1.3.12

N 2 (35) (2012)


13 ՓԵՏՐՎԱՐԻ 1988 Թ.

ՓԵտրվարի 13-ի՝ Ազգային զարթոնք խորհրդանշող այդ օրվա վերաբերյալ գրել էի ուղիղ 4 տարի առաջ։ Այսօր այդ օրը կարծես մոռացվում է, փոխարենը՝ ուռճացվում փետրվարի 20-ի դերն ու նշանակությունը։

Նոր սերնդին կարող է թվալ, թե փետրվարի 20-ին խորհրդային մեր պատգամավորները գրչի մի հարվածով, քվեարկության համար վեր պարզած ձեռքերով նախանշել են Արցախի նորագույն պատմության սկիզբը։ Այո, ամեն ինչ իրոք սկսվել է 1988-ի փետրվարից։ Բայց ոչ թե 20-ից, այլ փետրվարի 13-ից, երբ արցախցի ուսանողներից կազմված փոքրիկ մի խումբ ցուցապաստառներով, Լենինի և Գորբաչովի լուսանկարներով շարժվել է դեպի կենտրոնական հրապարակ և սկսել վանկարկել՝ «Միացո՛ւմ», «Հայաստա՛ն»... Ուսանողներին են միացել մի քանի տասնյակ անցորդներ, մարզկոմի շենքի հարևանությամբ գտնվող «Խորհրդային Ղարաբաղ» թերթի երիտասարդ լրագրողներ ու աշխատակիցներ...

Փետրվարի 13-ը ազդարարել է Արցախի ազատագրական պայքարի սկիզբը։ Այդ օրը, Հայաստանի հետ վերամիավորման մասին ցուցապաստառներով թե առանց ցուցապաստառների, մայրաքաղաքի կենտրոնական հրապարակ են մտել ամենաքաջերն ու հայրենասերները։ Այդ օրը կենտրոնական հրապարակում հավաքվածներին հարևան մայթերից նայող մարդկանց մեծ մասը տագնապած ու շոկի մեջ էր։ Այդ օրը ղարաբաղցին, հայը մարտահրավեր նետեց իր մեջ նստած ստրուկին...

Եվ սկսվե՜ց... Մի քանի տասնյակները դարձան հարյուրավորներ, հազարավորներ... Համազգային Զանգի ղողանջներն արձագանքվեցին Երևանում, Հայաստանի այլ քաղաքներում, Սփյուռքի հայկական օջախներում։ Իսկ այն, ինչ կատարվեց փետրվարի 20-ին, դա 13-ի տրամաբանական շարունակությունն էր։

Փետրվարի 20-ին պատգամավոր-չինովնիկներից շատերին մի կերպ բռնել (ոմանք վախից թաքնվել էին), զոռով բերել էին նիստի... Այդ մարդկանց գերակշիռ մասը փետրվարի 13-ին բարիկադի հակառակ կողմում էր կանգնած, երբեք ժողովրդի հետ չի եղել։ Մարզգործկոմի շենքը շրջափակած 60-70 հազար մարդ պահանջում էր Այդ որոշումը։ Նրանց ելույթները լսում էին դրսում՝ 70-ամյա ստորացման համար վրեժով լցված, «Մի-ա-ցո՛ւմ», «Հա-յաս-տա՛ն» վանկարկելով։ Պատգամավորներն այլ ելք չունեին. նրանք պետք է թղթի վրա վավերացնեին այն որոշումը, որ արդեն կայացրել էր ժողովուրդը։

Եթե փետրվարի 13-ին ղարաբաղցին, հայը մարտահրավեր է նետել իր մեջ նստած ստրուկին ու սպանել նրան, վերոհիշյալների մեջ ստրուկը միշտ էլ մնացել է ու կա... Հենց սրանց և սրանց նմանների գործուն մասնակցությամբ է ՄԻԱՑՄԱՆ գաղափարը խեղաթյուրվել... Տարիներ հետո սրանք արդեն իրենց հերոսի լուսապսակով են սկսել ներկայացնել, նաև բարձր պարգևներ ստացել...

Ի դեպ, Արցախի 1-ին գումարման Գերագույն խորհուրդը փետրվարի 13-ը ընդունել էր որպես Վերածննդի օր։ 2-րդ գումարման ԳԽ-ն, որտեղ որոշ տոկոս էին կազմում փետրվարի 20-ի նիստին մասնակցած չինովնիկները, այն փոխել, դարձրել է փետրվարի 20...

Ահա թե որն է փետրվարի 20-ի և ՓԵՏՐՎԱՐԻ 13-ի տարբերությունը։ Ես գլուխ եմ խոնարհում բոլոր նրանց առջև, ովքեր 1988-ի փետրվարի 13-ի սովորական այդ օրը Ազատ ապրելու մարտահրավեր նետեցին Խորհրդային կայսրությանը և Արցախի ազատագրական պայքարի սկիզբը դրեցին։

Շատերի անունները, ովքեր ազատագրական պայքարի առաջին իսկ օրից Ազատամարտի զոհասեղանին են դրել իրենց կյանքը, ցավոք, աստիճանաբար մոռացվում են... Փետրվարի 13-ը անգամ կարծես մոռացվում է արդեն։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ




ՍԱՐԿՈԶԻՆ ԴԻՄԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Հաշվի առնելով բոլոր նրանց հուսախաբությունը և վիշտը, ովքեր երախտագիտությամբ և հույսով ողջունում էին ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին դիմել է կառավարությանը՝ խնդրելով պատրաստել օրենքի նախագծի նոր տեքստ այն բանից հետո, երբ Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը օրենքը հակասահմանադրական ճանաչեց։
Հիշեցնենք, որ երբ ս. թ. հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը վավերացրել էր Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրենքը, որը հայտնի է որպես Բուայեի օրենք, աշխարհի ողջ հայությունն այն ընդունել էր ցնծությամբ՝ որպես մեծ հաղթանակ։ Իսկ այդ օրը Գյումրիում ծնված մանկանը կնքել էին Սարկոզի անունով...




ՇԱՀՈՒՄՅԱՆԸ ՏԵՐ ԴԱՐՁԱՎ ԻՐ ԱՆՎԱՆԸ

Մեր թերթի նախկին համարներից մեկում ակնարկելով Ստեփան Շահումյանի արձանի վերջին անհասկանալի «ռեստավրացիայի» մասին, գրել էինք, որ քերել-մաքրել են պատվանդանի վրա փորագրված «Շահումյան» գրությունը, նորից բրոնզագույն տառերով գրել, և կրկին մոռացել գրել արձանի տիրոջ «Ստեփան» անունը։ Հատկապես երբ Արցախի մայրաքաղաքը կրում է նրա անունը։ Հավելել էինք նաև, որ աշխարհում հազիվ թե գտնվի նշանավոր մարդու մի այլ արձան, որի վրա գրված լինի միայն նրա ազգանունը։ Էլ չենք խոսում այն մասին, որ ռուսներն անգամ հայրանունն են գրում...
Տևական ժամանակից հետո ըստ երևույթին դիտողությունը վերջապես տեղ է հասել։ Սխալն ուղղվել է։ Շահումյանի արձանի պատվանդանին հայտնվել է նշանավոր հայորդու և քաղաքական գործչի անունը։





Հայաստանյան և արտասահմանյան մամուլի էջերից...


ԳԼԽԱՎՈՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՃԱՆԱՉԵԼԻ ԼԻՆԻ

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչել հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը և դրանով դրել հայերի նկատմամբ արևմտյան քաղաքակրթության հարյուրամյա սահմանը։ Այսինքն, հայերին լիարժեք մարդ չեն համարում, կամ էլ, ավելի ճիշտ, երկրորդ կարգի մարդ են համարում, որի արյունն այլ հատկություն ունի և չի կարող հավասարվել այլ ժողովուրդների արյանը, օրինակ, հրեաների, որոնք նույնպես ցեղասպանության են ենթարկվել։
Հայերն ակտիվորեն մասնակցել են երկու համաշխարհային պատերազմներին՝ հաղթողների կողմից, սակայն պարտված են դուրս եկել, չնայած այն բանին, որ ավելի մեծ զոհեր են տվել, քան ավելի խոշոր եվրոպական ազգերը։

Ցեղասպանության ճանաչման հարցի նկատմամբ ամերիկյան, բրիտանական, ինչպես նաև Ֆրանսիայի մի խումբ ֆրանսիացի սենատորների ցինիկ և երեսպաշտական վերաբերմունքը համաշխարհային վերնախավի դավադրության գոյության նշան է։ Չնայած Թուրքիան շարունակում է մնալ Արևմուտքի և Ռուսաստանի կարևոր գործիքը, և ԱՄՆ-ն շարունակում է խաղադրույք անել նրա վրա իր աշխարհաքաղաքականությունում, սակայն խնդիրը միայն Թուրքիան չէ։

Համաշխարհային վերնախավի անհանգստությունը երկու բաղադրիչ ունի՝ ցեղասպանային քաղաքականությունը նոր և նորագույն պատմության երևույթ է, և հայերի ցեղասպանության ճանաչումը իր հետևից շատ անսպասելի հետևանքներ կունենա, և այդ գործընթացը կհանգեցնի հրեաների հոլոքոսթի նշանակության արժեզրկման, որը, առկա պայմանավորվածությունների համաձայն, պետք է «բացառիկ» երևույթ մնա։

Սա վաղուց հասկացված հանգամանք է, սակայն, թերևս, հարկ էր ստանալ քաղաքական փորձի շարունակությունը, որպեսզի լիովին համոզվենք դրանում։ Սակայն պետք չէ հուսախաբվել, քանի որ ոչ լիարժեք ազգերի թվում միայն հայերը չեն։ Թուրքերին և ադրբեջանցիներին և նաև գրեթե բոլոր մեզ մոտ ու հեռու հարևաններին ընդհանրապես մարդ չեն համարում։

Հայերի ձեռքին հզոր զենք կա՝ ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարը հավասարազոր է ներկայիս աշխարհակարգի կազմաքանդման համաշխարհային քաղաքականության, երբ լուրջ կասկածի տակ է դրվում ժողովրդավարական արժեքների համաշխարհային համակարգի համարժեքությունն ու իրավաչափությունը։

Բացի այդ, պետք է հասկանալ, որ համաշխարհային վերնախավն ամենևին էլ մեկ ամբողջություն չէ, այն ցրված է և խիստ անկազմակերպ, բնութագրվում է դժվար հաղթահարվող հակասություններով։ Վերջապես, լավ կլինի հասկանալ, որ համաշխարհային և ցանկացած այլ վերնախավ կազմված է առանձին մարկանցից, և համակարգի մահվան պայմաններում նրանք առավել քիչ պաշտպանված են մնում։

Հայաստանը մտել է իր արտաքին քաղաքականության ծավալման միայն առաջին փուլ։ Հայաստանի նկատմամբ ԱՄՆ ներկայիս մտադրությունները շատ բանով պայմանավորված են նաև Հայաստանի ղեկավարությունից և քաղաքական վերնախավից՝ ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հանդեպ վերաբերմունքի որոշակի ձևաչափի ճանաչման հասնելու նպատակով։

Ամեն դեպքում, Հայաստանը պետք է արմատապես փոխի իր վերաբերմունքը ցեղասպանության ճանաչման գործընթացի նկատմամբ՝ հասկանալով, որ համաշխարհային ուժային կենտրոններն աջակցում են այդ գործընթացին որպես աշխարհաքաղաքական գործոն։ Այն պետությունները, որոնք շահագրգռված են որոշակի աշխարհաքաղաքական նախագծերում Հայաստանի մասնակցությամբ, պետք է տնտեսական և ռազմական օգնություն և աջակցություն ցուցաբերեն։

Չի կարելի դուրս գալ քաղաքական բանակցությունների ասպարեզ այնպես, ինչպես Ցյուրիխում արձանագրությունների ստորագրման ժամանակ։ Կանցնի ոչ շատ ժամանակ, և Մեծ Մերձավոր Արևելքում սահմանների կոնֆիգուրացիան ու դաշինքներն անճանաչելի կդառնան։ Գլխավորը՝ որպեսզի մի շարք աշխարհաքաղաքական աղետներից հետո Հայաստանը ճանաչելի լինի։

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Lragir.am




ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ «ԲՈՒՖԵՐԱՅԻՆ ԳՈՏԻՆ»

Ինչպես օգտագործել Ղարաբաղի հարցում թայմ-աութը։ Ավստիական Der Standard-ի հետ հարցազրույցի ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով ղարաբաղյան կարգավորման մասին հարցին, հայտարարել է, որ Ադրբեջանը միշտ ուշադրությունը կենտրոնացնում է տարածքները վերադարձնելու վրա, մասնավորապես, նկատի ունենալով ԼՂՀ շուրջ կազմավորված բուֆերային գոտին. «Տարածքների վերադարձման մասին կետը Մադրիդյան սկզբունքների կետերից մեկն է, սակայն Ադրբեջանը պետք է հասկանա, որ Մադրիդյան սկզբունքները մի ամբողջություն են», - հայտարարել է Նալբանդյանը։

Նույն օրը Եվրամիությունը մի փաստաթուղթ է ընդունել, որում կոչ է արել ղարաբաղյան համամարտության կողմերին շարունակել բանակցությունները Մադրիդյան սկզբունքների հիման վրա։ Ճիշտ է, ԵՄ-ն ավելի շատ ի նկատի ուներ հետկոնֆլիկտային զարգացումը, քան կարգավորումը։
Ղարաբաղյան կարգավորման մասին խոսվում է նաև Ռուսաստանում, որտեղ հիմա տեղի են ունենում նախընտրական բանավեճեր։ Այն մասին, թե ինչպես է վերաբերվում Վլադիմիր Պուտինը այս հարցին, չի ասվել Արա Աբրահամյանի կազմակերպած մեծ շոուի ժամանակ։ Բայց Ժիրինովսկին հայտարարել է, որ ինքը կողմ է կամ Ղարաբաղի անկախության հռչակմանը, կամ միացմանը Հայաստանի հետ։ Իսկ Զյուգանովը խոսել է Ղարաբաղի հարցի խաղաղ լուծման մասին։

Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա նա ամենայն հավանականությամբ համաձայն է Եվրամիության հետ այն հարցում, որ պետք է անցնել հետկոնֆլիկտային վերականգնման, բայց սպասելով քաղաքական կարգավորմանը։
Ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ։ Ուզո՞ւմ է արդյոք Երևանը, որ Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվի Մադրիդյան սկզբունքների հիման վրա, ըստ որոնց պիտի հանձնվեն «բուֆերային տարածքները», ինչպես ասում է Նալբանդյանը։

Համաձա՞յն են արդյոք Սերժ Սարգսյանը և իր կուսակցությունն այն բանի հետ, որ նախկին ԼՂԻՄ-ի շուրջը գտնվող տարածքները բուֆերային շրջաններ են, որոնք կարելի է հանձնել։ Ինչպե՞ս են պատկերացնում Ղարաբաղի ապագան դրանից հետո կառավարությունը և ընդդիմությունը...
Փորձագետները խոսում են այն մասին, որ ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունները կսառեցվեն որոշ ժամանակով, մինչև համանախագահ երկրներում տեղի կունենան ընտրություններ։

Հարցն այն է, թե ինչպես կօգտագործվի այս թայմ-աութը։ Տարբերակները մի քանիսն են. կարելի է հրաժարվել Մադրիդյան սկզունքներից և հայտարարել, որ ամեն ինչ պետք է սկսվի զրոյից, կարելի է անել արդեն ոչ ակտուալ հատարարություններ և ավելի շատ նահանջել սեփական դիրքերից, կարելի է պատերազմ սկսել, և կարելի է անել ինչպես առաջարկում է ԵՄ-ը՝ սկսել հետկոնֆլիկտային վերականգնումը։

Այսպիսի վերականգնման և անարգել Ղարաբաղ մտնելու մասին խոսելով, ԵՄ-ն դժվար թե հաշվարկ է արել հարցի արագ լուծման վրա։ Ավելի շուտ, Եվրամիությունը ուզում է սկսել հասարակական-տնտեսական նախագծերի իրականացումը։ Հայաստանում պետք է գնահատեն այդ առաջարկը։ Ինչո՞ւ չառաջարկել ԵՄ-ին, օրինակ, իրականացնել Վարդենիս-Քարվաճառ-Մարտակերտ ավտոճանապարհի վերանորոգման հետկոնֆլիկտային նախագիծ։

Lragir.am




Իսրայելի և Ադրբեջանի միջև 1,6 մլրդ դոլար արժողությամբ հակաօդային և հակահրթիռային ոլորտի պայմանագրի վերաբերյալ լուրերը բազմաթիվ հարցեր են առաջացնում,- ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ համաձայն մամուլի, պայմանագիրը վերաբերում է Aerostar, Orbiter տեսակի անօդաչու թռչող սարքերի ձեռքբերմանն ու նաև ադրբեջանցի մասնագետների պատրաստմանը։
Հովհաննիսյանի խոսքով՝ թեև ադրբեջանական հերթական «բլեֆի» հավանականությանը, այնուամենայնիվ պետք չէ անտեսել այս լուրերը, քանի որ վերջին շրջանում Իրանի շուրջ առաջացած լարվածությունից հետո, Իսրայելը դաշնակիցներ է փնտրում։

Ըստ նրա՝ հետաքրքիր է, մասնավորապես ՀՕՊ և ՀՀՊ համալիրների մասին լուրը և եթե դա ճշմարիտ է ապա ակնհայտորեն ուղղված է Իրանի դեմ։ «Դժվարանում եմ ասել, թե ՀՕՊ և ՀՀՊ իսրայելական ինչ համալիրների մասին է խոսքը։ Բայց դրանք շատ բարձրակարգ են և գրեթե ոչ մեկին չեն վաճառվել մինչև այժմ,- ասաց փորձագետը։- Հնարավոր է Իսրայելի և Ադրբեջանի կառավարությունները գաղտնի պայմանագիր են կնքել՝ ընդդեմ Իրանի, և դրանից հետո է Իսրայելը համաձայնել ադրբեջանցի զինվորներին ԱԹՍ-ների ղեկավարման մասնագիտական հմտություններ տրամադրել»։ Նա հավելեց, թե քիչ հավանական է, որ Իսրայելը մարտական ԱԹՍ-ների արտադրման համալիր կառուցի Ադրբեջանում։

«Իսրայելը ավելի լուրջ ռազմական գործընկերներ ունի քան Ադրբեջանն է, և ավելի մերձ դաշնակիցներ, սակայն նույնիսկ այդ երկրներին չի տրամադրում ԱԹՍ-ների պատրաստման հույժ գաղտնի և թանկարժեք տեխնոլոգիան։ Այս պատճառով եմ կարծում, որ, եթե նույնիսկ Ադրբեջանում անօդաչուների ինչ-որ համալիր կառուցվի, ապա արտադրվող ԱԹՍ-ները չեն կարող լուրջ մոդելներ լինել»,- ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ նախորդ տարվա սեպտեմբերի 12-ին հայկական հակաօդային ուժերի կողմից ոչնչացված ադրբեջանական ԱԹՍ-ի զննումից հետո պարզ է դարձել, որ ադրբեջանական անօդաչուները իսրայելական անորակ, չհաջողված ԱԹՍ մոդելներ են։



Այն, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը ոչ սահմանադրական ճանաչեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը, դա աշխարհի վերջը չէ։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը։
Նրա խոսքով, այս ռաունդում հաղթեցին թուրքական ճնշումներն ու սպառնալիքը, ինչ-որ առումով նաև կաշառքները, ինչը պատիվ չի բերում Ֆրանսիային։ Ըստ Մանոյանի, Ֆրանսիայի հայ համայնքն արդեն հայտարարել է, որ սրանով ամեն բան չի ավարտվում, քանի որ նոր թափով կսկսեն աշխատանքները, որ ճանաչվի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։

Ֆրանսիացի խորհրդարանականները, որոնք քվեարկել էին ցեղասպանությունների, այդ թվում նաև հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրինագծի օգտին, զարմացած են Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի օրենքի մերժմամբ։ Այս մասին գրում է ֆրանսիական «Public Senat» կայքը։

«Ես այդ տեքստի օգտին քվեարկել եմ ամբողջ սրտով։ Ինձ զարմացնում է Սահմանադրական խորհրդի որոշումը։ Այդ որոշումը կարող էր ավելի ընդգրկուն լինել, քանի որ հիմնական խնդիրը նրանումն է, թե կարելի է օրենքի մեջ ներառել այն, ինչը ոմանց կարծիքով կապված է պատմության հետ։ Ոմանք մտավախություն ունեին, որ Սահմանադրական խորհուրդը կդիմի նաև 2001 թվականին ընդունված օրենքին՝ Հոլոքոստի ժխտման քրեականացման Գեյսոյի օրենքին, սակայն Սահմանադրական խորհուրդը կանգ է առել վերջերս ընդունված օրենքի տեքստի վրա։ Ինձ մոտ այն տպավորությունն է, որ մենք լողում ենք պղտոր ջրում և որ, ամենայն հավանականությամբ, այս հարցը նորից է բարձրացվելու»,- ասել է Ֆիլիպ Դալյեն՝ Սեն Սեն Դենի սենատորը։

«Այս որոշումն արտահայտում է Ռոբերտ Բադենթարի կարծիքը (Ֆրանսիայի արդարադատության նախկին նախարար), ըստ որի՝ խորհրդարանը դատարան չէ»,- նշել է քրեական գործերով փաստաբան Վենսան Նիորեն, գրում է «Le Point»-ը։
 «Խորհուրդը չի ասում, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող 2001 թվականի հունվարի 29-ի օրենքը համարվում է ոչ սահմանադրական, այն պարզապես ասում է, որ օրենքը դեկլարատիվ է»,- նշել է Նիորեն՝ ընդգծելով, որ իրավաբանական տեսակետից դեկլարատիվ օրենքը հետևանքներ չի ունենում։

Միայն ցեղասպանությունները և որպես այդպիսին միջազգային դատարանի կողմից հայտարարված ռազմական հանցագործությունները կարող են լինել «նորմատիվ» օրենքների հիմքում, որն առաջացնում է Վենսան Նիորեի ցավակցությունը. «Չի կարելի մի կողմից ցավել 1915 թվականի ողբերգության համար, որն այն որակում է որպես ցեղասպանություն, իսկ մյուս կողմից էլ խանգարել պետական ժխտման քրեականացմանը,- բարկանում է նա։ Դա այն դեպքում, երբ զոհերը զրկված էին իրենց տանջարարներին Միջազգային քրեական դատարանում դատելու հնարավորությունից»։



Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր, հանրապետական Հարություն Փամբուկյանը քվեարկություններից ամենաշատ բացակայած պատգամավորն է (465)։ Նրան հաջորդում են ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Ալվարդ Պետրոսյանը (462), Աշոտ Ափոյանը (462), Ռուբեն Հայրապետյանը (455) և Գագիկ Ծառուկյանը (449)։
Ամենաշատը քվեարկել է Գալուստ Սահակյանը (461), որ նաև ամենաշատ «կողմ» քվեարկողն է (460)։
Ամենաշատը «դեմ» քվեարկել է ԱԺ նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը (61)։ Ամենաշատը ելույթներ են ունեցել Լարիսա Ալավերդյանն (134), Արծվիկ Մինասյանը (120) և Արմեն Մարտիրոսյանը (67)։
NEWS.am




ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ

Մենք դեռ պետություն չենք։ Մեր պետականությունը ստեղծելու համար դեռ վիթխարի աշխատանք է պետք։ Շատ ցավում եմ, որ դա դանդաղ է ընթանում։ Բայց միայն նախագահը, նախարարները, այսինքն՝ իշխանությունը, միայնակ չեն կարող պետություն կառուցել։
Մի դերասան Հրաչյա Ներսիսյան անունով պատերազմից հետո այս ծեծված,  հույսը կորցրած ազգին ոտքի կանգնեցրեց։ Ինչպե՞ս։ Իր դերերո՛վ, իր պահվածքո՛վ։ Բոլորին կարծես ասաց. «Նայեք ինձ և նմանվեք ինձ, դուք վատը չեք»... Եվ ազգը հետևեց նրան։

Հիմա ես երբեմն նայում եմ մեր սերիալներն ու մտածում. էս կապիկությունները, որ անում են՝ ինչի՞ համար են, որ ի՞նչ սովորեցնեն։ Էս բռնությունները ինչո՞ւ են ցույց տալիս։ Օգտվելով առիթից, ավելացնեմ. ի՜նչ հրճվանքով բոլոր հեռուստաալիքները հաղորդեցին, որ մի ինչ-որ տականք բռնաբարել է մի պառավ կնոջ։ Դա հաղորդելո՞ւ բան է։ Դա ո՞ւմ է պետք։ Ո՞ր աշխարհում չկա տականքություն, ավազակություն...

Գիտե՞ք ինչ։ Իհարկե, կոչ չեմ անում, որ լինի գրաքննություն, բայց իշխանությունները մատը պիտի պահեն այ էդ զարկերակի վրա, տեսնեն ի՞նչ ենք դաստիարակում վերջապես։ Վաղը ի՞նչ ենք դառնալու։ Ի՞նչ կարիք կա 5 րոպե ցույց տալու սպանված, արյունոտ մարդուն... Եվ ցույց են տալիս հաճույքո՛վ։ Վթարները՝ հաճույքո՛վ։ Ո՞ր երկրում չեն լինում վթարներ... Սա ի՞նչ բան է, սա ի՞նչ բարբարոսություն է ազգի նկատմամբ, սա ի՞նչ բարբարոսություն է երեխաների նկատմամբ...

Չի ձևավորվում հայկական հասարակությունը, չի ձևավորվում էլիտան՝ հենց այս պատճառով։ Եվ բոլորն ասում են, որ այս է ուզում ժողովուրդը։ Ո՛չ։ Ես  շատ եմ շրջում և գյուղերում մարդ չեմ տեսել, որ գոհ մնա։ Ինձ շատ մարդիկ նույն խոսքն են ասում. բա մեր հին ֆիլմերը տասը անգամ նայում եմ, իսկ սրանք ի՞նչ են անում...
Ո՛չ, դուք ժողովրդի ուզածը չեք անում։ Դուք ժողովրդին իջեցնում եք ձեր ցածր մակարդակին... Այդ երիտասարդներին, որ այդ կապկություններն անում են, հարցրել եմ՝ էդ քո հոր նմա՞ն ես, քո հորեղբոր նմա՞ն ես, քո հարևանի նմա՞ն ես, էդ տեսակ հայ որտե՞ղ ես տեսել։ Էդպես խոսել կլինի՞, որ դուք խոսում եք։ Փողոցային լեզուն, փողոցային արտահայտությունները դարձրեցիք օրենք...

Ես չեմ կարող այս բոլորի հետ հաշտվել։ Մեկ-մեկ մտածում եմ. դա քո գործը չի, քո ժամանակը անցավ... Բայց ես չեմ կարողանում, հոգիս պատռվում է։ Մեր երեխաները սրանք նայո՞ւմ են։ Նայո՛ւմ են։ Ի՞նչ մի մեծ բան է, որ մերկ կինը ցույց եք տալիս։ Կին է, իր ընտանիքն ունի, ես ինչո՞ւ պիտի տեսնեմ նրա ազդրը... Ամոթ բան է։ Գետինը մտնելու բան է։
Եվ պարտադրում են։ Մենք էդ ազգը չենք եղել, մենք էդ ժողովուրդը չենք եղել։ Նորից եմ ասում, ես հարցնում եմ՝ ում, որ ցույց ես տալիս, մի հատ քո կողքին նայիր տես հայրդ, քեռիդ, եղբայրդ, մայրդ այդպիսի՞ն են, այդպե՞ս են խոսում, այդպե՞ս են իրենց պահում, այդպիսի կապկություննե՞ր են անում, այդպիսի այլանդակ արտահայտություննե՞ր են անում։ Այս ի՞նչ բան է։

Ժամանակն է զգաստանալ։ Իմ տարիքի բարձրությունից ես իրավունք ունեմ ազգին դիմել. ՀԱՅԵ՛Ր, ԶԳԱՍՏԱՑԵ՛Ք, ԱՅՍՊԵՍ ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ, մենք կկործանվենք, ոտի տակ կկորչենք...
Իմ կարծիքով, եկել է ժամանակը, որ այն, ինչ արվում է հեռուստատեսությամբ, այն, ինչ քարոզվում է հեռուստատեսությամբ, այլևս հանդուրժել չի կարելի, պետք է դադարեցնել։

Ես առաջին հերթին դիմում եմ մեր իշխանություններին։ Հարց եմ տալիս. մի՞թե ձեզ համար միևնույն է, թե վաղը ինչ քաղաքացիներ կունենաք։ Ճշմարտություններ կան, որոնք երբեք չեն հնանում։ Առաջին ճշմարտությունը հետևյալն է. արվեստը ճաշակ է, այլապես դառնում է գռեհկություն։ Արվեստը պետք է ծառայի ժողովրդին, այլապես դառնում է անիմաստ, դատարկ խրխնջոց... Ներողություն կոպիտ խոսքիս համար...
Ի՜նչ ճաշակ և ի՜նչ արվեստ ունեինք։ Չի կարելի արմատից կտրվել։ Ամեն մի դերասան, ամեն ոք, որ դուրս է գալիս էկրան, բեմ, պարտավոր է մտածել այն մասին, թե ինչ տպավորություն է թողնում... Լավ, ենթադրենք կան դրանց նման հիմարներ, որ ծիծաղում են։ Մատ էլ ցույց տաս՝ ծիծաղում են։ Հետո՞...

Բայց ենթադրենք, որ ժողովուրդը դա է պահանջում։ Բարի եղեք դուք՝ որպես մտավորականներ, հայ մարդիկ, անհանգստանալ, ժողովրդին բարձրացնել, ճաշակը բարձրացնել...
Լսում եմ երգեր։ Սա արաբերեն է, թուրքերեն է։ Խոսքերը հայերեն են, երաժշտությունը մերը չի։ Մեր երաժշտությունը կարելի՞ է կորցնել։ Գիտե՞ք դա ինչ գանձ է... Շատ բան ենք կորցրել։ Ամենասոսկալին, ամենածանրը ինձ համար՝ որ մեր մտավորականությունը, նրանք, որ փոքրիշատե մտավորական են՝ լռում են, չեն խոսում, չեն բողոքում, չեն ճչում. «Այս ի՞նչ եք անում։ Այս ո՞ւր եք տանում ազգին»։

Մի՛ կարծեք, որ միայն հեռուստատեսությունն է այդպես։ Սա տարածվում է նաև Ազգային ժողովի վրա, որ համարյա այդ մակարդակին է։ Տարածվում է մեր նախարարություններում, մեր բանակում։ Սա սոսկալի երևույթ է, ամենացածր ճաշակը թելադրում են ազգին։ Չի կարելի թույլ տալ։
Նորից եմ կրկնում. մենք հասել ենք այն կետին, որ այլևս նման բան չպիտի հանդուրժենք։ Մենք ազգովին պիտի բողոքենք, պայքարենք։ Մեր իշխանությունները պետք է շատ մտահոգվեն այս հարցով, որովհետև մենք երեխաներ ենք դաստիարակում, ովքեր վաղը դառնալու են այս երկրի քաղաքացիները, որոնք պիտի պաշտպանեն այս երկիրը, որոնք պիտի շենացնեն այս երկիրը։

Իհարկե, լուսավոր բաներ էլ կան։ Այն կոոպերացիաները, որ սկսեցին ստեղծել գյուղերում, ինձ ուրախացնում է։ Համոզված եմ, որ դա է ճանապարհը... Բայց այս մեր հեռուստատեսությունը... Ես, որ նախագահ լինեի, կփակեի, պետք չէ մեզ այդ հեռուստատեսությունը...

