10.5.19

Հորս՝ Վազգեն Օվյանի վերջին նամակ-գրությունը


Մինչ այս գրությունը մեջբերելը, ներկայացնեմ այն ժամանակահատվածը, որ նախորդել են այդ նամակ-գրությանը և այն իրավիճակը, երբ գրվել են այդ տողերը։
1985 թվականին հայրս հիվանդացավ։ Կյանքում երբեք չէր հիվանդացել, և մենք մտածում էինք, որ լուրջ բան չկա, շուտով կրկին ոտքի կկանգնի։ Հիվանդանոցում էր պառկած, պարտաճանաչ ընդունում էր նշանակված դեղամիջոցները։ Ընդհանրապես նա մարդկանց շատ էր հավատում, շուտ էր վստահում դիմացինին, որ բխում էր նրա ազնվությունից և պարզամտությունից։ Նույնիսկ մի անգամ մայրս ասաց. «Ամեն դեղ մի՛ խմիր, զգույշ եղիր»։ Թվում էր՝ մեկ-երկու օրից դուրս կգրեն հիվանդանոցից։ Բայց մի օր տեսանք, որ վիճակն անսպասելի ավելի է վատացել։ Երևանից պրոֆեսոր հրավիրեցինք։ «Այս հիվանդությունն այսպես չպիտի զարգանար, ինչ-որ բան այն չէ»,- հորեղբորս մի կողմ քաշելով, ասաց պրոֆեսորը։

Հայրս այն տարիներին Արցախում իրոք մեծ ժողովրդականություն էր վայելում։ Շատ-շատերն էին նրան հարգում ու սիրում։ Ինքն էլ, լինելով անկեղծ, ազնիվ և բարեսիրտ մարդ, ամենաանծանոթ շրջապատում անգամ մի քանի րոպեում կարողանում էր ջերմ, ընկերական մթնոլորտ ստեղծել։ Բայց քանի որ հայրս նաև սուր հոդվածներ, ֆելիետոններ, պամֆլետներ և երգիծական այլ ստեղծագործություններ էր գրում, նաև յուրաքանչյուր ամիս մարզային ռադիոյով եթեր էր արձակվում, ժողովրդի լեզվով ասած, «Մախաթը», որը մերկացնում-ծաղրում էր այն տարիներին հակաօրինական, դատապարտելի արարքներով աչքի ընկած «հերոսներին», և այդ հաղորդման խմբագիրը հայրս էր, բնականաբար նա չէր կարող չունենալ նաև չարակամներ ու թշնամիներ։ Թերևս ոչ միայն այդ շրջապատում։ Հաճախ էր ընկերների և ոչ ընկերների, միանգամայն անծանոթ ընթերցողների մոտ կարդում Բրեժնևին, Ալիևին, Կևորկովին և խորհրդային մեծ ու փոքր պաշտոնյաներին ուղղված իր պամֆլետներն ու էպիգրամները։ Քիչ չէին նաև նրան նախանձող, այսպես կոչված, մերձավորները...

Բայց արդեն երեք շաբաթ հայրս պառկած էր հիվանդանոցում, և այդ օրերին հազիվ հնարավոր լիներ պարզել, թե ինչ էր նախորդել չարաբաստիկ հիվանդությանը։ Կամ ինչո՞ւ հանկարծ վիճակն ավելի ծանրացավ... Մենք մտածում էինք միայն նրան բուժելու, կյանքը փրկելու մասին։

Հայրիկիս տեղափոխեցինք Երևան։ Մայրս էր ուղեկցում։ Կրկին հիվանդանոցային կյանք, հոգնեցուցիչ ստուգումներ, նոր նշանակումներ, դեղորայքնե՛ր, զանազան դեղամիջոցնե՛ր...

Երևանից եկան։ Կրկին հայրենի օջախում էր, սեփական տանը։ Ժամանակը հոսում է, բայց հորս վիճակն ամենևին չէր լավանում։ Ընդհակառակը՝ ավելի էր նիհարել և գունատվել։ Վերջին հույսը Մոսկվան էր։ Բժիշկ ընկերները՝ Եղիշե Փարամազյանը, Էդուարդ Ղուկասյանը, Փարավոն Ադամյանը, Բենիկ Միրզոյանը և ուրիշներ խորհուրդ տվեցին հայրիկիս տանել Մոսկվա։

1986 թվականն էր։ Որոշեցինք, որ նրան կուղեկցի կրտսեր եղբայրը՝ Մաքսիմը։ Ես ու մայրս նրանց ուղեկցեցինք Կիրովաբադ, որտեղից ինքնաթիռով պիտի թռչեին Մոսկվա։ Եկավ հրաժեշտի պահը։

Ի դեպ, մեր ընտանիքում աչքի չէինք ընկնում զգացմունքայնությամբ։ Հայրս ջերմ, հայրական սիրով սիրում էր մեզ՝ ինձ, որ ավագն էի, Նարինեին և երջանկահիշատակ կրտսեր քրոջս՝ Նվարդին։ Ես չեմ հիշում, որ այն տարիներին համբուրեինք մեր ծնողներին, առավել ևս՝ հայրիկին, որին անսահման սիրում էինք, և այդ սերը ցուցադրական որևէ այլ ձևով չէինք կարողանում արտահայտել, բացի ներքուստ նրանց սիրելուց, որդիաբար պաշտելուց և մեր ծնողներով հպարտանալուց։ Նույն կերպ մեր ծնողներն էին մեր հանդեպ։ Բայց կար մեկը, որ բացառություն էր կազմում մեր ընտանիքում։ Մեր տան կրտսերն էր՝ Նվարդը, որին հայրս պաշտում էր, իսկ մենք այնպես էինք նրան սիրում, ինչպես ընդհանրապես սիրում են տան կրտսերին, ընտանիքի փոքրին։

Եվ ահա, եկավ հրաժեշտի պահը։ Գրկեց ինձ և համբուրեց։ Ես էլ իրեն համբուրեցի՝ ցավով և հույսով, որ Մոսկվայից կվերադառնա այնպես ձիգ, իր բարձր հասակով և նախկին հպարտությամբ ու կենսուրախությամբ լի...

Անցավ ծանր ու սպասումներով լի երկու շաբաթ։ Այն տարիներին մեծ դժվարությամբ էինք կարողանում հեռախոսով կապվել մեր հեռավոր ազգականի հետ, որի տանը պիտի հյուրընկալվեին հայրս ու հորեղբայրս։ Այդ երկու շաբաթն անցավ ինչպես երկու տարի, ինչպես ծանր, մղձավանջային տարիներ։

Վերջապես զանգեցին և ասացին, որ վերադառնում են։
Հորս դեմքին ոչ մի լավ փոփոխություն չնկատեցինք։ Ընդհակառակը՝ ավելի հոգնած տեսք ուներ։ Մեզ տեսնելով, աչքերը միայն կարճատև փայլեցին։ Գրկել էի նրան և չէի ուզում բաց թողնել։ Կարծես արդեն կանխազգում էի, որ օր-օրի կորցնում ենք նրան...

