ԼԵՈ. Անցյալից. VI


ԳԼՈՒԽ ՎԵՑԵՐՈՐԴ

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ


Ա

[1917թ.] Փետրվարյան հեղափոխությունը մի լավ հարցաքննություն էր Ռուսաստանի ժողովուրդների համար, թե ով ինչ բագաժով պիտի դուրս գա հեղափոխական ասպարեզի մեջ դեր կատարելու համար։ Դա ընդունակությունների, պատրաստվածության հարցաքննություն էր։ Կովկասյան ազգերի մեջ ամենից լավ պատրաստված հանդիսացան վրացիները։ Նրանք ունեին մի ուժեղ եւ միատարր կազմակերպություն` մենշեւիկ սոցիալ-դեմոկրատիան, որ կարեւոր դեր էր խաղում Ռուսաստանի մենշեւիզմի մեջ. այն մենշեւիզմի, որ, ինչպես հայտնի է, շատ ուժեղ գործունյա էր ռուսական մեծ հեղափոխության առաջին` բուրժուական շրջանում։ Վրաց սոցիալ-դեմոկրատիան առաջացրել էր մի շարք կարող եւ ընդունակ գործիչներ։ Այդպիսիք էին, օրինակ, Չխեիձեն[331]` բուրժուական հեղափոխության հրամանատարը Ռուսաստանում, եւ Ծերեթելին, որին անվանում էին ռուսաց հեղափոխության գեղեցկություն։ Սրանք գործում էին Պետերբուրգում, բայց բուն Վրաստանում էլ պակաս չէր նշանավոր դեմքերի թիվը` Նոյ Ժորդանիա[332], Գեգեչկորի[333], Ռամիշվիլի[334], Չխենկելի[335] եւ ուրիշներ։

Վրացիներից անհամեմատ հետամնաց էին հայերը։ Ճիշտ է, հայերի մեջ հասարակական բաժանումներ եւ խմբավորումները վաղուց էին սկսվել` կար հայ սոցիալ-դեմոկրատիա, կային հայ սոցիալիստ-հեղափոխականներ, բայց այդ բաժանումները զարգացման սաղմնային վիճակի մեջ էին եւ չէին կարող անկախ ու գործուն դեր կատարել։ Գլխավոր զանգվածը կազմում էր Դաշնակցությունը, որի արեւելքն ու արեւմուտքը հայտնի չէին եւ նրա շեֆերին։ Հիշում եմ «Հորիզոն» լրագրի մի խմբագրական ժողով` դարձյալ Համբարձում Մելիքյանի նախագահությամբ։ Ինձ, իբրեւ դրսի աշխատակցի, հրավիրել էին կարծիք հայտնելու թերթի ուղղության մասին։ Երբ հերթն ինձ հասավ, ես ասացի, թե դժվարանում եմ մի որոշ կարծիք հայտնել, որովհետեւ մի հաստատուն բացորոշ ուղղություն չեմ տեսնում։ Թերթն առանց ուղղության է. այսօր մի հոդված սաստիկ առաջադեմ բովանդակությամբ, վաղը մեկ ուրիշը` հետադեմ բովանդակությամբ։ Ի մեծ զարմանս ինձ` թերթի խմբագիր Արշակ Ջամալյանը հաստատեց իմ ասածը, բայց արդարացավ` ասելով, թե դաշնակցական աշխարհայացքը պարզ, որոշ, կետ առ կետ օրենսդրված չէ, ինչպես, օրինակ, մարքսիզմը, որին հետեւողի համար ամեն ինչ պարզ դասավորված է համաչափ եւ ներդաշնակ սիստեմի մեջ։ Մինչդեռ, քանի դաշնակցական թերթ կա, այնքան էլ ուղղություն կա։ Եվ այս ճիշտ էր։ Դեռ նոր էր Ամերիկայի «Հայրենիք» դաշնակցական թերթը սկանդալ պատճառել` առաջարկելով, որ Խրիմյան Հայրիկը դասվի սրբերի մեջ…

«Հորիզոնը» պակաս սկանդալներ չէր տալիս։ 1916-ի ամռանը նա, «Մշակի» հետ միացած, ինձ խաչն էր հանում այն պատճառով, որ Երեւանի Թեմական դպրոցի պատմությունը գրելիս ես պատռել եմ կաթողիկոսի մի խղճուկ կոնդակը, որով հաստատվել էին դպրոցի հոգաբարձուները։ Իսկ 1917-ի փետրվարին մի ուրիշ մեծ դարդ էր պատել «Հորիզոնին»։ Վարդանանց տոնի օրը մի քանի տասնյակ հայ վաճառականներ փակել էին իրենց խանութները, իսկ ոստիկանապետ Զասիպկինը հրամայել էր բաց անել։ Եվ ճռճռում էին «Հորիզոնի» առաջնորդողները ազգային վշտից, հոնգուր-հոնգուր լաց էին լինում ազգային տոնի խափանման համար։ Ո՞ւր պիտի գնար «սոցիալիստ» կուսակցության լեյբ-օրգանը… Բարեբախաբար, մի քանի օրից հետո պայթեց փետրվարյան հեղափոխությունը եւ, «Հորիզոնն» ամեն ինչ մոռանալով, տպեց խոշոր տառերով՝ «Կեցցե՛ ինտերնացիոնալը»…

Նա սկսեց զտվել, մաքրվել, սոցիալիստական ձյունափայլություն զգենալ։ Եվ առաջին բանն այն եղավ, որ նա խլվեց բաժնետիրական ընկերության ձեռքից եւ դարձավ զտարյուն եւ անխառն դաշնակցական։ Մենք` ոչ դաշնակցականներս, պիտի հրաժեշտ տայինք 2 կոպեկ տողավարձին եւ այլեւս չճանաչեինք «Հորիզոնի» դռները։ Համեցեք, խնդրում ենք, շնորհ արեք… Դուրս ենք գնում։ Բայց մնում է նավթարդյունաբերող եւ «առաջին գիլդի կուպեց» Համբարձում Մելիքյանը։ Նա հինգ հազար ռուբլի է մտցրել Դաշնակցական գանձարկղը եւ դարձել է ոչ թե շարքային անդամ, այլ` շեֆ։ Երկու տարուց հետո նրան տարան Երեւան եւ դարձրին դաշնակցական պետության ֆինանսների մինիստրի օգնական։

Հեղափոխություն է փողոցում, դուրս են գալիս հասարակական կազմակերպությունները, դիրք են բռնում, իշխանություն են ձեռք առնում։ Սկզբի օրերին, կարծեք թե, հայերն են գերակշռող դիրք ձեռք բերում Թիֆլիսի մեջ։ Բայց վրաց մենշեւիկներն արագ խախտում են այդ դրությունը եւ, իրենց ձեռքը գցելով բոլոր կարեւոր, հրամայող դիրքերը, հաստատում են իրենց հեգեմոնիան կովկասյան բոլոր ազգությունների մեջ։ Այս միայն առաջնորդների ընդունակության հաղթանակ չէ, այլեւ այն ուժի ներգործության, որ ներկայացնում է մենշեւիզմը ամբողջ Ռուսաստանի կենտրոնական կառավարության մեջ։ Թիֆլիսի վրացի մենշեւիկները մեծ աջակցություն ստանում էին Պետերբուրգից։ Հեղափոխության առաջին իսկ օրերին Թիֆլիսից հապճեպով փախավ սեւհարյուրակային Նիկոլայ Նիկոլաեւիչը` տանելով իր հետ «փոխարքա», «կայսերական բարձրություն» եւ սրանց նման այլ հորջորջումները։

Պետական դումայի ժամանակավոր կառավարությունը Անդրկովկասի համար կազմակերպեց առանձին «Անդրկովկասյան կոմիտե» անունով մի մարմին, որի մեջ մտան մի ռուս, մի հայ, մի թուրք եւ երկու վրացի ներկայացուցիչներ։ Այսպիսով ուրեմն, վրացիությունը բոլոր մյուս ազգություններից գերադաս էր դառնում եւ ուժեղանում էր մանավանդ այն պատճառով, որ ղեկավարող կուսակցությունը (մենշեւիկները) հասկանում էր մեկուսացման ամբողջ վնասը. ուստի, չամաչելով իր սոցիալիստական կերպարանքից, համաձայնության, կարելի է ասել` դաշնության մեջ մտավ թուրք կալվածատեր եւ բուրժուա դասակարգերի հետ, որոնք արդեն մի ուժեղ կազմակերպություն էին ստեղծել «Մուսավաթ» անունով։

Այսպիսով մեկուսացված մնում էր հայ ժողովուրդը։ Պատերազմի եւ կամավորական շարժման սկզբից ստեղծված դրության շարունակությունն էր այս, որ սերտորեն կապված էր Դաշնակցության գոյության հետ։ Այժմ, երբ սկսվել էր նոր կյանք, հայ հասարակությունը չկարողացավ հանել իր միջից մի ուրիշ հոսանք, որ ձեռնարկեր այդ նոր կյանքի խնդիրները լուծելու` նոր սկսվող պայմանների եւ պետական իրականության շրջանակի մեջ։ Հայ ժողովուրդը մնաց իր հին մտայնությամբ. Դաշնակցությունն էր ղեկավարողը, ուղղություն տվողը. իսկ սա նշանակում էր, թե խառնված պիտի լինեն իրար հետ ֆիդայականությունն ու սոցիալիզմը։ Ո՛չ մի բարեկարգում, ո՛չ մի վերանորոգում։ Ամեն ինչ մնաց հինը։ Մենք ունեինք լավ խմբապետներ, բայց չունեինք քաղաքական առաջնորդներ։ Եվ այդ խմբապետները մարդիկ էին, որոնց համար մեծագույն պատվանունը սուլթանական «փաշա» անունն էր. դրա՛նք պիտի լինեին նաեւ քաղաքական առաջնորդներն ու պաշտպանեին հայ ժողովրդի շահերն այնպիսի միջավայրում, ուր խոսքը մաուզերին կամ մոսենուն չէր պատկանում, այլ քաղաքականապես կրթված, հասարակագիտական լուրջ պատրաստությամբ ամուր եւ ուժեղ մտքին։ Այսպես էր մեր աղքատությունը։ Եվ մենք, բնականաբար, պիտի տեղի տայինք ընդունակ վրացի առաջնորդներին, որոնց ետեւից կազմակերպված բազմություններ էին գնում։

Նոր միայն զգացվում էր, թե որքան մեր կյանքը տասնյակ տարիների ընթացքում խեղաթյուրել եւ անդամալուծել է հայդուկային աշխարհավարությունը։ Մեր լավագույն երիտասարդությունը թուրքական բանտերի եւ կախաղանների կերակուր էր դառնում, եւ մեր միտքը գնալով գոսանում էր, շաբլոնական միանմանության էր ստրկանում` գրեթե ոչինչ տեղ չթողնելով ինքնուրույն աշխատանքի, պրպտումների, որոնումների համար։ Սասունի, Վասպուրականի լեռները հայ ֆիդայիների դիրք դառնալով` կուլտուրական աշխատանոցներ, մտքի մարզարաններ չէին դառնում իհարկե, այլ ավելի նեղացնում էին մտավոր հորիզոնը` ամեն շահ եւ մտածմունք կենտրոնացնելով հրացանի բլթակի վրա։ Եվ ահա, երբ եկան նոր օրեր` նոր եւ մեծ պահանջներով լեցուն, դարձյալ նույն լեռներից իջած, բլթակի շահերով ապրող մարդիկ եկան մեզ առաջնորդելու նոր պայմանների մեջ։ Հասկանալի է, որ մե՛նք պիտի թույլ լինեինք, պիտի պարտվեինք, եւ ոչ մեկ ուրիշը։

Դաշնակցական ինտելիգենցիա կար, բայց տափակությունից ու միջակությունից վեր չգնաց նա։ Ճիշտ է, հեղափոխության առաջին իսկ օրերից այդ ինտելիգենցիան ձեռք էր բերում Ալեքսանդր Խատիսյանին, որ մի ուժ էր նույնիսկ կովկասյան չափանիշով։ Բայց այդ ի՞նչ ուժ էր։ Խոսելու գեղեցիկ ընդունակություն ուներ, գործելու եռանդով լցված էր, բայց` անսկզբունք, պատեհական, կարիերիստ. ահա՛ ինչն էր, որ սնամեջ էր դարձնում այդ ընդունակությունը։ Բուրժուազիայի սիրասուն զավակ, նրանից երես առած, նրանով առաջացած մինչեւ Թիֆլիսի քաղաքագլխի բազկաթոռը` նա հանկարծ դուրս եկավ իր այդ ծնող մոր դեմ, կռիվ հայտարարեց նրա դեմ` մտնելով Դաշնակցության շարքերը։ Այսպես են մի գիշերվա մեջ սոցիալիստ դառնում, երբ հարկավոր է։

Կարիերիզմի բնազդը չէր դավաճանել Խատիսյանին։ Նրան ընդունեցին Դաշնակցության մեջ գրկաբաց, թույլ էլ չտվեցին, որ նա գոնե մի քառասնօրյա մաքրարան անցնի` իր անցյալ մեղքերից փոքրիշատե սրբվելու համար։ Իր նորադարձության վաղորդայնից նա արդեն առաջնակարգ գլուխ էր եւ պատասխանատու վարիչ։ Եվ, սակայն, այդ նորադարձությունից մի թե երկու շաբաթ առաջ էր, որ մի ժողովում, ուր թեկնածուներ էին որոշում մի պաշտոնի համար, Խաչիկ Կարճիկյանը ամենակտրուկ կերպով հրաժարվեց Դաշնակցության կողմից որեւէ ոչ դաշնակցականի թեկնածությունն ընդունելուց եւ, իր այդ դիրքն ակնհայտնի կերպով ցուցադրելու համար, դարձավ դեպի ինձ եւ ասաց. «Մեր մի հատ դաշնակցական մշակը շատ եւ շատ բարձր է ձեր Խատիսյանից»։ Այժմ Խատիսյանը նրանցն էր… Եվ որպիսի՜ երջանկություն…

Ես, սակայն, պարտավոր եմ ասել, որ ամենքը չէին այդքան անտարբեր իրենց նոր ընկերակցի վերաբերմամբ. Դաշնակցության ձախ կամ երիտասարդ թեւը շատ էր աշխատում զտել կուսակցության շարքերը։ Հատուկ անբավականություն կար Խատիսյանի դեմ, եւ նրա անունը հանել տվին Սահմանադիր ժողովի պատգամավորների թեկնածուների շարքից։ Բայց այս դիմադրությունը շատ կարճ տեւեց, եւ նորաթուխ դաշնակցականն այնքան կարեւոր դիրքեր գրավեց, որ իրենից շատ հեռու թողեց հին, ինչպես ասում են` «մազով-միրուքով» դաշնակցականներին։ Սա, իհարկե, հրաշքով չէր կատարվում, այլ իրերի բնական բերմունքով` մարդ չկար կարեւոր, պատասխանատու պաշտոնների համար, եւ ահա կախվում էին այդ մարդու փեշերից, որին չգիտեմ ով, շատ սրամիտ կերպով անվանել էր «պալատական սոցիալիստ»։

Հավասար չափով անպտուղ էր ձախ դաշնակցականների պայքարը «կոպիտ ուժի ներկայացուցիչների», այն է` խմբապետների եւ ֆիդայիների դեմ, որոնք նստում էին դաշնակցական ժողովներում` հիմա էլ սոցիալիստական հարցեր լուծելու համար։ Ավելացրեք այս ներքին շփումների եւ սուր անհամաձայնությունների վրա նաեւ մի նոր սուր անբավականություն արեւմտահայերի եւ արեւելահայերի միջեւ, եւ դուք պատկերացում կկազմեք, թե ինչ խառնաշփոթություն էր ներկայացնում հայկական կյանքը հեղափոխության առաջին ամիսներին։ Արեւմտահայ (թուրքահայ) մտավորականությունը, որ Կ.Պոլսից կամ ուրիշ տեղերից եկել-հավաքվել էր Թիֆլիսում, հուսահատված եւ հոգնած այն տարտամ ու անստույգ վիճակից, որին ենթարկված էր ինքը, սկսել էր սուր անբավականություն հրապարակ բերել ռուսահայերի դեմ։ Նա նոր էր խելոքացել եւ նոր էր իմանում, որ ռուսահայերն իրենց խնամակալությունը թուրքահայերի վրա դարձրել են թուրքահայերի կոտորածների աղբյուր, իսկ իրենք` մնացել անվնաս։ Դոկտոր Բոնապարտյանը ժողովների մեջ կանչում էր. «Մենք ձեր կոտորածն էլ պիտի տեսնենք»։ Եվ տեսան քիչ հետո։ Մի միջոց կար, երբ հայության երկու հատվածների փոխադարձ հարաբերություններն այնքան սրացել էին, որ հանաք սիրողներն ասում էին, թե սկսվելու է արեւմտահայերի եւ արեւելահայերի կոտորած, ինչպես մի ժամանակ կար հայ-թուրքական կոտորած։

Այս բոլորը ցույց էր տալիս, որ հայ ժողովրդի աշխատավորական մասը լավ չէր կազմակերպված։ Բանվորական զանգվածների մի փոքր մասը գնաց Դաշնակցության ետեւից, մնացած մասը սոցիալ-դեմոկրատիայի հետ էր։ Եվ ահա, հիմնվելով ուժերի այս տեսակ տրոհման վրա` վրաց սոցիալ-դեմոկրատիան քաղաքային ընտրությունների ժամանակ առաջին խոշոր հաղթանակը տարավ Դաշնակցության դեմ։ Թիֆլիսի հայ ազգաբնակչությունը թեեւ խոշոր քանակություն էր կազմում, բայց անկազմակերպ վիճակի մեջ գտնվելով` ձայների մեծամասնությունը շահեց վրաց սոցիալ-դեմոկրատիան, իսկ Դաշնակցությունը քաղաքային դումայի մեջ բռնեց երկրորդական տեղ։ Քաղաքագլուխ ընտրվեց վրացի. բոլոր խոշոր, պատասխանատու պաշտոնները նույնպես վրացիների ձեռքն անցան, եւ այսպիսով լուծում ստացավ տասնյակ տարիներից ի վեր վրաց ազնվականության եւ հայ բուրժուազիայի մեջ բորբոքված կռիվը Թիֆլիսի քաղաքային ինքնավարությանը տիրանալու համար։ Այս առաջին հաղթանակից հետո Դաշնակցությանը վիճակվում էր իր դիրքերը մեկը մյուսի ետեւից վրաց սոցիալ-դեմոկրատիային զիջելը։ Հայության մեջ գոյություն ունեցող միակ խոշոր եւ ուժեղ կազմակերպությունը անկարող էր հանդիսանում մի այլ դրություն ստեղծելու հայ ժողովրդի համար, բացի մեկուսացումից, եւ այս հանգամանքը բխում էր նրա ամբողջ էությունից, ամբողջ անցյալից, ամբողջ բովանդակությունից։

Այս կողմից ավելի լավ դրության մեջ էր թուրք ժողովուրդը։ Թեեւ թուրքերը նոր էին միայն մտնում քաղաքական կազմակերպման շրջանը, եւ թեեւ նրա մեջ գոյացած «Մուսավաթ» կազմակերպությունը ավատական-կրոնական բովանդակություն ուներ եւ ներկայացնում էր ազգայնամոլ հետադիմություն` երիտթուրքերի ճաշակով եւ տիպով, բայց եւ այնպես` նա միացած էր վրաց մենշեւիկների հետ, գնում էր նրա ետեւից եւ որոշ դեպքերում փոխադարձաբար քաշում էր նրան իր ետեւից, մանավանդ այնտեղ, ուր հարցը վերաբերում էր հայերին։ Թե՛ այս հանգամանքը եւ թե՛ այն, որ «Մուսավաթն» իր մեջքի ետեւում զգում էր Թուրքիայի ուժը, թուրք ժողովրդի ներկայացուցիչ կազմակերպությանը տալիս էր այնքան ամուր եւ ուժեղ դիրք, որ Դաշնակցությունը ստիպված էր նրա առջեւ նահանջողի, զիջողի դիրք բռնել։ Բանն այսքանով չէր սպառվում։ Կատարելով իր գաղտնի դաստիարակչի եւ ոգեւորողի հրահանգները` թուրք կալվածատիրությունը պատրաստվում էր ավելի գործուն դերի։

Կերենսկու[336] ապիկար կառավարությունն ինչպես ամեն տեղ, այնպես էլ Կովկասում սաստկացրել էր անիշխանությունը։ Օգտվելով այս հանգամանքից` թուրք ազգաբնակչությունը տենդային շտապով զինվում էր։ Այս այնքան խոշոր մի երեւույթ էր դարձել անդրկովկասյան իշխանության մեջ, որ նրա վրա ուշադրություն դարձրեց նույնիսկ Կովկասյան բանակի զինվորական պատգամավորների խորհուրդը։ Հայ ժողովուրդը զգում էր, թե ում դեմ են ուղղված այդ բացահայտ պատերազմական պատրաստությունները, եւ շարունակ մատնացույց էր անում, թե ինչ վտանգ է պատրաստվում։ Բայց ի՞նչ կարելի էր անել։ Անդրկովկասյան կոմիսարիատի հայ անդամ Պապաջանյանը չափազանց խեղճ էր թուրք անդամի հանդեպ, որ շրջապատել էր իրեն թուրք անհաշտ նացիոնալիստներով եւ, որովհետեւ իր ձեռքում էր պահում նաեւ փոստն ու հեռագիրը, ուստի, ամեն դյուրություններ էր հայթայթում զենքեր փոխադրելու համար։

Դեռ այն ժամանակ, 1917-ի ամռանը եւ աշնանը կարելի էր կանխատեսել, թե ի՛նչ նացիոնալիստական դժոխքի պիտի վերածվի Անդրկովկասը, երբ նրա` իրար դեմ անխնայորեն մաքառող ազգությունները ազատություն ստանան գործելու` ինչպես ուզում են…

