19.2.15

Մեծ Լոռեցին


Այս տողերը գրել եմ մեկ տարի առաջ.

Նայում եմ Թումանյանի լուսանկարին: Կորացած, ճերմակած իմաստուն ծերունի... Մինչդեռ ընդամենը 54 տարի է ապրել, կես դար: Բայց որքա՜ն բարություն, ազնվություն, իմաստություն կա նրա հոգնած աչքերում...

Նրա տարիքին եմ արդեն, բայց կարծես սովորական ու միամիտ երեխա լինեմ այդ զարմանահրաշ հանճարեղ Մեծ լոռեցու մոտ: Մարդ, որ իր ողջ կյանքն ապրել է լույս տալով ու մոմի պես լույս տալով կամա՜ց-կամաց սպառվել...

Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել`լույս տվել,
Լույս տալով եմ սպառվել:

Եվ ամենազարմանալին՝ մահից առաջ ցավով խոստովանել է, որ ժամանակ չի ունեցել լրջորեն զբաղվելու գրականությամբ:

Ամեն անգամ հիշելիս խոր ցավ եմ զգում. բացի Արտավազդից, որ 1918 թվականին 24 տարեկանում զոհվել էր Վանում, մյուս երեք արու զավակները գնդակահարվել, սպանվել են խորհրդային ռեժիմի կողմից՝ 1938-39 թվականներին...

Կարծես այսօր են գրվել այս տողերը (Հովհաննես Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին).

«…Ես չեմ ուզում և չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեև դու հարցնում ես: Կարճ ասեմ՝ մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, և սրա մեջն է ճշմարտությունը: Մի մասը խանգարող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, և չեևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր: Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չեևաց, ոչ ոք ոչ պատասխանատվության կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը նույն ճանապարհներով…
Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցեր, որ գոնե ամոթ ու խղճմտանք կա այս մարդկանց մեջ: Բայց ես ինչ եմ ասում - չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երևալ»:


1969 թ. Մեծ լոռեցին՝ Ստեփանակերտի պետթատրոնի բեմում


1969 թվականանին Ամենայն Հայոց բանաստեղծի ծննդյան 100-ամյակը հանդիսավոր տոնում էր նաև Արցախը։ Այդ ժամանակ ընդամենը 9 տարեկան էի, երբ հորս հետ առաջին անգամ ոտք դրեցի մի տաճար, որ կոչվում է Թատրոն, ավելի կոնկրետ՝ Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոն։ Ինձ համար մի այլ աշխարհ բացվեց։ Առաջին անգամ տեսա մարդկանց, ովքեր կարծես այլ աշխարհից էին։ Եվ առայսօր երբ լսում եմ «մտավորական» բառը, իմ առջև հառնում են շքեղ, հպարտ ու բարեհոգի այդ մարդիկ՝ ժողովրդական արտիստներ Գուրգեն Հարությունյանը, Միքայել Կորգանյանը, Հովհաննես Շիրազի մանկության ընկեր, գլխավոր ռեժիսոր Հովհաննես Կարապետյանը...

Իսկ իմ՝ թատրոնում հայտնվելու պատճառն այն էր, որ Թումանյանի 100-ամյակի կապակցությամբ Արցախի Մայր թատրոնը բեմադրում էր հորս՝ Վազգեն Օվյանի «Մեծ լոռեցին» պիեսը, որտեղ Թումանյանը ներկայացված էր իր անմահ հերոսների հետ...
Առայսօր հիշում եմ, թե ինչ կատարվեց դահլիճում, երբ դահլիճի վերևից Թումանյանը (ժող. արտիստ Բենիկ Օվչյան) Ալ. Սպենդիարյանի երաժշտության ներքո շարժվում էր դեպի բեմ։ Ողջ դահլիճն ապշած կանգնել, ծափահարում էր Մեծ լոռեցուն, և դահլիճով մեկ լսվում էին՝ Թումանյա՜նն է, Թումանյա՜նն է...

«Մեծ լոռեցին» այնուհետև ներկայացրել են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Հյուսիսային Կովկասի գրեթե բոլոր հայաշատ բնակավայրերում։ Հյուրախաղերից հետո դերասանները շարունակ պատմում էին լեփ-լեցուն դահլիճների և ջերմ ընդունելության մասին։ Գյումրի-Լենինականի և Կիրովականյան հյուրախաղերի մասին մի առանձին ջերմությամբ էին պատմում. ներկայացումից հետո բազմաթիվ հանդիսատեսներ սպասում էին, որպեսզի դերասաններին անձամբ շնորհակալություն հայտնեն և հրավիրեն իրենց տուն...

Երևանում Հովհ Թումանյանի 100-ամյակին նվիրված մրցույթում Հովհաննես Կարապետյանի բեմադրած հորս «Մեծ լոռեցին» արժանացել է երկրորդ մրցանակի։ Հովհաննես Կարապետյանը և դերասանները հորս պատմում էին (տարիներ հետո երջանիկ հիշողություններին տրվելով՝ ինձ մոտ էլ էին պատմում), որ ժյուրիի անդամներն իրենց շնորհավորել էին ու ասել. «Այս երկրորդ մրցանակն ավելին է, քան առաջինը։ Ուղղակի ճիշտ չէր լինի, եթե Թումանյանի հայրենակիցներին չտաինք առաջին մրցանակը»...

Այդ տարիներին Ադրբեջանի կազմում գտվող մեր փոքրիկ երկրամասն ուներ Թատրոն, որ մեր հպարտությունն էր, ու նաև այդ թատրոնի շնորհիվ էր Արցախը հայեցի ապրում։ Այդ թատրոնի նախկին փառքից այսօր ազատ ու անկախ Արցախում ցավոք գրեթե ոչինչ չի մնացել...

Комментариев нет:

Отправить комментарий