Կրկին անկողնային ռեժիմ, ծանր ու դժվարին օրեր և աղոտ, շա՜տ աղոտ հույս, որը սակայն, մոմի պես հալվելով, արդեն գրեթե սպառվել էր։ Եվ 1987 թվականի փետրվարի 23-ին կեսօրին մոտ, մեր օջախում մի մեծ լույս հանգավ։ Եվ ոչ միայն մեր օջախում։ Հրաժեշտի արարողությունը Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի սրահում էր. հազարավոր մեր հայրենակիցներ էին եկել վերջին հրաժեշտը տալու սիրելի գրողին։ Ընկերներս պատմում են, որ դեպի մեր հայրենի Դաշուշեն գյուղ շարժվող ավտոմեքենաների շարասյան ծայրը չէր երևում...

*  *  *
Հայրիկիս մահից ամիսներ հետո, երբ ես ու քույրերս փորձում էինք կարգի բերել նրա պատկառելի արխիվը՝ բազմաթիվ ձեռագիր ու մեքենագիր էջերով, տասնյակ մշակված ու վերամշակված տարբերակներով, մի քանի տասնյակ հաստափոր տետրերով ու նոթատետրերով, նոթատետրերից մեկում գտանք այս նամակ-գրությունը։ Հայրս այն գրել էր մոսկովյան մի հիվանդանոցում, սակայն, չգիտես ինչու, չէր ուղարկել։

Գրության առաջին տողերից, պարզ, խոսակցական լեզվից զգացվում է, որ սկզբում մտադիր էր նամակ գրել մեզ, բայց հետո միտքը փոխել էր և այն գրել որպես կարճ մտորում ինքն իր հետ։ Ամենայն հավանականությամբ, այդ օրերի ծանր ապրումները, հոգնածությունը, հուսախաբությունը և ծայրահեղ վատ տրամադրությունը ստիպել էր նրան փոխել մեզ նամակ գրելու նախկին մտադրությունը։ Հայրս չէր ցանկացել մեզ ավելի տխրեցնել այդ նամակով։ Ահա այն.

Սիրելիներս,
Մոսկվան ինձ ընդունեց տխուր ու մռայլ, և դա նորություն չէր ինձ համար։ Մարդիկ այստեղ կոպիտ են. մի բան ես հարցնում, իսկույն վրա են քշում. «Ի՞նչ ես զահլա տանում»։
Այսօր ավարտվեց նախնական պոլիկլինիկային անալիզներս, վաղը պիտի լինեմ բժշկի մոտ, որը պիտի հայտնի ինձ, թե հիվանդանոցում բուժվելու համար կոմիսիան ե՞րբ պիտի լինի... Ամեն ինչ այդ կոմիսիայից է կախված՝ բաց կթողնի՞ բուժվելու, թե՞ կասի՝ գնա տեղում բուժվիր։

Ամեն ինչ նման է տխուր երազի. չեմ հասկանում, որ ես՝ ես եմ և ի՞նչ եմ անում այս անհոգի մարդկանց մոտ։ Օրերս չեն մթնում և, ավելի ահավորը՝ չեն լուսանում։
Մաքսիմը այսօր դուրս եկավ «հետախուզության», գուցե մոտիկ շենքերում ժամանակավոր գիշերելու որևէ տեղ գտնի։ Այստեղ նրան տեղ չեն տալիս, մի կերպ տեղավորվում ենք, իսկ Սեդայի տղայի մոտ հնարավոր չէ. նա հենց ինքը տնկեց է, ուրիշի բնակարանում։ Լավագույն դեպքում նրա մոտից կարող է միայն զանգել ձեզ։

Փարավոնի հեքիաթները՝ հեշտ ընդունելու մասին, սոսկ հեքիաթներ են։ Առաջներում այդպես էր... Հիմա կովկասցիները բժիշկների համար եկամտի վարար աղբյուր են՝ միայն թե փող պոկեն։ Իրենք՝ կովկասցիներն են մեղավոր. նրանց այդպես են սովորեցրել։
Չգիտեմ, կդիմանա՞մ այս քաշքշուկին։ Բարեկամներ ու ծանոթներ չունեմ, այստեղ ամեն ինչ որոշում է պնդաճակատությունը, նաև փողը։ Սա իմ աշխարհը չէ։ Բայց դե հույս ունեմ։
Ուրեմն՝ ճակատագիրս կորոշվի այս վերջին երեք-չորս օրում։
Է՜հ, երեխաներիս եմ կարոտե՜լ, շա՜տ։

*  *  *
Մոսկովյան հիվանդանոցներից մեկում 1986 թվականին գրած այս տողերից հետո նա այլևս գրիչ չի վերցրել ձեռքը։ Մի քանի անգամ տանը փորձել է գեղարվեստական ինչ-որ կտորներ, մանրապատումներ թելադրել քույրերիս, բայց հետո հրաժարվել է դրանից... Այլևս ստեղծագործելու տրամադրություն չկար։ Դանդաղ սպասում էր անխուսափելիին, չնայած երբեմն մի քանի վայրկյան պայծառանում էր և ասում, որ հենց կազդուրվի, անպայման հայրենի գյուղում տուն կկառուցենք...

Վարդգես Օվյան

4.12.18

Հոր նամակը որդուն


ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԴԱՐՁՐԻ ՓՈՔՐԻԿ ԱՌԱՋԱԲԱՆ։ Այս նամակը քեզ է ուղղված, այս տողերը գրելիս միայն քո մասին էի մտածում և միայն քո պատկերն էր իմ առջև։ Բայց նամակն ավարտելուց հետո, երբ կարդացի այն, մտածեցի, որ հազարավոր ծնողներ կարող են այսպիսի կամ երիցս ավելի գեղեցիկ պատգամ հղել իրենց զավակին։ Հազարավոր հայրեր հաստատ շարունակ մտածում են այդ մասին, բայց ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում կամ չեն հասցնում այն գրել։ Եվ ես որոշեցի միայն քեզ ուղղված այս նամակը վերնագրել՝

ՀՈՐ ՆԱՄԱԿԸ ՈՐԴՈՒՆ

«Ես ուզում եմ կյանքում գտնես այն, ինչ ես չեմ կարողացել գտնել։ Հեռավոր ճամփորդության համար վերցնես այն ամենը, ինչ ես մոռացել եմ վերցնել։ Ես ուզում եմ, որդիս, որ դու լինես իմ ամենալավ շարունակությունը և շարունակելին...»,- այս տողերը գրել է հայրս, քո պապը, որին դու չես տեսել։ Այս ղողերն ուղղված են ինձ։ Այս մի քանի տողով նա ամեն ինչ ասել է։

Բայց ես ստիպված եմ ավելի երկար գրել, որովհետև երբ ես ծնվել ու մեծացել եմ, կարծես թե լույսն ավելի շատ էր, քան խավարը, իսկ դու ծնվել ու մեծանում ես այնպիսի ժամանակներում, երբ Լույսի այնքա՜ն պակաս կա։

Զավակս, կյանքը մեծագույն պարգև է՝ շնորհված մարդուն և բոլոր ոչ բանական արարածներին։ Բայց այն մի անվերջ պայքար է։ Սրիկաները սկզբում գործում են «իրենց տունը պահելու» անվան տակ, ապա՝ իրենց մերձավորների, իրենց շրջապատի և վերջապես իրենց ոհմակի համար։ Ռոմանտիկներն ու խենթերը պայքարում են իրենց հայրենակիցների և ընդհանրապես մարդկության երջանկության համար։ Իսկ հազարավոր, միլիոնավոր մարդիկ պարզապես իրենց համար ապրում են, նույնքան մարդիկ էլ գոյատևում են ՝ ջուրն ընկած տաշեղի պես օրորվում ու սպասում, թե իրենց որտեղ կնետի կյանքի ալիքը։

