Ինչպես արդեն տեղեկացրել ենք («Նոր ԷՋ»-ի մասին), անցյալ տարվա փետրվարից գործում է թերթի միայն էլեկտրոնային տարբերակը (կայքն ու բլոգը)։ Բնականաբար, փոփոխություններ է կրել նաև խմբագրակազմը։ Թերթն այլևս չունի կոնկրետ թղթակիցներ։ Տպագրվում են ոչ միայն տարբեր լրագրողների ու ոչ լրագրողների՝ քաղաքացիների մեզ ուղարկված հոդվածները, նյութերը, այլև արդեն զգալի տեղ ենք հատկացնում տարբեր լրատվամիջոցներից արված արտատպություններին՝ նպատակ ունենալով մեր ընթերցողներին հնարավորինս տեղյակ պահել ոչ միայն Արցախում, այլև Արցախից դուրս, բայց՝ Արցախին առնչվող զարգացումներին...
«Այստեղ հանգչում է մեր Պըլը-Պուղին»...
Արցախի զվարճախոս Պըլը-Պուղու հուշաքարը՝ Շոշ գյուղի բարձունքում։ Երևում է Հոնուտի կիրճը, իսկ լուսանկարի աջ մասում՝ բարձունքում Շուշի քաղաքն է։
Հայրս՝ Վազգեն Օվյանը, բազմաթիվ գործեր ունի Պըլը-Պուղու (1731-1810) մասին և նվիրված նրան։ Արցախյան շարժումից առաջ Ստեփանակերտի Մայր թատրոնի բեմից երկար տարիներ չէր իջնում «Պըլը-Պուղի» դրաման։ Հանդիսատեսը, արվեստագետներն այդ ներկայացման մեջ հանձինս ժամանակի ոչ միայն սիրված կատակաբան, այլև իր երկրին ու ժողովրդին նվիրված գործիչ ու մտածող Պըլը-Պուղու, տեսել են հորս, իսկ նրա քննադատության ու ծաղրի թիրախ Մելիք Շահնազարի մեջ՝ Ղարաբաղի բռնակալ Բորիս Կևորկովին։
«Եվ Պըլը-Պուղին մի առակ պատմեց» խորագրով հայրս մշակել է նաև բազմաթիվ առակներ ու զվարճապատումներ, գրել բանաստեղծություն-մենախոսություններ։ Ահա դրանցից մեկը.
Դուք կթաղեք ինձ Սինգարա սարում,
Սինգարա սարի բարձր կատարին,
Ուր գարնան հովն է ծաղկանց հետ խաղում,
Սաղմոս է կարդում կաքավը քարին։
Չհնչեցնեք զանգեր աղոթքի,
Ինձ հարկավոր չէ և սուգը իմ տան,
Վարդապետները թող պատարագիս
Անմահ Քուչակի տաղերը կարդան։
Ոսկու, արծաթի ես աչք չեմ տնկել,
Գլուխ չեմ գովել, ստից չեմ ճառել,
Կյանքս ապրել եմ անդավ ու անքեն,
Ոչ կաշառել եմ, ոչ էլ կաշառվել։
Չեմ խաբել երբեք ոչ ինձ, ոչ էլ ձեզ,
Աղունս առանց հերթի չեմ աղել,
Բայց պատահել է, եղել է այնպես,
Որ գետի վրա ալյուր եմ մաղել։
Ինձ հարկավոր չեն մարմարե դամբան,
Իշխանավորի փառահեղ թաղում,
Տրեխներով եմ անցել իմ ճամփան,
Տրեխներով ինձ դրեք դագաղում։
Դրախտ ու դժոխք ինձ համար մեկ են,
(Թե մեղք եմ անում, տե՜ր աստված, ներիր),
Պըլը-Պուղին եմ, այն աշխարհում էլ
Ես պիտի պայտեմ սատանաներին։
Եվ պաղատում եմ, քար դրեք վրաս,
Մի հասարակ քար, մամուռը կողքին,
Այդ քարի վրա գրեցեք միայն.
«Այստեղ հանգչում է մեր Պըլը-Պուղին»։
Վ. ՕՎՅԱՆ
Ամերիկացի սենատորները կողմ են Հայաստանին եւ Ղարաբաղին օգնություն ցուցաբերելուն
ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովը 25 կողմ 5 դեմ ձայների ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել 2015 թ. (FY15) արտասահմանյան օգնության փաթեթին, փոխանցում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը
Ամերիկացի սենատորներն իրենց որոշմամբ հերթական անգամ հաստատել են ԱՄՆ հավատարմությունը Լեռնային Ղարաբաղին ամերիկյան օգնություն ցուցաբերելու երկարամյա ծրագրին։
«Հանձնաժողովը առաջարկում է օգնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի զոհերին՝ նախորդ տարիների համապատասխան չափով, ինչպես նաեւ հիմնախնդրի խաղաղ կարգավորման կոչ անում», - նշվում է արտասահմանյան օգնության փաթեթին ամրագրված զեկույցում։
Լեռնային Ղարաբաղը Եվրոպայի եւ Հարավային ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի յոթ օգնություն ստացողներից մեկն է, որն առանձին հիշատակվել էր քննարկման ժամանակ։ Ընդ որում՝ սենատորները ոչինչ չեն նշել երկրների մեծամասնությանը ցուցաբերվող ԱՄՆ օգնության հստակ չափի մասին, այդ թվում նաեւ՝ Կովկասի երկրների։ Այդպիսով , ըստ էության, սենատորները հավանություն են տվել Հայաստանին օգնություն ցուցաբերելու գումարին, որն առաջարկել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ 20,7 միլիոն դոլար՝ ուղղված Հայաստանի տնտեսության զարգացմանը, ինչպես նաեւ 1,7 միլիոն դոլար՝ Հայաստանին արտասահմանյան ռազմական օգնություն ցուցաբերելու շրջանակներում, եւ 600,000 դոլար՝ հայ զինծառայողների կրթության համար։ Ընդ որում՝ Օբամայի առաջարկը կարողանում է պահպանել Հայաստանին եւ Ադրբեջանին ցուցաբերված ամերիկյան ռազմական օգնության հավասարությունը։
Ամերիկացի կոնգրեսմենները ծրագրում են հունիսի 24-ին քննարկել արտաքին օգնության օրինագծի իրենց տարբերակը։ Երկու նախագծերի հաստատումից հետո դրանք կդիտարկվեն Ներկայացուցիչների պալատում՝ կոնգրեսմենների եւ սենատորների մասնակցությամբ։
Ավելի վաղ սենատորների առաջ իր ելույթում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Քեյթ Նահապետյանը ընդգծել էր, որ առեւտուրը եւ ներդրումները պետք է փոխարինեն ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ տնտեսական օգնությանը։
News.am
Արկադի Կարապետյան. «Երբ էլ լինի՝ պատրաստ պետք է լինենք կռվելուն»
Եվրասիական միությանը Հայաստանի միանալու ցանկությունը, այդ առիթով Աստանայում` Նազարբաեւի կողմից հնչեցված հայտարարությունը, որ Հայաստանը պետք է անդամակցի այդ միությանն առանց Լեռնային Ղարաբաղի, դրան հաջորդած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե «Ղարաբաղը, գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով, Հայաստանի մաս չէ այսօր կազմում» Արցախում վերջերս ամենաշատ քննարկվող թեմաներից են։
Այս զարգացումների շուրջ Karabakh-open.info-ն զրուցեց ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանի հետ։
Նրա կարծիքով՝ վերջերս Հայաստանի ու Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները հայերի դեմ վարվող քաղաքականության հերթական քայլերն են, իսկ դրանք արվում են հենց այն պատճառով, որ հայությունն այսօր միասնական չէ եւ ինքնուրույն չի վարում իր քաղաքականությունը։
Նա, գնահատելով տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող լոբբիստական աշխատանքները եւ Սփյուռքի ներդրումը Հայրենիքում, ցավով է արձանագրում, որ ամենագլխավորը չի արվում՝ «դա այն է, որ հայությունը համախմբվի ու պատրաստ լինի կռվի՝ ամեն տեղ՝ հանուն հայության շահերի»։ «Ռուսաստանում էլ են կոտորելու, Եվրոպայում էլ, հայությունը պետք է պատրաստ լինի։ Այսօր Ռուսաստանում ամեն օր հայ են սպանում, հայի բիզնեսին խանգարում, իսկ ի՞նչ է անում Արա Աբրահամյանը, ոչինչ, միայն հայերին է լռեցնում։ Այսօր այնտեղ այնքան զորք պետք է լինի, որ եթե, Աստված մի արասցե, Հայրենիքում պետք լինի՝ նախ գոնե ինքնապաշտպանություն կազմակերպվի եւ երկրորդ՝ 100 հազար զինվոր գա կռվելու։ Հայերը որտեղ գնան կոտորվելու են, բացի հայրենիքից»,-համոզված է Արկադի Կարապետյանը։
Նա դեռեւս անցյալ տարի էր ասել, որ Հայաստանը պետք է ինքնուրույն քաղաքականություն վարի, եւ չմիանա ոչ Մաքսային միությանը, ոչ էլ Եվրամիությանը։ Պատմությունը դա է ցույց տալիս, որ ոչ ոքի վրա հույս դնել չի կարելի. «Ես չեմ կարողանում մոռանալ, որ ռուսները Ղարաբաղից հեռանալիս, չնայած ղարաբաղցիների խնդրանքին, զենքերը չթողեցին, բայց գնացին Եվլախ ու կոտորվեցին. համ մեզ անզեն թողեցին, համ էլ կոտորվեցին։ Դա ռուսների համար էլ է պատմություն, որից պետք է դասեր քաղեին, բայց չեն անում»։
Սկսած Պյոտր առաջինից մեզ մշտապես խաբում են, Եվրասիական միությունն էլ հերթականն է։ Կարելի է ցանկացած երկրի ղեկավարի քայլերից գուշակել, թե դրանք ուր են տանում։ Ռուսաստանի քայլերն ինձ դուր չեն գալիս։ Առաջինն այն, որ Ադրբեջանին զենք է վաճառում՝ հիմնավորելով, թե բիզնես է։ Հարց է ծագում, բա ինչո՞ւ սիրիական ընդդիմությանը չի վաճառում այդ զենքը, եթե իրոք բիզնես է։
Եվրասիական միությունից Արկադի Կարապետյանը ոչինչ չի ակնկալում, քանի որ Հայաստանը, ըստ նրա, նորից կլինի տուժողի դերում։ Եթե Ռուսաստանն այլ պետություններին միլիարդներով պարտք է ներում, իսկ Հայաստանին ոչ, ավելին՝ պարտքի դիմաց վերցնում է ամենազարգացած գործարանները, որոնք մինչ օրս չեն աշխատում, խոսում է ռազմական համագործակցության մասին, բայց ընդամենը «Կամազ» կենտրոն են դնում, որտեղ մեքենաներ են վերանորոգելու, ու միաժամանակ Ադրբեջանին նոր զենքեր վաճառում, ընդ որում՝ մասսայական ոչնչացման, ապա «բարեկամ» համարվող Ռուսաստանից ոչ մի լավ բան ակնկալել պետք չէ։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը համաձայն է հայերի մասսայական ոչնչացմանը, այլապես նման կարգի զենք չէր վաճառի Ադրբեջանին։ «Այս ամենը համադրելով տեսնում ես, որ Ռուսաստանը, մեղմ ասած, քո ընկերը չէ»։