Բ

Բայց մենք մոռացանք մեր չարաշուք բյուրոն։ Ի՞նչ եղավ նա։ Հեղափոխությունը բերում էր նրան բնական մահ, թեեւ Թուրքահայաստանը շարունակում էր գրավված մնալ ռուսական զորքերով։ Կամավորական խմբերի տեղ այժմ կազմված էին ազգային գնդեր` մշտական բանակի մեջ ծառայող զինվորներից։ Այսպիսով հայերն ու վրացիներն ունեին իրենց զորքերը, որոնք գտնվում էին զորաճակատի զանազան մասերում։ Բայց այս կազմակերպությունն այլեւս ոչ մի կախում չուներ Ազգային բյուրոյից։ Առաջվա դիրքի եւ նշանակության հետքերն անգամ չէին մնացել նրա վրա։ Ամենից առաջ, հենց որ կոմս Վորոնցով-Դաշկովը հեռացավ Կովկասից, Գեւորգ կաթողիկոսը, ինչ-որ անձնական վրեժ հանելու համար, Մեսրոպ եպիսկոպոսին հեռացրեց Թիֆլիսի առաջնորդությունից եւ պատվավոր աքսոր ուղարկեց Աստրախան։ Նրա տեղ առաջնորդ եկավ Մխիթար եպիսկոպոսը, մի անապատական, որ մարդու երես չէր ուզում տեսնել, ուր մնաց` դեռ դիվանագիտությամբ էլ պարապել։ Եվ խլացավ ու անմարդացավ երեկվա խոշոր քաղաքական կենտրոնը, Եղիշեի ասածի պես` «սարդի ոստայնք ձգեցան ի սենյակ առաջնորդաց»… Բյուրոն վերածվեց մի տեղեկատու գրասենյակի, որ այլեւս պատերազմ մղող մի հիմնարկություն չէր, այլ ներկայացնում էր մի ժողովուրդ, որ շատ մեծ բան է համարում իր անթիվ ու անհամար որբերին խնամելը։

Այս դրության մեջ բյուրոն հղացավ իրենից ավելի մի խոշոր եւ հեղինակավոր մարմին ստեղծելու միտքը։ Եվ հրավիրեց, այսպես անվանված, համազգային կոնֆերանս, որ կայացավ Թիֆլիսում, 1917-ի աշնանը։ Այժմյան Ռուսթավելու թատրոնի մեծ դահլիճում համախմբվեցին 150-ից ավելի ներկայացուցիչներ, որոնցից մոտ 90-ը Դաշնակցությանն էին պատկանում։ Կային եւ ուրիշ կազմակերպություններ` սոցիալ-դեմոկրատներ, սոցիալիստ-հեղափոխականներ, Հայ ժողովրդական կուսակցության [անդամներ]։ Աջ կողմի ծայրի աթոռները գրավեց անկուսակցականների խիստ փոքրաթիվ խմբակը, որի մեջ էի եւ ես։ Առաջին օրերին տեղի ունեցան խիստ վիճաբանություններ։ Դաշնակցականները, իբրեւ ուղղափառ սոցիալիստներ, հարձակվեցին բուրժուազիայի վրա, որ ներկայացված էր ի դեմս Ժողովրդական կուսակցության։ Ես հիշում եմ մի այսպիսի զվարճալի դեպք. դաշնակցական հռետորը փրփրած խոսում է` հարյուր ու մի մեղք շպրտելով բուրժուազիայի դեմքին։ «Դուք,- բացականչում է նա,- շահագործող գործարանատերեր…»։ Ժողովրդականների միջից Գեւորգ Մելիք-Ղարագյոզյանը նույնպես բացականչում է. «Մեր մեջ գործարանատեր չկա, գործարանատերը ձեր մեջ է»։ Ամենքը նայում են ձախ թեւին. այնտեղ` դաշնակցականների մեջ նստած է Համբարձում Մելիքյանը։ Բարձրանում է ծիծաղ։ Հռետորը ընդհատում է իր ճառը եւ նստում տեղը։ Եվ մյուս օրվանից Բաքվի նավթարդյունաբերողն այլեւս չհամարձակվեց երեւալ դահլիճի մեջ…

Բուրժուազիային լավ բզկտելուց հետո` կուսակցությունները կատաղորեն ընկան իրար վրա։ Հիշում եմ, թե ինչ աներեւակայելի աղմուկ բարձրացրեց Սիմոնիկ Փիրումյանը, երբ բեմ բարձրանալով` խիստ հարձակումներ գործեց դաշնակցականների վրա` անվանելով նրանց «բանդիտներ, որոնք պատերազմ էին հայտարարում Թուրքիային»։ Ամբողջ դաշնակցական թեւը տեղից վեր ցատկեց եւ մի քանի րոպե շարունակ դահլիճի մեջ կանգնած էր սոսկալի ոռնոց, որի մեջ չէր կարելի լսել եւ ոչ մի հատ բառ։ Նախագահող Լեւոն Աթաբեկյանը կոտրատում էր իր ձեռքերը` խփելով նախագահական սեղանին եւ կարգի հրավիրելով ժողովականներին։ Վերջապես հանգստություն տիրեց։ Բայց դաշնակցականներն էլ, իհարկե, պարտքի մեջ չմնացին։ Նրանց կողմից դուրս եկավ պատասխանելու Նիկոլ Աղբալյանը, որ հայոց պատմությունից օրինակներ բերելով, շատ պարզ ակնարկներով ցույց տվեց, թե սոցիալ-դեմոկրատները ազգային դավաճաններ են, եւ վերջացրեց իր խոսքը բղավելով. «Իսկ մենք կկռվենք երեք ճակատի վրա եւ նորից կտանք երեք հարյուր հազար զոհ»[337]։ Սոցիալ-դեմոկրատների կողմից Ղազար Տեր-Ղազարյանը, որ նախագահության անդամներից մեկն էր, հայտարարեց, թե ինքն ու իր ընկերներն անհնարին կհամարեն մնալ այս ժողովի մեջ, եթե ետ չվերցվեն այստեղ արտասանված վիրավորական ակնարկները։ Դաշնակցության առաջնորդ Արամ-փաշան մի հայտարարություն արավ կուսակցության կողմից, եւ այսպիսով փակվեց այս աղմկաշատ միջադեպն էլ…

Անցողակի հիշատակեմ, որ այդ ժամանակ արդեն հասունանում էին այն անջատողական եւ ազգայնամոլական տրամադրությունները, որոնք Անդրկովկասը գահավիժորեն տանում էին դեպի ազգամիջյան պատերազմ եւ դժոխային կացություն։ Վրաց նացիոնալիստները (իսկ ովքե՞ր չէին նացիոնալիստ` մենշեւիկնե՞րը միթե) առաջին անգամ պահանջ էին դնում, թե Թիֆլիսը բացառապես իրենցն է, եւ հայերն այդտեղ անելու ոչինչ չունեն։ Թիֆլիսի սոցիալ-դեմոկրատ քաղաքագլուխը հարկավոր չհամարեց անձամբ ողջունել ամբողջ հայ ժողովուրդը ներկայացնող այս համագումարը, այլ միայն հեռագիր ուղարկեց։ Իսկ վրացական թերթերը գրում էին, թե հայերի այս գումարումը վերջինը պիտի լինի Թիֆլիսում, եւ թող այսուհետեւ նրանք գտնեն իրենց հայրենիքը։ Սա մի կողմից։ Մյուս կողմից էլ` զարգանում էր այն միտումը, թե Կովկասն ինքը պիտի կառավարի եւ պաշտպանի իրեն եւ ոչ թե Ռուսաստանից «վայրագներ» կանչի իրեն կառավարելու համար։ Այս սկզբունքը պաշտպանում էր իր ճառի մեջ էսէռական[338] այնպիսի աչքի ընկնող ներկայացուցիչ, ինչպիսին էր Լեւոն Աթաբեկյանը։ Սա նշանակում էր, թե ռուսական հեղափոխությունն իր բուրժուական շրջանում մի եւ ամուր ճակատ չէր ստեղծում, այլ կտրատվում էր տեղական անջատ ու իրար թշնամի բեկորների։

Ազգային կոնֆերանսն ի վերջո տեղափոխվեց առաջնորդարանի դահլիճ եւ, այդտեղ ընտրելով մի լիազոր մարմին` Ազգային Խորհուրդ անունով, ցրվեց։ Խորհրդի անդամների մեծամասնությունը, իհարկե, դաշնակցականներից էր, բայց մյուս կուսակցություններն էլ ունեին իրենց ներկայացուցիչները` համեմատ իրենց ունեցած պատգամավորների թվի։ Մի հատ տեղ էլ տվեցին անկուսակցականներին. հանգուցյալ Ստեփան Մամիկոնյանը[339] ստացավ այդ տեղը։

Այստեղ ահա, հեղափոխության մեջքի վրա հեծած` հասարակական դիրքի բարձրերն էր թեւակոխում մի մարդ` Ավետիս Ահարոնյանը։ Նա ընտրվեց Ազգային Խորհրդի նախագահ։ Ազգային խորհուրդներ իրենց համար ընտրեցին նաեւ վրացիներն ու թուրքերը։ Դրանք իսկապես ազգային կառավարություններ էին, իրացնում էին գերագույն, վարչական գործառնություններ` տուրքեր նշանակել, զորաժողով հայտարարել եւ այլն։ Այդ ազգային կառավարություններով իրապես սկիզբ էր դրվում երկրի բաժանման երեք ազգությունների միջեւ, այնպես որ կենտրոնական կովկասյան կառավարությունը ստիպված էր լինում շատ անգամ այդ ազգային անջատականությունների ցանկություններին եւ որոշումներին հարմարվել։ Մենք շատ մոտ էինք իրար, հոգեց-հոգի մտերիմներ, ես եւ Ահարոնյանը, քանի որ երկուսս էլ կես-քաղցած, կես-կուշտ գրողներ էինք։ Եվ ահա Ահարոնյանի թռիչքը սոցիալական սանդուղքով դեպի վեր` հետզհետե անջատում գցեց մեր մեջ։ Նա` իշխանավոր, հրամայող, ինչպես ասում էինք` «հայոց թագավոր», իր տրամադրության տակ ավտոմոբիլ ունեցող, ես` առաջվա պես կորացած մեջքով, օրական 12 ժամ աշխատող, կտրված դրսի աշխարհից, իմ գրքերի մեջ թաղված։ Մեր ճանապարհները շեղվեցին։ Նա գնաց կառավարելու, դատելու, գործերի ամենապատասխանատուներն իր վիզն առնելու, ես մնացի իմ տեղը, իմ գրչի հետ։ Եվ մի օր մենք հանդիպեցինք իրար, բայց այլեւս չէինք խոսում իրար հետ։ Այսպես քայքայիչ եւ անջատիչ է կարիերան։

Ես մի երկու անգամ եմ եղել Ահարոնյանի թագավորության մեջ` Ազգային Խորհրդում։ Այն զետեղված էր Համբարձում Մելիքյանի տան ետեւի մասում, Նովոբեբուդովսկայա փողոցի վրա։ Խոստովանում եմ, մի կերպ, քաշվելով, ամաչելով էի մտնում այդ փոքրիկ, կիսախավար բնակարանը, ուր այնքան մեծ-մեծ պաշտոններ կային մեզ` հասարակ մահկանացուներիս համար անմատչելի եւ վերամբարձ։ Գործերը բաժանված էին պատշաճավոր մինիստրությունների մեջ։ Գիտեի, որ պատերազմական մինիստրը Ստեփան Մամիկոնյանն էր, ֆինանսների մինիստրը` Սամսոն Հարությունյանը, ինքը` նախագահը, վարում էր արտաքին գործերը եւ այլն, ըստ կարգի։ Ի՞նչ պաշտոն ուներ Նիկոլ Աղբալյանը, հաստատապես չգիտեմ, կարծեմ` Խորհրդի քարտուղարն էր։ Բայց այդ չէ գլխավորը։ Նա զբաղվում էր մի փոքրիկ սենյակում, իսկ այդ սենյակի պատից կախված էր մի շատ մեծ աշխարհագրական քարտեզ, որի վրա հաստ գունավոր շերտով նշանակված էին Հայաստանի սահմաններն Անդրկովկասում։

Այս սահմանագիծը նրա սեփական աշխատանքն էր։ Ամեն մեկին մոտեցնում էր քարտեզին եւ սկսում էր բացատրություններ տալ։ Սահմագիծը երկու հատկություն ուներ` բնական եւ ազգագրական բաժանումներ։ Ճիշտ որ, նա շատ խնամք էր թափել այդ աշխատանքի վրա։ Նա գիտեր յուրաքանչյուր լեռ, յուրաքանչյուր փոքրիկ գյուղ։ Բնական բաժանումների կողմից սահմանը միանգամայն կայուն եւ ապահով էր։ Բայց ազգագրական բաժանումների կողմից գիծը հաճախ խանգարում էին թուրքաբնակ գյուղերը, խմբերով թե հատ-հատ։ Բայց սա մեծ հոգս չէր Ազգային Խորհրդի աշխարհագրագետի համար։ Այդ ազգագրական խոչընդոտները նա վերացնում էր դաշնակցական հռչակավոր «սրբել-մաքրելու» միջոցով։ Աղբալյանը աջ ձեռքի մատները կիսով չափ թիակաձեւ դնում էր այդ թուրքական տեղերի վրա եւ արագ շարժումով տանում էր հայկական սահմաններից դուրս` ցույց տալով, թե թուրք ազգաբնակչությունը դուրս կշպրտվի սահմանի այն կողմը եւ այսպիսով կվերականգնվի այս կամ այն տեղի զուտ անխառն հայկականությունը։ Զարմանալի սեր ուներ այդ շնորհալի գրողը դեպի թուրք գյուղերի սրբումն ու մաքրումը։ Եվ ես հիշում եմ մի ժողով, ուր, երբ Նիկոլ Աղբալյանը վեր կացավ եւ հայտարարեց, թե Անիի մոտ եղած քուրդ գյուղերը «մաքրված» են, Միքայել Պապաջանյանը խոնարհվեց դեպի ինձ եւ Սամսոն Հարությունյանը եւ ասաց. «Министр по погромным делам»[340]։

Ուրեմն, դաշնակցական տակտիկան, գործողության եղանակը մնում էր հինը, անկախ այն հանգամանքից, որ այժմ հեղափոխություն է կատարվում ժողովրդական զանգվածների ազատագրման, հավասարության եւ եղբայրության սկզբունքների իրականացման։ Թուրքահայաստանի հարցը չէր այժմ, ուզում էին Հարավային Կովկասում մի Հայաստան, որ չունենար իր մեջ կամ շատ քիչ ունենար թրքություն։ Եվ որքան նոր աղետներ ծնվեցին այս ապուշ ցանկությունից հայ ժողովրդի համար…

Գ

Դեռ Կովկասյան ճակատի վրա կանգնած էր ռուսական խոշոր եւ հաղթական բանակը, ուստիեւ կարգը համեմատաբար դեռ կայուն էր։ Բայց ահա պայթեց Հոկտեմբերյան հեղափոխությունը։ Ամենից առաջ սա կուսակցական մի խոշոր պարտություն էր նաեւ վրաց մենշեւիկների համար։ Չխեիձեն եւ Ծերեթելին, հազիվ ճողոպրելով, Վրաստան փախան, որ եւ այսպիսով դարձավ վերջնականապես պարտված կուսակցության ապաստարանը։ Զուր չէր, որ վրաց մենշեւիկները հեղափոխության սկզբից իրենց ձեռքն էին առել հեգեմոնիան բոլոր կովկասյան ազգությունների վրա։ Այժմ նրանք, հիմնվելով հենց այդ հեգեմոնիայի վրա, իրենց կուսակցական շահերը փաթաթում էին Անդրկովկասի ամբողջ ազգաբնակչության շլնքին եւ նրան կտրում բոլշեւիկյան Ռուսաստանից։ Այս տեսակ մի անարդար բան[341] վրաց մենշեւիկները չէին կարող անել, եթե միացած չլինեին «Մուսավաթի» հետ։ Այս կազմակերպությունը, իբրեւ երիտթուրքերի կուսակցության մի կովկասյան բաժանմունք, բոլշեւիկյան Ռուսաստանի դեմ չէր միայն, այլ առհասարակ Ռուսաստանի. չէին ուզում, որ ռուսները մնան Կովկասյան լեռնաշղթայի հարավային մասում։ Ուստի մուսավաթականները միանգամայն համաձայն էին, որ Անդրկովկասը չճանաչի բոլշեւիկական Ռուսաստանին։ Վրաց հասարակության եւ մենշեւիկության մեջ էլ շատ զարգացած էր անջատողական գաղափարը, ուստի վիրա-թուրքական համաձայնությունը շատ կետերում բխում էր երկու ազգերի հասկացած շահերից։

Այլ էր հայ ժողովրդի դրությունը։ Նա շատ լավ ըմբռնում էր, որ իր համար ամենաիրականը ռուսական օրիենտացիան է, եւ որ առանց Ռուսաստանի ինքը չի կարող գտնել հանգստություն իր պատմական հայրենիքում։ Հենց այդ պատճառով էլ վրացիներն ու թուրքերն ատում էին հայերին, բացարձակ մեղադրում էին, թե նրանք են եղել, որ բերել են ռուսներին Անդրկովկաս, նվաճել են տվել։ Սակայն հայ ժողովուրդը, մեկուսացած եւ թույլ լինելով, չէր կարող անկախ դիրք բռնել Ռուսաստանից բաժանվելու հարցի մեջ։ Եվ Դաշնակցությունը, կովկասյան ազգերի միացման գաղափարը փրկելու համար, հարում էր մենշեւիկ-մուսավաթյան համաձայնությանը, թեեւ մեծ հարց էր, թե ինչո՞ւ հայ ժողովուրդը պիտի գերադասեր մենշեւիկյան սոցիալիզմը բոլշեւիկյան սոցիալիզմից։

Երեք ազգությունները իբր թե միացան։ Կարծում էին, թե միացում է նշանակում երեքով մի սենյակի մեջ նստելը։ Հարցը սենյակի մեջ չէր, այլ նրա մեջ, որ երեք ազգությունների ղեկավարող կուսակցությունները ազգայնական էին մինչեւ ոսկորների ծուծը եւ ոչինչ մոռանալ, ոչինչ իրենց զիջել չէին կարող։ Միացման ամենամեծ թշնամիները հենց նրանք էին, որոնք նստել էին իրար կողք եւ ասում էին, թե միացել են։ Եվ ահա նոյեմբերին հայտարարվեց Անդրկովկասի կառավարության նոր կազմակերպություն։ Այս դեռ պաշտոնական եւ վերջնական անջատումը չէր Ռուսաստանից։ Դրությունը ձեւակերպվեց այնպես, թե նոր վարչությունը կլինի ժամանակավոր եւ կկրի տեղական հանգամանք, մինչեւ որ կհավաքվի համառուսական Սահմանադիր ժողովը։ Նոր կազմակերպվող իշխանության կենտրոնական մարմին դառնում էր Սեյմը, որ բաղկացած էր Սահմանադիր ժողովի համար Անդրկովկասից եւ Կովկասյան բանակից ընտրված անդամներից, որոնց թիվն ավելացվում է որոշ սկզբունքով, ըստ կուսակցական ցուցակների։ Այս կենտրոնական մարմինն էլ ընտրում է գործադիր իշխանություն, որ կվայելի ամբողջ ազգաբնակչության վստահությունը։ Սակայն այս կարգը չի պահպանվում։

Մինչեւ Սեյմի գումարումը, մի հասարակ հրամանով գոյություն է ստանում «Անդրկովկասյան կոմիսարիատը», որի մեջ բացարձակապես տիրապետող դերը պատկանում էր վրացիներին եւ գլխավորապես մենշեւիկներին։ Կառավարության նախագահի, արտաքին եւ ներքին գործերի (ապա նաեւ պատերազմական) մինիստրների պաշտոնները վրացիների ձեռքում էր։ Թուրքերը ստանում էին փոստ-հեռագրական եւ ճանապարհների հաղորդակցության մինիստրությունները, իսկ հայերին, որոնք ներկայացած էին լոկ դաշնակցականներով, տրվում էին գոյություն չունեցող ֆինանսների եւ հասարակական խնամատարության մինիստրությունները։ Հայ սոցիալ-դեմոկրատիայի մեկ ներկայացուցիչ էլ պորտֆել ուներ այդ կառավարության մեջ, բայց իբրեւ ընդհանուր ռուսական սոցիալ-դեմոկրատիայի անդամ եւ ոչ թե իբրեւ հատկապես հայերի կողմից ընտրված։

Պաշտոնների այս դասավորումը, իհարկե, առանձին նշանակություն չէր ստանա, եթե մենք գտնվեինք մի միջավայրում, ուր իսկապես եւ անկեղծորեն մարդիկ հավաքված լինեին ինտերնացիոնալ գաղափարներով։ Բայց Կովկասի երկնքի տակ այդպիսի միջավայր դեռ չկար. գազանային նացիոնալիզմն էր թաքնված բոլոր անվանումների եւ էտիկետների տակ։ Եվ երբ այսպես էր, փոխարկելով պաշտոնների բաժանումը սովորական պարզ լեզվի, ստացվում էր այն իրականությունը, որ իրեն հայ ազգի ամբողջությունը համարող Դաշնակցությունը կրում էր մի նոր չարաչար պարտություն՝ ստանձնելով երրորդական դեր կովկասյան նոր իրականության մեջ։ Այսպիսով հայ ժողովուրդը կորցնում էր իր ունեցած դիրքն ու նշանակությունը։

Իսկ որքա՞ն ճիշտ էր, թե Անդրկովկասը շարունակում էր մնալ Ռուսաստանի մի անբաժան մասը։ Այստեղ միայն բառերի խաղ կար եւ ոչ թե ճշմարտություն։ Ռուսաստան ասելով հասկացվում էր ամեն տեսակ Ռուսաստան, բայց ոչ երբեք բոլշեւիկյան։ Եվ որովհետեւ հոկտեմբերից հետո միմիայն բոլշեւիզմն էր Ռուսաստանի իրական տերը, ուստի դուրս էր գալիս, որ Անդրկովկասը 1917թ. նոյեմբերից արդեն իրապես անջատված էր Ռուսաստանից եւ իր գործերը կարգադրում էր ինքնագլուխ։ Առաջին քայլը, որ արվեց այս ուղղությամբ եւ որ ուղղակի ոճրագործություն էր հայ եւ վրացի ժողովուրդների, բայց մանավանդ առաջինի վերաբերմամբ, այն էր, որ Անդրկովկասյան կոմիսարիատը շտապեց մերկացնել կովկասյան ռազմաճակատը՝ հայտարարելով զորացրում եւ զենքի տակ պահելով միայն ազգային զորաբաժինները։ Սա նշանակում էր, որ երկրից հեռացվում էր ռուսական խոշոր եւ դեռ շատ ուժեղ բանակը։ Ճիշտ է, նրա մեջ արդեն սկսել էր բույն դնել քայքայումը, բայց Անդրկովկասյան կոմիսարիատը փոխարեն ամեն կերպ աշխատելու, որ այդ ուժը չքանդվի, չլքի այն երկիրը, որ դեռ նոր միայն հայտարարվել էր Ռուսաստանի անբաժան մաս, սկսեց ճամփու դնել նրան։

