2.7.17

Գրպանահատը


Ժամանակ առ ժամանակ մի հաղորդում է աչքովս ընկնում։ Մեր փոքրիկներն են երբեմն դիտում այդ հաղորդումը և անսխալ գուշակում որոնվելիք բառը։ Հ2-ով է հեռուստաեթեր արձակվում և կարծեմ կոչվում է՝ «Օդից փող»։

Ամեն անգամ այդ հաղորդումը վարող, չաչանակի պես, ինչպես առատության եղջյուրից, տխմարություններ դուրս տվող ու շաղակրատող սույն անթրաշ ջահելին հեռուստաէկրանին տեսնելիս, հազիվ եմ ինձ զսպում, որ հեռուստացույցը դուրս չնետեմ պատուհանից։ Երբ հազարավոր շնորհալի և տաղանդավոր ջահելներ աշխատանք չեն գտնում, նրանցից շատերն էլ արտագաղթում են երկրից, հայկական բացարձակապես բոլոր հեռուստատեսություններում ահա այսպիսի խաբեբաներ ու ոչնչություններ են աշխատում և աղտոտում հեռուստաեթերն ու մարդկանց հոգիները, այսօրինակ լպիրշներն էլ օրը ցերեկով թափ են տալիս միամիտ մարդկանց գրպանները։ Ու զավեշտն այն է, որ այս գրպանահատ չաչանակը որքան շատ է շաղակրատում ու ժամանակ սպանում, այնքան ավելի շատ փող է «օդից» մտնում իր և իր խաչագող տերերի գրպանը։ Իրոք որ՝ օդից փող...

Բոլոր ժամանակներում ես միշտ էլ արհամարհել եմ խաբեբաներին ու «մեծապատիվ մուրացկաններին», բայց այս «անկախության» տարիներին խաբեբայության առատությունից, սրիկայության համատարած ու լայնածավալ այս արշավանքից ես սկսել եմ նրանցից զզվել ու ատել նրանց...

Հայաստանն ընկալվում է որպես Ռուսաստանի շահերը սպասարկող երկիր


Այս հատվածը Բրիտանական Լեսթերի համալսարանի Միջազգային հարաբերությունների բաժնի գիտաշխատող, IHS Markit (Jane’s Information Group) կորպորացիայի անկախ վերլուծաբան Էդուարդ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ «Վերջին զրույցս Զբիգնեւ Բզեժինսկու հետ» հոդվածից է։ 


Իմանալով, որ հայ եմ եւ Հայաստանից եմ, նա առաջին պահին որոշակիորեն զգացնել տվեց ինչ-որ անհետաքրքրություն եւ նույնիսկ դժկամություն զրուցելու։ Սակայն նա տվեց ինձ մեկ հարց, որի պատասխանն էլ պայմանավորեց նրա տրամադրության փոփոխությունն ու հետաքրքրությունը զրուցելու ինձ հետ ու պատասխանելու իմ որոշ հարցերի. «Մինչև մեր զրույցը, խնդրում, եմ ասա ինձ, ըստ քեզ՝ ո՞ր երկիրն է առաջնահերթ սպառնալիք Հայաստանի պետականության համար»։ «Միանշանակ՝ Ռուսաստանը»,- պատասխանեցի ես: Նրա տրամադրությունը փոխվեց. «Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, որ չասացիր՝ ԱՄՆ-ը. այդպիսիների էլ եմ ժամանակին հանդիպել»։

Իմ հարցին, թե ինչպե՞ս Հայաստանը կարող է հարաբերվել ԱՄՆ նոր ադմինիստրացիայի հետ, Բզեժինսկին նշեց, որ Հայաստանը պետք է հասկանա նոր՝ «անկարգ» համակարգի խաղի կանոնները եւ սկսի խաղալ՝ համապատասխանաբար իր շահերը տեղավորելով այդ շրջանակներում։ «Օրինակ՝ հիմա ԱՄՆ-ին Հայաստանը պետք է ներկայանա ոչ թե որպես մի երկիր, որն ունի ահռելի քանակությամբ խնդիրներ, այլ այնպես, թե ինչ օգուտ կարող է ԱՄՆ-ն ունենալ Հայաստանի հետ հարաբերություններում։ Այլ կերպ ասած՝ Հայաստանը պետք է լինի նախաձեռնող եւ առաջարկներով հանդես գա, այլ ոչ թե սպասի ԱՄՆ առաջարկներին։ Նման առաջարկներ Վաշինգտոնից էլ չեն լինելու։

