4.12.18

Հոր նամակը որդուն


ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԴԱՐՁՐԻ ՓՈՔՐԻԿ ԱՌԱՋԱԲԱՆ։ Այս նամակը քեզ է ուղղված, այս տողերը գրելիս միայն քո մասին էի մտածում և միայն քո պատկերն էր իմ առջև։ Բայց նամակն ավարտելուց հետո, երբ կարդացի այն, մտածեցի, որ հազարավոր ծնողներ կարող են այսպիսի կամ երիցս ավելի գեղեցիկ պատգամ հղել իրենց զավակին։ Հազարավոր հայրեր հաստատ շարունակ մտածում են այդ մասին, բայց ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում կամ չեն հասցնում այն գրել։ Եվ ես որոշեցի միայն քեզ ուղղված այս նամակը վերնագրել՝

ՀՈՐ ՆԱՄԱԿԸ ՈՐԴՈՒՆ

«Ես ուզում եմ կյանքում գտնես այն, ինչ ես չեմ կարողացել գտնել։ Հեռավոր ճամփորդության համար վերցնես այն ամենը, ինչ ես մոռացել եմ վերցնել։ Ես ուզում եմ, որդիս, որ դու լինես իմ ամենալավ շարունակությունը և շարունակելին...»,- այս տողերը գրել է հայրս, քո պապը, որին դու չես տեսել։ Այս ղողերն ուղղված են ինձ։ Այս մի քանի տողով նա ամեն ինչ ասել է։

Բայց ես ստիպված եմ ավելի երկար գրել, որովհետև երբ ես ծնվել ու մեծացել եմ, կարծես թե լույսն ավելի շատ էր, քան խավարը, իսկ դու ծնվել ու մեծանում ես այնպիսի ժամանակներում, երբ Լույսի այնքա՜ն պակաս կա։

Զավակս, կյանքը մեծագույն պարգև է՝ շնորհված մարդուն և բոլոր ոչ բանական արարածներին։ Բայց այն մի անվերջ պայքար է։ Սրիկաները սկզբում գործում են «իրենց տունը պահելու» անվան տակ, ապա՝ իրենց մերձավորների, իրենց շրջապատի և վերջապես իրենց ոհմակի համար։ Ռոմանտիկներն ու խենթերը պայքարում են իրենց հայրենակիցների և ընդհանրապես մարդկության երջանկության համար։ Իսկ հազարավոր, միլիոնավոր մարդիկ պարզապես իրենց համար ապրում են, նույնքան մարդիկ էլ գոյատևում են ՝ ջուրն ընկած տաշեղի պես օրորվում ու սպասում, թե իրենց որտեղ կնետի կյանքի ալիքը։

Ես ցանկանում եմ, որ դու որտեղ էլ լինես, ինչ էլ պատահի, քո շրջապատում միշտ Լույս ու Ջերմություն տարածես։

Դու ապրում ես այնպիսի ժամանակներում, երբ դպրոցի մասին շատ թյուր և սխալ պատկերացում կա երեխաների մեջ։ Դպրոցն ամենևին պատիժ չէ, այլ գեղեցիկ և կարևոր մի հաստատություն, որտեղ Սովորում են, Գիտելիք են ձեռք բերում և աստիճանաբար սկսում ճանաչել աշխարհը։ Եթե դու չճանաչես աշխարհը, ապա չես ճանաչելու և չես հասկանալու այն մարդկանց, ովքեր ապրում են այդ աշխարհում՝ քո շրջապատում և քեզնից միլիոնավոր մղոններ հեռու։

Հենց դպրոցական նստարանից դու պիտի սովորես գնահատել քո Ժամանակը, որ ամենաթանկն է և երբեք կորցրածը ետ չի բերում։ Աշակերտները սիրում են ուսուցիչներին «պատժել»՝ չսովորելով կամ ձևանալով, որ սովորում են։ Բայց դրանով նրանք իրենց են պատժում, սովորելու համար իրենց ընձեռած ժամանակն են սխալ տնօրինում, պարզապես քամուն տալիս։ Դա նույնն է թե՝մարդ ժամերով գտնվի անվճար ճոխ ճաշարանում, բայց այնտեղից սոված դուրս գա՝ իբր դրանով պատժելով ճաշարանի աշխատողներին։ Իսկ կյանքի պայքարում քեզ այնքա՜ն  անհրաժեշտ է լինելու դպրոցական տարիներին ձեռք բերած Գիտելիքը։

Հիմա աշխարհում դու ունես քո աշխարհը, որ այնքա՜ն գեղեցիկ, լուսավոր ու պայծառ է իրական աշխարհից, որտեղ դու ապրում ես քո հարազատների, հասակակիցների և ընկերների հետ...

