ Արդեն ակնհայտ էր, որ, այսպես ասած, բարիկադի մի կողմում Սամվել Բաբայանն է, մյուս կողմում՝ իշխանական ուժերը։ Բայց, անկեղծ ասած, չեմ կարծում, որ սա իշխանության համար սովորական պայքար է։ Առնվազն վերջին քսան տարում Արցախում ազգային հարստությունը բեւեռացվել է մի կողմում, նախկին ԼՂԻՄ-ի տարածքի չափ հողեր ազատագրած եւ պատերազմում հաղթած երկիրը սոցիալական եւ բազում այլ լուրջ խնդիրներ ունի, միաժամանակ ահռելի հարստության տեր են դարձել մի խումբ մարդիկ, որոնք կամ բարձր պաշտոնյաներ են եղել կամ վայելում են ներկայիս իշխանությունների հովանավորությունը։ Եվ արդեն պայքարը միայն իշխանության համար չէ, այլ անօրեն զավթածը պահելու, տարիներով կուտակածից չզրկվելու համար։ Ի դեմս Սամվել Բաբայանի, նրանք լուրջ հակառակորդի են տեսնում եւ հասկանում են, որ ժողովրդի մի ստվար մաս կանգնել է Բաբայանի թիկունքում, որովհետեւ արդեն հոգնել, զզվել է վերջին 20-ամյա լծից, երբ ոչ միայն իրենց են հարստահարում, այլեւ երկրի ընդերքն են հոշոտում, հողը, ջուրն են ծառայեցնում բացառապես իրենց անձնական կարիքներին ու նպատակներին…

– Հիմա է՞լ այդ վիճակն է, երբ Արցախի նախագահ դառնալու հայտ են ներկայացրել 14 թեկնածուներ, իսկ Բաբայանին թույլ չեն տվել առաջադրվելու նախագահի թեկնածու։ 

– Գրեթե նույն վիճակն է։ Չնայած նրան թույլ չեն տվել առաջադրվելու նախագահի թեկնածու, Սամվել Բաբայանը կայանալիք ընտրություններին պատրաստվում է մասնակցելու իր ստեղծած եւ գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցությամբ։ Իսկ այդ կուսակցության կողմից վերջերս արված այն հայտարարությունը, որ ընտրություններում սատարելու է նախագահի թեկնածու, Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանին, սառը ցնցուղի ազդեցություն է ունեցել իշխանական ճամբարում։ Մինչ այդ, ապագա նախագահի ֆավորիտ համարվող Արայիկ Հարությունյանի շանսերը դրանով լրջորեն նվազել են, փոխարենը մեծացել են Մասիս Մայիլյանի շանսերը։ Զգալիորեն մեծացել է նաեւ «Միասնական հայրենիքի» ռեյտինգը։ Բաբայան-Մայիլյան դաշինքը էապես փոխել է ուժերի հարաբերակցությունը Արցախում կայանալիք ընտրություններում, փոխել է արցախցիների մի զգալի մասի վերաբերմունքը, եւ դեռեւս չկողմնորոշված շատերի սրտով էր դա։

– Իսկ մյուս թեկնածուների եւ քաղաքական ուժերի մասին ի՞նչ կասեք։ 

– Նրանցից շատերն իմ ընկերներից են, գրեթե բոլորին անձնապես ծանոթ եմ։ Թող ինձ ներեն նրանք, բայց, իմ կարծիքով, հիմնական մրցակցությունը ակնարկածս անձանց եւ նրանց սատարող քաղաքական ուժերի միջեւ է լինելու։ Նաեւ ենթադրում եմ, որ քարոզարշավի վերջում մի մասը դուրս են գալու պայքարից եւ հայտարարեն, որ իրենց կողմնակիցներին առաջարկում են քվեարկել վերոհիշյալ երկու հիմնական թեկնածուներից մեկի եւ նրանց գլխավորած կամ սատարող քաղաքական ուժերի օգտին։