Ես ցանկանում եմ, որ դու որտեղ էլ լինես, ինչ էլ պատահի, քո շրջապատում միշտ Լույս ու Ջերմություն տարածես։

Դու ապրում ես այնպիսի ժամանակներում, երբ դպրոցի մասին շատ թյուր և սխալ պատկերացում կա երեխաների մեջ։ Դպրոցն ամենևին պատիժ չէ, այլ գեղեցիկ և կարևոր մի հաստատություն, որտեղ Սովորում են, Գիտելիք են ձեռք բերում և աստիճանաբար սկսում ճանաչել աշխարհը։ Եթե դու չճանաչես աշխարհը, ապա չես ճանաչելու և չես հասկանալու այն մարդկանց, ովքեր ապրում են այդ աշխարհում՝ քո շրջապատում և քեզնից միլիոնավոր մղոններ հեռու։

Հենց դպրոցական նստարանից դու պիտի սովորես գնահատել քո Ժամանակը, որ ամենաթանկն է և երբեք կորցրածը ետ չի բերում։ Աշակերտները սիրում են ուսուցիչներին «պատժել»՝ չսովորելով կամ ձևանալով, որ սովորում են։ Բայց դրանով նրանք իրենց են պատժում, սովորելու համար իրենց ընձեռած ժամանակն են սխալ տնօրինում, պարզապես քամուն տալիս։ Դա նույնն է թե՝մարդ ժամերով գտնվի անվճար ճոխ ճաշարանում, բայց այնտեղից սոված դուրս գա՝ իբր դրանով պատժելով ճաշարանի աշխատողներին։ Իսկ կյանքի պայքարում քեզ այնքա՜ն  անհրաժեշտ է լինելու դպրոցական տարիներին ձեռք բերած Գիտելիքը։

Հիմա աշխարհում դու ունես քո աշխարհը, որ այնքա՜ն գեղեցիկ, լուսավոր ու պայծառ է իրական աշխարհից, որտեղ դու ապրում ես քո հարազատների, հասակակիցների և ընկերների հետ...

Ընկերների մասին։ Միշտ ձգտիր քեզ շրջապատել ազնիվ, գաղափարակից, անշահախնդիր, հավատարիմ ընկերներով և դու էլ նրանց հանդեպ եղիր այդպիսին։ Ընտանիքից հետո ընկերները մարդու երկրորդ մեծագույն  հարստությունն են։ Առանց ընկերների մարդը նմանվում է անտառից մեկուսացած միայնակ ծառի։ Անգամ միայնակ հզոր կաղնին է տապալվում ուժեղ քամիներից ու հողմից, իսկ անտառում՝ իրենց նման ծառերով շրջապատված ամենանվաստ ծառերն անգամ կանգուն են մնում։

Զավակս, ես ցանկանում եմ, որ դու միշտ կարողանաս տեսնել և գնահատել Գեղեցիկը, անկախ նրանից այն բնության մե՞ջ է, թե՞ մարդու մեջ, մարդու արտաքի՞նն է այդ գեղեցիկը, թե՞ այն նրա ներսում է։ Դա քեզ օգնելու է տարբերել Տգեղը, Այլանդակը, որ հաճախ հանդես է գալիս գեղեցիկ հանդերձանքով։ Դրանով դու կսովորես ճանաչել նաև ինքդ քեզ և հասկանալ, որ բոլոր դատավորներից ամենաանաչառը նա է, որ քո մեջ է։
Դու ծնվել ես այնպիսի դարում, երբ հնարավոր է աշխարհը ղեկավարել համակարգիչ-կոմպյուտերով, երբ Երկիր մոլորակը պատված է համաշխարհային սարդոստայնով՝ ինտերնետով։ Դրանք աներևակայելի մտքի թռիչքի արդյունք են և հրաշք։ Սական դրանք կարող են չարիքի վերածվել, եթե դու դառնաս դրանց գերին՝ վտանգելով քո առողջությունը...

Չեմ կասկածում, որ այս նամակը կարդալով, դու հասկանալու ես ինձ։ Իսկ ավելի խորը դու հասկանալու ես այս տողերը, երբ տարիներ հետո, թերևս երբ ես չեմ լինի, կեսգիշերին նայես լուսնի աղոտ լույսի տակ երևացող քնած մանուկների անմեղ դեմքերին, լսես նրանց հանգիստ ու խաղաղ շնչառությունը, քեզ անսահման երջանիկ զգաս ու հասկանաս, որ նրանք քո մեծագույն հարստությունն են...

Դեռ մի ամբողջ կյանք կա քո առջև, դեռ այնքա՜ն բան ես տեսնելու և սովորելու։ Եվ թող քո գլխավերևում միշտ պայծառ ու անամպ երկինք լինի, զավակս, քո առջև՝ կանաչ ճանապարհ։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
4.12.18

18.10.18

Ներկայիս կրթական համակարգը հաշմում է մեր երեխաներին


Հաճախ ենք դժգոհում մեր ժողովրդի, քաղաքացիների մեջ բնավորված բացասական գծերից և հարց հնչեցնում դրանցից ձերբազատվելու մասին։ Դա իրոք լուրջ, շատ լուրջ խնդիր է։ Մինչ լիարժեք քաղաքացի դառնալը, մարդ գիտելիքներ ու դաստիարակություն է ստանում ընտանիքում, ապա՝ դրան զուգահեռ, կրթվում, սովորում դաստիարակություն ստանում դպրոցում։ Ընտանիքները տարբեր են ու բազմազան, և ընտանիքում դաստիարակություն ու նախնական գիտելիքներ ստանալու խնդիրը այլ թեմա է։ Բայց ահա, հանրակրթական դպրոցը կոչված է պետական հատուկ ծրագրերով կրթելու, դաստիարակելու երեխային։

Այդ առումով իսկ ի՞նչ վիճակ է մեր դպրոցներում։ Խոստովանեմ՝ խայտառակ։ Խայտառակ վիճակ է այդ բառի ուղիղ, փոխաբերական ու բոլոր իմաստներով։ Հատկապես հետանկախական շրջանում, գիտակցաբար թե չգիտակցված, ամեն ինչ արվում է երեխային բթացնելու, ոչ լիարժեք, թերզարգացած քաղաքացի դաստիարակելու համար։

Դա են վկայում թե՛ ուսումնական ծրագրերը, թե՛ դասավանդման ձևերն ու մեթոդները։ Այնպիսի տպավորություն է, որ մի փակ ու սև սենյակում նստել, ուսումնական ծրագրեր են կազմել մարդիկ, ովքեր մղոններով հեռու են մանկավարժությունից և առաջնորդվել են երեխային հնարավորինս շատ վնասելու և բթացնելու սկզբունքով։ Կարդում ես դասագրքերը, ուսումնասիրում թեմաները, ծանոթանում առաջադրված հարցերին և ապշում. այս մարդիկ դիտավորյալ ու կանխամտածվա՞ծ են այսպես արել, թե՞ իրենցից անկախ՝ տգիտությունից։ Կան ուսումնական առարկաներ («Հայ եկեղեցու պատմություն», «շախմատ» և այլն), որոնք հանրակրթական դպրոցում կարող են գոյություն ունենալ միայն արտադասարանական ու կամավոր սկզբունքներով։ Բայց խոսքը ոչ միայն դրանց մասին է։ Ինչպես վերևում գրեցի՝ ահավոր վիճակ է հենց ավանդական ուսումնական առարկաների ծրագրերի և առարկաների խնդրում։ Իշխողը ավելորդ ծանրաբեռնվածությունն է և առաջադրված հարցերի, վարժությունների անհեթեթությունը։