«Դեռեւս անցյալ տարի եմ ասել, որ ՄՄ-ին անդամակցելու դեպքում մաքսակետում ուզբեկներ, ռուսներ եւ այլ ազգի ներկայացուցիչներ կարող են հայտնվել, եթե չասենք, որ հնարավոր է սահմանապահներ դնեն, իսկ հետեւանքներն արդեն կարելի է պատկերացնել՝ նրանք այնքան են զզվեցնելու, որ կամ պետք է խփենք, կամ էլ թողնենք-հեռանանք, այսինքն կյանքը կդարձնեն անհնարին ու կհասնեն Ղարաբաղի հայաթափմանը»,-գտնում է ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատարը, ում կարծիքով՝ դա էլ հենց Թուրքիայի ու Ադրբեջանի գերագույն նպատակն է, որի իրականացման մեջ փաստորեն Ռուսաստանը մեծ դեր ունի։ «Գումիլյովը մի միտք է տվել, որը Պուտինը շարունակում է՝ «Русский мир во главе тюркского»։ Հիմա պատկերացրեք, թե այս ամենում մենք ինչ տեղ ենք գրավում։ Եվրասիական միությունը հենց այդ հայեցակարգի շարունակությունն է, եւ դա է ամենամտահոգիչը»։
Արկադի Կարապետյանը նաեւ զարմանում է, թե Հայաստանն ինչ գործ ունի Եվրասիական միությունում, որտեղ Նազարբաեւի խոսքերով՝ Ադրբեջանի նախագահն է ղեկավարում։ «Հետո մե՞զ էլ է ղեկավարելու Ադրբեջանը»,-հարցնում է նա։
Այս ամենը ցույց է տալիս, որ «երբ հայերը կռվել են՝ հաղթանակել են, իսկ հաղթել են, քանի որ ինքնուրույն են եղել»։ «Եթե Հայաստանը սկսի ինքնիշխանությունից հրաժարվել, ապա շատ կարճ ժամանակում կկորցնենք պետությունը։ Սա նշանակում է. որ եթե չպատերազմենք՝ կպարտվենք։ Իսկ պայքարը միշտ մեզ պետք է, քանի որ ոչ ռուսները, ոչ էլ եվրոպացիները մեզանից ձեռք չեն քաշի։ Երկուսի նպատակն էլ մեկն է՝ մեզ իշխեն, ոչնչացնեն, իրենց մեջ ձուլեն եւ այլն։ Իսկ այս պարագայում մեկ ելք կա՝ ինքնուրույն քաղաքականություն պետք է վարենք։ Սա բոլորիս խնդիրն է, որին պետք է մասնակցի նաեւ ժողովուրդը։ Կան բաներ, որոնք պետք է պահպանել՝ ինքնուրույնություն, ինքնուրույն քաղաքականություն, հզոր բանակ, ընդ որում՝ գաղափարախոսությամբ հզոր»։
Ըստ Արկադի Կարապետյանի՝ ազգը պետք է սովորական ապրելու համար հայեցակարգ ունենա եւ դրանով առաջնորդվի, այլ ոչ թե մոդայիկ դոկտրինաներով։ «Ըստ այդ հայեցակարգի աշխարհի հետ կռիվ չունենք, աշխարհն էլ մեզ ոչինչ չի կարող անել։ Մինչեւ չիմանանք ինչ հայեցակարգով ենք ապրում՝ մեր քաղաքականությունը էֆեկտիվ չի լինի։ Հիմա մեկը մի բան է ասում, մյուսն՝ այլ, իհարկե ազատություն է, եւ մարդ ազատ արտահայտվելու իրավունք ունի, բայց ընդհանուր հայեցակարգ պետք է լինի, այլապես կլինի ինչպես հիմա. ամեն ինչ գնում է պառակտման, ինչի դեպքում մեզ կոտորելն իրենից խնդիր չի ներկայացնի։ Մարդիկ չեն գնում միասին հարց լուծելու։ Ասված է՝ Ձայն բազմաց՝ ձայն Աստծո։ Եթե բազմությունը բարի գործով է կանգնում՝ հաղթում է։ Դա տեսել ենք 1988-ին, արցախյան պատերազմի ժամանակ, Սարդարապատում»։
Վտանգն, ըստ նախկին հրամանատարի, ակնհայտ է, Նազարբաեւ զանգ է հնչեցրել։ Այս դեպքում հայկական իշխանությունները պետք է ադեկվատ քայլերի դիմեն, իսկ եթե չեն կարող, ապա պետք է դիմեն ժողովրդին։ «Երբ էլ լինի՝ պատրաստ պետք է լինենք կռվելուն։ Եթե այդ հոգեվիճակից դուրս գանք՝ կպարտվենք. նորմալ մարդու ադեկվատ ռեակցիա է՝ պայքարել հանուն հայրենիքի, իսկ ավելի կոնկրետ՝ ընտանիքը պետք է պահել թշնամուց, այլապես նա կգա ու կգրավի քո տարածքը եւ տիրություն կանի։ Աստծո պատգամն է պահել հաղթանակը, հայրենիքը, որը գտնվում է աշխարհի ամենանպաստավոր տեղը»,- համոզված է Արկադի Կարապետյանը։
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետությունում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ՝ իրական ինքնիշխան պետության ստեղծում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության լուծում, քաղաքացիական հասարակության ձեւավորում, արտագաղթի կասեցում, նոր աշխատատեղերի ստեղծում… Ցանկը կարելի է շարունակել, բայց նպատակս իշխանությունների մասին գրելն է, որի գործունեության պատճառով են առաջացել նման խնդիրները։
1991 թ. սեպտեմբերը նշանակալից ու խորհրդավոր է եղել հայ ժողովրդի համար։ Սեպտեմբերի 2-ին ԼՂՀ-ն հռչակել է իր անկախությունը, իսկ ՀՀ-ն սեպտեմբերի 21-ին անցկացրել է Անկախության հանրաքվե։ Մի կողմ թողնելով երկու անկախ հայկական պետությունների ստեղծման առեղծվածը, որի պատճառով ԼՂՀ-ն խաղաթուղթ է դարձել Ռուսաստանի եւ այլ գերտերությունների ձեռքին, անդրադառնանք հայկական երկու պետությունների իշխանությունների ձեւավորման խնդրին։ Հայաստանում իշանական համակարգը չի ձեւավորվել Հայ ազգային գաղափարախոսության հիման վրա կամ ազգային պետությանը յուրահատուկ սկզբունքներով։ Այն հիմնականում ստեղծվել է ու շարունակում է ձեւավորվել՝ արտաքին ուժերի միջամտությամբ, հովանավորչությամբ, «նշանակողների» կողմից «հավանական թեկնածուների փոխադարձ բացասումների» մեթոդով, «քաջնազարության» սկզբունքով, «ազատ եւ արդար» ընտրությունների միջոցով։ Իհարկե, եղել են ու կան մի շարք ազգային-հոգեւոր գաղափարներով առաջնորդվող իշխանավորներ, որոնց հայրենանվեր գործունեության հետեւանքով է, որ պահպանվում է Հայոց պետականությունը եւ Հայ Եկեղեցին։
ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված են աշխարհիկ իշխանությունների (օրենսդիր, գործադիր եւ դատական) վերաբերյալ դրույթները, իսկ հոգեւոր իշխանության (Ամենայն Հայոց Կաթողիկոսություն, Եպիսկոպոսաց ժողով, Գերագույն Հոգեւոր Խորհուրդ, Թեմական Խորհուրդ, Ծխական Խորհուրդ) մասին հստակություն չկա, նշված է միայն պետության եւ եկեղեցու տարանջատվածության եւ Հայ Եկեղեցու բացառիկ առաքելության մասին։
Մի արտառոց փաստ. ՀՀ առաջին Սահմանադրության մեջ Հայ Առաքելական Եկեղեցու մասին ոչ մի հիշատակում չկա։ Հետագայում սահմանադրական բարեփոխումներ կատարելու ժամանակ հայ քաղաքական ընտրանին երեւի հիշել է, որ Հայաստանը աշխարհի առաջին քրիստոնյա պետությունն է եղել, այդ ուղղությամբ թեթեւակի լրացումներ է կատարել Սահմանադրության մեջ։ Ի դեպ, աշխարհի 19 պետություններում քրիստոնեությունը հռչակված է պետական կրոն։ Դրանք են՝ Արգենտինան, Բոլիվիան, Կոստա Ռիկան, Կիպրոսը, Դանիան, Սալվադորը, Հունաստանը, Իսլանդիան, Ֆինլանդիան, Լիխտենշտեյնը, Մալթան, Մոնակոն, Պապուա Նոր Գվինեան, Պարագվայը, Պերուն, Սամոան, Մեծ Բրիտանիան, Վանատուն, Վատիկանը։
Թե ինչո՞ւ Հայաստանը վերը նշված պետությունների շարքում չկա՝ լուրջ հարց է, բայց որ հոգեւոր իշխանությունն անտեսված է կամ հետին պլան է մղված՝ դա արդեն ազգային տեսանկյունից կործանարար է։ Հիմնավորեմ իմ հաստատումը։
Հայ անվանի աստվածաբան, փիլիսոփա Գրիգոր Տաթեւացին «Գիրք հարցմանց» երկում գրել է. «Քանի որ մարդը հոգու եւ մարմնի միասնություն է, այսինքն հոգով կապված է երկնային աշխարհի հետ, իսկ մարմնով՝ երկրային աշխարհի հետ, տարբերակվում է իշխանության երկու ձեւ՝ հոգեւոր եւ մարմնական։ Մարդը երկու «պետության» քաղաքացի է. նա միաժամանակ ենթարկվում է հոգեւոր իշխանությանը եւ աշխարհիկ-մարմնական իշխանությանը։ Հոգեւոր իշխանությունը իրականացնում են եկեղեցու առաջնորդները, որոնք կառավարում են Աստծո հոգեւոր տունը եւ մարդկանց հոգիները, իսկ թագավորները եւ իշխանները կարգավորում են աշխարհի մարմնավոր տունը՝ գյուղերը, քաղաքները, երկիրները եւ աշխարհը։
Այդ երկու իշխանությունների միջեւ, ըստ Տաթեւացու, գոյություն ունեն հետեւյալ տարբերությունները. առաջին՝ աշխարհիկ իշխանությանը մարդիկ ենթարկվում են բռնությամբ, հարկադրանքով եւ անհրաժեշտաբար, իսկ հոգեւոր իշխանությանը հնազանդվում են հոժարակամ եւ ազատ ընտրությամբ։ Երկրորդ՝ աշխարհիկ իշխանությունը անցողիկ է եւ փոփոխական, սահմանափակված տարածության եւ ժամանակի մեջ, իսկ հոգեւոր իշխանությունը մշտական է եւ ենթակա չէ տեղաժամանակային որեւէ սահմանափակության։ Երրորդ՝ աշխարհիկ իշխանությունը վերաբերում է միայն մարդու մարմնին եւ մարդու մահվանից հետո այլեւս ոչ մի ներգործություն չի ունենում, մինչդեռ հոգեւոր իշխանությունը վերաբերում է թե մարմնին եւ թե հոգուն եւ ներգործում է մարդու վրա նաեւ հանդերձյալ աշխարհում։ Այսպիսով, նշված առումներով Տաթեւացին հաստատում է հոգեւոր իշխանության առավելությունը աշխարհիկ իշխանության նկատմամբ։
Հարցի նման լուծումը տրամաբանական է, քանի որ ըստ քրիստոնեական վարդապետության, մարդու հոգին պատվական է մարմնից, բացի դրանից՝ երկրային կյանքը մարդու համար ժամանակավոր է, ուստի միջնադարյան քրիստոնյա մտածողները հոգեւոր իշխանությունը գերադասում էին աշխարհիկ իշխանությունից։ Համենայն դեպս, եվրոպական իրականության մեջ, որտեղ կաթոլիկ եկեղեցու գերիշխանությունը կյանքի բոլոր ասպարեզներում բացահայտ բնույթ էր կրում, կրոնափիլիսոփայական մտքի մեջ արմատավորված էր աշխարհիկ իշխանության նկատմամբ հոգեւոր իշխանության գերազանցության մասին գաղափարը։