Ամեն ինչ չափազանց պարզվեց։ Թուրքերը սկսեցին հարձակումներ գործել ռուս գյուղերի վրա, քանդեցին, ավերեցին դրանք, կոտորեցին մարդկանց։ Ռուս գաղթական ազգաբնակչությունից շատ քիչ բան մնաց երկրում. մնացածները փախան Ռուսաստան։ Կատարվում էր, ուրեմն, «սրբում-մաքրում»։ Այդ նույն ժամանակ սկսված էր ռուսական մեծ բանակի տանջալից եւ արյունոտ նահանջը Արաքսի ափերից մինչեւ Հյուսիսային Կովկաս։ Բոլոր թուրքաբնակ վայրերում (Շարուր, Բորչալու, Թիֆլիսից մինչեւ Դերբենդ եւ էլ հեռու) զորամասերը պիտի պատերազմով ճանապարհ բաց անեին իրենց համար՝ շատ տեղերում նվաճելով յուրաքանչյուր քայլ տարածությունը։ Թուրքերն ուզում էին զինաթափ անել զինվորներին, խլել նրանց ամբողջ ռազմամթերքը։ Այս հողի վրա էր, որ տեղի ունեցավ Շամխորի մեծ աղետը, որ, ինչպես պատմել է ինձ մի շատ ազդեցիկ ինտելիգենտ թուրք, պատրաստել էին Գանձակի թուրք կալվածատերերը, եւ որին մասնակցեցին նույնիսկ Գանձակի գիմնազիայի թուրք աշակերտները։

Շամխորում դարանի մեջ ընկնողը մի խոշոր զորամաս էր՝ բաղկացած մոտ 3 հազար հոգուց։ Կոտորածից գրեթե ոչ ոք չազատվեց։ Թուրքական հարվածների տակ ընկան նույնիսկ ռուս սպաների կանայք եւ երեխաները։ Դավադրության մեջ մուսավաթ-մենշեւիկյան գործակցություն էր նկատվել։ Քննություն պիտի կատարվեր։ Տալիս էին Նոյ Ռամիշվիլիի անունը։ Եվ երբ լրագրերում փորձ եղավ արդարանալու նրանով, որ ռուսական զորքերի մաս-մաս ուղարկման կարգը տրված է եղել երեք ազգային խորհուրդների համաձայնությամբ, հայոց Ազգային Խորհուրդը պաշտոնապես հայտարարեց, թե ինքը ոչ միայն որեւէ համաձայնություն չի տվել, այլեւ Անդրկովկասից ռուսական զորքերի հեռանալը համարում է դժբախտություն։

Շուտով սկսվեցին հայ-թուրքական ընդհարումները։ Կրկնվում էին 1905-1906 թվականների անցքերը. տեղ-տեղ հայ-թուրքական համագումարների կոմեդիան էր երեւան գալիս՝ իբրեւ թե հաշտություն կայացնելու համար, բայց միաժամանակ այսինչ կամ այնինչ երկաթուղային կայարանում անմեղ մարդկանց իջեցնում էին գնացքներից եւ մորթում լոկ այն պատճառով, որ նրանք հայեր էին կամ թուրքեր։ Ռուսական զորքերի հեռանալուց հետո թուրքական ռազմաճակատի վրա՝ Երզնկա-Մուշ-Վան ուղղությամբ մնում էին հայ զորքերը։ Թուրքիայի հետ կռվողներն, այսպիսով, հայերն էին։ Անդրկովկասյան թուրքերը, միշտ ղեկավարված օսմանյան շտաբի սպաներով, խփում էին հայերին թիկունքից՝ դժվարացնելով ռազմաճակատը պաշարեղենով եւ ռազմամթերքով ապահովելու հնարավորությունը։ Այս կողմից կարեւորություն էին ստանում մանավանդ Բորչալու եւ Շարուր գավառների թուրքաբնակ այն մասերը, որոնցով անցնում է երկաթուղին։

Գաղտնի կազմակերպության ձեռքով ղեկավարվող թուրքերը հարձակումներ էին գործում գնացքների վրա։ Դաշնակցականներն էլ զբաղված էին «մաքրման-սրբման» գործով։ Սուրմալուի գավառի թուրք ազգաբնակչության մի նշանավոր մասը փախցված էր իր բնակության տեղերից։ Շատ գյուղեր Երեւանի եւ այլ գավառներում քանդված ու ավերված էին. հայ ֆիդայիները անօգուտ եւ անհարկավոր գազանություններ էին կատարում եւ այնտեղ, ուր թուրք տարրը, շատ փոքրաթիվ լինելով, չէր կարող ոչ մի վնաս հասցնել հայերին։ Վրդովեցուցիչ էր մասնավորապես Վարդանլու փոքրիկ գյուղի կոտորածը Փամբակի Մեծ Ղարաքիլիսա գյուղի մոտ։

Եվ ահա, այսպիսի փոխհարաբերությունների մեջ գտնվող ազգայնական կազմակերպություններն էին, որ Թիֆլիսի փոխարքայական պալատում նիստեր էին անում երկիրը համերաշխ միաբանությամբ կառավարելու համար։ 1918-ի հունվարին հավաքվեց Անդրկովկասյան Սեյմը։ Այնտեղ հայերի կողմից միմիայն դաշնակցականներն էին բազմած։ Ուրիշ որեւէ կազմակերպություն ներկայացուցիչ չուներ։ Մինչդեռ թուրք ազգաբնակչությունը, բացի մուսավաթականներից, ուներ մի քանի այլ անուններ կրող կազմակերպություններից պատգամավորներ, օրինակ՝ սոցիալ-դեմոկրատներ, անկախ սոցիալիստներ եւ այլն։ Վրացական կազմակերպություններն էլ՝ սոցիալ-ֆեդերալիստ, նացիոնալ-դեմոկրատ եւ այլն, նույնպես ներկայացված էին Սեյմում։ Եվ Դաշնակցությունն էլ, իհարկե, իրավունք էր ստանում հոխորտալու, թե ինքը կազմում է հայ ազգի ամբողջությունը, թե իրենից դուրս հայություն չկա։ Սա մի հիվանդոտ, խեղված դրություն էր։

Դ

Այսպիսի պայմանների մեջ էր երկիրը 1918թ. սկզբին, երբ թուրքական զորքերի հրամանատարության կողմից առաջարկություն եղավ հաշտության բանակցություններ սկսել։ Դրանից առաջ, դեկտեմբերին կնքվել էր զինադադար, որի պայմաններով երկու բանակների միջեւ բաժանման գիծ էր որոշված եւ արգելված էր, որ կողմերն անցնեն այդ գիծը, մինչեւ զինադադարի համար որոշված ժամանակամիջոցի վերջը։ Պետք է ասել, որ թեեւ Կովկասյան բանակի հրամանատարությունը մնում էր իր բոլոր օժանդակիչ հիմնարկությունների հետ միասին, բայց իրապես այդ մի հրամանատարություն էր՝ առանց բանակի եւ հեղինակության, եւ ներկայացնում էր անկարողության ծայր աստիճանը։ Ահագին տարածություններ ընդգրկող ռազմաճակատը պահպանելու համար մնացել էին մի քանի գզգզված եւ սաստիկ մաշված հայկական գնդեր, որոնցից յուրաքանչյուրը հազիվ ուներ 200-400 մարդ։ Գիտեին, իհարկե, որ այս մի շատ ողորմելի ուժ է, բայց ինչպե՞ս ձեռքից տալ ամբողջ Թուրքահայաստանը։ Եվ Ազգային Խորհուրդը որոշեց զուտ հայկական զինվորական այնպիսի կազմակերպություն ստեղծել, որ բավական լինի ոչ միայն Էրզրումը, այլեւ Երզնկան թուրքերին ետ չդարձնելու համար։ Եվ սկսվեց մի գործունեություն, որ սաստիկ հիշեցնում էր Կռիլովի «Գորտ եւ ցուլ» առակը։

Ամենից առաջ հայտարարվեց, թե ճակատի պաշտպանությունը հնարավոր է հենց այն պատռճառով, որ հակառակորդ կողմը՝ օսմանյան բանակն էլ քայքայված է։ Այս մասին ամենահանգստացուցիչ լուրեր ճակատից բերել էր Արշակ Ջամալյանը, մի մարդ, որ իր կյանքի մեջ համարյա բոլոր մասնագիտությունների վարպետ էր իրեն ցույց տվել։ Ներսիսյան դպրոցի ուսուցիչ, որ իր մի քանի աշակերտների հետ կամավոր էր գնացել. եւ այս բանը բավական եղավ, որ նա դառնա պատերազմական հարցերի բոլորովին լավատեղյակ մասնագետ։ Իբրեւ այդպիսին նա եղել էր անդամ այն մասնաժողովի, որ գնացել էր Երզնկայի ճակատը՝ զինադադարի պայմանագիրը ստորագրելու համար։ Վերադառնալով՝ նա սկսել էր «փչել» դաշնակցականին հարազատ ջերմեռանդությամբ։

«Բաժանարար գծի երկարությամբ,- ասել էր նա,- յոթ վերստ լայնություն ունեցող տարածության վրա մերոնք չեն հանդիպել թուրք ասկյարների։ Բոլորը փախել են սովից ու տկլորությունից։ Խմբապետ Սեբաստացի Մուրադն իր 400 հայդուկներով մտել է Երզնկայի խրամատների մեջ, քաջաբար պաշտպանվում է եւ ասել է, թե մի թիզ հող չի տա թուրքին, եթե իրեն օգնություն հասցնեն»։ Այս առիթով Ջամալյանը դասախոսություններ կարդաց, մեկը հատկապես կանանց համար, որոնք, այնուամենայնիվ, անտարբերությամբ վերաբերվեցին նրա կոչերին, թեեւ մի դաշնակցական տիկին հանեց իր ոսկե ժամացույցը եւ նվիրեց «ազգի փրկության» գործին։ Պատերազմական եկամուտներով ավելի եւս հղփացած եւ ճարպակալած հայ բուրժուազիան չէր, իհարկե, որ կգնար Էրզրումի պարիսպները պաշտպանելու։

Ազգային Խորհուրդն էլ ծավալեց մի կրակոտ, ռազմատենչ պրոպագանդա։ Կոչեր հրապարակվեցին, խորհրդակցություններ գումարվեցին, զորաժողով հայտարարվեց։ Առաջ քաշվեց ժողովրդական հերոս Անդրանիկը, որին տրված էր գեներալ-մայորի աստիճան։ Նրան հանձնարարված էր կազմակերպել գեթ մի 2 հազարանոց զորաբաժին եւ գնալ Էրզրումը պաշտպանելու։ Անդրանիկն էլ մի պերճախոս կոչ հրապարակեց, խնդրեց, որ հայ ժողովուրդը կա՛մ իրենից ետ վերցնի իրեն տված «ժողովրդական հերոս» տիտղոսը, կա՛մ այնքան զինվոր տա, որ ինքը կարողանա կատարել ժողովրդական հերոսի իր պարտավորությունն այս ծանր հանգամանքների մեջ։ Ազդված այդ հորդորից, բայց առավելապես ուրիշներին հորդորելու համար՝ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը «Հորիզոնի» մեջ ասաց Անդրանիկին, թե նրա տրամադրության տակ է դնում իր տան երեխաներին։ Առհասարակ, լրագրության ասպարեզում գործը շատ փայլուն կերպարանքով էր ներկայանում։ Ամեն կողմից թռչում էին հեռագրեր, որոնցով բազմաթիվ ընկերակցություններ, կազմակերպություններ, խմբեր իրենց դնում էին Ազգային Խորհրդի տրամադրության տակ։ Մանավանդ շատ բան սպասելի էր թուրքահայերից, որոնք տաք-տաք ժողովներ էին անում Թիֆլիսում իրենց հայրենիքի պաշտպանության գործը լրջորեն հիմնավորելու համար։

Մինչ սա այսպես էր, թուրք հրամանատար Վեհիբ-փաշան, տեսնելով, որ իր առջեւ գրեթե ոչ ոք չկար կանգնած, խախտեց դեկտեմբերյան զինադադարով որոշված գիծը եւ, քշելով Մուրադին Երզնկայից, առաջ անցավ դեպի Էրզրում՝ կովկասյան հրամանատարությանը հայտնելով, թե այդպես պիտի առաջ գնա, մինչեւ որ հանդիպի ռուսական զորքերին։ Ոչինչ չկարողանալով դուրս հանել այս արշավանքի դեմ՝ Անդրկովկասյան կոմիսարիատը շտապեց օգտվել նույն Վեհիբ-փաշայի առաջարկությունից եւ վերջնական հաշտության բանակցություններ սկսել։ Համաձայնություն կայացավ, որ օսմանյան եւ անդրկովկասյան լիազորներն իրար հանդիպեն Տրապիզոն քաղաքում։ Այնքան անտեղյակ էր Անդրկովկասյան կոմիսարիատը, որ կարծել էր, թե ռուսական զորքը դեռ բոլորովին չէր թողել Տրապիզոնը, եւ թուրքերն էլ դեռ բոլորովին չեն տիրացել նրան. այնպես որ, կարելի էր այն հարմար տեղ համարել բանակցություններ վարելու համար։

Սեյմն ընտրեց իր անդամներից պատգամավորներ ըստ ազգությունների՝ վրացի, թուրք, հայ. մշակեց եւ վավերացրեց հաշտության առաջնակարգ սկզբունքները։ Դրանք իսկապես երկու կետից էին բաղկացած. առաջին՝ վերականգնում այն պետական սահմանների, որոնք գոյություն ունեին Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ 1914թ. պատերազմի հայտարարման րոպեին, եւ երկրորդ՝ պատվիրակությունը ձեռք է բերում ինքնորոշման իրավունք Արեւելյան Անատոլիայի համար, մասնավորապես, ավտոնոմիա Թուրքահայաստանի համար՝ թուրքական պետականության շրջանակների մեջ։ Այս որոշումը կայացվել էր միաձայն, հետեւապես պետք էր սպասել, որ ամբողջ պատվիրակությունը միահամուռ կպաշտպաներ այն։

Փետրվարի երկրորդ կեսն էր։ Մի օր ինձ մոտ եկան Հ. Քաջազնունին եւ Ս. Մամիկոնյանը, որոնք Ազգային Խորհրդի կողմից ինձ հայտնեցին, թե ես նշանակված եմ հայ պատվիրակների խորհրդական՝ Հայոց հարցի վերաբերյալ տեղեկություններ տալու համար, եւ խնդրեցին պատրաստվել՝ մի քանի օրից հետո ճանապարհվելու համար։ Ես հրաժարվեցի՝ ասելով, որ հիվանդ եմ, ծովային ճամփորդություն տանել չեմ կարող։ Բայց ոչ մի կերպ ազատվել չկարողացա։ Գնացի նախագահ Ահարոնյանին եւ մյուս անդամներին էլ խնդրեցի, բայց դարձյալ իզուր։ Ամենքը գտնում էին, որ իմ գնալը շատ անհրաժեշտ է. այնպես որ, եթե հիվանդությունս սաստկանա էլ, դարձյալ այդպիսի մի զոհ իմ կողմից շատ չի լինի Հայոց հարցի համար։ Հավատացած էին, թե թուրքերը պիտի նստեն, երկար ու բարակ մեզ հետ «մսլհաթ անեն» Բեռլինի 61-րդ հոդվածի մասին, եւ ուզում էին այնպես անել, որ մի լավատեղյակ մարդ ղեկավարի հայ պատվիրակներին այդ խոսակցության մեջ։ Այնքան բաներ պատահելուց հետո անգամ՝ մենք դեռ չէինք բուժվել մեր քաղաքական դժբախտ ռոմանտիզմից…

Ազատվելու ճար ու հնար չմնաց, որքան աշխատեցի։ Շատ դժգոհ, ուղղակի վրդովված դրության մեջ նշանակված օրը գնացի Ազգային Խորհրդի նիստին՝ հրահանգներ առնելու համար։ Բայց այդ ի՞նչ նիստ էր։ Կուսակցություններն սկսեցին իրար հետ ընդհարվել, առաջացավ շփոթ, աղմուկ, իրար վրա բղավում էին, նախագահը ստիպված եղավ նիստը փակել։ Առաջին անգամն էի տեսնում մեր այդ ազգային բարձրագույն հաստատությունը գործի նստած, եւ նա ինձ վրա թողնում էր անասելի ողորմելի տպավորություն։ Միակ լավ բանը, որ թվում էր՝ ազատում էր ինձ Տրապիզոն գնալու տխուր անհրաժեշտությունից, այն էր, որ նիստի վերջին լուր բերին, որ Բաթումից ստացվել է մի աղավաղված ռադիո՝ Կարախանի[342] ստորագրությամբ, որ հայտնում էր, թե Բրեստ-Լիտովսկում ստորագրվել է հաշտության դաշնագիր Խորհրդային Ռուսաստանի եւ Գերմանիայի ու նրա դաշնակիցների միջեւ, եւ հաշտության պայմանագրերից մեկն էլ այն էր, որ Թուրքիան ետ է ստանում 1878 թվին իր կորցրած Բաթումի, Արդահանի եւ Կարսի սանջակները։

Բանակցություններն այլեւս ավելորդ էին։ Վեհիբ-փաշան հեռագրով պահանջեց մաքրել Բաթումը, Արդահանը եւ Կարսը։ Բայց մի երկու օրից հետո դրությունը պարզվեց։ Անդրկովկասյան կոմիսարիատը ոչ միայն չէր ընդունում Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը, այլեւ բողոքում էր նրա այն հոդվածի դեմ, որ վերաբերվում էր երեք սանջակներին, իբրեւ մի բռնի օտարացման դեմ, որ կատարվել է առանց կովկասյան ազգերի համաձայնության։ Ուստի եւ որոշվեց անմիջական բանակցությունների մեջ մտնել Թուրքիայի հետ՝ հաշտության պայմաններ մշակելու համար։ Թուրքիան համաձայն էր, բայց ոչ թե Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը վերաքննելու եւ փոփոխելու, այլ պարզապես բարեկամության եւ դրացիության պայմաններ մշակելու համար։ Այսպիսի անորոշության մեջ էր պատվիրակությունը մեկնում Թիֆլիսից Տրապիզոն, ես էլ նրա հետ։ Բանակցության երկու գլխավոր կետերը մնում էին անփոփոխ։ Նորակազմ անդրկովկասյան պետությունը շատ խամ ու խակ էր իրեն ցույց տալիս միջազգային հարաբերությունների մեջ։

Ինչեւիցե։ Թիֆլիսը ես թողնում էի ծանր ու մռայլ մտածումների մեջ։ Հաց չկար, հանգստություն չկար, կարծես այդ մի խաղաղ քաղաք չէր, այլ պատերազմական դաշտ, ուր օր ու գիշեր միալար հրացանաձգություն էր տեղի ունենում, որը երբեմն ընդունում էր կատաղի կերպարանք։ Կայարանում կանգնած էր հատուկ գնացք պատվիրակության համար։ Շքեղ սալոն-վագոն եւ սեղանատուն՝ սա պատվիրակների համար էր, մնացածը պիտի տեղավորվեին սովորական վագոններում։ Ես տեղ գտա մի վագոնի մեջ, որի վառարանը կոտրված էր, իսկ ցուրտը զգալի էր ինձ համար։ Գնացքը դեռ մի կայարան նոր անցած՝ մեզ հացի կանչեցին։ Շատո՜նց էր, որ չէինք տեսել այսպիսի բաներ՝ սպիտակ հաց, շվեյցարական պանիր, հնդկահավ։ Փոխարքայական պալատի պաշարներից էին, բայց չկարծեք, թե ամեն օր այդպիսի բաներ էին ուտեցնում մեզ։

Սեղանատանը ծանոթացանք պատվիրակության հետ։ Նա բավական ստվարաթիվ էր, որքան հիշում եմ՝ մոտ 45-50 հոգի, հաշվելով այդ թվի մեջ ամենքին, մինչեւ գրագիրներն ու ծառաները։ Պատվիրակության գլուխն էր ներքին գործերի կոմիսար Չխենկելին։ Վրացիներն ամենաբազմամարդ տարրն էին պատվիրակության մեջ։ Իսկական պատվիրակները չորս հոգի էին՝ երկու սոցիալ-դեմոկրատ, մի սոցիալիստ-ֆեդերալիստ եւ մի նացիոնալ-դեմոկրատ։ Ամեն ֆրակցիա ուներ իր խորհրդականները, բացի դրանից՝ կային հնագետներ, պատմագետներ, որոնք բերել էին իրենց հետ մեծ քանակությամբ գրքեր՝ ապացուցելու համար, որ Բաթումից մինչեւ Օլթի վրացական հողեր են եղել մի ժամանակ։ Թուրք պատվիրակների թիվը հինգն էր՝ երկու մուսավաթական եւ երեք սոցիալիստ զանազան գունավորումների։ Նրանք էլ ունեին իրենց խորհրդականները, եւ նրանց մեջ էր «Մուսավաթի» հիմնադիր եւ հայտնի պանթուրքիստ Ռասուլզադեն[343]։ Հայ պատվիրակները երկու հոգի էին, երկուսն էլ դաշնակցական՝ Հովհաննես Քաջազնունի եւ Ալեքսանդր Խատիսյան։ Նրանց խորհրդականն էր Ռուբեն-փաշան, որ, սակայն, շուտ վերադարձավ Տրապիզոնից։ Կար բացի ինձնից եւ մի այլ հայ խորհրդական, բայց ֆինանսական գործերով՝ Մենտոր Բունիաթյան։ Հիշատակեմ, որ մեզ հետ էր նաեւ կովկասյան շտաբի պետ գեներալ Լեւանդովսկին, եւ նրա հետ՝ մի խումբ սպաներ։