Պետք է հասկանաք, որ ռեգիոնալ անվտանգությունը մեզ սկսում է հետաքրքիր լինել միայն Վրաստանի անվտանգության ապահովման համատեքստում։ Քանի դեռ Հայաստանը կամ Ադրբեջանը չհայտնի ցանկություն ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ու անդամակցելու օրակարգ, ԱՄՆ քաղաքականությունը Կովկասի նկատմամբ հազիվ թե տարբերվի նրանից, ինչպիսին որ հիմա է»։

Զրույցը տեղափոխելով տարածաշրջանային համատեքստ՝ Բզեժինսկին շեշտեց, որ Վրաստանի անվտանգության հարցերը նաև ԱՄՆ խնդիրն է, այն պաշտպանված է մեզ ու ՆԱՏՕ-ին մոտ լինելու, մեր ստրատեգիական ծրագրերի մեջ ներգրավվելու եւ ի վերջո՝ հաճախակի դարձած զորավարժությունների համար նախատեսված ամերիկյան բանակ իր մոտ հյուրընկալելու հետեւանքով։ «Սակայն Հայաստանն ու Ադրբեջանը դեռ շատ արյուն են թափելու։ Ղարաբաղի կարգավորման հանդեպ մեր պասիվությունը կարող է փոխվել քողարկված անտարբերության, քանի որ թե Հայաստանը եւ թե Ադրբեջանը արդեն իսկ հաճախ դասակարգվում են որպես ավտորիտար ռեժիմներ եւ Ռուսաստանի ազդեցության տակ գտնվողներ։ Ուստի դուք պիտի պատրաստ լինեք պատերազմի, ինչն անխուսափելի է։ Ռուսաստանը կթուլանա, եւ դուք կամ Ադրբեջանը հնարավորություն կունենաք հաղթելու՝ պարտություն պարտադրելով մյուսին։

Նույն բանն, ի դեպ, երեւի խորհուրդ կտայի ադրբեջանցիներին, եթե նրանք հիմա այստեղ լինեին։ Կարծում եմ՝ աշխարհակարգային զսպումը հակամարտությունների առումով գնալով թուլանում է»։

Իմ հարցին Մինսկի խմբի էֆեկտիվության մասին՝ նա պատասխանեց․ «Մինսկի խումբը հին՝ անցած աշխարհակարգի ճարտարապետություն եւ պլատֆորմ էր, չեմ կարծում, որ հիմա իմաստ ունի հույս դնել մի կառույցի վրա, որտեղ երկու եվրաատլանտյան պետության հետ նույն հարթության վրա նստած է Ռուսաստանը։ Ցավոք, ես այն մարդկանց դասին չեմ պատկանում, որը հավատում է ձեր խնդրի արագ կարգավորմանը, հատկապես հիմա, երբ այդտեղ դեռ ուժեղ է Ռուսաստանի՝ մանիպուլյացիաներ իրականացնելու ցանկությունը։
Սակայն Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հաշվի առնի մեկ բան եւս. պատերազմի վերսկսման դեպքում Արեւմուտքից կհնչեն հայտարարություններ եւ կոչեր դադարեցնելու արյունահեղությունը։ Սակայն ձեր նախաձեռնությունը՝ լուծել խնդիրը ձեր օգտին եւ բարձրացնել ձեր անվտանգությունը, կբախվի Ռուսաստանի դիմադրությանը։

Տարածաշրջանում վերջնական գերակայության հասնելու համար Մոսկվային պետք է Ադրբեջանը, եւ ոչ թե Հայաստանը։ Ուստի Բաքվի հետ հարաբերությունները, Ադրբեջանի ինտեգրացիան ռուսական կառույցներ ու Ռուսաստանի դերի բարձրացումը Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ ավելի կարեւոր են Մոսկվայի համար պատժամիջոցների ու համաշխարհային մեկուսացման պայմաններում, քան Հայաստանի գործոնը։ Ելնելով հավանաբար այս հաշվարկից՝ Ռուսաստանը շահագրգռում ու դրդում է Իրանին տնտեսական, կոմունիկացիոն ծրագրեր իրականացնել հենց Ադրբեջանում, եւ ո՛չ ձեզ մոտ, քանի որ Իրան-Ռուսաստան ծրագրերի իրականացումը Ադրբեջանում կուժեղացնի Մոսկվայի ազդեցությունը Բաքվի նկատմամբ։ Ռուսաստանը նույնիսկ իր անկման ընթացքում դեռ վտանգ կներկայացնի ձեր պետությունների համար, եւ այդ թվում՝ Հայաստանի։

