Սումգայիթը դեռևս սպասում է իր գնահատականին
Ընդունված է համարել, որ «սումգայիթը» Ադրբեջանի պատասխանն էր՝ 1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նիստի որոշման. դիմել մարզը Ադրբեջանի կազմից Հայաստանի կազմ տեղափոխելու խնդրանքով։
Իրականում, սումգայիթը խորհրդային Ադրբեջանում հայերի հանդեպ խտրականության, անպատիժ սպանությունների, տեղահանման, էթնիկ զտումների՝ հետևողական, թեև քողարկվա՛ծ քաղաքականության բացահայտ դրսևորումն ու շարունակությունն էր...
«1987 թվականի հուլիսից դեկտեմբեր Ադրբեջանի ԽՍՀ Շամխորի Կոմկուսի Շրջկոմի առաջին քարտուղար Ասադովը հայ բնակչության վտարման քաղաքականություն էր վարում Չարդախլու գյուղից՝ Խորհրդային Միության երկու մարշալների, երեք հերոսների, հինգ գեներալների հայրենիքից»։ 1987 թվականի հոկտեմբերի 17-ին Ազատություն ռադիոկայանի մեկնաբան Էլիզաբեթ Ֆուլերը հաղորդում է, որ զորքը շրջապատել և ուղեփակել է Չարդախլու գյուղը։ Նույն Ասադովը 1988 թվականի փետրվարի 14-ին ի լուր ամենքի հայտարարեց, որ «հարյուր հազար ադրբեջանցիներ պատրաստ են ցանկացած պահի ներխուժել Ղարաբաղ և սպանդ կազմակերպել»։
Փետրվարի 20-ի որոշումը Արցախի պատասխանն էր Ադրբեջանում տասնամյակներ շարունակ իրականացվող սպիտակ եղեռնին, որին Ադրբեջանն անմիջապես պատասխանեց բռնությամբ։ Հայերին պատժելու և Ղարաբաղից վտարելու կոչերով, փետրվարի 22-ին ադրբեջանական Աղդամ քաղաքի բնակիչների բազմահազար ամբոխը, ճանապարհին ջարդուխուրդ անելով ամեն ինչ, շարժվեց դեպի հայաբնակ Ասկերան, հրահրելով բախում։ Գիտակցաբար քողարկելով ադրբեջանցիների կողմից կազմակերպված սադրանքը, այսինքն բախման ընթացքում նրանց կողմից յուրայինների սպանությունը, ԽՍՀՄ գլխավոր դատախազի տեղակալ Կատուսևը կենտրոնական հեռուստատեսությամբ հայտարարեց Ասկերանում երկու մարդու սպանության մասին, հատուկ ընդգծելով՝ ազգությամբ ադրբեջանցի։
Փետրվարի 26-ին, թերթերում հրապարակվեց ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի ուղերձը Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին։ Հայաստանը պատասխանեց բազմահազար հանրահավաքների դադարեցմամբ։ Ադրբեջանի պատասխանը «սումգայիթն» էր։
1989 թվականին «Զնամյա» ամսագրում տպագրված հոդվածում Ջորջ Սորոսը գրում էր. «Իրականությունից այնքան էլ հեռու չեն ենթադրությունները, որ Ադրբեջանում հայերի առաջին ջարդերը սադրել է տեղի մաֆիան, որը կառավարվում էր Ադրբեջանի պետանվտանգության նախկին ղեկավար Հեյդար Ալիևի կողմից, Միխայիլ Գորբաչովի համար անշահեկան իրավիճակ ստեղծելու նպատակով։
Փետրվարի 26-ին Սումգայիթ ժամանեց Ադրբեջանի կուսակցական ղեկավարությունը՝ Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Բագիրովը, Կենտկոմի քարտուղար Հասանովը և Կենտկոմի վարչական մարմինների բաժնի պետի տեղակալ Ասադովը։ Նույն օրը Սումգայիթում՝ Լենինի կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք։ Բարձրաբեմին հայտնվեցին, այսպես կոչված, փախստականները Կապանից, որոնք նախապես պատրաստվել էին սումգայիթի դահիճներին հրահրելու համար։ Նրանք բորբոքում էին ամբոխն ակնհայտ սուտ հաղորդումներով, իբր Հայաստանում ադրբեջանցիների հանդեպ բռնություն, վտարում և սպանություններ են իրականացվել։ Հնչեց «Մահ հայերին» կոչը։
Փետրվարի 27-ին սկսվեցին իշխանությունների և իրավապահ մարմինների կողմից չկանխարգելվող ջարդերն ու սպանությունները։ Ինչպես կպարզվի հետագայում, իշխանությունները պատրաստվում էին հիմնական գործողություններին։
Փետրվարի 28-ին ջարդերն ու սպանություններն ընդունեցին զանգվածային և առանձնակի դաժան բնույթ։ Նախապես պատրաստված մետաղյա ձողերով, կացիններով, մուրճերով, դանակներով, հեսաններով զինված ավազակախմբերն անսխալ գտնում էին հայկական բնակարաններն ու ներխուժում։ Մարդկանց սպանում էին իրենց իսկ տներում, բայց ավելի հաճախ դուրս էին հանում փողոց նախքան սպանությունը հրապարակա՛վ նսեմացնելու համար։
Փետրվարի 29-ին քաղաք զորք մտավ՝ զինված դատարկ փամփուշտներով և չխառնվելու հրամանով։ Խորհրդային բանակի զինվորների ու սպայերի աչքի առջև տեղի են ունենում հայերի սպանություններն՝ այլասեռվածության հասնող առանձնակի դաժանությամբ։
ՍԱՄՎԵԼ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ
«Սովորական ցեղասպանություն. Սումգայիթ, 1988, փետրվար»
Պետքարտուղարություն. Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ
Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին:
«Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ ողբերգական պատերազմը հիշեցնում է, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում ունենալ չի կարող»,- հայտարարել է նա:
Ըստ Փսակիի՝ միայն կայուն խաղաղ կարգավորումը կարող է տարածաշրջանին խաղաղություն, բարգավաճում ու կայունություն բերել: «Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ՝ ԱՄՆ-ն շարունակում է խորապես հավատարիմ մնալ կողմերի հետ համագործակցությանը՝ խաղաղության հասնելու»,- ընդգծել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը:
Բակո Սահակյանը Սումգայիթի ջարդերի 26-րդ տարելիցի առթիվ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր
Սումգայիթի ջարդերի 26-րդ տարելիցի կապակցությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի եւ հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
ԼՂՀ ԱԺ. Սումգայիթում հայ բնակչության դեմ կատարված ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի
ԼՂՀ ազգային ժողովի փետրվար 26-ի նիստում պատգամավոր Վարդգես Բաղրյանը ներկայացրել է ԱԺ խումբ-խմբակցությունների համատեղ հայտարարությունը՝ Սումգայիթ քաղաքում հայ բնակչության ջարդերի 26-րդ տարելիցի առթիվ:
Հայտարարությունում նշվում է.
«1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզխորհրդի արտահերթ նստաշրջանը արձագանքելով արցախահայության գերակշիռ մեծամասնության ձգտումներին եւ առաջնորդվելով խորհրդային միության սահմանադրությամբ ընդունեց որոշում՝ ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ կազմից հանելու եւ Հայկական ԽՍՀ կազմ հանձնելու մասին։
Դա պատմական արդարությունը վերականգնելու իրավաբանորեն հիմնավորված քայլ էր, որը բխում էր 1985 թվականին ԽՍՀՄ-ում սկսված վերակառուցման քաղաքականության ոգուց։ Ի հակակշիռ արցախահայության օրինական ձգտումների Ադրբեջանի իշխանությունները փետրվարի 27-29-ը կազմակերպեցին եւ իրականացրեցին Սումգայիթ քաղաքի հայ բնակչության դաժան կոտորածն ու բռնատեղահանությունը։
Շուրջ 20 հազար հայեր կորցրին իրենց իսկ ձեռքով կառուցած քաղաքում ապրելու իրավունքը, ենթարկվեցին անմարդկային նվաստացումների եւ ունեցրկման, իսկ տասնյակ հայորդիներ գազանաբար սպանվեցին ու խոշտանգվեցին։
Սումգայիթով սկսվեց Ադրբեջանի հայության բռնատեղահանումն ու ֆիզիկական ոչնչացումը։ Մի քաղաքականություն, որ շարունակվեց այդ հանրապետության բոլոր բնակավայրերում, որտեղ պատմականորեն հայեր էին բնակվում, եւ իր բարձրակետին հասավ 1991 թվականի տարեվերջին, երբ Լեռնային Ղարաբաղը հիմնվելով միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքների եւ այդ պահին դեռեւս գործող ԽՍՀՄ սահմանադրության եւ օրենքների վրա հռչակեց իր անկախությունը եւ ենթարկվեց Ադրբեջանի զինված նախահարձակմանը։
Արձանագրելով վերոնշյալը ԼՂՀ ԱԺ խմբակցությունները եւ պատգամավորական խումբը դատապարտվում են 1988 թկականի վերջին օրերին Սումգայիթ քաղաքում հայ բնակչության դեմ կատարված ցեղասպանությունը, որի համար պատասխանատվությունը վաղեմության ժամկետ չունի։
Գլուխ ենք խոնարհում բոլոր անմեղ քաղաքացիների հիշատակի առջեւ, ովքեր դարձել են քսենոֆոբիայի զոհ։ Միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում Ադրբեջանում շարունակվող հակահայկական պետական քաղաքականության վրա, որը խոչընդոտում է նաեւ տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերը»։
«Շուշի» բարեգործական հիմնադրամը սումգայիթյան ջարդերի մասին գիրք է հրատարակել
«Շուշի» բարեգործական հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյանը, ՀՀ նախագահի հասարակական կապերի եւ տեղեկատվության կենտրոնի աջակցությամբ, 2013-ին սումգայիթյան ջարդերի մասին գիրք է հրատարակել, որը կոչվում է. «Սումգայիթյան օրագիր. 1988-ի մարտի 27-ից ապրիլի 5-ը»: Այս մասին փետրվարի 26-ին, ասուլիսում հայտարարել է ինքը՝ Բակուր Կարապետյանը:
Նրա խոսքով՝ ինքը միակ հայ լրագրողն է, որը սումգայիթյան ջարդերից ուղիղ մեկ ամիս հետո եղել է այդ քաղաքում: «10 օրվա ընթացքում ես այցելեցի այն հայերի տները, որոնց թալանել, բռնություն էին կիրառել ու սպանել: Ես հավաքեցի նյութերն ու 54 րոպեանոց ֆիլմ պատրաստեցի: Ֆիլմը նկարահանվել է ռուսերենով եւ տարածվել ողջ աշխարհում»,-ընդգծել է Բակուր Կարապետյանը:
Հիշեցնենք, որ 1988-ի փետրվարի 27-29-ին Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքը հայ բնակչության զանգվածային ջադերի թատերաբեմ էր դարձել: Տասնյակ հայեր են սպանվել, հարյուրավոր հայեր ծանր վիրավորվել:
Ջեյմս Ուորլիք. Մենք նույնպես հիշում ենք Սումգայիթը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքը նույնպես հիշում է Սումգայիթի դեպքերը:
«Մենք նույնպես հիշում ենք Սումգայիթը: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է աջակցեն մարդկանց միջեւ շփումների ծրագրերին, որպեսզի զարգացնել հանդուրժողականությունն ու վստահությունը»,-գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում:
Ֆրանսիացի պատգամավորներ. «Սատար կանգնել ԼՂՀ-ին նշանակում է նպաստել Հարավային Կովկասում վերջնական խաղաղությունն ամրակայմանը»
Այս վերնագրով Ֆրանսիայի ամենահեղինակավոր «Լը Մոնդ» թերթում հոդված են տպագրել Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի հիմնադիր անդամներ Ֆրանսուա Ռոշբլուանը, Ռենե Ռուքեն եւ Գի Տեսյեն:
Հոդվածում, մասնավորապես, ասվում է.
«Շուտով 20 տարին կլրանա 1994թ. մայիսի 12-ից ի վեր, երբ հրադադարի մասին համաձայնագիրը, ի վերջո, հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի երկարատեւ եւ դաժան հակամարտության դադարեցմանը: Ըստ էության ապագաղութացման այս իրական պատերազմից ծնվեց մի նոր պետություն` ընկած Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, հայկական հողերի տիրույթում, ապա եւ` ռուսական, թուրքական եւ իրանական մշակութային սահմանագծերի միջակայքում:
Քսան տարին մի ողջ սերունդ է: Երիտասարդ ադրբեջանցիների եւ ղարաբաղցիների մի սերունդ, որ պետք է տեսած լիներ միայն խաղաղություն եւ որի անվտանգության եւ կյանքի անքակտելի իրավունքը պետք է ճանաչված լիներ: Սակայն ստիպված ենք նկատել, որ եթե պատերազմը ավարտված է, խաղաղությունը դեռ պետք է ձեռք բերել. հրադադարը խիստ անկայուն է մնում` փոխադարձ ճանաչման վերաբերյալ փաստաղթի եւ անգամ կողմերի միջեւ պարզապես ուղիղ երկխոսության բացակայության պայմաններում: Այդ պայմաններում Ադրբեջանը, ինչպես եւ Լեռնային Ղարաբաղը զրկված են բնականոն եւ խաղաղ զարգացման ցանկացած հեռանկարից:
Պետք է ձեռք բերել խաղաղությունը: Դա ի սկզբանե նշանակում է, որ պետք է ճանաչել փաստերի իրողությունը եւ գիտակցված ու կամովին կերպով ձեռնարկել թափանցիկ երկխոսություն, որի վերջնական հեռանկարը կլինի գործած սխալների ուղղումը: Բայց դրա համար անհրաժեշտ է, որ բազմակարծության եւ ընդհանուր առմամբ ժողովրդավարության արտահայտությունը իրական լինի երկխոսության կողմ հանդիսացող յուրաքանչյուր պետության մեջ:
Մենք` Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի անդամներս, հանդես ենք գալիս հանուն խաղաղության Հարավային Կովկասում` կողմերին կոչ անելով դրսեւորել իրատեսություն եւ պրագմատիզմ. ո՛չ սպառնալիքները, ո՛չ ռազմատենչ հռետորաբանությունը, ո՛չ պատերազմական գործողությունները չեն համոզի նախկին գաղութ եղած Ղարաբաղին վերադառնալ Ադրբեջանի «գիրկը»:
Հրադադարի հաստատումից քսան տարի անց ռազմական սադրանքների փորձերը կրկնվում են գրեթե ամեն ամիս` Ղարաբաղում հանգեցնելով քաղաքացիական եւ զինվորական նոր զոհերի ադրբեջանցի զինվորների ձեռքով, որոնց հարձակումները հետ են մղվում: Այդպիսի ողբերգությունների կրկնությունը մեզ ամեն օր ավելի է հեռացնում խաղաղ գոյակցության որեւէ հեռանկարից: Մեզ համար Ղարաբաղի ճանաչումը ամենեւին չի նշանակում լինել Ադրբեջանի թշնամի:
Ինչպես եւ մյուս բոլոր Ղարաբաղ այցելածները, մենք անցանկալի անձ (personae non gratae) ենք հայտարարվել ադրբեջանական վարչակարգի կողմից: Դա զավեշտալի եւ ապակառուցողական գործելաոճ է:
Խաղաղության ձեռքբերումը, նախեւառաջ, անցյալի վերքերի բուժումն է: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նշանավորվել է ոճրագործություններով, որոնց վրա անհրաժեշտ է լույս սփռել: Դրանց զոհ են գնացել հայեր, ինչպես Սումգայիթում, Կիրովաբադում կամ Մարաղայում, եւ մեսխեթցիներ, ինչպես Խոջալուում: 1988թ. փետրվարի 27-ի Սումգայիթի ջարդերը, որոնց զոհ գնացին հարյուրավոր մարդիկ, հանդիսացան հակամարտության դրդապատճառը: Դա, իհարկե, հանգեցրեց ձերբակալությունների եւ դատավճիռների մասին սովետական իշխանությունների որոշմանը, սակայն պատժվեցին բացառապես կատարողները:
Իրական կազմակերպիչները պատասխանատվության չենթարկվեցին, եւ այդ սպանությունների կանխամտածված լինելու հանգամանքը մնաց անտեսված: Այս է ժողովրդավարության ուժը` վստահ լինել սեփական կարողության վրա, հիմնել անհրաժեշտ հանձնաժողովներ, որոնք կմերկացնեն պատասխանատուներին եւ կդատապարտեն իրական մեղավորներին` մեղմելով ցավը եւ նպաստելով վերահաշտեցմանը:
Լինելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից ձեռք բերված ակնհայտ առաջընթացի ականատեսներ` մենք ուրախ ենք տեղեկանալ, որ «Freedom House» ոչ կառավարական կազմակերպությունը մարդու իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ իր ամփոփիչ զեկույցում ներկայումս դիտարկում է այդ իրավիճակը որպես «մասնակի ազատ»: Եվ մենք լիովին համաձայն ենք պարոն Արկադի Ղուկասյանի` ԼՂՀ նախկին նախագահի հետ, ով վերջերս նշեց, որ «հակամարտության կարգավորման նպատակը ոչ միայն թշնամանքից պաշտոնապես հրաժարվելն է, այլեւ երկու ժողովուրդների միջեւ պատմական հաշտեցման հասնելը..., որպեսզի կանխվեն ապագա հակամարտությունները», եւ որ «քաղաքացիական հասարակությունների միջեւ շփումները կարող են ճանապարհ ուրվագծել:
Մենք հույս ունենք, որ այս կոչը, որ մեր սեփական մոտեցումը արձագանք կգտնի Ադրբեջանի քաղաքացիական հասարակության շրջանում, որ նոր ուժերը, որոնք ի հայտ են գալիս այնտեղ, ի զորու են հրաժարվել ատելության քարոզչությունից եւ նայել ապագային: Եթե այդ ուժերն ի հայտ գան, եթե ծնվեն երկխոսության եւ շփումների նախաձեռնություններ, թող այդ ուժերը վստահ լինեն, որ մեր համեստ շրջանակը կլինի իրենց հենարանը եւ աջակիցը:
Ֆրանսուա Ռոշբլուանը, Ռենե Ռուքեն եւ Գի Տեսյեն հանդիսանում են
Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի հիմնադիր անդամներ:
Ֆրանսուա Ռոշբլուան (կենտրոնամետ UDI)
Ռենե Ռուքե (ձախակողմյան PS)
Գի Տեսյե (աջակողմյան UMP)
ԼՂՀ-ն հետեւողական է լինելու բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնման համար աշխատանքներում
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին այցելել է արտաքին գործերի նախարարություն եւ մասնակցել 2013 թ. գործունեության արդյունքների ամփոփմանը եւ 2014 թ. աշխատանքներին նվիրված խորհրդակցությանը:
Զեկույցներով հանդես են եկել արտգործնախարար Կարեն Միրզոյանը, գերատեսչության տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ:
Երկրի ղեկավարն իր խոսքում նշել է, որ Արցախի արտաքին քաղաքականության հիմքում այսուհետ էլ կլինի բազմաուղղվածությունը՝ ազդեցիկ պետությունների եւ ուժային կենտրոնների հետ փոխլրացման վրա հիմնված հավասարակշռված քաղաքականության վարումը:
Բակո Սահակյանի խոսքով` Բաքվի ապակառուցողական քաղաքականությունը հանդիսանում է ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտը՝ սպառնալով տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը:
Խոսելով խաղաղ կարգավորման գործընթացի մասին՝ նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ԼՂՀ-ն հետեւողական է լինելու բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներում, այդ թվում՝ շահագրգիռ ատյաններում բարձրաձայնելով, որ առանց պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք մասնակցության բանակցությունների բոլոր փուլերին անհնարին կլինի հասնել ադրբեջանաղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման:
Անդրադառնալով Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին՝ նախագահը նշել է, որ այստեղ տեսանելի են դրական զարգացումներ, ինչը եւ ոգեւորիչ է, եւ պարտավորեցնող: Ոգեւորիչ` այն առումով, որ Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացն առաջ է ընթանում եւ վկայում է նրա կայացած ժողովրդավարական պետություն լինելու մասին` միաժամանակ հանդիսանալով Արցախի միջազգային ճանաչման կարեւոր հիմքերից մեկը: Պարտավորեցնող, որովհետեւ գրանցված դրական դինամիկան անհրաժեշտ է պահպանել նաեւ հետագայում:
Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել արտաքին գործերի նախարարության ներսում աշխատանքների արդյունավետ կազմակերպման, առկա թերությունների վերացման ուղղությամբ՝ հավելելով, որ պետությունն էլ իր հերթին կանի հնարավորը գերատեսչության առջեւ ծառացած խնդիրների, անձնակազմի աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման հարցերի լուծմանն աջակցելու համար:
Պատգամավորը նախաձեռնում է ստորագրահավաք՝ Արցախի գազալցակայաններում գազի գինն իջեցնելու նպատակով
«Ազգային վերածնունդ» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԺ անկախ պատգամավոր Վահան Բադասյանի` Արցախի գազալցակայաններում գազի գինն իջեցնելու նպատակով նախաձեռնած ստորագրահավաքի մասին: «Ազգային ժողովում բազմիցս բարձրացրել է Արցախի գազալցակայաններում գազի գնի բարձր լինելու հարցը: Պատգամավորը համարում է, որ թեև թե ՀՀ, թե ԼՂՀ գազալցակայանները նույն գնով են գազը գնում «ՀայՌուսգազարդ» ընկերությունից, սակայն արցախյան վարորդներին վաճառվում է ավելի թանկ և անորակ գազ: Հայաստանի հետ համեմատած գազը կրկնակի թանկ է ստացվում: Սա թանկացնում է նաև տրանսպորտը և ապրանքները»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ազգային ժողովում պատգամավորի` այս թեմայով բարձրացրած հարցերին, ինչպես տեղեկացնում է կուսակցությունը, սպառիչ և հստակ պատասխաններ չեն տրվել, կառավարությունը քայլեր չի ձեռնարկել այս վիճակը շտկելու համար. «Վ.Բադասյանը համոզված է, որ կառավարության նման կեցվածքը պայմանավորված է իշխանությանը մերձ որոշ գործարարներին հովանավորչության փաստով: Քանի որ Ազգային ժողովում ընդամենը երկու անկախ պատգամավորներ կան, ապա հնարավորություն չկա այս հարցին լուծում տալ օրենսդրական ճանապարհով: Պատգամավորը մտադիր է նախաձեռնել ստորագրահավաք՝ գազի գնի իջեցման հարցը քաղաքական օրակարգ մտցնելու նպատակով: Ակնկալվում է խնդրով մտահոգ վարորդների և բնակչության այլ խավերի ակտիվ մասնակցությունն այս նախաձեռնությանը: Առաջիկայում Վահան Բադասյանն այս հարցի վերաբերյալ մարմասներ կներկայացնի»։
ԱՄՆ Պետական դեպարտամենտի կոշտ զեկույցը Ադրբեջանի մասին
Ադրբեջանցիները կորցրել են խաղաղ իշխանափոխություն իրականացնելու իրավունքը
ԱՄՆ պետդեպը հրապարակել է ավանդական ամենամյա զեկույցը՝ երկրներում մարդու իրավունքների և ժողովրդավարության վիճակի վերաբերյալ։ Ադրբեջանն ԱՄՆ պետդեպի զեկույցում խիստ քննադատության է ենթարկվել, գրում է ադրբեջանական haqqin.az կայքը։
Նշվել են Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունները, որոնք ԵԱՀԿ-ի բնորոշմամբ՝ չեն համապատասխանել ԵԱՀԿ որոշ սկզբունքների։
Զեկույցում նշվում է, որ չնայած երկրում գործում է ավելի քան 50 կուսակցություն, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը, որը ղեկավարում է նախագահը, շարունակում է գերիշխող դեր ունենալ երկրի քաղաքական կյանքում։
Պետդեպն առանձնացնում է Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերով հետևյալ խնդրահարույց ոլորտները.
