30.1.12

N 1 (34) (2012)





ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ - 80

Մի քանի ամիս առաջ շատ պատահական facebook-ում կարդացի մի հրաշալի բանաստեղծություն՝ գրված անցյալ դարի 70-ականներին, հետո երկրորդը, երրորդը... և բոլորը՝ մի շնչով գրված, մի շնչով կարդացվող, և շատ զարմացա, որ մինչև հիմա չեմ ճանաչել բանաստեղծ Վազգեն Օվյանին։
Հետաքրքրվեցի և պարզվեց, որ նա իմ վիրտուալ ընկեր Վարդգես Օվյանի հայրն է, և ինձ համար հայտնաբերեցի հրաշալի պոետ, քաղաքացի, մարդ, Հայ մարդ մտավորականին (մտավորական՝ բառի իսկական իմաստով), հետո գտա իր էջը - vazgenovyan.blogspot.com - հղումը ինձ նման անտեղյակների համար է) և հասկացա, թե ինչու չի պրոպագանդվել և ինչու չեմ ճանաչել Վազգեն Օվյան բանաստեղծին։
Այսօր լրանում է Ղարաբաղի երգիչ, պոետ Վազգեն Օվյանի 80 ամյակը, և որոշեցի անակնկալ անել իմ ընկեր Վարդգես Օվյանին։
Շնորհավոր։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
(Վարպետ Օնիկ)


ԽՄԲ. ԿՈՂՄԻՑ։ Այս տեքստն ու լուսանկարը, որի հեղինակը facebook-ում բոլորին հայտնի, Արցախից հազարավոր մղոններով հեռու՝ ԱՄՆ-ում բնակվող Վարպետ Օնիկն է, վերոհիշյալ ամենահայտնի սոցիալական ցանցում զետեղվել է ս. թ. հունվարի 6-ին՝ Վազգեն Օվյանի ծննդյան օրը՝ որպես հիշատակի տուրք արցախցի նշանավոր գրողին։



Խմբագրական

ՄԻ ԾԱՅՐԱՀԵՂՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՄՅՈՒՍԸ

Լուրջ ազգ չենք։ Ծայրահեղությունների մի յուրօրինակ կծիկ ենք։ Ամեն ինչում և ամեն հարցում։ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանելու մասին Ֆրանսիայի Սենատի վերջին որոշման վերաբերյալ մեր արձագանքը դրա վառ ապացույցներից մեկն է։ Մի կողմից՝ անսահման, չափի մեջ չտեղավորվող հրճվանք, մյուս կողմից՝ արհամարհանք առ այդ որոշումը։ Վերջինները՝ արհամարհողները, գտնում են, որ ոգևորվելու պատճառ չեն տեսնում, Ֆրանսիան դա արել է իր շահերից ելնելով...

Հարգելիներս, աշխարհի քարտեզի վրա ցույց տվեք մի այլ երկիր, որ իր պետական-ազգային շահերը մի կողմ դրած, բարեգործություններ է շաղ տալիս շուրջբոլոր։ Մեր հյուսիսային եղբայր կոչվածը, որ իր «ավանդն» ունի մեր ժողովրդի վերջին երկհարյուրամյակի ողբերգությունների մեջ, Հայաստանը ծառայեցնում է բացառապես իր շահերին։ Նրա համար հայերը, վրացիները, ազերիները, չեչեն-ինգուշները, լեզգիները, կաբարդինները և այլք ընդամենը «կովկասյան ազգության ներկայացուցիչներ են»...

Այդ մենք ենք, որ կուրորեն բարեկամներ ենք փնտրում աշխարհով մեկ։ Մեզ հետ հարաբերվելիս յուրաքանչյուրն առաջնորդվում է միայն իր շահերից ելնելով... Պարզապես մենք պիտի կարողանանք բաց չթողնել առիթը՝ ինքներս էլ մեր ազգային խնդիրները լուծելու։ Ուրիշ ձև չկա, ու աշխարհը միայն սև և սպիտակ գույներից չի կազմված...

Մեր բոլոր դժբախտությունների պատճառներից մեկը հենց դա է։ Մենք առաջնորդվում ենք միայն այսրոպեական զգացմունքայնությամբ։ Մինչդեռ մարդուն ի վերուստ տրված է նաև սառը դատելու ունակությունը։ Աշխարհը պիտի ճանաչենք այնպես, ինչպես այն կա, այլ ոչ թե այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում կամ ինչպես մենք ենք ցանկանում...

Իրոք գերտերությունները, հատկապես ԱՄՆ-ն, շարունակ խաղարկում են ցեղասպանության հարցը... Շատ հնարավոր է, որ Ֆրանսիայի այս քայլը ամենից առաջ իրեն է պետք։ Բայց այն նաև մե՛զ է ձեռնտու։ Իրենք թող իրենց ուզած ձևով օգտվեն դրանից, մենք՝ մեր ուզած ձևով։ Քաղաքականությունը հենց դա է, այլ ոչ թե այն, որ ազերիները «փոխզիջում» բառը դեռ չեն արտաբերել, իսկ մեր վայ-դիվանագետներն արդեն ծայրից-ծայր բանակցասեղանին են դրել այն բոլորը, որ կարող ենք «փոխզիջել», հանձնել թշնամուն...

Որ մենք այսօր գործոն չենք, սուբյեկտ չենք, դրանում ամենաառաջին և ամենամեծ մեղավորը մենք ինքներս ենք։ Երբ ինքներս մեզ չենք հարգում, լուրջ չենք ընդունում (խոսքը դատարկ սնապարծության մասին չէ - դա մեր մի այլ ծայրահեղություններից է), ինչպե՞ս կարող է ուրիշը, աշխարհը մեզ հարգել և լուրջ ընդունել։

Ամենաթարմ օրինակը։ Ընդամենը մեկևկես տասնամյակ առաջ Արցախը սուբյեկտ էր, հաշվի էին նստում հետը, անգամ թշնամին ստիպված էր նույն բանակցասեղանի շուրջ նստել Արցախի ներկայացուցչի հետ... Այսօր այդ նույն Արցախը մեր իսկ մեղքով, մեր, այսպես կոչված, ՀՀ ղեկավարների, դիվանագետների մեղքով դարձել է ողորմելի մի ՕԲՅԵԿՏ, որի գլխի վրա վարսավիրություն են սովորում ամեն տրամաչափի հայ և այլազգի բախտախնդիրներ...

Մեր պատմության ոչ մի սխալից այդպես էլ դասեր չքաղեցինք, և մեր պարագայում պատմությունն անընդհատ կրկնվում է, և անընդհատ կորցնում ենք, կորցնում հող, երկիր, արժանապատվություն... Բայց մի օր պետք է կանգնեցվի այս նահանջը։ Մեծ հայրենականում ասում էին՝ ետևում Մոսկվան է...

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ





ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ՀՂԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԺ-ԻՆ ԵՎ ՍԵՆԱՏԻՆ

ԼՂՀ ԱԺ-ի քաղաքական ուժերի՝ Ֆրանսիայի ԱԺ-ին և Սենատին հղված դիմումի մեջ մասնավորապես ասվում է. «Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի ընդունմամբ Ֆրանսիայի Հանրապետությունը, լինելով իրավական և ժողովրդավարական երկիր և համամարդկային արժեքներ դավանող հանրություն, աշխարհին ներկայացավ նաև իբրև պետություն, որի համար արդարությունը և իրողություններն անառարկելի են, չեն ենթարկվում պահի նպատակահարմարությանը։

Ֆրանսիայի Հանրապետությունը եվրոպական այն երկիրն է, որտեղ ապաստան են գտել և գթասրտության արժանացել Ցեղասպանությունը վերապրած տասնյակ հազարավոր հայեր։ Նրանց սերունդներն այսօր ֆրանսիական հասարակության անդամ են, օրինապշտ քաղաքացիներ, ովքեր գործում են հանուն Ֆրանսիայի զորացման և բարօրության...
Մեզ համար անսպասելի չէր Ֆրանսիայի Հանրապետության Սենատի որոշման հանդեպ նաև Ադրբեջանի իշխանությունների, այդ երկրի քաղաքական և այլ շրջանակների կեցվածքը։ Այդ կերպ, կարծում ենք, օրվա իշխանությունները նույնացնում են իրենց երկիրը Թուրքիայի հետ, սատարում վերջինիս ժխտողականությանը։

20 տարի առաջ, հռչակելով անկախ Հանրապետություն, մեր ժողովուրդը ոչ թե հավակնոտություն է դրսևորել, այլ ընտրել ցեղասպանությունը կանխելու միակ տարբերակը, ինչի շնորհիվ ապահովվեց Լեռնային Ղարաբաղի ժողովրի անվտանգությունը, կենսագործունեությունը սեփական հայրենիքում։

Մենք բարձր ենք գնահատում Ֆրանսիայի Հանրապետության միջնորդությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում, կիսում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ, բանակցությունների ճանապարհով, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներով կարգավորելու՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների մոտեցումը»։

Ս.թ. հունվարի 25-ին գրված այդ դիմումի վերջում ասված է. «Լիազորված ենք մեր ժողովրդի երախտագիտությունը հայտնել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովին և Սենատին՝ ցեղասպանություննրի ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման համար։ Արդարության և ժողովրդավարության, համամարդկային արժեքների հաստատման ճանապարհին մեր ժողովուրդը ձեզ հետ է»։




«ԵՍ ՇԱՏ ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ԱՅՍ ՕՐԻՆԱԳԻԾՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ»

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ ֆրանսիացի պատգամավոր, Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն Սենատի նիստից հետո չի կարողացել զսպել արցունքները։
Բուայեն իր գոհունակությունն է հայտնել օրինագծի ընդունման կապակցությամբ. «Սա շատ կարևոր օր է ինձ համար։ Սա շատ կարևոր պահ է Ֆրանսիայում մարդու իրավունքների և համամարդկային արժեքների պահպանման առումով։ Ես շատ ուրախ եմ, որ այդ օրինագիծն ընդունվեց։ Մենք ասել ենք, որ այս օրինագիծն ուղղված չէ Թուրքիայի դեմ։ Մենք դա արեցինք Ֆրանսիայի համար։ Հուսով եմ, որ օրինագիծը կունենա իր շարունակությունը»։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Սենատի ընդունումից հետո՝ 15 օրվա ընթացքում, կարող է հաստատել այդ օրինագիծը։




 Հայաստանյան և արտասահմանյան մամուլի էջերից...

Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը չի անդրադառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա։ Նման կարծիք է արտահայտել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը հունվարի 25-ին կայացած Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ։
Նա հիշեցրել է, որ «Հայաստանի և Թուրքիայի ոչ այնքան բարիդրացիական հարաբերությունների առկայությունը նորություն չէ»։ Խոսելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հունվարի 23-ին Սոչիում կայացած հանդիպման մասին, փորձագետը նշել է, որ այդ ձևաչափով հանդիպումը արդեն տասերորդն էր։ Առաջընթաց չի արձանագրվել, նույնիսկ չի էլ ակնկալվում։
Միաժամանակ Իսկանդարյանը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը չափազանց կոշտ է վերաբերվում Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը, որը նրա հետ որևէ առնչություն չունի։



Մարսելի փաստաբանների կոլեգիայի անդամ Ֆիլիպ Կրիկորյանը հունվարի 27-ին նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ խնդրելով անհապաղ հրապարակել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքը։ Նա նշել է, որ օրենքի ընդդիմախոսներն անարդար կերպով փորձում են դիմել Սահմանադրական խորհուրդ, որի անաչառությունն այդ հարցում նա կասկածի տակ է առնում՝ բերելով մի քանի իրավաբանական փաստարկներ։
Փաստաբանը նշել է, որ խորհրդարանում օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն մի շարք դատական գործընթացների հետ կապված հիշատակել է նաև Կրիկորյանի անունը՝ ավելացնելով, թե վերջինս եղել է այդ օրինագծի ակունքներքում։ Ելնելով դրանից՝ Կրիկորյանն առաջարկել է այն կոչել Բուայե-Կրիկորյան օրենք։

Սակայն, փաստաբանի խոսքով, այդ նորածին օրենքի գոյությունը վտանգի տակ է. «Մոտ 25 ռևանշիստ պատգամավորներ ցանկանում են խեղդել օրենքը՝ սպառնալով այն հանձնել Սահմանադրական խորհրդի քննությանը՝ այդպիսով պատմական ճշմարտությունը իրական քաղաքականության զոհ դարձնելով և ներկայացնելով հակասահմանադրականության վերաբերյալ կեղծ պահանջներ։ Այդ պատգամավորների վերաբերմունքը վիրավորական է, ցնցող և անհանգստացնող»։
Կրիկորյանը մի շարք փաստարկներ է ներկայացնում հօգուտ օրենքի, իսկ վերջում կոչ է ուղղում Սարկոզիին. «Հարգելի նախագահ, վերոնշյալ պատճառներից ելնելով՝ խնդրում եմ անհապաղ հրապարակել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող Բուայե-Կրիկորյան օրենքը»։
Հիշեցնենք, որ որպեսզի օրենքն ուժի մեջ մտնի՝ նախագահը պետք է հրապարկի այն 15-օրյա ժամկետում։ Մինչ այդ, 60 պատգամավոր կարող է դիմել Սահմանադրական խորհուրդ՝ վիճարկելով օրենքի սահմանադրականությունը։



Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Ֆրանսիան երկու՝ բարոյական և քրեական գնահատական է տալիս նրանց, ովքեր ժխտում են ցեղասպանությունը։ Քրեականացումը կունենա կարևոր նշանակություն համաեվրոպական առումով, որովհետև եվրոպական շատ երկրներ Ֆրանսիան դիտարկում են որպես առաջատար երկիր և դա կնպաստի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին։ Օրինագծի ընդունումով սահմանափակվում է Թուրքիայի հնարավորությունները պետական մակարդակով Հայոց ցեղասպանությունը ժխտելու հարցում»։

Քննարկման ժամանակ, ինչպես նաև Ֆրանսիայի խորհրդարանում օրինագծի ընդունումից հետո թուրքական կողմից հնչում էին տեսակետներ, թե օրինագծի ընդունումը սահմանափակում է մարդու իրավունքները և խոսքի ազատությունը։ Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ եթե օրինագիծն ընդունվի, ինքն այլևս ոտք չի դնի Ֆրանսիա։ Ռ. Սաֆրաստյանը չի կիսում այս կարծիքը։ «Թուրքական քարոզչությունը տարբեր մակարդակներով փորձում է իրողությունը ենթարկել կեղծիքների և փորձում ցույց տալ, որ օրինագծի ընդունումը նշանակում է խոսքի ազատության սահմանափակում։ Թուրքիայի նման երկիրը տնտեսական հզորությամբ այնքան է զիջում Ֆրանսիային, որ ինչ էլ անի՝ վնասն ավելի շատ իրենը կլինի։ Եվ դա թուրքերը շատ լավ հասկանում են, քանի որ 2000-ական թվականներին, երբ ֆրանսիական խորհրդարանը ընդունեց օրենք հայոց ցեղասպանության մասին, թուրքերը փորձեցին պատժամիջոցներ կիրառել Ֆրանսիայի դեմ, բայց դա տևեց շատ կարճ և մի քանի ամիս հետո ամեն ինչ վերադարձավ, և առևտուը երկու երկրների միջև ավելի զարգացավ։
NEWS.am



Թուրքական լրատվամիջոցները շարունակում են անդրադառնալ Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագծին, որը սահմանում է 45.000 եվրո տուգանք և 1 տարվա ազատազրկում, ովքեր Ֆրանսիայի տարածքում կհերքեն Հայոց ցեղասպանության փաստը։
Վերոնշյալ իրադարձություններին անդրադարձել է թուրքական Milliyet առցանց օրաթերթի հոդվածագիր Մելիհ Աշըքը։ Նա նշում է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից օրինագծի ընդունումից հետո Անկարան բավականին ժամանակ ուներ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու համար։ Բայց ոչինչ չստացվեց ու ոչ մի կանխարգելիչ միջոց ի զորու չեղան ձեռնարկել։

«Օրինակ, երբ խոսք գնաց ֆրանսիական ապրանքների դեմ բոյկոտի մասին,- գրում է Աշըքը,- թուրք արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Ումիթ Բոյները և արդյունաբերության նախարար Զաֆեր Չաղլայանը հայտարարեցին, որ նման բոյկոտներն անարդյունք կլինեն և փաստորեն փարատեցին Ֆրանսիայի անհանգստությունը։
Պետք էր հասկանալ, որ վարչապետ Էրդողանի՝ «այլևս Ֆրանսիա չեմ գնա» և արտգործնախարար Դավութօղլուի՝ «Ֆրանսիան խայտառակություն է անում» արտահայտությունները բավարար չէին լինի հակառակ կողմին սաստելու կամ համոզելու համար»։

Հոդվածի հեղինակի բնորոշմամբ՝ թուրքերը կորցրել են ազգային բնազդները և իրենց համընդհանուր պատիվը նսեմացնող վերաբերմունքի դիմաց չխիզախեցին վտանգի ու վնասի գնալ։ Վերջին տարիներին սովորություն է դարձել բավարարվել միայն քննադատական ուղերձներ հղելով, երբ այլ պետություններ ցեղասպանության մասին որոշումներ են ընդունում։
Որպես օրինակ նա հիշեցնում է, որ երբ 5 տարի առաջ Շվեյցարիան նմանատիպ օրենք ընդունեց, թուրքական իշխանությունները մի քիչ հոխորտացին, հետո տեղի տվեցին. «Դրանով չբավարարվեցին. Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Քալմի Ռեյին դեռ մի բան էլ հրավիրեցին Անկարայում կայանալիք դեսպանների հավաքին և ընդունեցին որպես պատվավոր հյուր։ Այդ իսկ պատճառով ոչ մի երկիր չի խուսափում Թուրքիային ցեղասպանության գոլ խփելուց։ Գիտեն՝ Թուրքիան մի քիչ հոխորտալուց հետո կընդունի նվաստացումը»,- եզրակացնում է Մելիհ Աշըքը և հավելում, որ «Ֆրանսիայի Սենատի ընդունած որոշումը որքան Ֆրանսիայի, միևնույն ժամանակ նաև Հայաստանի հաղթանակն է...»։
Aysor.am



Լրատվամիջոցները ուռճացրել են Ուրալում հայերի և կազակների միջև առաջացած հակամարտությունը։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը։
Հիշեցնենք, որ խոսքը Եկատերենբուրգում, ավելի ստույգ Արտյոմևսկ ոչ մեծ քաղաքում ստեղծված իրադրության մասին է։ Versia.ru-ի տեղեկություններով, հունվարի 31-ին կազակներն իբր հայտարարել են «ատելության օր»՝ խոստանալով մեկընդմիշտ ազատել մայր հողը «նվաճողներից»։ Որոշ տեղեկություններով, կազակների և հայերի հարաբերությունների խզման գործում մեծ դեր են խաղացել տեղի ադրբեջանցիները, ովքեր տնտեսական հակամարտությունների ֆոնի վրա բախումներ են հրահրում հայերի և կազակների միջև։ Այդ կապակցությամբ, հունվարի 18-ին Ռուսաստանի հայերի միությունը որոշում է ընդունել կազակ ատաման Սերգեյ Մադաթովին ուղարկել Ուրալ կազակների հետ անմիջական բանակցություններ սկսելու նպատակով։

Կազակ ատամանի միջամտության կարիքը դեռ չի եղել։ «Սերգեյ Մադաթովը արդեն պատրաստվում էր ուղևորվել, բայց դա հետաձգվել է։ Պարզվել է, որ իրավիճակն ավելի հանգիստ է, քան այդ մասին գրում են լրատվամիջոցները»,- նշել է Գերման Անանյանցը։ Նրա խոսքով, այդ մասին հայտարարել է Մոսկվայի կազակ ատամանը՝ իրավիճակն այս պահին հանգիստ է։
Նշենք, որ հայերի և կազակների միջև լարված հարաբերությունների անմիջական պատճառ են դարձել Արտյեմովսկի քաղաքապետի ընտրությունները։ Հայերը պաշտպանում էին քաղաքի արդեն նախկին ղեկավարի թեկնածությունը, իսկ կազակները՝ նորինը։ Հաղթել է նոր թեկնածուն, որը հանգեցրել է կազակների և հայերի միջև հարաբերությունների սրմանը։



Բուլղարուհի լրագրող, Արցախյան պատերազմի մասին փաստագրական ֆիլմերի հեղինակ Ցվետանա Պասկալևան փետրվարի 16-ին համաշխարհային շրջագայություն է սկսում։ Ինչպես հունվարի 27-ի մամլո ասուլիսում հայտնել է Պասկալևան, շրջագայությունը կսկսվի Բուլղարիայից, այնուհետև կշարունակվի Հունաստանում, Կիպրոսում, Լիբանանում։ Մարտին ծրագրվում է այցելել Փարիզ և Մոսկվա, ամսաթվերը դեռևս ճշտվում են։ Շրջագայության ընթացքում Արցախյան պատերազմի մասին փաստագրական ֆիլմեր կցուցադրվեն (Պասկալևայի «Ղարաբաղի վերքերը» Արցախյան ազատագրական պատերազմի մասին փաստագրական 7 ֆիլմերի շնորհանդեսը կայացել է նախորդ տարվա նոյեմբերին Երևանում)։

Ցվետանա Պասկալևան գտնում է, որ Հայաստանը տեղեկատվական պատերազմում զիջում է Ադրբեջանին։ «Լինելով իրավացի և ունենալով փաստացի ապացույցներ, թե ով է սկսել պատերազմը, ինչպես են անցկացվել ռազմական գործողությունները և ինչով է ամեն ինչ ավարտվել, ունենալով իր իրավացիության պատմական և իրավական հիմնավորումներ, հայկական կողմն ավելի պասիվ է»,- նշել է Պասկալևան։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ քաղաքական տարածությունը վակուում չէ, այն զգայուն է ճշմարտության նկատմամբ, որի մասին էլ վկայում է Ֆրանսիայի Սենատի ընդունած նախագիծը, որը քրեականացնում է ցեղասպանությունների ժխտումը։

«Ադրեջանը ինչ-որ կեղծիք է հորինում, այն ուռճացնում անհավանական չափերի, կրկնում ամեն օր։ Բնականաբար, այդ ամենօրյա կրկնությունը հասնում է լսարանին, նույնիսկ աշխարհի տարբեր վայրերում։ Քանի որ նրանք այլ տեսանկյուն չգիտեն, բացի այն, ինչն Ադրբեջանն է ներկայացնում, նրանք շատ հնարավոր է և հավատան։ Դրա համար անհրաժեշտ է աշխատել մտածված և հավասարակշիռ»,- նշել է Պասկալևան։



Հայ-վրացական հարաբերություններում կան առավել հրատապ խնդիրներ, քան հայոց լեզվի դասաժամերի քանակը, եկեղեցու հետ կապված և այլ հարցերը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն։ Նրա կարծիքով՝ հայ և վրացի ժողովուրդներին, ինչպես նաև Հայաստանին և Վրաստանին ավելի շատ բան է միավորում, քան տարանջատում։
«Հաշվի առնելով իրավիճակը, որում այսօր գտնվում է տարածաշրջանը, հաշվի առնելով աշխարհում գոյություն ունեցող աշխարհաքաղաքական կոնյունկտուրան, չարժե ուշադրությունը կենտրոնացնել այդ հարցերի վրա»,- նշեց նա։

Խոսելով Վրաստանում հայերի վիճակի և հայ համայնքի խնդիրների մասին՝ քաղաքագետը խոստովանեց, որ նման խնդիրներ գոյություն ունեն։ «Այո, այդ խնդիրները կան, սակայն դրանք սոցիալական բնույթ ունեն։ Ջավախքը Վրաստանի ամենահետամնաց շրջաններից է, այնտեղ աշխատատեղերը շատ քիչ են... Այդպես էր դեռ Խորհրդային Միության տարիներին։ Սակայն այսօր 21-րդ դարն է, և այդ հարցերը հարկ է լուծել վրացական իշխանությունների և տեղի բնակչության միջև քաղաքակիրթ երկխոսության միջոցով, համատեղ։ Դա միակ արդյունավետ սցենարն է»,- վստահություն հայտնեց փորձագետը։
Ցինցաձեի կարծիքով՝ Ջավախքի հայերի հիմնական խնդիրներից մեկը վրացերենի չիմացությունն է. «Լեզվի չիմացությունը նրանց առջև փակում է բոլոր դռները, այդ թվում՝ կառավարական կառույցներում ներկայացված լինելու հնարավորությունը։ Իրականում Ջավախքի հայերին հարկավոր է հենց այնտեղ՝ խորհրդարան, նրանք պետք է պատգամավոր ունենան օրենսդիր մարմնում, որպեսզի բարձրացնեն հարցեր, ներկայացնեն տեղի բնակչության շահերը»,- ընդգծեց զրուցակիցը։

Փորձագետն անդրադարձավ նաև հայ և վրաց եկեղեցիների միջև վեճին՝ նշելով, որ դա պետք է լուծեն եկեղեցիները, ոչ թե աշխարհիկ իշխանություններն ու հասարակական շրջանակները։ «Այո, ես ևս մեկ անգամ կրկնում եմ և չեմ հոգնում կրկնելուց՝ կան խնդիրներ, խնդիրներ և դարձյալ խնդիրներ, սակայն դրանք պետք է լուծել, ոչ թե ողբերգականացնել։ Կա՞ն եկեղեցիների հետ կապված խնդիրներ՝ թող հոգևորականները լուծեն, կա՞ն կրթական խնդիրներ, խնդրեմ, թող լուծեն կրթության նախարարները։ Դա ավելի իմաստուն կլինի»,- վստահություն հայտնեց քաղաքագետը։
Ցինցիձեն հատուկ ընդգծեց, որ այն մթնոլորտը, որը հայական ԶԼՄ-ների կողմից ներկայացվում է՝ կապված Վրաստանում հայ համայնքի վիճակի հետ, իրականությանը չի համապատասխանում։ «Վրաց ժողովուրդը բարեկամաբար, եղբայրաբար է վերաբերվում այստեղ բնակվող հայերին, նրանց հավատին, ավանդույթներին»,- եզրափակեց նա։



«Նէ»-ի թղթակիցը Երևանում փորձել է լսել մարդկանց կարծիքը՝ քաղաքական ուժերի դասավորվածության վերաբերյալ։ Առավել հետաքրքիրը Արտակ Ստեփանյան անունով մի քաղաքացու կարծիքն է։ Ահա այն. «Հայաստանում հասարակությունը հիմնականում բաժանված է երեք ստվար մասի։ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների մի մասը չի սիրում նրան, բայց կանգնած է նրա կողքին, որովհետև ատում է Ս. Սարգսյանին և Ռ. Քոչարյանին։
Սերժ Սարգսյանի կողմնակիցների մի մասը չի սիրում նրան, բայց սատարում է նրան, որովհետև ատում է Լ. Տեր-Պետրոսյանին և Ռ. Քոչարյանին։ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների թիվը հակադարձ համեմատական է նրան ատողների թվին։
Կա նաև երրորդ կողմը, որ ատում է բոլոր երեքին։ Այս մարդիկ դեռ ընդգծված Առաջնորդ չունեն։ Եթե ունենան, նրանց են միանալու նաև նախորդ երեքին բոլոր չսիրողները»։




Ցորենի շուկայի վերլուծաբանները 2012 թ. գնի էական աճ չեն կանխատեսում։ Հիշեցնենք, որ 2011 թ. սկզբներին ցորենի միջազգային գինը հասավ իր պատմական առավելագույն մակարդակին՝ 327.8 դոլար 1 տոննայի դիմաց։ Սակայն այնուհետ սկսեց նվազել։ Ներկայում ցորենի գինը մոտ 30 %-ով զիջում է 1 տարի առաջվա գներին։
Սպասվում է, որ ցորենի բերքը 2012 թ. կլինի բարձր։ ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության (USDA) գնահատականներով՝ ցորենի համաշխարհային արտադրությունը 2011-2012 թթ. կկազմի 683 մլն տոննա՝ 4.6 %-ով ավելի, քան նախորդ տարի։ Համախառն սպառումը, ըստ կանխատեսումների, կաճի 23 մլն տոննայով և կկազմի 679 մլն տոննա։ Այսպիսով՝ ցորենի պաշարները կավելանան 4 մլն տոննայով և կկազմեն 200 մլն տոննա։
Վերջին շաբաթվա ընթացքում ցորենի գները փոքր-ինչ աճել են այն լուրերի պատճառով, որ Ռուսաստանը պետական տուրք է սահմանելու արտահանվող ցորենի վրա։ Սակայն Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունն առայժմ չի հաստատում այդ տեղեկությունները։
NEWS.am




ԱՆՀԱՏԸ (ԱՆՁԸ) ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

2012 թ. սեպտեմբերին լրանալու է Հայաստանի (ՀՀ և ԼՂՀ ) անկախության հերթական տարելիցը։ 21 տարին, հայ ժողովրդի դարավոր պատմության հետ համեմատած, չնչին ժամանակահատված է, բայց յուրահատուկ է նրանով, որ նորանոր սկսում են ձևավորվել անկախության երկրորդ սերնդի ներկայացուցիչները։ Սակայն, ցավալին այն է, որ մինչև հիմա մենք՝ հայերս, չունենալով ազգային գաղափարախոսություն, չգիտենք ուր ենք գնում և այդ նոր սերնդին ուր ենք տանում։

Մի կողմ թողնելով ազգային գաղափարախոսության թեման, որի մասին քանիցս անդրադարձել ենք, գրենք անհատ-պետություն շղթայի մասին, որի մի օղակն էլ մոտ ապագայում կազմելու է նոր ձևավորվող սերունդը։
Նախ, սկսենք անհատից։

Հայ լուսավորիչների (Մ. Նալբանդյան, Ս. Նազարյանց, Հ. Սվաճյան, Գ. Չիլինկարյան) նախաձեռնությամբ ժամանակի եվրոպական քաղաքական և հասարակական գաղափարները տարածվել են հայ հասարակության շրջանում, հիմք դրել «լուսավորական» և «պահպանողական» ուղղությունների ձևավորմանը։ Հայ լուսավորիչները բարձր գնահատելով քրիստոնեական կրոնի և Հայ Եկեղեցու դերը հայ ժողովրդի անցյալի պատմությունում, չէին ընդունում այդ իրողությունն ազգի ներկայի և ապագայի վերաբերմամբ։ Հերքելով կրոնի և Եկեղեցու վճռորոշ դերը ազգի գոյության և առաջադիմության հարցում, նրանք անհրաժեշտ են համարում աշխարհիկ կառավարության առկայությունը, աշխարհիկ մշակույթի և լուսավորության զարգացումը՝ Հայ Եկեղեցուն հատկացնելով ազգի հոգևոր-բարոյական դաստիարակչի դերակատարությունը։ Լուսավորիչների պնդմամբ, ազգային կեցության աշխարհիկ և հոգևոր դաշտերի առանձնացումը (աշխարհիկ դաշտի գերիշխանության պայմանով) ժամանակի հրամայականն է, գտնելով, որ ազգի իրական միասնությանը կարելի է հասնել զուտ քաղաքական կառույցների միջոցով։ Միջանկյալ նշենք, որ ներկայումս Հայաստանում գերիշխում են հայ լուսավորիչների առաջ քաշած գաղափարները, որոնք ստացել են նաև օրենքի ուժ։

Իսկ ի՞նչ էին առաջադրում պահպանողականները։
Նրանց դասական ներկայացուցիչ Հովհաննես Տերոյենցը ի հակակշիռ լուսավորիչների պատմափիլիսոփայական հայեցակարգի, առաջադրել էր մի մոդել, ըստ որի երկրային կյանքում մարդը կոչված է կատարելագործվել որպես հոգևոր էակ, ինչը պայմանավորված է բարոյական օրենքի աղբյուրի և նրա էության ճանաչումով։ Բարոյական սկզբունքներին տալով աստվածային հեղինակություն, նա, ըստ էության, քրիստոնեական գաղափարախոսության տեսանկյունից աստվածային բարոյական օրենքը կապակցում է մարդու հասարակական էության հետ։ Աստված,- նշում էր նա,- ստեղծել է մարդուն որպես հասարակական էակ։ Մարդու արարման հետ մեկտեղ Աստված ստեղծել է հասարակության գոյության համար անհրաժեշտ ամրակներ՝ մեծի ու փոքրի տարբերությունը և արդարությունը, որոնցից առաջինը կապվում է Իշխանության, իսկ երկրորդը՝ Օրենքի հետ։ Այդ իսկ պատճառով բնական օրենքն ընկալելի է որպես աստվածային կամքով ստեղծված հասարակական ամրակների պահպանում և բուն բնական օրենքը տասնաբանյա պատվիրաններն են, որոնք արգելում են ուրիշի իրավունքներին մոտենալը և ընկերական կամ ընտանեկան նվիրական պայմանները դրժելը։

Նման կողմնորոշումն ուղղված էր լուսավորական պատմափիլիսոփայության հիմքում դրված և հասարակական առաջադիմության խորքային իմաստը ներկայացնող՝ անհրաժեշտաբար գործող բնական օրենքի լուսավորիչների մեկնաբանման դեմ։ Ըստ Նալբանդյանի, բնական օրենքով մարդիկ ստեղծված են հավասար իրավունքներով, որոնց պաշտպանության համար անհրաժեշտ է իրավադատության և օրենսդրության ստեղծումը, ինչը, իր հերթին, կնպաստի ազգի հասարակական (բարոյական) առաջադիմությանը։

Տերոյենցը գտնում էր, որ բնական օրենքն Աստծո իշխանության տակ գտնվող մարդու հասարակականության հիմքն է, ինչից հետում է, որ հասարակական կեցության անհրաժեշտ կանոնները բացարձակ (աստվածային) խորհուրդ են կրում։ Խնդրի էությունը դիտելի է լուսավորիչների և Տերոյենցի՝ մարդու մեկնաբանման տարբերության մեջ։ Եթե լուսավորիչների համար Մարդն ամենից առաջ անհատ է իր կենսաբանական և սոցիալ-մշակութային նախասկզբների միասնությամբ, ապա Տերոյենցը սահմանում է Մարդուն որպես ոգու՝ անդրանցական նախասկզբի կրող, այսինքն՝ որպես անձնավորություն։ Դրանով է բացատրելի Մարդու հոգևոր փորձի հնարավորությունը, նրա՝ որպես հոգևոր էակ կատարելագործվելու ընդունակությունը։

 Մարդուն դիտելով որպես անձնավորություն, Տերոյենցը սահմանել է «ազատություն» և «հավասարություն» հասկացությունները։ Ազատությունը նա սահմանում է որպես մարդու ներքին (հոգևոր) հնարավորություն, ուստի համարում է, որ մարդու արտաքին (գործողությունների) ազատությունը սահմանափակված է օրենքով. մարդն ազատ է գործել այնպես, ինչպես պետք է գործի և ոչ թե անել ցանկալին։ Ստրկությունն ու բռնությունը, այսպիսով, արտաքին, գործողությունների ազատության (բացարձակ) հետևանք է, ինչն անհրաժեշտաբար ենթադրում է ուրիշի ազատության սահմանափակում։ Նման իրավիճակը հնարավոր է համարվում այն ժամանակաշրջանների, երկրների և գաղափարախոսությունների համար, որտեղ խախտվում են աստվածային պատգամները։

«Հավասարություն» հասկացության Տերոյենցի ըմբռնումը ևս կառուցված է այդ հասկացության լուսավորիչների սահմանման քննադատության վրա։ Նրա կարծիքով, հավասարությունը լուսավորիչները հանգեցրել են ինչական հարաբերություններին (հավասար գույք ունենալու մարդկանց իրավունքին), ինչը խախտում է արդարության բարոյական օրենքը, քանզի Աստված ստեղծել է մարդկանց տարբեր կարողություններով։ Մարդկանց հավասարությունը հասարակական կենդանի արարած լինելն է, ինչն ապահովում է Օրենքը։ Վերջինիս բացակայության դեպքում հավասարությունն անհետանում է՝ ծնունդ տալով բարբարոսությանը, քաղաքակրթության քայքայմանը։

Նրա պնդմամբ, «ազատություն» և «հավասարություն» հասկացությունները լուսավորիչները կիրառում են այնպիսի երևույթների նկատմամբ, որոնք խորթ են այդ հասկացությունների նախնական խորհրդին։ Վերջինիս նորոգման անհրաժեշտ միջոցն է կրոնական փիլիսոփայությունը, որը կնպաստի աստվածային (բնական) օրենքին մարդկային (դրական) օրենքի համապատասխանեցմանը։ «Մարդկային օրենքը միայն գործերի վրա է, մտքի վրա է, խորհրդի վրա մարդիկ ոչ օրենք են դրել, և ոչ էլ կարող են դնել։ Աստված է միայն խորհուրդների քննիչը, միայն Նա է սրտագետ, մարդու սրտի գաղտնիքը իմացող, ուստի մենակ Նա խորհրդի վրա օրենք դնելով գործերի վրա դրված օրենքը հաստատուն կդարձնի, քանի որ չարության խորհուրդները սրտից են ելնում և դրանց արդյունքն եղած գործերը արգելելու համար նրանց աղբյուրը եղող սրտի վրա տիրելն է, և այս տիրապետությունը Աստծուց բացի ուրիշի բանը չէ»։

 Այս տեսանկյունից է նպատակահարմար արժևորել իշխանությունների ընտրովիության լուսավորիչների գովաբանած սկզբունքի Տերոյենցի մերժումը։ Ըստ նրա, իշխանության էությունը իշխանապետի և նրա իշխանության տակ գտնվող մարդկանց առկայության և նրանց միջև որոշակի հարաբերությունների՝ պարտքի և իրավունքի իրագործման մեջ է։ Մինչդեռ լուսավորիչների սկզբունքը ենթադրում է մեկի իշխանության (և համապատասխանաբար՝ իրավունքի) սահմանափակումը մյուսին իշխանություն (իրավունք) տալու նպատակով, որի հետևանքը մի կողմից համարվում է մարդկանց իրավահավասարության մերժումը, մյուս կողմից՝ անիշխանության տարածումը։

Այս հարթության վրա է հարկավոր իմաստավորել ազգային կառավարության էության, Ազգային Սահմանադրության նշանակության, ինչպես նաև՝ Հայ Եկեղեցու կառավարման ձևի ու դրա բարենորոգման փոխկապակցված խնդիրների Տերոյենցի ըմբոնումը։ Հերքելով լուսավորիչների այն կարծիքը, ըստ որի դարաշրջանի առանձնահատկությունը և հասարակական առաջընթացի նպատակն ազգի ազատության (քաղաքական) ձեռքբերումն է, նա հաստատում է, որ պատմության նպատակը և ժամանակի պահանջն ազգության պահպանումն է։ Նշված մոտեցումների տարբերությունը բացատրելի է լուսավորիչների և Տերոյենցի մեկնակետերի տարբերությամբ։ Լուսավորիչների տրամաբանությամբ, մի ժողովրդի մեջ որոշ հատկությունների առկայության պայմաններում է հնարավոր խոսել ազգի ձևավորման մասին։ Մինչդեռ Տերոյենցի համոզմամբ, խնդիրը գոյություն ունեցող ազգի բնութագրման և նրա առկա կեցության պայմաններին համապատասխան զարգացման հնարավորությունների սահմանումն է։

 Նշած համատեքստում ազգությունը պահող գլխավոր կապը համարվում է կրոնը։ Հավատն անվանվում է անփոփոխելի, քանզի նրա էությունը Աստծո ճանաչումն է։ Հավատի էության հետ սերտորեն կապվում է Աստծո պաշտամունքը, այսինքն՝ հավատի արտաքին կողմը (նշանները)։ Ելնելով ազգերի ավանդույթների առանձնահատկություններից, նա հաստատում է, որ աստվածապաշտության ձևերը նույնպես պետք է տարբեր լինեն։ Ազգերին զանազանող այդ առանձնահատկությունները նա համարում է ազգային կապ։ Տերոյենցի համոզմամբ՝ ազգային քաղաքականությունը պետք է ուղղված լինի պատմության կողմից կրոնին և Հայ Եկեղեցուն վերապահված առաքելության պահպանմանը։ Դրա հիմնավորմանն են ծառայում նրա բերած հետևյալ փաստարկները.

Քաղաքականությունը հիմնված է օրենքի վրա, և երբ այն առանձնացվում է կրոնից, զրկվում է պարտադրվող հեղինակությունից և դառնում անզոր։
Առանց իր հոգևոր բնույթին ներհատուկ ավանդույթների, ազգը նախնական «անկրթութեան» մեջ է ընկնում։ Այդ իսկ պատճառով հայ ազգը պետք է հավատարիմ մնա մինչև XIX դ. պահպանված ազգային ավանդույթներին, ըստ որոնց, աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայերին միավորում է Հայ Առաքելական Եկեղեցին։

 Տերոյենցի և հայ լուսավորիչների պայքարը բնութագրվում է որպես դիմակայություն նրանց պաշտպանած ազգային և համամարդկային նախասկզբերի միջև։ Լուսավորիչները դիմում էին «բնական մարդուն», «բնական իրավունքին», «գիտական առաջադիմությանը» և այդ հենքի վրա փորձում կառուցել ազգի ապագան։ Տերոյենցը, ընդհակառակը, ձգտում է պահպանել ազգային կյանքի օրգանական միասնությունը ազգային-մշակութային ավանդույթների (առաջին հերթին՝ կրոնի և Հայ Եկեղեցու) պահպանման միջոցով։ Ակնհայտ է, որ ազգային կյանքում որևէ մշակութային նախասկզբի մերժումը կամ նշանակության նենգափոխումը խախտում է ազգային կյանքի օրգանական կարգը, որը զգալիորեն թուլացնում է այդ հենքի վրա ձևավորվող ազգային ինքնագիտակցությունը։

 Ներկայումս Հայաստանում (ՀՀ և ԼՂՀ) բարոյազրկման և ամենաթողության, ազգուրացության և հավատուրացության, հայրենամերժության և տարագրության վտանգի արմատները պետք է որոնել հայ պահպանողականների նկատմամբ լուսավորիչների տարած հաղթանակի մեջ։
 Անհատը (անձը) լինելով հասարակության մի մասնիկը, կամա-ակամա, կյանքի տարբեր հատվածներում առնչվում է «կյանքի շղթայի» համարյա բոլոր օղակներին։ Թերևս, այդ շղթայի միակ օղակը համայնքն է (դասական իմաստով), որը բացակայում է մեր ընկերային կյանքից, այն դարձնելով ոչ լիարժեք։ Հիմնավորենք մեր եզրահանգումը։

Ցանկացած հասարակությունում, առավելապես՝ կապիտալիստականում, համայնքի յուրաքանչյուր անդամի մտահոգությունը իր սեփականությունն արդյունավետ տնօրինն ու դրանից շահույթ ստանալն է։ Եվ դրանում վատ բան չկա, եթե արդյունքում ազգաբնակչությունը ապրի համերաշխ և բարեկեցիկ։ Բայց իրականում, մեր հասարակությունում, հետզհետե մարդը՝ անհատը, քանի գնում միայնանում է իր հիմնախնդիրների հետ, ընկնում տարբեր՝ ոչ ցանկալի հոգեվիճակների մեջ։ Արդյունքում՝ տուժվում է անհատը, սոցիալական կյանքը, հասարակական հարաբերությունները և հասարակությունն ամբողջապես։ Ներկայումս մարդկանց հարաբերությունների մեջ վճռորոշ են դառել շահերը, որի հետևանքով էլ արմատավորվել են՝ անիրավությունը, անզգամությունը, ագահությունը, չարությունը, նախանձը, կռվազանցությունը, նենգությունը, բանսարկությունը, չարախոսությունը, ամբարտավանությունը, անգթությունը, ծնողատյացությունը և ազգուրացությունը։

Ներկայումս Արցախում հասարակությունը ապրում է ընտանիքներով (որոշները՝ ավանդական), գործում են նաև ազգակցականության, բարեկամության և ընկերության սկզբունքներըը։ Սակայն, ցավալիորեն պետք է նշել, որ այն օղակը՝ համայնքը, քրիստոնեական համայնքը, որը դարերով հայկականության պահպանման հիմքն է եղել, այսօր համարյա թե բացակայում է։
Համայնքային կյանքով ապրել՝ նշանակում է համախմբվել, ապրել ու աշխատել համագործակցաբար, մտահոգված լինելով համայնքային խնդիրների լուծմամբ, ստեղծել հոգատարության, փոխադարձ հարգանքի և օգնելու պատրաստակամության այնպիսի մթնորորտ, որտեղ անհատը իրեն զգա որպես հասարակությության լիիրավ անդամ։

Մեր կարծիքով, համայնքները (քաղաքային, թե գյուղական) լիարժեքորեն կարող են համախմբվել եկեղեցական ծխական խորհուրդների շուրջ, որովհետև նրա անդամները հաստատված են առ Աստված հավատքի վրա, և հոգատար են բոլորի հանդեպ, որը բխում է հենց քրիստոնեական հավատքից...
Համայնքային ցանկալի կյանքով մենք ապրել ենք 1988 թ.-ին (և իներցիայով ևս մի քանի տարի), որի արդյունքում հասարակական մի ֆորմացիայից մյուսին անցնելիս առաջացած ցնցումներին կարողացել ենք ազգովին դիմակայել և, որ ամենակարևորն է, փառավոր հաղթել ենք մեր դարավոր թշնամուն։

Համոզված ենք, որ մեր նախնիների համայնքային կյանքով ապրելու մեջ էր նրանց ուժը, որը գենետիկորեն, անխաթար փոխանցվել է մեզ։ Դրա վերականգնումը կյանքի պահանջ է։ Արդյունքում՝ մենք կկարողանանք մեզ լիարժեք ազգ համարել, դեն նետել մեզ բաժին հասած «թղթե շերեփները», անվախորեն մետենալ ու մասնակցել միջազգային հարիսակերությանը։

 ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ




ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱՆ ԿԵՐՏՎՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑՈՒՄ

«Նոր էջի» հոկտեմբերի 14-ի համարում կարդալով հայրենանվեր ու սրտացավ մարդու՝ Աշոտ Սարգսյանի «Ազգային դպրո՞ց, թե՞...» վերնագրով հոդվածը, որոշեցի անմիջապես արձագանքել։

Միանգամայն իրավացի է հեղինակը, երբ գրում է. «Հայկական կրթական համակարգն ունի համազգային նշանակություն։ Այն կախված չպետք է լինի այս կամ այն պաշտոնյայի, այս կամ այն նախարարի կամային որոշումներից և քաղաքական հայացքներից։ Քանի դեռ Հայաստանը չունի ազգային գաղափարախոսություն, հնարավոր է որպես ելքից դուրս գալու միջոց ստեղծել ազգային կրթական հայեցակարգ»։

Սոցիալիստական տոտալիտար ռեժիմի պայմաններում անգամ, չնայած հալածանքներին և մարդկային կորուստներին, հայերը հաջողությամբ զարգացնում էին իրենց գիտությունը, մշակույթը, արվեստն ու գրականությունը։ Դպրոցական, կրթական գործն էլ իր բարձրության վրա էր գտնվում։ Այդ տարիներին են ապրել ու ստեղծագործել գիտնականներ Օրբելի և Ալիխանյան եղբայրները, Ա. Իոսիֆյանը, Վ. Համբարձումյանը, ավիոկոնստրուկտոր Ա. Միկոյանը, Մերգելյանը, գրողներ Ավ. Իսահակյանը, Դ. Դեմիրճյանը, Ե. Չարենցը, Ա. Բակունցը, Հ. Շիրազը, Պ. Սևակը, Հ. Սահյանը, Հ. Մաթևոսյանը, Գ. Էմինը, Վ. Դավթյանը, Ս. Կապուտիկյանը, կոմպոզիտորներ Ա. Խաչատրյանը, Ա. Բաբաջանյանը և ուրիշներ։ Նրանք կարողացան աշխարհին մեկ անգամ ևս ցույց տալ հայի ստեղծագործական ոգու հզոր ուժը, մտքի անսանձ թռիչքն ու արարումի մեծ թափը։

Եկավ 1988 թվականը։ Հայաստանն ու Արցախը դարձան ազատ ու անկախ։ Թվում է ամենանպաստավոր պայմաններն են ստեղծվել էլ ավելի զարգացնելու մեր մշակույթը, գիտությունը, կրթությունն ու մյուս ոլորտները։ Սակայն, ցավոք, այդպես չեղավ։
Խորհրդային կարգերի ժամանակ Արցախում ապրել և ստեղծագործել են մեծատաղանդ գրողներ Գ. Ներսեսյանը, Ս. Աբրահամյանը, Բ. Ուլուբաբյանը և Վ. Օվյանը։ Անկախություն ձեռք բերելուց հետո մեզ մոտ գրողների միության անդամ դարձան շատ մարդիկ։ Սրանցից այսօր ո՞վ կարող է փոխարինել վերոհիշյալ վառ անհատականություններին, ազնիվ մարդկանց, որոնք օժտված էին մեծ կամքով և աչքի էին ընկնում քաղաքացիական խիզախությամբ։ Մեր մեծատաղանդ գրողները երբեք չեն մտել բարձրաստիճան պաշտոնյաների թևի տակ, չեն եղել նրանց կամակատարները, բնավորությամբ շիտակ ու ազնիվ արվեստագետներ էին։ Նրանք իրենց գիտակցական ամբողջ կյանքի ընթացքում եղել են մեր ժողովրդի շահերի համար մշտապես պայքարող ասպետներ։

Ըստ իս, ցանկալի է ԼՂՀ դպրոցներում և բուհերում մտնել հատուկ դասընթաց, որի մեջ ընդգրկված լինեն մեր մեծերի՝ Գ. Ներսիսյանի, Ս. Աբրահամյանի, Բ. Ուլուբաբյանի, Վ. Օվյանի և մյուս նշանավոր ու հայտնի գրողների կյանքն ու գործունեությունը, նրանց գլխավոր ստեղծագործությունները լուսաբանող հետաքրքիր նյութեր։

Ես կիսում եմ հոդվածագիր Ա. Սարգսյանի այն կարծիքը, ըստ որի ԽՍՀՄ-ում «կրթական համակարգի կենսունակությունը և արդյունավետությունն ակնհայտ էր»։ Ընդամենը երկու տասնամյակ առաջ Արցախում կրթությունը գտնվում էր իր բարձրության վրա։ Մարզի դպրոցներում աշխատում էին իրենց գործը, մասնագիտությունը լավ իմացող բազմաթիվ տաղանդավոր ուսուցիչներ (Ս. Արամյան, Ա. Մարտիրոսյան, Ա. Աղաբեկյան, Հ. Եգանյան, Ա. Շահիջանյան, Ա. Հարությունյան, Խ. Հարությունյան, Լ. Թումանյան, Գ. Ավետիսյան, Խ. Դանիելյան և այլք)։ Նրանց ժրաջան ու եռանդուն աշխատանքի շնորհիվ աշակերտները ձեռք էին բերում կայուն, հաստատուն գիտելիքներ։ Միջնակարգն ավարտած տասնյակ ու հարյուրավոր շրջանավարտներ իրենց ուսումը շարունակում էին ոչ միայն Հայաստանի, այլև ԽՍՀՄ հեղինակավոր բուհերում։ Հաջողությամբ ավարտելով՝ նրանք աշխատանքի էին անցնում իրենց ընտրած մասնագիտությամբ։

Խորհրդային կարգերի ժամանակ ուսումը ձրի էր, ուսանողները պետական թոշակ էին ստանում։ Ամռան ամիսներին համարյա բոլոր աշակերտներն ընդգրկված էին ճամբարներում։ Դպրոցում տարրական դասարանների աշակերտները ձրի նախաճաշ էին ստանում։ Շատ աշակերտներ խորացված ձևով արտադասարանական պարապմունքների՝ ֆակուլտատիվի ժամանակ յուրացնում էին իրենց համար հոգեհարազատ առարկաները, նախապատրաստվում բուհի ընդունելության քննություններին։
Խորհրդային տարիներին Ղարաբաղում գործում էին երկարօրյա, գիշերային և գիշերօթիկ դպրոցներ։ Ղարմետաքսկոմբինատում բանվորների համար դպրոց էր բացված։ Անխտիր բոլոր երեխաները հաճախում էին դպրոց։ Իսկ ներկայո՞ւմս։ Այսօր շատ երեխաներ սոցիալապես անապահով ընտանիքներից են, ոմանք էլ պարզապես հնարավորություն չունեն դպրոց հաճախելու։

Դպրոցներում քիչ են տղամարդ ուսուցիչները։ Նրանց մի մասը ինչ-ինչ պատճառներով հեռացել է հանրապետությունից, երկրորդները զբաղված են ավելի բարձր վարձատրվող աշխատանքով, երրորդներն էլ գործազուրկ են։ Ներկայումս, երկրի համար ծանր պայմաններում, երբ դժվար կառավարելի երեխաները շատ են, պետք է բավական քանակությամբ տղամարդ ուսուցիչներ ընդգրկվեն կրթության համակարգում։ Չպետք է մոռանալ, որ այսօր երկրի զարգացման ամենակարևոր ճակատներից մեկը հենց դպրոցն է։
Ինչ-որ մեկի կամ ոմանց գլխին քամի փչեց «եվրոպականացնել» մեր կրթական համակարգը, որի արդյունքը եղավ ավագ դպրոցների ստեղծումը, որտեղ սովորում են նաև ոչնչով աչքի չընկնող շատ աշակերտներ։

Դպրոցների տարբերակումն անհարիր է հայի հոգեբանությանը։ Պատմական երկար ճանապարհ անցած, կոլեկտիվ կյանքով ու պայմաններում ապրած հայ մարդուն միշտ էլ խորթ են եղել մարդկանց արհեստական բաժանումները, մեկը մյուսից վեր դասելը։ Հայը միշտ էլ ընդվզել է անարդարությունների դեմ։ Դարեր ի վեր մեր ժողովրդի լավագույն զավակներն ամեն ինչ անում էին, որպեսզի հասարակությունը դաստիարակի կիրթ, լիարժեք, անվախ, հպարտ, հայրենիքին և սեփական ժողովրդին նվիրված երիտասարդներ։
Իսկ այսօր ինչպե՞ս ենք վարվում. ճիշտ հակառակ ձևով։ Միասնական դպրոցի բաժանումը ավագի և հիմնականի, նմանվում է նեգրերի նկատմամբ ժամանակին այլ երկրներում տարված ծայրահեղ խտրականությանը, երբ սևամորթ աշակերտն իրավունք չուներ սպիտակամորթի հետ միասին նույն դպրոցում սովորելու։

Միասնական դպրոցը տրոհվեց բևեռների՝ ավագ (հատուկ) և հիմնական (սովորական) դպրոցների։ Դպրոցի երկատվելը վաղ թե ուշ ներհակություն առաջ կբերի աշակերտական և ուսուցչական կոլեկտիվների, հասարակության մեջ, որն ի վերջո կհանգեցնի ճեղքվածքի, որից էլ ներս կթափանցի անհանդուրժողականության, անմիասնության ախտը, բացիլը։
ՀՀ և ԼՂՀ կրթության բարձրաստիճան չինովնիկները, «ռեֆորմատորները» արդյո՞ք գիտեն թե ինչպես են իրենց նվաստացած, անլիարժեք զգում հիմնական դպրոցի աշակերտները։ Իսկ այդպիսինները ժամանակի ընթացքում կարող են դառնալ վրիժառու, մարդատյաց, տառապել թերարժեքության բարդույթով...

Հանուն ճշմարտության նշեմ, որ այսօր ավագ դպրոցների աշակերտների մի զգալի մասը մտավոր ընդունակություններով, զարգացմամբ, ուսման նկատմամբ ունեցած վերաբերմունքով ոչ մի գերազանցություն չունի հիմնականի սովորողներից։ Ուսուցիչներն էլ նույնպես՝ իրենց պատրաստվածությամբ, մակարդակով և տարաբնույթ հատկություններով ու որակներով ոչ մի առավելություն չունեն հիմնականի դասատուներից։
Հեռուստատեսությամբ ելույթ են ունենում և թերթերում հանդես են գալիս կրթության մերօրյա ռեֆորմի ջատագովները և շեշտում, որ ամեն ինչ մոտ ապագայում լավ, դեռ ավելին՝ փայլուն է լինելու, որովհետև նոր բազա է ստեղծվում կրթության որակական ծավալման համար։ Սակայն նրանք այն փորձառու այգեպանները չեն, որոնք նախօրոք գիտեն, թե ինչպիսի պտուղներ են տալու իրենց տնկիները, հատկապես երբ փաստերն այսօր հակառակն են վկայում։

Երկու տեսակի դպրոցներում դեռևս աշխատող բարձր որակավորում ունեցող սակավաթիվ տաղանդավոր ուսուցիչների դասաժամերին անգամ բարձր դասարանների աշակերտները ակտիվ չեն պահում իրենց, ինչպես հարկն է ուշադիր չեն լսում հաղորդվող նյութը։ Ինչո՞ւ. որովհետև ունեն թույլ մակարդակ, մտավոր կարողությունները ցածր են, ուսման նկատմամբ սեր, նվիրվածություն չունեն, ինքնակրթությամբ չեն զբաղվում… և այլն։ Այսպիսի թերությունները, բացերը շտկելու, վերացնելու փոխարեն կրթության մեր «երևելիները» զբաղված են հարազատ դպրոցականներին երևակայական «թռիչքների» նախապատրաստմամբ...

Ավագ դպրոցների ուսուցիչները ստանում են ավելի բարձր աշխատավարձ, քան հիմնականինը։ Եթե առաջնորդվելու լինենք առողջ տրամաբանությամբ, ապա բարձր աշխատավարձ պետք է ստանան հիմնական դպրոցների ուսուցիչները. չէ՞ որ համեմատաբար թույլ աշակերտների հետ ավելի լարված ու դժվար է աշխատելը։ Իսկ եթե առաջնորդվենք արդարության սկզբունքով, ապա երկու դպրոցների ուսուցիչները պետք է ստանան հավասար աշխատավարձ։

Մի քանի խոսք էլ Հայաստանում և Արցախում բացված, գոյություն ունեցող մասնավոր բուհերի մասին։ Ղազախստանը թե՛ տարածքով և թե՛ բնակչությամբ մի քանի անգամ գերազանցում է հայկական երկու հանրապետություներին, սակայն այնտեղ վերացված են մասնավոր համալսարանները, արգելված է նրանց գործունեությունը։ Երկրում գործում է միայն պետական համալսարան, որի գործունեությունը վերահսկվում է պետության կողմից։ Համալսարանը երկրի պահանջներին համապատասխան պատրաստում է քանակապես անհրաժեշտ որակյալ մասնագետներ։ Մենք պետք է ընդօրինակենք Ղազախստանի հանրապետության դրական փորձը՝ վերջակետ դնելով դիպլոմի վաճառքով զբաղված մասնավոր բուհերի գործունեությանը։

Խորհրդային տարիներին մարզում հաջողությամբ էր գործում պետական մանկավարժական ինստիտուտը, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունները թողարկում էին բուժքույրեր, երաժիշտներ, գրադարանավարներ, գյուղատնտեսական ոլորտի աշխատողներ։ Կրթության բնագավառում հաջողություներն էլ ավելի շոշափելի կլինեին, եթե Ղարաբաղը լիներ անկախ ինքնիշխան հանրապետություն կամ մայր Հայաստանի անբաժան մասը։
Ճապոնացիներն այսօր էլ առանց թաքցնելու խոստովանում են, որ աշխարհին զարմացրած ճապոնական արտադրության հրաշք թռիչքը հիմնականում խարսխված էր խորհրդային կրթության և գիտության ձեռքբերումների, նվաճումների, գյուտերի և հայտնագործությունների վրա։

Հոդվածագիր Ա. Սարգսյանի նման ես էլ ազգային դպրոցը կորցնելու մտավախություն ունեմ։ Ճիշտ է հեղինակի այն կարծիքը, որ իրականացվող «բարեփոխումների» և «բարենորոգումների» նպատակն է վերջնականապես մեզ հեռացնել ազգային դպրոցի գաղափարից։ Օտարների լծի տակ, նվաճողների ավերիչ ասպատակությունների ժամանակ երեխաները թաքնված լինելով անտառներում, անմատչելի լեռնածերպերում և անձավներում, ուսուցիչների ղեկավարությամբ մայրենի լեզվով ուսանում էին հայ ժողովրդի գրականությունը, պատմությունը, աշխարհագրությունը և այլ առարկաներ, փաստորեն պահպանում էին հին ազգային դպրոցը։ Սփյուռքի գաղթօջախներում հայ ժողովրդի հրաշքով փրկված բեկորներն ազգային դիմագիծը չկորցնելու համար սեփական սուղ միջոցներով հայկական դպրոցներ էին հիմնադրում և պահում։

Իսկ ա՞յժմ։ Անկախություն և ինքնուրույնություն ձեռք բերած Հայաստանում պետության հաշվին բացելով ու պահելով օտար լեզուներով ուսուցանվող ոչ հայկական դպրոցներ, մեր ժողովրդի ներկան ու ապագան դնում ենք վտանգի տակ, սեփական ձեռքերով իրականացնում սպիտակ ջարդ։ Օտարալեզու ուսուցման վերաբերյալ ՀՀ ԱԺ-ում վավերացված օրենքը ապազգային խայտառակություն է։ Տուրք տալով այսպիսի ցնցող օտարամոլությանը, մենք աստիճանաբար սեփական ձեռքերով թաղում ենք Հայաստանի և հայ ժողովդի ներկան ու ապագան, որովհետև մեզ հեռացնում ենք մեր ժողովրդին դարեր ի վեր սնուցող պատմական մշտադալար արմատներից։

Որևէ օտար, անգամ հարուստ քաղաքակիրթ պետություն սեփական միջոցների հաշվին հայկական դպրոց պահո՞ւմ է։ Ո՛չ։ Իսկ ինչո՞ւ փոքրիկ ու աղքատ հայկական պետությունը պետք է մեր ժողովրդի և նրա ազգային դիմագծի կորստի հաշվին օտարալեզու դպրոցներ հիմնադրի ու պահի։ Օտարամոլության հանդեպ այսպիսի շռայլությունը նպաստում է ներկա և ապագա սերունդներին զրկել յուրացնելու մշակույթի, կրթության և տնտեսության բնագավառներում բազմադարյան մեր նվաճումները, ձեռքբերումները, փորձը։ Դրա կործանարար հետևանքներն արդեն երևում են։ Որքանո՞վ է բնական, նպատակահարմար և ընդունելի, երբ տասներկու տարի օտարալեզու դպրոցներում ապագա քաղաքացիներ է պատրաստվելու ոչ թե սեփական երկրի, այլ ուրիշների համար։ Այդ դպրոցների շրջանավարտները վաղ թե ուշ հեռանալու են մայր հայրենիքից, դառնալու են էմիգրանտներ, համալրելով անգլիացիների, գերմանացիների, ֆրանսիացիների և այլոց շարքերը։

Ցանկացած երկրի կրթության և դպրոցի միակ գլխավոր նպատակն է պատրաստել հայրենասեր քաղաքացիներ, կադրեր, մասնագետներ, որոնք պետք է հավատարմորեն ծառայեն իրենց պետությանն ու ժողովրդին։
«Ազգային դպրո՞ց, թե՞…» հոդվածի հեղինակը նշում է. «Դարեր շարունակ պետականությունը կորցրած հայության համար պետականության գաղափարը կրողը եղել է ազգային դպրոցը, որը պահպանել է մեր ազգային ոգին ու արժեքները։ Հայ ուսուցիչը միշտ էլ եղել է հարգանքի ու պատկառանքի առարկա, իսկ այսօր հայկական անկախ պետականության պայմաններում հայ ուսուցիչն արհամարհված ու անտեսված է»։ Ես համամիտ եմ նրա հետ։ Դարեր ի վեր ինչպես ցանկացած քաղաքակիրթ երկրում, այնպես էլ հայ ժողովրդի կյանքում ազգային ոգին, անանց արժեքները, լավագույն որակները, հատկությունները, նվաճումները կրողը, պահպանողը և սերունդներին փոխանցողը եղել են դպրոցն ու ուսուցիչը։

Այնուամենայնիվ, ես մնում եմ լավատես։ Մեր երկրի ապագան այսօրվա և վաղվա սերունդն է։ Ուզում եմ հավատալ, որ մեզանում մի օր վերջապես կհասկանան, որ նոր հզոր սերունդ կարող է դաստիարակել, պատրաստել ազգային ավանդույթներով առաջնորդվող և մշտապես ուրիշ երկրների դրական փորձի, նվաճումների հետ հաշվի նստող, զարգացած կրթական համակարգ և դպրոց ունեցող պետությունը։

 ՌՈԲԵՐՏ ԲԱԲԱՅԱՆ




«ՆՈՐ ԷՋ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ

Հարգելի խմբագրություն, Ձեր թերթի դեկտեմբերի 12-ի համարում կարդալով լրագրության 4-րդ կուրսի ուսանողուհի Մանուշ Դանիելյանի «Ընթերցասրահ...» նյութը, զարմացանք, որ ձեր թերթում տեղ է գտել, այսպես ասած, «կլյաուզա»։
Գրադարանի աշխատողներն այն բնագավառի աշխատողներն են, որոնք իրենց չնչին աշխատավարձով կատարում են բոլոր րնթերցողների պահանջներր, ամբողջ օրը գրադարակներից գրադարակներ վազվզելով, վեր ու վար անելով և գրքերի փոշին շնչելով։ Հաճախ նույնիսկ ընթերցողների առջև գրքերի էջերն ենք բացում՝ իրենց ուզած թեման մատնացույց անում, որովհետև իրենք չեն կարողանում նույնիսկ գրքից օգտվել։

Որոշ ուսանողներ էլ գալիս են գրադարան, գրականություն պահանջում, բայց ոչ հեղինակի անունն են ճշգրիտ իմանում, ոչ էլ գրքի անվանումը։ Շատ դեպքերում էլ պահանջած գրականությունը ներկայացնում են այսպես. «Մի կարմիր գիրքա, բարակ» կամ «Մի հաստ գիրքա, կանաչ գույնի»։ Եվ նույնիսկ այդ կարգի պահանջները մենք փորձում ենք բավարարել։ Շատ ցավալի է այդքանից հետո նրանցից ստանալ այդպիսի «շնորհակալություն»։

Կարծում ենք, կարիք չկա նշելու, որ հոդվածում նշույլ անգամ չի համապատասխանում իրականաթյանը։ Նախ՝ գրադարանը առանց որևէ լուրջ պատճառի ժամանակից շուտ չի փակվում։ Դա անհեթեթություն է։ Ուղղակի հոդվածի հեղինակի առաջին այցը ընթերցասրահ համընկավ մշակութային միջոցառման հետ, որին հրավիրված էր գրադարանի ամբողջ անձնակազմը։ Եվ այդ մի այցով նա կարծիք ձևավորեց գրադարանի ամբողջ գործունեության մասին։

Հետո էլ, պարզ չի, թե ինչից նա ենթադրեց, որ աշխատողները շտապում էին «հյուր ընդունելու և պահածոներ պատրաստելու», այլ ոչ թե միջոցառմանը մասնակցելու։
Պարոն խմբագիր, Դուք՝ ինքներդ, շատ եք եղել մեր գրադարանում և բազմիցս օգտվել եք մեր ծառայություններից, կարո՞ղ է ինչ-որ բան այն չենք արել... Հուսով ենք մեր նամակը ճիշտ կընկալվի Ձեր կողմից։

Հանրապետական գրադարանի կոլեկտիվ




ՆԱՄԱԿ «ՆՈՐ ԷՋ»-ԻՆ

Հարգելի խմբագրություն, խաբված մարդկանց փողերի հաշվին ВТБ բանկի Ստեփանակերտի մասնաճյուղում սեփական բանկ ստեղծած աշխատողների մեղքով մենք դարձել ենք աղքատ և խրվել պարտքերի մեջ։ Այդ մասին տպագրվել են Ձեր նախորդ համարներում և հայաստանյան մամուլում։

ԼՂՀ ոստիկանության ՔՎ և Ստեփանակերտ քաղաքի ՔԲ բաժնում հասցրել են մեզ՝ մեր կարողությունից անօրեն զրկվածներիս որակել «վաշխառուներ»։ Հասկանալով, որ մեր խնդրի լուծումն անվերջ տեղապտույտ է տալիս, մենք որոշել ենք դիմել ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան և այնտեղ պաշտպանել մեր օրինական շահերը։ Դատարանի արդարացի որոշումից հետո գուցե կարողանանք արդարադատության հարկադիր ծառայության միջոցով ստանալ մեր հասանելիք դրամագումարները։

Սակայն, պարզվում է, որ դրա համար, ինչպես նաև փաստաբաններ վարձելու համար մենք պետք է մուծենք 90 հազարից մինչև 170 հազար դրամ։ Պարզապես զարմանալի է. մենք՝ անօրեն կերպով մեր ֆինանսական կարողությունից զրկված քաղաքացիներս, երբ հազիվ ենք կարողանում գոյություն պահպանել, որտեղի՞ց պիտի այդքան գումար գտնենք՝ դատարան դիմելու համար։ Արդյո՞ք մեր օրենքներն այդպես են պաշտպանում մեր՝ շարքային քաղաքացիներիս շահերն ու իրավունքները։

Ռ. ԲԱԲԱՅԱՆ, Հ. ԻՇԽԱՆՅԱՆ,
Հ. ՍԱՖԱՐՅԱՆ, Ա. ՍԱՀԱԿՅԱՆ




ՄԵԴԱԼԻ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԸ

Գյուղից երիտասարդության հեռացումը հաճախ ներկայացվում է քննադատության լույսի ներքո։ Իսկ ո՞րն է մեդալի մյուս կողմը։
 «Մի նեխած ձուն փչացնում է ամբողջ կարկանդակը»։ Հիշելով այս միտքը, թվում է՝ Հիպելը նկատի ուներ Մաղավուզ համայնքի ղեկավարներին։ Համայնքի ղեկավարի պաշտոնը, անկասկած, պատասխանատու աշխատանք է, միայն թե հետաքրքիրն այն է, թե «ղեկավար» ասելով ինչ են հասկանում ղեկավարները։

Նկատի ունենալով համայնքի իրավիճակն ու կենսակերպը, առանց չափազանցության կարող ես ասել՝ պատիվ ու գումար բերող նստատեղի։ Պատիվն էլ՝ նայած թե ում կողմից ու ինչ պահանջների բավարարումից հետո։ Գյուղի ամենատարրական պահանջների բավարարման խնդիրն էլ վկայություն է համայնքի ղեկավարի «տքնաջան» աշխատանքի, որի դիմաց ժողովուրդը նրան տարիների «փառքի» վայելումից հետո ուղարկում է հանգստի՝ հույս պահելով, որ հաջորդն ավելի լավը կլինի։
Գյուղապետի բազկաթոռի հարմարավետությունը մագնիսի պես շատերին է ձգում, շատերն են ցանկանում իրենց հանգիստը կազմակերպել նրա վրա։ Իսկ դրա համար ի՞նչ կարևոր է գիտելիքի չափը։

Ի՞նչ կարող է անել երիտասարդն այս պարագայում։ Եվ նա ստիպված թողնում է հայրենի տունը, լքում հարազատ գյուղը։ Իհարկե, տիրոջ շնորհիվ են հարգում տունը։ Բայց երբ հենց տերն էլ հարգանքի արժանի չէ՞... Վաղուց արդեն ժամանակն է գիտակցել, որ ժողովուրդն իր ղեկավարին ընտրում է ղեկավարելու, և ոչ միայն աշխատավարձ ստանալու համար, ինչն արվում է շատ պարտաճանաչ։

Իսկ քանի դեռ մեզանում պաշտոնը դիտվում է միայն որպես անձնական խնդիրները լուծելու և փող ստանալու միջոց, ոչ մի երիտասարդ չի կարող պարապ նստել ու տեսնել, թե ինչպես են ապարդյուն անցնում իր կյանքի տարիները։ Եվ նա ճամպրուկները կապում, բռնում է քաղաքի ճանապարհը։ Քաղաքում կամ մի այլ օտար վայրում աշխատանք, ապրուստի միջոց գտած երիտասարդին արդեն դժվար թե հայրենի գյուղ ձգի ո՛չ թոնրի հացի բույրը, ո՛չ ոչխարի մայունը...

ՌՈՒԶԱՆՆԱ ԾԱՏՐՅԱՆ
ԱրՊՀ, լրագրություն, 4-րդ կուրս




ՄԱՐԴ ԷԼ ԿԱ, ՄԱՐԴ ԷԼ

«Ինչ հրաշագեղ է մարդը, եթե նա իսկական մարդ է»։
Մենանդրոս

Բնության մեջ ստեղծված ամենակատարյալ արարածը մարդն է։ Մարդը կենդանական աշխարհից տարբերվում է նրանով, որ գիտակցաբար է կատարում իր գործողությունները, ունի կյամքի որոշակի նպատակ, ձգտում։ Բայց մարդիկ մեկը մյուսից նույնպես տարբերվում են թե՛ գաղափարով, թե՛ հոգեբանությամբ, թե՛ կյանքում ունեցած իրենց նպատակներով։
Գոյություն ունի մարդկային մի խումբ, որի համար կարելի է ասել.«Ի՜նչ կատարյալ է մարդը, ի՜նչ ազնիվ է մարդու միտքը, ինչպիսի՜ անսահման ընդունակություններ…»։ Այս խմբին կարելի է դասել Շեքսպիրին, Լեոնարդո դա Վինչիին, Գյոթեին, Սևակին, Շիրազին, Այվազովսկուն և այլ հանճարների, որոնք եղել են իրենց ժամանակի ամենաառաջավոր գաղափարների մարտիկները։ Մեր այժմյան հասարակության մեջ նույնպես կարող ենք գտնել նմանատիպ մարդկանց, որոնք ճիշտ է, հանճարներ չեն, բայց աչքի են ընկնում գիտելիքների համապարփակությամբ ու բազմակողմանիությամբ։

Մարդկային մի խումբ էլ կա, որն իր պարզությամբ, սրտաբացությամբ, հանգստությամբ, համեստությամբ, սրտաբացությամբ իր շուրջն է համախմբում այլ մարդկանց։
Կա նաև մարդկանց մի տեսակ, որը հետամնացության դրսևորում է։ Այս տեսակը խելքն ու մարդկային շնորհքը նույնացնում է «փող շինելու» արվեստի հետ։ Այսպիսի մարդկանց հետ շփվելը շատ դժվար է, որովհետև նրանք չեն հասկանում, ավելի շուտ սխալ են հասկանում կյանքի իմաստը։
Մեզ շրջապատող գրեթե բոլոր արատավոր երևույթները կարելի է վերագրել այս տիպի մարդկանց, քանի որ սրանք աչքի են ընկնում ստորաքարշությամբ, կեղծավորությամբ, պորտաբուծությամբ, թեթևամտությամբ, ինքնագոհությամբ և այլ բացասական արատներով։ Բարեբախտաբար, նմանատիպ մարդիկ ստվար խումբ չեն կազմում, այլապես մեր երկիրը կկործանվեր։

ԱՆԱՀԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Լրագրություն, 2-րդ կուրս




ՄԱՔՐՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ «ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ»

«Մաքուր պահենք մեր քաղաքը». հաճախակի կրկնվող արտահայտություն, որը, սակայն, հաճախ հասկացվում է միայն մեկ իմաստով՝ աղբից ազատել փողոցները, և ստվերի տակ են մնում առաջին հայացքից աննշան թվացող, բայց այնպիսի խնդիրներ, որոնք բացասաբար են ազդում քաղաքի ընդհանուր տեսքի վրա։ Իսկ դրանց լուծման համար քիչ ջանքեր են պահանջում։ Ընդամենը մի քանի օրինակ։

«Հայ տղամարդը կարող է կուլ տալ ամեն ինչ, անգամ կնոջ դավաճանությունը, բացի սեփական թքից»,- Ժողովրդի մեջ տարածված այս կատակը կարծես թե աստիճանաբար իրականություն է դառնում։ Ստեփանակերտի փողոցներով քայլելիս պարբերաբար ականատես ես լինում այնպիսի տհաճ երևույթի, որը ոչ միայն զզվանք է առաջ բերում քո մեջ, այլև ստիպում որոշակի պատկերացում կազմել մեր հանրապետության արական սեռի ներկայացուցիչների մի մասի քաղաքակրթվածության մակարդակի մասին։
Բարեբախտաբար, ոչ բալորը կարող են իրենց թույլ տալ փողոցներում, հասարակական վայրերում, բառի բուն իմաստով, մարդկանց առջև բավարարել իրենց, այսպես ասած, թքելու պահանջը։ Ցավոք, դա ոչ միայն վատ սովորություն է ոմանց մոտ, այլև արհամարհանք դիմացինի, շրջապատի նկատմամբ։

Կամ մի այլ օրինակ. մի ուրիշն էլ բազմահարկ շենքի պատշգամբում հավեսով միս է խորովում և «ծխահարում» հարևանների լվացքը, սպիտակեղենը։ Քանի որ խոսք եղավ ծխի մասին, խոսեմ մի այլ չարիքի մասին ևս։ Մեզ մոտ շատ քիչ տղամարդիկ կգտնվեն, ովքեր չեն ծխում այն սենյակում կամ դահլիճում, որտեղ կանայք, երեխաներ կամ պարզապես չծխողներ կան։
Ուրախության կամ տխրության սեղանների շուրջ որոշ տղամարդիկ իրենց անձնական հաճույքի համար աղտոտում են այն օդը, որ շնչում են մի քանի տասնյակ կամ հարյուրավոր մարդիկ։ Նման միջոցառումներից հետո երբ կանայք տուն են գնում, նրանց հագուստներից, պարզապես նրանց վրայից ծխախոտի այնպիսի տհաճ հոտ է փչում, որ խեղճերը ստիպված են լինում իրենց նոր լվացած զգեստները կրկին նետել լվացքի մեքենայի մեջ։ Էլ չենք խոսում ծխահարված նրանց թոքերի, առողջության մասին...

Հիմա էլ լվացքի մասին։ Երբեմն շենքերի պատշգամբներից մինչև դիմացի շենքերն այնպիսի երփներանգ լվացք է փռած լինում, ասես Ամանորի տոնահանդես լինի...
 Դե եկ այսքանից հետո խոսիր մեր քաղաքի գեղեցկության, մաքրության, հայի դարերի խորքից եկող քաղաքակրթվածության մասին...

ՏԱԹԵՎ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ
ԱրՊՀ, լրագրություն, 4-րդ կուրս




ՎԱՆՈՂ ԽԱՆՈՒԹՆԵՐ

Օրեցօր ավելացող շքեղ ու նորաձև խանութների կողքին կան նաև այնպիսիները, որոնց արտաքին տեսքից կարող ես կարծիք կազմել այնտեղ վաճառվող ապրանքի մասին։ Կեղտոտ դռները, ապակիները, տարիներով կուտակված փոշին վանում են հաճախորդին, քանի որ այսօր նման խանութներ շատ քիչ հաճախորդներ կարող են մտնել՝ խանութի արտաքին տեսքից պատկերեցում կազմելով այնտեղ վաճառվող ապրանքի որակի մասին։

Շատ դեպքերում այս մտածելակերպը արդարացվում է, քանի որ կեղտոտ պահարանների վրա դրված մթերքը կամ հագուստի վրա տարիներով նստած փոշին վանող են հենց առաջին հայացքից։ Նման խանութների տերերը խանութի տեսքի ու հակահիգիենիկ վիճակի համար որպես արդարացում ներկայացնում են վերանորոգման ծախսերը։ Սակայն դժվար չէ հասկանալ, թե միջին կարգի վերանորոգումը տվյալ խանութի եկամտի որ մասը կարող է կազմել։ Չնայած հանրապետությունում գործող սանիտարական ծառայության աշխատանքներին ու վերահսկողությանը, այսօր խանութներում երբեմն ականատես ենք լինում այնպիսի անմխիթար տեսարանների, որնոք հաճախորդի կողմից անվստահության պատճառ են դառնում թե՛ դեպի խանութ, թե՛ դեպի վաճառվող ապրանքը։ Առավել ևս այն դեպքում, երբ դրանց կողքին կան գրեթե իդեալական մաքրությանբ ու գրավիչ տեսքով խանութներ։ Իսկ այդ դեպքում որակների ակնհայտ տարբերությունը արդեն իսկ խոսուն է։
 ԱՆԱՀԻՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԱրՊՀ, լրագրություն, 4-րդ կուրս





ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ - 80


ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Հունվարի 6-ին լրացավ Վազգեն Օվյանի 80-ամյակը։ Երկրային կյանքը սպառվել է ուղիղ քառորդ դար առաջ։ Օր կենդանության նա ճանաչված էր որպես քնարական բանաստեղծ, «մանրաքանդակ» արձակագիր և երգիծաբան. գրում էր պատմվածքներ, ֆելիետոններ, գրախոսություններ, վարում ռադիոյի «Մախաթ» հաղորդումը, հնգամյակը մեկ տպագրում հերթական գիրքը։

Հետմահու տպագրվեցին «Ղարաբաղի արծիվը» պատմավեպը, վիպակների մի ամբողջ շարք, բանաստեղծություններ, երգիծական պոեմներ, պամֆլետներ։ Այդ ամենը տարիներ շարունակ «ննջել է» թղթապանակներում։ Արցախյան շարժումը հնարավոր դարձրեց, որ Վազգեն Օվյան գրողի և ընթերցողի իսկական հանդիպումը կայանա, երբ նա արդեն կնքել էր մահկանացուն։

Ինձնից չէ, որ նկատվել է, տարիներ առաջ լրագրող-հրապարակախոս Գեղամ Բաղդասարյանն է դիպուկ արձանագրել, թե Վազգեն Օվյանն Արցախում միակ գրողն է, որ խորհրդային ժամանակներում գրում էր՝ չմտածելով, որ գրաքննությունը կարգելի դրանց լույսընծայումը։ Ցավոք՝ այդպես է։

Հոբելյանի առթիվ խոսքի շեշտադրումները, որպես կանոն, թելադրված են լինում հավուրպատշաճությամբ։ Ես ուզում եմ ավանդույթը խախտել։ Ինձ ավելի կարևոր է թվում գրողի բուն վաստակի արժեվորումը, քան նրա հասցեին հուզական գնահատականների շռայլումները, ինչը, ցավոք, անցած տասնամյակում բազմիցս թույլ են տվել և շարունակում են նրա երկրպագուները։

Չեմ զորում ընդհանրական հայացքի բերել Վազգեն Օվյանի գրական ողջ ժառանգությունը։ Կաշխատեմ ուրվագծել գրողի «հոգու դիալեկտիկան»՝ քնարականությունից մինչև գեղարվեստաքաղաքական ընդդիմություն։ Դա է հուշում, առանձնապես։

«Կապույտ տարիներ» վիպակը զուտ քնարական պատում է, «Սինգարա սարի կաղնին»՝ բազմաշերտ հարցադրումներով շնչող սոցիալ-քաղաքական ժամանակագրություն։ Միջակայքը իրականության հանդեպ գրողի վերապահ վերաբերմունքն է, որ ծնում է երգիծական հերոսների մի ամբողջ շարք։ Սա այն է, ինչ ասվում էր. «Մեր կյանքում դեռևս կան արատավոր երևույթներ»։ Խոսքս նշված միջակայքի մասին է, որի սկիզբը «Կապույտ տարիներ»-ի հախուռն ռոմանտիզմն է։

Դա Հայրենական մեծ պատերազմը կիսասով-կիսամերկ, տաժանալի սպասումներով անցկացրած սերնդի «բարձունքները գրավելու»՝ կյանքում ինքնահաստատվելու, այդ կերպ՝ կորցրած մանկության, որբության և զրկանքների համար «վրեժխնդիր լինելու» ոչնչով չպաշտպանված, բայց օբյեկտիվորեն բնական մղումն է, որ Վազգեն Օվյանը գեղարվեստականացրել է մաքուր սիրո, տղայական հավատարմության, սոցիալական համերաշխության և արդարության հաղթանակի մանրապատումներով՝ առանցքում ունենալով գյուղական համայնքի հավաքական վարքի իդեալականացված հանգանակը։

Կյանքն, այնինչ, իրենը վերցնում է։ Իրականությունը մամլիչի ծանրությամբ իջնում է ռոմանտիկ իդեալի վրա, և շատ բան ավերվում է։ «Մի՞թե ամեն ինչ միայն երևակայության մեջ էր գեղեցիկ»,- հարցադրումը գրողին վերադարձնում է մանկության երազների աշխարհ, և նրա հայացքի տակ անցյալը վերագտնում է այն կերպը, որ ունեցել է. հայրը ռազմաճակատից վերադարձել է՝ ոտքից վիրավոր, տատն ուղարկել է՝ հարևանի տնից երկու հաց «փոխ բերի», սեղանին մի շիշ թթօղի է, կաղամբի թթու և... խաշած հավ։

Բայց ընտանիքը, հարևանները սեղանին մոտ չեն գնում։ Սպասում են ինչ-որ մեկին։ Այդ ինչ-որ մեկը գյուղխորհրդի նախագահ Սիմոնն է, որ գալիս և... հաշմանդամ մարդուց նախ փաստաթուղթ է պահանջում, հետո՝ հարցաքննում՝ որտե՞ղ է կռվել, ի՞նչ զորամասում, ի՞նչ հանգամանքներում վիրավորվել, ինչո՞ւ հատկապես՝ ոտքից։ Ապա սեղան է նստում, ուտում խաշած հավը, օղին խմում, իսկ հաջորդ օրը հորը կանչում են գրասենյակ։ Գյուղխորհրդի նախագահը հայտնել էր ում որ պետք է, որ «Գարեգինը դասալիք է»։

Պատումն, իհարկե, ավարտվում է «բարու հաղթանակով». վերաքննիչը նույնպես եղել է ռազմաճակատում, ձեռքն այնտեղ է կորցրել և այլն։ Բայց Վազգեն Օվյանը գյուղխորհրդի նախագահի հարցը պարզունակորեն չի լուծում։ Գեղարվեստական համատեքստը նրան պարտադրում է Սիմոնին թողնել իր պաշտոնում, որպեսզի վերաքննիչի արդարամտությունն ընթերցողին պատկերվի բացառություն, «սիմոնականությունը»՝ օրինաչափ։

Եվ դա գրողի երևակայությունը չէ. թիկունքային «առնետներ» ամեն պատերազմում էլ եղել են, կլինեն։ Ինչպես նաև՝ «մյունհաուզեն»-ներ։ Գյուղխորհդի նախագահ Սիմոն Ամիրյանը, մինչդեռ, մարմնավորում է խորհրդային իշխանության ռեպրեսիվ էությունը՝ ստալինականությունն իր ողջ այլանդակությամբ և մարդատյացությամբ։

«Կապույտ տարիներ»-ի երազկոտ պատանին, այսպիսով, ներհայեցողականությամբ պսակազերծված է տեսնում գյուղական կյանքի հովվերգությունը։ Վազգեն Օվյանի արձակի տարածք է խուժում սոցիալ-քաղաքական դրաման։ Նա ստեղծում է քարաշենցի Արշակի՝ հավերժ ընդդիմախոսի և սակայն միշտ պարտվողի, կորցնողի կերպարը։ Խորհրդանշական է «Սինգարա սարի կաղնին» վիպակի սկիզբը. մարդը փորձում է հատել դարավոր ծառը, մի քանի հարվածից կացինը բթանում է, ասես պողպատի է բախվել։

Նույն պատկերով էլ վիպակն ավարտվում է։ Այլաբանական-միֆոլոգիականության միտվող մուտքի և «վարագույրի» միջև է ձգվում Արշակի ընդդիմախոսությունը բոլոր «սիմոնամիրյանների» հետ՝ գրեթե մի ողջ կյանք։ Գրոտեսկային է, մանավանդ, Արշակի «մեղքերի» թվարկումը՝ դեմ է եղել գյուղի կոլեկտիվացմանը, անգրագիտության վերացումը ծաղրել է, 1940 թ. մարտի 8-ին չարամտորեն խանգարել է կանանց միջազգային օրվան նվիրված համագյուղական միջոցառումը, բողոքել է կոլխոզների խոշորացման դեմ,- որով հեղինակը ծաղրանկարել է խորհրդային իրականությունը։

Սոցիալական ժամանակն, այսպիսով, Վազգեն Օվյանի արձակում վայրընթաց է շարժվում՝ երազանքների փլուզում, աշխատանքի և կառավարման համակարգի խուլ հակամարտություն, բարքերի այլանդակում, ի վերջո՝ քաղաքացիական բախումների գրեթե ստույգ մատնանշում, որ ամբողջության մեջ գեղարվեստական դատավճիռ է իրականության հանդեպ։

Ես հատկապես ուզում եմ ընդգծել, որ միջավայրի հանդեպ Վազգեն Օվյանի հայացքն, ի տարբերություն նույն տարիների այլ հեղինակների, ընտրովի մերժողական չէ, այլ՝ համընդգրկուն։ Ոչ թե «առանձին թերություններ» և «մասնակի անհաջողություններ», այլ՝ համատարած խաբեություն՝ վերից մինչև գյուղական «իշխանիկներ»։ Սուր է հատկապես խորհրդային մամուլի, քարոզչության բառացիորեն վարձահրավիրվածության պատկերը։

Գրողն իր «բարձր լարման դաշտ» է բերել նաև ազգային խնդիրներ։ Զարմանալի է, բայց՝ փաստ, որ Վազգեն Օվյանի արձակի համատեքստում Արցախի կախվածության պատմաքաղաքական երևույթը մի շատ համարձակ երևակայությամբ որպես իր ժամանակի իրողություն անտեսված է։ Նրա հերոսները «մինիստրության աշխատակիցներ» են, նկարագրածը՝ մայրաքաղաք, որտեղ մարդիկ սիմֆոնիկ համերգի են գնում, օպերա լսում, բոլոր պաշտոնյաները, անկախ նրանց նկատմամբ հեղինակի քաղաքացիական վերաբերմունքից, հայեր են։

Իրականության հանդեպ, կարծես, Վազգեն Օվյանը գրողորեն մեղանչում է։ Բայց, կարծում եմ, հենց դա էլ նրա արդարացիության ամենաճիշտ վկայությունն է. գրողը կանխազգացել է Արցախի ապագա ինքնիշխանությունը։ Առնվազը՝ գեղարվեստորեն։ Այդ իսկ պատճառով իր հեղինակային ժամանակից վտարել է «Ղարաբաղի ինքնավարությունը»՝ իրեն բնորոշ ատրիբուտներով։

Մնացածն իմ չէ, մասնագիտական լուրջ պատրաստվածության տեր գրականագետի, գրականության պատմաբանի խնդիրն է։ Չափանիշների մեջ ես, թերևս, նախապատմությունը տվեցի մեկին՝ սոցիալ-պատմական և գեղարվեստական ժամանակների «հակադրամիասնությանը»։ Վազգեն Օվյանի գործը տվյալ դիտանկյունից պատկերվում է անհատի և միջավայրի, իրականության և իդեալի գոտեմարտի գեղարվեստական տարեգրություն, որ ընդգրկում է 1950-80-ական թվականները և ավարտվում քաղաքացիական սուր ճգնաժամի անխուսափելիության գրողական հղումներով։

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ




ԱՆՏԻՊ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ


 ՂԱՐԱԲԱՂԻՆ

Դարերի մուժից հրաշքով հառնած
Ես քո կիսավեր վանքը և տունն եմ,
Հարսների աչքին արտասուք դառած -
Ես քո խոր վիշտը և տրտմությունն եմ։

Մրրիկներից ու հողմերից թեքված
Ես քո դիմացկուն թթենու բունն եմ,
Քո գուսանների երգերում երգված
Ու փառաբանված արիությունն եմ։

Ոսոխիդ բիբում փշի պես ցցված
Քո Գանձասարի գմբեթն ու սյունն եմ,
Կածաններիդ ու ճամփեքիդ բացված
«Ապրեմ-չապրեմի» տոկունությունն եմ։

Ամառվա տոթին մեղմ զեփյուռ դառած
Քո Մռավ ու Քիրս սարերի ձյունն եմ,
Բազում վերքերից խոցված ու վառված
Քո անտակ սրտի փխրունությունն եմ։

Վաղվա լուսաջինջ հավատով ապրող,
Ցրտից չխամրող ծաղկունքիդ գույնն եմ,
Արևի փոքրիկ շողից չխաբվող -
Ես քո բողբոջի զսպվածությունն եմ։

Հնձաններիդ մեջ քլթքլթացող լուռ -
Ես քո խաղողի քաղցրությունն եմ,
Ես քո զրահը, քո վահանն եմ կուռ,
Ես քո ժայռերի կարծրությունն եմ։

Դու իմ հինավուրց օջախն ու տունը,
Ես քո արյունն ու քո զորությունն եմ,
Ու ապացուցված քո վեհությունը,
Քեզնով հաստատված քո խորությունն եմ։

Երեկն ու այսօրն իրար կամրջող
Քո խոյակների շաղախն ու կիրն եմ,
Ես քո բարբառն եմ հավերժ կարկաչող,
Ես մեսրոպատառ քո անմահ գիրն եմ։

Ես երազներն եմ քո հազարաձև,
Ես քո տագնապող համբերությունն եմ,
Պղտոր ջրերը կհոսեն, կանցնեն,
Ես աղբյուրներիդ զուլալությունն եմ։

Քեզնով եմ կամքս պայքարում կռել,
Ես քո հավատն ու հպարտությունն եմ,
Հնարավոր չէ երբեք ինձ ծռել,
Ես հազարամյա քո պատմությունն եմ*։
 1975 թ.

*Նույնանուն արձակ բանաստեղծության չափածո տարբերակն է



 ՄԻ ԱՆԾԱՆՈԹՈՒՀՈՒ

Այդպես նազանքով, այդպես գեղեցիկ
Լինում են միայն քնքուշ երգերում,
Այդպես նոճին է ձգվում վեհ ու ձիգ,
Այդպես նորաբաց շուշանն է գերում։
Արևն է այդպես ճառագում պայծառ
Եվ ծիածանը՝ երկնակամարում,
Այդպես զնգում են ջրերը արծաթ,
Հաղթողն է այդպես անաստված քայլում։
Արբեցնում է այդպես թունդ գինին
Եվ փշատենին՝ բուրմունքով իր տաք,
Այդ դու չե՞ս սիրո այն աստվածուհին,
Որ պարգևեցիր մեզ սուրբ տառապանք։
Քո պատճառո՞վ չեն վառել Տրոյան,
Մահ ու կենացի զենքերը շաչել,
Այդ քեզ համար չէ՞ մեծ Սայաթ-Նովան
«Գոզալ» կանչելով՝ անհույս հառաչել։
Եվ դու չե՞ս արդյոք այն Կլեոպատրան,
Որ սիրել գիտեր ու սիրով խեղդել,
Եվ Շամիրամն այն, որ սիրո համար
Զորագնդեր էր հանում իրար դեմ։
Դու բուք ու բորան, դու երգ ու գգվանք,
Դու գարնանային ամպրոպ ու անձրև,
Որ գիտես վառել սրտերում կրակ
Ու քո կրակով կրակ հանգցնել...
Այդպես սիգաճեմ, նազանքով այդպես
Որտեղի՞ց եկար շքեղ ու լուսե.
Անծանոթ աղջիկ, անծանոթ երազ,
Անծանոթ կարոտ, դու անծանոթ սեր։



  ՆՈՎԵԼ

Քարաշենիս ճանապարհին
Կանգնած է դեռ մատուռ մի հին.
Կտուր չունի, ոչ էլ խորան,
Ոչ պատուհան.
Մի խաչքար է, մի խուլ անձավ,
Կողքին թեղի մի ծնկածալ,
Մի շիրմաքար՝ հենված ծառին,
Որ տապանն է տեր Գասպարի...

Թիկնած մամռոտ շիրմաքարին,
Ես հիշում եմ կռվի տարին.-
Աղոթում էր բարի մի նան,
Որ կռիվը շուտ վերջանա,
Հաղթանակած տուն գա որդին՝
Ոչխար մորթի,
Կանչի դրկից-բարեկամի,
Միակ որդու չարը տանի...

Աղոթում էր ու չգիտեր,
Որ զոհվել է որդին արդեն։
Փոստատարը՝ ջահել մի կին,
Կանգնել էր այս թեղու տակին,
Լուռ նայում էր, լալիս թաքուն -
«Սև թուղթը»՝ սև պայուսակում։
1984 թ.




ԻՆՉՊԵՍ ՏԵՍԱ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

Առաջին նախագահի մտերիմ լրագրողների և նրանով հիացածների շարքերում ես չկամ։ Չեմ էլ եղել։ Այն տարիներին, երբ իշխանություն էին առաջինները, ես մեր ցուրտ և մութ տանը իմ երեք երեխաներին էի մեծացնում և սովորում էի փայտի վառարան վառելու կանոնները։ Աշխատանք չկար, փող չկար, հետո՝ չեղած փողն էլ փոխվեց։ Որպես երեք երեխա ունեցող ընտանիք մեզ բաժին էր հասնում չոր կաթի փոշի՝ սև ու սպիտակ կովիկի նկարով բանկաների մեջ, մեկ ու քառորդ չափի մատնաքաշ, և նավթ։ Սա էր անկախությունից հետո մեր բաժինը։ Հոգևորի մասին չեմ խոսում և թող ոչ մեկը չփորձի ճոռոմ-ճոռոմ բաներ ասել և խրատել, թե էս ի՞նչ ես ասում։ Էդ մենք էլ կարող ենք անել, բայց հիմա դրա մասին չէ, որ գրում եմ։

Երբ «Պիոներ կանչում» էի աշխատում, մեր խմբագրություն հաճախ էր այցելում Համբարձում Գալստյանը, բերում էր իր նկարած սև-սպիտակ լուսանկարները, ես այդ նկարների համար մակագրություններ էի գրում, որի համար և՛ ես և՛ Համբարձումը հոնորար էինք ստանում։ Իսկ երբ Համբարձումին սպանեցին, ձյուն էր գալիս, և ամբողջ Դավթաշենն էր դուրս թափվել Երևանի քաղաքապետին հրաժեշտ տալու, և մարդիկ սրտանց լաց էին լինում։

Եթե ճիշտ եմ հիշում՝ 90-91-ին, այժմյան Ամերիկյան համալսարանի շենքում պետք է տեղի ունենար ՀՀՇ երկրորդ համաժողովը։ Գնացի լուսաբանելու։ Այդտեղ առաջին անգամ ծանոթացա Հակոբ Ավետիքյանի հետ, ով նոր-նոր էր եկել Հայաստան և մեզ՝ հայաստանցի լրագրողներիս բացատրում էր, թե ինչն է մեզ պակասում լավ թերթ անելու համար։ Դեռ համագումարը չէր սկսվել և բեմի վրա ինչ-որ մարդիկ էին շրջում, նրանց մեջ առաջինն աչքի էր զարնում կաթնագույն սվիտերով, վիզը մինչև ականջները փակ, վզին ինչ-որ սարք հարմարեցրած, բարձրահասակ և ինքնագոհ մի մարդ։ Տեր-Պետրոսյանն էր։ Ջահել էր, ինքնահավան, բոլոր բարձրահասակների պես։ Այդպես տեսա նրան և այլևս մենք չհանդիպեցինք։ Ես երբեք նրանից հարցազրույց չեմ վերցրել, քաղաքական թեմաների շուրջ չեմ զրուցել, հետը ծիրան չեմ կերել և երբեք, նաև այսօր, չեմ եղել առաջին նախագահի մերձավոր շրջապատում։

Սակայն, առաջին տպավորությունս այդպես էլ մնաց , չփոխվեց անգամ այն ժամանակ, երբ առաջին նախագահը կրկին դարձավ հասանելի։

Արդեն 2000-ին, և ինչպես այսօր, անկախության տոնը նշվում էր առանձին-առանձին՝ իշխանությունն իր համար, ՀՀՇ-ն ՝ իր։ ՀՀՇ-ն դեռ ուներ Խանջյան 27-ը, և ես՝ որպես «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից, գնացի այդ միջոցառումը լուսաբանելու։ Ասեղ գցելու տեղ չկար, բոլորը սպասողական վիճակում էին, չէին ուտում-խմում, սպասում էին «Շեֆին»։ Տեր-Պետրոսյանը եկավ նույն ինքնագոհ պահվածքով, դանդաղ, արժանապատիվ, մեզ՝ հասարակ մահկանացուներիս անգամ իր հայացքին չարժանացրեց։ Անմիջապես նրան շրջապատեցին դեմքեր, որոնց մի մասն այսօր էլի նրա կողքին են, բայց և շատերը բոլորվին այլ տեղերում են։ Շրջապատեցին նաև ընտրյալ լրագրողներ։ Միջոցառումը պարզապես տապալվեց, քանի որ Անկախության տոնը դարձավ «Շեֆի» բաժակին խփելու և հումորի երեկո։

Եվ այն ժամանակ և դրանից հետո ցանկություն չունեցա մոտենալ և հարց տալ։ Հասկանում էի, որ որպես լրագրող ճիշտ չեմ աշխատում, որ ինչ-որ սուբյեկտիվիզմ կա, որ պետք է մոտենալ, աշխատել։ Բայց՝ այդպես էլ չարեցի այդ բանը։ Լինում է չէ՞, երբ ասում են՝ «Մաստը չի բռնում», մեր պարագայում երևի այդպես էլ կա։ Ի վերջո, արդեն 2007-ի սեպտեմբերի 21-ին, «Արմենիա-Մարիոթ»-ում կրկին ասեղ գցելու տեղ չկար։ Գալու էր «հիմնադիրը»։ Որոշեցի, որ այս անգամ ամեն ինչ դնելու եմ մի կողմ և մոտենամ։ Մոտեցա, բայց՝ կարողացա՞, իհարկե՝ ոչ։ Առաջինի թինկապահներն այնպես հրմշտեցին, այնպես բոթբոթեցին, իսկ ինքը՝ «հիմնադիրը» առանց ձայն հանելու կամաց-կամաց հեռացավ, խույս տվեց և ի վերջո հասավ մի տեղ, որտեղից այն կողմ էլ փախչելու տեղ չկար, այդտեղ էր, որ ասացի՝ ինչու են Ձեր թիկնապահներն այդքան կոպիտ, իսկ Դուք ինչո՞ւ եք հեռանում, կանգնեք, հարց ենք ուզում տալ։ Ինձ հետ էլի լրագրողներ կային։ Բայց համընդհանուր աղմուկի և խրախճանքի մեջ ձայնս իհարկե, չլսվեց։

Հետո եղան հանրահավաքներ, եղան երգի ու պարի «միջոցառումներ», և ամեն անգամ երբ տեսնում եմ Ազատության հրապարակում թևերը աջ ու ձախ թափահարող առաջին նախագահին, տխրում եմ, շատ եմ տխրում։
Ես արդեն հարցեր չունեմ, ցավոք, այս դեպքում կան պատասխաններ։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«Առավոտ»




ԻՆՉՊԵՍ ՏԵՍԱ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

Առաջին անգամ Ռոբերտ Քոչարյանին տեսա, երբ նա նոր էր ընտրվել Ղարաբաղի հանրապետության նախագահ։ Միջազգային ինչ-որ կառույցում ելույթ էր ունեցել և մեր հեռուստաընկերությունները ցուցադրում էին այդ ելույթը։ Հպարտացել էինք։ Լավ էր խոսել, տղամարդու պես, «Վոյինի» պես։ Հիշեցնեմ, որ 1994 թ. դեկտեմբերի 24-ին՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ, իսկ 1996 թ. նոյեմբերին՝ համաժողովրդական ընտրություններով, Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ։ Իսկ արդեն 1997 թ. մարտի 20-ին Ռոբերտ Քոչարյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ։

Այն օրը, երբ Ռոբերտ Քոչարյանը թողեց Ղարաբաղը և եկավ Հայաստան, ես սկսեցի նրան չսիրել։ Իհարկե, սիրել-չսիրելը քաղաքական կատեգորիա չէ, սակայն, նաև այլմոլորակային բաներ չեն և, ուզես թե չուզես, որոշ սուբյեկտիվիզմ, որոշ կողմնակալություն և տրամադրվածություն միշտ էլ լինում է։

Եվ երբ Քոչարյանը եկավ Երևան, ես հասկացա, որ Ղարաբաղի համար շատ դժվար է լինելու։ Կարծում եմ, սխալների շարքը սկսվեց այդ օրը։
Փոխանակ մենք գնայինք Ղարաբաղ և շենացնեինք, Ղարաբաղի նորաստեղծ հանրապետության նախագահին ենք բերում Հայաստան։ Այստեղ էր, որ ինչպես հեքիաթներում է լինում՝ «Թագավորի փոքր տղան մատը կծեց»։

Մինչ ՀՀ նախագահ դառնալը, վարչապետության տարիներին չէի լուսաբանել և տետ ա տետ չէի տեսել Ռոբերտ Քոչարյանին։ Իսկ արդեն 1998-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ լիքը առիթ եղավ տեսնելու, շփվելու և զննելու։ Ռոբերտ Քոչարյանը, իմ սուբյեկտիվ ընկալմամբ, առաջին տարիներին բավականին ներքաշված էր, բարդույթավորված, ինքնամփոփ։ Եվ, հազարավոր կիլոմետրերով հեռու էր «Միակ տղամարդը» լինելու տեսլականից։ Հիշում եմ, երբ լրագրողները շրջապատում էին հարց տալու... Հա, ի միջիայլոց ասեմ, որ այդ ժամանակներում դեռ որոշ մարդիկ հասանելի էին, դեռ հնարավոր էր Ռոբերտ Քոչարյանի կողքից քայլել, հետը զրուցել, մի երկու հարց տալ հենց այնպես։ Դեռ ոչ մի պատահական քաշքշուկ չէր եղել, դեռ ոչ մեկին բարևելու համար չէին սպանել և դեռ մի քիչ, մի քիչ մաքուր և անմեղ բան էր մնացել շարժման բարի և լավ օրերից։ Հերթական այցի ժամանակ, երբ լրագրողները շրջապատեցին Ռոբերտ Քոչարյանին, կարծեմ դա առաջին այդպիսի պահն էր հարցեր տալու, ես, ինչպես այդ ժամանակ հաճախ էր պատահում, հայտնվել էի նախագահի թեկնածուի անմիջապես կողքին։ Երբ հարցերը հնչեցին, Ռոբերտ Քոչարյանը մի տեսակ երեխայի նման նայեց իմ կողմը, մի տեսակ, օգնություն խնդրողի պես։

Ամեն հարցի պատասխանելուց առաջ նայում էր այն մարդկանց, ովքեր, իր կարծիքով իր հանդեպ բարի էին տրամադրված և այդպես էր պատասխանում հարցերին, դրանք կարճ, կցկտուր և վախվորած պատասխաններ էին։ Հայերեն բառեր էր փնտրում և չէր գտնում, շատ աննախանձելի վիճակում էր, դրանից դեմքի հայտնի միմիկան ավելի նկատելի էր դառնում։ Քարոզարշավի ընթացքում փնտրում էի, շատ երկար էի փնտրում այն Ռոբերտ Քոչարյանին, ումով հիացել էի, երբ նա ԼՂՀ նախագահն էր։ Չէի գտնում։ Գուցե հեռուստաէկրանն էր խաբուսիկ, գուցե ես էի Ղարաբաղով և ղարաբաղյան շարժումով տարված, գուցե երբ մարդը Ղարաբաղում է, ուրիշ է և երբ գալիս է Երևան, դառնում է բոլորովին ա՞յլ մարդ։ Չգիտեմ, բայց, այդպես էլ չգտա այն Քոչարյանին։ Հետո եղան «մոսկաների», «ականջ քաշելու», «կլիզմաների», «բոմբոներկաների» («Կոնգրես» հյուրանոցի շենքն էր նմանեցրել շոկոլոդի տուփի), վատ պարողին խանգարող հանգամանքների, «ուչաստկովիների մակարդակի», «մասանդրաների», ջեմով կոնֆետի, մակարոնի անցքի և այլնի մասին պատասխանատու հայտարարությունները։ Չէր եղել նաև «Հոկտեմբերի 27»-ը, և չէր եղել «անթրաշ լինելու մասին» հայտարարությունը։ Արդեն նախագահ էր դարձել, և նույն 1998-ին առաջին պաշտոնական այցերից մեկը կատարեց դեպի Լեհաստան։ Պատիվ ունեցա լուսաբանել այդ այցը։ Ֆոտոխցիկով նկարում էի Ռոբերտ Քոչարյանի բոլոր քայլերը, հանդիպումները և այլն, և ըստ ամենայնի, դա նրան կաշկանդում էր, ասաց՝ «մի՛ նկարի», ես, իհարկե նկարեցի և այսօր բազմաթիվ հետաքրքիր նկարներ ունեմ այդ օրերից։
Ամեն անգամ, երբ նայում եմ այդ նկարները, ուզում եմ հիշեցնել մեր երկրի էքս-նախագահին՝ հիշիր վաղվա օրդ։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«Առավոտ»




ԿՈՐՑՐԵԼ ԵՆՔ ԱԶԳԱՅԻՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հեղինակային երգերի կատարող Ռուբեն Հախվերդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե իրեն տեսնում է մշակույթի նախարարի պաշտոնում։ Սակայն վստահ է, որ նույնիսկ այդ դեպքում ոչինչ չի փոխի մեր երկրում. «Կոռուպցիոն համակարգում եթե նույնիսկ ես նշանակվեմ մշակույթի նախարար, ես էլ պիտի լափեմ, որովհետև եթե ես գնամ ու չլափեմ, ինձ դուրս կհանեն»,- ասել է նա։ Ըստ նրա, ՀՀ մշակույթի նախարարն իր կեցվածքով ստիպում է ոչ դրական կարծիք կազմել երկրի և նրա մշակույթի մասին։ «Ի՞նչ պարտադիր է՝ նախարարը կնիկ լինի, կարող է կին լինել»,- ասում է Հախվերդյանը ու նրան համամիտ են բազմաթիվ արվեստագետներ։

Ըստ նրա, Ալլա Պուգաչովային «Մեսրոպ Մաշտոց» շքանշան տալը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Նրա խոսքով, Մաշտոցը մեր սրբերի շարքն է դասվում, իսկ Ալլա Պուգաչովան «ոչ միայն նողկալի երգչուհի է, «պոպսայի» հիմնադիրը, այլև բարոյապես շատ կայուն երևույթ չէ, որ ասենք Մեսրոպ Մաշտոցի նման սուրբը կախվի նրա կրծքավանդակին»...

Կորցրել ենք մեր ազգային խոհանոցը, մտածողությունը, և գլոբալացման վերջին հարվածը կլինի լեզվի մոռացումը, որպեսզի դառնանք զոմբի, թեպետ ուշացումով, բայց ի վերջո բարձրաձայնեց Հախվերդյանը։ Երգահանն ասաց նաև, որ իրեն այլևս չի հետաքրքրում, թե ով ինչ մրցանակ է ստացել. «Անդեմ մարդիկ, անիմաստ մրցանակաբաշխություններ... Ինձ չի հետաքրքրում, թե ով ում ինչ է տալիս. մեկ է, էդ մրցանակներով ո՛չ մրցանակ ստացողի գլխի պարունակությունն է լցվում, ո՛չ էլ հասարակության վերաբերմունքը փոխվում»։




ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ. «ԱՅՍՔԱՆ ԿԱԽՅԱԼ ՇԱՏ ՔԻՉ ԵՆՔ ԵՂԵԼ»

Տարիներ առաջ, երբ Օկուջավային հարցրեցին՝ ի՞նչ կարծիքի եք մեր իշխանությունների մասին, ասաց. քանի դեռ մենք ինքներս մեզ չխոստովանենք, որ հետամնաց հասարակություն ենք, չենք կարող շտկվել։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, միայն երբեմն իմ տեսակետն եմ հայտնում որպես քաղաքացի, որոշ տգետներ ասում են՝ ինչո՞ւ է նա քաղաքականությամբ զբաղվում, քաղաքականությամբ զբաղվում են քաղաքական գործիչները... Հա, ինչի՞ց էի խոսում, Բուլատ Օկուջավայից, ասաց, որ մեր կառավարությունը էդ տգետ հասարակության մասն է կազմում, ի՞նչ էիք ուզում, հո հրեշտակներ չէին լինելու։

Եթե ես իմանայի ելքը որն է… ես չգիտեմ։ Ինչո՞ւ են բոլորը միայն երեք հոգու մասին խոսում որպես ապագա նախագահ, ի՞նչ է, նրանք մեզ թուղթ ու գի՞ր են արել։ Չկա՞ արդյոք մի նոր, երիտասարդ առաջնորդ, նոր ուղեղ չկա՞, նոր տեսակի ուղեղ, որ գա ու էս երկիրը կառավարի։ Էն հները սովետական մատորով աշխատող մերսեդեսներ են, ոնց որ վոլգայի մատորը դնես մերսեդեսի մեջ ու քշես, դրանով դարձավ մերսեդե՞ս։ Նոր լիդերն իսկապես պետք է սկսի սպիտակ էջից, ոչ թե ասի, որ պետք է սկսել սպիտակ էջից...

Խնամուս տունն էդ դեպուտատների գարաժների մոտ ա։ Մի օր ոնց որ սև ագռավների մի խումբ՝ էդ յաշիկ-մերսեդեսներով ու սև ջիպերով եկան, ասեցի՝ էս ինչ ա եղել, որ հավաքվել են իրար գլխի, ասեցին՝ սա մեր դեպուտատներն են։ Բոլորը սև, մեծ ու քառակուսի ջիպերով։ Ջիպը դաչայի մեքենա է, քաղաքում հնարավորինս փոքր, կոմպակտ մեքենաներ են օգտագործում, որ իրար չխանգարեն։ Այստեղից էլ է գալիս մեր ժողովրդի տգիտությունը։ Նախ պետք է մաքրել խորհրդարանը, խլորոֆոս պետք է փչել։

Ընտրեք ինձ նախագահ, ի՞նչ է, ես մյուս երեքից պակա՞ս ապաշնորհ եմ։ Ես նրանցից պակաս չեմ, նույնիսկ ավելի վատն եմ, քան նրանք։ Սա կոչվում ա այկիդո։ Ինձ ընտրեք, լիքը խոստումներ կտամ և բնականաբար չեմ կատարի, նրանց պես։ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում ա՝ թույլ տվեք իմ սխալները շտկեմ, Սերժ Սարգսյանն ասում ա՝ սկսենք սպիտակ էջից, բայց դեռ չեմ տեսում...

Իսկ ամենասարսափելին մեր լրատվությունն է, երբ ասենք Նիկարագուայում հեղափոխություն է լինում, անպայման ասում են։ Բայց որ մի մեծավորի լակոտ իրեն անշնորհք է պահում, լռում են, բայց մի թաշկինակի չափ երկիր ենք, չէ՞։

Այսքան կախյալ շատ քիչ ենք եղել։ Մեծ ձուկը միշտ ուտում է փոքր ձկանը։ Մենք կախյալ ենք մեծ տերությունների հետախուզությունից։ Ես շատ բաներում չեմ կարող մեղադրել մեր կառավարությանը, որովհետև դրսի ճնշումներ կան, բայց շատ դեպքերում կարող են էնպես անել, որ ժողովուրդը լավ ապրի ու չեն անում։ Ես դրանում եմ նրանց մեղադրում, ոչ թե նրանում, որ ռուսները չթողեցին մինչև Բաքու հասնել։ Քո հնարավորությունները գոնե օգտագործեիր, որ ժողովուրդը սովից չմեռներ։ Ջրի վրա էնպիսի գին են դրել, որ հողերը փչանում են։ Գյուղացին թող գոնե երկու տարի հարկ չմուծի, բերք ստանա, նոր պահանջի։ Արդեն ուշ է ինչ-որ բան անելը։ Էս երեք կառավարություններն ազգի հերն էնպես են անիծել։ Քաղաքային իսկական ինտելիգենցիան թողեց-հեռացավ, հիմնականում մեր նախարարների անբարո պահվածքից...
Ejournal

Տպագրվում են կրճատումներով





Վերջին էջ


ՉԱՌԼԻ ՉԱՊԼԻՆ. «ԵՐԲ ԵՍ ԻՆՁ ՍԻՐԵՑԻ»

Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ տխրությունն ու տառապանքներն ընդամենը նախազգուշական ազդանշաններ են այն մասին, որ ես իմ սեփական ճշմարտությանը հակառակ եմ ապրում։
Այսօր ես գիտեմ, որ դա նշանակում է «Լինել հենց ինքը»։

Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, թե որքան ուժեղ կարելի է վիրավորել ինչ-որ մեկին, եթե նրան պարտադրեմ իմ սեփական ցանկությունների կատարումը, երբ դեռ ժամանակը չի եկել, և մարդը դեռևս պատրաստ չէ, և այդ մարդը ես ինքս եմ։
Այսօր ես դա կոչում եմ «Ինքնահարգանք»։

Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի այլ կյանք ցանկանալ և հանկարծ տեսա, որ կյանքը, որն ինձ հիմա շրջապատում է, ինձ տրամադրում է բոլոր հնարավորություններն աճելու համար։
Այսօր ես դա կոչում եմ «Հասունություն»։

Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ ցանկացած հանգամանքներում ես գտնվում եմ ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին, և ամեն ինչ բացառապես ճիշտ պահին է կատարվում։ Ես կարող եմ միշտ հանգիստ լինել։
Հիմա ես դա կոչում եմ «Ինքնավստահություն»։

Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի գողանալ իմ սեփական ժամանակը և երազել ապագա մեծ նախագծերի մասին։ Այսօր ես անում եմ միայն այն, ինչն ինձ ուրախություն է պարգևում և ինձ երջանիկ է դարձնում, ինչը ես սիրում եմ և ինչն իմ սրտին ստիպում է ժպտալ։ Ես դա անում եմ այնպես, ինչպես ուզում եմ և իմ սեփական ռիթմով։
Այսօր ես դա կոչում եմ «Պարզություն»։

Երբ ես ինձ սիրեցի, ես ազատվեցի այն ամենից, ինչը վնասում էր իմ առողջությանը՝ սննդից, մարդկանցից, իրերից, իրավիճակներից։ Այն ամենից, ինչ ինձ ներքև էր քաշում և հեռացնում էր իմ սեփական ուղուց։
Այսօր ես դա կոչում եմ «Սեր ինքն իր նկատմամբ»։

Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի միշտ իրավացի լինելուց։ Եվ հենց այդ ժամանակ ես սկսեցի ավելի ու ավելի քիչ սխալվել։
Այսօր ես հասկացա, որ դա «Համեստությունն» է։

Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի ապրել անցյալով և մտահոգվել ապագայով։
Այսօր ես ապրում եմ միայն ներկա պահով և կոչում եմ դա «Բավարարվածություն»։

Երբ ես ինձ սիրեցի, ես գիտակցեցի, որ իմ միտքը կարող է խանգարել ինձ, որ դրանից կարելի է նույնիսկ հիվանդանալ։ Բայց երբ ես կարողացա այն կապել իմ սրտի հետ, նա միանգամից դարձավ իմ արժեքավոր դաշնակիցը։
Այսօր ես այդ կապը կոչում եմ «Սրտի իմաստություն»։

Մենք այլևս չպետք է վախենանք վեճերից, առճակատումներից, ինքն իր հետ և ուրիշների հետ ունեցած պրոբլեմներից։ Նույնիսկ աստղերն են բախվում, և նրանց բախումներից նոր աշխարհներ են ծնվում։
Այսօր ես գիտեմ, որ դա «Կյանքն» է։




ԽՈՍՔ ՀՐԱԺԵՇՏԻ

Նոր տարվա երկրորդ օրը կյանքից հեռացավ Արցախի լավագույն զավակներից մեկը՝ ԵՂԻՇԵ ՍԱՐԳՍՅԱՆԸ։ Մարդ, որի հետ 25 տարի առաջ հաշվի էին նստում, փորձում տեղ գրավել նրա շրջապատում, անգամ քծնում, շողոքորթում էին նրան, որպեսզի ստանան նրա բարեհաճությունը։ Բարձր պաշտոններ է զբաղեցրել խորհրդային տարիներին։ Եղել է մարզկոմի 3-րդ քարտուղար, աշխատել ԼՂ ռադիոհաղորդումների խմբագրության նախագահի, ապա՝ «Սովետական Ղարաբաղ» («Խորհրդային Ղարաբաղ») թերթի գլխավոր խմբագրի պաշտոններում...

Հետո նոր ժամանակներ եկան. Արցախյան շարժում, պատերազմ... ԼՂՀ կազմավորման առաջին տարիներին «Հայաստանի Հանրապետություն» թերթի թղթակիցն էր Արցախում։ Բազմաթիվ հոդվածներ է տպագրել ոչ միայն այդ և հայաստանյան այլ թերթերում, այլև ռուսական մամուլում։

Այսօր, երբ շատերն իրենց և իրենց «կենսագիրների» թեթև գրչով շարունակում են սրբագրել-խմբագրել սեփական անցյալն ու փորձում ժողովրդին ներկայանալ հրեշտակի կերպարանքով, Եղիշե Սարգսյանի խորհրդային տարիների գործունեության մեջ ձգտում են տեսնել միայն այն, որ ավելի շատ բնորոշ է իրենց կենսակերպին...

Բայց Այդ մարդկանց և Այն ժամանակների մասին չէ խոսքը, այլ Նոր դժվարին ու գուցե թե ավելի ծանր մեր ժամանակներում Մտավորականի պահվածքի մասին։ Այն ամենը, ինչ զանազան պատճառներով Եղիշե Սարգսյանը չկարողացավ կատարել ոչ հեռավոր անցյալում, փորձում էր կատարել Նոր ժամանակներում։ Դեռևս Ա. Ղուկասյանի գահակալության վերջին շրջանում նա սուր քննադատական հոդվածներ տպագրեց վերջինիս գործունեության մասին։

«Նոր էջ» թերթի ստեղծման առաջին իսկ օրվանից Եղիշե Սարգսյանը դարձավ մեր թերթի ամենաակտիվ թղթակիցը և «Նոր էջի» մասին ասում էր՝ ՄԵՐ ԹԵՐԹԸ։ Իր այդ «մեր թերթ»-ում տպագրած հոդվածներում ոչ միայն քննադատորեն էր վերաբերվում այսօրվա մեր աններելի սխալներին՝ սկսած հողի սեփականաշնորհումից, այլև փորձում կատարած սխալները հաղթահարելու ուղիներ գտնել։ Նա բացեիբաց խոսում էր այն ամենի մասին, ինչի մասին նրա նախկին գործընկերները, ժամանակակիցները վախենում են խոսել...

Անընդհատ մտահոգված էր մեր երկրի ու ժողովրդի ճակատագրով և, չնայած պատկառելի տարիքին, աշխատում էր երիտասարդական եռանդով. անգամ գրքեր էր խմբագրում, մեզ պատմում, թե դեռ որքա՜ն ծրագրեր ունի... Իր ոգևորությամբ մեզ էլ էր վարակում և մի պահ մեզ էլ էր հնարավոր թվում այդ ամենը... Բայց...
2012-ի հունվարի 2-ին մի Մարդ ևս հեռացավ կյանքից...

«ՆՈՐ ԷՋ»-Ի ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ




ՀՈԳԵՎՈՐ ԿՍՄԻԹՆԵՐ

- «Եհովայի Վկաներ» աղանդի վկայությունը Եհովայի մասին այնքան է հավաստի, որքան որ Ակսել Վանյանը Ակսել Բակունցն է, կամ Սարգիս Ավանեսյանը՝ Սուրբ Սարգիսը։

- «7-րդ օրվա ադվենտիստներ» կրոնական կազմակերպությունը 8-րդ օրվանից Արցախում բան չունի անելու։

- «Արթնության կրակ» կրոնական խումբը առաջնորդվելով. «Քնածը վեր կացավ արթունին վախեցրեց» նշանաբանով, որոշել է Արցախը քրիստոնեացնել։ Այս կրոնական խումբը չի հասկանում, որ պայթունավտանգ և հրավտանգ Արցախում կրակ տարածելը վտանգավոր գործ է։

- «Ավետարանական քրիստոնյա բապտիստներ» կրոնական կազմակերպության հոգևոր առաջնորդը չի ցանկանում, որ իրենց «բապտիստ» անվանեն։ Երևի պարոնին մտահոգում է «բապտիստ» և «բաբնիկ» բառերի հարևանցի նմանությունը։

- «Հայ Առաքելական Եկեղեցու Եկեղեցասիրաց Եղբայրությունը» վերջապես գտավ այն եկեղեցին, որին պետք է սիրեն։

- Ստեփանակերտաբնակ ոմն հոգևոր գործիչ որոշել է պաշտպանել թեկնածուական թեզ (բնագավառի վրա գլուխ են «ջարդում» երևանյան և արտասահմանյան հովանավորները) հետևյալ թեմայով. «Ռեմա» եկեղեցու կապը «Բարի սամարացի» մսամթերքի գործարանի երշիկի փաթեթավորման արտադրամասի հետ։ Թող հաջող պաշտպանի, բարի է։

- «Ագապի» (Սիրո հացկերույթ) եկեղեցին ժամանակավոր չի գործում, քանի դեռ հացի փուռի պահեստամասերը արտասահմանյան տերերը լրիվությամբ չեն ուղարկել։

- Կաթոլիկ Օգնության Ծառայությունը Արցախում շինարարական աշխատանքներն ավարտելուց անմիջապես հետո Հայ Կաթոլիկ Եկեղեցին սկսեց քարոզչությունը հետևյալ կարգախոսով. «Կառուցել ենք, հիմա էլ քանդում ենք»։

- Հայ Ավետարանչական Ընկարակցությունը ժամանակավոր դադարեցրել է հոգևոր քարոզչությունը, մինչև ԼՂՀ լեզվի պետական տեսչության կողմից «ավետարանչական» և «ավետարանական» բառերի էական տարբերության բացահայտելը։

  ԱՐՏԱՇ ԱՂԱՆԴՈՒՆԻ




ՆՐԱՆ ՊԱՐԶԱՊԵՍ ՀԻՄԱՐ ԵՆ ԿՈՉՈՒՄ

Թե ասես՝ լեռը բարձր է բլրակից,
Կասի՝ գնացել, չափե՞լ ես տակից։
Թե ասես՝ ծովը խոր է գետակից,
Կասի՝ պիտ իջնել, նայել հատակից։
Ասես՝ խաղողը քաղցր է սալորից,
Կասի՝ սալոր կա՝ համեղ է մեղրից։
Ասես՝ պանիրը սարքում են կաթից,
Չի համաձայնի, կվիճի նորից։
Ասես՝ արևը պայծառ է ամպից,
Կասի՝ դե, նայած՝ ինչ տեսակետից...
Ասես՝ այն խեղճը մեռավ կաթվածից,
Կասի՝ անձամբ լսե՞լ ես ինքդ բժշկից։
Ասես՝ ապրելը լավ է մեռնելուց,
Կասի՝ դա խոսք է, եկած շատ հնուց։
Մի խոսքով՝ ինչ էլ ասես, կամ չասես,
Օրինակ բերես, աղբյուրը նշես,
Անմիտ, անհեթեթ բան պիտի լսես.
Դրա համար էլ՝ ովքեր ճանաչում,
Նրան պարզապես հիմար են կոչում։

ՄԻՔԱՅԵԼ ԲԱԼՅԱՆ
  Թոշակառու ուսուցիչ, գ. Մեծ Թաղեր




ՃԱՊՈՆԱՑԻՆ 130 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ Է ԳՏԵԼ ԱՂԲԱՆՈՑՈՒՄ

Ճապոնացի բանվորը 10 մլն իենով (ավելի քան 130 հազ. դոլար) փաթեթ է գտել աղբավայրում։ Ինչպես հաղորդում են ճապոնական լրատվամիջոցները, մաշված պայուսակի մեջ լցված թղթադրամները 56-ամյա ճապոնացին անմիջապես հանձնել է ոստիկանությանը, գրում է ITAR-TASS-ը։
Կարգուկանոնի պահապաններն անմիջապես սկսել են պայուսակի տիրոջ որոնումները։ Ոստիկանների կարծիքով՝ պայուսակը մյուս թափոնների հետ աղբանոցում հայտնվել է այս շաբաթ։ Եթե առաջիկա երեք ամիսների ընթացքում պայուսակի տերը չհայտնվի, այն, համաձայն Ճապոնիայում գործող կորած իրերի մասին օրենքի, կհանձնվի քաղաքային իշխանությունների ֆինանսական հիմնադրամ։




Ամսվա ասույթը

Մարդկանցից ամենավտանգավորը երախտամոռն է։ Գողը գողություն է անում, մարդասպանն իր նմանին զրկում է կյանքից, իսկ երախտամոռը կարող և՛ թռցնել իրեն օգնողի դրամապանակը, և՛ ձեռք բարձրացնել նրա վրա։


Մշտական ասույթ

Առյուծի գլխավորությամբ ոչխարների բանակն ավելի ուժեղ է, քան ոչխարի գլխավորությամբ առյուծների բանակը։
Արևելյան իմաստություն