– Հայտնի է, որ նախագահի թեկնածուների մեջ են անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը, ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Սերգեյ Ամիրյանը: Ինչպիսի՞ն են նրանց շանսերը։ 

– Բացի նշածս թեկնածուներից, կարծում եմ, մրցակիցների եռյակում է միայն Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Ի դեպ, կան թեկնածուներ, որոնք համացանցում, հատկապես սոցիալական ցանցում զգալի կողմնակիցներ ունեն։ Նրանք թերեւս դա լուրջ կռվան են համարում։ Բայց իրականում այդ վիրտուալ կողմնակիցների զգալի մասը Հայաստանում են եւ արտերկրում։ Կրկին հիշեցնեմ, որ սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։

– Պարոն Օվյան, Դուք երբեք որեւէ կուսակցության անդամ չեք եղել։ Իրավիճակ է փոխվել, չե՞ք մտափոխվել: 

– Ես երբեւէ նման ցանկություն չեմ ունեցել, որովհետեւ ինձ համար, ազատ մտածող եւ ստեղծագործող մարդու համար կուսակցական շրջանակը չափից դուրս նեղ է։ Ես կուսակցական եւ այլ «ռամկաների» մեջ տեղավորվողներից չեմ։ Ավելին, եղել եւ մնում եմ այն կարծիքին, որ գրողը, արվեստագետը, մտավորականը միշտ պիտի ժողովրդի հետ լինի։ Եթե նա կանգնի իշխանությունների կողքին, ապա դադարելու է գրող, արվեստագետ, մտավորական լինելուց եւ դառնալու է պալատական աշուղ։

Հարցազրույցը՝ Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ 
«Առավոտ» օրաթերթ 
27.02.2020

25.12.19

Երեք տասնամյակ է, երկրում ոչ ոք չի զբաղվում իր գործով


Շուշին ազատագրված էր։ Լաչինի միջանցքն ու մերձակա շրջանները՝ նույնպես։ Արցախը վերջապես դուրս էր եկել շրջափակումից և միացել Հայաստանի Հանրապետությանը, բայց պատերազմը դեռ չէր ավարտվել...

Այն տարիներին Արցախի Մայր թատրոնի տնօրեն, ժողովրդական արտիստ Զինավոր Գևորգյանն ու Քաջիկ Հարությունյանը մի օր ինձ փողոցում հանդիպելով, ուրախ բացականչեցին՝ ի՞նչ լավ է, որ հանդիպեցինք քեզ, կարևոր զրույց ունենք հետդ։ Կարևոր զրույցն այն էր, որ ինձ առաջարկում էին թատրոնի 60-ամյակի կապակցությամբ
պիես գրել։ Ասացի՝ ախր ես երբևէ պիես գրած չկամ, պատասխանեցին՝ «Թատրոնի 50-ամյակին հայրիկդ «Թատրոն՝ թատրոնում» վերնագրով հրաշալի մի պիես էր գրել, որով փառահեղ նշեցինք կեսդարյա հոբելյանը... Համոզված ենք, որ այդ նույն ոգով դու էլ ժամանակակից, թեթև հումորով մի պիես կգրես, որովհետև Վազգեն Օվյանի որդին ես...»։

Մի խոսքով, ինձ այնպես երկինք հանեցին, որ ստիպված եղա ասել՝ կմտածեմ...
1993-ի ապրիլ-մայիսին, երկու ամսում, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի պատվերով, նույն թատրոնի 60-ամյա հոբելյանի առթիվ գրեցի պիեսը (թատրոնի 60-ամյակը մի տարի առաջ էր, բայց քանի որ ծանր ժամանակներ էին, որոշեցին հոբելյանը 1993-ին տոնել): Պիեսում հանդես են գալիս վերոհիշյալ թատրոնի դերասանները՝ իրենց խաղացած, իրենց սիրած կամ չսիրած դերերում։ Հանդես են գալիս ոչ միայն գրական հերոսներ՝ տարբեր պիեսներից, այլև շարքային արցախցիներից մինչև իրական անձնավորություններ՝ քաղաքական տարբեր տրամաչափի գործիչներ, ինչպիսիք են ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Գորբաչովը, նրանից ոչ պակաս սրիկա, գեներալ Սաֆոնովը և այլք։