Հայ իրականության մեջ, երբ Հայոց պետությունը ինքնիշխան է եղել (թե՛ հեթանոսական, թե՛ քրիստոնեական ժամանակաշրջաններում) հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունների գործունեությունը կանոնակարգված է եղել՝ ազգին առաջնորդել են աշխարհիկ եւ հոգեւոր իշխանավորները։ Անգամ կիսաանկախ պետականություն ունենալու դեպքում էլ է այդպես եղել։ Դրա վառ օրինակն է Արցախը՝ մելիքությունների ժամանակաշրջանում։ Յուրաքանչյուր մելիքություն ունեցել է իր հոգեւոր, եպիսկոպոսանիստ կենտրոնը, իսկ բոլոր մելիքությունների հոգեւոր կենտրոնը եղել է Գանձասարը։ Արցախի մելիքությունների հզորությունը նախ եւ առաջ պայմանավորված է եղել աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունների միաբանությամբ։ Նրանք համատեղ են լուծել երկրի առաջ ծառացած ցանկացած խնդիր` յուրաքանչյուրը կատարելով իրեն իսկ վերապահված գործառույթները, որոնք հստակ տարանջատված են եղել միմյանցից։ Եւ պատահական չէ, որ օտար բռնակալների տիրապետության ժամանակաշրջանում Արցախը ոչ միայն կարողացել է պահպանել իր հայկականությունը, այլեւ կառուցվել են բազմաթիվ պատմամշակութային կոթողներ, վանքեր եւ եկեղեցիներ, դպրոցներ։ Նշենք, որ Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող կիսաանկախ Արցախը երբ 1813 թ. Գյուլիստանի պայմանագրով բռնակցվել է Ռուսաստանին, կարճ ժամանակում վերացրել են ե՛ւ մելիքությունները, եւ Աղվանից կաթողիկոսությունը։
Հայաստանում, օտարների տիրապետության ժամանակաշրջանում, բնականաբար, հայ հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունների գործառույթները եղել են խիստ սահմանափակված եւ կախված են եղել տիրապետողների ցանկություններից ու քմահաճություններից։ Եղել են պատմական երկարատեւ ժամանակահատվածներ, երբ օտար բռնակալները ազգի աշխարհիկ իշխանությունները վերացրել են, ազգին առաջնորդել են հոգեւոր իշխանավորները։ Նման իրավիճակներում Հայ Առաքելական Եկեղեցին իր կազմակերպությամբ դարձել էր հայկական պետություն իր կառույցներով։ Եկեղեցին բացառիկ դերակատարություն է ուեցել եւ ունի` պահպանելու եւ զարգացնելու մեր մշակույթը, լեզուն ու գրականությունը, արվեստները, դաստիարակությունը եւ սոցիալական զարգացումը։ Մեծ է եւ Եկեղեցու դերը երկրի ինքնապաշտպանության գործում։
Հայաստանի անկախացումից հետո անցել են քսանից ավելի տարիներ։
Հետաքրքիր է, ո՞վ է խանգարում մեզ` հայերիս, վերստեղծելու մեր պատմական ավանդույթները, վերականգնելու լիարժեք աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունները։
Հայության մեջ լիարժեք հոգեւոր իշխանություն ստեղծելու համար, առաջին հերթին, անհրաժեշտ են համապատասխան քանակությամբ հոգեւորականներ։ Ցավոք, նման խնդիր ազգովին եւ պետականորեն չի դրվել ու չի դրվում։ Հայաստանը հռչակելով աշխարհիկ պետություն, եկեղեցին անջատելով պետությունից, Հայոց պետությունը չի միջամտում Հայ Եկեղեցու ներքին գործերին։ Ավելի պարզ՝ պետությունը չի աջակցում եկեղեցուն, չեզոք դիրք է գրավել։ Իսկ պետություն-եկեղեցի փոխհարաբերությունը կարգավորող մարմինը, որը նախկինում ուներ վարչության կարգավիճակ, այս տարվա հունվարի մեկից դարձրեն են բաժին, որի աշխատողների քանակը ԼՂՀ համապատասխան մարմնի աշխատողների քանակից երկուսով պակաս է։ Համեմատության համար նշենք, որ ՄԱԿ-ի անդամ պետությունների ավելի քան 65%-ի մոտ համապատասխան մարմինն ունի նախարարության կարգավիճակ, ավելի քան 30%-ը՝ վարչության կամ գլխավոր վարչության։
Հայտնի է, որ պետությունը լինելով հավատամքի ընկերային կազմություն եւ հասարակության բարոյական համակարգի իրավական կառույց, չի կարող հանդուրժել, որ իր հասարակությունը բարոյազրկվի, քանի որ նրա յուրաքանչյուր օրենքն իր հիմնական բարոյական համակարգի օրինակարգավորումն է։ Պետությունը չի կարող կրոնի հարցերում իրեն չեզոք հայտարարել, քանի որ դա փաստացի հրաժարում է հավատամքի ներգործությամբ դարերով ստեղծված եւ ստեղծվող հոգեւոր, մշակութային արժեքներից։ Այն հասարակարգը, որը չի պաշտպանում իր դավանական հիմքը, իրեն է վտանգում։ Եթե որեւէ հասարակարգ սկսում է քայքայվել, ապա դրա պատճառը իր հիմնական հավատքի անտեսումը կամ խեղաթյուրումն է։ Սրանք հանրագիտարանային պարզ ճշմարտություններ են, որոնք պարտադրաբար հաշվի են առնում բոլոր պետությունները։ Բայց թե ինչու Հայաստանի աշխարհիկ իշխանությունն այն հաշվի չի առնում, դա արդեն հայկական հերթական պարադոքսն է։
Իմ կարծիքով, հաջորդ Համահայկական համաժողովում՝ որպես առաջնային, պետք է դրվի համայն հայության համար լիարժեք հոգեւոր իշխանություն ստեղծելու հիմնահարցը։
Ընդհանրապես, իշխանավորների (աշխարհիկ եւ հոգեւոր) մասին փիլիսոփաները, աստվածաբանները, գրողներն ու այլ մտածողներ բազմաթիվ խելացի եւ ուսուցողական մտքեր են արտահայտել։ Թեմայի համար նպատակահարմար է մեջբերել Թուրքիո Հայոց պատրիարք Պողոս Ադրիանապոլսեցու (1815-1823 թթ.) ասույթներից մի քանիսը.
«Նա է իշխանության արժանի, ում կա՛մ Աստված է հայտնում, կա՛մ ժողովուրդը կամենում. որովհետեւ բռնությամբ՝ ժողովրդի կամքին ու հաճությանը հակառակ, իշխան դառնալը սեփական անձը թշվառ ու հասարակությունը գերի դարձնել է։
- Տերության կամ ազգի մարմինը բաղկացած է օրինապահ իշխանից, աշխատասեր հպատակներից, իրավունքի արդարությունից ու սահմանակից ազգերի հետ խաղաղությունից։ Իսկ երբ սրանց բարեխառնությունը խախտվում է, իշխանությունը կամ հասարակությունը թուլանում ու նվաճվում է կամ լինում է կործանման վտանգի մեջ, կամ էլ իսպառ կործանվում։ Ուստի իշխանը պիտի օրինապահ լինի, որպեսզի նաեւ մյուս բոլոր մասերը, որոնցից բաղկանում կամ հաստատվում է հասարակությունը, մնան բարեկարգության մեջ, եւ տերության կամ ազգի ողջ մարմինը մնա զորավոր ու հաստատ։ Կառավարիչների սխալներն աղավաղում են իշխանների ու առաջնորդների բարի համբավը։
- Ժողովրդի գլխավորների վայրկենական սխալմունքը մեծ վնաս է բերում շատերին եւ ձգվում բազում դարեր։ Ուրեմն իմանալով, որ նրանք մարմնավոր մարդիկ են՝ վիճակված բազմավրեպ ու դյուրասահ բնության, մարդիկ շուտափույթ որոշում պիտի չկայացնեն, այլ արթուն մտքով կշռեն ու քննեն եւ միայն դրանից հետո վճիռ կայացնեն։ Որովհետեւ եթե դատաստանի մեջ մի անգամ սխալվեն, թեկուզեւ բազմիցս զղջալու լինեն, նրանց սխալները հետ չեն դառնա։
- Ինչպես որ հնարավոր չէ կշռել սեփական ազգի օգտի համար տքնող հայրենասեր իշխանների համաչափ աշխատանքի պատիվը, այդպես էլ հնարավոր չէ կշռել նրանց զանցառության զուգաչափ վնասի պատճառած անարգանքը, երբ կարող են օգուտ բերել, բայց որեւէ պատճառով հետ քաշվելով՝ չեն ջանում այդ անել։
- Իշխաններն առավել պիտի հոգան երկու բանի մասին. առաջին՝ իրենց խորհրդակից ունենալու իմաստուն ու առաքինի մարդկանց, ովքեր կծաղկեցնեն օգտակար արհեստները եւ իրենց՝ իշխաններին, կառաջարկեն բարին գործել, եւ երկրորդ՝ երկրագործներին շատացնելու մասին, որպեսզի երկիրը լավ մշակվելով պտղագործի՝ ժողովրդի ապրուստի ու սննդի համար։
- Իշխանության հաստատունությունը հիմնվում է հավատարմության, արդարության ու բարերարության վրա՝ թե՛ հպատակների եւ թե՛ սահմանակից ժողովուրդների հանդեպ։ Ուստի երբ սրանք պակասում են, եւ սրանց փոխարինում են խարդախությունը, անիրավությունն ու անգթությունը, օր օրի տկարանալով՝ իշխանությունը կործանվում է»։
Իմ համոզմամբ, հայ ազգին պարտադրված բոլոր մարտահրավերները կարելի է լուծել, եթե ազգին առաջնորդեն բարոյական նկարագիր ունեցող, ազգային արժեքներին եւ նպատակներին հավատարիմ աշխարհիկ եւ հոգեւոր իշխանավորները։
Դարեր շարունակ հայը ապրել է համայնքային կյանքով, անգամ՝ խորհդային ժամանակահատվածում։ Ներկայիս «վայրի» կապիտալիստական հասարակությունում, որտեղ մենք ապրում ենք, գյուղական համայնքները ավելի շատ հիշեցնում են խորհրդային տարիներին կոլխոզից «խռոված» մենատնտեսների կամ «անհատականների» հանրություն։ Շատ համայնքներում տեղական ինքնակառավարումը ձեւական բնույթ է կրում։ Համայնքի յուրաքանչյուր անդամի մտահոգությունը իր սեփականությունը արդյունավետ տնօրինելն է եւ դրանից շահույթ ստանալը։ Տարբեր պատճառներով մենատնտեսները մի ստվար մասը տարիների ընթացքում ձեռք բերելով «մենակյացի» հոգեբանություն (ի՞նչ կարող եմ ես անել մենակ ), հանդիպելով բազմաթիվ խոչընդոտների (բյուրոկրատական քաշքշուկներ, ժամանակին չստացված վարկ, գյուղտեխնիկայի ոչ ժամանակին ձեռքբերում ) եւ անհաջողությունների` հիասթափվում են կա՛մ տեղափխվում են քաղաք, կա՛մ այնքան հողատարածք են մշակում, անասուն ու թռչուն պահում, որ բավարարի միայն իրենց կարիքները։ Էլ չենք ասում, որ լքում են Հայրենիքը։ Համայնքային կյանքով ապրել պարզապես նշանակում է` լուծել «ես»-ի եւ «մենք»-ի փոխհարաբերակցության խնդիրը։ Ավելի պարզ` համայնքի յուրաքանչյուր անդամ ոչ միայն պետք է հոգա միայն իր եւ իր ընտանիքի անդամների մասին, այլ նաեւ ամբողջ համայնքի։ Իսկ դա կարող է լինել միայն այն դեպքում, երբ համայնքներում վերականգնվեն Համայնքային ծխական խորհուրդները, այսինքն՝ համայնքների հոգեւոր իշխանությունը։ Դրան զուգահեռ, համայնքներում արդյունավետորեն աշխատեցնելով հոգեւոր-մշակութային օջախները, կարճ ժամանակում կարող ենք հասնել ցանկալի արդյունքների։
