5.7.12

N 6 (39) (2012)



ՀՈՒԼԻՍԻ 19-Ը ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐՆ Է

Հարգելի արցախցիներ, հուլիսի 19-ին Արցախում նախագահական ընտրությունների օր է։ Շատերդ մեկ անգամ չէ, որ մասնակցել եք նման ընտրությունների, ոմանք էլ առաջին անգամ են մասնակցելու...
Մենք ձեռնպահ ենք մնում խորհուրդներ տալուց։ Այս աշխարհում խորհուրդներ տվողներն այնքան շատ են, որ ամբիոնները չեն հերիքում։

Հայրենակիցներ, ընդամենը խնդրում ենք ձեզ. եթե սիրում եք ձեր Հայրենիքը, եթե հարգում եք ինքներդ ձեզ և ձեր երկիրը, եթե չեք ուզում, որ ուրիշները տնօրինեն ձեր երկրի, ձեր և ձեր երեխաների ճակատագիրը, եթե չեք ուզում, որ մեր այս հողի վրա ձեր ապրելու իրավունքը որոշեն միայն երևաններում, մոսկվաներում, եվրոպա-ամերիկաներում, եթե ուզում եք տեր կանգնել ձեր երկրին ու ձեր իրավունքներին, ԽՆԴՐՈՒՄ ենք մասնակցել ընտրություններին։ Ձեր մասնակցությամբ կապացուցեք, որ անկախ նրանից, աշխարհը ճանաչո՞ւմ է մեր երկիրը, թե՞ ոչ, մենք ազատ ու անկախ ժողովուրդ ենք, ունենք երկիր, սեփական սահմանադրություն, ունենք նախագահ և շարունակելու ենք ապրել ու արարել մեր երկրում...





«ՈՂՋԱՄԻՏ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ»

Ելույթ ունենալով Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ողջամիտ փոխզիջումների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»...

«Ողջամիտ փոխզիջումներ» ասելով՝ Սերժ Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, նկատի ունի արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային սեղանին դրված, այսպես կոչված, «Մադրիդյան սկզբունքները», խայտառակ մի փաստաթուղթ, որի յուրաքանչյուր կետի իրագործում նշանակում է Արցախի վերջի սկիզբ:

Չեմ հասկանում, Արցախը ե՞րբ և ո՞ր փաստաթղթով է ՀՀ այս կամ այն նախագահին իրավունք տվել հայտարարություններ անելու իր՝ Արցախի անունից և որոշելու Արցախի ժողովրդի ճակատագիրը։ «Ֆուտբոլային դիվանագիտություն» խայտառակության վնասը կարծես քիչ էր, հիմա էլ «ողջամիտ փոխզիջումների դիվանագիտություն» է սկսվում... Կարծես մինչ այդ մենք փորձում էինք անողջամիտ փոխզիջումների գնալ, հիմա էլ «ողջամիտն» են հրապարակ նետել՝ այդպես էլ շարունակ մոռանալով մեզ բացատրել, թե հակառակորդն ի՞նչ է զիջելու մեզ...

Դժվար չէ կռահել, թե ինչ «ողջամիտ զիջումներ» են ակնկալում մեզնից։ Վերոհիշյալ հայտարարությունից մի քանի օր հետո Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը Երևանում հայտարարել է, որ «Հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ բանակությունների միջոցով։ Դա թույլ կտա փոխել ստատուս-քվոն, և այն ժամանակ տարածաշրջանում կհաղթանակի խաղաղությունն ու կայունությունը»: Ապա հավելել է՝ «Ղարաբաղյան հակամարտության լուծման համար անհրաժեշտ է ոչ միայն քաղաքական գործիչների, այլև հասարակության կամքը...»։

Հետաքրքիր է, պարզվում է մենք պետք է ինչ-որ ողջամիտ զիջումներով խախտենք ստատուս-քվոն, մեղմ ասած, մեր ունեցածից՝ տարածքից, ազատությունից բաժին տանք թշնամուն, որպեսզի «տարածաշրջանում հաղթանակի խաղաղությունն ու կայունությունը»:

Համենայն դեպս, Ադրբեջանը շատ բան կարող է ուզել։ Միջազգային հանրություն կոչվածը նույնպես չի թաքցնում իր ակնկալիքները։ Զարմանալին Արցախի և նրա ժողովրդի ճակատագիրն առանց Արցախի ու նրա ժողովրդի՝ պաշտոնական Երևանի կողմից ինքնակամ որոշելու նպատակաուղղված քաղաքականությունն է։ Տարօրինակն այն է նաև, որ մեր դեպքում պատմությունը շարունակ կրկնվում է, և այդ պատմության սխալներից մենք երբեք դասեր չենք քաղում։ Կարծես խոսքը ոչ թե մեզ, այլ հարևան կամ հեռավոր մի ինչ-որ երկրի է վերաբերում։

Հայ քաղաքական այրերը ե՞րբ են վերջապես հասկանալու, որ մեղավորի, վախկոտի իրենց պահվածքով ավելի լկտի են դարձնում թշնամուն և ավելի մեծացնում պատերազմի վերսկսման վտանգը, իսկ միջազգային հանրությանը հնարավորություն տալիս ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել հայկական կողմի նկատմամբ։

Յուրաքանչյուր ներկայացում ի վերջո ավարտվում է։ Մի օր այս բանակցային շոուն էլ կավարտվի։ Ցավն այն է, վերջում կարող է պարզվել, որ մինչ ՀՀ քաղաքական ղեկավարությունը սեփական երկրի խնդիրները թողած, զբաղված էր վերոհիշյալ շոուով ու սեփական գահի խնդրով, օլիգարխներից ու բազում պրոբլեմներից հոգնած Հայոց լեռնաշխարհի մի բուռ բնակչությունը լույսը մարել, մեկնել է։ Իսկ սա ամենևին ողջամիտ չէ։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ Է ՏՎԵԼ

ԱՄՆ պետքարտուղարությունն Ադրբեջանին հանել է ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու իրավունք ունեցող երկրների ցանկից՝ ի պատասխան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերով հանձնաժողովի ազդեցիկ պատգամավոր Հովարդ Բերմանի կողմից Կոնգրեսին ներկայացրած այն մտահոգության, թե ալիևյան վարչակարգի կողմից դրանք կարող են օգտագործվել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վրա գրոհելիս: «Պետքարտուղար Քլինթոնի այս որոշումը հայ ժողովրդի և տարածաշրջանում խաղաղության հաստատման շահերից է բխում»,- ասել է կոնգրեսական Բերմանը՝ հունիսի 27-ին ԱՄՆ պետքարտուղարության ծանուցումն ստանալուց հետո:

ԱՄՆ պետքարտուղարության այդ որոշումը տրամաբանական էր, բայց փոքր-ինչ ուշացած: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը: Նրա խոսքով՝ եթե ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկը հայտարարում է իր նպատակին հասնելու համար ուժի կիրառման մտադրության մասին, միջնորդ երկրի կողմից նման արձանգանքը վաղ թե ուշ պետք է լիներ:
«Տրամաբանորեն Պետքարտուղարությունը պետք է վաղուց նման որոշում ընդուներ: Հավանական է, որ ադրբեջանական հեռետորաբանության մեջ ատելությունն այն աստիճանի է հասել, որ Վաշինգտոնում այլևս չէին կարող լռել»,- հայտարարեց Բեքարյանը:

Մեկնաբանելով այն կարծիքները, թե ԱՄՆ պետքարտուղարության որոշումը ցուցադրական բնույթ ուներ, քանի որ Ադրեբջանն առանց այդ էլ մեծ հետաքրքրություն չի ցուցաբերում ամերիկյան արտադրության սպառազինոթյունների նկատմամբ, Բեքարյանն ասաց. «Ռազմական առումով, հնարավոր է, այդ որոշումը նշանակալի դեր չխաղա, բայց... Այստեղ հարցը նաև քաղաքական հարթության վրա է: Պետքարտուղարությունը քաղաքական գնահատական է տվել, և այդ գնահատականը դատարկ հնչյուն չէ: Այդ տեսակետից պետքարտուղարության որոշումը կարևոր է»:
Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի ռազմական կանխատեսման ռուսաստանյան կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկի ասելով՝ այդպիսով Վաշինգտոնը ցույց է տալիս իր դիրքորոշումը Ադրբեջանի՝ Ղարաբաղն ուժով վերցնելու մշտական հայտարարությունների նկատմամբ: «Ամերիկացիները չեն ցանկանում, որ իրենց զենքն ու տեխնիկան օգտագործվի Ղարաբաղում հայերի դեմ»,- ասաց նա:

Մյուս կողմից, ինչպես նշեց փորձագետը, Ադրբեջանի համար դա զսպող գործոն չի լինի, քանի որ կան զենքի բազմաթիվ շուկաներ, որտեղից նա կարող է ուզածը ձեռք բերել: «Նույն Իսրայելը, որի հետ Ադրբեջանը 1,6 մլրդ դոլարի ռազմատեխնիկայի ձեռք բերման գործարք էր կնքել: Այստեղ ավելորդ չէր լինի նշել, որ իսլամական շատ երկրներ բացասական գնահատական են տալիս Ադրբեջանի «շարժումներին»՝ ակնարկելով, թե ինչու է Ադրբեջանը սպառազինություններ ձեռք բերում Իսրայելից: Դա շատ լուրջ հարց է»,- նկատեց Ցիգանոկը՝ միաժամանակ հիշեցնելով ԵՍԶՈւ պայմանագրի գոյության մասին, որը խախտվում է Ադրբեջանի կողմից:

«Ադրբեջանը խախտում է ոչ միայն այն: Նա գործնականում խախտում է ամեն ինչ՝ սկսած հրադադարի մասին եռակողմ համաձայնագրից, որն ստորագրվել էր Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և հենց Ադրբեջանի կողմից: Վաշինգտոնը, Ադրբեջանին հանելով ամերիկյան ռազմատեխնիկա գնալու իրավունք ունեցող երկրների շարքից, ինչ-որ չափով իրեն ազատեց գլխացվանքից»,- եզրափակեց փորձագետը:




Ս. ՕՀԱՆՅԱՆ. ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՎՏԱՆԳ ՄԻՇՏ ԷԼ ԿԱ

Շփման գծում իրավիճակն ապակայունացնելով Ադրբեջանը նպատակ ունի խանգարել բանակցային գործընթացը, Հայաստանին ներքաշել զինված ընդհարումների մեջ, դրդել պատասխան գործողությունների, այնուհետև տարածել ստահոդ լուրեր, մեղքը բարդել հայկական կողմի վրա՝ խուսափելով պատասխանատվությունից։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ «Հայ զինվոր» թերթին տված հարցազրույցում:
«ԼՂ խնդրի կարգավորման ընթացքը ակնհայտորեն ձեռնտու չէ Ադրբեջանին, պաշտոնական Բաքուն խուսափել և խուսափում է ձեռքբերված պայմանավորվածություններից՝ բանեցնելով զանազան հնարքներ, խաթարելով զարգացումների բնականոն ընթացքը։

Այդ հնարքներից մեկն էլ սահմանային ընդհարումներ հրահրելն է։ Ադրբեջանն օգտագործում է ռազմական «հռետորաբանության» ողջ զինանոցը՝ սպառազինության մրցավազք, դիպուկահարների պայքար առաջնագծում, սահմանային բախումներ, ստեղծելով խնդրի բանակցային կարգավորման անհնարինության պատրանք և ձախողելով վերջնական հանգուցալուծումը։ Միակողմանի փոխզիջումներ ստանալու Ադրբեջանի ակնկալիքը անհեթեթ է, չերաշխավորված և անհնար»,- նշել է նախարարը:

Նրա խոսքով, այս ոլորտում միջազգային նորմերը հստակ են և դուրս Ադրբեջանի հետաքրքրությունների շրջանակից, մասնավորապես՝ ուժ չկիրառելու դրույթը և ազգերի ինքնորոշման գաղափարի առկայությունը չեն կարող ազդեցություն չունենալ և չկատարել զսպիչ գործառույթ։ «Նույնը վերաբերում է նաև սպառազինության մրցավազքը կանխելուն միտված ջանքերին ու վերահսկողությանը, ինչը բացարձակ հակոտնյա է Ադրբեջանի նկրտումներին։ Անկասկած, միջազգային արձագանքը կարող էր ավելի խիստ ու կտրուկ լինել, թույլ չտալով Ադրբեջանին ոտնահարելու միջազգային ընդունված չափանիշները։ Ասել, որ միջազգային արձագանքը միանգամայն անտարբեր էր Ադրբեջանի վերջին շրջանի գործողությունների հանդեպ, ճիշտ չի լինի։

Եղան քննարկումներ, քննադատություն։ Բայց, ակներև է, որ մենք ավելի խիստ ու դատապարտող արձագանք էինք ակնկալում, որովհետև Ադրբեջանը դիվերսիոն գործողությունները Լեռնային Ղարաբաղի տարածքից տեղափոխեց Հայաստան, ստեղծելով անհանդուրժելի նախադեպ»,- ասել է նա:
Անդրադառնալով ադրբեջանական գործողություններին հայկական կողմի պատասխանին, պաշտպանության նախարարն ասել է. «Մինչ օրս մեր պատասխանը եղել է ոչ համաչափ, և Ադրբեջանն ունեցել է 5 անգամ ավելի մեծ կորուստներ։ Անհասցե, անկանոն ու անիմաստ կրակոցներին մենք չենք պատասխանում, իսկ նպատակաուղղված գործողություններին և դիպուկ կրակոցներին արագ արձագանքման խմբերը տալիս են խիստ պատասխան՝ հակառակորդին պատճառելով մարդկային և նյութական կորուստներ՝ բազմապատիկ գերազանցությամբ»:

Ինչ վերաբերում է ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը, նախարարն ընդգծել է, որ նման վտանգ միշտ էլ կա:
«Որքան զգոն ու աչալուրջ լինեն առաջնագծի ուժերը, նույնքան քիչ կլինեն կորուստները։ Ես վստահ եմ, որ ադրբեջանական հարձակումը կասեցվել է զինվորական արհեստավարժության բարձր մակարդակով։ Յուրաքանչյուր կորուստ, յուրաքանչյուր զինվորի կյանք շատ թանկ է մեզ համար, բայց ոչ ոք չի կարող երաշխավորել զինվորի անվտանգությունը հակառակորդի զինված հարձակման ժամանակ։ Առաջնագծում երկրի սահմանների պաշտպանությունը իրականացվում է լիարժեքորեն։ Անվտանգության առումով արված է հնարավոր ամեն ինչ։ Հարցը մարդկայնորեն հասկանալի է ինձ՝ որպես պաշտպանության նախարարի։

Պատասխանս էլ պիտի ըմբռնելի լինի հասարակությանը։ Մարտական գործողությունների ժամանակ մարդկային կորուստներն անխուսափելի են։ Ի պատիվ մեր զինվորների՝ պիտի ասեմ, որ Հայաստանի սահմանները պաշտպանվում են քաջաբար։ Ես հպարտությամբ պիտի նշեմ, որ ունենք հայրենասեր, հայրենիքի պաշտպանության համար ամենաթանկը չխնայող, խիզախ ու արիասիրտ զինվորներ, որոնք ամուր կանգնած են առաջնագծում ու թույլ չեն տալիս հակառակորդին շարժվել առաջ»,- ասել է նա:
News.am




 Հայաստանյան և արտասահմանյան մամուլի էջերից...

Մոսկվայում կայացել է «Ընդհատված երգ» ֆիլմի պրեմիերան, որը պատմում է հայ և ադրբեջանցի զինվորների մասին, ովքեր արցախյան ռազմական գործողությունների ժամանակ հայտնվել են նույն հորում: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ֆիլմի կազմակերպիչները:
Հիշեցնենք, որ ֆիլմի հեղինակները Մոսկվայի հայեր են, ովքեր որոշել են կինոյի լեզվով պատմել հայ-ադրբեջանական հարաբերությունների և արցախյան հակամարտության մասին:
Ֆիլմի ռեժիսոր Արիկ Մանուկյանը նշել է, որ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա այս տարվա հոկտեմբերին: Անդրադառնալով ֆիլմի ձգձգմանը (ֆիլմի վրա աշխատանքներն սկսվել էին նախորդ տարվա հունվարից), Մանուկյանը նշել է, որ դա պայմանավորված էր ադրբեջանական կողմի սադրանքներով:
Նկարահանման խմբի անդամները նշել են, որ եղել են ադրբեջանցի դերասաններ, ովքեր նկարահանվելով որոշ դրվագներում, հրաժարվել են հետագա մասնակցությունից՝ Ռուսաստանի ադրբեջանական համայնքի ճնշումների ներքո:
Հեղինակները ափսոսանք են հայտնել, որ Ադրբեջանում հին սովետական «չեմ տեսել, բայց դատապարտում եմ» սկզբունքով որոշել են ամեն կերպ խոչընդոտել նախագծի իրականացմանը: «Պատճառները պարզ են: Նախ չընդունել որևէ բան, որն անում են հայերը՝ անկախ դրա բովանդակությունից ու նպատակից, երկրորդ, վախենում են, որ ֆիլմի միջոցով ղարաբաղյան հարցը ոչ խեղաթյուրված կերպով կներկայացվի միջազգային հանրությանը»,- հայտարարել է Մանուկյանը:
Հեղինակները նշել են, որ ֆիլմը ստեղծվել է բացառապես սեփական միջոցներով: Նկարահանող խումբը հրաժարվել է ֆինանսավորման առաջարկներից, քանի որ դրանք ենթադրել են սյուժեի որոշակի փոփոխություններ:



Հունիսի 28-ին Հայաստան է ժամանել Իսրայելի կանանց ասոցացիայի 44-հոգանոց խումբը՝ նպատակ ունենալով բացահայտել Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը: Նրանք Հայաստանի տարածքով ճամփորդում են ամենագնացներով, ճամփորդելու ընթացքում բնակվում են գյուղերում, վրաններում, որպեսզի ավելի մոտիկից ծանոթանան ոչ միայն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի գեղատեսիլ վայրերին, այլ նաև մարդկանց հետ:
Խումբը նպատակ ունի անպայման այցելել նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ինչպես նաև կազմակերպել հատուկ արարողություն անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանության անմեղ զոհերին:



Վրաստանի շահերից է բխում խաղաղությունը հարևան երկրներում և տարածաշրջանում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն www.civil.ge-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով, մի կողմից հակամարտությունների աղբյուրների և անկայունության կրճատումը կավելացնի Վրաստանում առկա հակամարտությունների լուծման հնարավորությունները: Մյուս կողմից, հարևանությամբ գոյություն ունեցող հակամարտությունները բացասաբար են ազդում Վրաստանում առկա խնդիրների վրա:
«Մեզ համար կարևոր է, որ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում կարգավորվի խաղաղ եղանակով, մեր տարածաշրջանում ռազմական դիմակայություն չլինի: Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմ լինի, կարող եմ վստահ ասել, թե ով կլինի հաղթողը՝ Ռուսաստանը, որ մեկընդմիշտ կլուծի հակամարտությունները իր օգտին: Նաև կարող եմ վստահաբար ասել, թե ով կտուժի, Վրաստանը, որի դեմ Ռուսաստանը կրկին կփորձի ուժ կիրառել: Կարծում եմ՝ կհաղթի ողջամտությունը, որ Հարավային Կովկասում նոր պատերազմ չսկսկեն»,- նշել է նախարարը:



Հունիսի 17-ին ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել ռազմական հոսպիտալի բժիշկներ Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը և ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:
Հունիսի 29-ին Վահե Ավետյանը մահացել է։ Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել է 6 մարդ, որոնց մեջ կան նաև Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ: Հունիսի 30-ին մոմավառություն է տեղի ունեցել «Հարսնաքարի» մոտ՝ ի հիշատակ Վահե Ավետյանի: Հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքել ակցիային մասնակցելու, որոնց ձեռքին կային մոմեր և գրություններ՝ «Ես Վահե Ավետյան եմ», «Չեք մարսելու» մակագրությամբ, իսկ հուլիսի 2-ին բողոքի երթ է տեղի ունեցել։
Երթի մասնակիցները սև թևկապներ էին կրում և սուր դժգոհության կոչեր էին հնչեցնում «Հարսնաքար» ռետորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի դեմ՝ հայտարարելով, որ այսօր նա «կնքել է իր մահկանացուն՝ որպես օլիգարխ և բեսպրեդելի կազմակերպիչ»: «Նեմեց - մարդասպան» վանկարկելով՝ երթը շարունակվել է Հյուսիսային պողոտայով դեպի Աբովյանի փողոցի սկզբնամասը: Հաջորդ օրը հարյուրավոր մարդիկ երթով հասել էին Վահե Ավետյանի տուն՝ մասնակցելու նրա հուղարկավորությանը:
Ռուբեն Հայրապետյանը հայտարարություն է տարածել առ այն, որ «Հարսնաքար» ռեստորանում իր անվտանգության աշխատակիցների կողմից կատարված ողբերգության պատճառով հրաժարվում է իր պատգամավորի մանդատից։



Հուլիսի 3-ի վաղ առավոտյան ՀՅԴ Արցախի երիտասարդական վարիչ մարմնի նախաձեռնությամբ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի մոտ մեկ տասնյակից ավելի երիտասարդներ ակցիա են կազմակերպել օրերս Երևանի «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծից մահացած զինվորական բժիշկ Վահե Ավետյանի հիշատակին:
Երիտասարդները «Վահե Ավետյանի դատը Հայաստանի դատն է», «Մենք ուզում ենք օրենքի Հայաստան»,«Մարդասպանները տեղ չունեն մեր երկրում» և նման այլ բովանդակությամբ պաստառներով էին մասնակցում ակցիային՝ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի մոտ, որտեղ նաև մոմավառություն էր կազմակերպվել:
ՀՅԴ Արցախի երիտասարդական վարիչ մարմնի ներկայացուցիչ Վահագն Դադայանը karabakh-open.info-ի հետ զրույցում ասաց, որ ակցիայի նպատակը կանխելն է նմանատիպ արատավոր, հային ոչ վայել ոճրագործությունները: «Մեր ժողովուրդը պիտի պահանջատեր լինի՝ հստակ գիտակցելով իր իրավունքներն ու պարտականությունները: Շատ կարևոր է, որ սխալ տպավորություն չստեղծվի, թե իշխանությունը օլիգարխների սեփականությունն է: Այնինչ պետությունը, իշխանությունը ժողովրդինն է, և մեր ժողովուրդը դա բազմիցս ապացուցել է, որ ինքը սատար է կանգնում իր պետությանը: Հիմա եկել է պահը, որ պետությունը նույն վերաբերմունքը ցուցաբերի սեփական ժողովրդի նկատմամբ»,- ասաց ցույցի մասնակից Ալյոնա Դադայանը:



ԼՂՀ «Սոցիալական արդարություն» կուսակցությունը Արցախի հանրապետության նախագահի կայանալիք ընտրությունները գնահատում է որպես կարևոր փուլ՝ ժողովրդի իշխանության զարգացման և ԼՂՀ քաղաքացիների կամարտահայտման ազատության համար:
Կուսակցությունն իր հայտարարությունում նշում է. «Ժողովուրդն այսօր նախկինից անհամեմատ ավելի հնարավորություն ունի ոչ միայն որոշել իր երկրի ապագայի դեմքը, այլև իր զարգացման ուղղությունը, որոնցից մեծապես կախված կլինի ԼՂՀ ապագան՝ ներառյալ վերջինիս միջազգային ճանաչումն ու անվտանգ գոյությունը: Այս կապակցությամբ Սոցիալական Արդարության կուսակցությունը դիմում է ընտրության իրավունք ունեցող բոլոր քաղաքացիներին՝ հորդորելով առավելագույնս ակտիվ մասնակցություն ցուցաբերել ԼՂՀ նախագահի թեկնածուների նախըտրական արշավներին՝ արցախցի ընտրողի բարձր գիտակցությունը և նրա անկոտրում կամքը ցուցադրելու նպատակով:
Սոցիալական արդարության կուսակցությունն Արցախի քաղաքացիներին կոչ է անում վճռական «ՈՉ» ասել.
- ԼՂՀ քաղաքացիների՝ իրենց երկրում արժանապատվորեն ապրելու իրավունքների սահմանափակմանը,
- հասարակության՝ հարուստների և ընչազուրկների միջև բաժանմանը,
- ավտորիտարիզմին և օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների միջև իրական բաժանման բացակայությանը,
- արտերկրում ԼՂՀ վարկանիշի անկմանը և ԼՂՀ միջազգային ճանաչման ու ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ոլորտում ակտիվ գործողությունների բացակայությանը.
Ինչպես նաև «ԱՅՈ» ասել.
- Արցախում համամարդկային արժեքների հարգմանը՝ ներառյալ ժողովրդավարության իրական զարգացումն ու մարդու իրավունքների պաշտպանությունը,
- իշխանական ուղղահայացի բոլոր մակարդակներում կոռուպցիայի և հովանավորչության պայքարին,
- սոցիալական-տնտեսական զարգացմանը,
- ԼՂՀ քաղաքացիների արժանապատիվ և անվտանգ կյանքին»:
News.am




ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայ նորագույն պատմության մեջ Արցախյան ազգային-ազատագրական պայքարը առանձնահատուկ է ոչ միայն իր պատմական նշանակությամբ, այլև բազմաթիվ պարադոքսների, թույլ տրված սխալների և փայլուն հաղթանակների տեսանկյունից։ Շարժման իրական կազմակերպիչների, ուշ ձևավորված ավանգարդի, ընթացքում ստեղծված «Ղարաբաղ» և «Կռունկ» կոմիտեների առեղծվածների մասին չբացահայտված շատ ճերմակ էջեր կան դեռ։ Դրանց ճշմարտացի բացահայտման դեպքում հնարավոր կլինի գտնել մի շարք պարադոքսների և հարցերի պատասխաններ, մասնավորապես Շարժման բուն նպատակից շեղվելու և անկախ պետություն ստեղծելու, այսպես կոչված, «ղարաբաղյան հակամարտության» կարգավորման բանալին գտնելու և այլն։

Ընդհանրապես, ցանկացած ազգային-ազատագրական շարժում կամ հեղափոխություն ծրագրելիս առաջնահերթ խնդիրներն են՝ նպատակի հստակեցումը, իրականացման միջոցները, հնարավոր դաշնակիցները, ընդգրկ-ման ծավալները, հետևանքների պարզորոշ կանխատեսումը և, իհարկե, միջազգային հարուստ փորձը։ Զարմանալին այն է, որ մեր պարագայում Շարժման կազմակերպիչները չեն կանխատեսել, որ ազգային-ազատագրական շարժումը կարող է վերածվել ազգային-ազատագրական հեղափոխության և բացառել են պատերազմը։ Մինչդեռ ազգային-ազատագրական շարժումների և հեղափոխությունների համաշխարհային փորձը հակառակն է ապացուցում։ Բնականաբար, պատերազմ չկանխատեսողները պատերազմին նախապատարստվել չէին կարող։ Բայց պատերազմը եղավ։

Ուսումնասիրելով պատերազմների ծագման դրդապատճառները (մանավանդ, նոր ժամանակաշրջանի), դժվար չէ համոզվել, որ դրանք հիմնականում գործարքների արդյունք են։ Պատերազմում շահում են գործարքի մեջ մտած կողմերը, պարտվում՝ պատերազմող կողմերը, անկախ այն բանից, թե ռազմի դաշտում ով է հաղթել։ Այս տեսանկյունից Արցախյան պատերազմը՝ մեր պատերազմը, բացառություն չէ։

Ադրբեջանը, միջազգային հանրության լուռ համաձայնությամբ, օգտվելով խորհրդային (ռուսական) բանակի ակտիվ աջակցությունից (ավելի ուշ՝ Վարշավայի պայմանագրի լուծարումից հետո՝ նաև իր հասնելիք ահռելի մասնաբաժնից), պատերազմել է պատմական Հայաստանի Արցախ և Ուտիք նահանգների հայության դեմ՝ ավերել բազմաթիվ բնակավայրեր, Սումգայիթում և Մարաղայում կատարել ցեղասպանություն, գրավել ԼՂՀ տարածքի ավելի քան 31 տոկոսը, այնուհետև կրել խայտառակ պարտություն։

Պատերազմում Ադրբեջանը պարտվել է, որովհետև հայը ապավինել է իր սեփական ուժերին և Աստծուն։ Պատերազմի ժամանակ հայը նորից ու նորից է համոզվել, որ միշտ ճակատագրական, օրհասական պահերին մենակ է մնում։ Այդ է հաստատում նաև հայ ժողովրդի վերջին 300-ամյա պատմությունը։

Պատերազմում հաղթել ենք, որովհետև ազգովի համախմբվել էինք։ Համախմբվել էին երկու Հայ Եկեղեցիները, քաղաքական կազմակերպությունները, Հայաստանը (ներառյալ՝ Արցախը) և Սփյուռքը։ Պատերազմի ժամանակ հայության մեջ արթնացել էր նախնիների հավատն առ Աստված, Հայկ Նահապետի, Արամ Աշխարհակալի, Տիգրան Մեծի, Վարդան Մամիկոնյանի, Դավիթ Բեկի, Գարեգին Նժդեհի և այն քաջազունների ոգիները, ովքեր ապավինել են սեփական ուժերին։ Եվ հայը հաղթել է ահեղ թշնամուն։

Սակայն մեր հաղթանակին չհավատացին, բնականաբար չհավատացին գործարքի կողմերը, գերտերությունները, միջազգային հանրությունը և, որքան որ ցավալի է, որոշ հայ պետական, քաղաքական և ռազմական գործիչներ։