Մենք ընկել ենք ամենավատ բաներով լի մի կաթսայի մեջ և չենք կարողանում դուրս գալ։ Բայց պետք է դուրս գանք այդ կաթսայից։ Ժամանա՛կն է։ Հակառակ դեպքում՝ ամեն ինչ կործանվում է։ Ամեն ինչ...
Մեծ փոփոխություններ են պետք մեր վերևներում։ Մեծ փոփոխություններ։ Հայ ազգում սփռված են գոհարներ, մարգարիտներ։ Պետք է դրանց ճանապարհ տալ։

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ
ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ
slaq.am




«ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ» ՀԱՐԱՏԵՎ ԿՌԻՎԸ

«Եհովայի վկաներ» քայքայիչ աղանդի ներկայացուցիչները Ստեփանակերտի փողոցներում հազվադեպ են հանդիպում։ Հաստատ ինչ-որ բան է կատարվում նրանց հետ, կամ... Կանխատեսումները մի կողմ թողնելով, փորձեցինք ԼՂՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի վարիչ՝ Աշոտ Սարգսյանից պարզել, թե ինչումն է բանը։

Բաժնի վարիչը «Եհովայի վկաների» զգուշավորությունը նախ բացատրում է իրավապահ մարմինների կողմից նրանց տուգանելու և ահռելի քանակությամբ կրոնական գրականություն առգրավելու հանգամանքով, հետո՝ նոր տակտիկայի որդեգրմամբ։
Պարզվում է, որ «Եհովայի վկաները» դիմել են Եվրոպական Դատարան։ Պարոն Սարգսյանի մոտ եղած փաստաթղթերից տեղեկացանք, որ ՀՀ փաստաբանների պալատի անդամ և Վերին Կանադայի փաստաբանների միության անդամ Շեյն Հիթ Բրեյդը 2011 թ. օգոստոսի 22-ին նամակ է գրել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, որում մասնավորապես նշել է.

«Սպառելով բոլոր ներպետական միջոցները մեր վստահորդները չունեին այլ միջոց, քան Եվրոպական Դատարան դիմելը։ Մեր դիմումն արդեն ուղարկվել է և Եվրոպական Դատարանի կողմից որոշում կկայացվի այն մասին, թե արդյոք որպես պատասխանող պետություն հանդես կգա Հայաստանը, թե Ադրբեջանը։ Դիմումին ընթացք տալու ժամանակ երկու երկրներից որևէ մեկից Եվրոպական Դատարանը կպահանջի պատասխան ներկայացնել մեր դիմումին։ Գրավոր պատասխան սաանալուց հետո միայն Եվրոպական Դատարանի կողմից կնշանակվի վճռի կայացման ամսաթիվը՝ գործի հնարավոր բանավոր լսումից հետո։

Հուսով ենք, որ այս հարցին գոհացնող լուծում կտրվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ առանց մեր վստահորդների կողմից Եվրոպական Դատարան ներկայացված դիմումի հետագա ընթացքի ապահովմանը...»։
Նամակին կցված էր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպությունն և Ավանեսյանն ընդդեմ Հայաստանի և Ադրբեջանի» թիվ 41817 դիմումի պատճենը (23 թերթ)։

Պարոն Սարգսյանի մեկնաբանմամբ՝ «նախ, զավեշտական է անդրօվկիանոսյան փաստաբանի «փաղաքշական» նախազգուշացումը և «հորդորը» ԼՂՀ նախագահին. «Հուսով ենք, որ այս հարցին գոհացնող լուծում կտրվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ առանց մեր վստահորդների կողմից Եվրոպական Դատարան ներկայացված դիմումի հետագա ընթացքի ապահովմանը» և ամենակարևորը՝ ինչպե՞ս է Եվրոպական Դատարանը նման ձևակերպմամբ հայց ընդունել»։

Բաժնի վարիչը գտնում է, որ Եվրոպական Դատարանը հայցը չպիտի ընդուներ, քանի որ ԼՂՀ-ում «ԼՂՀ Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպություն» գոյություն չունի. կա «Եհովայի վկաներ» կրոնական խումբ։ ԼՂՀ-ում գործում են հինգ կրոնական կազմակերպություններ. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմ ( գրանցված է 11.11.2009 թ.), Արցախի Հայ Կաթողիկե Եկեղեցի (գրանցված է 19.03.2009 թ.), Արցախի Հայ Ավետարանական Եկեղեցի (գրանցված է 07.07.2009 թ.), Հայ Առաքելական Եկեղեցու Եկեղեցասիրաց Եղբայրակցություն, Արցախի Ռուս Ուղղափառ Եկեղեցի (գրանցված է 08.07.2009 թ.)։

Աշոտ Սարգսյանը գտնում է, որ այնուամենայնիվ հայցն ընդունվել է, հիմա էլ հաջորդ սխալն է փորձում կատարել Եվրոպական Դատարանը, երբ պատասխանող կողմ է փնտրում՝ Հայստանը, թե՞ Ադրբեջանը։ Հարցը լուծված է ի սկզբանե,- նշեց Ա. Սարգսյանը,- պատասխանողը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է, ըստ «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» հոդված 2-ի. «Ամեն ոք ունի այս Հռչակագրում բերված բոլոր իրավունքներն ու ազատությունները առանց որևէ խտրության՝ հիմնված ցեղային, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, ունեցվածքի, դասային պատկանելության կամ որևէ այլ կարգավիճակի վրա։

Ավելին, ոչ մի խտրականություն չպետք է լինի հիմնված երկրի կամ տարածքի, քաղաքական, իրավական, կամ միջազգային կարգավիճակի վրա, լինի դա անկախ, խնամարկյալ, ոչ ինքնակառավարվող կամ ինքնիշխանության որևէ այլ սահմանափակումով պետական կազմավորում, որին պատկանում է մարդը»։
 Նշենք, որ ԼՂՀ-ն միացել է «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին» 1993 թ. մայիսին։

 Բաժնի վարիչը մի հետաքրքիր փաստ ևս նշեց. «2010 թ. փետրվարի 8-ին Գերագույն դատարանում Վճռաբեկ բողոքի քննարկման ժամանակ, ի պատասխան Գերագույն դատարանի անդամ Շուրա Օհանյանի այն հարցին, թե արդյո՞ք ԼՂՀ-ում ոտնահարվում են իր իրավունքները որպես անհատ, խոչընդոտո՞ւմ են նրան որպես առանձին անհատի դավանելու այս կամ այն կրոնը, հայցվոր քաղաքացի Սարգիս Ավանեսյանը պատասխանել է՝ ո՛չ»։
 Հետաքրքիր է, Արցախի քաղաքացին ԼՂՀ Գերագույն դատարանում գտնում է, որ իր իրավունքները չեն ոտնահարում, բայց դիմում է Եվրոպական Դատարան։

Մեր կարծիքով «Եհովայի վկաները» թեկուզ հրաժարվում են զենք վերցնելուց, բայց որդեգել են հարատև կռվի գաղափարախոսությունը։
Աշոտ Սարգսյանից իմացանք, որ «Եհովայի վկաները» 2012 թ. միայն առաջին ամսին են «հանգիստ նստել»։ 2012 թ. փետրվարի 2-ին «Եհովայի վկաներ» կրոնական խմբի ղեկավար Ս. Ավանեսյանը դիմել է ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին, պետական գրանցում ստանալու համար փորձագիտական եզրակացություն ստնալու ակնկալիքով։ Պատասխանելով դիմումատուին նախարարը գրել է. «Գտնում ենք, որ Դուք չեք ներկայացրել նոր փաստարկներ և հիմնավորումներ։ Նույն հարցի կապակցությամբ Ձեզ մի քանի անգամ տրվել են ըստ էության պատասխաններ։ Ավելին՝ Ձեր կրոնական խումբը չի վերացրել 2009 թ. հուլիսի 6-ին ԼՂՀ աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի կողմից տրված փորձագիտական եզրակացության մեջ նշված թերությունները և խախտումները»։
Կարճ ասած՝ խնդրանքը հերթական անգամ մերժվել է։

Զարմանալին այն է, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն անցյալ տարի դեկտեմբերի 30-ին 2,5 տարի ազատազրկմամբ դատապարտել է «Եհովայի վկա» Կարեն Հարությունյանին Հայոց բանակում ծառայությունից հրաժարվելու համար։ Ի՞նչ է ստացվում. մարդը հրաժարվում է ծառայելուց, 2,5 տարի մեր՝ հարկատուներիս հաշվին առոք-փառոք պահում ենք բանտում (հանկարծ չմրսի, չհիվանդանա, թե չէ՝ ի՞նչ պատասխան ենք տալու «գրանտներով» սնվող իրավապաշտպաններին) և հանգիստ խղճով բաց ենք թողնում։ Այդ «խղճի բանտարկյալը» բանտից դուրս գալուց հետո իր հավատացյալների շրջանում համարյա թե սուրբ է դառնում՝ դրանից բխող հետևանքներով։

Ստացվում է, որ «Եհովայի վկան» չի ծառայում բանակում և պահակակետերում ժամերով կանգնելու, կյանքը վտանգելու փոխարեն նախընտրում է առոք-փառոք կյանք անցկացնել բանտում, որտեղ յուրաքանչյուր բանտարկյալի վրա օրական ծախսվում է 3600 դրամ (օրինակ, Շուշիի բանտում)։ Կոնկրետ Կարեն Հարությունյանի պարագայում, ազատազրկման 2,5 տարիների ընթացքում նրան խնամելու համար ծախսվելու է ավելի քան 4 միլիոն դրամ։

 Հիշեցնենք, որ «Եհովայի վկաներ» կրոնական խմբի ղեկավար Սարգիս Ավանեսյանի տղան 4 տարով էր ազատազրկվել։
Մի հետաքրքիր համգամանք ևս։ Ա. Սարգսյանի հետ զրույցի ժամանակ պարզեցինք, որ հոգևոր իրավախախտումների դեպքում սահմանված տուգանքները չեն համապատասխանում պատժի էությանը։ Այն առավելագույնը կազմում է 1000 դրամ։

Հետաքրքիր է՝ թե՛ Ա. Սարգսյանը, թե՛ իրավապահ մարմինների ներկայացուցիչները, թե՛ հասարակական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները, թե՛ պատգամավորները հիմնականում գտնում են, որ հոգևոր իրավախախտումների դեպքում տուգանքի չափերը 500 հազար դրամ դարձնելով՝ կտրուկ իրավիճակը կփոխվի, բայց համապատասխան աշխատանքները շատ դանդաղ են կատարվում։ «Ինչո՞ւ» հարցին ի պատասխան բաժնի վարիչը պատասխանեց. «Դա հայկական պարադոքսների շարքին է պատկանում»։
Համոզված ենք, որ մեր ազգային անվտանգությունը պահանջում է մեզ շուտափութ լուծելու այնքան էլ ոչ դժվար լուծելի հայկական պարադոքսի հոգևոր թնջուկը։

ԱՆԴՐԱՆԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ




ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼ

1982 թ. հայրս՝ Վանո Պետրոսյանը, Ասկերանի շրջանի Խրամորթ և Փառուխ գյուղերի կոլտնտեսության նախագահն էր։ Այս գյուղերի սահմանների մեծ մասն ադրբեջանական գյուղերի և Աղդամ քաղաքի հետ էր։ Տնտեսության անասունները պահում էին ադրբեջանցիները (այդպես էր այդ ժամանակ ամբողջ Ղարաբաղում)։ Հայրս մի գիշեր ադրբեջանցիներին բռնում է գողության մեջ և վեց ընտանիքների քշում այդ երկու գյուղերից, ինչի պատճառով էլ հետագայում նրան ազատում են աշխատանքից և հեռացնում կոմկուսի շարքերից։

Հենց այդ ժամանակ էր, որ Իգոր Մուրադյանն այցելեց Ղարաբաղ և հորս հետ նրանք շրջեցին այդ երկու գյուղերի տարածքով, որտեղ կային երեք մեծ խաչքարեր։ Դրանցից մեկը, որ գտնվում էր Խրամորթ և ադրբեջանական Խդռլու գյուղի սահմանում, այժմ չկա։ Ասկերանի շրջկոմի այն ժամանակվա քարտուղար Վաչագան Սանթուրովիչ Գրիգորյանը հորս հեռացրեց աշխատանքից և կուսակցությունից՝ որպես նացիոնալիստի։
88-ի շարժման նախաձեռնողը Իգոր Մուրադյանն էր, բայց նրա անունը ավելի քիչ են տալիս, քան թե մի քանի գրող-հրապարակախոսներինը։

1987թ. սեպտեմբեր ամիսն էր։ Քեռուս տղան՝ Սամվել Աղայանը, ինձ կանչեց և առաջարկեց Ղարաբաղը Հայաստանին միավորվելու վերաբերյալ ստորագրություններ հավաքել։ Ես համաձայնեցի և մենք մի քանի հոգով սկսեցինք մեծ հիմնարկներում և բակերում ստորագրություններ հավաքել։ Հետո ես իմացա, որ Արկադի Կարապետյանն Իգոր Մուրադյանի առաջարկով էր այդքանը բերել հասցրել մեզ։

Այնպես որ 88-ի շարժումը կրում էր ժողովրդական բնույթ, դա ոչ մեդալ է, որ կպցնեն իրենց կրծքին, ոչ փող է, որ յուրացնեն, ոչ էլ պաշտոն է, որ տրամադրեն իրենց մտերիմներին։ Այնպես որ, ոչ ոք, լինի դա այն ժամանակվա պատգամավոր, գրող, հիմնարկի ղեկավար կամ կոմկուսի քարտուղար, իրավունք չունի ասել, որ ինքն արել է այս կամ այն հայրենասիրական գործը։ Շարժումը ժողովրդինն է։

Ամեն ինչ սկսվել է 1987թ. աշնանը, թեև առաջին միտինգը եղավ 1988թ. փետրվարի 13-ին և առաջինը ելույթ ունեցավ բոլորիս հայտնի Գրիշա Աֆանասյանը, իսկ փետրվարի 20-ին տեղի ունեցավ նստաշրջանը։ Սա ժողովրդական ուժն էր դրդել։ Եթե հրապարակում կանգնած չլիներ 50-60 հազարանոց ժողովրդական զանգվածը, ապա պատգամավորները կքվեարկեին, ինչպես ցանկանում էին կոմկուսի ղեկավարները։

Այն ժամանակ եղել է պատգամավոր, ով չի քվեարկել հօգուտ Միացման, սակայն շարժումից հետո միշտ եղել է պաշտոնում ու օգտվել է ամեն տիպի բարիքներից՝ մինչ այսօր։
Իսկ այն պատվիրակությունները, որոնք գնացել են Մոսկվա, Երևան կամ թե չէ Բաքու, չգնալ չէին կարող, քանզի ժողվորդի մոտ եղել է ուժեղ միասնականություն ու ոչ ոք չէր կարող դեմ լինել ժողովրդի որոշմանը։

Մի դեպք պատմեմ, որ ամբողջ Սովետական Միությունում առաջինն էր։ Մայիսի մեկը աշխատավորների տոնն էր, բոլոր հիմնարկների անձնակազմերը գալիս-անցնում էին հրապարակով, որտեղ կանգնած էր Լենինի արձանը։ Ես այդ ժամանակ աշխատում էի Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատում, որպես օժանդակ տնտեսության վարիչ։ Կոմբինատի տնօրենն էր հայտնի Արկադի Մանուչարովը, ով այդ ժամանակ ղեկավարում էր շարժումը, և ես հերթական առաջադրանքը ստացա նրանից։ Երբ մեր հիմնարկի շարասյունը հասնի հրապարակի կենտրոն, որտեղ ժողովրդին դիմավորում էր տրիբունայում նստած ղեկավարությունը, ես կանգնեցնեմ շքերթը։ Ես օգտագործեցի մեթոդը, և երբ մենք հասանք նշված տեղը հինգ հոգով տեղում կանգնած սկսեցինք բարձրաձայն կանչել «Հայաստան»։ Մի քանի անգամ գոռալուց հետո ամբողջ հրապարակը միացավ մեզ և այսպես կոչված շքերթը վերածվեց ցույցի։ Հետո Խթը-ից ինձ մի քանի նկար նվիրեցին այդ դեպքերի մասին։

1988թ.-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժն անգամ չկոտրեց մեր ոգին։ Մենք ունեցանք քանդված Հայաստան, բայց շարժումը չթուլացրինք։
Այսքանը շարժման մի տարվա մասին։ Վերջում նորից հիշեցնեմ, որ Արցախյան շարժումը պատկանում է ժողովրդին և ոչ ոք այն սեփականաշնորհելու իրավունք չունի։ Իսկ Շարժման հիմնական նախաձեռնողը եղել է Իգոր Մուրադյանը։

ԱՐԱՐԱՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԼՂՀ ԱԺ 4-րդ գումարման պատգամավոր




Ո՞ՒՐ Է ՄԵՐ ԼԵՎՈՆԸ

Շատերը գիտեն Լևոն Հայրապետյանի մասին, որի կատարած բարեգործությունները հույս ու հենարան հանդիսացան Արցախ աշխարհի համար։
Թե կարճ ժամանակահատվածում ինչպես անճանաչելի դարձրեց իր ծննդավայր Վանք գյուղը, կառուցելով մեծ փայտամշակման կոմբինատ, որտեղ աշխատում էին 200 հոգի։ Գյուղում վեր է հառնվել մշակութա-կենցաղային ժամանակակից շենքեր և այլ օբյեկտներ։ Վերակառուցվել է Գանձասարի վանական համալիրը։ Էլ չենք խոսում այն նվիրական հարսանիքի մասին, երբ Արցախում միանգամից կազմակերպեց 700 զույգի ամուսնություն՝ ծնունդ տալով 700 ընտանիքի։

Իսկ ժամանակին ինչե՜ր պիտի կատարեր Արցախի բարերարը, եթե երկրի իշխանավորներն ու նրանց վասալները չխանգարեին նրան։ Այնպես այդ լուսատու մարդուն նեղը գցեցին, խաղացին հոգու հետ, որ նա ամեն ինչ թողեց ու հեռացավ իր պաշտելի ծննդավայրից։ Ահա թե նա ինչպես է նկարագրում թերթում հայկական պետության իսկական դեմքը։

«Կաշառակերությունը խաթարում է մեր պետականության հիմքերը, խարխլում պետությունն ու ազգը։ Կոռումպացված պետությունը ժանգոտ մեքենա է, որը վաղ, թե ուշ քայքայվում է...»։ Մեծ բարերարն ահա թե ինչու է այդպես բնութագրում. նա ինքն է սեփական աչքերով տեսել, թե ինչպես մեր երկրի իշխանապետները հերթականությամբ երկիրը դարձրել էին կաշառակերության և կոռուպցիայի ճարագ։ Նա այդ մասին դեռ Ղուկասյանի օրոք է գրել «Իրավունք» թերթում. «Ղուկասյանն ու Դանիելյանը պետք է կանգնեն դատարանի առջև»։ «Իրավունքի» այդ հոդվածում մինչև ուղն ու ծուծը մերկացնում է նախագահ Ղուկայանի իրական դեմքը։

ԼՂՀ վարչապետը (Ա. Դանիելյանը) ապատեղեկացնում է հասարակությանը («Իրավունք», N 89 (700) նոյեմբեր 2002 թ.), հայտնելով, որ իբր Լևոն Հայրապետյանը հարկեր չի վճարել։ Եվ սա ասում է մի մարդ, որ Ղրիմից եկել էր Ղարաբաղ և, Ղուկասյանի անմիջական որոշում-համաձայնությամբ դարձել վարչապետ։
Այս հոդվածում բարեգործը հայտնում է, թե ինչ բարեգործություններ է արել։ ԼՂՀ ներքին գործերի նախարարությանը՝ 7 հազար ԱՄՆ-ի դոլար, Շուշի քաղաքի չքավոր ընտանիքներին՝ 40 հազար դոլար, Վանք գյուղի զոհված ընտանիքներին՝ 42 հազար դոլար, Ամենափրկիչ Շուշվա եկեղեցու զանգակատան վերանորոգման համար՝ 15 հազար դոլար, քաղաքաշինության նախարարությանը՝ 12 հազար դոլար, ԼՂՀ պաշտպանության նախարարությանը՝ 48 հազար դոլար, մեկ «Նիվա» մակնիշի ավտոմեքենա՝ Գանձասարի վանքին և այլն։

Մինչ օրս Արցախի շատ պաշտոնյաներ Լ. Հայրապետյանին պարտք են հսկայական գումարներ, և այդ պարտքը մարելու ցանկություն չունեն։ Բարեգործին վիրավորելն ուղղակի տմարդություն է։ Մեր միջավայրում դեռ կան մարդիկ, ովքեր առանց խղճի խայթ զգալու պատրաստ են վիրավորելու, ստելու, զրպարտելու նույնիսկ ամենաազնիվ մարդուն։ Նրանց համար գոյություն չունի մարդկային ոչ մի սրբություն։
Ցինիզմի թույնով վարակված այդ մարդուկները պատրաստ են ստել, կեղծել, քծնել, միայն թե՝ հասնեն իրենց նպատակին։ Այսօր ինքնասիրություն ու արժանապատվության զգացում ունեցող մարդու համար ամենաթանկը պատիվն է։ Արժանապատվություն ունեցող ցանկացած մարդ լավ գիտե, թե ինչ են զգում, երբ խաղում են իր պատվի ու անբասիր անվան հետ։ Երախտամոռությունը մարդկային ամենավատ գծերից է։ Իշխանական հիերարխիայում իր տեղը չգտած ղեկավարն առաջին հերթին վնասում է իրեն, երկրորդ հերթին՝ իր ղեկավարած մարդկանց։

Յուրաքանչյուր պետության առաջընթացը, պայմանավորվում է բանիմաց, որակյալ կադրերի գործունեությամբ։ Նախորդ ղեկավարության մեծագույն սխալներից մեկը կադրերի ընտրության անմտածված քաղաքականությունն էր, որի պատճառով որակյալ շատ կադր հեռացան։ Չպետք է ներողամիտ լինել անցյալի և ներկայի սխալների հանդեպ։ Չուղղված սխալները նոր սխալներ են ծնում։
Այս ամենի մասին ես գրում եմ, ոչ թե նրա համար, որ այսօր այդ մարդիկ այստեղ չեն, այլ նրա համար, որպեսզի ժողովուրդը հասկանա, թե որքան վտանգավոր է անցյալի և ներկայի սխալների հանդեպ ներողամիտ վերաբերմունքը։

Լ. Հայրապետյանը հոդվածներում ակնարկել է այն պատճառները, որի համար Ղուկասյանն իրեն զրպարտել է։ Այն է՝ հրաժարվել է մտնել նախկին նախագահի ստեղծած կոռումպացված կառույցը, իշխանություններին է վերադարձրել կառավարական մեդալը՝ հրաժարվելով այն ընդունել Ղուկասյանի ձեռքից, հրապարակայնորեն ԼՂՀ-ի կառավարության հակակառավարական կուրսն է քննադատել, կուրս, որը հանգեցրել է Արցախի բնակչության աղքատացմանը, բարոյալքմանը և չդադարող արտագաղթին, Հայրապետյանը հրաժարվել է մասնակցել ԼՂՀ նախկին նախագահական «ընտրությունների» արդյունքների կեղծմանը, հօգուտ Ղուկասյանի...

Այսօր էլ մեծ բարերարը նեղացած է Արցախից, որի պատճառը Գանձասարի շրջապարսպի վերանորոգման նրա ծրագրի դեմ սկսված անհիմն ու թունոտ կամպանիան էր։ Մինչդեռ այդ պարիսպը օրեցօր քանդվում-ավերվում էր, ու ոչ ոք այդ ժամանակ չէր «նկատում», որ այն «պատմաճարտարապետական արժեք ունի»։
Տարածված լուրերի համաձայն, ինչ-որ ընկերություններ նպատակ ունեին իրենք մասնակցեին շրջապարսպի վերանորոգման աշխատանքներին։ Դրանից զրկվելով, աղմուկ են բարձրացրել, որին անմիջապես արձագանքել են երևանյան «շահագրգիռ» շատ անձինք ու նրանց ծառայող լրատվամիջոցները...

ԱՆԱՀԻՏ ՀՈՎԵՆՑ




ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ» ՈՐՈՇՈՒՄԸ

Եվրամիությունն աննախադեպ որոշում է ընդունել Արցախի հարցով։ Փետրվարի 27-ին Բրյուսելում ԵՄ արտաքին հարցերով խորհրդի նիստի արդյունքով հայտարարվել է, որ ԵՄ-ն պատրաստ է ակտիվ աջակցություն ցուցաբերել խաղաղության իրացման հետագա քայլերին օգնելու հարցում վստահությունն ամրապնդելու միջոցառումներին։ Այդ կապակցությամբ ԵՄ-ն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջաններ ԵՄ ներկայացուցիչների ազատ հասանելիության անվերապահ ապահովման անհրաժեշտությունը։ Խորհուրդը կոչ է անում ԵՄ գերագույն ներկայացուցչին և Եվրահանձնաժողովին ԵԱՀԿ հետ սերտ խորհրդատվությամբ մշակել ԼՂ հետկոնֆլիկտային սցենարները՝ որպես ԵՄ-ին հետագայում մասնակցելու հիմք։

Հիշեցնենք, որ մինչ այժմ աշխարհում ոչ մի պետական կառույց Ղարաբաղում պաշտոնական անվերապահ հասանելիություն չունի։ Ադրբեջանը բոլոր մակարդակներում դիմադրում է Ղարաբաղ պաշտոնական, հասարակական գործիչների և նույնիսկ մասնավոր անձանց այցին ու չլսելու դեպքում «սև ցուցակ» է գցում։
Չնայած լայն մանդատին՝ Ղարաբաղ չի կարողացել ժամանել նույնիսկ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը։ Մի անգամ ԵՄ նախկին հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին հասել է մինչեւ Գորիս, սակայն ինչ-որ զանգից հետո հետ է վերադարձել։

ԵՄ որոշումը նշանակում է, որ այդ կառույցն այլեւս չի ընդունում Ադրբեջանի դիրքորոշումը որպես իր գործունեության հիմք։
Դա նշանակում է, որ ԵՄ-ն որոշել է առավել անկախ և ինքնուրույն քաղաքականություն վարել ղարաբաղյան հարցում՝ առանց Բաքվի և Մոսկվայի կողմ նայելու։
Ղարաբաղ ազատ մուտք ունեն միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ դաշտային ներկայացուցչության աշխատակիցները։ ԼՂՀ-ում գործում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը, ներկայացված են նաև մի շարք արտասահմանյան հասարակական կազմակերպություններ։

Ղարաբաղ են ժամանել նաև Ռուսաստանի խորհրդարանի պատգամավորները, ԱՄՆ կոնգրեսականները, ֆրանսիացի խորհրդարանականները, սակայն փորձել են անել դա ոչ աշխատանքային ժամանակ՝ այցերը ներկայացնելով որպես մասնավոր։
Արդյո՞ք կփոխվի իրավիճակը ԵՄ որոշումից հետո։ Եվ մտադի՞ր է ԵՄ-ն գրասենյակ բացել Ղարաբաղում, որի միջոցով կիրականացվեն «հետկոնֆլիկտային սցենարները»։
Lragir.am




ԽՈՍՔ ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ԸՆԿԵՐՈՋ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Որ շնորհաշատ գրող Վազգեն Օվյանն իրեն դրսևորել է գրական համարյա թե բոլոր ժանրերում, դա բոլորին է հայտնի։ Եվ, ի պատիվ իրեն՝ որ ժանրով էլ նա հանդես է եկել, վստահորեն կարելի է ասել, որ ընդգծված մնայուն հետք է թողել։ Նրա գործերն այն անժխտելի հոգեբանական առանձնահատկություններն ունեն, որ ընթերցողը հենց առաջին իսկ տողից գամվում է նրանց թովիչ հմայքներին։ Դա խոսում է Վ. Օվյանի ակնհայտ տաղանդի մասին։

Նշենք, որ նրա շատ գործեր կարծես հենց կյանքի այսօրյա խնդիրների մասին են։
Չխորանալով Օվյանի ծավալուն գրական գործունեության արժանիքների մեկնաբանությունների մեջ, սույն խոսքի մեջ ուզում եմ խոսել նրա երգիծանքի հոգեբանական մի շարք առանձնահատկությունների շուրջ։ Ստեղծագործություններ, որոնք կարծես յուրատեսակ բուժանյութ են հասարակության հիվանդ վերքերի խորացումները կանխելու համար։

Եվ այսպես՝ «Եվ Պըլը-Պուղին մի առակ պատմեց»։
Երգիծական ստեղծագործությունների այս ժողովածուն մի հրաշալի գիրք է՝ գրված մի հրաշալի հեղինակի կողմից, որն իր վրա է կրում «Վազգեն Օվյան» անուն-ազգանունը։ Շնորհակալություն հեղինակին, որ շերտ առ շերտ մեր առջև բացում է կյանքի հիվանդացած «բջիջները»՝ պարզապես այն լավացնելու անսքող ձգտումով։ Թե ինչպես է այդ կատարում, կարող եմ ասել՝ սքանչելի ու գեղեցիկ հնարանքներով, անթերի լեզվով և, ընթերցողին մի պահ թվում է, թե ինքը մերթ թերթում է «Հազար ու մի գիշերվա» հրաշափառ պատմությունները, մերթ՝ Ակսել Բակունցի «Կյորեսը», մերթ՝ Լեռ Կամսարի ու Գրիգոր Տեր-Գրիգորյանի սքանչելի երգիծումները, հանճարեղ Սերվանտեսի «Դոն Կիխոտը» կամ «Դեկամերոնի» նովելները։

Այս գիրքը, շնորհիվ իր տաղանդաշատ հեղինակի, մեր առջև բացում է մի աշխարհ, որի մեջ մենք ամեն օր ապրում ենք, բայց այդ աշխարհում գոյատևող չարն ու բարին մենք զգում ենք միայն ենթագիտակցությամբ։ Իսկ ահա հեղինակն այդ աշխարհը լայն էկրանի վրա ոչ միայն բացում է մեր առջև, այլև ստիպում է, որ այն ավելի խորը ճանաչենք, սիրենք ու ատենք, ինչ-որ տեղ հանդուրժենք, ինչ-որ տեղ կռվենք…

Գիրքը ծայրեծայր ընթերցվում է հաճույքով (անթերի ոճ ունի Օվյանը), ընթերցողը միշտ էլ մի հաճելի քմծիծաղ քթի տակ հրճվում է այն հնարանքների կիրառություններով, որ հեղինակը պատումը հասցնում է հնարամիտ վերջաբանին։
Կերպար ստեղծելու բարդ աշխատանքը սկսվում է հերոսի անվան ընտրությունից։ Միջանկյալ ասեմ, որ անունների այդպիսի դիպուկության առատություն կա նաև Վիլյամ Սարոյանի վիպասանության մեջ։ Իսկ պատմելու պարզ, սրամիտ, կարճ (զերծ՝ ավելորդություններից) տոնը, ինչպես և երևույթների ու դեպքերի անսահման հեռատարածքային հատկանիշների մեջ կապող օղակների հայտնաբերումը խոսում է հեղինակի բարձր օժտվածության և նրա լայնամասշտաբ կուլտուրայի մասին։

Այս իմաստով՝ բազմաթիվ օրինակներից բերեմ միայն մեկը. «Մկրտիչ Ապետնակովիչը մեծ մարդ է», և ահա նրա հանճարը Օվյանը հիմնավորում է այսպես. «Եթե նա ասում է՝ Պիկասոն բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ է, ուրեմն չպիտի առարկել։ Ի՞նչ մեծ բան է, մարդը կարող է հայտնի նկարիչ Պիկասոյին շփոթել ֆուտբոլիստ Պելեի հետ, Ֆիրդուսուն՝ Ֆիգարոյի հետ և ապացուցել, թե ինքը մի քանի շաբաթ առաջ Սև ծովի ափին թենիս է խաղացել Գրիգոր Նարեկացու հետ։ Մկրտիչ Ապետնակիչը կարող է հանճարեղ Դանթեին միջնադարից քարշ տալ իրենց բնակարանը, հետը բաժակ-բաժակի խփել և քննադատության կարգով ասել. «Դանթե ջան, բայց քո գրած բայաթիներում թույլ բաներ էլ կան»։