Ժամանակակից իշխանավորների մեծամասնության գործելաոճը, իմ կարծիքով, ավելի շատ «վարչա-հրամայական» է, որը ազգային-հոգեւոր տեսանկյունից արդյունավետ չէ։
Կոնկրետ օրինակով ներկայացնեմ իմ տեսակետը, թե ինչպիսին պետք է լինի իշխանավորը։ Ենթադրեք մարդը բաժնի պետ է, որի ղեկավարությամբ աշխատում են երեք մասնագետներ։
Առաջին գործելաոճ։ Բաժնի պետը պարտավոր է ղեկավարել իր մասնագետներին, առաջնորդվելով «Աշխատանքային օրենսգրքով», աշխատավայրի ներքին կանոնադրությամբ համապատասխան հանձնարարականներ, առաջադրանքներ տալ իր ենթականերին, պահանջել դրանց ժամանակին եւ որակով կատարումը, աշխատապրոցեսում կիրառել խրախուսման եւ պատժի ձեւերը եւ այլն։
Երկրորդ գործելաոճ։ Բաժնի պետը պարտավոր է հոգ տանել իր խնամքին հանձնած մասնագետների մասին։ Հնարավորին չափով աջակցել իր աշխատակիցներին՝ բազմաբնույթ խնդիրներ լուծելու համար։ Նրանց համար լինել բարի խորհրդատու եւ արագահաս օգնական։
Առաջին գործելաոճը բոլորիս հայտնի «վարչա-հրամայականն է», իսկ երկրորդը պայմանականորեն կոչենք՝ «հոգեւոր-մտերմական»։ Միայն առաջին գործելաոճը կիրառելու դեպքում, մանավանդ ներկա ժամանակաշրջանում, անդունդ է առաջանում պետի եւ աշխատավորների միջեւ, իսկ միայն երկրորդ գործելաոճի կիրառման դեպքում՝ ստեղծվում է սահմանափակ պատասխանատվությամբ, ներփակ բարեգործական մի խումբ՝ «տնային եկեղեցի»։
Իմ կարծիքով՝ այդ երկու գործելաոճերի խելացի զուգակցման դեպքում է հնարավոր ազգային իշխանավոր կամ ղեկավար լինելը։
Հուսով եմ, որ ներկա աշխարհաքաղաքական գործընթացները ճիշտ գնահատելով, համայն հայության բանականությունը կպարտադրի ներկայիս աշխարհիկ եւ հոգեւոր իշխանավորներին ավելի լուրջ մոտենալ իշխանությունների ձեւավորման խնդրին։ Վերականգնելով հոգեւոր իշխանությունը, հասարակության մեջ հաստատելով ազգային-հոգեւոր միաբանություն՝ կհաղթահարենք ցանկացած մարտահրավերներ։
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
Ռուսական զորքի ներխուժումը և իշխանության անկումը Հայաստանում
Ռուսաստանը վերջին օրերին իսկական դիվանագիտական դեսանտ է իջեցրել Բաքվում: Ադրբեջան է այցելում սերգեյ Լավրովը, Բաքու է այցելում ՌԴ Պետդումայի խոսնակ սերգեյ Նարիշկինը, օրերս Բաքու կայցելի ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, որը համակարգում է ռազմարդյունաբերության ոլորտը: Մի քանի օր առաջ Բաքվում ընդունել են նաեւ Ռոսաբարոնէքսպորտի ղեկավարին:
Փորձագետների զգալի մասի գնահատմամբ Մոսկվան ձգտում է Ադրբեջանին ներքաշել Եվրասիական միություն: Ալիեւն առանձնապես չի դիմադրում այդ ջանքին, հասկանալով, որ պատեհ հնարավորություն է ստեղծվել Մոսկվայի հետ առեւտրի համար: Իսկ առեւտրի առարկան Արցախն է, կամ էժան տարածքների կամ էժան զենքի տեսքով: Բաքուն միլիարդավոր դոլարների զենք է գնում Մոսկվայից, եւ չի բացառվում, որ Եվրասիական միության անդամակցության առեւտրի շուրջ բանակցությանը բարձրացնի էժանացման հարցեր:
Հավանական է նաեւ, որ Մոսկվան ու Բաքուն բանակցում են Արցախի տարածքների շուրջ, թե քանի տարածք վերադարձնելու դեպքում Ադրբեջանը կտա Արցախում ռուս խաղաղապահներ տեղակայելու համաձայնություն:
Ընդհանրապես հարց է, թե արդյոք բանակցության բուն առարկան Եվրասիական միությանը Ադրբեջանի անդամակցությունն է: Ռուսաստանն իհարկե դեմ չի լինի, նույնիսկ կունենա Ադրբեջանին անդամակցելու մեծ ցանկություն, բայց Պուտինն ըստ ամենայնի գիտակցում է, որ ներկայում դա հնարավոր է մի դեպքում՝ եթե Թուրքիան ու Արեւմուտքը Բաքվին մղեն Եվրասիական միություն: Կմղե՞ն, դա իսկապես հարց է: Հնարավոր է, որ Անկարան այդ հարցով բանակցության մեջ լինի Մոսկվայի հետ, փորձելով Բաքվին համոզելու դիմաց ստանալ ինչ որ բան:
Ներկայում այդ ամենում առանցքայինը գործընթացն է, նպատակը երկրորդային: Եվրասիական նախագծերում Ադրբեջանի ներգրավման թեման Մոսկվայի համար կարեւոր է Կովկասում դիրքերի ամրապնդման տեսանկյունից: Իսկ դրա համար Կրեմլի գլխավոր նպատակը Արցախում ռուսական զորքի տեղակայումն է:
Դա է խնդիրը: Մնացյալը դրան հասնելու ճանապարհների կարգից է, այդ թվում Ադրբեջանի անդամակցության հարցը: ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը, որը ըստ էության համեմատաբար առավել ֆորմալ եւ նվազ էպոտաժային Ժիրինովսկու դերն է կատարում ռուսական հիերարխիայում, հայտարարել է, որ Արցախի խնդրի կարգավորումը կնպաստի Եվրասիական ինտեգրացիա Ադրբեջանի ներգրավմանը: Թվում է, թե Արցախի հարցը գինն է, բայց իրականում այդ հարցը նպատակն է:
Մոսկվայի համար Եվրասիական նախագծի սնանկությունն ակնհայտ է, հատկապես հունիսի 27-ին Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի Եվրասասոցացման համաձայնագրի ստորագրությունից հետո: Ռուսական կայսրության համար Ադրբեջանի անդամակցությունը այդ սնանկ միությանը ոչինչ չի փրկելու, Կրեմլը դա լավ է հասկանում: Կայսրությունը փրկելու միակ տարբերակը մնում է Արցախում ամեն գնով ռազմական ներկայություն հաստատելը՝ եթե հարկ է անգամ պատերազմի գնով:
Ռուսաստանի ու Ադրբեջանի բանակցության բուն առարկան այժմ հենց այդ խնդիրն է, ռուսական դեսանտը Բաքվում փորձելու է լուծել հենց այդ հարցը, զուգահեռ Երեւանում փորձելով անել հնարավորը կանխարգելիչ զարգացումներ թույլ չտալու համար: Լավրովը Բաքվից հետո ժամանեց Երեւան, իսկ օրեր անց էլ Երեւան եկավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժան:
Երեւանը լավ է պատկերացնում, որ Ռուսաստանն Ադրբեջանի հետ բանակցում է պատերազմով թե դրա վերաբերյալ շանտաժով ու սպառնալիքով Արցախում ռուսական զորք տեղակայելու տարբերակի շուրջ, ինչի հաջորդ քայլը լինելու է իշխանության անկումը Հայաստանում, ընդհուպ քավության նոխազների հայտնաբերումը:
Արցախի ու Հայաստանի խորհրդարանները Արցախը ճանաչելու եւ բանակցային կողմ դարձնելու կոչ են հղում ԵԱՀԿ Մինսկի խմբին, ինչն այլ կերպ նշանակում է եկեք ու փրկեք մեզ:
Սերժ Սարգսյանը Լավրովի Բաքու կատարած այցի ընթացքում մեկնել էր Վրաստան, որը պատրաստվում էր Եվրաասոցացման համաձայնագիրը ստորագրելու եւ որի մասով էլ ՆԱՏՕ-ն պատրաստվում է քննարկել անդամակցության կամ նոր, ավելի սերտ կարգավիճակի տրամադրման հարցը: Ելքը մնացել է այն, թե ինչքան շուտ ՆԱՏՕ-ն կգա Վրաստան, այդպիսով վերականգնելով տարածաշրջանում ուժերի խախտված հավասարակաշռությունը: Այդ հավասարակշությունը սեպտեմբերի 3-ի որոշմամբ խախտել է հենց Հայաստանը
Բայց Լավրովն ու Բորդյուժան գալիս են ասելու, որ փրկություն չկա: Միակ փրկությունը մնացել է այն, որ Ալիեւը հնարավորինս երկար մերժի Ռուսաստանին: Բայց, ինչքան Ալիեւը երկար մերժի Ռուսաստանին, այդքան Մոսկվան ավելի ու ավելի շատ է զինելու Ադրբեջանին: Ստացվում է փակ շրջան, կամ ավելի շուտ օղակ, որը Հայաստանի պարանոցի շուրջ սեղմվելու է անընդհատ:
Հայաստանի իշխանությունն ընտրել է չխեղդվելու համար ոչ թե օղակից ազատվելու, այլ ամենահեշտ ճանապարհը՝ ամեն ինչ անել Հայաստանը արագորեն հյուծելու համար, որ պարանոցը լղարի եւ օղակը միշտ մեծ լինի: Ելքը գրեթե հանճարեղ է՝ եթե Հայաստան չլինի, օղակով խեղդող էլ չի լինի:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Ղարաբաղն այլևս տաբու չէ. Թ. Պողոսյանը նման իմաստ է տեսնում Եվրախորհրդարանի նախագահի տեղակալի ԼՂ այցում
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը, ով Լեռնային Ղարաբաղ էր ուղեկցել Եվրախորհրդարանի նախագահի տեղակալ Յացեկ Պրոկաշևիչին և այսօր վերադառնում էր Երևան, Tert.am-ի հետ զրույցում գնահատելով այս այցի քաղաքական նշանակությունը, ասաց. «Ամեն անգամ չէ, որ նույն օրն է հաջողվում հասնել նրան, որ մարդիկ համաձայնեն, գան. այս անգամ ստացվեց։ Եվ ես ուրախ եմ, որ մենք Եվրոպայում մեկ բարեկամ ավելին ձեռք բերեցինք, որը եվրոպական տարբեր ինստիտուտներում կներկայացնի իրականությունը Ղարաբաղի մասին»։ Ամփոփելով՝ նա նշեց, որ այցը նշանակում է, որ եվրոպական տարբեր կառույցների ներկայացուցիչների համար Ղարաբաղն այլևս տաբու չէ։
- Պարոն Պողոսյան, Եվրախորհրդարանի նախագահի տեղակալ Յացեկ Պրոկաշևիչին ողեկցել էիք Լեռնային Ղարաբաղ։ Նման մակարդակով այց երբևէ եղե՞լ է ԼՂՀ։
- Եվրախորհրդարանի նախագահի տեղակալի այցը Ղարաբաղ առաջին անգամ է, և շատ ողջունելի է այն իմաստով, որ մարդիկ, նույն կարգի բարձր պաշտոնյաները, որ ցանկանում են գալ և սեփական աչքով տեսնել՝ ինչ է կատարվում, կարողանան իրենց սեփական գնահատականը ներկայացնել այն ամենի վերաբերյալ, որ իրենք լսել են Ղարաբաղում ՝ զերծ մնալով երկուստեք պրոպագանդաներից , հատկապես՝ ադրբեջանական։
- Ի՞նչ հարցեր են քննարկվել։