10-ամյա միջնակարգը փոխարինել ենք 12-ամյա համակարգով։ Թվում է, թե դա առաջին հերթին արվել է նախկին ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով։ Բայց ո՛չ, հազար անգամ ո՛չ։ Ոչ միայն թեթևության նշույլ չկա, այլև երիցս ավելի են ծանրաբեռնվել դասավանդվող առարկաները, անգամ ստեղծվել միանգամայն նոր դասագրքեր, որոնք մասնագետի, մանկավարժի կողմից գրված լինելը կասկածի տեղիք է տալիս։

Ընդամենը համառոտ իմ կարծիքն եմ ներկայացնում՝ առանց կոնկրետ առարկաների անուններ նշելու, որովհետև հնարավոր է դուրս մնան առարկաներ և կոնկրետ ուսումնական ծրագրեր, որ ավելի խայտառակ վիճակում են, քան իմ նկատածը։

Չգիտեմ ում թեթև ձեռքով, այսօր Ստեփանակերտի որոշ դպրոցներում դասավանդում են երեք օտար լեզուներ՝ ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն։ Ճիշտ է, երեխաներն ավելի արագ են օտար լեզու սովորում։ Բայց խնդիրն այն է, որ մեծամասամբ նրանք ոչ լեզվական նախասիրություններ ունեն և մի քանի լեզուներ միանգամից ուսուցանելը խոչնդոտում է դրանց առավել հիմնավոր յուրացմանը։ Այսինքն՝ միջին մակարդակի գիտելիքներ են ձեռք բերում երեք լեզվից, երբ կարող էին գերազանց սովորել երկու լեզու, ավելի լավ տիրապետել երկու լեզվի։

Դասաժամերի բաշխման մասին։ Բայց մինչ այդ, մի զավեշտի մասին. Ստեփանակերտում հանրակրթական դպրոցների մի մասում պարապմունքները 5-օրյա են, մյուս մասում՝ 6-օրյա։ Տարբեր դպրոցներ հաճախող երեխաներ ունեցող ընտանիքներում փոքրիկներից մեկը շաբաթ օրը հանգստանում է, իսկ նրա քույր-եղբայրները գնում են դասի...

Բայց վերադառնանք դասաժամերի խնդիրն. 8-րդ դասարանի աշակերտը որոշ օրեր 7 ժամ պարապմունքներ ունի, այն դեպքում՝ երբ տվյալ դպրոցն աշխատում է 6-օրյա գրաֆիկով, և հատկապես երբ 12-ամյա համակարգ ենք որդեգրել՝ առաջին հերթին ծանրաբեռնվածության խնդիրն իբր լուծելու նպատակով։ Այդ ո՞ր հանճարեղ մասնագետի գլխում է ծնվել այդ գաղափարը, որ ինչքան շատ գիտելիքներ ես լցնում երեխայի փոքրիկ գլուխը, այնքան նա զարգացած ու խելացի է դառնում։ Մինչդեռ հակառակն է. որքան շատ ես փորձում լցնել, այնքան քիչ բան է նստում նրա գլխում, ինչպես շատերին հայտնի այն փորձի ժամանակ, երբ բաժակը պահում են վարար ծորակի տակ ու փակում, ապա նույն բաժակը պահում ոչ վարար ծորակի տակ։ Առաջինի դեպքում բաժակի կեսից ավելին թափված է լինում, իսկ երկրորդում՝ գրեթե լեցուն է լինում բաժակը։

Եվ սա մեր կրթական համակարգի ամենամեծ հիմարություններից մեկն է։ Գրողը տանի, տվյալ դասարանում երեխային օրը 4-5 ժամ դասաժամ հատկացրեք, և նա երիցս ավելի խորը կյուրացնի մատուցածը, քան 6-7 ժամ հոգնած ուղեղով նստարանին գամված երեխան, որ րոպեներ է հաշվում՝ «անիծյալ» ազատարար զանգին սպասելով...

Այնպես որ, սիրելի հայրենակիցներ, սիրելի ծնողներ, մեր կրթական համակարգը հաշմում է մեր երեխաներին, նրանց մեջ սպանում սերը կրթության և ուսման հանդեպ, բթացնում նրան՝ որպես ապագա քաղաքացի, որպես լիարժեք մարդ։ Խորհուրդ եմ տալիս և կոչ եմ անում պայքարել այս խայտառակ կրթական համակարգի դեմ, ինչպես պայքարել ու պայքարում եք քրեաօլիգարխիայի դեմ։ Ի դեպ, ներկայիս կրթական համակարգը ծնվել է հենց այդ քրեաօլիգարխիկ համակարգի ծոցում... Պայքարեք՝ հանուն ձեր երեխաների, հանուն մեր բոլոր երեխաների և հանուն նրանց ապագայի։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

https://hetq.am/hy/article/97230

2.7.17

Գրպանահատը


Ժամանակ առ ժամանակ մի հաղորդում է աչքովս ընկնում։ Մեր փոքրիկներն են երբեմն դիտում այդ հաղորդումը և անսխալ գուշակում որոնվելիք բառը։ Հ2-ով է հեռուստաեթեր արձակվում և կարծեմ կոչվում է՝ «Օդից փող»։

Ամեն անգամ այդ հաղորդումը վարող, չաչանակի պես, ինչպես առատության եղջյուրից, տխմարություններ դուրս տվող ու շաղակրատող սույն անթրաշ ջահելին հեռուստաէկրանին տեսնելիս, հազիվ եմ ինձ զսպում, որ հեռուստացույցը դուրս չնետեմ պատուհանից։ Երբ հազարավոր շնորհալի և տաղանդավոր ջահելներ աշխատանք չեն գտնում, նրանցից շատերն էլ արտագաղթում են երկրից, հայկական բացարձակապես բոլոր հեռուստատեսություններում ահա այսպիսի խաբեբաներ ու ոչնչություններ են աշխատում և աղտոտում հեռուստաեթերն ու մարդկանց հոգիները, այսօրինակ լպիրշներն էլ օրը ցերեկով թափ են տալիս միամիտ մարդկանց գրպանները։ Ու զավեշտն այն է, որ այս գրպանահատ չաչանակը որքան շատ է շաղակրատում ու ժամանակ սպանում, այնքան ավելի շատ փող է «օդից» մտնում իր և իր խաչագող տերերի գրպանը։ Իրոք որ՝ օդից փող...

Բոլոր ժամանակներում ես միշտ էլ արհամարհել եմ խաբեբաներին ու «մեծապատիվ մուրացկաններին», բայց այս «անկախության» տարիներին խաբեբայության առատությունից, սրիկայության համատարած ու լայնածավալ այս արշավանքից ես սկսել եմ նրանցից զզվել ու ատել նրանց...