Երեկոյան Չխենկելին մեզ ամենքիս ժողովեց սեղանատանը՝ գործունեության ծրագիրը մշակելու համար։ Ժողովից հետո, թեյի վրա խոսակցություն սկսվեց քաղաքական բովանդակությամբ, որ պտտվում էր Թուրքիայի շուրջը։ Մեր Խատիսյանը, հավատարիմ իր համակերպվող բնավորությանը, արդեն ավանսներ էր տալիս, թե Դաշնակցությունը պիտի փոխի իր օրիենտացիան։ Այլեւս ո՛չ արեւմտյան, ո՛չ էլ հյուսիսային պիտի լինի հայերի օրիենտացիան, այլ արեւելյան։ Այս հայտարարությունն արժանանում էր թուրք պատվիրակների բարձրաձայն հավանություններին։ Ինձ հետաքրքրողը Խատիսյանը չէր։ Բոլոր ժողովվածների մեջ մեծ հետաքրքրություն ինձ համար ներկայացնում էին մեր թուրք ընկերակիցները։ Բացարձակ կերպով նրանք հայտարարում էին, որ Անդրկովկասի կենսական շահը պահանջում է, որ ռուս տիրապետողներ այլեւս չլինեն այնտեղ։ Բոլոր ազգերը պիտի միանան՝ կանգնեցնելու համար հյուսիսից եկող ամեն մի արշավանք։

Մեր պատվիրակությանը վիճակված էր մի ամսից ավել ապրել Տրապիզոնում։ Այդ բավական ժամանակ էր, որպեսզի ես կարողանայի ավելի մոտիկից ծանոթանալ մեր թուրք ընկերակիցների հետ, մանավանդ որ նրանք հենց սկզբից սկսեցին վերաբերվել ինձ մի առանձին համակրանքով՝ իբրեւ մի մարդու, որ միմիայն «քիթաբ ադամի» է (գրքի մարդ) կամ «թարիխջի» (պատմաբան)։ Մեր մերձեցմանը նպաստում էր այն հանգամանքը, որ ես բավական լավ խոսում էի թուրքերեն եւ բացի դրանից՝ պատվիրակներից մեկը՝ Խալիլ-բեկ Խասմամեդովը, գանձակեցի էր, ուրեմն համարյա թե ինձ հայրենակից։ Եվ մենք նստում էինք ու խոսում շատ ու շատ բաների մասին։ Օրինակ, մի օր ես խնդրեցի Ռասուլզադեին, որ ինձ բացատրի պանթուրքիզմի էությունը, ձգտումները։ Եվ նա ինձ ամենայն բարեխղճությամբ մի ամբողջ դասախոսություն կարդաց, թե ինչպես է տարածվել այդ շարժումը, թե ինչ միացնող դեր է կատարել օսմանյան գրականությունը լեզվով իրարից հեռացած թուրք ցեղերի մեջ։ Իսկ շարժման քաղաքական նպատակն է՝ մի թուրքական կայսրություն՝ Զմյուռնիայից մինչեւ Միջին Ասիա։ Չափազանց հետաքրքրական էին իմ խոսակցությունները նաեւ Խալիլ-բեկ Խասմամեդովի հետ։ Նա ինքն էր որոնում հարմար ժամ «Լեո-էֆենդիի» (այսպես էին ինձ անվանում բոլոր թուրք պատվիրակները) հետ բացեիբաց, սրտանց խոսելու համար։

«Մուսավաթի» ազդեցիկ եւ հեղինակավոր ներկայացուցիչներից մեկն էր նա եւ ամենայն անկեղծությամբ պատմում էր, որ Դաշնակցության քաղաքականությունը մեզ՝ հայերիս կատարյալ կործանում պիտի բերի։ Դաշնակցականները, ասում էր նա, Երեւանի շրջանում 20-25 թուրք գյուղեր են քանդել։ Եվ գիտե՞ք ինչ բան է մի հատ քանդված մուսուլմանական գյուղը։ Այն իսկույն ցավագին արձագանք է տալիս այստեղ՝ Թուրքիայում, հուզում է ժողովրդին, որ եւ պահանջում է իր կառավարությունից վրեժխնդրություն, իր եղբայրակիցների ազատություն։ Այսպիսով ստեղծվում է ամեն տեղ մի շատ վատ տրամադրություն հայերի նկատմամբ։ Այս շատ վտանգավոր է, թող մտածեն ձեր առաջնորդները։ «Սիզա կըրալլար, Լեո-էֆենդի, բախ, գեյիրամ, բու բիր գյուն դըր» (ձեզ կկոտորեն, Լեո-էֆենդի, տես, ասում եմ, այս մի օր է[344])։

Որքա՜ն օգուտներ մենք կլինեինք շահած, եթե փոխանակ իրար դեմ մաուզերներ մեկնելու, իրար կողքի նստեինք, խոսեինք, իրար հասկանայինք։ Երեսուն տարի մենք միայն մի լեզու գիտեինք՝ «կայծե՛նք» (Ակնունիի սիրած բառը)։ Եվ մինչ մենք կայծում էինք ու սովորում, որ կայծելուց ավել բան չէր պահանջվում, մեր թիկունքում աճել ու պտուղներ էր տվել մի ամբողջ քաղաքական շարժում՝ թուրք ցեղերի զարթնումը։ Պե՞տք է ավելացնել, որ Խասմամեդովի բոլոր խոսքերը ես պատմում էի մեր դաշնակցական երկու պատվիրակներին եւ մանավանդ հռչակավոր Ռուբեն-փաշային։ Եվ պե՞տք է արդյոք ավելացնեմ, որ ոչ փաշաները լռությամբ էին ինձ պատասխանում, իսկ փաշան՝ արհամարհական ժպիտով…

Ե

Հրաշալի արեւոտ եւ հանդարտիկ մի օր էր, երբ մենք դուրս եկանք Բաթումից։ Առավոտյան մեր գնացքի առջեւ շար ընկավ մի վաշտ զորք։ Երիտասարդ վրացի սպաներից էր այն բաղկացած, որոնք դեն էին դրել իրենց սրերը եւ վերցրել էին հրացաններ՝ հասարակ զինվորների դեր կատարելու համար։ Սա ցույց էր տալիս, որ վրացական զորամասերն էլ քայքայման դրության մեջ էին։ Եվ սակայն միայն Բաթումը՝ Սեւ ծովի հարավային ափի այդ ահեղ բերդն ու հոյակապ նավահանգիստը, պաշտպանելու համար որքա՜ն զորքեր են հարկավոր։ Ահա նրա ահարկու մարտկոցները սարի լանջերից իրենց թնդանոթների բերանները դեպի ծովն են ուղղել, բայց թվում են կախարդված, մեռած, ամայի… Եվ այսպիսի՜ ինքնապաշտպանողական միջոցների վրա էին դրել իրենց հույսը վրաց մենշեւիկները, երբ շտապում էին ամեն գնով իրագործել Ռուսաստանից անջատվելու իրենց տենչանքը։ Բաթումը մի չափազանց մեծ ամրություն էր, եւ այն կարող էին պաշտպանել մի մեծ պետության ուժերը։ Հարկավոր էր ոչ միայն ցամաքային, այլեւ ծովային պաշտպանություն, մինչդեռ նրա մեծ եւ առաջնակարգ նավահանգստում մի հատ պատերազմական փոքրիկ նավ կար, այն էլ պիտի մեզ տաներ Տրապիզոն։

Այդ նավը ռումինական էր եւ կրում էր Ռումինիայի թագավոր Կարլի անունը, որ թեեւ այժմ ջնջված էր, որովհետեւ նավը գտնվում էր բոլշեւիկների ձեռքին, բայց եւ այնպես, նավազները շարունակում էին այն անվանել «Կարլուշկա»։ Կեսօրին մոտ մեր իրերը տեղափոխեցինք այդ «Կարլուշկայի» մեծ դահլիճը։ Մեզ հետ նույն նավը տեղափոխվեց եւ երիտասարդ սպաների վաշտը, որ պիտի դառնար մեր պաշտպանությունը բանակցությունների ընթացքում։ Շուտով «Կարլուշկան» հնչեցրեց իր հուշկապարիկը եւ սկսեց գրեթե աննկատ սահել իր փոթորիկներով այնքան հռչակված Եվքսինյան Պոնտոսի՝ մեր բախտից՝ անշարժ, հայելանման ալիքների վրայով։ Մենք ամենքս դուրս էինք թափվել տախտակամածի երեսը եւ վայելում էինք հազվագյուտ եղանակը։ Սքանչացած էի ես մանավանդ, որ կյանքիս մեջ առաջին անգամն էի ծովային ճանապարհորդություն կատարում։

Մեր «Կարլուշկան» բոլորովին էլ պատերազմի համար չի եղել շինված։ Այդ մի սովորական տախտակե ճանապարհորդական նավ էր. միայն ներկա պատերազմի ժամանակ նրա տախտակամածի վրա՝ առջեւում եւ ետեւում ամրացրել էին երկու մեծ թնդանոթ, անունը դրել էին «օժանդակ հածանավ» եւ մտցրել Սեւ ծովի ռուսական նավատորմի մեջ։ Նավազների մի մասը՝ փոքրաթիվը, ռումինացի էր, մեծագույն մասը՝ ռուս, ամենքն, ինչպես ասացի, բոլշեւիկներ։ Հասկանալի է, թե որպիսի հետաքրքրությամբ եւ, ինչո՞ւ թաքցնել, երկյուղով էինք մենք նայում նրանց։ Դեռ բոլորովին նոր էր այս տարրի տիրապետությունը, դեռ Ռուսաստանում անհնարին կատաղությամբ քաղաքացիական պատերազմ էր բոլորված, եւ մեզ միշտ այն էին պատմել լրագրերը, թե գազաններ են բոլշեւիկները եւ ոչ թե մարդիկ։ Եվ ահա այդ «գազանների» մեջ էինք մենք, նրանց կատարյալ իշխանության տակ, ինչ ուզեն՝ կարող են անել մեզ հետ, հենց վերցնել եւ «Կարլուշկան» տանել Սեւաստոպոլ ու մեզ հանձնել հեղափոխական տրիբունալին՝ իբրեւ հակահեղափոխականների…

Այսպիսի ակնարկներ կիսաշշուկով լսվում էին մեր մեջ։ Բայց զարմանալի բան… «Գազանները» չեն հարձակվում մեզ վրա, նավային ծառայությունը տանում են օրինակելի կարգապահությամբ, մեծ թե փոքր ճանաչում են իրենց պարտավորությունները. եւ ոչ միայն այդ՝ այլեւ հիանալի խոսքընկերներ են։ Ահա մեկը, շատ լավ զարգացած մի մարդ, երեւի ծովային սպա հին ռեժիմի ժամանակ, ծովային կյանքից պատմություններ է անում, եւ ի՜նչ՝ երկրագնդի շուրջը մի քանի անգամ պտտված մարդ է… Մեկ Սինգապուրն է, մեկ՝ Մալայան արշիպելագը, մեկ՝ Մադերան, մեկ՝ Նյու Յորքը… Որտեղից որտեղ… Եվ պատմում է որքա՜ն լավ, ուղղակի տաղանդավոր կերպով։ Ահա մի ուրիշը՝ հասարակներից՝ խոխոլի արտասանությամբ, նստում է իմ եւ Խատիսյանի միջեւ։ Շատ երիտասարդ չէ, ծովային մի գայլ, որի կապույտ աչքերը կարող են հինգ վերստի վրա որոշել, թե այն ծուխը, որ երեւում է՝ «Համիդիե» հածանավի ծուխն է եւ ոչ թե մի ուրիշ նավի։ Խատիսյանը խոսեցնում է նրան ուրիշ բաների մասին, եւ ես լսում եմ լարված ուշադրությամբ։

Նա հավատարիմ է իր զինվորական դաստիարակությանը, կռվողի ու երկիր պաշտպանողի գիտակցությունն անաղարտ է նրա մեջ։ Սիրում է նա սեւծովյան նավատորմն իբրեւ իր սեփական ընտանիքը, պատմում է դեպքեր, թե ինչպես այդ նավատորմը քաջաբար պայքարում էր թուրք-գերմանական ծովային ուժերի դեմ, խոսում է հաշտության, Ռուսաստանի շահերի մասին։ Ուղիղ դատողություններ, ժողովրդական առողջ տրամաբանություն… Բայց հենց որ հարցը գալիս է տապալված ռեժիմին, ծովային գայլը կերպարանափոխվում է։ Այստեղ ո՛չ մի զիջում, ո՛չ մի մեղմություն… Նա տեսնում է իր առջեւ մարդկանց մի սարսափելի դասակարգ՝ շահագործողներին, որոնց նա ատում է անհունորեն։ Ոչի՛նչ զիջում այդ շահագործողներին։ Եվ նրա կապույտ աչքերի մեջ վառվում է մի բոց, որի մեջ, թվում է՝ մի վայրկյանում պիտի մոխրանա ամբողջ աշխարհի շահագործող մարդկությունը։ Վա՜յ ձեզ, շահագործողներ, ուր էլ լինեք դուք...

Երեկոյան հասանք Տրապիզոն, բայց ափ չիջանք ոչ միայն այդ օրը, այլեւ հետեւյալ մի քանի օրերը։ Թուրքական պատվիրակությունը դեռ չէր եկել Կ.Պոլսից, եւ մենք մնացինք «Կարլուշկայի» մեջ՝ սպասելու նրան։ Ծովափը ահագին տարածության վրա ներկայացնում էր մի մեծ բանակի հապճեպ, խուճապային փախուստի հետքերը։ Հարյուրավոր, հազարավոր սայլեր, սայլակներ, բեռնակիր ավտոմոբիլներ եւ ուրիշ տեսակ-տեսակ իրեր թափթփված էին սոսկալի անկարգության մեջ։ Պետք է նկատել, որ Տրապիզոնը վերցվելուց հետո Նիկոլայ Բ-ի հրամանով պաշտոնապես կցված էր Ռուսաստանին, եւ այդ պատճառով ռուսաց պատերազմական գանձարանը, չսպասելով պատերազմի վերջին, ահագին ձեռնարկումներ էր սկսել այդ նավահանգիստը լավացնելու, մեծացնելու, ամրացնելու, հաղորդակցության համար ճանապարհներով ճոխացնելու համար։

Երկաթուղի էր շինվում Բաթումից մինչեւ Տրապիզոն, եւ այս վերջինի ծովափում դարսված էին ռելսերի ամբողջ լեռներ։ Իսկ թե որքան պաշար, ռազմամթերք եւ հարյուր ու մի տեսակ հանդերձանքներ կային մթերված քաղաքի մեջ, այդ երեւակայել անգամ չէր կարելի։ Երբ ռուսական բանակը, թողնելով ամեն ինչ, հեռանում է հապճեպով, քաղաքում մնում է մի վրացական գունդ, որին հանձնվում է այդ անհուն հարստությունների պաշտպանությունը։ Սակայն գունդը հայտնում է, թե գնում է Վրաստանի սահմանները պաշտպանելու եւ հեռանում է Տրապիզոնից։ Եվ որովհետեւ այդտեղ սկսում էր գլուխ բարձրացնել անիշխանությունը, ուստի մնացած ռուսները (քաղաքային վարչություն, հեղափոխական կազմակերպություններ) իրենք գնում են որոնելու թուրքական զորքեր եւ, գտնելով մի գունդ՝ հեռու տեղում, բերում եւ քաղաքը հանձնում են նրան։ Իսկ ռուսաց պատերազմական գույքի պահպանության համար մնում է գեներալ Կուլասովսկին՝ մի քանի սպաների եւ այլ ծառայողների հետ։ Կովկասյան գլխավոր հրամանատարությունը ուրիշ ճար չգտնելով եւ գոնե թղթի ձեւականությունը փրկելու համար, հրամայում է նրան ամբողջ գույքն առանձին ցուցակներով հանձնել թուրք զինվորական իշխանությանը՝ իբրեւ ի պահ…

Մեր «Կարլուշկայի» գալը փրկություն էր ամենից առաջ հենց այդ ռուս զինվորական եւ քաղաքացիական պաշտոնյաների համար։ Նրանք շտապեցին գալ մեզ մոտ եւ անվերջ ու անսահման գանգատներ բերել։ Գեներալ Կուլասովսկին ասում էր, թե ինքը պարզապես իրեն զգում է իբրեւ պատվավոր գերի թուրք զինվորականների ձեռքին, որոնց կեղծ, առերես քաղաքավարական ձեւերի տակ թաքնված է արհամարհանք եւ ատելություն։ Ինչո՞ւ զարմանալ։ Մի երկիր, որ դեռ երեկ ջախջախված էր, իր մեծ մասը կորցրած, այսօր հրաշքով, առանց մի կաթիլ արյուն թափելու՝ դարձել էր հաղթող, տիրացել էր անհաշիվ հարստությունների եւ իր ձեռքում ուներ երեկվա հաղթողներից մի քանիսին՝ անօգնական ու անպաշտպան դրության մեջ։ Ուրիշ ի՞նչ կերպ կարող էր վարվել նա…

Տրապիզոնում այսպես գերի մնացած ռուս զինվորներից մեկը թիֆլիսեցի էր եւ շատ լավ ճանաչում էր Խատիսյանին։ Նա շատ մեծ զարմանք հայտնեց, որ մի հայ, թեկուզ նույնիսկ խաղաղարար պատվիրակության անդամի դիրքով, համարձակություն ունի մտնելու Թուրքիա։ Այդ զարմանքը կատարյալ սարսափի փոխվեց, երբ նա իմացավ, որ բացի Խատիսյանից չորս ուրիշ հայեր էլ կան պատվիրակության մեջ։
- Աստված իմ,- ասում էր նա՝ ձեռքերը իրար խփելով,- բայց թուրքի մոտ հայի անուն տալ անգամ չի կարելի։ Կատաղությունն անչափ է, անսահման է հայերի դեմ… Եվ դուք պիտի նրանց հետ խոսեք իբրեւ հայե՞ր, հայերի մասի՞ն…
Այ քեզ բան… իսկ մեզ ուղարկել են այստեղ Հայաստանի ավտոնոմիա պահանջելու համար… Կատարյալ խեղկատակներ են եղել այս անդրկովկասյան նոր պետության դիվանագետները։

Եվ Հայոց հա՞րցն է միայն, որի մասին չի կարելի խոսել։ Իսկ որքա՜ն ստորացում ամբողջ պատվիրակության համար։ Օրեր են անցնում, թուրք պատվիրակությունը չկա ու չկա, իսկ մեր «Կարլուշկայի» մեջ արդեն սով է սկսվում։ Ո՛չ ափ ենք իջնում, ո՛չ հետ ենք գնում։ Ափ իջնողները միայն մեր թուրք ընկերակիցներն են։ Գնում են, ամբողջ օրը մնում, երեկոյան վերադառնում ուրախ ու գոհ, ինչպես Ավետյաց երկրից։ Ավետյաց երկիր Տրապիզո՜նը, այն էլ ինտելիգենտ մարդկանց համար, այդ կեղտոտ ու հոտած արեւելյան քաղաքն իր սոսկալի նեղ, ծուռումուռ փողոցներով, մանր, ցածրիկ, տգեղ տներով։ Եղած մեծ ու գեղեցիկ շինություններն էլ հույներին էին պատկանում։ Ի՞նչ համեմատություն նույնիսկ Բաքվի հետ, ուր թուրքերն այնքան հոյակապ տներ ունեն։

Ասացե՛ք, ծիծաղ չէ՞ր, ծաղր չէ՞ր մեր առաքելությունը… Ամեն օր թուրքական զորամասերը երաժշտությամբ անցնում էին Տրապիզոնի միջով դեպի Բաթումի կողմը՝ այն գրավելու համար։ Էլ ի՞նչ էր մնում մեր բանակցությունների համար։ Ոչ ոք չգիտեր։ Ոչ ոք չէր հասկանում, որ ամեն բանի մեջ ուժն է վճռողը։ Իսկ անդրկովկասյան մեծախոս պետությունը չուներ ոչ մի ուժ եւ չէր կարող վախեցնել նույնիսկ ամենավախկոտին։ Բայցեւայնպես, մենք գնում էինք, խոսելու էինք գնում. ինչ կբարեհաճեին անել թուրքերը, մենք էլ նայած դրան՝ թե որ կարողանայինք մի բան անել… Մեզ շատ խղճում էին «Կարլուշկայի» բոլշեւիկ նավազները։ Շատ անգամ նրանք նավի քթի մեծ թնդանոթի կողքին կանգնած՝ հանաքով ասում էին. «Հապա թե «Կարլուշկան» մի քանի անգամ թքի քաղաքի վրա. այդպես չեն անի»։ Բայց եթե «Կարլուշկան» «թքեր»,- մենք սա հետո իմացանք,- իսկույն կրակ պիտի բաց անեին լեռան լանջերի վրա ռուսների ձեռքով դրված մեծ թնդանոթները, եւ այն ժամանակ մեր «Կարլուշկայից» հետք անգամ չէր մնա…

Բայց մեզ, վերջապես, խղճաց Րաուֆ-բեյը՝ օսմանյան պատվիրակության նախագահը, որ իր հետեւորդներվ ժամանեց Կ.Պոլսից եւ իսկույն բանակցություններ սկսեց Չխենկելիի հետ. համաձայնություն կայացավ, որ մեր պատվիրակությունն անհապաղ ափ իջնի, սակայն առանց մեր զինվորական պահակի։ Իրիկնապահ էր, երբ մենք հրաժեշտ տվինք մի քանի օրվա մեր բնակությամբ արդեն մեզ հարազատ դարձած «Կարլուշկային» եւ մանավանդ մեր երիտասարդ եւ սիրելի սպա-զինվորներին ու նստեցինք մակույկների մեջ։ Երբ ափ ելանք, մեզ դիմավորեցին մի խումբ թուրք պաշտոնյաներ, եւ նրանցից մեկը ողջույնի մի քանի խոսք ասաց գերմաներեն լեզվով։ Նվագեց զինվորական երաժշտությունը, փողոցի զանազան կողմերում ուղղակի հողի վրա ածած նավթն այրեցին - ահա եւ ասիական «չրաղվան»[345]։ Կառքերով մեզ սկսեցին ծովափից փոխադրել մեզ համար պատրաստված տունը, ուր մեզ սպասում էին թեյը, ապա եւ՝ ընթրիքը, որ մանավանդ շատ ի դեպ էր՝ «Կարլուշկայի» վրա մեր քաշած սովից հետո։

Մենք իմացանք, որ ամբողջ այդ օրը Տրապիզոնի մեջ մունետիկները բարձր ձայնով ավետել են, թե սուլթանի զորքերը հետ են վերցրել Էրզրումը, եւ այդ առիթով ուրախություններ են կատարվել։ Հասկանալի է, թե որքան տխրություն պիտի պատճառեր այդ լուրը մեր պատվիրակությանը։ Պետք է ասեմ, որ վրացիները մեծ հույս ունեին հայ զորքերի եւ հայդուկային խմբերի քաջության ու դիմացկունության վրա։ Նրանցից ոմանք մեզ ասում էին, թե իրենց սպասելիքը մեր զինվորներից ավելի շատ է, քան իրենց զինվորներից։ Բայց Էրզրումի անկումն այն առաջին մեծ հարվածն էր, որ գալիս էր ցնցելու այդ հավատը. մի բան, որ հետո ավելի եւս զարգանալով՝ պիտի վերին աստիճանի խախուտ դարձներ հայ-վրացական զինակցության հնարավորությունները։