- Ընդհանուր քննարկվել են Ղարաբաղ-եվրոպական տարբեր ինստիտուտներ համագործակցության վերաբերյալ հարցեր, ինչը շատ ողջունելի է եղել, որ ապագայում հնարավոր է տարբեր զարգացումներ տեղի ունենան և եվրոպական տարբեր ինստիտուտների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները կարողանան իրենց սեփական պատմությունները ներկայացնել՝ ինչպիսի՞ն է Ղարաբաղը, որ ունենան ոչ միայն մեր հայկական, այլև իրենց սեփական տեսակետը և սեփական աչքերով ներկայացնեն իրականությունն աշխարհին։
- Իսկ եվրոպացի պաշտոնյան ի՞նքը ցանկություն հայտնեց, թե՞ հայկական կողմն առաջարկեց։
- Վստահ եմ, որ տարբեր հայկական տարբեր ինստիտուտների կողմից միշտ էլ լինում են առաջարկներ՝ ուղղված եվրոպական համայնքի ներկայացուցիչներին՝ այցելելու Ղարաբաղ։ Ամեն անգամ չէ, որ նույն օրն է հաջողվում հասնել նրան, որ մարդիկ համաձայնեն, գան. այս անգամ ստացվեց։ Եվ ես ուրախ եմ, որ մենք Եվրոպայում մեկ բարեկամ ավելին ձեռք բերեցինք, որը եվրոպական տարբեր ինստիտուտներում կներկայացնի իրականությունը Ղարաբաղի մասին։
- Այս այցի քաղաքական հետևանքը՝ Ձեր աչքերով։
- Նման այցերի դեպքում առաջին բանը, որ անում է Ադրբեջանը, խոսում է «Սև ցուցակի» մասին, ինչ-որ մարդկանց «պերսոնա նոն գրատա» է հայտարարում, բայց, այնուամենայնիվ, մենք պետք է գիտակցենք, որ ամեն անգամ նման մեկ քայլով, մեկ մարդու այցելությամբ կարողանում ենք իսկապես աշխարհում ստեղծել մի իրավիճակ, որտեղ եվրոպական տարբեր պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ՝ նախկին ու ներկա, կարողանում են արդեն իրենց սեփական մտքերով առաջնորդվել, երբ որ խոսում են Ղարաբաղի մասին։ Եվ նաև հավաստիացնել սեփական փորձի վրա, որ Ղարաբաղ այցելելը ոչ մի վտանգ չի ներկայացնում իրենից։ Եվ բացի դրանից, այդ քայլն անելուց հետո նրանք միգուցեև կլինեն նախաձեռնողները, երբ, օրինակ, Ղարաբաղում կանցկացվեն ընտրություններ, կգան, կմասնակցեն՝ դիտորդի կարգավիճակով։ Սրանով մենք կարող ենք փաստել, որ Ղարաբաղը եվրոպացիների համար չի դառնում տաբու, այլ դառնում է սովորական երևույթ։ Եվ Ղարաբաղն արդեն դիտարկվում է, և իրենք իսկապես ընկալում են Ղարաբաղը որպես Եվրոպայի արևելյան սահմանամերձ հանրապետություն, եվրոպական ընտանիքի մի մաս, որտեղ ինստիտուտները աշխատում են եվրոպական ստանդարտներով։
«Այն գործիչը, ով Արցախը Հայաստանի մաս չի համարում, իրավունք չունի բանակցություններ վարել Արցախի ճակատագրի շուրջ»
Եվրասիական միության ստեղծումը, դրան Հայաստանի միանալու ցանկությունը եւ Արցախի խնդիրը, ինչպես նաեւ օրեր առաջ ՀՀԿ երիտթեւի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի հայտարարածը, թե «Ղարաբաղը, գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով, Հայաստանի մաս չէ այսօր կազմում» քննարկման առարկա էր դարձել Ստեփանակերտում, հունիսի 5-ին, «Ազգային վերածնունդ» կուսակցության կազմակերպած «Եվրասիական միություն. մարտահրավերներ եւ հնարավորություններ Արցախի համար» թեմայով կլոր սեղանի ընթացքում։
Կլոր սեղանին կուսակցականներից բացի մասնակցում էին հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ։ Քննարկման մասնակիցներն ընդունեցին հայտարարարություն, որտեղ նշվում է. «Այն գործիչը, ով Արցախը Հայաստանի մաս չի համարում, իրավունք չունի բանակցություններ վարել Արցախի ճակատագրի շուրջ։ Արցախը Հայաստանի անքակտելի մաս է։ Սրա իրավական ամրագրումը պետք է տեղի ունենա ՀՀ կողմից ԼՂՀ ճանաչմամբ եւ ապա երկու պետությունների միավորման ձեւով։ Հայաստանը չպետք է մաս կազմի որեւէ վերազգային կառույցի։ Հայության ինքնիշխանությունը բացարձակ արժեք է։ Արցախի լավագույն երաշխավորը ինքնիշխան, միացյալ Հայաստանն է»։
«Ազգային վերածնունդ» կուսակցության փոխանցմամբ՝ կլոր սեղանի մասնակիցները կոչ են անում նաեւ Արցախի Ազգային ժողովին եւ նախագահին հստակ արտահայտել իրենց դիրքորոշումները Սերժ Սարգսյանի վերոնշյալ հայտարարության վերաբերյալ։
Կլոր սեղանի մասնակիցները դիմում են ժողովրդին՝ բարձրացնելու հասարակական ինքնակազմակերպման աստիճանը, ուժեղացնելու ժողովրդի կողմից իշխանությունների հսկողությունը՝ նրանց ճակատագրական սխալներից հեռու պահելու նպատակով։
karabakh-open.info
Ինչու է Ռուսաստանը ոչնչացրել Շահումյանի շրջանը
1992 թ. հունիսի 13-ին ռուսական բանակի 23-րդ դիվիզիան զավթեց և հայաթափեց Շահումյանի շրջանը՝ Հյուսիսային Արցախը հանձնելով ադրբեջանցիներին։ Ավելի քան 10 հազար հայեր տեղահանվեցին, տեղի ունեցան հայերի սպանություններ, նրանց ահռելի սեփականությունը թալանվեց։
Ռուսական բանակն այնուհետեւ պետք է ներխուժեր Մարտակերտ եւ շարունակեր Ղարաբաղի հայաթափումն ու հանձնումը։
Շահումյանի շրջանի իրադարձությունները խորապես ուսումնասիրված չեն «հասկանալի» պատճառներով։ Հայաստանի խորհրդարանում այդ ժամանակ փակ լսումներ տեղի ունեցան, որի ժամանակ եղան բացահայտումներ թե ռուսական բանակի գործողությունների, թե Հայաստանում այդ օպերացիայի աջակիցների մասով։ Սակայն, թեման ընդհանուր առմամբ մնաց փակ։
Սակայն, տեղի է ունեցել այնպիսի իրադարձություն, որն անհնար է ծածկել «հայ-ռուսական բարեկամությամբ, չնայած արդարացումների ու բացատրությունների փորձերին։
Շահումյանի շրջանում տեղի ունեցածը կարելի է համարել հայ-ռուսական «հարաբերությունների» քաղաքական կլասիկա։ Դրա էությունը հետեւյալն է՝ Ռուսաստանը Կովկասում կարող է ամրապնդվել միայն հայկական շահերի հաշվին եւ հայկական տարածքները Ադրբեջանին հանձնելու միջոցով։ Իսկ երբ Ռուսաստանը հեռանում է Կովկասից՝ հայկական գործոնը տարածաշրջանում ուժեղանում է։
Այս սխեման հստակ դրսեւորվեց Գյուլիստանի 1813 թ. պայմանագրից հետո, երբ հայկական տարածքները ռուսները հանձնեցին մահմեդական կառավարման, 1918-20 թվականներին, երբ Կովկաս վերադարձող Ռուսաստանը Ղարաբաղը, Նախիջեւանը եւ հայաբնակ այլ շրջաններ հանձնեց Ադրբեջանին։ Նույն սխեման կրկնվեց 1992-ից հետո, երբ քաղաքական ու տնտեսական աղետի մեջ հայտնված Ռուսաստանը հեռացավ Կովկասից, եւ հայերը սկսեցին հաղթանակներ տանել, թեեւ Ռուսաստանը շարունակում էր աջակցել Ադրբեջանին։
Սա է հայ-ռուսական հարաբերությունների քաղաքական սխեման։ Ռուսաստանի ու Հայաստանի շահերը խոր քաղաքական եւ պատմական հակասության մեջ են։ Հայաստանի ինքնիշխանությունը եւ քաղաքական հաջողությունը պայմանավորված է Կովկասից Ռուսաստանի «հեռանալով»։ Այսինքն, երբ Հայաստանն ինքնիշխան պետություն է։
Ներկայում սխեման կրկնվում է։ Կովկասում Ռուսաստանը փորձում է ամրապնդվել, եւ Հայաստանի գաղութացումն ընդամենն առաջին քայլն է։ Հաջորդ քայլով Ռուսաստանը փորձելու է ամբողջացնել այդ սխեման, Ադրբեջանի հետ համաձայնության գալով։
Սրանք են Շահումյանի քաղաքական դասերը Հայաստանի համար։
Ճշմարտության սպանությունը
Հունիս 12-ին Կալիֆորնիայում Գեոպոլիտիկ եւ գեոէկոնոմիկ ակումբի հովանավորությամբ տեղի ունեցավ հուշ-երեկո՝ նվիրված Արցախի Շահումյանի շրջանի օկուպացմանը։ Հիմնականում ներկա էին արցախյան ազատամարտի մասնակիցներ եւ վետերաններ, որոնք ճակատագրի բերումով հայտնվել են Միացյալ Նահանգներում։ Հայության համար այդ ողբերգական օրվա հետ կապված հիշվեցին ինչպես ասում են «առաջին ձեռքից» մանրամասն տեղեկություններ։
Մասնավորապես հիշվեցին բավական ոչ ստանդարտ իրադարձություններ այդ օրերի հետ կապված, որոնք տեղի ունեցան Շահումյանի բռնագրավման նախաշեմին, նաեւ մարդիկ՝ որոնք ուղղակի կամ անուղղակի կապված էին այդ դեպքերի հետ։
Արցախյան ազատամարտի դժոխքով անցած Հայաստանի ազատամարտիկները սուր քննադատեցին 22-ամյա իրական փաստերի համառ լռությունը։ Այս 22 տարիներին տարբեր տեսակի մարդիկ, բայց միեւնույն անաստված արժեհամակարգի, հայտնվելով Հայաստանի իշխանության մեջ, ի վնաս ՀՀ ազգային շահերի, իրենց ծախվածների ձեռքով խեղաթյուրում են պատմությունը՝ չփչացնելու համար ռուսների տոնը։
Ինչպես հայտնի է հենց հունիսի 12-ին է Ռուսաստանի Դաշնությունը նշում որպես անկախության օր եւ հենց այդ օրն է համարվում Շահումյանի շրջանի օկուպացման օրը։
Իսկ այն, որ մեր օրերին կենդանի դեսանտային զորքերի հրամանատար եւ Ռուսաստանի Դաշնության հերոս, գեներալ Շամանովը 22 տարի առաջ աչք փակելու համար համարվում էր սովորական վարձկան, իրեն վստահված 328-րդ պարաշուտա-դեսանտային գնդով, թեւի տակ ունենալով եղբայր-զինակիցներին Շամիլ Բասաեւի գլխավորությամբ, ունեցել է ուղղակի մասնակցություն հայկական հողերի բռնագրավման եւ քաղաքացիական բնակչության հայաթափման հարցում, համարվում է տաբու։
Սա չի տեղավորվում «դաշնակից» հարաբերությունների ընդհանուր պատկերում։
Այսօր, երբ Նախիջեւանում կանգնած ռուսական արդիական «Սմերչի» քսուքի հոտն է զգացվում Երեւանում, հունիսի 12-ի ողջ ողբերգական արժեւորումը հայ ժողովրդի համար ստանում է հատուկ իմաստավորում։
