20.11.14

Մեռած դիվանագիտությունը պատերազմը տանուլ տալ է նշանակում


Հարցազրույց ազգագրագետ 
Հրանուշ Խառատյանի հետ

- Տիկին Խառատյան, արդեն քանի օր է Ադրբեջանը թույլ չի տալիս մոտենալ խոցված ուղղաթիռին և դուրս բերել հայ օդաչուներին: Ձեր կարծիքով, ինչի՞ է ձգտում Ադրբեջանն իր նման վարքով, առհասարակ, ինչի՞ կարող է հասնել իր այս քաղաքականությամբ:

- Իսկ մենք ի՞նչ կանեինք նման դեպքում. ես կարծում եմ՝ սա պատերազմող կողմերի տրամաբանությունն է: Պատերազմն ընդհանրապես տարբեր տեսակի դաժանությունների դրսևորումների ձևեր ունի: Եթե մենք միջազգային կոնվենցիոնալ իրավունքով չկարողանանք ապացուցել, որ իսկապես հատուկ ագրեսիա չի եղել Ադրբեջանի դեմ, շատ տրամաբանական է Ադրբեջանի վարքը: Առայժմ մերոնք հայտարարում են, որ մեր ուղղաթիռը զինված չի եղել, և ադրբեջանական տարածք չի մտել, բայց կարծեք թե չեզոք տարածք մտել է:

- 1994-ի հրադադարից հետո սա առաջին դեպքն է, երբ կրակում են օդային միջոցի վրա: Ադրբեջանը Ղարաբաղի տարածքը ոչ թռիչքային գոտի է հայտարարել և խոստանում է խոցել յուրաքանչյուր օդանավ, որ կլինի այդ տարածքում: Սա արդյոք նոր իրավիճակ չի՞ ստեղծում:

- Ես չգիտեմ, թե որքանով է այդ սպառնալիքն իրական, և որքանով է ընդամենը «թուրութվանքի ճոճում»: Այն, որ Ադրբեջանն անընդհատ փորձում է բեկում մտցնել հրադադարում և հասնել ստատուս-քվոյի փոփոխության, կարծում եմ, ոչ մեկի համար անակնկալ չի: Այդ հայտարարությունն էլ նոր չի, որովհետև երբ կառուցվում էր Ստեփանակերտի օդանավակայանը, Ադրբեջանը հայտարարում էր, որ թույլ չի տալու քաղաքացիական օդանավերը չվերթներ կատարեն: Այսինքն չեմ կարծում, որ այստեղ մենք բեկումնային երևույթի հետ գործ ունենք: Բեկումնայինն այն է, որ պարզապես Ադրբեջանի զենքը հասել է և խոցել է այդ ուղղաթիռը: Այն, որ հրադադարը Ադրբեջանի համար ընդամենը նոմինալ բան է, ակնհայտ է: Ադրբեջանն իր քաղաքացիներին, եթե Ղարաբաղում ապրողներին իր քաղաքացին է համարում, ռմբակոծում է: Իհարկե, ես մի քիչ կասկածում եմ, որ Ադրբեջանն այս պահին ուզում է պատերազմ սկսել, բայց որ ուզում է լարվածություն ստեղծել, ճգնաժամ առաջացնել բանակցություններում և այդ ճգնաժամի ժամանակ որոշակի հրատապ լուծումներ պարտադրել, ակնհայտ է: Ամեն բան պիտի օգտագործվի դրա համար, և Ադրբեջանն օգտագործում է:

- Միջազգային հանրության արձագանքն այս միջադեպին, կարծեք, զուսպ էր, անգամ անտարբեր: Որքանո՞վ է դա պայմանավորված Հայաստանի արտաքին քաղաքական կուրսով կամ թույլ դիվանագիտությամբ:

- Պատերազմի մեջ գտնվող երկրի համար մեր մեռած դիվանագիտությունը ընդհանրապես պատերազմը տանուլ տալ է նշանակում: Մենք դիվանագիտություն չենք ունեցել, չկա նման բան, և ես չգիտեմ, թե դուք որ դիվանագիտության մասին եք խոսում: Միթե տարբեր երկրներում պաշտոնական ներկայացուցիչներ ունենալը դիտվանագիտություն է:

- Կա նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը զբաղվում է ԼՂ հակամարտության կարգավորմամբ:

- Մենք այդպես էլ չկարողացանք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության հիմքում դնել այն, որ հակամարտությունն սկսվել է Սումգայիթից, ոչ թե հրադադարից: Հենց սկզբից դա պարտություն է նշանակում: ԵԱՀԿ Մինսկի խումբն ամբողջ բանակցային գործընթացն սկսել է հրադադարից: Ինչու են պարբերաբար հայտարարում, որ Հայաստանն ագրեսոր է, որովհետև հրադադարն սկսվեց նրանից, երբ Ադրբեջանն սկսեց տարածքներ տանուլ տալ: Իսկ երբ Ղարաբաղն էր տարածքներ տանուլ տալիս, երբ Ղարաբաղի քաղաքացիներն էին ամեն օր ռմբակոծության տակ, երբ Շահումյանի ժողովրդին սպանելով ու ջարդելով դուրս հանեցին, այդ բոլորը ռազմական գործողություններ էին, չէ՞: Բայց հրադադարի հիմքում ընկած են ոչ թե այդ դեպքերը, այլ այն, որ Ղարաբաղի զորքը կարողացավ այդքան առաջ գնալ: Հրադադարն սկսել է այդ պահից, ու այդ պահից մեր դիվանագիտությունը մեռած է: Այսքան տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ բանակցություններում դուք «հայ փախստական» բառը երբեք լսած չեք լինի, նրանց համար չկա այդպիսի խնդիր: Միջազգային քննարկումների տեքստում հայկական փախստականության խնդիր ու օրակարգ չկա: Ես ինքս մի քանի անգամ տարբեր առիթներով մեր դիվանագետների մոտ այդ խնդիրը բարձրացրել եմ, միշտ ինձ ասել են, որ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում այդ հարցը չկա:

Հիմա այսքանից հետո դուք ուզում եք հայկական ուղղաթիռի հարցը մեր դիվանագետներն ի՞նչ կերպ լուծեն, եթե նրանք մինչև հիմա ժամանակ չեն գտել բարձրաձայնել պատերազմին նախորդած ողջ շրջանը, Հայաստանում փախստականության վիճակը, հրադադարի պարբերաբար խախտումները: Ինչքան ժամանակ է մենք գիտենք, որ սահմանամերձ շրջանների բնակչությունը երկրագործական աշխատանքների եռուն շրջանում բարձր դիրքերից անընդհատ գնդակոծության տակ է գտնվում, ինչը դեռ 1990-ականներից է գալիս: Երբևէ այս հարցերը քննարկվե՞լ են, երբևէ տեսե՞լ եք մեր պաշտոնական հաղորդագրություններում այս մասին խոսք լինի: Մամուլը, քաղաքացիական հասարակությունը, գյուղացիները, այո, խոսում են, բայց դուք տեսե՞լ եք, որ մեր պաշտոնական հաղորդագրությունները այս խնդրին անդրադառնան և տեղեկացնեն միջազգային կառույցներին այս հարցերի մասին:

- Գոնե կարողանային միջամտել ու ուղղաթիռի անձնակազմին դուրս բերել այդ տարածքից:

- Ո՞վ պիտի դա աներ: Ուզում եք ասել, որ մենք ներկայացուցիչներ ունենք, և նրանք կարող էին այդ հարցը լուծե՞լ: Մենք ունենք մարդիկ, բայց ոչ դիվանագետներ: Մենք չունենք դիվանագիտական ծրագիր, դիվանագիտական գործընթաց, որը տրամաբանական քայլեր աներ և նախապատրաստեր հաջորդ քայլը: Մենք ունենք ընդամենը դիպվածային արձագանքներ, շատ թույլ: Այս միջադեպի հետ կապված, ես կարծում եմ, մերոնք ունեն միայն մեր մամուլից դայջեսթ արած տարբերակը:

- Կա կարծիք, որ սա առնչություն ունի Ռուսաստանի հետ, որը հետխորհրդային տարբեր տարածքներում փորձում է լարվածության օջախներ ստեղծել: Կիսո՞ւմ եք այդ դիրքորոշումը:

- Հստակ ոչինչ չեմ կարող ասել: Այո, Ռուսաստանը փորձում է ստեղծել նման լարվածության տարածքներ, բայց արդյոք սա ուղղակիորեն արտածված է դրանից, արդյոք սա ուղղակի կապ ունի ԵՏՄ-ի հետ, ես չեմ կարող այս պահին ասել: Եթե նույնիսկ դա այդպես լիներ, ապա Ռուսաստանը մեզ հետ պայմանավորված դա պիտի աներ: Այսինքն այն, ինչ ասում են փորձագետները, թե ուղղաթիռի ուղղությունը ինչպես է որոշվել, ինչու պիտի երկու ուղղաթիռները իբր սխալ ճանապարհով գնային, և այդ կարծիքներին որևէ պաշտոնական հերքում չեմ տեսնում, ակնհայտ մտածում եմ, որ մենք կամ ունեցել ենք սխալ, կամ ունեցել ենք միտումնավորություն: Եթե այս հարցում տեսնենք ռուսական հետք, դա միայն կարող է լինել այն ֆոնի վրա, որ մերոնք ու Ռուսաստանը համաձայնեցված են գործել: Այսինքն ես չեմ կարող ասել, որ ռուսները ծրագրավորել են այդպիսի բան ադրբեջանցիների հետ, որ եթե հայերը հասնեն չեզոք գոտի, խոցեք նրանց ուղղաթիռը:

- Այսինքն այստեղ կա նաև հայկական կողմի, նաև դիվանագիտության սխալ հաշվարկը:

- Ես նախընտրում եմ «սխալ» բառը չասել, որովհետև սխալը լինում է գործելու դեպքում, իսկ մենք ուղղակի ունենք դիվանագիտության բացակայություն: Իսկ ռազմական առումով գուցե սխալ է եղել: Ես դա էլ չեմ կարող հստակ ասել: Ես փորձագետ չեմ, բայց երբ կարդում եմ փորձագետների ինչ-որ հաշվարկներ, դատողություններ և չեմ տեսնում դրանց որևէ պաշտոնական հերքում կամ պատասխան, կամ պաշտոնական ձևակերպված որևէ վարկած, սկսում եմ մտածել, որ գուցե, մեղմ ասած, սխալ եղել է:

Հարցազրուցավար`
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ

7.11.14

Ի սկզբանե էր զատն. Քյոհնա կտակարան


...Եվ եղաւ, որ Երուսաղեմի մէջ յանրահաւաքները շատացան, եւ Հրեաստանի տասներկու կօղմերում շտաբները ձեւաւորուեցին, եւ մարդկանց զայրոյթը մէծ էր։ Այնժամ ելաւ (Սէրժը), եւ Սինայ լեռը բարձրացաւ, որ խօսի եռեակի առաջին, եւ ողջամիտ առաջարկներ անի, ինչպէս որ օրէն է։ Ամէն։

Եվ երկխօսութիւն եղաւ, եւ առաւ (Սէրժը) պատուիրանների տախտակը, եւ ժողօւեց ամէնայն յանրապէտականաց, եւ խօսեց նորանց առաջին, եւ ասաց. «Ահա եռեակի հէտ ողջամտորեն խօսեցի, եւ նորանք ինձ տասը պատուիրանները տուեցին, որ կարդամ ձեր առաջին, եւ կատարենք։ Զի եթե չկատարենք` ամէնքիս վրայ երկնային պատիժ իջնի, որ եբրայերեն արտահէրթ կօչուի։ Այնտէղ կլինի լացը եւ ատամների կրճտոցը»։

...Եվ ամէնայն յանրապէտականք իրենց տիրօջը մօտեցան, եւ սա պատուիրանների տախտակը առաւ, եւ կարդաց, ինչպէս որ գրուած է. «Ահա եռեակի պատուիրանները սորանք են. ձեր կուսակցութեան առաջնորդին կուռք մի՛ դարձրեք եւ նոր անունը պարապ տէղը մի՛ տուեք (այս խօսքերի վրայ Էդուարդ Շարմազանովն ուշաթափուեց, զի գօրծազուրկ եղաւ տիրօջ առաջին), վեց օր աշխատեք եւ եօթերորդ օրը հանգստացեք, բայց խաղատուները մի՛ մտեք եւ շնութիւն մի՛ արեք (սորայ վրայ ամէնքը տրտմեցին, զի վեց օրուայ աշխատանքի իմաստը բնաւ չհասկացան), սուտ մատնութիւն մի՛ արեք եւ սուտ մատնութեան վրայ գօրծ մի՛ սարքեք (սորա վրա Վօւան Շարմազանովի պէս եղաւ), գողութիւն մի՛ արեք (սորա վրայ ամէնայն նախարարք գէտնատարած եղան), սպանութիւն մի՛ արեք (սորա վրայ Լիսկան ուշաթափուեց), ձեր դրացիին տունը մի՛ ցանկաք, նորա կնոջը կամ նորա ծառային մի՛ ցանկաք եւ նորա բիզնեսի մէջ փայ մի՛ մտեք (սորա վրայ Սաշիկի ունքերը կախուեցին, եւ մազերը ճերմակեցին մանանայի պէս)...»։ Եվ երբ այդպէս էր կարդում, յանրապէտականները երկրպագութիւն արեցին նորա առաջին, եւ ասացին. «Տէ՛ր, մի՞թե այդ պատուիրանները պիտի կատարենք»։ Սա էլ պատասխանեց, եւ ասաց. «Ճշմարիտ-ճշմարիտ եմ ասում` լաւ է մեզ, որ մեր կամքո՛վ կատարենք, զի գաղութի մէջ ստիպուա՛ծ պիտի կատարենք, որ յունարեն ձէռագրերում խստացուած ռէժիմ կօչուի»։ Եվ ամէնքը լսեցին, եւ իմացան, որ իրենց համար է ասում։ Ամէն։

Քյոհնա կտակարան | Չորրորդ Իշխանություն

Հայ, ռուս եւ թուրք բոլշեւիկների համատեղ գազանությունները Հայաստանում


Քաղաքական բռնությունները Հայաստանում եւ դրանց առանձնահատկությունը պայմանավորող հիմնական գործընթացները
Ռուս-թուրքական դաշինքը Լոզանի կոնֆերանսում

Հայաստանի և թուրքահայերի հարցը դուրս եկավ եվրոպական օրակարգից, իսկ թուրքահայերի խնդիրը տեղափոխվեց Լոզանի կոնֆերանս, որտեղ ռուսները պաշտոնապես շարունակեցին պաշտպանել թուրքական շահերը: Ուշագրավ է, որ չնայած Անգլիան, Ֆրանսիան և Իտալիան Ռուսաստանին հրավիրել էին Լոզանի կոնֆերանսի ժամանակ նեղուցների հարցի քննարկումներին մասնակցելու,  ռուսներից գաղտնի թուրքեը ջանում էին թույլ չտալ Լոզանի կոնֆերանսին Ռուսաստանի մասնակցությունը: Այդ մասին 1922 թ. նոյեմբերի 1-ին Ռուսատսնաի Արտաքին գործերի ժողկոմի տեղակալ Մ.Լիտվինովը տեղեկացնում է բոլշիկյան Քաղբյուրոյի անդամներին(РГАСПИ,Ф.5, Оп.1, Д.1984, Лл.2-3, Подлинник, Автограф; Յու.Բարսեղովի գրքում էջ 590):

Լոզանի կոնֆերանսին ռուսներին, իհարկե, նախ և առաջ հետաքրքում էին նեղուցների հարցերը և Ռուս-թուրքական պայմանագիրը կասկածի տակ դնելու հավանականության կանխումը: Սակայն անդրադառնալով բացառապես կոնֆերանսին քննարկված հայկական խնդիրներին, անհնար է չշարունակել զարմանալ, թե դեռ ինչքան կարող են «բոլոր ճնշվածների պաշտպան» բոլշևիկները հայերի հարցում դավաճանել իրենց պայմանավորվածությունները և ճնշվածների շահերը:
Եվրոպացիների առաջարկությամբ Լոզանում պիտի քննարկվեր հայ փախստականությանը իր հայրենիքում հավաքվելու նպատակով «Հայկական օջախ» ստեղծելու հարցը: Հատկանշական է, որ Չիչերինը 1923 թ. հունվարի 10-ին Լոզանից իր տեղակալ Մ.Լիտվինովին ուրախությամբ տեղեկացնում է, որ թուրքերը Լոզանում շատ հաղթական են ընթանում, որ թուրքերի  բոլոր հաջողոթյունները պայմանավորված են ռուս-թուրքական դաշինքով, որ թուրքերն ընդունում են այդ փաստը, և որ նույնիսկ իրենց համատեղ ջանքերով «Անտանտը հրաժարվել է փաքրամասնությունների վիճակի նկատմամբ Ազգերի Լիգայի հատուկ վերահսկողությունից» (РГАСПИ,Ф.5, Оп.1, Д.1988,Лл.39-43,  Յու.Բարսեղովի գրքում էջ 609): «Դաշնակիցները դադարել են հայերի համար ազգային օջախ պահանջել: Դաշնակիցները համաձայնել են, որպեսզի որպես ազգային փոքրամասնություններ ճանաչվեն միայն ոչ մահմեդականները…(այսինքն՝ հայերի հարցը մասնավոր չդրվի և առհասարակ «հայ» բառը չհիշատակվի-Հ.Խ.): Դաշնակիցները <փոքրամասնությունների հարցում> Թուրքիայի համար հրաժարվել են Ազգերի լիգայի հատուկ վերահսկողությունից» (РГАСПИ,Ф.5, Оп.1, Д.1988,Лл.39-43,  Յու.Բարսեղովի գրքում էջ 610):

Բացարձակապես անհասկանալի է, թե Թուրքիայում Ցեղասպանության ենթարկված հայերից մնացած փոքրաթիվ խմբի անվտանգության նկատմամբ մասնավոր պայմանի դուրս մղումը Լոզանի կոնֆերանսի ընդունելիք որոշումներից ինչի՞ համար էր այդպես ուրախացրել «բոլոր ճնշվածների պաշտպան» բոլշևիկներին: Այս կապակցոթյամբ արժի, թերևս, հիշել, որ 1922թ. նոյեմբերի 15-ի Ա.Մյասնիկովը նամակ էր գրել Լենինին, Ստալինին և Չիչերինին, խնդրելով Լոզանի կոնֆերանսին պաշտպանել Թուրքիայում դեռևս մնացած և վտանգի տակ գտնվող փոքրաթիվ հայերի պաշտպանությանն ուղղված որոշումները (РГАСПИ,Ф.5, Оп.2, Д.108, Лл.3-3об., Кпоия; Յու.Բարսեղովի գրքում՝ էջ 593)):

Բայց ոչ, պարզվեց, որ Ցեղասպանությունից փրկված թուրքահայերի վերջնական կործանումը դեռ չեն իրականացվել: Կոնֆերանսը քննարկում է իրենց հայրենիք հայ փախստականների վերադարձի հարցը, բայց ռուս բոլշևիկները չե՛ն կարող թույլ տալ Թուրքիայի համար այս խիստ անցանկալի որոշման ընդունումը, չնայած Կարսի պայմանագրի քննարկման օրերին իրենք էին պնդում այդ կետի վրա: Եվ ողջ բոլշևիկյան «դիվանագիտական տաղանդը» կրկին գործի է անցնում: Միմյանց են հաջորդում նամակներն ու նոտաները. «Լոզանի կոնֆերանսին Ռուսաստանը, Ուկրաինան և Վրաստանը արտամղված են հայկական հարցի քննարկումից, մինչդեռ միայն նրանց մասնակցությամբ կարող է տեղի ունենալ այդ հարցի բարեհաջող լուծումը: Ես պատիվ ունեմ Ձեզ տեղեկացնելու, որ Ռուսաստանն ու Ուկրաինան մտադիր են իրենց տարածքներում նկատելի քանակությամբ հայ փախստականներ բնակեցնել…» ( МИД СССР. Документы внешней политики СССР. М., Госкомиздат, 1962, Т.6, էջ 165-166; 166-167; РГАСПИ, Ф.5, Оп.1, Д.1988, Л.109, Копия, Յու.Բարսեղովի գրքում էջ՝ 610, 611, 612) , չնայած իրականում չգիտեին, թե ինչպես են այդ հարցը լուծելու (РГАСПИ, Ф.5, Оп.1, Д.1989, Лл. 16-17, Копия; Յու.Բարսեղովի գրքում էջ՝ 613): Արդյունքում կոնֆերանսին թուրք-ռուսական դաշինքին հաջողվում է այդ հարցի լուծումը նույնպես հանել օրակարգից: Արդեն որերոդ անգամ Ռուսաստանը պարզապես խաբում էր հայերին ու եվրոպացիներին: 1923թ. նոյեմբերի 23-ին Ստալինին գրած Չիչերինի նամակից պարզվում է, որ խոսքը գնում էր 250.000 հայերի մասին, ընդ որում արդեն ԽՍՀՄ դարձած խորհրդային բյուջեն ամենևին չէր պատրաստվում այդ խնդրի լուծումը կազմակերպելու համար ֆինանսական միջոցներ տրամադրել: Այնպես որ հարցն օրակարգից դուրս է գալիս: Բայց եթե Հայաստանի նախագահ Մյասնիկովը կարող է միջոցներ գտնել, կարող է մոտ 10.000 հայերի  վերաբնակեցնել Հայաստանում (РГАСПИ, Ф.5, Оп.1, Д.1989, Лл. 16-17, Копия; Յու.Բարսեղովի գրքում էջ՝ 613): Լոզանի կոնֆերանսի օրերին հայ փախստականների ճակատագրով «մտահոգ» Չիչերինը շատ լավ գիտեր, որ  «հայ փախստականների իրավիճակն այնքան աղետալի է, որ բոլորը խոսում են նրանց ներգաղթը կազմակերպելն արագացման մասին», բայց կոնֆերանսն արդեն ավարտվել էր ռուս-թուրքական հաղթանակով և թուրքահայ փախստականների, գերի տարված և թուրքական բանտերում ու աշխատանքային ճամբարներում տառապող հայերի խնդիրն արդեն խորհրդային արտաքին քաղաքականության օրակարգից դուրս է գալիս: Այն այլևս դիվանագիտական գործիք չէր և մարդասիրության նման դատարկ խոսակցությունները չէին կարող ծանրաբեռնել խորհրդային քաղաքականության բարոյականությունը: Բայց այն դուրս չի գալիս ԽՍՀՄ քաղաքականության ներքին օրակարգից: Չէ՞ որ Մոսկվայի պայմանագրով թուրքերին խոստացվել էր խորհրդաին տարածքում թույլ չտալ «հակաթրքականություն»: Այդ խոստումը թրքահայերի համար պիտի սպառնալիք դառնար ԽՍՀՄ քաղաքական բռնությունների տարիներին:

Մոսկվայի և Կարսի պայմանագրերի շուրջ համեմատաբար մանրամասն անդրադարձը կարևոր էր, քանի որ այդ պայմանագրերը և դրանց հանդեպ Հայաստանի քաղաքացիների իրական և հնարավոր վերաբերմունքը հետագայում պիտի դառնար Հայաստանում իրականացված քաղաքական բռնությունների կարևոր հաղթաթուղթ՝ շուռ գալով հայերի դեմ որպես շովինիզմի ու նացիոնալիզմի մեղադրանք:


Խորհրդային քաղաքական բռնաճնշումների սկիզբը  Հայաստանում

Հայաստանի ողջ բնակչության վիճակն իրոք աղետալի էր: Բոլշևիկների հաստատած իշխանությունը՝ Հեղկոմը պետք է ինքնահաստատվեր, հեղինակություն ձեռք բերեր, ապացուցեր հեղափոխության մարդասեր բնույթը: Գաղթականներով լեցուն, պատերազմներից հյուծված, շարունակ թալանվող, թուրքերի կողմից գրավված ահռելի տարածքներով Հայաստանում դա շատ դժվար գործ էր: Մյուս կողմից բոլշևիկները Հայաստանում փաստացի դասակարգային հենարան չունեին, չկար բանվորություն, գյուղացիները համարյա անտեղյակ էին նրանց գաղափարախոսությանը: Ռուս և հայ բոլշևիկների «եղբայրացումը» թուրք «բոլշևիկների» հետ անվստահություն էր առաջացնում նրանց նկատմամբ: Հայ բոլշևիկները խոսում էին հայկական նացիոնալիզմի դեմ պայքարելու և արևելքի մահմեդական բնակչության հետ եղբայրանալու մասին, իսկ Հայաստանի հայ բնակչության՝ արևելքի մահմեդական բնակչության հետ հարաբերությունների փորձը սահմանափակվում էր գլխավորապես բռնությունների և կոտորածների հիշողություններով: Ակնհայտ էր դարձել, որ սին էին խորհրդայնացումից հետո հայերի նկատմամբ թուրքական «եղբայրասպանության» վերջ գտնելու բոլշևիկյան խոստումները: Հայ բոլշևիկները թուրք բոլշևիկներին հայտարարել էին հայ ժողովրդի բարեկամներ, ովքեր խորապես մտահոգ էին հայ և թուրք ժողովրդներին կեղեքող դաշնակցականների վարքով և թշնամություն ունեն բացառապես դաշնակցականների դեմ: Հիմա դաշնակցականները չկային, իշխանության տերը հայ բոլշևիկներն էին, իսկ թուրք բոլշևիկները բոլորովին չէին տարբերակում հայ բոլշևիկներին հայ դաշնակցականներից և շարունակում էին թալանել ու կոտորել խաղաղ հայ բնակչությունը: Փոփոխությունը միայն այն էր, որ եթե դաշնակցական զորամիավորումները պաշտպանում էին կոտորվողներին ու թալանվողներին, ապա բոլշևիկները պասիվ բողոքի նոտաներ էին հղում և ամեն կերպ ջանում հեռու մնալ բոլշևիկ թուրք ասկյարների հետ անմիջական շփումներից:

Դրան զուգահեռ Հայաստանի բոլշևիկները, ճիշտ այն ժամանակ, եթբ թուրքերը բառի բուն իմաստով կոտորում էին Շիրակի և Լոռվա բնակչությունը և հարյուրավոր անթաղ դիակները կուտակում ճանապարհների վրա(Мартиросян Г. Еще об одной белой странице черного предательства. – «Литературная Армения», 1994, № 7-9, էջ 99), շարունակում էին բացարձակի հասցնել հայ ժողովրդի ինքնապաշտպանության հնարավորությունների կազմալուծումը:

Նորաստեղծ Հեղկոմը ոչ միայն չէր կարողանում բնակչությունը պաշտպանել  Հայաստանում ամուր տեղավորված, ռուսական զենքով զինված թուրքերի ջարդերից ու կողոպուտներից, այլև որևէ լուծում չէր գտնում սոված ու մրսող բնակչության նվազագույն կարիքները հոգալու: Վրաստանի կողմից վերահսկվող երկաթգծով Ռուսաստանից պարեն ու նավթամթերք հնարավոր չէր բերել, և նույնիսկ բոլշևիկյան Կարմիր բանակը կերակրելու համար այլ ելք չէր մնում, քան բնակչությունից խլել այն վերջին փշրանքները, ինչ մարդիկ կարողացել կամ կարողանում էին պահել թուրքական թալանից:
Բոլշևիկների առաջին գործողությունները խիստ ագրեսիվ էին և փաստացի՝ խաբեբայական: Դեկտեմբերի 2-ին պայմանագիր կնքելով դաշնակցական հեռացող կառավարության հետ, պայմանավորվել էին հայկական բանակի սպայական կազմի նկատմամբ մեղադրանքներ չներկայացնել մինչ խորհրդային կարգերի գործողությունների համար, ինչպես նաև  չհետապնդել դաշնակցական և մյուս սոցիալիստական կուսակցությունների անդամներին: Սակայն իշխանությունը վերցնելուց հետո նրանց առաջին գործողությունները ճիշտ հակառակը եղան: Ձերբակալեցին  նախկին կառավարության և սոցիալիստական կուսակցության հանրային հայտնի ներկայացուցիչներին,  ժողովրդի կողմից սիրված շատ սպաների, այդ թվում Հայաստանը փրկած Սարդարապատի ճակատամարտի հերոսներին:
Հեղկոմի կողմից ընդունված առաջին դեկրետները պատժիչ դեկրետներ էին:  Դեկտեմբերի 9-ին ստեղծվեց «Հակահեղափոխության դեմ պայքարի» արտակարգ հանձնաժողովը (Չէկա) :

ՀՍԽՀ Հեղկոմի` 06.12.1920 թ. դեկրետը Արտակարգ հանձնաժողով հիմնելու մասին(ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կայք՝ http://www.sns.am/index.php/am/history/museum/77-museum-1921-1988)

Այս հանձնաժողովը բնակչության մեջ սարսափ էր առաջացնում: Տանը, նկուղներում ձմեռվա համար բնակչության կողմից թաքցվող մի պարկ ցորենը կարող էր դիտվել որպես հակահեղափոխական գործողություն, կարմիր բանակի զինվորների բերանից խլելու փորձ, սպեկուլյացիայի նպատակ: Սրան հետևեց  դեկտեմբերի 19-ին ընդունված ավելի սարսափելի պատժիչ դեկրետը՝ «Հայաստանի Ռազմա-հեղափոխական Կոմիտեի դեկրետը Գերագույն Հեղափոխական Տրիբունալի» մասին, որը պետք է հետապնդեր «հակահեղափոխական գործողությունները»՝ խորհրդային կարգերը տապալելու նպատակ հետապնդող դավադրությունները, ապստամբությունները և դրանց քարոզչությունը, բանվորա-գյուղացիական իշխանությունների գործողություններին դիմադրելը, Խորհրդային իշխանության մասին  կեղծ տեղեկություններ ու լուրեր տարածելը,  հաշվառման վերցված ապրանքների սպեկուլյացիան և այլն: Ընդ որում դրանց չափանիշները հստակ չէին .և շատ հեշտ էր մարդուն այս կամ այն հանցանքում մեղադրելը: «Բանվորա-գյուղացիական իշխանությունների գործողություններին դիմադրել» էր, օրինակ, ընտանիքի կողմից մթերված ձմեռային սնունդը չեկիստներին չհանձնելը:

1921թ. հունվարի 14-ին Հայաստան է գալիս Համառուսական Արտակարգ Հանձնաժողովի՝ Ադրբեջանի և Հայաստանի  նախագահ Գևորգ Աթարբեկովը: Նրա առաջին պահանջը Տրոցկու խորհուրդը կատարելն էր՝ Հայաստանի բոլոր նախկին սպաներին  աքսորելը (այդ թվում նրանց, ովքեր արդեն ծառայության էին անցել Կարմիր բանակում): 1921թ. հունվարի 24-ին հրամայում են դեռևս կենդանի մնացած բոլոր սպաներին հավաքվել հայկական նախկին պառլամենտի շենքում «վերագրանցման համար», և հավաքված 1400 նախկին սպաներին աքսորում են Ռուսաստան, Ռյազան քաղաք: Նրանց տարել են հետիոտն, առանց տաք հագուստի, առանց սնունդի:

Դրան հաջորդում է բացահայտ տեռորը: Փետրվարի 9-ին ձերբակալվում է ոմն Լևոն Խանանյան, ով իբրև (գուցե և իսկապես-Հ.Խ.) մահափորձ է ձեռնարկել Խորհրդային ականավոր գործիչներից մեկի դեմ (նկատի ունեին Աթարբեկովին): Հայտարարվում է, որ «Խանանյանի ձերբակալությունը  պարզեց խորհրդային պատասխանատու գործիչների նկատմամբ տեռորիստական ակտեր կազմակերպելու դաշնակցականների մտադրությունը…Խորհրդային իշխանությունը մեծահոգի է, բայց կարող է խստորեն և անխնա ոչնչացնել բոլորին, ով կհամարձակվի ոտնձգություններ անել բանվորների և գյուղացիների  թանկ արյունով  նվաճված իշխանության նկատմամբ… Մահափորձին մասնակից անձանց ձերբակալություններից զատ ՉԿ-ն, դաշնակցություն կուսակցության ստոր ծրագրերը ի դերև հանելու նպատակով, ստիպված էր ձերբակալել մի շարք դաշնակցական գործիչների որպես պանադների և հայտարարում է, որ դաշնակների ցանկացած փորձի պատասխանը կլինի պատանդների գնդակահարությունը և ընտանիքների նկատմամբ ռազմա-հեղափոխական ժամանակների այլ խիստ միջոցառումներ»( Великая Октябрьская.., 1957, с. 507—508):

Իրականում, իհարկե, Հայաստանում բոլշևիկյան իշխանությունը «բանվորների և գյուղացիների  թանկ արյունով» չէ, որ նվաճվել էր, այլ բանվորներին ու գյուղացիներին կոտորղ թուրքերի հարկադրած Հեղկոմի ստեղծումով և ապա՝ Ադրբեջանի տարածքից առանց որևէ դիմադրության Կարմիր բանակի մուտքով: Բոլշևիկյան իշխանությունն իրականում նվեր էր տրվել բոլշևիկներին, և դրա գինը եղել էր «ռուսական արևելյան ծրագիրը»՝ հայ ժողովրդի արյան հաշվին: Գործող իշխանություններն էլ իրենց լիազորությունները վայր էին դրել առանց պայքարի և երկիրը բոլշևիկների իշխանությանն էին հանձնել պայմանագրով: Սա անհրաժեշտ եմ համարում կրկնել, քանի որ նույնիսկ այսօր դպրոցական պատմության դասագրքերը Հայաստանի բոլշևիկացման շրջանը ներկայացնում են խեղաթյուրված:

Այդ նույն ժամանակ, հունվար-փետրվար ամիսներին, Շիրակում թուրքերը կոտորում էին գյուղերի կանանց ու երեխաներին, տղամարդկաց քշում էին Թուրքիա՝ հարկադիր աշխատանքների (1921թ. ապրիլի 28-ին Ամերիկյան կոմիտեն Ջաջուռի լեռնանցքի մոտ հայտնաբերել էր հունվար-փետրվար ամիսներին սպանվածների 1 200-1 500 դիակ, «… տղամարդկանց դիակ բացարձակ չկա, արական սեռի զոհերից ամենատարիքով 14 տարեկան էր… Մեզ տեղեկացրին, որ բուն լեռնանցքում շատ դիակներ կան, սակայն անբարենպաստ եղանակային պատճառներով մենք չկարողացանք այնտեղ հասնել»,- Великая Октябрьская.., 1957, с. 557-558), իսկ ռուս և հայ բոլշևիկյան կառավարությունները չէին կարողանում խնդիրը կարգավորել  իրենց դաշնակից թուրքերի հետ:

Շուտով ըմբոստանում է երկու կողմից՝ չեկիստներից ու թուրքերից ծայրահեղ դաժանությունների ենթարկվող բնակչությունը, գլխավորապես՝ Արևմտյան Հայաստանից փախստականները: Փետրվարի 18-ին ապստամբներին դիմադրելու կարողություն չունեցող բոլշևիկները նահանջում են՝ նախապես հապճեպորեն կացնահարելով Երևանի բանտում պահվող կալանավորներից առավել հայտնի քաղաքական, ռազմական ու հանրային գործիչներին:
Փետրվարյան ապստամբության մասնակիցներից ոմանք տեսել են սպանվածներին և գրել այդ մասին: Մի կողմ թողնելով դաշնակցական քաղաքական գործիչների նկարագրությունները (Սիմոն Վրացյան, Կարո Սասունի…), անդրադառնանք միայն բանտերում սպանվածների թաղմանը մասնակցած գրող երգիծաբան, անկուսակցական Լեռ Կամսարի հուշերին. «Բոլշևիկը Հայաստան մտավ սադայելյան ժպիտը երեսին: Սաստիկ սոված էր, որովհետև կոմունիստական Ռուսաստանից էր գալիս: Մի գիշերվա մեջ հավաքեց ժողովրդի բոլոր մթերքը՝ յուղ, միս, ալյուր, շաքար, չոր միրգ, աղ, պղպեղ, վերջապես՝ ամեն ինչ: Կերավ կշտացավ, բեղերը մաքրեց, կացնի սրությունը փորձեց ու վեր կացավ երկրում «սոցիալիզմ կառուցելու: Նախևառաջ հավաքեց ու բանտերը լցրեց Հայաստանի բոլոր խելացի, բոլոր ազնիվ, ժողովրդի մեջ հարգանք վայելող բոլոր մարդկանց: Բայց որովհետև Հայաստանի բանտերը քիչ հանցավորների համար էին կառուցված, հետևաբար չէին կարող իրենց մեջ տեղավորել մի ամբողջ ժողովուրդ, այդ պատճառով հրամայվեց հավաքված «հանցավորներին» մի կողմից կոտորել, որ տեղ բացվի նորերին: Ու կոտորվում, սելյոդկա ձկան նման շարվում էին բանտի ներքնահարկերում փորված անդնդախոր գերեզմանում: Հետագայում, բոլշևիկների հեռանալուց հետո ես անձամբ տեսա: Հարյուրավոր ընտիր հայեր ձեռներն ետևը կապված, գլուխները մեջտեղից կիսած, դարսված էին իրար վրա, արյան ճապաղիքի մեջ» («Կարմիր օրեր»  1957թ.):
Այնպես չի, որ բոլշևիկները երբեք չհասկացան անօրիության և օրինավորության «թեկուզ արտաքին ցուցադրության» կարևորությունը: Հիսուն տարի հետո, երբ նախկին բոլշևիկ, հետագայում ԽՍՀՄ բարձրագույն պաշտոնյա Ա.Միկոյանը գրում էր իր հուշերը Անդրկովկասի բոլշևիկացման մասին, չի անդրադառնում արդեն իշխանությունը վերցրած բոլշևիկների հակաօրինական, հանցագործ, առանց դատ ու դատաստանի մարդկանց պարզ սպանությունների խնդրին, չնայած այդ ձևակերպումը նրան անծանոթ չի, երբ խոսքը վերաբերում է բոլշևիկների հանդեպ իրականացված անօրիանականություններին: Պատմելով Բաքվի 26 կոմիսարների սպանության մասին, նա շատ հասկանալի գրում է. «Աջ էսեռ Ֆունտիկովի կողմից գլխավորվող Անդրկասպյան կառավարությունը, անգլիական հրամանատարության ցուցումով գողեգող, գաղտնի, առանց դատ ու դատաստանի, գազանաբար ոչնչացրեց <կոմիսարներին>: Ինչպե՞ս կարող էր դա տեղի ունենալ: Չէ՞ որ էսեռներին արդարացման համար պետք էր գոնե օրինականության պատրանք: …մենք եզրակացնում էինք, որ հակահեղափոխությունը գործում է իր անգլիական տերերի ցուցումով: Իսկ նրանց մեր հարցաքննություններ պետք չէին»( А.Микоян, Так было, гл. 3, http://militera.lib.ru/memo/russian/mikoyan/01.html): Պե՞տք է արդյոք սրանից եզրակացնել, որ հայ բոլշևիկներն էլ գործում իրե՛նց «անգլիացի տերերի», տվյալ դեպքում՝ ռուս բոլշևիկների ցուցումով, թե՞, այնուամենայնիվ, սա տեղական նախաձեռնություն էր:

Այնուամենայնիվ, ինչպես գրում է նույն ինքը Միկոյանը, էսեռները նախանձախնդիր էին իրենց պատիվը վերականգնելու: «1919թ. մարտին, երբ մենք բանտից նոր էինք դուրս եկել, Բաքվում հայտնվեց էսեռների կուսակցության Կենտրոնական կոմիտեի անդամ, հայտնի իրավաբան Վադիմ Չայկինը: …Չայկինը տեղեկացրեց, որ ինքը ջանում է պարզել Բաքվի կոմիսարների հետ հաշվեհարդարի բոլոր փաստացի հանգամանքները: Նա այդ անում էր ոչ միայն իբրև մասնագետ իրավաբան, այլև որպես էսեռների կուսակցության անդամ, պարզելու համար, թե կառավարության մեջ մտնող իր կուսակցության որևէ անդամ մասնակցություն ունեցե՞լ է արդյոք այդ սպանությանը: Նա ուզում էր ինքն առաջինը բացահայտել նրանց, դատապարտել և այդպիով մաքրել իր կուսակցությունն անվանարկող խայտառակ հետքը» (Ա.Միկոյան, նույն տեղում):

Իսկ բոլշևիկներն այդպես էլ երբեք չկամեցան հետաքննություն անց կացնել և փորձել իրենց կուսակցության անունը մաքրել խայտառակությունից: Ընդհակառակն, նույնիսկ իշխանության մենատեր լինելով, իշխանությունն իրացնելու գործում որդեգրեցին ահաբեկությունը:

Բոլշևիկները հետ են քաշվում Արտաշատ, շարունակելով իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում տեռորի ենթարկել ահաբեկված բնակչությանը: Այդ տեռորը հավանաբր այնպիսի չափեր էր ընդունել, որ բռնություններից առանձնապես չխորշող Ս.Օրջոնիկիձեն մարտի 18-ին ստիպված էր զգուշացնել Գ.Աթարբեկովին. «Շատ ընկերներ հաղորդում են, որ ձեր գործողությունների շրջաններում տեղի են ունենում անիմաստ գնդակահարություններ, գնդակահարում են գերիներին և այլն: Խստորեն պնդում եմ շատ զգույշ լինել և ոչ մի դեպքում ձեռք չտալ գերիներին, և առհասարակ ես անընդունելի եմ համարում տեռորի մեթոդն ու բնակչության համատարած ահաբեկումը»( РГАСПИ, Ф.85, Оп.14, Д.74, Лл. 1-2. Подлинник,  Յու.Բարսեղովի գրքում՝ էջ 465):

Ապրիլի սկզբին բոլշևիկները վերագրավում են իշխանությունը: Խորհրդային կառավարումը Հայաստանում վերսկսելուց հետո առաջին հրամանը Արտակարգ հանձնաժողովի նախագահի հրամանն էր, որով նա կոչ էր անում աշխատավորներին վերադառնալ իրենց առօրյա գործերին և չհավատալ «կացնով սպանվածների» մասին դաշնակցականների անհիմն ստերին ու պրովոկացիաներին, միաժամանկ  հասկացնելով, որ բանվորներն ու գյուղացիները պատժի չեն ենթարկվի՝ ի տարբերություն մաուզերիստների և խմբապետերի:

Թուրքահայերը սպառնալի՞ք են Թուրքիայի համար
Պատիժներով ու սիրաշահումներով, սովը հաղթահարելով, այստեղից-այնտեղից կադրեր բերելով կայանում էր խորհրդային իշխանությունը: Սակայն մտավորականությունը, բայց հատկապես հայ գաղթականությունը՝ թրքահայությունը շատ դժգոհ էր Կարսի պայմանգրից, և դա խորապես անհանգստացնում էր բոլշևիկներին, ովքեր պարտավորվել էին ողջ Խորհրդային տարածքում թույլ չտալ Թուրքիայի «նկատմամբ պայքարելու նպատակ ունեցող խմբերի ձևավորում կամ առկայություն»: Թուրքերը թուրքահայերի առկայությունն ինքնին  խորհրդային Հայաստանում դիտարկում էին որպես այդպիսի նպատակ ունեցող խումբ: Ավելին՝ դեռ կար Թուրքիայի համար ատելի Դաշնակցական կուսակցությունը: Մեծ հաշվով թե բոլշևիկները, թե թուրքերը թուրքահայերին դիտարկում էին որպես դաշնակցականների:

Ցեղասպանության շրջանում Արևմտյան Հայաստանի տարածքում կենդանի մնացած հայության զգալի մասը կուտակվել էր Կովկասում, մեծ մասը՝ Հայաստանի տարածքում: Մինչև 1920թ. նրանց մեծ մասը, հատկապես Մուշից, Սասունից, Բիթլիսից փախածները դեռևս ապրելու տեղ չուներ: Հայտի է, որ հազարավոր փախստականներ՝ կանայք, երեխաներ, ուղղակի շրջում էին Անդրանիկի զորամասերի ետևից, և զինվորների օգնությամբ սնվում էին: Մինչև այսօր Հայաստանի Թալինի, Շիրակի շրջանների գյուղերում հարյուրավոր մարդիկ պատմում են, որ իրենց պապերն ու տատերը երկու-եևրեք տարի թափառել են Անդրանիկի հետ: Շատ-շատերը մահացան սովից ու համաճարակային հվանդություններից հատկապես Երևանի փողոցներում, Էջմիածնում՝ վանքերի պատերի տակ, Ալեքսանդրապոլում…Մուդրոսի զինադադարից հետո շատ-շատերը հավատացին, որ Անտանտի դաշնակիցները երաշխավորում են պարտված Թուրքիայում իրենց անվտանգությունը և վերջապես վերադարձան հայրեինք՝ Վան, Արճեշ, Բիթլիս, Բուլանըխ, Հաճըն, Խարբերդ, Երղնակ… Եվ ընկան երկրորդ ջարդերի հորձանուտը՝ այս անգամ Անտանտի վերահսկողությունից դուրս գտնող հատվածներում գործող  քեմալականների  հարվածի տակ: Հայաստանից Անդրանիկի մեկնելուց հետո, 1920թ. փախստականները փորձեցին ժամանակավորապես տեղավորվել ՛՛որևէ տեղ՛՛: Այդ հարցում գործող իշխանություններից օգնություն չստանալով, փախստականների նախկին ֆիդայական առաջնորդները նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցրին: Նրանք շարունակում էին զինված մնալ և, ի թիվս այլոց, փորձում էին հայ բնակչությանը պաշտպանել թուրքական բանակի կամայականություններից: Ահա հենց նրանք էլ որոշեցին, որ իրենք բնակություն կհաստատեն Թուրքիայի հետ գծված սահմանամերձ տարածքներում՝ առաջիկա հնարավորության դեպքում հայրենիք վերադառնալու հույսով: Այդ տարածքները,  սակայն, լեռնային էին և մեծ մասամբ Արարատյան դաշտավայրում ապրող մահմեդական բնակչության ամառային քոչավայրերն էին: Փախստականները նրանց վախեցնելով, երբեմն էլ՝ բռնությամբ գրավեցին այդ բնակավայրերի մեծ մասը և երեքից-հինգ տարի թափառող հայ փախստականների զգալի մասը տեղավորվեց մահմեդականներից դատարակված բնակավայրերում: Մահմեդականների զգալի մասն անցավ այլևս Թուրքիայի տարածք հանդիսացող Իգդիր, մի մասն էլ՝  Արարատյան դաշտավայրի մահմեդական բնակավայրեր:

Թվում էր, որ Կարսի պայմանագրով և Լոզանի կոնֆերանսով հայրենիք վերադառնալու հույսով սահմանային գոտիներում ժամանակավորապես հաստատված Արևմտահայ գաղթականները պիտի վերջնականապես հույսները կտրեին վերադարձի գաղափարից: Սակայն գաղթականության մեջ լուրեր էին տարածվել, որ Կարսի պայմանագիրը ժամանակավոր է, որ քսան տարի անց այն վերանայվելու է և իրենք վերադառնալու են հայրենիք: Սա պատճառներից մեկն էր, որ գաղթականությունը շարունակում էր ապրել սահմանամերձ գոտիներում, իրենց բնակության վայրերը համարում էր ժամանակավոր և առհասարակ շարունակում էր կողմնորոշված մնալ վերադարձի գաղափարին:

Սահմանամերձ տարածքներում հաստատված հայ փախստականները բոլշևիկների և, իհարկե թուրքերի կողմից ընկալվում էին որպես Թուրքիայի դեմ թշնամական գործողությունների հնարավոր հեռանկար ունեցող խումբ: Առաջին տարիներին ամեն ինչից զրկված և բազմաթիվ կորուստներ տված փախստականները հանապազօրյա հացի խիստ մեծ կարիք ունեին, ինչը հաճախ հայթայթում էին պարզ կողոպուտով՝ անցնելով Թուրքիայի տարածք համարվող իրենց նախկին հայրենիք և կողոպտելով տեղի քրդերին, հմարելով, որ իրենք ընդամենը ետ են վերցնում իրեցից կողոպտածը: Սա բոլշևիկյան իշխանության լուրջ գլխացավանքներից մեկն էր, բայց մարդկանց կերակրելու այլ տարբերակ չէր առաջարկվում: Նրանք առհասարակ չէին հասկանում սոցիալիզմի, ունեցվածի ազգայնացման գաղափարները, բայց, իրականում ունեցվածք չունենալով, նրանք բոլշևիկների դեմ գաղափարական պայքար չէին մղում: Նրանք փորձում էին իրենք իրենց կերակրել, տանիք ունենալ գլխներին և դրա համար հայ բոլշևիկների կողմից չհետապնդվել: Բոլշևիկներին շատ էր անհանգստացնում փախստականների այս կիսանկախ վիճակը, նրանց մոտ զենքի առկայությունը: Անշուշտ, բոլշևիկների նախաձեռնած պատժիչ գործողություններին փախստականները հաճախ դիմադրում էին: Առաջին իսկ հնարավորությունը պետք էր օգտագործել իրերի այդ վիճակին վերջ տալու համար: Լուծումը գտնվում է անօրինականն օրինականացնելու միջոցով:

ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ
Ազգագրագետ

Ինչպես էին ռուսական ու թուրքական զորքերը միասին ջարդում հայերին


Քաղաքական բռնությունները Հայաստանում եւ դրանց առանձնահատկությունը  պայմանավորող հիմնական գործընթացները

Մուստաֆա Քեմալը խորհդայնացնում է Ադրբեջանը

Մուստաֆա Քեմալին շատ հեշտ է հաջողվում «Ադրբեջանին ստիպել մտնելու սովետական պետությունների խմբի մեջ»: Լենինին ուղղված ապրիլի 26-ի Մուստաֆա Քեմալի նամակից ճիշտ երկու օր հետո,  ապրիլի 28-ին Ադրբեջանը հաշտ ու խաղաղ հայտարարում է իր «խորհրդային» դառնալու իրողությունը և, իհարկե, առաջին իսկ քայլը Խորհրդային Ռուսաստանից օգնության խնդրանքն էր: Չնայած արտաքին վայելչության պահպանության փորձերին (հայտարարվեց, որ Ադրբեջանական խորհրդային անկախ հանրապետության ժամանակավոր ռազմա-հեղափոխական կոմիտեն իշխանության է եկել Բաքվի հեղափոխական պրոլետարիատի և Ադրբեջանի աշխատավոր գյուղացիության կամքով, և այդ իշխանությունը հին մուսավաթական կառավարությունը հայտարարում է ժողովրդի դավաճան և անկախության թշնամի), այնուամենայնիվ հայտարարվեց, որ պառլամենտն աշխատում է նույն կազմով (!!!) և տեղական վարչակազմերը շարունակում են հանգիստ աշխատել իրենց տեղերում:

Այս տարօրինակ «հեղաշրջումը» տեղի էր ունեցել Ադրբեջանական պառլամենտի հանգիստ որոշմամբ, որտեղ ապրիլի 27-ի արտակարգ նիստի ընթացքում կոմունիստները պահանջագիր էին ներկայացրել  իշխանությունն իրենց հանձնելու վերաբերյալ, և գիշերվա ժամը 12-ին պառլամենտական հանձնաժողովը որոշել է բավարարել այդ պահանջը («Борьба», N96, ապրիլի 30): Մինչդեռ ցանկության դեպքում մուսավաթականները լիովին կարող էին դիմակայել Ադրբեջանի բոլշևիկացմանը:

Միկոյանը իր հուշերում պատմում է, որ այդ պահին «Հետախուզական տվյալների համաձայն, Ադրբեջանի մուսավաթական կառավարությունն ուներ  30-հազարանոց զորք: 20 հազարը տեղակայված էր Հայաստանի սահմաններին, իսկ 10 հազարը տեղակայված էր մի շարք բնակավայրերի ռազմակայաններում: Ադրբեջանի բանակը դրանից [խորհրդային բանակի մուտքից] քիչ առաջ իրականացրել էր Ղարաբաղի, Շուշիի հայերի կոտորածը: Մեր բանակի զբաղեցրած գծի հետ շփման գոտում կար երեք հազարից մի փոքր ավելի» (А.Микоян, Так было, գլուխ 8):

Քանի որ Ադրբեջանի խորհրդայնացումը համաձայնեցված էր Մուստաֆա Քեմալի, ուրեմն նաև՝ մուսավաթական կառավարության հետ, բոլշևիկներն իրենց զորքերը մտցնելիս ռազմական դիմադրության չէին հանդիպելու: Բայց նրանք վախենում էին, որ Ադրբեջանի խորհրդայնացման այդ հապճեպ հայտարարությունը կարող էր մուսավաթական առանձին խմբերի կողմից չընկալվել որպես համաձայնեցման հետևանք, և հնարավոր էին համարում, որ խնդիրը չհասկացած խմբերը կարող էին նավթահանքերում խռովություն հրահրել և հրդեհներ առաջացնել: Ուստի օր առաջ անհրաժեշտ էր այնտեղ խնդիրը գտակցող մի փոքր ջոկատ ուղարկել: Այդ ջոկատն ուղարկվում է մեն-միակ զրահագնացքով, որն ուղեկցում էր Ա.Միկոյանը: Նա էլ հենց նկարագրում է իրենց «հաղթական արշավը» հողը մշակող գյուղական բնակչության միջով. «Մեր գնացքը գնում էր կարմիր պաստառով: Գյուղացիները մեզ ողջունում էին բացականչություններով, մենք էլ բացականչում էինք. «Կեցցե Սովետական Ադրբեջանը», «Կեցցե ռուս և ադրբեջանցի ժողովուրդների բարեկամությունը»: Բոլշևիկյան այդ զրահագնացքն, իհարկե, առանց որևէ դիմադրության հասնում է Բաքու: Մուսավաթական Ադրբեջանի 30-հազարանոց զորքից ոչ մի գնդակ չի արձակվում: «Ապրիլի 28-ի գիշերը նրանք բանտերից ազատեցին ձերբակալված բոլշևիկներին և հանձնեցին իշխանությունը»: Այսպես Ադրբեջանի մուսավաթականները մեկ օրում դարձան բոլշևիկներ, և նույն 1920 թ. ապրիլի 28-ին 11-րդ կարմիր բանակը հանգիստ, առանց դիմադրության մտավ Բաքու: Մայիսի մեկին առանց որևէ կռվի Բաքու հասած Կարմիր բանակին մնում էր միայն… գրկախառնվել տոնի առիթով փողոցները լցված աշխատավորների հետ: «Կարմիր բանակը հասավ մինչև մենշևիկյան Վրաստանի ու դաշնակցական Հայաստանի սահմանները» (А.Микоян, Так было, գլուխ 8):
Կովկասյան թուրքերն այլևս դեմ չէին պաշտոնական Մոսկվայի փաստացի իշխանությանը, քանի որ համաձայնությունը կայացել էր օսմանյան թուրքերի՝ ի դեմս Մուստաֆա Քեմալի, հետ, և համաձայնությունը կառուցվել էր կովկասյան թուրքերի պահանջների հաշվառումով՝ Հայաստանի դեմ:

Այնուհետև դեպքերն սկսում են զարգանալ գլխապտույտ արագությամբ: Մոսկվան հայկական հարցում փաստացի ստանձնում է Մուստաֆա Քեմալի կամքի կամակատարի դերը, որը հանգում էր կովկասյան և օսմանյան թուրքերի տարածքային պահանջների պաշտպանությանը: Հաջորդ օրը, ապրիլի 29-ին Ադրբեջանի Հեղկոմը հեռագիր է ուղարկում Հայաստանի կառավարությանը. «Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության բանվորա-գյուղացիական կառավարությունը ի դեմս Հեղափոխական Կոմիտեի պահանջում է. Առաջին) ձեր զորքերից ազատել Ղարաբաղն ու Զանգեզուրը, երկրորդ) վերջ տալ ազգամիջյան կոտորածներին, այլապես ԱԽՍՀ Հեղկոմը ստիպված կլինի պատերազմի մեջ մտնել Հայաստանի Հանրապետության հետ: Ուլտիմատումի վեջնաժամկետը երեք օր է»:

Սա՝ այն դեպքում, երբ արդեն խորհրդային հայտարարված Ադրբեջանում շարունակում էին հայկական կոտորածները: Այս «ուլտիմատումից» քսան օր հետո, մայիսի 20-ին, Խորհրդային Ադրբեջանի ներքին գործերի ժողովրդական կոմիսարին խորհրդային իշխանության լիազոր ներկայացուցիչ Յասին մոլլա Մամեդ Օղլին զեկուցում է, որ Նուխու և Արեշի շրջաններում հայ բնակչության նկատմամբ ջարդերը շարունակվում են, իշխանության ներկայացուցիչները նույն արյունարբու չինովնիկներն են, ովքեր հայ կանանց ու երեխաներին կենդանի վառել են, ստրկության մեջ են պահում գերեվարվածներին և այժմ էլ իրենց տիրապետությունը շարունակում են խորհրդային իշխանության անունից (ՀՀ ԱԱ, Ֆ. 200, Ց. 1, Գ. 250, Թ.12, Վավերացված պատճեն; Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս  1, с. 59):

Խորհրդայնացված Ադրբեջանում ոչ միայն ոչինչ չէր փոխվել, այլև այն իրեն շատ խրախուսված էր զգում «իմպերիալիստ», «շովինիստ», «իմպերիալիստների կամակատար» հայտարարված հայերի նկատմամբ գործողություններում: Հայերի ջարդերի մեջ նոր գաղափարական  մեկնաբանություն էր մտել,- նրանք խանգարում են «արևելքը բոլշևիկացնելու» և «բոլոր ճնշվածներին պաշտպանելու» ռուս-թուրքական ծրագրի իրականացմանը: Ադրբեջանի խորհրդայնանալուց անմիջապես հետո Բաքվում սկսվել են նաև հայերի ձերբակալությունները (ՀՀ ԱԱ. Ֆ. 278,  ց. 1, գ.32,  թ.  40-41, պատճեն: Ձեռագիր,- «Հայերի կոտորածները…»,  էջ 475-476), միաժամանակ հայ բոլշևիկները Բաքվում սարսափելի լուրեր էին տարածում Հայաստանում իշխանությունների կողմից կատարվող վայրագությունների մասին, իբրև «մաուզերիստների կուսակցությունը» Հայաստանում անխնա կոտորում է հայ բանվորներին, գյուղացիներին և նրանց պաշտպան մեծամասնականներին (բոլշևիկներին-Հ.Խ.), որոնց ընտանիքներին բռնաբարում  են ու հալածում»: Ստորագրել են Նանեյշվիլի, Միկոյան՝ Ադրբեյջանի կոմունիստական կուսակցության անունից, Կոստանյան՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության անունից և Ավիսը՝ Ռազմա-հեղափոխական կոմիտեի անունից» ( ՀՀ ԱԱ,  ֆ. 200« ց. 1« գ. 581« թթ. 119 շրջ.-120,- «Հայերի կոտորածները…», էջ 477-479): Այս կարգի տեղեկությունները շատ-շատ են, սահմանափակվենք:
Կարմիր բանակը մտնում է Հայաստան

Մուստաֆա Քեմալին տրված խոստումները պետք էր կատարել, և մայիսի 21-ին Կարմիր բանակը մոտենում է Ղարաբաղին: Իսկ մայիսի 24-ին Օրջոնոկիձեն հեռագրում է Ռուսաստանի Արտաքին ժողկոմի տեղակալ Լ.Կարախանին, Լենինին և Ստալինին, տեղեկացնելով, որ դաշնակցականները չեն համաձայնի, որ թուրքերին ռազմամթերք տանող իրենց զորքերն անցնեն Հայաստանով, և որ չնայած Հայաստանը շատ հեշտ է պայթեցնել, բայց դա կառաջացնի պարենային դժվարություններ: Ուստի, առաջարկում է նա, Հայաստանից «լավ կլինի առայժ գրավել Նախիջևանը, Օրդուբադը և Ջուլֆան»( ГАРФ, Ф.130, Оп.4, Д.496, Лл. 73а-74а. Фотокопия подлинника. Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян,  հատոր 2, մաս 1, էջ 60): Մոսկվայում մայիսի 25-ին բոլշևիկների Քաղբյուրոյի ԿԿ-ն Հայաստանի մասով որոշում է ընդունում «հավանություն տալ Արտաքին գործերի ժողկոմի՝ Արևելքի ժողովուրդների ազատագրական շարժմանն օժանդակելու քաղաքականությանը» (РГАСПИ, Ф.17, Оп.163, Д.69, Лл.1,3 об. Подлинник. Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 61): «Արևելքի ժողովուրդներից» Ադրբեջանն «ազատագրվել» էր, բայց պայմանավորվածության համաձայն դեռևս անհրաժեշտ էր նրան հանձնել Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջևանը, ինչպես նաև պետք էր Անտանտից ազատագրել Թուրքիան, ինչին, ռուս-թուրքական տրամաբանությամբ, խանգարում էր Հայաստանի Հանրապետության առկայությունը: Թուրքերին խոստացված զենք-զինամթերքն ու պարենը Հայաստանի վրայով չէին կարող տանել: Իհարկե Ռուսաստանը Քեմալին կարող էր զենք-զինամթերքը տանել ծովային ճանապարհով, բայց դա ցանկալի չէր: Նախ՝ քեմալականներին զնեք-զինամթերքն ավելի պետք էր Հայաստանը ճնշելու համար և, իհարկե, նրանց ցանկալի էր դրանք ստանալ հենց Հայաստանի սահմանակից տարածքում: Երկրորդ՝ դա «իմպերիալիստական Հայաստանին» հնարավորություն կտար կազմակերպելու Ադրբեջանին խոստացված հայկական տարածքների պաշտպանությունը: Ռուսաստանին հարկավոր էր ելք մտածել Հայաստանի առնվազն հարավային տարածքներում վերահսկողություն սահմանելու: Առիթ էր պետք Հայաստան մտնելու, և հունիսի 4-ին Հայաստանում ստանում են Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմ Գ.Չիչերինի հեռագիրը. «Արժանահավատ տեղեկությունների համաձայն Կարսում և Հայաստանի այլ շրջաններում ձերբակալված են հարյուրավոր կոմունիստներ: Հայաստանի կառավարությունը ինքնադատաստան է տեսնում նրանց հետ և գաղտնի գնդակահարում է կոմունիստներին: Մասնավորապես գնդակահարվել է ընկեր Միկոյանը: Խորհրդային կառավարությունը խիստ վրդովված է…» (Оганесян Э., Век борьбы. Очерк 100-летней истории дашнакской партии и национально-освободительной борьбы армянского народа. Мюнхен-Москва, 1991, էջ 319-320): Եվ «վրդովված» կառավարության հրահանգով Կարմիր բանակը մտնում է Զանգեզուր… Այստեղ նրանց դիմադրում են Նժդեհի զորամիավորումները, «կարմիրները» Զանգեզուրում մեծ հաջողությունների չեն հասնում, բայց նրանց գնդերից մեկը գրավում է Նախիջևանը: Հետագայում Քեմալ Աթաթուրքը պիտի պատմի, որ այդ նույն շրջանում խորհրդային զորքերն անհրաժեշտ աշխատանքներ էին տանում Հայաստանի և Վրաստանի սահմաններում, մինչև օգոստոսի մեկին հնարավոր դարձավ մեր (թուրքերի-Հ.Խ.) զորքերի և կարմիր բանակի միավորումը Նախիջևանում (Кемаль Ататюрк. Избранные речи и выступления. М., 1966, էջ 102, 103): Այդ ընթացքում իրականում ողջ ու առողջ հայ բոլշևիկ «ընկեր Միկոյանը», իր «գնդակահարությամբ» մտահոգ մոսկովյան ընկերներին՝ բոլշևիկյան Կենտրոնական Կոմիտեին Բաքվից, մի շարք այլ կովկասյան բոլշևիկների հետ մեկը մյուսի հետևից հեռագրեր է ուղարկում, բոլորում պահանջելով ամեն ինչ անել Ղարաբաղն ու Զանգեզուրը Ադրբեջանին հանձնելու համար (Телеграмма Н.Нариманова, М.Мдивани, А.Микояна, А.Нуриджаняна Г.Чичерину. 19.06.1920 // Государственный Архив Азербайджанской Республики, ф.28, оп.1, д.211, л.115): 1920 թ. հունիսի 19-ին, երբ Զանգեզուրը զենքի ուժով և փաստացի աշխարհազորով պահում էին Նժդեհն ու Դրոն, իսկ Ղարաբաղը մեկ ամիս առաջ հանձնվել էր բոլշևիկներին, հայ բոլշևիկներ Ա.Միկոյանն ու Ա. Նուրիջանյանը Ն. Նարիմանովի ու Մ. Մդիվանիի հետ հեռագիր են ուղարկում Գ. Չիչերինին՝ կատեգորիկ պահանջելով Ղարաբաղն ու Զանգեզուրը հանձնել Ադրբեջանին:

Ադրբեջանական բոլշևիկյան իշխանություններն իրենց շատ ազատ էին զգում և նրանց բռնի գործողությունները հասնում են այն աստիճանի, որ Ռուսաստանի Արտաքին գործերի ժողկոմ Չիչերինը հունիսի  22-ին ստիպված էր դիմել բոլշևիկյան ԿԿ Քաղբյուրոյին՝ զսպելու «կովկասյան խմբի» բոլշևիկների հակահայկական գործողությունները (РГАСПИ, Ф.50, Оп.2, Д. 314, л.10, Подлинник, Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր  2, մաս 1, с. 72): Խոսքը գնում էր հենց այն խմբի մասին, որի ձեռքին պիտի հետագայում հայտնվեր խորհրդայնացած Հայաստանի իշխանությունը և Կովկասում՝ հայերի ճակատագիրը: Նույն օրը բոլշևիկների կովկասյան բյուրոյի անդամ Գ.Օրջոնիկիձեն հեռագիր է ուղարկում Չիչերինին՝ տեղեկացնելով, որ Կովկասի բոլշևիկները (նկատի ոնենալով Կովկասի հայ բոլշևիկներին) դեմ չեն լինելու Զանգեզուրն ու Ղարաբաղը Ադրբեջանին միացնելու, իսկ այդ միացումը խոշոր հաղթաթուղթ կդառնա Ադրբեջանի կոմունիստների ձեռքին և «ճանապարհ կբացի» քոչվորների համար (РГАСПИ, Ф.64, Оп.1, Д. 17, Лл.66-71, Подлинник, Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր  2, մաս 1, էջ 73):

Սրան հետևում է Ադրբեջանի Հեղկոմի նախագահ Ն.Նարիմանովի հունիսի 27-ի հեռագիրը Չիչերինին, որով Նարիմանովը փաստացի սպառնում է, որ Ղարաբաղի և Զանգեզուրի հարցը Ադրբեջանի օգտին չլուծելու դեպքում ոտքի կկանգնեն «հակահեղափոխական մուսավաթականները» ( РГАСПИ, Ф.2, Оп.1, Д. 14516, Лл.1-2об., Подлинник, Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 75): Եվ կրկին գործի են լծվում «կովկասյան խմբի» հայ բոլշևիկները: 1920թ. հուլիսի 10-ին Միկոյանը ևս մի հեռագիր է ուղարկում, սպառնալով, որ «Ադրբեջանը նախկին սահմաններում (??-Հ.Խ.) պահպանելու անկարողությունը մուսուլմանական զանգվածը կհամարի դավաճանություն, հայամետություն կամ Խորհրդային իշխանության թուլություն: Թե՛ այս, թե՛ այն կարող են դառնալ Խորհրդային իշխանության դեմ լարված ապստամբության պատճառ: Զանգեզուրում և Ղարաբաղում դաշնակցականների մուտքը կընդհատի հեղափոխության զարգացումը Թուրքիայում, կզրկի նրանց մեր օգնությունից և նրանց համար կստեղծի սպառնալի թիկունք» (ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարության արխիվ, գ.56822, թ.36): Այդ նույն ժամանակ թուրքերը կոտորում էին Նախիջևանի հայերին, Զանգեզուրում փաստացի միմյանց կոտորում էին տեղի հայ ու մահմեդական բնակչությունը, և վերջիններիս օգնում էր Կարմիր բանակը, իսկ խորհրդայնացված Ադրբեջանի Ելիզավետպոլի նահանգի Նուխի և Արեշի բազմիցս ջարդերի ենթարված փախստական հայությունը շարունակվող ջարդերից հուսահատ հերթական խնդրագիրն էր ներկայացնում Հայաստանում Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցչին՝ թույլ տալ իրենց Ադրբեջանից Հայաստան գնալ, այլապես «մենք վեջնականապես կկործանվենք… մեր փրկությունը միայն տեղափոխության մեջ է…» (ՀՀԱԱ, Ֆ.278, Ց.1, Գ.35, Թ.47,- «Հայերի կոտորածները…», էջ 484-485):

Ռուսաստանը, օգտվելով Զանգեզուրում Կարմիր բանակի առկայությունից և հայերի շարունակվող կոտորածներից, բանակցում էր Հայաստանի իշխանությունների հետ ժամանակավոր խաղաղության պայմանագրի հարցը՝ պայմանով, որ Հայաստանը չխանգարի քեմալականներին խոստացված օգնությունն իր տարածքով տանելու: Բայց «կովկասյան խմբի» բալշևիկներին անհրաժեշտ էր նախապես ապահովել Ադրբեջանին խոստացված տարածքների միավորումը: 1920 թ. հուլիսի 29-ին Միկոյանը ևս մի հեռագիր է ուղարկում Օրջոնիկիձեին. «Ղարաբաղի և Զանգեզուրի հարցով մենք զայրացած ենք Կենտրոնի քաղաքականությամբ: Դու նույնպես պնդիր Կենտրոնում մեր տեսակետը: Մենք դեմ չենք Հայաստանի հետ խաղաղությանը, բայց ոչ մի դեպքում Ղարաբաղի ու Զանգեզուրի գնով» (Телеграмма А.Микояна Г.Орджоникидзе. 29.06.1920 // РГАСПИ, ф.64, оп.1, д.17, л.134):

Ըստ Ադրբեջանում Հայաստանի ներկայացուցչության՝ ««Ադրբեջանի ներկա քաղաքականության գլխավոր ուշադրությունն ուղղված է ռուս¬հայկական բանակցություններին: Ամենահեռավոր և թույլ հավանականությունը, որ Զանգեզուրը և Ղարաբաղը կարողանա անցնել Հայաստանին, ոտքի է հանել ամբողջ Հեղկոմը և թրքական ակտիվ շրջանները, նաև հայ կոմունիստների մի ստվար մեծամասնություն, որոնք ռմբակոծում են Մոսկվան հատուկ պատվիրակություններով՝ դիվանագետներով և այլն: Այդ հավանականությունն էր,  որ շտապեցրեց Զանգեզուրի գրավումը: Այստեղ զուգադիպում են մի քանի նկատառումներ.  ամենից առաջ համաթրքական ծրագիրն է՝ Տաճկաստանի հետ միանալու համար: Նախիջևանի, Շարուրի և Սուրմալուի վրայով մի կորիդոր ստեղծել դեպի Տաճկաստան. այս ծրագիրը, որ մուսավաթական իշխանության վերջին օրերին կարծես թե բոլորովին լքված էր, այսօր հարություն է առել հսկայական ծավալով և շատ մեծ թափով:
Անշուշտ, Մոսկվայում և սոցիալիստական շրջաններում այդ ծրագրի իրագործումը պատճառաբանվում է անհրաժեշտությամբ՝ ամբողջությամբ միանալու «Կարմիր» Անատոլիայի հետ: Այստեղ օժանդակում է նաև Ռուսաստանի և Տաճկաստանի դաշնը, իսկ գործողությունների համար բարոյական նեցուկ է հանդիսանում հայ կոմունիստների մի բավական ուժեղ հոսանք» («Հայերի կոտորածները…», էջ 479-480):

Հայ բոլշևիկների խիստ զիջումնային պատրաստակամության կամ, գուցե, «սոցիալիզմը լուծելու է բոլոր վիճելի հարցերը» հավատի հենքին Կովկասի նոր բոլշևիկացած թուրքերը դիմում էին բոլոր հնարավոր մեթոդներին՝ հայերի և Հայաստանի հաշվին իրենց տարածքային հարցը լուծելու,- ճնշումներ, ձերբակալություններ, կռիվներ, դավադրություն, կաշառք: Բազմաթիվ օրինակներից հիշենք մեկը:

1920թ. հուլիսի  21-ին, Արդեն խորհրդային հայտարարված Ղարաբաղի Հեղկոմի նախագահ բոլշևիկ Ասադ Կարաևը, Հեղկոմի պաշտոնաթերթիկի վրա  «հույժ գաղտնի» մակագրությամբ նամակ է ուղարկում Գերուսի Հեղկոմին: Մեր տեղեկություններով,- գրում է նա,- «Զանգեզուրի գյուղերի 90 %-ը զինաթափված չէ: Դա ցավալի է: Սակայն ավելի ցավալի է այն, որ մինչև այսօր գլխատված չեն Զանգեզուրի հայության առաջնորդները: Նրանց մտավորականությունն ու զինվորական առաջնորդները մինչև հիմա գյուղերում են: Վաղը, ապստամբության դեպքում, նրանք կդառնան առաջնորդներ և մեր ուժերը դուրս կհանեն Զանգեզուրից: Կրկին ու կրկին ասում եմ՝ ժամանակը չի սպասում: Գիշեր ցերեկ աշխատեք: Ջանացեք ամեն ինչ տեսնել և ձերբակալել հարկավոր հայերին: Աքսորներն ու առևանգումները մեծ բան չեն, ժամանակը կանցնի և նրանք կրկին կվերադառնան իրենց երկիր:  Թողեք մարդասիրությունը: Դրանով երկիր չեք ստեղծի, «երկիր» չեք նվաճի, խաղաղությամբ չեք ապրի: Այստեղի ընկերներն այքնան էլ գոհ չեն Գերուսի Հեղկոմից, ջանացեք վերաընտրել Հեղկոմը, և ընտրել միայն մուսուլմաններին և մեզ հայտնի ռուսներին: Օրերս Գերուս կգա Արմենակ Կարագյոզյանը: Առայժմ չի ստեցել 22 մլն ռուբլին  և ճանապարհ չի ընկել… Նա խոստանում է Զանգեզուրը յոթ օրում միացնել Հայաստանին… Եթե Դուք ուժ չունեք, ապա փող ունեք: Ինչու՞ եք դանդաղում այդ ապստամբած շրջանը նվաճել: Խոսելով ինչ որ Աշդա փաշայի մասին (խոսքը Նժդեհի մասին է): Ո՞ր հային երեք միլիոն ռուբլի չտաս, որ ձեզ չբերի այդ մարդու գլուխը: Եթե փողի կարիք ունեք, հեռագրեք, կուղարկենք:

Հ.Գ. Զինվորներով հարուստ տեղերում, հայերին թուլացնելու նպատակով, սպանեք մի ռուս զինվորի և դրանում մեղադրեք հայերին: Գիտեք, թե ինչ կանեն ռուսները: Զանգեզուրում օրինավոր մարդ ու հարստություն մի թողեք, որպեսզի այդ անիծյալ ցեղը երբևէ չկարողանա ոտքի կանգնել: Ռուսաստանում այդպես են արել, այդպես էլ դուք պիտի անեք» ( РГАСПИ, Ф.64, Оп.1, Д.19, Л.10, Заверенная копия; Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян. Հատոր  2, մաս 1, էջ 103): Այդ ընթացքում քեմալական թուրքերը գրավում են Նախիջևանը, այն հայտարարում խորհրդային և Ռուսաստանին առաջարկում այնտեղ սովետական զորք մտցնել: Բնականաբար Հայաստանի իշխանությունները բազմաթիվ բողոքի նոտաներ են հղում Ռուսաստանին՝ Հայաստանի տարածքները գրավելու և խորհրդային զորքերի խտացումների դեմ: Ղարաբաղի համար պայքարող Դրոն հետ է վերադառնում՝ Նախիջևանի պաշտպանության համար, ինչին անմիջապես հաջորդում է Թուրքիայում հայ ժողովրդի ցեղասպանության հայտնի կազմակերպիչ և այժմ արդեն բոլշևիկյան Ռուսաստանի սրտակից բարեկամ Խալիլ փաշայի բողոքն ու սպառնալիքը Օրջոնոկիձեին այն մասին, որ դա խանգարում է թուրքական և խորհրդային զորքերի միավորմանը և որ Թուրքիան այլևս չի կարող հանդիսատեսի  դերում սպասել մահմեդական բնակչության դեմ ծաղրուծանակին(РГАСПИ, Ф.544, Оп.3, Д.15, Л.8-10, Подлинник; Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян. Հատոր  2, մաս 1, էջ 127):

Ակնհայտ է, որ միացյալ օսմանյան ու կովկասյան թուրքերը շտապում էին դեպքերն արագացնել, որովհետև ընթացքի մեջ էր Սևրի պայմանագիրը (1920 թ. օգոստոսի 10-ին ստորագրված Սևրի պայմանագրով կոնկրետ Անդրկովկասի երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի սահմանները պիտի որոշվեին այս պետությունների ուղղակի բանակցություններով, հակառակ դեպքում դաշնակից պետությունները խնդիրը պետք է լուծեին հատուկ ստեղծվող հանձնաժողովով) և նրանք ուզում էին օր առաջ լուծած լինել Նախիջևանի, Ղարաբաղի և Զանգեզուրի հարցը՝ փաստի առաջ կանգնեցնելով Սևրի պայմանագրի վրա աշխատողներին: Փաստացի մինչ սուլթանական Թուրքիայի ու Անտանտի դաշնակիցների միջև քննարկվում և լուծում էր առաջարկվում ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի հեռանկարի և ցեղասպանության հանցագործների դատապարտելու հարցի շուրջ, ցեղասպանությունը փաստացի շարունակող Մուստաֆա Քեմալի և Վլադիմիր Լենինի միջև քննարկվում էր սոցիալիզմը Թուրքիայի միջոցով արևելք տեղափոխելու պատրանքը՝ Հայաստանը և հայ ժողովրդին զոհաբերելու միջոցով:

Օգոստոսի 10-ին, նույն օրը, երբ Սևրում Թուրքիայի օրինական իշխանության՝ սուլթանական Թուրքիայի կառավարության հետ ստորագրվում էր հայերի համար չափազանց կարևոր Սևրի պայմանագիրը, Հայաստանի Հանրապետության իշխանությունները ստիպված էին Խորհրդային Ռուսաստանի հետ ստորագրել «Ժամակավոր զինադադարի պայմանագիր», որով Զանգեզուրը, Ղարաբաղը և Նախիջևանը հայտարարվում են չեզոք գոտի, որի բնակչության անվտանգությունն ընկնում է Խորհրդային Ռուսաստանի իշխանության վրա՝ մինչև դրանց Հայաստանին կամ Ադրբեջանին պատկանելության հարցը կվճռվի (ՀՀԱԱ, ֆ.200, ց. 1, գ.  581, թ. 262;  Հրատարակված է . Ю.Барсегов, հատոր 2, մաս 1, էջ 125; Հրատարակված է Բանբեր Հայաստանի արխիվների, 1967, թիվ 3, փաստ.17, էջ 46):

Ռուսաստանին դա չափազանց անհրաժեշտ էր՝ այդ տարածքով Նախիջևանում հաստատված քեմալականներին զենք ու մթերք հասցնելու համար: Մինչդեռ քեմալականներն առանց իրենց բարեկամ ռուս բոլշևիկների հանդեպ որևէ պատասխանատվության՝ այնպիսի դաժանությունների էին հասել հայերի նկատմամբ, որ նույնիսկ իրենց սրտակից բարեկամներ ռուս բոլշևիկների կառավարության Արտաքին հարաբերությունների ժողկոմը ստիպված էր բողոքի նոտա ուղարկել թուրքերին: Տարօրինակ է, որ նույն օրը Չիչերինը նամակ է ուղարկում Հայաստանում Ռուսաստանի ներկայացուցիչ Մ.Լեգրանին՝ փորձելով «ներշնչել նրան», որ Հայաստանը խորհրդային Ռուսաստանի բողոքի նոտայի շնորհիվ փրկվել է քեմալականների արշավանքից (АВПР, Ф.04, Оп.51, П. 321 а, Д.54870, Л.18-18об, Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян,  հատոր 2, մաս 1, էջ 127-128) (կարծես թե իրենք չեն քեմալականներին բերել Հայաստան և չեն շարունակում նրանց հովանավորել):

Քեմալականներին Նախիջևանում զսպվելու կոչ անող բոլշևիկների Կարմիր բանակն իրեն ավելի մարդասեր չէր պահում Զանգեզուրում: Հայկական գյուղերի հանդեպ գրոհներ էին իրականացնում թե Զանգեզուրում գտնվող Կարմիր բանակի կողմից խրախուսվող տեղի մահմեդականները, թե Կարմիր բանակի զորամիավորումներն իրենք: Հայ բնակչությունը պատրաստ էր փախչել այդ աքցանից, բայց Նժդեհը նրանց ուղղակի զենքի ուժով ստիպում էր իր հետ միասին կռվել այդ երկու խմբերի դեմ: Կարմիր բանակի վայրագությունները չէին զիջում մահմեդականների իրականացրածներին: Հայաստանի հետ համաձայնագիրը ստորագրելու օրը Չիչերինը ռադիոյով քննարկում է Հայաստանում Ռուսաստանի ներկայացուցիչ Լեգրանի հետ՝ ինչպես պահեն իրենց այժմ, երբ կարմիր բանակի գազանություններից խորապես վրդովված Հայաստանի Հանրապետությունն, իհարկե, չէր թողնի այդ ճանապարհով զինամթերք ու պարեն ուղարկել թուրքերին: Իսկ Կարմիր բանակի գազանություններն իրոք տպավորիչ էին: Չիչերինը հաղորդում է, որ «Խորենի ու Տիգրանյանի (ՀՀ կառավարության ներկայացուցիչներ-Հ.Խ.) սպանություններից զատ թվարկվում են բազմաթիվ հայ կոմիսարներ և այլ պաշտոնատար անձիք, խոսվում է Ղարաբաղում ու Զանգեզուրում գնդացիրներով զանգվածային սպանությունների մասին, մեր զորքերը բազմաթիվ հայկական գյուղեր են ավերել Զանգեզուրում, փրկված գյուղացիության մնացորդները բաց երկնքի տակ են, մեր զորամիավորումները զանգվածաբար գնդակահարել են նույնիսկ տասներկու-տասներեք տարեկան տղաների ու աղջիկների, բնակչությունը հուսահատության է հասցվել, մյուսներին մեր զորքերը քշել են Ադրբեջան, որտեղ շատերը գնդակահարվել են, Բաքվի ներսում էլ եղել են հայերի զանգվածային գնդակահարություններ: Էրիվանի իշխանությունները տեսել են գնդակահարությունների վերաբերյալ ռուսական հրամանները»:

Այս ամենից հետո Չիչերինն ուզում է հասկանալ, թե ինչպե՞ս պիտի իրեն պահի Խորհրդային Ռուսաստանը, եթե թուրքերն իրենք իրենցով, առանց Ռուսաստանի մասնակցության գրավեն հայերի վերահսկողության տակ մնացած Շախտախտին  և Սարիղամիշը (РГАСПИ, Ф.64, Оп.1, Д.21,  Лл.33-34, Копия; Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян. Հատոր  2, մաս 1, էջ 130) և արդյո՞ք իմաստ չունի նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնեն, խախտեն հենց այդ օրը հայերի հետ կնքած զինադադարի համաձայնագիրը և իրենք գրավեն Շախտախտին:

Հիրավի, բոլշևիկյան քաղաքականության անբարոյականության հիմքերը ձևավերվել են հենց ակունքներում և, հավանաբար, մեծ չափով սնվել են թուրքականից: Իսկապես, համաձայնագիրը կնքելուց չորս օր հետո, օգոստոսի 14-ին, թուրքերը Մոսկվայի բանավոր համաձայնությունն են խնդրում Սարիղամիշն ու Շախտախտին Հայաստանից  խլելու(РГАСПИ, Ф.64, Оп.1, Д.25,  Лл.72, Копия; Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян. Հատոր  2, մաս 1, էջ 133-134),  և օգոստոսի  17-ին Չիչերինն առաջարկում է համաձայվել(РГАСПИ, Ф.64, Оп.1, Д.25,  Лл.116, Копия; Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян. Հատոր  2, մաս 1, էջ 138):

Հայաստանի և Ռուսաստանի  իշխանությունների միջև օգոստոսի 10-ին ստորագրված համաձայնագրին չի ենթարկվում Զանգեզուրը օսմանյան և կովկասյան թուրքերի հարձակումներին և Կարմիր բանակի վայրագություններին դիմադրող Նժդեհը և շարունակում է պայքարը:

ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ
Ազգագրագետ

Ռուսաստանի առաջին «նվերը» հայ ժողովրդին


Քաղաքական բռնությունները Հայաստանում եւ դրանց առանձնահատկությունը  պայմանավորող հիմնական գործընթացները

Մաս 1. Հայաստանի խորհրդայնացման նախապատմության որոշ առանձնահատկություններ
Հայտնի է, որ Հայաստանում դասակարգային պայքարի արտահայտված իրավիճակ չկար: Հայաստանի բանվոր դասակարգն աշխատում էր գլխավորապես Բաքվի նավթահանքերում և եթե նույնիսկ հեղափոխական տրամադրությունների կրող էր՝ ապա գլխավորապես Բաքվում և մասամբ՝ Թիֆլիսում: Ռուսական հեղափոխությունների ընթացքի հայկական փորձը Ռուսաստանի կազմում գտնվող Կովկասի հայ բնակչությանն ամենևին դրական չեր տրամադրում հեղափոխությունների նկատմամբ: Մասնավորապես 1905 թ. ռուսաստանյան հեղափոխական իրավիճակը Այսրկովկասում արձագանքվել էր ցարիզմի վարչական ներկայացուցիչների կողմից հայ-մահմեդական կոտորածների կազմակերպամբ: Ռուսական առաջին հեղափոխության փորձը հայերի մեծ մասի մոտ առաջացնում էր կոտորածների տագնապի զգացողություն:

Ռուսական երկրորդ հեղափոխությանը նախորդել էր Թուրքիայում իրականացված հայոց Ցեղասպանությունը, որից փրկված հայերի մի ստվար զանգված պատսպարվելու հույսով դեգերում էր հարավային Ռուսաստանում՝ ողջ Կովկասի տարածքում, մասնավորապես, բնականաբար, Արևելյան Հայաստանի տարծքում: Այդ փախստականության զգալի մասը, ճիշտ է, փրկվել և տեղափոխվել էր Առաջին համաշխարհային պատերազմին նաև թուրքական ճակատում մասնակցած ռուսական զորքերի օգնությամբ, սակայն նրանց մեջ իշխում էին այն տրամադրությունները, որ թուրքերի կողմից իրականացված հայոց Ցեղասպանությունը մասամբ ծրագրավորվել է հայերի կողմից արտահայտված ռուսամետ տրամադրությունների պատճառով:
- Առաջին համաշխարհային պատերազմը խիստ ճակատագրական դեր խաղաց նաև հարավային Կովկասի թե ազգամիջյան, թե դասակարգային հակամարտությունների վերաձևաորումների հարցում: Թուրքիայում իրականացված հայկական ցեղասպանությունը մոբիլիզացրեց Ռուսական տարածքում ապրող հայերին և նրանց կամավորական զորամիավորումները համալրեցին Ռուսաստանի կովկասյան ճակատի զորքերը: Կովկասահայերի, այդ թվում Արևելյան Հայաստանի համար գերխնդիրը ոչնչացող թուրքահայերի ճակատագիրն էր, իսկ դասկարագային պայքարի հարցերը դարձել էին երկրորդական: Դրան զուգահեռ սրվել էին հայերի ու կովկասյան թուրքերի հարաբերությունները: Կովկասյան թուրքերը օսմանյան Թուրքիան ընկալում էր որպես ազատարարի, և բնականաբար թշնաբար էր տրամադրվում հայ կամավորների մասնակցությանը Թուրքիայի դեմ կռվող ռուսական բանակի գործողություններին:

- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից Ռուսաստանում 1917թ. տեղի ունեցավ բոլշևիկյան հեղափոխություն, որից հետո բոլշևիկյան Ռուսաստանը հայտարարեց, որ միակողանիորեն դուրս է գալիս պատերազմից և ճակատներից ետ է կանչում ռուսական զորքերը: Այս պայմաններում ընդամենը մեկ ամիս առաջ իշխանությունը վերցրած բոլշևիկները հապճեպ ընդունում են «Դեկրետ Թուրքահայաստանի մասին», որը գուցե միջազգային հանրությանը պիտի ցույց տար ազգային հարցի լենինյան սկզբունքները (անջատման և ինքնորոշման իրավունք ծայրամասերի բոլոր ժողովուրդներին), սակայն գործնականում ըստ էության անօգուտ, նույնիսկ վնասակար էր Թուրքիայում ջարդերից փրկված հայ բնակչության համար: Խորհրդային Ռուսաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի կողմից 1917 թվականի դեկտեմբերի 29 (1918 թվականի հունվարի 11)-ին ընդունված սույն Դեկրետը Խորհրդային պատմագրության մեջ  սովորաբար անվանում են «Արևմտյան Հայաստանի ինքնորոշման վերաբերյալ օրենք»: Այն ստորագրել են Վ. ՈՒլյանովը (Լենին) ու Ի.Ջուղաշվիլին (Ստալին), և հրապարակվել է «Պրավդա» թերթի 1917 թվականիի դեկտեմբերի 31-ի համարում, հաստատվել է 1918թ. հունվարի 15(28)-ին, Խորհուրդների համառուսաստանյան 3-րդ համագումարում, որից հետո հրատարակվել է «Բանվորի կռիվը» թերթի 1918 թվականի հունվարի 25-ի համարում։ Դեկրետով Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը պաշտպանում էր առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական զորքերի գրաված «Թուրքահայաստանի» հայերի ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն, տարբեր երկրներում ցրված հայ գաղթականության, վտարանդի հայերի, ինչպես և պատերազմի ընթացքում թուրքական իշխանությունների կողմից բռնի կերպով Թուրքիայի խորքերն արտաքսված հայերի անարգել վերադարձը «Թուրքահայաստան» և վերջինիս ժամանակավոր ժողովրդական կառավարչության կազմակերպումը՝ հայ ժողովրդի դեմոկրատական հիմունքներով ընտրված դեպուտատների խորհրդի ձնով։

«Թուրքահայաստանի» աշխարհագրական սահմանները պետք է որոշեին հայ ժողովրղի՝ դեմոկրատականորեն ընտրված ներկայացուցիչները, խառը ն վիճելի (մուսուլմանական և այլն) օկրուգների դեմոկրատականորեն ընտրված ներկայացուցիչների համաձայնությամբ: Որպես այս ծրագրի երաշխիք, որևէ տրամաբանության հակառակ, որոշվում է ռուսական զորքերի դուրսբերումը «Թուրքահայաստանից» և հայկական ժողովրդական միլիցիայի անհապաղ կազմակերպումը՝ բնակիչների անձնական և գույքային անվտանգությունը ապահովելու նպատակով:
Հասկանալի է, որ այս պատրանքային, որևէ դիվանագիտական, ռազմական, ֆինանսական մեխանիզմով չամրապնդված օրենքը հայ ժողովրդի համար որևէ հարց չպիտի լուծեր, փոխարենը «Թուրքահայաստանում» դեռևս թաքնվող և Կովկասում հայտնված փախստական հայերի դեմ էր տրամադրում ողջ մահմեդական զանգվածին:

Հարկավոր է հիշել այս խիստ դեկլարատիվ Դեկրետը՝ ճիշտ երկու տարի անց սրան տրամագծորեն հակառակ որոշման կապակցությամբ, որին կանդրադառնանք ստորև:
- Սույն անիմաստ, եթե ոչ վնասական օրենքն ընդունելուց երկու ամիս անց, 1918թ. մարտի 3-ին Բրեստ Լիտովսկում կնքված հաշտության պայմանագրով (մի կողմից՝ Խորհրդային Ռուսաստանը, մյուս կողմից՝ Գերմանիան, Ավստրո-Հունգարիան, Թուրքիան և Բուլղարիան) Ռուսաստանը Թուրքիային է զիջում ոչ միայն «Թուրքահայաստանը», այլև  «Ռուսահայստանի» զգալի մասը: Հայկական հարցին վերաբերում էր Բրեստի պայմանագրի 4-րդ հոդվածը:

Այս հոդվածով Ռուսաստանը Թուրքիային էր վերադարձնում պատերազմի ժամանակ գրավված «Թուրքահայաստանը»՝ Արևմտյան Հայաստանը, ինչպես նաև Կարսի մարզը` 30 հզ. կմ. քառ. տարածք, որ մինչև պատերազմն արդեն իսկ Ռուսաստանի մաս էր: Խորհրդային Ռուսաստանը պարտավորվում է Անդրկովկասում մեկ դիվիզիայից ավել զորք չունենալ, ինչպես նաև ցրել հայերից բաղկացած ռազմական միավորումները (էլ ու՞ր մնաց ժողովրդական միլիցիան) և հակաթուրքական քարոզչություն վարող հայկական կազմակերպությունները, ինչը տվյալ դեպքում նշանակում էր թույլ չտալ ռազմական գործողությունները վերսկսած թուրքական կանոնավոր բանակի դեմ զինված դիմադրության կազմակերպումը: Սա արևմտահայերի ցեղասպանական աղետից հետո նույն ցեղասպանության շարունակությունը Արևելյան Հայաստանի տարածք տեղափոխելու լայն բացվող դուռ էր: Այդ դռնով իսկապես թուրքական կանոնավոր բանակը շուտով հեշտությամբ անցավ Կովկաս, որտեղ արդեն իսկ սրված էին տեղի հայերի և կովկասյան թուրքերի հարաբերությունները:
Ստորև կտեսնենք, որ Խորհրդային շրջանի քաղաքական բռնությունների շրջանում Բրեստ-Լիտովսկի պայմանագրով ստանձնած հակաթուրքական քարոզչություն վարող հայկական կազմակերպությունները վերացնելու բոլշևիկյան պարտավորությունը հետագայում խիստ վճռորոշ դեր է խաղացել Հայաստանի կյանքում, այդ թվում՝ քաղաքական բռնությունների համատեքստում:
Պայմանագրից անմիջապես հետո թուրքական կանոնավոր բանակը հանգիստ, առանց ջանքերի, մեկը մյուսի հետևից զբաղեցնում էր ռուսական զորքերի թողած բնակավայրերը և մեթոդիկ հետևողականությամբ ոչնչացնում այդ տարածքներում բոլորովին անպաշտպան մնացած հայ բնակչությունը: Սա բոլշևիկյան Ռուսաստանի առաջին «նվերն էր» հայ ժողովրդին:
Բուն բոլշևիկյան հեղափոխությունը և նույն Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը լրացուցիչ պայմաններ ստեղծեց նաև կովկասյան ազգամիջյան հակամարտությունների սրման համար: Օսմանյան թուրքերի մուտքը Կովկաս զգալի հույսեր էր ծնել կովկասյան թուրքերի մեջ, և, սպասելով օսմանյան թուրքական կանոնավոր բանակի առաջխաղացմանը Կովկասում՝ կովկասյան թուրքերի լիդերները 1917թ. վերջերից սկսել էին բորբոքել մահմեդական բնակչության հակահայկական տրամադրությունները:

Հակահայկական տրամադրությունները Կովկասում  և դրանց բոլշևիկյան «ընկալումները»
Բոլոր պատմաբաններին հայտնի են 1917թ. նոյեմբերից ճակատից վերադարձող զինվորներ տեղափոխող գնացքակազմերի վրա կովկասյան թուրքերի հարձակումները, զինվորների կոտորածները և զենքի յուրացումը: Այդ զենքը սկզբում, հատկապես 1918թ.-ից սկսած, օգտագործվում էր հայ և ռուս խաղաղ բնակչության դեմ տարերային թվացող կոտորածներում: 1918թ. մայիսին թուրքական բանակի մի թևն արդեն գրավել էր Ալեքսանդրապոլը (խորհրդային շրջանում՝ Լենինական, ներկայիս՝ Գյումրի), և հայտնվել Արարտյան դաշտավայրում, իսկ մյուս թևը հունիսի սկզբում Նուրի փաշայի (Ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ հայտնի Էնվերի խորթ եղբայրը) գլխավորությամբ Ելիզավետպոլում էր  (խորհրդային շրջանում՝ Կիրովաբադ, ներկայիս՝ Գյանջա), որի Նուխի և Արեշի հայ բնակչության ջարդերով շարժվում էին դեպի Բաքու, որտեղ իշխանությունը կենտրոնացած էր բոլշևիկյան կոմունայի ձեռքին:

1918թ. սկզբում Բաքվում հաստատված բոլշևիկյան կոմունան մարտ ամսին բախում ունեցավ Ադրբեջանում ազգային պետություն ստեղծելու ծրագրեր ունեցող մուսավաթական կուսակցության ռազմական կազմավորման հետ: «Ժողովուրդների ինքնորոշման» բոլշևիկյան սկզբունքը արագորեն տեղի տվեց նավթաշատ Բաքուն կորցնելու հեռանկարի առաջ: Բախումը վերաճեց ռազմական ընդհարման: Բոլշևիկյան փոքրաթիվ զորամիավորումների հետ համագործակցում էր նաև Կովկասյան ճակատից ետ կանչված հայ կամավորների խումբը, ովքեր  մուսավաթականների կողմից երկաթուղին վերահսկելու պատճառով «պատանդ»  էին մնացել Բաքվում և չէին կարողանում հայրենիք վերադառնալ:  Բոլշևիկները ժամանակավոր հաղթանակ տարան, սակայն այս մաքուր քաղաքացիական կռիվը ազգային երանգավորում ստացավ և լրացուցիչ խթան հանդիսացավ ազգամիջյան փոխադարձ կոտորածների համար ողջ Ադրբեջանի և Հայաստանի տարածքներում: Բաքվի հեղափոխական կոմիտեի բազմազգ կազմը՝ հայերը, վրացիները, թաթարները, ռուսները (Շահումյան, Ջափարիձե, Կորգանով, Սուխարցեվ, Սահակյան, Նարիմանով) այս փաստացի ազգամիջյան կռիվներն անվանում էին դասակարգային պայքար, «խորհրդային իշխանության դեմ ըմբոստացած հակահեղափոխական բեկերի ու խաների դեմ քաղաքացիական կռիվ» («Бакинский рабочий», 23.4.1918), մինչդեռ կովկասյան թուրքերը օսմանյան թուրքական բանակի առաջխաղացմանը դիմավորում էին դասակարգային պայքարի հետ առնչություն չունեցող խաղաղ հայ բնակչության կոտորածներով:

- Առաջին համաշխարհային պատերազմում Ռուսաստանի փաստացի պարտությունից և հայկական զգալի տարածքներ Թուրքիային զիջելուց հետո էր, որ 1918թ. մայիսին Այսրկովկասում ինքնահռչակվեցին երեք հանրապետություններ՝ Վրացական (մայիսի 26), Ադրբեջանական (մայիսի 27) և Հայկական (մայիսի 28), որոնք համապատասխանաբար ղեկավարվում էին երեք ժողովուրդների հիմնական կուսակցությունների կողմից՝ մենշևիկյան, մուսավաթական և դաշնակցական: Երեք հանրապետությունների իշխանությունների ձևավորման համար ծանր պայմաններ էին: Մասնավորապես Հայաստանում հայ կամավորները և աշխարհազորը ծանր կռիվների մեջ էին Բրեստի հաշտության պայմանագրից հետո Ռուսական տիրապետության տակ գտնվող Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական կանոնավոր բանակի դեմ, որին հաջողվեց կասեցնել միայն մայիսի վերջին Երևանից ոչ հեռու գտնվող Սարդարապատի ճակատամարտով:
Այլ էր իրավիճակը Ադրբեջանի տարածքով շարժվող թուրքական բանակի համար:
Այստեղ նրանց դիմավորել էին խանդավառությամբ և օսմանյան ու կովկասյան թուրքերի միացյալ բանակը շարժվում էր դեպի Բաքու՝ իր ճանապարհին ոչնչացնելով հայկական բնակավայրերի բնակչությունը:

Հուլիսին Բաքվի բոլոր կուսակցություններն ու ազգային խորհուրդների ներկայացուցիչները՝ «Բաքվի խորհուրդը» քննարկում է ստեղծված իրավիճակը: Մոտեցող թուրքական համատեղ բանակից բոլորն էին վախենում, բացի, թվում է, բոլշևիկներից, ովքեր վճռաբար հայտարարում էին դիմադրության հաջողության մասին: Բաքվի հեղափոխական պաշտպանության կոմիտեի անդամ հայ կոմունարներից մեկը՝ Գրիգոր Նիկոլայի Կորգանովը (Կորգանիշվիլի, Կորգանյան) Բաքվի Խորհրդի հուլիսի  25-ի նիստին հայտարարում էր, որ Կոմունայի «ձեռքի տակ գտնվող մարդկային ռեսուրսները բավարար են «թուրքերի առաջն առնելու», որ մենք տեխնիկապես ավելի լավ վիճակում ենք» և որ իրենք լիովին կարող են թուրքական միացյալ զորքին դիմագրավել: Իրականում Ս.Շահումյանը վաղուց էր դիմել Լենինի օգնությանը, և պատասխան էր ստացել, որ Ստալինի միջոցով զորя, մթերք և դրամ է ուղարկվում:  Սակայն Ս.Շահումայնը վստահ էր, որ «Ստալինը ինձ երբեք չի օգնի: Ընդհակառակն, նա ամեն ինչ կանի ինձ, և ինձ հետ միասին Բաքվի կոմունան կործանելու համար: Պատճառն այն է, որ ես վստահ գիտեմ, որ նա պրովոկատոր է: 1908թ. ես ժանդարմներից թաքնվել էի մի բնակարանում, որի տեղը միայն Ստալինը գիտեր, ուրիշ ոչ մեկը: Եվ ժանդարմները եկան ու ինձ ձերբակալեցին»: Այս մասին նա պատմել է մտերիմներին՝ իր որդիների և իր քարտուղարուհի Օ.Շատունովսկայայի ներկայությամբ («Об ушедшем веке рассказывает Ольга Шатуновская». Составители: Джана Кутьина, Андрей Бройдо, Антон Кутьин. Берлин, La Jolla, 2001 թ., էջ 388,- http://www.sakharov-center.ru/asfcd/auth/?t=page&num=1698): Ստալինի միջոցով ուղարկված օգնության տեղ չհասնելու մասին հիշում է նաև Ա.Միկոյանը: Բոլոր դեպքերում Բաքվի կոմունայի բոլշևիկները գիտեին, որ թուրքերին դիմադրելու ուժ չունեն: Բաքվի խորհրդի մյուս կուսակցությունների ներկայացուցիչները, մասնավորապես էսեռներն ու մենշևիկները («Об ушедшем веке рассказывает Ольга Шатуновская», ջ 42,-) գտնում էին, որ պետք է օգնության հրավիրել Պարսկաստանի Էնզելի նավահանգստային քաղաքում գտնվող անգլիական զորամիավորումը: «Երբ մեր մոտ մի կողմից անգլիական զորքերն են, մյուս կողմից՝ գերմանացիներն ու թուրքերը, մենք ընտրում ենք չարյաց փոքրագույնը՝ անգլիացիներին: Մենք գիտենք, որ թուրքերին այստեղ թողնելու դեպքում համատարած կոտորած է լինելու» (Стенограмма Чрезвычайного заседания Бакинского Совета Рабочих, Красноармейских, Матросских и Крестьянских Депутатов совместно с районными Советами, судовыми комитетами и Военно-Революционным Комитетом Кавказской Красной Армии от 25-26 июля 1918 г.,- С. Г. Шаумян. Статьи и речи 1917—1918 гг. Баку, Красный Восток, 1929, էջ 287):

Բոլշևիկներն առարկում են: Շահումյան Ստ.,- «Անգլիացիներին հրավիրելը մենք դավաճանություն ենք համարում հեղափոխական Ռուսաստանի նկատմամբ»(էջ  286); Նուրիջանյան Ա.,- «Հանուն Ռուսաստանի մենք կմեռնենք, բայց Բաքուն իմպերիալիստներին չենք տա: Բաքուն կամ պետք է պատկանի հեղափոխական Ռուսաստանին, կամ՝ ոչ մեկին» (էջ  271): Հեղափոխական Ռուսաստանի շահերով մտահոգ Բաքվի բոլշևիկ կոմունարներին, այդ թվում՝ հայ բոլշևիկներին չէր մտահոգում Բաքվի բնակչության առնվազն քառորդ մասը կազմող հայերի խիստ կանխատեսելի ճակատագիրը: Բաքվի խորհուրդն, այնուամենայնիվ, որոշում է հրավիրել անգլիացիներին («կողմ» – 259, «դեմ» – 236): Բաքվի բոլշևիկներից Ա.Միկոյանը իր հուշերում (А.Микоян, Так было, М., 1999, գլուխ 4),  գրում է, որ Ստ.Շահումյանը հայտարարել է, թե՝ «Մենք պայքարը պետք է շարունակենք», և թուրքերի դեմ կռվող զորքեր է պահանջել Բաքվի Հայկական ազգային խորհրդից: Նույն Հայկական ազգային խորհրդին թուրքերի դեմ Ժողովրդական կոմիսարների զորքերի հրամանատար Ավետիսովը տեղեկացրել էր, որ թուրքերը մի քանի ժամից Բաքուն կգրավեն, և խորհուրդ է տվել նրանց սպիտակ դրոշ բարձրացնել: Վերջիններս պատրաստվում էին հենց այդպես էլ անել՝ հույս ունենալով, որ բանակցությունները թուրքական բանակի կոտորածներից կփրկեն Բաքվի խաղաղ հայ բնակչությանը: Ա.Միկոյանն անձամբ է սպառնում կրակել Ավետիսովի վրա՝ «սպիտակ դրոշի» գաղափարի համար: Թվում է՝ բոլշևիկները շատ վճռական էին տրամադրված: Այնուամենայնիվ հուլիսի 31-ին Բաքվի ժողկոմը հայտարարում է իր լիզորությունները վայր դնելու մասին, և ձևավորվում է Բաքվի նոր իշխանություն՝ «Ցենտրկասպիի դիկտատուրան», որը կազմված էր, ըստ Ա.Միկոյանի, էսեռներից, դաշնակցականներից և մենշևիկներից:
Հենց նույն գիշեր բոլշևիկյան Հեղկոմը, փաստորեն բոլորից գաղտնի, փախչում է Աստրախան: Նրանց հետ են վերադարձնում, և Ս.Շահումյանը պատմում է Ա.Միկոյանին, թե ինչու՞ որոշեցին փախչել. «Շտաբի ջոկատի հրամանատար <Գ.>Պետրովը մեզ տեղեկացրերց, որ ջոկատը շատ կորուստներ է կրել և ռազմաճակատում մենք տանուլ ենք տվել: Այդ պայմաններում, երբ թուրքական զորքերն ամեն րոպե կարող են Բաքու մտնել, մենք անհնար համարեցինք քաղաքացիական պատերազմը: Ուստի Ժողովրդական կոմիսարների խորհուրդը որոշեց իր լիազորությունները վայր դնել և Սովետական Ռուսաստանի ռազմական ջոկատներն ու պետական ունեցվածքը նավերով տեղափոխել Աստրախան»: Սովորական լեզվի թարգմանած սա նշանակում է, որ իրենք իրենց իշխանություն հռչակած, այսինքն՝ իրենց իշխանության հպատակ բնակչության կյանքի համար պատասխանատվություն ստանձած  Բաքվի կոմիսարները փախել էին այդ բնակչության կյանքի նկատմամբ առաջին իսկ սպառնալիքի ժամանակ՝ իրենց հետ տանելով նաև այդ բնակչության պաշտպանության համար չափազանց կարևոր ռազմամթերքն ու ռազմական ջոկատները: Նրանց գործը միայն «հակահեղափոխականների» դեմ պայքարելն էր: Բոլշևիկները ոչինչ, բացարձակապես ոչինչ չձեռնարկեցին նաև իրենց համար այդքան ատելի, ափ հանված անգլիական զորամիավորումների դեմ, որոնց թիվն, ինչպես Ա.Միկոյանն է ասում, ընդամենը մոտ  հազար մարդ էր: «Հանուն Ռուսաստանի մենք կմեռնենք, բայց Բաքուն իմպերիալիստներին չենք տա: Բաքուն կամ պետք է պատկանի հեղափոխական Ռուսաստանին, կամ՝ ոչ մեկին» հայտարարությունների հեղինակները կրկին որոշում են փախչել՝ անհայտ թողնելով Բաքվի հետագա ճակատագիրը և անօգնական՝ առնվազն այդ քաղաքի խաղաղ հայ բնակչությանը, որոնց գլխին կախված էր ոչնչացման սպառնալիքը: 1918թ. օգոստոսի 14-ին նրանք իրենց ողջ ռազմական ունեցվածքը բարձում են 17 ջերմանավեր և ծով դուրս գալիս: Բաքվի «հակահեղափոխական իշխանությանը» կրկին հաջողվոմ է նրանց ետ բերել, և այս անգամ արդեն կոմունարներին, Ս.Շահումյանի գլխավորությամբ  35 մարդու ձերբակալել (А.Микоян, Так было, գլուխ 4): Նրանց դեմ մեղադրանք է հարուցվում «…ժողովրդի փողերը ծախսելու վերաբերյալ հաշվետվություն չհանձնած՝ փախուստի փորձի, ռազմական ունեցվածքը դուրս տանելու և դավաճանության»համար:

Ելիզավետպոլի նահանգում իրենց ճանապարհին ահռելի թվով հայ բնակչություն ոչնչացրած թուրքերի՝ Բաքվի մատույցներում հայտնված միացյալ բանակի անունից օգոստոսի 22-ին գերմանացի սպաների միջոցով Բաքվի հայերին վերացնելու սպառնալիքով («հայկական կյանքն ու հայկական ունեցվածքը պետք է ոչնչացվի և կ՛ոչնչացվի»!) քաղաքը հանձնելու վերջնագիր է ներկայացվում… Բաքվի հայ բնակչությանը(«Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում 1918–1920 թթ.», Փաստաղթերի և նյութերի ժողովածու, կազմել են Ս.Միրզոյան, Ա.Ղազիյան, Երեւան, 2003, էջ 82–83): Առկախ թողնելով այն հարցը, թե ինչու՞ էր այս վերջնագիրը հայերին ուղղված, եթե Բաքվի երեկվա իշխանությունները Բաքվի Կոմունան էր, ընթացիկը՝ «Բաքվի խորհուրդը», «Ցենտրկասպիի դիկտատուրան» և անգլիացիները, վավերացնենք միայն, որ այս սպառնալիքը տարածվում էր նաև հայ բոլշևիկների վրա:

Սեպտեմբերի 14-ին, թուրքական միացյալ բանակի Բաքու մտնելու օրը, իշխանության հավակնություններ ունեցող բոլոր ուժերը՝ բոլշևիկ, մենշևիկ, էսեռ, դաշնակցական, անգլիացիներ…՝ բոլորը ելքեր էին փնտրում փախչելու:  Բոլշևիկներից ազատության մեջ մնացած Ա.Միկոյանին հանձնարարվում է բանտից փրկել ձերբակալված բոլշևիկներին՝ «ազատել կամ էվակուացնել, որպեսզի նրանց չթողնենք թուրքերի հոշոտմանը» (А.Микоян, Так было, М., 1999, գլուխ 4): Միկոյանին դա հաջողվում է անել «Ցենտկասպիի դիկտատուրայի» անդամ էսեռ Վելունցի օգնությամբ: Թուրքերի հոշոտման մասին այսպիսի համոզմունք ունեցող Միկոյանը մեկ տարի անց դեռ շատ պիտի կուրծք ծեծի թուրքական բարեկամության մասին և համոզի բոլշևիկներին, թե ի՞նչ երջանկություն է լինելու Ղարաբաղի և Զանգեզուրի հայերի համար Ադրբեջանի կազմում մնալը:
Բաքվի կոմունայի ղեկավար Ս.Շահումյանի անձնական քարտուղարուհի Օ.Շատունովսկայան մի փոքր այլ կերպ է հիշում այս պատմությունը. «Միկոյանը գնաց Բաքվի խորհրդի նախագահություն: Թուրքերից բոլորն էին վախենում, և նրանք նույնպես էվակուացվել էին (կարդա՝ փախել էին-Հ.Խ.), մնացել էր միայն նախագահության անդամ Սաքո Սահակյանը: Ահա այս Սաքո Սահակյանին Անաստասն սկսեց համոզել, որ դուք էլ, մենք էլ սոցիալիստներ ենք: Մեր ճանապարհները բաժանվել են: Մենք տարբեր կերպ ենք նայում հեղափոխության ճանապարհներին, բայց մի՞թե դուք թույլ կտաք, որ մեր ժողովրդական կոմիսարներն ընկնեն թուրքերի ձեռքը, որ թուրքերը նրանց պատառ-պատառ անեն: Չէ՞ որ դա որպես սոցիալ-հեղափոխականների արգահատելի կնիք հավերժ կմնա պատմության էջերում:  Սաքո Սահակյանը համոզվեց… և հրաման ստորագրեց բանտապետին՝ ազատել բոլոր բոլշևիկյան կոմիսարներին: <Միկոյանը> բանտ գնաց և ազատեց կոմիսարներին: Իսկ նավահանգստում այնպի՜սի ռմբակոծություն էր… բոլորը ջանում էին փախչել, հատկապես հայերը: …«Թուրքմեն» ջերմանավում դաշնակ Թաթևոս Ամիրովի ջոկատն էր տեղավորվում, իսկ մեր խմբում նրա եղբայր Արսեն Ամիրովն էր, «Բակինսկի ռաբոչի» թերթի խմբագիրը: Նստում են այդ նավը: Մերոնք բոլորը, այդ թվում Միկոյանը: Իսկ մենք՝ երիտասարդներս, քսան հոգի, մնում ենք»,- պատմում է Բաքվի կոմունայի ղեկավար Ս.Շահումյանի  անձնական քարտուղարուհին («Об ушедшем веке рассказывает Ольга Шатуновская», էջ 43-44):

Այսպիսով, իշխանությունը ոչ մի գնով մուսավաթականներին չզիջելու աղմկոտ հայտարարություններից  և մի շարք պատժիչ գործողություններից հետո Բաքվի կոմունարները  նույնիսկ չեն դիմադրում մուսավաթականներին միացած թուրքական բանակին, այլ պարզապես փախչում են՝ թուրքական հայատյացությունը հարստացնելով նաև իրենց գործողությունների նկատմամբ վրիժառության երանգը: Եվ Բաքվում իսկապես սկսվում է հայերի սարսափելի սպանդ: Բաքվի հայկական ջարդերի կազմակերպիչներն այդ գործում հարուստ փորձ ունեցող թուրքական բանակը ղեկավարող Նուրի փաշան և նորաստեղծ Ադրբեջանական հանրապետության ներքին գործերի նախարար, մարտ ամսին իր ընկեր Ստ.Շահումյանի տանը իր ընտանիքով ապահով ապրող  Բեյբութ Ջեվանշիրն էին: Շահումյանի քարտուղարուհի Օ. Շատունովսկայան հիշում է. «Մարտին (1918թ.) մուսավաթականների ապստամբության ժամանակ  մեր ջոկատը գնդակոծում էր Ջեվանշիրի ապրած տունը: Այդ տան տանիքից մերոնց դեմ կրակում էին թնդանոթից: Ջեվանշիրը կարողացավ Շահումյանին լուր ուղարկել և օգնություն խնդրեց: Շահումյանը Սուրեն Աղամիրովին և իր որդի Սուրենին հանձնարարեց գնալ և Ջեվանշիրին կնոջ հետ բերել իր տուն: Նրանց բարեհաջող բերեցին Շահումյանի բնակարան: Ես նույնպես այնտեղ էի: Նրանք այնտեղ ապրեցին երկու շաբաթ» («Об ушедшем веке рассказывает Ольга Шатуновская», էջ 64):  Ջեվանշիրի հայատյացությունը հանրահայտ էր, նրա մտերիմներից մեկը նոյեմբերին պետք է ասի.  «…մեր կառավարությունը զբաղված է միայն երկու գործով՝ հայերի ոչնչացումով և ադրբեջանական բանակի կազմավորմամբ» («Кавказское слово», 20.12.1918):

Բաքվի հայկական ջարդերի մասին շատ է գրվել: «Պաշտոնապես» այն թույլատրված էր իբրև թե երեք օր, բայց, անշուշտ, տևեց բավական երկար, մեծ հաշվով կարելի է ասել, որ այն շարունակվում էր ողջ աշուն, եթե ոչ ԱԴՐ-ի ողջ ընթացքում:
Խորհրդային Ռուսաստանի արտաքին գործերի ժողովրդական կոմիսարը ընդամենը բողոքի մի խեղջ նոտա է հղում Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը, բողոքելով Բրեստ Լիտովսկի պայմանագիրը խախտելու, Խորհրդային Ռուսաստանին խաբելու, նրան պատկանող կարևորգաւոյն քաղաքներից մեկը գրավելու և «անպաշտպան բնակչության ջարդերի ու թալանի » դեմ (Документы внешней потитики СССР. Т.1. с.338-371, 381, 401, 411, 423):

Բաքվում հայերին դեռ կոտորում էին, իսկ ահա Առաջին համաշխարհային պատերազմում պարտված Թուրքիայում 1918 թ. հոկտեմբերին երիտթուրքերի կառավարությունը հրաժարական է տալիս, պարագլուխները՝ Էնվերը, Թալյաթը, Ջեմալը, այլոք փախչում են իրենց հանցակից Գերմանիա և հոկտեմբերի 30-ին թուրքական նոր կառավարության հետ Անտանտի երկրները կնքում են թուրքերի համար ծանր Մուդրոսի զինադադարի պայմանագիրը, որը, ի թիվս այլոց, պահանջում էր Կովկասից ետ կանչել օսմանյան բանակի զորամիավորումները: 1919թ. հունվարի 30-ին հայտարարվում է Օսմանյան կայսրության վախճանը, իսկ  փետրվարի 5-ից մինչև  1920թ. հունվարի 13-ը ընթանում է երիտթուրքերի առաջնորդների դատավարությունը «Սահմանադրությունը խախտելու, Թուրքիան համաշխարհային պատերազմի մեջ ներքաշելու և հայերի զանգվածային բռնագաղթի ու կոտորածների համար» Ռազմական տրիբունալը մահապատժի է դատապարտում գլխավոր գաղափարախոսներին:

Թուրքիայի բոլշևիկացման խոստումները, Խորհրդային Ռուսաստանի արևելյան քաղաքականությունը և «իմպերիալիստական Հայաստանի» բոլշևիկայն  հայացակարգը
Եվ ահա այդ իրավիճակում կտրուկ փոխվում են թուրքերի և Ռուսաստանի բոլշևիկների փոխահարաբերությունները: Երիտթուրքերի՝ գնդակահարության դատապարտված առաջնորդները, հենց նրանք, ովքեր նոր խորհրդայնացած Ռուսաստանին պարտադրել էին Ռուսաստանի համար խայտառակ Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, գրավել Բաքուն, հայտնվում են Մոսկվայում՝ բանակցելու  կազմալուծված, քայքայված Թուրքիայի՝ Անտանտի զորամիավորումներից ազատ տարածքում երիտթուրքերի ժառանգորդ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ ձևավորված զուգահեռ իշխանությանը բոլշևիկյան Ռուսաստանի օգնությունը կազմակերպելու, որի դիմաց Քեմալը խոստանում է բոլշևիկացնել Թուրքիան և միանալ «բոլոր ճնշվածներին օգնելու» բալշևիկյան գաղափարախոսությանը: Դժվար է պատկերացնել, Մոսկվայում իսկապե՞ս հավատում էին այն առասպելին, թե սոցիալիստական Ռուսաստանի օգնության դեպքում Մուստաֆա Քեմալը պատրաստ է Թուրքիան դարձնել սոցիալիստական: Այնուամենայնիվ փաստն այն է, որ Թուրքիայում հայկական (նաև ասորական, հունական, եզդիական) կոտորածների կազմակերպիչներին Մոսկվան ընդունում է գրկաբաց և սկսվում է սոցիալիզմը Թուրքիա հասցնելու մի չտեսնված բոլշևիկյան ոգևորություն: Թուրքերը մի «բայց» էին տեսնում՝ հայերը: Բոլշևիկյան Մոսկվան փաստացի պատրաստակամություն է հայտնում այդ «բայցը» վերացնելու և ակնհայտորեն հենց այդ նպատակով Կովկասյան երկրամասի բոլշևիկյան կուսակցության բյուրոյի և կուսակցության Բաքվի կոմիտեի անդամ հայազգի Ա.Միկոյանը 1919թ. դեկտեմբերին Լենինի համար նախապատրաստում է մի զեկույց այն մասին, թե ստեղծված պայմաններում ինչպիսին պետք է լինի Արևմտյան Հայաստանի և ցեղասպանությունից փրկված թուրքահայերի ճակատագրի վերաբերյալ Խորհրդային Ռուսաստանի դիրքորոշումը: Այն, անշուշտ, պիտի բավարեր Մուստաֆա Քեմալի սպասելիքները: Հիրավի, ըստ այդ նախագծի, Ա.Միկոյանն առաջարկում է հաշվի առնել այն փաստը, որ կոտորածների հետևանքով Թուրքահայատանում բառի ուղղակի իմաստով հայ չի մնացել, թուրքահայ փախստականներից  Այսրկովկասում առկա է մոտ 300.000 մարդ, իսկ բուն Թուրքահայաստանում ապրում են համարյա միայն մահմեդականներ: Միայն իմպերիալիստների կամակատար հայ շովինիստներն են դեռևս կրում «Մեծ Հայքը» վերստեղծելու պատրանքային գաղափարը, որի նպատակը Թուրքիան կողոպտելն ու իմպերիալիստներին զոհաբերելն է, և որը նույնիսկ վերականգնվելու դեպքում դժբախտություն կբերի Թուրքահայաստանի ներկայիս մահմեդական  բնակչությանը: Եթե բոլշևիկների կուսակցությունը նույնիսկ պաշտպանի հայ շովինիստների այս ագրեսիվ ծրագրերը, նա իր դեմ կտրամադրի արևելքի մահմեդական բազմամիլիոն հատվածը, որն առանց այն էլ հուզված է երկու տարի առաջ բոլշևիկների ընդունած «Թուրքահայաստանի մասին» դեկրետից: Բոլշևիկներն այժմ պետք է ընդունեն, որ հայկական ազատագրական շարժումը վերափոխվել է իմպերիալիստական-նվաճողականի,  որ «Թուրքահայաստանի» և առհասարակ «Միացյալ անկախ Հայաստանի» գաղափարը վտանգավոր, ռեակցիոն և հանցագործ գաղափար է, որի դեմ բոլշևիկյան կուսակցությունը պետք է պայքարի, որ հայկական հարցն առհասարակ արդեն վերացել է, քանի որ այդ տարածքներում վերացել է… հայ ժողովուրդը, իսկ հայ փախստականներին ապագայում, երբ հայերը կնվաճեն թուրքերի վստահությունը, կարելի է վերադարձնել իրենց հայրենիք և կլուծեն թուրք բոլշևիկների մեջ (РГАСПИ, Ф.5, Оп.1, Д.1202, Лл.8-9об, Подлинник. Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян. Ответственность Турции и обязательства мирового сообщества, том 2, часть 1, сс. 37-38, http://www.genocide.ru/lib/barseghov/responsibility/v2-1/0648-0685.htm#670; ՀԱԱ, Ֆ-Պ. 1022, g.5, գ. 306, թ. 18-24:): Ավելի ուշ կտեսնենք, թե որքան վճռորոշ դեր է խաղացել

«Միացյալ անկախ Հայաստանի» «վնասակար գաղափարի», «շովինիստ հայ իմպերիալիստների», «իմպերիալիստների կամակատար հայ շովինիստների» մասին

Միկոյանի այս ձևակերպումները ԽՍՀՄ քաղաքական բռնությունների հայաստանյան իրողություններում: Իսկ առայժ նշենք, որ հայերի կոտորածներն իրականացնողների համար ավելի լավ գաղափարական և գործնական լուծում հնարավոր չէր գտնել: Սակայն Մուստաֆա Քեմալի պահանջը միայն թուրքահայերին չէր վերբերում: Քեմալը խոստանում է, որ ոչ միայն Թուրքիան, այլև նորաստեղծ Ադրբեջանի մուսավաթական հանրապետությունը շուտով կխորհրդայնան, բայց նրան հստակ խոստումներ էին պետք, որ «կովկասահայության ապագան» չպիտի խանգարի կովկասյան և օսմանյան թուրքերի միավորմանը: Խոսքը գնում էր մասնավորապես Նախիջևանի, Զանգեզուրի և Ղարաբաղի, մասին: Նախիջևանն ու Զանգեզուրը մասնավոր կարևորություն ունեին, քանի որ դա էր Թուրքիան Ադրբեջանին կապող ճանապարհը և ընդհանուր սահմանը:

Ա.Միկոյանը Մոսկվայի համար սկսում է նախապատրաստել «Խորհրդային Ադրբեջանի» սահմանների՝ Մուստաֆա Քեմալի քիմքին հարմար տարբերակի հիմքերը, իսկ այդ ընթացքում մուսավաթական Ադրբեջանում շարունակվում էին հայերի կոտորածները: Առհասարակ 1920թ. Ադրբեջանի հայերի համար սկսվում է չափազանց ծանր իրավիճակ: Բոլոր կողմերից տեղեկություններ են ստացվում տեղական վարչակազմերի անհավատալի բռնությունների, միլիցիայի ծաղր ու ծանակի, բանդիտների հարձակումների, կողոպուտների ու կոտորածների մասին, իսկ «բողոքել չի կարելի», քանի որ բողոքողներին մահացու վտանգ է սպառնում: Կենդանի մնացած հայ բնակչությունը խուճապահար փորձում է փախուստի ելքեր որոնել, բայց բոլոր ճանապարհները նրանց առաջ փակ էին(ՀՀ ԱԱ, Ֆ. 223, Ց. 1, Գ. 103, Թ. 12 հետ.: Թ. 110; «Հայերի կոտորածները Բաքվի և Ալեքսանդրապոլի նահանգներում,  1918–1920 թթ.», էջ 440; 444):  Եվ մինչ «կարմրող թուրքերն» ու «կարմիր կոմունիստները» բանակցում էին Թուրքիա սոցիալիզմ ներմուծելու դիմաց թուրքական պահանջների շուրջ, մարտ ամսին Ղարաբաղում տեղի է ունենում Շուշիի հայերի սարսափելի կոտորածը: Ապրիլի 14-ին Վրաստանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը Անդրկովկասի կոնֆերանսի հայկական պատգամավորներին տեղեկացնում է, որ Ելիզավետպոլի հայկական Կարաչինար, Պարիս, Մանասբեկ, Վերին և ներքին Աղջաղալա, Էրքեջ, Աբլախ, Կարադաղլու, Սուլուկ, մասամբ՝ Չայքենդ գյուղերի ամբողջ բնակչությունը ոչնչացված է, կրկին կոտորածներ են եղել Նուխու և Արեշի հայկական գյուղերում, իսկ Ղարաբաղում թուրքական բանակի արևելյան ճակատի հրամանատար Խալիլ Փաշայի և գեներալ Սելիմովի գլխավորությամբ ամբողջովին կոտորել են Շուշիի ու հարակից գյուղական բնակավայրերի հայ բնակչությունն ու շարժվում են դեպի Զանգեզուր՝ «իրենց ճանապարհին ամեն ինչ այրելով»( ՀՀ ԱԱ, Ֆ. 200, Ց. 1, Գ.563, Թ. 69հետ., հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян…, հատոր  2, մաս 1, էջ 48-49):

Ադրբեջանահայության սարսափները հասել էին բոլոր անտրամաբանական սահմաններին, երբ վերջապես Լենինն ու Մուստաֆա Քեմալը ըստ երևույթին համաձայնության են գալիս «զիջումների» շուրջ: 1920թ. ապրիլի 26-ին, Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի բացման երրորդ օրը, Մուստաֆա Քեմալը նոր ձևավորված կառավարության անունից նամակով դիմում է Խորհրդային կառավարությանը՝ դիվանագիտական հարաբերություններ սկսելու և Թուրքիային օգնելու խնդրանքով: Այդ նամակում ասված է. «Առաջին. մենք պարտավորվում ենք իմպերիալիստական կառավարությունների դեմ պայքարելու և բոլոր ճնշվածներին ազատագրելու նպատակով մեր ողջ աշխատանքն ու մեր բոլոր ռազմական գործողությունները միավորել ռուսական բոլշևիկների հետ: Երկրորդ. եթե սովետական ուժերը ռազմական գործողություններ են ենթադրում Վրաստանի դեմ, կամ դիվանագիտական ճանապարհով, իր ազդեցության միջոցով կստիպեն Վրաստանին մտնել միության մեջ և նախաձեռնել Կովկասից անգլիացիների վտարումը,  Թուրքական կառավարությունը հանձն է առնում ռազմական գործողություններ սկսել իմպերիալիստական Հայաստանի դեմ և պարտավորվում է Ադրբեջանին ստիպել մտնելու սովետական պետությունների խմբի մեջ»: Այնուհետև նամակում հայտնի խնդրանքն է Լենինին՝ օգնելու Թուրքիային ոսկով, զենքով, պարենով(АВПР, Ф.04, Оп.39, П.262, Д.52987, Л.1, Копия; Ф.132, Оп.4, П.104, Д.40, Л.13, Копия. Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян… հատոր  2, մաս 1, էջ 50-51): Ուշագրավ է, որ Թուրքիայում գտնվող Ռուսաստանի դեսպանատան կայքում հպարտորեն հղում է արված Մուստաֆա Քեմալի այս նամակին, բայց զսպվածորեն հիշատակված են միայն առաջին տողերը՝  «Մենք պարտավորվում ենք իմպերիալիստական կառավարությունների դեմ պայքարելու և բոլոր ճնշվածներին ազատագրելու նպատակով մեր ողջ աշխատանքն ու մեր բոլոր ռազմական գործողությունները միավորել ռուսական բոլշևիկների հետ» (http://www.turkey.mid.ru/20-30gg.html): Բնականաբար, Վրաստանի ու Հայաստանի դեմ ռազմական գործողությունների ծրագրավորվող հատվածը ցուցադրելը շրջահայեցորեն  շրջանցված է:

Նույն օրը, ապրիլի 26-ին բոլշևիկների ԿԿ-ում ելույթ են ունենում Կոնստանդինապոլսից ժամանած թուրք կոմունիստերը՝ բացատրելով Հայաստանի նկատմամբ թուրքական պետության քաղաքականության սկզբունքները: Այդ բացատրության հռետորաբանությունն ամբողջովին քաղված է Ա.Միկոյանի տեսլականից. ««Մեծ Հայքի» մասին երազող հայ ազգությունը Եվրոպայում ընթացքող Խաղաղության կոնֆերանսին ուղարկել է պատվիրակություն՝ պահանջելով թուրքական վեց վիլայեթները (Էրզրում, Վան, Տրապիզոն, Դիարբեքիր, Խարբերդ և Սվազի մի մասը) և նախկին Ռուսաստանի չորս մարզերը (Երեվան, Կարս, Նախիջևան, Բաթում ու Արդահան): Չնայած այժմ թուրքական վիլայեթներում հայերը կազմում են բնակչության 10-15%, Խաղաղության կոնֆերանսը որոշել է ընդառաջել նրանց…, մտադրված լինելով Հայաստանն օգտագործել Խորհրդային Ռուսաստանից տարածվող բոլշևիզմի և Թուրքիայում ծնվող բոլշևիզմի դեմ... Հայաստնին դաժան պարտություն է սպասվում, քանի որ այն երեք կողմից շրջապատված է Խորհրդային Ռուսաստանով, Ադրբեջանով և ըմբոստացած ու ոտքից գլուխ զինված Անատոլիայով… » (РГАСПИ, Ф.2, О.2, Д. 280, Лл.280-281об, Подлинник, հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян... հատոր 2, մաս 1, էջ 51.-52):

ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ
Ազգագրագետ

4.11.14

Քեմալը ռուսների օգնությամբ ավարտին էր հասցնում հայերի կոտորածները


Քաղաքական բռնությունները Հայաստանում եւ դրանց առանձնահատկությունը պայմանավորող հիմնական գործընթացները

Մաս 3. Ռուս-թուրքական «Բարեկամության նախնական համաձայնագիրը» և Արևելքի ժողովուրդների առաջին համագումարը

Օգոստոսի 24-ին Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը Թուրքիայի ոչ օրինական՝ Մուստաֆա Քեմալի կառավարության հետ ստորագրում է «Բարեկամության նախնական համաձայնագիր», որով Քեմալին խոստացվում է ահռելի ռազմական օգնություն «Անտանտի ինտերվենցիայի դեմ պայքարելու համար»,  որն իրականում, ինչպես հայտնի է, թուրքերի կողմից օգտագործվում է նախ և առաջ Հայաստանի և Կովկասի հայության դեմ: Համաձայնագրի մյուս կարևոր կետը՝ Խորհրդային Ռուսաստանի կողմից թուրքական որևէ իշխանության հետ մինչ այդ կնքված միջազգային պայմանագրերը չճանաչելու որոշումն էր, եթե այն չի ճանաչվել Թուրքական Ազգային Մեծ ժողովի կողմից (բնականաբար, խոսքը գնում էր Սևրի պայմանագրի մասին), ինչպես նաև՝ երկու երկրների միջև երկաթուղային հաղորդակցության ապահովումը (АВПР, Ф.04, Оп.39, П. 322, Д.52997, Л.35-36, հրատարակված է Ю.Барсегов, հատոր 2, մաս 1, էջ151-152): Ոչ մեկը խաբված չէր: Իրականում դա պայմանագիր էր Հայաստանի դեմ, իսկ խորհրդային զինամթերքի օգտագործումը ծրագրավորված էր պատառ-պատառ լինող Հայաստանի դեմ:
Այսուհետև Թուրքիայի կառավարության դիմումները Խորհրդային կառավարությանը սկսվում են սույն պայմանագրին հավատարմության հավաստիություններով և Հայաստանի կողմից Սևրի պայմանգրի իրականացման ձգտումների հիշատակումով՝ անվանելով այն գերիմպերիալիստական ձգտում: Ռուսաստանի խորհրդային կառավարությունը, վաղուց հասկացած լինելով քեմալական թուրքական իշխանությունների գերազգայնական նպատակները (АВПР, Ф.132, Оп.4, П. 104, Д.40, Мл.14-16, Подлинник; հրատարակված է Ю.Барсегов, հատոր 2, մաս 1, էջ 147-148), շարունակում էր թույլ տալ Թուրքական ռազմական ագրեսիան խորհրդային զենքով, փողով ու սննդամթերքով և երկերերսանիորեն պահպանում էր «բոլոր ճնշվածների պաշտանության» հռետորաբանությունը:
«Բարեկամության նախնական համաձայնագիրը» կնքելուց մեկ շաբաթ հետո, սեպտեմբերի 1-7-ը Բաքվում տեղի է ունենում Արևելքի ժողովուրդների առաջին համագումարը: Այդ «դարակազմիկ» համագումարին բոլշևիկներ Զինովևն ու Ռադեկը Մոսկվայից ժամանել էին իրենց սրտակից բարեկամ, հայ ժողովրդի դահիճներից մեկի, 1918թ. Բաքվի ջարդերի կազմակերպիչ Էնվերի հետ միասին նույն գնացքով: Կոնֆերանսին մասնակցում էին նաև Թուրքիայում հայերի ջարդերի կազմակերպման համար մահապատժի դատապարտված և Խորհրդային Ռուսաստանի կողմից գրկաբաց ընդունված Էնվեր, Բեհաէտդին Շաքիր և Խալիլ փաշաները (Հայոց Ցեղասպանությանը սրանց գործնական մասնակցության մանրամասները Ցեղասպանության հետազոտությանն առնչվող բազմաթիվ հրապարակումներից զատ տես նաև առաջին աշխարհամարտի ընթացքում թուրքական բանակի սպա, Վանի ինքնապաշտպանների դեմ ռազմական գործողությունները գլխավորած Ռաֆայել դե Նոգալեսի վերջերս ռուսերեն հրատարակված գրքում,- Рафаель де Ногалес, Четыре года под полумесяцем, М., 2006): Ռուսաստանի կոմունիստներն իրենց հերթին հավանաբար ավելի հաջող ընտրություն չէին կարող անել, քան անսկզբունքային և անբարոյական Ռադեկին (Балабанова А. И. Моя жизнь –борьба. Мемуары русской социалистки 1897-1938, М., 2007, Էջ 258-259): «Արևելքը հայերի հաշվին բոլշևիկացնելու» ծրագրի առնվազն համահեղինակ հայ բոլշևիկ Ա.Միկոյանը նույնպես մասնակցել է այս կարևոր համագումարին, բայց նրա հիշողությունների գրավոր տեքստում հիշատակվում է միայն ԱՄՆ կոմկուսի անդամ Ջոն Ռիդի ելույթը ամերիկյան իմպերիալիզմի գիշատիչ էության մասին (А.Микоян, Так было, гл. 8): Հավանաբար ավելորդ է ասել, որ Միկոյանի «անաչառ հիշողությունների» սույն տեքստում բացակայում է նաև ողջ մայիս-օգոստոս ամիսների իր եռուն գործունեության հիշողության հատվածը:

Իսկ ահա Արևեքի ժողովուրդների կոնֆերանսի ավարտից ուղիղ տաս օր հետո, սեպտեմբերի 17-ին, Արևելքի ժողովուրդների քարոզչության ու գործողությունների խորհրդի նախագահությունը Բաքվում որոշում է ընդունում, որ Արևելքի ժողովուրդների հեղափոխականության, Ադրբեջանում զարգացում ապրող թրքասիրության ու գաղութարարության ծրագրերի, ինչպես նաև Թուրքիայում սոցիալիզմի գաղափարախոսության հոգևարքի դեմ միակ փրկությունը… թուրքական ազգայնական ուժերի հարձակումն է Հայաստանի վրա՝ Հայաստանի ժողովրդին շահագործող դաշնակցականներին տապալելու և  հեղափոխական Թուրքիայի հետ միավորվելու նպատակով: Հայաստանի դեմ պատերազմը կնպաստի նաև Ադրբեջանում բոլշևիկների դիրքերի ամրապնդմանը… «Արևմտյան Եվրոպայում հասարակական զայրույթը կանխելու համար Հայաստանի վրա հարձակումը դիվանագիտական տեսակետից պետք է արվի հետևյալ կերպ. Թուրքական զորքերը կսկսեն հարձակումը Հայաստանի վրա, իսկ մենք մեր տպագրությամբ և Եվրոպայում մեր ունեցած տեղեկատվական օրգանների միջոցով սարսափելի աղմուկ կբարձրացնենք հայ-թուրքական նոր կոտորածների և այն մեկ անգամ ընդմիշտ դադարեցնելու անհրաժեշտության շուրջ, իսկ այդ կոտորածները դադարեցնելու համար մեր զորքերը կմտնեն Հայաստան նրա զորքերից մերկացված արևելյան սահամաններով, և ազգային պատերազմները կհայտարարվեն պարտված, իսկ դրանց փոխարեն կհաստատվի Սովետական իշխանություն: Ապա մենք Հայաստանից դուրս կմղենք թուրքական զորքերը (ինչին թուրքերն անառարկելիորեն կենթարկվեն) և հայերի ու թուրքերի միջև հետեգա բախումները կանխելու համար մեր զորքերով կգրավենք հայ-թուրքական սահմանը: Այսպիսով մենք արևմտաեվրոպական պրոլետարիատի աչքին կներկայանանք խաղաղարարների խիստ առաքինի դերով, ովքեր Հայաստան են մտել միայն կոտորածներին վերջ տալու և հայ ժողովրդի մնացորդները վերջնական ոչնչացումից փրկելու համար» (АНИ РА, Ф. И3, Оп.3, Д.7, Лл.1-2 и об., Копия, Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян. հատոր 2, մաս 1, էջ 170-172; Саркисян Е. К. За кулисами (Как рождался Московский договор 1921 г.). –«Литературная Армения», 1991в, № 1, с.71-82): Անհավատալի է, բայց այս անամոթ, խայտառակ որոշումն իսկապես եղել է: Նախագահել են Կոմինտերնի գործադիր մարմնի ղեկավար Գ. Զինովևը և Արրբեջանի հեղկոմի նախագահ Ն.Նարիմանովը:
Ավելին, այն ուղարկվել է Երրորդ Ինտերնացիոնալի Գործկոմի նախագահություն և Ռւոսաստանի Կոմկուսի Կենտրոնական կոմիտե, պատճեն՝ Խորհրդաին Ռուսաստանի Արտաքին գործերի ժողկոմ:

Բոլշևիկ ասկյարների հետ համագործակցության մասին հայ բոլշևիկների կոչը և «թուրք բոլշևիկների» հակահայկական գործողությունները

Հայ բոլշևիկներն, իհարկե, մասնակցել էին Արևելքի ժողովուրդների կոնֆերանսին, անտեղյակ չէին այս քննարկումներին: Եվ սրան հաջորդել է հայ բոլշևիկների ավելի խայտառակ որոշումը: Սեպտեմբերի 20-ին, Բաքվում նստած հայ կոմունիստների կենտրոնական կոմիտեն «Հույժ գաղտնի» մակագրությամբ հրահանգ է ուղարկում իր բջիջներին, հանձնարարելով բոլոր միջոցներով քայքայել գործող հայկական բանակը, նպաստել դասալքությանը և ամեն կերպ խանգարել բանակի մոբիլիզացիային, ճակատներում զինվորներին համոզել չկրակել հարձակվող թուրք զինվորների դեմ, լքել ռազմական դիրքերը և տուն վերադառնալ, չենթարկվել հայ սպաների հրամաններին և անհրաժեշտության դեպքում նրանց ոչնչացնել, և սրա հետ միասին ներշնչել հանրապետական Հայաստանի զինվորներին, որ հաղթական թուրք ասկյարը հեղափոխական ասկյարն է, ով ոչ միայն հաղթվող երկրի նկատմամբ որևէ բռնություն թույլ չի տա, չի վնասի խաղաղ բնակչությանը, այլև կօգնի աշխատավոր հայ ժողովրդին ազատվել իմպերիալիզմին ծառայող դաշնակներից: Փաստաթուղթն ստորագրել են Սարգիս Կասյանը, Ասքանազ Մռավյանը, Ավիս Նուրիջանյանը, Շավարշ Ամիրխանյանը, Իսահակ Դովլաթյանը և Աշոտ Հովհաննիսյանը:

Չգիտեի՞ն այս փաստաթուղթը ստորագրողները, թե ինչ է սպասվում: Անշուշտ գիտեին: Այդ փաստաթուղթը ստորագրած Մռավյանը մեկ ամիս անց, հոկտեմբերի 19-ին «մեծ եղայրներին»՝ ռուս կոմունիստների ԿԿ-ին գրություն է ուղարկում իր տագնապների մասին. «Թուրքական ազգային բանակի գրոհը Հայաստան վեր կածվի Հայաստանի հանրապետության … կեսի գրավման… Կկրկնվեն 18 թ. բոլոր սարսափները, երբ Հայաստանի լավագույն մասը մինչև վերջին կաթիլը կողոպտված ու սնանկացած էր, իսկ բնակչությունից տասնյակ, հարյուր-հազարավոր մարդիկ զոհվեցին դաժան կոտորածներից, սովից և համաճարակներից» (Саркисян Е. К. За кулисами (Как рождался Московский договор 1921 г.). – "Литературная Армения", 1991, № 1, էջ 74):  Գիտեին, բայց… բոլշևիկ էին:
Սեպտեմբերի 27-ին Գ. Չիչերինը տեղեկացնում է Հայաստանում Ռուսաստանի ներկայացուցիչ Լեգրանին, որ Թուրք «ապստամբները» գրավել են իրենց այդքան խանգարող Շախտախը, վերհասկում են Շախտախտ-Ջուլֆա երկաթգիծը, որ «մեր գործը չի այն հայերի համար նվաճել», և որ Հայաստանի հետ օգոստոսի 10-ի համաձայնագիրը մեզ չի պարտադրում թուրքերի դեմ պատերազմել (РГАСПИ, Ф.64, Оп.1, Д.21,  Л.172, Подлинник;  Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս  1, էջ 176-177) (մինչդեռ օգոստոսի 10-ի համաձայնագրով այն հայտարարվել էր չեզոք գոտի և գտնվում էր ռուսական զորքերի վերահսկողության տակ): Իսկ սեպտեմբերի 29-ին բոլշևիկյան ԿԿ Քաղբյուրոյի նիստում որոշում է ընդունվում շարունակել փողով ու զենքով օգնել քեմալիստներին, և համալրել 11-րդ կարմիր բանակը (РГАСПИ, Ф.17, Оп.2, Д.36,  Л.15, 37, 39, Подлинник;  Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 177), այն նույն բանակը, որը Զանգեզուրում ոչնչացնում էր հայկական գյուղերի բնակչությունը: Լրացուցիչ օգնություն ստացած թուրքերը գրոհ են սկսում նաև Կարսի և Սարիղամիշի ուղղությամբ ու շարժվում դեպի Բաթում: Բոլշևիկյան առաջնորդների մոտ անհասկանալի խուճապ է առաջանում,  հանկարծ «պարզվում է», որ թուրքերի առաջընթացը ոգևորել է Կովկասի լեռնականների և արևելքի մուսուլմանների հակահեղափոխական տրամադրությունները, իսկ իրենք ամնեևին չեն տիրապետում թուրքական մտադրությունների հեռանկարներին (АВПР, Ф.04, Оп.39, П. 232, Д.52987, Л.40, Копия; Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս  1, էջ 179-180), չեն ուզում միջամտել ռազմական գործողություններին  և, իհարկե, վախենում են նաև առնվազն քեմալականներին պատժելու Անտանտի միջամտության հնարավորությունից:
Մինչ բոլշևիկները զենքով ու ոսկով օգնում էին Քեմալին հաղթահարելու «արևելյան իմպերիալիզմը», իսկ իրականում Արևելյան Հայաստանում օսմանյան և կովկասյան թուրքերի հետ միասին ռազմական ուժով վերացնում էին կովկասյան և օսմանյան թուրքերին միմյանցից բաժանող անկախ Հայաստանը, Քեմալը, «հետաձգելով արևելքի խորհրդայնացումը», ռուսական զենքով շարունակում էր ավարտին հասցնել հայերի կոտորածները (Հաճըն ,- 15 հոկտեմբերի, Կարս-  30 հոկտեմբերի), և, իհարկե, կոտորում ու թալանում խաղաղ բնակչությանը: Ինքնապաշտպանվող Հաճընի հայերի պարտությունից հետո «թուրք բոլշևիկների¦ կողմից ջարդը այնքան սոսկալի էր, որ մարդիկ զանգվածաբար ինքնասպան էին լինում կամ տղամարդիկ սպանում էին իրենց ընտանիքի անդամներին՝ թուրք զինվորի ձեռքը չընկնելու համար. «Արամ Պաղպուտարեան ականատեսի վկայություն. Օղովլուգեան տան մոտ երկու տասներկու տարեկան պատանի… զենքերը մեկը մյուսի կրծքին դրեցին՝ մեկ, երկու երեք հաշվեցին և զենքի բլթակը ձգեցին՝ միասին նահատակվելով մեր աչքի առաջ…»:
Եղիսաբեթ Պալապանյանը գրում է. «դեղագործ Հովսեփի եղբայրը իր ամբողջ ընտանիքը և Միհրան Գայանյանին նույնպես մի շարքով կանգնեցրել էր սպանելու համար… Հովսեփը եկավ տեսավ, որ չեն մեռել, թույնը հանեց և բերանները լցրեց…»: Ակուլինե Խանճյան-Թաթուլյանը հիշում էր. «Կաթնասուն երեխաներ խանձարուրներիի մեջ փաթաթված գետին էին նետված, նրանց վրայով կոխկտելով անցանք: Տղամարդիկ իրենց ընտանիքը շարած՝ մի կապարով էին գնդակահարում թշնամու ձեռքը չընկնելու համար» (Գրաճեան Գրիգոր, Վերադարձ դէպի անցեալ, Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչություն, Բեյրութ, 2013, էջ 103): Սրան չէր զիջում չդիմադրած Կարսի հայ բնակչության սարսափելի կոտորածը: Սա էր ռուս բոլշևիկների սրտակից բարեկամ Քեմալի նպատակը: Բնականաբար, չեն խնայում նաև հայ կոմունիստներին, ովքեր միամտաբար իրենց կոմունիստական կուսակցության վկայականներն էին ներկայացնում: Բաքվի «Կոմունիստ» թերթը գրում է, որ «Կարսի հայկական զորքերը ընդհուպ մինչև թուրքական բանակի մուտքը քաղաք համոզված էին, քաղաքի վրա գրոհողները թուրք բոլշևիկներն են, և այդ պատճառով չէին դիմադրում: Նույն կարծիքին էր նաև Կարսի աշխատավորությունը: Բացարձակապես համոզված էին, որ կարմիր դրոշներով հարձակվողները հեղափոխական Թուրքիայի բանակն է: Բայց քաղաքը գրաված զորքերը չխնայեցին ոչ կանանց, ոչ երեխաներին, ոչ ծերերին: Հինգ օր շարունակ արյունառուշտ զինվորներն ու քրդերը խաղաղ բնակչությանը նկատմամն կիրառեցին մարդկային երևակայությունից վեր գազանություններ: Կողոպտում էին բոլորին անխտիր: Չխնայեցին նույնիսկ կոմունիստներին, ովքեր ներկայացնում էին իրենց կուսակցական պատկանելության վկայականները» (С.Врацян, Армения между большевистским молотом и турецкой наковальней. Ереван, 1992,  էջ 87-88):

Զանգեզուրից Նժդեհի զորամիավորումներից քշված կարմիրները նոյեմբերին նոր արշավանք են սկսում՝ օսմանյան թուրքերից կազմված մի գնդի հետ միասին: Մի շարք գյուղերի հետ միասին մեծ զոհեր տալով նվաճվեց նաև Արծվանիկը. «Գյուղում մնացածները, այդ թվում կանայք ու երեխաները, զոհ են դառնում կարմիրբանակայինների կույր վրեժխնդրությանը: Նրանք Արծվանիկում թալանում են բոլոր տները, բռնաբարում երեսուն կին» (Ա.Սիմոնյան, Զանգեզուրի գոյամարտը, Երեւան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 2000, էջ 298): Զեյվա գյուղում երկու օր դիմադրելուց  հետո  թնդանոթների հարվածերին չդիմանալով՝ հայկական զորքը թողեց գյուղը: «Մարդիկ կոտորվեցին: Չգիտեմ՝ ով, Զեյվայում որոշեց, որ պիտի գնան, դիմավորեն բոլշևիներին: Վեց տղամարդ ու մի կին՝ Շողերը, աղ ու հացն առած գնացին դիմավորելու գյուղի վրա եկող բոլշևիկներին: Աղ ու հացն արուն դառան, կրակեցին մերոնց վրա, Շողերն ու մի տղամարդ փրկվեցին, մյուսները կոտորվեցին խնձորի խառերի տակ: Թուրքերը վառեցին Զեյվան ու թալանեցին¦( Գ.Սմբատյան, Երկաթե վարագույրից այս կողմ, էջ 172):

Հայ բոլշևիկների՝ թուրքերին չդիմադրելու «հույժ գաղտնի» կոչին հակառակ «թուրք բոլշևիկները», ի դեմս քեմալական Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնակատար Ահմեդ Մուխթար փաշայի, 1920 թ. նոյեմբերի 8-ին Արևելյան ռազմաճակատի հրամանատար Ք. Կարաբեքիրին նույնպես գաղտնի նամակ է ուղարկում, հրահանգելով «Ոչնչացնել հայերի բանակը, բռնախլել զենքը և բաժանել մուսուլմաններին, հայերին զրկել նոր բանակ ստեղծելու իրավունքից, տիրել երկաթուղիներին և անմիջական ուղղակի կապ հաստատել ադրբեջանական թուրքերի հետ»( ՀՀ ԱԱ, ֆ. 113, ց. 3, գ. 31, թ. 6, Հայաստանի
Հանրապետություն, 16.03.1991):