Նպատակ չունենալով ամբողջ գիրքը ենթարկել, ինչպես ասում են, գրականագիտական անաչառ զննության ու քննության, քանի որ շատ-շատ են նրա իմաստային խտացումները և դրանց բացահայտման համար շատ ժամանակ է պետք, այս հակիրճ խոսքի մեջ սրտի հրճվանքով ուզում եմ ասել, որ կոնկրետ ինձ համար հայտնաբերվեց մի բարձրաբարձր արվեստի աշխարհ։
Ես այն կարծիքին եմ, որ Վազգեն Օվյանի երգիծական արվեստի ծալքերը տարիների հետ դեռ նոր պետք է բացվեն։ Այդ սքանչելի երգիծաբանը գտնվել է մեր կողքին, մեզ մոտ, բայց մենք մի տեսակ լավ չենք նկատել։ Եվ, առհասարակ, մենք շատ անգամներ մեր սեփական լավը չենք նկատում ու գնահատում։

Ժամանակն է, որ մենք նիհիլիստ չլինենք մի շնորհաշատ երգիծաբանի նկատմամբ և չզլանանք ասել, որ հիրավի նա ընդգծված տաղանդ է, որը միշտ փառք, հպարտություն կբերի մեր երկրամասի գրական ընտանիքին, ոչ միայն այսօր, այլև մշտապես։
Ուղիղ 25 տարի է Վազգեն Օվյանը մեզ հետ չէ։ Մեզ է կտակել իր անմահ երկերն ու ինքն անդարձ հեռացել... Վերջացնելով խոսքս, ափսոսում եմ, որ մեր սիրելի ընկերը, որի պոտենցիալ կարողությունները դեռևս նոր պետք է ծավալվեին ու բացվեին, շատ բան կիսատ թողեց։ Բայց եղածն էլ բավական է, որ մենք միշտ հպարտությամբ գնահատենք նրան։

ԳՐԻԳՈՐ ԴԱՆԻԵԼՅԱՆ




ՆՐԱ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԶԳԱՑՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՀԻՄԱ

Սույն թվականի հունվարի 6-ին լրացավ արցախցի նշանավոր գրող, երգիծաբան, դրամատուրգ, արվեստի գործիչ Վազգեն Օվյանի ծննդյան 80 ամյակը, իսկ փետրվարի 23-ին՝ մահվան 25-րդ տարին։
Արցախի տարբեր ուսումնական հաստատություններում, գրական-մշակութային օջախներում այդ կապակցությամբ կազմակերպվում են միջոցառումներ՝ նվիրված սիրված գրողի հիշատակին։

Օրերս նման միջոցառում տեղի ունեցավ նաև Ստեփանակերտի N 11 ավագ դպրոցի 11-5 հումանիտար դասարանի (դասղեկ՝ Ս. Գաբրիելյան) աշակերտների ուժերով և նույն դպրոցի հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ Արթուր Բաբայանի նախաձեռնությամբ։ Բացման խոսք ասաց Ա. Բաբայանը, ապա աշակերտները ներկայացրին Վ. Օվյանի ստեղծագործությունները, ժամանակակիցների ու հայտնի մտավորականների կարծիքները գրողի մասին։

Միջոցառման ժամանակ հնչեց նաև հեղինակի կենդանի ձայնը՝ իր ստեղծագործությունների ընթերցմամբ, ցուցադրվեցին գրողի տարբեր տարիների լուսանկարներից և «Այս Ղարաբաղն է» բանաստեղծություն-պոեմի տեսահոլովակը։

Միջոցառման վերջում հնչեց Վ. Օվյանի խոսքերով գրված հանրահայտ «Ստեփանակերտ» երգը, որը մի տեսակ դարձել է Արցախի մայրաքաղաքի հիմնը, որի ուրախ մեղեդու ներքո աշակերտուհիները ներկայացրին հայ աղջիկների պար, ապա նրանց միացան մյուս աշակերտները։

Միջոցառումից հետո Արթուր Բաբայանն ասաց, թե ինքը ձգտել է, որ ոչ թե ավագները խոսեն գրողի մասին, այլ աշակերտները, այն մատաղ սերունդը, որ վաղը պիտի կերտի մեր երկրի ապագան։ Իսկ այդ ապագայում Վազգեն Օվյանը միշտ ունենալու է իր արժանի տեղը, և նրա ստեղծագործությունները դաստիարակելու են շատ ու շատ սերունդներ։

«Երբ գրողը կենդանի էր, ցավոք, այդ ժամանակ մենք կարծես ամբողջությամբ չէինք զգում նրա մեծությունը (չնայած կենդանության օրոք էլ նա լայն ժողովրդայնություն էր վայելում), որովհետև Վ. Օվյանի լավագույն բազմաթիվ գործեր խորհրդային տարիներին հնարավոր չէր տպագրել,- ասաց Ա. Բաբայանը։- Օվյանը մեր հպարտությունն է։ Նրա բացակայությունը զգացվում էր և՛ Շարժման ժամանակ, և՛ առավել ևս հիմա, երբ սուտը, կեղծիքը, երեսպաշտությունը դառնում են կյանքի նորմա... Նա մեր օրերում չէր լռի, կբարձրացներ իր ձայնը, իր տղամարդու խոսքը կասեր, որովհետև իր հող ու ջրին նվիրված մտավորականը, տաղանդավոր գրողն անչափ շատ էր սիրում իր երկիրն ու ժողովրդին և ձգտում էր կյանքը տեսնել այնպես գեղեցիկ, ազնիվ ու մաքուր, ինչպես ինքն էր պատկերացնում, և ինչպիսին ինքն էր թե՛ կյանքում, թե՛ իր ստեղծագործություններում։ Վազգեն Օվյանի համար ազնվությունը ոչ թե կեցվածք էր, այլ՝ կեցություն...»։

ՄԱՐԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ




ՄՇԱԿՈՒՅԹՆ ԱԶԳԻ ԴԵՄՔՆ Է

Մշակույթը յուրաքանչյուր ազգի դիմագիծն է, ազգի դեմքը։ Մի ժամանակ մեր ժողովուրդն իրոք հպարտանում էր իր մշակույթով։ Իսկ մենք ի՞նչ կարող ենք զգալ մեր օրերում՝ լսելով այդ արտահայտությունը... Գրեթե ոչ մեկի համար գաղտնիք չէ մեր ժողովրդի մշակութային հարստությունը, սակայն, ոչ բոլորն են ուզում բաց աչքերով տեսնել, թե ինչպես է այն պղծվում որոշ «մշակութասերների»՝ մշակույթ կերտելու անվան տակ սքողված աշխատանքով։

 Մանկավարժները, մտավորականները, լրատվամիջոցները. ահա նրանք, ովքեր պետք է լինեն սերնդի մեջ ազգային մշակույթը պահպանելու և շարունակելու գաղափար սերմանողները։ Սակայն ինչպե՞ս կարող է ճիշտ կրթվել երեխան, երբ այսօր երգն ու նկարչությունը դպրոցներում հաճախ երկրորդական առարկա են համարում, երբ ռադիոեթերից 20 րոպեն մեկ հնչում են «Իմ ախպերը», «Պստիկ պապան» ու նման խղճուկ ու անճաշակ երգեր, երբ թատրոնի տոմսի արժեքը ընդամենը 300 դրամ է, իսկ մի ինքնակոչ երգչի համերգի տոմսի գինը՝ 2000 դրամից ոչ պակաս, երբ մեր խանութներում արվեստի գործերը կարող են մնալ տարիներով՝ չարժանանալով ոչ մեկի ուշադրությանը, իսկ հագուստի ու ոսկեղենի խանութները հաճախորդների պակաս չեն զգում։

Նկարիչների միության նախագահ Սամվել Գաբրիելյանը գտնում է, որ ձևավորված չէ այն հասարակությունը, որտեղ արվեստագետը զգա իր պիտանելիության չափը։ Դա ցավալի է, սակայն դա միայն արվեստագետի գործը չէ։ Եթե եվրոպական երկրներում առաջինից տասներկուերրորդ դասարաններում կերպարվեստ են անցնում, եթե բժշկական, իրավաբանական են սովորում ու արվեստի պատմության քննություն են հանձնում, ապա այնտեղ՝ դրսում, հսկողություն կա, արվեստի անհրաժեշտություն կա հասարակության համար։ Դա գալիս է բուհերից, իսկ մեզ մոտ դա բացակայում է։ Բացի ունեցածը պահպանելուց, պետք է կարողանալ այն շարունակական դարձնել։

«Նեղ ազգայինի մեջ պարփակվելով՝ մենք հաջողությունների հասնել չենք կարող։ Արտասահմանում ցուցահանդես ունենալով միայն հայկական համայնքի համար կամ հայ արվեստագետներով իրար գովելով ու մեր խոհանոցի մեջ մեզ լավ զգալով, առաջինը լինելու ձգտումով մենք չենք կարող ներկայանալ աշխարհին,- ասում է Ս. Գաբրիելյանը։- Աշխարհում գոյություն ունի ընդհանուր մշակութային գաղափար և այդ ընդհանուր մտածելակերպի լեզվով պետք է ներկայացնել ազգայինը, իսկ մենք արվեստը վեր ենք ածել էթնոգրաֆիայի։ Ես շատ տխուր եմ տեսնում ապագան արվեստի ասպարեզում։ Ամեն մարդ պետք է ծառայի իր գործին, իսկ մեզ մոտ դա այդպես չէ։ Ես չեմ տեսնում, որ մշակույթի նախարարությունը, պետությունը հակված է մշակույթը ներկայացնել դրսում ի՛ր իսկ կայացման համար»,- ավելացրեց Սամվել Գաբրիելյանը։

Իսկ հանրապետության ժողովրդական երգչուհի Նաիրուհի Ալավերդյանը երգարվեստի ապագան լավ է տեսնում։ Ըստ նրա՝ մեր երիտասարդ երգիչներից շատերը բարձր կրթությամբ են, և մենք ապրում ենք զարգացման պրոցես։ Տիկին Ալավերդյանը մեծ սեր է տեսնում երիտասարդների մեջ դեպի ազգային երգը և նշում, որ էստրադան վերելք ապրեց հանուն ժողովրդական երգի, բայց ժողովրդական երգը կանգառ ապրեց։ Մեղքը կարելի է գցել ժողովրդական երգ կատարողների ու կոմպոզիտորների վրա, որովհետև այդ պահերին ժողովրդական երգ կատարողներն ավելի ակտիվ պետք է լինեին, քան երբևիցե եղել են։ Սակայն ժողովրդական բոլոր երգերն էլ մնայուն են։ Եթե դրանք ստեղծել է ժողովուրդը, հնարավոր չէ, որ այն կորցնի իր հմայքը։

Նաիրուհի Ալավերդյանը ցավով նշում է, որ հայ երգի մեջ շատացել են օտար տարրերը, սակայն չի կարծում, որ այն կարող է օրինակելի դառնալ ապագա սերնդի համար, քանի որ Հայաստանում և Արցախում բազմաթիվ տաղանդավոր մարդկանց խնդիր է դարձել այն, և բոլորը պարտավորված են պահպանել սահմանափակումները, իսկ հեռուստա և ռադիոլրատվամիջոցներն էլ պետք է հետևեն իրենց ծրագրերին։

ՌՈՒԶԱՆՆԱ ԾԱՏՐՅԱՆ
ԱրՊՀ, լրագրություն, 4-րդ կուրս




1988-ԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ...

1986 թ. գարնանը Ստեփանակերտում գործող մի շարք ազգայնական, ոչ ֆորմալ կազմակերպությունների առաջնորդներ և ներկայացուցիչներ Ստեփանակերտում հիմնադրեցին «Արցախական Միությունը» (ԱՄ)։ ԱՄ-ի նպատակն էր՝ միավորել Արցախում գործող բոլոր ազգայնական խմբերին և կազմակերպություններին, նախապատրաստվել ազգային-ազատագրական պայքարին։
«Արցախական Միության» նախագահն էր Արկադի Կարապետյանը, քարտուղարը՝  Հակոբ Խաչատրյանը։ Անդամներն էին՝ Գենադի Ներսիսյան, Սերժ Առուշանյան, Սամվել Պետրոսյան, Կամո Մարտիրոսյան, Աշոտ Սարգսյան, Աշոտ Ղուլյան (Բեկոր), Վահրամ Հայրապետյան, Սերգեյ Շահվերդյան։

ԱՄ նախագահության յուրաքանչյուր անդամ պատասխանատու էր այս կամ այն բնագավառի համար։ Ստեղծվել էին քաղաքական, տնտեսական, մարտական, գաղափարախոսական և հատուկ բաժիններ։ ԱՄ-ն ուներ իր ծրագիրը և կանոնադրությունը։ Արցախի բոլոր շրջաններում գործում էին փոքրաթիվ խմբեր, որոնք անմիջական կապ ունեին Ստեփանակերտի կենտրոնի հետ։ Միությունը գործում էր ընդհատակյա։

 1987 թ. լայն թափ ստացավ Արցախը Մայր Հայաստանին վերամիավորելու համար ստորագրահավաքը։ ԱՄ ջանքերով այդ գործընթացը ստացավ գործնական բնույթ՝ ստորագարահավաքները կազմակերպվեցին այդ նպատակի համար նախատեսված հատուկ ձևաթղթերի վրա։ Բացի ստորագրահավաքից, Միության անդամները արձանագրում և հավաքում էին Արցախի և Ադրբեջանի տարածքում հայության իրավունքների ոտնահարման և «սպիտակ ցեղասպանության» իրագործումը հաստատող փաստեր։ Հավաքված, խմբավորված նյութերն ԱՄ նախագահ Ա. Կարապետյանը տանում էր Երևան, հանձնում Իգոր Մուրադյանին ու այլ շահագրգիռ անձանց։

 1988 թ. հունվարի սկզբներին «Արցախյան Միության» նախագահ Արկադի Կարապետյանը Երևանում հանդիպում է քաղաքական տարբեր ուժերի առաջնորդների, համոզվում, որ արցախահայությանը պետք է նախապատրաստել ցույցերի և հանրահավաքների։ Վերադառնալով Ստեփանակերտ, Ա. Կարապետյանը հրավիրում է Միության նիստ և ներկայացնում երևանյան տեսակետները։
 1988 թ. փետրվարի սկզբին Ա. Կարապետյանի կազմակերպությունից ինքնամեկուսացման և նախագահության անդամների անձնական բնույթի տարաձայնությունների պատճառով «Արցախյան Միությունը» լուծարվում է։

 ԱՄ անդամների մեծամասնությունը նորից համախմբվում է 1988 թ. փետրվարի 13-ին՝ երբ հազարավոր քաղաքացիներ են դուրս գալիս Ստեփանակերտի Լենինի անվան հրապարակ և հայտարարում Մայր Հայաստանի հետ վերամիավորման իրենց վճռականությունը։
 1988 թ. փետրվարի 24-ին հիմնադրվում է «Հայոց Ընկերվարական Արցախական Կուսակցությունը» (ՀԸԱԿ)։ Սկզբնական շրջանում այն ավելի շատ դեկլարատիվ բնույթ էր կրում՝ չուներ ծրագիր և կանոնադրություն։ 1988 թ. սեպտեմբերի 17-ին հրավիրված ժողովին ՀԸԱԿ Բյուրոն հաստատեց կուսակցության ծրագիրը և կանոնադրությունը։ Ծրագրի առանցքը կազմում էր Հայ Դատը։ Բյուրոյին կից գործում էին տարբեր բաժիններ։

Գաղափարախոսության-քարոզչության բաժինը (պատասխանատու՝ Լևոն Ավանեսյան) զբաղվում էր պաշտոնաթերթի հրատարակմամբ, թռուցիկների ստեղծման և տարածման, քարոզչական բնույթի այլ աշխատանքներով։ Մարտական բաժինը (պատասխանատու՝ Արկադի Կարապետյան) զբաղվում էր մարտական ջոկատների ստեղծման և նրանց միջև կապի հաստատման աշխատանքներով, ինչպես նաև՝ զենքի և զինամթերքի հայթայթմամբ և բաշխմամբ։ Ելմտանքի-տնտեսական բաժինը (պատասխանատու՝ Գենադի Ներսիսյան) զբաղվում էր անդամավճարների հավաքման, տնտեսական բազայի ստեղծման, դրամական և նյութական միջոցների հայթայթման աշխատանքներով։ Հատուկ բաժինը (պատասխանատու՝ Աշոտ Սարգսյան) ուներ հետախուզական և հակահետախուզական ենթաբաժիններ. զբաղվում էր կուսակցության անդամության թեկնածուների հուսալիության ստուգման, անդամների ընդունելության, կուսակցության ներքին ու արտաքին կյանքին վերաբերող, զենքերի և զինամթերքների անվտանգ տեղափոխման հարցերով։

Շրջանների կուսակցական խմբերի հետ կապն անմիջական էր։ Բոլոր խմբապետները գիտեին Բյուրոյի նախագահին, մարտական և տնտեսական բաժինների պատասխանատուներին։ Խմբապետների բացակայության դեպքում, նրանց տեղակալները հատուկ նշանաբանով կապվում էին Բյուրոյի ցանկացած անդամի հետ և լուծում ծագած հարցերը։
 Կուսակցական խմբեր ունենալով Արցախի տարբեր շրջաններում, պարբերաբար Բյուրոյին տեղեկացնում էին շրջաններում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Հարկ եղած դեպքում Բյուրոն շրջաններ էր գործուղում գործիչների՝ կազմակերպելու նոր խմբեր, ստեղծելու մարտական ջոկատներ և լուծելու այլ բնույթի խնդիրներ։

 Արցախում հազարավոր թռուցիկներ տարածելով, ՀԸԱԿ Բյուրոն գտնում էր, որ հարցի լուծման, այսպես կոչված, քաղաքական (խաղաղ) տարբերակը ցանկալի է, բայց ոչ իրատեսական, ուստի կոչ էր անում արցախահայությանը համախմբվելու, զինվելու և նախապատրաստվելու ինքնապաշտպանության։ Սումգայիթյան եղեռնագործությունից հետո ՀԸԱԿ Բյուրոն որոշում է արյանը արյամբ պատասխանել՝ պատժիչ գործողություն իրականացնելով Ջամիլու գյուղում։ Արցախի քաղաքական առաջնորդները, տեղեկանալով այդ մասին, կանխում են՝ «համոզելով», որ նման գործողությունը կվնասի ազգային-ազատագրական պայքարի քաղաքական ոգուն։

 ՀԸԱԿ Բյուրոն Արկադի Կարապետյանին գործուղում է Երևան՝ զենք և զինզմթերք հայթայթելու համար, իսկ Բյուրոյի մյուս անդամները մեկնում են Արցախի տարբեր բնակավայրեր և զբաղվում զինված պայքարի քարոզչությամբ։ Բյուրոյի հրահանգով կուսակցական բոլոր խմբերը սկսում են զինվել։ Այդ ժամանակ Արցախում լայն թափ էր ստացել ինքնաշեն զենքերի գաղտնի արտադրությունը։ Կարճ ժամանակում, 1988 թ. նոյեմբերին, փորձարկվում են Աշոտ Ղուլյանի (Բեկոր) «երևանյան նախագծերով» արտադրված ականներն ու նռնակները։ Պատրաստված զինատեսակները բաժանվում են ոչ միայն կուսակցական խմբերին, այլև սահմանամերձ բնակավայրերի Շարժման ակտիվ մասնակից անձանց ու խմբերին։

ՀԸԱԿ Բյուրոն որոշում է ընդունում համագործակցել տարբեր քաղաքական կուսակցությունների կամ կազմակերպությունների հետ։ Այդ նպատակով Ա. Կարապետյանին հանձնարարվում է Երևանում շփվել տարբեր քաղաքական և կուսակցական առաջնորդների, գործիչներ, ներկայացուցիչների հետ։ Ա. Կարապետյանը տեղեկացնում է Բյուրոյին, որ միայն ՀՅԴ ծրագիրն ու գործելաոճն է համընկնում ՀԸԱԿ-ին։ Նա ՀԸԱԿ ծրագիրը և կանոնադրությունը ներկայացնում է ՀՅԴ Բյուրոյի գործիչին և առաջարկում համագործակցել։

 1989 թ. հունվարի սկզբներին Ա. Կարապետյանը վերադառնալով Ստեփանակերտ, իր հետ բերում է ՀՅԴ ծրագիրը, կանոնադրությունը և հարուստ գրականություն։ Երկարատև երկուստեք հետախուզումներից հետո ՀԸԱԿ Բյուրոն որոշում է Երևանում հանդիպել ՀՅԴ Բյուրոյի գործիչին և տեղում որոշել համագործակցելու պայմանները։ Բյուրոն քննարկում է նաև ՀՅԴ-ին անդամակցելու հարցը։
 ՀԸԱԿ Բյուրոյի հինգ անդամներ՝ Հ. Խաչատրյանը, Լ. Ավանեսյանը, Ա. Կարապետյանը, Գ. Ներսիսյանը, Ա. Սարգսյանը 1989 թ. ապրիլի 19-ին Երևանում հանդիպում են ՀՅԴ Բյուրոյի գործիչ Ափո Պողիկյանին։ Երկարատև քննարկումներից հետո ՀԸԱԿ Բյուրոյի անդամները որոշում են ընդունել ՀՅԴ Բյուրոյի գործիչի առաջարկը և անդամակցել ՀՅԴ-ին։ Նույն օրը տեղի է ունենում հինգ ընկերների Դաշնակցության շարքերը մտնելու երդման արարողությունը։

Հատուկ լիազորությամբ վերադառնալով Ստեփանակերտ, ՀՅԴ հինգ անդամները գումարում են ՀԸԱԿ Բյուրոյի նիստ և որոշում ընդունում ՀԸԱԿ-ը լուծարելու մասին։ ՀԸԱԿ անդամների բացարձակ մեծամասնությունը մտնում են Դաշնակցության շարքերը։
 1989 թ. մայիսի 3-ին ՀՅԴ Բյուրոյի որոշմամբ, հատուկ շրջաբերականով ստեղծվում է ՀՅԴ Արցախի «Անտառ» կոմիտեն, որի կազմում էին Հակոբ Խաչատրյանը (նախագահ), Լևոն Ավանեսյանը (քարտուղար, գաղափարա-քաղաքական բաժնի պատասխանատու), Արկադի Կարապետյանը (մարտական գործերի պատասխանատու), Գենադի Ներսիսյանը (ֆինանսա-տնտեսական բաժնի պատասխանատու), Աշոտ Սարգսյանը (հատուկ բաժնի պատասխանատու)։

ՀՅԴ Բյուրոյի որոշմանբ Արցախ է գործուղվում Բյուրոյի գործիչ Վարանդ Փափազյանը։ Նրա ցուցումներով և ակտիվ գործունեության շնորհիվ վերակազմվում են նախկին կուսակցական (ՀԸԱԿ) խմբերը, ստեղծվում են նորերը։ Կուսակցական ամեն մի խումբ պատասխանատու էր իր բնակավայրի, թաղամասի ինքնապաշտպանության կազմակերպման, քաղաքական և տնտեսական կացություններին վերաբերող հարցերում։
 1989-1990 թթ. «Անտառ» կոմիտեն Բյուրոյի գործիչ Վ. Փափազյանի ցուցումով համալրվում է նոր անդամներով՝ Մուրադ Պետրոսյան, Ժաննա Գալստյան, Գեորգի Պետրոսյան, Վալերի Բալայան, Մանվել Սարգսյան (Երևան)... Իսկ 1991 թ. հունվարին դաշնակցության շարքերն է ընդունվում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաններ։

ՀՅԴ արցախյան կազմակերպության միջուկը հանդիսանում էին մարտական խմբերը՝ ջոկատները։ Բացի դաշնակցական ջոկատներից, Արցախում գործում էին բազմաթիվ զինված այլ ջոկատներ։ Ի տարբերություն մնացած զինված ջոկատների, վերջինները գործում էին միասնական հրամանատարության ներքո, կապված էին իրար և համեմատաբար լավ էին զինված։ Ազատամարտիկների շարքերում իշխում էր կուսակցական կարգապահությունը։ Մարտական ջոկատների նպատակն էր՝ համախմբել տվյալ բնակավայրի բնակչությանը, կազմակերպել նրանց անվտանգության ապահովումը, օգնել տեղերում նոր ջոկատների ստեղծմանը։ Այդ գործընթացին նպաստում էին նաև տարբեր ճանապարհներով ձեռք բերված զենքերն ու զինամթերքները և տեղում արտադրված ինքնաշեն ականներն ու նռնակները։ Զինվելով ժամանակակից հրաձգային զինատեսակներով, դաշնակցական ջոկատները աստիճանաբար իրենց վրա են վերցնում ամբողջ Արցախի ինքնապաշտպանությունը։ Այդ երևույթը գայթակղելով քաղաքական այլ կազմակերպությունների և ուժերի, ստիպում է, որ Արցախ ուղարկեն որոշ քանակությամբ զենքեր և զինամթերքներ ու հաստատեն իրենց «իշխանությունը»։

Տարբեր կուսակցություններ և կազմակերպություններ ձգտում էին Արցախում ղեկավարությունը վերցնել իրենց ձեռքը, բայց չէին համարձակվում։ Այդ խառնաշփոթության մեջ է, որ ծնվում է Ազգային Խորհրդի գաղափարը։ Երևանում 1989 թ. դեկտեմբերի 1-ին կայանում է ՀՍԽՀ Գերագույն Խորհրդի և Արցախի Ազգային Խորհրդի համատեղ նիստը, որտեղ որոշում է ընդունվում Լեռնային Ղարաբաղը Հայակական ԽՍՀ-ին վերամիավորելու մասին։ Ցավոք ՀՅԴ-ն չկարողացավ Արցախի Ազգային Խորհրդի կազմավորման և հետագա աշխատանքների կատարման ժամանակ դերակատարություն ունենալ և տեր կանգնել հայության համար ընդունված կարևորագույն փաստաթղթերից մեկի իրագործմանը։

Արցախի ոչ դաշնակցական մարտական ջոկատները ձգտում էին համագործակցել դաշնակցական ջոկատների հետ, հաշվի առնելով նրանց կազմակերպվածությունը և զինվածությունը։ Որոշ ջոկատներ միանում են դաշնակցական ջոկատներին։
Լևոն Ավանեսյանին հանձնարարվում է Ասկերանի շրջանում ստեղծել ենթակոմիտեներ։ Էմիլ Աբրահամյանը նշանակվում է Հադրութի շրջանի դաշնակցական կազմակերպության պատասխանատու։ Աշոտ Սարգսյանին հանձնարարում են ստեղծել Ստեփանակերտի ենթակոմիտե։ 1991 թ. մարտի 3-ին, ձևավորվում է Ստեփանակերտի «Արամ Մանուկյան» ենթակոմիտեն։ Ասկերանի ստեղծվում են երկու խոշոր խմբեր, իսկ Հադրութում՝ «Դիզակ» ենթակոմիտեն...

 1991 թ. մարտի 17-ին խորհրդային ղեկավարությունը անցկացրեց համամիութենական հանրաքվե։ Ադրբեջանը կողմ քվեարկեց ԽՍՀՄ պահպանմանը՝ նոր Միութենական համաձայնագրի շրջանակներում։ Հայաստանը բոյկոտեց հանրաքվեն՝ հայտարարելով, որ սեպտեմբերին անց է կացնելու   անկախության հանրաքվե։ Ադրբեջանի «հավատարմությունը» ըստ արժանվույն գնահատվեց։ «Անօրինական զինված կազմավորումների զինաթափման» և «անձնագրային ռեժիմի ստուգման» պատրվակով Ադրբեջանը Կենտրոնի օժանդակությամբ ձեռնամուխ եղավ Արցախի հայաթափման գործընթացին։          

Սև, չարագուշակ ամպեր էին կուտակվել Արցախի վրա։ Իրավիճակը պահանջում էր անհապաղ ելք գտնել։ Ստեփանակերտի կոշկի ֆաբրիկայի դահլիճում 1991 թ. մարտի 17-ին տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզխորհրդի 20-րդ գումարման նստաշրջանի հերթական նիստը, որի օրակարգում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն էր։                  ԼՂՀ մարզխորհրդի պատգամավորներից բացի նիստ-խորհրդակցությանը մասնակցում էին նաև Արցախյան շարժման ակտիվիստները, հայտնի մտավորականներ, ֆորմալ և ոչ ֆորմալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Սակյան ժողովն այդպես էլ ոչ մի որոշում չի կայացնում...

1991 թ. օգոստոսին տեղի ունեցավ ՀՅԴ Արցախի «Անտառ» կոմիտեի հերթական նիստը, որի օրակարգում էր՝ «Արկադի Կարապետյանի Երևան կատարած այցի մասին»։ Վերջինս տեղեկացրել է, որ հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին։ Քննարկվել է Արցախում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը և դրա հետ կապված մի շարք այլ հարցեր։ Նախարարը արտահայտելով ՀՀ քաղաքական վերնախավի կարծիքը, Ա. Կարապետյանին առաջարկել է հրաժարվել ՀՅԴ-ից, որպեսզի նշանակվի Արցախի Ինքնապաշտպանական ուժերի ընդհանուր հրամանատար։ Կոմիտեականները ոգևորությամբ են ընդունել Ա. Կարապետյանի տեղեկատվությունը։ ՀՅԴ Արցախի «Անտառ» կոմիտեն որոշում է, որ Ա. Կարապետյանը առերես հրաժարվի Դաշնակցությունից և նշանակվի Արցախի Ինքնապաշտպանական ուժերի ընդհանուր (ԻՊՈՒ) հրամանատար։

Արկադի Կարապետյանի հրամանատարությամբ սկսվում է Արցախի ԻՊՈՒ համախմբումը։ Նախկին ֆիդայական և տեղի ինքնապաշտպանական ջոկատներից, կամավորականներից ձևավորվում են մարտական վաշտեր և գումարտակներ։ Բնականաբար, առաջինը միավորվում են դաշնակցական ջոկատները, որոնք արդեն կազմավորված էին ու զինված։ Ստեփանակերտի ենթակոմիտեության մարտական խմբերը Ֆելիքս Գաբրիելյանի գլխավորությամբ, Աֆղանստանի պատերազմի վետերաններ Արմեն Գևորգյանի (Դուշման) և Բորիս Ասրյանի ջանքերով ստեղծում են Արցախի ԻՊՈՒ առաջին վաշտը, որի կորիզը կազմում էին «Վարարակն», «Ազատություն» և «Վրեժ» դաշնակցական խմբերը։ Հրամանատար է նշանակվում Աշոտ Ղուլյանը (Բեկոր), ով վիրավոր, բուժվում էր Երևանում։

Հայաստանից Արցախ եկած զինված ջոկատների առջև ԻՊՈՒ հրամանատար Արկադի Կարապետյանն անմիջապես պայման էր դնում՝ Արցախ գալուն պես մտնել տեղի ինքնապաշտպանության ուժերի իրավասության տակ։ Այդ մասին նախապես համաձայնություն էր ձեռք բերվել Վազգեն Սարգսյանի հետ։
1991 թ. ամռան վերջերին հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը պատրաստվում է հրաժարական տալ։ Պատճառը երևանյան «ասֆալտի ֆիդայիներն» էին, ովքեր Սմբատ Հակոբյանի գլխավորությամբ հրաժարվում էին ենթարկվել Վ. Սարգսյանին։

Արկադի Կարապետյանն անմիջապես մեկնում է Երևան։ Վազգեն Սարգսյանն արդեն լրջորեն որոշել էր ցած դնել իր լիազորությունները։ «Խռովարարների» հետ հանդիպման ժամանակ, Արկադի Կարապետյանը հայտնեց, որ եթե նրանք նույն ոգով պատերազմի ժամանակ շարունակեն իրենց խառնակությունները, ապա ինքը մեկնելու է Արցախ և 60 ավտոմատավորների հետ վերադառնա Երևան, պարետային ժամ հայտարարի ու զինաթափի բոլոր ջոկատներն ու «ֆիդայիներին»... Հավաքվածներից ոչ ոք չհամարձակվեց ձայն հանել։ «Խռովությունն» ավարտվեց...