Էրզրումի անկում… Չափազանց մեծ բառեր գործածեցի ես. մինչդեռ դեպքը շատ փոքր է եղել, բայց ուռցվել է տասնապատիկ։ Էրզրումը պատերազմով չէր վերցված։ Անդրանիկը ավտոմոբիլի մեջ կանգնած՝ հանել է թուրը եւ ասել, որ ամենքը գնան իր ետեւից, բայց ոչ ոք չի գնացել։ Սկսվել է նահանջը, եւ թուրքերն առանց դժվարության մտել են հռչակավոր բերդի մեջ։ Այսպես մեզ պատմեցին Կովկաս վերադառնալուց հետո։

Զ

Մեզ հատկացված էր Թեոֆիլակտիս հարուստ հույնի տունը, որ եվրոպական մի գեղեցիկ շինություն էր՝ հին հունական տան բաժանումներով։ Առաջին հարկում սեղանատունն էր եւ ընդարձակ «ատրիումը», երկրորդ հարկը հատկացված էր բուն պատվիրակներին, երրորդում ապրում էինք մենք՝ հասարակներս։ Հասարակ լինելը, սակայն, այս անգամ այնքան էլ մեծ մեղք չէր։ Մեր բարձրության առջեւ փռված էր ամբողջ Տրապիզոնը։ Ամեն րոպե մեզ էր նայում հայոց ամայացած եկեղեցու լուռ գմբեթը՝ հիշեցնելով, որ այստեղ մի ժամանակ հայ ազգաբնակչություն է եղել։ Մենք համարվում էինք Տրապիզոն քաղաքի հյուրեր, կերակրվում էինք նրա հաշվին, եւ մեր այս տունը բավական խնամքով էր շրջապատված։ Մուտքի մոտ միշտ կանգած էին երկու պահապան զինվորներ եւ պատրաստի կառքեր՝ պատվիրակների տրամադրության տակ։ Սկսվեցին կոնֆերանսի աշխատանքները. սկզբում այցելություններ եւ փոխայցելություններ, հետո՝ նիստերը, որոնք մեզ մոտ չէին տեղի ունենում, այլ թուրքական պատվիրակության տանը՝ Րաուֆ-բեյի նախագահությամբ։

Իսկ արտաքին պայմանները գնալով ավելի եւ ավելի աննպաստ էին դառնում մեր պատվիրակության համար։ Ամենից առաջ հենց այն, որ մեր «Կարլուշկան», մնալով անփող եւ անպարեն, գնացել էր Բաթում իր ստանալիքը պահանջելու։ Բայց այստեղ բոլոր բոլշեւիկներին ձերբակալել էին եւ ուղարկել Ռուսաստան, նավն էլ մտցրել էին Անդրկովկասյան «նավատորմիղի» մեջ, որ բաղկացած էր, որքան հիշում եմ, մի քանի հատ փոքր նավերից։ Սակայն հեռացնելով ռուս նավազներին՝ Բաթումի իշխանությունները միամտություն էին ունեցել թողնելու ռումինացի նավազներին։ Եվ ահա նրանք մի քանի ժամանակից հետո սարքում են բոլոր հանգամանքներն այնպես, որ դուրս են գալիս Բաթումից եւ «Կարլուշկային» փախցնում տանում են Ռումինիա։

Մեզ համար հարցն իհարկե այդ դեպքերը չէին, այլ այն, որ մենք մնացինք աշխարհից կտրված, գերիներ՝ թուրքերի ձեռքին։ Այս դրությունը տեւեց մոտ երկու շաբաթ, որի ընթացքում մենք մեզ զգում էինք անտանելի դրության մեջ։ Ճիշտ է, հաղորդակցություն մի կերպ պահպանվում էր մոտորանավակներով եւ հատուկենտ մարդիկ գնում էլ էին, գալիս էլ, բայց գլխավորն այն էր, որ մենք ռադիոհեռագիր չունեինք եւ չէինք կարողանում ո՛չ լուր ուղարկել, ո՛չ ստանալ։

Այս միջոցին էր, որ առավոտյան իմացանք, թե Ռասուլզադեն, որ գնացել էր Թիֆլիս, գիշերը նավակով ճանապարհ է ընկել Բաթումից եւ եկել Տրապիզոն։ Առավոտյան թեյին չտեսանք նրան, գալուն պես գնացել էր Վեհիբ-փաշայի մոտ, որ նոր էր եկել Տրապիզոն։ Չխենկելին մեզ հայտնեց, որ Ռասուլզադեն տեղեկություններ է բերել Բաքվում տեղի ունեցած խոշոր դեպքերի մասին եւ մանրամասն զեկուցում կտա մեր ընդհանուր ժողովին՝ ճաշից առաջ։ Բայց մինչեւ այդ էլ մենք բավական բան իմացանք այն դեպքերի մասին, որոնք կատարվել էին Բաքվում, մարտի 30-ին։ Մեծ կսկիծով իմացանք, որ սպանվել է Լեւոն Աթաբեկյանը եւ այլ ցավալի մանրամասնություններ։ Թուրք պատվիրակները շատ տխուր էին եւ դառնացած։ Ռասուլզադեն թեեւ Բաքվում չէր եղել, բայց նրա զեկուցումը մանրամասն էր, թեեւ ինչպես հետո պարզվեց ամենքիս համար՝ շատ էլ միակողմանի։

Միանգամայն անտանելի էր զեկուցման ունկնդիր հայերիս դրությունը։ Մինչ ամեն օր խոսք ու զրույցը համերաշխության եւ եղբայրության մասին էր, դարձյալ ահա, այս արյունոտ մղձավանջը։ Մենք ամբողջ սրտով ցանկանում էինք, որ երկու դաշնակցական պատվիրակները հերքեին զեկուցողի խոսքերը, ապացուցեին, որ Դաշնակցությունն անմասն է կամ գոնե շատ քիչ մաս ունի այդ արյունոտ անցքերի մեջ։ Բայց գրեթե լուռ մնացին նրանք, եթե չհաշվենք Քաջազնունու մի քանի թույլ նկատողությունները։ Եվ ի՜նչ կարող էին ասել, երբ ոչինչ չգիտեին։ Հետո ինչ հանգամանք ուզում է թող պարզվի, ինչ գույն ուզում են թող ստանան դեպքերը։ Ի՞նչ օգուտ։ Բանն այն է, որ արդեն տրամադրությունն ստեղծվել է, որ ամենքը գիտեն, թե Բաքվում հայերը կոտորել են թուրքերին։ Ճաշի ժամանակ մուսավաթական Հաջինսկին[346], որ նստած էր իմ դիմաց, ասաց դառնությամբ. «Ես վեց երեխա ունեմ Բաքվում, թող ամենքն էլ կոտորված լինեն, բայց Բաքվի մեջ մի հատ հայ էլ չի մնա»։ Կարող եմ ասել, որ այստեղ՝ Տրապիզոնում էր, որ վճռվեց Բաքվի հայերի սեպտեմբերյան ահռելի կոտորածը…

«Այս ի՞նչ դժբախտություն է,- մտածում էի ես մենակ մնալով,- ի՞նչ զարհուրելի դժբախտություն է, որ հայ ժողովուրդն ունի միայն մի հատիկ ներկայացուցիչ, եւ այդ այն կուսակցությունն է, որ արյան քաղաքականությունից ձեռք չի վերցնում եւ միեւնույն ժամանակ հաշտության ու բարեկամության բանակցությունների միակ ներկայացուցիչն է։ Նրան չեն հավատում, նրանից խորշում են ամենքը, բայց նա անողոք է հայ ժողովրդի միակ ներկայացուցիչը մնալու մենաշնորհի մեջ։ Ի՜նչ դժբախտություն։ Մի՞թե չկան հայ ժողովրդի մեջ ուրիշ տարրեր, որոնք դուրս գան, բարձրաձայն հայտարարեն, թե կա այդ ժողովրդի մեջ եւ ուրիշ տեսակ մտածողություն, թե արյունն ու թշնամությունը պաշտամունք չեն հայ ժողովրդի համար։ Չկա՞ն այդպիսի տարրեր։ Երեւի չկան, որ դուրս չեն գալիս»։
Այո, այո, հուսահատական էր…

Վերջապես, «Կարլուշկայի» փոխարեն Տրապիզոնի նավահանգիստ եկավ հատկապես մեզ համար մի ուրիշ նավ, որ պատերազմական ոչ մի հանգամանք չուներ. գեղեցիկ ճանապարհորդական շոգենավ էր, որ իր «Նիկոլայ Բ» անունը դեն էր շպրտել եւ կոչվում էր «Վեչե»։ Բայց նա հենց առաջին գիշերը բռնեց մի մեծ գերմանական ռադիո՝ լիքը հաղթական ինքնագովություններով։ Գերմանացիներն առաջ էին խաղացել անգլիական ճակատի վրա ու ճեղքել այն, եւ ահա այս առաջին քայլի փառաբանություններն էր գերմանական ռադիոն տարածում ամբողջ աշխարհի վրա. «Անգլիական դիվիզիաները փախչում են մեր առջեւ, մեր նորագույն թնդանոթը 70 կիլոմետրի վրա ռմբակոծում է Փարիզը»։

Այս հաղթությունը մեծ տոնախմբության առիթ էր դարձել Կ.Պոլսում։ Տրապիզոնն էլ իրենն էր անում. փողոցով անցնող թուրք զորաբաժինների երգերի մեջ բարձրաձայն շեշտվում էր «ալեման-օսմանի» եղբայրությունը։ Մեր պատվիրակությունը կուչ էր եկել. զգում էր ծանրացած մթնոլորտի ճնշումը։ Իսկ մեր թուրք ընկերակիցները փայլում էին ուրախությունից, շարունակ կանգ էին առնում Թուրքիայի մեծ քարտեզի առաջ։ Այստեղ ամեն ինչ վերստանում էր իր նախկին դրությունը։ Անգլիական մի բանակ կար Պաղեստինի կողմերում, բայց նրա վրա ուշադրություն դարձնող չկար, ոչ ոք այդ կողմից վտանգի չէր սպասում։ Մնում էր Բաղդադի ճակատը։ Այն էլ, ինչպես պատմում էին մեր այդ ընկերակիցները՝ թուրք զինվորականների ասածները կրկնելով, շուտով կվերացվեր, եւ անգլիացիները կշպրտվեին Հնդկական օվկիանոս։

Ահա այսպիսի պայմանների մեջ էին ընթանում Տրապիզոնի կոնֆերանսի աշխատանքները։ Մենք՝ կովկասցիներս, անճար, թուրքերը՝ ուժեղ, հաղթական, գոռոզ։ Ի՞նչ կարող էր դուրս գալ ուժերի այս տեսակ փոխհարաբերություններից, բացի ծիծաղելի եւ խղճուկ դրությունից։ Ամենագլխավոր պահանջն էր՝ ընդունել Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը, հանձնել Թուրքիային Բաթումը, Արդահանն ու Կարսը՝ իրենց գավառներով։ Մեր պատվիրակությունն «իմաստուն» մի հնար գտավ. չտալ ամբողջը, այլ միայն մի որոշ մասերը, մի խոսքով՝ սակարկության մեջ մտնել։ Շատ լավ։ Միջոցը գտնված է, բայց ի՞նչ տալ եւ ի՞նչ պահել։ Սկսեցին երկար դատել, կշռել։ Վրացիների համար շատ պարզ էր խնդիրը՝ պետք էր տալ Կարսը եւ պահել Բաթումը։ Թուրքերն[347] էլ միացան այդ առաջարկությանը։

Երկար տատանումներից հետո միեւնույն միտքն ընդունեց եւ հայ պատվիրակներից Քաջազնունին։ Բայց ի՞նչ անել Կարսի շրջանի 100 հազար հայությանը, ինչպե՞ս պաշտպանել Երեւանի նահանգը եւ մանավանդ նրա հաղորդակցության միակ ճանապարհը՝ երկաթուղին, որ բավական երկար տեղ քերում է Արփաչայի ափը եւ այսպիսով կընկներ թուրքերի ոչ թե թնդանոթային կամ հրացանային կրակի, այլ [նույնիսկ] ատրճանակների գնդակների տակ։ Այս նկատառումները, որոնց պաշտպանողը ես էի խորհրդակցական ժողովներում, բերին այն եզրակացության, որ եթե կարելի է սակարկություններ անել, պետք է ընդունվի դրա համար այն սկզբունքը, որ Թուրքիային զիջվեն միայն թուրքաբնակ երկրամասերը։ Բաթումը եւ Կարսը որոշվում էր չզիջել։ Այս ցուցումների հիման վրա հաստատուն սահմանագիծ որոշելը հանձնվեց երեք հոգուց բաղկացած մի հանձնաժողովի, որի մեջ մտնում էինք՝ ես, վրացի երիտասարդ պատմագետ Ինղորավան եւ շտաբի մի ռուս սպա, որ լավ տեղյակ էր տեղագրությանը։

Սկսեցինք աշխատել։ Բայց առաջին իսկ քայլերից դժվարություններ հարուցում էր վրացական տենդենցիան՝ որքան կարելի է շատ բան տալ Կարսի շրջանից՝ Արդահանի եւ Բաթումի շրջաններում զիջողություն քիչ անելու համար։ Նկատեք, որ այդ բոլոր հողերը պատկանում էին ընդհանուր Անդրկովկասին։ Բայց եւ այնպես, «իմ ու քո»-ի խիստ հարցեր էին բարձրանում։ Այսպե՞ս պիտի երեք ազգերն ընդհանուր ուժերով երկիր պաշտպանեին։ Ես չէի ծածկում իմ զարմանքն ու դիմադրում էի չափազանց անդեմ մանր-մունր ազգայնական սակարկություններին։ Այս մասին, իհարկե, իմաց տրվեց Չխենկելիին, որն ինձանից բացատրություն պահանջեց եւ ստացավ սպառիչ մանրամասնություններով։ Կազմվեց հողաբաժանության ծրագիրը եւ հանձնվեց թուրք պատվիրակությանը։ Այս առիթով Կ.Պոլսից հրահանգ խնդրվեց։ Մինչեւ գալը՝ մեր պատվիրակությունն իր ձեռքն առավ ամենաթշվառը եւ ամենաաղետալին բոլոր հարցերից՝ Հայոց հարցը։

Առաջ նա քննվեց մեր ընդհանուր ժողովում։ Զեկուցողն էր Խատիսյանը։ Նա տվեց հարցի համառոտ պատմությունը, մանրամասնություններ պատմեց 1915-ի կոտորածներից եւ հատկապես Տրապիզոնի մեջ պատահածներից։ Պետք է ասել, որ հայ պատվիրակները շատ տեղեկություններ էին ստացել այդ սարսափների մասին հույն ականատեսներից։ Եվ ահա Խատիսյանը մի առ մի պատմելով դեպքերը՝ մատով ցույց էր տալիս այն սարը, որի ետեւը քշվեցին հազարավոր տղամարդիկ եւ կանայք եւ կոտորվեցին։ Ցույց էր տալիս եւ նավահանգստի այն տեղը, ուր տարան երեխաներով լիքը մակույկներ եւ ամենքին ածեցին ծովը։ Ի վերջո, զեկուցողը հայտնեց, թե հայերի ցանկությունն է ստանալ իրենց հայրենիքում մի անկյուն, ուր կարող կլինեն ապրել ինքնավար կյանքով, բայց թուրքաց կառավարության հովանու տակ։

Խատիսյանը տվեց եւ այդ անկյունի անունը։ Դաշնակցությունն այժմ բոլորովին համեստացել էր, նրա ուզած Հայաստանն այլեւս ծովից ծով չէր, այլ պարփակվում էր Վանա լճի շուրջը։
Այն, ինչ ես տեսա այդ զեկուցումից հետո, երբեք չի անհետանա իմ հիշողությունից։ Դժբա՜խտ հայ ժողովուրդ… Ո՞ւմ առաջ էր դրված նրա կրած սարսափների դատը։ Ովքե՞ր պիտի փրկության դուռ բաց անեին նրա համար։ Մուսավաթականնե՞րը պիտի վրդովվեին, նրանք, ովքեր պատրաստ էին ամեն րոպե կրկնել միեւնույնը հայերի գլխին։ Իսկ վրացի նացիոնալիստնե՞րը։ Ահա ամենից առաջ բերանը բաց է անում Գվազավան[348] եւ ասում է. «Այդ բոլորը հուզիչ է, բայց մենք ի՞նչ գործ ունենք այդ բոլորի հետ։ Մեզ համար մեծ բան կլինի եւ Բաթումի ազատելը, եթե կարողանանք։ Իսկ եթե Հայոց հարց բարձրացնենք, տանուլ կտանք եւ Բաթումը»։ Ես մի բառ անգամ չկարողացա արտասանել, եւ եթե մի զգացմունք կար այդ րոպեին իմ մեջ, այն էր, որ ես անիծում էի իմ ծննդյան օրը, անիծում էի ինձ որպես հայի, որ նստած էր այստեղ։ Ա՛հ, որքա՛ն եւ որքա՛ն էր մեզ ստորացնում Դաշնակցությունը։

Այնուամենայնիվ, որոշվեց դնել Հայոց հարցը։ Այսպես էր վճռել Սեյմը։ Բայց երբ կոնֆերանսի պաշտոնական նիստի մեջ մեր պատվիրակության կողմից խոսք եղավ այդ հարցը քննելու մասին, թուրք պատվիրակները սաստիկ դժգոհություն հայտնեցին եւ արգելեցին այդ մասին որեւէ խոսք ասել, քանի որ այդ իրենց ներքին գործն էր։ Իմանալ կարեւոր է, որ թուրքերն այլեւս նահապետական ձեւով չէին վարում իրենց գործերը։ Մի ժամանակ նրանք լռում էին, երբ նրանց մեղադրում էին, թե այս կամ այն կոտորածն են կատարել։ Այժմ նրանք չէին լռում, իրենք էլ էին մեղադրում, իրենց զոհի դրության մեջ ցույց տալիս։ Սեբաստացի Մուրադն իր խմբով Երզնկայում մի քանի տասնյակ թուրք եւ քուրդ էր կոտորել եւ փոխարենը չարաչար տուժել էր՝ իր նահանջի ժամանակ կորցնելով այն ամբողջ ժողովուրդը, որ նրա հետ հեռացել էր Երզնկայից։ Վեհիբ-փաշան աշխարհ էր դղրդացրել Մուրադի գազանություններով՝ ամեն տեղ հեռագրեր ուղարկելով եւ նկարագրելով մանրամասնություններ, որոնք ինքնըստինքյան սարսափելի էին իբրեւ կոտորածի մանրամասնություններ։ Այսպես էր, որ թուրք ազգաբնակչությունն այնքան գրգռված էր հայերի դեմ, որ չէր ուզում անգամ լսել նրանց անունը։ Եվ կգտնվե՞ր որեւիցե մեկը, թեկուզ շատ բարձրաստիճան թուրք, որ համարձակվեր այսպիսի միջավայրում խոսք անել Հայոց հարցի մասին…

Այդ թշվառ հարցը վիժեց։ Եվ եթե միլիոնավոր զոհեր տված հայ ժողովուրդը մի անգամ էլ անարգվեց, այս դարձյալ եւ դարձյալ Դաշնակցության մանկամիտ քաղաքականության պատճառով։
Բայց վիժողը միայն մեր հարցը չէր։ Կ.Պոլսից մեր հողային սակարկություններին պատասխան տրվեց մի վերջնագրով, որով պահանջվում էր ճանաչել Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը։ Բաթումի, Արդահանի եւ Կարսի մասին հարց չէր կարող լինել, քանի որ այդ տեղերը զիջել է Թուրքիային Ռուսաստանը, որի մի մասն է կազմում Կովկասն այսօր էլ։ Իսկ եթե Անդրկովկասն ուզում է առհասարակ դաշնադրական պայմանավորումների մեջ մտնել Թուրքիայի հետ, այն ժամանակ նա պիտի հայտարարի իրեն անկախ պետություն եւ հետո միայն բանակցություններ սկսի։ Ի՞նչ կարելի էր անել։ Մեր թուրք ընկերակիցներն անպայման պահանջում էին ընդունել թուրքական առաջարկը։ Վրացիները, սկսած Չխենկելիից, աշխատանք էին գործադրում թուրքերի հետ անջատ համաձայնություն կայացնել Բաթումը չտալու համար։

Մեր աչքի առջեւ նրանք ինչ-որ իրարանցման մեջ էին, մարդիկ էին ուղարկում տեսակցությունների, անկյուններում շարունակ տեղի էր ունենում փսփսոց մեր թուրք պատվիրակների համար։ Չխենկելիի աջ բազուկն այդ գործունեության մեջ հայտնի նացիոնալիստ եւ օտարակեր Վեշապելին էր, որ ծածկել էր թուրքական ֆես եւ դես ու դեն էր վազվզում։ Բանից դուրս եկավ, որ Չխենկելիի ջանքերի գլխավոր կետն այն էր, որ թուրքերը չշարունակեն իրենց արշավանքներն ու պատերազմական գործողությունները Բաթումի դեմ։ Պայմանները մեզ հայտնի չէին, բայց հետո պարզ հայտնի դարձավ, որ այդ մենշեւիկի քաղաքականությունն էր՝ ձեռք բերել թուրքական բարեկամություն ի հաշիվ հայերի…