- Անցյալ տարվա ընթացքում սահմանափակվել են խոսքի և հավաքների ազատությունները, իշխանությունները շարունակել են վախեցնել իրավապաշտպաններին և ակտիվիստներին՝ նրանց ձերբակալելով և ֆիզիկական բռնության ենթարկելով։
- Մինչ նախագահական ընտրությունների պաշտոնական մեկնարկը՝ իշխանությունները միայն մի քանի բողոքի ակցիաներ են արտոնել։ Սակայն ցույցի արտոնությունը տրվել է ընդդիմության համար անհարմար վայրում, իսկ անօրինական ակցիաները ցրվել են, և ցուցարարները ձերբակալվել են։
- Հասարակական կազմակերպությունների ֆինանսավորման մասին օրենսդրությունն անցյալ տարի զգալի չափով սահմանափակվել է՝ նոր փոփոխություններով։
- Քաղաքացիները կորցրել են խաղաղ ճանապարհով կառավարությունը փոխելու իրենց իրավունքը։ Ընտրություններն անցել են ճնշումների մթնոլորտում, թեկնածուները քարոզարշավի համար հավասար հնարավորություններ չեն ունեցել, իսկ նրանց բողոքարկումներն օբյեկտիվորեն չեն քննվել։
Զեկույցում մատնանշվում են նաև ադրբեջանական բանակում առկա խնդիրները, մանավանդ անմարդկային վերաբերմունքը զինծառայողների հանդեպ, նրանց հանդեպ խիստ պատիժները, կյանքին և անվտանգությանը սպառնացող վտանգը՝ բանակային անօրինականությունների ֆոնին։ Փաստաթղթում նշվում է, որ 69 ադրբեջանցի զինվոր զոհվել է ոչ մարտական իրադրությունում։
ԱՄՆ պետդեպի համոզմամբ՝ Ադրբեջանում դատարաններն անարդար են, անօրինական ձերբակալություններ են իրականացնում, նաև ձերբակալություններ՝ քաղաքական դրդապատճառներով, դատական համակարգը կախվածություն ունի իշխանությունից։
Զեկույցում նաև նշվում է, որ չնայած հակակոռուպցիոն ծառայության առկայությանը՝ Ադրբեջանի ողջ պետական ապարատը կոռումպացված է։
http://www.lragir.am/index/arm/0/politics/view/95608
Աղվան Վարդանյան. «Կան բաներ, որոնցում չեն կարող Դաշնակցությանը կպնել»
Եզակի քառօրյա էր այս քառօրյան` իր բնույթով. կառավարությունը չհասցրեց նույնիսկ մեկ օրինագիծ ներկայացնել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Անդրադառնալով գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը, որին խորհրդարանը կողմ քվեարկեց, նա նշեց, որ քաղաքական մեծամասնությունը գիտակցեց, որ կան խնդիրներ, և որքան էլ համաձայնագրերը վավերացված են, պետք է գտնվեն այնպիսի գործիքներ, որ ապագայում, այդ ոլորտի հետ կապված, պետությունը խուսափի կորուստներից:
Ինչ վերաբերում է «Նաիրիտ»-ի հարցով Դաշնակցության նախաձեռնությանը՝ ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, Աղվան Վարդանյանը նշեց, որ քաղաքական մեծամասնությունը մի կողմից ասում է, որ կան խնդիրներ, ու պատրաստ են վեր հանել այդ խնդիրները, բայց, մյուս կողմից, ասում են՝ ոչ հիմա: «Դա մեզ համար անընդունելի է, քանի որ խնդիրներ վեր հանելը ոչ միայն չի խանգարի «Նաիրիտ»-ի շուրջ այսօր ընթացող գործընթացին, այլ կօգնի: Մեծամասնությունը խոստացավ աշնանն անդրադառնալ այդ հարցին, բայց մի մտավախություն ունեմ, որ «Նաիրիտ»-ի կոլեկտիվը չքայքայվի, և տարբեր պարտատերերի պահանջով «Նաիրիտը» սնանկ չճանաչվի, որովհետև եթե այդպես եղավ, էլ հնարավոր չի լինի բացահայտել բոլոր նախորդ պատմությունները»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Նա նշեց, որ Դաշնակցությունը նախաձեռնում է կազմակերպել հրապարակային քննարկում «Նաիրիտ»-ի հարցով, որին կհրավիրվեն ոլորտին տիրապետող մասնագետներ ու պաշտոնյաներ, որպեսզի պարզ լինի, թե տարբեր փուլերում ինչ է տեղի ունեցել «Նաիրիտ»-ի հետ:
Խոսելով Մարտի 1-ի գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին` պատգամավորը նշեց, որ, իր կարծիքով, Մարտի 1-ի գործով քաղաքական էջը փակելու ժամանակն է, բայց զոհերի հարազատների խնդիրները մնում են չլուծված, և նրանց պետք է համապատասխան փոխհատուցում տրվի:
Ինչ վերաբերում է երեկ ԱԺ նիստում ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի ելույթին, որում նա մեղադրում է նաև Դաշնակցությանը Մարտի 1-ի դեպքերը կոծկելու մեջ, Աղվան Վարդանյանը նշեց. «Ես երեկ բավական երկար զրուցել եմ Ալեքսանդր Արզումանյանի հետ, ես որևէ հստակ մեղադրանք չեմ տեսել»: Նա հավելեց, որ, առհասարակ, չկա որևէ հիմք` մեղադրելու Դաշնակցությանը: «Միակ դրվագը, որ խոսվել է այդ համատեքստում, այն է, որ Մարտի 1-ից հետո կոալիցիայում է եղել, բայց դա միանգամայն այլ օպերա է: Հարգում եմ Արզումանյանին, բայց բաներ կան, որ չեն կարող Դաշնակցությանը կպնել: Լուրջ չի, որ մեզ մեղադրում են միավորներ հավաքելու և պոպուլիզմի մեջ: Մեր տեսակը, պետության հանդեպ մեր վերաբերմունքը չեն թույլ տալիս, որ Դաշնակցությունն անի բաներ, որ իր բնույթից դուրս են»,- ասաց պատգամավորը:
Նա հավելեց, որ Սամվել Նիկոյանի ղեկավարած` Մարտի 1-ի գործով նախորդ հանձնաժողովում Դաշնակցության ներկայացուցիչը աշխատել է գիշեր-ցերեկ: Եվ երբ եղել են կիսատ մնացած հարցեր, Դաշնակցությունը եզրափակիչ արձանագրության մեջ հատուկ կարծիք է գրել կիսատ մնացած հարցերի վերաբերյալ: «Լավ չեմ հասկանում, թե ինչո՞ւ պետք է Դաշնակցությունը կոծկելու ցանկություն ունենար, կարծում եմ` կոծկելու մեջ մեղադրանքում նա սխալվել է: Իշխանության կամ կոալիցիայի մեջ լինելը չի նշանակում, որ մենք կոծկելու ցանկություն ունենք»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Մանրամասները` yerkir.am կայքում
Փորձված աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում
Վարչապետ Տիգրան Սարգսյանն անցած չորեքշաբթի խորհրդարանում լրագողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, թե «Նաիրիտ»-ի գործն ուսումնասիրելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու կարիք չկա: «Որովհետև կառավարության որոշումները, որոնք ես թվարկեցի, տեղադրված են մեր կայքում, և եթե մեր պատգամավորները ցանկություն ունեն, կարող են այդ բոլոր որոշումների հետ ծանոթանալ»,- ասել էր վարչապետը: Որոշումներ ասելով՝ նա նկատի ուներ «Նաիրիտ»-ի հոսքագծերից մեկը Չինաստան առաքելու հետ կապված բանակցություններ սկսելու, պայմանագիր կնքելու շրջանակում կառավարության ընդունած համապատասխան որոշումները:
Հիշեցնենք, որ վարչապետն ստիպված եղավ անդրադառնալու հարցին այն բանից հետո, երբ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի շուրջ խորհրդարանական քննարկումների ժամանակ մեղադրանքներ հնչեցին «Նաիրիտ»-ի հետ կապված մմութ գործարքներում վարչապետի և նրա եղբայրների ունեցած դերակատարության, մասնավորապես` գործարանը կանխամտածված սնանկացման տանելու և թանկարժեք հոսքագիծը Չինաստանում որպես մետաղի ջարդոն փոշիացնելու վերաբերյալ: Փորձելով իր և եղբայրների անունը վերջնականապես մաքրել «Նաիրիտ»-ի կործանման պատմությունից` վարչապետը դիմեց փորձված մի հնարքի` ժամանակագրական մանիպուլյացիաներին: «Բերեմ մի քանի փաստեր, որոնք հնչեցին երեկ պատգամավորների ելույթներում և որոնք բացարձակապես կապ չունեն իրականության հետ: Չինաստանի պայմանագրին կառավարությունը հավանություն է տվել 2000-ին, բանակցությունները սկսել են 1999-ին, պայմանագիրը ստորագրվել է 2002-ին, իսկ հոսքագիծը տեղափոխվել է Չինաստան 2005-ին»,- ասաց նա՝ հավելելով, թե իր եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, ով այսօր ՀՀ դեսպանն է Չինաստանում, այդ ընթացքում աշխատում էր Միացյալ Նահագներում` որպես ռազմական կցորդ, իսկ Չինաստանում դեսպան է նշանակվել միայն 2008 թվականին: Հետևաբար, ըստ նրա, այդ գործարքը որևէ առնչություն չէր կարող ունենալ ո'չ իր և ո'չ էլ իր եղբոր հետ:
Վարչապետի «ալիբին» թվում է անխոցելի: Իսկապես՝ ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ում ռազմական կցորդ աշխատող դիվանագետը կապ ունենալ չինաստանյան ինչ-որ մախինացիաների հետ: Սակայն պարզվում է՝ այդ «ալիբին» այնքան էլ անխոցելի չէ, քանի որ նա ասել է ճշմարտության միայն մի մասը՝ համեստորեն թաքցնելով մյուս մասը: Իսկ ճշմարտության այդ թաքցված մասն այն է, որ վարչապետի նույն եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, նախքան 2002թ. ԱՄՆ-ում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդ, ռազմական, ռազմածովային եւ ռազմաօդային կցորդ նշանակվելը, դեռևս 1999-ից եղել է Չինաստանում Հայաստանի ռազմական կցորդը: Դա հանգիստ կարելի է պարզել Չինաստանում Հայաստանի դեսպանության պաշտոնական կայքէջից` (http://china.mfa.am/hy/ambassador/): Իսկ այդ ընթացքում ինքը՝ ներկայիս վարչապետը, ինչպես հայտնի է, ՀՀ Կենտրնական բանկի նախագահն էր: Միայն այսքանը բավարար է` պնդելու համար, որ վարչապետի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, ոչ միայն կարող էր չինական կողմի հետ հիմնական բանակցողների թվում լինել, այլև կոորդինացնել այդ գործընթացը: Եվ այդ առումով որևէ նշանակություն չի ունենում, թե դրանից հետո այդ գործարքից ստացվող դիվիդենդները նա ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոզամբիկում` որպես Հայաստանի դեսպանատան կցորդ աշխատելու ընթացքում կարող էր ստանալ:
Մի հետաքրքրական մանրամասն ևս՝ ըստ մամուլում հրապարակված տեղեկատվության՝ չինական կողմի, իսկ ավելի կոնկրետ «Շանսի» ընկերության հետ 2000թ. հայ-չինական համատեղ ձեռնարկության մասին պայմանագիրը, որի ներքո «Նաիրիտ»-ից հանվել են թանկարժեք սարքավորումներ ու ուղարկվել Չինաստան, կնքվել է 17 տարով: 2007թ. հետո մնացած տասը տարիների ընթացքում Հայաստանն այդ գործարքից պետք է ստանար 40 մլն դոլարի շահույթ: Իսկ Տիգրան Սարգսյանը Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնում է 2008-ից: Նույն թվականին նրա եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, Հայաստանի դեսպան է նշանակվում հենց Չինաստանում:
Այս խորապատկերին վարչապետի բացատրությունները` ժամանակային անհամապատասխանությունների հետ կապված, անմիջապես հիշեցնում են նրա անվան հետ կապված մեկ այլ աղմկահարույց ու խայտառակ պատմություն: Խոսքը կիպրոսյան օֆշորային հայտնի սկանդալի մասին է, որից դուրս պրծնելու համար Տիգրան Սարգսյանը կրկին հղում էր կատարել ժամանակային անհամապատասխանություններին: Իբր այն ընթացքում, երբ Կիպրոսում ստեղծվում էր ընկերությունը, որի երեք փայատերերից մեկն է, ինքը գտնվում էր Չեխիայում՝ մասնակցում էր ԵԺԿ բյուրոյի նիստին: Իրականությունն այն է, սակայն, որ նա ոչ թե այդ օրը գտնվել էր Չեխիայում, այլ մեկնել էր Չեխիա: Իսկ դա չէր բացառում Կիպրոսում «ինքնաթիռի լիցքավորման» համար աննկատ կանգ առնելու հնարավորությունը, ինչն առ այսօր դեռ հիմնավորված չի հերքվել:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ
Մանրամասները` yerkir.am կայքում
ԱՄՆ-ն կասկածի տակ է դնում Սերժ Սարգսյանի ընտրության արժանահավատությունը
ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է հերթական տարեկան զեկույցը մարդու իրավունքի վիճակի վերաբերյալ, որտեղ Հայաստանին վերաբերող բաժնում կրկին մատնանշվում են մարդու իրավունքների խախտումների, ոստիկանությունում բռնությունների, խոշտանգումների ու ահաբեկումների, նաեւ 2013 թվականի թետրվարին նախագահի ընտրությանը տեղի ունեցած խախտումների հետ կապված խնդիրները:
Պետդեպարտամենտի զեկույցում նշվում է, որ քաղաքացիները բողոքում են ոստիկանության բաժիններում իրենց հանդեպ ահաբեկումների եը խոշտանգումների կապակցությամբ՝ որոնք կիրառվում են խոստովանական ցուցմունք կորզելու նպատակով:
Միեւնույն ժամանակ նշվում են կոռուպցիոն խնդիրները, չնայած այն բանին, որ միջին եւ ցածր օղակներում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ որոշ միջոցառումներ ձեռնարկվել են:
Նախագահի ընտրությանն անդրադարձում նշվում է, որ կիրառվել է վարչական ռեսուրսը, իշխանության մարմիններն իրենց դրսեւորել են ոչ անաչառ եւ ոչ հավասարակշռված: Նշվում է նաեւ, որ թեեւ միջազգային դիտորդներն ընտրությունը գնահատել են ընդհանուր առմամբ ազատ, այդուհանդերձ արձանագրվել են հետաքրքրական երեւույթներ:
Մասնավորապես, նշվում է, որ այն տեղերում, որտեղ մասնակցությունը միջինից բարձր է եղել, հաղթել է Սերժ Սարգսյանը, ինչն ըստ զեկույցի վկայում է ձայների հաշվարկման ընթացքում լուրջ խախտումների մասին, որոնք կասկածի տակ են դնում նախագահի ընտրության արդյունքների արժանահավատությունը:
http://www.lragir.am/index/arm/0/politics/view/95612
Սերժ Սարգսյանի «սեւ ցուցակը» պատրաստ է
Մամուլում տեղեկություն եղավ, որ ՀՀԿ վերնախավը քննարկել է պարտադիր կուտակայինը մեկ տարով հետաձգելու հարցը: Հայաստանում լուրջ ու հիմնավոր դժգոհություններ կան այս հարցում, եւ ինչպես Սերժ Սարգսյանն է «խոստովանել»՝ հանրության 80 տոկոսը դեմ է դրան:
Իհարկե, պարտադիր կուտակայինը հետաձգելու որոշումը, եթե այն կայացվի, կապված չի լինելու հանրային կարծիքը հաշվի առնելու հետ: Հայաստանում եթե այդ կարծիքը հաշվի առնվեր, ՀՀԿ-ն օրինակ չէր լինի իշխող կուսակցություն, իսկ Սերժ Սարգսյանը՝ նախագահ, ներկայիս կառավարությունն ու ԱԺ-ն էլ այսպիսի կազմ չէին ունենա:
Հետաձգելու պատճառ կարող է լինել, որքան էլ տարօրինակ է, փողը, ընդ որում՝ մի քանի «նպատակներով»: Նախ, հույս ունենալով պարտադիր կուտակայինից կուտակված փողը «ներդնել տնտեսության մեջ», ինչպես ասում է կառավարությունը, այնուամենայնիվ իրավիճակի քիչ թե շատ սթափ գնահատականը ցույց է տալիս, որ նոր օրենքը մտցնելուց հետո կառավարությունը կանգնելու է ավելի մեծ ֆինանսական բարդությունների առաջ:
Մասնավորապես, հայտնի է դարձել, որ շատ ձեռնարկություններ իրենց բարձր վարձատրվող երիտասարդ աշխատակիցներին հանում են «հաստիքացուցակից» եւ տեղափոխում «ստվեր», իսկ այն ձեռնարկությունները, որոնք Հայաստանից դուրս ունեն մասնաճյուղեր կամ «դուստր ձեռնարկություններ», աշխատակիցներին ձեւակերպում են այդտեղ: Բացի այդ, շատերն արդեն պարզապես աշխատանքի չեն վերցնում երիտասարդների:
Այս հանգամանքը սպառնում է բյուջեն զրկել լուրջ եկամուտներից, որի համեմատ կուտակայինից ստացված փողը չնչին տոկոս է կազմելու: Բացի այդ, լրջորեն խախտվելու է «սերունդների համերաշխությունը», որը դրված է նոր օրենքի «գաղափարական մասում»:
Մինչ այդ, ՍԴ հայտնի որոշումից հետո, պետական մի քանի մարմիններ՝ ՊԵԿ-ը, Ֆինանսների նախարարությունը, Կենտրոնական բանկը տարածեցին հայտարարություններ, որոնք նպատակ ունեին գործարարներին ստիպել կատարել պահումները: Պահումները կատարելուց հետո սպառնացին, որ եթե այդ գումարները չփոխանցվեն կենսաթոշակային ֆոնդերին, դա ենթադրելու է քրեական պատասխանատվություն:
Մարտավարությունը շատ պարզ էր՝ մինչեւ ՍԴ նոր որոշումը եւ ՀՀԿ վերնախավի «քաղաքական որոշումը» որքան հնարավոր է շատ ձեռնարկություններ ու հիմնարկներ ներգրավել պարտադիր կուտակային: Քանի որ, եթե նույնիսկ օրենքի պարտադիր բաղադրիչը հետաձգվի կամ չեղյալ արվի, նրանք, ովքեր արդեն միացել են, այլեւս չեն կարող հետ կանգնել:
Իսկ միացել են շատերը, մասնավորապես պետական հաստատությունները եւ խոշոր ձեռնարկությունները: Կան տեղեկություններ, որ Սերժ Սարգսյանին ցուցակ են ներկայացրել, թե որ ձեռնարկություններն են միացել, եւ որոնք՝ ոչ: Շատ ձեռնարկությունների նույնիսկ զգուշացրել են այդ ցուցակի առկայության մասին:
Այսպիսով, տեղի է ունեցել նաեւ մեկ այլ գործընթաց՝ «թարմացվել» է յուրայինների ցանկը:
Միաժամանակ, առաջիկա ներքաղաքական իրադարձությունների, մասնավորապես 2017-2018 ընտրական ցիկլին ընդառաջ՝ իշխանությունը կատարել է յուրատեսակ «գույքագրում», որի արդյունքով էլ ըստ ամենայնի տեղի է ունենալու սեփականության վերաբաշխման եւ նոր քվոտաների սահմանման գործընթացը:
Հետաքրքիր է, Գագիկ Ծառուկյանը եւ ԲՀԿ մյուս գործարարները միացե՞լ են պարտադիր կուտակայինին:
ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ
http://www.lragir.am/index/arm/0/comments/view/95605
Արսեն Ավակովը հայտարարել է ռուսական զինված ներխուժման մասին
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Ղրիմի իրավիճակը, ասելով, թե դա անում է, որպեսզի մարդիկ չդատեն խոսակցություններով կամ շշուկներով:
Ավակովը գրել է, որ Սեվաստոպոլի օդանավակայանը դրսից շրջափակել են ՌԴ սեւծովյան նավատորմի միավորումները, իսկ օդանավակայանի ներսում են Ուկրաինայի զինվորականները եւ սահմանապահները: Դրսում՝ զինվորական կամուֆլյաժով եւ առանց տարբերանշաններով զինվորականներ են, որոնք սակայն չեն թաքցնում իրենց պատկանելությունը, գրում է Ավակովը: «Օդանավակայանը չի աշխատում: Արտաքին սահմանով Ուկրաինայի ՆԳՆ պահակակետերն են: Զինված բախում դեռեւս չկա», գրում է նա:
Ավակովը զեկուցել է նաեւ Սիմֆերոպոլի օդանավակայանում առկա վիճակի մասին: Ըստ նրա, գիշերը տասներկուսին մոտ 100 քաղաքացիական անձինք, իրենց անվանելով կազակներ, անցնելով արգելապատնեշը, մտել են օդանավակայանի տարածք: Ներքին գործերի միավորումների ուժերով նրանք դուրս են բերվել թռիչքադաշտի տարածքից, իսկ հետո նաեւ ընդհանրապես օդանավակայանի տարածքից: Զենք չի կիրառվել: Ժամը մեկին մոտ «կազակները» նստել են ԿԱՄԱԶ բեռնատարներ ու ընդհանրապես հեռացել օդանավակայանի տարածքից:
Ավակովը շարունակում է հաղորդել, որ գիշերը ժաը 1.30-ի սահմանում օդանավակայան են եկել բեռնատարներով, զինված 119 մարդ, կամուֆլյաժներով եւ առանց տարբերանշանի: Մտել են օդանավակայանի տարածք, տեղակայվել են ռեստորանի տարածքում: Չեն թաքցնում իրենց պատկանելությունը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերին: ՆԳՆ աշխատակիցների հարցումներին ի պատասխան, թե իրենք զինվորական են եւ չունեն այնտեղ գտնվելու իրավունք, պատասխանում են՝ չունենք ձեզ հետ բանակցելու հանձնարարական:
Իրավիճակը ստատիկ է, զենք երկու կողմից էլ չի կիրառվել, գրում է Ավակովը: Նա գրում է, որ ռուս զինվորականները ստատիկ հետեւում են օդանավակայանի աշխատանքին եւ ոչ մի բանի ուղղակի չեն միջամտում:
Ավակովը գրում է, որ Ուկրաինայի ներքին զորքերը եւ ՆԳՆ միավորումները ուժեղացրել են իրենց հերթապահությունն օդանավակայանում: Լարումն, ըստ նրա, մեծանում է: Ռեգուլյար զորամիավորումներին դիմակայել իրավապահները չեն կարող, գրում է Ավակովը:
«Տեղի ունեցածը գնահատում եմ որպես զինված ներխուժում եւ օկուպացիա: Միջազգային բոլոր պայմանագրերի եւ նորմերի խախտում: Դա զինված արյունահեղության ուղղակի սադրանք է սուվերեն պետության տարածքում», գրում է Ավակովը, ասելով, որ սա արդեն ՆԳՆ իրավասությունը չէ, այլ անվտանգության խորհրդի եւ պաշտպանության:
Նա նշում է, որ քանի դեռ չկա զինված բախում, պետք է խոսեն դիվանագետները:
http://www.lragir.am/index/arm/0/politics/view/95610
Ավստրիան սառեցրել է 18 ուկրաինացու բանկային հաշիվ
Ավստրիայի իշխանությունը սառեցրել է Ուկրաինայի 18 քաղաքացու բանկային հաշիվ: Այդ մասին հայտնել է Իտար-Տասը, հղում անելով այդ երկրի ԱԳՆ-ին: Ավստրիայի ԱԳՆ-ն ասել է, որ որոշումը ժամանակավոր է եւ վավեր է մինչեւ Եվրամիության համապատասխան պատժամիջոցները: Այն համաձայնեցվե; է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության հետ:
Հաշիվները արգելափակվել են Ուկրաինայի նոր իշխանության խնդրանքով: Անունները այն քաղաքացիների, որոնք բանկային հաշիվները սառեցվել են, չեն հաղորդվում: Ըստ ֆրանսիական Ֆիգարո պարբերականի տվյալի, խոսքը մարդկանց մասին է, որոնք կասկածվում են կոռուպցիայի եւ մարդու իրավունքի խախտման համար:
Ուկրաինական պրավդա պարբերականը գրում է, որ Ավստրիայում են Կլյուեւ եղբայրների ակտիվները, որոնցից Անդրեյ Կլյուեւը եղել է նախագահական աշխատակազմի նախկին ղեկավար, նաեւ նախկին վարչապետ Ազարովի եւ օլիգարխ Դմիտրի Ֆիրտաշի ակտիվները:
http://www.lragir.am/index/arm/0/politics/view/95623
Դեպքերը Լեռնային Ղարաբաղում (1917-1920)
(հատված)
15. Ղարաբաղի ժողովրդական գրրորդ արտակարգ համագումարը (պատգամավորական ժողով)
Քաջությունը առանց դիպլոմատիայի կորցնում է
իր զորության նշանավոր մասը։
ՐԱՖՖԻ
Հայտնելով իր համաձայնությունը սպասելու ուլտիմատումի պատասխանի համար Ղարաբաղի պատգամավորական ժողովի որոշման, օսմանյան հրամանատարությունը այդպիսով կատարում էր առաջին լուրջ զիջումը ղարաբաղցիներին։ Դա ուշագրավ նահանջ էր, որ ապացուցում էր, թե թուրքերը իսկապես լրջորեն խուսափում էին Ղարաբաղի հետ զինված բախումից։
Սերգեյ Տեր-Իսլայելյանը[1] կառավարության անդամների հետ ունեցած տեսակցության ժամանակ հայտնեց, որ համաշխարհային պատերազմի ճակատներում տիրող իրադրության վերաբերյալ Միքայել Արզումանյանի հաղորդած տեղեկությունները լիովին համապատասխանում են իրականությանը։ Նա ավելացրեց, որ Թիֆլիսից գաղտնի ճանապարհով Գանձակում վերջին օրերս ստացված տեղեկությունները ցույց են տալիս, որ կենտրոնական տերությունների բլոկը պատերազմի ճակատներում ամենուրեք լուրջ անհաջողություններ է կրում։ Բուլղարիայի և Թուրքիայի կապիտուլյացիան համարվում էր օրերի հարց։
Տեր-Իսրայելյանի ինֆորմացիան վերջնականապես համոզեց Ղարաբաղի ղեկավարությանը, որ Թուրքիայի պարտությունը անխուսափելի է մոտ ժամանակներում, որից հետո «երիտասարդ թուրքերի» ավանտյուրան Անդրկովկասում, անտարակույս, վերջանալու է խայտառակ կրախով։ Ժամանակը, կնշանակե, գործում էր հայ ժողովրդի օգտին։
Եվ ոգեշնչված մոտալուտ ապագայի հեռանկարով, Ղարաբաղի ժողովրդական կառավարությունը վճռեց, առանց պատերազմի ավերիչ հրդեհի մեջ նետելու երկիրը, խաղաղությամբ լուծել հարցերը օսմանցիների հետ։ Դժվար էր միայն համոզել զայրույթից և ատելությունից ինչպես փոթորկահույզ ծով ալեկոծվող պատգամավորական ժողովին, թե պատերազմը թուրքերի հետ անմտություն է, որ պատմական պահի հրամայական պահանջն է օգտվել թուրքերի թեկուզ ժամանակավոր խաղասիրական տրամադրություններից և աշխատել նվազագյուն զիջումների գնով երկիրն ազատել վերահաս աղետներից։
Թեպետև մեծ դժվարություններով, այնուամենայնիվ, Ղարաբաղի ղեկավարները կարողացան իրենց հաստատակամ, անձնվեր, եռանդուն ջանքերի շնորհիվ պատվով իրագործել ճակատագրական պահի առաջ քաշած պահանջը։
***
Պատգամավորական ժողովի բացումից առաջ գումարվեց կառավարության նիստ, որին մասնակցում էին Աղդամից վերադարձած պատվիրակության անդամները և կուսակցությունների առանձին ներկայացուցիչներ։ Որոշվեց պատգամավորական ժողովի օրակարգում մտցնել երկու հարց. տաճկական հրամանատարության ուլտիմատումի քննությունն ու պատասխանը և պաշտպանական հարցեր։ Քննվեց և ընդունվեց միաձայն ուլտիմատումի պատասխանի նախագիծը, որ պիտի ներկայացվեր պատգամավորական ժողովի հաստատման։ Ըստ այդ նախագծի՝ մերժվում էին կտրականապես զինաթափության և Ադրբեջանի իշխանության ենթարկվելու պահանջները։ Մերժվում էր թուրքերի վերջին պահանջը ևս, Շուշի զորք մտցնելու վերաբերյալ, մոտավորապես հետևյալ պատճառաբանությամբ։ Ղարաբաղում, թե քաղաքում և թե շրջաններում, մինչև այժմ էլ հայ և մուսուլման բնակչությունն ապրում էր հաշտ ու խաղաղ և չի պատահել, որ երկու ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունները խախտվեն որևէ դժբախտ առիթով։ Մինչդեռ այդ ժողովուրդներից որևէ մեկի համակրոն կամ ցեղակից մի երրորդ ուժի ներկայությունը կարող է լարել հարաբերությունները և տեղիք տալ բարդությունների երկու դրացի ժողովուրդների միջև։
Պիտի ասել, որ ուլտիմատումի այդ վերջին կետի շուրջը տեղի ունեցան երկարատև և տաք վիճաբանություններ։ Աղդամից վերադարձած պատվիրակության անդամների միաձայն կարիծքն այն էր, որ Շուշի զորք մտցնելու հարցում թուրքերը ոչ մի զիջում չեն անի, դրանում նրանք, ինչպես իրենք էին ասում, համոզվել էին դեռևս Աղդամում, տեսնելով զորքերի և ռազմական միջոցների կենտրոնացման լարվածությունը Աղդամում և Ասկերանի հայկական գյուղերի մատույցներում։
Որոշվեց ուլտիմատումի առաջին և երկրորդ կետերի նկատմամբ չկատարել որևէ զիջում։ Իսկ երրորդ կետի վերաբերյալ ընդունվեց հետևյալը. եթե թուրքերը առանց որևէ վերապահության կհրաժարվեն զինաթափության և հպատակության պահանջներից, բայց կպնդեն Շուշի զորք մտցնելու պահանջի վրա, ապա համաձայնություն տալ դրան հետևյալ վերապահումներով. թույլատրել թուրք հրամանատարությանը մտցնել Շուշի միայն թուրքական կանոնավոր բանակի մի զորամաս, բաղկացած ոչ ավելի, քան 800-1000 զինվորներից։ Ադրբեջանական զինված ուժ, կանոնավոր կամ անկանոն, չպիտի բերվի Շուշի կամ մուտք գործի Ղարաբաղի սահմաններն ընդհանրապես։ Երբեք գյուղական շրջանները թուրքական զորք չպիտի մտցվի։ Զորքը քաղաքում պիտի տեղավորվի միայն մուսուլմանական մասում։
Այդ պայմաններով թուրքերի ժամանակավոր իշխանությունը փաստորեն պիտի տարածվեր միայն քաղաքի մուսուլմանական մասի վրա։
Կառավարությունն ընդունեց գաղտնի որոշում՝ ինչքան հնարավոր է ձգձգել ուլտիմատումի պատասխանը և ընդհանրապես բանակցությունները թուրքերի հետ,համոզված լինելով, որ համաշխարհային պատերազմի ճակատներում առաջացած վճռական բեկումը ի վնաս կենտրոնական պետությունների բլոկի՝ կարող է հանգել ամեն օր և ժամ Թուրքիայի վերջնական պարտության, որը Ղարաբաղի հայության համար կծառայեր իբրև միակ բարեպատեհ ելքը՝ հաջողությամբ դուրս գալու ստեղծված ծանր քաղաքական ճգնաժամից, առանց ենթարկելու երկիրը վտանգավոր ցնցումների, առանց արյունալի բախումների, որոնք վաղ թե ուշ պիտի դառնային անխուսափելի թուրքերի ներկայության պայմաններում։
***
Շուշու հայկական մասը ընդունել էր ռազմական ճամբարի կերպարանք։ Շրջաններից եկած պատգամավորների թիվը արդեն անցել էր 700-ից։ Եկել էին, առանց բացառության, բոլորն էլ զինված։ Այդպիսի սպառազեն բազմության ներկայությունը լարված քաղաքական իրադրության մեջ վտանգավոր էր։ Քաղաքի հայկական մասում դարձյալ գլուխ էին բարձրացրել արկածախնդիր տարրերը, որոնք աշխատում էին ամեն կերպ օգտագործել մոմենտը անկարգություններ առաջ բերելու համար։ Թե այդ և թե պաշտպանական և այլ բնույթի մի շարք ավելի կարևոր հանգամանքներ անհրաժեշտ դարձրին պատգամավորների թիվը կրճատել մոտ 3-4 հարյուր հոգով և կրճատել հատկապես այն պատգամավորներին, որոնց մշտական ներկայությունը շրջաններում այդ օրերին խիստ անհրաժեշտ էր։
Պատգամավորական ժողովին մասնակցելու համար այդպիսով մնացին քաղաքու գյուղերից եկած 300-ից ավելի քիչ մարդ։
Սեպտեմբերի 27-ի երեկոյան Շուշու ռեալական դպրոցի դահլիճում բացվեց Ղարաբաղի պատգամավորական երրորդ արտակարգ ընդլայնած ժողովը։ Բոլոր նիստերին պատգամավորները ներկայանում էին սպառազեն։ Նախագահ Հայրապետ Մուսայելյանը ժողովը բաց արեց մի ընդարձակ, խրախուսիչ, ոգևորված ճառով, որը հաճախ ընդհատվում էր դահլիճի բուռն ծափերով և «կեցցե»-ներով։ Իր խոսքի վերջում Մուսայելյանը, մեղմացնելով ճառի բարձր և ոգեշնչող տոնը, միանգամայն հանգիստ և համոզիչ արտահայտություններով հայտարարեց, որ թուրքերի ուլտիմատումը պատճառ չպիտի դառնա պատերազմի, որ պատգամավորական ժողովը հրավիրված է հաշտության որևէ եզր գտնելու թուրքերի հետ, որ Ղարաբաղի մեկուսացած և թշնամի ուժերով օղակված վիճակը, ժողովրդի ծանր տնտեսական դրությունը, գաղթականության ներկայությունը և ռազմապաշարի պակասը անհնարին և անիմաստ են դարձնում պատերազմը տաճկական կանոնավոր և մինչև ատամները սպառազեն բանակի հետ, որին պաշտպանում է կամա թե ակամա ամբողջ տեղական մուսուլմանությունը, որ պատերազմը անխուսափելիորեն արյունահեղությունների և ավերածությունների պատճառ պիտի դառնա, որոնցից մեծապես տուժողը լինելու է անկասկած մեր ժողովուրդը։
Մուսայելյանի այդ խոսքերը կարծես մի կայծ էր, որ ընկնում էր վառոդով լի մի ընդարձակ պահեստ... Դահլիճում վայրկենապես բարձրացավ ցասման մի մոլեգին ալիք, մի աննկարագրելի աղմուկ ու ժխոր, որ տասնապատկվեց և դժոխային կերպարանք ընդունեց, երբ՝ «Թուրքերի հետ հաշտվել չե՛նք ուզում, այլ կռի՛վ, կռի՛վ...» բացականչություններին միախառնվեցին հարյուրավոր հրացանների կոթերի կատաղի զարկերը դահլիճի տախտակյա հատակին, որից ցնցվում, երերում էր դահլիճի հետ մեկտեղ դպրոցի ամբողջ ամրակառույց շենքը...
