ԼԵՈ. Անցյալից. IIա


ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ

ԱՆԿՈՒՄ ԵՎ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ


Ա

1896 թվականը, այնքան հարուստ իբրեւ ցնցումների ու վկայությունների ժամանակամիջոց, ծանր հարվածներ էր տալիս հայ հեղափոխականությանն առհասարակ։ Ներքին քայքայում էր սկսվում Հնչակյան կուսակցության մեջ. հիշվածների էր ենթարկվում, կորցնում իր նյութական եւ բարոյական ուժը, թուլանում ներքին պայքարներից ու հակամարտություններից։ Այս դեռ, իհարկե, չէր նշանակում Հնչակյան կուսակցության կատարյալ եւ անհետ ոչնչացում։ Նա պահպանում էր իր գոյությունը, բայց արդեն երկրորդական նշանակություն ուներ, փոքր գործեր կարող էր կատարել։

Հրապարակում մնում էր Դաշնակցությունն իբրեւ մի հատիկ միաձույլ կուսակցություն, որ ներքին կազմակերպչական ճգնաժամ չէր ապրում։ Թեեւ այդպես, բայց Դաշնակցությունն էլ Բանկ-Օտոմանի ցույցով մտնում էր իր թուլության, անկման շրջանը։ Ահռելի արյունահեղությունները սաստիկ ռեակցիա էին առաջացրել հասարակական տրամադրության մեջ։ Ավելի եւս սաստկացած էր ռեակցիան Եվրոպայում եւ, մասնավորապես, Ռուսաստանում։ Այս խավար հոսանքների մեջ Աբդուլ-Համիդը դրդվում էր [դեպի] կատարյալ եւ անսահման կարողություն` խեղդելու իր պետության ամբողջ ազգաբնակչությանը, բայց մասնավորապես հայերին, որոնք զրկվում էին մարդկային ամենատարրական իրավունքներից անգամ, օրինակ` տեղափոխության ազատությունից։ Ճնշումներն ու կեղեքումները հասնում էին աներեւակայելի աստիճանների, իսկ սեպացած ժայռերին դեմ տրված հեղափոխությունը չգիտեր էլ ինչ աներ։

Ճիշտ է, դեռ մնում էր հին արհեստը` ֆիդայական (հայդուկային) կռիվը, բայց դա էլ առանձին մեծ ազդեցություն չէր գործում, թեեւ երկիրն իր միջից հանում էր իսկապես քաջ, հռչակված ֆիդայիների (Սերոբ Աղբյուր, Գեւորգ Չաուշ եւ ուրիշներ)։ 1897-ին Դաշնակցությունը հաջողեցրեց մի բավական աչքի ընկնող հայդուկային արշավանք. գիշերով հարձակում գործեց քրդական մի ցեղի վրա, որի գլխավորն էր Շարուֆ-բեյը, որն ապրում էր վրաններում՝ Խանասոր անվանված տեղում, թուրք-պարսկական սահմանագլխի վրա։ Այս գործը շատ ուռցրին ու չափազանցրին դաշնակցականները` համարելով այն իրենց մեծագույն հաղթանակը։ Այդ քուրդ ցեղը Շարուֆ-բեյի հետ հայտարարվեց բնաջնջված եւ, այսպիսով, նրա զոհը դարձած հայ ժողովրդի վրեժը հանված։ Սակայն այդ մի փոքրիկ հաջողություն էր միայն։ Խանասորում հանկարծակի եկած քրդերը կորուստներ ունեցան, կորցրին շատ անասուններ։ Բայց մնաց Շարուֆ-բեյը, որն անցավ Մուշի կողմերը եւ սկսեց այնտեղի հայերին տանջել, խորովել։

Չափից դուրս փառաբանված հաղթությունն էլ անկարող եղավ կանգնեցնել այն անընդհատ թուլացումը, որ գալիս էր սաստիկ վտանգելու Դաշնակցության գոյությունը։ Պետք էր գործունեության ավելի լայն շրջան ստեղծել եւ նորից կենդանացնել Հայոց հարցը։ Այս նպատակով Քրիստափոր Միքայելյանը տեղափոխվեց ժնեւ` կուսակցության ղեկավարությունն իր ձեռքն առնելու համար։ Թիֆլիսում ղեկավար մնաց Սիմոն Զավարյանը, որ երկար ժամանակ զուր ջանքեր էր անում կազմակերպության մեջ կենդանություն մտցնելու համար։ 1898թ. սկզբին Ջրօրհնեքի հանդեսին, Վանքի եկեղեցու բակում, Զավարյանը մոտեցավ ինձ եւ այսպիսի մի տարօրինակ առաջարկություն արեց։

Դաշնակցությունը գրեթե բոլորովին մոռացվել ու լքվել է ամենքից։ Ինքը որոշել է կազմակերպությունը փրկելու համար` նրա ղեկավարությունը հանձնել հայ բուրժուազիային։ Թող գան նրանք` Աբգար Հովհաննիսյանը[123] եւ ուրիշները, բերեն իրենց հետ դրամական միջոցներ, մարդիկ։ Նա ինքը` Զավարյանը, որոշել էր դիմել Աբգար Հովհաննիսյանին, իսկ ինձ առաջարկում էր` արդյո՞ք չեմ կարող գնալ Թիֆլիսում այն ժամանակները շատ հայտնի բժշկապետ Գասպարյանցի մոտ, որ թեեւ հայտնի էր իր կոպիտ եւ անհրապույր բնավորությամբ, բայց ինձ անշուշտ կընդուներ, իբրեւ իր հայրենակցի եւ «Մշակ»-ականի։ Ես պիտի այս մարդուն առաջարկություն անեի, որ գար մտներ Դաշնակցության մեջ եւ դառնար նրա ղեկավարներից մեկը։

Ես անակնկալ առաջարկությունից մնացել էի ապշած։ Եթե հետս խոսողը Սիմոն Զավարյանը չլիներ, պիտի լսածս խոսքերը համարեի ծաղր իմ հասցեին։ Բայց Սիմոնը խոսում էր լրջությամբ, իրեն հատուկ համոզիչ շեշտով։ Պատասխանեցի, թե բժշկապետ Գասպարյանցի հետ անձնական ծանոթություն չունեմ, ունենամ էլ` չեմ կարող նրան առհասարակ որեւէ առաջարկություն անել` լավ իմանալով նրա բնավորությունը, այն էլ այնպիսի մի առաջարկություն, որպիսին է մի դավադրական, հալածվող գաղտնի ընկերության գլուխ կանգնելը։ Եվ առհասարակ խորհուրդ տվի նրան` հանել Գասպարյանցին իր կազմած բուրժուական ցուցակից։

Պատմում եմ այս փոքրիկ դեպքը, որպեսզի ցույց տամ, թե ինչ հուսահատական դրության մեջ էր գտնվում այդ միջոցին Դաշնակցությունը։ Քիչ անցած Զավարյանը մի քանի խորհրդակցական ժողովներ գումարեց` ինձ էլ հրավիրելով մասնակցել այդ ժողովներին։ Ես գնում էի իմ ընկեր Վալերիան Լունկեւիչի[124] հետ` մերժած չլինելու համար Սիմոնի` մեր երիտասարդական շրջանների այդ ականավոր ներկայացուցչի խոսքը։ Շատ լավ եմ հիշում առաջին ժողովը, որ կայացավ գյուղատնտես Հարություն Փիրալյանի բնակարանում` Միքայելյան փողոցի վրա։ Բացի մեզանից կային եւ մի քանի անձնավորություններ, որոնցից հիշում եմ միայն Ավետիք Սահակյանին (դաշնակցական, հայտնի Հայր Աբրահամ[125] անունով)։ Սիմոնը սկսեց մի երկար եւ մանրամասն զեկուցում Դաշնակցության կազմալուծման մասին։

Այս հանգամանքի գլխավոր պատճառը նա համարեց կազմակերպության ծրագիրը։ Գործունեության այն եղանակը, որ ընդգրկել էր այն` բերելով իր հետ արյունահեղություններ եւ խորտակում, հոգնեցրել ու խրտնեցրել է ժողովրդական խավերին, եւ ամենքն այժմ երես են դարձնում նրանից։ Հարկավոր է, ուրեմն, վերակազմել կուսակցությունը նոր հիմքերի վրա։ Այս նպատակով էլ ահա հրավիրված էր խորհրդակցությունը։ Ինքը` զեկուցողը կարծում էր, որ կազմակերպությունը պիտի ստանա ավելի խիստ ազգային գունավորում` դուրս ձգելով ծրագրի եւ գործողության եղանակների միջից ամեն բան, որ հակառակ է ազգայնության հոգուն, որ եւ խրտնեցնում է հայ ժողովրդի պահպանողական բուրժուական տարրերին, որոնց վրա պիտի հենվի հայ հայրենական ազատագրության գործը[126]։ Այս բանի մեջ նա ոչինչ հետադիմական կամ հակաժողովրդական բան չէր տեսնում։ «Եթե,- ասաց նա,- ռուս ժողովուրդն իր համար ազգային սրբություն է դարձրել Մատուշկա-Վոլգան, ինչո՞ւ պիտի հայի համար խոտելի համարվի այն, որ նա իր ազգային սրբություն դարձնում է Մասիս սարը»։

Հակաճառելով Զավարյանին` Ավետիք Սահակյանն առարկեց, թե Դաշնակցությունը, ընդհակառակը, բոլորովին կազմալուծված չէ, այլ «շարունակում է պահպանել իր նախկին կենսունակությունը։ Եթե Թիֆլիսում եւ Կովկասյան մի քանի այլ կենտրոններում նկատելի է սառնություն դեպի կուսակցությունը, դա մեծ նշանակություն չունի, քանի որ նրա հետ է բուն երկրի` Թուրքհայաստանի ժողովուրդը, որ իր միակ պաշտպանն է համարում կուսակցությանը եւ շարունակ ցանկանում է, որ մենք գործենք միեւնույն ուղղությամբ, եւ ինքն էլ գործակցում է մեզ։ Ուրեմն ծրագիրը փոփոխելու ոչ մի հարկավորություն չկա։ Պետք է միայն աշխատել, որ կուսակցությունը համակրանք եւ վստահություն ներշնչի ռուսահայ ժողովրդին էլ։ Թող գան, ուրեմն, ովքեր կարող են։ Մենք խտրություն չենք դնում, մեզ համար բոլոր խավերի աշխատանքը ցանկալի է»։

Տուն վերադառնալիս ես եւ Լունկեւիչն իրար ասում էինք, թե Զավարյանի այս ձեռնարկումից ոչինչ չի դուրս գա։ Այդպես էլ եղավ։ Եթե չեմ սխալվում, մի անգամ էլ հավաքվեցինք Փիրալյանի բնակարանում եւ հետո… Ամեն ինչ մնաց հին դրության մեջ։ Իսկ կուսակցության վերակենդանացումը Թիֆլիսում չէր հիմնավորվում, այլ Ժնեւում։ Այնտեղ Քրիստափոր Միքայելյանը ծավալեց մի եռանդուն կազմակերպչական գործունեություն։ Սա ամենից առաջ արտահայտվեց հայդուկային գրականության մեջ։ «Դրոշակի» մեռած պաշտոնական բովանդակությունը նշանավոր չափով կենդանացավ։ Այնտեղ երեւան եկան Ղարիբը (Ահարոնյան[127])` իր վեպիկներով եւ պոեմներով, որոնք դրվատում էին հայդուկներին եւ հայդուկականությունը, Է. Ակնունին (Մալումյանը), որ նույնպես տեղափոխվել էր Ժնեւ եւ ոտքով-գլխով դաշնակցական դարձել։ Վերջապես, ինքը` Միքայելյանն էլ ձեռքն էր առնել հրապարակախոսի ժլատ գրիչը` գաղափարախոսական կառուցվածքներ հիմնավորելու համար։ 1901 թվականին էր, որ նա «Դրոշակի» մեջ տպագրեց իր «Ամբոխային տրամաբանությունը» փոքրիկ աշխատությունը, որը, սակայն, ահագին դժբախտությունների աղբյուր դարձավ հայ ժողովրդի համար։

Դաշնակցականների համար «Ամբոխային տրամաբանությունը» դարձավ մի սրբազան գիրք, ինչպես Ավետարանը, Ղուրանը։ Նրա մեջ հայտնված մտքերն երկնառաք ճշմարտություններ էին բոլոր ուղղահավատ դաշնակների համար։ Ի՞նչ էին բարբառում այդ ճշմարտությունները։
Հասարակության մեջ շատացել էին այն տարրերը, որոնք համոզվում էին հետզհետե, թե հայդուկային հեղափոխությունն է հայ ժողովրդի ջարդերի պատճառը, եւ եթե այն շարունակվի, հայության կատարյալ եւ վերջնական բնաջնջումը Թուրքիայում անխուսափելի է։ Սա արդեն հակահեղափոխություն էր` կորուստների եւ դրանց հետեւանքների հետ հաշվի նստելու հոսանք։ Այդ հոսանքի բերանը փակելու համար էր Միքայելյանը գրում իր բրոշյուրը։ Նրա մեջ պատմական փաստերով, հեղինակավոր եվրոպացիների վկայություններով [նա] պաշտպանում էր այն միտքը, թե քանի որ Թուրքիան սուլթանական Թուրքիա է, այնտեղ ապրող նացիաները պիտի կոտորվեն ու տանջվեն, միեւնույն է` ինչ դրության մեջ էլ գտնվեն նրանք` խաղաղ, հլու-հպատակ դրության թե ըմբոստ-հեղափոխական դրության։

Այսպիսով դաշնակցական շեֆը միանգամայն ապացուցված էր համարում, թե թուրքահայերի կոտորածները կապ չունեն թուրքահայերի հեղափոխական շարժումների հետ, եւ, ուրեմն, հեղափոխությունը պիտի շարունակի իր գործը` առանց ուշադրություն դարձնելու սուլթանի ջարդարար եռանդի վրա։ Հեղափոխության տեսականը Միքայելյանը պարզում եւ զարգացնում էր ռուս նարոդնիկական ընդվզողականության (բունտարության) պատիվ բերող փայլով։ Հեղափոխությունն է միակ միջոցը ջարդերի դեմ կռվելու համար։ Մինչեւ այժմ հայ հեղափոխությունը խղճի մտոք է կատարել իր ազատարար առաքելությունը եւ, եթե հաջողություն չի ունեցել, այդ նրա մեղքը չէ։ Պատճառը միշտ եղել է Եվրոպայի դավաճանությունը…