Զավեշտականն այն է, որ մեր պատերազմի հաղթանակին չհավատաց Հայոց բանակի Գերագույն գլխավոր հրամանատարը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ըստ Հայոց նախագահի. «Մենք հաղթել ենք ճակատամարտը, ոչ թե պատերազմը»։ Դպրոցից մեզ հայտնի է, որ պատերազմում հաղթում է այն կողմը, որը հաղթում է վերջին ճակատամարտը և հայտնի է, որ հաղթողին չեն դատում։ Հայտնի է նաև, որ վերջին ճակատամարտից առաջ խուճապահար թշնամին պատրաստվում էր պաշտպանական խրամատներ փորել Ապշերոնյան թերաղզում և նզովում էր մայրաքաղաք Բաքվի այն շենքը, որի գագաթին պիտի փողփողար Հայոց Եռագույնը։ Մինչդեռ հաղթանակած երկրի նախագահը չէր հավատում Հաղթանակին։

Զարմանալի ազգ ենք, մի՞թե մեր հազարամյա պատմությունը (մարդկության պատմությունը այլ բան չէ, եթե ոչ ազգերի արժանապատվությունների համար մղված պատերազմների պատմություն - Նժդեհ) մեզ դաս չի տալիս։ Պատերազմում հաղթած հայերիս փորձում են համոզել, ապացուցել, որ հաղթել ենք ճակատամարտը, և որ զինադադարը ժամանակավոր է, իսկական զինադադարի փաստաթուղթ՝ պայմանագիր, չենք ստորագրել։

Իրոք որ փաստաթուղթ սիրող ազգ ենք։ Գուցե հիշենք մոտ անցյալի՝ Սան-Ստեֆանոյի և Բեռլինի վեհաժողովների (16 և 61-րդ հոդվածները), մանավանդ Սևրի պայմանագրի, 1988 թվականի փետրվարի 20-ի, 89-ի դեկտեմբերի 1-ի, 91-ի սեպտեմբեր 2-ի և դեկտեմբերի 10-ի և շատ ու շատ այլ փաստաթղթեր, որոնք մեր ազգին ոչինչ չեն տվել, բացի ինքնախաբեությունից և դրա տարատեսակ «բարոյական» փայլուն հաղթանակներից։ Վերը նշված և Շարժման ժամանակ կուտակված փաստաթղթերով միայն կարելի է մոտ 8-10 միլիոն մեծ ու փոքր թղթե շերեփներ պատրաստել միջազգային հանրության և աշխարհի գերտերությունների կողմից պատրաստված «լանչերին» մասնակցելու և մեր չափաբաժին «հարիսան ուտելու» համար։

Ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմումը մենք փառավոր հաղթանակ ենք տարել։ Պատերազմի ժամանակ նահատակվել և վիրավորվել են հազարավոր զինվորներ ու խաղաղ բնակիչներ, մոտ հազար հայորդիներ անհայտ կորել են, հազարավոր հայ ընտանիքներ տեղահանվել են իրենց հարազատ բնակավայրերից։ Եվ այսքանից հետո մեր հաղթանակը և «ստատուս քվոն» չի բավարարում Եվրախորհրդին, Ադրբեջանի մեծ ու փոքր եղբայրներին և միջազգային հանրությանը։

Զարմանալի ոչինչ չկա, այդպես է համաշխարհային նոր կարգը։ Երբ Իրաքի բանակը ներխուժում է Քուվեյթ, միջազգային հանրությունը իսկույն ստիպում է պատժել ագրեսորին, իսկ նույն կարգավիճակում հայտնված Ադրբեջանին աջակցում է (լռելն էլ աջակցություն է)։ Երբ պետք է պաշտպանել ազգային փոքրամասնությունների շահերը Կոսովոյում, տեղահանում են բնիկ, ուղղափառ սերբերին։ Եթե պետք է՝ քարուքանդ են անում մի ամբողջ պետություն՝ Սերբիան։ Հրեշավորն այն է, որ Սերբիայի ռմբահարումները որակվել են որպես մարդասիրական։ Երկու դեսպանատներ պայթեցնող ահաբեկիչներին պատժելու փոխարեն պատժում են պետությունների, իսկ ահաբեկիչներ պատրաստող ու սնող պետություններին՝ աջակցում։ Այս է համաշխարհային նոր կարգը։

Զարմանալի է. ինչո՞ւ ԵԱՀԿ Մինսկի համապատասխան խմբեր չեն ստեղծվում, օրինակ՝ Կուրիլյան, Մալվինյան (ֆոլկլենդյան) և բազմաթիվ այլ կռվախնձոր հանդիսացող կղզիների, Սիլեզիայի, Արևելյան Պրուսիայի, Բասկերի, Կիպրոսի և բազմաթիվ այլ հիմնախնդիրներ լուծելու համար։ Ամենայն հավանականությամբ, ԵԱՀԿ-ն ուզում է «ղարաբաղյան հակամարտության» լուծման հարցում համապատասխան փորձ ու հմտություններ ձեռք բերել և հետո միայն զբաղվել սեփական հիմնախնդիրներով, իսկ թե այս անցած 18 տարիների ընթացքում ինչ է տեղի ունեցել երկու հարևան ազգերի՝ հայերի և ադրբեջանցիների հոգեկերտվածքում, հոգեբանության, մտածելակերպի, ապրելակերպի և այլ բնագավառներում, Մինսկի խմբի անդամ երկրներին և միջազգային հանրությանը շատ քիչ է հետաքրքրում։

Դա էլ է հասկանալի, այդպես է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ մենք՝ հայերս, թույլ ենք տալիս, որ պատերազմում մեծ զոհաբերությունների գնով ձեռք բերած հաղթանակը, ինչպես նաև պետական անկախությունը շահարկվի։ Այդպես է լինելու, մինչև կովկասյան հարևան ազգերը՝ հայերը և ադրբեջանցիները, չհրաժարվեն օտարերկրյա պետությունների միջամտությունից և հեռավոր բարեկամներ որոնելուց։

Մի՞թե իմաստություն է պետք՝ հասկանալու համար, որ հարևան պետությունների և ազգերի հետ բարի դրացիական հարաբերություններով է պայմանավորված տվյալ երկրի զարգացումն ու խաղաղ գոյակցությունը։ Ցանկացած ոչ հարևան պետություն, ինչքան էլ այն բարեկամական լինի, չի կարող իր երկրի ազգային և պետական շահերը անտեսել և անաչառորեն միջնորդել մեր ներպետական և միջպետական հարցերը լուծելու համար։ Այդ հարցում գոնե մենք՝ հայերս, սխալվելու իրավունք չունենք՝ հիշելով Մեծ Եղեռնի դասերը…

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ




«ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄ ԿԱ...»

Մեր հարցերին պատասխանում է «Արցախ ՀԷԿ»-ի
ֆինանսական տնօրեն Ժան Հովհաննիսյանը:

- Արցախի տնտեսության վրա ինչպե՞ս է ազդել ու ազդում «Արցախ ՀԷԿ»-ը:
- Դրական, իհարկե. հումքը ու շահութաբաժնի մի մասը պետությանն է, հարկերն էլ՝ իրենց տեղը: Բացի դրանից՝ Մարտակերտի շրջանում ունենք 170 աշխատակից, որոնց միջին աշխատավարձը 120 հազար է, իսկ հանրապետությունում միջին աշխատավարձը 98 հազար է: Նաև մեր աշխատակիցների բնակարանային խնդիրներն ենք փորձում հոգալ. Մատաղիսում, օրինակ, նրանց համար 8 բնակարան ենք կառուցել: Եթե ընկերությունում 2007 թ. աշխատում էր 100 հոգի 65.000 դրամ միջին ամսական աշխատավարձով, ապա 2012 թ. ընկերությանն աշխատակցում է արդեն 160 հոգի, որոնց միջին ամսական աշխատավարձը 120.000 դրամ է։ «Մատաղիս» կասկադի և «Թրղի-3» փոքր ՀԷԿ-ի շահագործմամբ ընկերության աշխատողների թիվը կհասնի 250-ի: Իսկ նոր աշխատատեղերի ստեղծումը կնպաստի վերաբնակեցման խնդիրների լուծմանն ուղղված պետական քաղաքականությանը։

- Մի քիչ խոսենք բաժնետոմսերի մասին:
- Ընդհանուր առմամբ, ընկերությունը կազմակերպել է բաժնետոմսերի 3 հրապարակային տեղաբաշխում: Առաջին անգամ տեղաբաշխվել է 862.074 բաժնետոմս, երկրորդ անգամ՝ 1.400.000 բաժնետոմս, իսկ երրորդ անգամ՝ 2011թ.-ին, տեղաբաշխվել է 3.287.926 բաժնետոմս՝ 1.000 դրամ անվանական արժեքով։ Բաժնետոմսերի տեղաբաշխմանն ընդհանուր առմամբ մասնակցել է 1265 բաժնետեր՝ աշխարհի 10 երկրներից։
Սրանից հետո ընկերության կանոնադրական կապիտալն աճել է 5 մլրդ 550 մլն դրամով և այսօր կազմում է 10 մլրդ 650 մլն դրամ։

- Անցած տարվա հոկտեմբերին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հայտարարեց, որ հետագայում Արցախում արտադրված էլեկտրական էներգիան կբավարարի հանրապետության ամբողջ պահանջարկը, իսկ ավելցուկն էլ կվաճառվի Հայաստանին:
- Էլեկտրաէներգիայի ավելցուկ դեռ չկա: Ունենք հեռանկարային ծրագրեր. Սարսանգի, Մատաղիսի արանքում պիտի ՀԷԿ-ի կասկադներ կառուցենք, ինչը խոշոր ներդրումներ է պահանջում: Դրանից հետո էլեկտրաէներգիան կարտահանենք Հայաստանի Հանրապետություն: Թե երբ կլինի դա, դժվարանում եմ ասել: «ԷՅ-Ի-ՋԻ» ընկերության հետ պայմանագիր ունենք, արտահանման գործն իրենցն է, իսկ մերը՝ արտադրելը:

- Այդ դեպքում Արցախում էլեկտրական էներգիայի սակագները կիջնե՞ն:
- Սակագների իջնելու մասին չեմ կարող ասել, աշխարհում էլեկտրական էներգիայի թանկացման միտում կա, ու եթե մենք մեր ջրային ռեսուրսները չօգտագործենք, չենք կարող զսպել սակագների բարձրացումը: Չէ՞ որ, էլեկտրական էներգիայից բացի, Արցախը մնացած ոլորտները չի կարող կարգավորել, որովհետև դրանք մերը չեն: Սակագների իջեցումը դժվար հարց է, որովհետև մերը ոչ պետական, մասնավոր ու շահույթ հետապնդող ընկերություն է: Ընկերության միայն մոտ 45 տոկոս կապիտալն է պատկանում պետությանը, իսկ ով ներդրում է կատարել, բնականաբար, շահույթ է ակնկալում: Այսօրվա դրությամբ սակագներից գերշահույթ չենք ստանում, սակագները հաստատում է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը: Բացի դրանից՝ մենք չենք էլեկտրական էներգիան վաճառում բնակչությանը, այլ «ԷՅ-Ի-ՋԻ» միջոցով «Արցախէներգոն», որը նույնպես իր շահույթը հաշվի է առնում:

- ՀԷԿ-երի կառուցումը և շահագործումը բնապահպանական խնդիրներ չե՞ն առաջացնում:
- Բնապահպանական ոչ մի խնդիր չկա, մեր գործունեությունը ստուգվում է Բնապահպանության վարչության կողմից, փորձաքննություններում ոչ մի խնդիր չի արձանագրվել: Սարսանգի ՀԷԿ-ը 40 տարի շարունակ գործում է, իսկ «Թրղե» ՀԷԿ-ն աշխատում է ջրատարի վրա, ինչը բացառում է բնապահպանական վտանգները:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
hetq.am
Տպագրվում է կրճատումներով




ԸՆԴԴԵՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱՂԲԻ

Բազմաթիվ ՀԿ-ներ, ընկերություններ, նշանավոր մտավորականներ դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Մեծարգո պարոն Նախագահ, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում հետևյալ փաստի վրա՝ ակնկալելով Ձեր գործուն միջամտությունն այս կարևորագույն խնդրի լուծման հարցում:
Հասարակության վրա հեռուստատեսության բովանդակային սխալ քաղաքականության կործանիչ հետևանքներն ապացուցված են գիտականորեն: Վերջին տարիներին հայկական գրեթե բոլոր հեռուստաընկերությունները, հետևելով բացառապես իրենց նեղ կոմերցիոն շահերին, եթերը լցրել են հայկական արտադրության ագրեսիվ, քրեական և պոտենցիալ քրեածին, հակասոցիալական սերիալներով և այսպես ասած՝ «հումորային» ծրագրերով: Ուսումնասիրությունները ցույց են տալիս հայկական արտադրության հեռուստասերիալների բացասական ազդեցության հնարավորությունները:

Հայաստանի հասարակության տարբեր շերտերի կողմից պարբերաբար բողոքներ են հնչում սերիալների դեմ, ցավոք, հասարակությունը հեռուստաընկերությունների այդ հակահասարակական գործունեության վրա ազդելու լծակներ չունի: Հեռուստաընկերությունների հակասոցիալական եթերային քաղաքականության վրա գործնականորեն չազդեց նույնիսկ մոտ երեք տարի առաջ Ձեր հանձնարարությունը, համաձայն որի՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահը պետք է առաջարկեր ձևաչափ, որը քաղաքացիական և հասարակական կառույցներին հնարավորություն կտար ներազդելու հեռուստառադիոընկերությունների գործունեության բովանդակության վրա:

ՀՀ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 22 հոդվածով արգելվում է բռնության և դաժանության քարոզ կամ պաշտամունք պարունակող հաղորդումների, էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի և անչափահասների առողջության, մտավոր ու ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների հեռարձակումը:

Սակայն իրականում տեսականորեն անսխալ այս օրենքը չի ապահովում ոլորտի կարգավորումը, քանի որ մի կողմից՝ օրենքը չի կիրառվում, մյուս կողից՝ գործնականում չկան այն գիտավերլուծական մեխանիզմները, որոնք կտան արգելվող բովանդակության սահմանման, որոշման չափանիշները (օրինակ՝ անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման վրա բացասական ազդեցություն) և որոնց համաձայն կիրականացվեն հեռուստատեսային բովանդակության, հատկապես՝ հեռուստասերիալների բովանդակության բարեփոխումները: Բացի այդ, վարչական օրենսգրքում բացակայում են հեռուստատեսության կողմից խախտումների կատարման դեպքում պատժամիջոցների կիրառման վերաբերյալ դրույթները (առկա են միայն գովազդին վերաբերող խախտումների մասին դրույթներ): Ստացվում է, որ հեռուստաընկերությունները կարող են խախտել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը, և շատ դեպքերում նրանց պատասխանատվության ենթարկել հնարավոր չէ:

Իրավիճակից դուրս գալու ելքը.

1. Օրենքով սահմանել հստակ չափորոշիչներ, ինչպես նաև վարչական օրենսգրքում ավելացնել օրենքի խախտման դեպքում պատժամիջոցների մասին դրույթը:

2. «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի» շրջանակներում ստեղծել գիտահետազոտական կենտրոն, որն էմպիրիկ մակարդակով կզբաղվի հայկական հեռուստաեթերի բովանդակային հետազոտություններով և կանխատեսումներով: Աշխատանքային խմբում անհրաժեշտ է ներգրավվել ակտիվ գիտական գործունեությամբ զբաղվող սոցիոլոգների, հոգեբանների, ազգագրագետների և ոլորտի հետ կապ ունեցող այլ մասնագետների, ովքեր հեռուստաեթերի ամենօրյա գիտական ուսումնասիրություններ կանեն ու «անվնաս հեռուստաարտադրանք» ստեղծելու վերաբերյալ լուծումներ կառաջարկեն «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին»:

3. «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին» պարտավորեցնել, որպիսի ամեն ամիս կազմակերպի հանրային քննարկումներ, որոնց շրջանակներում վերջինս հանդես կգա նախորդ ամսվա վերաբերյալ հաշվետվությամբ:

4. Քանի որ օրենքի խախտումների վերահսկողությունը դրված է «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի» վրա, համապատասխան պայմաններ ստեղծել և աջակցել, որ այն պատշաճ կերպով կատարի իր պարտականությունները:

Պարոն նախագահ, խնդրում ենք հետամուտ լինել հայկական հեռուստաեթերի կարգավորման գործին, քանի որ ներկա հեռուստատեսության հակասոցիալական քաղաքականությունը հանգեցնում է հայ հասարակության սոցիալ-բարոյական առավել դեգրադացմանը, խեղմանը և վերջնական քայքայմանն իր բոլոր՝ սոցիալ-մշակութային, քաղաքական և տնտեսական հետևանքներով:

Հ.Գ.- Կից ուղարկում ենք ՀՀ գիտական ամսագրերից մեկում հրապարակված հեռուստասերիալների բացասական ազդեցության վերաբերյալ ուսումնասիրություն («21-րդ ԴԱՐ», N 5, 2011 թ.) և մեկ գիտական մենագրություն այդ թեմայով...

Նամակը ստորագրել են հայաստանյան շուրջ 15 հասարակական կազմակերպություններ և 50-ից ավելի նշանավոր մտավորականներ՝ մշակույթի, արվեստի, գիտության գործիչներ, ակադեմիկոսներ




ԿԱՐԳԻՆ ՍԵՐԻԱ՞Լ, ԹԵ՞...

Տղաս «Կարգին սերիալ» է դիտում։ Ասում եմ՝ գնա քնիր, պետք չէ նայես այդ հիմարությունները։ Ասում է.
- Հետաքրքիր է։ Տես ինչպես են նրանց խոսքերից հետո բոլորը ծիծաղում...
- Այնտեղ ծիծաղի նշույլ չկա։ Այդ «ծիծաղը» ձայնագրություն է, կապ չունի դրանց խոսքերի հետ,- բացատրում եմ։
- Իսկ ինչո՞ւ են այդ ծիծաղը ձայնագրել,- հարցնում է։
- Որովհետև նրանց «հումորից» ոչ ոք չի ծիծաղում։ Տպավորություն են ուզում ստեղծել...
- Ես էլ նայում եմ, նայում, ծիծաղելու բան չկա, դմբո բաներ են ասում, բայց այնտեղ բոլորը ծիծաղում են... Կարծեցի, թե իրենք սաղ խելոք են, ես՝ հիմար...
- Ընդհակառակը, որ դրանց հիմարությունների վրա չես ծիծաղում, նշանակում է դու ինտելեկտով մի քանի անգամ բարձր ես դրանցից...
Որդիս գոհ գնաց քնելու։ Իր համար մի հանելուկ լուծվեց...

Ա. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Ստեփանակերտ




ՊԱՏԵՐԱԶՄԻ ԾՆԱԾ ՍՐԻԿԱՆԵՐԸ

Հարցազրույց կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանի հետ

- Պարոն Բաղդասարյան, Մաշտոցի պուրակից հետո օլիգարխի հետ բախում է Փակ շուկայի խնդրի շուրջ: 
- Պետք է կրկնեմ. բանն այն է, որ մարմնի տերը չի կարող իր մարմնի մի մասը կտրել: Եթե դուք իրոք մտածում եք, որ ձեր աջ կամ ձախ ձեռքը խանգարում են համատարած զարգացմանը, միևնույն է, չեք կարող կտրել, մեկին պետք է հրավիրեք, որ կտրի, որի համար ձեր ձախ ձեռքը ոչ մի արժեք չի ներկայացնում, և նա հանգիստ կարող է դա կտրել, բայց դուք դա երբևէ չեք կարող անել: Օլիգարխ կապիտալիզմից մինչև չազատվենք, մեր երկիրն ապագա չի ունենա: Այս ճանապարհը տանում է կործանման, որովհետև լֆիկների և նրա նմանների տեղը ուրիշ տեղ է, որտեղ ճաղավանդակներ կան և օրը մեկ անգամ հանում են ման տալու: Սրանք այն մարդիկ են, որոնք 90-ականներին մեծ քանակությամբ կապիտալներ են ձեռք բերել: Իրականում սա պատերազմի հետևանք է, որովհետև պատերազմը ծնում է 15 տոկոս հերոսներ և 75 տոկոս սրիկաներ: Հերոսները մեծամասնությամբ գնում են, թափում են իրենց արյունը, իսկ սրիկաները օգտվում են դրանից, մոտավորապես այս բանաձևն է՝ հեղափոխությունը անում են ռոմանտիկները, օգտվում են սրիկաները:

- Ըստ Ձեզ՝ առաջին իշխանությունը հենց ռոմանտիկների՞ց էր բաղկացած: 
- Առաջին իշխանությունն իմ կողմից շատ բաներով է մեղադրվում, քանի որ այն, ինչ տեսնում եմ և չեմ կարողանում ուղղել, ամբողջը գալիս է այդ իշխանության սխալներից: Այն ժամանակ առաջին նախագահին ավելի հեշտ էր ուղղել սխալները, քան հիմա երրորդ նախագահին: Այն ժամանակ ժողովուրդը ոտքի էր կանգնած և հավատում էր, իսկ այսօր ապատիա է և խորը հիասթափություն, ինչպե՞ս կարող ենք այսպես երկիր կառուցել…

- Այն դեպքում, երբ ամեն օր 477 հոգի են գնում Հայաստանից... 
- Ում հետ խոսում եմ, ամենակրեատիվ մարդկանց ուշքն ու միտքը գնալն է, և եթե այսպես շարունակվի, կմնան ուռապատրիոտներն ու ուռալիբերալները:
Մեծ կապիտալից պետք էր պաշտպանել արվեստը, ես ցավոք սրտի, գովազդով եմ զբաղվում, որտեղ նույնպես զգացվում է օլիգարխիկ կապիտալի ագրեսիվ միջամտությունը, որը ճաշակ է թելադրում: Ես միշտ ասել եմ, որ սանհանգույց և պաղպաղակ վաճառողները չպետք է թելադրեն՝ ինչպիսին պետք է լինի հեռուստատեսությունը, ճարտարապետությունը: Եթե որևէ մեկը ապացուցեց, որ Հայաստանում սեփական ուժերով կարողացել է մեկ միլիարդ դոլար ստանալ, հրապարակավ ներողություն կխնդրեմ:

Ամբողջ կապիտալի տակ հանցագործություն է և արյուն: Մենք երկար ժամանակ չենք ունեցել պետականություն և շատ սուլթանների հետույք ենք ստիպված եղել համբուրել, որ կարողանանք գոյատևել: Այդ ստրկությունը մնացել է մեր մեջ: Տեսեք ինչպե՞ս է պաշտոնյային կամ հարուստին բարևում սովորական մարդը... երկու կես է լինում: Փողի ֆետիշ կա, նրան թվում է, թե հարուստի քշելու ձևն է ուրիշ, ման գալն է ուրիշ: Այսօրվա հերոսը սա է, և առանց մտածելու ձգտում են սրան՝ առանց մտածելու, որ այդ հերոսը նշանակված միլիոնատեր է, որն ամիսը հազար դոլար չի կարող աշխատել, եթե ադմինիստրատիվ ռեսուրսը վերցնես ձեռքից: Եվ սրանք ինձ թելադրում են՝ ինչ պետք է լսեմ, ինչ պետք է դիտեմ: Սա պրոբլեմ է:
Մեր կարևորագույն խնդիրն է ազատվել օլիգարխիկ կապիտալիզմից և ստեղծել արդար և արժանապատիվ հասարակություն, և այս ուռահայրենասիրությանը վերջ տալ: Էստրադայի դուռակ երգերով՝ «Հայաստան իմ երկիր», դրանով չէ հայրենասիրություն ձևավորվում, մինչդեռ իշխանությունն էլ թվում է՝ դրանով հարց է լուծում, որովհետև իրոք սարսափելի անգրագետ են:

- Ստացվում է՝ վաղվա օրը չեք տեսնում: 
- Տեսնում եմ ու շատ գորշ գույներով: Սերժ Սարգսյանը իրական կյանքը չի տեսնում, նա կյանքը տեսնում է նրանցով, ովքեր գալիս իր ականջին լուրեր են հասցնում, այսինքն՝ երկիրը ղեկավարում են նրանք, ովքեր Սերժ Սարգսյանի ականջին հասանելի են, ահա թե ովքեր են ղեկավարում:
Ես մնացի այստեղ, որովհետև ուզում էի ֆանտաստիկ հայկական կինո ունենանք: Սակայն այսօր փողն այն մարդկանց ձեռքին է, որոնք չորրորդ դասարանի կրթություն ունեն, որոնք ռաբիս, թուրքական մուղամ են լսում և մեծ գումարներ ծախսում նման համերգների վրա: Ավելին՝ Հանրապետության գլխավոր հրապարակում, և սա ապտակ է ինձ և բոլոր նրանց, ովքեր մտածում են ինձ նման: Եվ ես այս ապտակը պարտավոր եմ վերադարձնել իրենց:

- Ռաբիս երգչին էլ վաստակավորի կոչում են տալիս… 
- Ծիծաղս գալիս է: Արման Հովհաննիսյանին միանգամից ժողովրդականի կոչում պետք է տալ, քանի որ դա է իրենց ճաշակը: Իրենք անկեղծ մտածում են դա լավ երգ է, լավ երգիչ է, էստրադային երգիչներն էլ կարծում են, որ իրենք մտավորական են, ծիծաղելի է: Լսում ես դրանց հարցազրույցները, թութակի մակարդակի ինետելեկտ ունեն, այստեղից-այնտեղից մի երկու բան խոսում են, բայց իրականում սպասում են, որ իշխանությունը զանգի, իրենց Օջախ կամ Փարվանա երգելու կանչի, իրենք էլ գնան փողը վերցնեն և նման ստրուկների վրա ո՞նց կարող ես երկիր կառուցես:

- Մյուս տարի նախագահական ընտրություններ են, այս պահին գործող նախագահի թեկնածուից բացի այլնտրանք տեսնո՞ւմ եք: 
- Խոսել, որ այլընտրանք չկա, նշանակում է ոչնչացնել սեփական ժողովրդին: Եթե մենք չենք կարողանում այլընտրանք ունենալ, ուրեմն մենք գոյության իրավունք չունենք: Ուրիշ բան, որ արհեստական ձևով փչացնում են, ինչպես Ռոբերտ Քոչարյանն էր անում, ով պոտենցիալ ուներ, փչացնում էր:
Ես ուզում եմ ֆրանսիական դեմոկրատիա, որտեղ գործող նախագահը պարտվում է ընդամենը երկու տոկոսով, ահա թե ինչ է դեմոկրատիան, և ուզում եմ հենց իմ կյանքի ընթացքում: Եվ պետք չէ ինձ հեռավոր ապագայի մասին էժանագին հեքիաթներով «կերակրել»: Ապագան հենց ներկան է:

Lragir.am
Տպագրվում է կրճատումներով




ԴԱՏԱԿԱՆ ՔԱՇՔՇՈՒԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Հարգելի «Նոր էջ», մենք կրկին դիմում ենք Ձեզ՝ մեր «բազմաչարչար» հարցով։ Մեր նախորդ երկու նամակներից ընթերցողներն արդեն ծանոթ են ВТБ-ի Ստեփանակերտի այլևս գոյություն չունեցող նախկին մասնաճյուղի աշխատողների կողմից կատարած անօրեն գործողություններին, որի արդյունքում սնանկացել ենք մենք և մեզ նման շատերը:
3-4 տարի մղվող մեր պայքարը նորից մտել է փակուղի՝ լիովին հիասթափեցնելով մեզ: Բարեկամների, ընկերների, հարևանների ու ծանոթների օգնությամբ մի կերպ հայթայթելով դրամագումարներ, պետտուրքերի վճարման և փաստաբանների կատարած աշխատանքները վարձատրելու համար, ի վերջո կարողացանք մտնել դատարան, հույս ունենալով, որ կկարողանանք հետ ստանալ մեզնից խարդախությամբ խլված, շորթած ֆինանսական կարողությունները:

Դատարանում մենք գնացինք կոմպրոմիսի՝ հրաժարվելով օրենքով մեզ հասանելիք նվազագույն տոկոսագումարներից, որպեսզի առանց խոչընդոտների հետ վերադարձնեն մեր գունարները: ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումներով ներկայացանք ԼՂՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայություն, որպեսզի վերջինիս միջոցով կարողանանք հետ ստանալ մեր կորցրածը։
Սակայն օրերս Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության ԴԱՀԿԾ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Լ. Բալյանից ստացանք նամակներ, որտեղ մասնավորապես նշվում է հետևյալը. «Կատարողական գործողությունների ընթացքում պարզվել է, որ Շարմաղ Գրիգորյանը հանդիսանում է Երևան քաղաքի Ազատության փ. 12/1 շենքի 34 բնակարանի համասեփականատեր, որի նկատմամբ կիրառվել է արգելանք: Պարտապանին պատկանող այլ գույք կամ դրամական միջոցներ չեն հայտնաբերվել»:

Հետո մեզ խորհուրդ են տալիս. «Համաձայն ՀՀ քա. օրենքի 200 հոդվածի առաջարկվում է Ձեզ դիմել դատարան Ելոյան Անդրանիկի բաժնեմասը առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու համար»:
ԼՂՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության ղեկավարները, նաև փոխգնդապետ Լ. Բալյանը արդյո՞ք գիտեն, թե ինչ անտանելի և սոսկալի վիճակում ենք գտնվում մենք:

Մենք՝ տուժածներս չունենալով համապատասխան դրամագումարներ, առողջություն, ժամանակ և հնարավորթյուն, չենք կարող մեկնել Երևան և այնտեղ նորից դիմել դատարան: Ի դեպ Արցախյան գոյամարտում ազատամարտիկ թոռ կորցրած 86-ամյա Աշխեն Սահակյանը անժամանակ մահացած որդուն մի քանի ամիս առաջ կարողացավ հուղարկավորել միմիայն բարեկամների և հարևանների աջակցության շնորհիվ...