Ապարդյուն անցան ժողովի նախագահի, նիստին գտնվող կառավարության անդամների և քաղաքի միլիցիական վարչության ներկայացուցիչների կողմից դահլիճը որևէ կերպ հանգստացնելու բոլոր ջանքերը։ Նախագահը ստիպված եղավ փակել ժողովը։ Երկրորդ նիստը նշանակվեց հաջորդ օրվա երեկոյան։
Այդ գիշեր քաղաքի հայկական մասում հայտարարվեց արտակարգ զինվորական դրություն։ Արգելվեց զինված շրջագայությունը քաղաքում։
Սեպտեմբերի 28-ի ցերեկվա գրեթե բոլոր ժամերը կլանեց ինտելիգենցիայի ներկայացուցիչների խորհրդակցությունը։ Որոշվեց ամեն կերպ աջակցել կառավարությանը՝ պայքարելու անիշխանության դեմ և հանդես գալ պատգամավորական ժողովում պաշտպանելու կառավարության մշակած ուլտիմատումի պատասխան-նախագիծը։
Պատգամավորական ժողովի երկրորդ նիստում կառավարության նախագահ Իշխանյանը զեկուցեց նախագծի մասին։ Ժողովը միահամուռ փոթորկալի ծափահարություններով ընդունեց զինաթափության և Ադրբեջանի իշխանության ենթարկվելու պահանջների կատեգորիկ մերժումը։ Բայց երբ Իշխանյանը ընդարձակ բացատրական խոսքից հետո կարդաց այն մասը, որ վերաբերմու էր Շուշին զորք մտցնելու թուրքական պահանջի նկատմամբ զիջումներ կատարելու առաջարկության, դահլիճը կրկին վայրկենապես փոթորկվեց... դարձյալ խլացուցիչ ռազմաշունչ բացականչություններ, դարձյալ դժգոհության և ցասումի աղմկալից գոչումներ և հրացանների կոթերի երկարատև զարկերի դժոխային ժխոր...
Պատգամավորների մեծ մասը թողնում է վերջապես դահլիճը և խռնվում միջացքներում։ Նիստը կրկին հետաձգվում է հաջորդ օրվան։
Օսմանցիները, անշուշտ, անտեղյակ չէին հայկական քաղաքամասում և պատգամավորական ժողովում տեղի ունեցող անցուդարձին։ Նրանք առերևույթ համբերատարությամբ սպասում էին, թե իբր վերջապես պատգամավորական ժողովը պիտի բարեհաճի պատասխան տալ իրենց ուլտիմատումին։
Թուրքերը այդ «համբերատարությունը» սակայն, պիտի շուտով տեղի տար սուր ճոճեցնելու թուրքական սովորական քաղաքականությանը։ Հակառակորդը, բնական է, չէր կարող հանդուրժել օսմանցու այդչափ նվաստացում, թեկուզ Ղարաբաղի հայության առաջ։ Եվ թուրքերը մտածում էին ճնշում գործադրել պատգամավորական ժողովի վրա՝ ստիպելու արագացնել ուլտիմատումի պատասխանը։ Չմոռանանք նաև, որ օսմանցիներին շարունակ ագրեսիայի էին մղում Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կառավարությունը և Աղդամում կուտակված բեկական-խանական հայակեր տարրերը։
Մտավորականության լավագույն մասի ճիգերը՝ անձնական տեսակցությունների միջոցով համոզելու պատգամավորներից ամենաազդեցիկներին ընդունելու կառավարության կազմած պատասխանի նախագիծը, անցան անհետևանք։ Պատգամավորները լսել անգամ չէին ուզում թուրքերի հետ հաշտությամբ հարցերը լուծելու անհրաժեշտության մասին։ Ամենահավասարակշռված և լրջախոհ պատգամավորներն անգամ պահանջում էին թուրքերի ուլտիմատումին պատասխանել ընդհանուր հարձակմամբ, առանց լուրջ հաշիվ տալու իրենց ընդհարման անխուսափելի հետևանքների մասին։
Սեպտեմբերի 29-ի առավոտյան և երեկոյան նիստերը դարձյալ անցան անհետևանք։ Նախագիծը քննության դնել չհաջողվեց։ Ժողովի նախագահ Մուսայելյանի, քաղաքից ընտրված պատգամավորներից շատերի և մտավորականության ներկայացուցիչների ելույթները՝ համոզելու պատգամավորական ժողովի մեծամասնությանը` ընդունելու պատասխանի նախագիծը, դրական արդյունք չտվեցին։ Երեկոյան նիստի ժամանակ պաշտոնական տեղեկություն ստացվեց, որ թուրքական հրամանատարությունը այլևս սպասել չի կարող և պահանջում է 24 ժամվա ընթացքում պատասխանել ուլտիմատումին։ Նուրի փաշան պահանջում էր նաև ետ ուղարկել Աղդամ Գանձակից եկած հայ պատվիրակներին՝ Տեր-Իսրայելյանին և Լևոն վարդապետին։
Երեկոյան նիստը վերջացավ նրանով, որ պատգամավորները միաձայն ցանկություն հայտնեցին լսելու զինվորական գործերի կառավարչի զեկուցումը, որն այդ ժամանակ գտնվում էր Խաչենում։
Պատգամավորական շրջանում տարածվել էր այն կարծիքը, որ իբր զինվորական գործերի կառավարիչը համաձայն չէ կառավարության մշակած նախագծին և առաջարկել է մերժել ուլտիմատումը ամբողջովին։ Այդպես տարածել էին քաղաքի ագրեսիվ տրամադրված տարրերը, օգտվելով զինվորական գործերի կառավարչի բացակայությունից։ Վերջինս սեպտեմբերի 30-ին վերադարձավ շրջանից և անմիջապես մեկնեց պատգամավորական ժողովի նիստին։ Միջանցքում, դահլիճի մուտքի մոտ, նա հանդիպեց Ալեքսանդր Ռուբենուն, և նրանց միջև տեղի ունեցավ այսպիսի խոսակցություն։ Զինվորական գործերի կառավարիչը զարմանք հայտնեց, որ պատմական այդպիսի պատասխանատու և ճակատագրական պահի, երբ հաննիբալը կանգնած է Ղարաբաղի դռների առաջ, ինքը Ռուբենին և Սաքո Համբարձումյանը, միանգամայն անտարբեր դիտողներ են Ղարաբաղում տեղի ունեցող լուրջ իրադարձությունների, ոչնչով չեն օժանդակում կառավարությանը՝ դուրս բերելու երկիրը ծանր քաղաքական ճգնաժամից, չեն մասնակցում պատգամավորական ժողովի նիստերին և չեն օգնում համոզելու գավառի պատգամավորներին՝ ընդունելու թուրքերի հետ բանակցություններ վարելու և խաղաղությամբ հարցերը լուծելու անհրաժեշտությունը։
Ռուբենին այդ խոսքերին պատասխանեց կարճ՝ «Թող երկիրը դուրս բերեն ճգնաժամից այն մարդիկ, որոնք 25 տարի շարունակ տնօրինել և տնօրինում են հայ ժողովրդի ճակատագիրը»։
Հասկանալի էր, իհարկե, թե որ քաղաքական հոսանքի կտուրին էր քար նետում Ռուբենին։ Նրա այդ խուսափողական, երկչոտ պատասխանը, նրա անտեղի ակնարկը չզարմացրեց զինվորական գործերի կառավարչին։ Վերջինս այդ խոսքերին պատասխանեց միայն մի դառն և հեգնական ժպիտով ու մտավ հուզմունքից և զայրույթից եռացող դահլիճը։
Հանդես գալով պատգամավորական ժողովի առաջ, զինգործերի կառավարիչը սկզբից հայտարարեց, որ ինքը լիովին համաձայն է կառավարության առաջարկություններին և մշակած պատասխանի նախագծին։ «Ժողովրդի ապահովության, նրա անվտանգության շահերը,- ասաց նա,- պահանջում են ընդունել այդ նախագիծը։ Պատերազմը թուրքերի հետ կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ շրջապատման մեջ գտնվող մեր երկրի համար։ Երեկ երեկոյան դեմ թուրքական մեծաթիվ ուժեր գրոհել են Նախիջևանիկ, Փիրջամալ և Վարազաբույն գյուղերի ուղղությամբ մեր սահմանապահ մարտիկների դիրքերի վրա, բայց մի երկու ժամվա լարված մարտերից հետո հետ են մղվել։ Իսկ այսօր, վաղ առավոտյան, եկել էին այդ դիրքերից և ... փամփուշտ էին պահանջում։ - Ռազմապաշարի տեսակետից մեր վիճակը կարծում եմ ձեզ ամենքիդ լավ հայտնի է։ Եթե Զանգեզուրը տմարդի չվարվեր և մեր 300 սայլերը վերադառնային բարձած զինամթերքով, այժմ դուք լիակատար իրավունքով կարող էին պահանջել մեզնից թուրքերի ուլտիմատումին այլ պատասխան տալ։ Թուրքերը կուտակել են մեր դեմ լավ մարզված և մարտերում կոփված զորամասեր, որոնք ապահովված են անսպառ զինամթերքով։ Նրանց օգնում են Ադրբեջանի բեկերն ու խաները պարենով և լավ զինված բազմաթիվ հրոսակներով։ Այն մարդիկ, որոնք տարածում են, թե իբր սուտ է Բաքվի անկումը, դրանք ժողովրդին դնում են վտանգավոր մոլորության մեջ։ Մեզ, այնուամենայնիվ, չի կարող հուսալքել ստեղծված ծանր իրադրությունը։ Ժամանակը, բարեբախտաբար, գործում է մեր օգտին (այստեղ զինվորական գործերի կառավարիչը հրապարակում է Միքայել Արզումանյանից ստացված սեպտեմբերի 11 թվակիր նամակը)։ Այս նամակից և Գանձակից նոր եկած մարդկանց հաղորդած ավելի թարմ տեղեկություններից կարելի է անվիճելիորեն եզրակացնել, որ թուրքերի և նրանց դաշնակիցների պարտությունը օրերի հարց է։ Իսկ պարտությունից հետո թուրքերը այլևս Անդրկովկասում մնալ չեն կարող։ Մեզ, ուրեմն, անհրաժեշտ է այժմ, այս անցողիկ ժամանակաշրջանում, որ կարող է անսպասելի կերպով կարճ տևել, ամեն կերպ խուսափել արյունահեղությունից։ Իսկ եթե թուրքերը մեր խաղաղասիրական տրամադրությունները և առաջարկները ընդունելով թուլության նշան, փորձ կանեն զենքի միջոցով ստիպել ընդունելու իրենց բոլոր պահանջները, այդ դեպքում մեզ կմնա դիմել ակտիվ պաշտպանության, այդ դեպքում մենք, բնականաբար, խուսափել արյունահեղությունից չենք կարող։
Արդ, քանի որ թուրքերը իրենք ևս կարծես խուսափում են պատերազմից և հակամետ են բանակցությունների միջոցով խաղաղությամբ լուծելու հարցերը, անհրաժեշտ է, որ պատգամավորական այս արտակարգ ժողովը իր աշխատանքն ավարտելուց առաջ լիակատար վստահություն հայտնի կառավարությանը, ընդունի նրա ներկայացրած պատասխան-նախագիծը և լիազորի նրան վարելու իր անունից բանակցություններ թուրքերի հետ, սկսելով այդ բանակցությունները որքան հնարավոր է արագ, առանց ավելորդ ժամանակ վատնելու»։
Զինվորական գործերի կառավարչի ելույթից հետո նախագահ Մուսայելյանը, օգտվելով պատգամավորենրի մեծամասնության տրամադրության մեջ առաջ եկած սուր բեկումից, որ պիտի վերագրել գլխավորապես Արզումանյանի նամակի խրախուսիչ ազդեցության և կառավարչի հաղորդած մի քանի այլ տեղեկությունների առաջ բերած տպավորության, առաջարկեց Իշխանյանին կարդալ կետ առ կետ ուլտիմատումի պատասխանի նախագիծը, որն ընդունվեց ժողովի կողմից աննշան փոփոխություններով։
Պաշտպանական միջոցառումների վերաբերյալ ժողովը ընդունեց զինգործկառավարչի առաջարկությունը՝ օգնել շրջանների հրամանատարներին ժողովարարությունների միջոցով ստեղծելու փամփուշտի որոշ պաշարներ։ Պարզվեց, որ շրջաններում հանդիպում են մարդիկ, որոնք աշխատում են խանգարել տեղերում ձիաների հավաքագրման և պաշտպանական այլ միջոցառումներին։ Ժողովը որոշեց շտապ միջոցներ ձեռք առնել վերացնելու բոլոր դժվարությունները և արգելքները, որոնք խանգարում են երկրի պաշտպանության համար ձեռնարկվող աշխատանքներին։ Այնուհետև ժողովն ընդունեց միաձայն հետևյալ բանաձևը[2]։
«Ղարաբաղի պատգամավորության արտակարգ ժողովը «Երրորդ համագումարը»), լսելով կառավարության նախագահ Իշխանյանի զեկուցումը թուրքական հրամանատարության ուլտիմատումի մասին, ընդունում է միաձայն այդ առթիվ ներկայացրած պատասխանի նախագիծը։ Ժողովը միաժամանակ վստահություն է հայտնում կառավարության և լիազորում նրան Ղարաբաղի պատգամավորական երրորդ արտակարգ ժողովի անունից վարելու բանակցություններ թուրքական հրամանատարության հետ, նպատակադրելով խաղաղությամբ և փոխադարձ համաձայնությամբ լուծելու երկու կողմերին շահագրգռող հարցերը»:
Բանաձևը քվեարկելուց և միաձայն ընդունվելուց հետո պատգամավորական ժողովի աշխատանքները հայտարարվոմ են վերջացած։
16. Թուրքերի մուտքը Շուշի
Սեպտեմբերի 30-ին թուրքերը հարձակման ձեռնարկեցին նաև Ջրաբերդի շրջանում։
Մուսուլմանական Թարթար ավանում և նրա մոտակա գյուղերում կենտրոնացած թուրք-ադրբեջանական ուժերը, թվով մի քանի հազար, անցան ծավալուն հարձակման Մարգուշևանի ուղղությամբ, 5-6 կիլոմետր ճակատով։ Սկզբում նրանց հաջողվեց գրավել Մարգուշևանը։ Բայց ջրաբերդցիները արագորեն վերախմբավորելով իրենց ուժերը, անցան հակահարձակման և շեշտակի գրոհներով կարողացան ոչ միայն կագնեցնել հակառակորդի առաջխաղացումը, այլև թիկնանցելով` ջարդ տալ թշնամուն և ստիպել նրան նահանջելու։ Այդ կարճատև և մասնակի բախումները համոզեցին օսմանյան հրամանատարությանը, որ ճակատ առ ճակատ կռիվը ղարաբաղցիների հետ վտանգավոր է և կապված է մեծ կորուստների հետ։ Ուստի հայերի վրա ճնշում գործելու նպատակով թուրքերը դիմեցին ավելի գործուն միջոցի, օգտագործելով իրենց ռազմական տեխնիկայի գերակշռությունը։