Այսօր կարդալով 20-րդ դարի հետ մեզանում երեւան եկած ազատագրական ավետարանը, մենք պիտի զարմանանք ոչ այնքան հեղինակի մտքի սնանկության վրա, որքան այն բանի, որ այդ միտքը կարողանում էր հիպնոսացնել զանգվածներին, քշել նրանց դեպի անհավասար ու խելացնոր մի պատերազմի` մերկ թեւերով կռվելու Կրուպպի թնդանոթների դեմ։ Պետք էր, ճիշտ որ, լինել տհաս մի ամբոխ, մի խուժան` հավատալու համար, որ եթե 1896-ի օգոստոսին դաշնակցականները ռումբերով չխուժեին էլ Բանկ-Օտոմանի ներսը, Կ.Պոլսում, այնուամենայնիվ, կմորթվեին 6000 հայեր։
[Ճիշտ է,] Քրիստափոր Միքայելյանը վերակենդանացնում էր [կուսակցության] գործունեությունը, բայց միշտ մնալով հին նարոդնիկական ավանդներին կուրորեն հպատակվող` ոչինչ չսովորելով կյանքից եւ ոչինչ չմոռանալով հին մոլորություններից։ Նա Թուրքահայաստանում պատրաստում էր նոր ապստամբություն եւ միջոցներ էր ձեռք առնում, որ Եվրոպան այս անգամ չդավաճանի իրեն։ Իսկ Աբդուլ-Համիդից հայ ժողովրդին ազատելու համար ծրագրվում էր կտրուկ եւ ուղիղ միջոց` սպանել նրան։

Բ

Այս ձեռնարկումների համար, սակայն, հարկավոր էին դրամական ահագին միջոցներ։ Եվ Քրիստափորը թողեց Ժնեւն ու գնաց Բաքու` հայ արդյունագործական բուրժուազիային երկու ձեռքով կթելու համար։ Սկզբունք է` ով հոժար կամքով գումար չի տալիս, այդպիսինը մահվան երկյուղի տակ է դատարկում իր հաստ գրպանը։ Գործը Բաքվում հաջողեցնելու համար հարկավոր եղավ գաղափարական պայքար մղել։ Ֆիդայական հեղափոխության ճանապարհին առաջին անգամ հակառակորդի դիրքով կանգնեց դասակարգային կռվի կուսակցությունը` սոցիալ-դեմոկրատիան, որ այն ժամանակ դեռ թույլ էր կազմակերպված։ Քրիստափորը Թիֆլիսից տանել տվեց Ահարոնյանին` վիճաբանություններ վարելու համար։ Եվ մի օր Ահարոնյանին տեսա Թիֆլիս վերադարձած` հաղթանակով։ Նա հաղթել էր վիճաբանությունների մեջ, երիտասարդությունը նրան օվացիաներով ճանապարհ էր դրել մինչեւ կայարան, եւ նա իր մազերի մեջ բերել էր այն կոնֆետիկները, որ շարունակ ցանելիս են եղել նրա վրա։ Քրիստափորը փողառատ գրպաններով վերադարձավ Ժնեւ` թողնելով, որ հայ հարուստներին փետրելու գործը շարունակի «Փոթորիկ» անունով տեռորիստական խումբը, որ իսկապես փոթորիկ էլ, ժանտախտ էլ դարձավ հայ բուրժուազիայի համար։ Խոշոր գումարներ էին տեղափոխվում Ժնեւի դաշնակցական բյուրոն։

Միջոցների տեր դառնալով` Միքայելյանը նախեւառաջ Փարիզում հիմնեց մի փոքրիկ կիսամսյա ֆրանսերեն թերթ` «Pro Armenia»[128] անունով, որի նպատակն էր Հայոց հարցի պրոպագանդան։ Աշխատակիցների կոչումով թերթին իրենց անունները տվեցին մի քանի նշանավոր ֆրանսիացի։ Այսպես, խմբագրական կազմը հայտարարված էր հետեւյալ անձերից` Ժորժ Կլեմանսո[129], Ժան Ժորես[130], Անատոլ Ֆրանս[131], Ֆրանսիս դե Պրեսանսե, Լ. դե Ռոբերտի, խմբագրապետն էր Պիեռ Քիյարը[132]։

Այս խմբակի շուրջ, ճիշտ որ, կազմակերպվեց մի համաեվրոպական պրոպագանդա, որին մասնակցեցին եւ ուրիշ երկրների գրական-հասարակական գործիչներ (օրինակ` Գեորգ Բրանդես, Էդուարդ Բերնշտեյն եւ ուրիշներ)։ Կազմակերպվեցին դասախոսություններ Եվրոպայի զանազան կողմերում` Հայոց հարցի էությունը քարոզելու եւ ժողովրդականացնելու համար։ Այս նպատակով Անատոլ Ֆրանսը ճանապարհորդեց Իտալիայում։ Մի խոսքով, վերակենդանացվեց նախահեղափոխական շրջանի քաղաքական պրոպագանդան, որի կազմակերպողն էր, ինչպես տեսանք, Անգլո-հայկական ընկերությունն իր «Հայաստան» թերթով։ Պետք է, սակայն, այստեղ եւեթ ասել, որ պրոպագանդան լոկ Դաշնակցությանը չէր պարտական իր վերակենդանացմամբ։ Համիդյան խժդժություններից Եվրոպա փախած թուրքահայ գրողները նվիրվեցին նույն գործին, եւ նրանցից միայն մեկը` Արշակ Չոպանյանը[133], այս ուղղությամբ աշխատելով մեծ աշխույժով եւ հմտությամբ` կատարեց իսկը որ ահագին դեր։ Նրա անխոնջ ջանքերով կազմվել է գրեթե մի ամբողջ գրականություն` հայ պատմության, գրականության, արվեստի եւ մշակութային այլ հարցերի վերաբերյալ։ Թարգմանելը եւ ժողովրդական բանահյուսության այդ գոհարները, միջնադարյան ու աշուղական երգերը տպագրելը Չոպանյանը բավարար չի համարել ու նշանավոր գրողների եւ գիտնականների հանձնարարականներն է խնդրել ու զետեղել այդ հրատարակությունների մեջ` իբրեւ ներածություն, կարդացել է դասախոսություններ, դիմումներ է արել եւ այլն, եւ այլն։

Ի՞նչն էր այս ընդարձակ պրոպագանդայի նպատակը։ Հայ գործիչները` հեղափոխական եւ ոչ հեղափոխական, այն դժբախտ մոլորության մեջ էին մնում, որ եթե քաղաքակիրթ կոչված աշխարհը (սա ասենք էլի ու էլի)` Եվրոպան, սառնասրտությամբ է վերաբերվում հայ ժողովրդի կրած անհուն եւ անօրինակ տառապանքներին, պատճառն այն է, որ նա չի ճանաչում հայ ժողովրդին, չգիտի, որ հայը մի հին կուլտուրական ժողովուրդ է, առաջադիմության ընդունակ, դարերից ի վեր եվրոպական քաղաքակրթության առաջավոր պահակ Ասիայի խորքերում։ Եվ ահա ծանոթացնում էին այդ ժողովրդին, գովում նրա խաղաղ բնավորությունը, նրա ստեղծագործող, արդյունաբերող առատությունը, նկարագրում նրա թշվառությունները, նրա կրած հալածանքները, մարդասիրություն եւ գթություն էին հայցում նրա համար։

Այո՛, եռանդ եւ ընդունակություն շատ էին վատնվում։ Բայց... Այդ բոլորը անճարության ջղաձգումներ էին։ Հայ ժողովրդին իբր թե բոլորովին չէի՞ն ճանաչում եւ այն ժամանակ, երբ նա 300 հազար զոհ էր տալիս եւ իր տանջանքներով լցնում ամբողջ աշխարհը` բեւեռից բեւեռ. սա մի անասելի միամտություն էր։ Միամտություն, մանավանդ այն մտածողության տեսակետից, որ ասում էր, թե այդ ժողովրդին պետք է փրկել այն պատճառով, որ նա կուլտուրական է, իր անցյալում Տիգրան, Նարեկացի, Շնորհալի, Տրդատ ճարտարապետ է ունեցել։ Կարծեք թե մի ուրիշ ժողովուրդ, որ բոլորովին անցյալ չուներ, որ վայրենի էր, իրավունք չուներ ապրելու առանց տանջանքների, առանց կոտորածների։ Կարծում էին, որ եթե Փարիզի կամ Լոնդոնի միջակ բուրժուան, մանր ռենթիեն[134] (հասութակերը) գան գեղեցիկ խոսքեր լսելու հեռու ինչ-որ աշխարհում տանջվող բոլոր մարդկանց մասին, դրանից կփոխվի Ֆրանսիայի կամ Անգլիայի քաղաքականությունը, եւ վճռող խոսքը վերջիվերջո հանոտոններին եւ սոլսբերիներին չէր տրվի, այլ հենց այս ունկնդիր քաղաքացիներին…

Սա մի կատարյալ անգրագիտություն էր։ Հայկական պրոպագանդան ապրում էր Եվրոպայի մեջ, բայց չէր հասկանում, թե ինչ էր կատարվում իր շուրջը։
Հայանպաստ պրոպագանդայի վարիչներն իրենց գլխավոր հույսը դրել էին Ֆրանսիայի վրա, եւ Փարիզը` համաշխարհային այդ բանկիրը, իբր պիտի հայանպաստ պրոպագանդայի սիրտն ու հոգին դառնար։ Միայն այս հանգամանքը որքա՜ն էր խաբում մեզ։ Միեւնույն այն փաստը, որ Ժորժ Կլեմանսոն, Անատոլ Ֆրանսը, Ժան Ժորեսը բարեհաճել էին մեզ համակրել, որքա՜ն մանկական երազանքներ ներշնչեցին մեզ, որքան մոլորությունների անդունդներ գահավիժեցրին։

1900 թե 1901 թվականին Փարիզի հայ գաղութը լուր ստացավ, որ Կիլիկիայում պատրաստվում է հայկական մի նոր կոտորած։ Այն ժամանակ [Ֆրանսիայի] արտաքին գործերի մինիստրն այլեւս թուրքամոլ Հանոտո-փաշան չէր, այլ Դելկասեն[135] էր։ Մի պատվիրակություն, Արշակ Չոպանյանի գլխավորությամբ, դիմեց Դելկասեին եւ խնդրեց պաշտպանել հայերին։ Դելկասեն սիրով ընդունեց եւ հայտարարեց, թե ինքը թույլ չի տա հայկական նոր ջարդեր։ Եվ ֆրանսիական մի ռազմանավով գնաց դեպի Կիլիկիայի ափերը։ Ջարդ տեղի չունեցավ, եւ այս հանգամանքը վերագրվեց Դելկասեին եւ նրա ճառին։

Եվ այսքանից` ի՜նչ հրճվանք, ի՜նչ ակնկալություններ։ Դելկասեն դարձավ Հայոց հարցի պաշտպան։ Մի ֆրանսիացի գրեց, թե Դելկասեն միակ քաղաքագետն է Եվրոպայում, որ զուրկ չէ սրտից։ Այդ սիրտն էլ, հարկավ, կհարկադրեր նրան Հայոց հարցը դնել պետությունների առջեւ եւ լուծել տալ։ Բայց սա, իհարկե, մանկական թոթովանք էր, եւ ինքը` Դելկասեն, շուտով ապացուցեց, որ իրեն, իբրեւ դիվանագետի, զրպարտում են` ինչ-որ սիրտ դնելով իր կրծքի տակ։ Հայոց հարցի համար նա ոչ մի միջամտություն չարեց։ Բայց երբ սուլթանի կառավարությունը մերժեց վճարումներ անել Ֆրանսիայի երկու վաշխառուների, նույն Դելկասեն ֆրանսիական նավատորմն ուղարկեց թուրքական ջրերը եւ անվթար ստացավ վաշխառուների բոլոր պահանջները։

Սա չափազանց պարզ էր` երեխաներին անգամ դաս դառնալու համար։ Բայց Չոպանյանը շարունակեց հավատալ, որ «ֆրանսիական ազնիվ ազգը» պիտի ազատի հայերին։ Եվ միայն նա չէր այդպիսի հավատի տեր։ Քրիստափոր Միքայելյանի մտցրած ուղղությունն էր, որ Դաշնակցությունը շարունակ դիվանագիտական մարզանքներ կատարի` դիմումներ անելով մեծ պետությունների (գլխավորապես Անգլիայի եւ Ֆրանսիայի) կառավարություններին։ Այդ ժամանակներից էր, որ Ժնեւի դաշնակցական կենտրոնը` «Դրոշակի» խմբագրությունը, իր պահեստների մի մշտական պատկանելիք էր դարձնում նաեւ մի հատ ռեդինգոտ[136], մի հատ էլ ցիլինդր[137]` դիվանագիտական դիմումներ անող իր առաքյալներին հագցնելու համար։ Գնալ, ներկայանալ մի որեւէ արտաքին գործերի մինիստրի քարտուղարի օգնականին, խոսել նրա հետ «հայոց ազգային դատի» մասին, մի քանի քաղաքավարի կեղծ խոսքեր լսել ու վերադառնալ. սա «փրկության» գործ էր համարվում երկար տարիների ընթացքում` մինիստրների նախասենյակներում նստելը։
Եվ իրավունք ուներ թուրքահայ տաղանդավոր երգիծաբան Երվանդ Օտյանը, երբ հայերին տալիս էր «նախասենյակի ազգ» անունը։

Գ

Ո՛չ պրոպագանդայի գործը Եվրոպայում, ո՛չ Թուրքահայաստանում ուժեղացող հայդուկային կռիվները դեռ բավական չէին, որ Դաշնակցությունը թեւակոխեր վերակենդանության շրջանի մեջ։ Հեղափոխական գործի երկու կողմերն էլ` հայդուկայինը եւ քաղաքագիտականը, վարկաբեկված էին։ Բռնի միջոցներով փող կորզելը նրանից ետ էր շպրտել բուրժուազիային։
Բայց այս ճգնաժամային դրության մեջ մի անակնկալ հանգամանք եկավ լայն ժողովրդականություն ստեղծելու նրա համար։ Այդ հանգամանքը հյուսվեց ցարական բռնակալության ապուշ վայրագություններից։