Պատերազմից տարիներ հետո Արկադի Կարապետյանը խոստովանեց, որ այդ պահին դա միակ ելքն էր։
Իսկ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդին պարտադրված ծանր ու դաժան պատերազմը գնալով ավելի մեծ ծավալներ էր ընդունում... 1992 թ. սկզբին Արցախի զինված ուժերի ղեկավարությունը ստանձնեց Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը։

«ՆԷ»

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ավելացնենք, որ, ցավոք, շարունակում են ոչ միայն խեղաթյուրել մեր նորագույն պատմությունը, այլև մոռացության մատնել այդ պատմության պայծառ շատ էջեր, անգամ մարդկանց, ովքեր Արցախի ազգային-ազատագրական շարժման մեջ անուրանալի ներդրում ունեն։ Ի դեպ, ԼՂՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ պարգեվատրվածների մեջ Արցախի ԻՊՈՒ առաջին հրամանատարի անունը չկար։ Պատերազմից շատ տարիներ հետո նորանոր հերոսներ են ի հայտ գալիս, դրան զուգահեռ՝ մոռացվում իրական նվիրյալներն ու հերոսները...





Ժամանակակիցները նույնի մասին...


ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ

Թևանական ավանտյուրա՞, թե՞ Ադրբեջանի կառավարության ծրագրած և Արմենակ Ղարագյոզյանի ձեռքով կատարված ոճրագործություն։ Այժմ քննության առնենք այս հարցը ոչ թե «ըստ հավուր պատշաճի» կամ աչառու կերպով, այլ արդարացի ու խղճի մտոք։ Շնորհիվ մի քանի ղեկավարների բարբարոսական արարքների՝ դժգոհությունը մասսաների մեջ իր գագաթնակետին էր հասել, որի պատճառով առաջացավ ապստամբություն, որը հանցագործները կոչեցին «Թևանական ավանտյուրա»՝ ցանկանալով կորցնել իրենց հանցագործությունների հետքերը, միևնույն ժամանակ իրենց ոճրագործ արարքները վերագրելով ինչ-որ Թևանի։

Այժմ քննության առնենք այդ խնդիրը։ Ո՞վ էր Թևանը և ինչ էր ներկայացնում իրենից։ Նախքան այդ հարցին պատասխանելը պետք է ասել, որ նա այժմ ոչ մի պաշտպանության կարիք չի զգում և իմ նպատակն էլ նրան պաշտպանելը չէ, այլ պատմական ճշմարտությունը ոտնահարումից պաշտպանելը և իսկական ավանտյուրիստներին երևան հանելը։ Թևանը Ղարաբաղի Տումի գյուղիցն էր, մի վառվռուն երիտասարդ, որն իր քաջության շնորհիվ հսկայական դեր խաղաց Ղարաբաղի ազատագրման պայքարում։ Թևանն այն երիտասարդն էր, որ Ղարաբաղի սահմանագլխից հետ տվավ գնդապետ Թարվերդյանին, որն իր զորքով ու թնդանոթներով թողնում էր Ղարաբաղը, իսկ ժողովուրդն էլ բռնել էր գաղթի ճանապարհը։

Ահա այդ նույն հերոսին ղարագյոզյաններն ավանտյուրիստ էին հայտարարում իրենց հանցանքը վերագրելով նրան։
Մի ուրիշ երիտասարդ, որին կոչում էին Աղաջան՝ Ծովատեղ գյուղացի, որը Ղափանից՝ Նժդեհի բանակից եկել էր հայրենիքը պաշտպանելու, ԹԵՎԱՆԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ԳՆՈՒՄ ԵՆ ԿԱՐՅԱԳԻՆ ԵՎ ԽՆԴՐՈՒՄ ԻՐԵՆՑ ԸՆԴՈՒՆԵԼ ԿԱՐՄԻՐ ԲԱՆԱԿԻ ՇԱՐՔԵՐԸ (ընդգծումը մերն է - «ՆԷ»)։ Այդ ժամանակ թուրք և հայ երիտասարդներից շատերը մտել էին Կարմեր բանակի շարքերը։

Այստեղ հայ կոմունիստներից Հայկ Տեր-Սարգսյանը և Արտո Սահակյանը հայտնում են, որ դրանք ավազակներ են, որոնց ձերբակալում են և բերում Թաղլար գյուղի բանտը։ Հայկ Տեր-Սարգսյանն օրական մի երկու անգամ գոմի աղբածակով մեկնում է մաուզեր ատրճանակի փողը՝ ասելով. «Աղաջան, Թևան, ես ձեզ ոչնչացնելու եմ»։
Այդ բանտից փախչում է Թևանը, իսկ Շուշի փոխադրելու ժամանակ ճանապարհից փախչում է Աղաջանը՝ մի քանի ընկերների հետ։ Սրանք, միանալով անտառներում պատսպարված երիտասարդների հետ, Զանգեզուրից ստանալով ռազմամթերք, սկսում են ապստամբությունը մարդասպանների դեմ։ ԵՎ ԱՅՍՊԻՍՈՎ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ԵՂԲԱՅՐԱՍՊԱՆ ԿՌԻՎԸ (ընդգծումը մերն է - «ՆԷ»)։

Մարդիկ հարց էին տալիս Ղարագյոզյանին ու նրա կատարածուներին՝ մի՞թե չէր կարելի այնպես անել, որ տեղի չունենար այս եղբայրասպան պատերազմը։
- Ո՛չ, դա անհրաժեշտություն էր, առանց նրան մենք չէինք կարող ճանաչել մեր բարեկամներին ու թշնամիներին,- պատասխանում են նրանք։
Այդ շարժումը մի բողոք էր՝ ուղղված Ղարաբաղի մի քանի բոլշևիկների կատարած սարսափների դեմ։ Դրանց նման վարմունքը խիստ հիասթափեցրեց հայ ժողովրդին։ Նրանք իրենց հակամարդկային արարքները թաքցնելու համար կոչեցին «Թևանական ավանտյուրա», որն իբր թե ուղղված էր սովետական կարգերի դեմ։ Դա մի կեղտոտ զրպարտություն էր Ղարաբաղի ժողովրդի հասցեին։ Ղարաբաղի հայ ժողովուրդը մեծ խանդավառությամբ ու գրկաբաց ընդունեց սովետական կարգերը, սակայն Արմենակ Ղարագյոզյանների կատարած սարսափները ցասում առաջացրին։

Ռուսական զորքը նորից գրավեց Ղարաբաղը։ Շատերն ստիպված եղան թողնել իրենց տունն ու տեղը և ընդմիշտ հեռանալ Ղարաբաղից, իսկ մնացածներից շատերն էլ բանտ նետվեցին և ոմանք էլ գնդակահարվեցին։
Խաղաղությունը Ղարաբաղում վերականգնվելուց հետո, Զանգեզուր փախածներից երկու հարյուրից ավելի մարդիկ դիմեցին Ղարաբաղի կառավարությանը, այդ ժամանակվա նախագահ բժիշկ Սաքո Համբարձումյանին՝ խնդրելով ներում և թույլտվություն՝ վերադառնալու իրենց տները։

Համբարձումյանը, մեզ անհայտ պատճառով, հրաժարվում է անձամբ գրելու թույլտվությունը։ Նա առաջարկում է իր աշխատակից Արսեն Գրիգորյանին, որ նա գրի իր ստորագրությամբ՝ կառավարության անունից, որ կարող են վերադառնալ՝ նախօրոք խորհրդակցելով, որ վերադառնալուց պետք է «սանրվեն»։
Մարդիկ, հավատալով այդ «ներմանը», վերադառնում են, բայց կարճ ժամանակամիջոցում զանազան պատրվակներով կեսից ավելին «սանրվում են»։ «Սանրվելը» կատարվում էր հետևյալ ձևով. հրահանգում էին ձերբակալել և ճանապարհին գնդակահարել՝ պատճառաբանելով, որ՝ ցանկանում էին փախչել, խփեցինք։

ԱԲՐԱՄ ԿԻՍԻԲԵԿՅԱՆ
(«Հուշեր» գրքից, հատոր 2)




ИЗ ПРОШЛОГО НАГОРНОГО КАРАБАХА

В середине осени 1920 года в Нагорном Карабахе вспыхнула дашнакская авантюра, возглавляемая бывшим царским офицером и агентом западных империалистов Теваном. Используя естественные укрепления Гадрутского района, получая помощь и поддержку зангезурских дашнаков... кулаков и дашнаков Нагорного Карабаха, банды Тевана в течение нескольких месяцев орудовали в Гадрутском и Мартунинском районах и причинили огромные бедствия населению.

Головорезы из тевановской банды зверски убили старого большевика Минаса Степаняна, посланного ЦК АКП(б) на работу в Нагорный Карабах, одного из лучших руководителей Гадрутской партийной организации Шмавона Давидяна, председателя Чертазского ревкома Колю Даниеляна, коммунистов... Григория Бадаляна и других. Во многих селах теванисты истязали крестьян, отрезали у них уши, носы, зверски замучили попавших в их руки красноармейцев.

В начале борьба против тевановских банд велась главным образом силами местных коммунистических отрядов. Эти отряды в Гадрутском, Мартунинском и Карягинском районах проявили в этой борьбе исключительный героизм и отвагу.
В марте 1921 года ЦК АКП(б) направляет в Нагорный Карабах ответственных представителей, возложив на них задачу организации окончательного разгрома теванской банды. В помощ коммунистическим отрядам и крестьянам вскоре пришли части Красной Армии. Решительная борьба интернациональных коммунистических отрядов и частей Красной Армии к концу 1921 года обеспечила окончательную ликвидацию дашнакской авантюры в Нагорном Карабахе. Главарь авантюры скрылся в Иране.

САРГИС АБРАМЯН




«ԱԶԱՏԱՐԱՐՆԵՐԸ»

2011 թ. Երևանի «Զանգակ-97» հրատարակչությունը ծննդյան 100-ամյակի կապակցությամբ լույս է ընծայել ականավոր կուսակցական-պետական գործիչ, Հայաստանի կոմկուսի կենտկոմի նախկին քարտուղար, ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, Ժողվերահսկողության կոմիտեի և Պետմատի նախագահ, ծննդյան 90-ամյակի առթիվ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով ՀՀ պետական բարձրագույն պարգևի՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի արժանացած Եղիշե Թևոսի Ասծատրյանի «XX դար. կյանքի հորձանուտում» հուշերի գիրքը։ Տպագրությունը նախաձեռնել և հովանավորել է «Արցախ» հայրենակցական միությունը։
Այն տպագրության է պատրաստել ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության անդամ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Համլետ Հարությունյանը, խմբագիրն է Հենրի Առուշանյանը։
Այդ գրքից մի հատված ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը՝ եզրակացություններ անելու իրավունքը թողնելով նրան։

...Դրոյի և Նժդեհի, իրենց զորախմբերի հետ միասին, խաղաղ ձևով Ղարաբաղից հեռանալուց հետո միառժամանակ անց Դիզակի գավառի մի շարք գյուղերում ծագում է լուրջ զինված խռովություն, որը օրեցօր վեր էր ածվում քաղաքացիական կռվի և նպատակ ուներ Լեռնային Ղարաբաղում խորհրդային իշխանությունը տապալելու և նախկին կարգերը վերահաստատելու։ Խռովությունները և քաղաքացիական կռիվները տարածվում են նաև Զանգեզուրի սահմանակից Դիզակի ողջ գավառում։

Այդ հակախորհրդային շարժումը գլխավորում է Դիզակի գավառի Տումի գյուղացի, ցարական բանակի նախկին վախմիստր (старшина) Թևան Ստեփանյանը։ Տեղական ուժերի դիմադրության հետևանքով Թևանի խմբի մի մասը ընդհարումների ընթացքում սպանվեց, իսկ խմբի մի մասը լքեց և ցրվեց դեպի իրենց տները, իսկ մնացածները՝ Թևան Ստեփանյանի գլխավորությամբ, անցան Զանգեզուր։ Զանգեզուրում այդ ջարդված խմբի մնացորդները վերականգնվում են և զգալիորեն լրացվում, զինվում, հանդերձավորվում ու հետ վերադառնում, Ղարաբաղում խորհրդային իշխանությունը տապալելու և հին կարգերը վերականգնելու նպատակով։

Չնայած տեղական բնակչության և կոմունիստական ջոկատների դիմադրության, թևանիստներին հաջողվեց գրավել Դիզակի համարյա բոլոր գյուղերը, ահ ու սարսափի ենթարկել անզեն իրենց հայրենակիցներին, աշխատավոր գյուղացիներին և երիտասարդներին ստիպողական հավաքագրել, զինել և միացնել իրենց շարքերին։ Իսկ կոմունիստական կուսակցության, կոմերիտական կազմակերպության և տեղական խորհրդային օրգանները ցրել, նրա ղեկավարներին ու համակրողներին ծեծի և այլ տանջակիր, դաժան պատժի ենթարկել ու վերականգնել հին իշխանությունը։

Ես բոլորովին նպատակ չունեմ վերլուծության ենթարկել թևանիստների ամբողջ անմիտ և դաժան արարքները Ղարաբաղի հայ բնակչության և բոլշևիկների նորաստեղծ բանվորագյուղացիական խորհրդային կարգերի դեմ, միայն համառոտ ձևով ընթերցողին կներկայացնեմ Վարանդայի գավառի մեր Ճարտար գյուղի (Ճարտարը հեղինակի հայրենի գյուղն է, նա այնտեղ է ծնվել 1911 թ. և ապրել մինչև 7-ամյա դպորցն ավարտել է, իսկ հետագա ամբողջ կյանում մշտապես կապված է եղել նրա հետ - «ՆԷ») և ենթաշրջանի տարածքում նրանց կատարած անմարդկային անօրինականությունների մասին, որոնց ես անձամբ ականատես եմ եղել իմ համագյուղացիների հետ միասին։

1921 թ. հունվարի երկրորդ կեսին Թևանի առաջատար ջոկատներից մեկը, որ բաղկացած էր ավելի քան հարյուր զինված մարտիկներից, օգտվելով այն հանգամանքից, որ կոմունիստների ակտիվ և մարտունակ մասը գտնվում էր Գիշի գյուղի պաշտպանության դիրքերում, զուռնա դհոլով, սուր ու թրով, արևմտյան նեղ լեռնանցքից ներխուժեց մեր Ճարտար գյուղը։ Գյուղամիջի հրապարակում կրակ վառեցին և իրենց մոտ եղած տվյալների համաձայն սկսեցին քարշ տալով հրապարակ բերել գյուղի ակտիվ կոմունիստներին և ամբոխի առաջ ծեծի, տանջանքի ենթարկել նրանց։ Առաջին հերթին ասպարեզ բերեցին Ավագ Բալայանին և Գալուստ Բաբայանին։ Երկար ծեծելուց և մահամերձ վիճակի հասցնելուց հետո հրապարակ բերեցին աշխատավոր գյուղացի Համփարցի (Համբարձում) Գրիգորյանին։

Թեժ կրակը արդեն պատրաստ էր, բայց պատիժը սկսվում էր դաժան ծեծից և հարց ու պատասխանից հետո միայն («Կոմունի՞ստ ես», «Այո, բոլշևիկ եմ»)։ Թևանիստները հանում են նրա ոտքերից տրեխները ու շիկացած երկաթե պայտերը կպցնում տանջահարի բոբոիկ ոտքերին։ Վառված մսի ճենճահոտը տարածվում է հրապարակում հավաքված ամբողջ ամբոխի վրա։ Բայց Համբարձումը բղավում է. «Կոմունիստ եղել եմ, կոմունիստ կմեռնեմ»։ Շիկացած երկաթը նորից կպցնում են համառ ղարաբաղցու մերկ ոտքերին ու նորից ծեծում։ Մինչ այդ Թևանի խմբապետ Աղալար Բաբայանը մի քանի այլ ունևոր և դաշնակամետ գյուղացիների հետ միասին արդեն սեղան էին սարքել, գորգեր փռել, երինջներ մորթել և ճոխ ճաշկերույթ էին կազմակերպել։

Հարևան Գյունե Ճարտար գյուղում Ղարաբաղի հայության այդ «ազատարարները» կոմունիստ Սանջան Ղազարյանին տանջամահ են արել։ Ճարտարի ենթաշրջանի կոմկուսի ղեկավար, ականավոր քաղաքական գործիչ Կոլյա Դանիելյանին Գյունե Կալեր գյուղի ողջ աշխատավորության աչքի առաջ տանջալից ծեծի ենթարկեցին, երկու մատը կտրեցին, նշանի մատանիները հանեցին, հետո արդեն գազանաբար սպանեցին։ Մինչ առաջատար խումբը կիրառում էր այդ բոլոր պատժամիջոցները, հիմնական զորամասը գրավել էր մոտակա գյուղերը, շրջապատել Ճարտարի ձորակի հատվածը և սկսել կատաղի մարտ մղել դրանց տիրանալու նպատակով։ Այդպիսի արարքներով թևանիստներին հաջողվում է Դիզակի և Վարանդայի անզեն ու անմեղ աշխատավոր գյուղացիներին չպատճառաբանված կռվի մեջ ներքաշել, որի արդյունքում տեղի ունեցան մեծ կորուստներ և գյուղական տնտեսությունների ավերածություններ։ Այդ ավանտյուրայի արդյունքում նշված երկու՝ Դիզակի և Վարանդայի կոմունիստական ջակատները կորցրին բազմաթիվ մարտիկներ, որոնց թվում կային շատ ականավոր հեղափոխական, քաղաքական անվանի գործիչներ։

Թևանիստների ժամանակավոր հաջողությունները պայմանավորված էին նրանով, որ Լեռնային Ղարաբաղի (Դիզակի և Վարանդայի շրջաններ) հայ բնակչությունը չէր սպասում, որ խաղաղ պայմանավորվածությունից հետո (հեղինակը նկատի ունի Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ Դրոյի և Լեռնային Ղարաբաղի Հեղկոմի նախագահ Սաքո Համբարձումյանի միջև ձեռք բերված համաձայնությունը, որով Դրոն իշխանությունը ԼՂ-ում խաղաղ հանձնել էր բոլշևիկներին - «ՆԷ») հակաբոլշևիկյան հայ խմբավորումները կհամարձակվեն հարձակվել խաղաղ, հայրենական գյուղական աշխատավորական բնակչության վրա։ Բնակչությունը անզեն և անզինամթերք պայմաններում բոլորովին պատրաստ չէր դաժան զրկանքներից հետո (նկատի ունի թուրք-մուսավաթական միացյալ ուժերի դեմ արցախահայության մղած եռամյա ինքնապաշտպանական մարտերը - «ՆԷ») պատերազմ մղելու...


ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ։ Երեք հրապարակումները ներկայացված են առանց խմբագրական միջամտության։ Ձեռնպահ ենք մնում նաև դրանք մեկնաբանելուց։ Ընդամենն ուզում ենք հիշեցնել, որ երեք հրապարակումների հեղինակներն այդ  տարիներին գտնվում էին «բարիկադի» տարբեր կողմերում, և գրել են այն, ինչ տեսել են իրենց «դիրքերից»...
Միաժամանակ, մեզանում այսօր գրիչ բռնող, հանուն մի կտոր հացի պատվերով «լարախաղացություն» անող և ժամանակի ու եղանակի հետ կաշի փոխող որոշ չարչիների ուզում ենք հիշեցնել, որ ջուր մտնելուց առաջ ցանկալի է նախապես ստուգել ջրի խորությունը, հակառակ դեպքում վտանգելու են իրենց ողորմելի գոյությունը...





Վերջին էջ


ՄԻԿՐՈԱՌԱԿՆԵՐ

Իժը նստեց բարձր ժայռի կատարին, գլուխը ցցեց ու ասաց.
- Այսուհետև ես եմ թռչունների արքան։
- Իսկ դու այդ ինչպե՞ս հասար այստեղ,- զարմացավ արծիվը։
- Սողալով, սիրելիս, սողալով...

*   *   *
Զրպարտչի մահից երկու օր էր անցել, բայց մարդիկ չէին համարձակվում նրա մարմինը հողին հանձնել։ Ո՞վ գիտե, մեկ էլ տեսար մատերիալ գրեց, թե ինձ կենդանի են թաղել։

*   *   *
Հոպոպը սխալմամբ թուխս նստեց կաչաղակի ձվերի վրա, կաչաղակի ձվերից կաչաղակի ձագեր դուրս եկան։
- Տեր աստված,- զարմացավ հոպոպը,- ուրեմն մինչև հիմա կաչաղակ եմ եղել ու չեմ հասկացել։

*   *   *
Ժայռից մի քար պոկվեց, քարից՝ մի բեկոր, բեկորն ընկավ մրջնանոցի վրա։ Մրջյուններն իրենց մատյանում արձանագրեցին. «Եվ սույն թվականին աշխարհում եղավ մեծ երկրաշարժ»։

*   *   *
Սիրամարգը թիթեռին ասաց.
- Ենթադրում են, որ միլիոն տարի հետո աշխարհում կյանքը կդադարի գոյություն ունենալուց։
Թիթեռը պատասխանեց.
- Ի՞նչ կա որ, կապրենք՝ կտեսնենք։

*   *   *
Կատուն այնպես մլավեց, որ վագրը վախից քիչ էր մնում լեղաճաք լիներ։ Ուժեղը ոչ թե կատուն էր, այլ այն գրասեղանը, որի ետևում նստած էր կատուն։

*   *   *
Կուշտ կատուն հանդիպեց մկնիկին ու մեծահոգաբար ժպտաց,
- Հուսամ, սիրելիս, որ վաղը մենք նորից կհանդիպենք։

*   *   *
Ճնճղուկը՝ ագռավին.
- Ագռավ դառնալու համար ի՞նչ է հարկավոր։
- Անուշ ձայն։
- Եթե անուշ ձայն ունենամ, սոխակ կդառնամ…

*   *   *
Դոդոշը խոշորացնող հայելու մեջ տեսավ իր պատկերն ու գոչեց.
- Ողջու՜յն քեզ, ո՜վ Նեղոսի հզոր զավակ։

*   *   *
Գորտը նայեց արծվի մագիլների մեջ կծկված իր ցեղակցին ու հառաչեց.
- Ափսո՜ս, աշխարհից մի կյանք էլ գնաց։

*   *   *
Էշին անվանեցին դոդոշ, էշը բողոքեց.
- Պատիվ եմ պահանջում։

*   *   *
Մոծակը նստեց կրիայի մեջքին ու գոչեց.
- Այո՜, իրավացի է Բրունոն. երկրագունդը կլոր է։

ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ




ԱՆԵԿԴՈՏՆԵՐ

Երթուղային տաքսուց իջնելիս ուղևորը 70 դրամ է տալիս ու ասում. «Սուրեն իջի՛ր»։ Վարորդը զարմանում է. «Տնաշեն 70 դրամ ես տվել, ուրիշի էլ ասում ես՝ իջիր»։ Ուղևորը հանգիստ պատասխանում է. «Այդ Սուրենը ուրիշ չէ, ես եմ»։

* * *
Երթուղային տաքսի են մտնում մի խումբ երիտասարդներ և հերթով վարորդին ասում. «Բարև Բուբուշ, բարև Կոճակ, բարև Կանդազ, բարև Չախմուր»։ Ուղևորներից մեկը վարորդին հարցնում է. «Ինչո՞ւ են այդ ջահելները քեզ վիրավորում»։
- Չեն վիրավորում, մայրիկ, մեր քաղաքի լավ տղաներն են՝ հերթով ներկայանում են,- ասում է վարորդը։

* * *
Պետավտոտեսչության աշխատակիցը երթուղային տաքսու վարորդին կանգնեցնում է և ասում. «Չնախատեսված տեղում կանգնեցնելու համար քեզ պետք է տուգանեմ»։ Փորձառու վարորդը երիտասարդ ավտոտեսուչին ուշադիր զննելուց հետո ասում է. «Տնաշեն, կարողա՞ մաշինս սամալյոտ ա՝ աէրոդրոմում չեմ կանգնեցրել։ Բա ի՞նչ անեմ, իմ տատի թայ մեծ կին է, ուզում է իջնի, բա չհարգե՞նք...»։

* * *
- Ո՞վ է մեծ՝ Թումանյա՞նը, թե՞ Չարենցը,- հարցնում է ուսուցիչը։
- Մեծը՝ Մարտիրոս Սարյանն է,-պատասխանում է աշակերտը։
- Այ տղա, ի՞նչ Սարյան, հարցս գրականությանն է վերաբերում, ոչ թե նկարչությանը։
- Կներեք, ես հայկական դրամները նկատի ունեի։

* * *
Մի Գյումրեցի հանդիպում է Աշոտ անունով իր վաղեմի ընկերոջը և ուրախ-ուրախ ասում.
- Բարև, Աշ ջան, ի՞նչղ էս։
- Յա՜, կարո՞ղ է կիսատ եմ երևում, տնաշեն, ինչո՞ւ ես անունիս կեսը ասում,- զարմանում է Աշոտը։

* * *
- Ինչո՞ւ ես այդքան չաղացել, ամուսինդ ո՞նց է հանդուրժում։
- Ի՞նչ է, մենակ ամուսի՞նս է...

* * *
- Սիրուն ջան, այս վերջերս շատ ես  կարմիր շորեր հագնում, ի՞նչ է պատահել, խեր լինի՞։
- Դու ինչո՞ւ ես անհանգստանում, եթե ցուլային հակումներ չունես։

* * *
- Կինդ ի՞նչ մասնագիտություն ունի։
- ՏՏ։
- Տնային տնտեսուհի՞։
- Եվ դա, և տեխնիկ-տեխնոլոգ։

* * *
Նոր սերնդի մի պատանի արցախցու հարցնում են.
- Դուք պատրա՞ստ եք պատերազմելու 8-միլիոնանոց Ադրբեջանի դեմ։
- Պատրաստը պատրաստ ենք, միայն չգիտեմ այդքանին որտեղ ենք թաղելու։
                       
* * *
Կոնդենսատորների գործարանի տնօրենի քարտուղարուհի Կարինան Ջիվանին կատակով ասում է. «Կլխավս շոռ տաս, տու էլ, ծեր էլեկտրիկներն էլ»։ Ջիվանը պատասխանում է. «Էլեկտրիկները գյուդում չըմ հինչ կասին, բայց ես լավա ստադիոնավը իրեք-չորս կրուգ տամ, քան քու կըլխավտ մեհետ շոռ տամ»։

ՍԵՎԱԿ ԱՐԱՄՅԱՆ




ՎԼԱԴԻՄԻՐ ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ՈՒ ԱԼԼԱ ՊՈՒԳԱՉՈՎԱՆ 
ՄԵՆԱՄԱՐՏԵՑԻՆ «ПОЕДИНОК»-ում

Աղմկահարույց միջադեպերով հայտնի քաղաքական գործիչ, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար և նախագահի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկին «Մենամարտ» («ПОЕДИНОК») հայտնի ծրագրի շրջանակներում բղավել է Ալլա Պուգաչովայի վրա, խոստացել իր հաղթանակի դեպքում թքել նրա վրա։ Ապա քաղաքական գործիչը ռուսական էստրադայի աստղին մեղադրել է ծախվածության մեջ և համեմատել պոռնիկի հետ։

Հեռուստածրագրից զգացվում էր, որ Պուգաչովան, հարց ուղղելով Ժիրինովսկուն, վերջինիս հասցեին «բնութագրական» զանազան էպիտետներ էր շռայլում, մոռանալով, որ վերջինս այն մարդկանցից է, ում համար բացարձակապես ոչ մի նշանակություն չունի դիմացինի թե՛ սեռը, թե՛ կոչումը, թե՛ հասարակական դիրքը։ Ակնարկելով, որ Վլադիմիր Վոլֆովիչը հաճախ կոպիտ է արտահայտվել իր մասին, Ալլա Բորիսովնան չէր սպասում Ժիրինովսկու ավելի կոպիտ «հակագրոհին»։

Ալլա Պուգաչովան, իր հերթին, Ժիրինովսկուն անվանել է «երկրի խայտառակություն», ծաղրածու և խելագար։ Նա նաև ասել է՝ «Չգոռաս ինձ վրա, ապագա նախագահ»։ Ժիրինովսկին էլ պահանջել է, որ Պուգաչովան լռի, քանի որ օրենք չգիտի, բացի այդ «նա հինգ րոպեն մեկ ամուսին է փոխում»...



ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՀԵՌՈՒՍՏԱԱՇՏԱՐԱԿԸ

Տոկիոյում ավարտվել է աշխարհի ամենաբարձր հեռուստաաշտարակի՝ «Երկնային ծառի» շինարարությունը։ Դրա բարձրությունը ալեհավաքի հետ կազմում է 634 մետր։ Այն բարձր է Չինաստանի Հուանչժոու քաղաքի համանման հեռուստաաշտարակից, որի բարձրությունը չի գերազանցում 600 մետրը։
Հեռուստաաշտարակի շինարարությունն սկսվել է 2008 թ., բացման պաշտոնական արարողությունը կկայանա մայիսի 22-ին։ FM դիապազոնով ռադիոհեռարձակումը կսկսվի ապրիլից, իսկ հեռուստաալիքները աշտարակը կօգտագործեն հաջորդ տարվանից։

Այդ հսկայական շինարարության վրա ծախսվել է 65 միլիարդ իեն կամ 812 միլիոն դոլար։
Խանութները և հուշանվերների կրպակներն արդեն ակտիվ կերպով գրավում են զբոսաշրջիկներին Տոկիոյի նոր տեսարժան վայրի հնարավոր բոլոր պատկերներով։ Այստեղ կարելի է գտնել կախազարդեր և պնակներ, մագնիսներ և լապտերիկներ, մատիտներ և ցուցանմուշներ և նույնիսկ հանքային ջուր հեռուստաաշտարակին նմանեցրած շշերով։ Հանգստյան օրերին «Երկնային ծառի» մոտ հավաքվում են զբոսաշրջիկների խմբեր, գրում է «Ռոսիսկայա գազետան»։




Համարի ասույթը

Միայն հեքիաթներում են երկնքից խնձորներ ընկնում։ Իրական կյանքում երկնքից երբեք խնձորն ինքնիրեն չի ընկնում, այն պետք է վայր գցել։


Ամսվա ասույթը

Ծիծաղը զարմանահրաշ մի ընդունակություն է, որով մարդիկ (ասում են՝ նաև որոշ կապիկներ) տարբերվում են մյուս բոլոր կենդանիներից։ Ծիծաղն ընդհանրապես, և այսօր առավել ևս, պաշտպանական յուրօրինակ զրահ է, որպեսզի լաց չլինենք։

30.1.12

N 1 (34) (2012)





ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ - 80

Մի քանի ամիս առաջ շատ պատահական facebook-ում կարդացի մի հրաշալի բանաստեղծություն՝ գրված անցյալ դարի 70-ականներին, հետո երկրորդը, երրորդը... և բոլորը՝ մի շնչով գրված, մի շնչով կարդացվող, և շատ զարմացա, որ մինչև հիմա չեմ ճանաչել բանաստեղծ Վազգեն Օվյանին։
Հետաքրքրվեցի և պարզվեց, որ նա իմ վիրտուալ ընկեր Վարդգես Օվյանի հայրն է, և ինձ համար հայտնաբերեցի հրաշալի պոետ, քաղաքացի, մարդ, Հայ մարդ մտավորականին (մտավորական՝ բառի իսկական իմաստով), հետո գտա իր էջը - vazgenovyan.blogspot.com - հղումը ինձ նման անտեղյակների համար է) և հասկացա, թե ինչու չի պրոպագանդվել և ինչու չեմ ճանաչել Վազգեն Օվյան բանաստեղծին։
Այսօր լրանում է Ղարաբաղի երգիչ, պոետ Վազգեն Օվյանի 80 ամյակը, և որոշեցի անակնկալ անել իմ ընկեր Վարդգես Օվյանին։
Շնորհավոր։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
(Վարպետ Օնիկ)


ԽՄԲ. ԿՈՂՄԻՑ։ Այս տեքստն ու լուսանկարը, որի հեղինակը facebook-ում բոլորին հայտնի, Արցախից հազարավոր մղոններով հեռու՝ ԱՄՆ-ում բնակվող Վարպետ Օնիկն է, վերոհիշյալ ամենահայտնի սոցիալական ցանցում զետեղվել է ս. թ. հունվարի 6-ին՝ Վազգեն Օվյանի ծննդյան օրը՝ որպես հիշատակի տուրք արցախցի նշանավոր գրողին։



Խմբագրական

ՄԻ ԾԱՅՐԱՀԵՂՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՄՅՈՒՍԸ

Լուրջ ազգ չենք։ Ծայրահեղությունների մի յուրօրինակ կծիկ ենք։ Ամեն ինչում և ամեն հարցում։ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանելու մասին Ֆրանսիայի Սենատի վերջին որոշման վերաբերյալ մեր արձագանքը դրա վառ ապացույցներից մեկն է։ Մի կողմից՝ անսահման, չափի մեջ չտեղավորվող հրճվանք, մյուս կողմից՝ արհամարհանք առ այդ որոշումը։ Վերջինները՝ արհամարհողները, գտնում են, որ ոգևորվելու պատճառ չեն տեսնում, Ֆրանսիան դա արել է իր շահերից ելնելով...

