24.1.14

Հունվար 2014


ՏԽՈՒՐ Է, ՑԱՎԱԼԻ ԵՎ ԱՄՈԹ

2014-ի առաջին ամիսն ավարտվում է։ Պուտինյան Ռուսաստանի «մաքսային միություն», այսպես կոչված, օպերացիայի արդյունքում երբեմնի խաղաղ Ուկրաինան փոթորկվում է։ Ուկրաինացիները պայքարում են իրենց պետականության, անկախության համար։ Ռուսները եթերից, լրատվության բոլոր տեսակներից գլխիվայր շրջված ներկայացնում են ուկրաինական Մայդանում և ողջ երկրում կատարվող իրադարձությունները, ինչպես երկուսուկես տասնամյակ առաջ աղավաղված, թունոտ տեղեկատվություն էին սփռում Արցախյան շարժման, «հայ ծայրահեղականների» մասին։

 Ի տարբերություն Ուկրաինայի, Հայաստանը շատ հեշտ ու խաղաղ կուլ է տվել «մաքսային» խայծը և հանգիստ սպասում է, թե ինչ է լինելու հետո։ Միամիտներն են միայն համոզված, որ հետո լավ է լինելու։ Բայց ոչ միայն «մաքսային ճահճի» առումով։ Ռուսաստանի ողջ ուշադրությունը ոչ միայն ուկրաինական իրադարձությունների վրա է բևեռված, այլև մեր տարածաշրջանի, որտեղ Իրանը բարելավում է հարաբերությունները ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ, իսկ Իրանին Արևմուտքի հետ կապող ամենահարմար ճանապարհն անցնում է Հայաստանով, որի բանալիներն արդեն գտնվում են Կրեմլում։

Մամուլում կարծիքներ են հնչում, որ Իրանի ու Արևմուտքի ջերմացող հարաբերություններն ու երկուստեք փոխշահավետ ծրագրերն ի չիք դարձնելու համար Մոսկվան պատրաստ է Ադրբեջանա-ղարաբաղյան նոր պատերազմ հրահրել, որպեսզի ռուսական սապոգի համար հող նախապատրաստի մուտք գործելու Արցախ, այսպես կոչված, խաղաղարարի դիմակով...

ԱՄՆ-ն մտածում է, Եվրոպայում խորհում են, Ռուսաստանը նոր որոգայթներ է մտմտում, Ուկրաինայում պայքարում են իրենց անկախության համար... Հայաստանն այժմ դիտորդի կարգավիճակում է։ Անգամ սեփական երկրի ու ժողովրդի ճակատագրի հարցում։

Արցախի անվտանգության երաշխավորը եղել ու մնում է Հայաստանը։ Հայաստանի անվտանգության երաշխավորը 2013-ի սեպտեմբերի 3-ից հետո միանշանակ դարձել է ՀԱՊԿ-ն, այլ կերպ ասած՝ Ռուսաստանը։ Ավելի կոնկրետ՝ Պուտինը, որն հավեսով զինում է Ադրբեջանին...
Տխուր է, ցավալի ու նաև՝ ամոթ։ Մենք այլևս ոչինչ չենք որոշում։ Հայոց երկիրը ռուսական կայսրության համար կրկին դարձել է ընդամենը տարածք...

Վ. ՕՎՅԱՆ



Մոսկվան բացահայտել է, թե ով է սկսելու Ղարաբաղի պատերազմը

Ռուս հայտնի քաղաքագետ, ՌԴ նախագահին առընթեր ազգամիջյան հարցերի խորհրդի անդամ Մաքսիմ Շևչենկոն Vesti.Az-ին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան պատերազմի վերսկսման հավանականությանը:
«ՀԱՊԿ-ի իրավասությունները չեն տարածվում Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա: Լեռնային Ղարաբաղի տարածքում հնարավոր ռազմական գործողությունները չեն համարվում Հայաստանի տարածքում ռազմական գործողություններ: Ռուսաստանը ոչ մի կերպ չի արձագանքի դրան, քանի որ ԼՂՀ-ը դե-յուրե չճանաչված պետություն է: Ղարաբաղում նոր պատերազմի հավանականությունը գոյություն ունի մշտապես: Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը շատ ուժեղ կապված է Իրանի շուրջ առկա իրավիճակին: Եթե բարելավվի Իրանի շուրջ իրավիճակը, և Օբաման շարունակի պայմանավորվածության գալ Թեհրանի հետ, ապա Ղարաբաղում նոր պատերազմի սկսվելում շահագրգռված անձինք կարող են տապալել այդ պայմանավորվածությունները: Ղարաբաղն այն կետերից մեկն է, որն անհրաժեշտ է Վաշինգտոնի ու Իրանի միջև մերձեցման գործընթացը տապալելու համար», ասել է նա:

Հայտնի է, որ Վաշինգտոնի եւ Թեհրանի մերձեցման գործընթացը, քաղաքական եւ տնտեսական համագործակցության հավանականությունն առաջին հերթին հարվածում է Ռուսաստանի շահերին: Բանն այն է, որ եթե Արեւմուտքն ու Իրանը պայմանավորվեն մասնավորապես էներգետիկ խնդիրների հարցում, ապա Ռուսաստանը կարող է կորցնել համաշխարհային քաղաքականության մեջ մնալու իր միակ փաստարկը՝ նավթը եւ գազը: Իսկ դա հարվածելու է ոչ միայն նավթագազային ասեղի վրա նստած Ռուսաստանի սոցիալ-տնտեսական բարդացող իրավիճակին, այլեւ՝ քաղաքական համակարգին:

ԱՄՆ-Իրան մերձեցմանն ամեն կերպ փորձում են խոչընդոտել նաեւ Ադրբեջանն ու Թուրքիան:  Այդ գործընթացը Թուրքիային դնելու է քաղաքական ու տնտեսական առավել մեծ մեկուսացման մեջ, Թուրքիան կորցնելու է իր դիրքերը տարածաշրջանում: Իսկ Ադրբեջանի պարագայում, իրավիճակը սպառնում է ոչ միայն էներգետիկ նախագծերին, այլեւ այդ պետության գոյությանն ընդհանրապես:

Այս երեք պետություններին էլ աջակցում է Իսրայելը՝ իր լոբբիստական եւ այլ հնարավորություններով:
Այս մասին շատ է խոսվում ոչ միայն հայկական ու միջազգային մամուլում, այլեւ հենց Ռուսաստանի քաղաքական-լրագրողական շրջանակներում: Արեւմուտք-Իրան մերձեցման տապալման հարցում նկատելի է, որ Մոսկվան, Բաքուն եւ Անկարան ունեն համատեղ շահեր եւ փորձեր են կատարում համատեղել ջանքերը: Այդ փորձերից մեկը կարող է լինել Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, ինչպես արդարացի նշում է Շեւչենկոն, սակայն չմանրամասնելով «շահագրգռված անձանց» շրջանակը: Մոսկվան, ինչպես Շեւչենկոն է ասում, չի միջամտի այդ պատերազմին, սակայն ամեն ինչ կանի իր զորքը Ղարաբաղ, մասնավորապես Իրանի սահման, մտցնելու համար: Ռուսաստանն այդ նպատակով զինում է Ադրբեջանին, նաեւ ռազմական մասնագետներ պատրաստում: Նույնն է անում նաեւ Թուրքիան:

«Սեւ գործը» փորձ է արվելու անել Ադրբեջանի ձեռքով: Որից հետո, տարածաշրջան կմտնեն «ռուսական ազատարար» զորքերը:
Հայաստանին Մաքսային միություն մտցնելու գլխավոր պատճառներից մեկը Իրանին մեկուսացնելու փորձն է, կտրելով նրա հավանական ճանապարհները: Դրա համար պետք է մշտապես լարվածության մեջ պահել Ղարաբաղի շուրջ իրավիճակը, որպեսզի Իրանի հետ սահմանային բավական երկար գոտին հայերի վերահսկողությունից անցնի ռուսական բանակի հսկողության տակ: Ռուսաստանը այդ սահմանին սեփական զորքի տեղակայումն «օրինականացնելու» համար ունի Ադրբեջանի կարիքը:

Թերեւս սրանով կարելի է բացատրել Ադրբեջանի վերջին շրջանի ագրեսիվ պահվածքը շփման գծի ողջ երկայնքով: Ադրբեջանը վաղուց է վերսկսել պատերազմը, «սողացող դիվերսիաների» մեթոդով, սակայն ինչ ինչ հանգամանքներ նրան հետ են պահում լայնածավալ պատերազմից: Գուցե Արեւմուտքը, գուցե մեկուսացման սպառնալիքը, իսկ գուցե նաեւ՝ պարտության հեռանկարը:

Այդ պատերազմում հայերը կհաղթեն, անկասկած: Քանի որ հայերի հաղթանակն այդ պատերազմում լինելու է ժամանակակից աշխարհի հաղթանակը, այն համահունչ է լինելու նոր աշխարհի զարգացումների տրամաբանությանը:

 ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ
http://www.lragir.am/index/arm/0/comments/view/94215




Հայաստանն ու Արցախը պատրաստ են պատերազմին

Ըստ ՊՆ նախարարի, Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են պատերազմին, իսկ ղարաբաղյան հարցն արդեն լուծվել է ռազմական ճանապարհով:

Մեկնաբանելով շփման գծում վերջերս տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիան՝ Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ լարված իրավիճակը կապված է որոշակի հանդիպումների և ամսաթվերի հետ: ՊՆ նախարարը լարվածությունը կապել է Ադրբեջանում նշվող «սև հունվարի» հետ:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու հարցին` Սեյրան Օհանյանի խոսքով, 2014 թվականին դրա ստեղծման աշխատանքներն ավարտին են հասցվելու, ինչը թույլ կտա Հայաստանի ՀՕՊ-ին ռադիոտեղորոշիչ մեծ ծածկույթ, հետևաբար ավելի մեծ պաշտպանություն ունենալ: Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ 2014 թվականին ավարտվելու են գերճշգրիտ և հեռահար հրթիռային համակարգերի ձեռք բերման աշխատանքները: Նախարարը, փաստացի, չի հերքել, որ Հայաստանը ձեռք է բերել Իսկանդեր-Մ համալիրներ:

ՀՀ պաշտպանության նախարարն ասել է նաև, որ աշխատանքներ են տարվում պայմանագրային զինծառայողների թվաքանակը շատացնելու համար, որով հիմք է դրվում խաղաղություն հաստատելուց հետո պրոֆեսիոնալ բանակ ձևավորելու համար:

Սեյրան Օհանյանը 2013 թվականը համարում է բանակի համար ձեռքբերումների տարի, քանի ոչ ևս մեկ տարի գտնվելով խրամատում, պատերազմական իրավիճակում, նվիրյալ զավակների կյանքի գնով հակառակորդին ստիպեցինք զերծ մնալ հայ ժողովրդի հանդեպ ոտնձգություններից: Հայ զինվորը հաղթում է, քանի որ իր պայքարը խաղաղության պայքար է: Նա հպարտանում է բոլոր զինծառայողների ծնողներով, որ հերոս զավակներ են լույս աշխարհ բերել, հայկական ոգին անպարտելի է:

ՊՆ նախարարն անդրադարձել է վերջին օրերի ռմբակոծություններին. «Մենք անկանոն կրակողներին չենք պատասխանում, մենք պատասխանում ենք դիպուկահարների կրակոցներին»:

Նախորդ գիշեր կրակոցների առնչությամբ էլ նախարարն ասել է, որ իրավիճակը վերահսկելի է, առաջին անգամ չէ, որ կրակոցները շատ են, բայց այդ կրակոցների մեծ մասն անկանոն են: Նա ասել է, որ 16-ամյա վիրավոր աղջնակը գումարտակի հրամանատարի աղջիկն է: Նախարարն ասել է, որ այսպիսի կրակոցներին համարժեք պատասխան ենք տալիս:

Կառավարության մոտ ակցիա անող խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի այն դիտարկմանը, թե ինչու այսքան տարիների ընթացքում որևէ անգամ նախարարը մեկ մեխակ չդրեց իրենց որդու շիրիմին, որ այդպես էլ չգիտեն իրենց որդիների մահվան պատճառները, նախարարը տեղեկացրել է, որ մշտապես կառավարության մոտ լինող ծնողներին, ովքեր դժգոհում են իրենց որդիների մահվան գործով տարվող իրավական աշխատանքներից, ՀՀ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ զինվորական դատախազության և ՊՆ քննչական մարմինների հետ համատեղ ստեղծվել է հանձնաժողով, որը բոլոր այդ դեպքերը քննարկում է, և մինչև հիմա երեք դիմում է եղել: Նա առաջարկել է նրանց դիմել այդ հանձնաժողովին: Ապա նշել է, որ ինքը միշտ մեծարել է մարտական ընկերներին, իսկ թե ինչու չի այցելել նրանց որդիների շիրիմին, նախարարն ասել է, որ չգիտի այդ հարցին ինչպես պատասխանել, բայց կարող են միացնել բոլոր հեռուսատեսությունները, կայքերը և տեսնել, թե որքան է ինքը այցելում տարբեր պանթեոններ, եռաբլուր, մարտական ընկերների շիրիմին ծաղկեպսակներ դնում, խոնարհվում, համբուրում, վառ պահում նրանց հիշատակը. «Միթե Պաշտպանության նախարարը կարող էր ամեն տեղ լինել, իհարկե ոչ, չգիտեմ որտեղ պետք է լինեմ, թող ինձ ասեն որտեղ լինեմ, գնամ այնտեղ իրենց հետ»:

mitk.am



Ղարաբաղյան պատերազմի վերսկսվելուց օրեր անց մենք կկորցնենք ևս 6 շրջան. ադրբեջանցի փորձագետ 


Haqqin.az կայքում հրապարակվել է ադրբեջանցի անկախ հրապարակախոս, լրագրող և սցենարիստ Չինգիզ Սուլթանսոյի՝ «Եթե վաղը պատերազմ սկսվի» հոդվածը, որում ասվում է. «Ադրբեջանի ղեկավարությունը հանդես է գալիս հողերի վերադարձման ու Ղարաբաղյան հիմնախնդիրն այլ ճանապարհով լուծելու մասին բազմաթիվ ռազմաշունչ հայտարարություններով: Սակայն ես վստահ եմ, որ ամեն ինչ ավարտվում է հենց այդ հայտարարություններով, ինչի մասին արդեն իսկ քանիցս գրել եմ այդ մասին:

Ամեն դեպքում մի պահ պատկերացնենք, որ Ադրբեջանը պատերազմ է սկսում: Ի՞նչ կլինի: Առաջինն այն է, որ թշնամին պատերազմին պատրաստ է գտնվել, առավել ևս, որ մեր երկրի ղեկավարությունը նրան վաղուց և բաց նախազգուշացրել է այդ մասին: Հակառակորդի մարտական, քաղաքական ու հոգեբանական նախապատրաստությունը կարող է մեզանից ավելի վատը չլինել՝ թեպետ իշխանությունների PR-ը և բարձրացրած աղմուկը շատ ավելի քիչ է:

Նրանց մոտ ավելի քիչ են գողանում, քիչ են ստում, քանի որ ավելի շատ են սիրում իրենց հայրենիքը, իսկ «դեդովշչինան», թեպետ և կա, շատ ավելի քիչ է մեզանից: Կոռուպցիայի մասին ես չեմ էլ ասում: Համեմատեք, թե որքան է նրանց մոտ գրանցվող փոխհրաձգության, սպանությունների և բանակային «ինքնասպանությունների» (սա չակերտի մեջ է վերցրել հեղինակը, քանի որ Ադրբեջանի իշխանությունները հաճախ զինծառայողներին սպանելը որակում են որպես ինքնասպանություն – 168.am) դեպքերը, և որքան են դրանք մեզ մոտ:

Եվ այսպես պատերազմը սկսվեց: Հետ մղելով չափազանցված գովազդված առաջին հարվածը՝ հակառակորդը լիովին կարող է անցնել հակահարձակման: Հակառակորդը կարող է պատերազմի առաջին իսկ օրերին գրավել ևս վեց շրջան: Իսկ դա բացառել չի կարելի, քանի որ մեր կոռումպացված ուժայիններն ուժեղ են միայն խոսքերով և հեռուստաէկրաններին: Ցայժմ որքա՞ն զորավարժություն է անցկացրել նրանց բանակը, և որքան՝ մեր բանակը:

Հիշեք, թե որքան շփոթված ու երկչոտ իրեն դրսևորեց Նավթային ակադեմիա ժամանած ոստիկանությունը, երբ այնտեղ հնչեցին կրակոցներ: Ոստիկանները չէին ցանկանում մուտք գործել շենք: Նրանցից մեկը վտանգին ընդառաջ չգնալը հեռախոսով պետին զեկուցելիս պատճառաբանեց հետևյալ կերպ. «Այնտեղ կրակում են»: Բնականաբար, կրակում են և ոչ խաղալիք ատրճանակներից: Կրակոցները լսելուց հետո բանակի մեկ քառորդն իսկույնևեթ կդասալքի:

Երկրորդ քառորդը, ստանալով զենք ու մարտական փամփուշտներ, կոչնչացնի երրորդ քառորդին և այն սպաներին, որոնք խմել են նրանց արյունը՝ ծեծի են ենթարկել, բռնաբարել են, գումարներ են շորթել և նվաստացրել են: Իսկ մնացածին թշնամին կարող է հաղթել գործնականում առանց մեկ կրակոցի, եթե նա մի շարք խոստումներ տա Ադրբեջանի բանակին ու ժողովրդին:

Այդ խոստումները կարող են լինել ամենուրեք տիրող կաշառակերությանը վերջ դնելը, կաշառակերներին պատժելը, Սաակաշվիլիի օրինակով ճանապարհային ոստիկանության բարեփոխումը, բենզինի գնի նվազեցումը, ժողովրդավարական, չկեղծված ընտրությունների անցկացումը, թոշակի բարձրացումը, թոշակային տարիքի նվազեցումը, փոքր բիզնեսի զարգացումը, դատական համակարգի բարեփոխումը և այլն:

Ադրբեջանցիներից ո՞վ կպատերազմի այդպիսի հակառակորդի դեմ: Անկասկած է, որ ոչ ոք՝ չհաշված նրանց, ում ձեռնտու է ներկայիս վիճակը, ով սնվում է նավթային խողովակից՝ օլիգարխները, չինովնիկները ու նրանց ստորադասները, ոստիկանները: Բնականաբար, նրանց քանակը քիչ չէ, բայց արդյոք նրանք կպատերազմե՞ն: Պատերազմի սկսվելուց հետո ընդդիմադիր կուսակցությունները կշարունակեն քննադատել միմյանց: Մի մասը քննադատելու է մյուսին նրա համար, որ համաձայնության է եկել կառավարության հետ՝ օգտվելով պատերազմից: Իսկ երկրորդ կեսը քննադատելու է առաջինին, որ նա անտարբեր է համազգային շահերի նկատմամբ անգամ այդ պահին»:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը մշտապես աչքի է ընկել ռազմաշունչ դատարկաբանություններով: 1992 թվականին Ադրբեջանի նախագահի պաշտոնում Այազ Մութալիբովին փոխարինած Աբուլֆազ Էլչիբեյն իր երդման արարողության ժամանակ հայտարարեց. «Արդեն 100 օր անց ես թեյ կխմեմ հայերից մաքրված Ստեփանակերտում, ապա ոտքերս կլվանամ Սևանա լճում»: Ընդ որում՝ հոխորտացող Էլչիբեյը խոստացել էր ինքնասպանություն գործել, եթե չիրագործի իր այդ խոստումը: Սակայն երդմնազանց ադրբեջանցին իր խոստմանը տեր չեղավ և 2000 թվականի օգոստոսի 22-ին իր մահկանացուն կնքեց Անկարայի հիվանդանոցում, ուր բուժվում էր քաղցկեղից:

2011 թվականի կեսին վրացական «Արսենալի» ռազմա-վերլուծական պարբերականի գլխավոր խմբագիր, ռազմական փորձագետ Իրակլի Ալադաշվիլին, մեկնաբանելով Ադրբեջանի կողմից ռազմական տեխնիկայի շարունակական գնումները, հայտարարեց, որ պատերազմի ժամանակ կարևոր դեր է խաղում ոչ միայն ռազմական տեխնիկան, այլև՝ ռազմական գործողությունների պլանավորումը: Ի դեպ, դեռևս 2006 թվականին ադրբեջանցի ռազմական փորձագետ, կոնֆլիկտաբան, Աֆղանստանի ու Ղարաբաղի պատերազմների մասնակից Ռաուֆ Ռաջաբովը Day.az-ին տված հարցազրույցում նշեց, որ Ադրբեջանում որոշ «ուռա-հայրենասերներ» շարունակ պատերազմի վերսկսման կոչեր են հնչեցնում, սակայն նրանք մոռանում են, որ իրենց առջև կանգնած է մինչև ատամները զինված հակառակորդը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ 
http://168.am/2013/03/06/191958.html#.Uun8fXBuqLQ.facebook
© 168 Ժամ առցանց լրատվական կայք

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ։ Ուրախալի է, որ հակառակորդի, թշնամու ճամբարում սթափության կոչեր են հնչում՝ վեր հանելով սեփական պրոբլեմները, խնդիրները։ Անշուշտ՝ ոչ մեզ համար։ Նման մի հոդված տարիներ առաջ տպագրվել է նաև մեր թերթում, ինչպես նաև հայաստանյան պարբերականներում։ Ու՝ մի քանի անգամ։ Եվ՝ ոչ մի արձագանք, հատկապես նրանց կողմից, ում ուղղված է այն։ Նորից զետեղում ենք այդ հոդվածը.


Եվ դարձյալ՝ իսկ եթե այնուամենայնիվ պատերազմ լինի՞...

Մեր «ռազմավարական դաշնակցի» կողմից Ադրբեջանին 1 մլրդ դոլարի զենք վաճառելու որոշման շուրջ հայկական մամուլում և սոցիալական ցանցերում աշխույժ քննարկումներ են գնում. մի մասը հարցին մոտենում են ռուսների դիրքերից, հնարավոր ու անհնարին բոլոր ձևերով փորձելով արդարացնել մեր հյուսիսային հարևանին, մյուս մասը փորձում է ցույց տալ, որ ռուսները հայերի նոր ցեղասպանություն են նախապատրաստում։ Այս երկու տարակարծիք ճամբարների ներսում կարծիքները նույնպես բաժանվում են։ Օրինակ, ռուսների խայտառակ գործարքի դեմ գրողների մի որոշ մասը գտնում է, որ ռուսները միշտ էլ բացասական դերակատարություն են ունեցել վերջին 200-ամյա մեր ողբերգություններում, և այս անգամ նրանց «սմերչները» ավելացնելու են մեր պատմության սև էջերի թիվը, մի այլ մասը գտնում է, որ ռուսները, ճիշտ է, հերթական սրիկայությունն են անում մեր դեմ, բայց «սմերչն» այնքան էլ մեծ վտանգ չի ներկայացնում... և այլն։

Այսօրինակ հրապարակումներ էլ կան՝ «Սմերչով» Ստեփանակերտը ռմբակոծելու դեպքում ադրբեջանցիները ստիպված կլինեն մտածել միլիոնանոց Գանձակի ու հարակից բնակավայրերի ֆիզիկական գոյության մասին...

Ինձ մտահոգում են ոչ միայն այն հրապարակումները, որտեղ ստրկահաճորեն արդարացնում են հյուսիսային հարևանի ցանկացած ձեռնարկում, ներառյալ այնպիսիք, որ միանշանակ ուղղված են մեր լինելության դեմ, այլև վերջին կարգի կարծիքները՝ եթե դուք ռմբահարեք Ստեփանակերտը, մենք էլ «միլիոնանոց Գանձակի» ու հարակից բնակավայրերի բմբուլները քամուն կտանք։ Երևի շատ հեշտ է այս կարգի «վերլուծություններ» նկարել, հատկապես երբ աշխարհին նայում ես 9-րդ հարկի լուսամուտից, դիմացդ նոութբուք է, կողքիդ՝ հաճելի բույրով սուրճի բաժակ։

Ասենք թե նրանք հարվածեցին 40-50 հազար բնակչությամբ Ստեփանակերտին, մենք էլ նրանց «միլիոնանոց Գանձակին»։ Արդյունքում՝ զոհվեցին 2-3 տասնյակ հազար ստեփանակերտցի երեխաներ, կանայք, ծերեր, մենք էլ ոչնչացրինք, ասենք, հակառակորդի հնգապատիկ ավելի շատ խաղաղ բնակչություն (100-150 հազար ազերիների)։ Հետո՞։ Ու սա մխիթարի՞չ է։ Որ դրանից հետո եռակի, քառակի անգամ մեծ թափ է ստանալու արտագաղթը՝ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում,- դա չի՞ մտահոգում մեր ուռա-վերլուծաբաններին...

Հնարավոր պատերազմի դեպքում Արցախի քաղաքացիական բնակչության անվտանգության խնդրի մասին «Եթե վաղը պատերազմ լինի» վերնագրով «Նոր էջ»-ում և հայաստանյան մամուլում ես հոդվածներ եմ տպագրել 2011, ապա 2012 թվականներին։ Եվ՝ ոչ մի արձագանք իրավասու մարմինների, հատկապես նրանց կողմից (քաղաքացիական պաշտպանություն և այլն), ովքեր թեկուզ իրենց «մունդիրի պատիվը» պաշտպանելու համար պարտավոր էին ձայն հանել, փորձել ինչ-որ կերպ արդարացնել իրենց անգործունեությունը, որի պատճառով վաղը կարող ենք անդառնալի խոշոր կուրուստներ ունենալ խաղաղ բնակչության շրջանում։

Այսօր, ադրբեջանաղարաբաղյան պատերազմից շուրջ երկու տասնամյակ հետո արդյո՞ք իրեն հնարավորինս պաշտպանված է զգում Արցախի շարքային քաղաքացին։ Արդյո՞ք իրենց պաշտպանված են զգում Արցախի ամենախոշոր բնակավայրում՝ մայրաքաղաք Ստեփանակերտում ապրող կանայք, երեխաներն ու ծերերը։ Հատկապես երբ քաղաքագետները, ռազմագետներն ու այլ մասնագետներ ակնարկում են, որ նոր պատերազմն ամենևին նման չի լինելու նախորդին, այն ավելի կործանարար է լինելու, ու բազմիցս մեծ զոհեր հենց խաղաղ բնակչության շրջանում են լինելու։

Մենք ունենք քաղաքացիական պաշտպանություն, որտեղ մարդիկ են աշխատում, պարբերաբար աշխատավարձ են ստանում։ Հետո «վաստակած հանգստի» են անցնում և բարձր թոշակ ստանում։ Բայց նրանք գոնե մի անգամ տեսե՞լ են, թե ինչ վիճակում են Արցախի ամենախոշոր քաղաքի՝ Ստեփանակերտի շենքերի նկուղները, որտեղ երկու տասնամյակ առաջ ազերիների օդային ու հրետանային գրոհներից պաշտպանվում էին քաղաքացիները։ Եթե վաղը հակառակորդը հանկարծ սկսի հեռահար հրանոթներից ու այլ նորագույն զինատեսակներից և օդից հրթիռակոծել ու ռմբահարել մայրաքաղաքը, որտե՞ղ են պատսպարվելու խաղաղ բնակիչները։ Իրենց շենքերի նկուղներո՞ւմ, որտեղ հակասանիտարական վիճակ է, և որոնք աղբանոց են հիշեցնում ու առնետներն են տերուտնօրինություն անում այնտեղ։ Որոշ նկուղներ ամիսներով «ողողված» են լինում ջրով, անգամ՝ կոյուղու խարխուլ խողովակներից թափված։ Լրիվ զուրկ են էլեկտրական գծերից...

Խորհրդային տարիներին մայրաքաղաքի որոշ հատվածներում ապաստարաններ կային, անգամ հակագազերի որոշ քանակություն էր պահվում այնտեղ։ Ո՞վ գիտե, թե հիմա այդ հատուկենտ ապաստարաններն ինչ վիճակում են։ Ստեփանակերտում բազմաթիվ, այսպես կոչված, «խրուշչովկաներ» կան, որոնք նկուղներ չունեն։ Դրան հավելենք նաև, որ շուկայական հարաբերությունների հաստատման և օրինական անօրինության վերջին մեկևկես տասնամյակում շենքերի գետնահարկերն ու նկուղային հատվածները սեփականվել են բազմաթիվ նոր տերերի կողմից, ովքեր դրանք դարձրել են բար ու ռեստորան, սրճարան ու խանութ կամ, այսպես ասած, գիշերային զվարճավայրեր...

Հետաքրքիր է, անսպասելի օդային հարձակման ենթարկված Ստեփանակերտի բնակիչներին պետք է խնդրել՝ մի քանի ժամ սպասե՞լ, որպեսզի գետնահարկ օբյեկտի տերը «կարգավորի» այն ու տրամադրի քաղաքացիներին։ Իսկ եթե այդ պահին նա այլ թաղամասում գտնվող իրենց շենքում է և զբաղված է իր հարազատների տեղավորման խնդրո՞վ։ Այդ դեպքում ինչպե՞ս պիտի վարվել։ Թշնամուն խնդրել սպասե՞լ... այն դեպքում, երբ պատերազմի ժամանակ յուրաքանչյուր վայրկյանը կարող է տասնյակ, հարյուրավոր մարդու կյանք արժենալ...

Իսկ մնացած հազարավոր քաղաքացիները, ովքեր նկուղ չունեն, որոնց նկուղներն աղբանոց են հիշեցնում, ի՞նչ պիտի անեն։ Ստեփանակերտում այսօր քանի՞ ստորգետնյա ապաստարան կա և որքա՞ն մարդ կարող են պատսպարել դրանք։ Այս մասին պատասխանատու որևէ չինովնիկ մտածե՞լ է։ Այս մեկևկես «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» ժամանակահատվածում քաղաքացիական պաշտպանության կողմից գոնե մի անգամ անցկացվե՞լ է փորձնական «օդային տագնապ»։ Գոնե մի անգամ քաղաքացիներին բացատրե՞լ են, թե հակառակորդի հնարավոր օդային հարձակման կամ հրթիռակոծության ժամանակ ինչ պիտի անեն քաղաքացիները՝ կանայք, երեխաները, ծերերը... Դպրոցներում երբեմն «օդային տագնապ» են հայտարարում։ Աշակերտները շտապ լքում են դպրոցի շենքն ու վազում դուրս... Հնարավոր պատերազմի և օդային հարձակման դեպքում էլ պիտի՞ նրանք իրենց «անվտանգությունը» գտնեն բաց երկնքի տակ...