1896-ին Կովկասի վարչապետ նշանակվեց իշխան Գոլիցինը[138]` մի կրքոտ մարդ, կապ-կտրածներից մեկը, բռնի ռուսացնող բյուրոկրատի մի ամենաբնորոշ տիպ։ Եկել էր փութացնելու Կովկասի ռուսացումը[139]. այդ պատճառով նրա համար ատելի էին առհասարակ այն ազգությունները, որոնք իրենց սեփական ազգային բավականաչափ արժեքներն ունեին ռուսացմանը դիմադրելու համար, բայց մասնավորապես հայերը, որոնց վերաբերմամբ գոլիցինյան ատելությունը կատարելապես մի հիվանդագին երեւույթ էր կազմում։ Իր առաջին իսկ քայլերից Գոլիցինը հայտարարեց, թե պիտի արմատախիլ անի Հայոց հարցը։ Հետո, հետզհետե, բանը հասավ այն աստիճանին, որ Գոլիցինն անհանդուրժելի էր համարում, որ հայ ժողովուրդ է ապրում աշխարհիս վրա։ Ոչնչացնե՛լ ամենքին եւ միայն մի հատ թողնել մարդաբանական թանգարանի համար` սա՛ էր ցարական կոպիտ ու ինքնահավան սատրապի իդեալը[140]։

Գոլիցինը, ձեռք առնելով այս ուղղությունը, [իր] առաջին գործը դարձրեց Կովկասի մայրաքաղաք Թիֆլիսում հայահալած մամուլ ստեղծելը։ Մինչ այդ հայերի դեմ հալածանք մղելու պաշտոնը կատարում էր Պետերբուրգի եւ Մոսկվայի վաճառված հետադիմական մամուլը։ Այժմ նրա վրա ավելացավ եւ Թիֆլիսի պաշտոնական «Кавказ»[141] լրագիրը, որի խմբագրությունը Գոլիցինը հանձնեց երկրորդական շնորհքի տեր, հետո եւ բոլորովին մոռացված բանաստեղծ Վելիչկոյին, ով մեծ եռանդով եւ մի ավելի լավ գործի արժանի համառությամբ սկսեց օրն օրին ծավալել մի անհաշտ, մի անխելք, կատաղի թշնամություն հայերի դեմ եւ առհասարակ այն ամենի դեմ, ինչ հայկական էր։ Այդ պալատական հրապարակախոսը` պալատական ռուբլիներին[142] ծախված ստոր հոգին, բավական լավ պաշտպանված էր հակաճառություններից։ Մինչ նա օր օրի վրա վարժվում էր մեկը մյուսից անպատկառ, փողոցային հայհոյանքներ հերյուրելու եւ մի ամբողջ ժողովրդի դեմքին խփելու մեջ, մենք` հայ հրապարակախոսներս, ստիպված էինք եզոպոսյան դարձվածքների մեջ որոնել գոնե մի բան ասելու հնարավորություն, այն էլ գրեթե միշտ տեսնում էինք մեր այդ գրվածքներն անխնայաբար կարմիր թանաքի կեր դարձած[143]։

Վելիչկոյի հայակերական զառանցանքներին սիրով ձայնակցում էր եւ վրաց «կնյազական» մամուլը։ Իլյա Ճավճավաձե[144], Ակակի Ծերեթելի[145], [Նիկոլայ] Նիկոլաձե[146] եւ նրանց նման ուրիշ շատեր «Кавказ»-ի բանաստեղծ-խմբագրի համհարզներն էին։ Թուրքերից Ահմեդ-բեկ Աղաեւն[147] էր ձայնակցում, իսկ մի անգամ էլ Շուշիում դուրս եկավ Դալի-Աբբաս անունով մեկը, նախկին պոլիցիական պաշտոնյա, թղթամոլ եւ գինեմոլ մի տիպ, որ նույնպես աքացի տվեց հայերին։
Վելիչկոյի գործունեությունը հող էր պատրաստում։ Երբ Գոլիցինը տեսավ, որ հողը բավականաչափ պատրաստված է, կոպիտ կերպով դուրս շպրտեց «Кавказ»-ի խմբագրությունից իր վարձկան բանաստեղծ լակեյին։ Լռեց թունալից խոսքը։ Բայց դրանից ի՞նչ ուրախություն։ Գոլիցինն սկսեց պաշտոնական ճանապարհով, օրենսդրական կարգով զրկել հայերին բոլոր իրավունքներից։ Փակեց եղած սակավաթիվ հայ լրագրերից մեկը, փակեց հայոց դպրոցները, փակեց բարեգործական եւ կրթական հիմնարկությունները, գրադարանները եւ վերջիվերջո եկավ հասավ այն բանին, որ Նիկոլայ Բ-ից հրաման բերեց Հայոց եկեղեցական կալվածքները եւ գումարները խլելու մասին[148]։ 1903-ի ամռանն էր հրապարակվում այս օրենքը։

Սա արդեն չափազանցություն էր։ Հայ ժողովուրդը մինչեւ այդ համբերությամբ տարել էր բոլոր հարվածները։ Որքան սաստկանում էին գոլիցինյան հալածանքները, այնքան ամրանում եւ տարածվում էր ազգայնական զգացմունքը։ Հայոց լեզուն, գրականությունը դառնում էին ուսումնասիրության առարկա եւ այնպիսի շրջանակներում, որոնք մինչեւ այդ չէին հետաքրքրվել դրանցով։ Գաղտնի դասեր, դասախոսություններ, ընթերցանություններ` ահա՛ ինչ էր նկատվում ոչ միայն Թիֆլիսում եւ այլ քաղաքներում, այլեւ նույնիսկ գավառական խուլ անկյուններում։ Զուր չէր խոսք դարձել, թե «Գոլիցինը հայերին հայ դարձրեց»։

Այս ազգային հողի վրա էր, որ հեղափոխական երկու կազմակերպություններն էլ` հնչակյանները եւ դաշնակցականները, մտնում էին ժողովրդի խորքերը, այնտեղ հաստատուն հող էին նվաճում իրենց համար։ Ես այդ ժամանակներում առիթ եմ ունեցել ծանոթանալու Շիրակի հայ գյուղական կյանքի հետ եւ նկատել եմ շատ բնորոշ երեւույթներ։ Գյուղերը բաժանված էին դաշնակցականների եւ հնչակյանների միջեւ։ Կային գյուղեր, որոնց մի մասը դաշնակցական էր, մյուսը` հնչակյան։ Երկու կուսակցությունների փոխադարձ ատելությունն ու թշնամությունը ծայրահեղության էր հասել։ Այդպես էին հարաբերությունները եւ նրանց «ծուխերը» կազմող գյուղերի ու գյուղամասերի միջեւ։ Կողմերն իրար հետ գնալ-գալ չունեին, իրար աղջիկ չէին տալիս[149]։ Գյուղերում բացված էին գաղտնի դպրոցներ։ Ես իմացա, որ Կարսի շրջանում այդ գաղտնի դպրոցները նույնիսկ թեմական տեսուչ ունեն, եւ այդ տեսուչն էր Ն. Աղբալյանը[150]։ Հեղափոխական կազմակերպություններն իրենց ձեռքն էին առել եւ ժողովրդական դատաստանը։ Պետական դատարաններին դիմող համարյա այլեւս չէր մնացել։ Ամեն կուսակցություն ուներ իր զինվորությունը։ Անիի շրջակայքում` Արազի գյուղի մեջ, գրեթե իշխում էր դաշնակցական զինվոր Ազիզը։ Եվ ես տեսել եմ, թե ինչպես էին գյուղացիները, անգամ քրդերը, հպատակվում նրա հրամաններին։

Ահա՛ ինչ արդյունքներ էր տալիս իշխան Գոլիցինի սանձարձակ, հայահալած քաղաքականությունը։ Ժողովուրդը խորանում էր ինքն իր մեջ եւ իր ազգային ստացվածքների պաշտպանությունը հանձնում էր այն ուժերին, որոնք մտնում էին նրա մեջ հենց այդ ինքնապաշտպանական տրամադրությունը շահագործելու համար։
Օդն, այսպիսով, էլեկտրականացած էր, երբ հանկարծակի պայթեց ցարական ուկազը[151]` եկեղեցական կալվածների մասին։ Ինքը` Գոլիցինն էլ զգում էր, որ դա համբերության բաժակը լցնող մի քայլ էր։ Չէ՞ որ նույնիսկ Նիկոլայ Բ-ի բոլոր մինիստրները չէին իրենց համաձայնությունը տվել, այլ միայն Պլեւեն[152] եւ Պոբեդոնոսցեւը[153]։ Որ այնուամենայնիվ այդ չնչին փոքրամասնության կամքն էր օրենք դարձել, պատճառն այն էր, որ նրան միացել էր եւ ինքնակալ Ռոմանովը։

Առաջին իսկ տպավորության տակ ծնվում էր դիմադրելու միտքը։ Ամառվա վերջին ես գնացի Պյատիգորսկ` հանքային ջրերը, բայց ստիպված եղա կիսատ թողնել բուժումս եւ վերադառնալ Թիֆլիս, ուր ինձ ստիպողաբար կանչեցին երկու հեռագրով։ Կանչողը նոր միայն կյանքի կոչված գաղտնի կազմակերպությունն էր, որ իրեն տվել էր Հայկական ինքնապաշտպանության կենտրոնական կոմիտե անունը։ Այնտեղ չկար եւ ոչ մի դաշնակցական կամ հնչակյան։ Կազմված էր բուրժուական տարրերից, ուներ իր մեջ եւ մեկ հոգեւորական` Կարապետ վարդապետ Տեր-Մկրտչյան։ Իր գործունեությունը նա սկսել էր մի հեղափոխական կոչով, որի ճակատին էր դրել. «Բոլոր ճնշվածներ, միացե՛ք»։ Հայ ժողովրդին հրավեր կարդալով համառ եւ աննկուն դիմադրություն ցույց տալ ցարական բռնակալությանը` կոչը վերջանում էր այսպիսի բացականչություններով` «Կորչի միապետությունը։ Կեցցե՛ Ռուսաստանի ազատ ազգությունների դաշնային ժողովրդային հանրապետությունը»։
Գոլիցինն էր դարբնել այս նշանաբանները։ Բյուրոկրատական ապուշությունն այսպես էր փորփրում ցարիզմի հիմքերը։

Բայց կոմիտեն մյուս կողմից էլ աշխատում էր բան հասկացնել ռուսաց կառավարությանը։ Այս նպատակով էլ նա ինձ կանչել էր Պյատիգորսկից։ Էջմիածնից բերված էր պաշտոնական գրագրություններ պարունակող գործերի մի մեծ կույտ։ Ինձ հանձնեցին կարդալ ու կազմել մի պատմական տեղեկագիր եկեղեցական կալվածների մասին, որը կաթողիկոսն իր կողմից պիտի ուղարկեր Նիկոլային` ցույց տալով, թե կալվածները ժողովրդական սեփականություն են` հաստատված մահմեդական տիրողների, շահերի եւ խաների հրովարտակներով։ Կարծում էին, թե դրանով կամաչեցնեին եւ կարգի կբերեին քրիստոնյա բռնակալին։

Զբաղված էի ինձ հանձնած արխիվի ուսումնասիրությամբ եւ միաժամանակ հետեւում էի Ինքնապաշտպանության կոմիտեի գաղտնի, այսպես ասած, ռազմական հեղափոխական գործունեությանը։ Միջոցներ չուներ նա` ո՛չ ռազմական, ո՛չ դրամական։ Եվ եթե, այնուամենայնիվ, իրեն ուժեղ էր զգում, այդ էլ շնորհիվ այն ըմբոստ տրամադրության, որ բռնել էր ամբողջ հայ ժողովրդին։ Արդեն մի քանի տեղերում ցույցեր էին եղել, ընդհարումներ ժողովրդի եւ կառավարական զորքերի միջեւ։ Եվ տրամադրությունը գնալով աճում էր, բարձրանում։

Գավառներից պատվիրակներ էին գալիս Թիֆլիս՝ պահանջելու, որ զիջումներ չլինեն, որ դիմադրություն ցույց տրվի։ Իսկ մի օր «Մշակի» խմբագրատուն մտավ Ալեքսանդրապոլի կողմերից եկած մի գյուղական երիտասարդ քահանա, որ Գոլիցինին սպանելու պատրաստակամություն էր հայտնում։ Չգիտեմ ինչն էր, որ նրան արգելեց այդ բանն անելու, կարծեմ, գաղտնի կոմիտեն չէր վստահել անփորձ գեղջուկին այդպիսի մի լուրջ ձեռնարկությունը։ Հիշատակում եմ այս բանը, լոկ այն պատճառով, որ ցույց տամ, թե որ աստիճանին էր հասել ժողովրդական ցասումը։ Սակայն շատ խիստ աչքի էր ընկնում այն հանգամանքը, որ ժողովրդական տարրերն անկազմակերպ էին` կանոնավոր եւ սիստեմատիկ կերպով դիմադրություն գործադրելու համար։

Ահա այդ ժամանակ էր, որ Դաշնակցությունը հայտարարեց, թե իր վրա է վերցնում ինքնապաշտպանության եւ դիմադրության գործը։ Ժամանակին արված մի քայլ էր այդ, որ միաժամանակ լուծում էր Դաշնակցության լինել-չլինելու հարցը։ Ցարական զորքերը քաղաքից քաղաք, ավանից ավան էին գնում, կոտրում էին ժողովրդական կարողությունն իրենց մեջ պահող սնդուկները, տանում նրանց մեջ եղած գումարները, իսկ ժողովուրդն իր զայրույթն ու վիշտը մոռացնել էր տալիս նրանով, որ փարում էր Դաշնակցությանը, որի ռազմական ուժերը մտնում էին գործի մեջ` տեռորի ենթարկելով կառավարական պաշտոնյաներին` սկսելով Գանձակի փոխնահանգապետից։
Ցարական ոճիրի մի երեսն էր սա` Հայոց հարց նաեւ Ռուսաստանում, [ինչպես նաեւ`] ժողովրդական համակրանքով վերակենդանացած, ուժեղացած, հայ հեղափոխական իրականության տեր ու հրամայող դարձած Դաշնակցություն...