Ընկերների մասին։ Միշտ ձգտիր քեզ շրջապատել ազնիվ, գաղափարակից, անշահախնդիր, հավատարիմ ընկերներով և դու էլ նրանց հանդեպ եղիր այդպիսին։ Ընտանիքից հետո ընկերները մարդու երկրորդ մեծագույն  հարստությունն են։ Առանց ընկերների մարդը նմանվում է անտառից մեկուսացած միայնակ ծառի։ Անգամ միայնակ հզոր կաղնին է տապալվում ուժեղ քամիներից ու հողմից, իսկ անտառում՝ իրենց նման ծառերով շրջապատված ամենանվաստ ծառերն անգամ կանգուն են մնում։

Զավակս, ես ցանկանում եմ, որ դու միշտ կարողանաս տեսնել և գնահատել Գեղեցիկը, անկախ նրանից այն բնության մե՞ջ է, թե՞ մարդու մեջ, մարդու արտաքի՞նն է այդ գեղեցիկը, թե՞ այն նրա ներսում է։ Դա քեզ օգնելու է տարբերել Տգեղը, Այլանդակը, որ հաճախ հանդես է գալիս գեղեցիկ հանդերձանքով։ Դրանով դու կսովորես ճանաչել նաև ինքդ քեզ և հասկանալ, որ բոլոր դատավորներից ամենաանաչառը նա է, որ քո մեջ է։
Դու ծնվել ես այնպիսի դարում, երբ հնարավոր է աշխարհը ղեկավարել համակարգիչ-կոմպյուտերով, երբ Երկիր մոլորակը պատված է համաշխարհային սարդոստայնով՝ ինտերնետով։ Դրանք աներևակայելի մտքի թռիչքի արդյունք են և հրաշք։ Սական դրանք կարող են չարիքի վերածվել, եթե դու դառնաս դրանց գերին՝ վտանգելով քո առողջությունը...

Չեմ կասկածում, որ այս նամակը կարդալով, դու հասկանալու ես ինձ։ Իսկ ավելի խորը դու հասկանալու ես այս տողերը, երբ տարիներ հետո, թերևս երբ ես չեմ լինի, կեսգիշերին նայես լուսնի աղոտ լույսի տակ երևացող քնած մանուկների անմեղ դեմքերին, լսես նրանց հանգիստ ու խաղաղ շնչառությունը, քեզ անսահման երջանիկ զգաս ու հասկանաս, որ նրանք քո մեծագույն հարստությունն են...

Դեռ մի ամբողջ կյանք կա քո առջև, դեռ այնքա՜ն բան ես տեսնելու և սովորելու։ Եվ թող քո գլխավերևում միշտ պայծառ ու անամպ երկինք լինի, զավակս, քո առջև՝ կանաչ ճանապարհ։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
4.12.18

18.10.18

Ներկայիս կրթական համակարգը հաշմում է մեր երեխաներին


Հաճախ ենք դժգոհում մեր ժողովրդի, քաղաքացիների մեջ բնավորված բացասական գծերից և հարց հնչեցնում դրանցից ձերբազատվելու մասին։ Դա իրոք լուրջ, շատ լուրջ խնդիր է։ Մինչ լիարժեք քաղաքացի դառնալը, մարդ գիտելիքներ ու դաստիարակություն է ստանում ընտանիքում, ապա՝ դրան զուգահեռ, կրթվում, սովորում դաստիարակություն ստանում դպրոցում։ Ընտանիքները տարբեր են ու բազմազան, և ընտանիքում դաստիարակություն ու նախնական գիտելիքներ ստանալու խնդիրը այլ թեմա է։ Բայց ահա, հանրակրթական դպրոցը կոչված է պետական հատուկ ծրագրերով կրթելու, դաստիարակելու երեխային։

Այդ առումով իսկ ի՞նչ վիճակ է մեր դպրոցներում։ Խոստովանեմ՝ խայտառակ։ Խայտառակ վիճակ է այդ բառի ուղիղ, փոխաբերական ու բոլոր իմաստներով։ Հատկապես հետանկախական շրջանում, գիտակցաբար թե չգիտակցված, ամեն ինչ արվում է երեխային բթացնելու, ոչ լիարժեք, թերզարգացած քաղաքացի դաստիարակելու համար։

Դա են վկայում թե՛ ուսումնական ծրագրերը, թե՛ դասավանդման ձևերն ու մեթոդները։ Այնպիսի տպավորություն է, որ մի փակ ու սև սենյակում նստել, ուսումնական ծրագրեր են կազմել մարդիկ, ովքեր մղոններով հեռու են մանկավարժությունից և առաջնորդվել են երեխային հնարավորինս շատ վնասելու և բթացնելու սկզբունքով։ Կարդում ես դասագրքերը, ուսումնասիրում թեմաները, ծանոթանում առաջադրված հարցերին և ապշում. այս մարդիկ դիտավորյալ ու կանխամտածվա՞ծ են այսպես արել, թե՞ իրենցից անկախ՝ տգիտությունից։ Կան ուսումնական առարկաներ («Հայ եկեղեցու պատմություն», «շախմատ» և այլն), որոնք հանրակրթական դպրոցում կարող են գոյություն ունենալ միայն արտադասարանական ու կամավոր սկզբունքներով։ Բայց խոսքը ոչ միայն դրանց մասին է։ Ինչպես վերևում գրեցի՝ ահավոր վիճակ է հենց ավանդական ուսումնական առարկաների ծրագրերի և առարկաների խնդրում։ Իշխողը ավելորդ ծանրաբեռնվածությունն է և առաջադրված հարցերի, վարժությունների անհեթեթությունը։

