26.5.14

Մայիս 2014


Ինչպես արդեն տեղեկացրել ենք («Նոր ԷՋ»-ի մասին), անցյալ տարվա փետրվարից գործում է թերթի միայն էլեկտրոնային տարբերակը (կայքն ու բլոգը)։ Բնականաբար, փոփոխություններ է կրել նաև խմբագրակազմը։ Թերթն այլևս չունի կոնկրետ թղթակիցներ։ Տպագրվում են ոչ միայն տարբեր լրագրողների ու ոչ լրագրողների՝ քաղաքացիների մեզ ուղարկված հոդվածները, նյութերը, այլև արդեն զգալի տեղ ենք հատկացնում տարբեր լրատվամիջոցներից արված արտատպություններին՝ նպատակ ունենալով մեր ընթերցողներին հնարավորինս տեղյակ պահել ոչ միայն Արցախում, այլև Արցախից դուրս, բայց՝ Արցախին առնչվող զարգացումներին...



Ակնաղբյուրում բացվեցին ջրամատակարարման համակարգը եւ համայնքային կենտրոնը

Մայիսի 21-ին «Հայաստան» հիմնադրամի պատվիրակությունը, որի քառօրյա այցը արցախյան ծրագրեր գլխավորում է Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ԼՂՀ Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղում հանդիսությամբ բացեց համայնքի համար կարեւորագույն երկու ենթակառուցվածք` ջրամատակարարման համակարգը եւ համայնքային կենտրոնը: Ջրամատակարարման համակարգը կյանքի է կոչվել Հիմնադրամի Ֆրանսիայի եւ Բրազիլիայի տեղական մարմինների համաֆինանսավորմամբ, իսկ համայնքային կենտրոնը` Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ: Ծրագրերը համաֆինանսավորվել են ԼՂՀ կառավարության կողմից: Այս մասին տեղեկացնում է հիմնադրամի կայքը։

Հանդիսությանը ներկա գտնվեցին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, Հադրութի վարչական շրջանի ղեկավար Վալերի Գեւորգյանը, համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր:

Շնորհիվ շահագործման հանձնված ջրամատակարարման համակարգի, որը ներառում է վերանորոգված խորքային հորեր, կառուցված երկու ջրամբար եւ վերակառուցված ներքին ցանց, համայնքի 330 բնակիչներն արդեն իրենց տներում ունեն կանոնավոր ջրամատակարարում:

Նորակառույց համայնքային կենտրոնն էլ նոր շունչ կհաղորդի համայնքին: Այս համալիր կառույցում կենտրոնացված են գյուղապետարանը, 150 հոգու համար նախատեսված միջոցառումների սրահը, բուժկետը, գրադարանը, համակարգչային սենյակն ու խաղասրահը: Շենքն ապահովված է էլեկտրական ջեռուցման եւ օդափոխության համակարգերով:

«Այսօր կրկնակի տոն է մեզ համար: Գյուղում միաժամանակ երկու ենթակառուցվածք ենք բացում, որոնք էապես փոխում են բնակիչների կյանքը: Վստահ եղեք, ձեր ապագան այս հողում է»,- բացման խոսքում ասաց «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Ակնաղբյուրում բնակվող բանաստեղծ Սոկրատ Խանյանն իր անձնական գադարանից 3000 գիրք նվիրեց նորաբաց գրադարանին:

Բացման արարողություններից հետո Հիմնադրամի պատվիրակությունն այցելեց Ասկերանի շրջանի Շոշ, Մարտունու շրջանի Թաղավարդ եւ Կարմիր Շուկա գյուղերում կառուցվող համայնքային կենտրոններ: Ուշագրավ է, որ այս կենտրոնների կառուցումը եւս հովանավորում է ֆրանսիայի հայ համայնքն իր ամենամյա հեռախոսամարաթոնների արդյունքում հավաքագրած գումարներով:

«Գյուղական համայնքների տնտեսության զարգացումը, գործընկերային հարաբերությունների խթանումը տեղի բնակչության կենսամակարդակը բարձրացնելու եւ արտագաղթը կանխելու լավագույն միջոցն է»,- կարծում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը:
Մանրամասներն Այստեղ



Ամերիկացի համանախագահի ֆանտաստիկ ակնարկը

Ինչպես հայտնում է Karabakh-open.info կայքը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Ստեփանակերտում անդրադարձել է նախօրեին Բերձորի շրջանում համանախագահների ճանապարհի առաջ կազմակերպված բողոքի ակցիային, որի մասնակիցները պարզել են ազատագրված տարածքները վերադարձնելու դեմ բողոքի պաստառներ ու հայտարարել, որ Արցախի հանրությունը չի հրաժարվի իր ազատագրած տարածքից:

Տարածքների խնդիրը մայիսի 7-ի իր ելույթով՝ Կարնեգի հիմնադրամում, արդիականացրել էր հենց ամերիկացի համանախագահ Ուորլիքը: Այդ կապակցությամբ, խոսելով Բերձորի ակցիայի մասին, նա փաստացի մի քանի աներեւակայելի հայտարարություն է արել: Ամերիկացի համանախագահը ասել է, որ ժողովուրդն իրավունք ունի իմանալ խնդիրը եւ իր համաձայնությունը կամ անհամաձայնությունը հայտնել: Ուորլիքն ասել է, որ այդպիսի ակցիաների իրենց կարող են սպասել Արցախի ցանկացած շրջանում: Նա հայտարարել է, թե անհամբերությամբ է սպասում մյուս այցերին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը կարծես թե խրախուսում է Արցախի հասարակության ինքնադրսեւորումը, որին ականատես է եղել Բերձորում, եւ ակնարկում, որ նույնն անեն նաեւ բոլոր շրջաններում: Ուորլիքը հայտարարում է, որ ակցիան իր համար եղել է անակնկալ, բայց կարծես թե նկատելի է, որ հենց դա էր իր բարձրացրած, իր արդիականացրած խնդրի միակ համարժեք արձագանքը Հայաստանում ու Արցախում՝ որ սպասելի է ու ողջունելի:

Ինչու՞ միակ համարժեք: Որովհետեւ արձագանքների մեծ մասը հիմնականում կիսված էր Արցախը հանձնելու համար ԱՄՆ-ին ուղղված պարզունակ մեղադրանքների եւ ազատագրված տարածքները վերադարձնելու «իմաստնության» միջեւ: Մինչդեռ Ուորլիքն ակնհայտորեն ուներ խնդրի վերաբերյալ հանրային օրգանիզմի դիմադրունակություն արթնացնելու խնդիր, որովհետեւ եթե իշխանությունն ու այսպես ասած առաջատար քաղաքական դասը պատրաստ է «փոզխիջումային» դավադրությանը, խաղաղությունը պահելու միակ հնարավորությունը դառնում է հանրային դիմադրության ձեւավորումը: Դրա համար է ամերիկացի համանախագահն ասում, որ ժողովուրդն իրավունք ունի իմանալ, թե ինչ է կատարվում ու հայտնել իր համաձայնությունը կամ անհամաձայնությունը:

Այլ կերպ ասած, Ջեյմս Ուորլիքը հասարակությանը ակնարկել է, որ իր թիկունքում հասունանում է կուլիսային դավադրություն, ու միայն Բերձորում ստացել է այդ մեսիջի համարժեք արձագանքը, ու ողջունում է դա: Ահա թե ինչու էին ադրբեջանցիներն ամերիկացի համանախագահի գործունեությունից դժգոհում, ինչու էին նրան մեղադրում հայամետ դիրքորոշման համար՝ որովհետեւ նա կատարել է կարեւոր մի քայլ, բացահայտել է 20-ամյա խաղաղության դեմ կազմակերպվող ռուս-թուրք-ադրբեջանական դավադրությունը, որի առաջին փուլը Հայաստանի լիակատար վասալացումն էր սեպտեմբերի 3-ին՝ երբ Մոսկվան պարզապես հետեւողականորեն իրականացնում էր Հայաստանի կամազարկման քաղաքականություն, զուգահեռաբար սկսելով նաեւ Արցախի ու Հայաստանի դեմ դավադրության հոգեբանական զոնդաժը՝ Արցախի խնդրի վերաբերյալ կրեմլյան «սպասավորների» հայտնի մեկնաբանությունների տեսքով, որով նրանք տարածքները Ադրբեջանին էին վերադարձնում՝ իսկ Արցախը՝ Ռուսաստանին:

Բերձորի ակցիան հույս է տվել ամերիկացի համանախագահին, որ ամեն ինչ կորած չէ, որ հայկական հասարակության մեջ վերջնականապես սպառված չէ աշխարհաքաղաքական ադեկվատության գործոնը, որ ԱՄՆ դեռ կարող է այստեղ գործընկեր գտնել ներկայիս ստատուս-քվոն պահպանելու հարցում եւ կարող է ստիպված չլինել ներքաշվել Ադրբեջանի համար թելադրված մրցավազքի մեջ, ինչը Նահանգների համար կլիներ ամենավատ տարբերակը կովկասյան քաղաքականության հնարավոր սցենարներում:

Ի դեպ, հատկանշական է, որ երբ Ջեյմս Ուորլիքը փաստացի ողջունել ու խրախուսել է Արցախի բնակչության ակցիան Բերձորում, այդ ընթացքում Երեւանում ոստիկանությունն առանձնակի փութաջանությամբ է փորձել Հայաստանում «հակամաքսային, հակապուտինյան, հակակայսերական» կարգախոսներով երթը հեռու պահել բողոքի նպատակակետից՝ Երեւանում ՌԴ դեսպանատնից:




«Տարածք հանձնելու մասին որեւէ խոսք չի ասվել»

Մայիսի 17-ին տարածաշրջան կատարած այցելության շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահներն Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանի ուղեկցությամբ այցելեցին ԼՂՀ Շահումյանի (Քարվաճառի) շրջան եւ հանդիպում ունեցան տեղական ղեկավարության ներկայացուցիչների հետ: Համանախագահների այցի արդյունքների մասին զրուցեցինք Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Վիտալի Դանիելյանի հետ:

«Այցը ճանաչողական նպատակ ուներ: Նոր համանախագահները ցանկանում էին ծանոթանալ տարածքին, պատկերացնել շրջանի դիրքը: Հանդիպման ընթացքում հիմնականում խոսել ենք մեր շրջանի խնդիրների մասին», նշեց Վիտալի Դանիելյանը:

Ըստ շրջանի վարչակազմի ղեկավարի' քանի որ Շահումյանի շրջանը վերաբնակեցվող շրջան է եւ վերաբնակեցվում է հիմնականում փախստականներով, համանախագահները նպատակ ունեին նաեւ համոզվելու, որ այստեղ իրոք հիմնականում փախստականներ են ապրում:

«Հանդիպման ընթացքում խոսել ենք փախստականների խնդիրներից, շատ մարդիկ կան, ովքեր այսօր որեւէ փաստաթուղթ չունեն եւ չեն կարողանում ապացուցել փախստական լինելը»:
Այս համատեքստում հանդիպման կողմերն անդրադարձել են նաեւ Շահումյանի շրջանում միջազգային կազմակերպությունների հետ հնարավոր համագործակցությանը:

«Միջազգային կազմակերպություններն այսօր հովանավորում են միայն այն ծրագրերը, որոնք իրականացվում են նախկին ԼՂԻՄ-ի տարածքում: Օրինակ, մեր շրջանը չի ներառվում Halo Trust-ի ականազերծման ծրագրերում: Եւ խնդիրն այն է, որ պետք է ներառվի: Ամբողջ իմաստն այն է, որ իրենք ընդունեն, որ այստեղ էլ են մարդիկ ապրում, առավել եւս, որ շատերը փախստական են, տուժված են, ու այստեղ էլ պետք է ծրագրեր իրականացնել: Խոսել ենք նաեւ Կարմիր Խաչի հետ հնարավոր համագործակցության մասին»: Ըստ վարչակազմի ղեկավարի, խնդիրը ոչ միայն հենց կոնկրետ կազմակերպության գործունեությունն է, որքան այն, որ այս տարածքն էլ այսօր ընդունվի որպես Արցախի լիարժեք մաս:

«Իրենք ուզում էին մեր խնդիրները հասկանալ, մենք էլ հնարավորինս բացատրել ենք: Խոսել ենք նաեւ ճանապարհներից: Նշել ենք, որ այս շրջանով է անցնում մեր կարեւորագույն ճանապարհներից մեկը, ամբողջ Արցախի համար կարեւոր ճանապարհը: Եթե այս ճանապարհը մերը չլինի, կմնա մի ճանապարհ, իսկ դա փակելը շատ հեշտ կլինի: Այս ճանապարհը մեր անվտանգությունն է», ընդգծեց պարոն Դանիելյանը:

Տարածաշրջան այցելելուց առաջ, մայիսի 7-ին, ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը ելույթ էր ունեցել Քարնեգի միջազգային խաղաղության հիմնադրամում եւ ներկայացրել ԱՄՆ կառավարության տեսանկյունը' արցախյան հարցում տեւական խաղաղության հասնելու համար: Ըստ այդ ելույթի' կետերից մեկով նախատեսվում է տարածքների վերադարձ Ադրբեջանին:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հանդիպման ժամանակ որեւէ կերպ քննարկվել է տարածք հանձնելու հարցը, Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Վիտալի Դանիելյանը նշեց.

«Տարածք հետ տալու մասի իրենք որեւէ խոսք չեն ասել, ընդհանրապես, որեւէ խոսք այդ թեմայով չի հնչել: Այս տարի համանախագահներին մենք ընդունել ենք գետաշենցու տանը: Իրենք տեսնում են, որ այստեղ հիմնականում փախստականներ են ապրում, ի՞նչը հանձնենք, ու՞մ հանձնենք, որ հանձնենք, մենք ու՞ր գնանք: Կրկնում եմ, հանձնման մասին ընդհանրապես որեւէ խոսակցություն չի եղել»:

Ըստ Վիտալի Դանիելյանի, չնայած որ ադրբեջանցիներն անընդհատ փորձում են համոզել, թե ազատագրված տարածքում մարդ չի ապրում, համանախագահներն իրենց աչքով են տեսել, որ այստեղ բնակչություն կա:

«Մենք որեւէ բան խաբելու կամ հնարելու կարիք չունենք, իրենց այցը համընկավ այն ժամին, երբ երեխաները դպրոցից տուն էին գնում, իրենք են տեսել երեխաներին իրենց աչքով ու մի անգամ էլ համոզվել, որ այս տարածքում մարդիկ ապրում են: Ադրբեջանցիները հանձնաժողովների գալու ժամանակ փախստականներին բերում-լցնում են վրանային քաղաքներ, մենք այդպիսի բան անելու կարիք չունենք, իրենք իրենց աչքով տեսան մեր կյանքի բնականոն ընթացքը»:

Համանախագահները տեղյակ են նաեւ, որ շրջանում կա 16 գործող համայնք եւ այդ համայնքների թիվը կարող է ավելանալ, սակայն այժմ կառավարությունը հնարավորություն չունի ֆինանսավորում տրամադրել, այդ պատճառով էլ աճը ժամանակավորապես կանգնեցված է:

Նշենք, որ սա համանախագահների երկրորդ այցն է Շահումյանի շրջան: Առաջին այցը եղել է 2010-ին: «Անցած այցի ժամանակ մենք իրենց Չարեքթարում ընդունեցինք, տարանք միչեւ Խարխափուտ: Իրենք իրենց մոտ շատ լավ քարտեզներ ունեին, ես ասացի' պարոն դեսպաններ, ձեր քարտեզներով նայեք ու ցույց տվեք մի հատ թուրքի մզկիթ: Չկա, չէին կարող ցույց տալ: Բայց ես կարող եմ հատ-հատ ցույց տալ մեր եկեղեցիներն ու խաչքարերը: Այդ այցելության ժամանակ մենք իրենց հատուկ նպատակով տարանք Դադիվանք, ու այնտեղ էլ իրենց հաց տվեցինք: Շատ մեծ տպավորություն էին ստացել ու հաջորդ անգամ արդեն իրենք առանց մեզ են գնացել Դադիվանք, իրենց որոշմամբ: Դա իրենց համար մեծագույն ապացույց է այն բանի, որ սա հայկական տարածք է»:

Քանի որ անցած այցելության ժամանակ համանախագահները եղել են մի շարք համայքներում, շփվել բնակիչների հետ, ապա այս անգամ հանդիպում բնակիչների հետ նախատեսված չէր, այն ճանաչողական նպատակ ուներ, եւ ըստ Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի' արվել է այն ամենը, ինչն անհրաժեշտ է ճանաչողական այցի համար:
Թամարա Գրիգորյան



Արցախում փակել են համանախագահների ճանապարհը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք այսօր մեկնել են Քարվաճառ, այնուհետեւ Քաշաթաղ, Արցախի բնակիչները, երիտասարդները դիմավորել են բողոքի ակցիաներով եւ պաստառներով:

Քաշաթաղում փակել են համանախագահների ճանապարհը: Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը իջել է մեքենայից եւ մոտեցել բնակիչներին:Պաստառները խոսուն էին. Սա մեր հողն է, եւ մենք չենք պատրաստվում այն հանձնել, ոչ արտերկրյա զինվորներին Արցախի հողում, հարգեք ժողովրդավարական սկզբունքները, ոչ մի թիզ հող, հարգեք մեր իրավունքները, մենք մեր ընտրությունը կատարել ենք 1991-ին: Մարդիկ պահանջել են կարգի հրավիրել Ադրբեջանին, որը չի հրաժարվում ագրեսիվ հայտարարություններից:




Հայտարարություն. Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանալիները 

Մայիսի 18-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել Արցախի երիտասարդության բողոքի ցույցն ընդդեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարության, որ նա կատարել է մայիսի 7-ին Վաշինգտոնում, «Կարնեգի» հիմնադրամում,  ներկայացնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Միացյալ Նահանգների իշխանությունների քաղաքական դիրքորոշումը՝ բաղկացած վեց կետից:

Բողոքի ցույցում ընդունվել է Հայտարարություն, որում, մասնավորապես, ներկայացվում է Արցախի երիտասարդության դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, որը ամփոփվում է հետևյալ դրույթներով:

Առաջին.Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կողմերն են Ադրբեջանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է միայն բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղակի և լիարժեք մասնակցության դեպքում: Սա պարտադիր է: Ցանկացած այլ որոշում կմնա թղթի վրա: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախի Հանրապետությունը) ոչ մեկին չի լիազորել իր փոխարեն որոշում կայացնել, լինի՝ կարգավիճակի հարցում կամ այլ:

Երկրորդ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններն անձեռնմխելի են: Հայկական Արցախի հազարամյա պատմության մեջ ԼեռնայինՂարաբաղի ինքնավար մարզն էր միջանկյալ կարգավիճակ, որը ոչ միայն չապահովեց արցախահայության անվտանգությունը, այլև հանգեցրեց Արցախի պատմական տարածքի մասնատման և հայաթափման:

Երրորդ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ոչ միայն տարածք չունի «վերադարձնելու» որևէ պետության, այլև պահանջատեր է Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող իր տարածքների:  Ադրբեջանա-ղարաբաղյան  հիմնախնդրի կարգավորումը չի կարող հիմնված լինել Ադրբեջանի կամ որևէ մեկի կողմից Միջազգային սկզբունքների կամայական մեկնաբանության վրա:

Չորրորդ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ստեղծվել է ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով, միջազգային իրավունքի բոլոր պահանջների կատարմամբ: Հետևապես, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջափակման ցանկացած փորձ միջազգային իրավունքի կոպիտ խախտում է:

Հինգերորդ.  Փախստականներին և ներքին տեղահանվածներին վերաբերող բոլոր հարցերը պետք է կարգավորվեն փոխադարձության հիմունքներով ՝ ԼՂՀ վերջնական կարգավիճակի միջազգային ճանաչումից հետո միայն:

Վեցերորդ.  Բուդապեշտում քնած հայ սպային կացնահարելու ադրբեջանցու վայրենի հանցագործությունը արտոնելուց հետո անվտանգության միջազգային երաշխիքների մասին ցանկացած  խոստում  խաբեություն  է: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի 20 տարիներին խաղաղությունը պահպանվել է բացառապես ուժերի հավասարակշռության շնորհիվ: Հետևապես, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի անվտանգության միակ երաշխավորը ԼՂՀ պաշտպանության բանակն է:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
(ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ) ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ 



Ղարաբաղում խորտակվում է Եվրասիական միության ապագան

Ղարաբաղը փաստացի մերժեց մադրիդյան սկզբունքները: Մինսկի խմբի համանախագահների այցի ընթացքում այդ մասին հայտարարել են երիտասարդները, ովքեր փակել են միջնորդների ճանապարհը: Այդ մասին է հայտարարել նաեւ նախագահ Բակո Սահակյանը, ով ասել է, որ անցյալին վերադարձ չի կարող լինել ոչ կարգավիճակի, ոչ էլ տարածքների իմաստով:

Սա Ղարաբաղի ղեկավարության առաջին պաշտոնական հայտարարությունն է, որում հստակ հայտարարվում է, որ հայկական կողմը մտադիր չէ հանձնել տարածքները, այլ խոսքով՝ ամբողջովին մերժում է առաջարկվող առեւտուրը՝ «միջանկյալ կարգավիճակ ու անվտանգություն Ղարաբաղի մեկ երրորդի համար՝ Ղարաբաղի երկու երրորդի դիմաց»:

Ղարաբաղցիներն արդեն երկար տարիներ Հայաստանի ղեկավարությանը «թույլ են տվել» նման առեւտուր անել, մանեւրելով ուժային կենտրոնների ու ստատուս-քվոյի միջեւ: Սակայն, ըստ ամենայնի, եկել է պահը, երբ կողմերից մեկը մտադիր է խախտել ստատուս-քվոն, հօգուտ իրեն, եւ ղարաբաղցիները զգացել են իրական սպառնալիք:

Ստատուս-քվոյի փոփոխությունն առաջին հերթին ձեռնտու է Ռուսաստանին, որը փորձում է հասնել Ղարաբաղին, սակայն նրան զսպում են ԱՄՆ-ն եւ Եվրոպան: Ռուսաստանի Եվրասիական նախագիծն ու դրան Հայաստանի մասնակցությունն անհնար են առանց Ղարաբաղի հարցի «լուծման»՝ նախկին ԼՂԻՄ-ը Լաչինով ու Հայաստանը մտցնելով Եվրասիական միություն եւ մնացյալ տարածքը Ադրբեջանին հանձնելով:

Եվրասիական միությունը Ղարաբաղում կարող է ավարտել իր «հաղթարշավը», ինչպես Խորհրդային միությունը: Ղարաբաղցիներն, ի տարբերություն Հայաստանի շատ շրջանակների, ովքեր պատրաստ են հողերի առեւտրին, իրենք են ազատագրել այդ հողերը, իմանալով, թե ինչու են մարդիկ զոհվում: Ոչ մի ղարաբաղցի, որն ամեն օր իր տան պատուհանից տեսնում է ռազմաճակատի գիծը, ոչ մի հող չի փոխի թղթային եւ այլ երաշխիքների հետ: Մանավանդ որ, ոչ ոք նման երաշխիքներ չի էլ տալիս:

Կապիտուլյացիայի ամոթալի առաջարկներին հայերի լռելյայն համաձայնությունը միջնորդներին ու մյուսներին, այդ թվում Ադրբեջանին, հնարավորություն է տվել հույս պահել, որ առեւտրին սովոր հայերն ինչ որ պահի կզիջեն: Սակայն ղարաբաղցիներն անհաջող առեւտրականներ են, նրանք մտածում են ռացիոնալ ու արժանապատվորեն: Եւ նրանք թույլ չեն տա, որ ինչ որ մեկը, այդ թվում Երեւանում, իրենց իր կամքը թելադրի:

Հետաքրքիր է, որ ռուս համանախագահ Իգոր Պոպովն այդպես էլ ընդառաջ չի գնացել Բերձորի ակցիայի մասնակիցներին ու լրագրողներին: Ի՞նչ կարող էր նա ասել: Չէ՞ որ չէր կարող խոստովանել, որ Ռուսաստանը պատրաստվում է Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին: Որովհետեւ նման խոստովանությունը սպառնալիքի տակ կդներ ոչ միայն նրա անձնական անվտանգությունը, այլեւ Հարավային Կովկասում Եվրասիական միության ապագան:

Ղարաբաղյան կարգավորումն իսկապես մոտենում է ինչ որ «հանգուցալուծման»: Դա տեղի կունենա Ռուսաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին զուգահեռ, որն ավելի ու ավելի է մեկուսացվում: Համաշխարհային հանրությունը փորձում է շրջափակել Ռուսաստանի նախաձեռնություններն ու հավակնությունները, եւ ուղղություններից մեկն էլ Ղարաբաղն է:

Ռուսաստանը թույլ չտվեց, որ Հայաստանը դառնա տրանզիտային երկիր Իրանի ու Եվրոպայի համար, ներկայում փորձում է համոզել Ադրբեջանին՝ հրաժարվել Իրան-Եվրոպա գազամուղից, խոստանալով վճարել Ղարաբաղով: Պատահական չէ, որ ներկայում Ադրբեջանում հասունանում են հակաամերիկյան տրամադրություններ:

Ամերիկացի համանախագահ Ուորլիքը Ղարաբաղում հայտարարել է, որ իր հռչակած սկզբունքները վերջնական չեն, եւ ոչ ոք չի պատրաստվում դրանք պարտադրել: Իսկ դա նշանակում է, որ Ղարաբաղի դիրքորոշումը կարող է գնահատվել որպես վերջնական մերժում, եւ դա սկիզբ կդնի նոր համագործակցության: Հարցն այն է, թե ինչ նոր բան կմոգոնի Ռուսաստանը:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ



Մինսկի խմբի սենսացիոն նկատառումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները տարածաշրջան կատարած հերթական այցից հետո հանդես են եկել հայտարարությամբ: Այցի ընթացքում բացի Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու քաղաքներից, համանախագահները եղել են նաեւ Քարվաճառում եւ Բերձորում:

Ի դեպ, Բերձորում Արցախի երիտասարդները նրանց դիմավորել էին բողոքի պաստառներով, հայտնելով, որ չեն պատրաստվում որեւէ տարածք վերադարձնել Ադրբեջանին: Այդ ակցիայից հետո էլ բավական ուշագրավ մեկնաբանություն էր արել ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ասելով, թե ժողովուրդը պետք է իմանա ինչ հարցեր են քննարկվում, որպեսզի կարողանա հայտնել իր համաձայնությունը կամ անհամաձայնությունը:

Արցախի այդ իրադարձություններից հետո այցելելով Բաքու, համանախագահները այնտեղ չէին կարողացել հանդիպել Ադրբեջանի նախագահի ու արտգործնախարարի հետ, որոնք եղել են Վիետնամում, իսկ այնտեղից էլ մեկնել Չինաստան: Փաստացի, դա եղել է դեմարշ Մինսկի խմբի դեմ, ինչ անուղղակիորեն վկայում է ամերիկացի համանախագահ Ուորլիքի անուղղակի հաղթանակը, որն իր հայտարարություններով փաստացի կարողացավ արթնացնել Հայաստանի ու Արցախի հանրությանը եւ այդպիսով ազդարարել բանակցային գործընթացում նոր տրամադրության առկայությունը:

Սակայն, Մինսկի խմբի տարածաշրջանային հերթական այցի ուշագրավ կետերը դրանով չավարտվեցին: Համանախագահների այցն ամփոփող, հիմնականում ինֆորմացիոն հայտարարության մեջ կա բավական ուշագրավ դիտարկում կապված Արցախի հետ: Նրանք նշում են, որ այցելելով Արցախ, արձանագրել են, որ ենթակառուցվածքները զգալի բարելավվել են, բայց բնակչության թվաքանակի փոփոխություն չեն արձանագրել:

Դժվար է ասել, թե հատկապես որ համանախագահի պահանջով կամ առաջարկով է այդ կետը ներառվել Մինսկի խմբի հայտարարության մեջ, բայց մեսիջը բավական հստակ է: Չի բացառվում իհարկե, որ Մինսկի խումբն այդպիսով նաեւ իր վերաբերմունքն է հայտնում Բաքվի արհամարհական վերաբերմունքին՝ Ալիեւի եւ Մամեդյարովի բացակայությանը:

Բայց, միեւնույն ժամանակ, հստակ է, որ Մինսկի խմբի մեսիջը ուղղակի առնչություն ունի Բերձորում արցախցի երիտասարդների բողոքի ակցիայի հետ, որն անթաքույց ոգեւորել էր ամերիկացի համանախագահին:

Մինսկի խմբի հայտարարության մեջ փաստորեն արծարծվում է Արցախի ժողովրդագրական վիճակի խնդիրը: Արցախում պատրաստվում են մարդահամարի, որը կանցկացնեն 2015 թվականին: Մինսկի խմբի հայտարարության մեջ շոշափվում է Արցախը պահելու կարեւորագույն խնդիրը՝ բնակեցումը, ժողովրդագրական պատկերը: Եվ այդ գործոնը ուղղակի կենսական է ազատագրված տարածքների առումով, որոնք պահելու առանցքային հարցը հենց բնակեցումն է:

Այդ տեսանկյունից, հստակ է մեսիջը Բերձորի հանրահավաքի ուղղությամբ. Տարածքները պահելու հաստատակամությունը եւ այդ հաստատակամությունը միջազգային միջնորդներին ներկայացնելու համարձակությունը միանգամայն ողջունելի են, բայց պահելը կարգախոս չէ, պահելը աշխատանք է եւ առաջին հերթին ազատագրված տարածքի բնակեցում: Մինսկի խմբի համանախագահները հենց այդ ակնարկն են իրենց հայտարարության մեջ հղում հայկական կողմին, եւ առաջին հերթին երեւի թե Բերձորում իրենց կամքն ու ինքնորոշումը դրսեւորած երիտասարդությանը:

Երիտասարդությանը Մինսկի խումբը փաստացի հուշում է հաջորդ կարեւոր քայլը՝ պայքար Արցախի եւ ազատագրված տարածքների ժողովրդագրական վիճակի, բնակեցման համար, բնակեցման քաղաքականության համար, այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերի համար:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ



Ղարաբաղում տապալվել է խոշոր գործողություն

Դատելով քաղաքական գործիչների ու դիվանագետների ակնարկներից, Ղարաբաղում պատրաստվում էր խոշոր գործողություն, որը փաստացի կանխվել է հայերի համար նախապես անընդունելի կարգավորման սկզբունքների հրապարակայնացմամբ, որը հնչեցրել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Դա հանգեցրել է «մադրիդյան սկզբունքները» մերժելուն:

Նախատեսվող գործողության մասին կարելի է դատել մի շարք հայտարարություններով: Օրինակ, Իրանի նախագահ Հասան Ռուհանին Պեկինում Պուտինի հետ հանդիպմանը հետաքրքիր հայտարարություն է արել: Նա ասել է, որ վերջին ամիսներին ռուս-իրանական համագործակցությունը թույլ է տվել նվազեցնել տարածաշրջանում զինված հակամարտությունների սպառնալիքը:

Ռուսաստանը մտադիր էր զորք մտցնել Ղարաբաղ եւ տեղակայել այն սահմաններում, որոնք կճշտվեն Բաքվի հետ, տարածքների մի մասը հանձնել Ադրբեջանին, զորքը կանգնեցնել Իրանի հետ սահմանին, իսկ Ղարաբաղից մնացած մասը Հայաստանի հետ միացնել Մաքսային միությանը կամ մտցնել իր կազմ:

ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի վերջերս արած հայտարարությունը վկայում է, որ նման գործողություն պատրաստվում էր: «Այս տարի, առաջին անգամ հինգ տարիների ընթացքում, Ադրբեջանը դիմել է Ռուսաստանին խնդրանքով՝ միջնորդ դառնալ կրակի դադարեցման ռեժիմի պահպանման հարցում: Մենք մեր համաձայնությունը տվել ենք, սակայն հակառակորդը խախտել է իր տված խոսքը», ասել է Մովսես Հակոբյանը:

Նա նշել է, որ այս տարի ղարաբաղյան կողմը Հաթերքի շրջանում 6-7 կմ առաջ է գնացել եւ զբաղեցրել շահավետ բարձունքներ: Իսկ Ադրբեջանին այս տարիների ընթացքում առաջին անգամ չի հաջողվել առաջ տալ իր դիրքերը:

Իսկապե՞ս Իրանին հաջողվել է, «Ռուսաստանի հետ համագործակցության ճանապարհով» կանխել ռուս «խաղաղապահների» մուտքը: Թեհրանը բազմիցս հայտարարել է սահմանների փոփոխության անընդունելիության եւ տարածաշրջանում արտասահմանյան զորքերի ներկայության անթույլատրելիության մասին: Չի բացառվում, որ հենց Իրանի հայտարարությունն է ստիպել Ռուսաստանին ու Ադրբեջանին հրաժարվել իրենց ծրագրերից: Եւ այդ ծրագրերի տապալման մեջ Ադրբեջանը մեղադրում է ԱՄՆ-ին:

ԱՄՆ-ն չի էլ թաքցնում, որ շահագրգռված չէ տարածաշրջանում ռուսական զորքի հայտնվելով: Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը նույնպես վերջերս որոշ փակագծեր է բացել. «Ադրբեջանը դեռ չի բախվել ներխուժման, սակայն հնարավոր է, որ ապագայում կբախվի… Ես չգիտեմ Պուտինի մտադրությունները, սակայն չեմ կարծում, որ Ռուսաստանն ու Իրանը կցանկանային ընդհանուր սահման ունենալ»:

Ռուսաստանի ու Իրանի «ընդհանուր սահմանը» հնարավոր է միայն այն դեպքում, եթե ռուսական զորքերը հայտնվեն Ղարաբաղի Իրանին սահմանակից շրջաններում:
Հատկանշական է, որ Ուորլիքի հրապարակած կետերը հավանության են արժանացել Ադրբեջանում: Այդ երկրի ԱԳ նախարար Մամեդյարովը նշել է, որ Բաքուն դեմ չէ հակամարտության գոտում խաղաղապահ զորքերի ներկայությանը: «Խաղաղապահներն անհրաժեշտ են, քանի որ կողմերի միջեւ վստահություն չկա, սակայն կա մարդկանց անվտանգությունն ապահովելու անհրաժեշտություն, այդ թվում ադրբեջանցի վերաբնակների»:

Ռուսական զորքերի մուտքը Ղարաբաղ կարող էր վերջակետ դնել տարածաշրջանը բացելու հեռանկարի վրա եւ Հայաստանը վերջնականապես վերածել իզգոյի: Սակայն Իրանը եւ Եվրոպան առայժմ խոսում են Հայաստանով հաղորդակցությունների անցկացման եւ տարածաշրջանը եվրատլանտյան պատասխանատվության գոտի ներգրավելու մասին: Փաստացի, կանխելով Ղարաբաղը բաժանելու ռուս-ադրբեջանական գործարքը (Հայաստանի լռելյայն համաձայնությամբ), Իրանը եւ Արեւմուտքը փրկեցին հայկական երկու պետությունները եւ նրա համար համաշխարհային համակարգին ինտեգրվելու հնարավորություն պահպանեցին:

Հայ-լեհական առեւտրի պալատի նախագահ Մացեյ Բոգոցեւիչը վերջերս Հայաստանին կոչ է արել կամուրջ դառնալ Եվրոպայի եւ Իրանի միջեւ: Հայաստանն առայժմ չի պատասխանել: Սակայն այն ժամանակաշրջանում, երբ պատրաստվում էր սարսափելի գործողությունը, Հայաստանում տեղի ունեցավ երկու կարեւոր իրադարձություն՝ Երեւանում տեղի ունեցավ «հակապուտին» երթը, իսկ Ղարաբաղի երիտասարդները մերժեցին մադրիդյան սկզբունքները: Բացի այդ, Եվրասիական միություն մտնելու Հայաստանի հեռանկարն առայժմ մշուշոտ է:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ



Ռուսաստանը ստանձնում է Արցախում դիվերսիայի պատասխանատվությունը

Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Կոնստանտին Բիրյուլինը հայտարարել է, որ Ռուսաստանը ավարտել է Ադրբեջանին 100 T 90 տանկերի մատակարարումը, եւ պատրաստ է եւս այդքան էլ մատակարարել: Հարձակողական այդ սպառազինությունը Ադրբեջանի հետ զենքի մատակարարման 4 միլիարդ դոլարանոց գործարքի կարեւոր մասերից է:

Ռուսաստանը ամիսներ առաջ հայտարարեց, որ պատրաստ է ավելացնել Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական գործակցության ծավալը: Ռուսաստանը հանդիսանում է Ադրբեջանի ռազմական սպառազինության 80 տոկոսի մատակարարը, Բաքվի թիվ մեկ գործընկերը:
Ներկայում, Ռուսաստանի համար Ադրբեջանը դառնում է առավել քան կարեւոր գործընկեր, այն իմաստով, որ արեւմտյան տնտեսական պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանի համար կարեւոր է զենք վաճառել Ադրբեջանին ու ստանալ միլիարդներ:

Հիշեցման կարգով՝ Մոսկվան Հայաստանի անվտանգության երաշխավորն է, Հայաստանի անվտանգության դաշինքի՝ ՀԱՊԿ-ի առանցքային անդամը, Հայաստանի ռազմավարական դաշնակիցն ու բարեկամը: Իմաստ կա՞ արդյոք այդ կարգավիճակների թվարկումից հետո գնահատել այն, ինչով զբաղված է Մոսկվան Բաքվի հետ: Երեւի թե չկա, առավել եւս, որ դրա մասին խոսվել է շատ անգամներ:

Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանի դիվերսիոն խումբը կրկին փորձել է ոտնձգություն կատարել Արցախի նկատմամբ: Դրա նախօրեին էլ մարտական հենակետում թշնամու գնդակից հայ զինվոր էր մահացել, որին Արցախի իշխանությունը պարգեւատրել է արիության համար:
Այդ իրադարձությունների ֆոնին, Ադրբեջանի հանդեպ սպառազինությունների մատակարարման անխափանության եւ նորը մատակարարելու պատրաստակամության մասին Ռուսաստանի պաշտոնյայի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական դիվերսիայի համար պատասխանատվության ստանձնում: Դաշնակից համարվող պետությունը սովորաբար դատապարտում է դաշնակցի դեմ կատարվող գործողությունները: Բայց, դրա փոխարեն, Ռուսաստանը հայկական զինուժի հանդեպ հերթական դիվերսիայից անմիջապես հետո հայտարարում է, որ պարտաճանաչ զինում է Ադրբեջանին:

Ընդ որում, դիվերսիաներն էլ այդ գործընթացի կարեւոր մաս են: Դրանցում իհարկե տանկեր կարծես թե չեն օգտագործվում, բայց դրանք այն կայծն են, որ կարող են ինչ որ բան բռնկել: Իսկ բռնկելը Ռուսաստանի համար խիստ անհրաժեշտ է: Չէ որ Ադրբեջանի ռազմական պահեստները անսահմանափակ չեն եւ մի օր կլցվեն, հետեւաբար պետք է պարբերաբար կայծ տալ, որպեսզի կրակ բռնկվի եւ զենք օգտագործվի, որպեսզի Մոսկվան կարողանա եւս մի քանի հարյուր գերժամանակակից տանկ վաճառել Ադրբեջանին:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ



Մոսկվան կարող է Т-90С տանկերի նոր խմբաքանակ մատակարարել Բաքվին

Ռուսաստանն ավարտել է 100 հատ Т-90С տանկերի մատակարարումը Ադրբեջանին, և հնարավոր է նույն քանակի նոր խմբաքանակի մատակարարումը Բաքվին: ИТАР-ТАСС լրատվական գործակալությանը այդ մասին այսօր հայտնել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Կոնստանտին Բիրյուլինը, հաղորդում է Ազատություն ռադիոն:

«100 տանկից բաղկացած ողջ խմբաքանակը մոտ մեկ ամիս առաջ արդեն ուղարկել ենք [Ադրբեջան]», - փոխանցել է ռուսաստանցի պաշտոնյան՝ հավելելով, որ հնարավորություն կա Ադրբեջանին մատակարարել նույն խմբաքանակի Т-90С տանկեր: «Սակայն երկրորդ խմբաքանակի մասով դեռ պայմանագիր չկա», - մանրամասնել է Բիրյուլինը:

Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավարը հիշեցրել է, որ Բաքվին 100 հատ Т-90С տանկերի մատակարարման մասին պայմանագիրը Ռուսաստանն ու Ադրբեջանը կնքել են 2011 թվականին: Նախատեսված էր ավելի վաղ ավարտին հասցնել տանկերի մատակարարումը, սակայն գործարքի կատարումը ձգձգվել է, քանի որ իր հերթին ուշացել է տանկերի դիմաց գումարի փոխանցումը Ադրբեջանից:

«Այսօրվա դրությամբ մենք բոլորը ուղարկել ենք, ստացել ենք ամբողջ գումարը: Շարունակվում է աշխատանքը Ми-171 և Ми-35 ուղղաթիռների գծով: Ուղարկում ենք զրահամեքենաները, թեթև հրաձգային զենքերը, ականանետները և հաուբիցները»,- ասել է Բիրյուլինը



Արսեն Ավակովի ծանր հարվածը Մոսկվային

Ռուսական քարոզչությունը հանկարծ հիշել է հայերի, հայերի ցեղասպանության, ձեռքի հետ էլ Բաքվի հայերի մասին, դատողություններ անելով Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի մասին, հայերին կոչ անելով ազդել նրա վրա: Ընդ որում, դա արվում է այնպիսի տոնով, որ հայերը պարզապես պարտավոր են դա անել, քանի որ նույնիսկ անհատական մակարդակում էլ հայերը ռուսների վասալն են:

Ավակովը ներկայում գործնականում ոչ միայն ներքին գործերի նախարարն է, այլեւ ուկրաինական զորքերի հրամանատարը: Բայց նա ոչ միայն հայ է, այլեւ ղարաբաղցի հայ եւ շատ լավ հիշում է, որ 1991 եւ 1992 թվականներին ռուսները պատժիչ արշավ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ: Այն ժամանակ սպանվեց 1000-ից ավելի հայ եւ ոչնչացվեց 40 բնակավայր:

Ի դեպ, մոտենում է ռուսական այդ ագրեսիայի 22-ամյակը՝ հունիսի 13-ին: Հնարավոր է, Ավակովը, պաշտպանելով Ուկրաինան, չի մոռացել այդ իրադարձությունները եւ գիտե, որ Ռուսաստանը ժամանակակից զենքով հագեցրել է Ադրբեջանին: Որքա՞ն է Ռուսաստանն աշխատել զենք մատակարարելու վրա, 4 միլիա՞րդ: Իսկ որքա՞ն է կորցրել Ուկրաինայում:
Դա լիովին օրինաչափ է, քանի որ ավելի ու ավելի շատ հայեր են պատրաստ եւ իրականացնում են հակա-ռուսական գործունեություն: Հաջորդ փուլում հայերի կազմակերպված հակա-ռուսական աշխատանքն է: Մեծացել է հայերի հակա-ռուսական սերունդ: Սակայն, երբեմն «մեկ հոգին էլ է ռազմի դաշտում զինվոր». Լիովին արդյունավետ սկզբունք է:

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ



Վահագն Դավթյան. Մեր գոյության, մեր հարատևության խորհուրդը

Մեր գոյության, մեր հարատևության խորհուրդը ինձ պատկերվում է չորս ամրակուռ սյուների վրա հանգչող գմբեթի տեսքով: Սյուներից առաջինը մեր մեծասքանչ լեզուն է, որ դարերի խորքից դեպի մեզ է գալիս Մեսրոպ Մաշտոցի սրբացած կերպարանքով:
Մյուսը մեր պատմության ու հայրենասիրության ոգին է, որ Խորենացու կերպարանքով է հետևում ինձ, քանի որ նա էր այդ ոգու հայտնաբերողն ու հաստատողը: Նա էր սահմանողը հայրենասիրական այն որակի, որը մեզ ուղեկցում է մինչև օրս:
Սյուներից հաջորդը տառապանքով ինքն իրեն զտելու, ինքն իրենից բարձրանալու, ոգու ու խղճի ամենաբարձր ոլորտներին առնչվելու այն հատկությունն է, որն իր հանճարով նվաճեց ու մեզ պարգևեց Նարեկա մեծ ճգնավորը: Աղարտվող, աղճատվող, այլասերվող ժողովուրդները չեն կարող երկար կյանք ունենալ:
Մեր ժողովրդի զորավոր սյուներից մյուսը, իմ խորին համոզմամբ, առողջ, լավատես, կենսահաստատ փիլիսոփայությունն է, որի կրողներից մեծագույնը Հովհաննես Թումանյանն է` լուսեղեն բանաստեղծն ու քաղաքացին: Նա իմ բանաստեղծական ու քաղաքացիական իդեալն է: Ես նրա յուրաքանչյուր տողի հավատավորն եմ: Եվ սա չի վերաբերում նրա միայն պոեզիային, այլև հոդվածներին, նամակներին, հրապարակախոսությանը: Ընթերցում և վերընթերցում եմ դրանք և զարմանքով տեսնում, որ չկա մի միտք, մի դատողություն, մի գաղափար, որ այսօրվա լույսի տակ խունացած կամ սխալ դուրս եկած լինի:

...Ես իմ գրական բավականին երկար ճանապարհին խորապես համոզվել եմ, որ իսկական գրողները, հիրավի ժողովրդականները, նրանք են, ովքեր իրենց ժողովրդի գոյության ներքին կապերը ամրապնդելու մտասևեռում ունեն, ովքեր մտահոգված են իրենց ժողովրդի ազգային և բարոյական նկարագրի անաղարտությամբ:
Ես իմ ամբողջ կյանքում մեր գոյության այդ խորհուրդների նվաստ պարտապանն եմ եղել ու եթե կարողանամ կյանքիս մնացած ժամանակամիջոցում այդ պարտքի մի չնչին մասն իսկ հատուցել, ապա պիտի արդարացված համարեմ իմ գոյությունը և խաղաղ հեռանամ աշխարհից:

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ



Ասկերանի շրջանի Իվանյան գյուղը

Իվանյան գյուղը համարվում է Ասկերանի շրջանի ամենազարգացող գյուղերից մեկը։ Գյուղ ազատագրվել է 1992թ-ի փետրվարի 26-27-ը։ Մինչև 2001 թ. գյուղը համարվում էր Ասկերանի շրջանի 2-րդ և 3-րդ թաղամասերը։

2001-ի սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել գյուղապետի ընտրություն. գյուղապետ է ընտրվել Մարդի Աղաջանյանը՝ Իվանյանի առաջին գյուղապետը։ 2007-ին գյուղապետ է ընտրվել ներկայիս գործող գյուղապետ Բորիս Ղահրամանյանը։ Համայնքում նրան բնութագրում են միայն դրական կողմերով։ Շրջվարչակազմի ղեկավարության կողմից բնութագրվում է որպես բարեխիղճ և պարտաճանաչ, այն պատճառով, որ նա ջանքեր չի խնայում գյուղի հետագա զարգացման և բնակչության կյանքի բարելավման համար։

Համայնքն այսօրվա դրությամբ ունի 1397 բնակիչ։ Նախորդ տարվա համեմատ բնակչությունը աճել է 50 մարդով։

Ինչպես գյուղը, այնպես էլ դպրոցն իր անվանումը ստացել է հայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ, Երկրերդ համաշխարհային պատերազմի և Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս՝ «Ոսկե արծիվ» շքանշանակիր (հետմահու 2000 թ.) Քրիստափոր Իվանյանի անունով։ Նա ծնվել է զինվորականի ընտանիքում՝ 1920 թվականի դեկտեմբերի 20-ին, Թիբիլիսիյում։

Իվանյանի անվան դպրոցում այժմ սովորում է 197 աշակերտ։ Ներկա դրությամբ համայնքում բնակվում են 90-ից ավելի նախադպրոցականներ, սակայն, ցավոք, գյուղում մանկապարտեզ չի գործում։

Գյուղում գործում են «Սևան», «Մասիս տոբակո», «Ակադեմիա», «Օկեան» «Կապավոր» և «Ֆոր Դիրեկշնս» ՍՊԸ-ները։ Առկա է 3 ավտոտեխսպասարկման կետեր և Գ∕տեխնիկայի պահեստամասերի մեկ խանութ։

Բնակիչները գյուղում հիմնականում զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ։ Միայն 50-ից 60 բնակիչ աշխատում են «Մասիս տոբակո» ծխախոտի գործարանում։ Երիտասարդների մեծամասնությունը հիմնականում ծառայում է ՊԲ շարքերում՝ պայմանագրային հիմունքներով։ Երիտասարդները բավականին մեծ թիվ են կազում, սակայն աշխատանքից հետո գյուղում զբաղմունք չկա։ Բնակիչներն էլ առիթի դեպքում խոսում են առօրյա հոգսերի և իղձերի մասին։ Այսօր էլ նրանք շարունակում են շենացնել հարազատ բնակավայրը՝ զավակներ են մեծացնում, հող մշակում, անասուններ պահում։

Գյուղի հետագա զարգացմանը կնպաստի նորակառույց օդանավակայանը, քանի որ այն գտնվում է Իվանյանի տարածքում։ Նաև գյուղում կատարվում են ասֆալտապատումներ։ Սույն թվականի փետրվարի 26-ին լրացավ Ասկերանի շրջանի Իվանյան գյուղի՝ նախկին Խոջալուի ազատագրման 22-րդ տարեդարձը։ Այս տարիների ընթացքում աշխարհի տարբեր՝ 58 բնակավայրերից մարդիկ եկել և վերաբնակվել են Իվանյանում, և նրանք էլ փոձում են արդեն իսկ հարազատ դարձած բնօրրանը շենացնել։

ՄԱՐԻԱ ՀԱԿՈԲՅԱՆ


Ուսանողական խաղեր ՀՀ-ում

2014 թ. ապրիլի 14-ին ՀՀ-ում՝ Խուլ ու համրերի կենտրոնական մարզադահլիճում, տեղի ունեցավ ՀՀ ուսանողական մարզական խաղերի բացման հանդիսավոր արարաողությունը։ Հայաստանի ուսանողական մարզական խաղերը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

Ուսանողական խաղերը միավորել էին 3000 ուսանողի՝ 20 բուհից, ովքեր մրցում էին 11 մարզաձևերում: Շատ կարևոր է, որ մասնակիցների թիվն ու աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում է. բացի մայրաքաղաքային բուհերից, նաև մարզային բուհերն ու Արցախի պետական համալսարանն էին մասնակցում: Ուսանողական մարզական խաղերը դարձել են առողջ ապրելակերպի խորհրդանիշ:

Նշենք, որ ըստ հաստատված խաղացանկի՝ կայացան Հայ- ռուսական (Սլավոնական) և մանկավարժական, Բժշկական և Ֆրանսիական, Տնտեսագիտական և Արցախի պետական համալսարանների հանդիպումները: Հայաստանի երիտասարդական հիմնադրամից այս մարզաձևում ուսանողական խաղերին ուժերն էին չափում 10 բուհի թիմեր: Այս տարի առաջին անգամ մրցումներին մասնակցում էր նաև ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի աղջիկների վոլեյբոլի թիմը:
Վոլեյբոլի խաղորի գլխավոր մրցավարն էր Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար՝ Կարեն Ասմարյանը:

 Ապրիլի 15-ից վոլեյբոլի խաղերը շարունակվել են ՀՊՏՀ մարզադահլիճում: ՀՊՏՀ մարզադահլիճը ուսանողական 15-րդ մարզական խաղերի շրջանակներում հյուրընկալել է հայաստանյան մի շարք պետական բուհերի ներկայացուցիչների ու մարզասերների:
Արցախի պետական համալսարանի թիմը, մարզիչ՝ Ռուզաննա Գրիգորյանի ուղեկցությամբ, ՀՀ ժամանեց ապրիլի 13-ին: Տարիներ շարունակ Արցախի պետական համալսարանի թիմն առաջնային տեղեր էր գրավում: Հիշեցենք, որ 14-րդ հանրապետական մարզական խաղերում առաջին տեղ էր գրավել ՀՊՏՀ-ի աղջիկների թիմը: 15-րդ ուսանողական մարզական խաղերին Արցախի պետական համալսարանի թիմը ՀՊՏՀ-ի աղջիկների թիմի հետ թեժ պայքարում 3 ։ 1 հաշվով առավելության հասավ: Խաղերը շարունակվել են ապրիլի 15-ից մինջև 19-ը։
Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղի շրջանակներում ապրիլի 19-ին անցկացվել են վոլեյբոլի աղջիկների առաջնության եզրափակիչ խաղերը:

Եզրափակիչ փուլում 3-րդ տեղի համար պայքարում ուժերը չափել են Երևանի պետական լեզվաբանական և արցախի պետական համալսարանների հավաքականները: Խաղում հաղթանակ գրանցեցին և 3-րդ հորիզոնականը գրավեցին Արցախի պետական համալսարանի վոլեյբոլիստուհիները: Առաջին և երկրորդ տեղերի համար պայքարել են ԵՊՀ և ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի աղջիկների վոլեյբոլի թիմը: Թեժ պայքարում 3-1 հաշվով առավելության է հասել և առաջին մրցանակային տեղը գրավել է ֆիզկուլտուրայի իսնստիտուտը ներկայացնող թիմը:

ՄԱՐԻԱ ՀԱԿՈԲՅԱՆ



Լավագույն նվերը գիրքն է

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ կարդալու շնորհիվ, մարդիկ լայնացնում են իրենց մտահորիզոնը, և դա միայն մի փոքր մասն է կազմում այն ազդեցության, որը կարող է թողնել գեղարվեստական գրականությունը: Ցավոք, մեր օրերում, ոչ բոլորն են իրենց ազատ ժամանակը տրամադրում ընթերցանությանը, նրանք կարծում են, թե համացանցը և հեռուստացույցը կարող են փոխարինել գրքին: Բացի գեղագիտական հաճույքից, գիրքը նաև բազում այլ դրական գործոններ ունի, որոնք ձգում են մարդկանց:

Շատ հաճախ գրքերում, մարդը կարող է գտնել իրեն հուզող հարցերի պատասխանները, երբեմն նաև՝ խնդիրների լուծման ճանապարհներ, կապված ոչ միայն ռոմանտիկ հարաբերությունների հետ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, այլ նաև բազում այլ գլոբալ խնդիրների՝ կյանքի իմաստը գտնելու, ճիշտ ճանապարհ ընտրելու հետ: Դա կապված է այն բանի հետ, որ գրքի հերոսների բանվորության գծերը, աշխարհայացքը, վերաբերմունքը՝ կյանքի նկատմամբ, մեզ շատ ծանոթ է լինում, մենք նրանց մեջ մեզ ենք տեսնում: Չէ՞ որ մարդկանց մեծամասնությունն ունի իր սիրած գրական հերոսները, որոնց մասին կարդալով այս կամ այն ստեղծագործության մեջ, մարդը բացահայտում է սեփական բնավորության թաքնված հնարավորությունները:

Հաճախ, տեսնելով հերոսների թույլ տված այս կամ այն սխալը, մարդը զուգահեռներ է անցկացնում իր հետ և համապատասխան եզրակացություններ անում: Ինչ վերաբերում է համացանցին, որպես գրականության աղբյուրի, այստեղ գլխավոր թերությունն անհարմար ընթերցանությունն է և տեսողությանը հասցրած վնասը: Համացանցում կարելի է գտնել ցանկացած գրականություն: Ցավոք, ոչ միշտ է, որ օգտակար է լսել խորհուրդներ, կապված գրքի ընտրության հետ: Քննադատությունը, ինչպես և դրական կարծիքները գրքի մասին, ուղղված են այդ արտադրանքը գովազդելուն և ոչ միշտ են արտացոլում ստեղծագործության իրական որակը: Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում ինչ գիրք կարդա, և կարող է երկար ժամանակ պահանջվել մինչև մարդ ընտրություն կատարի, գտնի իր նախասիրությունն ու կառուցի իր ապագան:
    ՔՐԻՍՏԻՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Լրագրություն, 4-րդ կուրս



Մարդը՝ սոցիալական ցանցերի գերակայության տակ

Մեր դարաշրջանը տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգիչների, համացանցի դարաշրջան է: Տարեցտարի մարդն ավելի ու ավելի խորն է թափանցում վիրտուալ համակարգչային աշխարհ: Շատ մարդկանց համար էլեկտրոնային աշխարհը վաղուց արդեն իրական աշխարհի տեղն է զբաղեցրել այնպես, ինչպես և վիրտուալ հաղորդակցությունը տեխնիկայի հետ ինչ-որ տեղ փոխարինեց ուղղակի մարդկային շփմանը: Ժամանակակից մարդն ավելի ու ավելի քիչ է շփվում այլ մարդկանց և բնության հետ, փոխարինելով այդ ամենը համակարգչային աշխարհի վիրտուալ տարածքների հետ:

Վիրտուալ շփում, վիրտուալ մտածելակերպ, վիրտուալ բնություն, վիրտուալ աշխարհ, ամրոցներ, սեր, քաղաքներ և, ի վերջո, վիրտուալ կյանք, որը ոչ մի իմաստ չունի: Ահա թե ինչպես են համակարգիչները մարդկանցից խլում իրենց ընկերներին, սիրելիներին, իսկ ժամանակակից աշխարհում նաև մայրերին ու հայրերին, իսկ այդ մարդկանցից՝ կյանքը:

Տարբեր սոցիալական կայքեր մեծ ճանաչում ունեն բնակչության տարբեր հատվածներում և ցանկացած տարիքի մարդկանց շրջանում: Բոլոր սոցիալական կայքերի սկզբնական մտահղացումը բացարձակապես անմեղ է եղել, քանի որ նպատակը այն էր, որպեսզի հնարավորություն տրվեր տարբեր պետություններում, քաղաքներում ապրող ընկերներին, բարեկամներին շփվել, կիսվել կարծիքներով, նոր ծանոթություններ ստեղծել և այլն: Սակայն, սոցիալական կայքերի շուրջ ստեղծված իրավիճակը մեկ այլ բան է ասում. այդ անմեղ մտադրություններն, ընդհակառակը, ավելի շատ վնաս են հասցնում հասարակությանը:

 Մեր՝ ժամանակի հետ առաջ ընթանալը, մեզ տարել է դեպի վիրտուալ կախվածություն: Մարդիկ վերածվում են մեքենաների: Եվ ինչպես արդեն նշել ենք, մարդիկ սկսում են ապրել վիրտուալ կյանքով՝ վիրտուալ շփմամբ: Այդ ամենը կամաց-կամաց վերացնում են իրական մարդկային զգացմունքները և զգացողությունները: Մարդկանց մեծամասնությունը տոները նշում է վիրտուալ՝ բացիկը կպցնելով ընկերոջ պատին: Նրանց համար ավելի հեշտ է մարդկանց հետ շփվել հաղորդագրությամբ, քան նրանց հետ հանդիպելով: Երեխաներն իրենց ընկերների հետ նույնպես խաղում են համացանցում, այլ ոչ թե բակում, ցանցերը զրկում են այդ մարդկանց իրական աշխարհի հետ շփումից, իսկ երեխաներին՝ մանկությունից:

Մարդիկ, ովքեր տարված են սոցիալական ցանցերով, պարզապես կորցնում են իրենց ինքնությունը, նրանք կորցնում են զգացմունքները, օր ու գիշեր «կախվում են» ցանցերում, արհամարհում են աշխատանքը, իրենց անձնական և հոգևոր զարգացումն ու առհասարակ կորցնում են շրջակա աշխարհի, մարդկանց հանդեպ ուշադրությունն ու հետաքրքրությունը: Իր բացասական կողմերի հետ մեկտեղ, համացանցն ունի, սակայն, բազում դրական կողմեր. ուղղակի պետք է կարողանալ ճիշտ և նպատակային օգտագործել այն:

    ՔՐԻՍՏԻՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Լրագրություն, 4-րդ կուրս



Հին ու նոր պատմություն

կամ` երբ գիժը քար գլորեց ձորը

Մի հիմար, ավելի ճիշտ՝ ապուշի մեկը, քար գլորեց ձորը: Մինչ ազգի խելոքները հավաքված, մտածում էին, թե ձորից ոնց հանեն սրա գլորած քարը, այս խելառը երկրորդ քարը գլորեց: Նախորդից մեծ քար:

Ազգի խելոքները նորից սկսեցին գլուխ ջարդել, բայց արդեն ոչ թե մեկ, այլ երկու քարերը հանելու համար: Ու մինչ ազգի իմաստունները նորից հավաքված, ծանր ու մեծ մտածում են, սա երրորդ քարը գլորեց՝ նախորդներից ավելի խոշոր մի քար:

Ազգի խելոքները խուճապի մեջ են. ո՞նց հանեն այդ անիծյալ քարերը:

- Ուրիշ ելք չկա,- ասաց իմաստուններից մեկը,- եկեք հանրահավաք անենք, հետո կերևա…

- Ի՞նչ հանրահավաք,- խոսեց երկրորդ իմաստունը, – մի քանի անգամ արդեն արել ենք, բայց որևէ օգուտ չենք ստացել դրանից: Առաջարկում եմ հացադուլ անենք:

- Ոչ մի հանրահավաք, ոչ մի հացադուլ,- ասաց երրորդը:- Միակ ճանապարհը, միակ ելքը նամակ գրելն է: Դուք այստեղ որքան ուզում եք՝ մտածեք, ես գնացի: Գնում եմ նամակ գրեմ:

- Հռոմի պապի՞ն,- հարցրեց մեկը:

- ՄԱԿ-ի՞ն,- հարցրեց երկրորդը:

- Ոչ մեկին, ոչ մյուսին, Թագավորին,- ձեռքն հանդիսավոր ինչ-որ ուղղությամբ պարզելով, ասաց նամակագիրը, մյուսներից առանձնացավ, մի սալաքարի վրա նստեց ու հանեց նոթատետրը:

Իմաստուններից մեկը ձեռքը վեր պարզեց, բոլորը լռեցին:

- Մի՛ աղմկեք, տիկնայք ու պարոնայք,- ասաց նա, չնայած հավաքվածների մեջ միայն տղամարդիկ էին:- Մեր այս աղմուկով ջուր ենք լցնում թշնամու ջրաղացին: Հետևեք ինձ: Ես գիտեմ ինչ պիտի անենք:

 - Նախ ասա՝ ո՞ւր ես ուզում մեզ տանել, և ի՞նչ պիտի անենք,- հարցրին իմաստունները:

- Եկեք միասին գնանք աղոթենք…

Հավաքվածները սկսեցին դժգոհ աղմկել: Արդեն իրար ձայն չէին լսում: Կոպտում ու հայհոյում էին իրար, և չնկատեցին, թե որտեղից ու ինչպես իրենց առջև հայտնվեց բոլոր ժամանակների մեծագույն աշխարհակալը՝ Ալեքսանդր Մակեդոնացին:

Նա դանդաղ իր շորերից թափ տվեց հազարամյակների փոշին, հայացքով չափեց բոլորին ու հարցրեց.

- Տիարք, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ եք հավաքվել այս ձորի գլխին, ինչո՞ւ եք աղմկում:

- Մի հիմար, թանձրագույն ապուշի մեկը քարեր է գլորել ձորը, մտածում ենք, թե ինչպես հանենք,- միաձայն պատասխանեցին իմաստունները:

- Ահա թե ինչ,- Աշխարհակալը մի րոպե լռեց ու հարցրեց:- Տեսե՞լ եք, թե ես ինչպես եմ լուծել գորդյան հանգույցը:

- Չենք տեսել, բայց այդ մասին կարդացել ենք,- կրկին միաձայն պատասխանեցին իմաստունները:

- Այդ դեպքում ինչո՞ւ եք գլուխ ջարդում: Ամեն ինչ չափազանց պարզ ու հասարակ է: Պետք չի քարերը հանել: Բռնեք այդ հիմարին՝ քարերը գլորողին, ձեռ ու ոտերը կապեք և այստեղից՝ ձորի գլխից ուղարկեք իր գլորած քարերի հետևից:

*   *   *
Այստեղ պատմությունն ավարտվում է: Բայց մի խումբ ականատեսներ ասում են, որ պատմությունը շարունակություն ունի: Լսենք նրանց պատմածը.

Մինչ Մեծ զորավարը շրջվել, ուզում էր հեռանալ, իմաստուններից մեկը նրա հետևից ձայնել է.

- Աշխարհակալ, բայց նրան ո՞նց բռնենք:

Մեծն Մակեդոնացին դանդաղ շրջվել, արհամարհանքով ոտից գլուխ չափել է իմաստուններին ու ասել.

- Եթե դուք այդ օրին եք արդեն, ձեզ համար մի պահեստային տարբերակ կա,- նա կրկին արհամարհանքով չափել է բոլորին ու մատնացույց արել անդնդախոր ձորը: – Ինքներդ մեկնեք քարերի հետևից…
ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
Աղբյուրը՝ Անալիտիկոն



Արցախյան վերնիսաժ. ՕԹ ՄԵԽԱԿ

     Ադամին ա Եւին փսակվելը օրիշ փորմի ա իլալ։ Աստուծ Ադամին ստեղծալ ա. տեսալ ա վեր մինակ շատ ա դիլխոր տեռնում,  նրան  քունավ ա ըրալ, կուխկուճաղան մին վեսկեռ տյուս կալալ, դրանա Եւին ստեղծալ։ Եւան էլ ուրան խելունք չի պահալ, օխծին խելքավն ա ինգալ։ Աստուծ Ադամի ա Եւին հետի կաշվի շորեր ա պդրաստալ, առանց զուռնըղավալ տահանց փսակալ, Դրախտան տյուս ըրալ՝ ասալ,  վեր  իմ ըրած լիվոթունս կլոխ չըք ինգյալ, քեցիք ծըզ հետի տոն  շինեցիք, ծեր հալալ քըռնընքավը ապրեցիք։  Ադամին ա Եւին  շատ խոխեք ըն իլալ, մըծացալ ըն, փսակվալ՝ մարթկութունն էլ տի շըտացալ ա։

    Ադամին  վխտանց մինչեւ մըհենգ,  թա քանի՞ հրսանեք ա իլալ, տա մինակ Աստուծ ա գյուդում։ Բայց մին  պեն հաստադ ա՝  վեչ մի տղի ըխճըգա  առաչի հանդիպումը, հետո  հրսանեքը  ուրուր նման չըն ինում։  Ասածս հաստադելի հետի մին պեն պատմիմ, սկացիք։

    Էս վեր ասում ըմ շա՜տ շուտանց ա իլալ։ Մեր պարիկամ  Հայկանուշը  ուրան ախպորը տղեն՝ Խաչիկին հետի սաբաբ ա տեռալ, Սոնիշկին նհետ պայմանավորվալ,  վեր ուրան ըխճըգանը տանը մինակ թողի, խոխեքը հանդիպին, ուրուր  նհետ զրուց անին, ուրուր հասկանան։

    Էքսը կեսօրին Սոնիշկան  Անուշին ասալ ա. «Անուշ, մաման կլխավտ շոռ տա, տու արթեն մեծ ախճիգ ըս, հնգերուքտ մարթա  երկու  խոխա օնին, ես տանան տյուս ըմ կյալու, տոնը մի խելունք, ջահիլ տղա յա կյալու, էս մին դոնումն էլ չի պոզերտ տեմ անիս, պատար կոթտ բոշ ըրա, «հա՛» ասե»։

- Մամ, կարող ա էտ տղան մին կիշիկիրող շան տղա ինի, յա էլ անաշախոր, յա էլ բոյը իմ երկու բոյին, հո՞ւնց «հա»  ասիմ։ Համ էլ մե հետ տըսնելավ «հա» ասո՞ւմ ըն։
- Ախճի՛, կարո՞ղ ա քու մոր  աշկըմը իշեղ չկա, մին քու հոր  յեշի՝ հետո խոսե։
- Դե, հինչ ըմ ասում, թող կյա։

    Սոնիշկան շալը կլխեն ա քիցում, տանան տյուս կյամ, քինում հարեւանին տոնը։ Պատար անց Խաչիկը մին քանի մեխակ ծերքին կյամ ա, տռանը զանգը տամ։ Անուշը տոռնը պեց ա անում, տեսնում մին սեւ բիղավուր տղա մղակումը  կաղնած։ Տղան սառած-սառած «պարեւ» ա տամ, ասում. «Կարելի՞ ա կյամ ծեր տոն»։ Անուշը «պարեւին» պադասխանում ա, բայց մտքումը ասում. «Էս սառած ճաշը շտղա՞ն եկավ», հետո մին լավ վընըկլխեն յեշում, տեսնում, վեր փիս տղա չի, մարը դյուզ ա ասալ։ Անուշը տղին տոն ա հրավիրում։ Խաչիկը ուրախ-ուրախ նի յա մտնում տոն, մեխակնեն տամ Անուշին, ասում. «Սա էլ մեր առաչին հանդիպման առիթավ»։  Անուշը մեխակնեն յեր ա օնում, «շնորհակալ ըմ» ասում եւ հինչ տեսնում՝ մեխակնեն օթ հատ ա։

Անուշը ասում ա.
- Ա տնաշին, կարո՞ղ ա տխրության յիրա  ըս յեկալ, էս խե մեխակնեն ճոխտ  ըս պերալ։
- Տա հինչ կապ օնե՝ ճոխտ ա, թա կընդ, բըզարըմը մին խիլա մեխակնե յըն ըլալ, ճոկալ ըմ ամենալավերը յեր կալալ, քսանը լավ ինար, քսանը կպիրեի։ Թա օզում ըս կընդ ինի, մինը թող ըրա։
-  Լավ, օթ մեխակ ըս պերալ, թող քու օզածտ ինի, ես կգիդամ հինչ կանիմ, ուրուր  նման երկու ծըղկաման օնինք, հենգը մինումը  կըտինիմ, իրեքը՝ մինումը։

     Խաչիկն  ա Անուշը  մին կես ժամ զրուց ըն անում, ուրուր լավ էլ հասկանում։  Մին քանի ամսանը յետը Խաչիկանք  նշան ըն կյամ։ Հետո հրսանեք ըն անում, մին լավ ավանդական ընտանիք ստեղծում։

     Էտ ընտանիքը մեր թաղին բրենդն ա։ Արթեն երեսուն տարե յա, վեր  Խաչիկն ա Անուշը  փեսակված ըն, շատ թոռներ օնին, բայց հալա վեչ մինը տահանց տանան մին հավայի ղլմըղալ  սկացած չի։ Իմ գիդալավ պատճառը նա յա, վեր առաչին հանդիպման վախտը օթ մեխակը կըրեցալ ըն մինտեղ «բիջարին»։
     Ցանկութունս էլ էն ա, վեր մեր ջահիլնեն «օթ մեխակին» խորհուրթը լավ հասկանան։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ 



ՀԱՄԱՐԻ ԱՍՈՒՅԹԸ

Գրականության և Արվեստի համար ամենամեծ չարիքն այն է, երբ նախագահությունում հայտնվում են կոմերսանտն ու վաշխառուն...


ԱՄՍՎԱ ԱՍՈՒՅԹԸ

Կան գրական միջակություններ, ովքեր եթե ծնված չլինեին, պետական գանձարանը հնարավորինս քիչ կորուստներ կկրեր. միլիոններ չէին վատնի դրանց կենդանության օրոք հոբելյանները նշելու, հատորները տպագրելու համար։ Դե, պարզ է, որ մահից հետո սովորաբար դրանց այլևս ոչ ոք չի հիշում։ Մյուս մեծ ցավն այն է, որ գրական այս կոմերսանտները հաճախ շատ են ապրում՝ ավելի մեծ չարիք դառնալով երկրի ու ժողովրդի համար։
Սրանք սովորաբար ցանկացած համակարգի, բոլոր իշխանությունների սիրելին են լինում և իրենց անձնական կոլեկցիան շարունակ համալրում են զանազան կոչումներով, տիտղոսներով ու շքանշան-մրցանակներով...