Թեեւ այսպիսին էր ստեղծվող նոր դրությունը, բայց հնչակյանները մի անգամ էլ էին երեւան գալիս հանդուգն ձեռնարկություններով. նրանք էին, որ 1903-ի աշնանը սպանության փորձ կատարեցին կառավարչապետ Գոլիցինի վրա։ Փորձն անհաջող էր։ Ցարական սատրապը չսպանվեց, այլ վիրավորվեց գլխից։ Այնուհետեւ այլեւս բացարձակ պատերազմական դրություն ստեղծվեց միապետական բյուրոկրատիայի եւ հայ ժողովրդի միջեւ։ Հալածանքներն ընդունեցին համածավալ կատաղի կերպարանք։ Թիֆլիսում ամբողջ թաղեր ենթարկվեցին գիշերային խուզարկությունների, հարյուրավոր մարդիկ, սոսկ կասկածով միայն, աքսոր քշվեցին Ռուսաստան։

Այդ ժամանակ ես ծանր հիվանդ էի։ Հասկանալի է, թե ինչ վախերով էր բռնված ընտանիքս իմ վիճակի վերաբերմամբ։ Այսօր էլ աչքիս առաջ է իմ խեղճ, պառավ մայրը, որ գիշերները, ստուգելով սենյակիս դռները, հանում էր պահարանից իմ գրությունները` վնասակարներն անվնասներից ջոկելու համար։ Ինքն անգրագետ էր, իսկ ինձ բժիշկները հրամայել էին մեջքիս վրա պառկած մնալ։ Դողդողուն ձեռքերով մայրս աչքերիս էր մոտեցնում ամեն մի կտոր թուղթ, որ որոշեմ նրա վտանգավորության չափը։ Ես ձանձրանում էի, դժգոհություն հայտնում, ասում` թող ինչ լինելու է լինի, իսկ նա անսպառ մայրական համբերատարությամբ խնդրում, համոզում, աղաչում էր։ Ավելի նրան հանգստացնելու համար ես մի քանի թղթեր որոշեցի հայտարարել վտանգավոր։ Մայրս տարավ դրանք, իր ձեռքերով այրեց խոհանոցում եւ միայն այդ ժամանակ հանգստացավ` ազատած համարելով իր որդուն ցարական բանտից ու աքսորից։ Խե՜ղճ իմ թղթեր, հայ գրողի կիսատ մնացած աշխատություններ, ծրագրեր, նկատողություններ։ Ո՞ւմ կարող էին նրանք վնասել։ Բայց քանի-քանի անգամ են նրանք իմ ձեռքերով ենթարկվել անխնա ոչնչացման` ռուսական ժանդարմներին նյութ չտալու համար։

Հիմա, երեւակայեցեք` քանիսները կային ինձ պես, քանի մայրեր էին անընդհատ խեղդող տագնապներ ապրում գոլիցինյան տեռորի այդ խավար գիշերներին։ Դա մի մղձավանջ էր, որ չոքել էր ամեն մի հայի կոկորդի։ Հայն այստեղ` քրիստոնյա Ռուսաստանում էլ օրենքից դուրս էր դրված։ Եվ այստեղ էլ, ինչպես եւ այնտեղ [Թուրքիայում], հայդուկային մտայնություն էր տիրում կյանքի բոլոր ներքին դիրքերին։ Հրամայողը, օրենսդրողը հայ հեղափոխականն էր, գլխավորապես, իհարկե, դաշնակցականը։ Կարո՞ղ էր ուրիշ կերպ լինել մի դրության մեջ, որ թշնամի բանակի դրությունն էր հիշեցնում։ Ռուսական չինովնիկը հալածում էր հային, եւ հայ ֆիդային սպանում էր նրան, ազգային վրեժ հանում։ Ֆիդայական ռումբից ու դաշույնից ազատ չէր մնում եւ հայ չինովնիկը, եթե նա կասկածվում էր իբրեւ մատնիչ։ Կյանքը դարձել էր անեծք։ Թե որքան ուժեղ էր դիկտատուրան, ցույց է տալիս հետեւյալ փաստը։

Գոլիցինի վերքը մի ժամանակ վտանգավոր բարդություն առաջացրեց։ Խելառ բռնավորը տապակվում էր 40 աստիճանի հասնող տաքության մեջ։ Սպասում էին, թե նա կմեռնի… Եվ սկսեցին ստրկական ցույցեր։ Ռուսները, վրացիները, հույները, հրեաները, թուրքերը, մինչեւ իսկ հայ կաթոլիկները մաղթանքներ էին կատարում, ասել է՝ աղաչում էին իրենց «բարերար» աստծուն, որ նա բարիք անի աշխարհին` առողջություն պարգեւի Գոլիցինին։ Ամեն օր զանգահարություն, աղոթք եւ երգ։ Եվ միայն հայ լուսավորչական բազմաթիվ զանգակատներն էին, որ պահպանում էին խորին, գերեզմանային լռություն։ Ոչ ոք չհամարձակվեց ծպուտ անգամ հանել` ստրուկի պարտքը կատարելու համար։ Արգելված էր։ Արգելողները հեղափոխականներն էին։ Մի շատ ազդու, շատ հանդուգն ցույց էր այդ զանգային ցուրտ լռությունը։ Այն ռուս բյուրոկրատներին բացատրում էր, թե հայերը կատարյալ պատերազմի մեջ են իրենց դեմ։

Սա իմացավ եւ հիվանդ պառկած Գոլիցինը։ Կատաղություն, տագնապ, միաժամանակ եւ անարգ վախ. ահա՛ ինչերով էր փոթորկվում նրա սատրապական մահիճը։ Եվ մի օր ամբողջ Թիֆլիսն ականատես եղավ այսպիսի մի տեսարանի. կառավարչապետի պալատը, Գոլովինսկի պրոսպեկտի կողմից, շրջապատվեց սակրավոր զորքերով, որոնք մի խոր խրամատ էին փորում։ Փորող զինվորներն այլեւս չէին երեւում, գետնի տակ էին մտել, այնտեղ էին զանազան անցքեր փորում։ Բանից դուրս եկավ, որ վախկոտ Գոլիցինը գիշերներն ինչ-որ ստորերկրյա ձայներ է լսելիս եղել եւ կարծել է, թե այդ հայ հեղափոխականներն են փոս փորում իր պալատն ականով պայթեցնելու համար, եւ աճապարել էր խոր խրամատներով ու ստորերկրյա անցքերով ուժեղացնել իր անձի պաշտպանությունը։ Մինչդեռ «հեղափոխականների ստորերկրյա աշխատանքը» լոկ խանգարված երեւակայության հերյուրանքն էր, եւ այն ձայնը, որ լսելիս է եղել գիշերները, կառավարչապետի դիվանատանը պատկանող տպարանի մեքենայի ձայնն է եղել։

Թե ինչ պետք էր սպասել այսքան բացարձակ թշնամական կերպարանք ստացած հարաբերություններից` դժվար չէ գուշակել։ Գնալով պիտի սաստկանար ցարական կառավարության կռիվը հայության դեմ։ Բայց այս ընթացքին խանգարեց 1904թ. սկզբին հանկարծակի պայթած ռուս-ճապոնական պատերազմը։ Գոլիցինը զբաղվեց հայրենասիրական ցույցեր կազմակերպելով։ Ոստիկանության ձեռքով կազմակերպվեցին թափորներ, երթեր. ցուցարարները` մեծագույն մասամբ փողոցային երեխաները, տիրացել էին տրամվային եւ դես ու դեն էին թռչում` «ուռա» կանչելով եւ «Боже, царя храни»[154] երգելով։ Բայց, թե որքան անկեղծ էին այդ երգերը, երեւում է նրանից, որ մանավանդ ուշ երեկոները, կենտրոններից հեռու փողոցներում «Боже, царя храни»-ն ընդհատվում էր, եւ նրա փոխարեն բարձրանում էր «Մեր հայրենիք»[155] հայերեն երգը։

Շփոթված լինելով Մանջուրիայի դաշտերում մղվող դժբախտ պատերազմով, Գոլիցինը մի քիչ, այսպես ասած, կարգի եկավ, մի քիչ ինքն իրեն զսպեց, եւ հայության դեմ կառավարության կռիվն առժամանակ կանգ առավ։ 1904թ. ամռանը Նիկոլայ Բ-ն իր սիրած սատրապին կանչեց Պետերբուրգ` մշտապես իր տեսադաշտում պահելու համար։ Հայությունը, վերջապես, մի քիչ ազատ շունչ քաշեց։
Եվ այսպես ուրեմն, ռուսական արատավոր կառավարությունն իր ոճրագործ քաղաքականությամբ այն էր միայն առաջացնում, որ կովկասյան հայությանն էլ գցում էր Դաշնակցության գիրկը, համակում էր նրան ֆիդայական-հեղափոխական տրամադրությամբ եւ ամենասուր ազգայնական հակառակությունների որոմներն էր տնկում իրար հարեւան ազգերի սրտերում։ Դաշնակցության ծրագիրը լայնանում էր. մինչ այդ նա կռվի մի ճակատ ուներ իր առջեւ, իսկ այժմ Ռուսաստանը դառնում էր երկրորդ ճակատ։

1903թ. վերջերից առանձին կենդանություն սկսվեց թուրքական ճակատի վրա։ Այս անգամ էլ Դաշնակցությունը (միշտ կրկնող հնչակյան ձեռնարկությունների) ապստամբեցրեց Սասունը։ Նրա խմբապետ Անդրանիկը բավական ժամանակ հաջողությամբ դիմադրեց թուրքական զորքերին։ Այդ ֆիդայական պատերազմի հետ միաժամանակ Դաշնակցությունը կազմեց մի ազգային պատվիրակություն, որ, Խրիմյան կաթողիկոսի ներկայացուցիչ հանդիսանալով, գնաց շրջելու Եվրոպայի մայրաքաղաքները եւ դիվանագիտության գթությունը խնդրելու։ Պատվիրակությունն Ամերիկա էլ անցավ, ամեն տեղ Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածի խոսքն արավ։ Գործադրված էր ամեն ինչ, որ իբրեւ միջոց կար հայ հեղափոխականի ձեռքին։ Բայց ոչինչ չօգնեց։ Անդրանիկը վերջիվերջո ստիպված թողեց Սասունը եւ հեռացավ։ Հետեւանքն այն եղավ, որ դարձյալ մի 5-6 հազար հայ կոտորվեց Սասունի լեռներում եւ Մուշի դաշտում։ Իսկ աղերսարկու պատվիրակությունը քաղաքավարությամբ ճամփվեց բոլոր մայրաքաղաքներից, չնայած որ «Pro Armenia»-ի եւ ուրիշ հայասիրական շրջանակների պրոպագանդան այդ ժամանակ ավելի եւս գործուն ու եռանդուն էր դարձել։

Քրիստափոր Միքայելյանի ամբողջ ծրագրերը, երեք-չորս տարվա անխոնջ գործունեությունը ջուրն ընկան։ Իր աչքով նա մի անգամ էլ տեսավ, թե ինչպես Եվրոպան դարձյալ դավաճանեց[156] Հայոց հարցին, բայց, իհարկե, էլի շարունակեց հավատալ այդ իսկ Եվրոպային։ Իր աչքով նա տեսավ իր մի ուրիշ շատ խոշոր ձեռնարկման վիժումը եւս։ Ահագին գումարներ ծախսելով, մեծամեծ պատրաստություններով նա մի շատ նուրբ եւ վարպետ դավադրություն սարքեց, որի զոհը պիտի դառնար սուլթան Համիդը։ Այս մահափորձը տեղի ունեցավ 1904-ի գարնան սկզբին, այն ժամանակ, երբ Անդրանիկը դեռ հաղթական էր Սասունում։ Սելամլըքի արարողությանը[157] ներկա լինելու համար Ելդզի պալատ մտավ մի եվրոպացի` շքեղ կառքով, որի մեջ դրված էր դժոխային մեքենա։ Մեքենան վաղաժամ պայթեց, սպանեց մի քանի զինվորի, իսկ Համիդն անվնաս մնաց։ Միքայելյանը, սակայն, չհուսահատվեց, սկսեց պատրաստել մի նոր դավադրություն, որի մեջ ինքն էլ պիտի մասնակցեր իբրեւ գործող տեռորիստ։ Բայց զոհ գնաց Բուլղարիայում փորձեր անելիս պայթած ռումբին։

Դաշնակցությունն իսկը որ որբանում էր` զրկվելով այդպիսի ուժեղ կազմակերպողից եւ հեղափոխական խառնվածքից։ Այնուհետեւ ֆիդայական պատերազմը վերածվեց նախկին մանր խմբային ընդհարումների։ Մի անգամ էլ աղերսարկու պատվիրակություն ուղարկվեց Լա Հեյ[158] քաղաքը` եվրոպական դիվանագիտության դռները ծեծելու, բայց այս անգամ էլ, ինչպես միշտ, առանց որեւէ հաջողության։
Հիմա ի՞նչ անել։ Թուրքահայոց հարցը մի կախարդական շրջանակի մեջ էր ընկել եւ պտտվում էր անվերջ ու անհույս։

Դ

Ռուս-ճապոնական պատերազմը 1904թ. ամռանը մի շարք խայտառակ պարտություններ բերեց Նիկոլայ ցարի զենքին։ Ինքնակալական Ռուսաստանը թե՛ Արեւելքում եւ թե՛ Արեւմուտքում անպարտելի եւ անհեթեթ հսկայի համբավ ուներ։ Այժմ ստացվեց, որ դա մի դատարկ հեքիաթ է եղել։ Իր ամբարտավանության մեջ ցարիզմը ծաղր ու ծանակի առարկա դարձավ ոչ միայն մեծերի եւ ուժեղների, այլեւ մանավանդ փոքրերի ու տկարների համար։