Հարց է ծագում. եթե Շարմաղ Գրիգորյանը գրանցված լիներ Վաշինգտոն քաղաքում, մի՞թե մենք պետք է այնտեղ մեկնեինք և տեղում դիմեինք դատարան: Մենք դեմ ենք նոր և ավելորդ դատավարությանը: ԼՂՀ և ՀՀ ԴԱՀԿԾ ղեկավարները պետք է իրար հետ պայմանավորվելու ճանապարհով մեզ վերադարձնեն մեզ հասանելիքը: Դա է պահանջում օրենքը, արդարությունը:

Մի խումբ տուժածների անունից՝

ՌՈԲԵՐՏ ԲԱԲԱՅԱՆ
ԱՇԽԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ




«ԽՈՇՈՐ ՇԱՀՈՒՄ». ՇԱՀԵՑ ՆԱԵՎ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ

Անցած ամիս Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետդրամթատրոնը հանդիսատեսին ներկայացրեց ֆրանսիացի Լուի Վերինի «Խոշոր շահում» պիեսը։ Թեթև ժանրի մի ներկայացում, որի պահանջը թերևս առավել շատ էին զգում հայկական էժանագին ու այլանդակ հեռուստասերիալներից հոգնած-ձանձրացած մեր երիտասարդները։
Բեմադրության հեղինակն է երիտասարդ դերասանների մասնակցությամբ մի քանի այլ բեմադրություններով Արցախի հանդիսատեսին արդեն քաջածանոթ, պետթատրոնի նախկին դերասանուհի, այժմ ռեժիսոր շնորհալի երիտասարդ արվեստագետ Վեներա Ավագիմյանը։ Երաժշտական ձևավորման հեղինակը Ալբերտ Սաֆարյանն է, նկարչական ձևավորումը՝ Զորիկ Գալստյանի։

Սովորական ու առօրեական է պիեսի սյուժեն. երիտասարդ ամուսինների՝ շարքային ծառայող Ժակի և Լաուրայի ընտանեկան հարաբերություններն այնքան էլ նախանձելի չեն։ Ամուսինը պարբերաբար գործուղումների է մեկնում, մենությունից ձանձրացած, ամուսնու անտարբերությունից վիրավորված կնոջ շուրջ սկսում է պտտվել ու սիրահետել երիտասարդ, նույնպես սովորական մի ծառայող՝ Ալենը։

Այդ օրը Լաուրան անհամբեր սպասում էր ամուսնուն՝ միասին նշելու ամուսնության տարելիցը։ Ժակը եկավ դարձյալ հոգնած ու մռայլ՝ վերջնականապես փչացնելով կնոջ տրամադրությունը... Իսկ հաջորդ օրը, երբ ժակը դարձյալ գործուղման մեկնեց, հայտնվեց երջանկությունից շողացող Ալենը՝ 6 միլիոն շահած վիճակախաղի տոմսը ձեռքին։ Տոմս, որ Լաուրայի հետ էր գնել, և այն ընտրել էր վերջինս...

Երջանիկ սիրահարները սկսում են ապագայի ծրագրեր կազմել, ապագա, որ երիտասարդներին պատկերանում է հեքիաթային գույներով... Հետո հայտնվում է ժակը, որ դեռ չէր մեկնել։ Ժակի անսպասելի վերադարձը սառը ջրի ազդեցություն է թողնում. Ալենը դուրս է պրծնում սիրուհու տնից՝ սեղանին թողնելով խոշոր գումար շահած տոմսը։ Ժակը, որ վիճակախաղի ավելի մոլի երկրպագու էր ու ինքն էլ էր տոմսեր գնել, սեղանի վրա նկատելով տոմսը, կարծում է, թե 6 միլիոն շահած այդ տոմսն իրենն է...

Դերերը փոխվում են։ Հոգնած-մռայլ Ժակը անսպասելի երջանկությունից պայծառանում է ու հիմա էլ ինքը սկսում կնոջ հետ ապագայի ծրագրեր կազմել, իսկ անփութության պատճառով «կարողությունը» կորցրած Ալենը դառնում է կոպիտ ու անտանելի՝ ամեն ինչում մեղադրելով Լաուրային... Ապա ծրագիր է կազմում, վերջինիս աջակցությամբ գողանալու սեփական միլիոնները...

Լաուրայի կանացի խորաթափանցության թե խորամանկության շնորհիվ 6 միլիոնը մնում է երիտասարդ ամուսիններին։ Արկածային երանգներով փոքրիկ պատմություն։ Սակայն ռեժիսորական տքնաջան աշխատանքի ու սովորական այս պատմությանը ռոմանտիկ-իրական կերպավորում հաղորդելու, երիտասարդ դերասանների գրագետ դերակատարման շնորհիվ հանդիսատեսը մինչև ներկայացման վերջ լարված սպասում է հանգուցալուծմանը, կարծես ինքն էլ դառնալով դրամատիկ այդ պատմության ականատեսն ու մասնակիցը։

Ժակի դերակատար Դավիթ Ղահրամանյանը մի քանի տարի առաջ է ավարտել պետդրամթատրոնին կից դերասանական ստուդիան։ Մինչ այդ արդեն հասցրել է հանդես գալ Վեներա Ավագիմյանի բեմադրած տարաբնույթ դրամատիկական ստեղծագործություններում։ Սակայն, Ժակի կերպարը երևի թե կարելի է համարել Դավիթի դերասանական կարիերայի փորձաքարը։ Եվ նա, կարելի է ասել, պատվով դուրս եկավ այդ փորձությունից՝ մարմնավորելով մարդու կերպար, որ կարծես կորցնում է ամեն ինչ՝ կին, ընտանիք, աշխատանք, բայց իր և սիրած մարդու՝ Լաուրայի ջանքերով տեր է դառնում իր երջանկությանը։ Ներկայացման ողջ ընթացքում Դավիթն ասես չէր տեսնում, չէր զգում դահլիճի ներկայությունը։ Ինքն էր ու ընտանեկան իր դրաման։ Մնացյալ ու կողմնակի ամեն բան նրան չէր հետաքրքրում, նրա համար գոյություն չուներ։

Ինչ-որ տեղ ավելի ծանր ու դժվար էր դերասանական ստուդիայի նորավարտ Զարուհի Մկրտչյանի՝ Լաուրայի դերակատարի համար։ Ներկայացման սկզբից մինչև վերջ նա բեմում է։ Ամեն ինչ պտտվում է նրա շուրջ։ Երկու հերոսներն իրենց անձնական երջանկությունը փորձում են հյուսել նրա շուրջ։ Ամուսնուն անսահման սիրող կին, ու հանկարծ վերափոխվում է սիրուհու, բայց սրտի խորքում շարունակում է իր հաստատուն տեղն ունենալ ամուսինը։ Ապա կարծես պետք է կորցներ ամեն ինչ՝ ամուսին, ընտանիք, 6 միլիոնի կորստից դեռ ուշքի չեկած սիրեկան... Եվ, այնուամենայնիվ, ինչ-որ տեղ սայթաքելով, հուսահատվելով, բայց նվիրվածության ու համառության շնորհիվ նա փրկում է իր համար ամենաթանկը՝ ընտանիքը, վերագտնում Սերը...

Իր դերում համոզիչ էր նաև Աշոտ Սարգսյանը՝ Ալենի դերակատարը։ Երիտասարդ, որ ինչպես մի ակնթարթում դարձել էր «աշխարհի տերը»՝ վիճակախաղի 6 միլիոնի հետ ձեռք բերելով սիրած կին, հանկարծ մի ակնթարթում կորցնում ամեն ինչ։ Կարծում եմ, շնորհալի այս երիտասարդին բեմում տեսնելու առիթներ հանդիսատեսը դեռ շատ կունենա...

Հերոսները խոշոր գումար շահեցին, իսկ ամենամեծ «շահումը» երևի թե վերագտած Սերն է։ Երիտասարդ դերասաններն իրենց բաժինը «շահեցին»՝ ինքնահաստատվելու, ինքնաբացահայտվելու հնարավորություն ստացան և «խաղը» շահեցին։ Ուզում եմ հավատալ, որ այս սովորական-առօրեական ներկայացումից շահեց նաև հանդիսատեսը։ Թատրոնի ճանապարհը վաղուց մոռացած հանդիսատեսը կրկին հնարավորություն ստացավ մտնել Արցախի մայր թատրոն ու համոզվել, որ ամեն ինչ դեռ կորսված չէ։ Խոնավություն ու նեխահոտ փչող կիսավեր այս շենքում դեռ կան մարդիկ, ովքեր հանդիսատեսի հետ միասին փորձում են գտնել դեպ Տաճար տանող ճանապարհը։ Ու ամենակարևորը՝ նրանք երիտասարդ, կարող ուժեր են։ Նրանց հետ կարելի է հույսեր կապել...

Վեներա Ավագիմյան. երիտասարդ այս արվեստագետի անվան հետ է կապված Մայր թատրոնին կից գործող դերասանական ստուդիայի վերջին առնվազն տասամյա գործունեությունը։ Այսօր մեր թատրոնի ապագան կապում ենք նրա սաների հետ։ Չեմ հիշում դեպք, որ հանդիսատեսը, արվեստագետները երբևէ դժգոհ մնային նրա բեմադրություննեից։ Ընդհակառակը, նրա բեմադրությունները մշտապես աչքի են ընկել ռեժիսորական հետաքրքիր լուծումներով և արժանացել հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։ Չնայած, մի հետաքրքիր զուգադիպությամբ, նա մշտապես ընտրել է առավել դժվարամատչ ու բեմի համար «անհարմար» ստեղծագործություններ, որ ամենավառ երևակայության դեպքում հազիվ թե պիես անվանես... Ինչպես, օրինակ, դերասանական ստուդիայի սաների «դիպլոմային աշխատանքը» կամ վերջերս բեմադրած «Բարև, հայ» գեղարվեստական-հրապարակախոսական տարբեր կտորներից կազմված ներկայացումը և այլն։

Արդեն քանի՜ տարի է թատրոնը որոնումների մեջ է։ Մի տնօրենին, մի գեղարվեստական ղեկավարին փոխարինում մի ուրիշը։ Արդյունքում՝ այսօր նեխահոտ է փչում ոչ միայն թատրոնի քայքայված, վերանորոգման կարոտ պատերից... Դրությունը չեն փրկում նաև Հայաստանից երբեմն հրավիրվող ռեժիսորները, ովքեր մեկ-երկու պիես են բեմադրում և մեկնում։ Թատրոնին իսկական Տեր, արվեստի նվիրյալ մարդ է պետք։ Եվ պետք չէ երևանները մեկնել՝ նրանց որոնելու համար։ Միևնույն է, եկողների համար այնքան էլ դյուրին չէ ձերբազատվել «գաստրոլյորի» հոգեբանությունից։ Գալիս ու գնում են, իսկ «կոտրած տաշտակը» մնում է։

Կարծում եմ, պետք չէ սար ու ձոր ընկնել։ Այդ արվեստագետին այստե՛ղ, մե՛ր մեջ փետք է փնտրել։ Եվ անպայման կգտնվի...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ




ՆՈՐ ԿՐԹԱԿԱՐԳ. ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵԻ՞ՆՔ ՇՏԱՊԵԼՈՒ 

Ցանկացած բարեփոխում ենթադրում է առաջընթաց. հանրակրթության ոլորտի բարեփոխումների հիմնական խնդիրն էլ կրթության որակի ապահովումն է։ Եվ իբրև բարեփոխումների առանցքային նախաձեռնություն՝ անցանք ուսուցման 12-ամյա հանրակրթական համակարգի, իսկ 2009-2012 ուսումնական տարվանից կյանքի կոչվեց եռամյա ավագ դպրոցի ինստիտուտը, որն էլ այս տարի տվեց իր առաջին շրջանավարտներին, որոնք, թվում է, պիտի էականորեն տարբերվեին 10-ամյա հանրակթական համակարգի վերջին թողարկումից... Մինչդեռ իրողությունն այլ է...

12-ամյա կրթությանն անցնելու հիմնական դրդապատճառներից մեկն էլ կրկնուսույցներին դիմելու անհրաժեշտությունից ծնողներին ազատելն էր։ Եվ ի՞նչ. այս տարվա շրջանավարտները կրկնուսույցների մոտ չե՞ն պարապել։ Իհարկե, կարիք չկա հարցում անցկացնելու՝ այս հարցի պատասխանը ստանալու համար։ Պարապել են։ Շատերը՝ նույնիսկ երկու տարի։ Մի զգալի մասը՝ իրենց իսկ՝ ավագ դպրոցի ուսուցիչների մոտ (ինչը, թվում է, արգելված է. չէ՞ որ ավագ դպրոցի ուսուցիչն անգամ «սովորական» դպրոցի «սովորական» ուսուցչից ավելի է վարձատրվում աշակետներին բավարար չափով գիտելիքներ տալու համար)։

Համաձայն եմ՝ դեռ վաղ է եզրահանգումներ անել. պիտի սպասել...
Այն, որ կրթության համակարգին բարեփոխումներն անհրաժեշտ էին, դա միանշանակ է։ Որ մասնագիտական կողմնորոշման առումով մի քայլ առաջ է նոր կրթակարգը, անվիճելի է։ Անխուսափելի էր նաև անցումը 12-ամյա կրթության. աշխարհն այսօր չի ճանաչում 10-ամյա կրթության վկայականը։ Անժխտելի է, սակայն, և այն, որ մենք շտապել ենք. հնարավոր էր այդ ամենն անել ավելի կազմակերպված ու մտածված՝ խուսափելով մի շարք սխալներից, նոր կրթակարգին անցնելուն պիտի նախորդեր նախապատրաստական մեծ աշխատանք։

Մինչև նոր կրթակարգին անցնելը, լուրջ աշխատանք պիտի տարվեր նախ և առաջ մանկավարժների հետ։ Այսօր ավագ դպրոցում դասավանդող ուսուցիչն ինչո՞վ է տարբերվում հիմնական դպրոցի մանկավարժից. միամսյա դասընթացը հրաշքնե՞ր է գործել...
Իսկ «մրցույթը շահած» տերմինախեղդ դասագրքե՞րը... Իսկ ծրագրե՞րը, որոնք իբր թե բեռնաթափվել են։ Թեկուզև մեկ օրինակ։ Եթե 10-ամյա կրթակարգով ձևաբանությունն ուսումնասիրվում էր երկու տարում, ապա 12-ամյա կրթակարգով ծանրությունն ընկնում է հիմնական դպրոցի 7-րդ դասարանի վրա. ուսուցիչը ստիպված է լինում համարյա ամեն ժամ դասը, թեման փոխել՝ առանց հասցնելու վարժություններով ամրապնդել թեման, այլապես չի հասցնի ծրագիրն ավարտել...

Իսկ երկու տարի անց արդեն աշակերտը պիտի քննություն հանձնի նաև յոթերորդ դասարանում շուտափույթ անցածից։ Ի՞նչ անի. կա՛մ պիտի լրացուցիչ պարապի, կա՛մ էլ պիտի մեծամասնության նման մշակի արտագրության տեխնիկան (անգամ ուրիշ դպրոցում էլ ճարպիկ աշակետն իր գլուխը լավ պահում է, ինչը չես ասի բարեխիղճ աշակերտի մասին. ցավալի, բայց գնալով ավելի տարածվող երևույթ է, երբ թույլ աշակերտը ավելի բարձր միավոր է ստանում, քան լավ աշակերտը...)։ Դե իսկ ավագ դպրոցի 11-րդ դասարանում հիմնականում երկու խոսքի մաս են կրկնում... Զավեշտալի չէ՞...

Իհարկե, հասկանում ենք, որ, ինչպես և ցանկացած նորամուծություն, 12-ամյա կրթական համակարգի և ավագ դպրոցի ներդրումը ենթադրում է դժվարություններ։ Բայց խոսքը հաղթահարելի դժվարությունների մասին չէ, այլ տագնապահարուց երևույթների, որոնց հետևանքները քիչ ավելի ուշ կերևակվեն։ Թվարկենք դրանցից մի քանիսը, որոնցից յուրաքանչյուրը առանձին քննարկման թեմա է.

- 6-ամյա մանուկը դպրոցական նստարանին

- 17-18 տարեկան պատանիներն ու օրիորդները՝ դպրոցական նստարանին

- 18 տարեկան տղաները աշակերտական նստարանից անմիջապես բանա՞կ

 - ծրագրի ոչ ճիշտ բաշխումն ըստ դասարանների (հիմնական դպրոցի վրա է ընկնում ողջ ծանրությունը. հետևանքը՝ գերծանրաբեռնվածությունից ու ավելորդ ինֆորմացիայից հոգնած ու արդեն իսկ ուսման նկատմամբ անտարբեր 8-րդցի կամ 9-րդցի)

- գիտելիքների ստուգումը թեստերի միջոցով, որը հանգեցնում է լավ աշակերտի հիասթափության, թույլ, բայց ճարպիկ աշակերտի քմծիծաղի. բնական է, որ տարեցտարի սովորող աշակերտնների քանակը կնվազի (ավելի լավ է՝ վարժեցնեն արտագրության տեխնիկան), ուսման որակը՝ նույնպես... Ու այսպես կնահանջենք այնքան, մինչև ծնողի ու աշակերտի գիտակցությունը լուսավորվի, ու նրանք հասկանան կրթության դերը իրենց նպատակների ճանապարհին... Իսկ դա ե՞րբ կլինի... Երբ մեր գիտակցության ու կեցության (թե՞ կեցության ու գիտակցության) մակարդակը հասնի եվրոպականի՞ն... Չէ՞ որ մենք առաջնորդվում ենք եվրոպական չափանիշներով...

- գյուղերի ծերացման գործընթացի արագացում և այլն...

Ցավալի է, որ «անշրջելի գործընթացի» մեկնարկը ժամանակից շուտ հայտարարած մեր պաշտոնյաները այժմ էլ շտապում են հայտարարել, որ «ավագ դպրոցը կայացել է»՝ չնկատելու տալով վերոնշյալ և այլ բացահայտ վրիպումներ ու սխալներ (խորհրդային ժառանգություն, որից առաջին հերթին պիտի ազատվեին մեր պաշտոնյաներն ու պաշտոնաթերթերը)։ Մինչդեռ եթե բարձրաձայնվեին խնդիրները, եթե խոսվեին այն բացերից, որոնք նախընտրում են չտեսնել, ավելի շուտ կկայանար նոր կրթակարգը։

Խնդիրների մի մասի շուրջ խոսվեց։ Իսկ դրանց լուծման ճանապարհներն էլ ակնհայտ են ու ոչ այնքան բարդ։ Թերևս մի քանիսը.

- ծրագրերի իրական բեռնաթափում և ծրագրային նյութի համաչափ ու ճիշտ բաշխում՝ աշակերտի տարիքային հոգեբանության հաշվառումով

- մատչելի դասագրքեր՝ հագեցած հետաքրքիր վարժություններով (այլ ոչ թե գիտական ձևակերպումներով ու տերմիններով) և կազմված մանկավարժների (այլ ոչ թե գիտնականների) կողմից

- Ժամանակակից տեխնոլոգիաներին ու ուսուցման արդի մեթոդներին տիրապետող մանկավարժական կադրերի պատրաստում

- դպրոցի և ուսուցչի հեղինակության բարձրացում (ինչը պիտի անեն դրանում շահագրգռված դպրոցի տնօրենությունն ու նրա ընտրած մանկավարժները. յուրաքանչյուր դպրոց նպատակ պիտի ունենա հասնելու այնպիսի որակի, որ նման դպրոցում սովորել ցանկացողները շատանան)

- իր կրթօջախում ավագ դպրոցն ավարտելու հնարավորության և ընտրության ընձեռում աշակերտին (աշակերտը ինքը պիտի որոշի՝ որտեղ շարունակի ուսումը՝ ի՞ր, թե՞ այլ թեքումով դպրոցում)

- աշակերտի գիտելիքի ստուգում ոչ միայն թեստի միջոցով (նման ստուգումը ռեալ չէ արտացոլում աշակերտի գիտելիքը)

- թեստի կազմման տեխնոլոգիայի մշակում (ուսուցիչները կազմում են տարբեր բարդության թեստեր գնահատման նույն համակարգի պարագայում)

- միասնական քննության թեստի արհեստավարժ կազմում՝ դիմորդի հոգեբանության ըմբռնումով (այս տարի, օրինակ, հայոց լեզվի և գրականության միասնական քննության թեստի 80 հարցերի մի մասի ծավալը համարյա մեկ էջ էր կազմում. իբր 80 հարցը քիչ էր, որոշ հարցեր էլ կարծես դիմորդին շփոթեցնելու և հոգնեցնելու նպատակ են հետապնդում)...

Կարելի էր շարունակել, եթե... Եթե միայն մեր կարծիքներն ու առաջարկությունները ինչ-որ բան փոխեին...

Մ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
մանկավարժ




ԳՅՈՒՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՈՒՂՂՎԱԾ ՔԱՆԴՈՒՄ

12-ամյա կրթական համակարգին անցնելը իր հետ բերել է բազմաթիվ անախորժություններ, որոնց արդյունքում ոչ միայն կրթադաստիարակչական մեր ավանդական դպրոցն է քայքայվել ու խեղվել, այլև դրանից սկիզբ են առել այնպիսի մեծ սխալներ, որ վերաբերում են ոչ միայն կոնկրետ կրթական համակարգին։

Ես ընդամենը ուզում եմ հիշեցնել մեկ քայքայիչ վտանգի մասին, որ իր հետ բերել է 12-ամյա արկածախնդրությունը, և որը վերաբերում է մասնավորապես գյուղական դպրոցներին ու ընդհանրապես մեր գյուղերի լինելիությանը։

Գյուղում ավարտելով հիմնական դպրոցը, 14-15-ամյա երեխան ստիպված է լքել հայրենի գյուղն ու հարազատներին և կրթությունը շարունակել հաճախ հեռավոր այն բնակավայրերում, որտեղ ավագ դպրոց կա։ Արդյունքում՝ նա զրկվում է ընտանեկան դաստիարակություն ստանալու հնարավորությունից, օտարանում է հայրենի գյուղից։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո նա մեկնում է քաղաք՝ բարձրագույն կրթություն ստանալու՝ իր հիշողությունից վերջնականապես ջնջելով հայրենի գյուղի, իր ծննդավայրի, իր օջախի պատկերը։

Այս երեխաները հազիվ թե հետո ցանկություն ունենան կրկին վերադառնալու իրենց գյուղ, շենացնելու հայրենի օջախը։ Եվ այսպես աստիճանաբար քանդվելու են մեր գյուղերը։ Երբեմնի ծաղկուն գյուղերն արդեն գրեթե դատարկվել են... Սա՞ է մեր նպատակը։

ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ




ԼՂՀ ՈՒՇՈՒԻ ՓԱՌԱՎՈՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Ֆիզիկապես առողջ սերունդ դաստիարակելը ռազմավարական նշանակություն ունի յուրաքանչյուր երիտասարդ երկրի համար: Արցախում այս խնդիրը լրացուցիչ ենթատեքստ էլ ունի: Գաղտնիք չէ, որ սպորտի բնագավառում մեր մարզիկների հաջողությունները բարձրացնում են ԼՂՀ վարկանիշը: Քաջ գիտակցելով այս հանգամանքը, վերջին տարիներին արցախցի մարզիկների մասնակցությունը մարզական միջոցառումներին լայն թափ է ստացել ինչպես Արցախում, այնպես էլ երկրից դուրս:

ԼՂՀ ուշուի ֆեդերացիան չնայած Արցախում իր գործունեությունը սկսել է ոչ վաղուց, այնուամենայնիվ մարզիչների և մարզիկների համատեղ ջանքերով կարողացել է զգալի աշխատանքներ իրականացնել մարզաձևի զարգացման համար:

2012 թ. հունիսի 9-10-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացավ Սանդա ուշուի պատանեկան միջազգային առաջնություն: Առաջնությանը մասնակցում էին մարզիկներ Վրաստանից, Ադրբեջանից, Հայաստանից և Արցախից: Հարկ է նշել, որ չնայած ադրբեջանցիների մշտական բողոքներին, այնուամենայնիվ, ԼՂՀ ուշուի ֆեդերացիան ներկայացավ մրցաշարին ոչ թե Հայաստանի պատվիրակության կազմում, այլ որպես առանձին պետության պատվիրակություն: Ընդ որում՝ Վրաստան մեկնած մեր համերկրացի ութ հրաշալի մարզիկներն ապացուցեցին, որ իրենք ուժեղագույնն են: Դրա վառ ապացույցն են նվաճված յոթ ոսկե և մեկ արծաթե մեդալները: Ֆեդերացիայի մարզիկ և մարզիչ, ուշուի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Դավիթ Գրիգորյանը գերազանց է գնահատում ֆեդերացիայի ձեռքբերումները. «Մեր մարզիկները լավագույնս ցուցադրեցին իրենց մարտական կարողությունները, բարձր տեխնիկայի տիրապետելու իրենց հմտությունը: Մեծ հույսեր ունենք, որ նման փայլուն հաղթանակները շարունակական կլինեն»:

Ինչպես այսօր կարողանում ենք մեզ արժանի կերպով պաշտպանել ռինգում, այնպես էլ վաղը, անհրաժեշտության դեպքում, պաշտպանելու ենք մեր հայրենիքը: Եվ այսօր ձեռք բերված մեր անձնական հաղթանակները հանրագումարելով՝ վաղը կերտելու ենք մեր պետական, ազգային հաղթանակը:

ՍՈՆՅԱ ԱՎԱԳՅԱՆ
ԼՂՀ ուշուի ֆեդերացիա




ՖՈՒՏԲՈԼ

ՀՀ ֆուտբոլի Ա խմբի առաջնությունում հանդես եկող Ստեփանակերտի «Լեռնային Արցախ» թիմը (1997-1998 թթ. ծնված պատանիներ, գլխավոր մարզիչ՝ Սլավա Գաբրիելյան), որ անցյալ տարի գրավել էր 4-րդ պատվավոր տեղը, օրերս Ստեփանակերտում ընդունել էր Երևանի «Միկա» թիմին և առավելության հասել 2։1 հաշվով...
Մինչ այդ մեր թիմը սեփական հարկի տակ ընդունել էր խմբի նորելուկ Արթիկի թիմին և համոզիչ հաղթանակ տոնել՝ 15։0 խոշոր հաշվով։ Այնուհետև մեր թիմն այդ հաղթանակի բերկրանքից ավելորդ ինքնավստահություն ստացած, Երևանում հյուրընկալվել էր խմբի առաջատար ակումբներից մեկին՝ «Փյունիկ»-ին և պարտություն կրել 1։10 հաշվով։
Արցախցի ֆուտբոլիստներն այս մրցաշրջանում արդեն անցկացրել են 7 խաղ։ Վերջին հաղթանակից առաջ զբաղեցնում էին 7-րդ հորիզոնականը։ Ինչպես ասում են՝ ամեն ինչ դեռ առջևում է։




ԼԵՈ. ԱՆՑՅԱԼԻՑ

Բազմաթիվ ընթերցողների խնդրանքով որոշել ենք շարունակել հատվածաբար տպագրել ականավոր պատմաբան, գրող Լեոյի «Անցյալից» հուշագրությունը։ Նշանավոր արցախցու հուշագրությունը որոշ կրճատումներով տպագրվել էր «Նոր էջ»-ի NN 13-30-ում, որից հետո այն ամբողջությամբ զետեղել էինք մեր թերթի էլեկտրոնային տարբերակում՝ բլոգում (nor-ej.blogspot.com)։ 
Մեր ընթերցողները գրում են, թե բոլորը չեն, որ հնարավորություն ունեն օգտվելու ինտերնետային ծառայությունից և կարդալու հայ մեծանուն պատմաբանի հուշագրությունը, և խնդրել են շարունակել «Անցյալից»-ի տպագրությունը։ 
Սիրով կատարում ենք նրանց խնդրանքը՝ վերսկսելով հուշագրության տպագրությունը՝ որոշ կրճատումներով։
«ՆԷ»

Անդրկովկասը գահավիժորեն տանում էին դեպի ազգամիջյան պատերազմ... 

1917 թ. Փետրվարյան հեղափոխությունը մի լավ հարցաքննություն էր Ռուսաստանի ժողովուրդների համար, թե ով ինչ բագաժով պիտի դուրս գա հեղափոխական ասպարեզի մեջ դեր կատարելու համար: Դա ընդունակությունների, պատրաստվածության հարցաքննություն էր: Կովկասյան ազգերի մեջ ամենից լավ պատրաստված հանդիսացան վրացիները: Նրանք ունեին մի ուժեղ և միատարր կազմակերպություն՝ մենշևիկ սոցիալ-դեմոկրատիան, որ կարևոր դեր էր խաղում Ռուսաստանի մենշևիզմի մեջ...