10-ամյա միջնակարգը փոխարինել ենք 12-ամյա համակարգով։ Թվում է, թե դա առաջին հերթին արվել է նախկին ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով։ Բայց ո՛չ, հազար անգամ ո՛չ։ Ոչ միայն թեթևության նշույլ չկա, այլև երիցս ավելի են ծանրաբեռնվել դասավանդվող առարկաները, անգամ ստեղծվել միանգամայն նոր դասագրքեր, որոնք մասնագետի, մանկավարժի կողմից գրված լինելը կասկածի տեղիք է տալիս։

Ընդամենը համառոտ իմ կարծիքն եմ ներկայացնում՝ առանց կոնկրետ առարկաների անուններ նշելու, որովհետև հնարավոր է դուրս մնան առարկաներ և կոնկրետ ուսումնական ծրագրեր, որ ավելի խայտառակ վիճակում են, քան իմ նկատածը։

Չգիտեմ ում թեթև ձեռքով, այսօր Ստեփանակերտի որոշ դպրոցներում դասավանդում են երեք օտար լեզուներ՝ ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն։ Ճիշտ է, երեխաներն ավելի արագ են օտար լեզու սովորում։ Բայց խնդիրն այն է, որ մեծամասամբ նրանք ոչ լեզվական նախասիրություններ ունեն և մի քանի լեզուներ միանգամից ուսուցանելը խոչնդոտում է դրանց առավել հիմնավոր յուրացմանը։ Այսինքն՝ միջին մակարդակի գիտելիքներ են ձեռք բերում երեք լեզվից, երբ կարող էին գերազանց սովորել երկու լեզու, ավելի լավ տիրապետել երկու լեզվի։

Դասաժամերի բաշխման մասին։ Բայց մինչ այդ, մի զավեշտի մասին. Ստեփանակերտում հանրակրթական դպրոցների մի մասում պարապմունքները 5-օրյա են, մյուս մասում՝ 6-օրյա։ Տարբեր դպրոցներ հաճախող երեխաներ ունեցող ընտանիքներում փոքրիկներից մեկը շաբաթ օրը հանգստանում է, իսկ նրա քույր-եղբայրները գնում են դասի...

Բայց վերադառնանք դասաժամերի խնդիրն. 8-րդ դասարանի աշակերտը որոշ օրեր 7 ժամ պարապմունքներ ունի, այն դեպքում՝ երբ տվյալ դպրոցն աշխատում է 6-օրյա գրաֆիկով, և հատկապես երբ 12-ամյա համակարգ ենք որդեգրել՝ առաջին հերթին ծանրաբեռնվածության խնդիրն իբր լուծելու նպատակով։ Այդ ո՞ր հանճարեղ մասնագետի գլխում է ծնվել այդ գաղափարը, որ ինչքան շատ գիտելիքներ ես լցնում երեխայի փոքրիկ գլուխը, այնքան նա զարգացած ու խելացի է դառնում։ Մինչդեռ հակառակն է. որքան շատ ես փորձում լցնել, այնքան քիչ բան է նստում նրա գլխում, ինչպես շատերին հայտնի այն փորձի ժամանակ, երբ բաժակը պահում են վարար ծորակի տակ ու փակում, ապա նույն բաժակը պահում ոչ վարար ծորակի տակ։ Առաջինի դեպքում բաժակի կեսից ավելին թափված է լինում, իսկ երկրորդում՝ գրեթե լեցուն է լինում բաժակը։

Եվ սա մեր կրթական համակարգի ամենամեծ հիմարություններից մեկն է։ Գրողը տանի, տվյալ դասարանում երեխային օրը 4-5 ժամ դասաժամ հատկացրեք, և նա երիցս ավելի խորը կյուրացնի մատուցածը, քան 6-7 ժամ հոգնած ուղեղով նստարանին գամված երեխան, որ րոպեներ է հաշվում՝ «անիծյալ» ազատարար զանգին սպասելով...

Այնպես որ, սիրելի հայրենակիցներ, սիրելի ծնողներ, մեր կրթական համակարգը հաշմում է մեր երեխաներին, նրանց մեջ սպանում սերը կրթության և ուսման հանդեպ, բթացնում նրան՝ որպես ապագա քաղաքացի, որպես լիարժեք մարդ։ Խորհուրդ եմ տալիս և կոչ եմ անում պայքարել այս խայտառակ կրթական համակարգի դեմ, ինչպես պայքարել ու պայքարում եք քրեաօլիգարխիայի դեմ։ Ի դեպ, ներկայիս կրթական համակարգը ծնվել է հենց այդ քրեաօլիգարխիկ համակարգի ծոցում... Պայքարեք՝ հանուն ձեր երեխաների, հանուն մեր բոլոր երեխաների և հանուն նրանց ապագայի։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

https://hetq.am/hy/article/97230