ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԵՎ ՎԵՐՋ
Ֆեյսբուքյան իմ ընկերներից մեկի գրառման տակ մի «խելոք» գրել էր. «Եկեք Ղարաբաղը տանք, որ Հայաստանը կարանք պահենք»։
Հիշեցի Մեծն Թումանյանի հայտնի հիմար կկուն, որ աղվեսի սպառնալիքներից վախեցած, իր ձագերը հերթով տալիս էր նրան։ Գոնե կկուն ցավով, ափսոսանքով էր իր ձագերին նետում աղվեսի երախը։ Մեր այս ողորմելին մի այնպիսի հավեսով է ուզում Արցախը հանձնել, կարծես այն իր պապի բոստանամերձ խոպանն է։
Ընդհանրապես, «Ղարաբաղը տանք, Երևանը ծաղկի» կարգախոսը նոր չէ։ Արցախյան շարժումից հետո երևանյան սրճարաններում արդեն հաճախ էին նման նվիրատվական մտավարժանքներ անում։ Ու դա առավելապես ծնվում էր նրանց գլխիկներում, ովքեր Արցախի տեղը չգիտեն, երազում անգամ չեն տեսել «այդ Ղարաբաղը»։
Հարցնող լինի դրան (ու դրա նմաններին)՝ իսկ դու ի՞նչ ես արել Արցախի կամ ընդհանրապես Հայաստանի համար, որ այդպես ոգևորված նվիրատվություն ես անում։ Դու ո՞վ ես, որ ուզում ես որոշել շուրջ 140 հազար մարդու և հայկական մի մեծ տարածքի ճակատագիր։ Ու դա միայն 140 հազարի ճակատագիրը չէ, այլ ողջ հայության, քանզի Հայկական լեռնաշխարհի, Հայոց երկրի տերը հայությունն է, բոլոր նրանք, ովքեր հայ են մնացել ու դեռ հույս ունեն, որ մի օր գալու և շենացնելու են իրենց պապերի, ապուպապերի տունը։
Ադրբեջանցի կոչվող թուրքն այսօր էլ չի թաքցնում, ասում է, որ Հայաստանի մի մասը ադրբեջանական է, Սյունիք-Զանգեզուրը, Մեղրին «ադրբեջանական պատմական տարածքներ» են... Հետո էլ դրանք է ուզելու։ Չտաս՝ զենքով է փորձելու վերցնել։ Ու վերցնելու է, որովհետև քո կողմից նրան նվիրած Արցախում, Քարվաճառում, Գորիսից մի քանի կմ-ի վրա նրա բանակն է լինելու կանգնած...
Դե, այսքանը դու չես տեսնելու, մինչ այդ արդեն ծլկած ես լինելու ռուսաստաններ կամ եվրոպա-ամերիկաներ...
Արցախը տոնական նվեր չէ և ոչ էլ մատաղացու։ Արցախը Հայաստան է, հայոց հող, հայրենիք։ Հերոս հայորդի Լեոնիդ Ազգալդյանը, որ երկուսուկես տասնամյակ առաջ իր բարեկեցիկ կյանքը թողել Երևանում, եկել պաշտպանում էր հայոց այս հողը, ասել է՝ Արցախը Հայաստան է և վերջ...
Առայժմ միայն շանորդիներն ու թուրքերն են հակառակը պնդում։
ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
Քեսաբի հայության կոչը
Սիրիայի հայաբնակ Քեսաբի բնակիչները, որոնք օրերս հարձակման են ենթարկվել Թուրքական աջակցությունը վայելող ծայրահեղականների կողմից ու ապաստան գտել Լաթաքիայի հայկական եկեղեցում, դիմել են աշխարհին՝ նոր ցեղասպանությունը կանխելու խնդրանքով
«Այսօր՝ Մայրերի օրը, 2014թ.-ի մարտի 21-ին, մեր գեղեցիկ քաղաքը հարձակման է ենթարկվել Թուրքիայի կառավարության կողմից ռազմական եւ նյութատեխնիկական աջակցություն ստացող «Ալ-Քաիդայի» եւ «Ճակատ ան-Նուսրա» ծայրահեղական խմբավորման կողմից: Մենք արթնացել ենք լուսաբացից շատ առաջ, սարսափած քաղաքի վրա ընկնող հրթիռների ձայնից: Հազարավոր ծայրահեղականներ հատել են մեր քաղաքի սահմանը: Թուրքական կողմը որդեգրել է գեղեցիկ Քեսաբը ոչնչացնելու քաղաքականություն հենց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին:
Քեսաբի հերոսները սկսել են պաշտպանել քաղաքն իրենց որսորդական հրացաններով մինչեւ օգնություն կստանային Սիրիայի կառավարության կողմից: Եթե Քեսաբի բնակիչներն այդ հերոսներից չտեղեկացվեին տներից հեռանալու անհրաժեշտության մասին, ապա աշխարհը հերթական ցեղասպանության ականատեսը կդառնար, իսկ լրատվամիջոցները կտարածեին եւս մեկ ապատեղեկատվություն:
Քեսաբը դարեր շարունակ եղել է հազարավոր հայերի տունը:
Առաջին անգամ Քեսաբը հոգեվարքի մեջ է հայտնվել 1909թ.-ի ողբերգական իրադարձությունների ժամանակ, երբ թուրքերը հարձակվեցին քաղաքի վրա, որի հետեւանքով Քեսաբն ավերվեց, տները հրկիզվեցին եւ 161 հայեր դաժանորեն սպանվեցին:
1915թ.-ին, երբ իրականացվեց Հայոց ցեղասպանությունը, թուրքական զորքերը մտան Քեսաբ եւ արտաքսեցին հայերին, սպանվեց ավելի քան 5000 քեսաբահայ: Թուրքիայի կողմից իրականացված հայերի ցեղասպանությունը խլեց 1.5 մլն հայերի կյանք: Բայց այդ թիվը կարող է մի քանի անգամ ավելանալ, եթե միջազգային հանրությունը համապատասխան քայլեր չձեռնարկի Սիրիայի հայերին պաշտպանելու համար:
Սիրիայում արաբները պաշտպանում են մեզ, նրանք օգնել են մեզ ոտքի կանգնել եւ շարունակել գոյությունը՝ հաղթահարելով սարսափելի հիշողությունները մահի ու կոտորածի մասին, մենք պետք է հավերժ շնորհակալ լինենք նրանց:
Այդ պահից մենք այլ հավատքի դավանողների հետ ապրել ենք խաղաղության ու ներդաշնակության մեջ, ինչպես մեծ հայկական ընտանիք, ինչպես մեկ միասնական տուն, որը կոչվում է Սիրիա: Այսօր եւս մենք ունենք օգնության կարիք, քանի որ թուրքական կառավարությունը, ցավոք, համարձակվել է հարձակվել հայերի վրա՝ անտեսելով Հայ Դատը:
Այդպիսով Թուրքիան դարձյալ հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի այսօր ավելի մեծ թվով հայեր մահանան: Մենք թուրք ժողովրդի դեմ ոչինչ չունենք: Մենք ապրել ենք նրանց կողքին որպես հարեւաններ եւ չենք ցանկանում որեւէ փոփոխություն: Թուրքական կառավարությունը, աջակցելով Քեսաբի բնակիչների սպանությունը, աջակցում է ահաբեկիչներին, որոնց դեմ ուղղված է մեր կոչը: Մենք պարզապես ցանկանում ենք վերադարձնել մեր քաղաքը կամ այն, ինչ մնացել է նրանից, YouTube-ում շատ հոլովակներ վկայում են այն մասին, որ ազգայնամոլները հրդեհում ու ոչնչացնում են մեր գեղեցիկ քաղաքը:
Սիրիան շատ լավ գիտի, որ այնտեղ, որտեղ հայտնվում են այդ ազգայնամոլները, ոչինչ եւ ոչ ոք կենդանի չի մնում: Մեզանից խլել են մեր տները, դարերի ընթացքում կուտակած մեր ժառանգությունն անխնա ոչնչացվել է: Այս կոչն ուղղված է բոլոր հայերին: Այս կոչն ուղղված է համայն մարդկությանը: Աշխարհը պետք է լսի ճշմարտությունը: Էրդողանն ու նրա կառավարությունը ռազմական հանցագործներ են: Մենք Ձեր օգնության կարիքն ունենք: Մենք կարիք ունենք, որ դուք համապատասխան քայլեր ձեռնարկեք: Մեր կյանքը կախված է ձեզանից, ձեր որոշումներից: Մենք այլեւս ոչինչ չունենք, բացի հագուստից, որն այժմ կրում ենք: Եթե մենք մնայինք հավաքելու առաջին անհրաժեշտության իրերը, ապա վաղուց մենք այլեւս ողջ չէինք լինի: Մեզանից շատերը չեն հասցրել վերցնել անձնագիրն ու այլ փաստաթղթեր:
Մենք խնդրում ենք Ձեզ դիմել ձեր երկրների կառավարություններին եւ ՄԱԿ-ին կամ այլ կառույցներին՝ միջամտելու համար:
Այն, ինչ մենք ուզում ենք՝ ապրել ենք ուզում: Եթե դուք անտեսեք այս խնդրանքը, ապա մենք ծայրահեղականների կողմից դաժանաբար կսպանվենք այնպես, ինչպես դա տեղի ունեցավ Հալեպում, Յակուբիայում, Ղենեմիում եւ Սիրիայի ողջ տարածքում:
Նրանք, որոնց դուք անվանում եք ապստամբներ, իրականում արմատականներ են: Այսպիսի խմբավորումների կազմում կան տարբեր ազգության ներկայացուցիչներ՝ աֆղաններ, չեչեններ, Սաուդյան Արաբիայից եկածներ եւ այլն: Քեսաբի բնակիչները եւ ամբողջ Սիրիան ականատես դարձան, թե ինչպես նրանք հարձակվեցին խաղաղ բնակիչների վրա ու սպանեցին նրանց:
ԶԼՄ-ները չեն կարող միշտ թաքցնել ճշմարտությունը: Դուք չեք կարող միշտ ղեկավարել մարդկային կյանքերը: Այսպես կոչված ապստամբները նպատակային հարձակվում են խաղաղ բնակիչների վրա: Մենք ձեզ խնդրում ենք ուշքի գալ: Չեք կարծում, որ արդեն բավականաչափ անմեղ արյուն է թափվել: Չեք կարծում, որ բավականաչափ հարձակումներ են իրականացվել: Երեք տարի մենք ապրել ենք խաղաղ ու երջանիկ: Սա հեղափոխություն չէ, այլ՝ պատերազմ: Իսկ Սիրիական բանակը ներկայում պայքարում է Քեսաբում, որպեսզի ապահովի հայերի անվտանգ վերադարձն իրենց տներ:
Ղարաբաղն ավելի կարեւոր սուբյեկտ է, քան Հայաստանը
Ինչպես ասում էր Օստապ Բենդերը, երեկոն դադարում է ձանձրալի լինել: Մերձդնեստրը նույնպես մտադիր է դիմել Ռուսաստանին միանալու համար: Պետք է սպասել նաեւ Հարավային Օսիայի դիմումին՝ Ռուսաստանի կազմում Հյուսիսային Օսիային միանալու համար:
Աբխազիան գերադասում է անկախ կարգավիճակը: Եւ առաջանում է բնական հարցը Ղարաբաղի մասին: ԼՂՀ ԱԳՆ-ն արդեն հայտարարել է, որ Ղրիմի հանրաքվեն համարում է ժողովրդի կամարտահայտության դրսեւորում: Դա մի կողմից համապատասխանում է Ղարաբաղի դիրքորոշմանը, որը փաստացի դարձել է ինքնորոշման իրավունքի նախադեպ: Մյուս կողմից, այնպիսի զգացողություն է, որ պատրաստվում է քաղաքական ինչ որ պլացդարմ Ռուսաստանին կամ Հայաստանին Ղարաբաղի միանալու «խնդրանքի» համար:
Սակայն Ղարաբաղի իրավիճակն իսկապես տարբերվում է մյուս հետխորհրդային հակամարտություններից: Ղրիմի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի դեպքում գործ ունենք այն երկրների նախկին մասերի հետ, որոնք հայտարարել են Եվրոպական կուրսի մասին: Այսինքն, Ռուսաստանը փորձում է պահպանել Մոլդովայի, Ուկրաինայի եւ Վրաստանի թեկուզ մի մասը:
Հայաստանը հայտարարել է մաքսային միությանն անդամակցելու մասին: Եւ Ռուսաստանն էլ կարող է Ղարաբաղը ճանաչել կամ «ընդունել» միայն այն դեպքում, եթե Հայաստանն առաջ քաշի պայման, որ առանց Ղարաբաղի ոչ մի տեղ չի գնա:
Արդյոք Հայաստանը նման պայման է առաջ քաշել: Եթե ոչ, Ռուսաստանը որեւէ պատճառ չունի հիշել Ղարաբաղը եւ վեճի բռնվել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Ռուսաստանը Հայաստանի ու Ղարաբաղի սահմանին կտեղակայի մաքսակետեր եւ կպահպանի ստատուս քվոն, ինչը լիովին կբավարարի Ադրբեջանին: Սակայն այդ դեպքում Ղարաբաղը կհայտնվի ոչ միայն մեկուսացման, այլեւ լիակատար շրջափակման մեջ, արդեն «մաքսային Հայաստանի» կողմից:
Անկեղծության պահը մոտենում է՝ նախկին ԽՍՀՄ եվրոպական մասի գրեթե բոլոր երկրները, Ռուսաստանին զիջելով իրենց մի մասը, անցնում են եվրոպական տարածություն: Մոլդովայի հետ գործում է առանց վիզայի ռեժիմ, նույնը կարվի Վրաստանի հետ, իսկ Ուկրաինային պատրաստվում են ընդունել Եվրամիություն:
Մնում է Հայաստանը, որը պատրաստ է գնալ Ռուսաստանի հետեւից: Ըստ տրամաբանության, Արեւմուտքն այդ դեպքում պետք է ճանաչի Ղարաբաղը, եւ դա լիովին հնարավոր է: Առավել եւս, որ աշխարհքաղաքական իմաստով Ղարաբաղը զգալիորեն ավելի կարեւոր ու անկախ սուբյեկտ է, քան Հայաստանը:
Ապտակ Ռուսաստանից, ի պատասխան Արցախի համերգի
«Ղարաբաղյան խանությունը եղել է այն ժողովուրդների բնիկ բնակատեղին, որոնք հետո ձեւավորեցին ադրբեջանական ազգն ու կոչում են իրենց ադրբեջանցիներ: Դրա համար էլ Ղարաբաղից նրանց վտարումը՝ հանցագործություն է, եւ միայն նրանց վերադարձից հետո կարելի է խոսել որեւէ հանրաքվեի մասին: Առանց փախստականների վերադարձի Ղարաբաղի տարածքում որեւէ հանրաքվե չի կարող լեգիտիմ լինել»:
Ի՞նչ եք կարծում, ով է այդ խոսքերի հեղինակը: Իլհամ Ալիեւ՞ը, թե տխրահռչակ ադրբեջանցի «ազգայնական» /ներողություն աշխարհի բոլոր ազգայնականներից/ Ակիֆ Նագին:
Ամենեւին, այդ խոսքերի հեղինակը Մաքսիմ Շեւչենկոն է, ռուս մեկնաբան, քաղաքագետ, որին, ի դեպ, կարծես թե բավական սիրալիր հյուրընկալել են Հայաստանում, նրան ասուլիսային սրահներ են տրամադրել, կարծես թե նաեւ Արցախ են ուղեկցել, որպեսզի հավանաբար նա այնտեղ ավելի կատարելագործի «ադրբեջանական ազգի» պատմության իր իմացությունը:
Իսկ ո՞վ է Մաքսիմ Շեւչենկոն: Շեւչենկոն Ռուսաստանի Դաշնության նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների Խորհրդի անդամ է, այսինքն Կրեմլի համար ամենեւին էլ ոչ պատահական մի մարդ: Եվ հետեւաբար հարց է առաջանում՝ կարո՞ղ է արդյոք այդ ոչ պատահական, Կրեմլին կից խորհրդատուներից մեկը Արցախի հարցում ասել պատահական բաներ: Իսկ այդ բաները Շեւչենկոն ասել է «Վեստնիկ Կավկազա» պարբերականի հետ զրույցում:
Այդպիսով, Ռուսաստանից փաստացի հնչում է Ղրիմի հարցում Հայաստանի ու Արցախի դիրքորոշման, նաեւ Ստեփանակերտի հրապարակում կազմակերպված համերգի պատասխանը: Հնչում է պատասխանը բոլոր այն մարդկանց, ովքեր քափ ու քրտինքի մեջ փորձում էին Հայաստանի հասարակությանը համոզել, թե Ղրիմը Արցախի համար նախադեպ է:
«Ղրիմի հետ չհամեմատվեք, հանցագործներ»: Փաստացի հենց դա է Շեւչենկոյի հայտարարությունների համատեքստը: Չէ՞ որ նա հայտարարում է, որ առանց ադրբեջանցիների Արցախի հանրաքվեն լեգիտիմ չէ, իսկ ադրբեջանցիներին Արցախից վտարելն էլ հանցագործություն է:
Փաստորեն, նախադեպի որոնումներում թափված քրտինքը իզուր էր, իսկ Արցախի հրապարակում կազմակերպված համերգն էլ ինչ որ մեկը Ռուսաստանում կվերածի ընդամենը անձնական հարցերի մանրադրամի:
Շեւչենկոն նաեւ հայտարարել է, որ Արցախում պատերազմի դեպքում Ռուսաստանը չի մտնի Ադրբեջանի տարածք, քանի որ ՀԱՊԿ-ն իրավասու է միջամտել միայն անդամ պետության դեմ ոտնձգության դեպքում, իսկ «Ղարաբաղը չի հանդիսանում Հայաստանի տարածք»: Այլ կերպ ասած, եթե հանկարծ Ադրբեջանն ինչ որ բան որոշի, կարող է Ռուսաստանից չվախենալ, ընդամենը պետք է համաձայնեցնել Ռուսաստանի հետ:
Երեւի պետք է Ղրիմի պաշտպանության համերգը ոչ թե Արցախում, այլ Երեւանի կենտրոնական հրապարակում անել: Միգուցե Ռուսաստանը այդ դեպքում գնահատի հայկական ջանքերը եւ Շեւչենկոյին հորդորի, որ Արցախի հանրաքվեն այլեւս ոչ լեգիտիմ չհայտարարի եւ Արցախից ադրբեջանցիներին վտարելը հանցագործություն չդիտարկի:
Մեկ էլ երեւի արժե, որ Զորի Բալայանը մի նամակ էլ գրի Պուտինին, իսկ պատճենը Շեւչենկոյին, կրկնելով Գյուլիստանի կամ Գյուլնազ տատի հեքիաթները Մոսկվայի համար, միգուցե այս անգամ օգնի:
Շեւչենկոն իհարկե Պուտինը չէ, եւ նրա հայտարարությունները պաշտոնական կնիք չունեն: Բայց քաղաքականության մեջ հենց դրա համար էլ կան շեւչենկոները, ժիրինովսկիները եւ այլք, որպեսզի նրանց շուրթերով ասվեն բաներ, որոնք տվյալ պահին պաշտոնապես հայտարարելը նպատակահարմար չէ եւ կարող է առաջ բերել ավելորդ հարցադրումներ:
Իսկ այսպես, հայտարարությունն արվում է, իսկ դրան արձագանքելու հարցում հնչում՝ «դե Շեւչենկոն է, մի բան ասել է, հո դա Մոսկվայի կարծիքը չէ»: Մինչդեռ հարկ է կրկնել, որ Շեւչենկոն Ռուսաստանի Դաշնության նախագահին կից, այսինք Պուտինին կից ազգամիջյան հարաբերությունների Խորհրդի անդամ է:
Տրամաբանությունը հուշում է, որ դա առնվազն հիմք է տալիս արտգործնախարարության մակարդակով համապատասխան հայտարարություն անել ՌԴ նախագահին կից Խորհրդի անդամի անհիմն, պատմական հիմքից զուրկ, նենգափոխված հայտարարությունների կապակցությամբ, հորդորելով ռազմավարական դաշնակից երկրին մեղմ ասած զգուշացնել իր նախագահին կից Խորհրդի անդամների Արցախի վերաբերյալ հայտարարությունների մասով այսպես ասած շրջահայաց լինելու եւ իրականությունը չնենգափոխելու մասին:
Բայց, կան բոլոր հիմքերը կասկածելու, որ Հայաստանի դեպքում այդ տրամաբանությունը չի աշխատի: Որովհետեւ եթե տրամաբանությունը պաշտոնական Երեւանի դեպքում լիներ աշխատունակ, ապա կաշխատեր մինչ այդ եղած բազմաթիվ այլ առիթների դեպքում:
Թեեւ բանն այստեղ միայն տրամաբանությունն էլ չէ, այլ առաջին հերթին արժանապատվությունը՝ պետական ու հանրային մակարդակով, որի նշաձողը իջեցվել է այն աստիճան, որ ինչքան շառաչուն է լինում տարատեսակ ապտակը Ռուսաստանից, այնքան ավելի մեծ է լինում այդ ամենն արդարացնելու եւ ադարանալու ներհայկական ցինիզմը:
Սա նաեւ պատասխան է Սերժ Սարգսյանի հայտարարությանն այն մասին, թե մենք այսօր ունենք այնպիսի «տեսակի ու որակի դաշնակիցներ», որ անվտանգ ենք ինչպես երբեք: Իսկապես, հայ-ռուսական դաշնակցությունը հիրավի չտեսնված տեսակի ու որակի է:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Արկադի Կարապետյան. Ղարաբաղը կարող է Ղրիմի համար նախադեպ լինել և ոչ հակառակը
-Պարոն Կարապետյան, Ղրիմի օրինակն այս օրերին բազմաթիվ վերլուծաբանների կողմից նույնականացվում է Ղարաբաղի հարցի հետ և նշվում, որ սա կարող է Ղարաբաղի համար նախադեպ լինել: Կիսո՞ւմ եք այդ տեսակետները:
-Ես կարծում եմ, որ և՛ նման են, և՛ տարբեր: Նմանությունն այն է, որ մենք էլ ենք հանրաքվեով ինքնորոշվել, բայց ասել, թե Ղրիմի հանրաքվեն մեզ համար նախադեպ կարող է լինել՝ նույնսիկ վիրավորական է, որովհետև մեր հանրաքվեն է իրենց համար նախադեպ: Մի՛ նվաստացրեք մեզ այդ հայտարարություններով, առաջինը մենք ենք եղել և ոչ իրենք, ու դիամցել ենք այնքան, մինչև դա դարձել է միջազգային նորմ:
Երկրորդ՝ ընդհանրապես պարզ չէ, թե Ղրիմն աշխարհում ումն է եղել՝ մեկ հույներ, մեկ թաթարներ, մեկ ռուսներ, իսկ մեր այս հայրենքիում միշտ մենք ենք ապրել, թուրքերը եկել են, հետևաբար էական տարբերություն կա: Սա անվտանգության գոտի չէ, սա մեր հայրենքին է, իսկ ով այլ կերպ է ասում՝ ես խիստ կասկածում եմ, որ նա այս կյանքից ինչ-որ բան է հասկանում:
-Առհասարակ, Ղարաբաղի արձագանքը Ղրիմի հանրաքվեին, Ձեր կարծիքով, ինչպինի՞ն պետք է լիներ: Աբխազիան, օրինակ, ճանաչեց Ղրիմի հանրաքվեն, պաշտոնական Ստեփանակերտն այն դիտարկել էր որպես ազգերի ինքորոշման իրավունքի իրացում: Ձեր տեսակետը ո՞րն է այս հարցում:
-Կարծում եմ՝ նորմալ գործընթաց է, ժողովուրդը ինչ որոշել է, դա էլ եղել է: Ամենամեծ օրենքը՝ ժողովրդի ուզածն է, ժողովրդավարություն ասվածն էլ դա է՝ ժողովուրդն ինչ ուզում է, պետք է առհասարակ լինի ժողովրդի իշխանություն: Ըստ այն ժողովրդավարության, որը մեզ հրամցնում են՝ ժողովրդի ուզածը օրենք է՝ անկախ մեր ցանկությունից, հետևաբար ես այլ բան ասել չեմ կարող: Իսկ զուտ ռեֆերենդումի մասով՝ ողջունում եմ:
-Ի՞նչ եք կարծում, ուկրաինական զարգացումներից հետո Ռուսաստանի քաղաքականությունը հետխորհրդային տարածքում կփոխվի՞: Դուք ժամանակին բավականին քննադատել էիք, օրինակ, Ռուսաստանի կողմից զենքի վաճառքը Ադրբեջանին: Կարծում եք՝ ագրեսիվ այդ քաղաքականությունը շարունակություն կունենա՞։
-Ռուսը մեր հանդեպ որպես զավթիչ է գործում: Այն, որ ես ընդունում եմ Ղրիմի հանրաքվեն, չի նշանակում, որ ընդունում եմ Ռուսաստանի զավթիչ գործողությունները մեր հանդեպ: Մարդիկ այնտեղ նույն քաղաքականությունն են վարում, որ իրենք քննադատում են՝ իբրև կատարվում է Ուկրաինայում: Ռուսները հո նույն ամերիկացիներից լավը չե՞ն:
Ամեն ինչ աշխարհում շատ պարզ է, ամերիկացիներն ասում են՝ ժողովրդավարությունը սա է, ու զարմանում են՝ ինչու մնացածը դա չի ընդունում: Ես էլ զարմանում եմ, որ իրենք այդպիսի լավ բաներ են խոսում ու մեր հանդեպ դաժան են, կիրառում են երկակի ստանդարտներ: Ինձ չի թվում, թե Ռուսաստանը մի օր հենց այնպես սկսի լավ քաղաքականություն վարել Հայաստանում:
-Բայց չե՞ք կարծում, որ Ուկրաինայից հետո Ռուսաստանն ինչ-որ դասեր քաղած կլինի, և քաղաքականությունն այստեղ փոփոխություն կկրի:
-Չեմ կարծում: Նույնիսկ իրենց եկեղեցում շովինիզմը մեր հանդեպ ահավոր բնույթ է կրում: Նույնիսկ իրենց հոգևորականները, որ պետք է շատ բարձր լինեն, մեր հանդեպ լավ չեն վերաբերվում: Եթե եկեղեցին այդ վիճակում է, ի՞նչ կարելի է սպասել մյուսներից:
Մենք առհասարակ պետք է մեր խնդիրներն ինքնուրույն լուծենք, մեր հանդեպ վերաբերմունքը միշտ էլ ուրիշ է լինում: Մենք պետք է համախմբվենք, վերադառնանք Աստծուն, որ կարողանանք դիմակայել:
-Դուք ժամանակին քննադատեցիք Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը, հնարավո՞ր է հիմա Հայաստանի արտաքին քաղաքական ասպարեզում որևէ փոփոխություն լինի, այս իրադարձությունները հույս ներշնչու՞մ են դրա համար:
-Ես միայն Մաքսային միությունը չեմ քննադատում, ցանկացած միություն էլ քննադատում եմ: Մենք պետք է մեր շահերով առաջնորդվենք: Ո՛չ Եվրոպան, ո՛չ էլ Ռուսաստանը հենց այնպես մեր հանդեպ լավ վերաբերմունք չեն դրսևորի:
Մենք հիմա հազարավոր աղանդավորներ ունենք, որոնք զանգված են, որոնք ցանկանալու են մի օր Հայաստանը կիսեն, ինչպես հիմա Ուկրաինան են պառակտում:
Այսինքն՝ մարդիկ, ովքեր պատրաստ սպասում են դրսից հրամանի, որ իրենք ուրիշ բաներ անեն այստեղ: Ժողովուրդը լավ չի ապրում, դա հասկանալի է, բայց այդ ամբողջը դրսում մեր դեմ են օգտագործում:
Մեր հաղթանակների գրավականն ընդհանրապես վերադառնալն է մեր ակունքներին, որ մենք միմյանց սիրենք ու հարգենք ու միասնական գործենք: Ինձ համար տարբերություն չկա՝ ռուսը, Եվրոպան, թե Ամերիկան, ոչ մեկն էլ հենց այնպես մեզ համար լավ բան չի անի:
Ռուսի քաղաքականությունն այստեղ չի փոխվելու, եվրոպացիներինը՝ ևս:
Մի բան էլ ավելացնեմ՝ հայը եթե Եհովայի վկա է, նա արդեն հայ չէ, եթե հայը պատրաստ է կատարել որևէ մեկի հրամանը՝ գումարի դիմաց, ուրեմն հայ չէ:
Եթե դրսից գումար են տալիս, դիմացն ինչ-որ բան են պահանաջում, եթե սիրելով են տալիս, ապա նոր թող մեր մասին մտածեն: Հայն ունի իր կերպարը, որը խախտել չի կարելի, եթե օրգանիզմում մի բան խախտվում է, ուրեմն բուժման կարիք ունի, նույնն էլ սա: Այդ մարդկանց, որ ասում եմ՝ հայ չեն, չի նշանակում, թե ես նրանց Հայաստանում չեմ հանդուրժում կամ չեմ սիրում, ամենևին՝ ես նրանց վերաբերվում են ինչպես մեր հայրենակիցների: Ես իրենց չեմ մեղադրում, պարզապես ես իրենցից հույս չունեմ, որ իրենք ինչ-որ լավ բան կանեն:
Ես մտածում եմ, որ մենք հույսներս պետք է միայն մեզ վրա դնենք, թե չէ՝ մնացածը լինում է այնպես, ինչպես համաշխարհային խաղացողներն են որոշում։ Օրինակ, ասում են՝ Կոսովոյում այսպես է լինելու, այսպես եղավ, Ղրիմում այսպես է լինելու, այսպես եղավ։ Նույնն էլ Հայաստանի մասով կանեն, իսկ դրա համար մենք պետք է համախմբվենք, որ մեր պայքարն էլ արդյունք տա:
Ռուսաստանը չի փոխում շանտաժի եւ սպառնալիքների քաղաքականությունը
Վերջին ամիսների իրադարձությունները, սկսած օգոստոսից, երբ Ռուսատանը Ուկրաինայի եւ Հայաստանի հանդեպ անցավ «հարձակման», կապված վերջիններիս ԵՄ ասոցացման ցանկության եւ մտադրության հետ, լույս սփռեցին բազմաթիվ հարցերի վրա, որոնք հասարակ մարդկանց համար անհասկանալի էին թվում: Հատկապես այն մարդիկ, ովքեր ծնվել ու իրենց կյանքի մեծ մասն ապրել են Խորհրդային Միությունում եւ տարբեր աղբյուրներում կարդացել են հետխորհրդային երկրների եւ նրանց բնակիչների կյանքում ու ճակատագրում Ռուսաստանի «փրկիչ» դերի մասին, լսել անգամ չեն ուզում, որ Ռուսաստանի «բարեկամությունը» իր նախկին հանրապետությունների հետ ոչ այլ ինչ է, քան տարբեր ժամանակների տիրակալների կայսերական վարքագիծ:
Սակայն միջին տարիքի մարդիկ եւ հատկապես երիտասարդները, ովքեր ծնվել եւ մեծացել են ԽՍՀՄ-ից դուրս եւ տեսել են իրենց լավ թե վատ կառուցված ինքիշխան պետությունները, տեսնում են այն, ինչ կատարվում է այսօր, եւ այդ զանգվածի համար միանգամայն պարզ է դառնում, թե ինչու են մեր իշխանությունները 25 տարուց ավելի ծառայում ոչ թե իրենց ժողովուրդներին, այլ ինչ-որ վերացական քաղաքականության, որը չի բխում ԱՊՀ երկրներում ապրող ազգերի եւ ժողովուրդների շահերից: Հենց ԱՊՀ հապավումն է հանգեցնում այն մտքին, որ ԽՍՀՄ-ը չի փլուզվել, եւ Ռուսաստանն այսօր էլ նայում է մեզ ԽՄԿԿ Քաղբյուրոյի բարձունքից:
Ուկրաինայի եւ Հայաստանի ԵՄ հետ ասոցացման ցանկության հանդեպ Ռուսաստանի խանդը ստիպեց դիմել աղբյուրներին ու պարզել, թե ինչ է ի վերջո իրենից ներկայացնում ԱՊՀ-ն եւ նրա հիման վրա նախաձեռնվող Մաքսային միությունը, որն, ակնհայտորեն, պետք է դառնա վերակենդանացված ԽՍՀՄ:
Եվ այսպես, Վիկիպեդիայում այդ առումով ընթերցում ենք. «1991 թվականի դեկտեմբերի 8-ին Վիսկուլ քաղաքում ստորագրվեց Անկախ Պետությունների համագործակցության ստեղծման մասին պայմանագիրը, որն հայտնի է որպես Բելովեժյան համաձայնագիր»:
Ներածությունից եւ 14 հոդվածներից բաղկացած փաստաթղթում հաստատվում էր, որ Խորհրդային Միությունը դադարել է գոյություն ունենալ որպես միջազգային իրավունքի եւ աշխարհաքաղաքական իրողության սուբյեկտ: Սակայն, հիմնվելով ժողովուրդների միջեւ պատմական կապի վրա, հաշվի առնելով երկկողմ համաձայնագրերը, ժողովրդավարական սահմանադրական պետություն ստեղծելու ձգտումը, ցանկությունը, պետական ինքնիշխանության ճանաչման ու հարգանքի վրա հիմնված փոխադարձ հարաբերությունների զարգացման ցանկությունը, կողմերը պայմանավորվել են Անկախ Պետությունների համագործացության ստեղծման մասին: Դեկտեմբերի 10-ին պայմագիրր վավերացրին Ուկրաինան ու Բելառուսը: Այստեղ պետք է նշենք, որ նույն օրը Լեռնային Ղարաբաղում անցկացվեց Անկախության մասին համաժողովրդական հանրաքվեն:
Դեկտեմբերի 12-ին Ռուսաստանի Գերագույն Խորհուրդը` Ռուսաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ «կողմ»՝ 188, «դեմ»՝ 6 եւ «ձեռնպահ»՝ 7 հարաբերակցությամբ վավերագրեց այդ որոշումը, ինչով խախտվեց ՌԽԴՍՀ սահմանադրության 104-րդ հոդվածը, քանի որ Բելովիժյան համաձայնագրի վավերացման համար պետք է ստեղծվեր պետական իշխանության գերագույն մարմին` ՌԽԴՍՀ ժողովրդական պատգամավորների Համագումար, հաշվի առնելով, որ պայմանագիրն վերաբերվում էր հանրապետության պետական կառուցվածքին, ինչը պահանջում էր փոփոխություններ մտցնել սահմանադրության մեջ: 1992 թվականի ապրիլին Ռուսաստանի ժողովրդական պատգամավորների Համագումարը երեք անգամ հրաժարվեց վավերացնել պայմանագիրը, ու մինչեւ լուծարման օրը` 1993 թվականի հոկտեմբերը չվավերացրեց այն: Խնդրում եմ ընթերցողներին հիշել այդ ամսաթիվը, քանի որ հետագայում կներկայացվեն փաստեր, որոնք մոտ են դրան:
1991 թվականի դեկտեմբերի 13-ին Աշխաբադում կայացավ ԽՍՀՄ կազմի մեջ մտնող կենտրոնական Ասիայի 5 պետությունների նախագահների հանդիպումը, որի արդյունքում համաձայնվեցին մտնել կազմակերպության կազմը՝ այն պայմանով, որ ապահովվեն նախկին Միության բոլոր սուբյեկտների հավասար մասնակցությունն ու ԱՊՀ բոլոր պետությունների` որպես հիմնադիրների ճանաչումը: Հետագայում Ղազախստանի նախագահ Նազարբաեւն առաջարկեց հավաքվել Ալմա-Աթայում հարցերը քննարկելու եւ որոշումներ ընդունելու նպատակով:
Դժվար չէ նկատել, որ գլխավոր դերն, ինչպես եւ մեր օրերում, պատկանում էր Նազարբաեւին:
Կազմակերպության անդամ դառնալու համար պոտենցիալ անդամը պետք է համաձայնվեր ԱՊՀ նպատակների եւ սկզբունքների հետ, ստանձնելով Կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունները, ինչպես նաեւ ստանալ անդամ-պետությունների համաձայնությունը: Դժվար չէ նկատել, որ նույն պայմաններն են դրվում Մաքսային միության պոտենցիալ անդամների առջեւ եւ պահանջվում կազմակերպության այլ անդամների համաձայնությունը:
Սակայն, ամենակարեւորն այս առումով կայանում է հետեւյալում. պայմանագիրը վավերացրած երկրների շարքում էր նաեւ Հայաստանը, որը վավերացրեց ԱՊՀ կազմ մտնելու պայմանագիրը 1991 թվականի դեկտեմբերի 26-ին, նույն օրը վավերացվեց ԱՊՀ ստեղծման մասին Պայմանագրի Արձանագրությունը, իսկ Կանոնադրություն՝ միայն 1993 թվականի նոյեմբերի 9-ին: Խնդրում եմ ընթերցողներին ուշադիր լինել այս ամսաթվերի նկատմամբ:
Ինչպես հայտնի է, Ադրբեջանը չի համաձայնվել մտնել ԱՊՀ կազմ, կամ էլ մի քանի անգամ դեմարշներ էր կատարել, դա էական չէ, սակայն ինչ-ինչ պատճառներով 1993 թվականի սեպտեմբերի 24-ին մեկ օրվա ընթացքում այդ երկիրը վավերացրեց եւ ԱՊՀ ստեղծման մասին Պայմանագիրը, եւ ԱՊՀ ստեղծման մասին Պայմանագրի Արձանագրությունը, եւ կազմակերպության Կանոնադրությունը: Ոչ մի այլ պետություն չի ստացել նման արտոնություն` վավերացնել բոլոր փաստաթղթերը մեկ օրվա ընթացքում:
Հարկ է նշել, որ այդ ժամանակ Ղարաբաղյան ռազմաճակատում տեղի էին ունենում թեժ մարտեր. Հայկական կողմն ազատագրել էր Մարտակերտի շրջանի մեծ մասը, ետ էր վերցրել Սարսանգի ջրամբարը, որն օկուպացվել էր 1992 թվականի հունիսին, իսկ մարտի 10-ից-ապրիլի 2-ը հայկական զորքերն ազատագրեցին Քարվաճառը: Մարտերի ժամանակ ադրբեջանական կողմը կրեց զգալի կորուստներ եւ ետ քաշվեց: Դա Ադրբեջանի` Մարտակերտի ուղղությամբ կրած պարտություններից ամենամեծն էր Արցախյան պատերազմի ընթացքում: Քարվաճարի ազատագրումը դարձավ պատերազմի շրջադարձային կետը. ազատագրվեցին Ակնան (Աղդամը), Վարանդան (Ֆիզուլին) եւ Հադրութի շրջանի ամբողջ հարավային մասը մինչեւ Իրանի սահմանն ու Սյունիքի Գորիսի շրջանի Խնձորեսկ գյուղը:
Փաստորեն, Ադրբեջանը ջախջախված էր թե ֆիզիկապես, եւ թե բարոյապես: Սակայն,մի քանի ամսվա «ընդմիջումից» հետո, դեկտեմբերի 27-ին, ադրբեջանական զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում իրականացրեցին ղարաբաղյան ռազմաճակատի հարավային հատվածում, որի արդյունքում հայկական ուժերը ստիպված էին թողնել Հորադիզը եւ նահանջել 11 կիլոմետր խորության վրա: Նկատենք, որ դա տեղի ունեցավ Ադրբեջանի կողմից ԱՊՀ կազմ մտնելու մասին փաստաթղթերի ստորագրության հաջորդ օրը:
Նշենք, որ Հայաստանը համաձայնվեց մտնել ԱՊՀ կազմը 1993 թվականի նոյեմբերի 9-ին, այսինքն, իր ռազմական հաջողությունների գագաթնակետի ժամանակահատվածում, երբ հայկական կողմը թելադրում էր Ադրբեջանին իր կամքը: Եվ հանկարծ դեկտեմբերի 26-ին ԱՊՀ կազմ է որոշում մտնել Ադրբեջանը, որին հաջորդ օրը հնարավորություն է տրվում վերադարձնել ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող Հորադիզը եւ զգալի վնասներ հասցնել հայկական միավորումներին, ընդհուպ մինչեւ 1994 թվականի հունվարի 6-ը: Կրելով ահռելի կորուստներ, հայկական կողմը ստիպված էր համաձայնվել կրակի դադարեցմանը, որի մասին պայմանագիր կնքվեց 1994 թվականի մայիսի 12-ին:
Ընթերցողին կարող է թվալ, որ չափազանց շատ են ամսաթվերը, որոնք հնարավոր չէ մտապահել: Սակայն դրանք պետք չէ հիշել. այդ ամսաթվերն ապացուցում են, որ Ռուսաստանն այն ժամանակ էլ օգտագործում էր շանտաժի եւ սպառնալիքների քաղաքականությունը` նախկին հանրապետությունների միջեւ հարաբերությունները կարգավորելու համար: Մեւկ անգամ եւս ուշադիր հետեւելով ամսաթվերին ու փաստերին, դուք կհամոզվեք, որ այսօր Ռուսաստանը Ղրիմում իրականացնում է նույնը, ինչը որ «փորձարկել» էր Լեռնային Ղարաբաղում 1993 թվականի վերջին – 1994 թվականի սկզբին: Սա` կայսերական շանտաժի դասական օրինակ է, որով չպետք է թույլատրվեր եւ այժմ էլ չպետք է թույլատրվի Ռուսական կայսրության փլուզումը:
Սակայն, Ռուսատանը հաշվի չի առնում, որ ժողովուրդները երբեմն գնում են իրենց ճանապարհով, ու եթե այդ ժողովուրդների ղեկավարները պատրաստ են ոչնչացնել սեփական բնակչությանը` իշխանությունը պահելու համար, դա դեռ չի նշանակում, որ անկախության համար պայքարը հաշվի է նստում նրանց ցանկությունների հետ: Արցախը դա լիովին ապացուցեց:
ՄԱՐԳԱՐԻՏԱ ՔԱՐԱՄՅԱՆ
karabakh-open.info
Ադրբեջանը զենքի ներկրման ծավալներով Եվրոպայում երկրորդ տեղում է
2009-2013 թվականներին աշխարհում ներկրված սպառազինությունների 1.6 տոկոսը բաժին է ընկել Ադրբեջանին։ Սա է վկայում Ստոկհոլմում գործող Խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի նոր զեկույցը աշխարհում զենքի առևտրի ծավալների վերաբերյալ:
Ըստ այդ զեկույցի՝ Եվրոպայում Ադրբեջանը զենքի ներկրման ծավալներով երկրորդ տեղում է և փոքր-ինչ է զիջում Մեծ Բրիտանիային: Եթե վերջին չորս տարիներին Եվրոպա ներկրված զենքի ավելի քան 12 տոկոսը Մեծ Բրիտանիա է գնացել, ապա մոտ 12 տոկոսը ուղևորվել է Ադրբեջան:
2009-2013 թվականների կտրվածքով Ադրբեջանը19-րդն է սովորական սպառազինությունների հիմնական զինատեսակների ներմուծման առումով, մինչդեռ 2004-2008 թվականներին միայն 49-րդն էր: Վերջին տարիներին այդ երկիրը գրեթե չորս անգամ կամ 378 տոկոսով ավելացրել է զենքի ներմուծման ծավալները:
Սովորական սպառազինությունների հիմնական տեսակները Ադրբեջանը ներկրել է յոթ երկրներից, որոնցից երկուսը Մաքսային Միության անդամ են. այդ երկրներն են` Ռուսաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Իսրայելը, Թուրքիան, Հարավային Աֆրիկան և Միացյալ Նահանգները:
Վերջին չորս տարիներին ներկրված զենքի 80 տոկոսը Ադրբեջանը ձեռք է բերել Ռուսաստանից, այդ թվում` երկու «S- 300» տիպի հրթիռային համակարգ, 94 «T90S» տանկ, 20 «Mi-35M» ռազմական ուղղաթիռ, 100 «BMP-3» զրահամեքենա և այլ ծանր զրահատեխնիկա: Բելառուսից Ադրբեջանը գնել է 25 «ՍՈՒ -25» ռազմական ինքնաթիռ և 93 «T-72M1» տանկ: Ուկրաինայից Ադրբեջանը գնել է երկու « MiG-29» ռազմական ինքնաթիռ և 12 «Mi-24G» ռազմական ուղղաթիռ:
Իսրայելը Ադրբեջանին մատակարարել է անօդաչու թռչող սարքեր, բացի այդ 2011-ին Ադրբեջանը պայմանագիր է կնքել իսրայելական կազմակերպությունների հետ ռադարներ, հրթիռային համակարգեր և ափամերձ պաշտպանության համակարգեր ձեռք բերելու համար:
Եթե գումարենք տարբեր երկրներից Ադրբեջանի ձեռքբերած զինտեխնիկան, ապա ստացվում է, որ 2009-2013 թվականներին Ադրբեջանը գնել է ընդհանուր առմամբ 187 տանկ, 32 ուղղաթիռ, 27 ինքնաթիռ, երկու «S-300» հրթիռային համակարգ, շուրջ 100 զրահամեքենա:
Աշխարհում զենքի միջազգային առևտրի ծավալներն աճել են։
Զենքի խոշորագույն մատակարարներն են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Գերմանիան, Չինաստանն ու Ֆրանսիան: Այս հինգ պետություններին բաժին է ընկնում զենքի մատակարարման 74 տոկոսը: Աշխարհում արտահանվող զենքի կեսից ավելին` 56 տոկոսը, մատակարարում են միայն երկու երկիր` Միացյալ Նախագահներն Ռուսաստանը:
«Ազատություն» ռադիոկայան
Հայոց ցեղասպանությունն ու հայ կանանց կրկնակի ցավը. քրդական ծագումով լրագրողի անդրադարձը
Քրդական արմատներով թուրք լրագրող Մուջգան Հալիսն իր հերթական հոդվածը նվիրել է Հայոց ցեղասպանության հետևանքով կրկնակի տուժած հայ կանանց՝ նրանց բռնաբարությունների, բռնի իսլամացման, ստրկացման դեպքերին։ Demokrat Haber կայքում հրապարակված հոդվածը ներկայացնում ենք գրեթե առանց կրճատումների.
«Հայոց ցեղասպանության մինչ այժմ անտեսված հուշերից մեկը սեռական կողմն է, այսինքն՝ Ցեղասպանության կանացի դեմքը։ Այո՛, Ցեղասպանությունը հայ կանանց համար կրկնակի ցավ էր, քանի որ նրանց համար դա միաժամանակ բռնաբարություններ, բռնի ամուսնություններ, ստրկացում էր նշանակում։
Բռնաբարություններ
1915թ.-ին հայ կանայք թե՛ իրենց հայրենիքից արտաքսվեցին, թե՛ ամուսիններին, եղբայրներին ու երեխաներին կորցրին, թե՛ պարբերական բռնաբարությունների զոհ դարձան...
Մինչ այժմ այդ թեմայով ուսումնասիրությունների թիվը շատ քիչ է։ Մինչ մեր օրերը ողջ մնացածներն իրենց բանավոր պատմություններում բռնաբարությունները կամ մեղմացնում են, կամ շրջանցում։ Դա ցույց է տալիս, որ կանայք չեն ցանկանում խոսել այդ բռնության մասին։ Նույն աղբյուրները նշում են, որ տղամարդիկ էլ այդ թեմայի շուրջ խոսել չեն ցանկանում կամ էլ նշում են, որ դա պատմելը շատ դժվար է։
Առևանգված, իսլամացած կանայք
Հայ կանայք ցեղասպանության հետևանքով վերապրեցին նաև բռնի իսլամացումը։ Ենթադրություններ կան, որ 200 հազար հայ կին ցեղասպանության ընթացքում և դրանից հետո իսլամացվեց, ձուլվեց, քրդական, թուրքական կամ արաբական «ծագում» ձեռք բերեց...
Հայ կանանց հանդեպ իրագործված բռնաբարություններին հաջորդում էին բռնի ամուսնությունները։
Իսլամացած կանայք ժամանակի ընթացքում մոռանում էին իրենց ինքնությունն ու մայրենին։ Նրանցից շատերն իրենց և իրենց հարազատներին փրկելու համար բացի իսլամանալուց այլ ելք չէին ունենում։
Տատիկների դաջվածքները
Իսլամացած կանայք ավելի ուշ մուսուլման տղամարդկանց հետ էին ամուսնանում, և համաձայն ավանդույթի՝ հինա էին քսում։ Այդ հինաները կամ դաջվածքները մեկ այլ նշանակություն էլ ունեին։ Ռեժիսոր Սյուզան Խարդալյանի «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմը հենց դրան է նվիրված։ Ֆիլմը Հայոց ցեղասպանոթյունը վերապրած, ստիպված «մարմինը վաճառած» հազարավոր մոռացված կանանց մասին է։ Նրանց մարմիններին այլ մարդկանցից տարբերելու համար դաջվածքներ կային։
Խարդալյանը նշում է, որ իր ֆիլմն ընտանիքի գաղտնիքը բացահայտող մի ճանապարհորդություն է։
«Խանում նենեն (տատիկ) բոլորի նման չէր։ Ես նրան որպես չար սիրտ ունեցող մի կին եմ հիշում։ Ֆիզիկական շփումն ատում էր։ Երբեք չէր գրկախառնվում, համբուրում, ձեռքի դաջվածքները թաքցնում էր։ Այժմ գիտեմ, թե ինչու էր տատիկս շատ լավ քրդերեն խոսում։ 12 տարեկանում Եփրատի ափին բռնաբարության էր ենթարկվել, նրա՝ օգնություն հայցող աղաղակներին արձագանքած քուրդը փախցրել էր նրան։ Այդ տղամարդու հետ ստիպված ապրել է 7 տարի, ապա մի անգլիացի միսիոների օգնությամբ փախել է։ Տատիկս տարիներ շարունակ գերու կյանքով է ապրել։ Նրան կենդանիներին խարելու նման խարել են։ Թուրքերը տատիկիս ոչ միայն ձեռքերը չէ, նաև ճակատագիրն են խարանել, նրա հիշողության մեջ բռնություն, ամոթ և վախ են դաջել»,-ասում է ռեժիսորը։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո հայկական միություններն ու միսիոներական կազմակերպությունները փորձեցին ազատել առևանգված կանանց։ Հատկապես դանիացի միսիոներ Կարեն Եփփեն, արաբ աշիրությունների ղեկավարների հետ համաձայնության գալով, 2000 կանանց ազատ արձակեց։
Գերիների շուկաները
Հայ կանանց վերապրած մեկ այլ դաժանություն էին գերիների շուկաները։ Այդ մասին հնարավոր է կարդալ Իվ Տերնոնի՝ Մարդինի ցեղասպանության մասին պատմող գրքում։
Հեղինակը պատմում է, որ հայ կանանց աշխատացնում էին որպես սեքս-ստրուկներ։
Տերնոնի համոզմամբ՝ Օսմանյան կայսրությունում, չնայած 1909թ.-ից ստրուկների շուկաների պաշտոնապես վերացմանը, մինչև պատերազմի ավարտը հայ կանանց և երեխաների համար այդ շուկաները բացվում էին։
Վաճառողներն իրենց «ապրանքից» կարճ ժամանակում ազատվել էին ցանկանում, այդ պատճառով՝ հայերի գինը շատ ցածր էր։ 5-7 տարեկան երեխաները կարող էին վաճառվել 5-20 քուրուշով, ինչը հավասար էր մեկ գառնուկի գնին։ Երիտասարդ աղջիկը կամ 14-15 տարեկան երիտասարդը 2-3 մեջիդիեյով (արծաթե դրամ) գնորդ էր գտնում։ Գները փոփոխվում էին հայի ընտանիքի ունեցած դիրքով պայմանավորված։ Այդ կանանց կամ աղջիկներին տիրացողներն ապագայում կարող էին օրինական ճանապարհով ձեռք բերել նրանց ունեցվածքը»։
«Ժիրինովսկին հաստատեց Ռուսաստանի կարգախոսը՝ «Հայաստանն` առանց հայերի»»
«Լեռնային Ղարաբաղի հարցը երբեք չի լուծվի, ուստի այդ հարցի լավագույն լուծումն այն ևս Ռուսաստանի կազմի մեջ ընդգրկելն է, այդ դեպքում ոչ հայերը կնեղանան, ադրբեջանցիներն էլ ստիպված կլինեն հաշտվելու, որովհետև Ղարաբաղը չի մնում Հայաստանին, այլ մտնում է Ռուսաստանի կազմի մեջ»:
Ո՛չ, բարեբախտաբար, այս անգամ այսպիսի հայտարարություն անողը հայ չէ, այլ մեկ ուրիշ պետության քաղաքացի, բավական հայտնի: Խոսքը ռուսական քաղաքականության ամենաէքսցենտրիկ, ամենասկանդալային և, միաժամանակ, ամենաազդեցիկ գործիչներից մեկի՝ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ЛДПР) առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկիի մասին է: Վերջինս այս արտահայտությունն արել է մարտի 11-ին «Նորությունների ռուսական ծառայություն» (Русская служба новостей) ռադիոկայանին տված հարցազրույցում՝ խոսելով Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը, ինչպես նաև Աբխազիան և Հարավային Օսիան Ռուսաստանի Դաշնությանը միացնելու թեմայի մասին:
Արդյոք սա ասելիս՝ սկանդալային պահվածքով հայտնի Ժիրինովսկին սթափ վիճակո՞ւմ է եղել, թե՞ ոչ, դեռևս չի հաջողվել պարզել, քանի որ ЛДПР-ի մամուլի ծառայության ներկայացուցիչը մեզ հետ հեռախոսազրույցում հրաժարվեց մեկնաբանել՝ խնդրելով հարցն ուղարկել էլեկտրոնային հասցեին: Իսկ նամակին դեռևս պատասխան չենք ստացել:
Այդուհանդերձ, այս հարցի շուրջ մենք առաջին հերթին զրուցեցինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ, ով ասաց, թե չի ցանկանում մեկնաբանել Ժիրինովսկիի հայտարարությունը, բայց միաժամանակ նշեց հետևյալը. «Արցախի ժողովուրդն արդեն վաղուց ինքնորոշվել է, և այդ ինքնորոշումը դրսևորել է երկու հանրաքվեների ժամանակ (1991 և 2006 թթ.): Մենք կառուցում ենք անկախ, ժողովրդավարական, սոցիալական պետություն: Սա է մեր ինքնորոշման իրավունքի դրսևորումը, և չկա որևէ նախադրյալ մեր որոշումը վերանայելու համար»:
Բաբայանի խոսքերով՝ Ժիրինովսկին ընդամենը պատգամավոր է, և տարբեր քաղաքական գործիչներ կարող են տարբեր տեսակի կարծիքներ հայտնել, բայց դա չի նշանակում, որ նրանք արտահայտում են տվյալ երկրի պաշտոնական դիրքորոշումը: «Մենք հիշում ենք, որ Ժիրինովսկին հայտարարություններ է արել նաև Թուրքիայի, Հնդկական օվկիանոսի մասին, դա ուղղակի այդ մարդու կարծիքն է, ուրիշ ոչինչ: Մենք չենք տեսնում փոփոխություն պետական մակարդակում, նոր վեկտորներ կամ զարգացման նոր միտումներ»,- նշեց մեր զրուցակիցը:
Իսկ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ընդանրապես հրաժարվեց մեկնաբանել նշված հայտարարությունը՝ ասելով, թե Ժիրինովսկին այն մարդը չէ, ում կարելի է մեկնաբանել:
Ղարաբաղյան խնդրի լուծման Ժիրինովսկու յուրօրինակ տեսլականը Հայաստանի քաղաքացիների կողմից սոցիալական ցանցերում արդեն հասցրել է արժանանալ բացառապես բացասական գնահատականի՝ ընդհուպ մինչև նրա հասցեին անձնական վիրավորանքների: «168 Ժամի» հետ զրույցում մոտավորապես այդպիսի վերաբերմունք արտահայտեց նաև հայաստանյան քաղաքական ուժերից մեկի՝ «Ժառանգության» վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը:
Վերջինս շեշտեց, որ Հայաստանի հասարակական և քաղաքական գործիչները, պետք է անհապաղ պատասխանեն Ժիրինովսկիի «ամբարտավան», «անդաստիարակ» և «արկածախնդիր» հայտարարությանը, իսկ պետական ղեկավարներից առնվազն Ազգային ժողովի փոխնախագահները՝ Էդուարդ Շարմազանովը և Հերմինե Նաղդալյանը պետք է չափազանց կոշտ գնահատական հնչեցնեն այդ կապակցությամբ: Սաֆարյանը կարծում է, թե անլուրջ կերպար համարվող Ժիրինովսկին շատ հաճախ ասում է այն, ինչը չի կարող ասել ՌԴ նախագահ Պուտինը կամ նրա կուսակցությունը:
«Պետք է մի բանի վրա ուշադրություն դարձնել. Ռուսաստանը, 2008 թվականից սկսած, ձեռքը դնում է ոչ թե տարածքների, այլ հակամարտությունների վրա: Ռուսաստանը ձեռքը դնում է այդ վերքերի վրա՝ փորձելով իրեն ենթարկեցնել այդ պետություններին: Ղրիմի հարցն էլ ծագել է ոչ թե այն պատճառով, որ Ռուսաստանին հող է պետք, այլ՝ որովհետև Ռուսաստանին Կիևն է պետք,- ասաց Սաֆարյանը՝ ավելացնելով,- կարծում եմ՝ Ժիրինովսկին ուղղակի բարձրաձայնել է այն հաջորդ հանգրվանի մասին, որը կարող է լինել ռուսական արտաքին քաղաքականության մեջ, և դա կարող է լինել Լեռնային Ղարաբաղը»:
Ստեփան Սաֆարյանի խոսքերով՝ այդ հարցազրույցում քաղաքական գործիչ Ժիրինովսկին ոչ միայն «անցնում է չափերը» և վիրավորում է հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը, այլև ակնհայտորեն հասկացնում է, որ Ռուսաստանի համար ոչ թե հայ ժողովուրդն է կարևոր, այլ տարածքը:
«Թերևս Ժիրինովսկին իր շուրթերով հաստատում է Ռուսաստանի կարգախոսը՝ «Հայաստանն՝ առանց հայերի»: Սրա մասին պետք է մտածի ռուսական կողմը, որովհետև նման անդաստիարակ հայտարարություններից հետո պիտի հասկանան, թե ինչու են ուկրաինացիներն իրենց ատում, ինչու են Հայաստանում աճ գրանցում հակառուսական տրամադրությունները, պիտի մեղքերը փնտրեն նման արկածախնդիր, անդաստիարակ, ամբարտավան հայտարարությունների հեղինակների մեջ»,- ասաց «Ժառանգության» ներկայացուցիչը:
Ժիրինովսկու այս արտահայտության կապակցությամբ երեկ հայտարարություն է տարածել նաև Նախախորհրդարան հասարակական-քաղաքական շարժումը, որը բավարարվել է ռուս պատգամավորի հայտարարությունն ընդամենը «ոչ հայանպաստ» որակելով: Նախախորհրդարանը պատահական չի համարել այն, որ ուկրաինական իրադարձությունների լարված խորապատկերի վրա աշխուժացել են քննարկումները նաև ղարաբաղյան հիմնահարցի շուրջ, և ողջունել է Դավիթ Բաբայանի հայտարարությունը հարցի կապակցությամբ:
Իհարկե, առավել հետաքրքիր կլիներ Վլադիմիր Ժիրինովսկու այս կեղծ հայասիրության վերաբերյալ լսել արցախցի հրապարակախոս Զորի Բալայանի կարծիքը, քանի որ Ժիրինովսկիի հարցազրույցից հետո շատերը հիշել են հենց Զորի Բալայանի հայտնի նամակը Ռուսաստանի նախագահ Պուտինին, որում նա պնդում էր, թե «Ղարաբաղի խնդիրն ավելի շատ Ռուսաստանի խնդիրն է», և հիշեցնում էր Գյուլիստանի պայմանագիրը՝ ուղիղ հասկացնելով, որ Ռուսաստանը պետք է «տեր կանգնի Ղարաբաղին»:
Սակայն պարոն Բալայանը, մեզ հետ հեռախոսազրույցում հայցելով մեր ներողամտությունը, հրաժարվեց որևէ մեկնաբանությունից կամ հանդիպելուց:
«Ցավոք սրտի, նման գնահատականի (ինչպես Ժիրինովսկու դեպքում.- Ա.Ս.) պիտի արժանանա նաև Զորի Բալայանը, ով ուղղակի պետք է հասկանա, որ իր այդ տխմար նամակով մեծ մեղք է գործել սեփական ազգի առջև, այնպիսի խարան է դրել, որն այսօր ուղղակի խնդիր է դարձել բոլորիս համար»,- փոխարենը՝ Զորի Բալայանի նամակը հիշեց Ստեփան Սաֆարյանը:
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝
© 168 Ժամ առցանց լրատվական կայք
Մենք դեռեւս ապրում ենք Չարենցին սպանած երկրում
Երբ Չարենցի ծննդյան օրով երկրիդ մեծ ու փոքր, գլխավոր ու անգլխավոր լրատվականներն իրենց եթերը չեն սկսում Չարենցով, երբ Չարենցին անդրադառնում են երրորդ դասարանում վատ սովորող աշակերտի տեքստով, երբ Չարենցին նվիրված իրենց խելքին հարիր միջոցառումը, նույնիսկ, ցույց են տալիս զբոսանքի գնալուց առաջ իր շքամուտքում պարող` ամերիկաներում, թե որտեղ ապրող ցնդած մի պառավի պարը ցույց տալուց հետո, սա արդեն բաց, ուղիղ մարտահրավեր է:
Երբ Չարենցի ծննդյան օրը սովորական մեռելի մի ծաղկեպսակ են դնում Չարենցի հուշակոթողին, երբ բերման ենթարկված աշակերտները Մովսեսի միջանցքը բացած սպասում են այդ ծաղկեպսակը բերող չինովնիկներին ու չինովնիկուհիներին, երբ նույնիսկ Չարենցի հուշարձանը Չարենցի ծննդյան օրով անգամ մի կարգին չեն մաքրում, ու չկա Չարենցի տոն, Չարենցի ծես, Չարենցյան ազատություն, Չարենցյան միտք, Չարենցյան շունչ, Չարենցի խոսքը չկա, սա արդեն անարգանք է` սեփական տխուր մանկությունը հիշելու պատրանքով, երբ պիոներական վզկապներով ու միշտ պատրաստ սպասում էին իրենց ժամանակի չինովնիկներին ու չինովնիկուհիներին, որ ծաղկեպսակներ դնեն լենինների հուշարձաններին:
Երբ այս ամենը ցույց տալուց առաջ ասում են, որ Չարենցը մեծ հայ է, բոլոր ժամանակների խոշոր գրողը, որ Չարենցը հալածված էր իր իսկ սեփական հայրենիքում, սա արդեն նողկանք առաջացնող երեսպաշտություն է:
Երբ այսպես անթաքույց հայից հեռացած, հայությունից հեռացած, Չարենցից հեռացած, Չարենցի ծննդյան օրը գիտաժողովներ են անում` քննարկելու, պարզելու հայի ինքնությունը, երբ այդ ինքնությունը Չարենցի տողերում է, Չարենցի խոսքում է, Չարենցի Նաիրի երկրում է, Չարենցի ուղեղային մորմոքում է, ու հայտարարում են, որ այդ գիտաժողովները դեռ պետք է տանեն երկրե երկիր, սա արդեն պետական միջոցների յուրացում է, վատնում է` քրեորեն պատժելի հանցագործություն:
Չարենցին իր իսկ սեփական հայրենիքում հալածում էին, այո: Հալածում էին, երբ այդ հայրենիքում մոլեգնում էր տգիտությունը, ստորությունը, դավաճանությունը, երբ այդ հայրենիքում իշխում էին կամակատարները, խամաճիկները, երբ այդ հայրենիքով լայնորեն քայլում էր խրոմե սապոգը: Այսօր ինչո՞ւ ենք Չարենցին հալածում իր արդեն քսան տարի անկախ սեփական հայրենիքում, որը նաեւ պետություն է: Ինչո՞ւ այդ հայրենիքը, այդ պետությունը դեռ Չարենցինը չէ: Ինչո՞ւ Չարենցի պետությունը չէ Հայաստանի Հանրապետությունը:
Չարենցը`մեծ, շա՜տ մեծ, հզոր, հակասական, խենթ, պայքարող, իր կյանքը դաժանորեն ապրած, իր կյանքը չապրած, իր խոսքի, իր մտքի, իր սիրո, իր խելառությունների, իր մոլորությունների մեջ անգամ տիեզերական Չարենցը իր մասին իր պետության նկարահանած կինոն չունի, իր պետության բեմադրած թատրոնը չունի, իր պետության ձոնած օպերան չունի: Առ այսօր չունի: Ու սա արդեն ազգային անվտանգության խնդիր է:
Ու չի ունենալու, ցավոք, քանի դեռ ապրում ենք Չարենցին սպանած երկրում:
Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԶԳՈՒՇԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎՆԱՍՆԵՐԸ
Մեր հասարակության մի ստվար հատվածի մոտ այն տեսակետն է արմատավորված, թե իբր, երբ աղանդավորների եւ այլ խորթ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին հալածում, տուգանում կամ դատում են, դրանով նրանք իրենց հավատացյալների շրջանում «սրբանում են», արժանամում հարգանքի ու պատվի: Ուստի, նրանց նկատկմամբ պետք է զգուշավոր լինել, ուշադրություն չդարձնել կամ արհամարհել:
Նման տեսակետը ոչ միայն անընդունելի է, այլեւ՝ իրավական եւ բարոյա-հոգեբանական տեսանկյունից` վտանգավոր: Ինչո՞ւ: Հենց այն պարզ պատճառով, որ աղանդավորները եւ այլ խորթ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները, խախտելով Արցախում գործող օրենքները, ոտնահարում են բնակչության բացարձակ մեծամասնության իրավունքները եւ մնում անպատիժ: Բայց չէ որ օրենքի առաջ բոլորն էլ հավասար են, ի՞նչ կապ ունի` օրենքը աղանդավորն է խախտում, թե՝ այլ քաղաքացի: Մեծն Ջիվանու խոսքերով ասած` «Խեղճ մարդը սխալմամբ մի հավ գողնալով բանտի մեջ է փտել, խելքի՛ աշեցեք», իսկ մարդիկ, ովքեր գիտակցաբար հարյուրավոր մարդկանց են մոլորեցնում՝ զբաղվում հոգեորսությամբ (դավանաորսությամբ), անօրեն կրոնական քարոզչությամբ, մարդկանց դեմ կիրառում են հոգեբանական ազդեցության արգելված միջոցները, նրանց նկատմամբ պետք է զգուշավո՞ր լինենք:
Հարցը դիտարկենք նաեւ հոգեւոր տեսանկյունից:
Խղճի ազատությունից օգտվելն ու ցանկացած կրոն ազատ դավանելը մարդու եւ քաղաքացու իրավունքն է: Հարց է ծագում. «Որտեղի՞ց է վերցվել խղճի ազատության գաղափարը եւ, ընդհանրապես, ո՞վ է մարդուն տվել ազատ կամք»: Եթե մարդը գտնում է, որ ազատություններն իրեն տրվել են «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի», միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ այլ հռչակագրերի, օրենքների, փաստաթղթերի եւ ԼՂՀ Սահմանադրության միջոցով, ապա պետք է, որ նա ծանոթ լինի նաեւ նույն փաստաթղթերով իրեն «վերապահված» պարտականություններին եւ սահմանափակումներին: Իսկ դրանք նույնքան պարզ ու հստակ են գրված, որքան՝ հիշատակումներն ազատությունների մասին:
Պարզապես, պետք է ենթարկվել այն երկրի օրենքներին, որտեղ ապրում ես կամ հյուր ես գնացել: Քրիստոնյաներին հայտնի է (Արցախում գործող բոլոր աղանդավորները, այդ թվում եւ «Եհովայի վկաները», իրենց քրիստոնյա են համարում) Պողոս առաքյալի թուղթը հռոմեացիներին (13: 1-7): Այնտեղ հստակ գրված է. «Ամեն մարդ, որ իշխանության տակ է, թող հպատակվի նրան, որովհետեւ առանց Աստծու թույլտվության իշխանություն չի կարող լինել, եւ գոյություն ունեցող իշխանություններն Աստծուց են կարգված: Ով հակառակվում է իշխանությանը, Աստծու հրամանին է հակառակվում, եւ հակառակվողներն իրենք իրենց դնում են դատապարտության տակ: Իշխողները վախ չեն պատճառում բարիք գործողներին, այլ` չարագործներին: Ուզո՞ւմ ես չվախենալ իշխանությունից՝ բարի՛ք գործիր եւ գովասանք կլսես նրանից, որովհետեւ նա Աստծու պաշտոնյան է՝ քո բարիքի համար կարգված: Իսկ եթե չար գործ անես՝ վախեցի՛ր նրանից, որովհետեւ զուր տեղը չէ՛, որ սուր է կրում. որպես Աստծու պաշտոնյա՝ նա բարկությամբ է դատում եւ պատժում չարագործներին:
Ահա թե ինչու պետք է հնազանդվել իշխանություններին. ոչ միայն պատժից զերծ մնալու, այլեւ խղճով հանգիստ լինելու համար: Դրա համար է նաեւ, որ հարկեր են վճարում իշխանություններին, որպեսզի նրանք, իբրեւ Աստծու պաշտոնյաներ, շարունակեն կատարել իրենց այդ գործը: Հետեւաբար, նրանցից յուրաքանչյուրի հանդեպ կատարեցե՛ք ձեր պարտավորությունը՝ հարկը տալով նրան, ում հարկ պետք է տաք, մաքսը տալով նրան, ում մաքս պետք է տաք, հնազանդվելով նրան, ում պարտավոր եք հնազանդվել, եւ հարգելով նրան, ում պարտավոր եք հարգել»:
Կարծում եմ՝ ցանկացած քրիստոնյա մարդ, կարդալով Պողոս առաքյալի վերոգրյալ տողերը, կհասկանա, որ իրավունք չունի խախտելու Արցախում գործող օրենքները, իսկ իշխանավորները, ովքեր հարկատուների հաշվին աշխատավարձ են ստանում, պարտավոր են կատարելու իրենց պարտականությունները՝ օրենքով սահմանված կարգով պատժելու օրինազանցներին:
Հետաքրքիրն այն է, որ մեր պարագայում բոլոր օրինախախտներն իրենց քրիստոնյաներ են համարում, իսկ իշխանավորների բացարձակ մեծամասնությունը եւս քրիստոնյաներ են: Հետեւաբար, օրինազանց հավատացյալների նկատմամբ պետք է ոչ թե զգուշավորություն կամ այլ մոտեցում ցուցաբերել, դրանով խտրականություն դնել հասարակության մյուս անդամների միջեւ, այլ կիրառել օրենքը` իր տառին ու բառին համապատասխան:
Այ, հիմա զգուշավորությամբ մի հարց բարձրացնենք՝ ինչո՞ւ Արցախի Հանրապետությունում գործող կրոնական միավորումների աղանդավորական խմբերից եւ ոչ մեկը պետական գրանցում չի ստացել, մի՞թե դա աշխարհիկ կամ հոգեւոր այս կամ այն պաշտոնյայի քմահաճույքից է բխել:
Հարցին մոտենանք տեսականորեն: Կրոնական միավորումների գրանցման հարցում հնարավոր է երեք մոտեցում. առաջին՝ պետականորեն գրանցել միայն Հայ Առաքելական Եկեղեցին, երկրորդ՝ չգրանցել եւ ոչ մի եկեղեցի (Վրացական տարբերակ) եւ երրորդ՝ գրանցել այն կրոնական միավորումներին, որոնք առաջնորդվում են Արցախի Հանրապետությում գործող օրենքներով եւ կատարում են դրանց պահանջները:
Արցախի Հանրապետության շահագրգիռ ատյաններում երկարատեւ քննարկումներից հետո ընդունվել է երրորդ տարբերակը: Այն համահունչ է ԼՂՀ Սահմանադրությանը եւ միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին:
Արցախում պետական գրանցում են ստացել «Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի Թեմ», «Արցախի Հայ Կաթողիկե Եկեղեցի», «Արցախի Հայ Ավետարանական Եկեղեցի», «Արցախի Ռուս Ուղղափառ Եկեղեցի», «Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի Թեմի Եկեղեցասիրաց Եղբայրակցություն» կրոնական կազմակերպությունները: Մնացած կրոնական միավորումները՝ «Եհովայի վկաները», «Արթնության կրակը», «Յոթերորդ օրվա ադվենտիստները», «Ավետարանական քրիստոնյա բապտիստները», «Ռեման», ինչպես նաեւ որոշ «տնային եկեղեցիներ» չեն ստացել պետական գրանցում:
Պատճառը շատ պարզ է՝ որովհետեւ նրանց գործունեությունը վտանգում է պետական եւ հասարակական անվտանգությունը, կարգուկանոնը, քաղաքացիների առողջությունն ու բարոյականությունը, հասարակության մյուս անդամների իրավունքներն ու ազատությունները:
«Եհովայի վկաները» պետական գրանցման մերժումը բողոքարկել են մինչեւ ԼՂՀ Գերագույն դատարան, վերջում էլ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան (2010թ. սեպտեմբերի 17): Տարբեր ատյանի դատարաններում ապացուցվել են նրանց գործունեության վերաբերյալ վերը նշված «մեղադրանքները»: Նրանց չեն օգնել անգամ աշխարհի տարբեր վայրերից հրավիրված եւ միջազգային ճանաչում ունեցող իրավապաշտպաններն ու փաստաբանները: Սակայն առ այսօր էլ «Եհովայի վկաները» շարունակում են իրենց «ավերածությունները» եւ հիմնականում մնում` անպատիժ:
«Արթնության կրակ» կրոնական միավորումը պետական գրանցման մերժումը չի բողոքարկել, երեւի «Եհովայի վկաների» դառը փորձն աչքի առաջ է ունեցել, բայց նախկինի պես շարունակում է հավաքներ կազմակերպել ու մնալ անպատիժ: Կիրակնօրյա եւ այլ հիմնական հավաքներն «Արթնության կրակը» կազմակերպում է Ստեփանակերտի 3-րդ դպրոցի անմիջական հարեւանությամբ` Ազատամարտիկների 14 շենքի երկրորդ հարկում տեղակայված` Լեւոն Սարդարյանին պատկանող ԱՁ տարածքում: Այդ հավաքներն անօրինական են եւ արգելված, քանի որ կրոնական միավորումը չունի պետական գրանցում: Հիմա հարց է առաջանում. եթե տվյալ համայնքի քրիստոնյա հավատացյալները գիտակցաբար խախտում են Արցախի Հանրապետության օրենքները, նրանց առաջնորդները հարյուրավոր մարդկանց մոլորեցնում են, կիրառում են հոգեբանական ազդեցության անթույլատրելի մեթոդներ, «զոմբի» տեխնոլոգիաներ, իշխանության համապատասխան մարմիններն ինչո՞ւ պիտի անտարբեր մնան կամ զգուշավոր լինեն, չէ՞ որ նրանք մեր հասարակության՝ հայ հասարակության մի մասն են:
Հարկ է նշել, որ հանրության մեջ տարածված այն տեսակետը, թե աղանդների մեջ վտանգավորը «Եհովայի վկաներն» են, թյուրըմբռնում է: Բոլոր աղանդավորներն էլ վտանգավոր են յուրովի: Բոլորն էլ ղեկավարվում են մեկ կենտրոնից, յուրաքանչյուր աղանդի հատկացված է իր տեղն ու դերը: Պատկերավոր ասած, նրանց միասնական գործունեությունը նման է շեքսպիրյան մի ողբերգության, որտեղ կան բազմաթիվ բացասական կերպարներ: Պարզապես, մեկն իր գործելաոճով ու ցինիզմով մյուսներից տարբերվում է: Ողբերգությունը ճիշտ հասկանալու համար պետք է բոլոր բացասական հերոսների խաղը ամբողջության մեջ դիտարկել:
Վերջապես՝ « ...երբ աղանդավորների եւ այլ խորթ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին հալածում, տուգանում կամ դատում ենք, նրանք իրենց հավատացյալների շրջանում «սրբանում են», արժանանում հարգանքի ու պատվի» միֆն ինչո՞վ է տարբերվում մեր հարեւան ազգի (որը տարբեր ցեղախմբերի միաձուլումից է գոյացել) գործելաոճից, երբ իրենց հանցագործներին, առավել եւս` քնած մարդուն կացնահարողին հերոսացնում են:
Անդրադառնալով վերնագրին` նշենք՝ եկե՛ք զգուշավորությամբ վերաբերվենք «զգուշավորությանը»:
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ
Հայաստանը եւ Արցախը ազատ ու անկախ հանրապետություններ են: Հայստանի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչվել է, իսկ Արցախն անգամ Հայաստանի կողմից չի ճանաչվել: Թե ինչու՞ է այդպես, թողնենք վիճաբանեն Արցախը Մայր Հայաստանին վերամիավորելու եւ ԼՂՀ-ն «ազատ ու անկախ պետություն» հռչակելու կողմնակիցները: Միեւնույն է, դրանից բան չի փոխվելու` գործարքի մեջ մտած կողմերն են հերթական անգամ մե՜ծ բավականություն ստանալու: Եւ դա տեւելու է այնքան ժամանակ, մինչեւ Հայաստանը չդառնա ազգային պետություն:
Ընդհանրապես պետությունն ապազգային կառույց է, որը կարող է ծառայել արտաքին ուժերին կամ ներքին խմբավորումների շահերին: Միայն ազգային պետության դեպքում է հնարավոր, հենվելով ազգային ռազմավարության եւ մարտավարության վրա, երկիրը փրկել գերտերությունների եւ այլ ուժերի ճորտացումից: Հզոր է այն պետությունը, որի պետական քաղաքականությունը ստեղծվում եւ իրականացվում է ազգային գաղափարախոսությանը համապատասխան:
Բոլոր նորանկախ պետությունները, որպես կանոն, պետական քաղաքականության ուղղությունները ստեղծելիս հիմք են ընդունում իշխող կուսակցության գաղափարախոսությունը եւ «անկախացմանը» նպաստած արտաքին ուժի կամ ուժերի թելադրանքը: Իշխող կուսակցությունը եւ նրա կողմից «ընտրված» իշխանությունը հաճախ չես կարողանում զուգահեռաբար առաջ տանել եւ պաշտպանել երկրի պետական եւ ազգային շահերը: Նշվածի օրինակ կարող է հանդիսանալ Հայաստանում իրականացված պետական քաղաքականությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք: Միայն պաշտպանելով պետական շահը, Հայաստանի Հանրապետությունը չկարողացավ Արցախյան պատերազմում տարած փայլուն հաղթանակն օգտագործել դիվանագիտական ասպարեզում, այսպես կոչված «ղարաբաղյան հիմնահարցը» հայության օգտին լուծելու համար: Դրա վկան` Բիշկեկյան խայտառակ պայմանագիրը: Պատճառը՝ ազգային շահի «հիմնավորված» եւ «պատճառաբանված» անտեսումն էր, որը հետեւանք է Հայ ազգային գաղափարախոսության բացակայության: Փաստորեն, ազգային շահի հաշվին Հայաստանում առաջ էր մղվել պետականը՝ ամեն գնով պաշտպանվել էր պետական կարգը, իշխանությունը, «ժողովրդավարությունը», «խոսքի եւ մամուլի ազատությունը», «խղճի եւ դավանանքի ազատությունը», 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքը...
Պետական քաղաքականությունը ստեղծելիս եւ իրականացնելիս, իհարկե, պետք է հաշվի առնել հարեւան պետությունների եւ ազգերի հետ նորմալ փոխհարաբերություններ ունենալու կարեւորությունը, երկրի աշխարհագրական դիրքը, միջազգային հանրության կարծիքը, գերտերությունների «ախորժակը», միջազգային մարդասիրական նորմերը, բայց ոչ ի վնաս եւ ի հաշիվ ազգային շահի: Հակառակ դեպքում պետությունը դառնում է խաղալիք կամ խաղաքարտ գերտերությունների եւ միջազգային որոշ կազմակերպությունների ձեռքին: Քանի դեռ Հայաստանը (հայ ժողովուրդը )չունի Հայ ազգային գաղափարախոսություն, եւ այդ ուղղությամբ պետականորեն հստակ աշխատանք չի կատարվում, պետությունը կարող է անմնացորդ օգտագործելով երկրում գործող ազդեցիկ քաղաքական կազմակերպությունների ներուժը, ճիշտ գնահատելով նրանց տեղն ու դերը, կատարելով համակարգողի գործառույթ, քաղաքական ասպարեզում հասնել զգալի արդյունքների:
Ցանկացած նորմալ, քաղաքակիրթ պետություն շահագրգռված է, որ երկրում գործեն առողջ քաղաքական ուժեր, կառուցողական ընդդիմություն, տարբեր քաղաքական ուղղություն ունեցող կուսակցություններ: Կուսակցությունները, առաջին հերթին ունենալով համազգային խնդիրների լուծման նպատակ, բնականաբար, պետք է համագործակցեն պետության հետ (այստեղ համագործակցելը չպիտի հասկացվի ենթարկվելու, հպատակվելու իմաստով), անկախ նրանից, դիմություն են, թե` ընդդիմություն, որպեսզի կարողանան մասնակից դառնալ պետության կողմից իրականացվող արտաքին եւ ներքին քաղաքականություններին:
Ընդհանրապես, քաղաքական կազմակերպությունն իր ծրագրային դրույթները իրականացնում է երկրի խորհրդարանում ունեցած իր պատգամավորների, պետական ինքնակառավարման մարմիններում ընտրված կուսակցության անդամների կամ համակիրների, իշխանական այլ լծակներում գտնվող իր անդամների միջոցներով, որոնք նախատեսված են երկրի Սահմանադրությամբ եւ օրենքներով:
Հայաստանը եւ Արցախը, բնականաբար, մասնակցում են աշխարհում տեղի ունեցող գործընթացներին, ուստի առաջնահերթ խնդիր է ճիշտ եւ հավասարակշռված պետական արտաքին եւ ներքին քաղաքականությունների վարումը: Տվյալ խնդրում շատ կարեւոր է երկրում գործող ազդեցիկ կուսակցությունների տեղի եւ դերի ճիշտ գնահատումը:
Հայաստանում եւ Արցախում գրանցված են 70-ից ավելի քաղաքական կուսակցություններ, որոնք բնակչության թվակազմի համեմատ, իհարկե, շատ շատ են: Դա հետեւանք է «ժողովրդավարացում» հասկացության մեր յուրովի ընկալմանը, «Կուսակցությունների մասին» օրենքի թերությունների, ինչպես նաեւ արտաքին ուժերի կողմից մեր երկրի հեշտ «խոցելիությանը»: Գաղտնիք չէ, որ գործող կուսակցությունների մեծամասնությունը հովանավորվում եւ ֆինանսավորվում է արտաքին ուժերի կողմից: Բնականաբար, այդ կուսակցություններն առաջին հերթին կատարում են «վերեւների» պատվերները եւ պահանջները, հետո միայն ընթացքում լուծում «համազգային նշանակության խնդիրներ», իրագործում «ազգային վեհ գաղափարներ»:
Բարեբախտաբար, հայ իրականության մեջ գործում են մի շարք ազգային կուսակցություններ, որոնք, իրոք, մտահոգված են Հայաստանի, Արցախի, Սփյուռքի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայով եւ ապագայով: Ահա այդ կուսակցություններն են, որ պիտի արժանանան հայկական պետության ուշադրությանը եւ հոգատարությանը, այսինքն, նրանց հետ պետք է համագործակցի պետությունը, տրամադրի համապատասխան նյութական եւ ֆինանսական միջոցներ (որը պետք է սահմանվի օրենքով), որպեսզի նրանք զերծ մնան արտաքին ուժերի ազդեցությունից: Պետության եւ ազգային կուսակցությունների միջեւ փոխադարձ վստահության դեպքում պետությունը կարող է իրականացնել համակարգողի գործառույթը, այսինքն՝ հաշվի առնելով կուսակցությունների ուղղվածությունները, նպատակները, առանձնահատկությունները, հասարակության եւ միջազգային ասպարեզում նրանց ունեցած հեղինակությունը, նրանց մասնակից դարձնի քաղաքական կարեւոր գործընթացներին, մարտավարական խնդիրների լուծմանը: Պետության կողմից իրականացվող այդ գործառույթը, պատկերավոր ասած, նման պիտի լինի դպրոցական ֆիզիկայից հայտնի լույսի տարալուծման (դիսպերսիա) երեւույթին: Ինչպես գիտենք, բնական լույսն անգույն է, սակայն անցնելով պրիզմայի միջով, տարալուծվում է, բաժանվում աչքի համար տեսանելի 7 գույների՝ կարմիրից մինչեւ մանուշակագույն: Գույներից յուրաքանչյուրն ունի տարբեր ալիքի երկարություն, հաճախականություն, հզորություն եւ այլն:
Մեր պարագայում գույները փոխարինում ենք քաղաքական կուսակցություններով, իսկ պրիզման՝ ազգային-պետական քաղաքականությամբ: Պետությունը (ազգային էլիտան, ոչ թե՝ քաղաքական ), հաշվի առնելով տվյալ կուսակցության հատկանիշները, նրան պետք է հատկացնի համապատասխան տեղ եւ դեր, այսինքն՝ գույն: Նորից պատկերավոր ասած` պետության արտաքին քաղաքականությունը պետք է նման լինի լույսի, այսինքն, լինի անգույն, հակառակ դեպքում ցանկացած գույնով հանդես գալու դեպքում քաղաքական հակառակորդի համար կլինի տեսանելի եւ հեշտ խոցելի:
Վերը նշված մոդելը, բնականաբար, շահեկանորեն տարբերվում է գերտերությունների կողմից կիրառվող եւ այլ պետություններին պարտադրվող երկկուսակցական (սեւ-սպիտակ) մոդելից:
Հայ իրականության մեջ պետություն-կուսակցություն փոխհարաբերություններում համախմբող դերակատարություն կարող է եւ պետք է ունենա Հայ Եկեղեցին, որն, ինչպես հայտնի է, հանդես է գալիս որպես գաղափարաբանության եւ կազմակերպության ամբողջություն: Գաղտնիք չէ, որ Հայ Եկեղեցին համահայկական ամենահզոր ազգային կազմակերպությունն է: Ըստ Սահմանադրության եւ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին (Հայ Եկեղեցին) ճանաչվում է որպես հայ ժողովրդի ազգային Եկեղեցի, նրա ազգային մշակույթի զարգացման, ազգային ինքնության պահպանման, նրա հոգեւոր շինության ու ազգապահպանության կարեւոր պատվար: Այսինքն` պետությունն իր բարոյական հիմքերի շինությունը վստահում է Հայ Եկեղեցուն եւ միասին իրականացնում ազգապահպանման սուրբ գործը:
Տրամաբանորեն, Հայաստանում եւ Արցախում գործող բոլոր կուսակցություններն առաջնորդվելով երկրում գործող Սահմանադրությամբ եւ օրենքներով, Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ պետք է ունենան իրենց հստակ դիրքորոշումը` ամրագրված կուսակցությունների ծրագրերում: Բարեբախտաբար այդպես էլ կա, բայց թե այն ինչպես է կիրարկվում…
Հայ Եկեղեցին էլ, իր հերթին, կարող է եւ պետք է համագործակցի գործող ազգային կուսակցությունների հետ եւ իրականացնի հետեւյալ գործառույթները.