Վրացիներից անհամեմատ հետամնաց էին հայերը: Ճիշտ է, հայերի մեջ հասարակական բաժանումներ և խմբավորումները վաղուց էին սկսվել՝ կար հայ սոցիալ-դեմոկրատիա, կային հայ սոցիալիստ-հեղափոխականներ, բայց այդ բաժանումները զարգացման սաղմնային վիճակի մեջ էին և չէին կարող անկախ ու գործուն դեր կատարել: Գլխավոր զանգվածը կազմում էր Դաշնակցությունը, որի արևելքն ու արևմուտքը հայտնի չէին և նրա շեֆերին: Հիշում եմ «Հորիզոն» լրագրի մի խմբագրական ժողով՝ դարձյալ Համբարձում Մելիքյանի նախագահությամբ: Ինձ, իբրև դրսի աշխատակցի, հրավիրել էին կարծիք հայտնելու թերթի ուղղության մասին: Երբ հերթն ինձ հասավ, ես ասացի, թե դժվարանում եմ մի որոշ կարծիք հայտնել, որովհետև մի հաստատուն բացորոշ ուղղություն չեմ տեսնում: Թերթն առանց ուղղության է. այսօր մի հոդված սաստիկ առաջադեմ բովանդակությամբ, վաղը մեկ ուրիշը՝ հետադեմ բովանդակությամբ: Ի մեծ զարմանս ինձ՝ թերթի խմբագիր Արշակ Ջամալյանը հաստատեց իմ ասածը, բայց արդարացավ՝ ասելով, թե դաշնակցական աշխարհայացքը պարզ, որոշ, կետ առ կետ օրենսդրված չէ, ինչպես, օրինակ, մարքսիզմը, որին հետևողի համար ամեն ինչ պարզ դասավորված է համաչափ և ներդաշնակ սիստեմի մեջ: Մինչդեռ, քանի դաշնակցական թերթ կա, այնքան էլ ուղղություն կա: Եվ այս ճիշտ էր…

Հեղափոխություն է փողոցում, դուրս են գալիս հասարակական կազմակերպությունները, դիրք են բռնում, իշխանություն են ձեռք առնում: Սկզբի օրերին, կարծեք թե, հայերն են գերակշռող դիրք ձեռք բերում Թիֆլիսի մեջ: Բայց վրաց մենշևիկներն արագ խախտում են այդ դրությունը և, իրենց ձեռքը գցելով բոլոր կարևոր, հրամայող դիրքերը, հաստատում են իրենց հեգեմոնիան կովկասյան բոլոր ազգությունների մեջ...

Այսպիսով, վրացիությունը բոլոր մյուս ազգություններից գերադաս էր դառնում և ուժեղանում էր մանավանդ այն պատճառով, որ ղեկավարող կուսակցությունը (մենշևիկները) հասկանում էր մեկուսացման ամբողջ վնասը. ուստի, չամաչելով իր սոցիալիստական կերպարանքից, համաձայնության, կարելի է ասել՝ դաշնության մեջ մտավ թուրք կալվածատեր և բուրժուա դասակարգերի հետ, որոնք արդեն մի ուժեղ կազմակերպություն էին ստեղծել «Մուսավաթ» անունով:

Այսպիսով մեկուսացված մնում էր հայ ժողովուրդը: Պատերազմի և կամավորական շարժման սկզբից ստեղծված դրության շարունակությունն էր այս, որ սերտորեն կապված էր Դաշնակցության գոյության հետ: Այժմ, երբ սկսվել էր նոր կյանք, հայ հասարակությունը չկարողացավ հանել իր միջից մի ուրիշ հոսանք, որ ձեռնարկեր այդ նոր կյանքի խնդիրները լուծելու՝ նոր սկսվող պայմանների և պետական իրականության շրջանակի մեջ: Հայ ժողովուրդը մնաց իր հին մտայնությամբ. Դաշնակցությունն էր ղեկավարողը, ուղղություն տվողը. իսկ սա նշանակում էր, թե խառնված պիտի լինեն իրար հետ ֆիդայականությունն ու սոցիալիզմը: Ո՛չ մի բարեկարգում, ո՛չ մի վերանորոգում: Ամեն ինչ մնաց հինը: Մենք ունեինք լավ խմբապետներ, բայց չունեինք քաղաքական առաջնորդներ: Եվ այդ խմբապետները մարդիկ էին, որոնց համար մեծագույն պատվանունը սուլթանական «փաշա» անունն էր. դրա՛նք պիտի լինեին նաև քաղաքական առաջնորդներն ու պաշտպանեին հայ ժողովրդի շահերն այնպիսի միջավայրում, ուր խոսքը մաուզերին կամ մոսենուն չէր պատկանում, այլ քաղաքականապես կրթված, հասարակագիտական լուրջ պատրաստությամբ ամուր և ուժեղ մտքին...

Դաշնակցական ինտելիգենցիա կար, բայց տափակությունից ու միջակությունից վեր չգնաց նա: Ճիշտ է, հեղափոխության առաջին իսկ օրերից այդ ինտելիգենցիան ձեռք էր բերում Ալեքսանդր Խատիսյանին, որ մի ուժ էր նույնիսկ կովկասյան չափանիշով: Բայց այդ ի՞նչ ուժ էր: Խոսելու գեղեցիկ ընդունակություն ուներ, գործելու եռանդով լցված էր, բայց՝ անսկզբունք, պատեհական, կարիերիստ. ահա՛ ինչն էր, որ սնամեջ էր դարձնում այդ ընդունակությունը: Բուրժուազիայի սիրասուն զավակ, նրանից երես առած, նրանով առաջացած մինչև Թիֆլիսի քաղաքագլխի բազկաթոռը՝ նա հանկարծ դուրս եկավ իր այդ ծնող մոր դեմ, կռիվ հայտարարեց նրա դեմ՝ մտնելով Դաշնակցության շարքերը: Այսպես են մի գիշերվա մեջ սոցիալիստ դառնում, երբ հարկավոր է: Կարիերիզմի բնազդը չէր դավաճանել Խատիսյանին: Նրան ընդունեցին Դաշնակցության մեջ գրկաբաց, թույլ էլ չտվեցին, որ նա գոնե մի քառասնօրյա մաքրարան անցնի՝ իր անցյալ մեղքերից փոքրիշատե սրբվելու համար…

Ես պարտավոր եմ ասել, որ ամենքը չէին այդքան անտարբեր իրենց նոր ընկերակցի վերաբերմամբ. Դաշնակցության ձախ կամ երիտասարդ թևը շատ էր աշխատում զտել կուսակցության շարքերը: Հատուկ անբավականություն կար Խատիսյանի դեմ, և նրա անունը հանել տվին Սահմանադիր ժողովի պատգամավորների թեկնածուների շարքից: Բայց այս դիմադրությունը շատ կարճ տևեց, և նորաթուխ դաշնակցականն այնքան կարևոր դիրքեր գրավեց, որ իրենից շատ հեռու թողեց հին, ինչպես ասում են՝ «մազով-միրուքով» դաշնակցականներին: Սա, իհարկե, հրաշքով չէր կատարվում, այլ իրերի բնական բերմունքով՝ մարդ չկար կարևոր, պատասխանատու պաշտոնների համար, և ահա կախվում էին այդ մարդու փեշերից, որին չգիտեմ ով, շատ սրամիտ կերպով անվանել էր «պալատական սոցիալիստ»...

Բանվորական զանգվածների մի փոքր մասը գնաց Դաշնակցության ետևից, մնացած մասը սոցիալ-դեմոկրատիայի հետ էր: Եվ ահա, հիմնվելով ուժերի այս տեսակ տրոհման վրա՝ վրաց սոցիալ-դեմոկրատիան քաղաքային ընտրությունների ժամանակ առաջին խոշոր հաղթանակը տարավ Դաշնակցության դեմ: Թիֆլիսի հայ ազգաբնակչությունը թեև խոշոր քանակություն էր կազմում, բայց անկազմակերպ վիճակի մեջ գտնվելով՝ ձայների մեծամասնությունը շահեց վրաց սոցիալ-դեմոկրատիան, իսկ Դաշնակցությունը քաղաքային դումայի մեջ բռնեց երկրորդական տեղ: Քաղաքագլուխ ընտրվեց վրացի. բոլոր խոշոր, պատասխանատու պաշտոնները նույնպես վրացիների ձեռքն անցան, և այսպիսով լուծում ստացավ տասնյակ տարիներից ի վեր վրաց ազնվականության և հայ բուրժուազիայի մեջ բորբոքված կռիվը Թիֆլիսի քաղաքային ինքնավարությանը տիրանալու համար: Այս առաջին հաղթանակից հետո Դաշնակցությանը վիճակվում էր իր դիրքերը մեկը մյուսի ետևից վրաց սոցիալ-դեմոկրատիային զիջելը...
Այս կողմից ավելի լավ դրության մեջ էր թուրք ժողովուրդը: Թեև թուրքերը նոր էին միայն մտնում քաղաքական կազմակերպման շրջանը, և թեև նրա մեջ գոյացած «Մուսավաթ» կազմակերպությունը ավատական-կրոնական բովանդակություն ուներ և ներկայացնում էր ազգայնամոլ հետադիմություն՝ երիտթուրքերի ճաշակով և տիպով, բայց և այնպես՝ նա միացած էր վրաց մենշևիկների հետ, գնում էր նրա ետևից և որոշ դեպքերում փոխադարձաբար քաշում էր նրան իր ետևից, մանավանդ այնտեղ, ուր հարցը վերաբերում էր հայերին: Թե՛ այս հանգամանքը և թե՛ այն, որ «Մուսավաթն» իր մեջքի ետևում զգում էր Թուրքիայի ուժը, թուրք ժողովրդի ներկայացուցիչ կազմակերպությանը տալիս էր այնքան ամուր և ուժեղ դիրք, որ Դաշնակցությունը ստիպված էր նրա առջև նահանջողի, զիջողի դիրք բռնել...

Կերենսկու ապիկար կառավարությունն ինչպես ամեն տեղ, այնպես էլ Կովկասում սաստկացրել էր անիշխանությունը: Օգտվելով այս հանգամանքից՝ թուրք ազգաբնակչությունը տենդային շտապով զինվում էր: Այս այնքան խոշոր մի երևույթ էր դարձել անդրկովկասյան իշխանության մեջ, որ նրա վրա ուշադրություն դարձրեց նույնիսկ Կովկասյան բանակի զինվորական պատգամավորների խորհուրդը: Հայ ժողովուրդը զգում էր, թե ում դեմ են ուղղված այդ բացահայտ պատերազմական պատրաստությունները, և շարունակ մատնացույց էր անում, թե ինչ վտանգ է պատրաստվում...

Բայց մենք մոռացանք մեր չարաշուք բյուրոն: Ի՞նչ եղավ նա: Հեղափոխությունը բերում էր նրան բնական մահ, թեև Թուրքահայաստանը շարունակում էր գրավված մնալ ռուսական զորքերով: Կամավորական խմբերի տեղ այժմ կազմված էին ազգային գնդեր՝ մշտական բանակի մեջ ծառայող զինվորներից: Այսպիսով հայերն ու վրացիներն ունեին իրենց զորքերը, որոնք գտնվում էին զորաճակատի զանազան մասերում: Բայց այս կազմակերպությունն այլևս ոչ մի կախում չուներ Ազգային բյուրոյից: Առաջվա դիրքի և նշանակության հետքերն անգամ չէին մնացել նրա վրա: Ամենից առաջ, հենց որ կոմս Վորոնցով-Դաշկովը հեռացավ Կովկասից, Գևորգ կաթողիկոսը, ինչ-որ անձնական վրեժ հանելու համար, Մեսրոպ եպիսկոպոսին հեռացրեց Թիֆլիսի առաջնորդությունից և պատվավոր աքսոր ուղարկեց Աստրախան: Նրա տեղ առաջնորդ եկավ Մխիթար եպիսկոպոսը, մի անապատական, որ մարդու երես չէր ուզում տեսնել, ուր մնաց՝ դեռ դիվանագիտությամբ էլ պարապել...

Այս դրության մեջ բյուրոն հղացավ իրենից ավելի մի խոշոր և հեղինակավոր մարմին ստեղծելու միտքը: Եվ հրավիրեց, այսպես անվանված, համազգային կոնֆերանս, որ կայացավ Թիֆլիսում, 1917-ի աշնանը: Այժմյան Ռուսթավելու թատրոնի մեծ դահլիճում համախմբվեցին 150-ից ավելի ներկայացուցիչներ, որոնցից մոտ 90-ը Դաշնակցությանն էին պատկանում: Կային և ուրիշ կազմակերպություններ՝ սոցիալ-դեմոկրատներ, սոցիալիստ-հեղափոխականներ, Հայ ժողովրդական կուսակցության [անդամներ]: Աջ կողմի ծայրի աթոռները գրավեց անկուսակցականների խիստ փոքրաթիվ խմբակը, որի մեջ էի և ես: Առաջին օրերին տեղի ունեցան խիստ վիճաբանություններ: Դաշնակցականները, իբրև ուղղափառ սոցիալիստներ, հարձակվեցին բուրժուազիայի վրա, որ ներկայացված էր ի դեմս Ժողովրդական կուսակցության: Ես հիշում եմ մի այսպիսի զվարճալի դեպք. դաշնակցական հռետորը փրփրած խոսում է՝ հարյուր ու մի մեղք շպրտելով բուրժուազիայի դեմքին: «Դուք,- բացականչում է նա,- շահագործող գործարանատերեր…»: Ժողովրդականների միջից Գևորգ Մելիք-Ղարագյոզյանը նույնպես բացականչում է. «Մեր մեջ գործարանատեր չկա, գործարանատերը ձեր մեջ է»: Ամենքը նայում են ձախ թևին. այնտեղ՝ դաշնակցականների մեջ նստած է Համբարձում Մելիքյանը: Բարձրանում է ծիծաղ: Հռետորը ընդհատում է իր ճառը և նստում տեղը: Եվ մյուս օրվանից Բաքվի նավթարդյունաբերողն այլևս չհամարձակվեց երևալ դահլիճի մեջ…

Բուրժուազիային լավ բզկտելուց հետո՝ կուսակցությունները կատաղորեն ընկան իրար վրա: Հիշում եմ, թե ինչ աներևակայելի աղմուկ բարձրացրեց Սիմոնիկ Փիրումյանը, երբ բեմ բարձրանալով՝ խիստ հարձակումներ գործեց դաշնակցականների վրա՝ անվանելով նրանց «բանդիտներ, որոնք պատերազմ էին հայտարարում Թուրքիային»: Ամբողջ դաշնակցական թևը տեղից վեր ցատկեց և մի քանի րոպե շարունակ դահլիճի մեջ կանգնած էր սոսկալի ոռնոց, որի մեջ չէր կարելի լսել և ոչ մի հատ բառ: Նախագահող Լևոն Աթաբեկյանը կոտրատում էր իր ձեռքերը՝ խփելով նախագահական սեղանին և կարգի հրավիրելով ժողովականներին: Վերջապես հանգստություն տիրեց: Բայց դաշնակցականներն էլ, իհարկե, պարտքի մեջ չմնացին: Նրանց կողմից դուրս եկավ պատասխանելու Նիկոլ Աղբալյանը, որ հայոց պատմությունից օրինակներ բերելով, շատ պարզ ակնարկներով ցույց տվեց, թե սոցիալ-դեմոկրատները ազգային դավաճաններ են, և վերջացրեց իր խոսքը բղավելով. «Իսկ մենք կկռվենք երեք ճակատի վրա և նորից կտանք երեք հարյուր հազար զոհ»...

Անցողակի հիշատակեմ, որ այդ ժամանակ արդեն հասունանում էին այն անջատողական և ազգայնամոլական տրամադրությունները, որոնք Անդրկովկասը գահավիժորեն տանում էին դեպի ազգամիջյան պատերազմ և դժոխային կացություն: Վրաց նացիոնալիստները (իսկ ովքե՞ր չէին նացիոնալիստ՝ մենշևիկնե՞րը միթե) առաջին անգամ պահանջ էին դնում, թե Թիֆլիսը բացառապես իրենցն է, և հայերն այդտեղ անելու ոչինչ չունեն: Թիֆլիսի սոցիալ-դեմոկրատ քաղաքագլուխը հարկավոր չհամարեց անձամբ ողջունել ամբողջ հայ ժողովուրդը ներկայացնող այս համագումարը, այլ միայն հեռագիր ուղարկեց: Իսկ վրացական թերթերը գրում էին, թե հայերի այս գումարումը վերջինը պիտի լինի Թիֆլիսում, և թող այսուհետև նրանք գտնեն իրենց հայրենիքը...

Ազգային կոնֆերանսն ի վերջո տեղափոխվեց առաջնորդարանի դահլիճ և, այդտեղ ընտրելով մի լիազոր մարմին՝ Ազգային Խորհուրդ անունով, ցրվեց: Խորհրդի անդամների մեծամասնությունը, իհարկե, դաշնակցականներից էր, բայց մյուս կուսակցություններն էլ ունեին իրենց ներկայացուցիչները՝ համեմատ իրենց ունեցած պատգամավորների թվի...

Այստեղ ահա, հեղափոխության մեջքի վրա հեծած՝ հասարակական դիրքի բարձրերն էր թևակոխում մի մարդ՝ Ավետիս Ահարոնյանը: Նա ընտրվեց Ազգային Խորհրդի նախագահ: Ազգային խորհուրդներ իրենց համար ընտրեցին նաև վրացիներն ու թուրքերը: Դրանք իսկապես ազգային կառավարություններ էին, իրացնում էին գերագույն, վարչական գործառնություններ՝ տուրքեր նշանակել, զորաժողով հայտարարել և այլն: Այդ ազգային կառավարություններով իրապես սկիզբ էր դրվում երկրի բաժանման երեք ազգությունների միջև, այնպես որ կենտրոնական կովկասյան կառավարությունը ստիպված էր լինում շատ անգամ այդ ազգային անջատականությունների ցանկություններին և որոշումներին հարմարվել...

Դեռ Կովկասյան ճակատի վրա կանգնած էր ռուսական խոշոր և հաղթական բանակը, ուստիև կարգը համեմատաբար դեռ կայուն էր: Բայց ահա պայթեց Հոկտեմբերյան հեղափոխությունը: Ամենից առաջ սա կուսակցական մի խոշոր պարտություն էր նաև վրաց մենշևիկների համար... «Մուսավաթ» կազմակերպությունը, իբրև երիտթուրքերի կուսակցության մի կովկասյան բաժանմունք, բոլշևիկյան Ռուսաստանի դեմ չէր միայն, այլ առհասարակ Ռուսաստանի. չէին ուզում, որ ռուսները մնան Կովկասյան լեռնաշղթայի հարավային մասում: Ուստի մուսավաթականները միանգամայն համաձայն էին, որ Անդրկովկասը չճանաչի բոլշևիկական Ռուսաստանին: Վրաց հասարակության և մենշևիկության մեջ էլ շատ զարգացած էր անջատողական գաղափարը, ուստի վիրա-թուրքական համաձայնությունը շատ կետերում բխում էր երկու ազգերի հասկացած շահերից:

Այլ էր հայ ժողովրդի դրությունը: Նա շատ լավ ըմբռնում էր, որ իր համար ամենաիրականը ռուսական օրիենտացիան է, և որ առանց Ռուսաստանի ինքը չի կարող գտնել հանգստություն իր պատմական հայրենիքում: Հենց այդ պատճառով էլ վրացիներն ու թուրքերն ատում էին հայերին, բացարձակ մեղադրում էին, թե նրանք են եղել, որ բերել են ռուսներին Անդրկովկաս, նվաճել են տվել:

(շարունակելի)




Վերջին էջ


ԱՇԽԱՐՀԸ ՓՈԽՎՈՒՄ Է

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 25 տարուց ավելի ապրելու համար ազգի ծնելիության ցուցանիշը մեկ ընտանիքի հաշվով պետք է լինի 2,11 երեխա։ Եթե դրանից ցածր է, ազգը կանհետանա։
Պատմության ողջ ընթացքում 1,9 ծնելիության ցուցանիշ ունեցող ոչ մի ազգ չի վերականգնվել։ Իսկ 1,3-ի դեպքում ուղղակի անհնար է, որովհետև այդ դեպքում վերականգնման համար անհրաժեշտ է 80-100 տարի։ Մինչդեռ գոյություն չունի այնպիսի մի տնտեսական մոդել, որ օգնի այդքան երկար գոյատևելու համար։

Մի խոսքով, եթե երկուական զույգ ունեն մեկական երեխա, նշանակում է երեխաները երկու անգամ պակաս են, քան ծնողները։ Իսկ եթե այդ երեխաները հետագայում նույնպես մեկական երեխա ունենան, ապա թոռների թիվը չորս անգամ պակաս է լինելու ծնողների թվից։
Այսօրվա դրությամբ ծնելիության ցուցանիշը Ֆրանսիայում 1,8 է, Անգլիայում՝ 1,6, Հունաստանում՝ 1,3, Իտալիայում՝ 1,2, Իսպանիայում՝ 1,1։ Ողջ եվրոպական միությունում ծնելիության միջին աստիճանը մեկ ընտանիքի հաշվով 1,38 երեխա է։ Պատմական փաստերը ցույց են տալիս, որ այդ թիվն այլևս չի կարող աճել։

Տարիների ընթացքում Եվրոպան այլևս չի լինելու այնպիսին, ինչպիսին այսօր մենք գիտենք։ Սակայն Եվրոպայի բնակչությունն ամենևին չի պակասում։ Պատճա՞ռը։ Ներգաղթը (էմիգրացիա)։ 1990 թվականից սկսած Եվրոպայում բնակչության աճի 90 տոկոսը կատարվում է մահմեդական երկրներից ներգաղթի շնորհիվ։
Ֆրանսիայում մեկ ընտանիքին բաժին է ընկնում 1,8 երեխա, մահմեդական մեկ ընտանիքին՝ 8,1 երեխա։ Ֆրանսիայում մինչև 20 տարեկանների 30 տոկոսը մահմեդականներ են։ Նիցցայում, Մարսելում, Փարիզում և այլ խոշոր քաղաքներում նրանք արդեն 45 տոկոս են կազմում։ 2027 թվականին Ֆրանսիայում յուրաքանչյուր հինգերորդ բնակիչ մահմեդական է լինելու։

Վերջին 30 տարում Անգլիայում ասիական բնակչության թիվը 82 հազարից հասել է 2,5 միլիոն մարդու։ Այսինքն՝ աճել է 30 անգամ։ Այնտեղ հազարից ավելի մզկիթ կա արդեն, որոնց մեծ մասը նախկին եկեղեցիներ են։
Հոլանդիայում նորածինների 50 տոկսը արաբ է։ 15 տարի հետո Հոլանդիայի բնակչության կեսը կազմելու են մահմեդականները։ Բելգիայում բնակչության 25 տոկոսը և նորածինների 50 տոկոսը մահմեդականներ են։

Բելգիայի կառավարությունը հաստատել է, որ 2025 թվականին եվրոպական երկրների երեխաների 1/3-րդը ծնված են լինելու մահմեդական ընտանիքներում։ Եվ դա ընդամենը 15 տարի հետո։ Գերմանիայի կառավարությունը հրապարակայնորեն ստիպված է եղել հայտարարել, որ գերմանացիների ծնելիության անկումն այլևս հնարավոր չէ կանգնեցնել։ 2050 թվականին Գերմանիան արդեն մահմեդական երկիր է լինելու։

Մուամար Կադաֆին հայտարարել էր. «Ինչպես երևում է, Ալլահը Եվրոպայում մեզ հաղթանակ է նվիրելու առանց սրի, առանց զենքի և նվաճման։ Մեզ ահաբեկիչներ, մահապարտներ պետք չեն։ Ընդամենը մի քանի տասնամյակ՝ և 50 միլիոն արաբներ Եվրոպան կդարձնեն մահմեդական աշխարհամաս»։

Կանադայում ևս նույն պատկերն է։ Ծնելիության ցուցանիշը մեկ ընտանիքի հաշվով 1,6 երեխա է։ ԱՄՆ-ում նույնպես 1,6 երեխա է, բայց լատինաամերիկյան ազգերի և այլ ներգաղթողների շնորհիվ այն հասնում է 2,11-ի, որը նվազագույն աստիճանն է ազգի գոյության համար։
1970 թվականին ԱՄՆ-ում կար 100 հազար մահմեդական։ 2010 թվականին նրանց թիվն արդեն 9 միլիոն է։ Աշխարհը փոխվում է։




ԹԵ ԻՆՉՊԵՍ ՍԱՀԱԿԸ ՀԱՆՁՆԵՑ ՓՈՂԻ ՔՍԱԿԸ

20-րդ դարասկզբին կատարված իրական դեպք է սա։ Դարբին Բարումի անունով գերդաստանը բնակվում էր Ավդալար (Լաչին, Բերձոր) բնակավայրին չհասած ճանապարհի աջակողմյան գետնափոր կայարաններում: Բնակավայրը կոչվում էր Չոբան գյունե: Ունեին դարբնոց Ավդալարում տեղակայված փոստի շենքի հարևանությամբ:
Յոթ եղբայրներից մեկը՝ Սահակը, մոտը եղած փողերը միշտ պահում էր մի փոքրիկ քսակի մեջ: Այն թոկով միացնում էր կաշվե գոտուն ու դնում գրպանում: Ասում են՝ սիրում էր մեկ-մեկ էլ ստուգել քսակի առկայությունը գրպանում:

Չնայած գերդաստանի բոլոր արու զավակները դարբնություն էին սովորում, Սահակի մի ձեռքը առևտրի մեջ էր ու հաճախ էր լինում Ավդալարի փոքրիկ շուկա կոչվածում, որտեղ միայն մոտիկ գյուղերից էին ապրանք բերում՝ վաճառելու համար:
Աշնանային մի օր կես դարբին, կես առևտրական Սահակը շուկայից հինգ այծ է առնում ու բերում տուն: Օրը դեռ չէր մթնել: Գյուղից դուրս, աղբյուրի մոտ երեխաներ էին խաղում: Սահակն իր մոտ է կանչում Պետրոս անունով որդուն ու պատվիրում, որ և՛ խաղան և՛ աչքների տակով հետևեն, որպեսզի այծերը մինչև մութն ընկնելը արածեն, ապա նոր բերեն տուն: Երեխաներն այդպես էլ անում են:

Որոշ ժամանակ անց աղբյուրի մոտ մի սայլ է կանգնում ու ձիերը սկսում են ջուր խմել: Սայլապանը ճամփեզրին արածող այծերը նկատելով, առնելու ցանկություն է հայտնում ու խնդրում, որ երեխաներից մեկը գնա տիրոջը կանչի: Պետրոսը, որ հազիվ 13-14 տարեկան լինելը, առաջ է գալիս ու ասում, որ տերն ինքն է:
Որոշ ժամանակ սակարկելուց հետո այծերից մեկը 3 ռուբլով վաճառում է: Երբ մութն ընկնում է, Պետրոսը մնացած չորս այծերը մտցնում է գոմը և էլի գնում ընկերների մոտ, տնեցիներին հայտնելով, որ այծերը բերել է:

Սահակը ստուգելու համար գոմի դուռը բացում ու հաշվում է այծերը: Երբ տեսնում է, որ այծերից մեկը պակաս է, ջղայնացած կանչում է Պետրոսին ու բղավում. «Ա՛յ մեռած, բա այծերից մեկը ո՞ւր է, ինչո՞ւ ես կորցրել»:
Պետրոսը գրպանից հանում է երեք ռուբլանոց թղթադրամը և պատասխանում. «Ապե՛ր, չեմ կորցրել, ծախել եմ, ա՛յ փուլը»: Սահակը Պետրոս տղայից ստանալով թղթադրամը, տակ ու գլխին մի քանի անգամ նայելուց հետո սկսում է գլուխը շարժել՝ մեկ Պետրոսին, մեկ նրանից ստացած փողին նայել: Արդեն հարևանները հավաքվել էին Սահակի ձայնից՝ տեսնելու, թե ինչ է պատահել։

Հենց հարևանների ներկայությամբ էլ Սահակը գրպանից հանում է փողի քսակը, բացում բերանը, երեքանոցը դնում մեջը: Մատները սկսում են դողալ: Մի ձեռքում պինդ սեղմում է փողի քսակը, մյուսով գոտու աջ մասին ամրացրած թոկն արձակում, նորից լայն բացում քսակի բերանը, նայում մեջը եղած փողերը, փակում ու տալիս է փոքրիկ Պետրոսին՝ ասելով. «Պետրո՛ս, առ քսակը, այսօրվանից դու մեր տանը պիծի ապան ես: Մեր առևտուրը դու ես անելու»:
Այդ օրվանից իր գործի՝ առևտրի իսկական վարպետ Պետրոսը օգտակար է եղել և՛ գերդաստանին և՛ համագյուղացիներին…

ՀՐԱՉԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ք. Շուշի




Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ԱՐԵԳԱԿՆ ԱՆՀԵՏԱՆԱ

1-ին օր - Երկրի վրա կթվա, թե օրը մթնել է, գիշեր է՝ միայն առանց Լուսնի, քանի որ այն այլևս չէր «լուսավորելու»՝ զրկված լինելով Արեգակի լույսից։

9-րդ օր - Ողջ երկիր մոլորակում ջերմաստիճանը լրիվ հավասարվելու, միատեսակ է դառնալու։

20-րդ օր - Բոլոր ջրային տարածքները (գետեր, լճեր, ծովեր) լրիվությամբ սառչելու են։

27-րդ օր - Ջերմաստիճանը հասարակածում հասնելու է -18-ի, ինչպես և ամենուր։

65-րդ օր - Երկիր մոլորակի ջերմաստիճանը հասնելու է -50-ի։
6 տարի հետո - Երկիրը հայտնվելու է Պլուտոնի ուղեծրում, որովհետև առանց ձգողության կենտրոնի պարզապես դուրս է թռչելու Արեգակնային համակարգից։

10 տարի հետո - Երկրի ջերմաստիճանը դառնալու է -125։
57 տարի հետո - Նույնիսկ համաշխարհային օվկիանոսը՝ մինչև ամենախորքը, վերածվելու է սառույցի...