Ռազմաբազան նույնիսկ մեկ ակնթարթում կդառնա սպառնալիք, որին պիտի պատրաստ լինել։ Այն Թուրքիայից պաշտպանվելու համար չէ տեղակայված։ Թուրքիայից Հայաստանի նկատմամբ վտանգ չկա, քանզի այն ամբողջությամբ վերահսկվել, վերահսկվում եւ վերահսկվելու է ԱՄՆ-ի կողմից, հատկապես՝ Հայաստանի հանդեպ ոտնձգությունների պարագայում, եւ դա բազմիցս ապացուցվել է հայաստանյան նախկին ու ներկա իշխանություններին։ Թվում է, թե թուրք-ամերիկյան հակասությունները թուլացրել են ԱՄՆ վերահսկողությունը, սակայն դա այդպես չէ։ Թուրքիան հիմա հատկապես առավել կախված է ԱՄՆ իր հանդեպ դիրքորոշումից։

Վաշինգտոնում քաղաքական շրջանակներում թե՛ դեմոկրատների եւ թե՛ հանրապետականների շրջանակներում Հայաստանն իր շահերով (չխառնել հայկական համայնքի հետ, որը Հայաստանի շահերի հետ կապ չունի) չունի լիարժեք քաղաքական վստահություն (credibility)։ Այն հաճախ ընկալվում է որպես Ռուսաստանի շահերը սպասարկող երկիր՝ նույնիսկ ընդդեմ իր շահերի։ Սակայն ցանկության և աշխատանքի դեպքում դա կարող է փոխվել»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝
Առավոտ

Սև ու սպիտակ մտորումներ


Իմ շատ հարգելի ընկեր-բարեկամները հաճախ են ինձ խնդրում մեր իրականության, մերօրյա բարքերի դատապարտելի, այսպես ասած, «նեգատիվ» երևույթներից բացի գրել նաև մեր կյանքի լավ ու ընդօրինակելի երևույթների մասին։

Հարգելիներս, իշխանական հեռուստաալիքներն ու տպագիր և էլեկտրոնային թափոնը զօր ու գիշեր տնտեսական աճերի մասին են շեփորում։ Ու որքան ստվարանում է աղքատ բնակչության բանակը, նույնքան մեծանում են տնտեսական աճի տոկոսները։ Իմ հրատարակած թերթում ես ներկայացնում էի թե՛ սևը, թե՛ պեղելով հայտնաբերած սպիտակը։

Բայց ասենք թե գրեցի, որ սփյուռքի մեր հայրենակիցներն իրենց և իրենց երեխաների բերանից կտրում, փող են տնտեսում, գումարներ են հանգանակում և մեզ մոտ կրթօջախներ ու բազում այլ անհրաժեշտ օբյեկտներ հիմնում... Սակայն չեմ կարող միաժամանակ չհիշեցնել, որ այստեղ ապրում են հարյուրավոր գիշատիչներ, որոնց մեկ ամսվա թալանը երիցս, բազմիցս գերազանցում է սփյուռքի մեր ազնվագույն հայրենակիցների մեկ տարվա եկամուտը՝ միասին վերցրած։ Ինչպե՞ս չասեմ, որ թշնամին միայն սահմանի հակառակ կողմում չէ, և որ ներսի հրեշը երիցս վտանգավոր, ստոր ու նենգ է...

Այնպես որ, մեծն Թումանյանի ասած՝
«Էհ, մի՛ խոսեցնի, աստված կըսիրես,
Թե չէ մի ղաչաղ կդառնամ ես էլ...»։

Գողերը տարբեր են լինում։ Կա ձու գողացող, որ ինչպես հայտնի ասացվածքն է ուսուցանում, հետո ձի է գողանում։ Գիրք թռցնողներ էլ կան, որոնք ինչ-որ ցիտատ են մեջբերում, որ իբր գրքի գողը գող չէ։ Բայց իրականում գողությունը մնում է գողություն, անկախ նրանից գի՞րք ես թռցնում, թե՞ միրգ։ Կան գողեր, որ միայն հարուստներին են թալանում և այլն։ Ի դեպ, վերջիններին ես մի թեթև հարգում եմ...

