7.11.14

Ինչպես էին ռուսական ու թուրքական զորքերը միասին ջարդում հայերին


Քաղաքական բռնությունները Հայաստանում եւ դրանց առանձնահատկությունը  պայմանավորող հիմնական գործընթացները

Մուստաֆա Քեմալը խորհդայնացնում է Ադրբեջանը

Մուստաֆա Քեմալին շատ հեշտ է հաջողվում «Ադրբեջանին ստիպել մտնելու սովետական պետությունների խմբի մեջ»: Լենինին ուղղված ապրիլի 26-ի Մուստաֆա Քեմալի նամակից ճիշտ երկու օր հետո,  ապրիլի 28-ին Ադրբեջանը հաշտ ու խաղաղ հայտարարում է իր «խորհրդային» դառնալու իրողությունը և, իհարկե, առաջին իսկ քայլը Խորհրդային Ռուսաստանից օգնության խնդրանքն էր: Չնայած արտաքին վայելչության պահպանության փորձերին (հայտարարվեց, որ Ադրբեջանական խորհրդային անկախ հանրապետության ժամանակավոր ռազմա-հեղափոխական կոմիտեն իշխանության է եկել Բաքվի հեղափոխական պրոլետարիատի և Ադրբեջանի աշխատավոր գյուղացիության կամքով, և այդ իշխանությունը հին մուսավաթական կառավարությունը հայտարարում է ժողովրդի դավաճան և անկախության թշնամի), այնուամենայնիվ հայտարարվեց, որ պառլամենտն աշխատում է նույն կազմով (!!!) և տեղական վարչակազմերը շարունակում են հանգիստ աշխատել իրենց տեղերում:

Այս տարօրինակ «հեղաշրջումը» տեղի էր ունեցել Ադրբեջանական պառլամենտի հանգիստ որոշմամբ, որտեղ ապրիլի 27-ի արտակարգ նիստի ընթացքում կոմունիստները պահանջագիր էին ներկայացրել  իշխանությունն իրենց հանձնելու վերաբերյալ, և գիշերվա ժամը 12-ին պառլամենտական հանձնաժողովը որոշել է բավարարել այդ պահանջը («Борьба», N96, ապրիլի 30): Մինչդեռ ցանկության դեպքում մուսավաթականները լիովին կարող էին դիմակայել Ադրբեջանի բոլշևիկացմանը:

Միկոյանը իր հուշերում պատմում է, որ այդ պահին «Հետախուզական տվյալների համաձայն, Ադրբեջանի մուսավաթական կառավարությունն ուներ  30-հազարանոց զորք: 20 հազարը տեղակայված էր Հայաստանի սահմաններին, իսկ 10 հազարը տեղակայված էր մի շարք բնակավայրերի ռազմակայաններում: Ադրբեջանի բանակը դրանից [խորհրդային բանակի մուտքից] քիչ առաջ իրականացրել էր Ղարաբաղի, Շուշիի հայերի կոտորածը: Մեր բանակի զբաղեցրած գծի հետ շփման գոտում կար երեք հազարից մի փոքր ավելի» (А.Микоян, Так было, գլուխ 8):

Քանի որ Ադրբեջանի խորհրդայնացումը համաձայնեցված էր Մուստաֆա Քեմալի, ուրեմն նաև՝ մուսավաթական կառավարության հետ, բոլշևիկներն իրենց զորքերը մտցնելիս ռազմական դիմադրության չէին հանդիպելու: Բայց նրանք վախենում էին, որ Ադրբեջանի խորհրդայնացման այդ հապճեպ հայտարարությունը կարող էր մուսավաթական առանձին խմբերի կողմից չընկալվել որպես համաձայնեցման հետևանք, և հնարավոր էին համարում, որ խնդիրը չհասկացած խմբերը կարող էին նավթահանքերում խռովություն հրահրել և հրդեհներ առաջացնել: Ուստի օր առաջ անհրաժեշտ էր այնտեղ խնդիրը գտակցող մի փոքր ջոկատ ուղարկել: Այդ ջոկատն ուղարկվում է մեն-միակ զրահագնացքով, որն ուղեկցում էր Ա.Միկոյանը: Նա էլ հենց նկարագրում է իրենց «հաղթական արշավը» հողը մշակող գյուղական բնակչության միջով. «Մեր գնացքը գնում էր կարմիր պաստառով: Գյուղացիները մեզ ողջունում էին բացականչություններով, մենք էլ բացականչում էինք. «Կեցցե Սովետական Ադրբեջանը», «Կեցցե ռուս և ադրբեջանցի ժողովուրդների բարեկամությունը»: Բոլշևիկյան այդ զրահագնացքն, իհարկե, առանց որևէ դիմադրության հասնում է Բաքու: Մուսավաթական Ադրբեջանի 30-հազարանոց զորքից ոչ մի գնդակ չի արձակվում: «Ապրիլի 28-ի գիշերը նրանք բանտերից ազատեցին ձերբակալված բոլշևիկներին և հանձնեցին իշխանությունը»: Այսպես Ադրբեջանի մուսավաթականները մեկ օրում դարձան բոլշևիկներ, և նույն 1920 թ. ապրիլի 28-ին 11-րդ կարմիր բանակը հանգիստ, առանց դիմադրության մտավ Բաքու: Մայիսի մեկին առանց որևէ կռվի Բաքու հասած Կարմիր բանակին մնում էր միայն… գրկախառնվել տոնի առիթով փողոցները լցված աշխատավորների հետ: «Կարմիր բանակը հասավ մինչև մենշևիկյան Վրաստանի ու դաշնակցական Հայաստանի սահմանները» (А.Микоян, Так было, գլուխ 8):
Կովկասյան թուրքերն այլևս դեմ չէին պաշտոնական Մոսկվայի փաստացի իշխանությանը, քանի որ համաձայնությունը կայացել էր օսմանյան թուրքերի՝ ի դեմս Մուստաֆա Քեմալի, հետ, և համաձայնությունը կառուցվել էր կովկասյան թուրքերի պահանջների հաշվառումով՝ Հայաստանի դեմ:

Այնուհետև դեպքերն սկսում են զարգանալ գլխապտույտ արագությամբ: Մոսկվան հայկական հարցում փաստացի ստանձնում է Մուստաֆա Քեմալի կամքի կամակատարի դերը, որը հանգում էր կովկասյան և օսմանյան թուրքերի տարածքային պահանջների պաշտպանությանը: Հաջորդ օրը, ապրիլի 29-ին Ադրբեջանի Հեղկոմը հեռագիր է ուղարկում Հայաստանի կառավարությանը. «Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության բանվորա-գյուղացիական կառավարությունը ի դեմս Հեղափոխական Կոմիտեի պահանջում է. Առաջին) ձեր զորքերից ազատել Ղարաբաղն ու Զանգեզուրը, երկրորդ) վերջ տալ ազգամիջյան կոտորածներին, այլապես ԱԽՍՀ Հեղկոմը ստիպված կլինի պատերազմի մեջ մտնել Հայաստանի Հանրապետության հետ: Ուլտիմատումի վեջնաժամկետը երեք օր է»:

Սա՝ այն դեպքում, երբ արդեն խորհրդային հայտարարված Ադրբեջանում շարունակում էին հայկական կոտորածները: Այս «ուլտիմատումից» քսան օր հետո, մայիսի 20-ին, Խորհրդային Ադրբեջանի ներքին գործերի ժողովրդական կոմիսարին խորհրդային իշխանության լիազոր ներկայացուցիչ Յասին մոլլա Մամեդ Օղլին զեկուցում է, որ Նուխու և Արեշի շրջաններում հայ բնակչության նկատմամբ ջարդերը շարունակվում են, իշխանության ներկայացուցիչները նույն արյունարբու չինովնիկներն են, ովքեր հայ կանանց ու երեխաներին կենդանի վառել են, ստրկության մեջ են պահում գերեվարվածներին և այժմ էլ իրենց տիրապետությունը շարունակում են խորհրդային իշխանության անունից (ՀՀ ԱԱ, Ֆ. 200, Ց. 1, Գ. 250, Թ.12, Վավերացված պատճեն; Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս  1, с. 59):

Խորհրդայնացված Ադրբեջանում ոչ միայն ոչինչ չէր փոխվել, այլև այն իրեն շատ խրախուսված էր զգում «իմպերիալիստ», «շովինիստ», «իմպերիալիստների կամակատար» հայտարարված հայերի նկատմամբ գործողություններում: Հայերի ջարդերի մեջ նոր գաղափարական  մեկնաբանություն էր մտել,- նրանք խանգարում են «արևելքը բոլշևիկացնելու» և «բոլոր ճնշվածներին պաշտպանելու» ռուս-թուրքական ծրագրի իրականացմանը: Ադրբեջանի խորհրդայնանալուց անմիջապես հետո Բաքվում սկսվել են նաև հայերի ձերբակալությունները (ՀՀ ԱԱ. Ֆ. 278,  ց. 1, գ.32,  թ.  40-41, պատճեն: Ձեռագիր,- «Հայերի կոտորածները…»,  էջ 475-476), միաժամանակ հայ բոլշևիկները Բաքվում սարսափելի լուրեր էին տարածում Հայաստանում իշխանությունների կողմից կատարվող վայրագությունների մասին, իբրև «մաուզերիստների կուսակցությունը» Հայաստանում անխնա կոտորում է հայ բանվորներին, գյուղացիներին և նրանց պաշտպան մեծամասնականներին (բոլշևիկներին-Հ.Խ.), որոնց ընտանիքներին բռնաբարում  են ու հալածում»: Ստորագրել են Նանեյշվիլի, Միկոյան՝ Ադրբեյջանի կոմունիստական կուսակցության անունից, Կոստանյան՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության անունից և Ավիսը՝ Ռազմա-հեղափոխական կոմիտեի անունից» ( ՀՀ ԱԱ,  ֆ. 200« ց. 1« գ. 581« թթ. 119 շրջ.-120,- «Հայերի կոտորածները…», էջ 477-479): Այս կարգի տեղեկությունները շատ-շատ են, սահմանափակվենք:
Կարմիր բանակը մտնում է Հայաստան

Մուստաֆա Քեմալին տրված խոստումները պետք էր կատարել, և մայիսի 21-ին Կարմիր բանակը մոտենում է Ղարաբաղին: Իսկ մայիսի 24-ին Օրջոնոկիձեն հեռագրում է Ռուսաստանի Արտաքին ժողկոմի տեղակալ Լ.Կարախանին, Լենինին և Ստալինին, տեղեկացնելով, որ դաշնակցականները չեն համաձայնի, որ թուրքերին ռազմամթերք տանող իրենց զորքերն անցնեն Հայաստանով, և որ չնայած Հայաստանը շատ հեշտ է պայթեցնել, բայց դա կառաջացնի պարենային դժվարություններ: Ուստի, առաջարկում է նա, Հայաստանից «լավ կլինի առայժ գրավել Նախիջևանը, Օրդուբադը և Ջուլֆան»( ГАРФ, Ф.130, Оп.4, Д.496, Лл. 73а-74а. Фотокопия подлинника. Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян,  հատոր 2, մաս 1, էջ 60): Մոսկվայում մայիսի 25-ին բոլշևիկների Քաղբյուրոյի ԿԿ-ն Հայաստանի մասով որոշում է ընդունում «հավանություն տալ Արտաքին գործերի ժողկոմի՝ Արևելքի ժողովուրդների ազատագրական շարժմանն օժանդակելու քաղաքականությանը» (РГАСПИ, Ф.17, Оп.163, Д.69, Лл.1,3 об. Подлинник. Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 61): «Արևելքի ժողովուրդներից» Ադրբեջանն «ազատագրվել» էր, բայց պայմանավորվածության համաձայն դեռևս անհրաժեշտ էր նրան հանձնել Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջևանը, ինչպես նաև պետք էր Անտանտից ազատագրել Թուրքիան, ինչին, ռուս-թուրքական տրամաբանությամբ, խանգարում էր Հայաստանի Հանրապետության առկայությունը: Թուրքերին խոստացված զենք-զինամթերքն ու պարենը Հայաստանի վրայով չէին կարող տանել: Իհարկե Ռուսաստանը Քեմալին կարող էր զենք-զինամթերքը տանել ծովային ճանապարհով, բայց դա ցանկալի չէր: Նախ՝ քեմալականներին զնեք-զինամթերքն ավելի պետք էր Հայաստանը ճնշելու համար և, իհարկե, նրանց ցանկալի էր դրանք ստանալ հենց Հայաստանի սահմանակից տարածքում: Երկրորդ՝ դա «իմպերիալիստական Հայաստանին» հնարավորություն կտար կազմակերպելու Ադրբեջանին խոստացված հայկական տարածքների պաշտպանությունը: Ռուսաստանին հարկավոր էր ելք մտածել Հայաստանի առնվազն հարավային տարածքներում վերահսկողություն սահմանելու: Առիթ էր պետք Հայաստան մտնելու, և հունիսի 4-ին Հայաստանում ստանում են Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմ Գ.Չիչերինի հեռագիրը. «Արժանահավատ տեղեկությունների համաձայն Կարսում և Հայաստանի այլ շրջաններում ձերբակալված են հարյուրավոր կոմունիստներ: Հայաստանի կառավարությունը ինքնադատաստան է տեսնում նրանց հետ և գաղտնի գնդակահարում է կոմունիստներին: Մասնավորապես գնդակահարվել է ընկեր Միկոյանը: Խորհրդային կառավարությունը խիստ վրդովված է…» (Оганесян Э., Век борьбы. Очерк 100-летней истории дашнакской партии и национально-освободительной борьбы армянского народа. Мюнхен-Москва, 1991, էջ 319-320): Եվ «վրդովված» կառավարության հրահանգով Կարմիր բանակը մտնում է Զանգեզուր… Այստեղ նրանց դիմադրում են Նժդեհի զորամիավորումները, «կարմիրները» Զանգեզուրում մեծ հաջողությունների չեն հասնում, բայց նրանց գնդերից մեկը գրավում է Նախիջևանը: Հետագայում Քեմալ Աթաթուրքը պիտի պատմի, որ այդ նույն շրջանում խորհրդային զորքերն անհրաժեշտ աշխատանքներ էին տանում Հայաստանի և Վրաստանի սահմաններում, մինչև օգոստոսի մեկին հնարավոր դարձավ մեր (թուրքերի-Հ.Խ.) զորքերի և կարմիր բանակի միավորումը Նախիջևանում (Кемаль Ататюрк. Избранные речи и выступления. М., 1966, էջ 102, 103): Այդ ընթացքում իրականում ողջ ու առողջ հայ բոլշևիկ «ընկեր Միկոյանը», իր «գնդակահարությամբ» մտահոգ մոսկովյան ընկերներին՝ բոլշևիկյան Կենտրոնական Կոմիտեին Բաքվից, մի շարք այլ կովկասյան բոլշևիկների հետ մեկը մյուսի հետևից հեռագրեր է ուղարկում, բոլորում պահանջելով ամեն ինչ անել Ղարաբաղն ու Զանգեզուրը Ադրբեջանին հանձնելու համար (Телеграмма Н.Нариманова, М.Мдивани, А.Микояна, А.Нуриджаняна Г.Чичерину. 19.06.1920 // Государственный Архив Азербайджанской Республики, ф.28, оп.1, д.211, л.115): 1920 թ. հունիսի 19-ին, երբ Զանգեզուրը զենքի ուժով և փաստացի աշխարհազորով պահում էին Նժդեհն ու Դրոն, իսկ Ղարաբաղը մեկ ամիս առաջ հանձնվել էր բոլշևիկներին, հայ բոլշևիկներ Ա.Միկոյանն ու Ա. Նուրիջանյանը Ն. Նարիմանովի ու Մ. Մդիվանիի հետ հեռագիր են ուղարկում Գ. Չիչերինին՝ կատեգորիկ պահանջելով Ղարաբաղն ու Զանգեզուրը հանձնել Ադրբեջանին:

Ադրբեջանական բոլշևիկյան իշխանություններն իրենց շատ ազատ էին զգում և նրանց բռնի գործողությունները հասնում են այն աստիճանի, որ Ռուսաստանի Արտաքին գործերի ժողկոմ Չիչերինը հունիսի  22-ին ստիպված էր դիմել բոլշևիկյան ԿԿ Քաղբյուրոյին՝ զսպելու «կովկասյան խմբի» բոլշևիկների հակահայկական գործողությունները (РГАСПИ, Ф.50, Оп.2, Д. 314, л.10, Подлинник, Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր  2, մաս 1, с. 72): Խոսքը գնում էր հենց այն խմբի մասին, որի ձեռքին պիտի հետագայում հայտնվեր խորհրդայնացած Հայաստանի իշխանությունը և Կովկասում՝ հայերի ճակատագիրը: Նույն օրը բոլշևիկների կովկասյան բյուրոյի անդամ Գ.Օրջոնիկիձեն հեռագիր է ուղարկում Չիչերինին՝ տեղեկացնելով, որ Կովկասի բոլշևիկները (նկատի ոնենալով Կովկասի հայ բոլշևիկներին) դեմ չեն լինելու Զանգեզուրն ու Ղարաբաղը Ադրբեջանին միացնելու, իսկ այդ միացումը խոշոր հաղթաթուղթ կդառնա Ադրբեջանի կոմունիստների ձեռքին և «ճանապարհ կբացի» քոչվորների համար (РГАСПИ, Ф.64, Оп.1, Д. 17, Лл.66-71, Подлинник, Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր  2, մաս 1, էջ 73):

Սրան հետևում է Ադրբեջանի Հեղկոմի նախագահ Ն.Նարիմանովի հունիսի 27-ի հեռագիրը Չիչերինին, որով Նարիմանովը փաստացի սպառնում է, որ Ղարաբաղի և Զանգեզուրի հարցը Ադրբեջանի օգտին չլուծելու դեպքում ոտքի կկանգնեն «հակահեղափոխական մուսավաթականները» ( РГАСПИ, Ф.2, Оп.1, Д. 14516, Лл.1-2об., Подлинник, Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 75): Եվ կրկին գործի են լծվում «կովկասյան խմբի» հայ բոլշևիկները: 1920թ. հուլիսի 10-ին Միկոյանը ևս մի հեռագիր է ուղարկում, սպառնալով, որ «Ադրբեջանը նախկին սահմաններում (??-Հ.Խ.) պահպանելու անկարողությունը մուսուլմանական զանգվածը կհամարի դավաճանություն, հայամետություն կամ Խորհրդային իշխանության թուլություն: Թե՛ այս, թե՛ այն կարող են դառնալ Խորհրդային իշխանության դեմ լարված ապստամբության պատճառ: Զանգեզուրում և Ղարաբաղում դաշնակցականների մուտքը կընդհատի հեղափոխության զարգացումը Թուրքիայում, կզրկի նրանց մեր օգնությունից և նրանց համար կստեղծի սպառնալի թիկունք» (ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարության արխիվ, գ.56822, թ.36): Այդ նույն ժամանակ թուրքերը կոտորում էին Նախիջևանի հայերին, Զանգեզուրում փաստացի միմյանց կոտորում էին տեղի հայ ու մահմեդական բնակչությունը, և վերջիններիս օգնում էր Կարմիր բանակը, իսկ խորհրդայնացված Ադրբեջանի Ելիզավետպոլի նահանգի Նուխի և Արեշի բազմիցս ջարդերի ենթարված փախստական հայությունը շարունակվող ջարդերից հուսահատ հերթական խնդրագիրն էր ներկայացնում Հայաստանում Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցչին՝ թույլ տալ իրենց Ադրբեջանից Հայաստան գնալ, այլապես «մենք վեջնականապես կկործանվենք… մեր փրկությունը միայն տեղափոխության մեջ է…» (ՀՀԱԱ, Ֆ.278, Ց.1, Գ.35, Թ.47,- «Հայերի կոտորածները…», էջ 484-485):

Ռուսաստանը, օգտվելով Զանգեզուրում Կարմիր բանակի առկայությունից և հայերի շարունակվող կոտորածներից, բանակցում էր Հայաստանի իշխանությունների հետ ժամանակավոր խաղաղության պայմանագրի հարցը՝ պայմանով, որ Հայաստանը չխանգարի քեմալականներին խոստացված օգնությունն իր տարածքով տանելու: Բայց «կովկասյան խմբի» բալշևիկներին անհրաժեշտ էր նախապես ապահովել Ադրբեջանին խոստացված տարածքների միավորումը: 1920 թ. հուլիսի 29-ին Միկոյանը ևս մի հեռագիր է ուղարկում Օրջոնիկիձեին. «Ղարաբաղի և Զանգեզուրի հարցով մենք զայրացած ենք Կենտրոնի քաղաքականությամբ: Դու նույնպես պնդիր Կենտրոնում մեր տեսակետը: Մենք դեմ չենք Հայաստանի հետ խաղաղությանը, բայց ոչ մի դեպքում Ղարաբաղի ու Զանգեզուրի գնով» (Телеграмма А.Микояна Г.Орджоникидзе. 29.06.1920 // РГАСПИ, ф.64, оп.1, д.17, л.134):

Ըստ Ադրբեջանում Հայաստանի ներկայացուցչության՝ ««Ադրբեջանի ներկա քաղաքականության գլխավոր ուշադրությունն ուղղված է ռուս¬հայկական բանակցություններին: Ամենահեռավոր և թույլ հավանականությունը, որ Զանգեզուրը և Ղարաբաղը կարողանա անցնել Հայաստանին, ոտքի է հանել ամբողջ Հեղկոմը և թրքական ակտիվ շրջանները, նաև հայ կոմունիստների մի ստվար մեծամասնություն, որոնք ռմբակոծում են Մոսկվան հատուկ պատվիրակություններով՝ դիվանագետներով և այլն: Այդ հավանականությունն էր,  որ շտապեցրեց Զանգեզուրի գրավումը: Այստեղ զուգադիպում են մի քանի նկատառումներ.  ամենից առաջ համաթրքական ծրագիրն է՝ Տաճկաստանի հետ միանալու համար: Նախիջևանի, Շարուրի և Սուրմալուի վրայով մի կորիդոր ստեղծել դեպի Տաճկաստան. այս ծրագիրը, որ մուսավաթական իշխանության վերջին օրերին կարծես թե բոլորովին լքված էր, այսօր հարություն է առել հսկայական ծավալով և շատ մեծ թափով:
Անշուշտ, Մոսկվայում և սոցիալիստական շրջաններում այդ ծրագրի իրագործումը պատճառաբանվում է անհրաժեշտությամբ՝ ամբողջությամբ միանալու «Կարմիր» Անատոլիայի հետ: Այստեղ օժանդակում է նաև Ռուսաստանի և Տաճկաստանի դաշնը, իսկ գործողությունների համար բարոյական նեցուկ է հանդիսանում հայ կոմունիստների մի բավական ուժեղ հոսանք» («Հայերի կոտորածները…», էջ 479-480):

Հայ բոլշևիկների խիստ զիջումնային պատրաստակամության կամ, գուցե, «սոցիալիզմը լուծելու է բոլոր վիճելի հարցերը» հավատի հենքին Կովկասի նոր բոլշևիկացած թուրքերը դիմում էին բոլոր հնարավոր մեթոդներին՝ հայերի և Հայաստանի հաշվին իրենց տարածքային հարցը լուծելու,- ճնշումներ, ձերբակալություններ, կռիվներ, դավադրություն, կաշառք: Բազմաթիվ օրինակներից հիշենք մեկը:

1920թ. հուլիսի  21-ին, Արդեն խորհրդային հայտարարված Ղարաբաղի Հեղկոմի նախագահ բոլշևիկ Ասադ Կարաևը, Հեղկոմի պաշտոնաթերթիկի վրա  «հույժ գաղտնի» մակագրությամբ նամակ է ուղարկում Գերուսի Հեղկոմին: Մեր տեղեկություններով,- գրում է նա,- «Զանգեզուրի գյուղերի 90 %-ը զինաթափված չէ: Դա ցավալի է: Սակայն ավելի ցավալի է այն, որ մինչև այսօր գլխատված չեն Զանգեզուրի հայության առաջնորդները: Նրանց մտավորականությունն ու զինվորական առաջնորդները մինչև հիմա գյուղերում են: Վաղը, ապստամբության դեպքում, նրանք կդառնան առաջնորդներ և մեր ուժերը դուրս կհանեն Զանգեզուրից: Կրկին ու կրկին ասում եմ՝ ժամանակը չի սպասում: Գիշեր ցերեկ աշխատեք: Ջանացեք ամեն ինչ տեսնել և ձերբակալել հարկավոր հայերին: Աքսորներն ու առևանգումները մեծ բան չեն, ժամանակը կանցնի և նրանք կրկին կվերադառնան իրենց երկիր:  Թողեք մարդասիրությունը: Դրանով երկիր չեք ստեղծի, «երկիր» չեք նվաճի, խաղաղությամբ չեք ապրի: Այստեղի ընկերներն այքնան էլ գոհ չեն Գերուսի Հեղկոմից, ջանացեք վերաընտրել Հեղկոմը, և ընտրել միայն մուսուլմաններին և մեզ հայտնի ռուսներին: Օրերս Գերուս կգա Արմենակ Կարագյոզյանը: Առայժմ չի ստեցել 22 մլն ռուբլին  և ճանապարհ չի ընկել… Նա խոստանում է Զանգեզուրը յոթ օրում միացնել Հայաստանին… Եթե Դուք ուժ չունեք, ապա փող ունեք: Ինչու՞ եք դանդաղում այդ ապստամբած շրջանը նվաճել: Խոսելով ինչ որ Աշդա փաշայի մասին (խոսքը Նժդեհի մասին է): Ո՞ր հային երեք միլիոն ռուբլի չտաս, որ ձեզ չբերի այդ մարդու գլուխը: Եթե փողի կարիք ունեք, հեռագրեք, կուղարկենք:

Հ.Գ. Զինվորներով հարուստ տեղերում, հայերին թուլացնելու նպատակով, սպանեք մի ռուս զինվորի և դրանում մեղադրեք հայերին: Գիտեք, թե ինչ կանեն ռուսները: Զանգեզուրում օրինավոր մարդ ու հարստություն մի թողեք, որպեսզի այդ անիծյալ ցեղը երբևէ չկարողանա ոտքի կանգնել: Ռուսաստանում այդպես են արել, այդպես էլ դուք պիտի անեք» ( РГАСПИ, Ф.64, Оп.1, Д.19, Л.10, Заверенная копия; Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян. Հատոր  2, մաս 1, էջ 103): Այդ ընթացքում քեմալական թուրքերը գրավում են Նախիջևանը, այն հայտարարում խորհրդային և Ռուսաստանին առաջարկում այնտեղ սովետական զորք մտցնել: Բնականաբար Հայաստանի իշխանությունները բազմաթիվ բողոքի նոտաներ են հղում Ռուսաստանին՝ Հայաստանի տարածքները գրավելու և խորհրդային զորքերի խտացումների դեմ: Ղարաբաղի համար պայքարող Դրոն հետ է վերադառնում՝ Նախիջևանի պաշտպանության համար, ինչին անմիջապես հաջորդում է Թուրքիայում հայ ժողովրդի ցեղասպանության հայտնի կազմակերպիչ և այժմ արդեն բոլշևիկյան Ռուսաստանի սրտակից բարեկամ Խալիլ փաշայի բողոքն ու սպառնալիքը Օրջոնոկիձեին այն մասին, որ դա խանգարում է թուրքական և խորհրդային զորքերի միավորմանը և որ Թուրքիան այլևս չի կարող հանդիսատեսի  դերում սպասել մահմեդական բնակչության դեմ ծաղրուծանակին(РГАСПИ, Ф.544, Оп.3, Д.15, Л.8-10, Подлинник; Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян. Հատոր  2, մաս 1, էջ 127):

Ակնհայտ է, որ միացյալ օսմանյան ու կովկասյան թուրքերը շտապում էին դեպքերն արագացնել, որովհետև ընթացքի մեջ էր Սևրի պայմանագիրը (1920 թ. օգոստոսի 10-ին ստորագրված Սևրի պայմանագրով կոնկրետ Անդրկովկասի երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի սահմանները պիտի որոշվեին այս պետությունների ուղղակի բանակցություններով, հակառակ դեպքում դաշնակից պետությունները խնդիրը պետք է լուծեին հատուկ ստեղծվող հանձնաժողովով) և նրանք ուզում էին օր առաջ լուծած լինել Նախիջևանի, Ղարաբաղի և Զանգեզուրի հարցը՝ փաստի առաջ կանգնեցնելով Սևրի պայմանագրի վրա աշխատողներին: Փաստացի մինչ սուլթանական Թուրքիայի ու Անտանտի դաշնակիցների միջև քննարկվում և լուծում էր առաջարկվում ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի հեռանկարի և ցեղասպանության հանցագործների դատապարտելու հարցի շուրջ, ցեղասպանությունը փաստացի շարունակող Մուստաֆա Քեմալի և Վլադիմիր Լենինի միջև քննարկվում էր սոցիալիզմը Թուրքիայի միջոցով արևելք տեղափոխելու պատրանքը՝ Հայաստանը և հայ ժողովրդին զոհաբերելու միջոցով:

Օգոստոսի 10-ին, նույն օրը, երբ Սևրում Թուրքիայի օրինական իշխանության՝ սուլթանական Թուրքիայի կառավարության հետ ստորագրվում էր հայերի համար չափազանց կարևոր Սևրի պայմանագիրը, Հայաստանի Հանրապետության իշխանությունները ստիպված էին Խորհրդային Ռուսաստանի հետ ստորագրել «Ժամակավոր զինադադարի պայմանագիր», որով Զանգեզուրը, Ղարաբաղը և Նախիջևանը հայտարարվում են չեզոք գոտի, որի բնակչության անվտանգությունն ընկնում է Խորհրդային Ռուսաստանի իշխանության վրա՝ մինչև դրանց Հայաստանին կամ Ադրբեջանին պատկանելության հարցը կվճռվի (ՀՀԱԱ, ֆ.200, ց. 1, գ.  581, թ. 262;  Հրատարակված է . Ю.Барсегов, հատոր 2, մաս 1, էջ 125; Հրատարակված է Բանբեր Հայաստանի արխիվների, 1967, թիվ 3, փաստ.17, էջ 46):

Ռուսաստանին դա չափազանց անհրաժեշտ էր՝ այդ տարածքով Նախիջևանում հաստատված քեմալականներին զենք ու մթերք հասցնելու համար: Մինչդեռ քեմալականներն առանց իրենց բարեկամ ռուս բոլշևիկների հանդեպ որևէ պատասխանատվության՝ այնպիսի դաժանությունների էին հասել հայերի նկատմամբ, որ նույնիսկ իրենց սրտակից բարեկամներ ռուս բոլշևիկների կառավարության Արտաքին հարաբերությունների ժողկոմը ստիպված էր բողոքի նոտա ուղարկել թուրքերին: Տարօրինակ է, որ նույն օրը Չիչերինը նամակ է ուղարկում Հայաստանում Ռուսաստանի ներկայացուցիչ Մ.Լեգրանին՝ փորձելով «ներշնչել նրան», որ Հայաստանը խորհրդային Ռուսաստանի բողոքի նոտայի շնորհիվ փրկվել է քեմալականների արշավանքից (АВПР, Ф.04, Оп.51, П. 321 а, Д.54870, Л.18-18об, Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян,  հատոր 2, մաս 1, էջ 127-128) (կարծես թե իրենք չեն քեմալականներին բերել Հայաստան և չեն շարունակում նրանց հովանավորել):

Քեմալականներին Նախիջևանում զսպվելու կոչ անող բոլշևիկների Կարմիր բանակն իրեն ավելի մարդասեր չէր պահում Զանգեզուրում: Հայկական գյուղերի հանդեպ գրոհներ էին իրականացնում թե Զանգեզուրում գտնվող Կարմիր բանակի կողմից խրախուսվող տեղի մահմեդականները, թե Կարմիր բանակի զորամիավորումներն իրենք: Հայ բնակչությունը պատրաստ էր փախչել այդ աքցանից, բայց Նժդեհը նրանց ուղղակի զենքի ուժով ստիպում էր իր հետ միասին կռվել այդ երկու խմբերի դեմ: Կարմիր բանակի վայրագությունները չէին զիջում մահմեդականների իրականացրածներին: Հայաստանի հետ համաձայնագիրը ստորագրելու օրը Չիչերինը ռադիոյով քննարկում է Հայաստանում Ռուսաստանի ներկայացուցիչ Լեգրանի հետ՝ ինչպես պահեն իրենց այժմ, երբ կարմիր բանակի գազանություններից խորապես վրդովված Հայաստանի Հանրապետությունն, իհարկե, չէր թողնի այդ ճանապարհով զինամթերք ու պարեն ուղարկել թուրքերին: Իսկ Կարմիր բանակի գազանություններն իրոք տպավորիչ էին: Չիչերինը հաղորդում է, որ «Խորենի ու Տիգրանյանի (ՀՀ կառավարության ներկայացուցիչներ-Հ.Խ.) սպանություններից զատ թվարկվում են բազմաթիվ հայ կոմիսարներ և այլ պաշտոնատար անձիք, խոսվում է Ղարաբաղում ու Զանգեզուրում գնդացիրներով զանգվածային սպանությունների մասին, մեր զորքերը բազմաթիվ հայկական գյուղեր են ավերել Զանգեզուրում, փրկված գյուղացիության մնացորդները բաց երկնքի տակ են, մեր զորամիավորումները զանգվածաբար գնդակահարել են նույնիսկ տասներկու-տասներեք տարեկան տղաների ու աղջիկների, բնակչությունը հուսահատության է հասցվել, մյուսներին մեր զորքերը քշել են Ադրբեջան, որտեղ շատերը գնդակահարվել են, Բաքվի ներսում էլ եղել են հայերի զանգվածային գնդակահարություններ: Էրիվանի իշխանությունները տեսել են գնդակահարությունների վերաբերյալ ռուսական հրամանները»:

Այս ամենից հետո Չիչերինն ուզում է հասկանալ, թե ինչպե՞ս պիտի իրեն պահի Խորհրդային Ռուսաստանը, եթե թուրքերն իրենք իրենցով, առանց Ռուսաստանի մասնակցության գրավեն հայերի վերահսկողության տակ մնացած Շախտախտին  և Սարիղամիշը (РГАСПИ, Ф.64, Оп.1, Д.21,  Лл.33-34, Копия; Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян. Հատոր  2, մաս 1, էջ 130) և արդյո՞ք իմաստ չունի նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնեն, խախտեն հենց այդ օրը հայերի հետ կնքած զինադադարի համաձայնագիրը և իրենք գրավեն Շախտախտին:

Հիրավի, բոլշևիկյան քաղաքականության անբարոյականության հիմքերը ձևավերվել են հենց ակունքներում և, հավանաբար, մեծ չափով սնվել են թուրքականից: Իսկապես, համաձայնագիրը կնքելուց չորս օր հետո, օգոստոսի 14-ին, թուրքերը Մոսկվայի բանավոր համաձայնությունն են խնդրում Սարիղամիշն ու Շախտախտին Հայաստանից  խլելու(РГАСПИ, Ф.64, Оп.1, Д.25,  Лл.72, Копия; Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян. Հատոր  2, մաս 1, էջ 133-134),  և օգոստոսի  17-ին Չիչերինն առաջարկում է համաձայվել(РГАСПИ, Ф.64, Оп.1, Д.25,  Лл.116, Копия; Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян. Հատոր  2, մաս 1, էջ 138):

Հայաստանի և Ռուսաստանի  իշխանությունների միջև օգոստոսի 10-ին ստորագրված համաձայնագրին չի ենթարկվում Զանգեզուրը օսմանյան և կովկասյան թուրքերի հարձակումներին և Կարմիր բանակի վայրագություններին դիմադրող Նժդեհը և շարունակում է պայքարը:

ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ
Ազգագրագետ

Ռուսաստանի առաջին «նվերը» հայ ժողովրդին


Քաղաքական բռնությունները Հայաստանում եւ դրանց առանձնահատկությունը  պայմանավորող հիմնական գործընթացները

Մաս 1. Հայաստանի խորհրդայնացման նախապատմության որոշ առանձնահատկություններ
Հայտնի է, որ Հայաստանում դասակարգային պայքարի արտահայտված իրավիճակ չկար: Հայաստանի բանվոր դասակարգն աշխատում էր գլխավորապես Բաքվի նավթահանքերում և եթե նույնիսկ հեղափոխական տրամադրությունների կրող էր՝ ապա գլխավորապես Բաքվում և մասամբ՝ Թիֆլիսում: Ռուսական հեղափոխությունների ընթացքի հայկական փորձը Ռուսաստանի կազմում գտնվող Կովկասի հայ բնակչությանն ամենևին դրական չեր տրամադրում հեղափոխությունների նկատմամբ: Մասնավորապես 1905 թ. ռուսաստանյան հեղափոխական իրավիճակը Այսրկովկասում արձագանքվել էր ցարիզմի վարչական ներկայացուցիչների կողմից հայ-մահմեդական կոտորածների կազմակերպամբ: Ռուսական առաջին հեղափոխության փորձը հայերի մեծ մասի մոտ առաջացնում էր կոտորածների տագնապի զգացողություն:

Ռուսական երկրորդ հեղափոխությանը նախորդել էր Թուրքիայում իրականացված հայոց Ցեղասպանությունը, որից փրկված հայերի մի ստվար զանգված պատսպարվելու հույսով դեգերում էր հարավային Ռուսաստանում՝ ողջ Կովկասի տարածքում, մասնավորապես, բնականաբար, Արևելյան Հայաստանի տարծքում: Այդ փախստականության զգալի մասը, ճիշտ է, փրկվել և տեղափոխվել էր Առաջին համաշխարհային պատերազմին նաև թուրքական ճակատում մասնակցած ռուսական զորքերի օգնությամբ, սակայն նրանց մեջ իշխում էին այն տրամադրությունները, որ թուրքերի կողմից իրականացված հայոց Ցեղասպանությունը մասամբ ծրագրավորվել է հայերի կողմից արտահայտված ռուսամետ տրամադրությունների պատճառով:
- Առաջին համաշխարհային պատերազմը խիստ ճակատագրական դեր խաղաց նաև հարավային Կովկասի թե ազգամիջյան, թե դասակարգային հակամարտությունների վերաձևաորումների հարցում: Թուրքիայում իրականացված հայկական ցեղասպանությունը մոբիլիզացրեց Ռուսական տարածքում ապրող հայերին և նրանց կամավորական զորամիավորումները համալրեցին Ռուսաստանի կովկասյան ճակատի զորքերը: Կովկասահայերի, այդ թվում Արևելյան Հայաստանի համար գերխնդիրը ոչնչացող թուրքահայերի ճակատագիրն էր, իսկ դասկարագային պայքարի հարցերը դարձել էին երկրորդական: Դրան զուգահեռ սրվել էին հայերի ու կովկասյան թուրքերի հարաբերությունները: Կովկասյան թուրքերը օսմանյան Թուրքիան ընկալում էր որպես ազատարարի, և բնականաբար թշնաբար էր տրամադրվում հայ կամավորների մասնակցությանը Թուրքիայի դեմ կռվող ռուսական բանակի գործողություններին:

- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից Ռուսաստանում 1917թ. տեղի ունեցավ բոլշևիկյան հեղափոխություն, որից հետո բոլշևիկյան Ռուսաստանը հայտարարեց, որ միակողանիորեն դուրս է գալիս պատերազմից և ճակատներից ետ է կանչում ռուսական զորքերը: Այս պայմաններում ընդամենը մեկ ամիս առաջ իշխանությունը վերցրած բոլշևիկները հապճեպ ընդունում են «Դեկրետ Թուրքահայաստանի մասին», որը գուցե միջազգային հանրությանը պիտի ցույց տար ազգային հարցի լենինյան սկզբունքները (անջատման և ինքնորոշման իրավունք ծայրամասերի բոլոր ժողովուրդներին), սակայն գործնականում ըստ էության անօգուտ, նույնիսկ վնասակար էր Թուրքիայում ջարդերից փրկված հայ բնակչության համար: Խորհրդային Ռուսաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի կողմից 1917 թվականի դեկտեմբերի 29 (1918 թվականի հունվարի 11)-ին ընդունված սույն Դեկրետը Խորհրդային պատմագրության մեջ  սովորաբար անվանում են «Արևմտյան Հայաստանի ինքնորոշման վերաբերյալ օրենք»: Այն ստորագրել են Վ. ՈՒլյանովը (Լենին) ու Ի.Ջուղաշվիլին (Ստալին), և հրապարակվել է «Պրավդա» թերթի 1917 թվականիի դեկտեմբերի 31-ի համարում, հաստատվել է 1918թ. հունվարի 15(28)-ին, Խորհուրդների համառուսաստանյան 3-րդ համագումարում, որից հետո հրատարակվել է «Բանվորի կռիվը» թերթի 1918 թվականի հունվարի 25-ի համարում։ Դեկրետով Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը պաշտպանում էր առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական զորքերի գրաված «Թուրքահայաստանի» հայերի ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն, տարբեր երկրներում ցրված հայ գաղթականության, վտարանդի հայերի, ինչպես և պատերազմի ընթացքում թուրքական իշխանությունների կողմից բռնի կերպով Թուրքիայի խորքերն արտաքսված հայերի անարգել վերադարձը «Թուրքահայաստան» և վերջինիս ժամանակավոր ժողովրդական կառավարչության կազմակերպումը՝ հայ ժողովրդի դեմոկրատական հիմունքներով ընտրված դեպուտատների խորհրդի ձնով։

«Թուրքահայաստանի» աշխարհագրական սահմանները պետք է որոշեին հայ ժողովրղի՝ դեմոկրատականորեն ընտրված ներկայացուցիչները, խառը ն վիճելի (մուսուլմանական և այլն) օկրուգների դեմոկրատականորեն ընտրված ներկայացուցիչների համաձայնությամբ: Որպես այս ծրագրի երաշխիք, որևէ տրամաբանության հակառակ, որոշվում է ռուսական զորքերի դուրսբերումը «Թուրքահայաստանից» և հայկական ժողովրդական միլիցիայի անհապաղ կազմակերպումը՝ բնակիչների անձնական և գույքային անվտանգությունը ապահովելու նպատակով:
Հասկանալի է, որ այս պատրանքային, որևէ դիվանագիտական, ռազմական, ֆինանսական մեխանիզմով չամրապնդված օրենքը հայ ժողովրդի համար որևէ հարց չպիտի լուծեր, փոխարենը «Թուրքահայաստանում» դեռևս թաքնվող և Կովկասում հայտնված փախստական հայերի դեմ էր տրամադրում ողջ մահմեդական զանգվածին:

Հարկավոր է հիշել այս խիստ դեկլարատիվ Դեկրետը՝ ճիշտ երկու տարի անց սրան տրամագծորեն հակառակ որոշման կապակցությամբ, որին կանդրադառնանք ստորև:
- Սույն անիմաստ, եթե ոչ վնասական օրենքն ընդունելուց երկու ամիս անց, 1918թ. մարտի 3-ին Բրեստ Լիտովսկում կնքված հաշտության պայմանագրով (մի կողմից՝ Խորհրդային Ռուսաստանը, մյուս կողմից՝ Գերմանիան, Ավստրո-Հունգարիան, Թուրքիան և Բուլղարիան) Ռուսաստանը Թուրքիային է զիջում ոչ միայն «Թուրքահայաստանը», այլև  «Ռուսահայստանի» զգալի մասը: Հայկական հարցին վերաբերում էր Բրեստի պայմանագրի 4-րդ հոդվածը:

Այս հոդվածով Ռուսաստանը Թուրքիային էր վերադարձնում պատերազմի ժամանակ գրավված «Թուրքահայաստանը»՝ Արևմտյան Հայաստանը, ինչպես նաև Կարսի մարզը` 30 հզ. կմ. քառ. տարածք, որ մինչև պատերազմն արդեն իսկ Ռուսաստանի մաս էր: Խորհրդային Ռուսաստանը պարտավորվում է Անդրկովկասում մեկ դիվիզիայից ավել զորք չունենալ, ինչպես նաև ցրել հայերից բաղկացած ռազմական միավորումները (էլ ու՞ր մնաց ժողովրդական միլիցիան) և հակաթուրքական քարոզչություն վարող հայկական կազմակերպությունները, ինչը տվյալ դեպքում նշանակում էր թույլ չտալ ռազմական գործողությունները վերսկսած թուրքական կանոնավոր բանակի դեմ զինված դիմադրության կազմակերպումը: Սա արևմտահայերի ցեղասպանական աղետից հետո նույն ցեղասպանության շարունակությունը Արևելյան Հայաստանի տարածք տեղափոխելու լայն բացվող դուռ էր: Այդ դռնով իսկապես թուրքական կանոնավոր բանակը շուտով հեշտությամբ անցավ Կովկաս, որտեղ արդեն իսկ սրված էին տեղի հայերի և կովկասյան թուրքերի հարաբերությունները:
Ստորև կտեսնենք, որ Խորհրդային շրջանի քաղաքական բռնությունների շրջանում Բրեստ-Լիտովսկի պայմանագրով ստանձնած հակաթուրքական քարոզչություն վարող հայկական կազմակերպությունները վերացնելու բոլշևիկյան պարտավորությունը հետագայում խիստ վճռորոշ դեր է խաղացել Հայաստանի կյանքում, այդ թվում՝ քաղաքական բռնությունների համատեքստում:
Պայմանագրից անմիջապես հետո թուրքական կանոնավոր բանակը հանգիստ, առանց ջանքերի, մեկը մյուսի հետևից զբաղեցնում էր ռուսական զորքերի թողած բնակավայրերը և մեթոդիկ հետևողականությամբ ոչնչացնում այդ տարածքներում բոլորովին անպաշտպան մնացած հայ բնակչությունը: Սա բոլշևիկյան Ռուսաստանի առաջին «նվերն էր» հայ ժողովրդին:
Բուն բոլշևիկյան հեղափոխությունը և նույն Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը լրացուցիչ պայմաններ ստեղծեց նաև կովկասյան ազգամիջյան հակամարտությունների սրման համար: Օսմանյան թուրքերի մուտքը Կովկաս զգալի հույսեր էր ծնել կովկասյան թուրքերի մեջ, և, սպասելով օսմանյան թուրքական կանոնավոր բանակի առաջխաղացմանը Կովկասում՝ կովկասյան թուրքերի լիդերները 1917թ. վերջերից սկսել էին բորբոքել մահմեդական բնակչության հակահայկական տրամադրությունները:

Հակահայկական տրամադրությունները Կովկասում  և դրանց բոլշևիկյան «ընկալումները»
Բոլոր պատմաբաններին հայտնի են 1917թ. նոյեմբերից ճակատից վերադարձող զինվորներ տեղափոխող գնացքակազմերի վրա կովկասյան թուրքերի հարձակումները, զինվորների կոտորածները և զենքի յուրացումը: Այդ զենքը սկզբում, հատկապես 1918թ.-ից սկսած, օգտագործվում էր հայ և ռուս խաղաղ բնակչության դեմ տարերային թվացող կոտորածներում: 1918թ. մայիսին թուրքական բանակի մի թևն արդեն գրավել էր Ալեքսանդրապոլը (խորհրդային շրջանում՝ Լենինական, ներկայիս՝ Գյումրի), և հայտնվել Արարտյան դաշտավայրում, իսկ մյուս թևը հունիսի սկզբում Նուրի փաշայի (Ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ հայտնի Էնվերի խորթ եղբայրը) գլխավորությամբ Ելիզավետպոլում էր  (խորհրդային շրջանում՝ Կիրովաբադ, ներկայիս՝ Գյանջա), որի Նուխի և Արեշի հայ բնակչության ջարդերով շարժվում էին դեպի Բաքու, որտեղ իշխանությունը կենտրոնացած էր բոլշևիկյան կոմունայի ձեռքին:

1918թ. սկզբում Բաքվում հաստատված բոլշևիկյան կոմունան մարտ ամսին բախում ունեցավ Ադրբեջանում ազգային պետություն ստեղծելու ծրագրեր ունեցող մուսավաթական կուսակցության ռազմական կազմավորման հետ: «Ժողովուրդների ինքնորոշման» բոլշևիկյան սկզբունքը արագորեն տեղի տվեց նավթաշատ Բաքուն կորցնելու հեռանկարի առաջ: Բախումը վերաճեց ռազմական ընդհարման: Բոլշևիկյան փոքրաթիվ զորամիավորումների հետ համագործակցում էր նաև Կովկասյան ճակատից ետ կանչված հայ կամավորների խումբը, ովքեր  մուսավաթականների կողմից երկաթուղին վերահսկելու պատճառով «պատանդ»  էին մնացել Բաքվում և չէին կարողանում հայրենիք վերադառնալ:  Բոլշևիկները ժամանակավոր հաղթանակ տարան, սակայն այս մաքուր քաղաքացիական կռիվը ազգային երանգավորում ստացավ և լրացուցիչ խթան հանդիսացավ ազգամիջյան փոխադարձ կոտորածների համար ողջ Ադրբեջանի և Հայաստանի տարածքներում: Բաքվի հեղափոխական կոմիտեի բազմազգ կազմը՝ հայերը, վրացիները, թաթարները, ռուսները (Շահումյան, Ջափարիձե, Կորգանով, Սուխարցեվ, Սահակյան, Նարիմանով) այս փաստացի ազգամիջյան կռիվներն անվանում էին դասակարգային պայքար, «խորհրդային իշխանության դեմ ըմբոստացած հակահեղափոխական բեկերի ու խաների դեմ քաղաքացիական կռիվ» («Бакинский рабочий», 23.4.1918), մինչդեռ կովկասյան թուրքերը օսմանյան թուրքական բանակի առաջխաղացմանը դիմավորում էին դասակարգային պայքարի հետ առնչություն չունեցող խաղաղ հայ բնակչության կոտորածներով:

- Առաջին համաշխարհային պատերազմում Ռուսաստանի փաստացի պարտությունից և հայկական զգալի տարածքներ Թուրքիային զիջելուց հետո էր, որ 1918թ. մայիսին Այսրկովկասում ինքնահռչակվեցին երեք հանրապետություններ՝ Վրացական (մայիսի 26), Ադրբեջանական (մայիսի 27) և Հայկական (մայիսի 28), որոնք համապատասխանաբար ղեկավարվում էին երեք ժողովուրդների հիմնական կուսակցությունների կողմից՝ մենշևիկյան, մուսավաթական և դաշնակցական: Երեք հանրապետությունների իշխանությունների ձևավորման համար ծանր պայմաններ էին: Մասնավորապես Հայաստանում հայ կամավորները և աշխարհազորը ծանր կռիվների մեջ էին Բրեստի հաշտության պայմանագրից հետո Ռուսական տիրապետության տակ գտնվող Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական կանոնավոր բանակի դեմ, որին հաջողվեց կասեցնել միայն մայիսի վերջին Երևանից ոչ հեռու գտնվող Սարդարապատի ճակատամարտով:
Այլ էր իրավիճակը Ադրբեջանի տարածքով շարժվող թուրքական բանակի համար:
Այստեղ նրանց դիմավորել էին խանդավառությամբ և օսմանյան ու կովկասյան թուրքերի միացյալ բանակը շարժվում էր դեպի Բաքու՝ իր ճանապարհին ոչնչացնելով հայկական բնակավայրերի բնակչությունը:

Հուլիսին Բաքվի բոլոր կուսակցություններն ու ազգային խորհուրդների ներկայացուցիչները՝ «Բաքվի խորհուրդը» քննարկում է ստեղծված իրավիճակը: Մոտեցող թուրքական համատեղ բանակից բոլորն էին վախենում, բացի, թվում է, բոլշևիկներից, ովքեր վճռաբար հայտարարում էին դիմադրության հաջողության մասին: Բաքվի հեղափոխական պաշտպանության կոմիտեի անդամ հայ կոմունարներից մեկը՝ Գրիգոր Նիկոլայի Կորգանովը (Կորգանիշվիլի, Կորգանյան) Բաքվի Խորհրդի հուլիսի  25-ի նիստին հայտարարում էր, որ Կոմունայի «ձեռքի տակ գտնվող մարդկային ռեսուրսները բավարար են «թուրքերի առաջն առնելու», որ մենք տեխնիկապես ավելի լավ վիճակում ենք» և որ իրենք լիովին կարող են թուրքական միացյալ զորքին դիմագրավել: Իրականում Ս.Շահումյանը վաղուց էր դիմել Լենինի օգնությանը, և պատասխան էր ստացել, որ Ստալինի միջոցով զորя, մթերք և դրամ է ուղարկվում:  Սակայն Ս.Շահումայնը վստահ էր, որ «Ստալինը ինձ երբեք չի օգնի: Ընդհակառակն, նա ամեն ինչ կանի ինձ, և ինձ հետ միասին Բաքվի կոմունան կործանելու համար: Պատճառն այն է, որ ես վստահ գիտեմ, որ նա պրովոկատոր է: 1908թ. ես ժանդարմներից թաքնվել էի մի բնակարանում, որի տեղը միայն Ստալինը գիտեր, ուրիշ ոչ մեկը: Եվ ժանդարմները եկան ու ինձ ձերբակալեցին»: Այս մասին նա պատմել է մտերիմներին՝ իր որդիների և իր քարտուղարուհի Օ.Շատունովսկայայի ներկայությամբ («Об ушедшем веке рассказывает Ольга Шатуновская». Составители: Джана Кутьина, Андрей Бройдо, Антон Кутьин. Берлин, La Jolla, 2001 թ., էջ 388,- http://www.sakharov-center.ru/asfcd/auth/?t=page&num=1698): Ստալինի միջոցով ուղարկված օգնության տեղ չհասնելու մասին հիշում է նաև Ա.Միկոյանը: Բոլոր դեպքերում Բաքվի կոմունայի բոլշևիկները գիտեին, որ թուրքերին դիմադրելու ուժ չունեն: Բաքվի խորհրդի մյուս կուսակցությունների ներկայացուցիչները, մասնավորապես էսեռներն ու մենշևիկները («Об ушедшем веке рассказывает Ольга Шатуновская», ջ 42,-) գտնում էին, որ պետք է օգնության հրավիրել Պարսկաստանի Էնզելի նավահանգստային քաղաքում գտնվող անգլիական զորամիավորումը: «Երբ մեր մոտ մի կողմից անգլիական զորքերն են, մյուս կողմից՝ գերմանացիներն ու թուրքերը, մենք ընտրում ենք չարյաց փոքրագույնը՝ անգլիացիներին: Մենք գիտենք, որ թուրքերին այստեղ թողնելու դեպքում համատարած կոտորած է լինելու» (Стенограмма Чрезвычайного заседания Бакинского Совета Рабочих, Красноармейских, Матросских и Крестьянских Депутатов совместно с районными Советами, судовыми комитетами и Военно-Революционным Комитетом Кавказской Красной Армии от 25-26 июля 1918 г.,- С. Г. Шаумян. Статьи и речи 1917—1918 гг. Баку, Красный Восток, 1929, էջ 287):

Բոլշևիկներն առարկում են: Շահումյան Ստ.,- «Անգլիացիներին հրավիրելը մենք դավաճանություն ենք համարում հեղափոխական Ռուսաստանի նկատմամբ»(էջ  286); Նուրիջանյան Ա.,- «Հանուն Ռուսաստանի մենք կմեռնենք, բայց Բաքուն իմպերիալիստներին չենք տա: Բաքուն կամ պետք է պատկանի հեղափոխական Ռուսաստանին, կամ՝ ոչ մեկին» (էջ  271): Հեղափոխական Ռուսաստանի շահերով մտահոգ Բաքվի բոլշևիկ կոմունարներին, այդ թվում՝ հայ բոլշևիկներին չէր մտահոգում Բաքվի բնակչության առնվազն քառորդ մասը կազմող հայերի խիստ կանխատեսելի ճակատագիրը: Բաքվի խորհուրդն, այնուամենայնիվ, որոշում է հրավիրել անգլիացիներին («կողմ» – 259, «դեմ» – 236): Բաքվի բոլշևիկներից Ա.Միկոյանը իր հուշերում (А.Микоян, Так было, М., 1999, գլուխ 4),  գրում է, որ Ստ.Շահումյանը հայտարարել է, թե՝ «Մենք պայքարը պետք է շարունակենք», և թուրքերի դեմ կռվող զորքեր է պահանջել Բաքվի Հայկական ազգային խորհրդից: Նույն Հայկական ազգային խորհրդին թուրքերի դեմ Ժողովրդական կոմիսարների զորքերի հրամանատար Ավետիսովը տեղեկացրել էր, որ թուրքերը մի քանի ժամից Բաքուն կգրավեն, և խորհուրդ է տվել նրանց սպիտակ դրոշ բարձրացնել: Վերջիններս պատրաստվում էին հենց այդպես էլ անել՝ հույս ունենալով, որ բանակցությունները թուրքական բանակի կոտորածներից կփրկեն Բաքվի խաղաղ հայ բնակչությանը: Ա.Միկոյանն անձամբ է սպառնում կրակել Ավետիսովի վրա՝ «սպիտակ դրոշի» գաղափարի համար: Թվում է՝ բոլշևիկները շատ վճռական էին տրամադրված: Այնուամենայնիվ հուլիսի 31-ին Բաքվի ժողկոմը հայտարարում է իր լիզորությունները վայր դնելու մասին, և ձևավորվում է Բաքվի նոր իշխանություն՝ «Ցենտրկասպիի դիկտատուրան», որը կազմված էր, ըստ Ա.Միկոյանի, էսեռներից, դաշնակցականներից և մենշևիկներից:
Հենց նույն գիշեր բոլշևիկյան Հեղկոմը, փաստորեն բոլորից գաղտնի, փախչում է Աստրախան: Նրանց հետ են վերադարձնում, և Ս.Շահումյանը պատմում է Ա.Միկոյանին, թե ինչու՞ որոշեցին փախչել. «Շտաբի ջոկատի հրամանատար <Գ.>Պետրովը մեզ տեղեկացրերց, որ ջոկատը շատ կորուստներ է կրել և ռազմաճակատում մենք տանուլ ենք տվել: Այդ պայմաններում, երբ թուրքական զորքերն ամեն րոպե կարող են Բաքու մտնել, մենք անհնար համարեցինք քաղաքացիական պատերազմը: Ուստի Ժողովրդական կոմիսարների խորհուրդը որոշեց իր լիազորությունները վայր դնել և Սովետական Ռուսաստանի ռազմական ջոկատներն ու պետական ունեցվածքը նավերով տեղափոխել Աստրախան»: Սովորական լեզվի թարգմանած սա նշանակում է, որ իրենք իրենց իշխանություն հռչակած, այսինքն՝ իրենց իշխանության հպատակ բնակչության կյանքի համար պատասխանատվություն ստանձած  Բաքվի կոմիսարները փախել էին այդ բնակչության կյանքի նկատմամբ առաջին իսկ սպառնալիքի ժամանակ՝ իրենց հետ տանելով նաև այդ բնակչության պաշտպանության համար չափազանց կարևոր ռազմամթերքն ու ռազմական ջոկատները: Նրանց գործը միայն «հակահեղափոխականների» դեմ պայքարելն էր: Բոլշևիկները ոչինչ, բացարձակապես ոչինչ չձեռնարկեցին նաև իրենց համար այդքան ատելի, ափ հանված անգլիական զորամիավորումների դեմ, որոնց թիվն, ինչպես Ա.Միկոյանն է ասում, ընդամենը մոտ  հազար մարդ էր: «Հանուն Ռուսաստանի մենք կմեռնենք, բայց Բաքուն իմպերիալիստներին չենք տա: Բաքուն կամ պետք է պատկանի հեղափոխական Ռուսաստանին, կամ՝ ոչ մեկին» հայտարարությունների հեղինակները կրկին որոշում են փախչել՝ անհայտ թողնելով Բաքվի հետագա ճակատագիրը և անօգնական՝ առնվազն այդ քաղաքի խաղաղ հայ բնակչությանը, որոնց գլխին կախված էր ոչնչացման սպառնալիքը: 1918թ. օգոստոսի 14-ին նրանք իրենց ողջ ռազմական ունեցվածքը բարձում են 17 ջերմանավեր և ծով դուրս գալիս: Բաքվի «հակահեղափոխական իշխանությանը» կրկին հաջողվոմ է նրանց ետ բերել, և այս անգամ արդեն կոմունարներին, Ս.Շահումյանի գլխավորությամբ  35 մարդու ձերբակալել (А.Микоян, Так было, գլուխ 4): Նրանց դեմ մեղադրանք է հարուցվում «…ժողովրդի փողերը ծախսելու վերաբերյալ հաշվետվություն չհանձնած՝ փախուստի փորձի, ռազմական ունեցվածքը դուրս տանելու և դավաճանության»համար:

Ելիզավետպոլի նահանգում իրենց ճանապարհին ահռելի թվով հայ բնակչություն ոչնչացրած թուրքերի՝ Բաքվի մատույցներում հայտնված միացյալ բանակի անունից օգոստոսի 22-ին գերմանացի սպաների միջոցով Բաքվի հայերին վերացնելու սպառնալիքով («հայկական կյանքն ու հայկական ունեցվածքը պետք է ոչնչացվի և կ՛ոչնչացվի»!) քաղաքը հանձնելու վերջնագիր է ներկայացվում… Բաքվի հայ բնակչությանը(«Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում 1918–1920 թթ.», Փաստաղթերի և նյութերի ժողովածու, կազմել են Ս.Միրզոյան, Ա.Ղազիյան, Երեւան, 2003, էջ 82–83): Առկախ թողնելով այն հարցը, թե ինչու՞ էր այս վերջնագիրը հայերին ուղղված, եթե Բաքվի երեկվա իշխանությունները Բաքվի Կոմունան էր, ընթացիկը՝ «Բաքվի խորհուրդը», «Ցենտրկասպիի դիկտատուրան» և անգլիացիները, վավերացնենք միայն, որ այս սպառնալիքը տարածվում էր նաև հայ բոլշևիկների վրա:

Սեպտեմբերի 14-ին, թուրքական միացյալ բանակի Բաքու մտնելու օրը, իշխանության հավակնություններ ունեցող բոլոր ուժերը՝ բոլշևիկ, մենշևիկ, էսեռ, դաշնակցական, անգլիացիներ…՝ բոլորը ելքեր էին փնտրում փախչելու:  Բոլշևիկներից ազատության մեջ մնացած Ա.Միկոյանին հանձնարարվում է բանտից փրկել ձերբակալված բոլշևիկներին՝ «ազատել կամ էվակուացնել, որպեսզի նրանց չթողնենք թուրքերի հոշոտմանը» (А.Микоян, Так было, М., 1999, գլուխ 4): Միկոյանին դա հաջողվում է անել «Ցենտկասպիի դիկտատուրայի» անդամ էսեռ Վելունցի օգնությամբ: Թուրքերի հոշոտման մասին այսպիսի համոզմունք ունեցող Միկոյանը մեկ տարի անց դեռ շատ պիտի կուրծք ծեծի թուրքական բարեկամության մասին և համոզի բոլշևիկներին, թե ի՞նչ երջանկություն է լինելու Ղարաբաղի և Զանգեզուրի հայերի համար Ադրբեջանի կազմում մնալը:
Բաքվի կոմունայի ղեկավար Ս.Շահումյանի անձնական քարտուղարուհի Օ.Շատունովսկայան մի փոքր այլ կերպ է հիշում այս պատմությունը. «Միկոյանը գնաց Բաքվի խորհրդի նախագահություն: Թուրքերից բոլորն էին վախենում, և նրանք նույնպես էվակուացվել էին (կարդա՝ փախել էին-Հ.Խ.), մնացել էր միայն նախագահության անդամ Սաքո Սահակյանը: Ահա այս Սաքո Սահակյանին Անաստասն սկսեց համոզել, որ դուք էլ, մենք էլ սոցիալիստներ ենք: Մեր ճանապարհները բաժանվել են: Մենք տարբեր կերպ ենք նայում հեղափոխության ճանապարհներին, բայց մի՞թե դուք թույլ կտաք, որ մեր ժողովրդական կոմիսարներն ընկնեն թուրքերի ձեռքը, որ թուրքերը նրանց պատառ-պատառ անեն: Չէ՞ որ դա որպես սոցիալ-հեղափոխականների արգահատելի կնիք հավերժ կմնա պատմության էջերում:  Սաքո Սահակյանը համոզվեց… և հրաման ստորագրեց բանտապետին՝ ազատել բոլոր բոլշևիկյան կոմիսարներին: <Միկոյանը> բանտ գնաց և ազատեց կոմիսարներին: Իսկ նավահանգստում այնպի՜սի ռմբակոծություն էր… բոլորը ջանում էին փախչել, հատկապես հայերը: …«Թուրքմեն» ջերմանավում դաշնակ Թաթևոս Ամիրովի ջոկատն էր տեղավորվում, իսկ մեր խմբում նրա եղբայր Արսեն Ամիրովն էր, «Բակինսկի ռաբոչի» թերթի խմբագիրը: Նստում են այդ նավը: Մերոնք բոլորը, այդ թվում Միկոյանը: Իսկ մենք՝ երիտասարդներս, քսան հոգի, մնում ենք»,- պատմում է Բաքվի կոմունայի ղեկավար Ս.Շահումյանի  անձնական քարտուղարուհին («Об ушедшем веке рассказывает Ольга Шатуновская», էջ 43-44):

Այսպիսով, իշխանությունը ոչ մի գնով մուսավաթականներին չզիջելու աղմկոտ հայտարարություններից  և մի շարք պատժիչ գործողություններից հետո Բաքվի կոմունարները  նույնիսկ չեն դիմադրում մուսավաթականներին միացած թուրքական բանակին, այլ պարզապես փախչում են՝ թուրքական հայատյացությունը հարստացնելով նաև իրենց գործողությունների նկատմամբ վրիժառության երանգը: Եվ Բաքվում իսկապես սկսվում է հայերի սարսափելի սպանդ: Բաքվի հայկական ջարդերի կազմակերպիչներն այդ գործում հարուստ փորձ ունեցող թուրքական բանակը ղեկավարող Նուրի փաշան և նորաստեղծ Ադրբեջանական հանրապետության ներքին գործերի նախարար, մարտ ամսին իր ընկեր Ստ.Շահումյանի տանը իր ընտանիքով ապահով ապրող  Բեյբութ Ջեվանշիրն էին: Շահումյանի քարտուղարուհի Օ. Շատունովսկայան հիշում է. «Մարտին (1918թ.) մուսավաթականների ապստամբության ժամանակ  մեր ջոկատը գնդակոծում էր Ջեվանշիրի ապրած տունը: Այդ տան տանիքից մերոնց դեմ կրակում էին թնդանոթից: Ջեվանշիրը կարողացավ Շահումյանին լուր ուղարկել և օգնություն խնդրեց: Շահումյանը Սուրեն Աղամիրովին և իր որդի Սուրենին հանձնարարեց գնալ և Ջեվանշիրին կնոջ հետ բերել իր տուն: Նրանց բարեհաջող բերեցին Շահումյանի բնակարան: Ես նույնպես այնտեղ էի: Նրանք այնտեղ ապրեցին երկու շաբաթ» («Об ушедшем веке рассказывает Ольга Шатуновская», էջ 64):  Ջեվանշիրի հայատյացությունը հանրահայտ էր, նրա մտերիմներից մեկը նոյեմբերին պետք է ասի.  «…մեր կառավարությունը զբաղված է միայն երկու գործով՝ հայերի ոչնչացումով և ադրբեջանական բանակի կազմավորմամբ» («Кавказское слово», 20.12.1918):

Բաքվի հայկական ջարդերի մասին շատ է գրվել: «Պաշտոնապես» այն թույլատրված էր իբրև թե երեք օր, բայց, անշուշտ, տևեց բավական երկար, մեծ հաշվով կարելի է ասել, որ այն շարունակվում էր ողջ աշուն, եթե ոչ ԱԴՐ-ի ողջ ընթացքում:
Խորհրդային Ռուսաստանի արտաքին գործերի ժողովրդական կոմիսարը ընդամենը բողոքի մի խեղջ նոտա է հղում Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը, բողոքելով Բրեստ Լիտովսկի պայմանագիրը խախտելու, Խորհրդային Ռուսաստանին խաբելու, նրան պատկանող կարևորգաւոյն քաղաքներից մեկը գրավելու և «անպաշտպան բնակչության ջարդերի ու թալանի » դեմ (Документы внешней потитики СССР. Т.1. с.338-371, 381, 401, 411, 423):

Բաքվում հայերին դեռ կոտորում էին, իսկ ահա Առաջին համաշխարհային պատերազմում պարտված Թուրքիայում 1918 թ. հոկտեմբերին երիտթուրքերի կառավարությունը հրաժարական է տալիս, պարագլուխները՝ Էնվերը, Թալյաթը, Ջեմալը, այլոք փախչում են իրենց հանցակից Գերմանիա և հոկտեմբերի 30-ին թուրքական նոր կառավարության հետ Անտանտի երկրները կնքում են թուրքերի համար ծանր Մուդրոսի զինադադարի պայմանագիրը, որը, ի թիվս այլոց, պահանջում էր Կովկասից ետ կանչել օսմանյան բանակի զորամիավորումները: 1919թ. հունվարի 30-ին հայտարարվում է Օսմանյան կայսրության վախճանը, իսկ  փետրվարի 5-ից մինչև  1920թ. հունվարի 13-ը ընթանում է երիտթուրքերի առաջնորդների դատավարությունը «Սահմանադրությունը խախտելու, Թուրքիան համաշխարհային պատերազմի մեջ ներքաշելու և հայերի զանգվածային բռնագաղթի ու կոտորածների համար» Ռազմական տրիբունալը մահապատժի է դատապարտում գլխավոր գաղափարախոսներին:

Թուրքիայի բոլշևիկացման խոստումները, Խորհրդային Ռուսաստանի արևելյան քաղաքականությունը և «իմպերիալիստական Հայաստանի» բոլշևիկայն  հայացակարգը
Եվ ահա այդ իրավիճակում կտրուկ փոխվում են թուրքերի և Ռուսաստանի բոլշևիկների փոխահարաբերությունները: Երիտթուրքերի՝ գնդակահարության դատապարտված առաջնորդները, հենց նրանք, ովքեր նոր խորհրդայնացած Ռուսաստանին պարտադրել էին Ռուսաստանի համար խայտառակ Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, գրավել Բաքուն, հայտնվում են Մոսկվայում՝ բանակցելու  կազմալուծված, քայքայված Թուրքիայի՝ Անտանտի զորամիավորումներից ազատ տարածքում երիտթուրքերի ժառանգորդ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ ձևավորված զուգահեռ իշխանությանը բոլշևիկյան Ռուսաստանի օգնությունը կազմակերպելու, որի դիմաց Քեմալը խոստանում է բոլշևիկացնել Թուրքիան և միանալ «բոլոր ճնշվածներին օգնելու» բալշևիկյան գաղափարախոսությանը: Դժվար է պատկերացնել, Մոսկվայում իսկապե՞ս հավատում էին այն առասպելին, թե սոցիալիստական Ռուսաստանի օգնության դեպքում Մուստաֆա Քեմալը պատրաստ է Թուրքիան դարձնել սոցիալիստական: Այնուամենայնիվ փաստն այն է, որ Թուրքիայում հայկական (նաև ասորական, հունական, եզդիական) կոտորածների կազմակերպիչներին Մոսկվան ընդունում է գրկաբաց և սկսվում է սոցիալիզմը Թուրքիա հասցնելու մի չտեսնված բոլշևիկյան ոգևորություն: Թուրքերը մի «բայց» էին տեսնում՝ հայերը: Բոլշևիկյան Մոսկվան փաստացի պատրաստակամություն է հայտնում այդ «բայցը» վերացնելու և ակնհայտորեն հենց այդ նպատակով Կովկասյան երկրամասի բոլշևիկյան կուսակցության բյուրոյի և կուսակցության Բաքվի կոմիտեի անդամ հայազգի Ա.Միկոյանը 1919թ. դեկտեմբերին Լենինի համար նախապատրաստում է մի զեկույց այն մասին, թե ստեղծված պայմաններում ինչպիսին պետք է լինի Արևմտյան Հայաստանի և ցեղասպանությունից փրկված թուրքահայերի ճակատագրի վերաբերյալ Խորհրդային Ռուսաստանի դիրքորոշումը: Այն, անշուշտ, պիտի բավարեր Մուստաֆա Քեմալի սպասելիքները: Հիրավի, ըստ այդ նախագծի, Ա.Միկոյանն առաջարկում է հաշվի առնել այն փաստը, որ կոտորածների հետևանքով Թուրքահայատանում բառի ուղղակի իմաստով հայ չի մնացել, թուրքահայ փախստականներից  Այսրկովկասում առկա է մոտ 300.000 մարդ, իսկ բուն Թուրքահայաստանում ապրում են համարյա միայն մահմեդականներ: Միայն իմպերիալիստների կամակատար հայ շովինիստներն են դեռևս կրում «Մեծ Հայքը» վերստեղծելու պատրանքային գաղափարը, որի նպատակը Թուրքիան կողոպտելն ու իմպերիալիստներին զոհաբերելն է, և որը նույնիսկ վերականգնվելու դեպքում դժբախտություն կբերի Թուրքահայաստանի ներկայիս մահմեդական  բնակչությանը: Եթե բոլշևիկների կուսակցությունը նույնիսկ պաշտպանի հայ շովինիստների այս ագրեսիվ ծրագրերը, նա իր դեմ կտրամադրի արևելքի մահմեդական բազմամիլիոն հատվածը, որն առանց այն էլ հուզված է երկու տարի առաջ բոլշևիկների ընդունած «Թուրքահայաստանի մասին» դեկրետից: Բոլշևիկներն այժմ պետք է ընդունեն, որ հայկական ազատագրական շարժումը վերափոխվել է իմպերիալիստական-նվաճողականի,  որ «Թուրքահայաստանի» և առհասարակ «Միացյալ անկախ Հայաստանի» գաղափարը վտանգավոր, ռեակցիոն և հանցագործ գաղափար է, որի դեմ բոլշևիկյան կուսակցությունը պետք է պայքարի, որ հայկական հարցն առհասարակ արդեն վերացել է, քանի որ այդ տարածքներում վերացել է… հայ ժողովուրդը, իսկ հայ փախստականներին ապագայում, երբ հայերը կնվաճեն թուրքերի վստահությունը, կարելի է վերադարձնել իրենց հայրենիք և կլուծեն թուրք բոլշևիկների մեջ (РГАСПИ, Ф.5, Оп.1, Д.1202, Лл.8-9об, Подлинник. Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян. Ответственность Турции и обязательства мирового сообщества, том 2, часть 1, сс. 37-38, http://www.genocide.ru/lib/barseghov/responsibility/v2-1/0648-0685.htm#670; ՀԱԱ, Ֆ-Պ. 1022, g.5, գ. 306, թ. 18-24:): Ավելի ուշ կտեսնենք, թե որքան վճռորոշ դեր է խաղացել

«Միացյալ անկախ Հայաստանի» «վնասակար գաղափարի», «շովինիստ հայ իմպերիալիստների», «իմպերիալիստների կամակատար հայ շովինիստների» մասին

Միկոյանի այս ձևակերպումները ԽՍՀՄ քաղաքական բռնությունների հայաստանյան իրողություններում: Իսկ առայժ նշենք, որ հայերի կոտորածներն իրականացնողների համար ավելի լավ գաղափարական և գործնական լուծում հնարավոր չէր գտնել: Սակայն Մուստաֆա Քեմալի պահանջը միայն թուրքահայերին չէր վերբերում: Քեմալը խոստանում է, որ ոչ միայն Թուրքիան, այլև նորաստեղծ Ադրբեջանի մուսավաթական հանրապետությունը շուտով կխորհրդայնան, բայց նրան հստակ խոստումներ էին պետք, որ «կովկասահայության ապագան» չպիտի խանգարի կովկասյան և օսմանյան թուրքերի միավորմանը: Խոսքը գնում էր մասնավորապես Նախիջևանի, Զանգեզուրի և Ղարաբաղի, մասին: Նախիջևանն ու Զանգեզուրը մասնավոր կարևորություն ունեին, քանի որ դա էր Թուրքիան Ադրբեջանին կապող ճանապարհը և ընդհանուր սահմանը:

Ա.Միկոյանը Մոսկվայի համար սկսում է նախապատրաստել «Խորհրդային Ադրբեջանի» սահմանների՝ Մուստաֆա Քեմալի քիմքին հարմար տարբերակի հիմքերը, իսկ այդ ընթացքում մուսավաթական Ադրբեջանում շարունակվում էին հայերի կոտորածները: Առհասարակ 1920թ. Ադրբեջանի հայերի համար սկսվում է չափազանց ծանր իրավիճակ: Բոլոր կողմերից տեղեկություններ են ստացվում տեղական վարչակազմերի անհավատալի բռնությունների, միլիցիայի ծաղր ու ծանակի, բանդիտների հարձակումների, կողոպուտների ու կոտորածների մասին, իսկ «բողոքել չի կարելի», քանի որ բողոքողներին մահացու վտանգ է սպառնում: Կենդանի մնացած հայ բնակչությունը խուճապահար փորձում է փախուստի ելքեր որոնել, բայց բոլոր ճանապարհները նրանց առաջ փակ էին(ՀՀ ԱԱ, Ֆ. 223, Ց. 1, Գ. 103, Թ. 12 հետ.: Թ. 110; «Հայերի կոտորածները Բաքվի և Ալեքսանդրապոլի նահանգներում,  1918–1920 թթ.», էջ 440; 444):  Եվ մինչ «կարմրող թուրքերն» ու «կարմիր կոմունիստները» բանակցում էին Թուրքիա սոցիալիզմ ներմուծելու դիմաց թուրքական պահանջների շուրջ, մարտ ամսին Ղարաբաղում տեղի է ունենում Շուշիի հայերի սարսափելի կոտորածը: Ապրիլի 14-ին Վրաստանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը Անդրկովկասի կոնֆերանսի հայկական պատգամավորներին տեղեկացնում է, որ Ելիզավետպոլի հայկական Կարաչինար, Պարիս, Մանասբեկ, Վերին և ներքին Աղջաղալա, Էրքեջ, Աբլախ, Կարադաղլու, Սուլուկ, մասամբ՝ Չայքենդ գյուղերի ամբողջ բնակչությունը ոչնչացված է, կրկին կոտորածներ են եղել Նուխու և Արեշի հայկական գյուղերում, իսկ Ղարաբաղում թուրքական բանակի արևելյան ճակատի հրամանատար Խալիլ Փաշայի և գեներալ Սելիմովի գլխավորությամբ ամբողջովին կոտորել են Շուշիի ու հարակից գյուղական բնակավայրերի հայ բնակչությունն ու շարժվում են դեպի Զանգեզուր՝ «իրենց ճանապարհին ամեն ինչ այրելով»( ՀՀ ԱԱ, Ֆ. 200, Ց. 1, Գ.563, Թ. 69հետ., հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян…, հատոր  2, մաս 1, էջ 48-49):

Ադրբեջանահայության սարսափները հասել էին բոլոր անտրամաբանական սահմաններին, երբ վերջապես Լենինն ու Մուստաֆա Քեմալը ըստ երևույթին համաձայնության են գալիս «զիջումների» շուրջ: 1920թ. ապրիլի 26-ին, Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի բացման երրորդ օրը, Մուստաֆա Քեմալը նոր ձևավորված կառավարության անունից նամակով դիմում է Խորհրդային կառավարությանը՝ դիվանագիտական հարաբերություններ սկսելու և Թուրքիային օգնելու խնդրանքով: Այդ նամակում ասված է. «Առաջին. մենք պարտավորվում ենք իմպերիալիստական կառավարությունների դեմ պայքարելու և բոլոր ճնշվածներին ազատագրելու նպատակով մեր ողջ աշխատանքն ու մեր բոլոր ռազմական գործողությունները միավորել ռուսական բոլշևիկների հետ: Երկրորդ. եթե սովետական ուժերը ռազմական գործողություններ են ենթադրում Վրաստանի դեմ, կամ դիվանագիտական ճանապարհով, իր ազդեցության միջոցով կստիպեն Վրաստանին մտնել միության մեջ և նախաձեռնել Կովկասից անգլիացիների վտարումը,  Թուրքական կառավարությունը հանձն է առնում ռազմական գործողություններ սկսել իմպերիալիստական Հայաստանի դեմ և պարտավորվում է Ադրբեջանին ստիպել մտնելու սովետական պետությունների խմբի մեջ»: Այնուհետև նամակում հայտնի խնդրանքն է Լենինին՝ օգնելու Թուրքիային ոսկով, զենքով, պարենով(АВПР, Ф.04, Оп.39, П.262, Д.52987, Л.1, Копия; Ф.132, Оп.4, П.104, Д.40, Л.13, Копия. Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян… հատոր  2, մաս 1, էջ 50-51): Ուշագրավ է, որ Թուրքիայում գտնվող Ռուսաստանի դեսպանատան կայքում հպարտորեն հղում է արված Մուստաֆա Քեմալի այս նամակին, բայց զսպվածորեն հիշատակված են միայն առաջին տողերը՝  «Մենք պարտավորվում ենք իմպերիալիստական կառավարությունների դեմ պայքարելու և բոլոր ճնշվածներին ազատագրելու նպատակով մեր ողջ աշխատանքն ու մեր բոլոր ռազմական գործողությունները միավորել ռուսական բոլշևիկների հետ» (http://www.turkey.mid.ru/20-30gg.html): Բնականաբար, Վրաստանի ու Հայաստանի դեմ ռազմական գործողությունների ծրագրավորվող հատվածը ցուցադրելը շրջահայեցորեն  շրջանցված է:

Նույն օրը, ապրիլի 26-ին բոլշևիկների ԿԿ-ում ելույթ են ունենում Կոնստանդինապոլսից ժամանած թուրք կոմունիստերը՝ բացատրելով Հայաստանի նկատմամբ թուրքական պետության քաղաքականության սկզբունքները: Այդ բացատրության հռետորաբանությունն ամբողջովին քաղված է Ա.Միկոյանի տեսլականից. ««Մեծ Հայքի» մասին երազող հայ ազգությունը Եվրոպայում ընթացքող Խաղաղության կոնֆերանսին ուղարկել է պատվիրակություն՝ պահանջելով թուրքական վեց վիլայեթները (Էրզրում, Վան, Տրապիզոն, Դիարբեքիր, Խարբերդ և Սվազի մի մասը) և նախկին Ռուսաստանի չորս մարզերը (Երեվան, Կարս, Նախիջևան, Բաթում ու Արդահան): Չնայած այժմ թուրքական վիլայեթներում հայերը կազմում են բնակչության 10-15%, Խաղաղության կոնֆերանսը որոշել է ընդառաջել նրանց…, մտադրված լինելով Հայաստանն օգտագործել Խորհրդային Ռուսաստանից տարածվող բոլշևիզմի և Թուրքիայում ծնվող բոլշևիզմի դեմ... Հայաստնին դաժան պարտություն է սպասվում, քանի որ այն երեք կողմից շրջապատված է Խորհրդային Ռուսաստանով, Ադրբեջանով և ըմբոստացած ու ոտքից գլուխ զինված Անատոլիայով… » (РГАСПИ, Ф.2, О.2, Д. 280, Лл.280-281об, Подлинник, հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян... հատոր 2, մաս 1, էջ 51.-52):

ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ
Ազգագրագետ

4.11.14

Քեմալը ռուսների օգնությամբ ավարտին էր հասցնում հայերի կոտորածները


Քաղաքական բռնությունները Հայաստանում եւ դրանց առանձնահատկությունը պայմանավորող հիմնական գործընթացները

Մաս 3. Ռուս-թուրքական «Բարեկամության նախնական համաձայնագիրը» և Արևելքի ժողովուրդների առաջին համագումարը

Օգոստոսի 24-ին Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը Թուրքիայի ոչ օրինական՝ Մուստաֆա Քեմալի կառավարության հետ ստորագրում է «Բարեկամության նախնական համաձայնագիր», որով Քեմալին խոստացվում է ահռելի ռազմական օգնություն «Անտանտի ինտերվենցիայի դեմ պայքարելու համար»,  որն իրականում, ինչպես հայտնի է, թուրքերի կողմից օգտագործվում է նախ և առաջ Հայաստանի և Կովկասի հայության դեմ: Համաձայնագրի մյուս կարևոր կետը՝ Խորհրդային Ռուսաստանի կողմից թուրքական որևէ իշխանության հետ մինչ այդ կնքված միջազգային պայմանագրերը չճանաչելու որոշումն էր, եթե այն չի ճանաչվել Թուրքական Ազգային Մեծ ժողովի կողմից (բնականաբար, խոսքը գնում էր Սևրի պայմանագրի մասին), ինչպես նաև՝ երկու երկրների միջև երկաթուղային հաղորդակցության ապահովումը (АВПР, Ф.04, Оп.39, П. 322, Д.52997, Л.35-36, հրատարակված է Ю.Барсегов, հատոր 2, մաս 1, էջ151-152): Ոչ մեկը խաբված չէր: Իրականում դա պայմանագիր էր Հայաստանի դեմ, իսկ խորհրդային զինամթերքի օգտագործումը ծրագրավորված էր պատառ-պատառ լինող Հայաստանի դեմ:
Այսուհետև Թուրքիայի կառավարության դիմումները Խորհրդային կառավարությանը սկսվում են սույն պայմանագրին հավատարմության հավաստիություններով և Հայաստանի կողմից Սևրի պայմանգրի իրականացման ձգտումների հիշատակումով՝ անվանելով այն գերիմպերիալիստական ձգտում: Ռուսաստանի խորհրդային կառավարությունը, վաղուց հասկացած լինելով քեմալական թուրքական իշխանությունների գերազգայնական նպատակները (АВПР, Ф.132, Оп.4, П. 104, Д.40, Мл.14-16, Подлинник; հրատարակված է Ю.Барсегов, հատոր 2, մաս 1, էջ 147-148), շարունակում էր թույլ տալ Թուրքական ռազմական ագրեսիան խորհրդային զենքով, փողով ու սննդամթերքով և երկերերսանիորեն պահպանում էր «բոլոր ճնշվածների պաշտանության» հռետորաբանությունը:
«Բարեկամության նախնական համաձայնագիրը» կնքելուց մեկ շաբաթ հետո, սեպտեմբերի 1-7-ը Բաքվում տեղի է ունենում Արևելքի ժողովուրդների առաջին համագումարը: Այդ «դարակազմիկ» համագումարին բոլշևիկներ Զինովևն ու Ռադեկը Մոսկվայից ժամանել էին իրենց սրտակից բարեկամ, հայ ժողովրդի դահիճներից մեկի, 1918թ. Բաքվի ջարդերի կազմակերպիչ Էնվերի հետ միասին նույն գնացքով: Կոնֆերանսին մասնակցում էին նաև Թուրքիայում հայերի ջարդերի կազմակերպման համար մահապատժի դատապարտված և Խորհրդային Ռուսաստանի կողմից գրկաբաց ընդունված Էնվեր, Բեհաէտդին Շաքիր և Խալիլ փաշաները (Հայոց Ցեղասպանությանը սրանց գործնական մասնակցության մանրամասները Ցեղասպանության հետազոտությանն առնչվող բազմաթիվ հրապարակումներից զատ տես նաև առաջին աշխարհամարտի ընթացքում թուրքական բանակի սպա, Վանի ինքնապաշտպանների դեմ ռազմական գործողությունները գլխավորած Ռաֆայել դե Նոգալեսի վերջերս ռուսերեն հրատարակված գրքում,- Рафаель де Ногалес, Четыре года под полумесяцем, М., 2006): Ռուսաստանի կոմունիստներն իրենց հերթին հավանաբար ավելի հաջող ընտրություն չէին կարող անել, քան անսկզբունքային և անբարոյական Ռադեկին (Балабанова А. И. Моя жизнь –борьба. Мемуары русской социалистки 1897-1938, М., 2007, Էջ 258-259): «Արևելքը հայերի հաշվին բոլշևիկացնելու» ծրագրի առնվազն համահեղինակ հայ բոլշևիկ Ա.Միկոյանը նույնպես մասնակցել է այս կարևոր համագումարին, բայց նրա հիշողությունների գրավոր տեքստում հիշատակվում է միայն ԱՄՆ կոմկուսի անդամ Ջոն Ռիդի ելույթը ամերիկյան իմպերիալիզմի գիշատիչ էության մասին (А.Микоян, Так было, гл. 8): Հավանաբար ավելորդ է ասել, որ Միկոյանի «անաչառ հիշողությունների» սույն տեքստում բացակայում է նաև ողջ մայիս-օգոստոս ամիսների իր եռուն գործունեության հիշողության հատվածը:

Իսկ ահա Արևեքի ժողովուրդների կոնֆերանսի ավարտից ուղիղ տաս օր հետո, սեպտեմբերի 17-ին, Արևելքի ժողովուրդների քարոզչության ու գործողությունների խորհրդի նախագահությունը Բաքվում որոշում է ընդունում, որ Արևելքի ժողովուրդների հեղափոխականության, Ադրբեջանում զարգացում ապրող թրքասիրության ու գաղութարարության ծրագրերի, ինչպես նաև Թուրքիայում սոցիալիզմի գաղափարախոսության հոգևարքի դեմ միակ փրկությունը… թուրքական ազգայնական ուժերի հարձակումն է Հայաստանի վրա՝ Հայաստանի ժողովրդին շահագործող դաշնակցականներին տապալելու և  հեղափոխական Թուրքիայի հետ միավորվելու նպատակով: Հայաստանի դեմ պատերազմը կնպաստի նաև Ադրբեջանում բոլշևիկների դիրքերի ամրապնդմանը… «Արևմտյան Եվրոպայում հասարակական զայրույթը կանխելու համար Հայաստանի վրա հարձակումը դիվանագիտական տեսակետից պետք է արվի հետևյալ կերպ. Թուրքական զորքերը կսկսեն հարձակումը Հայաստանի վրա, իսկ մենք մեր տպագրությամբ և Եվրոպայում մեր ունեցած տեղեկատվական օրգանների միջոցով սարսափելի աղմուկ կբարձրացնենք հայ-թուրքական նոր կոտորածների և այն մեկ անգամ ընդմիշտ դադարեցնելու անհրաժեշտության շուրջ, իսկ այդ կոտորածները դադարեցնելու համար մեր զորքերը կմտնեն Հայաստան նրա զորքերից մերկացված արևելյան սահամաններով, և ազգային պատերազմները կհայտարարվեն պարտված, իսկ դրանց փոխարեն կհաստատվի Սովետական իշխանություն: Ապա մենք Հայաստանից դուրս կմղենք թուրքական զորքերը (ինչին թուրքերն անառարկելիորեն կենթարկվեն) և հայերի ու թուրքերի միջև հետեգա բախումները կանխելու համար մեր զորքերով կգրավենք հայ-թուրքական սահմանը: Այսպիսով մենք արևմտաեվրոպական պրոլետարիատի աչքին կներկայանանք խաղաղարարների խիստ առաքինի դերով, ովքեր Հայաստան են մտել միայն կոտորածներին վերջ տալու և հայ ժողովրդի մնացորդները վերջնական ոչնչացումից փրկելու համար» (АНИ РА, Ф. И3, Оп.3, Д.7, Лл.1-2 и об., Копия, Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян. հատոր 2, մաս 1, էջ 170-172; Саркисян Е. К. За кулисами (Как рождался Московский договор 1921 г.). –«Литературная Армения», 1991в, № 1, с.71-82): Անհավատալի է, բայց այս անամոթ, խայտառակ որոշումն իսկապես եղել է: Նախագահել են Կոմինտերնի գործադիր մարմնի ղեկավար Գ. Զինովևը և Արրբեջանի հեղկոմի նախագահ Ն.Նարիմանովը:
Ավելին, այն ուղարկվել է Երրորդ Ինտերնացիոնալի Գործկոմի նախագահություն և Ռւոսաստանի Կոմկուսի Կենտրոնական կոմիտե, պատճեն՝ Խորհրդաին Ռուսաստանի Արտաքին գործերի ժողկոմ:

Բոլշևիկ ասկյարների հետ համագործակցության մասին հայ բոլշևիկների կոչը և «թուրք բոլշևիկների» հակահայկական գործողությունները

Հայ բոլշևիկներն, իհարկե, մասնակցել էին Արևելքի ժողովուրդների կոնֆերանսին, անտեղյակ չէին այս քննարկումներին: Եվ սրան հաջորդել է հայ բոլշևիկների ավելի խայտառակ որոշումը: Սեպտեմբերի 20-ին, Բաքվում նստած հայ կոմունիստների կենտրոնական կոմիտեն «Հույժ գաղտնի» մակագրությամբ հրահանգ է ուղարկում իր բջիջներին, հանձնարարելով բոլոր միջոցներով քայքայել գործող հայկական բանակը, նպաստել դասալքությանը և ամեն կերպ խանգարել բանակի մոբիլիզացիային, ճակատներում զինվորներին համոզել չկրակել հարձակվող թուրք զինվորների դեմ, լքել ռազմական դիրքերը և տուն վերադառնալ, չենթարկվել հայ սպաների հրամաններին և անհրաժեշտության դեպքում նրանց ոչնչացնել, և սրա հետ միասին ներշնչել հանրապետական Հայաստանի զինվորներին, որ հաղթական թուրք ասկյարը հեղափոխական ասկյարն է, ով ոչ միայն հաղթվող երկրի նկատմամբ որևէ բռնություն թույլ չի տա, չի վնասի խաղաղ բնակչությանը, այլև կօգնի աշխատավոր հայ ժողովրդին ազատվել իմպերիալիզմին ծառայող դաշնակներից: Փաստաթուղթն ստորագրել են Սարգիս Կասյանը, Ասքանազ Մռավյանը, Ավիս Նուրիջանյանը, Շավարշ Ամիրխանյանը, Իսահակ Դովլաթյանը և Աշոտ Հովհաննիսյանը:

Չգիտեի՞ն այս փաստաթուղթը ստորագրողները, թե ինչ է սպասվում: Անշուշտ գիտեին: Այդ փաստաթուղթը ստորագրած Մռավյանը մեկ ամիս անց, հոկտեմբերի 19-ին «մեծ եղայրներին»՝ ռուս կոմունիստների ԿԿ-ին գրություն է ուղարկում իր տագնապների մասին. «Թուրքական ազգային բանակի գրոհը Հայաստան վեր կածվի Հայաստանի հանրապետության … կեսի գրավման… Կկրկնվեն 18 թ. բոլոր սարսափները, երբ Հայաստանի լավագույն մասը մինչև վերջին կաթիլը կողոպտված ու սնանկացած էր, իսկ բնակչությունից տասնյակ, հարյուր-հազարավոր մարդիկ զոհվեցին դաժան կոտորածներից, սովից և համաճարակներից» (Саркисян Е. К. За кулисами (Как рождался Московский договор 1921 г.). – "Литературная Армения", 1991, № 1, էջ 74):  Գիտեին, բայց… բոլշևիկ էին:
Սեպտեմբերի 27-ին Գ. Չիչերինը տեղեկացնում է Հայաստանում Ռուսաստանի ներկայացուցիչ Լեգրանին, որ Թուրք «ապստամբները» գրավել են իրենց այդքան խանգարող Շախտախը, վերհասկում են Շախտախտ-Ջուլֆա երկաթգիծը, որ «մեր գործը չի այն հայերի համար նվաճել», և որ Հայաստանի հետ օգոստոսի 10-ի համաձայնագիրը մեզ չի պարտադրում թուրքերի դեմ պատերազմել (РГАСПИ, Ф.64, Оп.1, Д.21,  Л.172, Подлинник;  Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս  1, էջ 176-177) (մինչդեռ օգոստոսի 10-ի համաձայնագրով այն հայտարարվել էր չեզոք գոտի և գտնվում էր ռուսական զորքերի վերահսկողության տակ): Իսկ սեպտեմբերի 29-ին բոլշևիկյան ԿԿ Քաղբյուրոյի նիստում որոշում է ընդունվում շարունակել փողով ու զենքով օգնել քեմալիստներին, և համալրել 11-րդ կարմիր բանակը (РГАСПИ, Ф.17, Оп.2, Д.36,  Л.15, 37, 39, Подлинник;  Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 177), այն նույն բանակը, որը Զանգեզուրում ոչնչացնում էր հայկական գյուղերի բնակչությունը: Լրացուցիչ օգնություն ստացած թուրքերը գրոհ են սկսում նաև Կարսի և Սարիղամիշի ուղղությամբ ու շարժվում դեպի Բաթում: Բոլշևիկյան առաջնորդների մոտ անհասկանալի խուճապ է առաջանում,  հանկարծ «պարզվում է», որ թուրքերի առաջընթացը ոգևորել է Կովկասի լեռնականների և արևելքի մուսուլմանների հակահեղափոխական տրամադրությունները, իսկ իրենք ամնեևին չեն տիրապետում թուրքական մտադրությունների հեռանկարներին (АВПР, Ф.04, Оп.39, П. 232, Д.52987, Л.40, Копия; Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս  1, էջ 179-180), չեն ուզում միջամտել ռազմական գործողություններին  և, իհարկե, վախենում են նաև առնվազն քեմալականներին պատժելու Անտանտի միջամտության հնարավորությունից:
Մինչ բոլշևիկները զենքով ու ոսկով օգնում էին Քեմալին հաղթահարելու «արևելյան իմպերիալիզմը», իսկ իրականում Արևելյան Հայաստանում օսմանյան և կովկասյան թուրքերի հետ միասին ռազմական ուժով վերացնում էին կովկասյան և օսմանյան թուրքերին միմյանցից բաժանող անկախ Հայաստանը, Քեմալը, «հետաձգելով արևելքի խորհրդայնացումը», ռուսական զենքով շարունակում էր ավարտին հասցնել հայերի կոտորածները (Հաճըն ,- 15 հոկտեմբերի, Կարս-  30 հոկտեմբերի), և, իհարկե, կոտորում ու թալանում խաղաղ բնակչությանը: Ինքնապաշտպանվող Հաճընի հայերի պարտությունից հետո «թուրք բոլշևիկների¦ կողմից ջարդը այնքան սոսկալի էր, որ մարդիկ զանգվածաբար ինքնասպան էին լինում կամ տղամարդիկ սպանում էին իրենց ընտանիքի անդամներին՝ թուրք զինվորի ձեռքը չընկնելու համար. «Արամ Պաղպուտարեան ականատեսի վկայություն. Օղովլուգեան տան մոտ երկու տասներկու տարեկան պատանի… զենքերը մեկը մյուսի կրծքին դրեցին՝ մեկ, երկու երեք հաշվեցին և զենքի բլթակը ձգեցին՝ միասին նահատակվելով մեր աչքի առաջ…»:
Եղիսաբեթ Պալապանյանը գրում է. «դեղագործ Հովսեփի եղբայրը իր ամբողջ ընտանիքը և Միհրան Գայանյանին նույնպես մի շարքով կանգնեցրել էր սպանելու համար… Հովսեփը եկավ տեսավ, որ չեն մեռել, թույնը հանեց և բերանները լցրեց…»: Ակուլինե Խանճյան-Թաթուլյանը հիշում էր. «Կաթնասուն երեխաներ խանձարուրներիի մեջ փաթաթված գետին էին նետված, նրանց վրայով կոխկտելով անցանք: Տղամարդիկ իրենց ընտանիքը շարած՝ մի կապարով էին գնդակահարում թշնամու ձեռքը չընկնելու համար» (Գրաճեան Գրիգոր, Վերադարձ դէպի անցեալ, Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչություն, Բեյրութ, 2013, էջ 103): Սրան չէր զիջում չդիմադրած Կարսի հայ բնակչության սարսափելի կոտորածը: Սա էր ռուս բոլշևիկների սրտակից բարեկամ Քեմալի նպատակը: Բնականաբար, չեն խնայում նաև հայ կոմունիստներին, ովքեր միամտաբար իրենց կոմունիստական կուսակցության վկայականներն էին ներկայացնում: Բաքվի «Կոմունիստ» թերթը գրում է, որ «Կարսի հայկական զորքերը ընդհուպ մինչև թուրքական բանակի մուտքը քաղաք համոզված էին, քաղաքի վրա գրոհողները թուրք բոլշևիկներն են, և այդ պատճառով չէին դիմադրում: Նույն կարծիքին էր նաև Կարսի աշխատավորությունը: Բացարձակապես համոզված էին, որ կարմիր դրոշներով հարձակվողները հեղափոխական Թուրքիայի բանակն է: Բայց քաղաքը գրաված զորքերը չխնայեցին ոչ կանանց, ոչ երեխաներին, ոչ ծերերին: Հինգ օր շարունակ արյունառուշտ զինվորներն ու քրդերը խաղաղ բնակչությանը նկատմամն կիրառեցին մարդկային երևակայությունից վեր գազանություններ: Կողոպտում էին բոլորին անխտիր: Չխնայեցին նույնիսկ կոմունիստներին, ովքեր ներկայացնում էին իրենց կուսակցական պատկանելության վկայականները» (С.Врацян, Армения между большевистским молотом и турецкой наковальней. Ереван, 1992,  էջ 87-88):

Զանգեզուրից Նժդեհի զորամիավորումներից քշված կարմիրները նոյեմբերին նոր արշավանք են սկսում՝ օսմանյան թուրքերից կազմված մի գնդի հետ միասին: Մի շարք գյուղերի հետ միասին մեծ զոհեր տալով նվաճվեց նաև Արծվանիկը. «Գյուղում մնացածները, այդ թվում կանայք ու երեխաները, զոհ են դառնում կարմիրբանակայինների կույր վրեժխնդրությանը: Նրանք Արծվանիկում թալանում են բոլոր տները, բռնաբարում երեսուն կին» (Ա.Սիմոնյան, Զանգեզուրի գոյամարտը, Երեւան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 2000, էջ 298): Զեյվա գյուղում երկու օր դիմադրելուց  հետո  թնդանոթների հարվածերին չդիմանալով՝ հայկական զորքը թողեց գյուղը: «Մարդիկ կոտորվեցին: Չգիտեմ՝ ով, Զեյվայում որոշեց, որ պիտի գնան, դիմավորեն բոլշևիներին: Վեց տղամարդ ու մի կին՝ Շողերը, աղ ու հացն առած գնացին դիմավորելու գյուղի վրա եկող բոլշևիկներին: Աղ ու հացն արուն դառան, կրակեցին մերոնց վրա, Շողերն ու մի տղամարդ փրկվեցին, մյուսները կոտորվեցին խնձորի խառերի տակ: Թուրքերը վառեցին Զեյվան ու թալանեցին¦( Գ.Սմբատյան, Երկաթե վարագույրից այս կողմ, էջ 172):

Հայ բոլշևիկների՝ թուրքերին չդիմադրելու «հույժ գաղտնի» կոչին հակառակ «թուրք բոլշևիկները», ի դեմս քեմալական Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնակատար Ահմեդ Մուխթար փաշայի, 1920 թ. նոյեմբերի 8-ին Արևելյան ռազմաճակատի հրամանատար Ք. Կարաբեքիրին նույնպես գաղտնի նամակ է ուղարկում, հրահանգելով «Ոչնչացնել հայերի բանակը, բռնախլել զենքը և բաժանել մուսուլմաններին, հայերին զրկել նոր բանակ ստեղծելու իրավունքից, տիրել երկաթուղիներին և անմիջական ուղղակի կապ հաստատել ադրբեջանական թուրքերի հետ»( ՀՀ ԱԱ, ֆ. 113, ց. 3, գ. 31, թ. 6, Հայաստանի
Հանրապետություն, 16.03.1991):

Հազիվ թե ռուս բոլշևիկների համար մեծ անակնկալ էր, որ իրենց տված զենքով «թուրք բոլշևիկները» կոտորում էին խաղաղ հայ բնակչությանը: Դրան նրանք մեծ հաշվով առանձնապես դեմ չէին: Բայց հեռանկարում «արևելյան սոցիալիզմի» հոտը չէր գալիս, Կովկասում տեղավորված և վերաակտիվացած թուրքերը դառնում էին վտանգավոր, նրանց նույնիսկ պարզ առկայությունը բորբոքում էր Կովկասի մահմեդականների «նացիոնալիզմը», ինչը տվյալ դեպքում Ռուսաստանից ազատվելու ցանկությունն էր: Ռուսական զենքով ինքնուրույն գործելու հնարավորություն ստացած թուրքերն այլևս չէին խորհրդակցում «իրենց բարեկամ» ռուս բոլշևիկների հետ, չէին տեղեկացնում իրենց ռազմական ծրագրերի մասին և նույնիսկ չէին արձագանքում Ռուսաստանի Արտաքին գործերի ժողկոմի հարցերին: Ստեղծված իրավիճակում ռուս բոլշևիկները որոշում են իրենց բարեկամ թուրքերի դեմ «որպես գործընկերներ» օգտագործել Հայաստանին ու Վրաստանին (РГАСПИ, Ф.64, Оп.1, Д.21,  Л.199-200, Копия; Հրատարակված է Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 210): Որոշում է կայացվում չշտապել Հայաստանը խորհրդայնացնելու, քանի որ թուրքերի գրոհները Խորհրդային Հայաստանի դեմ պարտավորություններ կդնի Խորհրդային Ռուսաստանի վրա՝ թուրքերի դեմ (АВПР, Ф.04, Оп.39, П. 232, Д.54987, Ж.42-44,  Копия: Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 213): Լուծումը պետք է լիներ այնպիսին, որ դաշնակցական Հայաստանն օգներ Ռուսաստանին զսպելու թուրքերի ախորժակը, բայց՝ միայն հայկական պատասխանատվությամբ, ռուսները պարտավորված չպիտի զգային հայերի նկատմամբ և րպիտի գործեին թուրքերի դեմ:

Մինչ բոլշևիկները փորձում էին լուծում գտնել «շշից դուրս եկած ջինին» զսպելու իրենց անելիքների շուրջ, քեմալական զորքերը խորանում էին Կովկասում: Ստալինը Լենինին խորհուրդ է տալիս թուրքերի հետ հարաբերությունները չվատացնել դաշնակցականների (ինչ տվյալ դեպքում նշանակում էր՝ հայերի) պատճառով (РГАСПИ, Ф.558, Оп.1, Д.5211,  Завренная копия;  Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 236):
Ռուսների համար խնդիրը, սակայն, դաշնակցականները կամ հայերը չէին: Խնդիրը Ադրբեջանն էր, կովկասյան և քեմալական թուրքերի խիստ առարկայացած միավորումն էր, Բաքվի նավթի կորուստն էր: Առհասարակ ողջ այդ քննարկումների մեջ սարսափելի ցինիզմ կա: Տպավորությունն այնպիսին է, որ բոլշևիկները ոչ մի պատասխանատվություն չեն զգում և չեն կրում Լենին-Մուստաֆա Քեմալ համաձանության հետևանքների վերաբերյալ: Վերջ ի վերջո, Ստալինը Լենինին խորհուրդ է տալիս Հայաստանը խորհրդայնացնել և սեպ դարձնել Թուրքիայի ու Ադրբեջանի միջև, թույլ չտալով նրանց ընդհանուր սահման ունենալ (РГАСПИ, Ф.558, Оп.1, Д.1999, Л.3, Подлинник;  Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 237):

Հայաստանի խորհրդայնացումը «թուրք բոլշևիկների» կողմից
Մինչ Ռուսաստանի պաշտոնատարներն իրենց մեջ քննարկում էին թուրքերի հանդեպ իրենց հնարավոր վերաբերմունքի հարցը, վերջիններս գրավում են նաև Ալեքսանդրապոլը և շարունակում առաջ շարժվել: Հայ բոլշևիկների քարոզչությամբ հիպնոսացած հայոց բանակը կարծես իսկապես թուրքերին ընդունում էր որպես «հեղափոխական ասկյարի» և միայն խաղաղ բնակչության հերթական կոտորածաներից էր ուշքի գալիս: Նույնիսկ Ալեքսանդրապոլի հայ բոլշևիկները թուրքերի մուտքը ողջունել են որպես ընդամենը դաշնակցականներին տապալելու նպատակ և Հայաստանի բոլշևիկյան հեղափոխության օգնություն, և թուրքերի հետ միասին ձևավորել են հեղկոմներ(РГАСПИ, Ф.64, Оп.1, Д.21, Л.252-254, Копия;  Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 261-264): Դրան զուգահեռ Ադրբեջանի «աշխատավորությունը» քեմալականների մուտքն ընդունում էր որպես ազատարարների: Հենց սա վերջապես ստիպեց ուշքի գալ ռուս բոլշևիկներին. նավթաշատ Բաքուն կորցելու վտանգն առարկայանում էր: Թուրքերին դիմադրելու ընդունակ հայկական բանակ այլևս չկար, իսկ Կարմիր բանակը պայմանագրով դաշնակցում էր թուրքերի հետ:

Նոյեմբերի 23-ի բոլշևիկյան առաջնորդների քննարկումը կրկին օրակարգ է մտցնում Հայաստանը խորհրդայնացնելու և Թուրքիայի ու Ադրբեջանի միջև սեպ դարձնելու ծրագիրը (РГАСПИ, Ф.558, Оп.1, Д.2004, Лl.1-12, 16, Подлинник Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ.250-251; РГАСПИ, Ф.2, Оп.1, Д.16244, Л.1-3об,  Подлинник;  Ю.Барсегов,  էջ 253-255): Մինչ նրանք քննարկում էին այդ հնարավորությունը,  թուրքական զորքը գլխավորող Քյազիմ Կարաբեքիրը վերջապես հարաբերության մեջ է մտնում «մոսկովյան բոլշևիկների» ներկայացուցչի հետ, մերժում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում ռուսների միջամտության առաջարկը  և հայտարարում, որ Թուրքիան ընդամենը կատարել է Քեմալ-Լենին համաձայնագրով իր վերցրած պարտավորությունը՝ հեռացնել դաշնակցականներին և խորհրդայնացնել Հայաստանը, իսկ Հայաստանից գրաված տարածքները Թուրքիային անհրաժեշտ են ինքնապաշտպանության համար, քանի որ Ռուսաստանը իրենց որևէ ռազմական օգնություն չէր ցույց տալիս հայկական հարձակումների դեմ և պատրաստ է Նախիջևանը տալ Հայաստանին՝ Թուրքիային կտրելով Ադրբեջանից: Մինչդեռ Թուրքիան,- գրում են նրանք,- «ընդհանուր հեղափոխական գործին¦ մի ամբողջ կենսունակ մահմեդական երկիր է զոհաբերել Ադրբեջանում: Հիմա Ռուսաստանի հերթն է Վրաստանը խորհրդայնացնելու (РГАСПИ, Ф.85, Оп.С/Турция, Д.3-4,  Подлинник; Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 260-261): Միաժամանակ Մուստաֆա Քեմալը սկսում է խոսել այն մասին, որ Անտանտի կողմից Սևրի պայմանագիրը Թուրքիայի օգտին վերանայելու դեպքում թուրք նացիոնալիստները պատրաստ են մի կողմ նետել բոլշևիկների կողմից պարտադրված և թուրքական քաղաքական ու ազգային ծրագրերը ճնշող ծանր պայմանները(РГАСПИ, Ф.2, Оп.1, Д.16321, Лл.1,8,20,21, Подлинник; Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 264-265): Ռուսներից գաղտնի Անտանտի երկրների հետ համաձայնություն կայացնելու Քեմալի քայլերին վաղուց կասկածող ռուս բոլշևիկները ոչինչ չեն հակադրում թուրքական փաստարկներին, նույնիսկ ռազմական գործողությունները Ռուսաստանի հետ չհամաձայնեցնելը և խաղաղ բնակչության կոտորածները:
Հայաստանը խորհրդային հայտարարած թուրքերից նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնելու համար նրանք ընդամենը որոշում են կարմիր բանակը մտցնել Հայաստան ու համալրել Հայաստանի Հեղկոմի կազմն իրենց թեկնածուներով: Նրանց ամենից ավելի անհանգստացնում էր այն հարցը, որ թուրքերը լիովին անկախ էին տնօրինում Հայաստանի խորհրդայնացման ընթացքը: Հնարավոր է՝ քեմալական թուրքերին մի փոքր զսպելու, «բոլշևիկացած Հայաստանն» իրենց կողմը գրավելու և Հայաստանի  խորհրդայնացման գործին մասնակից դառնալու նպատակով ռուս բոլշևիկները համոզել են Խորհրդային Ադրբեջանի Ժողկոմի նախագահ Ն.Նարիմանովին նոյեմբերի 28-ին հայտարարել, որ այսուհետև Նախիջևանն ու Զանգեզուրը Խորհրդային Հայաստանինն են, իսկ Ղարաբաղին տրվում է ինքորոշման իրավունք (РГАСПИ, Ф.85, Оп.14, Д.37, Лл.1-2,  Телеграфная лента; Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 266): Իհարկե նրանք հիանալի հասկանում էին, որ Ն.Նարիմանովի հայտարարությունը որոշում չէ, սակայն դեպքերի զարգացումների արագությանը համապատասխան դիպվածային արագ արձագանքներ էին պետք:

Նոյեմբերի 29-ին ռուսների կողմից ձևավորած հայկական նոր Հեղկոմը, Կարմիր բանակի հետ միասին Իջևան մտնելով, հայտարարում է, որ աշխատավորական Թուրքիայի օգնությամբ Հայաստանը դառնում է խորհրդային և պատրաստ է համատեղ պայքարել Անտանտի իմպերիալիստների դեմ, և որ Խորհրդային Հայաստանը համակրանքով է վերաբերվում Սևրի պայմանագրի նկատմամբ աշխատավորական Թուրքիայի ատելությանը (Великая Октябрьская социалистическая революция и победа власти в Армении (Сборник документов), Ереван, 1957, էջ 433-434; МИД СССР, Документы внешней политики СССР. М., Госполитиздат, 1959, Т.3, էջ  348-349) : Հայ բոլշևիկների այս հայտարարությունը իր դրսևորումները պետք է գտնեին հետագայում ՀՀ-ում իրականացվող քաղաքական բռնաճնշումների էության վրա:

Ռուսաստանի բոլշևիկների մեջ խուճապը շարունակվում էր: Նրանց համար արդեն հստակ է, որ Թուրքիան չի «բոլշևիկանում», և իրենց ձեռքից էլ դուրս է գալիս արդեն խորհրդայնացած Հայաստանը: Քննարկվում է, թե ինչպե՞ս համոզել թուրքերին Հայաստանից նոր տարածքներ չնվաճել, արդեն գրավված տարածքներից նոր զիջումներ անելով՝ Կարսը թողնել թուրքերին, իսկ Ալեքսանդրապոլը՝ խորհրդայնացող Հայաստանին, խորհրդային բոլշևիկյան զորքերի վերահսկողությամբ (РГАСПИ, Ф.558, Оп.2, Д.28, Л.1,Подлинник; РГАСПИ, Ф.5, Оп.2, Д.314, Л.68; Подлинник Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 295-296), թե՞ Կարսը ամեն գնով պահել, որովհետև դա է միջոցը նավթաշատ Բաքվի պահպանության(АВПР, Ф.04, Оп.51, П.321а, Д.54873а, Копия; Оп.39, П.232, Д. 53001, Л.6, Копия;  Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 274-276):
Եվ, իհարկե, ոչ մի խոսք դաշնակից թուրքերի կողմից խաղաղ հայ բնակչության հանդեպ իրականացվող կոտորածներն ու թալանը դադարեցնելու մասին: Այս ողջ խայտառակություններից հետո նոյեմբերի 30–ին «Պրավդա» թերթում հրապարակվում է Հայաստանի իրավիճակի մասին խորհրդային Ռուսաստանի պաշտոնական գնահատականը՝ Ստալինի միջոցով. «Դաշնակցական Հայաստանը տապալվել է, անկասկած, որպես Անտանտի պրովոկացիաների զոհ, որը նրան (Հայաստանին-Հ.Խ.) տրամադրում էր թուրքերի դեմ, իսկ հետո խայտառակաբար լքել է՝ թողնելով թուրքերի հոշոտմանը: Հազիվ թե կարելի է կասկածել, որ Հայաստանը փրկության ուրիշ ելք ունի, քան Խորհրդային Ռուսաստանի հետ միությունը» ( Сталин И. Положение на Кавказе. Беседа с сотрудником газеты «Правда» //Правда, 269, 30 ноября 1920г.; Сталин И., Т.4, М.: Госполитиздат, 1954, էջ 410; Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 276):
Դեկտեմբերի 2-ին բոլշևիկների կողմից տապալված Հայաստանի դաշնակցական կառավարությունը թուրքերի հետ կնքում է խայտառակ հաշտության պայմանագիր՝ նրանց զիջելով գրաված բոլոր տարածքները, Հայաստանը զրկելով պաշտպանվելու հնարավորությունից և փաստացի բոլոր փախստականներին զրկելով հայրենիք վերադառնալու հնարավորությունից: Դեկտեմբերի 2-ին Օրջոնոկիձեն հաղորդում է Լենինին և Ստալինին, որ Ադրբեջանը ևս մեկ անգամ հայտարարում է Խորհրդային Հայաստանի օգտին Նախիջևանից, Զանգեզուրից և Ղարաբաղից հրաժարվելու մասին (РГАСПИ, Ф.558, Оп.1, Д.3318, Лл.1-2, Подлинник; РГАСПИ, Ф.5, Оп.2, Д.314, Л.68; Подлинник, Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 284): Ավելորդ չի թվում կրկնել, որ այս հայտարարությունները հավանաբար  արվում էին ռուսների ճնշման տակ՝ մի կողմից հայերին համոզելու, որ Հայաստանի միակ հեռանկարը Խորհրդային Ռուսաստանն է, մյուս կողմից ուժեղացած քեմալականներին «հիշեցնելու», որ Կովկասի հարցերով որոշումներն ընդունում է Ռուսաստանը:

Դեկտեմբերի 2-ին Հայաստանի հանրապետության կառավարությունը վայր է դնում իր լիազորությունները և ստորագրվում է համաձայնագիր, որով Հայաստանի Հանրապետության կառավարությունը իշխանությունը հանձնում է Հեղափոխական կոմիտեին (Сборник действующих договоров, соглашений и конвенций, заключенных РСФСР с иностранными государствами, Вып. 3, М., 1992, Номер 79, с. 14-15; Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 289): Քանի որ բոլշևիկների կողմից ստորագրված սույն համաձայնագրի բոլոր կետերն անմիջապես խախտվել են, թերևս ավելորդ չէ վերհիշել դրա ամենակարևոր դրույթները: Եվ այսպես, ըստ այս հիշարժան համաձայնագրի երրորդ կետի՝

-Ռուսաստանի խորհրդային կառավարությունը ընդունում է, որ Սոցիալիստական Խորհրդային Հայաստանի կազմի մեջ անվիճելիորեն մտնում են. Էրիվանի նահանգը, իր բոլոր մարզերով, Կարսի նահանգի այն մասը, որը ռազմական տեսակետից կապահովի Ջաջուռից մինչև Արաքս երկաթգծի տիրապետությունը, Ելիզավետպոլի նահանգի  Զանգեզուրի մարզը օգոստոսի 10-ի համաձայնությամբ որոշված սահմաններով, և Թիֆլիսի նահանգի այն մասերը, որոնք մինչև սեպտեմբերի 28 –ը պատկանում էին Հայաստանին:

- Չորրորդ կետ,-Հայկական բանակի հրամանատարական կազմը որևէ պատասխանատվության չի ենթարկվում մինչև Հայաստանում խորհրդային իշխանության հռչակումն իրականացրած գործողությունների համար:

- Դաշնակցական և սոցիալիստական այլ կուսակցությունների (СР, СД) անդամները որևէ հետապնդման չպիտի ենթարկվեն կուսակցական պատկանելության և մինչև Հայաստանի խորհրդայնացումը կոմունիստական կուսակցության դեմ պայքարելուն մասնակցության համար,

- Հեղկոմը կազմվում է հինգ կումունիստից և ձախ դաշնակցության երկու անդամից՝ կոմկուսի համաձայնությամբ,

- Ռուսաստանի խորհրդային կառավարությունն անմիջապես միջոցներ է ձեռնարկու Սոցիալիստական Խորհրդային Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար ռազմական ուժեր կոնտրոբացնելու ուղղությամբ:

Հայաստանում Խորհրդային Ռուսաստանի  ներկայացուցչի առաջին հրամանը հենց նախորդ կառավարության անդամների ձերբակալության հրամանն էր(АВПФ, Ф.148, Оп.3, П.1, Д.1а, Л.45, Подлинник; Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ с.294): Դեկտեմբերի 4–ին Պրավդա թերթում հրատարակվում է Ստալինի հոդվածը, որով նա հպարտորեն հայտարարում է, որ Հայաստանը խորհրդայնացել է և §Հայաստանի ու շրջակա մուսուլմանների միջև դարավոր թնամանքը լուծվել է մի հարվածով՝ Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի աշխատավորների եղբայրական համագործակցության հաստատմամբ…այսպես կոչված «հայկական հարցը», որի շուրջ գլուխ էին ջարդում իմպերիալիստական դիվանագիտության հին գայլերը, հաջողվեց լուծել միայն Խորհրդային իշխանությանը» (Правда, номер 273, 4 декабря 1920 г.; Сталин И. Сочинения, М., Госкомиздат, 1954, Т.4, էջ 413-414): Անտանտը, պարզվում է, հայերին թողել է թուրքերի հոշոտմանը, իսկ ահա Խորհրդային Ռուսաստանին դաշնակից  «բոլշևիկ թուրքերը» մտահոգ են օր առաջ հայերին փրկել «հայ դաշնակցականներից», եթե նույնիսկ դրա համար անհրաժեշտ են տեսնում շարունակել հոշոտել հայերին:

Չնայած ռուս բոլշևիկների այս ինքնավստահ հայտարարություններին, նրանք հիանալի հասկանում էին թուրքական վտանգը, հասկանում էին, որ դրության տերը իրենց իսկ օգնությամբ դարձել են թուրքերը, միմյանց մեջ քննարկում էին թուրքերին հերթական զիջումների հնարավորությունները («չենք առարկում Կարսում թուրքերի ժամանակավոր մնալուն¦, §Եթե թուրքերը փորձեն գրավել Վրաստանի վիճելի տարածքները, մասնավորապես Ախալցխան և Ախալքալակը, մենք չենք առարկելու, միայն պնդելու ենք, որ ավելի առաջ չգնան¦,§բայց թող նախաձեռնությունը իրենցից գա«, «մեզ համար ռիսկային է այդ տարածքների համար թուրքերի հետ գժտվելը» (РГАСПИ, Ф.85, Оп.3с, Д.13, Лл.1-3, Подлинник; Ф.64, Оп.1, Д.21, Л.278, Коия; АВПР, Ф.64, Оп.39, П.232, Д. 53001, Л.6, РГАСПИ, Ф.85, Оп.3с, Д.13, Лл.1-3, Подлинник, Автограф (Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ  302-304):

Միաժամանակ փորձում էին համոզել թուրքերին, որ դաշնակցական վտանգն անցել է, որ պետք է վստահել հայ կոմունիստներին և նրանց հետ բանակցել Հայաստանի հետ նոր պայմանագրի հարցը(РГАСПИ, Ф.64, Оп.1, Д.21, Л.278, Копия, АВПР, Ф.64, Оп.39, П.232, Д.53001, Л.6, Копия; РГАСПИ, Ф.85, Оп.14, Д.50, Лл.6-6об., Заверенная копия;  РГАСПИ, Ф.64, Оп.1, Д.21, Л.278, Копия, РГАСПИ, Ф.85, Оп.14, Д.50, Л.4; (Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 304, 305, 307…), ինչին թուրքերն առարկում էին՝ պնդելով, որ միայն Ռուսաստանի հետ են պատրաստվում քննարկել Հայաստանի սահմանների հարցը, և շարունակում էին թալանել Հայաստանը: Հայաստանում Ռուսաստանի ներկայացուցիչ Լեգրանը տեղեկացնում է Չիչերինին, որ «Թուրքերը կողոպտում են Հայաստանը, մթերքների պահեստները նույնիսկ մանկատներից, տանում են գյուղացիների անասունները, երկիրը դատարկում են» ( РГАСПИ, Ф.85, Оп.14, Д.49, Лл.16-16об (Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ  316): Սրան հետևում է Թուրքիայի բողոքն այն մասին, որ Հայաստանի մահմեդաբնակ տարածքները Հայաստանին թողնելու դեպքում այդ բնակչությանը կոտորած է սպառնում(РГАСПИ, Ф.85, Оп.15, Д.25, Лл.2-6 . Подлинник (Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 320-321): Երկու «բոլոր ճնշված ժողովուրդների պաշտպան» «եղբայր երկրների»՝ Թուրքիայի և Ռուսաստանի պաշտոնական գրագրության մեջ համառորեն շարունակում է շրջանցվել թուրքերի կողմից հայերի անցյալ և ընթացող կոտորածների հիշատակումը, ինչպես նաև թուրքական զորքերի դուրս բերումն Ալեքսանդրապոլից (РГАСПИ, Ф.64, Оп.1, Д.21, Л.282. Кпоия,  Հրատարակված է  Ю.Барсегов, Геноцид армян, հատոր 2, մաս 1, էջ 340-341):
ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ
Ազգագրագետ

«ԼՂՀ-ն պետք է փակի սահմանը ԵԽԽՎ զեկուցողի առջև»


«Հետքի» հարցերին պատասխանում է Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը (Նյու Յորք)

-ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Հայաստանի պատվիրակությունն այդպես էլ չկարողացավ կանխել «Բռնությունների ահագնացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերնագրով զեկույցի պատրաստման որոշման ընդունումը: Արդյունքում անգլիացի պատգամավոր Ռոբերտ Վոլտերին, ով հայտնի է իր ադրբեջանամետ մոտեցմամբ, հանձնարարվել է առաջիկա 1,5 տարիներին այցելել Ղարաբաղ՝ զեկույցը կազմելու նպատակով: Ինչո՞ւ Հայաստանի պատվիրակությունը ձախողվեց:

-Նախ` Ադրբեջանի լոբբիստական աշխատանքն ամբողջ աշխարհում հասել է աննախադեպ բարձունքների: Դա Հայաստանում գավառամտորեն անվանում են «խավիարային դիվանագիտություն»: Խավիարն այդ դիվանագիտության միայն ռեստորանային մասին է վերաբերում, մնացածը ռազմավարական քաղաքականություն է: Լոբբիստական հզոր գործունեություն են ծավալում նաև Քաթարը, Էմիրությունները, Նոր Զելանդիան, Բահամյան կղզիները և անգամ Նորվեգիան: Ադրբեջանն այդ ցանկում առաջնային տեղ զբաղեցնողներից է այսօր: Դա, ինչպես ասացի, նախ իմաստուն ռազմավարության դրսևորում է, որն աջակցվում է ֆինանսական հզոր միջամտությամբ: Լոբբիստները համաշխարհային մայրաքաղաքներում փաստացի կաշառքների վրա միլիոնավոր դոլարներ են ծախսում և դրանք ավելորդ փողեր չեն, որ ուղղվում են անհասցե հասցեատերերի: Կոնկրետ կազմակերպություններ և անձինք ստանում են ադրբեջանական այդ «աջակցությունը» և արդյունք ապահովում այդ նույն մայրաքաղաքներում: Ստրասբուրգը Եվրոպայի խորհրդի «մայրաքաղաքն» է, և այնտեղ Ադրբեջանը հսկայական «ներդրումներ» է կատարում: Տեղյակ եմ, որ այս հարցում լոբբիստները հսկայական ջանքեր են գործադրել հակահայ զեկույց օրակարգ մտցնելու հարցում: Հայկական իրականության պարագայում դա կանխելը գրեթե անհնար էր:

Ինչ վերաբերում է հարցի այլ մանրամասներին, ապա որքան ինձ հայտնի է և հայտնի է եվրոպացի խորհրդարանականների հետ ունեցած իմ մասնավոր զրույցից, հայաստանյան պատվիրակության ձախողումը կարող էր և այդ չափերի չլինել, թեև հիմնականում Ադրբեջանի հուժկու լոբբինգի արդյունքում զեկույցի պատրաստումից դժվար թե հաջողվեր խուսափել: Տեղյակ եմ, որ հայաստանյան պատվիրակության որոշ առավել ակտիվ անդամներ դա ընկալել են որպես անձնական ողբերգություն, որը, կանխելը, ցավոք, իրենց ուժերից վեր է եղել: Ըստ եվրոպացի խորհրդարանականների` պատվիրակության ղեկավարի մարտավարությունը տապալվել է, և անձնական մի քանի սայթաքումներն են հանգեցրել այն արդյունքին, որը կա: Իմ խորին համոզմամբ` տիկին Նաղդալյանը, որ, անշուշտ, լավագույն մղումներով է իր երկիրը ներկայացնում ԵԽԽՎ-ում, պետք է ԵԽԽՎ-ում ռուսերեն խոսելու սովորությունից վաղուց հրաժարվեր, իր ճառերը կազմեր կարճ և լակոնիկ և այս ընթացքում սկսեր ընկալել արևմտյան քաղաքակրթության մենթալիտետի առանձնահատկությունները, հատկապես պառլամենտական միջավայրում ելույթ ունենալու մշակույթը: Այդ ամենի անհարմար համընկնումն էլ, ըստ եվրոպացի խորհրդարանականների, դահլիճում առաջացրել է մի աննախադեպ իրարանցում և հանգեցրել տխուր արդյունքի:

-ԵԽԽՎ-ում  Հայաստանի պատվիրակության ձախողումն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի միջազգային վարկի վրա: Համաձա՞յն եք ընդդիմության այն գնահատականի հետ, որ սրանով Հայաստանի վարկանիշն իջավ ռեկորդային ցածր մակարդակի:

-Գիտեք, ընդհանրապես, եթե անկեղծ խոսենք, Հայաստանի միջազգային վարկը չի որոշվում ոչ ԵԽԽՎ-ում և ոչ էլ անգամ ԵԽ-ում: Այդ վարկը ձևավորվում է առավել հիմնավոր և առավել երկարատև աշխատանքի արդյունքում: Իսկ ավելի ճիշտ` այն արդյունք է երկրի էության արտաքին ընկալման: Եվ հետո` երկրի վարկով հետաքրքվելն այնքան էլ առաջնային չպետք է լինի իրական քաղաքականության աշխարհում: Դժվար է առավել վատ համբավ վայելող պետություններ նշել, քան, ասենք, Սաուդյան Արաբիան է, Քաթարը, Անգոլան, կամ, ասենք, հենց նույն Թուրքիան և Ադրբեջանը: Սակայն դա չի խանգարում այդ երկրներին վայելել միջազգային ծանրակշիռ աջակցություն և նույն այդ վարկի անհերքելի անտեսում: Պետք է ուժեղ լինել և հետապնդել սեփական շահերը: Այդ պարագայում միայն երկիրը հարգանք կվայելի և միջազգային հրապարակում կունենա ազդեցիկ խաղահրապարակ:

-Հայաստանի պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը հայտարարել է, որ Հայաստանը չի համագործակցելու զեկուցողի հետ: Արդյո՞ք նման բոյկոտն արդարացված  է:

-Այո, այն արդյունքով, որն արձանագրվել է` թերևս, այո: Ըստ որոշ` ինձ հավաստի թվացող տեղեկությունների` ընտրված զեկուցողը կասկածելի շահեր ունի Ադրբեջանում և կասկածելի հարաբերություններ այդ երկրի հետ: Ծանրակշիռ խոսակցություններ կան, որ նա Ադրբեջանի ծպտյալ լոբբիստն է Ստրասբուրգում: Այլ խնդիր է, որ կարելի էր և հնարավոր էր հասնել նման թեկնածուի չհաստատմանը, սակայն առկա ոչ բարենպաստ արդյունքի պարագայում դա Հայաստանի ճիշտ հայտարարությունն է: Այդուհանդերձ, կարծում եմ, սակայն, որ Հայաստանն, այնուամենայնիվ, թերևս կընդունի զեկուցողին, թեև ընդունելությունը չի կարող ջերմ կամ համագործակցային լինել: Այլ խնդիր է ԼՂՀ-ն:

-ԼՂՀ  իշխանություններն արդյո՞ք պետք է համագործակցեն Վոլտերի հետ՝ իրական պատկերը ցույց տալու նպատակով, թե՞ պետք է բոյկոտեն:

-Ոչ, ամենևին ոչ: Համագործակցության մասին խոսք անգամ լինել չի կարող: ԼՂՀ-ն չի կարող և չպետք է համագործակցի: ԼՂՀ-ն ազատ է այդ անձին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու հարցում, և սահմանը պետք է փակվի նրա առջև: Չի կարելի նման` ի սկզբանե հակաարցախյան վերնագրով զեկույցի հեղինակին մուտք ապահովվել ԼՂ տարածք: Բացի դրանից` «իրական պատկերը ցույց տալու» մասին պատկերացումները հայկական անմիտ ասպետության ոլորտից են: Քեզ ատող, քեզ վնասել ցանկացող հակառակորդի հետ բարությամբ և արդարության հավատքով շփվելը միշտ էլ հանգեցրել է դաժան պարտությունների, որ մենք սքողել ենք բարեհունչ «բարոյական հաղթանակ» արտահայտությամբ: Անբարոյականներին դարձի բերելը եկեղեցու խնդիրն է, ոչ թե պետության: Պետությունը պարտավոր է կանխել անբարոյականությունը և ապահովել ռեալ հաղթանակներ: Իրական պատմությունը կերտվում է իրական հաղթանակների արդյունքում, իսկ բարոյական հաղթանակների բերկրանքը հաճախ կարելի է և հակառակոդին զիջել:

Մարինե Մարտիրոսյան
hetq.am

3.11.14

«ԲՈԼՈՐ ԵՐԳԵՐԸ ԵՐԳԵԼ ԷԻՆՔ, ՄՆԱՑԵԼ ԷՐ ՍԱՐԻ ՍՄԲՈՒԼԸ»

ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԻՐԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՄՈԹԱԼԻ ԵՎ ՏԽՈՒՐ ՄԻ ԱՐԱՐՔԻ ՄԱՍԻՆ ԱՆԿԵՂԾ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ...

2014 թ. հոկտեմբերի 28-ին, Հայաստանի Գրողների Միության Կլոր սրահում հյուրընկալվելիս՝ «Արևմտահայոց Ազգային Համագումար» միջազգային հասարակական կազմակերպությունից «Գևորգ Սուրենյանց V-րդ Տփղիսեցի կաթողիկոս» հուշամեդալով, իսկ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 29-ին հայոց մայր բուհում, ԵՊՀ դասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ընթացքում ԵՊՀ ռեկտորի ձեռքից համալսարանի ոսկեզոծ մեդալին արժանացավ թուրք գրող Իսմաիլ Բեշիկչին:

Նրա գրչին պատկանող բազմաթիվ գրքերում և հոդվածներում 1915-1923 թթ. ցեղասպանությամբ մեզնից բռնագրավված Արևմտյան Հայաստանը «Հյուսիսային Քուրդիստան», իսկ 1992-1994 թթ. Արցախյան գոյամարտի ընթացքում ազատագրված հայկական տարածքներն ու Զանգեզուրը՝ «հայերի կողմից բռնազավթված Կարմիր Քուրդիստան» են ներկայացվում:

Սույն պարոնին հայոց մայրաքաղաքում հյուրընկալելով և պատվո զույգ մեդալների արժանացնողներն արդյո՞ք իրենց ամոթալի արարքի հետևանքների մասին լրջորեն մտածում են, թե՞ ոչ՝ չգիտեմ, բայց ճիշտ կլիներ, որ նրանք իրենց կատարած փաստը նախ արևմտահայոց ժառանգներին, ապա նաև մեր արցախցի և սյունեցի հայրենակիցներին ու ամբողջ հայ հասարակությանը բացատրել կարողանային:

Իսմաիլ Բեշիկչիի հետ «Նորավանքում» ևս («Անցած սխալներ և ապագայի հեռանկարներ» վերտառությամբ առաջին մասը վեց զեկույց-ելույթ, երկրորդ մասը ազատ քննարկումներից բաղկացած կլոր սեղան) միջոցառում է կազմակերպվել, սակայն այն դռնփակ է եղել, ուստի եղած-չեղածի մասին ոչինչ չգիտենք. հուսանք՝ նոր մեդալներ չեն հանձնվել:

Թուրք գրող Իսմաիլ Բեշիկչիի հեղինակած գրքերից մի շատ էական պարբերության և նրա գրչին պատկանող հոդվածներից մեկի հայերեն թարգմանությունները Ձեր ուշադրությանը ներկայացնելով՝ ցանկանում եմ իր իսկ բնօրրանում ապրած հայերիս իբր այլոց պատկանող հողերի ԲՌՆԱԶԱՎԹԻՉ ներկայացնող և արդեն հայոց կրկնակի շքանշանակիր մի մարդու մտածելակերտվածքի հետ ծանոթացնել:

Եթե մեր ազգի բարեկամը Իսմաիլ Բեշիկչիի նմաններն են, թշնամու կարիք չունենք երևի:
Եթե մեր ազգի՝ մեդալներ շնորհողների վերաբերմունքն այս աստիճանի թերիմացության և հորթային հրճվանքի վրա է հիմնված, ապա դարձյալ թշնամու կարիք չունենք երևի:

Հարգանքներով՝
ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆԵԱՆ
ք. Երևան, 1 նոյեմբեր, 2014 թ.


ՀԱՏՎԱԾՆԵՐ ԲԵՇԻԿՉԻԻ «ՄԱՐԳԱՐԻՏՆԵՐԻՑ»
----------------------------------------------------------------------------------------------------
«Պետք չէ մոռանալ, որ Քուրդիստանի մի փոքր հատված էլ Խորհրդային Միության՝ այժմյա Հայաստանի սահմաններում է գտնվում: Աքսորի քաղաքականություններն այստեղ ևս օգտագործվել են: Քրդերն 1944 թ. հոծ խմբերով Միջին Ասիա են աքսորվել:»
Իսմաիլ ԲԵՇԻԿՉԻ (Պետությունների կողմից գաղութացված Քուրդիստան, էջ՝ 15)
----------------------------------------------------------------------------------------------------
Կարմիր Քուրդիստանը Հայաստան-Ադրբեջան հակամարտության համատեքստում
Պատմության ընթացքում անթիվ իրադարձություններ են տեղի ունեցել: Այդ իրադարձությունները միայն հետազոտողների կողմից ուսումնասիրվելու, մեկնաբանությունների արժանանալու, գնահատականներ ստանալու ժամանակ են պատմական իրադարձություններ դառնում: Պատմության մեջ կան բազմաթիվ դեպքեր, որոնք գնահատականներ են ստացած, որոնց շուրջ ուսումնասիրություններ են կատարվել: Այդ իրադարձություններին չանդրադառնալը զանազան պատճառներ կարող է ունենալ: Օրինակ՝ քաղաքական համակարգին, քաղաքական վարչակարգին գերադասելի պաշտոնական գաղափարախոսությունը կարող է արգելքներ առաջացնել որոշ թեմաների հետազոտության, այդ թեմաներից խոսելու համար:

Միջազգային հարաբերություններին ուղղություն տվող հիմնական սկզբունքները, դեռևս արդարության, ազատության, հավասարության, խաղաղության, մարդու իրավունքների պես արժեքները չեն, այլ կոշտ ուժն է: Կոշտ ուժն իրենց ձեռքում պահողները, իրենց շահերն են պաշտպանում, կարողանում են միջազգային հարաբերություններին ուղղություն տալ:
1980-ականների վերջին Խորհրդային Միության մասնատումից հետո, Միությունը կազմող 15 դաշնային հանրապետությունները Միությունից անջատվելով իրենց անկախ պետությունները հիմնեցին, ինչից հետո Ադրբեջանի և Հայաստանի միջև մի մեծ պատերազմ բռնկվեց: Այս պատերազմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու հետ էր կապված: 1992 թ. պատերազմի վերջում, հայերը գրավեցին ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող մի քանի տարածքներ: Ղարաբաղի նկատմամբ էլ վերահսկողություն հաստատեցին: 1992 թ. պատերազմի վերջում հայերի բռնագրաված տարածքներից մի քանիսը Կարմիր Քուրդիստանի հողերն էին:
Կարմիր Քուրդիստանը 1923 թ. ազգերի ինքնորոշման իրավունքին համաձայն Խորհրդային Միության ղեկավարների կողմից հիմնվել է որպես Ադրբեջանին կից ինքնավար շրջան: Գոյություն է ունեցել 1923-1929 թվականների միջև:

1992 թ. պատերազմում Հայաստանի բռնագրաված տարածքները ընդգրկում էին ահա Հայաստանի ու Ղարաբաղի միջև գտնվող այս տարածաշրջանը: Այս տարածաշրջանի գլխավոր քաղաքները Լաչինը, Քելբաջարը, Քուբաթլուն, Զենգելանն ու Ջեբրաիլն էին: Բացի այդ Կարմիր Քուրդիստանը ներառում էր նաև Զանգեզուրի մի մասը:
Այսօր Հայաստանի ու Ադրբեջանի միջև լուրջ անհամաձայնություն կա: Անհամաձայնությունը Ղարաբաղի ու Կարմիր Քուրդիստանի հողերի շուրջ է: Այս տարաձայության վերացման համար, ՌԴ, Թուրքիան, ԱՄՆ, ԵՄ ինտենսիվ ջանքեր են գործադրում: 2008 թ. նոյեմբերի 2-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ հանդիպեցին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները: Մոսկվայի դեկլարացիա կոչվող մի հռչակագիր հայտարարվեց: Այս հռչակագրում քրդերի մասին բառ անգամ չկար: Հռչակագրում բացակայում էր քրդերի անունը:

2009 թ. դեկտեմբերի 2-ին Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհուրդի (ԵԱՀԽ) ջանքերով հանդիպեցին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները: Երկու կողմերի միջև գոյություն ունեցող տարաձայնության շուրջ բանակցություններ տեղի ունեցան: Մինսկի խմբի համանախագահների հետ մի հանդիպում կայացավ: Լեռնային Ղարաբաղի խնդրի, Հայաստանի կողմից 1992 թ. գրավված հողերից դուրս գալու խնդրի համար լուծում է փնտրվում: Այստեղ էլ քրդերի անունը, իրավունքներին բնավ չանդրադառնալը, մի երևույթ է որին պետք է անդրադառնալ: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հավաքվող, Ադրբեջան-Հայաստան տարաձայնությանը լուծում փնտրող պետություններին Մինսկի խմբի երկրներ են կոչում:

Կարմիր Քուրդիստանի խնդրին մի քիչ անդրադառնալն օգտակար է: Պատմաբան, լրագրող Հեժարե Շամիլը Լեթիֆ Մեմեդ Բրուքիի հետ մի զեկույց է կազմել: Հեժարե Շամիլը հայտնում է, որ ԼԵթիֆ Մեմեդ Բրուքին Ռուսաստանի ու Միջազգային Լրագրողների Դաշնության անդամ է և www.kurdist.ru կայքի գլխավոր խմբագիր: Այս ռեպորտաժը հրատարակվեց “Կովկասյան Քուրդիստանի գաղափարը” վերնագրով 2008թ. դեկտեմբերի 13-ին www.kurdistan-post.org: Կայքում մինչօրս էլ կա: Ռեպորտաժը “Կովկասյան Քուրդիստանի գաղափարը քրդերին կարող է միավորել” ենթավերնագիր ունի: Այս ռեպորտաժը Կարմիր Քուրդիստանի մասին շատ արժեքավոր տեղեկություններ է պարունակում:
Այս ռեպորտաժը մանրամասն պատմում է, թե 1923 թ. ինչպես ստեղծվեց Կարմիր Քուրդիստանի ինքնավար շրջանը և 1929 թ. ինչու վերացվեց : Այս ինքնավար շրջանի վերացումը տեղի ունեցավ հայերի, ադրբեջանցիների և նրանց շահերը պաշտպանող Ստալինի ու Մուստաֆա Քեմալի ցանկությունների համընկումով: Ավելի ուշ Կարմիր Քուրդիստանի ինքնավար շրջանում ապրող քրդերը 1930–ական թվականներին և Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Միջին Ասիա են աքսորվել: Այսօր եթե Ղըրղըզստանում, Թուրքմենստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում քրդեր են ապրում, ապա սա այդ աքսորների արդյունքն է:

Քրդերը 1950-ական, 1960-ական, 1970-ական, 80-ական թվականներին, Երևանի ռադիոյի քրդերեն հեռարձակումների համար միշտ հայերին և Հայաստանին երախտապարտ են եղել: Բայց պետք է իմանալ, որ Հայաստանը երբեք չի ցանկացել տեսնել քրդական ինքնավարություն՝ Կարմիր Քուրդիստան:

Քրդերը Մարերի ժամանակաշրջանից սկսած, դեռ շատ ավելի հին ժամանակներից սկսած այս տարածաշրջանում են ապրում: Այս շրջանն էլ Մարերի կայսրության շրջաններից մեկն է: Քրդերն այս տարածաշրջանում գոյություն են ունեցել թուրքերից էլ, հայերից էլ առաջ: 11 և 12-րդ դարերում, տարածաշրջանում, Ռևադի, Շեդդադի անուններով քրդական իշխանություններ կային: Հայտնի է, որ Սալահ-ադ-դին Այյուբին այս շրջանից էր: 1930-ականներին քրդերի գաղթն այս տարածքից դեպի Միջին Ասիա գտնվող Թյուրքական Դաշնային Հանրապետություններ, քրդերին շատ մեծ հարված հասցրեց: Մնացածներն էլ 1992 թ. Հայաստան-Ադրբեջան պատերազմի ընթացքում Կարմիր Քուրդիստանի հողերից քշվել են: Այս բռնագրավումից հետո, հայերը տարածքում առկա տեղանուններն ամբողջությամբ փոխարինել են հայկական անուններով:

1980-ականների վերջին Պերեստրոյկա (Վերակառուցում) և Գլասնոստ-ի (հրապարակայնություն, թափանցիկություն) ժամանակաշրջանում Ստալինի կողմից Միջին Ասիա աքսորված ժողովուրդներն իրենց երկրներ վերադառնալ սկսեցին: Ղրիմցիները նրանց շարքում էին: Ղրիմցիներն էլ են Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում աքսորվել: Դեպի Միջին Ասիայի տարբեր հանրապետություններ աքսորված քրդերն էլ իրենց ներկայացուցիչներով Մոսկվա գնացին: Նախագահ Գորբաչովից խնդրեցին դեպի իրենց երկիրը՝ Կարմիր Քուրդիստան վերադարձն ապահովել: Գորբաչովը այս առաջարկի նկատմամբ դրական էր տրամադրված: Բայց քրդերի երկրի մի կարևոր մասը Ադրբեջանի տիրապետության տակ էր: Եվ ոչ միայն Ադրբեջանը, այլև Հայաստանը ևս դեմ էր, որ քրդերը ետ վերադառնան, իրենց ինքնավար շրջանն ունենան: Երբ Գորբաչովը հեռացավ իշխանությունից, քրդերի ցանկությունների հետ կապված որևէ զարգացում տեղի չունեցավ:
Այսօր Հայաստանի ու Ղարաբաղի միջև գտնվող Լաչինը, Քելբաջարը, Կուբաթլուն, Զանգելանը, Ջեբրաիլը և Զանգեզուրի մի մասը պատմության մեջ հայտնի են որպես քրդերի կողմից բնակեցված հողեր: 1923 թ. Ինքնավար Կարմիր Քուրդիստան միավորն ահա այս հողերի վրա է կառուցվել: Այս ինքնավարությունը, միայն 1923-1929 թվականների ընթացքում կարողացավ գոյություն ունենալ: Ավելի ուշ դեպի Միջին Ասիայի Դաշնային հանրապետություններ աքսոր տեղի ունեցավ: Մնացածներն էլ 1992 թ. Հայաստան-Ադրբեջան պատերազմի ընթացքում իրենց երկրից քշվեցին: Այս քրդերն այսօր Ադրբեջանի տարբեր տարածաշրջաններում, աքսորյալի կյանքով են ապրում: Ադրբեջանցի (Ազերի) կառավարիչների հաճախակի հիշատակած “քաչգըններ»–ի (ադրբեջաներեն qaçqın` գաղթական) մեծամասնությունն այս քրդերն են: Բնականաբար Ազերի կառավարիչները, “քաչգըններ” ասելով, խնամքով փորձում են չհիշատակել քուրդ անունը:
Մինչ Հայաստանն ու Ադրբեջանը քրդերին ընդհանրապես չհիշելով, մեկը “տարածաշրջանը հայկական է”, մյուսը “տարածաշրջանը ադրբեջանական է” ասելով ու իրար մեջ քաշքշելով են զբաղված, քրդական հողերի վերաբերյալ առկա լարվածությունը ուշադրության արժանի գործընթաց է հանդիսանում:

ՌԴ նախագահի միջնորդությամբ Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, հրապարակված հռչակագրում քրդերի անունը բնավ չհիշատակելը, քրդերի իրավունքներից ոչ մի խոսք չլինելը նորից մի փաստ է, որի վրա պետք է կանգ առնել: ԵԱՀԽ, Մինսկի խմբի պետությունները հայերի բռնագրաված տարածքներից խոսելիս, երբ նշում են, որ անհրաժեշտ է այնտեղից դուրս գան, ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում այն հանգամանքին, որ այս հողերը իրականում քրդերի բնակեցրած հողերն են եղել, 1923-1929 թթ. ընթացքում հիշատակվել է որպես Կարմիր Քուրդիստանի Ինքնավարություն: Այս հանդիպումների վերջում հրապարակվող հայտարարություններում քրդերից բնավ չի խոսվում, ինչն էլ պարզագույնս ի հայտ է բերում միջազգային հարաբերություններին ուղղություն տվող ընբռնումը: Միջազգային հարաբերություններին ուղղորդող ընբռնումը դեռևս, անկախություն, հավասարություն, արդարության պես արժեքները չեն բնավ, այլ լոկ կոշտ ուժն է:

Քննադատություն քրդերի նկատմամբ
Քրդերի մի մասը, օրինակ՝ PKK–ն (Քուրդիստանի Բանվորական Կուսակցություն) ասում է. “պետությունը ճնշման միջոց է, դրա համար էլ մենք պետություն չենք ուզում»: Շեշտում են, որ համադաշնություն էլ չեն ուզում: Պետությունը ճնշման միջոց է, բայց նախ և առաջ պետություն չունեցող ժողովուրդների վրա ճնշում գործադրելու միջոց է: Պետության ճնշման գաղափարախոսական ու հարկադրող միջոցները պետություն չունեցող ժողովուրդների դեմ կանոնավոր ձևով օգտագործվում են: “Պետությունը թուրքերին էլ է ճնշում” ասելը քրդերի նկատմամբ գործադրվող ճնշման, հալածանքի պատճառը պետության կրած պատասխանատվությունից ազատելու իմաստն ունի: Եկեք Չորումի, Յոզղաթի, Չանղըրըի, Քասթամոնուի և ուրիշների մասին էլ մտածենք: Այնտեղ ռազմական դրությա՞մբ են կառավարում: Կենտրոնական Անատոլիայում, Արևմտյան Անատոլիայում “կատարողներն անհայտ” սպանություններ կա՞ն միթե: Այնտեղ էլ են մարդիկ առևանգվում և մի քանի օր անց նրանց մարմինները այստեղ–այնտեղ հայտնաբերվու՞մ: Կամ այնտե՞ղ էլ է պատահում, որ առևանգվող մարդկանցից ոչ մի լուր չես կարողանում ստանալ: Կենտրոնական Անատոլիայում կամ Արևմտյան Անատոլիայում գյուղերի հրդեհվելը, ավերվելը, անտառների հրդեհվելը միթե խնդրո առարկա՞ նյութ է: Օրինակ՝ Անատոլիայում, Բոդրումում, Չանաքքալեում անտառների այրվելու ժամանակ ասում են. “Սրտներս այրվում են”: Բայց Արևմուտքում անտառներն այրվելու ժամանակ նման բան ասողները քրդական շրջանների անտառները անձամբ այրողները չեն մի՞թե: Նրանք, այրվող այդ անտառները հանգցնող քուրդ գյուղացիներին չե՞ն խոչընդոտում: Ուստի, “Պետությունը թուրքերին էլ է ճնշում” ասելը պետությունը պատասխանատվությունից ազատելու համար չէ մի՞թե:
Կենտրոնական Անատոլիայում, Արևմտյան Անատոլիայում Ժանդարմերիայի (Ռազմական ոստիկանություն) JİTEM կոչված հետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի կառույց գոյություն ունի մի՞թե: Այստեղ ևս ընտանիքները իրենց տնից–տեղից, հայրենիքից զրկվում են թե՞ ոչ: Արդյո՞ք այս ամենը միայն քրդերի դեմ չեն իրականացվում:

Երբ (իշխանությունների ներկայացուցիչներին) քար նետող քուրդ երեխաներին ծանր պատիժներով են դատապարտում, “բանակից մի նահատակված զինվորի դիմաց («Ժողովրդավար Հասարակություն» Կուսակցություն)-DTP–ից հինգը պետք է սպանվի” խոսքը որպես խոսքի ազատություն է որակվում արդյո՞ք: Քրդերի քար նետելը, նրանք մանկահասակ էլ լինեն ծանր պատիժների է արժանանում, սակայն քրդերի վրա քար նետելը ազատ լինել է ընկալվում: Ինչպես ոստիկանույթունը, այնպես էլ հանրապետության դատախազությունն ու դատարանները այս ուղղությամբ են որոշումներ կայացնում:
Սա աշխարհում էլ է այսպես: Սուդանում բռնությունը, ճնշումը, ցեղասպանությունը, կանոնավորապես Դարֆուրի ֆուր (Fur) ժողովրդի դեմ է կատարվում: Իսրայելի գերիշխանության տակ ապրող պաղեստինցիների իրավիճակն էլ է նույնը: Մեր օրերում պետություն չունեցող ժողովուրդներին իշխելը, միայն ճնշումով, բռնությամբ է հնարավոր իրականացվել:

Հայաստան-Ադրբեջան տարաձայնության հիմնական պատճառներից մեկը Կարմիր Քուրդիստանի Ինքնավար շրջանի նկատմամբ առկա պահանջներն են: Երկու պետությունն էլ քրդական հողերին տիրանալու համար են պայքարում: Մեջտեղում ինչու՞ քրդեր չկան: Եթե մի ուժեղ քրդական ինքնավարություն լիներ, Ստալինը քրդերին կարո՞ղ էր աքսորել: Եթե Լաչինի, Քելբաջարի, Զանգելանի, Քուբաթլիի, Ջեբրաիլի Զանգեզուրի պես քաղաքներում քրդեր ապրեին, Հայաստան ու Ադրբեջանը քրդական հողերի նկատմամբ հավակնություններ կունենային մի՞թե: Այս տեսակի անարդարությունների իրականացմանը խոչընդոտելու համար քրդերն էլ քաղաքական նման մի կառույցի կարիքը չունե՞ն:
Քրդերի հարցում մոռանալու, մոռացության մատնելու մի մեծ խնդիր կա: Սրա ուշագրավ օրինակներից մեկը ամեն դեպքում 1923-1929 թթ. Կարմիր Քուրդիստանն է:
Այստեղ մի թեմայի ևս պետք է անդրադառնալ: Քրդական խնդրի հարցում Խորհրդային Միությունը քննադատելու ժամանակ, այս քննադատությունը որպես կոմունիզմի դեմ թշնամություն է ընկալվում: Այս ընկալումը սխալ է, այդ անողները սխալ են որակում: Ճիշտ որակումը այս հարցերը օրակարգ բերելով կլինի: Խորհրդային Միությունն ինչու՞ համագործակցեց բռնատիրական, տոտալիտար, ֆաշիստ իշխանությունների հետ ընդդեմ ճնշված քուրդ ժողովրդի: Ինչու՞ ոչ թե ճնշված քուրդ ժողովուրդի, այլ բռնատիրական, տոտալիտար, ֆաշիստ իշխանությունների կողքին կանգնեց ու նրանց շահերը պաշտպանեց:
Իսմաիլ Բեշիկչի
09 դեկտեմբեր 2009 թ.
----------------------------------------------------------------------------------------------------
Թարգմանությունը՝ Մարիամ Նազարյանի


COMMENTS

Սարգիս Հացպանեան.  «Պետք չէ մոռանալ, որ Քուրդիստանի մի փոքր հատված էլ Խորհրդային Միության՝ այժմյա Հայաստանի սահմաններում է գտնվում: Աքսորի քաղաքականություններն այստեղ ևս օգտագործվել են: Քրդերն 1944 թ. հոծ խմբերով Միջին Ասիա են աքսորվել:» 
Իսմաիլ ԲԵՇԻԿՉԻ (Պետությունների կողմից գաղութացված Քուրդիստան, էջ՝ 15)


Սարգիս Հացպանեան. 1992 թ. պատերազմի վերջում հայերի բռնագրաված տարածքներից մի քանիսը Կարմիր Քուրդիստանի հողերն էին:
Կարմիր Քուրդիստանը 1923 թ. ազգերի ինքնորոշման իրավունքին համաձայն Խորհրդային Միության ղեկավարների կողմից հիմնվել է որպես Ադրբեջանին կից ինքնավար շրջան: Գոյություն է ունեցել 1923-1929 թվականների միջև: 
1992 թ. պատերազմում Հայաստանի բռնագրաված տարածքները ընդգրկում էին ահա Հայաստանի ու Ղարաբաղի միջև գտնվող այս տարածաշրջանը: Այս տարածաշրջանի գլխավոր քաղաքները Լաչինը, Քելբաջարը, Քուբաթլուն, Զենգելանն ու Ջեբրաիլն էին: Բացի այդ Կարմիր Քուրդիստանը ներառում էր նաև Զանգեզուրի մի մասը:


Սարգիս Հացպանեան. Պատմաբան, լրագրող Հեժարե Շամիլը Լեթիֆ Մեմեդ Բրուքիի հետ մի զեկույց է կազմել: Հեժարե Շամիլը հայտնում է, որ ԼԵթիֆ Մեմեդ Բրուքին Ռուսաստանի ու Միջազգային Լրագրողների Դաշնության անդամ է և www.kurdist.ru կայքի գլխավոր խմբագիր: Այս ռեպորտաժը հրատարակվեց “Կովկասյան Քուրդիստանի գաղափարը” վերնագրով 2008թ. դեկտեմբերի 13-ին www.kurdistan-post.org: Կայքում մինչօրս էլ կա: Ռեպորտաժը “Կովկասյան Քուրդիստանի գաղափարը քրդերին կարող է միավորել” ենթավերնագիր ունի: Այս ռեպորտաժը Կարմիր Քուրդիստանի մասին շատ արժեքավոր տեղեկություններ է պարունակում:


Սարգիս Հացպանեան. Այս ռեպորտաժը մանրամասն պատմում է, թե 1923 թ. ինչպես ստեղծվեց Կարմիր Քուրդիստանի ինքնավար շրջանը և 1929 թ. ինչու վերացվեց : Այս ինքնավար շրջանի վերացումը տեղի ունեցավ հայերի, ադրբեջանցիների և նրանց շահերը պաշտպանող Ստալինի ու Մուստաֆա Քեմալի ցանկությունների համընկումով: Ավելի ուշ Կարմիր Քուրդիստանի ինքնավար շրջանում ապրող քրդերը 1930–ական թվականներին և Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Միջին Ասիա են աքսորվել: Այսօր եթե Ղըրղըզստանում, Թուրքմենստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում քրդեր են ապրում, ապա սա այդ աքսորների արդյունքն է:


Սարգիս Հացպանեան. Քրդերը Մարերի ժամանակաշրջանից սկսած, դեռ շատ ավելի հին ժամանակներից սկսած այս տարածաշրջանում են ապրում: Այս շրջանն էլ Մարերի կայսրության շրջաններից մեկն է: Քրդերն այս տարածաշրջանում գոյություն են ունեցել թուրքերից էլ, հայերից էլ առաջ: 11 և 12-րդ դարերում, տարածաշրջանում, Ռևադի, Շեդդադի անուններով քրդական իշխանություններ կային: Հայտնի է, որ Սալահ-ադ-դին Այյուբին այս շրջանից էր: 1930-ականներին քրդերի գաղթն այս տարածքից դեպի Միջին Ասիա գտնվող Թյուրքական Դաշնային Հանրապետություններ, քրդերին շատ մեծ հարված հասցրեց: Մնացածներն էլ 1992 թ. Հայաստան-Ադրբեջան պատերազմի ընթացքում Կարմիր Քուրդիստանի հողերից քշվել են: Այս բռնագրավումից հետո, հայերը տարածքում առկա տեղանուններն ամբողջությամբ փոխարինել են հայկական անուններով:


Սարգիս Հացպանեան. 1980-ականների վերջին Պերեստրոյկա (Վերակառուցման) և Գլասնոստ-ի (հրապարակայնության, թափանցիկության) ժամանակաշրջանում Ստալինի կողմից Միջին Ասիա աքսորված ժողովուրդներն իրենց երկրներ վերադառնալ սկսեցին: Ղրիմցիները նրանց շարքում էին: Ղրիմցիներն էլ են Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում աքսորվել: Դեպի Միջին Ասիայի տարբեր հանրապետություններ աքսորված քրդերն էլ իրենց ներկայացուցիչներով Մոսկվա գնացին: Նախագահ Գորբաչովից խնդրեցին իրենց երկրներ՝ Կարմիր Քուրդիստան իրենց վերադարձն ապահովել: Գորբաչովը այս առաջարկի նկատմամբ դրական էր տրամադրված: Բայց քրդերի երկրի մի կարևոր մասը Ադրբեջանի տիրապետության տակ էր: Եվ ոչ միայն Ադրբեջանը, այլև Հայաստանը ևս դեմ էր, որ քրդերը վերադառնան, իրենց ինքնավար շրջանն ունենան:


Սարգիս Հացպանեան. Հայաստան-Ադրբեջան տարաձայնության հիմնական պատճառներից մեկը Կարմիր Քուրդիստանի Ինքնավար շրջանի նկատմամբ առկա պահանջներն են: Երկու պետությունն էլ քրդական հողերին տիրանալու համար են պայքարում: Մեջտեղում ինչու՞ քրդեր չկան: Եթե մի ուժեղ քրդական ինքնավարություն լիներ, Ստալինը քրդերին կարո՞ղ էր աքսորել: Եթե Լաչինի, Քելբաջարի, Զանգելանի, Քուբաթլիի, Ջեբրաիլի Զանգեզուրի պես քաղաքներում քրդեր ապրեին, Հայաստան ու Ադրբեջանը քրդական հողերի նկատմամբ հավակնություններ կունենային մի՞թե:


Սարգիս Հացպանեան
фотография Սարգիս Հացպանեան.















Nazeli Margaryan.  Տգիտությա՞ն, թե՞ ազգային շահերի դավաճանություն հետևանք է այս ամենը.


Hratch Bedrossian. Հայաստանում նման հարցերով զբաղվող ինչ էշ ասես չի հայտնվել էս վերջին 20 տարիներին:


Хачатур Дадаян.  Լիովին համամիտ եմ պրն Հացպանեանին: Այս ամենն ախմախության, տգիտության և տմարդության հետևանք է:


Aram Hovhannisyan.  Կարգին երկրում նախ՝ նման բան չէր լինի, լինելու դեպքում էլ պատասխանատուները հրաժարական կտային, կզրկվեին գիտական կոչումից, շուտափույթ կլուծարեին ինքնուսների կազմակերպությունը, որը, հավանաբար, այլ կենտրոնի խրախուսմամբ է գործում...


Shushanik Simonyan.  Էս ի՞նչ ապուշություն է...
Вчера, в 11:42 · Нравится · 1


Овсанна Мадатян. Силогян Ցավալի փաստ, որը չպետք է լիներ...


Մարի Բարսեղյան-Խանջյան. Սիրելի՛ Սարգիս , հազարապատիկ շնորհակալ եմ , որ այս անուղուհաց քրդի շան հոդվածը ներկայացրել ես հանրությանը և ինքդ էլ հրաշալի հոդվածով մեկնաբանել ես այդ քաղաքական էքսպանսիան , բայց մեր իմանալն ու կրավորական կեցվածքը ինչ կփոխեն , կարծում եմ սրան հանրային լայն հնչեղություն նպիտի տրվի ՝ԳԱԱ-ի պատմության ինստիտուտից սկսյալ մինչև նախագահ և կառավարություն... Մեր նախագահն իսկապես չի տիրապետում քաղաքական իրավճակին...


Սարգիս Հացպանեան 
Ավետիս http://westarm.org/3984.html


Սարգիս Հացպանեան
фотография Սարգիս Հացպանեան 













Самвел Алашкерт.  ՍԱ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՎԵ՛ՐՋ
фотография Самвел Алашкерт 











Մարի Բարսեղյան-Խանջյան. Քրդերն իրենց ոչխարներին կտեսնեն խոսելիս , բայց այս հողերը քրդստան չեն դառնա.....