Պիեսն արժանացավ թատրոնի կոլեկտիվի հավանությանը: Մնում էր ամենահեշտը՝ պիեսն ընդունել, և ամենադժվարը՝ այն բեմադրել: Սակայն այլ տարբերակ ընտրվեց. վերևից հրավիրված գեղխորհրդի անդամ մի տիկնոջ ջանքերով որոշվեց «ավելի արժանիորեն» տոնել թատրոնի հոբելյանը: Դերասաններին քաղցր խորհուրդներ տվեցին... իսկ հոբելյանն այդպես էլ չտոնեցին:
10 տարի հետո լրացավ թատրոնի 70-ամյակը: Կրկին հիշեցին սույն պիեսը, սակայն, այս անգամ էլ պարզվեց, որ «թատրոնում դերասան չի մնացել»...

Արցախյան շարժման օրերից, պատերազմական տարիներից սկսած հրապարակախոսական բազմաթիվ հոդվածներ եմ գրել, առավելապես՝ քաղաքական թեմաներով։ Մտածում էի՝ այս ծանր ժամանակներում, երկիրը վտանգված, մեր երկրի ու ժողովրդի լինել-չլինելության ժամանակաշրջանում ի՞նչ պատմվածք ու նովելի ժամանակ է, երբ այն, ինչ պիտի ասեմ գեղարվեստական լեզվով, կարող եմ ասել պարզ ու կոնկրետ հոդվածներով՝ առանց այլաբանություն-փոխաբերության։ Նաև հայտնի խոսք կա, չէ՞. «Երբ որոտում են հրանոթները, մուսաները լռում են»։ Հետո էլ հայտնվեցի ՖԲ-ում և առավել շատ քաղաքական գրառումներ էի անում՝ երբեմն լուրջ, հաճախ կատակով, բայց միշտ ցավով և երազելով այնպիսի ժամանակներ, երբ յուրաքանչյուրը կզբաղվի իր սիրած գործով...

Այսօր Արցախի հեռուստատեսությամբ լսեցի, որ քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը Արցախի բարբառով կատակերգություն է գրել, որն արդեն արցախյան թատրոնի բեմ է բարձրացել։ Եթե ես քաղաքական ճահիճ եմ խրվել, քաղաքական հոդվածներ եմ գրում և քաղաքական գրառումներ անում, ինչո՞ւ քաղաքագետն էլ պիես չպիտի գրի։

Գրողը տանի, բայց այնուամենայնիվ, ինչպես մեծն Սարոյանի հերոսը կասեր՝ «Ինչ-որ տեղ, ինչ-որ բան սխալ է»... Եվ ես կրկին երազում եմ այն օրը, երբ յուրաքանչյուրը կզբաղվի իր սիրած գործով։ Մինչդեռ արդեն երեք տասնամյակ է, երկրում ոչ ոք չի զբաղվում իր գործով։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
15.10.2019

Հեղինակի ֆեյսբուքյան էջից

15.11.19

Արցախը ստիպված էր անկախություն հռչակել

կամ՝ փոխադարձ անվստահության հիմնական պատճառները

Արդեն մի քանի անգամ տարբեր առիթներով ասել եմ, գրել եմ, որ վերջին այս 30 տարում ոչ արցախցիներս կարողացանք ճանաչել ՀՀ քաղաքացիներին (չեմ ասում հայաստանցիներին, Արցախն էլ է Հայաստան), ոչ էլ վերջիններս ճանաչեցին արցախցիներին։