Երկարորեն քննելով Բրեստ-Լիտովսկի պայմանագրի այն հոդվածը, որ վերաբերվում էր Բաթումին, Արդահանին եւ Կարսին, ես եկա այն եզրակացության, որ այդ հոդվածով թուրքերը անվերապահորեն տեր չէին դառնում այդ շրջաններին։ Դեռ պահանջվում էր տեղական ազգաբնակչության ընդհանուր ձայնատվությունը (ռեֆերենդում), որոշելու համար, թե ում է նա ուզում հպատակվել։ Այս դրությունն ինքնըստինքյան նախ որոշում էր, որ Թուրքիան չպիտի իսկույն մտցնի իր զորքերն այդ շրջանների մեջ, որպեսզի ապահովված լինի ընդհանուր ձայնատվության ազատությունը։ Եթե կարելի լինի այս հիմունքի վրա համաձայնություն կայացնել թուրք կառավարության հետ՝ հանել այնտեղից հայկական եւ վրացական զորքերը եւ չեզոք պահպանություն կազմել հենց իրենից՝ ազգաբնակչությունից, այն ժամանակ ընդհանուր ձայնատվությունը, կատարված ազատ պայմանների մեջ, կտա այն հետեւանքները, որոնց մենք ձգտում էինք հասնել մեր հողային զիջումներով, այն է՝ թուրքաբնակ մասերը կանցնեին Թուրքիային, հայաբնակ եւ վրացաբնակ մասերը՝ Անդրկովկասին։ Ամենագլխավոր կետն այն է, որ Թուրքիան իր ստորագրած դաշնագրով բոլորովին իրավունք չի ստացել իր զորքերով իսկույն գրավելու Կարսի, Արդահանի եւ Բաթումի շրջանները։

Այս իմաստով ես մի զեկուցում կարդացի մեր ընդհանուր ժողովում։ Ամենքն ինձ հակառակ խոսեցին եւ մանավանդ մեր թուրք ընկերակիցները, որոնք փրփուրը բերաններին ապացուցում էին, թե Թուրքիան հենց այժմ իսկ իրավունք ունի գրավել իր ստացած երկրամասերը, թե չպետք է առհասարակ անհաճո բան անել նրան, այլ խոսել հաշտ ու քաղցր լեզվով։ Այս, իհարկե, պատասախան չէր, այլ, ինչպես ասում են թուրքահայերը, «փոլիթիք»։ Էլի բանը գալիս հանգում էր այն վախճանին, որ ուժեղը Թուրքիան է, ուրեմն եւ նրան են պատկանում բոլոր իրավունքները։ Բայց այս դեպքում չպետք էր էլ դաշնադրող կողմի հովեր առնել, այլ պետք էր սպասել, թե ինչ կբարեհաճի տալ մեզ այդ ուժեղ Թուրքիան։ Հիշատակում եմ այս մանրամասնություններն այն պատճառով, որ այս ժողովից հետո Չխենկելին դարձավ Բրեստ-Լիտովսկի դաշնագրի ընդունման համոզված կողմնակից, թեեւ ոչ իմ բերած հիմնավորումներով։ Հեռագրով հաղորդելով թուրքական ուլտիմատումը Անդրկովկասյան կոմիսարիատին՝ Չխենկելին ստիպողաբար հանձնարարում էր նրան իր համոզումը, որ ընդունվի Բրեստի դաշնագիրը։

Բայց Սեյմի վրա նորից բռնացավ մենշեւիկական կուսակցական հաշիվը։ Կարո՞ղ էր մի Ծերեթելի, որ ամենակարողն էր Սեյմում, գեթ մի րոպե ընդունել, որ իր կատաղի թշնամի բոլշեւիկները արժանի են այնքան ուշադրության, որ նրանց ստորագրած պայմանը ստորագրեն նաեւ իրենք՝ մենշեւիկները։ Սեյմը որոշում է մերժել Թուրքիայի ուլտիմատումը եւ հեռագրով հրամայում է պատվիրակությանը՝ վերառադնալ Թիֆլիս։ Առավոտ էր, որ պատվիրակության քարտուղար Միքայել Թումանյանը եկավ մեզ հայտնելու, որ պատրաստվենք ճանապարհ ընկնելու։ Երեխաների պես թռչկոտում էինք ուրախություննից։ Մի ամսվա կոշմարը վերանում էր։ Այդ կոշմարը մեզ խեղդում էր նախեւառաջ իբրեւ հայերի։ Վախենում էինք դուրս գալ տանից։ Հետո խեղդում էր մեզ Տրապիզոնի իրականությունը։ Մի օր ես ու Բունիաթյանը կառքով գնացինք տեսնելու Սոուք-Սու անունով ամառանոցը, որ իսկապես մի հրաշալի անկյուն է՝ սքանչելի ամառային շինություններով, որոնք հույներին էին պատկանում[349]։ Ճանապարհին մենք տեսանք ռուսական քայքայված բանակի ցավալի մնացորդները։ Մի քանի տասնյակ թնդանոթներ եւ ձիերի երամակներ, որոնք վայրենացածի պես թափառում էին շրջակայքում եւ արածում նոր դուրս եկած կանաչների մեջ։ Ասում էին, թե մենակ այդ լքված ձիերի թիվը հասնում էր 25 հազարի…

Այս բոլոր տպավորությունները, հուշերը, ապրումները, քաղաքի հոտած փողոցներն իրենց անթիվ շներով, քաղաքակիրթ աշխարհի բացակայությունը մեզ վազեվազ տանում էին ծովափ։ Շուտո՜վ այստեղից, շուտո՜վ… Զգում էի, որ սեւ ու մութ օրեր են հավաքվում մեր գլխին. զգում էի, որ այս անհրապույր ասիական քաղաքը եւ բազմաթիվ սրա նմանները հավաքվում են մեզ վրա արշավելու։ Այս էր պատճառը, որ այդ օրը, վերջացնելով իմ օրագիրը, որ վարում էի Տրապիզոն գալու օրից, ես շատ խոշոր գրով ավելացրի բիբլիական հուզիչ բացականչությունը. «Դուստր ժողովրդեան իմոյ, քուրձ զգեցեր, մոխիր տարածեա… Զի յանկարծակի եկեսցէ թշուառութիւն ի վերայ մեր»։

Որպիսի՛ հրճվանքով բարձրացա ես «Վեչե» շոգենավի տախտակամածը։ Տանն եմ։ Պատրաստ էի գրկել ռուս նավազներից ամեն մեկին իբրեւ հարազատ եղբոր։ Իսկ մեր նավապե՞տը։ Հաղթանդամ մի մարդ, արեւառ դեմքով, որ պարծենում էր, թե երեսուն տարվա ընթացքում հազիվ վեց ամիս կլինի ցամաքի վրա քնած։ Ճաշեցինք նավի շքեղ սեղանատանը, մութին շարժվեցինք։ Քնեցի, ինչպես ասում են, մորթվածի նման։ Բաթում պիտի հասնեինք գիշերով։ Բայց առավոտ է, իսկ մեր նավը դեռ գնում է։ Հարցնում ենք պատճառը։ Պատասխանում են, թե գիշերը անկարելի է եղել ռադիոյի միջոցով խոսել Բաթումի հետ, ուստի նավապետը հասկացել է, որ թուրքերն, ուրեմն, մտել են Բաթում, եւ մենք այժմ գնում ենք Փոթի… Սա միանգամայն ճիշտ էր։ Երբ հասանք Փոթի, ծովափը լիքն էր փախստականներով։ Բաթումը վերցվել էր գրեթե առանց կռվի։ Փոքրաթիվ վրացական զորքը դիմադրություն չէր ցույց տվել եւ մեծ մասամբ գերի էր ընկել։

Ռիոնի ջերմոտ ափերում արդեն շատ տաք էր։ Եվ հազարավոր փախստականներ՝ մի գիշերվա մեջ թշվառացածներ, թափթփված էին արեւի տակ… Պատերազմ… Զզվելի անուն, մարդկության անեծք… Ո՞վ է եղել այն առաջինը, որ դարձել է այս ահռելի պաշտամունքի քուրմը… Ամեն ինչ կփոխվի աշխարհի երեսին. շո՞ւտ պիտի արդյոք փոխվի եւ այս հրեշը, այս խաղաղ ու թշվառ բազմություններն իր ատամների տակ ծվատողը։
Նորից արտակարգ գնացքով էինք գնում։ Վրաստանի օրհնյալ երկինքն է մեզ վրա՝ այն, որ երեսուն տարուց ի վեր հայրենի հարազատություն է դարձել ինձ համար։

Սամտրեդի կայարանում ենք։ Ժողովրդական մեծ հավաքումներ կան։ Դատում, խոսում են մեծ անցքի՝ Բաթումի գրավման մասին։ Այս աղետը վաղուց հասունացած էր, ամեն մեկն էր զգում դրա անխուսափելիությունը։ Մի առաջնակարգ բերդ չէր կարելի մի բուռն մարդկանցով պաշտպանել։ Բայց արի ու տես, որ վրացի գյուղացիները չիբուխին զոռ են անում եւ նրա ծխի հետ նորանոր հայտնություններ հանում իրենց փորից։ «Բաթումը,- ասում են,- չէր ընկնի, Չխենկելին է այն տվել թուրքերն՝ մեծ կաշառք ստանալով»։ Չիբուխի ծուխը կաշառքի չափն էլ հանեց գյուղական փորերից, կարծեմ՝ 30 թե 40 հազար մանեթ[350]…

Մյուս օրը, վաղ առավոտյան Թիֆլիսի կայարանում էինք։ Նորությունների մի մեծ փունջ էր մեզ սպասում լրագրերի էջերից։ Սեյմը պատերազմ էր հայտարարել Թուրքիային եւ մի կոչով դիմել Անդրկովկասի ամբողջ ազգաբնակչությանը։ Մահմեդական ֆրակցիան հայտարարել էր, թե մուսուլման ազգաբնակչությունը, կրոնակցական կապերով կապված լինելով թուրքերի հետ, հրաժարվում է նրանց դեմ հայտարարած պատերազմին մասնակցելուց։ Ծերեթելին դիմել էր ֆրակցիային եւ շպրտել նրա դեմքին «դավաճաններ» անունը։

Է

Պատերազմի ամբողջ ծանրությունը մնում էր հայերի եւ վրացիների վրա։ Բայց ես չէի հավատում, թե նրանք կարող կլինեն միասնական լինել նույնիսկ ակնհայտնի վտանգի առաջ։ Տրապիզոնում տեսածս ուրիշ մտածողություն չէր թողնում իմ մեջ։ Ինչ կարող են լինել մարդիկ, երբ նրանց մեջ փոխադարձ եւ անկեղծ համակրանք չկա, երբ նրանք իրար ատում են եւ իրար կործանումն են ուզում՝ նացիոնալիստական ողորմելի բարեհաջողությունների համար։ Թշնամին տուն մտած ժամանակ էլ նրանք իրար են նայում, թե ինչպես խաբեն, ինչպես մեկի դժբախտությունը մյուսն իր համար երջանկություն դարձնի։
Այդպես էլ եղավ։

Վերադարձից հետո մենք իսկույն հրավիրվեցինք Ազգային Խորհրդի նիստին եւ զեկուցումներ տվինք Տրապիզոնի խաղաղարար կոնֆերանսի մասին։ Պետք էր որոշել, թե ինչ պիտի լինի հայ ժողովրդի վերաբերմունքը դեպի Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը։ Դաշնակցականները անկարելի համարեցին այդ խոշոր հարցը լուծել Թիֆլիսում, իրենց շատ ընկերները գտնվում են Երեւանում եւ Ալեքսանդրապոլում. պետք էր հարցնել նաեւ հայ զինվորական պետերի կարծիքը։ Ուստի Ազգային Խորհուրդն իր ամբողջ կազմով եւ մենք գնացինք Ալեքսանդրապոլ՝ այնտեղ խորհրդակցություններ կազմակերպելու համար։ Առաջին անգամն էր հեղափոխությունից հետո, որ ես գնում էի Հայաստան։ Ավելորդ է ասել, որ ամեն տեղ տերն ու տնօրենը Դաշնակցությունն էր։ Եվ անկարգություն, անգլխություն էր ամեն տեղ. թալան՝ առանց քաշվելու, օրը ցերեկով։ Զորաժողով էր հայտարարված, Անգլիայի ներկայացուցիչն Էնզելիում խոստացել էր հայերին անհաշիվ վարկ, միայն թե նրանք կազմակերպեին զինվորական ուժ՝ ռուս զորքերին փոխարինելու համար։

Դաշնակցականները պայման էին դրել, որ Անգլիան պաշտոնապես հայտարարի Թուրքահայաստանի անկախությունը, եւ այդ էլ արել էր Լլոյդ Ջորջն իր ճառի մեջ։ Պետք էր, ուրեմն, եռանդով զորք հավաքել եւ կազմակերպել։ Ղարաքիլիսայի կայարանում ինձ մի մեծ խումբ շրջապատեց եւ խնդրում էր հաղորդել, թե ինչ վերջնական համոզում եմ բերել ես Տրապիզոնից։ Ես կողքիս կանգնած հայ զինվորի հրացանի վրա դրի ձեռքս եւ ասացի. «Միակ փրկությունը մեզ մնում է այս»։ Այստեղ է եւ Հովհաննես Թումանյանը, որին Ազգային Խորհուրդն ուղարկել է Լոռու զինվորությունը հավաքելու եւ զինվորական վարչությանը հանձնելու համար։ Նա դառնապես գանգատվում էր, որ գործը տեր չունի, որ զինվորականները գալիս են, հավաքվում, օրերով սպասում՝ առանց բնակարանի, քաղցած, եւ չկա մեկը, որ ընդունի նրանց ու տեղավորի, ուստի եւ ճարահատյալ նորից ցրվում են։ Շունն, ինչպես ասում են, տիրոջը չէր ճանաչում։ Բայց դաշնակցական տղաները հենց այդ միջոցին աջ ու ձախ տարածում էին «սրբել-մաքրելու» գործը։ Կատարվում էին այնպիսի տգեղություններ, որ Հովհաննես Թումանյանը ստիպված էր «Հորիզոնի» մեջ բարձր ձայնով բողոքել այդ գազանությունների դեմ…

Ո՞ւր էր գնում այսպիսի քաոսային դրության մեջ տարուբերվող երկիրը։ Դեպի հաղթությո՞ւն։ Ո՛չ, երբեք։ Ալեքսանդրապոլն անկարգության ամենաբարձր աստիճանն էր ցույց տալիս։ Գնացինք այնտեղ մեծ խմբով. խորհրդակցություններ էինք կատարում, բայց ոչ ոք չհետաքրքրվեց, թե ինչ կա. ամենքն անձնատուր եղած էին իրենց առեւտրին, փախչում էին զինվորագրությունից, այնպես որ Դաշնակցությունը մի քանիսին տեռորի ենթարկեց՝ մյուսներին վախեցնելու համար։ Բայց իրենք՝ դաշնակցականները, մի՞թե առեւտուր չէին անում հրացաններով, այն էլ այնպիսի պայմաններով, որոնք կատարյալ խայտառակություններ էին, մի՞թե չէին կողոպտում պետական մեծամեծ պահեստները։ Այդ ժամանակ Ալեքսանդրապոլում Լեւոն Սարգսյանը հրատարակում էր անկախ սոցիալիստների օրգան «Մարդկայնությունը», որ ծայրեծայր լիքն էր մերկացումներով։ Կարդացի մի քանի համար եւ սարսափեցի…

Ալեքսանդրապոլի խորհրդակցական ժողովները երկու թե երեք օր տեւեցին, Ահարոնյանի նախագահությամբ։ Ներկա էին հոծ քանակությամբ դաշնակցականներ, որոնք զանազան պաշտոններ էին վարում զորքի մեջ։ Այդ խորհրդակցությունների միակ արժեքավոր կողմն այն էր, որ աննախապաշարված դիտողի առջեւ դրին այն ողորմելի դրությունը, որի մեջ գտնվում էր հայկական բանակը։ Ռուս գեներալները, որոնք դեռ մնացել էին գլխավոր հրամանատարության մեջ, աշխատում էին այնպիսի դրության մեջ ներկայացնել գործը, որ հուսահատություն ու լքում չառաջանա։ Բայց եւ այնպես, պարզ էր ամեն ինչ։ Գնդերը մաշված ու հյուծված էին, ամեն մեկի մեջ հազիվ 200-300 հոգի մնացած լինեին, դրանք էլ գրեթե բոբիկ էին ու քաղցած, ամիսներ ի վեր գտնվում էին դիրքերում անփոփոխ։

Պատերազմական գործողություններն արդեն Կարսի մոտերքն էին մղվում, Սարիղամիշն արդեն թողնված էր։ Բայց եւ այնպես, այդ փոքրաթիվ, գզգզված բանակի մեջ դեռ մնացել էր զինվորական ոգի, իրենց քաջությամբ եւ դիմացկունությամբ աչքի էին ընկնում լեռնցիները, մանավանդ ղարաբաղցիները, որոնց ռազմական բարեմասնությունները վեր հանեց ժողովի առաջ գլխավոր հրամանատար գեներալ Լեբեդինսկին։ Ամենամեծ դժբախտությունն այն էր, որ կռվող հայ զինվորը բոլորովին նեցուկ չուներ ազգաբնակչության մեջ։ Մի հարգելի հայ սպա դրությունը պատկերում էր այսպես։ Մինչ թուրք ասկյարը պատերազմ էր գնում աջից ու ձախից ունենալով մի-մի զինված քուրդ կամ թուրք, հայ զինվորը՝ դաշտում կռվելիս տեսնում էր, որ իր թիկունքում գտնվող հայ գյուղացիները՝ մինչեւ ատամները զինված, փախչում են՝ տանելով իրենց հետ իրենց ընտանիքները, ալյուրի պարկերը։

Սա, ճիշտ որ, մի մեծ աղետ էր՝ Շիրակի ժողովրդի այս վատարի փխրունությունը, որ երկու անգամ կորստի մատնեց իր բնակված եւ ռազմագիտական ահագին նշանակություն ունեցող երկիրը։
Հայկական ռազմաճակատի դրությունը սաստիկ վատթարացնում էր նաեւ հայերի միակ իբր դաշնակից վրացի մենշեւիկների եւ նացիոնալիստների միացած ազգամոլությունը։ Օգտվելով այն հանգամանքից, որ իշխանության գլխավոր դիրքերն իրենց ձեռքում էին, սրանք աշխատում էին Կարսից եւ այլ բերդերից դուրս քաշել ռազմամթերք, փամփուշտներ եւ այլ իրեր ու այդպիսով հարստացնել իրենց պահեստները։ Հայաստանի ճակատի հրամանատար էին նշանակել մի ինչ-որ գեներալ Օդիշելիձեի[351], որ ուխտյալ հայատյացներից էր եւ ինչ-որ կասկածելի հարաբերություններ ուներ Վեհիբ-փաշայի հետ։ Մեզ պատմեցին, որ հայ զորքերի հրամանատար գեներալ Նազարբեկովը[352], որպեսզի կարողանա փրկել Կարսում գտնված փամփուշտների վերջին պաշարը, հարկադրված է եղել դուրս գալ զինվորական կարգապահության կանոններից եւ ուղղակի մերժել բարձր իշխանության հրամանով փամփուշտները Թիֆլիս ուղարկելը։

Ի՞նչ կարելի էր անել այս պայմանների մեջ։ Հովհաննես Քաջազնունին մի մանրամասն եւ հանգամանորեն կազմված զեկուցում կարդաց, որի մեջ հաստատում էր, թե պատերազմ մղել Թուրքիայի դեմ մենք չենք կարող, ուստի պիտի ընդունենք Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը եւ հաշտություն կնքենք։ Այստեղ է ահա, որ նորից հրապարակ է իջնում դաշնակցական լոպպազությունը։ Ամեն կողմից անբավականություն, հակաճառություն՝ մենք ուժ ունենք, մենք կդիմադրենք եւ այլն, եւ այլն։ Միշա Արզումանյանը, որ չգիտեմ Կարսի նահանգապետն էր թե ինչն էր, ասաց մոտավորապես հետեւյալը. «Կարսը հեռու չէ այստեղից, եկեք հենց այս գիշեր ամբողջ ժողովով գնացք նստենք ու գնանք Կարս, վաղը առավոտյան տեսնենք նրա ամրությունները, նրա զինվածության չափը։ Եթե այդ բոլորը տեսնելուց հետո դուք կասեք, թե կարելի է այդպիսի մի բերդ թշնամուն տալ առանց պատերազմի, այն ժամանակ հարցը միանգամայն լուծված կլինի»։ Այս խոսքերը վճռական նշանակություն ունեցան։ Ժողովը Կարս չգնաց. ո՞վ չգիտեր, որ այդ մի հռչակավոր եւ առաջնակարգ բերդ էր. վճռեցին շարունակել պատերազմը։ Բայց միաժամանակ, երբ առաջարկություն եղավ, որ Ազգային Խորհրդի անդամները գնան գյուղերը եւ պրոպագանդա անեն՝ ազգաբնակչությանը ոգեւորելու համար, ոչ ոք չգնաց։ Մենք վերադարձանք Թիֆլիս, եւ իմ դերը ինձ համար միանգամայն խորթ դիվանագիտական աշխատանքի մեջ միանգամայն վերջացավ։

Բայց երկար չեղան մեր սպասելիքները։ Թուրքական արշավանքը հայկական եւ վրացական ճակատների վրա շարունակվում էր անարգել հաջողությամբ։ Բաթումի կողմից թուրքերը խուժել էին Գուրիա եւ արշավում էին Սեւ ծովի ափով դեպի հյուսիս։ Անդրկովկասյան Սեյմի ռազմատենչ տրամադրությունը կարծեմ մի շաբաթ էլ չտեւեց։ Նա հասկացավ, որ պատերազմը թղթով ու խոսքով չեն մղում, եւ սկսեց արագ ու ամբողջական նահանջ։ Նորից վերսկսել հաշտության բանակցությունները – ուրիշ ճար չկա։ Եվ ահա մի մեծ հաղթանակ Չխենկելիի համար. Տրապիզոնի մի ամսվա ողորմելի գործունեությունը նրան դարձրել է թե՛ աչքի ընկնող դիվանագետ եւ թե՛ մանավանդ Վեհիբ-փաշայի եւ առհասարակ թուրքերի բարեկամ։ Ուստի նրան է հանձնվում կառավարությունը։ Գեգեչկորին հրաժարական է տալիս. կազմվում է նոր կառավարություն՝ Չխենկելիի նախագահությամբ։ Եվ նա իսկույն բանակցություններ է սկսում թուրք հրամանատարության հետ՝ Տրապիզոնի իր գործակալների միջոցով։