Հարգելիներս, աշխարհի քարտեզի վրա ցույց տվեք մի այլ երկիր, որ իր պետական-ազգային շահերը մի կողմ դրած, բարեգործություններ է շաղ տալիս շուրջբոլոր։ Մեր հյուսիսային եղբայր կոչվածը, որ իր «ավանդն» ունի մեր ժողովրդի վերջին երկհարյուրամյակի ողբերգությունների մեջ, Հայաստանը ծառայեցնում է բացառապես իր շահերին։ Նրա համար հայերը, վրացիները, ազերիները, չեչեն-ինգուշները, լեզգիները, կաբարդինները և այլք ընդամենը «կովկասյան ազգության ներկայացուցիչներ են»...

Այդ մենք ենք, որ կուրորեն բարեկամներ ենք փնտրում աշխարհով մեկ։ Մեզ հետ հարաբերվելիս յուրաքանչյուրն առաջնորդվում է միայն իր շահերից ելնելով... Պարզապես մենք պիտի կարողանանք բաց չթողնել առիթը՝ ինքներս էլ մեր ազգային խնդիրները լուծելու։ Ուրիշ ձև չկա, ու աշխարհը միայն սև և սպիտակ գույներից չի կազմված...

Մեր բոլոր դժբախտությունների պատճառներից մեկը հենց դա է։ Մենք առաջնորդվում ենք միայն այսրոպեական զգացմունքայնությամբ։ Մինչդեռ մարդուն ի վերուստ տրված է նաև սառը դատելու ունակությունը։ Աշխարհը պիտի ճանաչենք այնպես, ինչպես այն կա, այլ ոչ թե այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում կամ ինչպես մենք ենք ցանկանում...

Իրոք գերտերությունները, հատկապես ԱՄՆ-ն, շարունակ խաղարկում են ցեղասպանության հարցը... Շատ հնարավոր է, որ Ֆրանսիայի այս քայլը ամենից առաջ իրեն է պետք։ Բայց այն նաև մե՛զ է ձեռնտու։ Իրենք թող իրենց ուզած ձևով օգտվեն դրանից, մենք՝ մեր ուզած ձևով։ Քաղաքականությունը հենց դա է, այլ ոչ թե այն, որ ազերիները «փոխզիջում» բառը դեռ չեն արտաբերել, իսկ մեր վայ-դիվանագետներն արդեն ծայրից-ծայր բանակցասեղանին են դրել այն բոլորը, որ կարող ենք «փոխզիջել», հանձնել թշնամուն...

Որ մենք այսօր գործոն չենք, սուբյեկտ չենք, դրանում ամենաառաջին և ամենամեծ մեղավորը մենք ինքներս ենք։ Երբ ինքներս մեզ չենք հարգում, լուրջ չենք ընդունում (խոսքը դատարկ սնապարծության մասին չէ - դա մեր մի այլ ծայրահեղություններից է), ինչպե՞ս կարող է ուրիշը, աշխարհը մեզ հարգել և լուրջ ընդունել։

Ամենաթարմ օրինակը։ Ընդամենը մեկևկես տասնամյակ առաջ Արցախը սուբյեկտ էր, հաշվի էին նստում հետը, անգամ թշնամին ստիպված էր նույն բանակցասեղանի շուրջ նստել Արցախի ներկայացուցչի հետ... Այսօր այդ նույն Արցախը մեր իսկ մեղքով, մեր, այսպես կոչված, ՀՀ ղեկավարների, դիվանագետների մեղքով դարձել է ողորմելի մի ՕԲՅԵԿՏ, որի գլխի վրա վարսավիրություն են սովորում ամեն տրամաչափի հայ և այլազգի բախտախնդիրներ...

Մեր պատմության ոչ մի սխալից այդպես էլ դասեր չքաղեցինք, և մեր պարագայում պատմությունն անընդհատ կրկնվում է, և անընդհատ կորցնում ենք, կորցնում հող, երկիր, արժանապատվություն... Բայց մի օր պետք է կանգնեցվի այս նահանջը։ Մեծ հայրենականում ասում էին՝ ետևում Մոսկվան է...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ





ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ՀՂԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԺ-ԻՆ ԵՎ ՍԵՆԱՏԻՆ

ԼՂՀ ԱԺ-ի քաղաքական ուժերի՝ Ֆրանսիայի ԱԺ-ին և Սենատին հղված դիմումի մեջ մասնավորապես ասվում է. «Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի ընդունմամբ Ֆրանսիայի Հանրապետությունը, լինելով իրավական և ժողովրդավարական երկիր և համամարդկային արժեքներ դավանող հանրություն, աշխարհին ներկայացավ նաև իբրև պետություն, որի համար արդարությունը և իրողություններն անառարկելի են, չեն ենթարկվում պահի նպատակահարմարությանը։

Ֆրանսիայի Հանրապետությունը եվրոպական այն երկիրն է, որտեղ ապաստան են գտել և գթասրտության արժանացել Ցեղասպանությունը վերապրած տասնյակ հազարավոր հայեր։ Նրանց սերունդներն այսօր ֆրանսիական հասարակության անդամ են, օրինապշտ քաղաքացիներ, ովքեր գործում են հանուն Ֆրանսիայի զորացման և բարօրության...
Մեզ համար անսպասելի չէր Ֆրանսիայի Հանրապետության Սենատի որոշման հանդեպ նաև Ադրբեջանի իշխանությունների, այդ երկրի քաղաքական և այլ շրջանակների կեցվածքը։ Այդ կերպ, կարծում ենք, օրվա իշխանությունները նույնացնում են իրենց երկիրը Թուրքիայի հետ, սատարում վերջինիս ժխտողականությանը։

20 տարի առաջ, հռչակելով անկախ Հանրապետություն, մեր ժողովուրդը ոչ թե հավակնոտություն է դրսևորել, այլ ընտրել ցեղասպանությունը կանխելու միակ տարբերակը, ինչի շնորհիվ ապահովվեց Լեռնային Ղարաբաղի ժողովրի անվտանգությունը, կենսագործունեությունը սեփական հայրենիքում։

Մենք բարձր ենք գնահատում Ֆրանսիայի Հանրապետության միջնորդությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում, կիսում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ, բանակցությունների ճանապարհով, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներով կարգավորելու՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների մոտեցումը»։

Ս.թ. հունվարի 25-ին գրված այդ դիմումի վերջում ասված է. «Լիազորված ենք մեր ժողովրդի երախտագիտությունը հայտնել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովին և Սենատին՝ ցեղասպանություննրի ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման համար։ Արդարության և ժողովրդավարության, համամարդկային արժեքների հաստատման ճանապարհին մեր ժողովուրդը ձեզ հետ է»։




«ԵՍ ՇԱՏ ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ԱՅՍ ՕՐԻՆԱԳԻԾՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ»

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ ֆրանսիացի պատգամավոր, Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն Սենատի նիստից հետո չի կարողացել զսպել արցունքները։
Բուայեն իր գոհունակությունն է հայտնել օրինագծի ընդունման կապակցությամբ. «Սա շատ կարևոր օր է ինձ համար։ Սա շատ կարևոր պահ է Ֆրանսիայում մարդու իրավունքների և համամարդկային արժեքների պահպանման առումով։ Ես շատ ուրախ եմ, որ այդ օրինագիծն ընդունվեց։ Մենք ասել ենք, որ այս օրինագիծն ուղղված չէ Թուրքիայի դեմ։ Մենք դա արեցինք Ֆրանսիայի համար։ Հուսով եմ, որ օրինագիծը կունենա իր շարունակությունը»։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Սենատի ընդունումից հետո՝ 15 օրվա ընթացքում, կարող է հաստատել այդ օրինագիծը։




 Հայաստանյան և արտասահմանյան մամուլի էջերից...

Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը չի անդրադառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա։ Նման կարծիք է արտահայտել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը հունվարի 25-ին կայացած Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ։
Նա հիշեցրել է, որ «Հայաստանի և Թուրքիայի ոչ այնքան բարիդրացիական հարաբերությունների առկայությունը նորություն չէ»։ Խոսելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հունվարի 23-ին Սոչիում կայացած հանդիպման մասին, փորձագետը նշել է, որ այդ ձևաչափով հանդիպումը արդեն տասերորդն էր։ Առաջընթաց չի արձանագրվել, նույնիսկ չի էլ ակնկալվում։
Միաժամանակ Իսկանդարյանը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը չափազանց կոշտ է վերաբերվում Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը, որը նրա հետ որևէ առնչություն չունի։



Մարսելի փաստաբանների կոլեգիայի անդամ Ֆիլիպ Կրիկորյանը հունվարի 27-ին նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ խնդրելով անհապաղ հրապարակել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքը։ Նա նշել է, որ օրենքի ընդդիմախոսներն անարդար կերպով փորձում են դիմել Սահմանադրական խորհուրդ, որի անաչառությունն այդ հարցում նա կասկածի տակ է առնում՝ բերելով մի քանի իրավաբանական փաստարկներ։
Փաստաբանը նշել է, որ խորհրդարանում օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն մի շարք դատական գործընթացների հետ կապված հիշատակել է նաև Կրիկորյանի անունը՝ ավելացնելով, թե վերջինս եղել է այդ օրինագծի ակունքներքում։ Ելնելով դրանից՝ Կրիկորյանն առաջարկել է այն կոչել Բուայե-Կրիկորյան օրենք։

Սակայն, փաստաբանի խոսքով, այդ նորածին օրենքի գոյությունը վտանգի տակ է. «Մոտ 25 ռևանշիստ պատգամավորներ ցանկանում են խեղդել օրենքը՝ սպառնալով այն հանձնել Սահմանադրական խորհրդի քննությանը՝ այդպիսով պատմական ճշմարտությունը իրական քաղաքականության զոհ դարձնելով և ներկայացնելով հակասահմանադրականության վերաբերյալ կեղծ պահանջներ։ Այդ պատգամավորների վերաբերմունքը վիրավորական է, ցնցող և անհանգստացնող»։
Կրիկորյանը մի շարք փաստարկներ է ներկայացնում հօգուտ օրենքի, իսկ վերջում կոչ է ուղղում Սարկոզիին. «Հարգելի նախագահ, վերոնշյալ պատճառներից ելնելով՝ խնդրում եմ անհապաղ հրապարակել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող Բուայե-Կրիկորյան օրենքը»։
Հիշեցնենք, որ որպեսզի օրենքն ուժի մեջ մտնի՝ նախագահը պետք է հրապարկի այն 15-օրյա ժամկետում։ Մինչ այդ, 60 պատգամավոր կարող է դիմել Սահմանադրական խորհուրդ՝ վիճարկելով օրենքի սահմանադրականությունը։



Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Ֆրանսիան երկու՝ բարոյական և քրեական գնահատական է տալիս նրանց, ովքեր ժխտում են ցեղասպանությունը։ Քրեականացումը կունենա կարևոր նշանակություն համաեվրոպական առումով, որովհետև եվրոպական շատ երկրներ Ֆրանսիան դիտարկում են որպես առաջատար երկիր և դա կնպաստի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին։ Օրինագծի ընդունումով սահմանափակվում է Թուրքիայի հնարավորությունները պետական մակարդակով Հայոց ցեղասպանությունը ժխտելու հարցում»։

Քննարկման ժամանակ, ինչպես նաև Ֆրանսիայի խորհրդարանում օրինագծի ընդունումից հետո թուրքական կողմից հնչում էին տեսակետներ, թե օրինագծի ընդունումը սահմանափակում է մարդու իրավունքները և խոսքի ազատությունը։ Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ եթե օրինագիծն ընդունվի, ինքն այլևս ոտք չի դնի Ֆրանսիա։ Ռ. Սաֆրաստյանը չի կիսում այս կարծիքը։ «Թուրքական քարոզչությունը տարբեր մակարդակներով փորձում է իրողությունը ենթարկել կեղծիքների և փորձում ցույց տալ, որ օրինագծի ընդունումը նշանակում է խոսքի ազատության սահմանափակում։ Թուրքիայի նման երկիրը տնտեսական հզորությամբ այնքան է զիջում Ֆրանսիային, որ ինչ էլ անի՝ վնասն ավելի շատ իրենը կլինի։ Եվ դա թուրքերը շատ լավ հասկանում են, քանի որ 2000-ական թվականներին, երբ ֆրանսիական խորհրդարանը ընդունեց օրենք հայոց ցեղասպանության մասին, թուրքերը փորձեցին պատժամիջոցներ կիրառել Ֆրանսիայի դեմ, բայց դա տևեց շատ կարճ և մի քանի ամիս հետո ամեն ինչ վերադարձավ, և առևտուը երկու երկրների միջև ավելի զարգացավ։
NEWS.am



Թուրքական լրատվամիջոցները շարունակում են անդրադառնալ Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագծին, որը սահմանում է 45.000 եվրո տուգանք և 1 տարվա ազատազրկում, ովքեր Ֆրանսիայի տարածքում կհերքեն Հայոց ցեղասպանության փաստը։
Վերոնշյալ իրադարձություններին անդրադարձել է թուրքական Milliyet առցանց օրաթերթի հոդվածագիր Մելիհ Աշըքը։ Նա նշում է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից օրինագծի ընդունումից հետո Անկարան բավականին ժամանակ ուներ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու համար։ Բայց ոչինչ չստացվեց ու ոչ մի կանխարգելիչ միջոց ի զորու չեղան ձեռնարկել։

«Օրինակ, երբ խոսք գնաց ֆրանսիական ապրանքների դեմ բոյկոտի մասին,- գրում է Աշըքը,- թուրք արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Ումիթ Բոյները և արդյունաբերության նախարար Զաֆեր Չաղլայանը հայտարարեցին, որ նման բոյկոտներն անարդյունք կլինեն և փաստորեն փարատեցին Ֆրանսիայի անհանգստությունը։
Պետք էր հասկանալ, որ վարչապետ Էրդողանի՝ «այլևս Ֆրանսիա չեմ գնա» և արտգործնախարար Դավութօղլուի՝ «Ֆրանսիան խայտառակություն է անում» արտահայտությունները բավարար չէին լինի հակառակ կողմին սաստելու կամ համոզելու համար»։

Հոդվածի հեղինակի բնորոշմամբ՝ թուրքերը կորցրել են ազգային բնազդները և իրենց համընդհանուր պատիվը նսեմացնող վերաբերմունքի դիմաց չխիզախեցին վտանգի ու վնասի գնալ։ Վերջին տարիներին սովորություն է դարձել բավարարվել միայն քննադատական ուղերձներ հղելով, երբ այլ պետություններ ցեղասպանության մասին որոշումներ են ընդունում։
Որպես օրինակ նա հիշեցնում է, որ երբ 5 տարի առաջ Շվեյցարիան նմանատիպ օրենք ընդունեց, թուրքական իշխանությունները մի քիչ հոխորտացին, հետո տեղի տվեցին. «Դրանով չբավարարվեցին. Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Քալմի Ռեյին դեռ մի բան էլ հրավիրեցին Անկարայում կայանալիք դեսպանների հավաքին և ընդունեցին որպես պատվավոր հյուր։ Այդ իսկ պատճառով ոչ մի երկիր չի խուսափում Թուրքիային ցեղասպանության գոլ խփելուց։ Գիտեն՝ Թուրքիան մի քիչ հոխորտալուց հետո կընդունի նվաստացումը»,- եզրակացնում է Մելիհ Աշըքը և հավելում, որ «Ֆրանսիայի Սենատի ընդունած որոշումը որքան Ֆրանսիայի, միևնույն ժամանակ նաև Հայաստանի հաղթանակն է...»։
Aysor.am



Լրատվամիջոցները ուռճացրել են Ուրալում հայերի և կազակների միջև առաջացած հակամարտությունը։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը։
Հիշեցնենք, որ խոսքը Եկատերենբուրգում, ավելի ստույգ Արտյոմևսկ ոչ մեծ քաղաքում ստեղծված իրադրության մասին է։ Versia.ru-ի տեղեկություններով, հունվարի 31-ին կազակներն իբր հայտարարել են «ատելության օր»՝ խոստանալով մեկընդմիշտ ազատել մայր հողը «նվաճողներից»։ Որոշ տեղեկություններով, կազակների և հայերի հարաբերությունների խզման գործում մեծ դեր են խաղացել տեղի ադրբեջանցիները, ովքեր տնտեսական հակամարտությունների ֆոնի վրա բախումներ են հրահրում հայերի և կազակների միջև։ Այդ կապակցությամբ, հունվարի 18-ին Ռուսաստանի հայերի միությունը որոշում է ընդունել կազակ ատաման Սերգեյ Մադաթովին ուղարկել Ուրալ կազակների հետ անմիջական բանակցություններ սկսելու նպատակով։

Կազակ ատամանի միջամտության կարիքը դեռ չի եղել։ «Սերգեյ Մադաթովը արդեն պատրաստվում էր ուղևորվել, բայց դա հետաձգվել է։ Պարզվել է, որ իրավիճակն ավելի հանգիստ է, քան այդ մասին գրում են լրատվամիջոցները»,- նշել է Գերման Անանյանցը։ Նրա խոսքով, այդ մասին հայտարարել է Մոսկվայի կազակ ատամանը՝ իրավիճակն այս պահին հանգիստ է։
Նշենք, որ հայերի և կազակների միջև լարված հարաբերությունների անմիջական պատճառ են դարձել Արտյեմովսկի քաղաքապետի ընտրությունները։ Հայերը պաշտպանում էին քաղաքի արդեն նախկին ղեկավարի թեկնածությունը, իսկ կազակները՝ նորինը։ Հաղթել է նոր թեկնածուն, որը հանգեցրել է կազակների և հայերի միջև հարաբերությունների սրմանը։



Բուլղարուհի լրագրող, Արցախյան պատերազմի մասին փաստագրական ֆիլմերի հեղինակ Ցվետանա Պասկալևան փետրվարի 16-ին համաշխարհային շրջագայություն է սկսում։ Ինչպես հունվարի 27-ի մամլո ասուլիսում հայտնել է Պասկալևան, շրջագայությունը կսկսվի Բուլղարիայից, այնուհետև կշարունակվի Հունաստանում, Կիպրոսում, Լիբանանում։ Մարտին ծրագրվում է այցելել Փարիզ և Մոսկվա, ամսաթվերը դեռևս ճշտվում են։ Շրջագայության ընթացքում Արցախյան պատերազմի մասին փաստագրական ֆիլմեր կցուցադրվեն (Պասկալևայի «Ղարաբաղի վերքերը» Արցախյան ազատագրական պատերազմի մասին փաստագրական 7 ֆիլմերի շնորհանդեսը կայացել է նախորդ տարվա նոյեմբերին Երևանում)։

Ցվետանա Պասկալևան գտնում է, որ Հայաստանը տեղեկատվական պատերազմում զիջում է Ադրբեջանին։ «Լինելով իրավացի և ունենալով փաստացի ապացույցներ, թե ով է սկսել պատերազմը, ինչպես են անցկացվել ռազմական գործողությունները և ինչով է ամեն ինչ ավարտվել, ունենալով իր իրավացիության պատմական և իրավական հիմնավորումներ, հայկական կողմն ավելի պասիվ է»,- նշել է Պասկալևան։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ քաղաքական տարածությունը վակուում չէ, այն զգայուն է ճշմարտության նկատմամբ, որի մասին էլ վկայում է Ֆրանսիայի Սենատի ընդունած նախագիծը, որը քրեականացնում է ցեղասպանությունների ժխտումը։

«Ադրեջանը ինչ-որ կեղծիք է հորինում, այն ուռճացնում անհավանական չափերի, կրկնում ամեն օր։ Բնականաբար, այդ ամենօրյա կրկնությունը հասնում է լսարանին, նույնիսկ աշխարհի տարբեր վայրերում։ Քանի որ նրանք այլ տեսանկյուն չգիտեն, բացի այն, ինչն Ադրբեջանն է ներկայացնում, նրանք շատ հնարավոր է և հավատան։ Դրա համար անհրաժեշտ է աշխատել մտածված և հավասարակշիռ»,- նշել է Պասկալևան։



Հայ-վրացական հարաբերություններում կան առավել հրատապ խնդիրներ, քան հայոց լեզվի դասաժամերի քանակը, եկեղեցու հետ կապված և այլ հարցերը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն։ Նրա կարծիքով՝ հայ և վրացի ժողովուրդներին, ինչպես նաև Հայաստանին և Վրաստանին ավելի շատ բան է միավորում, քան տարանջատում։
«Հաշվի առնելով իրավիճակը, որում այսօր գտնվում է տարածաշրջանը, հաշվի առնելով աշխարհում գոյություն ունեցող աշխարհաքաղաքական կոնյունկտուրան, չարժե ուշադրությունը կենտրոնացնել այդ հարցերի վրա»,- նշեց նա։

Խոսելով Վրաստանում հայերի վիճակի և հայ համայնքի խնդիրների մասին՝ քաղաքագետը խոստովանեց, որ նման խնդիրներ գոյություն ունեն։ «Այո, այդ խնդիրները կան, սակայն դրանք սոցիալական բնույթ ունեն։ Ջավախքը Վրաստանի ամենահետամնաց շրջաններից է, այնտեղ աշխատատեղերը շատ քիչ են... Այդպես էր դեռ Խորհրդային Միության տարիներին։ Սակայն այսօր 21-րդ դարն է, և այդ հարցերը հարկ է լուծել վրացական իշխանությունների և տեղի բնակչության միջև քաղաքակիրթ երկխոսության միջոցով, համատեղ։ Դա միակ արդյունավետ սցենարն է»,- վստահություն հայտնեց փորձագետը։
Ցինցաձեի կարծիքով՝ Ջավախքի հայերի հիմնական խնդիրներից մեկը վրացերենի չիմացությունն է. «Լեզվի չիմացությունը նրանց առջև փակում է բոլոր դռները, այդ թվում՝ կառավարական կառույցներում ներկայացված լինելու հնարավորությունը։ Իրականում Ջավախքի հայերին հարկավոր է հենց այնտեղ՝ խորհրդարան, նրանք պետք է պատգամավոր ունենան օրենսդիր մարմնում, որպեսզի բարձրացնեն հարցեր, ներկայացնեն տեղի բնակչության շահերը»,- ընդգծեց զրուցակիցը։

Փորձագետն անդրադարձավ նաև հայ և վրաց եկեղեցիների միջև վեճին՝ նշելով, որ դա պետք է լուծեն եկեղեցիները, ոչ թե աշխարհիկ իշխանություններն ու հասարակական շրջանակները։ «Այո, ես ևս մեկ անգամ կրկնում եմ և չեմ հոգնում կրկնելուց՝ կան խնդիրներ, խնդիրներ և դարձյալ խնդիրներ, սակայն դրանք պետք է լուծել, ոչ թե ողբերգականացնել։ Կա՞ն եկեղեցիների հետ կապված խնդիրներ՝ թող հոգևորականները լուծեն, կա՞ն կրթական խնդիրներ, խնդրեմ, թող լուծեն կրթության նախարարները։ Դա ավելի իմաստուն կլինի»,- վստահություն հայտնեց քաղաքագետը։
Ցինցիձեն հատուկ ընդգծեց, որ այն մթնոլորտը, որը հայական ԶԼՄ-ների կողմից ներկայացվում է՝ կապված Վրաստանում հայ համայնքի վիճակի հետ, իրականությանը չի համապատասխանում։ «Վրաց ժողովուրդը բարեկամաբար, եղբայրաբար է վերաբերվում այստեղ բնակվող հայերին, նրանց հավատին, ավանդույթներին»,- եզրափակեց նա։



«Նէ»-ի թղթակիցը Երևանում փորձել է լսել մարդկանց կարծիքը՝ քաղաքական ուժերի դասավորվածության վերաբերյալ։ Առավել հետաքրքիրը Արտակ Ստեփանյան անունով մի քաղաքացու կարծիքն է։ Ահա այն. «Հայաստանում հասարակությունը հիմնականում բաժանված է երեք ստվար մասի։ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների մի մասը չի սիրում նրան, բայց կանգնած է նրա կողքին, որովհետև ատում է Ս. Սարգսյանին և Ռ. Քոչարյանին։
Սերժ Սարգսյանի կողմնակիցների մի մասը չի սիրում նրան, բայց սատարում է նրան, որովհետև ատում է Լ. Տեր-Պետրոսյանին և Ռ. Քոչարյանին։ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների թիվը հակադարձ համեմատական է նրան ատողների թվին։
Կա նաև երրորդ կողմը, որ ատում է բոլոր երեքին։ Այս մարդիկ դեռ ընդգծված Առաջնորդ չունեն։ Եթե ունենան, նրանց են միանալու նաև նախորդ երեքին բոլոր չսիրողները»։




Ցորենի շուկայի վերլուծաբանները 2012 թ. գնի էական աճ չեն կանխատեսում։ Հիշեցնենք, որ 2011 թ. սկզբներին ցորենի միջազգային գինը հասավ իր պատմական առավելագույն մակարդակին՝ 327.8 դոլար 1 տոննայի դիմաց։ Սակայն այնուհետ սկսեց նվազել։ Ներկայում ցորենի գինը մոտ 30 %-ով զիջում է 1 տարի առաջվա գներին։
Սպասվում է, որ ցորենի բերքը 2012 թ. կլինի բարձր։ ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության (USDA) գնահատականներով՝ ցորենի համաշխարհային արտադրությունը 2011-2012 թթ. կկազմի 683 մլն տոննա՝ 4.6 %-ով ավելի, քան նախորդ տարի։ Համախառն սպառումը, ըստ կանխատեսումների, կաճի 23 մլն տոննայով և կկազմի 679 մլն տոննա։ Այսպիսով՝ ցորենի պաշարները կավելանան 4 մլն տոննայով և կկազմեն 200 մլն տոննա։
Վերջին շաբաթվա ընթացքում ցորենի գները փոքր-ինչ աճել են այն լուրերի պատճառով, որ Ռուսաստանը պետական տուրք է սահմանելու արտահանվող ցորենի վրա։ Սակայն Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունն առայժմ չի հաստատում այդ տեղեկությունները։
NEWS.am




ԱՆՀԱՏԸ (ԱՆՁԸ) ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

2012 թ. սեպտեմբերին լրանալու է Հայաստանի (ՀՀ և ԼՂՀ ) անկախության հերթական տարելիցը։ 21 տարին, հայ ժողովրդի դարավոր պատմության հետ համեմատած, չնչին ժամանակահատված է, բայց յուրահատուկ է նրանով, որ նորանոր սկսում են ձևավորվել անկախության երկրորդ սերնդի ներկայացուցիչները։ Սակայն, ցավալին այն է, որ մինչև հիմա մենք՝ հայերս, չունենալով ազգային գաղափարախոսություն, չգիտենք ուր ենք գնում և այդ նոր սերնդին ուր ենք տանում։

Մի կողմ թողնելով ազգային գաղափարախոսության թեման, որի մասին քանիցս անդրադարձել ենք, գրենք անհատ-պետություն շղթայի մասին, որի մի օղակն էլ մոտ ապագայում կազմելու է նոր ձևավորվող սերունդը։
Նախ, սկսենք անհատից։

Հայ լուսավորիչների (Մ. Նալբանդյան, Ս. Նազարյանց, Հ. Սվաճյան, Գ. Չիլինկարյան) նախաձեռնությամբ ժամանակի եվրոպական քաղաքական և հասարակական գաղափարները տարածվել են հայ հասարակության շրջանում, հիմք դրել «լուսավորական» և «պահպանողական» ուղղությունների ձևավորմանը։ Հայ լուսավորիչները բարձր գնահատելով քրիստոնեական կրոնի և Հայ Եկեղեցու դերը հայ ժողովրդի անցյալի պատմությունում, չէին ընդունում այդ իրողությունն ազգի ներկայի և ապագայի վերաբերմամբ։ Հերքելով կրոնի և Եկեղեցու վճռորոշ դերը ազգի գոյության և առաջադիմության հարցում, նրանք անհրաժեշտ են համարում աշխարհիկ կառավարության առկայությունը, աշխարհիկ մշակույթի և լուսավորության զարգացումը՝ Հայ Եկեղեցուն հատկացնելով ազգի հոգևոր-բարոյական դաստիարակչի դերակատարությունը։ Լուսավորիչների պնդմամբ, ազգային կեցության աշխարհիկ և հոգևոր դաշտերի առանձնացումը (աշխարհիկ դաշտի գերիշխանության պայմանով) ժամանակի հրամայականն է, գտնելով, որ ազգի իրական միասնությանը կարելի է հասնել զուտ քաղաքական կառույցների միջոցով։ Միջանկյալ նշենք, որ ներկայումս Հայաստանում գերիշխում են հայ լուսավորիչների առաջ քաշած գաղափարները, որոնք ստացել են նաև օրենքի ուժ։

Իսկ ի՞նչ էին առաջադրում պահպանողականները։
Նրանց դասական ներկայացուցիչ Հովհաննես Տերոյենցը ի հակակշիռ լուսավորիչների պատմափիլիսոփայական հայեցակարգի, առաջադրել էր մի մոդել, ըստ որի երկրային կյանքում մարդը կոչված է կատարելագործվել որպես հոգևոր էակ, ինչը պայմանավորված է բարոյական օրենքի աղբյուրի և նրա էության ճանաչումով։ Բարոյական սկզբունքներին տալով աստվածային հեղինակություն, նա, ըստ էության, քրիստոնեական գաղափարախոսության տեսանկյունից աստվածային բարոյական օրենքը կապակցում է մարդու հասարակական էության հետ։ Աստված,- նշում էր նա,- ստեղծել է մարդուն որպես հասարակական էակ։ Մարդու արարման հետ մեկտեղ Աստված ստեղծել է հասարակության գոյության համար անհրաժեշտ ամրակներ՝ մեծի ու փոքրի տարբերությունը և արդարությունը, որոնցից առաջինը կապվում է Իշխանության, իսկ երկրորդը՝ Օրենքի հետ։ Այդ իսկ պատճառով բնական օրենքն ընկալելի է որպես աստվածային կամքով ստեղծված հասարակական ամրակների պահպանում և բուն բնական օրենքը տասնաբանյա պատվիրաններն են, որոնք արգելում են ուրիշի իրավունքներին մոտենալը և ընկերական կամ ընտանեկան նվիրական պայմանները դրժելը։

Նման կողմնորոշումն ուղղված էր լուսավորական պատմափիլիսոփայության հիմքում դրված և հասարակական առաջադիմության խորքային իմաստը ներկայացնող՝ անհրաժեշտաբար գործող բնական օրենքի լուսավորիչների մեկնաբանման դեմ։ Ըստ Նալբանդյանի, բնական օրենքով մարդիկ ստեղծված են հավասար իրավունքներով, որոնց պաշտպանության համար անհրաժեշտ է իրավադատության և օրենսդրության ստեղծումը, ինչը, իր հերթին, կնպաստի ազգի հասարակական (բարոյական) առաջադիմությանը։