Հայաստանն ընկալվում է որպես Ռուսաստանի շահերը սպասարկող երկիր


Այս հատվածը Բրիտանական Լեսթերի համալսարանի Միջազգային հարաբերությունների բաժնի գիտաշխատող, IHS Markit (Jane’s Information Group) կորպորացիայի անկախ վերլուծաբան Էդուարդ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ «Վերջին զրույցս Զբիգնեւ Բզեժինսկու հետ» հոդվածից է։ 


Իմանալով, որ հայ եմ եւ Հայաստանից եմ, նա առաջին պահին որոշակիորեն զգացնել տվեց ինչ-որ անհետաքրքրություն եւ նույնիսկ դժկամություն զրուցելու։ Սակայն նա տվեց ինձ մեկ հարց, որի պատասխանն էլ պայմանավորեց նրա տրամադրության փոփոխությունն ու հետաքրքրությունը զրուցելու ինձ հետ ու պատասխանելու իմ որոշ հարցերի. «Մինչև մեր զրույցը, խնդրում, եմ ասա ինձ, ըստ քեզ՝ ո՞ր երկիրն է առաջնահերթ սպառնալիք Հայաստանի պետականության համար»։ «Միանշանակ՝ Ռուսաստանը»,- պատասխանեցի ես: Նրա տրամադրությունը փոխվեց. «Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, որ չասացիր՝ ԱՄՆ-ը. այդպիսիների էլ եմ ժամանակին հանդիպել»։

Իմ հարցին, թե ինչպե՞ս Հայաստանը կարող է հարաբերվել ԱՄՆ նոր ադմինիստրացիայի հետ, Բզեժինսկին նշեց, որ Հայաստանը պետք է հասկանա նոր՝ «անկարգ» համակարգի խաղի կանոնները եւ սկսի խաղալ՝ համապատասխանաբար իր շահերը տեղավորելով այդ շրջանակներում։ «Օրինակ՝ հիմա ԱՄՆ-ին Հայաստանը պետք է ներկայանա ոչ թե որպես մի երկիր, որն ունի ահռելի քանակությամբ խնդիրներ, այլ այնպես, թե ինչ օգուտ կարող է ԱՄՆ-ն ունենալ Հայաստանի հետ հարաբերություններում։ Այլ կերպ ասած՝ Հայաստանը պետք է լինի նախաձեռնող եւ առաջարկներով հանդես գա, այլ ոչ թե սպասի ԱՄՆ առաջարկներին։ Նման առաջարկներ Վաշինգտոնից էլ չեն լինելու։

Պետք է հասկանաք, որ ռեգիոնալ անվտանգությունը մեզ սկսում է հետաքրքիր լինել միայն Վրաստանի անվտանգության ապահովման համատեքստում։ Քանի դեռ Հայաստանը կամ Ադրբեջանը չհայտնի ցանկություն ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ու անդամակցելու օրակարգ, ԱՄՆ քաղաքականությունը Կովկասի նկատմամբ հազիվ թե տարբերվի նրանից, ինչպիսին որ հիմա է»։

Զրույցը տեղափոխելով տարածաշրջանային համատեքստ՝ Բզեժինսկին շեշտեց, որ Վրաստանի անվտանգության հարցերը նաև ԱՄՆ խնդիրն է, այն պաշտպանված է մեզ ու ՆԱՏՕ-ին մոտ լինելու, մեր ստրատեգիական ծրագրերի մեջ ներգրավվելու եւ ի վերջո՝ հաճախակի դարձած զորավարժությունների համար նախատեսված ամերիկյան բանակ իր մոտ հյուրընկալելու հետեւանքով։ «Սակայն Հայաստանն ու Ադրբեջանը դեռ շատ արյուն են թափելու։ Ղարաբաղի կարգավորման հանդեպ մեր պասիվությունը կարող է փոխվել քողարկված անտարբերության, քանի որ թե Հայաստանը եւ թե Ադրբեջանը արդեն իսկ հաճախ դասակարգվում են որպես ավտորիտար ռեժիմներ եւ Ռուսաստանի ազդեցության տակ գտնվողներ։ Ուստի դուք պիտի պատրաստ լինեք պատերազմի, ինչն անխուսափելի է։ Ռուսաստանը կթուլանա, եւ դուք կամ Ադրբեջանը հնարավորություն կունենաք հաղթելու՝ պարտություն պարտադրելով մյուսին։

Նույն բանն, ի դեպ, երեւի խորհուրդ կտայի ադրբեջանցիներին, եթե նրանք հիմա այստեղ լինեին։ Կարծում եմ՝ աշխարհակարգային զսպումը հակամարտությունների առումով գնալով թուլանում է»։

Իմ հարցին Մինսկի խմբի էֆեկտիվության մասին՝ նա պատասխանեց․ «Մինսկի խումբը հին՝ անցած աշխարհակարգի ճարտարապետություն եւ պլատֆորմ էր, չեմ կարծում, որ հիմա իմաստ ունի հույս դնել մի կառույցի վրա, որտեղ երկու եվրաատլանտյան պետության հետ նույն հարթության վրա նստած է Ռուսաստանը։ Ցավոք, ես այն մարդկանց դասին չեմ պատկանում, որը հավատում է ձեր խնդրի արագ կարգավորմանը, հատկապես հիմա, երբ այդտեղ դեռ ուժեղ է Ռուսաստանի՝ մանիպուլյացիաներ իրականացնելու ցանկությունը։
Սակայն Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հաշվի առնի մեկ բան եւս. պատերազմի վերսկսման դեպքում Արեւմուտքից կհնչեն հայտարարություններ եւ կոչեր դադարեցնելու արյունահեղությունը։ Սակայն ձեր նախաձեռնությունը՝ լուծել խնդիրը ձեր օգտին եւ բարձրացնել ձեր անվտանգությունը, կբախվի Ռուսաստանի դիմադրությանը։

Տարածաշրջանում վերջնական գերակայության հասնելու համար Մոսկվային պետք է Ադրբեջանը, եւ ոչ թե Հայաստանը։ Ուստի Բաքվի հետ հարաբերությունները, Ադրբեջանի ինտեգրացիան ռուսական կառույցներ ու Ռուսաստանի դերի բարձրացումը Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ ավելի կարեւոր են Մոսկվայի համար պատժամիջոցների ու համաշխարհային մեկուսացման պայմաններում, քան Հայաստանի գործոնը։ Ելնելով հավանաբար այս հաշվարկից՝ Ռուսաստանը շահագրգռում ու դրդում է Իրանին տնտեսական, կոմունիկացիոն ծրագրեր իրականացնել հենց Ադրբեջանում, եւ ո՛չ ձեզ մոտ, քանի որ Իրան-Ռուսաստան ծրագրերի իրականացումը Ադրբեջանում կուժեղացնի Մոսկվայի ազդեցությունը Բաքվի նկատմամբ։ Ռուսաստանը նույնիսկ իր անկման ընթացքում դեռ վտանգ կներկայացնի ձեր պետությունների համար, եւ այդ թվում՝ Հայաստանի։