Վեհիբ-փաշայի հաղթական երթը կանգնեցնելու համար նա (այսպես տեսանք նրան եւ Տրապիզոնում) սկսեց նրան ընծաներ մատուցել հայերի հաշվին, ամենից առաջ իհարկե Կարսը (լավ որ[353] իր կառավարության մեջ զինվորական մինիստրի պաշտոնով ուներ նույն անխուսափելի գեներալ Օդիշելիձեին)։ Ըստ սովորականի, մի քանի աննշան մինիստրական պորտֆելներ Չխենկելին տվել էր դաշնակցականներին։ Եվ ահա, մինչեւ նրանց կառավարության մեջ մտցնելը, մինչեւ նրանց գոնե մի անգամ ժողովի կանչելը, ինքն իրենից, առանց հայ ընկերակիցների գիտության, նա հրաման է արձակում Կարսը անհապաղ հանձնել թուրքերին։ Դաշնակցական նոր մինիստրները հենց որ իմանում են այդ, հրաժարական են տալիս։ Բայց մի երկու օրից հետո էլի հետ են վերցնում այդ հրաժարականները եւ մտնում Չխենկելիի թեւերի տակ։ Իշխանությունից զրկվել չուզեցին ո՛չ մի հանգամանքում, նույնիսկ երբ հայ ժողովրդի գլխին պայթում էր մի սարսափելի աղետ[354]…

Այդպիսի աղետ էր Կարսի եւ նրա շրջանի հանկարծակի հանձնումը։ Այս մասին շատ է գրվել լրագրերում, եւ այդ կարգադրությունը որակվել է իբրեւ դավաճանություն։ Ասում էին, որ եթե չլիներ Չխենկելիի այդ հրամանը, Կարսը կարող էր պաշտպանվել երկար։ Ես չեմ հավատում այդ բանին, որովհետեւ Կարսի պաշտպանության համար հարկավոր էին տասնյակ հազարներով զինվորներ, որ մենք չունեինք։ Բայց որ բերդը, եղած միջոցներով, կարող էր պահվել թշնամու դեմ առնվազն երկու շաբաթ, այդ մասին չէին պակասում հեղինակավոր մասնագետների վկայությունները։ Իսկ այդ ժամանակը միանգամայն բավական էր Կարսի մեջ մթերված անհուն պաշարների գեթ մի մասը դուրս տանելու, բայց մանավանդ ազգաբնակչությանն իր անելիքը հասկանալու եւ որոշելու միջոց տված լինելու համար։ Բայց բերդի հանձնումը կատարվեց խուճապային կարգով. Չխենկելին տենդային շտապողականության մեջ էր արեւմտյան Վրաստանի վտանգված վայրերը ժամ առաջ փրկելու եւ Վեհիբ-փաշայի նոր համակրանքները գրավելու համար։ Կարսի շրջանի ամբողջ հայությունը հանկարծակիի եկած սկսեց փախչել՝ կորցնելով իր ունեցածը։ Ծայր տվեց ավերիչ գաղթականությունը։ Բայց այդ ի՜նչ փույթ չխենկելիներին եւ նրանց բարձակից դաշնակցական փոքրիկ մինիստրներին…

Կարսի գնով զինադադար կնքվեց, պատերազմական գործողությունները դադար առան, եւ նոր խաղարարար բանակցություններ սկսվեցին Բաթումում։ Դրա համար խաղացվեց մի նոր քաղաքական կոմեդիա՝ Սեյմը հայտարարեց Անդրկովկասը անկախ հանրապետություն։ Մուսավաթական թուրքերը, թեեւ չէին մասնակցել Սեյմի հայտարարած 8-10 օրվա պատերազմին, բայց փառավորապես բազմեցին կոնֆերանսի գլխին, որպեսզի տեսնեն, թե դեռ էլ ի՛նչ խաղեր պիտի խաղա հաղթական Թուրքիան իր առջեւ փռված թշվառ երկու երկրների գլխին։ Վրացիները կարծում էին, թե թուրքերի վերաբերմունքը դեպի իրենց, հայերի համեմատությամբ, լավ կլինի. բայց չարաչար սխալվում էին։ Հազիվհազ կործանումից ազատված Թուրքիան պատառներից ձեռք վերցնողը չէր։ Բաթումում նա հայտարարեց, թե այժմ պայմաններն այն չեն, ինչ էին Տրապիզոնում. եւ խաղարարար կոնֆերանսի նախագահ Խալիլ-բեյն այնպիսի դաժան եւ անողոք ոճով էր պահանջներ անում, որ վրացիներին եւ հայերին մնում էր «լաց եւ կրճտումն ատամաց»։

Դեռ Կարսի կորուստը չէր մոռացվել, երբ մի օր, մայիսի կեսին, լուր տարածվեց Թիֆլիսում, թե թուրքերը ռմբակոծում են Ալեքսանդրապոլը։ Խուճապ, իրարանցում, փախուստ, կործանում։ Այդ օրվանից էր, որ սկսվում էր կովկասահայերի պագնապը։ Զարմանում էին, թե ինչպես է տեղի ունեցել այդ տակնուվրայությունն այդքան հանկարծորեն։ Ինձ Միքայել Պապաջանյանը, որ այն միջոցին Բաթումում է եղել իբրեւ խաղաղարար պատվիրակության անդամ, պատմեց, թե թուրք հրամանատարությունը, կամենալով իր ձեռքը գցել Ալեքսանդրապոլը (եւ սա՝ գերմանական շտաբի պահանջողությամբ[355]), վերջնագիր էր ուղարկել Չխենկելիին, որ անդրկովկասյան պատվիրակության նախագահի պաշտոնով Բաթումում էր գտնվում, պահանջելով, որ չորս օրվա ընթացքում Ալեքսանդրապոլը հանձնվի թուրքերին։

Այդ վերջնագիրը փոխանակ հեռագրով հաղորդելու Թիֆլիս, ուղարկվում է թղթատարի ձեռքով եւ ժամանում է ուշ՝ այն միջոցին, երբ թուրքերը, ժամանակն անցած համարելով, պատերազմական գործողություններ էին սկսել Ալեքսանդրապոլի դեմ։ Եվ այսպես մենշեւիկ Չխենկելին մի անգամ էլ աղետում էր հայոց կյանքը. եւ այս անգամ ավելի ահռելի չափերով, քան առաջին անգամ։ Ալեքսանդրապոլի պահեստներն էլ՝ այդ անհուն հարստությունները, ընկնում են թշնամու ձեռքը։ ժողովուրդը խելակորույս փախչում է դեպի Ղարաքիլիսա, լցնում է նրա ձորն իր անասուններով, սայլերով։ Փախչում է հայկական զորքը։ Գեներալ Նազարբեկովը՝ նրանց հրամանատարը, նահանջելով դեպի Դիլիջան, հուսահատական հեռագրեր էր ուղարկում Ազգային Խորհրդին, գանգատվում էր, թե իր մոտ մնացել են միայն երեք հարյուր հոգի, եւ իրեն մնում է գերի ընկնել թուրքերի ձեռքը։

Ը

Թվում էր, թե ամեն ինչ կործանվում էր. թուրքերը, հենակետ դարձնելով Ալեքսանդրապոլը, ձեռնարկել էին Հայաստանի եւ Վրաստանի նվաճման։ Մի կողմով նրանք գնում էին Երեւանի վրա, մյուս կողմից բռնել էին Թիֆլիսի ուղղությունը[356]։ Սակայն կրիտիկական րոպեին ժողովրդական երկու գրոհ հասկացնում էին չափ ու սահման կորցրած օսմանցիներին, թե նրանք այնքան էլ ամենակարող չեն այս փոքրիկ ազգությունների մեջ։

Մի գրոհն սկսվում է Երեւանից եւ նրա շրջակա գյուղերից տարերային հոսանքով դեպի Սարդարապատ, ուր թուրք զորքերը ջարդվում են եւ ետ քշվում։ Մյուս գրոհը Դիլիջանից է սկսվում։ Ալեքսանդրապոլից նահանջած մի քանի թնդանոթաձիգ հայ սպաներ փորձում են դիմել ղազախեցի քաջարի գյուղացիներին, որոնք տաքանալով խրախուսանքներից՝ լավայի պես դիմում են դեպի Ղարաքիլիսա, նույնիսկ առանց զենքի, ճանապարհին իրենց հետ քշելով տանելով պատահած գյուղերը։ Իսկ հրացաններ եւ փամփուշտներ նրանք գտնում էին Կարսի եւ Ալեքսանդրապոլի փախստականների սայլերում. սրանք, ինչպես ասացի վերեւում, լցրել էին Փամբակի ձորը։
Սպաների ղեկավարության տակ կազմվելով ու կազմակերպվելով իբրեւ զորք՝ այդ բազմությունը մի ճակատամարտ է տալիս օսմանյան բանակին, որ տեւում է երեք օր։ Հաղթել, տարաբախտաբար, նա չի կարողանում, բայց ցույց է տալիս հերոսական դիմադրություն (որի ապացույցն էր նրա տված զոհերի մեծ քականությունը), այնպես որ Վեհիբ-փաշան Բաթումում, շատ գովասանքով խոսելով այդ դիմադրության մասին, ասել էր, թե հայերը կարող են ապագա բուլղարներ դառնալ։

Բայց այս հերոսամարտը չկարողացավ ո՛չ Ղարաքիլիսան ազատել կոտորածից ու թալանից, ո՛չ երկաթուղու գիծը հայերի ձեռքում պահել։ Թուրք զորամասերը հալածելով ու ոչնչացնելով հայ զորքի մնացորդներին՝ գրավեցին բոլոր կայարանները, դուրս եկան մինչեւ Շուլավեր։ Թիֆլիսը վտանգի մեջ էր, քաղաքագլուխը մի կոչով հրավիրեց ազգաբնակչությանը՝ զենք վերցնել քաղաքը պաշտպանելու համար։ Սակայն փորձանքն անցավ հրաշքի նմանություն ունեցող մի հանգամանքի բերմունքով։ Վրացիները Բաթումում համաձայնություն են կայացնում գերմանական լիազորի հետ եւ գերմանական զորքը գալիս է պաշտպանելու Վրաստանը ամենից առաջ հենց իր դաշնակից թուրքերից։ Այս կատարում էին գերմանացիները ոչ իհարկե վրացիների սիրուն աչքերի համար։ Մի գաղութացման նախադուռն էր սա. Վրաստանը կտար Գերմանիային իր մարգանեցը, անտառային հարստությունները, ինչպես նաեւ հենարան կդառնար Բաքվի նավթին մոտենալու եւ կանգնելու այս ճանապարհների վրա, որոնք տանում են դեպի Հնդկաստան…

Բայց բանն այս չէր, այլ այն, որ գերմանական զորքը միայն Վրաստանի պաշտպանությունն էր ճանաչում, իսկ նրանից դուրս՝ ոչինչ։ Կովկասահայերի համար 1918-ի ամառը նույնքան սարսափելի էր, որքան 1915-ի ամառը թուրքահայերի համար։ Դա բնաջնջման մի ամառ էր, եւ հայերը շատ ու շատ անգամ դիմեցին գերմանացիներին, խնդրեցին նրանց պաշտպանությունը, բայց միանգամայն իզուր։ Ինձ Ահարոնյանը մի այսպիսի պատմություն արավ։ Գերմանական գեներալն իր սպաներից մեկին ուղարկում է նրա, իբրեւ Ազգային Խորհրդի նախագահի, մոտ եւ հայտնում է, թե Բորչալուի թուրքերը շրջապատել են Աշաղա-Սերալ (Շուլավեր) երկաթուղային կայարանը եւ հենց որ մի գնացք է գալիս, որի մեջ հայեր են լինում, իսկույն նրանց հանում են եւ մորթում։ Գեներալը խնդրում է հայոց Ազգային Խորհրդից միջոցներ ձեռք առնել, որ այսպիսի բաներ այլեւս չլինեն այդ կայարանում, որովհետեւ նրանք վատ են ազդում այնտեղ կանգնած գերմանական զինվորների վրա։

Առաջին անգամ էինք մենք տեսնում եվրոպական ամենաքաղաքակիրթ մի ազգի զենքն ու զորությունը մեզ մոտ եւ իմանում էինք, թե մինչեւ ո՛ր աստիճան նա կարող է լինել զզվելի… Մի ուրիշ օրինակ։ Բոլնիսի մի խեղճ ու կրակ հայ գյուղ չեմ հիշում, թե ի՜նչ մեծ հանցանք էր գործել մենշեւիկների կառավարության դեմ։ Իսկույն թռչում է գերմանական սավառնակը, ռումբեր է նետում ու թափում գյուղի գլխին, տներ քանդում, մարդիկ սպանում։ Այս չափին էր հասնում վիլհելմյան քաղաքակրթությունը, ի՞նչ արած։ Հայը եւ Հայաստանը դրված էին Վիլհելմի դաշնակից սուլթանի տրամադրության տակ, իսկ Վրաստանի վրա ծածանվում էր գերմանական դրոշակն իբրեւ ապացույց, որ նա պաշտպանված է իր օրինական սահմանների մեջ։

Բաթումի բանակցությունների մեջ թուրքաց կառավարությունը նոր քաղաքական կազմ առաջ քաշեց Անդրկովկասի համար, այն է՝ առանձին անկախ հանրապետությունների սիստեմ։ Այս առաջարկից երկու ձեռքով կպավ Վրաստանը։ Մայիսի 26-ին մեծախոս, բայց ապիկար եւ անարդյուն Սեյմն ինքն իրեն լուծված հայտարարեց, եւ նույն օրը վրաց Ազգային Խորհուրդը հայտարարեց Վրաստանի անկախությունը։ Հայերն ակամա համակերպվեցին այս անհրաժեշտությանը. նրանք գիտեին, որ անկախությունն իրենց օգուտ չպիտի բերի։ Բայց Ծերեթելին վեհ հպարտությամբ ասում էր նրանց. «Ի՞նչ արած, դուք պարտված եք, Վրաստանը մենակ է մնացել»։

Չեմ մոռանում ես այդ մայիսի 26-ը։ Կիրակի օր էր, պայծառ ու տաք։ Հայաստանի կողմից փախածներն ահագին խմբերով անցնում էին Գոլովինսկի պրոսպեկտով դեպի Վլադիկավկազի ճանապարհը՝ Ռուսաստան գնալու համար։ Ամբոխը ոտքով էր, շատ քչերն էին կարողացել ֆուրգոններ վարձել։ Շտապում էին փախչել նախեւառաջ բոլոր թուրքահայերը՝ շատ լավ իմանալով, որ եթե գան թուրքերը՝ իրենցից մեկն էլ չպիտի ազատվի մահից։ Բայց առհասարակ խուճապ էր, որ ազդում էր ամենքի վրա։ Թիֆլիսից էլ շատ ու շատ հայեր, մինչեւ գերմանացիների գալը, փախել էին դեպի Վլադիկավկազ՝ ծախելով իրենց վերջին ստացվածքը։ Փողոցների մայթերի վրա դարսված էին ամեն տեսակ տնային իրեր, ամանեղեն կարասիներ. այդ բոլորը ծախում էին ոչինչ գնով, որպեսզի փախչելու համար փող ձեռք բերեն։ Աշխարհն իրարով էր անցել. մի ամբողջ ժողովուրդ, անգլուխ ու անպաշտպան մնացած, անում էր՝ ինքն էլ չիմանալով ինչ։ Այդ փախուստը նկարագրել է հանգուցյալ Վրթանես Փափազյանը, որ իբրեւ թուրքահայ՝ ինքն էլ փախստականների մեջ էր։ Ճանապարհի սարսափներից ամենազարհուրելին ինգուշների հարձակումներն էին, որոնք միայն թալանելու նպատակ չունեին, այլեւ՝ կոտորելու, ոչնչացնելու։

Մայիսի 26-ին ժողով կար կոնսերվատորիայի դահլիճում, եւ ես այնտեղ էի գնում, երբ ընկա փախստականների մեծ հոսանքի մեջ։ Տպավորությունը զարհուրելի էր։ Պատմության հարյուրավոր մռայլ էջերից կանգնում էին առջեւս այս դժբախտ ժողովրդի քաշած այսպիսի փախուստները, իրարանցումները, բնաջնջումները։ Եվ միայն մի շերտ, հարյուրամյա մի շրջան էր երեւում՝ ռուսական տիրապետության շրջանը, երբ գոնե ռուսահայերն ազատվել էին այդ հավիտենական անեծքից։

Կոնսերվատորիայի ժողովը կուսակցական ժողով չէր, հավաքվել էր մեծ բազմություն բոլոր խավերից։ Պիտի խորհրդակցեին, թե հայերն ինչ պիտի անեին Վրաստանի անկախություն հայտարարելուց հետո։ Ես խոսք խնդրեցի եւ կարճ նկարագրելով այն, ինչ որ այդ րոպեին կատարվում էր դրսում՝ մեծ փողոցի մեջ, ասացի, որ այդ աղետի պատճառն այն է, որ մենք մոռացել ենք մեր պատմական ճակատագիրը։ Այսօր մենք փախչում ենք Ռուսաստան։ Բայց ինչու՞, մի՞թե այստեղ Ռուսաստան չէր, ինչու՞ բաժանվեցինք, ինչու՞ ուրիշների կուսակցական հաշիվներին ենթարկվեցինք։ Փոքր ենք, տկար եւ հենց այդ պատճառով խաղալիք ենք դարձել թուրք փաշաների ձեռքին։ Ինչու՞ չենք հայտարարում, որ մենք մի մասն ենք կազմում այն պետության, որ կնքել է Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը։ Թող այդ պետությունն էլ ինքը գործադրի իր ստորագրած պարտավորությունը, եւ մենք կարող ենք ապահով լինել, որ թուրքերը կվերցնեն միայն Բաթումը, Կարսը եւ չեն համարձակվի իրենց թաթը դնել նաեւ Ալեքսանդրապոլի, Երեւանի, Թիֆլիսի վրա։ Մենք ինքներս թուլացրել ու փոքրացրել ենք մեզ, գցել ենք մեզ թշնամու բերանը եւ զարմանում ենք, որ մեզ տրորում են։ Դու՛րս եկեք, նայեցե՛ք այդ փախչող մարդկանց, դրանք մեր ժողովուրդն են, ժողովուրդ, որ ոչնչանում է անվերջ փախուստների ճանապարհներին… Մինչեւ ե՞րբ ոչնչանա…

Ինձ պատասխանեցին, թե բանը բանից անցել է, եւ հայերը մենակ ոչինչ չեն կարող անել, եւ նրանց մնում է հետեւել մյուսների օրինակին։ Եվ այդպես էլ եղավ։ Երկու օրից հետո նոր երկու հանրապետություններ էլ հայտարարվեցին. հայոց Ազգային Խորհրդի կողմից՝ Հայաստան, թուրքերի Ազգային Խորհրդի կողմից՝ Ադրբեջան։ Հայաստանի կառավարությունը կազմվեց դաշնակցականներից՝ Քաջազնունու նախագահությամբ։ Ալեքսանդրապոլի գրավումը եւ նրան հետեւած աղետները Դաշնակցությունն ամենայն իրավամբ իր կործանումն էր համարել եւ ընկել էր անհնարին խուճապի մեջ։ Արդեն վաղուց նկատված էր, որ երբ այդ կուսակցությունը մատնվում է խուճապի, նա դառնում է մի անկազմակերպ ամբոխ, գլուխը կորցրած մի հոտ։ Վերցրե՛ք 1918թ. «Հորիզոնի» մայիսյան համարների առաջնորդողները. ի՜նչ լաց, ի՜նչ կուրծք ծեծել… Կորչում ենք։ Մեռնում ենք, պատրաստ ենք ճանաչել մեր սխալը, համաձայնել թուրքերի հետ…

Միայն նոր էին արտասանվում այս խոսքերը։ Բայց ուշ էր, չափազանց ուշ։ Հանդիպելով մի օր Արտաշես Աբեղյանին՝ ես ասացի նրան. «Բարեկամ, ժամանակին մեռնելն էլ առաքինություն է։ Այդքան փոքրոգությունից, որ թափվում է «Հորիզոնի» առաջնորդողներից, ավելի լավ չէ՞ ասել, թե մենք պիտի վերջ դնենք մեր գոյության»։ Բայց հենց որ մի քիչ հանդարտվեց փոթորիկը, հենց որ հայ ժողովրդի գլուխը բարձրանալու հնար եղավ նորից, Դաշնակցությունը մոռացավ ամեն ինչ եւ էլի դարձավ հոխորտալից, մեծախոս, սանձարձակ։ Այսպես էր նա. իհարկե տանը միայն։ Իսկ դրսում՝ հլու եւ հպատակ թուրք փաշաներին՝ նրանց կամակատար փոքրավորներ։

Բաթումում թուրքաց կառավարությունը հաճությամբ ճանաչեց երեք նորակազմ հանրապետությունները՝ իբրեւ անկախ պետություններ, եւ իսկույն կնքեց Վրաստանի եւ Հայաստանի հետ առանձին եւ անջատ դաշնագրեր, որոնցով անդամահատում էր երկուսին էլ, եւ երկուսն էլ չէին համարձակվում ծպուտ անգամ հանել։ Վրաստանից խլվեցին Ախալցխայի եւ Ախալքալաքի գավառները, եւ Վրաստանը պարտավորվեց ամեն հարկավոր դեպքում դնել իր երկաթուղիները թուրքաց զորահրամանատարության տրամադրության տակ՝ զորքերը այս ու այն կողմ փոխադրելու համար։ Ի՜նչ անկախություն հենց առաջին իսկ քայլից։

Բայց այս դեռ փառք էր՝ համեմատած Հայաստանի թշվառության հետ։ Հայաստանն այլանդակվում էր ամենախայտառակ ձեւով, դառնում ոչ թե պետություն, այլ խաղք ու ծիծաղ, եթե չլիներ արտասուք ու հառաչանք… Նրանից խլվում էին Ալեքսանդրապոլը եւ ամբողջ երկաթուղին՝ մինչեւ Ջուղա։ Տասը հազար քառակուսի վերստ էր այդ Հայաստանը՝ մեծ մասամբ լեռ ու անապատ՝ Սեւանի լճի չորս կողմը, հայ ժողովրդի ոչ թե բնակության տեղ, այլ գերեզման։ Պետական սահմանն անցնում էր Երեւանի տակով. հայերի ձեռքին մնում էր միայն վեց վերստ երկարությամբ երկաթուղի։ Էնվեր-փաշան գտել էր, որ միայն այսպիսի չափ ունեցող Հայաստանը կարող է երկյուղ չներշնչել Թուրքիային։ Իսկությունն այն էր, որ Թուրքահայաստանը ոչնչացնելուց հետո երիտթուրքերը ոչնչացնում էին նաեւ Ռուսահայաստանը։ Այս ծաղրական հանրապետությունն էլ, իհարկե, ժամանակավոր խաղ էր։ Կ.Պոլսում թուրքերը հրատարակել էին Անդրկովկասի քարտեզը, որի վրա այլեւս Հայաստան չէր մնում։