Ռուս զինվորները գնդակահարել են հայերին, բարձրացել ծառն ու կեռաս կերել
Ինչպես ռուսական զորքը դատարկեց Շահումյանն Ադրբեջանի համար
«Հունիսի 13» նախաձեռնությունը, որին մաս են կազմում մտավորականներ, քաղաքագետներ, ազատամարտիկներ եւ հասարակական այլ գործիչներ, հունիսի 13-ին իր անդրանիկ միջոցառումն էր իրականացնում։ Նախաձեռնության անվանումը պայմանավորված է 1992 թվականին տեղի ունեցած իրադարձություններով, երբ հունիսի 13-ին ռուսական զորքը ադրբեջանական զորքի հետ գրոհել է Շահումյանի շրջանն ու հայաթափել այն։ Հենց այդ իրադարձությունների օրն էլ՝ հունիսի 13-ին, 22 տարի անց ստեղծված նախաձեռնությունը անցկացրեց իր անդրանիկ հավաքը։
Նախաձեռնության մասնակից, քաղաքագետ Իգոր Մուրադյանը հայտարարել է, որ շատ կարեւոր է տալ 1992 թվականին Շահումյանում տեղի ունեցածի իրավա-քաղաքական գնահատականը։ Նրա խոսքով, Ռուսաստանի զինուժն Ադրբեջանի համար հայաթափել է Շահումյանի շրջանը, ինչը, ըստ Իգոր Մուրադյանի, եղել է ծրագրված գործողություն, եւ որը պետք է շարունակություն ունենար նաեւ ընդհանուր Արցախի հայաթափմամբ։
Իգոր Մուրադյանը շեշտել է, որ Շահումյանում կատարվածի իրավա-քաղաքական գնահատականը կարեւոր է հատկապես ներկայիս իրադարձությունների եւ միջազգային իրավիճակի պայմաններում, երբ կրկին Ռուսաստանը իր քաղաքականությամբ վտանգի տակ է դրել Հայաստանի շահը։ Իգոր Մուրադյանը նշել է, որ Շահումյանի թեման կարծես թե արգելված թեմա է։ Թե Հայաստանի իշխանությունները, թե Ռուսաստանի իշխանությունները այդ հարցը պահում են փակի տակ։
Նրա խոսքով, տարիներ առաջ այդ թեմային անդրադառնալու փորձ է արվել նաեւ ՌԴ Պետդումայի շրջանակներում, սակայն այդ փորձերը արժանացել են պատասխանի, որ կան այդ խնդրով զբաղվող հատուկ մարդիկ, որոնցից բացի ոչ ոք չպետք է զբաղվի։
Թե ինչպես են այդ մարդիկ զբաղվել խնդրով, մենք այսօր տեսնում ենք, նկատել է Իգոր Մուրադյանը, փաստելով խնդրի մոռացվածությունը։ Ըստ նրա, այդ մարդիկ բոլորին հայտնի են, լավ ապրել են այս տարիների ընթացքում, պարգեւներ ու մեդալներ են ստացել։
Իգոր Մուրադյանը նշել է, որ ռուսական զորքի միջոցով Շահումյանի հայաթափման իրավա-քաղաքական գնահատականը կարեւոր է նաեւ Արցախի խնդրի տեսանկյունից։ Նրա խոսքով, հայկական կողմը Հյուսիսային Արցախի հարցը երբեք չի դարձրել բանակցային գործընթացի օրակարգի հարց, եւ եղել է հանցավոր մտայնություն, թե եթե մենք որոշ տարածքներից հրաժարվենք՝ մասնավորապես Գետաշենից ու Շահումյանից, ապա մեր հարցն ավելի հեշտ եւ արագ կլուծվի։ Իգոր Մուրադյանը նշել է, որ «հունիսի 13» նախաձեռնության նպատակը հենց այն է, որ կարեւորագույն հարցը վերստին դառնա շրջանառության առարկա, դուրս բերվի մոռացությունից, եւ դա կլինի կարեւոր քայլ Հայաստանի անկախությունը վերգտնելու ուղղությամբ։
Շահումյանի իրադարձությունների մասին պատմել են նաեւ անմիջական ականատեսներ՝ Շահումյանի բնակիչներ եւ ազատամարտիկներ։ Գայանե Հայրապետյանը, ով եղել է Շահումյանի բնակիչ, պատմել է, թե ինչպես են ռուսական զորքի հարձակումից հետո լքել գյուղը, Գյուլիստանի անտառներով մի կերպ հասել Արցախ, ճանապարհին նաեւ կորուստներ տալով։
Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը հաստատել է, որ Շահումյանում իրենց դեմ կռվել է ռուսական զորքը։ Նրա խոսքով, այդ զորքը լավ զինված էր։ Մանվել Եղիազարյանը հայտարարել է, որ Շահումյանում գործել են գեներալ Շամանովն ու նրա դեսանտայինները։ Շամանովը ներկայումս Ռուսաստանի դեսանտային զորքի հրամանատարն է։
Ազատամարտիկ Էդիկ Մարկոսյանը պատմում էր, թե ինչպես են Շահումյանում գնացել հետախուզության ու տեսել, որ շրջանում եղել է ռուսական զորքի մեծ կենտրոնացվածություն, որն էլ մի քանի օր հետո գրոհել է Շահումյանն ու շրջակա գյուղերը։ Մարկոսյանի խոսքով, ով հայտնի է նաեւ «Շռամ Էդո» մականունով, իրենք անկարող էին ռուսական լավ զինված զորքի դեմ կռվել եւ ընդամենը լուծել են հնարավորինս դիմադրելու խնդիր, մինչեւ որ գյուղացիները կարողանան քաշվել անտառները եւ հեռանալ։
Ազատամարտիկները նշում են, որ Ռուսաստանի զինուժի հետ այդ անհավասար կռվի հետեւանքով բազմաթիվ մարտընկերներ են կորցրել՝ զոհվել են եւ անհետ կորել։
Մանվել Եղիազարյանը նշում է, թե թյուր է այն կարծիքը, որ Արցախում հայկական ուժերը հաղթել են ռուսների օգնությամբ։ Նա ասում է, որ իրականում դա վիրավորանք է հայ ազատամարտիկների հասցեին, քանի որ նրանք հաղթել են իրենց կամքով, իսկ ռուսական զորքն աջակցել է ադրբեջանցիներին։ Մանվել Եղիազարյանը ասել է, որ այնտեղ, որտեղ ռուսական զորք չկար Ադրբեջանի կողմից, հայկական ուժերը հաղթանակ են տարել եւ շատ դեպքերում հեշտ հաղթանակ, չնայած ադրբեջանցիների թվային գերակշռությանը։
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը պատմել է շահումյանցիների պատմություններից իր գրառումները։ Նրա խոսքով, մի շահումյանցի տղամարդ, ով 12 տարեկան է եղել այն ժամանակ, պատմել է, թե ինչպես ռուս զինվորները գնդակահարել են գյուղից հեռացող վերջին մարդկանց՝ Վիլիսի մեջ։ Երեխան էլ դուրս է ընկել Վիլիսից, մյուսների հետ, բայց ողջ է մնացել եւ հասկացել է, որ պետք է ձայն չհանել։ Նա մեքենայի տակ պառկած անձայն մնալով լսել է նաեւ, թե ինչպես ռուս զինվորները գնդակահարելով մարդկանց, հետո բարձրացել են կեռասի ծառերն ու կեռաս համտեսելով ասել՝ «կակայա վկուսնայա չերեշնյա»։ Հրանուշ Խառատյանն ասում է, թե ինչպես տղամարդը, ով այդ ժամանակ 12 տարեկան է եղել, պատմել է, որ հենց այդ պատկերն է տպավորվել իր հիշողության մեջ։
«Հունիսի 13» նախաձեռնությունը հայտարարել է, որ իր գործունեությունը լինելու է շարունակվող, եւ լինելու են թեմայի վերաբերյալ նոր միջոցառումներ, հասարակության ուշադրությունը խնդրի վրա գրավելու եւ օրակարգի հարց դարձնելու համար։
Աղասի Ենոքյան. «Ռուսաստանը Ղարաբաղը կհանձնի Ադրբեջանին»
- Պարոն Ենոքյան, ի վերջո, ի՞նչ էր նշանակում Պուտինի այն պահանջը, որն ընթերցվեց Նազարբաեւի բերանով՝ Եվրասիական միության անդամ դառնալ առանց ԼՂ-ի։ Ձեր կարծիքով, հակված են մոտ ապագայում Ղարաբաղի հարցի լուծմա՞նը, թե՞ հերթական կոմպրոմիսը ներկայացվեց Սերժ Սարգսյանին։
- Մի քանի շերտ ունի Աստանայում կատարված պատմությունը։ Նախ՝ առանց ԼՂ Եվրասիական միություն մտնելը Ռուսաստանի պահանջն է, ոչ թե Ղազախստանի։ Հատուկ եմ շեշտում՝ Ռուսաստանի, ոչ թե Ղազախստանի։ Եվ հետո, ըստ էության, Պուտինը ներկայացրեց, թե ինչպես է պատկերացնում Ղարաբաղի հարցի լուծումը։
- Ինչպե՞ս է պատկերացնում։
- Ղարաբաղի հարցը Հայաստանի օգտին չի լուծվելու։ Ռուսաստանի գերխնդիրն Ադրբեջանում կամ Լեռնային Ղարաբաղում ռուսական բանակ ունենալն է։ Սա մի կարեւոր առանձնահատկությունն է։ Երկրորդ կարեւոր առանձնահատկությունն այն է, որ Հայաստանին թույլ չեն տալու լինել Մաքսային միության լիիրավ անդամ։ Հայաստանին Մաքսային միությունում կտան որեւէ կարգավիճակ, եւ Ռուսաստանն այդ ընթացքում կփորձի լուծել երկու խնդիր. առաջինը՝ երբ Ռուսաստանը կփորձի ներկայանալ աշխարհին, Հայաստանը կլինի այն երկրների ցուցակում, որոնք Ռուսաստանի հետ են։ Երկրորդ խնդիրը՝ ՌԴ-ն Հայաստանին հետ է պահում եվրոպական ճանապարհից։ Ըստ էության, Պուտինը Հայաստանի համար խաչ է քաշում եվրոպական ճանապարհի՝ միեւնույն ժամանակ թույլ չտալով մոտենալ ռուսական ճանապարհին։
- Երբ ասում ենք, որ Ռուսաստանը ԼՂ հարցը լուծելու է ոչ հօգուտ Հայաստանի, ի՞նչ ենք հասկանում դրա տակ։
- Ռուսաստանը թույլ չի տալու, որ Ղարաբաղը մնա անկախ կամ՝ մաս կազմի Հայաստանին։ Ռուսաստանը Ղարաբաղը կհանձնի Ադրբեջանին։
- Ամբողջությա՞մբ։
- Եթե հնարավոր լինի՝ ամբողջությամբ. մոտեցումն այդպիսին է։ Եվ սա Ռուսաստանը կանի մի առավելության դիմաց՝ որպեսզի Ադրբեջանում տեղադրի ռուսական զորքեր։
- Ադրբեջանը, լինելով Թուրքիայի փոքր եղբայրը, ունենալով կայսերապաշտական այլ նկրտումներ, որքանո՞վ է հակված ՌԴ-ի հետ բարեկամություն անել, թույլ տալ իր տարածքում ռուսական զորքի ներկայությունը։
- Ադրբեջանը Ռուսաստանի հետ բարեկամ լինելու խնդիր չունի։ Հայաստանն էլ, ըստ էության, չունի այդ խնդիրը, բայց չգիտես ինչու՝ իր վրա է վերցնում, թե պետք է անպայման ՌԴ-ի հետ բարեկամ լինի։ Չկա երկրների բարեկամություն։ Կա երկրների միջեւ հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ շահի վրա։ Եվ եթե խորը նայենք, կտեսնենք, որ Հայաստանը եւ Ռուսաստանը փոխադարձ շահեր չունեն։
- Իսկ Ադրբեջանը եւ Ռուսաստա՞նը։
- Իսկ Ադրբեջանն ու Ռուսաստանը բազմաթիվ շահեր ունեն՝ միասնական մաքսային քաղաքականություն, նավթային խողովակների համատեղ կամ կիսովի օգտագործում, ի վերջո, Ադրբեջանի միջոցով Թուրքիայի հետ որոշակի հարաբերությունների զարգացում։
- Եթե լինի այն, ինչ կանխատեսվում է այսօր՝ ԼՂ հարցի լուծում՝ ոչ հօգուտ Հայաստանի, խնդիրը կլուծվի առանց արյուն թափելո՞ւ։ Այսինքն՝ պատերազմական ելք չե՞ք կանխատեսում։
- Ես չեմ բացառում պատերազմը։
Հարցազրույցը՝ Մարինա Բաղդագյուլյանի
Հայ-ռուսական տրագիկոմեդիան շարունակվում է
ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտարարել է, որ Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը բանակցություններ կպահանջի Առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ` փոխհատուցումների վերաբերյալ։
«Եթե Հայաստանը հաջողությամբ անդամակցի մեր ձեւաչափին, համաձայնագիր ստորագրի եւ այն վավերացվի, ապա պետք է փոխհատուցումների մասին բանակցություններ սկսի ԱՀԿ-ի հետ», - ասել է նա։
ԱՀԿ մաքսատուրքերը զգալիորեն ավելի բարձր են, քան Եվրասիական միությանը։ Հայաստանն ԱՀԿ անդամ է, եւ պարտավոր է լինելու փոխհատուցել ԱՀԿ գործընկերներին, այդ երկրներից ապրանքներ ներմուծելու կամ արտահանելու դեպքում։
Հայաստանի Եվրասիական ինտեգրացիան, այսպիսով, հերթական զավեշտա-ողբերգական իրավիճակն է արձանագրում։ Բավական չէ, որ Հայաստանն անդամակցում է տնտեսապես ոչ շահավետ միությանը, դեռ մի բան էլ պետք է փոխհատուցի դրա համար։
Ի դեպ, նման իրավիճակ է առաջացել նաեւ Կրգզստանի դեպքում, սակայն այս երկիրը փորձում է այդ փոխհատուցումը գցել Ռուսաստանի վրա՝ «ուզո՞ւմ եք մտնենք ԵՏՀ, ուրեմն վճարեք» սկզբունքով։
Հայաստանից նման բան երեւի թե պետք չէ սպասել։ Հայաստանում բոլորը կողմ են, որ Եվրասիական միությունը տնտեսապես վտանգավոր է Հայաստանի համար, սակայն ոչ ոք Ռուսաստանի դեմ նման հարց չի բարձրացնի։ Իսկ Ռուսաստանը Շուվալովի միջոցով հայտարարում է, որ չի պատրաստվում փոխհատուցում վճարել։
Այսպիսով, պետք է արձանագրել հետեւյալը. Հայաստանը աշխարհի միակ երկիրն էր, որը ոչ թե փող է ստանում, այլ ինքն է վճարում իր տարածքում այլ երկրի (Ռուսաստանի) ռազմական բազայի տեղակայման համար։ Հիմա էլ, Հայաստանը կդառնա միակ երկիրը, որն իր շահերին հակառակ մտնելով Եվրասիական միություն, փոխհատուցում է վճարելու ԵՏՄ ոչ անդամ երկրներին։
Ինչ էր «հուշում» ռուսական ավիացիան Երեւանի երկնքից
Երեւանցիների ուշադրությունը հունիսի 23-ին գրավել են Երեւանի երկնքում թռչող ռազմական օդանավերը։ Ոչ բոլորն էին տեղյակ, որ նախապես հայտարարվել էր Էրեբունի օդանավակայանի ռուսական ավիաբազայի «բաց դռների» օրվա մասին, որի ընթացքում պետք է տեղի ունենային նաեւ ռազմական օդանավերի ցուցադրական թռիչքներ։
Բաց դռների այդ օրը համընկել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած պաշտոնական այցի հետ։ Դա հիմք տվեց կարծիքի, որ ռուսական ռազմական օդանավերի ցուցադրական թռիչքները Մոսկվայի մեսիջն էին Ադրբեջանին, որ եթե Բաքուն դիմադրի եվրասիական նախագծերին, ապա կարող է բախվել ռազմական օդանավերի արդեն մարտական թռիչքներին։
Բայց, այդ օդանավերի գոյությունը Բաքվի համար նոր բան չէ, եւ ոչ էլ դրանք նոր են օդ բարձրանում։ Դրանք պարբերաբար թռչում են մարտական հերթապահության շրջանակում, նաեւ հայտնի է, որ Հայաստանում կա ռուսական ռազմական ավիացիայի բազա, որը Էրեբունի օդանավակայանն է։
Ըստ ամենայնի, ցուցադրական թռիչքների նպատակը, կամ գուցե գլխավոր նպատակը, բուն հասցեատերը Հայաստանի քաղաքացին է։
Ռուսաստանն ունի Հայաստանի քաղաքացու վրա հոգեբանորեն ազդելու անհրաժեշտություն։ Գաղտնիք չէ, որ ռազմական ավիացիան այդ իմաստով շատ ազդեցիկ երեւույթ է։ Ինչու է առաջացել հոգեբանական ազդեցության այդ անհրաժեշտությունը։ Բանն այն է, որ Հայաստանի հասարակության մեջ վերջին շրջանում տեղի են ունենում գործընթացներ, որոնք լուրջ հարված են հասցրել Ռուսաստանի միակ ու անփոխարինելի լինելու, փրկիչ լինելու կարծրատիպերին, միակ բարեկամի միֆին, Արցախի պատերազմը Ռուսաստանի շնորհիվ հաղթելու լեգենդին։
Ավելին, օրերս՝ հունիսի 13-ին, այսինքն Ռուսաստանի օրվա հաջորդ օրը, Հայաստանում նշվեց Շահումյանի անկման օրը։ Իհարկե, չնշվեց այնպիսի մասշտաբով, ինչպես Ռուսաստանի օրը, քարոզչական մասշտաբներն անհամեմատելի էին։ Բայց, թեկուզ փոքր, նեղ շրջանակով, այդուհանդերձ Հայաստանում գրեթե քսանամյա լռությունից հետո բարձրացվեց Արցախի մի մասի՝ Շահումյանի թեման, որը հայաթափվել է ռուսական դեսանտի միջոցով։ 1992 թվականի հունիսին ռուսական դեսանտը ներկայում ՌԴ դեսանտային զորքերի հրամանատար գեներալ Շամանովի գլխավորությամբ հայաթափել է Շահումյանի շրջանն ու նվիրել Ադրբեջանին։
1992-ից հետո Հայաստանում այդ մասին խոսվեց 2014-ին, խոսեցին դեպքի ականատես բնակիչները, ազատամարտիկները, պատմությունն ուսումնասիրած մասնագետները։ Պարզվեց, որ Արցախի պատերազմում ռուսական զորքը ոչ միայն չի օգնել հայկական կողմին, այլ ադրբեջանցիներին է օգնել գրավել հայկական տարածքներ։
Այդ, ինչպես նաեւ մի շարք այլ գործոնների շնորհիվ ռուսական քանդվող միֆը, Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության համար կարեւոր նշանակություն ունեցող հանրային միֆազերծումը պետք է կանխել, ինչն էլ Մոսկվան փորձում է անել ռազմական շոուներով, Հայաստանի քաղաքացիների գլխի վրա ռազմական օդանավերը պտտելով եւ Ռուսաստանի հզորության մասին հիշեցնելով։ Ու պետք է խոստովանել, որ հանրության մի զգալի մասի համար այդ ամենը բավական ազդեցիկ է եւ առաջացնում է ռուսական հզորության հանդեպ ակնածանք եւ այսպես ասած ապահովության զգացում, միեւնույն ժամանակ համոզումով՝ որ առանց Ռուսաստանի մենք չենք լինի պաշտպանված եւ որ Ռուսաստանի դեմ խաղ չունի ոչ ոք, այդ թվում եւ Հայաստանը։
Դա է թերեւս գլխավոր հարցը, որ լուծում է Ռուսաստանը, մասնավորապես ի պատասխան Հայաստանում Շահումյանի գործողության բացահայտման, եւ ընդհանրապես ինքնիշխան պետությանը համարժեք քաղաքացիական գիտակցության ձեւավորման գործընթացի։
Այդ գործընթացը իր ծավալով շատ փոքր է, բայց Ռուսաստանի համար առաջացնում է մեծ մտահոգություն, որովհետեւ դրա հիմքում էմոցիաները, սերը կամ ատելությունը, հակա կամ մետ լինելը չէ՝ որքան էլ փորձում են խնդիրը հենց այդ հարթություն տեղափոխել Ռուսաստանն ու նրա հայաստանյան արբանյակները, այլ Հայաստանի շահը՝ իրավիճակի սթափ գնահատականը եւ այդ ամենի արդյունքը հանդիսացող փաստարկային ամուր բազան, որն աստիճանաբար համոզիչ է դառնում ավելի լայն հասարակական շերտերի համար։
Կրեմլին ծավալները չէ, որ մտահոգում են։ Կրեմլին մտահոգում է այդ ամենի գաղափարական ու արժեքային բաղադրությունը։ Այդ դեպքում մնում է արձագանքի երկու տարբերակ՝ կամ ընդունել իրողությունն ու գնալ երկխոսության, դիմացինին հարգելու, նրա իրավունքն ու շահը Ճանաչելու ճանապարհով, կամ փորձել նվազագույնը միֆականությունը պահելու տարաբնույթ միջոցներ, իսկ առավելագույնը՝ պատերազմի շանտաժ։
Այն, որ Ռուսաստանը ընտրում է երկրորդ տարբերակը, չի նշանակում, որ Կրեմլն ադեկվատ չէ։ Պարզապես Ռուսաստանը չի կարող ճանաչել Հայաստանի շահը, որովհետեւ իր շահն այդ շահի հետ ընդհանուր ոչ մի եզր չունի։ Այդ իմաստով, Ռուսաստանն է ադեկվատ, ոչ թե նրան իր շահը բացատրել փորձող Հայաստանի հասարակության մի շարք շրջանակները։
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Երևանում կայանալու է «Հացը լեռներում» 6-րդ տոնածիսական փառառոնը
Սույն թվականի հունիսի 12-ին Երևանի Արգիշտիի հրապարակում (Էրեբունի թանգարանամերձ հրապարակ) «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ կազմակերպել էր արդեն 6-րդ «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների փառատոնը։
Սեդրակ Մամուլյանի նվիրական և քրտնաջան աշխատանքի շնորհիվ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է ոչ միայն «Հացը Լեռներում» տոնածիսական ուտեստներ փառատոնը, այլ արդեն մեծ զարգացում ապրած և հանրահայտ Տոլմայի Փառատոնը (Սարդարապատում), Խորովածի Փառատոնը (Աղթալայում), Թոնրատոնը (Գեղարքունիք), ինչպես նաև այս տարի առաջին անգամ կազմակերպված Ձկան Փառատոնը (Աբովյան քաղաքում)։
Փառատոնի ընթացքում ներկայացվել էր հայկական 13 տոների (Ամանոր, Սուրբ Սարգիս, Բարիկենդան, Ծաղկազարդ, Նավասարդ, Զատիկ, Վարդեվառ, Սուրբ ծնունդ-Ջրօրհնեք, Տերընդեզ, Համբարձում, Խաչվերաց, Մեծ պաս, Խաղողօրհնեք) խորհրդանշական ուտեստներն այնպես էլ հատուկ տեղ էին հատկացրել Հայաստանի ազգային փոքրամասնություններից եզդիներին,ովքեր ներկայացան իրենց ավանդական կերակրատեսակներով`մեծ ոգևորություն առաջացնելով ինչպես տեղի,այնպես էլ արտերկրից ժամանած հյուրերի մոտ։
Փառատոնին ընդհանուր առմամբ տեղադրված էր 20 տաղավար։ Փառատոնի նպատակն է հանրության ուշադրությունը մեկ անգամ ևս բևեռել այն բանին, թե ինչ դժվարությամբ է ստեղծվում հացը, ի՞նչ ճանապարհ է անցել և ի՞նչ նշանակություն ունի մեր ժողովրդի համար։ Որ այն հայի համար ոչ միայն նյութական բարիք է, այլև հոգևոր արժեք։