Ռազմաբազան նույնիսկ մեկ ակնթարթում կդառնա սպառնալիք, որին պիտի պատրաստ լինել։ Այն Թուրքիայից պաշտպանվելու համար չէ տեղակայված։ Թուրքիայից Հայաստանի նկատմամբ վտանգ չկա, քանզի այն ամբողջությամբ վերահսկվել, վերահսկվում եւ վերահսկվելու է ԱՄՆ-ի կողմից, հատկապես՝ Հայաստանի հանդեպ ոտնձգությունների պարագայում, եւ դա բազմիցս ապացուցվել է հայաստանյան նախկին ու ներկա իշխանություններին։ Թվում է, թե թուրք-ամերիկյան հակասությունները թուլացրել են ԱՄՆ վերահսկողությունը, սակայն դա այդպես չէ։ Թուրքիան հիմա հատկապես առավել կախված է ԱՄՆ իր հանդեպ դիրքորոշումից։

Վաշինգտոնում քաղաքական շրջանակներում թե՛ դեմոկրատների եւ թե՛ հանրապետականների շրջանակներում Հայաստանն իր շահերով (չխառնել հայկական համայնքի հետ, որը Հայաստանի շահերի հետ կապ չունի) չունի լիարժեք քաղաքական վստահություն (credibility)։ Այն հաճախ ընկալվում է որպես Ռուսաստանի շահերը սպասարկող երկիր՝ նույնիսկ ընդդեմ իր շահերի։ Սակայն ցանկության և աշխատանքի դեպքում դա կարող է փոխվել»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝
Առավոտ

Սև ու սպիտակ մտորումներ


Իմ շատ հարգելի ընկեր-բարեկամները հաճախ են ինձ խնդրում մեր իրականության, մերօրյա բարքերի դատապարտելի, այսպես ասած, «նեգատիվ» երևույթներից բացի գրել նաև մեր կյանքի լավ ու ընդօրինակելի երևույթների մասին։

Հարգելիներս, իշխանական հեռուստաալիքներն ու տպագիր և էլեկտրոնային թափոնը զօր ու գիշեր տնտեսական աճերի մասին են շեփորում։ Ու որքան ստվարանում է աղքատ բնակչության բանակը, նույնքան մեծանում են տնտեսական աճի տոկոսները։ Իմ հրատարակած թերթում ես ներկայացնում էի թե՛ սևը, թե՛ պեղելով հայտնաբերած սպիտակը։

Բայց ասենք թե գրեցի, որ սփյուռքի մեր հայրենակիցներն իրենց և իրենց երեխաների բերանից կտրում, փող են տնտեսում, գումարներ են հանգանակում և մեզ մոտ կրթօջախներ ու բազում այլ անհրաժեշտ օբյեկտներ հիմնում... Սակայն չեմ կարող միաժամանակ չհիշեցնել, որ այստեղ ապրում են հարյուրավոր գիշատիչներ, որոնց մեկ ամսվա թալանը երիցս, բազմիցս գերազանցում է սփյուռքի մեր ազնվագույն հայրենակիցների մեկ տարվա եկամուտը՝ միասին վերցրած։ Ինչպե՞ս չասեմ, որ թշնամին միայն սահմանի հակառակ կողմում չէ, և որ ներսի հրեշը երիցս վտանգավոր, ստոր ու նենգ է...

Այնպես որ, մեծն Թումանյանի ասած՝
«Էհ, մի՛ խոսեցնի, աստված կըսիրես,
Թե չէ մի ղաչաղ կդառնամ ես էլ...»։

Գողերը տարբեր են լինում։ Կա ձու գողացող, որ ինչպես հայտնի ասացվածքն է ուսուցանում, հետո ձի է գողանում։ Գիրք թռցնողներ էլ կան, որոնք ինչ-որ ցիտատ են մեջբերում, որ իբր գրքի գողը գող չէ։ Բայց իրականում գողությունը մնում է գողություն, անկախ նրանից գի՞րք ես թռցնում, թե՞ միրգ։ Կան գողեր, որ միայն հարուստներին են թալանում և այլն։ Ի դեպ, վերջիններին ես մի թեթև հարգում եմ...

Բայց, ըստ իս, ամենասարսափելին պաշտոնագողերն են։ Սրանք իրենց մեջ խտացնում են գողի ամենաստորակարգ հատկությունները։ Սրանք, ժողովրդի լեզվով ասած, մոր ծիծ կտրող են։ Վերջին 25-30 տարում Հայոց երկրում ձևավորվել է պաշտոնագողերի մի ստվար բանակ։ Ամենաստոր ճանապարհներով՝ խաբեությամբ, կաշառատվությամբ, ընտրակեղծարարությամբ, անգամ իրենց հակառակորդներին ֆիզիկապես ոչնչացնելով, սրանք այսօր տիրացել են, ավելի ճիշտ՝ բարձր աթոռներ են գողացել և իրենց երևակայում են «էլիտա»։ Մինչդեռ այս պաշտոնագողերի քոքը մինչև չկտրվի, ոչ միայն պետություն չենք դառնալու, այլև ուղիղ գծով սլանալու ենք անդունդ։ Ցավոք, առայժմ այդ ճանապարհին ենք...

Իմ ավագ ընկերն ու լավ բարեկամն է պատմում. «Խորհրդային տարիներին էր, երբ օդակարգավորիչները, օդորակիչները զարդարում էին միայն բարձր պաշտոնյաների աշխատասենյակները։ Մոսկվայում մի պրոֆեսորի դասաժամն էր։ Տոթ օր էր, ուսանողները ամառային թեթև հագուստներով էին, իսկ պրոֆեսորը՝ կոկիկ կոստյումով ու փողկապով։ Կուրսի ավագը ներողություն խնդրեց ու հարցրեց պրոֆեսորին.
- Շատ տոթ է, ինչո՞ւ ձեր պիջակը չեք հանում։
- Ձեր նկատմամբ ունեցած իմ հարգանքից,- ժպտալով պատասխանեց պրոֆեսորն ու շարունակեց դասախոսությունը»։

Հիշեցի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի բոլորին ծանոթ ժիլետը։ Բայց այստեղ թերևս կարծիքները կարող են բաժանվել՝
Առաջին. դա անկուլտուրականություն է, ոչ հարգալից վերաբերմունք ներկաների հանդեպ,
Երկրորդ. այդ միջավայրին դա էլ է շատ։ Կարապետյանն այդ մարդկանց շատ հանգիստ կարող է ներկայանալ նաև մայկայով ու տրուսիկով...