Բայց, ըստ իս, ամենասարսափելին պաշտոնագողերն են։ Սրանք իրենց մեջ խտացնում են գողի ամենաստորակարգ հատկությունները։ Սրանք, ժողովրդի լեզվով ասած, մոր ծիծ կտրող են։ Վերջին 25-30 տարում Հայոց երկրում ձևավորվել է պաշտոնագողերի մի ստվար բանակ։ Ամենաստոր ճանապարհներով՝ խաբեությամբ, կաշառատվությամբ, ընտրակեղծարարությամբ, անգամ իրենց հակառակորդներին ֆիզիկապես ոչնչացնելով, սրանք այսօր տիրացել են, ավելի ճիշտ՝ բարձր աթոռներ են գողացել և իրենց երևակայում են «էլիտա»։ Մինչդեռ այս պաշտոնագողերի քոքը մինչև չկտրվի, ոչ միայն պետություն չենք դառնալու, այլև ուղիղ գծով սլանալու ենք անդունդ։ Ցավոք, առայժմ այդ ճանապարհին ենք...

Իմ ավագ ընկերն ու լավ բարեկամն է պատմում. «Խորհրդային տարիներին էր, երբ օդակարգավորիչները, օդորակիչները զարդարում էին միայն բարձր պաշտոնյաների աշխատասենյակները։ Մոսկվայում մի պրոֆեսորի դասաժամն էր։ Տոթ օր էր, ուսանողները ամառային թեթև հագուստներով էին, իսկ պրոֆեսորը՝ կոկիկ կոստյումով ու փողկապով։ Կուրսի ավագը ներողություն խնդրեց ու հարցրեց պրոֆեսորին.
- Շատ տոթ է, ինչո՞ւ ձեր պիջակը չեք հանում։
- Ձեր նկատմամբ ունեցած իմ հարգանքից,- ժպտալով պատասխանեց պրոֆեսորն ու շարունակեց դասախոսությունը»։

Հիշեցի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի բոլորին ծանոթ ժիլետը։ Բայց այստեղ թերևս կարծիքները կարող են բաժանվել՝
Առաջին. դա անկուլտուրականություն է, ոչ հարգալից վերաբերմունք ներկաների հանդեպ,
Երկրորդ. այդ միջավայրին դա էլ է շատ։ Կարապետյանն այդ մարդկանց շատ հանգիստ կարող է ներկայանալ նաև մայկայով ու տրուսիկով...

Որքան էլ փորձենք Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ, որքան էլ հեքիաթներ ու առասպելներ հյուսենք «հայի հետին խելքի» կամ «ներկա մտքի թռիչքների», մեր բազմահատոր արժանիքների մասին, սիրենք չափվել աշխարհի հզորների հետ՝ անգամ խորհուրդներ ու դասեր տալով նրանց, մոռանալով, որ նախ պիտի կարողանանք հասնել Մոզամբիկին կամ Փղոսկրի ափին, փաստն այն է, որ մենք մեր պարզամտությամբ, առավել հաճախ մանկան վերլուծական գիտելիքներով շարունակում ենք ետ մնալ բազմաթիվ նրանցից, ովքեր դեռ ծառի վրա էին, երբ մենք թատրոն ունեինք։ Մեզանում հարգի է ցուցամոլությունը, ցուցադրականությունը, ձև ու բովանդակությունից նախընտրում ենք ձևը, արտաքինը։

Մեր չափանիշներով մարդ կամ հերոս է կամ ոչինչ, գեներալ է կամ շարքային։ Միջին չկա։ Արցախյան պատերազմից հետո տեսեք քանի՜ գեներալներ են լույս աշխարհ եկել, քանի՜-քանի մեդալակիր-շքանշանակիր հերոսներ ունենք ու դեռ շարունակում են ծնվել, ինչպես սնկերը անձրևից հետո։ Մեկը որ սովորական մի լավ բան է անում, ասում ենք՝ հերոս է։ Ու հաջորդ օրը, երբ այդ «հերոսին» տեսնում ենք այնպիսին, ինչպիսին իրականում կա, մի հարվածով նրան գցում ենք այն նույն փչովի պատվանդանից, որի վրա մենք ինքներս ենք ցցել։ Չգիտեմ, գուցե այս ամենը գալիս է մեր միամտությունից, դարեր շարունակ այդպես էլ ինքներս մեզ և աշխարհը չճանաչելուց, պատրանքներով, սին հույսերով ապրելուց ու ցանկացած երևույթի խորքը տեսնելու անկարողությունից։ Չը-գի-տեմ։