Ցանկացողներին տրամադրվում էր նաև բաղադրատոմսը։ «Հացը լեռներում» խորագիրը ցուցահանդես-փառատոնը ստացել է նկարիչ Գրիգոր Խանջյանի համանուն կտավի ազդեցությամբ։
«Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների փառատոնի մուտքն անվճար է, բայց ուտեստները՝ վճարովի։ Սեդրակ Մամուլյանի փոխանցմամբ՝ վաճառքից գոյացած գումարի որոշ չափն իրենք ծախսելու են բարեգործական նպատակներով։
Այսպիսով, Էրեբունի թանգարանի տարածքը ստացել էր տոնական տեսք,որտեղ կարծես միմյանց հետ մրցում էին տաղավարները`մեր ժողովրդին ներկայացնելով ավանդական հայկական տոների կերակրատեսակներն ու դրանց պատարաստման եղանակները։
ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՄԱՍՆԱԳԵՏԸ
Մեր բնակարանի ջրատար խողովակը փչացել էր։ Դիմեցինք ԲՇԳ-ին, խոստացան անմիջապես մասնագետ ուղարկել։ Նստել ու անհամբեր սպասում ենք։ Անցավ մի ժամ, երկու, չորս, անցավ հինգ ժամ, իսկ նա չկա։ Եվ երբ հույսներս արդեն կտրել էինք մասնագետից, հանկարծ հնչեց դռան զանգը։ Կինս անմիջապես վեր թռավ, բացեց շքամուտքի դուռն ու հիասթափված նայեց անծանոթին։ Գեղեցիկ սև կոստյումով, կուրացուցիչ փայլ արձակող փողկապով մի երիտասարդ էր՝ ձեռքերը գրպաններում, տոնական ու վեհ տեսքով։ Հարևան շենքում հարսանիք կար, և կինս մտածեց, որ երևի փեսան է, փախել կամ տունը շփոթել է։
- Տիկին, դուք ԲՇԳ-ից մասնագետ եք հրավիրե՞լ,- քաղաքավարի ու հանդիսավոր հարցրեց անծանոթը։
Կինս զվարթ ինչ-որ բան ասաց, ու մենք՝ ես ու երեխաներս, ուրախությունից վեր թռանք։ Լավ չեմ հիչում, փոքրիկ աղջնակս օծանելիք թափե՞ց, թե՞ տղաս էր թաքուն օդեկոլոնի սրվակ ջարդել, բայց երբ ԲՇԳ-ի երիտասարդ մասնագետն իր սև կոստյումով ու շլացուցիչ փողկապով հայտնվեց մեր բնակարանում, օծանելիքի այնպիսի մի սուր հոտ տարածվեց, որ կարծես դերասանուհիների մի մեծ խումբ էր ժամանել մեր տուն։
Երիտասարդ մասնագետն ուղղեց փողկապն ու հարցրեց, թե ինչն ինչոց է։ Ես համառոտակի պարզաբանեցի իրադրությունը, և նա անմիջապես գործի անցավ։
- Պետք է լվացարանը վեր բարձրացնել ու հանել ծնկաձև խողովակը,- ասաց նա և, ձեռքերը գրպաններում, սպասողական ինձ նայեց։
Տղայիս օգնությամբ մի կերպ բարձրացրի լվացարանն ու մեծ դժվարությամբ հանեցի խողովակը։
Իսկ տանը մետաղալար չկա՞, որպեսզի խողովակը մաքրենք,- հանգիստ շարունակեց մասնագետը։
Կինս ու աղջիկս նետվեցին պատշգամբ, իսկ որդիս դուրս թռավ բակ՝ մետաղալար որոնելու։ Մի քանի րոպե հետո տղաս կարմրատակած և, ուրախությունից շողշողալով, հևասպառ ներս խուժեց՝ մետաղալարը հետևից քարշ տալով։ Մասնագետի ցուցումներով ես ու կինս սկսեցինք միացյալ ուժերով մետաղալարը խողովակի մեջ մտցնել։ Շատ չարչարվեցինք, բայց ոչինչ չստացվեց։ Լարը ոչ մի կերպ առաջ չէր գնում։
- Հ՜ըմ, այդպես էլ գիտեի,- համոզված ասաց մասնագետը,- պետք է պատը թեթևակի քանդել և խողովակը հանել։
Տղաս անմիջապես մուրճ գտավ, և ես գործի անցա։
- Ուժեղ խփի՛ր, այդպես ճնճղուկի բուն էլ չես քանդի,- ուղղություն տվեց մասնագետը, տեղավորվեց աղջկաս առաջարկած աթոռին, ոտքը ոտքով գցեց ու շարունակեց.- մենակ չի ստացվի, մեկն էլ պիտի խողովակը ձգի։
Կինս ու տղաս օգնության նետվեցին, և մենք միացյալ ուժերով անիծյալ խողովակը դուրս քաշեցինք։ Հետո մասնագետը աթոռին նստած, հրովարտականման զանազան հրամաններ էր արձակում, որն ակնթարթորեն իրագործում էինք։ Մենք մաքրեցինք, լվացինք խողովակը, նրա ցուցումներով ցեխ արեցինք և ամրացրինք այն։
- Այժմ պետք է ծնկաձև խողովակը ամրացնել ու ցեխով սվաղել,- ասաց նա։- Այ, այդպես, մի քիչ ձախ, պինդ պահիր։ Դե, հիմա ցեխը լցրու...
Կինս ու տղաս խողովակն են պահում, իսկ ես ցեխով ամրացնում եմ այն (աղջիկս այդ պահին մոխրամանը ձեռքին, սպասարկում էր մասնագետին)։ Վերջապես ամեն ինչ պատրաստ է։ Մասնագետը նստած տեղում հանգիստ շունչ քաշեց, և մենք երախտագիտությամբ նայեցինք նրան։ Նա առաջին անգամ ձեռքերը հանեց գրպաններից ու սկսեց մանրամասն օճառել ու խնամքով լվալ։
- Երկու բաժակից ավելի չեմ խմելու,- հայտարարեց նա ու սրբիչով չորացրեց ձեռքերը։
Կինս ու աղջիկս իրարով անցան, և շուտով սեղանը պատրաստ էր։ Մասնագետն ասաց, որ ինքը միայն կոնյակ է խմելու, և տղաս վազեց խանութ։
Երբ խմեցինք նրա ծանր ու դժվարին մասնագիտության կենացը, նա թույլտվություն խնդրեց ու ասաց, որ ուզում է այդ կենացը ծաղկեցնել երգով։ Եվ այնպիսի փառահեղ կեցվածք ընդունեց, որ մենք հանդիսավոր պատրաստվեցինք լսել Ֆիգարոյի կավատինան կամ Սարոյի արիան... Ու մեր բնակարանով մեկ տարածվեց հանրահայտ «Արա, վայ, վայ»-ը։
Երկրորդ բաժակից հետո նա ասաց, որ հիմա թթի օղի կխմի։ Կինս վեր կացավ ու չգիտեմ որտեղից մի շիշ թթօղի բերեց։ Փորձեցի շիշը բացել, չստացվեց. քիչ առաջ կատարած աշխատանքից ձեռքերս մի քիչ կոշտացել էին։
- Պետք է սովորել, այդպես օդեկոլոնի սրվակն են բացում,- ասաց մասնագետն ու մատների վարժ շարժումով ակնթարթորեն թռցրեց խցանը։
Վերջապես նա տարերքի մեջ էր։ Սեղանի շուրջ նա իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում։ Ինչպես առատության եղջյուրից, նրա բերանից մարգարտահատիկների պես թափվում էին կենացներ կենացների հետևից։ Եվ երբ մենք համատեղ ուժերով դատարկել էինք կոնյակի, օղու և վերջում սեղանին հայտնված գարեջրի, գինու և լիմոնադի շշերը, խմել իմ, կնոջս, երեխաներիս՝ առանձին-առանձին, Էյնշտեյնի ու Աթաբեկ Խնկոյանի, ժողովուրդների բարեկամության ու սուրբ օջախի, երգիչ Կուկուի ու սոցիալիստական ինտեգրացիայի կենացները, կինս մեզ համար թեյ բերեց, իսկ մասնագետն ասաց, որ ինքը սովորաբար բալի մուրաբայով թեյից հետո բրազիլական սուրճ խմելու սովորություն ունի...
Վերջապես, երբ սեղանն արդեն լիովին մաքրազարդվել էր ու ասպատակության ենթարկված բնակավայր էր հիշեցնում, մասնագետն երերալով ոտքի կանգնեց և ասաց, որ ժամանակն է, խնդրում է իրեն ներենք, գործեր շատ կան, պիտի հրաժեշտ տա։
Նա հանդիսավոր սեղմեց բոլորիս ձեռքը, մինչև անգամ շորորալով գնաց ննջարան ու համբուրեց օրորոցում անխռով քնած մանկանս այտը, և երբ կինս մի քսանհինգանոց խոթեց նրա ափի մեջ, նա հավանություն տալու պես ժպտաց, մի անգամ էլ սկզբից մինչև վերջ սեղմեց մեր ձեռքը և, ծանր ու մեծ երերալով շարժվեց դեպի դուռը։ Իսկ օծանելիքի բույրը մի երկու ժամ էլ մնաց մեր բնակարանում և ուշացած դուրս եկավ տիրոջ ետևից։
ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
Օրագրային գրառումներ
Նախաանկախության տարիներին դպրոցում սովորելիս որևէ դասագրքում հանդիպե՞լ եք՝ «մեր համար», «իմ համար», «քո համար»... Ձեզ դասավանդող որևէ մեկից լսե՞լ եք՝ «մեր վրա», «քո վրա»... Այս ի՞նչ համատարած անգրագիտություն է թևածում հայոց փառապանծ գաղջ մթնոլորտում։
Հարգելիներս, ոչ թե «մեր համար», «իմ համար», «քո համար»,
այլ՝ մեզ համար, ինձ համար, քեզ համար...
Ոչ թե «մեր վրա», «քո վրա», «ձեր վրա», այլ՝ մեզ վրա, քեզ վրա, ձեզ վրա...
Ախր մեղք են մեր աչքերն ու ականջները։ Ձեր սիրելի ավագ եղբոր բերնից երբևէ լսած կա՞ք՝ Не надентесь на нам կամ՝ для мой очень приятно... Նույնիսկ անհուսալի անգրագետները չեն այդպես գրում կամ խոսում։ Իսկ ՀՀ հեռուստաեթերը, ԶԼՄ-ները լեցուն են այդ ճչացող անգրագիտությամբ...
* * *
Առաջարկում եմ «Հայ ժողովրդի պատմությունը» հանել ուսումնական ծրագրերից։ Միևնույն է, մեր պատմության սխալներից երբեք դասեր չենք քաղում։ Փոխարենը մեր պատմությունից առանձնացրել ենք «Ծովից ծով Հայաստանի» քարտեզը, պատից կախել ու դարեր շարունակ զմայլվում ենք, չնկատելուն տալով, որ արդեն զրկվում ենք մեր տակի փոքրիկ աթոռից...
* * *
Ազատ ժամերիս թռուցիկ նայելով հայատառ էլեկտրոնային լրատվամիջոցները, ամեն անգամ համոզվում եմ, որ դրանց առնվազն 90 տոկոսն աղբ է՝ «էստիհամեցեք»-ի ավանդույթներով, էժանագին ու տափակ «սենսացիաներով», ինչ-որ «աստղերի», այդ թվում՝ «հայ գերաստղերի» կենցաղային անմիտ, ողորմելի ու խղճուկ պատմություններով, կիսամերկ լուսանկարներով հաճախորդ գրավելու համար ոտուձեռ ընկած։ Եվ՝ անգրագե՜տ, սարսափելի անգրագետ...
Հարգելիներս, ի՞նչ պարտադիր էր այդ ոլորտն ընտրեիք։ Ավելի մեծ հաջողությամբ կարող էիք շուկայում զկեռ ու սալոր վաճառել...
* * *
Որքա՜ն ցավ ու վիրավորանք եմ զգում, երբ հայերն իրար հետ զրուցելիս, հայոց լեզվի, մեր մայրենի լեզվի մասին ինչ-որ բան հայտնելիս, ասում են՝ армянский...
Կարծես ռուսի ազգանուն արտասանելիս լինեն։
Վ. ՕՎՅԱՆ
ՀԱՄԱՐԻ ԱՍՈՒՅԹԸ
Եթե դու գտնում ես, որ ճիշտ ես, ապա դա ամենևին չի նշանակում, թե դու իրավացի ես...
ԱՄՍՎԱ ԱՍՈՒՅԹԸ
Մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի «օրհնվի էն սհաթը» քանի՜-քանի հազար միամիտ հայի տուն է քանդել ու քանի՜-քանի հազար հայի ողբերգության պատճառ դարձել...
Հ.Գ. - Ի դեպ, ես նաև արևմտամետ չեմ...
Комментариев нет:
Отправить комментарий