Որոշ քաղաքական գործիչների և քաղաքական գործիքների պարբերաբար կրկնվող հիմար հայտարարություններ շարունակում են խորացրել անջրպետը նույն ազգի, նույն ժողովրդի երկու հատվածների միջև։ Այսօր տարօրինակ ու անհասկանալի է թվում արցախցիների մի որոշ հատվածի, այսպես ասած, «անկախասիրությունը»։ Բայց դա և իրար չհասկանալն ու փոխադարձ անվստահությունն իրենց պատճառներն ունեն։
Փորձեմ ներկայացնել ըստ իս ամենահիմնական պատճառները։

Երբ պետականությունը կորցրած Հայաստանը բաժանվել էր Օսմանյան կայսրության և Պարսկաստանի միջև, հատկապես 16-18-րդ դարերում Արցախը որոշ չափով շարունակում էր պահպանել իր անկախությունը։ Արցախում և Սյունիքի մի հատվածում իշխում էին հայ մելիքները։ Խամսայի մելիքություններն այդ ժամանակաշրջանում այնքան հզոր էին, որ գլխավորում էին հայ ազգային ազատագրական շարժումն ընդդեմ պարսկական և թուրքական բռնակալությունների։

Արցախի Դիզակ գավառի տիրակալ, Խամսայի մելիքությունների ընդհանուր կառավարիչ, Մելիք-Եգանյաններ տոհմի հիմնադիր մելիք Եգանի ընդունարանի շքամուտքի մոտ ՌՃՁԶ թվականի (այսինքն՝ 1737 թ.) գրություն կա, որտեղ այսպիսի տողեր կան. «...երբ երկիրը խառնակության մատնվեց, շահ Սուլթան-Հուսեյնի որդի շահ Թահմասպ թագավորին որոշ ծառայություն մատուցեցի, և նա բերեց սրանց [վրա] ինձ մելիքություն տվեց: Այնուհետև օսմանցին եկավ և [երկիրը] նրա ձեռքից վերցրեց: Սրան էլ այս չափ ծառայություն ցույց տվի, որ երբ բերին Դիզակ, ես չթողեցի, որ Հայաստանս գերի դառնա...»։

Ուշադրություն դարձրեք, Մելիք Եգանն իր երկիրն անվանում է Հայաստան («...ես չթողեցի, որ Հայաստանս գերի դառնա»)։ Իսկ Մելիք Եգանի ղեկավարած Խամսայի մելիքության այդ տարածքը համընկնում է ներկայիս Արցախի Հանրապետության տարածքի հետ։

Խամսայի մելիքությունների ժամանակահատվածը արցախցիների համար անկախ կամ համեմատաբար անկախ ապրելու եզակի ժամանակաշրջան չէ։ 1923 թ. ինքնավար մարզի կարգավիճակով բռնակցվելով նոր ստեղծված «Ադրբեջան» հանրապետությանը, ինքնավար մարզի կարգավիճակով Արցախը փաստորեն համեմատաբար անկախ էր՝ ի տարբերություն Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող բազմաթիվ այլ հայկական բնակավայրերի։ Արցախում պետական դրամատիկական թատրոն ունեինք, տեղական մարզային ռադիոն ամենօրյա հաղորդումներ էր եթեր արձակում՝ անգամ հայրենասիրական երգերով։ Բացառությամբ Ստեփանակերտում գտնվող ադրբեջանական մեկ դպրոցի և երկու ռուսական դպրոցների, ինչպես նաև Շուշիի ադրբեջանական դպրոցների և Հադրութի ռուսական դպրոցի, Ստեփանակերտի 8 միջնակարգ դպրոցները և շրջկենտրոնների և գյուղական բնակավայրերի հարյուրավոր բոլոր դպրոցները հայկական էին։

Իհարկե, Ադրբեջանն ամեն կերպ հնարավոր բոլոր միջոցներով փորձում էր Արցախում օգտագործել Նախիջևանի Հանրապետությունում կիրառած մեթոդները, ամեն ձև ու հնարավորություն, որպեսզի Արցախը հայաթափի։ Բայց, ի տարբերություն Նախիջևանի, որ Ադրբեջանի հետ ընդհանուր սահման չուներ, բաժանված էր Հայակական ԽՍՀ-ով, Արցախը չորս կողմից գտնվելով ադրբեջանական-թշնամական շրջապատման մեջ, շարունակում էր ապրել հայեցի կյանքով...

Հիմա փոխադարձ անվստահության մասին։ Շատ հեռուները չգնանք, ընդամենը երկու թարմ օրինակ։
Կարդացեք Լեոյի և ժամանակակիցների հուշերը՝ 20-րդ դարասկզբի մեր ծանր ու ողբերգություններով լի ժամանակաշրջանի մասին։
Շուշիի կոտորածից առաջ Շուշիում կայացել է Ղարաբաղի հայերի 4-րդ ազգային համագումարը։ Ընդունած նամակ-հեռագրում ասվում է, որ «Արարատյան հանրապետությունը մինչ այժմ հանցավոր ու դատապարտելի անտարբերություն է ցուցաբերել Ղարաբաղի նկատմամբ, որը հայկական մարզերից մեկն է և որի բնակչության 90 տոկոսը հայեր են...

Ադրբեջանը զորքերի տեղաշարժ է կատարում, ագրեսիվ քայլեր է անում, իսկ Հայաստանի Հանրապետությունը կատարյալ լռություն է պահպանում: Անգլիական հրամանատարությունը կապել է մեր ոտնուձեռը,- ասվում է նամակում,- և մենք չենք կարող ազդել Ադրբեջանի վրա, քանի որ օրինականության գերին ենք դարձել»:
Նամակն ավարտվում է այսպես. «Քանի դեռ ուշ չէ` Հայաստանի Հանրապետությունը պետք է լուրջ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի առաջխաղացումը կանգնեցնելու համար: Եթե ՀՀ-ն այսուհետ ևս լռություն պահպանի, ապա Ղարաբաղի հայերը դա որակելու են որպես դավաճանական քայլ` ուղղված Ղարաբաղ հայության դեմ»։

20-րդ դարասկզբի Շուշիի կոտորած, ջարդեր, տեղահանություններ (Բաքվի ջարդերի մասին չենք խոսում, Բաքուն շատ հեռու էր Հայաստանից), հետո Արցախ-Ղարաբաղի բռնակցում Ադրբեջանին։

Եկավ 1988-ը՝ նոր հույսերով, մեծ հավատով, բայց նորից մեզանում ավանդույթ դարձած՝ կրկնվող սխալներով։ Ի վերջո Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը 1989 թ. դեկտեմբերի 1-ին որոշում կայացրին Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։ Հայաստանը մեծ դժվարությամբ տվեց իր համաձայնոթյունը։ Իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո փաստորեն մի կողմ շպրտվեց այդ որոշումը, և Հայաստանն անկախություն հռչակեց Հայկական ԽՍՀ սահմաններով։ Անկախություն հռչակելուց առաջ և հետո արցախցիները բազմաթիվ անգամ փորձեցին Հայաստանի իշխանություններին համոզել տեր կանգնել 1989 թ. որոշմանը։ Սակայն՝ ապարդյուն։ Պատահական չէ, որ Արցախում անկախության հանրաքվեն անցկացվեց անկախություն հռչակելուց ամիսներ հետո՝ դեկտեմբերի 10-ին։ Իսկ խորհրդարանական ընտրություններն Արցախում տեղի ունեցան շատ ավելի ուշ՝ անկախություն հռչակելուց ավելի քան կես տարի հետո։ Այդ ժամանակահատվածում ՀՀ իշխանություններին ապարդյուն փորձում էին համոզել Արցախը ևս ներառել Հայաստանի Հանրապետության կազմում։
Ահա այսպես է ստեղծվել Արցախի Հանրապետությունը։

Թերևս կան շատ այլ մեծ ու փոքր պատճառներ, բայց հիմնականում սրանք են հայության երկու հատվածի իրար չհասկանալու, փոխադարձ անվստահության պատճառները։ Եվ երբ երևանյան սրճարանների մշտական հաճախորդ երիտասարդը, օդում ծխի օղակներ նկարելով, ասում է՝ «Արցախը Հայաստանի մարզ է», Արցախում ոչ միանշանակ արձագանք է գտնում այդ հայտարարությունը։ Այսպես էլ են մտածում՝ «Իսկ եթե նորից խաբվե՞նք, ինչպես լտպ-ականները խաբեցին 1989-ին, իսկ հետո՝ Շահումյան, Մարտակերտ... Գոնե ավելի բարձր ինքնուրույնության կարգավիճակով, որպեսզի երբ նորից մեզնից հրաժարվեն, կրկին մեզ դեն նետեն, մեզ պաշտպանելու ներուժ ունենանք...»։
Առանց սեփական մեկնաբանության, ես ընդամենը ներկայացրի թյուրըմբռնում, իրար չհասկանալու, անվստահություն ու թյուրիմացություններ ծնող, ըստ իս, հիմնական պատճառները։

30.10.19

Նիկոլը և նրա վախերը


Կարդալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ և համահիմնադիր, Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանի հետ հարցազրույցը, որտեղ նա ասում է. «Նիկոլից վերցրեք նրա ուղիղ եթերն ու հեռախոսը և թողեք մենակ, նա կդառնա աշխարհի ամենավախկոտ մարդը», որոշեցի իմ կարծիքը ներկայացնել Նիկոլ Փաշինյանի վախերի մասին, քանի որ հետևելով նրա նախկին և նոր էլույթներին, տարբեր իրավիճակներում նրա պահվածքին, համոզվել եմ, որ այդ մարդը անկախ իր ամբիցիաներից, հոգեկանի հետ կապված արդեն ակնառու խնդիրներից, նաև վախկոտ է։

Դա երևում է միտինգների, ելույթների ժամանակ նրա անտեղի բղավելուց, գոռգոռալուց։ Դրանով նա կարծես սրտապնդում է իրեն, իր բղավոցներից նա, իր բառերով ասած, «դուխ» է առնում։ Հիշեք Թումանյանի Քաջ Նազարին, որ անտառում մենակ մնալով, «իրեն սիրտ տալու համար սկսում է քթի տակին մռմռալ, երգել, իրեն-իրեն խոսել, իշի վրա բարկանալ։ Քանի հեռանում է՝ էնքան վախը սաստկանում է, քանի վախը սաստկանում է՝ էնքան ձենը բարձրացնում է, սկսում է գոռգոռալ, հարայ-հրոց անել»։

Նայեք նրա թիկնապահների թվին, որ ավելանում է երկրաչափական պրոգրեսիայով։ Ինքներդ էլ նկատած կլինեք, որ այն պահերին, երբ Փաշինյանը չի խոսում, չի բղավում, շարունակ կողքերին է նայում, տագնապով աչքերն է դես ու դեն շուռ ածում, տեսնի վտանգ կա՞։

Բայց ուզում եմ խոսել մի այլ վախից, որը կարծես բոլորի ուշադրությունից դուրս է մնացել։ Դա Արցախի հանդեպ նրա վախն է։ Երևի այդտեղ դեր ունի նաև այն, որ տարիներ շարունակ նրա կուռքը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը, և Փաշինյանը ջահել տարիներից մեծացել է Արցախն ու արցախցիներին ատող մի մարդու թևի տակ, որը հաստատ արցախցիների մասին իր մտերմիկ զրույցներում ակնարկած կլիներ նրանց կոշտ, չենթարկվող, անընկճելի և անկանխատեսելի բնավորության գծերի մասին։

Մյուս կողմից, բանակում չծառայած, արցախցիների հետ երբևէ մոտիկից չշփված, մինչև վարչապետ դառնալը Արցախում ընդամենը մեկ-երկու անգամ տուրիստի պես եղած Փաշինյանի համար Հայաստանի այդ երկրամասը մոտավորապես նույնն է, ինչ Չաչնիան՝ ռուսների համար։ Դրանով պիտի բացատրել նաև այն, որ Սերժ Սարգսյանի աթոռին տիրանալով, Հայաստանում պատասխանատու պաշտոններում իր մարդկանց նշանակելով, նա վախեցավ նույնը կատարել Արցախում։ Ընդհակառակը, այդ օրերին մի քանի անգամ հայտարարեց, որ սատարում և հավատում է Բակո Սահակյանին։

Դա հասկացան նաև Արցախում։ Հասկացան, որ Փաշինյանը ոչ միայն ոչ ադեկվատ, անկայուն, անհավասարակշիռ, պետության ղեկավարի պաշտոնին անհամատեղելի անձնավորություն է, այլև վախկոտ է։ Դրա ապացույցը նրա հասցեին Արցախից հնչող արհամարհական հայտարարություններն են։ Փաշինյանի վախը երևաց Ստեփանակերտում նրա ելույթից։ Այն, ինչ նա այնտեղ ասել է, իր համար սովորական, հերթապահ, մինչև 2050 թվականը Հայաստանի տիեզերական զարգացման մասին զառանցանքներ են եղել։ Նա այդ հանդիպմանը արցախցիներին սիրաշահելու, շողոքորթելու համար իր համար երկու կարևոր խոսք էր պատրաստել՝ «միացում» գոռալը և Լեոնիդ Ազգալդյանի հայտնի խոսքը՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» կրկնելն էր՝ որպես իր սեփական միտք։ Իսկ ստեփանակերտցիների ծափահարությունը ոչ թե արդյունք էր նրա հանդեպ հավատի, այլ, ինչպես իմացա արցախցի իմ ընկերներց, որպես հյուրին հարգանքով ընդունելու դարավոր սովորության։ Ի դեպ, ինձ ասացին նաև, որ ծափահարողները հիմնականում Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած Արայիկ Հարությունյանի մարդիկ էին, որը ամեն քայլում փորձում է ստանալ Հայաստանի «թավշյա» իշխանությունների աջակցությունը։

Արցախի հանդեպ Փաշինյանի վերաբերմունքից ես որևէ կասկած չունեմ։ Բայց մի քանի օր առաջ ինձ համար զարմանալին այն էր, որ Արցախի մասին ոչինչ չգիտե նաև մեր արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, որը BBC-ի լրագրողի հետ հարցազրույցում ոչ միայն խայտառակվեց, այլև իր տգիտությամբ մեր երկրի անվտանգությունն ու Արցախի լինելությունը դրեց հարցականի տակ։ Այս մարդիկ հանգիստ վարչապետի, նախարարի կրկնակի աշխատավարձ են ստանում, իրենց պարբերաբար պարգևատրում, բայց չեն հասկանում, որ մի ողջ ժողովրդի և երկրի ճակատագրի հետ են խաղում, և ամեն ինչ կարող է շատ վատ վերջանալ թե՛ իրենց համար, թե՛ Հայաստանի համար։

Արտակ Սարոյան

Հ.Գ. - Էս հոդվածը տղաս է գրել։ 
Ասացի՝ մի թերթի ուղարկիր, չուզեց։ 
Ասում է՝ մասնագիտությամբ ես ոչ լրագրող եմ, 
ոչ քաղաքագետ, ոչ վերլուծաբան, 
ուղարկեմ ի՞նչ անեմ։ Վերջը նրան 
չկարողացա համոզել, բայց թույլ 
տվեց դնեմ իմ էջումը։
Հարություն Սարոյանի ֆեյբուքյան էջից