Վեց օր անընդհատ չստանալով Շուշուց ուլտիմատումի պատասխանը, նրանք որոշեցին գործողության մեջ դնել այս անգամ իրենց հրետանային հզոր մարտկոցները։ Հոկտեմբերի 1-ի առավոտյան օսմանցիք սկսեցին ռմբակոծել դաշտային ծանր և հեռաձիգ հրանոթներից Ասկերանի մոտակա հայկական գյուղերը, բարբարոսական ավերածություններ առաջ բերելով այնտեղ։ Առանձնապես մեծ վնասներ կրեցին Նախիջևանիկ և Վարազաբույն գյուղերը, որտեղ ռմբակոծությունից հիմնովին ավերվեցին կամ հրդեհվեցին շատ բարեկարգ և գեղեցկաշեն տներ, որոնք կառուցվել էին երկար տարիների ընթացքում Բաքվում աշխատող նույն գյուղացի բանվորների դառն քրտինքով վաստակած կոպեկներով։ Մարդկային զոհեր չեղան, որովհետև բնակչությունը սահմանամերձ գյուղերից նախօրոք էվակուացված և տեղափոխված էր թիկունք։ Զինված ուժերը հակառակորդի հրետանային ռմբակոծության կարողացան պատասխանել միայն հրացանային ապարդյուն կրակով։
Հայկական գյուղերի ավերիչ ռմբակոծությունը կարգադրվեց դադարեցնել միայն այն ժամանակ, երբ թուրք հրամանատարությանը հայտնի դարձավ, որ բանակցելու համար Շուշուց Աղդամ է ժամանել հայերի պատվիրակությունը, որը բաղկացած էր այս անգամ երեք հոգուց՝ Հայրապետ Մուսայելյան, Դանիել Առաքելյան և Աշոտ Մելիք-Հովսեփյան։
Պատվիրակությանը գլխավորում էր դարձյալ Հայրապետ Մուսայելյանը:
Աղդամ հասնելուց անմիջապես հետո` Նուրի փաշան ընդունեց պատվիրակությանը և լսեց պատգամավորական ժողովի պատասխանը իր ուլտիմատումին: Մերժվում էին բոլոր պահանջները: Նուրի փաշան կատաղեց, սպառնաց, բայց ի վերջո ստիպված եղավ տեղի տալ: Նա հրաժարվեց ժողովրդի ընդհանուր զինաթափման պահանջից, համաձայնվեց նաև չդնել Ադրբեջանի իշխանությունը ճանաչելու կատեգորիկ պահանջ, բայց ոչ մի կերպ չուզեց հրաժարվել Շուշի զորք մտցնելու մտադրությունից, թեպետև Մուսայելյանը ամեն կերպ աշխատեց համոզել թուրք հրամանատարին, որ այդ ակցիան կարող է ունենալ աննպաստ հետևանքներ հայ-մուսուլմանական հարաբերությունների համար: Պատվիրակության առաջարկությունը` ճանաչել Շուշու հայկական կառավարությունը իբրև Ղարաբաղի փաստական իշխանություն, մերժվեց այն արդեն հայտնի պատճառաբանությամբ, թե Թուրքիան ճանաչում է հայերի միայն մի կառավարություն, և դա Հայաստանի Հանրապետական կառավարությունն է: Նուրի փաշան այնուամենայնիվ, համաձայնվեց չխախտել Ղարաբաղում Status quo-ն, մինչև այսպես կոչված Կ. Պոլսի կոնֆերանսի որոշումը Անդրկովկասի հանրապետությունների վերջնական սահմանների վերաբերյալ: Բայց այդ ամենը թուրքերին հատուկ ստոր խաբեություն էր: Հակառակ պատվիրակության պահանջի` թուրքերը հրաժարվեցին երկու կողմերիմիջև կայացած համաձայնությունը գրավոր ձևակերպելուց, առաջարկելով բավականանալ «ջենտլմենտական խոսքով»: Եվ նրանք պատրաստ էին «ջենտլմենտական խոսքով» ամեն տեսակի պարտավորություններ հանձն առնել և խոստումներ տալ, միայն թե բաց տեսնեին իրենց առաջ Ասկերանը և դեպի Շուշի տանող խճուղին:
Նուրի փաշան համաձայնվեց նույնպես «ղարափափախավորների» (ադրբեջանցիների) զինված ույժ չմտցնել Շուշի, բացի թուրքական կանոնավոր զորամասից: Նա այդ կատարեց: Սակայն պատվիրակների պահանջին` երկու հրաձիգ գումարտակից կամ 1000 զինվորից ավելի թուրքական զորք չմտցնել Շուշի` պատասխանեց կատեգորիկ մերժումով, առարկելով, որ այդչափ զինվոր կպահանջվի միայն Աղդամ-Շուշի ճանապարհի ապահովության համար: Նա ասաց, որ Ղարաբաղ մուտք գործող զորքը 2-3 հազար զինվորից պակաս լինել չի կարող: Պատվիրակությունը պահանջեց, որ բացի քաղաքից, գյուղական շրջանները զորք չմտցվի: Նորի փաշան դրան չառարկեց: Նա խոստացավ քաղաքի ադրբեջանական մասում հարմարություններ լինելու դեպքում ասկերներին տեղավորել այնտեղ, հակառակ դեպքում նա օգտագործելու էր հայկական մասի հարմար շենքերը և նախկին ռուսական զորանոցը: Մնացած հարցերի շուրջը Նուրի փաշան առաջարկեց համաձայնության գալ Ջամիլ-Ջայիդ-բեյի հետ, որը ներկա էր Նուրի փաշայի հետ վարվող բանակցություններին: Հայ ներկայացուցիչները խնդրեցին բանակցությունների շարունակությունը հետաձգել հաջորդ օրվան, հոգնածությունը պատճառ բերելով: Նրանց տեղ տվին գիշերելու շտաբին կից հարմարավետ սենյակում, և կարգադրվեց ճաշ տալ հրամանատարության խոհանոցից:
Հաջորդ օրը, հոկտեմբերի 3-ին, բանակցությունները շարունակվեցին Ջամիլ-Ջայիդ-բեյի հետ, որը Շուշի գնացող զորքերի հրամանատար էր նշանակված: Նա պահանջեց Ասկերանի և դեպի Շուշի տանող խճուղու երկու կողմերում գտնված հայկական գյուղերի զինաթափում, որպեսզի, ինչպես նա էր պատճառաբանում, տաճկական ուժերը կարողանան վստահորեն և ապահով դեպի Շուշի շարժվել: Մուսայելյանը պատասխանեց, որ այդ գյուղերի բնակչությունը վերջին օրերի կռիվների ժամանակ քաշվել է դեպի թիկունք, և գյուղերում մնացել են միայն ծերունիները: Թիկունք են քաշվել նաև գյուղերի զինված ուժերը: Ուստի հիմքեր չկան կասկածելու, որ թուրքական զորքերի վրա կարող են հարձակումներ տեղի ունենալ ճանապարհի ուղղությամբ: Թուրք սպան, սակայն, շարունակում էր համառել իր պահանջի վրա: Նրան հիշեցրին, որ ընդհանուր զինաթափության պահանջը վճռականորեն մերժված է պատգամավորական ժողովի կողմից, և գլխավոր հրամանատարը համաձայնվեց դրան: Ինչ վերաբերում է «մասնակի» զինաթափման, որ դնում է բեյը, այդ իբրև նոր առաջադրվող պահանջ, Մուսայելյանը գտավ անհրաժեշտ վերադառնալ Շուշի և այդ մասին զեկուցել կառավարությանը: Ջամիլ-Ջայիդ-բեյը, սակայն, գտավ ավելորդ այդ հարցի լուծումը փոխադրել Շուշի և խոստացավ բավարարվել միայն Ասկերանի մոտակա Խնաբադ, Խրամորթ և Քյաթուկ գյուղերի զինաթափությամբ: Պատվիրակները պատասխանեցին դարձյալ մերժումով: Այդ ժամանակ Ջամիլ-Ջայիդ-բեյը սպառնաց վերսկսել սահմանային գյուղերի ռմբակոծությունը հեռաձիգ հրանոթներից և «հողին հավասարեցնել» հիշյալ երեք գյուղերը: Հայ ներկայացուցիչները խնդրեցին վերջնական պատասխանի համար ժամանակ տալ խորհրդակցելու: Մի քանի ժամից հետո Մուսայելյանը պատասխանեց, որ իրենք չեն առարկում բեյի պահանջին և խնդրեց հնարավորություն տալ ուղարկելու պատվիրակներից մեկին վերոհիշյալ գյուղերը, թուրքական հրամանատարության պահանջի մասին տեղեկացնելու: Ուղարկվեց Դանիել Առաքելյանը, որը նախ պիտի գնար Խնաբադ և Խրամորթ գյուղերը, որոնք ավելի մոտ էին Աղդամին և ապա անցներ Քյաթուկ գյուղը:
Մի քանի օր շարունակ Առաքելյանից ոչ մի լուր չստացվեց: Միայն հոկտեմբերի 7-ի վաղ առավոտյան տասներեք հայ ծերուկ գյուղացիներ, յուրաքանչյուրը մի-մի բարձած էշ առաջն առած, եկան ժողովվեցին ամբողջ քարավանով Աղդամ, թուրքական շտաբի առաջ:
Ջամիլ-Ջայիդ-բեյին հայտնեցին, որ Խնաբադ, Խրամորթ և Քյաթուկ գյուղերի հայերը բերել են հանձնելու զենքերը: Բեյը, ուրախացած, աշխույժով դուրս եկավ շտաբից մի քանի սպաների ուղեկցությամբ և մոտեցավ հայ գեղջուկների քարավանին: Իջեցնում են զենքերի առաջին բեռները և բացում կարկատաններով ծածկված հնամաշ վերմակների, քայքայված ջվալների և այլևայլ լաթերի մեջ խնամքով փաթաթված հրացաններ ... Ջամիլ-Ջայիդ-բեյը և նրան շրջապատող թուրք սպաները նայում են ապշած մեկ ծերունիներին և մեկ գետին թափված զենքներին և, կարծես, չեն ուզում հավատալ իրենց աչքերին: Դրանք ժամանակակից հրացաններ չէին, այլ ամբողջովին ժանգով ծածկված, գրեթե առանց բացառության հին կայծքարի հրացաններ, որոնք գործածական են եղել Ղարաբաղում միայն 17 և 18-րդ դարերում: Երբ ծերունիները փորձում են իջեցնել մնացած բեռները, բեյը զայրացած արգելում է, իսկ արդեն գետին թափված հրացանները մեկ-մեկ վերցնելով, Ջամիլ-Ջայիդ-բեյը խոթում է ծերունիներից յուրաքանչյուրի գիրկը մի-մի հատ, և երբ գետնի վրա այլևս հրացան չի մնում, դիմում է զայրույթով հայ գեղջուկներին և գոչում. «Քոպակնե´ր, ո՞ւմ եք կամենում խաբել ... Հա´յ դա, կորեք աչքիցս ձեր բերած զենքերով ...»: Եվ ծերունիները բռնեցին վերադարձի ճամփան Աղդամ տարած «զենքի» բեռներով: Նրանք ամբողջ ճանապարհին աշխույժ զվարճախոսում և բարձրաձայն խնդում էին ու հեգնանքով ակնարկում, թե ինչպես կարողացան «էշացնել օսմալուի թուրքերին» ... Իսկ թուրքական հրամանատարությունը վերջնականապես համոզվեց, որ անկարելի է Ղարաբաղում թեկուզ մեկ գյուղ զինաթափել: Նպատակահարմար համարվեց խաղաղ միջոցներով իրագործել Շուշի մտցնելու ծրագիրը` ամեն կերպ խուսափելով գրգռիչ պահանջներից և բռնի գործողություններից: Դա թուրքերի սիրած գործելակերպն էր, երբ համարվում էր վտանգավոր դիմելու ուժի քաղաքականության:
***
Հոկտեմբերի 7-ին Նորի փաշան կարգադրեց թույլատրել վերադառնալու Շուշի հայ պատվիրակության անդամներին` Հայրապետ Մուսայելյանին և Աշոտ Մելիք Հովսեփյանին[3]: Վերջիններս պարտավորվեցին զգուշացնել Ասկերանից մինչև Շուշի ճանապարհի աջ և ձախ կողմերի լեռնային մատույցներում ամրացած հայկական զինված ուժերին` ետ քաշվելու ճանապարհի զոնայից 2-3 կիլոմետր, որպեսզի դեպի Շուշի շարժվող թուրքական ուժերի հետ բախումների տեղի չունենան:
Պատվիրակները Աղդամում ականատես էին եղել, թե ինչպես հոկտեմբերի 6-ից սկսած տեղի էին ունենում թուրքական ուժերի արագ վերախմբավորումներ, որ նշան էր, թե նրանք պատրաստվում են լուրջ արշավի դեպի Շուշի:
Եվ, հիրավի, հոկտեմբերի 8-ի վաղ լուսաբացին թուրքական զորամասերը, բաժանված երեք զորասյուների, սկսեցին շարժվել Ասկերանի վրա: Աջ և ձախ թևերի զորասյուների ջոկատները, որոնք ունեին իրենց հետ մեծ թվով թեթև գնդացիրներ, շղթաների բաժանված, Շելլու և Խինդիրլու գյուղերի ուղղությամբ մագլցելով լեռների լանջերով և ժայռոտ ոստերով, հասան արագորեն բարձունքները և, առանց դիմադրության հանդիպելու, շարժվեցին դեպի Ասկերան: Կենտրոնի զորասյունը հետևում էր նրանց խճուղով: Կարճ ժամանակամիջոցում աջ և ձախ թևերում արշավող զորասյուների շղթաները ալիք առ ալիք հասան և բռնեցին Ասկերանի երկու կողմերի բարձունքները, իսկ ձախ թևում առաջապահ շղթաները մտան Քյաթուկ գյուղը: Դրանից հետո կենտրոնի զորասյան ջոկատներն անցան Ասկերանը հատող խճուղով և արագացրած մարշով շարւնակվեցին արշավել առաջ:
Հայերի զինված ուժերը, որոնք արդեն քաշվել էին ճանապարհամերձ գոտուց և ամրացել պաշտպանության երկրորդ գծի մատույցներում, հեռադիտակներով և հետախույզների միջոցով հետևում էին թուրքական ուժերի առաջխաղացմանը: Կեսօրին թուրքերը գտնվում էին քաղաքից մոտ 7 կիլոմետր հեռավորության վրա, իսկ առաջապահը արդեն հասել էր քաղաքի պարիսպներին: Մի երկու ժամից հետո երեք զորասյուների հիմնական ուժերը կենտրոնացան «Սանգյար» կոչված ընդարձակ սարավանդի վրա, որ գտնվում էր Շուշուց դեպի արևմուտք, մոտ մեկ և կես կիլոմետր հեռավորության վրա: Մինչ այդ, «Խանի բաղ» կոչված վայրում, թուրքական աջ թևի զորասյունից բաժանվելով մի ուժեղ ջոկատ, բաղկացած 2-3 հարյուր ասկերներից, մտել էր արդեն Խանքենդի ավանը և տեղավորվել նրա զորանոցներում: Դա թուրքերի հետ Աղդամում կնքված «ջենտլմենական» համաձայնության առաջին խախտումն էր` զինված ուժ չմտցնել գյուղական շրջանները (թեպետև Խանքենդին գտնվում էր ճանապարհի գոտում): «Սանգյարի» վրա թուրքական զորամասերին դիմավորեցին ողջույնի բարձրագոչ աղաղակներով քաղաքի մուսուլմանական բնակչության բազմաթիվ ներկայացուցիչներ, տաճկական դրոշակներ պարզած: Նրանք եկել էին առաջնորդելու թուրքական զորամասերին քաղաք:
Մուսուլմանական թաղի այն փողոցները, որոնցով պիտի անցնեին ասկերների ջոկատները, ծածկված էին թանկարժեք գորգերով, իսկ տների պատշգամբները և պատուհանները զարդարված էին թուրքական դրոշակներով, ամեն տեսակի և գույնի մեծարժեք կտորներով և այլևայլ գորգերով ու կարպետներով:
Մուսուլմանական մասի նեղ փողոցների երկու կողմերում, տների կտուրների և պատշգամբների վրա, հավաքվել էին քաղաքի հարյուրավոր մուսուլման բնակիչներ: Երբ երևացին ասկերների առաջին շարքերը, մուսուլման ամբոխը ալեկոծվեց և ծայրից ծայր բռնկվեց մի աննկարագրելի էնտուզիազմով ... նա իր հավատակիցներին և ցեղակիցներին դիմավորում էր գրկաբաց, ներքին բավականությունից հուրհրատող աչքերով և անվերջանալի ուրախ բացականչություններվ և «յաշասուններով»... Միանգամայն սառը և զուսպ վերաբերմունքի հանդիպեցին թուրքերը միայն հայերի կողմից: Եվ դա բնական էր...