Որքան էլ փորձենք Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ, որքան էլ հեքիաթներ ու առասպելներ հյուսենք «հայի հետին խելքի» կամ «ներկա մտքի թռիչքների», մեր բազմահատոր արժանիքների մասին, սիրենք չափվել աշխարհի հզորների հետ՝ անգամ խորհուրդներ ու դասեր տալով նրանց, մոռանալով, որ նախ պիտի կարողանանք հասնել Մոզամբիկին կամ Փղոսկրի ափին, փաստն այն է, որ մենք մեր պարզամտությամբ, առավել հաճախ մանկան վերլուծական գիտելիքներով շարունակում ենք ետ մնալ բազմաթիվ նրանցից, ովքեր դեռ ծառի վրա էին, երբ մենք թատրոն ունեինք։ Մեզանում հարգի է ցուցամոլությունը, ցուցադրականությունը, ձև ու բովանդակությունից նախընտրում ենք ձևը, արտաքինը։

Մեր չափանիշներով մարդ կամ հերոս է կամ ոչինչ, գեներալ է կամ շարքային։ Միջին չկա։ Արցախյան պատերազմից հետո տեսեք քանի՜ գեներալներ են լույս աշխարհ եկել, քանի՜-քանի մեդալակիր-շքանշանակիր հերոսներ ունենք ու դեռ շարունակում են ծնվել, ինչպես սնկերը անձրևից հետո։ Մեկը որ սովորական մի լավ բան է անում, ասում ենք՝ հերոս է։ Ու հաջորդ օրը, երբ այդ «հերոսին» տեսնում ենք այնպիսին, ինչպիսին իրականում կա, մի հարվածով նրան գցում ենք այն նույն փչովի պատվանդանից, որի վրա մենք ինքներս ենք ցցել։ Չգիտեմ, գուցե այս ամենը գալիս է մեր միամտությունից, դարեր շարունակ այդպես էլ ինքներս մեզ և աշխարհը չճանաչելուց, պատրանքներով, սին հույսերով ապրելուց ու ցանկացած երևույթի խորքը տեսնելու անկարողությունից։ Չը-գի-տեմ։

7.7.15

Փողոցային հեղափոխության չբարձրաձայնվող դասերը



Կարդացե՛ք, ժողովուրդ։ Հեքիաթ չէ սա, հայկական մամուլը հեղեղած պոռոտախոս-սնապարծությամբ լեցուն, «21-րդ դարը մերն է լինելու» տխմար, անհիմն, գետնից կտրված, թղթե խաղալիք ծիտիկի պես վեր նետված բարբաջանք չէ սա։ 
ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ այս հոդվածը մե՛ր մասին է, մեր ողբալի երկրի՛, մեր բոլորիս կերտած, ստեղծած խայտառա՛կ իրականության մասին է այն։ Գլուխները գետնին, ոտները վերևներ տնկած ոմանց հաստատ դուր չի գալու այն, վայ-հայրենասերների քիմքին հաճո չի լինելու հաստատ, բայց սա այն Ճշմարտությունն է, որ կոչվում է ԴԱՌՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ։
ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

Բաղրամյան փողոցի  բացվելով միաժամանակ փակվեց հայկական քաղաքական կյանքի մի էջ, որը շատերին ներկայանում էր որպես նոր, ուրույն և հուսադրող:
Ըստ ֆորմալ սցենարի, երիտասարդությունն ինքնաբուխ դուրս էր եկել իշխանությունների դեմ զուտ սոցիալական հարցով և իր պայքարով կարողացավ հոսանքի թանկացումն իջեցնել նախատեսված 17-ից 7 դրամի:

Սա երևի մեծ նվաճում է, եթե ի նկատի ունենանք որ նրանց դեմ կանգնած էր ռուսական ամենազոր ընկերություններից մեկը, և Բիբինն ինքը, ով «թքած» ուներ թե մարդկանց, թե պառլամենտի ու մեծ հաշվով նաև Հայաստանի վրա:
Իրոք, եթե հայ մարդիկ կարողացել են «դասավորել», որ կրթական հաստատությունը  ձևակերպվի որպես հոսանքի մատակարար ու 60 դրամով հոսանք վաճառի ցանցերին, ապա բիբիններն էլ կթքեն նման մարդկանց ու նրանց երկրի վրա:

Հասարակական-քաղաքական կյանքում ամեն ինչ իր սկիզբն ու վերջը, արմատն ու   պտուղը, պատճառն ու հետևանքն ունի: Ճիշտ այնպես, ինչպես հիմնային, մոլեկուլյար բյուրեղի ատոմների դասավորությունը կերտում է մեզ տեսանելի մեծ բյուրեղը:
Եվ բիբիններին ու հայ իշխանություններին, ընդդիմությանն ու նրա առաջնորդներին  հասկանալու համար պետք է ընդամենը արմատին, հիմքին նայել:

Իսկ արմատը, մեղմ ասած, արյունաշաղախ, գենոցիդով ու պարտություններով կերտված մեր արժեքայինն է, որը 30 դրամով հոսանք է առնում ու 60-ով ծախում, սահմանին 189-ով գազ է առնում ու ներսում 380-ով ծախում:
Այո, այո, այդ մենք ենք առնում ու մենք ենք ծախում: Մենք ենք մեր տունը քանդում, մենք ենք երկիրը դատարկում, մենք ենք իրար հոշոտում: Ռուսներն այդ ամենում ընդամենն իրենց բաժինը փախցնող մեծապետական ժուլիկներ են, որոնք գիտեն, մեր իշխանական պլինտուսի հետ «աշխատելու ձևերը»՝ այսինքն մի հատ «փըշտ» ասելը:
Ոնց ընտանիքի անդամն է ընտանիքի դրսևորումների պատասխանատուն, էնպես էլ քաղաքացին է պետության բոլոր դրսևորումների պատասխանատուն: Ես պատասխանատու եմ Հայաստանում կատարվող ամեն այլանդակության համար, և նմանապես, բոլոր հայաստանցիք են պատասխանատու:

Հայաստանն առաջին հերթին մեր կերտածն է, հետո նոր ԿԳԲ-ի, թուրքերի, ասիականության, լիսկաների, լֆիկների ու մյուսների: Որովհետև հանրային արժեքայինի կերտումը երկու իրարամերժ պրոցեսների հանրագումար է՝ արարման ու մերժման: Հրապարակում միշտ էլ առկա են բևեռային երկու մտքեր, երկու օրինակներ, երկու մոտեցումներ, երկու վարք՝ նորման և աննորմալը, մարդկայինն ու հրեշայինը, սատանայականն ու Աստվածայինը: Շարքային մարդն ազատ է հետևելու դրանցից որևէ մեկին: Եվ եթե մեզանում հաղթել է հրեշայինն ու աննորմալը, ուրեմն նորմալներն ու մարդիկ պարտվել են աննորմալին ու հրեշին իրենց ասելիքում, օրինակում, մատուցման ձևերի մեջ, տեսականում ու գործնականում:

Պարտվել են ամեն օր ու ամեն քայլափոխի, տարիներ ի վեր ու դարեր շարունակ: Մեր ու զարգացած ազգերի միակ տարբերությունը սրանում է: Նրանք հաղթել են իրենց մեջի աննորմալին ու հրեշին, իսկ մենք պարտվել ենք մեր մեջի աննորմալին ու հրեշին:
88 թվին հրապարակ ելած ջահելները ծանր, «քռքաշ», հետևանքային՝ ադրբեջանական ու սովետական ոտնձգություններին զուտ արձագանքող պրոցես էին տանում՝ Գորբաչովից Ղարաբաղ ուզելով, նաիրիտ փակելով, դոշ ծեծելով ու հարակից հիստերիայով:

Պահին ու ապագային միտված ոչ մի նախաձեռնողական քայլ, ոչ մի կոնցեպտուալ ծրագիր չկար: Նույնիսկ մոտեցող պարտադրված անկախության զգացումը չկար:
Ղարաբաղն իհարկե Գորբաչովը չտվեց: Ապաշնորհության պատճառով թուղթ դառած սովետական ռուբլին լցվեց Հայաստան, տնտեսությունը կանգնեց, երկիրն անշնչացավ:
Թուրքերի պարտադրած պատերազմը մտանք, ու ահռելի կորուստներով հիմա ունենք էս դատարկվող երկիրն ու ոչ պատերազմ-ոչ խաղաղություն վիճակը, ուր մեր տականքն է մեր տերը:

Եզրակացություն. դեռ 88-ին ջահելներն անում էին այն, ինչ չգիտեին, իսկ ավագ սերունդն էլ հետևում էր ջահելներին ու ձենը կտրած սպասում էր հրաշքի, որը չկատարվեց:
Նաիրիտը փակելու խնդրով քիմիայի հազարավոր մասնագետներից որևէ մեկը խիզախություն չունեցավ բարձրանալու ամբիոն ու ասելու, որ հարգելիներս, դուք ոչ քիմիա գիտեք, ոչ տնտեսություն, ոչ էլ Նաիրիտ գործարանի էությունից եք բան հասկանում: Շեշտեր, որ Նաիրիտը համաշխարհային մակարդակով մոնոպոլիստ է, որ Նաիրիտի հաշվին Հայաստանի մնացած տնտեսությունն է ապրում: Որ Նաիրիտը բանակցային գործիք է, այլ ոչ թե տարան, որով սովետ պետք է քանդեք: Բացատրեր, որ Նաիրիտը կարելի է ոչ թե փակել, այլ մեր ուզածով շահագործել ու երկիր շենացնել:
Բայց չեղավ նման հրաշք՝ մասնագետները չխոսեցին: Իսկ ջերմուկով բարեկեցության հասնելու ջատագովները խոսեցին, գրավեցին ողջ եթերն ու ասպարեզը և ավիրեցին  գործարանը, որը մինչև այսօր էլ մի քանիսի միլիոնների բազառի առարկան է ու հազարավորների դժբախտությունների կիզակետը:

Հիմա էլ նույնն էր՝ Բաղրամյանի վրա էին ջահելները, որոնք «պայքարում» էին  88 թվից "հոլ փախցրած", արդեն 50-60 տարեկան ավազակ իշխանությունների դեմ: Բայց ոչ ոք չգիտեր, թե ինչ է անում, ինչու է անում և ինչու պետք է իշխանությունը զիջի:
Ջահելները չգիտեին ինչ ու ոնց անելը, իսկ ավագ սերունդն էլ, որը նախորդ  խաբված սերունդն էր և որը պետք է որ իմանար, թե ովքեր են այս իշխանությունները, պետք է որ պատմեր, սովորեցներ նոր սերնդին իր սխալների մասին՝ բայց լռում էր: Լռում էր, երբ ջրում ու ծեծում էին իր զավակներին ու թոռներին:
Նույնիսկ սպորտում, մարզիչի գործն է իր սանին քայլերը հուշելը: Բայց մենք նույնիսկ որպես մարզիչ էլ մեր բարձրության վրա չեղանք:

Ու լուռ էլ կմնանք՝ ճիշտ նույն ձևով, ինչպես նախորդ փուլերում լռում էին Հայաստանի մասնագետները, ակադեմիկոս կոչվածները, դոկտորներն ու պրոֆեսորները, երևելիներն ու ամենագետները:
Սա է հայկական արժեքային բյուրեղը՝ «եղունգ ունես՝ գլուխդ քորի» հիմնային  բյուրեղը:
Եվ այդ բյուրեղն ամեն պահի սրբորեն պահպանվում է շատ-շատերի կողմից: Հանրային փուչ ակտիվությամբ ջրի երես ելած տգետների կողմից՝ որոնք համոզել են կողքիններին, որ գիտուն են: Օպտիմիստների կողմից, որոնք լլկեցնում են բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն գաղջ իրականությունը քննել: Կուսակցականների կողմից՝ որոնք իրենց դիրքերը պահելու համար պատրաստ են ցանկացած ստորության: Իշխանամետների կողմից, որոնց ձեռնտու է այս դժոխային վիճակը: Մի կերպ ֆիզիկական գոյությունը քարշ տվող համակերպվածների կողմից՝ որոնց միակ նպատակը ժամ ավել գոյատևելն է:
Ծանր վիճակ է:

Իրականում կոնկրետ մեղավորներ չկան: Քրեական հանցագործներ, մարդասպաններ ու հրեշներ իհարկե կան: Բայց հիմնական մեղավորը մենք բոլորս ենք, որ չենք հասկանում մեր ինչ լինելը, մեր դեֆեկտների հիմքը, մեր անելիքն ու չանելիքը ու չենք էլ մտածում այս հարցը քննարկելու մասին: Եվ հենց այդ արատներն են, որ կանաչ լույս են վառել մեր տականքի դեմ և մթնեցրել մեր օրը:
Ամեն քայլափոխի կլսենք, թե լիդեր չկա, լիդեր է պետք: Ոչ, լիդերը ներկա Հայաստանում դեռ անելիք չունի: Լիդերին կերտում է ժողովրդի արժեքայինը, ու նոր արդեն լիդերը հետադարձ կապով առաջ է տանում նորի պատրաստ ժողովրդին:

Հազար Չեգեվարա բեր, Գանդի, Մանդելա, Անդրանիկ ու Նժդեհ, այս արժեքայինով ժողովրդին նրանք քայլ անգամ առաջ չեն տանի:
Ժողովուրդն առաջին հերթին ազատության  արժեքը պետք է իմանա, դրա համար ֆիզիկական պայքարի գիտակցումը պետք է ունենա: Ազատության ու սկզբունքի համար պարտիզանական պայքարի գնալու պետք է պատրաստ լինի:
Մարդասպան պաշտոնյան, վերին իշխանավորները իրենց դիրքին են հասել սկզբունքային պայքարով, արյամբ ու դավաճանությամբ: Դա ևս հետևողական, ֆիզկական պայքար է եղել: Պատահական ոչ մի մարդ չկա վերևներում:
Եվ անհնար է նման պայքարով անցած ու դիրքի հասած մեկի դեմ դուրս գալ մանկական երազկոտությամբ ու արդյունքի հասնելու հույս ունենալ:

Իշխանությունները գիտեն և կրակելը, և բանակցելը և նույնիսկ համատեղ աղոթելը: Բարի լինենք ճիշտ գնահատել մեզ ու իրենց, մեր ուժերն ու նրանց հնարավորությունները՝ եղած արժեքայինի ու դոգմատիկ մեթոդականի  շրջանակներում:
Հազար անգամ նման մեթոդաբանությամբ փողոց եթե փակվի, հազար անգամ էլ այն բացվելու է ու պրոցեսն էլ պարտվելու է:

Նախապես երկրում պետք է կերտվի անկախության ձգտող ու անձնական շահի համար ֆիզիկական պայքարի պատրաստ գոնե 20-30 տոկոս հայություն, նոր որևէ քաղաքական կամ քաղաքացիական պայքարի քայլ մեկնարկվի: Իսկ դա անելու համար էլ գոնե 100 ունակ մարդ պետք է համակարծիք լինեն տեսականում և մեթոդականում և տարածեն իրենց գաղափարները:

Իսկ քանի դեռ դա չկա, թարգեք մանկամիտ ցանկություններով ու ոչ ադեկվատ գիտելիքներով հեծանիվներ հնարելը լուրջ չէ:

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