Տերոյենցը գտնում էր, որ բնական օրենքն Աստծո իշխանության տակ գտնվող մարդու հասարակականության հիմքն է, ինչից հետում է, որ հասարակական կեցության անհրաժեշտ կանոնները բացարձակ (աստվածային) խորհուրդ են կրում։ Խնդրի էությունը դիտելի է լուսավորիչների և Տերոյենցի՝ մարդու մեկնաբանման տարբերության մեջ։ Եթե լուսավորիչների համար Մարդն ամենից առաջ անհատ է իր կենսաբանական և սոցիալ-մշակութային նախասկզբների միասնությամբ, ապա Տերոյենցը սահմանում է Մարդուն որպես ոգու՝ անդրանցական նախասկզբի կրող, այսինքն՝ որպես անձնավորություն։ Դրանով է բացատրելի Մարդու հոգևոր փորձի հնարավորությունը, նրա՝ որպես հոգևոր էակ կատարելագործվելու ընդունակությունը։

 Մարդուն դիտելով որպես անձնավորություն, Տերոյենցը սահմանել է «ազատություն» և «հավասարություն» հասկացությունները։ Ազատությունը նա սահմանում է որպես մարդու ներքին (հոգևոր) հնարավորություն, ուստի համարում է, որ մարդու արտաքին (գործողությունների) ազատությունը սահմանափակված է օրենքով. մարդն ազատ է գործել այնպես, ինչպես պետք է գործի և ոչ թե անել ցանկալին։ Ստրկությունն ու բռնությունը, այսպիսով, արտաքին, գործողությունների ազատության (բացարձակ) հետևանք է, ինչն անհրաժեշտաբար ենթադրում է ուրիշի ազատության սահմանափակում։ Նման իրավիճակը հնարավոր է համարվում այն ժամանակաշրջանների, երկրների և գաղափարախոսությունների համար, որտեղ խախտվում են աստվածային պատգամները։

«Հավասարություն» հասկացության Տերոյենցի ըմբռնումը ևս կառուցված է այդ հասկացության լուսավորիչների սահմանման քննադատության վրա։ Նրա կարծիքով, հավասարությունը լուսավորիչները հանգեցրել են ինչական հարաբերություններին (հավասար գույք ունենալու մարդկանց իրավունքին), ինչը խախտում է արդարության բարոյական օրենքը, քանզի Աստված ստեղծել է մարդկանց տարբեր կարողություններով։ Մարդկանց հավասարությունը հասարակական կենդանի արարած լինելն է, ինչն ապահովում է Օրենքը։ Վերջինիս բացակայության դեպքում հավասարությունն անհետանում է՝ ծնունդ տալով բարբարոսությանը, քաղաքակրթության քայքայմանը։

Նրա պնդմամբ, «ազատություն» և «հավասարություն» հասկացությունները լուսավորիչները կիրառում են այնպիսի երևույթների նկատմամբ, որոնք խորթ են այդ հասկացությունների նախնական խորհրդին։ Վերջինիս նորոգման անհրաժեշտ միջոցն է կրոնական փիլիսոփայությունը, որը կնպաստի աստվածային (բնական) օրենքին մարդկային (դրական) օրենքի համապատասխանեցմանը։ «Մարդկային օրենքը միայն գործերի վրա է, մտքի վրա է, խորհրդի վրա մարդիկ ոչ օրենք են դրել, և ոչ էլ կարող են դնել։ Աստված է միայն խորհուրդների քննիչը, միայն Նա է սրտագետ, մարդու սրտի գաղտնիքը իմացող, ուստի մենակ Նա խորհրդի վրա օրենք դնելով գործերի վրա դրված օրենքը հաստատուն կդարձնի, քանի որ չարության խորհուրդները սրտից են ելնում և դրանց արդյունքն եղած գործերը արգելելու համար նրանց աղբյուրը եղող սրտի վրա տիրելն է, և այս տիրապետությունը Աստծուց բացի ուրիշի բանը չէ»։

 Այս տեսանկյունից է նպատակահարմար արժևորել իշխանությունների ընտրովիության լուսավորիչների գովաբանած սկզբունքի Տերոյենցի մերժումը։ Ըստ նրա, իշխանության էությունը իշխանապետի և նրա իշխանության տակ գտնվող մարդկանց առկայության և նրանց միջև որոշակի հարաբերությունների՝ պարտքի և իրավունքի իրագործման մեջ է։ Մինչդեռ լուսավորիչների սկզբունքը ենթադրում է մեկի իշխանության (և համապատասխանաբար՝ իրավունքի) սահմանափակումը մյուսին իշխանություն (իրավունք) տալու նպատակով, որի հետևանքը մի կողմից համարվում է մարդկանց իրավահավասարության մերժումը, մյուս կողմից՝ անիշխանության տարածումը։

Այս հարթության վրա է հարկավոր իմաստավորել ազգային կառավարության էության, Ազգային Սահմանադրության նշանակության, ինչպես նաև՝ Հայ Եկեղեցու կառավարման ձևի ու դրա բարենորոգման փոխկապակցված խնդիրների Տերոյենցի ըմբոնումը։ Հերքելով լուսավորիչների այն կարծիքը, ըստ որի դարաշրջանի առանձնահատկությունը և հասարակական առաջընթացի նպատակն ազգի ազատության (քաղաքական) ձեռքբերումն է, նա հաստատում է, որ պատմության նպատակը և ժամանակի պահանջն ազգության պահպանումն է։ Նշված մոտեցումների տարբերությունը բացատրելի է լուսավորիչների և Տերոյենցի մեկնակետերի տարբերությամբ։ Լուսավորիչների տրամաբանությամբ, մի ժողովրդի մեջ որոշ հատկությունների առկայության պայմաններում է հնարավոր խոսել ազգի ձևավորման մասին։ Մինչդեռ Տերոյենցի համոզմամբ, խնդիրը գոյություն ունեցող ազգի բնութագրման և նրա առկա կեցության պայմաններին համապատասխան զարգացման հնարավորությունների սահմանումն է։

 Նշած համատեքստում ազգությունը պահող գլխավոր կապը համարվում է կրոնը։ Հավատն անվանվում է անփոփոխելի, քանզի նրա էությունը Աստծո ճանաչումն է։ Հավատի էության հետ սերտորեն կապվում է Աստծո պաշտամունքը, այսինքն՝ հավատի արտաքին կողմը (նշանները)։ Ելնելով ազգերի ավանդույթների առանձնահատկություններից, նա հաստատում է, որ աստվածապաշտության ձևերը նույնպես պետք է տարբեր լինեն։ Ազգերին զանազանող այդ առանձնահատկությունները նա համարում է ազգային կապ։ Տերոյենցի համոզմամբ՝ ազգային քաղաքականությունը պետք է ուղղված լինի պատմության կողմից կրոնին և Հայ Եկեղեցուն վերապահված առաքելության պահպանմանը։ Դրա հիմնավորմանն են ծառայում նրա բերած հետևյալ փաստարկները.

Քաղաքականությունը հիմնված է օրենքի վրա, և երբ այն առանձնացվում է կրոնից, զրկվում է պարտադրվող հեղինակությունից և դառնում անզոր։
Առանց իր հոգևոր բնույթին ներհատուկ ավանդույթների, ազգը նախնական «անկրթութեան» մեջ է ընկնում։ Այդ իսկ պատճառով հայ ազգը պետք է հավատարիմ մնա մինչև XIX դ. պահպանված ազգային ավանդույթներին, ըստ որոնց, աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայերին միավորում է Հայ Առաքելական Եկեղեցին։

 Տերոյենցի և հայ լուսավորիչների պայքարը բնութագրվում է որպես դիմակայություն նրանց պաշտպանած ազգային և համամարդկային նախասկզբերի միջև։ Լուսավորիչները դիմում էին «բնական մարդուն», «բնական իրավունքին», «գիտական առաջադիմությանը» և այդ հենքի վրա փորձում կառուցել ազգի ապագան։ Տերոյենցը, ընդհակառակը, ձգտում է պահպանել ազգային կյանքի օրգանական միասնությունը ազգային-մշակութային ավանդույթների (առաջին հերթին՝ կրոնի և Հայ Եկեղեցու) պահպանման միջոցով։ Ակնհայտ է, որ ազգային կյանքում որևէ մշակութային նախասկզբի մերժումը կամ նշանակության նենգափոխումը խախտում է ազգային կյանքի օրգանական կարգը, որը զգալիորեն թուլացնում է այդ հենքի վրա ձևավորվող ազգային ինքնագիտակցությունը։

 Ներկայումս Հայաստանում (ՀՀ և ԼՂՀ) բարոյազրկման և ամենաթողության, ազգուրացության և հավատուրացության, հայրենամերժության և տարագրության վտանգի արմատները պետք է որոնել հայ պահպանողականների նկատմամբ լուսավորիչների տարած հաղթանակի մեջ։
 Անհատը (անձը) լինելով հասարակության մի մասնիկը, կամա-ակամա, կյանքի տարբեր հատվածներում առնչվում է «կյանքի շղթայի» համարյա բոլոր օղակներին։ Թերևս, այդ շղթայի միակ օղակը համայնքն է (դասական իմաստով), որը բացակայում է մեր ընկերային կյանքից, այն դարձնելով ոչ լիարժեք։ Հիմնավորենք մեր եզրահանգումը։

Ցանկացած հասարակությունում, առավելապես՝ կապիտալիստականում, համայնքի յուրաքանչյուր անդամի մտահոգությունը իր սեփականությունն արդյունավետ տնօրինն ու դրանից շահույթ ստանալն է։ Եվ դրանում վատ բան չկա, եթե արդյունքում ազգաբնակչությունը ապրի համերաշխ և բարեկեցիկ։ Բայց իրականում, մեր հասարակությունում, հետզհետե մարդը՝ անհատը, քանի գնում միայնանում է իր հիմնախնդիրների հետ, ընկնում տարբեր՝ ոչ ցանկալի հոգեվիճակների մեջ։ Արդյունքում՝ տուժվում է անհատը, սոցիալական կյանքը, հասարակական հարաբերությունները և հասարակությունն ամբողջապես։ Ներկայումս մարդկանց հարաբերությունների մեջ վճռորոշ են դառել շահերը, որի հետևանքով էլ արմատավորվել են՝ անիրավությունը, անզգամությունը, ագահությունը, չարությունը, նախանձը, կռվազանցությունը, նենգությունը, բանսարկությունը, չարախոսությունը, ամբարտավանությունը, անգթությունը, ծնողատյացությունը և ազգուրացությունը։

Ներկայումս Արցախում հասարակությունը ապրում է ընտանիքներով (որոշները՝ ավանդական), գործում են նաև ազգակցականության, բարեկամության և ընկերության սկզբունքներըը։ Սակայն, ցավալիորեն պետք է նշել, որ այն օղակը՝ համայնքը, քրիստոնեական համայնքը, որը դարերով հայկականության պահպանման հիմքն է եղել, այսօր համարյա թե բացակայում է։
Համայնքային կյանքով ապրել՝ նշանակում է համախմբվել, ապրել ու աշխատել համագործակցաբար, մտահոգված լինելով համայնքային խնդիրների լուծմամբ, ստեղծել հոգատարության, փոխադարձ հարգանքի և օգնելու պատրաստակամության այնպիսի մթնորորտ, որտեղ անհատը իրեն զգա որպես հասարակությության լիիրավ անդամ։

Մեր կարծիքով, համայնքները (քաղաքային, թե գյուղական) լիարժեքորեն կարող են համախմբվել եկեղեցական ծխական խորհուրդների շուրջ, որովհետև նրա անդամները հաստատված են առ Աստված հավատքի վրա, և հոգատար են բոլորի հանդեպ, որը բխում է հենց քրիստոնեական հավատքից...
Համայնքային ցանկալի կյանքով մենք ապրել ենք 1988 թ.-ին (և իներցիայով ևս մի քանի տարի), որի արդյունքում հասարակական մի ֆորմացիայից մյուսին անցնելիս առաջացած ցնցումներին կարողացել ենք ազգովին դիմակայել և, որ ամենակարևորն է, փառավոր հաղթել ենք մեր դարավոր թշնամուն։

Համոզված ենք, որ մեր նախնիների համայնքային կյանքով ապրելու մեջ էր նրանց ուժը, որը գենետիկորեն, անխաթար փոխանցվել է մեզ։ Դրա վերականգնումը կյանքի պահանջ է։ Արդյունքում՝ մենք կկարողանանք մեզ լիարժեք ազգ համարել, դեն նետել մեզ բաժին հասած «թղթե շերեփները», անվախորեն մետենալ ու մասնակցել միջազգային հարիսակերությանը։

 ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ




ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱՆ ԿԵՐՏՎՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑՈՒՄ

«Նոր էջի» հոկտեմբերի 14-ի համարում կարդալով հայրենանվեր ու սրտացավ մարդու՝ Աշոտ Սարգսյանի «Ազգային դպրո՞ց, թե՞...» վերնագրով հոդվածը, որոշեցի անմիջապես արձագանքել։

Միանգամայն իրավացի է հեղինակը, երբ գրում է. «Հայկական կրթական համակարգն ունի համազգային նշանակություն։ Այն կախված չպետք է լինի այս կամ այն պաշտոնյայի, այս կամ այն նախարարի կամային որոշումներից և քաղաքական հայացքներից։ Քանի դեռ Հայաստանը չունի ազգային գաղափարախոսություն, հնարավոր է որպես ելքից դուրս գալու միջոց ստեղծել ազգային կրթական հայեցակարգ»։

Սոցիալիստական տոտալիտար ռեժիմի պայմաններում անգամ, չնայած հալածանքներին և մարդկային կորուստներին, հայերը հաջողությամբ զարգացնում էին իրենց գիտությունը, մշակույթը, արվեստն ու գրականությունը։ Դպրոցական, կրթական գործն էլ իր բարձրության վրա էր գտնվում։ Այդ տարիներին են ապրել ու ստեղծագործել գիտնականներ Օրբելի և Ալիխանյան եղբայրները, Ա. Իոսիֆյանը, Վ. Համբարձումյանը, ավիոկոնստրուկտոր Ա. Միկոյանը, Մերգելյանը, գրողներ Ավ. Իսահակյանը, Դ. Դեմիրճյանը, Ե. Չարենցը, Ա. Բակունցը, Հ. Շիրազը, Պ. Սևակը, Հ. Սահյանը, Հ. Մաթևոսյանը, Գ. Էմինը, Վ. Դավթյանը, Ս. Կապուտիկյանը, կոմպոզիտորներ Ա. Խաչատրյանը, Ա. Բաբաջանյանը և ուրիշներ։ Նրանք կարողացան աշխարհին մեկ անգամ ևս ցույց տալ հայի ստեղծագործական ոգու հզոր ուժը, մտքի անսանձ թռիչքն ու արարումի մեծ թափը։

Եկավ 1988 թվականը։ Հայաստանն ու Արցախը դարձան ազատ ու անկախ։ Թվում է ամենանպաստավոր պայմաններն են ստեղծվել էլ ավելի զարգացնելու մեր մշակույթը, գիտությունը, կրթությունն ու մյուս ոլորտները։ Սակայն, ցավոք, այդպես չեղավ։
Խորհրդային կարգերի ժամանակ Արցախում ապրել և ստեղծագործել են մեծատաղանդ գրողներ Գ. Ներսեսյանը, Ս. Աբրահամյանը, Բ. Ուլուբաբյանը և Վ. Օվյանը։ Անկախություն ձեռք բերելուց հետո մեզ մոտ գրողների միության անդամ դարձան շատ մարդիկ։ Սրանցից այսօր ո՞վ կարող է փոխարինել վերոհիշյալ վառ անհատականություններին, ազնիվ մարդկանց, որոնք օժտված էին մեծ կամքով և աչքի էին ընկնում քաղաքացիական խիզախությամբ։ Մեր մեծատաղանդ գրողները երբեք չեն մտել բարձրաստիճան պաշտոնյաների թևի տակ, չեն եղել նրանց կամակատարները, բնավորությամբ շիտակ ու ազնիվ արվեստագետներ էին։ Նրանք իրենց գիտակցական ամբողջ կյանքի ընթացքում եղել են մեր ժողովրդի շահերի համար մշտապես պայքարող ասպետներ։

Ըստ իս, ցանկալի է ԼՂՀ դպրոցներում և բուհերում մտնել հատուկ դասընթաց, որի մեջ ընդգրկված լինեն մեր մեծերի՝ Գ. Ներսիսյանի, Ս. Աբրահամյանի, Բ. Ուլուբաբյանի, Վ. Օվյանի և մյուս նշանավոր ու հայտնի գրողների կյանքն ու գործունեությունը, նրանց գլխավոր ստեղծագործությունները լուսաբանող հետաքրքիր նյութեր։

Ես կիսում եմ հոդվածագիր Ա. Սարգսյանի այն կարծիքը, ըստ որի ԽՍՀՄ-ում «կրթական համակարգի կենսունակությունը և արդյունավետությունն ակնհայտ էր»։ Ընդամենը երկու տասնամյակ առաջ Արցախում կրթությունը գտնվում էր իր բարձրության վրա։ Մարզի դպրոցներում աշխատում էին իրենց գործը, մասնագիտությունը լավ իմացող բազմաթիվ տաղանդավոր ուսուցիչներ (Ս. Արամյան, Ա. Մարտիրոսյան, Ա. Աղաբեկյան, Հ. Եգանյան, Ա. Շահիջանյան, Ա. Հարությունյան, Խ. Հարությունյան, Լ. Թումանյան, Գ. Ավետիսյան, Խ. Դանիելյան և այլք)։ Նրանց ժրաջան ու եռանդուն աշխատանքի շնորհիվ աշակերտները ձեռք էին բերում կայուն, հաստատուն գիտելիքներ։ Միջնակարգն ավարտած տասնյակ ու հարյուրավոր շրջանավարտներ իրենց ուսումը շարունակում էին ոչ միայն Հայաստանի, այլև ԽՍՀՄ հեղինակավոր բուհերում։ Հաջողությամբ ավարտելով՝ նրանք աշխատանքի էին անցնում իրենց ընտրած մասնագիտությամբ։

Խորհրդային կարգերի ժամանակ ուսումը ձրի էր, ուսանողները պետական թոշակ էին ստանում։ Ամռան ամիսներին համարյա բոլոր աշակերտներն ընդգրկված էին ճամբարներում։ Դպրոցում տարրական դասարանների աշակերտները ձրի նախաճաշ էին ստանում։ Շատ աշակերտներ խորացված ձևով արտադասարանական պարապմունքների՝ ֆակուլտատիվի ժամանակ յուրացնում էին իրենց համար հոգեհարազատ առարկաները, նախապատրաստվում բուհի ընդունելության քննություններին։
Խորհրդային տարիներին Ղարաբաղում գործում էին երկարօրյա, գիշերային և գիշերօթիկ դպրոցներ։ Ղարմետաքսկոմբինատում բանվորների համար դպրոց էր բացված։ Անխտիր բոլոր երեխաները հաճախում էին դպրոց։ Իսկ ներկայո՞ւմս։ Այսօր շատ երեխաներ սոցիալապես անապահով ընտանիքներից են, ոմանք էլ պարզապես հնարավորություն չունեն դպրոց հաճախելու։

Դպրոցներում քիչ են տղամարդ ուսուցիչները։ Նրանց մի մասը ինչ-ինչ պատճառներով հեռացել է հանրապետությունից, երկրորդները զբաղված են ավելի բարձր վարձատրվող աշխատանքով, երրորդներն էլ գործազուրկ են։ Ներկայումս, երկրի համար ծանր պայմաններում, երբ դժվար կառավարելի երեխաները շատ են, պետք է բավական քանակությամբ տղամարդ ուսուցիչներ ընդգրկվեն կրթության համակարգում։ Չպետք է մոռանալ, որ այսօր երկրի զարգացման ամենակարևոր ճակատներից մեկը հենց դպրոցն է։
Ինչ-որ մեկի կամ ոմանց գլխին քամի փչեց «եվրոպականացնել» մեր կրթական համակարգը, որի արդյունքը եղավ ավագ դպրոցների ստեղծումը, որտեղ սովորում են նաև ոչնչով աչքի չընկնող շատ աշակերտներ։

Դպրոցների տարբերակումն անհարիր է հայի հոգեբանությանը։ Պատմական երկար ճանապարհ անցած, կոլեկտիվ կյանքով ու պայմաններում ապրած հայ մարդուն միշտ էլ խորթ են եղել մարդկանց արհեստական բաժանումները, մեկը մյուսից վեր դասելը։ Հայը միշտ էլ ընդվզել է անարդարությունների դեմ։ Դարեր ի վեր մեր ժողովրդի լավագույն զավակներն ամեն ինչ անում էին, որպեսզի հասարակությունը դաստիարակի կիրթ, լիարժեք, անվախ, հպարտ, հայրենիքին և սեփական ժողովրդին նվիրված երիտասարդներ։
Իսկ այսօր ինչպե՞ս ենք վարվում. ճիշտ հակառակ ձևով։ Միասնական դպրոցի բաժանումը ավագի և հիմնականի, նմանվում է նեգրերի նկատմամբ ժամանակին այլ երկրներում տարված ծայրահեղ խտրականությանը, երբ սևամորթ աշակերտն իրավունք չուներ սպիտակամորթի հետ միասին նույն դպրոցում սովորելու։

Միասնական դպրոցը տրոհվեց բևեռների՝ ավագ (հատուկ) և հիմնական (սովորական) դպրոցների։ Դպրոցի երկատվելը վաղ թե ուշ ներհակություն առաջ կբերի աշակերտական և ուսուցչական կոլեկտիվների, հասարակության մեջ, որն ի վերջո կհանգեցնի ճեղքվածքի, որից էլ ներս կթափանցի անհանդուրժողականության, անմիասնության ախտը, բացիլը։
ՀՀ և ԼՂՀ կրթության բարձրաստիճան չինովնիկները, «ռեֆորմատորները» արդյո՞ք գիտեն թե ինչպես են իրենց նվաստացած, անլիարժեք զգում հիմնական դպրոցի աշակերտները։ Իսկ այդպիսինները ժամանակի ընթացքում կարող են դառնալ վրիժառու, մարդատյաց, տառապել թերարժեքության բարդույթով...

Հանուն ճշմարտության նշեմ, որ այսօր ավագ դպրոցների աշակերտների մի զգալի մասը մտավոր ընդունակություններով, զարգացմամբ, ուսման նկատմամբ ունեցած վերաբերմունքով ոչ մի գերազանցություն չունի հիմնականի սովորողներից։ Ուսուցիչներն էլ նույնպես՝ իրենց պատրաստվածությամբ, մակարդակով և տարաբնույթ հատկություններով ու որակներով ոչ մի առավելություն չունեն հիմնականի դասատուներից։
Հեռուստատեսությամբ ելույթ են ունենում և թերթերում հանդես են գալիս կրթության մերօրյա ռեֆորմի ջատագովները և շեշտում, որ ամեն ինչ մոտ ապագայում լավ, դեռ ավելին՝ փայլուն է լինելու, որովհետև նոր բազա է ստեղծվում կրթության որակական ծավալման համար։ Սակայն նրանք այն փորձառու այգեպանները չեն, որոնք նախօրոք գիտեն, թե ինչպիսի պտուղներ են տալու իրենց տնկիները, հատկապես երբ փաստերն այսօր հակառակն են վկայում։

Երկու տեսակի դպրոցներում դեռևս աշխատող բարձր որակավորում ունեցող սակավաթիվ տաղանդավոր ուսուցիչների դասաժամերին անգամ բարձր դասարանների աշակերտները ակտիվ չեն պահում իրենց, ինչպես հարկն է ուշադիր չեն լսում հաղորդվող նյութը։ Ինչո՞ւ. որովհետև ունեն թույլ մակարդակ, մտավոր կարողությունները ցածր են, ուսման նկատմամբ սեր, նվիրվածություն չունեն, ինքնակրթությամբ չեն զբաղվում… և այլն։ Այսպիսի թերությունները, բացերը շտկելու, վերացնելու փոխարեն կրթության մեր «երևելիները» զբաղված են հարազատ դպրոցականներին երևակայական «թռիչքների» նախապատրաստմամբ...

Ավագ դպրոցների ուսուցիչները ստանում են ավելի բարձր աշխատավարձ, քան հիմնականինը։ Եթե առաջնորդվելու լինենք առողջ տրամաբանությամբ, ապա բարձր աշխատավարձ պետք է ստանան հիմնական դպրոցների ուսուցիչները. չէ՞ որ համեմատաբար թույլ աշակերտների հետ ավելի լարված ու դժվար է աշխատելը։ Իսկ եթե առաջնորդվենք արդարության սկզբունքով, ապա երկու դպրոցների ուսուցիչները պետք է ստանան հավասար աշխատավարձ։

Մի քանի խոսք էլ Հայաստանում և Արցախում բացված, գոյություն ունեցող մասնավոր բուհերի մասին։ Ղազախստանը թե՛ տարածքով և թե՛ բնակչությամբ մի քանի անգամ գերազանցում է հայկական երկու հանրապետություներին, սակայն այնտեղ վերացված են մասնավոր համալսարանները, արգելված է նրանց գործունեությունը։ Երկրում գործում է միայն պետական համալսարան, որի գործունեությունը վերահսկվում է պետության կողմից։ Համալսարանը երկրի պահանջներին համապատասխան պատրաստում է քանակապես անհրաժեշտ որակյալ մասնագետներ։ Մենք պետք է ընդօրինակենք Ղազախստանի հանրապետության դրական փորձը՝ վերջակետ դնելով դիպլոմի վաճառքով զբաղված մասնավոր բուհերի գործունեությանը։

Խորհրդային տարիներին մարզում հաջողությամբ էր գործում պետական մանկավարժական ինստիտուտը, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունները թողարկում էին բուժքույրեր, երաժիշտներ, գրադարանավարներ, գյուղատնտեսական ոլորտի աշխատողներ։ Կրթության բնագավառում հաջողություներն էլ ավելի շոշափելի կլինեին, եթե Ղարաբաղը լիներ անկախ ինքնիշխան հանրապետություն կամ մայր Հայաստանի անբաժան մասը։
Ճապոնացիներն այսօր էլ առանց թաքցնելու խոստովանում են, որ աշխարհին զարմացրած ճապոնական արտադրության հրաշք թռիչքը հիմնականում խարսխված էր խորհրդային կրթության և գիտության ձեռքբերումների, նվաճումների, գյուտերի և հայտնագործությունների վրա։

Հոդվածագիր Ա. Սարգսյանի նման ես էլ ազգային դպրոցը կորցնելու մտավախություն ունեմ։ Ճիշտ է հեղինակի այն կարծիքը, որ իրականացվող «բարեփոխումների» և «բարենորոգումների» նպատակն է վերջնականապես մեզ հեռացնել ազգային դպրոցի գաղափարից։ Օտարների լծի տակ, նվաճողների ավերիչ ասպատակությունների ժամանակ երեխաները թաքնված լինելով անտառներում, անմատչելի լեռնածերպերում և անձավներում, ուսուցիչների ղեկավարությամբ մայրենի լեզվով ուսանում էին հայ ժողովրդի գրականությունը, պատմությունը, աշխարհագրությունը և այլ առարկաներ, փաստորեն պահպանում էին հին ազգային դպրոցը։ Սփյուռքի գաղթօջախներում հայ ժողովրդի հրաշքով փրկված բեկորներն ազգային դիմագիծը չկորցնելու համար սեփական սուղ միջոցներով հայկական դպրոցներ էին հիմնադրում և պահում։

Իսկ ա՞յժմ։ Անկախություն և ինքնուրույնություն ձեռք բերած Հայաստանում պետության հաշվին բացելով ու պահելով օտար լեզուներով ուսուցանվող ոչ հայկական դպրոցներ, մեր ժողովրդի ներկան ու ապագան դնում ենք վտանգի տակ, սեփական ձեռքերով իրականացնում սպիտակ ջարդ։ Օտարալեզու ուսուցման վերաբերյալ ՀՀ ԱԺ-ում վավերացված օրենքը ապազգային խայտառակություն է։ Տուրք տալով այսպիսի ցնցող օտարամոլությանը, մենք աստիճանաբար սեփական ձեռքերով թաղում ենք Հայաստանի և հայ ժողովդի ներկան ու ապագան, որովհետև մեզ հեռացնում ենք մեր ժողովրդին դարեր ի վեր սնուցող պատմական մշտադալար արմատներից։

Որևէ օտար, անգամ հարուստ քաղաքակիրթ պետություն սեփական միջոցների հաշվին հայկական դպրոց պահո՞ւմ է։ Ո՛չ։ Իսկ ինչո՞ւ փոքրիկ ու աղքատ հայկական պետությունը պետք է մեր ժողովրդի և նրա ազգային դիմագծի կորստի հաշվին օտարալեզու դպրոցներ հիմնադրի ու պահի։ Օտարամոլության հանդեպ այսպիսի շռայլությունը նպաստում է ներկա և ապագա սերունդներին զրկել յուրացնելու մշակույթի, կրթության և տնտեսության բնագավառներում բազմադարյան մեր նվաճումները, ձեռքբերումները, փորձը։ Դրա կործանարար հետևանքներն արդեն երևում են։ Որքանո՞վ է բնական, նպատակահարմար և ընդունելի, երբ տասներկու տարի օտարալեզու դպրոցներում ապագա քաղաքացիներ է պատրաստվելու ոչ թե սեփական երկրի, այլ ուրիշների համար։ Այդ դպրոցների շրջանավարտները վաղ թե ուշ հեռանալու են մայր հայրենիքից, դառնալու են էմիգրանտներ, համալրելով անգլիացիների, գերմանացիների, ֆրանսիացիների և այլոց շարքերը։

Ցանկացած երկրի կրթության և դպրոցի միակ գլխավոր նպատակն է պատրաստել հայրենասեր քաղաքացիներ, կադրեր, մասնագետներ, որոնք պետք է հավատարմորեն ծառայեն իրենց պետությանն ու ժողովրդին։
«Ազգային դպրո՞ց, թե՞…» հոդվածի հեղինակը նշում է. «Դարեր շարունակ պետականությունը կորցրած հայության համար պետականության գաղափարը կրողը եղել է ազգային դպրոցը, որը պահպանել է մեր ազգային ոգին ու արժեքները։ Հայ ուսուցիչը միշտ էլ եղել է հարգանքի ու պատկառանքի առարկա, իսկ այսօր հայկական անկախ պետականության պայմաններում հայ ուսուցիչն արհամարհված ու անտեսված է»։ Ես համամիտ եմ նրա հետ։ Դարեր ի վեր ինչպես ցանկացած քաղաքակիրթ երկրում, այնպես էլ հայ ժողովրդի կյանքում ազգային ոգին, անանց արժեքները, լավագույն որակները, հատկությունները, նվաճումները կրողը, պահպանողը և սերունդներին փոխանցողը եղել են դպրոցն ու ուսուցիչը։

Այնուամենայնիվ, ես մնում եմ լավատես։ Մեր երկրի ապագան այսօրվա և վաղվա սերունդն է։ Ուզում եմ հավատալ, որ մեզանում մի օր վերջապես կհասկանան, որ նոր հզոր սերունդ կարող է դաստիարակել, պատրաստել ազգային ավանդույթներով առաջնորդվող և մշտապես ուրիշ երկրների դրական փորձի, նվաճումների հետ հաշվի նստող, զարգացած կրթական համակարգ և դպրոց ունեցող պետությունը։

 ՌՈԲԵՐՏ ԲԱԲԱՅԱՆ




«ՆՈՐ ԷՋ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ

Հարգելի խմբագրություն, Ձեր թերթի դեկտեմբերի 12-ի համարում կարդալով լրագրության 4-րդ կուրսի ուսանողուհի Մանուշ Դանիելյանի «Ընթերցասրահ...» նյութը, զարմացանք, որ ձեր թերթում տեղ է գտել, այսպես ասած, «կլյաուզա»։
Գրադարանի աշխատողներն այն բնագավառի աշխատողներն են, որոնք իրենց չնչին աշխատավարձով կատարում են բոլոր րնթերցողների պահանջներր, ամբողջ օրը գրադարակներից գրադարակներ վազվզելով, վեր ու վար անելով և գրքերի փոշին շնչելով։ Հաճախ նույնիսկ ընթերցողների առջև գրքերի էջերն ենք բացում՝ իրենց ուզած թեման մատնացույց անում, որովհետև իրենք չեն կարողանում նույնիսկ գրքից օգտվել։