***
Հոկտեմբերի 7-ի գիշերը Աղդամից նոր վերադարձած Մուսայելյանի և Աշոտ Մելիք Հովսեփյանի մասնակցությամբ կայացած կառավարության վերջին նիստում ընդունված որոշումների համաձայն, կարգադրվեց բոլոր շրջանների հրամանատարներին թուրքերը քաղաք մտնելուց հետո է´լ ավելի ուժեղացնել և ամրացնել սահմանների պահպանությունը և զինված ուժերը միշտ պահել մարտական պատրաստ վիճակում: Խաչենի և Վարանդայի հրամանատարներին առաջարկվեց Շուշի-Ասկերան գծի վրա մշտական գաղտնի հսկողություն սահմանել և հետախուզությունների միջոցով իրազեկ լինել այդ գծի վրա տեղի ունեցող թուրքական զինված ուժերի շարժումներին:
Կառավարությունը պիտի մնար Շուշում: Միայն զինվորական և ներքին գործերի կառավարիչները հոկտեմբերի 8-ի առավոտյան մի խումբ հեծյալ մարտիկների հետ անցան գավառ: Քաղաքի զինված ուժերը պիտի մնային տեղում, պահելով զենքերը թաքստոցներում հավանական խուզարկություններից ապահովելու համար:
17. Օսմանցիների քսաներկուօրյա օկուպացիան և զորապարպը Շուշուց
Թուրքերը Ղարաբաղ մտան Նուրի փաշայի ուլտիմատումից միայն տասնչորս օր անցնելուց հետո:
Ղարաբաղի կառավարության շահած այդ տասնչորս օրերը կրճատեցին ավելի քան մեկ երրորդով թուրքերի օկուպացիայի ժամանակամիջոցը Շուշում: Իսկ այդ, ինչպես շուտով կտեսնենք, խորտակեց թշնամու բացահայտ կամ քողարկված գազանամիտ դիտավորությունները Ղարաբաղի հայության նկատմամբ:
***
Երբ թուրքական ուժերը, մինչև քաղաք մտնելը, Սանգյարում և Շուշու բերդի հաստաբեստ պարիսպների տակ վաշտ առ վաշտ հավաքվում, համախմբվում էին ըստ առանձին մասերի և ստորաբաժանումների, քաղաքի մուսուլմանական մասի կոմենդանտ Հասան-Բասրի-բեյը Ջամիլ-Ջայիդ-բեյի հրամանով քաղաքի հայկական մասից պահանջեց հանձնել զենքերը: Կառավարությունը նախորդ օրը արդեն գաղտնի կարգադրություն էր արել քաղաքի հայ բնակչությանը` թաքցնել զենքերը, իսկ թուրք հրամանատարության պահանջը բավարարելու համար կարգադրվեց պահեստում եղած հին «բերդան» սիստեմի հրացանները տանել, հանձնել կոմենդանտին: Հրացանները, սակայն, սայլին բարձելու ժամանակ քաղաքի հայ երիտասարդների մի խումբ հանկարծակի հարձակվեց սայլի վրա, գրավեց ամբողջ զենքը և անհետացրեց: Այդ դեպքին տեղեկանալուց հետո թուրքերն այլևս անօգուտ համարեցին զենք պահանջել քաղաքի հայերից: Նրանք բավականացան հայտարարելով, որ զենք պահողները խստիվ կպատժվեն:
Մուսուլմանական մասում հարմար շենքեր չգտնելով զորքերի տեղավորման համար[1], թուրք հրամանատարությունը կարգադրեց գրավել հայկական մասի հարմարավետ շենքերը` ռեալական դպրոցի նոր շենքը, հայկական միջնակարգ Օրիորդաց դպրոցը, Ամբրումյանների տունը և նախկին ռուսական զորանոցը, տեղավորելով այդ շենքերում սպայական կազմը և 1500-ի չափ ասկերների, որոնց թիվը հետագա մի քանի օրերում հասցվեց 2000-ի: Զորանոցի վերածված բոլոր շենքերը կապվեցին իրար հետ դաշտային հեռախոսային ցանցով[2]:
Երբ թուրքական զորքը պատրաստվում էր մտնել հայկական քաղաքամասը, Ղազանչեցոց եկեղեցի եկավ հրամանատար Ջամիլ-Ջայիդ-բեյը և ընդունելով քահանաների մատուցած «աղուհացը», ասաց. «Մենք չենք մտել այս քաղաքը իբրև հայերի թշնամիներ, մենք խաղաղ բնակիչներին բերել ենք խաղաղություն, իսկ ապստամբներին` մահ»:
Այդ խոսքերից ընդամենը մի 24-25 օր առաջ Բաքվի 30 հազարից ավելի խաղաղ հայ բնակիչներին խողխողող և Արևմտյան Հայաստանը ավերակների վերածող արյունարբու ելուզակների այդ ներկայացուցչի կեղծավոր խոսքերը ներկաների կողմից ընդունվեցին հեգնանքի և կատաղի ատելության հազիվ զսպված արտահայտություններով:
Ասկերներին հայկական մասում տեղավորելուց հետո թուրքերը չուզեցին գործ ունենալ Ղարաբաղի կառավարության հետ: Նրանք առաջարկեցին քաղաքի հայ բնակչությանն ընտրել վեց հոգուց բաղկացած մի ներկայացուցչական մարմին թուրք հրամանատարության հետ կապ պահպանելու համար: Ընտրությանն, իհարկե, ժողովուրդը չմասնակցեց, այն կատարեցին քաղաքի մի խումբ «տուզերը»: Ընտրվածներն ամենքը պահպանողական և չափավոր տարրերից էին, այն հոսանքներին պատկանողներից, որոնք սովորություն ունեին թուրքական բարբարոսությունները հայության նկատմամբ թեթևամտորեն վերագրելու հայ հեղափոխական կազմակերպությունների գործունեությանը:
Անդրանիկի ներկայությունը Զանգեզուրում շարունակում էր անհանգստություն պատճառել թուրք հրամանատարությանը: Քանի դեռ Անդրանիկը նստած էր Գորիսում իր հատուկ զորամասով, Սյունիքը պիտի մնար անմատչելի օսմանցիների համար, այդպես էր տրամաբանում թուրք հրամանատարությունը: Այդ պատճառով, քաղաքի հայկական մասում ամրանալուց հետո թուրքերի առաջին գործն եղավ պահանջել հայերի ներկայացուցչական մարմնից շտապ պատվիրակություն ուղարկել Գորիս և թուրք հրամանատարության անունից առաջարկել Անդրանիկին` հեռանալ Զանգեզուրից, ուր կամենում է` խոստանալով արգելքներ չհարուցել նրա առաջ:
Անդրանիկը թուրքական հրամանատարության այդ անպատկառ պահանջին պատասխանեց նրանով, որ անմիջապես զորահավաքի կոչ ուղղեց Զանգեզուրի հայությանը, և մի քանի օրից ժողովելով իր շուրջը մի քանի հազար լավ մարզված և կռիվներում կոփված մարտիկներ` իրենց զենքերով: Հրավիրեց գյուղացիական համագումար, որն ընդունեց Անդրանիկի առաջարկությունը` թուրքերի հարձակման դեպքում անցնել ակտիվ պաշտպանության, իսկ մինչ այդ կռվողներին պարենավորելու պատրաստություններ տեսնել և շտապ միջոցներ ձեռք առնել ամրացնելու հայկական շրջանների սահմանները բոլոր ուղղություններով` կազմակերպելով աչալուրջ հսկողություն և հետախուզություն:
Օսմանցիները և նրանց գործակից Ադրբեջանի մուսավաթականները այնպես էին կարծում, թե թուրքական զինված ուժերի մուտքը Շուշի Սյունիքի հայության մեջ առաջ կբերի խուճապ, որի հետևանքով Անդրանիկը կարող է զրկվել բնակչության պաշտպանությունից և ստիպված լինել հեռանալ Սյունիքի սահմաններից, որից հետո, կարծում էին, կհեշտանար թուրքերի համար Սյունիքի զավթումը: Բայց նրանք չարաչար սխալվում էին իրենց հաշիվների մեջ: Ոչ միայն Սյունիքը, այլև Ղարաբաղի գյուղացիությունը չենթարկվեց խուճապի, երբ թուրքերը Շուշի մտան: Հայկական զինված ջոկատները հետախուզության համար երբեմն հասնում էին մինչև քաղաքի պարիսպների տակ, խուճապ առաջ բերելով հենց իրենց` թուրքերի մեջ: Այդ ուժերը, եթե պետք լիներ, ամեն վայրկյան կարող էին ոչնչացնել Խանքենդ ավանի զորանոցներում տեղավորված թուրքական զորամասը ու ճանապարհներին հսկող պահակախմբերը, և կրկին գրավելով Ասկերանը, կրակի օղակի մեջ առնել թուրքերին Շուշում[3]:
Գավառը երբեք անձնատուր չեղավ թուրքերին և չճանաչեց Ադրբեջանի իշխանությունը: Դա դեռևս 1918 թվին էր, երբ թուրքական վտանգը դամոկլյան սրի պես շարունակվում էր կախված մնալ հայության գլխին:
***
Թուրք հրամանատարությունը հենց առաջին օրվանից քաղաքը հայտարարեց պատերազմական դրության մեջ: Երեկոյան ժամը 8-ից հետո փողոց դուրս գալը արգելված էր: Զենք պահելու համար սահմանվեց մահվան պատիժ: Հայկական մասում թուրքերը խախեցին Սավադ անունով մի մանրավաճառ հայ երիտասարդի` խանութում հրացան պահելու համար: Դրանից առաջ մուսուլմանական մասում նրանք կախել էին մեկ, թե երկու տեղացի մուսուլմանների «անկարգության համար»:
Ամբողջ օր ու գիշեր հայկական և մուսուլմանական մասում շրջում էին թուրքական պարեկները, հայկական մասում` ավելի ուժեղացրած կազմով:
Պիտի խոստովանել, որ թուրք սպաների և ասկերների վերաբերմունքը հայ բնակչության և առանձնապես կանանց նկատմամբ զուսպ էր և նույնիսկ քաղաքավարի: Թուրքերը քաղաք էին բերել իրենց զորքերի համեմատաբար կարգապահ և կիրթ ստորաբաժանումներից: Նրանք քաղաք չմտցրին ադրբեջանական զինվորների, որովհետև նրանց վրա նայում էին արհամարհանքով:
Քաղաքի հայ բնակչության շրջանում շարունակում էր իշխել վհատ տրամադրությունը, որը սաստկանում էր պարենավորման ճգնաժամի սրվելով: Օսմանցիք քաղաք մտնելուց հետո հայ գյուղացիները դադարեցին հացահատիկ բերել քաղաք վաճառելու: Հացի գները արագ կերպով բարձրացան` 90 կոպեկից մինևչ 1,5-2 ռուբլի մեկ ֆունտ (մոտավորապես 400 գրամ) հացի համար:
Դրամանիշների սովը ավելի էր ծանրացնում կացությունը: Թուրքերը սկզբում հայտարարեցին, որ երկրի կարիքների համար շուտով քաղաքը կստանա 8-10 միլիոն ռուբլի, բայց ոչինչ չստացվեց:
Քաղաքի չքավորության վիճակը անսահմանորեն դառնացավ:
Թուրքերը պահանջեցին հայերից մարդ ուղարկել գավառ համոզելու գյուղացիությանը ճանաչելու Ադրբեջանի իշխանությունը: Բայց այդ նպատակով գավառ ուղարկված քահանաները հազիվ էին կարողացել գլուխներն ազատել վրդովված գյուղացիների ձեռքից:
Գավառի դրությունը սկսեց ավելի և ավելի անհանգստացնել ու երկյուղ ներշնչել թուրքերին: Այդ պատճառով նրանք ստիպված եղան իրենց ուժերի որոշ մասը Շուշուց տեղափոխել Խանքենդ, քաղաքում թողնելով միայն հազար ասկերներից քիչ ավելի: Խանքենդ ուղարկված ուժերը տեղում եղածների հետ պիտի ծառայեին իբրև առաջակալ քաղաքը և Աղդամի հետ քաղաքը կապող խճուղին Խաչենի և Ջրաբերդի զինված ուժերից պաշտպանելու համար, որոնց հետախուզական արշավները դեպի քաղաքի մոտակայքը և Ասկերան-Շուշի խճուղին սկսել էին ավելի աշխուժանալ:
Հոկտեմբերի 16-ին Շուշի եկավ Նուրի փաշան: Քաղաքի հայկական մասում սկսեցին լուրեր տարածվել, որ օսմանցիները ինչ-որ նենգ ծրագրեր են որոճում քաղաքի հայերի դեմ, գավառի անհնազանդությունը վերագրելով շուշեցի հայերի սադրանքներին: Այդ լուրերը դրդեցին կառավարության նախագահ Իշխանյանին` գաղտնի նամակով շտապ քաղաք կանչել զինվորական գործերի կառավարչին: Նամակում իմիջիայլոց մատնանշվում էր հայկական քաղաքամասի այն զարտուղի մուտքերը, որոնք ազատ էին թուրքերի հսկողությունից:
Հոկտեմբերի 19-ին, գիշերվա մոտ, ծպտյալ քաղաք մտան զինվորական գործերի կառավարիչը և ներքին գործերի կառավարիչ Լևոն Վարդապետյանը: Վերջինս, հակառակ զինվորական գործերի կառավարչի նախազգուշացման, գնաց իր տունը, իսկ զինվորական գործերի կառավարիչը` հայկական մասի խուլ անկյուններից մեկում ապրող բարեկամներից մեկի մոտ:
Հենց այդ գիշերը, լուսաբացին, քաղաքում սկսվեցին հայերի ձերբակալությունները: Բռնեցին կառավարության անդամներին և հայերից աչքի ընկնող մարդկանց, թվով մոտ 70 անձ: Ձերբակալվեց նաև ներքին գործերի կառավարիչ Լևոն Վարդապետյանը: Զինվորական գործերի կառավարչին տանը չգտնելով, բանտ տարան նրա ծնողներին` Բահար և Գրիգոր Թումանյաններին[4]: Ձերբակալությունների սկզբում հայկական քաղաքամասի կոմիսարը անձամբ տեղեկացրեց զինվորական գործերի կառավարչին սկսված ձերբակալությունների մասին և առաջարկեց շտապ տեղափոխվել մի ուրիշ, ավելի անվտանգ տեղ: Կառավարիչը ռեալական դպրոցի աշխակերտի գլխարկ ծածկելով, շտապ դուրս եկավ փողոց` մտադրվելով թաքնվել իր մի այլ բարեկամի մոտ: Նա պիտի գնար մի կարճ և նեղ փողոցով ու ապա անցներ նրա հանդիպակաց մի ուրիշ նույնանման փողոց` կտրելով այդ երկու սակավամարդ փողոցները տրամախաչող լայն ճանապարհը: Կառավարչին առաջնորդող պատանին, որ գնում էր նրանից մի 15-20 քայլ առաջ, պիտի ազդանշաներ, եթե նկատեր մոտեցող թուրքական պարեկ կամ որևէ կասկածելի մեկին: Պատանին հենց ոտ է դնում խաչմերուկում, նրա առաջ է դուրս գալիս աջ թևի ուղղությամբ դանդաղ առաջացող թուրքական շրջիկ պարեկը: Տղան կորցնում է իրեն, և առանց ազդանշելու, արագ կտրում, անցնում է մյուս փողոցը: Ասկերների մոտիկությունը հնարավորություն չի տալիս թաքնվելու զինվորական գործերի կառավարչին, որին հավանորեն նկատել էին թուրքերը: Կասկածի տեղիք չտալու համար, կառավաիչը հանգիստ քայլերով մոտենում է պարեկին և անխռով կանգ առնում խաչմերուկի մայթի վրա, սպասելով մինչև որ պարեկի 5-ական ասկերներից բաղկացած վեց շարքերը անցնեն: Պարեկի պետը երևի կարծելով, որ ոսկեփայլ կոկարդով երիտասարդը[5] ինչ-որ տեղական նշանավոր պաշտոնյա է կամ գուցե զինվորական, հրամայում է ասկերների վերջին երկու շարքերին կանգ առնել և նրան ճանապարհ տալ անցնելու փողոցի հակառակ կողմը: Կառավարիչը ձեռքով «շնորհակալության» նշան է անում թուրք սպային և անվրդով անցնելով ասկերների շարքերի միջով, քայլերն ուղղում է դեպի դիմացի նեղ փողոցը, ուր իրեն առաջնորդող պատանին, փողոցի մի անկյունում կծկված, գունաթափ, դիտում էր գաղտուկ, թե ինչով կվերջանա կառավարչի ակամա հանդիպումը օսմանցի ասկերների հետ ... Եվ ինչքան մեծ եղավ պատանու զարմանքը և ուրախությունը, երբ զինվորական գործերի կառավարիչը բռնեց նրա թևից և ասաց. «Գնանք, քանի ուշ չէ ...»:
Անտարակույս, եթե Նուրի փաշան տեղեկանար, թե ում է անզգուշաբար բաց թողել ձեռքից թուրքական պահակախումբը, նա երևի խստորեն կպատժեր նրա պետին անփութության և անշրջահայացության համար:
Թուրքերը բոլոր ձերբակալվածներին փակեցին նախկին ռուսական բանտի նեղ, մութ ու կեղտոտ կամերաներում: Սկզբի օրերին թույլ չէր տրվում որևէ հարաբերություն հարազատների հետ: Նրանց կերակրում էին վատ, զբոսանքի դուրս չէին բերում, կամերաներում օդափոխություն չէր կատարվում: Բանտում պաշտոնավարող մի թուրք սպա բանտարկված հայերից մեկին ասել էր. «Ձեզ շուտով կտանեն հարցաքննության: Եթե դուք ճիշտ ցուցմունքներ չտաք հայերի ունեցած զենքի քանակի մասին և չմատնանշեք, թե ովքեր են դրդում գյուղացիներին չճանաչելու Ադրբեջանի իշխանությունը, այն ժամանակ դուք ձեզ մեղադրեցեք...»:
Օսմանցիների վաղեմի սիրած մեթոդն էր նվաճված ժողովուրդների ընդվզումները ճնշել նախապես նրաց առաջնորդներին դավով ձերբակալելուց կամ ոչնչացնելուց հետո: Այդ մեթոդով օսմանցիք փորձեցին գործել նաև Ղարաբաղում, բայց հանդիպեցին անհաջողության: Ինչո՞ւ: Որովհետև ամենից առաջ ժամանակը գործում էր ի վնաս թուրքերի անդրկովկասյան ավանտյուրայի: Ապա չի կարելի չնշել նաև, որ Ղարաբաղի հայությունը օսմանյան ճնշումներին երբեք չէր ենթարկվել և թուրքերից չէր վախենում: Քաղաքի հայրենասեր մտավորականությանը բռնելով և բանտ նետելով, գավառը դրանով անգլուխ չէր մնում. յուրաքանչյուր շրջան ուներ ժողովրդից ընտրված իր քաղաքացիական և զինվորական մարմինները: Շրջանների զինվորական ղեկավարները կապ էին պահում իրար հետ և խորհրդակցում թուրքերի հավանական ագրեսիային միացյալ ուժերով դիմադրելու համար:
Թուրքերը շուտով համոզվեցին, որ գավառը գործում է ինքնուրույն և այն հնազանդեցնելու համար անօգուտ է քաղաքի հայ մտավորականներին ճնշումների ենթարկել:
***
Քաղաքի ձերբակալություններից մի քանի օր հետո, հոկտեմբերի 23-ին, Կարյագինոյի փաշան («կոմենդանտը») Շուշու թուրք հրամանատարության կարգադրությամբ պահանջեց Դիզակի շրջանից` ճանաչել Ադրբեջանի իշխանությունը: Թուրքերը, այդպիսով, գավառը իրենց ենթարկելու փորձը սկսում էին Դիզակից, անտարակույս, նկատի ունենալով ամենից առաջ Դիզակի ռազմագիտական դիրքը: Եթե նրանք փորձեին, ինչպես մտադիր էին, հարձակվել Զանգեզուր վրա, այդ դեպքում Դիզակի զինված ուժերը, օգտվելով սեփական շրջանի նպաստավոր տեղադրությունից, Վարանդայից եկած ուժերի հետ համատեղ, կարող էին իրենց դիվերսիոն գործողություններով սպառնալ ոչ միայն օսմանյան զորքերի կոմունիկացիաներին, այլև թիկունքին:
Դիզակն ուներ մի խիզախ, եռանդուն և փորձված հրամանատար` Լալայանը, որը միաժամանակ վարում էր Վարանդայի զինված ուժերի հրամանատարությունը: Նա մասնակցել էր նաեւ կամավորական շարժմանը, Անդրանիկի և Քեռու հետ:
Լալայանը պատասխանեց փաշային, որ Դիզակը երբեք գլուխ չի խոնարհել թշնամու առաջ, իսկ եթե փաշան վստահ է իր ուժերի վրա, թող փորձի զենքի ուժով նվաճել Դիզակը: Այդ պատասխանից մի քանի օր հետո Լալայանին տեղեկացրին Վարանդայից, որ օսմանցիները Շուշուց Վարանդայի վրայով դեպի Կարիագինո են շարժում մի զորամաս, բաղկացած 400 ասկերներից, «շնայդեր» սիստեմի մեկ թնդանոթով և մի քանի ձեռքի գնդացիրներով: Զորամասին առաջնորդում են իբրև ուղեցույցներ ռուսական նախկին գավառապետ Խոսրով-բեկ Ֆոլատովը (ադրբեջանցի) և ղարաբաղի ճանապարհներին քաջածանոթ նախկին ցարական մի ծառայող: Զորամասը գործելու էր Կարիագինոյի փաշայի հրամանատարության տակ և տեղական ուժերի հետ փորձելու էր մտնել Դիզակ ու, հաջողության, դեպքում, տեղավորվելու նրա կենտրոնի` Հադրութի զորանոցներում:
Լալայանը վճռում է թուրքական այդ զորամասը ոչնչացնել Վարանդայում, նախքան նրա Կարիագինո հասնելը: Զորամասը ինքնին մեծ ուժ չէր ներկայացնում, բայց Կարիագինո հասնելով, նրա ուժը պիտի տասնապատկվեր և դառնար չափազանց վտանգավոր ոչ միայն Դիզակի, այլև Վարանդայի համար: Լալայանը իր զինակիցներից մեկին` Դիզակի Կարմրակուճ գյուղացի Ասլանիկին, մի խիզախ և փորձված երիտասարդի, կարգադրում է Դիզակի և Վարանդայի զինված ուժերով ջարդել թուրքական ջոկատը:
Ասլանիկը երկու հարյուրից ավելի մարտիկներով մոտենում է Վարանդայի հայկական Մսմնա գյուղին, որտեղ հանգստանում էին ասկերները: Տեղեկանալով, թե որ ճանապարհով մտադիր է շարժվել զորամասը, Ասլանիկն իր մարտիկներով աննկատելիորեն բռնում է գյուղի հարավ-արևելյան կողմում գտնվող ձորի երկու կողմերի բարձունքերը: Երբ ասկերների զորամասը մտնում է ձորով անցնող ճանապարհը, հանկարծ նրա վրա սկսում է կարկուտի պես գնդակներ տեղալ: Չնայած թուրքերի համար ստեղծված խիստ աննպաստ մարտական իրադրության, այնուամենայնիվ, նրանք ցույց են տալիս համառ դիմադրություն: Կռիվը տևում է մինչև մութն ընկնելը: Ասլանիկը նոր օգնական ուժեր ստանալուց հետո միայն հաջողում է ջարդել զորամասը: Ասկերներից ազատվում են քչերը, որոնք Ֆոլատովի առաջնորդությամբ, օգտվելով մութից և ձորը նոր կոխած մառախուղից, կարողանում են մի կերպ գլուխներն ազատել: Դրանց հաջողվում է իրենց հետ տանել գնդացիրները, իսկ թնդանոթն ընկնում է հայերի ձեռքը[6]:
Թուրքական հրամանատարությունը հայերին պատժելու համար մի գումարտակի չափ զորք ուղարկեց դեպի Վարանդա, բայց զորամասը Տրնավազ գյուղի մոտից վերադարձավ քաղաք, հայտնելով, որ հայերը տասնապատիկ ավելի մեծ ուժեր են կուտակել իրենց դեմ, բռնելով շրջանի ռազմագիտական բոլոր կարևոր կետերը: Թուրքերը պատրաստվում էին Աղդամից և Գանձակից զորքեր դուրս բերել Վարանդայի վրա հարձակվելու համար, բայց այդ, բարեբախտաբար, նրանց չհաջողվեց: Օսմանցիները Վարանդայում կրած ամոթալի պարտությունը ստիպված եղան կուլ տալ, որովհետև նրանք Շուշում երկար չմնացին: Ջամիլ-Ջայիդ-բեյը հոկտեմբերի 29-ին պահանջեց քաղաքի հայերից մարդ ուղարկել Վարանդա և համոզել վերադարձնելու թնդանոթը: Այդ միսիայով ուղարկված Տեր Կարապետ Վարդապետյանը, Գրիգոր Ղարագյոզյանը և Անուշավան Տեր-Միքայելյանը վերադարձան ձեռնունայն, հայտնելով, որ գյուղացիները ոչ միայն մերժել են վերադարձնել թնդանոթը, այլև իրենցից պահանջել են հայտնել թուրքերին, որ նրանք ինչքան շատ զորք և շատ թնդանոթներ ուղարկեն գավառ, դարձյալ հայ մարտիկները պատրաստ են առաջվա պես « դիմավորելու» նրանց ուրախությամբ:
***
Հոկտեմբերի 26-ից թուրքերը սկսել էին բոլոր ձերբակալվածների հարցաքննությունը: Նրանք յուրաքանչյուրից պահանջում էին հայտնել հայերի մոտ եղած զենքի քանակը, այլև այն մարդկանց անունները, որոնք հորդորում են գավառին չհնազանդվել Ադրբեջանին: Ոչ ոք, բնականաբար, չէր կարող թե մեկ և թե մյուս հարցին բավարար պատասխան տալ: Երբ ձերբակալված զինվորականներին սկսեցին շատ նեղել զենքի քանակության վերաբերյալ տեղեկություններ ստանալու, նրանք կամ ուռճացած թվեր էին ասում թուրքերին երկյուղ ներշնչելու նպատակով և կամ հայտնում էին, որ այդ թվերին տեղյակ է միայն զինվորական գործերի կառավաիչը, խրախուսվելով այն բանից, որ զինվորական գործերի կառավաիչը թուրքերի ձեռքը չէր ընկել:
Հարցաքննության ժամանակ թուրքերը խոշտանգել էին երկու հոգու` կառավարության նախագահ Իշխանյանին և իրվաբան Ստեփան Մանդինյանին, անկասկած, տեղական բեկերի թելադրանքով:
Հոկտեմբերի 28-ին թույլատրվեց հարազատներին տեսակցել բանտարկյալների հետ, իսկ հաջորդ օրը, անսպասելի կերպով, բանտից ազատ արձակվեցին բոլոր բանտարկյալները: Այդ օրը թուրքերը պահանջեցին հայերից 100 հազար ռուբլի: Շուշեցի հայ ունևորները ստիպված եղան այդ գումարը իրենց մեջ հավաքել և հանձնել: Օսմանցիները, սակայն, դրանով չբավականացան: Նրանք յուրաքնաչյուր հայ ընտանիքից պահանջեցին նաև մի-մի ձեռք սպիտակեղեն և մեկական դույլ: Այդ էլ հավաքեցին ու հանձնեցին:
Չպիտի կարծել, որ թուրքերը այդ պահանջներով կամեցան հայերից մի տեսակ փոխհատուցում կորզել գավառում կորցրած իրենց 350-ից ավելի ասկերների արյան և կորցրած զենքի համար: Ոչ: Օսմանցի փաշան առհասարակ սովորություն ունի ամեն պատեհ առիթից օգտվելով` կողոպտել, կողոպտել անգամ սեփական ժողովրդին:
Թուրքերը իրենց հետ Շուշի էին բերել Խոսրով-բեկ Սուլթանովին և նշանակել նրան Ղարաբաղի գավառապետ, տալով մի հայ օգնական: Բայց որովհետև գավառը երբեք չենթարկվեց ոչ օսմանցիներին և ոչ էլ Ադրբեջանին, իսկ Շուշում իշխանությունը անբաժան կերպով իր ձեռքում էր պահում թուրքական հրամանատարությունը, այդ պատճառով Սուլթանովի գավառապետական իրավունքները վեր էին ածվել ֆիկցիայի: Նա Շուշում անելիք չուներ, իսկ գավառ դուրս գալ չէր համարձակվում, որովհետև հայ գյուղացիները նրան իսկույն կհոշոտեին: Սուլթանովը միայն 1919 թվին անգլիացիների հովանավորությամբ և նրանց ակտիվ աջակցությամբ դարձավ այս անգամ Ղարաբաղի նահանգապետ, թեպետև ոչ քաղաքի հայկական մասը, ոչ էլ գավառը դարձյալ չճանաչեց Ադրբեջանի իշխանությունը և Սուլթանովին իբրև նահանգապետ: Դա տևեց մինչև Ղարաբաղի հայության 7-րդ համագումարը: Այդ ծանր և երկարատև պայքարի մասին մենք հանգամանորեն խոսելու ենք այս աշխատության երկրոդ մասում:
***
Օսմանյան կառավարության Անդրկովկասյան դիվանագիտական ներկայացուցիչ Աբդուլ-Քերիմ-փաշան դեռևս 1918 թ. հոկտեմբերի 12-ին, թե 13-ին Պոլսից հեռագիր էր ստացել` Անդրկովկասում գտնված թուրքական զինված ուժերը ետ քաշելու դեպի Բրեստի պայմանագրով որոշված սահմանագիծը: Դա բացատրվում էր` մի կողմից Թուրքիայի դաշնակից Գերմանիայի ժխտական դիրքով օսմանցիների Անդրկովկասյան ավանտյուրիայի նկատմամբ, ապա` այն ծանր պարտություններով, որ կրում էր Թուրքիան համաշխարհային պատերազմի ճակատներում:
Սակայն, Նուրի փաշան այդքան շուտ չենթարկվեց Կ. Պոլսի կարգադրությանը: Թուրքական զինված ուժերը թե Բաքվում և թե Շուշում դեռ շարունակում էին մնալ իրենց տեղերում: Թուրքական հրամանատարությունը չէր կամենում Ադրբեջանը ձգել բախտի քմահաճույքին: Օսմանցիները տարված էին Ադրբեջանի սահմանների ընդարձակման և ապահովության հարցերը արագորեն լուծելու մտահոգությամբ և ապա միայն քաշվելու արևլյան Անդրկովկասից: Այդ սահմանային հարցերի մեջ առաջնակարգ տեղ էր գրավում Լեռնային Ղարաբաղի և Զանգեզուրի հայաբնակ գավառները Ադրբեջանին կցելու հարցը: Բայց օսմանցիներին այդ չհաջողվեց:
***
Թուրքերը սկսեցին իրենց ուժերը մաս-մաս դուրս բերել Շուշուց և Խանքենդի ավանից, աշխատելով, որ զորքերի այդ տեղաշարժը հայերը չնկատեն: Հոկտեմբերի 29-ին նրանք ունեին Շուշում ընդամենը ոչ ավելի, քան 200 ասկերներ, որոնք, պարեկային խմբերի բաժանված, շարունակում էին զորապարպի քողարկման համար շրջել հայկական քաղաքամասի գլխավոր փողոցներով: Իսկ Խանքենդի ավանում տեղավորված զորքերը, գիշերները, հայերից աննկատելիորեն, արդեն տեղափոխվել էին Աղդամ:
Ադրբեջանում գտնված թուրքական զորքերին փոխարինելու համար օսմանյան հրամանատարությունը հայտարարեց զորահավաք տեղական մահմեդական բնակչության շրջանում: Զինվորական ծառայության անսովոր լինելով, մուսուլման բնակչությունը մեծ անբավականությամբ ընդունեց զորահավաքի կոչը: Օսմանցի սպաները և ասկերների ավագները սկսեցին մեծ եռանդով վարժեցնել «ղարափափախավորներին» ռազմական գործին: Վարժեցման մեթոդները, սակայն, այնքան դաժան էին, որ ադրբեջանցի զինվորներից շատերը չդիմանալով` փախչում և թաքնվում էին իշխանություններից:
Հոկտեմբերի 29-ին Շուշու մուսուլման ինտելիգենցիայի նախաձեռնությամբ կազմակերպվեց բանկետ «ի պատիվ Ղարաբաղի հայ գործիչների»: Ներկա էին բանտից նոր ազատվածներից շատերը: Բանկետում առաջինը խոսեց Հասան-Բասրի-բեյը` Շուշու թուրքական մասի կոմենդատը: Նա երկար ու բարակ գովեց «հայ ժողովրդի բարեմասնությունները», նրա «ազնվությունը, քաջությունն ու հայրենասիրությունը», համարեց «թյուրիմացության արդյունք» հայ գործիչների բանտարկությունը և ոմանց վրա կատարված բռնություններն ու ցանկություն հայտնեց, որ այնուհետև ևս շարունակվեն բարի հարևանական հարաբերությունները հայերի և տեղական մուսուլմանների միջև: Երկու ժողովուրդների համերաշխության նշանակության վերաբերյալ «տաք» ճառեր ասացեին նաև քաղաքի մուսավաթականների ներկայացուցիչները:
Բանտի դաժան ռեժիմից նույն օրն ազատված Շուշու հայ մտավորականների առաջ կատարվող թուրք-ադրբեջանական այդ կեղծ ռեվերանսների պատճառը, մի երկու օր առաջ նրանց ծաղրուծանակի և խոշտանգումների ենթարկող մարդկանց կողմից, միանգամայն հասկանալի էր:
***
1918 թ. սեպտեմբերին անձնատուր էր եղել դաշնակիցներին Բուլգարիան: Իսկ հոկտեմբերի երկրոդ կեսում թուրքական բանակը մի շարք ջախջախիչ հարվածներ կրելուց հետո, վճռական պարտության էր մատնվել անգլո-ֆրանսիական միացյալ բանակների կողմից Միջագետքում, Սիրիայի և Պաղեստինի ճակատներում, Դարդանելում և Մակեդոնական ճակատում:
Հոկտեմբերի 30-ին, Լեմնոս կղզու Մուդրոս նավահանգստում, անգլիական «Ագամեմնոն» հածանավի վրա, Անտանտի զորքերի հրամանատարության և սուլթանական կառավարության միջև կնքվեց զինադադար, որի 11-րդ հոդվածը պարտավորեցնում է Թուրքիային դուրս բերելու իր զորքերն անմիջապես օսմանյան կայսրության արաբական մարզերից և Անդրկովկասի գրաված մասերից: Դաշնակից զորքերը իրավունք ունեին օկուպացիայի ենթարկելու թուրքական զորքերից 1918 թվին գրավված Բաթումը և Բաքուն, այլև հայկական վեց վիլայեթները, միայն «այն դեպքում, եթե նրանցից որևէ մեկում անկարգություններ ծագեն»[7]: (Ընդգծումները մերն են - Հ. Թ.):
1918 թ. հոկտեմբերի 31-ից սկսվեց թուրքական զորքերի պարպումը Անդրկովկասից: Միայն 1919 թ. ապրիլին թուրքերը վերջնականապես մաքրեցին նաև Ղարսի շրջանը` մինչև 1914 թ. սահմանը:
Զինադադարով պահանջվում էր զորացրել թուրքական բանակը[8]: Օգտվելով դրանից` Ադրբեջանում մնացին և շարունակեցին նրա բանակը կազմակերպել և գլխավորել շատ թուրքական սպաներ և ավագ զինվորներ` Նուրի, Քյազիմ և Խալիլ փաշաների գլխավորությամբ:
Թուրքերի հեռանալուց հետո Անդրկովկաս մտան անգլիացիները, ծպտված հայության բարեկամի դիմակի տակ:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՄՅԱՆ
Երեխայի դաստիարակության ժամանակակից խնդիրները
Դաստիարակության հիմնական նպատակը նոր ծնված երեխայի անձի ձևավորումն ու նրա հետագա զարգացումն է: Դաստիարակությունից է կախված շրջապատող իրականության երեխայի ընկալումը, նրա հարաբերություններh իր և շրջապատող մարդկանց հետ: Երեխայի ճիշտ դաստիարակության համար մեծ նշանակություն ունի շրջապատը, սակայն երեխան նախ դաստիարակվում է ընտանիքում, հետո՝ դպրոցում։
Այս հարցն այսօր շատ լուրջ է, քանի որ ներկա սերունդն ավելի շատ տեղեկատվություն է ստանում համացանցից, հեռուստատեսությունից։
Ծնողների զբաղվածությունը հանգեցնում է նրան, որ երեխան ավելի հաճախ է լինում հեռուստացույցի դիմաց, ինչն ունենում է բազմակողմանի ազդեցություն նրա անձի, լեզվական, խոսքային ունակությունների, արժեհամակարգի ձևավորման վրա: Առաջին բացասական ազդեցությունը, հոգեբանների կարծիքով, եթե երեխան լսում է ոչ գրագետ հայերեն, բնականաբար, նրա խոսքն էլ կձևավորվի այդպես։ Հայկական հեռուստաալիքներն, այդ առումով, շատ վատ «ուսուցիչ» են։ Կիսագրագետ խոսքը դարձել է հայկական հեռուստաալիքների յուրօրինակ այցեքարտը։
Կարևոր տեղ է զբաղեցնում ցուցադրվող կինոնկարների հերոսների անձնային որակների կրկնօրինակման երևութը: Նախկինում մուլտֆիլմի հերոսն իր արարքներով բարություն էր քարոզում՝ ինչպես օգնել ընկերներին, կամ ինչպես լուծել կոնֆլիկտները, իսկ մերօրյա հերոսները պարզունակ դերերով, զուրկ խորքայնությունից, արժեքներից, ագրեսիա են քարոզում: Իսկ այդ տեսարաններն ավելացնում են ագրեսիան՝ հասարակության մեջ:
Հեռուստաեթերից պակասել կամ իսպառ չքացել են մանկական հաղորդաշարերը, դրանց այսօր փոխարինում են կենցաղային մար-մունր պրոբլեմներով հագեցած անարվեստ սերիալները, որոնք խեղում են երեխայի մանկական հոգին:
Երեխանները պետք է մանկություն ունենան, պետք է հավատան հեքիաթներին, մեծահասակների կյանքի դրական կողմերի մասին ունենան ուրույն պատկերացումներ: Իսկ այսօր նրանք տեսնում և լսում են անթույլատրելի բաներ, կյանքի բացասական կողմերի վերաբերյալ վաղաժամ տեղեկություններ են ստանում, որոնք երեխայի զարգացմանը խանգարող երևույթներ են:
3 -7 տարեկան երեխանների երևակայաությունը պետք է ակտիվ զարգանա, իսկ եթե վերջինս ստանում է ավելորդ տեղեկություններ, դա խանգարում է նրա մտածողության զարգացմանը: Երեխան պիտի բուռն ապրումներ ունենա հեքիաթներից և մուլտֆիլմերից:
Ծնողների դերը երեխանների դաստիարակության գործում ավելի է կարևորվում: Հոգեբանները խորհուրդ են տալիս, որ ծնողներն իրենց երեխաններին ավելի շատ ժամանակ տրամադրեն, զբաղվեն նրանց հետաքրքրությունների շրջանակների ձևավորմամբ, հեքիաթներ պատմեն, զբոսնեն և միասին անցկացնեն իրենց ժամանակը:
ՄԱՐԻԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ԵՐԳ ՈՍԿԵՂԵՆԻԿ
Գուրգեն Միքայելյանը, որ նոր էր ավարտել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի լրագրության բաժինը, արցախյան շարժման տարիներին աշխատել «Խորհրդային Ղարաբաղ» թերթում։ Գուրգենին հանդիպեցի երկուսուկես տասնամյակ հետո միայն՝ Ֆեյսբուքի շնորհիվ, և նախկին համեստ ու ամոթխած երիտասարդի մեջ այս անգամ հայտնաբերեցի հասուն գրիչ ունեցող Գրողի։
Ծնվել է Օշականում: Երեք գրքի հեղինակ է («Եղիցի սեր կամ Երգող շատրվաններ», «Հորիզոնից այն կողմ», «Խաղում ենք բոլորս կամ Ներկայացում փլվող թատերաբեմի վրա»), որոնցից առաջին երկուսը բանաստեղծությունների ժողովածուներ են։
2012 թ. «Նոր ծիածան» հայ-հունական թատերախումբը Աթենքում բեմադրել է Գուրգեն Միքայելյանի «Կատակերգություն երրորդ ուղեծրում» պիեսը:
ԵՐԳ ՈՍԿԵՂԵՆԻԿ
Այբ, Բեն, Գիմ…
Եվ սկիզբ է առնում այսպես
Ոսկեղենիկ աղոթքը մեր:
Հատիկներն են հալվում խնկի
Բուրվառի մեջ շրթունքների:
Դա, Եչ, Զա…
Ղողանջում են զանգերն արծաթ,
Եվ Խորանից սուրբ Մաշտոցի
Արձագանքն է գալիս թովիչ.
Է, Ըթ, Թո…
Ամարասում դեռ չմարած լուսեղեն ձայն,
Ձայնի մի շող…
Ժե, Ինի, Լյուն…
Լինի կարծես թե հմայուն
Գարնանային քնքուշ զեփյուռ:
Երգ առվակի, սիրո շշուկ,
Որ գալիս է անուշաբույր
Մարգագետնից ծաղկասփյուռ:
Խե, Ծա, Կեն…
Մի քանի վանկ,
Մի քանի տառ խնկածաղկե,
Լոկ մի քանի հնչյուն ոսկե,
Բայց նրանցով ծով է ծփում,
Ծով է երգում մի անհատակ:
Հո, Ձա, Ղատ…
Հնչյուններ պարզ և անաղարտ,
Որոնք հաճախ, իրարու են երբ որ կապվում,
Դառնում սիրո թրթռուն խոսք,
Դառնում խոստում
Ու երդում են դառնում անխախտ…
Ճե, Մեն, Հի…
Տաղն է ձգվում հնամենի,
Որ բերել է դարերից հին
Պատմություններ անհատնելի:
Նու, Շա, Վո…
Ահա, մանչուկ մի շաղաոտ,
Մի աղջնակ ոսկեշաղոտ
Երգում են, թե Վահագն ինչպես
Վիշապների դեմ մարտնչեց:
Գովքն են անում Արամազդի
Ու Ոսկեմայր Անահիտի:
Չա, Պե, Ջե…
Լսեք, լսեք…
Քար են տաշում պապերը մեր:
Մուրճը նրանց այս վանկերով,
Հանգերով է խաչքարերի,
Խոյակների շուրթը պաչել:
Ռա, Սե, Վեվ…
Եվ պաշտել են խաչի նման
Հայրերը մեր տառերը այս:
Տառերը այս, որոնք, ինչպես քարեր հղկված,
Շարվել, դասվել իրար վրա,
Դարձել են սյուն:
Մի քանի սյուն Այբուբենի՝
Պահած իրենց կուռ ուսերին
Ծանր մի բեռ,
Ծանր մի ազգ…
Տյուն, Րե, Ցո…
Եվ սյունազարդ կառույցը այդ
Շքեղ տաճար դարձել լուսո,
Մի ապարանք դարձել ոսկե՝
Լույս է տվել դար ու դարեր`
Իբրև արև…
Ու, Փյուր, Քե…
Ու բյուր դարեր,
Անվերջ դարեր
Հնչելու է, ինչպես որ երգ,
Ոսկեղենիկ աղոթքը մեր …
Եվ, Օ, Ֆե
Ու բյուր դարեր,
Անվերջ դարեր
Հնչելու է մի սուրբ անուն,
Մի պարզ անուն,
Որի կողքին բառերն արդեն
Ավելորդ են դառնում ինքնին…
Մի պարզ անուն,
Եվ ամեն դար մեզ պես, ահա,
Իջնում է ծունկ…
ԳՈՒՐԳԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ. ԱՅՍ ՂԱՐԱԲԱՂՆ Է
Այս Ղարաբաղն է։
Եվ զգույշ մի քիչ, հրաբուխն հանգած
Կարող է հանկարծ
Քո ոտքերի տակ բորբոքվել նորից,
Դարերով լռած իր խառնարանից
Նետել հուր ու բոց,
Հողմահար անել և՛ բերդ, և՛ ամրոց։
Եվ մի քիչ կամաց. հողն ականջ ունի,
Ձայներ է բերում,
Ձայներ է տանում,
Մեր պապերն իրենց գերեզմաններից
Կարող են գոռալ.
- Այդ ի՞նչ ես անում։
Այս Ղարաբաղն է։
Մեր պատմիչներից մենք արդեն գիտենք,
Որ այր մի Մաշտոց՝ վանքում Ամարաս,
Դպրոց է բացել, հայ մանկանց կրթել
Լինելիության գրերով անմահ...
Սակայն որտեղի՞ց Մաշտոցն իմանար,
Որ այդ գրերով՝ մի հուդայածին
Պիտի զրպարտեր... Մեսրոպ Մաշտոցին.
Ո՞վ է Մաշտոցը՝ ոչ կոմունիստ է,
Ոչ քաղաքական գործիչ մեծանուն,
Նրա նկարը ո՞նց է տեղ գտել
Սոցիալիստական մեր թանգարանում։
Այս Ղարաբաղն է։
Անտառն ի՞նչ անի, երբ իր խորքերում
Հավքերի կողքին կռնչում է բուն,
Որ ծառերից են ծնվում որդերը,
Ծառերին ուտում։
Ախր դու ծովին ո՜նց մեղադրես,
Երբ շնաձուկը անկուշտ է ու նենգ,
Ասա, այս ժայռը ի՜նչ մեղավոր է,
Երբ իր ճեղքի մեջ օձն է բուն դրել...
Այս Ղարաբաղն է։
Եվ ո՞ւմ ես ուզում դու ապացուցել,
Որ նախ և առաջ հողն այս Արցախ էր.
Ինչ-որ պատմագետ արխիվներ պեղել
Եվ գիտե՞ք ինչ է նա հայտնաբերել.
Որ Ղարաբաղում հայեր չեն եղել,
Նրանք օտար են այստեղ ու տնկեց,
Սուրբ Մուհամեդը այս թշվառներին
Կորստից փրկեց
Իր սուրբ Ղուրանով...
Եվ պատմագետն այդ՝
Թուրք պատմիչների կեղտոտ մերանով
Լուտանքներ մերեց կճուճում իր գոս,
Հռչակվեց դոկտոր-ակադեմիկոս...
Այս Ղարաբաղն է։
Թեկուզ ժայռերը ի ծնե հավկուր,
Բայց իրենց գործը նրանք լավ գիտեն,
Թե որ փռշտաս դու Խոթավանքում,
Ձայնը կհասնի ո՜վ գիտե՝ որտե՜ղ...
Գերզգոններ կան անբան ու անքուն,
Որ «ազգամոլներ» հայտնաբերելով
Փափուկ պաշտոն ու աթոռ են ճանկում...
Եվ ի՜նչ տղերք են, ինչպե՜ս են պաշտում,
Ինչպե՜ս են շեֆի պատիվը պահում,
Շեֆը ամբիոնից թե որ փռշտում՝
Առաջինն իրենք են ծափահարում,
Թե շեֆն այդ ընկավ (աշխարհի գործն է),
Առաջինն իրենք պիտի քարկոծեն։
Այս Ղարաբաղն է,
Որ փոթորկվել է վտանգի պահին,
Ծառս եղել խրոխտ իր լեռների հետ,
Զորավարներ է տվել աշխարհին,
Ինքը մնացել առանց զորապետ...
Որ իր ոգին միշտ պահել է անբիծ
Ու խավարի դեմ լույսի դուռ բացել,
Սակայն չար բախտի բերումով նորից-
Զրկվել է հսկա իր կաղնիներից,
Գաճաճ թփերի հույսին մնացել։
Այս Ղարաբաղն է,
Ուր քաղցրությունը հակինթ խաղողի-
Գինու ոգին է, կարասի շունչը,
Կարծրությունը ապառաժ քարի-
Քարտաշն է զգում և նրա մուրճը։
Լեռը չափվում է ձորի խորությամբ,
Իսկ խորությունն այդ՝
Գետի զորությամբ։
Բայց երբ ճահիճն է հաճախ հանդգնում
Չափվել ծովի հետ՝ իր նեխած խորքով,
Եվ ինչպե՜ս լռես, երբ պղտոր առուն
Գետ է պղտորում՝ կեղտոտ լուտանքով։
Եվ ինչպե՜ս չասես ջորուն այս ամուլ,
Թե ձի ես իրավ, ո՞ւր է թափը քո...
Ծռություններ կան այս մեծ աշխարհում,
Որ չես ուղղի ոչ մի օրենքով։
Այս Ղարաբաղն է։
Եվ ծնել է նա շեփորահարներ,
Թմբուկ-պոետներ՝ հանգավոր ճառի,
Որ ներբողներ են անվերջ հորինել
Վասն քծնանքի ու... հոնորարի,
Եվ առանց խղճի, առանց ամոթի
Շողոքորթել այն ավանտյուրիստին,
Որ կոխկրտելով ամեն սրբություն-
Ազգայինի մեջ տեսել է միայն
Ազգամոլություն...
Այն մոլագարին, որ ամբիոնից
Վիրավորել է մեր հայ լինելը,
Եվ չգիտես ինչ ճանապարհով պիղծ՝
Հռչակել իրեն մեր բախտի տերը...
Այս Ղարաբաղն է։
Որքան կռունկներ չվեցին անդարձ
Ու որքան բներ թափուր են մնում,
Եվ ո՞վ է, արդյոք, ստուգել նրանց
Չվացուցակը, թե ուր են գնում,
Ի՞նչ են կորցրել, ո՞ւմ են որոնում.
Իր պաշտոնական աթոռը գրկած
Բյուրոկրա՞տը պիտի հարցներ,
Երբ նա գտել էր, ոչ թե կորցրել...
Եվ եղան նաև խիզախ ասպետներ,
Քաջ նետաձիգներ՝ ատոմի դարում,
Որ սուր ճոճելով հողմաղացի դեմ,
Հռչակվում էին նոր դոնկիխոտներ...
Այս Ղարաբաղն է։
Բլրի կատարին մի հրաշք արձան՝
Իմ պապն ու տատը,
Քո պապն ու տատը...
Եվ մի մոլագար, ստահակ մի նենգ՝
Ատրճանակի սև փողի նման
Ցցեց իր մատը
Մեր հրաշքի դեմ,
Ոռնաց կատաղի. «Իսկ ի՞նչ եք գտել
Դուք այս քարակերտ քարակույտի մեջ»։
Եվ նա հասկացա՞վ, որ մենք անմահ ենք՝
Իմ պապ ու տատով,
Քո պապ ու տատով,
Մեր պապ ու տատով,
Մեր նախնիների պայծառ հավատով...
Գոյատևելը թե որ արատ է,
Փույթ չէ, թող տանջվենք մենք այդ արատով։
Այս Ղարաբաղն է։
Ծառը հզոր է, երբ արմատները
Խորն են մխրճված մայր հողի գրկում,
Գետի թիկունքում կանգնած է լեռը,
Եվ դրա համար նա չի ցամաքում.
Արմատներով են կաղնիները վես,
Լեռների մեջ է ուժը գետերի...
Երբ նախորդներդ չեն խանգարում քեզ,
Մի վիրավորիր քո հետնորդներին։
Այս Ղարաբաղն է-
Մեր սուրբ օջախը, ծուխը ծխանի,
Որ բարձրացել է եղեգան փողից,
Տագնապի գոչը Ձենով Օհանի,
Որ Սասնա Դավթին դուրս բերեց հորից.
Հեռատես աչքը Մելիք Ավանի,
Որ կամուրջ ձգեց մեր այս լեռներից
Մինչ հողը Ռուսաց,
Հրաշք տաճարը մեր Գանձասարի
Եվ փառավորված
Մեսրոպյան գրով՝ Ամարաս վանքը,
Հարատևելու այն սուրբ տանջանքը,
Որ հավասար է խոլ-խիզախության,
Հպարտ թևելու այն վեհ խոյանքը,
Որ հատուկ է մեր թևերին միայն,
Եվ այն զրկանքը,
Որ մեզ լիաբուռ պարգևեց տերը,
Այն սուրբ կապանքը,
Որ մենք ենք ահա ու մեր լեռները...
Այս հողի վրա դու զգույշ քայլիր,
Մաքրիր ոտքերդ, դիմակդ հանիր,
Եվ հիշիր մեկ-մեկ
Պսակազերծված առաքյալներին.
Լեռները լուռ են,
Բայց ոչ խուլ ու կույր՝
Տեսնում են, զգում.
Քարը խոսում է,
Քարը ասում է.
Հին հրաբխի խառնարանում դեռ
Հուրը չի պաղել...
Այս Ղարաբաղն է։
1979 թ.
(տպագրվում է կրճատումներով)
Հայրս
Մի օր մտածեցի, որ արդեն կարգին մեծ եմ ու կարող եմ հորս խորհուրդ տալ։ Ասացի՝ «Պապ, ախր ինչո՞ւ ես քո թշնամիներին ցույց տալիս, որ իրենց չես սիրում, ատում ես։ Ինչո՞ւ ես ամեն ինչ երեսներին ասում, ձեռ առնում ու դարձնում նրանց քո թշնամին»...
Շատ տարիներ են անցել։ 1987-ի այս օրը՝ փետրվարի 23-ին ծանր հիվանդությունից վախճանվեց հայրս և մնաց միայն ապրողներիս հուշ-հիշողություններում ու իր ստեղծագործություններում։ Եվ ահա, տարիներ հետո, հաճախ եմ մտածում, որ ես ևս չեմ հետևում իմ այն խորհրդին, որ տվել էի հորս։ Իմ բոլոր հակառակորդ-թշնամիները գիտեն, թե ինչ եմ մտածում իրենց մասին։ Գիտեն, որովհետև դա չեմ թաքցնում, չեմ կարողանում թաքցնել, չի ստացվում։ Դե, երևի իրավացի է ժողովուրդը՝ «Խնձորը ծառից հեռու չի ընկնում»։ Հաճախ՝ բարեբախտաբար, երբեմն՝ դժբախտաբար...
Մանկությանս տարիներին ինձ թվում էր, թե երգիծանքը ծնվել է հորս հետ։ Անսպառ էր նրա հումորը։ Ու այն շռայլել է տարբեր ժանրի իր բազում ստեղծագործություններում։ Նրա էպիգրամների, պամֆլետների «տակ ընկածներն» առայսօր զրպարտություններ են մոգոնում և, «Օվյան» ազգանունը լսելիս, ոռնում ինչպես շունը լուսնի վրա։
ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
ՀԱՄԱՐԻ ԱՍՈՒՅԹԸ
Հայի նախանձ և հայի մեծամտություն. երկու քրոնիկական-ազգային հիվանդություն, որ դարեր ի վեր բազում չարիք են պատճառում մեր ժողովրդին...
ԱՄՍՎԱ ԱՍՈՒՅԹԸ
1936-1937-ին ու նաև հետագա տարիներին, այսպես կոչված, անձի պաշտամունքի ժամանակներում բնակչության թվի համեմատ տված զոհերի, կորուստների թվով, որքան գիտեմ, նախկին խորհրդային ժողովուրդների մեջ առաջին տեղում ենք։ Միանշանակ Ստալինը, Բերիան շանորդիներ են։ Բայց ես չեմ կարծում, որ Չարենցի, Բակունցի, Թոթովենցի ու հազարավոր մեր տաղանդավոր, շնորհալի, նվիրյալ մտավորականների սպանության ամենամեծ մեղավորը նրանք են։ Նրա՛նք են դատավճիռն ի կատար ածել, բայց մինչ այդ ազգի սերուցքի դեմ զրպարտագիր գրողը, ցուցմունք տվողը, դատ անողը մեր ներքին տականքը՝ նախանձ, չկայացած, փչացած զանգվածն է եղել։ Հենց սրա՛նք են ամենամեծ պատասխանատուն, սրա՛նց գոյությամբ են պայմանավորված մեր ժողովրդի բոլոր ողբերգությունները։ Թուրքին, ռուսին, մոնղոլին հավասար դարեր շարունակ սրանք ամայացրել են Հայոց երկիրը։
Ցավն այն է, սակայն, որ այդ ծախու, զրպարտիչ, նախանձ ու ստոր շանորդիների զավակները, թոռները, ծոռներն այսօր էլ դեռ կենդանի են ու շարունակում են իրենց պապերի «սուրբ գործը»։ Եվ սրանք, այս հուդաներն ամենուր են, ցավոք։ Երիցս անիծյալ լինեն նրանք։ Մեր ազգի այս չարորակ ուռուցքը պետք է բուժվի, Թումանյանի ասած՝ կոխկրտված, տրորված այս վարունգը պետք է դեն նետվի, որ ազգ ու պետություն դառնանք, այլապես մնալու ենք ազգաբնակչություն ու տարածք՝ «ՀՀ» պայմանական անվամբ։
Комментариев нет:
Отправить комментарий