Թուրքերի ամենամեծ հոգսն էր այժմ Ադրբեջան կազմակերպելը։ Էնվերի եղբայրը՝ Նուրի-փաշան, Պարսկաստանի վրայով գնաց Գանձակ, սկսեց այնտեղ տեղական թուրքերից զորքեր կազմել եւ միեւնույն ժամանակ ավելի մեծ ուժերով վերանորոգել կռիվը Բաքվի դեմ, որ հեղափոխական պրոլետարիատի ձեռքին էր, բայց պիտի դառնար Ադրբեջանի մայրաքաղաք։ Այնտեղ հեղափոխական դրոշակի տակ կռվող զորքի մեծագույն մասը բաղկացած էր հայ զինվորներից, որոնք դեռ տարվա սկզբին, վերադառնալով արեւմտյան ճակատից, պիտի գնային իրենց տները, բայց արգելվեցին Բաքվի մեջ, որովհետեւ երկաթուղու գիծը տեղական թուրքերի ձեռքին էր գտնվում, որոնք չուզեցին ճանապարհ տալ հայ զինվորներին՝ վախենալով, թե նրանք կգնան եւ կստվարացնեն հայերի բանակը։ Բաթումի դաշնագրի մի հատուկ հոդված պարտավորեցնում էր հայոց կառավարությանը, որ նա ամեն ջանք գործ դնի այդ հայկական զորամասերը Բաքվից հանելու համար։ Սակայն դա անկարելի եղավ։ Բաքվում ընկավ խորհրդային իշխանությունը, Ստեփան Շահումյանը[357] եւ իր 25 ընկերներն ընկան անգլիացիների ձեռքն ու սպանվեցին. վճռական դեր հանձն առավ Բաքվի դաշնակցական կոմիտեն, որ բացարձակորեն պատերազմ հայտարարեց Թուրքիային։

Եվ որովհետեւ Դաշնակցությունը Դաշնակցություն չէր լինի, եթե չհիշեր, որ Եվրոպային պետք է պաշտել եւ փրկիչ դարձնել. ուստի Էնզելիի անգլիական բանակի մի մասը, դաշնակցականների հրավերով, եկավ Բաքու քաղաքը պաշտպանելու համար, որ արդեն պաշարված էր օսմանյան զորքերով։ Նույն Դաշնակցությունը կռվում էր օսմանցիների դեմ նաեւ երկաթուղու գծի վրա, Շամախու, Նուխու, Գյոկչայի եւ Արեշի գավառներում՝ հաստատելով իր թնդանոթները հայ գյուղերում, որոնք բավականաչափ դժվարացնում էին Նուրի-փաշայի բանակի առաջխաղացումը։ Նուրի-փաշան տեսնում էր իր թիկունքում նաեւ հայկական Ղարաբաղը, որ ձգտում էր կապվել Բաքվի հեղափոխականների հետ, ուստի եւ ուղղված հայերին մի կոչ հրապարակեց, որով նրանցից պահանջում էր հնազանդություն՝ հակառակ դեպքում սպառնալով Ղարաբաղի մեջ կրկնել Ադանայի կոտորածները։

Որպեսզի գեթ համառոտակի հիշատակած լինեմ բոլոր այն գլխավոր շարժումները, որոնք ծնեցրին Անդրկովկասի հայության համար 1918-ի ամառվա թշվառությունները, պիտի հիշեմ եւ Անդրանիկին։ Նա հեռացել էր Դաշնակցությունից, դարձել Կովկասում ապաստանած թուրքահայության պարագլխի նման մի բան, նրանցից կազմակերպել մի բանակ եւ աշխատում էր դաշնակցականներից անկախ ու անջատ գործել։ Ալեքսանդրապոլի նահանջի ժամանակ նա բաժանվեց հայ բանակից, անցավ Դսեղ գյուղը եւ Ղարաքիլիսայի ճակատամարտի միջոցին մատը մատին չխփեց գրեթե ամեն կողմից շրջապատված հայ կռվողներին օգնելու համար։ Երբ թուրքերն առաջացան երկաթուղու ուղղությամբ, Անդրանիկն իր զորքերը տարավ Դիլիջան եւ այստեղից բռնեց մի ուղղություն, որ պետք էր համարել արկածախնդրություն, այն է՝ դեպի Պարսկաստան, անգլիական զորքերին միանալու համար։

Սակայն Սալմաստում նա ջարդվեց թուրքերից եւ, նորից վերադառնալով Արաքսի ձախ ափը, կանգ առավ Նախիջեւանում, ուր, կարծեմ, տեղի ունեցավ տեղական թուրքերի կոտորած։ Սակայն չկարողանալով պահվել այդ կողմում, որովհետեւ օսմանցիներն արշավանք սկսեցին նրա դեմ, նա գնաց Արաքսի ափով որպես թե դեպի Բաքու՝ անգլիացիներին միանալու համար, բայց շուռ եկավ եւ մտավ Զանգեզուր, ուր շատ լավ ընդունելություն գտավ ամեն կողմից կտրված հայ ազգաբնակչության կողմից։ Այստեղ Անդրանիկն իսկապես խոշոր գործ կատարեց՝ կազմակերպելով այդ երկիրն ինքնապաշտպանության համար, բայցեւ՝ գործադրելով «սրբել-մաքրելու» սիստեմը լայն չափերով։ Այս պատճառով է, որ Զանգեզուրն էլ Բաքվի նման փուշ դարձավ օսմանյան կառավարության աչքում. դարձյալ Հայաստանի կառավարությունից էր նա պահանջում ոչնչացնել Անդրանիկի զորախումբը։ Իսկ Հայաստանի կառավարությունն այստեղ էլ, ինչպես եւ Բաքվի գործում, խոստովանեց իր կատարյալ անկարողությունը։ Թուրքերն իհարկե չհավատացին այդ պատճառաբանությանը, եւ նրանց մեջ ավելի ու ավելի հասունացավ հայերի համառ թշնամությունը Հայաստանի ջնջման միջոցով վերացնելու միտքը։

Եվ ահա 1918-ի ամռանը մենք տեսնում ենք այսպիսի պատկեր. ամեն տեղ, ուր մտնում են օսմանցիները, հայերի ու տեղական թուրքերի մեջ, դաշնակցական «մաքրել-սրբելու» հետեւանքով, սաստիկ թշնամություն է տիրում։ Օսմանյան բանակում են տեղական ավերված, թալանված ու սրի քաշված գյուղերի բնակիչները, որոնք լցված են սոսկալի վրեժխնդրությամբ հայերի դեմ։ Եթե Ղարաքիլիսան երեք օրվա ընթացքում մատնվեց օսմանյան զորքի վայրագություններին, գլխավոր պատճառը փոքրիկ թուրքական Վարդանլուն էր՝ այնքան գազանորեն «մաքրված-սրբված» դաշնակցականների ձեռքով։ Բայց ավելի վատ էր դրությունը Ախալքալաքի գավառում։ Դաշնակցական «մաքրում-սրբումը» այստեղ կատարվել էր ավելի լայն չափերով, եւ տեղական մահմեդական ազգաբնակչությունը տեսել էր հայերի կողմից շատ ու շատ ուխտադրժություն, անգթություն, դավաճանություն հին հարեւանական հարաբերություններին։ Եվ երբ օսմանցիները մտան Ախալքալաք եւ նրա գավառը, այժմ էլ հայ ազգաբնակչության հեծեծանքն էր, որ բարձրանում էր երկինք։ Տասնյակ հազարներով մարդիկ, փրկություն որոնելով թշնամու սրից, կրակից, առեւանգումներից եւ բռնաբարություններից, պոկվեցին իրենց հողից ու փախան դեպի Բորժոմի կիրճը, բայց այստեղ մատնվեցին կատարյալ բնաջնջման։

Նուխու, Արեշի, Գյոկչայի եւ Շամախու գավառներում, երբ օսմանյան զորքը, փախցնելով դաշնակցական կռվող խմբերը, գրավեց նրանց բռնած հայ գյուղերը, սկսվեց հայ ազգաբնակչության ընդհանուր եւ համատարած կոտորած, բոլոր գյուղերը հողին հավասարեցվեցին, ազգաբնակչության մի մասը փախավ Բաքու, մյուսը՝ դեպի Վրաստան, բայց հենց այդ փախուստի մեջ էլ գտավ իր կորուստը։ Նախիջեւանի եւ նրա գավառի հայերն էլ բնաջինջ եղան Անդրանիկի արշավանքի հետեւանքով։ Եվ այս բոլոր արյունոտ տեսարանները լրացնում էր մի ահռելի սպանդանոց՝ Բաքուն։

Դաշնակցությունն արկածախնդրական ձեռնարկումներ շատ ունի իր պատմության մեջ, բայց այս մեկը՝ Բաքուն սեփականելը, Բաքվին տիրանալը, եզակի է շատ ուրիշների մեջ։ Բաքուն, շրջակայքը, ամբողջ նահանգը հոծ թուրքական ազգաբնակչությամբ է լեցուն, հայությունն այնտեղ [ընդամենը] մի բան, եւ այդ բանն իր ձեռքն է առել մեծ արդյունաբերական կենտրոնն ու պատերազմ է մղում Թուրքիայի դեմ։ Իսկ Թուրքիան, չափազանց ոգեւորվելով նավթային մայրաքաղաքը գրավելու եւ այնտեղից նաեւ Դաղստանում հաստատվելու մտքով, զորքեր է կուտակում Բաքվի առաջ՝ մոռանալով ամեն զգուշություն, մանավանդ Պաղեստինի ճակատի կողմից, ուր անգլիացիները զարգացնում էին եռանդուն եւ վճռական գործողություններ։ Բաքվի ճակատագիրն արդեն որոշված էր։ Այդ իսկույն հասկացան Էնզելիից եկած անգլիացիները։ Նրանք եկել էին, ըստ իրենց ավանդական սովորության, ուրիշի ձեռքով փուշ քաղելու։

Կարծել էին, թե Բաքվում բավական շատ զորք կա թուրքերին ետ մղելու համար, բայց տեսել էին այդտեղ քայքայման վիճակին հասած հայ զորամասերը։ Ուստի, ավելորդ համարելով զուր տեղից վտանգի ենթարկվելը, մի օր վեր կացան եւ նավ նստելով էլի գնացին Էնզելի։ Ճակատի տերը մնաց դարձյալ Դաշնակցությունը։ Պաշարող օսմանցիները առաջարկեցին նրան հանձնել քաղաքն առանց կռվի, բայց նա մերժեց այդ առաջարկը՝ հրատարակելով մի մեծախոս, հպարտ եւ սպառնական կոչ։ Թուրքական գրոհները հետզհետե մոտենում էին քաղաքին։ Վերջին պահին դաշնակցականները եւ իրենց զորքերը նստեցին նավերի մեջ եւ փախան Էնզելի. քաղաքում մնացին գլխավորապես նրանք, որոնք, միջոց չունեին փախչելու, այսինքն՝ աղքատ ազգաբնակչությունը, մեկ էլ՝ Շամախու եւ Գյոկչայի գավառների փախստական գյուղացիները, որոնք ապրում էին փողոցներում, իրենց սայլերի մեջ։ Երեք օր օսմանյան զորաբաժիններին եւ տեղական թուրքերին («ղարափափախներին»[358], ինչպես անվանում էին նրանց օսմանցիները) թույլ տրվեց անել Բաքվի հայերին՝ ինչ ուզում են։ Մուսավաթականները մարտի դեպքերի վրեժն էին հանում։

Տները եւ փողոցները լցվեցին դիակներով, ավարն ու կողոպուտն ահագին էր, որովհետեւ Բաքվի հայ բուրժուազիան կուտակումների սիրահար էր։ Օսմանյան ասկյարներն ու սպաները մեծ քանակությամբ ավար էին ուղարկում Թուրքիա, իրենց տները։ Գերմանական մի սպա, որ գտնվում էր Խալիլ-փաշայի շտաբում, անկարող լինելով տանել Բաքվի սարսափները, վերադարձավ Թիֆլիս եւ մի մտերմական շրջանում ասաց. «Ի՜նչ ամոթ եւ անպատվություն է ունենալ այսպիսի դաշնակից… Տեւտոնյան ասպետների թոռներին հրամայված էր միայն լուռ ականատես լինել»… Բաքվի հայ ազգաբնակչության մի մասն էլ կարողացավ շոգենավերով փախչել Էնզելի, Կրասնովոդսկ եւ Պետրովսկ։ Բայց այս տեղերում էլ համաճարակները սկսեցին հնձել այդ փախստական շարքերը։ Ընդհանուր առմամբ Բաքվի հայությունը 1918-ի սեպտեմբերին կորցրեց մոտ 30 հազար հոգի։

Կարծում եք, թե բանը միայն մասսայական սպանությունների մե՞ջ է։ Ո՛չ։ Հայ ժողովուրդը սոսկալի դրամաներ էր ապրում օրից օր, շաբաթներով, ամիսներով։ Չկար այն ժամանակ մարդկային ամբողջ ցեղի մեջ ավելի արհամարհված, ավելի ստոր, մարդկային կերպարանքից ընկած եւ անասուններից էլ վատթար դրության մատնված թշվառական հատված, քան հայությունը։ Նուխու գավառի փախստական հայերը հավաքված են Ալազան գետի ձախ ափին, փրկություն են որոնում «քրիստոնյա», կուլտուրական Վրաստանում, որտեղ դեմոկրատիկ հանրապետոթյուն է հռչակված, եւ նրա գլուխ կանգնած են սոցիալ-դեմոկրատները։ Բայց դժբախտներից ոչ մեկին թույլ չեն տալիս անցնել աջ ափը։ Ի՞նչ անել։ Մեռնել, ուրիշ փրկություն չկա։ Եվ մեռնում են հազարներով։ Պետք է կարդալ այնտեղից ուղարկված եւ լրագրերում տպված հեռագրերը եւ լուրերը՝ հասկանալու համար, թե ի՛նչ զարհուրելի աստիճանների կարող է հասնել քսաներորդ դարում մարդ ասած էակի քարսրտությունը։ Բայց ինչու՞ զարմանանք Ալազանի ձախ ափի վրա։ Այնտեղ մեռնող ժողովուրդը գոնե օտարահպատակներ են։

Գնանք Բակուրիանի լեռան գլուխը։ Այստեղ Վրաստանի հպատակ հայերն են՝ Ախալքալաքի գավառից փախստականները։ Նրանք չեն կարող մնալ օսմանցիների տիրապետության տակ, ուզում են անցնել Վրաստանի մի այլ կողմը կամ էլ՝ Հյուսիսային Կովկաս։ Անկարելի է։ Մենշեւիկների զորքը կանգնած է, թույլ չի տալիս իջնել սարից։ Հենց այդպես էլ, այդ լեռնային խոշոր բարձրության վրա կազմվում է թշվառության մի բանակ, մահվան մի ճամբար։ Հեռագրեր էին թափվում Թիֆլիս, մարդիկ էին գնում տեսնելու։ Մի պահ ամեն օր կոտորվում էր մինչեւ 600 երեխա, ապրելու համար ծնողներն իրենց աղջիներին ծախում էին պոռնկության։ Մենշեւիկների վրա ոչինչ չէր ազդում։ Ձմեռը եկավ իր դաժան ցրտերով նստելու Բակուրիանիի բարձունքների վրա։ Դարձյալ ոչինչ։ Միայն երբ օսմանցիները հեռացան Ախալքալաքի գավառից, եւ կիսով չափ ոչնչացած, տնտեսապես կործանված փախստականները վերադարձան իրենց ավերակ տները, վրաց գեներալները շտապեցին նորից Վրաստանի իշխանության տակ առնել երկիրն էլ, ազգաբնակչությունն էլ։ Մարդկային ցեղի տարեգրությունների մեջ դժվար կարելի է գտնել մենշեւիկյան այս խժդժությունների մի ուրիշ օրինակը։

Դեռ ամառ էր, դեռ արտերն էին կանգնած, բայց հայ ժողովուրդն արդեն հաց չուներ, սոված էր։ Նրա արտերը խլել էին, տունը քանդել, իրեն քշել սարերն արածելու անասունների պես։ Բաթումի դաշնագրով Թուրքիային անցած մասի հայ բնակիչները փախել էին Էջմիածին, այստեղից տեսնում էին իրենց մշակած եւ հասցրած արտերն ուրիշների ձեռքին եւ ոռնում էին քաղցից ու կատաղությունից։ Այդ միջոցին Էջմիածին էր գնում Գերմանիայի փառազարդ ներկայացուցիչը Կովկասում՝ գեներալ ֆոն Կրեյսը։ Գեւորգ կաթողիկոսն այժմ, ավա՜ղ այլեւս ո՛չ դիպլոմատիայի գլուխ, դառնում է գեներալին, ցույց է տալիս իրեն շրջապատած սոված ու մերկ բազմությունը, ցույց է տալիս նրա արտերը, որ հնձում էին օսմանցիները, եւ ինքն էլ, ասում են, լաց է լինում։ Գերմանական գեներալը նրան խորհուրդ է տալիս խնդիրք ուղարկել Վիլհելմ կայսրին։ Ուղարկում են ո՛չ միայն նրան, այլեւ Ավստրիայի կայսրին։ Իզուր սակայն։

Կարծում եք, թե միայն օտա՞րն էր քարսիրտ։ Սխալվում եք։ Թիֆլիսի փողոցները լցվել էին անտեր, փոքրիկ որբերով։ Նրանք մեռնում էին քաղցից, մեռնում էին այս մեծ քաղաքում, մարդկանց աչքի առաջ եւ փողոցներում։ Մի երեխա մեռել էր հենց շտաբի մայթի վրա։ Իմ բարեկամներից մեկն ինձ պատմել է, որ հենց այդ սեւ օրերին հայ բուրժուաներից մեկը ճոխ թեյասեղան էր սարքել իր հյուրերի համար, ինքն էլ նստած «պիրոժնիներ» էր ուտեցնում իր շնիկին…

1918-ի սուգ ու կսկիծ ամռանը հայերն էլ, վրացիների եւ ադրբջանցիների նման, պատվիրակություն էին ուղարկել Կ.Պոլիս՝ իբրեւ թե մի նոր կոնֆերանս կազմելու համար, որին պիտի մասնակցեին նաեւ Թուրքիայի դաշնակից պետությունները՝ Բուլղարիան, Ավստրիան եւ Գերմանիան։ Հայկական պատվիրակության գլուխն էր Ավետիս Ահարոնյանը։ Եվ ստացվում էր ցավալի ու հեգնական հակադրություն։ Այստեղ հայ ժողովուրդը փչանում էր արագորեն եւ գնում էր դեպի ձմեռ՝ սոված ու ավելի անողոք ջարդարար։ Իսկ այնտեղ՝ Բոսֆորի ափում, Թոքաթլիայի առաջնակարգ հյուրանոցում բնակություն էր հաստատել այդ նույն ջարդվող ու ոչնչացող ժողովրդի ներկայացուցչությունը, որ մազի չափ օգնություն չէր հասցնում, բայց դիպլոմատիա էր ներկայացնում, այսինքն՝ ընդունում եւ տալիս էր այցելություններ, զանազան դատարկ հայտարարություններ էր անում։ Դիվանագիտական տակտը պահանջում էր, որ Հայաստանի պատվիրակության նախագահը ներկայանա սուլթանին։ Եվ Ավետիս Ահարոնյանը ներկայացավ, հաճոյական խոսքեր ասաց սուլթանին, արժանացավ նրա համակրական ակնարկին… Դուք երեւակայու՞մ եք…

Հայդուկային գաղափարախոսությամբ անուն ստեղծած Ահարոնյանը թուրք սուլթանի առջեւ գլուխ խոնարհեցրած։ Ահա այս հանգամանքն է, որ ես երբեք չեմ հասկացել՝ լինելով ըստ կոչման գրող։ Երբ Տրապիզոնում մեր պատվիրակությունը Խատիսյանի նախաձեռնությամբ մի օր թեյի հրավիրեց թուրք պատվիրակությանը, ես ավելի լավ համարեցի փակված մնալ իմ սենյակում՝ ասելով ինձ հարցնողներին. «Ի՞նչ գործ ունեմ ես ձեր դիվանագիտության հետ։ Ես գրականության մարդ եմ եւ գիտեմ, թե ի՛նչ չեմ կարող անել»։ Եվ իրավ, եթե գրականությունը մի ժողովրդի խիղճն է, ի՞նչ բան են գրողները, եթե ոչ նրա՝ այդ խղճի սպասավորներ։ Տարիների ընթացքում ֆիդայական հմայքներ արծարծել գեղարվեստական գրականության միջոցով, տարիների ընթացքում սուլթանական զուլումի ամբողջ սարսափն ու զարհուրանքը ներկայացնել մի աննախընթաց լալկանությամբ եւ հետո գնալ նույն այդ զուլումի աղբյուր սուլթանին երկրպագելու…

Ես այս չէի հասկանում։ Կա՛մ գրող՝ իր սեփական հոգով ու շնչով, կա՛մ անհոգի դիպլոմատ։ Ես լեռնցի եմ եւ այսպես կարճ կտրել եմ սիրում։ Ուստի սարսափի օրերում, սարսափներով խոշտանգված, ավելի մեծ սարսափի՝ սոված ձմեռվա առջեւ կանգնած, ես մի հոդված գրեցի, որի մեջ պահանջում էի ամեն ինչ թողնել, ամեն ուրիշ հոգս ու ցավ մոռանալ, ծախել մեր ազգային բոլոր սեփականությունները մի նպատակի, միմիայն մեկի՝ հայ ժողովուրդն ապրեցնելու համար։ Եվ պահանջներիս մեջ էր, ի միջի այլոց, եւ այն, որ Կ.Պոլսից ետ կանչվի այդքան թանկ նստող եւ դիվանագիտական երեխաներից բաղկացած մեր պատվիրակությունը։ Ավետիս Ահարոնյանը վերադարձավ Կ.Պոլսից, բայց այլեւս ինձ հետ չէր խոսում։ Այնքան բարձր համարում ուներ նա իր նոր՝ գրականագետին սպանող, բայց արտաքին զիզի-պիզիներով հրապուրիչ արհեստի վրա։

Բայց ճիշտն ասած, այն ժամանակ ես չէի հասկանում, որ Ավետիս Ահարոնյանը միայն անձնական անխտրականություն[359] չէր ցույց տալիս, այլեւ կուսակցական։ Այդ Դաշնակցությունն էր, որ իր խատիսյանների քաղաքագիտական գլուխկոնծիներով ճանապարհ էր հարթում իր համար՝ պատեհականության, հարմարողականության ճանապարհը։