Որոշ ուսանողներ էլ գալիս են գրադարան, գրականություն պահանջում, բայց ոչ հեղինակի անունն են ճշգրիտ իմանում, ոչ էլ գրքի անվանումը։ Շատ դեպքերում էլ պահանջած գրականությունը ներկայացնում են այսպես. «Մի կարմիր գիրքա, բարակ» կամ «Մի հաստ գիրքա, կանաչ գույնի»։ Եվ նույնիսկ այդ կարգի պահանջները մենք փորձում ենք բավարարել։ Շատ ցավալի է այդքանից հետո նրանցից ստանալ այդպիսի «շնորհակալություն»։

Կարծում ենք, կարիք չկա նշելու, որ հոդվածում նշույլ անգամ չի համապատասխանում իրականաթյանը։ Նախ՝ գրադարանը առանց որևէ լուրջ պատճառի ժամանակից շուտ չի փակվում։ Դա անհեթեթություն է։ Ուղղակի հոդվածի հեղինակի առաջին այցը ընթերցասրահ համընկավ մշակութային միջոցառման հետ, որին հրավիրված էր գրադարանի ամբողջ անձնակազմը։ Եվ այդ մի այցով նա կարծիք ձևավորեց գրադարանի ամբողջ գործունեության մասին։

Հետո էլ, պարզ չի, թե ինչից նա ենթադրեց, որ աշխատողները շտապում էին «հյուր ընդունելու և պահածոներ պատրաստելու», այլ ոչ թե միջոցառմանը մասնակցելու։
Պարոն խմբագիր, Դուք՝ ինքներդ, շատ եք եղել մեր գրադարանում և բազմիցս օգտվել եք մեր ծառայություններից, կարո՞ղ է ինչ-որ բան այն չենք արել... Հուսով ենք մեր նամակը ճիշտ կընկալվի Ձեր կողմից։

Հանրապետական գրադարանի կոլեկտիվ




ՆԱՄԱԿ «ՆՈՐ ԷՋ»-ԻՆ

Հարգելի խմբագրություն, խաբված մարդկանց փողերի հաշվին ВТБ բանկի Ստեփանակերտի մասնաճյուղում սեփական բանկ ստեղծած աշխատողների մեղքով մենք դարձել ենք աղքատ և խրվել պարտքերի մեջ։ Այդ մասին տպագրվել են Ձեր նախորդ համարներում և հայաստանյան մամուլում։

ԼՂՀ ոստիկանության ՔՎ և Ստեփանակերտ քաղաքի ՔԲ բաժնում հասցրել են մեզ՝ մեր կարողությունից անօրեն զրկվածներիս որակել «վաշխառուներ»։ Հասկանալով, որ մեր խնդրի լուծումն անվերջ տեղապտույտ է տալիս, մենք որոշել ենք դիմել ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան և այնտեղ պաշտպանել մեր օրինական շահերը։ Դատարանի արդարացի որոշումից հետո գուցե կարողանանք արդարադատության հարկադիր ծառայության միջոցով ստանալ մեր հասանելիք դրամագումարները։

Սակայն, պարզվում է, որ դրա համար, ինչպես նաև փաստաբաններ վարձելու համար մենք պետք է մուծենք 90 հազարից մինչև 170 հազար դրամ։ Պարզապես զարմանալի է. մենք՝ անօրեն կերպով մեր ֆինանսական կարողությունից զրկված քաղաքացիներս, երբ հազիվ ենք կարողանում գոյություն պահպանել, որտեղի՞ց պիտի այդքան գումար գտնենք՝ դատարան դիմելու համար։ Արդյո՞ք մեր օրենքներն այդպես են պաշտպանում մեր՝ շարքային քաղաքացիներիս շահերն ու իրավունքները։

Ռ. ԲԱԲԱՅԱՆ, Հ. ԻՇԽԱՆՅԱՆ,
Հ. ՍԱՖԱՐՅԱՆ, Ա. ՍԱՀԱԿՅԱՆ




ՄԵԴԱԼԻ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԸ

Գյուղից երիտասարդության հեռացումը հաճախ ներկայացվում է քննադատության լույսի ներքո։ Իսկ ո՞րն է մեդալի մյուս կողմը։
 «Մի նեխած ձուն փչացնում է ամբողջ կարկանդակը»։ Հիշելով այս միտքը, թվում է՝ Հիպելը նկատի ուներ Մաղավուզ համայնքի ղեկավարներին։ Համայնքի ղեկավարի պաշտոնը, անկասկած, պատասխանատու աշխատանք է, միայն թե հետաքրքիրն այն է, թե «ղեկավար» ասելով ինչ են հասկանում ղեկավարները։

Նկատի ունենալով համայնքի իրավիճակն ու կենսակերպը, առանց չափազանցության կարող ես ասել՝ պատիվ ու գումար բերող նստատեղի։ Պատիվն էլ՝ նայած թե ում կողմից ու ինչ պահանջների բավարարումից հետո։ Գյուղի ամենատարրական պահանջների բավարարման խնդիրն էլ վկայություն է համայնքի ղեկավարի «տքնաջան» աշխատանքի, որի դիմաց ժողովուրդը նրան տարիների «փառքի» վայելումից հետո ուղարկում է հանգստի՝ հույս պահելով, որ հաջորդն ավելի լավը կլինի։
Գյուղապետի բազկաթոռի հարմարավետությունը մագնիսի պես շատերին է ձգում, շատերն են ցանկանում իրենց հանգիստը կազմակերպել նրա վրա։ Իսկ դրա համար ի՞նչ կարևոր է գիտելիքի չափը։

Ի՞նչ կարող է անել երիտասարդն այս պարագայում։ Եվ նա ստիպված թողնում է հայրենի տունը, լքում հարազատ գյուղը։ Իհարկե, տիրոջ շնորհիվ են հարգում տունը։ Բայց երբ հենց տերն էլ հարգանքի արժանի չէ՞... Վաղուց արդեն ժամանակն է գիտակցել, որ ժողովուրդն իր ղեկավարին ընտրում է ղեկավարելու, և ոչ միայն աշխատավարձ ստանալու համար, ինչն արվում է շատ պարտաճանաչ։

Իսկ քանի դեռ մեզանում պաշտոնը դիտվում է միայն որպես անձնական խնդիրները լուծելու և փող ստանալու միջոց, ոչ մի երիտասարդ չի կարող պարապ նստել ու տեսնել, թե ինչպես են ապարդյուն անցնում իր կյանքի տարիները։ Եվ նա ճամպրուկները կապում, բռնում է քաղաքի ճանապարհը։ Քաղաքում կամ մի այլ օտար վայրում աշխատանք, ապրուստի միջոց գտած երիտասարդին արդեն դժվար թե հայրենի գյուղ ձգի ո՛չ թոնրի հացի բույրը, ո՛չ ոչխարի մայունը...

ՌՈՒԶԱՆՆԱ ԾԱՏՐՅԱՆ
ԱրՊՀ, լրագրություն, 4-րդ կուրս




ՄԱՐԴ ԷԼ ԿԱ, ՄԱՐԴ ԷԼ

«Ինչ հրաշագեղ է մարդը, եթե նա իսկական մարդ է»։
Մենանդրոս

Բնության մեջ ստեղծված ամենակատարյալ արարածը մարդն է։ Մարդը կենդանական աշխարհից տարբերվում է նրանով, որ գիտակցաբար է կատարում իր գործողությունները, ունի կյամքի որոշակի նպատակ, ձգտում։ Բայց մարդիկ մեկը մյուսից նույնպես տարբերվում են թե՛ գաղափարով, թե՛ հոգեբանությամբ, թե՛ կյանքում ունեցած իրենց նպատակներով։
Գոյություն ունի մարդկային մի խումբ, որի համար կարելի է ասել.«Ի՜նչ կատարյալ է մարդը, ի՜նչ ազնիվ է մարդու միտքը, ինչպիսի՜ անսահման ընդունակություններ…»։ Այս խմբին կարելի է դասել Շեքսպիրին, Լեոնարդո դա Վինչիին, Գյոթեին, Սևակին, Շիրազին, Այվազովսկուն և այլ հանճարների, որոնք եղել են իրենց ժամանակի ամենաառաջավոր գաղափարների մարտիկները։ Մեր այժմյան հասարակության մեջ նույնպես կարող ենք գտնել նմանատիպ մարդկանց, որոնք ճիշտ է, հանճարներ չեն, բայց աչքի են ընկնում գիտելիքների համապարփակությամբ ու բազմակողմանիությամբ։

Մարդկային մի խումբ էլ կա, որն իր պարզությամբ, սրտաբացությամբ, հանգստությամբ, համեստությամբ, սրտաբացությամբ իր շուրջն է համախմբում այլ մարդկանց։
Կա նաև մարդկանց մի տեսակ, որը հետամնացության դրսևորում է։ Այս տեսակը խելքն ու մարդկային շնորհքը նույնացնում է «փող շինելու» արվեստի հետ։ Այսպիսի մարդկանց հետ շփվելը շատ դժվար է, որովհետև նրանք չեն հասկանում, ավելի շուտ սխալ են հասկանում կյանքի իմաստը։
Մեզ շրջապատող գրեթե բոլոր արատավոր երևույթները կարելի է վերագրել այս տիպի մարդկանց, քանի որ սրանք աչքի են ընկնում ստորաքարշությամբ, կեղծավորությամբ, պորտաբուծությամբ, թեթևամտությամբ, ինքնագոհությամբ և այլ բացասական արատներով։ Բարեբախտաբար, նմանատիպ մարդիկ ստվար խումբ չեն կազմում, այլապես մեր երկիրը կկործանվեր։

ԱՆԱՀԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Լրագրություն, 2-րդ կուրս




ՄԱՔՐՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ «ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ»

«Մաքուր պահենք մեր քաղաքը». հաճախակի կրկնվող արտահայտություն, որը, սակայն, հաճախ հասկացվում է միայն մեկ իմաստով՝ աղբից ազատել փողոցները, և ստվերի տակ են մնում առաջին հայացքից աննշան թվացող, բայց այնպիսի խնդիրներ, որոնք բացասաբար են ազդում քաղաքի ընդհանուր տեսքի վրա։ Իսկ դրանց լուծման համար քիչ ջանքեր են պահանջում։ Ընդամենը մի քանի օրինակ։

«Հայ տղամարդը կարող է կուլ տալ ամեն ինչ, անգամ կնոջ դավաճանությունը, բացի սեփական թքից»,- Ժողովրդի մեջ տարածված այս կատակը կարծես թե աստիճանաբար իրականություն է դառնում։ Ստեփանակերտի փողոցներով քայլելիս պարբերաբար ականատես ես լինում այնպիսի տհաճ երևույթի, որը ոչ միայն զզվանք է առաջ բերում քո մեջ, այլև ստիպում որոշակի պատկերացում կազմել մեր հանրապետության արական սեռի ներկայացուցիչների մի մասի քաղաքակրթվածության մակարդակի մասին։
Բարեբախտաբար, ոչ բալորը կարող են իրենց թույլ տալ փողոցներում, հասարակական վայրերում, բառի բուն իմաստով, մարդկանց առջև բավարարել իրենց, այսպես ասած, թքելու պահանջը։ Ցավոք, դա ոչ միայն վատ սովորություն է ոմանց մոտ, այլև արհամարհանք դիմացինի, շրջապատի նկատմամբ։

Կամ մի այլ օրինակ. մի ուրիշն էլ բազմահարկ շենքի պատշգամբում հավեսով միս է խորովում և «ծխահարում» հարևանների լվացքը, սպիտակեղենը։ Քանի որ խոսք եղավ ծխի մասին, խոսեմ մի այլ չարիքի մասին ևս։ Մեզ մոտ շատ քիչ տղամարդիկ կգտնվեն, ովքեր չեն ծխում այն սենյակում կամ դահլիճում, որտեղ կանայք, երեխաներ կամ պարզապես չծխողներ կան։
Ուրախության կամ տխրության սեղանների շուրջ որոշ տղամարդիկ իրենց անձնական հաճույքի համար աղտոտում են այն օդը, որ շնչում են մի քանի տասնյակ կամ հարյուրավոր մարդիկ։ Նման միջոցառումներից հետո երբ կանայք տուն են գնում, նրանց հագուստներից, պարզապես նրանց վրայից ծխախոտի այնպիսի տհաճ հոտ է փչում, որ խեղճերը ստիպված են լինում իրենց նոր լվացած զգեստները կրկին նետել լվացքի մեքենայի մեջ։ Էլ չենք խոսում ծխահարված նրանց թոքերի, առողջության մասին...

Հիմա էլ լվացքի մասին։ Երբեմն շենքերի պատշգամբներից մինչև դիմացի շենքերն այնպիսի երփներանգ լվացք է փռած լինում, ասես Ամանորի տոնահանդես լինի...
 Դե եկ այսքանից հետո խոսիր մեր քաղաքի գեղեցկության, մաքրության, հայի դարերի խորքից եկող քաղաքակրթվածության մասին...

ՏԱԹԵՎ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ
ԱրՊՀ, լրագրություն, 4-րդ կուրս




ՎԱՆՈՂ ԽԱՆՈՒԹՆԵՐ

Օրեցօր ավելացող շքեղ ու նորաձև խանութների կողքին կան նաև այնպիսիները, որոնց արտաքին տեսքից կարող ես կարծիք կազմել այնտեղ վաճառվող ապրանքի մասին։ Կեղտոտ դռները, ապակիները, տարիներով կուտակված փոշին վանում են հաճախորդին, քանի որ այսօր նման խանութներ շատ քիչ հաճախորդներ կարող են մտնել՝ խանութի արտաքին տեսքից պատկերեցում կազմելով այնտեղ վաճառվող ապրանքի որակի մասին։

Շատ դեպքերում այս մտածելակերպը արդարացվում է, քանի որ կեղտոտ պահարանների վրա դրված մթերքը կամ հագուստի վրա տարիներով նստած փոշին վանող են հենց առաջին հայացքից։ Նման խանութների տերերը խանութի տեսքի ու հակահիգիենիկ վիճակի համար որպես արդարացում ներկայացնում են վերանորոգման ծախսերը։ Սակայն դժվար չէ հասկանալ, թե միջին կարգի վերանորոգումը տվյալ խանութի եկամտի որ մասը կարող է կազմել։ Չնայած հանրապետությունում գործող սանիտարական ծառայության աշխատանքներին ու վերահսկողությանը, այսօր խանութներում երբեմն ականատես ենք լինում այնպիսի անմխիթար տեսարանների, որնոք հաճախորդի կողմից անվստահության պատճառ են դառնում թե՛ դեպի խանութ, թե՛ դեպի վաճառվող ապրանքը։ Առավել ևս այն դեպքում, երբ դրանց կողքին կան գրեթե իդեալական մաքրությանբ ու գրավիչ տեսքով խանութներ։ Իսկ այդ դեպքում որակների ակնհայտ տարբերությունը արդեն իսկ խոսուն է։
 ԱՆԱՀԻՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԱրՊՀ, լրագրություն, 4-րդ կուրս





ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ - 80


ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Հունվարի 6-ին լրացավ Վազգեն Օվյանի 80-ամյակը։ Երկրային կյանքը սպառվել է ուղիղ քառորդ դար առաջ։ Օր կենդանության նա ճանաչված էր որպես քնարական բանաստեղծ, «մանրաքանդակ» արձակագիր և երգիծաբան. գրում էր պատմվածքներ, ֆելիետոններ, գրախոսություններ, վարում ռադիոյի «Մախաթ» հաղորդումը, հնգամյակը մեկ տպագրում հերթական գիրքը։

Հետմահու տպագրվեցին «Ղարաբաղի արծիվը» պատմավեպը, վիպակների մի ամբողջ շարք, բանաստեղծություններ, երգիծական պոեմներ, պամֆլետներ։ Այդ ամենը տարիներ շարունակ «ննջել է» թղթապանակներում։ Արցախյան շարժումը հնարավոր դարձրեց, որ Վազգեն Օվյան գրողի և ընթերցողի իսկական հանդիպումը կայանա, երբ նա արդեն կնքել էր մահկանացուն։

Ինձնից չէ, որ նկատվել է, տարիներ առաջ լրագրող-հրապարակախոս Գեղամ Բաղդասարյանն է դիպուկ արձանագրել, թե Վազգեն Օվյանն Արցախում միակ գրողն է, որ խորհրդային ժամանակներում գրում էր՝ չմտածելով, որ գրաքննությունը կարգելի դրանց լույսընծայումը։ Ցավոք՝ այդպես է։

Հոբելյանի առթիվ խոսքի շեշտադրումները, որպես կանոն, թելադրված են լինում հավուրպատշաճությամբ։ Ես ուզում եմ ավանդույթը խախտել։ Ինձ ավելի կարևոր է թվում գրողի բուն վաստակի արժեվորումը, քան նրա հասցեին հուզական գնահատականների շռայլումները, ինչը, ցավոք, անցած տասնամյակում բազմիցս թույլ են տվել և շարունակում են նրա երկրպագուները։

Չեմ զորում ընդհանրական հայացքի բերել Վազգեն Օվյանի գրական ողջ ժառանգությունը։ Կաշխատեմ ուրվագծել գրողի «հոգու դիալեկտիկան»՝ քնարականությունից մինչև գեղարվեստաքաղաքական ընդդիմություն։ Դա է հուշում, առանձնապես։

«Կապույտ տարիներ» վիպակը զուտ քնարական պատում է, «Սինգարա սարի կաղնին»՝ բազմաշերտ հարցադրումներով շնչող սոցիալ-քաղաքական ժամանակագրություն։ Միջակայքը իրականության հանդեպ գրողի վերապահ վերաբերմունքն է, որ ծնում է երգիծական հերոսների մի ամբողջ շարք։ Սա այն է, ինչ ասվում էր. «Մեր կյանքում դեռևս կան արատավոր երևույթներ»։ Խոսքս նշված միջակայքի մասին է, որի սկիզբը «Կապույտ տարիներ»-ի հախուռն ռոմանտիզմն է։

Դա Հայրենական մեծ պատերազմը կիսասով-կիսամերկ, տաժանալի սպասումներով անցկացրած սերնդի «բարձունքները գրավելու»՝ կյանքում ինքնահաստատվելու, այդ կերպ՝ կորցրած մանկության, որբության և զրկանքների համար «վրեժխնդիր լինելու» ոչնչով չպաշտպանված, բայց օբյեկտիվորեն բնական մղումն է, որ Վազգեն Օվյանը գեղարվեստականացրել է մաքուր սիրո, տղայական հավատարմության, սոցիալական համերաշխության և արդարության հաղթանակի մանրապատումներով՝ առանցքում ունենալով գյուղական համայնքի հավաքական վարքի իդեալականացված հանգանակը։

Կյանքն, այնինչ, իրենը վերցնում է։ Իրականությունը մամլիչի ծանրությամբ իջնում է ռոմանտիկ իդեալի վրա, և շատ բան ավերվում է։ «Մի՞թե ամեն ինչ միայն երևակայության մեջ էր գեղեցիկ»,- հարցադրումը գրողին վերադարձնում է մանկության երազների աշխարհ, և նրա հայացքի տակ անցյալը վերագտնում է այն կերպը, որ ունեցել է. հայրը ռազմաճակատից վերադարձել է՝ ոտքից վիրավոր, տատն ուղարկել է՝ հարևանի տնից երկու հաց «փոխ բերի», սեղանին մի շիշ թթօղի է, կաղամբի թթու և... խաշած հավ։

Բայց ընտանիքը, հարևանները սեղանին մոտ չեն գնում։ Սպասում են ինչ-որ մեկին։ Այդ ինչ-որ մեկը գյուղխորհրդի նախագահ Սիմոնն է, որ գալիս և... հաշմանդամ մարդուց նախ փաստաթուղթ է պահանջում, հետո՝ հարցաքննում՝ որտե՞ղ է կռվել, ի՞նչ զորամասում, ի՞նչ հանգամանքներում վիրավորվել, ինչո՞ւ հատկապես՝ ոտքից։ Ապա սեղան է նստում, ուտում խաշած հավը, օղին խմում, իսկ հաջորդ օրը հորը կանչում են գրասենյակ։ Գյուղխորհրդի նախագահը հայտնել էր ում որ պետք է, որ «Գարեգինը դասալիք է»։

Պատումն, իհարկե, ավարտվում է «բարու հաղթանակով». վերաքննիչը նույնպես եղել է ռազմաճակատում, ձեռքն այնտեղ է կորցրել և այլն։ Բայց Վազգեն Օվյանը գյուղխորհրդի նախագահի հարցը պարզունակորեն չի լուծում։ Գեղարվեստական համատեքստը նրան պարտադրում է Սիմոնին թողնել իր պաշտոնում, որպեսզի վերաքննիչի արդարամտությունն ընթերցողին պատկերվի բացառություն, «սիմոնականությունը»՝ օրինաչափ։

Եվ դա գրողի երևակայությունը չէ. թիկունքային «առնետներ» ամեն պատերազմում էլ եղել են, կլինեն։ Ինչպես նաև՝ «մյունհաուզեն»-ներ։ Գյուղխորհդի նախագահ Սիմոն Ամիրյանը, մինչդեռ, մարմնավորում է խորհրդային իշխանության ռեպրեսիվ էությունը՝ ստալինականությունն իր ողջ այլանդակությամբ և մարդատյացությամբ։

«Կապույտ տարիներ»-ի երազկոտ պատանին, այսպիսով, ներհայեցողականությամբ պսակազերծված է տեսնում գյուղական կյանքի հովվերգությունը։ Վազգեն Օվյանի արձակի տարածք է խուժում սոցիալ-քաղաքական դրաման։ Նա ստեղծում է քարաշենցի Արշակի՝ հավերժ ընդդիմախոսի և սակայն միշտ պարտվողի, կորցնողի կերպարը։ Խորհրդանշական է «Սինգարա սարի կաղնին» վիպակի սկիզբը. մարդը փորձում է հատել դարավոր ծառը, մի քանի հարվածից կացինը բթանում է, ասես պողպատի է բախվել։

Նույն պատկերով էլ վիպակն ավարտվում է։ Այլաբանական-միֆոլոգիականության միտվող մուտքի և «վարագույրի» միջև է ձգվում Արշակի ընդդիմախոսությունը բոլոր «սիմոնամիրյանների» հետ՝ գրեթե մի ողջ կյանք։ Գրոտեսկային է, մանավանդ, Արշակի «մեղքերի» թվարկումը՝ դեմ է եղել գյուղի կոլեկտիվացմանը, անգրագիտության վերացումը ծաղրել է, 1940 թ. մարտի 8-ին չարամտորեն խանգարել է կանանց միջազգային օրվան նվիրված համագյուղական միջոցառումը, բողոքել է կոլխոզների խոշորացման դեմ,- որով հեղինակը ծաղրանկարել է խորհրդային իրականությունը։

Սոցիալական ժամանակն, այսպիսով, Վազգեն Օվյանի արձակում վայրընթաց է շարժվում՝ երազանքների փլուզում, աշխատանքի և կառավարման համակարգի խուլ հակամարտություն, բարքերի այլանդակում, ի վերջո՝ քաղաքացիական բախումների գրեթե ստույգ մատնանշում, որ ամբողջության մեջ գեղարվեստական դատավճիռ է իրականության հանդեպ։

Ես հատկապես ուզում եմ ընդգծել, որ միջավայրի հանդեպ Վազգեն Օվյանի հայացքն, ի տարբերություն նույն տարիների այլ հեղինակների, ընտրովի մերժողական չէ, այլ՝ համընդգրկուն։ Ոչ թե «առանձին թերություններ» և «մասնակի անհաջողություններ», այլ՝ համատարած խաբեություն՝ վերից մինչև գյուղական «իշխանիկներ»։ Սուր է հատկապես խորհրդային մամուլի, քարոզչության բառացիորեն վարձահրավիրվածության պատկերը։

Գրողն իր «բարձր լարման դաշտ» է բերել նաև ազգային խնդիրներ։ Զարմանալի է, բայց՝ փաստ, որ Վազգեն Օվյանի արձակի համատեքստում Արցախի կախվածության պատմաքաղաքական երևույթը մի շատ համարձակ երևակայությամբ որպես իր ժամանակի իրողություն անտեսված է։ Նրա հերոսները «մինիստրության աշխատակիցներ» են, նկարագրածը՝ մայրաքաղաք, որտեղ մարդիկ սիմֆոնիկ համերգի են գնում, օպերա լսում, բոլոր պաշտոնյաները, անկախ նրանց նկատմամբ հեղինակի քաղաքացիական վերաբերմունքից, հայեր են։

Իրականության հանդեպ, կարծես, Վազգեն Օվյանը գրողորեն մեղանչում է։ Բայց, կարծում եմ, հենց դա էլ նրա արդարացիության ամենաճիշտ վկայությունն է. գրողը կանխազգացել է Արցախի ապագա ինքնիշխանությունը։ Առնվազը՝ գեղարվեստորեն։ Այդ իսկ պատճառով իր հեղինակային ժամանակից վտարել է «Ղարաբաղի ինքնավարությունը»՝ իրեն բնորոշ ատրիբուտներով։

Մնացածն իմ չէ, մասնագիտական լուրջ պատրաստվածության տեր գրականագետի, գրականության պատմաբանի խնդիրն է։ Չափանիշների մեջ ես, թերևս, նախապատմությունը տվեցի մեկին՝ սոցիալ-պատմական և գեղարվեստական ժամանակների «հակադրամիասնությանը»։ Վազգեն Օվյանի գործը տվյալ դիտանկյունից պատկերվում է անհատի և միջավայրի, իրականության և իդեալի գոտեմարտի գեղարվեստական տարեգրություն, որ ընդգրկում է 1950-80-ական թվականները և ավարտվում քաղաքացիական սուր ճգնաժամի անխուսափելիության գրողական հղումներով։

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ




ԱՆՏԻՊ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ


 ՂԱՐԱԲԱՂԻՆ

Դարերի մուժից հրաշքով հառնած
Ես քո կիսավեր վանքը և տունն եմ,
Հարսների աչքին արտասուք դառած -
Ես քո խոր վիշտը և տրտմությունն եմ։

Մրրիկներից ու հողմերից թեքված
Ես քո դիմացկուն թթենու բունն եմ,
Քո գուսանների երգերում երգված
Ու փառաբանված արիությունն եմ։

Ոսոխիդ բիբում փշի պես ցցված
Քո Գանձասարի գմբեթն ու սյունն եմ,
Կածաններիդ ու ճամփեքիդ բացված
«Ապրեմ-չապրեմի» տոկունությունն եմ։

Ամառվա տոթին մեղմ զեփյուռ դառած
Քո Մռավ ու Քիրս սարերի ձյունն եմ,
Բազում վերքերից խոցված ու վառված
Քո անտակ սրտի փխրունությունն եմ։

Վաղվա լուսաջինջ հավատով ապրող,
Ցրտից չխամրող ծաղկունքիդ գույնն եմ,
Արևի փոքրիկ շողից չխաբվող -
Ես քո բողբոջի զսպվածությունն եմ։

Հնձաններիդ մեջ քլթքլթացող լուռ -
Ես քո խաղողի քաղցրությունն եմ,
Ես քո զրահը, քո վահանն եմ կուռ,
Ես քո ժայռերի կարծրությունն եմ։

Դու իմ հինավուրց օջախն ու տունը,
Ես քո արյունն ու քո զորությունն եմ,
Ու ապացուցված քո վեհությունը,
Քեզնով հաստատված քո խորությունն եմ։

Երեկն ու այսօրն իրար կամրջող
Քո խոյակների շաղախն ու կիրն եմ,
Ես քո բարբառն եմ հավերժ կարկաչող,
Ես մեսրոպատառ քո անմահ գիրն եմ։

Ես երազներն եմ քո հազարաձև,
Ես քո տագնապող համբերությունն եմ,
Պղտոր ջրերը կհոսեն, կանցնեն,
Ես աղբյուրներիդ զուլալությունն եմ։

Քեզնով եմ կամքս պայքարում կռել,
Ես քո հավատն ու հպարտությունն եմ,
Հնարավոր չէ երբեք ինձ ծռել,
Ես հազարամյա քո պատմությունն եմ*։
 1975 թ.

*Նույնանուն արձակ բանաստեղծության չափածո տարբերակն է



 ՄԻ ԱՆԾԱՆՈԹՈՒՀՈՒ

Այդպես նազանքով, այդպես գեղեցիկ
Լինում են միայն քնքուշ երգերում,
Այդպես նոճին է ձգվում վեհ ու ձիգ,
Այդպես նորաբաց շուշանն է գերում։
Արևն է այդպես ճառագում պայծառ
Եվ ծիածանը՝ երկնակամարում,
Այդպես զնգում են ջրերը արծաթ,
Հաղթողն է այդպես անաստված քայլում։
Արբեցնում է այդպես թունդ գինին
Եվ փշատենին՝ բուրմունքով իր տաք,
Այդ դու չե՞ս սիրո այն աստվածուհին,
Որ պարգևեցիր մեզ սուրբ տառապանք։
Քո պատճառո՞վ չեն վառել Տրոյան,
Մահ ու կենացի զենքերը շաչել,
Այդ քեզ համար չէ՞ մեծ Սայաթ-Նովան
«Գոզալ» կանչելով՝ անհույս հառաչել։
Եվ դու չե՞ս արդյոք այն Կլեոպատրան,
Որ սիրել գիտեր ու սիրով խեղդել,
Եվ Շամիրամն այն, որ սիրո համար
Զորագնդեր էր հանում իրար դեմ։
Դու բուք ու բորան, դու երգ ու գգվանք,
Դու գարնանային ամպրոպ ու անձրև,
Որ գիտես վառել սրտերում կրակ
Ու քո կրակով կրակ հանգցնել...
Այդպես սիգաճեմ, նազանքով այդպես
Որտեղի՞ց եկար շքեղ ու լուսե.
Անծանոթ աղջիկ, անծանոթ երազ,
Անծանոթ կարոտ, դու անծանոթ սեր։



  ՆՈՎԵԼ

Քարաշենիս ճանապարհին
Կանգնած է դեռ մատուռ մի հին.
Կտուր չունի, ոչ էլ խորան,
Ոչ պատուհան.
Մի խաչքար է, մի խուլ անձավ,
Կողքին թեղի մի ծնկածալ,
Մի շիրմաքար՝ հենված ծառին,
Որ տապանն է տեր Գասպարի...

Թիկնած մամռոտ շիրմաքարին,
Ես հիշում եմ կռվի տարին.-
Աղոթում էր բարի մի նան,
Որ կռիվը շուտ վերջանա,
Հաղթանակած տուն գա որդին՝
Ոչխար մորթի,
Կանչի դրկից-բարեկամի,
Միակ որդու չարը տանի...

Աղոթում էր ու չգիտեր,
Որ զոհվել է որդին արդեն։
Փոստատարը՝ ջահել մի կին,
Կանգնել էր այս թեղու տակին,
Լուռ նայում էր, լալիս թաքուն -
«Սև թուղթը»՝ սև պայուսակում։
1984 թ.




ԻՆՉՊԵՍ ՏԵՍԱ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

Առաջին նախագահի մտերիմ լրագրողների և նրանով հիացածների շարքերում ես չկամ։ Չեմ էլ եղել։ Այն տարիներին, երբ իշխանություն էին առաջինները, ես մեր ցուրտ և մութ տանը իմ երեք երեխաներին էի մեծացնում և սովորում էի փայտի վառարան վառելու կանոնները։ Աշխատանք չկար, փող չկար, հետո՝ չեղած փողն էլ փոխվեց։ Որպես երեք երեխա ունեցող ընտանիք մեզ բաժին էր հասնում չոր կաթի փոշի՝ սև ու սպիտակ կովիկի նկարով բանկաների մեջ, մեկ ու քառորդ չափի մատնաքաշ, և նավթ։ Սա էր անկախությունից հետո մեր բաժինը։ Հոգևորի մասին չեմ խոսում և թող ոչ մեկը չփորձի ճոռոմ-ճոռոմ բաներ ասել և խրատել, թե էս ի՞նչ ես ասում։ Էդ մենք էլ կարող ենք անել, բայց հիմա դրա մասին չէ, որ գրում եմ։

Երբ «Պիոներ կանչում» էի աշխատում, մեր խմբագրություն հաճախ էր այցելում Համբարձում Գալստյանը, բերում էր իր նկարած սև-սպիտակ լուսանկարները, ես այդ նկարների համար մակագրություններ էի գրում, որի համար և՛ ես և՛ Համբարձումը հոնորար էինք ստանում։ Իսկ երբ Համբարձումին սպանեցին, ձյուն էր գալիս, և ամբողջ Դավթաշենն էր դուրս թափվել Երևանի քաղաքապետին հրաժեշտ տալու, և մարդիկ սրտանց լաց էին լինում։

Եթե ճիշտ եմ հիշում՝ 90-91-ին, այժմյան Ամերիկյան համալսարանի շենքում պետք է տեղի ունենար ՀՀՇ երկրորդ համաժողովը։ Գնացի լուսաբանելու։ Այդտեղ առաջին անգամ ծանոթացա Հակոբ Ավետիքյանի հետ, ով նոր-նոր էր եկել Հայաստան և մեզ՝ հայաստանցի լրագրողներիս բացատրում էր, թե ինչն է մեզ պակասում լավ թերթ անելու համար։ Դեռ համագումարը չէր սկսվել և բեմի վրա ինչ-որ մարդիկ էին շրջում, նրանց մեջ առաջինն աչքի էր զարնում կաթնագույն սվիտերով, վիզը մինչև ականջները փակ, վզին ինչ-որ սարք հարմարեցրած, բարձրահասակ և ինքնագոհ մի մարդ։ Տեր-Պետրոսյանն էր։ Ջահել էր, ինքնահավան, բոլոր բարձրահասակների պես։ Այդպես տեսա նրան և այլևս մենք չհանդիպեցինք։ Ես երբեք նրանից հարցազրույց չեմ վերցրել, քաղաքական թեմաների շուրջ չեմ զրուցել, հետը ծիրան չեմ կերել և երբեք, նաև այսօր, չեմ եղել առաջին նախագահի մերձավոր շրջապատում։

Սակայն, առաջին տպավորությունս այդպես էլ մնաց , չփոխվեց անգամ այն ժամանակ, երբ առաջին նախագահը կրկին դարձավ հասանելի։

Արդեն 2000-ին, և ինչպես այսօր, անկախության տոնը նշվում էր առանձին-առանձին՝ իշխանությունն իր համար, ՀՀՇ-ն ՝ իր։ ՀՀՇ-ն դեռ ուներ Խանջյան 27-ը, և ես՝ որպես «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից, գնացի այդ միջոցառումը լուսաբանելու։ Ասեղ գցելու տեղ չկար, բոլորը սպասողական վիճակում էին, չէին ուտում-խմում, սպասում էին «Շեֆին»։ Տեր-Պետրոսյանը եկավ նույն ինքնագոհ պահվածքով, դանդաղ, արժանապատիվ, մեզ՝ հասարակ մահկանացուներիս անգամ իր հայացքին չարժանացրեց։ Անմիջապես նրան շրջապատեցին դեմքեր, որոնց մի մասն այսօր էլի նրա կողքին են, բայց և շատերը բոլորվին այլ տեղերում են։ Շրջապատեցին նաև ընտրյալ լրագրողներ։ Միջոցառումը պարզապես տապալվեց, քանի որ Անկախության տոնը դարձավ «Շեֆի» բաժակին խփելու և հումորի երեկո։

Եվ այն ժամանակ և դրանից հետո ցանկություն չունեցա մոտենալ և հարց տալ։ Հասկանում էի, որ որպես լրագրող ճիշտ չեմ աշխատում, որ ինչ-որ սուբյեկտիվիզմ կա, որ պետք է մոտենալ, աշխատել։ Բայց՝ այդպես էլ չարեցի այդ բանը։ Լինում է չէ՞, երբ ասում են՝ «Մաստը չի բռնում», մեր պարագայում երևի այդպես էլ կա։ Ի վերջո, արդեն 2007-ի սեպտեմբերի 21-ին, «Արմենիա-Մարիոթ»-ում կրկին ասեղ գցելու տեղ չկար։ Գալու էր «հիմնադիրը»։ Որոշեցի, որ այս անգամ ամեն ինչ դնելու եմ մի կողմ և մոտենամ։ Մոտեցա, բայց՝ կարողացա՞, իհարկե՝ ոչ։ Առաջինի թինկապահներն այնպես հրմշտեցին, այնպես բոթբոթեցին, իսկ ինքը՝ «հիմնադիրը» առանց ձայն հանելու կամաց-կամաց հեռացավ, խույս տվեց և ի վերջո հասավ մի տեղ, որտեղից այն կողմ էլ փախչելու տեղ չկար, այդտեղ էր, որ ասացի՝ ինչու են Ձեր թիկնապահներն այդքան կոպիտ, իսկ Դուք ինչո՞ւ եք հեռանում, կանգնեք, հարց ենք ուզում տալ։ Ինձ հետ էլի լրագրողներ կային։ Բայց համընդհանուր աղմուկի և խրախճանքի մեջ ձայնս իհարկե, չլսվեց։

Հետո եղան հանրահավաքներ, եղան երգի ու պարի «միջոցառումներ», և ամեն անգամ երբ տեսնում եմ Ազատության հրապարակում թևերը աջ ու ձախ թափահարող առաջին նախագահին, տխրում եմ, շատ եմ տխրում։
Ես արդեն հարցեր չունեմ, ցավոք, այս դեպքում կան պատասխաններ։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«Առավոտ»




ԻՆՉՊԵՍ ՏԵՍԱ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

Առաջին անգամ Ռոբերտ Քոչարյանին տեսա, երբ նա նոր էր ընտրվել Ղարաբաղի հանրապետության նախագահ։ Միջազգային ինչ-որ կառույցում ելույթ էր ունեցել և մեր հեռուստաընկերությունները ցուցադրում էին այդ ելույթը։ Հպարտացել էինք։ Լավ էր խոսել, տղամարդու պես, «Վոյինի» պես։ Հիշեցնեմ, որ 1994 թ. դեկտեմբերի 24-ին՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ, իսկ 1996 թ. նոյեմբերին՝ համաժողովրդական ընտրություններով, Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ։ Իսկ արդեն 1997 թ. մարտի 20-ին Ռոբերտ Քոչարյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ։

Այն օրը, երբ Ռոբերտ Քոչարյանը թողեց Ղարաբաղը և եկավ Հայաստան, ես սկսեցի նրան չսիրել։ Իհարկե, սիրել-չսիրելը քաղաքական կատեգորիա չէ, սակայն, նաև այլմոլորակային բաներ չեն և, ուզես թե չուզես, որոշ սուբյեկտիվիզմ, որոշ կողմնակալություն և տրամադրվածություն միշտ էլ լինում է։

Եվ երբ Քոչարյանը եկավ Երևան, ես հասկացա, որ Ղարաբաղի համար շատ դժվար է լինելու։ Կարծում եմ, սխալների շարքը սկսվեց այդ օրը։
Փոխանակ մենք գնայինք Ղարաբաղ և շենացնեինք, Ղարաբաղի նորաստեղծ հանրապետության նախագահին ենք բերում Հայաստան։ Այստեղ էր, որ ինչպես հեքիաթներում է լինում՝ «Թագավորի փոքր տղան մատը կծեց»։

Մինչ ՀՀ նախագահ դառնալը, վարչապետության տարիներին չէի լուսաբանել և տետ ա տետ չէի տեսել Ռոբերտ Քոչարյանին։ Իսկ արդեն 1998-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ լիքը առիթ եղավ տեսնելու, շփվելու և զննելու։ Ռոբերտ Քոչարյանը, իմ սուբյեկտիվ ընկալմամբ, առաջին տարիներին բավականին ներքաշված էր, բարդույթավորված, ինքնամփոփ։ Եվ, հազարավոր կիլոմետրերով հեռու էր «Միակ տղամարդը» լինելու տեսլականից։ Հիշում եմ, երբ լրագրողները շրջապատում էին հարց տալու... Հա, ի միջիայլոց ասեմ, որ այդ ժամանակներում դեռ որոշ մարդիկ հասանելի էին, դեռ հնարավոր էր Ռոբերտ Քոչարյանի կողքից քայլել, հետը զրուցել, մի երկու հարց տալ հենց այնպես։ Դեռ ոչ մի պատահական քաշքշուկ չէր եղել, դեռ ոչ մեկին բարևելու համար չէին սպանել և դեռ մի քիչ, մի քիչ մաքուր և անմեղ բան էր մնացել շարժման բարի և լավ օրերից։ Հերթական այցի ժամանակ, երբ լրագրողները շրջապատեցին Ռոբերտ Քոչարյանին, կարծեմ դա առաջին այդպիսի պահն էր հարցեր տալու, ես, ինչպես այդ ժամանակ հաճախ էր պատահում, հայտնվել էի նախագահի թեկնածուի անմիջապես կողքին։ Երբ հարցերը հնչեցին, Ռոբերտ Քոչարյանը մի տեսակ երեխայի նման նայեց իմ կողմը, մի տեսակ, օգնություն խնդրողի պես։

Ամեն հարցի պատասխանելուց առաջ նայում էր այն մարդկանց, ովքեր, իր կարծիքով իր հանդեպ բարի էին տրամադրված և այդպես էր պատասխանում հարցերին, դրանք կարճ, կցկտուր և վախվորած պատասխաններ էին։ Հայերեն բառեր էր փնտրում և չէր գտնում, շատ աննախանձելի վիճակում էր, դրանից դեմքի հայտնի միմիկան ավելի նկատելի էր դառնում։ Քարոզարշավի ընթացքում փնտրում էի, շատ երկար էի փնտրում այն Ռոբերտ Քոչարյանին, ումով հիացել էի, երբ նա ԼՂՀ նախագահն էր։ Չէի գտնում։ Գուցե հեռուստաէկրանն էր խաբուսիկ, գուցե ես էի Ղարաբաղով և ղարաբաղյան շարժումով տարված, գուցե երբ մարդը Ղարաբաղում է, ուրիշ է և երբ գալիս է Երևան, դառնում է բոլորովին ա՞յլ մարդ։ Չգիտեմ, բայց, այդպես էլ չգտա այն Քոչարյանին։ Հետո եղան «մոսկաների», «ականջ քաշելու», «կլիզմաների», «բոմբոներկաների» («Կոնգրես» հյուրանոցի շենքն էր նմանեցրել շոկոլոդի տուփի), վատ պարողին խանգարող հանգամանքների, «ուչաստկովիների մակարդակի», «մասանդրաների», ջեմով կոնֆետի, մակարոնի անցքի և այլնի մասին պատասխանատու հայտարարությունները։ Չէր եղել նաև «Հոկտեմբերի 27»-ը, և չէր եղել «անթրաշ լինելու մասին» հայտարարությունը։ Արդեն նախագահ էր դարձել, և նույն 1998-ին առաջին պաշտոնական այցերից մեկը կատարեց դեպի Լեհաստան։ Պատիվ ունեցա լուսաբանել այդ այցը։ Ֆոտոխցիկով նկարում էի Ռոբերտ Քոչարյանի բոլոր քայլերը, հանդիպումները և այլն, և ըստ ամենայնի, դա նրան կաշկանդում էր, ասաց՝ «մի՛ նկարի», ես, իհարկե նկարեցի և այսօր բազմաթիվ հետաքրքիր նկարներ ունեմ այդ օրերից։
Ամեն անգամ, երբ նայում եմ այդ նկարները, ուզում եմ հիշեցնել մեր երկրի էքս-նախագահին՝ հիշիր վաղվա օրդ։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«Առավոտ»




ԿՈՐՑՐԵԼ ԵՆՔ ԱԶԳԱՅԻՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հեղինակային երգերի կատարող Ռուբեն Հախվերդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե իրեն տեսնում է մշակույթի նախարարի պաշտոնում։ Սակայն վստահ է, որ նույնիսկ այդ դեպքում ոչինչ չի փոխի մեր երկրում. «Կոռուպցիոն համակարգում եթե նույնիսկ ես նշանակվեմ մշակույթի նախարար, ես էլ պիտի լափեմ, որովհետև եթե ես գնամ ու չլափեմ, ինձ դուրս կհանեն»,- ասել է նա։ Ըստ նրա, ՀՀ մշակույթի նախարարն իր կեցվածքով ստիպում է ոչ դրական կարծիք կազմել երկրի և նրա մշակույթի մասին։ «Ի՞նչ պարտադիր է՝ նախարարը կնիկ լինի, կարող է կին լինել»,- ասում է Հախվերդյանը ու նրան համամիտ են բազմաթիվ արվեստագետներ։

Ըստ նրա, Ալլա Պուգաչովային «Մեսրոպ Մաշտոց» շքանշան տալը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Նրա խոսքով, Մաշտոցը մեր սրբերի շարքն է դասվում, իսկ Ալլա Պուգաչովան «ոչ միայն նողկալի երգչուհի է, «պոպսայի» հիմնադիրը, այլև բարոյապես շատ կայուն երևույթ չէ, որ ասենք Մեսրոպ Մաշտոցի նման սուրբը կախվի նրա կրծքավանդակին»...

Կորցրել ենք մեր ազգային խոհանոցը, մտածողությունը, և գլոբալացման վերջին հարվածը կլինի լեզվի մոռացումը, որպեսզի դառնանք զոմբի, թեպետ ուշացումով, բայց ի վերջո բարձրաձայնեց Հախվերդյանը։ Երգահանն ասաց նաև, որ իրեն այլևս չի հետաքրքրում, թե ով ինչ մրցանակ է ստացել. «Անդեմ մարդիկ, անիմաստ մրցանակաբաշխություններ... Ինձ չի հետաքրքրում, թե ով ում ինչ է տալիս. մեկ է, էդ մրցանակներով ո՛չ մրցանակ ստացողի գլխի պարունակությունն է լցվում, ո՛չ էլ հասարակության վերաբերմունքը փոխվում»։




ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ. «ԱՅՍՔԱՆ ԿԱԽՅԱԼ ՇԱՏ ՔԻՉ ԵՆՔ ԵՂԵԼ»

Տարիներ առաջ, երբ Օկուջավային հարցրեցին՝ ի՞նչ կարծիքի եք մեր իշխանությունների մասին, ասաց. քանի դեռ մենք ինքներս մեզ չխոստովանենք, որ հետամնաց հասարակություն ենք, չենք կարող շտկվել։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, միայն երբեմն իմ տեսակետն եմ հայտնում որպես քաղաքացի, որոշ տգետներ ասում են՝ ինչո՞ւ է նա քաղաքականությամբ զբաղվում, քաղաքականությամբ զբաղվում են քաղաքական գործիչները... Հա, ինչի՞ց էի խոսում, Բուլատ Օկուջավայից, ասաց, որ մեր կառավարությունը էդ տգետ հասարակության մասն է կազմում, ի՞նչ էիք ուզում, հո հրեշտակներ չէին լինելու։

Եթե ես իմանայի ելքը որն է… ես չգիտեմ։ Ինչո՞ւ են բոլորը միայն երեք հոգու մասին խոսում որպես ապագա նախագահ, ի՞նչ է, նրանք մեզ թուղթ ու գի՞ր են արել։ Չկա՞ արդյոք մի նոր, երիտասարդ առաջնորդ, նոր ուղեղ չկա՞, նոր տեսակի ուղեղ, որ գա ու էս երկիրը կառավարի։ Էն հները սովետական մատորով աշխատող մերսեդեսներ են, ոնց որ վոլգայի մատորը դնես մերսեդեսի մեջ ու քշես, դրանով դարձավ մերսեդե՞ս։ Նոր լիդերն իսկապես պետք է սկսի սպիտակ էջից, ոչ թե ասի, որ պետք է սկսել սպիտակ էջից...

Խնամուս տունն էդ դեպուտատների գարաժների մոտ ա։ Մի օր ոնց որ սև ագռավների մի խումբ՝ էդ յաշիկ-մերսեդեսներով ու սև ջիպերով եկան, ասեցի՝ էս ինչ ա եղել, որ հավաքվել են իրար գլխի, ասեցին՝ սա մեր դեպուտատներն են։ Բոլորը սև, մեծ ու քառակուսի ջիպերով։ Ջիպը դաչայի մեքենա է, քաղաքում հնարավորինս փոքր, կոմպակտ մեքենաներ են օգտագործում, որ իրար չխանգարեն։ Այստեղից էլ է գալիս մեր ժողովրդի տգիտությունը։ Նախ պետք է մաքրել խորհրդարանը, խլորոֆոս պետք է փչել։

Ընտրեք ինձ նախագահ, ի՞նչ է, ես մյուս երեքից պակա՞ս ապաշնորհ եմ։ Ես նրանցից պակաս չեմ, նույնիսկ ավելի վատն եմ, քան նրանք։ Սա կոչվում ա այկիդո։ Ինձ ընտրեք, լիքը խոստումներ կտամ և բնականաբար չեմ կատարի, նրանց պես։ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում ա՝ թույլ տվեք իմ սխալները շտկեմ, Սերժ Սարգսյանն ասում ա՝ սկսենք սպիտակ էջից, բայց դեռ չեմ տեսում...

Իսկ ամենասարսափելին մեր լրատվությունն է, երբ ասենք Նիկարագուայում հեղափոխություն է լինում, անպայման ասում են։ Բայց որ մի մեծավորի լակոտ իրեն անշնորհք է պահում, լռում են, բայց մի թաշկինակի չափ երկիր ենք, չէ՞։

Այսքան կախյալ շատ քիչ ենք եղել։ Մեծ ձուկը միշտ ուտում է փոքր ձկանը։ Մենք կախյալ ենք մեծ տերությունների հետախուզությունից։ Ես շատ բաներում չեմ կարող մեղադրել մեր կառավարությանը, որովհետև դրսի ճնշումներ կան, բայց շատ դեպքերում կարող են էնպես անել, որ ժողովուրդը լավ ապրի ու չեն անում։ Ես դրանում եմ նրանց մեղադրում, ոչ թե նրանում, որ ռուսները չթողեցին մինչև Բաքու հասնել։ Քո հնարավորությունները գոնե օգտագործեիր, որ ժողովուրդը սովից չմեռներ։ Ջրի վրա էնպիսի գին են դրել, որ հողերը փչանում են։ Գյուղացին թող գոնե երկու տարի հարկ չմուծի, բերք ստանա, նոր պահանջի։ Արդեն ուշ է ինչ-որ բան անելը։ Էս երեք կառավարություններն ազգի հերն էնպես են անիծել։ Քաղաքային իսկական ինտելիգենցիան թողեց-հեռացավ, հիմնականում մեր նախարարների անբարո պահվածքից...
Ejournal

Տպագրվում են կրճատումներով





Վերջին էջ


ՉԱՌԼԻ ՉԱՊԼԻՆ. «ԵՐԲ ԵՍ ԻՆՁ ՍԻՐԵՑԻ»

Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ տխրությունն ու տառապանքներն ընդամենը նախազգուշական ազդանշաններ են այն մասին, որ ես իմ սեփական ճշմարտությանը հակառակ եմ ապրում։
Այսօր ես գիտեմ, որ դա նշանակում է «Լինել հենց ինքը»։

Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, թե որքան ուժեղ կարելի է վիրավորել ինչ-որ մեկին, եթե նրան պարտադրեմ իմ սեփական ցանկությունների կատարումը, երբ դեռ ժամանակը չի եկել, և մարդը դեռևս պատրաստ չէ, և այդ մարդը ես ինքս եմ։
Այսօր ես դա կոչում եմ «Ինքնահարգանք»։

Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի այլ կյանք ցանկանալ և հանկարծ տեսա, որ կյանքը, որն ինձ հիմա շրջապատում է, ինձ տրամադրում է բոլոր հնարավորություններն աճելու համար։
Այսօր ես դա կոչում եմ «Հասունություն»։

Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ ցանկացած հանգամանքներում ես գտնվում եմ ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին, և ամեն ինչ բացառապես ճիշտ պահին է կատարվում։ Ես կարող եմ միշտ հանգիստ լինել։
Հիմա ես դա կոչում եմ «Ինքնավստահություն»։

Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի գողանալ իմ սեփական ժամանակը և երազել ապագա մեծ նախագծերի մասին։ Այսօր ես անում եմ միայն այն, ինչն ինձ ուրախություն է պարգևում և ինձ երջանիկ է դարձնում, ինչը ես սիրում եմ և ինչն իմ սրտին ստիպում է ժպտալ։ Ես դա անում եմ այնպես, ինչպես ուզում եմ և իմ սեփական ռիթմով։
Այսօր ես դա կոչում եմ «Պարզություն»։

Երբ ես ինձ սիրեցի, ես ազատվեցի այն ամենից, ինչը վնասում էր իմ առողջությանը՝ սննդից, մարդկանցից, իրերից, իրավիճակներից։ Այն ամենից, ինչ ինձ ներքև էր քաշում և հեռացնում էր իմ սեփական ուղուց։
Այսօր ես դա կոչում եմ «Սեր ինքն իր նկատմամբ»։

Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի միշտ իրավացի լինելուց։ Եվ հենց այդ ժամանակ ես սկսեցի ավելի ու ավելի քիչ սխալվել։
Այսօր ես հասկացա, որ դա «Համեստությունն» է։

Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի ապրել անցյալով և մտահոգվել ապագայով։
Այսօր ես ապրում եմ միայն ներկա պահով և կոչում եմ դա «Բավարարվածություն»։

Երբ ես ինձ սիրեցի, ես գիտակցեցի, որ իմ միտքը կարող է խանգարել ինձ, որ դրանից կարելի է նույնիսկ հիվանդանալ։ Բայց երբ ես կարողացա այն կապել իմ սրտի հետ, նա միանգամից դարձավ իմ արժեքավոր դաշնակիցը։
Այսօր ես այդ կապը կոչում եմ «Սրտի իմաստություն»։

Մենք այլևս չպետք է վախենանք վեճերից, առճակատումներից, ինքն իր հետ և ուրիշների հետ ունեցած պրոբլեմներից։ Նույնիսկ աստղերն են բախվում, և նրանց բախումներից նոր աշխարհներ են ծնվում։
Այսօր ես գիտեմ, որ դա «Կյանքն» է։




ԽՈՍՔ ՀՐԱԺԵՇՏԻ

Նոր տարվա երկրորդ օրը կյանքից հեռացավ Արցախի լավագույն զավակներից մեկը՝ ԵՂԻՇԵ ՍԱՐԳՍՅԱՆԸ։ Մարդ, որի հետ 25 տարի առաջ հաշվի էին նստում, փորձում տեղ գրավել նրա շրջապատում, անգամ քծնում, շողոքորթում էին նրան, որպեսզի ստանան նրա բարեհաճությունը։ Բարձր պաշտոններ է զբաղեցրել խորհրդային տարիներին։ Եղել է մարզկոմի 3-րդ քարտուղար, աշխատել ԼՂ ռադիոհաղորդումների խմբագրության նախագահի, ապա՝ «Սովետական Ղարաբաղ» («Խորհրդային Ղարաբաղ») թերթի գլխավոր խմբագրի պաշտոններում...

Հետո նոր ժամանակներ եկան. Արցախյան շարժում, պատերազմ... ԼՂՀ կազմավորման առաջին տարիներին «Հայաստանի Հանրապետություն» թերթի թղթակիցն էր Արցախում։ Բազմաթիվ հոդվածներ է տպագրել ոչ միայն այդ և հայաստանյան այլ թերթերում, այլև ռուսական մամուլում։

Այսօր, երբ շատերն իրենց և իրենց «կենսագիրների» թեթև գրչով շարունակում են սրբագրել-խմբագրել սեփական անցյալն ու փորձում ժողովրդին ներկայանալ հրեշտակի կերպարանքով, Եղիշե Սարգսյանի խորհրդային տարիների գործունեության մեջ ձգտում են տեսնել միայն այն, որ ավելի շատ բնորոշ է իրենց կենսակերպին...

Բայց Այդ մարդկանց և Այն ժամանակների մասին չէ խոսքը, այլ Նոր դժվարին ու գուցե թե ավելի ծանր մեր ժամանակներում Մտավորականի պահվածքի մասին։ Այն ամենը, ինչ զանազան պատճառներով Եղիշե Սարգսյանը չկարողացավ կատարել ոչ հեռավոր անցյալում, փորձում էր կատարել Նոր ժամանակներում։ Դեռևս Ա. Ղուկասյանի գահակալության վերջին շրջանում նա սուր քննադատական հոդվածներ տպագրեց վերջինիս գործունեության մասին։

«Նոր էջ» թերթի ստեղծման առաջին իսկ օրվանից Եղիշե Սարգսյանը դարձավ մեր թերթի ամենաակտիվ թղթակիցը և «Նոր էջի» մասին ասում էր՝ ՄԵՐ ԹԵՐԹԸ։ Իր այդ «մեր թերթ»-ում տպագրած հոդվածներում ոչ միայն քննադատորեն էր վերաբերվում այսօրվա մեր աններելի սխալներին՝ սկսած հողի սեփականաշնորհումից, այլև փորձում կատարած սխալները հաղթահարելու ուղիներ գտնել։ Նա բացեիբաց խոսում էր այն ամենի մասին, ինչի մասին նրա նախկին գործընկերները, ժամանակակիցները վախենում են խոսել...

Անընդհատ մտահոգված էր մեր երկրի ու ժողովրդի ճակատագրով և, չնայած պատկառելի տարիքին, աշխատում էր երիտասարդական եռանդով. անգամ գրքեր էր խմբագրում, մեզ պատմում, թե դեռ որքա՜ն ծրագրեր ունի... Իր ոգևորությամբ մեզ էլ էր վարակում և մի պահ մեզ էլ էր հնարավոր թվում այդ ամենը... Բայց...
2012-ի հունվարի 2-ին մի Մարդ ևս հեռացավ կյանքից...

«ՆՈՐ ԷՋ»-Ի ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ




ՀՈԳԵՎՈՐ ԿՍՄԻԹՆԵՐ

- «Եհովայի Վկաներ» աղանդի վկայությունը Եհովայի մասին այնքան է հավաստի, որքան որ Ակսել Վանյանը Ակսել Բակունցն է, կամ Սարգիս Ավանեսյանը՝ Սուրբ Սարգիսը։

- «7-րդ օրվա ադվենտիստներ» կրոնական կազմակերպությունը 8-րդ օրվանից Արցախում բան չունի անելու։

- «Արթնության կրակ» կրոնական խումբը առաջնորդվելով. «Քնածը վեր կացավ արթունին վախեցրեց» նշանաբանով, որոշել է Արցախը քրիստոնեացնել։ Այս կրոնական խումբը չի հասկանում, որ պայթունավտանգ և հրավտանգ Արցախում կրակ տարածելը վտանգավոր գործ է։

- «Ավետարանական քրիստոնյա բապտիստներ» կրոնական կազմակերպության հոգևոր առաջնորդը չի ցանկանում, որ իրենց «բապտիստ» անվանեն։ Երևի պարոնին մտահոգում է «բապտիստ» և «բաբնիկ» բառերի հարևանցի նմանությունը։

- «Հայ Առաքելական Եկեղեցու Եկեղեցասիրաց Եղբայրությունը» վերջապես գտավ այն եկեղեցին, որին պետք է սիրեն։

- Ստեփանակերտաբնակ ոմն հոգևոր գործիչ որոշել է պաշտպանել թեկնածուական թեզ (բնագավառի վրա գլուխ են «ջարդում» երևանյան և արտասահմանյան հովանավորները) հետևյալ թեմայով. «Ռեմա» եկեղեցու կապը «Բարի սամարացի» մսամթերքի գործարանի երշիկի փաթեթավորման արտադրամասի հետ։ Թող հաջող պաշտպանի, բարի է։

- «Ագապի» (Սիրո հացկերույթ) եկեղեցին ժամանակավոր չի գործում, քանի դեռ հացի փուռի պահեստամասերը արտասահմանյան տերերը լրիվությամբ չեն ուղարկել։

- Կաթոլիկ Օգնության Ծառայությունը Արցախում շինարարական աշխատանքներն ավարտելուց անմիջապես հետո Հայ Կաթոլիկ Եկեղեցին սկսեց քարոզչությունը հետևյալ կարգախոսով. «Կառուցել ենք, հիմա էլ քանդում ենք»։

- Հայ Ավետարանչական Ընկարակցությունը ժամանակավոր դադարեցրել է հոգևոր քարոզչությունը, մինչև ԼՂՀ լեզվի պետական տեսչության կողմից «ավետարանչական» և «ավետարանական» բառերի էական տարբերության բացահայտելը։

  ԱՐՏԱՇ ԱՂԱՆԴՈՒՆԻ




ՆՐԱՆ ՊԱՐԶԱՊԵՍ ՀԻՄԱՐ ԵՆ ԿՈՉՈՒՄ

Թե ասես՝ լեռը բարձր է բլրակից,
Կասի՝ գնացել, չափե՞լ ես տակից։
Թե ասես՝ ծովը խոր է գետակից,
Կասի՝ պիտ իջնել, նայել հատակից։
Ասես՝ խաղողը քաղցր է սալորից,
Կասի՝ սալոր կա՝ համեղ է մեղրից։
Ասես՝ պանիրը սարքում են կաթից,
Չի համաձայնի, կվիճի նորից։
Ասես՝ արևը պայծառ է ամպից,
Կասի՝ դե, նայած՝ ինչ տեսակետից...
Ասես՝ այն խեղճը մեռավ կաթվածից,
Կասի՝ անձամբ լսե՞լ ես ինքդ բժշկից։
Ասես՝ ապրելը լավ է մեռնելուց,
Կասի՝ դա խոսք է, եկած շատ հնուց։
Մի խոսքով՝ ինչ էլ ասես, կամ չասես,
Օրինակ բերես, աղբյուրը նշես,
Անմիտ, անհեթեթ բան պիտի լսես.
Դրա համար էլ՝ ովքեր ճանաչում,
Նրան պարզապես հիմար են կոչում։

ՄԻՔԱՅԵԼ ԲԱԼՅԱՆ
  Թոշակառու ուսուցիչ, գ. Մեծ Թաղեր




ՃԱՊՈՆԱՑԻՆ 130 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ Է ԳՏԵԼ ԱՂԲԱՆՈՑՈՒՄ

Ճապոնացի բանվորը 10 մլն իենով (ավելի քան 130 հազ. դոլար) փաթեթ է գտել աղբավայրում։ Ինչպես հաղորդում են ճապոնական լրատվամիջոցները, մաշված պայուսակի մեջ լցված թղթադրամները 56-ամյա ճապոնացին անմիջապես հանձնել է ոստիկանությանը, գրում է ITAR-TASS-ը։
Կարգուկանոնի պահապաններն անմիջապես սկսել են պայուսակի տիրոջ որոնումները։ Ոստիկանների կարծիքով՝ պայուսակը մյուս թափոնների հետ աղբանոցում հայտնվել է այս շաբաթ։ Եթե առաջիկա երեք ամիսների ընթացքում պայուսակի տերը չհայտնվի, այն, համաձայն Ճապոնիայում գործող կորած իրերի մասին օրենքի, կհանձնվի քաղաքային իշխանությունների ֆինանսական հիմնադրամ։




Ամսվա ասույթը

Մարդկանցից ամենավտանգավորը երախտամոռն է։ Գողը գողություն է անում, մարդասպանն իր նմանին զրկում է կյանքից, իսկ երախտամոռը կարող և՛ թռցնել իրեն օգնողի դրամապանակը, և՛ ձեռք բարձրացնել նրա վրա։


Մշտական ասույթ

Առյուծի գլխավորությամբ ոչխարների բանակն ավելի ուժեղ է, քան ոչխարի գլխավորությամբ առյուծների բանակը։
Արևելյան իմաստություն