ա. Կուսակցության մարմիններում, ստորաբաժանումներում եւ կից կազմակերպություններում ներկայացնի Հայ Եկեղեցու դավանանքը, խնդիրները եւ նպատակները քարոզի, դասախոսության եւ այլ ընդունելի ձեւերով.
բ. Նպաստի հայության բարոյական նկարագրի, մատաղ սերնդի, երիտասարդության կրթության եւ դաստիարակության գործին, ազգային եւ կրոնական ինքնագիտակցության ձեւավորմանը.
գ. Նպաստի ազգային եւ հոգեւոր արժեքների պահպանմանը եւ քարոզմանը.
դ. Նպաստի մատաղ սերնդի եւ երիտասարդության աշախարհայացքի ձեւավորմանը.
ե. Համատեղ պայքարի աղանդավորության եւ այլ խորթ կրոնական կազմակերպությունների դեմ, որոնք խաթարում են մեր ազգային նկարագիրը, վնասում պետական եւ եկեղեցական շինությանը, սպառնում ազգային անվտանգությանը.
զ. Խթանի մշակույթի եւ արվեստի, հայոց լեզվի եւ գրականության, հայկական ավանդական արհեստների զարգացումը.
է. Նպաստի ազգային ավանդույթների պահպանմանը եւ առողջ հայկական ընտանիքի ձեւավորմանը.
ը. Կազմակերպի համատեղ միջոցառումներ` նվիրված ազգային, եկեղեցական տոներին, մշակույթի եւ հոգեւոր գործիչներին.
թ. Կազմակերպի համատեղ ուխտագնացություններ, արշավներ եւ էքսկուրսիաներ:
Բացի վերը նշված գործառույթներից, ներկա իրավիճակում, երբ հայության առջեւ ծառացած են դժվարալուծելի քաղաքական մի շարք խնդիրներ, Հայ Եկեղեցին պարտավոր է իր ուժերի ներածին չափով նպաստելու դրանց լուծմանը: Այդ ուղղությամբ Հայ Եկեղեցին ունի հարուստ փորձ եւ ժառանգություն: Ներսես Մեծից սկսած Հայ Եկեղեցու հովվապետերից շատերը նպաստել են հայկական պետականության ամրապնդմանը կամ վերականգնմանը: Նրանցից ուշագրավ է Հակոբ Դ Ջուղայեցու գործունեությունը: Հայտնի է, որ նա ունեցել է Արեւմուտքի օգնությամբ Հայաստանը պարսկական լծից ազատագրելու քաղաքական մեծ ծրագիր: Հուսալով Հռոմի պապի հետ համաձայնության եզրեր գտնել համաքրիստոնեական գաղափարախոսության շրջանակներում՝ ձգտել է պապի հովանավորությամբ անցկացնել ներքին բարեկարգություններ: Այդ նպատակով Ալեքսանդր VII պապին հղել է Հայ եկեղեցու հավատո խոստովանության ուղերձը, թղթակցել Կղեմես X պապի հետ: Փորձել է դավանաբանական հարցերը լծորդել քաղաքականի հետ: Կապեր է ունեցել ֆրանսիացի միսիոներների հետ՝ ակնկալելով Լյուդովիկոս XIV թագավորի հովանավորությունը: Ներքին քաղաքական ծրագրերի քննարկման շուրջ 1677-ին Էջմիածնում, Արցախի մելիքների եւ հոգեւորականների մասնակցությամբ գումարել է խորհրդակցություն, որտեղից էլ սկսվել է Արեւելյան Հայաստանի ազատագրության համար Իսրայել Օրու հայրենանվեր գործունեությունը: Թիֆլիսում բանակցել է Քարթլիի Գեորգի XI թագավորի եւ Վրաց կաթողիկոսի հետ, նրանց հետ մշակել հայ-վրացական համատեղ պայքարի ծրագիր: 1679-ի վերջին ժամանել է Կ. Պոլիս, ազգօգուտ խնդիրներ լուծելու մտահոգությամբ բանակցել պապական ներկայացուցիչների հետ, նամակներ հղել Լեհաստանի թագավոր Յան Սոբեսկուն:
Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսը նամակ է հղել նաեւ ռուսական ցար Ալեքսեյ Միխայլովիչին՝ Ռուսաստանից ակնկալելով օգնություն եւ հովանավորություն:
Առանձնապես մեծ դերակատարություն կարող է ունենալ Հայ Եկեղեցին Եկեղեցիների Համաշխարհային Խորհդի շրջանակներում, մանավանդ, որ առաջիկան 8 տարիներին այդ միջազգային կառույցի նախագահը լինելու է Հայ Եկեղեցու Հայրապետը:
ԵՀԽ-ին անդամակցում են 90 երկրներում գործող բողոքական եւ արեւելյան ուղղոփառ 263 եկեղեցիներ: Մի՞թե զարմանալի չէ, որ մինչ այժմ ԼՂՀ ճանաչման ուղղությամբ ոչ մի քրիստոնյա պետության իր խորհրդարանում քննարկում չի անցկացրել, իսկ իսլամական երկրները բազմաթիվ անգամ տարբեր մակարդակի ժողովներում իրենց աջակցությունն են հայտնել (եւ հայտնում են) մեր մահմեդական թշնամուն: Մի՞թե զարմանալի չէ, որ մինչեւ հիմա ոչ մի անհատ քրիստոնյա բարձրաստիճան կրոնական գործիչ ԼՂՀ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը չի ճանաչել կամ հարգել:
Անդրադառնալով Հայստանի Հանրապետության աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունների կողմից իրականացվող արտաքին քաղաքականությանը կարող ենք նշել, որ այն շատ պարզունակ է եւ կանխատեսելի, որը չի կարելի համեմատել մեր թշնամի թուրքական դիվանագիտության հետ: Ախր ինչպե՞ս կարելի է համեմատել թուրքական քաղաքական գործչներ` Գյուլի, Էրդողանի եւ Դավուդօղլուի համատեղ իրականացվող քաղաքական խաղը հայաստանյան «գործնկերների» հետ: Նրանք իրենց դերերը լկտիորեն, բայց վարպետությամբ են կատարում: Գյուլը մեղմողի, «կոծկողի» դերի մեջ է, էրդողանը՝ ծայրահեղ, ամեն ինչ «ավերող», իսկ Դավուդօղլուն` «քիթը ամեն տեղ խոթող»: Իսկ մերոնք` ՀՀ վարչապետը եւ արտգործնախարարը կրկնում են այն, ինչ ասում է ՀՀ նախագահը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսական ժողովը միաձայն պաշտպանում է հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը:
Նորից հիշենք յոթ գույների մասին եւ հուսանք, որ մի օր էլ, Աստծու կամոք եւ հայկական ներուժի շնորհիվ, Հայկական Բարձրավանդակի երկայքով` ծովից-ծով մի հսկայական ծիածան կկապվի:
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
Ղարաբաղի նախադեպը եւ Ղրիմը
Հայաստանում չեն դադարում քննարկումները «Ղրիմի նախադեպի» վերաբերյալ: Կան կողմ եւ դեմ տեսակետներ այն հարցի շուրջ, թե արդյոք Ղրիմում ներկայում տեղի ունեցողը նախադեպ է Ղարաբաղի համար, եւ որքանով դրանից կշահեն Ղարաբաղը եւ Հայաստանը:
Ընդ որում, այս հարցի շուրջ բավական ակտիվ է նաեւ ռուսական քարոզչությունը, որը գեներացնում է «Ղրիմի նախադեպի» թեման հայկական շահերի տեսանկյունից: Սա հասկանալի է, քանի որ Ղրիմի հարցում Ռուսաստանը մնացել է միայնակ, եւ նրան անհրաժեշտ են «գաղափարակիցներ»:
Ռուսաստանը եւ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը
Նախադե՞պ է արդյոք Ղրիմը Ղարաբաղի համար: Հետաքրքիր է սակայն, որ չի արվում հետեւյալ հարցադրումը՝ իսկ գուցե Ղարաբա՞ղն է եղել նախադեպ Ղրիմի համար, քանի որ Ղարաբաղում ինքնորոշման շարժումը տեղի է ունեցել երկու տասնամյակ առաջ: Այս դեպքում, ընդհանրապես կարիք չէր լինի խոսել «Ղրիմի նախադեպի» մասին:
Իրականում հենց այդպես էլ եղել է, եւ պետք է ուշադրություն դարձնել հետեւյալ հանգամանքին՝ ինչպե՞ս է Ռուսաստանն արձագանքել Ղարաբաղի ինքնորոշման շարժմանը: Առնվազն երկու պատժիչ գործողություններով, որի արդյունքում ոչնչացվել են տասնյակ հայկական բնակավայրեր, տեղահան արվել տասնյակ հազարավոր հայեր: 1990-ականների սկզբներին:
«Ղարաբաղյան կարգավորման» շրջանակում Մոսկվան ամեն կերպ խոչընդոտել է Ղարաբաղի միջազգային ճանաչմանը, Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին: 2008-ին Մոսկվան փորձ արեց Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանին, ստանձնելով «ղարաբաղյան կարգավորման» առաջամարտիկի դերը: Սակայն փորձը տապալվեց:
Վերջին տարիներին Ռուսաստանը Ադրբեջանին զինում է ժամանակակից հարձակողական զենքով, մի երկրի, որը սպառնում է Ղարաբաղի ու Հայաստանի անվտանգությանը:
Նույն 2008-ին, ռուս-վրացական պատերազմից հետո, Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը: Այդ ժամանակաշրջանում տեղի ունեցավ նույն քննարկումը «նախադեպի» վերաբերյալ: Սակայն ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարեց, որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչումը որեւէ կերպ չի ազդի «ղարաբաղյան կարգավորման» վրա, քանի որ «Ղարաբաղն այլ դեպք է»:
Ղրիմի իրադարձությունների կապակցությամբ Լավրովը դեռեւս նման հայտարարություն չի արել, բայց կանի, իրավիճակը «խաղաղվելուց» հետո:
Իսկ ո՞րն է Ռուսաստանի նման վերաբերմունքի պատճառը: Այն, որ նման նախադեպերը վտանգում են հենց Ռուսաստանին, նկատի առնելով բավական ուժեղ էթնիկ տարածաշրջանների առկայությունը եւ «պատմական հանգամանքները»: Այդ պատճառով, Ռուսաստանի նախաձեռնած «նախադեպերը» պետք է լինեն քիչ ինչ այլ տրամաբանության մեջ՝ միակողմանի: Այս քաղաքականության տրամաբանությամբ՝ «Ղարաբաղն այլ դեպք է», որովհետեւ այն Ռուսաստանը չէր նախաձեռնել:
Ղարաբաղի նախադեպը
Ղարաբաղն իսկապես այլ դեպք է: Դա հասկացել են ամբողջ աշխարհում, բացի հայերից: Այլապես, երկու տասնամյակ անց նման խնդիր չէր քննարկվի, այլ՝ լիովին այլ հարցեր, կապված «ղարաբաղյան նախադեպն» ամրապնդելու եւ նոր աշխարհակարգում արժանի տեղ ու դեր ստանձնելու հետ:
Փոխարենը, այդ նախադեպը երկու տասնամյակում մսխվեց եւ քրեական ու այլ բնույթի խմբավորումների ձեռքին վերածվեց մանրադրամի՝ Հայաստանում իշխանության եւ ազգային բարիքի բաշխման համար պայքարում:
Իսկ ի՞նչ էր կատարվել Ղարաբաղում: Ղարաբաղում տեղի ունեցավ ինքնորոշման դասական շարժում, միջազգային նորմերին լիովին համապատասխան: Ադրբեջանը պատասխանեց պատերազմով, որում պարտություն կրեց, չնայած Ռուսաստանի օգնությանը:
Սակայն, Ղարաբաղյան շարժումն ուներ մեկ այլ ուժեղ կողմ. Այդ շարժումն իր տրամաբանությամբ լիովին համարժեք էր աշխարհում տեղի ունեցող գլոբալ զարգացումներին եւ քաղաքակրթական գործընթացի մի մասն էր, ընդ որում՝ էական մասը: Կարելի է կատակ համարել «Բեռլինի պատը մունք ընք քանդալ» ղարաբաղյան խոսքը, սակայն խորքում դա ճշմարտություն էր: Այսինքն, հայ ժողովուրդը մասնակիցն էր նոր աշխարհակարգի կերտմանը: Նման «կարգավիճակ» ունեցող ժողովուրդը չէր կարող պարտվել, ով էլ դուրս գար նրա դեմ:
Ի՞նչ է ներկայում մնացել այդ «կարգավիճակից»: Հայերը, որպես հանրություն, խորքում այդպես էլ չգիտակցեցին այս իրողությունը, եւ մինչ օրս նախադեպեր են որոնում ամենուր, ներկայում էլ՝ Ղրիմում:
«Ղրիմի նախադեպը»
Ի՞նչ է կատարվում Ղրիմում: Ղրիմի իշխանությունը հռչակել է անկախություն եւ հանրաքվեի է դրել Ռուսաստանին միանալու հարցը: Ռուսաստանը զորք է մտցրել Ղրիմ եւ ակնհայտորեն մասնակցում է ինքնավարության ներքին գործերին: Այս ֆոնին, Ղրիմի ինքնորոշման շարժումը ձեռք է բերում արտաքին ագրեսիայի եւ անեքսիայի հատկանիշներ: Այսինքն, Ռուսաստանն իր գործողություններով հնարավորություն չի տալիս Ղրիմի ժողովրդին ծավալել միջազգային իրավական նորմերին լիովին համապատասխան շարժում:
Մյուս կողմից, Ուկրաինայի իրադարձությունները ցույց տվեցին, եւ ավելին, դարձան նոր աշխարհակարգի հաստատման «երկրորդ փուլի» կատալիզատոր, որի բնութագրական գծերն են 19-րդ դարի տիպի կայսրությունների վերջնական փլուզումն ու նոր էլիտաների առաջացումը: Մոսկվայում ակնհայտորեն շտապում են լուծել Ղրիմի հարցը եւ միացնել թերակղզին, քանի որ իրադարձությունները զարգանում են մեծ արագությամբ: Այսինքն, գործ ունենք «միակողմանի նախադեպի» հետ:
Այս տեսակետից, արդյոք Ղրիմի ինքնորոշման շարժումը համարժեք է քաղաքակրթական ներկայիս զարգացումներին ու տրամաբանությանը: Եւ արդյոք «Ղրիմի նախադեպն» այլ կազմավորումների ու պետությունների հարցում լինելու է ազատության եւ ինքնիշխանության նախադեպ:
Ռուսաստանը պետք է միացնի Ղրիմը, այլապես կդադարի լինել ազդեցիկ պետություն: Այս տեսակետից, նրա գործողությունները թեեւ աղմկոտ, սակայն տրամաբանական են:
Նախադեպի արժեքը
Ընդհանրապես, ուժեղ են այն հանրությունները, որոնք իրենք են ստեղծում նախադեպեր: Հայերը ստեղծել են այդպիսի մի նախադեպ, բայց այդպես էլ չեն հասկացել դրա արժեքը: Իսկ եթե չես գիտակցում, ստիպված ես հույս դնել այլոց վրա եւ դատողություններ անել «անարդար աշխարհի», «երկակի ստանդարտների» եւ այլ անհեթեթությունների մասին:
ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ
http://www.lragir.am/index/arm/0/politics/view/96171
Ամերիկացի համանախագահի տարօրինակ հայտարարությունը
Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը տարօրինակ հայտարարություն է արել: Թվիթերի իր էջում նա գրել է. «Անհամբեր սպասում ենք ռուսական կողմի հետ հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի հարցով: Մենք լի ենք վճռականությամբ՝ Ֆրանսիայի հետ աշխատել խաղաղ կարգավորմանն աջակցության համար»:
Ռուսական կողմի հետ ի՞նչ հանդիպման մասին է խոսում ամերիկացի համանախագահը: Ռուս համանախագահ Իգոր Պոպովը ներկա է եղել հանդիպմանը, նշանակում է համանախագահները հանդիպելու են Ռուսաստանի իշխանության հե՞տ: Սակայն, արդյոք Ռուսաստանն ունի ավելի մեծ մանդատ ղարաբաղյան կարգավորման հարցում, քան համանախագահությունը Մինսկի խմբում:
Այնպիսի տպավորություն է, որ հայկական կողմը չի կարողանում պատասխանել ֆրանսիացի եւ ամերիկացի համանախագահների հարցերին եւ նրանց խորհուրդ է տալիս դիմել Ռուսաստանին, որտեղ ներկայում արտաքին քաղաքական որոշումներ են կայացվում Հայաստանի փոխարեն: Հակառակ պարագայում ինչու պետք է ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահները հանդիպեն «ռուսական կողմին»:
Հնարավո՞ր է, որ այնուամենայնիվ Ռուսաստանը ստացել է «մեծ մանդատ», այսինքն՝ Հայաստանն իր իրավասությունը փոխանցել է Ռուսաստանին:
Կա մեկ այլ տպավորություն՝ Ջեյմս Ուորլիքը կարծես փորձում է հայ հանրության ուշադրությունը բեւեռել այն բանին, որ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան Ղարաբաղի հարցով ստիպված են խոսել Ռուսաստանի հետ եւ ոչ թե Հայաստանի իշխանության: Եւ որոշումներն ընդունվում են ոչ թե Երեւանում, այլ Մոսկվայում:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
http://www.lragir.am/index/arm/0/politics/view/96204
Մայդան - Ղրիմ - Ղարաբաղ - խաղաղություն
Ռուսաստանի Դաշնային խորհուրդը միաձայն թույլ տվեց նախագահ Պուտինին ուժ կիրառել Ուկրաինայի հանդեպ:
Պատերազմ արտոնելով, ելույթ ունեցողներից որևէ մեկը ճշգրտումներ չարեց, վերապահումներ չեղան, հետագա բարդությունները չքննարկեցին: Փաստորեն բոլորին միարժեքորեն ամեն ինչ պարզ էր:
Թույլատրության տեքսում ակնհայտորեն անորոշ էր թողնված իրավասությունների շրջանակը՝ թե այն զուտ Ղրիմի մասով է, էթնիկ ռուսների պաշտպանության, թե Ուկրաինայի դեմ ողջ տարածքով ռազմական գործողություններ վարելու համար:
Որո՞նք էին նման որոշման խորքային մոտիվները:
Մտածելը, որ Պուտինը կարճամիտ, պատերազմի հրձիգի մեկն է, իհարկե անլուրջ է: Կարելի է ընդունել, որ ռուսների ողջ վերնախավը Պուտինի կամակատարն է: Բայց առավել ռացիոնալ է ենթադրելը, որ Ղրիմի և Ուկրաինայի հանդեպ ռուսական հողային պահանջները ռուսական քաղաքական մտածելակերպի անկյունաքարերից երևի ամենահիմնականն են: Եւ հենց դա է պատճառը, որ արդեն երկու օր է, ռուսների ճնշող մեծամասնությունը ոգևորված է Ուկրաինային մատուցվելիք սպառնալիքներից:
Որոշում կայացնողները լավ էլ հասկանում էին, թե ինչ պատասխանատու քայլի են գնում, բայց և առանց վարանելու գնացին դրան: Եվ բնական է, որ դեռ կիրառում չստացած, սույն որոշումը էլեկտրիզացրեց ողջ աշխարհը Ռուսաստանի դեմ:
Մյուս կողմից էլ, սպասվելիք պատերազմի հարցը և միջազգային արձագանքները դրան՝ բացարձակապես արգելակեցին մայդանյան պրոցեսի քննարկումն աշխարհում: Ռուսաստանում այն սկսում է պիտակվել որպես ֆաշիստների, ծայրահեղ ազգայնականների կողմից կազմակերպված պետական հեղաշրջում: Իսկ Արևմուտքն էլ այն դիտում է որպես ժողովրդավարացման շարքային դրվագ:
Իրականում Մայդանը նոր էջ էր մարդկության պատմության մեջ՝ կուռ իշխանությունների հաղթահարման մեթոդական նոր ձեռնարկ: Այն 21 դարին համարժեք քաղաքացիական պայքարի մի ունիկալ մեթոդաբանություն էր: Մի կողմից այն ընդդիմության և իշխանության ճակատային բախում էր, մյուս կողմից էլ ծավալային, տարալուծված, անհատների կրեատիվության վրա հիմնված բազմակենտրոն պարտիզանական պայքար՝ անթիվ-անհամար տեղական դրվագներով ու ամեն քայլափոխի իշխանականի հալածմամբ:
Ակնհայտ էր, որ աշխարհի բոլոր հզորներն են վախեցած նման սցենարից: Եվ հարցը Մայդանի վառվող դողերն ու ահասառսուռ տեսարանները չէին, այլ մասսայականության մոբիլիզացիոն ձևն ու մեթոդը, որը կանգ չառավ մահվան առջև: Այն նման էր շախմատային մի նոր գամբիտի, որի դեմ իշխանականն անկարող եղավ որևէ լուրջ հակաքայլ գտնելու: Մայդանը ամեն մեկի էկրանին հասցված դիդակտիկ պատերազմ էր ոչ միայն ուկրաինական, այլ ողջ աշխարհի իշխանականի դեմ:
Ռուսական ագրեսիան հենց այս հարցն է շղարշում՝ մայդանի տեսական և մեթոդական ժառանգությունը քննարկելու-հասկանալու հարցը: Բայց և մի այլ էջ է բացում արդեն միջազգային հարաբերությունների ասպարեզում՝ կայսրությունն իր կորսված պատմական հողերն է հետ ուզում:
Մի կողմից պայթյունավտանգ է, միջուկային պատերազմով հղի, բայց մյուս կողմից էլ աշխարքաղաքական առումով խիստ հրատապ է և լուրջ: Այն հստակ պարզությամբ աշխարհին է հրամցնում տարածքային անձեռնմխելիություն-ինքնորոշման իրավունք՝ կրկնակի ստանդարտների միջազգային դեմագոգիայի սնանկությունը:
Եվ այս դեպքում հենց Ռուսաստանն ու գերտերություններն են հայտնվել գործող սուբյեկտների դերում և նրանք չեն կարող բլիթ-մտրակի խաղը խաղալ հենց իրենք իրենց մեջ:
Նախորդ օրը CNN-ի գլխավոր մեկնաբաններից մեկը՝ Ֆարիդ Զաքարիան հարց տվեց Կլիչկոյին՝ իսկ որն է Ձեր վերաբերմունքը Ղրիմի հարցով, արդյոք հերքում եք ռուսների իրավունքներն այս մասով: Պատասխանը միարժեք չոր էր՝ ոչ, Ղրիմը ուկրաինական հող է և այդ հարցը քննարկման ենթակա չէ:
Պարզվում է, որ հողի հարցն այն հարցն է, ուր բոլորը՝ և թույլերը, և ուժեղները, և հները, և նորերը, և ժողովրդավարները, և բռնապետերը «նույն երգն են երգում»:
Եվ այս ֆոնին արդեն դժվար է պատահական համարել, որ Պուտինը ռուսների պաշտպանության պատրվակով, մտքում Ղրիմ է ուզում, բայց և չի ձևակերպում իր ուզածն ուղղակի տեքստով:
Մենք էլ Ղարաբաղ էինք ուզում, բայց մեր քաղաքական այրերը հարմար գտան ձևակերպել, որ ոչ թե Ղարաբաղ ենք ուզում, այլ ուզում ենք, որ Ղարաբաղն «ինքնորոշվի»:
Ոչ միայն մենք, այլ բոլոր թույլ, ավիրված, խեղված, պարտված, բայց դեռ կենդանի ազգերն են կրակն ընկած այս նույն միջազգային քաղաքական դեմագոգիայի ձեռը:
- Օյ-օյ-օյ, հանկարծ տարածքային հարց չբարձրացնես, դու միայն ինքնորոշման, այսինքն ֆիզիկապես գոյատևելու իրավունք մուրա, իսկ մենք մեծերով դա կքննարկենք տարիներով, տասնամյակներով ու դարերով, մինչև մի այլ նոր պրոցես հարցը օրակարգից ինքնըստինքյան կհանի:
Եվ պատահական չէր, որ մայդանի ներքաղաքական պրոցեսը վերջում եկավ և դեմ առավ տարածքային արտաքին-քաղաքական հարցին: Իսկ մայդանյան լիդերն էլ իր արժեքայինով ակնթարթորեն հավասարվեց բռնակալական իշխանականին:
Ես կարծում եմ, որ կանգնած լինելով միջուկային պատերազմի շեմին, մենք՝ հայերս պարտավոր ենք հրապարակային դիմումով հանդես գալ ներկա աշխարհի ռազմաքաղաքական դեմագոգիայի դեմ: Որովհետև միայն մենք ենք, ում գենոցիդի մեկնաբանումը կրկնակի ստանդարտների ամենացայտուն օրինակն է միջազգային գործառույթներում, և որը պահի խնդիրներ լուծելու զազրելի լծակ են սարքել աշխարհի հզորները:
Աշխարհը գլոբալացվել է և մտել 21 դար: Խնդիրներն այլ են, և հարցերի լուծման գործիքներն էլ այլ պետք է լինեն: Այլևս անհնար է լինելու ճշմարտությունների դեմն առնել զուտ խաբկանքներով ու կեղծ քարոզով:
Ճշմարտությունը բացահայտելու ու մարդկանց մատուցելու համար Մաննինգը ամերիկյան բանտում է, Ասանժը՝ Էկվադորյան դեսպանատանը, Սնոուդենը՝ պատանդ Ռուսաստանում:
Եթե հասարակ մարդիկ չմիջամտեն, կմտնենք մի նոր գեհեն, որից ելքը չի երևում:
Սովետը քանդվեց՝ տարածքային հարցերը մնացին կրկնակի ստանդարտների խարդախությունների տակ: Եվրոպայում ահռելի արյուն թափվեց հենց նույն սրիկայություններով: Ղարաբաղի ու այլ նման հարցերը մնացել են որպես երկրներ կործանելու ու միջազգային դավեր դյութելու լծակներ:
Վրաստան, Ադրեբեջան, Ռուսաստան, բոլորը կայսրություններ էին ներսում և այդպիսին էլ մնացին թե հոգեբանորեն և թե իրենց դրսևորումներում:
Հիմա էլ մեջտեղ է եկել Ղրիմի հարցը: Բայց փոխարեն ռուսներն ասեն, թե մենք մեր արյամբ նվաճված, բայց թղթով հանձնված Ղրիմն ենք ուզում, ասում են, թե ռուս եղբայրների իրավունքներն ենք պաշտպանում:
Եվ ուկրաինացիք էլ՝ փոխանակ ասեն, որ այո, Ղրիմը մերը չէ, եկեք նստենք բանակցենք, թե ինչն է ձերը, ինչը՝ մերը, արևմուտքի պաշտպանության հույսերով գնում են խելահեղ պատերազմի:
Երբ ամերիկացիք Իրաքում «ժողովրդավարություն» էին «պաշտպանում», մարդիկ այնտեղ եղբայրներ չունեին, «ստիպված» էդպես էին ասում: Բայց երբ ռուսն է իրեն հիմարի տեղ դնում բացարձակապես ոչ ադեկվատ պայմաններում, ապա ինչ որ բան իրոք այն չէ:
Իսկ ինչու չի կարելի ասել, որ Ղրիմը մերն է, Չեչնիան չեչեններինն է, Ղարաբաղը հայերինն է, աբխազներն ու օսերն էլ անկախ են Վրաստանից: Կամ էլ ինչու չասել, որ այսօրվանից մենք պետականորեն Սնոուդեն ենք, Ասանժ ու Մաննինգ ենք, ճշմարտության կողմնակիցն ենք: Որ մեր ֆեդերացիայում էլ, ով ուզում է թող իրեն անկախ համարի ու իմ ներսում իր հնարավորն անի:
Եթե սա արվեր դեռ 91-ին, ապա չեչենները հազար անգամ կմտածեին Ռուսաստանի կազմից դուրս գալու հարցում, ռուս գեներալները չեչենններին զենք վաճառելով երկիրը չէին կործանի: Մոսկվան չէր գրավվի հանցագործների կողմից: Ռուսական հարստությունը երկրի ներսում բարիքներ կգործեր, այլ ոչ թե հանցագործներինը կլիներ: Հասարակ մարդկանց արյունն էլ չէր հոսի ջրի տեղ:
Եւ սա միայն Ռուսաստանի հարցը չէ: Սա ներկա դարի՝ ճշմարտությանը մոտեցած մարդկության խնդիրն է՝ ասել ճշմարտությունը և ապրել ճշմարտությամբ:
Հասկանալի է, որ ռուսները նման քայլի գնացողը չեն, աշխարհը ճշմարտությունը ընդունողը չէ, և հայերն էլ նման խնդիր ձևակերպողը չեն: Բայց հարցը գոյություն ունի, և այն պարտակելը գոնե մեր շահերի առումով սխալ է:
Վայրագ պատերազմները կերտեցին ներկա մարդկությունը՝ իր առնական տղամարդով և հիասքանչ իգականով: Նոր պատերազմների նախապատրաստվելու միջպատերազմյան անդորրները զարգացրեցին գիտականով, տեխնիկականով ու առողջապահական հրաշքներով: Բայց այսօր ժամն է կանգնելու:
Բժշկական նվաճումների հաշվին այլեւս կարգավորված է ծնելիությունը: Մեկ-երկու երեխայով ընտանիքը չի կարող պատերազմի զինվոր մատակարարել: Պատերազմի հոգեբանությունն ու արժեքայինն է պետք կանգնեցնել հենց հիմա, որովհետև եթե զարգացվեցին պատերազմի անզինվոր ձևերը, հաջորդ քայլով մենք հայտնվելու ենք գլոբալ ստրկության մեջ, որից ելքն անհնար է լինելու:
Պատերազմի իմաստը չհասկացած ազգերը մահանում են ներքին թշնամու ձեռքից:
Այժմ աշխարհով մեկ կանգնած ենք պատերազմը հասկանալու և ստրկությունից խուսափելու խնդրի առջև:
Մենք՝ հայերս, ասելիք ունենք այս հարցում:
ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
http://www.lragir.am/index/arm/0/comments/view/95807
Մաքսիմ Հովհաննիսյան - 80
Փետրվարի 18-ին լրացավ արցախցի արձակագիր, հրապարակախոս, թարգմանիչ Մաքսիմ Հովհաննիսյանի ծննդյան 80-ամյակը
ԽՈՍՔ ՀՈԲԵԼՅԱՐԻՆ
Սիրելի՛ Մաքսիմ, ինչպես գիտես, յուրաքանչյուր գրող ունի իր բնութագրական բանալի բառերն ու արտահայտությունները: Ինձ համար քո ստեղծագործության մեջ այդպիսին են «Արցախ իմ, ցավ իմ» և «Գյուղացի մարդիկ» գրքերի վերնագրերը: Կա երկի՛րը, կա մա՛րդը:
Երկիրը նաև քո իսկ մասնակցությամբ ազատագրվեց: Հերոսներից մեկը դո՛ւ էիր, որ դեռևս 1965-ին ստորագրեցիր ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Լ.Ի.Բրեժնևին հասցեագրված նամակը` ԼՂԻՄ-ը Հայաստանին միացնելու առաջարկով: Դա հայտնի է որպես «13-ի նամակ»: Ստորագրողները ենթարկվեցին հալածանքների: Դու էլ քո բաժի՛նն ստացար: Եկավ 1988 թվականի փետրվարը, հաջորդեցին ոգեշունչ օրեր, ծանր օրեր, ի վերջո, բաղձալի օրեր, և դու մշտապես դիրքերում էիր: Այսուհետև մնում է, որ հայ մարդն ապահով ու վստահ ապրի Հայոց աշխարհի Արևելից այդ կողմում, բազմանա իր հողի վրա և կազմակերպի իր տնտեսությունը:
Ահա, քո և մեր Արցախ աշխարհի, այդ եզերքի չքնաղ բնաշխարհի ու բնաշխարհիկ տոկուն մարդու այս միասնությամբ էլ տոգորվել է քո գրականությունը` դառնալով հիմնականում պատմվածք ու վիպակ:
Գրականագիտության մեջ կա այսպիսի արտահայտություն` 60-ականների սերունդ: Խորհրդային վարչակարգի տարիներին այդ սերունդը գրականություն մտավ համեմատաբար ազատ պայմաններում և, ինչպես ամբողջ երկրում, այնպես էլ հայ գրականության մեջ ու առանձնապես արձակում, առաջ մղեց արժանավոր անուններ` Չինգիզ Այթմատով, Հրանտ Մաթևոսյան, Վալենտին Ռասպուտին, Ֆեոդոր Աբրամով, Յուրի Բոնդարև, Վասիլ Բելով, Վասիլ Բիկով, Ֆազիլ Իսկանդեր, Իոն Դրուցե, Նոդար Դումբաձե… Սա անունների առաջին, արդեն իսկ միջազգային ասպարեզ դուրս եկած շարքն է:
Ես քեզ և քո կայացումը տեսնում եմ այս սերունդի գործունեության ժամանակի ու գեղագիտության մեջ: Արձակագիրների այս խմբանկարում քո անունն ու գործը չի հիշատակվել (և չէր հիշատակվելու), բայց ցավալի է, որ անգամ չի մտաբերվել հոլովվող ու երևույթ ստեղծող քո սերնդակից հայ գրողների անունների կողքին (մի բան, որ անվերապահորեն պիտի արվեր): Սա արդեն պայմանավորված է քո խոհուն պարկեշտությամբ և անուն ու համբավ ստեղծելու ոմանց ջանադիր եռանդի հանդեպ քո ներքին քամահրանքով: Այդտեղ է գրողի արժանապատվությունը: Համո Սահյանն ասում էր` փառքի ետևից պետք չէ վազել, ինքը կգա:
Դու գրականություն մտար լրագրությունից: Առաջին պատմվածքներդ տպագրվեցին «Լեռնային վտակներ» (1963, 1967) վերնագրված խմբային ժողովածուներում: Խորացար ինքդ քո մեջ, որ նշանակում է ինքնուրույն նյութ, հերոսներ, բնաշխարհ, միջավայր, հոգեվիճակներ, լեզու և ոճ: Այս ճանապարհով հասար «Մերոնք» (1989), «Չաստվածների խնջույք» (2 հատոր, 2008-2009), «Հոգնած երեկո» (2010) ժողովածուներին: Լեռնային վտակների քո հորձանքներն աստիճանաբար դարձան լեռնային գետեր:
Գրիչ բռնողը, ով էլ լինի, ինչ էլ լինի` բանաստեղծ, արձակագիր թե քննադատ, իր ստեղծագործությամբ նախևառաջ կերտում է ի՛ր կերպարը: Ի՜նքն է բոլորի մեջ` լինի Աստված թե սատանա: Քո` հիշածս և մյուս գեղարվեստական երկերում, ավելացրած խոհափիլիսոփայական բնույթի դատումներդ, քո հավաքական կերպարն է` որպես հայ մարդ, քաղաքացի ու արցախցի: Այդ կերպարն արժանի է համակողմանի հարգանքի ու գնահատության: Ես ծափահարում եմ քեզ…
Սիրելի՛ Մաքսիմ, ես քեզ առավել ճանաչում եմ քո գրականությամբ, որովհետև մեր մարդկային հարաբերություններն ու գրական առնչությունները եղել են դեպքից դեպք: Ահա այդ ճանաչողությամբ էլ շնորհավորում են քո ծննդյան 80 և գրական բեղուն գործունեության 60- ամյակները, մեր հայրենի բարձր լեռների վրայով Երևանից ձեռքս մեկնում եմ Ստեփանակերտ, ողջագուրվում եմ քեզ հետ և ականջիդ ասում` արցախցու համար 80-ը, ինչպես պատերազմի տարիներին հակառակորդի «գրադը», դեռևս ոչինչ չի նշանակում, ձեռքով մի կողմ հրիր և առա՛ջ նայիր, ինչքա՜ն գործ ունենք անելու…
Դեռ քո շուրջ պիտի հավաքես քո ամբողջ աղխը, դեռ իմաստունի խոսքով նրանց հայրենի դասեր պիտի տաս, որպեսզի կոչվես Արցախի Նահապետ Մաքսիմ…
Այդ ցանկությամբ ու բարեմաղթանքներով` Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Մաքսիմ Հովհաննիսյան. ՄԵՆՔ
Իսկ չե՞ք վախենում, որ հանկարծ մեռնեմ...
Պ. ՍԵՎԱԿ
Մենք «մենք»-ին ասում ենք մունք։ Եթե ուզում ես իմանալ խոսակիցդ ղարաբաղցի է, թե ոչ, հարցրու` որտեղացի՞ ես։ Եթե ղարաբաղցի է, հաստատ ասելու է` հո՞ւ, մո՞ւնք։ Էլ պետք չի, որ շարունակի։
Մենք մեր մասին հոգնակի ենք խոսում։ Ոչ մեր կողմերից սերած գրողը մեր այս թագավորական ոճի խոսակցությունը դրել է իրենց կողմերի մարդու բերանում։ Բան չկա, այդպիսի բաներ շատ ունենք, թող վերցնի, մեր գրողն է` ուրիշ չի և սազում է, որ ղարաբաղցի լինի։
Ինչո՞ւ իմ այս խոսքը ծառի մասին մեր այս խոսելաձևից սկսեցի։ Նրա համար, որ նյութս վերնագրել եմ «Մենք» ու հիշել մեր այս թուլությունը։
Իսկ ծառը երկու հազար տարեկան է։ Գնա ուրիշ երկինքների տակ այսպիսի ծառ գտիր։ Լինեն էլ, կամ քիչ թվով կլինեն կամ պակաս տարեկան։ Դեռ իր ժամանակ Նիկոլայ թագավորն է ամիսը մի քանի ռուբլի թոշակ նշանակել... ոչ մարդուն՝ ծառի՛ն։
- Հո՞ւ, մո՞ւնք։
Գրող հյուրիս` Ալվարդ Պետրոսյանին, ցանկանում եմ տանել ծառը ցույց տալ, որ հպարտանամ` մենք` ղարաբաղցիքս... Գրող հյուրս ուզում է մինչև տեսնելը ծառի մասին իմանալ, որպեսզի որոշի` Գանձասա՞ր գնանք, թե՞ ծառի մոտ։ Իսկ ես ուզում եմ պարտադիր ծառի մոտ գնալ, որովհետև... Հոգսերի մեջ, կյանքի անհեշտ հարցումների, մեր կենցաղի անհարմարությունների, մեր թանկությունների ու դժվարությունների, ժամանակի սղությունների, անելիքի շատությունների, չոռուցավի մեջ, մեր ծուլությունների, «զահլաչունեմների» մեջ մոլորված՝ մի օր ամեն ինչ բարձիթողի չենք անում ու գնում մեր ծառն էլ տեսնելու, մեր մյուս հրաշալիքներն էլ վայելելու։
Այսպես, հյուրիս մոտ գովում եմ ծառը, կարդացածս որպես տեսած պատմում, օրերս մեր թերթում բացատրված բառով` կուլակապ արած գրող հյուրիս տանում եմ Սխտորաշենի սոսենին ցույց տալու, որպեսզի ինքս էլ տեսնեմ։
Մենք սիրում ենք հպարտանալ, մենք ասում ենք` Գանձասար, դեմը Կաչաղակաբերդն է, իսկ Ամարասն ավելի հին է, Մեսրոպ Մաշտոցի աշակերտ Գրիգորիս ուսուցիչը` Գրիգոր Լուսավորչի հարազատ տղան, Ամարասում դպրոց է բացել և մեր անկիրթ ու մտոք երեխաներին` այբ, բեն, գիմ, դա... այսպես ծոր տալով գիր-իմաստություն սովորեցրել ու վերջում էլ, որպես պատգամ, նրանց վարժվող ուղեղներում կաթեցրել` զբանս հանճարոյ... Այսինքն` Ամարասի պարարտ հողերում ցորյան ցանեք` ձույլ, դեղին խնկահոտ զարդա, որից ելած հարսնածոց հացը քաղցր է. մենք համեղին նաև քաղցր ենք ասում, ասում ենք` քաղցր խոխա, քաղցր աղբյուր, քաղցր հող ու հայրենիք,- այսպես ցորյանի արտեր ենք աճեցրել, այգեստաններ տնկել, և ձիերի երամակներն էլ վարգել են լեռնապարերի ուսերով, և նրանց սլացքը շատ նման է եղել երկնամերձ մեր սարերին, այդ մերձությունը դուր է եկել Վարպետին, և երբ նա Ամարասում քարը քարին է դրել, միշտ միտն է պահել մեր սարերի մերձությունը երկնքին, և երբ իրար շարած քարերը սկսել են լեզու առնել խոսել, խոսել են ոչ թե խոսք ու բառով, այլ այս երկրի հետ իրենց նմանությամբ։ Ահա այդ քարերը, որ այլևս քար չեն, այլ Ամարասա վանք, պատմել են այս կողմերի բաների մասին։ Դրանից հետո Վարպետը գլուխը հանգիստ դրել է քարի տակ։
Սխտորաշենը Կարմիր շուկայի մոտ է. ավան չհասած, եթե Ստեփանակերտից ես գնում, ձախ ես ծռվում, որտեղ մենավոր ընկուզենի կա` այնտեղից ծռվում ես ձախ։ Ու ճանապարհը քեզ տանում է դեպի ծառը։ Կարծես դժվար է եղել մի սյուն տնկել և վրան հայերեն-ռուսերեն-անգլերեն, արի առաջ գրենք անգլերեն, որ ասենք` ոչ միայն մենք ռուսերեն-հայերեն ենք գնահատում, այլև ամբողջ աշխարհն է լսել, և ուզում են տեսնել,- ահա այս հրաշալիքը, որի փչակում մի հարսանիք կարելի է անել, մի հասարակ ցուցանակի չի արժանացել, որպեսզի չգնանք Կարմիր շուկա ու ետ դառնանք, կարծես ավանն ավանային խորհուրդ չունի, սովխոզը մի երկաթե սյուն չունի 60X40 սմ չափսի, 8մմ հաստությամբ երկաթաթերթի կտոր, մի զոդող վարպետ, Կարմիր շուկայի կուլտուրայի տունը շնորհքով մի աշխատող չունի, որ հայերեն-ռուսերեն գրի, անգլերեն նկարի, եթե իրենց մոտ անգլերենի դասատու չկա, գա Ստեփանակերտ և խնդրի անգլերեն իմացող անգլերենի մի դասատուի, որը բառարանի օգնությամբ և անտառասխալ գրի` Սխտորաշենի սոսենին երկու հազար տարեկան է, որը եթե ուզում ես տեսնել, սլաքի ցույց տված դիք-դիք-դիք ճանապարհով բարձրացիր և մինչև սոսենին տեսնելը, տեսնելու ես սարի դոշին կուչուկծիկ դառած, աչքի խոռոչները դատարկված տներ, որոնք չարագույժ կռնչում են ավերված-ավերվող տների, մեռնող գյուղի մասին։ Գյուղ չհասած` թեքվիր աջ, որ ծառը տեսնես և Սխտորաշենը չտեսնես։
Ծառը մղվում է, մղվում է, մղվում է երկինք, ոնց որ բանաստեղծուհու կռահածն է` ուզում է սարերի մյուս կողմն էլ տեսնել։ Ծառերի չորուկները ճարճատելով կրակ են դառնում, որ մորթված գառը ուտվի, որ խմվի սոսյաց անտառից մնացած հնագույն վկայի կենացը։ Հետո կարոտախտով պիտի հիշվի, որ ծառս, Գրիգորիս ուսուցչապետից էլ շատ առաջ, սոսափել է այս ձորակում և ինքը մենակ չի եղել, անտառ է եղել, երևի ճակատագիրը ծառին է օժտել հարատևությամբ, որ պատմի հնավանդ այս հողի, այս կչոռած գյուղի հեծության մասին։
Սխտորաշենը ես ուրիշ զուգորդությամբ եմ հիշում։ Կողքիս նստած աղջնակի պայուսակում կարմիր տաքացրած ճոթ հացն անաստված բուրում է, զարդա ցորենի հացը, զարդա ցորենի կարմիր տաքացրածը։ Աղջիկը` Սխտորաշենից, մոր ու երեխաների հետ նոր տեղափոխվել են քաղաք, հայրը մնացել է գյուղում, նախագահ է, «բրոն» ունի, բանակ չեն տարել։ Գյուղից եկած զարդա ցորենի խնկահոտ հացի բուրմունքը բռնել է դասարանը, և բուրմունքը հողմի պես պտույտ է տալիս և մեզ` երեսուն երեխա, գումարած ընկեր Թավրիզյան, կոտորում, կատիկներս վեր ու վար են անում, հացի բուրմունքը անխիղճ խեղդում է մեզ, ուտես-ուտես-ուտե՜ս, ու այնպես լինի, որ կշտանաս,- մենք երեսուն սովալլուկ երեխա` գումարած ընկեր Թավրիզյան, հանած նոր եկած սխտորաշենցին,- խեղդվում ենք հացի բուրմունքներում։ Ուղեղիս մեջ մեխվել-մնացել են գյուղի անունը և տաքացրած ցորեն հացի բուրմունքը։
Սխտորաշենցուն Կարմիր շուկայում գտիր, Ստեփանակերտում, Բաքու, Երևան ու ուրիշ նշանավոր քաղաքներում։ Ոչ ոքի խելքը չի կտրում, որ դեպի ծառը տանող ճանապարհը պետք է կարգավորել, գուցե թե կարոտախտից այստեղ մղվածներից մեկը իր համար անսպասելի որոշի,- կնոջ հետ չհամաձայնեցնելով, երեխա-հարազատներին դիմավորելով, խելքից պակասելով, որտեղից գլուխը մտած մի ծռությամբ որոշի գալ գյուղ, որ հայրական տունը շենացնի, գարնանը գա ամայի, ղլղան ու կածուկ կոխած բոստանատեղը բահի տալու, կարտոֆիլ, լոբի, պոմիդոր ցանելու, տաքդեղի սածիլը Քյաթուկից կբերի, իր գյուղի բախտակից Քյաթուկից կբերի, այդպես ամեն ինչից առատ կունենա, որ քաղաքում մնացած երեխաներն ամեն ինչ փողով չառնեն, դատարկված-ավերված, սովալլուկ դառած կոլտնտեսային շուկայում ամեն ինչ թանկ ու կրակ է. մեր գյուղացիների հպարտ կեցվածքը, փողի համար չապրելը, ձեռուոտը մաքուր պահելու մղումը, քաղաքից միս-կարագ-օղի թանկ գներով առնելը հասցրել է մեզ այս վիճակին։ Գյուղի անտեր մնացած տնամերձները ամեն ընկած սերմին իրենց մեջ կուտակած-կուտակած հումուսը տալիս են, որ իրենց կողքով անցնող նախկին գյուղացուն, իրենց տիրոջը, իրենց խնամակալին գայթակղեն-բերեն, իրենց ծոցի լիքը բերքը տան ու այդպես պահեն իրենց Տիրոջը։
Տերը։ Մե՜նք։ Ծանրությունից մեր ուսերը կքվում են, մեր ուղեղի ծալքերում մրափ մտած գաղափարը ճմլկոտելով արթնանում է ու սկսում հասկանալ, որ մրափի ժամանակներն անցել են։ Այս մրափն էլ Մորփեոս աստծո հիշատակն է` մեր կողմերում մնացած։ Գրիգորիս ուսուցչապետը Ամարասի կողմերից, Խաչենի հովտից, Գյուլիստանից, ուրիշ տեղերից պատանյակներ է բերել, որոնք բառը թռցնում են բերանից, ուսուցչապետի ասածը` մեկ-երկու վարժեցնում են իրենց աչքունակ պատանյակ ուղեղներում ու իրենց տալիս սարալանջերին բոցկլտացող երամակների մեջ, պատահած զամբիկի մեջքին են թռչում, ականջատակը մտած, իրենց տալիս հեռու-հեռու կողմերը։ Հետո անցնում են ուրիշ գետեր ու սարեր, հասնում Հունաց աշխարհը։ Վերադառնում են միրուք պահած, խոհեմացած։ Առավոտյան այան կանչում է` Օհանես, արևը ելել է, արթնացիր, իսկ Օհանեսը` Հովհաննես, ճմլկոտում է խսիրի վրա, մեղավոր ժպտում ու արդարանում` Մորփեոսը բաց չի թողնում։ Բառը այային դուր էր եկել ու խանդաղատանքով կրկնել է որդու խոսքը` բան չկա, մի քիչ էլ մրափեուս արա։ Ու այսպես իրար տալով, Մորփեոսը՝ հոլովվելով, ձեռ առնելով, բերանից բերան փոխս ընկնելով դառնում է մրափ հասկացություն, բառ, բառապաշար։ Մինչդեռ հեռու տարածքներում մրափ մտածները նորերս մեզ իրենց հետ շփոթում են, ուզում են միջին թվաբանական հանել։
Գործ անելու, բան անելու ժամանակներն են եկել։ Մեր այս խեղճուկրակությունը թոթափելու, մեր տուն-օջախը շենացնելու, մեր վարուցանքն անելու, մեր կիսատությունը լցնելու ժամանակներն են։
Դպրոցները խլխլան լածիրակ երեխեքի շատությունից, որ բրիգադիրն էլ մոլորված չմնա Մուխան ապու, պելի Սարգիսջանի դռան շեմին` ասի՞, թե չասի, նորից խնդրի, որ վաղը Խմահատի հարած խոտը պետք է պրանվի, անձրևներից խոտը սկսել է կծղել, գիտեմ, հիվանդ ես, հիվանդանալը նոր չես սովորում, լոբուտը հետո կջրես, երաշտը չտարավ, էդքան լոբին վարել ես` ո՞վ է ուտելու, տղա-թոռ և ուրիշներ չեն գալու, էլի դու պիտի այդ ամենը հավաքես-պահես, որ ձյունը գալուց առաջ տանես երեխաներին տաս` էդքանը տղիս, էսքանն աղջկաս, մյուսին, երրորդին,- կանես, Մուխան ապա, կհասցնես, չմոռանաս, որ առավոտ ծեգին պիտի գնաս Խմահատ` խոտը պրանելու, մենակ դու չես, խնամի Սավադն էլ է գնալու, հարևան Սարգիսջան պելին էլ, իմ հայրը բոլորից առաջ է գնալու։ Հետո բրիգադիրը մոլորվել է 70-ն անց, 80-ն անց ազի-այա մեր մեծ մայրերի վերաբերյալ իր անխղճության, իր ճարահատյալության առաջ, բայց քաղհանը բոստանը կոխել է, շախկան բռնել է լոբուտը, գործ, գործ, գո՜րծ, մեկը չի, երկուսը չի, հարյուրը չի, գործը պիտի արվի, որ իր դասարանցի Վալոդը կիրակի օրերը պիժամը հագած, հարևանի տանը նարդի խաղա, կինը տասը անգամ կանչի, ինքը չգնա, վերջում էլ հեռախոսով երեխայի բերանով ասի` տունը հյուր է եկել։ Այսպես սուտ խաբելով, ամուսնուն բերի տուն, որ ժամը կեսօրին Վլադիմիր Կարպիչը նախաճաշ անի։
Ակումբը դարձել է ջրատված ջաղաց` ջահելների պակասից, սիրտ չլինելու տխրությունից, ակումբ-գրադարան-հավաքատեղ չլինելու կաթվածից։
Գործ անենք, որ տներ շինվեն, բարիքներ ծնվեն։ Երեխաների շատությունից սրտներս մի անգամ նեղվի։ Որ հետո իրավունք ունենանք ասենք`
Մե՛նք։
Մարդը մարդուն՝ մարդ
Տարիներ շարունակ մեր երազանքն ու խնդիրն է եղել լավ, բավարար պայմաններով հիվանդանոց ունենալը, որպեսզի բուժումից բացի էլ ավելի մեծ չափով գումար չծախսենք Երևան մեկնելու համար:
Շատ ուրախ եմ, որ Արցախում լավ շենքեր են կառուցվում՝ հարմարավետ, ապահովված անհրաժեշտ կենսապայմաններով: Այո, դեռ բարի մարդիկ կան, ի շնորհիվ նրանց օր-օրի քարը քարին է դրվում, հիվանդանոցներ են կառուցվում մեր հայրենիքում: Այլ խնդիր է սպասարկման հարցը: Եթե հպարտ ենք ունենալ լավ շինություններ՝ լավ պայմաններով, չենք կարող հպարտանալ ծառայություններով: Բուժաշխատողներից ոմանք երբեմն կորցնում են հաճախորդների անձնական տվյալներով փաստաթղթերը, և դա վկայում են շատերը:
Վերջերս առնչություն եմ ունեցել նման դեպքի հետ: Մտա պոլիկլինիկա, մոտեցա ընդունարանին, անձնական տվյալներն ասելուց հետո խնդրեցի համապատասխան քարտը տրամադրել ինձ: Ուղիղ մեկ ժամ կանգնած սպասում էի մինչև բարեհաճեն գտնել անհրաժեշտ քարտը: Չդիմացա ու մտա ընդունարանից ներս։ Եվ ի՞նչ՝ մեր «բարյացակամ ու հոգատար» բուժաշխատակիցների մոտ սուրճի ժամ էր: Ինչևիցե, միանգամից ինձ դուրս հրավիրեցին այնտեղից:
Բոլորս գիտենք, որ մեզ մոտ շատ լավ է գործում խնամի-ծանոթ-բարեկամ կապերը:
Համապատասխան անձի հետ մտա նույն տեղը: Բուժաշխատողներն իսկույն փոխվեցին, կարծես նախկինը չէին, այնուհետև գործի անցան՝ (ես էլ նրանց հետ), փնտրելու քարտը: Մի քանի ժամվա պրպտումներից հետո էլի չգտանք քարտը:
Ի դեպ, ցանկալի է, որպեսզի անկախ տրամադրությունից և հոգսերից, հիվանդին դիմավորեն ժպիտով, քանի որ ժպիտը ևս կարող է ինչ-որ տեղ ամոքել հիվանդին: Ձեր վերաբերմունքից ևս կախված է հիվանդի առողջական վիճակը:
Լինենք մարդկային միմյանց հանդեպ…
ԱՆԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԱրՊՀ, Լրագրություն, 4-րդ կուրս
Մարտի 8-ը և կանայք
Մարտի 8-ը սիրո և հիացմունքի տոն է: Սկզբում այն այն եղել է ոչ թե գարնան, սիրո տոն, այլ պայքարի օր: Պայքար՝ կանանց իրավունքների համար: Սակայն ժամանակը ջնջեց նրանից ողջ քաղաքական ենթատեքստը, թողնելով մեզ գարանանային մի գեղեցիկ տոն:
Կա վարկած, որ համաշխարհային կանանց տոնը որոշվել է տոնել մարտի 8-ին, երբ 1854 թ. Նյու Յորքի տեքստիլ գործարանների կանայք հայտարարեցին գործադուլ, քանի որ ստանում էին քիչ աշխատավարձ՝ երկար ու դժվար աշխատանքի համար: Սակայն ավելի իրական է համարվում մեկ այլ վարկած, ըստ որի օգոստոսի 27-ին կանանց 2-րդ համաշխարհային սոցիալիստական համաժողովի ժամանակ կոմունիստ Կլարա Ցետկինը առաջարկել է տոնել կանանց օրը:
Այդ օրը կանայք կազմակերպում էին միտինգներ՝ հանրության ուշադրությանը ներկայացնելով իրենց հուզող խնդիրները: Սակայն ժամանակները փոխվում են, և այս տոնը կորցրել է ամեն քաղաքականը: Տարբեր երկրներում տարբեր օր ու տարբեր կերպ են նշում կանանց տոնը։ Օրինակ՝ Լիտվայում այս տոնը նշվում է միայն այնտեղ, որտեղ շատ են ռուսալեզու բանակիչները: Վիետնամում կանանց տոնը նշվում է արդեն 2000 տարուց ավելի: Այդ տոնը սկզբում կոչվում էր «Չընգ քույրերի հիշատակի օր»: Նրանք եղել են խիզախ աղջիկներ, ովքեր գլխավորել են վիետնամցիների ազատագրական պայքարը՝ չինական ագրեսիայի դեմ: Երբ իրենց բանակն ընկնում է շրջափակման մեջ, աղջիկներն ընկնում են գետը՝ չցանկանալով գերի ընկնել: Ֆրանսիայում մարտի 8-ը լայն չի նշվում: Կանանց տոնն այնտեղ նշվում է մայիս ամսին: Իտալիայում այդ օրը կանայք միասին հավաքվում են ու նշում իրենց տոնը:
Ռուսաստանում և Հայաստանում այդ օրը ստանում են նվերներ, ծաղիկներ ու լսում բազում հաճոյախոսություններ: Դպրոցներում երեխանները բացիկներ են պատրաստում, նվիրում իրենց մայրերին, կազմակերպում միջոցառումներ: Սակայն հայերն ունեն ևս մի տոն գեղեցիկ սեռի համար ՝ Ապրիլի 7-ը : Ոմանք ավելի շատ նախընտրում են մարտի 8-ը, ոմանք՝ ապրիլի 7-ը, սակայն երկուսն էլ նվիրված են կանանց։
ՍՏԵԼԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ
ԱրՊՀ, լրագրություն, 4-րդ կուրս
Չեչեն գրոհայինները՝ Ղարաբաղյան պատերազմի, հայերի և ադրբեջանցիների մասին
Վերջին շրջանում սոցիալական ցանցերում աշխույժ քննարկվում է ղարաբաղյան պատերազմի մասնակից՝ չեչեն նախկին գրոհային Ալի Համզատովի խոստովանությունը և գնահատումները պատերազմի, հայերի ու ադրբեջանցիների մասին: Այդ տեքստը համացանցում առաջին անգամ հայտնվել է 2010 թվականին, պարզվել է նաև հեղինակի ինքնությունը, որը ներկայում բնակվում է Աբու Դաբիում: Մենք նպատակահարմար ենք համարում բավական պերճախոս այդ տեքստի որոշ հատվածներ ներկայացնել ընթերցողի ուշադրությանը՝ հավելելով այլ մանրամասներով ու վկայություններով: Հետևությունները թողնում ենք ընթերցողին:
«Անդին»
Ալի Համզատովը Ղարաբաղի մասին
Ես ակկ եմ (ակկ, ակկիացի - չեչենական ցեղախումբ, տոհմ - Անդին): Ծնվել եմ 1970 թվականին Գրոզնիում: 1991 թվականից մասնակցել եմ իմ ժողովրդի ազատագրական պայքարին: 1993 թվականին գրեթե երկու ամիս ուղղահավատների խմբի հետ Ղարաբաղում կռվել եմ հայերի դեմ: Ադրբեջանցի-թյուրք «եղբայրների» հետ կռվում էինք «անհավատների» դեմ: Մեր ամիրի հետ պայմանավորվել էինք, որ յուրաքանչյուր սպանված հայի դիմաց կստանանք 200 դոլար:
1993 թվականի հունիսին մեզ (մոտ 120 շահիդների) ուղարկեցին հայկական Ագդերա (Մարտակերտ) գյուղի շրջան, ուր ամրացանք թիվ 203 բարձունքում, անտառապատ լեռնալանջերի մոտ: Ճիշտն ասած, հայերին մենք «Բազարներ» («առևտրական» արհամարհական - Անդին) էինք ասում, ես հայեր մի քանի անգամ տեսել եմ Գրոզնիում, շուկայում: Ճիշտն ասած, ատում էի նրանց, ինչպես ռուսներին:
Իմացանք, որ մեզնից ոչ հեռու Մարտակերտի ուղղությամբ տեղակայված են եղբայր թալիշները: Նրանք շատ էին, մի քանի հարյուր հոգի: Թյուրք-ազերինեը կանգնած էին Լենինավանի մոտ: Հուլիսի 24 կամ 26-ին ազերիները թալիշների հետ գրոհի գնացին, հայերին մղեցին դեպի ջրամբար: Ինչպես հետագայում իմացա, նրանք (հայերը - Անդին) 60-70 հոգի էին:
Մենք նրանց հետ առաջին անգամ ընդհարվեցինք հաջորդ գիշեր, երբ նրանք փորձեցին թիկունքից մտնել մեր ու թալիշների միջև: Մենք ճնշեցինք թշնամու կրակը: Ես մարտերի ժամանակագրության մեջ չեմ խորանա, սակայն կասեմ մի բան. այդպիսի տոկունություն և արիություն չէինք սպասում նրանցից: Հայերն սկզբունքորեն գերի չէին հանձնվում, սովորաբար հարձակվում էին գիշերները, առանց անկանոն կրակոցների: Մենք այդ գրոհները իսկույն կնքեցինք «տարօրինակ», քանի որ ֆիդայինները, ինչպես իրենք էին իրենց կոչում, բարոյական բարձր պատրաստվածություն ունեին, հմտորեն քողարկվում էին, սիրում էին գրոհել անսպասելի, հանպատրաստից: Դա սարսափի էր մատնում թյուրք «եղբայրներին», որոնք մի քանի զոհից հետո անկանոն փախչում էին: Ազերական երկու զորամաս փոխարինվեց դասալքության և իրար վրա կրակելու պատճառով:
Օգոստոսի սկզբին ինձ վիճակվեց լսել թալիշներին ուղղված կոչ, ուր հայերն ասում էին խոսքեր, որոնք մինչև հիմա հիշում եմ. «Թալիշ եղբայրներ, կովկասցիներ, պատերազմը մեր միջև ավարտվել է դեռ 1000 տարի առաջ, այն պահին, երբ թյուրք քոչվորները ներխուժեցին Կովկաս: Եկել է միավորվելու ժամանակը: Մենք միասին պիտի թյուրքերին դուրս մղենք Կովկասից: Մենք առաջ ենք շարժվելու մինչև մեր պատմական սահմանները, ապա կանգ կառնենք, կսպասենք ձեզ»: Առաջարկում էին հանձնվել: Եվ շատերը հանձնվեցին, իսկ մյուսները հետագայում զենքը շրջեցին թյուրքերի դեմ:
Հայերը ճշմարիտ էին ասում, ամիր Ասլանբեկը վստահ էր, որ նրանք վաղ թե ուշ քշելու են ազերիներին և մինչև վերջ գնալու են նրանց ետևից: Ապշեցուցիչ է: Մենք, թալիշներն ու այլ կովկասցիներ կռվում էինք Կովկասի մեկ այլ ժողովրդի դեմ, երբ թյուրքերը փախչում ու չէին մասնակցում ընդհարումներին:
Հայերը ուժեղ ու համարձակ ռազմիկներ են, ոչ այնպիսին, ինչպիսին ռուսներն ու ազերիները: Հիշում եմ, լեզգիները նրանց (ադրբեջանցիներին - Անդին) կոչում էին ազերոչխարներ՝ կեղծավորության ու վախկոտության համար:
Ես վստահ եմ, որ այն ժամանակ մենք ճիշտ ընտրություն չենք կատարել՝ կովկասցին կովկասցու դեմ չպիտի կռվի, անկախ այն բանից, թե ինչ կրոնի է նա դավանում: Կարևորը նրա ազգային-հոգևոր նկարագիրն է: Հայերը չէին թալանում, այնինչ թյուրքերը կռվում էին միայն դրա համար, հայերը կռվում էին խիզախորեն և հուժկու, այնինչ ազերիները վախենում էին նրանց դեմ մերձամարտի ելնել և օրերով սպասում էին օդուժի հարվածներին:
Նրանք գիտեին, որ իրենց դիմաց կանգնած ենք մենք՝ նախչիներս (չեչենների ինքնանվանումներից - Անդին), և հարգում էին մեզ, ինչպես մենք էինք հարգում նրանց:
Նրանք կշարունակեն պատերազմը, կանգ չեն առնի, մինչև թյուրքերին չվռնդեն նաև Գյանջայից: ԻնշաԱլլահ:
Իսկ դուք՝ լեզգիներ, ավարներ և թալիշներ, պետք է վճռեք. կամ ոչնչանալու եք, կամ ձեր հողի վրա ապրելու արժանապատիվ կյանք վաստակեք: Կովկասցիների դեմ պատերազմում, ինչպիսին էլ այն լինի, դուք ոչնչի չեք հասնի... Մենք դա հասկացանք Խասավյուրտից հետո:
Իմիջիայլոց, կուզենայի ևս մի պատմություն անել հայերի մասին:
Օգոստոսի կեսերին մեր ջոկատը ազերիների հետ տեղակայված էր Ասկերանի մերձակայքում, անմիջապես լեռների ստորոտում:
Երեկոյան կողմ մարտ սկսվեց, և չեզոք գոտում խասավյուրտցի Վահիդը գնդացրի կրակից վիրավորվեց ուսից: Նախկին դիրքեր նահանջելուց անմիջապես հետո ամիր Ասլանբեկը մեզ առաջարկեց վիրավոր եղբորը դուրս բերել չեզոք գոտուց: Այն պահին, երբ որոշել էինք ձայն տալ հայերին, որպեսզի դուրս բերենք մեր վիրավոր եղբորը, ազերիները հանկարծ հայտարարեցին, իբր դա չի թույլատրվում, արգելված է: Վահիդը բղավում էր, բարձր խոսում չեչեներեն: Հայերին նրան մոտենալ թույլ չէին տալիս ազերիները՝ կրակում էին, իսկ մեզ ասում էին, թե հայերը գազան են, կսպանեն նրան: Կես ժամ անց մեր եղբայրներից մեկը՝ դուբայուրտցի, այնուամենայնիվ որոշեց խիզախել ու հասնել մեր եղբոր մոտ: Մենք ձայն տվեցին «խաչերին», թե գնում ենք վիրավորին տանելու, նրանք թե՝ եկեք: Ազերիները փորձեցին զենքի սպառնալիքով արգելել մեզ, բայց Իսրան չենթարկվեց: Մեր եղբորը հասնելուց հետո տեսնում է՝ ցածրահասակ հայ սանիտարը պառկած է նրա կողքին, փորձում է Վահիդի ոտքն ազատել պայթյունից առաջացած փլուզումի տակից: Ի վերջո Իսրան կարողանում է հանել եղբորը, շալակել, հայն իր հերթին նրան է տալիս լի ջրամանը: Իսկ կես րոպե անց ազերիներից ինչ-որ մեկը խփեց հային: Նրանք պատասխանեցին հուժկու, համատարած կրակով, սակայն վիրավորի և Իսրայի վրա չկրակեցին:
Վերջում, երբ գնում էինք Ղարաբաղից, ազերիները ոչ մեկիս փող չտվեցին, իբր դուք վատ եք կռվել, հետո ինչ, որ այդքան անհավատների եք փռել: Մենք զայրացանք, սակայն ամիրը, իմաստուն մարդ, հանգստացրեց մեզ: Հետո Իչկերիա գալով իմացանք, որ գերագույն հրամանատար ամիր Բասաևը նույնպես կռվել է Ղարաբաղում: Ղարաբաղից հետո լիովին փոխվել էր բոլորիս վերաբերմունքը ոչ միայն հայերի, այլև թյուրք-ազերիների նկատմամբ:
Հայերը խիզախ և ուժեղ ժողովուրդ են, իրենց նպատակին կհասնեն: Նրանք իսկական լեռնցիներ են, նամուս ունեցող, ջիգիթի օրենքները հարգող: Մեզ նման ուժեղ չեն, իհարկե, բայց արժանի թշնամիներ էին: Կարծում եմ՝ կարող են լինել նաև արժանի բարեկամներ:
Մենք կորցրեցինք 38 շահիդի, նրանք հիմա Ալլահի գրկում են:
Սա է իմ պատմությունը հայերի և ադրբեջանցիների մասին:
Ցավոք, ռուսները գրավել են մեր երկիրը, և ես ստիպված եմ հայրենիքից հեռու գտնվել, սակայն կգա օրը, և ես կվերադառնամ, կհավաքեմ եղբայրներիս, որոնց հետ կռվել եմ Ղարաբաղում, ու կփորձեմ գտնել հայ ֆիդայիններին, որոնց դեմ կռվել եմ Ղարաբաղում: Մեկին կոչում էին Մարդ/տ/իրոս Ս/Կ/ամսարյան, դասակի հրամանատար էր, Աբխազիայի հայ: Գուցե մեկն ու մեկը գիտի՞ նրա մասին, ո՞ղջ է, թե՞ զոհվել է:
Իմիջիայլոց, աբխազների հետ վրացիների դեմ կռված եղբայրները Իչկերիայում նույնպես պատմում էին հայերի մասին: Նույնպես մեծ հարգանքով ու ջերմությամբ: Մենք չէինք հիշում, որ նրանք անհավատներ են: Եվ մի՞թե կարելի է այն ամենից հետո, ինչ ես տեսել եմ, ազերիներին մահմեդական համարել, իհարկե՝ ոչ:
Խոզությունը ադրբեջանցիների կողմից համատարած էր: Սկզբից խլեցին զենքերը, որ մեզ հետ տարել էինք կռվելու, հետո ուզում էին բաժան-բաժան անել մեզ և առաջ գցելով՝ օգտագործել իբրև վահան իրենց հիմնական ուժերի համար, մեր վիրավորներին թողնում էին, այնինչ իրենց դիակները տանում էին: Ստիպում էին իրենց համար խրամատներ փորել այն ժամանակ, երբ իրենք լափում էին խոզի նման: Մի խոսքով, ամիր Ասլանբեկը որոշեց մեզ դուրս բերել Ղարաբաղից:
Իմ խորհուրդը ձեզ. մի հավատացեք ազերիների պանիսլամիստական կոչերին: Դա ես եմ ասում, մարդ, որը մոտիկից է տեսել ազերիների «ուղղափառությունը»:
* * *
Ղարաբաղում իսլամի զինվորները 300-350 հոգի էին: Նրանց 30 տոկոսը զոհվեց հերոսաբար:
* * *
Հայերը գերիներին ձեռք չէին տալիս, ի տարբերություն ազերիների, որոնց «խիզախությունը» ի հայտ էր գալիս անզենների նկատմամբ միայն:
Մանրամասները՝ Yerkir.am կայքում
Եթե մեզնից որևէ մեկը իրագործեր Շավարշ Կարապետյանի սխրանքներից գոնե մեկը, ապա այդ պատմությունը վերջ չէր ունենա: Եվ այդ պատմությունը տարեցտարի կհամալրվեր նորանոր մանրամասներով:
Նա, ոչ միայն ջրում ընկղմված տրոլեյբուսից մարդիկ է փրկել և Երևանի կենտրոնում հրդեհ հանգցրել, այլև եղել է մեծագույն մարզիկ, ջրասուզալող մարզաձևում 17 անգամ դարձել աշխարհի, 13 անգամ Եվրոպայի, 7 անգամ ԽՍՀՄ չեմպիոն, սահմանել է 11 համաշխարհային ռեկորդ:
Շավարշը հանգիստ ու համեստ անձնավորություն է: Մեզ դիմավորում է մետրոյի մոտ: Ցածրախոս է: Իր սխրանքների մասին պատմում է ամաչելով: Ավելի շատ հիշում է քաղաքավարությունից ելնելով, քանի որ թղթակիցները կտրել-անցել են ողջ Մոսկվան, դեպի Կոնկովո, անհարմար է...
Ճակատագիրը իր հերթական փորձություններն է հրամցնում: Աշնանը նրա ձեռքում հանգչեց օլիմպիական ջահը, Շավարշը դրանից շատ էր ընկճվել:
- Մինչև հիմա այդ պահը ծա՞նր եք տանում:
- Արդեն այդպես չէ: Սկզբում ահավոր հիասթափվել էի, քանի որ չէի հասկանում. քամի չկա, գազ կա, բայց ջահը չի վառվում: Երևի տեխնիկական խոտան էր: Ջահի հետ այլոց մոտ նույնպես խնդիրներ եղել են: Չնայած ինձ մի աստվածավախ մարդ մինչ այդ փորձում էր հետ պահել. «Օլիմպիական ջահը դիվային է, իսկ Կրեմլը հեթանոսական ծեսերի վայր չէ, Շավա՛րշ, քեզ պե՞տք է: Չէ որ քրիստոնյա ես...»: Ես պատասխանեցի. «Մի՛ մոռացիր, որ ես մարզիկ եմ և կվերցնեմ այդ ջահը, քանի որ դրանով ինձ պատվել են»:
- Այն էլ երկու անգամ: Դա կապվա՞ծ էր առաջին անհաջող փորձի հետ:
- Ոչ, կապված չէր: Կրեմլի փուլը նախատեսված էր օլիմպիական կրակի պաշտոնական մեկնարկի համար, երբ ինձ հրավիրեցին, ես արդեն հայտավորվել էի մոսկովյան փուլի համար, դրա համար էլ երկու անգամ վազեցի:
- Ջրասուզային մարզաձևում աներևակայելի տիտղոսներ ունեք, եթե մնայիք դասական ոճում, ապա կկարողանայի՞ք այդպիսի հաջողություններ արձանագրել:
- Երևի թե` ոչ: Հայաստանում մարզիչների մակարդակն այն չէր, որպեսզի ամենաբարձր տեղերին հավակնեի: Այժմ տեսնում եմ՝ ինչպես են 12 տարեկանները ծանրաձող բարձրացնում: Լրիվ սխալ: Մեկին հուշեց, հետո՝ մյուսին: Իսկ լողը ծանրաձողի պես է: Մի սխալ որոշում. ուսդ կամ ողնաշարդ կվնասես: Մոտենում եմ տղաներին, որոնց թվում պարապում է նաև իմ որդին: Գիտեմ, թե նրանց ինչպես ճիշտ մերսել, դա մկանների համար չէ, այլ արյան ազատ շրջանառման բարելավման:
- Ձեր մարզումների վերաբերյալ լեգենդներ են պտտվում: Դասական ոճային լողորդները այդպիսի ծանրաբեռնվածությունների ենթարկվու՞մ էին:
- Նրանք իմ մարզումների նույնիսկ 1/3 մասին չէին դիմանա: Ես մարաթոնյան վազորդից վատ չէի պատրաստված: Հայաստանում նույնիսկ մարաթոնյան վազքի եմ մասնակցել և գրավել եմ 5-րդ տեղը:
- Օրեկան 25 կիլոմետր վազու՞մ էիք:
- 30: Բացի այդ ուսապարկում 25կգ քաշ կար, ամբողջ մեջքս վերքերով էր պատված: 10 օրվա ընթացքում մենք պարտավոր էինք 300կմ վազել: Նաև գիշերային փորձնական մարզումներ կային:
- Ո՞րն է դրա իմաստը:
- Կարծ ասած, գիշերվա ժամը երկուսից հետո մարդու մոտ բոլոր համակարգերն անջատվում են: Ուղեղը ավտոմատ կերպով սկսում է հանգստանալ: Մենք այդ պահն օգտագործում էինք ֆիզիկական ծանրաբեռնվածությունների համար: Մրցաշարերից 10 օր առաջ գիշերվա ժամը երկուսին գալիս էի լողավազան ու լողում: Մի անգամ նույնիսկ 50կմ լողացել եմ:
- Գիշե՞րը:
- Ոչ, որպեսզի հոգեբանորեն ծանր աշխատանքին պատրաստ լինես: Առավոտյան մտնում էի լողավազան, երեկոյան դուրս գալիս: Ողջ օրը ջրում:
- Օգնու՞մ էր:
- 400մ տարածության վրա աշխարհի ռեկորդ սահմանեցի: Պատահել է, որ մրցաշարերից առաջ ոչ մի կերպ մարզվել չէի կարողանում: Մարզչիս ասեցի. «Նախավարժանք եմ անում և վերջ, հետո 50մ տարածությունում կփորձեմ աշխարհի ռեկորդ սահմանել: Գրազ գա՞նք»: Մենք միշտ գրազ էինք գալիս:
- Հետո՞:
- Ես նրան երկու շիշ օղի պետք է գնեի, իսկ եթե հաղթեի, ուրեմն երկու կիլոգրամ «Мишка косолапый» կոնֆետ պիտի տար: Դա ավելի բարդ էր ճարելը, քան կես լիտր օղին:
- Ռեկորդ սահմանեցի՞ք:
- Այո՛: Ջրից դուր եկա ու. «Միշկայի» մասին չմոռանա՛ք»: Նա Երևանում շատ վազվզեց, բայց ճարեց: Մի անգամ լսում եմ, որ մարզիչներից մեկը, ինձ ցույց տալով, ասում է. «Գիտե՞ս, թե Շավարշը ինչու հաղթեց: Նրա համար երկրորդական մեկնարկ հասկացություն չկա»: Ես ամենուր նվիրումով էի աշխատում:
- Ճի՞շտ է, որ Դուք, շնչառությունը պահելով, ջրի տակ կարողանում էիք 6 րոպե անցկացնել:
- Ավելի ճիշտ 5.50 րոպե, իսկ համաշխարհային ռեկորդը 13 րոպե է: Բայց այդ մարդը յուրահատուկ էր, նրան գիտնականները ուսումնասիրում էին: Սրտի ուղղությամբ արյան ճնշումն էին չափում: Պարզվեց, որ դա կապված է ինչ-որ կաթնաթթվի հետ:
- Ամենաանտանելի պայմանները, որտեղ հանդես եք եկել:
- Չեխոսլովակիայում: Նրանք իրենց լողորդներին ինչ-որ տեղ էին ուղարկել, իսկ մեզ թողել էին 12 աստիճան ջերմաստիճանով լողավազանում: Ես միակն էի, ով մտավ ջուրը և լողաց:
- 12 աստիճանը շատ քի՞չ է:
- 20-նն էլ է քիչ: Լավագույն ջերմաստիճանը 22-23 աստիճանն է: Երևանյան լճում, որտեղ տրոլեյբուսն ընկել էր, նույնպես 12 աստիճան էր:
- 1976թ.-ի տրոլեյբուսի ընկնելու պատմությունից հետո, երբ դա ազդեց Ձեր առողջության վրա, Դուք ևս մեկ համաշխարհային ռեկորդ սահմանեցիք: Հրա՞շք էր:
- Չեմ կարող ասել, այն էլ ինչպիսի հրաշք: Ես չորրորդն էի, առաջինը կրկնեց համաշխարհային ռեկորդը, նրան հաջորդող երկուսը բարելավեցին այդ արդյունքը: Աչքերիս չէի հավատում: Վերջին 100 մետրի ժամանակ եղբայրս ժեստերով ցույց է տալիս, որ ես նույնպես ռեկորդի եմ գնում: Ես շրջադարձ կատարեցի և իմ մեջ ամեն ինչ անջատեցի: Երբ վերջացրի, ցանկանում էի ցավից գոռալ, ես մեռնում էի, չէի կարողանում շնչել: Ուղեղս ցավում էր: Եղբորս շշնջացի. «Կամաց-կամաց ինձ տար բժշկական սենյակ...»:
- Տրոլեյբուսի պատմությունից հետո Ձեր օրգանիզմում ի՞նչ էր փոխվել:
- Օրգանիզմիցս խոնավությունը դուրս չէր գալիս, մնում էր թոքերիս մեջ: Եթե խորը շնչում էի, շունչս կտրվում էր: Այդ ժամանակ պնևմոնիա ու արյան վարակում տարա:
- Այդ լճի մոտ հուշարձան չկա՞:
- Նույնիսկ ցուցանակ չկա: Հիմա դա ամերիկյան գոտու մի մասն է: Այդտեղ ներս մտնել չեն թույլատրում:
- Մարդիկ տրոլեյբուսում գիտակից վիճակու՞մ էին:
- Ոչ: Հին մոդելի տրոլեյբուսների հետևի հատվածը բաժակի պես է: Որոշ ժամանակ այդտեղ օդ կար, բայց լողալ և ապակին ջարդել չէին կարողանում:
- Եղբայրդ քո հետևից ջուրը չնետվե՞ց:
- Ես նրան կանգնեցրի: Առաջին հերթին, վախեցա Կամոյի համար, նա ազարտային բնավորություն ունի: Այնքան կսուզվեր, մինչև կզոհվեր: Երկրորդ.` նա միակն էր, ով կարող էր ինձ ապահովագրել: Եթե մի բան այն չլիներ, ինձ ջրից կհաներ:
- Հիվանդանոցում Ձեզ մոտ քննիչներ եկե՞լ էին:
- Ոչ: 90-ականներին Կենտկոմից որոշակի փաստաթղթեր էին բացել: Այնտեղ գրված էր, որ դեպք է տեղի ունեցել, կուսակցությունն ու կառավարությունը ուժեղացրել են կարգուկանոնը: Իմ ազգանունն ընդհանրապես չկա, ոչ մի ազգանուն չկա: Մանրամասները ինձ մի աղջիկ է պատմել, ով վարորդի նստատեղին մոտ է եղել: Նախկին լողորդուհի էր, ինքուրույն էր կարողացել փրկվել: Մի քրեական տարր մոտեցել է վարորդին, պահանջել է չթույլատրված վայրում արգելակել: Վարորդն էլ, նոր բանտից դուրս եկած, կոպիտ է պատասխանել: Առաջինը մի երկաթե գործիք է ճանկել և վարորդի գլխին: Տրոլեյբուսը, որում 92 մարդ կար, ընկել է լիճը: Մի հիմարի պատճառով այդքան զոհ: Իսկ արձանագրության մեջ հիմարություններ էին գրել. «Անիվը դիպչել է կողային սահմանաքարին, ղեկը շարքից դուրս է եկել...»: Այդպիսի բան չի եղել:
- Վարորդն էլ, նրան հարվածողն էլ զոհվե՞լ են:
- Այո, երկուսն էլ:
- Այդ վայրում լցվում էր քաղաքային կոյուղին: Դրանո՞վ է պայմանավորված, որ այդ դեպքից հետո Ձեր առողջությունն այդչափ վատթարացավ:
- Այդտեղ կոյուղի չկա, այլ արդյունաբերական թափոններ են լցնում: Ջրի տակ տեսանելիության մակարդակը հավասար է զրոյի, ես ամեն ինչ արել եմ շոշափելով: Եկավ ոստիկանությունը, ասում են. «Կրկին սուզվի՛ր, ամրացրու ճոպանը»: Ես պետին բացատրում եմ, թե ինչպես է պետք ամրացնել, իսկ նա. «Ես հրամայու՛մ եմ»:
Իհարկե, դուրս չհանեցին, այդ պահին ես սկսեցին հրամաններ տալ: Ճոպանը կապեցի հետին դռնից, խողովակից ու կոտրված պատուհանի հատվածից: Կռունկավարին ասում եմ. «Կամաց կքաշես, որ ջուրը հասցնի դուրս հոսել»:
- Հիվանդանոցում 45 օր շարունակ կոմայի մեջ եք եղե՞լ:
- Կոմա չի եղել, ես գիտակից վիճակում էի: Բարձր ջերմություն, սեպսիս: Անտիբիոտիկներով էին կերակրում: Մի սրսկման ժամանակ 6 ասեղ էին ներարկում: Եթե այդ օրը 21կմ վազած չլինեի, ապա ամեն բանի կդիմանայի, բայց օրգանիզմս այդ պահին հյուծված էր:
- Մենք լսել ենք, որ տրոլեյբուսում գտնվող փրկվածներից մեկն իր որդու անունը Շավարշ է դրել:
- Չեմ պարզել: Երբ սկսում ես ակտիվանալ, մարդիկ մտածում են, որ պետք է նվերներ տան: Հայկական բնավորություն է: Այդ իսկ պատճառով ինձ համար հանգիստ ապրում եմ: 1982թ.-ին «Комсомольская правда»-ն անդրադարձել էր այդ պատմությանը: Մի քանի ամիս անց «Литературная газета»-ի թղթակից Բոչարովը մեծ հոդված գրեց, դրանից հետո 75 հազար նամակ ստացա:
- Այդ հոդվածից հետո հաջորդ առավոտը հիշու՞մ եք:
- Ինչպես չեմ հիշում: Ես գործարանում ինժեներ էի աշխատում: Առաջին անգամ իմ «Վոլգային» թույլ էին տվել տարածքում վարել: Հետո առանց հերթի մեքենա փոխելու հնարավորություն տվեցին: Գործարանը հետաքրքիր տեղ է: Ես այդտեղ լրիվ այլ մարդ դարձա: Թե՛ երջանկությունը, թե՛ ցավը այդտեղ միասին են: Ինձ անընդհատ ուղարկում էին Մոսկվա, որոշ հարցեր լուծելու համար:
- Ինչու՞:
- Շատ ընկերներ ունեի: Օրինակ, Քաղբյուրոյի ավտոպարկի պետը: Գալիս էր ինձ մոտ՝ հյուրանոց, զանգահարում էր գործարանների ղեկավարներին. «Ինչ ասում են, անհապաղ կատարե՛ք»: Վերցնում էր իմ ցուցակը: Երևանցի մի տնօրեն, Գերագույն խորհրդի պատգամավոր մի օր ասեց. «Շավա՛րշ, որտեղի՞ց այդպիսի իշխանություն ունես, ախր դու սովորական ինժեներ ես»:
- Որոշ ժամանակ անձ «Հերոսի աստղի» փոխարեն համեստ «Պատվի շքանշան» ստացաք:
- Բոչարովն իր հոդվածից հետո ամեն ինչ արեց, որ ինձ «Հերոսի» մեդալի արժանացնեին: Երկու անգամ եկավ Հայաստան, բայց այդպես էլ ինձ այդ պարգևին չարժանացրեցին: Տրոլեյբուսի ընկնելու վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չկար: Արդյունքում արժանացա «Պատվի շքանշանի»:
- Գոնե տոնական մթնոլորտում անցա՞վ:
- Ինչ-որ ֆորումի ժամանակ ընթացքում հայտարարեցին. «Շավարշ Վլադիմիրի Կարապետյանը արժանանում է կառավարական պարգևի», շնորհեցին նաև «Խեղդվողներին օգնություն ցուցաբերելու համար» մեդալ, ինչպես նաև 40 ռուբլի պարգևավճար:
- Ռուսաստանում ջրասուզային մրցաշարին կարծես Ձեր անունն էին շնորհել:
- Այո, խորհրդայրն տարիներին այդ մրցաշարը կոչվում էր «Երիտասարդ ջրասուզակ»: Հետո այդ մրցաշարը Տուլեևը Կեմերովոյում էր անցկացնում: Յոթ ամիս առաջ հատուկ դրա համար նոր լողավազան կառուցեցին: Ինձ ոսկե ժամացույց նվիրեցին, վրան փորագրված. «Կարապետյանին՝ Տուլեևից»:
- Իսկ ինչու՞ չեք կրում:
- Դա հավաքածուիս մեջ եմ դրել: Փոքր ժամացույց էր: 10 զույգ ժամացույց ունեմ, բոլորն էլ անվանական են: Ինձ համար ամենաթանկարժեքը կաթողիկոս Վազգեն Առաջինի նվիրածն է՝ շվեյցարական, հատուկ պատվերով, Արարատի նկարով, փորագրված է՝ Հայաստան: Հետո, երբ կաթողիկոսի հետ բանտում մատուռ էինք բացում, ամբոխի միջից ասում էին. «Հասկանալի է, որ իշխանության ներկայացուցիչներ կան, նա էլ հոգևորական է, իսկ դու ո՞վ ես»: Ես էլ մտածեցի՝ «Ժողովրդի ներկայացուցիչը»...
- Պատմությունները Ձեզ հետևում են: Ամեն ինչ սկսվեց 1974թ.-ի ավտոբուսի դեպքից, որը կարողացաք անդունդի եզրին արգելակել:
- Մեքենաները այդ ժամանակ հաճախ էին փչանում, հարկ էր լինում սպասել ավտոմասերին: Վարորդի մոտ ձեռքի արգելակ և ուժակուտակիչը շարքից դուրս եկան: Ավտոբուսի շարժիչը չէր անջատել, թողել էր ճանապարհի եզրին, գնացել դիսպետչերների կենտրոն: Ավտոբուսի հետևի մասը բարձրացավ ու սկսեց գլորվել: Մենք ներսում էինք:
- Յուրաքանչյուր ոք կարո՞ղ էր կանգնեցնել:
- Վարորդի նստատեղի հետևի կողմը փակ էր, իսկ կողքը՝ բաց: Նա այդ մասն էլ էր ցանց քաշել, որ խոսակցություններ չլինեին: Ես ոտքերով մեկնվեցի դեպի ղեկը և սեղմեցի արգելակը: Դրեցի առաջին արագության վրա: Այդ պահին վարորդը եկավ. «Օյ, օյ... շնորհակալություն...»: Նստեցինք ու գնացինք: Այդ ավտոբուսում գյուղում դասավանդող ֆիզկուլտուրայի ուսուցիչ կար: Տեղական թերթում դրա մասին գրեց: Տրոլեյբուսի հետ կապված պատահարից հետո մոսկովյան լրագրողները այդ դեպքը նույնպես գտան:
- 1985թ.-ին Երևանում հրդեհվեց մարզահամերգային համալիրը: Այդ ժամանակ ինչպե՞ս այդտեղ հայտնվեցիք:
- Կողքն էի աշխատում:
- Գործարանու՞մ:
- Ոչ, գործարանից դուրս էի եկել: Երեխաների համար համակարգչային դասարան էի բացել: Աբովյանի «Սիրիուսը» այդ ժամանակ նոր սերնդի ԷՀՄ-ներ էր թողարկել: Առավոտյան գալիս եմ աշխատանքի ու լսում եմ. «ՄՀՀ-ն վառվում է», և շտապեցի դեպքի վայր:
- Հրդեհն ի՞նչից էր բռնկվել:
- Իսկական պատճառը վերջերս եմ իմացել: Մի մարդու հետ էի զրուցում, նա այդ ժամանակ ՄՀՀ-ում պատասխանատու էր էլեկտրականության ապահովման համար, իսկ այժմ Ամերիկայում է ապրում: Նա պատմեց. «Երբ ջահերը մոնտաժում էին, ես զգուշացրեցի, որ կաբելները համապատասխան հզորություն չունեն: Ինձ չլսեցին: Կարճ միացում, որի արդյունքում էլ հրդեհ բռնկվեց»:
- Ամեն տեղ պայթյունի մասին է հիշատակվում:
- Ոչ, այդպիսի բան չի եղել: Դա ջահերի ընկնելու ձայնն է եղել, շատերին թվացել է` պայթյուն է: Փառք Աստծո, ոչ մեկ չզոհվեց, զոհեր չեղան: Իսկ ես հրշեջների հետ հիվանդանոց ընկա. թունավոր գազից թունավորվել էինք:
- Եկե՛ք հերթով, դուք վազեցիք դեպքի վայր և ի՞նչ տեսաք:
- Հրշեջներն այդ պահին քիչ էին: Ես նկատեցի, որ ՄՀՀ-ն շրջանագծով վառվում է, բայց մեջտեղի հատվածում կրակը դեռ չի մոտեցել: Եվ մենք երիտասարդ հրշեջների հետ մոտեցանք այդ մասին: Փոքր խողովակները այդտեղ չէին հասնում: Միայն մի հատ մեծ խողովակ կար, որը սնուցվում էր գետից. ծանր, մեծ ճնշմամբ, երկու հոգով հազիվ էինք պահում: Տղաներից մեկը հետևից պահում էր, ես էլ կրակի ուղղությամբ էի պահում: 20 րոպեի չափ առաստաղն էինք թրջում, որպեսզի կրակը տանիք չհասնի: Հետո այլ հրշեջների հետ կողային աստիճաններով սկսեցինք վերև բարձրանալ: Այդտեղ լրիվ ծխապատ էր: Հետո ոչինչ չեմ հիշում:
- Ձեզ որևէ միջոց տվե՞լ էին, օրինակ հակագազ:
- Ոչ, ես իմ լավագույն կոստյումով էի, սպիտակ վերնաշապիկով ու փողկապով: Ինձ այդ օրը Կենտկոմում սպասում էին: Գրպանումս անձնագիրս էր, վարորդական իրավունքն ու կուսակցական տոմսս:
- Վառվեցի՞ն:
- Ոչ, մի փոքր թրջվել էին: Հրշեջները իրենց ընկերներին դուրս բերեցին կրակից, միանգամից ուղարկեցին մոտակա առաջին հիվանդանոցը: Իսկ ինձ քաշեցին թփերի ուղղությամբ, մտածեցին մեռած եմ: Այնտեղ ինձ մի տղամարդ գտավ, շոշափեց զարկերակս ու իր «Ժիգուլիով» տեղափոխվեց երկրորդ հիվանդանոց, որը գտնվում էր ծայրամասում: Հետո ինձ բացատրեց. «Առաջինում այնքան մարդ կար, որ անհայտ է, թե երբ քեզ հերթ կհասներ, իսկ երկրորդում ոչ ոք չկար, հիմա հաստատ հսկողության տակ կլինես»:
- Որքա՞ն ժամանակ բուժվեցիք:
- Մի ամիս: Այրվածքներ չկային: Հիմնական խնդիրը թոքերս մաքրելն էր: Հիվանդանոցում սրսկումներ էին կատարում, ինչ-որ բաների միջոցով շնչել էին տալիս, անօգուտ էր: Տանը ես տաք կաթ խմեցի ու գնացի լողավազան: Մի փոքր լողացի և թոքերիցս մրուրի մնացուկները, որոնք կպել էին թոքաբշտիկիս, սկսեցին դուրս գալ: Այնպես որ, ինձ փրկեցին տաք կաթն ու լողը:
- Ասում են՝ Աստված ամեն մարդու նրա հնարավորության չափով է հոգս տալիս, կարծես Ձեզ համար է ասված:
- Վերջացրե՛ք, շատերի մոտ է այդպես, ուղղակի երբ ինչ-որ բան է պատահում, ես անտարբեր չեմ լինում: Աշխատում եմ օգնել: Վերջ:
- Այդքան բան եք տեսել, Աստծուն ավելի ուժե՞ղ եք հավատում:
- Ժամանակին ակադեմիկոս Սախարովը խոսել է այդ մասին. «Ինչպե՞ս կարող եմ ես, որպես ֆիզիկոս, հավատալ Աստծուն: Բայց ինչ-որ բան մեզ շարժում է»: Իմ հավատը հոգուս խորքում է: Իսկ գնալ և աղոթել... Ես կարող եմ այդպիսի բաներից խուսափել, ճի՞շտ է: Եթե ինչ-որ մեկն ուզում է զուգահեռ աշխարհների մասին ինչ-որ բան իմանալ, ապա կարող եմ բաղադրատոմս տալ: Լավ խմեք, մոտեցեք հայելուն ու նայեք ուղիղ աչքերի մեջ: Ինչ-որ կտեսնեք, հենց դա էլ զուգահեռ աշխարհներն են:
- Դուք հիմա էլ եք պատրա՞ստ հանկարծակի պահերին: Չորրորդ դրվագ կա՞, որի մասին մենք չգիտենք:
- Չորրորդ, հինգերորդ: Շատ են: Չեմ ցանկանում հիշել: Կասեն ուռճացնում է, այդպիսի բան չի լինում:
- Եթե այդ ամենը ճիշտ է, ինչու՞ չպատմել:
- Դե լավ: Առաջին անգամ մարդ փրկեցի, երբ դեռ երկրորդ կարգի լողորդ էի: Երևանում, 16 տարեկան էի: Բաց լողավազանում 10 մետրանոց աշտարակի վրա արևահարվում էի: Հանկարծ տեսա, որ ներքևում գլուխը դեպի ներքև մի մարդ է լողում, բայց ո՛չ ձեռքերը, ո՛չ ոտքերը չեն շարժվում, և ես ցատկեցի:
- Այդպիսի փորձ ունեի՞ք:
- Իհարկե: Այլ բանի համար էի անհանգստանում, որ մարդկանց գլխին չընկնեմ: Բայց ամեն ինչ հաշվարկել էի: Տղամարդուն դուրս բերեցի, այդ պահին բժիշկը մոտեցավ ու կարողացավ նրան հետ բերել:
Կամ էլ, դուռը թակում են, հարևանուհիս է: Ինչ-որ բան է եղել, ուշագնացություն: Նետվում եմ նրա բնակարան: Դուռը կիսաբաց, միջանցքում ամուսինն է պառկած: Նույնպես անգիտակից վիճակում: Նրանց հինգամյա տղայի մոտ էպիլեպսիայի նոպա է, լեզուն է կուլ գնացել: Փայտե գդալի օգնությամբ երեխայի բերանը բացեցի, նա սկսեց շնչել: Մորը երկու անգամ այտերին ապտակեցի, ուշքի եկավ: Հորը ուշքի բերեցինք մի դույլ սառը ջրով:
- Նրանք հարբա՞ծ էին:
- Ոչ, շոկային վիճակում: Նրանց փոքր տղան, որը նույնպես էպիլեպսիկ էր, մահացել էր: Վախեցել էին: Չնայած տղամարդը այդպիսի իրավիճակում թուլանալու իրավունք չունի, կարող էին երկրորդ երեխային նույնպես կորցնել:
- Վերջերս որևէ մեկին չեք փրկե՞լ:
- Փրկել բառը ճոխացված կհնչի: Տարրական բան: Բակում մի հարբեցող է պառկած: Ձնախառն անձրև է տեղում: Բարձրացրի նրան, հենեցի շքամուտքի պատին, գլխին պոլիէթիլենի տոպրակ քաշեցի, որպեսզի չթրջվի: Մոտենում է ոստիկանը. «Դու, ինչ է, այդ տոպրակով մարդ ես խեղդու՞մ»: Երբ հասկացավ, թե ինչ է կատարվում, երկար ծիծաղում էր:
- Արտերկրում այդպիսի դեպքեր եղե՞լ են:
- Մի անգամ մի հարբած գերմանացու դնչին հարվածել եմ:
- Ինչու՞:
- Սպասասրահում իմ եղբոր կնոջը անհանգստացնում էր: Տանկի պես այս ու այն կողմ էր գնում: Ոչ մի բառ չէր հասկանում: Աստիճաններից ցած նետեցի: Ասեցին. «Շավա՛րշ, Գերմանիայում ենք: Այստեղ այդպես ընդունված չէ, ոստիկանություն կտանեն»:
Թունիսում մի դեպք եղավ, երբ կնոջս հետ հանգստանում էի: Ծովափում մի փոքր կռվեցինք: «Գնացի»,- ասում եմ. «Գնա՛»,- պատասխանում է կինս: Ակնոցներս ու գլխարկս դրեցի ու մտա ծովը: Այդ պահին 5 բալանոց փոթորիկ էր: Ոչ ոք չէր լողում:
- Հանդուգն մարդ եք:
- Մրրկապտույտ ալիքների մեջ ես չէի նետվի: Իսկ այդ ալիքներում լողալ հնարավոր էր, բացի այդ էլ ափից հեռանալիս, նրանք այդքան էլ վախենալու տեսք չունեին: Այդ եղանակին ոչինչ չկար, ո՛չ նավակ, ո՛չ նավ, ո՛չ էլ պահակային ծառայություն: Երեք ժամ ծովում անցկացրեցի:
Երկու կիլոմետր ափից հեռացա, կինս խուճապի մատնվեց: Գնաց փրկարարների մոտ: Նրանք էլ ասեցին. «Ինչպե՞ս կարող ես այս ծովում որևէ մեկին գտնել»: Կողքին փարոս կար, վազել էր այդտեղ: Բացատրում է իրավիճակը: Պատասխանում են. «Մադա՛մ, մոռացե՛ք: Այստեղ նոր ամուսին կգտնեք»: Նելլին արտասվում է, այդ ժամանակ նրանք հեռադիտակ են հանում: «Ձեր ամուսինը ակնոցներո՞վ է», «Այո», «Գլխարկո՞վ», «Այո՛», «Վերադառնում է»: Փոթորկի ժամանակ ծով մտնելը հեշտ է, դուրս գալն է բարդ: Մի կերպ դուրս եկա: Ափին գտնվող տարեց մարդիկ ինձ ծափահարություններով դիմավորեցին:
- Դրանից հետո կնոջից երբեք չեք լսե՞լ. «Հեռացի՛ր»:
- Մի քանի անգամ եղել է: Նոստալգիան նեղում էր, ցանկանում էի Երևան գալ: Ընկերս. «Արի՛, գառները փչանում են»: Այն իմաստով, որ ոչխար են դառնում: Նելլին չէր թողնում: Ես էլ խորամանկության դիմեցի: Մի օր, երկու օր ընկերներով լավ զբոսնեցինք: Կինս փրփրել է, ես նեղացածի տեսք եմ ընդունել. «Եթե շարունակես այդպես, կգնամ Երևան»: Երրորդ օրը նույնը կրկնեց, նա էլ. «Գնում ես, գնա՛»: Հենց դրան էլ սպասում էի, ինքնաթիռի տոմսն արդեն գրպանումս էր:
Երևանում հրավիրեցին հեռուստաընկերություն: Ուղիղ եթերում հարցնում են. «Ի՞նչ առիթով եք հայրենիքում»: Ես քմծիծաղ տվեցի: «Հորինե՞մ, թե՞ ճիշտն ասեմ»: «Իհարկե ճիշտը»: Եվ պատմեցի, այնպես ինչպես եղել էր: Առավոտյան Նելլիի ընկերուհիները նրան հեռախոսազանգերով ողողեցին. «Ի՞նչ է, բաժանվու՞մ եք»:
- Նրա համար դժվար է Ձեզ հետ:
- Ճիշտ է, բայց մենք արդեն երեսուն տարուց ավել միասին ենք: Երկու աղջիկ ու տղա ենք մեծացրել:
- Հարցազրույցներից մեկում ասել էիք. «Ինքս էի խորտակվում»: Ե՞րբ:
- Կիևում միջազգային մրցաշար էր: Բալոնում թթվածնի այնքան պաշար կար, որ հանգիստ կհերիքեր ամբողջ տարածության համար: Ֆինիշին 75մ էր մնում, թթվածինը հանկարծակի պրծավ:
- Ինչու՞:
- Երևի մրցակիցներից մեկը մեկնարկից առաջ բացել էր փականը: Մարզիչս տեսնում է, որ պղպջակներ չկան, ուրեմն` բալոնը դատարկ է: Գոռում է. «Հանե'ք Կարապետյանին: Նա կանգ չի առնի»: Սակայն, մինչ պարզում էին ինչ ինչոց է, ես տեղ հասա: Ու միևնույն է, հաղթեցի: Չնայած, արդեն գիտակցությունս գրեթե կորցրել էի:
- Ինչպիսի անողջամտություն:
- Իսկ ուղեղդ այդպիսի պահերին անջատվում է: Բնազդաբար լողում ես: Ամեն ինչ ենթարկվում է մի նպատակի. առաջինը հասնել վերջնակետին:
- Սպորտը Ձեզ առողջություն է տվե՞լ, թե՞ խլել է:
- Տղաներ, հինգ տարի առաջ իմ սրտում 9 սանտիմետր երկարությամբ տրոմբ հայտնաբերեցին: Վիրահատեցին: Վիրաբուժն ասեց. «Սպորտի շնորհիվ Դուք հիանալի անոթներ ունեք»: Դրա շնորհիվ դժբախտ ելքից խուսափեցի:
- Վիրահատությունից հետո ծխելը թողեցի՞ք:
- Միանգամից չստացվեց: Մի տարի, չնայած բժիշկների արգելքներին, շարունակեցի: Կինս հորս բողոքեց: Նա էլ Երևանից զանգեց. «Որդիս, ախր քեզ չի կարելի», «Կթողնե՛մ, խոստանու՛մ եմ»: Անջատեցի սիգարետս, ու վերջ: Այդ օրվանից չեմ ծխել: Որդիս՝ Տիգրանը լսեց մեր խոսակցությունը ու ասեց. «Նա ախր հեռու է, ոչինչ չի իմանա, դու կարող ես հետո էլ ծխել»:
- Տրամաբանական է, ի՞նչ պատասխանեցիք:
- «Եթե հորս խոստացել եմ, ապա խոստումս կպահեմ»: Երեխաներին պետք է սեփական օրինակով դաստիարակել: Հիմա Տիգրանին ինչ ասում եմ, նրա համար օրենք է: Դա վերաբերում է թե՛ սպորտին, թե՛ կյանքին:
- Նա քանի՞ տարեկան է:
- 16: Արդեն 186սմ հասակ ունի: Երազանքս է նրան Օլիմպիական խաղերում տեսնել: Դեռ օրգանիզմը աճում է, մարզումներին զգուշորեն եմ մոտենում: Հատուկ մարզումներ չեմ տալիս: Բայց մի տարուց հետո լիովին կսկսեմ հետը զբաղվել: Կփոխանցեմ իմ գիտելիքները: Առանց դոպինգի, նրան հոգեբանորեն ու ֆիզիկապես կպատրաստեմ: Կարևոր է, որ Տիգրանը հավատում է իր մարզչին: Ինձ՝ նույնպես: Երբեմն, երբ լողավազանից հեռանում եմ, նրան ասում եմ, թե այդ տարածությունը որքան ժամանակում կանցնի: Նա հետո զարմանում է. «Ո՞նց գուշակեցիր», «Որդի՛ս, փորձ է»:
- Իսկ երբևէ եղե՞լ է մի դեպք, երբ Դուք վախեցել եք:
- Այո: 90-ականներին ընտանիքով եղբորս մոտ Գերմանիայում հանգստանում էինք: «Մերսեդես» գնեցի և որոշեցի դրանով Մոսկվա վերադառնալ: Լեհաստանում մեր պոչին բանդիտներ նստեցին: Փող չկար, որպեսզի նրանցից ազատվեինք: Նրանք իրենց կետերն ունեն: Նրանք ինձ ուղղորդեցին Վարշավա-Գրոդնո մայրուղուց ոչ հեռու մի տեղ: Բայց մեքենայում բենզինի պակասորդ չկար: Առանց կանգնելու առաջ շարժվեցի:
- Հաջողվե՞ց:
- Առաջ էի ընկել, երբ ճանապարհին արագությունը սահմանափակող 40կմ/ժ ցուցանակ հայտնվեց: Նրանք վախեցան խախտել օրենքը, իսկ ես ընդհակառակը, ուրախ կլինեի ոստիկանությանը հանդիպել: Դատարկ ճանապարհ էր, ես էլ լրիվ սեղմել էի գազի ոտնակը: Գրեթե 200-ի տակ գնում ենք, բայց թարսի պես ոստիկանություն չկա: Մեքենայի հայելիով մեզ հետապնդող մեքենայի լույսերն արդեն չեն երևում: Ես էլ իմը անջատեցի ու ինչ-որ գյուղ մտանք: Ռեստորաններից մեկում մի կտոր բան կերանք: Կես ժամից հետո դուրս եկանք մայրուղի ու հասանք մինչև սահմանի մոտ:
Գրոդնոյում հյուրընկալվեցինք ընկերոջս տանը: Ես նրան խնդրեցի մի բաժակ օղի լցնել: Խմեցի ու գնացի քնելու: 12 ժամ անց ինձ մի կերպ արթնացրին: Նյարդային վիճակից էր: Հետո դիաբետի պատճառով պառկեցի: Սթրեսի պատճառով արյանս մեջ շաքարի մակարդակը բարձրացել էր: Ես իրոք շատ էի վախեցել: Ինձ համար չէ, այլ՝ կնոջս ու երեխաներիս: Եթե մենակ լինեի, իմ ուզածը կանեի:
- Ի՞նչ կանեիք:
- Կհարվածեի բանդիտների մեքենային: Երբ այդպիսի հարվածը նախապատրաստված է, ապա փրկվելու հնարավորությունը մոտ 70 տոկոս է: Ավելի շատ, քան այն մեքենան, որին դու հարվածում ես:
- Հիմա ի՞նչ ավտոմեքենա եք վարում:
- ԲՄՎ: Ծննդյանս օրն են նվիրել: Մինչ այդ, 15 տարի շարունակ «մերսեդեսներով» էի երթևեկում: Տարբերությունը զգացել եմ, ԲՄՎ-ն դա սքանչելի աղջիկ է:
- Իսկ «մերսեդե՞սը»:
- Սքանչելի կին: Ես մեքենաներ շատ եմ փոխել: Առաջինը հորս «Պոբեդան» էր: 15 տարեկանից երեք տարի շարունակ, առանց վարորդական իրավունքի վարում էի, ոչ մի անգամ չեն կանգնեցրել: 18-ում վարորդական իրավունք ստացա, հազիվ էի Պետավտոտեսչությունից դուրս եկել ու կանգնեցրին:
- Հորիցդ գաղտնի էիք վարու՞մ:
- Ոչ, նա թույլ էր տալիս:
- Դուք Տիգրանին կթույլատրեի՞ք:
- Աստված մի արասցե: Բայց ինձ հայրս վստահում էր: Ես 4 տարեկան հասակում ղեկ եմ բռնել:
- Ինչու՞:
- Նրա «վիլլիսը» Ստավրոպոլի երկրամասում փչացել էր: Ոչ մի տեղից օգնություն չկար: Հայրս ոտքով վերադարձավ տուն, վերցրեց բեռնատարը, և մենք գնացինք «վիլլիսի» հետևից: Նա իմ նստատեղի տակ մի բան դրեց ու ասաց. «Որդի՛ս, ղեկը բռնիր, իսկ ես կամաց-կամաց կգնամ»: Նա սկսեց քաշել «վիլլիսը», իսկ ես ղեկն էի բռնել: Եթե չեք հավատում, զանգահարեք հորս ու հարցրեք, նա կհաստատի: 7 տարեկանում ես ինքնուրույն արդեն Կիրովականում երթևեկում էի:
- Մեքենայո՞վ:
- Այո: Առավոտյան հորս տանում էի ծառայության, երեկոյան բերում տուն:
- Մայրդ նորմա՞լ էր վերաբերվում:
- Մայրս մի կողմ, ահա թե ինչպես էին ոստիկանները վերաբերվում...
- Եվ ինչպե՞ս:
- Նորմալ: Հորս, ով ավտոբազայի տնօրենն էր, քաղաքում հարգում էին: «Կարապետյանի տղան է»: Այդպիսի բան միայն 60-ականներին կլիներ, այն էլ միայն Հայաստանում:
- Հայրդ մինչ օրս Երևանում է ապրու՞մ:
- Այո: Նա 85 տարեկան է:
- Իսկ Մոսկվա չեք փորձե՞լ տանել:
- Ես երազում եմ այդ մասին: Շատ եմ խնդրել, անօգուտ: Մորս մահից հետո ես նրան ստիպեցի ամուսնանալ: Տղամարդու կողքին մշտապես ինչ-որ մեկը պիտի լինի: Այդ սքանչելի կնոջ շնորհիվ նա այդքան տարի արդեն ապրում է: Ես առաջին անգամ էի նման բան տեսնում. նա հորս ոտքերը լվանում էր, քսուքներ քսում ու պառկեցնում քնելու: Իմ ընտանիքին ասում եմ. «Նայե՛ք ու սովորե՛ք»: Ես նրա համար ավելի հանգիստ եմ, քան՝ իմ:
- Մայրդ ե՞րբ է մահացել:
- 1993-ին: Ես արդեն տեղափոխվել էի Մոսկվա: Թաղման ու Երևան վերադառնալու համար գումար չունեի: Զանգահարեցի իմ ընկեր, լրագրող Սերգեյ Վիշնյակովին: Այդ ժամանակ նա բիզնեսմեն էր: Սերգեյը ինձ Մոսկվայում տեղավորել էր: Պատասխանեց. «Մտի՛ր իմ կաբինետ, բազմոցը բարձրացրու, որքան պետք է` վերցրու՛»: Չեմ ցանկանում ասել, թե ինչքան փող կար բազմոցի տակ, բայց մորս թաղումը կազմակերպեցի ու վերադարձա:
- Ձեր կոշիկի արհեստանոցը գործու՞մ է:
- Այո, ոչ ստանդարտ չափերի կոշիկներ ենք կարում: Մի անգամ 60 համարի պատվեր ենք ընդունել:
- Այդ ինչ հսկա է եղել:
- Մոսկվայի ֆիրմաներից մի ամերիկացի: Սպորտի հետ առնչություն չունի: Ես նրան չեմ տեսել, կինը՝ փոքրիկ, փխրուն: Նա էր եկել կոշիկների հետևից:
- Ձեզ մոտ քանի՞ մարդ է աշխատում:
- Երկու հոգի, նախկինում 9-ն էին: Հիմա պատվերները քիչ են: Ես այլ ուղղություններով էլ եմ աշխատում, բայց եկե՛ք առանց մանրամասների: Մի՛ նեղացեք:
- Ձեր կյանքում տրոլեյբուսի դեպքից բացի ավելի բարդ 20 րոպեներ եղե՞լ են:
- Այո, 1993թ. Մոսկվա տեղափոխությունը: Ինքնաթիռում տեղ չկա, մարդիկ մուտքի մոտ կանգնած են: Օմոնականը արդեն սանդուղքի վրա «սապոգով» վերջին ուղևորին հրում է, որպեսզի դուռը փակեն: Մոսկվայի վրա պտտվում ենք, օդաչուն հայտարարում է. «Ընկերնե՛ր, առաջին սալոնից շարժվեք դեպի հետ, այլապես քթով կբախվենք գետնին»:
- Ահավոր է:
- Իսկ շարժվել ոչ-ոք չէր կարողանում: Տղամարդիկ կանանց նստեցրին ծնկներին: Երբ վայրեջք կատարեցինք, բոլորը անձնակազմի պետին համբուրում էին:
- Իսկ նա ինչպե՞ս էր համաձայնվել թռչել:
- Ողջ բեռը հանել էին, որպեսզի մարդկանց մտցնեին: Ահավոր ժամանակներ էին: Մի անգամ ինձ հարազատների հետ, առանց տոմսի նստեցրել էին Երևան մեկնող օդանավի մեջ: Օմոնականները մտան ստուգելու: Նրանց ասում են. «Սա Շավարշ Կարապետյանի զոքանչն է, սա նրա եղբորորդին է, սա նրա հորեղբայրն է»: Հարցեր չկան, հետո շրջվում են դեպի ինձ. «Սա ո՞վ է», «Շավարշ Կարապետյանը», «Ի՞նչ Շավարշ, ի՞նչ եք գլուխներս տանում»: Ծիծաղելի վիճակ էր, իմ անունն ավելին արժի, քան ես՝ ինքս:
- Իսկ առանց տոմսի ինչպե՞ս եք օդանավ նստել:
- Լուրջ մարդիկ բարեխոսել էին: Մի անգամ այդպես բեռնատար «Իլ-76» օդանավով կոշկակարի սարքավորումներով մի մեքենա էին ուղարկել, ինչպես նաև վեց մարդու: Ես ինչ-որ բան առաջարկեցի, պատասխանեցին. «Ինչու՞, Շավարշ, նեղացնում ես, ի՞նչ փող»: Ինձ սիրել են թե՛ Երևանում, թե՛ Մոսկվայում: Վերջերս Լենինգրադում քայլում ենք, հետս «Плавание» ամսագրի գլխավոր խմբագիրն է, հարցրեց. «Շավա՛րշ, իսկ քեզ փողոցում ճանաչու՞մ են»: Չէի հասցրել պատասխանել, մի աղջիկ մոտեցավ ու ինձ համբուրեց: Ես շատ ամաչեցի...
Արգենտինայում էլ զվաճալի դեպք եղավ: Այնտեղ մեծ հայկական սփյուռք կա: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ իմ մասին արգենտինացի թղթակիցներից մեկը, ով ԽՍՀՄ-ում էր աշխատում մի հոդված գրեց: Հետո՝ նաև մի ամբողջ գիրք:
- Թարգմանվա՞ծ է:
- Ոչ: Ո՛չ հայերենով, ո՛չ էլ ռուսերենով թարգմանված չէ: Ես մեկնեցի, օդանավակայանում ինձ տվեցին տեղի ամենահեղինակավոր թերթը՝ Clarin-ը: Ողջ երկայնքով իմ լուսանկարներն էին: Ես այդ արգենտինական ավանդույթի մասին չգիտեի, եթե դու աղջկան դուր ես գալիս, նա մոտենում ու լուռ համբուրում է:
Թերթի առաջին էջում հայտնվելուց հետո քաղաքում չէի կարողանում երևալ: Բոլորը համբուրում էին, այտերիս արդեն շրթներկի կիլոգրամներ կային: Բուենոս-Այրեսում ծանոթացա մի ծեր միլիարդատիրոջ՝ Մանուկյանի հետ: Խնդրեց, որ ես նրան իր սիրելի կնոջ մոտ ուղեկցեմ: Ծաղիկներ առանք, գնացինք, խոսեցինք: Դրանից հետո նա ինձ համար ավելի հետաքրքիր հանդիպում կազմակերպեց: Ողջ աշխարհից 7 հայ միլիարդատերեր Արգենտինա եկան:
- Ինչու՞:
- Ճաշ, այնուհետև ընթրիք: Այդ ընկերակցությունում ութերորդը ես էի՝ խորհրդային մի քաղաքացի, կոպեկային օրավարձով:
- Միլիարդատերերի շրջանում Ձեզ լա՞վ էիք զգում:
- Հայերենով էինք զրուցում: Նրանք անմիջական էին: Հետո տանտերը կանգնեց ու ծովային որդերից պատրաստված կերակուր լցրեց: Մի ափսեի գինը հազար դոլար էր: Ինձ ասում են. «Մի գդալ փորձի՛ր, ոչ բոլորին է դուր գալիս: Եթե մի բան այն չլինի, կարող ես թափել»:
- Միլիարդատերերը գիտեի՞ն Ձեր ճակատագրի մասին:
- Այո, ասում էին «մեր հերոսն է», բայց մանրամասներով չէին հետաքրքրվում:
- Դուք 75 հազար նամակների մասին հիշատակեցիք, քանի՞սն եք կարդացել:
- Բոլորը: Ամենահուզիչ նամակները վերցրել ու հետս Մոսկվա եմ բերել: Ինձ նույնիսկ Ֆաինա Ռանևսկայան բացիկ էր ուղարկել: Ցավոք, նրա հետ չհասցրի ծանոթանալ, մահացավ:
- Ֆրունզիկ Մկրտչյանին ճանաչու՞մ էիք:
- Այո: Նա իմ սիրելի դերասանն է: Առաջին անգամ նրան բեմի վրա տեսա: Կանգնած մռայլ հայացքով նայում էր դահլիճին: Հետո թեքվեց ու սկսեց բամբ ձայնով ծիծաղել: Գնաց: Դահլիճը թուլացավ ծիծաղից: Հետ եկավ, սկսեց էլ ավելի մռայլ հայացքով նայել: Ամեն ինչ նույնությամբ կրկնեց: Դահլիճի մոտ արդեն հիստերիա էր: Ամբողջ կյանքիս ընթացքում հիշում եմ:
Մի անգամ Կիրովական էր եկել, հյուրանոցից դուրս եկավ հրապարակ, միանգամից ամբոխը շրջապատեց: Մի տղամարդ խնդրում էր. «Ֆրունզի՛կ, մի բան ասա ծիծաղենք»: Այդ հարց տվողը կանգնած է լրիվ կարմիր հագուկապով: Մկրտչյանը հայերենով պատասխանեց. «Եթե հետույքդ մի փայտ մտցնենք, ապա լրիվ խորհրդային դրոշ կդառնաս»: Նա մշտապես պահպանում էր հումորային տոնը: Բացառիկ մարդ էր: Ողջ Հայաստանը նրան պաշտում էր, բացի Ջիգարխանյանից:
- Դերասանական նախա՞նձ:
- Այո: 2007թ.-ին «Պուշկինսկիում» կայացավ Ֆրունզիկի հիշատակին նվիրված երեկոն: Բոլոր մոսկվաբնակ հայերը՝ ռեժիսորներ, քաղաքական գործիչներ, գիտնականներ, հավաքվել էինք: Միայն Ջիգարխանյանը չէր եկել: Ցուցադրեցին «Հին օրերի երգը», որը նկարահանել էր Ֆրունզիկի կրտսեր եղբայր Ալբերտ Մկրտչյանը: Մեծագույն ֆիլմ է: Մենք Ֆրունզիկին սիրում ենք նրա ծիծաղաշարժ ֆիլմերով, բայց նա նաև դրամատիկ դերեր ուներ: Վերադառնում է ճակատից, առանց մի ոտքի, փոստատար է աշխատում: Մի կնոջը նամակ է տանում, ում չորս տղաները ռազմի դաշտում են: Առաջին մահվան թուղթը, երկրորդը, երրորդը, գալիս է նաև չորրորդ մահվան թուղթը, փոստատարը հասկանում է, որ իր ուժերից վեր է դա տեղ հասցնել: Եվ ճանապարհին այդ բացիկը սկսում է ուտել... Երբ լույսերը միացրին, ողջ դահլիճը արտասվում էր:
- Իսկ Ձեր եղբայրների ճակատագրերը ինչպե՞ս դասավորվեցին:
- Կամոն աշխատեց ոստիկանությունում: Մեկնեց Ամերիկա, վերադարձավ, հիմա երևանյան լողավազաններից մեկում երեխաներին է մարզում: Իսկ Տոլյան Գերմանիայում էր ապրում, ինը տարի առաջ կնոջ հետ ավտովթարի ենթարկվեց...
- Իսկ ԱՄՆ կամ Գերմանիա տեղափոխվել չեք մտածե՞լ:
- Երբե՛ք: Ես խորհրդային մենթալիտետ ունեմ: Այդպիսինների համար Մոսկվայում լավ է: Իմ տունն այստեղ է: Մի անգամ տրոլեյբուս մտա, մի մեծահասակ կին ինձ տեսավ ու ասեց. «Որդի՛ս, արի՛ քեզ համբուրեմ», ես ինձ կորցրեցի. «Ինչու՞», «Գիտեմ, թե դու ով ես...»: Ուրիշ որտե՞ղ ինձ այդքան շատ կսիրեին:
ArmFootball.com
Վազգեն Օվյան. Նոր կոստյում
Կոստյումս հնացել, գույնը գցել էր, հարկավոր էր նորը գնել։
- Բան չկա,- ասաց կինս,- բանաստեղծություններդ կտպագրվեն, հոնորարով կառնենք։
Բանաստեղծություններս տպագրվեցին, գունավոր հեռուստացույց գնեցինք։
- Ի՞նչ ես քիթդ կախել,- կինս ճիշտ էր, քիթս կախել էի,- պոեմդ կտպագրվի, նոր կոստյում կառնենք։
Պոեմս տպագրվեց, դաշնամուր գնեցինք, և կինս տեսնելով փչացած տրամադրությունս, հուսադրեց.
- Բան չկա, թանկագինս, թատրոնը կընդունի պիեսդ, կոստյումն էլ ետևից կգա։
Պիեսս թատրոնն ընդունեց, ետևից իմպորտնի գառնիտուրը եկավ։
Ես արդեն լրիվ հուսահատվել էի, բայց կինս՝
- Գիրքդ հենց որ տպագրվեց, աշխարհի ամենալավ կոստյումը կգնենք քեզ համար։
Գիրքս տպագրվեց, հոնորարը ստացա, կնոջս տրամադրությունը հասավ գագաթնակետին.
- Սիրելիս,- ասաց,- արի մենք էլ ուրիշների նման տուրիստական ուղեգրով մի քիչ պտտվենք և աշխարհ տեսնենք։
- Բա՞ կոստյումը...
- Ա՜խ, կոստյումը,- հիշեց կինս և տեղն ու տեղը գյուտ արեց,- ճանապարհորդական նոթեր կգրես, կոստյումիդ փողը կգա։
Իմ հին կոստյումով կնոջս հետ ելա արտասահմանյան ճանապարհորդության, մի ամսում գրքիցս եկած հոնորարը քամուն տվեցինք, և ես նոր կոստյում գնելու պայծառ հեռանկարով նոթերս հանձնեցի տպագրության, հոնորարը ստացա, և կինս հիշեց.
- Գիտես, չէ՞, վաղը մարտի ութն է։
- Հետո ի՞նչ...
- Ինձ համար մի լավ վերարկու կգնես։
- Իսկ կոստյո՞ւմս։
- Ասա, խնդրեմ, ո՞վ է լսել, որ կանանց տոնին կանայք իրենց ամուսինների համար որևէ նվեր գնեն։ Մեծ բան չէ, նստիր թերթի համար կանանց տոնին նվիրված մի հրաշալի բանաստեղծություն գրիր, կոստյումը կլինի։
Գրեցի, տպագրվեց, հոնորարը ստացա և որոշեցի այս անգամ չնահանջել ու սպառնացի.
- Կնի՛կ, եթե այս անգամ կոստյում չգնենք ինձ համար, քեզ կթողնեմ աշխատավարձիս հույսին կամ կբաժանվեմ։
Դա իսկապես ազդեց, խանութից մի հրաշալի կոստյում գնեցինք, տղաս, որ արդեն իմ բոյ-բուսաթին էր, մտավ իմ նոր կոստյումի մեջ և ասաց.
- Չափած¬կարած վրաս է։
Կինս խեղճ-խեղճ նայեց ինձ, վիզը խեղճ-խեղճ ծռեց.
- Արի երեխայի սիրտը չկոտրենք։
- Ուրեմն նորի՞ց մնամ առանց կոստյումի։
- Սիրելիս, ախր, ինչո՞ւ ես այդպես շուտ հուսահատվում, նստիր մի բան գրիր, տուր տպագրության, կոստյումիդ փողը կգա։
Եվ ես նստեցի ու գրեցի այս բանը։ Բայց, այնուամենայնիվ, տարակուսանքի մեջ եմ. «այս բանից» կոստյո՞ւմ դուրս կգա, կոստյումացո՞ւ, թե՞ տղամարդու գլխարկ։
Արցախյան վերնիսաժ
ԿԱՊԻԿԸ
Մեր հըրեւան շենը սահմանային շեն ա: Արցախյան պատերազմի ժամանակ, ռուսների օգնությամբ, թորքերը (ադրբեջանցիները) գյուղը գրավալ ըն, թըլանալ, տները վառալ: Պատերազմից հետո շինացիք կամաց-կամաց եկալ ըն, պետության, բարեգործների օգնությամբ տներ շինալ՝ տընըվերվալ: Էտ շենն էլ մնացած շեներքի նման պրոբլեմնե օնե. հու վեր կարում ա բանկան վարկ յեր օնե՝ «տակ չտա»՝ շենումը կենում ա, հու վեր կարում չի կամ «տակ ա տամ»՝ շենան քոչում ա, քինում թուշ Ռուսաստան:
Էտ շինացի մինն էլ կա՝ անումը Պատվական, կռվին էն թեժ վախտը թողալ ա փախալ: Էտ Պատվականը ռուսներին մեչին լավ հարուստացալ ա, միլիոնատեր տեռալ: Ասում ըն, թա Պատվականը բարերար ա, շրջկենտրոնի մանկապարտեզի շենքը ուրան փողերավն ըն շինալ: Գյուդում չըմ թա հինչքանավ ա դյուզ՝ Պատվականին «Արիության համար» մեդալ ըն տվալ՝ ծննդյան 40-ամյակի կապակցությամբ: Պատվականը ուրանց շենումն էլ ա բարերարություն անում՝ ամեն տարի ամեռնը կյամ ա «տակ տվածներին» հըվաքում, տանում ուրան կոխկը, գործ տամ՝ հա՛մ ուրան հետի լավ… հա՛մ էլ ուրան հետի:
Հունց ա պտահում, մեր խելունք Հենոն էլ ա Պատվականին ծերքը ինգյում: Էտ խեղճին տանում ա, լավ գործի տինում, բայց Հենոն կարում չի կլյոխ տյուս պերի: Մարդը ԱրՊՀ իրավաբանականն ա պրծալ, հո՞ւնց բանվոր գործ անե: Դե, վեր տի յա, հենա ուրանց խաղողին բաղը կբիջարի: Պատվականը ճարը կտրած, Հենոյին տանում ա գազանանոցի հայ դիրեկտրին կոխկը, ասում. «Զեմլյակս ա, մին գործ տո, թող անէ»: Էս դիրեկտորը հինչ գործ առաչարկում ա, Հենոյին սրտավը չի ինում, յա էլ աշկը օտում չի: Դիրեկտորը ասում ա.«Այ ախպեր, մնաց կապիկին գործը, եթե տա էլ օզիս վուչ, տու վըս գյուդում, Պատվականը»: Էտ մին գործը Հենոյին տուր ա կյամ: Մետն ա ինգյում, վեր կուճուր վախտը կապիկոթուն ընելիս ա իլալ, լուխճին ծիծըղցնելիս:
Էտ գործին իմաստը ստի յա՝ ամեն առավոտ ժամը 9-ին Հենոն կապիկի շորեր կեցած, հեն պիտի ինի իրեք կապիկի նհետ մին վանդակում: Կեսօրին՝ հաց ուտելի վախտը, Հենոն կարող ա թաքուն քինա կոխկե սենյակը, շուտ-շուտ հաց օտե, բայց բանանին նի չի պիտի կյա: Բանան տամ ըն մինակ պռազնիկին վախտը:
Էս մեր Հենոն մին քանի ամես տի գործ ա անում, բոլ-բոլ փող ստանում, փողին շատը ղարկում տոն: Մե հետ հունց ա պտահում, գազանանոցումը հաց ուտելիս վախտը տոռնը Ակամաց-կամաց պեցվում ա, «Կարմուր» կիրքում կիրած մին մեծ ուսուրիյսկի վագր ա նի մտնում: Հենոյին սերտը օզում ա թա ճաքի: Բայց վագրը ասում ա.
- Հենո՛, վախում էլ, ես ըմ՝ ծեր հրեւան Բոկան, էս գործը Պատվականն ա դյուզըցըրալ, ասալ ա, վեր տու էլ շուտվանց կապիկ ըս գործ անում, եկալ ըմ տեսնամ հունցըս:
- Է՜, Բոկա հո՞ւնց պիտի ինիմ, կապիկոթուն ըմ անում հազար կիլոմետրի յիրա տոնս պահում, պա ես նա տու ստրա հետի յը՞նք կռեվ ըրալ, թորքին հաղթալ…
- Համո, էլ ասում ըս թողո՞ւմ, էս խե՞ ստի տեռավ, մեր հարուստ երգիրը անդար թողած, եկալ ընք ուրիշի հետի համբալոթուն, չէ՝ գազանոթուն ընք անում:
- Բոկա՛, «Չարի վերջը» հիշո՞ւմ ըս:
- Հիշելը հիշում ըմ, բայց օրիշնեն կյալու չըն մեր չարին վերչը տան, չէ՜, Բոկա, քինալի վախտը եկալ ա:
ՀԻՎԱՆԴ ԱՊԱՆ
Իմ ապան մեր շենին հարգված մարդկանցան մինն ա իլալ: Մասնակցալ ա Երկրորդ համաշխարհային պատերազմին, Վարշավան ազատագրելիս ծանր վիրավորվալ ա, ինգալ գոսպիտալ, կոմիսյավատ ըն ըրալ (թողալ չըն, թա Բեռլինի գրավմանը մասնակցե), ղարկալ տոն:
Իմ ապուն նշանակալ ըն մեր կալխոզի կովի փիրմայի վարիչ: Էտ մարթը առավոտից-իրիգուն գործ ընելիս ա իլալ, բոստան ա ըրալ, հոնձ ա ըրալ, ուրան օխտը խոցը պահալ, մըծըցրալ՝ տընըվերալ: Խոցան կուճուրին՝ Զավենին նհետ ա իլալ կընալիս:
Հինչքան իմ ապուն հիշում ըմ, հալա հիվանդ տեսած չըմ: Մին-մին էլ, վեր հիզելիս ա իլալ, ասում ար. «Ա բալա, տի խեղճ-խեղճ յեշում էլ, հիվանդ չըմ, սա նեմեցին կռվան մնացած հետքն ա»:
Իմ ապա, վեր տեռալ ա ութասնուօթ տարեկան, մեր գերդաստանավը մին հվաքվալ ընք, մեր եւ կոխկի շեներքում հինչքան փրոնտավիկներ ըն իլալ, լուխճին կանչալ ընք, մին լավ ծնունդ ըրալ: Քեփան իրեք օր յետը, մեր ապան տեղու տակ ա ինգալ: Կանչալ ա Շուշան այուն, թա.
- Ա կնեգ, ըրազումըս Գափրիյելին ըմ տեսալ:
- Գափրիյել հրիշտակի՞ն:
- Չէ՛, Գուրգենի ախճիգ, իմ ապու Գափրիյելին, ասալ ա՝ Կրիքոր, քու վախտտ էլ ա եկալ, եք ստեղ, քու հար, քու մար քեզ ըն սպասում:
- Տու էլ համաձայնվալ ը՞ս, պա կոխկիտ ըմ իլա՜լ, վեր ասիմ հինչ պադասխանիս:
- Դե, արթեն ո՛ւշ ա, համաձայնվալ ըմ պրծալ, երկու օրից հետո քինամ ըմ ուրանց կոշտը:
Էտ վեր սկանում ա, Շուշան այան, կանչում ա ուրան խոցը, թոռներին, ծոռներին, վեր ապուն սաղ տեսնան, գիդվալ չի կյալ, կարող ա իսկականից մին պեն պտահի: Մեր ապան էլ լուխճին նհետ ուրախ-ուրախ զուրուց ա ըրալ, ասալ, վեր՝ լուխճին շատ-շատ ա սիրում, լուխճին անա շատ գոհ ա, բայց պիտի քինա ընդեղ: Ասալ ա, մանավ նհաշ տվալ բիդի երգինքը:
Էքսը օրը ապան գիտակցությունը կուրցըրալ ա, վեչ մինին ճինինչելիս չի իլալ, մինակ, վեր Շուշան այան ծերքը տինելիս ա իլալ ապուն աչի աշկեն, ապան քիմծիծաղ ա իլալ տալիս:
Էտ զարմանալի պենը հո՞ւնց կարող ա իմ աշկս տեսնա վուչ: Այուն ղրաղ ըմ քաշալ, հրցըրալ.
- Այա, վեր ապուն աչի աշկեն նիյըս կյամ, խե յա ծիծաղում:
- Ադա՛, ա խուլիգան խոխա, տու գյուդո՞ւմ ըս հունցն ըս, քեզ կարքին պահե, հի՞նչ գործ օնիս, տա ես ըմ գյուդում Կրիքորը:
Այան դյուզ ա ասում, ես կուճուր խոխա յըմ, սիրո գաղտնիքներան, մծոց ռոմանտիզման կլոխս պեն չի տյուս կյամ:
Կեսօրվա յիրա մեր տոն ա կյամ Սուրեն դային՝ ապուն ամենամոտիկ հնգերը: Ապան, վեր Սուրեն դայուն տեսնում ա պիրանին մին ղըրաղավը հա՛մ քմծիծաղ ա տամ, հա՛մ աշկերը իրեք հետ հոփ օնում, պեց անում:
- Պարյօր, Կրիքոր, հունցը՞ս,- ասում ա Սուրեն դային, հետո ինքը ուրան պադասխանում,- հունց ասե՛, վեր լավ ա, խե ես տեսնում չըմ, վեր սա Կրիքորին անա չի, հունց կարող ա կյամ ուրանց տոն, ինքը ինձ դիմավորե վուչ:
- Կրիքոր, մեննը՞տ ա, վեր խոխեք ընք իլալ, Զանին խութումը էծեր պհելիս, կյողըլ ըս կացալ, կյուլի նման սաս ըրալ, Մոսունց Խաչիկը թորբան հացավ լիգը թողալ ա, ճղճղալավ փախալ: Էտ օրը լավ քեփ ընք ըրալ, չէ՞, Կրիքոր: Է՜, Կրիքորին դարդը մըհենգ լհա հաց օտելն կընի:
- Կրիքոր, պա մեննը՞տ ա, վեր յես նան տու քեցալ ընք ախպուրը, վեր քու ըշկըտիրած Սիրանին խուսցընիս, տու հըմանչալս, ղրաղ կացալ, ես ըմ խուսցըրալ: Տրա հետի մի շեպտի ինձանա խռավալ ըս, հետո տեսալ ըս, վեր Սիրանին ես շատ ըմ սիրում, ինձ հետի ամեն հինչ ըրալ ըս, վերչումն էլ՝ հրսինքիս պելի ըս կաղնալ: Է՜, հինչըմ անհամ-անհամ տյուս տամ, լհա Կրիքորին դարդը մեր հրսանեքը կինի:
- Կրիքոր, պա հիշո՛ւմ ըս, քու հըրսանեքտ. Շուշանանց շինացի Մեխակը, վեր աշկը Շուշանին յիրա յա իլալ, օզից թա կռեվ քիցի, ղրաղ քշեցի, կլխավ տվեցի, վեր ինգավ, օշան տարավ: ԷЇ, հինչըմ ասում, Կրիքորին դարդը լհա իմ քյալա տալըս կինի:
- Կրիքոր, հաստատ էս մինը հիշելու ըս… Է՜, հունց հիշի յէ՜, էս վիճակումը մարդու կլխում հուշ ա մնո՞ւմ, վեր Կրիքորինը մնա:
- Կրիքոր, քե մատաղ, լավ կաց, ես քեցի, քեզ առողջություն ըմ ցանկանում: Էքուծ, վեր կյամ, հեն ինիս խոցը նհետ սեղանին կլխեն նստած: Է՜, ասում ըմ լի, էս վիճակումը…
Սուրեն դային կռանում ա, ապուն ճկատան պաչում, երկու ծերքան փռնում, իրեք անքամ թափ տամ, կլոխը տինում կլխեն, շատ կամանց ասում. «Կրիքոր, քեզ մին շատ կարեւոր պեն օնիմ ըսելի»:
Էքսը օրը ապան առավոտը տեղան յեր ա կենում, հունցը վեր առաչ ա իլալ յեր կինալիս, շորերը կենում, Շուշան այուն ասում. «Ա կնեգ, հինչս զարմացած եշում, ես ըմ, ըրվամ ա Գափրիել ապան տիյեր կրեցալ ա ինձ հետի մին քանի տարվա տարիկետում ձեւակերպի, ընջուկթիթեւ թոռնանս ղարկե, թող Սուրենին կանչի, տեսնամ էտ հի՞նչ պիտի ասեր, վեր երեգ ասից վուչ»:
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱՄԱՐԻ ԱՍՈՒՅԹԸ
Ճշմարտությունը երբեմն այդպես էլ մնում է ջրի տակ, որովհետև շատ է ծանր։ Բայց, այնուամենայնիվ, այն ջրի տակ անգամ ապրում է ու բացառված չէ, որ գեղեցիկ մի օր դուրս գա ջրի երես։
ԱՄՍՎԱ ԱՍՈՒՅԹԸ
Երբ մի հիմար քար էր գլորում ձորը, հավաքվում էին խելոքները և ապարդյուն փորձում այն հանել ձորից։ Բայց դա նախկինում էր։ Այժմ խելոքները միայն վազում են քարի հետևից:
Комментариев нет:
Отправить комментарий