Հայ ժողովուրդը, պետք է ասել առանց վերապահումների, հրճվում էր ռուսական պարտություններից։ Սա նկատելի էր ամեն տեղ եւ մանավանդ Կովկասյան հանքային ջրերում, ուր ես էլ բժշկվում էի 1904 թվին։ Այս հրճվանքը նկատում էին ռուս բյուրոկրատները եւ հաշվի էին առնում։ Պետք էր տեսնել, թե ինչեր էին կատարվում Պյատիգորսկի եւ Էսենտուկիի բուլվարներում օրը երկու անգամ, երբ դուրս էին գալիս առավոտյան եւ երեկոյան հեռագրերը։ Դրանք ծախող երեխաները վազում էին եւ բարձր բղավում նոր ստացած տեղեկությունների բովանդակությունը, որ պատմում էր ռուս զորքի պարտությունների մասին։ Վրդովված գեներալները, սպաները եւ չինովնիկները բարկանում էին հեռագրավաճառների վրա, երբեմն նույնիսկ խփում էին եւ հրամայում լռել. բայց մի քիչ հեռու լրագրավաճառների վրա թափվում էր հետաքրքրվողների մի ամբողջ բազմություն, եւ լրագրերի կույտերը մի ակնթարթում անցնում էին գնողներին, որոնք երկար շարքերով նստոտում էին նստարանների վրա եւ խորասուզվում ընթերցանության մեջ։ Բավականություն, նույնիսկ ուրախություն, ահա՛ ինչ կարելի էր կարդալ այդ ընթերցող հասարակության դեմքերին։ Օտարացի հանգամանք։ Կարծեք թե մի թշնամի երկրում էինք։

Բայց մի՞թե կարելի է ասել, թե միմիայն հայերն էին հրճվողները։ Ո՛չ, այսպիսի բան երբեք չի կարելի ասել։ Հայերը հրճվողներից մեկն էին, ուրիշ ոչինչ։ Իսկ հրճվողները բոլոր այն տարրերն էին` առանց լեզվի, սեռի, հասարակական դիրքի եւ քաղաքական դավանության խտրության, որոնք դժգոհ էին ցարիզմից, համարում էին նրան չարիք եւ դժբախտություն ժողովրդի բարօրության տեսակետից։
Եվ ուրախացնողը միայն ճապոնական զենքը չէր։ Ես շատ լավ եմ հիշում, թե կուրորտային հասարակությունն ինչպիսի պայծառ եւ զվարթ ժպիտներով ընդունեց մի ամառային սիրուն առավոտ Պլեւեի սպանության լուրը։ Մի կատարյալ տոնական տրամադրության մեջ էին ինտելիգենտ շրջանները, բայց այդ տրամադրությունը տխուր արտահայտություն զգեցավ, երբ միեւնույն օրը հեռագիրը գուժեց, թե վախճանվել է Անտոն Չեխովը` ռուսական մթնշաղի այդ մեծաքանքար երգիչը։

Պլեւեն իր հետ տանում էր ռուսական միապետության վերջին հենարանը։ Ցարիզմը ջախջախվում էր։ Աշնանը եկավ Սվյատոպոլկ-Միրսկին[159], որ թեեւ ժանդարմների շեֆ էր, բայց ռեժիմի մեջ բերեց մի բարեփոխություն, որ պաշտոնականի[160] շողոքորթներն անվանեցին «գարուն»։ Մամուլն ուրանում[161] էր, համեմատական հովեր էին փչում, բանվորական զանգվածները սկսեցին հզոր շարժումներ։ Այդ շարժումները ծայր առան նաեւ կովկասյան իրականության մեջ` Բաքվում։ 1905-ի հունվարի 9-ի արյունոտ օրը Պետերբուրգում` զայրույթի եւ վրեժի հրային ալիքներ տարածեցին ամեն տեղ, եւ Կովկասի ժողովուրդներն աշխատանքի, պրոլետարական համերաշխության զգացմունքներով միացած` պատրաստվեցին դուրս գալ տիրողների եւ կեղեքիչների դեմ։ Մինչ այդ հալածական միացման նոր սկզբունքներն արդեն բացորոշ արտահայտվում էին բանվորական գործադուլների եւ ցույցերի մեջ։

Տեսնում էր այդ բանը ռուսական բյուրոկրատիան եւ շտապում բաժանումներով ջլատել, իր համար անվնաս դարձնել ուռճացող շարժումը։ Դրա համար նա վերանորոգեց իր պատերազմը հայերի դեմ, որ առժամանակ կանգնեցրել էր ճապոնական պատերազմը։ Գոլիցինը գործի մեջ չէր, բայց ինքը` գործը, լավ սարքված էր։ Ցարիզմն իր զորքերը չէր ուղարկում հայերի դեմ, այլ բարձրացնում էր թուրք անգիտակից ժողովրդին, դրդում էր հարձակվել հայերի վրա, կոտորել նրանց, թալանել նրանց գույքը։ Այս դրդումը միանգամայն վկայված է շատ թուրքերի բերանով։ Հաստատված է նույնպես, որ ինքը` կառավարությունն էր զենք բաժանում թուրքերին։ 1905-ի փետրվարին սկսվեցին, այսպես անվանված, հայ-թուրքական ընդհարումները։ Բայց ավելի ճիշտ կլիներ անվանել հայ-թուրքական պատերազմը. մի պատերազմ, որ տարի ու կեսից ավելի տեւեց եւ արյունով ու ավերակներով լցրեց Արեւելյան Անդրկովկասի այն բոլոր տեղերը, ուր հայ ու թուրք միասին էին ապրում։ Հանկարծ, միանգամայն անսպասելիորեն առաջ եկավ ու անշարժորեն հաստատվեց այդ դրությունը։

Թուրքերը հարձակվում էին, սպանում, իսկ հայերը կա՛մ պաշտպանվում էին, կա՛մ` իրենք էլ հարձակվում, սպանում ու կրակում. իսկ «խեղճ» ցարական կառավարությունը հայտարարում էր իրեն միանգամայն թույլ, միանգամայն անկարող այդ անկարգությունները զսպելու, այդ փոխադարձ կատաղի թշնամությունը կանգնեցնելու համար։ Առաջին իսկ օրերից Բաքվի նահանգապետ [Միխայիլ] Նակաշիձեն[162] այս շատ զարմանալի «ճշմարտության» մունետիկը դարձավ։ Շրջելով Բաքվի` պատերազմական դաշտ դարձած փողոցներում` նա տեսնում էր դիակներ, այրվող տներ, թալանված գույքերի կույտեր եւ բարեհոգ ժպիտով հայտարարում էր, թե զորք չունի, զորություն չունի, թող կռվողներն իրենք իրար հետ հաշտվեն։

Բայց մարդիկ տեսնում էին, որ ցարական կառավարությունը զորքեր ունի, այն էլ` բավականաչափ, միայն թե այդ զորքերին հրամայված էր անտարբեր հանդիսատեսի դիրք բռնել, ոչ մի միջամտություն չանել[163]։ Իզուր էին դիմում, խնդրում, որ զենք գործադրվի, որ երկու կողմերից էլ հանցավորներ բռնվեն եւ կախաղան հանվեն։ Միշտ միեւնույն պատասխանը Նակաշիձեի կողմից` կառավարությունը թույլ է, ոչինչ չի կարող անել։ Եվ հրացանով զինված ռուս զինվորների առջեւ մորթվում էին խաղաղ ու անզեն քաղաքացիները, իսկ նա միայն նայում էր։

Ռուս բյուրոկրատիայի պաշտոնական հայտարարությունների երկու մասն էլ բացարձակ սուտ էր։ Այստեղ երեւում էր, որ ռուսական չինովնիկությունը սաստիկ գրգռված էր այն տեռորիստական գործողությունների դեմ, որոնք կատարվում էին հայ հեղափոխականների ձեռքով, եւ նրանց զոհն էին դառնում պետական պաշտոնյաները։ Սա միանգամայն հասկանալի բացատրություն էր եւ պարզապես նշանակում էր, թե թուրքերի միջոցով ցարական կառավարությունը պատերազմում էր հայ հեղափոխականների, ասել է՝ գլխավորապես դաշնակցականների դեմ։ Արդեն տեսանք, որ հենց ինքը` այդ կառավարող բյուրոկրատիան էր, որ իր ապուշ հայահալած քաղաքականությամբ բարձրացրեց Դաշնակցությանն իր անկումից, ժողովրդականություն տվեց, հետեւաբար` ուժեղացրեց նրան։ Դաշնակցականներն օգուտ քաղելով այդ հանգամանքից` սկսեցին բռնանալ ռուսահայ իրականության վրա, քանի որ այստեղ էլ, ինչպես եւ Թուրքիայում, սկսել էին կատարել «փրկիչների» դեր։ Ֆիդայականությունն իր շտաբներն էր հիմնել Կովկասի այլեւայլ կողմերում, զինվորություն էր կազմել, զինական պահեստներ ուներ։ Լինելով մեծ մասամբ չաշխատող, բայց վայելող մի տարր` ֆիդայիները մեր կովկասյան խաղաղ կյանքի մեջ էլ գոռոզ տերեր դարձան, պահանջկոտ, կռվարար։ Այս փաստը շատ գրգռիչ նշանակություն ունեցավ հարեւան ժողովուրդների եւ առավելապես թուրքերի համար։ Բաքվի փետրվարյան ջարդին նախորդեցին մի քանի այդպիսի գրգռիչ միջադեպեր, որոնց մեջ գլխավոր գործիչները դաշնակցականներն էին։

Մեծ հետաքրքրություն է ներկայացնում եւ այն հարցը, թե ինչպես էին թուրք ղեկավարող տարրերը պատճառաբանում իրենց հանկարծակի բռնկված թշնամությունը հայերի դեմ։ Այս մասին եղան մի շարք հայտարարություններ, եւ հայտարարություններ այնպիսի իմաստով, որից ցարիզմը կարող էր ամենայն հաճությամբ ուռչել։ Եթե ուշադրություն դարձնեք 1903-1904թթ. դեպքերի վրա, ձեզ չի կարող չզարմացնել այն հանգամանքը, որ թուրք կալվածատիրությունը, միացած թուրք բուրժուազիայի հետ, հեռագրերով շարունակ հավատարիմ հպատակության ցույցեր էր անում Նիկոլային։ Այդ հեռագրերը հաճախանում էին մանավանդ այն ժամանակ, երբ հայերի ըմբոստացումը սաստկանում էր եկեղեցական կալվածքների գրավման առիթով։

Սա մի ամբողջ քաղաքականություն էր` նրբահյուս, արեւելյան։ Թուրք հրամայող տարրերը շատ լավ գիտեին, որ հայերը շատ հեշտ կհասկանան այդ հպատակական ցույցերի միտքը։ Ուստի նրանց էլ քնեցնում էին ուրիշ կերպով։ Էջմիածնից խլած կալվածները Երեւանում տրվում էին աճուրդով։ Հայերն, իհարկե, չգնացին աճուրդին։ Թուրքերն էլ չգնացին` հայտարարելով, թե չեն ուզում օգտվել հափշտակված կալվածներից։ Սա արդեն դառնում էր համերաշխության եւ եղբայրության մի հոյակապ ցույց։ Ռուս չինովնիկները շտապեցին առնել այդ վտանգավոր հնարավորության առաջը։ Եվ ահա, հետեւյալ տարին նույն թուրքերը հարձակվեցին հայերի վրա, կոտորեցին։ Եվ երբ նրանց հարցնում էին, թե ի՞նչն է պատճառը, նրանք տալիս էին այսպիսի պատասխան. «Մենք նահապետական ժողովուրդ ենք, պահպանում ենք մեր հին ավանդույթը։ Մենք չենք կարող ապրել առանց կայսրության, իսկ մեր հարեւան հայերը հեղափոխականներ են` նոր գաղափարներով տարված, եւ ուզում են ոչնչացնել կայսրությունը։ Մենք հենց այդ պատճառով ենք ոտքի ելել մեր ամենաողորմած կայսրին պաշտպանելու համար»։

Ռուսական բյուրոկրատիան ոչ միայն հավատում էր այս բանին, այլեւ ինքն էր արծարծում նման հասկացողություններ թե՛ թուրք եւ թե՛ ռուս զանգվածների մեջ։ Չէ՞ որ հենց այս տեսակ վերաբերմունքի վրա էր խարսխված ռուսական քաղաքականությունը` հենվել թուրք ավանդապահ եւ հետամնաց տարրերի վրա։ Սակայն սա մի թշվառ կարճատեսություն էր, մի կույր հավատ, մի ինքնախաբեություն։ Ընդամենը մի 10-15 տարուց հետո, համաշխարհային պատերազմի եւ նրանից ծնված մեծ հեղափոխության ժամանակ էր, որ ապացուցվեց, թե հավատարիմ հպատակության ցույցերը կատակերգություններ էին եղել ցարականներին խաբելու համար։ Եվ եթե այնքան հեշտությամբ կալվածատիրական դասակարգը գործիք դարձավ ռուս բյուրոկրատիայի ձեռքին եւ գնաց հայերի դեմ, դա արդյունք էր այն նոր նացիոնալիստական շարժման, որ ծավալվում էր թուրք եւ առհասարակ մահմեդական ազգաբնակչության մեջ` օսմանյան գործակալների ձեռքով։ Աբդուլ-Համիդի ձեռնարկած համաիսլամական պրոպագանդան մի գործ էր, որ հաջողվում էր լավագույն կերպով եւ որի հուշարձանն էր Հիջազի երկաթուղին` կառուցված բացառապես մահմեդականների փողերով։

Այսօր այլեւս գաղտնիք չէ, որ մի ամբողջ մեծ ու եռանդուն շարժում էր այդ գործը։ Պրոպագանդան մտավ ամեն երկիր, ուր մահմեդական ժողովուրդ էր ապրում։ Բոլոր այդ ժողովուրդները` Անդրկովկասի թուրքերը, Դաղստանի լեռնցիները, Ղրիմի եւ Կազանի թաթարները, Թուրքեստանի սարթերը[164] եւ այլն, եւ այլն, դաստիարակվում էին օսմանյան գրականության վրա, որ միության ընդհանուր կապն ու շաղախն էր հանդիսանում եւ որ սովորեցնում էր ամենքին միանալ Թուրքիայի կանաչ դրոշի տակ։ Այս շարժման տեսակետից հայերը հանդիսանում էին ընդհանուր թշնամիներ, քանի որ հայերի ջանքն էր` թուլացնել, ջլատել Թուրքիան։