Հազիվ թե ռուս բոլշևիկների համար մեծ անակնկալ էր, որ իրենց տված զենքով «թուրք բոլշևիկները» կոտորում էին խաղաղ հայ բնակչությանը: Դրան նրանք մեծ հաշվով առանձնապես դեմ չէին: Բայց հեռանկարում «արևելյան սոցիալիզմի» հոտը չէր գալիս, Կովկասում տեղավորված և վերաակտիվացած թուրքերը դառնում էին վտանգավոր, նրանց նույնիսկ պարզ առկայությունը բորբոքում էր Կովկասի մահմեդականների «նացիոնալիզմը», ինչը տվյալ դեպքում Ռուսաստանից ազատվելու ցանկությունն էր: Ռուսական զենքով ինքնուրույն գործելու հնարավորություն ստացած թուրքերն այլևս չէին խորհրդակցում «իրենց բարեկամ» ռուս բոլշևիկների հետ, չէին տեղեկացնում իրենց ռազմական ծրագրերի մասին և նույնիսկ չէին արձագանքում Ռուսաստանի Արտաքին գործերի ժողկոմի հարցերին: Ստեղծված իրավիճակում ռուս բոլշևիկները որոշում են իրենց բարեկամ թուրքերի դեմ «որպես գործընկերներ» օգտագործել Հայաստանին ու Վրաստանին (РГАСПИ, Ф.64, Оп.1, Д.21,  Л.199-200, Копия; Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 210): Որոշում է կայացվում չշտապել Հայաստանը խորհրդայնացնելու, քանի որ թուրքերի գրոհները Խորհրդային Հայաստանի դեմ պարտավորություններ կդնի Խորհրդային Ռուսաստանի վրա՝ թուրքերի դեմ (АВПР, Ф.04, Оп.39, П. 232, Д.54987, Ж.42-44,  Копия: Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 213): Լուծումը պետք է լիներ այնպիսին, որ դաշնակցական Հայաստանն օգներ Ռուսաստանին զսպելու թուրքերի ախորժակը, բայց՝ միայն հայկական պատասխանատվությամբ, ռուսները պարտավորված չպիտի զգային հայերի նկատմամբ և րպիտի գործեին թուրքերի դեմ:

Մինչ բոլշևիկները փորձում էին լուծում գտնել «շշից դուրս եկած ջինին» զսպելու իրենց անելիքների շուրջ, քեմալական զորքերը խորանում էին Կովկասում: Ստալինը Լենինին խորհուրդ է տալիս թուրքերի հետ հարաբերությունները չվատացնել դաշնակցականների (ինչ տվյալ դեպքում նշանակում էր՝ հայերի) պատճառով (РГАСПИ, Ф.558, Оп.1, Д.5211,  Завренная копия;  Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 236):
Ռուսների համար խնդիրը, սակայն, դաշնակցականները կամ հայերը չէին: Խնդիրը Ադրբեջանն էր, կովկասյան և քեմալական թուրքերի խիստ առարկայացած միավորումն էր, Բաքվի նավթի կորուստն էր: Առհասարակ ողջ այդ քննարկումների մեջ սարսափելի ցինիզմ կա: Տպավորությունն այնպիսին է, որ բոլշևիկները ոչ մի պատասխանատվություն չեն զգում և չեն կրում Լենին-Մուստաֆա Քեմալ համաձանության հետևանքների վերաբերյալ: Վերջ ի վերջո, Ստալինը Լենինին խորհուրդ է տալիս Հայաստանը խորհրդայնացնել և սեպ դարձնել Թուրքիայի ու Ադրբեջանի միջև, թույլ չտալով նրանց ընդհանուր սահման ունենալ (РГАСПИ, Ф.558, Оп.1, Д.1999, Л.3, Подлинник;  Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 237):

Հայաստանի խորհրդայնացումը «թուրք բոլշևիկների» կողմից
Մինչ Ռուսաստանի պաշտոնատարներն իրենց մեջ քննարկում էին թուրքերի հանդեպ իրենց հնարավոր վերաբերմունքի հարցը, վերջիններս գրավում են նաև Ալեքսանդրապոլը և շարունակում առաջ շարժվել: Հայ բոլշևիկների քարոզչությամբ հիպնոսացած հայոց բանակը կարծես իսկապես թուրքերին ընդունում էր որպես «հեղափոխական ասկյարի» և միայն խաղաղ բնակչության հերթական կոտորածաներից էր ուշքի գալիս: Նույնիսկ Ալեքսանդրապոլի հայ բոլշևիկները թուրքերի մուտքը ողջունել են որպես ընդամենը դաշնակցականներին տապալելու նպատակ և Հայաստանի բոլշևիկյան հեղափոխության օգնություն, և թուրքերի հետ միասին ձևավորել են հեղկոմներ(РГАСПИ, Ф.64, Оп.1, Д.21, Л.252-254, Копия;  Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 261-264): Դրան զուգահեռ Ադրբեջանի «աշխատավորությունը» քեմալականների մուտքն ընդունում էր որպես ազատարարների: Հենց սա վերջապես ստիպեց ուշքի գալ ռուս բոլշևիկներին. նավթաշատ Բաքուն կորցելու վտանգն առարկայանում էր: Թուրքերին դիմադրելու ընդունակ հայկական բանակ այլևս չկար, իսկ Կարմիր բանակը պայմանագրով դաշնակցում էր թուրքերի հետ:

Նոյեմբերի 23-ի բոլշևիկյան առաջնորդների քննարկումը կրկին օրակարգ է մտցնում Հայաստանը խորհրդայնացնելու և Թուրքիայի ու Ադրբեջանի միջև սեպ դարձնելու ծրագիրը (РГАСПИ, Ф.558, Оп.1, Д.2004, Лl.1-12, 16, Подлинник Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ.250-251; РГАСПИ, Ф.2, Оп.1, Д.16244, Л.1-3об,  Подлинник;  Ю.Барсегов,  էջ 253-255): Մինչ նրանք քննարկում էին այդ հնարավորությունը,  թուրքական զորքը գլխավորող Քյազիմ Կարաբեքիրը վերջապես հարաբերության մեջ է մտնում «մոսկովյան բոլշևիկների» ներկայացուցչի հետ, մերժում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում ռուսների միջամտության առաջարկը  և հայտարարում, որ Թուրքիան ընդամենը կատարել է Քեմալ-Լենին համաձայնագրով իր վերցրած պարտավորությունը՝ հեռացնել դաշնակցականներին և խորհրդայնացնել Հայաստանը, իսկ Հայաստանից գրաված տարածքները Թուրքիային անհրաժեշտ են ինքնապաշտպանության համար, քանի որ Ռուսաստանը իրենց որևէ ռազմական օգնություն չէր ցույց տալիս հայկական հարձակումների դեմ և պատրաստ է Նախիջևանը տալ Հայաստանին՝ Թուրքիային կտրելով Ադրբեջանից: Մինչդեռ Թուրքիան,- գրում են նրանք,- «ընդհանուր հեղափոխական գործին¦ մի ամբողջ կենսունակ մահմեդական երկիր է զոհաբերել Ադրբեջանում: Հիմա Ռուսաստանի հերթն է Վրաստանը խորհրդայնացնելու (РГАСПИ, Ф.85, Оп.С/Турция, Д.3-4,  Подлинник; Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 260-261): Միաժամանակ Մուստաֆա Քեմալը սկսում է խոսել այն մասին, որ Անտանտի կողմից Սևրի պայմանագիրը Թուրքիայի օգտին վերանայելու դեպքում թուրք նացիոնալիստները պատրաստ են մի կողմ նետել բոլշևիկների կողմից պարտադրված և թուրքական քաղաքական ու ազգային ծրագրերը ճնշող ծանր պայմանները(РГАСПИ, Ф.2, Оп.1, Д.16321, Лл.1,8,20,21, Подлинник; Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 264-265): Ռուսներից գաղտնի Անտանտի երկրների հետ համաձայնություն կայացնելու Քեմալի քայլերին վաղուց կասկածող ռուս բոլշևիկները ոչինչ չեն հակադրում թուրքական փաստարկներին, նույնիսկ ռազմական գործողությունները Ռուսաստանի հետ չհամաձայնեցնելը և խաղաղ բնակչության կոտորածները:
Հայաստանը խորհրդային հայտարարած թուրքերից նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնելու համար նրանք ընդամենը որոշում են կարմիր բանակը մտցնել Հայաստան ու համալրել Հայաստանի Հեղկոմի կազմն իրենց թեկնածուներով: Նրանց ամենից ավելի անհանգստացնում էր այն հարցը, որ թուրքերը լիովին անկախ էին տնօրինում Հայաստանի խորհրդայնացման ընթացքը: Հնարավոր է՝ քեմալական թուրքերին մի փոքր զսպելու, «բոլշևիկացած Հայաստանն» իրենց կողմը գրավելու և Հայաստանի  խորհրդայնացման գործին մասնակից դառնալու նպատակով ռուս բոլշևիկները համոզել են Խորհրդային Ադրբեջանի Ժողկոմի նախագահ Ն.Նարիմանովին նոյեմբերի 28-ին հայտարարել, որ այսուհետև Նախիջևանն ու Զանգեզուրը Խորհրդային Հայաստանինն են, իսկ Ղարաբաղին տրվում է ինքորոշման իրավունք (РГАСПИ, Ф.85, Оп.14, Д.37, Лл.1-2,  Телеграфная лента; Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 266): Իհարկե նրանք հիանալի հասկանում էին, որ Ն.Նարիմանովի հայտարարությունը որոշում չէ, սակայն դեպքերի զարգացումների արագությանը համապատասխան դիպվածային արագ արձագանքներ էին պետք:

Նոյեմբերի 29-ին ռուսների կողմից ձևավորած հայկական նոր Հեղկոմը, Կարմիր բանակի հետ միասին Իջևան մտնելով, հայտարարում է, որ աշխատավորական Թուրքիայի օգնությամբ Հայաստանը դառնում է խորհրդային և պատրաստ է համատեղ պայքարել Անտանտի իմպերիալիստների դեմ, և որ Խորհրդային Հայաստանը համակրանքով է վերաբերվում Սևրի պայմանագրի նկատմամբ աշխատավորական Թուրքիայի ատելությանը (Великая Октябрьская социалистическая революция и победа власти в Армении (Сборник документов), Ереван, 1957, էջ 433-434; МИД СССР, Документы внешней политики СССР. М., Госполитиздат, 1959, Т.3, էջ  348-349) : Հայ բոլշևիկների այս հայտարարությունը իր դրսևորումները պետք է գտնեին հետագայում ՀՀ-ում իրականացվող քաղաքական բռնաճնշումների էության վրա:

Ռուսաստանի բոլշևիկների մեջ խուճապը շարունակվում էր: Նրանց համար արդեն հստակ է, որ Թուրքիան չի «բոլշևիկանում», և իրենց ձեռքից էլ դուրս է գալիս արդեն խորհրդայնացած Հայաստանը: Քննարկվում է, թե ինչպե՞ս համոզել թուրքերին Հայաստանից նոր տարածքներ չնվաճել, արդեն գրավված տարածքներից նոր զիջումներ անելով՝ Կարսը թողնել թուրքերին, իսկ Ալեքսանդրապոլը՝ խորհրդայնացող Հայաստանին, խորհրդային բոլշևիկյան զորքերի վերահսկողությամբ (РГАСПИ, Ф.558, Оп.2, Д.28, Л.1,Подлинник; РГАСПИ, Ф.5, Оп.2, Д.314, Л.68; Подлинник Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 295-296), թե՞ Կարսը ամեն գնով պահել, որովհետև դա է միջոցը նավթաշատ Բաքվի պահպանության(АВПР, Ф.04, Оп.51, П.321а, Д.54873а, Копия; Оп.39, П.232, Д. 53001, Л.6, Копия;  Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 274-276):
Եվ, իհարկե, ոչ մի խոսք դաշնակից թուրքերի կողմից խաղաղ հայ բնակչության հանդեպ իրականացվող կոտորածներն ու թալանը դադարեցնելու մասին: Այս ողջ խայտառակություններից հետո նոյեմբերի 30–ին «Պրավդա» թերթում հրապարակվում է Հայաստանի իրավիճակի մասին խորհրդային Ռուսաստանի պաշտոնական գնահատականը՝ Ստալինի միջոցով. «Դաշնակցական Հայաստանը տապալվել է, անկասկած, որպես Անտանտի պրովոկացիաների զոհ, որը նրան (Հայաստանին-Հ.Խ.) տրամադրում էր թուրքերի դեմ, իսկ հետո խայտառակաբար լքել է՝ թողնելով թուրքերի հոշոտմանը: Հազիվ թե կարելի է կասկածել, որ Հայաստանը փրկության ուրիշ ելք ունի, քան Խորհրդային Ռուսաստանի հետ միությունը» ( Сталин И. Положение на Кавказе. Беседа с сотрудником газеты «Правда» //Правда, 269, 30 ноября 1920г.; Сталин И., Т.4, М.: Госполитиздат, 1954, էջ 410; Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 276):
Դեկտեմբերի 2-ին բոլշևիկների կողմից տապալված Հայաստանի դաշնակցական կառավարությունը թուրքերի հետ կնքում է խայտառակ հաշտության պայմանագիր՝ նրանց զիջելով գրաված բոլոր տարածքները, Հայաստանը զրկելով պաշտպանվելու հնարավորությունից և փաստացի բոլոր փախստականներին զրկելով հայրենիք վերադառնալու հնարավորությունից: Դեկտեմբերի 2-ին Օրջոնոկիձեն հաղորդում է Լենինին և Ստալինին, որ Ադրբեջանը ևս մեկ անգամ հայտարարում է Խորհրդային Հայաստանի օգտին Նախիջևանից, Զանգեզուրից և Ղարաբաղից հրաժարվելու մասին (РГАСПИ, Ф.558, Оп.1, Д.3318, Лл.1-2, Подлинник; РГАСПИ, Ф.5, Оп.2, Д.314, Л.68; Подлинник, Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 284): Ավելորդ չի թվում կրկնել, որ այս հայտարարությունները հավանաբար  արվում էին ռուսների ճնշման տակ՝ մի կողմից հայերին համոզելու, որ Հայաստանի միակ հեռանկարը Խորհրդային Ռուսաստանն է, մյուս կողմից ուժեղացած քեմալականներին «հիշեցնելու», որ Կովկասի հարցերով որոշումներն ընդունում է Ռուսաստանը:

Դեկտեմբերի 2-ին Հայաստանի հանրապետության կառավարությունը վայր է դնում իր լիազորությունները և ստորագրվում է համաձայնագիր, որով Հայաստանի Հանրապետության կառավարությունը իշխանությունը հանձնում է Հեղափոխական կոմիտեին (Сборник действующих договоров, соглашений и конвенций, заключенных РСФСР с иностранными государствами, Вып. 3, М., 1992, Номер 79, с. 14-15; Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 289): Քանի որ բոլշևիկների կողմից ստորագրված սույն համաձայնագրի բոլոր կետերն անմիջապես խախտվել են, թերևս ավելորդ չէ վերհիշել դրա ամենակարևոր դրույթները: Եվ այսպես, ըստ այս հիշարժան համաձայնագրի երրորդ կետի՝

-Ռուսաստանի խորհրդային կառավարությունը ընդունում է, որ Սոցիալիստական Խորհրդային Հայաստանի կազմի մեջ անվիճելիորեն մտնում են. Էրիվանի նահանգը, իր բոլոր մարզերով, Կարսի նահանգի այն մասը, որը ռազմական տեսակետից կապահովի Ջաջուռից մինչև Արաքս երկաթգծի տիրապետությունը, Ելիզավետպոլի նահանգի  Զանգեզուրի մարզը օգոստոսի 10-ի համաձայնությամբ որոշված սահմաններով, և Թիֆլիսի նահանգի այն մասերը, որոնք մինչև սեպտեմբերի 28 –ը պատկանում էին Հայաստանին:

- Չորրորդ կետ,-Հայկական բանակի հրամանատարական կազմը որևէ պատասխանատվության չի ենթարկվում մինչև Հայաստանում խորհրդային իշխանության հռչակումն իրականացրած գործողությունների համար:

- Դաշնակցական և սոցիալիստական այլ կուսակցությունների (СР, СД) անդամները որևէ հետապնդման չպիտի ենթարկվեն կուսակցական պատկանելության և մինչև Հայաստանի խորհրդայնացումը կոմունիստական կուսակցության դեմ պայքարելուն մասնակցության համար,

- Հեղկոմը կազմվում է հինգ կումունիստից և ձախ դաշնակցության երկու անդամից՝ կոմկուսի համաձայնությամբ,

- Ռուսաստանի խորհրդային կառավարությունն անմիջապես միջոցներ է ձեռնարկու Սոցիալիստական Խորհրդային Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար ռազմական ուժեր կոնտրոբացնելու ուղղությամբ:

Հայաստանում Խորհրդային Ռուսաստանի  ներկայացուցչի առաջին հրամանը հենց նախորդ կառավարության անդամների ձերբակալության հրամանն էր(АВПФ, Ф.148, Оп.3, П.1, Д.1а, Л.45, Подлинник; Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ с.294): Դեկտեմբերի 4–ին Պրավդա թերթում հրատարակվում է Ստալինի հոդվածը, որով նա հպարտորեն հայտարարում է, որ Հայաստանը խորհրդայնացել է և §Հայաստանի ու շրջակա մուսուլմանների միջև դարավոր թնամանքը լուծվել է մի հարվածով՝ Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի աշխատավորների եղբայրական համագործակցության հաստատմամբ…այսպես կոչված «հայկական հարցը», որի շուրջ գլուխ էին ջարդում իմպերիալիստական դիվանագիտության հին գայլերը, հաջողվեց լուծել միայն Խորհրդային իշխանությանը» (Правда, номер 273, 4 декабря 1920 г.; Сталин И. Сочинения, М., Госкомиздат, 1954, Т.4, էջ 413-414): Անտանտը, պարզվում է, հայերին թողել է թուրքերի հոշոտմանը, իսկ ահա Խորհրդային Ռուսաստանին դաշնակից  «բոլշևիկ թուրքերը» մտահոգ են օր առաջ հայերին փրկել «հայ դաշնակցականներից», եթե նույնիսկ դրա համար անհրաժեշտ են տեսնում շարունակել հոշոտել հայերին:

Չնայած ռուս բոլշևիկների այս ինքնավստահ հայտարարություններին, նրանք հիանալի հասկանում էին թուրքական վտանգը, հասկանում էին, որ դրության տերը իրենց իսկ օգնությամբ դարձել են թուրքերը, միմյանց մեջ քննարկում էին թուրքերին հերթական զիջումների հնարավորությունները («չենք առարկում Կարսում թուրքերի ժամանակավոր մնալուն¦, §Եթե թուրքերը փորձեն գրավել Վրաստանի վիճելի տարածքները, մասնավորապես Ախալցխան և Ախալքալակը, մենք չենք առարկելու, միայն պնդելու ենք, որ ավելի առաջ չգնան¦,§բայց թող նախաձեռնությունը իրենցից գա«, «մեզ համար ռիսկային է այդ տարածքների համար թուրքերի հետ գժտվելը» (РГАСПИ, Ф.85, Оп.3с, Д.13, Лл.1-3, Подлинник; Ф.64, Оп.1, Д.21, Л.278, Коия; АВПР, Ф.64, Оп.39, П.232, Д. 53001, Л.6, РГАСПИ, Ф.85, Оп.3с, Д.13, Лл.1-3, Подлинник, Автограф (Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ  302-304):

Միաժամանակ փորձում էին համոզել թուրքերին, որ դաշնակցական վտանգն անցել է, որ պետք է վստահել հայ կոմունիստներին և նրանց հետ բանակցել Հայաստանի հետ նոր պայմանագրի հարցը(РГАСПИ, Ф.64, Оп.1, Д.21, Л.278, Копия, АВПР, Ф.64, Оп.39, П.232, Д.53001, Л.6, Копия; РГАСПИ, Ф.85, Оп.14, Д.50, Лл.6-6об., Заверенная копия;  РГАСПИ, Ф.64, Оп.1, Д.21, Л.278, Копия, РГАСПИ, Ф.85, Оп.14, Д.50, Л.4; (Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 304, 305, 307…), ինչին թուրքերն առարկում էին՝ պնդելով, որ միայն Ռուսաստանի հետ են պատրաստվում քննարկել Հայաստանի սահմանների հարցը, և շարունակում էին թալանել Հայաստանը: Հայաստանում Ռուսաստանի ներկայացուցիչ Լեգրանը տեղեկացնում է Չիչերինին, որ «Թուրքերը կողոպտում են Հայաստանը, մթերքների պահեստները նույնիսկ մանկատներից, տանում են գյուղացիների անասունները, երկիրը դատարկում են» ( РГАСПИ, Ф.85, Оп.14, Д.49, Лл.16-16об (Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ  316): Սրան հետևում է Թուրքիայի բողոքն այն մասին, որ Հայաստանի մահմեդաբնակ տարածքները Հայաստանին թողնելու դեպքում այդ բնակչությանը կոտորած է սպառնում(РГАСПИ, Ф.85, Оп.15, Д.25, Лл.2-6 . Подлинник (Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 320-321): Երկու «բոլոր ճնշված ժողովուրդների պաշտպան» «եղբայր երկրների»՝ Թուրքիայի և Ռուսաստանի պաշտոնական գրագրության մեջ համառորեն շարունակում է շրջանցվել թուրքերի կողմից հայերի անցյալ և ընթացող կոտորածների հիշատակումը, ինչպես նաև թուրքական զորքերի դուրս բերումն Ալեքսանդրապոլից (РГАСПИ, Ф.64, Оп.1, Д.21, Л.282. Кпоия,  Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 340-341):
ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ
Ազգագրագետ