Բայց, իհարկե, այս ամենը տեղի չի ունենալու։ Մարդիկ կարող են հանգիստ ապրել իրենց հայրենի մոլորակում։ Երկիր մոլորակը դեռ միլիոնավոր տարիներ, միլիարդ տարի հնարավոր է գոյատևի... Առնվազն 7 միլիարդ տարի Արեգակը լուսավորելու է... Մարդիկ կարող են ապրել այնքան ժամանակ, քանի դեռ չեն ավերել մոլորակի ողջ կանաչ զանգվածը (չեն կտրել, ոչնչացրել բոլոր ծառերը, անտառային ծածկույթը, ինչպես դա վարպետորեն անում են մեզանում), որը կյանքի գոյության հիմնական գրավականն է...




ՀԱՎԸ ՃՈՒՏ Է ԾՆԵԼ

Շրի Լանկայում հավը ճուտ է ունեցել ծննդաբերության, այլ ոչ թե ձվադրման միջոցով: Ճուտիկը լույս աշխարհ է եկել լիարժեք ձևավորված և առողջ, իսկ ահա մայր հավը սատկել է ծննդաբերության ժամանակ ստացած ներքին վնասվածքներից: Անասնաբույժները բացատրել են, որ բեղմնավորված ձվաբջիջը 21 օրում կարողացել է լիարժեք ձևավորվել հավի սեռական համակարգում:
Այս լուրը տեղի լրատվամիջոցներին առիթ է տվել հեգնելու հավի եւ ձվի փիլիսոփայական պարադոքսի թեմայով: «Հավը ձվից ավելի շուտ է հայտնվել»,- գրել էր թերթերից մեկը:




Համարի ասույթը

Հայից բացի աշխարհում հազիվ թե գտնվի մի այլ ազգ, որ սեփական երկրում, ասենք, ռուսական համայնք ստեղծի և իր հայրենի երկրին նայի «սեզոնչիկի» աչքերով:


Ամսվա ասույթը

Կան, այսպես կոչված, գործիչներ, ովքեր ընտրություններում ստանալով իրենց ընտանիքի անդամների և մի քանի ընկեր-բարեկամի քվեները, հայտարարում են՝ ժողովուրդն ինձ ընդունում է...

6.6.12

N 5 (38) (2012)


Այս լուսանկարներն արվել են սույն թվականի հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրը և դրանից մի քանի ամիս առաջ։ Նրանք մեր մանուկներն են, մեր ներկան ու ապագան, մեր ամենամեծ հարստությունը։ Մենք պետք է ոչ թե միայն հունիսի 1-ին, այլև ամեն օր և ամեն ժամ գիտակցենք, որ բոլոր դղյակները, սուպերմարկետները, բանկերը, շքեղ զվարճատներն ու նյութական բոլոր միջոցները միասին ոչինչ են մեր երեխաների՝ մեր իրական ամենամեծ հարստության համեմատ։ Եվ նրանք՝ մեր մանուկները, մեր երեխաները մեր սիրո ու պաշտպանության կարիքն ունեն տարվա բոլոր 365 օրերին... 




ԱՆԴԱՐՁ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆՔ...

Այս համարի վերջին էջում հետաքրքիր, այսօր մեզ համար նաև տարօրինակ մի լուսանկար կա։ Նախապես նախագծել, մայրուղի են կառուցել, որ անցնում է տափաստանով։ Ճանապարհը կառուցելիս նկատել են, որ անցնելիք մայրուղու տեղը ծառ կա։ Եվ անմիջապես ելքը գտել են՝ պարզապես շրջանցելով ծառը։ Արդյունքում՝ շահել է բնությունը, շահել է նաև մարդը՝ փրկելով իրեն արարող, սնուցող բնության թեկուզ աննշան մի մասնիկը, սովորական մի ծառ։

Այսօր վերոհիշյալ լուսանկարը հաստատ մեզանում տարակուսանք կարող է առաջացնել որոշ խավի մարդկանց մեջ։ Նրանք հաստատ այլ կերպ կվարվեին. տեղնուտեղը արմատահան կանեին ծառը, գիշերը մի հսկա խարույկ կվառեին՝ մի քանի շամփուր միս խորովելու համար, ապա կշարունակեին ճանապարհաշինական իրենց գործը։

Այդ լուսանկարն ինձ մտքերի մեջ գցեց. հետաքրքիր է, վերջին 10-15 տարում թեկուզ միայն Ստեփանակերտում քանի՞ հարյուր կամ քանի հազար ծառ է գլխատվել։ Եվ այդ ծառահատման հրամանատարներն իրենց կյանքում քանի՞ հատիկ ծառ են տնկել սեփական ձեռքով։

Տասնամյակներ առաջ դեռ դպրոցական նստարանից թե՛ մեր ծնողները, թե՛ ուսուցիչները մեզ սովորեցնում էին սիրել կենդանի բնությունը, խնամքով վերաբերվել ցանկացած ծառի՝ անկախ նրանից՝ բերքատո՞ւ է այն, թե՞ ոչ։ Այսօր ինչպե՞ս պիտի սովորեցնենք մերօրյա դպրոցականին ու մեր երեխաներին՝ սիրել ու հարգել բնությունը, ինչպե՞ս նրան բացատրենք սեփական ձեռքերով ծառ տնկելու հաճույքը, տարիներ հետո քո տնկած ծառին արդեն ներքևից նայելու և զմայլվելու բերկրանքը, երբ գրեթե յուրաքանչյուր օր նրանց աչքի առաջ ծառեր են գետնին տապալում ու էլեկտրական սղոցներով հարձակվում վերջին «ջարդը տալու»...

Մեզ սովորեցնում էին կառուցել, հպարտությամբ մեզ բացատրում էին, որ հայը շինարար ժողովուրդ է, դարեր ի վեր կառուցել է՝ տուն, բերդ, քաղաք, երկիր... Վերջին մեկևկես տասնամյակում նույն այդ հայը միայն մայրաքաղաք Ստեփանակերտում քանի՞ տուն կամ շենք է քանդել, հողին հավասարեցրել՝ տեղը դղյակ, սուպերմարկետ, բանկ կամ որևէ մի զվարճատեղի կառուցելու համար։

Մեզանում վերջին տասնամյակում կառուցողի, շինարարի մեր կերտվածքի կողքին հայտնվել է սեփական արտադրության մի այլ տիպ՝ ջարդողի, քանդողի, սպառողի տիպը։ Ի՞նչ փույթ, որ նա քանդածի տեղը հետո նորն է կառուցում։ Միևնույն է, նա արդեն տուն է քանդել, նա արդեն ծառ է գլխատել։ Իր ուզածին հասնելու համար նա ավերել է ուրիշինը, ժողովրդինը, հանրայինը։

Մեր երկրի տարածքի չափ հող ենք ազատագրել, որտեղ ամայություն է տիրում այսօր։ Արցախյան շատ գյուղեր դատարկվում են։ Գնացեք այնտե՛ղ կառուցեք, պարոնայք «կառուցողներ» ու «շինարարներ»։

Այսօր օր-օրի Ստեփանակերտը փոխվում է։ Նորանոր բարձրահարկեր, նոր տիպի շինություններ են վեր խոյանում հատկապես քաղաքի կենտրոնում։ Մայթեզրերին երբեմնի հպարտ վեր խոյացող ծառերի փոխարեն այսօր սրբատաշ քարերով «բորդյուրներն» են միայն արևի տակ կուրացնելու չափ «աչք շոյում»։ Գեղեցկանո՜ւմ է մեր մայրաքաղաքը։ Բայց միայն քաղքենու, չտեսի, այսօր մայրաքաղաքը հեղեղած գեղցի տիպի համար, որ թանկարժեք ջիպ-մերսեդեսով է հյուր գնում հարևան շենքի իր բարեկամին...

Անդառնալիորեն կորցնում ենք մեր Ստեփանակերտը՝ կանաչազարդ ու գողտրիկ մեր քաղաքը, բայց դա ամենամեծ ցավը չէ։ Անդարձ կորցնում ենք բարոյական մեր կերպարը, արարող, շինարար հայի, ամենահաս ու բարեհոգի արցախցու մեր տեսակը...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ




 Հայաստանյան և արտասահմանյան մամուլի էջերից...


ԱՄՆ-Ն ՎԵՐԱԶԻՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Նախօրեին, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ Հայաստան կատարած այցի ավարտին տեղի ունեցավ վերջինիս և արտգործնախարար Նալբանդյանի համատեղ մամլո ասուլիսը:
Թե՛ բովանդակային, թե՛ ժամանակային առումով ասուլիսին երկու կողմերի հնչեցրած հայտարարություններն առավել քան նպատակային էին:

Երկու կողմերի ելույթներում ընդգծվեցին 20 ամյակը բոլորած երկկողմ հարաբերություններում արձանագրված ձեռքբերումները և բարձր գնահատականը դրանց ներկա իրավիճակին: Երկկողմին զուգահեռ անդրադարձ եղավ նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ կողմերի տեսակետներին՝ Հայաստանի համար առաջնային համարվող արտաքին քաղաքական խնդիրների նկատմամբ ընդհանուր մոտեցումների եզրագծմամբ:
Այստեղ էին, ինչպես ասում են, «ամենայուղոտ մեսիջային պատառները»:

Նախևառաջ, իր բացման խոսքում արտգործնախարար Նալբանդյանն ընդգծեց Հայաստանի համար երկու կարևոր ուղղություններում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պրոցեսում, ԱՄՆ-ի և միջազգային հանրության լիակատար աջակցությունը Հայաստանի մոտեցումներին և այդ ուղղությամբ իրականացված գործողություններին: Սա հիշեցումն էր վերջին չորս տարիների ընթացքում ԱՄՆ՝ ամենաբարձր մակարդակով հնչեցվող հայտարարությունների մասին՝ արված թե՛ անհատական, թե՛ եռանախագահության համատեղ ձևաչափով: Հայտարարություններ, որոնք այս ընթացքում միանշանակ ամրապնդեցին Հայաստանի դիրքերը թե՛ ԼՂ բանակցային գործընթացում և թե՛ արդարացրին հայ-թուրքական գործընթացը կասեցնելու հայկական կողմի դիրքորոշումը:

Անդրադառնալով շփման գծում միջադեպերի խնդրին, ԱՄՆ պետքարտուղարն իր անհանգստությունն ու ափսոսանքը հայտնեց նախօրեին տեղի ունեցած ադրբեջանական հերթական դիվերսիայի առնչությամբ: Հենց այս միջադեպի կոնտեքստում էլ, պետքարտուղարը վերահաստատեց, որ ուժի կիրառմամբ Ղարաբաղյան հակամարտության լուծում չի՛ լինելու և այդ իսկ պատճառով ուժի կիրառում չպետք է լինի: Այդ հայտարարությունն արվեց այնպիսի սաստիկ տոնով և վճռականությամբ, որ Ադրբեջանում անմիջապես առաջ բերեց համընդհանուր էյֆորիա: Իսկ որ Ադրբեջանը չշահարկի թե մեսիջն ուղղված էր բոլոր կողմերին և ոչ թե հենց իրեն, ինչպես ասում են, հատուկ տհասների համար, պետքարտուղարը շեշտեց, որ ինքը վստահեցրել է նախագահ Սարգսյանին, որ այդ ասածը պնդելու է Բաքվում:

Ավելին, ԱՄՆ պետքարտուղարը կրկին նշեց, որ կարգավորման հիմքում ընկած երեք սկզբունքների՝ ուժի կամ դրա սպառնալիքի, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի միջև սելեկտիվ՝ դրանցից որևէ մեկը վերադասելու կամ առանձին դիտարկելու մոտեցումներն անթույլատրելի են: Փաստորեն, պաշտոնական Վաշինգտոնը շեշտակի վերահաստատեց այն դրույթը, որ հնչեցրել էր դեռևս ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովում՝ զրկելով Ադրբեջանին իր վերջին՝ «ինքնորոշում տարածքային ամբողջականության սահմաններում» խաբկանքից:

Երրորդ և չորրորդ մեսիջները, որ ոչ պակաս կարևոր են, վերաբերում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ավելի ճիշտ, գործընթացին: Այստեղ պետք է վկայակոչել նախարար Նալբանդյանի կողմից իր խոսքում Հիլարի Քլինթոնի՝ գրեթե «թևավոր» դարձած արտահայտության մեջբերումը՝ շեշտադրումով, որ «գնդակն այդպես էլ գտնվում է թուրքական դաշտում»:

ԱՄՆ պետքարտուղարն իր պատասխան խոսքում հաստատեց, որ աջակցում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների: Այն, ինչ ասաց պետքարտուղարն այս խնդրի շուրջ ի պատասխան ամերիկացի լրագրողից հնչած հարցին, գրեթե վերջակետ դրեց թուրք-ադրբեջանական շահարկումներին: Իսկ տիկին Քլինթոնն ասաց, որ ինչպես և երկու տարի առաջ է ասել, գնդակը մնում է Թուրքիայի դաշտում: Ավելին, պետքարտուղարը շեշտեց, որ որևէ կապ չկա արձանագրությունների վավերացման և Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի միջև: Դրանք առանձին պրոցեսներ են:

Այսպիսով, Հայաստանի բարեկամական գործընկերը՝ ԱՄՆ-ն, պետքարտուղարի բարձր մակարդակով ևս մեկ անգամ այնքան հստակ, կտրուկ և միանշանակ վերահաստատեց տարածաշրջանային խնդիրներում Հայաստանի մոտեցումներին իր երկրի աջակցությունը, որ սա, իրավամբ, կարելի է գնահատել որպես ԱՄՆ-ի կողմից Հայաստանի դիվանագիտական արսենալի վերազինում:

ՎԱՐԴԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ
NEWS.am




ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԴԻՎԵՐՍԻԱՆ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ, դեմոկրատ Հովարդ Բերմանը և Կոնգրեսի հայկական խմբի համանախագահ Ֆրենք Փալոունը հունիսի 4-ին հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտել են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Հարավային Կովկաս կատարած այցի առաջին ժամերին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա կատարված անամոթ գրոհը, որի հետևանքով զոհվել է 3 հայ զինծառայող, կան վիրավորներ: Այս մասին հաղորդում է Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը:

Ադրբեջանական գրոհից ժամեր անց առանձին հայտարարություններով ԱՄՆ Կոնգրեսի անդամները կոչ են արել Հիլարի Քլինթոնին հստակ և ոչ երկիմաստ կերպով դատապարտել Ադրբեջանի ագրեսիան, անհանգստություն են հայտնել ԱՄՆ կողմից Ալիևի ռեժիմին զենք վաճառելու անավարտ գործարքի առնչությամբ, նաև կոչ են արել ուժեղացնել Կոնգրեսի 907-րդ ակտի սահմանափակումները, մասնավորապես, Ադրբեջանին ռազմական օգնության մասով: Նրանք նաև իրենց ցավակցություններն են հայտնել զոհված զինվորների հարազատներին:

«Ադրբեջանցի զինվորականների կողմից բռնության այս վերջին գործողությունը էլ ավելի կարևոր է դարձնում այն, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դատապարտի այդ գործողություններն իր Բաքու այցելության ժամանակ: Շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքները Ալիևի ռեժիմի ռազմաշունչ հռետորության ուղղակի հետևանքն են և դրանք պետք է դադարեցվեն: Մենք պետք է ամբողությամբ կիրառենք 907-րդ ակտը և արգելենք ցանկացած տիպի զենքի կամ երկակի օգտագործման համար նախատեսված ապրանքի տրամադրում Ադրբեջանին»,- ասել է կոնգրեսական Ադամ Շիֆը:

Կոնգրեսական Շերմանը, ով երկար ժամանակ պայքարում է Լեռնային Ղարաբաղի իրավունքների համար, ընդգծել է. «Ես վճռականապես և անխոս դատապարտում եմ հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած հարձակումը, որի արդյունքում հայ երեք զինվորներ են զոհվել: Այդ հարձակման ժամանակը՝ Հիլարի Քլինթոնի այցի նույն օրը, ընդգծում է Բաքվի խոր արհամարհանքը հարևանների հանդեպ և Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին հավատարմության բացակայությունը: Ես նախագահի վարչակազմին կոչ եմ անում ոչ միայն դատապարտել, այլև իրագործել Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևի լրացումը՝ առանց մերժման: Մենք չենք կարող Ադրբեջանին ոչ մի օգնություն ցուցաբերել, քանի դեռ Բաքուն շրջափակման մեջ է պահում Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը և խախտում է հարևանների հետ խաղաղությունը: Մենք պետք է արգելենք Ադրբեջանին ցանկացած զենքի վաճառքը, առավել ևս, որ այն կարող է օգտագործվել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ»:

Կոնգրեսական Բերմանը նշել է, որ լրջորեն անհանգստացած է Ադրբեջանի կողմից սահմանային անպատկառ, չհիմնավորված հարձակման մասին մամուլում տեղ գտած հրապարակումների կապակցությամբ, որի արդյունքում հայ երեք զինվորներ զոհվել են, հինգը՝ վիրավորվել: Այդ վրդովեցուցիչ արարքն ընդգծում է վերջերս Ադրբեջանի կառավարությանն առաջարկված ամերիկյան ռազմական տեխնիկայի վաճառքը կանխարգելելու ծայրահեղ կարևորությունը: Այն վաճառքը, որը ես վերջերս Պետքարտուղար Քլինթոնին խնդրեցի դադարեցնել: Բացի Հայաստանի դեմ այդ սպառազինության կիրառումից, այդ վաճառքը միանգամայն կեղծ ազդանշան կտա Ադրբեջանին, հատկապես այս սահմռկեցուցիչ միջադեպի լույսի ներքո»:

Կոնգրեսական Փալոունը ընդգծել է, որ «նմանատիպ ագրեսիան հիմք է Ադրբեջանի գործողությունները վարչակազմի անունից դատապարտելու համար: Ես հուսով եմ, որ Պետքարտուղար Քլինթոնը, որը տվյալ պահին Կովկասում է և չորեքշաբթի օրը Բաքվում պետք է հանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, խստորեն կզգուշացնի, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի նման բռնություն և Ադրբեջանին պատասխանատվության կկանչի»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հունիսի 4-ի գիշերը, Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի և Բերդավան գյուղերի ուղղությամբ, Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունների հետևանքով զոհվել է 3 և վիրավորվել՝ 6 զինծառայող (նրանցից մեկը սպա է):
Զոհված զինվորներն են Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը և Կարեն Կամոյի Դավթյանը:

Ավելի վաղ Հայաստանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել միջադեպի կապակցությամբ, որտեղ նշվում է, որ հունիսի 4-ին, ըստ նախնական տվյալների, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը՝ փորձելով ներթափանցել Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր: Ձեռնարկված միջոցառումների և հայ զինծառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է, և տալով կորուստներ՝ հակառակորդը հետ է մղվել:




ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ՄԵՂՄ Է ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ

Հայ-ադրբեջանական սահմանում դիվերսիոն գործողությունները Ադրբեջանը վաղուց օգտագործում է որպես ռազմական դիվանագիտություն,- գտնում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը՝ մեկնաբանելով սահմանին տեղի ունեցած հերթական դիվերսիոն գործողությունը, որի հետևանքով զոհվել էր 3, վիրավորվել՝ 6 հայ զինվոր:

Դիտարկմանը, թե դիվերսիոն գործողությունների Ադրբեջանն ավելի հաճախ դիմում է միջազգային հանրության ներկայացուցիչների տարածաշրջանային այցերի նախօրեին կամ ընթացքում, Մանվել Սարգսյանը արձանագրեց. «Կարծում եմ՝ սա նույն դիվանագիտության շարունակությունն է, երբ Ադրբեջանը փորձում է կոնկրետ իրավիճակներ ստեղծել և հարցեր բարձրացնել միջազգային հանրության առջև: Փաստորեն շարունակելով իր դիվանագիտական գիծը միջազգային հանրության ձեռքերով իր օգտին լուծելու խնդիրը»:

Վերջինիս խոսքով, միջազգային հանրությունը շատ մեղմ է արձագանքում Ադրբեջանի նման պահվածքին, ավելին, միջազգային հանրության որոշ ներկայացուցիչներ իրենք էլ նպաստում են դրան՝ Հայաստանի վրա ճնշում բանեցնելու լծակ ընկալելով: «Բազմաթիվ անգամներ եղել է դա, և իրենց հայտարարություններով նպաստում են»,- նշեց Սարգսյանը:

Իսկ հարցին, թե ինչպե՞ս իրեն պետք է պահի Հայաստանը, նա պատասխանեց. «Հայաստանը պետք է այնպիսի դիրք ընդունի, որ այդ գործողությունները ի վնաս Ադրբեջանի լինեն, այլ ոչ հօգուտ, բայց մինչև հիմա նման դիրքորոշում չի ցուցաբերվել: Այն մոտեցումը, որ Հայաստանը որդեգրել է՝ միայն պատժիչ գործողությունները, ինչ-որ տեղ նպաստում է նման քայլերին»:
NEWS.am




ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Քլինթոնին կոչ է անում դատապարտել Հայաստսանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին նամակ է հղել, որով կոչ է անում խստորեն դատապարտել Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական կողմի ագրեսիան, որը համընկավ պետքարտուղարի՝ Հարավային Կովկաս կատարած այցի հետ:
«Ադրբեջանական ագրեսիան, բացի նրանից, որ մարդկային ողբերգության պատճառ դարձավ, այն նաև ստոր հարձակում է տարածաշրջանում ամուր և երկարաժամկետ խաղաղության հաստատման հեռանկարների նկատմամբ»,- նշվում է Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանի՝ պետքարտուղար Քլինթոնին ուղղված նամակում:
Հայ դատի հանձնախումբը Օբամայի վարչակազմին կոչ է անում չսահմանափակվել «բռնություն կիրառելուց ձեռնպահ մնալու մասին անատամ հայտարարություններով, որոնք ուղղված են կողմերին ընդհանրապես», այլ դատապարտել հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսին:



Ադրբեջանցի գերին հաստատում է, որ չի ցանկանում վերադառնալ հայրենիք

Այս տարվա սկզբին գերի վերցված Մամեդբաղիր Թալիբօղլու Ախունդզադեն հաստատել է, որ չի ցանկանում վերադառնալ հայրենիք:
Այդ մասին հայտնել է Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ադրբեջանական բանակի առաջին կորպուսի 703-րդ բրիգադի պայմանագրային զինծառայող, 22-ամյա սերժանտ Ախունդզադեն ինքն է այս տարվա հունվարի 23-ին գերի հանձնվել Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքապահներին՝ Ադրբեջանի և ԼՂՀ զորքերի շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում, Վերին Չայլուի մոտ: Կարմիր խաչի ներկայացուցիչները հանդիպել են նրա հետ: Նա բազմիցս պնդել է, որ չի ցանկանում վերադառնալ հայրենիք:



Ղարաբաղում մահացած գյումրեցի զինվորը եվրոպական համալսարանի երկրորդ կուրսի ուսանող էր

Հունիսի 1-ին, առավոտյան 8-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության մարտական դիրքերում դեռևս չպարզված հանգամանքներում զոհված գյումրեցի 19-ամյա Սարո Սամվելյանը 6 ամիս էր, ինչ անցել էր պարտադիր զինվորական ծառայության: Սարոյին դեպքից 10 օր առաջ էին տեսել, գյումրեցի զինվորը հարևանների պատմելով արձակուրդ էր եկել:
Նրանց խոսքով, Սարո Սամվելյանը հանգիստ, հավասարակշռված տղա էր, ընտանիքը ևս վայելում էր շրջապատի սերն ու հարգանքը: Սարոյին ճանաչողները խուսափում են կատարվածի մասին որևէ հստակ բան նշել, միայն պատմում են, որ տղան երազանքներ շատ ուներ: Տղան սովորել է Գյումրիի համար 2-րդ միջնակարգ դպրոցում, այնուհետ ընդունվել Երևանի Եվրոպական համալսարան ու երկրորդ կուրսից մեկնել ծառայության: Սարո Սամվելյանի հարազատները լրագրողներին վստահեցրել են, որ իրենք ամեն կերպ պարզելու են կատարվածը, երբ խաղաղ պայմաններում շարունակում են զինվորներ սպանվել:
NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ՊՆ քննչական ծառայության սպա Մերի Սարգսյանը նշել է, որ ժամկետային զինծառայող, 19-ամյա Սարո Արտյոմի Սամվելյանի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ՝ Քր.օր.-ի 110 հոդվածի առաջին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):
NEWS.am




ԻՍԿ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԷՐ ԵՐԿՈՒ ՃԱԿԱՏՈՒՄ

Ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմում
մենք անդառնալի մարդկային ու նյութական
կորուստներ ունեցանք։ Հնարավոր է
կորուստները երիցս ավելի քիչ լինեին,
եթե Արցախի նորաստեղծ պետությունը
թշնամու դեմ պայքարելուն զուգընթաց
ստիպված չլիներ պայքարել ՀՀ լեվոնտեր-
պետրոսյանական վարչախմբի՝ Արցախի
ժողովրդի կողմից ընտրված իշխանություն-
ների դեմ ուղղված ձեռնարկումները դիմա-
գրավելու համար, որի գլխավոր դիրիժորն ու
ղեկավարը հենց ինքը՝ ՀՀ նախագահն էր։
Դրա ապացույցներից մեկը ԼՂՀ ԳԽ
նախագահության նամակն է ՀՀ նախագահ
Լ. Տեր-Պետրոսյանին՝ գրված 1993 թ.
սկզբներին։ Այն արցախյան մամուլում
հրապարակվում է առաջին անգամ.