Եվ չի կարելի ասել, թե հայերը միանգամայն անգիտակ էին այսօրինակ վերաբերմունքին։ Դեռ 1894 թվականից, այն է` Սասունի ջարդից ի վեր, Բաքվում ապրող հայերը շատ լավ նկատում էին, որ թուրքերը ուշադրությամբ հետեւում էին եվրոպական քաղաքականությանը Թուրքիայի վերաբերմամբ եւ շատ գրգռվում էին այն հայասիրական ցույցերից, որոնք տեղի էին ունենում Անգլիայում։ Թուրք հայրենասիրության աչքի ընկնող եւ հռչակված ներկայացուցիչ էր դառնում Բաքվի միլիոնատեր Հաջի-Զեյնալ-Աբդին Թաղիեւը, որ չէր քաշվում հայերին հայտնելու թուրք շրջանների դժգոհությունը Օսմանյան կայսրության մեջ նրանց ձեռնարկած շարժումների առիթով։ Ամեն մարդ, որ դիտելու եւ հասկանալու ընդունակություն ուներ, կարող էր շատ հեշտությամբ ու բազմաթիվ իրական փաստերով համոզվել, որ Անդրկովկասի ադրբեջանական թուրքերի մեջ ահագին բեկումներ էին առաջ եկել։

Մի ժամանակ կար, երբ շիա եւ սունի թուրքերի մեջ տիրում էր փոխադարձ ֆանատիկ, արյունալի թշնամություն, որ պատճառ էր դարձել դարավոր պատերազմների Պարսկաստանի եւ Թուրքիայի միջեւ։ Այժմ այս անհաշտությունը վերացվում էր, կրոնը տեղի էր տալիս ցեղային-քաղաքական շահերին։ Թուրքական կալվածատեր եւ բուրժուա դասակարգերն իրենց զավակներին կրթություն էին տալիս ռուսական բարձր դպրոցներում. այսպիսով կազմակերպվում էր մի ինտելիգենցիա, որ ավելի եւս զարգացնում էր ազգայնական գաղափարախոսությունը։ Միլիոնատեր Թաղիեւը բացահայտ խոստովանում էր իր հայ ծանոթների առջեւ, որ մահմեդական աշխարհում, մասնավորապես շիաների մեջ, ոչ մի արժեք չունի թույլ եւ քնած Իրանը։

Իրենց ամբողջ ապագան, իրենց բոլոր հույսերը շիաներն էլ` սունիների նման կապել են Թուրքիայի սուլթանական գահի հետ։ Հայոց հարցի համար աշխատողներից մեկն էր Բաքվի հարուստ նավթարդյունաբերող Առաքել Ծատուրյանը, որ Թաղիեւի հին բարեկամն էր եւ ընկերը մի խոշոր կալվածատիրական ձեռնարկության մեջ։ Մի երկու անգամ Ծատուրյանը գնաց Լոնդոն, ճաշկերույթներ տվեց հայասեր անգլիացիներին, տպագրեց անգլերենից ռուսերենի թարգմանած մի գիրք, որ պաշտպանում էր հայերին եւ վարկաբեկում էր սուլթանին։ Թաղիեւը շարունակ գանգատվում էր, ծաղրում էր ընկերոջը` ասելով, թե նա կորցրել է իր խելքը, եւ վերջն էլ, երբ Ծատուրյանի գործերը վատացան, Թաղիեւը շատ նպաստեց նրա անկմանը, որ եւ տարավ նրան մինչեւ ինքնասպանություն։

Սրանք երեւույթներ էին։ Իմ նկարագրած ժամանակներից մի քիչ առաջ էր, որ Ֆերգանայի շրջանում (Միջին Ասիա) տեղացիները ապստամբեցին եւ հանկարծակի հարձակվելով մի ռուսական զորաբաժնի վրա` ոչնչացրին այն։ Ապստամբությունն իհարկե ճնշվեց։ Ռուս կառավարությունը, ըստ իր սովորության, եկեղեցի շինեց կոտորված զորքի գերեզմանի վրա` դրա համար նվիրատվություններ հավաքելով, որոնց բավականին աչքի ընկնող գումարներով մասնակցել էին տեղում վաճառականություն անող հայերը։ Թաղիեւը, դա համարելով մի ցույց մահմեդականության դեմ, ինքն էլ մի հակահայկական ցույց արավ` Կովկասի ուսումնարանական շրջանի հոգաբարձու Յանովսկուն նվիրելով մի խոշոր գումար` ի պահպանություն այն դպրոցների, որոնք խլված էին հայերից։

Հայերն արհամարհում էին թուրքական աշխարհում տեղի ունեցող շարժումները, ավելորդ էին համարում խորասուզվել երեւույթների մեջ, դուրս հանել դրանց միջից պարտ ու պատշաճ եզրակացություններ եւ խրատներ։ Ինչպես եւ այն դեպքերում, երբ հարցը վերաբերվում էր թուրքահայերի օրեցօր վտանգվող կացությանը, հայերն օրորվում էին այն հանգամանքով, թե Եվրոպա կա, ոչինչ չի լինի, եւ շարունակում էին իրենց թեթեւամիտ եւ ոճրագործ անտարբերությունը։ Մոտիկ ապագան պիտի ցույց տար հայերին, թե որքան թանկ նստեց նրանց այս հանցավոր անտարբերությունը։ Պատասխանատուն ամենից առաջ Դաշնակցությունն էր։ Նա էր միակ կազմակերպված քաղաքական կուսակցությունը, որ հետզհետե իր ձեռքն էր առնում ամբողջ հայ ժողովրդի ճակատագիրը, հաղորդում նրան ֆիդայական աշխարհավարության գունավորում, դրանով իսկ սաստկացնում էր հարեւան ժողովուրդների կասկածամտությունն ու թշնամական տրամադրությունը դեպի հայերը։

Իր տրամադրության տակ ունենալով բավականաչափ նյութական միջոցներ՝ զինվորների եւ պաշտոնավարների ամբողջ խմբեր պահելու համար, Դաշնակցությունը չկարողացավ երբեք լուրջ կերպով ուսումնասիրել այն միջավայրը, ուր նրան վիճակված էր գործել։ Պատմում են, որ Քրիստափոր Միքայելյանը, պատասխանելով նրանց, ովքեր ասում էին, թե Թուրքահայաստանը մի անծանոթ երկիր է, պետք է ուսումնասիրել այն, որպեսզի կարելի լինի գործել այնտեղ, ասում էր. «Начто мне знать, насколько высоко ростет трава в Турецкой Армении?»[165]։ Ի՞նչ հարկավոր էր ուսումնասիրություն։ Գտնված էր փրկության կախարդական դեղատոմսը` ֆիդայական կռիվ եւ Եվրոպա… Այս սկզբնական մեղքի մեջ մնաց ամբողջ ժամանակ եւ նրա հիմնած կուսակցությունը։ Եվ այս պատճառով էր, որ նրա քթի տակ սաղմնավորվեց, ծնվեց ու մեծացավ, առանց նրան երբեք սոսկ հետաքրքրություն եւ հոգս պատճառելու, թուրքական ազգերի միությունը, որ վերջը հայությանը շրջապատեց բոլոր կողմերից եւ խեղդեց…

Բաքվի մեջ թուրքերի փետրվարյան հարձակումը միանգամայն անակնկալ էր հայերի համար։ Առաջին երկու օրերը միանգամայն անպաշտպան էին հայերը, եւ թվում էր, թե ոչ մի փրկություն չի մնում նրանց համար։ Ռուսական զորքերը դեկորացիայի դեր էին կատարում փողոցներում, նահանգապետը ցավ էր հայտնում, որ ուժ չունի, իսկ դիակների թիվը շատանում էր, հրդեհված տների մեջ խորովվում էին ամբողջ ընտանիքներ։ Այդ օրհասական րոպեներին էր, որ դաշնակցական քաջ խմբապետ Դումանը[166] (առաջ մենակ ինքը, հետո` երկու-երեք ընկերների հետ) դուրս եկավ փողոցները, դիրքեր գրավեց անկյուններում եւ գնդակներ ուղարկեց դեպի թուրքերը։ Կազմակերպվեց ինքնապաշտպանությունը։ Թուրքերը դիմադրության հանդիպեցին, զոհեր տվեցին, նահանջի դիմեցին, եւ այսպիսով հաշտություն հաստատելու հող պատրաստվեց։ Նորից ու նորից, եւ այս անգամ արյան ու կրակի միջոցով, ցուցահանվում է, թե որքան անհրաժեշտ է հայության համար Դաշնակցության նման կազմակերպությունը։

Բայց դեռ հույս կար ընդունելու, որ Բաքվի (հետո նաեւ Երեւանի) փետրվարյան կոտորածներն առանձին դեպքեր են եղել։ Համենայնդեպս, ցարական բյուրոկրատիայի ատամներից ազատվելու համար հայ ղեկավարող շրջաններն ամենայն անկեղծությամբ աշխատանք են թափում հաշտություն եւ բարի դրացիություն հաստատելու հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ։ Հիշում եմ այն մեծ ժողովը, որ այս առիթով կայացավ Թիֆլիսում, Վանքի եկեղեցու բակում։ Հավաքվել էին հազարավոր մարդիկ, եկան թուրքերն իրենց Շեյխ-ուլ-Իսլամի[167] հետ, արտասանվեցին ճառեր։ Առանձնապես մեծ հռչակ ստացան ծերունի Շեյխ-ուլ-Իսլամի ճառի մեջ արտասանված այն խոսքերը, թե երկու հարեւան խաղաղ ժողովուրդների մեջ կռիվ ու արյունահեղություն գցողը շեյթանն է[168]։ Թե իսկապես ի՞նչ մտքով էր մահմեդական հոգեւորականը գործածում «շեյթան» բառը, ոչ ոք չիմացավ։ Բայց ամենքի տրամադրությանն ու համոզմունքին համապատասխանող մեկնաբանությունն այն էր, թե այդ շեյթանը ուրիշ ոչ ոք չէ, քան միայն ցարական կառավարությունը։ Եվ այնուհետեւ այս փոխաբերական հասկացությունն ընդհանրացավ բոլոր կովկասյան ազգերի մեջ, եւ երբ ասում էին, թե մեղավորը շեյթանն է, ամենքը հասկանում էին, թե խոսքը ռուսական բյուրոկրատիայի մասին է։

Թե՛ այս խոշոր հրապարակային ցույցը եւ թե՛ փետրվարյան արյունահեղությանը հետեւած հանգստությունը վստահություն էին ներշնչում, որ երկու հարեւան ժողովուրդներն իրապես հաշտվեն իրար հետ` հասկանալով, որ օտար ինտրիգի զոհեր են եղել։ Այնքան մեծ էր այս հավատը հայ ինտելիգենցիայի մեջ, որ նա նույնիսկ դրամական նվերներ էր անում Բաքվի կոտորածից վնասվածների համար` առանց կողմերի մեջ խտրություն դնելու, այսինքն` թե՛ հայերի եւ թե՛ թուրքերի համար։

Բայց քնած չէր շեյթանը։ 1905-ի գարունը շատ անախորժ շարժումներ բերեց, որոնք ցույց էին տալիս, թե ցարական տիրապետությունը նստած է հրաբուխի վրա։ Բավական չէին բանվորական շարժումները, Վրաստանի զանազան կողմերում բռնկվեցին գյուղացիական խոշոր շարժումներ` ուղղված կալվածատեր դասակարգի դեմ։ Մինչ մի կողմից կառավարությունը զորքեր էր ուղարկում գյուղացիական շարժումները ճնշելու համար, մյուս կողմից վրացի ու թուրք կալվածատերերը հավաքվում էին Թիֆլիսում` իրար հետ միություն կազմելու համար։ Միության նպատակն էր համարվում կուլտուրական համերաշխ եւ եղբայրական աշխատանք երկու ժողովուրդների բարօրության համար։ Բայց ո՞վ կարող էր հավատալ, թե շահագործող դասակարգերը, որոնք աշխատավոր գյուղացի ժողովրդի դեմ ռուսական սվիններ էին ուղարկում, երբեւիցե հոգս են ունեցել կամ կարող են ունենալ ժողովրդական բարօրությունը։ Պարզապես հասկանալին եւ իրականն այն էր, որ երկու ձրիակեր դասակարգերը միանում էին իրենց դիրքերն ամրացնելու եւ իրենց քաղաքական նպատակները հաստատուն հողի վրա դնելու համար։

Շեյթանին սպասում էին եւ ուրիշ անակնկալներ ու հիասթափություններ։ Պետերբուրգի կառավարությունը, կամենալով շահել հեղափոխականացող ժողովրդի սիրտը, հրապարակեց մի կարգադրություն, որով համայնքներին ու ազգություններին իրավունք էր տրվում առանձին ուղերձներով կառավարությանը ներկայացնել իրենց կարիքները։ Այս թույլտվությունից Կովկասում ամենից առաջ օգտվեց վրաց ազնվականությունը, որ երկու ուղերձով, ուղարկված Թիֆլիսից եւ Քութաիսից, Նիկոլային խնդրում էր Վրաստանին ինքնավարություն տալ։ Ցարը կարող էր բացականչել. «Եվ դո՞ւ, Բրուտո՛ս»։ Դեռ 3-4 տարի առաջ էր այս վրաց ազնվականությունը շքեղ հանդեսներով տոնել Վրաստանի բռնի միացումը Ռուսաստանին, փառաբանել հարյուր տարի առաջ տեղի ունեցած այդ դեպքը` իբրեւ մեծագույն բարիք Վրաստանի համար, եւ Նիկոլայը, լցված խանդաղատանքով դեպի իր հավատարիմ ազնվականությունը` պետական գանձարանից նրան տարեկան մոտ 80 հազար ռուբլի նպաստ էր հատկացրել։ Այժմ ինքնակալության գլխավոր հենարանը կազմող ազնվականությունը դավաճանում էր Վրաստանում` պահանջելով ռամկավարական կարգեր` անշուշտ ժամանակի նեղ հանգամանքներից՝ ապստամբած գյուղացիության մեծ ուժից եւ վրացիների մեջ հետզհետե աճող սոցիալ-դեմոկրատական շարժումից ստիպված։

Հայերն էլ առանձին ուղերձի մեջ ձեւակերպեցին իրենց պահանջները, որոնք մշակվել էին ապրիլ ամսին, Թիֆլիսում գումարված հայկական համագումարի նիստերում։ Հայերն իրենց համար առանձին ազգային ինքնավարություն չէին պահանջում, այլ միայն արմատական, ռամկավարական մի երկար շարք ռեֆորմներ եւ ազատություններ` ընդհանուր համակովկասյան եւ համառուսական չափանիշով, եւ ավելացնում էին մի շարք ազգային պահանջներ` լոկ եկեղեցական ինքնավարության սահմանների մեջ[169]։

Առանձին պահանջներ ներկայացրեց եւ մահմեդական ազգաբնակչությունը, որից ցարական կառավարությունը կարող էր եզրակացնել, որ անգամ այդ հետամնաց, ուխտյալ միապետական եւ ցարապաշտ համարվող բազմությունն էլ ունի իր դժգոհությունները, իր առանձին լեզուն, որ խոսում էր ազգայնական կրոնական շահերի անունից։
Վատ օրեր էին գալիս շեյթանի համար։ Եվ նա, բնականաբար, չէր կարող վերջացած համարել հայ-թուրքական կռիվները։ Դրանք կլանում էին եկեղեցական կալվածքների գրավումով հայերի մեջ առաջ եկած հեղափոխական տրամադրությունը եւ մարտական ուժերը, [իսկ] թուրք կալվածատիրությանը զբաղեցնում էին` վրացի դասակիցների դաշնակցությունից հեռու պահելու չափ։ Եվ այս բոլորի արդյունքում մեկուսացնում էր Վրաստանի հեղափոխական շարժումը` նրան առանձին ջարդելու համար։

Ե

1905թ. մայիսի սկզբին Թիֆլիս մտավ կոմս Վորոնցով-Դաշկովը[170]` Կովկասի փոխարքայի պաշտոնով։ Մինչեւ գալը նա Պետերբուրգից իմաց էր տվել Կովկասի ազգերին, թե ինքը տեղական ազգություններին բարյացակամ վերաբերվող, նրանց կարիքներին ու պահանջներին ամենայն ուշադրությամբ ականջ դնող մի կառավարիչ կլինի։ Ուստի եւ խնդրում էր ամենին լինել կարգապահ եւ այսպիսով աջակցել իրեն, որպեսզի ինքը կարողանա ամբողջապես իրականացնել իր բոլոր դիտավորությունները` հօգուտ եւ ի վերաշինություն կովկասյան երկրների։ Հատկապես հայերին կոմսը խոստանում էր վերադարձնել նրանց եկեղեցական կալվածքները եւ վերստին բաց անել նրանց դպրոցները։

Սա մի ահագին նորություն էր ամբողջ Կովկասի համար։ Նոր մարդ, նոր կարգ։ Գոլիցինից հետո այսպիսի լեզու… Երեւում էր, որ ճապոնական գեներալները եւ ամբողջ Ռուսաստանի հեղափոխականացումը խելքի էին բերում Նիկոլային, իհարկե, ժամանակավորապես` մինչեւ փոթորկի անցնելը։ Ալեկոծ Կովկասի հանդարտեցումը ցարը հանձնել էր արքունիքի արարողությունների, ծեսերի, կեղծավոր ձեւերի, շողոքորթությունների ու նուրբ ինտրիգների մեջ մազեր սպիտակացրած այս կոմսին, որ անթիվ ու անհաշիվ հարստությունների տեր էր եւ իր ծերությունը անցկացնելու համար խաղաղ ու շքեղ անկյուն չէր ընտրում, այլ Թիֆլիսի փոխարքայական պալատը` դրդված միայն հին ազնվականի փառասիրությունից։ «Կովկասը,- ասում էին ռուս բյուրոկրատները,- պետք էր նորից նվաճել»։ Եվ նվաճող խոստացավ լինել Վորոնցով-Դաշկովը, բայց ոչ թե զենքով, այլ քաղաքականությամբ։ Միամտություն կլիներ կարծելը, թե ցարի ձեռքի տակ հնարավոր էր, որ նոր փոխարքան տար այն ամենը, ինչ խոստանում էր։ Եվ կատարելու համար չէին խոստումները։ Ռուսական ամբողջ բյուրոկրատիան էր, որ այդ նեղ ժամանակներում ծախու էր հանում էժանագին լիբերալիզմը` իբրեւ խաբելու, շլացնելու պսպղուն պաճուճանք։

Նախեւառաջ նա դեն քշեց գոլիցինյան քաղաքականությունը եւ ժպիտներ շնորհեց հայերին։ Փոխանակ այդ տնտեսապես ուժեղ ժողովրդին հալածանքներով խրտնեցնելու եւ հուսահատ հեղափոխականներին գետնահարկերը քշելու` ավելի լա՞վ չէր թեթեւ, հաճախ կարծեցյալ զիջումներով նվաճել նրան` իր ամբողջ կազմակերպված հեղափոխությամբ հանդերձ։ Եվ իրավ, նրա այս քաղաքականությունն առաջին իսկ քայլից հաջողություն գտավ։ Հայերն իրենց զգացին հովանավորված եւ ոչ թե առաջվա պես պետության եւ բախտի խորթ զավակներ։ Այս հանգամանքը գրգռեց կովկասյան մյուս ազգերի եւ մասնավորապես վրացիների նախանձն ու չարակամությունը։ Բայց սա ավելի եւս լավ։ Սրանով ավելի հեշտ էր իրարից բաժանած դրության մեջ պահել կովկասյան ազգերին, քան արյան ու բոցերի միջոցով կիրառվող բաժանումը։ Վորոնցով-Դաշկովը Գոլիցինից պակաս չէր ըմբռնում, թե ինչ է հարկավոր Ռոմանովներին` մի վատիկանյան ինքնակալություն պահպանելու համար։ Բայց իր նախորդից տարբերվում էր նրանով, որ Գոլիցինը` կոպիտ ու դյուրագրգիռ մի զինվոր, ամեն ինչ անում էր պարզ ու արագ` արջի պես կոխկրտելով, իսկ Վորոնցով-Դաշկովը գործում էր իբրեւ հին ու փորձված աղվես։

Հայերը մեծ ակնկալություն ունեին, թե նոր բարձր պաշտոնակալը կտրուկ միջոցներով եւ անհապաղ վերջ կդնի հայ-թուրքական կռիվներին։ Բայց սխալվում էին. նրանք չէին հասկանում դրությունն ու քաղաքականությունը։ Դեռ փոխարքայության սահմանները չմտած, Նոր Նախիջեւանի եւ Ռոստովի հայերը երկաթուղու կայարանում նրան մի թուղթ ներկայացրին` լցված դառը գանգատներով հայ ժողովրդի իրավազուրկ եւ հալածական դրության մասին։ Բալաջարի[171] կայարանում Բաքվի հայության կողմից պատվիրակությունը ներկայացավ իբրեւ փետրվարյան կոտորածից աղետված, դառն վշտով լցված, փողոցներից հարյուրավոր անմեղ մարդկանց դիակներ հավաքած մի համայնքի բերան։ Ամեն տեղ եւ ամենքին Վորոնցով-Դաշկովը հուսադրեց, թե հայ-թուրքական կռիվները չեն լինի այլեւս, քանի որ այդպես է կամենում իրեն ուղարկած կայսրը։ Սակայն մնում էր, որ միայն մի քանի օր անցնի, որպեսզի ամենքի համար ակնառու լինի, թե ո՛չ կայսրն է կամենում, ո՛չ էլ նրա փոխանորդ Վորոնցով-Դաշկովը։ Հազիվ մի շաբաթ անցած վերջինիս Թիֆլիս մտնելուց` հայերի մեծ կոտորած տեղի ունեցավ Հին Նախիջեւանում եւ նրա շրջակա գյուղերում։

Իսկ մի քանի օր էլ հետո` երկրորդ անգամ հայ-թուրքական կռիվ սկսվեց Երեւանում։ Հայկական մի պատվիրակություն ներկայացավ փոխարքային եւ խնդրեց վերացնել այդ ժողովրդական դժբախտությունը։ Վորոնցով-Դաշկովը սիրալիր ընդունելություն ցույց տվեց պատվիրակությանը, ասաց, թե իրեն հայտնի է, որ հայերն իբրեւ կուլտուրական մի ժողովուրդ, նախահարձակ չեն լինում, բայց առաջարկեց ներգործել հեղափոխական կոմիտեների վրա, որ նրանք դադարեցնեն իրենց տեռորիստական գործունեությունը։ Այսպիսով, ուրեմն, նոր փոխարքան էլ հայ-թուրքական կռիվներին նայում էր իբրեւ հեղափոխության եւ, իհարկե, գլխավորապես Դաշնակցության դեմ կռվելու միջոցի։ Այս կողմից Կովկասի նոր գլխավոր վարչապետը շարունակում էր իր նախորդի` Գոլիցինի քաղաքականությունը։ Հայ պատվիրակները ստիպված եղան պատասխանել, թե իրենք անկարող են ներգործել կոմիտեների վրա, որոնց գոյությունը գաղտնի է եւ տեղն անհայտ, եւ որոնք, եթե ճիշտ որ խոշոր նշանակություն են ստացել հայ ժողովրդի համար, [ապա] կալվածքների գրավելուց հետո է, որ թողել են իրենց գործունեությունը Թուրքիայում եւ ձեռք են առել ռուսահայերի ազգային շահերի եւ ֆիզիկական գոյության պաշտպանությունը։

Փոխարքան իհարկե շատ լավ գիտեր, որ ներկայացուցիչների հայտարարությունն իրենց անկարողության մասին` բոլորովին անհիմն էր, քանի որ Դաշնակցությունը գործում էր միանգամայն բաց ու ակներեւ, եւ նրան տեսնում էին ամեն տեղ հրամայելիս եւ կարգադրելիս։ Իբրեւ պատասխան այդ ժխտողական պատասխանի, որով հայ բուրժուական ինտելիգենցիան հրաժարվեց աջակցություն ցույց տալ ցարական կառավարությանը, կոմս Վորոնցով-Դաշկովը մի քանի օրից հետո ավելի եւս սիրալիր կերպով ընդունեց թուրքական պատվիրակությանը, որը նրան գրավոր զեկուցում տվեց մահմեդական ազգաբնակչության կարիքների եւ պահանջների մասին, որի երկրորդ մասն ամբողջովին նվիրված էր հայ-թուրքական կռիվներին եւ իր մեջ պարունակում էր խիստ հարձակումներ հայերի եւ, մասնավորապես, հայ ինտելիգենցիայի դեմ։
Այդտեղ բոլորովին ժխտվում էր, թե մահմեդականները որեւէ տեղ նախահարձակ են եղել հայերի վրա եւ ամենայն լրջությամբ եւ հաստատուն շեշտերով հայտարարվում էր, թե մահմեդականները միայն պաշտպանել են իրենց, թե ամբողջ մեղքն ընկնում է հայ կոմիտեների վրա, որոնք գործադրում են ոչ միայն կատարելագործված զենքեր, այլեւ պայթուցիկ ռումբեր, եւ շարունակ տեռորներ են կատարում։

Այստեղ թուրք բեկերն ակամա մատնում էին իրենց` երեւան հանելով իրենց իբրեւ ռուսական ժանդարմերիայի գործակալներ։ Դաշնակցականները, ճիշտ է, տեռորներ կատարում էին, բայց բացառապես պետական պաշտոնյաների վրա։ Այսպես, նրանց ռումբից փողոցի մեջ ոչնչացել էր Բաքվի նահանգապետ Նակաշիձեն, որը փետրվարյան կոտորածի ժամանակ այնքա՜ն աղաղակող օրինակներով ցույց էր տվել, թե ինքը թուրքերի կողմն է, նրանց կազմակերպողը հայերի դեմ։ Բեկերն իրենց պաշտպանության տակ առնելով ռուսական ոստիկանությանը` դրանով իսկ, ինչպես ասացի վերեւում, փակում էին ցարական բյուրոկրատիայի աչքերը` Ստամբուլից իրենց ստացած համաիսլամական ներշնչումներն իրագործելու համար։ Ուրիշ կերպ անկարելի է բացատրել նրանց կատաղի թշնամությունը Դաշնակցության դեմ, որովհետեւ մինչեւ հայ-թուրքական կռիվները Դաշնակցության տեռորն ուղղված էր բացառապես ռուսական չինովնիկության դեմ եւ ոչ մի վնաս չէր տվել թուրքերին։

Վորոնցով-Դաշկովը, նորից կարդալով թուրքական զեկուցումը, հայտարարում է պատվիրակներին, թե ինքը միանգամայն համաձայն է բոլոր կետերի հետ, թե ռուսական իշխանությունները շատ լավ գիտեն հայ-թուրքական կռիվների բուն պատճառը, իսկ ինքը համոզված է, որ թուրքերը ոչ մի տեղ նախահարձակ չեն եղել, որ հայերի կոտորածների մասին լրագրական նկարագրությունները խիստ չափազանցված են եւ այլն։
Այս հայտարարությունները շատ լավ բնորոշում են Կովկասի այս նոր սատրապի աղվեսային դեմքը։ Հայերին ասում էր, թե նրանք սկսողներ չեն. թուրքերին ասում էր, թե նրանք չեն սկսողները, իսկ Նիկոլայ ցարին գրում էր, թե սկսողները տեղ-տեղ թուրքերն են եղել, տեղ-տեղ` հայերը։
Ըստ երեւույթին, այսքանը բավական պիտի լիներ Վորոնցով-Դաշկովին լավապես ճանաչելու եւ նրա նենգավոր քաղաքականությունից պաշտպանվելու համար։ Բայց հայ բուրժուական իրականությունը ե՞րբ է կարողացել քաղաքական հեռատեսություն, շրջահայեցություն եւ նրբամտություն ցույց տալ։ Հենց այս աղետավոր օրերից էր սկսվում այն անպայման վստահությունը դեպի Վորոնցով-Դաշկովի «հայասիրությունը», որ տարիների ընթացքում ուռչելով դարձավ մի ամբողջ պաշտամունք, եւ այդ պաշտամունքն էլ հայ ժողովրդին անհուն աղետների խորխորատը գլորեց։

Դաշնակցության վերաբերմամբ Վորոնցով-Դաշկովի քաղաքականությունը տվեց նույն հետեւանքները, ինչ արդեն տվել էր Գոլիցինի քաղաքականությունը։ Եթե ուզում էին, որ Դաշնակցությունը կորցնի իր նշանակությունը, պիտի ամեն միջոց գործ դնեին, որ վերջանային հայ-թուրքական կռիվները, եւ հայ աշխատավոր ժողովրդի կյանքն ապահովված լիներ։ Բայց համիդյան մտայնությունը չափազանց շատ էր հափշտակել ռուս բյուրոկրատիայի փայտե ուղեղը։ Հայ-թուրքական կռիվները չվերջացան, անցան Գանձակի եւ Թիֆլիսի նահանգներն էլ, եւ մահվան վտանգին մատնված ժողովուրդը հոժարությամբ ինքն իրեն ենթարկեց Դաշնակցության դիկտատուրային։ Ֆիդայությունը դարձավ իդեալ։ Թուրքահայ գաղթականները` անտուն, անտեր, հողազուրկ թափառականներ, մինչեւ պռունկները լցված վրեժխնդրության զգացումով` դաշնակցական խմբերի մեջ խոշոր թիվ էին կազմում եւ այնպիսի խժդժություններ էին կատարում, ուր թուրք ժողովրդի համար սարսափ արտահայտող մի հնչյուն էր դարձել «թաղթաղան» (գաղթական) բառը։

Եվ բոլորովին չի կարելի ասել, թե Վորոնցով-Դաշկովին անհայտ էր այդ հանգամանքը։ Իմ գրադարանում պահվում է նրա առաջին «ամենահպատակ հաշիվը» Նիկոլայ Բ-ին, որի մեջ նա պատմում է, թե ինչպես հայ-թուրքական կռիվները բարձրացնում են դաշնակցականների հեղինակությունը հայ ժողովրդի մեջ, թե ինչպես նրանք կանոնավոր կերպով հարկեր են հավաքում գյուղացիներից, հարկավոր դեպքում նույնիսկ ծախում են նրանց անասունները` զենք գնելու եւ ամենքին զինելու ու զինվորագրելու համար։ Ռուսաց կառավարությանը հայտնի էր դարձել եւ այն հանգամանքը, որ Դաշնակցությունն այլեւս չի բավարարվում հայ ժողովրդի ինքնապաշտպանության գործով, այլ կյանքի ու մահվան պայքար է հայտարարել անդրկովկասյան թրքության դեմ։ Միատարր հայ ազգաբնակչություն ունեցող շրջաններ կազմելու եւ ապագա ինքնավար Հայաստանի հողը պատրաստելու համար Դաշնակցությունը ձեռնարկում է բնաջինջ անելու թուրքերին այնտեղ, ուր նրանք փոքրամասնություն են կազմում։ Եվ իրավ, Լեւոն Աթաբեկյանը, որ հետո միայն թողեց Դաշնակցության շարքերը եւ դարձավ սոցիալիստ-հեղափոխական, 1905-ին Շուշիում սկսված կռիվների գլխավոր ղեկավարներից մեկն էր հայերի կողմից, Թիֆլիսի դաշնակցական կոմիտեի նիստում պարծենում էր, թե իրենք Ղարաբաղում զբաղված են «հայաստանցիներ» ստեղծելով։ Այդ ժամանակներից էր, ուրեմն, սկիզբ առնում դաշնակցական հռչակավոր «մաքրել-սրբելը», որ իդեալ էր դառնում ոչ միայն հասարակ ֆիդայիների, այլեւ՝ ինտելիգենտ գաղափարախոսների համար[172]…

Պատերազմը կատաղության ծայրին էր հասնում Ղարաբաղում եւ մանավանդ նրա մայրաքաղաք Շուշիում։ Այս քաղաքի ճակատագիրը շատ տարօրինակ էր։ Թեեւ նա առանձին մի գործոնի դեր չէր կատարում հայ հեղափոխական իրականության մեջ, բայց Գոլիցինի համար դարձել էր աչքի փուշ։ Այդ, որպես թե ամենահայ (եթե կարելի է եւ այսպես ասել) մի կենտրոն էր համարվում, հայ նացիոնալիզմի միջնաբերդ։ Հայտնի էր, որ Գոլիցինը ծրագրել էր քանդել Շուշիի հայկական մասը եւ հայերին գաղթեցնել Սիբիր` այնտեղ բնակեցնելու համար։ Այս վայրենությունը, սակայն, թույլ չտվեց նրան Պետերբուրգը[173]։ Այն ժամանակ Գոլիցինն ուրիշ ուղղությամբ տարավ գործը։ Հայերին քաջապես սանձահարելու համար Գանձակի նահանգապետ նշանակեց իր նման խելացնոր մի ռուսացնողի` գեներալ Կիրեեւին, որ մաքրեց Շուշին հայ չինովնիկներից` ուղարկելով նրանց ծառայելու Ռուսաստանի խորքերում։ Հայ դպրոցներ առանց այն էլ չկային, մնացել էր 50 տարիներից ի վեր գոյությունը պահպանած թեմական դպրոցը, որ նույնպես փակվեց։

Երբ սկսվեցին հայ-թուրքական կռիվները, Ղարաբաղի հայ եւ թուրք ազգաբնակչության ներկայացուցիչները հավաքվեցին Թիֆլիսում, իրար խոսք տվին ամեն միջոց ձեռք առնել, որպեսզի կոտորածները մուտք չգործեն Ղարաբաղ։ Երկու կողմերն էլ այն համոզմունքին էին, որ կռիվներն առանձնապես կատաղի եւ առանձնապես շատ ավերիչ կլինեն Ղարաբաղում այն հանգամանքի պատճառով, որ տեղի թե՛ հայ եւ թե՛ թուրք ժողովուրդներն աչքի են ընկնում իրենց խիզախ եւ քաջ բնավորությամբ։ Սա շատ ճիշտ էր, եւ մենք` հայ պատվիրակներս, բաժանվեցինք մեր աչքի ընկնող եւ ազդեցիկ հայրենակից բեկերից` գրեթե հավատացած, որ երկու կողմերս էլ ցույց կտանք, թե «վաթան գարդաշի» (հայրենիքի եղբայրակիցներ) էինք։ Եվ իրավ, գրեթե ամբողջ ամառն անցնելու վրա էր, հայ-թուրքական կռիվները ծավալվում էին Երեւանի նահանգի շատ տեղերում, ուրիշ նահանգներում եւս ստանում էին համատարած ժողովրդական դժբախտության կերպարանք, իսկ Ղարաբաղը լուռ եւ հանդարտ էր։

1905թ. օգոստոսի 1-ը ռուսահայ ժողովրդի համար դարձավ մի կատարյալ ազգային տոն։ Այդ օրը հրապարակվեց Նիկոլայի ուկազը, որով հայերին վերադարձվում էին երկու տարի առաջ այնպիսի խայտառակություններով խլված եկեղեցական կալվածքները։ Բացի դրանից` թույլատրվում էր դպրոցներ բացել ավելի լայն իրավունքներով, քան գոյություն ուներ 1884թ.-ից ի վեր։ Չնայած հայ-թուրքական արյունահեղությունների մղձավանջին, չնայած որ հայ աշխատավոր զանգվածն իր սգի մեջ էր նստած` իր կրած անփոխարինելի կորուստների պատճառով, շատ տեղերում աղմկալի ցույցեր էին կատարում ի պատիվ ցարի, եւ հրապարակավ շեշտվում էր մի նոր երեւույթ` եղբայրացում ռուս զորքերի եւ հայերի միջեւ։ Այսպիսի հանդիսավոր ցույցեր տեղի ունեցան, օրինակ, Շուշիում։ Բայց մի երեք ժամ[174] հազիվ անցած, կոտորածը սկսվեց եւ Շուշիում։ Եվ «հայաստանցիներ» ստեղծող Լեւոն Աթաբեկյանը, տեսնելով, որ թուրքերը զոռ են անում եւ արդեն հայկական քաղաքամասն են խուժում Քոհնա հանգիստարանի[175] կողմից, վազում է իրենց տուն եւ հայտարարում, թե իրեն մի ճանապարհ է մնում` ինքնասպանություն գործել։

Իսկույն վեր են կենում, եթե չեմ սխալվում, 1000 ռուբլի են հավաքում, տանում տալիս Շուշիի ռուս զորքերի գլխավորին, որը զինվորներ է հանում եւ հրացանային կրակով ետ մղում թուրքերին։ Բայց հայկական թաղի մի խոշոր մասը` կենտրոնականը` ավելի քան 400-500 տներ այրվում են։ Եվ որ զարմանալին է, այդ հրդեհումների եւ կողոպուտների մեծագույն մասը կատարվում էր հենց իրենց` հայերի քաղաքային եւ գյուղական տականքների ձեռքով։ Առհասարակ գաղափարական տեսակետից չէր կարելի ամբողջ Շուշին համարել դաշնակցական ծուխ։ Այդտեղ շատ կային տարրեր, որոնք հակառակ էին դաշնակցական հախուռն (քյալլագյոզ) գործողություններին, ընդդիմանում էին նրանց գրգռիչ եւ միամիտ վարմունքին։ Բայց ի՞նչ անես. անճարությունը եւ կառավարության կողմից լքվածության վիճակը ստիպում էին, որ դժգոհներն էլ հպատակվեն ֆիդայական դիկտատուրային։

Շուշիի արյունահեղությունը դեռ չվերջացած` նույն օգոստոս ամսին երկրորդ կոտորածը սկսվեց Բաքվի մեջ, ավելի ահավոր չափերով։ Այդ միջոցին Կիսլովոդսկում գտնվող եւ Թիֆլիսից հատուկ հանձնարարությամբ այնտեղ գնացած հայերից մի պավիրակություն ներկայացավ կոմս Վորոնցով-Դաշկովին եւ նրան մի ջերմ շնորհակալական ուղերձ մատուցեց` եկեղեցական կալվածքների եւ դպրոցների վերադարձման առիթով։
Նիկոլայն, ուրեմն, անձնատուր էր եղել հայերին։ Դաշնակցությունն, իհարկե, ամեն տեղ խաչփողանում, ծեծում էր իր կուրծքը եւ ասում, թե դա բացառապես իր հաղթությունն է, թե ինքն է հարկադրել Նիկոլային` չոքել հայ ժողովրդի առջեւ։ Բայց սա, իհարկե, սովորական լոպպազություններից մեկն էր[176]։ Նիկոլայ Բ-ին ոչ միայն հայության, այլ ամբողջ աշխարհի եւ մանավանդ ռուս ժողովրդի առջեւ չոքեցրել էր ճապոնական մարշալ Օյաման։ Եվ հետո, մեծ դեր էր կատարել այն հանգամանքը, որ Վորոնցով-Դաշկովը Գոլիցինից խելոք էր։ Խելառ հայակերը մի հիմար թեթեւամտությամբ հափշտակել էր հայ ժողովրդի կալվածքներն ու դրամագլուխները` նույնիսկ չկարողանալով հաշվի տակ գցել, թե հափշտակված գույքն ինչ հարստություն պիտի մտցնի պետական գանձարանի մեջ։

Ռուս բյուրոկրատները ֆանտաստիկ պատկերացում ունեին հայ եկեղեցական հարստությունների մասին։ Ես ինքս կարդացել եմ «Новое Время»-ի մեջ, որ ռուս կառավարչական շրջաններում տարածված էր այն համոզումը, թե միայն անգլիական բանկի մեջ հայ հոգեւորականությունն ունի 30 մլն ռուբլի` ոսկով։ Միայն այն ժամանակ, երբ խլվեց ժողովրդական կարողությունը, հաշվի նստեցին եւ տեսան, որ պետությունը ոչ միայն օգուտներ չպիտի ստանա իր հափշտակություններից, այլեւ իրենից մեծ գումարներ պիտի ծախսի կալվածքները եւ դպրոցները պահպանելու համար։ Ազատվել այդպիսի մի «բարիքից»` պետական մի իմաստնություն էր Կովկասի փոխարքայի համար։ Ռուսները մի հիանալի խոսք ունեն. «На тебе, Боже, что мне не гоже»[177]։

Իսկ թե կառավարությունը երբեք իրեն պարտված չէր համարում Դաշնակցությունից, այդ ապացուցողը հենց այն է, որ նա շարունակում էր իր քաղաքականությունը հայ-թուրքական կոտորածների վերաբերմամբ։ Օգոստոսի 1-ի ուկազով կառավարությունը կարծում էր, թե իր կողմն է գրավում հայ չափավոր տարրերին, որոնք կարող էին եթե ոչ ոչնչացնել, գեթ փոքրացնել ռումբերով եւ տեռորներով գործ տեսնող հեղափոխական կոմիտեներին։ Բայց այդ բանը տեղի չէր ունենում այն պարզ պատճառով, որ Դաշնակցությունն ուժեղ էր զինված եւ իշխանություն էր կազմում։ Ֆիդայիները Զանգեզուրի եւ այլ գավառների գյուղացիների մեջ կատարում էին այնպիսի սանձարձակ բռնություններ, որոնք հիշեցնում էին նրանց նմանօրինակ սխրագործությունները Սալմաստում եւ Թուրքահայաստանում։ Եվ կառավարությունն անժամանակ էր համարում դադարեցնել կռիվը նրանց դեմ թուրքական հրոսակախմբերի միջոցով։

Կիսլովոդսկի հայ պատվիրակությունը, վերջացնելով իր շնորհակալական ցույցերը, ստիպված էր ցավով ու վշտով նորից եւ նորից գալ օրվա արյունոտ մղձավանջին, նկարագրել Բաքվի սարսափները, նավթարդյունաբերության կործանումը եւ, ինչպես միշտ, խնդրում էր օգնել ու փրկել։ Փոխարքան փոխարենը պատասխանեց, թե ինքը Բաքվում շատ զորք ունի եւ հենց այժմ կհեռագրի, որ անկարգությունները ճնշվեն ամենայն խստությամբ։ Երջանիկ ու հանգստացած պատվիրակությունը հրաժեշտ տվեց փառավոր կոմսին, բայց նրա խոսքերը խոսքեր էլ մնացին։
Հայ-թուրքական ընդհարումները դեռ հարկավոր էին ռուս կառավարությանը, շատ էին հարկավոր…