Հակառակորդը վաղը կարող է պայթեցնել քաղաքին խմելու ջուր մատակարարող ջրատարը։ Ստեփանակերտում քանի՞ գործող աղբյուր կա, որպեսզի բնակչությունը կարողանա հոգալ իր ջրի խնդիրը։

Ստեփանակերտում գրեթե շենք չի մնացել, որին վերջին 10-15 տարում կցված չլինի մի նոր մասնավոր շինություն։ Խնդիրն այն չէ, որ աղճատվում է քաղաքի ճարտարապետական դեմքը։ Միջին ուժգնության ցանկացած ստորգետնյա ցնցում կարող է «ռեզոնանսի օրենքի» համաձայն հողին հավասարեցնել ծանրության կենտրոնը փոխած այդ շինությունները՝ իրենց բնակիչներով։ Նման ավերածության տեղիք կարող է տալ նաև շրջակայքում պայթած ոչ շատ հզոր ռումբը, հրթիռը...

Նոր կառուցած մի շենք չկա, որ բոլոր չորս կողմերից մարմարով սալիկապատված չլինի... Արդյո՞ք դա այսօր կենսական անհրաժեշտություն է ռազմական դրության մեջ գտնվող մեր երկրի համար, որ սոցիալական խնդիրների ծայրը չի երևում։

Այս ամենո՞վ ենք վաղը դիմագրավելու նենգ հակառակորդի արկածախնդիր ձեռնարկումը։ Բանակն ուժեղ և մարտունակ է, եթե ամուր է թիկունքը, եթե զինվորը համոզված է, որ լիովին պաշտպանված է իր ընտանիքը։

Ի պատասխան «եթե վաղը պատերազմ լինի...» հարցի, շարունակ հակադարձում ենք՝ «Չէ, չպիտի՛ լինի և չի՛ լինելու, որովհետև մենք խաղաղասե՛ր ազգ ենք ու խաղաղությո՛ւն ենք ուզում...», կարծես պատերազմի լինել-չլինելու հավանականությունը պայմանավորված է միայն մեր պատերազմ չուզելու և խաղաղություն ուզելու ցանկությամբ։ Եվ ոչ թե հնարավոր պատերազմը կանխելու մեր նպատակաուղղված գործողություններով և արդեն անխուսափելի պատերազմը հնարավորինս քիչ կորուստներով դիմագրավելուն միտված կոնկրետ քայլերով։ Եթե հակառակորդն, ասենք, միջուկային զենք ունի, ապա մյուս կողմը պետք է մտածի պաշտպանական այնպիսի մեխանիզմի մասին, որ հնարավորինս նվազեցնում է սպասվելիք կորուստները։ Եթե այսօր թշնամին «Սմերչ» ունի, ապա մենք պետք է անհապաղ մտածենք համարժեք պաշտպանության մասին...

Վերջում կրկին հիշեցնենք Նժդեհի գաղափարակից Հայկ Ասատրյանի խոսքերը. «Հայը խաղաղության համար աշխարհի ամենաանփույթ ժողովուրդն է: Հայը չի հավատում պատերազմին, և դրա համար պատմական ամեն դեպք ընդունում է իբրև անակնկալ, իբրև «անամպ երկինքից ժայթքող կայծակ»: Նա տակավին չի հասկանում կենսաբանաբարոյական այս երկու ճշմարտությունների իմաստը՝  խաղաղության ժամանակ պետք է նախապատրաստվել միայն մեկ բանի համար՝ պատերազմի, իսկ պատերազմի ընթացքին կամենալ միայն մեկ բան՝ հաղթանակ»։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



Արցախյան վերջին դեպքերի մասին՝ դեպքի վայրից. դիվերսիոն հարձակման ենթարկված սահմանահատված 

Արցախ, Ջրաբերդ։ Սահմանի այս հատվածում է, որ տեղի են ունեցել հունվարի 19-20-ի կեսգիշերին մարտական թեժ գործողություները։ Հակառակորդի էլիտար ստորաբաժանմանը դիմակայել են ժամկետային զինծառայողներ: Խոստանում են` հակառակորդի հետագա արկածախնդրություններին պատասխանելու են ավելի կոշտ:
Հայկական երկու պետությունների ռազմական համագործակցությունը շարունակվում է եւ իրավիճակի չնչին ապակայունացման դեպքում պաշտպանական երկու գերատեսչությունները կգործեն փոխհամաձայնեցված։ Ռազմավարությունը հստակ է՝ փոքր ուժերով մեծ խնդիրներ: Դրա գործնական դրսեւորումը կիրակի լույս երկուշաբթի էր:

Հունվարի 20-ի գիշերը, ժամը՝ 23:50-ից մինչեւ 00:15-ի սահմաններում Արցախի եւ Ադրբեջանի սահմանին Ջրաբերդի եւ Կորգանի ուղղություններում դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձերը մատնվել են անհաջողության: Արցախի պաշտպանական բանակի շտաբի պետ Կամո Վարդանյանը վստահեցնում է` դիրքապահների համարժեք գործողությունների, հրամանատարական կազմի վստահ ու իրականացրած ճիշտ գործողությունների շնորհիվ:
 
Խնդրում եմ նայեք այս զինվորների դեմքերին։ Նրանք հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, նահատակ հերոս Արմեն Հովհաննիսյանի հետ միասին, պաշտպանել են Հայրենիքի սահմանը` մարտում։ Մի քանի հոգով հաղթել են ադրբեջանական դիվերսանտների 30 հոգանոց խմբին։ Նրանց մենք դեռ էլի կանդրադառնանք։
Տեսանյութը՝ այստեղ.http://www.youtube.com/watch?v=ja-bmgxlA6k




Նիգոյանի հիշատակը մոմերի լույսի եւ ռուսական սադրանքների ներքո 

Երեւանում Ուկրաինայի դեսպանատան դիմաց, մի քանի տասնյակ քաղաքացիներ եւ գործիչներ մոմավառության ակցիա են արել, ի հիշատակ ուկրաինական մայդանում գնդակահարված քաղաքացի, հայազգի Սերգեյ Նիգոյանի, որն օրերս դարձել էր Ուկրաինայի ուժայինների գործողությունների առաջին զոհերից մեկը Մայդանում:

Երեւանում մոմավառության ակցիայի մասնակիցների թիվը մեծ չէ: Հայաստանում Նիգոյանի մահվան հանգամանքը տարբեր կերպ ընկալվեց ու մեկնաբանվեց: Բոլորն իհարկե սգացին Ուկրաինայի քաղաքացի հայրենակցի մահվան կապակցությամբ, որի ծնողները այդ երկիր են տեղափոխվել երկու տասնամյակ առաջ:

Բայց, համընդհանուր վշտակցությամբ հանդերձ, Նիգոյանի Մայդանում գտնվելու եւ նրա մահվան վերաբերյալ գնահատականները տարբեր էին: Հանրության մի մասը հպարտանում էր ազատության համար պայքարող իր հայրենակցով, ասելով, թե ազատության համար պայքարը ազգություն եւ տարածություն չի ճանաչում: Հանրության մեկ այլ մաս ինչ որ առումով դառը հեգնանքով էր արձագանքում, որ Նիգոյանը զոհվեց ուրիշի կռվում: Ժողովրդական ֆոլկլորում դրան տալիս են այլ նահատակության բնորոշում, եւ փաստացի հնչեցին նաեւ ուղղակիորեն հենց այդպիսի ֆոլկլորային բնորոշումներ:

Եղան նաեւ գնահատականներ, որ Նիգոյանը ճակատագրի զոհն էր, նրա ծնողների այսպես ասած դասալքության զոհը, որոնք պատերազմող Հայաստանից հեռացել էին Ուկրաինա:
Գնահատականները գնահատելն իմաստ չունի, ի վերջո շատ դեպքերում դա էլ ճաշակի հարց է:

Բայց Սերգեյ Նիգոյանի պայքարն ու մահը գնահատականի կարիք ունեն: Առավել եւս, որ ինչպես շատերին է թվում, այդ պայքարն ու մահն այդքան էլ հեռու չէին Հայաստանից, այդքան էլ զուրկ չէին հայության խնդիրների հետ կապից, ինչպես թվում է շատերին:
Նիգոյանն Ուկրաինայի հարյուր հազարավոր քաղաքացիներից մեկն էր, որ ելել էր պետության ապագայի մտահոգությամբ պայքարի: Նա հայ «դարձավ» մահվանից հետո, երբ նրան սպանեցին: Չդադարեց լինել քաղաքացի, բայց արդեն նաեւ «եղավ» հայ, թեեւ վստահաբար կարելի է ասել, որ եղել էր այդպիսին միշտ: Բայց նա «հայ» դարձավ Ուկրաինայի պայքարող հասարակության համար:

Իսկ այդ պայքարն անշուշտ ունի ոչ միայն ներուկրաինական նշանակություն: Այդ պայքարը ազգերի ու ժողովուրդների մրցակցության, այդ մրցակցության ասպարեզում ինքնիշխանության համար պայքարի ավելի լայն գործընթացի մի մասն է: Մի մաս, որից առաջ այդ պայքարի իր մասը տանուլ էր տվել Հայաստանը եւ Հայաստանի հասարակությունը, շատ փոքրաթիվ բացառություններով դեմ արտահայտվելով Հայաստանի ինքնիշխանության մաքսային կապիտուլյացիային:

Հայաստանն ըստ էության հանձնվել էր առանց պայքարի (բացառությամբ մի քանի հարյուր կամ հազար քաղաքացիների): Ուկրաինան պայքարում է չհանձնվելու համար: Եվ ինքնիշխանության համար պայքարող Ուկրաինայի ֆոնին, առավել ակնառու էր դառնում ինքնիշխանության համար չպայքարող Հայաստանի կոնտրաստը (վերը նշված քաղաքացիների բացառությամբ): Ավելորդ է ասել, թե այդ կոնտրաստը ինչպիսի վերաբերմունք պետք է ձեւավորեր հայության հանդեպ աշխարհում եւ Ուկրաինայում, որտեղ կա մեծաթիվ հայկական համայնք: Եվ հատկապես Ուկրաինայում, որտեղ մինչ այդ հասցրել էին ընդդեմ Մայդանի «հերոսանալ» այսպես ասած իշխանությանը սպասարկող հայերը:

Սերգեյ Նիգոյանն իր պայքարի անձնազոհությամբ, դժբախտաբար իր կյանքի գնով, բայց անկասկած բեկումնային դեր խաղաց հայության հանդեպ վերաբերմունքի մասով:
Եվ այդ բեկումնայնության վկայությունն էր այն, որ Նիգոյանի մահից հետո գրեթե չուշացավ նրա վարկաբեկման փորձը ռուսական ԶԼՄ-ներում, թե իբր նա ահաբեկիչ էր: Իսկ հետո նաեւ չուշացավ մեկ այլ, գուցե վարկաբեկման արշավի կազմակերպված, իսկ գուցե նաեւ մեղմ ասած չմտածված շարունակություն Նիգոյանին սպանողների համար «գլխագնի» եւ «վրեժի» կոչերով, վայրենի, ահաբեկիչ հայերի կերպարն ամբողջացնելու համար եւ այսպես ասած ամեն ինչ արագորեն իր «տեղը» վերադարձնելու համար:

Ընդ որում, առավել քան հատկանշական էր հայաստանյան որոշակի մեդիատարածքներում ուկրաինական դեպքերի վերաբերյալ գնահատականների համարժեքությունը: Սկսվեց հեղափոխական զարգացումների «աննպատակահարմարության» եւ «անհեռանկարայնության», զոհերի հանգեցնող անվերահսկելիության դեմ գծային արշավ: Մոտավորապես նունեսայականական համատեքստով՝ եթե որեւէ մեկը զոհվում է հեղափոխության կամ դրա փորձի ժամանակ, ուրեմն ինքը կամ հեղափոխությունն է մեղավոր՝ թող այնտեղ չլիներ, չզոհվեր:

Այդ տեսակետից, հեռավոր Ուկրաինայում սպանված Նիգոյանը եւ նրա մահվան վերաբերյալ արձագանքները եւ նրա հոգու դեմ այդ քարոզչական գրոհը փաստացի վկայում են, թե որքան լայն է Հայաստանի ինքնիշխանության համար պայքարի ճակատը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ



Իսկ ինչ հերոսություններ են անում պաշտոնյաների որդիները 

Մինչ Հայաստանում սգում են ադրբեջանական դիվերսիայի հետևանքով հերոսաբար զոհված կրտեր սերժանտի մահը, հանրության մոտ այս օրերին հարցեր են առաջանում՝ իսկ ի՞նչ «հերոսություն» են ազգի համար արել պաշտոնյաների որդիները, նրանցից քանիսն են ծառայել սահմանում:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերից շատերն են այս օրերին հիշատակում, որ բացի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի որդիներից, մյուս պաշտոնյաների որդիները սահմանում չեն ծառայել կամ ընդհանրապես չեն ծառայել: Փոխարենը, հայ պաշտոնյաների որդիներն աչքի են ընկնում այլ «սխրագործություններով»՝ մարդ են ծեծում, պարբերաբար աչքի են ընկնում նողկալի պահվածքով, իրենց հայրերի շնորհիվ միլիոններ են կուտակում:

Մամուլի հրապարակման համաձայն՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Դուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանն իր ըն­կերների հետ երեկ դարձյալ աչքի է ընկել «հերոսությամբ»: Նա մեքենաներով մոտեցել է քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձ­նատանը, նրա հասցեին հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել: Սպարտակ Ղուկասյանի անունը շրջանառվել է բազմաթիվ հանցագործությունների, այդ թվում սպանությունների հետ կապված գործերով: Սակայն իրավապահները նրան միշտ «համաներել» են: Իսկ Վարդան Ղուկասյանն ինքը, ըստ գյումրեցիների, ղարաբաղյան պատերազմի ժամանակ թիկունքում իր «պատերազմն» էր մղում՝ կուտակելով «նախնական կապիտալը»:

Օրերս «հերսությամբ» աչքի ընկավ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդին՝ Դավիթ Նավասարդյանը, ով ծեծկռտուքի մեջ էր մտել Գնունու շինանյութի շուկայի վաճառողներից մեկի հետ: Մինչ այդ, նա հարձակվել էր նստացույց անող ակտիվիստների վրա: Նա «գրանցվել» էր նաեւ թմրանյութերի հետ կապված ինչ որ պատմության մեջ: Նավասարդյանի որդին չպատժվեց, իսկ քաղաքապետարանի պաշտոնյան որդու արարքի պատճառով հրաժարական չտվեց: Ավելին, Հենրիկ Նավասարդյանն իր լծակների շնորհիվ որդու անունով գրանցված բիզնեսն է առաջ տանում. մամուլի հրապարակումների համաձայն՝ նրա 22-ամյա որդին հասարակական տրանսպորտի գծատերերից է:

Պարբերաբար իրենց «հերոսական» պահվածքով աչքի են ընկել նաև Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի որդիները, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին, ով նախորդ տարի երկամսյա կալանքի էր վերցվել: Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու և եղբոր որդիների անունները նույնպես պարբերաբար շրջանառվել են բազմաթիվ հանցագործությունների, այդ թվում սպանությունների հետ կապված գործերում: Վերջին դեպքը Բուդաղյանի սպանությունն էր: Սուրիկ Խաչատրյանի որդին ներկայում ազատության մեջ է:

Սահմանում իրենց որդիներին ծառայության ուղարկելու փոխարեն հայ պաշտոնյաները նրանց համար հասարակության հաշվին միլիոններ են ապահովում, իրենց որդիներին պաշտոնների տեղավորում այս կամ այն պետական հաստատություններում:

Մամուլի հրապարակումների համաձայն՝ խոշոր բիզնեսների են տնօրինում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիները, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որդին: Գագիկ Խաչատրյանն իր ունեցվածքի հայտարարագրում թեև խնամքով թաքցրել էր որդիների ունեցվածքի մասին տեղեկատվությունը՝ հայտարարագրելով միայն կնոջ ունեցվածքը, սակայն բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը նախորդ տարի պարզել էր, որ նրա անվան հետ կապվող մի շարք ընկերություններ, իրոք, պատկանում են ՊԵԿ նախագահի որդիներին, ևս չորս ընկերություններ՝ նրա հետ փոխկապակցված այլ անձանց` հորեղբոր եւ հորաքրոջ որդիներին:

Մեծ ունեցվածքի տեր է Երևանի միլիոնատեր քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով բանակում չի ծառայել: Նրա ունեցվածքի ծագումնաբանության հարցը հայտնվեց Հատուկ քննչական ծառայությունում, սակայն ՀՔԾ-ն մերժեց այդ հաղորդման քննությունը՝ պատճառաբանելով, թե այն ենթակա չէ քննարկման:

Այս շարքը կարելի է անվերջ շարունակել: Պաշտոնյաների որդիները կամ չեն ծառայում բանակում, կամ ծառայում են երեւանյան գիշերային ակումբներում ու սրճարաններում: Իսկ նրանց հայրերը ապահովում են նրան բարեկեցությունը, հանրության հաշվին: Նրանցից բավական լավ վաշտ կկազմավորվեր՝ սահման ուղարկելու համար: Թեեւ, նրանք թշնամու առաջին իսկ կրակոցից կփախչեին կամ կհանձնվեին, եւ նրանց «դուխից» բան չէր մնա:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Օջալանի նամակը հայերին

Քրդական Firat գործակալությունը հրապարակել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հիմնադիր, քուրդ ժողովրդի առաջնորդ հռչակված Աբդուլլահ Օջալանի երկար սպասված նամակն  ուղղված հայ ժողովրդին:

1999թ. ձերբակալված և  թուրքական բանտում  պատիժը կրող Օջալանը, որը նախկինում պայքարում էր անկախ քրդական պետության ստեղծման համար, հայ ժողովրդին նամակ գրելու մասին խոսեց այն բանից հետո, երբ PKK-ի ներկայիս ղեկավարներից Բեսե Հոզաթը մեղադրեց հայկական լոբբիին Թուրքիայի խորքային պետություններից մեկը լինելու մեջ: Հոզաթի հայտարարությունը անհանգստությմաբ էր ընդունվել հատկապես Թուրքիայի հայության կողմից, այդ իսկ պատճառով քրդերի շրջանում «Ապո» անունը ստացած Օջալանը հայտարարեց, թե հունվարի 19-ին՝  Հրանտ Դինքի սպանության օրը,  նամակով կդիմի հայ ժողովրդին:

Սակայն Իմրալը կղզում բանտարկված Օջալանի նամակը, որին հետաքրքրությամբ սպասում էին թե՛ Հայաստանում, թե՛ Թուրքիայում, հունվարի 19-ին  չհասավ ընթերցողին: Պատճառն այն էր, որ Թուրքիայի արդարադատության նախարարությունը չէր փոխանցել Օջալանի նամակը քուրդ պատգամավորներին, որոնք էլ նամակը պետք է հրապարակեին:

Ստորև թարգմանությամբ  ներկայացված է Օջալանի  նամակի ամբողջական տեքստը.

«Միջագետքի և Անատոլիայի հին ժողովուրդների միջև դարեր ի վեր գոյություն ունեցող հասարակական հարաբերություննները վերջին երեք հարյուրամյակի ընթացքում  տակնուվրա են եղել:  Հատկապես կապիտալիստական արդիականացման և նրա տաճար համարվող ազգ-պետությունների սփռած թույնի  պատճառով այս հողերը կարծես վերածվեցին ժողովուրդների և մշակույթների գերեզմանոցի: Եվրոպայից մինչև Աֆրիկա, Ասիայից մինչև Ավստրալիա, այնտեղից էլ մինչև Ամերիկա միատարր ազգ ստեղծելու ծրագրերը խարխլեցին մարդկանց արժեհամակարգը, մշակութային հազարամյա ժառանգությունն ու արժեքները անհետ ջնջեցին: Այս աղետից ավելի մեծ բաժին հասավ մեր հայրենիքին, ուր ծիլ են տվել մարդկությունը և քաղաքակրթությունը:

Մեր ժողովուրդների մեջ դաշույնի պես խրված ռասիստական-ազգայնական հոսանքները  կազմում են  նշված ողբերգության գաղափարական հենքը: Տասնյակ լեզուներ և մշակույթներ այս կրակարանի մեջ վառվելով՝ մոխրացան, որոշների չհաջողվեց նույնիսկ  գոյատևել որպես կարոտաբաղձ հուշ և հասնել մեր օրերը: Մարդկության դեմ կատարված հանցագործության հետևանքով, ինչպիսին ցեղասպանությունն է, բազմաթիվ ժողովուրդներ ոչնչացվեցին, բազում դավանանքներ ու մշակույթներ ճնշումների պատճառով անհետացան: Վերջին դարերում տեղի ունեցածները մարդկությանը պատուհասած ամենամեծ աղետներն են:

Պատմության ընթացքում տեղի ունեցած պատերազմներն ու բախումներն անընդհատ կրկնվող գործողություններ են, սակայն դրանք երբևիցե նպատակաուղղված չեն եղել մադկության և բնության ոչնչացմանը, ինչպես այժմ է, և դա չի հաջողվել այնպես, ինչպես ներկայում:

Ահավասիկ, անցած դարի սկզբներին հայ ժողովրդի դեմ կիրառված ցեղասպանության ծրագիրը  վերոնշյալ նողկալի քաղաքականության ամենաավայրագ օրինակներից է: Հայ ժողովրդի հետ տեղի ունեցածն իրական ցեղասպանություն է:

Մեծ հրաշք է, որ ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդն իր ողբերգությունը կրելով՝ կարողացել է գոյատևել և հասնել մեր օրերը: Այս հրաշքը, անկասկած, տառապյալ հայ ժողովրդի մեծ  ջանքների ու պայքարի արդյունքն է: Մեր օրերում անհրաժեշտ է, որ ամբողջ աշխարհը առերեսվի հայ ժողովրդի ապրած պատմական իրականությանը՝ կիսելով հայ ժողովրդի ցավը՝ օգնի նրան մխիթարվել: Անխուսափելի է, որ Թուրքիայի Հանրապետությունը պետք է  հասունութուն դրսևորի և առերեսվի ցավոտ պատմության հետ:

Իմ համեստ առաջարկը հայ ժողովուրդին կարող է լինել միայն այն, որ նա շարունակի իր պայքարը՝  չընկնելով ռասիստական-ազգայնական թակարդների մեջ և հեռու մնա միջազգային կապիտալը ներկայացնող ուժերի և լոբբիների նենգ նպատակներից, որոնք հետամուտ են  լինելու մեր միջև բախումներ հրահրելուն:

Քուրդ ժողովրդի ազատության պայքարի արդյունքում հայ ժողովրդի ցավերի մեղմացումը մաս է դարձել այն պայքարի, որը հետամուտ է այս հողերում ապրելուն որպես իրավահավասար քաղաքացիներ: Ժողովրդավարությամբ պսակված հանրապետությունը  պետք է մաքրած լինի հաշիվները անցյալի հետ և նաև հնարավորություն տա տարբեր ինքնություն կրողներին ազատ ապրելու: Նայելով այս դիտանկյունից՝ մենք կարող ենք ասել, որ մեր պայքարը միայն քուրդ ժողովրդի համար չէ, այլ այս հնամենի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների և դավանանքների ազատության համար է:

Հենց այդ պատճառով է ժողովրդավարության թշնամի ներքին և արտաքին բոլոր ուժերը, որոնք չեն ցանկանում քրդական հարցի լուծումը, մեր դեմ խոչընդոտներ են հարուցում: Այդ շրջանակները հենվում են հիմնակնում երկու հիմական ուժերի վրա՝  փող-կապիտալի և ազգայնականության:

Այդ մեծ կապիտալիստական լոբբիները որպես միջոց վերջին շրջանում օգտագործեցին համայնքների [գյուլենական շարժում – խմբ.] նման կառույցներին: Նրանք, օգտագործելով  ժողովուրդների միջև առկա խնդիրները, շարժվելով այս քարոզչությամբ՝ նպատակ են հետապնդում իրենց համար հող նախապատրաստել: Սակայն այս հողերում ապրող բոլոր հին ժողովուրդները  տերն են այս հողերի և չկա որևէ բան, որ չկարողանան կիսել:

Քուրդ, թուրք, արաբ, պարսիկ և հայ ժողովուրդներից յուրաքանչյուրը պետք է  առաջնորդվի   եղբայրական իրավունքով, որի հիմքում ընկած է հավասարության սկզբունքը: Ժողովուրդների միջև ստեղծված թշնամանքին չպետք է վերաբերվել որպես մեր սեփական մշակույթների մասը: Մենք պարտավոր ենք պատնեշ դառնալ, որպեսզի դա չփոխանցվի գալիք սերունդներին: Իսկ դա միայն հնարավոր կլինի իսկական արդարության վրա խարսխված պատմական խաղաղության հաստատմամբ: Այսպես, 2013թ. Նովրուզի սկսված գործընթացը միայն այս ընկալմամբ կարող է զարգանալ և դառնալ մնայուն և իմաստավորված:

Ժողովուրդների իսկական բարեկամ և հայ ժողովրդի խիզախ զավակ Հրանտ Դինքին էլ սպանեցին այս կեղտոտ գաղափարախոսության կրողները, սպանեցին իմ նշած նպատակներին ծառայելու համար: Ահա այդ  նպատակով սպանված վերջին հայը Դինքն է:  Չնայած դժվարին պայմաններին՝ աշխատում եմ շարունակել խաղաղության փնտրտուքը, որը ոչ մի ժողովրդի ի վնաս և դեմ չի լինելու և  չի կարող լինել.  դրա երաշխիքը ավելի քան 30 տարի շարունակվող մեր պայքարի ամեն վայրկյանն է:

Ես կոչ եմ անում մեր բոլոր ժողովուրդների շահերին նվիրված անդադար պայքարին խոչընդոտելու համար իրենց ամբողջ  ուժով աշխատող խորքային, բաց, զուգահեռ կառույցների, լոբբիների և համայնքների նկատմամբ զգույշ լինել և հարցերին վերաբերվել անկողմնակալ հայացքով: Մեր քաղաքական, բարոյական կեցվածքի շնորհիվ կարողացել ենք մինչև օրս մեր ճանապարհից չշեղվելով՝ առաջ գնալ։ Ոչ ոք թող չկասկածի, որ նույն մոտեցումով շարունակելու եմ պայքարել բոլոր ժողովուրդների համար:

Հիմնվելով այս բոլորի վրա՝  մեկ անգամ ևս  հարգանքով հիշում եմ Հրանտ Դինքին և  բարևներս եմ փոխանցում հայ ժողովրդի հետ միասին բոլոր ժողովուրդներին»:

http://civilnet.am/abdullah-ocalan-letter-to-armenians/



ՍԴ-ն կասեցրել է պարտադիր կուտակայինը

ՀՀ Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել կասեցնել «Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի մասին» ՀՀ օրենքի գործողությունը` մինչև դրա սահմանադրականության հարցին անդրադառնալը:

«ՀՀ սահմանադրական դատարանը 2014 թվականի հունվարի 24-ին աշխատակար-գային նիստում որոշել է մինչեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Սահմանադրական դատարանի որոշմանն ամբողջությամբ /այդ թվում` պատճառաբանական մասին/ կարելի է ծանոթանալ դատարանի պաշտոնական կայքում: Հիշյալ գործով դատաքննությունը կայանալու է 2014 թվականի մարտի 28-ին` բանավոր ընթացակարգով»,- ասված է ՍԴ-ի տարածած հաղորդագրության մեջ:

ՍԴ-ն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի սահմանադրականության դիմումը կքննարկի մարտի 28-ին:




Հունվարի 28-ը ՀՀ զինված ուժերի օրն է. Արիության դաս «Մեր գալիքի գլխավոր երախտավորը» թեմայով

Ոչ հեռավոր` 1990-ական թվականների սկզբին, երբ ազերի թուրքերը չբավարարվելով Սումգայիթում, Գանձակում, Բաքվում և այլուր հայկական ջարդեր և բռնագաղթ կազմակերպելով, հարյուրավոր արկեր էին արձակում Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի սահմանների ուղղությամբ, ավերում հայաբնակ քաղաքներ ու գյուղեր, ոչնչացնում հարազատ հողի վրա բնակվող հազարավոր անմեղ հայ մարդկանց, կազմավորվեց և ստեղծվեց Հայոց ազգային բանակը։


Ահա ինչու Հայկ Նահապետի հայրենասիրական քաջագործություններից մինչև Սարդարապատ և Արցախյան հերոսական մարտերը համաշխարհային հանրությանը միշտ զարմացրել է հայ զինվորի կռվելու և հաղթելու գաղափարը, և ազգին անմնացորդ նվիրումը, որը դարձել է ամեն հայի պարծանքն ու հպարտությունը:

22-ամյա կենսագրություն ունեցող մեր բանակը պատահական չէ, որ այսօր դարձել է մեր ազգային ինքնության խթան և անհատի կայացման մի դարբնոց, ուր պատանիները դառնում են իսկական տղամարդ:

Թե մեր դաշնակիցները, թե թշնամիները չեն կարող չխոստովանել, որ Հայաստանի զինված ուժերը ամենամարտունակն են ամբողջ տարածաշրջանում: Ընդ որում, մարտունակ բոլոր առումներով. մենք ունենք ցամաքային, ռազմաօդային, հակաօդային պաշտպանություն և այլ կարգի ստորաբաժանումներ, որոնք, անհրաժեշտության դեպքում, պատրաստ են արժանի հակահարված հասցնել նախահարձակ լինող ցանկացած թշնամու: Գաղտնիքը ոչ միայն զենքի ուժի մեջ է. մեր զինվորն օժտված է ոգու անխորտակ հզորությամբ:

Մենք` հայերս, երկար ենք երազել պետություն ու այն պաշտպանող բանակ ունենալու մասին: Այսօր այն արդեն իրականություն է: 1992 թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» արդեն պատմական դարձած որոշումը` դրանով իսկ ազդարարելով հայոց բանակի կազմավորումը: Այսօր արդեն այն մեր անվտանգության ու խաղաղության երաշխիքն է:
Արդեն ավանդույթ են դարձել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և զինված ուժերի հրամանատարության ու սպայական անձնակազմի հանդիպումներն ուսումնական հաստատություններում:

Հանդիպումների նպատակն բանակաշինության այս փուլի ու Հայաստանի Զինված ուժերի վերաբերյալ աշակերտների և ուսանողության հետ անկեղծ երկխոսությունն է, ինչպես նաև զինված ուժերում ղեկավարած ոլորտների աշխատանքի հետ ծանոթացնելը:

Այս առիթով սույն թվականի հունվարի 20-24-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերից մեկի սպաներից ավագ լեյտենանտ Գարիկ Ավետիսյանը «Մեր գալիքի երախտավորը» թեմայով արիության դաս անցկացրեց Երևանի մի քանի հանրակրթական ու ավագ դպրոցներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության եարցերի նախարարության Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում:

Դասը սկսվեց հայ ռազմարվեստի պատմության ու մեր երկրի անցած պատմական փուլերի վերաբերյալ հարց-պատասխան զրույցով:
Այնուհետև աշակերտները ծանոթացան Արցախյան գոյամարտի ու հայկական նորաստեղծ բանակի անցած ուղու հետ։ Բանախոսն ընթացքում մեջբերումներ էր անում մեր մեծ զորավարների խոսքերից ու հուշերից, որ գրել են պատերազմ գնալուց առաջ կամ մարտի դաշտում, իսկ վերջում աշակերտները «Ինչպես եմ տեսնում ինձ հայրենիքի պաշտպանի կարգավիճակում» թեմայով շարադրություններ ներկայացրեցին:

 Այսպիսով`Հայոց բանակը հունվարի 28-ին բոլորեց 22-ամյակը:
Դժվարին է եղել ազգային բանակի ծնունդը: Հանուն մեր երկրի անկախության, հանուն ազատ և ինքնիշխան Արցախի իրենց կյանքը զոհաբերեցին շատ հայորդիներ:

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ



Վանաձորում բացվեց ԱՍԱԼԱ-ի  հուշակոթողը

Հունվարի 26-ին Վանաձորի Ղարաքիլիսայի վանքի բակում, 1915 թ. Հայոց Ցեղասպանության ու 1988 թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հուշարձանների կողքին բացվեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի նահատակներին նվիրված հուշակոթող:
Հուշակոթողի տեղադրման մտահաղացումը ծնվել է Ռազմիկ Մանդարյանի՝  Վանաձորի  երկրապահ կամավորական ջոկատի հրամանատար, ու  վանաձորցի հայրենասեր և հայրենանվեր երիտասարդ Պողոս Ստեփանյանի  և  քանդակագործ Արա Հովհաննիսյանի մոտ: Սրա վառ ապացույցն է հանդիսանում քանդակագործի կողմից կերտած ինքնատիպ ու յուրահատուկ կոթողը, որն արժանացավ բազմաթիվ մարդկանց ծափահարություններին ու համակրանքին:

Նշենք, որ սա երկրորդ հուշակոթողն է 2000 թվականին Եռաբլուր պանթեոնում տեղադրված հուշարձանից հետո, որը հավերժացնելու է ԱՍԱԼԱ-ի նահատակ հայորդիների հիշատակն ու սխրագործությունները: Բացումից առաջ եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան արարողություն՝ նվիրված ԱՍԱԼԱ-ի նահատակների հիշատակին։ 

Հուշակոթողի բացմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի թվով 40 զինվորներ, Վանաձորի «Երկրապահ» կամավորական ջոկատի ներկայացուցիչներ, պատանի երկրապահներ, ԱՍԱԼԱ-ի համակիրներ, բազմաթիվ վանաձորցիներ, նաև
մարտիկներ՝ Մարտիրոս Ժամկոչյանը, «Վան» ջոկատի հրամանատար Վազգեն Սիսլյանը, Հակոբ Ջուլֆայանը, Սիմոն Նայիրին, մտավորականներ և այլք:

Բացման խոսքով հանդես եկավ արքեպիսկոպոս Ոսկան Գալփակյանը։ Նա հակիրճ պատմեց ԱՍԱԼԱ-ի պատմությունն ու անցած ուղին, իսկ այնուհետև ներկայացրեց միջոցառման բուն նպատակը: Այնուհետև ելույթներով հանդես եկան գրականագետ, գրող Սամվել Խալաթյանը, «Վան» ջոկատի հրամանատար,«Ուխտ Արարատի» կազմակերպության ներկայացուցիչ Վազգեն Սիսլյանը։ Վերջինս իր խոսքում նշեց, որ այսօրվա օրը նվիրվում է Հակոբ Տարակճյանի հիշատակին, իսկ հուշակոթողը՝ ԱՍԱԼԱ-ի  բոլոր նահատակներին: Իսկ հայ ժողովրդական շարժան գրասենյակի անունից խոսեց Ալֆրեդ Նավասարդյանը։ Նա շնորհակալություն հայտնեց բոլոր նախաձեռնողներին ու նշեց, որ միջոցառումն ունի պահանջատիրական նպատակ:  
Հավերժ փառք մեր հերոսներին:

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ



Այս շքերթներից հոգնել եմ արդեն ու ձանձրացել եմ ճառերից դատարկ...

Իմ կյանքի մի զգալի մասն անցել է խորհրդային ժամանակներում։ Հայրս՝ Վազգեն Օվյանը, ապրել է միայն այդ ժամանակներում, վախճանվել Արցախյան շարժումից ուղիղ մեկ տարի առաջ՝ 1987-ի փետրվարի 23-ին։
Տարիներ շարունակ ինձ և իմ հարազատների համար հունվարի 6-ը միայն մի խորհուրդ ուներ՝ հորս ծննդյան օրն էր։ Շատ տարիներ հետո միայն իմացանք, որ այդ օրը նշվում է որպես Սուրբ ծննդյան տոն։ Ինձ համար այդ օրն, այնուամենայնիվ, առաջին հերթին կապված է հորս անվան հետ...

Նրան շատերն էին սիրում ու հարգում։ Միաժամանակ, ուներ խոշորագույն և փոքր տրամաչափի բազմաթիվ թշնամիներ... Ընդհանրապես կատակասեր, մարդամոտ բնավորություն ուներ, սակայն երբ խոսքը Արվեստին ու Գրականությանն էր վերաբերում՝ նա դատավորի պես անաչառ էր։ Թերևս այդ է պատճառը, որ ես պատմվածքներս առաջին անգամ համարձակվել եմ հորս ցույց տալ երբ արդեն 25 տարեկան էի։

Գրում էր օրվա բոլոր ժամերին։ Առավել հաճախ՝ երեկոները, մինչև կեսգիշեր։ Այդ օրերին երբ բացում էի նրա աշխատասենյակի դուռը, ծխախոտածխից մառախուղված սենյակում հազիվ էի նշմարում գրասեղանի հետևում նստած հորս, որ այդ պահերին ինձ պատկերանում էր որպես ամպերի մեջ նստած Աստված։ Հետո ծխից ու անքնությունից մշուշված նրա կապույտ աչքերը հանկարծ պայծառանում էին և նա ասում էր. «Կարդամ՝ լսիր...»։ Երբեմն ինձ թվում է, թե ես, ցավոք, չեմ հասցրել մի կարգին ճանաչել նրան, չնայած շատ ու շատ հարցերում հաճախ էր կիսվում ինձ հետ և գրեթե միշտ ինձ դարձնում իր առաջին ընթերցողն ու քննադատը։

Գրում էր գրեթե բոլոր ժանրերով։ Երբեմն կիսատ էր թողնում գրածը և ձեռնամուխ լինում նոր գործի։ Նույն ստեղծագործությունը երբեմն մի քանի տասնյակ և ավելի անգամ մշակում-հղկում էր, ժամանակի սղության պատճառով որոշ գործեր չէր հասցնում մշակել կամ, պարզապես, մոռանում էր դրանց գոյության մասին։

Թողել է հարուստ գրական ժառանգություն։ Հորս մահից շատ տարիներ հետո միայն ինձ հաջողվեց տպագրել նրա անտիպ երկերը։ Անգնահատելի մեծ է «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանի ներդրումը. հենց այդ ազնվագույն հայորդու աջակցությամբ 2003 թ. Երևանում լույս տեսավ հորս հետմահու լավագույն ժողովածուն՝ «Լեռների լեգենդը»... Վերջերս պետական հովանավորությամբ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ լույս է տեսել նաև երկհատորյակը։

Երևանաբնակ ընկերները հորս մի քանի անգամ առաջարկել էին տեղափոխվել Երևան. գրական անցուդարձին ավելի մոտ կլիներ, ավելի ազատ։ Ձեռքը թափ է տվել. հայրենի Արցախից դուրս իրեն չէր պատկերացնում։ Չնայած կոմունիստական իրավակարգը հորս ստիպում էր լույս աշխարհ հանել հիմնականում ոչ լավագույն ստեղծագործությունները, սակայն շարունակում էր գրել ու ստեղծել բարձրարժեք երկեր՝ համոզված, որ դրանք մի օր լույս պիտի տեսնեն։

Դժվարությամբ են այսօր լույս տեսնում այդ երկերը, բայց լույս են տեսնում և անմիջապես գտնում ընթերցողին։ Դժվարությամբ են լույս տեսնում, քանզի ապրում են Վազգեն Օվյանի ոչ միայն պարզ ու շիտակ, հայրենի լեռների պես հպարտ հերոսները, այլև նրա պամֆլետների, երգիծական-սարկաստիկ ստեղծագործությունների հերոսները։
Սա ընդամենը փոքրիկ մի կաթիլ է հետմահու տպագրված նրա բազմաթիվ գեղեցիկ գործերի մեջ.

Այս շքերթներից հոգնել եմ արդեն
Ու ձանձրացել եմ ճառերից դատարկ։
Ճառ է հաղորդում ռադիոն երգի տեղ,
Վալսի փոխարեն՝ աղմուկ-աղաղակ։

Կուռքը տապալվել, բայց մի ուրիշ կուռք
Կանգնել է ահա նույն պատվանդանին,
Շողոքորթների ոհմակն ահարկու-
Կրկնում է նորից պատմությունը հին։

Ի՜նչ դիֆիրամբներ և ի՜նչ ցնծություն,
Թերթերում՝ ծափեր, եթերում՝ ծափեր,
Անմիտ ծափերն այս մեզ ու՞ր են տանում,
Այդ ո՞ւմ ենք ուզում ծափերով խաբել։

Այս շքերթներից հոգնել եմ արդեն
Ու ձանձրացել եմ ճառերից դատարկ-
Լեզուս հատեցե՜ք՝ չշողոքորթեմ,
Կտրեցե՜ք ձեռքս՝ որ էլ ծափ չտամ։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



Հովհաննես Թումանյանի նամակը` Ավետիք Իսահակյանին 

 «…Ես չեմ ուզում և չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեև դու հարցնում ես: Կարճ ասեմ՝ մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, և սրա մեջն է ճշմարտությունը: Մի մասը խանգարող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, և չերևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր: Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չերևաց, ոչ ոք ոչ պատասխանատվության կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը նույն ճանապարհներով… Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցեր, որ գոնե ամոթ ու խղճմտանք կա այս մարդկանց մեջ: Բայց ես ինչ եմ ասում-չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երևալ»:




Հանճարների վերջին խոսքերը մահվանից առաջ

Հենրիխ Հայնե. «Աստված ինձ կների, դա նրա աշխատանքն է»:

Ուինսթոն Չերչիլ. «Ինչպես եմ ես զզվել այս ամենից»:

Օսկար Ուալյդը մահացել է սենյակում, որտեղ պատերի պաստառները նրա դուրը չէր գալիս. «Սպանիչ գունավորում է: Մեզնից մեկն այստեղից պետք է հեռանա»:

Ալեքսանդր Դյումա. «Այդպես էլ չեմ իմանա, թե ինչպես ամեն ինչ կավարտվի»:

Ալեքսանդր Բլոկ. «Ռուսաստանը կերավ ինձ, ինչպես հիմար խոզն իր խոզուկին»:

Նապոլեոն Բոնապարտ. «Ֆրանսիա, բանակ, Ժոզեֆինա»:

Սոմերսետ Մոեմ . «Մահանալը ձանձրալի և մռայլ գործ է: Իմ խորհուրդը ձեզ՝ երբեք դրանով չզբաղվեք»:

Վիլյամ Սարոյան. «Յուրաքանչյուրին վիճակված է մահանալ, սակայն միշտ կարծում էի, որ ինձ համար բացառություն կանեն»:

Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV. «Ինչո՞ւ եք լալիս: Մտածո՞ւմ էիք՝ ես անմահ եմ»:

Փիլիսոփա Ֆրիդրիխ Հեգել. «Իմ ողջ կյանքում միայն մեկ մարդ է ինձ հասկացել… Ըստ էության, նա էլ ինձ չի հասկացել»:

Կայսր Օգոստոս. «Acts est fabula, plaudite»՝ «Խաղը վերջացավ, ծափահարություններ»:

Իսպանացի գեներալ Ռամոն Նարվաես. «Չկա մեկը, ումից ներողություն խնդրեմ: Իմ բոլոր թշնամիները գնդակահարվել են»:



Այս ամենի պտուղները վաղը քաղելու են մեր զավակներն ու թոռները

Քույրս տուն եկավ անտրամադիր։ Ինչ-որ կինոդիտումից էր գալիս։ «Փոքրիկ զորավարը» կոչվող կոնոնկարի ցուցադրությանը մեր փոքրիկին էլ էր տարել։ Իր ասելով, ոչ մեծ կինոսրահում հիմնականում երեխաներ էին։ Նյարդայնացած պատմում էր տեսած այլանդակության մասին։ Որքան հասկացա, կինոնկարը Օ՛Հենրիի հանրահայտ «Կարմրամորթների առաջնորդը» ֆիլմի հայկական անհաջող կապկումն է։ Ինչպես հայկական սերիալներում, այստեղ էլ ատրճանակը գործող անձի կարգավիճակում էր...

Քրոջս պատմածից այն հասկացա, որ կատակերգություն կոչվող այս անհեթեթության հերոսն ու նրա նմանները վաղը դառնալու են մի նոր քրեածին տարր, օլիգարխ մի որևէ շանորդու թիկնապահ կամ հենց օլիգարխ, որոնց սիրելի մարզաձևը, մերօրյա ազատ շրջող «հերոսների» պես թիկունքից կրակելն է լինելու...

Ու այլևս չես զարմանում, որ երեխաներին «Մաթեմատիկա տանը և դպրոցում»-ով են դաստիարակում, որտեղ «Սոսը գազանանոցում 3 ուղտի է գժվացնում», «ուղտն էլ 3 անգամ թքում է Սոսի վրա» կամ ընկերները «3 անգամ հասցնում են Սոսի վզակոթին», իսկ ավագ եղբայրները փոքրերի «կոնֆետներն են խլում»...

Համակարգը շարունակում է աղտեղություն ցանել, որի պտուղները վաղը քաղելու են մեր զավակներն ու թոռները։



ԱՆՎԵՐՆԱԳԻՐ 

...Նրանք շատ մտածեցին և, ի վերջո, որոշեցին գնալ իրենց երկրի ամենահարգված, ամենախելացի մարդու, տաղանդավոր արվեստագետի ու գիտնականի մոտ՝ խորհուրդ հարցնելու։ Երբ մոտեցան նրա տանը, նկատեցին, որ վերջինս բակում նստած, փոքրիկ թոռան համար Թումանյանի մանկական երկերն է կարդում՝ մանկան պես զմայլված։
- Հետաքրքիր է, տարիներ հետո էլ կարդալով մեր մեծերին, անգամ մանկական գործերից մի նոր բան եմ սովորում,- ի պատասխան մարդկանց զարմացած հայացքի, ասաց ճանաչված գիտնականը։

Ի տարբերություն տգետների, ովքեր ամեն ինչ գիտեն, խելացի ու տաղանդավոր մարդիկ, երբեք չեն դադարում սովորելուց...



Զրույց ծանոթ շան հետ

Իմ դիմաց նստել, խեղճ-խեղճ նայում ես ինձ։ Հիշո՞ւմ ես, երբ առաջին անգամ տեսա քեզ, դարձյալ այդպես, ողորմելիորեն գզգզված ու սոված, քարշ էիր գալիս իմ հետևից։ Կերակրեցի քեզ, տաքուկ մի անկյուն տվեցի։ Ու երբ ընկերները քո թափառում էին այսուայնտեղ, մի կտոր կրծած ոսկոր գտնելու հույսով առավոտից երեկո տակնուվրա անում աղբարկղերը, դու կուշտ ու ուրախ վնգստում էիր իմ ոտքերի շուրջ...

Եվ հիմա խեղճ-խեղճ նստել իմ ոտքերի մոտ, թախծոտ ու տխուր նայում ես ինձ։ Հիշո՞ւմ ես, ինձ հանդիպելուց շատ օրեր հետո, երբ կազդուրվել ու առույգացել էիր դու, փողոցում մի օր հաչեցիր ինձ վրա։ Հաչեցիր ու փորձեցիր կծել ինձ։ Հիշո՞ւմ ես այդ օրը, Բրուտո՛ս։ Բայց, ախր, ինչո՞ւ հաչեցիր ինձ վրա։ Քեզ օգնելու վա՞րձն էր դա։ Շո՛ւն, բայց ես քեզնից օգնություն չեմ խնդրել, և պետք չէր ինձ հավատարմության երդումը քո։ Ազգակիցներիդ պես անցնեիր իմ կողքով և գնայիր շնային քո գործին։ Բայց ճանաչեցիր դու ինձ և... սկսեցիր հաչել ինձ վրա։
Ծանոթ իմ շուն, հիմա ցուրտ ու քամի է դրսում, և նստել իմ դիմաց, խեղճ-խեղճ նայում ես դու ինձ։ Այժմ ողորմելիորեն գզգզված ես դու դարձյալ, ինչպես տարիներ առաջ և սոված սաստիկ։ Հիմա ի՞նչ անեմ ես քեզ, ինչպե՞ս վարվեմ քեզ հետ։

Է՜հ, Բրուտոս, Բրուտո՜ս... Լավ, գրողը տանի, քիթդ մի՛ կախիր։ Վեր կաց և, ինչպես շատ օրեր առաջ, հետևիր դու ինձ, քանզի Մարդ եմ ես, իսկ դու՝ Շուն։ Դա՜ռն ճակատագիր. ես իմ խաչն եմ տանում, դու՝ քո...

Եվ անցնում ենք այդպես, դարերի միջով՝ դեպ դարերը գալիք։ Ես և Դու։ Մարդն ու Շունը։

Վ. Օ.



ՀԱՄԱՐԻ ԱՍՈՒՅԹԸ

Կան գրողներ, որ չնայած հեռանում են կյանքից, բայց նրանց ստեղծագործություններն ապրում են։ Մյուս կողմից՝ կան գրողներ, որ շարունակում են ապրել և մեռած գործեր ծնել...


ԱՄՍՎԱ ԱՍՈՒՅԹԸ

Սրիկայի կամ, ընդհանրապես, անազնիվ մարդու սցենարում ազնիվի դեր խաղալը նույնպես անազնվություն է։ Նույն կերպ՝ զրպարտչի, կեղծարարի զազրախոսությանը հավատալը մարդուն իջեցնում է վերջինիս մակարդակին...

Комментариев нет:

Отправить комментарий