«Մեծարգո նախագահ, մեկ տարուց ավելի է, ինչ հայ ժողովրդի բացարձակ մեծամասնության կամքով Դուք ընտրվեցիք ՀՀ առաջին նախագահ։ Իր պետականությունը կերտող արցախահայությունը, մեծ հույսեր տածելով Ձեր նախագահական գործունեության նկատմամբ, սպասում է, որ Հայաստանը կթոթափի տնտեսական ճգնաժամը, ժողովուրդը կձերբազատվի ընկերային քաոսից և սպառողական հոգեբանությունից, ազգը կրկին զարթոնք կապրի և կշարունակի Արցախի և Հայաստանի ազատագրման համար հինգ տարի առաջ սկսած, հիրավի, համաժողովրդական պայքարը։

Ցավոք, Հայաստանում նախագահական կառավարական ձև մտցնելուց հետո նկատելիորեն փոխվել է Հայաստան-Արցախ փոխհարաբերությունը։ Ժողովրդի կողմից ընտրված ԼՂՀ իշխանությունը վստահության չի արժանանում Ձեր կողմից, որի մասին դեռևս 1992 թ. հոկտեմբերին մենք ուղղակիորեն ասել ենք Երևանում ԼՂՀ ԳԽ-ի նախագահության հետ Ձեր ունեցած հանդիպման ժամանակ։

Դուք, պարոն նախագահ, օգտագործելով տնտեսական և ռազմական գործոնները, Արցախում իրականացնում եք մի քաղաքականություն, որի հետևանքով քայքայվում են ԼՂՀ իշխանության կառույցները, ինչը կհանգեցնի Արցախի կորստյանը։ Դիմելով Ձեզ, լիահույս ենք, որ Դուք կձեռնարկեք համապատասխան քայլեր՝ նման գործելակերպը դադարեցնելու ուղղությամբ։ Ներքաղաքական հակադրության շարունակումը կարող է լուրջ կերպով վատթարացնել առաջին հերթին ռազմական իրավիճակը, և դրա համար ամբողջ պատասխանատվությունը կընկնի նրանց վրա, ովքեր նպաստել են հակադրությանը ու միջոցներ չեն ձեռնարկել նման քայլերը կասեցնելու ուղղությամբ։

Պարոն նախագահ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի շարք հանգամանքների բերումով ՀՀ ժողովուրդը հայտնվել է կարիքի և թշվառության մեջ, դարձել հեշտ կառավարելի։ Նրան դժվար չէ հրամցնել այն անհեթեթությունը, իբր բոլոր չարիքի աղբյուրը Արցախի հիմնահարցն է, և բավական է թոթափել այդ «բեռը», և հայությունը կհայտնվի դրախտի մեջ։ Հարցը ո՞րն է։ Կարելի է զոհաբերել Ղարաբաղը, և հազարամյա պատմության ընթացքում մեկ անգամ չէ, որ Արցախը հանուն մեծ նպատակի դիմել է ինքնազոհաբերման։ Սակայն կոնկրետ պարագայում դա կլինի միայն համազգային մեծ պարտությունների սկիզբը։ Չպետք է մոռանալ, որ ներկայումս, ուզում ենք դա, թե ոչ, Ղարաբաղը ստանձնել է հայության բարգավաճման կամ կործանման դերը։ Մեր ժողովուրդը, իրեն չկտրելով ազգից, ընտրել է ազատության և անկախության ուղին ու պատրաստ է հավատարիմ մնալ դրան։ Ուստի, մեր խորին համոզմամբ, Հայաստանն ու Արցախը պետք է ունենան և կենսագործեն համաձայնեցված տնտեսական, ռազմական և քաղաքական ռազմավարություն, որի անհրաժեշտության մասին մենք բազմիցս խոսել ենք Ձեզ հետ։

Ինչ խոսք, դյուրին չէ խուլ շրջափակման մեջ հայտնված Հայաստանի և Արցախի դրությունը։ Գտնվելով անհարմար տարածաշրջանում, մեզ ստիպում են համաձայնվել ստեղծված իրավիճակին, կրավորական կեցվածք ընդունել հաց, եռանդուժ, գազ ձեռք բերելու համար։ Այդ ամենը հրամայական են դարձնում փութացնել համազգային ոգու ստեղծագործման գործընթացը, կանոնավոր ազգային բանակի անհետաձգելի շինարարությունը։ Զգալով դրա բացակայությունը Ադրբեջանն ամեն կերպ փորձում է Հայաստանին պաշտոնապես ներքաշել լայնածավալ պատերազմի մեջ և զենքի ուժով լուծել Ղարաբաղի հիմնահարցը, իսկ վաղը հավանաբար, նաև Զանգեզուրի, Սևանի չհիմնավորված պահանջները։

Հարգելի նախագահ, ժամանակին ՀՀ ԳԽ-ի որոշմամբ պարտավորեցվեց գործադիր իշխանություններին ԼՂՀ-ի անունից և վերջինիս փոխարեն չստորագրել որևէ պետական պաշտոնական փաստաթուղթ։ Այդ որոշմամբ Հայաստանի իշխանությունները Արցախին ինչ-որ չափով քաղաքական երաշխիք են տվել, ինչը չի կարելի ասել ռազմականի մասին։ Սոչիի «զուտ» ռազմա-տեխնիկական պայմանագիրը, Ալմա-Աթայի հուշագիրը, ինչպես նաև առանց Արցախի մասնակցության ձեռք բերված մյուս պայմանավորվածությունները հակասում են ոչ միայն Արցախի, այլև ողջ հայ ժողովրդի շահերին։ Փաստորեն, այդ որոշումների իրականացումը կլիներ Արցախի միակողմանի զինաթափում և հանձնում։

Հասկանում ենք, որ իր լավ օրից չէ, որ ՀՀ-ն ստորագրել է այդպիսի փաստաթղթեր։ Սակայն իրերին նայենք օբյեկտիվորեն և ասենք, որ Հայաստանը չի օգտագործում իր բոլոր հնարավորությունները Ղարաբաղի հիմնահարցի լուծման գործում։ Մեր խորին համոզմամբ, Հայաստանի հետ հաշիվ կնստեն, եթե նրանում տեսնեն ուժ։ Իսկ Հայաստանը դրան կարող է հասնել միայն Ղարաբաղի միջոցով և Ղարաբաղում։ Պետք է ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի Ղարաբաղում մինչև 1993 թ. ամառը Ադրբեջանին հասցվի լուրջ պարտություն, որպեսզի Ղարաբաղի, իսկ վերջին հաշվով Հայաստանի ազատության համար պայքարի ոչ միայն ղարաբաղցին։ Այո, նա ունի հաստատակամություն, մարտական ոգի, պապենական հողերը ազատագրելու անկոտրում կամք, սակայն մի՞թե Ադրբեջանը, որը մեր դեմ է կռվում այլազգիների միջոցով, պետք է հուշի համազգային բռունցք ստեղծելու գաղափարը։

Ադրբեջանի լրատվությունը համայն աշխարհին ազդարարել է Հայաստանի «էքսպեդիցիոն կորպուսի» Արցախում գտնվելու մասին։ Դա Ադրբեջանի քարոզչության հաղթանակներից է, որ, ցավոք, շատ հեռու է իրականությունից։ Սակայն, կարծում ենք, որ Դուք պետք է օգտվեք «ընձեռված» հնարավորությունից, Արցախ ուղարկեք մի քանի հազար ազատամարտիկներ, որոնք կհամալրեն Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի շարքերը։ Հակառակ դեպքում, եթե շարունակվի միայն Ղարաբաղ-Ադրբեջան առճակատումը, ապա հեռու չէ այն ժամանակը, երբ կսպառվեն մեր վերջին ուժերը և կկատարվի անխուսափելին։ Դրա համար արդեն պատասխան կտան շատերը և առաջին հերթին մենք Ձեզ հետ, պարոն նախագահ։

Այսօր հաջողությունը մեզ բոլորիս է անհրաժեշտ, նախ և առաջ ծանր դրության մեջ հայտնված ԼՂՀ-ին, և որ քիչ կարևոր չէ՝ Հայաստանի բնակչության բարոյական ոգու բարձրացման համար։ Ձեռք բերած հաջողությունները, անտարակույս, և միջազգային ասպարեզում կնպաստեն խաղաղություն հաստատելու ուղղությամբ մեզ համար ձեռնտու պայմաններով անցկացվելիք բանակցությունների գործընթացին։ Ավելորդ չենք համարում նշել, որ դա կունենա լուրջ հետևանքներ Ադրբեջանի ներքաղաքական դրության վրա՝ հօգուտ Ղարաբաղի և Հայաստանի։
Հապաղելով կտանք շատ զոհեր և մեզ համար կստեղծենք առավել բարդ հիմնահարցեր»*։

*Տարոն Հակոբյան. «ԼՂՀ հռչակումը և պետական շինարարության գործընթացը (1991-1994 թթ.)», Երևան, 2011 թ.




ՀՆԱ-Ն ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ

Համաշխարհային բանկի տվյալներով՝ ՀՀ 1 շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ)  2006 թ. եղել է 4631 դոլար, իսկ 2007-ին՝ 5261 դոլար։ 2006-ի համեմատ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն համադրելի գներով աճել է 16.5%-ով, իսկ 2007-ի համեմատ՝ ընդամենը 2.5%-ով։ Փաստորեն, Համաշխարհային բանկի տվյալներով, 5 տարվա ընթացքում համադրելի գներով մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն աճել է 2.5%-ով։

Սա խայտառակ ցուցանիշ է։ Այս ցուցանիշով Հայաստանը աշխարհում 89-րդն էր: 2011-ին 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն 1167.9 հազար դրամ է, որը համարժեք է 3135 ԱՄՆ դոլարի (2252 եվրո), եւ ՀՀ-ն հայտնվել է 114-րդ տեղում։
Ինչո՞ւ մեջբերեցինք այս տվյալները։ Պարզապես համեմատելու այդ տվյալները մեր՝ Արցախում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի հետ։ Ահավասիկ։

ԼՂՀ վիճակագրական ծառույության հաղորդագրության համաձայն, 2012 թ. հունվար-մարտին ԼՂՀ համախառն ներքին արդյունքը կազմել է 27,4 մլրդ դրամ՝ 2011 թ. հունվար-մարտի 23,6 մլրդ դրամի դիմաց: 2012 թ. հունվար-մարտին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 188.7 հազար դրամ (485.8 ԱՄՆ դոլար կամ 370.3 եվրո):
Այսինքն՝ ՀՀ-ում մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը 1167.9 հազար դրամ է (3135 ԱՄՆ դոլար կան 2252 եվրո), Արցախում՝ 188.7 հազար դրամ (485.8 ԱՄՆ դոլար կամ 370.3 եվրո)։
Մեկնաբանություններ չենք անում։

ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ





ԻՆՉՊԵՍ ԼՌԵՑՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Ադրբեջանը օրինաչափություն է դարձնում հայ-ադրբեջանական սահմանին կազմակերպվող դիվերսիոն գործողությունները, որոնք պարբերաբար հայ զինվորների կյանքեր են խլում: Հատկապես վերջին տարիներին Ադրբեջանի պահվածքը ավելի սանձարձակ է դարձել: Կարելի է ստանդարտ հայտարարություններով մեղադրել Ադրբեջանին զինադատարի խախտման, ագրեսիվ վարքագծի և այլ բաների մեջ, սակայն նույնիսկ միջազգային ասպարեզում այսպիսի քննադատությունը սահմանին կանգնած հայ զինվորներին չի ապահովագրելու ադրբեջանական կրակոցներից: Բաքվին հնարավոր է լռեցնել ոչ թե զոհի կարգավիճակից բխող պահվածքով, այլ իրական գործողություններով՝ սահմանի վրա և հենց հայկական բանակի ներսում:

Հունիս ի 5-ին հաղորդագրություն տարածվեց, որ հայկական կողմը հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մերձակայքում, կասեցրել է ադրբեջանական դիվերսիոն խմբի ներխուժումը, որի հետևանքով թշնամական կողմը տվել է հինգ զոհ: Ուշագրավ է, որ ադրբեջանական կողմն իր դիվերսիոն գործողությունները ծրագրում է սահմանի հենց այս հատվածում, որտեղ՝ տեղանքով պայմանավորված, հայկական դիրքերը այնքան էլ ամուր չեն: Տարօրինակ է, որ թշնամին կորուստներ է տվել ոչ թե հայկական զորքերի պատժիչ, այլ ըստ էության պաշտպանական գործողությունների հետևանքով: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ հայ հասարակությունը բանակի գերագույն գլխավոր հրամանատարից և զինվորականներից սպասում է հենց պատժիչ գործողություններ լկտիացած Ադրբեջանի նկատմամբ:

Ուշագրավ է նաև, որ մահացու ելքով պարբերաբար կրկնվող սահմանային միջադեպերից հետո որևէ բարձրաստիճան զինվորական չի լքում պաշտոնը կամ ենթարկվում պատասխանատվության այն դեպքում, երբ ադրբեջանցի դիվերսանտների ելումուտը հայկական տարածք տեղի է ունենում նույն տարածքում: Այսինքն՝ ակնհայտ է, որ տվյալ տարածքի հրամանատարությունը արդյունավետ չի կարողանում իրականացնել շփման գծի վերահսկողությունը:
civilnet.am




ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Խորհրդային կայսրության և սոցիալիստական համակարգի փլուզումից հետո հետխորհրդային տարածքում սկսվեց յուրօրինակ մի գործընթաց.  թացն ու չորը, պետքականն ու անպետքը մի պարկի մեջ լցրին, ապա սկսեցին աստիճանաբար ձերբազատվել չորից ու պետքականից՝ խնամքով պահելով ու «կատարելագործելով» անպետքը, անօգտակարը, վաղուց դարն ապրածը։
Այսօր մեզանում դեռ պահպանվում, զարգացնում են խորհրդային ժամանակներից եկող բյուրոկրատական կառավարման, ավելորդ թղթարարական ձևերը, բայց վերցրել ու մի հարվածով դեն են շպրտվել բազում այնպիսի բաներ, որ այսօր այքա՜ն անհրաժեշտ են մեզ։

Խորհրդային կրթահամակարգը, որ ժամանակին  զարգացած շատ երկրների նախանձն էր շարժում, ևս դեն շպրտվեց։ Փոխարենը մեր հողում պատվաստում ենք օտարից փոխառած կրթական համակարգ, որ ընդհանուր ոչինչ չունի ուսուցման-դաստիարակության մեր ավանդական պատկերացումների և փորձի հետ, և որից դժգոհ են թե՛ ուսուցիչները, թե՛ ծնողները, թե՛ աշակերտները...
Այդ կապակցությամբ, խմբագրությունը որոշել է պարբերաբար տպագրել հայաստանյան և արցախյան կրթական համակարգի մասնագետների, ուսուցիչների, մեր ընթերցողների հոդվածներն ու նամակները...


ՈՒՍՈՒՑԻՉ. ՊԱՏՎԱԲԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Աշխարհի խոշոր շատ մտածողներ ուսուցչին համեմատել են մարդկությանը կյանք պարգևող արևի և մոր հետ: Դա ճիշտ է: Ուսուցիչն իր գիտելիքները, փորձը, հոգու ամբողջ ջերմությունը, առողջությունն ու  էներգիան անմնացորդ կերպով նվիրաբերում է մատաղ սերնդի կրթության և դաստիարակության դժվար, պատասխանատու գործին:
Ուսուցիչների համառ, հաստատակամ ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ են աշակերտները ձեռք բերում հմտություններ, կարողություններ, կոփվում և նախապատրաստվում ապագա գործողություններին, կյանք մտնում:

Հայ ուսուցիչը միշտ էլ եղել է հարգանքի ու պատկառանքի առարկա, անառարկելի հեղինակություն: Ընդամենը երեկ՝ խորհրդային իշխանության օրոք ինչպե՞ս էր ապրում, ինչպիսի՞ պատիվ, վաստակ և հեղինակություն ուներ հայ ուսուցիչը: Լավ էր վաստակում, ապրում էր ոչ փայլուն, բայց բարեկեցիկ կյանքով, օգտվում արտոնություններից՝ գյուղական վայրերում ձրի ստանում էր վառելափայտ, էլեկտրաէներգիայի վարձը պետությունն իր վրա էր վերցրել...
Ուսուցիչները մշտապես գտնվում էին պետության ուշադրության կենտրոնում, որը խրախուսում էր նրանց դժվար, բայց պատվաբեր աշխատանքը:

Լավագույն ուսուցիչները պարգևատրվում էին մեդալներով, շքանշաններով, արժանանում դրամական պարգևների: Հանդիսավորությամբ նշվում էին վաստակաշատ մանկավարժների հոբելյանները: Ուսուցիչները հասարակության մեջ հեղինակություններ էին: Նրանց արտահայտած կարծիքի հետ հաշվի էին նստում անխտիր բոլորը: Ուրախության և տխրության սեղանների ղեկավարումը սովորաբար նրանց էր վստահվում:
Ինչո՞ւ այդքան շատ օրինակ բերեցի խորհրդային ժամանակներից։ Ցույց տալու համար, որ այդ տոտալիտար համակարգում անգամ մենք ունեցել ենք զարգացած ու ընդօրինակելի կրթական համակարգ։

Այսօր ինչպե՞ս է սնվում և հագնվում հայ ուսուցիչը, արդյո՞ք նա կարողանում է տարին մեկ ձրի հանգստանալ որևէ առողջարանում: Ունի՞ արտասահմանյան մակնիշի սեփական ավտոմեքենա, թանկարժեք բջջային հեռախոս ու համակարգիչ, ինչպես նրա աշակերտների մեծ մասը: Էլ չեմ խոսում թոշակի անցած ուսուցչի նվազագույն, չնչին նպաստի մասին, որը հազիվ է հերիքում կոմունալ ծառայությունների և հեռախոսի վարձը մուծելու համար:
Խորհրդային կարգերի օրոք միջին խավի լիիրավ անդամներից մեկը համարվող ուսուցիչն այսօր ոչ իր մեղքով լրացրել է միջինից ցածր եկամուտ ունեցողների բանակը, դարձել նրա անբաժան մասը:

 Ուսուցչի անբավարար ապրելակերպը, արտոնություններից չօգտվելը, ծանր ու դժվար աշխատանքը ըստ արժանվույն չգնահատելը հասարակության մեջ առաջ է բերել նրա խաղացած դերի նկատմամբ քամահրանք, հեղինակության կորուստ:
Հանուն ճշմարտության ասենք, որ ուսուցիչների հեղինակության անկման այլ պատճառներ էլ կան: Ռուսական կրթությամբ մեր լեզվին ոչ լրիվությամբ տիրապետած, նրա նրբություններին անհաղորդակից որոշ մարդիկ ոչ գեղեցիկ, չհղկված, խոցելի հայերենով մասնագիտական դասեր են անցկացնում հայկական դպրոցներում: Դիպլոմ ունեցող, բայց փորձ և հիմնավոր կրթություն, խոր գիտելիքներ չունեցող ցանկացած մարդ մեզ մոտ կարող է կարգվել ուսուցիչ կամ դասախոս՝ մոռանալով, որ աշխատանքը, մասնագիտությունը հոբի չէ, այլ կոչում:

Հայկական դպրոցներում ունենք ռուսական կրթությամբ տնօրեններ, որոնք անտեղյակ են հայկական նյութական և հոգևոր մշակույթի գանձերին, ինչպես հարկն է չեն յուրացրել մեր լեզուն...
Անկախ պետականության պայմաններում հասարակության մեջ  գլխավոր դերակատարությունը պետք է կատարի ուսուցիչը, որովհետև սերունդների ճակատագիրը գտնվում է նրա՛ ձեռքերում: Ուսուցչի կատարած գործը նման է ձուլողի աշխատանքին: Նրա միայն բարձրորակ «ձուլվածքն» է կարող տալ հիանալի արդյունք՝ առողջ, ուժեղ, զարգացած և արժանի հերթափոխ: Դրանից էլ կշահի ամբողջ հասարակությունը:

Մեր հասարակությունն էլ իր հերթին միշտ պետք է հարգի, սիրի, պահպանի, պաշտպանի, նաև երեխայի պես խնամի ուսուցչին, բոլոր գործերում, հարցերում նեցուկ, սատար կանգնի նրան:

Ռ. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ




«ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ» ՍԿԶԲՈՒՆՔԸ ԴՊՐՈՑՈՒՄ

«Թափանցիկության» սկզբունքը, որ իբր գործում է մեր կյանքի շատ ոլորտներում, այժմ էլ թևակոխել է հանրակրթական դպրոց:
Աշակերտական օրագիրն ըստ էության բարոյապես մաշվել է. այսօր ծնողն իր երեխայի կիսամյակային գնահատականը չի կարող հաշվարկել օրագրում առկա գնահատականներով: Դրան փոխարինելու եկան «Էլեկտրոնային դպրոցները», որոնց ստեղծած կայքերում (dasaran.am, eschool.am) ուսուցիչներն անցկացնում են դասամատյաններում նշանակված գնահատականները, դասին ուսուցանված թեմաներն ու տնային հանձնարարությունները:

Աշակերտն ու նրա ծնողը հնարավորություն ունեն կայք մտնելու սեփական գաղտնաբառերով ու հաղորդակից լինելու դպրոցի աշխատանքներին, ճշտելու տնային հանձնարարությունները, իմանալու ուսումնական բոլոր առարկաներից ստացած գնահատականները: Կայքերը հնարավորություն են տալիս նաև ապահովել տնօրինության և դասարանի դասղեկի մշտական կապը ծնողի և աշակերտի հետ:
Հաղորդակցման այս ժամանակակից մեթոդը շատ գովելի է, հատկապես ծանրաբեռնված ծնողի տեսանկյունից: Սակայն կտրուկ դժվարացել է ուսուցչի աշխատանքը:

Օրական 5-6 դասաժամ պարապելուց, անվերջ բազմությամբ տետրեր ստուգելուց, օրվա պլան գրելուց հետո նա պարտավոր է արտագրել դասամատյանների գրանցումներն ու դրանք տեղադրել կայքում: Երևի այս ամենն այդքան ծանր ու ձանձրալի չթվար, եթե կայքի աշխատանքներն ավելի կազմակերպված լինեին: Ցերեկային ժամերին բացարձակապես անհնար է օգտվել կայքից՝ ծանրաբեռնվածության պատճառով:

Հետաքրքիր է՝ քանի ուսուցիչ է հանրապետությունում միաժամանակ օգտվում կայքի ծառայությունից: Եվ ինչ է ստացվում: Ուսուցիչը, որի աշխատանքը դպրոցում ավարտվում է ժամը 15 անց 30-ին, երեկոյան ժամերին, կամ հաճախ կեսգիշերից հետո, պարտավոր է կատարել իր գրանցումները, քանի որ այդ ժամերին համեմատաբար քիչ են օգտատերերը:
Վերջին տասնամյակում ուսուցչի աշխատավարձը չի բարձրացել, մինչդեռ այդ ժամանակահատվածում գներն աճել են երկրաչափական պրոգրեսիայով:

Այս ամենի հետ լռությամբ հաշտված, այլընտրանք չունեցող ուսուցիչը, որն աստիճանաբար համալրում է չքավոր դասակարգի շարքերը, հիմա էլ պիտի կատարի եռակի աշխատանք՝ դեռևս կատարելությունից շատ հեռու կայքերում: Ինչպե՞ս կարող է նման պայմաններում աշխատող մարդը լավագույնս կրթել ապագայի քաղաքացուն:

ՆՈՒՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Երևան




ԵՐԲ ՄԱՐԴՈՒՑ ԽԼՈՒՄ ԵՆ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԱՐԺԵՔԸ՝ ԺԱՄԱՆԱԿԸ

Դեռևս 3 տարի առաջ Հայաստանում միջնակարգ դպրոցները ճյուղավորվեցին 2 օղակի՝ հիմնական և ավագ դպրոցների: Ավագ դպրոցի ստեղծումը նպատակ ուներ սերտացնել դպրոց – ԲՈՒՀ կապը, շրջանավարտին առանց կրկնուսույցի օգնության նախապատրաստել մասնագիտության ընտրությանն ու ԲՈՒՀ ընդունվելուն: Իսկ 10-ամյա կրթությունը 12-ամյայով փոխարինելը ուսումնական ծրագրերը թեթևացնելու նպատակ էր հետապնդում:

Գաղափարն արտաքնապես բավական գեղեցիկ ու հետաքրքիր էր թվում, մանավանդ, որ խոստանում էին բարձրացնել դպրոցի և ուսուցչի հեղինակությունը: Սակայն դպրոցի գիտակներն արագ կանխագուշակեցին, որ ծրագիրն ապագա չունի, քանի որ ժառանգված է օտար գաղափարախոսությունից:
Ի՞նչ տեղի ունեցավ։ Նախ ավագ դպրոցներում խոստացված փոքր խտության փոխարեն դասարանի աշակերտների թիվը հասավ 30-35-ի, որը չի կարող ապահովել որակյալ կրթություն, հատկապես հոսքային դասարաններում:

Ապա հիմնական դպրոցից ավագ դպրոց մեկնած աշակերտների մի մասը դարձավ անկառավարելի՝ փորձելով ինքնահաստատվել նոր միջավայրում: Իսկ վարքի ցածր կանոններ ունեցող դասարաններում առավել ևս անհնար է ստեղծել որակյալ ուսումնական գործընթաց:

12-ամյա ուսուցման դասագրքերն առավել ևս խճճեցին իրավիճակը, քանի որ հեղինակները շատ հեռու էին կանգնած դպրոցից: Նրանք լուրջ վտանգեցին պարտաճանաչ աշակերտի առողջությունը, կարճ ժամանակում նրան հեռացրին կրթությունից: Իսկ չափահաս մարդկանցից որևէ մեկը փորձե՞լ է 7 անգամ 45 րոպե անշարժ նստել փայտե աթոռին: Եթե դա որևէ մեկը պատկերեցնի, ապա կհասկանա, թե ինչն է օտարացնում երեխային դպրոցից՝ դասաժամերի տևողութունը, ծանր ուսումնական գործընթացը, անհասկանալի դասագրքերը, գուցե նաև այլ պատճառներ, որոնց արդյունքում տարիների ընթացքում երեխայի համար կրթություն ստանալը դառնում է ծանր պարտականություն, խլում մանկության ու պատանեկության ուրախ զգացողությունները:

Շատերը դրա պակասը փնտրում են համակարգչային խաղերի ու հետաքրքիր ծանոթություների մեջ, որոնք աշակերտին աստիճանաբար հեռացնում են դպրոցից, գրքից, սովորելու ցանկությունից:
Կրթության գործի կարկառուն դեմքերը առանց երկար մտածելու որդեգրեցին «օտար խաղերը», որին պատրաստ չէր անգամ ավելի զարգացած Ռուսաստանը:
Իսկ ո՞վ պետք է պատասխան տա այն սերնդին, որից նրանք խլել են ամենաթանկ արժեքը՝ ԺԱՄԱՆԱԿԸ…

ԻՍԿՈՒՀԻ ԴԱԼԼԱՔՅԱՆ
Երևանի Սիամանթոյի անվան դպրոցի փոխտնօրեն




ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՅՍՊԵՍ Է ԵՂԵԼ...

Artsakhtoday.com կայքում ապրիլի 16-ին  տպագրված «Բժշկական խեղկատակություն» վերնագրով հոդվածը (ավելի սեղմ տպագրվել է նաև «Նոր էջ»-ում՝ մայիսի 3-ին, «Անտարբերությո՞ւն, թե՞...» վերնագրով)բազմաթիվ արձագանքներ է ունեցել ինչպես բուժաշխատողների, այնպես էլ ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից։ Այն հատկապես «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի»՝ հանրապետական ծննդատան բժիշկների զայրույթն է առաջացրել։ Հեղինակը՝ Ռուզաննա Ծատրյանը, անհիմն կերպով մեղադրում է ծննդատան բժշկուհիներից մեկին՝ Մարինե Գրիգորյանին, ով, ի դեպ, ոչ միայն մասնագիտական, այլև մարդկային բարձր հատկանիշների համար վայելում է գործընկերների և առողջապահության համակարգի աշխատողների սերն ու հարգանքը. համենայնդեպս, այդ տպավորությունը ստացանք՝ խնդրո առարկայի շուրջ զրուցելով նրա գործընկերների հետ։

Ապրիլի 9-ին՝ նրա հերթապահության ժամանակ, երբ տեղի է ունեցել հոդվածում ներկայացվող դեպքը, նա ամեն ինչ կատարել է միանգամայն արհեստավարժ կերպով։ Փաստորեն հոդվածագիրը ներկայացրել է ընկերուհու պատմածը՝ խեղաթյուրելով փաստերը։ Դրանում համոզվեցինք նաև ինքներս՝ զրուցելով ծննդատան բժիշկների և գլխավոր բժիշկ, «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրեն Վարդգես Օսիպովի հետ, ով նախարարության հանձնարարականով ծանոթացել է դեպքի բոլոր մանրամասներին։

«Մեզ համար վիրավորական է ու ցավալի, որ մեր կողմից ցուցաբերված նման մակարդակով բուժօգնությունից հետո անհիմն մեղադրանքներ ու դժգոհություններ ենք լսում»,- զրույցն այսպես սկսեց ծննդատան գլխավոր բժիշկը։

Վ. Օսիպովի ներկայացմամբ՝ ահա թե ինչ է տեղի ունեցել իրականում։ 32 տարեկան կինը, ով հղիացել էր առաջին անգամ, դիմել է կանանց կոնսուլտացիային, ընդ որում՝ արդեն իսկ գանգատներով։ Տեղամասային բժիշկն ամենակարճ ժամանակամիջոցում կատարել է բոլոր անհրաժեշտ հետազոտությունները (համապատասխան փաստաթղթերն առկա են) և հաշվի առնելով կնոջ տարիքը՝ նրան ուղեգրել է հղիների բարձր ռիսկի բաժանմունք։ Չնայած հղիության նման կարճ ժամկետի դեպքում (6 շաբաթական), ինչպես գլխավոր բժիշկն է հավաստիացնում, ստացիոնարում չեն պառկեցնում։ Բայց դա արվել է, քանի որ եղել են կասկածներ չզարգացող հղիության վերաբերյալ, և այն նպատակով, որպեսզի վերահսկվի պտղի ներարգանդային դինամիկ աճը։ Բաժանմունքում հիվանդը ստացել է լրիվ ծավալով համապատասխան բուժում՝ ապահովվելով ամեն ինչով, այդ թվում՝ դեղամիջոցներով…

Այնուամենայնիվ, ապրիլի 9-ի գիշերը կնոջ մոտ արյունահոսությունը մեծանում է։ Կանչում են հերթապահ բժշկին՝ Մարինե Գրիգորյանին։ Վերջինս ասում է, որ հիվանդը լրիվ ծավալով ստանում է անհրաժեշտ բուժում, և դրանից ավել ինքը ոչինչ նշանակել չի կարող։ Եթե սաղմը չպահպանվի, ուրեմն տեղի կունենա վիժում, տեղեկացնում է նա։ Եվ այդպես էլ եղել է։ Առանց որևէ բժշկական միջամտության՝ հիվանդը վիժել է... Այսինքն, Վ. Օսիպովի խոսքերով, Մ. Գրիգորյան բժշկուհին նրանց հայտնել է իրականությունը։

«Բժշկուհին միանգամայն պրոֆեսիոնալ, ճիշտ վերաբերմունք է դրսևորել։ Եթե նրա մոտ փոքր-ինչ պակասեր արհեստավարժությունը՝ նա կփորձեր միջամտել բնական ձևով ընթացող վիժմանը և դրանով իսկ կվնասեր հիվանդին, ու հետագայում երեխա չունենալու վտանգ կառաջանար։ Բայց, ամեն ինչ ընթացել է բնականոն հունով…»,- ասաց Վ. Օսիպովը։
Նրա իրազեկմամբ, գիշերը ուլտրաձայնային հետազոտման բժիշկ կանչելը, որի մասին գրված է Ռ. Ծատրյանի հոդվածում, նույնպես անիմաստ է եղել։ Պարզապես հիվանդի հարազատների կողմից բժշկուհու վրա գործադրված ճնշումների արդյունքում Մ. Գրիգորյանը ստիպված է եղել դա անել։

«Այդ հղիությունը ենթակա էր վիժման, որովհետև աճ չկար, սաղմը չէր զարգանում։ Եվ պատճառն էլ այն էր, որ կինը մինչ հղիանալը չի հետազոտվել։ Չեմ հասկանում՝ ինչպես կարելի է առանց հետազոտման հղիանալ նման տարիքում»,- ասաց Վ. Օսիպովը։
Հղիության պահպանումը բուժհիմնարկներում, ինչպես ասաց գլխավոր բժիշկը, սկսում են 8-10 շաբաթական և ավելի լինելու դեպքում։ Մինչ այդ, վիժման նշանների պարագայում բնությունն ինքն է ընտրություն կատարում՝ պահպանե՞լ, թե՞ ոչ։

Ինչ վերաբերում է հոդվածում տեղ գտած, իբր, բժշկուհու կողմից արված ոչ կոռեկտ, անվայել արտահայտություններին՝ դրանք ամենևին էլ չեն համապատասխանում իրականությանը։ Ընդհակառակը՝ ականատեսների հավաստմամբ, հիվանդի հարազատներն են վիրավորանքներ հասցրել Մ.Գրիգորյանին։

«Մեր բժիշկներից ոչ ոք նման բան չի անի, Մարինե Գրիգորյանը՝ առավել ևս։ Մարդ, որը բավականին բարեկիրթ է, համեստ ու սրտացավ։ Կարող ենք դիմել դատարանին, բայց չենք անում՝ դարձյալ Մ. Գրիգորյանի գթասրտության պատճառով…»,- ասաց Վ. Օսիպովը։
Կարծում ենք, հավասարակշիռ, ճշմարիտ և օբյեկտիվ խոսքը պետք է դառնա լրագրողի համար սկզբունք։ Լրագրողը պատասխանատու է իր յուրաքանչյուր բառի համար…

ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ։ Տպագրելով Ռուզաննա Ծատրյանի վերոնշյալ հոդվածն ու պատասխան հոդվածը, մենք ձեռնպահ ենք մնացել դրանք մեկնաբանելուց։ Ցավոք, հոդվածագիրները երկուստեք ներկայացրել են միայն մեկ կողմի կարծիքը։ Հետևելով լրագրության էթիկայի կանոններին, մենք ընդամենը երկու հոդվածներից հանել ենք անձնական վիրավորանքները։





ԲԱԶՄԱԶԱՎԱԿՈՒԹՅՈՒՆ. ՆՊԱՍՏՈ՞ՒՄ ԵՆՔ, ԹԵ՞ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ

«Նոր էջ»-ում այս վերնագրով արդեն մի հոդված ենք տպագրել։ Թեման շարունակում ենք։
Շարունակվում են ծնելիության ու բազմազավակության «խթանման միջոցառումները», իսկ մի շարք բազմազավակ ընտանիքների սոցիալական վիճակը այն տպավորությունն է ստեղծում, որ դրանց մեկնարկը դեռ չի սկսել...

Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում Հարությունյանների ընտանիքն է, որը բնակվում է Շուշի քաղաքի Նելսոն Ստեփանյան 2ա բնակարանում (նախկին հասցեն՝ Ղազանչեցոց փողոցի թիվ 57/17 բնակարան): Ընտանիքն ունի 11 երեխա։ Երեխաներից մեկին ընտանիքը կորցրել է 2006 թ. (մահացել է թոքաբորբից):

Ընտանիքի հայրը՝ Վիկտոր Հարությունյանը, 3-րդ կարգի հաշմանդամ է, ստանում է ընդհամենը 35 հազար դրամ աշխատավարձ, իսկ երեխաներին տրամադրվող նպաստների ընդհանուր գումարը կազմում է 104 հազար դրամ, որից 15 հազարը շուտով կրճատվելու է՝ կապված կրտսեր երեխային հասանելիք «կաթի գումարի» տրամադրման ժամկետի լրացման հետ:

Հարությունյանների համար 3 սենյականոց բնակելի տուն կառուցվել է 2003-ին, սակայն կառուցման ընթացքում անհրաժեշտ չափանիշները չպահելու պատճառով բնակարանի պատերը ներսից սկսել են բորբոսնել, տան մշտապես խոնավ վիճակը երեխաների առողջության վրա թողնում է իր բացասական հետքերը: Պատերը ներսից սկսել են ճաքեր առաջացնել ու քանդվել: Բնակարանը կառուցվել է առանց սանհանգույցի, իսկ ի պատասխան տանտիկին Աիդա Հարությունյանի գրությանը՝ հասցեագրված ԼՂՀ նախագահին և ուղարկված ԼՂՀ սոցապահովության նախարարության քննարկմանը, այդ ժամանակ գործող նախարար Վ. Աթաջանյանը պատասխանել էր, որ չունի համապատասխան ֆինանսական միջոցներ տան գազաֆիկացման ու սանհանգույցի աշխատանքները կազմակերպելու համար:

Այժմ ընտանիքի համար որպես բաղնիք է ծառայում տան հարևանությամբ գտնվող կիսափակ-կիսաբաց պահեստը: Ընտանիքը սեփական ուժերով մի քանի անգամ վերանորոգել է տունը, սակայն կառուցման արմատական սխալները տունը կրկին հասցնում են նույն վիճակին՝ պատերի խունացում, ճաքճքում: Վիկտոր ու Աիդա Հարությունյանները բազմիցս դիմել են Շուշիի շրջվարչակազմին, ԼՂՀ սոցապահովության նախարարությանը, սակայն խնդիրն առայսօր չի լուծվել։

Բազմազավակ ընտանիքներին ամսեկան սննդի տեսքով տրվող օգնությունն էլ Հարությունյանների ընտանիքի համար արդեն չակերտավոր ամսեկան օգնություն է, քանի որ ընտանիքը հունվարից մինչև մայիսի սկիզբ այն ստացել է երկու անգամ: Հարությունյանների ավագ որդին ժամկետային զինծառայող է, ծառայում է բնակավայրից 100 կմ հեռավորության վրա՝ սահմանված 50-60 կմ-ի փոխարեն, ինչն էլ նյութապես անապահով ընտանիքի համար մեծ խոչընդոտ է առաջացնում՝ որդուն հաճախակի տեսակցության մեկնելու համար:

 Հարությունյանների ընտանիքը մեծ դժվարություններով միայն կարողանում է հասցնել մարել կոմունալ ծախսերը, իսկ ընտանեկան բյուտեի մնացած մասը հազիվ հերիքում է համեստ սննդի համար:
 Համապատասխան մարմինների կողմից ուշադրության հույսը Հարությունյանների ընտանիքում դեռ չի մարել: Մյուս կողմից՝ բազմազավակության կարևորությունն էլ պահանջում է դրա խթանման համապատասխան քայլեր:

ՌՈՒԶԱՆՆԱ ԾԱՏՐՅԱՆ
ԶՈՅԱ ՂԱՐԻԲՅԱՆ




ԵՐԲ ՉԻ ՄՆՈՒՄ ԵԼՔ ՈՒ ՃԱՐ, ԽԵՆԹԵՐՆ ԵՆ ԳՏՆՈՒՄ ՀՆԱՐ...

 Այս խորագիրն էին կրում մայիսի 11-ին Շուշի քաղաքում Դանիել Ղազարյանի անվան գիշերօթիկ միջնակարգ երաժշտական դպրոցի 15-ամյակին ու մայիսյան եռատոնին նվիրված միջոցառման և շուշեցի երգահան Դանիել Ղազարյանի հիշանակին նվիրված հուշարձանի ու հուշասենյակի բացման արարողությունները:

Դպրոցը հիմնադրվել է Լոս Անջելեսի «Շուշիի երաժշտանոցի» ընկերակցության ջանքերով՝ ամերիկահայ երգիչ Կարեն Ղարիբյանի նախաձեռնությամբ, ով 1992 թվականին Շուշիի ազատագրումից անմիջապես հետո ժամանելով Արցախ ու տեսնելով Շուշին՝ մոխիրի մեջ կորած, որոշում կայացրեց Շուշիում ստեղծել մի կրթօջախ, որը նպաստի ապագա շուշեցիների համակողմանի զարգացմանը։ Այդ տարիներին նրա այդ որոշումն անիրականալի ու խենթություն էր թվում:

1993 թվականից ընկերակցության ջանքերով սկսվեց դպրոցի վերանորոգումը։ 1997 թ. բացվեց դպրոցի 1-ին դասարանը:
Դպրոցը կրում է շուշեցի երգահան Դանիել Ղազարյանի անունը, ով 7 տարեկան հասակում նվագում էր սրինգ, ջութակ, հետո՝ թառ: Սովորում էր Շուշիի թեմական դպրոցում, որտեղ 6 տարի դասավանդում էին երգ-երաժշտություն, 1908 թ. Դ. Ղազարյանը տեղափոխվում է Թիֆլիս, ընդունվում է տեղի երաժշտական դպրոցը, ապա կոնսերվատորիայի վոկալ դասարանը:

Որոշ ժամանակ երգ-երաժշտության դասատու էր աշխատում Թիֆլիսի «Լույս» ընկերության տարրական դպրոցում, այնուհետև հրավիրվում է Կաղզվան, որտեղ բացի մանկավարժական գործունեությունից, կազմակերպում է քառաձայն երգեցիկ խումբ:
 Դպրոցում բացված հուշասենյակում պահվում են Դ. Ղազարյանի անձնական իրերը՝ պատվոգրերից մինչև ջութակ, թառ, ռադիոընդունիչ, էլեկտրաֆոն, անձնական գրքեր, պայուսակ և այլն, որոնք դպրոցին է տրամադրել Դ. Ղազարյանի որդին: Իսկ Դ. Ղազարյանի կիսանդրին քանդակել է հայտնի քանդակագործ Լևոն Թոքմաջյանը՝ նվիրատվության կարգով:

Այսօր դպրոցի 12 դասարաններում սովորում է մոտ 120 աշակերտ, որոնցից ամենափոքրերն էլ զգում են պատասխանատվություն՝ դպրոցի անվան ու դպրոցի զարգացման գաղափարը պատվով շարունակելու համար, իսկ նրանց մարտական երգերը ստիպում են հավատալ, որ նրանք էլ նման խենթ գործերի շարունակողներն են լինելու…

ՌՈՒԶԱՆՆԱ ԾԱՏՐՅԱՆ




Վազգեն Օվյան - 80. ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ

Մայիսի 11-ին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում կայացավ հուշ-երեկո՝ նվիրված Վազգեն Օվյանի ծննդյան 80-ամյակին։ Ելույթներ ունեցան գրողի ժամանակակիցներն ու գրչակիցները, մարդիկ, ովքեր ժամանակին աշխատել են նրա հետ, անձնապես ծանոթ են եղել, նաև մարդիկ, ովքեր անձամբ ծանոթ չեն եղել Վազգեն Օվյանին, բախտ չեն ունեցել տեսնել նրան, սակայն այսօր մեր գրականությունը չեն պատկերացնում առանց Վազգեն Օվյանի...

10 տարի առաջ, 2002-ի մայիսի 21-ին, երբ այդ նույն դահլիճում նշվում էր «Հայաստան Համահայկական Հիմնադրամի» 10-ամյակը, հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի ատենապետ, բարեգործ  Մկրտիչ Մկրտչյանն առաջին անգամ լսեց Վ. Օվյանի «Այս Ղարաբաղն է» բանաստեղծությունը։

«Ես, աթոռիս մեջ մխրճված և մարմինս փշաքաղված, ունկնդրում էի այդ սքանչելի գործը։ Երբ մեծ ծափահարություններով քերթվածքն ավարտվեց, իմ քով նստած, իմ մոտիկ բարեկամ, ԼՂՀ նախագահի աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետ Բորյա Ալավերդյանին հարցրի, թե ով է այդ գլուխգործոց բանաստեղծության հեղինակը և խնդրեցի այդ քերթվածքից մի օրինակ գտնել ինձ համար»,- գրել է Մկրտիչ Մկրտչյանը։

Մի տարի հետո նրա օժանդակությամբ Երևանում տպագրվեց Վազգեն Օվյանի լավագույն անտիպ ստեղծագործությունների մի մասն ընդգրկող «Լեռների լեգենդը» ժողովածուն, որոնց մեջ էր նաև «Այս Ղարաբաղն է» պոեմ-բանաստեղծությունը։
Վերոհիշյալ հուշ-երեկոյին ներկա էր նաև Մ. Մկրտչյանը։

«Ասիկա ինձի համար մեծ անակնկալ է, որովհետև ես Ղարաբաղ եկա 3 օր առաջ, որպեսզի մայիսի 9-ի հսկայական տողանցը դիտեմ... Ես բախտ ունեցա 10 տարի առաջ գտնվել այս նույն սրահում, լսել նրա «Այս Ղարաբաղն է»-ն ու ծանոթանալ նրա ընտանիքի հետ... Ես այդ բանաստեղծությունը Տորոնտոյի մեջ արտասանեցի և տորոնտոցիները մեկեն շվարեցան, թե Ղարաբաղի մեջ մշակույթ կա, այդպիսի նշանավոր բանաստեղծ կա...»,- ասաց Մկրտիչ Մկրտչյանը։

Ելույթներ ունեցան լրագրող, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդգես Բաղրյանը, ԼՂՀ նախագահի օգնական Ռուդոլֆ Մարտիրոսյանը, ԱրՊՀ հոգեբան, հումանիտար ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Արզիկ Մխիթարյանը, ԱրՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիլվա Խաչատրյանը, Արցախի հանրային հեռուստատեսության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանը, Ստեփանակերտի թիվ  11  դպրոցի լեզվի և գրականության ուսուցիչ Արթուր Բաբայանը, ԼՂՀ ազատամարտիկների հարազատների միության նախագահ Գալյա Առստամյանը և ուրիշներ։

ԼՂՀ ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը, վաստակավոր արտիստ Սամվել Եվրիյանը, երիտասարդ դերասան Էրիկ Ավագյանը, Արցախի պետհամալսարանի ուսանողուհի Լաուրա Գաբրիելյանը և ուրշներ ներկայացրին Վ. Օվյանի ստեղծագործություններից։

Հանրապետության ժողովրդա-կան արտիստուհի Նաիրուհի Ալավերդյանը գրողի հետ ստեղծագործական համագործակցության մասին հուշեր պատմելուց հետո կատարեց Վ. Օվյանի խոսքերով գրված, արցախցիների սիրելի «Ստեփանակերտ» երգը։ Նշեցին, որ Վազգեն Օվյանի «Այդ ես չեմ երգում», «Լեռների հետ», «Ղարաբաղ», «Դերունց ծորումը», «Տմբլաչի Խաչանը» և տասնյակ այլ բանաստեղծությունների խոսքերով երգեր են գրել Գեղունի Չիթչյանը, Արմեն Նասիբյանը, Կիմ Առաքելյանը և այլ կոմպոզիտորներ ու գուսաններ։ Նրա երգերը հնչում են հանրահայտ երգիչներ Ռուբեն Մաթևոսյանի, Ֆլորա Խորենյանի, Թովմաս Պողոսյանի, Նաիրուհի Ալավերդյանի և այլոց կատարմամբ։

Հուշ-երեկոյին ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, ԱԺ  մշտական հանձնաժողովների նախագահներ, պատգամավորներ, ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը, հարյուրավոր արվեստասերներ ու Վազգեն Օվյանի տաղանդի երկրպագուներ։

Հատվածներ ելույթներից.

ՎԱՐԴԳԵՍ ԲԱՂՐՅԱՆ - Ես բախտ եմ ունեցել աշխատելու Վազգեն Օվյանի հետ, ավելին՝ աշխատելու նրա անմիջական ղեկավարությամբ։ Կարծում եմ՝ ես չէ, որ պիտի գնահատական տամ Վազգեն Օվյան երևույթին։ Դա արել է ժողովուրդը և դա արել է ամենաանաչառ դատավորը՝ Ժամանակը։
Ցավոք սրտի նա չապրեց մինչև ղարաբաղյան շարժումը։ Հիշում եմ, մեր մեծանուն դերասան Բենիկ Օվչյանը պատերազմի այն դժնդակ տարիներին խրամատից խրամատ, նկուղից նկուղ էր անցնում, արտասանում էր Վազգեն Օվյանի
«Թե իմ մայր հողն ես,
Ես քո հողմաթեք թթենու բունն եմ,
Կածաններիդ ու ճամփեքիդ բացված
Ապրեմ-չապրեմիդ տոկունությունն եմ»
հրաշք բանաստեղծությունն ու բարձրացնում էր մարդկանց ոգին...
Հայրենասիրական դաս՝ որպես այդպիսին, ես առել եմ նաև հենց Վազգեն Օվյանից, նրա գրվածքներից։ Ամեն առավոտ, երբ մենք ներկայանում էինք աշխատանքի, Վազգեն Օվյանը հավաքում էր երիտասարդներիս և սկսում էր կարդալ իր նոր գրած բանաստեղծությունները, պատմվածք կամ մանրապատում... Ուղղակի շռնդալից տաղանդ էր նա, և հազար ափսոս, որ ժամանակից շուտ հեռացավ կյանքից։ Սակայն, այնուամենայնիվ, այն, ինչ իրենից հետո թողեց Վազգեն Օվյանը, հատկապես այն գործերը, որ հետմահու են տպագրվել, խոսում են նրա մեծ տաղանդի մասին...

ՌՈՒԴՈԼՖ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ - Ես պատիվ եմ ունեցել, բախտ եմ ունեցել աշխատելու Վազգեն Օվյանի հետ՝ մարզային ռադիոյում. ինքը գրական-երաժշտական բաժնի ավագ խմբագիրն էր, ես՝ մարզային ռադիոյի հաղորդավար։ Ինձ համար մի նոր հայտնություն էր նա։ Ես փորձում էի հասկանալ՝ ո՞վ է Վազգեն Օվյան ֆենոմենը, այդ հայտնությունը մեր գրական աշխարհում...
Ես նկատում էի, որ նրա հայրենասիրական բանաստեղծություններում միանգամայն այլ ենթատեքստ կա, կանխազգում էի, որ հաստատ նա կունենա անտիպ ստեղծագործություններ... Այսօր եզակի գրողներ կլինեն, որ ցույց տան թեկուզ մի թերթ ու ասեն՝ ես այս բանաստեղծությունը գրել եմ այն տարիներին՝ կայսերապետական գրաքննության տարիներին...
Եվ ես վերջապես ինքս ինձ համար պարզեցի, որ նա որքան պարզ ու հասարակ էր, այնքան՝ տաղանդավոր, և որքան տաղանդավոր էր, այնքան՝ պարզ ու հասարակ...

ԱՐԶԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ - Բավականին երկար ընդմիջումից հետո մենք հավաքվել ենք արժեվորելու մի բանաստեծի, մի գրողի, որին թվում էր, թե փորձում էինք առօրյայում մոռացության տալ։ Եվ այսօր այս գեղեցիկ դահլիճում մենք խնկարկենք Վազգեն Օվյանի հիշատակն ու ասենք՝ իրոք մեծ քաղաքացի էր, մեծ հայ էր, մեծ արցախցի էր և մեծ գրող էր։
Այսօրվա մեր սերունդը կարդալով Վազգեն Օվյանի ստեղծագործությունները, միգուցե դրանք սովորական թվա նրան, բայց երբ մտովի տեղափոխվում ենք այն ժամանակահատվածը, որում ապրել է Վազգեն Օվյան բանաստեղծը, դրամատուրգը, երգիծաբանը, որը փորձ է կատարել բարձրաձայնել մի այնպիսի ժամանակահատվածում, երբ մարդիկ վախենում էին խոսել այնպիսի երևույթների մասին, որ կարողանում էին ասել միայն Շիրազի, Սևակի նման բանաստեղծները, նրա մեծությունը դառնում է ավելի հզոր, և այսօր կարդալով նրա բանաստեղծությունները, հասկանում ենք, որ իրոք մեծ բանաստեղծ, մեծ գրող է նա...
Այն տարիներին իրոք նրա յուրաքանչյուր ստեղծագործություն նորույթ էր, նրա յուրաքանչյուր ստեղծագործություն հայաշունչ էր, Ղարաբաղով հագեցված էր ու հնրավոր չէր չկարդալ ու չսիրել նրան...




ՆՐԱ ՏԵՂԸ ՄՆԱՑ ԹԱՓՈՒՐ

Վազգեն Օվյանը կենդանության օրոք բոլորի կողմից ընդունված հեղինակություն էր, վայելում էր ժողովրդի սերն ու հարգանքը: Քչերն են գրում տարբեր ժանրերով և ստեղծում արժեքավոր երկեր: Բնությունը շռայլ է եղել նրա նկատմամբ: Մտերիմները, ընկերները նշում են, որ նա շատ արագ էր գրում, գրում էր կենտրոնացած, մի տեսակ շտապում էր… Շտապում էր, որովհետև ասելիք ուներ:

Ժողովրդի հիշողության մեջ Օվյանը մնացել էր որպես երգիծանքի մեծ վարպետ: Օվյանական հումորը, սարկազմը առկա է նրա տարբեր ժանրերի ստեղծագործություններում: Ավագ սերունդը լավ է հիշում «Մախաթ» գրական-երգիծական հաղորդաշարը, որին միշտ անհամբեր սպասում էին: Սիրում էին նաև Օվյանի թատերգությունները: Դահլիճը միշտ լեփ-լեցուն էր լինում: Երկար ժամանակ մեր թատրոնի բեմից չէին իջնում «Մեծ լոռեցին», «Եվ Պըլը Պուղին մի առակ պատմեց» պիեսները, որ ներկայացվել են 100-ից ավելի անգամ:

Բայց պիտի խոստովանել, որ Օվյանի մեծությունը խորությամբ չէր ընկալվում կենդանության օրոք: Երևի ժամանակ էր հարկավոր։ Հիշենք Սևակի արդեն թևավոր դարձած խոսքը. «կտրվելուց հետո է միայն զգացվում ծառի բուն հաստությունը»: Իմ կարծիքով, գլխավոր պատճառն այն է, որ գրողի լավագույն գործերը երկար ժամանակ անտիպ էին:

Ես բախտ եմ ունեցել լսել Օվյանին, հաղորդվել նրա խոսքի կախարդանքին: Այդ օրը Օվյանը տանտիրոջ իրավունքով սեղանն էր ղեկավարում և զուգահեռ ընթերցում իր բանաստեղծությունները՝ ավելի քան երկու ժամ: Մենք՝ երիտասարդներս, զարմացած, հիացած լսում էինք նրան: Կարծես կենդանի մարգարե լիներ մեր առջև նստած: Կարդում էր այն, ինչ այն ժամանակ ոչ ոք չէր համարձակվի բարձրաձայն ասել, իսկ գրելու մասին խոսք լինել չէր կարող:
Այդ օրը, ավելի ճիշտ՝ այդ մի քանի ժամը գրականության ամենալավ դասն էր մեր կյանքում:

Միայն տարիներ հետո՝ Արցախյան շարժման օրերին մեր ժողովրդի որոշ ներկայացուցիչներ պիտի ասեին այն, ինչ Օվյանը գրել էր շատ առաջ՝ ոչ թե ճառի տեսքով, այլ՝ գեղարվեստական խոսքի՝ պատկերավոր, համոզիչ: Միանգամայն այլ գրական կյանքով էր ապրում Վազգեն Օվյանը։ Երբ տպագրվեց ադրբեջանցի բանաստեղծ Ռասուլ Ռզայի բացահայտ հակահայկական ոգով գրված բանաստեղծությունը, Օվյանը որպես պատասխան գրեց. «Սմբատ և Բաբեկ» ստեղծագործությունը:

Վազգեն Օվյանի մահից անցել է ուղիղ քսանհինգ տարի: Անցած տարիները հաստատեցին, որ նա արցախահայ գրականության մեջ երևույթ էր, և նրա տեղն այդպես էլ մնացել է թափուր: Ցավալի է, իհարկե, սակայն անփոխարինելի մարդիկ, բարեբախտաբար թե դժբախտաբար, լինում են։ Գրողի գործընկեր Մարսել Պետրոսյանը գրել է. «Երբ հեռացավ կյանքից, կոլեկտիվում զգացին, որ խմբագրությունում սյուն է փլվել, սյուն, որ ահռելի տարածք էր պահում իր ուսերին... Նրան փոխարինեցին շատերը, բայց, ավա՜ղ, այնուամենայնիվ, նրա տեղը մնաց թափուր՝ ռադիոյում, գրողների շարքում, և անգամ թատրոնում, ու այսօր էլ այդ իրավիճակը մնում է անփոփոխ»։

Արձակագիր Մաքսիմ Հովհաննիսյանը գրում է, որ Արցախյան շարժման օրերին իրեն երկու բան կսկիծի պես հետապնդում էր. «Եթե Սևակը կենդանի լիներ՝ նրա խոսքից ինչքան կշահեր մեր շարժումը և Վ. Օվյանը… առանձնապես նրա երգիծանքը ադրբեջանական մամուլի դեմ պայքարում»:

Նշանավոր գրողն իրավացի է: Այդ զգացումը շատերս ենք ունեցել: Հրապարակում կանգնած մարդիկ հաճախ էին հիշում Օվյանին, զգացվում էր նրա բացակայությունը:
Վ. Օվյանի բացակայությունը մենք զգում ենք նաև մեր օրերում: Քանի դեռ մեր կյանքում տեղ ունի սուտը, կեղծիքը, երկերեսանիությունը, քանի դեռ, Սայաթ-Նովայի բառերով ասած՝ սուտը ճշմարտության տեղ է անցնում, փուշը՝ վարդի, ագռավը՝ սոխակի, Վազգեն Օվյանը երբեք չէր լռի:

Նրա համար երգիծանքը, քննադատությունը ինքնանպատակ չէր. իր հողին ու ջրին նվիրված տաղանդաշատ գրողը շատ էր սիրում մեր լեռնաշխարհն ու նրա աշխատասեր, հպարտ ժողովրդին, և ուզում էր, որ արատավոր երևույթները կյանքում տեղ չգտնեին: Նրա համար հայրենասիրությունը վարքագիծ էր, ոչ թե կեցվածք:

Նա կյանքում ոչ մի իշխանավորի առջև գլուխ չի թեքել։ Երբ որոշ մտավորականներ իշխանավորների առջև ոչ միայն գլուխ էին թեքում, այլև հաճախ թևի տակից դուրս չէին գալիս, Օվյանը գրում էր իր հայրենասիրական լավագույն ստեղծագործությունները: Գրում էր, թեպետ գիտեր, որ դրանք չեն հրապարակվի։ Բայց արվեստագետը քաղաքացիական պարտքն էր կատարում: Ներքուստ համոզված էր, որ հեռու չէ այն օրը, երբ իր անտիպ ստեղծագործությունները կդառնան ժողովրդի սեփականությունը:

Վ. Օվյանի գրվածքները ոչ միայն ճանաչողական, դաստիարակչական նշանակություն ունեն, այլև՝ գեղագիտական հզոր լիցք: Առանց հուզմունքի հնարավոր չէ կարդալ «Այս Ղարաբաղն է», «Նկարիչ, Արցախ նկարիր», «Ղարաբաղ», «Արտ է, արոտ է», «Ղարաբաղ եմ ասում», «Ինձ ստիպեցին ուղտի պես չոքել», «Եզը» և ուրիշ շատ գործեր:

«Այս Ղարաբաղն է» բանաստեղծությունը մեր հպարտության երգն է, այն վաղուց է դարձել մի յուրատեսակ այցեքարտ մեր երկրի մասին: Այս տարի լայնորեն նշվում է Վազգեն Օվյանի ծննդյան 80-ամյակը: Ինձ թվում է, որ կառավարության կողմից ճիշտ կլիներ 2012 թվականը հռչակեին Վազգեն Օվյանի տարի: Վ. Օվյանի ստեղծագործությունները մեր օրերում հրատարակվում են, մարդիկ ընթերցում են, մեջբերումներ անում, տարբեր բեմերից արտասանում այս կամ այն գործերը: Այս ամենը խոսում է այն մասին, որ նա մեզ հետ է, մեր կողքին, և Վազգեն Օվյանի երկերը կշարունակեն բազում սերունդներ հուզել ու դաստիարակել:

Էջը պատրաստեց
ԱՐԹՈՒՐ ԲԱԲԱՅԱՆԸ
Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ




ԱՍՏԾՈՒ ՍԻՐՈՒՆ, ՊԵՏՔ ՉԷ

«Մայիսյան հերոսամարտերի խորհուրդը նախևառաջ 1918-ի դժվար հաղթանակների կենդանի հիշողությունը նոր սերունդներին փոխանցելու պատգամ է: Քանզի այն, ինչ 94 տարի առաջ ձեռնարկեցին Հայաստանի Հանրապետության հիմնադիր հայրերը, մեր հետագա բոլոր հաղթանակների հիմքն է»,- գրել է «Հայոց աշխարհ»-ը:

Մայիսի 25-ին Միացյալ Նահանգների նախագահը ողջույնի ուղերձ է հղել Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի անկախության 94-րդ տարելիցի կապակցությամբ: Հայաստանում Օբամայի և այլոց ուղերձը կստացվի մի փոքր ուշ. Հայաստանի Հանրապետության «հիմնադիր հայրերը» մինչև վերջ դեմ էին Անդրկովկասը Ռուսաստանից անջատելուն: Եվ մայիսյան հերոսամարտերը ոչ մի կապ չունեն Թիֆլիսում նստած՝ Հայոց ազգային խորհրդի հետ: Նրանք ոչինչ էլ չեն ձեռնարկել:

Այժմ՝ հերոսամարտերի մասին: Ռուսաստանը Բրեստ-Լիտովսկի պայմանագրով Թուրքիային էր զիջել բոլոր տարածքները, որ նվաճել էր 1878-ին: 1918 թ. ձմռանը թուրքական զորքն առաջ էր շարժվում՝ զբաղեցնելու դրանք: Եվ արդարացի չէ, երբ հայ պատմաբանները դա ներկայացնում են իբրև «թուրքական ներխուժում»: Ի՞նչ ներխուժում, եթե Ռուսաստանը կամովին զիջել էր Կարսը, Արդահանը և Բաթումը, թուրքերն էլ գալիս էին վերատիրանալու:

Իսկ նրանց դեմ կանգնած էր «հայկական բանակը»: Միայնակ, քանի որ կովկասյան թաթարները Թուրքիայի դեմ նույնիսկ մեկ կրակոց չէին արձակի, իսկ վրացիները, կարծես, հաշտվել էին Բաթումը կորցնելու հեռանկարի հետ կամ կարծում էին, որ օկուպացիան կլինի ժամանակավոր: Միայն հայկական ջոկատներն էին, որ Էրզրումից սկսած դիմադրում էին թուրքական բանակի առաջխաղացմանը: Իսկ դիմադրել նշանակում է պատերազմի մեջ մտնել հակառակորդի հետ: Իսկ այդ պահից սկսած գործում է պատերազմի դաժան օրենքը՝ հակառակորդին փորձում են ծնկի բերել, պարտադրել:

Ի՞նչ էր անելու Հայոց ազգային խորհուրդը: Մի բան՝ հրահանգելու էր, որպեսզի հայկական զինված ուժերը թուրքական բանակի հետ մարտի չբռվեն: Այսինքն, կանոնավոր-կազմակերպված ռազմերթով ետ քաշվեն մինչև Ախուրյան՝ իրենց առջևից տարհանելով ողջ մնացած հայ բնակչությունը: Դրա համար կային բոլոր հնարավորությունները. գործում էր Էրզրում-Կարս-Ալեքսանդրապոլ-Թիֆլիս երկաթուղին, ազատ էին խճուղային ճանապարհները, իսկ Վանի շրջանից էվակուացիան կարելի էր կազմակերպել Պարսկաստանի տարածքով՝ դեպի Նախիջևան: Հայոց ազգային խորհուրդը, սակայն, բոլոր հնարավոր տարբերակներից ընտրեց «մահ կամ ազատություն»-ը: Եվ իրոք մահվան տառապանքների դատապարտեց արևմտահայության մնացորդին: Իսկ թուրքերն օգտագործեցին առիթը, դիմադրող հայկական ջոկատներին հետապնդեցին մինչև Երևանի մատույցներ: Սարդարապատը Երևանի մատույցն է: Ընդ որում, Սարդարապատից և Բաշ Ապարանից հետո թուրքական զորքերը ետ չշպրտվեցին գոնե Ախուրյանից արևմուտք: Թուրքական օկուպացիան ներառնում էր անգամ Էջմիածինը:

Թուրքերը լուծեցին իրենց հիմնական խնդիրը: Մայիսի 24-ին Նուրի փաշան արդեն Գանձակում էր: Թուրքիան կովկասահայության բնաջնջման նպատակ, ըստ ամենայնի, չուներ: Նպատակը Կովկասում հայկական գործոնը նվազագույնի հասցնելն էր: Ռազմաքաղաքական այդ հարցը «կարգավորելուց» հետո Թուրքիան ճանաչեց Արարատյան հանրապետության անկախությունը: Իհարկե՝ ստորացուցիչ պայմաններով... Սիմոն Վրացյանը «Հայաստանի Հանրապետություն» գրքում վկայում է, որ թուրքական հրետանին կանգնած էր «Երևանից 7 վերստ հեռավորության վրա»:

«Հետագա հաղթանակների» մասին: 1918-20 թվականներին, ցավոք, մենք որևէ հաղթանակ չենք ունեցել: Այն, որ Թուրքիան պարտվել, զորքերը դուրս է բերել Անդրկովկասից, և հայկական «միլիացիան» մտել է Կարս, մեր հաղթանակը չէ: Հաղթանակ կլիներ, եթե Հայաստանի Հանրապետության զորքը 1920-ի սեպտեմբեր-հոկտեմբերին Կարսը պաշտպաներ: Գոնե՝ Ալեքսանդրապոլը: Հաղթանակ կլիներ, եթե Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զրահագնացքը Նախիջևանից չնահանջեր մինչև Ղամարլու, որ այսօրվա Արտաշատն է:

Հարկ էր հասկանալ, որ Մուստաֆա Քեմալի «հակաիմպերիալիստական» պատերազմն ըստ էության միայն Հայաստանի դեմ է: Ու եթե կար պայմանավորվելու հնարավորություն, պետք էր պայմանավորվել նրա հետ: Կամ՝ Ռուսաստանի: Ադրբեջանի խորհրդայնացումից հետո հուսալ, որ Անդրկովկասում Սևրի պայմանագիրը գրոշի արժեք կունենա... Դրա համար, իրոք, պետք էր Փարիզում երկու առանձին պատվիրակությամբ «պաշտպանել» հայ ժողովրդի արդար դատը:

Ղարաբաղյան պատերազմը Սարդարապատ և Ավարայր են անվանում նրանք, որ ուզում են Գարեգին Հովսեփյան և Եղիշե կոչվել: Մովսես Սիլիկյան կամ Վարդան Մամիկոնյան: Մտնեն սրբերի դասը և դրանով իսկ արժեզրկեն ամեն ինչ: Քանի որ մի ժողովրդի հերոսացումը երբ վերագրվում է ընտրյալների, իրականությունը դառնում է ֆարս: Ինչպես արել են հայ կրոնավոր պատմիչները, նրանց հետևելով՝ գրողները...

Չե՞ք տեսնում համառ միտումը՝ ղարաբաղյան պատերազմի հաջողությունից ջնջել-քերել պետական գործոնի դերը, այն վերագրել «մի խումբ նվիրյալների»: Չե՞ք տեսնում, որ քաղաքական մի հոսանք անվերջ պարազիտանում է Սարդարապատի և Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի վրա, ինչպես որ պարազիտանում են Ղարաբաղի վրա: Ոչ թե պետք է փոխանցել առասպելը, քանի որ դա «մերօրյա վարդանների», «եղիշեների» նոր առասպել է ծնում, այլ հրամայաբար անհրաժեշտ է վերանայել բոլոր առասպելները՝ Ավարայրից սկսած: Հակառակ դեպքում մեզ սպասում են միայն «բարոյական հաղթանակներ» կամ ընդմիշտ դատապարտված ենք Արա Պապյանին հավատալու, որ ասում է. «Վիլսոնի իրավարար վճիռը շարունակում է մնալ ուժի մեջ»: Իսկ Բարաք Օբաման ողջույնի ուղերձ առաջինը հղում է Իլհամ Ալիևին:

ԳՐԻԳՈՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Մոսկվա




ԻՍԿ ՈՎ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԷՐ, ՄԻԱՅՆԱԿ ԷՐ

Իմ հոդվածը թեր և դեմ արձագանքներ ունեցավ: Ուզում եմ դիմել նրանց, ովքեր «մեղք» են համարում մայիսյան տոնի օրը նման բան գրելը: Զգացմունքները հարգելի են, բայց ժողովուրդներն իրենց խնդիրները կարգավորում են սառը հաշվարկով: Դաս է ոչ միայն հաղթանակը: Պարտությունն էլ մերն է, չարժե հրաժարվել: Գուցե, ընդհակառակը, ավելի կարևոր է պարտության դասը: Քանի որ երբ այն չենք սերտում, հնարավոր ենք դարձնում, որ կրկնվի: Իսկ պարտության սերտած դասը բացառում է դրա կրկնությունը:

Ահա. «Դրոն... կազմել էր մի ծրագիր, որով առաջարկում էր կարճեցնել ռազմաճակատը. գրավված վայրերից ժողովուրդը և պաշարի մի մասը, որ հնարավոր է, տեղափոխել Կովկաս, մնացած պաշարը ոչնչացնել և զորքերը հետ քաշել ու գրավել մոտավորապես Զևին-Կարադերբենտ-Գլըչ Գյադուկ-Թափառիզ գիծը, ծահրահեղ դեպքում և Մակուն՝ Ալաշկերտի երկաթուղին պահելու նպատակով: Դրոն համոզված էր, որ դրանով առաջը կառնվի ճակատի զորամասերի քայքայման և օր ավուր աճող դասալքության, իսկ մյուս կողմից կուժեղացվի Կարսը: Բացի այդ նա առաջարկում էր կազմել մի բրիգադ Դիլիջանի ուղղությամբ, որպեսզի ապագայում, երբ ճակատի գործերը անհաջող գնան, կարելի լինի շարժվել Գանձակի և Ղարաբաղի ուղղությամբ և միանալով Բաքվին՝ ապահովել հայ ժողովրդի գեթ մարդկային գոյությունը»:

Մեջբերումը Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» գրքից է: Թիֆլիսում նստած՝ Հայոց Ազգային խորհրդի «հայրերը», մինչդեռ, գտել էին, որ «Էրզրումի հանձնումը ծանր բարոյական հարված կլինի հայ ժողովրդին»: 11 000 զինվորով կարծում էին 250 կմ. ձգվող հայ-թուրքական ճակատը հնարավոր է պահել: Իսկ Դրոն առաջարկում էր Բաթումի, Արդահանի, Ախալցխայի հոգսը թողնել Անդրկովկասյան կառավարությանը, հայկական զորախմբերը կենտրոնացնել Կարսի ամրացված շրջանում, որտեղ հնարավոր էր թուրքերին լուրջ դիմադրություն ցույց տալ: Նա, ինչպես տեսնում ենք, առաջարկել էր ողջ հայ բնակչությունը էվակուացնել Կովկաս: Սա շատ կարևոր է: Քանի որ զորքն ստիպված էր կռվել թուրքական կանոնավոր բանակի դեմ և խաղաղ հայ բնակչությանը պաշտպանել քրդական հրոսակախմբերի հարձակումներից:

Պատերազմն ունի իր տրամաբանությունը. զորքը և խաղաղ բնակչությունը չպետք է անմիջական շփման մեջ լինեն: Դրոն կանխազգացել էր իրավիճակի ողջ ահավորությունը՝ երբ բանակն ստիպված կլինի ոչ թե կռվել, այլ ընդամենը պահնորդել, որպեսզի խաղաղ բնակչությունը չբնաջնջվի: Քաղաքագետի նրա միտքը նույնիսկ «պահեստային» տարբերակ էր ծրագրել՝ Դիլիջանի ուղղությամբ ստեղծել հատուկ բրիգադ, իրադարձությունների վատ զարգացման դեպքում դուրս գալ Գանձակ և Ղարաբաղ, միանալ Բաքվի հայկական ուժերի հետ, Արևելյան Անդրկովկասում հաստատել հայկական ռազմաքաղաքական ներկայություն:

Ազգային խորհրդի պարոն ինտելիգենտներն ու ցարական բանակի հայազգի գեներալները, որ պատերազմ էին մղել միայն գլխավոր շտաբում քարտեզագրվածի համաձայն, մերժեցին Դրոյի ծրագիրը:

Իհարկե, չկար երաշխիք, որ այդ դեպքում կհաջողվի պահել 1914 թ. ռուս-թուրքական սահմանը: Բայց աղետ հաստատ չէր լինի: Եվ թուրքերից ճանաչված Հայաստանի Հանրապետությունը 11 000 քառ. կմ տարածք չէր ունենա: Մանավանդ եթե Դրոյի ասած Դիլիջանի ուղղության բրիգադը թուրքերից առաջ մտներ Գանձակ և Ղարաբաղ:

Օրվա քաղաքագետն ասում է. «Եթե հայերը Թուրքիայի դեմ ութ ամիս չկռվեին, հայտնի չէ, թե ինչ ընթացք կունենար պատմությունը»: Իսկ արժե՞ր Թուրքիայի դեմ կռվել, եթե մենք սեփական տարածք էինք կորցնում, իսկ օտարները՝ շահում: Կարի՞ք կար Բաքուն պաշտպանել հանուն մի իշխանության, որը նույն Թուրքիայի հետ համաձայնության եկած՝ հայերիս մեն-մենակ էր թողել Կովկասյան ճակատում:

Դրոյի չիրագործված ծրագիրը հայկական ռոմանտիզմի այլընտրանքն էր: Ռոմանտիզմը քաղաքականության մեջ կործանարար է: Իսկ թուրքերն Ալեքսանդրապոլը գրավեցին, ընդ որում՝ երկու անգամ՝ 1918 և 1920 թ., որպեսզի ունենան Կարսը: Եթե 1918-ին Դիլիջանի բրիգադը գրավեր Գանձակը և Ղարաբաղը, նախկին Ելիզավետպոլի լեռնային ողջ հատվածը՝ իր հոծ հայկական բնակչությամբ, կմտներ Հայաստանի Հանրապետության կազմի մեջ: Պատերազմի և քաղաքական «համաձայնությունների» տրամաբանությունը դա է:

ԳՐԻԳՈՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Մոսկվա
surhandak.blogspot.com





ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՆՏԵՍՎՈՂ ԴԱՍԵՐ

Հայոց պատմության մեջ իր ուրույն տեղն ունեն 18-րդ դարի առաջին կեսի ինքնապաշտպանական պատերազմները Սյունիքում և Արցախում: Այս պատերազմները հետաքրքրական են նաև դասեր քաղելու առումով:

Թշնամական ուժերով շրջապատված հայկական նահանգները կարողանում են կազմակերպել լիարժեք ինքնապաշտպանություն, ջախջախել իրենց տուն հասած թուրքերի, Դաղստանի լեռնականների տարբեր զորքերի: Արցախում գլխավոր կազմակերպիչն ու պայքարի կոորդինացնողը Եսայի Հասան-Ջալալյանն էր: Արտաքին քաղաքական սպասումների մեջ կարևորվում էր Ռուսաստանի դերը, նրա՝ դեպի Իրան ծավալվելու հեռանկարը: Տարիներ հետո Արցախի հայ իշխանավորները պետք է հույսները կտրեին այդ սպասումներից, իսկ նրանցից ամենաազդեցիկը՝ Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը, պետք է հակվեր թուրքերի հետ հաշտվելու մտքին, գնար բանակցությունների, ապա մեղադրվեր դավաճանության մեջ և ինքնասպան լիներ:

Սակայն թուրքերին զիջումների գնալու կամ ավելի ճիշտ՝ փոխզիջումներ փնտրելու քաղաքականությունն արդեն Արցախի հայ էլիտային երկու մասի էր բաժանել: Շոշի սղնախի վրա թուրքական հարձակումը նույնպես ավարտվեց վերջիններիս ջախջախմամբ, փայլեցին Ավան հարյուրապետի զորքերը, սակայն սա էլ չամրապնդեց սեփական ուժերի նկատմամբ հավատը: Արցախցիները, որ տասնամյակներ շարունակ փայլուն հաղթանակներ էին տարել թուրքերի և լեռնականների դեմ պայքարում և կյանքում ռուս տեսած չկային, սպասում էին ռուսական կայսեր օգնությանը: Ավելին, չստանալով այդ օգնությունը, արցախցի շատ զորականներ, նույն Ավան հարյուրապետն իր եղբայր Թարխանի հետ տեղափոխվեցին Ռուսական կայսրություն՝ ծառայելու օտարի երկրին:

Հետո՞: Հետո ոչինչ, հայության սերունդները մի երկու անգամ էլ ինքնապաշտպանական պատերազմ մղեցին Արցախում ու Արցախի համար:
Միգուցե հեշտ է դեպքերից մոտ երեք դար հետո գնահատականներ տալը, սակայն համաձայնեք, որ մեր օրերի հետ նմանություններ շատ կան: Ինքնապաշտպանական պատերազմում մենք էլի հաղթանակ ենք տարել, ջախջախել թշնամուն, սակայն հարցի լուծման մասին մտածելիս մեր էլիտայի ներկայացուցիչները փորձում են հղում կատարել ինչ-որ միջազգային հանրության, խոսում են փոխզիջումների, տարածք հանձնելու մասին: Ի՞նչ է եղել, պարոնայք, հանուն ինչի՞ եք որդեգրել այն ճանապարհը, որը ջլատեց Արցախի ինքնապաշտպանական ուժերը, ցաք ու ցրիվ դարձրեց արցախյան տանուտերերին: Բնավորության գի՞ծ է դարձել, ինչ է, զիջումների գնալը:

Պատմության դասերը քաղելու սովորություն չունենք, ավանդապաշտ ժողովուրդ ենք, դրա համար էլ սիրում ենք կրկնել մեր նախնիների սխալները, ու հենց դրա համար էլ հայության երկու սերնդից մեկը զոհվում է ազատագրական-ինքնապաշտպանական պատերազմներում: Կամ պարզապես մորթվում՝ առանց ինքնապաշտպանվելու: Որովհետև այլոց հավատում ենք մեզանից շատ, թշնամուն ներում ենք ժամանակից շուտ, զիջումների էլ ոտով-գլխով պատրաստ ենք:

Դրա համար էլ Լոս Անջելեսի հայկական դպրոցները բազմաթիվ աշակերտներ ունեն, ճոխ շենքեր ու ենթակառուցվածքներ, իսկ Քարվաճառի գյուղերի դպրոցները լավագույն դեպքում մի քանի տասնյակ դպրոցական՝ գյուղական փոքրիկ մի շենքով:

ՀԱՅԿ ԽԱՆՈՒՄՅԱՆ
civilnet.am




Վերջին էջ


ԹՌՉՈՂ էՇԸ

Էշը որոշեց թռչել: Կանգնեց ժայռի կատարին, գլուխ տվեց ստորոտում կանգնած կենդանիներին, որոնք եկել էին իր թռիչքը դիտելու, և ասաց.
- Բավական է որքան ապրել եմ էշավարի, խաբվել մի բուռ գարիով ու տնքացել ծանր բեռան տակ։ Ես հիմա կապրեմ արծվավարի։
Եվ, ինչպես պատահում է հեքիաթներում, էշը թռավ ժայռից, պտույտներ գործեց օդում... բայց, ինչպես լինում է առակներում, ընկավ ժայռի տակ ու ջարդվեց։
- Ապուշ,- գլուխն օրորեց փիղը,- այդ ի՞նչ քամի փչեց գլխիդ:
- Ծնվել եմ էշ, ապրել եմ էշ, մեռնում եմ որպես արծիվ,- պատասխանեց էշը և ավանդեց հոգին՝ որպես ավանակ։


ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Էշը մեղադրվում էր անկարգության մեջ։ Քննիչը ջորին էր։
- Անո՛ւնդ։
- Էշ:
- Ծնողնե՛րդ։
- Էշեր:
- Որտե՞ղ ես ծնվել։
- Էշանոցում։
- Ինչո՞վ ես զբաղվում։
- Էշությամբ:
- Ի՞նչ է,- ծաղրեց ջորին,- դուք ամբողջ ցեղով էշեր եք եղե՞լ։
- Ինչո՞ւ միայն էշեր,- գլուխն ամոթից կախեց էշը:- Պատահում էր, որ մեր և յաբուների խառնուրդից ծնվում էին քեզ նման ջորիներ։


ԳԱՌՆ ՈՒ ԳԱՅԼԸ

Այս առակում պատահեց հակառակը՝ գառը կանգնեց գայլի դիմաց ու սկսեց հայհոյել.
- Ա՛յ դու սրիկա գայլի լակոտ, այդ ի՞նչ իրավունքով ես հարձակվել հոտի վրա, պոկել իմ ցեղակիցների փափուկ դմակները։
- Ներիր, գառնուկ ջան,- պատասխանեց գայլը,- եթե ճիշտն ես ուզում իմանալ, ես սկի մսակեր էլ չեմ:
- Քո եղբայրը հո մսակե՞ր է։
- Ես մորս միակ զավակն եմ։
- Քո հայրը…
- Իմ հայրը քաղցից մեռավ։
- Ուրեմն՝ քո քեռին է։
- Ես քեռի չունեմ:
- Ձենդ կտրի՛ր, ավազա՛կ,- գոչեց գառը,- հիմա քո մսակեր ցեղակիցների ոխը քեզնից կառնեմ։
Գայլը թակարդում էր…


ԱԳՌԱՎՆ ՈՒ ԱՂՎԵՍԸ

Ինչպես ասված է առակում՝ ագռավը մի գունդ պանիր առավ ու թառեց ծառին։ Աղվեսը կանգնեց ծառի տակ, փառաբանեց ագռավի անուշ ձայնն ու խնդրեց մի բան երգել։
Ագռավը, ինչպես ասված չէ առակում, կուլ տվեց մի գունդ պանիրն ու գոռաց.
- Ապո՛ւշ, ես դիրիժոր եմ և ոչ թե երգիչ։


ԱՆՀԱՋՈՂ ՇՈՂՈՔՈՐԹՈՒԹՅՈՒՆ

Աղվեսն ամեն կերպ աշխատում էր դուր գալ պետ վագրին։ Դե, մեջտեղ պաշտոնը բարձրացնելու հարց կար։
Եվ ահա եկավ հարմար պահը՝ հանկարծամահ եղավ վագրի կողակիցը: Աղվեսն այդ օրն այնքան արցունք թափեց, այնքան հառաչեց ու ծեծեց գլուխը, որ վագրը սկսեց կասկածել. «Կա-չկա, այս անիծվածը կնոջս սիրեկանն է եղել»։
Հաջորդ օրը աղվեսն ազատվեց պաշտոնից։

ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ




ԱԴՐ. ԽՍՀ ԿԿ ԲՅՈՒՐՈՅՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՐՑՆ ԷՐ…
(քաղաքական սատիրա)

Նախկին խորհրդային Ադրբեջանի կենտրոնական կոմիտեում Հեյդար Ալիևի տիրակալության տարիներին տիրակալի թելադրմամբ, մի օր կազմվեց մի հեղինակավոր հանձնաժողով, որը պետք է ստուգեր Բաքվի գազանանոցի մեծ և փոքր կենդանիների բարոյաքաղաքական կարգավիճակի հարցը: Երկարատև և մանրամասն ստուգումներից պարզվեց, որ կենդանիներից երեքին պետք է վտարեն գազանանոցից։ Ասել է թե՝ նաև հարազատ կուսակցությունից: Այդ կենդանիներն էին էշը, ընձուղտը և աքլորը:
Պատճառները միանգամայն համոզիչ էին: Էշը մեղադրվեց համառության համար, ընձուղտը՝ իր բարձրագոռոզ կեցվածքի, աքլորը՝ անբարոյականության, այսինքն՝ բազմակնության...

Գազանանոցում դրությունը խիստ սրվեց: Չէ որ այդ կենդանատեսակների պակասը կգցի իրենց հեղինակավոր հիմնարկի պատիվը:
Միջնորդները գործի անցան: Գորշ գայլերի հանձարարությամբ աղվեսը հազար դուռ ծեծեց: Կազմվեց միջանկյալ հաշտարար հանձնաժողով: Պետք էր մի բան անել, մանավանդ գաղտնի կանալներով պարզվեց, որ էշը անմիջական ազգակցական կապ ունի Ադրբեջանի ղեկավարության հետ:
Ադրբեջանի գիտությունների ակադեմիան, ինչպես նաև ողջ իրավաբանական օրգաններն իրենց գաղտնի և ոչ գաղտնի հետազոտություններով հայտնաբերեցին արդարացման մոտիվները: Գտան, որ էշը ոչ թե համառ է, այլ հետևողական սկզբունքային է: Նա բազմիցս կենտկոմի բյուրոներում զռացել է իր անկաշառ սկզբունքայնությամբ: Օրինակ, երբ հարց էր լինում ԼՂԻՄ-ի կարգավիճակի մասին, նա կռահելով իր ազգական ղեկավարի ցանկությունը, միշտ սկզբունքորեն գտնում էր, որ մարզի ինքնավարությունը պետք է վերացնել, շրջաններն էլ միավորել ազերական հարևան շրջանների հետ:

Էշը անմիջապես արդարացվեց ու որոշվեց ետ վերադարձնել իր պատվավոր ախոռին:
Չնայած ընձուղտի բարձրագոռոզ նայվածքը փոխարինվեց հեռատեսության հատկանիշով, բայց դա բյուրոյում տարակարծիքություններ առաջացրեց:
Աքլորի հարցը հալած յուղի պես անցավ: Նա որակվեց ոչ թե անբարոյական, այլ՝ որպես ժողովրդական մասսաների հետ լայն կապեր ունեցող:
Եվ այսպես, բյուրոյի որոշման համաձայն, կենդանիները պետք է վերադառնային իրենց նախկին պատվավոր ախոռներին, եթե մի նոր դեպք ամեն ինչ չխառներ իրար: Բյուրոյի պատվավոր անդամ հաճոյակատար աղվեսը հանդիսավորությամբ վեր կացավ աթոռից, ուղղեց փողկապը ու ասաց.

- Հարգելի կոլեգաներ, կարծում եմ ժամանակն է, որ մենք արժանվույն գնահատենք էշի անբասիր ծառայությունները հայրենիքին, նրա նվիրվածությունը մեր ղեկավարին, ինչպես նաև նկատի ունենալ նրա անժխտելի ինտելեկտուալ կարողությունները, նշանակենք մեր գիտությունների ակադեմիայի գազանանոցի մասնաճյուղի բաժնի վարիչ:
Առաջարկն ընդունվեց ծափահարությամբ, սակայն ընձուղտը վիզը երկարեց մինչև առաստաղ ու բացականչեց.
- Իսկ, ինչո՞ւ էշին այդքան բարձր պաշտոն։ Ինչո՞վ եմ ես պակաս այդ զռռանից...
- Իսկ դու գիտե՞ս, գոռոզամիտ, որ ես մի իշաբեռ ոսկի կաշառք կլինեմ տարած բարեկամիս: Եվ, վերջապես, բարեկամական կապն էլ կա, չէ՞,- կոկորդով մեկ զռռաց ավանակը։

Այստեղ աքլորն էլ չհամբերեց.
- Ի՞նչ է գլխից դուրս տալիս զռռանը: Այդ ես ու նա ե՞նք ավելի հարազատ թե դու: Չէ՞ որ մենք երկուսս էլ հարեմ ունենք,- ծղրտաց աքլորը, ինձ անհապաղ պաշտոն տվեք:
Ինչ պաշտոն կուզեիք,- հարցրեց նրան մեծ ղեկավարը:
Աքլորը վեր ելավ տեղից թևերը թափահարեց ու ծուղրուղուաձայն ասաց.
- Դուք գիտեք, որ ես համեստ կենդանի եմ և հեշտ էլ չէ ղեկավարել հավերի նման կրքոտ մի ամբոխ: Բայց դա ես կատարում եմ հանուն մեր ընդհանուր ազգային շահի: Նկատած կլինեք, որ ես ոչ միայն մենակատար երգիչ եմ, այլև միաժամանակ ունեմ մի ամբողջական խոր: Ինչո՞ւ, օրինակ, ինձ չնշանակել հանրապետության սիմֆոնիկի գլխավոր դիրիժոր, ինչպես նաև՝ գլխավոր բուհի բարոյագիտության ամբիոնի վարիչ: Չէ՞ որ ես այդ բնագավառում մեծ փորձ ունեմ:

Բյուրոն որոշեց բավարարել աքլորի պահանջը ևս:
Եվ այսպես, որոշվեց գազանանոցից վտարված կենդանիները ոչ միայն արդարացվեցին, այլև ավելի բարձր պաշտոններ ստացան՝ շնորհիվ ոչ թե հայտնաբերված նոր հատկանիշների, այլ առաջնորդի հետ ունեցած ազգակցական-մտերմական կապերի…
Բյուրոյի նիստը վարում էր անձամբ Հեյդար Ալիևը։

Արխիվային սույն փաստաթուղթը
հայտնաբերեց և խմբագրությանը հանձնեց
ԳՐԻԳՈՐ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ




ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ԱՇԽԱՐՀ

Հնդկաստանում 12-ամյա տղան, գետի մոտ խաղալիս, կենդանի ձուկ է կուլ տվել: Ինչպես տեղեկացնում են տեղական ԶԼՄ-ները, Անիլ Բարելը դրանից առաջ էլ է կենդանի ձկներ կուլ տալու սովորություն ունեցել, սակայն այս անգամ ձուկը ստամոքսի փոխարեն հայտնվել է երեխայի թոքերում:
Ձկան շարժումներին զուգահեռ, երեխան սկսել է դժվարությամբ շնչել, արյան մեջ թթվածնի տոկոսն է պակասել, և տղային տեղափոխել են հիվանդանոց: Նա շտապ վիրահատության է ենթարկվել: Այն տևել է 45 րոպե: «Ձուկը ողջ էր, նա իր վերջին շունչը փչեց այն պահին, երբ մենք ավարտեցինք վիրահատությունը»,- լրատվամիջոցներին պատմել է բժիշկը: Նրա խոսքերով՝ իր 20-ամյա պրակտիկայում ինքն առաջին անգամ է նման իրավիճակում հանդիպել:


Չնայած ծնողների արգելքին, տղան տնից դուրս գալու տարբերակ է գտել: 10-ամյա ռուսաստանցի դպրոցականն իրենց տուն է կանչել փրկարարների խմբին, որպեսզի վերջիններս իրեն օգնեն տնից դուրս գալ: Ծնողները տղային պատժել էին՝ զրկելով նրան փողոց դուրս գալու իրավունքից ու հանձնարարելով տանը նստել:
Երեխային դա դուր չի եկել, և նա փրկարար ջոկատ է կանչել՝ նրանց ասելով, թե իբր պատահաբար փակվել է տան պատշգամբում: Երբ փրկարարները դեպքի վայր են ժամանել, տղային իսկապես գտել են պատշգամբում կանգնած:
Փրկարարներին նա կանչել էր, որպեսզի օգնեին իրեն աստիճաններով իջնել: Թե ինչպես են արձագանքել իրենց որդու արարքին ծնողները, առայժմ պարզ չէ:
hraparak.am




Համարի ասույթը

Եթե աթոռդ ու իշխանությունդ պահելու համար քո ժողովրդին ստրուկ ես դարձրել, վաղն այդ ստրուկը չի կարողանալու քեզ ու քո ընտանիքը պաշտպանել արտաքին թշնամուց:


Ամսվա ասույթը

Յուրօրինակ երկիր ենք կառուցում. մեր երկիրը զարգանում է՝ քանդելով: Եղածը քանդում ենք և տեղը նորից կառուցում, հաջորդ օրը այդ կառուցածն էլ ենք քանդում, որպեսզի տեղը նորը կառուցենք: